հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով |
Մասն առաջին — Քսանյոթերորդ հարկի պատուհանից
Գլուխ առաջին — Նորմանդիա
ժամը իննին Փարիզից դուրս է գալիս «Նորմանդիայի» ուղևորներին Հավր տանող հատուկ գնացքը։ Այն սլանում է առանց կանգառների և երեք ժամից հետո գլորվելով ներս է ընկնում Հավրի ծովակայանի շենքը։ Ուղևորները դուրս են գալիս փակ կառամատույց, էսկալատորով բարձրանում են կայարանի վերին հարկը, անցնում մի քանի դահլիճով, գնում չորս կողմից փակ կամրջակներով և հայտնվում մեծ նախասրահում։ Այստեղ նրանք լիֆտ են նստում և բարձրանում իրենց հարկերը։ Դա արդեն «Նորմանդիան» է։ Ինչպիսի՞ն է նրա արտաքին տեսքը, ուղևորներին անհայտ է, որովհետև նրանք այդպես էլ շոգենավը չտեսան։
Մենք լիֆտ մտանք, և ոսկեզօծ ճարմանդներով կարմիր բաճկոն հագած մի տղա նրբագեղ շարժումով սեղմեց գեղեցիկ կոճակը։ Նոր, փայլուն լիֆտը մի քիչ վեր բարձրացավ, փոքր ինչ կանգնեց հարկերի արանքում և անսպասելի շարժվեց ներքև, ուշադրություն չդարձնելով տղայի վրա, որը հուսահատ սեղմում էր կոճակները։ Երկու հարկ բարձրանալու փոխարեն, երեք հարկ իջնելուց հետո, մենք լսեցինք տանջալիորեն ծանոթ այն ֆրազը, որն այս անգամ արտասանվեց ֆրանսերեն՝ «լիֆտը չի աշխատում»։
Մենք մեր նավասենյակը բարձրացանք սանդուղքով, որն ամբողջովին պատած էր բաց կանաչ գույնի կաուչուկե անկիզելի գորգով։ Նույն գորգը փռված էր նաև շոգենավի միջանցքներում ու նախասրահներում։ Քայլքը փափկանում է և դառնում անլսելի։ Դա հաճելի է։ Բայց կաուչուկե փռվածքի արժանիքները ինչպես հարկն է սկսում ես գնահատել, միայն օրորվելու պահին․ ներբաններդ ասես կպչում են գորգից։ Ճիշտ է, դա չի փրկում ծովային հիվանդությունից, բայց պահպանում է վայր ընկնելուց։
Սանդուղքը բնավ շոգենավային սանդուղքի նման չէր, լայն էր ու առիկող, միջնասանդուղքներով ու հարթակներով, որոնց չափերը միանգամայն ընդունելի են ուզածդ տան համար։
Նավասենյակը նույնպես մի տեսակ ոչ֊շոգենավային էր։ Ընդարձակ սենյակ՝ երկու պատուհաններով, երկու լայն փայտե մահճակալներով, բազկաթոռներով, պատի պահարաններով, սեղաններով, հայելիներով և կոմունալ բոլոր հարմարություններով, ընդհուպ մինչև հեռախոսը։ Եվ ընդհանրապես «Նորմանդիան» նավի է նմանվում միայն փոթորկի պահին, այն ժամանակ նա գոնե մի փոքր օրորվում է։ Իսկ խաղաղ եղանակին ծովի հիանալի տեսարանով մի վիթխարի հյուրանոց է, որը հանկարծակի պոկվել է մոդայիկ կուրորտի ափից և երեսուն մղոն արագությամբ լողում է դեպի Ամերիկա։
Խոր ներքևում, կայարանի բոլոր հարկերի հարթակներից ճանապարհ գնողները բղավում էին իրենց վերջին ողջերթի խոսքերն ու ցանկությունները։ Բղավում էին ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն։ Բղավում էին նաև ռուսերեն։ Թևքին արծաթե խարիսխ և Դավթի վահան ունեցող ծովայինի համազգեստ հագած, բերետով և տխուր մորուքով տարօրինակ մի մարդ ինչ֊որ բաներ էր բղավում հրեերեն։ Հետագայում պարզվեց, որ դա շոգենավի ռաբբին է, որին Գլխավոր տրանսատլանտիկ ընկերությունը ծառայության է վերցրել ուղևորների որոշ մասի հոգեկան պահանջմունքները բավարարելու համար։ Մյուս մասին պատրաստ են ծառայելու կաթոլիկ և բողոքական քահանաները։ Մուսուլմանները, կրակապաշտներն ու սովետական ինժեներները զրկված են հոգևոր ծառայությունից։ Այս գործը Գլխավոր տրանսատլանտիկ ընկերությունը թողել է իր տնօրինությանը։ «Նորմանդիայի» վրա կա բավական մեծ կաթոլիկական եկեղեցի, որը լուսավորվում է աղոթքի համար անասելի հարմար էլեկտրական կիսալույսով։ Բեմը և կրոնական պատկերները կարող են փակցվել հատուկ վահաններով, և այդ դեպքում եկեղեցին ավտոմատիկ կերպով վերածվում է բողոքական հավաքատեղիի։ Ինչ վերաբերում է տխրամորուս ռաբիին, ապա նրան առանձին շենք չեն հատկացրել և նա իր ժամասացությունը կատարում է մանկական սենյակում։ Այդ նպատակով ընկերությունը տալիս է նրան թալես և հատուկ վարագույր, որով նա միառժամանակ ծածկում է նապաստակների և կատվիկների սին պատկերները։
Շոգենավը դուրս եկավ նավահանգստից։ Ծովափին և ծովապատնեշի վրա խռնվել էր մարդկամց բազմությունը։ «Նորմանդիային» դեռ չէին ընտելացել և տրանսատլանտիկ հսկայի յուրաքանչյուր ռեյսը համընդհանուր ուշադրություն է առաջացնում Հավրում։ Ֆրանսիական ափը թաքնվեց ամպամած օրվա մշուշի մեջ։ Երեկոյան կողմ շողշողացին Սաուտ֊հեմպտոնի կրակները։ «Նորմանդիան», երեք կողմից շրջապատված անծանոթ քաղաքի հեռավոր ու խորհրդավոր լույսով, մեկուկես ժամ կանգնեց նավակայանում, ընդունելով Անգլիայի ուղևորներին։ Իսկ հետո դուրս եկավ օվկիանոս, որտեղ արդեն սկսվում էր փոթորկաբեր քամուց բարձրացած անտեսանելի ալիքների աղմկալից հրմշտուքը։
Նավախելի վրա, ուր մենք տեղավորվել էինք, ամեն բան դողում էր։ Դողդողում էին տախտակամածները, պատերը, լուսանցույցները, շեզլոնգները, լվացարանի վրա դրված բաժակները, ինքը՝ լվացարանը։ Շոգենավի ցնցումները այնքան ուժեղ էին, որ սկսեցին ձայն արձակել նույնիսկ այնպիսի առարկաներ, որոնցից այդ բանը չէր կարելի սպասել։ Կյանքում առաջին անգամ մենք լսեցինք, թե ինչպես հնչում են երեսսրբիչները, օճառը, հատակի գորգը, սեղանի թուղթը, վարագույրները, անկողնու վրա նետած օձիքը։ Հնչում և թնդում էր նավասենյակում եղած ամեն բան։ Բավական էր, որ ուղևորը մի պահ մտասուզվեր և թուլացներ դեմքի մկանները, որ իսկույն սկսեին կափկափել նրա ատամները։ Թվում էր, թե ողջ գիշերը ինչ֊որ մեկը թակում է դուռը, բախում պատուհանը, ծանրումեծ հռհռում է։ Մենք հաշվեցինք հարյուրի չափ հնչույններ, որ արձակում էր մեր նավասենյակը։
«Նորմանդիան» իր տասներորդ ուղևորությունն էր կատարում Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Տասնմեկերորդ ուղևորությունից հետո նա գնալու էր նավաշինարան, որտեղ քանդելով նավախելը՝ վերացնելու էին թրթիռ առաջացնող կոնստրուկտիվ թերությունները։
Առավոտյան եկավ մի նավաստի և մետաղյա վահաններով պինդ փակեց լուսանցույցները։ Փոթորիկն ուժեղանում էր։ Մի փոքրիկ բեռնանավ դժվարությամբ լողում էր դեպի ֆրանսիական ափերը։ Երբեմն նա անհետանում էր ալիքների հետևում և երևում էր միայն կայմի ծայրը։
Չգիտես ինչու միշտ թվում էր, թե Հին ու Նոր աշխարհների միջև ընկած օվկիանոսային ճանապարհը շատ բանուկ է, որ մի գլուխ ընդառաջ են գալիս ուրախ շոգենավեր՝ երաժշտությամբ և դրոշակներով։ Մինչդեռ իրականում օվկիանոս ասածդ վեհապանծ և ամայի մի տարածություն է, և Եվրոպայից չորս հարյուր մղոն հեռավորության վրա փոթորկի մեջ լողացող շոգենավիկը միակն էր, որին մենք հանդիպեցինք հնգորյա ճամբորդուցյան ընթացքում։ «Նորմանդիան» օրորվում էր դանդաղ ու փքված։ Նա ընթանում էր արագությունը գրեթե չպակասեցնելով, վստահ դեն նետելով բարձր ալիքները, որոնք չորս կողմից հարձակվում էին նրա վրա, և միայն երբեմն համաչափ գլուխ էր տալիս օվկիանոսին։ Դա մարդկային ձեռքի ստեղծած չնչինության պայքարը չէր մոլեգնած տարերքի հետ։ Դա գոտեմարտ էր՝ հավասարը հավասարի հետ։
Ծխելու կիսակլոր դահլիճում երեք նշանավոր ըմբիշներ՝ տափակ ականջներով, պիջակները հանած, թուղտ էին խաղում։ Նրանց ժիլետների տակից երևում էին վերնաշապիկները։ Ըմբիշները տանջալիորեն մտածում էին։ Նրանց բերաններից կախված էին մեծ սիգարներ։ Մյուս սեղանի շուրջը երկու հոգի շախմատ էին խաղում, ամեն րոպե ուղղելով տախտակի վրայից սահող ֆիգուրները։ Փոթորկալից այս եղանակին սովետական մարդկանցից բացի, է՛լ ով կտարվի թագուհու մերժված գամբիտի խաղով։ Հենց այդպես էլ կար։ Պարզվեց, որ համակրելի բոտվիննիկները սովետական ինժեներներ են։
Հետզհետե ծանոթացան միմյանց հետ, ընկերուցյուններ ստեղծվեցին։ Բաժանեցին ուղևորների տպագիր ցուցակը, որոնց մեջ մի շատ ծիծաղելի ընտանիք կար․ միստեր Բուտերբրոդը, միսիս Բուտերբրոդը և պատանի միստեր Բուտերբրոդը։ Եթե «Նորմանդիայով» գնալիս լիներ Մարշակը, ապա, անշուշտ, ոտանավոր կգրեր մանուկների համար «Հաստլիկ միստեր Բուտերբրոդը» վերնագրով։
Մտանք Գոլֆշտրեմ։ Տաք անձրև էր գալիս, ջերմոցային ծանր օդում նստում էր նավթի մուրը, որն արտավիժում էր «Նորմանդիայի» ծխնելույզներից մեկը։
Մենք գնացինք շոգենավը դիտելու։ Երկրորդ կարգի ուղևորը չի տեսնում այն նավը, որով գնում է։ Նրան չեն թողնում ոչ առաջին կարգը, ոչ էլ տուրիստական։ Տուրիստական կարգի ուղևորը ևս չի տեսնում «Նորմանդիան», նրան նույնպես չեն թույլատրում սահմանն անցնել։ Մինչդեռ առաջին կարգը հենց «Նորմանդիան» է։ Այն գրավում է բովանդակ շոգենավի առնվազն ինը տասներորդական մասը։ Առաջին կարգում ամեն բան վիթխարի է՝ և զբոսանքի տախտակամածները, և ռեստորանները, և ծխասենյակները, և թղթախաղի սալոնները, և կանանց հատուկ դահլիճները, և ջերմոցը, որտեղ ֆրանսիական չաղլիկ ճնճղուկները թռչկոտում են ապակյա ճյուղերի վրա և առաստաղից կախված են հարյուրավոր խոլորձներ, և չորս հարյուր տեղանոց թատրոնը, և լողավազանը՝ էլեկտրական կանաչ լամպերով լուսավորված ջրով, և առևտրի հրապարակն իր հանրախանութով, և սպորտային դահլիճները, որտեղ ճաղատացող պարոնայք, մեջքի վրա պառկած, ոտքերով գնդակ են վեր֊վեր նետում, և պարզապես դահլիճներ, որտեղ նույն ճաղատավուն մարդիկ գնդակ նետելուց կամ փայտե ձիու վրա ցատկոտելուց հոգնած, ննջում են զարդակար բազկաթոռների մեջ, և երեսուն փութ կշռող մեծ գորգը՝ ամենագլխավոր սալոնում։ Նույնիսկ «Նորմանդիայի» ծխնելույզները, որոնք, թվում էր, թե պետք է պատկանեին բովանդակ շոգենավին, իրականում պատկանում էր միմիայն առաջին կարգին։ Նրանցից մեկում գտնվում է առաջին կարգի ուղևորների շնասենյակը։ Սիրունիկ շները նստում են վանդակների մեջ և անասելի ձանձրանում։ Սովորաբար նրանց սիրտը խառնում է։ Երբեմն նրանց դուրս են բերում հատուկ տախտակամածը զբոսնելու։ Այդ ժամանակ նրանք անհամարձակ հաչում են, թախծոտ նայելով փոթորկալից օվկիանոսին։
Մենք իջանք խոհանոց։ Տասնյակ խոհարարներ աշխատում էին տասնյոթ մետրանոց էլեկտրական պլիտայի առջև։ Եվս տասնյակ խոհարարներ հավ էին փետրում, ձուկ էին կտրում, հաց էին թխում և տորթեր կառուցում։ Հատուկ բաժնում պատրաստվում էին հրեական ճաշեր։ Այստեղ երբեմն այցելում էր շոգենավի Ռաբբին, տեսնելու, թե ֆրանսիացի ուրախ խոհարարները հո արգելված մթերքներ չե՞ն գցում ուղղափառական ճաշի մեջ։ Սառցե մառաններում պահվում էին մթերքները։ Այնտեղ սառնամանիքն էր մոլեգնում։
«Նորմանդիան» ֆրանսիական տեխնիկայի և արվեստի գլուխգործոցն են համարում։ «Նորմանդիայի» տեխնիկան իրոք որ հոյակապ է։ Չի կարելի չհիանալ նավի արագությամբ, նրա հակահրդեհային սարքավորումով, նրա իրանի խիզախ և նրբագեղ գծերով, նրա ռադիոկայանով։ Բայց արվեստի բնագավառում ֆրանսիացիներն ավելի լավ ժամանակներ են ունեցել։ Անբասիր է ապակյա պատերի գեղանկարչական կատարումը, բայց բուն գեղանկարչությունը առանձնապես ոչնչով չի փայլում։ Այդ բանը վերաբերում է խորաքանդակներին, խճանկարչությանը, քանդակագործությանը, կահույքին։ Շատ ոսկի կա, գույնզգույն կաշիներ, գեղեցիկ մետաղ, մետաքս, թանկարժեք փայտեղեն, հիանալի ապակի։ Շատ հարստություն կա և շատ քիչ՝ իսկական արվեստ։ Մի խոսքով, դա այն է, ինչը ֆրանսիացի նկարիչները ձեռքերը հուսահատ թափահարելով անվանում են «Տրիումֆ ոճ»։ Վերջերս Փարիզում, Ելիսեյան դաշտում բացվել էր «Տրիումֆ» սրճարանը, որը ճոխ զարդարված էր բուդուարա֊անկողնային ոճով։ Ափսո՜ս։ Կուզենայինք, որ ֆրանսիական հիանալի ինժեներների գործընկերները լինեին ֆրանսիական հիանալի նկարիչներն ու ճարտարապետները։ Առավել ցավալին այդ է, որ նման մարդիկ Ֆրանսիայում կան։
Տեխնիկայի որոշ թերությունները, օրինակ, նավախելի թռթռոցը, կես ժամով փչացած լիֆտը և մյուս վրդովեցուցիչ մանրուքները, ոչ թե այս հիանալի շոգենավը կառուցող ինժեներների մեղքովն է, այլ, ավելի շուտ, անհամբեր պատվիրատուների, որոնք շտապել են շահագործման հանձնել, որպեսզի ինչ գնով էլ ուզում է լինի երկնագույն ժապավեն ստանան՝ ռեկորդային արագության համար։
Նյու֊Յորք ժամանելու նախօրյակին տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ և ուղևորների ինքնագործունեության երեկո։ Ճաշկերույթը սովորականի պես էր, միայն ավելացրել էին մեկական գդալ ռուսական խավիար, որը ճաշացուցակի մեջ անվանված էր «օկրա»։ Բացի այդ, ուղևորներին բաժանում էին ծովահենի թղթե գլխարկներ, շրխկաններ, երկնագույն ժապավենի նման կրծքանշաններ՝ նույնպես Տրանսատլանտիկ ընկերության դրոշմանիշով։ Նվերներ են բաժանում, որպեսզի կողոպուտից պաշտպանեն շոգենավի գույքը։ Բանն այն է, որ ուղևորներից շատերը հուշանվեր հավաքելու մարմաջով են բռնված, «Նորմանդիայի» առաջին երթի ուղևորները իբրև հուշանվեր թռցրել էին մեծ քանակությամբ դանակներ, պատառաքաղներ և գդալներ։ Տարել էին նույնիսկ ափսեներ, մոխրամաններ և ջրամաններ։ Այնպես որ, ավելի շահավետ է մետաքսե կրծքանշան նվիրել, քան կորցնել տնտեսության մեջ անհրաժեշտ գդալը։ Ուղևորները ուրախ էին խաղալիքների համար։ Մի հաստ տիկին, որը ուղևորության բոլոր հինգ օրերի ընթացքում մեն֊մենակ նստել էր ճաշարանի անկյունում, անմիջապես, գործիմաց դեմքով, գլխին դրեց ծովահենի գլխարկը, ֆռացրեց չրխկանը և կրծքանշանը փակցրեց կրծքին։ Ըստ երևույթին նա իր պարտքն էր համարում բարեխճորեն օգտվել տոմսով իրեն հասնող բարիքներից։
Երեկոյան սկսվեց մանրբուրժուական ինքնագործունեությունը։ Ուղևորները հավաքվեցին սալոնում։ Լույսը մարեցին և լուսարձակն ուղղեցին դեպի փոքրիկ բեմահարթակը, ուր ամբողջ մարմնով սարսռելով դուրս եկավ արծաթյա զգեստով մի հյուծված օրիորդ։ Մասնագետ նվագողներից բաղկացած նվագախումբը կարեկցանքով նայում էր նրան։ Հասարակությունը, խրախուսելու համար, ծափահարեց։ Օրիորդը ջղաձգորեն բաց արեց բերանը և անմիջապես փակեց։ Նվագախումբը համբերատարությամբ կրկնեց նախերգանքը։ Հանդիսականներն ինչ֊որ սարսափելի բան գուշակելով, ջանում էին չնայել մեկմեկու։ Հանկարծ օրիորդը ցնցվեց ու սկսեց երգել։ Նա երգում էր «Ասացեք ինձ սիրո մասին» հանրածանոթ երգը, բայց այնքան վատ և կամաց էր երգում, որ ոչ ոք չէր ունկնդրում քնքշագեղ կոչին։ Երգի կեսին օրիորդն անսպասելի կերպով փախավ բեմից, դեմքը ձեռքերով ծածկելով։ Բեմի վրա հայտնվեց մի ուրիշ օրիորդ, է՛լ ավելի հյուծված։ Նա ևս առանց բացվածքի զգեստ ուներ հագին, բայց բոբիկ էր։ Դեմքի վրա սարսափ էր գրված։ Դա մի բոկոտն երգասեր էր։ Հանդիսականներն սկսեցին գաղտագողի ծլկել դահլիճից։ Այդ ամենը բոլորովին նման չէր մեր կենսուրախ, տաղանդավոր և աղմկալից ինքնագործունեությանը։
Ուղևորության հինգերորդ օրը շոգենավի տախտակամածները ծածկվեցին նախասենյակներից դուրս բերված ճամպրուկներով և սնդուկներով։ Ուղևորներն անցան աջ նավակողը և գլխարկները ձեռքներին պահած ագահորեն նայում էին հորիզոնին։ Ափը դեռ չէր երևում, իսկ Նյու֊Յորքի երկրաքերծերն արդեն վեր էին խոյանում ուղղակի ջրից, ինչպես ծխի հանդարտ սյուներ։ Դա ապշեցուցիչ մի կոնտրաստ է․ օվկիզնոսի ամայությունից հանկարծ մեկից վեր է բարձրանում աշխարհի ամենամեծ քաղաքը։ Արևաշող ծխի մեջ, աղոտ փայլփլում էին հարյուր երկու հարկանի «Իմպայր Սթեյթ Բիլդինգի» կողերը։ «Նորմանդիայի» նավախելի հետևում ճախրում էին ճայերը։ Չորս ուժեղ, փոքր բուքսիրանավեր սկսեցին շուռ տալ նավի անասելի մեծ իրանը, ձգելով և հրելով նրան դեպի նավահանգիստ։ Նավակողից դեպի ձախ ուրվագծվում էր ազատության ոչ մեծ, կանաչ արձանը։ Հետո, չգիտես ինչու, նա հայտնվեց աջ կողմում։ Մեզ շուռ էին տալիս և քաղաքն էլ պտտվում էր մեր շուրջը, ցույց տալով մերթ մեկ, մերթ մյուս կողմը։ Վերջապես նա կանգնեց իր տեղում, անասելի մեծ, շառաչող, տակավին անհասկանալի։
Ուղևորները փակ կամրջակներով իջան մաքսատան դահլիճը, կատարեցին բոլոր ձևականությունները և դուրս եկան քաղաքի փողոցը, այդպես էլ չտեսնելով այն նավը, որով եկել էին։
Գլուխ երկրորդ — Առաջին երեկոն Նյու֊Յորքում
Մեծ է «Ֆռենչ Լայն» նավահանգստի մաքսատան դահլիճը։ Առաստաղից կախված են լատինական այբուբենի երկաթյա մեծ տառերը։ Յուրաքանչյուր ուղևոր կանգնում է այն տառի տակ, որով սկսվում է իր ազգանունը։ Շոգենավից այստեղ կբերեն նրա ճամպրուկները, այստեղ նրանք վերջնական զննման կենթարկվեն։
Ժամանողների և դիմավորողների ձայները, ծիծաղն ու համբյուրները խուլ տարածվում էին դահլիճով մեկ, որի մերկ կոնստրւկցիաները տուրբիններ շինող գործարանային ցեխի տեսք էին տալիս նրան։
Մենք ոչ ոքի չէինք տեղեկացրել մեր ժամանման մասին, ուստի ոչ ոք մեզ չդիմավորեց։ Մենք պտտվում էինք մեր տառերի տակ, սպասելով մաքսատան աստիճանավորին։ Վերջապես նա մոտեցավ։ Դա մի հանգիստ և չշտապող մարդ էր։ Նրան բնավ չէր հուզում այն, որ մենք կտրել ենք օվկիանոսը, որպեսզի ցույց տայինք նրան մեր ճամպրուկները։ Նա քաղաքավարությամբ մատները սահեցրեց իրերի վերին շերտով և այլևս ոչ մի բանի չնայեց։ Ապա դուրս հանեց իր լեզուն, ամենասովորական, խոնավ, տեխնիկապես ոչ մի բանով չհագեցած լեզուն, թրջեց նրանով մեր պիտակները և փակցրեց մեր ճամպրուկներին։
Երբ մենք վերջապես ազատվեցինք, արդեն երեկո էր։ Հնօրյա կառեթի նմանվող, սպիտակ տաքսի֊կեբը, որ կտուրի վրա շողացող երեք լապտեր ուներ, մեզ տարավ հյուրանոց։ Սկզբում մեզ շատ տանջում էր այն միտքը, որ մենք անփորձությունից նստեցինք վատ, հնամենի տաքսոմոտոր, որ մենք ծիծաղելի ենք ու գավառացի։ Բայց պատուհանից երկչոտությամբ նայելով, մենք տեսանք, որ ամեն ուղղությամբ սլանում են մեքենաներ՝ հենց մեր մեքենայի ունեցած տխմար լապտերներով։ Մենք մի փոքր հանգստացանք։ Հետո արդեն հասկացանք, որ կտուրի լապտերները դրված են նրա համար, որպեսզի տաքսին նկատելի լինի միլիոնավոր մեքենաների մեջ։ Հենց այդ նպատակով էլ Ամերիկայում տաքսիները ներկում են ամենաարտառոց գույներով՝ նարնջագույն, դեղնագույն, սպիտակ։
Նյու֊Յորքը ավտոմոբիլից տեսնելու մեր փորձերն անհաջող անցան։ Մենք անցնում էինք բավականին մութ ու մռայլ փողոցներով։ Երբեմն դժոխային ձայներ էին լսվում ոտքերի տակից, երբեմն ինչ֊որ բան դղրդում էր մեր գլխավերևում։ Երբ մենք կանգ էինք առնում լուսակիրների առջև, մոտներս կանգնած մեքենաները ծածկում էին ամեն բան։ Վարորդը մի քանի անգամ շուռ եկավ և վերստին հարցրեց հասցեն։ Ըստ երևույթին նրան հուզում էր այն անգլերենը, որով մենք բացատրվում էինք։ Երբեմն նա նայում էր մեզ խրախուսանքով և դեմքի վրա գրված էր լինում․ «Ոչի՜նչ, չեք կորչի։ Դեռ ոչ ոք Նյու֊Յորքում չի կորել»։
Մեր հյուրանոցի երեսուներկու աղյուսաշեն հարկերը մխրճվել էին գիշերվա շառագունած երկնքի մեջ։
Մինչ մենք կլրացնեինք գրանցման կարճ քարտերը, սպասավորներից երկու հոգի արդեն սիրով կանգնել էին մեր իրերի մոտ։ Նրանցից մեկի վզից կախված էր փայլուն մի օղակ՝ մեր ընտրած սենյակի բանալիով։
Լիֆտը մեզ բարձրացրեց քսանյոթերորդ հարկը։ Դա ոչ շատ հին և ոչ շատ նոր, ոչ շատ թանկ և, ցավոք, ոչ շատ էժան հյուրանոցի ընդարձակ և հանգիստ լիֆտ էր։
Համարը մենք հավանեցինք, բայց չուսումնասիրեցինք։ Շուտ դեպի փողոց, քաղաք, դղրդյուն։ Պատուհանի վարագույրները ճարճատում էին ծովի թարմ քամուց։ Մենք վերարկուները նետեցինք գահավորակի վրա, դուրս վազեցինք նախշազարդ մահուդ փռած նեղ միջանցքը, և լիֆտը մեղմ շխկոցով թռավ ներքև։ Մենք նշանակալից նայեցինք միմյանց։ Չէ, այնուամենայնիվ, երևույթ է սա։ Կյանքում առաջին անգամ մենք դուրս ենք գալիս զբոսնելու Նյու֊Յորքում։
Բարակ, գրեթե թափանցիկ, շերտավոր ու աստղապատ դրոշ էր կախված մեր հյուրանոցի մուտքի վրա։ Փողոցի մյուս կողմում կանգնած էր «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի ողորկ խորանարդը։ Ծանուցատետրում այն կոչվում էր աշխարհի լավագույն հյուրանոցը։ «Աշխարհում լավագույնի» պատուհանները շլացուցիչ շողշողում էին, իսկ մուտքի վերևում կախված էին երկու ազգային դրոշներ։ Ուղիղ մայթի վրա, հենց ճամփեզրին դրված էին թերթերի վաղվա համարները։ Անցորդները կռանում էին, վերցնում «Նյու֊Յորք Թայմս» կամ «Հերալդ Տրիբյուն» և երկու ցենտ դնում գետնին՝ թերթերի կողքին։ Թերթավաճառն ինչ֊որ տեղ էր գնացել։ Թերթերը սեղմված էին գետնին՝ աղյուսի կտորով, ճիշտ այնպես, ինչպես այդ անում են մոսկովյան պառավ լրագրավաճառուհիները՝ նստելով իրենց ֆաներե կրպակների մեջ։ Գլանաձև աղբարկղները դրված էին խաչմերուկների անկյուններում։ Մի արկղից մեծ բոց էր դուրս գալիս։ Ըստ երևույթին մեկը ծխախոտի չհանգցրած մնացորդ էր նետել այնտեղ և Նյու֊Յորքի աղբը, որը բաղկացած է գլխավորապես լրագրերից, բռնկվել էր։ «Ուոլդորֆ֊Աստորիայի» ողորկ պատերը լուսավորվել էին տագնապալից կարմիր լույսով։ Անցորդները ժպտում էին, քայլելիս դիտողություններ անելով։ Դեպի պատահարի վայրն էր շարժվում արդեն ոստիկանը՝ վճռական դեմքով։ Հանգելով այն մտքին, որ կարմիր աքաղաղը չի սպառնում մեր հյուրանոցին, շարժվեցինք առաջ։
Մեզ հետ անմիջապես մի փոքրիկ դժբախտություն պատահեց։ Մենք կարծում էինք, թե դանդաղ կզբոսնենք՝ ուշադիր նայելով չորս կողմը, այսպես ասած՝ ուսումնասիրելով, տնտղելով, ներծծելով և այլն։ Բայց Նյու֊Յորքը այն քաղաքներից չէ, որտեղ մարդիկ դանդաղ են շարժվում։ Մեր կողքի մարդիկ ոչ թե քայլում, այլ վազում էին։ Մենք էլ վազեցինք։ Այդ պահից արդեն մենք չկարողացանք կանգ առնել։ Մի ամիս անընդհատ ապրեցինք Նյու֊Յորքում և շարունակ գլխապատառ ինչ֊որ տեղ էինք վազում։ Ընդ վորում, մենք այնպես զբաղված ու գործարար տեսք ունեինք, որ ինքը՝ Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերը, կարող էր մեզ նախանձել։ Այդպիսի տեմպով նա կարող էր այդ ամսվա ընթացքում վաստակել վաթսուն միլլիոն դոլլար։
Եվ այսպես, մենք անմիջապես սլացանք։ Մենք արագ անցնում էինք հրեղեն ցուցանակների կողքով, որոնց վրա գրված էր՝ «Կաֆետերիա», կամ «Յունայթեդ սիգարս», կամ «Դրագ֊սոդա» կամ ուրիշ որևէ գրավիչ և առայժմ անհասկանալի մի բան։ Այդպես վազելով մենք հասանք 42֊րդ փողոցը և այստեղ կանգ առանք։
42֊րդ փողոցի խանութների ցուցափեղկերում ձյուն֊ձմեռ էր տիրում։ Ցուցափեղկերից մեկում կանգնած էին արծաթե դեմքերով, մեղրամոմե յոթ շքեղ կանայք։ Նրանք բոլորն էլ կարակուլի հրաշալի մուշտակներ ունեին հագներին և հանելուկային հայացքներ էին նետում մեկմեկու։ Հարևան ցուցափեղկում կանանց թիվն արդեն տասներկուսի էր հասնում։ Սրանք կանգնած էին սպորտային համազգեստներով՝ դահուկաձողերին հենված։ Նրանց աչքերը կապույտ էին, շուրթերը կարմիր, իսկ ականջները՝ վարդագույն։ Մյուս ցուցափեղկերում կանգնած էին ջահել մանեկեններ՝ ալեհեր մազերով կամ մաքրասեր մեղրամոմե պարոններ՝ էժան, կասկածելիորեն հիանալի կոստյումներով։ Բայց մենք ուշադրություն չէինք դարձնում այդ խանութային երջանկության վրա։ Մեզ ուրիշ բան ապշեցրեց։
Աշխարհի բոլոր մեծ քաղաքներում միշտ կարելի է գտնել մի տեղ, ուր մարդիկ աստղադիտակով նայում են լուսնին։ Այստեղ, 42֊րդ փողոցի վրա ևս աստղադիտակ կար։ Նա դրված էր ավտոմեքենայի վրա։
Աստղադիտակն ուղղված էր դեպի երկինք։ Այն տնօրինում էր սովորական, ճիշտ այնպիսի մի մարդ, ինչպիսին կարելի է տեսնել Աթենքում կամ Նեապոլում կամ Օդեսայում աստղադիտակների մոտ։ Եվ նույն տխուր տեսքն ուներ, ինչպես ունենում են փողոցային աստղադիտակ շահագործողները բովանդակ աշխարհում։
Լուսինը երևում էր վաթսուն հարկանի երկու շենքերի արանքից։ Բայց հեռադիտակին կպած հետաքրքրասերը նայում էր ոչ թե լուսնին, այլ շատ ավելի բարձր ― նա նայում էր «Իմպայր Սթեյտ Բիլդինգ» ― հարյուր երկու հարկանի շենքի գագաթին։ «Իմպայրի» պողպատյա գագաթը, լուսնի լույսի տակ, ձյունապատ էր թվում։ Մարդու սիրտը սառչում էր տեսնելով, թե ինչպես այդ ազնիվ, մաքուր շենքը փայլփլում է որպես արհեստական սառցե մի քառատաշ գերան։ Մենք երկար կանգնեցինք այդտեղ՝ գլուխներս լուռ վեր բարձրացրած։ Նյու֊Յորքի երկնաքերծերը հպարտուցյան զգացում են հարուցում այս հսկայական շենքերը կառուցող գիտության և աշխատանքի մարդկանց նկատմամբ։
Խռպոտ ձայնով բղավում էին լրագրավաճառները։ Գետինը դողում էր ոտքի տակ, և մայթերին ամրացված վանդակացանցերից հանկարծակի տաքություն էր հորդում, ինչպես մեքենայական բաժանմունքից։ Այդ անցնում էր Նյու֊Յորքի մետրոյի կամ, ինչպես այստեղ են ասում, սոբվեյի ստորերկրյա գնացքը։
Սալահատակին հագցրած և մետաղյա կլոր կափարիչներով ծածկված անցքերից գոլոշի էր բարձրանում։ Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից է այդ գոլոշին։ Ռեկլամների կարմիր կրակներն օպերային լույս էին գցում նրա վրա։ Թվում էր, թե ահա ուր որ է անցքը կբացվի և այնտեղից դուրս կգա Մեֆիստոֆելը և մի թեթև հազալուց հետո թավ ձայնով կերգի՝ «Ֆաւստից»֊ից․ «Սուսեր ունեմ ես, փետրազարդ գլխարկ, և փող անհամար, թիկնոց թանկարժեք»։
Եվ մենք վերստին սլացանք առաջ, լրագրավաճառների բղավոցներից շշմած։ Նրանք այնպես կատաղի են ոռնում, որ հետո, Լեսկովի արտահայտությամբ, մի ամբողջ շաբաթ է պետք՝ կոկորդը բահով մաքրելու համար։
Չի կարելի ասել, թե 42֊րդ փողոցի լուսավորությունը միջակ էր։ Բայց և այնպես միլիոնավոր, գուցե և միլիարդավոր էլեկտրական լամպերով լուսավորված, կիլոմետրերով ձգվող գույնզգույն գազալուսային խողովակներից շինված պտտվող ու ցատկոտող ռեկլամներով լեցուն Բրոդվեյը ծառացավ մեր առջև նույն անսպասելիությամբ, ինչպես Նյու֊Յորքն է ծառանում Ատլանտիկ օվկիանոսի անսահման ամայությունից։
Մենք կանգնել էինք Միացյալ Նահանգի ամենահանրաճանաչ անկյունում՝ 42֊րդ փողոցի և Բրոդվեյի անկյունում։ «Մեծ սպիտակ ուղին», ինչպես տիտղոսում են Բրոդվեյին ամերիկացիք, փռված էե մեր առջև։
Այստեղ էլեկտրականությունը իջեցված է (կամ բարձրացված է, եթե կամենում եք) կրկեսի վարժեցրած կենդանու մակարդակին։ Նրան այստեղ ստիպել են կոտրատվել, ցատկել խոչընդոտների վրայով, աչքով անել, պարել։ Էդիսոնի հանգիստ էլեկտրականությունը վերածել են Դուրովյան ծովառույծի։ Նա քթով գնդակներ է բռնում, ձեռնածություն է անում, մեռնում, կենդանանում, անում է այն ամենը, ինչ նրան հրամայում են։ Էլեկտրական շքահանդեսը երբեք չի դադարում։ Ռեկլամների կրակները բռնկվում են, պտտվում և հանգում, որպեսզի անմիջապես նորից ճառագեն․ մեծ ու փոքր տառեր―սպիտակ, կարմիր ու կանաչ, անվերջ փախչում են ինչ֊որ տեղ, որպեսզի մի վարկյան անց վերադառնան և վերսկսեն իրենց մոլեգին վազքը։
Բրոդվեյում կենտրոնացված են քաղաքի թատրոնները, կինեմատոգրաֆները և պարասրահները։ Տասնյակ հազարավոր մարդիկ շարժվում են մայթերով։ Նյու֊Յորքը աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկն է, որտեղ բնակչությունը զբոսնում է որոշակի փողոցի վրա։ Կինոյի մուտքերն այնպես են լուսավորված, որ թվում է, թե մի հատիկ լամպ ավելացնելու դեպքում ամեն ինչ կպայթի անասելի լույսից, ամեն ինչ գրողի ծոցը կգնա։ Բայց այդ մի լամպը խցկելու տեղ չկա։ Լրագրավաճառներն այնպիսի ոռնոց են բարձրացնում, որ կոկորդը մաքրելու համար ոչ թե մի շաբաթ է պետք, այլ տարիների համառ աշխատանք։ Բարձր երկնքում, «Պարամաունտ» երկնաքերծի անհաշվելի հարկերից մեկում բոցկլտում է էլեկտրական թվատախտակը։ Ոչ աստղերն են երևում, ոչ լուսինը։ Ռեկլամների լույսը մթագնում է ամեն ինչ։ Լուռ հոսանքով սլանում են ավտոմեքենաները։ Ցուցափեղկերում վանդականաշխ փողկապների արանքում պտտվում են և նույիսկ մահացու օղակներ կատարում լուսատու փոքրիկ գնանիշներով պիտակներ։ Դրանք արդեն միկրոօրգանիզմներ են՝ Բրոդվեյի էլեկտրականության տիեզերքում։ Սարսափրլի ղռվռոցի մեջ, մի հանգիստ մուրացկան նվագում է սաքսոֆոն։ Ցիլինդրավոր մի ջենտլմեն թատրոն է գնում, և կողքին անպայման մի տիկին՝ երեկոյան քղանցքավոր հագուստով։ Մի կույր լուսնոտի պես առաջ է գնում իր ուղեկցող շնիկով։ Երիտասարդներից ոմանք ման են գալիս անգլխարկ։ Դա մոդայիկ է։ Լապտերների տակ պսպղում են հարթ սանրած մազերը։ Անպետք ու թանկարժեք սիգարների հոտ է գալիս։
Հենց այն պահին, երբ մենք մտածում էինք, թե որչափ հեռու ենք գտնվում Մոսկվայից մեր առջև կայծկլտացին «Կամեո» կինեմատոգրաֆի կրակները։ Այնտեղ ցույց էին տալիս սովետական «Նոր Գուլիվեր» ֆիլմը։
Բրոդվեյի ափակոծությունը մեզ մի քանի անգամ ետ ու առաջ տարավ և նետեց մի ինչ֊որ փողոց։
Մենք դեռ ոչինչ չգիտեինք քաղաքի մասին։ Ուստի և փողոցների անունները տալ չէինք կարող։ Հիշում ենք միայն, որ կանգնել էինք վերերկրյա երկաթուղու ինչ֊որ տախտակամածի տակ։ Կողքներովս ավտոբուս էր անցնում, և մենք առանց մտածելու ցատկեցինք նրա մեջ։
Նույնիսկ շատ օրեր անց, երբ մենք արդեն սկսել էինք կողմնորոշվել Նյու֊Յորքի ջրապտույտում, չէինք կարողանում վերհիշել, թե ուր տարավ մեզ ավտոբուսն այն առաջին իրիկունը։ Թվում է, թե դա չինական արվարձան էր։ Բայց հնարավոր է, որ դա իտալականն էր կամ հրեականը։
Մենք քայլում էինք գարշահոտ, նեղ փողոցներով։ Ոչ, այստեղ էլեկտրականությունը վարժեցված չէր, այլ սովորական։ Նա բավականին աղոտ լուսավորում էր և ոչ մի ցատկ չէր անում։ Հսկա մի ոստիկան կանգնել էր տան պատին հենված։ Նրա լայն, հրամայական դեմքի վերևում, գլխարկի վրա փայլում էր Նյու֊Յորք քաղաքի ոսկե զինանշանը։ Նկատելով այն անվստահությունը, որով մենք քայլում էինք փողոցում, նա ընդառաջ եկավ մեզ, բայց հարց չստանալով, կարգ ու կանոնի վեհատեսիլ ու ձգված այդ ներկայացուվիչը նորից ընդունեց իր նախկին դիրքը։
Մի քոսոտ տնակից անսպասելի տաղտկալի երգ էր լսվում։ Տան մուտքի մոտ կանգնած մի մարդ ասաց, որ դա Փրկության բանակի օթևանն է։
― Ովքե՞ր կարող են այնտեղ գիշերել։
― Ամեն ոք։ Ոչ ոք չի հարցնի նրա ազգանունը, ոչ ոք չի հետաքրքրվի նրա զբաղմունքով և նրա անցյալով։ Գիշերօթիկներն այստեղ ստանում են ձրի անկողին, սուրճ և հաց։ Հետո նրանք կարող են գնալ։ Միակ պայմանը ― պետք է մասնակցել իրիկվա և առավոտվա աղոթքին։
Տնից լսվող երգը վկայում էր, որ այժմ կատարվում էր այդ միակ պայմանը։ Մենք ներս մտանք։
Քսանհինգ տարի սրանից առաջ, այս շենքը եղել է չինական ափիոնի ծխարան։ Դա մի կեղտոտ և մռայլ անառականոց է եղել։ Այժմ նա մաքրվել է, բայց կորցնելով երբեմնի էկզոտիկան, մնացել է նույն մռայլ շենքը։ Նախկին անառականոցի վերին մասում աղոթում էին, ներքևում տեղավորված էր ննջարանը, մերկ պատեր, քարե մերկ հատակ, քաթանե շարժական մահճակալներ։ Վատ սուրճի և խոնավության հոտ էր փչում, որը միշտ հիշեցնում է հիվանդանոցա֊բարեգործական մաքրություն։ Մի խոսքով, դա Գորկու «Հատակումն» էր, ամերիկյան բեմադրությամբ։
Կոխկրտված դահլիճում, ամֆիթատրոնի ձևով մինչև փոքրիկ բեմը իջնող նստարանների վրա, փայտացած վիճակում նստել էին երկու հարյուր գիշերողներ։ Հենց նոր վերջացել էր երգասացությունը, սկսվել էր ծրագրի հետևյալ համարը։
Բեմի վրա ցցված ամերիկյան ազգային դրոշի և պատերից կախված ավետարանական տեքստերի արանքում, միմոսի պես ցատկոտում էր կարմրադեմ, սև կոստյումով մի ծերուկ։ Նա խոսում և ձեռքերը շարժում էր այնպիսի կրքոտությամբ, ասես ինչ֊որ բան էր ծախում։ Մինչդեռ նա պատմում էր իր կյանքի ուսանելի պատմությունները․ այն բարեբար բեկման մասին, որ տեղի էր ունեցել իր հետ, երբ նա ոգով հակվել էր առ աստված։
Նա եղել է թափառաշրջիկ («այնպիսի սարսափելի թափառաշրջիկ, ինչպիսին դուք եք, քավթառ սատանաներ»)։ Նա իրեն շատ վատ էր պահում, անարգում էր աստծուն («հիշեցեք ձեր սովորությունները, բարեկամներս»), գողություն արել է, այո՛, դժբախտաբար եղել է։ Այժմ վերջ է տրված այդ ամենին։ Այժմ նա ունի իր տունը, ապրում է օրինավոր մարդու նման («աստված մեզ ստեղծել է իր կերպարանքով ու նմանությամբ, այնպես չէ՞»)։ Վերջերս նա նույնիսկ գնել է ռադիոընդունիչ։ Եվ այդ ամենը նա ստացել է անմիջականորեն աստծու օգնությամբ։
Ծերուկը ճառախոսում էր արտասովոր սանձարձակությամբ և, ըստ երևույթին, ելույթ էր ունենում արդեն հազարերորդ անգամ, եթե ոչ ավելին։ Նա շրխկացնում էր մատներով, երբեմն խռպոտ քրքջում էր, հոգևոր կուպլետներ էր երգում և մեծ ոգևորությամբ խոսքը ավարտեց․
― Օ՜ն, ուրեմն, երգենք, եղբայրներ։
Նորից լսվեց անասելի տաղտկալի երգը։
Գիշերողները սարսափելի էին։ Գրեթե բոլորն էլ տարիքավոր էին։ Չսափրված, մարած աչքերով, նրանք օրորվում էին իրենց կոպիտ նստարանների վրա։ Նրանք երգում էին հեզությամբ և ծուլորեն։ Մի քանիսը չէին կարողանում հաղթահարել ցերեկվա հոգնածությունը և քնում էին։
Մենք անմիջապես պատկերացրինք նրանց թափառումները՝ Նյու֊Յորքի ահավոր վայրերով, կամուրջների և ամբարանոցների տակ, աղբակույտերում, մարդկային անկման մշտնջենական մառախուղի մեջ անցկացրած նրանց օրերը։ Այդ ամենից հետո տանջանք էր օթևանում նստելը և շարականներ երգելը։
Ապա լսարանի առջև հանդես եկավ ոստիկանական առողջությամբ ցոլացող մի քեռի։ Նա ոդևիլյան մանուշակագույն քիթ ուներ և նավապետի ձայն։
Նա վերին աստիճանի սանձարձակ մարդ էր։ Նորից պատմություն սկսվեց աստծուն դիմելու օգուտի մասին։ Պարզվում է, որ նավապետը ևս ժամանակին եղել է կարգին ցոփ կյանք վարողի մեկը։ Նրա երևակայությունը փոքր էր, և նա վերջացրեց հայտարարելով, որ հիմա ինքն էլ աստծու օգնությամբ ռադիոընդունիչ ունի։
Նորից երգեցին։ Նավապետը թափահարում էր ձեռքը, ցույց տալով կապելմեյստերի մեծ փորձ։ Երկու հարյուր հոգի, որոնց կյանքը փոշի էր դարձել, նորից լսում էին այդ անպատկառ շաղակրատանքը։ Մուրացիկ մարդկանց աշխատանք չէր, որ առաջարկում էին, նրանց առաջարկում էին աստծուն, որ չար էր ու պահանջկոտ ինչպես սատանան։
Գիշերողները չէին առարկում։ Մի գավաթ սուրճով և մի կտոր հացով՝ աստված դեռ էլի ոչինչ, ընդունելի էր։ Երգենք, ուրեմն, եղբայրներ, ի փառս սրճային աստծու։
Մենք նորից քայլում էինք ինչ֊որ հետնախորշերով և դարձյալ չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում։ Շանթ ու որոտով սլանում էին գնացքները՝ վերերկրյա երկաթուղու երկաթյա տախտակամածներով։ Բաց գույնի գլխակավոր երիտասարդները խռնվել էին դեղատների մոտ, կարճ ֆրազներ փոխանակելով։ Նրանց շարժուձևերն իսկ և իսկ նման էին Վարշավայում, Կրախմալնայա փողոցի վրա բնակվող երիտասարդների շարժուձևերին։ Վարշավայում գտնում են, որ Կրախմալնայա փողոցի վրա ապրող ջենտլմենը աստված գիտի, թե ինչ է։ Լավ է, եթե պարզապես մի գող է, թե չէ կարող է ավելի վատթար լինել։
Ուշ երեկոյան վերադարձանք հյուրանոց, Նյու֊Յորքից ոչ հիասթափված և ոչ էլ հիացած, այլ ավելի շուտ անհանգստացած նրա վիթխարիությամբ, հարստությամբ և աղքատությամբ։
Գլուխ երրորդ — Ինչ կարելի է տեսնել հյուրանոցի պատուհանից
Նյու֊Յորքում անցկացրած առաջին ժամերը, գիշերային զբոսանքը քաղաքով, իսկ հետո հյուրանոց վերադառնալը, ասես ինչ֊որ մի իրադարձություն, ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ։
Մինչդեռ, ըստ էության, ոչ մի արտակարգ բան չէր պատահել։
Մենք մտանք հյուրանոցի շատ հասարակ մարմարե նախասրահը։ Աջում փայտե հարթ արգելապատի հետևում աշխատում էին երկու երիտասարդ գրասենյակային ծառայող։ Երկուսն էլ գունատ այտերով էին, լավ սափրված և սև, փոքրիկ բեղիկներով։ Քիչ հետո ավտոմատ հաշվեմեքենայի առջև նստել էր գանձապահուհին։ Ձախում տեղավորված էր ծխախոտի կրպակը։ Վաճառասեղանի ապակու տակ խիտ շարված էին սիգարներով լի փայտե բաց տուփերը։ Յուրաքանչյուր սիգար փաթաթված էր թափանցիկ փայլուն թղթով, ընդ որում սիգարների կարմիր ոսկենախշ օղակները հագցված էին թղթի վրայից։ Բայց տուփերի սպիտակ ու փայլուն երեսների վրա պատկերված էին հնատարազ հաստաշուրթ գեղեցկուհիներ՝ վարդագույն այտերով, ոսկե և արծաթե մեդալներ, շքանշաններ, կանաչ արմավենիներ և ծխախոտ հավաքող նեգրուհիներ։ Տուփերի վրա նշված էր գինը․ հատը՝ հինգ, տասը կամ տասնհինգ ցենտ, կամ՝ տասնհինգ ցենտ երկու հատին և տասը՝ երեքին։ Սիգարներից առավել խիտ շարված էին փափուկ փաթեթներով փոքր, լիքը լցրած սիգարեթները, որոնք նույնպես փաթաթված էին թափանցիկ թղթով։ Ամերիկացիներն ամենից ավելի ծխում են մուգ կանաչ փաթեթով, մեջտեղը կարմիր շրջագծով «Լակի Ստրայկ»՝ ոսկետառ մակագրությամբ, սպիտակ փաթեթով «Չեստերֆիլդը» և սրճագույն ուղտի նկարով, դեղին փաթեթով «Քեմալը»։
Նախասրահի մուտքի դիմացի ողջ պատը զբաղեցնում էին ոսկեզոծ դռնակներով ընդարձակ լիֆտերը։ Դռնակները մերթ աջ էին բացվում, մերթ ձախ, մեկ մեջտեղ, իսկ լիֆտից, դուռը բացող երկաթե լծակից բռնած դուրս էր ցցվում ոսկե լամպասներով շալվար և հյուսված ուսադիրներով կանաչ բաչկոն հագած մի նեգր։ Ճիշտ այնպես, ինչպես Մոսկվայի Հյուսիսային կայարանում ռադիո֊բարձրախոսն է հաղորդում ամառանոցավորներին, որ առաջիկա գնացքն առանց կանգառումի գնալու է մինչև Միտիշչի, իսկ այնուհետև կանգնելու է ամենուրեք, այստեղ էլ նեգրերն էին հաղորդում, որ լիֆտը գնում է մինչև տասնվեցերորդ հարկը կամ մինչև երեսուներկուերորդ հարկը։ Հետագայում մենք հասկացանք ադմինիստրացիայի այդ փոքրիկ խորամանկությունը․ տասնվեցերորդ հարկում են գտնվում ռեստորանն ու սրճարանը։
Մենք մտանք լիֆտ, և այն վեր սլացավ։ Լիֆտը կանգ էր առնում, նեգրը բացում էր դռնակը և բղավում «Ափ» (վեր), ուղևորները տալիս էին իրենց հարկի համարը։ Մտավ մի կին։ Այդ ժամանակ բոլոր տղամարդիկ հանեցին իրենց գլխարկները և մնացին գլխաբաց։ Նույնն արինք և մենք։ Դա առաջին ամերիկյան սովորությունն էր, որի հետ մենք ծանոթացանք։ Բայց օտար երկրի սովորությունների հետ ծանոթանալն այնքան էլ հեշտ չի տրվում և գրեթե միշտ ուղեկցվում է անակնկալներով։ Մի քանի օր անց, մի առիթով բարձրանում էինք լիֆտով մեր հրատարակչի մոտ։ Ներս մտավ մի կին, մենք հին և փորձված նյույորքցիների շտապողականությամբ հանեցինք գլխարկներս։ Սակայն մյուս տղամարդիկ չհետևեցին մեր ասպետական օրինակին և նույնիսկ հետաքրքրությամբ նայեցին մեզ։ Պարզվեց, որ գլխարկ պետք է հանել միայն մասնավոր և հյուրանոցային լիֆտերում։ Այն շենքերում, որտեղ մարդիկ բիզնես են անում, կարելի է մնալ գլխարկով։
Քսանյոթերորդ հարկում մենք դուրս եկանք լիֆտից և նեղ միջանցքով քայլեցինք դեպի մեր համարը։ Նյու֊Յորքի երկրորդ կարգի վիթխարի հյուրանոցները քաղաքի կենտրոնում կառուցվում են չափազանց խնայողությամբ․ միջանցքները նեղ են, սենյակները թեև թանկ, բայց փոքր են, առաստաղները ստանդարտ բարձրության, այսինքն ցածր։ Պատվիրատուն կառուցողի առաջ խնդիր է դնում՝ երկնաքերծի մեջ որքան հնարավոր է շատ սենյակներ խցկել։ Սակայն այդ փոքր սենյակները շատ մաքուր և բարեհարմար են։ Այնտեղ միշտ կա տաք և սառը ջուր, ցնցուղ, նամակի թուղթ, հեռագրի բլանկներ, հյուրանոցի նկարով բացիկներ, թղթե տոպրակներ՝ կեղտոտ սպիտակեղենի համար և տպագիր բլանկներ, որտեղ մնում է միայն լրացնել այն թվերը, որոնք ցույց են տալիս լվացքատուն տրվող սպիտակեղենի քանակը։ Ամերիկայում լվանում են արագ և անասելի լավ։ Արդուկած վերնաշապիկներն ավելի լավ տեսք ունեն, քան խանութի ցուցափեղկում դրված նոր վերնաշապիկները։ Նրանցից յուրաքանչյուրը դրվում է թղթե գրպանի մեջ, կապվում է լվացքատան դրոշմանիշը կրող ժապավենով և խնամքով ամրացվում քորոցներով։ Բացի այդ, սպիտակեղենը լվացքատնից գալիս է կարկատված, գուլպաների մաշված տեղերը՝ ասեղնալցված։ Կոմֆորտն Ամերիկայում բնավ ճոխության նշան չէ։ Այն ստանդարտ է և մատչելի։
Մտնելով սենյակ մենք սկսեցինք փնտրել միացուցիչը և երկար չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես են այստեղ միացնում լույսը։ Մենք թափառում էինք սենյակից սենյակ, նախ՝ խարխափելով, հետո լուցկի էինք վառում, պրպտում պատերը, ուսումնասիրում դռներն ու լուսամուտները, բայց ոչ մի տեղ միացուցիչ չկար։ Մի քանի անգամ հուսահատվեցինք և նստեցինք մթության մեջ հանգստանալու։ Վերջապես գտանք։ Յուրաքանչյուր լամպի կողքից կախված էր բարակ մի շղթա՝ ծայրին փոքրիկ գնդիկ։ Շղթայից քաշելուն պես էլեկտրականությունը վառվում էր։ Նորից քաշես՝ կմարի։ Անկողինները գիշերվա համար պատրաստված չէին և մենք սկսեցինք փնտրել զանգի կոճակը՝ աղախին կանչելու համար։ Կոճակ չկար։ Մենք փնտրեցինք, ամենուրեք, ձգեցինք բոլոր կասկածելի պարանները, բայց այդ չոգնեց։ Այն ժամանակ մենք հասկացանք, որ ծառայողներին պետք է կանչել հեռախոսով։ Զանգահարեցինք դռնապանին և կանչեցինք աղախնուն։ Եկավ մի նեգրուհի։ Նա բավականին վախեցած տեսք ուներ, իսկ երբ մենք խնդրեցինք անկողինը պատրաստել, նրա վախն ավելի սաստկացավ։ Անկողինը այնուհանդերձ նա պատրաստեց, բայց դեմքի արտահայտությունն այնպիսին էր, ասես որոշակի ապօրինի գործով էր զբաղված։ Ընդ որում, նա շարունակ մեզ ասում էր՝ «իես սըր»։ Համարում գտնվելու կարճ ժամանակամիջոցում, նա մի երկու հարյուր անգամ կրկրնեց՝ «իես սըր»։ Հետո մենք իմացանք, որ հյուրանոցներում անկողինը պատրաստում են հենց իրենք՝ ապրողները և մեր գիշերային ազդանշանը աննախընթաց իրադարձություն էր հյուրանոցի պատմության մեջ։
Հյուրանոցում կար այնպիսի կահույք, որպիսին մենք հետագայում տեսանք Ամերիկայի բոլոր հյուրանոցներում առանց բացառության ― Արևելքում, Արևմուտքում կամ Հարավում։ Հյուսիսում մենք չեղանք։ Բայց հիմք կար ենթադրելու, որ այնտեղ էլ մենք կգտնեինք ճիշտ այսպիսի նյույորքյան կահույք․ սրճագույն կոմոդ՝ հայելիով, հմտորեն փայտի գույն տված մետաղյա մահճակալներ, մի քանի փափուկ աթոռ, օրորվող բազկաթոռ և բարալիկ ու երկար ոտքերով, ստվարաթղթե մեծ լուսամփոփներով, շարժական շտեպսելային լամպեր։
Կոմոդի վրա գտանք սև կազմով մի հաստ գիրք։ Գրքի վրա կար հյուրանոցի ոսկե դրոշմանիշը։ Պարզվեց, որ դա ավետարան է։ Այդ հինավուրց աշխատասիրությունը հարմարեցված էր գործնական մարդկանց, որոնց ժամանակը խիստ սահմանափակ է։ Առջին էջի վրա ցանկն էր, որ հատկապես կազմել էր հյուրանոցի հոգատար ադմինիստրացիան։
«Հոգեկան տարակուսանքները փարատելու համար ― էջ՝ այսինչ, տեքստ՝ այնինչ։
Ընտանեկան անախորժությունների դեպքում ― Էջ՝ այսինչ, տեքստ՝ այնինչ։
Դրամական դժվարությունների դեպքում՝ էջ․․․, տեքստ․․․։
Գործի հաջողության համար, էջ․․․, տեքստ․․․»։
Այս էջը փոքր֊ինչ ճարպակալված էր։
Մենք բացեցինք պատուհանները։ Սրանք նույն պես բացվում էին ամերիկյան ձևով․ բնավ ոչ այնպես, ինչպես Եվրոպայում։ Նրանց պետք է բարձրացնել, ինչպես երկաթուղու վագոնի պատուհանը։
Մեր սենյակների պատուհանները բացվում էին երեք կողմի վրա։ Ներքևում փռված էր գիշերային Նյու֊Յորքը։
Ի՞նչը կարող է ավելի հրապուրիչ լինել, քան օտար քաղաքի կրակները, որոնք խիտ լցրել են այս ընդարձակ օտար աշխարհը, որը պառկել է քնելու Ատլանտիկ օվկիանոսի ափին։ Այնտեղից, օվկիանոսի կողմից, փչում էր տաք քամի։ Բոլորովին մոտիկ բարձրանում էին մի քանի երկնաքերծեր։ Թվում էր, թե հեշտությամբ կարելի է ձեռքդ հասցնել նրանց։ Նրանց լուսավոր պատուհանները կարելի էր հաշվել։ Գնալով, կրակներն ավելի էին խտանում։ Նրանց մեջ առանձնապես պայծառները կային, որոնք ձգվում էին ուղիղ, երբեմն փոքր֊ինչ կոր շղթայով(հավանորեն փողոցային լապտերներ էին)։ Ավելի հեռվում փայփլում էր մանր կրակների ոսկե, հոծ ծակոտկենը, ապա սկսվում էր մութ, չլուսավորված շերտ (Հուդզո՞նն էր դա, թե միգուցե Արևելյան գետը)։ Ու կրկին արվարձանների ոսկե մշուշը, անծանոթ փողոցների և հրապարակների համաստեղությունը։ Կրակների այս աշխարհում, որն սկզբում անշարժ էր թվում, կարելի էր նկատել որոշ շարժում։ Ահա գետի վրայով դանդաղ անցավ նավակի կարմիր կրակը։ Փողոցով սուրաց շատ փոքրիկ մի ավտոմոբիլ։ Երբեմն հանկարծակի, գետի մյուս ափում, ինչ֊որ տեղ, թարթելով հանգչում էր փոշու հյուլեի նման փոքրիկ մի կրակ։ Հավանորեն Նյու֊Յորքի յոթ միլիոն բնակիչներից մեկը, լույսը մարելով, պառկեց քնելու։ Ո՞վ էր նա։ Գրագի՞ր, թե՞ վերերկրյա երկաթուղու ծառայող։ Կամ միգուցե պառկեց քնելու մի գործակատար միայնակ աղջիկ(նրանք այնքա՜ն շատ են Նյու֊Յորքում)։ Եվ հիմա երկու բարակ վերմակի տակ պառկած, Հուդզոնի շոգենավային շչակներից սրտնեղած, նա իր երազանքներում տեսնում է մի միլիոն դոլար (1.000.000)։
Քնել էր Նյու֊Յորքը, և միլիոնավոր էլեկտրական լամպերը հսկում էին նրա քունը։ Քնել էին Շոտլանդիայից, Իսլանդիայից, Համբուրգից ու Վիեննայից, Կովնոյից ու Բելոստոկից, Նեապոլից և Մադրիդից, Տեխասից, Դակոտայից և Արիզոնից եկածները, քնել էին Լատինական Ամերիկայից, Ավստրալիայից, Աֆրիկայից ու Չինաստանից եկածները։ Քնել էին սև, սպիտակ ու դեղին մարդիկ։ Թեթևակի երերվող կրակներին նայելիս ցանկանում էիր շուտ իմանալ, թե ինչպես են աշխատում այդ մարդիկ, ինչպես են զվարճանում, ինչի մասին են երազում, ինչ հույսեր ունեն, ինչ են ուտում։
Վերջապես բոլորովին ուժասպառ պառկեցինք և մենք։ Առաջին օրվա համար տպավորությունները չափից դուրս շատ էին։ Նյու֊Յորքը հնարավոր չէր կլանել այդպիսի մեծ դոզաներով։ Դա սարսափելի և միաժամանակ հաճելի զգացում է, երբ մարմինդ կատարյալ հանգիստ վիճակում՝ պառկած է ամերիկյան հարմարավետ մահճակալին, իսկ միտքդ դեռ շարունակում է օրորվել «Նորմանդիայի» վրա, գնալ տաքսիի հարսանեկան կառեթով ու վազելով Բրոդվեյով՝ շարունակում ճամբորդել։
Առավոտյան արթնանալով մեր քսաներորդ հարկում և պատուհանից դուրս նայելով, Նյու֊Յորքը գտանք վաղորդյան թափանցիկ մշուշում։
Դա, ինչպես ասում են, գյուղական խաղաղ պատկեր էր։ Մի քանի սպիտակ ծխիկներ երկինք էին բարձրանում, իսկ քսանհինգ հարկանոց փոքրիկ խրճիթի գագաթնաձողին նույնիսկ մի իդիլլիկ մետաղե աքաղաղ էր ամրացված։ Վաթսունհարկանի երկնաքերծերը, որոնք երեկ երեկոյան շատ մոտ էին թվում, մեզանից բաժանված էին առնվազն մի տասնյակ երկաթյա կարմիր կտուրներով և հարյուրավոր ծխնելույզներով ու ձեղնալուսամուտներով, որոնց արանքներում փռված էր սպիտակեղեն և թափառում էին սովորական կատուներ։ Անկիզելի պարիսպների վրա երևում էին ռեկլամային մակագրություններ։ Երկնաքերծերի պատերը լեցուն էին աղյուսային տաղտուկով։ Նյու֊Յորքի շենքերի մեծամասնությունը կառուցված էր կարմիր աղյուսից։
Նյու֊Յորքը մեկից բացվում էր մի քանի հարթություններով, ամենավերին հարթությունը գրավում էին երկնաքերծերի գլուխները, որոնք ավելի բարձր էին, քան մեր երկնաքերծը։ Նրանք պսակվում էին ձողերով, արևի տակ հուրհրացող ապակյա կամ ոսկե գմբեթներով կամ մեծ ժամացույցներ ունեցող աշտարակներով։ Աշտարակները ևս չորսհարկանի տներ էին։ Մեր տեսողության համար ամբողջապես բաց հետևյալ հարթության վրա, բացի ծխնելույզներից, ձեղնալուսամուտներից և կատուներից, կարելի էր տեսնել տափակ կտուրներ, որոնց վրա տեղավորված էր միհարկանի փոքրիկ տնակ՝ պարտեզով, հյուծված ծառերով, աղյուսապատ ծառուղիներով, շատրվանիկով և ծղոտե ամառանոցային բազկաթոռներով։ Այստեղ, գրեթե, ինչպես Կլյազմայում, կարելի է հիանալի ժամանակ անցկացնել, շնչելով ծաղիկների բենզինային հոտը և ունկնդրելով վերերկրյա երկաթուղու ներդաշնակ ոռնոցին։ Երկաթուղու գծերը գցված են երկաթյա սյուների վրա և անցնում են երկրորդ և երրորդ հարկերի բարձրությամբ և միայն քաղաքի մի քանի տեղերում հասնում են մինչև հինգերորդ և վեցերորդ հարկերին։ Այդ տարօրինակ կառուցվածքը մերթ ընդ մերթ սարսափելի դղրդոց է արձակում, որից մարդու ուղեղը սառչում է։ Առողջ մարդիկ դրանից դառնում են ջղային, ջղայինները խելագարվում են, իսկ խելագարները ցատկոտում են իրենց խցանե սենյակներում և մռնչում առյուծի պես։ Վերջին ու հիմնական հարթությունը, փողոցների հարթությունը տեսնելու համար պետք է փոքր֊ինչ պատուհանից կռանալ և ուղիղ անկյան տակ նայել ներքև։ Այնտեղ, ինչպես շուռ տված հեռադիտակից, երևում էր խաչմերուկը՝ փոքր, ավտոմեքենաներով, հետիոտներով, փողոց նետած լրագրերով և երկու շարք փայլուն կոճակներով, որոնք ամրացված էին փողոցի այն տեղում, որտեղով թույլատրվում էր հետիոտներին անցնել։
Մյուս պատուհանից երևում էր Հուդզոն գետը, որը Նյու֊Յորք նահանգը բաժանում էր Նյու֊Ջերսի նահանգից։ Մինչև Հուդզոն հասնող տները պատկանում են Նյու֊Յորք քաղաքին, իսկ գետի մյուս ափի տները՝ Ջերսի֊սիթի քաղաքին։ Մեզ ասացին, որ առաջին հայացքից տարօրինակ թվացող վարչական այդ բաժանումը ունի իր հարմարությունները։ Կարելի է, օրինակ, ապրել մի նահանգում, բայց աշխատել մյուսում։ Կարելի է նույնպես սպեկուլյացիայով զբաղվել Նյու֊Յորքում, իսկ հարկ վճարել Ջերսիում։ Ի դեպ, այնտեղ հարկերն այնքան էլ մեծ չեն։ Դա մի տեսակ աննկատելի է դարձնում բորսայականի գորշ ու միօրինակ կյանքը։ Կարելի է ամուսնանալ Նյու֊Յորքում, իսկ Նյու֊Ջերսիում բաժանվել։ Կամ ընդհակառակն։ Նայած թե որտեղ ավելի մեղմ է ապահարզանի օրենքը կամ էժան է նստում ապահարզանի արարողությունը։ Մենք, օրինակ, երկրում ճանապարհորդելու համար ավտոմեքենա գնելուց հետո այն ապահովագրեցինք Նյու֊Ջերսիում, որը և մի քանի դոլարով էժան նստեց, քան Նյու֊Յորքում։
Գլուխ չորրորդ — Ախորժակը կորչում է ուտելու պահին
Առաջին անգամ այստեղ ժամանող մարդը կարող է աներկյուղ լքել իր հյուրանոցը և խորանալ Նյու֊Յորքի թավուտների մեջ։ Մոլորվել դժվար է Նյու֊Յորքում, թեև բազում փողոցներ զարմանալիորեն նման են իրար։ Գաղտնիքը հասարակ է։ Փողոցները բաժանվում են երկու տեսակի․ երկայնակի՝ ավենյու և լայնակի՝ աթրիթ։ Այդպես է նախագծված Մանհետտեն կղզին։ Իրար զուգահեռ գնում են առաջին, երկրորդ և երրորդ ավենյուները։ Այնուհետև նրանց զուգահեռ՝ Լեկսինգտոն ավենյուն։ Չորրորդ ավենյուն, որի շարունակությունը կենտրոնական կայարանից սկսած կոչվում է Պարկ֊ավենյու (սա հարուստների փողոցն է), Մեդիսոն֊ավենյու, առևտրական, գեղեցիկ հինգերորդ ավենյուն, Վեցերորդ, Յոթերորդ և այլն։ Հինգերորդ ավենյուն քաղաքը բաժանում է երկու մասի՝ Արևելք և Արևմուտք։ Բոլոր այդ ավենյուները (իսկ դրանց թիվը քիչ է) հատում են սթրիթները, որոնք մի քանի հարյուր են։ Եվ եթե ավենյուները ինչ֊որ տարբերիչ նշաններ ունեն (մի քանիսը լայն են, մյուսները՝ նեղ, Երրորդի և Յոթերորդի վերևով անցնում է վերերկրյա երկաթուղին, Պարկ ավենյուի մեջտեղում պուրակ է տնկված։ Հինգերորդ ավենյուի վրա բարձրանում են «Իմպայր Սթեյթ Բիլդինգը» և «Ռադիոսիթին»), ապա սթրիթները բոլորովին նման են իրար և դժվար թե արտաքին նշաններից նրանց տարբերի նույնիսկ Նյու֊Յորքի հին բնակիչը։
Նյու֊Յորքի երկրաչափությունը խախտում է գալարուն Բրոդվեյը, որը քաղաքը հատում է շեղակի և ձգվում մի քանի տասնյակ կիլոմետր։
Հետիոտների և ավտոմոբիլների հիմնական վտառները շարժվում են լայն ավենյուներով։ Նրանց տակ անց է կացված սովբեյի ածխահորերին նմանվող սև և խոնավ չորսգծանի թունելները։ Նրանց վերևում շառաչում է երկաթաձայն «Էլեվեյթեդը» (վերերկրյա երկաթուղին)։ Այստեղ ամեն տեսակի տրանսպորտ կա՝ և մի քանի հնօրյա, երկհարկանի ավտոբուսներ և տրամվայներ։ Հավանորեմ Կիևում, ուր ոչնչացրել են տրամվայի շարժումը գլխավոր փողոցում, շատ կզարմանան, իմանալով, որ տրամվայ է անցնում նույնիսկ Բրոդվեյով, աշխարհի ամենաբանուկ փողոցով։ Վ՜այ այն մարդուն, որին անհրաժեշտ է քաղաքն անցնել ոչ թե երկարությամբ, այլ լայնքով և որի գլխում ծագել է խելացնոր միտք՝ դրա համար վերցնել տաքսի֊կեբ։ Տաքսին շրջվում է դեպի սթրիթ և անմիջապես ընկնում խրոնիկական խցանի մեջ։ Մինչ ոստիկանները ավտոմոբիլների փնչացող նախիրը քշում են երկարավուն ավենյուներով, կեղտոտ ու նեղլիկ սթրիթներում հավաքվում է զայրացած ձախողակների, խելացնորների խաժամուժը, որը քաղաքը կտրում է ոչ թե երկարությամբ, այլ լայնքով։ Հերթը ձգվում է մի քանի արվարձան, վարորդները շուռումուռ են գալիս իրենց նստատեղերում, ուղևորները գլուխներն անհամբեր դուրս են հանում պատուհաններից և թեք ընկնելով՝ թախծոտ բացում են լրագրերը։
Դժվար է հավատալ, բայց մի ինչ֊որ յոթանասուն տարի առաջ Հինգերորդ ավենյուի և 42֊րդ փողոցի անկյունում, հենց այն տեղում, ուր հինգ րոպեի ընթացքում կուտակվում է այնքան ավտոմեքենա, որչափ որ չկա ամբողջ Լեհաստանում, կանգնած է եղել փայտե իջևանատուն, որն ի գիտություն պարոն ուղևորների, ցուցադրել է երկու բազմանշանակալից պլակատ․
Չի թույլատրվում կոշիկներով պառկել անկողնու վրա
Արգելվում է պառկել նույն անկողնում վեցից ավելի կենվորի
Մենք դուրս եկանք հյուրանոցից, որպեսզի որևէ տեղ նախաճաշենք և շուտով հայտնվեցինք 42֊րդ փողոցում։ Նյու֊Յորքում ապրած առաջին օրերը ուր էլ գնալու լինեինք, անպայման ընկնում էինք 42֊րդ փողոցը։
Մեզ տանող բազմության մեջ լսվում էին նյույորքյան արագ խոսակցության բեկորներ, մի խոսակցություն, որը հավանորեն խորթ է ոչ միայն մոսկվացու, այլև լոնդոնցու ականջին։ Պատերի տակ նստել էին կոշիկ մաքրող տղաներ, որոնք խոզանակներով կտկտացնում էին իրենց կոշտ ու կոպիտ փայտե արկղներին և կանչում մարդկանց։ Փողոցային լուսանկարիչները «լեյկաներով» նշան էին բռնում անցորդներին, ընտրելով մեծ մասամբ դամաների հետ անցնող կավալերների և գավառացիների։ Փակաղակը չխկացնելուց հետո լուսանկարիչը մոտենում էր հարձակման օբյեկտին և հանձնում իր արհեստանոցի տպագիր հասցեն։ Լուսանկարված անցորդը քսանհինգ ցենտով կարող է ստանալ իր լուսանկարը, հիանալի լուսանկար, ուր նա հանված է հանկարծակիի եկած՝ բարձրացրած ոտքով։
Կամուրջի մյուս սյունամիջի տակ, որի ստվերում փայլփլում էր անցած գիշեր անձրևից մնացած ցեխը, գլխարկը մի կողմ քաշած և կոճակներն արձակ վերնաշապիկով մի մարդ կանգնել ու ճառ էր ասում։ Շուրջը հավաքվել էին երկու տասնյակ հետաքրքրասերներ։ Դա վերջերս Լուիզիանայում սպանված սենատոր Հյու Լոնգի գաղափարների պրոպագանդողն էր։ Նա խոսում էր հարստության բաժանման մասին։ Ունկնդիրները հարցեր էին տալիս։ Նա պատասխանում էր։ Թվում էր, թե նրա գլխավոր խնդիրը լսարանը ծիծաղեցնելն է։
Նրանցից ոչ հեռու, արևկող մայթի վրա, կանգնել էր փրկության բանակից մի հաստլիկ նեգրուհի՝ հնաձև գլխարկով և մաշված կոշիկներով։ Նա հանեց ճամպրուկից մի զանգ և ուժեղ զանգահարեց։ Նա ճամպրուկը դրել էր ուղիղ մայթի վրա, իր ոտքերի մոտ։ Սպասելով այնքան, մինչև որ հանգուցյալ սենատորին հարգողներից մի քանիսը քոչեցին իր մոտ, արևից աչքերը կկոցելով, բիբերը պտտեցնելով և իր հաստ կրծքին խփելով սկսեց ինչ֊որ բաներ բղավել։ Մենք անցանք մի քանի թաղամաս, իսկ նեգրուհու բղավոցը դեռ հստակ լսվում էր անհանգիստ քաղաքի միաձույլ աղմուկի մեջ։
Պատրաստի հագուստեղենի խանութի առջև հանգիստ անցուդարձ էր անում մի մարդ։ Նա կրծքին և մեջքին կրում էր երկու միանման պլակատներ․ «Այստեղ գործադուլ են անում»։ Հետևյալ փողոցում ետ ու առաջ էին քայլում ևս մի քանի պիկետավորներ։ Անկյունի խանութի մեծ ցուցափեղկի վերևում, չնայած արևոտ առավոտին, վառվում էին էլեկտրական կապույտ լույսեր ― «Սրճարան»։ Սրճարանը մեծ էր, շատ լուսավոր ու շատ մաքուր։ Պատերի տակ դրված էին ապակե վաճառասեղաններ, որոնց վրա կային գեղեցիկ, ախորժաբեր ուտելիքներ։ Մուտքից ձախ գտնվում էր դրամարկղը։ Աջում ՝ մետաղե պահարանիկ, գանձատուփի նման, փոքրիկ լայնակի մի կտրվածքով։ Կտրվածքից ցցված էր ստվարաթղթե տոմսի ծայրը։ Բոլոր մտնողները քաշում էին տոմսի ծայրից։ Մենք էլ քաշեցինք։ Լսվեց զանգակի մելոդիկ հնչյուն։ Ձեռքներումս հայտնվեց տոմսը, իսկ կտրվածքից դուրս ցցվեց կապտավուն նոր ծայր։ Հետո մենք սկսեցինք անել այն, ինչ անում էին նյույորքցիները, որոնք վազել էին սրճարան շտապ նախաճաշելու։ Հատուկ սեղանիկից վերցրինք մեկական թեթև սրճագույն մատուցարան, վրան դրեցինք պատառաքաղ, դանակ և թղթե անձեռոցիկներ և հաստ վերարկուներով և գլխարկներով խիստ անհարմար զգալով, մոտեցանք ապակե վաճառասեղանի աջ եզրին։ Վաճառասեղանի ամբողջ երկարությամբ երեք շարք նիկելե փողրակներ էին անցնում, որոնց վրա հարմար էր դնել մատուցարանը, իսկ հետո, ամաններով լցվելուն պես, առաջ շարժվել։ Վաճառասեղանը, ճիշտն ասած, իրենից ներկայացնում էր թաքնված մի մեծ էլեկտրական սալոջախ։ Այստեղ տաքացվում էին սուպեր, տապակած մսի կտորներ, զանազան հաստության և երկարության նրբերշիկներ, խոզի ազդր, ռուլետներ, կարտոֆիլի պյուրե, տապակած, խաշած և ինչ֊որ գնդիկների ձև տված կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբի փոքրիկ գնդիկներ, սպանաղ, գազար և այլն։
Թասակավոր, սպիտակազգեստ խոհարարները խիստ կարմիր քսած ու գանգրահեր, վարդագույն գլխարկներով շատ վայելչատես աղջիկները վաճառասեղանի ապակե մակերեսի վրա էին շարում ուտելիքով ափսեները և ծակիչով տոմսի վրա նշում նրա արժեքը։ Այնուհետև գալիս էին սալաթներ և վինեգրետներ, զանազան խորտիկներ, ձկան մայոնեզներ, վրան սոուս լցրած ձկներ։ Ապա հաց, կաթնահունց, բուլկիներ և ավանդական կարմիր կարկանդակներ՝ խնձորի, մորու, անանասի լցոնով։ Այստեղ տալիս էին սուրճ և կաթ։ Մենք շարժվում էինք վաճառասեղանի երկարությամբ՝ մատուցարանը հրելով։ Ռանդած սառցի հաստ շերտի վրա դրված էին կոմպոտով և պաղպաղակով լի ափսեներ, նարիջներ և կիսած գրեյպֆրուտներ, հյութերով լի մեծ ու փոքր բաժակներ։ Համառ ռեկլամը ամերիկացիներին սովորեցրել է հյութեր խմել առաջին և երկրորդ նախաճաշերից առաջ։ Հյութերի մեջ կա վիտամին, որ խիստ օգտակար է գնորդների համար, իսկ հյութերի վաճառքը՝ մրգավաճառների համար։ Մենք արագ ընտելացանք ամերիկյան այդ սովորությանը։ Սկզբում խմում էինք նարնջի թանձր ու դեղին հյութ, ապա անցանք գրեյպֆրուտի թափանցիկ կանաչ հյութին։ Հետո սկսեցինք ճաշից առաջ ուտել հենց գրեյպֆրուտ (նրա վրա շաքար են ցանում և ուտում գդալով․ իր համով նա մի փոքր հիշեցնում է նարնջին, մի փոքր կիտրոնին, բայց ավելի հյութեղ է նրանցից)։ Եվ, վերջապես, երկչոտությամբ, ոչ միանգամից, սկսեցինք խմել սովորական պոմիդորի հյութ, նախապես պղպեղելով այն։ Պարզվեց, որ դա ամենահամեղ և ամենաթարմացնող հյութն է և ավելի շատ սազեց հարավ֊ռուսական մեր ստամոքսներին։ Միակ բանը, որին մենք այնպես էլ չնտելացանք Ամերիկայում, դա ճաշից առաջ սեխ ուտելն է, որը պատվավոր տեղ է գրավում ամերիկյան խորտիկների մեջ։
Սրճարանի մեջտեղում դրված էին փայտե ողորկ սեղաններ՝ առանց սփռոցի և հագուստի կախարանի։ Ցանկացողները կարող էին գլխարկները նույնպես դնել աթոռի տակ՝ հատուկ ձողիկի վրա։ Սեղանների վրա շարված էին յուղով, քացախով, պոմիդորի հյութով և զանազան կծու համեմունքներով լեցուն շշեր։ Կար նաև շաքարավազ՝ լցրած տաքդեղամանի նման ծակոտեն, մետաղե խցան ունեցող ապակե սրվակի մեջ։
Հաճախորդների հետ հաշիվը փակում էին հասարակ ձևով։ Սրճատունը լքող յուրաքանչյոր մարդ վաղ թե ուշ անցնելու է դրամարկղի մոտով և ներկայացնելու տոմսը, որի վրա նշված է արժեքը։ Հենց այդտեղ դրամարկղում էլ վաճառում են ծխախոտ և կարելի է գնել ատամմաքրիչ։
Ուտելու պրոցեսը նույնպես հիանալի ռացիոնալացված է, ինչպես ավտոմոբիլների ու գրամեքենաների արտադրությունը։
Այդ գծով սրճարաններից ավելի հեռու են գնացել ավտոմատները։ Գրեթե սրճարանների նույն արտաքինն ունենալով հանդերձ, նրանք ուտելեղենը դեպի ամերիկյան ստամոքսները մղելու պրոցեսը հասցրել են վիրտուոզության։ Ավտոմատի պատերն ամբողջովին զբաղված են ապակե պահարաններով։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ կա անցք՝ «նիկելը» (հինգ ցենտանոց դրամը) գցելու համար։ Ապակու հետևը տխուր դրված է սուպով կամ մսով ափսե, կամ մի բաժակ հյութ, կամ կարկանդակ։ Չնայած ապակու և մետաղի փայլին, ազատազուրկ նրբերշիկներն ու կոտլետները մի տեսակ տարօրինակ տպավորություն են գործում։ Նրանց խղճում ես, ինչպես ցուցահանդեսի կատվին։ Մարդը գցում է նիկելը, ստանում է դռնակը բացելու հնարավորություն, հանում է սուպը, տանում իր սեղանը և ուտում՝ դարձյալ գլխարկը աթոռի տակ հատուկ ձողիկի վրա դնելով։ Ապա մարդը մոտենում է ծորակին, գցում է նիկելը, և ծորակից բաժակի մեջ է հոսում ճիշտ այնքան կաթ և սուրճ, որքան հասնում է։ Դրանում ինչ֊որ վիրավորական, անարգական բան է զգացվում մարդու համար։ Սկսում են տարակուսել, որ ավտոմատի տերն իր հարստությունը սարքավորել է ո՛չ նրա համար, որ հաճելի սյուրպրիզ անի հասարակությանը, այլ որպեսզի աշխատանքից հեռացնի վարդագույն գլխազարդ կրող խեղճ, գանգրահեր աղջիկներին և ավելի շատ դոլարներ վաստակի։
Բայց ավտոմատներն այնքան էլ ժողովրդականություն չեն վայելում Ամերիկայում։ Ըստ երևույթին, իրենց տերերն էլ զգում են, որ ռացիոնալիզացիան ևս ինչ֊որ մի սահման պետք է ունենա։ Ուստի և ոչ հարուստ մարդկանց համար նախատեսված ուժեղ տրեստներին պատկանող նորմալ ռեստորանները միշտ էլ լեփ֊լեցուն են լինում։ Նրանցից ամենաժողովրդականը՝ «Չայլդզը», էժան և բարձրորակ ուտելիքի վերացական հասկացողություն է դարձել Ամերիկայում։ «Նա ճաշում է Չայլդզի մոտ» Դա նշանակում է՝ նա շաբաթական վաստակում է երեսուն դոլար։ Կարելի է Նյու֊Յորքի ուզածդ մասում գտնվելիս ասել՝ «Գնանք ճաշելու Չայլդզի մոտ», տասը րոպե չի տևի այնտեղ հասնելը։ Չայլդզի մոտ նույն մաքուր, գեղեցիկ սնունդն են տալիս, ինչ սրճարանում կամ ավտոմատում։ Միայն թե այնտեղ մարդուց չեն խլում ճաշացուցակին նայելու «հը՜մ» ասելու, մատուցողին հարցնելու՝ լա՞վն է, թե չէ հորթի միսը, և «իես, սըր» պատասխանն ստանալու փոքրիկ բավականությունը։
Ընդհանրապես, Նյու֊Յորքը նշանավոր է նրանով, որ այնտեղ ամեն ինչ կա։ Այնտեղ կարելի է գտնել ուզածդ ազգության ներկայացուցչին, կարելի է ճարել ուզածդ ճաշը, ուզածդ առարկան՝ ուկրաինանկան ասեղնագործ վերնաշապկից սկսած մինչև ձեռքի ձև ունեցող ոսկրե ծայրապանակով չինական փայտիկը, որով մեջք են քորում, ռուսական խավիարից ու օղիից մինչև չիլիական սուպը կամ չինական մակարոնը։ Չկա աշխարհի այնպիսի նուրբ խորտիկ, որը Նյու֊Յորքը չկարողանա առաջարկել։ Բայց այդ ամենի դիմաց դոլար պետք է վճարել։ Իսկ մենք ուզում ենք խոսել ամերիկացիների այն ճնշող մեծամասնության մասին, որոնք միայն կարող են ցենտեր վճարել և որոնց համար գոյություն ունեն Չայլդզը, սրճարանը և ավտոմատը։ Նկարագրելով այդ հաստատությունները, մենք համարձակ կարող ենք ասել, որ այդպես է սնվում միջին ամերիկացին։ Այդ միջին ամերիկացու հասկացողության տակ ենթադրվում է մի մարդ, որն ունի կարգին աշխատանք և կարգին ռոճիկ, և որը կապիտալիզմի տեսակետով իրենից ներկայացնում է առողջ, բարգավաճող ամերիկացու, երջանիկ ու լավատես մարդու օրինակ, որը համեմատաբար ոչ թանկ գներով ստանում է կյանքի բոլոր բարիքները։
Ռեստորանային գործի փայլուն կազմակերպումը ասես հաստատում է այդ։ Իդեալական մաքրություն, բարձրորակ մթերքներ, ճաշերի մեծ ընտրություն, ճաշի վրա ծախսած նվազագույն ժամանակ՝ այս ամենն այդպես է։ Բայց ահա դժբախտություն․ այդ գեղեցիկ պատրաստած բոլոր ուտելեղենը բավական անհամ է, համի տեսակետից, մի տեսակ, գունազրկվել է։ Ստամոքսի համար նա վտանգավոր չէ, գուցե և օգտակար է, բայց ոչ մի բավականություն չի պատճառում մարդուն։ Երբ ավտոմատի պահարանից կամ սրճարանի վաճառասեղանից քեզ համար ընտրում ես տապակածի ախորժատես մի պատառ և հետո քո սեղանի մոտ, գլխարկդ աթոռի տակ խցկելով ուտում, քեզ զգում ես այն վիճակում, ինչ ունենում է կոշիկներ գնողը, երբ պարզվում է, որ դրանք ավելի շատ գեղեցիկ են, քան դիմացկուն։ Ամերիկացիները ընտելացել են դրան։ Նրանք ուտում են շատ արագ, սեղանի մոտ ոչ մի ավելորդ րոպե չմնալով։ Նրանք չեն ուտում, այլ լիցքավորվում են ուտելիքով, ինչպես մոտորը բենզինով։ Ֆրանսիացի որկրամոլը, որը չորս ժամ կարող է նստել ճաշասեղանի մոտ, հիացմունքով ծամել մսի յուրաքանչյուր պատառը, վրայից խմել գինին և երկար համտեսել կոնյակով սուրճի յուրաքանչյուր կումը, իհարկե մարդու իդեալը չէ։ Բայց ամերիկյան սառնարյուն ուտողը, որը զրկված է ուտելիքից որևէ հաճույք ստանալու մարդկային բնական ձգտումից, զարմանք է հարուցում։
Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու արտաքուստ այդպիսի գեղեցիկ ամերիկյան ճաշերը այնքան էլ չեն գրավում իրենց համով։ Սկզբում մենք կարծում էինք, թե պարզապես պատրաստել չեն կարողանում, բայց հետո իմացանք, որ բանը միայն դրանում չէ, որ բանը ամերիկյան տնտեսության բուն կազմակերպման, բուն էության մեջ է։ Ամերիկացիներն ուտում են շլացուոիչ ճերմակություն ունեցող, բայց միանգամայն անհամ հաց, սառեցրած միս, աղի կարագ, պահածոներ և խակ պօմիդոր։
Ինչպե՞ս է ստացվել, որ աշխարհի ամենահարուստ երկիրը, հողագործության և խաշնարածության, ոսկու և զարմանալի ինդուստրիայի երկիրը, որի միջոցները բավական են իր երկրեւմ դրախտ ստեղծելու համար, չի կարողանում ժովորդին տալ համեղ հաց, թարմ միս, կարագ և հասուն պոմիդոր։
Նյու֊Յորքի շրջակայքում մենք տեսանք ամայի տարածություններ՝ մոլախոտով ծածկված անպետք հողակտորներ։ Այնտեղ ոչ ոք հացահատիկ չէր ցանում, անասուն չէր պահում։ Մենք այստեղ չտեսանք ո՛չ ճուտերով թխսկան հավեր, ոչ բանջարանոցներ։
― Գիտե՞ք ինչ, ― ասացին մեզ, ― դա պարզապես ձեռնտու չէ։ Այստեղ հնարավոր չէ մրցակցել արևմուտքի մոնոպոլիստների հետ։
Ինչ֊որ տեղ Չիկագոյում՝ սպանդանոցներում մորթում էին անասունները և սառեցրած վիճակում ուղարկում բովանդակ երկրով մեկ։ Կալիֆոռնիայից քարշ էին տալիս սառեցրաց հավեր ու կանաչ պոմիդորներ, որոնք պետք է հասունանային վագոններում։ Եվ ոչ ոք չեր համարձակվում պայքարի մտնել հզոր մոնոպոլիստների հետ։
Սրճարաններում նստած մենք կարդում էինք Միկոյանի ճառը այն մասին, որ սոցիալիստական երկրի ուտելիքը պետք է համեղ լինի, որ նա պետք է ուրախություն պատճառի մարդկանց, կարդում էինք ինչպես բանաստեղծական մի երկ։
Բայց Ամերիկայում ժողովրդական սննդի գործը, ինչպես և մնացած բոլոր գործերը կառուցված է մի սկզբունքի վրա՝ շահավե՞տ է, թե ոչ շահավետ։ Նյու֊Յորքի շրջակայքում շահավետ չէ անասուններ բազմացնել և բանջարանոցները մշակել։ Ուստի և մարդիկ ուտում են սառեցրած միս, աղի կարագ և խակ պոմիդոր։ Որևէ գործամոլի ձեռնտու է վաճառել ռետինե ծամոն և ժողովրդին ընտելացրել են այդ ծամոնին։ Կինոն ավելի շահավետ է, քան թատրոնը։ Ուստի և կինոն բարգավաճել է, իսկ թատրոնը մղված է ետին պլան, թեև կուլտուրական տեսակետից ամերիկյան թատրոնը անհամեմատ նշանակալից է, քան կինոն։ Էլեվեյտեդը եկամուտ է բերում ինչ֊որ ընկերության։ Ուստի և նյույորքցիները դարձել են նահատակներ։ Բրոդվեյով, մեծ նեղվածության պայմաններում, դժոխային կրճտոցով սողում է տրամվայը, միայն նրա համար, որ դա ձեռնտու է մի մարդու՝ տրամվայի հինավուրց ընկերության տիրոջը։
Մենք շարունակ բողոքելու և, ինչպես հատուկ է սովետական մարդկանց, առաջարկություններ մտցնելու անհաղթահարելի պահանջ էինք զգում։ Ուզում էինք գրել և՛ սովետական վերահսկողություն, և՛ պարտիական վերահսկողություն, և՛ կենտկոմ, և՛ «Պրավդային»։ Բայց բողոքելու տեղ չկար։ Իսկ «առաջարկությունների գիրք» Ամերիկայում գոյություն չունի։
Գլուխ հինգերորդ — Մենք փնտրում ենք անթև հրեշտակ
Ժամանակն անցնում էր։ Մենք դեռևս գտնվում էինք Նյու֊Յորքում և չգիտեյինք, թե երբ և ուր ենք գնալու հետագայում։ Մինչդեռ մեր պլանով նախատոսված էր ճանապարհորդություն բովանդակ ցամաքով՝ «օվկիանոսից օվկիանոս։
Դա շատ գեղեցիկ, բայց ըստ էության շատ անորոշ պլան էր։ Մենք այն կազմել էինք դեռ Մոսկվայում և տաք֊տաք քննարկում էինք ողջ ճանապարհին։
Մենք տասնյակ կիլոմետրեր կտրեցինք «Նորմանդիայի» օվկիանոսային ալիքների ցայտերից խոնավ տախտակամածով, վիճելով այս ճամբորդության մանրամասնությունների մասին և իրար վրա աշխարհագրական անուններ տեղալով։
Ճաշերին խմելով «Նորմանդիային» պատկանող Գլխավոր տրանսատլանտիկ ընկերության նկուղների թույլ և մաքուր գինին, մենք գրեթե անիմաստ քրթմնջում էինք․ «Կալիֆոռնիա», «Տեխաս» կամ նման գեղեցիկ ու հրապուրիչ այդպիսի բառեր։
Պլանը զարմացնում էր իր պարզությամբ։ Մենք ժամանում ենք Նյու֊Յորք, առնում ենք ավտոմոբիլ և գնում ենք, գնում, գնում այնքան, մինչև հասնում ենք Կալիֆոռնիա։ Հետո շուռ ենք գալիս և գնում, գնում, գնում, մինչև հասնում ենք Նյու֊Յորք։ Ամեն բան պարզ էր ու հրաշալի, ինչպես Անդերսենի հեքիաթում։ «Տրա֊տա֊տա» ― հնչում է կլակսոնը, «Տրա֊տա֊տա» ― չխչխկացնում է մոտորը, մենք գնում ենք տափաստանով, կտրում անցնում ենք լեռնաշղթաների վրայով, մեր հավատարիմ մեքենան ջրում ենք կարդիլերյան սառցային ջրով, և խաղաղօվկիանոսյան մեծ արևը շլացուցիչ լույս է գցում մեր արևակեզ դեմքերին։
Մի խոսքով, ինքներդ էլ եք հասկանում, մենք փոքր ինչ ցնորվել էինք և միմյանց վրա գռմռում էինք կապովի շների պես․ «Սիեռա֊Նեվադա», «Ժայռոտ լեռներ» և նման բաներ։
Իսկ երբ ոտք դրեցինք ամերիկյան հողի վրա, պարզվեց, որ ամեն ինչ այդպես պարզ ու ռոմանտիկ չէ։
Ավտոմոբիլ գնելու դեմ Նյու֊Յորքի մեր նոր բարեկամներից ոչ մեկը չէր առարկում։ Սեփական մեքենայով ճանապարհորդելը դա Նահանգներով շրջագայելու ամենաէժան և հետաքրքիր միջոցն է։ Երկաթուղին մի քանի անգամ թանկ կնստի։ Բացի այդ, չի կարելի Ամերիկան դիտել վագոնի պատուհանից, այդպես վարվելը գրողին վայել գործ չէ։ Այնպես որ, ավտոմոբիլի վերաբերյալ մեր բոլոր ենթադրությունները ճիշտ համարվեցին։ Մեզ ուշացնում էր միայն այս ― գտնել մի մարդ, ով կարողանար մեզ հետ ճամփորդել։ Մենակ չէր կարելի։ Անգլերեն լեզվի մեր գիտելիքները հազիվ բավարարեին սոսկ այն բանին, որպեսզի համար վերցնեինք հյուրանոցում, ճաշ պատվիրեինք ռեստորանում, գնայինք կինո և հասկանայինք նկարի բովանդակությունը, մեկ էլ նրա համար, որ դեսից֊դենից զրուցեինք հաճելի և ոչ մի տեղ չշտապող զրուցակցի հետ, բայց ոչ ավելին։ Իսկ մեզ հենց ավելին էր պետք։ Բացի այդ, կար և մի ուրիշ նկատառում։ Ամերիկյան ավտոմոբիլային ճանապարհն այնպիսի մի տեղ է ներկայացնում իրենից, որտեղ, ինչպես պնդում է վարորդների թևավոր խոսքը, դուք գնում եք ուղիղ դեպի բաց դագաղը։ Այստեղ փորձված վարորդ է պետք։
Եվ այսպես, մեր առջև միանգամայն անակնկալ կերպով անդունդ բացվեց։ Եվ մենք արդեն կանգնել էինք նրա եզրին։ Եվ իրոք, մեզ պետք էր մի մարդ, որը․
կարողանար հիանալի վարել մեքենան։
հիանալի իմանար Ամերիկան, որ այն ցույց տար մեզ ինչպես հարկն է,
լավ խոսեր անգլերեն,
լավ խոսեր ռուսերեն,
լիներ կուլտուրական, բավարար զարգացման տեր,
ունենար լավ բնավորություն, այլապես կփչացներ մեր ողջ ճանապարհորդությունը,
և փող վաստակել չսիրեր։
Վերջին կետին մենք առանձնահատուկ նշանակություն էինք տալիս, որովհետև մենք փող քիչ ունեինք։ Այնքան քիչ, որ ուղղակի կարելի էր ասել՝ չունեինք։
Այսպիսով, փաստորեն մեզ պահանջվում էր իդեալական մի էակ, անփուշ մարդ, անթև հրեշտակ, մեզ պետք էր ինչ֊որ մի բարդ հիբրիդ՝ ուղեկիցա֊շոֆերա֊թարգմանչա֊արծաթատյաց։ Այստեղ Միչուրինն անգամ կհուսահատվեր։ Նման հիբրիդ ստանալու համար տասնյակ տարիներ էին հարկավոր։
Ավտոմոբիլ գնելը միտք չուներ, քանի դեռ չէինք գտել համապատասխան հիբրիդը, իսկ որքան երկար էինք նստում Նյու֊Յորքում, այնքան քիչ փող էր մնում ավտոմոբիլի համար։ Այդ բարդ խնդիրը մենք լուծում էինք ամեն օր և չէինք կարողանում վճռել։ Ի դեպ, ծանր ու թեթև անելու ժամանակ էլ համարյա թե չկար։
Երբ մենք գալիս էինք Ամերիկա, մի բան հաշվի չէինք առել ― «Գոսպիտալիտի»֊ն ամերիկյան հյուրասիրությունը։ Այն անսահման է և իր հետևից հեռուներն է թողնում այս բնագավառում ամեն հնարավոր բան, ներառյալ ռուսական, սիբիրյան կամ վրացական հյուրասիրությունը։ Հենց առաջին ծանոթ ամերիկացին անպայման քեզ տուն (կամ ռեստորան) կհրավիրի իր հետ կոկտեյլ խմելու։ Կոկտեյլին կմասնակցեն ձեր նոր ծանոթի տասը բարեկամները։ Նրանցից յուրաքանչյուրը ձեզ անպայման քարշ կտա իր մոտ կոկտեյլի։ Եվ նրանցից ամեն մեկի մոտ կլինեն տասը կամ տասնհինգ մտերիմներ։ Երկու օրվա ընթացքում դուք կունենաք հարյուր նոր ծանոթ, շաբաթվա ընթացքում՝ մի քանի հազար։ Մի տարի Ամերիկայում ապրելը պարզապես վտանգավոր է․ մարդ կարող է հարբեցողության տալ իրեն և դառնալ շրջմոլիկ։
Բոլոր մեր մի քանի հազար նոր ծանոթները լի էին մի ցանկությամբ․ ցույց տալ մեզ այն ամենը, ինչ մենք կուզենանք տեսնել, գալ մեզ հետ ուր որ մենք ցանկանանք, բացատրել այն ամենը, ինչ չենք հասկացել։ Զարմանալի մարդիկ են ամերիկացիները՝ և՛ բարեկամություն անելն է հաճելի, և՛ գործ ունենալն էլ հեշտ է նրանց հետ։
Մենք գրեթե երբեք մենակ չէինք մնում։ Համարի հեռախոսը առավոտից սկսում էր զանգահարել և զնգզնգում էր ինչպես պարետատանը։ Կարևոր և հետաքրքիր մարդկանց հանդիպումների միջև հազվադեպ և կարճ ընդմիջումներին մենք մտածում էինք իդեալական այն էակի մասին, որի պակասը մենք այնպես զգում էինք։ Նույնիսկ զվարճանում էինք ամենագործարար կերպով, խորհուրդներով մտրակված․
― Դուք այս բանը պետք է տեսնեք, այլապես չեք ճանաչի Ամերիկան։
― Ինչպե՞ս։ Դուք դեռ չե՞ք եղել Բուռլեսկում։ Այդ դեպքում դուք չեք տեսել Ամերիկան։ Չէ՞ որ դա ամենագռեհիկ ներկայացումն է բովանդակ աշխարհում։ Այդ բանը կարելի է տեսնել միայն Ամերիկայում։
Ինչպե՞ս։ Դուք դեռ չե՞ք եղել ավտոմոբիլային մրցավազքում։ Ներեցեք, այդ դեպքում դեռ չգիտեք, թե ինչ բան է Ամերիկան։
Հոկտեմբերյան պայծառ առավոտ էր, երբ մենք ավտոմեքենայով դուրս եկանք Նյու֊Յորքից, ուղևորվելով գյուղատնտեսական ցուցահանդես, Կոնեկտիկուտ նահանգի Դենբերի փոքրիկ քաղաքը։
Այստեղ ոչինչ չենք պատմելու այն ճանապարհների մասին, որով գնում էինք։ Դրա համար ժամանակ է պետք, ներշնչում, հատուկ գլուխ։
Ճանապարհի երկու կողմերում բացվում էր աշնան կարմիր մի բնանկար։ Սաղարթը շիկացած էր և երբ արդեն թվում էր, թե աշխարհում ավելի կարմիր ոչինչ չի լինի, երևում էր անասելի կարմիր, բնիկ հնդկական գույնի նոր պուրակ։ Դա մերձմոսկովյան անտառի զարդարանք չէր, որին ընտելացել էր մեր աչքը, որտեղ կա և՛ կարմիր գույն, և՛ վառ դեղին, և՛ մեղմ սրճագույն։ Ոչ, այստեղ ամեն բան հուրհրատում էր ինչպես մայրամուտին, և այդ զարմանալի հրդեհը Նյու֊Յորքի շուրջը, հնդկական անտառային այդ խրախճանքը շարունակվեց ողջ հոկտեմբերի ընթացքում։
Ոռնոց և դղրդյուն լսվեց, երբ մենք մոտեցանք Դենբերիին։ Ավտոմոբիլների նախիրը հանգստանում էր փոքրիկ հովտի դեռևս կանաչ լանջերին, որտեղ տեղավորվել էր ցուցահանդեսը։ Ոստիկանները խստորեն տարածում էին ձեռքերը, մեզ տեղից տեղ քշելով։ Վերջապես մենք տեղ գտանք ավտոմոբիլի համար և գնացինք դեպի ստադիոնը։
Կլոր ամբիոնի մոտ ոռնոցը դարձավ սրտակեղեք, և ստադիոնի բարձր պատերի հետևից մեր վրա տեղացին մանր քարեր և տաք ավազ, որ նետում էին մեքենաները կտրուկ շրջադարձերին։ Աչք կամ ատամ կորցնելը դատարկ բան էր։ Արագացրինք մեր քայլերը և ծածկվեցինք ձեռքերով, ինչպես այդ անում էին պոմպեյցիները, երբ նրանց քաղաքը կործանվում էր հրաբուխի ժայթքումից։
Տոմսի համար ստիպված էինք մի փոքր հերթ կանգնել։ Շուրջը որոտում էր գավառական ուրախ տոնավաճառը։ Օ․ Հենրիի բազմիցս նկարագրած վաճառողները բարձրաձայն գովում էին իրենց ապրանքը․ ալյումինե ինչ֊որ ծվծվաններ, ձեռնափայտեր՝ փորագրություններով, ձեռնափայտեր՝ տիկնիկ ներկայացնող գլխազարդով, տոնավաճառային ամեն տեսակի հիմար բաներ։ Ինչ֊որ տեղ մի կով էին քշում՝ գեղեցիկ աչքերով և երկար թերթերունքներով։ Գեղեցկուհին ցուցադրաբար օրորում էր կուրծքը։ Մեխանիկական երգեհոնի տերը պարում էր իր գործիքի խլացուցիչ երաժշտության տակ։ Փայլուն մետաղաձողից ամրացված նավականման ճոճերը լրիվ շրջան էին գործում։ Եթե ճոճվողները գլխիվայր բարձրանում էին երկինք, , լսվում էր կանացի հիստերիկ և ոչ շինծու ճիչ, որ մեզ Կոնեկտիկուտ նահանգից տեղափոխում էր Մոսկվա նահանգը, Կուլտուրայի և հանգստի զբոսայգին։ Աղի կաղին և պանրով կարկանդակ վաճառողները ձայները գլուխներն էին գցել ամենուրեք։
Ավտոմոբիլային մրցարշավները իրենից ներկայացնում է դատարկ, մռայլ, սիրտ ու հոգի չորացնող տեսարան։ Չռած անիվներով ու կողքերին նախշած համարներով, կարմիր, սպիտակ և դեղին փոքրիկ վազքամեքենաները, հրթիռային շարժիչների պես կրակելով, սլանում էին մեր կողքով։ Մրցելույթը փոխարինվում էր մրցելույթով։ Միաժամանակ մրցում էին հինգ, վեց, երբեմն տասը մեքենա։ Հանդիսատեսները մռնչում էին։ Սարսափելի տաղտուկ էր։ Հասարակությանը կարող էր, իհարկե, զվարճացնել ավտոմոբիլային որևէ աղետ միայն։ Ճիշտն ասած, հենց դրա համար էլ գալիս են այստեղ։ Վերջապես այն տեղի ունեցավ։ Հանկարծ լսվեցին տագնապալից ազդանշաններ։ Բոլորը միանգամից բարձրացան իրենց տեղերից։ Մենք դեռ ճեղքելով անցնում էինք ստադիոնը շրջապատաց բազմության միջով, երբ լսվեց սանիտարական ավտոմոբիլի ահարկիչ ոռնոցը։ Մենք կարողացանք ապակու միջով տեսնել տուժած քշողին։ Նրա գլխին արդեն չկար կաշվե սաղավարտը։ Նա նստել էր՝ ձեռքով կապույտ այտոսկրը բռնած։ Բարկացած տեսք ուներ։ Նա կորցրել էր իր մրցանակը, որի համար կյանքը վտանգի էր ենթարկել։
Մրցելույթների ընդմիջումների պահին,
շրջանի ներսում, փայտե հարթակի վրա, կրկեսային ծաղրածուները ներկայացում էին տալիս այն մասին, թե ինչպես չորս ձախորդներ տուն են կառուցում։ Իհարկե, չորս հիմարների գլխներին աղյուսներ էին ընկնում, հիմարները միմյանց երեսին գաջի շաղախ էին քսում, սխալմամբ խփում էին միմյանց մուրճերով և նույնիսկ ինքնամոռացության մեջ ընկած՝ սղոցում էին սեփական ոտքերը։ Դենբերիի տոնավաճառային կոմիկները հիանալի էին կատարում բոլոր այդ տրյուկները, որոնք իրենց սկիզբն են առնում հունական և հռոմեական շատ հեռավոր անցյալից և հիմա է՛լ ավելի փայլուն կերպով պահպանվում է այնպիսի մեծ ծաղրածուների վարպետությամբ, ինչպիսին է Ֆրատելլինին։Միշտ հաճելի է նայել կրկեսային լավ աշխատանքին, երբեք չեն ձանձրացնում դարերով հղկվախ նրա պրիոմները։
Տոնավաճառը վերջացավ։ Արդեն քիչ այցելուներ կային փայտաշեն տաղավարներում, ուր երկար սեղանների վրա դրված էր խոշոր, ուտելու համար արտաքուստ ոչ պիտանի, ասես լաքած բանջարեղեն։ Նվագախմբերը հրաժեշտի քայլերգներ էին նվագում, և այցելուների բովանդակ մասսան, մաքուր մուգ դեղին ավազի վրա փոշի հանելով, ճամփա էր բացում դեպի իրենց ավտոմեքենաները։ Այստեղ ցուցադրում (և, իհարկե վաճառում էին) ավտոմոբիլների համար կցովի վագոնիկներ։
Ամերիկացիները երկու֊երկու, մեծ մասամբ մարդ ու կին, մտնում էին վագոնիկի մեջ և երկար ախուվախ էին անում, սքանչանալով նրանով։
Նրանք դիտում էին վագոնիկի գայթակղիչ ներսը․ հարմար մահճակալներ, պատուհաններին ժամանակավոր վարագույրներ, բազմոց, մետաղյա հարմար և հասարակ վառարան։ Ինչը կարող է ավելի լավ լինել ― կցել նման վագոնիկը ավտոմոբիլին, դուրս գալ շառաչուն քաղաքից և սլանալ, ուր աչքդ կտրի։ Այսինքն՝ հայտնի է, թե ուր սլանալ։ Աչքերը նայում են անտառին, նրանք տեսնում են Մեծ լճերի, խաղաղօվկիանոսյան լողափերը, կանիոնները, լայնահուն գետերը։
Մարդ ու կին փնչացնելով դուրս են գալիս վագոնիկից։ Այն բավական թանկ է։ Այստեղ՝ Դենբերիում, վագոններ կային երեք հարյուր հիսուն դոլար և նույնիսկ յոթ հարյուր դոլար արժեքով։ Բայց որտեղի՞ց ճարես յոթ հարյուր դոլար։ Որտեղի՞ց ճարես ժամանակ՝ մեծ ուղևորության համար։
Մեքենաների երկար շարասյուններն անձայն թռչում էին Նյու֊Յորք․ մեկուկես ժամվա լավ ընթացքից հետո մենք տեսանք բոցկլտուն երկնակամարը։ Վերից֊վար պսպղում էին երկնաքերծերը։ Գետնի վրա կայծկլտում էին կինոների և թատրոնների կրակները։
Լույսերի փոթորկով տարված, մենք որոշեցինք երեկոն նվիրել ժողովրդի համար տրվող զվարճալիքներին ծանոթանալուն։
Երեկոյան Նյու֊Յորքը իր ամբոջ տեսքով ասում է զբոսնողին․
― Տվեք նիկել, գցեք նիկել։ Բաժանվեցեք ձեր նիկելից և լավ կլինի ձեզ համար։
Զվարճության մեծ խանութներից չրխկոց է լսվում։ Այստեղ դրված են ամեն տեսակի տասնյակ մեխանիկական բիլիարդներ։ Նիկելը պետք է գցել համապատասխան անցքի մեջ։ Այդ ժամանակ խաղաձողը ավտոմատ կերպով ազատվում է ինչ֊որ զսպանակից, և երեկոն շվայտության մեջ անցկացնելու տրամադիր ուրախ մարդը կարող է հինգ անգամ կրակել պողպատե գնդակով։ Նվաճած միավորների դիմաց նա ստվարաթղթի վկայական է ստանում հաստատության տիրոջից։ Կես տարի կանոնավոր խաղալուց, հետևաբար և կանոնավոր նիկելներ գցելուց հետո ուրախ մարդը հավաքում է անհրաժեշտ քանակությամբ միավորներ և ստանում շահումը՝ խանութի դարակում դրված հիանալի շահումներից մեկը։ Դա ապակե վազ է կամ կոկտեյլ պատրաստելու ալյումինե անոթ, կամ սեղանի ժամացույց, կամ էժանագին ավտոմատ գրիչ, կամ ածելի։ Մի խոսքով, այստեղ կան բոլոր այն գանձերը, որոնց միայն տեսքից անուշ ճմլվում է տնային տնտեսուհու, երեխայի կամ գանգստերի սիրտը։ Ամերիկացիներն այստեղ զվարճանում են ժամերով, զվարճանում են մենակ, կենտրոնացված, անտարբեր, չբարկանալով և չհիանալով։
Բիլիարդներն ավարտելուց հետո կարելի է մոտենալ մեխանիկական գուշակողին։ Նա նստած է ապակե պահարանում, դեղնադեմ ու վտիտ։ Նրա առջև կիսաշրջանաձև դրված են խաղաթղթերը։ Պետք է նիկել գցել, դա ինքնըստինքյան հասկանալի է։ Այդ պահին գուշակուհին կենդանանում է։ Նրա գլուխը սկսում է օրորվել, կուրծքն ուռում է, իսկ մեղրամոմե ձեռքը սահում է քարտերի վրայով։ Այս պատկերը տպավորվող մարդկանց համար չէ։ Այս ամենն այնքան հիմար և սարսափելի է, որ մարդ կարող է տեղնուտեղը խելագարվել։ Կես րոպե անց, գուշակուհին քարանում է իր նախկին կեցվածքով։ Այժմ պետք է բռնակից քաշել։ Անցքից վայր է ընկնում բախտագուշանքը։ Դա մեծ մասամբ ձեր ապագա կնոջ դիմանկարն է և նրա հատկությունների համառոտ նկարագրությունը։
Այդ ապուշ հրաշքների խանութները զզվելի են նույնիսկ այն դեպքում, եթե նրանք գտնվում են շքեղությամբ և աղմուկով լեցուն քաղաքի կենտրոնում։ Բայց Իստ֊Սայդում, որևէ տեղ, մութ փողոցում, որի մայթերին ու սալարկներին թափված են ցերեկվա փողոցային առևտրի աղբն ու թափուկները, ցուցանակների արանքում, որոնք վկայում են ծայրահեղ աղքատության մասին (այստեղ կարելի է հինգ ցենտով սափրվել և տասնհինգով գիշերել), վատ լուսավորված, կեղտոտ այդպիսի խանութը, ուր երկու կամ երեք հոգի լուռ և տխուր չխկացնում են բիլիարդները, որոնց հետ համեմատած սովորական «պիրամիդկա» խաղը կուլտուրայի և բանականության իսկական հաղթանակ է հանդիսանում, այդպիսի խանութը շնային թախիծով է համակում մարդու։ Վնգստալ ես ուզում։
Աշխատանքից մարդու գլուխը պայթում է։ Պայթում է նաև զվարճալիքներից։
Զվարճացնող խանութներից հետո մենք ընկանք մի շատ տարօրինակ թատերական հաստատություն։
Որոտում է ջազը՝ ուժը ներածին չափ նմանեցնելով վերերկրյա երկաթուղու աղմուկին։ Մարդիկ խռնվել են ապակե կրպակի մոտ, որի մեջ նստել է կենդանի գանձապահուհին քարացած մեղրամոմե ժպիտը դեմքին։ Թատրոնը կոչվում է «Բուռլեսկ»։ Դա երեսունհինգ ցենտանոց ռևյու է։
Բուռլեսկի դահլիճը լեփ֊լեցուն է, և երիտասարդ ու համարձակ սպասավորները նոր մտնողներին նստեցնում էին ուր պատահեր։ Շատերի համար այդպես էլ տեղ չճարվեց։ Նրանք կանգնել էին անցուղիներում՝ աչքերը բեմից չհեռացնելով։
Բեմի վրա երգում էր մի կին։ Նա երգել չգիտեր։ Ձայնն այնպիսին էր, որով չի կարելի հանդես գալ նույնիսկ մոտիկ ազգականների անվանակոչության տոներին։ Բացի այդ, նա պարում էր։ Բալետամոլ չպետք էր լինել հասկանալու համար, որ այս անձնավորությունը երբեք պարուհի չի լինի։ Բայց հասարակությունը ներողամտաբար ժպտում էր։ Հանդիսականների մեջ բնավ չկային վոկալի կամ բալետի մոլի սիրահարներ։ Հանդիսականները ուրիշ բանի համար էին եկել այստեղ։
«Ուրիշ բանը» այն էր, որ երգող ու պարող կինը հանկարծ սկսեց մանրաքայլել բեմի վրա, ընթանալիս վրայից դեն նետելով հագուստները։ Նետում էր նա բավականին դանդաղ, որպեսզի հանդիսատեսները կարողանային դիտել այդ գեղարվեստական միզանսցենան ամենայն մանրամասնությամբ։ Ջազը հանկարծ սկսեց կչկչալ, երաժշտությունն ընդհատվեց և աղջիկն անկողնային ճիչով դուրս վազեց կուլիսների հետևը։ Դահլիճը լցրած երիտասարդները խանդավառ ծափահարեցին։ Նախաբեմ դուրս եկավ համերգավարը, ատլետիկ կազմվածքով, սմոկինգ հագած մի տղամարդ և գործնական առաջարկություն մտցրեց։
― Ավելի ուժեղ ծափահարեցեք, և նա վրայից կհանի ևս որևէ բան։
Այնպիսի ծափահարություն պայթեց, որին իրենց կյանքում չէին կարող, իհարկե, արժանանալ ոչ Մատիա Բատիստինին, ոչ Աննա Պավլովան, ոչ ինքը, մեծագույներից մեծագույն Քինը։ Ոչ։ Միայն տաղանդով այսպիսի հասարակությանը չես վերցնի։
Կինը նորից անցավ բեմով, զոհաբերելով այն քիչը, որ մնացել էր վրան իր հանդերձանքից։
Թատերական ցենզուրային բավարարելու համար ստիպված էր հագուստի մի պատառ այնուամենայնիվ պահել առջևում։
Առաջին պարեկողից ու երգ ասողից հետո դուրս եկավ երկրորդը և արեց նույնը՝ ինչ առաջինը։ Երրորդն արեց նույնը, ինչ արեց երկրորդը։ Չորրորդը, հինգերորդը և վեցերորդը ոչ մի նոր բան չնվիրեցին։ Երգում էին անձայն և առանց լսողության, պարում կենգուրուի նազանքով։ Եվ հանվում էին։ Մնացած տասը աղջիկները հերթով նույն բանն արեցին։
Տարբերությունն այն էր, որ նրանցից մի քանիսը թխահեր էին (սրանք քիչ էին), իսկ մի քանիսը՝ բաց շիկամազ ոչխարներ (սրանք շատ էին)։
Զուլուսական խրախճանքը տևեց մի քանի ժամ։ Այդ պոռնոգրաֆիան այնքան է մեքենայացված, որ մի տեսակ արթյունաբերական֊ գործարանային բնութ է կրում։ Այդ տեսարանի մեջ զգայականությունն այնքան քիչ է, որքան փոշեծծիչների կամ հաշվիչ մեքենաների մասսայական արտադրության մեջ։
Փողոցում մանր, անլսելի անձրև էր մաղում։ Բայց եթե նույնիսկ ամպրոպ լիներ՝ շանթ ու կայծակով, ապա միևնույն է, ոչինչ չէր լսվի։ Նյու֊Յորքն ինքն է որոտում և փայլատակում ամեն տեսակ փոթորկից ուժգին։ Սա տանջալից քաղաք է։ Նա ստիպում է շարունակել իրեն նայել։ Այդ քաղաքից մարդու աչքերը ցավում են։
Բայց անհնարին է չնայել նրան։
Գլուխ վեցերորդ — Պապա էնդ մամա
Մոսկվայից մեկնելուց առաջ մենք հավաքել էինք բազում հանձնարարական նամակներ։ Մեզ բացատրել էին, որ Ամերիկան դա հանձնարարական նամակների երկիր է։ Առանց դրանց այնտեղ նույնիսկ մի քայլ անել չես կարող։
Ծանոթ ամերիկացիները, որոնց մոտ մենք եղանք մեկնելուց առաջ, անմիջապես լուռ ու մունջ նստում էին իրենց գրամեքենաների առջև և սկսում էին կտկտացնել։
«Թանկագին սըր, իմ բարեկամները, որոնց ես հանձնարարում եմ ձեր ուշադրությանը․․․»։
Եվ այլն և այլն։ «Ողջույններ տիկնոջը» և ընդ հանրապես այն ամենը, ինչ հարկ է նման դեպքերում գրել։ Նրանք արդեն գիտեին, թե մենք ինչու ենք եկել իրենց մոտ։
«Նյու֊Յորք Թայմսի»֊ի թղթակից Վալտեր Դյուրանտին գրում էր աներևակայելի արագությամբ, բերանից սիգարեթը հանելով միայն նրա համար, որպեսզի մի կում Ղրիմի մադերա խմեր։ Մենք նրանից վերցրինք մի դյուժին նամակ։ Հրաժեշտի պահին նա մեզ ասաց․
― Գնացե՛ք, գնացե՛ք Ամերիկա։ Այնտեղ հիմա ավելի հետաքրքիր է, քան ձեզ մոտ՝ Ռուսաստանում։ Ձեզանում ամեն բան դեպի վեր է գնում։ ― Նա ձեռքով ցույց տվեց սանդուղքի բարձրացող աստիճանները։ ― Ձեզանում ամեն ինչ պարզվել է։ Իսկ մեզ մոտ դարձել է անպարզ։ Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու։
Հսկայական որս էր սպասաում մեզ Լուի Ֆիշերի մոտ։ Նա իր աշխատանքային օրվա առնվազն կեսը ծախսեց մեզ վրա։
― Ձեզ մի վտանգ է սպառնում Ամերիկայում, ― ասաց նա, ― անմիջապես ընկնել ռադիկալ ինտելիգենցիայի շրջանը, պտտվել նրանց մեջ և ոչինչ չտեսած վերադառնալ տուն այն համոզմունքով, թե բոլոր ամերիկացիները շատ առաջադեմ և ինտելիգենտ մարդիկ են։ Բայց դա բնավ էլ այդպես չէ։ Դուք որքան հնարավոր է, պետք է շատ տեսնեք տարբեր մարդկանց։ Աշխատեցեք տեսնել հարուստների, գործազուրկների, աստիճանավորների, ֆերմերների, փնտրեցեք միջին մարդկանց, քանզի հենց նրանք են, որ կազմում են Ամերիկան։
Նա նայեց մեզ իր շատ սև, շատ բարի աչքերով և երջանիկ ու արդյունավետ ճամփորդուցյուն ցանկացավ։
Մեզ համակել էր ագահությունը։ Թեև ճամպրուկներն արդեն ուռչում էին նամակներից, բայց մեզ դեռ թվում էր, թե քիչ է։ Հիշեցինք, որ Էզենշտեյնը մի ժամանակ եղել է Ամերիկայում, և գնացինք նրա մոտ՝ Պոտիլիխա։
Նշանավոր կինոգյուղը անճոռնի ձևով փռվել էր Մոսկվա գետի գեղածիծաղ ափերին։ Սերգեյ Միխայլովիչը ապրում էր նոր տանը, որը, ըստ պլանի, մոտ ժամանակներս քանդվելու էր, բայց որը, այնուհանդերձ, դեռ կառուցվում էր։
Էյզենշտեյնը ապրում էր մեծ բնակարանում, բազմաճյուղ կանթեղների և մեքսիկական հսկա գլխարկների մեջ։ Նրա աշխատասենյակում դրված էր մի լավ դաշնամուր և մանկական կմախք՝ ապակե ծածկույթի տակ։ Հռչակավոր բժիշկների ընդունարաններում նման ծածկույթի տակ դրված է լինում բրոնզե ժամացույց։ Էյզենշտեյնը մեզ դիմավորեց զոլավոր կանաչ պիժամայով։ Ամբողջ երեկոն նա նամակ էր գրում, պատմում էր Ամերիկայի մասին, նայում մեզ մանկական ճաճանչափայլ աչքերով և հյուրասիրում մուրաբայով։
Մի շաբաթվա ծանր աշխատանքից հետո մենք տեր դարձանք նամակների, որոնք հասցեագրված էին նահանգապետների, դերասանների, խմբագիրների, սենատորների, մի լուսանկարչուհու և պարզապես լավ մարդկանց, այդ թվում նեգրական պաստորին և Պրոսկուրովոյից գաղթած մի ատամնաբույժի։
Այդ մարդկանցից ամեն մեկին առանձին֊առանձին տեսնելու համար երկու տարի էր պետք։
Ի՞նչ անել։
Ամենից լավ կլիներ այդ բոլոր նամակները նորից դարսել ճամպրուկների մեջ և վերադառնալ Մոսկվա։ Բայց քանի որ, միևնույն է, մենք եկել էինք, հարկ էր որևէ բան մտածել։
Վերջապես Նյու֊Յորքի գլխավոր դեսպանատանը մի հոյակապ բան մտածեցին՝ նամակներն ուղարկել հասցեատերերին և միանգամից ընդունելություն կազմակերպել բոլորի համար։
Երեք օր անց 61֊րդ փողոցի և Հինգերորդ ավենյուի անկյունում, դեսպանատան սրահներում, տեղի ունեցավ ընդունելությունը։
Մենք կանգնել էինք երկրորդ հարկի հարթակին, որի պատերը զարդարված էին վիթխարի լուսանկարներով, որոնք պատկերում էին Դնեպրոգէսը, կոմբայններով բերքահավաք և մանկամսուրներ։ Կանգնել էինք մենք դեսպանի կողքին և անսքող երկյուղածությամբ նայում ներքևից բարձրացող ջենտլմեններին և լեդիներին։ Երկու ժամ շարունակ նրանք շարժվում էին անընդհատ հոսանքով։ Դրանք ոգիներ էին, որոնք կանչվել էին Դյուրանտիի, Ֆիշերի, Էյզենշտեյնի և մեր երկու տասնյակ այլ բարերարների միացյալ ջանքերով։ Ոգիներն եկել էին իրենց կանանցով, և շատ լավ տրամադրության մեջ էին։ Նրանք լի էին ցանկությամբ անելու այն ամենը, ինչի մասին նրանց խնդրել էին նամակներում և օգնել մեզ իմանալու, թե ինչ են իրենցից ներկայացնում Միացյալ Նահանգները։
Հյուրերը բարևում էին մեզ, մի երկու խոսք փոխանակում և անցնում սրահները, որտեղ սեղանների վրա դրված էին կրյուշոնով լի վազեր և մանր, դիվանագիտական սանդվիչներ։
Մենք միամտաբար կարծում էինք, թե երբ որ բոլորը հավաքվեն, մենք, այսպես ասած,հանդեսի մեղավորներս էլ կմտնենք դահլիճ և նույնպես բաժակ կբարձրացնենք և կուտենք դիվանագիտական փոքրիկ բուտերբրոտները։ Բայց որտեղի՞ց։ Պարզվեց, որ մենք պարտավոր ենք կանգնած մնալ հարթակում այնքան ժամանակ, մինչև կգնա վերջին հյուրը։
Դահլիճից լսվում էին աղմկալի բացականչություններ և ուրախ ծիծաղ, իսկ մենք շարունակում էինք կանգնած մնալ, դիմավորելով ուշացածներին, ճամփու դնելով գնացողներին և ընդհանրապես կատարելով տանտիրոջ պարտականությունները։ Հավաքվել էին հարյուր հիսունից ավելի հյուրեր, և իմանալ, թե նրանցից ո՛րն է նահանգապետը և ով Պրոսկուրովից գաղթածը, այնպես էլ չկարողացանք։ Դա մի աղմկոտ հասարակություն էր, որտեղ շատ կային ակնոցավոր, ալեհեր կանայք, կարմրադեմ ջենտլմեններ, թիկնեղ երիտասարդներ և բարձրահասակ, նրբիրան օրիորդներ։ Այդ ոգիներից յուրաքանչյուրը, որ դուրս էր եկել մեր բերած ծրարներից, անասելի հետաքրքրություն էր ներկայացնում, և մենք շատ տուժեցինք ամեն մեկի հետ առանձին խոսելու հնարավորություն չունենալով։
Երեք ժամից հետո հյուրերի հոսանքը սանդուղքով շարժվեց ներքև։
Մեզ մոտեցավ գլուխը մաքուր սափրած, փոքրահասակ, հաստլիկ մի մարդ, որի գլխին փայլում էին սառը քրտինքի խոշոր կաթիլներ։ Նա իր ակնոցի խոշորացույց֊ապակիների միջով նայեց մեզ, գլուխը ցնցեց և բավականին լավ ռուսերենով զգացված ասաց․
― Օ՜, այո՛, այո՛, այո՛։ Այդ ոչինչ։ Միստեր Իլֆ և միստեր Պետրով, ես ստացա Ֆիշերի նամակը։ Ո՛չ, ոչ, սըրեր, ինձ ոչինչ մի՛ ասեք։ Դուք չեք հասկանում։ Ես գիտեմ ձեզ ինչ է պետք։ Մենք դեռ կտեսնվե՜նք։
Եվ անհետացավ մանր֊մունր, պնդակազմ, զարմանալիորեն ամուր, գրեթե երկաթե մարնով այդ մարդը։ Հյուրերին հրաժեշտ տալու իրարանցման մեջ մենք չկարողացանք զրուցել նրա հետ և կռահել նրա խոսքերի իմաստը։
Մի քանի օր անց, երբ մենք դեռ թավալվում էինք մեր մահճակալների վրա, մտորելով, թե որտեղից վերջապես, կգտնենք մեզ անհրաժեշտ իդեալական էակին, հեռախոսը զրնգաց և մի անծանոթ ձայն ասաց, թե խոսում է միստեր Ադամսը և որ նա հիմա ուզում է մեզ մոտ անցնել։ Մենք արագ հագնվեցինք, գուշակություններ անելով, թե մենք ինչու ենք պետք եկել միստեր Ադամսին և ով է նա։
Մեր համարը մտավ երկաթե մարմնով նույն հաստլիկը, որին մենք տեսել էինք դեսպանատան ընդունելության ժամանակ։
― Միստերնե՛ր, ― ասաց նա առանց դեսուդեն ընկնելու։ ― Ես ուզում եմ ձեզ օգնել։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դուք չեք հասկանում։ Ես իմ պարտքն եմ համարում օգնել յուրաքանչյուր սովետական մարդու, որն ընկնում է Ամերիկա։
Մեմք հրավիրեցինք նրան նստել, բայց նա հրաժարվեց։ Նա վազվզում էր մեր փոքրիկ համարում, երբեմն հրելով մեզ իր ցցուն ու պինդ փորով։ Նրա ժիլետի ներքևի երեք կոճակներն արձակված էին և փողկապի պոչը դուրս էր պրծել։ Հանկարծ մեր հյուրը բղավեց․
― Ես շատ բանով եմ պարտական Սովետական Միությանը։ Այո՛, այո՛, սըրեր։ Շատ բանով։ Չէ՜, մի ասեք, դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք անում դուք այնտեղ, ձեզ մոտ։
Նա այնպես հուզվեց, որ սխալմամբ դուրս ցատկեց բաց դռնով և հայտնվեց միջանցքում։ Մենք դժվարությամբ քարշ տվինք նրան ներս։
― Դուք եղե՞լ եք Սովետական Միությունում։
― Շու՛ռլի, ― բղավեց միստեր Ադամսը։ ― Իհարկե։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Մի ասացեք այդպես ― «Եղել եմ Սովետական Միությունում»։ Ես երկար ապրել եմ այնտեղ։ Այո՛, այո՛, այո՛, սըրեր։ Յոթ տարի աշխատել եմ ձեզ մոտ։ Դուք ինձ փչացրել եք Ռուսաստանում։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դուք այդ չեք հասկանա։
Միստեր Ադամսի հետ մի քանի րոպե ասուլիսից հետո մեզ համար պարզ դարձավ, որ մենք բոլորովին չենք ճանաչում Ամերիկան, բոլորովին չենք հասկանում Սովետական Միությունը և ընդհանրապես նորածին հորթերի պես ոչնչից ոչինչ չենք հասկանում։
Բայց հնարավոր չէր բարկանալ միստեր Ադամսի վրա։ Երբ նրան հաղորդեցինք, թե պատրաստվում ենք ավտոմոբիլային ուղևորություն կատարել նահանգներով, նա բղավեց «շուռլի» և այնպես ոգևորվեց, որ անսպասելիորեն բացեց հավանոցը, որը պահած ուներ թևի տակ, և առժամանակ կանգնեց նրա տակ, ասես անձրևից էր պաշտպանվում։
― Շուռլի՜, ― կրկնեց նա։ ― Իհարկե։ Հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկան կարելի է ճանաչել Նյու֊Յորքում նստած։ Այնպես չէ՞, միստեր Իլֆ և միստեր Պետրով։
Հետո արդեն, երբ մեր բարեկամությունը բավականին լայն չափեր ընդունեց, մենք նկատեցինք, որ միստեր Ադամսը որևէ միտք արտահայտելուց հետո պահանջում էր հաստատել ճշմարտացիությունը և չէր հանգստանում մինչև այդ հաստատումը չէր ստանում։
― Ո՛չ, ո՛չ, միստերներ։ Դուք ոչինչ չեք հասկանում։ Պլան է պետք։ Ուղևորության պլան։ Դա՛ է ամենից գլխավորը։ Եվ ես ձեզ համար կկազմեմ այդ պլանը։ Ո՛չ, ո՛չ։ Մի՛ ասեք։ Դուք այդ մասին ոչինչ չեք կարող գիտենալ, սըրե՛ր։
Հանկարծ նա հանեց պիջակը, պոկեց ակնոցն ու նետեց դրանք բազմոցին (հետո ամբողջ տասը րոպե ակնոցն էր փնտրում իր գրպանում), ծնկներին փռեց Ամերիկայի ավտոմոբիլային քարտեզը և սկսեց ինչ֊որ գծեր քաշել վրան։
Մեր աչքերի առջև նա անհեթեթ խենթուկից կերպարանափոխվեց խստադեմ ու գործարար ամերիկացու։ Մենք իրար երես նայեցինք։ Արդյոք սա այն իդեալական էակը չէ, որի մասին երազել ենք, արդյոք այն փառահեղ հիբրիդը չէ, որը ստանալու համար չէր պատի նույնիսկ Միչուրինի ուժը՝ Բերբանկի հետ միասին։
Երկու ժամվա ընթացքում մենք ճանապարհորդեցինք Ամերիկայի քարտեզով։ Ի՜նչ թովիչ զբաղմունք էր դա։
Մենք երկար քննում էինք այն հարցը, մտնե՞նք, թե ոչ արդյոք Միլվոկի, Վիսկոնսիայի նահանգը։ Այնտեղ միանգամից երկու լաֆոլետ կա, մեկը՝ նահանգապետը, իսկ մյուսը՝ սենատոր։ Երկուսի համար էլ կարելի էր ձեռք բերել հանձնարարական նամակներ։ Նախանձելի դրություն։ Երկու մոսկվացիներ նստել են Նյու֊Յորքում և լուծում են Միլվոկի գնալու հարցը։ Կուզենան, կգնան, չուզենան չեն գնա։
Ծերուկ Ադամսը նստել էր հանգիստ, մաքուր, կոռեկտ։ Ո՛չ, նա մեզ խորհուրդ չէր տալիս դեպի Խաղաղ օվկիանոսը գնալ հյուսիսային ճանապարհով, Սոուլտ֊Լեյկ֊սիթի, Աղի լճի քաղաքի միջսվ։ Այնտեղ մեր գնալու պահին լեռնացքները կարող են ձյունով պատած լինել։
― Սըրե՜ր, ― բացականչում է միստեր Ադամսը, ― դա շա՛տ, շա՛տ վտանգավոր է։ Հիմարություն կլիներ կյանքը վտանգի ենթարկել։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհորդությունը։
― Իսկ մորմոննե՞րը, ― հեծում էինք մենք։
― Ո՛չ, ո՛չ։ Մորմոնները շատ հետաքրքիր են։ Այո՛, այո՛, սըրե՛ր, մորմոնները նույն ամերիկացիներն են, ինչպես բոլոր ամերիկացիները։ Իսկ ձյունը շատ վտանգավոր է։
Ինչ հաճելի էր խոսել վտանգների, լեռնացքների, տափաստանների մասին։ Բայց առավել հաճելի էր մատիտը ձեռքին հաշվել, թե որչափ ավտոմոբիլն էժան է երկաթուղուց հազար մղոնի համար անհրաժեշտ բենզինի գալոնների քանակը, ճաշի, ճամբորդական համեստ ճաշի արժեքը։ Մենք առաջին անգամ լսեցինք «կեմպ» և «տուրիստհաուզ» բառերը։ Դեռ ուղևորությունը չսկսած՝ մտահոգված էինք ծախսերը կրճատելու մասին, դեռ ավտոմոբիլ չունեցած՝ մտահոգված էինք յուղելու հարցով։ Նյու֊Յորքն արդեն մեզ թվում էր մռայլ մի անց, որից հարկ էր անմիջապես դուրս գալ դեպի ազատություն։
Երբ խանդավառ խոսակցություններից անցանք անորոշ բացականչությունների, միստեր Ադամսը հանկարծ վեր ցատկեց բազմոցից, ձեռքերով բռնեց գլուխը, համր հուսահատությամբ աչքերը կկոցեց և մի ամբողջ րոպե կանգնեց այդպես։
Մենք վախեցանք։
Միստեր Ադամսը, առանց աչքերը բանալու, սկսեց ձեռքերի մեջ ճխլտել գկխարկը և քրթմնջալ․
― Սըրե՜ր, ամեն ինչ կորավ։ Դուք ոչինչ չեք հասկանում, սըրե՜ր։
Այդ պահին պարզվեց այն, ինչ մենք չէինք հասկացել։ Միստեր Ադամնսն եկել էր կնոջ հետ և թողնելով նրան ավտոմոբիլի մեջ, մի րոպեով վազել էր մեզ մոտ, որպեսզի հրավիրեր մեզ իրենց տուն նախաճաշելու, վազել էր միայն մի րոպեով։
Մենք սլացանք միջանցքով։ Լիֆտում միստեր Ադամսը ցատկոտում էր անհամբերությունից, այնքան որ ցանկանում էր որքան կարող է շուտ հասնել ու մտնել կնոջ թևի տակ։
48֊րդ փողոցում, Լեկսինգտոն ավենյուի անկյան հետևում, վայելուչ, բայց արդեն ոչ նոր «Կրայսլերի» մեջ նստել էր ջահել մի տիկին նույն ուռուցիկ ապակիներ ունեցող ակնոցով, ինչպես միստեր Ադամսինն էր։
― Բե՛կկի, ― հառաչեց մեր նոր բարեկամը, դեպի «Կրայսլերը» պարզելով հաստլիկ ձեռքերը։
Շփոթությունից նրա գլխարկը թռավ, իսկ նրա կլոր գլուխը փայլփլեց Նյու֊Յորքի աշնանային արևի անդրադարձած լուսից։
― Իսկ ու՞ր է հովանոցը, ― հարցրեց տիկինը թեթև ժպտալով։
Արևը մարեց միստեր Ադամսի գլխին։ Նա հովանոցը մոռացել էր մեր համարում․ կնոջը մոռացել էր նեքևում, իսկ հովանոցը՝ վերևում։ Նման պարագաներում տեղի ունեցավ մեր ծանոթությունը միսիս Ռեբեկա Ադամսի հետ։
Մենք դառնությամբ տեսանք, որ ղեկի մոտ նստեց միստեր Ադամսի կինը։ Մենք նորից իրար երես նայեցինք։
― Ո՛չ, ըստ երևույթին սա այն հիբրիդը չէ, որը պետք է մեզ։ Մեր հիբրիդը ավտոմեքենա վարել պետք է իմանա։
Միստեր Ադամսն արդեն կարգի էր ընկել և շաղակրատում էր, ասես ոչինչ չէր եղել։ Ամբողջ ճանապարհին, մինչև Սենթրալ֊պարկ֊վեստ, ուր գտնվում էր նրա բնակարանը, ծերուկ Ադամսը հավատացնում էր, որ մեզ համար ամենակարևորը՝ դա մեր ապագա ուղեկիցն է։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― բղավում էր նա, ― դուք չեք հասկանում, դա շա՛տ, շա՛տ կարևոր է։
Մենք տխրեցինք։ Ինքներս էլ գիտեինք, թե որքան կարևոր է դա։
Ադամսների բնակարանի դուռը բացեց մի նեգրուհի, որի շրջազգեստից բռնել էր երկու տարեկան մի աղջիկ։ Աղջիկը հաստ ու պինդ, ձուլածո մարմին ուներ։ Դա փոքրիկ Ադամսն էր, առանց ակնոցի։
Աղջիկը նայեց ծնողներին և բարալիկ ձայնով ասաց․
― Պապա էնդ մամա։
Պապան ու մաման տնքացին հաճույքից ու երջանկությունից։
Մենք իրար երես նայեցինք երրորդ անգամ։
― Օ՜, նա երեխա էլ ունի։ Ո՛չ, սա անտարակույս հիբրիդ չէ։
Գլուխ յոթերորդ — Էլեկտրական աթոռ
