Վերջին թարմացում 29 Մարտի 2013, 23:09

Օրինակ՝ կյանքից

23:09, 29 Մարտի 2013 տարբերակ, Իշմայիլ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օրինակ կյանքից

(Ամերիկյան հումորեսկ)
հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


― ԴԵ, ՉԷ, ՉԷ, ոչ մի դեպքում, իմ պատանի բարեկամ,― ասաց բանկիր Վիլյամսը՝ դիմելով երիտասարդ մարդուն, որ նստել էր նրա դիմաց՝ ոտքերը աթոռի թիկնակին դրած։ ― Երբեք, պարոն Չեյվին։ Ուշադիր լսեք ինձ և փորձեք որևէ բան սովորել։
Դուք խնդրում եք ինձ իմ դստեր՝ Լոթթայի ձեռքը։ Անկասկած, ցանկանում եք իմ փեսան դառնալ։ Մի րոպե առաջ իմ հարցին, թե փող ունեք, պատասխանեցիք, որ հարուստ չեք, և ձեր կարողությունը կազմում է ընդամենը երկու հարյուր դոլար։
Միստր Վիլյամսը ոտքերը դրեց իր առջևի աթոռին ու շարունակեց․
― Դուք պնդում եք, թե ես էլ եմ աղքատ եղել, թե ես էլ ինչ-որ ժամանակ երկուհարյուր դոլար չեմ ունեցել։ Չեմ ժխտում, բայց համարձակվում եմ ասել, որ ձեր տարիքում ես արդեն մի կլորիկ գումար ունեի։ Եվ դա շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն ձեզ, ուսերիս գլուխ կար։ Հըմ, դուք անհանգիստ ոստոտո՜ւմ եք տեղում։ Խորհուրդ կտայի՝ չտաքանալ․ մեր ծառան մի աժդահա նեգր է։ Լսեք ինփ և փորձեք ականջի օղ անել։
Տասնվեց տարեկան էի, երբ գնացի հորեղբորս մոտ՝ Նեբրասկա։ Օդի պես ինձ փող էր հարկավոր, և ես համոզեցի ազգականիս, որպեսզի նեգրին, որին այս կամ այն կերպ պիտի լինչահարեին, մահապատժի ենթարկեն իր հողամասում։
Սևամորթի հաշիվները փակեցին հորեղբորս հողամասում։ Սակայն բոլոր նրանք, որ ուզում էին ականատես դառնալ այդ բանին, պետք է մուտքի համար վճարեին, քանի որ մենք մահապատժի տեղն առել էինք ցանկապատի մեջ։ Փողը հավաքում էի ես, և, երբ նեգրին կապեցին, բարեհաջող ցանվեցի՝ գրպանելով ամբողջ գումարը։
Կախվածն ինձ երջանկություն բերեց։ Հողամաս գնեցի Հյուսիսում և լուրեր տարածեցի, թե փորելիս այնտեղ ոսկի եմ գտել։ հետագայում հողամասը վաճառեցի մեծ օգուտով, իսկ փողը գցեցի բանկ։
Երևի կարիք չկա հիշելու, որ խաբվածներից մեկը հետո կրակել էր ինձ վրա, բայց գնդակը, որ ջախջախել էր աջ ձեռքիս դաստակը, ինձ բերեց համարյա երկու հարյուր հազար դոլար՝ որպես մարմնական վնասվածքի հատուցում։
Ապաքինվեցլուց հետո իմ ողջ խնայողություններով գնեցի հնդկացիներով բնակեցված տարածքում տաճարներ կառուցող բարեգործական ընկերության բաժնետոմսեր։ Մենք հարյուր դոլար արժեցող դիպլոմներ էինք բաժանում, բայց ոչ մի եկեղեցի չկառուցեցինք։ Շուտով ընկերությունը ստիպված էր իրեն սնանկացած հայտարարել։ Դա տեղի ունեցավ ուղիղ երկու շաբաթ հետո այն բանից, երբ ես արժեզրկված բաժնետոմսերը փոխանակել էի մորթեղենի մի խմբաքանակի հետ, որի գները շատ արագ բարձրանում էին։ Հիմնածս կաշվի գործարանն ինձ պատկառելի կարողություն բերեց։ Իսկ դա՝ շնորհիվ այն բանի, որ ամեն ինչ վաճառում էի առձեռն գումարով, իսկ գնում ապառիկով։
Ողջ կապիտալս գցելով կանադական բանկերը, ինձ անվճարունակ պարտատեր հայտարարեցի։ Զերբակալեցին, բայց հետաքննության ժամանակ այնպիսի օյիններ թափեցի, որ փորձագետներն ինձ հոգեկան հիվանդ ճանաչեցին։ Երդվյալ ատենակալներն ոչ միայն արդարացնող վիճռ կայացրին, այլև դատարանի դահլիճում իմ օգտին կազմակերպեցին հանգանակություն։ Հավաքված փողը լիովին բավական էր հասնելու Կանադա, ուր պահ էի տվել խնայողություններս։
