հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
Գիրք առաջին
Գլուխ առաջին
Ռոբերտ Կոնը մի ժամանակ Պրինսթոնի համալսարանի բռնցքամարտի չեմպիոնն էր միջին քաշում։ Չմտածեք, թե բռնցքամարտի նրա այդ տիտղոսը մի առանձին կարևորություն ուներ ինձ համար, բայց Կոնի համար դա շատ կարևոր էր։ Նա բռնցքամարտի համար ոչինչ չէր խնայում, թեև իրականում ամենևին չէր սիրում այդ մարզաձևը։ Սակայն համառորեն, ամեն ինչի դիմանալով մարզվում էր, որպեսզի հաղթահարի իր քաշվածությունը, այն ոչ լիարժեքության զգացումը, որ ուներ Պրինսթոնում սովորելու տարիներին, որպես հրեա։ Նա ներքուստ հանգիստ էր, իմանալով, որ կարող է գետին տապալել յուրաքանչյուրին, ով կփորձի վիրավորել իրեն, թեև ինքը, լինելով ի բնե խաղաղ բնավորության տեր օրինավոր մարդ, կռվում էր միայն մարզասրահում։ Նա աշխարհահռչակ Սփայդեր Քելլիի ամենալավ աշակերտն էր։ Սփայդեր Քելլին իր աշակերտներին սովորեցնում էր բռնցքամարտել ամենաթեթև քաշի ձևերով, անկախ այն բանից՝ նրանց քաշը հարյուր հինգ ֆունտ էր, թե երկու հարյուր հինգ ֆունտ։ Եվ Կոնի դեպքում դա կարծես շատ հարմար եղավ։ Նա չափազանց արագաշարժ էր և ճարպիկ։ Արդյունքը եղավ այն, որ Կոնն արժանացավ Սփայդերի հետ բռնցքամարտելու պատվին, և վերջինս մի հոյակապ հարվածով մեկընդմիշտ տափակեցրեց նրա քիթը։ Դա է՛լ ավելի սաստկացրեց բռնցքամարտի նկատմամբ Կոնի ատելությունը, սակայն և յուրատեսակ մի գոհունակություն պատճառեց նրան, ու անկասկած լավացրեց նրա քթի ձևը։ Պրինսթոնում գտնվելու վերջին տարում նա չափազանց շատ էր կարդում և սկսեց ակնոց կրել։ Չկար մեկը նրա հետ սովորողներից, որ նրան հիշեր։ Չէին հիշում նույնիսկ, որ Կոնը բռնցքամարտի միջին քաշի չեմպիոն էր եղել։
Ես միշտ թերահավատությամբ եմ վերաբերվում բոլոր պարզ և անկեղծ մարդկանց, մանավանդ, եթե նրանց իրենց մասին պատմածները շատ հավանական են թվում, ուստի միշտ կասկածում էի՝ արդյոք Ռոբերտ Կոնը եղե՞լ է բռնցքամարտի միջին քաշի չեմպիոն, թե՞ պարզապես ձիու սմբակի տակ է մնացել նրա դեմքը կամ մայրն է հղի ժամանակ ինչ֊որ բանից խիստ վախեցել և կամ էլ ինքը մանուկ հասակում ուժեղ դիպել է մի բանի։ Բայց կար մեկը, որի միջոցով կարելի էր ստուգել այդ՝ Սփայդեր Քելլին։ Սփայդեր Քելլին հիշում էր Կոնին, հիշում էր ու հաճախ մտածում, թե ինչպես դասավորվեց հետագայում նրա կյանքը։
Ռոբերտ Կոնի հայրը սերում էր Նյու֊Յորքի հրեական ամենահարուստ ընտանիքներից, իսկ մայրը՝ ամենահին ու տոհմիկ ընտանիքներից։ Զինվորական ուսումնարանում, որտեղ նա պատրաստվում էր Պրինսթոնի համալսարան ընդունվելու, և ֆուտբոլի թիմի ամենալավ եզրային խաղացողն էր, նա չուներ ռասայական որևէ նախապաշարմունք։ Մինչ Պրինսթոն գալը երբեք և ոչ ոք նրան զգացնել չէր տվել, որ նա հրեա է, որ նա ուրիշ է։ Կոնը բարի, ընկերասեր և ամաչկոտ տղա էր, և ահա այդ վերաբերմունքը ցավ էր պատճառում նրան։ Նա աշխատում էր փոխհատուցել դա բռնցքամարտում, ուստի Պրինսթոնի համալսարանն ավարտեց խոցելի ինքնասիրությամբ ու տափակած