Պարզվեց, որ ամերիկյա գրող Էռնեստ Հեմինգուեյը, որի «Ֆիեստա» գիրքը վերջերս տպագրվեց Սովետական Միությունում և մեծ խոսակցություն առաջացրեց սովետական գրական շրջաններում, Նյու֊Յորքում է գտնվում հենց մեր այնտեղ եղած օրերին։
Հեմինգուեյը Նյու֊Յորք էր ժամանել մի շաբաթով։ Պարզվեց, որ նա մի վիթխարի, բեղավոր մարդ է՝ արևից պլոկված քթով։ Նա հագին ուներ ֆլանելե շալվար, բրդե ժիլետ, որը չէր կոճկվում հուժկու կրծքի վրա, և բոբիկ ոտքերին՝ տնային մաշիկներ։
Բոլորս միասին կանգնել էինք հյուրանոցային համարում, ուր ապրում էր Հեմինգուեյը, և զբաղված էինք սովորական ամերիկյան գործով․ ձեռքներս բռնել էինք «գայ֊բոլով» սառցախարն վիսկիյով բարձր ու լայն ըմպանակներ։ Ըստ մեր սովորության, ամեն մի գործ Ամերիկայում դրանով էր սկսվում։ Նույնիսկ, երբ մեր գրական գործերով գնում էինք « Ֆերրար էնդ Ռեյնգարտդ» հրատարակչությունը, որի հետ կապված էինք, ապա ուրախ, շիկահեր միստեր Ֆերրարը, հրատարակիչն ու բանաստեղծը, անմիջապես քարշ էր տալիս մեզ հրատարակչության գրադարանը։ Գրքեր այնտեղ շատ կային, սակայն, բացի այդ, դրված էր մի մեծ սառցապահարան։ Հրատարակիչն այդ պահարանից հանում էր զանազան շշեր և սառցի խորանարդիկներ, ապա հարցնում, թե ո՞ր կոկտեյլին ենք նախապատվություն տալիս։ ― «Մանհետտենին», «Բակարդիին», «Մարտինիին», և անմիջապես սկսում էր կոկտեյլ հարել այնպիսի հմտությամբ, ասես կյանքում երբեք գիրք չէր հրատարակել, բանաստեղծություն չէր գրել, այլ միշտ աշխատել էր իբրև բարմեն։ Ամերիկացիները սիրում են կոկտեյլ հարել։
Խոսք բացվեց Ֆլորիդայի մասին, և Հեմինգուեյն անմիջապես անցավ, ըստ երևույթին, իր սիրած թեմային։
― Երբ ձեր ավտոմոբիլային ուղևորությունը կատարելիս կլինեք, անպայման եկեք ինձ մոտ՝ Կի֊Վեստ, ձուկ կորսանք այնտեղ։
Եվ նա ձեռքերով ցույց տվեց, թե ինչ չափի ձկներ են որսվում Կի֊Վեստում, այսինքն նա իր ձեռքերը որքան կարող էր լայն տարածեց, ինչպես անում է ամեն մի ձկնորս։ Ձկները դուրս էին գալիս զգալի չափով մեծ։
Մենք տագնապով նայեցինք միմյանց և խոստացանք ինչ գնով ուզում է լինի այցելել Կի֊Վեստ, որպեսզի ձուկ բռնենք և լրջորեն, և ոչ ոտքի վրա, խոսենք գրականությունից։ Այդ տեսակետից մենք բոլորովին անխոհեմ լավատեսներ էինք։ Եթե վիճակվեր կատարել այն ամենը, ինչ խոստացել էինք հանդիպումների և տեսակցությունների գծով, ապա մեզ կհաջողվեր Մոսկվա վերադառնալ հազար ինը հարյուր քառասուն թվից ոչ շուտ։ Շատ էինք ուզում ձուկ որսանք Հեմինգուեյի հետ․ չէր շփոթեցնում նույնիսկ այն հարցը, թե ինչպես պետք է վարվեինք սպիննինգի և այլ խրթին գործիքների հետ։
Խոսք բացվեց այն մասին, թե ինչ ենք տեսել Նյու֊Յորքում և ինչ կուզենայինք նայել Արևմուտք մեկնելուց առաջ։ Պատակահականորեն խոսեցինք Սինգ֊Սինգի մասին։ Սինգ֊Սինգը դա Նյու֊Յորքի նահանգի բանտն է։ Նրա մասին մենք գիտեինք փոքրուց, այն փոքրիկ բրոշյուրներից, որոնցում նկարագրվում էին նշանավոր հետախույզներ Նատ Պինկերտոնի և Նիկ Կարտերի արկածները։
Հանկարծ Հեմինգուեյն ասաց․
― Գիտե՞ք ինչ, ինձ մոտ հենց հիմա նստած է իմ աները։ Նա ծանոթ է Սինգ֊Սինգի պետի հետ։ Միգուցե նա գլուխ բերի ձեր այցելությունը այդ բանտը։
Հարևան սենյակից նա դուրս բերեց մաքուր հագնված մի ծերուկ, որի վիզը օղակել էր շատ բարձր, հնաձև, օսլայած օձիքը։ Ծերուկին բացատրվեց մեր ցանկությունը, որին ի պատասխան նա անշտապ շրթունքները ծամեց, իսկ հետո անորոշ ասաց, թե կաշխատի սարքել այդ գործը։ Եվ մենք կրկին վերադարձանք նախկին խոսակցությանը՝ ձկնորսությանը, ուղևորություններին և այլ հիանալի բաներին։ Պարզվեց, որ Հեմինգուեյը ցանկանում է գնալ Սովետական Միություն, Ալթայ։ Մինչև մենք կպարզեինք, թե ինչու նա հատկապես ընտրել է Ալթայը և կգովեինք Սովետական Միության մյուս վայրերը ևս, բոլորովին մոռացվեց Սինգ֊Սինգի վերաբերյալ խոստումը։ Քի՞չ բաների մասին է խոսվում ուրախ շաղակրատանքի պահին, երբ մարդիկ կանգնած են «գայ֊բոլը» ձեռքին։
Սակայն մեկ օր անց պարզվեց, որ ամերիկացիները բնավ շաղակրատներ չեն։ Մենք ստացանք երկու նամակ։ Մեկը հասցեագրած էր մեզ։ Հեմինգուեյի աները քաղաքավարի կերպով հաղորդում էր, որ նա արդեն բանակցել է բանտի պետի միստեր Լյուիս Լյուիսի հետ, և որ մենք կարող ենք ցանկացած օրը դիտել Սինգ֊Սինգը։ Երկրորդ նամակով ծերուկը մեզ հանձնարարում էր միստեր Լյուիս Լյուիսին։
Մենք նկատել էինք ամերիկացիների այդ գիծը և հետո շատ առիթներով համոզվեցինք, որ ամերիկացիները երբեք իրենց խոսքը քամուն չեն տալիս։ Ոչ մի անգամ մեզ չվիճակվեց բախվել այն բանի հետ, ինչ մեզանում «դուրս տալ», կամ, ավելի կոպիտ, «փչել» են անվանում։
Նյու֊Յորքի մեր նոր բարեկամներից մեկը մի անգամ մեզ առաջարկեց մրգային ընկերության շոգենավով մեկնել Կուբա, Յամայկա և Կոլումբիա։ Նա ասաց, որ կարելի է գնալ անվճար, դեռ նավապետի հետ էլ սեղան կնստենք։ Ծովում դրանից ավելի մեծ պատիվ չի կարող լինել։ Մենք, իհարկե, համաձայնվեցինք։
― Շատ լավ, ― ասաց մեր բարեկամը։ Կատարեցեք դուք ձեր ավտոմոբիլային ճամբորդուցյունը, իսկ վերադառնալուց հետո զանգահարեք ինձ։ Ամեն ինչ կարվի։
Կալիֆոռնիայից Նյու֊Յորք վերադարձի ճամփին, գրեթե ամեն օր հիշում էինք այդ խոստումը։ Վերջ ի վերջո նա էլ տրված էր կոկտեյլ խմելու պահին։ Այս անգամվա կոկտեյլը ինչ֊որ բարդ խառնուրդ էր կանաչ, մեծ տերևների, շաքարի և գավաթի տակ նստած բալի։ Վերջապես Տեխասի Սան֊Անտոնիո քաղաքից մենք հիշեցնող հեռագիր ուղարկեցինք։ Եվ արագ պատասխան ստացանք։ Այն նույնիսկ մի փոքր վիրավորական էր։
«Ձեր արևադարձային ռեյսը վաղուց կարգավորված է»։
Մենք այդպես էլ չկատարեցինք արևադարձային այդ ռեյսը՝ ժամանակ չկար։ Բայց ամերիկյան ճշտապահության և իրենց խոսքը պահելու ամերիկացիների ընդունակության մասին ունեցած հիշողությունը մինչև օրս էլ մխիթարում է մեզ, երբ տանջվել ենք սկսում այն մտքից, որ բաց թողեցինք Հարավային Ամերիկայում լինելու առիթը։
Մենք խնդրեցինք միստեր Ադամսին գալ մեզ հետ Սինգ֊Սինգ, և նա բազմիցս մեզ «սըր» ու «միստեր» անվանելով համաձայնեց։ Հետևյալ առավոտ մենք տեղավորվեցինք Ադամսի «կրայսլերի» մեջ և Նյու֊Յորքի լուսակիրների առջև մեկժամյա տառապանքից հետո վերջապես դուրս պրծանք քաղաքից։ Իսկ ընդհանրապես այն, ինչ Նյու֊Յորքում կոչվում է փողոցային շարժում, ազատ կերպով կարելի է անվանել փողոցային կանգառումներ։ Կանգառումները, համենայն դեպս, ավելի շատ են, քան շարժումները։
Երեսուն մղոն անցնելուց հետո պարզվեց, որ միստեր Ադամսը մոռացել է այն քաղաքի անունը, ուր գտնվում է Սինգ֊Սինգը։ Ստիպված էինք կանգ առնել։ Ճամփեզրին մի բանվոր, ավտոմոբիլից բեռնաթափում էր ինչ֊որ կանոնավոր արկղներ։ Մենք նրան հարցրինք Սինգ֊Սինգի ճանապարհը։
Նա իսկույն աշխատանքը թողեց և մոտեցավ մեզ։ Ահա ևս մի հիանալի գիծ։ Անենազբաղված ամերիկացին միշտ ժամանակ ունենում է կարճ, խելացի և համբերատարությամբ բացատրելու ճամբորդին, թե ինչ ճանապարհով պետք է գնալ։ Ընդ որում, նա չի շփոթում և չի ստում։ Եթե նա բացատրում է, նշանակում է գիտե։
Վերջացնելով իր բացատրությունները բանվորը ժպտաց և ասաց․
― Շտապում եք էլեկտրական աթոռի՞ն։ Հաջողություն եմ ցանկանում։
Հետո էլի երկու անգամ, ավելի շուտ խղճներիս հանգստության համր, ստուգեցինք ճանապարհը, և երկու դեպքում էլ միստեր Ադամսը չէր մոռանում ավելացնել, որ շտապում ենք էլեկտրական աթոռի։ Ի պատասխան, ծիծաղ էր հնչում։
Բանտը գտնվում էր Օսենինգ փոքրիկ քաղաքի ծայրին։ Բանտի դարպասների մոտ երկու շարք ավտոմոբիլներ էին կանգնած։ Սիրտներս իսկույն ճմլվեց, երբ տեսանք, որ մեզ հետ միաժամանակ տեղ հասած մեքենայից դուրս եկավ կորացած, հաճելի մի ծերուկ՝ ձեռքին երկու մեծ տոպրակ։ Տոպրակի մեջ ուտելեղենի փաթեթներ և նարինջներ կային։ Ծերուկը դողդոջուն մոտեցավ գլխավոր մուտքին, տարավ «հանձնելիքը»։ Ո՞վ ունի այնտեղ նստած։ Հավանորեն տղան է։ Եվ հավանորեն ծերուկը կարծում էր, որ իր տղան խաղաղ, հրաշալի տղա է, մինչդեռ պարզվում է, որ բանդիտ է, գուցե և մարդասպան։ Դժվար է ծերուկների գործը։
Հանդիսավոր֊վիթխարի ցանկապատով փակ մուտքը բարձր էր՝ առյուծի վանդակի նման։ Նրա երկու կողմերին, պատերի մեջ, ամրացված են կռած երկաթից շինված լապտերներ։ Դռների մեջ կանգնած էին երեք ոստիկան։ Նրանցից յուրաքանչյուրն առնվազն երկու հարյուր անգլիական ֆունտ քաշ ուներ։ Եվ դրանք ոչ թե ճարպի ֆունտեր էին, այլ մկանների, ֆունտեր, որոնք ծառայում էին ճնշելու, հնազադեցնելու համար։
Միստեր Լյուիս Լյուիսը բանտում չէր։ Հենց այդ օրը տեղի էր ունենում Նյու֊Յորք նահանգի կոնգրեսի դեպուտատի ընտրությունները, և պետը մեկնել էր։ Բայց դա ոչինչ չի նշանակում, ― ասացին մեզ։ Հայտնի է, թե որտեղ է գտնվում պետը, հիմա կզանգահարեն նրան՝ Նյու֊Յորք։
Հինգ րոպե անց ստացվեց միստր Լյուիսի պատասխանը։ Լյուիսը շատ էր ցավում, որ հանգամանքները զրկում են նրան անձամբ Սինգ֊Սինգը ցույց տալու հնարավորությունից, բայց նա կարգադրել է իր օգնականին անել մեզ համարյա այն ամենը, ինչ հնարավոր է։
Դրանից հետո մեզ ներս թողեցին ընդունարան, ինքնաեռի փայլի հասցրած թքամաններով սենյակը, և մեր հետևից ճաղաշարը փակեցին։ Մենք երբեք չենք նստել բանտերում և նույնիսկ այստեղ բանկ հիշեցնող մաքրության ու փայլի մեջ, փակվող մետաղե ճաղաշարի շառաչյունը մեզ ստիպեց ցնցվել։
Սինգ֊Սինգի պետի օգնականը չորուկ և ուժեղ կազմվածքով մարդ էր։ Մենք անմիջապես սկսեցինք դիտել։
Այսօր տեսակցության օր էր։ Յուրաքանչյուր բանտարկյալի, եթե, իհարկե, նա ոչ մի բանում չէր մեղանչել, կարող են այցելել երեք հոգի։ Մեծ սենյակը ողորկած բազրիքներով բաժանված է փոքրիկ քառակուսիների։ Յուրաքանչյուր քառակուսիում դեմառդեմ դրված են երկու կարճ նստարան, ինչպիսին լինում են տրամվայներում։ Այդ նստարանների վրա նստում են բանտարկյալները և նրանց հյուրերը։ Տեսակցությունը տևում է մեկ ժամ։ Ելքի դռների մոտ կանգնած է մի բանտապահ։ Բանտարկյալներին հասնում է բանտային գորշ հագուստ, բայց կարելի է հագնել ոչ ամբողջ կոստյումը։ Պետական պետք է լինի նրա որևէ մասը՝ կամ շալվարը, կամ մոխրագույն սվիտերը։ Սենյակում մեղմ խոսակցության ձայն էր լսվում, ինչպես կինեմատոգրաֆի ճեմասրահում։ Հայրերին տեսակցության եկած երեխաները վազում էին ծորակից ջուր խմելու։ Մեզ ծանոթ ծերուկն աչքը չէր հեռացնում իր սիրասուն զավակից։ Կամացուկ լաց էր լինում մի կին, իսկ նրա բանտարկյալ ամուսինը գլխիկոր զննում էր իր ձեռքերը։
Տեսակցության իրադրությունն այնպիսին է, որ հյուրերն անպայման ի վիճակի են բանտարկյալին որևէ արգելված իր տալու։ Բայց դա անօգուտ բան է։ Բանտարկյալին, խցիկ վերադառնալիս, տեսակցուցյան սրահի դռան հետևում անմիջապես խուզարկում են։
Ընտրությունների առիթով բանտում ազատ օր էր։ Բակերի միջով անցնելիս մենք տեսանք կալանավորների փոքրիկ խմբեր, որոնք տաքանում էին աշնանային արևի տակ կամ թե մեզ անծանոթ գնդակախաղով էին տարված (մեր ուղեկիցն ասաց, որ դա իտալական խաղ է և որ Սինգ֊Սինգում շատ իտալացիներ կան նստած)։ Սակայն քիչ մարդ կար։ Բանտարկյալների մեծամասնությունն այդ պահին գտնվում էր բանտի կինոյի դահլիճում։
― Այժմ բանտում երկու հազար երկու հարյուր իննսուն մարդ է նստած, ― ասաց միստեր Լյուիսի օգնականը։ ― Նրանցից ութսունհինգը դատապարտված է ցմահ բանտարկության, իսկ տասնվեցը՝ էլեկտրական աթոռի։ Եվ բոլոր այդ տասնվեցը, անտարակույս, մահվան կենթարկվեն, չնայած որ ներման հույս ունեն։
Սինգ֊Սինգի նոր կորպուսները շատ հետաքրքիր են։ Կասկածից վեր է, որ նրանց շինարարության վրա ազդել է շենքեր կառուցելու ամերիկյան տեխնիկայի ընդհանուր մակարդակը և մանավանդ ամերիկյան կայնքի մակարդակը, այն, ինչ Ամերիկայում անվանում են «ստանդարտ ոֆ լայֆ»։
Ամերիկյան բանտի մասին ամենալավ պատկերացում կտար լուսանկարը, բայց, դժբախտաբար, չի թույլատրվում լուսանկարել Սինգ֊Սինգի ներսը։
Ահա թե ինչ է ներկայացնում իրենից բանտային կորպուսը․ վեց հարկ խցիկներ, նեղ, ինչպես շոգենավի կայուտներ, կանգնած են մեկը մյուսի կողքին և դռների փոխարեն ունեն առյուծի վանդակի ճաղաշար։ Յուրաքանչյուր հարկի երկարությամբ անցնում են մետաղե ներքին սրահները, որոնք իրար մեջ հաղորդակցվում են նույնպիսի մետաղե սանդուղքներով։ Ամենից քիչ դա նմանվում է կացարանի, նույնիկ բանտային։ Կառուցվածքի օգտապաշտությունը նրան գործարանային տեսք է տալիս։ Որևէ մեխանիզմի հետ՝ նմանությունն ավելի է սաստկանում նրանով, որ այդ ամբողջ կառուցվածքը ծածկված է աղյուսաշեն տուփով, որի պատերը գրեթե ամբողջությամբ զբացված են պատուհաններով։ Հենց նրանց միջով էլ խցիկ է թափանցում ցերեկվա և քիչ չափով արևի լույսը, որովհետև խցիկներում պատուհաններ չկան։
Յուրաքանչյուր խցիկ֊կայուտում կա մահճակալ, փոքրիկ սեղան և ունիտազ, ծածկված լաքած կափարիչով։ Մեխից կախված են ռադիո ականջակալներ։ Սեղանի վրա երկու֊երեք գիրք կա դրված։ Պատերին փակցված են մի քանի լուսանկարներ՝ գեղեցիկ աղջիկներ կամ բեյսբոլիստներ, կամ հրեշտակներ, նայած բանտարկյալի հակումին։
Երեք նոր կորպուսներում յուրաքանչյուր բանտարկյալ տեղավորված է առանձին խցիկում։ Դա կատարելագործված է, մինչև վերջը ամերիկացրած, հարմար, եթե կարելի է նման ազնիվ, լավ բառը գործադրել բանտի վերաբերյալ։ Այստեղ լուսավոր է և օդը համեմատաբար լավ։
― Նոր կորպուսներում, ― ասաց մեր ուղեկիցը, տեղավորված է հազար ութ հարյուր մարդ։ Մնացած հինգ հարյուրը գտնվում են հին շենքում, որ կառուցվել է հինգ հարյուր տարի սրանից առաջ։ Գնանք։
Այ սա արդեն իսկական սուլթանական֊պոլսական բանտ էր։
Այս խցիկներում հնարավոր չէ կանգնել հասակով մեկ։ Երբ նստում ես մահճակալին, ծնկներդ քսվում են դիմացի պատին։ Երկու մահճակալ տեղավորված են մեկը մյուսի վրա։ Մութ է, խոնավ ու սարսափելի։ Այստեղ արդեն չկան ոչ փայլատակող ունիտազներ, ոչ էլ հանգստություն բերող հրեշտակների նկարներ։
Ըստ երևույթին մեր դեմքին ինչ֊որ բան արտահայտվեց, որովհետև պետի օգնականը շտապեց ուրախացնել մեզ։
― Երբ ձեզ ուղարկեն ինձ մոտ, ― ասաց նա, ― ես ձեզ կտեղավորեմ նոր կորպուսներում։ Նույնիսկ կգտնեմ Հուդզոնի վրա տեսարան ունեցող խցիկ, մենք այդպիսին ունենք, դրանք առանձնապես արժանավոր բանտարկյալների համար են։
Եվ նա արդեն լուրջ ավելացրեց․
― Ձեզանում, լսել եմ, պատժական սիստեմը նպատակ ունի ուղղել հանցագործին և վերադարձնել նրան հասարակության շարքերը։ Ավա՜ղ, մենք զբաղված ենք միայն հանցագործներին պատժելով։
Մենք խոսք բացեցինք ցմահ բանտարկության մասին։
Եվ նա արդեն լուրջ ավելացրեց․
― Ինձ մոտ հիմա մի կալանավոր կա, ― ասաց մեզ ուղեկցողը, ― որն արդեն քսաներկու տարի է նստած է։ Ամեն տարի նա խնդրագիր է տալիս ներում շնորհելու, և ամեն անգամ, երբ քննվում է նրա գործը, խնդիրքը վճռականապես մերժում են․ մի ժամանակ նա մի գազանային հանցագործություն է կատարել։ Ես նրան բաց կթողնեի։ Նա հիմա բոլորովին ուրիշ մարդ է։ Եվ ընդհանրապես բանտարկյալների կեսին ազատ կարձակեի, քանի որ նրանք, իմ կարծիքով, վտանգավոր չեն հասարակության համար։ Բայց ես միայն բանտապետ եմ, և ինքս ոչինչ անել չեմ կարող։
Մեզ ցույց տվեցին նաև հիվանդանոցը, գրադարանը, ատամնաբուժական կաբինետը, մի խոսքով, բոլոր աստվածահաճո և կուլտուր֊լուսավորական հիմնարկությունները։ Մենք բարձրանում էինք լիֆտերով, անցնում հիանալի միջանցքներով։ Իհարկե, հարկադրանքի միջոցներից, պատժախցեր և նման բաներ, մեզ ոչինչ ցույց չտվեցին, մենք էլ միանգամայն հասկանալի է, քաղաքավարությունից դրդված, չխնդրեցինք։
Բակերից մեկում մենք մոտեցանք միհարկանի, աղյուսաշեն, խուլ մի տան, և պետի օգնականը անձամբ իր ձեռքով բաց արեց դռները մեծ բանալիով։ Այդ տան մեջ Նյու֊Յորք քաղաքի դատարանի վճռով մահապատժի են ենթարկում էլեկտրական աթոռի վրա։
Աթոռը մենք իսկույն տեսանք։
Այն դրված էր անպատուհան ընդարձակ սենյակում, որի մեջ լույս էր թափանցում առաստաղի ապակյա լապտերի միջով։ Մարմարե սպիտակ հատակի վրա մենք երկու քայլ արինք և կանգ առանք։ Աթոռի հետևում, դռան վրա, որը մեր մտած դռան դիմացն էր գտնվում, մեծ, սև տառերով գրված էր՝ «Սայլես» ― «Լռություն»։
Այդ դռնով ներս եմ բերում դատապարտյալներին։
Այն մասին, որ ներում շնորհելու իրենց խնդրանքը մերժված է, և այսօր ևեթ ի կատար է ածվելու մահապատիժը, դատապարտվածներին տեղեկացնում են վաղ առավոտյան։ Հենց այդ ժամանակ էլ դատապարտյալին նախապատրաստում են մահապատժի․ գլխի վրա սափրում են մի փոքրիկ կլորակ, որպեսզի էլեկտրական հոսանքն անարգել իր գործը տեսնի։
Դատապարտվածն ամբողջ օրը նստում է իր խցիկում։ Այժմ, գլխին սափրած կլորակով, նա այլևս ոչ մի բանի հույս չունի։
Մահապատիժը կատարվում է գիշերվա ժամը տասնմեկ֊տասներկուսին։
Շատ ցավալի է, որ մարդն ամբողջ օրվա ընթացքում զգում է մահամերձի տանջանքներ, ― ասաց մեր ուղեկիցը, ― բայց մենք ոչինչ անել չենք կարող։ Դա օրենքի պահանջն է։ Օրենքն այդ միջոցը դիտում է որպես լրացուցիչ պատիժ։
Այդ աթոռի վրա մահապատժել են երկու հարյուր տղամարդու և երեք կնոջ, մինչդեռ աթոռը բոլորովին նոր տեսք ուներ։
Դա մի փայտե դեղին աթոռ էր՝ բարձր մեջքով և արմնկակալներով։ Առաջին հայացքից բավականին խաղաղ տեսք ուներ, և եթե չլիներ կաշվե ապարանջանները, որով կապում են դատապարտվածի ձեռքերն ու ոտքերը, հեշտ ու հանգիստ կարող էր դրված լինել որևէ բարձրաբարո ընտանիքում։ Նրա վրա կնստեր ծանրալուր պապիկը ու իր համար թերթ կկարդար։
Բայց մի վարկյան անց, աթոռը շատ անախորժ թվաց մեզ։ Առանձնապես ճնշում էին ողորկուն արմնկակալները։ Ավելի լավ էր չմտածել նրանց մասին, ովքեր ողորկել էին այն իրենց արմունկներով։
Աթոռից մի քանի մետր հեռավորության վրա դրված էին չորս դիմացկուն կայարանային նստարաններ։ Դրանք վկաների համար են։ Մի փոքրիկ սեղան էլ կար։ Պատի մեջ ամրացված էր լվացարան։ Ահա և ամենը, բոլոր այն կահավորանքը, որոնց մեջ կատարվում է անցումը վատից դեպի լավագույն աշխարհը։ Պատանի Թոմաս Ալվա Էդիսոնը, հավանորեն, չէր ենթադրում, որ էլեկտրականությունը նման մռայլ պարտականություններ էլ է կատարելու։
Ձախ անկյան դուռը տանում էր դեպի մի շենք, որն իր չափով մի քիչ մեծ էր հեռախոսային խցիկից։ Այստեղ պատի վրա փակցված էր մարմարե բաշխից վահանը, ամենասովորական վահան՝ ծանրաքաշ, հնաձև հոսանքահատիչով, որպիսին կարելի է տեսնել ուզածդ մեխանիկական արհեստանոցում կամ գավառական կինեմատոգրաֆի մեքենայական բաժանմունքում։ Միացվում է հոսանքհատիչը, և հոսանքը սաղավարտի միջով վիթխարի ուժով խփում է դատապարտյալի գլխին, ահա և բոլորը, ամբողջ տեխնիկան։
― Հոսանք միացնողը, ― ասաց մեր գիդը, ― ստանում է հարյուր հիսուն դոլար յուրաքանչյուր միացման համար։ Ցանկացողներից ազատվելու ճար չկա։
Իհարկե, մի ժամանակ մեր լսած խոսակցություններն այն մասին, որ իբր երեք հոգի են միացնում հոսանքը, որ նրանցից ոչ մեկը չգիտե, թե իրականում ով է ի կատար ածել մահապատիժը, մտացածին բան դուրս եկավ։ Ոչ, այդ ամենը անհամեմատ պարզ է։ Ինքը միացնում է և ինքն էլ ամեն բան գիտե և մի բանից է վախենում, չլինի թե մրցակիցները խլեն շահավետ աշխատանքը։
Մահապատժի սենյակի դուռը տանում է դեպի անատոմիական բաժինը, իսկ քիչ հեռվում խաղաղ մի սենյակ կար, մինչև առաստաղը լցված փայտե հասարակ դագաղներով։
― Դագաղները շինում են բանտարկյալները հենց մեզ մոտ՝ բանտում, ― տեղեկացրեց մեր ուղեկիցը։
― Դե լավ, կարծես բավականին նայեցինք։ Կարելի է գնալ։
Հանկարծակի միստեր Ադամսը խնդրեց իրեն թույլ տալ նստելու էլեկտրական աթոռին, որպեսզի զգա մահվան դատապարտվածի ապրումները։
― Դե, դե, սըրեր, ― քրթմնջում էր նա, ― դա շատ ժամանակ չի խլի։
Նա հաստատուն նստեց ընդարձակ նստարանին և հանդիսավոր նայեց բոլորիս։ Նրա հետ սկսեցին կատարել սովորական ծիսակատարությունները։ Կաշվե լայն գոտիով կապեցին աթոռի մեջքին, ոտքերն ապարանջաններով սեղմեցին կաղնե ոտքերին, ձեռքերը կապեցին արմունկակալներից։ Միստեր Ադամսի գլխին սաղավարտ չհագցրին, բայց նա այնքան աղերսեց, որ փայլուն գլխին դրեցին լարի մեկ ծայրը։ Մի րոպե սարսափ տիրեց։ Միստեր Ադամսի հայացքը փայլում էր աներևակայելի հետաքրքրությամբ։ Իսկույն երևում էր, որ նա այն մարդկանցից է, որոնք ամեն ինչ ուզում են փորձել իրենց մաշկի վրա, ամեն բան շոշափել իրենց ձեռքերով, ամեն բան տեսնել և ամեն ինչ լսել անձամբ։
Սինգ֊Սինգը թողնելուց առաջ մենք մտանք եկեղեցու շենքը, որտեղ այդ պահին կինոսեանսն էր գնում։ Մեկուկես հազար կալանավորներ նայում էին «Դոկտոր Սոկրատ» նկարը։ Այստեղ դրսևորվեց ադմինիստրացիայի գովելի ձգտումը՝ տալ բանտարկյալներին ամենաթարմ նկարը։ Իրոք, այդ օրը «Դոկտոր Սոկրատը» գնում էր դրսում՝ Օսենինգում։ Սակայն զարմացնում էր այն, որ նկարը բանդիտական կյանքից էր։ Դա ցույց տալ բանտարկյալներին, միևնույն էր, թե ալկոհոլիկին գրգռել մի քիչ օղու տեսքով։ Արդեն ուշ էր, մենք շնորհակալություն հայտնեցինք սիրալիր ընդունելության համար, առյուծի ճաղաշարը բացվեց, և մենք դուրս եկանք։ Էլեկտրական աթոռին նստելուց հետո Միստեր Ադամսը հանկարծակի ընկավ մելամաղձության մեջ և ողջ ճանապարհին լուռ էր։
Վերադարձի ճանապարհին մենք տեսանք ճամփից դուրս եկած բեռնատար մի մեքենա։ Նրա հետևի մասը մաքուր փշրված էր։ Բազմությունը քննարկում էր պատահարը։ Մեկ ուրիշ տեղ ավելի մեծ բազմություն լսում էր հռետորին, որ ծավալվում էր այդ օրվա ընտրությունների վերաբերյալ։ Այստեղ բոլոր ավտոմոբիլները իրենց հետևի ապակիների վրա կրում էին ընտրական թռուցիկներ։ Ավելի դենը՝ պուրակներում, անտառներում մարում էր խենթ աշունը։
Երեկոյան մենք գնացինք տեսնելու միջին ամերիկացու երջանկությունը․ գնացինք «Հոլիվուդ» ռեստորանը։
Ժամը յոթն էր։ Կես տան չափ մեծության էլեկտրական պաննո էր վառվում ռեստորանի մուտքի վերևում։ Կիսազինվորական համազգեստով երիտասարդներ, համազգեստ, որն ընդունված է հյուրանոցների, ռեստորանների, փոքրիկ թատրոնների, սպասավորների համար, ճարպկորեն հրում էին ներս մտնողներին։ Շքամուտքում կախված էին մերկ աղջիկների լուսանկարներ, որոնք նվաղում էին բնակչության նկատմամբ տածած սիրուց։
Ինչպես բոլոր ռեստորաններում, ուր պարում են, «Հոլիվուդի» մեջտեղը զբաղված էր երկարավուն հարթակով։ Հարթակի կողքերին և նրանից փոքր ինչ վեր, տեղավորված էին սեղանները։ Բոլորի վերևում բարձրանում էր բազմամարդ ջազը։
Ջազը կարելի է չսիրել, մանավանդ ճիշտ է նրան սիրելուց դադարել Ամերիկայում, որտեղ նրանից թաքնվել հնարավոր չէ։ Բայց ընդհանրապես, ամերիկյան ջազերը լավ են նվագում։ «Հոլիվուդ» ռեստորանի ջազը իրենից ներկայացնում է հիանալի համաձայնեցված էքսցենտրիկ երաժշտական մեքենա, և նրան լսելը հաճելի է։
Երբ սակավ հետաքրքիր և բնավ չոգևորող ամերիկյան սուպով լի ափսեներն արդեն դրված էին մեր առջև, նվագախմբի միջից հանկարծ դուրս ցատկեցին կիսով չափ մերկ, երեք քառորդով մերկ և ինը տասներորդականով մերկ աղջիկներ։ Նրանք եռանդագին ցատկոտում էին իրենց հարթակների վրա, երբեմն փետուրներ գցելով սուպով լի ափսեների կամ մանանեխի բանկաների մեջ։
Մուհամեդի բիրտ զինվորները, հավանորեն, հենց այսպես էին պատկերացնում իրենց դրախտը, ― սեղանին՝ ուտելիք, շենքում՝ տաքություն և հուրիներն իրենց հինավուրց գործն են տեսնում։
Հետագայում աղջիկները դեռ շատ անգամ դուրս վազեցին․ առաջինի և երկրորդի արանքում, սուրճից առաջ, սուրճ խմելու պահին։ «Հոլիվուդի» տերը թույլ չէր տալիս նրանց ծուլանալ։
Այդ ամերիկյան պրիմիտիվ խոհարարության միացումը պաշտոնեական հեշտասիրության հետ, որոշ չափով խռովեցին մեր հոգին։
Ռեստորանը լեփ֊լեցուն էր։ Այստեղ ճաշը մեկ հոգուն նստում էր երկու դոլար։ Նշանակում է, Նյու֊Յորքի միջին մարդն այստեղ կարող է գալ ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ։ Փոխարենը մեծ բավականություն է ստանում։ Նա և՛ ջազ է լսում, և՛ կոտլետ է ուտում, և՛ հիանում է հուրիներով, և՛ ինքն էլ պարում է։
Պարուհիներից ոմանց դեմքերը բութ էին, մյուսներինը՝ խղճուկ, երրորդներինը՝ դաժան, բայց բոլորինը հավասարապես հոգնած։
Մենք հրաժեշտ տվինք։ Թախիծ էր պատել մեզ նյույորքյան երջանկությունից։
Գլուխ ութերորդ — Նյու֊Յորքի մեծ մրցասպարեզը
«Գերմանական հյուրասիրություն» ակումբի անդամները ամեն երեքշաբթի հավաքվում են Նյու֊Յորքի «Ամբասադոր» հյուրանոցի սպիտակ դահլիճը։
Ակումբի անունն ինքը ճիշտ պատկերացում է տալիս նրա անդամների իրավունքների և պարտականությունների մասին։ Ամեն ոք վճարում է իր համար։ Այդ հզոր տնտեսական բազայի վրա միավորվել են բավականին շատ ժուռնալիստներ և գրողներ։ Բայց բացառություն կա։ Պատվավոր հյուրերը չեն վճարում։ Փոխարենը նրանք պարտավոր են որևէ ծիծաղելի ճառ ասել։ Միևնույն է ինչի մասին, միայն թե ճառը լինի կարճ ու ծիծաղելի։ Եթե ոչ մի կերպ ծիծաղելի դուրս չի գալիս, ապա կարճ պետք է լինի բոլոր դեպքերում, որովհետև ժողովները տեղի են ունենում նախաճաշիկի ժամանակ, և ողջ խրախճանքը միայն մեկ ժամ է տևում։
Հյուրը, ի հատուցումն ճառի, ստանում է թեթև նախաճաշիկ և ակումբի գիպսե մեծ մեդալը, որի վրա պատկերված է ճխլտված ցիլինդրով մի զվարճասեր, ակումբի սկզբնատառերի հովանու տակ մրափած։
Ընդհանուր ծափահարությունների տակ մեդալները կախվում են հյուրերի վզին, և բոլորն արագ ցրվում են։ Երեքշաբթին աշխատանքային օր է, «Գերմանական հյուրասիրության» բոլոր անդամները գործնական մարդիք են։ Ժամը երկուսին մոտ նրանք բոլորն արդեն նստած են իրենց օֆիսներում և բիզնես են անում։ Առաջ են շարժում կուլտուրան կամ պարզապես փող են վաստակում։
Նման մի ժողովում մենք Նյու֊Յորքի «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն» ամենամեծ մրցասպարեզի դիրեկտորին, մրցասպարեզ, որտեղ կազմակերպվում են բռնցքամարտի ամենամեծ մրցումները, ամենամեծ միտինգները, ընդհանրապես բոլոր ամենամեծ բաները։
Այդ երեքշաբթի հյուրերը մենք էինք՝ եկվոր սովետական գրողներս, ամերիկյան հայտնի կինոդերասան և «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն»֊ի դիրեկտորը, որի մասին հենց նոր խոսեցինք։
Մենք հորինեցինք մի ճառ, շեշտը դնելով գլխավորապես ոչ թե հումորի, այլ լակոնիկության վրա, և դրանում լիովին հասանք մեր նպատակին։ Ճառը թարգմանեցին անգլերեն, և մեզանից մեկը, բնավ չշփոթվելով այն բանից, որ գտնվում է անգլերեն լավ իմացողների այդ մեծ ժողովում, կարդած գրածը։
Ահա անգլերենից կրկին ռուսերեն թարգմանված այդ ճառը։
«Միստեր նախագահ և ջենտլմեններ։
Մենք կատարեցինք մեծ ուղևորություն՝ թողեցինք Մոսկվան, որպեսզի ծանոթանանք Ամերիկայի հետ։ Բացի Նյու֊Յորքից, մենք կարողացանք լինել Վաշինգտոնում և Հարտֆորդում։ Մենք Նյու֊Յորքում ապրեցինք մեկ ամիս և այդ ժամկետի վերջում զգացինք, որ սիրում ենք ձեր մեծ, զուտ ամերիկյան քաղաքը»։
Հանկարծակի մեր գլխին սառը ջուր լցրին։
― Նյու֊Յորքը դա բնավ Ամերիկա չէ, ― ասացին մեզ մեր նոր բարեկամները։ ― Նյու֊Յորքը դա միայն կամուրջ է Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Դուք դեռևս գտնվում եք կամուրջի վրա։
Այդ ժամանակ մենք գնացինք Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգը՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքը, թեթևամտորեն հավատացած լինելով, որ այս քաղաքն անպայման ամերիկյան կլինի։ Երկրորդ օրվա երեկոյան կողմ մենք գոհունակությամբ զգացինք, որ սկսում ենք քիչումիչ հասկանալ ամերիկյան կյանքը։
― Վաշինգտոնը բոլորովին էլ Ամերիկա չէ, ― ասացին մեզ, ― դա պետական աստիճանավորների քաղաքն է։ Եթե դուք, իրոք, կամենում եք ճանաչել Ամերիկան, ապա այստեղ անելիք չունեք։
Մենք հնազանդ դասավորեցինք մեր քերծված ճամպրուկները ավտոմոբիլի մեջ և մեկնեցինք Հարտֆորդ, Կոննեկտիկուտ նահանգը, որտեղ իր հասուն տարիներն է անցկացրել ամերիկյան մեծ գրող Մարկ Տվենը։
Այստեղ մեզ իսկույն ազնվորեն նախազգուշացրին․
― Նկատի ունեցեք, որ Հարտֆորդը դեռ Ամերիկա չէ։
Երբ մենք, այնուամենայնիվ, սկսեցինք հարցուփորձ անել, թե որտեղ է գտնվում Ամերիկան, հարտֆորդցիները անորոշ ցույց տվեցին ինչ֊որ կողմ։
«Այժմ մենք եկել ենք ձեզ մոտ, միստեր նախագահ և ջենտլմեններ, որպեսզի խնդրենք, որ մեզ ցույց տաք, թե որտեղ է գտնվում Ամերիկան, որովհետև մենք հատկապես եկել ենք այստեղ, որպեսզի որքան հնարավոր է լավ ծանոթանանք նրա հետ»։
Ճառը ցնցող հաջողություն ունեցավ։ «Գերմանական հյուրասիրություն» ակումբի անդամները երկար ծափահարում էին մեզ։ Հետո միայն մենք պարզեցինք, որ ակումբի անդամների մեծամասնությունը ոչ մի բան չի հասկացել, քանզի հռետորի ռուս֊անգլիական տարօրինակ առոգանությունը բոլորովին խլացրել էր ճառում թաքնված խոր մտքերը։
Ասենք, մեր կողքին նստած միստեր նախագահը, ըստ երևույթին, որսացել էր ճառի իմաստը։ Իր նիհար և խելացի դեմքը դեպի մեզ դարձնելով, նա թրխկացրեց մուրճիկով և այդ կերպ վերջ տալով ծափահարությունների փոթորկին, վերահաս լռության մեջ ասաց․
― Ես շատ եմ ցավում, բայց ինքս էլ հիմա չէի կարողանա ասել, թե որտեղ է գտնվում Ամերիկան։ Եկեք այստեղ հազար ինը հարյուր երեսունվեց թվականի նոյեմբերի երեքի մոտերքը, և այն ժամանակ պարզ կլինի, թե ինչ բան է Ամերիկան և որտեղ է գտնվում այն։
Դա սրամիտ և միակ ճիշտ պատասխանն էր մեր հարցին։ Նոյեմբերի երեքին տեղի էին ունենալու պրեզիդենտական ընտրությունները, և ամերիկացիները գտնում են, որ միայն այդ ժամանակ կորոշվի այն ուղին, որով գնալու է Ամերիկան։
Այնուհետև խոսքը տրվեց բարձրահասակ մի մարդու, որին նախագահը հորջորջեց գնդապետ։ Գնդապետն անմիջապես սկսեց բղբղալ, հեգնանքով նայելով հավաքվածներին։
― Իմ բիզնեսն այն է, ― ասաց նա, ― որ ես «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն» շենքը վարձով եմ տալիս բոլոր ցանկացողներին։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, ինձ ձեռնտու է։ Կոմունիստները միտինգ են կազմակերպում Հիտլերի դեմ՝ իմ դահլիճը վարձով եմ տալիս կոմունիստներին։ Հիտլերականները միտինգ են կազմակերպում կոմունիստների դեմ՝ դահլիճը տալիս եմ հիտլերականներին։ Իմ շենքում այսօր դեմոկրատները նզովում են հանրապետականներին, իսկ վաղը հանրապետականները հենց նույն ամբիոնից ապացուցում են, որ միստեր Ռուզվելտը բոլշևիկ է և Ամերիկան տանում է դեպի անարխիա։ Ւմ դահլիճը բոլորի համար է։ Ես իմ բիզնեսն եմ անում։ Բայց և այնպես ես իմ համոզմունքներն ունեմ։ Վերջերս Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի պաշտպանները ուզում էին իմ դահլիճը վարձել՝ Հաուպտմանի օգտին ագիտացիա մղելու համար։ Եվ ահա այդ մարդկանց ես իմ դահլիճը չտվեցի։ Իսկ ուրիշներին՝ խնդրեմ, համեցեք։ Փող վճարեք և տեղերը գրավեք, ով էլ որ լինեք
- ― բոլշևիկ, անարխիստ, ինձ համար միևնույն է։
Այդ բղբղոցից հետո քաջարի գնդապետը նստեց իր տեղը և շարունակեց սուրճ խմել։
«Մեդիսոն֊սկվեր֊գարդենում» գնդապետի արտահայտությամբ այդ՝ «բոլորի համար» դահլիճում մենք տեսանք բռնցքամարտի մեծ մրցում, որ տեղի էր ունենում աշխարհի նախկին չեմպիոն, իտալացի Կառներայի և գերմանացի ոչ լավագույն, բայց առաջնակարգ բռնցքամարտիկի միջև։
«Մեդիսոն֊սկվեր֊գարդենի» մրցասպարեզն իրենից ոչ թե շրջան է ներկայացնում, ինչպես լինում է կրկեսում, այլ երկարավուն ուղղանկյունի։ Ուղղանկյան շուրջը բավականին թեք բարձրանում են աթոռների շարքերը։ Դեռ մինչև մրցումը, հանդիսատեսի աչքերի առջև հառնում է ազդեցիկ մի տեսարան․ նա միանգամից տեսնում է քսանհինգ հազար աթոռ․ թատրոնում քսանհինգ հազար տեղ կա։ Բռնցքամարտի առթիվ աթոռներ էին դրվել նաև մրցասպարեզում՝ ընդհուպ շրջապատելով բարձրադիր ռինգը։
Ուժեղ, սպիտակ լույսը ընկնում էր ռինգի հարթակի վրա։ Կրկեսի մնացած մասը ընկղմված էր կիսխավարի մեջ։ Սպիտակ, երկեղջյուր գլխազարդերով վաճառողների սուր ճիչերը տարածվում էին վիթխարի շենքով մեկ։ Վաճառողները շարքերի միջով անցնելով, առաջարկում էին աղի կաղին, աղի բլիթներ, ռետինե ծամոն և փոքր շշերով վիսկի։ Սմերիկացիներն իրենց բնույթով ծամող ժողովուրդ են։ Նրանք ծամում են ռետին, կոնֆետ, սիգարի ծայրը, նրանց ծնոտները շարունակ շարժվում են, կափկափում, շրխկում։
Կառներան հանդես եկավ նախավերջին զույգի հետ։ Խլացուցիչ ողջյունների տակ նա դուրս եկավ ռինգ և շուրջը նայեց այն մռայլ ու շփոթ հահայցքով որով սովորաբար օժտված են չափից դուրս բարձրահասակ և ուժեղ մարդիկ։ Դա մի մարդու հայացք է, որը շարունակ վախենում է, թե ինչ֊որ մեկին կամ ինչ֊որ բան կջնջխի, կջարդի, կայլանդակի։
Կառներային իր հայրենիքում՝ Իտալիայում, նույնիսկ անունով էլ չեն ճանաչում։ Նա ունի մականուն «Իլ գիգանտե»։ «Իլ գիգանտեն» անասելի երկարահասակ և երկարաբազուկ մարդ է։ Եթե նա լիներ մոսկովյան տրամվայի կոնդուկտոր, ապա ազատ կարող էր տասկոպեկանոցներ վերցնել առջևի հարթակում կանգնած մարդկանցից։ «Իլ գիգանտեն» նետեց վառ խալաթը և երևաց իր ամբողջ գեղեցկությամբ, բարձրահասակ, ոսկրոտ, գոթական կիսաշեն տաճարի նման։
Նրա հակառակորդը պնդակազն, շիկահեր ու միջահասակ գերմանացի էր։
Տրվեց ազդանշան, մենեջերները թափվեցին ռինգից, և Կառներան սկսեց հանգիստ քոթակել գերմանացուն։ Նույնիսկ ոչ թե քոթակել, այլ կալսել։ Գյուղացի Կառներան ասես իր համար սովորական գյուղատնտեսական աշխատանք էր կատարում։ Նրա երկու մետրանոց ձեռքերը համաչափ բարձրանում և իջնում էին։ Սվելի հաճախ նրանք օդին էին առնում, բայց այն սակավ դեպքերում, երբ իջնում էին գերմանացու վրա, նյույորքյան հասարակությունը բղավում էր՝ «Կառներա։ Բուբո՜ւ»։ Հակառակորդների ուժերի անհավասար լինելը շատ ակնբախ էր։ Կառներան անհամեմատ բարձրահասակ և ծանր էր գերմանացուց։
Այնուհանդերձ հանդիսատեսները բղավում և հուզվում էին, ասես պայքարի ելքը նախապես կանխորոշված չէր։ Ամերիկացիները շատ աղմկարար հանդիսատեսներ են։ Երբեմն նույնիսկ թվում է, որ նրանք բռնցքամարտ կամ ֆուտբոլ են գնում ոչ թե նայելու, այլ բղավելու։ Մրցման ամբողջ ընթացքում ոռնոց էր կանգնած։ Եթե հանդիսականներին որևէ բան դուր չէր գալիս կամ նրանք գտնում էին, որ բռնցամարտիկներից մեկը ճիշտ չի կռվում, երկչոտում կամ խարդախում է, ապա բոլոր խմբով սկսում էին գոռալ՝ «Բուո՜ւ, բուո՜ւ», և աուդիտորիան վերածվում էր փափուկ գլխարկներ կրող համակրելի վայրի ցուլերի ժողովի։ Բացի այդ, հանդիսականներն իրենց բղավոցով օգնում էին կռվողներին։ Կառներայի և գերմանացու պայքարի երեքևկես ռաունդի ընթացքում հանդիսականներն այնքան ուժ կորցրին, այնքան շարժումներ արեցին, որ այդ էներգիայի ճիշտ օգտագործման դեպքում կարելի էր կառուցել վեց հարկանի շենք՝ լիֆտով, տափակ կտուրով և առաջին հարկում ունենալիք սրճարանով։
Գերմանացին երրորդ ռաունդը վերջացրեց գրեթե կուրացած։ Նրա աչքը վնասվել էր։ Իսկ չորրորդ ռաունդի կեսին նա հանկարծակի ձեռքը թափահարեց այն թուղթ խաղացողի պես, որի բախտը չի բանում, և հեռացավ ռինգից, հրաժարվելով մարտը շարունակել։
Ահավոր «բուու֊բուուն» թնդացրեց կրկեսի անսահման տարածությունը։ Դա բնավ սպորտային գործ չէր՝ ռինգից հեռանալը։ Բռնցքամարտիկներին ռինգից պետք է տանեն, և հենց դրա համար էլ հանդիսականները փող են վճարում։ Բայց ըստ երևույթին, գերմանացու համար այնքան տհաճ էր պատկերացնել, թե ինչպես մեկ կամ երկու րոպեից հետո նոկաուտ է ստանալու, որ նա որոշեց այլևս չկռվել։
Հանդիսականները շարունակ բո՜ւ֊բո՜ւ էին անում, մինչև որ դժբախտ բռնցքամարտիկը կանցներ կուլիսների հետևը։ Նրանք այնքան էին վրդովված գերմանացու վարքագծից, որ նույնիսկ ինչպես հարկն է չողջունեցին հաղթողին։ «Իլ գիգանտեն» գլխից վեր բարձրացրեց իրար վրա դրված ձեռքերը, հետո հագավ շքեղ, ասես կուրտիզանուհու, մետաքսե խալաթը, սկեց ռինգի պարանի տակ և ծանրումեծ քայլերով գնաց շորերը փոխելու, գնաց ախոռ վերադարձող պառավ, բանող ձիու քայլերով, որպեսզի իր երկար մռութը խոթի վարսակով լի տոպրակի մեջ։
Վերջին զույգը հետաքրքրություն չէր ներկայացնում։ Շուտով մենք էլ բոլորի հետ դուրս եկանք փողոց։ Ելքի մոտ լրագրավաճառները ծախում էին «Դեյլի Նյուսի» և «Դեյլի Միրրորի» գիշերվա հրատարակությունները, որոնց առաջին էջում աֆիշայի տառերով տպված էր հաղորդում այն մասին, որ Կառներան չորրորդ ռաունդում հաղթեց իր հակառակորդին։ Այն րոպեից, երբ տեղի ունեցավ այդ դեպքը, միչև այն պահը, երբ մենք գնեցինք մրցման հաղորդագրությունով թերթը, անցել էր կես ժամից ոչ ավելի։
Գիշերային երկնքում բոցկլտում էր էլեկտրական մակագրություն՝ «Ջեկ Դեմպսեյ»։ Բռնցքամարտի մեծ չեմպիոնը, ռինգի վրա իր կարիերան ավարտելով, «Մեդիսոն֊սկվեր֊գարդենի» մոտերքում բացել էր բար և ռեստորան, ուր հավաքվում էին սպորտի սիրահարները։ Ոչ մի ամերիկացու մտքովն, իհարկե, չի անցնի կշտամբել Դեմպսեյին այն բանի համար, որ նա սպորտսմենից դարձել է ռեստորանատեր։ Մարդը փող է վաստակում, անում է իր բիզնեսը։ Միևնույն չէ՞, թե ինչ միջոցով է փող վաստակում։ Այն փողերն են լավ, որոնք շատ են։
Բռնցքամարտը կարող է դուր գալ կամ չգալ։ Դա յուրաքանչյուր մարդու գործն է։ Բայց բռնցքամարտը, այնուամենայնիվ սպորտ է, գուցե՝ դժվարին, գուցե նույնիսկ ավելորդ, բայց սպորտ է։ Ինչ վերաբերում է ամերիկյան ըմբշամարտին, ապա այն իրենից ներկայացնում է ամենևին ոչ սպորտային, թեև զարմանալի տեսարան։
Մենք այդպիսի ըմբշամարտ տեսանք «Մեդիսոն֊սկվեր֊գարդենում»։
Ամերիկյան ըմբշամարտի կանոններով․․․ Ասենք, ինչ հարկ կա խոսելու կանոնների մասին, երբ այդ ըմբշամարտի առանձնահատկությունը հենց այն է, որ ոչ մի կանոն չկա։ Կարելի է անել ինչ ուզում ես․ Կոտրատել հակառակորդի ձեռքերը, մատները խոթել նրա բերանը, ջանալով պատռել այն պահին, երբ հակառակորդը փորձում է կծել նրա մատները, քաշքշել մազերից, պարզապես ծեծել, եղունգներով չանգռել դեմքը, քաշել ականջները, խեղդել կոկորդը․ ամեն ինչ կարելի է անել։ Այդ ըմբշամարտը կոչվում է «ռեսլինգ» և անկեղծ հետաքրքրություն է առաջացնում հանդիսականների մեջ։
Ըմբշամարտիկները թավալվում են ռինգի վրա՝ իրար ճխլելով, այդպես պառկում են տասը րոպե, լացում են ցավից ու զայրույթից, փնչացնում, թքոտում, ճղճղում են և ընդհանրապես պահում են իրենց զզվելի և անպատկառ, ինչպես մեղապարտները դժոխքում։
Զզվանքն ավելի է սաստկանում, երբ կես ժամ անց սկսում են հասկանալ, որ այդ ամենը հիմարագույն խաբեություն է, որ այստեղ չկա նույնիսկ հասարակ փողոցային տուրուդմբոց՝ երկու հարբած խուլիգանների միջև։ Եթե մի ուժեղ մարդ ցանկանում է կոտրել մյուսի ձեռքը, ապա միշտ կարող է ճարպիկ գտնվել և այդ անել։ Մինչդեռ «ռեսլինգում» չնայած միմյանցից բռնելու ամենասարսափելի ձևերին, անդամախեղություն չտեսանք։ Բայց ամերիկացիները երեխայի պես հավատում են այդ միամիտ խաբեությանը և նվաղում հիացմունքից։
Միթե՞ կարելի է այդ գռեհիկ երևույթը համեմատել կովբոյների մրցության հետ․ «ռեսլինգով» ապականված հենց այդ ուղղանկյուն մրցասպարեզի վրա մենք տեսանք «ռոդեո» ― Արևմուտքի հովիվների մրցությունը։
Այս անգամ ոչ ռինգ կար, ոչ աթոռ։ Հսկայական մրցասպարեզը ծայրեծայր ծածկված էր մաքուր ավազով։ Ամբիոնի վրա նստել էին նվագողները՝ կովբոյական գլխարկներով և ամբողջ ուժով փչում էին իրենց վալտորներն ու տրոմբոնները։
Բացվեցին փայտե համատարած արգելապատի դռները և սկսվեց մասնակիցների շքահանդեսը։ Հիանալի նժույգներ հեծած անցնում էին Ամերիկայի ռոմանտիկ նահանգների ներկայացուցիչները․ Տեխասից, Արիզոնից, Նևադայից եկած կովբոյներն ու կաուգերլսները (հովիվներն ու հովվուհիները)։ Ծփում էին հսկայական գլխարկների դաշտերը, աղջիկները ողջունում էին հասարակությանը՝ ձեռքները տղամարդու պես վեր բարձրացնելով։ Մրցարանում արդեն մի քանի հարյուր հեծյալներ կային, իսկ դարպասներից դեռ շարունակուն էին դուրս գալ նորանոր կովբոյներ։
Հանդիսավոր մասն ավարտվեց, սկսվեց գեղարվեստականը։
Կովբոյները հերթով դուրս էին գալիս դարպասներից՝ ցածրահասակ և կատաղիորեն ցատկող ցուլերին հեծած։ Ամենայն հավանականությամբ, մրցասպարեզ մտնելուց առաջ, այդ ցուլերին ինչ֊որ բանով ցավ էին պատճառել, որովհետև անասելի քացահարում էին։ Հեծյալի խնդիրն այն էր, որ նա պետք է որքան հնավավոր է երկար մնար անասունի մեջքին, նրանից չբռնելով և գլխարկը պահելով աջ ձեռքին։ Առաստաղից կախված էր մի վիթխարի վայրկայանացույց, որին կարող էր հետևել ամբողջ դահլիճը։ Մի կովբոյ դիվահար ցուլի վրա մնաց տասնյոթ վայրկյան, մյուսը՝ քսանհինգ։ Հեծյալներից մի քանիսին ցուլերը գետին էին շպրտում արդեն երկրորդ կամ երրորդ վայրկյանին։ Հաղթողին հաջողվեց ցուլի վրա մնալ մոտ քառասուն րոպե։ Կովբոյները գյուղական տղաների լարված և ամոթխած դեմք ունեին, որոնք չեն ուզում խայտառակվել հյուրերի առջև։
Հետո կովբոյները մեկը մյուսի հետևից, ձիերի վրա նստած, սլանում֊գալիս էին, փաթաթաց օղապարանները թափահարելով։ Ձիու առջևից պոչը ցցած, խանդավառ արշավով սլանում էր մի հորթուկ։ Վայրկյանացույցը նորից բաց էին թողնում։ Օղապարանն անսպասելիորեն դուրս էր թռչում կովբոյի ձեռքից։ Օղակն օդի մեջ այնպես էր պահում իրեն, ասես կենդանի լիներ։ Մի վայրկյան նա կախվել էր հորթուկի գլխավերևում, իսկ հետևյալ վայրկյանին հորթն արդեն փռված էր գետնին, և ձիուց իջաց կովբոյը վազում էր դեպի նա, որպեսզի հնարավոր արագությամբ տեխասյան գիտության բոլոր կանոններով կապի հորթուկին և դարձնի նրան խնամքով փաթաթված, թեև հուսահատ մռնչացող մի իր։
«Ռոդեոյի» սիրահարներն աղաղկում էին և հուշատետրում գրի առնում վայրկյաններն ու վայրկյանի տասնորդականները։
Ամենադժվարը թողնված էր վերջում։ Այստեղ արդեն կովբոյներն աշխատանք շատ ունեին։ Դարպասներից բաց թողեցին պոզահարող, չար մի կով։ Նա մրցարանով սլանում էր այնպիսի արագությամբ, որպիսին չէր կարելի սպասել այդ, ընդհանուր առմամբ, խաղաղ կենդանուց։ Կովբոյը ձիով ընկել էր նրա հետևից, հետո ամբողջ թափով թռավ կովի վզին և, պոզերից բռնելով, կռացրեց գետնին։ Ամենա կարևորը և ամենադժվարը կովին տապալելն էր։ Շատերին այդպես էլ չհաջողվեց այդ անել։ Կովին տապալելուց հետո պետք էր կապել նրա չորս ոտքերը և գոնե մի քիչ կաթ կթել շշի մեջ, որը կովբոյը շտապ հանում էր գրպանից։ Այդ ամենի համար միայն մեկ րոպե էր տրվում։ Կովը կթելուց հետո կովբոյը հանդիսավոր կերպով շիշը բարձրացնում էր գլխից վեր և ուրախ֊ուրախ վազում ցանկապատի հետևվը։
Հովիվների փայլուն մարզանքները, նրանց մեղմ երգերն ու սև կիթառները ստիպեցին մեզ մոռանալ բռնցքամարտի ձեռնոցների ծանր շրխոցները, ամերիկյան «ռեսլինգ» ըմբշամարտի մասնակիցների լորձունքոտ, բաց երախներն ու լացակումած դեմքերը։
Գնդապետն իրավացի էր։ Նրա մրցարանում կարելի էր և՛ լավը տեսնել և՛ վատը։
Գլուխ իններորդ — Մենք ավտոմոբիլ ենք գնում և մեկնում։
Սինգ֊Սինգի ճանապարհին նույնիսկ, դեռևս միստեր Ադամսի հետ նախաճաշելուց առաջ, մենք սկսեցինք նրան համոզել մեզ հետ մեծ ճանապարհորդություն կատարել Ամերիկայով։ Քանի որ ոչ մի փաստարկ չունեինք, ապա մենք միօրինակ կրկնում էինք նույն բանը․
― Դե գնանք մեզ հետ։ Դա շատ հետաքրքիր կլինի։
Մենք համոզում էինք նրան այնպես, ինչպես երիտասարդն է համոզում աղջկան իրեն սիրել։ Դրա համար նա ոչ մի հիմք չունի, բայց շատ է ուզում, որ ինչ֊որ մեկն իրեն սիրի։ Եվ նա անդադար խնդրում է։
Միստեր Ադամսը ջահել աղջկա նման շփոթված՝ ոչինչ չէր պատասխանում կամ աշխատում էր փոխել խոսակցության նյութը։
Այդ դեպքում մենք ուժեղացնում էինք ճնշումը։ Մենք հնարեցինք մի կտտանք, որին մի ամբողջ շաբաթ ենթարկում էինք այդ տարիքավոր բարի ջենտլմենին։
― Նկատի առեք, միստեր Ադամս, որ դուք մեր կործանման պատճառը կդառնաք։ Առանց ձեզ, մենք կկորչենք գանգստերներով, բենզինի կոլոնկաներով և ձվով ու ապուխտով լեցուն այս երկրում։ Ա՛յ, կքոսոտենք ձեր աչքերի առջև այս Նյու֊Յորքում և կկորչենք։
― Դե՛, դե՛, սըրեր, ― ասում էր միստեր Ադամսը, ― դե։ Այդպես միանգամից չի կարելի։ Անհեռատեսություն կլինի այդպես վարվել։ Այո՛, այո՛, այո՛։ Դուք այդ չեք հասկանում, միստեր Իլֆ և միստեր Պետրով։
Բայց մենք անգթորեն շարունակում էինք այդ խոսակցությունը, զգալով, որ մեր նոր բարեկամը տատանվում է և որ անհաժեշտ է որքան հնարավոր է շատ ծեծել մաքուր, գորշ կոստյումի մեջ պարփակված երկաթը, քանի դեռ տաք է։
Միստեր Ադամսը և նրա կինը պատկանում էին սիրող ամուսինների այն տեսակին, որոնք հենց առաջին հայացքից հասկանում են միմյանց։
Միսիս Ադամսի հայացքում կարելի էր կարդալ․
«Ես գիտեմ, որ դու շատ ես ուզում մեկնել։ Դու պարզապես հազիվ ես քեզ զսպում, որպեսզի ճամփա ընկնես առաջին պատահած մարդկանց հետ։ Այդպիսին է քո բնավորությունը։ Քեզ համար ոչինչ չարժե լքել ինձ և Բեբիին։ Դու հետաքրքասեր էս նեգր երեխայի նման, թեև արդեն վաթսուներեք տարեկան ես։ Մի մտածիր, թե քանի անգամ ես կտրել֊անցել Ամերիկան և՛ ավտոմոբիլով, և՛ գնացքով։ Դու այն գիտես քո բնակարանի պես։ Բայց եթե ուզում ես մի անգամ էլ նայել՝ մեկնիր։ Ես ամեն բանի պատրաստ եմ քեզ համար։ Միայն մի բան է ինձ անհասկանալի, ո՞վ է վարելու ձեր մեքենան։ Ասենք, արեք ինչպես գիտեք։ Իսկ իմ մասին լավ է բնավ չմտածեք»։
«Նո՛, նո՛, Բեկկի, ― կարդացվում էր միստեր Ադամսի պատասխան հայցքում։ ― Դա սխալ կլինի և վաղաժամ է այդպես մռայլորեն մտածել իմ մասին։ Ես ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Պարզապես ուզում եմ օգնել մարդկանց։ Եվ հետո, ես կկորչեմ առանց քեզ։ Ո՞վ է իմ գլուխը սափրելու։ Ավելի լավ է՝ եկ մեզ հետ։ Դու ավելի հետաքրքրասեր ես, քան ես։ Այդ ամենքը գիտեն։ Գնանք։ Ի դեպ, դու կվարես մեքենան։
«Իսկ բեբի՞ն, ― պատասխանում է միսիս Ադամսի հայացքը։
«Այո, այո, բեբին։ Դա սարսափելի է, ես բոլորովին մոռացել էի»։
Երբ լուռ խոսակցությունը հասնում էր այդ տեղին, միստեր Ադամսը շուռ էր գալիս մեր կողմը և բացականչում․
― Նո, նո, սըրեր։ Դա հնարավոր չէ։
― Իսկ ինչու՞ հնարավոր չէ, ― նվում էինք մենք։ ― Ամեն բան հնարավոր է։ Այդպես լավ կլինի։ Մենք կգնանք, դադարներ կանենք, կիջևանենք հյուրանոցներում։
― Ո՞վ է հյուրանոցում իջևանում, ― հանկարծ բղավեց միստեր Ադամսը։ Մենք կիջևանենք տուրիստհաուզներում կամ կեմպերում։
― Ա՛յ տեսնում եք, ― վրա էինք բերում մենք, ― դուք ամեն ինչ գիտեք, գնանք։ Դե, գնանք։ Ազնիվ խոսք։ Միսիս Ադամս, գնանք մեզ հետ։ Գնանք։ Գնանք ամբողջ ընտանիքով։
―Իսկ բեբի՞ն, ― բղավեցին երկու ամուսինները։
Մենք թեթևամտորեն պատասխանեցինք։
― Բեբիին կարելի է տալ մանկամսուր։
― Նո՛, նո՛, սըրեր, օ՜, նո՛։ Դուք մոռացել եք։ Այստեղ մանկամսուր չկա։ Դուք Մոսկվայում չեք։
Դա ճիշտ էր։ Մենք Մոսկվայում չէինք։ Միստեր Ադամսի բնակարանի պատուհաններից երևում էին Սենտրալ֊պարկի մերկ ծառերը, և կենդանաբանական այգուց լսվում էին խռպոտ ճիչեր, դրանք թութակներն էին, որոնք ընդօրինակում էին ավտոմոբիլի շչակներին։
― Այդ դեպքում տվեք նրան ծանոթներին, ― շարունակում էինք մենք։
Ամուսինները մտասուզվեցին։ Բայց այդ պահին ամեն բան փչացրեց ինքը՝ բեբին, որը գիշերային շապկով, որի վրա ասեղնագործված էր Միկկի֊Մաուս, մտավ սենյակ։ Նա եկավ քնելուց առաջ հրաժեշտ տալու։ Ծնողները հառաչանքով նետվեցին դեպի իրենց աղջիկը։ Գրկում էին, համբուրում և ամեն անգամ շուռ էին գալիս մեր կողմը։ Այժմ երկուսի հայացքներում էլ կարելի էր կարդալ միևնույն բանը։ «Ինչպե՞ս։ Այս հրաշալի աղջկան փոխանակել երկու օտարերկրացիներո՞վ։ Ո՜չ, այդ չի լինի»։
Բեբիի հայտնվելը ետ շպրտեց մեզ գրեթե ելման դիրքերը։ Ամեն բան պետք է նորից սկսել։ Եվ մենք նոր գրոհների անցանք։
― Ի՜ նչ հիանալի երեխա է։ Քանի՞ տարեկան է։ Մի՞թե միայն երկու։ Տեսքից կարելի է ութ տալ։ Զարմանալի ինքնուրույն երեխա է։ Դուք նրան ավելի շատ ազատություն պետք է տաք։ Արդո՞ք ձեզ չի թվում, որ ծնողների մշտական խնամակալությունը դանդաղեցնում է երեխայի զարգացումը։
― Այո՛, այո՛, այո՛, միստերներ, ― ասում էր երջանիկ հայրը, երեխային փորին սեղմելով։ ― Դա պարզապես կատակ է ձեր կողմից։
Երբ երեխային պառկեցրին քնելու, հանուն քաղաքավարության հինգ րոպեի չափ խոսեցինք դեսից֊դենից, իսկ հետո նորից մեր գիծը առաջ տարանք։
Մենք բազում առաջարկներ արինք բեբիի վերաբերյալ, բայց նրանցից ոչ մեկն ընդունելի չէր։ Կատարյալ հուսահատության մեջ հանկարծ ասացինք, պարզապես բերաններիցս թռցրինք։
― Իսկ դուք չունե՞ք որևէ պատվարժան տիկին, որը ձեր բացակայության օրերին կարողանար ապրել բեբիի հետ։
Պարզվեց, որ այդպիսի տիկին կարծես թե կա։ Մենք արդեն սկսեցինք զարգացնել այդ միտքը, երբ միստեր Ադամսը ոտքի ելավ։ Նրա ակնոցի ապակիները փայլել սկսեցին։ Նա շատ լրջացավ։
― Սըրեր։ Մեզ երկու օր է պետք, որպեսզի լուծենք այդ հարցը։
Երկու օր մենք թրև էինք գալիս Նյու֊Յորքում, ձանձրացնելով միմյանց հարցերով, թե ի՞նչ կլինի, եթե Ադամսները հրաժարվեն մեզ հետ գալ։ Այդ դեպքում որտեղի՞ց կգտնենք այն իդեալական էակին։ Եվ մենք երկար կանգ էինք առնում ճամբորդական իրերի խանութների ցուցափեղկերի առջև։ Շոտլանդական կտորից կայծակ֊օղլակներով պայուսակները, նավային պարուսինից կարած մեջքակապերը, կաշվե փափուկ ճամպրուկները, պլեդները և թերմոսները ― ամեն ինչ հիշեցնում էր ճամբորդուցյան մասին ու հրապուրում։
Ճիշտ նշանակված ժամկետին մեր համարում հայտնվեց միստեր Ադամսը։ Նա անճանաչելի էր դարձել։ Նա դանդաղկոտ էր և հանդիսավոր։ Ժիլետի բոլոր կոճակները կոճկված էին։ Այդպես գալիս է հարևան բարյացակամ տերության դեսպանը արտաքին գործերի մինիստրի մոտ և տեղեկացնում, որ իր նորին մեծության կառավարությունը իրեն համարում է պատերազմական դրության մեջ այն տերության հետ, որի ներկայացուցիչը հենց համարվում է նշված արտաքին գործերի մինիդտրը։
― Միստեր Իլֆ և միստեր Պետրով, ― ասաց փոքրիկ հաստլիկը փնչացնելով և ճաղատի սառը քրտինքը սրբելով, ― մենք որոշեցինք ընդունել ձեր առաջարկությունը։
Մենք ուզեցինք գրկել նրան, բայց նա թույլ չտվեց, ասելով․
― Սըրեր, սա չափազանց լուրջ պահ է։ Այլևս չի կարելի ժամանակ կորցնել։ Դուք այդ պետք է հասկանաք, սըրեր։
Այդ երկու օրվա ընթացքում միստեր Ադամսը ոչ միայն որոշում էր ընդունել, այլև մանրամասնորեն մշակել էր մեր ամբողջ մարշրուտը։ Այդ մարշրուտից մարդու գլուխ էր պտտվում։
Նախ՝ մենք գրեթե ամբողջ երկարությամբ կտրում֊անցնում էինք Նյու֊Յորքի նեղլիկ ու երկար նահանգը և կանգ էինք առնում էլեկտրական արթյունաբերության քաղաք Սկենեկտեդիում։ Հաջորդ մեծ կայանը Բուֆֆալոն է։
― Միգուցե շատ տախտուկ բան է Նիագարայի ջրվեժը տեսնելը, բայց սըրեր, անպայման պետք է տեսնել։
Հետո Օնտարիո և Էրի լճերի ափով կգնանք Դետրոիտ։ Այստեղ կդիտենք Ֆորդի գործարանները։ Ապա՝ Չիկագո։ Դրանից հետո ճանապարհը գնում է դեպի Կանզաս֊սիթի։ Օկլախոմայի միջով ընկնում ենք Տեխաս։ Տեխասից՝ Սանտա֊ֆե, Նյու֊Մեքսիկո նահանգը։ Այստեղ մենք լինում ենք հնդիկների տերիտորիայում, Ալբուկերկից հետո անցնում ենք քարքարոտ լեռների վրայով և ընկնում Գրենդ֊կենյոն։ Ապա՝ Լագ֊վեգաս և Կոլորադո գետի նշանավոր Բոուլդեր֊դամ ամբարտակը։ Եվ ահա մենք Կալիֆոռնիայում ենք, որը կտրում է Սիեռա֊Նևադա լեռնաշղթան։ Ապա՝ Սան֊Ֆրանցիսկո, Լոս֊Անժելոս, Հոլլիվուդ, Սան֊Դիեգո։ Խաղաղ Օվկիանոսի ափերից ետ ենք վերադառնում մեքսիկական սահմանի երկարությամբ՝ Էլ Պասոյի, Սան֊Անտոնիոյի և Յուստոնի միջով։ Այստեղ մենք շարժվում ենք մեքսիկական ծովածոցի երկարությամբ։ Մենք արդեն սև նահանգներում ենք՝ Լուիզիանայում, Միսիսիպիում, Ալաբամայում։ Մենք կանգ ենք առնում Նյու֊Օռլեանում և Ֆլորիդայի հյուսիսային անկյան միջով, Տալագասսայի, Սավաննայի և Չառլստոնի միջով շարժվում ենք դեպի Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքը։
Հիմա հեշտ է գրել այդ ամենի մասին, իսկ այն ժամանակ․․․ որքան բղավոց կար, վեճ, և փոխադարձաբար համոզելու ճիգեր։ Ուզում էինք լինել ամենուրեք, բայց ժամանակը սահմանափակ էր։ Ավտոմոբիլային ողջ ուղևորությունը պետք է տևեր երկու ամիս և ոչ մի օր ավելի։ Ադամսները վճռականապես հայտարարեցին, որ բեբիի հետ կարող են բաժանվել միայն վաթսուն օրով։
Միակ արգելքը ավտոմոբիլն է։ Ինչպիսի՞ ավտոմոբիլ գնել։
Չնայած նախորոք հայտնի էր, որ գնվելու է ամենաէժան ավտոմոբիլը, որպիսին կգտնվի Միացյալ Նահանգների տերիտորիայում, բայց մենք որոշեցինք այցելել հազար ինը հարյուր երեսունվեց թվականի ավտոմոբիլային սալոնը։ Հազար ինը հարյուր երեսունհինգ թվականի նոյեմբեր ամիսն էր, և սալոնը նոր էր բացվել։
Ցուցահանդեսային շենքի երկու հարկում, ինչպես կիզակետի մեջ, հավաքվել էր ավտոմոբիլային Ամերիկայի հեքիաթային ողջ փայլը։ Ոչ նվագախումբ կար, ոչ արմավենիներ, ոչ բուֆետ, մի խոաքով, լրացուցիչ ո՛չ մի զարդարանք։ Ավտոմոբիլներն ինքնին այնքան գեղեցիկ էին, որ ոչ մի բանի կարիք չէին զգում։ Ամերիկյան տեխնիկայի ազնիվ ոճն այն է, որ գործի էությունը ոչ մի կողմնակի բանով խաթարված չէ։ Ավտոմոբիլն այն առարկան է, որի համար եկել են այստեղ։ Եվ այստեղ միայն նա գոյություն ունի։ Նրան կարելի է ձեռք տալ, մեջը նստել, ղեկը պտտեցնել, ֆառերը վառել, մոտորը քչփորել։
Թանկարժեք «պակկարդների», «կադիլակների», «ռոլս֊րոյսեի», երկարավուն մարմինները դրված էին հայելապատ ստենդների վրա։ Առանձին հրապարակներում պտույտներ էին գործում հատկապես ողորկված շասսիներ և մոտորներ։ Պտտվում ու վեր֊վեր էին ցատկում նիկելե անիվները, ցույց տալով ռեսորների և ամորտիզատորների ճկունությունը։
Յուրաքանչյուր ֆիրմա ցուցադրում էր սեփական տեխնիկական տրյուկ, որևէ կատարելագործում, արված հենց նրա համար, որ վերջնականապես գայթակղեցնի գնորդին և դուրս բերի նրան (և գլխավորապես նրա կնոջը) հոգեկան հավասարակշիռ վիճակից։
«Կրայսլեր» ֆիրմայի ցուցադրած բոլոր ավտոմոբիլները ոսկեգույն էին։ Այդպիսի բզեզներ են լինում՝ դարչնաոսկեգույն։ Հառաչանք էր լսվում այդ ավտոմոբիլների շուրջը։ Ողջախոհ կույսերի երկնագույն աչքերով սիրունիկ ու լղարիկ ամերիկուհիները պատրաստ էին սպանություն կատարել այդպիսի մեքենա ունենալու համար։ Նրանց ամուսինները գունատվում էին այն մտքից, որ այդ գիշեր մեն֊մենակ են մնալու իրենց կանանց հետ, և փախչելու տեղ չի լինի։ Շա՜տ, շատ խոսակցություն է լինում ավտոմոբիլային սալոնի բացման գիշերը։ Ցուցահանդեսի բացման օրը վատ է լինում տղամարդու բանը։ Նա երկար թափառելու է ամուսնական առագաստի շուրջը, ուր կատվի պես կուչ եկած պառկելու է նրա սիրած էակը, և փնթփնթալու է։
― Միսսի, չէ՞ որ մեր «պլիմուտը» քսան հազար մղոն է արել միայն։ Չէ՞ որ դա իդեալական մեքենա է։
Բայց էակը նույնիսկ ականջ չի դնելու իր ամուսնուն։ Նա մի գլուխ կրկնելու է հա կրկնելու է նույն բանը․
― Ոսկեգույն «կռայսլեր» եմ ուզում։
Եվ այդ գիշեր ամուսնական մահճակալը ամուսնու համար դառնալու է հնդկական դերվիշի մեխապատ առագաստ։
Բայց ավելի լավ շրջահոսության համար թևերի մեջ թաքցրած բյրեղապակյա լապտերներով, հզոր, ցածլիկ «կորդերը» ստիպում են մոռանալ ոսկե բզեզներին։ Ամերիկուհիները բարձրանում են այդ մեքենաները և ժամերով նստում այնտեղ, դուրս գալու ամզոր։ Տրամադրությունները լրիվ փչացած՝ նրանք սեղմում են կոճակը, և լապտերները հանդիսավոր կերպով դուրս են սողում թևերից։ Նորից են սեղմում կոճակը, լապտերները թաքնվում են իրենց բներում։ Եվ դարձյակ արտաքինից ոչինչ չի երևում․ փայփլող լերկ թև։
Բայց ամեն ինչ խունանում է՝ և՛ ոսկին, և՛ բյուրեղապակին, տեսքով հնացած, բայց ազնվատեսք հսկա «ռոլս֊ռոյսերի առջև։ Սկզբում ուզում ես անցնել այդ մեքենաների կողքով։ Սկզբում նույնիսկ զարմանում ես, թե ինչու այս ֆառերը թաքցնող և ոսկերանգ սլացիկ մոդելների կողքին դրված են այս սև ու հասարակ մեքենաները։ Բայց բավական է մոտիկից տնտղես, և պարզ է դառնում, որ հենց սա է գլխավորը։ Այդ մեքենան ամբողջ կյանքի համար է, չափից դուրս հարուստ պառավների, արքայազների համար է։ Այս դեպքում Միսսին նկատում է, որ երբեք լիակատար երջանկության չի հասնի, որ երբեք արքայադուստր չի լինի։ Դրա համար Ֆրենկը իր Օֆիսում շատ քիչ փող է վաստակում։
Այս մեքենան երբեք դուրս չի գա մոդայից, չի հնանա, ինչպես չեն հնանաում ադամանդը և սամույրի մորթին։ Օ՜հ, նույնիսկ սարսափելի է նրա մեջ նստել։ Քեզ զգում ես կնիքապահ լորդի պես, որը կորցրել է կնիքը և հիմա վտարվելու է։
Մենք նստեցինք «ռոլս֊ռոյսը» և որոշեցինք չգնել այն։ Այդ մեծ շռայլություն կլիներ մեզ համար։ Այն հազիվ թե մեզ պիտանի լիներ մեր կատարելիք դաժան ճանապարհորդության համար։ Ի դեպ, բազում հազար դոլարներ արժեր։
Հետո մենք շրջեցինք մեքենայից մեքենա․ նստեցինք և՛ երկնագույն «բյուկի», և՛ փոքր ու էժանագին «շեվրոլեի» մեջ, կոճակի սեղմումով իրենց ապաստանից դուրս էինք բերում կորդովյան լապտերները, շոշափում «պլիմուտները», «օլդսմոբիլները», «ստուդեբեկկերները», «հուդզոնները», «նեշերը», նույնիսկ սեղմում էինք «կադիլյակի» կլաքսոնը այնպիսի տեսքով, ասես դրանից էր կախված «կադիլյակը» գնելու կամ չգնելու հարցը։ Բայց հրաշալի մեքենայի ընդերքից տափաստանային հուժկու ոռնոց առաջացնելուց հետո, քաշվեցինք մի կողմ։ Ո՛չ։ Չենք գնի։ Միջոցներս չի ների։
Մենք այցելեցինք նաև ավտոմոբիլային մյուս սալոնները։ Նրանք առավելապես տեղավորված էին բաց երկնքի տակ, քաղաքամերձ ամայի վայրերում, և նրանց բոլորի հոյակապությունը փչացնում էր «բանեցրած ավտոմոբիլներ» մակագրությամբ մեծ ցուցանակը։
Այստեղ էլ կային «ստուդեբեկկերներ», օլդսմոբիլներ, «կադիլյակներ», «հուդզոններ» և «պլիմուտներ»։ Բայց ի՜նչ էր արել ժամանակը։ Ոչ մի նորոգումով հնարավոր չէր թաքցնել նրանց պատկառելի ծերությունը։
― Այս մեքենաները շատ հարուստ մարդկանց համար են, ― անսպասելիորեն ասաց միստեր Ադամսը։ ― Ես խորհուրդ եմ տալիս նոր ֆորդ գնել։ Բանեցրած մեքենան էժան է, բայց դուք բնավ չգիտեք, թե ճանապարհին քանի֊քանի անգամ եք նորոգելու և թե որքան բենզին ու յուղ է խժռելու։ Ո՛չ, ո՛չ, միստերներ, հնոտի գնելը հիմարություն կլիներ։
Ու թեև յուրաքանչյուր այդպիսի շուկայում հատուկ հովանու տակ կանգնած էր լինում մի ավտոմոբիլ, զարդարված «Այսորվա սենսացիա» հրապուրիչ պլակատով, և մենք խենթորեն ցանկանում էինք ձեռք բերել այդ սենսացիան (վաճառվում էր շատ էժան և ուղղակի հիանալի տեսք ուներ) Ադամսը անհողդողդ էր և մեզ ետ պահեց վտանգավոր գնումից։
Մենք գնեցինք նոր ֆորդ։
Սկզբում մենք ուզում էինք գնել ռադիոսարքավորումով ֆորդ։ Բայց մեզ մի սարսափելի պատմություն արեցին։ Վերջերս վթար էր տեղի ունեցել, լեռներում ջարդվել էր մի մեքենա։ Խեղված մարդիկ մի քանի ժամ պառկած են մնացել նրա մեջ այն ֆոկստրոտների նվագակցության տակ, որոնք կատարել էր անվնաս մնացած ռադիոընդունիչը։ Դրանից հետո մենք, իհարկե, հրաժարվեցինք ռադիոյից։ Ի դեպ, այն արժեր քառասուներկու դոլար։
Ջեռուցումից նույնպես հրաժարվեցինք։ Ինչներիս էր պետք ջեռուցումը, երբ, միևնույն է, պատուհաններից մեկը բաց էինք պահելու, այլապես ապակին քրտնելու էր։ Ընդ որում ջեռուցումն էլ թանկ արժեր՝ տասներկու դոլար։
Մոխրամանն էժան էր, բայց արդեն գնելու ժամանակ չունեինք։
Մի խոսքով, մենք գնեցինք ամենասովորական ֆորդ, առանց ռադիոյի, առանց ջեռուցման, առանց մոխրամանի և հետևի սնդուկի, բայց էլեկտրական վառիչով։
Մեքենան մեզ վաճառեց «դիլերը» (ավտոմոբիլ վաճառողը), քաղաքի ներքին մասում, ինչ֊որ տեղ՝ երկրորդ ավենյուում, առաջին փողոցի անկյունում, քաղաքի ոչ այնքան արիստոկրատիկ ռայոնում։ Մեր նոր ավտոմոբիլը կամ, ինչպես Ամերիկայում ասում են, «կառը» կանգնած էր մի դատարկ սրահում, որը մթին էր ու կեղտոտ։ Դիլերն էլ նման էր գանգստերի և նույնիսկ առանձնապես ցանկություն չէր դրսևորում մեքենան վաճառելու։ Կգնենք՝ լավ, չենք գնի՝ պետքն էլ չէ։ Բայց և այնպես մենք իսկույն տեսանք, որ սա հենց մեր փնտրածն է։ Ավտոմոբիլը բոլորովին նոր էր, ազնիվ մկնագույն, թանկարժեք էր երևում, բայց էժան արժեր։ Էլ ինչ էր պետք ցանկանալ ավտոմոբիլից։ Ձրի կարկանդակնե՞ր, ինչպես սիրում էր ասել Մայակովսկին։ Նման հրաշքներ աշխարհում չեն լինում։ Անմիջապես մեքենան գնեցինք։
Մենք շատ սիրեցինք մեր նոր կառը։ Եվ երբ բոլոր հոգսերն արդեն ավարտված էին, երբ ստացանք մեքենատիրական իրավունքի փաստաթղթերը, երբ մեքենան ունեցավ 3―99―74 համարը և «Նյու֊Յորք» մակագրությունը ու ապահովագրվեց որևէ մեկին խփելու, ինչպես նաև ուրիշի կողմից մեզ խփելու դեպքերից, երբ առաջին անգամ մեր մեքենայով անցանք Նյու֊Յորքով՝ միսիս Ադամսին ունենալով ղեկի մոտ, իսկ Ադամսն էլ նրա կողքին, մենք շատ հպարտ էինք և լավ չէինք հասկանում, թե ինչու է լուռ մեծ քաղաքը։ Մեզ հաճույք պատճառերու համար ծերուկ Ադամսը ասաց, որ իր բովանդակ կյանքում այսպես հաջողակ, տարողունակ, թեթևընթաց և տնտեսող ավտոմեքենա չի տեսել։
― Այո՛, զարմանալի հարմար և լավ է քշվում։ Ձեր բախտը զարմանալիորեն բանեց, որ գնեցիք հենց ա՛յս մեքենան, ― հաստատեց միսիս Ադամսը։
Մենք ևս բավականություն էինք զգում, որ ամերիկյան քսանհինգ միլիոն ավտոմոբիլների միջից մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց ստանալ ամենալավը։
Վերջին գիշերը մենք անցկացրինք Ադամսների մոտ։
Որոշեցինք որքան կարելի է վաղ վեր կենալ, որպեսզի մեկնենք, քանի դեռ խեղճ բեբին քնած է։ Բայց այդ չհաջողվեց։ Աղջիկը մեզ գտավ ճամպրուկները կրելու թեժ պահին։ Ցավալի էր նայել Ադամսներին։ Նրանք կեղծ ձայներով հավատացնում էին բեբիին, որ մի ժամից կվերադառնան։ Նեգրուհին լաց էր լինում։ Մենք մեզ համարում էինք ստորներ։
Մեքենան սահեց Սենտրալ֊պարկ֊վեստի խոնավ ասֆալտով, արագաչափը սկսեց հաշվել մղոնները, մենք դուրս եկանք հեռավոր ուղևորության։
Մասն երկրորդ — Արևելյան նահանգներով
Գլուխ տասներորդ — Ավտոմոբիլային ճանապարհի վրա
Նյու֊Յոր քի հպարտ աշտարակները մնացին հետևում։ «Իմպայրի» չժանգոտվող պողպատ հագած նիստերը աղոտ լույս էին սփռում հսկա քաղաքի վրա կախված վաղորդյան մշուշի մեջ։ Բարակ մառախուղը պարուրել էր «Ռադիո֊սիթիի», «Կրայսլերի», «Վուլվորդի» և ուրիշ անունավոր և անանուն երկրաքերծերը։ Այժմ մենք ընթանում էինք աշխույժ և անբարետես ծայրամասով։
Գերանակապ ճանապարհով պղտոր ջուր էր վազում։ Վերերկրյա ուղու երկաթյա կանաչ կամուրջը փողոցը հատում էր հինգերորդ հարկերի բարձրության վրա։ Նյու֊Յորքի տաքարյուն մարդիկ ավտոմոբիլներով կտրիճաբար սլանում էին իրենց գործերով։ Առկայծում էր վարսավիրի շերտավոր պտուտանը, ապակյա պտտվող մի գլան՝ սպիտակ, կարմիր և կապույտ շերտերով։ Աղյուսաշեն կարմիր մի տան մեջ տապակած սանդվիչի առևտուր էր գնում։ Ասենք, այստեղ բոլոր տներն էլ աղյուսաշեն են և կարմիր։ Ի՞նչ կարող է այստեղ դուր գալ, ի՞նչ կարելի է սիրել այստեղ։
Նյու֊Յորքը վախեցնող քաղաք է։ Միլիոնավոր մարդիկ այստեղ արիաբար պայքարում են իրենց կյանքի համար։ Այս քաղաքում չափից դուրս շատ փող կա։ Չափից դուրս շատ է ոմանց փողը և բոլորովին քիչ՝ ուրիշներինը։ Եվ դա ողբերգական լույս է սփռում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Նյու֊Յորքում։
Մենք երկու ամսով հրաժեշտ տվինք այդ քաղաքին։
Առաջին օրվա մարշրուտը պարզ էր։ 9֊րդ ֆեդերալ ճանապարհով գնում ենք Սկենեկտեդի, Պոուկիպսիի (այս բառը անգլերեն գրելու դեպքում պետք է ծախսել տասներկու տառ), Հուդզոնի և Նյու֊Յորքի նահանգի մայրաքաղաք Օլբանիի վրայով։
Ուղևորության ռեժիմը ևս պարզ էր։ Մեր տրամադրության տակ կա վաթսուն օր և անհրաժեշտ է անցնել մոտավորապես տասը հազար մղոն։ Եթե օրական նույնիսկ երկու հարյուր հիսուն մղոն անելու լինենք, ապա այդ տարածությունը կանցնենք քառասուն օրում։ Տասնհինգ օր մենք հաշվեցինք դիտելու, ծանոթանալու, ուսումնասիրելու և նման բաների համար։ Ընդամենը հիսուն հինգ օր։ Հինգ օր մնում է պահեստում չնախատեսված հանգամանքների համար։ Այս ամենին հարկ է միայն ավելացնել, որ մղոնն իր մեջ պարունակում է մեկ ամբողջ և վեց տասներորդական կիլոմետր։
Իրերով լի մեր ճամպրուկը դրված էր հետևի նստատեղի տակ գտնվող բագաժանոցում։ Այնտեղ կային շապիկներ, թաշկինակներ, և գլխավորապես հանձնարարական նամակներ մեր ուղևորության բովանդակ մարշրուտով մեկ։ Հասցեատերերը դարձյալ պրոֆեսորներ էին, թատերական գործիչներ, պոետներ, ինժեներներ, քաղաքական գործամոլներ, նահանգապետներ և սենատորներ։
Մի խոսքով, հանձնարարական ապրանք շատ կար։
Ժամանակն է արդեն կատարելու և մի առանձին գլուխ գրելու ամերիկյան ճանապարհների մասին։ Նրանք արժանի են դրան։ Գուցե և ավելին, մի ամբողջ ոգեշնչված գիրք։
Մենք առաջին անգամը չէինք լինում ավտոմոբիլային ճանապարհում։ Այժմ մենք ընտելացել, վարժվել էինք ճանապարհին՝ այդ փայլուն կառուցվածքին, բայց առաջին տպավորությունն անմոռանալի էր։ Մենք ընթանում էինք տասնմեկ դյույմ հաստություն ունեցող երկաթբետոնե սպիտակ սալերի վրայով։ Այդ իդեալական հարթ մակերեսը փոքր֊ինչ խորդուբորդ էր և լպրծուն չդառնալու մեծ գործակից ուներ։ Անձրևը նրան սահուն չէր դարձնում։ Մենք սուրում էինք նրա վրայով այնպիսի թեթևությամբ և այնպես անաղմուկ, որով անձրևի կաթիլն է սահում֊անցնում ապակու վրայով։ Ճանապարհն ամբողջ երկարությամբ գծված էր սպիտակ հաստ շերտերով ։ Նրա վրայով երկու ուղղությամբ էլ կարող էին միանգամից երթևեկել չորս մեքենա։ Գործնականորեն այդ ճանապարհները, հին Հռոմի ճանապարհների նման կառուցված են մշտնջենական։
Միսիս Ադամսը երբեմն աղիողորմ նայում էր մեզ, բայց մենք ձևացնում էինք, թե չենք հասկանում նրա հայացքները, թեև ամեն ինչ հասկանալի էր։ Միսիս Ադամսն ուզում էր գազն ավելացնել, բայց դիլերը մեքենան ծախելիս խորհուրդ տվեց առաջին մի քանի օրը գնալ ժամում քառասուն մղոնից ոչ արագ։ Այդ անհրաժեշտ է, որպեսզի չփչանա դեռ լավ չաշխատած մոտորը։ Միստեր Ադամսը նայեց արագաչափին և տեսնելով, որ բարակ, կարմիր սլաքն արդեն տարուբերվում է «50» թվի մոտերքը, իսկույն խառնվեց իրար։
― Նո՛, նո՛, Բեկկի։ It's impossible։ Դա անկարելի է։ Կառը դեռ կոշտ է, նրա հետ պետք է շատ֊շատ զգույշ վարվել։ Այնպես չէ՞ միստերներ։
Մենք ոչինչ չէինք հասկանում, թե ինչպես պետք է վարվել ավտոմոբիլի հետ և միայն գլխով էինք անում, աչքներս չկտրելով ճանապարհի սպիտակ գծից։
Օ՜, այդ ճանապարհը։ Երկու ամիս շարունակ վազում էր մեզ ընդառաջ ― բետոնե, ասֆալտե կամ հատիկավոր՝ շինված խճաքարից և ներծծված ծանր յուղով։
Խելացնորություն է կարծել, թե ամերիկյան ֆեդերալ ճանապարհով կարելի է դանդաղ գնալ։ Սոսկ զգույշ լինելու ցանկությունը քիչ է։ Ձեր մեքենայի կողքով գնում են ևս հարյուրավոր մեքենաներ, հետևից հուպ են տալիս, ընդառաջ են գալիս տասնյակ հազարներ։ Եվ բոլորն էլ քշում են սրընթաց, դիվային պոռթկումով, ձեզ իրենց հետ տանելով։ Բովանդակ Ամերիկան սլանում է ինչ֊որ տեղ և, ըստ երևույթին, կանգառ արդեն չի լինի։ Պողպատե շներն ու թռչունները պսպղում են մեքենաների քթերին։
Միլիոնավոր ավտոմոբիլների մեջ մենք էլ սուրացինք֊անցանք օվկիանոսից օվկիանոս, ինչպես մի ավազահատիկ, քշված բենզինի փոթորկով, որ բազում տարիներ մոլեգնում է Ամերիկայի վրա։
Մեր մեքենան սլանում էր գազոլինի կայանների շարքի միջով, որոնցից յուրաքանչյուրում կար վեց, ութ և նույնիսկ տասը կարմիր ու դեղին կոլոնկաներ։ Դրանցից մեկի մոտ մենք կանգ առանք, բաքը լցնելու։
Վայելչատես մի շենքից, որի ապակե մեծ ցուցափեղկում երևում էին ավտոմոբիլային ամեն տեսակ քսուկներ և փոշիներ, դուրս եկավ մի մարդ, զոլավոր գլխարկով և զոլավոր կոմբինեզոնով։ Արձակված շապիկը բացահայտում էր զոլավոր օձիքը և կաշվե սև թիթեռ֊փողկապը։ Դա մի տեսակ տեխնիկական շիկ է՝ կաշվե բանտիկներ կրելը։ Բաքի անցքի մեջ նա ռետինե թևք մտցրեց, և կոլոնկան սկսեց ավտոմատ կերպով հաշվել ավտոմոբիլի կլանած բենզինի գալոնները։ Դրա հետ միաժամանակ, կոլոնկայի հաշվիչի վրա թվեր էին դուրս ցատկում, որոնք ցույց են տալիս բենզինի արժեքը։ Յուրաքանչյուր նոր գալոնի հետ ապարատը մելոդիկ զանգ էր տալիս։ Զանգերը նույնպես տեխնիկական շիկ են։ Կարելի և առանց զանգերի։
Այստեղ մենք լսեցինք «սերվիս» բառը, որ նշանակում է սպասարկում։
Բաքը լցված է, կարելի է առաջ շարժվել։ Բայց զոլավոր գլխարկով և կաշվե փողկապով ջենտլմենը իր միսիան ավարտված չի համարում, թեև արեց այն, ինչ հարկավոր էր անել․ ծախեց մեզ տասնմեկ գալոնի բենզին, ճիշտ այնքան, որքան խնդրել էինք։ Սկսվեց ամերիկյան մեծ սերվիսը։
Գազոլին կայանի մարդը (Նահանգներում բենզինին գազոլին են անվանում) բացում է մեքենայի կափարիչը և բաժանումներ ունեցող մետաղե քանոնով մոտորում ստուգում յուղի մակարդակը։ Եթե պետք է յուղ ավելացնել, նա իսկույն բերում է՝ պահածոյի գեղեցիկ տուփերով կամ լայնաբերան երկար շշերով։ Յուղի արժեքն, իհարկե, վճարվում է։
Ապա ստուգում է օդի ճնշումը անվադողերում։ Մենք առաջին անվադողում պահում էինք երեսուն վեց անգլիական ֆունտ ճնշում, իսկ հետևի անվադողերում՝ երեսուն։ Ավելորդ օդը բաց կթողնեն, պակասի դեպքում՝ կավելացնեն։
Այնուհտև զոլավոր ջենտլմենը ուշադրություն է դարձնում քամու ապակու վրա։ Նա սրբում է ապակին մաքուր և փափուկ փալասվ։ Եթե ապակին շատ է կեղտոտվել, այն սրբվում է հատուկ փոշիով։
Այդ ամենը արվում է արագ, բայց առանց իրարանցման։ Այդ աշխատանքի ընթացքում, որը ոչ մի ցենտ չի նստում ուղևորի վրա, գազոլին կայանի մարդը ձեզ պատմում է ձեր մարշրուտի ճանապարհի և եղանակի մասին։
Եվ այսպես, ամեն բան կարգին է, թվում է, թե ավտոմոբիլի սպասարկման բնագավառում այլևս անելիք չկա։ Բայց այստեղ սերվիսից փափկացած ճանապարհորդին սկսում է թվալ, թե մեքենայի աջակողմյան առջևի դուռն այնքան էլ լավ չի փակվում։ Զոլավոր ջենտլմենը բարյացակամ ժպտալով, հետևի գրպանից հանում է գործիքները և երկու րոպե անց, դուռը կարգին վիճակումն է։
Բացի այդ, ճանապարհորդը ստանում է նահանգի հիանալի քարտեզը, որ տպագրել է ճանապարհորդին բենզին վաճառող որևէ նավթային ընկերություն։ Կան քարտեզներ «Ստանդարտ Օյլ», «Շելլ», «Սոկոնի», «Կոնոկո», «Էսսո», կամ «Էսսո֊լուբո»։ Դրանք բոլորը լավ տպաված են հիանալի թղթի վրա, շատ հեշտ կարդացվում են և բացարձակ ճշգրիտ և ամենավեջին տեղեկություններն են տալիս։ Չի կարող պատահել, որ ձեզ տան ճանապարհների անցյալ տարվա վիճակը պատկերող քարտեզ։ Բոլոր քարտեզները թարմ են, և եթե որևէ ճանապարհի վրա լուրջ նորոգում է գնում, ապա այդ էլ է ցույց տրված քարտեզում։ Նրա մյուս երեսին թվարկված են այն հյուրանոցներն ու տուրիստական տնակները, որտեղ կարելի է գիշերել։ Թվարկված են նույնիսկ ճանապարհին ընկած տեսարժան վայրերը։
Ամբողջ սերվիսը գնված բենզինի ձրի հավելվածն է։ Նույն սերվիսը ցույց կտրվի նույնիսկ, եթե գնելու լինեք միայն երկու գալոն բենզին։ Այստեղ չգիտեն վերաբերմունքի մեջ խտրություն դնել։ Որևէ հնացած «շևրոլիկ» և հազար ինը հարյուր երեսունվեց թվականի ավտոմոբիլային սալոնի հրաշալիք՝ փայլատակող բազմահազար արժեքով «դյուզենբերգը» այստեղ կգտնեն միատեսակ, հավասար, հանգիստ և արագ սպասարկում։
Հրաժեշտ տալիս գազոլինկայանի մարդն ասաց, որ ինքն անձամբ նոր մեքենան կքշեր ոչ թե ժամում քառասուն մղոն արագությամբ, այլ երեսուն, և ոչ միայն առաջին հինգ հարյուր մղոնը, այլ ամբողջ առաջին հազարը։ Փոխարենը մոտորը հետագայում կաշխատի իդեալական։ Դրանով միսիս Ադամսը բոլորովին ջարդված էր և տխուր ժպիտով պահպանում էր քսանյոթ֊քսանինը մղոն արագություն։
Իսկ մենք՝ տղամարդիկս, զբաղվում էինք հաշվարկումներով։ Ի՛նչ հաճելի է գործարար լինել, երբ ոչ մի գործ չկա։ Մեր ազնիվ մկնագույն ֆորդը ցույց տվեց, որ յուրաքանչյուր տասնվեց մղոնին ծաղսում է մի գալոն բենզին։ Նյու֊Յորքի նահանգում բենզինի գալոնն արժե տասնվեց ցենտ։ Նշանակում է, տասնչորս գալոնով լիքը բակը՝ երկու դոլար քսանչորս ցենտ արժողությամբ, մեզ հնարավորություն էր տալիս անել երկու հարյուր քսանչորս մղոն։ Մղոնը մենք վերածում էինք կիլոմետրերի և դուրս էր գալիս, որ ավտոմոբիլային ճանապարհորդության արժեքը Նահանգներում անհամեմատ ցածր է, քան Եվրոպայում։
Այդ մխիթարական թվաբանությունն օգնում էր տանելու այն վիրավորանքները, որ մեզ հասցնում էին մեզանից առաջ անցնող ավտոմոբիլները։ Ինչ֊որ վիրավորական բան կա, երբ ձեզանից առաջ են անցնում։ Իսկ Ամերիկայում առաջ անցնելու կիրքն անասելի ուժեղ է զարգացած և հանգեցնում է այն բանին, որ խիստ ավելանում է աղետների, վթարների և ճանապարհային այն պատահարների թիվը, որոնց Ամերիկայում «էքսիդենտ» անունն են տալիս։ Ամերիկացիներն արագ են քշում։ Տարեցտարի նրանք արագությունն ավելացնում են, ճանապարհները տարեցտարի բարելավվում են, իսկ ավտոմոբիլի մոտորները ուժեղանում։ Քշում են արագ, համարձակ և, ընդհանուր առմամբ, անզգույշ։ Համենայն դեպս, շներն Ամերիկայում ավելի լավ են հասկանում, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհը, քան ավտոմոբիլ քշողները։ Ամերիկյան խելացի շները երբեք դուրս չեն վազում խճուղու վրա, լավատեսական հաչոցով չեն սլանում մեքենաների հետևից։ Նրանք գիտեն, թե դա ինչով կվերջանա։ Կճխլեն, և վերջ։ Մարդիկ այդ տեսակետից ավելի անհոգ են։
Մենք կանգ առանք նախաճաշելու ճանապարհամերձ՝ «Ճաշիր և պարիր» ցուցանակով ռեստորանում։ Մենք մենակ էինք՝ մեջտեղում պարի հրապարակ ունեցող մեծ ու մութ սենյակում։
Փոքրիկ թասերով մենք ուտում էինք դարչնագույն ապուր, վրայից՝ «կրեկերներ»՝ մանր, աղի պաքսիմատներ, որոնք իրենց անունն արդարացնում էին ատամների տակ անասելի խրթխրթոցով։ Երբ մենք սկսեցինք ուտել մեծ֊մեծ «թի֊ բոուն սթեյկներ» ― T տառի նման ոսկոր ունեցող սառեցրած մսից բիֆշտեքսներ, մի հին ֆորդով մոտեցավ ինքը՝ «Ճաշիր և պարիր» ռեստորան֊զվարճավայրի տերը։ Նա սկսեց մեքենայից դահլիճ քարշ տալ եգիպտացորենի չոր ցողունների խրձեր և նրանցով զարդարել սենյակը։ Այսօր երեկոյան հավաքվելու է շրջակայքի երիտասարդությունը, պարեր են լինելու։ Այդ ամենը շատ հաճելի, խաղաղ, նույնիսկ նահապետական տեսք ուներ։ Մինչդեռ մենք Նյու֊Յորքից հեռացել էինք ընդամենը հարյուր մղոնով։ Ընդամենը հարյուր մղոն այն կողմ գտնվում էր աշխարհի ամենաբազմաշառաչ բնակավայրը, իսկ այստեղ արդեն անդորրություն էր, գավառական հոգեպարար ֆլիրտ՝ պարերի ժամանակ, ինչ֊որ ցողուններ, նույնիսկ ծաղիկներ։
Խաղաղ ռեստորանի հենց դռների մոտ փռված էր առաջնակարգ ճանապարհի անփայլ բետոնը։ Միսիս Ադամսի վերքը նորից զգացնել տվեց, երբ նա նստեց ղեկի մոտ։ Ժամում երեսուն մղոն և ոչ ավելի։
Նույնիսկ անգլերեն լեզվին չտիրապետող օտարերկրացին էլ կարող է այստեղ հանգիստ սրտով ճանապարհ գնալ։ Նա, այստեղ, օտար երկրում, չի մոլորվի։ Այս ճանապարհներից գլուխ կհանի նույնիսկ երեխան, նույնիսկ խուլն ու համրը։ Ճանապարհները խնամքով համարակալված են, և համարներն այնքան հաճախ են պատահում, որ սխալվելն անհնարին է։ Երբեմն երկու ճանապարհներ ժամանակավորապես միանում են։ Այդ դեպքում ճանապարհամերձ սյան վրա տեղավորված են երկու համար։ Ֆեդերալ ճանապարհի համարը՝ վերևում, նահանգի ճանապարհի համարը՝ տակը։ Երբեմն իրար են միանում հինգ, յոթ, նույնիսկ տասը ճանապարհ։ Այդ դեպքում համարների քանակն աճում է և այն սյան հետ միասին, որի վրա նրանք փակցված են, և ցուցիչը նմանվում է հնդիկի հինավուրց տոտեմի։
Ճանապարհներին բազում տարբերանշաններ կան։ Բայց մի հիանալի առանձնահատկություն―նրանց մեջ չկա ոչ մի ավելորդ նշան, որը շեղեր վարորդի ուշադրությունը։ Նշանները դրված են գետնից քիչ բարձր, աջ կողմում, որպեսզի վարորդը դրանք տեսնի առանց աչքը ճանապարհից հեռացնելու։ Նրանք երբեք պայմանական չեն լինում և ոչ մի վերծանման կարիք չեն զգում։ Ամերիկայում երբեք չես պատահի կարմիր քառակուսու մեջ՝ խորհրդավոր, կապույտ եռանկյան, մի նշան, որը հասկանալու համար ժամերով պետք է գլուխ տրաքացնել։
Ճանապարհային նիշերի մեծամասնությունը պատված է հայելու կլոր ապակիներով, որոնք գիշերը անդրադարձնում են ավտոմոբիլային լապտերների լույսը։ Այդպիսով նշանն ինքնըստինքյան լույս է տալիս։ Դեղին ֆոնի վրա սև մակագրությունները ( դրանք ամենանկատելի գույներն են) նախազգուշացնում են․ «Դանդաղ», «Դպրոցական գոտի», «Կանգ առ», «Վտանգավոր է», «Նեղ կամուրջ», «Արագության սահմանը 30 մղոն»։ «Ճամփահատում» կամ՝ «Երեսուն ֆուտ անց, փոս կլինի»։ Եվ իրոք, ուղիղ երեսուն ֆուտից հետո, կլինի փոս։ Ասենք, նման մակագրությունն այնքան հազվադեպ է պատահում, որքան և ինքը՝ փոսը։
Ճանապարհի խաչմերուկում կանգնած են փայտե հաստ սլաքներով սյուներ։ Սլաքների վրա քաղաքների անուններ են և մինչև այդ քաղաքները մնացած մղոնների քանակը։
Աղմկելով և ոռնալով մեզ ընդառաջ են թռչում կաթով լի արծաթավուն ավտոցիստեռնները։ Նրանք կաթ են տանում Նյու֊Յորքի յոթ միլիոնանոց բնակչության համար։ Մարդ սրտաճաք է լինում, երբ առջևում երևում են փոթորկի արագությամբ մոտեցող կաթի հսկա մեքենաները։ Ցիստեռններն առանձնապես հոյակապ են գիշերները, երբ կարմիր ու կանաչ լապտերների շղթաներով եզրապատված, առանց կանգ առնելու թռչում են դեպի Նյու֊Յորք։ Յոթ միլիոն մարդ ուզում է կաթ խմել, և այն ժամանակին պետք է հասցվի։
Ավելի վեհապանծ են երևում հատուկ կցասայլակներ ունեցող բեռնատար մեքենաները, որոնք միանգամից տեղափոխում են երեք կամ չորս նոր ավտոմոբիլներ։ Մոտավորապես հազար մղոն տարածության վրա բեռնատարներով կատարվող փոխադրումներն ավելի էժան են նստում, քան երկաթուղով։ Ու նորից մեզ վրա գրոհում է փոթորիկը, այս անգամ լաքի և նիկելի փայլով։ Մենք մի պահ փակում ենք աչքներս անտանելի փայլից և առաջ ենք շարժվում։
Ճանապարհներն ամերիկայն կյանքի ամենանշանավոր երևույթներից մեկն է։ Հենց կյանքի և ոչ միայն տեխնիկայի։ Միացյալ նահանգներն ունեն հարյուր հազարավոր մղոն, այսպես կոչված, high woys―բարեկարգ ճանապարհներ, որոնցով ավտոբուսային կանոնավոր հաղորդակցություն է գնում։ Ավտոբուսները սլանում են չվացուցակով՝ վաթսուն մղոն արագությամբ, և նրանցով ուղևորվելը կրկնակի էժան է, քան երկաթուղով։
Օրվա ուզածդ պահին, տարվա ուզածդ ժամանակ, ամենավատ եղանակին, Ամերիկայով մեկ կատաղորեն սլանում են մարդատար ավտոբուսներ։ Երբ գիշերը տեսնում ես անապատով թռչող ծանր ու ահեղ մեքենան, ակամայից հիշում ես բրետհարտյան փոստային դիլիժանսները, որոնք վարում էին հանդուգն կառապանները։
Ավտոբուսը սուրում է մանրախիճ ուղիով։ Նա շուռ է տալիս խոշոր քարերը և մանրերը քշում իր հետ։ Ուշացում չի կարող լինել։ Որտեղ ենք մենք։ Նյու֊Մեքսիկո նահանգում։ Արագ, ավելի արագ։ Երիտասարդ վարորդը գազն ավելացնում է։ Կառլսբադ, Լորդսբուրգ, Լաս֊Կրուզես։ Մեքենան լցվում է աղմուկով ու քամով, որի մեջ իրենց բազկաթոռներում նիրհած ուղևորները լսում են ամերիկյան մայր ցամաքի մեծ մեղեդին։ Ամերիկան ընկած է ավտոմոբիլային մեծ ճանապարհի վրա։
Երբ փակում ես աչքերդ և փորձում հիշողության մեջ հարություն տալ այն երկիրը, ուր անցկացրիր չորս ամիս, քեզ պատկերացնում ես ոչ թե Վաշինգտոնը իր պարտեզներով, սյունաշարերով և հուշարձանների լիակատար ժողովածուով, ոչ Նյու֊Յորքն իր երկնաքերծերով, իր աղքատությամբ և հարստությամբ, ոչ էլ Սան֊Ֆրանցիսկոն, իր գահավեժ փողոցներով և կախված կամուրջներով, ոչ լեռները, ոչ գործարանները, ոչ կենյոնները, այլ երկու ճանապարհների խաչաձևումը և գազոլինկայանը՝ լարերի ու ռեկլամային պլակատների ֆոնի վրա։
Գլուխ տասնմեկերորդ — Փոքրիկ քաղաքը
Մենք կանգ առանք մի փոքրիկ քաղաքում և ճաշեցինք դեղատանը։
Այստեղ հարկ է բացատրել, թե ինչ է ներկայացնում իրենից ամերիկյան փոքրիկ քաղաքը և ինչ դեղատուն է դա, որտեղ կարելի է ճաշել։ Այս պատմությունը կարելի է անվանել՝ «Դեղագործ առանց միստիկայի կամ ամերիկյան դեղատան Գաղտնիքը»։
Երբ ամերիկյան խոշոր գործամոլները, դյուրին եկամուտի հետևից ընկնելով, իրենց ուշադրությունը դարձրին դեղատնային գործի վրա, ապա, նախ և առաջ, նրանց հետաքրքրեց, թե ինչով են զբաղվում դեղագործներն իրենց վաճառասեղանների հետևվում։
Այդ ի՞նչ են նրանք դեմքները խոժոռած սանդակոթով փոշիացնում իրենց ճենապակյա հաստ թասերի մեջ։ Դեղորա՞յք։ Բայց որքան դեղորայք կա աշխարհում։ Հիսուն, հարյուր, ասենք թե հարյուր քսան, վերջապես։ Հարյուր քսան տաքություն իջեցնող, գրգռող կամ ցավ մեղմացնող դեղեր։ Էլ ինչու՞ դրանք պատրաստել դեղատներում տնայնագործական եղանակով։ Դրանք պետք է արտադրել մասսայական մասշտաբով, ֆաբրիկաներում։
Որ դեղորայքը սկսեցին պատրաստել ֆաբրիկաներում, հիվանդի դրությունը դրանից չթեթևացավ, դեղերը չեժանացան։ Բայց դեղագործները կորցրին իրենց վաստակը։ Դեղատնային ֆաբրիկանտներն այն խլեցին նրանց ձեռքից։
Իրենց եկամուտն ավելացնելու համար խաբված դեղագործներն սկսեցին վաճառել պաղպաղակ, զովացուցիչ ջրեր, մանր գալանտերեա, խաղալիքներ, ծխախոտ, խոհանոցային ամանեղեն, մի խոսքով, ամեն բանի ձեռք զարկեցին։
Եվ ամերիկյան այժմյան դեղատունն իրենից ներկայացնում է մեծ բար՝ բարձր վաճառասեղանով և նրա առջևում դաշնամուրային պտտվող աթոռներով։ Վաճառասեղանի հետևում դեսուդեն են ընկնում կարմրահեր տղաներ և գլխներին թեք դրած պիլոտկաներով կամ մազերը մի քանի տարվա համար գանգրացրած, կոկետ աղջիկներ, որոնք նմանվում են հերթական, հենց նոր մոդա դարձաց կինոաստղերի։ Երբեմն նրանք նմանվում են Կեյ Ֆրենսիսին, երբեմն Գրետա Գարբոյին, առաջներում նրանք բոլորը փոքր֊ ինչ նմանվում էին Գլորիա Սվենսոնին։ Աղջիկները սերուցք են հարում, նիկելե ծորակներից բաց են թողնում սելտերյն ջրի աղմկոտ շիթը, հավ են տապակում և բաժակի մեջ զնգոցով գցում սառցի կտորներ։
Ու թեպետ դեղատունը վաղուց ի վեր դարձել է խորտկարան, նրա տերն, այնուամենայնիվ, պարտավոր է դեղագործ լինել, որոշ չափով գիտական պաշար ունենալ, որը խստիվ անհրաժեշտ է սուրճ, պաղպաղակ, տապակած հաց և այլ դեղատնային ապրանքներ մատուցելիս։
Այդ ուրախ ձեռնարկության ամենահեռավոր անկյունում տեղավորված է բանկաներով, տուփերով և սրվակներով լի ապակե մի պահարան։ Դեղատանը մի կես ժամ պետք է անցկացնել, այդ պահարանը վերջապես նկատելու համար։ Այնտեղ պահվում է դեղորայքը։
Նյու֊Յորքում անվնաս է մնացել մի դեղատուն, ուր դեղագործն անձամբ դեղորայք է պատրաստում։ Օ՜, դա մի հիանալի հաստատուցյուն է՝ բժշկական գաղտնիքի լուսապսակով պատած։ Ի ապացույց այն բանի, որ այստեղ, իրոք, դեղորայքը ձեռքով են պատրաստում, դեղատան տերը պատուհանում ցուցադրել է հին ու դեղնած դեղատոմսերի մի կույտ։ Այդ ամենը միջնադարյան ալքիմիկի որջի տեսք ունի։ Նույնիսկ մտնելը սարսափելի է։ Այլ բան է սովորական դեղատունը։ Այնտեղ կարելի է ուտել, գնել գրպանի ժամացույց կամ զարթուցիչ, կաթսա կամ խաղալիք, կարելի է գնել կամ վարձով վերցնել մի որևէ գիրք։
Մենք տխրությամբ աչքի անցկացրինք ճաշացուցակը։ Ճաշ համար 1, ճաշ համար 2, ճաշ համար 3, ճաշ համար 4։ Դիներ նաբր ուան, դիներ նաբր թու, դիներ նաբր թրի, դիներ նաբր ֆոր։ Համար չորս ճաշը կրկնակի թանկ արժե համար երկու ճաշից։ Բայց դա չի նշանակում, որ նա կրկնակի լավն է․ ոչ, պարզապես երկու անգամ ավելի է։ Եթե համար2֊ի «քանտրի սոսիջ» անվան տակ հրամցվող ճաշը բաղկացած է կտրատված երեք նրբերշիկներից, ապա համար 4 ճաշի մեջ «սոսիջ» կլինեն վեց հատ, համը նույնը կմնա։
Ճաշից հետո մենք հետաքրքրվեցինք հոգևոր սնունդով, որից նույնպես վաճառում էին դեղատանը։ Այստեղ կային վայրենաբարո նախշած լուսանկարչական բացիկներ՝ տեղական հիշարժան վայրերի տեսարաններով շատ էժան երկու նկար՝ հինգ ցենտի դիմաց։ Սև նկարների հատն արժե հինգ ցենտ։ Ճիշտ էր նշանակված․ սև բացիկները հիանալի էին, իսկ գունավորները՝ անպետք բան։ Մենք աչքի անցկացրինք գրքերի դարակը։ Դրանք բոլորը վեպեր էին։ «Մեղավոր լինելը տղամարդու գործ է», «Մարած սիրո բոցը», «Առաջին գիշերը», «Ամուսնացածների ֆլիրտը»։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չպետք է բարկանաք։ Դուք գտնվում եք ամերիկյան մի փոքրիկ քաղաքում։
Շատ մարդկանց Ամերիկան պատկերանում է որպես երկնաքերծերի երկիր, ուր օր ու գիշեր լսվում է վերերկրյա և ստորերկրյա գնացքների շաչյուն, ավտոմոբիլների դժոխային ոռնոց և բորսայական մակլերների համատարած կատաղի ճիչը, որոնք դեսուդեն են ընկնում երկնաքերծերի արանքում, թափահարելով ամեն վայրկյան արժեքազրկվող բաժնեթղթերը։ Դա հաստատուն, վաղուցվա և սովորական պատկերացում է։
Իհարկե, ամեն բան կա, և՛ երկնաքերծեր, և՛ վերերկրյա երկաթուղիներ, և արժեքազրկվող բաժնեթղթեր։ Բայց դա Նյու֊Յորքի և Չիկագոյի պատկանելիքն է։ Ասենք, այնտեղ էլ անգամ բորսայականները դեսուդեն չեն ընկնում մայթերի վրա, ոտնատակ անելով ամերիկյան քաղաքացիներին, այլ բնակչության համար աննկատելի դոփում են իրենց բորսաներում, այդ հսկա շենքերում՝ ամեն տեսակի տգեղ մեքենայություններ կատարելով։
Նյու֊Յորքում երկնաքերծեր շատ կան։ Չիկագոյում՝ քիչ պակաս։ Իսկ մյուս մեծ քաղաքներում՝ բոլորովին քիչ․ երկուական, երեքական ամեն մի քաղաքին։ Այնտեղ նրանք վեր են խոյանում մի տեսակ միայնակ ջրմուղային աշտարակի կամ հրշեջ դիտանոցի նման։ Փոքր քաղաքներում երկնաքերծեր չկան։ Ամերիկան գերազանցապես միհարկանի և երկուհարկանի երկիր է։
Ամերիկյան բնակչության մեծամասնությունը ապրում է փոքրիկ քաղաքներում, ուր բնակիչների թիվը հասնում է երեք, հինգ, տասը, տասնհինգ հազարի։
Ո՞ր ճանապարհորդին հայտնի չէ հուզումնալից սպասումի առաջին անկրկնելի զգացումը, որը համակում է մարդու էությունը այն քաղաքը մտնելիս, ուր նա երբեք չի եղել։ Յուրաքանչյուր փողոց, յուրաաքանչյուր նրբանցք նորանոր գաղտնիքներ են բացում ճանապարհորդի ծարավ աչքերի առջև․ երեկոյան կողմ նրան սկսում է թվալ, թե ինքն արդեն հասցրել է սիրել այդ քաղաքը։ Փողոցի բազմության տեսքից, շենքերի ճարտարապետությունից, շուկայի հոտից, վերջապես միայն այդ քաղաքին հատուկ գույնից են գոյանում ճանապարհորդի առաջին, ամենաճիշտ տպավորությունները։ Նա կարող է մի տարի ապրել քաղաքում, ուսումնասիրել բոլոր անկյունները, բարեկամներ ձեռք բերել, ապա մոռանալ այդ բարեկամների ազգանունները, մոռանալ բարեխղճորեն ուսումնասիրված ամեն բան, բայց առաջին տպավորությունները երբեք չի մոռանա։
Այդ բանը չի կարելի ասել ամերիկյան քաղաքների մասին։ Ամերիկայում, իհարկե, կան մի քանի քաղաքներ, որոնք ունեն իրենց անկրկնելի դեմքը․ Սան֊Ֆրանցիսկո, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Սանտա֊Ֆե։ Նրանցով կարելի է հիանալ, նրանց կարելի է սիրել կամ ատել։ Համենայն դեպս նրանք ինչ֊որ զգացում հարուցում են։ Բայց մնացած գրեթե բոլոր քաղաքները իրար նման են, ինչպես Կանադայի հինգ երկվորյակները, որոնց նույնիսկ շփոթում է իրենց քնքուշ մայրիկը։ Այդ աղյուսի, ասֆալտի, ավտոմոբիլների և ռեկլամային պլակատների գունազրկված և դիմազրկված կուտակումը, ճանապարհորդի մեջ հարուցում է սոսկ վրդովմունք և հիասթափության զգացում։
Եվ եթե ճանապարհորդն առաջին փոքրիկ քաղաքն է մտնում հուզումնալից սպասումի զգացումով, ապա երկրորդ քաղաքում այդ զգացումը նկատելիորեն սառչում է, երրորդում փոխարինվում զարմանքով, չորրորդում՝ հեգնական ժպիտով, իսկ հինգերորդում, տասնյոթերորդում, ութսունվեցերորդում և հարյուր հիսուներորդում վերածվում է անտարբերության, ասես ավտոմոբիլին ընդառաջ են գալիս ոչ թե անհայտ երկրի նոր, անծանոթ քաղաքներ, այլ սովորական երկաթուղային կայարաններ՝ պարտադիր զանքով, եռացրաց ջրով և կարմրագլխարկ հերթապահով։
Քաղաքի միջով անցնում է գլխավոր փողոցը։ Այն անպայման կոչվում է կամ Մեյն֊սթրիթ (որը հենց նշանակում է Գլխավոր փողոց) կամ Սթեյթ֊սթրիթ (Նահանգի փողոց) կամ Բրոդվեյ։
Յուրաքանչյուր փոքրիկ քաղաք ուզում է նման լինել Նյու֊Յորքին։ Կան Նյու֊Յորքներ երկու հազար մարդով, կան և հազար ութ հարյուր մարդով։ Մեզ հանդիպեց նույնիսկ ինը հարյուր բնակիչ ունեցող Նյու֊Յորք։ Եվ դա իսկական քաղաք էր։ Նրա բնակիչները զբոսնում էին Բրոդվեյով՝ քթերը երկինք տնկած։ Դեռ հայտնի չէ, թե ու՞մ Բրոդվեյն են նրանք գլխավորը համարում, իրե՞նցը թե՞ Նյու֊Յորքինը։
Գլխավոր փողոցի տների ճարտարապետությունը աչքի համար գեղարվեստական հաճույք չի ներկայացնում։ Դա աղյուս է, ամենասրտաբաց աղյուս՝ երկհարկանի խորանարդներով կազմած։ Այստեղ մարդիկ փող են վաստակում և ոչ մի վերացական զարդարանքներ հարկավոր չեն։
Քաղաքի այս ներքևի մասը կոչվում է «Բիզնես֊սենտեր» ― գործնական կենտրոն։ Այստեղ տեղավորված են առևտրական հաստատությունները, գրասենյակները, կինոն։ Մայթերն անմարդ են։ Դրանց փոխարեն սալարկները զբաղված են ավտոմոբիլներով։ Նրանք գրավում են ճանապարհաեզրի բոլոր ազատ տեղերը։ Նրանց արգելվում է կանգ առնել միայն հրշեջ ծորակների կամ շքամուտքերի դեմը, որի մասին վկայում է «No parking» «Կանգ չառնել» մակագրությունը։
Դա երբեմն վերածվում է տանջալից զբաղմունքի, գտնել մի տեղ, որտեղ կարելի լինի կանգնեցնել մեքենան կամ, ինչպես Ամերիկայում ապրող ռուսներն են ասում «припарковаться»։ Մի երեկո մենք հայտնվեցինք Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սան֊Դիեգո քաղաքում։ Մեքենան պետք էր որևէ տեղ կանգնեցնել, որպեսզի ճաշեինք։ Եվ մենք մի ամբողջ ժամ շրջում էինք քաղաքում, այրվելով մի որևէ տեղ կանգնելու ցանկությունից։ Քաղաքն այնպես լեցուն էր մեքենաներով, որ տեղ չգտնվեց ևս մեկ մեքենայի, ընդամենը մեկ մեքենայի համար։
Ամերիկյան փոքրիկ քաղաքին բնորոշում են ոչ թե շենքերը, այլ ավտոմոբիլները, և այն ամենը, ինչ կապված է նրանց հետ ― բենզինի կալոնկաները, նորոգման կայանները, Ֆորդի կամ «Ջեներալ Մոտորսի» խանութները։ Այդ գծերը բացարձակապես հատուկ են ամերիկյան բոլոր քաղաքներին։ Կարելի է անցնել հազար մղոն, երկու հազար, երեք, կփոխվի բնությունը, կլիման․ ժամացույցդ ստիպված առաջ ես տանելու, բայց քաղաքը, ուր դուք կանգ եք առել գիշերելու, լինելու է նույնը, որ կանգնել է ձեր առջև երկու շաբաթ առաջ։ Նրանում նույնպես չեն լինի անցորդներ, նույն քանակությամբ, եթե ոչ ավելի ավտոմոբիլներ կլինեն ճանապարհաեզրերին կանգմած, դեղատների և գարաժների ցուցանակները հուրհրատելու են նույն նեոնով կամ արգոնով։ Գլխավոր փողոցն առաջվա պես կոչվելու է Բրոդվեյ, Մեյն֊սթրիթ կամ Սթեյթ֊Սթրիթ։ Գուցե միայն տները շինված լինեն ուրիշ նյութից։
«Ռեզիդենշել֊պարտ» քաղաքի բնակելի մասը արդեն բոլորովին ամայի է։ Լռությունը խախտվում է միայն անցնող ավտոմոբիլների անվադողերի խշշոցով։ Տղամարդիկ աշխատում են իրենց «բիզնես֊սենտերում», տնային տնտեսուհիները զբաղված են տունը մաքրելով։ Միհարկանի կամ երկհարկանի տնակներում ֆշշում են փոշեծծիչները, տեղաշարժվում են կահ֊կարասիները, սրբվում են լուսանկարների ոսկե շրջանակները։ Աշխատանք շատ կա, տնակում վեց կամ յոթ սենյակ է։ Բավական է լինել մեկում, որպեսզի իմանալ, թե ինչպիսի կահույք կա դրված միլիոնավոր ուրիշ տնակներում, իմանալ նույնիսկ, թե ինչպես է դասավորված։ Սենյակների տեղադրման, կահույքի դասավորման մեջ, այդ ամեն բանում գոյություն ունի ապշեցուցիչ նմանություն։
Բակերով տները, որտեղ անպայման կա փայտե թեթև, փականքից զուրկ գարաժ, երբեք իրարից բաժանված չեն լինում ցանկապատերով։ Ցեմենտի մի շերտ տան դռներից տանում է դրպի մայթ։ Թափված տերևների հաստ շերտ է պառկած գազոնների քառակուսիների վրա։ Մաքուր տնակները շողշողում են աշնանային արևի լույսի տակ։
Երբեմն «ռեզիդենշել֊պարտ»֊ի այն մասը, ուր ապրում են ապահովված մարդիկ, շշմեցնող տպավորություն է գործում։ Այստեղ հարստության այնպիսի իդիլիա է, , որ թվում է, թե դա միայն հեքիաթում կարող է լինել։ Սպիտակ գոգնոցներով և չեպչիկավոր սևամորթ դայակները այստեղ ման են ածում փոքրիկ ջենտլմեններին։ Կապուտաշիկահեր աղջիկները գլորում են դեղին, թեթև օղակները։ Հիանալի «տուրինգ֊կառերը» կանգնած են հարուստ առանձնատների առջև։
Իսկ այս բարձր աշխարհի կողքին, բոլորովին մոտիկ, տեղավորված է դաժան, երկաթե և աղյուսե «բիզնես֊սենտերը»՝ միշտ մի փոքր ահաբեկիչ ամերիկյան գործարար կենտրոնը, որտեղ բոլոր տները հիշեցնում են հրշեջասրահներ, և որտեղ փող են վաստակում հենց նոր նկարագրած իդիլիայի համար։ Այդ երկու մասերի միջև այնպիսի խիստ տարբերություն կա, որ սկզբում չես հավատում, թե իսկապես նրանք գտնվում են միևնույն քաղաքում։ Ավա՜ղ, նրանք միշտ միասին են։ Հենց նրա համար է գործարար կենտրոնը այդպես զարհուրելի, որովհետև նրա բոլոր ուժերը ծախսվում են հարուստ մարդկանց համար իդիլիա ստեղծելուն։ Եվ շատ բան կարելի է հասկանալ փոքրիկ քաղաքում լինելով։ Միևնույն է, թե որտեղ տեսնես այդ քաղաքը՝ Արևելքում, Արևմուտքում, թե Հարավում։ Դա միևնույն բանը կլինի։
Մեքենան սլանում է ճանապարհով, երևում և անհետանում են փոքրիկ քաղաքները։ Ի՜նչ շքեղ անուններ։ Սիրակուզա, Պոմպեյ, Բատավիա, Վարշավա, Կալեդոնիա, Վատերլոո, Ժընև, Մոսկվա, հրաշալի փոքրիկ Մոսկվա, որտեղ դեղատնում մատուցում են համար երկու նախաճաշիկ, վրան թխկու հյութ լցրած տաք բլիթներ, որտեղ ճաշին պետք է ուտել թթու դրած քաղցր վարունգներ, որտեղ ցույց են տալիս բանդիտների կյանքից վերցրած կինոնկար ― իսկական ամերիկյան Մոսկվա։
Կան մի քանի Փարիզներ, Լոնդոններ։ Կա Շանհայ, Խարբին և մի տասնյակ Պետերբուրգներ։ Մոսկվա կա Օհայո նահանգում, կան նաև երկու Մոսկվաներ երկու ուրիշ նահանգներում։ Պետերբուրգներից մեկը մի ամբողջ հարյուր հազար բնակիչ ունի։ Կան Օդեսաներ։ Դժբախտություն չէ, եթե Օդեսայի մոտ ոչ միայն սև ծով, այլև ընդհանրապես ոչ մի ծով չկա։ Այն գտնվում է Տեխաս նահանգում։ Այդ ո՞ր օդեսացին է նետվել այսքան հեռու։ Արդյոք գտե՞լ է այդտեղ իր երջանկությունը, այդ արդեն ոչ ոք չի կարող իմանալ։ Կա Նեապոլ և Ֆլորենցիա։ Նեապոլի մոտերքը Վեզուվի փոխարեն ծխում է պահածոյի գործարանի ծխնելույզը, իսկ Ֆլորենցիայում, հավանորեն, բոլորովին անիմաստ է խոսել որմնանկարների և նման պակաս հետքաքրքիր և հաստատուն եկամուտ չբերող առարկաների մասին։
Բայց այդ բոլոր քաղաքներում կարելի է գտնել վերջին մոդելի ավտոմոբիլ, էլեկտրական սառցարան (նորապսակների երազանքը), տներում ծորակներից հոսում է տաք ու պաղ ջուր, իսկ եթե փոքրիկ քաղաքը ավելի լավն է և նրանում կա կարգին հյուրանոց, ապա ձեր համարում կլինի երեք տեսակի ջուր՝ տաք, պաղ և սառցաջուր։
Քաղաքում կա մի քանի եկեղեցի ― մեթոդիստական, միաբանական, բապտիստական։ Անպայման կճարվի «Քրիստոնեական գիտության» եկեղեցու բազմասյուն շենք։ Բայց եթե դուք ոչ բապտիստ եք, ոչ մեթոդիստ և չեք հավատում «Քրիստոնեական գիտության» շառլատան աստծուն, ապա ձեզ մնում է գնալ «մուվինգ պիկչերս»՝ նայելու հիանալի նկարահանված, հիանալի հնչող և հիմարությամբ շշմեցնող մի կինոնկար։
Յուրաքնչյուր փոքրիկ քաղաքում կան նախնական և միջնակարգ դպրոցների հիանալի շենքեր։ Նույնիսկ իբրև կանոն կարելի է ընդունել, որ փոքրիկ քաղաքի լավագույն շենքը անպայման դպրոցին է պատկանում։ Բայց դպրոցից հետո տղաները կինոյում նայում են գանգստերների արկածները, փողոցում գանգստեր են խաղում և անվերջ ատրճանակ և ձեռքի գնդացիր («մաշին գան») են կրակում, որոնք անասելի քանակությամբ պատրաստում են խաղալիքի գործարանները։
Անելանելի է ավտոմոբիլա֊բենզինային տխրությունը փոքրիկ քաղաքներում։
Ամերիկայի բունտարար գրողներից շատերը դուրս են եկել Միջին Արևմուտքի փոքրիկ քաղաքներից։ Դա ապստամբություն է միապաղաղության դեմ, մեռցնող և վերջ չունեցող դոլարավազքի դեմ։
Քաղաքներից մի քանիսը հերոսական միջոցներ են ձեռք առնում, որպեսզի գեթ որևէ բանով տարբերվեն իրենց միատիպ եղբայրակիցներից։ Քաղաքամուտքի մոտ կախվում են ցուցանակներ։ Ճիշտ այնպես, ինչպես խանութի մուտքի վերևում, որպեսզի գնորդը իմանա, թե որտեղ ինչ են վաճառում։
«Ռեդվիդ֊սիթի»։
Եվ չափածո մակագրություն․ «Քլյայմատ բեստ հայ հավերնեմենտ «տեստ» ― «Լավագույն կլիման կառավարության բնորոշումով»։ Այստեղ առուտուր են անում կլիմայով։
Կլիման այստեղ գուցե և լավն է, բայց կյանքը նույնն է ինչպես և հիանալի կլիմա չունեցող քաղաքներում։
Գլխավոր փողոց․ մեծ ապակիների հետևում դրված են ավտոմոբիլներ, որոնք մոտեցող Նոր տարվա առթիվ փաթաթված են թափանցիկ թղթի մեջ և կապված են գունավոր ժապավեններով։ Ավելի փոքր ապակիների հետևում գիտուն դեղագործները նարինջի հյութ են քամում կամ ապուխտով ձվածեղ պատրաստում և բավանդակ քաղաքի միջով, ոչ հողաթմբի և ոչ էլ կամրջի վրայով, այլ պարզապես փողոցով, լրիվ թափով անցնում է ապրանքատար երկար գնացքը։ Ճոճվում է և ուժեղ զանգահարում շոգեքարշի զանգը։
Փոքրիկ քաղաքը հենց սա է, որ կա, միևնույն է, լինի դա Փարիզ կամ Մոսկվա, կամ Կահիրե, կամ ամերիկյան անթիվ սպրինգֆիլդներից մեկը։
Գլուխ տասներկուերորդ — Մեծ փոքրիկ քաղաքը
Ավտոմոբիլային ուղևորությունը Ամերիկայով նման է միապաղաղ և վեհատեսիլ օվկիանոսով ճամբորդելուն։ Երբ էլ դուրս գաս տախտակամած՝ առավոտյան, երեկոյան, փոթորկին, թե հանդարտ պահին, երկուշաբթի, թե հինգշաբթի, միշտ էլ շուրջդ ջուր կլինի, որը ոչ վերջ ունի, ոչ ծայր։ Երբ էլ նայելու լինես ավտոմոբիլի պատուհանից, միշտ էլ հիանալի հարթ ճանապարհ կլինի՝ գազոլին կայաններով, տուրիստական տնակներով և ճանապարհի երկու կողերին ռեկլամային պլակատներով։ Այդ ամենը արդեն տեսել ես երեկ և առաջին օրը և գիտես, որ նույն բանը տեսնելու ես վաղը և մյուս օրը։ Եվ Օհայո նահանգում ճաշն էլ է նույնը լինելու, ինչպիսին երեկ էր, երբ անցնում էինք Նյու֊Յորկ նահանգով։ Ճիշտ ինչպես շոգենավի վրա, ուր լայնության և երկարության փոփոխությունը նորություն չի մտցնում ճաշացուցակի և ուղևորների օրվա կարգ ու կանոնի մեջ։ Այս հետևողական միօրինակության մեջ է Միացյալ Նահանգների վիթխարի թափն ու անհաշիվ հարստությունը։ Նախաքան Ամերիկայի Արևելքի մասին խոսելը՝ թե դա լեռնոտ, անապատային, թե անտառապատ երկիր է, ուզում ես ասել ամենագլխավորը, ամենակարևորը, որ դա ավտոմոբիլային և էլեկտրականության երկիր է։
Ուղևորությունը դեռ նոր է սկսվել, իսկ մենք արդեն հասցրել ենք խախտել միստեր Ադամսի մշակած կարգուկանոնի կարևորագույն կետը։
― Պարոնայք, ― ասում էր նա մեկնելուց առաջ։ ― Ամերիկյան ճանապարհներով ուղևորությունը լուրջ և վտանգավոր բան է։
― Բայց չէ՞ որ ամերիկյան ճանապարհները լավագույնն են աշխարհում, ― առարկում էինք մենք։
―Այո՛, այո՛, այո՛, պարոնայք, հենց այդ պատճառով էլ նրանք վտանգավոր են։ Նո՛, նո՛, մի՛ առարկեք ինձ։ Դուք պարզապես չեք ուզում հասկանալ ինձ։ Որքան լավն են ճանապարհները, այնքան մեծ արագությամբ են սլանում ավտոմոբիլները։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, պարոնայք։ Դա շա՜տ, շա՜տ վտանգավոր է, պետք է որոշակի պայմանավորվել․ երեկոն վրա հասնելուն պես մենք գիշերելու տեղ ենք վերցնում։ Եվ վերջ։ Ֆինիշ։
Մենք պայմանավորվեցինք հենց այդպես էլ վարվել։
Բայց ահա գիշերը մեզ գտավ ճանապարհին, իսկ մենք ոչ միայն կանգ չառանք, ինչպես այդ պահանջում էր միստեր Ադամսը, այլ վառեցինք լապտերները և շարունակեցինք սլանալ Նյու֊Յորք երկարավուն նահանգով։
Մենք մոտենում էինք էլեկտրական արդյունաբերության համաշխարհային կենտրոնին՝ Սկենեկտեդի քաղաքին։
Ահավոր բան է երեկոյան ամերիկյան մեծ ճանապարհով սլանալը։ Աջ ու ձախ՝ խավար։ Բայց դեմքիդ կայծակի պես խփում են հանդիպակաց ավտոմոբիլների լուսարձակները։ Նրանք թռչում են մեկը մյուսի հետևից, լույսի փոքրիկ մրրիկներ, կատվի կարճ ու չոր ֆշշոցով։ Արագությունը նույն է, ինչ ցերեկը, բայց թվում է, թե կրկնակի աճել է։ Առջևում, երկար թեքության վրա, ձգվում է հանդիսավոր կրակների մի ամբողջ շարժական պողոտա, որոնց կողքին գրեթե կորչում են մեր առջևից վազող ավտոմոբիլների կարմիր լապտերները։ Մեքենայի հետևի լուսամուտի միջով շարունակ ներս է թափանցում մեզ հասնող ֆառերի անհամբեր լույսը։ Ոչ կանգնել կարելի է, ոչ արագությունը պակասեցնել։ Պետք է քշել առաջ ու առաջ։ Լույսի կուրացնող համաչափ բռնկումներից մարդ սկսում է ջղաձգորեն հորանջել։ Քնկոտ անտարբերությունը պատում է սիրտդ։ Անհասկանալի է արդեն, թե ու՞ր ես գնում և ինչի ես գնում։ Եվ միայն ուղեղիդ բուն խորքում, ինչ֊որ տեղ, նստել է ահավոր մի միտք․ հիմա լավատես ժպիտով մի ուրախ և հարբած ապուշ կմխրճվի մեր մեքենայի մեջ, և տեղի կունենա էքսիդենտ ― աղետ։
Միստեր Ադամսը շուռումուռ էր գալիս տեղում, կնոջ կողքին, որն իսկական ամերիկյան վստահությամբ մտել էր գիշերային այդ վազքի տեմպի մեջ։
―Դե՛, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր նա հաուսահատ։ ― what are you doing... Ի՞նչ ես անում, Lt"s impwssible!