Փախցրի բրունկլինաբնակ միլիոնատեր Համլետսի աղջկան ու տարա Սան-Ֆրանցիսկո։ Հայրիկը ստիպված էր համաձայնել մեր ամուսնությանը, քանի որ սպառնացել էի, թե աղջկան ազատ չեմ արձակի այնքան ժամանակ, մինչև որ թերթում տպագրել չգայի այս կարգի մի տեղեկություն՝ «Միստր Համելտսի դուստրը դարձել է ապօրինի երեխայի մայր»։
Տեսնում եք, պարոն Չեյվին, թե ինչ տեսակ տղա էի ձեր տարիքում, իսկ դուք դեռևս ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել, որն ինձ թույլ է տալիս ասել՝ երիտասարդ, շատ բան ունեք սովորելու։
Խոսում եք, թե փրկել եք աղջկաս կյանքը, երբ նա նավակով զբոսնելիս ընկել էր ծովը։ Հիանալի է, բայց ես չեմ տեսնում, որ դա ձեզ համար որևէ գործնական իմաստ ունեցած լինի, չէ որ, ինչպես երևում է, դուք բոլորովին փչացրել եք ձեր նոր կոշիկները։
Ինչ վերաբերում է իմ դստեր նկատմամբ ձեր տածած զգացմունքներին, ապա չեմ հասկանում, թե ես ինչու պիտի դրանց համար վճարեմ իմ գրպանից, մանավանդ այն «փեսային», որը մի գրոշի խելք անգամ չունի գլխում։
Հըմ, ահա, դուք նորից ոստոտում եք նստած տեղում։ հանգստացեք, խնդրում եմ, և պատասխանեք ինձ՝ կյանքում թեկուզ մի անգամ որևէ լուրջ բան արած կա՞ք։
― Ոչ։
― Դուք հարո՞ւստ եք։
― Ավա՜ղ։
― Եվ դուք խնդրում եք իմ աղջկա ձե՞ռքը։
― Այո։
― Նա սիրո՞ւմ է ձեզ։
― Այո։
― Վերջապես, ևս մի հարց․ ինչքա՞ն փող ունեք գրպանում։
― Քառասունվեց դոլար։
― Եղավ։ Ձեզ հետ ես արդեն խոսում եմ ավելի քան երեսուն րոպե։ Ուզում եք իմանալ՝ ինչպես են փող շինում։ Ահա, ուրեմն, ինձ պետք է երեսուն դոլար տաք։ Իմ ամեն րոպեի համար՝ մի դոլար։
― Բայց թույլ տվեք, միստր Վիլյամս․․․,― բողոքեց երիտասարդը։
― Ոչ մի՝ «թույլ տվեք»,― քմծիծաղով մռլտաց բանկիրը՝ նայելով ժամանակին։ ― Հա, արդեն երեսունմեկ դոլար պիտի տաք։ Մի րոպե էլ անցավ։
Երբ շփոթահար Չեյվինը տվեց պահանջված փողը, միստր Վիլյամսը սիրալիր ձևով խնդրեց․
― Իսկ հիմա բարեհաճեք հեռանալ իմ տնից, թե չէ կհրամայեմ՝ վռնդել։
― Իսկ ձեր աղջի՞կը, ― արդեն դռան միջից հարցրեց երիտասարդը։
― Նա հիմարին բաժին չի ընկնելու,― հանգիստ պատասխանեց միստր Վիլյամսը։ ― Ռադ եղեք, թե չէ ձեզ սեփական ատամները կուլ տալու բավականությունը կպատճառեմ։
― Լա՜վ փեսայիկ էր,― ասաց պարոն Վիլյամսը աղջկան, երբ Չեյվինը հեռացել էր։ ― Քո այդ սիրահարն արտակարգ հիմար էր։ Եվ երբեք խելացի չի դառնալու։
― Ուրեմն, ― զգուշորեն հարցրեց միսս Լոթթան,― նա իմ ամուսինը դառնալու ոչ մի հեռանկար չունի։
― Նման պարագայում դա բացառված է,― վճռականորեն հայտարարեց միստր Վիլյամսը։ ― Քանի դեռ որևէ ճարպիկ հնարքով հակառակը չապացուցի, այդպիսի բան թող մտքովը չանցկացնի։
Եվ միստը Վիլյամսը արդեն դստերը ներկայացրեց հորեղբոր հողամասում նեգրին լինչահարելու պատմությունը, պատմեց միլիոնատեր Համելտսի հետ ունեցած մեծ գժտության մասին և ավելացրեց․
― Քո ծանոթին ես ահագին բան եմ սովորեցրել․
Հաջորդ օրը Վիլյամսը գործով ինչ-որ տեղ մեկնեց։ Մի շաբաթ անց վերադարձավ և գրասեղանին այսպիսի բովանդակությամբ գրություն տեսավ․
«Մեծարգո միստր Վիլյամս․
Հոգաչափ շնորհակալ եմ այն խորհուրդի համար, որ ինձ տվեցիք անցյալ շաբաթ։
Ձեր օրինակն ինձ այնքան ոգևորեց, որ, օգտվելով Ձեր բացակայությունից, ես ու Ձեր դուստրը մեկնեցինք Կանադա՝ Ձեր սեյֆից վերցնելով ողջ փողն ու արժեթղթերը։
Հարգանքներով Ձեր Չեյվին»։
Իսկ ներքևում գրված էր․
«Թանկագին հայրիկ։
Խնդրում ենք քո օրհնությունը և միաժամանակ հայտնում, որ մենք չկարողացանք գտնել բանալին և սեյֆը պայթեցրել ենք նիտրոգլիցերինով։
Համբուրում եմ։
Լոթթա»։