քթով, ու նաև՝ առաջին պատահած աղջիկը կարողացավ նրան իր հետ ամուսնացնել։ Ամուսնացած եղավ նա հինգ տարի, ուներ երեք երեխա, վատնեց հորից ստացած ժառանգություն ստացած հիսուն հազար դոլարի մեծ մասը, ― հոր մնացած կարողությունը մորն էր հասել, ― և հարուստ կնոջ հետ ունեցած մշտական ընտանեկան գժտությունների հետևանքով դարձավ բավական մռայլ մի անձնավորություն։ Վերջապես, երբ նա որոշեց բաժանվել կնոջից, կինն ինքն առաջինը թողեց նրան, հեռացավ մի մանրանկարչի հետ։ Նա ամիսներ շարունակ մտածում էր բաժանվել կնոջից, ու չէր անում այդ՝ կարծելով, թե կնոջն իրենից զրկելը շատ դաժան բան կլիներ, ուստի կնոջ հեռանալը միանգամայն բարենպաստ ազդեցություն ունեցավ նրա վրա։
Ամուսնալուծությունը տեղի ունեցավ, և Ռոբերտ Կոնը մեկնեց ծովափ։ Կալիֆորնիայում նա ընկավ գրական շրջանակ, և քանի որ հիսուն հազար դոլարից դեռ որոշ բան մնացել էր, սկսեց ֆինանսավորել գեղարվեստական մի ամսագիր։ Ամսագիրն սկսեց հրատարակվել Քարմելում՝ Կալիֆորնիայի նահանգում, և իր գոյությունն ավարտեց Փրովինսթաունում՝ Մասաչուսետս նահանգում։ Այդ ընթացքում Կոնը, որին համարում էին պարզապես բարի հրեշտակ և որի անունը ամսագրում երևում էր միայն վերջին էջում, խմբագրական կոլեգիայի անդամների կողքին, դարձավ ամսագրի միակ խմբագիրը։ Ամսագիրը լույս էր տեսնում նրա փողով, և այդ հրատարակության ղեկավար լինելը նրան դուր էր գալիս։ Նա շատ վշտացավ, երբ ամսագրի հրատարակելը չափազանց թանկացավ և ստիպված էր հրաժարվել այդ գործից։
Ասենք, այդ ժամանակ արդեն ուրիշ հոգսեր ուներ։ Նրան արդեն իր խնամքի տակ էր առել մի տիկին, որը հույս էր փայփայում ամսագրի միջոցով ինքն էլ նշանավոր դառնալ։ Դա ուժեղ բնավորության տեր եռանդուն տիկին էր, և Կոնն այլևս անկարող էր նրա ձեռքից դուրս պրծնել։ Ասենք նաև, որ նա համոզված էր, թե սիրում է այդ կնոջը։ Սույն տիկինը, սակայն, տեսնելով, որ ամսագրի հաջողության հետ շատ հույսեր չի լինի կապել, փոքր֊ինչ սառեց Կոնի նկատմամբ։ Միաժամանակ, տիկինը քաջ գիտակցում էր, որ պետք է գոնե եղածից օգտվել, քանի դեռ հնարավորություն կա, ուստի ստիպեց Կոնին իր հետ մեկնել Եվրոպա, ուր Կոնը պետք է զարգացներ իր գրական ձիրքը։ Նրանք մենկնեցին Եվրոպա, տիկինը մի ժամանակ այնտեղ էր կրթություն ստացել, ու մնացին այնտեղ երեք տարի։ Այդ երեք տարիների ընթացքում, որից առաջինը նրանք անցկացրին ճանապարհորդությունների մեջ, իսկ վերջին երկուսը՝ Փարիզում, Ռոբերտ Կոնը երկու ընկեր ձեռք բերեց՝ մեկը Բրեդոքսն էր, մյուսը՝ ես։ Բրեդոքսը նրա գրական ընկերն էր, իսկ ես թենիսի ընկերն էի։
Տիկինը, որի անունը Ֆրենսիս էր, Ռոբերտին նվաճելուց հետո, երկրորդ տարվա վերջում հանկարծ գլխի ընկավ, որ իր գեղեցկությունը գնալով խամրում է, և հաստատ վճիռ կայացրեց նրան այդպես անհոգ օգտագործելու փոխարեն ամուսնանալ հետը։ Այդ ժամանակ Ռոբերտի մայրն սկսել էր նրան ամսական երեք հարյուր դոլար տալ։ Վստահ եմ, որ այդ երկուսուկես տարվա ընթացքում Ռոբերտ Կոնը ուրիշ որևէ կնոջ չէր նայել։ Նա երջանիկ էր, եթե չհաշվենք, որ Եվրոպայում ապրող շատ ամերիկացիների նման կգերադասեր լինել Ամերիկայում, էլ չասած, որ իր մեջ գրողի ձիրք էր հայտնաբերել։ Գրեց մի վեպ, որը թեև այնքան էլ վատը չէր, ինչպես պնդում էին քննադատները, այնուամենայնիվ, խղճուկ ու թույլ վեպ էր։ Նա շատ էր կարդում, բրիջ ու թենիս էր խաղում ու նաև մարզվում բռնցքամարտում՝ տեղի մի մարզասրահում։