Միստեր Ադամսը շուռ եկավ դեպի մեզ։ Նրա ակնոցը տագնապալից բռնկվեց։
― Պարոնա՛յք, ― արտասանեց նա Մարգարեի ձայնով։ ― Դուք չեք հասկանում, թե ինչ բան է ավտոմոբիլային աղետը Ամերիկայում։
Վերջի վերջո նա հասավ այն բանին, որ միսիս Ադամսը զգալիորեն պակասեցրեց արագությունը և հրաժարվեց բեռնատարներին հասնել֊անցնելու բավականությունից։ Ադամսը վարժեցրեց մեզ ավտոմոբիլային իսկական ճամփորդների վանական ռեժիմին, այն ճանապարհորդների, որոնք նպատակ են դրել ուսումնասիրել երկիրը և ոչ թե ոսկորները թողնել խնամքով փորված ճանապարհամերձ առվի մեջ։
Շատ օրեր անց միայն, ուղևորության վերջում մենք գնահատեցինք նրա խորհուրդները։ Համաշխարհային պատերազմին մասնակցելու մեկուկես տարվա ընթացքում Ամերիկան կորցրեց հիսուն հազար սպանված մարդ։ Իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ամերիկայի ճանապարհների վրա ավտոմոբիլային աղետների հետևանքով զոհվել են հիսունվեց հազար խաղաղ բնակիչներ։ Եվ Միացյալ Նահանգներում չկա մի այնպիսիս ուժ, որ կարողանար կանխել այդ մասսայական սպանությունը։
Մինչև Սկենեկտեդի հասնելը, դեռ քսան մղոն կար, իսկ քաղաքն արդեն ցուցադրում էր իր էլեկտրական հզորությունը։ Ճանապարհի վերևում հայտնվեցին լապտերներ։ Սեխի նման երկարավուն այդ լապտերները ուժեղ և միաժամանակ չկուրացնող դեղին լույս էին տալիս։ Երևում էր, թե ինչպես նա փրփրում էր լապտերների մեջ, լույս չէր, այլ մի տարօրինակ լուսարձակ նյութ։
Քաղաքը մոտենում էր աննկատելիորեն։ Դա ամերիկյան քաղաքների հատկությունն է, երբ նրանց մոտենում ես ավտոմոբիլով։ Մնում է նույն ճանապարհը, միայն ավելանում են ռեկլամներն ու գազոլին կայանները։ Ամերիկյան քաղաքներից մեկը գլխավոր փողոցի մուտքի առջև կախ էր տվել պլակատ․
Ամենամեծ փոքրիկ քաղաքը
Միացյալ Նահանգների
Ամենամեծ փոքրիկ քաղաք․ այս բնորոշումը հիանալի սազում է Սկենեկտեդին, ասենք և ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որոնք առաջացել են խոշոր գործարանների, հացի շտեմարանների կամ նավթի հանքավայրերի շրջակայքում։ Սա նույն փոքրիկ քաղաքն է իր «բիզնես֊սենտերով» և «ռեզիդենշել պարտով», իր Բրոդվեյով և Մեյն֊սթրիթով, միայն թե ավելի ընդարձակված երկարությամբ ու լայնությամբ։ Ընդհանուր առմամբ սա, իհարկե, մեծ քաղաք է։ Նրանում շատ ասֆալտ, աղյուս և էլեկտրական լամպ կա, միգուցե ավելի շատ, քան Հռոմում։ Եվ անշուշտ շատ ավելի քան Հռոմում՝ էլեկտրական սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեծծիչներ, վաննաներ ու ավտոմոբիլներ։ Բայց այդ քաղաքը հոգեպես անչափ փոքր է, և այդ իմաստով նա կարող էր ամբողջությամբ տեղավորվել մի նրբանցքում։
Այդ քաղաքում, ուր առավելագույն հմտությամբ պատրաստում են աշխարհում երբեք գոյություն չունեցող ամենափոքր և ամենամեծ էլեկտրական մեքենաները, ձու հարող մեքենայից սկսած մինչև Կոլորադո գետի վրա Բուլդեր֊դամի հիդրոկայանի համար շինված էլեկտրական գեներատորները, տեղի էր ունեցել այսպիսի մի պատմություն։
Մի ինժեներ սիրել է մյուս ինժեների կնոջը։ Բանը վերջանում է նրանով, որ կինը, բաժանվելով ամուսնուց, միացել է սիրած մարդու հետ։ Բովանդակ փոքրիկ մեծ քաղաքը գիտեր, որ դա իդեալական մաքուր սիրավեպ էր, որ կինը չի դավաճանել ամուսնուն, որ կինը համբերությամբ սպասում էր ապահարզանին։ Սկսնակ դատախազի պես բծախնդիր ամերիկյան աստվածն անգամ կշտամբանքի առիթ չէր գտնի։ Նորապսակներն ապրեցին նոր կյանքով, երջանիկ այն բանով, որ իրենց տառապանքները վերջացան։ Բայց իրականում նրանց տառապանքները նոր էին սկսվում։ Դադարեցին նրանց մոտ այցելելուց, դադարեցին հյուրընկալելուց։ Բոլորը երես դարձրին նրանցից։ Դա մի իսկական բոյկոտ էր և հատկապես սարսափելի էր նրանով, որ տեղի էր ունենում մեծ փոքրիկ քաղաքում, ուր հիմնական հոգևոր պահանջները եզրափակվում են այցելություններով և բրիջ կամ պոկեր խաղալու համար ծանոթներին տուն հրավիրելով։ Վերջի վերջո բոլոր այդ մարդիկ, որոնք երիտասարդ զույգին արտակսել էին իրենց շրջանից, ծայր աստիճան անտարբեր էին․ թքած այն բանի վրա, թե ով ում հետ է ապրում, բայց օրինավոր ամերիկացին չպետք է բաժանվի։ Անվայել բան է դա։ Հետևանքն եղավ այն, որ այն մարդը, որ իրեն թույլ էր տվել ուրիշի կնոջը սիրել և նրա հետ ամուսնանալ, տեղափոխվեց այլ քաղաք։ Դեռ լավ էր, որ այդ օրերին ճգնաժամ չկար և հեշտությամբ կարելի էր աշխատանք գտնել։
Արդյունաբերական մեծ ձեռնարկության շուրջն աճած քաղաքի հասարակությունը, որն ամբողջովին կապված է նրա շահերով, ավելի ճիշտ, այդ ձեռնարկության տերերի շահերով, օժտված է ահավոր ուժով։ Պաշտոնապես մարդուն չեն վռնդում իր համոզմունքների համար։ Ամերիկայում նա ազատ է դավանելու ուզածդ տեսակետին։ Նա ազատ քաղաքացի է։ Սակայն թող փորձի նա եկեղեցի չգնալ, ընդ որում թող փորձի գովաբանել կոմունիզմը, և կստացվի այնպես, որ նա այլևս չի աշխատի մեծ փոքրիկ քաղաքում։ Նա անգամ չի էլ նկատի, թե այդ ինչպես պատահեց։ Մարդիկ, որոնք նրան կվռնդեն, այնքան էլ չեն հավատում աստծուն, բայց եկեղեցի գնում են։ Անվայելուչ բան է եկեղեցի չգնալը։ Ինչ վերաբերում է կոմունիզմին, ապա թող դրանով զբաղվեն կեղտոտ մեքսիկացիները, սլավոնները և նեգրերը։ Դա ամերիկյան գործ չէ։
Սկենեկտեդիում մենք տեղավորվեցինք հյուրանոցում, ուր երեք տեսակի ջուր կար՝ տաք, պաղ և սառցաջուր և գնացինք քաղաք զբոսնելու։ Երեկոյան ժամը տասն էր ընդամենը, բայց անցորդներ գրեթե չկային։ Մայթերի եզրերին կանգնած էին մուգ ավտոմոբիլներ։ Հյուրանոցից ձախ փռված էր ամայի, խոտով պատած դաշտը։ Այստեղ բավական մութ էր։ Դաշտի հետևում, վեցհարկանի շենքի կտուրի վրա, դանդաղ շիկանում և դանդաղ մարում էին «Ջեներալ Էլեկտրիկ Կոմպանիի»֊ի «G. E.» ― զարդագիր սկզբնատառերը։ Այն նմանվում էր կայսերական վենզելի։ Բայց կայսրները բնավ այդպիսի հզորության տեր չեն եղել, ինչպես Ասիան և Աֆրիկան նվաճած, իրենց զինանշանը Հին ու Նոր աշխարհների վրա հաստատած էլեկտրական ջենտլմենները։ Քանզի էլեկտրականության հետ առնչվող գրեթե ամեն բան, վերջ ի վերջո, առնչվում է «Ջեներալ Էլեկտրիկի» հետ։
Հյուրանոցի հետևում, գլխավոր խճուղու վերևում, փողփողում էին լույսի շերտեր։ Այնտեղ ավտոմոբիլային տենդոտ կյանք էր ընթանում։ Իսկ այստեղ, դաշտը շրջանցող բետոնե հոյակապ ճանապարհին մութ էր ու ամայի։ Այստեղ նույնիսկ մայթ չկար։ Ըստ երևույթին ճանապարհ կառուցողների համար անհավանական է թվացել, որ աշխարհում կարող են գտնվել մարդիկ, որոնք «Ջեներալ Էլեկտրիկի» վարչությանը կմոտենան ոտքով և ոչ թե ավտոմոբիլով։
Վարչության դեմ֊դիմաց, կանգնած էր անիվավոր փոքրիկ ապակե մի կրպակ, որը կցված էր մի խարխուլ կիսաբեռնատարի։ Նրա մեջ նստել էր տարիքն առած բեղավոր մի մարդ։ Նա վաճառում էր «պապ֊կորն» ― խորոված, սպիտակ կոկոնիկների պես բացված եգիպտացորեն։ Վաճառասեղանի վրա երեք վառ ճանկերի պես վառվում էր բենզինի ջահը։ Մենք սկսեցինք գուշակել, թե ինչի՞ց են պատրաստում պապ֊կորնը։
― Ախր սա եգիպտացորեն է, անակնկալ կերպով ասաց վաճառղը ուկրաինա֊ռուսերեն լեզվով։ ― Բա ո՞նց չեք տեսնում, որ պարզապես եգիպտացորեն է։ Իսկ դուք որտեղի՞ եք եկել, որ ռսեվար եք խոսում։
― Մոսկվայից։
―Իսկ դուք չե՞ք փչում։
― Չենք փչում։
Պապ֊կորն վաճառողը շատ հուզվեց և դուրս եկավ իր կրպակից։
― Դուք ի՞նչ է, սովետական իշխանության դելեգա՞տ եք, ― հարցրեց նա, ― թե միգուցե աշխատանքի եք եկել էս կողմերը։ Պրակտիկայի՞։
Մենք բացատրեցինք, թե պարզապես ճանապարհորդում ենք։
― Էդպես, էդպես, ― ասաց նա, ― տեսնելու, թե մեզ մոտ, Յունայթեդ Սթեյթսում, ինչպես են գնում գործե՞րը։
Մենք երկար կանգնել էինք ապակե կրպակի մոտ՝ պապ֊կորն կրծելով և լսելով վաճառողի պատմածը, որն առատորեն հագեցած էր անգլիական բառերով։
Այդ մարդը երեսուն տարի սրանից առաջ Միացյալ Նահանգներ է եկել Վոլինսկի նահանգի մի փոքրիկ գյուղակից։ Այժմ այդ գյուղակը գտնվում է Լեհական տերիտորիայի վրա։ Սկզբում նա աշխատել է նահանգներում, ածուխ է փորել։ Հետո գնացել է ֆերմա՝ բատրակություն անելու։ Հետո բանվորներ են հավաքագրել Սկենեկտեդիի շոգեքարշի գործարանի համար, և նա գնացել է շոգեքարշի գործարան։
― Էդպես էլ կյանքս անցավ մեկ օրվա պես, ― ասաց նա տխրադեմ։
Բայց ահա վեց տարի է արդեն, ինչ նա աշխատանք չունի․ ունեցած֊չունեցածը ծախեց։ Տնից դուրս արեցին։
― Էստեղ մի մենեջեր ունեմ, լեհ է։ Ես նրա հետ պապ֊կորն եմ ծախում։
― Եվ շա՞տ եք վաստակում։
― Չէ ջանըմ։ Դիների չի հերիքում։ Սոված եմ մնում։ Հագուստս ինքներդ եք տեսնում, ինչպիսին է։ Սթրիթ դուրս գալու հագնելիք չունեմ։
― Ինչու՞ ետ չեք վերադառնում Վոլին։
― Էնտեղ ավելի վատ է։ Մարդիկ գրում են՝ վերի բեդ։ Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս է, Ռուսաստանում, պատմեցեք։ Ձեր մասին էստեղ զանազան բաներ են ասում։ Ուղղակի չգիտեմ ում հավատամ, ում չհավատամ։
Պարզվեց, որ անհիշատակելի ժամանակներում Ռուսաստանից մեկնած այդ մարդը ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում և գրվում է Սկենեկտեդիում իր նախկին հայրենիքի մասին։
― Էստեղ զանազան դասախոսներ են գալիս, ― ասաց նա, ― ելույթ են ունենում գայ֊սկուլում․ ոմանք սովետական իշխանության կողմ, ոմանք՝ դեմ։ Եվ ահա, ով վոր սովետական իշխանության կողմ է դուրս գալիս, նրա մասին անպայման վատ են գրում՝ վերի բեդ։ Այ, գնդապետ Կուպերը լավ էր խոսում սովետական իշխանության մասին, համա նրա մասին ասեցին, թե նա ծախվել է, թե երկու միլիոն է ստացել։ Միլիոնատեր ֆերմեր էր եկել, գովում էր սովխոզները։ Նրա համար, ասում են, հատուկ սովխոզ են շինել։ Վերջերս Սկենեկտեդիից մի վարժուհի էր գնացել Լենինգրադ, ապրել էր էնտեղ և հետո վերադարձավ ու գովում էր Ռուսաստանը։ Նրա վրա էլ շատ չարախոսեցին, թե նրա բոյը մնացել է այնտեղ, փեսացուն այսինքն։ Վարժուհին էլ սիրում է նրան ու չի ուզում սովետական իշխանության դեմ բան ասել։
― Իսկ դուք ինքներդ ի՞նչ եք կարծում։
― Ինչ եմ կարծու՞մ։ Բա ինձ հարցնողն ո՞վ է։ Մի բան գիտեմ, որ կորչում եմ էստեղ Սկենեկտեդիում։
Նա նայեց աշխարհի էլեկտրական տիրակալների դանդաղորեն շիկացող զինանշանին և ավելացրեց․
― Մի գլուխ հենց մեքենաներ են շինել։ Ամեն ինչ մեքենաներով են անում։ Բանվոր մարդու օրը կտրվել է։
― Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է անել, որպեսզի բանվոր մարդը ավելի հեշտ ապրի։
― Ջարդել, ոտքի տակ տալ մեքենաները, ― հաստատ ու համոզված պատասխանեց խորոված եգիպտացորեն վաճառողը։
Ամերիկայում մենք արդեն բազմիցս լսել էինք մեքենաները ոչնչացնելու մասին։ Դա կարող է անհավանական թվալ, բայց մի երկրում, որտեղ մեքենաշինությունը հասցված է կատարելության, որտեղ ժողովրդի հանճարը իրեն դրսևորել է հենց մեքենաներ հնարելու և արտադրելու գործում, մեքենաներ, որոնք լրիվ փոխարինում են և բազմապատիկ բարելավում մարդու աշխատանքը, հենց այդ երկրում կարելի է լսել ճառեր, որոնք կարող են անհավանական թվալ նույնիսկ գժանոցում։
Նայելով վաճառողին, ակամայից հիշեցինք Նյու֊Յորքի Լեքսինգտոն ավենյուի սրճարանը, ուր ամեն օր գնում էինք նախաճաշելու։ Այնտեղ, մուտքի մոտ կանգնած էր սիրունիկ մի աղջիկ, նարնջագույն քաթանե գոգնոց կապած, գանգրացրած մազերով և քսված (հավանորեն նա ստիպված էր վեր կենալ առավոտյան ժամը վեցին, որպեսզի հասցնի մազերը գանգրացնել) և տալոններ էր բաժանում։ Իսկ վեցերորդ օրը մենք հենց այդտեղ տեսանք մետաղե մեքենա, որը ավտոմատ կատարում էր աղջկա աշխատանքը, ընդ որում ախորժալուր զանգ էր տալիս, մի բան, որ, իհարկե, անհնարին էր սպասել աղջկանից։ Հիշեցինք նաև Նյու֊Յորքում լսած նեգրի պատմությունը․ նեգրը ծառայելիս է եղել նավահանգստում որպես վերահսկիչ և հաշվելիս է եղել բամբակի հակերը։ Աշխատանքը նրա մեջ միտք է հղացրել հակեր հաշվել կարողացող մեքենայի մասին։ Նա հնարել է այդ մեքենան։ Տերերը հաճույքով օգտվել են գյուտից, իսկ նեգրին հեռացրել են։ Եվ նա մնացել է առանց աշխատանքի։ Հետևյալ օրը մենք եղանք «Ջեներալ Էլեկտրիկի» գործարաններում։ Մենք մասնագետ չենք, ուստի և չենք կարող գործարանները նկարագրել այնպես, ինչպես նրանք արժանի են։ Չենք ուզում գործի փոխարեն ընթերցողին հրամցնել միայն գեղարվեստական զարդաքանդակներ։ Մենք ինքներս հաճույքով կկարդայինք այդ գործարանների նկարագրությունը, որը արված լիներ սովետական որևէ ինժեներ֊էլեկտրիկի կողմից։ Բայց մենք այնտեղից տպավորություններ ստացանք տեխնիկական բարձր բանականության և հիանալի բարձր կազմակերպվածության մասին։
Լաբորատորիայում մենք տեսանք աշխարհի մի քանի լավագույն ֆիզիկոսների, որոնք անպիջակ նստել էին աշխատանքի։ Նրանք ծառայության մեջ են «Ջեներալ Էլեկտրիկում»։ Ընկերությունն այնքան էլ շատ փող չի տալիս նրանց։ Ինչ վերաբերում է փորձեր և հետազոտություններ կատարելու միջոցներին, ապա դրանք ոչ մի բանով սահմանափակված չեն։ Եթե միլիոն է պետք, կտան միլիոն։ Դրանով է բացատրվում, որ Ընկերուցյանը հաջողվել է իր կողմը քաշել համաշխարհային լավագույն ֆիզիկոսներին։ Ամերիկայում ոչ մի համալսարան չի կարող տալ նրանց աշխատանքի այն ազատությունը, որից նրանք օգտվում են այստեղ, գործարանային լաբորատորիայում։
Դրա փոխարեն այն բոլոր գյուտերը, որ անում են այդ իդեալիստները, դառնում են ընկերության լիակատար սեփականությունը։ Գիտնականներն առաջ են մղում գիտությունը, իսկ ընկերուցյունը փող է վաստակում։
Ինժեներների հարմարավետ և գեղեցիկ ակումբում նախաճաշի պահին, ի մեծ զարմանս մեր, մի քանի ինժեներներ արտահայտեցին մտքեր, որոնք շատ հիշեցնում էին այն, ինչի մասին մեզ ասում էր պապ֊կորնի գործազուրկ վաճառողը։ Հասկանալի է, դրանք ասված են ոչ այնպես պրիմիտիվ ձևով, բայց էությունը մնում է նույնը։
― Չափից դուրս շատ մեքենաներ կան։ Չափից դուրս շատ տեխնիկա։ Մեքենաները մեղավոր են այն դժբախտությունների համար, որոնք թափվում են երկրի գլխին։
Եվ այդ ասում էին մարդիկ, որոնք իրենք են արտադրում ամեն տեսակ հիանալի մեքենաներ։ Միգուցե նրանք կանխատեսել էին արդեն այն պահը, երբ մեքենան աշխատանքից կզրկի ոչ միայն բանվորներին, այլև իրենց՝ ինժեներներին։
Նախաճաշի վերջում մեզ ծանոթացրին մի նիհար ու բարձրահասակ ալեհեր ջենտլմենի հետ, որի այտերի վրա խաղում էր պոմիդորի առողջ կարմրությունը։ Ջենտլմենը միստեր Ադամսի հին բարեկամը դուրս եկավ։ Փոքրահասակ, հաստլիկ Ադամսը և իր բարեկամը երկար թփթփացնում էին իրար մեջքի, ասես որոշել էին փոշին թափ տալ պիջակներից։
― Պարոնա՛յք, ― ասաց մեզ ուրախությունից փայլող Ադամսը, ― ես ձեզ հանձնարարում եմ միստեր Ռիպլիին։ Դուք կարող եք մեծ օգուտ քաղել այս միստերից, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է ամերիկյան էլեկտրական արթյունաբերությունը։ Նո՛, նո՛, դուք պետք է խնդրեք միստեր Ռիպլիին ցույց տալու իր էլեկտրական տնակը։
Մենք խնդրեցինք։
― Լա՛վ, ― ասաց միստեր Ռիպլին, ― վերի ուելլ։ Ես ձեզ ցույց կտամ իմ էլեկտրական տնակը։
Եվ միստեր Ռիպլին հրավիրեց մեզ՝ հետևել իրեն։
Գլուխ տասներեքերորդ — Միստեր Ռիպլիի էլեկտրական տնակը
Միստեր Ռիպլին մոտեցրեց մեզ իր տնակի արտասանդուխքին և խնդրեց սեղմել էլեկտրական զանգի կոճակը։
Սովորական զանգի փոխարեն լսվեցին մելոդիկ հնչյուններ, որոնք ասես դուրս էին գալիս երաժշտական արկղիկից։ Դուռն ինքնիրեն բացվեց, և մենք հայտնվեցինք նախասրահում։
Միստեր Ռիպլին մոտեցավ պատից կախված արկղիկին, ընտել շարժումով բաց արեց փոքրիկ դռնակը և ցույց տվեց էլեկտրական մի ինչ֊որ մեքենա։
― Էլեկտրական զանգի հինգ տեսակ, ― ասաց նա ժպտալով։ ― Եթե մուտքի դռան մոտ զանգահարում է հյուրը, կատարվում է ահա այս մեղեդին, որը դուք արդեն լսեցիք։ Եթե կոճակը սեղմում եք սպասուհուն սենյակից կանչելու համար, հնչում է Կարմենի արիան։
Միստեր Ռիպլին սեղմեց կոճակը, և ապարատն իրոք նվագեց «Սերն ասես թռչուն է, բայց ոչ երկրային․․․»։
― Նախաճաշի զանգը։ Իելյան համալսարանի մարշն է, իսկ ճաշի զանգը՝ անգլիական ծննդյան տոնի երգը։ Կա նաև տագնապի զանգ։ Ընդամենը հինգ տեսակի էլեկտրական զանգ։ Ցավոք, մեր ֆիրման դեռ չի հնարել մի այնպիսի ազդանշան, որը որոշեր, թե ինչպիսի հյուր է զանգահարում՝ տիրոջ համար հաճելի, թե՛ տհաճ։
Ասելով այդ կատակը, միստեր Ռիպլին ծիծաղեց․
― Բայց այդ ամենը հենց այնպես, էլեկտրական կուրյոզ է։ Իսկ հիմա համեցեք իմ կաբինետը։
Միստեր Ռիպլին իրենից ներկայացնում էր Ամերիկայում չափազանց տարածված կարմրադեմ և ալեհեր գործարար մարդու տիպ։ Նման տիպ դաստիարակվում է քառասուն կամ հիսուն տարիների մոտ, հաջողակ ամերիկացիներից՝ կարգին եկամտի, լավ ախորժակի և լավատեսության հսկա պաշարի հիման վրա։ Քառասուն տարվա մոտ, կարմրադեմ և ալեհեր ջենտլմենն այդպես էլ մնում է մինչև իր օրերի վերջը, և է՛լ ոչ մի կերպ հնարավոր չի լինում որոշել նրա տարիքը, հիսուն տարեկա՞ն է, թե վաթսունութ։
Կաբինետում հայտնվելով, միստեր Ռիպլին իսկույն նստեց գրասեղանի և գրադարակի միջև դրված փափուկ բազակաթոռին և ոտքերը սեղանին դնելով, վառեց սիգարեթը։
― Այսպես եմ հանգստանում աշխատանքից հետո, ― նկատեց նա՝ բերանից ծուխ թողնելով։
Նա ծխում էր դանդաղ, առանց ներս քաշելու, ցանկանալով որքան կարելի է շատ ծուխ բաց թողնել։
― Ծխելն այնքան վնաս չէ, ― հաղորդեց նա, ― որքան սենյակում կուտակված ծուխը շնչելը։ Այնպես չէ՞։ Ամենից վնասակարը՝ փչացած մթնոլորտն է։
Այդ պահին մենք նկատեցինք, որ ծուխը ոչ միայն վեր չի բարձրանում, չի տարածվում սենյակում և ընդհանրապես քուլա֊քուլա չի լինում, ինչպես այդ ընդունված է, այլ բոլորի աչքերի առջև ձգվում է գրադարակի կողմի վրա և անհետանում գրքերի արանքում։ Նկատելով իր գործողությունների առաջացրած էֆեկտը, միստեր Ռիպլին սկսեց ավելի շատ ծուխ անել։ Ծուխը ամենակախարդական կերպով սողաց դեպի գրադարակը, մի պահ պատեց գրքի կողերը և անմիջապես չքացավ։ Սենյակում նույնիսկ ծխախոտի հոտ չմնաց։
― Գրքերի հետևում թաքցված է օդափոխման էլեկտրական սիստեմ, ― բացատրեց միստեր Ռիպլին։
Նա մոտեցավ մի քանի սլաքներ ունեցող ապակե կլոր գործիքին և ասաց․
― Սենյակի ջերմությունը կանոնավորող էլեկտրական գործիք։ Դուք սիրում եք, որ գիշերը զով լինի, ասենք՝ տասներկու աստիճանի, իսկ առավոտվա ժամը յոթից ուզում եք, որ լինի տասնութ։ Կամ՝ ինչպես կամենաք։ Դուք սլաքը պտտում եք ահա այսպես, իսկ այն սլաքը այսպես՝ և կարող եք հանգիստ պառկել քնելու։ Ապարատը կկատարի բոլոր ձեր ցանկությունները։ Ձեզ մոտ տաք կլինի, եթե փողոցում ցուրտ է, և զով՝ եթե փողոցում շոգ է։ Դա կարվի ավտոմատ կերպով։ Դե, այս կաբինետում մնացած բաները մանրուք են։ Ահա այս լուսամփոփը հարմար լույս է գցում գրասեղանի վրա։ Եթե այն շուռ տաս, լամպը կլուսավորի առաստաղը, որը կանդրադարձնի լույսը ամբողջ սենյակով մեկ։ Այժմ սենյակը մեղմ լուսավորված է, իսկ լույսի աղբյուրը թաքցված է և աչք չի շլացնում։
Ապա միստեր Ռիպլին անցավ ճաշարան։ Այստեղ զանազան էլեկտրական գործիքներ կային, որոնք թեև չէին զարմացնում իրենց նոր լինելով, բայց շինված էին հիանալի․ սրճաման, հաց տապակելու մեքենա, սուլող թեյաման և ամերիկյան ազգային ճաշ՝ ձվով խոզապուխտ պատրաստելու թավա։ Այդ ամենը ամենավերջին նմուշներն էին։ Բուֆետի վրա, ըստ երևույթին հակադրության համար, դրված էր հնօրյա մի սպիրտայրոց։ Ամերիկացիները սիրում են ակնառու կերպով ցուցադրել տեխնիկայի պատմությունը։ Ֆորդի մոտ, ժամանակակից գործարանի կողքին, կա մի թանգարան, որտեղ ցուցադրված են հնօրյա ավտոմոբիլներ և շոգեքարշեր։ «Ջեներալ Էլեկտրիկ» գործարանի բակում իբրև հուշարձան դրված է առաջին էլեկտրական մեքենաներից մեկը, իսկ կաբելի ցեխում, այն հաստոցի կողքին, որից անընդհատ հոսում է ավտոմատ կերպով արծաթավուն արճիճով պատվող ժամանակակից կաբելը, ցուցադրված է Էդիսոնի չուգունե անճոռնի խողովակի մեջ հագցված առաջին կաբելը։
Բայց միստեր Ռիպլին գլխավոր հարվածն իր այցելուներին հասցրեց խոհանոցում։ Այստեղ դրված էր զարմանալի կերպով պայծառ, սերուցքի սպիտակության էլեկտրական պլիտա։
― Պլիտայի ներքևի մասում շինված է պահարան՝ ամանեղենի համար, ― ասաց միստեր Ռիպլին։ ― Այստեղ ափսեները միշտ տաք են մնում և ճաշից առաջ հարկ չկա հատկապես տաքացնել դրանք։ Դուք ուզում եք ճաշ եփել։ Սուպ և տապակած միս։ Պատրաստում եք միսն ու բանջարեղենը, լցնում կաթսայի մեջ, ջուր եք ավելացնում և դնում պլիտայի վրա։ Այնուհետև պատրաստում եք միսը, դնում ջեռուցված պահարանը։ Ապա պլիտայի աջ կողմից մոտեցնում եք հատուկ ապարատին և սլաքը փոխադրում «սուպի» վրա, իսկ մյուսը՝ «տապակածի»։ Դրանից հետո հանգիստ կարող եք գնալ աշխատանքի։ Ճաշը չի փչանա, եթե անգամ երեկոյան վերադառնաք։ Ճաշը հենց որ պատրաստվեց, ջեռուցումը ավտոմատ կերպով կպակասի։ Կպահվի միայն մի փոքր ջերմություն, որպեսզի ձեր գալուն ճաշը տաք լինի․․․ Իմ խոհանոցում երբեք ծխահոտ չի լինում, քանի որ պլիտայի վերևում էլեկտրական արտածծիչ է սարքած։
Միստեր Ռիպլին գրպանից արագ հանեց մի կտոր թուղթ և վառեց։ Ծուխն ու մուրը իսկույն չքացան։
― Բայց ահա մեկ ուրիշ դժբախտություն։ Եփել թափելուց հետո մնում է շատ ոսկոր, կարտոֆիլի կճեպ և ուրիշ աղբ։
Միստեր Ռիպլիի դեմքը տառապանք էր արտահայտում։ Բայց արդեն մեկ վարկյանից նրա դեմքին նորից շողաց լավատես ժպիտը։ Միստեր Ռիպլին մոտեցավ պլիտայի կողքին դրաված քառակուսի մետաղյա բաքին և վեր առավ կափարիչը։
― Այստեղ կարող եք գցել ամեն տեսակ մնացորդներ, ամեն տեսակ աղբ և կափարիչը նորից փակելով, միացնել հոսանքը։ Մի քանի րոպեից հետո բաքը կլինի դատարկ և մաքուր։ Մնացորդները փոշիանում են և գնում են կոյուղի։
Միստեր Ռիպլին արագ վերցրեց կիրակնօրյա լրագիրը, որը հինգ ֆունտ էր կշռում, դժվարությամբ ճխլտեց և նետեց բաքի մեջ, լսվեց կարճատև չխչխկոց, և կարմրադեմ ջենտլմենը հանդիսավոր կերպով բաց արեց կափարիչը։ Բաքը դատարկ էր։
Տասը րոպեի ընթացքում միստեր Ռիպլին ձեռնածուի ճարպկությամբ, էլեկտրականության օգնությամբ լուծեց ևս երկու խոհանոցային մեծագույն պրոբլեմ՝ մթերքների պահումը և կեղտոտ ամանեղենի լվանալը։
Նա ցույց տվեց էլեկտրական սառնարանը, որը ոչ միայն սառյուց չէր պահանջում, այլ, ընդհակառակն, ինքն էր պատրաստում, լուսանկարչական վաննային նմանվող սպիտակ, հատուկ վաննայում՝ թափանցիկ քառակուսիների ձևով։ Սառնարանում բաժանմունքներ կային մսի, կաթի, ձկան, ձվի և մրգերի համար։
Ապա մի բաքի վրայից էլ վերցվեց կափարիչը․ նրա մեջ կային բազում զանազան ձողիկներ, փայտիկներ և կեռիկներ։
― Այստեղ դուք դարսում եք կեղտոտ ամանեղենը․ գդալներ, ափսեներ, կաթսաներ։ Հետո փակում եք կափարիչը և հոսանքը միացնում։ Բոլոր կողմերից ամանեղենի վրա խփում են տաք ջրի հոսանքներ, և մի քանի րոպեից, այն մաքուր է։ Հիմա պետք է ամանեղենը սրբել։ Ա՜հ, ինչ դժվար և տհաճ գործ է ամանեղեն սրբելը։ Այնպես չե՞։ Բայց ո՛չ։ Լվացվելուց հետո ջրի հոսանքը ավտոմատիկ կերպով դադարում է, և նրա փոխարեն հատուկ անցքերից գալիս է տաք, չոր օդը։ Եվս մի քանի րոպե, և ձեր ամանեղենը, ջենտլմեններ, չոր է ու մաքուր։
Միստեր Ռիպլին ի միջի այլոց ցույց տվեց ձու հարող էլեկտրական մեքենան և հրավիրեց մեզ բարձրանալու ննջարան։ Այստեղ նա արագ հանեց պիջակը և պառկեց մահճակալին։
― Պատկերացրեք, որ ես քնած եմ։
Մենք մեր երևակայության մեջ հեշտությամբ պատկերացրինք խաղաղ մի պատկեր՝ «պապան քնած է» անունով։
― Բայց ահա առավոտ է։ Պետք է վեր կենալ։ Օ՜խ, օ՜խ, օ՜խ։
Միստեր Ռիպլին տեղից բարձրացավ և բավականին բնական ձևով հորանջեց։
― Ուշադրություն դարձրեք այս լամպի վրա։ Ես միացնում եմ հոսանքը և մինչ ես ձգվելով և հորանջելով հանում եմ գիշերվա պիժաման, լամպը լուսավորում է իմ մարմինը։ Եվ սա հասարակ լամպ չէ։ Սա արհեստական արև է, որը մարդուն նորմալ թխություն է տալիս։ Իմ տրամադրության տակ կա տասը րոպե։ Ես վեր եմ կենում անկողնուց և մոտենում եմ ահա այս մարմնամարզական ապարատին։ Այստեղ ևս միացնում եմ երկրորդ կվարցի լամպը և, շարունակելով այրվել ու գրգանք վայելել արևի տակ, անցնում եմ մարմնամարզության։ Մարդիկ չեն սիրում առավոտները զբաղվել մարմնամարզությամբ։ Մեր ֆիրման հաշվի է առել այդ։ Ուստի դուք ստիպված չեք որևէ շարժում անել։ Դուք միայն փոկերով գոտևորում եք ձեզ և միացնում հոսանքը։ Ապարատն ամենայն բարեխղճությամբ մասաժում է ձեզ։ Սակայն բժիշկների ցուցումով հինգ րոպեից ավելի զբաղվել այդ գործով՝ վնասակար է։ Բայց մարդը, ջենտլմեններ, տակավին կատարելագործված մեքենա չէ։ Նա կարող է մոռանալ ժամացույցին նայելը և հոսանքն անջատելը։ Ապարատն այդ բանը թույլ չի տա։ Նա ինքը կդադարեցնի գործողությունը և այդ կանի ուղիղ հինգ րոպեից հետո։
Մենք շատ անգամ էինք հանդիպել նման երևույթի ամերիկյան տեխնիկայում։ Այն կոչվում է «Ֆուլպրուֆ»․ պաշտպանվել հիմարից։ Բարձր տեխնիկան վախենում է մարդուց և չի հավատում նրա խելամտությանը։ Այնտեղ, ուր միայն այդ հնարավոր է, այն աշխատում է պահպանել իրեն մի շարք սխալներից, որոնք հատուկ են կենդանի էակին։ Դաժան, խարազանող անուն է հնարված․ ― պաշտպանվել հիմարից։ Աշխարհում մեծագույն Բոուլերդամ հիդրոկայանի շինարարության վրա մենք մի կռունկ տեսանք, որը խորունկ կիրճն էր իջեցնում բեռնված ամբողջական վագոններ։ Հեշտ է պատկերացնել այդ օպերացիաների ողջ բարդություն ու վտանգավորությունը։ Բավական է շփոթել այդ ապարատը կարգավորող կոճակները, որպեսզի տեղի ունենա աղետ։ Բայց ոչ մի սխալ չի կարող պատահել։ Կառավարման խցիկում, ուր նստած է մեքենավարը, միայն մի կոճակ կա։ Մեքենան ամեն ինչ ինքն է անում։ Նա հո երբեք աշխատանքի չի գա հարբած վիճակում, նա միշտ սառնարյուն է, նրա խելամտությունը ամեն տեսակ գովասանքից վեր է։
Իսկ միստեր Ռիպլին շարունակում էր ցույց տալ իր տնակի նորանոր էլեկտրական հրաշքները։ Այստեղ կային և՛ էլեկտրական ածելի, և՛ վերջին կոնստրուկցիայի փոշեծծիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հարդուկելու հատուկ մամլիչ, որը փոխարինում էր էլեկտրական հարթուկին, քսաներորդ դարի այդ անախրոնիզմին։ Երբ հարթ ու ողորկ սեղանի տակից դուրս քաշվեց էլեկտրական կարի մեքենան, մենք արդեն հոգնել էինք։ Եթե այդ պահին միստեր Ռիպլին դուրս բերեր մեզ բակ և տանը դիմելով ասեր՝ «կանգնիր, ո՜վ տնակ, մեչքդ արա Նյու֊Յորքին, իսկ ինձ՝ երեսդ» և տնակը հավի ոտների վրա կանգնած խրճիթի նման էլեկտրականության օգնությամբ կատարեր այդ խնդրանքը, մենք այնքան էլ չէինք զարմանա։ Ժամանակն է ասելու, թե ով է միստեր Ռիպլին։ Նա «Ջեներալ Էլեկտիկ Կոմպանի»֊ի պաբլիսիթի բաժնի վարիչն է։ Ռուսերեն թարգմանելու դեպքում «պաբլիսիթի» նշանակում է ռեկլամ։ Բայց սա շատ հասարակ բացատրություն է։ Պաբլիսիթին անհամեմատ ավելի լայն հասկացողություն է։ Նա, թերևս, պակաս դեր չի խաղում ամերիկյան կյանքում, քան ինքը՝ տեխնիկան։
Մեզանում ամերիկյան պաբլիսիթիի մասին ստեղծվել է այնպիսի տպավորություն, թե այնտեղ կան կանչողների բարձրաձայն գոռոցներ, անթիվ ու անհամար պլակատներ, խաբեական միջոցներ, կրակի շողշողուն ցուցանակներ և նման բաներ։ Իհարկե, այդ բնույթի ռեկլամ ևս գոյություն ունի Ամերիկայում։ Սակայն սպառողին անընդհատ խլացնելու այդ եղանակը գործադրում են միայն ծխախոտի, ռետինե ծամոնի, ալկոհոլի կամ «Կոկա֊կոլա» զովացուցիչ ըմպելիքի գործարանատերերը։
Միստեր Ռիպլիի տնակը դա ռեկլամային տնակ չէ։ Դա գիտական տնակ է։ Այստեղ ալեհեր ջենտլմենը օրեօր, ամսե֊ամիս հաշվում է, թե որքան կարժենա այս կամ այն էլեկտրական գործիքի շահագործումը։ Նրանցից յուրաքանչյուրի մոտ կախված է հաշվիչ։ Միստեր Ռիպլին նոր մեքենաների յուրատեսակ փորձարկում է կատարում, ստուգելու համար նրանց շահավետությունը։
Հետո նա գիրք է գրում։ Նա գրող է։ Եվ այդ գրքում չկան հայրենասիրական ճիչեր, թե «Ջեներալ Էլեկտրիկի» արտադրանքն ավելի լավն է քան «Վեստինգհաուզ» ֆիրմայի արտադարանքը։ Ընդհակառակն, երբ մենք հարցրինք միստեր Ռիպլիին, թե արդյոք լա՞վն են «Վեստինգհաուզի» սառնարանները, նա պատասխանեց, թե շատ լավն են։ Իր գրքում միստեր Ռիպլին բացատրում է, թե որքան հարմար է կենցաղում էլեկտրականություն օգտագործելը և ստուգված թվերի միջոցով ապացուցում է, որ էլեկտրականությունն էժան է գազից, նավթից և ածուխից։ Նրա գրքում ճշգրիտ տեղեկություններ կան, թե էլեկտրական պլիտայի ծախսած էներգիան ինչքա՞ն է նստում մեկ օրում, մեկ շաբաթում և մեկ ամսում։ Վերջում նա տեղեկացնում է, որ ամբողջ էլեկտրական տնակի շահագործումը մի շաբաթում նստում է յոթ դոլար։ Նա հիանալի գիտե, որ դա սպառողին համոզելու ամենալավ միջոցն է։
Ժամանակակից ամերիկյան տեխնիկան անհամեմատ բարձր է ամերիկյան սոցիալական կառուցվածքից։ Եվ այն ժամանակ, երբ տեխնիկան արտադրում է կյանքը թեթևացնող իդեալական առարկաներ, սոցիալական կառուցվածքը թույլ չի տալիս ամերիկացուն փող վաստակել այդ առարկաները գնելու համար։
Մաս֊մաս վճարում․ ահա ամերիկյան առևտրի հիմքը։ Ամերիկացու տանը գտնվող բոլոր առարկաները գնված են մաս֊մաս վճարելու պայմանով․ պլիտան, որի վրա ճաշ է պատրաստում, կահույքը, որի վրա նստում է, փոշեծծիչը, որով նա հավաքում է սենյակը, նույնիսկ տունը, ուր նա ապրում է․ այդ ամենը ձեռք է բերված մաս֊մաս վճարելով։ Այդ ամենի համար տասնյակ տարիներ շարունակ փող պետք է վճարել։ Ըստ էության, ոչ տունը, ոչ կահույքը, ոչ մեքենայացված կենցաղի հրաշալի մանրուքները իրեն չեն պատկանում։ Օրենքը շատ խիստ է։ Հարյուր մուծումից կարող է մուծված լինել իննսունինը, և եթե հարյուրերորդին փողը չհերիքի, այդ դեպքում իրը կտանեն։ Ժողովրդի ճնշող մեծամասնության համար սեփականությունը ֆիկցիա է։ Ամեն ինչ, նույնիսկ մահճակալը, որի վրա քնում է շատ մեծ լավատեսը և սեփականության շատ թունդ ջատագովը, պատկանում է ոչ թե իրեն, այլ արդյունաբերական ընկերությանը կամ բանկին։ Բավական է, որ մարդ գործից զրկվի, հետևյալ օրը նա սկսում է պարզ հասկանալ, որ ինքը ոչ մի սեփականություն էլ չունի, նեգրի պես մի սովորական ստրուկ, միայն թե սպիտակ գույնի։
Իսկ խուսափել գնումներ անելուց ոչ մի կերպ հնարավոր չէ։
Տնակի դռների մոտ քաղաքավարությամբ հնչում է զանգը, և նախասրահում հայտնվում է բոլորովին անծանոթ մի այցելու։ Ամեն տեսակ ներածական խոսքերի վրա զուր ժամանակ չկորցնելով, այցելուն ասում է․
― Ես եկել եմ ձեր խոհանոցում էլեկտրական պլիտա գնելու։
― Բայց ես արդեն ունեմ գազի պլիտա, ― պատասխանում է զարմացած տանտերը, որի ունեցած փոքրիկ տան լվացքի մեքենայի և ստանդարտ կահույքի դիմաց վճարելու դեռ շատ տարիներ են մնում։
― Էլեկտրական պլիտան շատ ավելի լավն է և տնտեսող է։ Ասենք, ես ձեզ չեմ համոզի։ Հիմա կտեղադրեմ և մեկ ամսից հետո նորից կգամ։ Եթե չհավանեք՝ կտանեմ, թե հավանեք՝ պայմանները շատ թեթև են․ առաջին ամիսը քսանհինգ դոլար, իսկ հետո․․․
Նա դնում է պլիտան։ Ամսվա ընթացքում տանտերը հասցնում է նկատել, որ պլիտան իսկապես հիանալի է։ Նա արդեն ընտելացել է պլիտային և չի կարող նրանից բաժանվել։ Նա ստորագրում է մի նոր պայմանագիր և սկսում է այնպես հարուստ զգալ իրեն, որպես մի Ռոկֆելլեր։
Համաձայնեցեք, որ սա ավելի ներգործող է, քան լուսավոր ռեկլամը։
Թվում էր, թե միջին, այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցող ամերիկացու կյանքում վրա է հասնելու մի պահ, երբ նա վճարում է իր բոլոր պարտքերը և իսկականից դառնում է սեփականատեր։ Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ։ Նրա ավտոմոբիլը հնացել է։ Ֆիրման առաջարկում է մի նոր՝ հիանալի մոդել։ Հին մեքենան ֆիրման վերցնում է հարյուր դոլարով, իսկ մնացած հինգ հարյուրի համար տրվում են հրաշալի արտոնյալ պայմաններ․ առաջին ամիսը՝ այսքան դոլար, իսկ հետո․․․
Հետո երջանիկ սեփականատերը մի տեսակ աննկատելի կերպով կորցնում է աշխատանքը (Ամերիկայում դա կոչվում է կորցնել «ջաբը»), և նրա նոր ավտոմոբիլն իր երկու ազդանշաններով, էլեկտրական վառիչով և ռադիո ապարատով վերադարձվում է իսկական տիրոջը՝ բանկին, որը տարաժամկետ է տվել։ Ա՜յ քեզ դժբախտություն։ Ոչ թե ինչ֊որ քնձռոտ, այլ, իրոք, հիանալի ապրանքներ են վաճառվում։ Վերջին տարիների ընթացքում Ամերիկայում կատարելուցյան է հասել մասսայական սպառման առարկաների արտադրությունը։ Բա կարելի՞ է դիմանալ ու չգնել նոր փոշեծծիչ, թեև հինը լավն է և մի տասը տարի էլ կարող է աշխատել։
Վերջերս Նյու֊Յորքում սկսել է գործադրվել ռեկլամի մի նոր եղանակ։
Կյանք վայելած, եփված, ընկած֊ելած նյույորքցու բնակարանն է գալիս մի մարդ և ասում․
― Բարև՜ ձեզ, ես խոհարար եմ և ուզում եմ ձեզ և ձեր հյուրերի համար լավ սննդարար ճաշ պատրաստել իմ մթերքներով։
Նյույորքցու դեմքին սատանայական ժպիտ նկատելով, եկվորը հապշտապ ավելացնում է․
― Դա ձեզ վրա ոչ մի ցենտ չի նստի։ Ես միայն երկու պայման եմ դնում․ առաջինը՝ ճաշը պետք է եփվի հետս բերած կաթսանների մեջ և, երկրորդ՝ ճաշին պետք է հրավիրվեն ոչ պակաս քան յոթ տիկնայք։
Նշանակված օրը խոհարարը ներկայանում է իր կաթսաներով և պատրաստում է համեղ ճաշ։ Խրախճանքի վերջում նա հանդիսավոր կերպով հայտնվում է ճաշասենյակում, հարցնում է՝ գո՞հ են արդյոք հյուրերը ճաշից, և գրի է առնում ներկա եղող կանանց հասցեները։ Բոլորը հիացած են ճաշից։ Խոհարարը համեստորեն տեղեկացնում է, որ նման ճաշ կարող է պատրաստել ամեն մի տնտեսուհի, եթե միայն ցանկանա օգտվել հատուկ կաթսաներից։ Ողջ հասարակությունն անցնում է խոհանոց և սկսում զննել կաթսաները։ Կաթսաներից յուրաքանչյուրը, չգիտես ինչու, բաժանվում է երեք մասի։ Նրանք հատուկ տակ ունեն, որն, իբր, նպաստում է վիտամինների պահպանմանը։ Սակայն այս բանում սուտ քիչ կա։ Կաթսաները իրոք որ լավն են։ Գնման պայմաններն էլ շատ արտոնյալ են։ Հետևյալ օրը խոհարարը գնում է ըստ հասցեների, և գործարքներ է կատարում։ Հմայված տնային տնտեսուհիները գնում են կաթսաների լրիվ կոմպլեկտ։ Դարձյալ գործի է դրվում մաս֊մաս վճարումը։ Կաթսաներն իրոք հներից լավն են, բայց կյանքը չթեթևացավ, այլ ծանրացավ, որովհետև պարտքերն ավելացան։
Ո՛չ։ Լուսառեկլամը և թերթի հայտարարությունը նախապատրաստական դասարանն է։
Ամեն տարի Ամերիկայում շատ հետաքրքիր դեպք է տեղի ունենում։ Շինարարական ընկերությունը միանալով ճարտարապետների ընկերության և էլեկտրական ֆիրմայի հետ, տուն է կառուցում։ Դա միստեր Ռիպլիի տնակի նման մի բան է։ Միայն թե այնտեղ, էլեկտրական նորություններից բացի, մնացած բաներն էլ են նորություն․ և՛ ճարտարապետությունը, և՛ շինանյութերը, և՛ կահույքը, և՛ բակը։ Տունը կառուցելուց հետո առևտրի հիման վրա միավորված նորարարները համաժողովրդական կոնկուրս են հայտարարում այդ տունը նկարագրելու համար։ Լավ նկարագրության հեղինակը մրցանակ է ստանում հենց այն տունը, որն այնպես լավ նկարագրել է։ Այդ իրադրությունը մշտապես մեծ հետքրքրություն է առաջացնում։ Վերջին անգամ տունը ստացավ տասնվեց տարեկան չքավոր մի աղջիկ։ Լրագրերը հաճույքով տպագրեցին նրա կենսագրությունը և դիմանկարները։ Նրան «ջաբ» առաջարկեցին ինչ֊որ մի մեծ ընկերության ռեկլամի բաժնում։ Բայց բանն իհարկե աղջկա մեջ չէ։ Բանն այն է, որ նրա տարերային երջանկությամբ հրապուրվելով, ընթերցողները միաժամանակ հետաքրքրվում էին սեփական կյանքի կատարելագործման նախագծերով։ Երեկոները, ընտանիքի հայրերը մատիտը ձեռքներին և ակնոցը աչքներին հաշվում էին, որ հույժ արտոնյալ այդպիսի տան գնումն այնքան էլ սարսափելի բան չէ․ առաջին մուծումը այսքան դոլար է։ Իսկ հետո․․․
Հեռանալով հյուրընկալ միստեր Ռիպլիի մոտից, մենք շնորհակալություն հայտնեցինք նրան և հրաժեշտի պահին ասացինք․
― Այ, դուք մեր պատճառով մի քանի ժամ կորցրիք։ Չէ՞ որ դուք գիտեք, որ մենք ոչ սառնարան կգնենք, ոչ էլ պլիտա։
― Բայց միգուցե դուք երբևէ գրեք իմ տնակի մասին, ― պատասխանեց ալեհեր, կարմրադեմ ջենտլմենը։ ― Լավ պաբլիսիթին երբեք չի կորչի։
Գլուխ տասնչորսերորդ — Ամերիկային չի կարելի հանկարծակիի բերել
Երբ մենք երեսուն մղոն հեռացել էինք Սկենեկտեդիից, միսիս Ադամսը ամաուսնուն ասաց․
― Ցրտեց։ Գլխարկդ դիր։
Միստեր Ադամսը որոշ ժամանակ շուռումուռ էր գալիս տեղում, բարձրանում և ձեռքով պրպտում էր իր տակը։ Հետո, փնչացնելով, կռացավ և սկսեց փնտրել ոտքերի տակ։ Վերջապես նա դարձավ մեզ։
― Պարոնայք, ― ասաց նա լացակումած ձայնով, ― փնտրեցեք, արդյոք ձեզ մոտ չի՞ գլխարկս։
Գլխարկը չկար։
Միսիս Ադամսը մեքենան քշեց մի կողմի վրա։ Դուրս եկանք մեքենայից և անցանք կազմակերպված որոնման․ զննեցինք բագաժանոցը, բացեցինք բոլոր ճամպրուկները։ Միստեր Ադամսը նույնիսկ տնտղեց գրպանները։ Գլխարկն անհետացել էր։
― Մինչդեռ, պարոնայք, ― նկատեց միստեր Ադամսը, ― հիմիկվա պես հիշում եմ, որ գլխարկ ունեի։
― Մի՞թե հիշում ես, ― հարցրեց կինը ժպտալով, որից միստեր Ադամսը դողաց։ ― Ի՜նչ հիանալի հիշողություն։
― Այո՛, այո՛, այո՛, միանգամայն անհասկանալի է, ― փնթփնթում էր միստեր Ադամսը, ― հիանալի գլխարկ էր․․․
― Դու քո գլխարկը մոռացել ես Սկենեկտեդիում, ― բացականչեց կինը։
― Նո՛, Բեկկի, Բեկկի։ Մի ասա այդպես․ մոռացե՜լ ես Սկենեկտեդիում։ Օ՜, նո՛։ Ցավալի է լսել, երբ ասում ես, թե գլխարկս մոռացել եմ Սկենեկտեդիում։ Չէ, լուրջ, չի կարելի այդպես պնդել։
― Այդ դեպքում որտե՞ղ է։
― Չէ, Բեկկի, լուրջ, ինչպե՞ս կարող եմ քեզ պատասխանել, թե որտեղ է։
Նա հանեց թաշկինակը և սկսեց սրբել գլուխը։
― Ի՞նչ բան է սա, ― հարցրեց միսիս Ադամսը։
― Սա թաշկինակ է, Բեկկի։
― Դա թաշկինակ չէ, անձեռոցիկ է։ Մի այստեղ տուր։ Այդպես էլ կա։ Անձեռոցիկ՝ հյուրանոցի սկզբնատառերով։ Ինչպե՞ս է ընկել քո գրպանը։
Միստեր Ադամսը տանջվում էր։ Նա կանգնել էր մեքենայի մոտ, վերարկուի օձիքը բարձրացրած և անհամբեր մեկ մի ոտի, մեկ մյուսի վրա էր հենվում։ Նրա սափրած գլխին անձրևի կաթիլներ էին ընկնում։
Մենք սկսեցինք տաք֊տաք քննարկել ստեղծված իրադրությունը։
Պարզվում է, որ վերջին անգամ գլխարկը տեսել են այսօր առավոտյան, հյուրանոցի ռեստորանում։ Այն դրված էր եղել աթոռին, միստեր Ադամսի կողքին։ Նախաճաշի ժամանակ մեծ վիճաբանություն էր գնում իտալո֊հաբեշական պատերազմի մասին։
― Անշուշտ, հենց այդ ժամանակ էլ թաշկինակի փոխարեն անձեռոցիկն ես խրել գրպանդ, ― իր ենթադրուցյունն արեց միսիս Ադամսը։
― Ա՜խ, Բեկկի, դու այդպես չպետք է խոսես, ― անձեռոցիկը խրել ես գրպանդ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դաժանություն է քո կողմից այդպես խոսելը։
― Բա հիմա ի՞նչ անենք։ Վերադառնանք Սկենեկտեդի գլխարկի հետևի՞ց։
― Նո՛, պարոնայք, ― ասաց ցնցումից արդեն խելքի եկած միստեր Ադամսը, ― դա թեթևամիտ արարք կլինի, եթե վերադառնայինք Սկենեկտեդի։ Այո՛, այո՛, պարոնայք։ Արդյո՞ք արարքը բավականաչափ խելամիտ կլինի։ Իմ գլխարկը հազար ինը հարյուր երեսուն թվականին արժեր չորս դոլար։ Գումարած հազար ինը հարյուր երեսուներեք թվականի մաքրումը՝ հիսուն ցենտ։
Միստեր Ադամսը հանեց մատիտն ու հուշատետրը և սկսեց կալկուլյացիա անել։
― Իմ գլխարկը, պարոնայք, իր ներկա վիճակում արժե մեկուկես դոլար, ո՛չ ավելի։ Մինչև Սկենեկտեդի և ետ, վաթսուն մղոն է։ Մեր կառը մի գալոն բենզինով անցնում է միջին թվով տասնվեց, նու, ասենք, տասնհինգ մղոն։ Ընդամենը պետք է ծախսենք չորս հատ տասնվեց ցենտանոց գալոն։ Ընդամենը՝ վաթսունչորս ցենտ։ Այժմ պետք է նկատի առնել ավտոմոբիլի ամորտիզացիան, յուղի և քսուկի ծախսերը։ Լուրջ։ Օ՜, նո՛։ Հիմարություն կլիներ գլխարկի համար վերադառնալ Սկենեկտեդի։
Միսիս Ադամսը նոր առաջարկություն մտցրեց․ անձեռոցիկը ուղարկել փոստով և խնդրել հյուրանոցի ադմինիստրացիային ուղարկել գլխարկը՝ ցպահանջ, ասենք, Դետրոյթ, ուր լինելու ենք երկու օրից։
Մինչ մենք նախաճաշում էինք, ոչ այն է Սպրինգֆիլդ, ոչ այն է Ժնև քաղաքի փոքրիկ սրճարանում, միստեր Ադամսը գնաց փոստատուն։ Շուտով նա վերադարձավ իր պարտքը կատարած մարդու անկախ ու հպարտ տեսքով։
Մեր ուղևորության երրորդ օրն էր։ Նյու֊Յորքում անցկացրած մի ամիսը բազում տպավորություններ էր թողել, բայց որքան շատ մարդիկ ու իրեր էինք տեսնում, այնքան քիչ էինք հասկանում Ամերիկան։
Մենք փորձում էինք ընդհանրացումներ անել։ Օրական տասն անգամ բացականչում էինք․
― Ամերիկացիները միամիտ են երեխայի պես։
― Ամերիկացիները հիանալի աշխատողներ են։
― Ամերիկացիները կեղծ բարեպաշտներ են։
― Ամերիկացիները մեծ աղգ են։
― Ամերիկացիները ժլատ են։
― Ամերիկացիները անխոհեմ առատաձեռն են։
― Ամերիկացիները արմատական են։
― Ամերիկացիները բութ են, պահպանողական, անհուսալի։
― Ամերիկայում երբեք հեղափոխություն չի լինի։
― Ամերիկայում հեղափոխություն կլինի մի քանի օրից հետո։
Դա մի իսկական շիլափլավ էր, որից ուզում էինք որքան կարելի է շուտ ազատվել։ Եվ ահա կամաց֊կամաց սկսվեց այդ ազատագրումը։ Մեկը մյուսի հետևից մեր առջև բացվեցին ամերիկյան կյանքի տարբեր բնագավառները, որոնք մինչ այդ թաքնված էին Նյու֊Յորքի դղրդյունի մեջ։
Մենք գիտեինք։ Շտապել պետք չէ։ Դեռ վաղ է ընդհանրացումներ անելը։ Նախ պետք է որքան կարելի է շատ տեսնել։
Մենք սահում ենք երկրով, ինչպես հաստ ու գրավիչ վեպի գլուխներով, խեղդելով մեր մեջ անհամբեր ընթերցողի՝ վերջին էջը նայելու ցանկությունը։ Եվ մեզ համար պարզ դարձավ, գլխավորը, դա կարգն ու սիստեմն է։
Միստեր Ռիպլիի էլեկտրական տնակում մենք հասկացանք, թե ինչ բան է պաբլիսիթին։ Անվանենք այն ռեկլամ։ Նա մեզ մի րոպե բաց չէր թողնում։ Կրնկակոխ հետևում էր։
Պատահեց, որ հինգ րոպե շարունակ ճանապարհի կողքերին չհանդիպեցինք ոչ մի ռեկլամի։ Այնքան զարմանալի էր այդ, որ մեզանից մեկը բացականչեց․
― Ռեկլամները չքացել են։ Տեսեք, դաշտեր կան, գյուղ կա, բայց ռեկլամ չկա։
Բայց նա խիստ պատժվեց ամերիկյան պաբլիսիթիի հզորությանը չհավատալու համար։ Նա իր ֆրազի դեռ վերջին խոսքերն էր ասում, իսկ շրջադարձից արդեն մեքենային ընդառաջ էր թռչում մեծ ու փոքր ռեկլամների բազմությունը։
Ո՛չ, Ամերիկային չի կարելի հանկարծակիի բերել։
Ռեկլամն այն աստիճանի է թափանցել ամերիկյան կյանքի մեջ, որ եթե մի զարմանալի առավոտ ամերիկացիները, արթնանալով, տեսնեն, որ ռեկլամը չքացել է, ապա նրանց մեծամասնությունը ամենահուսահատ դրության մեջ կընկներ։ Կդառնար անհայտ, թե՝
Ի՞նչ տեսակի սիգարեթ ծխել։
Ո՞ր խանութում գնել պատրաստի հագուստ։
Ի՞նչ զովացուցիչ ջրով հագեցնել ծարավը․ «կոկա֊կոլայո՞վ», թե «Ջինջեր֊էյլեմով»։
Ինչպիսի՞ վիսկի խմել՝ «Սպիտակ նժույգ», թե «Ջոննի Ուոկեր»։
Ո՞ր բենզինը գնել՝ «Շելլ», թե «Ստանդարտ Օիլ»։
Ո՞ր աստծուն հավատալ՝ բապտիստակա՞ն, թե պրեսվիտերական։
Պարզապես անհնար կլիներ որոշել ―
Արժե՞ արդյոք ռետին ծամել։
Ո՞ր ֆիլմն է հիանալի, և որը պարզապես հանճարեղ։
Հարկ կա՞ արդյոք կամավոր գնալ նավատորմ։
Օգտակա՞ր, թե վնասակար է Կալիֆոռնիայի կլիման։
Եվ ընդհանրապես առանց ռեկլամի սատանան գիտե, թե ինչ կստացվեր։ Կյանքն անասելի կբարդանար։ Քո յուրաքանչյուր կենաց քայլի համար ստիպված էիր լինելու ինքդ մտածել։
Ո՛չ, ռեկլամով զգալիորեն հեշտ է։ Ամերիկացին ոչ մի բանի մասին մտածելու պետք չունի։ Նրա փոխարեն մտածում են առևտրական մեծ ընկերությունները։
Զովաղուցիչ ջուր ընտրելիս այլևս գլուխ տրաքացնելու հարկ չկա։
Դրինկ «Կոկա֊կոլա»։ Խմի՛ր «Կոկա֊կոլա»։
«Կոկա֊կոլան» թարմացնում է չորացած կոկորդը։
«Կոկա֊կոլան» օգուտ է բերում օրգանիզմին և հայրենիքին։
Եվ, ընդհանրապես, «Կոկա֊կոլա» խմող մարդու համար կյանքը լավ կլինի։
«Միջին ամերիկացին», չնայած նրա արտաքին ակտիվությանը, իրականում շատ պասսիվ բնավորության տեր մարդ է։ Նրան ամեն ինչ պատրաստի պետք է մատուցել, ինչպես երես առած ամուսնուն։ Ասացեք նրան՝ ո՛ր խմիչքն է լավ, և նա այդ կխմի։ Ասացեք նրան՝ ո՛ր քաղաքական կուսակցությունն է ձեռնտու, և նա կքվեարկի նրա օգտին։ Ասացեք նրան՝ ո՛ր աստվածն է «ավելի իսկական», և նա կհավատա նրան։ Միայն մի բան մի՛ արեք․ մի՛ ստիպեք նրան մտածել ոչ ծառայության ժամերին։ Այդ նա չի սիրում, և դրան չի ընտելացել։ Իսկ որպեսզի հավատա քո խոսքերին, պետք է որքան կարելի է հաճախ դրանք կրկնել։ Մինչև օրս դրա վրա է կառուցված ամերիկյան և՛ առևտրական, և՛ քաղաքական, և՛ ամեն տեսակի ռեկլամի զգալի մասը։
Եվ ահա ռեկլամը հետամտում է ձեզ ամենուրեք․ տանը և հյուր եղած ժամանակ, փողոցում և ճանապարհին, տաքսիում, մետրոյում, գնացքում, ինքնաթիռում, բուժօգնության կառեթում ― ամենուր։
Մենք դեռևս «Նորմանդիա» նավի վրա էինք, և բուքսիրները հենց նոր էին սկսել շոգենավը քաշել Նյու֊Յորքի նավահանգիստը, երբ երկու առարկա գրավեցին մեր ուշադրությունը։ Մեկը փոքր էր, կանաչավուն՝ Ազատության արձանը, իսկ մյուսը՝ հսկա և անպատկառ, հսսկայական մի վահան էր, որ պրոպագանդում էր «Չուինգամ Ռիգլի»՝ ռետինե ծամոն։ Այդ օրվանից պլակատի վրա նկարված կանաչ տափակ մռութիկը հսկա ձայնափողով հետևում էր մեզ բովանդակ Ամերիկայում, համոզելով, աղերսելով, հորդորելով, պահանջելով, որպեսզի մենք ծամենք «Ռիգլի» հոտավետ, աննման, առաջնակարգ ռետինը։
Առաջին ամսին մենք մեզ պինդ էինք պահում։ «Կոկա֊կոլա» չէինք խմում։ Մենք դիմացանք գրեթե մինչև ուղևորության վերջը։ Եվս մի քանի օր, և մենք արդեն օվկիանոսումն էինք, վտանգից դուրս։ Բայց և այնպես ռեկլամն իր գործը տեսավ։ Մենք չդիմացանք և ճաշակեցինք այդ ըմպելիքը։ Կարող ենք միանգամայն անկեղծորեն ասել․ այո՛, «Կոկա֊կոլան», իրոք, թարմացնում է կոկորդը, գրգռում նյարդերը, բուժիչ է առողջությունը խախտած մարդու համար, մեղմացնում է հոգեկան տառապանքները և մարդուն դարձնում է հանճարեղ՝ Լև Տոլստոյի պես։ Հապա մի փորձեինք չասել այդ, եթե երեք ամիս շարունակ այդ բանը մեր գլուխն էին մտցնում ամե՛ն օր, ամե՛ն ժամ և ամե՛ն րոպե։
Ավելի ահավոր, ավելի համառ և ճղճղան է սիգարեթների ռեկլամը։ «Չեստերֆիլդ», «Կեմել», «Լակի ստրայկ» և մյուս տեսակի ծխախոտները ռեկլամվում են այնպիսի մոլեգնությամբ, ինչպիսին գուցե կարելի է գտնել միայն դերվիշների պարերի մեջ կամ այժմ արդեն գոյություն չունեցող «շախսեյ֊վախսեյ» տոնին, երբ նրա մասնակիցներն ինքնամոռացության մեջ ընկած, դաշունահարում էին իրենք իրենց և արյան մեջ լողում ի փառս իրենց աստծու։ Ամերիկայի վրա ամբողջ գիշեր բոցկլտում էին հրե մակագրություններ, ամբողջ օրը աչք էին ծակում գույն֊գույն պլակատները․ «Ամենալավը աշխարհում։ Չորացրած սիգարեթներ։ Նրանք հաջողություն են բերում։ Ամենալավերը՝ արևային համակարգության մեջ»։
Ճիշտն ասած, որքան ծավալուն է ռեկլամը, այնքան անպետք է այն ապրանքը, որին այն ծառայում է։ Միայն որևէ դատարկ բանի վաճառքը կարող է փոխհատուցել այդպիսի խելագար ռեկլամը։ Ամերիկացիների տները, նրանց ճանապարհները, դաշտերն ու ծառերը այլանդակված են հոգի հանող պլակատներով։ Գնորդը վճարում է նաև պլակատի համար։ Մեզ ասացին, որ հինգցենտանոց «Կոկա֊կոլայի» շիշը գործարանատիրոջ վրա նստում է մեկ ցենտ, իսկ ռեկլամի վրա ծախսվում է երեք ցենտ։ Թե ուր է գնում հինգերորդ ցենտը, այդ մասին գրելու հարկ չկա։ Դա բավական պարզ է։
Տեխնիկայի և կոմֆորտի հիանալի և օգտակար առարկաների, որոնցով այնքան հարուստ է Ամերիկան, գործարանատերերը չեն կարող իրենց ապրանքը ռեկլամել այնպիսի մոլեգնությամբ, ինչպես ռեկլամում է ռետինե անհեթեթ ծամոնը կամ դեղատնային ուժեղ հոտ և բավական զզվելի համ ունեցող շագանակագույն վիսկին։
Մի անգամ, երբ անցնում էինք ինչ֊որ մի փոքրիկ քաղաքով, փշալարի հետևում տեսանք մի գիպսե ձի, որը կանգնած էր կանաչ խոտերի մեջ, ծառերի արանքում։ Սկզբում կարծեցինք, թե դա հուշարձանն է անհայտ մի ձիու, որը հերոսաբար ընկել է նեգրերի ազատգրության համար մղվող Հյուսիսի և Հարավի կռվում։ Ավա՜ղ, ոչ։ Ներշնչված աչքերով այդ ձիուկը, լռելյայն հիշեցնում էր անցորդներին «Սպիտակ ձի» չգերազանցված վիսկիի գոյության մասին, որն ամրապնդում է հոգին, թարմացնում ուղեղը, գիտությամբ սնում պատանիներին և բերկրանք պատճառում ծերերին։ Սպառողն այդ հիրավի կախարդական ըմպելիքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է գտնել «Սպիտակ» պանդոկում, որը տեղավորված էր հենց այստեղ՝ այգում։ Այստեղ նա կարող էր իմանալ, որ հինգ րոպեի ընթացքում այդ վիսկին կարելի է խմել հարբելու աստիճան, որ այն խմողի կինը երբեք չի դավաճանի իրեն, իսկ երեխաները բարեհաջող կմեծանան և նույնիսկ լավ «ջաբ» կգտնեն։
Այդ բնույթի ռեկլամի առանձնահատկությունը կայանում է գրոտեսկային չափազանցությունների մեջ, որոնք նկատի ունեն ժպիտ առաջացնել գնորդի մոտ։ Կարևորն այն է, որ նա կարդա ռեկլամը։ Դա արդեն բավական է։ Ժամանակին այն կներգործի ինչպես արևելյան դանդաղ թույն։
Ճանապարհին մի անգամ մենք տեսանք կրկեսային թափառաշրջիկ մի ֆուրգոն՝ ոսկեզօծ զարդարանքներով։ Նրա կողքին, ուղիղ ճանապարհի վրա, պարում էին երկու պինգվին և երեխաներին կոնֆետ էին բաժանում ծծնդյան տոնի առթիվ։ Տեսնելով մեր մեքենան, պինգվինները անվավոր չմուշկներով վազեցին նրա հետևից։ Մեզ էլ տվեցին երկարավուն կոնֆետներ, թեև մենք վաղուց էինք դուրս եկել մանկական հասակից։ Մենք հուզված առաջ անցանք, իսկ երբ սկսեցինք տնտղել նվերը, տեսանք, որ բանը ծննդյան տոնի մեջ չէ և ոչ էլ մանուկների նկատմամբ տածած սիրո։ Կոնֆետների վրա տպված էր բենզինավաճառ «Շելլ» ընկերության ռեկլամը։
Ռեկլամը փոքր ինչ փչացնում է ուղևորությունը։ Ճանապարհորդը ուր էլ որ հայացքը նետելու լինի, անպայման դեմ կառնի որևէ խնդրանքի, պահանջի, ձանձրացնող հիշեցման։
«Եթե ուզում եք, որ ձեր խոսքերին հավատան, որքան կարելի է հաճախ կրկնեցեք»։ Արևելյան փոքրիկ քաղաքում, որով մենք անցանք, Մեյն֊սթրիթի բոլոր հեռագրասյուներին փակցված էին բոլորովին միանման պլակատներ՝ կոնգրեսի ռեսպւբլիկական փոքրիկ թեկնածու միստեր Ջոզեֆ Ա․ Բոլդուինի դիմանկարով։
Ռեկլամվում են ոչ միայն կոստյումները, թեկնածուները, խմիչքները կամ բենզինը։ Ռեկլամվում են ամբողջ քաղաքներ։ Ճանապարհին ցցված է վիթխարի մի պլակատ, որը քսան անգամ մեծ է ավտոմոբիլից։ Նյու֊Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքը տեղեկացնում է իր մասին․
«Մինչև Կառլսբադ 23 մղոն է։ Լավ ճանապարհ։ Նշանավոր հանքային աղբյուրներ։ (Ամերիկացին, հիրավի, կկարծի, թե սա հենց այն Կառսբադն է)։ Լավ եկեղեցիներ։ Թատրոններ (անշուշտ նկատի ունեն բանդիտական նկարներով երկու կինեմատոգրաֆները)։ Անվճար լողափ։ Շքեղ հյուրանոցներ։ Քշի՛ր դեպի Կառլսբադ»։
Քաղաքը շահագրգռված է, որ ճանապարհորդը այնտեղ գնա։ Եթե նրան չհրապուրեն նույնիսկ նշանավոր աղբյուրները, ապա նա, անպայման, ճանապարհի համար մի քիչ գազոլին կգնի կամ կճաշի քաղաքում։ Եվ ահա մի քանի դոլար կգնա հօգուտ Կառլսբադի առևտրականների։ Այնուամենայնիվ, փոքրիկ օգուտ է։ Բայց միգուցե ճանապարհորդը այցելի Կառլսբադի լավ եկեղեցիներից մեկը։ Այդ դեպքում աստծուն էլ հաճելի կլինի։
Եկեղեցու գործիչները ետ չեն մնում աշխարհականներից։ Ամերիկայում ամբողջ երեկո վառվում են նեոնի խողովակները, տեղեկացնելով ծխականներին հոգևոր և աշխարհիկ բնույթի զվարճալիքների մասին, որոնք նրանց համար պատրաստված են տաճարներում։ Մի եկեղեցին հրապուրում է դպրոցական երգչախմբով, մյուսը՝ հասարակագիտության ժամով։ Եվ դրան ավելացվում է ուղղակի նպարավաճառ խանութի բառարանից վերցրած ասացվածքը․ «Եկե՛ք։ Դուք բավարարված կլինեք մեր սպասարկումով»։
Մենք արդեն ասացինք, որ «պաբլիսիթի» բառը շատ լայն իմաստ ունի։
Դա ոչ միայն ուղղակի ռեկլամավորում է, այլև ամեն տեսակ հիշեցում ռեկլամավորվող ապրանքի կամ մարդու մասին ընդհանրապես։ Երբ, ասենք, պաբլիսիթի են անում որևէ դերասանի, ապա նույնիսկ թերթում տպած փոքրիկ հոդվածն այն մասին, որ նրան վերջերս հաջող վիրահատել են և նա ապաքինվելու ճանապարհին է գտնվում, նույնպես ռեկլամ է համարվում։ Մի ամերիկացի ձայնի մեջ նախանձի որոշ երանգով ասաց մեզ, որ տեր աստված հիանալի պաբլիսիթի ունի Միացյալ Նահանգներում։ Հիսուն հազար քահանաներ ամեն օր խոսում են նրա մասին։
Կա նաև ռեկլամի ուրիշ ձև։ Որոշ չափով՝ գիտա֊լուսավորական։ Հանկարծ ճանապարհի երկարությամբ հայտնվում է մի քանի մղոնի վրա ձգված ռեկլամային պլակատների մի ամբողջ շարք։ Դա «վիկտորինայի» նման մի բան է։ Բոլորովին միանման դեղին աղյուսակներ՝ սև տառերով հարցեր են տալիս ուղևորներին։ Այնուհետև հարյուր մղոն անց, ինքներն էլ պատասխանում են հարցին։ Բերվում են ավետարանական տեքստեր, անեկդոտներ և աշխարհագրական կամ պատմական բնույթի զանազան տեղեկություններ։ Արդյունքն այն է լինում, որ ճիշտ հենց նույն դեղին աղյուսակի վրա, որից սրտնեղած ճանապորհորդը հույս ունի էլի մի քանի օգտակար տեղեկություններ քաղել, նա գտնում է ջերմորեն հանձնարարվող սափրվելու օճառի անունը և նողկանքավ զգում, որ այդ անունը պինդ նստել է հիշողության մեջ՝ ցմահ։
Ուր էլ որ ամերիկացին նայում է՝ առաջ, ետ, աջ կամ ձախ, ամենուրեք տեսնում է հայտարարություններ։ Բայց աչքերը երկինք հառելու դեպքում էլ ռեկլամ է տեսնում։ Ինքնաթիռները կապույտ երկնքում խիզախորեն բառեր են գրում, որոնցով որևէ մեկի կամ որևէ բանի պաբլիսիթի են անում։
Մեր մոխրագույն կառը առաջ ու առաջ էր ընթանում Նյու֊Յորք նահանգով։
― Կ՛աց, ― բղավեց հանկարծ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ։ Դուք այս պետք է տեսնեք և գրի առնեք ձեր հուշատետրերում։
Մեքենան կանգ առավ։
Մենք տեսանք բավականին մեծ, դեղին մի պլակատ, որը ներշնչված էր ոչ միայն առևտրական գաղափարներով։ Մի ինչ֊որ ամերիկացի փիլիսոփա, «Վայկին֊պրեսս» գործակալության օգնությամբ, ճանապարհի վրա ցցել էր այսպիսի մի ասացվածք՝ «Հեղափոխությունը դա կառավարման ձև է, որը հնարավոր է միայն արտասահմանում»։
Միստեր Ադամսը հաճույք էր զգում։
― Ո՛չ, պարոնայք, ― ասում էր նա ուրախությունից գլխարկի մասին մոռացած։ ― Դուք պարզապես չեք հասկանում, թե ինչ բան է ռեկլամն Ամերիկայում։ Օ՜, նո։ Ամերիկացին սովոր է ռեկլամին հավատալ։ Այդ հասկանալ է պետք։ Բա՜ս։ Մեզանում հեղափոխությունը պարզապես անհնարին է։ Որպես անսխալ ճշմարտություն, այդ մասին է ձեզ ասում ճանապարհին «Վայկեն֊պրեսս» գործակալությունը։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Պետք չէ վիճել։ Գործակալությունը ստույգ գիտե։
Այստեղ շատ յուրօրինակ է այն համարձակ պնդումը, թե հեղափոխությունը՝ դա «կառավարման ձև է»։ Ի դեպ, նման պլակատի հանդես գալու փաստն ինքնին ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնց դեռ համոզել է պետք, որ, իբր, Ամերիկայում չի կարող հեղափոխություն լինել։
― Ո՛չ, պարոնայք, երբ դուք տեսնեք, կիրակնօրյա երեսուներկու էջանոց թերթի քսանհինգ էջը զբաղված ռեկլամով, մի կարծեք, թե այդ թերթը ոչ ոք չի կարդում։ Օ՜, նո։ Հիմարություն կլինի այդպես մտածել։ Չկա մի ռեկլամ, որն իր ընթերցողը չունենա։
Երեկոյան կողմ մենք մոտոցանք Նիագարայի ջրվեժին։
Ջրափոշիով ցողված մենք երկար նայում էինք ջրվեժին, որը երկնաքերծի բարձրունքից գահավեժ թափվում էր հազարավոր տոննաներով ջուր, որին դեռ չէին հաջողացրել լցնել շշերի մեջ և վաճառել իբրև ամենաթարմացնող, ամենաբուժիչ ըմպելիք, որը բարերար ներգործություն է ունենում վահանաձև գեղձերի վրա, օգնում է մատեմատիկայի ուսումնասիրմանը և նպաստում բորսայական հաջող գործարքներ կատարելուն։
Միստեր Ադամսը ինչ֊որ բան էր բղավում, բայց ջրվեժի աղմուկը խլացնում էր ձայնը։
Երեկոյան, երբ մեկնում էինք Նիագարա քաղաքից, միսիս Ադամսը մեքենան կանգնեցրեց Մայթի մոտ, որպեսզի հարցուփորձով իմանա Կլիվլենդի ճամփան․ Կլիվլենդն ընկած էր Դետրոյթ տանող մեր ուղու վրա։ Փողոցն ամայի էր, եթե հաշվելու չլինենք լապտերի տակ կանգնած երկու տարեց մարդու, արտաքուստ՝ բանվորների։ Միստեր Ադամսը դեռ նոր էր սկսել իջեցնել Ավտոմոբիլային դռնակի ապակին, երբ նրանք, իրար հրելով, նետվեցին դեպի մեքենան, իմանալու համար, թե մեզ ինչ է պետք։ Միստեր Ադամսը հարցրեց Կլիվլենդի ճամփան։ Նրանք սկսեցին խոսել երկուսով ու միաժամանակ, այնպես, որ ոչինչ հասկանալ չէր կարելի։ Բայց նրանցից մեկը վերջի֊վերջո իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը, դեն հրեց ընկերոջը և սկսեց մեզ բացատրել․
― Աստվա՜ծ իմ։ Կլիվլենդի ճամփան, ― ասում էր նա տաքացած։ ― Չէ՞ որ ես Կլիվլենդում են ծնվել։ Էդ էր պակաս, որ չիմանայի։ Ինձ վրա համարձակ կարող եք հույս դնել։ Ա՛յ,֊ա՛յ,֊ա՛յ։ Կլիվլենդի ճամփան։ Չէ՛, ձեր բախտն ուղղակի բանեց, որ ինձ հանդիպեցիք։
Նա այնպես երջանիկ էր մեզ օգնելով, այնպես ոգևորությամբ էր բացատրում, թե որտեղ պետք է աջ թեքվել, որտեք՝ ձախ, որտեղ կարելի է էժան ընթրել, որ նրա ընկերը համարյա թե լաց էր լինում նախանձից և շարունակ փորձում էր խոսակցության մեջ ընկնել։ Բայց բնիկ Կլիվլենդցին նրան թույլ չէր տալիս ծպտուն հանել։ Նա թույլ չտվվեց ծպտուն հանել նույնիսկ միստեր Ադամսին։ Երբ մեկնում էինք, խիստ վշտացած էր։ Նա պատրաստ էր մեզ հետ գալ Կլիվլենդ, որպեսզի համոզված լիներ, որ ճամփան չենք կորցնի։
Մեզ ճամփու դրին այնպիսի հուժկու «գուդ֊նայթ»֊ով, ասես մենք իրենց պատերազմ մեկնող ազգականները լինեինք։
Գլուխ տասնհինգերորդ — Դիրբորն
Մեր կառը հանդիսավոր մուտք գործեց այն վայրը, ուր այն պատրաստվել էր հենց մի քանի ամիս առաջ, Դիրբորն քաղաքը՝ Ֆորդի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոնը։ Աստվա՜ծ իմ։ Որքան ազնիվ մկնագույն կառեր տեսանք այնտեղ։ Նրանք կանգնած էին ճամփեզրերին, սպասելով իրենց տերերին կամ սլանում էին դիրբորնյան պարկի ամենալայն բետոնե ծառուղիով կամ բոլորովին նորերը, հենց նոր կոնվեյերից իջածները հանգստանում էին անցնող բեռնատարերի վրա։ Իսկ մենք կարծում էինք, թե մեր գնած ավտոմոբիլը միակ անկրկնելի գույնի ավտոմոբիլն էր։ Ճիշտ է, ճանապարհին արդեն շատ էինք հանդիպել մկնագույն ավտոմոբիլների, բայց մենք մխիթարում էինք մեզ, որ նրանք այդ գույնի ուրիշ երանգներն են կամ այնպիսի սլացիկ ձև չունեն, ինչպիսին մերը, նրանք այնքան էլ կաթիլաձև չեն։ Մենք շատ էինք գնահատում մեր լարովի մկան կաթիլաձևությունը։ Եվ հանկարծ մի այդպիսի՜ հարված։
Եթե քաղաքները կարողանային իրենց համար եղանակ ընտրել, ինչպես մարդն է ընտրում գուլպային սազական փողկապ, ապա Դիրբորնը անպայման կընտրեր իր աղյուսաշեն երկհարկանի տներին սազական ամպամած եղանակ՝ դեղնագորշ անձրևաշերտերով։ Սարսափելի օր էր։ Սառը ջրափոշին տարածվում էր օդում, գրիպային զզվելի փայլով պատելով կտուրները, ավտոմոբիլի կողերը և Դիրբորնը Դետրոյթի հետ միացնող Միչիգան֊ավենյուի ցածլիկ շենքերը։ Անձրևի միջով պեծին էին տալիս դեղատների առավոտվանից լուսավորված ցուցանակները։
― Այսպիսի մի օր, ― ասաց միստեր Ադամսը, դեպի մեզ շուռ գալով, ― մի ջենտլմեն, ինչպես Դիկկենսն է պատմում, սովորականի պես ցիլինդրը դրեց գլխին և գնաց իր գրասենյակը։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ ջենտլմենի գործերը լավ էին գնում։ Նա ուներ կապուտաչ երեխաներ, գեղեցիկ կին և շատ փող էր վաստակում։ Դա երևում էր թեկուզ հենց նրանից, որ նա ցիլինդր էր կրում։
Անգլիայում ո՛չ բոլորն են աշխատանքի գնում մետաքսյա շլյապայով։ Եվ հանկարծ, Թեմզայի վրայով կամուրջն անցնելիս, ջենտլմենը լռելյայն ցատկեց ջուրը և խեղդվեց։ Նո՜, նո՜, պարոնայք։ Դուք պետք է հասկանաք։ Եեջանիկ մարդը իր գրասենյակը գնալիս ճանապարհին նետվում է Թեմզան։ Ձեզ չի՞ թվում, որ Դիրբորնում ևս մարդ ուզում է ցիլինդր դնել։
Փողոցը վերջացավ։ Էստակադայի բարձրությունից բացվում էր ինդուստրիալ խստաշունչ մի տեսարան։ Ղողանջում էին գործարանի ցեխերի միջև երթևեկող գնացքների ազդանշանային զանգերը։ Մի մեծ շոգենավ սուլելով, ջրանցքով գնում էր ուղիղ դեպի գործարանի մեջտեղը։ Մի խոսքով, այստեղ կար այն ամենը, ինչ տարբերում էր արդյունաբերական շրջանը մանկապարտեզից․ շատ ծուխ, գոլոշի, կճռտոց, շատ քիչ ժպիտ և ուրախալի թոթովանք։ Այստեղ մի տեսակ առանձնահատուկ լրջություն էր զգացվում, ինչպես պատերազմական գործողությունների թատերավայրում, ճակատամերձ շերտում։ Մոտերքում, մի ինչ֊որ տեղում, մարդիկ մասնակցում էին ինչ֊որ խիստ նշանակալից մի գործի ֊ ավտոմոբիլ էին շինում։
Մինչ միստեր Ադամսը և միստեր Գրոզնին, որը ամենևին միստեր չէր, այլ ընկեր Գրոզնի, «Ավտոստրոյի» մեր ներկայացուցիչը Դիրբորնում, մեզ համար թույլտվություն էին ստանում գործարանը դիտելու համար, մենք կանգնել էինք ինֆորմացիոն բյուրոյի հոլլում և զննում էինք պարկետին դրված նոր թողարկվող ֆորդը։Դահլիճում այն ավելի մեծ էր երևում, քան փողոցում։ Անհավանական էր թվում, որ ֆորդի գործարանները յուրաքանչյուր օր յոթ հազար այդպիսի բարդ ու գեղեցիկ մեքենաներ են թողարկում։
Թեև երեսունհինգ թվականի վերջն էր, Դիրբորնը և Դետրոյթը լեփ֊լեցուն էին երեսունվեց թվականի մոդելների ռեկլամային նմուշներով։ Ավտոմոբիլների նմուշները դրված էին հյուրանոցների նախասրահներում, , դիլերների խանութներում։ Նույնիսկ դեղատների և հրուշակարանների ցուցափեղկերում կարկանդակների, հոգնաների և սիգարատուփերի արանքներում պտտվում էին ֆայստոնյան հաստ անվադողեր հագցրած ավտոմսբիլների անիվները։ Միստեր Հենրի Ֆորդը գաղտնիք չէր սարքում իր արտադրությունից։ Նա այդ ցուցադրում էր, ուր միայն հնարավոր էր։ Բայց իր լաբորատորիայում դրված էր նվիրական մի առարկա՝ 1938 թվականի մոդելը, որի մասին ամենահակասական լուրեր էին պտտվում։ Իբր նրա մոտորը տեղավորված է հետևում, ռադիատոր, իբր, բոլորովին չկա, կուպեն, իբր, երկու անգամ մեծ է, և, ընդհանրապես, ավտոմոբիլային հազար ու մեկ գիշերներ։ Այդ ամենը առ ժամանակ ոչ ոք չի տեսնի, մանավանդ «Ջեներալ Մոտորսի» մարդիկ, որոնք Ֆորդից մի քանի մղոն հեռավորության վրա պատրաստում են, ֆորդովյան մակարդակի «շևրոլե» և «պլիմուտ» մեքենաներ։
Թույլտվությունը շատ արագ ստացվեց։ Ադմինիստրացիան մեզ տրամադրեց հյուրերի «Լինկոլնը», որի մեջ նույնիսկ առջամորթուց ոտների ծածկոց կար, հավանորեն հեռավոր հյուսիսից եկած հյուրերի համար հնարավորին չափ մոտ և հարազատ իրադրություն ստեղծելու ցանկությունից։ «Լինկոլնի» հետ միասին առանձնացվեցին շոֆեր և գիդ։ Մենք մտանք գործարանային բակերը։
Երկու կորպուսները միացնող ապակեպատ սրահում, ցերեկվա դեղնավուն լույսի տակ, դանդաղ լողում էին կոնվեյերի շխթաներից կախված ավտոմոբիլների մասերը։ Այդ դանդաղընթաց, համառ, անխափանելի շարժումը կարելի էր տեսնել ամեն տեղ։ Ամենուրեք՝ գլխավերևով, ուսերիդ բարձրությամբ կամ գրեթե հատակի մոտով, գնում էին ավտոմոբիլային մասեր․ թափքերի դրոշմատիպ կոդեր, ռադիատորներ, անիվներ, մոտորների ճախարակներ, ճամփորդում էին ավազակաղապարներ, որոնց մեջ դեռ լուսացայտում էր հեղուկ մետաղը, անցնում էին մետաղե խողովակներ, լապտերներ, կափարիչներ, ղեկի սյունիկներ՝ նրանցից դուրս ցցված ճոպաններով։ Նրանք մերթ վեր էին բարձրանում, մերթ իջնում, մերթ շուռ էին գալիս դեպի անկյունը։ Երբեմն նրանք դուրս էին գալիս թարմ օդ և շարժվում պատի երկարությամբ, կեռերի վրա օրորվելով, ինչպես ոչխարի մսեղիք։ Միլիոնավոր առարկաներ հոսում էին միաժամանակ։ Այդ տեսարանից մարդու շունչ էր կտրվում։
Դա գործարան չէր։ Դա մի վստահ, փոքր֊ինչ դանդաղընթաց գետ էր, որ իր հոսանքն արագացնում էր գետաբերանին մոտենալիս։ Նա հոսում էր գիշեր֊ցերեկ, վատ եղանակին ու արևոտ օրերին։ Միլիոնավոր մասեր խնամքով տանում էր մի կետ, և այստեղ հրաշք էր տեղի ունենում, ձվից դուրս էր գալիս ավտոմոբիլը։
Ֆորդի գլխավոր կոնվեյերի վրա մարդիկ աշխատում էին տենդագին արագությամբ։ Մեզ խիստ զարմացրեց կոնվեյերի վրա զբաղված մարդկանց մռայլ֊գրգռված տեսքը։ Աշխատանքն ամբողջովին կլանում էր նրանց, նույնիսկ գլուխ բարձրացնելու ժամանակ չունեին։ Բայց բանը միայն ֆիզիկական հոգնածության մեջ չէր։ Երևում էր, որ մարդիկ հոգեպես են ճնշված, որ կոնվեյերի մոտ նրանց համակում է ամենօրյա վեցժամյա խելացնորությունը, որից հետո տուն վերադառնալով, պետք է ամեն անգամ երկար բուժվել, ապաքինվել, որպեսզի հետևյալ օրը նորից ընկնես ժամանակավոր խելացնորության մեջ։
Աշխատանքն այնպես է մասնատված, որ կոնվեյերի մարդիկ ոչինչ անել չգիտեն, նրանք պրոֆեսիա չունեն։ Բանվորներն այստեղ ոչ թե կառավարում են մեքենան, այլ սպասարկում են նրան։ Ուստի նրանց մոտ չի երևում այն սեփական արժանապատվությունը, որ ունեն ամերիկյան որակյալ բանվորները։ Ֆորդի բանվորը լավ աշխատավարձ է ստանում, բայց իրենից տեխնիկական արժեք չի ներկայացնում։ Ուզածդ րոպեին նրան կարող են վռնդել և վերցնել մեկ ուրիշին։ Եվ այդ ուրիշը քսաներկու րոպեի ընթացքում կսովորի ավտոմոբիլ շինել։ Ֆորդի մոտ աշխատանքը վաստակ տալիս է, բայց չի բարձրացնում որակավորումը և չի ապահովում ապագան։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները ջանում են չգնալ Ֆորդի մոտ, իսկ եթե գնում են, ապա որպես վարպետներ, ծառայողներ։ Ֆորդի մոտ աշխատում են մեքսիկացիներ, լեհեր, չեխեր, իտալացիներ, նեգրեր։
Կոնվեյերը շարժվում է, և մեկը մյուսի հետևից իջնում են հիանալի և էժան մեքենաները, որոնք լայն դարպասներով դուրս են գալիս աշխարհ, ընդարձակ տափաստան, ազատություն։ Դրանք շինող մարդիկ մնում են բանտարկության մեջ։Դա տեխնիկայի հաղթանակի և մարդկային դժբախտությունների մի զարմանալի պատկեր է։
Կոնվեյերով անցնում էին ամեն գույնի ավտոմոբիլներ․ սև, վաշինգտոնյան երկնագույն, կանաչ, թնդանոթային մետաղի գույնի (այդպես էլ պաշտոնապես կոչվում է) մեքենաներ, նույնիսկ, օ՜խ, օխ, ազնիվ մկնագույն։ Կար մի թափք՝ վառ նարնջագույն, ըստ երևույթին ապագա տաքսոմոտոր էր։
Հավաքման աղմուկի և ավտոմատ պտուտակաբանիչների թխկթխկոցների մեջ կար մի մարդ, որ վեհապանծ անդորություն էր պահպանում։ Դա ներկարարն էր, որի պարտականությունն է բարակ վրձինով գունավոր խազ քաշել թափքի վրա։ Նա ոչ մի հարմարանք, նույնիսկ հենաձողիկ չուներ՝ ձեռքը պահելու համար։ Ձախ ձեռքից կախված էին զանազան ներկերի բանկաներ։ Նա չէր շտապում։ Նա նույնիսկ հասցնում էր խստապահանջ հայացք գցել իր աշխատանքի վրա։ Մկնագույն ավտոմոբիլի վրա նա կանաչ խազ քաշեց։ Նարնջագույն տաքսիի վրա կապույտ գիծ քաշեց։ Նա ազատ գեղանկարիչ էր, միակ մարդը Ֆորդի գործարանում, որը ոչ մի առնչություն չուներ տեխնիկայի հետ, ինչ֊որ մի տեսակ նյուրնբերգյան մայստերզինգեր, ներկարարական ցեխի ազատասեր մի վարպետ։ Հավանորեն, Ֆորդի լաբորատորիայում գտել էին, որ այդ միջնադարյան եղանակով խազ քաշելն ամենից ձեռնտու է։
Զանգը հնչեց, կոնվեյերը կանգ առավ, և շենք մտան ավտոմոբիլային փոքրիկ գնացքներ՝ բանվորների նախաճաշիկով։ Բանվորները անլվա ձեռքերով մոտենում էին վագոնիկներին, գնում սանդվիչներ, պոմիդորի հյութ, նարինջ և նստում հատակին։
― Պարոնա՛յք, ասաց միստեր Ադամսը, հանկարծակի աշխուժանալով, ― դուք գիտե՞ք, թե ինչու միստեր Ֆորդի բանվորները նախաճաշում են ցեմենտե հատակին։ Դա շատ, շատ հետաքրքիր է, պարոնայք։ Միստեր Ֆորդի համար միևնույն է, թե ինչպես է նախաճաշելու իր բանվորը։ Նա գիտե, որ կոնվեյերը, միևնույն է, կստիպի նրան իր աշխատանքն անել, անկախ այն բանից, թե որտեղ է կերել՝ հատակին, սեղանին, կամ եթե նույնիսկ ամենևին բան չի կերել։ Ա՜յ, վերցրեք օրինակ, «Ջեներալ էլեկտրիկը»։ Հիմարություն կլիներ կարծել, պարոնայք, թե «Ջեներալ Էլեկտրիկի» ադմինիստրացիան ավելի շատ է սիրում բանվորներին, քան միստեր Ֆորդը։ Գուցե և պակաս է սիրում։ Մինչդեռ նրանք հիանալի ճաշարաններ ունեն բանվորների համար։ Բանն այն է, պարոնայք, որ նրանց մոտ աշխատում են որակյալ բանվորներ և նրանց հետ պետք է հաշվի նստել, նրանք կարող են գնալ ուրիշ գործարան։ Դա զուտ ամերիկյան գիծ է, պարոնայք։ Ո՛չ մի ավելորդ բան չանել։ Մի՛ տարակուսեք, որ միստեր Ֆորդը իրեն համարում է բանվորների բարեկամ։ Բայց նա ոչ մի ավելորդ կոպեկ չի ծախսի նրանց վրա։
Մեզ առաջարկեցին նստել կոնվեյերից հենց նոր իջած մեքենան։ Յուրաքանչյուր մեքենա երկու֊երեք փորձնական պտույտ է կատարում գործարանային հատուկ ճանապարհով։ Դա մի տեսակ շատ վատ ճանապարհի նմուշ է։ Կարելի է շրջել բոլոր նահանգները և չգտնել այդպիսին։ Ընդհանրապես ճանապարհը այնքան էլ վատը չէր։ Մի քանի քաղաքավարի դարուփոս, մի փոքրիկ, նույնիսկ համակրելի ջրափոսիկ, և ուրիշ ոչինչ, ոչ մի սարսափելի բան։ Եվ մեր աչքի առաջ ոչ մի պրոֆեսիա չունեցող մարդկանց ձեռքերով շինված ավտոմոբիլը ցույց տվեց հիանալի հատկություններ։ Նա շեշտակի շրջադարձեր էր վերցնում ժամում երեսունհինգ մղոն արագությամբ, հիանալի պահպանում էր կայունությունը, երկրորդ արագության վրա ընթանում էր ժամում հինգ մղոնից ոչ արագ և այնպես փափուկ էր ցատկոտում, դարուփոսերի վրայով, ասես դրանք չէին էլ եղել։
― Այո՛, այո՛, այո՛, ― խնդությամբ ասում էր Ադամսը։ Միստեր Ֆորդը ավտոմոբիլ շինել գիտե՜։ Նո՛, նո՛, պարոնայք, օ, նո՜։ Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ առաջադիմություն է տեղի ունեցել այս գործում։ Երեսունհինգ թվականի ֆորդը ավելի լավն է, քան քսանութ թվականի «կադիլլակը»։ Յոթ տարվա ընթացքում էժան կարգի մեքենան ավելի լավն է դարձել, քան բարձր կարգի մեքենան էր։ Ա՜յ, խնդրեմ։ Գրեցեք ձեր հուշատետրում, միստեր Իլֆ և միստեր Պետրով, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է Ամերիկան։
Այստեղ ոչ միայն մասեր եմ հոսում, միանալով դառնում ավտոմոբիլ, ոչ միայն ավտոմոբիլներն էին դուրս հոսում գործարանային դարպասներից անընդհատ հերթով, այլ գործարանն ինքն էր անընդհատ փոխվում, կատարելագործվում ու լրացնում իր սարքավորումները։
Ձուլարանում ընկեր Գրոզնին հանկարծ ոգևորված սկսեց հիացմունքով հայհոյել։ Նա միայն երկու շաբաթ չէր եղել այստեղ, և այդ ժամանակամիջոցում լուրջ ու կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել։ Ընկեր Գրոզնին կանգնել էր ցեխի մեջտեղում, կրակի ցոլքերում լուսավորված նրա դեմքի վրա այնպիսի խանդավառություն էր ցոլում, որ այն լրիվ գնահատել և հասկանալ կարող էր միայն ճարտարապետը, իսկական ճարտարապետը և ոչ թե մարդկային սրտերի ճարտարապետը։
Գորշ դեղնավուն ցերեկը արագ փոխարինվեց սևադեղին աղջամուղջով։ Երբ մենք թողնում էինք գործարանը, բակում արդեն կանգնած էր պատրաստի ավտոմոբիլների հսկայական մի քառանկյունակ, և նրանց մեջ, կենտրոնում՝ ինչ֊որ տեղ, նկատեցինք վառ նարնջագույն տաքսոմոտորը, որը քիչ առաջ բանում էր կոնվեյերով։
Միչիգան֊ավենյուի վարսավիրանոցում, ուր մենք սափրվում էինք, վարպետներից մեկը սերբ էր, մյուսը՝ իսպանացի, երրորդը՝ սլովակ, իսկ չորրորդը՝ Երուսաղեմում ծնված մի հրեա։ Ճաշում էինք լեհական ռեստորանում, որտեղ մատուցում էր մի գերմանուհի։ Այն մարդը, որին փողոցում հարցրինք ճանապարհ, անգլերեն չգիտեր։ Դա մի հույն էր, որ վերջերս էր եկել այստեղ՝ դժոխքի խորխորատը, Պելոպոնեսյան թերակզուց։ Նա աքսորական փիլիսոփայի վշտահար, սև աչքեր ուներ։ Կինեմատոգրաֆում, մթության մեջ հանկարծ լսեցինք բարձրաձայն արտասանված նախադասություն․ «Մանյա՛, չէ՞ որ քեզ ասում էի, որ հարկ չկար այս պիկչերը գալ»։
― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասում էր Ադամսը, ― դուք գտնվում եք իսկական Ամերիկայում։
Առավոտյան մենք գնացինք աշխարհով մեկ ցրված Ֆորդի բոլոր գործարանների դիրեկտոր միստեր Սորենսենի մոտ։
Անցանք դահլիճով, որի պարկետած մաքուր հատակին դարսված էին ստանդարտ ավտոմոբիլի դետալներ, և վերարկուներով ու գլխարկներով առաջնորդվեցինք դիրեկտորի ապակեպատ առանձնասենյակը։ Այստեղ մի մեծ գրասեղան էր դրված, որի վրա ոչ մի թուղթ չկար, կար միայն հեռախոս և սեղանի օրացույց։
Առանձնասենյակ մտավ բարձրահասակ, նիհար մի մարդ՝ մոխրագույն կոստյումով, ալեհեր, թարմ դեմքով ու թեթև ասպետի քայլվածքով։ Ձեռքին բռնած ուներ պլաստմասսայից շինված փոքրիկ, սև դետալ։ Դա միստեր Սորենսենն էր, ծագումով դանիացի, վառարանագործի զավակ, ինքն էլ մի ժամանակ վառարանագործ, իսկ հետո կաղապարագործ։
Արդեն Ամերիկայից մեկնելուց առաջ էր, երբ վաշինգտոնյան մի թերթում կարդացինք փոքրիկ թղթակցություն, որտեղ թվարկված էին մի տասնյակ մարդկանց անուններ, որոնք ամենաբարձր ռոճիկն էին ստանում երկրում։ Միստեր Սորենսենը տասներորդ տեղումն էր։ Առաջին տեղը գրավում էր Մեյ Վեստը, կինոաստղ, գռեհիկ, ապաշնորհ ու հաստ մի կնիկ։ Երեսունհինգ թվականին նա ստացել էր չորս հարյուր հիսուն հազար դոլար։ Սորենսենը ստացել էր հարյուր տասներկու հազար դոլար։
Նա իսկույն խոսք բացեց ձեռքին բռնած դետալի մասին։ Առաջներում այն շինվում էր պողպատից, այժմ շինել են պլաստմասսայից և հիմա փորձարկում են։
― Մենք շարունակ շարժման մեջ ենք գտնվում, ― ասաց միստեր Սորենսենը։ ― Դրանումն է ավտոմոբիլային արտադրության ողջ էությունը։ Ոչ մի րոպե կանգառ, այլապես մեզնից կանցնեն։ Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անելու քառասուն թվականին։
Նա դուրս եկավ սենյակից և վերադարձավ ձեռքին բռնած մի ձուլվածք։ Դա մոտորի բլոկ էր, որը պողպատից ձուլել էր անձամբ, դիրեկտորական իր ձեռքերով։
― Մենք դեռ երկար պետք է փորձենք, թե ինչ է ստացվել։ Բայց, հավանորեն, սա կմտնի մեր ավտոմոբիլի մեջ։
Մենք շոշափեցինք այն բլոկը, որը մի քանի տարուց հետո մտնելու է մեքենայի մեխանիզմի մեջ։
Միստեր Սորենսենը մեզ տարավ գույց տալու այն լուսանկարը, որտեղ նա նկարահանվել էր Գորկու գործարանի դիրեկտոր Դյակոնովի և Գրոզնու հետ։ Սրտաբաց ժպտալով, բոլոր երեքն էլ նայում էին ուղիղ ապարատին։
Մենք կարողացանք խոսակցության մեջ մի նախադասություն խցկել այն մասին, որ ուզում ենք տեսակցել պարոն Ֆորդի հետ, և միստեր Սորենսենն ասաց, թե կաշխատի պարզել՝ հնարավոր է, թե ոչ։ Սակայն մենք համոզված չէինք, որ տեսակցություն, իրոք, կկայանա։ Բոլորը մեզ նախազգուշացնում էին, թե այդ շատ դժվար է, որ Ֆորդը ծեր է, զբաղված և դժվարությամբ է համաձայնում հանդիպումների։
Գլուխ տասնվեցերորդ — Հենրի Ֆորդ
Առավոտյան զանգահարեցին միստեր Սորենսենի մոտից և ասացին, որ միստեր Ֆորդը կարող է մեզ ընդունել։
Խնդրեցին անցնել միստեր Կամերոնի՝ Ֆորդի անձնական քարտուղարի մոտ։ Միստեր Կամերոնը տեղավորված էր կոնստրուկտորական բյուրոյի շենքում։
― Հիմա միստեր Ֆորդը այստեղ չէ, ― հաղորդեց նա, ― և ես ստույգ ասել չեմ կարող, թե երբ կարող եք տեսակցել նրա հետ։ Բայց չէ՞ որ միևնույն է՝ դիտում եք գործարանը և, հավանորեն, օրական տասն անգամ անցնում եք մեր «օֆիսի» կողքով։ Երբ անցնելու կլինեք, այցելեք ինձ․ միգուցե միստեր Ֆորդը այդ պահին այստեղ կլինի։
Մենք արդեն գիտեինք, որ Ֆորդը առանձնասենյակ չունի, որ նա չի փակվում, դռները չի փակում ու նստում, այլ շարունակ ման է գալիս կոնստրուկտորական բյուրոյում։ Ուստի մենք բնավ չզարմացանք և, արջամորթով մեր ոտքերը ծածկելով, նորից գնացինք դիրբորնյան հրաշալիքները տեսնելու։
Այդ օրը սկսեցինք մեքենաների թանգարանից։
Թանգարանի շենքը միայն մեկ դահլիճ ունի՝ ութ հեկտար տարածությամբ։ Հատակը շինված է կաղնու պարկետից, որը պողպատի պես զրնգում է ոտքերի տակ։ Մետաղե սյուները պահում են առաստաղը։ Նրանք միաժամանակ կենտրոնական ջեռուցման ջերմատարներն են հանդիսանում։
Թանգարանը դեռ պատրաստ չէ։ Բայց հիանալի ցուցանմուշներ այստեղ բերված են ամբողջ աշխարհից։ Այստեղ տասնյակ շոգեմեքենաներ կան՝ սկսած համարյա թե Ուատտի կաթսայից։ Բոլոր մեքենաները դրվում են հիմքերի վրա, այն հաշվով, որ թանգարանը բացելուց հետո կարողանան աշխատել՝ ակնառու ցուցադրելով հնօրյա տեխնիկան։ Նրանց մեջ կան արտասավոր շքեղության նմուշներ, անճոռնի, ծանր, և դրված կանաչ յուղաներկած կորնթոսյան չուգունե սյուների վրա։ Ավտոմոբիլային բաժինը վիթխարի է։ Ըստ երևույթին այստեղ հավաքված են ավտոմոբիլների բոլոր տիպերն ու մոդելները, որոնք երբևէ գոյություն են ունեցել աշխարհում։ Եվ չի կարելի ասել, թե երեսուն տարի սրանից առաջ գեղեցիկի հասկացողությունը խորթ է եղել ավտոմոբիլ շինողներին։ Իհարկե, գրեթե բոլոր այդ մեքենաները այժմ տարօրինակ են թվում մեր աչքին, բայց նրանցում կան շատ գեղեցիկ նմուշներ։ Նրանցում շատ կա կարմիր պղինձ, պսպղացող կանաչավուն արույր, հայելու ապակիներ, սաֆյան։ Մյուս կողմից, այդ ավտոմոբիլները ընդգծում են արդի ավտոմոբիլային տեխնիկայի վեհությունը, ցույց են տալիս, թե որչափ լավ են շինում ավտոմոբիլները հիմա, որքան էժան, հասարակ, ուժեղ, նրբագեղ են նրանք։
Միգուցե Ֆորդն ինքն էլ դեռ չգիտե, թե ինչ տեսք կունենա իր թանգարանը։ Այստեղ ղեկավար սկզբունք չի զգացվում բաժինների կազմակերպման և ցուցանմուշների դասավորման գործում։ Ֆորդը շտապում է։ Շարունակ թանգարան են բերում նորանոր նմուշներ։ Այստեղ կան փայտե արորներ, տափաններ, փայտե ջուլհակահաստոցներ, կարի առաջին մեքենաները, առաջին գրամեքենաները, հին գրամաֆոններ, շոգեքարշեր և գնացքներ։
Մաքուր պարկետի մեջ հագցրած ռելսերի վրա կանգնած է հնօրյա մի գնացք՝ տամբուրների վրա չուգունե ձևավոր ձողեր։ Վագոնների դրսի պատերը նախշված են վարդերով և տերևներով, իսկ պատուհանների տակ, մեդալիոնների մեջ, նկարված են գյուղական տեսարաններ։ Վագոնները կցված են պղնձյա լապտերներ, բռնատեղեր և զինանիշեր ունեցող արագաշարժ, փոքրիկ շոգեքարշին։ Հիսուն տարի սրանից առաջ ճիշտ այդպիսի մի գնացքում Էդիսոն ազգանունով մի տղա, ուղևորներին թերթ է վաճառել։ Ճիշտ այդպիսի մի գնացքում, նա կոնդուկտորից ականջին ստացել է պատմական ապտակը, որից զրկվել է լսողությունից։ Եվ հազար ինը հարյուր քսանյոթ թվականին, Էդիսոնի ութսունամյակի տոնակատարության օրերին, Դետրոյթի և Դիրբորնի միջև վերականգնել են հնօրյա երկաթուղային ճյուղը, և հենց նույն ծաղիկներով ու բնանկարներով գնացքը , որը մենք տեսանք թանգարանում, տարել է մեծ գյուտարարին։ Եվ ինչպես յոթանասունհինգ տարի աւաջ Էդիսոնը թերթ է վաճառել գնացքում նստած հյուրերին։ Չի եղել միայն տղային գնացքից նետած կոպիտ կոնդուկտորը։ Եվ երբ Էդիսոնին հարցնում էին, թե խլությունը չի՞ ազդել արդյոք իր աշխատանքին, նա պատասխանել է․
― Ամենևին։ Ես նույնիսկ ազատվեցի բազում հիմարություններ լսելու անհրաժեշտությունից, որոնցով այնքան առատաձեռն են մարդիկ։
Ծիծաղելի գնացքը ծնգծնգացնելով, արագ շարժվում էր Դիրբորն։ Իսկ շուրջը, բովանդակ աշխարհում, բոցկլտում էր էլեկտրականությունը, զրնգում էին հեռախոսները, հնչում պատեֆոնի սկավառակնրը, էլեկտրական ալիքները գոտևորել էին աշխարհը։ Եվ այդ ամենին կյանքի էր կոչել զորավարի դեմքով խուլ ծերուկը, որը դանդաղաքայլ անցնում էր վագոնից վագոն և թերթ վաճառում։
Հեռանալով թանգարանից, մենք նախասրահում տեսանք հատակին հագցված բետոնե մի սալաքար։ Նրա վրա երևում էին Էդիսոնի ոտքի հետքերը և նրա ինքնագիր ստորագրությունը։
Մենք գնացինք Ֆորդի մյուս թանգարանը, այսպես կոչված, «գյուղը», Գրինֆիլդ֊վիլլեջ։ Գյուղը մեծ տերիտորիա էր զբաղեցնում, և այն դիտելու համար այցելուներին տրամադրում էին հինավուրց կառեթներ, դոլմեզներ և գծակառքեր։ Նստիքին բազմում էին մորթին դուրսը մուշտակ հագած և ցիլինդրավոր կառապաններ։ Նրանք շրխկացնում էին մտրակները։ Կառապաններին նույնքան տարօրինակ էր նայել, որքան և նրանց ձիերին։ Ավտոմոբիլներով մուտք գործել Գրինֆիլդ֊վիլլեջ, արգելված է։ Մենք նստեցինք կառեթ և շարժվեցինք մի ճանապարհով, որպիսին վաղուց չէինք տեսել։ Դա էլ հնամոդայիկ մի ճանապարհ էր, տասնինը դարի հիսունական թվականների մի հրաշալիք․ ցեխ, վրան մի թեթև մանրախիճ ցանած։ Նրանով մենք առաջ էինք շարժվում կալվածատիրական անշտապ, մանր վարգով։
«Գյուղը», դա Ֆորդի ոչ վաղուցվա ձեռնարկումն է։ Դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչ բան է դա։ Նույնիսկ Ֆորդն ինքը, դժվար թե կարողանա ստույգ բացատրել, թե ինչին է հարկավոր եղել այն։ Միգուցե ցանկացել է հարություն տալ հին ժամանակներին, որին կարոտել է նա կամ, միգուցե, ընդհակառակն, ուզեցել է ընդգծել հին օրերի խեղճությունը՝ համեմատած ժամանակակից տեխնիկայի հրաշալիքների հետ։
Մենլո պարկից թանգարանային գյուղն է ամբողջովին տեղափոխվել Էդիսոնի հին լաբորատորիան, հենց այն լաբորատորիան, ուր անհամար փորձեր էին կատարվում առաջին էլեկտրական լամպի բարակ մետաղալարը գտնելու համար, ուր առաջին անգամ վառվեց այդ լամպը, ուր առաջին անգամ խոսեց ֆոնոգրաֆը, ուր շատ բան տեղի ունեցավ առաջին անգամ։
Ճռճռացող հատակներով և մրոտ պատերով փայտաշեն, խղճուկ տան մեջ ծնունդ է առել մեր ժամանակակից տեխնիկան։ Էդիսոնյան հանճարի ու տիտանական եռանդի հետքերը հիմա էլ են երևում։ Լաբորատորիայում այնքան մետաղյա և ապակյա անոթներ կային, այնքան բանկաներ ու երկարավիզ սրվակներ, որ մի ամբողջ շաբաթ պետք էր նրանց վրայի փոշին սրբելու համար։
Լաբորատորիան մտնողներին դիմավորում էր վառվռուն սև աչքերով, գանգրահեր մի ծերուկ։ Գլխին դրած ուներ մետաքսե թասակ, որպիսիսն սովորաբար կրում են ակադեմիկոսները։ Նա եռանդով զբաղվեց մեզ հետ։ Դա Էդիսոնի աշխատակիցներից մեկն էր, կարծեմ միակ կենդանի մնացածը։
Նա անմիջապես թափահարեց երկու ձեռքը և որքան ուժ ուներ բղավեց․
― Այն ամենը ինչ աշխարհն ստացել է Էդիսոնից, նրա ջահելությունը և ուժն են արել․ ծերության օրերի Էդիսոնը ոչինչ է երիտասարդ Էդիսոնի համեմատությամբ։ Գիտության առյուծն էր նա։
Եվ ծերուկը ցույց տվեց մեզ Էդիսոնի լուսանկարների պատկերասրահը։ Որոշ նկարներում երիտասարդ գյուտարարը նման էր Բոնապարտին՝ գունատ ճակատին ընկած էր հպարտ մազափունջը։ Մյուսներում նմանվում էր ուսանող Չեխովին։ Ծերուկը շարունակում էր աշխուժորեն թափահարել ձեռքերը։ Մենք նույնիսկ մտորեցինք․ որտեղի՞ց ամերիկացուն այդպիսի խանդավառություն։ Բայց հենց տեղում պարզվեց, որ ծերուկը ֆրանսիացի է։
Գիտնականը խոսելով իր մեծ ընկերոջ մասին, գնալով ավելի ու ավելի էր ոգևորվում։ Մենք ուշադիր ունկնդիրներ էինք, և դրա համար վարձահատույց եղանք։ Ծերուկը մեզ ցույց տվեց աշխարհում առաջին անգամ վառված լամպը։ Նա նույնիսկ դիմախաղով ներկայացրեց, թե այդ ինչպես է տեղի ունեցել, ինչպես են իրենք նստել լամպի շուրջը՝ սպասելով արդյունքին։ Բոլոր մետաղալարերը վառվում էին մի պահ և իսկույն փչանում։ Եվ, վերջապես, գտնվեց այն լարը, որն այրվեց և չհանգավ։ Նստեցին մի ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին անշարժ երկու ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին ամբողջ գիշեր։ Դա հաղթանակ էր։
― Գիտությունը Էդիսոնից պրծում չունի, ― գոչեծ ծերուկը։ ― Նույնիսկ ժամանակակից ռադիո֊լամպերը ծնվել են այս շիկացման էլեկտրալամպի լույսի հետ։
Ծերուկը դողդոջուն, բայց ճարպիկ ձեռքերով էդիսոնյան առաջին լամպը հարմարեցրեց ռադիոընդունիչին և բռնեց մի քանի կայան։ Ուժեղացումը այնքան էլ մեծ չէր, բայց պարզորոշ էր։ Հետո ծեր գիտնականը վերցրեց անագաթղթի մի թերթ և դրեց ֆոնոգրաֆի՝ այդ առաջին մեքենայի մեջ, որը խոսել էր սկսել մարդկային ձայնով։ Մինչ այդ, մեքենաները կարող էին միայն գվվալ, կրճտալ կամ սուլել։ Ֆոնոգրաֆը գործի դրվեց, և ծերուկը ձայնափողի մեջ արտասանեց այն բառերը, որոնք իր ժամանակին, իր ներկայությամբ այդ ձայնափողի մեջ ասել էր Էդիսոնը։ Դրանք մանկական հին երգի խոսքեր էին Մերիի և գառնուկի մասին։ Երգը վերջանում էր ծիծաղով՝ հա՛֊հա՛֊հա՛։
― Հա՛֊հա՛֊հա՛, ― միանգամայն որոշակի արտասանեց ֆոնոգրաֆը։
Մենք այնպիսի զգացում ունեցանք, ասես այդ ապարատը ծնվեց հենց նոր՝ մեր ներկայությամբ։
― Այդ գիշեր Էդիսոնն անմահացավ, ― գոչեց ծերուկը։
Նրա աչքերին արցունքներ երևացին։ Եվ նա կրկնեց։
― Երիտասարդությունը Էդիսոնի ուժն էր։
Իմանալով, որ մենք գրողներ ենք, ծերուկը հանկարծ լրջացավ։ Նա հանդիսավորությամբ նայեց մեզ և ասաց․
― Գրեցեք միայն այն, ինչ մտածում եք։ Ո՛չ Անգլիայի, ո՛չ Ֆրանսիայի, գրեցեք ամբողջ աշխարհի համար։
Ծերուկը ոչ մի կերպ չէր ուզում, որ մենք գնայինք։ Նա խոսում էր Էդիսոնի մասին, հաբեշական պատերազմի մասին, նա նզովում էր Իտալիան, նզովում պատերազմը և փառաբանում գիտությունը։ Միստեր Ադամսը մի ժամ շարունակ զուր էր փորձում գոնե մի խոսք խցկել այդ մտքերի, կշռադատումների և բացականչությունների մրրիկի մեջ։ Այդ նրան չհաջողվեց։ Ֆրանսիացին թույլ չէր տալիս նրան բերան բացել։ Վերջապես սկսեցինք հրաժեշտ տալ, և այդ պահին երկու ծերուկները ցույց տվին, թե ինչպես պետք է այդ անել։ Նրանք խփում էին իրար՝ ձեռքերին, ուսերին ու մեջքին։
― Գուդ բայ, սըր, ― բղավում էր Ադամսը։
―Գու՛դ բայ, գու՛դ բայ, ― ճղում էր իրեն ծերուկը։
― Թենկ յու վերի, վերի մաչ, ― բղավում էր Ադամսը, սանդուղքով իջնելով։ ― Անչափ շնորհակալ եմ ձեզանից։
― Վե՛րի, վե՛րի, ― լսվում էր վերևից։
― Ո՛չ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք ոչինչ չեք հասկանում։ Ամերիկայում կան լավ մարդիկ։
Եվ նա հանեց կարմիր, խոշոր վանդակներով ընտանեկան մեծ թաշկինակը և ակնոցը չհանելով, սրբեց աչքերը։
Երբ անցնում էինք լաբորատորիայի մոտով, մեզ հաղորդեցին, որ միստեր Ֆորդը դեռ չկա։ Գնացինք առաջ, Դիրբորնից տասնհինգ մղոն հեռավորության վրա գտնվող Ֆորդի ֆառերի գործարանը։ Մեր երիտասարդ գիդը անսպասելի կերպով զրուցասեր դուրս եկավ և ամբողջ ճանապարհին մեզ զվարճացրեց։ Պարզվեց, որ Ֆորդի գործարանում կա սեփական գաղտնի ոստիկանություն։ Նա բաղկացած է հինգ հարյուր հոգուց և, ի միջի այլոց, այնտեղ ծառայում են Դետրոյթի ոստիկանության նախկին պետը և նշանավոր բռնցքամարտիկ Ջո Լուիսը։ Այդ գործունյա ջենտլմենների օգնությամբ Դիրբորնում կատարյալ խաղաղություն է տիրում։ Պրոֆմիութենական կազմակերպություն այստեղ գոյություն չունի։ Ընդհատակ է քշված։
Մեր գնացած գործարանը առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում։ Դա սոսկ գործարան չէ, այլ ինչ֊որ տեխնիկական ու քաղաքական մի նոր գաղափարի մարմնացում։ Մենք արդեն շատ էինք լսել նրա մասին, քանի որ շատ առօրեական էր այն խոսակցությունների կապակցությամբ, որ Ամերիկայում տարվում էր մեքենաների դիկտատուրայի մասին և այն մասին, թե ինչպես կյանքը դարձնել երջանիկ, միաժամանակ պահպանելով կապիտալիզմը։
Մեզ հետ խոսելիս միստեր Սորենսենը և միստեր Կամերոնը, որոնք երկուսով ներկայացնում են Հենրի Ֆորդի աջ ու ձախ ձեռքերը, ասացին, որ եթե նրանք ստիպված լինեին նորից կառուցել Ֆորդի ձեռնարկությունները, ոչ մի դեպքում չէին կառուցի գիգանտ֊գործարաններ։ Մի գործարանի փոխարեն նրանք կկառուցեին հարյուրավոր, իրարից որոշ հեռավորության վրա ընկած մանր, գաճաճ գործարանիկներ։
Դիրբորնում մենք մի նոր լոզունգ լսեցինք․ «Գյուղական կյանք և քաղաքային վաստակ»։
― Պատկերացրեք, ― ասացին մեզ, ― անտառ, դաշտ, հանդարտ, նույնիսկ շատ փոքր մի գետակ։ Այստեղ կանգնած է մի պստիկ գործարան։ Շուրջը ապրում են ֆերմերներ։ Նրանք մշակում են իրենց հողամասերը և հենց նրանք էլ աշխատում են մեր գործարանում։ Հիանալի օդ, լավ տնակներ, կովեր, սագեր։ Եթե ճքնաժամ սկսվի, և մենք կրճատենք արտադրությունը, բանվորը սովից չի մեռնի, նա ունի հող, հաց, կաթ։ Դուք հո գիտեք, որ մենք բարերարներ չենք, մենք ուրիշ գործով ենք զբաղված, մենք շինում ենք լավ ու էժան ավտոմոբիլներ։ Եվ եթե գաճաճ գործարանները տեխնիկական մեծ էֆեկտ չտային, միստեր Հենրի Ֆորդը չէր դիմի այդ գաղափարին։ Բայց մենք ճշտորեն պարզել ենք, որ գաճաճ գործարաններում, որտեղ մեքենաների ու բանվորության հսկայական կուտակում չկա, աշխատանքի արտադրողականությունը շատ ավելի բարձր է, քան մեծ գործարանում։ Այդպիսով, բանվորն ապրում է գյուղական էժան և առողջ կյանքով, իսկ նրա վաստակը քաղաքային է։ Բացի այդ, մենք նրան ազատում ենք առևտրականների բռնակալությունից։ Մենք նկատել ենք, որ բավական է թեկուզ մի փոքր բարձրացնենք աշխատավարձը, որ Դիրբորնում անմիջապես հարաբերականորեն բարձրանան բոլոր գները։ Այդ չի լինի, եթե վերանա տասնյակ ու հարյուր հազարավոր բանվորների կուտակումը նույն տեղում։
Այդ միտքը Ֆորդի գլխում ծագել է, ինչպես ինքը հետագայում ասաց մեզ, քսան տարի սրանից առաջ: Ինչպես ամերիկյան ամեն մի նախաձեռնություն, երկար ստուգում են, նախքան լայն մասշտաբով կիրառելը։ Այժմ արդեն կան մոտ քսան գաճաճ գործարաններ, և Ֆորդը տարեց֊տարի ավելացնում է դրանց թիվը։ Գործարանների միջև ընկած տասը, քսան, և նույնիսկ հիսուն մղոն տարածությունը չի հուզում Ֆորդին։ Ամերիկյան ճանապարհների իդեալական վիճակի դեպքում դա պրոբլեմ չէ։
Եվ այսպես, ողջ գաղափարը հանգեցնում է ընդհանուր բարելավմանը։ Գյուղական կյանք, քաղաքային վաստակ, ճգնաժամը սարսափելի չէ, տեխնիկական կատարելագործության հասել են։ Միայն թե մեզ չասացին, որ այդ գաղափարի մեջ կա մեծ քաղաքականություն․ պրոլետարներին ոգով վերածել մանր սեփականատերերի և միաժամանակ ազատվել ինդուստրիալ կենտրոններում բանվորության վտանգավոր կուտակումներից։ Ի դեպ, Ֆորդի հատուկ ոստիկանության համար է՛լ անելիք չի լինի։ Գուցե կարելի է նրանց էլ, համենայն դեպս, մեկական կով տալ։ Թող մեծ նեգր Ջո Լուիսը հովվերգորեն կով կթի իր համար։ Թող Դետրոյթի ոստիկանության նախկին շեֆն էլ Օֆելիայի պես պսակ դնի գլխին և շրջի դաշտերում ու փնթփնթա․ «Աշխատանք չկա, տխուր է, ջենտլմեններ, տխու՜ր»։
Ամերիկացիների խոսքը գործից չի տարբերվում։ Բլրակը բարձրանալով, տեսանք այն պատկերը, որ այնպես վառ նկարագրում էին մեզ համար։ Ֆառերի գործարանը կանգանած էր փոքրիկ գետակի ափին, ուր ամբարտակը ընդամենը յոթ ֆուտ ջրի անկում էր ստեղծում։ Բայց դա բավական էր երկու փոքր տուրբիններ շարժման մեջ դնելու համար։ Գործարանի շուրջը, իրոք, և՛ անտառ կար, և՛ ջրփոսիկ, երևում էին ֆերմաներ, լսվում էր ծուղրուղու, կչկչոց, շան հաչոց, մի խոսքով, բոլոր գյուղատնտեսական հնչույնները։
Գործարանն իրենից մի փոքրիկ, գրեթե ամբողջովին ապակեպատ շենք էր ներկայացնում։ Այստեղ ամենաերևելին այն էր, որ այդ գործարանիկը, որտեղ ընդամեմը հինգ հարյուր մարդ էր աշխատում, պատրաստում է ֆառեր, մեքենայի հետևի լապտերիկներ և առաստաղի լուսամփոփներ՝ Ֆորդի բոլոր գործարանների համար։ Ֆեոդալական ծուղրուղուների և խոչկորային ճղճղոցների մեջ գործարանը մեկ ժամում պատրաաստում է հազար ֆառ, վեց հարյուր հետևի լապտերներ և հինգ հարյուր լուսամփոփ։ Բանվորների իննսունութ տոկոսը ֆերմերներ են, և նրանցից յուրաքանչյուրն ունի հինգից մինչև հիսուն ակր հողամաս։ Գործարանը աշխատում է երկհերթ, բայց եթե աշխատի լրիվ կարողությամբ, ապա մեկուկես անգամ ավելի արտադրանք կթողարկի։
Ի՞նչ են անելու ոչ մի ակր չունեցող բանվորները․ նոր գաղափարը ոչինչ չի ասում, թեև հենց այդ մարդիկ են կազմում Միացյալ Նահանգների ողջ բանվոր դասակարգը։ Բայց եթե անգամ կասկածելիորեն բարիացած կապիտալիստներին հաջողվի ամերիկյան ողջ պրոլետարիատին նստեցնել հողի վրա, որն ինքնստինքյան հանդիսանում է բուրժուական նոր ուտոպիա, ապա այդ դեպքում էլ շահագործումը ոչ միայն չէր վերանա, այլ, իհարկե, կուժեղանար, ավելի նուրբ ձևեր ընդուելով։
Չնայած գործարանի շուրջը փռված գյուղական բնապատկերին, փոքրիկ կոնվեյերների մոտ խիտ կանգնած բանվորները նույն մռայլ, գրգռված տեսքն ունեին, ինչպես Դիրբորնի մարդիկ։ Երբ հնչեց նախաճաշի զանգը, բանվորները, ինչպես Դիրբորնում, իսկույն նստեցին հատակին և սկսեցին արագ֊արագ ուտել իրենց սանդվիչները։
― Ասացեք, ― հարցրինք մենք մենեջերին, այսինքն՝ դիրեկտերին, որը մեզ հետ ման էր գալիս կոնվեյերի երկայնքով, ― գիտե՞ք արդյոք, թե քանի ֆառ են այսոր արտադրել։
― Մենեջերը մոտեցավ պատին, ուր մեխից կախված էին երկար ու նեղ թղթեր, հանեց վերևինը և կարդաց․
― Մինչև ցերեկվա ժամը տասներկուսը շինել են չորս հազար քսաներեք ֆառ, երկու հազար չորս հարյուր երեսունութ հետևի լապտեր, հազար ինը հարյուր իննսուն երկու առաստաղի լուսամփոփ։
Մենք նայեցինք ժամացույցին։ Տասներկուսնանց էր քառորդ։
― Յուրաքնչյուր ժամ ես տեղեկուցյուն եմ ստանում արտադրանքի մասին, ― ավելացրեց մենեջերը և թուղթը կախեց մեխից։
Մենք նորից մոտեցանք Ֆորդի օֆիսին։ Այս անգամ սրահում որոշ հապճեպության մեջ ընդառաջ եկավ միստեր Կամերոնը և հրավիրեց ներս։ Իր առանձնասենյակում միստեր Կամերոնը հայացքով հաշվեց մեզ և խնդրեց ևս մի աթոռ բերել։ Մենք նստել էինք վերարկուներով։ Այդ անհարմար էր, և երբ պատրաստվում էինք հանվել, սենյակի դռներում երևաց միստեր Հենրի Ֆորդը։ Նա հարցական նայեց հյուրերին և գլուխ տվեց։ Տեղի ունեցավ մի փոքրիկ իրարանցում՝ ձեռքսեղմումի ուղեկցումով, և այդ տեղաշարժի հետևանքով Ֆորդը հայտնվեց սենյակի այն անկյունում, որտեղ աթոռ չկար։ Միստեր Կամերոնը ամեն ինչ արագ կարգավորեց, և Ֆորդը, թեթև շարժումով ոտքը ոտքի վրա դնելով, նստեց աթոռին։ Դա մի լղար, գրեթե տափակ, փոքր֊ինչ կորացած ծերուկ էր, խելացի կնճռոտ դեմքով և արծաթյա մազերով։ Հագին ուներ մոխրագույն նոր կոստյում, սև կոշիկներ և կարմիր փողկապ։ Ֆորդն իր յոթանասուներեք տարիների համեմատ ջահել էր երևում, և միայն նրա մեծացած հոդերով սրճագույն ու զառամյալ ձեռքերն էին ցույց տալիս, թե որքան ծեր է։ Մեզ ասել էին, որ նա երեկոները երբեմն պարում է։
Մենք իսկույն խոսք բացեցինք գաճաճ գործարանների մասին։
― Այո՛, ― ասաց միստեր Ֆորդը, ես տեսնում եմ փոքր գործարաններ, նույնիսկ պողպատաձուլարաններ ստեղծելու հնարավորությունը։ Բայց առայժմ ես չեմ հրաժարվում մեծ գործարաններից։
Նա խոսում էր այն մասին, որ ապագայում երկիրը տեսնում է պատած փոքրիկ գործարաններով, տեսնում է բանվորներին ազատագրված առևտրականների ու ֆինանսիստների լծից։
― Ֆերմերը, ― շարունակեդ Ֆորդը, ― հաց է շինում, մենք շինում ենք ավտոմոբիլ, բայց մեր միջև կանգնած է Ուոլլ֊սթրիթը, կանգնած են բանկեր, որոնք ոչինչ չանելով հանդերձ, ցանկանում են իրենց բաժինն ունենալ մեր գործում։ ― Այդ պահին նա ձեռքը թափահարեց դեմքի առջև, ասես մոծակ էր քշում, և արտասանեց․ ― նրանք միայն մի բան անել գիտեն՝ ֆոկուսներ սարքել, ձեռնածություն անել փողերով։
Ֆորդը սիրում էր խոսել Ուոլլ֊սթրիթի հանդեպ տածած իր ատելության մասին։ Նա հիանալի հասկանում է, որ բավական է Մորգանին տաս մի բաժնետոմս, որպեսզի նա բոլոր մնացածն էլ վերցնի։
Խոսակցության ժամանակ Ֆորդը շարունակ շարժում էր ոտքերը։ Մերթ դեմ էր առնում գրասեղանին, մերթ մի ոտը դնում մյուսի վրա ու ձեռքով պահելով, մերթ նորից երկու ոտքը դնում հատակին և սկսում օրորվել։ Նա ուներ միմյանց մոտիկ դրված, ռամիկի ծակող աչքեր։ Եվ ընդհանրապես նման էր սրաքիթ ռուս գյուղացու, բնածին գյուտարարի, որն անսպասելի սափրել է մորուքը և հագել անգլիական կոստյում։
Ֆորդը աշխատանքի է գալիս բոլորի հետ միասին և ամբողջ օրը գործարանում է անցկացնում։ Մինչև օրս նա ոչ մի գծանկար առանց իր ստորագրության բաց չի թողել։ Մենք արդեն ասել ենք, որ նա առանձնասենյակ չուներ։ Կամերոնը նրա մասին արտահայտվեց այսպես․
― Միստեր Ֆորդը պտույտ է գործում։
Ֆորդի աշխատանքային մեթոդը վաղուց դուրս է եկել պարզապես ավտոմոբիլ կամ ուրիշ առարկաներ պատրաստելու սահմաններից։ Այդ սիստեմը մեծագույն չափով ազդել է աշխարհի կյանքի վրա։ Սակայն այն ժամանակ, երբ նրա և մյուս արթյունաբերողների գործողությունները Ամերիկան վերածել են մի երկրի, ուր ոչ ոք չգիտե, թե վաղը ինչ է տեղի ունենալու, նա համառորեն պնդում է շրջապատողներին․
― Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ խնդիրն ունեմ։ Ես ավտոմոբիլներ եմ շինում։
Նորից տեղի ունեցավ իրարանցում՝ հրաժեշտի ձեռքսեղմումի ուղեկցումով, և Ամերիկայի ամենաուշագրավ, տեսարժան երևույթներից մեկի՝ Հենրի Ֆորդի դիտումն ավարտվեց։
Գլուխ տասնյոթերորդ — Չիկագո ահավոր քաղաքը
Նյու֊Յորքից մեկնելուց անցել էր մի շաբաթ։ Մեզ մոտ հետզհետե ուղևորության սիստեմ էր մշակվել։ Քնում էինք կեմպերում կամ տուրիստհաուզներում, այսինքն՝ սովորական կենվորների տներում, որտեղ տանտերերը էժան գնով մաքուր սենյակներ էին վարձով տալիս՝ լայն ու հարմար անկողիններով, որոնց վրա անպայման կգտնես մի քանի հաստ ու բարակ բրդե, բամբակե և լաթերից կարած վերմակներ, հայելապատ կոմոդով, օրորվող աթոռով, պատի պահարանով, ասեղը վրան խրած սրտառուչ կոճով և գիշերային սեղանին դրված ավետարանով։
Այդ տանտերերը՝ բանվորներ, մանր առևտրականներ և այրի կանայք, հաջողությամբ մրցում են հյուրանոցների հետ, առևտրական կաատաղության հասցնելով նրանց տերերին։
Ճանապարհին մենք հաճախ ենք հանդիպել հյուրանոցների ռեկլամային պլակատների, որոնք բավական նյարդայնորեն կոչ են անում ճանապարհորդներին սթափվել և վերականգնել իրենց համակրանքը հյուրանոցների նկատմամբ։
ԹՈՂ ՁԵՐ ՍԻՐՏԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԼՑՎՒ, ԵՐԲ ԱՐՏԱՍԱՆԵԼԻՍ ԼԻՆԵՔ ՁԵՐ ԻՋԵՎԱՆԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՆՈՒՆԸ։
Դրանք քողարկված հարձակումներ էին անանուն տուրիստհաուզների և կեմպերի դեմ։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, երբ մթնշաղն իջնում էր և պետք էր մտածել գիշերելու մասին, ― ես լուրջ եմ հարցնում՝ ուզու՞մ եք, որ ձեր սիրտը լցվի հպարտությամբ։ Դա շատ հետաքրքիր է, երբ սիրտը լցվում էհպարտությամբ, իսկ քսակը համեմատականորեն դատարկվում է։
Ո՛չ, մենք չենք ուզում, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ։
Եվ հենց որ մութն ընկնում էր, իսկ մեր մկնագույն կառը անցնում էր հերթական փոքրիկ քաղաքի, որևէ Սիրակուզայի կամ Վիեննայի «ռեզիդենշեն֊պարտով», մենք կանգ էինք առնում մի տնակի մոտ, որը քաղաքի մյուս տնակներից տարբերվում էր «Սենյակներ տուրիստների համար» պլակատով, մտնում ներս և աններդաշնակ խմբերգով արտասանում․
«How do you do!» ― Բարև ձեզ։
Անմիջապես լսվում էր պատասխանը․
«How do you do!», ― և խոհանոցից հայտնվում էր տարեց մի կին՝ գոգնոցով, ձեռագործը ձեռքին։
Այստեղ հանդես էր գալիս միստեր Ադամսը, որի հետաքրքրասիրությանը կարող էր նախանձել երեխան կամ դատական քննիչը։ Փոքրիկ, հաստլիկ, անհամբեր այս ու այն կողմ ընկնելով և թաշկինակով գլուխը սրբելով, նա խոսելու առիթով ուրախացած, տանտիրուհուց մեթոդիկորեն քամում էր քաղաքի բոլոր նորությունները։
― Շուռլի՜, ― բացականչում էր նա, իմանալով, որ քաղաքը երկու հազար բնակիչ ունի, որ երեկ վիճակախաղ է եղել, որ տեղի բժիշկը պատրաստվում է ամուսնանալ, որ վերջերս մանկական կաթվածի դեպք է տեղի ունեցել։ ― Շուռլի։ Իհարկե։
Նա հարցուփորձ էր անում տանտիրուհուն, արդյոք վաղու՞ց է այրիացել, որտեղ են սովորում երեխաները, ինչ արժե միսը և քանի տարի է մնացել տան դիմաց բանկին փող մուծելու։
Մենք վաղուց արդեն պառկել էինք երկրորդ հարկի մեր անկողիններում, իսկ ներքևում դեռ լսվում էր․
― Շու՛ռլի, շու՛ռլի։
Հետո մեր ականջներին էր հասնում սանդուխքի փայտե աստիճանների ճռճռոցը։ Միստեր Ադամսը բարձրանում էր վեր և մի րոպե հետո կանգ առնում մեր սենյակի դռների առջև։ Նա խենթորեն խոսել էր ուզում։
― Միստերնե՛ր, ― հարցնում էր նա, ― քնա՞ծ եք։
Եվ պատասխան չստանալով, անցնում էր իր սենյակը։
Բայց առավոտյան ուղիղ ժամը յոթին, իրագործելով նավապետի և արշավախմբի պարագլխի իրավունքները, նա աղմուկով մտնում էր մեր սենյակը, թարմացած, սափրված, շալվարակալով, հոնքերին ջրի կաթիլներ, և բղավում․
― Վե՛ր կացեք, վե՛ր կացեք, վե՛ր կացեք։ Գուդ մոռնինգ, պարոնա՛յք։
Ու սկսվում էր ուղևորության նոր օրը։
Մենք խմում էինք պոմիդորի հյութ, հաստ գավաթներով սուրճ, ուտում «գեմ էնդ էգգ» (ձվածեղ մի կտոր խոզապուխտով) Մայն֊սթրիթի այդ ժամին անմարդ և քնակոլոլ փոքրիկ սրճարանում և նստում մեքենա։ Միստեր Ադամսը հենց այդ պահին էր սպասում։ Նա շուռ էր գալիս դեպի մեզ ու սկսում խոսել։ Եվ գրեթե ամբողջ օրն անընդհատ խոսում էր։ Նա, հավանորեն, համաձայնել էր մեզ հետ գալ հատկապես այն պատճառով, որ հանձին մեզ զգացել էր լավ ունկնդիրների և զրուցակիցների։
Բայց ահա թե ինչն է սքանչելի, այն, որ նրան ոչ մի կերպ չէր կարելի շաղակրատ անվանել։ Նրա բոլոր ասածները հետաքրքիր էին և խելացի։ Ճանապարհորդության երկու ամսվա ընթացքում ոչ մի անգամ որևէ բան չէր կրկնում։ Ճշգրիտ գիտելիքներ ուներ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Մասնագիտությամբ ինժեներ լինելով, նա վերջերս անցել էր հանգստի և ապրում էր փոքրիկ կապիտալով, որը տալիս էր ապրելու համեստ միջոցներ և անկախություն, որը նա շատ էր գնահատում և առանց որի, անշուշտ, չէր կարող ոչ մի րոպե ապրել։
― Պատահմամբ միայն կապիտալիստ չդարձս, ― մի առիթով ասաց մեզ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, միանգամայն լուրջ եմ ասում։ Ձեզ համար հետաքրքիր կլինի լսել այդ։ Ժամանակին ես երազում էի դառնալ հարուստ մարդ։ Շատ փող էի վաստակում և որոշեցի ապահովագրել ինձ այն հաշվով, որ հիսուն տարեկան հասակումս խոշոր գումարներ ստանամ ապահովագրական ընկերությունից։ Ապահովագրման այդպիսի ձև կա։ Հսկայական մուծումներ պետք էր անել, բայց ես արի այդ, որպեսզի օր֊ծերության հարուստ մարդ դառնամ։ Ընտրեցի աշխարհի երկու ամենապատվավոր ապահովագրական ընկերությունները․ Պետերբուրգի «Ռուսաստան» ընկերությունը և Մյունխենի գերմանական ազնվագույն ընկերությունը։ Պարոնայք։ Ես գտնում էի, որ եթե ողջ աշխարհը տակնուվրա էլ լինի, Գերմանիայում և Ռուսաստանում ոչինչ չի պատահի։ Այո՛, այո՛, այո՛, միստերներ, նրանց հաստատուն լինելը ոչ մի կասկած չէր հարուցում։ Բայց ահա ինը հարյուր տասնյոթ թվականին ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն և «Ռուսաստան» ապահովագրական ընկերությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այդ ժամանակ, ես իմ բոլոր հույսերը փոխադրեցի Գերմանիա։ Ինը հարյուր քսաներկու թվականին լրացավ իմ հիսուն տարին։ Ես պետք է ստանայի չորս հարյուր հազար մարկ։ Պարոնա՛յք, դա շատ մեծ, հսկայական փող է։ Եվ ես ինը հարյուր քսաներկու թվվականին Մյունխենի ապահովագրական ընկերությունից ստացա մի նամակ․ «Շատ հարգելի հեր Ադամս, մեր ընկերությունը շնորհավորում է ձեզ հիսուն տարեկան դառնալու առթիվ և կցում է չորս հարյուր հազար մարկայի չեկ»։ Դա աշխարհիս ազնվագույն ապահովագրական ընկերությունն էր։ Նո՛, նո՛, նո՛, պարոնայք, լսեցեք, սա շա՜տ֊շա՜տ հետաքրքիր է։ Այդ ամբողջ պրեմիայով ես կարող էի գնել միայն մի տուփ լուցկի, քանի որ Գերմանիայում այդ օրերին ինֆլյացիա էր և երկրով մեկ շրջանառության մեջ էին դրված միլիարդանոց արժետոմսեր։ Հավատացնում եմ ձեզ, միստերներ, կապիտալիզմը ամենաերերուն բանն է աշխարհիս երեսին։ Բայց ես երջանիկ եմ, ես ստացա լավագույն պրեմիան՝ ես կապիտալիստ չդարձա։
Միստեր Ադամսը թեթևամիտ վերաբերմունք ուներ փողի նկատմամբ․ այդ վերաբերմունքի մեջ կար մի քիչ հումոր և շատ քիչ հարգանք։ Այդ իմաստով նա բոլորովին նման չէր ամերիկացու։ Իսկական ամերիկացին կարող է հումորով վերաբերվել աշխարհի ամեն բանին, բայց ոչ փողին։ Միստեր Ադամսը բազում լեզուներ գիտեր։ Ապրել էր Ճապոնիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, հիանալի ծանոթ էր Սովետական Միությանը։ Աշխատել էր Դնեպրոստրոյում, Ստալինգրադում, Չելյաբինսկում, և հին Ռուսաստանին ծանոթ լինելը թույլ էր տվել նրան հասկանալու սովետական երկիրն այնպես, ինչպես հազվադեպ է հաջողվում հասկանալ օտարերկրացիներին։ Նա կոշտ վագոններով շրջագայել էր ՍՍՌՄ֊ում , խոսք ու զրույցի բռնվել բանվորների ու կոլտնտեսականների հետ։ Տեսել էր երկիրը ոչ միայն այնպես, ինչպես բացվում էր հայացքի առջև, այլ այնպես, ինչպես եղել էր երեկ և ինչպես լինելու է վաղը։ Նա նրան տեսնում էր շարժման մեջ։ Եվ դրա համար ուսումնասիրում էր Մարքսին ու Լենինին, կարդում Ստալինի ճառերը և բաժանորդագրվում «Պրավդա»։
Միստեր Ադամսը շատ ցրված մարդ էր, բայց դա գիտնականի ավանդական հեզ ցրվածություն չէր, այլ առողջ, հարցասեր մի մարդու բուռն ու ագրեսիվ ցրվածություն, նա տարվելով խոսակցությամբ կամ մի մտքով, այդ պահին մոռանում էր ողջ աշխարհը։
Ուղևորությանը վերաբերող ամեն ինչի նկատմամբ միստեր Ադամսը անասելի զգույշ էր և խուսափողական։
― Այսօր երեկոյան կհասնենք Չիկագո, ― ասում էր միսիս Ադամսը։
― Նո՛, նո՛, նո՛, Բեկկի, մի ասա այդպես։ Գուցե հասնենք, գուցե և չհասնենք, ― պատասխանում էր նա։
― Թույլ տվեք, ― միջամտում էինք մենք, ― բայց մինչև Չիկագո մնացել է ընդամենը հարյուր մղոն, և եթե հաշվելու լինենք, որ ժամում միջին թվով անում ենք երեսուն մղոն․․․
― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք, քրթմնջում էր միստեր Ադամսը, ― օ՜, նո։ Դեռ ոչինչ հայտնի չէ։
― Այսինքն, ինչպե՞ս թե հայտնի չէ։ Հիմա ցերեկվա ժամը չորսն է, ժամում միջին թվով մենք անում ենք երեսուն մղոն։ Այդպիսով ժամը ութի մոտերքը կլինենք Չիկագոյում։
― Գուցե լինենք, գուցե և չլինենք։ Այո՛, այո՛, այո՛, պարոնա՛յք, լուրջ եմ ասում․․․ Ոչինչ հայտնի չէ։ Օ՜, նո։
Սակայն ինչը մեզ կխանգարի ժամը ութի մոտերքը լինել Չիկագոյում։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չի՛ կարելի այդպես խոսել։ Պարզապես հիմարություն կլիներ այդպես մտածելը։ Դուք այդ բանը չեք հասկանում։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։
Բայց համաշխարհային քաղաքականության մասին խոսում էր համոզված և ոչ մի առարկություն լսել չէր ուզում։ Նա հայտարարում էր, օրինակ, որ պատերազմը լինելու է հինգ տարուց հետո։
― Ինչու՞ հատկապես հինգ տարուց հետո։ Ինչու՞ ոչ յոթ։
― Ո՛չ, ո՛չ, միստերներ, ուղիղ հինգ տարուց հետո։
― Բայց ինչու՞։
― Մի ասեք «ինչու»։ Ես գիտեմ։ Չէ՜, լուրջ, օ՜, նո։ Ես ձեզ ասում եմ՝ պատերազմը լինելու է հինգ տարուց հետո։
Նա շատ էր բարկանում, երբ իրեն առարկում էին։
― Չէ, չխոսենք, ― բացականչեց նա։ ― Պարզապես հիմարություն է և ծիծաղելի է մտածել, որ պատերազմը հինգ տարուց հետո չի լինելու։
― Դե լավ, այսօր երեկոյան կհասնենք Չիկագո և այն ժամանակ լուրջ կխոսենք այդ մասին։
― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Չի կարելի այդպես ասել․ այսօր երեկոյան կհասնենք Չիկագո։ Օ՜, նո։ Գուցե հասնենք, գուցե և չհասնենք։
Չիկագոյից ոչ հեռու մեր արագաչափը ցույց տվեց առաջին հազար մղոնը։ Մենք բղավեցինք Ուռա։
― Ոռա՜, ուռա՜, ― բղավում էր միստեր Ադամսը, բազմոցի վրա հուզված վեր֊վեր թռչելով։ ― Ահա, ահա, միստերներ, հիմա ես կարող եմ միանգամայն ստույգ հաղորդել։ Մենք անցել ենք հազար մղոն։ Այո, այո, պարոնայք։ Ոչ թե «գուցե անցել ենք», այլ հաստատ անցել ենք։ Այսպես ավելի ստույգ կլինի։
Յուրաքանչյուր հազար մղոնից հետո պետք էր փոխել մեքենայի յուղը և յուղել մասերը։
Մենք կանգ էինք առնում «սերվիս֊ստեյշենի» մոտ, որը հարկ եղած պահին անպայման մեր կողքին էր գտնվում։ Մեր մեքենան բարձրացնում էին էլեկտրական հատուկ հաստոցի վրա, և մինչ զոլավոր գլխարկով վարպետը բաց կթողներ մուգ, կեղտոտված յուղը, կլցներ նորը, կստուգեր արգելակները և կյուղեր մասերը, միստեր Ադամսը իմանում էր, թե նա որքան է վաստակում, որտեղացի է ծագումով, և ինչպես են ապրում քաղաքի մարդիկ։ Յուրաքանչյուր նույնիսկ թռուցիկ ծանոթությունը մեծ հաճույք էր պատճառում միստեր Ադամսին։ Այդ մարդը ստեղծված էր մարդկանց հետ շփվելու, նրանց հետ բարեկամություն անելու համար։ Նա մի տեսակ հաճույք էր զգում, երբ խոսում էր մատուցողի, դեղագործի, անցորդի հետ, որից ճանապարհ էր հարցնում, վեց ամյա մի նեգր երեխայի, որին «սըր» էր անվանում, տուրիստ հաուզի տիրուհու կամ մեծ բանկի դիրեկտորի հետ։
Նա կանգնել էր ձեռքերն ամառային վերարկուի գրպանը դրած և օձիքը բարձրացրած, անգլխարկ (ծանրոցը, չգիտես ինչու, դեռ չէր եկել Դետրոյթ), և ագահաբար այո՛, այո՛ էր ասում զրուցակցին։
― Շու՜ռլի։ Ես ձեզ լսում եմ, պարո՛ն։ Այդպես, այդպես։ Օ՜, նո։ Դա շատ, շա՜տ հետաքրքիր է։ Շու՛ռլի։
Գիշերային Չիկագոն, որին մենք մոտեցանք քաղաքը Միչիգան լճից բաժանող լայնահուն առափնյա փողոցով, շշմեցուցիչ գեղեցիկ երևաց։ Աջում սևություն էր՝ հագեցած ափին խփվող ալիքների ծովային համաչափ աղմուկով։ Առափնյա փողոցով, գրեթր իրար դիպչելով, մի քանի շարքով սլանում էին ավտոմոբիլներ՝ ասֆալտը ողողելով ֆառերի ադամանդե լույսով։ Ձախում՝ մի քանի մղոնի վրա շարվել էին երկնաքերծերը։ Նրանց լուսացայտ պատուհանները նայում էին լճին։ Երկրաքերծերի վերին հարկերի կրակները միախառնվում էին աստղերի հետ։ Մոլեգնում էին էլեկտրական ռեկլամները։ Այստեղ ևս, ինչպես Նյու֊Յորքում, էլեկտրականությունը վարժեցված էր։ Այն փառաբանում էր նույն աստվածներին։ «Կոկա֊կոլա», վիսկի՝ «Ջոննի Ուոկեր», «Կեմել» սիգարեթները։ Կային և շաբաթվա ընթացքում ձանձրացած մանկիկներ․ մի լղար մանկիկ, որը նարնջի հյութ էր խմում, և նրա բարեբախտ հակոտնյան՝ գեր, բարետես մի մանկիկ, որը գնահատելով գործարանատերերի ջանքերը, նարնջահյութ է կլանում ձիու դոզաներով։
Մենք մոտեցանք «Ստիվենս֊օթել» էլեկտրական սպիտակ ցուցանակ ունեցող երկնաքերծին։ Դատելով ռեկլամային ծանուցատետրերով, դա ամենամեծ հյուրանոցն էր աշխարհում՝ երեք հազար համարներով, հսկայական հոլլերով, խանութներով, ռեստորաններով, սրճարաններով, համերգային և պարահանդեսային դահլիճներով։ Մի խոսքով, հյուրանոցը նման էր օվկիանոսային շոգենավի, որի բովանդակ կոմֆորտը հարմարեցված է աշխարհից առժամանակ բոլորովին կտրված մարդկանց կարիքներին։ Միայն թե հյուրանոցը շատ ավելի մեծ էր։ Նրանում, հավանորեն, կարելի է ամբողջ կյանքն ապրել, ոչ մի անգամ փողոց դուրս չգալով, քանզի դրա կարիքը բոլորովին չէր լինի։ Գուցե միայն զբոսնելու՞։ Բայց զբոսնել կարելի է հյուրանոցի տափակ կտուրի վրա։ Այնտեղ նույնիսկ ավելի լավ է, քան փողոցում։ Ավտոմոբիլի տակ ընկնելու հնարավոր վտանգը չկա։
Մենք դուրս ելանք առափնյա փողոց, որը կոչվում է Միչիգան֊ավենյու, մի քանի անգամ հաճույքով դիտեցինք այդ հիանալի պողոտան և նրան նայող երկնաքերծերի գլխավոր ճակատները, թեքվեցինք առափնյային ուղղահայաց առաջին փողոցը և հանկարծ կանգ առանք։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― բղավեց Ադամսը, մեր զարմանքից հիացած։ ― Դուք չպետք է զարմանաք։ Օ՜, նո։ Սա Ամերիկա է։ Չէ լու՛րջ, հիմարություն կլիներ կարծել, որ Չիկագոյի մսի արքաները ձեզ համար սանատորիաներ կառուցեն այստեղ։
Փողոցը նեղ էր, ոչ այնքան լուսավոր, ճնշող, տաղտկալի։ Նրան հատում էին արդեն բոլորովին նեղլիկ, խավար, գետաքարով սալարկած կեղտոտ նրբանցքներ, իսկական գետնախորշեր՝ տների սևացած, աղյուսե պատերով, հրշեջ սանդուխքներով և աղբարկղներով։
Մենք գիտեինք, որ Չիկագոյում կան հետնախորշեր, որ այնտեղ չեն կարող հետնախորշեր չլինել։ Բայց որ նրանք գտնվում են քաղաքի բուն կենտրոնում, դա չափազանց անսպասելի էր։ Նման էր այն բանին, որ Միչիգան֊ավենյուն քաղաքի սոսկ դեկորացիան է և իսկական քաղաքը տեսնելու համար բավական է միայն այն բարձրացնել։
Այդ առաջին տպավորությունն ընդհանրապես ճիշտ դուրս եկավ։ Մի քանի օր մենք թափառում էինք քաղաքում, հետզհետե ավելի ու ավելի ապշելով քաղաքը կազմող մասերի անիմաստ կուտակումից։ Նույնիսկ կապիտալիզմի տեսակետից, որն օրենքի աստիճանի է հասցնում երկրագնդի վրա հարստության և աղքատության միաժամանակ գոյությունը, Չիկագոն կարող է երևալ ծանր, անճոռնի, անհարմար քաղաք։ Դժվար թե աշխարհում որևէ տեղ դժոխքն ու դրախտը միահյուսված լինեն այնպես սերտորեն, ինչպես Չիկագոյում։ Միչիգան֊ավենյուի վրա, մարմարով և գրանիտով երեսպատված երկնաքերծերի կողքին կան կեղտոտ ու գարշահոտ զզվելի նրբանցքներ։ Քաղաքի կենտրոնում ցցված են գործարանային ծխնելույզներ և անցնում են գնացքներ՝ գոլոշու ու ծխի մեջ կորցնելով տները։ Մի քանի աղքատ փողոցներ այնպիսի տեսք ունեն, ասես երկրաշարժ է տեղի ունեցել․ կոտրտված ցանկապատներ, փայտե հյուղակների թեքված կտուրներ, ծուռ կախված լարեր, մետաղե ժանգոտ կտորտանքների, ջարդված ունիտազերի և կիսափտած ներբանների կույտեր, ցնցոտիներ հագած կեղտոտ երեխաներ։ Եվ անմիջապես, մի քանի քայլ հետո, հիանալի լայնահուն փողոց, կողքերին տնկած ծառեր, գեղեցիկ առանձնատներ՝ հայելու ապակիներով, կարմիր կղմինդրե կտուրներով, շքամուտքերի մոտ կանգնած «պակկարդներով» և «կադիլլակներով։ Վերջ ի վերջո դժողքի այս մոտիկ հարևանությունը դրախտի կյանքն էլ հաճելի չի դարձնում։ Եվ այս ամենը աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկում, եթե ոչ ամենահարուստ։
Փողոցով վազվզում են լրագրավաճառները ու բղավում։
― Ոստիկանի սպանությու՜ն։
― Հարձակում բանկի վրա՜։
― Խուզարկու Թոմասը տեղնուտեղն սպանել է «Պստլիկ» մականունով գանգստեր Ջեյմսին։
― «Հրեշտակ» մականունով գանգստեր Ֆիլիպսը սպանել է խուզարկու Պետերսոնին։
― Ռակետիրի ձերբակալություն։
― Կիդնապ՝ Միչիգան֊ավենյուի վրա։
Այս քաղաքում կրակում են։ Զարմանալի կլիներ, եթե այստեղ չկրակեին, միլիոնատերերի երեխաներին չգողանային (հենց սա էլ կոչվում է «կիդնապ»), գաղտնի հասարակաց տներ չպահեին, չզբաղվեին ռակետով։ Ռակետը ամենահաստատ և եկամտաբեր պրոֆեսիան է, եթե միայն այն կարելի է պրոֆեսիա անվանել։ Գրեթե չկա մարդկային գործունեության մի բնագավառ, որին ռակետը չշոշափի։ Խանութ են մտնում բաց գույնի գլխարկներով թիկնեղ երիտասարդներ և խնդրում, որ խանութպանն ամեն ամիս կանոնավոր կերպով տուրք վճարի իրենց՝ բաց գույնի գլխարկավոր երիտասարդներին։ Այդ դեպքում նրանք կաշխատեն իջեցնել այն հարկը, որ խանութը վճարում է պետությանը։ Եթե խանութպանը չի համաձայնում, երիտասարդները հանում են ձեռքի գնդացիրները («մաշին֊գան») և սկսում են կրակել վաճառասեղանին։ Այդ ժամանակ խանութպանը համաձայնում է։ Դա կոչվում է ռակետ։ Ապա գալիս են ուրիշ երիտասարդներ և քաղաքավարի խնդրում, որ խանութպանը տուրք վճարի իրենց, որպեսզի փրկեն նրան առաջին երիտասարդներից։ Եվ նույնպես կրակում են վաճառասեղանին։ Սա նույնպես ռակետ է։ Դեղին պրոֆմիությունների աշխատողները փող են ստանում գործարանատերերից՝ գործադուլը վիժեցնելու համար։ Հենց նրանք էլ բանվորներից փող են ստանում, նրանց աշխատանքի մեջ տեղավորելու համար։ Սա էլ է ռակետ։ Դերասաններն իրենց վաստակի տասը տոկոսը վճարում են բանվորական ուժ վարձող ինչ֊որ գործակալների նույնիսկ այն դեպքում, երբ իրենք են ճարում աշխատանքը։ Սա էլ է ռակետ։ Ներքին հիվանդությունների բժիշկը լյարդի հիվանդություն ունեցողին կոնսուլտացիայի է ուղարկում ատամնաբույժի մոտ և նրանից ստանում է հոնորարի քառասուն տոկոսը։ Նույնպես ռակետ է։
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։ Բայց ահա, քաղաքական այդպիսի կյանքով միայն ես չեմ ապրում։ Ամենուրեք ռակետ է, ամենուրեք այս կամ այն ձևով ճնշում են գործադրում, և եթե ուզում ես իսկապես ազնիվ լինել, ապա պետք է դառնաս կոմունիստ։ Բայց դրա համար պետք է ամեն ինչ զոհաբերել։ Այդ դժվար է ինձ համար»։
Չիկագոյի ռակետն ամենանշանավոր ռակետն է Ամերիկայում։ Չիկագոյում կար մի քաղաքագլուխ, Չերմակ ազգանունով։ Նա դուրս էր եկել բանվորական միջավայրից, եղել էր պրոֆմիությունների առաջնորդ և մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա նույնիսկ բարեկամություն էր անում ներկայիս պրեզիդենտ Ռուզվելտի հետ։ Նրանք միմյանց նույնիսկ առաջին անունով էին կոչում, այսինքն՝ «դու»֊ով էին խոսում․ Նա Ռուզվելտին՝ Ֆրենկ, իսկ Ռուզվելտը նրան՝ Տոննի։ Բանվորները նրա մասին ասում էին՝ «Տոննին մեր մարդն է, բանվոր է․ սա արդեն մեզ չի խաբի»։ Թերթերը գրում էին պրեզիդենտի և հասարակ բանվորի սրտառուչ բարեկամության մասին (տեսնու՞մ եք երեխաներ, ուր կարող է հասնել մարդն Ամերիկայում իր կոշտուկավոր ձեռքերով)։ Սրանից երկու թե երեք տարի առաջ Չերմակին սպանեցին։ Նրանից հետո մնաց երեք միլիոն դոլար և հիսուն գաղտնի հասարակաց տներ, որոնց, պարզվում է, պահում էր աչքաբաց Տոննին։ Եվ այսպես, Չիկագոյի քաղաքագլուխը մի որոշ ժամանակ ռակետիր էր եղել։
Այս փաստից բնավ չպետք է հետևեցնել, թե ամերիկյան քաղաքների բոլոր քաղաքագլուխները ռակետիրներ են։ Եվ արդեն բոլորովին չպետք է հետևեցնել, թե Միացյալ Նահանգների պրեզիդենտը բարեկամություն է անում անպիտան մարդկանց հետ։ Սա պարզապես հանգամանքների բացառիկ զուգորդում է, բայց Չերմակի հետ պատահած դեպքը հիանալի պատկերացում է տալիս, թե Չիկագոն ինչ է ներկայացնում իրենից Իլլինոյս նահանգում։
Նյու֊Յորքյան առաջին երեկոն մեզ վրդովել էր իր աղքատությամբ և հարստությամբ։ Իսկ այստեղ, Չիկագոյում, մարդուն համակում է զայրյութի զգացմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք դոլարների հետևից ընկած, արգավանդ տափաստանում, ջրառատ Միչիգանի ափին, կառուցել են այս ահավոր քաղաքը։ Անհնարին է հաշտվել այն մտքի հետ, որ քաղաքը առաջացել է ոչ թե աղքատության, այլ հարստության, տեխնիկայի, երկրագործության և անասնապահության անսովոր զարգացման հետևանքով։ Հողը մարդուն տվել է այն ամենը, ինչ կարելի էր նրանից վերցնել։ Մարդն աշխատել է եռանդով և հմտությամբ, որով կարելի է միայն հիանալ։ Այնքան հաց է աճեցված, այնքան նավթ է հանված և այնքան մեքենա է կառուցված, որ այդ ամենը կհերիքեր երկրագնդի կեսը բավարարելու համար։ Բայց պտղառատ, պարարտացված հողի վրա, բանականության հակառակ, աճել է մի հսկա, այլանդակ, թունավոր սունկ՝ Չիկագո քաղաքը Իլլինոյս նահանգում։ Դա անհեթեթության մի տեսակ հաղթանակն է։ Այստեղ միանգամայն լրջորեն սկսում էս մտածել, որ տեխնիկան կապիտալիզմի ձեռքին՝ դանակ է խելագարի ձեռքին։
Կարող են ասել, որ մենք չափից դուրս տպավորվող ենք, որ մենք տարվում ենք, որ Չիկագոյում կա հիանալի համալսարան, ֆիլհարմոնիա, ինչպես ասում են՝ աշխարհի լավագույն ջրմուղը, խելացի արմատական մտավորականություն, որ այստեղ եղել է համաշխարհային վիթխարի ցուցահանդես, որ Միչիգան֊ավենյուն աշխարհի գեղեցկագույն փողոցն է։ Դա ճիշտ է։ Այդ ամենը Չիկագոյում կա։ Բայց դա ավելի է ընդգծում աղքատությունը, շենքերի այլանդակությունը և ռակետիրների կամայականությունը։ Հիանալի համալսարանը չի սովորեցնում պատանիներին, թե ինչպես պայքարել աղքատության դեմ, արմատական մտավորականությունն անզոր է, ոստիկանությունը կրակում է ոչ այնքան բանդիտների, որքան հուսահատության դուռը հասած գործադուլավորների վրա, համաշխարհային ցուցահանդեսը երջանկացրեց միայն հյուրանոցատերերին, իսկ աշխարհում գեղեցկագույն Միչիգան֊ավենյուն շատ բան է կորցնում հետնախորշերի հետ ունեցած հարևանությունից։
Չիկագոյում լավ մարդիկ որոշեցին մեզ զվարճացնել և տարան Չիկագոյի համալսարանի ուսանողական ակումբը՝ պարահանդեսի, որ կազմակերպել էին Ֆիլիպիններին անկախություն շնորհելու առթիվ։
Ուսանողական պարահանդեսը լրջմիտ, ուրախ և ամեն տեսակետից հաճելի դուրս եկավ։ Մեծ դահլիճում պարում էին ֆիլիպինյան աղջիկներ՝ լայնաքիթ, սևաչյա գեղեցկուհիներ, պարկետի վրա սահում էին ճապոնացիներ, չինուհիներ, բազմության վերևում լողում էր երիտասարդ հնդիկի մետաքսյա, սպիտակ չալման։ Հնդիկը ֆրակով էր, սպիտակ կրծկալով, այրվող աչքերով վտիտ մի գայթակղեցնող։
― Հիանալի պարահանդես է, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, քթի տակ տարօրինակ ծիծաղելով։
― Չե՞ք հավանում։
― Ո՛չ, պարոնայք, չէ՞որ ասացի՝ շատ հիանալի պարահանդես է։
Եվ հանկարծակի հարձակվեց հնդիկի վրա, տարավ նրան մի կողմ և սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես է ապրում հանրակացարանում, ամսական քանի՞ ռուպի է ուղարկում մայրիկը և ինչ գործունեության է նվիրվելու համալսարանն ավարտելուց հետո։ Հնդիկը քաղաքավարի պատասխանում էր հարցերին և անարտահայտելի մի թախիծով նայում պարող բազմությանը, որտեղից այդպես հանկարծակի պոկեցին նրան։
Առաստաղից կախված էին ֆիլիպինյան և ամերիկյան դրոշներ, բեմի նվագախումբը ողողված էր մանիշակագույն լույսով, երաժիշտները վեր էին բռնում սաքսոֆոնները․ խաղաղ, լավ, ընտանեկան պարահանդես էր, առանց հարբածների, առանց նեղացածների, առանց սկանդալների։ Հաճելի էր գիտակցել, որ ներկա ես պատմական իրադարձության։ Այնուամենայնիվ ազատագրել էին ֆիլիպինցիներին, ազատություն էին տվել Ֆիլիպիններին։ Կարող էին և չտալ, բայց տվեցին։ Իրենք տվեցին։ Ազնիվ բան է դա։
Հյուրանոց վերադառնալու ճամփին միստեր Ադամսը շարունակ փնթփնթում էր․
― Նո՜, լուրջ եմ ասում, պարոնայք։ Օ՜, նո։
― Ինչի՞ մասին է խոսքը։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես միշտ ուզում եմ հարցրած լինել, ինչու՞ հանկարծ անկախություն տվինք Ֆիլիպիններին։ Լուրջ, պարոնայք, մենք լավ մարդիկ ենք։ Ինքներս տվեցինք անկախություն, հապա մի լավ մտածեք։ Այո՛, այո՛, այո՛, մենք լավ մարդիկ ենք, բայց հանդուրժել չենք կարող, երբ հափռում են մեր քսակը։ Այդ գրողի տարած ֆիլիպինցիների արտադրած շաքարը շատ էժան է նստում և, իհարկե, ներմուծում են մեզ առանց մաքսի։ Չէ՞ որ նրանք մինչև օրս Միացյալ Նահանգներ էին։ Նրանց մոտ շաքարն այնքան էժան է, որ մեր շաքարարդյունաբերողները չէին կարող մրցակցել նրանց հետ։ Այժմ, երբ նրանք մեզանից ստացել են երկար սպասած անկախությունը, ստիպված են մաքս վճարել շաքարի համար, ինչպես մյուս օտարերկրյա վաճառականները։ Ի դեպ, մենք չենք կորցնում և Ֆիլիպինները, որովհետև բարի ֆիլիպինցիները համաձայնեցին մեզանից անկախությունն ընդունել, միայն այն պայմանով, որ մեր բանակը և ադմինիստրացիան իրենց մոտ մնան։ Դե, ասացեք, պարոնայք, մի՞թե մենք կարող ենք այդ բանում մերժել նրանց։ Ո՛չ, ճիշտ եմ ասում, պարոնայք, ես ուզում եմ, որ դուք ընդունեք մեր ազնվությունը։ Ե ս պահանջում եմ այդ։
Գլուխ տասնութերորդ — Աշխարհի լավագույն երաժիշտները
Երեկոյան, ավտոմոբիլը թեթևամտորեն հյուրանոցի շքամուտքի մոտ թողնելով, գնացինք Կրեյսլերի համերգին։
Հարուստ Ամերիկան տիրապետել է աշխարհի լավագույն երաժիշտներին։ Նյու֊Յորքում, «Կարնեգի֊հոլլում» մենք լսեցինք Ռախմանինովին և Ստակովսկուն։
Ռախմանինովը, ինչպես ասաց մեզ ծանոթ մի կոմպոզիտոր, բեմ դուրս գալուց առաջ նստում է դերասանական սենյակում և անեկտոդներ է պատմում։ Բայց ահա հնչում է զանգը։ Ռախմանինովը վեր է կենում տեղից և դեմքին ռուս տարագրի մեծագույն թախծանք, գնում է բեմ։
Բարձրահասակ, կորացած և նիհար, երկարավուն տխուր դեմքով, կարճ խուզվածքով, նա հնատարազ սև սերթուկի քղանցքները ետ տանելով նստեց դաշնամուրի առջև, ձեռքի մեծ դաստակով ուղղեց մանժետը և շուռ եկավ դեպի հասարակությունը։ Նրա հայացքն ասում էր․ «Այո, ես դժբախտ տարագիր եմ և ստիպված եմ նվագել ձեր առջև, ձեր արհամարելի դոլարների դիմաց։ Եվ իմ ամբողջ նվաստացման համար ես քիչ բան եմ խնդրում՝ լռություն»։ Նա նվագում էր։ Այնպիսի լռություն էր, ասես բոլոր հազար լսողները դահլիճում պառկել էին մեռած, նոր, մինչև օրս անհայտ երաժշտական գազով թունավորված։ Ռախմանինովը վերջացրեց։ Մենք սպասում էինք պոռթկումի։ Բայց պարտերում լսվեցին միայն նորմալ ծափահարություններ։ Մենք մեր ականջներին չէինք հավատում։ Զգացվում էր սառն անտարբերություն, ասես, հասարակությունը եկել էր ոչ թե լսելու հիանալի երաժշտություն, հիանալի կատարմամբ, այլ մի տխոուր, բայց անհրաժեշտ պարտք կատարելու։ Միայն վերնասրահից լսվում էին ինչ֊որ մի քանի խանդավառ ունկնդիրների աղաղակ։
Բոլոր համերգները, որոնց մենք ներկա եղանք Ամերիկայում, այդպիսի տպավորություն գործեցին։ Ստոկովսկու ղեկավարած Ֆիլադելֆիայի նշանավոր նվագախմբի համերգին ներկա էր բովանդակ պերճաշուք Նյու֊Յորքը։ Հականալի չէ, թե ինչով է ղեկավարվում պերճաշուք Նյու֊Յորքը, բայց նա ամենևին ոչ բոլոր համերգներին է հաճախում։ Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և պարզապես դոլարի արքայադուստրերը՝ իրիկնազգեստներով, ֆրակներով և ադամանդներով գրավել էին բելետաժը։ Ըստ երևույթին, Ստակովսկին հասկացավ, որ միայն երաժշտությունը քիչ է այդ հասարակության համար, որ նրան պետք է արտաքին տեսք։ Եվ ականավոր դիրիժյորն իր համար էֆեկտավոր, գրեթե կրկեսային մի ելք հորինեց։ Նա հրաժարվեց ձողիկով նոտակալին ավանդաբար թխկթխկացնելուց։ Նրա մուտքից առաջ նվագախումբն արդեն լարել էր գործիքները և կատարյալ լռություն էր տիրում։ Նա դուրս եկավ կուլիսների հետևից, փոքր ինչ կորացած, Մեյերհոլդի նման, ոչ ոքի չնայելով, նախաբեմով արագ անցավ իր տեղը և անմիջապես թափով ձեռքերը թափահարեց։ Եվ նույն թափով էլ սկսեց «Մեյստերզինգերի» նախերգանքը։ Դա զուտ ամերիկյան տեմպ էր։ Ոչ մի վարկյան հապաղում։ Ժամանակը փող է։ Կատարումը անթերի էր։ Դահլիճում գրեթե ոչ մի հույզ չառաջացրեց։
Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և դոլարների արքայադուստրերը այժմ հրապուրվում են Բախով, Բրամսով և Շոստակովիչով։ Ինչու՞ են նրանց միաժամանակ գրավել խոր և դժվարին Բախը, սառը Բրամսը և բուռն հեգնական Շոստակովիչը, նրանք, իհարկե, չգիտեն, չեն ցանկանում և չեն կարող իմանալ։ Մի տարուց հետո նրանք խենթորեն, հիմարանալու աստիճան («Ախ, դա մի այնպիսի ուժեղ, կլանող զգացմունք է») կհրապուրվեն միաժամանակ Մոցարտով, Չայկովսկիով և Պրոկոֆևով։
Բուրժուազիան արվեստը հափշտակել է ժողովրդից։ Բայց նա չի ուզում պահել նույնիսկ այդ գողացած արվեստը։ Առանձին կատարողների Ամերիկայում գնում են և մեծ փող վճարում նրանց։ Ձանձրացող հարուստները հագեցել են Շալյապինով, Խեյֆեցով, Ռախմանինովով, Ստրավինսկիով, Ջիլի և Տոտտի դալ Մոնտեով։ Միլիոնատիրոջ համար այնքան էլ դժվար չէ տասը դոլար վճարել տոմսի համար։ Բայց ահա օպերան կամ սիմֆոնիկ նվագախումբը, հասկանու՞մ եք, չափից դուրս թանկ են։ Արվեստի այդ տեսակները դոտացիա են պահանջում։ Պետությունը դրա համար փող չի տալիս։ Մնում է ամերիկյան հռչակված բարեգործությունը։ Բարեգործներն ամբողջ Ամերիկայում պահում են միայն երեք օպերային թատրոն, և նրանցից միայն Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն֊օպերան» է տարվա մեջ շուրջ երեք ամիս կանոնավոր աշխատում։ Երբ մենք ասում էինք, թե Մոսկվայում չորս օպերային թատրոն կա, որոնք աշխատում են կլոր տարին, երեք ամսվա ընդմիջումով, ամերիկացիները քաղաքավարի զարմանում էին, բայց հոգու խորքում չէին հավատում։
Սրանից մի քանի տարի առաջ մեկենասները հրապարակական ապտակ ստացան մեծագույն դիրիժյոր Տոսկանինիից, որն այն ժամանակ ղեկավարում էր Նյու֊Յորքի ֆիլհարմոնիան։ Ֆիլհարմոնիայի գործերը վատ էին գնում։ Փող չկար։ Մեկենասները զբաղված էին իրենց բիզնեսով և բնավ չէին մտածում ինչ֊որ կլարնետների, թավջութակների, կոնտրաբասների մասին։ Վերջապես վրա հասավ մի պահ, երբ ֆիլհարմոնիան պետք է փակվեր։ Դա համընկավ Արթուրո Տոսկանինիի յաթանասունամյա հոբելյանին։ Եվ մեծ երաժիշտը ելքը գտավ։ Փողի համար նա չդիմեց մսի և պղնձի արքաներին։ Նա դիմեց ժողովրդին։ Ռադիոհամերգից հետո նա հանդես եկավ միկրոֆոնի առջև և խնդրեց յուրաքանչյուր ռադիոլսողին մեկական դոլար ուղարկել ի փոխանակումն այն լուսանկարի, որը Տոսկանինին կուղարկի իր ինքնագրով։ Եվ Տոսկանինին վարձահատույց եղավ իր երկարամյա, դժվարին կյանքի համար, ֆիլհարմոնիան ստացավ իրեն անհրաժեշտ միջոցները, ստացավ մարդկանցից, որոնք փող չունեին թատրոնի տոմս գնելու և կենդանի Տոսկանինիին տեսնելու համար։ Ասում են, այդ մարդկանց մեծամասնությունը իտալացի չքավոր տարագիրներն են եղել։
Տոսկանինիի կյանքում եղել է փոքրիկ, բայց շատ հետաքրքիր մի դեպք։
Երբ նա ծառայելիս է եղել Միլանի «La Skala» օպերայում, Իտալիայում կոնկուրս է հայտարարվել լավ օպերայի համար։ Տոսկանինին կոնկուրսի ժյուրիի անդամ էր։ Մի բավականին ապաշնորհ կոմպոզիտոր, նախքան իր ձեռագիրը ներկայացնելը, երկար ժամանակ պտտվում է ականավոր երաժիշտի շուրջը, քծնում և ամեն կերպ փաղաքշում նրան։ Նա խնդրում է, որ իր օպերան կարծիքի տան Տոսկանինիին։ Կարծիքը սպանիչ էր, և օպերան մերժեցին։ Անցավ տասը տարի, և ահա Նյու֊Յորքում ապաշնորհ կոմպոզիտորը նորից հանդիպում է Տոսկանինիին։
― Դե, մաեստրո, հիմա անցած բան է, ― ասում է նրան կոմպոզիտորը, ― բայց ես կուզենայի իմանալ, ինչու՞ այն ժամանակ մերժեցիք իմ օպերան։
― Ինձ դուր չեկավ, ― պատասխանեց Տոսկանինին։
― Իսկ ես հավատացած եմ, մաեստրո, որ դուք նույնիսկ չեք կարդացել։ Եթե կարդացած լինեիք, անպայման կհավանեիք։
― Հիմարություններ մի՛ ասեք, ― պատասխանեց Տոսկանինին, ― ես հիանալի հիշում եմ ձեր ձեռագիրը։ Ոչ մի բանի պետք չէ։ Դե, ի՞նչ բան է սա։
Նա նստեց դաշնամուրի առջև և արագ֊արագ մի քանի մեներգ անգիր նվագեց այն վատ օպերայից , որ խոտանել էր տասը տարի առաջ։
― Ոչ, սա ոչ մի բանի պետք չէ, ― ասում էր նա նվագելով, ― ցած է ամեն տեսակի քննադատուցյունից։
Եվ այսպես, երեկո էր, երբ մենք գնացինք Կրեյսլերի համերգին, ավտոմոբիլը թեթևամտորեն թողնելով հյուրանոցի շքամուտքի մոտ։ Լճից սառը քամի էր փչում։ Մենք հիմնավորապես մրսեցինք, թեև անցնելու էինք ընդամենը մի քանի տուն։ Շատ ուրախ էինք, որ հաջողեցրել էինք նախապես տոմս գնել։
Ճեմասրահը բավականին ամայի էր։ Նույնիսկ կարծեցինք, թե ուշացել ենք, և որ համերգն արդեն սկսվել է։ Դահլիճում ևս քիչ մարդ կար, կեսից ոչ ավելի։
«Բայց և այնպես Չիկագոյի ժողովուրդը սիրում է ուշանալ» ― որոշեցինք մենք։
Բայց զուր էինք շտապում մեղադրել այդ քաղաքի տեղըտեղին, ճշտապահ մարդկանց։ Նրանք չէին ուշացել։ Նրանք պարզապես չէին եկել։ Համերգը սկսվեց և վերջացավ կիսով չափ դատարկ դահլիճում։
Բեմի վրա կանգնել էր տարեց մի մարդ լայն այցեզգեստով, բավական մեծ փորով, որի վրա տարուբերվում էր բրելոկներով շղթան։ Նա կանգնել էր ոտքերը լայն դրած և ջութակը կզակով բարկությամբ սեղմած։ Դա Կրեյսլերն էր՝ աշխարհի առաջին ջութակահարը։ Ջութակը վտանգավոր գործիք է։ Նրանով չի կարելի ոչ վատ կամ պարզապես լավ նվագել, ինչպես դաշնամուրով։ Միջակ ջութակի նվագը սարսափելի է, իսկ լավը՝ միջակ և հազիվ տանելի։ Ջութակով պետք է նվագել հիանալի, միայն այդ դեպքում նվագը կարող է բավականություն պատճառել։ Կրեյսլերը նվագում էր առավելագույն ավարտվածությամբ։ Նվագում էր նուրբ, պոետիկ և խելացի։ Մոսկվայում նման համերգից հետո կեսժամյա օվացիա կլիներ։ Այն դադարեցնելու համար ստիպված կլինեին դաշնամուրը դուրս տանել և մարել բոլոր ջահերը։ Բայց այստեղ, ինչպես Նյու֊Յորքում, նվագը հիացմունք չառաջացրեց հասարակաության մեջ։
Կրեյսլերին ծափահարում էին։ Բայց այդ ծափահարությունների մեջ չէր զգացվում երախտագիտություն։ Հասարակությունը կարծես ասում էր ջութակահարին՝ «Այո՛, դու ջութակ նվագել գիտես, դու քո արվեստը հասցրել ես կատարելության։ Բայց արվեստը վերջ ի վերջո այնքան էլ կարևոր բան չէ։ Արժե՞ արդյոք նրա պատճառով հուզվել»։ Կրեյսլերն, ըստ երևութին, որոշեց աշխուժացնել հասարակությանը։ Լավ է չաներ այդ։ Նա քանի գնում՝ ընտրում էր առավել տափակ պիեսներ, ինչ֊որ ողորմելի վալսիկներ ու բոստոնիկներ՝ ցածր ճաշակի երկեր։ Նա հասավ այն բանին, որ հասարակությունը վերջապես աշխուժացավ, «բիս» պահանջեց։ Դա ողորմություն խնդրող մեծ արտիստի նվաստացումն էր։
Մենք դուրս եկանք Միչիգան֊ավենյու՝ ծանր զգացումով։
― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չափից դուրս շատ բան եք պահանջում ամերիկացիներից։ Մի քանի տասնյակ տարի առաջ ինձ հետ մի պատմություն տեղի ունեցավ։ Այո՛, այո՛, պարոնայք, ձեզ համար հետաքրքիր կլինի այն լսել։ Նյու֊Յորքում, աշխարհում առաջին անգամ, կայացավ վագներյան «Պարսիֆալ» ներկայացումը։ Դուք հավանորեն գիտեք, որ «Պարսիֆալ»֊ը առաջին անգամ բեմադրվել է միայն Վագների մահվանից հետո և այդ եղել է Նյու֊Յորքում։ Ես, իհարկե, գնացի։ Պարոնայք։ Ես շատ եմ սիրում Վագներին։ Նստեցի յոթերորդ կարգում և սկսեցի լսել։ Կողքիս նստել էր մի հսկա շիկահեր ջենտլմեն։ Այո, այո, պարոնայք։ Ներկայացումը սկսվելուց հինգ րոպե անց, նկատեցի, որ շիկահեր ջենտլմենը քնել է։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկար, եթե նա քնած ժամանակ չընկներ իմ ուսին և բավականին անախորժ խռմփոց չարձակեր։ Ես արթնացրի նրան։ Նա զարթնեց, բայց մի րոպե հետո նորից քնեց։ Ընդ որում, նա գլուխը դրել էր իմ ուսին, ինչպես բարձի վրա։ Պարոնայք։ Ես չար մարդ չեմ, այո՛, այո՛, այո՛։ Բայց ես այդ բանը տանել չէի կարող։ Օ՜, նո։ Ես որքան ուժ ունեի արմունկով բոթեցի շիկահեր ջենտլմենի կողքը։ Նա զարթնեց և երկար նայում էր ինձ անմիտ հայացքով։ Հետո նրա դեմքը տառապանք արտահայտեց։ «Ներեցեք պարոն, ― ասաց նա, ― բայց ես շատ դժբախտ մարդ եմ, Սան֊Ֆրանցիսկոյից միայն երկու օրով եմ եկել Նյու֊Յորք, և բազում գործեր ունեմ։ Եվ Սան֊Ֆրանցիսկոյում է իմ գերմանուհի կինը։ Դուք գիտեք, պարոն, գերմանացիները խելագար մարդիկ են, նրանք գժվում են երաժշտության համար։ Կինս բացառություն չի կազմում։ Երբ մեկնում էի, նա ասաց․ «Ջեմս, խոսք տուր ինձ, որ կգնաս «Պարսիֆալի» առաջին ներկայացմանը։ Աստված իմ։ Ինչ երջանկություն է «Պարսիֆալի» առաջին ներկայացմանն ընկնելը։ Դե որ ես չեմ կարող, գոնե դու գնա։ Դու այդ պետք է անես ինձ համար։ Խոսք տուր ինձ»։ Ես նրան խոսք տվեցի, իսկ մենք՝ գործարար մարդիկս, մեր խոսքը կատարել գիտենք։ Եվ ահա, ես այստեղ եմ, պարոն»։ Ես նրան խորհուրդ տվեցի գնալ հյուրանոց, քանի որ իր խոստումը կատարել էր և նրան այլևս չի սպառնում անազնիվ մարդ դառնալու վտանգը։ Եվ նա իսկույն վազեց՝ ձեռքս ջերմորեն սեղմելով։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Ինձ դուր եկավ այդ շիկահեր ջենտլմենը։ Դուք շատ խիստ չպետք է դատեք ամերիկացիներին։ Նրանք ազնիվ մարդիկ են և արժանի խոր հարգանքի։
Միստեր Ադամսի պատմությունը ունկնդրելով, մենք գնացինք դեպի հյուրանոց և այստեղ, ի մեծ սարսափ մեր, ավտոմոբիլը չգտանք։ Չկար մեր հրաշալի մկնագույն կառը։ Միսիս Ադամսը տնտղեց իր պայուսակը և այնտեղ չգտավ բանալին։ Տեղի էր ունեցել այն ամենաահավորը, որ կարող էր պատահել մեզ հետ ճանապարհին ― կորել էր ավտոմոբիլը բանալիով և ավտոմոբիլային պասպորտով։
― Ա՜խ, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը հուսահատ։ ― Ես քեզ ասում էի, ասում էի․․․
― Ի՞նչ էիր դու ինձ ասում, ― հարցրեց միսիս Ադամսը։
― Օ՜, նո, Բեկկի։ What did you do? Ամեն ինչ կորավ։ Այո՛, այո՛, պարոնայք։ Ես ասում էի։ Պետք է զգույշ լինել։
Մենք հիշեցինք, որ մեքենայում դրված էին ճանապարհի համար դասավորած ճամպրուկները, քանի որ որոշել էինք համերգից անմիջապես հետո մեկնել Չիկագոյից և ճանապարհին գիշերել որևէ փոքրիկ քաղաքում։
Մենք քայլում էինք Միչիգան֊ավենյուով՝ վշտից տարուբերվելով։
Նույնիսկ չէինք զգում սառցաշունչ քամին, որ ուռցնում էր մեր վերարկուները։
Եվ հանկարծ, անսպասելիորեն, տեսանք կառը։ Այն կանգնած էր փողոցի մյուս կողմում։ Ձախակողմյան առջևի անիվը բարձրացել էր մայթի վրա, դռնակները բաց էին։ Ներսում լույս էր վառվում։ Եվ մեր մկնագույն գանձի ֆառերն անգամ շփոթված լույս էին տալիս։
Մենք նետվեցինք դեպի մեքենան՝ ուրախության ճիչ արձակելով։ Որպիսի երջանկություն։ Ամեն ինչ տեղումն էր․ և՛ բանալին, և՛ փաստաթղթերը, և՛ բագաժը։ Ավտոմոբիլը զննելով զբաղված, չնկատեցինք, թե ինչպես մեզ էր մոտենում հսկա մի պոլիսմեն։
― Դու՞ք եք ավտոմոբիլի տերը, ― հարցրեց նա որոտալից ձայնով։
― Իես, սըր, ― վախեցած ծլվլաց միստեր Ադամսը։
― Ա֊ա֊ա՜, ― մռնչաց հսկան, վերից֊վար նայելով փոքր ու հաստլիկ Ադամին։ ― Իսկ դուք գիտե՞ք, գրողը ձեզ տանի, թե որտեղ պետք է կանգնեցնել մեքենան Չիկագո քաղաքում։
― Նո, միստեր օֆիսեր․․․ ― ստրկամտորեն պատասխանեց Ադամսը։
― Ես օֆիսեր չեմ, ― գոռաց ոստիկանը։ ― Ես ընդամենը պոլիսմեն եմ։ Ի՞նչ է, մի՞թե չգիտեք, որ ավտոմոբիլը չի կարելի հյուրանոցի առջև թողնել այնպիսի մայրուղու վրա, ինչպիսին Միչիգան֊ավենյուն է։ Սա ձեզ Նյու֊Յորք չէ։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է մեքենա վարել Չիկագյում։
Միստեր Ադամսին հավանորեն թվաց, թե «միստեր օֆիսերը» հիմա կսկսի իրեն խփել, և նա ձեռքերով ծածկեց գլուխը։
― Այո՛, այո՛, ― գոռգոռում էր ոստիկանը։ ― Սա ձեզ համար Նյու֊Յորք չէ, որ ձեր տաշտակը նետեք ամենագլխավոր փողոցի մեջտեղը։
Նա, հավանորեն, ինչ֊որ հին հաշիվներ էր մաքրում Նյու֊Յորքի հետ։
― Գիտե՞ք արդյոք, որ ստիպված էի խցկվել ձեր քոսոտ մեքենան, քարշ տալ նրան այստեղ, իսկ հետո երկու ժամ հետևել, որպեսզի մեքենան չգողանան։
― Իես, միստեր օֆիսեր, ― թոթովեց Ադամսը։
― Ես օֆիսեր չեմ։
― Օ՛, օ՛, միստեր պոլիսմեն։ Ա՛յ եմ վերի, վերի սորի։ Ես շատ, շատ ցավում եմ։
― Ուել, ― ասաց պոլիսմենը մեղմանալով։ ― Սա ձեզ համար Չիկագո է, և ոչ թե Նյու֊Յորք։
Մենք կարծում էինք, թե մեզ կտան «տիկետ» («տիկետ» ստացողը պարտավոր է ներկայանալ դատարան), որ մեզ անգթորեն կտուգանեն, նույնիսկ կնստեցնեն էլեկտրական աթոռի (ո՞վ գիտե դրանց, թե ինչ պտուղներ են): Բայց հսկան հանկարծ ծիծաղեց ահավոր բասով և ասաց․
― Դե, գնացեք։ Մյուս անգամ հիշեցեք, որ սա Չիկագո է, և ոչ թե Նյու֊Յորք։
Մենք հապշտապ նստեցինք մեքենան։
― Գու՛դ բայ, ― բղավեց աշխուժացած ծերուկ Ադամսը, երբ մեքենան շարժվեց։ ― Գու՛դ բայ միստեր օֆիսեր։
Ի պատասխան մենք լսեցինք միայն անորոշ մռնչյուն։
Երորրդ մաս — Դեպի խաղաղ օվկիանոս
Գլուխ տասնիններորդ — Մարկ Տվենի ծննդավայրում
Ճանապարհորդության սկզբից մենք անցանք Նյու֊Յորք, Պենսիլվանիա, Օհայո, Միչիգան, Ինդիանա և Իլլինոյս նահանգներով։ Հիշողության մեջ մնացին անթիվ և անհամար քաղաքների անուններ, ուր մենք նախաճաշում, ճաշում, գնում էինք կինո կամ գիշերում․ Պոուկիպսի, Հուդզոն, Օլբանի, Տրոյա, Օբերն, Վատերլոո, Էյվոն, Ֆրիդոնիա, Էրի, Սանդուսսկի, Տոլիդո, Պիորյա, Սպրինգֆիլդ։
Բոլոր այդ և այստեղ չթվարկած հարյուր այլ քաղաքներում, գլխավոր հրապարակում դրված են Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական կռիվներին վերաբերող փոքրիկ հուշարձաններ։ Դրանք շատ հլու֊հնազանդ հուշարձաններ են, ցածրահասակ և բնավ ոչ֊ռազմատենչ։ Որևէ տեղ, հին Եվրոպայում բրոնզե կամ քարե ռազմիկն անպայման սուր է թափահարում կամ սլանում է կատաղի ձի հեծած և, համենայն դեպս, բացականչում մի որևէ այսպիսի բան։ «Հառաջ, հրաշք դյուցազուններ»։ Բայց ամերիկյան քաղաքների հուշարձանները բոլորովին զուրկ են ոգեշնչումից։ Զինվորիկը կանգնած է, ալարկոտ հենված հրացանին․ մեջքի պարկը կոճկված է բոլոր կանոններով, գլուխը հակվում է ձեռքերին, և ահա ուր որ է նեգրերի ազատագրության քաջամարտիկը կննջի՝ աշնանային լռությամբ օրորված։
Այդ հուշարձանները բերվում էին Գերմանիայից։ Նրանք բոլորովին միանման են և մեկը մյուսից տարբերվում են ոչ ավելի, քան ֆորդի ստանդարտ մոդելը այն ֆորդից, որն ունի մոխրաման, ուստի և կես դոլար թանկ արժե։ Կան բոլորովին էժան զինվորիկներ, այնքան փոքրիկ, որ կարելի է պահել սենյակում, կան ավելի թանկերը, մեր նկարագրածի նման։ Կա, եթե կարելի է այսպես արտահայտվել, մոդել֊լյուքս զինվորիկ, որի ոտքերի մոտ հրետագունդ է դրված։ Մի խոսքով՝ ամեն գնի գերմանական ապրանք եղել է, այնպես որ յուրաքանչյուր քաղաք իր համար հուշարձան էր ընտրել ըստ իր գրպանի։ Համեմատաբար միայն վերջերս են ամերիկացիները այդ իմաստով ազատագրվել օտարերկրյա կախվածությունից և սկսել են վերջապես իրենց ձեռքով և իրենց նյութերով պատրաստել չուգունե և քարե զինվորիկներ։
Բացի այդ, ամերիկյան յուրաքանչյուր քաղաք, որի բնակիչները զուրկ չեն հայրենասիրության օրինական զգացմունքից, ունի նաև Հարավի և Հյուսիսի այդ նույն պատերազմից մնացած թնդանոթ և մի փոքրիկ կիտուկ հրետագունդ։ Թնդանոթը և հրետագունդերը սովորաբար դասավորվում են զինվորիկից ոչ հեռու և բոլորը միասին կազմում քաղաքի ռազմա֊պատմական հատվածը։ Նրա ժամանակակից մասն արդեն հայտնի է մեզ և բաղկացած է ավտոմոբիլային հարստություններից, դեղատներից, ռեստորաններից, հինգ և տասը ցենտանոց իրերի խանութներից և գաղութային ապրանքների կրպակներից, որոնք պատկանում են «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Այդ ընկերության կարմիր և ոսկեզօծ տառերով ցուցանակները կան ամեն մի քաղաքում։ Ընկերության կրպակները կառուցված են միատեսակ, և գնորդը երկրի որ անկյունում էլ գտնվելիս լինի, մշտապես գիտի, որ «Ատլանտիկ և Պասիֆիկ» խանութում պղպեղը դրված է ձախ վաճառասեղանի վրա, վանիլը՝ այսինչ դարակի, իսկ կոկոսները՝ այնինչ։ Այդ վեհասքանչ միատիպությունը նույնիսկ անմահության որոշ գծեր է օժտում «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Պատկերացնում ես, որ մեր մոլորակի կործանման դեպքում վերջինը կմարեն այդ «Ատլանտիկ և խաղաղօվկիանոսյան ընկերության» կրակները․ Այդպես նախանձախնդրությամբ և նվիրվածությամբ է ծառայում սպառողին, տրամադրելով նրան գաղութային ապրանքների լայն ու միշտ թարմ ասորտիմենտը, սկսած բանանից մինչև սիգարեթներն ու սիգարները, որոնք պատրաստվում են ինչպես հայրենական, այնպես էլ ներմուծվող ծխախոտից։
Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր միօրինակ վատ եղանակը։ Ուղևորության առաջին օըը միայն շողում էր պաղ սառեցրած արևը։ Բուֆալոյում արդեն անձրև էր գալիս։ Կլիվլենդում այն սաստկացավ, Դետրոյթում ուղղակի պատիժ դարձավ մեր գլխին, իսկ Չիկագոյում տեղի տվեց կատաղի սառը քամուն, որը գլխարկներ էր պոկում և գրեթե հանգցնում էլեկտրական ռեկլամները։
Չիկագո դեռ չհասած, անձրևի և մառախուղի մեջ տեսանք Հերի մետաղաձուլական գործարանի մռայլ ուրվականը։ Մետալուրգիան և վատ եղանակը երկուսով այնպիսի մի անսամբլ էին ստեղծել, որ մարդու մարմնով սառսուր էր անցնում։ Եվ միայն հետևյալ օրը, Չիկագոյից դուրս պրծնելուց հետո, տեսանք կապուտակ երկինքը, որի վրայով քամին արագ և առանց այլևայլության ամպերն էր քշում։
Ճանապարհը փոխվեց, ո՛չ ճանապարհը, այլ այն ամենը, ինչ շրջապատում էր այն։ Անցանք, վերջապես, արդյունաբերական Արևելքը և հայտնվեցինք Միջին Արևմուտքում։
Երեք ստույգ նախանշաններ կան, որոնցով ամերիկացիներն անսխալ որոշում են, որ իրոք սկսվել է իսկական Արևմուտքը։ Ռեստորանների և դեղատների ցուցափեղկերից անհետանում են «խատ դոգ», որ նշանակում է «տաք շուն», ռեկլամող հայտարարությունները։
«Տաք շունը» այնքան էլ հեռու չի կանգնած սովորական շնից․ դա տաք նրբերշիկ է։ Բովանդակ աշխարհում միշտ էլ սրամտում են նրբերշիկների և շան մսի վերաբերյալ, բայց միայն Ամերիկայի Արևելքումն է, որ այդ կատակը գործածության մեջ է մտել, և շունը դարձել է նրբերշիկի պաշտոնական անունը։
«Խատ դոգի» փոխարեն ռեստորաններն ու դեղատներն իրենց ցուցափեղկերում ցուցադրում են պլակատներ, որոնք ռեկլամում են զուտ արևմտյան ուտելիքներ ― «բար֊բի֊քյու՝» խոզի տապակած մսով սանդվիչներ։
Այնուհետև, սովորական «Օլ ռայթի» և «Օ քեյի» փոխարեն արևմուտքի բնակիչների խոսակցության մեջ լսվում է ոչ պակաս լավատեսական, բայց բուն տեղական «յու բետը», որ նշանակում է «գրազ եմ գալիս», բայց գործածվում է կյանքի բոլոր դեպքերում։ Օրինակ, եթե դուք սոսկ ձևականության համար հարցնում եք, արդյոք համե՞ղ կլինի ձեր պատվիրած համար 3 ճաշի ստեյկը, աղջիկը սիրալիր ժպիտով պատասխանում է․
― Յու բետ։ Գրազ եմ գալիս։
Վերջին, ամենակարևոր նախանշանը հին, անգամ ոչ հին, այլ հինավուրց ավտոմոբիլներն են։ Ինը հարյուր տասը թվականի բարականիվ մեքենաներով ամբողջ ընտանիքով գնում են Արևմուտքի հարգարժան բնակիչները։ Հին ու բարձրադիր Ֆորդի խցիկներով անշտապ շարժվում են ֆերմերները՝ կողքերը սպիտակ թելով վերնակարած կապույտ օվերոլներով։ Ֆերմերների հաստապինդ թաթերը ամուր բռնել են ղեկը։ Հազիվհազ ինչ֊որ տեղ է քարշ գալիս նեգրերի ընտանիքը։ Առջևում նստած է երիտասարդ նեգրը, կողքին՝ կինը։ Հետևի նստատեղում ննջում է ալեհեր զոքանչը, իսկ փոքրիկ նեգրուկները անասելի հետաքրքրությամբ դիտում են մեր նյույորքյան դեղին համարը։ Ընտանիքը, ըստ երևույթին, հեռու տեղ է գնում, որովհետև մեքենային կապված են դույլ և փայտե սանդուղք։ Բարձրականջ ու լողլող ջորիները ճանապարհով քարշ են տալիս գյուղական ֆուրգոններ ու հարթակներ։ Սայլապանները նույնպես օվերոլներով են և վարում են կանգնած։ Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ չտեսանք իր սայլակի մեջ նստած ջորեպանի։ Դա մի տեսակ ոճ է՝ կանգնել սայլի վրա։ Գնալով շատանում են հինավուրց ֆորդերը։ Նրանց ուրվագծերը հնաձև են, փոքր֊ինչ ծիծաղելի և միաժամանակ սրտառուչ։ Ինչ֊որ պատկառելի բան է զգացվում նրանցում։ Նեղ են, հին, բայց միաժամանակ մի տեսակ դիմացկուն։ Նրանք վստահություն ու հարգանք են հարուցում։
Նրանցից ամեն մեկը քսան֊քսանհինգ տարեկան կլինի, մինչդեռ նրանք գնում են ու գնում, կրում են, աշխատում են, այդ ազնիվ ու էժանագին սև կառեթները։
Ծերունին հազիվ շնչում է, նրանում ամեն ինչ ցնցվում է, բրեզենտե ծածկից ծվեններ են մնացել, իսկ պահեստի անիվից՝ միայն ժանգոտած անվագոտին, բայց նա շարժվում է, կատարում իր գործը, հաճելի և փոքր֊ինչ կոմիկական այդ ավտոմոբիլային վետերանը։
Մենք Արևմուտքում ենք։ Հեռանում էինք ձմեռից և մոտենում ամռանը։ Եվ մենք շահում էինք ոչ միայն տարվա եղանակի մեջ, այլև պարզապես ― ատլանտիկ գոտուց անցանք կենտրոնական գոտին և դրանում շահեցինք մի ավելորդ ժամ։ Հիմա Նյու֊Յորքում առավոտյան ժամը տասն է, մեզ մոտ՝ միայն ինը։ Սան֊Ֆրանցիսկոյի ճանապարհին մենք երկու անգամ էլ ժամացույցի սլաքը ետ կտանենք։ Արևմտյան գոտուց կընկնենք լեռնային, իսկ հետո խաղաղօվկիանոսային գոտին։
Երեք ճանապարհների խաչմերուկում, փայտաշեն փոքրիկ սրճարանի դիմաց, որը որպես նորություն ազդարարել է, թե այստեղ գարեջուրը մատուցվում է ո՛չ թե շշերով, այլ պահածոյի բանկաներով, ցցված է մի սյուն, որին ամրացված էին քաղաքների անուններով լայն սլաքներ։ Ուղղությունից և տարածությունից բացի, այդ սլաքները ցույց էին տալիս, որ Արևմուտքում ևս ամերիկացիներն անում են այն, ինչ անում են Արևելքում․ իրենց քաղաքների համար ընտրում են գեղեցիկ, վեհ և նշանավոր անուններ։ Հաճելի էր իմանալ այդ փոքրիկ քաղաքում, որ իրենից մինչև Էդինա 42 մղոն է, մինչև Մեմֆիս՝ 66, մինչև Մեքսիկո՝ 44, իսկ մինչև Փարիզ ընդամենը 17 մղոն։ Բայց մենք ընտրեցինք ո՛չ թե Փարիզը և ոչ էլ Մեմֆիսը։ Մեզ հարկավոր էր Հաննիբալ քաղաքը։ Սլաքը ցույց էր տալիս, որ պետք է գնալ աջ, և որ մինչև Հաննիբալ մնում է երեսունինը մղոն։
― Միստերնե՛ր, ― ասաց Ադամսը, ― հիշեցրեք ինձ, որպեսզի ձեզ երեկոյան պատմեմ պահածոյի բանկաներով գարեջրի մասին։ Դա շա՜տ֊շատ հետաքրքիր գործ է։
Ուղիղ երեսունինը մղոնից հետո երևաց Հաննիբալը։ «Միսսուրի նահանգի պատմության ընկերության» կողմից քաղաքամուտքի առջևում տեղադրած չուգունե տախտակը ծանուցում էր, որ մեծ հումորիստ Մարկ Տվենն այստեղ է անցկացրել իր մանկությունը, որ քաղաքում կա Մարկ Տվենի տնակը, Միսիսիպի գետի տեսարանով զբոսայգի, հուշարձաններ, քարայրներ և այլն։
Մինչ մենք գիշերօթևան էինք որոնում և միստեր Ադամսը մեր ընտրած տան մեջ տեղեկանում էր, թե ինչպես են գնում գործերը քաղաքում, ինչպես է անդրադարձել այստեղ ճգնաժամը և ինչ է մտածում մեր տանտիրուհին՝ մաքրասեր ու տարեց ամերիկուհին Ռուզվելտի մասին, արդեն մթնեց։ Ստիպված էինք մինչև առավոտ հետաձգել «Միսսուրի նահանգի պատմության ընկերության» հանձնարարած տեսարժան վայրերի դիտումը։ Մինչև պառավ տանտիրուհին հանգամանորեն կպատմեր, թե գործերը Հաննիբալում ոչինչ, վատ չեն գնում և Մարկ Տվենի մասունքները դիտելու եկած տուրիստները բավականին մեծ եկամուտ են տալիս քաղաքին, որ ճգնաժամն իր ժամանակին բավականին ուժեղ էր, բայց և այնպես անհամեմատ բարեհաջող անցավ, քան Արևելքում, և որ պրեզիդենտ Ռուզվելտը շատ լավ մարդ է և հոգ է տանում չքավոր մարդկանց մասին, ավելի մթնեց։ Այդ երեկո մենք հասցրինք լինել գլխավոր փողոցի վրա տեղավորված Մարկ Տվենի թանգարանում։
Դա ժամանակավոր թանգարան էր, որ կառուցված էր Մարկ Տվենի ծննդյան հարյուրամյակի տոնակատարության առթիվ։ Տեղավորված էր հոբելյանից քիչ առաջ սնանկացած «Հաննիբալ Տրաստ Կոմպանի» բանկի շենքում։ Ուստի լուսանկարները և զանազան մասունքներն այստեղ միախառնվել էին գրասենյակային միջնորմների և բանկային պահեստարանների պողպատյա նիգերի հետ։ Հսկա (ավա՜ղ, հավիտյանս դատարկ) անկիզելի դրամարկղի վերևում կախված էր գետային շոգենավի մի ղեկանիվ։ Ճիշտ այդպիսի մի անիվ է պտտացրել Մարկ Տվենը, երբ պատանեկության օրերին որպես նավաստի նավարկել էր Միսիսիպիով։ Մեզանից բացի, կար նաև մի այցելու։ Նրա տխուր դրմքից դատելով, անտարակույս, ժամանակին «Հաննիբալ Տրեստ Կոմպանի» բանկի ավանդատու է եղել, և եկել է այստեղ միայն նրա համար, որպեսզի մի անգամ էլ նայի վեհապանծ ու բոլորովին դատարկ դրամարկղին, ուր մի ժամանակ դրված էին իր համեստ խնայողությունները։
Պատերից կախված էին լուսանկարներ։ Հատուկ սենյակում դրված էր հատկապես հոբելյանի առթիվ բերված մահճակալը, որի վրա մեռել էր գրողը, ամենուրեք թափված էին ձեռագրեր, նրա գրքերի առաջին հրատարակությունները, կոշիկներ, շարֆեր և ժանեկավոր սև հովհարներն այն աղջկա, որին նկատի ունենալով, Տվենը գրել էր իր Բեկկի Տաչերը։ Մի խոսքով, թանգարանը սարքավորված էր մի կերպ և առանձնապես հետաքրքրություն չէր հարուցում։
Թանգարանում կար նաև այն հուշարձանի գիպսե մոդելը, որի կառուցման համար ազգային հանգանակություն է արդեն հայտարարված։ Այստեղ մեծ գրողը շրջապատված է իր հերոսներով։ Այստեղ֊այնտեղ դրված են հիսուն, եթե ոչ ավելի ֆիգուրներ։ Հուշարձանը կնստի միլիոն դոլար և համեմատաբար էժան լինելով հանդերձ, դատելով մոդելից, ամենաայլանդակ հուշարձաններից մեկն է լինելու աշխարհում։
Մենք ճաշեցինք, ավելի շուտ ընթրեցինք թանգարանի դեմի ռեստորանում։ Միստեր Ադամսը, որը երբեք ոչինչ չէր խմում, հանկարծ գարեջուր պահանջեց։ Ջահել վեյտերը բերեց երկու պահածոյի բանկա, մեզանում նման բանկաներով կանաչ սիսեռ են ծախում։
― Սա վիթխարի գործ է, ― ասաց միստեր Ադամսը, նայելով, թե ինչպես վեյտերը բացում է գարեջրի բանկաները, ― և մինչև օրս, միստերներ, այս բանը ոչ ոքի չի հաջողվել։ Խանգարում էր թիթեղի հոտը։ Գարեջուրն անպայման պահանջում է կաղնե տակառ և ապակե անոթներ։ Բայց դուք, միստերներ, պետք է հասկանաք, որ գարեջրի տեղափոխումը շշերով թանկ է նստում և անհարմար է։ Շշերն անչափ մեծ տեղ են գրավում։ Դա ավելորդ ծախս է նստում փոխադրելիս։ Վերջերս գտել են այնպիսի լաք, որի հոտը ճիշտ համապատասխանում է, այսպես ասած, գարեջրատակառի հոտին։ Ի միջի այլոց, այդ լաքը որոնում էին մի էլեկտրական արտադրության կարիքների համար, բայց բնավ ոչ գարեջրի։ Այժմ պահածոյի բանկաների ներսը պատում են այդ լաքով և գարեջուրը ոչ մի կողմնակի համ չի ունենում։ Սա վիթխարի գործ է, միստերներ։
Նա նույնիսկ խմեց երկու գավաթ գարեջուր, որ ընդհանրապես չէր սիրում։ Խմեց տեխնիկայի հանդեպ ունեցած հարգանքից։ Գարեջուրն իրոք լավն էր։
Առավոտյան դուրս գալով տուրիստհաուզից, տեսանք փոքրիկ, հին և բնավ ոչ հարուստ մի քաղաք։ Նա գեղեցիկ փռված էր դեպի Միսիսիպի իջնող բլրակների վրա։ Վերելքներն ու վայրեջքները ճիշտ այնպես էին ինչպես բարձրադիր ափին կանգնած մերձվոլգյան մի քաղաքում․ փողոցների անունները չիմացանք, բայց թվում էր, որ կոչվում են վոլգյան փողոցների պես․ Օբվալնայա կամ Օսիպնայա։
Ահա թե ինչպիսին է Հաննիբալ քաղաքը, Թոմ Սոյերի և Հեկլբերի Ֆիննի քաղաքը։
Զարմանալի բան։ Քաղաքը նշանավոր է ոչ թե ավտոմոբիլների արտադրությամբ, ինչպես Դետրոյթը, ոչ սպանդանոցներով և բանդիտներով, ինչպես Չիկագոն։ Այն նշանավոր են դարձրել «Թոմ Սոյերի արկածների» համաշխարհային գրականության մեջ երբևէ եղած ամենասիրելի, ուրախ արկածների գրական հերոսները։
Ինչպես ամենուրեք, այստեղ էլ փողոցներում գրեթե մարդ չկար։ Բայց նրանք, ովքեր հանդիպում էին իսկական տվենյան տիպեր էին․ վախլուկ և բարեսիրտ նեգրեր, պատվարժան դատավոր, որ վաղ առավոտվանից ատամներով կառչել է էժանագին սիգարեթից, և թավշյա շալվարակալներով պահվող, թավշյա դիմացկուն շալվարներ հագած տղաներ։ Տղաներն իրար գլխի հավաքված ինչ֊որ բան էին խաղում։ Դատելով նրանից, թե ինչպես էին նայում շուրջը, հավանորեն փողով էին խաղում։
Փողոցն, ուր մանկությունն անցկացրել էր Մարկ Տվենը, այն ժամանակի բոկոտն Սեմ Կլեմենսը, պահպանվել է գրեթե լրիվ անձեռնմխելի վիճակում։ Գրողի տան մուտքի վերևում կախված է սպիտակ կլոր լապտեր վրան՝ «Մարկ Տվենի տունը» մակագրությամբ։ Ի դեպ, ամերիկացիներն ասում են ոչ թե Տվեն, այլ Տվայն, ոչ թե Թոմ Սոյեր, այլ Թամ Սոյօ՛ր։ Եվ նույնիսկ ամենալուրջ, ամենագործարար ամերիկացին, երբ լսում է այդ համաշխարհային նշանավոր տղայի մասին, սկսում է ժպտալ․ նրա աչքերը բարիանում են։
Տնակում ապրում են երկու չքավոր, գրեթե մուրացիկ պառավներ, Կլեմենսների ընտանիքի հեռավոր ազգականներ։ Նրանք այնքան ծեր են ու վտիտ, որ օրորվում են խոտացողունների պես։ Այս տնակում վտանգավոր է շունչ քաշել՝ պառավներին կարելի է դուրս թռցնել պատուհանից։
Առաջին հարկի երկու սենյակում նեղվացք է և փոշի։ Ո՛չ, միստեր Կլեմենս ավագը՝ Մարկ Տվենի հայրիկը, թեպետև տեղական, հաննիբալյան թերթի խմբագիրն է եղել, բայց ծայրահեղորեն համեստ է ապրել։ Դրված են զսպանակները դուրս պրծած բազկաթոռներ և տարուբերվող սեղանիկներ լուսանկարներով։
― Այս բազկաթոռի վրա, ― ասաց պառավներից մեկը, ― նստել է մորաքույր Պոլլին, իսկ այս պատուհանից դուրս է ցատկել Պիտեր կատուն, այն բանից հետո, երբ Թոմ Սոյերը նրան լուծողական է տվել։ Իսկ այս սեղանի շուրջը նստել է ողջ ընտանիքը, երբ բոլորը կարծում էին, թե Թոմը խեղդվել է, մինչդեռ նա այդ պահին կանգնած է եղել ահա այստեղ և ականջ է դրել։
Պառավը խոսում էր այնպես, ասես այն ամենը, ինչ Տվենը պատմել է «Թոմ Սոյերի» մեջ, իրականում ճիշտ այդպես է տեղի ունեցել։ Վերջացրեց նրանով, որ առաջարկեց լուսանկարներ գնել։ Պառավները իրենց գոյությունը պահպանում են միայն դրանով։ Մեզանից յուրաքանչյուրը վերցրեց կես դոլարանոց մի լուսանկար։
― Մեզ մոտ այնպես հազվադեպ են գալիս, ― հառաչանքով ասաց պառավը։
Ելքին ամենից մոտիկ սենյակում, պատից մի հուշատախտակ էր կախված գրողի պատկերով, որի տակ փորագրված էր Մարկ Տվենի անշահախնդիր երկրպագուի՝ տեղական բանկերի գախափարապես կայուն մակագրությունը․
«Մարկ Տվենի կյանքն ուսուցանում է, որ աղքատությունն ավելի շատ կենաց խթան է, քան ետ պահող հանգամանք»։
Սակայն աղքատ, մոռացված պառավների տեսքը պերճախոս կերպով հերքում էր այդ փիլիսոփայական կուռ կոնցեպցիան։
Տան կողքին կանգնած էր սովորական փոքրիկ ցանկապատ։ Բայց ճարպիկ «Միսսուրի նահանգի պատմության ընկերությունը» արդեն կարողացել էր վրան թուջե տախտակ փակցնել, որի վրա գրված էր, թե սա այն ցանկապատի փոխանորդն է, որը Թոմ Սոյերն իր բարեկամներին թույլ տվեց ներկել, փոխարենը տալով խնձորը, ապակե կապույտ գնդիկ և այլ հիանալի իրեր։
«Միսսուրի նահանգի պատմության ընկերությունը» ընդհանրապես գործում է զուտ ամերիկավարի։ Ամեն ինչ ճշգրիտ է և որոշակի։ Գրվում է ոչ թե «Ահա այն տունը, որտեղ ապրել է «Թոմ Սոյերում» նախատիպ ծառայող Բեկկի Տաչերը»։ Ոչ, դա գուցե և ճիշտ լիներ, բայց շատ անորոշ է ամերիկյան տուրիստի համար։ Նրան պետք է ստույգ ասել․ սա այն աղջիկն է, թե ոչ։ Նրան էլ պատասխանում են․ «Այո՛, այո՛, մի անհանգստացեք, հենց նա է, որ կա։ Դուք զուր ժամանակ և գազոլին չեք ծախսել այստեղ գալու համար։ Սա հենց նա է, որ կա»։
Եվ ահա ծեր Կլեմանսի բնակարանի դիմացը կանգնած տնակի մոտ ևս մի թուջե տախտակ է կախված․ «Այստեղ եղել է Թոմ Սոյերի առաջին սիրո՝ Բեկկի Տաչերի տունը»։
Պառավները մեզ մի քանի լուսանկար ծախեցին։ Նրանցից մեկում պատկերված էր Բեկկի Տաչերն ինքը ծերության օրերին։ Նա ամաուսնացած է եղել, կարծյոք, փաստաբանի հետ։ Մահվանից քիչ առաջ Մարկ Տվենը եկել է Հաննիբալ և նկարվել նրա հետ։ Այդ երկու ծերերի մեծ լուսանկարը կախված է թանգարանում սրտառուչ մի գրությամբ․ «Թոմ Սոյերը և Բեկկի Տաչերը»։
Մյուսի վրա լուսանկարված է մի հնդիկ, որին Տվենը դուրս է բերել «Հնդիկ Ջո» անվան տակ։ Այս նկարը հանված է 1921 թվականին։ Հնդիկն այդ ժամանակ եղել հարյուր տարեկան։ Համենայն դեպս, այդպես է պնդում Հաննիբալ քաղաքը։
Վերջում մենք գնացինք դեպի Կարդիֆյան բլրակը, որտեղ կանգնեցված է աշխարհի հազվագյուտ հուշարձաններից մեկը․ տվենյան գրական հերոսների հուշարձանը։ Թուջե Թոմ Սոյերն ու Հեկ Ֆիննը ինչ֊որ տեղ են գնոմ իրենց ուրախ գործերով։ Հուշարձանից ոչ հեռու խաղում էին բավականին մեծահասակ տղաներ։ Նրանք ոչնչով չէին տարբերվում իրենց թուջե նախատիպերից։ Ուրախ աղմուկ էր կանգնած հուշարձանի ստորոտում։
Բավականին վաղ էր դեռ, երբ թողեցինք Հաննիբալը։ Ճանապարհին սրընթաց թռչում էին քնկոտ, շրջիկ գործակատարները։ Ցերեկը նրանք աշխատում են, երեկոյան քուններն առնում, իսկ գիշերը տեղից տեղ փսխադրվում։ Գիշերը ճանապարհն ամայի է։ Եվ առևտրի այդ դևերը հնարավորություն ունեն լրիվ թափով սլանալու։
Մենք անցնում էինք եգիպտացորենի և ցորենի հնձած դաշտերի միջով, ֆերմերների կարմիր շտեմարանների և բակերի կողքով, որտեղ մետաղյա հողմաշարժիչները ջուր են քաշում ջրհորներից և կեսօրին հասանք Կանզաս քաղաքը։ Կոպիտ ասած, Կանզասը գտնվում է Ամերիկայի կենտրոնում։ Այստեղից մոտավորապես նույն հեռավորությունն է մինչև Նյու֊Յորք, և մինչև Սան֊Ֆրանցիսկո և մինչև Նյու֊Օռլեան, և մինչև Կանադայի սահմանը։
Եվ այսպես, մենք Միացյալ Նահանգների կենտրոնում ենք, տափաստանների կենտրոնում, Միսսուրի գետափին գտնվող Կանզաս քաղաքում։ Ի՞նչը կարող է ավելի ամերիկյան լինել, քան այսպիսի տեղը։ Այդուհանդերձ այն ռեստորանի տերը, ուր մի րոպեով մտանք մի գավաթ սուրճով տաքանալու, դուրս եկավ Բեսարաբիայի մի հրեա՝ Բենդերի քաղաքից։ Մասոնական միկրոսկոպիկ աստղը շողշողում էր նրա պիջակի մերակին։ Բենդերի, Միսսուրի, Բեսարաբիա, մասոնականություն, գլուխ պտտեցնող շատ բան կար այստեղ։
Նա գրպանից հանեց դարչնագույն, փոքրիկ լուսանկարներ և ցույց տվեց մեզ։ Դրանք Բենդերիում մնացած իր ազգականներն էին․ երկու գավառական երիտասարդներ, որոնց գանգրահեր քնքուշ գլուխները դրված էին բարձրադիր օձիքի մեջ։ Ռեստորանի տերը միաժամանակ ցույց տվեց և իր մասոնական լուսանկարը։ Մեր ազատ քարտաշի ազգանունը Մորգեն էր, և նա Ամերիկա էր եկել երեսուն տարի սրանից առաջ։
― Մորգեն, ― կրկնեց նա, ― դուք հավանորեն լսած կլինեք և՝ գուտ Մորգեն։ Այդ հենց ես եմ որ կամ։ Համարյա թե Մորգան։
― Բա ու՞ր են ձեր հիսուն հազար դոլարները, միստեր Մորգան, ― ուրախ֊ուրախ հարցրեց Ադամսը։
― Ի՞նչու հիսուն հազար դոլար, ― զարմացավ տերը։
― Նո, նո, պարոն, այդպես մի ասեք՝ «ի՞նչ»։ Ձեր։ Ձեր հիսուն հազար դոլարը։ Չէ՞ որ դուք Ամերիկա եք եկել փող վաստակելու։ Ու՞ր են այդ փողերը։
― Բանկում, ― մռայլ հումորով պատասխանեց միստեր Մորգենը։ ― Մինչև վերջին կոպեկն այնտեղ է դրված, միայն՝ ոչ իմ անունով։
Նրա տարիներից և պայքարից հալումաշ եղած կերպարանքում, նրա հուսահատ հումորի մեջ ինչ֊որ ծանոոթ բան երևաց։ Հետո արդեն Տեխաս նահանգի Ամարիլլոյի ճամփով սլանալիս հիշեցինք, թե ումն էր նմանվում մեր բենդերացի մասոնը։
Հազար ինը հարյուր երեսուներեք թվականին մենք Աթենքում էինք։ Մանրամասն պատմել, թե ինչպես էինք վազում Ակրոպոլը և այլ հնությունները տեսնելու, երկար պատմություն է։ Բայց մի դեպքի մասին պետք է ասեմ։
Դպրոցական հիշողություններով տարված, մենք որոշեցինք Աթենքից գնալ Մարաթոն։ Մեզ բացատրեցին, թե ինչպես անել այդ։ Պետք էր գնալ հրապարակ, այնտեղից մարաթոնյան ավտոբուսներ են մեկնում, գնել տոմս և մեկնել․ ահա և բոլորը։ Մենք ուրախ֊զվարթ ճամփա ընկանք և հրապարակի մոտերքը ինչ֊որ տեղ մոլորվեցինք։ Վարսավիրը, որից հարցրինք ճամփան, թողեց հաճախորդին սափրելը և դուրս եկավ փողոց, որպեսզի բացատրի, թե ինչպես լավ կլինի գնալ։ Հաճախորդն էլ դուրս եկավ շենքից և շփոթվելով այն բանից, որ դեմքը օճառի մեջ էր, մասնակցեց մեզ համար մարշրուտ մշակելուն։ Քիչ֊քիչ մի փոքրիկ բազմություն հավաքվեց, որի կենտրոնում մենք ամոթխած կուչ ու ձիգ էինք լինում՝ մեր հարուցած աժիոտաժից ինքներս էլ շփոթված։ Ի վերջո հավաստիության համար մեզ ուղեկից տվին հինգ տարեկան մի տղա։
Հունարեն տղային ասում են «միկրո»։ Միկրոն մեզ տարավ մերթ ընդ մերթ մատով անելով և իր հաստ, ալժիրյան շրթունքները բայրացակամորեն բաց անելով։
Հրապարակում մենք տեսանք հին ավտոբուսներ, որոնց հետևի մասում պարաններով կապված էին մաշված ճամպրուկներ։ Դրանք մարաթոնյան ավտոբուսներն էին։ Իսկույն մեզ համար պարզ դարձավ մեր ձեռնարկած գործի անհեթեթությունն ու տաղտկալիությունը։ Մեկմեկու ոչ մի խոսք չասելով, որոշեցինք հրաժարվել մեկնելուց։ Միկրոյին անհանգստության համար տվեցինք հինգ դրախմ, իսկ մենք գնացինք ավտոբուսային կայանի դիմացը գտնվող սրճարանը հանգստանալու և հունական հիանալի սուրճ խմելու։
Չորս սիրունատես և աղքատ հագնված երիտասարդ անբաններ, մարմարյա սեղանին փռած թաղիքե գորգի վրա թուղթ էին խաղում։ Վաճառասեղանի հետևում գտնվում էր տերը, ընկած մի մարդ։ Նա ժիլետով էր, բայց առանց օձիքի։ Սափրված, բայց չսանրված։ Մի խոսքով, դա մի մարդ էր, որն արդեն ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում․ ինչպես ասում են՝ իր սայլն էր քաշում։ Հաճախորդ կա՝ լավ, չկա՝ վնաս չունի։ Միևնույն է, կյանքում առանձնապես ոչինչ տեղի չի ունենա։ Նա անտարբեր պատվեր ընդունեց մեզանից և գնաց վաճառասեղանի հետևը սուրճ եփելու։
Եվ իսկույն պատից կախված տեսանք սրճարանատիրոջ երիտասարդության օրերի լուսանկարչական դիմանկարը։ Լիեռանդ, կլոր գլուխ, հաղթական հայացք, մինչև երկինք հասնող բեղեր, մարմարյա օձիք, մշտնջենական բանտիկ, ջահելության կորով և փայլ։ Ա՜հ, որքան տարիներ էին պետք, որքան ձախորդություն էր պահանջվում կյանքում, որպեսզի նման մեծաբեղ աթենացուն հասցներ այն ողորմելի վիճակին, որի մեջ գտանք նրան։ Ուղղակի սարսափելի էր համեմատել դիմանկարը տիրոջ հետ։ Ոչ մի բացատրության հարկ չկար։ Ձախողակ հույնի բովանդակ կյանքը մեր առջևումն էր։
Ահա թե ինչ հիշեցրեց մեզ միստեր Մորգենը՝ Բեսարաբիայի հրեան և Կանզաս֊սիթիի մասոնը։
Գլուխ քսաներորդ — Ծովային հետևակի զինվորը
Օկլախոմայի օրաթերթում մենք անցողակի տեսանք հիվանդանոցային սպիտակ մահճակալին կիսապառկած աղջկա լուսանկար և մակագրություն՝ «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։ Խորանալ այն բանում, թե ինչու է աղջիկը ժպտում տառապանքի անկողնում՝ ժամանակ չկար, և թերթը մի կողմ դրվեց։ Սակայն միստեր Ադամսը սուրճ խմելու պահին հաջողեցրեց կարդալ լուսանկարի տակ եղած փոքրիկ թղթակցությունը։ Նրա դեմքը կնճռոտվեց, և նա դժգոհությամբ աչքերը հառեց ռեստորանում դրված գազի բուխարիկին։ Օկլախոմայից դուրս գալուց առաջ մենք շտապ հագենում էինք ձվով և խոզի ապուխտով։
Միջին Արևմուտքի շատ տեղերում կան բնական գազի ելքեր, որտեղից գազը հատուկ խողովակաշարքերով հասցնում են քաղաքները, և այդ համեմատաբար էժան արժե։ Միստեր Ադամսը նայում էր կրակի վարդա֊երկնագույն շիթերին, որ բոցկլտում էր շարժական նիկելի բուխարիկի մեջ, և բարկացած ֆսֆսացնում։
― Միստերներ, ― ասաց նա, ― ես ինքս մեծ լավատես եմ, բայց երբեմն հուսահատվում եմ ամերիկյան լավատեսությունից։ ― Եվ նա զզվանքով կրկնեց․ ― «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։
Մեզ հարկավոր էր շտապել, և միստեր Ադամսին հուզող թեմայի շուրջը խոսակցությունը չսկսվեց։ Իսկ ճանապարհին նա, ըստ երևույթին, մոռացավ աղջկա մասին, տարվելով մեր առջև բացվող զարմանալի տեսարանով։ Մենք անցնում էինք նավթային ճերմակափայլ ալյումինե անտառի միջով։
Դեռ երեկ, լոկ անհրապույր ու փոշոտ փնջիկներով պատած տափաստանով դեպի Օկլախոմա սլանալիս մենք տեսանք նավթի առաջին աշտարակները։ Մեծ դաշտերում խիտ տնկված էին վանդակավոր երկաթե կայմեր։ Փոքր֊ինչ ճռճռալով օրորվում էին փայտե հաստ լծակները։ Մարդ չկար։ Այստեղ, տափաստանային անդորրի խոր լռության մեջ նավթ էին ծծում։ Մենք երկար ժամանակ գնում էինք, աշտարակների անտառը խտանում էր, լծակները շարունակ օրորվում էին, երբեմն միայն երևում էր մի որևէ բանվորի կերպարանք, հագին օվերոլ՝ դիմացկուն բաց կապույտ պարուսինից կարած արտահագուստ։ Նա անշտապ անցնում էր մի աշտարակից մյուսը։
Աշտարակների անտառը պայծառ էր, որովհետև դրանք բոլորը ներկված էին ալյումինի ներկով։ Դա տոնածառային արծաթի գույն ունի։ Դա տեխնիկական Ամերիկային անասելի գրավիչ տեսք է տալիս։ Ալյումինի ներկով են պատում նավթի բաքերը, բենզինի և կաթի ավտոմոբիլային ցիստեռները, երկաթուղային կամուրջները, քաղաքի լապտերասյուները և նույնիսկ ճանապարհամերձ փայտե սյուները։
Օկլախոմայում ևս դրված էին աշտարակներ, և համաչափ տարուբերվում էին լծակները։ Նավթ էր հայտնաբերվել բուն քաղաքում։ Նավթի աշտարակները գնալով ավելի էին մոտենում Օկլախոմային և, վերջապես, կոտրելով թույլ դիմադրությունը, ներխուժել էին քաղաքի փողոցները։ Քաղաքը կողոպուտի է մատնաված։ Տների բակերում, մայթերի սալարկների վրա, դպրոցական շենքերի դիմաց, բանկերի և հյուրանոցների դեմհանդիման՝ ամենուրեք նավթ էին ծծում։ Քաշում են բոլորը, ով հավատում է աստծուն։ Նավթի բաքերը կանգնած էին տասհարկանի մեծ շենքերի կողքին։ Խոզապուխտով ձվածեղից նավթի հոտ է գալիս։ Ազատ մնացած ամայի տեղում երեխաները խաղում են երկաթե կտորտանքներով և ժանգոտ պտուտակաբանալիներով։ Տները քանդում, գրողի ծոցն են ուղարկում, և նրանց տեղ երևան են գալիս վերնակներ, լծակներ։ Եվ այնտեղ, ուր երեկ ինչ֊որ մեկի տատիկը, կլոր սեղանի մոտ նստած, բրդե շալ էր գործում, այսօր ճռճռում է լծակը, և զամշե գործահարմար ժիլետ հագած նոտ տերը բերկրանքով հաշվում է հանած գալոնները։
Ամենուրեք մենք տեսանք վանդակավոր կայմեր և լսեցինք լավատեսական ճռճռոց։
Նավթի աշտարակներից բացի, Օկլախոման մեզ զարմացրեց թաղման գրասենյակների վիթխարի քանակով։ Գիշերօթևան որոնելու նպատակով մենք, ըստ սովորության, գնացինք «Ռեզիդենշել֊պարտ»՝ սենյակ վարձելու համար։ Առանց նայելու մոտեցանք մի տնակի, որի վրա ցուցանակ էր փայլփլում, և սարսափով տեսանք, որ դա թաղման բյուրո է։ Եվ էլի մի երեք անգամ կուրորեն նետվեցինք դեպի սիրալիրությամբ լուսավորված շենքերը և ամեն անգան ետ֊ետ էինք թռչում։ Դրանք բոլորն էլ թաղման բյուրոներ էին։ Ոչ մի տուրիստական ցուցանակ չկար, ոչ ոք եկվորներին վարձով սենյակ չէր տալիս մի գիշերվա համար։ Այստեղ առաջարկում էին միայն հավիտենական հանգիստ, հավիտենական անշարժություն։ Ըստ երևույթին, Օկլախոմայի բնակիչներն այնքան պինդ էին կշտացել նավթ քաշելուց և ծծելուց, որ այլևս կարիք չէին զգում այնպիսի մի մանր օժանդակության, ինչպիսին վարձով սենյակ տալն է։
Ստիպված էինք համաձայնել, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ և իջևանենք հյուրանոցում։ Երկրոորդ կարգի հյուրանոցը, որի վրա կենտրոնացրինք մեր բծախնդիր ընտրությունը, շատ փքունորեն կոչվում էր «Կադիլակ», բայց կառուցված էր, անտարակույս, դեռ մինչև նավթային բարգավաճումը, որովհետև այն ծորակից, որից տաք ջուր պետք է հոսեր, սառը ջուր էր գալիս, իսկ սառը ջրի ծորակից ընդհանրապես ոչինչ չէր հոսում։ Միստեր Ադամսն անկեղծորեն վշտացած էր։ Քաղաքի բոլոր նորություններին իրազեկ, զրուցասեր տանտիրուհու փոխարեն նա տեսավ գրեթե հիսուն տարեկան միջանցքապահ սպասավորի, որը բոլոր հարցերին պատասխանում էր լիակատար անտարբերությամբ․ «իես, սըր» կամ «նո, սըր», ընդ որում նա ծխում էր այնպիսի գարշահոտ սիգար, որ նրա գնալուց հետո միստեր Ադամսը երկար ժամանակ հազում և քիթը մաքրում էր, ինչպես ջրում խեղդվող, որին ափ են հանել մեռնելու վերջին րոպեին։ Մի ժամ անց, միստեր Ադամսը մոտեցավ մեր համարի դռանը և հուսով թակեց։ Քանի որ ոչ մի հնարավորություն չկար բացել արդեն կպած կոպերը, ուստի մենք ոչինչ չպատասխանեցինք։ Միստեր Ադամսը նորից նրբավարի դուռը թակեց։ Պատասխան չկար։
― Պարոնայք, ― ասաց նա մի ձայնով, որից մարդու սիրտը կարող էր կտոր֊կտոր լինել, ― քնած չե՞ք։
Բայց խենթորեն քնել էինք ուզում։ Չպատասխանեցինք։ Միստեր Ադամսը էլի մի րոպե կանգնեց դռան մոտ։ Շատ էր ուզում խոսել։ Եվ վշտացած, ոտքերը քարշ տալով, գնաց իր համարը։ Նզովյալ օկլախոմցիները փչացրին նրա երեկոն։
Առավոտյան միստեր Ադամսը լի էր կորովով, և ուրախ էր, ինչպես միշտ։ Բետոնե ճանապարհը երկար ալիքներով բարձրանում էր վեր և երևում մի քանի մղոն հեռավորության վրա։ Ճանապարհի եզրին աջ ձեռքի բութ մատը վեր ցցած կանգնել էր ծովային հետևակի երիտասարդ մի զինվոր՝ կոճակներն արձակած սև շինելով։ Ճիշտ այդպիսի մի զինվոր էլ կողքին էր կանգնած։ Նա էլ էր վեր ցցել աջ ձեռքի բութ մատը։ Մեր առջևից գնացող մեքենան առանց կանգնելու սլացավ երիտասարդ մարդկանց կողքով։ Ըստ երևույթին լեցուն էր։ Մենք կանգ առանք։
Ձեռքի վեր պարզած բութ մատն Ամերիկայում նշանակում է մեքենա նստեցնելու֊տանելու խնդրանք։ Ճանապարհ դուրս եկող մարդը համոզված է, որ անպայման որևէ մեկն իրեն կվերցնի։ Եթե ոչ առաջին մեքենան, ապա հինգերորդը, յոթերորդը, տասներորդը, բայց անպայման կվերցնեն։ Այդ կերպ կարելի է մեծ ճանապարհորդուցյուն կատարել․ մեկի հետ հարյուր մղոն գնալ, մյուսի հետ՝ ևս հարյուր, երրորդի հետ՝ ամբողջ հինգ հարյուր։
Երկուսին չկարողացանք վերցնել, մենք չորս հոգի էինք մեքենայում։ Երիտասարդները Ամարիլլո քաղաքի փոստատանը տեսակցուցյուն նշանակեցին մեկմեկու, և նրանցից մեկը, կռանալով, մտավ մեքենան։ Նա իր ճամպրուկը խնամքով դրեց ոտքերի տակ, սիգարեթ հանեց և ծխելու թույլտվություն խնդրց։ Միստեր Ադամսն անհապաղ գլուխը շուռ տվեց ետ, որքան հնարավոր էր, և սկսեց հարցեր տեղալ մեր ուղեկցի գլխին։ Օ՜, միստեր Ադամսը չլսված ռևանշ վերցրեց Օկլախոմայի համար։ Ծովային հետևակի զինվորից տիկ էր հանում մեր աչքի առջև։
Դա համարյա թե ջահել տղա էր, գեղեցիկ, չափից մի փոքր ավելի ինքնավստահ, նույնիսկ փոքր֊ինչ հանդուգն դեմքով։ Բայց միևնույն ժամանակ շատ համակրելի մի մանչուկ էր։ Պատասխանում էր շատ սիրով։
Նրա ընկերոջ մասին անհանգստանալու հարկ չկար․ Նա մի որևէ մեքենայով կհասնի իրեն։ Այդպես շատ է եղել արդեն։ Չէ՞ որ նրանք մեծ «տրիպ» ― ճամբորդություն են կատարում։ Նրանց ծառայության գծով փոխադրում են Նյու֊Յորքից Սան֊Ֆրանցիսկո։ Ինքներն են խնդրել փոխադրել։ Բայց նրանց ասել են, որ իրենց ուժերով պետք է տեղ հասնեն։ Նրանք մի ամսով արձակուրդ են վերցրել և ահա երեք շաբաթ է գնում են՝ մի մեքենայից մյուսը նստելով։ Չիկագոյում մտադիր էին մնալ երեք ժամ, բայց մնացին տասը օր։
―Լա՜վ աղջիկներ պատահեցին։
Դեյմոնում ևս երկար մնացին։ Նրանց իր մեքենան վերցրեց արտաքուստ բավականին հպարտ մի ջահել տիկին։ Հետո նրանք հանեցին մի շիշ վիսկի և խմեցին։ Տիկինն էլ խմեց իրենց հետ, և նրա ողջ հպարտությունը չքացավ։ Հետո տիկինը հյուրասիրեց նրանց գարեջրով, հետո այցելեցին նրա քրոջը, որի ամուսինը մեկնել էր ուրիշ տեղ։ Չորս օր զվարճացան, մինչև ամուսինը եկավ։ Այդ ժամանակ ստիպված ճղեցին։
Համազգեստային անգերբ գլխարկը կտրիճաբար դրված էր զինվորի գեղեցիկ գլխին։ Համազգեստի մեծ ու տափակ կոճակները պսպղում էին ինչպես հարկն է։ Մերակների վրա շողշողում էին ինչ֊որ ռմբիկներ և ատրճանակներ։ Զինվորը բնավ գլուխ չէր գովում։ Ամերիկացիները հազվադեպ են պարծենկոտ լինում։ Նրան խնդրեցին պատմել իր մասին, և ահա նա պատմում է։
Հետևում լսվեց սիրալիր մի մռնչոց և մեզանից առաջ անցավ աղոտ կայծկլտացող մի սև «բյուիկ»։ Կառի տիրոջ կողքին նստել էր մեր ուղեկցի ընկերը։ Նրանք ուրախ, անիմաստ հնչյուններ փոխանակեցին իրար հետ։ Խոսակցությունը շարունակվում էր։
Զինվորը պատմեց, որ եղել է Ֆրանսիայում։ Այնտեղ ևս մի հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել իր հետ։ Երբ նավը ժամանեց Հավր, յոթ հոգու թողեցին գնալ Փարիզ զբոսնելու։ Դե՜, դիտեցին քաղաքը, հետո ընկան Գրենդ֊բուլվար և որոշեցին ճաշել։ Մտան մի փոքրիկ ռեստորան և շատ համեստ սկսեցին, պատվիրեցին գեմ ենդ էգգ։ Հետո բացվեցին, խմեցին շամպայն և այլն․ վճարելու փող, իհարկե, չկար։ Ծովային հետևակի զինվորներին որտեղի՞ց է փող, որ շամպայնի համար վճարեն։ Գարսոնը կանչեց ավագ մատուցողին, բայց նրանք մատուցողին ասացին․
― Գիտե՞ք ինչ, մեր ճաշի արժեքը դուրս գրեք պատերազմի այն պարտքերից, որ Ֆրանսիան մինչև օրս չի վճարել Ամերիկային։
Մի խոսքով, մեծ սկանդալ եղավ։ Այդ մասին գրեցին թերթերում։ Բայց պետերից նրանց ոչինչ չհասավ, միայն մի նկատողություն։
Ինչ կարծիքի է պատերազմի մասի՞ն։
Պատերազմի՞ մասին։ Ինքներդ հո լավ գիտեք։ Այ, վերջերս մենք կռվում էինք Նիկարագուայում, մի՞թե ես չգիտեմ, որ մենք կռվում էինք ոչ թե հօգուտ պետության, այլ հօգուտ «Յունայթեդ ֆրուտ» բանանի ընկերության։ Նավատորմում այդ պատերազմը հենց այդպես էլ կոչվում է՝ բանանի պատերազմ։ Բայց եթե ինձ ասում են, որ պետք է գնալ կռվելու, ես էլ գնում եմ։ Ես զինվոր եմ և պետք է ենթարկվեմ կարգապահության։
Նա ստանում է ամսական քսանհինգ դոլար։ Սան֊Ֆրանցիսկոյում հույս ունի, որ ավելի շուտ կհասնի կարիերայի, քան Նյու֊Յորքում, ուստի և փոխադրվում է։ Նյու֊Յորքում ունի կին և երեխա։ Կնոջը ամսական տալիս է տասը դոլար։ Բացի այդ, կինը ծառայում է։ Իհարկե, հարկ չկար իրեն ամուսնանալու։ Չէ՞ որ ընդամենը քսանմեկ տարեկան է։ Բայց որ այդպես է ստացվել՝ ոչինչ անել չես կարող։
Ամարիլլոյում զինվորը մեզ թողեց։ Նա գոհունակությամբ ձեռքը հովարին կպցրեց, վերջին անգամ մեզ առաքեց իր հաղթական ժպիտը և գնաց փոստատուն։ Նա այնպես թարմացնող երիտասարդություն ուներ, որ անգամ նրա դատարկապորտությունը զզվելի չէր թվում։