Թե Ֆրենսիսն ինչ դիրք էր բռնել Կոնի նկատմամբ, ես առաջին անգամ հասկացա, երբ մի երեկո ճաշում էինք միասին։ Ճաշեցինք «Լավընյու» ռեստորանում, հետո գնացինք սուրճ խմելու «Վերսալ» սրճարան։ Սուրճից հետո մի քանի ըմպանակ կոնյակ խմեցինք, և ես ասացի, որ պետք է գնամ։ Կոնը համոզում էր ինձ, որ կիրակի օրը մի տեղ գնանք միասին։ Նա ուզում էր դուրս գալ քաղաքից ու ոտքով շրջել։ Ես նրան առաջարկեցի թռնել Ստրասբուրգ ու այնտեղից ոտքով գնալ Սենտ֊Օդիլ կամ էլ ավելի հեռու մի տեղ՝ կտրելով Էլզասը։
― Ստրասբուրգում մի ծանոթ աղջիկ ունեմ, ― ասացի, ― նա կարող է քաղաքը մեզ ցույց տալ։
Մեկը սեղանի տակից ոտքս բոթեց։ Ինձ թվաց, թե դա պատահական էր, ուստի շարունակեցի․
― Նա արդեն երկու տարի է այնտեղ է ապրում և քաղաքը հիանալի գիտի։ Շատ հաճելի աղջիկ է։
Նորից զգացի, ինչպես ոտքս բոթեցին, և, աչքերս բարձրացնելով, տեսա Ֆրենսիսի՝ Ռոբերտի ընկերուհու պրկված ծնոտն ու քարացած դեմքը։
― Էհ, ― ասացի, ― իսկ ինչո՞ւ անպայման Ստրասբուրգ գնանք, նույն հաջողությամբ կարող ենք գնալ Բրյուգե կամ Արդեն։
Կոնի շունչը տեղը եկավ, և ինձ այլևս չբոթեցին։ Նրանց բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա։ Կոնն ասաց, որ ուզում է լրագիր առնել և ինձ հետ կգա մինչև փողոցի անկյունը։
― Ի սեր աստծո, ― ասաց նա, ― ինչո՞ւ խոսք բացեցիք Ստրասբուրգի այդ աղջկա մասին։ Դուք չնկատեցի՞ք, թե ինչ կատարվեց Ֆրենսիսի հետ։
― Ոչ, և ինչո՞ւ պետք է նկատեի։ Ֆրենսիսի ի՞նչ գործն է, թե ես ծանոթ ամերիկուհի ունեմ Ստրասբուրգում։
― Դա նրա համար ոչ մի նշանակություն չունի։ Միևնույն է, թե ում ծանոթն է։ Եթե կա աղջիկ, ես այլևս չէի կարող գնալ։
― Կատարյալ հիմարություն։
― Դուք Ֆրենսիսին չգիտեք։ Ինչ աղջիկ ուզում է լինի, ով ուզում է լինի։ Չտեսա՞ք նրա դեմքն ինչ արտահայտություն էր ստացել։
― Լավ, ― ասացի։ ― Կգնանք Սենլիս։
― Մի բարկացեք։
― Չեմ բարկանում։ Սենլիսը հիանալի տեղ է, կարող ենք ապրել «Մեծ եղջերու» հյուրանոցում, մի լավ ման կգանք անտառներում ու կվերադառնանք տուն։
― Շատ լավ, դա հիանալի է։
― Դե, կհանդիպենք վաղը, թենիսի ժամանակ, ― ասացի ես։
― Բարի գիշեր, Ջեյք, ― ասաց նա ու դարձավ, որ վերադառնա սրճարան։
― Թերթ գնելը մոռացաք, ― ասացի ես։
― Ահ, իսկապես։ ― Նա ինձ հետ քայլեց մինչև անկյունի կրպակը։
― Դուք չեք բարկանում, չէ՞, Ջեյք, ― ասաց նա՝ թերթը ձեռքին շրջվելով։
― Ոչ, ինչո՞ւ պետք է բարկանամ։
― Կհանդիպենք թենիսահարթակում, ― ասաց նա ու թերթը ձեռքին վերադարձավ սրճարան։ Նայում էի նրա ետևից, նա ինձ դուր էր գալիս, և, երևում է, նրա կյանքն էլ հեշտ չէր Ֆրենսիսի հետ։