Մենք գիշերեցինք Ամարիլլո֊կեմպի ֆաներե խցիկներում։ Մարեցինք պլիտաները և գազի վառարանները։ Կեմպը գտնվում էր ճանապարհաեզրին։ Քամու աղմուկով սլանում էին ավտոմոբիլները։ Սուրում էին դիվոտած շրջիկ գործակատարները, ծանրորեն շառաչում էին հսկա բեռնատարերը։ Նրանց ֆառերի լույսը շարունակ անցնում էր պատի վրայով։
Ամարիլլոն նոր և մաքուր քաղաք է։ Աճել է ցորենով, և թվում է, թե տասնհինգ տարեկան էլ չկա։ Բայց դա իսկական ամերիկյան քաղաք է․ այստեղ կա քաղաքային պարագաների լրիվ կոմպլեկտ՝ ալյումինով պատած լապտերասյուներ, մանուշակագույն ողորկ, աղյուսաշեն բնակելի տներ, տասհարկանի հսկա հյուրանոց, դեղատներ։ Ինչպես ասվում է՝ այն ամենը, ինչ հաճելի է հոգուդ համար։ Ավելի ճիշտ՝ մարմնի համար։ Հոգու համար այստեղ ոչինչ չկա։
Երբ մտանք դեղատուն, այնտեղ շատ աղջիկներ կային նստած։ Նրանք նախաճաշում էին աշխատանքի գնալուց առաջ։ Եթե առավոտյան ժամը ութին կամ ութևկեսին դեղատնում նախաճաշում է փետրած հոնքերով, կարմրեցրած դեմքով, այնպես կարմրեցրած, ինչպես անում են Ամերիկայում, այսինքն՝ ուժեղ և գռեհկորեն, խարտոցած եղունգներով, մի խոսքով, այնպես զուգված֊զարդարված, ասես շքահանդես պետք է գնա, իմացած եղեք, որ նա հիմա գնում է աշխատանքի։ Այդպիսի աղջիկը հագնված է լինում՝ նայած ճաշակին և միջոցներին, բայց միշտ խնամքով և վայելուչ։ Առանց դրան նա ծառայել չի կարող, աշխատանք չի ստանա։ Իսկ այդ աղջիկները հիանալի աշխատողներ են։ Նրանցից ամեն մեկը գիտե սղագրություն, կարող է աշխատել հաշվեմեքենայի վրա, կարող է թղթակցել և տպել գրամեքենայի վրա։ Առանց այդ գիտելիքների չի կարելի ստանալ ոչ մի աշխատանք։ Ասենք հիմա այդ գիտելիքներով էլ դժվա՛ր է ստանալ։
Այդ աղջիկների մեծամասնությունն ապրում է ծնողների հետ, նրանց աշխատավարձը օգնում է ծնողներին վճարել մաս֊մաս մուծելու պայմանով գնած տնակի կամ նույն պայմանով գնած սառնարանի համար։ Իսկ աղջկա ապագան հանգելու է այն բանին, որ մարդու է գնալու։ Այդ դեպքում նա ինքը ապառիկ կգտնի տնակ, իսկ ամուսինը տասը տարի առանց ձեռքերը ծալելու կաշխատի, որպեսզի վճարի այն երեք, հինգ կամ յոթ հազար դոլարը, որով տուն են գնել։ Եվ տասը տարի շարունակ երջանիկ մարդ ու կինը դողալու են վախից, որ իրենց կվռնդեն աշխատանքից, ու այդ դեպքում տան դիմաց վճարելու փող չի լինի։ Եվ տունը կվերցնեն։ Ա՜հ, ինչ սարսափելի կյանք են վարում միլիոնավոր ամերիկացիներ իրենց պստլիկ էլեկտրական երջանկության համար մղվող պայքարում։
Աղջիկները հագած ունեին եղջերուի կամ բևեռաղվեսի մորթուց կարած կարճ ժակետներ։ Նրանք ժպտում էին, չնաշխարհիկ մատիկներով տապակած հացի մի կտոր կտրելով։ Ամերիկյան խելացնոր երջանկությունից խելքահան եղած, լավ, աշխատասեր աղջիկներ։
Դեղատնային վաճառասեղաններից մեկի վրա մենք տեսանք մի քանի գերմանական գծագրատուփ։
― Միստեր Ադամս, մի՞թե Ամերիկան չունի իր սեփական գծագրատուփերը։
― Իհարկե ոչ, ոգևորված պատասխանեց Ադամսը։ Մենք գծագրատուփեր պատրաստել չենք կարող։ Այո, այո, պարոնայք, մի՛ ծիծաղեք։ Ոչ թե չենք ուզում, այլ չենք կարող։ Այո՛, այո՛, միստերներ։ Ամերիկան իր բովանդակ, վիթխարի տեխնիկայով չի կարող կազմակերպել գծագրատուփերի արտադրությունը։ Հենց այն Ամերիկան, որը տարեկան շինում է միլիոնավոր ավտոմոբիլներ։ Իսկ գիտե՞ք ինչումն է բանը։ Եթե գծագրատուփեր անհրաժեշտ լինեին ամբողջ բնակչությանը, մենք կկազմակերպեինք մասսայական արտադրություն, կթողարկեինք գրոշի արժեք ունեցող տասնյակ միլիոնավոր հիասքանչ գծագրատուփեր։ Բայց Միացյալ Նահանգների բնակչությունը, պարոնայք, տասնյակ միլիոնավոր գծագրատուփերի կարիք չի զգում։ Նրան հարկավոր են միայն տասնյակ հազարներ։ Նշանակում է մասսայական արտադրություն կազմակերպել չի կարելի և ստիպված են գծագրատուփերը պատրաստել ձեռքի աշխատանքով։ Իսկ այն ամենը, ինչ Ամերիկայում մեքենայով չի ստացվում, այլ մարդու ձեռքով, անասելի թանկ է նստում։ Եվ մեր գծագրատուփերը տասնապատիկ թանկ կնստեն , քան գերմանականը։ Միստեր Իլֆ և միստեր Պետրով, գրեցեք ձեր հուշատետրերում, որ մեծն Ամերիկան երբեմն անզոր է լինում հին, ողորմելի Եվրոպայի առջև։ Այդ շա՛տ, շա՛տ, շա՛տ կարևոր է իմանալ։
Գլուխ քսանմեկերորդ — Ռոբերտսն ու նրա կինը
Տեխասի հյուսիսային մասի ոչ լայն ելուստը բաժանում է Օկլախոմա և Նյու֊Մեքսիկո նահանգները։ Ամարիլլոն գտնվում է Տեխասում, և այդ քաղաքից Սանտա֊Ֆե գնալու ճանապարհին մի գլուխ հանդիպում էին տեղացի գեղատեսիլ բնակիչները։
Երկու կովբոյ քշում էին տափաստանային շների պես փրչոտ, մանրիկ կովերի նախիրը։ Թաղիքե հսկա շլյապաները պահպանում էին կովբոյներին անապատի բարկ արևից։ Կանացի ձևավոր կրունկներով երկարաճիտ կոշիկների վրա աչքի էին ընկնում մեծ խթանները։ Կովբոյները հայ֊հույ էին անում, ամբողջ թափով սլանալիս շրջում ձիերի ուղղությունը։ Այդ ամենը մի քիչ շքեղ և հանդիսավոր էր երևում, քան պետք էր կովի նախիրը համեստորեն կառավարելու համար։ Բայց ի՞նչ արած։ Սա Տեխասն է, Տեքսասը, ինչպես ասում են ամերիկացիները։ Ա՜յ թե որտեղ են իմանում կով արածացնել։ Մենք՝ քաղաքաբնակներս չենք, որ խորհուրդներ պետք է տանք նրանց։
Հինավուրց ապակեպատ ֆորդով նույնպես կովբոյներ էին գնում։ Այդ հաղթանդամ տղաների համար նեղվածք էր փոքրիկ մեքենայում, և նրանք նստել էին բոլորովին անշարժ, երբեմն քիփ կպչելով միմյանց՝ իրենց աներևակայելի շլյապաների կոշտ եզրերով։ Նրանցից առաջ անցնելիս, ապակու միջով տեսանք կոպտավուն պրոֆիլներ և առնական այտմորուքներ։ Հինգ կովբոյ, հինգ շլյապա և հինգ զույգ այտմորուք՝ դա բավական մեծ ծանրաբեռնվածություն է հազար ինը հարյուր տասնյոթ թվականի բարակոտն ֆորդի համար։ Բայց «հին Հենրին» ճռնչոցով, հալից ընկնելով, կամաց կամավ առաջ էր շարժվում։
Մեծ կողերով բեռնատարները ձիեր և ջորիներ էին տանում ինչ֊որ տեղ։ Զարմանալի՜ երկիր է, այնուամենայնիվ։ Այստեղ ձիերին անգամ ավտոմոբիլով են տանում։ Կարելի՞ է արդյոք ավելի մեծ նվաստացում հնարել այդ կենդանու համար։ Բարձրադիր թափքերի վերևում տխուր ցցվել էին ջորիների երկար ականջները և երբեմն երևում էր ձիու ազնիվ մռութը, որի աչքերի մեջ ճանապարհային անպատմելի մի թախիծ էր արտացոլվել։
Հազիվ էինք հեռացել Ամարիլլոյից, երբ տեսանք ձեռքի բութ մատը տնկած նոր հիչ֊հայկերի։ Ամերիկայում «հիչ հայկեր» են անվանում այն մարդկանց, որոնք խնդրում են իրենց նստեցնել ու տանել։ Մեր երեկվա ծովային հետևակի զինվորն էլ այդ անունն էր կրում։ Մենք կանգ առանք։ Հիչ֊հայկերը ձեռքն իջեցրեց։ Նա հագել էր օվերոլ, որի տակից դուրս էին պրծել երկու շապիկների արձակաց օձիքները։ Օվերոլի վրայից հագել էր նաև բաց գույնի վելվետե մաքուր բաճկոնակ։ Նա ասաց, որ գնում է Արիզոն նահանգի Ֆենիքս քաղաքը։ Մենք ամենևին այն կողմը չէինք գնում, բայց մինչև Սանտա֊Ֆե հիչ֊հայկերը մեզ ընկերակից էր, և մենք նրան հրավիրեցինք նստել մեքենա։
Միստեր Ադամսը ժամանակ չկորցրեց և անմիջապես սկսեց հարցուփորձը։
Մեր ուղեկցի անունը Ռոբերտս էր։ Նա սև գլխարկը դրեց ծնկին և սիրով սկսեց պատմել իր մասին։ Ամերիկացիների մի լավ գիծ ևս՝ մարդամոտ են ու շփվող։
Ռոբերտսի ընկերներից մեկը գրել էր, որ նրա համար մրգեր փաթաթողի աշխատանք է գտել Ֆենիկսում՝ շաբաթական տասնյոթ դոլարով։ Պետք է գնալ յոթ հարյուր մղոն, այդքան երկար ճանապարհի համար փող, իհարկե, չունի։ Ամբողջ գիշերը չի քնել․ գնում էր ապրանքատար վագոնով և շատ ցուրտ էր։ Վագոնում մի քանի շրջմոլիկ կային։ Ռոբերտսի համար ամոթ էր անտոմս երթևեկելը , և նա ամեն մի կայարանում իջնում էր օգնելու կոնդուկտորներին՝ բագաժ բեռնելու։ Իսկ շրջմոլիկները քնում էին , չնայած ցրտին, և ոչ մի խղճի խայթ չէին զգում։
Ռոբերտսը գալիս էր Օկլախոմայից։ Այնտեղ հիվանդանոցում պառկած է նրա կինը։
Նա գրպանից հանեց թերթի մի կտրվածք, և մենք տեսանք հիվանդանոցային սպիտակ մահճակալի վրա կիսապառկած ջահել կնոջ լուսանկարը և վերնագիրը՝ «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։
Միստեր Ադամսը հուզված ձեռքերը թափահարեց։
― Սը՜ր, բացականչեց նա, ― թերթում ես կարդացել եմ ձեր կնոջ մասին։
Մի քանի ժամ շարունակ Ռոբերտսը պատմում էր մեզ իր կյանքի պատմությունը։
Նա խոսում էր անշտապ, առանց հուզվելու, չձգտելով խճահարություն ու կարեկցանք շահել։ Նրան խնդրում են պատմել իր մասին՝ նա էլ պատմում է։
Նա ծնվել է Տեխասում։ Հայրն ու խորթ հայրը հյուսն են։ Ավարտել է «Գայ֊սքուլ»՝ միջնակարգ դպրոց, բայց հետագա կրթության համար միջոցներ չի ունեցել։ Աշխատել է փոքրիկ գյուղական պահածոյի ֆաբրիկայում և դարձել վարպետ։ Այդպիսի փոքրիկ ֆաբրիկայում աշխատանք լինում է տարվա մեջ միայն երեք ամիս։ Վարձում են սեզոնայինների, որոնք շարունակ ընտանիքներով հանդերձ շարժվում են երկրով մեկ։ Սկզբում աշխատում են հարավում, հետո հետզհետե բարձրանում հյուսիս, ուր բերքահավաքը ուշ է սկսվում։ Դրանք իսկական քոչվորներ են։ Ոչինչ չի նշանակում, որ նրանք սպիտակներ են և ապրում են Ամերիկայում։ Նրանք նստակյաց մարդիկ էին, որոնց ժամանակակից տեխնիկան հարկադրել է անցնել քոչվորական ապրելակերպի։ Տղամարդկանց վճարում են ժամը քսան ցենտ, կանանց՝ տասնյոթ ցենտ։ Ապրանք բաց են թողնում նրանց ֆաբրիկայի խանութից, իսկ հետո գումարը դուրս գալիս ռոճիկից։ Ֆերմերների հետ նույնպես հատուկ հարաբերություններ են հաստատվել։ Այսպիսի ֆաբրիկայի տերը ֆերմերներին պարտք է տալիս սերմացու և նախօրոք, արմատի վրա, գնում բանջարեղենի բերքը։ Նույնիսկ ոչ թե արմատի վրա, այլ ավելի վաղ։ Բերքը գնվում է, երբ դեռ ոչինչ չի տնկված։ Ֆերմերներին դա ձեռնտու չէ, բայց տերը համաձայնություն կնքելու համար գարունն է ընտրում, երբ ֆերմերների դրությունն առանձնապես ծանր է լինում։ Մի խոսքով, այդ փոքրիկ ֆաբրիկայի տերը փող վաստակել գիտե՜։
Փող վաստակելու ունակության մասին Ռոբերտսը արտահայտվեց ոչ թե վրդովմունքով, այլ խրախուսանքով։
Բայց իր տերը, այնուամենայնիվ, հեշտ չի ապրում։ Նրան տանջում են տեղական բանկերը։ Ապագան անհայտ է։ Բանկերը, հավանորեն, կուտեն նրան։ Բանը դրանով է վերջանում Ամերիկայում։
Եվ այսպես, նա վարպետ էր այդ փոքրիկ ֆաբրիկատիրոջ մոտ և ամուսնացել էր նրա աղջկա հետ։ Դա շատ երջանիկ ամուսնություն էր։ Երիտասարդ ամուսիններն ամեն ինչ անում էին միասին․ գնում էին կինո, ծանոթների մոտ, նույնիսկ միշտ միասին էին պարում։ Կինը ուսուցչուհի էր, շատ խելոք ու լավ աղջիկ։ Նա երեխա ունենալ չէր ուզում․ վախենում էր, որ նրանք կխլեն իր ամուսնուն։ Գործերն էլ լավ էին գնում։ Չորս տարվա համատեղ կյանքի ընթացքում հավաքել էին երկու հազար դոլար։ Ունեին տասնութ գլուխ ցեղական կով և սեփական ավտոմոբիլ։ Ամեն ինչ այնքան լավ էր գնում, որ դրանից ավելին չէին ցանկանում։ Եվ ահա երեսունչորս թվականի փետրվարին դժբախտություն պատահեց։ Կինն ընկավ սանդուխքից և ողնաշարը լուրջ վնասվածք ստացավ։ Սկսվեցին վիրահատումներ, բուժում, և մեկուկես տարվա ընթացքում բոլոր ունեցած֊չունեցածը տվին բժիշկներին։ Վերջ ի վերջո, դա ավելի շուտ նմանվում էր բանդիտների հարձակման, քան մարդասիրական բժշկական օգնության։ Բժիշկները վերցրեցին ամեն ինչ․ և կանխիկ դրամը, և բոլոր տասնութ կովերի և ավտոմոբիլի վաճառքից գոյացած դրամը։ Ոչ մի ցենտ չմնաց։ Սռաջին հիվանդանոցը վերցնում էր շաբաթական քսանհինգ դոլար, Օկլախոմայինը այժմ վերցնում է հիսունական դոլար։ Կնոջ համար մետաղե կորսետ պետք է շինել տալ՝ դա կարժենա ևս հարյուր քսան դոլար։
Բժիշկների մասին խոսելիս Ռոբերտսը բնավ չէր գանգատվում նրանցից։ Ոչ, նա շատ հանգիստ արտահայտվեց․
― Ի՞նչ արած, իմ բախտը չբանեց։
Եթե ռոբերտսների նման մարդկանց հետ որևէ դժբախտություն է պատահում, ապա նրանցից հազվագյուտներն են սկսում որոնել իրենց հասած դժբախտության արմատները։ Դա հատուկ չկ միջին ամերիկացու բնավորությանը։ Երբ նրա գործերը լավ են գնում, չի ասում, թե որևէ մեկը բարեբարություն է արել։ Նա ինքն է փող վաստակել՝ իր ձեռքով։ Բայց եթե գործերը վատ են գնում, ոչ ոքի չի մեղադրում։ Նա ասում է, ինչպես Ռոբերտսն ասաց մեզ՝ «իմ բախտը չբանեց»» կամ «իմ այս գործից բան դուրս չեկավ։ Նշանակում է, ես չեմ կարող այդ գործն անել»։ Բժիշկները կողոպտել են Ռոբերտսին, բայց փոխանակ մտածելու՝ իրավացաի է դա, թե անիրավացի, նա հանգստացնում է իրեն այն մտքով, որ իր բախտը չբանեց, և այն հույսով, որ մի տարուց հետո բախտը նորից կբանի։ Երբեմն նույնիսկ ինքնասպանի երկտողն իր մեջ լոկ մի պրիմիտիվ միտք է պարունակում․ «Կյանքում իմ բախտը չբանեց»։
Ռոբերտսը չէր տրտնջում։ Մինչդեռ մի տարվա ընթացքում նա ամեն ինչ կորցրել էր։ Կինը ընդմիշտ անդամալույծ էր դարձել, տնտեսությունը և փողը խլել էին բժշկական աշխատողները։ Ինքն էլ կանգնել է ճանապարհին և խնդրում է նստելու ուրիշի մեքենան։ Միակ բանը, որ մնացել է՝ դա աջ ձեռքի վեր տնկած բութ մատն է։
Ֆենիքսում նա ստանալու է շաբաթական տասնութ դոլար, բայց ապրելու է վեց֊յոթ դոլարով։ Մնացածը ծախսելու է կնոջ բուժման վրա։ Խեղճ կինը, այնուամենայնիվ, ուզում է աշխատել։ Նա մտադիր է տանը դասավանդել լատիներեն։ Բայց ո՞վ կուզենա Օկլախոմայում լատիներենի տնային դասեր վերցնել։ Քիչ հավանականություն կա։
Մռայլ ժպտալով, Ռոբերտսը նորից ցույց տվեց մեզ թերթի կտրվածքը։ Լուսանկարի տակ կար լավատեսական մի մակագրություն․
«Նա գիտե, որ խեղված է ամբողջ կյանքում, բայց ժպիտով է նայում ապագային։ Չէ՞ որ ինձ հետ է իմ Ռոբերտսը, ― ասաց խեղճ կինը մեր աշխատակցի հետ զրուցելիս։
Միստեր Ադամսը հանկարծակի բռնեց Ռոբերտսի ձեռքը և թափահարեց։ ― Գուդ բոյ, ― քրթմնաջաց նա և շուռ եկավ։ Լավ տղա։
Ռոբերտսը պահեց թերթի կտրվացքը և լռեց։ Տեսքից նա քսանութ տարեկան էր։ Մի հանդարտ երիտասարդ, գեղեցիկ առնական դեմքով և սև աչքերով։ Փոքր֊ինչ սապատովոր քիթը մի քիչ հնդկացու տեսք էր տալիս նրան։ Ռոբերտսը իսկույն բացատրեց, որ, իրոք, իր մեջ մի քառորդ հնդկական արյուն կա։
Գրողը տանի այդ տեխասցիներին։ Նրանք կարողանում են կովեր արածացնել և տանել ճակատագրի հարվածները։ Բայց միգուցե հնդկացու արյան խարնուրդն է մեր ուղեկցին դարձրել այդպես ստոիկորեն հանգիստ։ Ֆրանսիացին կամ իտալացին նրա փոխարեն գուցե և ընկներ կրոնական խելացնորության մեջ, և միգուցե նզովեր աստծուն, բայց ամերիկացին հանգիստ էր։ Նրան խնդրեցին պատմել իր մասին, նա էլ պատմեց։
Եվ այսպես մենք մի քանի ժամ խոսեցինք նրա հետ։ Հարյուրավոր հարցեր տվինք և նրա մասին իմացանք այն ամենը, ինչ միայն կարելի էր իմանալ։ Սպասում էինք, որ բնականաբար, ինքն էլ կուզենա որևէ բան իմանալ մեր մասին։ Այդ բանն առավել ևս սպասելի էր, քանի որ մենք միմյանց հետ խոսում էինք ռուսերեն, մի լեզվով, որ հազիվ թե լսած լիներ իր Տեխասում։ Միգուցե երբեք չլսած խոսակցության հնչյունները նրա մեջ հետաքրքրություն կառաջացնեն իր զրուցակիցների նկատմամբ։ Սակայն նա ոչ մի բան չհարցրեց, չհետաքրքրվեց իմանալու, թե ովքեր ենք, ուր ենք գնում, ինչ լեզվով ենք խոսում։
Նման անհետաքրքրասիրությունից զարմացած, մենք նրան հարցրինք՝ գիտե՞ արդյոք Սովետական Միության մասին, լսե՞լ է արդյոք որևէ բան։
― Այո՛, ― ասաց Ռոբերտսը, ― ես լսել եմ ռուսների մասին, բայց նրանց վերաբերյալ ոչինչ չգիտեմ։ Բայց իմ կինը թերթեր կարդում է, հավանորեն նա կիմանա։
Այստեղ մենք հասկացանք, որ նա մեզ հարձուփորձ չէր անում բնավ ոչ այն պատճառով, որ ավելորդ նրբանկատուցյուն էր դրսևորում։ Ընդհակառակն, ամերիկացիները նույնիսկ փոքր֊ինչ կոպիտ են։ Ո՛չ, պարզապես նրան այդ չէր հետաքրքրում, ինչպես, ամենայն հավանականությամբ, չէին հետաքրքրում ոչ մերձակա Մեքսիկան, ոչ իր Նյու֊Յորքը։
Մենք նախաճաշելու կանգ առանք Սանտա֊Ռոզայից ոչ հեռու, երկաթուղային արևախանձ մի կայարանի ավանում։ Այն հաստատության տերը, որտեղ մենք կերանք պանիրով սանդվիչ՝ պահածո ապուխտի հետ միասին, ոսկրոտ, մեծ քթով մեկսիկացի էր։ Սանդվիչներ պատրաստում էին ինքն ու իր կինը, որը ոչ մի բառ չգիտեր անգլերեն, և որդին, հեծյալի ծուռ ոտքերով և կովբոյի պղնձազարդ գոտիով նիհար տղան։ Մեքսիկական ընտանիքը սանդվիչներ էր պատրաստում այնպիսի վիճաբանություններով և աղմուկով, ասես ժառանգություն էին բաժանում։ Ամերիկյան բանիմաց, հանգիստ «սերվիսը» չքացավ, ասես երբեք էլ չէր եղել։ Ի դեպ, սանդվիչի համար էլ երկուտակ թանկ վերցրին սովորական արժեքից։ Ավանի գլխավոր փողոցի վրա էր գտնվում հնդկական իրերի խանութը․ ցուցափեղկում դրված էին տնայնագործական վերմակներ, նախշազարդ կճուճներ և գլանաձև մեծ քթերով հնդկական աստվածներ։ Երկաթուղային բոլոր այդ հարստությունը լուսավորված էր նոյեմբերյան տաք արևով։ Սակայն տաքությունը իսկական չէր և ոչ էլ ամառային, այլ մի տեսակ թուլացրած, ասես կոնսերվացված լիներ։
Ավանից, ուր քիչ առաջ մենք ման էինք գալիս օտարերկրացու հպարտ տեսքով, մի քանի մղոն հեռավորության վրա մեզ հետ տեղի ունեցավ առաջին ավտոմոբիլային պատահարը։ Քիչ մնաց ընկնեինք առուն։
Չէնք պատմի, թե ինչպես պատահեց։ Այսպես թե այնպես այնքան էլ նրբագեղ բան չէր դա։ Չենք ասի նաև, թե ով էր դրա մեղավորը։ Բայց կարող ենք երաշխավորել, որ դա ոչ միսիս Ադամսն էր, ոչ նրա ամուսինը։ Մի բան միայն կարելի է ավելացնել մեր օգտին։ Երբ մեքենան սողում էր դեպի առուն, ոչ ոք մեզանից երկինք չկարկառեց իր ձեռքը, հրաժեշտ չտվեց իր մերձավորներին և ծանոթներին։ Բոլորն իրենց պահում էին ինչպես կարգն էր։ Լարված լռել էինք, հետևելով, թե ուր է ընկնելու մեքենան։
Սակայն ավտոմոբիլը շուռ չեկավ։ Ուժեղ թեքվելով, հենց ուղիղ եզրին կանգ առավ։ Մենք զգուշությամբ դուրս սողացինք, դժվարությամբ հավասարակշռություն պահպանելով (հոգեկան նույնպես)։
Դեռ մի խոսք չփոխանակած մեզ հետ պատահածի մասին, մեր կողքով անցնող հենց առաջին մեքենան (բեռնատար) կանգ առավ, և նրա միջից, ձեռքին բռնած մի հիանալի նոր պարան, մի մարդ դուրս եկավ։
Ոչ մի խոսք չասելով, պարանի մի ծայրը կապեց բեռնատարից, մյուս ծայրը՝ մեր մեքենայից և մի րոպեում դուրս քաշեց ճանապարհի վրա։ Այդ պահին մեր կողքով անցնող բոլոր ավտոմոբիլիստները կանգ էին առնում և հարցնում՝ օգնություն պետք չէ՞ արդյոք։ Փրկարարներն ընդհանրապես մեր գլխին հավաքվեցին ուրուրների պես։ Ամեն վայրկյան լսվում էր արգելակների ճռնչոց, և մի նոր անցորդ էր իր ծառայությունն առաջարկում։ Դա մի հիանալի տեսարան էր։ Ավտոմոբիլները սողալով, առանց խոսքը մեկ անելու մոտենում էին մեզ, ինչպես այդ անում են մրջյունները, երբ իրենց եղբայրակցին տեսնում են դժբատության մեջ։ Ազնիվ խոսք, նույնիսկ լավ էր, որ մեզ հետ փոքրիկ էքսիդենտ պատահեց, այլ կերպ մենք չէինք իմանա ամերիկյան այդ զարմանալի գծի մասին։ Պարզելուց հետո միայն, որ այլևս օգնելու կարիք չկա, ավտոմոբիլիստները շարունակում էին ճանապարհը։
Մեր փրկիչը մեզ բարի ճանապարհ ցանկացավ և մեկնեց։ Հրաժեշտի պահին նայեց միսիս Ադամսի կողմը և փնթփնթաց, որ ավտոմոբիլն, այնուամենայնիվ, պետք է վարի տղամարդ, և ոչ թե կին։ Միսիս Ադամսը իրեն պահում էր իսկական լեդիի պես։ Նրա մտքովն անգամ չանցավ ասելու, թե մեքենան ինքը չէր վարում։
Մեզ ճանապարհի վրա քաշող ամերիկացին չուզեց նույնիսկ լսել մեր շնորհակալությունը։ Ճանապարհին օգնելն Ամերիկայում ինչ֊որ մի առանձնահատուկ արիություն չի համարվում։ Եթե մեր փրկիչն ինքն ընկած լիներ դժբախտության մեջ, նրան նույնպես սուսուփուս ու արագ կօգնեին, ինչպես ինքն օգնեց մեզ։ Օգնության համար փող առաջալկելու մասին նույնիսկ խոսել չի կարելի։ Դրա համար կարող են սոսկալի հայհոյել։
Երկու օր անց ինքներս հանդես եկանք փրկչի դերում։
Լեռնային ճանապարհով Սանտա֊Ֆե էինք վերադառնում Տաոս քաղաքի մոտ գտնվող հնդկական գյուղից։ Թաց ձյուն էր գալիս։ Ճանապարհը սառցակալել էր և մեր մեքենան երբեմն ակամայից բավականին վտանգավոր շրջադարձեր էր կատարում, մոտեցնելով մեզ զառիթափի հենց եզրին։ Մենք դանդաղ էինք գնում, և ձանձրույթը պատել էր մեր սիրտն ու հոգին։
Շրջադարձերից մեկում անակնկալ կերպով տեսանք շուռ եկած մի բեռնատար մեքենա, որ ճանապարհի լայնքով ընկել էր կողի վրա։ Նրա մոտ, իրեն բոլորովին կորցրած, թրև էր գալիս մի երիտասարդ մեքսիկացի։ Որ նա մեքսիկացի էր, մենք տեսանք դեռ հեռվից։ Հագին ուներ վարդագույն վերնաշապիկ, երկնագույն փողկապ, մոխրագույն ժիլետ, մորեգույն կոշիկներ, կանաչ գուլպա և մուգմանուշակագույն շլյապա։ Նրանից երկու քայլ դենը, բլրալանջին, արյան լճի մեջ մեջքի վրա պառկել էր մեկ ուրիշ մեքսիկացի՝ մեղմ կանաչավուն թավշե շալվարով։ Թվում էր, թե նա մեռած է։
Աղետն, ըստ երևույթին, հենց նոր էր տեղի ունեցել, և անվնաս մնացած տղան այնքան էր խելքը կորցրել, որ չէր կարողանում կարգին բացատրել, թե ինչպես է պատահել։ Նա ման էր գալիս բեռնատարի շուրջը և ինչ֊որ անիմաստ փնթփնթում․․․ Նա խելագարի էր նման։
Պառկածը բացեց աչքերը և տնքաց։ Այդ զարհուրելի տնքոցը զգաստացրեց գույնզգույն մեքսիկացուն, և նա դիմեց մեզ, խնդրելով տանել վիրավորին նրա տունը, որ Վիլլարդե գյուղում էր։ Մենք առաջարկեցինք տանել մոտակա հյուրանոցը, բայց մեքսիկացին պնդեց, որ տանենք գյուղ։ Դրա համար պետք էր շեղվել ճանապարհից և երեսուն մղոն գնալ մի կողմի վրա։ Բոլորս միասին դժվարությամբ մեքենա նստեցրինք վիրավորին։
Այդ պահին մեքենայով հետևից մոտեցավ մի ինչ֊որ ամերիկացի։ Նա հարցրեց՝ արդյոք օգնության կարիք չե՞նք զգում։ Մենք շնորհակալություն հայտնեցինք և ասացինք, որ հիմա կտանենք վիրավորին։ Գույնզգույն մեքսիկացին մնաց իր խեղված բեռնատարի մոտ։
Դժվարին ճանապարհ էր, և երեք ժամ տևեց, մինչև որ հասանք Վիլլարդե։ Անմիջապես ամբողջ գյուղն ընդառաջ վազեց մեր մեքենային։ Աստված գիտի ինչով էին զբաղվում տեղի բնակիչները։ Չնայած լի օրվան, նրանք բոլորն էլ կաշվե և կապկի մորթուց կարած նոր կուրտկաներով էին։ Վիրավոր մեքսիկացուն հանձնեցինք իր ազգականներին։ Մի րոպեով նա սթափվեց և պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նրան տուն տարան։ Այդ պահին հետևից դարուփոսերի մեջ ընկնելով մոտեցավ այն մեքենան, որի մեջ նստած ամերիկացին իր ծառայությունն էր առաջարկում։ Պարզվեց, որ նա շարունակ գալիս է եղել մեր հետևից։
― Գիտե՞ք ինչ, ― ասաց նա, ― դուք շատ անզգույշ եք։ Չէ՞ որ մեքսիկացին կարող էր մեռնել ձեր մեքենայի մեջ։ Չէ՞ որ չգիտեք, թե որքան ծանր էր տուժել նա։ Գուցե նա արդեն մեռնելու վրա՞ էր։ Պատկերացնու՞մ եք, թե ձեզ ինչ կարող էր պատահել։ Դուք գալիս եք մեքսիկական մի գյուղ, որտեղ ձեզ ոչ ոք չի ճանաչում, և բերում եք նրա բնակիչներից մեկի դիակը։ Մեքսիկացիներն առաջին հերթին կմտածեին, որ դուք եք ջնջխել նրան։ Ի՞նչ կերպ կապացուցեիք, որ նա ջարդվել է իր մեքենայով։ Մեքսիկացիները շատ տաքարյուն մարդիկ են, և ձեր վիճակը բավական վատ կլիներ։ Եվ ահա ես մտածեցի, լավ չէ՞ արդյոք գնամ նրանց հետևից և հարկ եղած դեպքում դառնամ ձեր վկան։
Այդ արարքը լավ պատկերացում է տալիս ամերիկացիների բնավորության մասին։
Երբ մենք բաժանվեցինք ամեն մեկս իր կողմի վրա, ամերիկացին տվեց մեզ իր այցետոմսը։ Հանկարծ ու այս գործով անհրաժեշտ լինեն իր ցուցմունքները։ Այդ դեպքում հասցեն պետք կգա։ Այցետոմսից իմացանք, որ մեր վկան «գրեմեն֊սքուլի» ― տարրական դպրոցի դիրեկտորն է։ Այդ ծառայությունը ցույց տալու համար նա ահագին շեղվել էր իր ճանապարհից։
Ամերիկյան ժողովրդի բնավորության մեջ շատ հրաշալի և գրավիչ գծեր կան։
Նրանք հիանալի աշխատողներ են, ոսկե ձեռքեր։ Մեր ինժեներներն ասում են, որ ամերիկացիների հետ աշխատելիս իրենք իսկական բավականություն են ստանում։ Ամերիկացիները ճշտապահ են, բայց հեռու են բծախնդրությունից։ Սիրում են կարգ ու կանոն։ Գիտեն պահել իրենց խոսքը և հավատում են ուրիշի խոսքին։ Նրանք միշտ պատրաստ են օգնության գալու։ Լավ ընկերներ են և մեղմաբարո մարդիկ։
Բայց ահա մի հիանալի գիծ՝ հետաքրքրասիրությունը գրեթե բացակայում է ամերիկացիների մոտ։ Այդ հատկապես վերաբերում է երիտասարդությանը։ Մենք ավտոմոբիլով տասնվեց հազար կիլոմետր արեցինք ամերիկյան ճամփաներով և տեսանք բազում մարդկանց։ Գրեթե ամեն օր մենք ավտոմոբիլի մեջ ենք վերցնում հիչ֊հայկերների։ Նրանք բոլորն էլ շատ զրուցասեր մարդիկ էին, և նրանցից ոչ մեկը հետաքրքրասեր չէր և չէր հարցնում, թե ովքեր ենք մենք։
Ճանապարհին մեզ հանդիպեց փայտե մի կամար։
«Բարի գալուստ Նյու֊Մեքսիկո»
Հենց այդտեղ էլ, կամարի մոտ մեզանից քսանչորսական ցենտ կլպեցին մի գալոն բենզինի համար։ Նյու֊Մեքսիկոյում բենզինն ավելի թանկ արժե, քան Տեխասում։ Հյուրընկալ ողջյունը փոքր֊ինչ թունավորված էր առևտրական նեխահոտով։ Տարբեր նահանգնոերում բենզինը տարբեր գին ունի՝ գալոնի համար տասնչորսից մինչև երեսուն ցենտ։ Ամենից թանկ արժե, իհարկե, անապատներում, ուր ստիպված են հեռվից բերել։ Եվ հաճախ նահանգների սահմաններում կարելի է տեսնել այսպիսի պլակատ․
«Բենզինի պաշար վերցրեք այստեղ։ Արիզոնի նահանգում չորս ցենտով թանկ արժե»։
Դե, իհարկե, չես դիմանա։ Պաշար կվերցնես։
Ճանապարհամերձ կավը կարմիր գույնի էր, անապատը՝ դեղին, երկինքը՝ կապուտակ։ Երբեմն հանդիպում էին ցածրահասակ մայրիներ։ Երկու հարյուր մղոն մենք անցանք բավական տրորված խճուղիով։ Բայց կողքին արդեն կառուցվում է Լոս֊Անժելոս ― Նյու֊Յորք հոյակապ խճուղին։
Մենք կանգ առանք հին ջրհորի մոտ, որի վերևում հսկա մի ծանուցում էր կախված․
«Ձեր պապը այստեղ ջուր է խմել, երբ Կալիֆոռնիա էր գնում ոսկու հետևից»։
Մեկ ուրիշ ծանուցման մեջ այդ ջրհորը հորջորջվում էր՝ առաջինը Ամերիկայում։ Պատմական ջրհորի կողքին, կրպակում նստել էր տերը և գունավոր բացիկներ էր վաճառում հենց նույն ջրհորի տեսարանով։ Գետնի մեջ խրած սյունի մոտ երկու շղթայակապ ջահել արջեր էին ման գալիս։ Տերը ասաց, որ շատ կատաղի են։ Բայց արջերը, ինչպես երևում է, անգլերեն չգիտեին, որովհետև ամենաթունդ ստորաքարշությամբ կանգնում էին ետին թաթերի վրա և անցորդներից հյուրասիրություն խնդրում։ Կրպակի հետևում երևում էր հինավուրց մի բերդ՝ մայնռիդյան փայտե ցցապատով։ Ընդհանրապես գանգամաշկ քերթելու և մանկական նման ուրախությունների հոտ էր գալիս։ Պակասում էր միայն ցցապատի մեջ խրված և թափից դեռ դողդողացող հնդկական նետը։
Մեզ հետ միասին ջրհորի մոտ կանգ էր առել մի հին, մաշված մեքենա։ Նրա մեջ, բարձերի ու բամբակե վերմակների արանքում նստել էր մի շատ սովորական մայրիկ՝ ծնկներին ճեփ֊ճերմակ մազերով, լալկան մի մանչուկ։ Ոտնատեղի վրա, հատուկ ցանկապատի մեջ, հաստ ու սիրուն պոչը ցցած կանգնել էր մի հեզ բակապան շուն։ Կնոջ ամուսինը իջել էր մեքենայից և պատմական ջրհորի տիրոջ հետ զրուցելով, ոտքերն էր մարզում։
Մայրիկը, տղայի քիթը սրբելով, արագ֊արագ պատմեց մեզ իր ընտանեկան գործերի մասին։ Ընտանիքը Կանզաս֊սիթիից գնում է Կալիֆոռնիա։ Ամուսինն այնտեղ աշխատանք է ստացել։ Ամբողջ ունեցած֊չունեցածն այստեղ՝ ավտոմոբիլի մեջ է։
Շունն անհանգիստ պտույտներ էր գործում իր ցանկապատում։ Կողքին, ոտնատեղի վրա ամրացված էր բենզինով լի լրացուցիչ բակ, և նրա հոտը խեղդում էր շանը։ Նա աղերսալի նայում էր տիրուհուն։ Ըստ երևույթին նա շատ էր ուզում շուտ հասնել Կալիֆոռնիա։
Երեկոյան մենք մտանք Սանտա֊Ֆե, Ամերիկայի Միացյալ Նահանգների հնագույն քաղաքներից մեկը։
Գլուխ քսաներկուերորդ — Սանտա֊ֆե
Ճիշտն ասած, մինչև օրս հայտնի չէ, թե մենք ինչով էինք ղեկավարվում՝ մեզ համար նոր այդ քաղաքում հյուրանոց ընտրելիս։ Սովորաբար մենք առանց շտապելու անցնում էինք փողոցներով, լռելյայն բաց թողնում մի քանի հյուրանոց, ասես ինչ֊որ վատ բան գիտեինք նրանց մասին, և նույն լռությամբ, առանց նախնական համաձայնության, կանգ էինք առնում հետևյալ հյուրանոցի մոտ, ասես ինչ֊որ լավ բան գիտեինք նրա մասին։ Հայտնի չէ, թե ինչն էր մեծ դեր խաղում՝ գրողի մեր հոտառությու՞նը, թե հին ճանապարհորդ միստեր Ադամսի փորձառությունը, բայց հյուրանոցը միշտ էլ գոհացնում էր մեր պահանջները։ Մեր կողմից մերժված հյուրանոցները, հավանաբար, նույնպես վատ չէին դուրս գա։ Չորս դոլարանոց համար երկու հոգու համար, լավ առաձիք մահճակալներ՝ մի քանի վերմակներով և դոլարի պես տաքուկ բարձերով, սպիտակ մոզաիկ հատակով լողասենյակ և շարունակ թշշացող կենտրոնական ջեռուցում։
Բայց մեզ ստույգ հայտնի էր, որ համեստ ճանապարհորդները բնակություն չպետք է հաստատեն «Մեյֆլաուեր» անունը կրող հյուրանոցներում։ «Մեյֆլաուեր» էր կոչվում այն նավը, որով Անգլիայից Ամերիկա են եկել առաջին վերաբնակիչները, և այդ անունը սովորաբար տալիս են քաղաքի ամենաթանկ հյուրանոցին։
Սանտա֊Ֆեում մենք իջևանեցինք «Մոնտեզումա» հյուրանոցում։
Երբ մտանք «Մոնտեզումա»֊ի հոլլը, թերթերը ձեռքներին, ճոճաթոռի մեջ փռված մի քանի ամերիկացիներ ագահորեն մեզ նայեցին։ Նրանց աչքերում անջնջելի ցանկություն էր վառվում որևէ մեկի հետ շատախոսելու, դատարկաբանելու։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց միշտ զբաղված, գերգործարար Ամերիկայում այդպիսի մարդիկ կան։ Դրանք մեծ մասամբ տարիքավոր միստերներ են՝ դոկտորային վայելուչ գույնի, վայելուչ կոստյումներով։ Բավականաչափ դոլարնե՞ր են վաստակել արդյոք, թե՞ կորցրել են այն վաստակելու հույսը, համենայն դեպս նրանք շատ ժամանակ ունեն և հյուրանոցային ճոճաթոռների մեջ օրորվելով, ագահորեն հետամտում են զոհի։ Աստված ոչ անի անզգույշ հարցով դիմես այդպիսի մի միստերի։ Նա զրուցակցին մի քանի ժամ շարունակ բաց չի թողնի ձեռքից։ Ամերիկյան լավատեսի ճղճղան ձայնով կպատմի այն ամենը՝ ինչ գիտի։ Եվ յուրաքանչյուր նախադասության մեջ կլինի՝ «շուռ», որ նշանակում է «իհարկե» կամ «շուռլի», որը նույնպես նշանակում է «իհարկե»։ Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ անպայման կլինի «նայս» բառը ― «հիանալի է»։
Մենք արագ ու աննկատելի անցանք ճոճաթոռների մեջ նստած մարդկանց կողքով, լվացվեցինք և դուրս եկանք փողոց, ընթրելու մի տեղ գտնելու համար։
Այդ տեսակի գործողությունների մեջ մեզանում շատ ավելի սիստեմատիկություն էր նկատվում, քան հյուրանոց որոնելիս։ Նահանգներում ապրելու մեկուկես ամսվա ընթացքում մեզ այնքան էր ձանձրացրել ամերիկյան խոհանոցը, որ պատրաստ էինք ստամոքսներս ընդունել ամեն մի կերակուր՝ իտալական, չինական, հրեական, միայն ոչ «բրեկֆեստ նամբր թու» կամ «դիներ նամբր ուան», միայն թե ոչ այդ համարակալված, ստանդարտացված և կենտրոնացված սնունդը։ Եթե կարելի է ուտելու բնագավառում ընդհանրապես խոսել վատ ճաշակի մասին, ապա ամերիկյան խոհանոցն անպայման հանդիսանում է վատ, անհեթեթ և էքսցենտրիկ ճաշակի արտահայտություն, որը կյանքի է կոչել այնպիսի վիժվածքներ, ինչպիսիք են քաղցրաղի վարունգը, ֆաներայի պնդուցյան տապակած խոզապուխտը կամ սպիտակությամբ կուրացնող և բոլորովին անհամ (ո՛չ, բամբակի համ ունեցող) հացը։
Ուստի և քնքշությամբ նայեցինք «Օրիջինել Մեքսիկալ ռեստորան» ― «Իսկական մեքսիկական ռեստորան» լուսացայտ ցուցանակին։ Ցուցանակը երանություն էր խոստանում, և մենք արագ ներս մտանք։
Ռեստորանի պատերին կախված էին մեքսիկական կոպիտ ու գեղեցիկ գորգեր, մատուցողները հագել էին մետաքսյա նարնջագույն վերնաշապիկներ և հարբեցողի լյարդի գույնի դիվային փողկապներ։ Այդ, ինչպես ասում են, գույների խաղից հմայված, մենք անհոգ ճռվողում էինք, մեզ համար ճաշեր ընտրելով։ Պատվիրեցինք սուպ, որի անունը հիմա արդեն մոռացել եմ և «էնչալադա» կոչվող մի ինչ֊որ բան։
Սուպի անունը մոռացվեց, որովհետև նրա հենց առաջին գդալը գլխից դուրս քշեց ամեն ինչ, բացի կրակմարիչը ճանկելու և բերանի խարույկը հանգցնելու ցանկությունից։ Ինչ վերաբերվում է «էնչալադային», պարզվեց, որ դրանք երկարավուն ախորժելի բլիթներ են՝ լցված կարմիր տաքդեղով, բարակ կտրտած թնդանոթային վառոդով և նիտրոգլիցերինով։ Բացարձակապես անհնար է նստել այդ ճաշն ուտելու, առանց գլխին հրշեջի սաղավարտ ունենալու։ Մենք դուրս վազեցինք «Օրիջինել Մեքսիկալ ռեստորանից» սոված, չարացած, ծարավից մեռնելով։ Հինգ րոպե անց, մենք արդեն նստել էինք դեղատնում, ամենաիսկական «դրագստորում» և ուտում էինք (օ՜, նվաստացում) կենտրոնացված, ստանդարտացված և համարակալված ուտելիքը (որն ընդամենը կես ժամ առաջ նզովում էինք), նախապես խմելով տասական շիշ «ջին֊ջեր֊էյլ»։
Այդ զարհուրելի արկածներից հետո ոտքներս հազիվ քարշ տալով, գնացինք զբոսնելու Սանտա֊Ֆեով։ Ամերիկյան աղյուսը և փայտը անհետացել էին։ Այստեղ կանգնած էին ծանր որմահեցերով, իսպանական կավաշեն տներ՝ կտուրների տակից ցցված էին առաստաղի գերանների քառակուսի կամ կլոր ծայրերը։ Փողոցներում բարձր կրունկները թխկթխկացնելով ման էին գալիս կովբոյները։ Կինոյի շքամուտքին մոտեցավ մի ավտոմոբիլ, նրանից դուրս եկավ մի հնդկացի՝ կնոջ հետ։ Հնդկացու ճակատին լայն, ալ֊կարմիր կտոր կար։ Հնդկուհու ոտքերին երևում էին հաստավուն սպիտակ փաթաթաններ։ Հնդկացիները կողպեցին մեքենան և գնացին կինոնկար դիտելու։ Կոշիկ մաքրելու խանութի բարձր հարթակի վրա նստել էին չորս ամերիկացի տղա՝ լիզված սանրվածքով։ Նրանք տասներեք֊տասնչորս տարեկոն էին և չափից դուրս անկախ տեսք ունեին։
Միստեր Ադամսը երկար նայեց տղաներին և վերջապես նրանց «պարոնայք» կոչելով, հարցրեց, թե ինչ են մտադիր անելու այսօր երեկոյան։
― Մենք կոշիկ ենք մաքրում, ― ասաց տղաներից մեկը, ― որովհետև գնալու ենք պարելու։
Երիտասարդ պարոններից ուրիշ ոչինչ չհաջողվեց դուրս քաշել և մենք գնացինք մեր հյուրանոցը, որտեղ թշշացող ջեռուցումը տաքացրել էր մեր սենյակների օդը մինչև քսանհինգ աստիճան։
Ջերմության բնագավառում ամերիկացիները հակված են ծայրահեղությունների։ Աշխատում են չափազանց տաք շենքերում և խմում չափազանց սառը խմիչքներ։ Այն, ինչ տաք ձևով չի մատուցվում, մատուցվում է սառցավիճակում։ Միջինը չկա։
Համարի տաքությունը և դեռ ոչ լրիվ մարած էնչալադայի բոցը հանգեցրին այն բանին, որ առավոտյան վեր կացանք չորացած, լավ կոփված, հետագա արկածներին պատրաստ։
Սանտա֊Ֆեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ՝ Նյու֊Մեքսիկո նահանգի մայրաքաղաքն է։ Ամենաերիտասարդ նահանգի մայրաքաղաքը ամերիկյան ամենահին քաղաքնեերից մեկն է։ Սակայն, բացի մի քանի իսկապես հինավուրց շենքերից, քաղաքի մնացած բոլոր տները մաքուր են, նոր կառուցված՝ իսպանական հին միսիաների ոճով։ Ամբողջ քաղաքը մի տեսակ արհեստական է, ասես շինված է ամերիկյան տուրիստների համար։
Նահանգապետի հին պալատի երկարավուն շենքում այժմ տեղավորված է Նյու֊Մեքսիկոյի թանգարանը, որի նմուշները բավական լավ պատկերացում են տալիս հնդկական, իսպանական և մեքսիկական նյութական մշակույթի մասին։ Ամերիկացիները հնություններ քիչ ունեն, նրանք տարված են դրանցով, խնամքով պահպանում են և հնություններով հետաքրքրվող տուրիստների վրա չեն նայում որպես եկամտաբեր աղբյուրի։ Օ՜, ձեզ անվերջ ցույց կտան, կբացատրեն, կապահովեն տպագիր, հիանալի հրատարակած նյութերով։ Այդ ամենն անվճար։ Թանգարանի մուտքի համար էլ փող չեն վերցնում։
Քաղաքից դուրս խստաշունչ կարմիր բլուրների միջև կանգնած է Ռոկֆելյերյան մարդաբանության ինստիտուտի հիանալի շենքը։ Ինստիտուտը պահվում է Ռոկֆելլերի որդիներից մեկի միջոցներով։ Բայց ի՞նչ կլիներ, եթե Ռոկֆելլերի որդին մարդաբանությամբ չտարվեր։ Այդ հարցին, թերևս չէր պատասխանի և ինքը՝ ինստիտուտի փոխ֊դիրեկտոր միստեր Չեմպենը, որը մեզ ծանոթացրեց ինստիտուտի աշխատանքների հետ։
Ցույց տալով հիանալի կազմակերպված պահեստարանները, որտեղ մետաղե բարակ դարակների վրա խնամքով շարված էին հնդկական նախշազարդ ամանեղենի հարուստ հավաքածուները, մառանները, ուր դրված էին հնդկական գորգեր և գործվածքներ, որոնց պահպանելու համար հատուկ ջերմություն է պահանջվում, լաբորատորիաներ, ուր երիտասարդ գիտնականները մտաղբաղ նստած են արտաքուստ սովորական քարերի առջև․ ցույց տալով այդ ամենը, միստեր Չեմպենը, հոյակապ, եռանդուն և վտիտ, ամերիկյան դեմքով ասաց․
― Հնդիկներին վիճակված է վերանալ։ Մենք հիանալի ուսումնասիրում ենք նրանց, բայց քիչ բան ենք անում, որպեսզի նրանք պահպանվեն որպես ազգություն։
Մենք մայր տաճար ընկանք ցերեկվա ժամը մեկի մոտերքը, բայց քահանան այնքան սիրալիր էր, որ մի քիչ հետաձգեց իր ճաշը։ Նա բացեց տաճարը, արագ և ճարպկորեն ծնրադրեց և ոտքի ելնելով, առաջնորդեց տեսնելու իսպանական հրաշալի քանդակներով պատը։ Մենք կանգնել էինք փոշոտ, փոքրիկ մառանում, որտեղ խառնիճաղանջ վիճակում, ինչպես պատահի, դարակների վրա, հատակին, պահեստներում, դրված էին հիսուսների, աստվածածինների և սրբերի փայտե քանդակապատկերներ։ Դրանք շինված էին պրիմիտիվ եղանակով և անօրինակ։ Այդ գունազարդ և ոեսկեզօծ փոքրիկ արձաններն ապշեցնում էին իրենց կաթոլիկական հոյակապությամբ։
Իմանալով, որ եկել ենք Սովետական Միությունից, քահանան ավելի սիրալիր դարձավ։
― Ես էլ եմ կոմունիստ, ― ասաց նա, ― բայց, հարկավ, ոչ այնպիսին, ինչպիսին դուք եք։ Քրիստոսն ավելի քան մարդ էր։ Ուստի նա այնպես չի վարվում, ինչպես վարվում են մարդիկ։ Եվ մենք չենք կարող այդ մասին դատել։
Հազար հինգ հարյուր քառասունմեկ թվականին կառուցած սուրբ Միգուլեի հինավուրց եկեղեցու ավագ քահանան դուրս եկավ ֆրանսիացի՝ ֆրանցիսկյան կրոնավորներից։ Նրա մոտ գործերն առևտրական հիմքերի վրա էին դրված․ առաջին հերթին նա մեզանից վերցրեց յոթանասունհինգական ցենտ՝ դիտելու համար։ Եկեղեցու բուն շենքը շատ հին է, բայց բոլոր քանդակները նոր են, գերմանական գործարանային արտադրանք․ սակայն նրանք դուր են գալիս անհագ ավագ քահանային , և նա փութեռանդորեն հրավիրում էր մեզ հիանալ դրանցով, որից կարելի էր եզրակացնել, որ հարգարժան ֆրանցիսկացին արվեստից ոչինչ չէր հասկանում։
Նա ևս հարցրեց, որտեղից ենք եկել, բայց չխոսեց իր համոզմունքների մասին։ Ասաց միայն, որ իրենց Ֆրանցիսկյան միաբանությունն այժմ Ռուսաստանում ոչ մի աշխատանք չի տանում, և առաջարկեց գնել սուրբ Միգուելի եկեղեցու տեսարաններով գունավոր բացիկներ։
Վերադառնալով հյուրանոց, մենք սկսեցինք ջոկել մեր հավաքած հանձնարարական նամակների փաթեթները, և ազատվել նրանցից, որոնք չէինք օգտագործել և արդեն չէինք օգտագործելու։ Նյու֊Յորքի ծանոթ գրողից ստացած մի կապոց նամակներից մեկը, որ հասցեագրված էր ամերիկյան հայտնի պոետ Ուիտեր Բիներին, այսօր մեզ պետք էր․ տասներկու նամակ հասցեագրված էին այն վայրերի վրա, որ մենք դեռ նոր էինք գնալու, իսկ երեքը արդեն պետք չէին մեզ։
Քանի որ հանձնարարական նամակները չեն կնքվում, ուստի նախքան ոչնչացնելը, մի թեթև աչքի անցկացրինք դրանք։ Շատ սրտագին նամակներ էին, ուր մենք ներկայացվում էինք միայն բարեմասնություններով, բայց չգիտես ինչու, բոլոր երեք նամակներում էլ մեզ ներկայացնում էին որպես Մարկ Տվենի մոլի երկրպագուներ։ Երկար ժամանակ չէինք կարողանում գլխի ընկնել, թե ինչն էր ստիպել բարի գրողին ընդգծելու մեր կենսագրության այդ մանրամասնությունը։ Վերջապես մենք հիշեցինք, որ մի անգամ պատմել ենք նրան, թե ինչպես եղել ենք Կոնեկտիկուտ նահանգի Հարտվորդ քաղաքում, ուր Մարկ Տվենն ապրելիս է եղել արդեն նշանավոր դարձաց և ունևոր տարիներին։ Մենք նկարագրել էինք նրան Տվենի հրաշալի, անդորր առանձնատունը, որը գտնվում էր «Թոմաս քեռու տնակի» հեղինակ Բիչեր֊Ստոուի տան կողքին, պատմել էինք, որ այդ տան մեջ այժմ գրադարան է տեղավորված և այդ գրադարանի պատերին մենք տեսանք «Արքայազունն ու աղքատը» գրքի մանկուց ծանոթ նկարների իսկական օրինակները։
Մենք, աստված գիտե, թե ինչ հիանալի էինք խոսում անգլերեն և գուցե հենց այդ պատճառով խոսակցությունն ուղեկցվում էր ձեռքի եռանդուն շարժումներով, որը նյույորքցի գրողի մոտ կարող էր ստեղծել այն տպավորությունը, թե մենք Մարկ Տվենի մոլեռանդ երկրպագուներն ենք։
Հանձնարարական նամակը հետներս վերցնելով, գնացինք Ուիտեր Բիների մոտ։ Սանտա֊Ֆեի փողոցներում երբեմն կարելի էր տեսնել պուեբլո ցեղի հնդկացիների, որոնք եկել են իրենց գյուղից գորգ կամ գավաթ ծախելու։ Հնդկացիները գալիս են թանգարան, որտեղ գնում են նրանց ամանները և անասելի ճշտությամբ ռազմական պարեր պատկերող նուրբ ջրաներկ նկարները։ Կոստյումները, զարդերը և զենքերը վերարտադրված են գիտական բարեխղճությամբ, և այդ ջրաներկերը կարող են իբրև ուսումնական պիտույք ծառայել հնդկացիների մշակույթն ուսումնասիրելիս։
Միստեր Ուիտեր Բիները ապրում է մի տան մեջ, որը հիմքից մինչև առաստաղը լեփ֊լեցուն է հնդկական գորգերով, ամանեղենով և արծաթյա զարդերով։ Դա մի իսկական թանգարան է։
Երբ ամերիկյան բանաստեղծը կարդաց հանձնարարական նամակը, նրա դեմքը պայծառացավ ուրախ ժպիտով։
― Բարեկամս գրում է, ― ասաց նա, ― որ դուք Մարկ Տվենի խենթ երկրպագուներն եք։
Մենք իրար երես նայեցինք։
― Այդ հիանալի է, ― շարունակեց բանաստեղծը։ ― Ես անձամբ մտերիմ էի Տվենի հետ և հիմա կարող եմ ձեզ մեծ հաճույք պատճառել։ Տվենը մի ժամանակ նվիրել է ինձ իր լուսանկարը՝ չափածո ձոնով։ Մարկ տվենի ոտանավորները շատ հազվագյուտ բան են, և ձեզ՝ նրա մոլի երկրպագուների համար, հետաքրքիր կլինի կարդալ նրա բանաստեղծությունները։
Եվ նա քարշ տվեց մեզ սանդուխքի աստիճաններով, որի բալոր պատերից կախված էին ամերիկյան և ոչ ամերիկյան գրողների լուսանկարներ։ Մենք բարեղճորեն դիտեցինք Տվենի դիմանկարը և լսեցինք բանաստեղծական ձոնը։
Մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք միստեր Բիների մոտ և նրանից ստույգ իմացանք, թե վաղը հատկապես ուր պետք է գնալ, հնդկացիներին տեսնելու համար։
Միստեր Բիները ասաց, որ երեք՝ հնդկական, իսպանական և մեքսիկական հին քաղաքակրթությունների կենտրոնում տեղավորված Սանտա֊Ֆեում ապրում են շատ գրողներ, նկարիչներ, բանաստեղծներ։ Նրանք այստեղ են փախչում ժամանակակից Ամերիկայից։ Բայց Ամերիկան ընկնում է նրանց հետևից։ Բանաստեղծների և նկարիչների հետքերով Սանտա֊Ֆե նետվեցին միլիոնատերերը։ Նրանք իրենց համար կառուցեցին շքեղ ամառանոցներ և նույնպես շնչում են հին քաղաքակրթության բուրմունքը, նախապես հագենալով միանգամայն ժամանակակից դոլարներով։
Այստեղ է ապրում նաև հայտնի արդյունաբերող Մակ֊Կորմիկը, որը շատ ձեռնարկություններ ուներ հին Ռուսաստանում։ Վերջերս նա որպես տուրիստ մեկնել էր Սովետական Միություն, մնացել տասնմեկ օր և վերադառնալուց հետո Սանտա֊Ֆեում դասախոսություններ էր կարդում իր ուղևորության մասին, որոնց մեջ ավելի շատ տեղեկուցյուններ էր տրվում «Ինտուրիստի» մասին, որովհետև այդ կարճ ժամանակամիջոցում ուրիշ ոչ մի բանի հետ չէր կարողացել ծանոթանալ։
Այստեղ արդեն այնքան միլիոնատերեր են հավաքվել, ասաց Ուիտեր Բիները, որ ժամանակն է որևէ ուրիշ տեղ գնալու։ Ասենք, նրանք այնտեղ էլ կգան։ Նրանցից փրկություն չկա։
Գլուխ քսաներեքերորդ — Հանդիպում հնդկացիների հետ։
Միստեր Ուիտեր Բիները մեզ խորհուրդ տվեց գնալ Տաոս քաղաքը, որից երկու մղոն հեռավորության վրա գտնվում է պուեբլո ցեղի հնդկացիների մեծ գյուղը։
Մենք թողեցինք Սանտա֊Ֆեն և «Մոնտեզումա» հյուրանոցն իր թշշացող ջեռուցումով։ Առավոտյան կողմ այն զրոյից բարձր երեսուն աստիճան էր թշշացրել, և մենք ագահորեն թարմ օդ էինք շնչում՝ լեռնային ճանապարհով սլանալիս։
Մենք գնում էինք այստեղ դեռևս փոքր, կանաչ գետակի՝ Ռիո֊գրանդեի երկայնքով, և մի քանի տասնյակ մղոն անցնելուց հետո հայտնվեցինք հնդկական Սան֊Իլդեֆոնսո գյուղում։ Իսպանական այդ ճոխ անվան հետևում ոչ կաթոլիկական մայր եկեղեցի կար, ոչ հոգևոր հոգևորականներ, ոչ կաստիլյան զտարյուն երիտասարդներ։ Փոքրիկ հրապարակը շրջապատված էր կավածեփ տներով։ Նրանցից ամեն մեկի մոտ գետնի վրա երևում էր գմբեթաձև կառուցվածք։ Դրանք վառարաններ էին, օջախներ։ Հրապարակի մեջտեղում կանգնած էր մի հսկա կնիկ։ Ձաղ կրծքին իջած երկու մեծ ծամերը հյուսված էին բրդյա կարմիր ու կանաչ թելերով։ Մսեղ ականջների վրա երևում էին ականջօղերի անցքերը։
Երբ նրան հարցրինք հնդկացի Ագապիտո Պինայի մասին, որի հետ ծանոթանալու խորհուրդ էր տվել միստեր Բիները, պարզվեց, որ այդ կնիկը հենց Ագապիտո Պինան է որ կա և որ նա ամենևին կնիկ չէ, այլ չաղ հնդկացի՝ կնկա կերպարանքով։
Ագապիտո Պինան ուրախ և կատակասեր մարդ դուրս եկավ։ Նա հրավիրեց մեզ իր տնակը, որը մաքուր ծեփված էր սպիտակ կավով և նմանում էր ուկրաինական խրճիթի։
Ձմեռային մռայլ օր էր։ Հանկարծակի ձյուն տեղաց ու շուտով ամեն ինչ ճերմակեց, և գմբեթաձև զարմանալի վառարանները, և մի քանի մերկ ծառերը, որոնք նմանվում էին քարացած ծխի, և գյուղական խղճուկ հրապարակը։ Ագապիտյան տնակի փոքրիկ օջախում բոցկլտում էր ցից դրած մի կտոր վառելափայտ։ Չորացած պառավ մի հնդկուհի, պպզած նստել էր կրակի առջև։ Դա Ագապիտո Պինայի մայրն էր։ Ութսուներեք տարեկան էր, բայց կիսով չափ էր սպիտակած։ Ինքը՝ Ագապիտոն վաթսուն տարեկան էր, նրա գլխին ոչ մի սպիտակ մազ չկար։ Պառավը վերցրեց մեր առաջարկած սիգարեթը և հաճույքով ծխեց։ Ագապիտոն նույնպես վերցրեց սիգարեթը, բայց թաքցրեց գրպանում, ըստ երևույթին իր սիրելի մոր համար։
Անակնկալ կերպով Ագապիտոն սկսեց հնդկական մի երգ երգել, ոտքերը տակտով դոփդոփելով։ Սենյակը փոքրիկ էր, և Ագապիտոն պարում էր բոլորովին մեր կողքին։ Նա նայում էր մեր աչքերին և մի երգը վերջացնելով, անմիջապես մյուսն էր սկսում։ Կավե ելուստի վրա դրված էին ռազմական պարեր կատարող հնդկացիների լուսանկարներ։ Շորթելու հոտ էր գալիս, ինչպես Նեապոլում կամ Պոմպեյում։
Սակայն երգն ու պարը վերջացնելուց հետո, Ագապիտո Պինան չսկսեց փող մուրալ, բնավ փորձ չարեց լուսանկարներ փաթաթել մեր վզին։ Պարզվեց, որ պարզապես ցանկանում էր հաճույք պատճառել իր հյուրերին։ Մենք ուրախությամբ համոզվեցինք, որ սա, այնուամենայնիվ, Նեապոլ չէ, այլ հնդկական բնակատեղի, և որ մեր կարմրամորթ եղբայրները տուրիստներին չեն վերաբերվում առևտրական այն կրքոտությամբ, որպիսին այդ գործի մեջ դնում են դալկադեմ մարդիկ։
Սենյակի մաքուր պատերից կախված էին եգիպտացորենի գույնզգույն կողրերի կապուկներ։ Անկյունում դրված էին մեր տանտիրոջ գեղեցիկ ասեղնագործ տոնական մաշիկները։
Գյուղում զբաղվում էին հողագործությամբ։ Յուրաքանչյուր ոք ստանում է մի ակր հող։ Հարուստներ չկան, չկան և աղքատներ։ Ավելի ճիշտ՝ բոլորն էլ աղքատ են։ Եվրոպայի և օվկիանոսների գոյության մասին Ագապիտոն չգիտե։ Ճիշտ է, մի ծանոթ հնդկացի վերջերս պատմել էր նրան, որ աշխարհում գոյություն ունի Նյու֊Յորք քաղաքը։
Ագապիտոն դուրս եկավ հրապարակ մեզ ուղեկցելու, և ձյան հաստ փաթիլներն ընկնում էին նրա սև, ուղիղ մազերի վրա։
Ճանապարհն անցնում էր տափակ, կտրված գագաթներ ունեցող կարմիր պեմզայի լեռների միջով։ Նրանց գույնը զարմանալի կերպով նման էր Ագապիտո Պինայի մաշկի գույնին, մեղմ֊կարմիր, հին, մթագնած կարմիր գույն։ Հնդկական մաշկի կարմրությունը բոլորովին առանձնահատուկ կարմրություն է։ Դա իրենց ծակոտեն ժայռերի գույնն է, աշնանային բնության գույնը։ Նրանց բնությունն էլ կարմրամորթ է։
Խոնավ օր էր, լալագին, միաժամանակ աշնանային և ձմեռային։ Սկզբում ձյուն էր գալիս, հետո անձրև մաղեց, օրվա վերջում մառախաուղ պատեց։ Ֆառերը լուսավորում էին աղոտ, ավտոմոբիլներ գրեթե չէին հանդիպում։ Մենք մենակ էինք հնդկական ահեղ բնության մեջ։ Խոր ներքևում անընդմեջ և ցածրաձայն աղմկում էր Ռիո֊գրանդեն։
Տաոս հասնելով, մենք կանգ առանք կեպտեն Օ"Խեյի գորշ և երկնագույն կեմպում։ Հաղթանդամ կեպտենը վերցրեց բանալիները և մեզ տարավ խցիկները ցույց տալու։
Նա իսկապես որ կապիտան էր, ծառայում էր ամերիկյան բանակում։ Թողել էր զինվորական ծառայությունը․ ձանձրացել է։ Այստեղ, Տաոսը դուր է գալիս նրան։ Գործերը լավ են գնում, տարվա ութ ամիսը կեմպը լիքն է լինում։ Կեպտենն ու իր կինը չեն տխրում։ Ամեմ օր կեմպում նոր մարդիկ են իջևանում, տեսնում ես աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդկանց, երեկոները կարելի է շաղակրատել, հետաքրքիր զրուցակից գտնել։
― Ավելի լավ է կեմպի տեր լինել, քան բանակի կապիտան, ասաց միստեր Օ"Խեյը, դուռը բացելով, ― իսկ մեծ ճանապարհի մոտ կյանքն ավելի հետաքրքիր է, քան մեծ քաղաքում։
Կեպտենն իր հիմնարկությունը օրինակելի էր պահում։ Մաքուր սենյակների պատերը նախշած էին հնդկական կարմրակապույտ զարդաքանդակներով, ցածրիկ, փափուկ անկողիններ էին դրված, հաստլիկ բուրժույ֊վառարանի մոտ դարսված էին խնամքով պատրաստված տաշեղները և դրված էր ածխով մի դույլ։ Դույլից դուրս էր ցցված բուխարիկի ունելին, որպեսզի անցորդը ածուխը ձեռքերով չվերցնի և չկեղտոտվի։ Պստլիկ խոհանոցում դրված էր գազի պլիտա, երկու օջախով։
Յուրաքանչյուր խցիկի կողքին կար փոքրիկ գարաժ՝ մեկ մեքենայի համար։ Ինչպես գրեթե միշտ, Ամերիկայում գարաժը չեն փակում։ Օ"Խեյի կեպտենի գարաժները նույնիսկ դրսի դուռ չունեին։ Տեսականորեն ընդունվում է, որ ձեր մեքենան կարող են գողանալ, բայց իրականում այդպիսի բան շատ հազվադեպ է պատահում։ Ո՞վ պիտի գիշերով հևիհև դուրս բերի փակ մոտորով մեքենան, համարը փոխի, ոստիկաններից թաքնվի։ Բարդ է և անշահավետ։ Դա կարգին գողի զբաղմունք չէ։ Հաշիվ չկա։ Ա՜յ, եթե փող դրված լիներ։
Միստեր Ադամսը բազմիցս ծավալվում էր այդ թեմայի շուրջ։
― Մեզ մոտ, փոքրիկ քաղաքներում, ― ասում էր նա, ― մարդիկ դուրս են գալիս տներից, դռները չփակելով։ Պարոնայք, ձեզ կարող է թվալ, թե ընկել եք գլխովին ազնիվ մարդկանց երկիր։ Մինչդեռ իրականում մենք նույնպիսի գողեր ենք, ինչպես ամենքը․ ինչպես ֆրանսիացիկ կամ հույներն ու իտալացիք։ Ամբողջ բանը նրանումն է, որ մենք սկսում ենք գողանալ ավելի բարձր մակարդակով։ Մենք շատ ավելի հարուստ ենք, քան Եվրոպան, և մեզանում հազիվ թե մեկը պիջակ, կոշիկ, կամ հաց գողանա։ Ես չեմ խոսում սոված մարդկամց մասին, պարոնա՛յք։ Սովածը կարող է վերցնել։ Այդ պատահում է։ Ես խոսում եմ գողերի մասին։ Նրանց ձեռնտու չէ զբաղվել մաշված պիջակներով։ Բարդ է։ Նույնը և ավտոմոբիլների նկատմամբ։ Բայց հարյուր դոլարանոց թղթադրամը մի դնեք որտեղ պատահի։ Ես պետք է վշտացնեմ ձեզ, պարոնա՛յք։ Թղթադրամը անմիջապես կգողանան։ Գրեցեք այդ ձեր ծոցատետրերում։ Սկսած հարյուր դոլարից, ոչ, նույնիսկ հիսուն դոլարից ամերիկացիները սիրում են գողանալ այնպես, ինչպես մնացած բովանդակ մարդկությունը։ Բայց այստեղ հասնում են այնպիսի գումարների, որպիսիք աղքատ Եվրոպան երազում անգամ չի տեսել։
Մենք նորից նստեցինք մեքենան և գնացինք հնդկացիների մոտ։ Վերահաս մթնշաղի մեջ մեր մկնագույն կառը գրեթե միաձուլվում էր մոխրագույն խղճուկ բնապատկերի հետ։ Երկու մղոն անց, մենք հայտնվեցինք պուեբլո հնդկացիների գյուղամուտքի մոտ։ Պուեբլո ցեղը հնդիկ ցեղերից միակն է, որ ապրում է հենց այն տեղում, ուր ապրելիս է եղել նախքան Ամերիկայում սպիտակ մարդկանց հայտնվելը։ Մնացած բոլոր ցեղերը քշված են իրենց տերիտորիաներից և մի քանի անգամ դարձյալ քշվել են՝ գնալով ավելի ու ավելի վատթար վայրեր։ Պուեբլոները պահպանել են իրենց հինավուրց հողը միայն այն պատճառով, որ այնտեղ չեն գտել մի այնպիսիս բան, որ հարուցեր սպիտակ մարդու հետաքրքրությունը․ այստեղ ոչ նավթ կա, ոչ ոսկի, ոչ ածուխ, ոչ էլ հարմար արոտավայրեր։
Փայտե տախտակի վրա արած մակագրությունը ծանուցում էր, որ գյուղը դիտելու համար թույլտվություն պետք է ստանալ ցեղի նահանգապետից։ Նահանգապետի փոքրիկ խրճիթը գտնվում է հենց այստեղ, մոտերքը։ Օդը թնդացնելով զվարթ «գուդ իվնինգով», որ նշանակում է «բարի երեկո» և գլխարկները սիրալիր բարձրացնելով, մենք մտանք նահանգապետի մոտ և զարմացած կանգ առանք։ Օջախի առջև, ուր վառ բոցկլտում էր երկու կտոր փայտ, պպզած էր մի ծեր հնդիկ։
Կրակի ցոլքը սահում էր նրա դեմքի մաշված կարմիր մորթու վրայով։ Այդպես, փակ աչքերով նստած, նա նմանվում էր կենդանաբանական այգում նիրհող բազեի, որը երբեմն միայն բացում է կոպերը, որպեսզի ատելությամբ և ձանձրույթով նայի իր վանդակը շրջապատած մարդկանց կամ կտցով պոկի լատինական մակագրությամբ տախտակը, որը վկայում է այն մասին, որ ինքը, իրոք, բազե է՝ լեռան կատարների տիրակալը։
Մեր առջև նստել էր մեկը նրանցից, ով մի ժամանակ ծխել է խաղաղուցյան ծխամորճը կամ «կանգնել պատերազմի արահետին», արյունռուշտ և ազնիվ հնդկացի։ Ինչ կա որ, ոչ կապիտան Մայն Ռիդը, ոչ Գաստոն Էմարը չեն խաբել մեզ։ Մանկության օրերին հենց այդպես էլ պատկերացնում էինք հնդկացիներին։
Նա չպատասխանեց մեր «իվնինգներին»։ Դեմքն առաջվա պես կրակին էր դարձված։ Ի պատասխան մեր խոսքի, որ ուզում ենք գյուղը դիտել, նա անտարբեր և հազիվ նկատելի կերպով գլխով արեց, ոչ մի խոսք չասելով։ Մեզ մոտեցավ երիտասարդ մի հնդկացի և ասաց, որ նահանգապետը շատ ծեր է և թույլ, որ նա մեռնում է։
Երբ դուրս եկանք առաջնորդի տնից, մեր մեքենայի շուրջը երեխաներ էին վխտում։ Նրանք հնդկացի երեխաներ էին, սևաչյա, ուղիղ ու սև մազերով, սապատավոր փոքրիկ քթերով և պղնձադրամի գույն ունեցող մաշկով։ Նրանք հեռվից նայում էին մեզ, նրանց հայացքներում վախ չկար։ Նրանք իրենց պահում էին կորյունների պես։ Կորյուններից մեկը, ի դեպ, վերջացրեց նրանով, որ մոտեցավ և գոռոզաբար պահանջեց, որ հինգ ցենտ տանք իրեն։ Երբ մերժեցինք, նա չսկսեց մուրալ, այլ արհամարանքով շուռ եկավ։
Մեր շուրջը կանգնած էին զարմանալի տներ։ Գյուղում ապրում է մոտ հազար մարդ, և բոլորն էլ տեղավորված են երեք տան մեջ։ Դրանք մի քանի հարկանի կավաշեն, վիթխարի շենքեր են, որ կազմված են մեկ֊մեկու կպցրած առանձին սենյակներից։ Տները բարձրանում են դարատափերով, և յուրաքանչյուր հարկ ունի իր տափակ կտուրը։ հարկերն իրար մեջ հաղորդակցվում են փայտե դնովի սանդուխքներով, սովորական, վռազ շինած, դռնապանա֊ներկարարային տիպի սանդուխքներով։ Առաջներում, երբ պուեբլոները անկախ էին, ամբողջ ցեղը ապրում էր մի վիթխարի կավաշեն տնում։ Երբ ներսից սանդուխքները հավաքում էին, տունը վերածվում էր բերդի, որն արտաքուստ ցուցադրել է միայն լերկ պատերը։ Այդպես են ապրում և հիմա, թեև հանգամանքները բոլորովին փոխվել են։
Հրապարակում ծխի և գոմաղբի հոտ էր գալիս։ Կայտառ, շիկավուն խոչկորները ոտի տակ էին ընկնում։ Տան կտուրներին մի քանի հնդկացիներ էին կանգնած։ Նրանք ոտից գլուխ փաթաթված էին վերմակով և սուսուփուս նայում էին մեզ։ Հեզաբարո հնդկական շները բոցմանի ճարպկությամբ վեր ու վար էին վազում դնովի սանդուխքներով։ Արագ մթնում էր։
Մեզ մոտեցավ տիրական դեմքով ալեհեր մի հնդիկ։ Դա գյուղական պոլիսմենն էր։ Նա ևս ոտքից գլուխ փաթաթված էր սպիտակակապույտ բայկայե վերմակով։ Չնայած իր բարձր կոչմանը, նրա պարտականությունները բավական խաղաղ ու թեթև էին։ Նա մեզ ասաց, որ իր գործն առավոտները երեխաներին դպրոց քշելն է։ Նա մեզ հրավիրեց վաղն առավոտյան այդ դպրոցն անցնել իր ուղեկցությամբ․ նա կգա գյուղը ցույց տալու։ Այսօր արդեն ուշ է, և մարդիկ պառկում են քնելու։ Այդ խոսակցությունը մենք վարում էինք տների արանքով հոսող գետակի ափին կանգնած։ Գետակի վրա գցած լայն գերանը ծառայում էր իբրև կամուրջ։ Այստեղ ոչինչ չէր հիշեցնում հազար ինը հարյուր երեսունհինգ թվականի մասին, և մթության մեջ հազիվ նշմարվող մեր ավտոմոբիլը թվում էր հենց նոր ժամանած ուելսյան օրերի մի մեքենա։
Մենք վերադարձանք Տաոս։
Հինգ րոպեի ընթացքում մենք անցանք մի քանի հարյուր տարիներ, որոնք հնդկական գյուղը բաժանում են Տաոսից։ Քաղաքում շողշողում էին խանութները, ճամփեզրին կանգնած էին ավտոմոբիլներ, կրպակում բովում էին իսկական ամերիկյան պապ֊կորն, դեղատնում մատուցում էին նարնջի հյութ, ամեն ինչ ընթանում էր իր կարգով, ասես ոչ մի հնդկացի աշխարհիս երեսին չի եղել։
Մենք դուրս եկանք քառակուսի հրապարակը, որին իբրև զարդ էր ծառայում «Դոն Ֆերնանդո» անունով անտիկվարառեստորանային հաստատությունը։ Երկաթուղուց հեռու ընկած և ընդամենը երկու հազար բնակիչ ունեցող այդ քաղաքի համար ռեստորանը շատ լավն էր։ Այստեղ մատուցում էին լուռումունջ , ջահել հնդկուհիներ, որոնց հետևում էր վիլենցի հրեայի տխուր դեմքով մի մարդուկ։ Հենց նա էլ պատվեր ընդունեց մեզանից։ Նա հենց ինքը դոն Ֆերնանդոն էր։ Մեր կանխորոշումը հաստատվեց միայն կիսով չափ։ Ֆերնանդոն իրոք հրեա էր, բայց ոչ վիլենցի, այլ շվեյցարացի։ Այդպես նա ինքն ասաց։ Ինչ վերաբերում է հանգամանքներին, որոնց դրդմամբ ձեռք է բերել դոն կոչումը, այդ մասին նա լռեց, բայց պետք է ենթադրել, որ եթե առևտրական շահերը պահանջեին, ապա նա առանց որևէ վարանումի իրեն գրանդ կկոչեր։
Նա մեզ պատմեց, որ Տավոսի երկու հազար բնակիչներից մոտ երկու հարյուրն արվեստի մարդիկ են։ Նրանք նկարում են, ոտանավորներ գրում, սիմֆոնիաներ ստեղծում, ինչ֊որ բան քանդակում։ Նրանց այստեղ հրապուրում է իրադրությունը․ վայրի բնությունը, հնդկական, մեքսիկական և պիոներ֊ամերիկյան մշակույթների միմյանց շղթայվելը, ինչպես նաև կյանքի էժանությունը։
Մեզանից ոչ հեռու նստել էր սև կոստյումով մի փոքրիկ տիկին և հաճախակի նայում էր մեր կողմը։ Նայում էր մեզ և հուզվում։
Երբ մենք ռեստորանի անտիկվարային բաժանմունքում դիտում էինք հնդկական զամշե տիկնիկներին և կարմիր ու կանաչ քթերով վառ նախշած աստվածներին, կրկին մեզ մոտեցավ դոն Ֆերնանդոն։ Նա ասաց, թե մեզ հետ խոսել է ուզում միսիս Ֆեշինան, մի ռուս տիկին, որը վաղուց արդեն ապրում է Տաոսում։ Շատ հետաքրքիր էր տեսնել հդկական տերիտորիայում ապրող մի ռուս կնոջ։ Քիչ անց, ջղաձգորեն ժպտալով մեզ մոտեցավ ռեստորանում նստած տիկինը։
― Դուք ինձ ներեցեք, ― ասաց նա ռուսերեն, ― բայց երբ լսեցի ձեր խոսակցությունը, չկարողացա դիմանալ։ Դուք ռուսներ եք, այո՞։
Մենք հաստատեցինք այդ։
― Վաղու՞ց եք Ամերիկայում, ― շարունակեց միսիս Ֆեշինան։
― Երկու ամիս է։
― Որտեղի՞ց եք եկել։
― Մոսկվայից։
― Ուղիղ Մոսկվայի՞ց։
Նա ապշել էր։
― Գիտե՞ք, սա ուղղակի հրաշք է։ Այսքան տարի է ապրում եմ այստեղ, այս ամերիկացիների մեջ և հանկարծ՝ ռուսներ։
Մենք տեսանք, որ նա շատ է ուզում խոսել, որ սա, իրոք, նրա համար իրադարձություն է, և հրավիրեցինք նրան մեր կեմպը։ Մի քանի րոպե անց, նա եկավ իր հին մեքենայով, որն ինքն էր վարում։ Երկար նստեց մեզ մոտ, խոսեց և չէր կշտանում խոսելուց։
Քսաներեք թվականին նա մեկնել է Կազանից։ Ամուսինը՝ նկարիչ Ֆեշինը, ժամանակին բավական հայտնի է եղել մեզ մոտ։ Նա բարեկամացել է Վոլգայի շրջակայքն եկած «ԱՐԱ»֊ի ամերիկացիների հետ, և նրանք սարքել են Ամերիկա հրավիրելու գործը։ Նա որոշել է ընդմիշտ մնալ այստեղ, չվերադառնալ Սովետական Միություն։ Դրան գլխավորապես նպաստել է գործի հաջողությունը։ Նկարները վաճառվում էին, մեծ փող էր վաստակում։ Ֆեշինը, իբրև իսկական ռուս, չի կարողացել ապրել ամերիկյան մեծ քաղաքում և ահա եկել է այստեղ՝ Տաոս։ Տուն են կառուցել, հիանալի տուն։ Կառուցել են երեք ամառ շարունակ և վրաները նստել է քսան հազար դոլար։ Կառուցել են, կառուցել, և երբ տունը պատրաստ է եղել՝ բաժանվել են։ Պարզվել է, որ ամբողջ կյանքում զուր են ապրել միասին, որ իրար բնավ չեն համապատասխանում։ Ֆեշինը մեկնել է Տաոսից, նա հիմա Մեքսիկո֊սթրիթում է։ Աղջիկը սովորում է Հոլլիվուդի բալետային դպրոցում։ Միսիս Ֆեշինան մենակ է մնացել Տաոսում։ Փող չունի, չի հերիքում նույնիսկ ձմեռը իր հոյակապ շենքը տաքացնելուն։ Ուստի ձմեռվա համար ամսական երեք դոլարով վարձել է մի տնակ Ռիո Չիկիտո գյուղում, որտեղ միայն մեքսիկացիներ են ապրում, նույնիսկ անգլերեն լեզուն չիմացող, բայց շատ լավ մարդիկ։ Ռիո֊Չիկիտոյում էլեկտրականություն չկա։ Փող պետք է վաստակել։ Նա որոշել է գրել կինոյի համար, բայց դեռ ոչինչ չի վաստակել։ Ափսոս է տունը ծախել։ Այն նստել է քսան հազար, իսկ հիմա, ճգնաժամի օրերին, կարող են տալ հինգ հազար։
Մեր հյուրը խոսում էր ագահորեն, ուզում էր լավ կշտանալ խոսելուց, ձեռքը շարունակ դնում էր ջղային դեմքին և կրկնում․
― Ինչ տարօրինակ է ռուսերեն խոսել Տաոսում, եկվոր մարդկանց հետ։ Ասացեք, ես ռուսերենում սխալներ չե՞մ անում։
Նա շատ լավ էր խոսում, բայց երբեմն կմկմում էր՝ հարկավոր բառը հիշելիս։
Մենք նրան ասացինք․
― Լսեցեք, ինչու՞ եք նստել այստեղ։ Խնդրեցեք ետ ուղարկել ձեզ Սովետական Միություն։
― Կգնայի։ Բայց ու՞ր գնամ։ Այնտեղ բոլորը նոր մարդիկ են, ոչ ոքի չեմ ճանաչում։ Նոր կյանք սկսելն ուշ է ինձ համար։
Խավարի մեջ նա սալացավ իր հին ծանրաքաշով։
Տարօրինակ ճակատագիր։ Որտե՞ղ է ապրում ռուս կինը։ Ռիո֊Չիկիտոյում, Նյու֊Մեքսիկո նահանգ Յունայթեդ֊Սթեյտ օֆ Ամերիկայում, հնդկացիների, մեքսիկացիների, ամերիկացիների շրջապատում։
Առավոտյան մենք անմիջապես գնացինք Պուեբլո գյուղի դպրոցը՝ մեր պոլիսմենին գտնելու։ Պուեբլոյում մառախուղ էր կանգնած։ Նրա միջից աղոտ նշմարվում էին մոխրագույն ծառերը, հեռավոր և մոտակա լեռները։ Մելամաղձոտ հնդկացիներն իրենց վերմակներով առաջվա պես կանգնել էին կտուրներին և նմանվում էին հարեմի գերի կանանց։ Շները վազվզում էին իրենց տների առջևով, մեզ չդիպչելով, հապշտապ բարձրանում էին սանդուղքներով և անհետանում դռների մեջ։
Դպրոցը մեծ էր և լավ հիմքերի վրա դրված, ինչպես ընդհանրապես նահանգի բոլոր դպրոցներում։ Մենք տեսանք հիանալի մեծ դասարաններ, պարկետած հատակներ, հաղճապակյա փայլուն կոնքեր, նիկելե ծորակներ։
Պոլիսմենը չկարողացավ մեզ հետ գալ։ Պարտականությունները պահում էին նրան դպրոցում։ Հենց հիմա նա մի կոնֆլիկտ էր քննում։ Մի հնդկացի տղա խփել էր բոլորովին փոքրիկ հնդկացու գլխին։ Պոլիսմենը դանդաղ հանդիմանում էր ծեծկռտոցի հանցավորին։ Շուրջը, լռելյայն և փքված, ինչպես առաջնորդները մեծ խորհրդի պահին, կանգնել էին տղաները։ Մանկական սովորական աղմուկ չկար։ Բոլորը հանդիսավոր կերպով լսում էին պոլիսմենին, երբեմն գեղեցիկ արծվաքթերը ֆսֆսոցով վեր քաշելով կամ ուղիղ, աղոտ փայլող սև մազերը հարդարելով։ Բայց հենց նոր պոլիսմենը ծերունաբար տուֆլիները քստքստացնելով գնաց, երեխաները սկսեցին ցատկոտել և վազվզել, ինչպես աշխարհի բոլոր փոքրիկ չարաճճիները։
Դպրոցի դիրեկտորը, մասնագիտությամբ պատմաբան, լքել էր կուլտուրական Արևելքը և եկել այստեղ՝ հնդկացիներին մոտիկից ճանաչելու համար։
― Շատ տաղանդավոր երեխաներ են, տաղանդավոր ժողովուրդ, հատկապես հակված, իհարկե, արվեստին, ― ասաց դիրեկտորը։ ― Տաղանդավոր ժողովուրդ և հանելուկային։ Շատ տարիներ է, ինչ ապրում եմ նրանց մեջ, բայց մինչև օրս այդ ժողովուրդն անհասկանալի է մնացել ինձ համար։ Հնդկացիները ստիպված են իրենց երեխաներին ուղարկում դպրոց։ Չլիներ այդ, նրանք ոչ մի երեխա չէին ուղարկի։ Չէ՞ որ բոլոր դասատուները սպիտակներ են, և ուսուցումը գնում է անգլերեն։ Երեխաները մեծավ մասամբ շատ լավ են սովորում։ Բայց ահա որևէ տարում, երեխաների մի մասը, որոնց տասը, տասնմեկ տարին է լրացել, հանկարծակի դադարում են դպրոց հաճախելուց։ Մի ամբողջ տարի չի գալիս։ Այդ տարում ինչ֊որ տեղ (թե որտեղ, մենք երբեք չկարողացանք իմանալ) անցնում են իրենց ուսուցումը։ Եվ երբ այդպիսի տղան կրկին հայտնվում է դպրոցում, ապա նա արդեն իսկական հնդկացի է և իր կուլտուրայով երբեք սպիտակ չի լինի։ Երբ երեխաները ավարտում են իմ դպրոցը, ծերունիներն ասում են նրանց․ «Ընտրեցե՛ք»։ Եթե ուզում եք սպիտակ մարդ լինել, գնացեք նրանց մոտ և երբեք մի վերադարձեք մեզ մոտ։ Իսկ եթե ուզում եք հնդկացի մնալ, ապա մոռացեք այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են»։ Եվ գրեթե միշտ, երեխաները մնում են տանը։ Դպրոցն ավարտելուց հետո մեկ֊մեկ անցնում են դպրոց և խնդրում կարդալ ամերիկյան հին թերթեր, իսկ հետո բոլորովին դադարում են այցելել։ Դրանք հնդկացիներ են, իսկական հնդկացիներ՝ առանց էլեկտրականության, ավտոմոբիլների և այլ հիմարությունների։ Նրանք ապրում են սպիտակների շրջապատում՝ նրանց հանդեպ լուռ ատելությամբ լեցուն։ Նրանք մինչև օրս չեն ճանաչում նրանց իբրև երկրի տերեր։ Եվ դա զարմանալի չէ, եթե հիշելու լինենեք, որ հնդկացիների պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ մի ցեղը ստրկացնի մեկ ուրիշ ցեղի։ Հնդկացի ցեղը ստրկացնել չի կարելի, նրան կարելի է մորթել մինչև վերջին մարդը (այդպիսի դեպքեր եղել են), և այդ դեպքում միայն կարելի է ցեղը ստրկացված համարել։
Գյուղում մեզ առաջնորդում էր տասնհինգամյա մի հնդկուհի։ Հանկարծ նա ասաց․
― Դուք գիտեք, որ Չիկագոյում ապրում է մի հնդկացի կին։ Նա իմ քույրն է։
Շատ հազվագյուտ դեպք։ Նրա քույրը ամուսնացել է սպիտակ մարդու, մի նկարիչի հետ։ Երևի դա տաոսյան ֆանտազյորներից մեկն է, որ եկել է այստեղ՝ հին քաղաքակրթության հոտը շնչելու։
Գյուղի մեջտեղը կանգնած էր իսպանական հին եկեղեցին։ Պուեբլոները կաթոլիկներ են, բայց շատ տարօրինակ կաթոլիկներ։ Ծննդյան և զատկի օրերին նրանք դուրս են բերում տիրամոր արձանը և նրա շուրջը կատարում ռազմական պարեր։ Հետո մտնում են ինչ֊որ աղոթարանի փոսի մեջ և այնտեղ աղոթում, բայց դժվար թե կաթոլիկական ծեսերով։
Եվ նայելով լռակյաց ու հռոմեական վեհություն ունեցող կարմրամորթներին, կրկնում ենք, հիշելով դպրոցի դիրեկտորի խոսքերը․
«Այո՛, այո՛, նրանք և՛ կաթոլիկներ են և՛ անգլերեն են խոսում, և՛ ավտոմոբիլ և նման բաներ են տեսել, բայց և այնպես նրանք հնդկացիներ են, իսկական հնդկացիներ, նախ և առաջ՝ հնդկացիներ և ուրիշ ոչինչ»։
Սառցակալած ճանապարհի պատահարից վախեցած, որի մասին արդեն պատմել ենք, մենք Սանտա֊Ֆեում նախ և առաջ գնեցինք շղթաներ, ոսկեգույն հրաշալի շղթաներ և ճամփա ընկանք Ալբուկերկի ուղղությամբ։
Գլուխ քսանչորսերորդ — Դժբախտությունների օր
Սանտա֊Ֆեից դեպի Ալբուկերկ մեկնեցինք թաթերի վրա, եթե կարելի է այդ արտահայտությունը գործադրել ավտոմոբիլի վերաբերյալ։
Մեկնեկուց առաջ Ադամս ամուսինները զբաղվեցին իրենց սիրած գործով, ձեռք֊ձեռքի տված գնացին «ինֆորմացիա վերցնելու»։ Այցելեցին «Ա․Ա․Ա․» (ավտոմոբիլային ակումբ), մի քանի գազոլին կայաններ, տուրիստական բյուրո և քարտեզներով ծանրաբեռնաված վերադարձան։ Միստեր Ադամսի դեմքը հուսահատություն էր արտահայտում։ Միսիս Ադամսը, ընդհակառակն, լի էր վճռականությամբ։ Մեքենայի մեջ սպասելով, մենք դեռ հեռվից լսեցինք նրանց հուզված ձայները։
― Պարոնա՛յք, ասաց միստեր Ադամսը հանդիսավոր կերպով։ ― Մենք վերցրինք ինֆորմացիա։ Մինչև Ալբուկերկ հարյուր մղոն է։ Առջևում անձրև է գալիս։ Եվ կա մի տեղ, որտեղ մեկ մղոն երկարությամբ ճանապարհը հազար ֆուտով իջնում է։ Ո՛չ, պարոնայք, ինձ ոչինչ մի՛ ասեք։ Սարսափելի է դա։
― Բայց դրանից ի՞նչ է հետևում, ― հանգիստ հարցրեց միսիս Ադամսը։
― Բեկկի, Բեկկի։ Մի՛ ասի այդպես․ «Դրանից ի՞նչ է հետևում»։ Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։
― Դե լավ, միշտ դու ես իրավացի։ Բայց և այնպես ուզում եմ իմանալ, ինչի՜ ես դու ձգտում։
Ո՛չ, ոչ Բեկկի, այդպես չի կարելի ասել։ Պետք է խոհեմ լինել, օ՜, նո՛։ Ես նախազգուշացնում եմ ձեզ, պարոնա՛յք, մեզ վտանգ է սպառնում։
― Բայց և այնպես ի՞նչ ես ուզում, ― հարցրեց միսիս Ադամսը ձայնը չբարձրացնեկով։ ― Ուզում ես, որ ե՞տ վերադառնանք։
― Օ՜, Բեկկի։ Մի խոսիր այդպես․ «Ետ վերադառնա՜նք»․ ինչպես ես կարողանում այդպիսի խոսքեր ասել։
― Այդ դեպքում, գնա՛նք։
― Ո՛չ, ո՛չ, Բեկկի։ Լուրջ։ Մի մղոնի վրա հազար ֆուտ վայրէջք։ Այդպես չի կարելի ասել՝ «գնանք»։ Այո՛, այո՛, Բեկկի՛, դու հո փոքրիկ աղջիկ չես։
― Լավ։ Այդ դեպքում մնում ենք Սանտա֊Ֆեու՞մ։
― Միշտ այդպես ես, ― հառաչեց միստեր Ադամսը, ― ինձ համար ցավալի է լսել քո խոսքերը։ Ինչպես կարող ես ասել․ «Մնում ենք Սանտա֊Ֆեքւմ»։ Ո՛չ, ո՛չ, այդպես մի ասա։ Պարոնա՛յք։ Սարսափելի է դա։
Միսիս Ադամսը սուսուփուս մոտորը գործի գցեց, և մենք ճամփա ընկանք։ Բայց նախքան քաղաքից դուրս գալը, միսիս Ադամսը մի քանի անգամ էլ «ինֆորմացիա վերցրեց»։ Դա մեր քաջարի դրայվերի վարորդի միակ թուլությունն էր։ Միսիս Ադամսը մոտենում էր կոլոնկային և ազդանշան տալիս։ Բուդկայից դուրս էր վազում զոլավոր գլխարկով կայտառ մի պատանի։ Միսիս Ադամսը հարցնում էր մոտակա քաղաքի ճամփան։
― Երրորդ փողոցը՝ ձախ, մե՛մ, ― պատասխանում էր պատանին, ձեռքերը խծուծով սրբելով։ ― Եվ ապա ուղիղ, մե՛մ։
― Միշտ ուղի՞ղ, ― հարցնում էր միսիս Ադամսը։
― Իես, մե՛մ։
Եվ սկզբում այս փողոցով անցնել երեք բլո՞կ։
― Իես, մեմ։
― Իսկ հետո՝ ա՞ջ։
― Իես, մեմ։
― Իսկ ձախ պետք չէ՞։
― Նո, մեմ։
Միսիս Ադամսը առժամանակ լռում էր, ուշադիր դուրս նայելով պատուհանից։
― Ուրեմն երկրորդ փողոցին հասնելիս՝ դեպի ա՞ջ։
― Նո՛, մեմ։ Երրորդ փողոցին։
― Այդպես, ուրեմն, երրորդ փողոցը։
― Իես, մեմ։
Պատանին փախչելու փորձ էր անում։
― Իսկ ճանապարհը լա՞վն է, ― հարցնում էր միսիս Ադամսը, ձեռքը դնելով արագության բռնակին։
― Իես, մեմ։
― Թենկ յու, վե՛րի, վե՛րի մաչ, ― բղավում էր միստեր Ադամսը։
― Վե՛րի, վե՛րի, ― ավելացնում էր ամուսինը։
― Վե՛րի մաչ, ― ձայնակցում էինք մենք։
Մեքենան շարժվում էր տեղից, որպեսզի անմիջապես կանգներ հետևյալ կոլոնկայի մոտ։
― Պետք է ստուգել, ― մտահոգ ասում էր միսիս Ադամսը։
― Ստուգելը երբեք չի խանգարում, ― հաստատում էր միստեր Ադամսը, ձեռքերը շփելով։
Ու նորից սկսվում էր՝ «իես, մեմ» և «նո, մեմ»։
Ընդհանուր հաշվով մինչև ցերեկվա ժամը հինգը ինֆորմացիա էինք վերցնում և Սանտա֊Ֆեից դուս եկանք աղջամուղջին, որն ավելի սաստկացրեց միստեր Ադամսի երկյուղը։ Մինչև Ալբուկերկ նա լուռ էր։ Անշուշտ նրա անհանգիստ հոգին ճնշված էր ծանր կանխագուշակումից։
Բոլորովին մթնեց։ Մեր գունատ ֆառերը, որոնք մեծ փութեռանդությամբ պատրաստվել էին Ֆորդի գաճաճ գործարանում, դժվարությամբ էին ճեղքում ջրով հագեցած մառախուղը։
Միստեր Ադամսը միայն մի անգամ խախտեց իր ողբերգական լռությունը։
― Բե՛կկի, ― բացականչեց նա։ ― Սանտա֊Ֆեում մենք մոռացանք գնալ փոստը գլխարկի հետևից, որը, հավանորեն, արդեն ուղարկած կլինեին Կանզասից։ Այո՛, այո՛, պարոնա՛յք, այդ գլխարկը ինձ խելագարության կհասցնի։
― Ոչի՜նչ, մենք բացիկ կուղարկենք Ալբուկերկից, որպեսզի գլխարկն ուղարկեն Սան֊Ֆրանցիսկո, ― պատասխանեց միսիս Ադամսը։
Մինչև Ալբուկերկ, ուղևորությունը միանգամայն բարեհաջող անցավ։ Չկարողացանք նույնիսկ որոշել, թե որ տեղումն էր հազար ֆուտանոց վայրէջքը, թեև մի քանի ժամ շարունակ ջղայնորեն նայում էինք խավարի մեջ։
Բայց հենց քաղաքում, գիշերվա կեմպ փնտրելիս, ճանապարհից դուրս եկանք և խրվեցինք մի մեծ ջրափոց։ Առաջին անգամ ուղևորության ընթացքում, բետոնե ճանապարհից և «սերվիսից» քնքշացած, դուրս ելանք ուղիղ ցեխի մեջ և ախուվախ անելով սկսեցինք հրել մինչև բուֆերը խրված մեր սիրելի կառը։ Մեքենան չէր շարժվում։
― Այո՛, այո՛, պարոնա՛յք, ― բացականչում էր միստեր Ադամսը հաստ ու կարճ ձեռքերը կոտրատելով, ― դուք պարզապես չեք հասկանում, չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհորդությունը։ Չէ՜, լուրջ, պարոնա՛յք, ինձ ոչինչ մի՛ ասեք, դուք այդ չեք հասկանում։
Վերջի վերջո հայտնվեց ժիլետով, գլխարկը քթին քաշած մի ջենտլմեն։ Նա մոտեցավ միսիս Ադամսին, անվանեց նրան «մեմ», ապա նստեց նրա տեղը և այնպիսի գազ տվեց, որ մեր կառը կորավ գարշահոտ ծխի մեջ։ Կատաղի դժժոց լսվեց, միստեր Ադամսը ահաբեկված ետ֊ետ գնաց, և մեքենան, տոննաներով ջրիկ ցեխ շաղ տալով, դուրս եկավ ճանապարհ։
Դա առաջին օղակն էր այն դժբախտությունների շղթայում, որը եկավ մեր գլխին հետևյալ օրը։
Ալբուկերկից մեկնեցինք սարսափելի մի առավոտ։ Գեղեցիկ, կավածեփ տնակները՝ առաստաղների գերանների դուրս ցցված ծայրերով, «կոկա֊կոլայի» պլակատները, վանքերը, դեղատները, իսպանական հինավուրց միսիաները, գազոլին կայանները, որոնք նմանվում էին Արևելքում եղածներին, այդ ամենը ողողված էր գորշ անձրևաջրով։ Այստեղ տնակների մուտքերի մոտ կախված էր եզան լծասարք (ի հիշատակ պիոներ ոսկեխույզների)։ Մեքսիկական տների կտուրներին չորանում էին, ավելի ճիշտ թրջվում էին, կարմիր տաքդեղի կապուկներ։ Թրջվում էին շրջակա հնդկական գյուղերի և իսպանական միսիաների էքսկուրսիաների (ամենամոտ միսիան հարյուր ութսուն մղոնի վրա էր) հայտարարությունները։
Այդ առավոտ անցնելու էինք ժայռոտ լեռներով։
Հանկարծ սարսափելի մթնդածության մեջ հայտնվեց կանաչավուն երկնքի մի հրաշալի լուսաշերտ։ Ճանապարհը գնում էր դեպի վեր։ Ոչ մի լեռ չէինք տեսնում։ Երևում էին միայն բլրակներ և հողի ճեղքվածքներ։ Անձրևը դադարեց, և արևը դուրս եկավ։ Մենք սկսեցինք հիանալ բնությամբ և չարաճճիություններ էինք անում, ինչպես վտանգի մասին չկասկածող երեք նշանավոր խոզուկները։
Հետզհետե վեր բարձրանալով, ավտոմոբիլը դուրս եկավ վերջապես մի հսկայական բարձրավանդակ։ Հալվող ձյունը և սառույցը խափանել էին ճանապարհը։ Լույս էր ու ցուրտ, ինչպես գարնանը։ Մենք գտնվում էինք տասներկու հազար ֆուտ բարձրության վրա։
― Տեսե՜ք, տեսե՜ք, ― բղավում էր միսիս Ադամսը, ― ի՜նչ ապառաժներ են հորիզոնում։ Ի՜նչ գեղեցկություն։ Ստվերը, ստվե՛րը, ժայռի կանաչ ստվե՛րը։
― Պարոնա՛յք, սա վեհասքանչ է, ― կտրատում էր իրեն միստեր Ադամսը հուզված, տեղում պտույտներ գործելով։ ― Այո՛, այո՛, պարոնայք, այս տեսարանը ազնվացնում է հոգին, բարձրա․․․
Հանկարծ նա լռեց և վիզը երկարացնելով, աչքերը հառեց ճանապարհին։
Մեքենան սկսեց այս ու այն կողմ ընկնել և սահել թաց սառցի շիլայի վրայով։ Այն օրվանից, հետևի անիվները կողքի թեքվեցին։ Միսիս Ադամսը սեղմեց արգելակը, և մեքենան կանգնեց ճանապարհի լայնքով։
Ահ, ինչպես չէինք ուզում դուրս գալ տաք մեքենայից և քաղաքային նուրբ կոշիկներով ոտքներս սուզել սառցե շաքարաջրի մեջ։ Որոշվեց շղթաներ հագցնել։ Թեև միստեր Ադամսն անմիջական մասնակցություն չէր ունենալու շղթաները հագցնելուն, բայց իր պարտքը համարեց դուրս գալ մեքենայից և բոլորիս հետ միասին ոտքերը թրջել։
― Ես քեզանից միայն մի բան եմ խնդրում, ― ասաց նրան աշխատանքները ղեկավարող միսիս Ադամսը, ― մի՛ խանգարիր։
― Նո՜, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր վշտացած ամուսինը, ― ես պարտավոր եմ աշխատել բոլորի հետ հավասար։
Ժայռոտ լեռներն այդպես էլ մնացին մեր հիշողության մեջ․ նոյեմբերի քսանյոթի գարնանային լուսավոր և ցուրտ օր, կանաչավուն և թափանցիկ երկնքում սլանում են փոքր ու խիտ ամպեր, բարձրավանդակի եզրերին ցանկապատի պես հավասար դուրս են ցցվել գորշ և կապույտ ժայռեր։ Հետևում, ցածրում, Տեխասն է, Չիկագոն, Նյու֊Յորքը, Ատլանտիկ օվկիանոսը, Եվրոպան։ Առջևը, ներքևում՝ Կալիֆոռնիան, Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիան, Սիբիրը, Մոսկվան։ Մենք մինչև կոճերս կանգնել ենք սառցե խյուսի մեջ և անշնորհք կերպով շղթա ենք հագցնում պինդ, ջրով մաքուր լվացված անվադողին։
Մի ժամ անց շղթաները հագցաված էին, և միսիս Ադամսը միացրեց մոտորը։ Լեռնանցքի ամենաբարձր կետում երևաց կիսախարխուլ գերանակապ մի խրճիթ՝ «Սրճարան֊բար» ցուցանակով։ Այնտեղ առևտուր էր անում բրիջ, սապոգներ և կարճ թևքերով բարակ կոֆտա հագած մի աղջիկ։ Թեև շուրջը բազում մղոնների վրա ոչ մի բնակելի շենք չկար, աղջկա արտաքինը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր կարելի գյուղական անվանել։ Դա տիպիկ նյույորքյան, չիկագոյան կամ ամարելյան սրճարանի աղջիկ էր․ խիտ գանգրացում, կարմիր քսած այտեր, փետրած հոնքեր, լաքած եղունգներ և աշխատելու անթերի պրոֆեսիոնալ հմտություն։
Մենք մեկական բաժակ ջին խմեցինք, տաքացանք և ճամփա ընկանք, մոռանալով մեր բոլոր դառնությունները։
Բայց հենց որ սկսեցինք հիանալ բնությամբ, մի սարսափելի դղրդյուն լսվեց, և միսիս Ադամսը մեքենան կանգնեցնելով, նախ նայեց մեզ ապա՝ միստեր Ադամսին։
― Օ՜, Բեկկի, ― քրթմնջաց Ադամսը, ― տեսնու՞մ ես, տեսնու՞մ ես, ասում էի․․․
― Ի՞նչ էիր ասում։
― Չէ՛, լուրջ, Բեկկի, ոչ մի բան մի հարցնի։ Այդ սարսափելի է։
Սակայն առանձնապես ոչ մի սարսափելի բան չէր պատահել։ Պարզապես պոկվել էր պինդ չհագցրած շղթան և կոտրել ձախ թևի հենարանը։
Մենք հանեցինք շղթան և զգուշությամբ առաջ շարժվեցինք։ Արևը քանի գնում ավելի ուժեղ էր տաքացնում։ Սառույցն իսպառ չքացավ, և մենք կինեմատոգրաֆիական խոզուկների պես վերստին աշխուժացանք։ Մենք հիանում էինք բարձրավանդակի խստաշունչ գեղեցյությամբ, և պայծառ օրով։
― Մեր վիճակը լավ է, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, ― իսկ ինչպիսին է եղել պիոներների բանը, որոնք այս ճանապարհով անցել են շաբաթներով, ամիսներով առանց ուտելիքի, առանց ջրի։ Այո՛, այո՛, պարոնայք։ Առանց ջրի, կանանցով ու փոքրրիկ երեխաներով։
Միստեր Ադամսը հանկարծ լռեց։ Մենք այնպես էլ չիմացանք, թե ինչով վերջացավ պիոներների բանը։ Վիզը երկարացնրլով, նա սարսափով նայեց առաջ։
Ճանապարհը փակված էր տախտակով։ Նրա վրա կախված էր մի պլակատ․
«Ճանապարհը նորոգվում է։ Դետուր՝ տասնմեկ մղոն»։ Դետուր նշանակում է շրջանցում։ Ճիշտն ասած հենց այստեղ է, որ վրա հասավ այն հազվադեպ դեպքը, երբ Ամերիկայում կարող են հարկավոր լինել շղթաներ։ Բայց շղթաներից մեկն արդեն չկար։ Հենց այդ շրջանցումի մեջտեղը, որ բաղկացած էր թրջված վարդագույն կավից, շեղ կանգնել էր «Մոխրագույն արագընթաց» ընկերության կապտագույն երկհարկանի ռեյսային ավտոբուսը, որը գնում էր Լոս֊Անժելոս։ Եթե խրվել մնացել է այդ հզոր մեքենան, ապա ի՞նչ կլինի մեզ հետ։ Ավտոբուսը կանգնել էր փոքր֊ինչ թեքված, ինչպես խութերի հանդիպած նավ։ Նրան օգնության էր գալիս վառ դեղին թրթուրավոր մի տրակտոր՝ ճանապարհային գութանը։
Մեր առջևից արդեն մի քանի ժամ էր, որ գնում էր տարօրինակ մի արարած, որին միայն խաթեր համար կարելի էր ավտոմոբիլ անվանել․ ավտոմոնիլ չէր, այլ ավտո֊վիգվամ վառարանի ժանգոտած ծխնելույզով և քամուց փողփողվող պատառոտված բամբակե վերմակներով, որոնք երևակայական խցիկի պատերն էին կազմում։ Ներսում երևում էին մետաղյա մի բաք և մեծ, կեղտոտ երեխաներ։
Ի զարմանս մեր, ավտո֊վիգվամը համարձակ մտավ խոր ու փափուկ ցեխի մեջ։ Մենք հետևեցինք նրան։ «Մոխրագույն արագավազի» պատուհաններից դուրս էին նայում ձանձրացող ուղևորները։ Հավանաբար այս տասնմեկ մղոնները վատթարագույն էին Ամերիկայում և պետք էր ունենալ առանձնահատուկ ավտոմոբիլային բախտ դրանք հաղթահարելու համար։ Համենայն դեպս, Ամերիկայում ամբողջ ուղևորության ընթացքում մենք այլևս ոչ մի անգամ ճանապարհի նման վատ հատված չտեսանք։
Մենք մի քանի անգամ խրվեցինք ջրիկ ցեխի հսկայական փոսերի մեջ և ուսերով հրեցինք ավտոմոբիլը։ Կոշիկ, շալվար, վերարկուի քղանցք, ուսեր ու երես ծածկվել էին վարդագույն կավով։ Դուրս գալով ամուր ճանապարհի վրա, ավտո֊վիգվամը կանգ առավ։ Նրանից դուրս եկավ բազմանդամ մի ընտանիք և սկսեց տաշեղ հավաքել կրակ վառելու համար։ Ընտանիքն, ըստ երևույթին, որոշել էր ճաշել։ Մենք նրանց կողքով սլացանք որոշ նախանձով։ Մեր կրած բոլոր տառապանքներից հետո ուտել էինք ուզում։
Արևն այրում էր բավական ուժեղ, մենք արագ չորացանք և հոգեպես կայտառացանք։
― Տեսե՛ք, տեսե՛ք, ― բացականչեց միսիս Ադամսը, ձեռքերը թափահարելով, ― ի՜նչ ժայռեր են։
― Բեկկի, ղեկը բաց մի թողնի և նայիր միայն ճանապարհին, ― ասաց միստեր Ադամսը, ― հետո մենք քեզ կնկարագրենք բոլոր տեսարանները։
― Չէ՜, հապա նայեցե՛ք, ― բղավեց Բեկկին, ― ժայռը նման է ամրոցի։
― Իսկ ահա սա՝ աշտարակի։
― Պարոնայք, շուտ նայեցեք։ Ո՛չ, ո՛չ, սա ուղղակի զարմանալի է։ Ժայռը նման է կտրած պանրի հսկայական կտորի։
― Ո՛չ, ավելի շուտ կարկանդակի։
― Մսի լցվածքով։
― Երկար, երկար երշիկի․․․ գիտեք, միստերներ, կա այդպիսի միլանյան երշիկ, շատ համեղ։
Գնալով ավելի շատ էինք ուտել ուզում։ Անցնելով, ինչպես միստեր Ադամսը նկատեց, տաք սւպով ափսեի նմանվող գեղատեսիլ ժայռի կողքով, մենք հասկացանք, որ մեռնում ենք սովից։
Սակայն մի նոր պատահար շեղեց մեր մտքերը։ Ադամսը անզգուշաբար բացեց դռնակը և հանդիպակաց օդի մրրիկը քիչ մնաց նրան վայր գցեր մեքենայից։
Երբ անցնում էինք Գալոպ քաղաքի գլխավոր փողոցով՝ ռեստորան փնտրելով, լսվեց մի ճայթուն, որի հետ համեմատած ճաքաց շղթայի մեզ ծանոթ ձայնը ծղրիդի մելոդիկ ճռճռոց էր թվում։ Մեր կառը ցնցվեց ու կանգնեց։ Առաջին վայրկյանին հասկացանք, որ կենդանի ենք և ուրախացանք։ Երկրորդ վայրկյանին, որ էքսիդենտի զոհ ենք դարձել․ մեր մոխրագույն կեղտոտ կառի կողի մեջ է խրվել մի հին կանաչ կիսաբեռնատար մեքենա։
Մի ակնթարթում մեր ավտոմոբիլների շուրջը խցան գոյացավ։ Մենք տխուր նայում էինք ճխլտված թևին ու թեթևակի ծռված աստիճանին։ Պատահարի հանցավորը դուրս եկավ իր կիսաբեռնատարից՝ ներողություն փնթփնթալով։
― Սը՛ր, ― ասաց միստեր Ադամսը հպարտ կեցվածքով, ― դուք խրվել եք մեր կառի մեջ։
Նա պատրաստ էր մարտի։
Բայց մարտ տեղի չունեցավ։ Մեր հակառակորդն իր հանցանքը ժխտելու մտադրություն էլ չուներ և շեշտը դնում էր գլխավորապես «անիծյալ արգելակների» վրա։ Նա այնպես էր շփոթվել պատահարից, իսկ մեզ պատճառած վնասներն այնքան չնչին էին, որ մենք որոշեցինք դատարան քարշ չտալ նրան, և բաժանվեցինք որպես բարեկամներ։
Գալոպ քաղաքը շատ բան տվեց մեզ Ամերիկան հասկանալու համար։ Ճիշտն ասած, այդ քաղաքը բոլորովին չէր տարբերվում մյուս փոքրիկ քաղաքներից և գրողի անելիքը խիստ թեթևանում է, քանի որ քաղաքի արտաքինը կարելի է չնկարագրել։ Մի քանի տարով բացակայած որևէ հին գալոպցի դժվար թե ճանաչեր իր հայրենի քաղաքը, քանի որ չկա ոչ մի նշան, որով կարողանար ճանաչել։ «Ո՞ր քաղաքն է» կհարցներ նա գլուխը ավտոմոբիլից դուրս հանելով։ Եվ իմանալուց հետո միայն, որ ինքը, իրոք, Գալոպումն է գտնվում և ոչ թե Սպրինգֆիլդում կամ Ժնևում, կսկեր համբուրել հայրենի հողը (ասֆալտը)։ Հենց այդ օրիգինալության բացակայությամբ է նշանավոր Գալոպ քաղաքը։ Եթե ամերիկացիները երբևէ թռչեն լուսնի վրա, այնտեղ անպայման ճիշտ այնպիսի քաղաք կկառուցեն, , ինչպիսին Գալոպն է։ Չէ որ Նյու֊Մեքսիկոյի լուսնկա անապատում կանգնած է բենզինային այդ օազիսը իր Մեյն֊սթրիթով, «Մանհետեն֊սրճարանով», որտեղ կարելի է խմել պոմիդորի հյութ, ուտել խնձորով կարկանդակ և ավտոմատի մեջ հինգ ցենտ գցելով, լսել գրամաֆոն կամ մեխանիկական ջութակ, իր հանրախանութով, որտեղ կարելի է գնել ժանգագույն թավշյա շալվարներ, գուլպաներ, փողկապներ և կովբոյական վերնաշապիկ, իր ֆորդի ավտոմոբիլների խանութով, կինեմատոգրաֆիկ, որտեղ կարելի է տեսնել հարուստների կամ բանդիտների կյանքից վերցրած նկար, և դեղատնով, որտեղ լեհ պորուչիկների պես ձգված ու պճնագեղ աղջիկներն աշխատանքի գնալուց առաջ ուտում են գեմ ենդ էգգ։ Լավ քաղաք է Գալոպը։ Նրան չեն հետաքրքրում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի իրադարձությունները։ Մինչև իսկ ամերիկյան գործերով էլ Գալոպն այնքան մտահոգված չէ։ Նա հպարտ է նրանով, որ իր վեց հազար բնակիչներով ոււնի տաք և սառը ջուր, լողարաններ, դուշ, սառնարաններ և արտաքնոցներում տուալետի թուղթ․ ունի նույն կոմֆորտը, ինչ ունեն Կանզաս֊սիթին կամ Չիկագոն։
Թեև ժամը երեքը դեռ չկար, բայց միստեր Ադամսը համոզեց մեզ ճանապարհը չշարունակել։
― Սա ճակատագրական օր է, պարոնա՛յք, ― ասում էր նա, ― սա դժբախտությունների օր է։ Այո՛, այո, հիմարություն կլիներ չհասկանալ այդ։ Պարոնայք, մենք կխաբենք ճակատագրին։ Վաղը նա անզոր կլինի խանգարելու մեր հետագա ուղևորությունը։
Եվ նա գնաց ֆորդյան խանութը, իմանալու, թե ինչ կարժենա վնասվածքի նորոգումը։ Նա խնդրեց անկյունում, մեքենայի մեջ սպասել իրեն։ Անցավ քսան րոպե, որի ընթացքում մենք զրուցում էինք միսիս Ադամսի հետ օրվա դժբախտությունների մասին։
― Դե, այսօր արդեն վախենալու ոչինչ չունենք, ― ասաց միսիս Ադամսը։ ― Բոլոր դժբախտությունները հետևում են։
Անցավ ևս տասը րոպե, իսկ միստեր Ադամսը չկար ու չկար։
― Ես գիտեմ, ― բացականչեց միսիս Ադամսը, ― նրան ոչ մի տեղ մենակ թողնել չի կարելի։ Ես հավատացած եմ, որ հիմա նա նստել է դիլերի հետ և խոսում է Ազգերի լիգայի մասին, բոլորովին մոռանալով, որ իրեն սպասող կա։
Եվս տասը րոպե անց, դեպի մեզ վազեց հանձնակատար մի տղա և հաղորդեց, որ միստեր Ադամսը խնդրում է անցնել խանութ, իր մոտ։ Միսիս Ադամսը գունատվեց։
― Նրա հետ որևէ բա՞ն է պատահել, ― արագորեն հարցրեց նա։
― Նո, մեմ, ― պատասխանեց տղան, մի կողմ նայելով։
Մենք գլխապատառ նետվեցինք խանութ։
Տարօրինակ տեսարան բացվեց մեր աչքերի առջև։ Կարծում ենք, որ ոչ միայն մենք, այլև Գալոպի ոչ մի բնակիչ, քաղաքի ողջ գոյության ընթացքում նման բան չէր տեսել։ Ասես «Կապրոնի» ծանր ռմբակոծիչը հենց նոր այստեղ է նետոլ ռումբերի ողջ պաշարը, որ նախանշված էր նեգուս Հայլե Սելասիեի համար։ Խանութի հայելու մեծ ապակին ընկած էր մայթի վրա՝ ջարդուփշուր եղած։ Պատուհանի դատարկ շրջանակի մեջ, երկու նոր ֆորդերի ֆոնի վրա կանգնել էր միստեր Ադամսը՝ ակնոցի աղեղիկը ձեռքին բռնած։ Աջ ձեռքի մատը կտրված էր, բայց նա դրա վրա ուշադրություն չդարձնելով Ազգերի լիգայի վերաբերյալ տակավին ինչ֊որ բան էր հասկացնում խանութի շփոթված տիրոջը։
― Նո՛, նո՛, սը՛ր, ― ասում էր նա, ― դուք չգիտեք, թե ինչ բան է Լիգ Օֆ Նեյշենսը։
― Այս ի՞նչ ես արել, ― բացականչեց միսիս Ադամսը, ծանր շնչելով։
― Նո՛, նո՛, Բեկկի։ Չէ՛, լուրջ, ես ոչինչ չեմ արել։ Անցել եմ ցուցափեղկի միջով։ Խոսում էի այս պարոնի հետ և չնկատեցի, որ գնում եմ ոչ թե դռան, այլ պատուհանի միջով։ Ի՞նչ կարող էի անել, պարոնայք, եթե այս պատուհանը այնքան մեծ է, որ նման է դռան։ Եվ բացի այդ հասնում է գետին։
Միսիս Ադամսը սկսեց շոշափել իր սիրելի ամուսնուն։ Դա պարզապես անհավատալի էր․ միստեր Ադամսը բացարձակապես անվնաս էր մնացել, միայն ակնոցն էր փշրվել։
― Եվ դու ցավ չզգացի՞ր, ― հարցնում էր միսիս Ադամսը։ ― Չէ՞ որ սա, այնուամենայնիվ, հայելու հաստ ապակի էր։
― Նո՛, Բեկկի, ես այնպես զարմացած էի, որ ոչինչ չէի զգում։
Միստեր Ադամսը շշմած դիլերին վարձատրեց կորուստի համար և ուրախ֊ուրախ ասաց․
― Դուք չպետք է կարծեք, պարոնայք, որ ես այստեղ իզուր ժամանակ եմ կորցրել։ Հիմա նորոգելու հարկ չկա։ Օ՜, նո։ Սա դեռ վերջին էքսիդենտը չէ։ Մեր կողուկուշտը դեռ ջարդելու են։ Երբ վերադառնանք Նյու֊Յորք, նոր միանգամից կնորոգենք մեքենան։ Չշտապե՛նք պարոնայք։ Դուք միշտ կհաջողացնեք ծախսել ձեր դոլարները։
Մենք այմպես էինք վախենում, թե այդ օրվա դժբախտությունները դեռևս վերջացած չեն, որ փողոցով քայլում էինք ոտքներս զգուշորեն քարշ տալով և ամեն րոպե հալածված եղջերուների պես ետ նայելով։ Մահճակալի մեջ պառկելուց հետո միայն մի փոքր հանգստացանք և հասկացանք, որ դժբախտությունների օրն անցավ։
Գլուխ քսանհինգերորդ — Անապատ
Ամերիկան պատրաստվում էր ծննդյան տոներին։ Փոքրիկ քաղաքներում, խանութների արջև արդեն շողշողում էին փողոցային լապտերների վրա հագցված ստվարաթղթի տոնածառերի գույնզգույն էլեկտրական լամպերը։ Ավանդական Սանտա Կլաուսը, սպիտակ, մեծ մորուքով ծննդյան պապիկը, ոսկեզօծ մարտակառք նստած՝ շրջում էր փողոցներով։ Էլեկտրական օդափոխիչները մարտակառքի ներսից արհեստական ձյուն էին շաղ տալիս։ Ռադիոհրեշտակների երգչախմբերը կատարում էին անգլիական հին երգեր։ Սանտա Կլաուսը ձեռքին բռնած ուներ հանրախանութի պլակատ․ «Ծննդյան նվերները՝ ապառիկ»։ Թերթերը գրում էին, թե նախատոնական առևտուրը շատ ավելի լավ է գնում, քան անցյալ տարի։
Որքան առաջ էինք շարժվում Կալիֆոռնիայի ուղղությամբ, որքան արդեն ավելի էր տաքանում, իսկ երկինքը դառնում պարզկա ու կապուտակ, այնքան առատ էր լինում արհեստական ձյունը, ստվարաթղթից տոնածառերը, ալեհեր մորուքները, այնքան լայնանում էր ծննդյան նվերների գնման ապառիկը։
Մենք անցանք Արիզոնիզոնի սահմանը։ Անապատի ծակող և ուժեղ լույսը փռվել էր Ֆլագստաֆ տանող հրաշալի ճանապարհի վրա։ Ռեկլամային ձանձրացնող պլակատները գրեթե անհետացան, և միայն մեկ֊մեկ կակտուսի կամ դեղնած դաշտագլորի հետևից գլուխը դուրս էր հանում փայտի վրա փակցված «Կոկա֊կոլա» անպատկառ պլակատը։ Գազոլին կայանները գնալով ավելի սակավ էին հանդիպում։ Փոխարենը տեղի բնակիչների շլյապաները գնալով ավելի էին լայնանում։ Մենք երբեք չէինք տեսել և հավանորեն չենք տեսնի այդպիսի մեծ շլյապաներ, ինչպես Արիզոնում, անապատների և կենյոնների երկրում։
Հազիվ թե աշխարհում գտնվի ավելի վեհատեսիլ և ավելի գեղեցիկ բան, քան ամերիկյան անապատը։ Մի ամբողջ շաբաթ մենք սլանում էինք նրանով՝ հիանալուց չհոգնելով։ Մեր բախտը բանեց։ Անապատի ձմեռը, դա նույն պայծառ ու մաքուր ամառն է, միայն առանց ճնշող շոգի և փոշու։
Մեր այցելած երկրամասը բոլորովին խուլ և վայրի էր, բայց մենք մեզ կտրված չէինք զգում աշխարհից։ Ճանապարհն ու ավտոմոբիլը մոտեցրել են անապատը, պոկել նրա վրայից գաղտնիքի քողը, պակաս հրապուրիչ չդարձնելով այն։ Ընդհակառակն, բնության ստեղծած գեղեցկությունը լրացվել է մարդու հմուտ ձեռքերով ստեղծած գեղեցկությամբ։ Հիանալով անապատի մաքուր գույներով, իր բարդ, հուժկու ճարտարապետությամբ, մենք երբեք չէինք դադարում հիանալուց հարթ ու լայնահուն խճուղիով, արծաթափայլ կամրջակներով, խնամքով շարած ջրատար խողովակներով, հողաթմբերով և փորվածքներով։ Նույնիսկ գազոլինկայանները, որոնք ձանձրացրել էին Արևելքում և միջին Արևմուտքում, այստեղ, անապատում, մարդկային հզորության հպարտ հուշարձանների տեսք ունեին։ Ավտոմոբիլը ևս անապատում կրկնակի գեղեցիկ էր երևում, քան քաղաքում․ նրա շրջահոսուն, ողորկ մակերեսը անդրադարձնում էր արևը, իսկ երկնագույն և շեշտակի ստվերը տիրաբար փռվում էր կուսական ավազների վրա։
Անապատի ճանապարհները, հավանորեն, ամերիկյան տեխնիկայի ամենահիանալի նվաճումներից մեկն են։ Նրանք նույնքան լավն են, ինչպես բնակելի վայրերի ճանապարհները, նույն հստակ ու պարզ դեղնասև աղյուսակները հիշեցնում են շրջադարձերի, նեղ կամուրջների և կեռմանների մասին։ Նույն սպիտակ ու սև եզրաշերտերով սպիտակ նշանները ցույց են տալիս ճանապարհների համարները, իսկ քաղաքների անուններով փայտե սլաքները՝ մինչև այդ քաղաքները ընկած հեռավորությունը։ Անապատում կան նաև ճանապարհային հատուկ կառուցումներ, որոնք բավական հաճախ են հանդիպում և կոչվում են «քատտլ հարդ»։ Անասնապահների հսկայական հողամասերը բաժանված են իրարից փշալարերով, որպեսզի անասունը մի հողամասից մյուսը չանցնի, որպեսզի դատավեճեր չլինեն և գեղատեսիլ կովբոյները ստիպված չլինեն գործի դնել իրենց ատրճանակները։ Բայց ինչպե՞ս անել, որ անասունը խճուղու վրայով հողամասից հողամաս չանցնի։ Խճուղին հո չե՞ս կարող ցանկապատել փշալարով։ Եվ ահա մի ոմն անանուն գյուտարար գլխի է ընկել։ Փշալարը հասնում է մինչև խճուղին։ Այստեղ ճանապարհի վրա առուն ծածկող մետաղե վանդակ է դրված։ Ավտոմոբիլներին բնավ չեն խանգարում դրանք, իսկ կովերը վախենում են, որ ոտքերը ճաղերի արանքից ներս կընկնեն, ուստի և ձեռնպահ են մնում ուրիշի հողամասում անցանկանալի էքսկուրսիաներ կատարելուց։ Ամերիկայնորեն պարզ ու հստակ։
Ամերիկայում ճանապարհային սովորական տարակուսանքները չեն ճնշում ուղևորին․ «Որտե՞ղ ենք հիմա»։ Կգտնե՞նք արդյոք գիշերօթևան։ Չի՞ խաբում արդյոք արագաչափը։ Հո չափից դուրս չենք խորացել Արևմուտք, ժամանակը չէ՞ արդյոք, որ ժամացույցի սլաքը ետ տանենք»։ Ո՛չ։ Ճանապարհորդին չի հուզում գիշերօթևանի հարցը։ Նա ընտելացել է այն բանին, որ ճանապարհին իրենց սպասում են կեմպերը, այսինքն՝ մի քանի փոքրիկ տներից բաղկացած ճամբարները (յուրաքանչյուր տնակում՝ սենյակ, դուշ և գազի խոհանոց, իսկ տան կողքին՝ գարաժ): Ամեն օր ճանապարհին կարելի է հանդիպել փոքրիկ սյան վրա փաքցրած պլակատի․ «Կես մղոն անց՝ արագաչափի ստուգում»։ Եվ իրոք, կես մղոն անց, ցցված է մի նոր սյունիկ։ Եվ այդ սյունիկից մինչև մյուսը կլինի հինգ մղոն և դուք կարող եք ստուգել ձեր արագաչափի տարածությունը գրանցող գործիքի ճշտությունը։ Ձեզ կհանդիպի նաև բոլորովին արդեն հոգատար մի պլակատ․ «Ժամացույցի սլաքը ետ տանելու ժամանակն է»։ Իսկ «Որտե՞ղ ենք հիմա» հարցին կա ճշգրիտ, նույնիսկ փոքր֊ինչ հանդիսավոր պատասխան․
«Թողնում ենք Նյու֊Մեքսիկոն։ Մտնում ենք Արիզոն։
Հնչում է այնպես, ասես թողնում ենք երկիրը և համբառնում երկինք։
Մենք ուրախ սլանում ենք անապատով, բոլորովին մոռանալով երեկվա սարսափները։ Արդեն անհավանական է թվում, որ աշխարհում գոյություն ունեն ցեխ, ձյուն և ցուրտ։ Գալոպում քունը լավ առած և ճանապարհին հիմնավորապես նախաճաշած միստեր Ադամսը իրեն հիանալի է զգում։ Նա լեցուն էր մտքերով և տառապում էր խոսելու ցանկությունից։ Մենք մի տասնյակ թեմա շոշափոցինք, լսեցինք միստեր Ադամսի մտքերը ֆաշիստական հեղաշրջումից հետո Գերմանիայի դրության մասին, Ամերիկայում դպրոցական գործի վիճակի և նոր ընտրությունների ժամանակ Ռուզվելտի շանսերի մասին։
Բայց այդ ամենը միստեր Ադամսին քիչ էր թվում։ Նա անհամբեր մտիկ էր անում ճանապարհին՝ մատը վեր ցցած մարդ տեսնելու հույսով։ Մեքենային ընդառաչ էր թռչում ճանապարհային կարմիր ավազը։ Անապատում մարդ չկար։ Բայց այստեղ միստեր Ադամսին օգնության եկավ բնությունը, որին և տվեց իր հորդացող զգացմունքների ողջ պաշարը։
Մենք անցնում էինք «painted desert»․ «ներկված անապատը»։
Մինչև հորիզոն, փոթորկուն օվկիանոսի պես, որի ալիքները հանկարծակի քարացել էին, ձգվում էին ավազի հարթ բլրակներ։ Նրանք իրար վրա են ելնում, գոյացնում կատարներ և կլոր հաստ ծալքեր։ Բնությունը նրանց հրաշալի և վառ ներկել էր կապույտ, վարդագույն, կարմրադարչնագույն և հարդագույն։ Երանգները կուրացուցիչ մաքուր էին։
«Անապատ բառը հաճախ գործածում են որպես միապաղաղության խորհրդանիշ։ Ամերիկյան անապատն արտասովոր բազմազան է։ Յուրաքանչյուր երկու֊երեք ժամից, անապատի արտաքինը փոխվում էր։ Սկսվեցին բլրակներ և ժայռեր, որոնք ունեին բուրգերի, աշտարակի, պառկած փղերի, անդրջրհեղեղյան մեծ մողեսների կերպարանքներ։
Բայց առջևում ավելի նշանակալից բան էր սպասում մեզ։
Մենք մտանք փշալարով շրջափակված քարացած անտառի արգելավայրը։ Սկզբում առանձնապես ոչինչ չնկատեցինք, բայց ավելի ուշադիր նայելով, տեսանք, որ ավազի և խճաքարի մեջ ցցված են կոճղեր և ընկած են ծառի բներ։ Ավելի մոտ գնալով, տեսանք, որ խիճն էլ քարացած անտառի փշրանքներ է ներկայացնում։
Այստեղ, սրանից մի քանի տասնյակ միլիոն տարիներ առաջ անտառ է եղել։ Ոչ վաղուց այդ անտառը գտել են, գետնատապալ քարացած ծառաբների վիճակում։ Դա մի ափշեցուցիչ տեսարան է, անապատի մեջտեղը, մեծագույն լռության մեջ ընկած են ծառի բները, որոնք պահպանել են ամենասովորական կարմրադարչնագույն ծառաբների արտաքինը։ Միլիոնավոր տարիների պրոցեսս է ընթացել ծառի մասնիկները աղի, կրի, երկաթի մասնիկներով փոխարինելու։ Ծառերը ձեռք են բերել մարմարի կարծրութկուն։
Արգելանտառում կառուցված է մի փոքրիկ թանգարան, որտեղ մշակում են քարացած ծառի քոթուկները։ Դրանք սղոցում են, ողորկում։ Կտրվածքի մակերեսը պահպանելով ծառի բոլոր գծերը, սկսում է փայլատակել կարմիր, կապույտ և դեղին երակներով։ Չկա այնպիսի մարմար և մալախիտ, որոնք իրենց գեղեցկությամբ կարողանան մրցել ողորկ, քարացած ծառի հետ։
Թանգարանում մեզ ասացին, որ այդ ծառերը 150 միլիոն տարեկան են։ Թանգարանն ինքը, հավանորեն, հազիվ մի տարեկան լիներ։ Դա մի փոքրիկ, բայց ըստ ամենայնի ժամանակակից շենք է՝ պատուհանների և դռների մետաղյա շրջանակներով, ջրմուղով, տաք ու պաղ ջրով։ Այդպիսի շենքից դուրս գալուց հետո սպասում ես, որ այստեղ կգտնես մետրոպոկիտեն, օդանավակայան և հանրախանութ, և գտնում ես անմիջապես, առանց անապատային, առնվազն մի քանի հարյուր մղոնները կտրել անցնելու։
Քարացած անտառի արգելանոցը խնամքով պահպանվում է, այնտեղից չի կարելի վերցնել և ոչ մի ավազահատիկ։ Բայց հազիվ էինք հեռացել արգելանտառի սահմաններից, երբ տեսանք տապալված քարացած ծառերից մի կերպ ցանկապատած գազոլին կայանը։ Հենց այստեղ էլ ծառակտորների աշխույժ առևտուր էր գնում՝ կտորը տասնհինգ ցենտ և ավելի գնով։ Ինչ֊որ մի միայնակ տնայնագործ, իր մոտորով (որ դռռում էր ողջ անապատով մեկ) տենդորեն հուշանվերներ էր պատրաստում՝ սղոցելով, տաշելով և ողորկելով։ Արժե՞ր արդյոք այդքան միլիոնավոր տարիներ պառկած մնալ, որպեսզի դառնար տգեղ մի կրցքազարդ՝ «բարի հիշատակ» մակագրությամբ։
Մենք ծառի մի քանի կտոր դրեցինք ավտոմոբիլի մեջ և կենդանի պատկերացնելով , թե ինչպես մոտ ժամանակներում նրանք ճամպրուկների մեջ դրած անցնելու են օվկիանոսի վրայով, առաջ շարժվեցինք։
Գործարանից ոչ հեռու, ճամփեզրին, բութ մատը վեր ցցած, կանգնել էր ճամպրուկով մի մարդ։
Մենք արդեն ասել ենք, որ ամերիկացիները շատ շփվող են, բարյացակամ են և միշտ պատրաստ են ծառայելու։ Երբ ձեզ օգնություն են ցույց տալիս, դե ասենք, առվից քաշում֊հանում են ավտոմոբիլը, ապա դա արվում է հասարակ ձևով, համեստորեն, արագ, առանց շնորհակալություն, նույնիսկ բանավոր շնորհակալություն ակնկալելու։ Օգնեց, մի կատակ բաց թողեց և շարունակեց ճանապարհը։
Վեր ցցած բութ մատը, ինչպես հայտնի է, նշանակում է մեքենա նստեցնելու խնդրանք։ Այդ ազդանշանը դարձել է ամերիկյան ավտոմոբիլիզմի նույն անբաժանելի մասը, ինչպես ճանապարհային նշանները, որոնք ցույց են տալիս շրջադարձեր, արագության սահման կամ երկաթուղագծի հատում։
Հոգիներ և սյուժեներ որսացող գրողի համար այդ սովորությունը մեծ հարմարություններ է ընձեռում։ Հերոսներն ինքներն են խցկվում մեքենայի մեջ և անմիջապես, սիրով շարադրում իրենց կյանքի պատմությունը։
Մենք կանգ առանք։ Ճամպրուկով մարդը գնալու էր Սան֊Դիեգո, Կալիֆոռնիա։ Մինչև Ֆլադստաֆ մեզ ճամփընկեր էր։ Մեր նոր ուղեկիցը նստեց մեքենա, բագաժը դրեց ծնկներին և հարց ստանալով՝ թե ով է, որտեղից է գնում, սկսեց պատմել։
Նս ծնվել է Մասաչուզետս նահանգում։ Ամբողջ կյանքում աշխատել է այնտեղ՝ իբրև փականագործ։ Հինգ տարի առաջ տեղափոխվել է ուրիշ քաղաք, կորցրել է աշխատանքը և դրանով վերջացել է նրա հին կյանքը։ Սկսվել է նորը, որին ոչ մի կերպ չի կարողանում ընտելանալ։ Շարունակ շրջագայում է որևէ աշխատանք գտնելու նպատակով։ Բազմիցս կտրել անցել է օվկիանոսից օվկիանոս, բայց աշխատանք չի գտել։ Երբեմն նստեցնում են ավտոմոբիլ, սակայն ավելի հաճախ շրջում է շրջմոլիկների հետ ապրանքատար վագոնով։ Այդպես ավելի արագ է։ Բայց ինքը շրջմոլիկ չէ։ Նա մի քանի անգամ համառորեն կրկնեց այդ։ Ըստ երևույթին, նրան մի քանի անգամ շրջմոլիկի տեղ են ընդունել։
Նրան նպաստ չեն տալիս, որովհետև մշտական բնակության վայր չունի։
― Հաճախ ես հանդիպում եմ ինձ պես մարդկանց, ― ասաց նա, ― և նրանց մեջ լինում են նույնիսկ բարձրագույն կրթության տեր մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ։ Մի այդպիսի բժշկի հետ ես շատ մտերմացա, և մենք թափառում էինք միասին։ Հետո որոշեցինք գիրք գրել։ Ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա, թե մենք ինչպես ենք ապրում։ Սկսեցինք ամեն օր գրի առնել այն ամենը, ինչ տեսնում էինք։ Շատ բան գրված էր արդեն։ Լսել էի, որ գիրքը հրատարակելու դեպքում լավ վճարում են դրա համար։ Մի անգամ ընկանք Նեբրասկա նահանգը։ Այստեղ, վագոնում բռնեցին, գտան ձեռագիրը, պատառոտեցին, իսկ մեզ ծեծեցին և դուրս շպրտեցին։ Ահա թե ինչպես եմ ապրում։
Նա չէր տրտնջում։ Նա պարզապես պատմում էր։ Նույն պարզասիրությամբ, որով ծովային հետևակի երիտասարդ զինվորն էր պատմում, թե ինչպես էին ընկերոջ հետ Չիկագոյում ծանոթացել ինչ֊որ աղջիկների հետ և անսպասելի կերպով մի շաբաթ մնացել այնտեղ։ Ծովայինը չէր պարծենում, գործազուրկը կարեկցանք չէր փնտրում։
Մարդը դուրս է ընկել հասարակությունից։ Բնական է, որ գտնում է, թե հասարակարգը պետք է փոխել։ Բայց ի՞նչ պետք է անել։
― Հարուստներից պետք է վերցնել նրանց հարստությունը։
Մենք սկսեցինք ավելի ուշադիր լսել նրան։ Նա մեծ ու կեղտոտ բռունցքով զայրացած խփեց նստատեղի մեջքին և կրկնեց․
― Վերցնել փողերը։ Այո, այո։ Վերցնել փողերը և նրանց թողնել միայն հինգական միլիոն դոլար։
Մենք հարցրինք՝ շա՞տ չէ արդյոք հինգական միլիոն դոլարը։
Բայց նա իր խոսքին հաստատ էր։
― Ո՛չ, այնուամենայնիվ, նրանց հինգական միլիոն պետք է թողնել։ Պակաս չի կարելի։
― Ո՞վ է վերցնելու այդ հարստությունը։
― Կվերցնեն։ Ռուզվելտը կվերցնի։ Թող միայն երկրորդ անգամ պրեզիդենտ ընտրեն։ Նա այդ կանի։
― Իսկ եթե կոնգրեսը թույլ չտա՞։
― Է՛հ, կոնգրեսը թույլ կտա։ Չէ՞ որ արդարացի բան է այդ։ Ինչպե՞ս կարելի է չհամաձայնել։ Պարզ խնդիր է։
Նա այնպես էր տարված իր պրիմիտիվ գաղափարով, այնպես էր ուզում, որ հանկարծ ինքն իրեն վերանար անարդարությունը, որ բոլորը լավ զգան, որ նույնիսկ չէր ուզում մտածել, թե ինչպես կարող է տեղի ունենալ այդ ամենը։ Դա մի իսկական երեխա էր, որն ուզում է ամեն ինչ շոկոլադից լինի պատրաստված։ Նրան թվում է, թե բավական է խնդրել բարի Սանտա Կլաուսին, և ամեն ինչ կախարդորեն կփոխվի։ Սանտա Կլաուսը կսլանա իր ստվարաթղթե, արծաթազօծ եղջերուներով, ձմեռվա թունդ բուք ու բորան կանի, և ամեն ինչ կփոխվի։ Կոնգրեսը կհամաձայնի, Ռուզվելտը քաղաքավարի կերպով կվերցնի միլիարդները, իսկ հարուստները հեզ ժպիտով կտան։
Միլիոնավոր ամերիկացիներ այդպիսի մանկական գաղափարների ազդեցության տակ են գտնվում։
Ինչպե՞ս հուր֊հավիտյան ազատվել ճգնաժամից։
Օ՜, դա բոլորովին էլ դժվար բան չէ։ Պետությունը վաթսունի հասած յուրաքանչյուր ծերունու տալու է ամսական երկու հարյուրական դոլար, պայմանով, որ այդ դրամը անպայման ծախսի։ Այդ դեպքում բնակչության գնողականությունը կաճի անասելի չափերով, և ճգնաժամը անմիջապես կվերջանա։ Ծերուկներն էլ միաժամանակ կսկսեն հիանալի լավ ապրել։ Ամեն ինչ պարզ է ու հասարակ։ Թե ինչպես է այդ արվելու՝ այնքան էլ կարևոր չէ։ Ծերունիներն այն աստիճան են ուզում ամսական երկու հարյուրական դոլար ստանան, իսկ երիտասարդներն այնպես են ուզում ճգնաժամը վերանա և իրենք վերջապես աշխատանք ստանան, որ հաճույքով հավատում են այդ ամենին։ Տաունսենդը՝ այդ հրաշագործ միջոցի գյուտարարը, ամենակարճ ժամանակամիջոցում միլիոնավոր ջերմ համախոհներ է նվաճել։
Բովանդակ երկրում ստեղծվել են տաունսենդյան ակումբներ և կոմիտեներ։ Եվ քանի որ պրեզիդենտի ընտրությունները մոտենում են, ապա տաունսենդյան գաղափարը հարստացել է նոր ուղղումով։ Այժմ առաջարկում են երկու հարյուրական դոլար տալ՝ յուրաքանչյուր հիսունհինգի հասած մարդու։
Հասարակ թվերի հիպնոսը ներգործում է անասելի ուժով։ Եվ իսկապես ո՛ր երեխան չի երազել, թե ինչ լավ կլիներ, եթե ամեն մի մեծահասակ մեկական կոպեկ տար իրեն։ Մեծերի համար դա ոչինչ չարժե, բայց երեխան ահագին փող կունենար։
Այստեղ չի խոսվում ոչ առաջավոր ամերիկյան բանվորների, ոչ էլ արմատական մտավորականության մասին։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, միջին ամերիկացուն՝ գլխավոր գնորդին և գլխավոր ընտրողին։ Դա մի հասարակ, չափազանց դեմոկրատիկ մարդ է։ Նա գիտե աշխատել և շատ է աշխատում։ Նա սիրում է իր կնոջն ու երեխաներին, լսում է ռադիո, հաճախ կինո է գնում և շատ քիչ կարդում։ Բացի այդ, փողը շատ է հարգում։ Փողի նկատմամբ նա ժլատի կիրք է տածում, նա հարգում է փողը, ինչպես ընտանիքում հարգում են քեռուն՝ հայտնի պրոֆեսորին։ Եվ նա ուզում է, որ աշխարհում ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի, ինչպես իր տանը։
Երբ նրան վաճառում են սենյակի սառնարան կամ էլ էլեկտրական պլիտա, կամ փոշեծծիչ, ապա վաճառողը վերացական դատողություններ չի անում նրա հետ։ Նա ճիշտ և բանիմացորեն բացատրում է, թե ժամում որքան ցենտ կնստի էլեկտրական էներգիան, որքան կանխավճար է տալու և որքան է տնտեսելու այդ ամենից։ Գնորդն ուզում է իմանալ թվերը, օգուտը՝ դոլարներով արտահայտված։
Հենց նույն կերպ նրան վաճառում են քաղաքական գաղափարախոսությունը։ Ոչ մի վերացական բան, ոչ մի փիլիսոփայություն։ Նա տալիս է իր քվեն, իսկ նրան խոստանում են ամսական երկու հարյուր դոլար կամ հավասարեցնել հարստությունը։ Դրանք թվեր են։ Այդ հասկանալի է։ Դրան նա կընդառաջի։ Իհարկե, նա շատ կզարմանա, եթե նկատի, որ գաղափարներն այնքան էլ բարեխճորեն չեն աշխատում, ինչպես սառնարանը կամ փոշեծծիչը։ Բայց առայժմ դեռ հավատում է դրանց։
Ֆլագստաֆում մենք հրաժեշտ տվինք մեր ուղեկցին։
Երբ նա իջավ մեքենայից, տեսանք, թե ինչ աստիճանի աղքատության է հասել այդ մարդը։ Նրա ողորմելի վերարկուն փետրահան էր եղել, կանաչավուն այտերը վաղուց չէին սափրված, իսկ ականջներում կուտակվել էր Պենսիլվանիայի, Կանզասի, Օկլախոմայի փոշին։ Հրաժեշտի պահին նրա դեմքին լավատեսական ժպիտ խաղաց։
― Շուտով ամեն բան լավ կգնա, ― ասաց նա։ ― Իսկ նրանց՝ հինգական միլիոն դոլար, և ոչ մի ցենտ ավելի։
Երբ Ֆլագստաֆից դեպի Գրենդ֊կենյոն ուղղություն բռնած մեկնում էինք, միստեր Ադամսն ասաց․
― Հը, ի՞նչ եք կարծում, ինչու այդ թշվառ մարդն, այնուամենայնիվ, ուզում է հինգական միլիոն թողնել միլիոնատերերին։ Չգիտե՞ք։ Դե լավ, ես կասեմ։ Հոգու խորքում նա դեռևս հույս ունի երևի, որ ինքն էլ կդառնա միլիոնատեր։ Ամերիկյան դաստիրակությու՜ն, ահավոր բան է դա, պարոնա՛յք։
Գլուխ քսանվեցերորդ — Գրենդ֊Կենյոն
Ամեն օր, իրիկվա կողմ մեր ծերուկը, որին մենք արդեն շատ էինք սիրում, հոգնում էր։
Անցած երեք հարյուր մղոնը, տպավորությունները, անվերջ խոսակցությունները, վերջապես պատկառելի հասակն իրենց գործը տեսնում էին․ միստեր Ադամսը խիստ հոգնում էր, և նրա գործողությունների մեջ ինչ֊որ օղակ դուրս էր ընկնում։
Եթե իրիկվա կողմ միսիս Ադամսը խնդրում էր ամուսնուն, ճանապարհին որևէ մեկից ստուգել, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք գնում, ծերուկը սկսում էր անհանգիստ ֆռռալ իր տեղում։ Նրա շարժումներից կարելի էր դատել, որ չէր իմանում՝ ինչպես գործի անցնել։ Պարզապես մոռացել էր։ Հարկ էր, որ նա իջեցներ ապակին, գլուխը դուրս հաներ և «պարդն մի սըր» ասելով, որ նշանակում է՝ «ներեցեք ինձ», տեղեկանար ճանապարհի մասին։ Այդ ամենը նա ճշտապահորեն անում էր։ Եվ բացականչում էր՝ «պարդոն մի» ու փորձում էր գլուխը դուրս հանել։ Բայց ամենակարևորը՝ ապակին իջեցնելը, մոռանում էր։ Նրա մոտ այդ օղակը դուրս էր ընկնում։ Եվ ամեն անգամ ի վիճակի չլինելով հասկանալու, թե ինչու գլուխը դուրս չի գալիս, փորձում էր արմունկով ջարդել ապակին։ Ամերիկյան արտադրանքի ամրությունն էր միայն, որ միստեր Ադամսի ճակատն ու ձեռքերը փրկում էր կտրտվելուց։ Մենք սկսեցինք ընդհամրապես զգուշանալ իրիկվա կողմ նման հանձնարարություններ նրան անելուց։
Մենք արագ թափով շարժվում էինք անապատի ճանապարհով, որ նույն օրն ևեթ հասնենք Գրենդ֊կենյոն՝ Մեծ֊կենյոն՝ երկրագնդի աշխարհագարական մեծագույն հրաշալիքներից մեկը։
Մենք հոգնել էինք, ուստի և մոռացանք հսկել միսիս Ադամսին։ Նա իսկույն նկատեց այդ և հիսուն մղոն արագությունից անցավ վաթսունի։ Հետո ծածուկ նայեց մեզ և հինգ մղոն ևս ավելացրեց։ Այժմ մենք գնում էինք ժամում հարյուր կիլոմետրից ավելի արագությամբ։ Դա տիպիկ կանացի գիծ է։ Կինը միշտ էլ ձգտում է գնալ ավելի արագ, քան այդ պահանջում են հանգամանքները։ Օդը ոռնում էր՝ ծվեն֊ծվեն պատառոտվելով մեր մեքենայի արագությունից։
Դարձյալ մենք գնում էինք գույնզգույն անապատով։ Կապտավուն, մաքուր բլրակները փռվել էին ամբողջ հորիզոնով մեկ։ Մայրամուտը նույնպես ջինջ էր, անմեղունակ, ասես դրան նկարել էր գավառական մի օրիորդ շատ վաղուց, նախքան նրա գլխում տղամարդի մասին առաջին ահավոր մտքերը ծագելը։ Անապատի գույներն այնպես թարմ ու թափանցիկ էին, որ վերարտադրել դրանք կարելի էր միայն ալբոմային ջրաներկով։ Քամու մի քանի խոպոպիկներ, որոնք մեր մեքենան էին ընկել բացված պատուհանից, թռչկոտում էին իրար վրա, ինչպես ձեղնահարկի կատուներ։ Միմյանց գզվռտելով նրանք դիպչում էին մեզ, պոկում գլխարկները, և հովհարում միստեր Ադամսի սափրված գլուխը։ Ինչպես հայտնի է, միստեր Ադամսը մինչև այժմ էլ ամբողջ ճանապարհին մեր կատարած փոստային բարդ գործառնությունների հետևանքով գլխարկ չուներ։ Սակայն երեկոն բավականին զով էր, և միստեր Ադամսի գլխի մաշկը կապտել էր, իր գույնով ոչնչով հիմա չտարբերվելով ներկված անապատից։
Կատարյալ մթության մեջ, բնության գեղեցկությունները տեսնելուց փոքր ինչ ընկճված և սսկված, մենք հասանք Գրենդ֊կենյոն և կանգ առանք նրա կեմպի տնակներից մեկում։ Տունը շինված էր վիթխարի գերաններից։ Նա պատկերացում էր տալու ամերիկացիների նախնադարյան պիոներական կյանքի մասին։ Բայց ներսը կահավորված էր միանգամայն ժամանակակից ձևով, և մահճակալները, ինչպես միշտ հիանալի էին (ամերիկայում գնորդին ոչ թե մահճակալ են վաճառում, այլ լավ քուն): Եվ այսպես, դրանք սենյակներ էին հիանալի քնով, կենտրոնական ջեռուցումով, տաք ու պաղ ջրով և ստվարաթղթե մեծ լուսամփոփներ ունեցող նյույորքյան շարժական շտեպսելային լամպերով։ Լամպի ոտքերը շատ երկար են․ դրանք մարդաբոյ են և դրված են լինում ոչ թե սեղանին, այլ հատակին։
Ընթրիքից հետո հսկայական գերաններով կառուցված հյուրանոցի թատերական փոքր դահլիճում տուրիստներին ցույց տվեցին ռեկլամային կարճ մի կինոնկար, որտեղ պատկերված էր, թե ինչպես են մարդկանց կենյոնի հատակն իջեցնում փորձված ուղեկցողների ղեկավարությամբ։ Նկարից հետո տրվեց համերգ։
Բեմ դուրս եկավ մի հաստլիկ տղա՝ բանջոյով։ Նա անկախորեն նստեց բեմի վրա և սկսեց ծնգծնգացնել իր գործիքի լարերը, ուժգնորեն տակտ խփելով կովբոյական կոշիկներ հագած ոտքերով։ Նա հասարակությանը նայում էր մեծամտորեն, և իսկույն երևում էր, որ ինքը մարդ է համարում միայն կովբոյներին, իսկ մնացածներին՝ պարզապես փշրանք։ Նրա հետևից հայտնվեց շատ բարձրահասակ, նիհար և մեծ քթանի մի կովբոյ՝ կիթառով։ Նա նայեց հասարակությանը և ասաց․
― Լսեցեք, մենք այստեղ երգելու էինք երեքով, բայց մյուսները, ըստ երևույթին, չեն գալու, այնպես որ ես մենակ եմ երգելու․․․ Բայց, միգուցե երգել պետք չէ։ Ես ընդհանրապես ասած, երգել չգիտեմ։
Նա գեղեցիկ ու ծաղրալի դեմք ուներ։ Փոքրիկ ու սև աչքերում ասես գրված էր․
«Էհ, ինչ հարկ կա հիմարություններ անել։ Գնանք, ավելի լավ է, խմենք որևէ տեղ։ Դա շատ ավելի հետաքրքիր է։ Չ՞եք ուզում։ Այդ դեպքում ես, այնուամենայնիվ, կերգեմ։ Ձեր բանը վատ կլինի»։
Հաստլիկ տղան առաջվա պես թնդացնում էր իր բանջոն։ Կիթառը հնչում էր ցածրաձայն, և կովբոյը երգում էր, ավելի շուտ արտասանում իր երգերը, երբեմն անցնելով տիրոլյան ֆալցետի։ Հասարակ ու ծիծաղելի երգեր էին։ Ահա թե ինչ էր պատմում նրանցից մեկը․
«Երբ ես փոքր տղա էի և լողանում էի գետում, ափին դրած հագուստներս գողացան։ Տկլոր տուն գնալ անհարմար էր, և մթանը սպասելով, զբաղվեցի նրանով, որ հին խնձորենու բնին փորագրեցի իմ անվան սկզբնատառերը։ Այդ օրից անցան շատ տարիներ, ես ընտրեցի մի գեղեցիկ աղջիկ և ամուսնացա նրա հետ։ Պատկերացրեք, թե ինչ պատահեց, երբ նրա հետ առաջին անգամ մտանք ննջարան։ Իմ սիրունիկ կինը բերանից հանում է արհեստական ծնոտները և դնում ջրով լի բաժակի մեջ։ Հետո գլխից հանում է կեղծամը և բացում իր ճաղատ գլուխը։ Լիֆի միջից հանում է բամբակի մեծ կտորներ։ Իմ գեղեցկուհին աչքերիս առաջ դառնում է բանջարանոցի խրտվիլակ։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Այդ խրտվիլակը հանում է վրայից շրջազգեստը և սառնասիրտ ետ է պտուտակում իր փայտե ոտը։ Եվ հանկարծ ես այդ ոտի վրա տեսնում եմ իմ անվան սկզբնատառերը։ Թող գրո՛ղը ինձ տանի, եթե դրանք հենց այն սկբնատառերը չէին, որոնք ես մի ժամանակ փորագրել էի հին խնձորենու բնի վրա, երբ մանկությանս օրերին գողացել էին իմ հագուստները»։
Բոլորը քրքջում էին, մենք էլ։ Դա շատ հնացած բան էր, միամիտ ու ծիծաղելի։ Կովբոյը առաջվա պես երգիծանքով ժպտում էր։ Առաջվա պես նրա աչքերում փայլատակում էր հրավեր՝ գնալ որևէ տեղ, անկյունի հետևում մի քանի բաժակ վիսկի կոնծելու։ Բայց ինչ վերաբերում է երգել չիմանալուն, կովբոյը ստում էր։ Երգում էր լավ և երկար ժամանակ ծիծաղեցնում էր բոլորին։
Նրանից հետո դուրս եկավ մի նեգր։ Այստեղ կոնֆերանսիե չկար, և ոչ ոք չէր հայտարարում արտիստների անունները։ Ասենք, սրանք արտիստներ էլ չէին։ Բոլոր ելույթ ունեցողները Գրենդ֊կենյոնի ծառայողներ էին և համերգ էին տալիս համատեղության կարգով։
Նեգրը չափազանց երիտասարդ էր և երկարոտն։ Թվում էր, թե նրա ոտքերը սկսվում են թևատակերից։ Նա պարում և չեչոտկա էր դոփում անկեղծ հրճվանքով․ նրա ձեռքերը մի տեսակ զարմանահրաշ ձևով պտտվում էին մարմնի շուրջը։ Նա հագած ուներ տաբատակալով անդրավարտիկ և բանվորական վերնաշապիկ։ Պարը վերջացնելուց հետո նա ուրախ֊զվարթ վերցրեց անկյունում դրված ավելը և ատամները ցույց տալով գնաց։
Առավոտյան մենք նրան տեսանք գերանակապ այն տնակի մոտ, որտեղ գիշերել էինք։ Նա ծառուղին էր ավլում։ Եվ ավլում էր գրեթե նույն հաճույքով, ինչպես պարում էր։ Թվում էր նույնիսկ, որ նա շարունակում է պարել, իսկ ավելը միայն, պարի այսպես ասած ձևավորումն էր։ Նա բացեց իր մոխրագույն սև շրթունքները և մեզ բարի լույս ցանկացավ։
Մենք վազ տվինք կենյոնը դիտելու։
Պատկերացրեց ձեզ ահա թե ինչ։ Վերցվում է մի ահագին լեռնաշղթա, կտրվում է արմատից, շուռ է տրվում գագաթներն ի վար և սեղմվում հարթ, անտառապատ գետնին։ Հետո հանվում է։ Մնում է լեռնաշղթայի ասես կաղապարը։ Լեռները՝ շուռ տված։ Հենց դա էլ Գրենդ֊կենյոնն է՝ Մեծ կենյոնը, հողի հսկայական բացվածքներ։
Լեռներին պետք է նայել վարից վեր։ Կենյոնին՝ վերից վար։ Գրենդ֊կենյոնի տեսարանը հավասարը չունի աշխարհում։ Ասենք, նա գետնի էլ նման չէ, բնապատկերը շուռ է տալիս, եթե կարելի է այսպես արտահայտվել, եվրոպական պատկերացումները երկրագնդի մասին։ Այդպես կարող են պատկերանալ տղային Լուսինը կամ Մարսը՝ ֆանտաստիկ վեպ կարդալիս։ Մենք երկար կանգնել էինք այդ հոյակապ խորխորատի եզրին։ Չորս շատախոսներս ոչ մի բառ չարտասանեցինք։ Խոր ներքևում դանդաղ, ձկան պես, լողում էր մի թռչուն։ Ավելի խորը, գրեթե ստվերով համակված, հոսում էր Կոլորադո գետը։
Գրենդ֊կենյոնը ազգային հոյակապ պարկ է, որ գրավում է հարյուրավոր քառակուսի մղոններ։ Ինչպես ամերիկյան բոլոր ազգային պարկերը (արգելանոցները), հիանալի կազմակերպված է։ Հյուրանոցներն ու ճանապարհները, տպագիր և լուսանակարչական հրատարակությունների, քարտեզների, ուրվագծերի, տեղեկատուների մատակարարումը և, վերջապես, բանավոր բացատրությունները, այդ ամենը այստեղ շատ բարձր մակարդակի վրա են։ Այստեղ ամերիկացիները հանգստանալու են գալիս ընտանիքներով։ Եվ այս հանգիստը թանկ չէ․ խցիկներն այդ ճամբարում թանկ չեն, քան որևէ ուրիշ քաղաքում, իսկ ուտելիքը նույնքան արժե, որքան ամենուրեք։ Պարկն այցելելու համար վերցնում են ընդամենը մեկ դոլար, որից հետո ավտոմոբիլի քամու ապակու վրա փակցնում են գունավոր պիտակ, և կարող ես պարկում ապրել ու շրջագայել թեկուզ մի ամիս, մի տարի։
Հարկ էր, իհարկե, իջնել կենյոնի հատակը և կես տարու չափ ապրել կենտրոնական ջեռուցում ունեցող գերանակապ տնակում, բնության քաոսի և իդեալական սերվիսի պայմաններում, բայց ժամանակ չկար։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, ավտոմոբիլով շրջեցինք կենյոնը։
Հանկարծ մենք տեսանք տարօրինակ մի հուղարկավորություն։ Պարկի հիանալի ճանապարհով դանդաղ շարժվում էր դագաղով ավտոմոբիլ։ Այն գնում էր հետիոտնի արագությամբ։ Դագաղի հետևից մարդիկ՝ սովորական կոստյումի վրա սպիտակ կաշվե գոգնոցներ կապած։ Մեկը ցիլինդրով էր և այցեզգեստով։ Հուղարկավորներից մի քանիսի ուսերին փայտեր կային դրված։ Թափորի հետևից անաղմուկ գնում էին երեք տասնյակ դատարկ ավտոմոբիլներ։
Թաղում էին պարկում ծառայած մի ծեր կովբոյի։ Ծեր կովբոյը եղել է մասոն, և բոլոր սպիտակ գոգնոցավորները նույնպես մասոններ էին։ Փայտերը դրոշակի կոթեր էին։ Թափորը գնում էր մեր մարշրուտով, և մենք միացանք հուղարկավորության պոչին։ Անտառից դուրս եկավ մի եղնիկ և վախվխելով նայեց ավտոմոբիլների նախրին։ Պարկում որս անելն, իհարկե, արգելված էր, և եղնիկը չէր վախենում կրակոցից։ Բայց նա ուզում էր կտրել անցնել ճանապարհը։ Մի քանի անգամ փորձեց այդ անել ու ետ էր ընկնում մասոններից բուրող բենզինի հոտից շշմած։ Վերջ ի վերջո եղնիկը սիրտ արեց, հենց մեր մեքենայի առջևից գեղեցիկ ցատկեց անցավ ճանապարհը՝ բոլոր չորս ոտքերը գետնից կտրելով, մեկ֊երկու անգամ աղոտ երևաց ծառերի արանքում և կորավ անտառում։
― Միստերնե՛ր, ― ասաց Ադամսը, ― այլևս հապաղել չի կարելի։ Պետք է թափել ռադիատորի ջուրը և լցնել չսառչող խառնուրդ։ Գիշերներն արդեն ցրտել են, և ջուրը կարող է սառչել։ Մեր ռադիատորը գրողի ծոցը կգնա։ Այստեղ, պարկում մենք մեքենան կանգնեցրինք տաք գարաժում, բայց չեմ երաշխավորում, միստերներ, որ վաղն էլ մեզ այսպիսի գարաժ պատահի։
Գրենդ֊կենյոնի տաք գարաժում մենք տեսանք ինչ֊որ մեկի ավտոմոբիլը էքսիդենտից հետո։ Մեծ «բյուկի» կափարիչի մեջ ծառի հաստ ճյուղեր էին խրվել։ Մոտորը սեղմվել էր առջևի նստատեղին։ Մեքենայի ներսում ճյուղիկներ և կանաչ տերևներ էին թափված․ այս «բյուկի» վարորդը քնել էր ղեկի մոտ նստած։ Ամերիկայում պատահում է այդ։ Հարթ ճանապարհ, մեքենայի քուն բերող օրորում, ցերեկվա հոգնություն, և մարդն իր համար աննկատելի քնում է հիսուն մղոն արագության վրա։ Արթնացումը գրեթե միշտ ահավոր է լինում։ Մեր տեսած «բյուկը» այնպիսի ուժով էր խրվել ծառի մեջ, որ աղետի վայրում չէր լինում ջոկել՝ որտեղ է սկսվում «Ջենելալ Մոտորսի» ստեղծագործությունը և որտեղ է վերջանում բնության ստեղծագործությունը։ Որքան էլ տարօրինակ լինի քնած դրայվերը ոչ միայն կենդանի էր մնացել, այլև, ընդհանրապես, ոչ մի վնասվածք չէր ստացել։ Գարաժի տղան մեծալրջորեն արտահայտեց իր կարծիքը, թե մեքենայի տերն այսուհետև լինելու է ավելի ապահով տեղերում, քան շարժվող մեքենայում, օրինակ մահճակալի մեջ։ Մենք բոլորս նայեցինք միսիս Ադամսին։ Թեև նա երբեք չէր քնել ընթացքի պահին, բոլորիս դեմքերին գրված էր․ «այ, տեսում եք» ― ասես մենք մի քանի անգամ արդեն բռնել ենք մեր դրայվերուհուն ղեկի մոտ խռմփալիս։ Այդ բանը մենք արեցինք, համենայն դեպս։
Քանի գնում, այնքան ավելի տպավորիչ և նորանոր դեկորացիաներ էին բացվում կենյոնի յուրաքանչյուր շրջադարձում։ Վաղորդյան երկնագույն և վարդագույն մշուշը ցրվեց։ Մենք կանգ առանք ճաղաշարի առջև և նայում էինք անդունդին։ Հիմա այն ծիրանագույն էր։ Մեր ներքևում՝ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր փոքր֊ինչ լուսավորված գետը։ Մենք որքան ուժ ունեինք բղավում էինք՝ արձագանք առաջացնելով։ Եվ մեր մոսկովյան ձայները երկար ժամանակ թռչկոտում էին ժայռերի վրայով, ետ վերադառնալով և տարածության մեջ հնչելով։
Վերջապես մենք անցանք ելքի տնակը։ Այնտեղ վերահսկիչ չկար։ Այսօր ամերիկյան մեծ տոն էր՝ «Շնորհակալության օր»՝ «Թենքս գեվինդեյ», և շատ ծառայողներ չէին աշխատում։ Սակայն վերահսկիչը իր տնակի ապակու վրա թողել էր մի երկտող․ «Ցտեսություն։ Կրկին այցելեք մեզ»։
― Պարոնայք, ― խրատական տոնով ասաց միստեր Ադամսը, ― գրեցեք այս մասին ձեր հուշատետրերում։
Եվ նա սկսեց երկար ու բարակ հետաքրքիր բաներ պատմել ամերիկյան սերվիսի մասին։ Պատմեց այնքան, մինչև որ մենք քառասուն մղոն հեռացանք կենյոնի վերահսկիչ տնակից։ Այդ պահին նա աչքերին մոտեցրեց ձախ ձեռքը և քարացավ։
― Բեկկի, ― ասաց նա առանց ոգևորության, ― բարձի տակից հանե՞լ ես իմ ժամացույցը։
― Ոչ, ― ասաց Բեկկին, շիկացած մի հայացք գցելով ամուսնու վրա։
― Նո՛, նո՛, ― հառաչեց միստեր Ադամսը, ― մի նայիր ինձ այդպես, խնդրում եմ։ Այդպես չի կարելի անել։ Նայիր միայն ճանապարհին։
― Դու ժամացույցդ թողել ես կեմպում, ― ասաց միսիս Ադամսը, աչքը ճանապարհից չհեռացնելով։
― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, ― տաքացավ Ադամսը, ― ոչ թե կեմպում, այլ մոռացել եմ բարձի տակ։
Մենք կանգ առանք։ Պարզվեց, որ ժամացույցն արժե քսանհինգ դոլար, բայց այդ չէր գլխավորը։ Դժբախտությունն այն էր, որ ժամացույցը միսիս Ադամսն էր նվիրել ամուսնուն։
Սկսեցին հաշվել, թե ո՞րն է ձեռնտու․ ժամացույցի պատճառով ութսուն մղոն անե՞լ, թե մոռանալ ժամացույցը և շարժվել առաջ։ Դուրս էր գալիս, որ վերադառնալը ձեռնտու է, առավել ևս, որ թողած իրը թանկ էր իբրև հիշատակ, մի բան, որ չի կարելի ասել տնտեսած բենզինի վերաբերյալ։
Բայց և այնպես մենք ետ չգնացինք։ Առիթ ընձեռվեց մոտակա գազոլինկայանից հեռախոսով զանգահարել կեմպ։ Կեմպը պատասխանեց, որ մեր սենյակը հավաքող աշխատակիցը հիմա գնացել է, բայց ոչ մի կասկած չկա, որ նա ժամացույցն անմիջապես կհանձնի վարչությանը, եթե այն, իրոք, բարձի տակ է եղել։
― Ուե՜լ, ― ասաց միսիս Ադամսը, ― այդ դեպքում մենք չենք վերադառնա։ Իսկ ժամացույցը կարող եք ուղարկել մեզ Սան֊Ֆրանցիսկո ցպահանջ։
Կեմպի մարդն էլ ասաց, որ այդ ամենը «ուել է»՝ լավ է, և միաժամանակ խնդրեց ուղարկել տնակի բանալին, որը միստեր Ադամսը մեկնելիս չէր վերադարձրել։ Միսիս Ադամսը մի սարսափելի հայացք նետեց ամուսնու վրա և ասաց, որ մենք անմիջապես փոստով կուղարկենք բանալին։
Բոլոր այդ հանգամանքների պատճառով մենք երկու ժամ գնում էինք լուռումունջ։
Գլուխ քսանյոթերորդ — Կարմիր վերնաշապիկով մարդը
Գրենդ֊կենյոնից սկսվում էր նոր, տուրիստների կողմից չտրորված մի ճանապարհ։ Ազգային պարկի բարձրադիր և խիտ անտառները հետզհետե նոսրանում էին և, ի վերջո, բոլորովին անհետացան։ Նրանց փոխարինեցին դեղին ժայռերը, որոնք վերջանում էին նոր անապատը տանող վայրէջքով։ Ճանապարհը գահավիժում էր շեշտակի թեքուղիներով։ Այն պատկանում էր ամերիկյան ավտոմոբիլային ճանապարհների ամենանշանավոր տեսակին․ «scenic road» ― որ նշանակում է՝ գեղատեսիլ ճանապարհ։ Կառուցողները ոչ միայն շինել են դիմացկուն, լայն, հարմար և անձրևի դեպքում անվտամգ ճանապարհ, այլև հասել են այն բանին, որ նրա յուրաքանչյուր շրջադարձը ստիպեր ուղևորին հիանալ նորանոր տեսարաններով, միևնույն բնանկարների տասնյակ տարբեր ռակուրսներով։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, գլուխն ամեն րոպե մեքենայից դուրս հանելով, ― դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Դա սպասրկելու վարպետության ամենաբարձր աստիճանն է։ Ձեզ հարկ չկա մագլցել ժայռերի վրա՝ հարմար դիտակետ գտնելու։ Դուք ամեն բան կարող եք տեսնել մեքենայի մեջ նստած։ Այդ իսկ պատճառով գնեցեք ավտոմոբիլ, գնեցեք գազոլին, գնեցեք յուղ։
Մենք ընտելացել էինք անապատներին, սիրել նրանց և բավական մեծ բարձրունքից մեր առջև բացվող նոր անապատը դիմավորեցինք ինչպես մեր հին բարեկամին։ Այստեղ սկսվում էր հնդկական Նավագո կամ, ինչպես ասում են, Նավայո քոչվորական ցեղի ռեզերվացիան (արգելավայրը)։ Դա հնդկական ամենամեծ ցեղերից մեկն է, ընդգրկում է վաթսուն հազար մարդ։ Դեռ հինգ տարի առաջ այս վայրը միանգամայն անմատչելի էր և միայն վերջերս, նոր ճանապարհը բացվելուց հետո, սկսեցին քիչ֊քիչ մուտք գործել տուրիստները։
Նավագոները ատում և արհամարում էին «սպիտակադեմ եղբայրներին», որոնք մի քանի հարյուրամյակներ ոչնչացրել են նրանց, քշել ավելի ու ավելի վատ տեղեր և վերջի ի վերջո բերել հասցրել այս անբերի անապատը։ Այդ ատելությունը նկատվում է յուրաքանչյուր հնդկացաու հայացքում։ Հնդկացին իր նորածին երեխային կկապի փոքրիկ տախտակի վրա և կդնի վիգվամի կեղտոտ հողե հատակին, բայց սպիտակ մարդուց չի վերցնի նրա կուլտուրան։
Հնդկացիները գրեթե բոլորովին չեն խառնվում սպիտակների հետ։ Հնդկացիների այդ բազմադարյան համառ դիմադրությունը, հավանորեն, ամենանշանակալից երևույթներից մեկն է մարդկության պատմության մեջ։
Հնդկացիներին ոչնչացնող կառավարություններն այժմ փորձում են պահպանել նրանց փոքրիկ սերունդը։ Վաշինգտոնի հնդկական դեպարտամենտի գլխին դրված է մի լիբերալ ջենտլմեն։ Կազմակերպված են, այսպես կոչված, հնդկական ռեզերվավիաներ, որտեղ սպիտակներին թույլատրվում է առևտուր անել հնդիկների հետ միայն պետուցյան վերահսկողության տակ։ Հնդկացիներին նախապես քշելով արգավանդ հողերից, այժմ նրանց հատկացրել են մի քանի կտոր խղճուկ անապատ, և այդ համարվում է մեծ բարերարություն։ Բացված են հնդկացիների արվեստի թանգարաններ։ Հնդկացիներից գրոշի արժեքվ գնում են նկարներ, գորգեր, նախշազարդ կավե ամաններ և արծաթյա ապարանջաններ։ Հնդիկ երեխաների համար կառուցել են մի քանի գերազանց սարքավորված դպրոցներ։ Ամերիկացիները նույնիսկ մի քիչ հպարտանում են իրենց հնդկացիներով։ Այդպես հպարտանում է կենդանաբանական այգու դիրեկտորը ծեր առյուծի հազվագյուտ մի նմուշով։ Հպարտ գազանը շատ ծեր է և արդեն վտանգավոր չէ, ճանկերը բթաղել են, ատամները թափվել։ Բայց նրա մորթը հիանալի է։
Կազմակերպելով ռեզերվացիաներ, դպրոցներ և թանգարաններ, մոռանում են, որ ժողովրդի զարգացման հիմքում ընկած է մայրենի լեզուն։ Հնդկացիների դպրոցում դասավանդում են միայն սպիտակները և միայն անգլերեն։ Իսկ հնդակիցների գիր ու գրականություն բնավ գոյություն չունի։
Ճիշտ է, հնդկացիների յուրաքանչյուր ցեղը խոսում է իր հատուկ լեզվով, բայց դա խոչընդոտ չէ։ Ցանկություն լիներ միայն։ Եվ բազում ամերիկյան գիտնականներ, հնդկացիների մշակույթի գիտակներ, կարճ ժամանակամիջոցում կստեղծեյին գրականություն, թեկուզ մի քանի կարևորագույն ցեղերի համար։
Կեսօրին մենք հասանք Կամերոն ավանը։ Այստեղ մի քանի տնակներ կային, փոստատուն, առևտրական կետ, որտեղ հնդկացիներին ապրանք են վաճառում, փոքրիկ, բայց հիանալի սարքավորված հյուրանոց֊ռեստորան, կեմպ և երկու կավաշեն հնդկական վիգվամներ։
Մենք մտանք նրանցից մեկը։ Ընտանիքի հայրը տանը չէր։ Հատակին նստել էր գնչուհու նման գեղեցիկ մի հնդկուհի (սովորաբար հնդկացի տղամարդիկ ավելի գեղեցիք են կանանցից): Նրան շրջապատել էին մի ամբողջ խումբ երեխաներ։ Ամենափոքրը՝ ծծկերը, կապված էր գետնին դրված տախտակին։ Ամենամեծը յոթ տարեկան էր։ Երեխաները կեղտոտ էին, բայց մոր նման՝ շատ գեղեցիկ։
― Բե՛կկի, Բե՛կկի, ― հուզված բացականչեց միստեր Ադամսը։ ― Շուտ ներս եկ։ Այստեղ փոքրիկ երեխաներ կան։
Ադամսները շատ էին կարոտել իրենց բեբիին և երբեք ոչ մի երեխա բաց չէին թողնում, որ չգրկեին, չփաղաքշեին, կոնֆետ չնվիրեին։ Երեխաները շատ բարեհաճ վերաբերմունք էին ցույց տալիս միստեր Ադամսին, սիրում, գնում էին նրա գիրկը, ինչ֊որ բաներ էին թոթովում գառնուկների և ձիուկների մասին, ուշադրությունից շոյված մայրերը շնորհակալ հայացքով նայում էին միստեր Ադամսին և հրաժեշտի պահին այնպես քնքուշ «գուդ բայ» էին հղում, որ կարծես նա ոչ թե դիպվածորեն հանդիպած ճանապարհորդ էր, այլ մի բարի պապիկ, որ եկել էր Կանզասից իր շատ սիրած թոռնիկներին այցելելու։ Մի խոսքով, Ադամս ամուսինները մեծ բավականություն էին ստանում այդ հանդիպումներից։
― Ու՞ր են, ու՞ր են երեխաները, ― բացականչեց միսիս Ադամսը, շտապ պայուսակից շոկոլադ հանելով և կռանալով՝ վիվգվամի ցածրիկ դռնից ներս մտնելու համար։
― Դե, պատանի ջենտլմեններ, ― զվարթորեն ասաց միստեր Ադամսը, ― ձեզանից ո՞վ կուզենա առաջինը շոկոլադ ստանալ։
Պստլիկները վախեցած լաց եղան։ Գեղեցկուհի մայրը շփոթված փորձում էր նրանց հանգստացնել։ Միայն ավագը՝ յոթ տարեկանը, որը ըստ երևույթին, նույնպես շատ էր ուզում լաց լինել, հաղթահարեց իրեն, սեղմեց կեղտոտ բռունցքները և նայեց մեզ այնպիսի ցասումով, որ մենք իսկույն հեռացանք։
― Ահ, ահա, պարոնայք, ― շփոթված ասաց միստեր Ադամսը, ― հնդկացիներն իրենց երեխաների մեջ փոքր տարիքից ատելություն են դաստիարակում սպիտակների հանդեպ։ Օ՜, ոչ։ Այո, այո, այո։ Նավագո֊հնդկացիները խելացի մարդիկ են։ Եվ, իսկապես, Ինչի՞ համար պետք է սիրեին սպիտակներին։
Երբ դուրս էինք գալիս, վիգվամին մոտեցավ հնօրյա ժանգոտած մի ավտոմոբիլ (այդպիսի հնագույն մի օրինակ չէինք տեսել նույնիսկ Տեխասում), և նրա միջից դուրս եկավ ընտանիքի հայրը։
― How do you do, sir, ― ասաց միստեր Ադամսը խոսակցություն սկսելով։
Հնդկացին չպատասխանեց։ Նա ցույց տվեց իր շրթունքները և ձեռքով բացասական շարժում արեց։ Նա չէր ուզում խոսել սպիտակ մարդկանց հետ։ Մի խուրձ չոր աղրախոտ թևատակին իր վիգվամը մտնելով, նա նույնիսկ չնայեց մեր կողմը։ Մենք նրան հետաքրքրում էինք ոչ ավելի, քան անապատի փոշին։ Նրա վսեմ քայլվածքին և դեմքի անթափանցելիությանը կարող էր նախանձել անգլիական հին դիվանագետը։
Ինչ պարզորոշությամբ մենք պատկերացրինք այդ րոպեին բոլոր այն հնդկական դեպարտամենտների, դպրոցների, թանգարանների, ռեզերվացիաների կեղծավորությունը, անցյալի մեղքերն անշնորհք կերպով քավող հին մեղավորի բոլոր այդ եռանդագին բարեգործությունը։
Երբ մեկնում էինք Կամերոնից, մեզ նախազգուշացրին, որ հիմա երկար ժամանակ բնակավայրի չենք հանդիպելու։
Հիանալի ճանապարհը հնարավորություն էր տալիս շատ մեծ արագություն զարգացնելու։ Հինգ ժամ սլանում էինք անապատով, ոչ մի շնչավորի չհանդիպելով։ Մի անգամ միայն հայտնվեց մի սպիտակ ձի։ Նա վստահորեն ինչ֊որ տեղ էր գնում, մեն֊մենակ, առանց ուղեկցորդի։ Մեկ էլ քիչ հեռվում տասը մղոնաչափ դետուր կար։ Այստեղ մի քանի խճուղային բանվորներ ճանապարհին մեքենաներով ավարտում էին վերջին ուղեմասը։
Ճանապարհի երկու կողմերին փռված էր գունազարդ անապատը։ Մենք սլանում էինք արևի հետևից, որը դանդաղորեն իջնում էր Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիայում, ինչ֊որ տեղ, որը ամերիկյան տեսակետով համարվում է արևմուտքի երկիր։ Մենք կտրում անցնում էինք նավագոյի տերիտորիան։ Բայց որտե՞ղ էին այդ վաթսուն հազար աղքատ ու հպարտ մարդիկ, այդ չգիտեինք։ Նրանք ինչ֊որ տեղ շրջակայքումն էին իրենց նախիրներով, խարույկներով և վիվգվամներով։ Օրվա ընթացքում մի քանի անգամ հորիզոնում ուրվագծվում էր մի հեծյալի կերպարանք, քուլա֊քուլա փոշի էր բարձրանում և արագ անհետանում։
Եթե առաջ էլ էր անապատը բազմազան թվում, ապա այժմ այն փոխվում էր համարյա ամեն րոպե։ Սկզբում մեզ ընդառաջ էին գալիս հարթ՝ ասես վրաները կակաո ցանած բլրակներ, որոնք իրենց ձևով հիշեցնում էին վիգվամների (ահա թե հնդկացիները որտեղից են ընդօրինակել իրենց ճառտարապետությունը)։ Հետո սկսվեց հարթ ու կլոր, տեսքով փափուկ՝ ինչպես բարձը և նույնիսկ բարձի պես եզրերի մոտ կնճռոտ, գորշ բարձունքների կուտակումը։ Հետո մենք հայտնվեցինք մի ոչ մեծ կենյոնի հատակին։ Այստեղ սկսվեց այնպիսի մի ճարտարապետություն, այնպիսի դամբարաններ, և ամրոցներ, որ մենք բոլորովին դադարեցինք խոսել և, գլուխներս պատուհանից դուրս հանելով, հետևվում էինք մեր կողքով սլացող հազարամյակների քարե տեսիլքին։ Արևը մայր մտավ, անապատը վարդագունեց։ Այս ամենը վերջացավ ժայռի վրա, հարթ տեռասներով շրջապատված մի ամբողջ տաճարով։ Ճանապարհը թեքվեց դեպի այդ տաճարը։ Նրա տակով հոսում էր Լիթլ Կոլորադո գետը։ Նրա վրայով գցված էր նոր, կախովի մի կամուրջ։ Այստեղ վերջանում էր նավագոյի ռեզերվացիան։ Անմիջապես մթնեց և ցրտեց։ Բենզինը վերջացավ։ Ուտել էինք ուզում։ Բայց միստեր Ադամսը դեռ չէր հասցրել արտահայտել իր միտքը՝ որ հիմա ամեն բան կորած է, որ ստիպված ենք գիշերել անապատում, երբ կամուրջի հենց մյուս կողմում կրակ առկայծեց, և մենք մոտեցանք մի տնակի։ Տնակի մոտ նկատելով գազոլինկայան, թեթևացած շունչ քաշեցինք։ Այդ երկու կառուցումներից բացի, որոնք ուղղակի կանգնած էին անապատում և նույնիսկ չէին ցանկապատված, ուրիշ ոչինչ չկար։ Տնակն իրենից ներկայացնում էր այն, ինչ ռուսերեն և իսպաներեն ասում են «ռանչո», իսկ անգլերեն «ռենչ»։ Եվ ահա այստեղ, անապատում, որտեղ հարյուրավոր մետր շրջագծով ոչ մի հաստատուն բնակավայր չկա, մենք գտանք հիանալի անկողիններ, Էլեկտրական լուսավորություն, ջեռուցում, տաք ու պաղ ջուր, գտանք նույն կահավորումը՝ ինչ կարելի է գտնել Նյու֊Յորքի, Չիկագոյի կամ Գալոպի ուզածդ տանը։ Ճաշարանում մեր առջև բաժակներով դրեցին պոմիդորի հյութ և տվեցին «T» տառի ձևն ունեցող ոսկորով «ստեյկ» նույնպես գեղեցիկ և անհամ, ինչպես Չիկագույում, Նյու֊Յորքում կամ Գալոպում և այդ ամենի համար մեզանից վերցրին այնքան, որքան արժե Գալոպում, Չիկագույում կամ Նյու֊Յորքում, թեև, օգտվելով ճանապարհորդի անելանելի դրությունից, կարող էին վերցնել որքան կամենային։
Ամերիկյան standart of Life֊ի (կյանքի մակարդակի) այդ երևույթը ոչ պակաս վեհաշուք էր, քան գունազարդ անապատը։ Եթե հարցնելու լինեք, թե ինչը կարելի է համարել Միացյալ Նահանգների գլխավոր առանձնահատկությունը, մենք կարող ենք պատասխանել՝ այս անապատի տնակը։ Այս տնակի մեջ է պարփակված ամերիկյան բավանդակ կյանքը․ Լիակատար կոմֆորտ անապատում՝ հնդկացիների աղքատ քողտիկների կողքին։ Ճիշտ այնպես, ինչպես Չիկագույում, որտեղ Միչիգան֊ավենյուի կողքին տեղավորված է աղբակույտ, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Նյու֊Ջերսի, ամենուրեք դուք կտեսնեք կոմֆորտ և չքավորություն, աղքատություն և հարստություն, որոնք անբաժան քույրերի պես ձեռք֊ձեռքի տված կանգնած եմ մեծ երկրի բոլոր կամուրջների մոտ։
Արտասանդուխքի ճաղաշարի վրա ընկած էր պիոներական լուծ, կողքերին դրված էին քարացած ծառի մի քանի քոթուկներ։ Արտասանդուխքի վրա մեզ դիմավորեց մի ալեհեր կովբոյ՝ տնակի և գազոլին կայանի տերը։ Նա Տեխասից անապատ է եկել քսան տարի սրանից առաջ։ Այն օրերին Միացյալ Նահանգների յուրաքանչյուր քաղաքացի կարող էր անապատում ձրի ստանալ վեց հարյուր ակր հողամաս և զբաղվել անասնապահությամբ։ Միայն պետք էր այդ հողին ներդնել երկու հարյուր դոլար։ Կովբոյն այն ժամանակ դեռ երիտասարդ էր։ Նա ձեռք բերեց անասուն, տուն շինեց, ամուսնացավ։ Սրանից դեռ հինգ տարի առաջ տնակից մինչև մոտակա ճանապարհը երկու հարյուր մղոն էր, միայն ձիով կարելի էր գնալ։ Բայց ահա վերջերս ճանապարհ անցկացրին, սկսեցին երևալ տուրիստներ, կովբոյը կառուցեց գազոլինկայան, իսկ իր տնակը վերածեց հյուրանոցի։ Նրա գերանակապ հոլլում վառվում է մեծ բուխարիկ, պատերից կախված են եղջերուի գլուխներ, հնդկական գորգեր և ընձառյուծի մորթի, դրված են մի քանի ճոճաթոռներ և ստվարաթղթե լուսամփոփով շարժական լամպեր (ճիշտ այդպիսիք դրված էին նյույորքյան հյուրանոցի մեր համարում)։ Կա դաշնամուր և ռադիո, որն անընդհատ նվագում կամ նորություններ է հաղորդում։ Կինն ու աղջիկը կերակուր են պատրաստում և մատուցում։ Կովբոյն ինքը, տիպիկ ամերիկյան ամուսինն ու հայրը, բարեհոգի, փոքր֊ինչ մտաբաղ, ժպտալով օգնում է նրանց տնտեսության գործերում, փայտ է դնում բուխարիկի մեջ և գազոլին է վաճառում։ Բայց արդեն երևում են ապագա մեծ հյուրանողի տարրերը։ Արդեն կա սեղան ՝ ծրարների և թղթի հատուկ բաժանմունքով։ Առայժմ այնտեղ դրված են սովորական ծրարներ, բայց շուտով, հավանորեն, նրանց վրա կհայտնվեն հյուրանոցի ճակատը, ինչպես և հնդիկի պրոֆիլ պատկերող փոքրիկ զարդաքանդակներ և գեղեցիկ սարքած անուններ՝ «Հյուրանոց անապատ» կամ «Հյուորանոց Նավագո֊բրիջ», արդեն վաճառքի են դրվել հնդկական գորգեր և մանր զարդաքանդակներ։ Գորգերի մեջ կան երկուսը, որոնց տերը չի ուզում վաճառել, թեև մի անգամ արդեն նրան տվել են երկու հարյուր հիսունական դոլար ամեն մեկի համար։
― Նո՝, սըր, ― ասաց միստեր Ադամսը, անհամբեր մի ոտքից մյուսին հենվելով, ― դուք պետք է մեզ պատմեք, թե ինչով են նշանավոր այդ գորգերը։
Ծեր կովբոյը հիանալի զրուցակից դուրս եկավ։
― Ուե՛լլ, ― ասաց նա դանդաղորեն, ― դրանք կրոնական, հնդկական գորգեր են կամ, ինչպես հնդկացիներն են ասում, զգեստներ։ Նրանք ինձ են հասել վաղուց, մի հնդիկից։ Գիտեք ինչ, ջենտլմեններ, նավագոները մի հավատալիք ունեն, եթե որևէ մեկը հիվանդանա, նրան պետք է փաթափել այդ զգեստների մեջ։ Ուստի նրանք միշտ գալիս են ինձ մոտ ու տանում, ես, իհարկե, երբեք չեմ մերժում։ Այն ժամանակ, երբ հիվանդը պառկած է լինում գորգերով փաթաթված, ցեղը պարում է մի հատուկ պար, նվիրված նրա առողջացամանը։ Երբեմն պարում են մի քանի օր շարունակ։ Ես շատ եմ սիրում ու հարգում նավագոներին։ Շատ տհաճ բան կլիներ ինձ համար այդ գորգերի վաճառքը և մարդկանց բուժման այդ միջոցից զրկելը։
Տերը վեր կացավ, կովբոյական սապոգների բարձր կրունկները կտկտացնելով մոտեցավ բուխարիկին և մի մեծ փայտ դրեց։ Ապա վերադարձավ և շարունակեց։
― Նավագոներն, իրոք որ, հիանալի ժողովուրդ են։ Նրանք չափազանց ազնիվ են։ Նրանց մոտ հանցագործություն բնավ չի լինում։ Ինձ թվում է, որ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ ասել է հանցագործություն։ Քսան տարվա ընթացքում ես սովորեցի այնպես հարգել նրանց, ինչպես երբեք չէի հարգել ոչ մի սպիտակ մարդու։ Ես շատ եմ խղճում նրանց։ Շատ երեխաներ են մահանում նրանց մոտ։ Չէ՞ որ նրանք ոչ մի օգնություն չեն ցանկանում ստանալ սպիտակներից։ Սպիտակների ազդեցուցյանը չեն ենթարկվում, սպիտակներին չեն թողնում իրենց վիգվամները։ Ես նավագոների հետ լավ հարաբերություն ունեմ ու թեպետ քսան րարի է ապրում եմ նրանց հետ՝ օտար մարդ եմ նրանց համար։ Մինչդեռ հիանալի ժողովուրդ են, այնքան ազնիվ, որ դժվար է պատկերացնել։
Ծեր կովբոյը մեզ պատմեց նավագո ցեղի մի հնդկացու մասին, որը հանկարծ որոշել է առևտրով զբաղվել։
― Մի հնդկացու ձեռքը, ինչ֊որ կերպ, չտեսնված կապիտալ է ընկնում՝ երկու հարյուր դոլար։ Անասուն էր վաճառել, թե իր հողամասում մի քիչ նավթ էր գտել, մի խոսքով, փող ուներ։ Եվ նա որոշեց առևտուր անել։ Անապատից մեկնեց մոտակա քաղաքը, երկու հարյուր դոլարով գնեց զանազան ապրանքներ և բերեց իր հայրենի քոչավայրը։ Պատկերացրեք ձեզ առևտրով զբաղվող հնդկացու։ Չէ՞ որ դա առաջին դեպքն էր նավագո ցեղի պատմության մեջ։ Առևտուրը բավական աշխույժ էր ընթանում։ Բայց ահա ես նկատեցի, որ իմ բարեկամ հնդկացին սկսել է առևտուր անել բավական տարօրինակ եղանակով։ Ինձ այնքան զարմացրեց այդ, որ սկզբում նույնիսկ կարծեցի, թե խելագարվել է։ Նա, գիտեք ինչ, իր ապրանքը վաճառում էր ճիշտ այն գնով, որն ինքն էր վճարել ապրանքի դիմաց։ Այդ ժամանակ ես սկսեցի բան հասկացնել իմ բարեկամին, որ այդպես առևտուր անել չի կարելի, որ նա կսնանկանա, որ ապրանքը պետք է առած գնից թանկ վաճառել։
― Այսինքն ինչպե՞ս, ― հարցրեց ինձ հնդկացին։
― Շատ հասարակ, ― պատասխանեցի ես, ― ասենք թե դու իրը գնել ես մեկ դոլարով, բայց պետք է վաճառել մեկ դոլար քսան ցենտով։
― Ինչպես վաճառեմ մեկ դոլար քսան ցենտով, երբ այն միայն մեկ դոլար արժե, ― հարցնում է ինձ այդ առևվտրականը։
― Առևտուրը այդ է հենց, ― ասում եմ ես, ― գնել էժան, բայց ծախել թանկ։
Բայց այստեղ իմ հնդիկը սարսափելի զայրացավ։
― Դա խաբեություն է, ― ասաց նա, ― գնել մեկ դոլարով, բայց վաճառել մեկ դոլար քսան ցենտով։ Դու ինձ խորհուրդ ես տալիս խաբել մարդկանց։
Այդ ժամանակ ես նրան ասում եմ․
― Դա բնավ խաբեություն չէ։ Դու պարզապես պետք է վաստակես։ Հասկանու՞մ ես, վաստակես։
Բայց իմ բարեկամ հնդկացու հետ ինչ֊որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Հանկարծ նա դադարեց հասկանալ ամենասովորական բաները։
― Ինչպե՞ թե վաստակել, ― հարցրեց նա։
― Դե, արդարացնել իր ծախսերը։
― Ես ոչ մի ծախք չեմ արել։
― Բայց և այնպես գնացել ես քաղաք, գնել ես, բերել, աշխատել։
― Ի՞նչ աշխատանք է դա, ― ասաց ինձ հնդիկը։ ― Գնել, բերել։ Դա աշխատանք չէ։ Ոչ, դու ինձ ուրիշ բան ես խորհուրդ տալիս։
Նրան համոզելու հնար չկար։ Որքան էլ ջանացի՝ բան դուրս չեկավ։ Նա համառ էր եզան պես, շարունակ նույն բանն էր կրկնում․ «Դու ինձ անազնիվ բան ես խորհուրդ տալիս»։ Ես նրան ասում եմ՝ «Սա առևտուր է», իսկ նա ինձ ասում է՝ «Նշանակում է, առևտուրը անազնիվ գործ է»։ Եվ, պատկերացրեք, նա շարունակեց առևտուր անել այնպես, ինչպես սկսել էր և շուտով բոլորովին թողեց այդ զբաղմունքը։ Ու նավագո ցեղի հնդկական կապիտալով միակ առևտրական ձեռնարկությունը փակվեց։
․․․ Մենք այդ հնդկացու մասին հիշեցինք մեկ ամիս անց, երբ նստել էինք Ամերիկայի Միացյալ նահանգների սենատում և լսում Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերի հարցաքննությունը, որ կատարում էր սենատային հանձնաժողովը։ Գրքի վերջում մենք դեռ կանդրադառնանք այդ էպիզոդին։
Հանձնաժողովը զբաղվում էր Ամերիկայի Միացյալ նահանգները համաշխարհային պատերազմի մեջ ներգրավելու գործում Մորգանի խաղացած դերի հարցով։
― Ասացեք, ― հարցրեց սենատոր Նայը, ― չէ՞ որ դուք գիտեիք, որ Եվրոպա դրամ արտահանելով օժանդակում եք պատերազմին։
― Այո՛, գիտեի։
― Հապա ինչու՞ էիք այդ անում։
― Ինչպե՞ս թե ինչու, ― զարմացավ հսկա ծերուկը, աթոռից վեր կենալով։ ― Չէ՞ որ դա բիզնես է։ Առևտուր։ Նրանք դրամ էին գնում, ես վաճառում էի։
․․․ Կինը մեր տիրոջը կանչեց ճաշարան, օգնելու՝ սեղան գցելու։ Շուտով մեզ էլ կանչեցին։
Երբ ճաշում էինք, սենյակ մտավ մի բարձրահասակ մարդ՝ սապոգներով ու մահուդե ալ֊կարմիր վերնաշապիկով, ատրճանակի փամփուշտների ժապավենով գոտևորված։ Նա ուներ խիստ ալեխառն, շիկավուն մազեր, եղջերաշրջանակով ակնոց և շլացուցիչ ժպիտ։ Նրան ուղեկցում էր մի կին։ Նրանք բարևեցին տանտերերին և նստեցին հարևան սեղանի մոտ։ Կարմիր վերնաշապկով մարդը լսեց, որ մենք իրար հետ խոսում էինք ինչ֊որ մի օտար լեզվով և բարձրաձայն ասաց հետը եկած կնոջը․
― Է՜, կնիկ, սրանք երևի ֆրանսիացիներ են։ Վերջապես դու առիթ ունես ֆրանսերեն խոսելու։
― Ես ֆրանսերեն չգիտեմ, ― պատասխանեց կինը։
― Ինչպե՞ս չգիտես․ այ քեզ բան։ Տասնհինգ տարի է, ինչ ամուսնացել ենք և այդ ամբողջ ժամանակամիջոցում ամեն օր կրկնել ես, թե ծնվել ես Փարիզից երկու ժամ հեռավորության վրա։
― Ես հենց ծնվել եմ Փարիզից երկու ժամ հեռավորության վրա։
― Դե, ուրեմն, մարդկանց հետ խոսիր ֆրանսերեն։
― Դե ասում եմ, որ ֆրանսերեն չգիտեմ։ Ծնվել եմ Լոնդոնում, իսկ Լոնդոնը իրոք որ Փարիզից երկու ժամվա հեռավորության վրա է, եթե ինքնաթիռով թռչելու լինես։
Կարմիր վերնաշապիկով մարդը աղմուկով քրքջաց։ Ըստ երևույթին այդ ընտանեկան կատակը կրկնվում էր ամեն անգամ, երբ ամուսինները հանդիպում էին օտարերկրացիների։
Հողն արդեն պատրաստ էր միստեր Ադամսի հանդես գալու համար, և նա չհապաղեց։
― Ես տեսնում եմ, սըր, որ դուք ուրախ մարդ եք, ― ասաց միստեր Ադամսը, մի քաղաքավարի քայլ անելով։
― Շուռլի, ― բացականչեց կարմիր վերնաշապիկով մարդը։
Երկուսի աչքերում էլ խոսելու այնպիսի անհագուրդ, խելացնոր ցանկություն էր առկայծում, որ մեզ համար պարզ դարձավ․ այսօր նրանք պետք է հանդիպեն անապատում, չէին կարող չհանդիպել։ Այդպես անբնական արագությամբ միայն սերն է բռնկվում առաջին հայացքից։
― How do you do, sir, ― ասաց միստեր Ադամսը՝ էլի մի քանի քայլ առաջ գնալով։
― How do you do, sir, ― ասաց կարմիր վերնաշապիկով մարդը և նույնպես մի քայլ արեց։ ― Դուք Նյու֊Յորքի՞ց եք, ― հարցրեց նա։
― Շու՜ռլի, ― ծվծվաց միստեր Ադամսը։ ― Իսկ դուք որտե՞ղ եք ապրում։
― Շու՜ռլի, ― մռնչաց անցանոթը։
Մի վայրկյան անց, նրանք ահավոր ուժով արդեն թփթփացնում էին իրար մեջքի, ընդ որում, ցածլիկ Ադամսը թփթփացնում էր իր նոր բարեկամի համարյա գոտկատեղին, իսկ բարձրահասակ բարեկամը թփթփացնում էր միստեր Ադամսի համարյա թե ծոծրակին։
Միստեր Ադամսը արտասովոր հոտառություն ուներ նոր ծանոթությունների։ Պարզվեց, որ կարմիր վերնաշապիկով մարդը այն ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է, որոնց մենք երբևէ հանդիպել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
― Սա միակ սպիտակ մարդն է, ― ասաց նրա մասին մեր տանտեր կովբոյը, ― որին հնդկացիները համարում են իրենց մարդը։ Նա ապրում է հնդկացիների հետ և երբեմն հյուր է գալիս ինձ։
Արտասովոր էր այդ մարդու կենսագրությունը։
Կոլեջն ավարտելուց հետո դարձել է միսիոներ, ամուսնացել և մեկնել իր նոր ծառայության վայրը՝ անապատ, նավագո ցեղի հնդիկների մոտ, որպեսզի քրիստոնյա դարձնի նրանց։ Սակայն նոր միսիոները շուտով հասկացել է, որ հնդկացիները քրիստոնեություն չեն ուզում։ Նրա բոլոր փորձերը ջարդուփշուր էին լինում հնդկացիների համառ դիմադրությանը դիպչելով, որոնք ոչ միայն չէին ուզում նոր հավատն ընդունել, այլև, ընդհանրապես, չէին ցանկանում որևէ գործ ունենալ սպիտակ մարդկանց հետ։ Շատ դժվար էր նրա բանը, բայց նա հավանեց հնդկացիներին։ Մի տարի անց, նա գնաց իր պետերի մոտ և հայտնեց, որ հրաժարվում է հնդկացիներին քրիստոնյա դարձնելուց։
― Ես իմ քրիստոնեական պարտքը տեսնում եմ մարդկանց օգնելու մեջ, ― ասաց նա, ― անկախ այն բանից, թե ինչ կրոն են դավանում։ Ես ամեն բան լավ մտածել եմ։ Թե ուզում եք՝ կմնամ անապատում՝ հնդկացիների հետ ապրելու, բայց նախազգուշացնում եմ՝ նվազագույն փորձ անգամ չեմ անելու նրանց քրիստոնյա դարձնելու համար։ Այլապես ես երբեք հնդկացիների համար մոտ մարդ չեմ դառնա։ Ես պարզապես կօգնեմ նրանց՝ ինչով կարող եմ, բժիշկներ կհրավիրեմ նրանց համար, կբացատրեմ, թե ինչպես պետք է խնամել երեխաներին, կենցաղային խորհուրդներ կտամ։ Մինչև օրս չի եղել մի դեպք, որ նավագոները ընդունեն սպիտակ մարդուն։ Բայց եթե այդ ինձ հաջողվի, այդ դեպքում կարող եմ մտածել և նրանց քրիստոնյա դարձնելու մասին։
Այդ խոսքերը չափից դուրս արմատական թվացին եկեղեցական վորչությանը։
― Դուք պետք է գործեք ինչպես բոլոր միսիոներները։
Նա հրաժարվեց։
Այդ ժամանակ նրան հեռացրին ծառայությունից։ Եվ խենթուկը մնաց իր վնասակար մտքերի հետ, իր կնոջ հետ և առանց մի կոպեկ փողի։
Նա նորից մեկնեց անապատ։ Այս անգամ այնտեղից երբեք չվերադառնալու հաստատ վճռականությամբ։ Այդ սրանից տասնութ տարի առաջ էր։ Նա բնակություն հաստատեց նավագո ցեղի քոչավայրում և սկսեց ապրել հնդկացիների նման։ Փող չուներ։ Ինչպես հնդկացիները, նա էլ էր զբաղվում որսով և անասնապահությամբ։ Տարիներն անցնում էին։ Հնդկացիները ընտելացան այդ տարօրինակ, ուրախ ու քաջարի ակնոցավոր մարդուն։ Հետզհետե սկսեցին նրան վստահել, նա դառնում էր իրենց մարդը։ Երբեմն նա քաղաք էր գնում, բաժանորդագրություն կազմզկերպում հնդկացի երեխաների համար, համոզում հնդիկներին բուժվել բժիշկների մոտ և նորածիններին չկապել տախտակին։ Նա կատարելապես տիրապետեց նավագո լեզվին և շատ սիրեց հնդկացիներին։ Ոչ մի կերպ չէր պատրաստվում սկսելու քրիստոնեության պրոպագանդը։ «Դեռ կհացնեմ», ― մտածում էր նա, իսկ որոշ ժամանակ անց, բոլորովին թողեց քրիստոնեության մասին մտածելը։ Հետադարձ հայացք նետելով, նա հասկացավ, որ անցել է իր կյանքի մեծ և , ամենայն հավանականությամբ, լավագույն մասը, և որ լավ է անցել այն։ Նա երջանիկ էր։
― Ես ուզում էի հնդկացիներին դարձնել քրիստոնյա, ― ասաց մեզ կարմիր վերնաշապիկով, ատրճանակի փամփուշտների ժապավենով գոտևորված մարդը, ― բայց ամենևին չստացվեց այնպես, ինչպես սպասում էի․ նրանք ինձ դարձրին հնդկացի։ Այո՛։ Հիմա ես իսկապես հնդակացի եմ։ Ուզու՞մ եք քերթեմ ձեր գանգամաշկը։
Ու բարձրաձայն քրքջալով, ձևացրեց, թե ուզում է քերթել միստեր Ադամսի գանգամաշկը։
Հետո նստեց և դեռ շարունակելով ժպտալ, մտախոհ ավելացրեց․
― Ես ավելի ազնիվ ու մաքուր մարդիկ չգիտեմ, քան հնդկացիներն են։ Նրանք ինձ սովորեցրին սիրել արևը, լուսինը, անապատը, սովորեցրին հասկանալ բնությունը։ Ես չեմ պատկերացնում, թե հիմա կկարողանամ ապրել հնդկացիներից հեռու։
― Սը՛ր, ― ասաց հանկարծ միստեր Ադամսը, ― դուք լավ մարդ եք։
Նա հանեց թաշկինակը և սրբեց աչքերը, առանց ակնոցը հանելու։
Հետևյալ օրը մենք վեր կացանք ժամը վեցին։ Լուսանում էր, բայց արևը դեռ չեր ծագել։ Ցուրտ էր, ինչպես այդ պահին լինում է Մոսկվայում։ Մենք դողում էինք բարակ վերարկուներով։ Ավազը եղյամով էր պատվել։ Անապատը թվում էր մռայլ ու ոչ այնպես գեղեցիկ, ինչպես երեկ։ Մենք վազեցինք դեպի կամուրջը՝ մի անգամ ևս նայելու Լիթլ Կոլորադո գետին։ Մեր վերևում դարձյալ դարավանդներով շրջապատված տաճարաձև ժայռն էր։ Այս անգամ նա էլ այնքան կախարդական չթվաց, ինչպես երեկ էր։ Երբ մենք ոտքի վրա տաքանալով տուն էինք վազում՝ արևը ծագեց։ Անապատն իսկույն պայծառացավ ու գեղեցկացավ։ Կես ժամ անց, մենք արդեն հանեցինք վերարկուները, ևս կես ժամ, և արդեն պարզապես շոգ էր։
Հեռավոր ճամփա ընկնելուց առաջ (մինչև «Բոուլդեր֊դամ» անցնելու էինք երեք հարյուր մղոն), կանգ առանք գազոլինկայանի մոտ։ Այնտեղ տեսանք կարմիր վերնաշապիկով միսիոներին։ Նա փոխարինում էր տնտեսությամբ զբաղված կովբոյին։ Ադամսն ու նա նորից սկսեցին իրար մեջքի թփթփացնել։
― Այ էմ բոլշևիկ, ― բացականչեց նախկին միսիոները հրաժեշտի պահին, ցույց տալով իր կարմիր վերնաշապիկը և լիաթոք քրքջալով։ ― Գուդ բայ։
― Գուդ բայ, սըր, ― ի պատասխան գոչեց միստեր Ադամսը։
Ճանապարհը լեռն ի վեր էր բարձրանում։ Նայելով ետ՝ նավագո անապատին, մենք դեռ երկար ժամանակ տեսնում էինք փոքրիկ տնակը և կամուրջը, և գազոլինկայանը, որի կողքին նշմարվում էր հնդկացի միսիոների կարմիր վերնաշապիկը։
Վերջին անգամ մենք նայեցինք նավագո անապատին․ զարմանալով, թե ինչպես Միացյալ Նահանգների և կենտրոնում, Նյու֊Յորքի և Լոս֊Անջելոսի, Չիկագոյի և Նյու֊Օռլեանի արանքում չորս կողմից էլեկտրակայաններով, նավթի աշտարակներով, երկաթուղիներով, միլիոնավոր ավտոմոբիլներով, հազարավոր բանկերով, բորսաներով և եկեղեցիներով, խլացուցիչ ձայներ հանող ջազբանդներով, կինոֆիլմերով և գանգստերական գնդացիրներով շրջապատված, մարդիկ կարողացել են կատարյալ անձեռնմխելիության վիճակում պահպանել իրենց ապրելակերպը։
Գլուխ քսանութերորդ — Պատանի բապտիստը
Դեղին ժայռերի միջով վերելքը տևեց մեկուկես ժամ։ Վաղուց արդեն տեսողությունից թաքնվել էին կովբոյի փոքրիկ տնակը, գազոլինկայանը և Լիթլ Կոլորադո գետակի կամուրջը, իսկ ներքևում դեռ փռված էր նավագո հնդկացիների անապատը, այն զտարյուն, հարյուրտոկոսանի ամերիկացիների վերջին անբերրի ապաստարանը, որոնց ողջ դժբախտությունն այն էր, որ նրանց մաշկը կարմիր է, և որ նրանք ընդունակ են ոչ թե առևտրի, այլ նկարչության և ռազմաշունչ, բայց անվտանգ պարերի։
Եվս երկու֊երեք շրջադարձ, և անապատը չքացավ։ Հանկարծակի մենք ընկանք կուրորտային հրաշալի Տիրոլ, Շվեյցարիա, Կովկաս։ Դա միջմոլորակային ճանապարհորդների վերադարձն էր Մարսից Եեկիր, նրա գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Կանաբի կուսական անտառը։ Ճանապարհին փափուկ ձյուն էր նստել, իսկ կողքերին բարձրանում էին համաչափ մեծ սոճիներ։ Շողշողում էր դեկտեմբերյան արևը։
Ամերիկայում լինում են նման կերպարանափոխություններ։
Հրաշալի տեսիլքը շուտով վերջացավ։ Ճանապարհը գնաց ներքև, և մենք մտանք Յուտա նահանգը, որի մասին ծանուցում էր փոքրիկ պլակատը։ Այստեղ դարձյալ անապատ էր, բայց ավելի տաք։ Անցանք փոքրիկ ավանով։ Տնակների շուրջը ծառեր էին աճում և մի քանի գազոլինկայաններ կային։ Անցան երկու սպիտակ կանայք։ Նրանցից մեկը սայլակի մեջ տանում էր երեխայի, քաղաքակիրթ երեխայի, որի ծնողները գիտեն, թե ինչ բան է ռադիոն, մեխանիկական բիլիարդը և վիտամինները։ Սա արդեն տախտակին գամած հնդկացի երեխա չէր։
Դուք գիտե՞ք, պարոնայք, որ Յուտա նահանգում ապրում են մորմոններ, ― հարցրեց միստեր Ադամսը։
Մենք նորից սկսեցինք ափասոսալ, որ չայցելեցինք աղի լճի քաղաքը և այդպես էլ կմեկնենք Ամերիկայից, առանց մորմոններին տեսնելու։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, այդպես չի կարելի դատել, ― ասաց միստեր Ադամսը, ― Աղի լճի քաղաքից մենք ոչ մի կերպ չէինք կարող հասնել Կալիֆոռնիա, քանի որ տարվա այս ժամանակ, լեռնանցքները, հավանորեն, արդեն սառցակալել են։ Օ՜, նօ։ Խնդրում եմ հիշեք ժայռոտ լեռները։
― Հիչ֊հայկեր, ― հանկարծ գոչեց միսիս Ադամսը։
Մենք տեսանք մի մարդ, որը, ճամպրուկը ոտքերի մոտ դրած, կանգնել էր ճամփեզրին։
― Վերցնե՞նք, ― հարցրեց միստեր Ադամսը։
― Մենք միքանի րոպե ուշադիր տնտնղեցինք հիչ֊հայկերին, գնահատելով նրան։ Նա հագել էր բրեզենտե վառ դեղին փոշեթիկնոց։ Տեսքից հիչ֊հայկերը քսան տարեկան կլիներ։
― Արժե՞ արդյոք։ Խիստ տխուր և լավատեսական փոշեթիկնոց ունի։
― Հանկարծ ու մորմոն լինի, ― ասաց միստեր Ադամսը։
Դա լուծեց հարցը։
― Վերցնենք։
Ցավոք, պարզվեց, որ հիչ֊հայկերը մորմոն չէ, այլ սովորական խիստ հավատացյալ բապտիստ։
Լավ տղա էր։ Նա հանեց իր փոշեթիկնոցը և հանդես եկավ մոխրագույն պիջակով և վելվետե բանվորական ժանգագույն շալվարով։ Նա ուներ թուխ, պզուկավոր դեմք՝ փոքրիկ ու սև այտամորուսներով։ Նրա պատմությունն ամերիկյան երիտասարդի սովորական պատմություն էր։ Նեբրասկիի չքավոր ֆերմերի զավակ։ Իհարկե, ավարտել է գայ֊սքուլ։ Իհարկե, մեկնել է Արիզոն՝ աշխատանք գտնելու և կոլեջ մտնելու համար փող կուտակելու։ Իհարկե, աշխատանք չի գտել։ Այժմ համաձայն է զբաղվել ինչով ասես։
Նա լավ ձեռքեր ունի։ Աշխատել կարող է։ Ուզում է բախտը փորձել Կալիֆոռնիայում։ Եթե այնտեղ էլ բան դուրս չեկավ, ստիպված վերադառնալու է հոր մոտ՝ ֆերմայում տաղկտկալի ձմեռ անցկացնելու։ Ի՞նչ արած։ Վայրի կատուներ և տափաստանային գայլեր կորսա։ Իսկ ամառը՝ տեսնենք։ Ավելի ճիշտ, տեսնելու բան չկա։ Գործերը վատ են գնում։ Կոլեջն անհասանելի է։ Իսկ գործերը շտկելու՝ ոչ մի հույս։ Պարզվեց, որ մեր հիչ֊հայկերը, ինչպես իր տարիքի բոլոր երիտասարդները, բոլորովին զուրկ են հետաքրքրասիրության զգացումից և ամբողջ ճանապարհին ոչ մի բանի մասին մեզ չհարցրեց։ Բայց դրա փոխարեն սիրով խոսում էր իր մասին և պատասխանում մեր հարցերին։
Երբ նրան հարցրին, թե ի՞նչ գիտե Մոսկվայի մասին, պատասխանեց․
― Այնտեղ հնգամյա պլան էին շինում։
― Իսկ ի՞նչ բան է այդ հնգամյա պլանը։
― Այդ այն է, երբ բոլորն աշխատում են և դրա դիմաց օրական երեք անգամ նրանց ուտեցնում են։
― Դե լավ, սըր, ― ասաց միստեր Ադամսը, ― ենթադրենք թե այդպես է։ Էլ ի՞նչ եք լսել։
― Լսել եմ, որ հնգամյա պլանը հաջող է անցել և հիմա այնտեղ երկրորդ հնգամյա պլանն են շինում։
― Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից երկրորդ հնգամյա պլանը։
― Չգիտեմ, ― պատասխանեց երիտասարդը։ ― Լսել եմ, որ այնտեղ բոլորն աշխատանք ունեն և օգնում են միմյանց։ Բայց միևնույն է, շուտով պատերազմ է լինելու և պատերազմից անմիջապես հետո՝ Քրիստոսի երկրորդ հայտնությունը։ Ռուսներին ևս կործանում է սպասում, քանի որ նրանք անաստվածներ են։ Առանց հավատի առ աստված, ոչ ոք չի փրկվի դժոխքի տառապանքներից։ Այդպես է ասում ավետարանը։
― Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ շուտով երկրորդ հայտնությունն է լինելու։
― Այդ ասում է մեր պաստորը։
― Եվ շուտո՞վ։
― Շատ շուտով, ― միանգամայն լուրջ պատասխանեց երիտասարդ բապտիստը, ― երկու֊երեք տարուց։
― Հիանալի է սըր, ― բացականչեց միստեր Ադամսը։ ― Ենթադրենք, որ դա այդպես է։ Դուք հենց նոր ասացիք, թե ռուսներն օգնում են միմյանց և որ նրանց մոտ բոլորն էլ աշխատում են։ Նշանակում է նրանք լա՞վ մարդիկ են։
― Այո, ― պատասխանեց բապտիստը փոքր֊ինչ մտածելուց հետո։
― Գեղեցիկ, սըր։ Նրանք մեկմեկու չեն շահագործում և սիրում են միմյանց։ Ձեր տեսակետով աստծու թագավորություն են կազմակերպել երկրի վրա։ Բայց նրանք աստծուն չեն հավատում։ Ինչպե՞ս վարվենք։ Դե, դե, սըր։ Պատասխանեցեք իմ հարցին։
― Քանի որ նրանք չեն հավատում աստծուն, դրախտ չեն ընկնի, ― հաստատ ձայնով ասաց բապտիստը, ― նրանք կկործանվեն։
― Բայց չէ՞ որ նրանք լավ մարդիկ են։ Ինքներդ ասացիք։
― Միևնույն է։ Այո՛, նրանք լավ գործ են անում։ Այդ բանը մեզ պաստորն էլ է ասել, որովհետև, հասկանու՞մ եք, պաստորը արդարացի մարդ է։ Բայց ավետարանում ասված է, որ լավ գործը դեռ քիչ է։ Հավատ է պետք։ Այնպես որ նրանք կանխորոշված են կործանման։
― Չէ, լուրջ, սըր, ― պնդում էր միստեր Ադամսը, ― դուք խելացի երիտասարդ եք և գայ֊սքուլ եք ավարտել։ Մի՞թե Քրիստոսը երկրորդ անգամ երկիր գալով, պատժելու է հարյուր յոթանասուն միլիոն հիանալի ռուս երիտասարդների, որոնք հասել են այն բանին, որ իրենց մոտ չունեն սովյալներ ու գործազուրկներ, որ բոլորն էլ կուշտ են ու երջանիկ։ Այո, այո, այո, սըր։ Դուք միայն խորհեք․ հարյուր յոթանասուն միլիոն մարդ, աշխատող մարդիկ, լավ, ազնիվ։ Մի՞թե աստված այդչափ դաժան է լինելու և նրանց դրախտ չի թողնելու։
Մեր հիչ֊հայկերը ծանր մտածմունքների մեջ ընկավ։ Նա որոշակի խղճում էր ռուս լավ տղաներին։ Նա երկար տատանվում էր, նախքան պատասխանելը։
Բայց հարյուր յոթանասուն միլիոն սովետական աթեիստների բապտիստական փոքրիկ աստծու հետ հանդիպման այդ ապշեցուցիչ, սարսափեցնող և ստրառուչ պատկերն անգամ չկարողացավ վերահամոզել մեր ուղեկցին։
― Գիտե՞ք ինչ, ― ասաց նա կմկմալով, ― այդպես աստված է ավետարանում։ Իսկ այն պետք է կամ ամբողջությամբ ընդունել, կամ․․․
― Դե՛, դե՛, սըր, կամ․․․ ― բացականչեց միստեր Ադամսը կատարյալ հիացմունքով։
― Առանց աստծու հավատի ոչ ոք չի փրկվի, ― փնթփնթաց մեր ուղեկիցը։
― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― գոչեց միսիս Ադամսը։
Մենք մուտք էինք գործում Զայոն֊կենյոն (Սիոնի կենյոնը), և խոսակցությունը պատանի բապտիստի հետ դադարեց։
Վերահսկիչ տնակում ոչ ոք չկար։ Մենք կանգնեցրինք մեքենան և մի քանի ազդանշան տվեցինք, բայց ոչ ոք չեկավ։
― Ուշադրություն դարձրեք, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մեզանից չեն ուզում դոլար վերցնել։ Այո, այո, այո, Զայոն֊կենյոնը մենք ձրի ենք տեսնելու։
Մի որոշ ժամանակ մենք գնում էինք խիտ կարմիր ժայռերի միջով, որոնցից տարբեր կողմերի վրա ցցված էին սոճիներ և ինչ֊որ արմատներ։ Կիրճը լայնանում էր։ Ժայռերից մի քանիսը կտրված էին երկարավուն ուղիղ ճեղքվածքներով, մի քանիսը՝ գծագրված, թվաբանական տետըի պես։
Մենք արեցինք մի քանի շրջադարձ։ Կիրճը գնալով ավելի էր լայնանում։ Դեռ երեկ մեզ թվում էր, որ աշխարհում չի կարող ավելի վեհատեսիլ բան լինել, քան Գրենդ֊կենյոնը։ Բայց ընդամենը մի օր անցավ, և մենք տեսանք, եթե ոչ այնքան վիթխարի, ապա անհամեմատ ավելի բարդ և ֆանտաստիկ մի բան։ Գրենդ֊կենյոնին մենք նայում էինք վերևից։ Զայոն֊կենյոնը անցանք հատակով կամ պատերի ելուստներով, որոնցով ճանապարհ էր անցկացված։ Գրենդ֊կենյոնը պատկերանում է լեռների կաղապարի ձևով՝ շուռ տված լեռներ։ Այստեղ մենք տեսանք կենյոնի պատերը, որոնք մեզ պատկերանում էին իբրև լեռներ՝ այս բառի սովորական հասկացությամբ։ Այնտեղի բնապատկերը մեզ թվում էր օտար մոլորակի սառը բնապատկեր։ Այստեղ չկար և չէր կարող լինել որևէ համեմատություն։ Մենք ընկել էինք մանկական երազների և տեսիլքների կախարդական թագավորություն։ Մեր առաջ, ճանապարհի վրա ստվեր էր ընկած, իսկ վերևից կախված հաստ ժայռերը լուսավորված էին արևով։ Մենք անցանք պղնձակարմիր փորվածքով և հայտնվեցինք մի նոր, մեծ կիրճում։ Շատ բարձրում, երկնքի ֆոնի վրա երևում էին կարմիր աշտարակներ, կարուսելներ, բուրգեր, կենդանիների մռութները։ Ճանապարհի տակը և վերևում ծուռ֊ծուռ աճում էին սոճիներ։ Ներքև էին իջնում գետակների չորացած հուներ։ Հեռվում արևով լուսավորված ժայռի վրա փայլեց սառած գետակը, ինչպես խնամքով կպցրած թիթեղի շերտ։
Մենք մտանք թունելը։ Միառժամանակ շարժվում էինք կատարյալ մթության մեջ։ Հետո առջևում լույս երևաց։ Թունելի պատի մեջ փորված էր լայն կամար, որը նայում էր քարե բազիրքով սարավանդին։ Մենք դուրս եկանք մեքենայից։ Դուռը թրխկաց թնդանոթի պես։ Ամենուրեք ժայռեր էին։ Երկնքի մի փոքրիկ կտոր էր երևում։ Ներքևում մարմանդ ճահճաջուր էր կանգնած։ Նման հանդիսավոր իրադրության մեջ մարդը կամ լռում է, կամ սկսում է սարսափելի հիմարություններ անել։ Մենք էլ ոչ այս, ոչ այն, սկսեցինք սուր ճիչեր արձակել, որպեսզի իմանանք այստեղ արձագանք կա՞։ Պարզվեց, որ արձագանք կա։
Մեկուկես կիլոմետր ձգվող թունելում, որը փորել էին հատկապես կենյոնը դիտելու համար և որը նստել էր մեկ միլիոնից ավելի դոլար, շինարարները կառուցել էին նաև մի քանի պատուհան։ Եվ յուրաքանչյուր պատուհանից մի նոր տեսարան էր բացվում։ Ներքևը՝ շատ հեռվում պեծին էին տալիս ճանապարհի ասֆալտած կեռմանները, որոնցով անաղմուկ սլանում էին փոքրիկ ավտոմոբիլները։ Գրեթե բոլոր ժայռերը և նրանց ցայտուն ստվերներն անպայման հիշեցնում էին որևէ բան կամ ինչ֊որ մեկին․ կատվի գլուխ, ճանկեր, շոգեքարշի ստվեր։ Այդ ամենի պսակը ժայռի մեջ բնության փորագրած հնդկացու վիթխարի կերպարանքն էր․ հանգիստ ու խնդադեմ մի հնդկացի, գլխին ինչ֊որ տուփ, որը, այնուամենայնիվ, փետուր էր հիշեցնում։
Մենք դուրս ելանք թունելից և հինգ րոպե անց, արդեն իջնում էինք ճանապարհի այն կեռմաններով, որ հենց նոր տեսանք պատուհանից։ Խճուղու վրա թափված էին դեղին տերևներ։ Հանդիպեցին սառցի բարակ շերտով պատած մի քանի ջրափոսեր։ Դիմացի պատի ստվերը դիպել էր հնդկացու ոտքերին։ Կատարյալ լռություն էր տիրում։ Մենք գնում էինք ամենափոքր արագությամբ, մոտորն անջատած։ Իջնում էինք ներքև կամաց ու հանդիսավոր, ինչպես ճախրող թռչուն։
Հայտնվեց մի ծառ՝ դեղնավուն ճուտիկանման տերևներով, ապա մյուսը՝ կանաչ տերևներով։ Ընկանք ամռան մեջ։
Ակսօր, մի օրվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում մեր առջևով անցան տարվա բոլոր եղանակները։
Զայոն֊կենյոնից մեկնելուց առաջ մտանք ժայռերի արանքում ընկած հռչակավոր նեղ կիրճը, որին հնդկացիներն աստվածացնում էին և որը կոչվում էր «Սինոուավա տաճար»։ Կիրճի մեջտեղում հսկայական ցոկոլի վրա նստած էր հաստափոր, այլանդակ աստվածը։ Մենք երկար նայեցինք նրան, մինչև որ հասկացանք, թե այն կերտել եմ ոչ թե մարդիկ, այլ բնությունը։ Մոնումենտի շուրջը, քարեր շուռ տալով, աղմկում էր արագահոս մի գետակ։
Մենք արդեն չէինք զարմանում, որ բնությունը կանխագուշակել է հնդկական ճարտարապետությունը, հնդկական նկարները և նույնիսկ իրեն՝ հնդկացուն։ Նավագո անապատից հետո ծագած նման հետևությունները Զեյոն֊կենյոնից հետո անչափ խղճուկ ու անվճռական էին թվում։ Այստեղ պարզ էր դառնում, որ բովանդակ արվեստը՝ և եգիպտականը, և հունականը, և չինականը, և գոթականը, և կայսրության ոճը, և նույնիսկ մերկապարանոց ֆորմալիզմը, այդ ամենը եղել են արդեն մի ժամանակ, միլիոնավոր տարիներ սրանից առաջ հանճարեղորեն հնարված են եղել բնության կողմից։
― Ուրախանանք, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ մենք Լաս֊Վեգասի ճամփան իմանալուց հետո արագացրինք մեքենայի ընթացքը։ ― Խնդրում եմ հիշեք, որ այս ամբողջ գեղեցկության համար մենք ոչ մի ցենտ չծախսեցինք։
Հազիվ էր ասել այս խոսքերը, երբ ճանապարհի վրա երևաց մի տնակ, որից սիրալիր ժպտալով դուրս էր նայում համազգեստային գլխարկով մի մարդ։ Նա կանգնեցրեց մեզ, վերցրեց երկու դոլար և լեզվով կլոր, կանաչ մի թուղթ թրջելով, կպցրեց մեր մեքենայի ապակուն։
― Գուդ բայ, սըր, ― ասաց միստեր Ադամսը տխրադեմ և իսկույն ավելացրեց։ ― Չէ՛, լուրջ, միստերներ, երկու դոլար այս ամբողջ գեղեցկության համար։ Օ՜, նո։ Ես կարծում եմ, որ մենք էժան պրծանք։
Մեր ուղեկից բապտիստը խնդրեց իջեցնել իրեն մոտակա քաղաքում։ Նա երկար թափահարում էր մեր ձեռքերը և կրկնում, որ մենք լավ մարդիկ ենք։ Նա իր ֆաներե ճամպրուկը գցեց շալակը, դեղին փոշեթիկնոցը դրեց թևատակին․ և հեռացավ։ Բայց մի քանի քայլ անելուց հետո շուռ եկավ ու հարցրեց․
― Իսկ եթե Ռուսաստան ընկնեի, ես է՞լ աշխատանք կստանայի։
― Իհարկե, ― պատասխանեցինք մենք, ― ինչպես Ռուսաստանի բոլոր մարդիկ։
― Այդպե՜ս․․․ ― ասաց պատանի բապտիստը։ ― Ուրեմն միայն թե աշխատանք լինի։ Այդպե՜ս․․․
Նա ուզում էր էլի ինչ֊որ բան ասել, բայց երևի փոշմանեց և արագ֊արագ, առանց ետ նայելու, գնաց փողոցով։
Գլուխ քսանիններորդ — Ամբարտակի կատարին
Թեև մենք բազում անգամներ հանդիսավոր կերպով ազնիվ խոսք էինք տվել միստեր Ադամսին մթնշաղը վրա հասնելուն պես կանգ առնել, այնուամենայնիվ, մեր փորձվաց մեքենան Լաս֊Վեգաս քաղաքին էր մոտենում կատարյալ մթության մեջ։ Լուսինը դեռ դուրս չէր եկել։ Առջևում ինչ֊որ տեղ դանդաղ պտտվում էր սպիտակ փարոսը։ Միառժամանակ անց, այն անցավ ձախ, ապա մնաց հետևում։ Նրան փոխարինելու եկավ մեկ ուրիշ փարոսիկ։ Այստեղ մեր ուղին համընկնում էր Լոս֊Անժելոս տանող մարդատար գծի օդային տրասսայի հետ։ Երբեմն խավարի միջից դուրս էր պրծնում երերվող մի լույս։ Այն արագ աճում էր, և ապա առջևում՝ բարձրում հայտնվում էին ավտոմոբիլային երկու աչքեր։ Մի րոպե նրանք վազում էին մեզ ընդառաջ, հետո նորից չքանում և արդեն շատ մոտ, վերստին դուրս պրծնում։ Ճանապարհը գնում էր ալիքներով՝ բլրակից բլրակ։ Անապատի մեծ լռությունը խախտվում էր միայն միստեր Ադամսի ծանր հառաչանքներով և փնթփնթոցներով։
― Բեկկի, Բեկկի։ Ոչ այդպես արագ։ Ժամում քառասուն մղոն, դա անչափ շատ է։
― Ինձ հանգիստ թող, ― զուսպ պատասխանում էր միսիս Ադամսը, ― այլապես կիջնեմ, և ճամփան կարող եք շարունակել ինքներդ։
― Դե, Բեկկի, Բեկկի։ It's impossible, ― տնքում էր ամուսինը։
― I don't want to speak with you! ― բացականչեց կինը։
Եվ ամուսինները մի կարճատև լեզվակռիվ սարքեցին անգլերենով։ Օդային փարոսները լուսավորում էին նրանց զայրացած դեմքերն ու ակնոցների ապակիները։
Վերջապես առջևում երևացին Լաս֊Վեգասի կրակները։
Դեկտեմբերյան ցուրտ երեկոյին, թեյասեղանի մոտ նստած մոսկվացին ինչեր ասես չի երևակայի, երբ խոսք բացվի Լաս֊Վեգաս քաղաքի պայծառ, թրթռուն կրակների մասին։ Կենդանի կպատկերանան նրան մեքսիկացիների այրող հայացքները, զաֆրանագույն այտերի վրա ոլորած մազափնջիկները, ինչպես Կարմենի մոտ է, տորեադորների թավշյա վարտիքներ, նավախաներ, կիթառներ, ցլամարտի նիզակներ և վագրային կրքեր։
Թեև վաղուց համոզվել էինք, որ ամերիկյան քաղաքները ճանապարհորդին ոչ մի անսպասելիություն չեն բերում, բայց և այնպես մենք ինչ֊որ աղոտ հույսեր ունեինք։ Չափից դուրս հրապուրիչ էին շողշողում օտար քաղաքի կրակները տաք ու սև անապատում։ Ո՞վ գիտե։ Հանկարծ ու կեմպում արթնանալով և փողոց դուրս գալով, տեսնենք կտավե ծածկերի տակ՝ հարավային սրճարաններ, գեղատեսիլ շուկաներ, որտեղ բանջարեղենի լեռների վրա բարձրանում է ուխտի հանդուգն մռութը, լսենք ամբոխի խոսակցություն և իշուկների զռոց։ Բայց Միացյալ Նահանգները միացյալ ուժերով նոր հարված հասցրին մեր երևակայությանը։ Կեմպում արթնանալով և փողոց դուրս գալով, մենք տեսանք Գալոպ քաղաքը իր գազոլինկայանների, դեղատների, ամայի մայթերի ավտոմոբիլներով լեցուն սալարկների ամբողջ փայլով։ Մեզ թվաց նույնիսկ, որ հիմա, ինչպես Գալոպում, դուրս կպրծնի կիսաբեռնատարը և կխփի մեր կողին, իսկ դրանից հետո միստեր Ադամսը հեզաժպիտ դեմքով կանցնի ավտոմոբիլային խանութի ցուցափեղկի միջով։ Տաղտկալի էր նայել այդ միօրինակ հարստությանը։ Անապատն անցնելիս մենք եղանք մի քանի տասնյակ քաղաքներում, և եթե հաշվելու չլինենք Սանտա֊Ֆեն ու, միգուցե, Ալբուկերկը, դրանք բոլորն էլ Գալոպներ էին։ Դժվար թե հնարավոր լինի աշխարհում գտնել դրանից ավելի պարադոքսալ դրություն․ միօրինակ քաղաքներ՝ բազմապիսի անապատում։
Լաս֊Վեգասը վերջնականապես մեզ բուժեց։ Այդ օրվանից սկսած մենք արդեն բնավ հույս չունեինք նոր քաղաքում հանդիպելու որևէ անսպասելիության։ Դա օգուտ բերեց, որովհետև հետագա ուղևորության միջոցին մեզ, այնուամենայնիվ, հիանալի անակնկալներ էին հետամտում։ Որքան քիչ էինք սպասում դրանց, այնքան հաճելի էր լինում մեզ համար։
Լաս֊Վեգասում մնացինք ճիշտ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր դեղատնում «բրեկֆաստ նաբր թրի» ուտելու և, շուռ գալու այն պուրակի մոտով, որտեղ աճում էին էլեկտրական լուսավորության սյուները, քաղաքից դուրս նետվելու համար։ Այնքան հապճեպ արեցինք այս ամենը, որ խախտեցինք Լաս֊Վեգաս քաղաքում սահմանված փողոցային երթևեկության կանոնները․ ընդառաջ գնացինք ավտոմոբիլների հոսանքին, այն դեպքում, երբ պուրակի մոտ թույլ էր տրվում շարժվել միայն մի կողմով։ Անմիջապես մեզ մոտեցավ ոստիկանական ավտոմոբիլը։ Նրա մեջ նստած պոլիսմենը հրամայեց մեզ կանգ առնել։
― Այմ վե՜րի, վե՜րի սորի, ― ասաց միսիս Ադամսը բարակ ձայնով, ― ես շատ, շատ ներողություն եմ խնդրում։
― Վե՛րի, վե՛րի, միստեր օֆիսեր, ― ձայնակցեց միստեր Ադամսը։
Այս անգամ էլ մեզ սարսափելի «տիկետ» չտվեցին։ Պոլիսմենը ուրախ էր, որ նյույորքյան գավառացիները իրեն «օֆիսերի» աստիճանի բարձրացրին, և սահմանափակվեց միայն Լաս֊Վեգաս քաղաքի փողոցային երթևեկության կանոնների վերաբերյալ փոքրիկ մի ճառ ասելով, որպիսին միստեր Ադամսն ունկնդրեց բացականչություններով ուղեկցվող խոր ուշադրությամբ։
― Շուռլի, միստեր օֆիսեր։ Իես միստեր օֆիսեր։ Օֆ կորս, միստեր օֆիսեր։
Վերջում պոլիսմենը մեզ ցույց տվեց Բոուլդեր֊սիթիի ճամփան։
Երեք բլոկ անցնելուց հետո նկատեցինք, որ ոստիկանական ավտոմոբիլը նորից գալիս է մեր հետևից։ Մի՞թե «միստեր օֆիսերը» փոշմանեց և, այնուամենայնիվ, որոշեց մեզ «տիկետ» հանձնել։ Միսիս Ադամսը առաջ սլացավ, բայց ոստիկանական «պիկարդը» արագ հասավ մեզ, և «միստեր օֆիսերը», գլուխը պատուհանից դուրս հանելով ասաց․
― Լեդի, ես եկա ձեր հետևից, որովհետև վախենում էի, թե ճանապարհը կշփոթեք։ Այդպես էլ եղավ։ Դուք երկու բլոգ ավելի եք անցել։
― Թենք յու վերի, վերի մաչ, ― բղավեց միստեր Ադամսը, թեթև շունչ քաշելով։
― Վերի, վերի, ― ձայնակցեց միսիս Ադամսը։
― Վերի մաչ, ― անդրադարձրինք մենք, ինչպես արձագանքը Սիոնի Կենյոնում։
Մինչև Բոուլդեր֊սիթի ընդամենը երեսուն մղոն էր, և ինչ֊որ մի հիսուն րոպեից հետո արդեն մոտեցանք կառավարական տնակին, ճիշտ այնպիսին, ինչպիսիք լինում են ամերիկյան ազգային պարկերի մուտքերի առջև։ Այստեղ տնակը դրված էր Բոուլդեր֊սիթիի մուտքի առջև, մի քաղաք, որը առաջացել է Կոլորադո գետի վրա կառուցած աշխարհի մեծագույն Բոուլդեր֊դամ ամբարտակի շինարարության օրերին։ Բուդկայում մեզ տոմսեր տվեցին, որոնց վրա տպված էին կանոններ՝ շինարարությունն այցելողների համար, և մենք մտանք քաղաք։
Որքան էլ տարօրինակ լինի, բայց Բոուլդեր֊դամի մասին մենք քիչ էինք լսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թերթերն այդ շինարարության մասին գրեթե չէին տպում և միայն ամբարտակի կառուցման ավարտի օրերին, երբ նրա հանդիսավոր բացմանը եկել էր Ռուզվելտը, կինոխրոնիկան մի քանի կադր նվիրեց Բոուլդեր֊դամին։ Մենք տեսանք այդ խրոնիկան և հիշողության մեջ պահեցինք պրեզիդենտի ճառը։ Նա խոսում էր կառավարության աշխատանքի նշանակության մասին, գովաբանում ինչ֊որ նահանգապետների և սենատորների, որոնք ինչ֊որ առնչություն են ունեցել կառուցման հետ, և ոչ մի խոսք չհիշատակեց այն մարդկանց մասին, որոնք նախագծել և կառուցել էին այդ ամբարտակը՝ բնության դեմ մարդու տարած հաղթանակի այդ մեծ հուշարձանը։
Բոուլդեր֊դամ այցելելը բացի տեխնիկայի հրաշք սեփական աչքերով տեսնելու հնարավորությունից, մեզ համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում։ Մենք պատրաստվում էինք հանդիպում ունենալու ինժեներ Տոմսոնի հետ, ամերիկյան այն սակավաթիվ ինժեներներից մեկի, որը սովետական կառավարությունից ստացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
Բոուլդեր֊սիթիի ճերմակ տնակներն այնպիսի շլացուցիչ էին անդրադարձնում անապատի մշտնջենական արևը, որ ցավելով կարելի էր նայել նրանց։ Թեև քաղաքը ժամանակավոր է կառուցած, հիմա արդեն կիսով չափ դատարկ է, իսկ կայանի մոնտաժային աշխատանքն ավարտելուց հետո բոլորովին կամայանա և, հավանորեն, կքանդվի, այնուամենայնիվ, դա մեզ ավելի հաճելի թվաց, քան իր ասֆալտա֊բենզինային եղբայրները (Գալոպի տիպ), որոնք պատրաստվում են հավիտյան գոյություն ունենալ։ Քաղաքում շատ կան գազոններ, ծաղկանոցներ, բասկետբոլի և թենիսի հրապարակներ։
Միստեր Տոմսոնին հանդիպեցինք հյուրանոցում և անմիջապես գնացինք շինարարություն։
Տոմսոնը, «Ջեներալ֊Էլեկտրիկ»֊ի գլխավոր մոնտաժային ինժեները՝ վտիտ, սև, քառասուն տարեկան, ածխագույն երկար թերթերունքներով և վառվռուն աչքերով մարդը, չնայած հանգստի օրվան (մենք գնացել էինք կիրակի օրը), աշխատանքային շալվարով էր և կայծակ֊օղակ ունեցող զամշե կուրտկայով։ Մեզ ասացին, որ աշխարհի լավագույն, կամ գուցե և ամենալավագույն շեֆ֊մոնտյորը որոշ չափով աշխարհի չեմպիոն է՝ վիթխարի էլեկտրական մեքենաներ մոնտաժելու գործում։ Չեմպիոնն ուներ արևակեզ, թարմ քերծվածքներով պատած ձեռքեր։ Տոմսոնը մեծացել է Շոտլանդիայում։ Նրա անթերի անգլիական խոսակցության մեջ նկատելի աչքի է ընկնում շոտլանդական որոտալից «ռ»֊ն։ Պատերազմի ժամանակ եղել է անգլիական օդաչու։ Նրա դեմքի վրա թաքնված է տխրության հազիվ նկատելի արտահայտություն, որը հաճախ լինում է իրենց կյանքի մի քանի տարիները պատերազմին նվիրած մարդկանց մոտ։ Նա ծխամորճ է ծխում, իսկ երբեմն, ճակատային հին սովորության համաձայն, դեղին թղթից ծխախոտ փաթաթում։
Պրոֆեսիան գրեթե խլել է նրանից հայրենիքը․ մեզ գոնե այդպես թվաց։ Նա անգլիացի է, աշխատում է ամերիկյան ընկերությունում և շրջագայում է աշխարհով մեկ։ Հավանորեն չկա ոչ մի աշխարհամաս, որտեղ միստեր Տոմսոնը մի քանի մեքենա մոնտաժած չլինի։ ՍՍՌՄ֊ում Տոմսոնն ապրել է յոթ տարի, աշխատել Ստալինգրադում և Դնեպրոստրոյում, ստացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան․ հիմա այստեղ է, անապատում, ահավոր արևի տակ մոնտաժում է Բոուլդեր֊դամ հիդրոկայանի մեքենաները։ Այստեղ նա կաշխատի ևս մեկ տարի։ Իսկ հետո ի՞նչ է անելու։ Չգիտե։ Միգուցե գնա Հարավային Ամերիկա կամ, կարող է պատահել, «Ջեներալ֊Էլեկտրիկ»֊ը կուղարկի նրան ուրիշ որևէ տեղ՝ Հնդկաստան, Ավստրալիա կամ Չինաստան։
― Շատ կուզենայի գնալ ՍՍՌՄ, ― ասաց Տոմսոնը, ― տեսնելու ինչպես է հիմա այնտեղ։ Չէ՞ որ իմ սրտից մի կտոր եմ թողել ձեզ մոտ։ Գիտեք ի՞նչ, ես ու կինս երեխաներ չունենք, և ես իմ երեխաներն եմ համարում իմ ձեռքով մոնտաժած մեքենաները։ Ռուսաստանում ես մի քանի երեխա ունեմ, շատ սիրած երեխաներ։ Կուզենայի նրանց տեսնել։
Նա սկսեց վերհիշել մարդկանց, որոնց հետ աշխատել է։
― Երբեք չեմ մոռանա այն րոպեն, երբ ավարտվեց Դնեպրոգէսի մոնտաժը, և ես հոսանահատիչը հանձնեցի Վինտերին, որպեսզի նա իր ձեռքով միացնի առաջին հոսանքը։ Ես նրան ասացի՝ «Միստեր Վինտեր, սուպը պատրաստ է»։ Վինտերի աչքերին արտասուք կար։ Մենք համբուրվեցինք ռուսական սովորությամբ։ Ձեզ մոտ լավ ինժեներներ շատ կան, բայց Վինտերը միանգամայն բացառիկ դեմք է․ նրա պես մարդիկ քիչ կան աշխարհում։ Մատների վրա կարելի է հաշվել նման մարդկանց։ Ի՞նչ է անում հիմա, որտե՞ղ է։
Մենք ասացինք, որ Վինտերը ղեկավարում է Գլավհիդրոէներգոստրոյը։
― Շա՛տ ափսոս, ― ասաց Տոմսոնը։ ― Չէ, ճիշտ, այդպիսի մարդը չպետք է աշխատի գրասենյակում։
Մենք բացատրեցինք, որ Գլավհիդրոէներգոստրոյը գրասենյակ չէ, այլ շատ ավելի նշանակալից մի բան է։
― Ես այդ հասկանում եմ, ― պատասխանեց Տոմսոնը, ― բայց միևնույն է, դա միստեր Վինտերի գործը չէ։ Նա զորավար է։ Մարտի դաշտում պետք է լինի։ Նա պետք է լինի որևէ շինարարության պետ։ Ես գիտեմ, դուք շարունակում եք շատ կառուցել։ Հիմա արդեն անցած բան է, և ամեն ինչի մասին կարելի է անկեղծ խոսել։ Մեր ինժեներների մեծամասնությունը չէր հավատում, որ առաջին հնգամյակից որևէ բան դուրս կգա, նրանց անհավանական էր թվում, որ ձեր անվարժ բանվորները և ջահել ինժեներները կկարողանան երբևէ տիրապետել արտադրական բարդ պրոցեսների, մանավանդ էլեկտրատեխնիկայի։ Ի՞նչ կա որ։ Այդ ձեզ հաջողվեց։ Այժմ դա մի փաստ է, որ ոչ ոք չի ժխտի։
Տոմսոնը խնդրեց միսիս Ադամսին թողնել իրեն ղեկի մոտ, քանի որ ճանապարհի մի բավական վտանգավոր հատված էինք անցնելու, և հմտորեն մեքենան վարեց կենյոնի հատակը տանող գլխապտույտ վայրէջքով։
Ճանապարհին մեր առջև մի քանի անգամ բացվեց ամբարտակի տեսարանը։
Պատկերացրեք ձեզ լեռնային արագահոս Կոլորադո գետը, որը հոսում է քարե վիթխարի միջանցքի հունով։ Միջանցքի պատերն իրենցից ներկայացնում են կարմրասև գույնի շատ բարձր, գրեթե ուղղաբերձ ժայռեր։ Ժայռերի բարձրությունն է վեց հարյուր հիսուն ֆուտ։ Եվ ահա կենյոնի բնության ստղծած երկու պատերի արանքում մարդու ձեռքերը երկաթբետոնից ստեղծել են երրորդ՝ գետի հոսանքը փակող պատ։ Այդ պատը գնում է կիսաշրջանով և նման է քարացած ջրվեժի։
Ներքևից Բոուլդեր֊դամով հիանալուց հետո բարձրացանք վերև, որպեսզի անցնենք ամբարտակի մակերեսով։ Տոմսոնը խնդրեց մեզ անցնել միայն աջ կողմով։ Մենք հսկայական բարձրությունից տեսանք կենյոնի չորացած հատակը՝ մեծ շինարարության թողած հետքերով՝ փայտե կաղապարների կտորտանքներով և շինարարական աղբով։ Խորխորատի հատակն էր դանդաղորեն իջնում պողպատե ճոպանից կախված երկաթուղային վագոնը։
Մենք անցանք մինչև ամբարտակի ծայրը և վերադարձանք։
― Այժմ կարելի է անցնել ձախ կողմը, ― ասաց միստեր Տոմսոնը։
Դա լավ պատրաստված էֆեկտ էր։
Ամբարտակի մյուս կողմում փռված էր մեծ, վճիտ, զովասուն լիճը։
Ամբարտակի կենտրոնը հասնելուց հետո միստեր Տոմսոնը հանկարծակի կանգ առավ, ոտքերը լայն չռեց սպիտակ գծի երկու կողմերի վրա։
― Այժմ, ― ասաց նա, ես մի ոտքով կանգնած եմ Արիզոնում, մյուսով՝ Նևադայում։
Չորս նահանգների՝ Արիզոնի, Նևադայի, Յուտայի և Կալիֆոռնիայի սահմաններում տեղավորված Բոուլդեր֊դամը անապատին տալու է ոչ միայն էլեկտրականություն, այլև ջուր։ Այստեղ, էլեկտրակայանից բացի, լինելու է նաև Համաամերիկյան ջրանցքի ոռոգման սիստեմի կենտրոնը։
― Ասացե՛ք, ― հարցրինք մենք Տոմսոնին, ո՞վ է Բոուլդեր֊դամի նախագծի հեղինակը։
Ի զարմանս մեզ, նա չպատասխանեց այս հարցին։ Նա կարող էր միայն հաղորդել, այն բաժնետիրական ընկերությունների անունները, որոնք կառավարության պատվերով կատարում էին այս աշխատանքը։
― Հավանորեն, ― ասաց Տոմսոնը ժպտալով, ― եթե որհևէ կառուցողի հարցնելու լինեն, թե ո՞վ է այստեղ մոնտաժում տուրբինները, նա չի կարողանա տալ իմ անունը։ Նա պարզապես կասի, որ մոնտաժի գործը վարում է «Ջեներալ Էլեկտրիկ Կոմպանիան»։ Մեզ մոտ, Ամերիկայում, ինժեներները համբավ չեն վայելում։ Մեզանում հայտնի են միայն ֆիրմաները։
― Թույլ տվեք, միստեր Տոմսոն, բայց մեծ անարդարություն է դա։ Մենք գիտենք ով է կառուցել Պետրոսի տաճարը Հռոմում, թեև այն կառուցվել է սրանից մի քանի դար առաջ։ Բոուլդեր֊դամը, մի կառույց, ուր ձեռք֊ձեռքի են տվել սքանչելի տեխնիկան և կառուցողական զարմանալի արվեստը, իրավունք են տալիս նրանց հեղինակներին համբավ վայելելու։
― Ոչ, ― ասաց միստեր Տոմսոնը, ― ես դրանում անարդարություն չեմ տեսնում։ Անձամբ ես, օրինակ, համբավ չեմ որոնում։ Ես միանգամայն բավարարված եմ, որ իմ ազգանունը գիտեն աշխարհի երկու հարյուր մասնագետներ։ Բացի այդ, ժամանակակից տեխնիկայի վիճակն այնպիսին է, որ, իրոք, միշտ չէ, որ հնարավոր է որոշել այս կամ այն տեխնիկական ստեղծագործական հեղինակին։ Էդիսոնի դարաշրջանը վերջացել է։ Առանձնապես մեծ գյուտարարների ժամանակն անցել է։ Այժմ կա տեխնիկական ընդհանուր առաջադիմություն։ Ո՞վ է կառուցում Բոուլդեր֊դամը։ Վեց հայտնի ֆիրմաներ։ Եվ վերջ։
― Բայց ահա ՍՍՌՄ֊ում կան ինժեներներ ու բանվորներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։ Թերթերը գրում են նրանց մասին, ամսագրերը տպագրում են նրանց դիմանկարները։
― Դուք պարզապես տարված եք շինարարությամբ։ Ձեզանում այն չափից դուրս մեծ դեր է խաղում։ Իսկ հետո կմոռանաք նրա մասին և կդադարեք ինժեներներին ու բանվորներին փառաբանելուց։
Մենք դեռ երկար խոսում էինք փառքի՝ ավելի ճիշտ, փառքի իրավունքի մասին։ Մեզ թվում է, որ մենք միմյանց ոչ մի բանում չհամոզեցինք։ Տոմսոնի դիրքավորումը մեզ համար պարզ էր․ կապիտալիզմը մերժել է նրա փառքը, ավելի ճիշտ՝ յուրացրել է նրա փառքը, և այդ հպարտ մարդը լսել անգամ չի ցանկանում այդ մասին։ Նա իր տերերին գիտելիքներ է տալիս և դրա փոխարեն ռոճիկ է ստանում։ Նրան թվում է, որ իրենք քվիտ են։
Կանգնած մեր դարի հրաշալի կառուցումներից մեկի գագաթին, որի մասին ստույգ հայտնի է միայն այն, որ անհայտ է, թե ով է կառուցել, մենք խոսում էինք Միացյալ Նահանգներում համբավի մասին։
Համբավն այս երկրում սկսվում է պաբլիսիթիի հետ միասին։ Իսկ մարդուն պաբլիսիթի են անում այն ժամանակ միայն, երբ ձեռնտու է որևէ մեկին։
Ո՞վ է Ամերիկայում օգտվում հիրավի մեծ, համաժողովրդական համբավով։ Մարդիկ, որոնք փո՞ղ են շինում, թե՞ մարդիկ, որոնց օգնությամբ մեկ ուրիշն է փող շինում։
Այս կանոնից բացառություն չկա։ Փող։ Համաժողովրդական համբավ ունի բռնցքամարտի կամ ֆուտբոլի չեմպիոնը, որովհետև նրանց մասնակցությամբ մատչը միլիոն դոլարներ է հավաքում։ Համբավ ունի կինոաստղը, որովհետև նրա համբավը պետք է ձեռնարկատիրոջը։ Նա կարող է իր ուզած րոպեին զրկել նրան համաժողովրդական այդ համբավից։ Համբավ ունեն բանդիտները, որովհետև դա ձեռնտու է թերթերին և նրա համար, որ բանդիտների անունների հետ կապված են մեծ քանակությամբ զրոներով թվեր։
Իսկ ու՞մն է հարկավոր համբավ ստեղծել Տոմսոնի կամ Ջոնսոնի , Վիլսոնի կամ Ադամսի համար, եթե այդ մարդիկ ընդամենը կառուցում են միայն ինչ֊որ մեքենաներ, էլեկտրակայաններ, կամուրջներ և ոռոգման սիստեմներ։ Իրենց տերերին անգամ ձեռնտու չէ նրանց համար համբավ ստեղծելը։ Ականավոր մարդուն ստիպված կլինեն մեծ ռոճիկ տալ։
― Չէ՛, լուրջ , պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մի՞թե կարծում եք, որ Ֆորդը Ամերիկայում նշանավոր է նրանով, որ ստեղծել է էժանագին ավտոմոբիլ։ Օ՜, նո։ Հիմարություն կլիներ այդպես կարծել։ Պարզապես բովանդակ երկրով վազում են նրա ավտոմոբիլները՝ իր ազգանունը ռադիատորի վրա նշած։ Ձեր երկրում նշանավոր է բոլորովին ուրիշ մի Ֆորդ։ Ձեզանում նշանավոր է Ֆորդ֊մեխանիկը, մեզանում՝ Ֆորդ֊հաջողակ վաճառականը։
Ո՛չ, թերևս, հարգելի միստեր Տոմսոնը իրավացի է, որ հրաժարվում է ամերիկյան համբավից։ Համբավը Ամերիկայում ապրանք է։ Եվ ինչպես ամեն մի ապրանք Ամերիկայում, եկամուտ է բերում ոչ նրան, որ արտադրում է, այլ նրան ով համբավ է վաճառում։
Չորրորդ մաս — «Ոսկի նահանգը»
Գլուխ երեսուներորդ — Միսիս Ադամսի ռեկորդը
Կալիֆոռնիայի սահմանի վրա մեզ կանգնեցրին փոքրիկ կակտուսներով շրջապատված տեսչակայանի մոտ և ավտոմոբիլը խուզարկեցին։
Կալիֆոռնիա չի կարելի տանել ոչ միրգ, ոչ ծաղիկ։ Կալիֆոռնիացիները վախենում են, որ իրենց նահանգը կարող են բույսերի հիվանդություններ առաջացնող բացիլներ բերել։
Տեսուչը մեր մեքենայի քամու ապակու վրա փակցրեց անբնական կապույտ հեռուներ և կանաչ արմավենիներ պատկերող մի պիտակ, և մենք հայտնվեցինք Կալիֆոռնիայում՝ «Ոսկի նահանգում»։
Սակայն տեսչական տնակն անցնելուց հետո ոչ մի արմավենի չգտանք։ Շարունակվում էր անապատը, նույնպես վեհատեսիլ և գեղեցիկ, ինչպես Արիզոնում, Նևադայում և Նյու֊Մեքսիկոյում։ Միայն թե արևն ավելի էր վառում, և երևան եկան շատ կակտուսներ։ Ճանապարհի երկու կողմերում, ավազների մեջ, ցցված էր կակտուսների մի ամբողջ անտառ։ Կակտուսները խոշոր էին, խնձորենու մեծության։ Նրանց ճյուղերը, որոնք հաստ էին ինչպես և բները, թվում էր խոշտանգված էին կտտանքներից, ասես մինչև արմունկները կտրատած, չռված ձեռքեր լինեին։
Այսպես անցավ կես օր։ Նախաճաշեցինք բանաններով և ընկույզներով, ինչպես կապիկները։ Ճանապարհը մի բարձրավանդակից մյուսն էր անցնում անշեղորեն բարձրանալով։ Կակտուսները չքացան նույնպիսի հանկարծակիությամբ, ինչպես հայտնվել էին։ Հորիզոնի վրա երևաց վանդակապատ մի աշտարակ։ Հետո՝ երկրորդը, ապա՝ երրորդը։ Նրանք նմանվում էին մարսեցի ռազմիկների մարտական մեքենաներին։ Մենք կտրեցինք անցանք բարձր լարվածության գիծը, որը կառուցվել է Բոուլդեր֊դամ կայանից Կալիֆոռնիա հոսանք հաղորդելու համար։ Էլեկտրականությունը համաչափ քայլում էր անապատի ավազների և բլուրների միջով։
― Պարոնայք, ― հարցրեց միստեր Ադամսը, ― ձեր ականջներում զնգոց զգու՞մ եք, խոստովանեցեք։
Մենք անսացինք։ Ականջներն իրոք որ զնգում էին։ Միստեր Ադամսը շատ ուրախացավ։
― Այդ նոսրացրած օդն է, ― ասաց նա։ ― Թող դա ձեզ չզարմացնի, պարոնայք, օ՜, նո։ Մենք աննկատելի հասել ենք բավականին մեծ բարձրունքի։ Բայց կարծում եմ, որ սա մեր վերջին լեռնանցումն է։ Միստեր Ադամսը ինչպես միշտ իրավացի դուրս եկավ։
Շուտով մենք սկսեցինք գեղեցիկ ու ոլորապտույտ ճանապարհով իջնել ներքև՝ մի նոր անապատ, որը բնավ նման չէր այն անապատներին, որոնց մենք արդեն ընտելացել էինք մի շաբաթվա ընթացքում։ Գոլորշիացումների թեթև մշուշով պատած անապատը բացվում էր հետզհետե՝ ճանապարհի յուրաքանչյուր նոր ոլորքի հետ միասին։ Մենք զգուշորեն անընդհատ ներքև էինք իջնում։ Մեծ ընդմիջումից հետո կյանքը նորից սկսվեց․ վարած արտեր, ոռոգիչ ջրանցքներ, կանաչ աշնանացան, երկար, մինչև մառախլապատ հորիզոնը գնացող խաղողի այգիներ և Բեկերսֆիլդ քաղաքի նավթի աշտարակները։ Դեկտեմբեր ամիսն էր։ Երևացին արմավենիներ, ծառեր, շրջազգեստով աղջիկներ և շալվաով աղջիկներ։ Բրդե նուրբ կտորից երկար ու լայն շալվար հագած և վիզը թեթև շալ գցած աղջիկները նշան էին այն բանի, որ Հոլլիվուդը մոտ է։ Նման շալվարներով ման գալը կինեմատոգրաֆիական ոճ է։ Ազատ է ու հարմար։
Կալիֆոռնիայի այս մասը ոռոգված անապատ է։ Թեկուզ մեկ շաբաթով Կալիֆոռնիային զրկես ոռոգումից, այն կվերածվի ինչ որ եղել է, անապատի։ Եթե ծաղիկներին մեկ օր չջրեն, կկորչեն։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― բղավեց միստեր Ադամսը։ ― Կալիֆոռնիան հիանալի նահանգ է։ Այստեղ սկզբունքորեն անձրև չի լինում։ Այո՛, այո՛, այո՛ ― հենց սկզբունքորեն։ Դուք ուղղակի կվիրավորեք կալիֆոռնիացուն, եթե ասեք նրան, թե այստեղ անձրև հնարավոր է։ Եթե ձեր գալու օրերին անձրև, այնուամենայնիվ գալիս է, կալիֆոռնիացին սաստիկ բարկանում է, ուսերը թոթվում է և ասում՝ «Սա ինչ֊որ անհասկանալի բան է։ Քսան տարի է ապրում եմ այստեղ, այստեղ իմ կինը մեռել է, մյուսն էլ հիվանդացել, այստեղ են մեծացել և գայ֊սքուլն ավարտել իմ երեխաները, իսկ անձրև առաջին անգամն եմ տեսնում»։ Չէ, լուրջ, պարոնայք, դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է Կալիֆոռնիան։ Հավատացնում եմ ձեզ՝ այստեղ անձրև, այնուամենայնիվ, լինում է։
Բեկերսֆիլդի նաֆթի աշտարակները, ի տարբերություն Օկլախոմայի մետաղե աշտարակների, շինված են փայտից։ Այստեղի նավթի հանքավայրերն ավելի հին են։ Ու դարձյալ աշտարակների կողքին մենք տեսանք խղճուկ քողտիկներ։ Այդպես է ամերիկյան կյանքի օրենքը․ որքան վայրը հարուստ է, որքան այնտեղ շատ միլիոններ են քաշում կամ փորում հանում հողից, այնքան խղճուկ ու անհրապույր են այդ միլիոնները հանող կամ քաշող մարդկանց խրճիթները։
Ի դեպ, նավթ են քաշում ոչ միայն խոշոր ընկերությունները։ Քաշում են, այսպես ասած, անհատական կարգով և տեղի բնակիչները, տնակների և ֆորդիկների տերերը։ Նրանք ընկերության նավթաբեր հողերի կողքին ճեղքեր են բացում ուղիղ իրենց այգում, գարաժում կամ հյուրասենյակում և կամաց֊կամաց, օրական մի քանի գալոն քաշում են իրենց համար։ Ամերիկացիները հանույթի նման եղանակը, չգիտես ինչու, անվանում են «վայրի կատու»։
Բեկերսֆիլդը մեր տեսած հարյուրավոր Գալլոպներից տարբերվում է միայն արմավենիներով։ Բայց այդ բավական էական տարբերություն է․ արմավենիներով Գալլոպն անհամեմատ դուրեկան է, առանց արմավենիների Գալլոպից։
Առևտուրն ու ռեկլամն այստեղ կրում են ավելի աշխույժ բնույթ, քան անապատում։ Անվերջ ու միօրինակ «Խմիր կոկա֊կոլա»֊ներից հետո այստեղ նյույորքյան ճարպկություն է զգացվում սպառողի նկատմամբ հոգատար լինելու մեջ։ Փոքրիկ գազոլինկայանի տերը Բեկերսֆիլդից մեկնելու ժամանակ իր հաստատության վերևում կախ էր տվել ավտոմոբիլային յուղի դատարկ տուփերից սարքած կոմիկական մի մարդուկ։ Մարդուկն օրորվում եր քամուց, շառաչում ու հառաչում, ինչպես միայնակ, ամենքից մոռացված մի տեսիլք։ Եվ նրա տնքոցների մեջ որոշակի լսվում էր՝ «Գնեցեք միայն պենսիլվանյան յուղ։ Այս յուղը քվակերների նահանգից է։ Քվակերները լավ մարդիկ են, նրանց յուղը վատը լինել չի կարող»։
Իսկ մի քիչ ավելի դենը, ավտոմոբիլների նորոգման կայանի (Սերվիսստեյշեն) վերևում մի խիզախ պլակատ էր կախված, միստեր Ադամսը առաջինը ինքը նկատելով, ծափ զարկեց ու բարձրաձայն բղավեց․
― Բե՛կկի, կանգ առ այստեղ։ Այո՛, այո՛, պարոնայք, ― ասաց նա, ― դուք պետք է խորամուխ լինեք այս պլակատի մեջ, եթե ուզում եք հասկանալ ամերիկյան ոգին։
Պլակատի վրա գրված էր․
«Ավտոմոբիլային սերվիս։ Այստեղ ձեզ միշտ կդիմավորեն բարեկամական ծիծաղով»։
Մենք անմիջապես պատկերացրինք այսպիսի մի կենցաղային պատկեր․ ջարդուփշուր եղած մեքենայով այլանդակված մի ուղևորի, որպիսին մենք տեսանք Գրենդ֊կենյոնի գարաժում, դիմավորում են քրքջալով։
― Չէ՛, չէ՛, միստերներ, լուրջ, ծիծաղը ամերիկյան կյանքի ոճն է։
Այդ ճիշտ է։ Ամերիկյան ծիծաղը, ընդհանրապես, լավ, բարձրաձայն և կենսուրախ ծիծաղը, այնուամենայնիվ, երբեմն ջղայնացնում է։
Ենթադրենք, թե հանդիպում են երկու ամերիկացիներ։
1֊ին ամերիկացի (ժպտալով): ― How do you do!
2-րդ ամերիկացի (ցույց տալով ատամների մի մասը): ― How do you do։
1֊ին ամերիկացի։ ― Ինչպե՞ս եք ապրում։ (Ծիծաղում է)։
2֊֊րդ ամերիկացի։ ― Շատ լավ։ Շնորհակալություն (ցույց է տալիս բոլոր երեսուներկու ատամները, որոնց մեջ երևում են երեք ոսկե ատամներ)։ ― Իսկ դուք ինչպե՞ս եք ապրում։
1֊ին ամերիկացի։ ― Վերի նայս ― հիանաալի (բարձրաձայն ծիծաղում է): ― Ինչպե՞ս են գնում ձեր գործերը։
2֊րդ։ ― Նայս (հռհռում է), իսկ ձե՞րը։
1֊ին․ ― Հոյակապ (հռհռում է կատաղի): Դե՛, ցտեսություն, բարևեցեք ձեր կնոջը։
2֊րդ։ ― Շնորհակալություն։ Հա՛֊հա՛֊հա՛։ Դուք էլ բարևեցեք (ժայթքեցնելով ծիծաղի մի ջրվեժ, ամբողջ ուժով թփթփացնում է առաջինի ուսը)։ ― Գուդ բայ։
(Նստում են իրենց ավտոմոբիլները և մեծ արագությամբ սլանում տարբեր կողմեր):
Նման խոսակցության մեջ հնարավոր է ևս մի վարիանտ, որը ընդհանուր առմամբ գրեթե չի փոխում գործի էությունը։
1֊ին ամերիկացի ― (ժպտալով)։ Ինչպե՞ս է գնում ձեր բիզնեսը։
2֊րդ ամերիկացի․ ― (ծիծաղում է)։ Շատ վատ։ Վերի բեդ։ Իսկ ձե՞րը։
1֊ին․ ― (հռհռում է): Զզվելի։ Երեկ դուրս թռա ծառայությունից։
2֊րդ․ ―(ծիծաղից պայթելով)։ Ինչպե՞ս է ապրում ձեր կինը։
1֊ին։ ― Նա բավական վտանգավոր հիվանդացել է (փորձում է լուրջ տեսք ընդունել, բայց աշխույժ, կենսուրախ ծիծաղը դուրս է պոռտքում): Երել եկել էր․․․ հա֊հա֊հա․․․ երեկ․․․ ա՛հ, չեմ կարող․․․ երեկ բժիշկ էր եկել։
2֊րդ․ ― Ռիալի՞ն։ Իսկապե՞ս։ Ախ, ափսոս։ Ես ձեզ կարեկցում եմ, բարեկամս (զվարթ ծիծաղով թփթփացնում է առաջինի ուսը):
Ամերիկացիները ծիծաղում և անընդհատ ատամները ցույց են տալիս ոչ թե որևէ ծիծաղելի բան պատահելու առթիվ, այլ որովհետև ծիծաղելը նրանց ոճն է։
Ամերիկան մի երկիր է, որ սիրում է պրիմիտիվ պարզորոշություն իրենց բոլոր գործերում և գաղափարներում։
Ավելի լավ է հարուստ լինել, քան աղքատ։ Եվ մարդը, փոխանակ ժամանակ կորցնելու չքավորություն ծնող պատճառների և այդ պատճառները ոչնչացնելու մասին խորհելու վրա, ջանում է բոլոր հնարավոր միջոցներով միլիոն ձեռք բերել։
Միլիարդն ավելի լավ է, քան միլիոնը։ Եվ մարդը փոխանակ ամեն գործ մի կողմ դնելու և իր երազած միլիոնը վայելելու, նստում է գրասենյակում, քրտնամխած, անպիջակ և միլիարդ է շինում։
Սպորտով զբաղվելն վելի օգտակար է առողջության համար, քան գրքեր կարդալը։ Եվ մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում է սպորտին։
Մարդուն երբեմն անհրաժեշտ է զվարճանալ, որպեսզի հանգստանա գործերից, և նա գնում է կինո կամ բուռլեսկ, ուր նրան չեն ստիպում մտածել կյանքի որևէ հարցի մասին, քանի որ դա կխանգարի հանգստանալուն։
Ավելի լավ է ծիծաղել, քան լաց լինել։ Եվ մարդը ծիծաղում է։ Հավանորեն ժամանակին նա հարկադրել է իրեն ծիծաղել, ինչպես հարկադրել է քնել բաց օդանցքի պայմաններում, առավոտները զբաղվել մարմնամարզությամբ, մաքրել ատամները։ Իսկ հետո՝ ոչինչ, ընտելացել է։ Եվ հիմա ծիծաղը նրա կոկորդից դուրս է պրծնում ինքնաբերաբար, անկախ իր ցանկությունից։ Եթե դուք տեսնում եք ծիծաղող ամերիկացու, այդ չի նշանակում, թե նրա ծիծաղը գալիս է։ Նա ծիծաղում է լոկ այն պատճառով, որ ամերիկացին պետք է ծիծաղի։ Իսկ նվնվալ ու թախծել կարող են, ասենք, մեքսիկացիները, սլավոնները, հրեաները և նեգրերը։
Մենք դուրս եկանք Լոս֊Անժելոս ― Սան֊Ֆրանցիսկո քարաշերտ հիանալի ճանապարհն ու վերստին ընկանք ավտոմոբիլային մրրիկի մեջ, որից հենց այն է, սկսել էինք ետ սովորել անապատում։ Սպիտակ շերտերով բաժանված ճանապարհը սև էր՝ կպրագույն և յուղի պես փայլում էր։ Կողքից ապակիները փայլեցնելով և սուլոցով արագ անցնում էին ավտոմոբիլներ։ Հեռվից նրանք շատ բարձր էին երևում, որովհետև ճանապարհը անդրադարձնում էր նրանց անիվները։ Սլանում էին «բուիկներ», «ֆորդեր», «կրայսլերներ», «պիկկարդներ», կատուների պես մռնչում և փնչացնում էին, անթիվ ու անհամար մեքենաներ։ Ամերիկյան ճանապարհով հոսում է հավերժական շարժումը։
Կալիֆոռնիան հռչակված է ավտոմոբիլային աղետներով։ Ճանապարհի երկարությամբ, գնալով ավելի հաճախակի սկսեցին հանդիպել մեծ պլակատներ, որոնք հորդորում էին շոֆերներին զգույշ գնալ։ Նրանք հիանալի նկարված էին՝ լակոնիկ ու ահաբեկող։ Մի հսկա պոլիսմեն ձախ ձեռքով գրկած մի աղջկա դիակ, աջով ուղիղ մեզ էր ցույց տալիս։ Տակը գրված էր՝ «Վերջ տվեք այս ապանություններին»։ Մյուս պլակատի վրա պատկերված էր խռիվ մազերով, խելագարված մի մարդ՝ մանկան դիակը գրկած։ Եվ մակագրությունը՝ «Ի՞նչ արեցի ես»։
― Ո՛չ, Բեկկի, ես չեմ ուզում, որ մեզ դիմավորեն բարեկամական ծիծաղով, ― ասում էր միստեր Ադամսը։ ― Պարոնայք, դուք ուզու՞մ եք, որ մեր ջարդված մեքենան դիմավորեն բարեկամական ծիծաղով։ Բեկկի, դու մեքենան պահելու ես քառասուն մղոնի վրա։
Միսիս Ադամսը փորձեց առարկել, բայց պլակատներն այնպիսի ուժեղ տպավորություն էին գործել մեզ վրա, որ մենք միացանք միստեր Ադամսին, և արկածախնդրորեն տրամադրված մեր դրայվերը հնազանդվեց։
― Բեկկի, ― բացականչում էր միստեր Ադամսը, ― մի՞թե ուզում ես իմ ծանր դիակը դժվարությամբ գրկած ամբողջ Կալիֆոռնիայով մեկ բղավել՝ «Ի՞նչ արեցի ես»։
Ապա միստեր Ադամսը խորասուզվեց քարտեզի մեջ, և կենտրոնացված փնթփնթալով, սկսեց նրա վրա ծուռ ու շիտակ ինչ֊որ գծեր քաշել։
― Պարոնա՛յք, ― ասաց նա վերջապես։ ― Մենք պետք է այցելենք Սեկվոյա պարկ։ Մոտ է այստեղից։ Դելանո քաղաքի մոտ պետք է թեքվել աջ։ Մի փոքր շրջան ենք գործելու՝ վաթսուն մղոն, ոչ ավելի։ Կմտնենք հինգ րոպեով և նորից ճամփա կընկնենք, և ուղիղ՝ մինչև Սան֊Ֆրանցիսկո։ Ոչ, պարոնայք, ինձ ոչինչ մի ասեք։ Պարզապես հիմարություն կլինի Սեկվոյա պարկ չմտնելը։ Չէ, լուրջ, մենք պետք է իսկական ճանապարհորդներ լինենք։
Այժմ մենք շատ երախտապարտ ենք միստեր Ադամսին, մեզ Սեկվոյա պարկ քարշ տալու համար, բայց այն պահին անչափ հոգնած էինք անապատի ճանապարհորդությամբ, անչափ լեցուն էինք տպավորություններով և շատ ուժեղ ձգտում էինք հասնել Սան֊Ֆրանցիսկո, որպեսզի միանգամից համաձայնվեինք այդ քայլն անելու։
Տեղի ունեցավ թռուցիկ խորհուրդ, որտեղ միշտ այնքան զգույշ միստեր Ադամսը պահում էր իրեն Սուվորովի պես։
Որոշում ընդունվեց՝ հինգ րոպեով այցելել Սեկվոյա պարկ։
Մինչև հասանք Դելանո, անցավ երկու ժամ։ Աջում երևացին լեռներ։ Թեքվեցինք այդ կողմը։ Դա Սիերա֊Նևադան էր, Կոլորադո սարահարթի և Կալիֆոռնյան հովտի միջև ընկած հինգ հարյուր մղոն ձգվող լեռնաշղթան։
Նորից մեր առջևումն էին լեռնային խստաշունչ տեսարաններ, նորից միսիս Ադամսը հիացմունքով բարձրացնում էր երկու ձեռքը և գլուխը պատուհանից դուրս հանելով, գոչում՝ «նայեցեք, նայեցեք» և մենք աղերսում էինք նրան ձեռքերը նորից դնել ղեկանիվի վրա և աչքերը հառել ճանապարհին, երդումնավոր խոստում տալով, որ ճաշելիս գեղարվեստորեն կնկարագրենք բոլոր գեղեցկությունները։ Բայց մինչև ճաշ դեռ շատ ժամանակ կար։
Սկսվեց վերելքը՝ մանր ժայռերի, գետակների և արևի տակ փայլատակող փշատերև խիտ անտառի միջև ընկած գեղատեսիլ ճանապարհով։ Ինչ ուրախալի էր յուրաքանչյուր շրջադարձի հետ բարձրանալ վեր ու վեր, դեպի կապուտակ երկինքը, այնտեղ, ուր մեզ համար անհասանելի բարձրունքի վրա երևում էր ձյունապատ գագաթը։ Ներքևում, գրեթե ուղղաբերձ, կանաչ լանջերին նշմարվում էին մեկ ժամ առաջ մեր անցած ճանապարհի նեղ շերտերը, իսկ գետակներն արդեն բոլորովին չէին երևում։ Շուտով արևն էլ մնաց ներքևում։
― Բա ու՞ր է սեկվոյան, ― կարոտով հարցնում էինք մենք։
― Չէ, մի ասեք «ուր է սեկվոյան», ― բավական շվարած պատասխանում էր միստեր Ադամսը, ― սեկվոյան շուտով կլինի։
― Բայց արդեն ճաշի ժամանակ է, ― նկատեց միսիս Ադամսը, ժամացույցին նայելով և միաժամանակ մի նոր գլխապտույտ շրջադարձ կատարելով։
― Չէ, լուրջ, Բեկկի, չի կարելի այդպես դատել՝ «արդեն ճաշի ժամանակ է»։ Չէ, ճիշտ, ինձ համար ցավալի է լսել, երբ դու այդպես ես դատում։
― Մենք կարծում էինք, թե կայցելենք հինգ րոպեով, բայց արդեն չորս ժամ է անցել։
Բայց ահա երևաց ազգային պարկի մուտքի տնակը, և մենք թեթևացած շունչ քաշելով, մեկական դոլար տվեցինք։ Սակայն մեկ ժամվա ճանապարհ էլ անցանք, մինչև որ տեսանք առաջին սեկվոյան։
― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― գոչեց միսիս Ադամսը, ավտոմոբիլը կանգնեցնելով։
Սկզբում ոչինչ չկարողացանք նշմարել։ Ճանապարհին հավասար բարձրությամբ կանգնել էր փշատերև կատարների մի ամբողջ անտառ, որոնց բները աճում էին մեր ոտնատակի լանջերից։ Բայց մի կատար, մյուսների հետ խառնված ինչ֊որ բանով տարբերվում էր նրանցից։ Ուշադիր նայելով, մենք նկատեցինք, որ նրա փշատերևն ավելի մուգ է և փոքր ինչ ուրիշ ձև ունի։ Զգուշությամբ նայեցինք ներքև։ Այն ժամանակ, երբ մյուս ծառերի բները վերջանում էին շատ մոտիկ, ծուռ ներաճելով լանջի մեջ, այս բունը, աշտարակի պես հաստ, իջնում էր ուղիղ անդունդը, և հնարավոր չէր հետևել, թե որտեղ է սկսվում։
― Հը, ի՞նչ կասեք, պարոններ, ― ցնծում էր միստեր Ադամսը։ ― Կարծեմ դուք հարցնում էիք, թե ուր են սեկվոյաները։
― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― նորից բղավեց միսիս Ադամսը։
Այս անգամ ստիպված էինք նայել ոչ թե ներքև, այլ վերև։ Մեր կողքին գետնից բարձրանում էր մեկ ուրիշ հսկա ծառի բուն։ Զարմանալի չէ, որ մենք իսկույն չնկատեցինք։ Այն անչափ մեծ էր, անչափ աննորմալ, նրան շրջապատող եղևնիների և սոճիների սովորական բների մեջ, որպեսզի փոքրի և մեծի միջև բնական տարբերության վրա դաստիարակված աչքը կարողանար անմիջապես նշմարել այդ ֆենոմենը։
Մենք դանդաղ շարժվեցինք առաջ՝ ծառից ծառ։ Պարզվեց, որ նախկին երկուսը, որոնց առջև ապշած կանգնեցինք, ամենափոքրիկ նմուշներն էին։ Այժմ մենք անցնում էինք հինավուրց, մռայլ անտառով, ֆանտաստիկ անտառով, որտեղ «մարդ» բառը դադարում է հպարտ հնչելուց, և հպարտ է մնում միայն մի բառ՝ «ծառ»։ Գիտնականների խաղաղ արտահայտությամբ «փշատերևների ընտանիքին» պատկանող սեկվոյաները աճում են սովորական եղևնիների և սոճիների հարևանության մեջ և մարդուն ապշեցնում են այնպես, ասես նա հավերի և խոճկորների մեջ կենդանի պտերոդակտիլ կամ մամոնտ է տեսել։
Ամենամեծ ծառը չորս հազար տարեկան է և կոչվում է «Գեներալ Շերման»։ Ամերիկացիները չափից դուրս գործնական մարդիկ են։ «Շերմանի» մոտ կախված է աղյուսակ, որտեղ մեծագույն ճշգրտությամբ հաղորդվում է, որ միայն այս ծառից կարելի է կառուցել քառասուն տուն, ամեն մի տնում հինգական սենյակ, և եթե այս ծառը դնեն «Յունիոն պասիֆիկ» գնացքի կողքին, ապա նա գնացքից երկար կլինի։ Բայց նայելով ծառին, այդ ամբողջ թափանցիկ ու մթին անտառին, չէինք ուզում մտածել հինգ սենյականոց բնակարանների և «Յունիոն պասիֆիկ» գնացքի մասին։ Ուզում էինք երազանքով արտասանել Պաստերնակի խոսքերը՝ «Անտառում քուլա֊քուլա բարձրանում էր մայր տաճարի խավարը», և ջանալ որքան կարելի է հանգիստ պատկերացնել, որ այս «փշատերևի ընտանիքը» խաղաղ աճել է, երբ աշխարհում ոչ միայն Կոլումբոսը չի եղել, այլև Կեսարն ու Ալեքսանդր Մակեդոնացին և նույնիսկ եգիպտական թագավոր Թութանխամոնը։
Հինգ րոպեի փոխարեն մենք անտառում մնացինք երկու ժամ, մինչև որ աղջամուղջն ավելի թանձրացավ։ Ճաշի մասին մտածել անգամ չէր կարելի, մինչև հովիտ չվերադառնայինք։ Բայց այդ պահին Ադամս ամուսիններն իրար երես նայեցին, և նրանց դեմքերի վրա երկու միանգամայն իրար նման չարագուշակ ժպիտներ երևացին։ Մեզ համար պարզ դարձավ, թե ինչ մտադրվեցին անել մեր սիրելի բարեկամները։ Զուր էինք աղերսում նրանց սթափվել, մտածել բեբիի մասին։ Ամուսիններն անհողդողդ էին։ Ձեռք֊ձեռքի տված՝ նրանք գնացին «ինֆորմացիա վերցնելու»։ Բարեբախտաբար շատ շուտ վերադարձան, քանի որ «ինֆորմացիա վերցնելու» տեղ բացարձակապես չկար, գուցե միայն «Գեներալ Շերմանի՞ց»։ Անտառը վաղուց արդեն ամայացել էր։ Խիստ ցրտեց։
― Շատ գեղեցիկ։ Վերադառնանք հին ճանապարհով։
― Ստիպված ենք գնալ, ― հառաչանքով ասաց միսիս Ադամսը, մոտորը գործի գցելով։
― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― լավ կլիներ իմանայինք, չկա՞ արդյոք հովիտ տանող մեկ ուրիշ ճանապարհ։
― Էլ ինչերի՞ս է պետք ուրիշ ճանապարհը։ Որով եկել ենք։ Դա հենց հիանալի ճանապարհ է։
― Պարոնայք, ավելորդ ինֆորմացիան երբեք չի խանգարի։
Եվ այդ պահին, ի սարսափ մեզ, տեսանք պահակի կերպարանքը։ Անելիք չուներ, տրամադրությունը հիանալի էր և ուրախ֊զվարթ ինչ֊որ բան էր սուլում։ Ադամս ամուսինները հոգեառի նման հարձակվեցին նրա վրա։
― How do you do, ― ասաց միսիս Ադամսը։
― How do you do, ― պատասխանեց պահակը։
Ու սկսվեց հարձուփորձը։ Հիսուն անգամից ոչ պակաս պահակն ասաց՝ «իես մեմ» և նույնքան անգամ՝ «նո, մեմ»։
― Պարոնա՛յք, ― բացականչեց միստեր Ադամսը, մեքենա նստելով։ ― Մի ուրիշ ճանապարհ էլ կա «Գեներալ Գրանդի» կողքով։ Շատ մոտ է, տասնհինգ մղոն։
― Բայց արդեն մութն է։ Միևնույն է ոչինչ չենք տեսնի։
― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Օ՜, նո, մի ասեք այդպես՝ «ոչինչ չենք տեսնի»։ Այդպես խոսելու հարկ չկա։
Վերջապես ճամփա ընկնելուց առաջ միսիս Ադամսը որոշեց մեկ անգամ էլ հավաստիանալ ստացած ինֆորմացիայի ճշտության մեջ և նորից կանչեց պահակին։
― Ուրեմն գնանք ուղի՞ղ, ― հարցրեց նա։
― Իես, մեմ։
― Մինչ որ հասնենք «Գեներալ Գրանդի՞ն»։
― Իես, մեմ։
― Իսկ հետո ա՞ջ։
― Նո՜, մեմ։ Ձախ։
― Ուրեմն ձա՞խ։
― Իես, մեմ։
― Եվ ոչ ա՞ջ։
― Նո, մեմ։
― Մինչև երրորդ խաչմերու՞կը։
― Նո, մեմ։ Մինչև երկրորդ խաչմերուկը։
― Թենք յու վե՛րի մաչ, ― բացականչեց միստեր Ադամսը։
Ու սկսվեց գիշերային մեծ արշավ Սիերա֊Նևադայի գագաթներից մինչև Կալիֆոռնյան հովիտը։ Մոտ երկու ժամ գնում էինք կատարյալ խավարի մեջ։ Ինչ էր աճում մեր շուրջը, չտեսանք և հավանորեն էլ երբեք չենք տեսնի։ Հավանական է, որ այնտեղ կար և գեներալ Գրանդ, և գեներալ Լի և էլի մի տասնյակ հարավային և հյուսիսային գեներալներ։ Շրջադարձներին մեր ֆառերի լույսը սահում էր կավճի հարթ լեռների վրայով։ Ձախում սև խորխորատ էր, ներքևում, շատ հեռու հազիվ կայծկլտում էին մի քանի կրակներ։ Հանկարծ մեր մեքենան ուժեղ ցնցվեց, հետևի անիվներն սկսեցին ետ֊ետ գնալ։ Մենք իսկույն մտաբերեցինք դժբախտությունների օրը, ժայռոտ լեռները, Գալոպը՝ և նվաղեցինք։ Ղեկավարությունը կորցրած ավտոմոբիլը ծուռ կանգնեց ճանապարհի լայնքով, տասը մետրի չափ ետ֊ետ սահեց և վերջապես կանգ առավ անդունդի եզրից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ճգնելով դուրս գալ մեքենայից և արմունկով ապակուն խփելով, ― հանգիստ, հանգիստ։ Այո՛, այո՛, այո՛։ Սարսափելի է։ Ամեն ինչ կորավ։
Ճանապարհ դուրս գալով, մենք տեսանք, որ կանգնած ենք սառցի վրա։
Շղթաներից մեկը կարգին վիճակումն էր։ Մենք դա հագցրինք և սկսեցինք մեքենան զգույշ հրել։ Միսիս Ադամսը ճարպկորեն դրսևորեց իր ուժերը, ավտոն վարպետորեն շրջադարձ կատարեց և զգույշ շարունակեց ճանապարհը։ Մեզ մոտ տրադիդիա էր դարձել ճանապարհային ծանր ապրումների ժամանակ պահպանել հպարտ լռություն։ Լուռ էինք և հիմա։ Միայն միստեր Ադամսը տաք֊տաք շշնջում էր․
― Բե՛կկի, Բե՛կկի, ժամում հինգ մղոնից ոչ ավելի։ Չէ՛, լուրջ։ Դու պետք է հասկանաս, թե ինչ բան է Սիերա֊Նևադայի բարձրունքից ընկնելը։
Անդունդի վրա կախված եղևնիների կատարների արանքներից երևաց շատ մեծ կարմիր լուսինը։
Սառցակալած ճանապարհով վայրէջքը երկար տևեց։ Մենք կորցրել էինք ամեն տեսակի պատկերացումը ժամանակի մասին, իսկ մեր ստամոքսները՝ ուտելիքի մասին։ Վերջապես սառցաշերտն ավարտվեց, բայց ավելացավ նոր դժբախտություն։ Բակում բենզինի մակարդակը ցույց տվող գործիքի կարմիր սլաքն իջավ գրեթե մինչև վերջին սահմանը և հազիվ էր նշմարվում։
― Մեր գազոլինը գրողի ծոցը գնաց, ― խանդավառությամբ և սարսափով գոչեց միստեր Ադամսը։
Մենք մի որոշ ժամանակ էլ առաջ շարժվեցինք։ Անսալով մոտորի աշխատանքին և խորհրդածելով, թե որտեղ ենք գիշերելու, եթե բենզինը սպառվի և մեքենան կանգ առնի։
Եվ այդ պահին կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր Ամերիկայում, ավտոմոբիլային հրաշքների երկրում։ Երևաց գազոլինկայան, փոքրիկ կայան, ընդամենը մի կոլոնկայով։ Բայց որչա՜փ ուրախացանք։ Նորից սկսվում էր սերվիսը։ Սկսվում էր կյանքը։ Քնաթաթախ մի մարդ, փնթփնթալով «իես, մեմ», և «նո, մեմ», բակը լիքը բենզին լցրեց։ Քսան մղոն անցնելուց հետո նկատեցինք, որ նա մոռացել է պտուտակել խցանը։ Մինչև Ֆրեզնո քաղաքը գնում էինք առանց խցանի, վախենալով պատուհանից դուրս նետել ծխախոտի քնթուկները, քանի որ գտանք, թե բաց բենզինը կարող է բռնկվել, մեր մեքենան գրողի ծոցը կգնա, և նրա հետ էլ, բնականաբար, մենք։
Երկար ժամանակ մենք գնում էինք երկու կողմից արմավենիներ տնկած ճանապարհով։
Ֆրեզնո քաղաքը, որը, ինչպես բացատրեց միստեր Ադամսը, նշանավոր էր այնտեղ ապրող հույների մեծ թվով, քնել էր։ Փողոցներում ոչ ոք չկար։ Միայն վիթխարահասակ մի պոլիսմեն դանդաղ ման էր գալիս խանութների առջև և յուրաքանչյուրի մոտ կանգ էր առնում, տեսնելու համար կոտրված չէ՞ արդյոք կողպեքը։ Ամերիկյան հույները կարող էին հանգիստ քնել։
Երբ մոտեցանք հյուրանոցին, գիշերվա ժամը տասներկուսն էր։ Արագաչափը ցույց էր տալիս, որ այդ օրը մենք անցել էինք երեք հարյուր յոթանասունհինգ մղոն։ Միսիս Ադամսը ղեկի մոտ նստել էր տասնվեց ժամ շարունակ։ Ուզում էինք բղավել «Ուռա՜», բայց ձայն չկար։
Գլուխ երեսունմեկերորդ — Սան֊Ֆրանցիսկո
Սան֊Ֆրանցիսկոյից դեռ հիսուն կիլոմետր հեռավորության վրա ճանապարհորդները դառնում են երկու մրցակցող կազմակերպությունների՝ Սան֊Մաթեո կամուրջի տերերի և լաստանավի տերերի պայքարի վկաներ։ Բանն այն է, որ, եթե Սան֊Ֆրանցիսկո գնալ ուզենան Օկլենդի կողմից, այնտեղ կարելի ընկնել միայն ծովախորշի վրայով։ Սկզբում ճանապարհի երկարությամբ հանդիպում են համեստ, փոքր պլակատներ։ Ոմանք ռեկլամում են կամուրջը, մյուսները՝ լաստանավը։ Ճանապարհորդը դեռ ոչինչ չի հասկանում։ Իսկ պլակատները գնալով լայնանում ու մեծանում են, գնալով ավելի համոզիչ են հնչում կամուրջի տերերի և լաստանավի տերերի ձայները։
«Սան֊Ֆրանցիսկո գնալու ամենակարճ և ամենաէժան ճանապարհը՝ Սան֊Մաթեո կամուրջի վրայով է», ― որոտում են կամուրջի տերերը։
«Ամենաարագ և հաճելի ճանապարհորդությունը Սան֊Ֆրանցիսկո՝ լաստանավով է։ Առաջնակարգ ռեստորան։ Ոսկե դարպասների վրա բացվող հմայիչ տեսարան», ― կտրատում են իրենց լաստանավի տերերը։
Այնտեղ, ուր ճանապարհները ճյուղավորվում են, պլակատները հասնում են ապուշային չափսերի։ Նրանք ծածկում են երկինքն ու արևը։ Այստեղ ճանապարհորդը վերջնականապես ընտրելու է իր ուղղությունը։
Մենք ընտրեցինք լաստանավը։ Անշուշտ, Սան֊Մաթեո կամուրջի տերերին հակաճառելու զգացումից դրդված։ Մենք տեսանք, թե ինչպես մի քանի մեքենաներ վճռականորեն ուղղվեցին կամուրջի կողմը, հավանորեն լաստանավի տերերի հանդեպ նողկանքի զգացումից դրդված։
Անցնելով Օկլենդը, որի բենզինա֊ասֆալտային տեսքն ավելորդ անգամ հաստատեց, որ գտնվում ենք Ամերիկայում, մենք կանգ առանք լաստանավերի կայանի մոտ։ Այնտեղ արդեն ավտոմոբիլների մի փոքրիկ հերթ կար։ Երկար չսպասեցինք, տասը րոպե։ Զանգը հնչեց և նավակայանին մոտեցավ լայնաքիթ լաստանավը՝ կողքին դրված երկու բարակ և բարձր խողովակներով։ Նավաստիները դրեցին ափ իջնելու կամրջակը, և լաստանավից շարքով դուրս եկան մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։ Ոչ մի հետիոտն ուղևոր չտեսանք։ Մեքենաներն անցան մեր մոտորացված հերթի կողքով և ուղղվեցին Օկլենդ։ Անմիջապես նորից հնչեց զանգը, և մեր հերթը շարքով շարժվեց զբաղեցնելու դեռ տաք, բենզինի և յուղի հոտ բուրող տեղերը։ Բեռնաթափման և բեռնման ողջ գործողությունը տևեց երկու րոպեից ոչ ավելի։ Ավտոմոբիլները տեղավորվեցին ներքևի տախտակամածի վրա, մեքենայական բաժանմունքի երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում երկուական շարք։ Եվ լաստանավը հեռացավ ափից։
― Ես կարծում եմ, մեքենան կարելի է չփակել, ― նկատեց միսիս Ադամսը, նայելով ուղևորներին, որոնք թեթևամտորեն, իրենց կառերի դռները բաց թողնելով, շտապում էին վերին տախտակամածը։
― Բայց ես մոտորի բանալին, համենայն դեպս, կվերցնեմ ինձ հետ, ― ասաց միստեր Ադամսը։ ― Դու պետք է հիշես, Բեկկի, որ զգուշությունը ճանապարհորդի ամենալավ բարեկամն է։
Բարձրացանք վերև։ Մեքենայական բաժանմունքի գլխին մի ծածկված շենք կար, փայտե բազմոցներով, երկու մեխանիկական բիլիարդով, ռետինե ծամոն դուրս նետող ավտոմատով և փոքրիկ ռեստորանով։ Ցռուկի և նավախելի վրա տեղավորված էին զբոսանքի տախտակամածերը, իսկ կողքերից, ավտոմոբիլների վերևում, դուրս էին ցցված կամրջակներ, ծայրերին երկու փրկանավակներ։ Նավախելի վրա ճարճատում էր աստղազարդ դրոշը։
Այստեղ հնօրյա շոգենավային աշխարհն էր, ջրիմուռի և մեքենայական տաք յուղի հոտով, շրթունքների վրա աղի համով, բազիրքների կլպված էմալով, սուլոցներով և գոլորշով, նովորոսսիսկյան թարմ քամիով և սևաստոպոլյան ճայերով, որոնք ճախրում էին նավախելի հետևում։ Ծովախորշն այնքան լայն էր, որ սկզբում չկարողացանք հորիզոնի վրա նշմարել մյուս ափը։ Այդ տեղում ծովախորշի լայնությունը հինգ մղոնից ավելի է։ Թվում էր, թե բաց ծով ենք դուրս գալիս։
― Ես կարծում եմ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― որ դուք չեք պատրաստվում հիանալու Ոսկե դարպասներով։
Մենք ասացինք, որ իսկապես պատրաստվում ենք։
― Եվ իզուր, պարոնայք։ Ոսկե դարպասները շատ նման են ձեր մոսկովյան Մյասնիցկայա դարպասներին այն իմաստով, որ բնավ գոյություն չունեն։ Պարզապես կա մի ելք՝ ծովախորշից օվկիանոս, որը, ի դեպ, լաստանավից չի էլ երևում։
― Բայց լաստանավը ամբողջ ճանապարհին գովազդում էր Ոսկե դարպասների տեսարանը։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չափազանց շատ բան եք պահանջում Սան֊Ֆրանցիսկոյի լաստանավերի բաժնետիրական ընկերությունից։ Չէ՛, ճիշտ, դուք իրավունք եք ստանում անցնել ծովախորշով, ձեր մեքենայի համար ստանում եք ապաստարան, կարող եք ավտոմատից ռետինե ծամոն ստանալ։ Եվ դեռ ուզում եք տեսնել Ոսկե դարպասնե՞րը։ Պետք է, պարոնայք, խղճալ լաստանավի տերերին։ Եթե այժմ արդեն նրանք հազիվ են իրենց գոյությունը պահպանում Սան֊Մաթեո կամուրջի մրցակցության հետևանքով, ապա ինչ կլինի նրանց վիճակը երկու տարուց, երբ կավարտվի ահա այս բանը, որի դեմ պայքարելու համար միայն միլիոն դոլար են ծախսել։
Եվ միստեր Ադամսը ձեռքով ցույց տվեց մի կառույց, որը հեռվից ներկայանում էր ծովախորշի վրայով ձգված լարերի ձևով։
Ահա, ուրեմն, համաշխարհային տեխնիկայի հրաշքը՝ նշանավոր կախովի կամուրջը։ Որքան լաստանավը մոտենում էր, այնքան հոյակապ էր թվում կամուրջը։ Աջում, գրեթե հորիզոնի վրա, երևում էին ծովախորշի վրա կառուցվող երկրորդ կամուրջի ուրվագծերը։
«Իմպայր Սթեյթ Բիլդինգ», Նիագարա, գործարան, Գրենդ֊կենյոն, Բոուլդեր֊դամ, սեկվոյաներ և հիմա Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները․ սրանք բոլորն էլ միևնույն կարգի երևույթներ են։ Ամերիկյան բնությունը և ամերիկյան տեխնիկան ոչ միայն լրացնում են միմյանց, որպեսզի, միավորվելով, ապշեցնեն մարդկային երևակայությունը, ընկճեն նրան, այլև շատ արտահայտիչ և ճշգրիտ պատկերացում են տալիս երկրի չափերի, թափի ու հարստության վերաբերյալ․ մի երկրի, որտեղ ինչ գնով էլ ուզում է լինի, ամեն ինչ պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, ամենալայնը, ամենաթանկարժեքը։ Եթե փայլուն ճանապարհներ են, ապա մեկուկես միլիոն կիլոմետր, թե ավտոմոբիլներ են, ապա քսանհինգ միլիոն հատ։ Թե տուն է, ապա հարյուր երկու հարկանի։ Թե կախովի կամուրջ է, ապա մեկուկես կիլոմետր երկարությամբ գլխավոր կամրջամասով։
Այժմ միսիս Ադամսը կարող էր հանգիստ բղավել․ «Նայեցե՛ք, նայեցե՛ք»։ Նրան ոչ ոք չէր ընդհատում։ Եվ նա լայնորեն օգտվում էր իր իրավունքից։ Լաստանավն անցնում էր ջրից բարձրացող վանդակապահ սյան կողքով։ Նա լայն էր ու բարձրադիր, ինչպես «Գեներալ Շերմանը»։ Նրա բարձրունքից մեր լաստանավը, հավանորեն, այնքան փոքր էր թվում, ինչպես մարդը՝ Գրենդ կենյոնի հատակում։ Սյունը մինչև կեսը ներկված էր արծաթագույն ալյումինե ներկով։ Մյուս կեսը պատած էր կարմրադեղինով։
Այստեղից արդեն, ինչպես մի փոքրիկ Նյու֊Յորք, շատ լավ էր երևում ջրից բարձրացող Սան֊Ֆրանցիսկոն։ Բայց այն թվում էր ավելի հաճելի, քան Նյու֊Յորքը։ Ուրախ, սպիտակ քաղաքը ամֆիթատրոնի պես իջնում էր դեպի ծովախորշը։
― Ահա թե ինչ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, ― դուք չգիտեք, թե իրենից ինչ է ներկայացնում այս ծովախորշը։ Լուրջ։ Նրա մեջ կարող են տեղավորվել աշխարհի բոլոր տերությունների ռազմանավերը։ Այո, այո, այո։ Լավ կլիներ այստեղ հավաքեին այդ բոլոր նավատորմերը և խորտակեին։
Ուրախ շաղակրատելով, մենք անվերջ հիանում էինք մերթ կամուրջով, մերթ քաղաքով։
― Որտեղի՞ց եք, հայրենակիցներ, հանկարծ լսվեց մի որոշակի վոլգյան բաս։
Մենք ետ նայեցինք։ Մեր առջև կանգնած էր լաստանավի մի բանվոր, մահուդե համազգեստով, որի տակից երևում էր բոլոր ծովայինների մոտ միատեսակ զոլավոր շապիկը։ Նրա կապույտ ֆուրաժկայի սև ժապավենի վրա գրված էր լաստանավի անունը «Գոլդեն Գեյթ» (Ոսկե դարպասներ)։ Նա լայն կարմիր դեմք ուներ, ալեհեր քունքեր և կապուտավուն աչքեր։
― Մի՞թե Ռուսաստանից եք։
― Մոսկվայից։
― Ա՜խ, աստված իմ, ― բացականչեց «Գոլդեն Գեյթ» լաստանավի տախտակամածային նավաստին։ ― Մի՞թե Մոսկվայից։ Մտքներովդ թող ոչինչ չանցնի, ես ձեզ թշնամի չեմ։ Հը, ո՞նց է Ռուսաստանում։ Ի՞նչ կա Մոսկվայում։ Իսկ Սիբիրում չե՞ք եղել։
Եվ իր ոչ մի հարցի պատասխանին չսպասելով, շտապ֊շտապ սկսեց պատմել իր մասին։ Երևի, նա վաղուց էր տանջվում խոսելու ցանկությունից և հիմա խոսում էր շնչասպառ լինելով և մոտեցող ափին նայելով։
― Բլագովեշչենսկու՞մ էլ չեք եղել։ Ափսո՜ս, իմ հայրենի քաղաքն է։ Թե ինչ փչեց խելքիս։ Ճղեցի տասնինը թվին, Կոլչակի ժամանակ։ Ոչ թե փախա, այլ հենց էնպես․․․ Ասենք, ավելի ճիշտ՝ փախա․․․ Թյու՜, որ հիշում եմ։ Երեք եղբայրներս էլ Ամուրի վրա են լողում։ Բոլորն էլ ինձ նման, նույնիսկ ավելի լայնածավալ։ Երեքն էլ նավապետներ են, շոգենավեր են վարում։ Ախր, գիտեք, ես էլ նավապետ էի։ Մեր ընտանիքում բոլորն էլ նավապետ են։ Նավապետների ընտանիք։ Եվ ահա այժմ․․․ Է՛հ, գրողը տանի․․․ Հասարակ նավաստի։ Եվ որտե՞ղ։ Լաստանավի վրա։ Էլի շնորհակալ եմ, որ վերցրին։
― Այդ ինչ եք արել, չէ՞ որ հիմա նավապետ կլինեիք։
Լսվեց սուլոց։ Լաստանավը արագ մոտենում էր ափին։
― Բայց դրա փոխարեն կա՛մֆորտ։ ― Նա արտասանեց անգլիական առոգանությամբ՝ կա՛մֆորտ։ ― Կա՛մֆորտ ունեմ։
Մենք այնպես էլ չհասկացանք՝ լու՞րջ էր ասում, թե հեգնում էր լաստանավային «կամֆորտը»։
― Դե, բարով մնաք, ― բղավեց նա։ ― Ես վազեմ։ Ծառայություն է։
Մենք շտապեցինք ներքև և ժամանակին վրա հասանք, որովհետև լաստանավից իջեցնում էին կամրջակը և բոլոր ավտոմոբիլները, բացի մերինից, արդեն անհամբեր փնչացնում էին։
― Տուր մոտորի բանալին, ― բղավեց ամուսնուն միսիս Ադամսը։
Արագությունից, որով միստեր Ադամսը սկսեց փորփրել գրպանները, մենք հասկացանք, որ հիմա աղետ է տեղի ունենալու։ Ժիլետկայում բանալի չգտնելով, նա արագ անցավ պիջակին։
― Հը, ի՞նչ ես անում, ― շտապեցնում էր միսիս Ադամսը։
Առաջին մեքենաներն արդեն ափ էին իջնում։
―Հիմա՛, Բեկկի, հիմա՛․․․
Հետևում լսվեց տագնապալից ազդանշան։
― Դու բանալին կորցրել ես, ― ասաց միսիս Ադամսը։
― Ախ, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը, փորփրելով գրպանները և աչքերին մոտեցնելով ինչ֊որ դեղնած թղթի կտորներ։ ― Մի՛ ասիր այդպես՝ «դու բանալին կորցրել ես»։
Իսկ շուրջը խուլ աղմուկ էր կանգնած ավտոմոբիլային ազդանշաններից։ Դռռում էին մեքենաները՝ մեր հետևում և ափին իրենց հերթին սպասող ավտոմոբիլները։ Դեպի մեզ վազեցին նավաստիների մի խումբ։
― Արա՛գ, արա՛գ․ ― բղավում էին նրանք։
Բղավոցներից խլացած միստեր Ադամսը պլանաչափ որոնումների փոխարեն սկսեց բոլորովին անհասկանալի շարժումներ անել․ սրբեց ակնոցը և նայեց ավտոմոբիլի տակ, հետո նայեց հատակին, հերթով բարձրացրեց ոտքերը, ապա փորձ արեց վազել վերևի տախտակամածը։
Բայց սպասել այլևս պարզապես հնարավոր չէր։ Կտրիչ նավաստիները, որոնց մեջ մենք նկատեցինք մեր ամուրյան նավապետին, մեզ հապճեպ նստեցրին մեքենայի մեջ և «Վիրա»֊ին շատ ծանոթ բղավոցով, սկսեցին մեքենան հրել դեպի նավակայան։
― Ս՛յմ վերի, վերի սորի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը երկու կողմի վրա գլուխ տալով պրեզիդենտի պես։ ― Այմ թերիբլի սորի։ Ես չափազանց ցավում եմ։
Լաստանավի անընդհատ զանգերի, ավտոմոբիլային դռռոցների և շոֆերների վիրավորական ծիծաղի տակ նավաստիները գլորելով դուրս բերեցին մեզ սալարկված նավակայանը և, հետույքները խախացնելով, ետ վազեցին լաստանավ։ Իսկ միստեր Ադամսը երես առ երես մնաց իր զայրացած կնոջ հետ։
― Այմ թերիբլի սորի, ― շարունակում էր փնթփնթալ միստեր Ադամսը գլուխը խոնարհելով։
― Դե, ― բացականչեց միսիս Ադամսը։ ― Երկա՞ր պետք է կանգնած մնանք այստեղ, նավակայանում։
Ա՛խ, Բեկկի, մի՛ խոսիր այդպես, ― ասաց միստեր Ադամսը ուշքի գալով, չէ՛, լուրջ, ինձ համար ցավալի է, երբ այդպես են խոսում։
― Դե լավ, ես միայն ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ենք անելու այստեղ, նավակայանում։ Ի՞նչ ես արել բանալին։
Մենք սկսեցինք փոխառփոխ հիշել, թե ինչպես միստեր Ադամսը վերցրեց բանալին և ինչպես վերցնելիս ասաց, թե զգուշությունը ճանապարհորդի ամենալավ բարեկամն է։
― Դե, հիշիր, հիշիր, որտե՞ղ ես դրել։
― Ա՛խ, Բեկկի։ Ինչպե՞ս կարող եմ ես ասել, թե որտեղ եմ դրել։ Դու դատում ես փոքրիկ աղջկա պես։ Չէ, ճիշտ, դու այդպես չպետք է դատես։
Կա՛ց, ― վճռաբար ասաց միսիս Ադամսը և երկու մատը ամուսնու ժիլետի գրպանը խրելով, անմիջապես այնտեղից դուրս քաշեց բանալին։ ― Սա ի՞նչ բան է։
Միստեր Ադամսը լուռ էր։
― Չէ՛, լուրջ, Բեկկի, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ― մի՛ ասի այդպես՝ «ինչ բան է սա»։ Դա բանալի է, Բեկկի։ Չէ՞ որ ինքդ հիանալի տեսնում ես։
Մի րոպե անց, մենք արդեն սլանում էինք Սան֊Ֆրանցիսկոյի փողոցներով։
Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ քաղաքն է։ Հավանորեն այն պատճառով, որ բնավ չի հիշեցնում Ամերիկան։ Նրա փողոցների մեծամասնությունը բարձրանում է լեռից լեռ։ Ավտոմոբիլով երթևեկությունը Սան֊Ֆրանցիսկոյում նման է «ամերիկյան լեռներ» ատրակցիոնի և բազում ուժեղ ապրումներ է պատճառում ուղևորին։ Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնում կա մի կտոր, որը հիշեցնում է աշխարհի ամենահարթ քաղաքը՝ Լենինգրադը՝ իր հրապարակներով ու լայնահուն պողոտաներով։ Սան֊Ֆրանցիսկոյի մնացած մասերը, դա ծովափնյա Նեապոլի և Շանհայի հիանալի խարնուրդ է։ Նեապոլի հետ ունեցած նմանությունը մենք անձամբ կարող ենք հաստատել։ Շանհայի նմանությունը գտնում են չինացիները, որոնցից շատ կան Սան֊Ֆրանցիսկոյում։
Քաղաքի նվաճումների շարքը կարելի է դասել այն, որ նրա գլխավոր փողոցը կոչվում է ոչ Մեյն֊սթրիթ, ոչ Սթեյթ֊սթրիթ և ոչ էլ Բրոդվեյ, այլ պարզապես Մարկետ֊սթրիթ ֊ շուկայի փողոց։ Մենք զուր որոնեցինք «Ապ֊թաուն» և «Դաուն֊թաուն»։ Ո՛չ։ Սան֊Ֆրանցիսկոյում չկար Վերին քաղաք և Ներքին քաղաք։ Կամ, ավելի ճիշտ, չափից դուրս շատ կար նրանցից․ մի քանի հարյուր վերին և ներքին մասեր։ Հավանորեն Ֆրիսկոյի բնակիչը, ինչպես մտերմաբար անվանում են նրան ամբողջ աշխարհի նավաստիները, մեզանից կնեղանա, կասի, որ Սան֊Ֆրանցիսկոն վատ չէ Նյու֊Յորքից և Գալոպից և որ ինքը՝ Ֆրիսկոյի բնակիչը, հիանալի գիտե, որտեղ է իր ապ֊թաունը և որտեղ դաուն֊թաունը, որտեղ են բիզնես անում, և որտեղ է իր ընտանիքով հանգստանում այդ բիզնեսից հետո, որ զուր ենք ուզում զրպարտանք բարդել Սան֊Ֆրանցիսկոյի վրա և պոկել նրան մյուս ամերիկյան քաղաքների հարազատ ընտանիքից։ Մեր օտարերկրյա տեսակետով, Սան֊Ֆրանցիսկոն ավելի շատ եվրոպական քաղաքի է նման, քան ամերիկյան։ Այստեղ, ինչպես և ամենուրեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անասելի հարստությունը և անասելի աղքատությունը կանգնածեն կողք֊կողքի, ուս֊ուսի տված, այնպես որ հարուստի անթերի սմոկինգը քսվում է գործազուրկ բեռնակրի կեղտոտ բլուզին։ Բայց այստեղ հարստությունը գոնե այնքան էլ ճնշող միակերպ և տաղտկալի չէ, իսկ աղքատությունը գոնե գեղատեսիլ է։
Սան֊Ֆրանցիսկոն այն քաղաքներից է, որոնք հենց առաջին րոպեից սկսում են դուր գալ, և յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի են դուր գալիս։
Հեռագրային բարձր բլուրից հիանալի տեսարան է բացվում քաղաքի և ծովածոցի վրա։ Այստեղ կառուցված է լայն հրապարակ, որն ունի վազաներով զարդարված սպիտակ քարե ճաղաշար։
Սպիտակ լաստանավերը բոլոր ուղղություններով հատում են արևի տակ փայլփլող ծովախորշը։ Նավահանգիստներում կանգնած են օվկիանոսային մեծ շոգենավեր։ Նրանք ծխում են, պատրաստվելով մեկնել Յոքոհամա, Հոնոլուլու և Շանհայ։ Զինվորական ավանի օդանավակայանից բարձրանում է մի ինքնաթիռ և թևերը փայլեցնելով, անհետանում պայծառ երկնքում։ Ծովածոցի մեջտեղը, մի հին զրահապատի նմանվող Ալկատրաս կղզու վրա կարելի է տեսնել առանձնահատուկ ուշագրավ հանցագործների ֆեդերալ բանտի շենքը։ Այնտեղ նստած է Ալ֊Կապոնեն, երկիրն ահաբեկած բանդիտական կազմակերպության ականավոր պարագլուխը։ Սովորական բանդիտներին Ամերիկայում նստեցնում են Էլեկտրական աթոռին։ Ալ֊Կապոնեն դատապարտված է տասնմեկ տարվա բանտարգելության ոչ թե մաքսանենգության ու կողոպուտի համար, այլ կողոպուտով ու մաքսանենգությամբ ձեռք բերած կապիտալներից եկամտահարկ չվճարելու համար։ Բանտում Ալ֊Կապոնեն գրոտում է հակասովետական հոդվածներ, որոնց հաճույքով տպում են Հերստի թերթերը։ Նշանավոր բանդիտն ու մարդասպանը (կառապան Իվանովի նման, միայն շատ ավելի վտանգավոր) մտահոգված է երկրի վիճակով և բանտում նստած նախագծեր է հորինում փրկելու հայրենիքը կոմունիստական գաղափարների տարածումից։ Եվ ամերիկացիները, հումորի մեծ սիրահարները, այդ իրադրության մեջ ոչ մի ծիծաղելի բան չեն գտնում։
Հեռագրային բլրի վրա կառուցված է մի բարձր աշտարակ, որի բարձրունքից, ինչպես ասացինք, բացվում է քաղաքի մի ավելի ընդարձակ տեսարան։ Սայկայն մեզ վերև չթողեցին։ Պարզվեց, որ առավոտյան աշտարակից ցած է նետվել և ջարդուփշուր եղել մի գործազուրկ երիտասարդ, և այդ օրը որոշել են փակել աշտարակի մուտքը։
Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցը օվկիանոսից բաժանցված է երկու թերակզիներով, որոնք դուրս են ցցված ծովածոցի հյուսիսային և հարավային կողմերից և վերջանում են դեպի օվկիանոսը ելք կազմող բարձր հրվանդաններով։
Հենց այդ ելքն էլ Ոսկե դարպասներն են։ Հյուսիսային թերակզին ժայռոտ է և պատած վայրի անտառներով։ Սան֊Ֆրանցիսկոն ընկած է հարավային թերակզու վրա, երեսով դեպի ծովածոցը։
Մենք մոտեցանք Ոսկե դարպասներին։ Դեպի օվկիանոս տանող ելքի մոտ բարձր տեղում հիանալի զբոսայգի է գցված և կառուցված է գեղեցիկ արվեստների թանգարան՝ եվրոպական նշանավոր քանդակագործության պատճենների մեծ քանակով։ Այստեղ վերջանում է «Լինկոլն֊հայ֊վեյը»՝ Նյու֊Յորկ ― Սան֊Ֆրանցիսկո պողոտան։ Ամերիկյան տեխնիկները զարմանալի համեստ մարդիկ են։ Ատլանտիկ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ միացնող իրենց բետոնային գլուխգործոցի ավարտը նրանք նշել են երեք ֆուտ բարձրության հուշասյունով․ նրա վրա պատկերված են «Լ» տառ, Լինկոլնի բրոնզե փոքրիկ խորաքանդակը և փորագրված է մակագրություն․ «Լինկոլնի ճանապարհի արևմտյան վերջավորությունը»։ Ճանապարհը կառուցողների անուններն անհայտ են մնացել։ Ինչ կա որ։ Մարդիկ, որոնք մեկուկես տարուց հետո անցնելու են Սան֊Ֆրանցիսկոյի կամուրջներով, չեն իմանա, թե ովքեր են նախագծել և կառուցել այդ կամուրջները։
Կամուրջը կառուցողների սիրալիրության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք դիտելու աշխատանքները։ Նստեցինք նավակայանում մեզ սպասող ռազմանավակը և մեկնեցինք ծովածոցի մեջտեղում տեղավորված Իերբա֊ Բուենա կղզին։ Այն գտնվում է զինվորական գերատեսչության տնօրինության տակ և այնտեղ այցելելու համար պետք էր ստանալ հատուկ անցագրեր։ Սան֊Ֆրանցիսկո֊ Օկլենդ յոթ կիլոմետր երկարությամբ կամուրջը բաղկացած է տարբեր սիստեմի մի քանի կամրջամասերից։ Առանձնապես հետաքրքիր է նրա արևմտյան՝ կախովի մասը 3,2 կիլոմետր երկարությամբ։ Այն միացնում է Սան֊Ֆրանցիսկոն և Իերբա֊Բուենո կղզին և բաղկացած է կենտրոնական կամրջակով կապված կախովի կամրջամասերից։ Կղզու վրա, կամրջի արևմտյան մասը հանդիպում է կղզին Օկլանդի հետ միացնող արևելյան մասին։ Այս մասը բաղկացած է չորսից ավելի մետր ձգվող բարձակային կամրջամասից և ցանցավոր ֆերմաներով պատած մի քանի կամրջամասերից։
Կղզու գլխավոր աշխատանքը, որ գրեթե ավարտված էր, դա ժայռերի մեջ բացած լայնագույն և մեծագույն թունելն էր։ Հենց նա էր միացնում երկու տեղամասերը։ Թունելն ու կամուրջը երկհարկանի են լինելու։ Վերևի հարկում վեց շարքով շարժվելու են ավտոմոբիլները։ Չեն մոռացված և հետիոտները․ նրանց համար կառուցվելու է երկու մայթ։ Ներքևի հարկում երկու շարքով գնալու են բեռնատար մեքենաներ, իսկ նրանց արանքում՝ էլեկտրական երկաթուղի։ Այս կամրջի համեմատությամբ եվրոպական և ամերիկյան մեծագույն կամուրջները պարզապես փոքր կթվան։
Այժմ ավարտում են պողպատյա ճոպանի հյուսումը, որից կախվելու է կամուրջը։ Նրա հաստությունը տրամագծով մոտ մեկ մետր է։ Այդ նա էր մեզ ծովախորշի վրա կախված բարակ լար թվում, երբ մոտենում էինք Սան֊Ֆրանցիսկոյին։ Ճոպանը, որին օդում հյուսում էին շարժական հաստոցները, հիշեցնում էր Գուլիվերին, որի յուրաքանչյուր մազը լիլիպուտներն ամրացրել էին սեպիկներին։ Ծովախորշի վրա կախված ճոպանը հանդերձված է նախապահպանական լարացանցով, որի վրայով քայլում են բանվորները։ Մենք խիզախեցինք մի փոքրիկ ճանապարհորդություն կատարել ճոպանի երկարությամբ։ Այնտեղ քեզ զգում ես ոնց որ երկնաքերծերի կտուրին, այն տարբերությամբ միայն, որ ոտքերիդ տակ ոչինչ չկա, բացի բարակ լարացանցից, որի միջով երևում են ծովախորշի ալիքները։ Ուժեղ քամի էր փչում։
Թեև ճանապարհորդությունը միանգամայն անվտանգ էր, այնուամենայնիվ մենք հուսահատ գրկել էինք ճոպանը։
― Ինչ հաստ է, ― ասում էր միսիս Ադամսը, աշխատելով ներքև չնայել։
― Հիանալի ճոպան է, ― հաստատեց միստեր Ադամսը՝ պողպատյա հենարանը ձեռքից բաց չթողնելով։
― Ճոպանը հյուսված է տասնյոթուկես հազար պողպատե բարակ լարերից, ― բացատրեց մեզ ուղեկիցը։
Մենք հիացանք այդ թվից և ավելի մեծ ուժով կառչեցինք ճոպանից։
― Պարոնայք, ― ասաց մեզ միստեր Ադամսը, նայելով երկնքին ու գրեթե ճոպանից կախվելով, ― ինձ երբեք չի վիճակվել տեսնել այսպիսի ճոպան։ Սա շատ լավ ճոպան է։ Քանի լարից է հյուսված, ասու՞մ եք։
― Տասնյոթուկես հազար։
― Չէ, լուրջ, պարոնայք, այդպիսի ճոպան աշխարհում երբեք չի եղել։
Եվ միստեր Ադամսը քնքշորեն շոյեց պողպատե ճոպանը։
― Իսկ հիմա կբարձրանանք ավելի վեր, ― առաջարկեց ուղեկցողը, ― մինչև սյան գագաթը։
Բայց մեզ դժվար էր պոկել ճոպանից։
― Այ֊այ֊այ, ինչ ճոպան է, ― բացականչում էր միստեր Ադամսը։ ― Ոչ, ոչ, պարոնայք, դուք միայն նայեցեք, ինչ հաստն է։ Որքան լարերի՞ց։
― Տասնյոթուկես հազար։
― Ուղղակի չես ուզում հեռանալ մոտից, ― նկատեց միստեր Ադամսը։
― Մենք չենք էլ հեռանա։ Չէ՞ որ բարձրանալու ենք ճոպանի երկարությամբ, ― միամտաբար ասաց ուղեկցողը։
― Ոչ, ոչ, պարոնայք, այստեղի ճոպանը հատկապես լավն է։ Օ, նո։ Նո, պարոնայք, սա հրաշալի ճոպան է։ Դուք միայն ուշադիր նայեցեք, ինչ անթերի, նուրբ և միաժամանակ դիմացկուն աշխատանք է։
Միստեր Ադամսը անզգուշաբար նայեց ներքև և աչքերը կկոցեց։
― Հիանալի, հիանալի ճոպան է, ― փնթփնթում էր նա, ― գրեցեք ձեր հուշատետրերում։
― Չէի՞ք ցանկանա տեսնել կամրջի արևելյան մասի բարձակային կամրջամասը, ― առաջարկեց ուղեկցողը։
― Ո՛չ, ո՛չ, սըր։ Ի՞նչ եք ասում։ Օ՜, նո։ Չէ, լուրջ, հիանալի ճոպան է սա։ Ինձ սաստիկ դուր է գալիս։ Այո՛, այո՛, այո՛, հիանալի, գերազանց ճոպան է։ Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ քանակի լարերից է բաղկացած։
― Տասնյոթուկես հազար, ― տխուր ասաց ուղեկցողը։
Նա հասկացավ, որ էլ ո՛չ մի տեղ չենք գնա, և առաջարկեց իջնել։ Վերադարձի ճանապարհին ամբողջ ժամանակ ճոպանը ձեռքներիցս բաց չէինք թողնում և հիանում էինք նրա չտեսնված հատկություններով։
Միայն Իերբա֊Բուեն կղզու հաստատուն ժայռոտ գետնին ոտք դնելուց հետո հասկացանք, թե ինչ հերոսներ են մարդիկ, որոնք օվկիանոսի վրա, ուրախ սուլելով ճոպան էին հյուսել։
Գլուխ երեսուներկուերորդ — Ամերիկյան ֆուտբոլ
Սան֊Ֆրանցիսկոյում ապրելու հինգերորդ օրը մենք նկատեցինք, որ քաղաքը սկսում է կլանել մեզ, ինչպես մի ժամանակ, վաղուց ի վեր, հազար քաղաք, տասնյակ անապատ և քսան նահանգ սրանից առաջ քիչ մնաց մեզ կլաներ Նյու֊Յորքը։ Մեր հուշատետրերը լցվել էին գործարար տեսակցությունների, գործարար նախաճաշերի և գործարար «կոկտեյլ պարտիի» նմուշների խիտ գրանցումներով։ Մենք վարում էինք գործարար ամերիկացիների կյանք, ընդ որում, ոչ մի գործ չունենալով։ Մեր օրերը լեցուն էին տեսակցությունից ուշանալու երկյուղով։ Նզովելով քարշ էինք գալիս սենյակում, որոնելով կորսված ճարմանդները։ Չիչիկովի պես այցելեցինք քաղաքագլխին ― քաղաքի մեր, իտալացի Ռոսսիին՝ սև հոնքերով ալեհեր ու ճաղատ ջենտլմենին։ Նա մեզ ցույց տվեց հենց երեկ հոնոլուլուից ուղարկված նամակը։ Այդ նամակը բերել էր «Չայնակլիպերը»՝ Սիկորսկու թռչող նավակը։ Ուղիղ հինգ րոպե մենք քաղաքագլխի մոտ գովաբանում էինք Սան֊Ֆրանցիսկո քաղաքը։ Իսկ նա մեզ հյուրասիրեց հրաշալի սիգարներով։ Մեր բախտից Սան֊Ֆրանցիսկոն, իրոք որ, հիանալի քաղաք էր, և մենք ստիպված չեղանք ստել միստեր Ռոսսիին։ Սիթի֊հաուզից դուրս եկանք հաճելի ժպիտը դեմքներիս և տագնապը սրտներիս։ Ժամանակն էր դուրս պրծնելու գործարար տեսակցությունների օղակից և սկսելու իսկական գործարար կյանք, այսինքն՝ աննպատակ թափառել քաղաքում։
Մենք առաջին անգամ շրջանցեցինք Ոսկե դարպասների մոտի հրվանդանը և դուրս եկանք ծովափ։ Ծովափի երկարությամբ ձգվում էր լողափը, որն աղմուկով օղողում էին Խաղաղ օվկիանոսի ալիքները։ Դեկտեմբերյան արևոտ, բայց քամի օր էր։ Լողասեզոնն արդեն վերջացել էր, և ծովափին նայոց զվարճատեղիները դատարկ էին։ Տաք կիրակի օրերին Սան֊Ֆրանցիսկոն այստեղ է գալիս հանգստանալու և զվարճանալու։ Այստեղ կարելի է ուժերը փորձել, զբոսնել իրար բախվող էլեկտրական ավտոմոբիլներով, տասը ցենտով ստանալ ապագա կնոջ դիմանկարը՝ նրա բնավորության նկարագրով, խաղալ մեխանիկական բիլիարդ և, ընդհանրապես, լիուլի ստանալ ամերիկյան զվարճալիքների ամբողջ օրաբաժինը։ Բայց ի՜նչ գեղեցիկ վայր է սա։ Ծովափն իր մասշտաբով չէր զիջում օվկիանոսին․ երկուսն էր վերջ չունեին։
«Տեպսի» ռեստորանում, որի մասնագիտությունը պաքսիմատով տապակած հավն է, ի նշան որի շենքի կտուրը զարդարված է աքաղաղի գլխով, իսկ դահլիճը՝ հավերի նկարներով, մենք տեսանք, թե ինչպես է զվարճանում Սան֊Ֆրանցիսկոյի ոչ հարուստ բնակիչը։ Հիսուն ցենտով նա մի բաժին հավ է վերցնում և, ուտելուց հետո, պարում մինչև հալից ընկնելը։ Եթե ձանձրանում է պարելուց, իր «հեռլի» հետ միասին, չափսոսալով տոնական շալվարը սլլում է փայտե ողորկ փողրակով, որ դահլիճում հատկապես դրված է զվարճացող հավակերների համար։
Միգուցե օվկիանոսի կլիմայի կամ ամբողջ աշխարհից այստեղ խռնվող նավաստիների ազդեցության շնորհիվ է, բայց Սան֊Ֆրանցիսկոյի ռեստորանային գործում նկատվում է Ամերիկային ոչ հատուկ մտքի խաղ։ Կենտրոնում, Մարկետ֊սթրիթի մոտերքը գտնվող Բերնշտեյնի ռեստորանում, մատուցում են միայն ձկնեղեն, ռեստորանն ինքը կառուցված է նավի տեսքով, ուտելիքը տանում բերում են նավապետի ու նավաստու կոստյումներ հագած մարդիկ։ Ամենուրեք կախված են փրկօղակներ՝ «Բերնշտեյն» մակագրությամբ․ իհարկե, դա մի այնքան էլ մեծ գեղարվեստական ֆանտազիա չէ, բայց դեղատնային համար երեք նախաճաշից հետո, մարդ որոշ բավականություն է ստանում, մանավանդ որ ավելի թանկ չարժե, քան դեղատուն այցելելը։ Նավահանգստից ոչ հեռու կա արդեն բոլորովին հիանալի , սնունդհամի մի հաստատություն․ դա իտալական «Լուկկա» ռեստորանն է։ Նրա տերը մոգի, կախարդի և բարեգործի տպավորություն է գործում։ Ճաշի համար կախարդն այնքան էլ քիչ չի վերցնում՝ մեկ դոլար, բայց դրա փոխարեն մարդը նույն վճարով այստեղ իրավունք ունի նորից ու նորից պահանջել իր հավանած ճաշը։ Սակայն գլխավոր սյուրպրիզն առջևումն է։ Ճաշից հետո, երբ այցելուն հագնում է վերարկուն, նրան տալիս են ժապավենով խնամքով կապված կարկանդակների փաթեթ։
― Բայց ես կարկանդակ չեմ պատվիրել, ― ասում է այցելուն գունատվելով։
― Սա ձրի է, ― պատասխանում է մատուցողը, նայելով նրան նեապոլիտայան այրող աչքերով։ ― Որպես նվեր։
Բայց բանը դրանով էլ չի վերջանում։ Այցելուին հանձնում են ինչ֊որ տոմս։ Պարզվում է, որ այդ տոմսով նա իրավունք ունի վաղը առավոտյան անցնել «Լուկկի» հրուշակարանը և ձրի ստանալ մի բաժակ սուրճ բուլկիով։ Այդ րոպեին այցելուի ցնցված ուղեղը ոչ մի կերպ չի կարող գիտակցել, որ կարկանդակների և բուլկիով սուրճի արժեքը մտել է ազնվորեն վճարած իր մի դոլարի մեջ և որ «Լուկկայի» ամբողջ առևտրական հանճարեղ հաշիվը կառուցված է այն բանի վրա, որ այցելուներից շատերը վաղը չեն գա սուրճի և բուլկու հետևից, քանզի դրա համար ժամանակ չեն ունենա։ Բայց այստեղ, ինչպես ասում են, արժեքավորը հնարանքն է։
Ազատվելով այցելություններից, մեզ զգում էինք առույգ, և կենսուրախ, ինչպես ուսանողները քննությունից հետո։ Այն հանգամանքը, որ մենք Փարիզում ու Մոսկվայում տեսել էինք իսկական Ռոդենին, դա մեզ փրկեց նրա ստեղծագործությունների պատճենները թանգարանում դիտելու անհրաժեշտությունից, և մենք թափառում էինք քաղաքում անծրագիր և աննպատակ։ Եվ քանի որ մեր ուղևորությունն անցնում էր հույժ խոլացի կերպով ու ենթարկված էր միստեր Ադամսի խիստ պլանին, ապա մենք այդ ազատ թափառումների ժամերը դիտում էինք որպես արժանի հանգիստ։
Հասկանալի չէ, թե ինչպես և ինչու մենք ընկանք «Տրոպիկալ Սվիմինգ Պուլ», այսինքն՝ ձմեռային ավազան։ Մենք վերարկուներս չհանած կանգնեցինք բավական հին, փայտե հսկա շենքում, որտեղ օդը ծանր էր, ջերմոցային, ինչ֊որ բամբուկե ձողեր էին ցցված և վարագույրներ կախված, հաճույքով նայեցինք բանիմացորեն պինգ֊պոնգ խաղացող լողակոստյումներով երիտասարդ զույգին և մի հաստլիկի, որը թպրտում էր ջրով լի մեծ արկղի մեջ, նշմարեցինք մի քանի մեխանիկական բիլիարդներ և ռետինե ծամոնի ավտոմատներ, ու վազեցինք առաջ, Ճապոնական այգին։
Այդ այգին քաղաքին նվիրել է ճապոնական կայսրուհին։ Այնտեղ ամեն ինչ փոքր է․ բամբուկե կոր կամրջակներ, գաճաճ ծառեր և թղթե շարժական դռներով ճապոնական տնակ։ Տնակում ապրում է մի ճապոնացի, և եթե այցելուները ցանկանան, նրանց համար իսկական ճապոնական թեյ է պատրաստում։ Մենք նստել էինք բամբուկե տաղավարում և խմում էինք կանաչ, հոտավետ եռաջուր, որն անաղմուկ մատուցում էր քաղաքավարի տերը։ Երբ արդեն մեզ բոլորովին զգացինք Նիպպոնի երանելի կղզիներում, մեր ուղեկիցները պատմեցին, որ այդ ճապոնացին նորերս կործանել է իր կնոջը։ Այնքան է տանջել, որ կինը նավթ է լցրել իր վրա ու վառվել։
Ճապոնական այգուց մեկնեցինք չինական թաղամասը։ Այն գեղատեսիլ էր և կեղտոտ։ Ամեն ինչ այստեղ չինական էր․ բնակիչները, թղթե լապտերները և հիերոգլիֆներով երկար պաստառները։ Բայց խանութներում նստած էին միայն ճապոնացիներ և վաճառում էին կիմոնո խալաթներ, փայտե տուֆլիներ, գունազարդ լուսանկարներ և «Made in Japan» դրոշմով չինական մանր զարդարանքներ։
Մեր ազատ օրը վերջացավ ֆուտբոլային մատչ այցելելով։ Խաղում էին երկու համալսարանական թիմեր՝ «Սանտա֊Կլարա» և «Խրիստիան֊Տեքսասը»։
Բայց նախքան անցնելը այդ իրադարձության նկարագրության, որը ինչ֊որ չափով մեզ օգնեց հասկանալու, թե ինչ է Ամերիկան, անհրաժեշտ է մի քանի խոսք ասել ամերիկյան ֆուտբոլի մասին ընդհանրապես։
Ֆուտբոլն Ամերիկայում նշանակում է՝ ամենամեծ ստադիոն, մարդկանց և ավտոմոբիլների ամենամեծ կուտակում, ամենաբարձրաձայն ճիչ, որը կարող է դուրս թռչել երկու ձեռք, մի գլուխ և թեք դրած գլխարկ ունեցող էակի շրթունքներից, նշանակում է՝ ամենամեծ դրամարկղ, հատկապես ֆուտբոլային մամուլ և հատուկ ֆուտբոլային գրականություն (պատմվածքներ, վիպակներ և վեպեր ֆուտբոլային կյանքից): Ֆուտբոլային մեծ մրցությունը Ամերիկայում անհամեմատ ավելի նշանակալից իրադարձություն է, քան Տոսկանինիի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի համերգը, քան Ֆլորիդայի մրրիկը, Եվրոպայում տեղի ունեցող պատերազմը և նույնիսկ նշանավոր միլիոնատիրոջ աղջկա առևանգումը։ Եթե որևէ բանդիտ ուզենա հռչակվել, նա իր սենսացիոն հանցագործությունը չպետք է կատարի բանակի և նավատորմի միջև տեղի ունեցող ֆաուտբոլային մրցության օրը, այլ դրա համար պետք է ավելի հարմար ու հանգիստ ժամանակ գտնի։ Մուսոլինին, օրինակ, շատ հարմար մոմենտ ընտրեց Հաբեշստանի վրա հարձակվելու համար։ Այդ օրը Ամերիկայում ֆուտբոլային խաղ չկար, և դուչեն լավ պաբլիսիթի ստացավ թերթերի առաջին էջում։ Թե չէ ստիպված կլիներ քոչել երկրորդ կամ նույնիսկ երրորդ էջը։
Սան֊Ֆրանցիսկոյում մեր տեսած մատչը չէր կարելի դասել մեծ խաղերի շարքը։ Սակայն դա էլ այնքան փոքր խաղ չէր, և մենք խորհուրդ չէինք տա Ջիլիին կամ Յաշա Խեյֆիցին այդ օրը համերգ տալ Սան֊Ֆրանցիսկոյում։
Ստադիոնի տրիբունաները լեփ֊լեցուն էին կենտրոնում, իսկ ծայրերը համարյա թե դատարկ էին։ Բայց ընդհանուր առմամբ ստադիոնում երեսուն հազար մարդ կար։ Սկզբում խաղն անհասկանալի, հետևաբար և անհետաքրքիր էր թվում։
Ամերիկյան ֆուտբոլը ոչ մի ընդհանուր բան չունի եվրոպականի հետ։ Այդ խաղերն այնքան նման չեն իրար, որ երբ Նյու֊Յորքում, կինոխրոնիկայի թատրոնում անսպասելի ցույց տվեցին եվրոպական երկու թիմերի ֆուտբոլային մատչից մի կտոր, ծիծաղի մոլուցք բռնեց հանդիսականներին։
Եվ այդպես, մի որոշ ժամանակ մենք չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում դաշտում։ Մի քիչ սուզակների նմանվող կաշվե սաղավարտներով մարդիկ, մեկը կարմիր հագած, մյուսը՝ սպիտակ, կանգնում էին դեմ հանդիման, գլուխներն ու մեջքերը կռացրած, և մի քանի վայրկյան անշարժ մնում էին կանգնած։ Հետո հնչեց սուլիչը, և մարդիկ կատաղի կերպով պոկվեցին տեղերից։ Կարմիրներն ու սպիտակները խառնվեցին իրար, ինչպես մեզ թվաց՝ մեկ֊մեկու ոտք բռնելով։ Նման իրարանցում լինում է հավաբնում, երբ այնտեղ է սողոսկում ժանտաքիսը։ Զգացվում էր նույնիսկ թևերի թափահարումը։ Հետո բոլորն ընկնում էին իրար վրա, կազմելով շարժվող մարմինների մեծ կույտ։ Հասարակությունը վեր էր կենում տեղից և բարձրաձայն բղավում էր։ Դատավորը սուլում էր։ Ֆուտբոլիստները կանգնում էին իրենց տեղերում, և ամեն բան նորից էր սկսվում։
Առաջին րոպեներին նույնիսկ չէինք տեսնում գնդակը, այսինքն՝ նշմարում էինք մեկ֊երկու վայրկյանով, իսկ հետո նորից կորցնում էինք տեսողությունից։ Հետզհետե սովորեցինք հետևել գնդակին և գնահատել դրությունը։ Մինչև առաջին ընդմիջումը արդեն ինչ֊որ բան հասկանում էինք ամերիկյան ֆուտբոլից, իսկ երկրորդ ընդմիջումին արդեն մեծ գիտակներ էինք, կրկնում էինք լավագույն խաղացողների ազգանունները և գոռում բոլոր հանդիսատեսների հետ միասին։
Ընդհանուր գծերով ահա թե ինչ է ներկայացնում իրենից ամերիկյան ֆուտբոլը․ կա երկու թիմ, կողմերն ունեն դարպաս, բայց առանց վերևի ձողափայտի։ Խոտավետ դաշտը տողված է լայնությամբ կտրող սպիտակ գծերով, և այդ գծերից յուրաքանչյուրը վերցվում է մարտով։ Մենք մանրամասն չենք նկարագրի խաղի կանոնները։ Շատ բարդ են դրանք։ Կարևորն այն է, թե ինչպես են խաղում, ինչ են անում գնդակի հետ։ Գնդակը կաշվից է, ոչ կլոր, այլ երկարավուն։ Այդ նրա համար է, ըստ երևույթին, որպեսզի հնարավոր լինի ամուր և հարմար պահել փորին սեղմած։ Երբ թիմերը շարվում էին մեկմեկու դեմ կռացած, հետևում կանգնում են երեք խաղացողներ։ Կենտրոնական խաղացողը գնդակը չռած ոտների արանքով ետ է նետում նրանցից մեկին։ Հակառակորդը միանգամից չի տեսնում, թե ում հասավ գնդակը և դրանում է սկսողների առավելությունը։ Գնդակ ստացողը կամ գնդակը ոտքով խփում է շատ առաջ այն հաշվով, որ իր խաղացողը կբռնի այն, կամ, ըստ հնարավորության, աննկատելիորեն գնդակը ձեռքից ձեռք հանձնում է խաղընկերոջը։ Եվ այս, և այն դեպքում գնդակ ստացողը դա սեղմում է փորին կամ կողքին և վազում առաջ։ Նրան իրավունք ունեն հրելու, ոտքից բռնելու, ոտ գցելու։ Երբեմն (այդ շատ հազվադեպ է լինում և ծափահարություն է առաջացնում ամբողջ ստադիոնում) խաղացողին հաջողվում է խույս տալ բոլոր հարձակվողներից և գնդակն անցկացնել հակառակորդի ճամբարի վերջին գիծը։ Սակայն շատ հաճախ նրան բռնում և տապալում էն գետին։ Եթե այս դեպքում էլ նա գնդակը ձեքից բաց չի թողնում, հետևյալ տուրը կամ, եթե կամենում եք, ֆուտբոլի պարոքսիզմը սկսվում է այն տեղից, որտեղ ընկավ գնդակով մարդը։ Երբեմն գնդակ ստացողը, եթե լավ վազող է, ահագին պտույտ է գործում, որպեսզի շրջանցի թշնամիներին։ Բայց թշնամիներն իսկույն իմանում են, ում մոտ է գնդակը, և սլանում են առաջ՝ ճանապարհը կտրելու։ Նա գնդակը հանձնում է ուրիշին, սա՝ երրորդին, բայց ճեղքել անցնելը դժվար է, գրեթե անհնար, և գնդակով մարդուն գետին են տապալում գոլից ավելի հեռու, քան այն րոպեին, երբ սկսվեց տուրը, և այդպիսով կորսվում է մի քանի ֆուտ։ Տուրերի արանքում գնդակը տիրապետած թիմը խորհրդակցում է հետագա տակտիկայի վերաբերյալ։ Ըստ տրադիցիայի, թիմը փոքր֊ինչ մի կողմ է քաշվում, շրջան է կազմում այնպես, որ երևան միայն կռացած մեջքերը ու չռած ոտքերը, իսկ գլուխները, գրեթե իրար կպչելով, ստեղծում են կենտրոն, և փսփսում են։ Եվ ահա մտածված է ահավոր պլան, խաղացողները շարվում են, և սկսվում է նոր հրապուրիչ ծեծկռտոց։
«Սանտա֊Կլարա» և «Խրիստիան֊Տեքսաս» թիմերը գրեթե հավասար ուժեր են։ Տեխասի քրիստոնյա ջահելները փոքր֊ինչ ավելի ուժեղ էին։ Գրեթե բոլոր գոտեմարտերի ժամանակ նրանց տակտիկան հանգում էր այն բանին, որ գնդակ ստացած խաղացողը գլխով առաջ էր նետվում սանտա֊կլաուսցիների բուն խորքը և ջանում էր շահել գոնե մի դյույմ տարածություն։ Նրան իսկույն տապալում էին։ Սկսվում էր նոր գոտեմարտ և նորից շահում էին մի դյույմ։ Դա հիշեցնում էր համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի գրոհը, երբ երեքօրյա հրետանային նախապատրաստությունից հետո զորամասերին հաջողվում էր հարյուր մետր առաջ շարժվել։ Տեխասցիները դանդաղ ու անշեղ առաջ էին շարժվում դեպի սանտա֊կլաուսցիների դարպասները։ Լարվածությունը գնալով ուժեղանում էր, գնալով ավելի բարձր էին գոռում գլխարկները թեք դրած երիտասարդ մարդիկ։ Այժմ մեր ամբողջ ուշադրությունը բևեռված էր հասարակության վրա։
Ստադիոնի տրիբունաներում դեմ֊դիմաց նստած էին համալսարանների՝ իրենց թիմերին «ցավող» ուսանողները։ Մեր կողմում նստել էին մի քանի հազար կարմիր գլխարկավոր սանտա֊կլաուսցիներ՝ իրենց նվագախմբով։ Մեր դիմացը տրիբունայի ամբողջ կենտրոնը գրավել էին Տեխասից հատկապես եկած քրիստոնեական երիտասարդությունը՝ սպիտակ գլխարկներով և դարձյալ սեփական նվագախմբով։
Երբ մինչև «Սանտա֊Կլարայի» վերջին գիծը մնացել էր քսան ֆուտ, տեխասցիները բարձրացան իրենց տեղերից, հանեցին սպիտակ գլխարկները և դրանք ռիթմիկ թափահարելով հակառակորդի դարպասի կողմը, սկսեցին բղավել նվագախմբի դիրիժյորի տակտի տակ։
― Հոու՜, հոու՜, հոու՜։
Ճշգրիտ թարգմանությամբ սա նշանակում է «գնա՛», բայց ավելի շուտ պետք է հասկանալ «Առա՛ջ, առա՛ջ, առա՛ջ»։
Նվագախումբը նույնպես վեր ցատկեց և, շեփորները մինչև երկինք բարձրացնելով, «հոու֊հոուի»֊ի տակտով աններդաշնակ ձայներ էր արձակում։
Սանտա֊կլարականները իրենց կարմիր գլխարկներով գլխահակ լուռ էին։ Ընդմիջումի մոտ հաղթող դուրս եկավ «Խրիստիան֊Տեքսաս» թիմը։ Նոր անարգանք ընկավ «Սանտա֊Կլարայի» խեղճ ուսանողների գլխին։ Ըստ տրադիցիայի, ընդմիջմանը սովորաբար նվագում է հաղթողների նվագախաումբը։ Եվ ահա այն պահին, երբ խաղացողները խոտ թքելով և քթածակերն ու ականջները մտած խոտը քչփորելով, իրենց կարգի էին բերում, որպեսզի պատրաստվեն հետևյալ թայմին, ճարճատեցին թմբուկները, կաղկանձեցին ծնծղաները, և հանդիսավոր երթով դաշտ դուրս եկավ «Խրիստիան֊Տեքսասի» սպիտակ նվագախումբը։ Առջևից գնում էր ավագ թմբկահարը, պարաքայլեր անելով և բարակ մի լախտ վարպետորեն խաղացնելով։ Նվագախումբը կատարում էր համալսարանի քայլերգը։ Ընդ որում, «Սանտա֊Կլարայի» անգործ նստած նվագախումբը այնպիսի տառապանքներ էր կրում, ինչպիսին, հավանաբար, կրել է Վագները, լսելով «Տրավիատայի» ատելի հնչյունները։ Իսկ հակառակորդի ստոր նվագախումբը նվագում էր ու նվագում։ Այժմ երաժիշտները կատարում էին մոդայիկ ֆոքստրոտներ և երգեր, դաշտում իրար հետևից քայլելով, մոտենալով, բաժանվելով և զանազան ֆիգուրներ անելով։ Դիրիժյորը գալարվում էր ամբողջ մարմնով, ոտքերը դոփելով և մարմնով այնպիսի անպատկառ շարժումներ էր անում դիտմամբ, որ ջղայնացնի և ոչնչացնի պարտված թշնամիներին։
Սկսվեց հետևյալ թայմը։
Ստադիոնի պատերի հետևում երևում էին Սան֊Ֆրանցիսկոյի վերև և ներքև ձգվող տները, խիտ ու թարմ կանաչին էին տալիս այգիների ծառերը, խոտավետ հրապարակը փայլփլում էր արևի տակ, իսկ օվկինոսից փչող ջրիմուռների, ոստրեների, պատանեկության և երջանկության թեթև բուրմունքը միախառնվում էր վիսկիի դեղատնային քաղցր֊մեղցր հոտի հետ։ Հասարակությունը խանդավառությունը թաքցնելու համար և ի հիշատակ «ցամաք օրենքի», գրպանից հանում էր տափակ շշերը և հենց տրիբունաների վրա վիսկի էր կուլ տալիս՝ ոըղղակի շշի բերանից։
Ու նորից հետաքրքիր ծեծկռտոց սկսվեց։ Այս անգամ Սանտա֊Կլարան լավ սկսեց։ Պայքարի գիծը գնալով ավելի ու ավելի էր մոտենում քրիստոնեական երիտասարդության դարպասին։ Այդ պահին ոտքի ելան կարմիր գլխարկները։ Եվ սանտա֊կլարացի տղաներն սկսեցին հրահրել իրենց ֆուտբոլիստներին։
― Հոու՜, հոու՜, հոու՜, ― բղավում էին նրանք պատանեկան զրնգուն ձայներով։
«Սանտա֊Կլարայի» նվագախումբը նստարանին ցատկելով, այնպիսի մի երաժշտական շփոթ սարքեց, որ հենց միայն դրանից անիծյալ և լպիրշ քրիստոնեական երիտասարդները հոդս պիտի ցնդեին։ Դատավորի յուրաքանչյուր սուլոցի հետ խաղագիծը մոտենում էր տեխասցիների դարպասին։ Սանտա֊կլարականները տառացիորեն ճակատավ ճամփա էին բացում և նվաճում կանաչ դաշտի դյույմերն ու ֆուտերը։ Բղավոցներից բորբորքված, նրանք խիստ կռանում էին և, հարու տվող այծերի նման, գլխով նետվում դեպի թշնամական փորերից կազմված պատը։
― Սանտա֊Կլարա՜, ― մեր վերևում ճղում էին իրենց ինչ֊որ երիտասարդներ։ ― Սանտա֊Կլարա, հոու՜, հոու՜։
Նրանց աչքերը չռվել էին։ Բերանները լայն բացվել էին։ Մոռացության տված ռետինե ծամոնները կպել էին ատամներին։ Մոտենում էր հատուցման ժամը։
Եվ հանկարծ սարսափելի բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի բան, որից երկու թշնամի տրիբունաները ոտքի ելան և միասնաբար սրտակեղեք ճիչ արձակեցին, որի մեջ ամեն ինչ կար․ և՛ հաղթանակ, և՛ հպարտություն, և՛ սարսափ։ Մի խոսքով, դա մի համապարփակ ճիչ էր, ամենաբարձր ճիչը, որին միայն ընդունակ են երեսուն հազար մարդիկ։
«Խրիստիան֊Տեքսասի» լավագույն ֆուտբոլիստը անակնկալ հափռեց գնդակը և սլացավ դեպի «Սանտա֊Կլարայի» դարպասը։ Նա կտրելու էր ամբողջ դաշտը։ Նրան ընդառաջ էին վազում, հետապնդում էին հետևից, փորձում էին կողքից բռնել ոտքը։ «Սանտա֊Կլարայի» ավելի կատաղի պաշտպանները նետվում էին նրա ոտքերի տակ։ Բայց փոքրիկ ֆուտբոլիստը, գնդակը փորին սեղմած, վազում էր հա՛ վազում։ Դա մի տեսակ հրաշք էր։ Նախ՝ վազում էր դաշտի եզրով, ապա՝ շեշտակի թեքվեց դեպի կենտրոն։ Նա ցատկեց ոտքերի տակ նետված սանտա֊կլարացու վրայով և ճարպկորեն խույս տվեց իրեն ձգված տասնյակ ձեռքեից։ Դժվար է նկարագրել հասարակության հուզմունքը։ Վերջապես խաղացողը վազելով անցավ վերջին գիծը և կանգ առավ։ Դա վերջն էր։ «Խրիստիան֊Տեքսասը» տարավ։ Մեր տրիբունան խայտառակվեց։ Դիմացինը՝ բուռն ցնծության մեջ էր։
Գլուխ երեսուներեքերորդ — Ռուսական բլուր
Մենք ֆուտբոլից վերադարձանք հիանալի տրամադրությամբ և սկսեցինք փոխառփոխ պատմել Ադամսներին մեր ֆուտբոլային տպավորությունները։ Ադամսները ֆուտբոլ չէին եկել մեզ հետ, որոշելով այդ ժամանակն օգտագործել փոստ գնալու համար։
― Ինձ հետ մի խոսեք ֆուտբոլի մասին, ― ասաց մեզ միստեր Ադամսը։ Դա զարհուրելի բարբարոս խաղ է։ Չէ՛, լուրջ, ցավալի է լսել, երբ դուք խոսում եք ֆուտբոլի մասին։ Փոխանակ սովորելու, երիտասարդ մարդիկ զբաղվում են սատանան գիտե, թե ինչով։ Չէ՛, լուրջ, չխոսենք այդ հիմարությունների մասին։
Միստեր Ադամսի տրամադրությունը ինչ֊որ բանից փչացած էր։ Նրա արջև դրված էր թվերով և ինչ֊որ խճճագրերով խզբզված մի մեծ թուղթ և փոքրիկ ծանրոց։
― Այսպես, ուրեմն, Բեկկի, ― ասաց նա, ― գլխարկը դեռ Սան֊Ֆրանցիսկո չի հասել։ Բայց չէ՞ որ մենք Սանտա֊Ֆե կարգադրություն ենք արել , որպեսզի գլխարկը հատկապես Սան֊Ֆրանցիսկո ուղարկեն։
― Դու հաստա՞տ հիշում ես, որ Սան֊Ֆրանցիսկո, ― հարցրեց միսիս Ադամսը։ ― Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ վերջին անգամ խնդրել էիր գլխարկն ուղարկել Լոս֊Անժելոս։
― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, այդպես մի՛ ասա։ Ինձ մոտ ամեն ինչ գրված է։
Միստեր Ադամսը հանեց ակնոցը և, թուղթը աչքերին մոտեցնելով, սկսեց վերլուծել իր գրառումները։
― Այո՛, այո, այո՛, ― քրթմնջում էր նա, ― ահա՛։ Ըստ վերջին տեղեկությունների, գլխարկը Դետրոթից ուղարկվել է Չիկագո։ Հետո Սան֊Լուի։ Բայց քանի որ մենք Սան֊Լուի չգնացինք, ես գրավոր կարգադրություն արեցի գլխարկն ուղարկել Կանզաս։ Երբ Կանզասում էինք, գլխարկը դեռ չէր հասել այնտեղ։
― Լա՛վ, ― ասաց միսիս Ադամսը, այդ ես հիշում եմ։ Սանտա֊Ֆեում մոռացանք փոստ գնալ, և նրանց նամակ գրեցիր Լաս֊Վեգասից։ Հիշու՞մ ես, դրա հետ մեկտեղ բանալին ուղարկեցիր Գրենդ֊Կենյոն։ Հասցեները հո չե՞ս շփոթել։
― Ա՛խ, Բեկկի, ինչպես կարող ես այդպես մտածել, ― հառաչեց միստեր Ադամսը։
― Այդ դեպքում սա ի՞նչ ծանրոց է, ― բացականչեց Բեկկին։ ― Այնքան փոքր է, որ նրա մեջ գլխարկ չի կարող լինել։
Ադամս ամուսինները հենց նոր էին եկել փոստից և չէին հասցրել ծանրոցը բացել։ Արկղիկը բացում էին երկար և խնամքով, տաք֊տաք քննարկելով, թե ինչ կարող է պարունակվել նրա մեջ։
― Հանկարծ ու իմ ժամացույցը լինի Գրենդ֊Կենյոնից, ― նկատեց միստեր Ադամսը։
― Ինչպե՞ս կարող է ժամացույցը գալ Գրենդ֊Կենյոնից, եթե արկղիկն ուղարկվել է Սանտա֊Ֆեից։
Ծանրոցը վերջապես բացեցին։ Մեջը դրված էր վրան «82» թիվ խփած պղնձե թիթեղիկով բանալին։
Հենց այդպես էլ կա, ― բացականչեց միսիս Ադամսը։
― Ի՞նչը «հենց այդպես էլ կա», Բեկկի, ― շողոքորթությամբ հարցրեց միստեր Ադամսը։
― Հենց այդպես էլ կա։ Սա Գրենդ֊կենյոնի համարի բանալին է, որ սխալմամբ ուղարկել ես Սանտա֊Ֆեի փոստը։ Իսկ գլխարկ ուղարկելու կարգադրությունն, անշուշտ, ուղարկել ես Գրենդ֊կենյոն, կեմպ։ Ես կարծում եմ, իմ նվիրած ժամացույցը վերադաարձնելու խնդրանքը նույնպես Գրենդ֊կենյոնի փոխարեն ընկել է Սանտա֊Ֆե։
― Նո՜, Բեկկի, մի խոսիր այդպես չմտածված, ― քրթմնջաց միստեր Ադամսը։ ― Ինչու, անպայման ե՞ս եմ մեղավոր ամեն բանում։ Չէ՛, լուրջ, Բեկկի, ես քեզ արդարացիության կոչ եմ անում։ Մանավանդ որ այդ ամենը հեշտ կարելի է ուղղել։ Մենք կգրենք․․․ Այո․․․ ու՞ր կգրենք։
― Նախ և առաջ պետք է ուղարկել բանալին և այս անիծված շալը, որ բերել ես Ֆրեզնոյից։
― Բայց, Բեկկի, չէ՞ որ Ֆրեզնույում հեռադիտակ են թողել, իսկ դա, կարծում եմ, շալից թանկ է։
― Լա՛վ։ նշանակում է, բանալին՝ Գրենդ֊կենյոն, շալը՝ Ֆրեզնո, իսկ Սանտա֊Ֆե՝ ժամացույցի վերաբերյալ․․․ Այսինքն ոչ, ժամացույցի վերաբերյալ՝ Գրենդ֊կենյոն, իսկ Սանտա֊Ֆե, նախ և առաջ, պետք է ուղարկել ներողություն։ Այնուհետև․․․
― Իսկ գլխա՞րկը, Բեկկի, ― սիրալիր հարցրեց միստեր Ադամսը։
― Սպասիր։ Հա՛, գլխարկը։ Գլխարկի հետ կվարվենք այսպես։
Այդ պահին լսվեց դռան թխկոց, և սենյակ մտավ հաղթանդամ մի մարդ, լայն ու կլոր ուսերով և մեծ կլոր դեմքով, որի վրա դրված էր կոճակավոր փոքրիկ կեպի։ Այդ մարդը, ըստ երևույթին, զգալով իր մարմնի ծավալը, ջանում էր բոլորովին փոքր քայլեր անել և, ընդ որում, որքան հնարավոր է կամաց դնել ոտքերը։ Այնուամենայնիվ, պարկետը ճռճռաց նրա ոտքերի տակ, ասես դաշնամուր քարշ տվեցին սենյակ։ Անծանոթը կանգ առավ, բարակ ծորուն ձայնով և հիանալի ռուսերենով ասաց․
― Բարև ձեզ։ Ձեզ մոտ եմ եկել մոլոկանների համայնքից։ Համեցեք մեզ մոտ։ Այդ արդեն մեզանում կարգ է, հենց որ Ռուսաստանից մարդ է գալիս․․․ Խնդրում եմ շնորհ արեք մեր մոլոկանների թեյախմությանը։ Հետս ավտոմոբիլ եմ բերել, այնպես որ, մի անհանգստացեք։
Մենք շատ էինք լսել Սան֊Ֆրանցիսկոյում ապրող հայրենիքից կտրված, բայց հնդկացիների պես իրենց լեզուն, բարքերն ու սովորությունները պահպանած ռուս մոլոկանների մասին։
Հինգ րոպե անց, միստեր Ադամսը և մոլոկանների համայնքի պատվիրակը արդեն բարեկամներ էին։ Միստեր Ադամսը ցույց տվեց նյութի լավ իմացություն և ոչ մի անգամ մոլոկաններին չշփոթեց դուխոբորների կամ շաբաթականների հետ։
Ճանապարհին, Ռուսական բլուր գնալիս, որտեղ ապրում են Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները, մեզ ուղեկցողը պատմում էր իրենց վերաբնակեցման պատմությունը։
Մի ժամանակ, շատ վաղուց, մոլոկաններն ապրելիս են եղել Վոլգայի շրջակայքում։ Ցարական կառավարությունը նեղում էր, նրանց մոտ տերտերներ և միսիոներներ ուղարկում։ Մոլոկանները անձնատուր չէին լինում։ Այդ ժամանակ նրանց գաղթեցրին Կովկաս, Կարսի շրջանում ինչ֊որ տեղ։ Նրանք այնտեղ, նոր տեղում էլ սկսեցին անել այն, ինչ արել էին դարեր շարունակ՝ հացահատիկ ցանել։ Բայց գնալով դժվարանում էր ապրելը, հետապնդումներն ավելի կատաղի էին դառնում, և մոլոկանները որոշեցին թողնել հայրենի երկիրը, որը խորդ մայր էր դարձել իրենց համար։ Ու՞ր գնալ։ Մարդիկ գնում են Ամերիկա։ Իրենք էլ հինգ հարյուր ընտանիքով գնացին Ամերիկա։ Այդ հազար ինը հարյուր երկու թվականին էր։ Ինչպե՞ս ընկան Սան֊Ֆրանցիսկո։ Մի կերպ։ Մարդիկ գնում էին Սան֊Ֆրանցիսկո։ Իրենք էլ գնացին Սան֊Ֆրանցիսկո։ Մեր հսկա ուղեկիցը տեսքից քառասուն տարեկան կլիներ։ Նշանակում է, նա Ամերիկա է ընկել, երբ եղել է վեցամյա երեխա։ Բայց սա մի այնպիսի ռուս մարդ էր, որ անգամ չէիր հավատա, թե նա իբր անգլերեն խոսել գիտե։ Ամերիկայում մոլոկանները ուզում էին առաջվա պես զբաղվել երկրագործությամբ, բայց հող գնելու փող չկար։ Եվ նրանք գնացին նավահանգիստ աշխատելու։ Այդ օրվանից Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները բեռնակիրներ են։ Քաղաքում մոլոկանները բնակություն հաստատեցին մի բլրի վրա, հետզհետե տներ կառուցեցին, մի փոքրիկ աղոթարան շինեցին, որին հանդիսավոր կերպով անվանում են «Մոլոկան֊չերչ», ռուսական դպրոց կառուցեցին, և բլուրը սկսեց կոչվել «Ռուսական բլուր»։ Հոկտեմբերյան հեղափոխությունը մոլոկանները դիմավորեցին ոչ մոլոկոնավարի, այլ պրոլետավարի։ Նախ և առաջ՝ նրանց մեջ խոսեց բեռնակիրը, նոր հետո մոլոկանը։ Իրենց կյանքում առաջին անգամ նրանք զգացին, որ հայրենիք ունեն, որ այն դադարել է իրենց խորթ մայր լինելուց։ Կոլեկտիվացման օրերին հարգարժան մոլոկան ծերունիներից մեկը նամակ էր ստացել Սովետական Միության իր մի ազգականից, որով իրենից խորհուրդ էին հարցնում՝ կոլխոզ մտնե՞լ, թե՞ չմտնել։ Նրանք գրում էին, որ Սովետական Միությունում ապրող մեկ ուրիշ մոլոկան ծերուկ հակառակ խորհուրդ է տալիս՝ կոլխոզ չմտնել։ Եվ ծեր մարդը, ոչ այնքան հին մոլոկան քարոզիչը, որքան հին սան֊ֆրանցիսկյան բեռնակիրը, պատասխանել էր նրանց՝ մտնել։ Այդ ծերունին հպարտությամբ ասում էր մեզ, որ հիմա հաճախ շնորհակալական նամակներ է ստանում իր ազգականներից։ Երբ Սան֊Ֆրանցիսկո էր եկել Տրոյանովսկին, իսկ հետո՝ Շմիդտը, մոլոկանները ծաղիկներով էին դիմավորել նրանց։
Մենք երկար գնում էինք քաղաքով՝ բլուրից բլուր բարձրանալով։ Կարծեմ, անցանք չինական թաղամասը։
― Ահա՛ և Ռուսական բլուրը, ասաց մեր զորեղ դրայվերը, լծակը երկրորդ արագության վրա փոխադրելով։
Մեքենան բզզաց և սկսեց դժվարությամբ վեր բարձրանալ գետաքարի սալարկով։
Չէ, այստեղ ոչինչ չէր հիշեցնում Սան֊Ֆրանցիսկոն։ Այս փողոցը ավելի շուտ նմանվում էր հին Տուլայի կամ Կալուգայի ծայրամասին։ Մենք կանգ առանք արտասանդուխքով մի փոքրիկ տնակի առջև և ներս մտանք։ Առաջին սենյակում, ուր պատերից կախված էին հնօրյա լուսանկարներ և ամսագրերից պոկած նկարներ, լիքը ժողովուրդ կար։ Այստեղ կային մորուքավոր, ակնոցավոր տարեց մարդիկ։ Կային և ավելի ջահելներ՝ պիջակներով, որոնց տակից երևում էին ռուսական վերնաշապիկներ։ Ճիշտ այդպիսի զգեստ էին հագնում ռուս բանվորները մինչև հեղափոխությունը տոն օրերին։ Բայց ամենից ուժեղ տպավորություն գործեցին կանայք։ Ուզում էինք նույնիսկ ձեռքերով աչքներս շփել, հավաստիանալու համար, որ նման կանայք կարող են լինել հազար ինը հարյուր երեսուն վեց թվականին, և այդ ոչ թե հին Ռուսաստանի խուլ անկյուններից մեկում, այլ բենզինա֊էլեկտրական Սան֊Ֆրանցիսկոյում, աշխարհի մյուս ծայրում։ Նրանց մեջ մենք տեսանք սպիտակադեմ և կարմրադեմ ռուս գեղջկուհիներ՝ տոնական փոթավոր կոֆտաներով և լայն շրջազգեստներով, որոնց ձեևը մի ժամանակ բերվել է Ռուսաստանից և այնպես էլ քարացած, առանց որևէ փոփոխության մնացել Սան֊Ֆրանցիսկոյում, տեսանք մարգարեի աչքերով հաղթանդամ պառավներ։ Պառավները չթե գլխաշորով էին։ Այդ դեռ ոչինչ։ Բայց որտեղի՞ց էին ճարել այդ իսկական սիսեռահատիկներով ցինդելյան չիթը։ Կանայք խոսում են մեղմորեն և կլորբերան, երգում օյահունչ ձայներով և, ինչպես ընդունված է, ձեռք էին տալիս բաց ափով։ Նրանցից շատերը անգլերեն խոսել բոլորովին չգիտեին, թեև գրեթե ամբողջ կյանքը ապրել էին Սան֊Ֆրանցիսկոյում։ Ժողովը հիշեցնում էր հին գյուղական հարսանիք․ երբ բոլորն արդեն հավաքվել են, բայց ուրախությունը դեռ չի սկսվել։
Տղամարդիկ ամենքն էլ բարձրահասակ էին ու թիկնեղ, ինչպես այն առաջինը, որ եկել էր մեր հետևից։ Ունեին հսկայական ձեռքեր՝ բեռնակրի ձեռքեր։
Մեզ հրավիրեցին ներքև, բավական ընդարձակ նկուղային հարկաբաժինը։ Այնտեղ դրված էր նեղ ու երկար մի սեղան՝ վրան լիքը կարկանդակներ, թթու վարունգ, քաղցր հաց, խնձորներ։ Պատից կախված էին Ստալինի, Կալինինի և Վորոշիլովի լուսանկարները։ Բոլորը սեղան նստեցին և սկսեցին զրույցը։ Մեզ հարցուփորձ էին անում կոլտնտեսությունների, գործարանների, Մոսկվայի մասին։ Մատուցեցին բաժակներով թեյ, և հանկարծ մոլոկաններից ամենահսկան, պողպատե ակնոցով և ալեհեր մորուքով բավական տարեց մի մարդ, խոր շնչեց և սկսեց երգել արտասովոր բարձր ձայնով, սկզբում նույնիսկ թվաց, թե չերգեց, այլ բղավեց։
Извела меня кручина,
Подколодная змея,
Догорай, моя лучина,
Догорю с тобой и я.
Նրան ձայնակցեցին բոլոր տղամարդիկ ու կանայք։ Երգում էին այնպես, ինչպես երգն սկսողը՝ ամբողջ ձայնով։ Այդ երգեցողության մեջ ոչ մի նրբերանգ չկար։ Երգում էին միայն ֆորտիսսիմո, միմիայն ֆորտիսսիմո, որքան ուժ ունեին, ջանալով խլացնել մեկմեկու։ Տարօրինակ, սկզբում փոքր֊ինչ անախորժ, երգը գնալով ավելի ներդաշնակ էր դառնում։ Ականջն արագորեն ընտելանում էր դրան։ Չնայած բարձրաձայն՝ այնտեղ ինչ֊որ թախիծ կար։ Առանձնապես լավ էին կանանց բարձր նոտաները մոլեգնաբար հնչեցնող ձայները։ Այդպիսի սուր և տխուր ձայներ սփռվում էին ինչ֊որ տեղ դաշտերի վրա, մթնշաղին, խոտհնձից հետո, անդուլ կերպով ղողանջում էին, դանդաղ մարելով և վերջապես միախառնվելով ծղրիդների ճռռոցի հետ։ Մարդիկ երգել են այդ երգը Վոլգայի վրա, հետո Կարսի մոտերքը՝ քրդերի և հայերի շրջապատում։ Հիմա երգում են Կալիֆոռնիա նահանգի Սան֊Ֆրանցիսկոյում։ Եթե քշես նրանց Ավստրալիա, Պատագոնիա, Ֆիջիի կղզիները, նրանք այնտեղ էլ կերգեն այդ երգը։
Երգ ― ահա այն, ինչ մնացել է նրանց Ռուսաստանից։
Հետո ակնոցավոր մարդը աչքով արեց մեզ և երգեց․
Вышли мы все из народа,
Дети семьи трудовой,
Братский союз и свобода ―
Вот наш девиз боевой.
Միստեր Ադամսը, որն արդեն մի քանի անգամ սրբել էր աչքերը և ավելի էր հուզվել, քան նախկին միսիոների հետ քաջարի նավաստու հնդկացիների մասին խոսելիս, չդիմացավ և սկսեց երգել մոլոկանների հետ։
Բայց այստեղ մեզ սյուրպրիզ էր սպասում։ «Սև օրերը ահա անցան, մոտ է ժամը հատուցման» խոսքերի մեջ մոլոկաններն իրենց գաղափարական ուղղումն են մտցրել։ Նրանք երգեցին այսպես․ «Սև օրերը ահա անցան, Քրիստոսն ուղի ցույց տվեց մեզ»։ Միստեր Ադամսը, հին անաստվածն ու մատերիալիստը, խոսքերին ուշադրություն չդարձնելով, շարունակում էր առույգ երգել՝ բերանը լայն բացելով։
Երբ երգը ավարտվեց, մենք հարցրինք, թե ինչ է նշանակում տեքստի այդ փոփոխությունը։
Երգն սկսողը նշանակալից աչքով արեց մեզ և ասաց․
― Մենք երգարան ունենք։ Երգարանով ենք երգում։ Միայն թե սա բապտիստական երգ է։ Մենք այն հատկապես ձեզ համար երգեցինք։
Նա ցույց տվեց խիստ քրքրված մի գրքույկ։ Նախաբանում ասված էր․
«Երգերը լինում են հանդիսավոր, թաղծալի և միջին»։
«Քրիստոսն ուղի մեզ ցույց տվեց»֊ը հավանորեն միջինն էր։
Մեզ հաճույք պատճառելու համար մոլոկանները մեծ ոգևորությամբ երգեցին «Ինչպես մայրս հարազատ ճամփու դրեց ինձ» երգը։ Երգեցին ամբողջությամբ, տող առ տող, հետո, էլի երկար ժամանակ երգում էին ռուսական երգեր։
Հետո նորից զրուցեցինք։ Խոսում էինք զանազան հարցերի շուրջը։ Մեզ հարցուփորձ էին անում, թե չի կարելի արդյոք կազմակերպել մոլոկանների վերադարձը հայրենիք։
Մեր կողքին երկու ծերունի վիճում էին։
― Արևի տակ ողջ ստրկությունը առաջ է եկել տերտերներից, ― ասաց ծերունիներից մեկը։
Մյուս ծերուկը համաձայնեց դրան, բայց համաձայնեց վեճի տոնով։
― Մենք երկու հարյուր տարի տերտերներին չենք վճարել, ― բացականչեց առաջինը։
Երկրորդը դրան էլ համաձայնեց, բայց դարձյալ վեճի տոնով։
Մենք այդ երկուհարյուրամյա գժտուցյանը չխառնվեցինք։
Ժամանակն էր գնալու։ Մենք հրաժեշտ տվինք մեր սրտաբաց տանտերերին։ Վերջում, արդեն կանգնած, մոլոկանները կրկնեցին «Ինչպես մայրս հարազատ ճանփու դրեց ինձ», և մենք փողոց դուրս եկանք։
Ռուսական բլրից լավ երևում էր լուսացայտ քաղաքը։ Այն տարածվում էր հեռուները, բոլոր կողմերի վրա։ Ներքևում եռում էին ամերիկյան, իտալական, չինական և պարզապես ծովային կրքերը․ կառուցվում էին հիանալի կամուրջներ, կղզու ֆեդերալ բանտում նստել էր Ալ֊Կապոնեն, իսկ այստեղ, մի ինչ֊որ կամավոր բանտում, նստած էին մարդիկ իրենց ռուսական երգերով ու ռուսական թեյով, նստել էին իրենց կարոտով՝ հաղթանդամ, գրեթե հսկա մարդիկ, որոնք կորցրել էին հայրենիքը, բայց ամեն րոպե հիշում էին․․․
Գլուխ երեսունչորսերորդ — Նավապետ իքսը
Ափսոսում էինք, որ պետք է թողնենք Սան֊Ֆրանցիսկոն։ Բայց Ադամսներն անդրդվելի էին․ ամբողջ ճանապարհորդությունը պիտի տևեր երկու ամիս և ոչ մի օր ավելի։
― Այո՛, այո՛, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսն ուրախությունից փայլելով, մենք վաթսուն օրից ավելի չպետք է տանջենք մեր բեբիին։ Այսօր մենք նամակ ենք ստացել։ Անցյալ շաբաթ բեբիին տարել են կենդանաբանական այգի և ցույց են տվել ակվարիում։ Երբ բեբին միանգամից այդքան ձուկ է տեսել, բացականչել է՝ «No more fich!» ― «Էլ ձուկ պետք չէ»։ Մեր բեբին տխրում է։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, մենք պետք է գնանք որքան կարելի է շուտ։
Խոր ափսոսանքով մենք վերջին անգամ անցանք Սան֊Ֆրանցիսկոյի գեղատեսիլ սապատավոր փողոցներով։ Ահա այս փոքրիկ պուրակում կարող էինք նստել նստարանին և չնստեցինք, այս աղմկոտ փողոցում կարող էինք զբոսնել, բայց ոչ մի անգամ չենք եղել այստեղ, ահա այս չինական ռեստորանում կարող էինք հրաշալի նախաճաշել, բայց, չգիտես ինչու, չնախաճաշեցինք։ Բա անառականոցնե՜րը, անառականոցնե՜րը։ Ախր մենք մոռացել էինք ամենագլխավորը․ հին Ֆրիսկոյի նշանավոր անառականոցները, որտեղ նավապոտներն իրար գլուխ են ջարդում ռոմի հաստ շշերով, որտեղ մալայացիները պարում են սպիտակ աղջիկների հետ, որտեղ ափիոնից ապուշ են կտրում խաղաղաբարո չինացիները։ Ա՜խ, մոռացել էինք, մոռացել։ Եվ արդեն ոչինչ անել չէինք կարող, պետք էր մեկնել։
Մենք քանի գնում հեռանում էինք Սան֊Ֆրանցիսկոյից, սլանալով օվկիանոսի երկարությամբ գցված ճանապարհով։ Դեռ երեկ մենք Կալիֆոռնիայի համալսարանում էինք։ Տեսանք սլավոնական գրականության պրոֆեսոր միստեր Կաունին, և նա Լև Տոլստոյի թաթարերեն լեզվով պատմվացքների գիրքը ձեռքին բռնած, իր ուսանողներին պատմում էր ՍՍՌՄ ազգային քաղաքականության, ժողովուրդների կուլտուրական զարգացման մասին։ Փոքրահասակ, ալեհեր նրբագեղ պրոֆեսորն իր դասախոսությունը համեմում էր սրամտություններով, մի քանի տասնյակ երիտասարդներ ուշադիր լսում էին կյանքի նոր ու զարմանալի ապրելաձև ունեցող հեռավոր երկրի մասին։ Երեկոն անցկացրինք պրոֆեսորի տանը, Բյորկլիի մոտ, Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցի ափին։ Միստեր Կաունը իր լավագույն ուսանողներից տասնհինգ հոգու հրավիրել էր իր տունը։ Բոցկլտում էր բուխարիկը, երիտասարդ տղաներն ու աղջիկները նստել էին հատակին, շատախոսում էին, չինական ընկույզ էին չրթացնում։ Աղջիկներից մեկը վեր կացավ, գնաց ինչ֊որ տեղ և տասը րոպեից վերադարձավ թաց ու հերարձակ մազերով, ինչպես ջրահարս։ Նա լողացել էր ծովախորշում։ Խոհանոցում, փայտե մեծ արկղի մեջ քնել էին վեց նորածին շան լակոտներ։ Պրոֆեսորը հաճախ գնում էր այնտեղ և հիացմունքիցհալվելով, ձեռքերը ծալած, նայում էր շնիկներին։ Հետո մենք դուրս եկանք ծովախորշի ափը և լուսնի շողերով լուսավորված, թափառում էինք ավազոտ լողափով։ Երիտասարդները նստեցին շրջան կազմած և խմբով երգեցին մի քանի ուսանողական երգեր։ Նախ կատարվեց «արջերի» մարտական երգը, որն ուղղված էր ստանֆորդյան ուսանողների՝ ֆուտբոլի դաշտի Կալիֆոռնիայի համալսարանի այդ ոխերիմ թշնամիների դեմ։ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներն իրենց «արջեր» էին անվանում։ Մի կուշտ երգելուց հետո (երգում էին բավական ներդաշնակ, բայց նվազ ձայնով, մի մոլոկան կարող էր նրանց խլացնել իր ձայնով) նրանք պատմեցին մեզ, որ Կալիֆոռնիայի համալսարանում սովորում է վաթսունչորսամյա մի ուսանող։ Դրա շարժառիթը ո՛չ միայն արտակարգ սերն է գիտելիքների հանդեպ։ Կա ևս մի հանգամանք։ Վաղուց, շատ վաղուց, երբ ավելի քան ծեր ուսանողը եղել է պատանի, նա ժառանգություն է ստացել իր հորեղբորից։ Համաձայն կտակի, ժառանգը այդ ահագին կապիտալի տոկոսներից օգտվելու էր այնքան ժամանակ, մինչև որ ավարտեր համալսարանը։ Դրանից հետո ժառանգությունը գործադրվելու էր բարեգործական նպատակներով։ Այսպիսով, բիզնեսմեն֊հորեղբայրը ցանկացել էր մի հարվածով երկու նապաստակ սպանել․ կրթության տալ ազգականին և աստծու առաջ քավել արագ հարստանալու հետ անխուսափելիորեն կապված մեղքերը։ Բայց ազգականը պակաս բիզնեսմեն դուրս չեկավ, քան հորեղբայրը։ Նա գրվեց համալսարանում և այդ օրվանից ուսանող է համարվում և ստանում կապիտալի տոկոսները։ Արդեն վաթսուն տարի է, շարունակվում է այդ ստորությունը, և հանգուցյալ բիզնեսմեն֊հորեղբայրը ոչ մի կերպ չի կարողանում դժոխքից քոչել դրախտ։ Մի խոսքով, զվարճալի դեպք՝ կալիֆոռնյան համալսարանի պատմության մեջ։
Այդ ամենը երեկ էր, իսկ այսօր, օվկիանոսային քամիով հովհարված՝ սլանում ենք «Ոսկե նահանգով, դեպի Լոս֊Անժելոս ուղղություն վերցրած։ Մոնտերեյ քաղաքով անցնելիս մի փայտաշեն տնակի առջև տեսանք հուշատախտակ․ «Այստեղ ապրել է Ռոբերտ Լյուսի Ստիվենսոնը՝ 1879 թվականի երկրորդ կեսին»։ Մենք գնում էինք ոչ միայն հարմար ու գեղեցիկ, այլև մի տեսակ պճնագեղ ճանապարհով։ Շուրջն ամեն ինչ պճնազարդ էր երևում․ և՛ պայծառ տնակները, և՛ արմավենիները, որոնց տերևներն այնպես էին փայլում, ասես հենց նոր ներկել էին էմալե կանաչ ներկով, և՛ երկինքը, որի տեսքը պարզորոշ ցույց էր տալիս, թե անհուսալի բան է այստեղ ամպ տեսնելը։ Միայն օվկիանոսն էր որոտում և մոլեգնում, ինչպես անբարեկիրթ ազգականը՝ օրինավոր ընտանիքում, անվանակոչության տոնին։
― Պարոնա՛յք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք անցնում եք Միացյալ Նահանգների այն սակավաթիվ վայրերից մեկով, որտեղ ռանտիեներ են ապրում։ Ամերիկան Ֆրանսիա չէ, որտեղ ամեն քաղաքում ռանտիեի հանդիպեք։ Ամերիկացիները գրեթե ոչ մի ժամանակ կանգ չեն առնում նախապես նշված գումարի վրա, նրանք շարունակում են ձեռք բերել ու ձեռք բերել։ Բայց գտնվում են տխմարներ, որոնք հանկարծ որոշում են անձնատուր լինել հանգստի։ Ավելի հաճախ դրանք լինում են ոչ շատ հարուստ մարդիկ, որովհետև հարուստ մարդը իր համար Կալիֆոռնիա կարող է ստեղծել նույնիսկ Նյու֊Յորքի իր տանը։ Կալիֆոռնիան հրապուրում է կյանքի էժանությամբ և կլիմայով։ Նայեցե՛ք, նայեցե՛ք։ Այն տնակներում, որոնց միջով հիմա անցնում ենք, ապրում են փոքրիկ ռանտիեներ։ Բայց Կալիֆոռնիայում միայն ռանտիեներ չեն ապրում։ Երբեմն հանդիպում են մարդկային առանձնահատուկ ցեղի ներկայացուցիչներ՝ ամերիկյան լիբերալներ։ Պարոնա՛յք, մեր արմատական մտավորականներն ազնիվ ու լավ մարդիկ են։ Այո՛, այո՛, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկան, միայն ստանդարտ է, դոլարի հետևից ընկնել է միայն, միայն բրիջ կամ պոկեր խաղ։ Նո՛, նո՛, պարոնայք։ Հիշեցեք այն երիտասարդ միստերին, որի մոտ վերջերս մի երեկո անցկացրինք։
«Երիտասարդ միստերը»՝ Ադամսի հին ծանոթը, սերվել էր արիստոկրատ ընտանիքից։ Նրա ծնողները շատ հարուստ են եղել։ Նա ստացել է հիանալի դաստիարակություն, և նրան սպասում էր հոգսերից ու մտքերից ազատ, թեթև ու նրբին կյանք՝ երեք ավտոմոբիլով, գոլֆով, գեղեցիկ ու քնքուշ կնոջով, ընդհանրապես այն ամենով, ինչ միայն կարող է տալ հարստությունը և պիոներական ընտանիքից սերած լինելը, ընտանիք, որի նախնիները « Մեյֆլաուեր» են իջել մի քանի դար առաջ։ Բայց այս ամենից «երիտասարդ միստերը» հրաժարվել է։
Մենք նրա մոտ եկանք ուշ երեկոյան (դա մի մեծ արդյունաբերական քաղաքում էր)։ Նա ապրում էր վարձու բնակարանում, որը բաղկացած էր մի ընդարձակ սենյակից՝ գազի բուխարիկով, գրամեքենայով, հեռախոսով և գրեթե առանց կահույքի։ Տանտերն ու իր կինը, վերջինս գերմանական կոմկուսակցության անդամ, ամերիկացիներին ոչ հատուկ գունատություն ունեին։ Դա գունատություն էր այն մարդկանց, որոնց աշխատանքային օրը կարգավորված չէ և շատ հաճախ տևում է կեսգիշերից էլ ուշ, մարդիկ, որոնք ոչ ժամանակ ունեն, ոչ փող՝ սպորտով զբաղվելու, մարդիկ, որոնք սնվում են ինչպես պատահեց և որտեղ պատահեց և ամբողջովին նվիրված են ընտրած գործին։
Համոզվելով կապիտալիստական կարգերի անիրավացիության մեջ, երիտասարդ մարդը չսահմանափակվեց հաճելի, հոգին բարձրացնող գրքեր կարդալով, բոլոր հետևություններն արեց, գնաց մինչև վերջ, լքեց հարուստ հորը և մտավ կոմունիստական կուսակցության մեջ։ Հիմա նա կուսակցական աշխատող է։
Մեզանից հետո, կես ժամ անց, եկավ ևս մի հյուր՝ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարը։ Կահույքը չհերիքեց, և տանտերը նստեց հատակին։ Մեր առջև ամերիկյան կոմունիզմի երկու տիպիկ ներկայացուցիչներն էին՝ բանվոր կոմունիստ և մտավորական կոմունիստ։
Քարտուղարը ջահել էր, այտոսկրոտ, նման մոսկովյան կոմերիտականի։ Թվում էր, թե լիակատար նմանության համար պակասում էր միայն կեպին՝ քիվի պես կախված երկար հովարով։ Նա նավաշինարանի բանվոր էր և հիմա նավահանգստային բեռնակիրների մեծ գործադուլ էր անցկացնում։
― Մենք արդեն մի քանի զոհեր ենք տվել, բայց պայքարելու ենք մինչև վերջ, ― ասաց նա։ ― Երեկ գիշեր ոստիկանությունը փորձեց շտրեյխբրեխեներ բերել շոգենավերը։ Նրանք սկսեցին նեղել մեր ուղեկալորդներին և գործի դրին ատրճանակներ։ Ոստիկաններն ընդհարման վայրը լուսավորեցին լուսարձակով։ Բանվորներից շատերին ձերբակալություն էր սպառնում։ Այդ ժամանակ մերոնցից մեկը ճեղքելով մոտեցավ լուսարձակին և մի քար նետեց ապակու վրա։ Լուսարձակը հանգավ, մթության մեջ բանվորներին հաջողվեց պահել իրենց դիրքերը և մոտ չթողնել շտրեյխբրեխերներին։ Այս գործադուլը դժվար է անցկացնել, որովհետև մեզանում արհեստակցական շարժման միասնություն չկա․ բեռնակիրները գործադուլ են անում, իսկ ծովայիններն աշխատում են։ Իհարկե, տերերն օգտվում են դրանից և բեռներն ուղարկում են ատլանտիկյան նավահանգիստները։ Այդ բանը թանկ է նստում նրանց, բայց հիմա նրանց համար խնդիրը փողը չէ։ Նրանք մեզ կոտրել են ուզում։ Մենք, այնուամենայնիվ, շատ ենք աշխատում արհեստակցական շարժման միասնության վրա և հաջողության հույս ունենք։
Նա հանկարծ մտասուզվեց և ասաց․
― Թե կարողանայինք գետ որևէ մի ավտոմոբիլ ճարել, թեկուզ ամենահինը։ Ես մի ահագին շրջան ունեմ։ Երբ անհրաժեշտ է լինում կուսակցական գործերով որևէ տեղ գնալ, դուրս եմ գալիս ճանապարհ և բարձրացնում բութ մատս։ Բութ մատը միակ միջոցն է, որ հնարավորություն է ստեղծում դեսուդեն գնալու համար։
Նա խոսեց այն երեսուն դոլարի մասին, որն անհրաժեշտ է պայքար սկսելու սոխի պլանտացիաներում մեքսիկացիներին և ֆիլիպինցիներին միջնադարյան շահագործման ենթարկելու դեմ։ Բայց այդ երեսուն դոլարը չկար։ Դեռ պետք էր ճարել։
Կուսակցական աշխատողներից մի քանիսը ապրում են շաբաթական երկու դոլարով։ Սա ծիծաղելի թիվ է միլիոնատերերի երկրի համար։ Բայց ինչ կա որ, իրենց խղճուկ փշրանքներով նրանք արիաբար պայքարի են ելել մորգանների դեմ․․․ Եվ հաջողություն ունեն։ Մորգաններն իրենց միլիարդներով և հզոր մամուլով վախենում և ատում են նրանց։
Միսիս Ադամսը մեր տանտիրոջ կնոջ հետ վաղուց գնացել էր ինչ֊որ տեղ և հենց նոր վերադարձան՝ հացով ու երշիկով։ Մինչ մենք կվերջացնեինք մեր խոսակցությունը, նրանք բուտերբրոդներ էին պատրաստում երերուն սեղանի վրա։ Մի տեսարան, որի մասին մեզանում գիտեն միայն հազար ինը հարյուր հինգ թվականի նախօրյակին ռուս հեղափոխականների կենցաղը պատկերող թանգարանային նկարներից։
― ․․․ Այո՛, միստեր Իլֆ և միստեր Պետրով, ես տեսնում եմ, որ հիշեցիք այդ լավ մարդկանց, ― շարունակեց Ադամսը։ ― Ամերիկացիները գիտեն հրապուրվել գաղափարներով։ Բայց քանի որ նրանք ընդհանրապես գործարար մարդիկ են և գիտեն աշխատել, ապա հեղափոխական շարժման մեջ էլ նրանք զբաղվում են գործով և ոչ թե շաղակրատանքով։ Դուք տեսաք այդ քարտուղարին։ Շատ գործարար երիտասարդ է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, պարոնայք, կանգ առնել Կարմելում, դուք այնտեղ կտեսնեք ավելի հետաքրքիր մարդկանց։ Կարմելում ապրում է Լինկոլն Ստեֆենսը։ Պարոնայք, դա Ամերիկայի լավագույն մարդկանցից մեկն է։
Ճանապարհը մերթ մոտենում էր օվկիանոսին, մերթ վերստին հեռանում նրանից։ Երբեմն անցնում էինք բարձրադիր արմավենիների երկար ծառուղիներով, երբեմն բարձրանում կանաչ այգիներով և կուրորտային տնակներով շրջապատված բլրակները։ Փոքրիկ ու խաղաղ Կարմել քաղաքում նախաճաշեցինք ռեստորանում, որի պատերից կախված էին նշանավոր կինոդերասանների լուսանկարներ՝ իրենց ինքնագրերով։ Այստեղ արդեն Հոլլիվուդի հոտ էր փչում, թեև մինչ այն դեռ երկու հարյուր մղոն կար։
Կարմելի կանաչապատ փողոցներն իջնում են մինչև օվկիանոսի ափը։ այստեղ նույնպես, ինչպես Սանտա֊Ֆեում և Տաոսում, շատ նկարիչներ և գրողներ են ապրում։
Ամերիկյան գրող Ջոն Ռիդի բարեկամ Ալբերտ Ռիս Վիլյամսը, որը հեղափոխության օրերին նրա հետ ճամփորդել է Ռուսաստանում, ջահել դեմքով և բարեսրտորեն կկոցած աչքերով մեծ, ալեհեր այդ մարդը մեզ դիմավորեց փոքրիկ, խարխուլ տան բակում, որ վարձել էր ամսեամիս վճարելու պայմանով։ Նրա տնակն ամերիկյան մյուս տնակներին նմանվում էր միայն նրանով, որ այստեղ էլ բուխարիկ կար։ Մնացած ամեն ինչը արդեն նման չէր։ Անսպասելիորեն գորգածածկ թախտ կար դրված, շատ գրքեր կային, սեղանի վրա թափթփված էին բրոշյուրներ և թերթեր։ Իսկույն աչքի էր ընկնում՝ այս տան մեջ կարդում են։ Իր աշխատասենյակում Վիլյամսը բաց արեց մի մեծ եղեգնյա զամբյուղ և ճամպրուկ։ Դրանք պռնկե֊պռունկ լցված էին ձեռագրերով և լրագրերի կտրվածքներով։
― Ահա, ― ասաց Վիլյամսը, ― սրանք Սովետական Միության վերաբերյալ գրքի նյութերն են։ Այդ գիրքը ևս արդեն ավարտում եմ։ Ես էլի մի քանի զամբյուղ և ճամպրուկ նյութեր ունեմ։ Ես ուզում եմ, որ իմ գիրքը լինի բոլորովին լիակատար և ամերիկյան ընթերցողին ամբողջական և ճշգրիտ պատկերացում տա Սովետական Միությունում կյանքի դրվածքի մասին։
Վիլյամսը մի քանի անգամ եղել է մեզ մոտ և այցելություններից մեկի ժամանակ մի ամբողջ ամիս ապրել է գյուղում։
Վիլյամսի և նրա կնոջ՝ սցենարների հեղինակ Լյուսիտա Սկվայրի հետ, գնացինք Լինկոլն Ստեֆենսոնի մոտ։ Լյուսիտա Սկվայրը հագած ուներ ասեղնագործ քաթանե մորդովյան զգեստ։
― Այս զգեստը ես կրում եմ ի հիշատակ Ռուսաստանի, ― ասաց նա։
Մենք քայլում էինք օվկիանոսի ափով, չհոգնելով հիանալուց։
― Սև ծովն ավելի լավն է, ― նկատեց Լյուսիտա Սկվայրը։
Մենք գովեցինք Կարմելը, նրա տնակները, ծառերը, խաղաղությունը։
― Մոսկվան ինձ ավելի է դուր գալիս, ― չոր֊չոր նկատեց Լյուսիտա Սկվայրը։
― Դուք նրան մի՛ լսեք, ― ասաց Վիլյամսը, ― նա դիվահար է։ Շարունակ մտածում է Մոսկվայի մասին։ Աշխարհում նրան ոչինչ դուր չի գալիս, բացի Մոսկվայից։ Այնտեղ լինելուց հետո նա ատում է այն ամենը, ինչ ամերիկյան է։ Դուք հո լսեցի՞ք։ Նա ասաց, որ Սև ծովն ավելի գեղեցիկ է, քան Խաղաղ օվկիանոսը։ Նա անգամ ընդունակ է ասելու, որ Սև ծովն ավելի մեծ է, քան Խաղաղ օվկիանոսը, միայն նրա համար, որ Սև ծովը սովետական է։
― Այո, ― համառորեն ասաց Լյուսիտան, ― ես ասել եմ և կասեմ։ Ուզում եմ Մոսկվա գնալ։ Մենք ոչ մի րոպե այստեղ չպետք է նստենք։
Այդպես խոսելով, մենք մոտեցանք Լինկոլն Ստեֆենսի տանը, որը խիտ բուսականության հետևից գրեթե չէր երևում։
Ստեֆենսը նշանավոր ամերիկյան գրող է։ Նրա երկուհատորանոց ինքնակենսագրությունը դասական ստեղծագործություն է դարձել Ամերիկայում։
Սրտի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան անկողնից ելնելու։ Մենք մտանք մի սենյակ, որտեղ գլխով դեպի պատուհանը դրված էր երկաթյա սպիտակ մի մահճակալ։ Նրա մեջ, բարձերին հենված՝ կիսապառկել էր ոսկե ակնոցավոր մի ծերունի։ Կրծ քից փոքր֊ինչ ցած, վերմակի վրա դրված էր ցածրիկ, փոքրիկ մի նստարան՝ վրան պորտատիվ գրամեքենա։ Ստեֆենսը ինչ֊որ հոդված էր վերջացնում։
Ստեֆենսի հիվանդությունն անբուժելի էր։ Բայց նա, ինչպես և բոլոր դատապարտված մարդիկ, ու նույնիսկ նրանք էլ, որոնք հասկանում են իրենց դրությունը, երազում են ապագայի մասին, խոսում նրա մասին, պլաններ կառուցում։ Ճիշտն ասած՝ իր համար նա միայն մի պլան ուներ․ մեկնել Մոսկվա, որպեսզի մեռնելուց առաջ տեսնի սոցիալիզմի երկիրը և այնտեղ մեռնի։
― Ես այլևս չեմ կարող այստեղ մնալ, ― կամացուկ ասաց նա, գլուխը դեպի պատուհանը դարձնելով, ասես Կալիֆոռնիայի թեթև և ազատ բնությունը խեղդում էր նրան, ― ես այլևս չեմ կարող լսել այս ապուշային լավատես ծիծաղը։
Այդ ասաց մի մարդ, որն իր ամբողջ կյանքում հավատացել էր ամերիկյան դեմոկրատիային, պաշտպանել էր այն գրողի, լրագրողի և հռետորի իր տաղանդով։ Ամբողջ կյանքում նա գտնում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակական կառուցվածքը իդեալական է և ի վիճակի է մարդկանց ապահովելու ազատություն և երջանկություն։ Եվ ինչպիսի հարվածներ էլ ստանալիս լիներ այդ ճանապարհին, նա միշտ հավատարիմ էր մնացել նրան։ Նա ասում էր․ «Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ադմինիստրացիայում ազնիվ մարդիկ քիչ կան։ Մեր կարգը լավն է, մեզ միայն ազնիվ մադիկ են պետք»։
Իսկ հիմա նա ասաց մեզ․
― Ես ուզում էի որդուս համար մի գիրք գրել, որի մեջ որոշել էի պատմել ամբողջ ճշմարտությունն իմ մասին։ Եվ հենց առաջին էջում ես ստիպված էի․․․
Անակնկալ մենք լսեցինք կարճատև խուլ հեկեկանք։ Լինկոլն Ստեֆենսը լալիս էր։ Ձեռքերով նա փակել էր իր նուրբ ու նյարդային դեմքը՝ գիտնականի դեմքը։
Կինը բարձրացրեց նրա գլուխը և թաշկինակ տվեց։ Բայց նա, արդեն չամաչելով իր արցունքների համար, շարունակեց․
― Ստիպված էի որդուս բացատրել, թե որքա՜ն դժվար է իրեն ազնիվ մարդ համարել, երբ իրականում կաշառակեր ես։ Այո՛, այդ չիմանալով, ես գնվել էի բուրժուական հասարակության կողմից։ Չէի հասկանում, որ այն փառքն ու հարգանքը, որով ես պարգևատրված էի, հանդիսանում են միայն կաշառք, այն բանի համար, որ ես պաշտպանում էի անարդարացի կյանքի կառուցվացքը։
Մեկ տարի առաջ Լինկոլն Ստեֆենսը մտել էր կոմունիստական պարտիայի շարքերը։
Մենք երկար քննարկում էինք, թե ինչպես Ստեֆենսին փոխադրել Սովետական Միություն։ Գնացքով գնալ չէր կարելի, հիվանդ սիրտը թույլ չէր տա։ Գուցե շոգենավո՞վ։ Կալիֆոռնիայից Պանամայի ջրանցքով՝ Նյու֊Յորք, իսկ այնտեղից՝ Միջերկրական ծովով Սև ծովի ափը։ Մինչ մենք կառուցում էինք այս պլանները, Ստեֆենսը խոսակցությունից ուժասպառ, պառկել էր իր անկողնում՝ ձեռքերը դրած գրամեքենայի վրա։ Խաղաղված, ծալովի օձիքով սպիտակ վերնաշապիկով, վտիտ, փոքրիկ մորուքով և բարակ վզով, նա նմանվում էր մեռնող Դոն֊Կիխոտին։
Արդեն մութն էր, երբ վերադառնում էինք Վիլյամսի տունը։ Մեր հետևից, Բեկիին թևանցուկ արած, գալիս էր միստեր Ադամսը և հառաչելով քրթմնջում էր․
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկայում քիչ կան հիանալի մարդիկ։
Երեկոն անցկացրինք կարմելյան մի ճարտարապետի մոտ, ուր երեկույթի էր հավաքվել տեղական ինտելիգենցիան։
Գերանակապ առաստաղով բավական մեծ իսպանական դահլիճում շատ մարդիկ կային։ Տիկնիկի նման, փոքրիկ, մաքուր սափրված, բայց արտիստի մազերով տանտերը քաղաքավարի հյուրասիրում էր հավաքվածներին զովացուցիչ խմիչքներով և մրգահյութերով։ Նրա դուստրը վճռական տեսքով մոտեցավ դաշնամուրին և ուժգնորեն նվագեց մի քանի պիես։ Բոլորը լսում էին ծայրահեղ ուշադրությամբ։ Այդ հիշեցնում էր «Ռեվիզորի» համր տեսարանը։ Հյուրերը կանգնել էին այն դիրքով, որով նրանց հանկարծակիի էր բերել երաժշտությունը․ ոմանք բերանին մոտեցրած բաժակով, ոմանք խոսակցության պահին թեքված իրանով, ոմանք էլ ափսեն ձեռքին, որի վրա դրված էր նուրբ թխվածք։ Միայն մի ցածրահասակ մարդ, որի ուսերի լայնությունը հավասար էր իր հասակին՝ բավականաչափ նրբավարություն ի հայտ չէր բերում։ Նա բարձրաձայն ինչ֊որ բան էր պատմում։ Մսեղ, տափակ ականջները մատնում էին, որ նա բռնցքամարտիկ է։ Միստեր Ադամսը քարշ տվեց մեզ նրա մոտ։ Նրան մեզ ներկայացրին որպես բռնցքամարտի նախկին համաշխարհային չեմպիոն միստեր Շարկիի, հարուստ մի մարդու (երեք միլիոն դոլար), որը հեռացել է գործերից և Կարմելում հանգստանում է իր շատ համակրած արմատական մտավորականության շրջանում։
Միստեր Շարկին ուրախ չռեց իր դալկավուն աչքերը և իսկույն շոշափելու տվեց մեզ իր մկանունքները։ Բոլոր հյուրերն արդեն շոշափել էին միստեր Շարկիի մկանները, իսկ նա դեռ չէր հանգստանում, շարունակ ծալում էր իր կարճ և ուժեղ ձեռքերը։
― Պետք է խմել, ― հանկարծ ասաց միստեր Շարկին։
Այս ասելով, նա իր տունը տարավ ճարտարապետի հյուրերից տասնհինգ հոգու, նեռարյալ նրա երաժշտական աղջկան և մեզ՝ Վիլյամսների և Ադամսների հետ։
Աշխարհի չեմպիոնը վարձել էր հիանալի մի տնակ, որի հենց պատուհանների տակ Խաղաղ օվկիանոսը լուսնի շողերով լուսավորված իր ալիքներն էր գլորում։ Շարկին բացեց պահարանը, այնտեղից լույս աշխարհ հանվեցին ռոմեր, ջիներ, զանազան տեսակի վիսկիներ և նույնիսկ հունական մաստիքա, այսինքն՝ բոլոր այն թունդ խմիչքները, որ պատրաստում է համաշխարհային սպիրտա֊օղիային արթյունաբերությունը։
Դժոխային խառնուրդներ սարքելով և հյուրերին բաժակներ բաժանելով, միստեր Շարկին ավելի լայն բացեց իր գունատ աչքերը և սկսեց կատաղիորեն ստել։
Առաջին հերթին նա հայտարարեց, որ համոզված է Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի անմեղության մեջ, և կարող էր վկա լինել այդ գործով, եթե չվախենար իր կապերը դրսևորել բուտլեգերների, այսինքն՝ «ցամաք օրենքի» ժամանակ սպիրտ վաճառողների հետ։
Հետո նա պատմեց, թե ինչպես մի անգամ, եռակայմ առագաստանավի հրամանատար լինելով, նավարկել է դեպի Հարավային բևեռ, ինչպես առագաստանավը սառցակալել է, և նավի անձնակազմը ցանկացել է սպանել իրեն, բայց ինքը մեն֊մենակ ճնշել է անձնակազմի ապստամբուցյունը և նավը բարեհաջող դուրս բերել տաք լայնություններ։
Դա անչափ գունեղ, անչափ ծովահենային պատմվածք էր, որպեսզի այդ առթիվ մեկ անգամ էլ չխմվեր։
Ապա միստեր Շարկին հաղորդեց, թե պաշտում է արմատական մտավորականությանը և որ Ամերիկայում հնարավորին չափ պետք է շուտ հեղափոխություն կատարել։ Հետո մեզ բոլորիս առաջնորդեց ննջարան և ցույց տվեց երեք մահճակալների մեջ քնած երեք աղջիկներին։ Տեղնուտեղը նա պատմեց հույժ ռոմանտիկ մի պատմություն, թե ինչպես իր կինը փախել է իր սեփական դռնապանի հետ, ինչպես է ընկել նրանց հետևից, հասել և ատրճանակը ձեռքին ստիպել է դավաճան դռնապանին ամուսնանալ իր գայթակղեցրած կնոջ հետ։ Իր աղջիկներին նա սովորեցնում է առավոտները մարմնամարզական քայլք կատարել, գտնելով, որ դա ճիշտ դաստիարակություն է։
Մի խոսքով, միստեր Շարկին իր հյուրերին ոչ մի րոպե ձանձրանալու միջոց չէր տալիս։
Նա հյուրերին առաջնորդեց մարմնամարզական դահլիճ, հանեց վերնաշապիկը և մինչև գոտկատեղը մերկ, սկսեց ձգվել մարզաձողի վրա։
Վերջում նա հագավ բռնցքամարտիկի ձեռնոցներ և ցանկացողներին կոչ արեց ընկերական մրցության։
Միստեր Ադամսի աչքերում վառվեց այն հուրը, որն արդեն տեսել էինք էլեկտրական աթոռին նստելիս, և երբ նա մոլոկանների հետ երգում էր հոգևոր շարականներ։ Այս մարդը ամեն բան պետք է փորձեր։
Նրա ձեռքերին ամրացրին կաշվե ձեռնոցներ, և նա տղայական ճիչով նետվեց համաշխարհային չեմպիոնի վրա։ Պաշտոնաթող չեմպիոնը սկսեց ցատկոտել միստեր Ադամսի շուրջը, շինծու սարսափով իրեն պաշտպանելով։ Երկու հաստլիկները թռչկոտում էին և ծիծաղից հիստերիկ ճիչեր արձակում։ Վերջ ի վերջո միստեր Ադամսը ընկավ նստարանի վրա և սկսեց տրորել թեթևակի վնասված ուսը։ Հետո հյուրերը մեկական բաժակ էլ խմեցին և ցրվեցին տները։
Առավոտյան հրաժեշտ տալով Լինկոլն Ստեֆենսին, մեկնեցինք Հոլլիվուդ։
Կես տարի անց, մենք նամակ ստացանք մեր բարեկամ միստեր Ադամսից։ Ծրարը լիքն էր լրագրերի կտրվածքներով։ Շատ նորություններ իմացանք Կարմելի մասին։ Ռիս Վիլյամսն ավարտել էր իր գիրքը Սովետական Միության մասին, բայց հիմա նոր սահմանադրության նախագծի հրապարակման կապակցությամբ նորից նստել է գրելու և գրքի մեջ անհրաժեշտ լրացումներ մտցնելու։
Պարզվեց, որ չափազանց բարի, երեխայի պես միամիտ միստեր Շարկին, առագաստանավի նավապետ և բուտլեգեր, «համաշխարհային չեմպիոն» Շարկին եղել է ոստիկանական գործակալ, կապված է եղել ֆաշիստական «Ամերիկյան լեգիոնի» հետ, և բացի այդ՝ հին պրովոկատոր, որ մի ժամանակ մատնել է «Աշխարհի ինդուստրիալ բանվորների» ականավոր լիդեր Բիլ Հեյվուդին, և բնավ էլ միստեր Շարկի չի եղել։ Նա եղել է նաև կեպտեն Բաքսի, նույն ինքը՝ Բերգեր, նույն ինքը՝ Ֆորստեր։ Պատերազմի օրերին երբ Չիկագոյում մատնել է Բիլ Հեյվուդին, եղել է Չիկագոյի նշանավոր ռակետիրը և կրել է «Նավապետ Իքս» մականունը։
Իսկ արդեն մեկ ամիս անց, մենք կարդացինք թերթերում, որ Կալիֆոռնիա նահանգի Կարմել քաղաքում յոթանասուն տարեկան հասակում վախճանվել է գրող Լինկոլն Ստեֆենսը։
Նրան այնպես էլ չվիճակվեց մեռնել սոցիալիզմի երկրում։
Նա մեռավ սրտի կաթվածից, գրամեքենայով աշխատելիս։ Մեքենայից դուրս ցցված թղթի թերթի վրա տպված էր մի թերավարտ հոդված իսպանական դեպքերի մասին։ Այդ հոդվածի վերջին տողերն էին․
«Մենք՝ ամերիկացիներս, չպետք է մոռանանք, որ մեզ վիճակվելու է ճիշտ այդպիսի մարտ մղելու ֆաշիստների դեմ»։
Գլուխ երեսունհինգերորդ — Չորս ստանդարտ
Դժվար է ասելը, բայց Հոլլիվուդը, որի հռչակը հարյուրավոր անգամներ տարածվել է աշխարհով մեկ, որի մասին քսան տարվա ընթացքում ավելի շատ գիրք ու հոդված է գրվել, քան երկու հարյուր տարում Շեքսպիրի մասին, մեծ Հոլլիվուդը, որի երկնակամարին աստղերը ծագում և մայր են մտնում միլիոնավոր անգամ ավելի արագ, քան այդ մասին պատմում են աստղագետները, Հոլլիվուդը, որի մասին երազում են հարյուր հազարավոր աղջիկներ բովանդակ երկրի բոլոր կողմերում, այդ Հոլլիվուդը տաղտկալի է, անասելի տաղտկալի։ Եվ եթե ամերիկյան փոքրիկ քաղաքում հորանջը տևում է մի քանի վայրկյան, ապա այստեղ նա տևում է մի ամբողջ րոպե։ Իսկ երբեմն էլ բնավ ուժ չի լինում բերանը փակելու։ Այնպես էլ նստում ես՝ թախծից աչքերդ կկոցած և երախդ բաց ինչպես որսված առյուծ։
Հոլլիվուդը ճիշտ պլանավորված, շատ լավ ասֆալտած և հիանալի լուսավորված մի քաղաք է, որտեղ ապրում է երեք հարյուր հազար մարդ։ Բոլոր այդ երեք հարյուր հազարը կամ զբաղված են կինոարդյունաբերության մեջ, կամ սպասարկում են այնտեղ աշխատողներին։ Ամբողջ քաղաքը զբաղված է մի գործով՝ նկարներ է պտտեցնում կամ, ինչպես Հոլլիվուդում են ասում, նկարներ է «կրակում»։ Նկարահանող ապարատի ճարճատյունը շատ նման է գնդացրի ճարճատյունին, այդտեղից էլ առաջացել է «կրակել» տերմինը։ Այդ ամբողջ հարգարժան հասարակությունը տարեկան կրակում է մոտ ութ հարյուր նկար։ Վիթխարի թիվ է, ինչպես բոլոր թվերն Ամերիկայում։
Մեր առաջին զբոսանքը Հոլլիվուդի փողոցներով տանջալից էր։ Անցորդների մեծամասնությունը մեզ ծանոթ էր թվում։ Ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանվել այն մտքից, որ ինչ֊որ տեղ արդեն տեսել ենք այդ մարդկանց, ծանոթ ենք նրանց հետ և ինչ֊որ բան գիտենք նրանց մասին։ Իսկ որտե՞ղ ենք տեսել և ի՞նչ գիտենք, թեկուզ սպանեիք էլ, ոչ մի կերպ չէինք հիշի։
― Նայեցե՛ք, նայեցե՛ք, բղավում էինք մենք մեկմեկու, ― ահա այս մոդայական նեղ ժապավենով, բաց գույնի գլխարկավորին մենք անպայման տեսած կլինենք։ Այս անպատկառ աչքերն անհնար է մոռանալ։ Որտե՞ղ ենք հանդիպել։
Բայց անպատկառ աչքերով մարդուց հետո գալիս էին էլի հարյուրավոր մարդիկ․ կային կոմպոզիտորի նմանվող, բայց «Գլան» կինոնկարից, մոդայիկ «Չիկտա֊չիկ» երգը սուլող ծերունիներ, և ծերունիներ, որոնք նման էին բանկիրների, բայց հագնված էին որպես բանկի մանր ավանդատուներ, և սովորական կաշվե բաճկոնով, բայց գանգստերների նմանվող երիտասարդներ։ Միայն աղջիկները բոլորը մի դեմք ունեին, և այդ դեմքը տանջալից ու տհաճորեն ծանոթ էր մեզ, ինչպես ծանոթ էին գանգստերի դիմագծերով երիտասարդ մարդկանց և պատկառելի, ոչ այն է բանկիր, ոչ այն է կոմպոզիտոր ծերուկների ու աստված գիտե թե ում կերպարանքները։ Ի վերջո, անտանելի դարձավ այդ։ Եվ այժմ միայն գլխի ընկանք, որ բոլոր այդ մարդկանց տեսել ենք կինոնկարներում, որ դրանք բոլորն էլ դերասաններ կամ ստատիստներ, երկրորդ և երրորդ պլանի մարդիկ են։ Նրանք այնքան հայտնի չեն, որպեսզի ճիշտ հիշես նրանց դեմքերն ու ազգանունները, բայց միաժամանակ ուղեղիդ մեջ ինչ֊որ աղոտ հիշողություն է մնում այդ մարդկանցից։
Որտե՞ղ ենք տեսել մեքսիկական այտմորուսով այս գեղեցիկ տղամարդուն։ Կամ խաղացել է «Սիրիր միայն ինձ» անունով նկարում, կամ պարային «Կհանդիպենք ուղիղ կեսգիշերին» կինոպիեսում։
Հոլլիվուդի դեղատները ճոխ են։ Նիկելով և ապակիով զարդարված, սպիտակ ուսադիրներով բաճկոններ հագած կիրթ անձնակազմ ունեցող այդ հիմնարկությունները աշխատանքի մեջ հասել են այնպիսի կատարելության, որ մեծ մասամբ հիշեցնում են էլեկտրական կայանների մեքենայական սրահներ։ Այդ տպավորությանը նպաստում են ծորակների ֆշշոցը «մոլտեդ միլկ» հարող փոքրիկ մոտորիկների թեթև գվվոցը և սանդվիչների մետաղահամը։
Քաղաքի վրա շողում է ծննդյան տոների ուժեղ արևը։ Թանձր, սև ստվերներ էին ընկել ասֆալտե գետնին։ Հոլլիվուդյան կլիմայում ինչ֊որ անախորժ բան կա։ Արևի մեջ արևային ոչինչ չկա, այն նման է տաք լուսնի, թեև շատ ուժեղ է տաքացնում։ Օդում շարունակ ինչ֊որ հիվանդագին չորություն է զգացվում, և բենզինի հոտով հագեցաց քաղաքի մթնոլորտը անտանելի է։
Մենք անցանք փողոցային լապտերների տակով, նրանց վրա տնկված էին ստվարաթղթե արհեստական տոնածառներ, որոնք ունեին էլեկտրական մոմեր։ Այդ դեկորացիան ծննդյան տոների առթիվ սարքել էին առևտրականները։ Ամերիկայում ծննդյան տոները առևտրի մեծ ու պայծառ տոն է, որը ոչ մի կապ չունի կրոնի հետ։ Դա չծախվող ապրանքների հսկայական վաճառք է, և որքան էլ աստծուն չսիրեք, ոչ մի կերպ չեք կարող նրան մեղադրել այս մութ գործերին մասնակից լինելու մեջ։
Բայց նախքան աստծու, առևտրի և հոլլիվուդյան կյանքի մասին պատմելը, պետք է խոսել ամերիկյան կինոյի մասին։ Սա կարևոր և հետաքրքիր նյութ է։
Մեզ՝ մոսկովյան հանդիսատեսներիս, ամերիկյան կինեմատոգրաֆիան փոքր֊ինչ երես է տվել։ Այն ինչ հասնում է Մոսկվա և գիշերային սեանսներին ցույց է տրվում փոքր թվով կինոմասնագետների, գրեթե միշտ էլ Հոլլիվուդի լավագույն արտադրանքից է լինում։
Մոսկվան տեսել է Լուի Մալստոնի, Կինգ Վիգորի, Ռուբեն Մամուլյանի և Ջոն Ֆորդի նկարները, կինեմատոգրաֆիական Մոսկվան տեսել է լավագույն ռեժիսյորների լավագույն նկարները։ Մոսկովյան հանդիսատեսները հիանում էին Դիսնեյի խոզուկներով, պինգվիններով և մկնիկներով, հիանում էին Չապլինի գլուխգործոցներով։ Այդ ռեժիսյորները, բացառուցյամբ Չապլինի, որը մի նկարը բաց է թողնում մի քանի տարվա ընթացքում, տարեկան նկարահանում են հինգ, ութ, տասը նկար։ Իսկ ինչպես հայտնի է արդեն, ամերիկացիները տարեկան ութ հարյուր նկար են «կրակում»։ Մենք, իհարկե, ենթադրում ենք, մնացած յոթ հարյուր իննսուն նկարներն էլ աստված գիտե ինչ գանձեր են։ Բայց չէ՞ որ մենք միայն լավերն էինք տեսել, իսկ վատերի մասին միայն լսել էինք։ Ուստի և շատ ծանր է ամերիկյան կինեմատոգրաֆիայից ստացած տպավորությունը, երն նրա հետ ծանոթանում ես իր հայրենիքում։
Նյու֊Յորքում գրեթե ամեն երեկո գնում էինք կինո։ Կալիֆոռնիա ուղևորվելիս, ճանապարհին, մեծ ու փոքր քաղաքներում կանգ առնելիս, կինո էինք գնում ոչ թե երբեմն, այլ պարզապես՝ ամեն երեկո։ Ամերիկյան կինոներում մի սեանսի ընթացքում ցույց են տալիս երկու մեծ նկար, մի փոքրիկ կոմեդիա, մեկ մուլտիպլիկացիոն և զանազան կինոֆիրմաների նկարահանած մի քանի խրոնիկալ ժուռնալ։ Այդպիսով, միայն մեծ նկարներ տեսել ենք հարյուրից ավելի։
Կինոռեպորտյորը Ամերիկայում տալիս է ամենավերջին նորությունները․ Դիսնեյի մուլտիպլիկացիաները հոյակապ են, նրանց մեջ պատահում են իսկական գլուխգործոցներ, ամերիկյան կինոտեխնիկան գովասանքի կարիք չի զգում․ բոլորին հայտնի է, որ այն շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բայց, այսպես կոչված, «գեղարվեստական» նկարներն ուղղակի վախեցնում են։
Այդ բոլոր նկարները ցածր են մարդկային արժանապատվության մակարդակից։ Մեզ թվում է, որ նման նկարներ նայելը նվաստացուցիչ զբաղմունք է։ Նրանք հաշվի են առնված թռչնային ուղեղի, խոշոր եղջերավոր մարդկության ծանրամտության, ուղտային անպահանջկոտության վրա։ Ուղտը կարող է մի շաբաթ առանց ջրի յոլա գնալ, ամերիկյան հանդիսատեսների որոշ տեսակը կարող է քսան տարի շարունակ նայել անիմաստ նկարներ։ Ամեն երեկո մենք կինեմատոգրաֆի շենքն էինք մտնում ինչ֊որ հույսով, իսկ դուրս էինք գալիս այնպիսի զգացումով, ասես կերել ենք ձանձրալի, բոլոր մանրամասնություններով հայտնի համար երկու նախաճաշը։ Ասենք, հանդիսականներին, ամենասովորական ամերիկացիներին՝ գարաժների աշխատողներին, գործակատարներին, առևտրական ձեռնարկատերերին, դուր էին գալիս այդ նկարները։ Սկզբում մենք զարմանում էինք դրա վրա, հետո վշտանում, հետո սկսեցինք պարզել, թե ինչպես է պատահել, որ նման նկարները հաջողություն ունեն։
Այն ութ կամ տասը նկարները, որոնք, այնուամենայնիվ, լավ են, մենք այդպես էլ չտեսանք երեք ամիս կինեմատոգրաֆներում լինելով։ Այդ տեսակետից հայտնի աղբակույտը քջջող աքաղաղը մեզանից երջանիկ էր։ Լավ նկարներ Հոլլիվուդում մեզ ցույց տվին իրենք, ռեժիսյորները՝ ընտրելով տարիների ընթացքում նկարահանած հարյուրավոր ֆիլմերից մի քանիսը։
Կա նկարների չորս գլխավոր ստանդարտ․ երաժշտական կոմեդիա, պատմական դրամա, բանդիտական կյանքից վերցրած ֆիլմ և ֆիլմ օպերային նշանավոր երգչի մասնակցությամբ։ Այդ ստանդարտներից յուրաքանչյուրն ունի միայն մի սյուժե, որն անվերջ ու հոգնեցուցիչ կերպով ձևափոխվում է։ Ամերիկյան հանդիսատեսները տարեցտարի փաստորեն նայում են միևնույն բանը։ Նրանք այնպես են ընտելացել դրան, որ եթե հրամցնեն նոր սյուժեով նկար, թերևս լաց լինեն այն երեխայի պես, որից խլել են բոլորովին քրքրված, միջից կես արած, բայց սիրած խաղալիքը։
Երաժշտական կոմեդիայի սյուժեն այս է․ աղքատ ու գեղեցիկ աղջիկը դառնում է վարյետեի աստղ։ Ընդ որում նա սիրահարվում է վարյետեի դիրեկտորին (գեղեցիկ երիտասարդ)։ Այնուհանդերձ այնքան էլ հասարակ սյուժե չէ։ Բանն այն է, որ դիրեկտորը գտնվում է մեկ ուրիշ պարուհու, նույնպես գեղեցիկ ու երկարոտն, բայց զզվելի բնավորությամբ պարուհու բռան մեջ։ Այնպես որ, նշմարվում է շատ հայտնի մի դրամա, կոլիզիա։ Կան և տարբերակներ։ Աղքատ աղջկա փոխարեն աստղ է դառնում մի աղքատ երիտասարդ, մի յուրատեսակ անճոռնի ճուտիկ։ Նա հանդես է գալիս ընկերների հետ, բոլորը մեկտեղ կազմում են ջազ֊բանդ։ Լինում է և այնպես, որ աստղ են դառնում և՛ ջահել աղջիկը, և՛ ջահել տղան։ Հասկանալի է, որ նրանք սիրում են միմյանց։ Սակայն սերը նկարի միայն մեկ հինգերորդական մասն է կազմում, մնացած չորս հինգերորդը նվիրված են ռևյուին։ Մեկուկես ժամվա ընթացքում անվերջ առկայծում են մերկ ոտքեր, և հնչում է նման դեպքում՝ պարտադիր երգի ուրախ եղանակը։ Եթե ֆիլմի վրա շատ փող է ծախսված, ապա հանդիսատեսին ցույց են տալիս աշխարհի լավագույն ոտքերը։ Եթե ֆիլմն էժանագին է, ապա ուրեմն, ոտքերն էլ վատն են, ոչ այնքան երկար ու գեղեցիկ։ Սա սյուժեին չի վերաբերում։ Երկու դեպքում էլ սյուժեն չի զարմացնում մտահղացման բարդությամբ։ Սյուժեն հարմարեցվում է չեչոտկային։ Հասարակությունը սիրում է չեչոտկայով պիեսներ։ Նրանք դրամարկղային հաջողություն ունեն։
Պատմական դրամաների իրադարձությունները շատ տարբեր են լինում, նայած թե ով է հանդիսանում գլխավոր գործող անձը։ Սրանք բաժանվում են երկու կարգի․ հին՝ հունա֊հռոմեական և ավելի ժամանակակից՝ մուշկետյորական։ Եթե նկարում գլխավորող է Հուլիոս Կեսարը կամ, ասենք, Նումա Պոմպիլիոսը, ապա լույս աշխարհ են հանվում հունա֊հռոմեական ֆիբրոլիտե զենք ու զրահը և երիտասարդ մարդիկ, որոնց մենք տեսանք Հոլլիվուդի փողոցներում, կատաղիորեն «կոտորում» են իրար փայտե տապարներով և սրերով։ Եթե գլխավոր գործող անձը Եկատերինա երկրորդն է, Մարիա Անտուանետը կամ որևէ թագավորական տոհմի երկարահասակ անգլուհի, ապա դա կլինի մուշկետյորական կարգի, այսինքն՝ գլխարկների թափահարում՝ ջայլամի փետուրները հատակին դիպցնելով, բազմիցս անառիթ մենամարտեր, հետապնդումներ և հալածանքներ հաստագավակ արշավաձիերով, ինչպես նաև երիտասարդ ու աղքատ ազնվականի վսեմ, պլատոնիկ ու տաղտկալի սերը կայսրուհու կամ թագուհու հետ, որն ուղեկցվում է խստորեն չափավորված համբյուրներով (Հոլլիվուդի ցենզուրան արտոնում է միայն որոշ մետրաժի համբյուրներ)։ Պիեսի սյուժեն այնպիսին է, ինչպիսին աստված է տվել։ Եթե աստված ոչինչ չի տվել, խաղում են նաև առանց սյուժեի։ Սյուժեն կարևոր չէ։ Կարևորը մենամարտերն են, մահապատիժները, խնջույքներն ու ճակատամարտերը։
Բանդիտական կյանքից վերցված ֆիլմերում հերոսները սկզբից մինչև վերջ կրակում են ավտոմատ ատրճանակներից, ձեռքի և մինչև իսկ հաստոցավոր գնդացրերից։ Հաճախ սարքվում են հետապնդումներ ավտոմոբիլներով (ընդ որում, մեքենաներն անպայման դուրս են ընկնում ոլորաններից, որը և իրենից ներկայացնում է նկարի գեղարվեստական հիմնական մանրամասնը)։ Այդպիսի ֆիլմերը պահանջում են դերասանական մեծ խումբ։ Տասնյակ դերասաններ դուրս են ընկնում գործող անձանց ցուցակից պիեսի հենց սկզբից։ Նրանց սպանում են մյուս գործող անձինք։
Ասում են, թե այդ ֆիլմերը շատ նման են կյանքին, սոսկ այն առանձնահատկությամբ, որ բանկերի վրա հարձակում կատարող և միլիոնատերերի երեխաներ փախցնող իսկական գանգստերները երազել անգամ չեն կարող այն եկամուտների մասին, որ բերում են իրենց իսկ կյանքից վերցրած ֆիլմերը։
Վերջապես, օպերային երգչի մասնակցությամբ ֆիլմը։ Այստեղ արդեն ինքներդ էլ հասկանում եք, առանձնապես քաշվելու բան չկա։ Ո՞վ է պահանջելու, որ օպերային երգիչը խաղա այնպես, ինչպես Կոկլեն֊ավագը։ Նա խաղալ չգիտե և անգամ չի էլ ուզում։ Նա ուզում է երգել, և նրա այդ օրինական ցանկությունը պետք է բավարարել, մանավանդ որ հանդիսատեսներն էլ են ցանկանում, որ նշանավոր երգիչը, որքան հնարավոր է, շատ երգի։ Այսպիսով, սյուժեն այստեղ էլ նշանակություն չունի։ Սովորաբար այսպիսի մի պատմություն է տեղի ունենում։ Չքավոր մի երիտասարդ (ցանկալի էր, իհարկե, որ նա լիներ գեղեցիկ, բայց այստեղ արդեն ստիպված են հաշվի նստել երգչի արտաքին տվյալների հետ․ փոր, աչքերի տակ այտուցներ, կարճ ոտքեր) սովորում է երգել, բայց հաջողություն չունի։ Թե ինչու հաջողություն չունի հասկանալի չէ, որովհետև ուսուցման հենց սկզբին նա նույնքան վարպետորեն է երգում, որքան և իր փառքի գագաթին։ Բայց ահա երևան է գալիս ջահել ու գեղեցիկ մեկենասուհի, որն առաջ է մղում երգչին։ Նա անմիջապես ընկնում է «Մետրոպոլիտեն օպերա» և հանկարծ նրա գլխին է թափվում վիթխարի, աներևակայելի, ապշեցուցիչ, հրեշավոր և գերբնական հաջողությունը, այնպիսի հաջողություն, որ Շալյապինն անգամ իր լավագույն տարիներին երազում չէր տեսել։ Կա միայն մի տարբերակ․ հաջողության է հասնում ոչ թե երգիչը, այլ երգչուհին, և այդ դեպքում դրամայի շեքսպիրյան օրենքների համաձայն, մեկենասի դերը խաղում է ոչ թե կին, այլ հարուստ ու գրավիչ մի տղամարդ։ Հասարակությունը երկու տարբերակներն էլ ընկալում է միատեսակ խնդությամբ։ Բայց գլխավորը հանրամատչելի մեներգներն են, որոնք կատարվում են գործողության ընթացքում։ Շատ լավ է, եթե դրանք լինեն «Պայացներ»֊ից , «Բոհեմա»֊ից կամ «Ռիգոլետտո»֊ից։ Հասարակությանը դուր է գալիս այդ։
Բոլոր չորս ստանդարտներում էլ պահպանվում է ոճի միասնությունը։
Հոլլիվուդի դերասանուհին ինչ էլ որ խաղալիս լինի՝ խաչակրի սիրուհի, հուգենոտի հարսնացու կամ ամերիկյան ժամանակակից աղջիկ, միշտ էլ մազերը հարդարում է ամենամոդայիկ ձևով։ Հորիզոնական մշտագանգուր սանրվածք է լինում և միջնադարյան գլխի և հուգենոտյան գլխի վրա։ Այս հարցում Հոլլիվուդը փոխադարձ զիջման չի գնում։ Պատմության հարցում ուզածդ զիջումը կանեն․ տապարը տապար պետք է լինի, արկեբուզը արկեբուզ, խնդրե՛մ։ Բայց գանգուրները պետք է այնպես հարդարված լինեն, ինչպես ընդունված էր հազար ինը հարյուր երեսունհինգ թվականին։ Հասարակությանը դուր է գալիս այդ։ Միջին դարեր շատ կան և չարժե դրա համար սանրվածքը փոխել։ Բան է, թե ինը հարյուր երեսունյոթ թվականին սանրվածքը փոխվի, այդ դեպքում մազերը կսանրվեն երեսունյոթ թվականի մոդայով։
Պատմական բոլոր դրամաները իրենցից ներկայացնում են միևնույն ամերիկյան պաղ սերը՝ տարբեր ֆոների վրա։ Երբեմն տերունական դագաղը նվաճելու ֆոնի, երբեմն Ներոնի՝ Հռոմը այրելու ֆոնի, երբեմն սկանդինավյան ստվարաթղթի ամրոցների ֆոնի վրա։
Գլխավոր ստանդարտներից բացի, կան մի քանի երկրորդական նկարներ, օրինակ, վունդերկինդներով նկար։ Այստեղ արդեն գործը կախված է դիպվածից։ Պետք է գտնել տաղանդավոր երեխա։ Հիմա հենց այդպիսի շնորհալի մի երեխա գտնված է, դա փոքրիկ աղջիկ Շիռլի Տեմպլն է։ Մանկական մի սյուժե կա՝ երեխան երջանկացնում է մեծահասակներին։ Եվ հնգամյա կամ վեցամյա աղջկան ստիպում են տարեկան մի քանի ֆիլմերում նկարահանվել, որպեսզի երջանկացնի իր ծնողներին, որոնք իրենց աղջկա շնորհիվ վաստակում են այնպես, ասես անսպասելիորեն նավթի շատրվան խփած լինի։
Բացի այդ, հանդիպում են բանվոր դասակարգի կյանքից վերցրած նկարներ։ Սա արդեն միանգամայն ստոր ֆաշիստական թխվածք է։ Հարավի փոքրիկ մի քաղաքում, որտեղ հովվերգորեն աղմկում են ծառերը և խաղաղ լուսավորում են լապտերները, մենք տեսանք «Ռիֆ֊ռաֆ» անունով մի նկար։ Այստեղ պատկերված է մի բանվոր, որը դեմ է գնացել իր տիրոջը և տիրոջ պրոֆմիությանը։ Հանդուգն բանվորը դարձել է թափառաշրջիկ։ Նա հասել է բոլորովին ցածր աստիճանի։ Հետո այդ թեթևսոլիկ և անառակ որդին վերադառնում է տիրոջ մոտ։ Զղջացել է և գրկաբաց ընդունվել տիրոջ կողմից։
Կուլտուրական ամերիկացին չի գտնում, որ իր հայրենական կինեմատոգրաֆիան իրավունք ունի արվեստ կոչվելու։ Դեռ ավելին․ նա ձեզ կասի, որ ամերիկյան կինեմատոգրաֆիան դա բարոյական համաճարակ է, ոչ պակաս վտանգավոր, քան քութեշն ու ժանտախտը։ Ամերիկյան կուլտուրայի բոլոր գերազանց նվաճումները՝ դպրոցները, համալսարանները, գրականությունը, թատրոնը՝ այդ ամենն ընկճել, խլացրել է կինեմատոգրաֆիան։ Կարելի է բարեհամբյուր և խելոք տղա լինել, հիանալի սովորել դպրոցում, հրաշալի անցնել համալսարանական գիտությունների դասընթացը և մի քանի տարի կանոնավոր կինեմատոգրաֆ հաճախելուց հետո դառնալ ապուշ։
Այդ ամենը մենք զգացինք դեռ Հոլլիվուդի ճանապարհին։
Երբ առաջին զբոսանքից վերադառնում էինք հյուրանոց (հանգամանքների տարօրինակ բերումով իջևանել էինք Հոլլիվուդ քաղաքի «Հոլլիվուդ» հյուրանոցում, դրանից ավելի հոլլիվուդային բան դժվար էր մտածել), կանգ առանք կենդաբանական խանութի ցուցափեղկի առջև։ Այստեղ մանր կտրտված լրագրաթղթի փռվածքի վրա խայտում էին այլանդակ, բարի շան լակոտներ։ Սրանք նետվում էին դեպի ապակին, հաչում, գրկախառնվում և ընդհանրապես անձնատուր էին եղել շնային փոքրիկ ուրախություններին։ Մյուս ցուցափեղկում, վանդակի մեջ, նստել էր մի պստլիկ կապիկ՝ առավել պստլիկ նորածին կապիկը գրկին։ Եթե մայրն իր չափով մի քիչ մեծ էր կատվից, ապա երեխան բոլորովին միկրոսկոպիկ էր, վարդագույն, մերկ, կարեկցանք հարուցող։ Մայրը քնքշորեն լիզում էր երեխային, կերակրում, շոյում գլուխը ու աչք չէր կտրում նրանից։ Հանդիսատեսների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Դա մայրության մարմնացումն էր։
Եվ, այնուամենայնիվ, կյանքում մենք երբեք չէինք տեսել մայրական սիրո ավելի թունալից ծաղրանկար։ Այդ ամենը նման էր այն բանին, որ անում են մարդիկ, բայց միևնույն ժամանակ, չգիտես ինչու, այնպես անախորժ էր, որ ցուցափեղկի առջև հավաքված փոքրիկ բազմությունը ոչ մի բառ չարտասանեց։ Բոլորի դեմքերին տարօրինակ, շփոթված ժպիտ կար։
Մենք դժվարությամբ պոկվեցինք կապկային ցուցափեղկից։
Հետո խոստովանեցինք միմյանց, որ նայելով կապկին ու նրա ձագին, մտածեցինք ամերիկյան կինեմատոգրաֆիայի մասին։
Այն նույնքան նման է իսկական արվեստին, ինչպես կապկի՝ երեխաների նկատմամբ տածած սերը նման է մարդկային սիրուն։ Շատ նման է և միևնույն ժամանակ անտանելի նողկալի է։
Գլուխ երեունվեցերորդ
Խալտուրայի աստվածը
Մեր սենյակի պատուհանները նայում էին Հոլլիվուդ բուլվարին։ Խաչմերուկի մի անկյունում դեղատուն էր, մյուսում՝ բանկ։ Բանկի հետևում երևում էր մի նոր շենք։ Նրա ամբողջ ճակատը զբաղված էր էլեկտրական տառերով․ «Մաքս Ֆակտոր»։
Շատ տարիներ առաջ Մաքս Ֆակտորը՝ ճղճղված շալվարով այդ երիտասարդը, Ռուսաստանի հարավից գալիս է Ամերիկա։ Առանց երկար֊բարակ մտածելու, Մաքսը ձեռնամուխ է լինում թատերական գրիմ և պարֆյումերիա պատրաստելու գործին։ Շուտով բոլոր քառասունութ միավորված նահանգները նկատում են, որ միստեր Ֆակտորի արտադրանքը սկսում է նվաճել շուկան։ Բոլոր կողմերից փող է հոսում Մաքսի գրպանը։ Այժմ Մաքսն անասելի հարուստ է և սիրում է հաճախորդներին պատմել իր կյանքի կախարդական պատմությունը։ Իսկ եթե հաճախորդը ծագումով պատահմամբ Ելիսավետգրադից, Նիկոլաևից կամ Խերսոնից է, ապա նա կարող է վստահ լինել, որ բախտավոր տերը կստիպի նրան իբրև հիշատակ ընդունել մի մեծ բանկա երեսի կրեմ կամ արհեստական թերթերունքների հավաքածու, որոնք լավագույն գնահատականներ են ստացել Մառլեն Դիտրիխից կամ Մարիոն Դևիսից։ Ֆակտորը վերջերս ինչ֊որ հոբելյան էր տոնում, ոչ այն է գրիմավորման ճակատում իր արդյունավետ գործունեության քսանհինգամյակը, ոչ այն է՝ ամերիկյան ափ բարեհաջող իջնելու հերթական տարեդարձը։ Հրավիրատոմսերը իրենցից ներկայացնում էին վելենյան թղթի բիրստոլյան հոյակապ ստվարաթղթի, բարձրորակ ցելոֆանի և պողպատյա զսպանակների բարդ ու հարուստ մի կառուցվածք։ Դրանք հաստ ալբոմներ էին, որոնց վերամբարձ տեքստը ծանուցում էր հասցեատիրոջը, որ նրան պատիվ ունեն հրավիրելու և որ ինքը պատիվ ունի հրավիրված լինելու։ Բայց վերջին րոպեին հյուրասեր Ֆակտորը, ըստ երևույթին, տարակուսել է, թե արդյոք կհասկանա՞ն իրեն։ Ուստի շապկի վրա մեծ֊մեծ տառերով տպված է՝ «Հրավեր»։
Մեր պատուհանների տակ տասնութ ժամ շարունակ ոռնում էին ջահել լրագրավաճառները։ Հատկապես աչքի էր ընկնում մեկը՝ իր զիլ և լիահնչուն ձայնով։ Այդպիսի ձայնով աշխարհի երեսին չես կորչի։ Անտարակույս, այն պատկանում էր ապագա միլիոնատիրոջ։ Մենք մի անգամ նույնիսկ գլուխներս դուրս հանեցինք պատուհանից, որպեսզի տեսնենք այդ երիտասարդ տաղանդը։ Տաղանդը կանգնել էր գլխաբաց։ Հագած ուներ «Մշտնջենական» պարուսինե շալվար և հոլլիվուդյան կաշվե բաճկոն։ Լրագիր վաճառելով, նա այնպիսի վայնասուն էր բարձրացնում, որ մարդ ուզում էր մեռնել՝ որ չլսեր այդ ահավոր ձայները։ Գոնե շուտ վաստակեր իր միլիոնն ու հանդարտվեր։ Բայց մի քանի օր անց, հարգելի տղան և բոլոր նրա ընկերներն ավելի ուժեղ ճղճղացին։ Ինչ֊որ բավական հայտնի մի կինոդերասանուհու մեռած էին գտել ավտոմոբիլում, և նրա առեղծվածային մահը սենսացիա էր չորս թե հինգ օր շարունակ։ Հերստի «Էկզամիները» հենց միայն դրանով էր զբաղված։
Սակայն հանդուգն լրագրավաճառներից ավելի սարսափելի դուրս եկավ հեզաբարո մի կին, որ կանգնել էր մեր պատուհանների դիմաց։ Նա հագել էր Փրկության բանակի համազգեստ, սև կապոր՝ որի լայն ժապավենները կապված էին կզակի տակ, և սատինե սև բալախոն։ Վաղ առավոտից նա անկյունում կանգնեցնում էր փայտե եռոտանին, որից երկաթե շղթայով կախված էր ցանցապատ դույլը, և սկսում էր հնչեցնել զանգակը։ Նա տոնածառի փող էր հավաքում չքավորների համար։ Նվիրատվությունները պետք էր գցել հենց այդ տնական դույլի մեջ։ Բայց անսիրտ, իրենց կինոխալտուրայով զբաղված հոլլիվուդցիներն ուշադրություն չէին դարձնում կապորով կնոջը և փող չէին տալիս։ Նա չէր կպչում անցորդներից, չէր հրավիրում իրենց լուման մուծել, չէր երգում հոգևոր երգեր։ Նա գործում էր ավելի համոզիչ միջոցներով, դանդաղ, հանգիստ, անընդհատ ու անվերջ հնչեցնելով զանգակը։ Մի փոքրիկ ընդմիջում էր տալիս, որպեսզի գնա ճաշելու։ Ճաշում էր զարմանալիորեն արագ, իսկ սնունդը, ըստ երևույթին, երբեք չէր մարսում, որովհետև այլևս պոստից չէր հեռանում։ Երբեմն ցանկություն էր առաջանում դուրս վազել հյուրանոցից և այդ զարհուրելի անձնավորությանը տալ մեր բոլոր խնայողուցյունները, միայն թե դադարեր մեզ կատաղության հասցնող այդ զանգահարությունը։ Բայց մի միտք կասեցնում էր մեզ, որ նվիրատվությունների հանգանակության հաջողություններից ուրախացած կինը, կսկսի ավելի վաղ գալ մեր անկյունը, և ավելի ուշ գնալ։
Մեր տեսած բոլոր ռեկլամային հանգերից, վզին փաթաթելու, հիշեցնելու ու համոզելու բոլոր միջոցներից առավել համոզեցուցիչն ու հաստատը մեզ թվաց զանգակը։ Եվ իսկապես, ի՞նչ հարկ կա խնդրել, ապացուցել, հորդորել։ Այդ ամենը պետք չէ։ Պետք է զանգակ հնչեցնել։ Զանգահարել մեկ օր, մեկ շաբաթ, մի տարի, զանգահարել այնքան, մինչև որ հալյուցինացիայի հասցված, տանջված և ուժասպառ եղած բնակիչը տա իր տասը ցենտը։
Մի քանի օր անց, թեթևություն զգացինք։ Սկսեցինք դիտել կինոստուդիաները։ Այն, ինչ մեզանում կինոֆաբրիկա է կոչվում, Ամերիկայում ստուդիա անունն է կրում։ Կանուխ գնում էինք հյուրանոցից և ուշ վերադառնում։ Զանգակի ձայնը գրեթե չէինք լսում։ Բայց փոխարենը հանդես եկավ նոր հանելուկ։ Ամեն անգամ, երբ վերադառնում էինք հյուրանոց և գրասենյակից վերցնում համարի բանալին, հյուրանոցի ծառայողը հանձնում էր նաև եկած նամակները և թերթիկներ, որոնց վրա գրի էին առնվում, թե ով է մեզ զանգահարել։ Եվ ամեն անգամ ծանոթների ու բարեկամների անունների մեջ հանդիպում էր այսպիսի երկտող․ «Միստեր Իլֆին և միստեր Պետրովին զանգահարել է քեպտեն Տրեֆիլևը և խնդրել է նշանակել օր և ժամ հանդիպման համար»։ Մի խոսքով, քեպտենը բավական մեծ ակտիվություն էր դրսևորում։ Մենք բոլորովին կորցրել էինք գլուխներս կռահումներ անելով, թե ո՞վ է այդ կեպտեվ Տրեֆիլևը և ի՞նչ է ուզում մեզանից։ Ինքներս սկսեցինք հետաքրքրվել նրանով, հարձուփորձ էինք անում կինեմատոգրաֆիստներին նրա մասին, բայց ոչ ոք խելքը գլխին բան չէր ասում։ Վերջին երկտողում ասված էր, որ անխոնջ քեպտենը նորից զանգահարեց, որ նա ցավում է, որ ոչ մի կերպ չի կարողանում մեզ գտնել և հույս ունի, որ ինքներս ազատ ժամանակ կզանգահարենք նրան։ Հետհասցեից երևում էր, որ Տրեֆիլևը ապրում է մեզ հետ միևնույն հյուրանոցում։ Այստեղ մենք զգացինք, որ եռանդուն կապիտանի հետ հանդիպումն անխուսափելի է։
Մի քանի օր մենք դիտում էինք ստուդիաները։ Իհարկե, գործի տեխնիկական կողմի մանրամասնությունների մեջ չէինք մտնում, բայց տեխնիկան այստեղ ակներև է, ինքն է ստիպում իրեն նայել։ Այնպես, ինչպես մեր տեսած ամերիկյան բոլոր ձեռնարկություններում (բացի Ֆորդի կոնվեյերներից, որտեղ թագավորում է տենդը), հոլլիվուդյան ստուդիաներում աշխատում են ոչ այնքան հապշտապ, բայց վստահ և ճարպկորեն։ Չկա աժիոտաժ, չկան բիզ֊բիզ կանգնած մազեր, ստեղծագործական տառապանքներ, քրտնալից ներշնչում։ Չկա վայնասուն և հիստերիկա։ Ամերիկյան յուրաքանչյուր աշխատանք մի քիչ կրկեսային ատրակցիոն է հիշեցնում․ վստահ շարժումներ, ամեն ինչ հաշված, կարճ բացականչություն կամ հրաման, և համարը կատարված է։
Հոլլիվուդում միջին նկարը «կրակում են» երեք շաբաթվա ընթացքում։ Եթե երեք շաբաթից ավելի է նկարահանվում, դա արդեն սնանկացում է, վնաս։ Լինում են բացառություններ, բայց բացառություններն էլ ամերիկյան բնույթ են կրում։ Հայտնի դրամատուրգ Մարկ Կանելին հիմա նկարահանում է իր հռչակված «Կանաչ արոտավայրեր» պիեսը։ Դա հմայիչ ստեղծագործություն է այն մասին, թե ինչպես է խեղճ նեգրը պատկերացնում տեր աստծո դրախտը։ Միստեր Կանելին հատուկ պայմաններ ունի։ Նա պիեսի հեղինակն է, որի հիման վրա գրել է սցենարը և ինքն էլ բեմադրում է։ Իբրև բացառություն նրան հատուկ արտոնություն են տվել․ նա իր ֆիլմը նկարահանելու է մեկուկես ամսվա ընթացքում։ Նրա նկարը պատկանում է «Ա» կարգին։ Երեք շաբաթում «կրակվող» նկարները դասվում են «Բ» կարգին։
Նկարահանվելու սկզբին ամեն բան հավաքված է մինչև վերջին պարանը։ Սցենարը կարգին վիճակումն է, դերասանները ստուգված են, պավիլիոնները պատրաստ։ Եվ նկարի «կրակոցն» ընթանում է սրընթաց ու անկանգ։
Մարկ Կանելին իր «Կանաչ արոտավայրը» բեմադրում է «Ուորներ եղբայրների» ստուդիայում։ Հիմա ճիշտ չենք հիշում, թե քանի նկար են արտադրում «Ուորներ եղբայրները» ութսուն, հարյուր կամ հարյուր քսան։ Համենայն դեպս, նրանք բազում նկարներ են տալիս։ Դա խալտուրայի մեծ, օրինակելի դրվածքով ֆաբրիկա է։ «Կանաչ արոտավայրը» ձեռներեց եղբայրների համար մասնավոր դեպք է։ Գրական լավ սցենարով հազվադեպ են նկար բեմադրում։ Այստեղ ասում են, վերջերս ութ օրում ինչ֊որ մի նկար թխեցին, այն բնավ վատը չէր «Բ» կարգի մյուս նկարներից․ հաճելի, մաքուր և սիրտ խառնեցնող նկար։
Ստուդիայի տերիտորիայում մի ամբողջ քաղաք է կառուցված։
Սա ամենատարօրինակ քաղաքն է աշխարհում։ Գարաժով, հինգցենտանոց ապրանքների խանութով, ամերիկյան փոքրիկ քաղաքին բնորոշ փողոցից դուրս եկանք վենետիկյան հրապարակ։ Դոժերի պալատից հետո անմիջապես երևում էր ռուսական պանդոկը, որի ցուցանակին նկարված էր ինքնաեռ ու փափախ։ Բոլոր դեկորները շատ նման են օրիգինալներին։ Նույնիսկ մի քանի քայլ հեռավորությունից դժվար է հավատալ, թե տաճարների այդ մոնումենտալ մուտքերը, այդ ածխահանքերը, օվկիանոսային նավահանգիստը, բանկիրի գրասենյակը, պարագվայական գյուղը, մարդատար կես վագոնով երկաթուղային կայարանը շինված են չոր ու թեթև տախտակներից, ներկած թղթից և գիպսից։
Տարօրինակ խաբուսիկ քաղաքը, որով մենք անցնում էինք, փոփոխվում էր յուրաքանչյուր քայլափոխին։ Դարեր, ժողովուրդներ, մշակույթներ―ամեն ինչ այստեղ խճճված էր, արտասովոր ու հրապուրիչ հեշտությամբ։
Մենք մտանք մի վիթխարի կիսախավար պավիլիոն։ Այդ պահին այնտեղ չէին աշխատում, բայց դեռ վերջերս այստեղ տեղի էր ունեցել արվեստի մեծ խրախճանք։ Այդ մասին կարելի էր դատել բազմաթնդանոթային հսկայական ֆրեգատով, որը գրավում էր ամբողջ պավիլիոնը։ Շուրջը դեռ թափված էին հրազենի կույտեր․ կարճ սուսեր, նավաճանկման կեռիկներ, սպայական սուսեր, տապարներ և ծովահենային այլ ռեկվիզիտ։ Այստեղ լուրջ կռվելիս են եղել։ Ֆրեգատը շինված էր շատ բարեխղճորեն, և եթե դա լիներ ամբողջական նավ, և ոչ միայն նրա կեսը, ապա, հավանորեն, կարելի կլիներ հենց հիմա նրանով դուրս գալ օվկիանոս և բռնագրավել վաճառականների նավերն ի փառս մեծ ծովահենների՝ «Ուորներ եղբայրների»։
Հաջորդ պավիլիոնում մենք տեսանք յուպիտերների լույս և ոսկեզօծ դեկորացիա «մուշկետյորական ստանդարտից»։ Նշանավոր կինոդերասան Ֆրեդրիկ Մարչը կանգնել էր կամզոլով, գուլպաներով և ճարմանդավոր մաշիկներով։ Նրա փայլատ, արտասովոր գեղեցիկ դեմքը շողշողում էր դեկորացիաների ստվերում։
Այժմ պավիլիոնում հետևյալ աշխատանքն էր կատարվում․ լույսն էին փորձում Ֆրեդերիկ Մարչի համար։ Բայց քանի որ աշխատում են մեծ դերասանին չհոգնեցնել, ապա լույսը փորձում էին ստատիստի վրա։ Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, Մարչը դուրս կգա նկարահանվելու։
Մեկ ուրիշ պավիլիոնում էլ տեսանք դերասանուհի Բետտի Դևիսին, որին մեր հանդիսատեսները գիտեն «Մարվեն Բլեյկի հանցագործությունը» նկարից։ Նա նստել էր բազկաթոռին և կամացուկ, բայց զայրացած ասում էր, որ արդեն տասն օր է, ինչ ժամանակ չի գտնում մազերը լվանալու։ Հնարավորություն չկա։ Պետք է նկար «կրակել»։
Սպասելով նկարահանմանը, դերասանուհին զզվանքով, ավելի ճիշտ՝ լիակատար անտարբերությամբ նայում էր «սետ»֊ին, որտեղ յուպիտերների լույսի տակ ապարատի առջև փայլում էր տանջալիորեն ծանոթ դեմքով մի մարդ։ Որտե՞ղ ենք տեսել այդ երկրորդական դերասանին։ «Երեխաների առևանգումը» նկարու՞մ, (գնդացիրներ և հետապնդումներ), թե՞ «Վալտասարի սերը» նկարում (կատապուլտեր, հունական կրակ և «մենե, թեքել, փարես»)։
Վալտասարի դիրքից, որը հիմա նկարահանվում էր ցիլինդրով և ֆրակով («Բրոդվեյի մանկիկը» տիպի նկար), իսկույն երևում էր, որ աշխատանքը նրա մեջ ոչ մի ոգևորություն չի առաջացնում։ Ձանձրալի է և զզվելի։
Դա չափազանց բնորոշ է յուրաքանչյուր փոքրիշատե մտածող հոլլիվուդցու համար։ Նրանք արհամարում են իրենց աշխատանքը, հիանալի հասկանալով, որ խաղում են ամեն տեսակ անհեթեթություն ու անպետքություն։ Մի կինեմատոգրաֆիստ, ցույց տալով մեզ ստուդիան, որտեղ ինքը ծառայում էր, տառացիորեն ծաղր ու ծանակի էր ենթարկում բոլոր նկարահանումները։ Խելացի մարդիկ Հոլլիվուդում, իսկ դրանց թիվը բոլորովին էլ քիչ չէ, ուղղակի ողբում էին, որ արվեստը ոտնահարվում է այստեղ ամեն օր և ամեն ժամ։ Բայց նրանք գնալու տեղ ու հնար չունեն։ Իրենց աշխատանքը նզովում են նաև սցենարիստները, ռեժիսյորները, դերասանները, նույնիսկ տեխնիկները։ Միայն Հոլլիվուդի տերերն են մնում հոգեկան լավ տրամադրության մեջ։ Կարևորը նրանց համար արվեստը չէ, կարևորը դրամարկղն է։
Ամենամեծ պավիլիոնում նկարահանում էին մի տեսարան՝ պարահանդես շոգենավում։ Հրապարակի վրա խռնվել էին մի քանի հարյուր ստատիստներ, նկարահանման վայրը հիանալի լուսավորվախ էր։ Հոլլիվուդի ստուդիաները մեծ քանակությամբ լույս ունեն և չեն խնայում։ Նկարահանման ընդմիջում եղավ, լույսը պակասեցրին, և ստատիստները պարից հետո, հևակով, նետվեցին պավիլիոնի կիսալուսավոր անկյունները հանգստանալու և զրուցելու։ Ծովայինի համազգեստով, շքանշաններով և ծովակալի շքեղ ուսադիրներով աղջիկներն անմիջապես սկսեցին բարձրաձայն բլբլացնել ինչ֊որ կանացի բաների մասին։ Ծովային սպիտակ համազգեստով երիտասարդները, կինեմատոգրաֆիական լեյտենանտի բութ աչքերով ճեմում էին պավիլիոնում՝ լոք տալով հատակին ընկած էլեկտրական կաբելների վրայով։
Օ՜, այդ հոյակապ կինոլեյտենանտները։ Եթե երախտագետ մարդկության մտքովն հանկարծ անցներ հուշարձան կանգնեցնել Խալտուրայի աստծուն, ապա կինեմատոգրաֆիական լեյտենանտից ավելի լավագույն մոդել չէր ճարվի։ Երբ նկարի սկզբում հայտնվում է սպիտակ կիտելով և ծովայինի գլխարկը թեք դրած հերոսը, կարելի է անմիջապես հանգիստ խղճով փախչել դահլիճից։ Ո՛չ մի խելքը գլխին, մտածված և հետաքրքիր բան արդեն տեղի չի ունենա։ Սա հենց ինքը՝ խալտուրայի աստվածն է― ուրախ և դատարկագլուխ։
Մինչ մենք դիտում էինք դեկորներն ու ստատիստներին, հետևում հանկարծ լսվեց ռուսական ձայն, լավ, հյութեղ, ազնվական մի ձայն։
― Հը՛, Կոլյա, գնա՞նք այսօր որևէ տեղ։
Շտաբս֊կապիտանի տեմբրով մեկ ուրիշ ձայն պատասխանեց․
― Բայց ի՞նչ զահրումարով ենք գնալու, Կոստենկա։
Մենք արագ ետ նայեցինք։
Մեր հետևում կանգնած էին երկու ֆրակավոր ջենտլմեններ։ Դարչնագույն գրիմը ծածկել էր նրանց բավական հալումաշ եղած դեմքերը։ Բարձրադիր օձիքներն ստիպում էին նրանց գլուխները հպարտորեն բարձր պահել, բայց աչքերի մեջ վհատություն կար։ Ա՛հ, Կոլյան բոլորովին էլ ջահել չէր, ասենք Կոստյան էլ իր խորշումներով ծերի տեսք ուներ։ Նրանք, ըստ երևույթին, վլադիվոստոկյան այդ վտարանդիները, ծերացել էին այստեղ՝ Հոլլիվուդում։ Բնավ ուրախալի չէ անանուն, շոգենավային ջենտլմեն խաղալ երիտասարդ ապուշների կյանքից վերցրած պարային պատկերում։ Հիմա լույսը կմարեն, ֆրակներն ու բարձրադիր օձիքները պետք է հանձնել տեղի ցեյխհաուզը, այսինքն՝ պահեստը։ Ամբողջ կյանքում նրանք գործ էին ունեցել ցեյխհաուզների հետ և, երևի, այդպես էլ կլինի մինչև մահ։
Տրվեց ազդանշան, վառվեց շլացուցիչ լույսը։ Աղջիկները, լեյտենանտները, ֆրակավոր ջենտլմենները շտապեցին հրապարակ։ Մենք դուրս եկանք ստուդիայից և կես ժամ անց, արդեն դանդաղ գնում էինք ավտոմոբիլային հոսանքով, հասնելու Սանտա֊Մոնիկա քաղաքը՝ օվկիանոսի օդ շնչելու։ Կինեմատոգրաֆիայի մեծ մայրաքաղաքը բուրում էր բենզինով և տապակած ապուխտով։ Ֆլանելե, բաց գույնի շալվարներով դեռատի աղջիկները գործարար կերպով անցնում էին մայթերով։ Ամբողջ աշխարհից աղջիկներ են հավաքվում Հոլլիվուդ։ Այստեղ ամենաթարմ ապրանքն է պետք։ Դեռ չծագած աստղերի բազմություններ, անախորժ ու չար աչքերով գեղեցիկ աղջիկները լցնում էին քաղաքը։ Նրանք ուզում են հռչակվել և դրա համար պատրաստ են ամեն ինչի։ Միգուցե աշխարհում ոչ մի տեղ այդ քանակությամբ վճռական և անհամակրելի գեղեցկուհիներ չկան։
Երկսեռ կինոաստղերը (Ամերիկայում տղամարդկանց էլ են տալիս «աստղի» աստիճան) ապրում են դեպի օվկիանոս տանող փողոցներում։ Այստեղ մենք տեսանք մի մարդ, որի պրոֆեսիան, ամենայն հավանականությամբ, անկրկնելի է։ Միայն նա է ներկայացնում փող վաստակելու այդ զարմանալի միջոցը։ Այդ մարդը նստել էր շերտավոր մեծ հովանոցի տակ։ Կողքին դրված էր պլակատ։
«Կինոաստղերի տների մասին տեղեկանալ այստեղ։ Առավոտվա ժամը 9֊ից մինչև երեկոյան ժամը 5 անց 30 րոպե»։ Դա կինոաստղերի տները տուրիստներին ցույց տվող գիդն է։ Նա ցույց չի տալու ոչ այդ տների ներքին կահավորանքը և ոչ էկ Գլորիա Սվենսոնին՝ առավոտը թեյ խմելիս (ներս չեն թողնի), այլ հենց այնպես փողոցից։ Ահա, խնդրեմ, այն շենքը, որտեղ ապրում է Հարոլդ Լլոյդը և ահա այն առանձնատունը, որտեղ բնակվում է Գրետա Գարբոն։
Թեև աշխատանքային օրը եռուզեռի մեջ էր, բայց ոչ ոք աշխատանքի չէր հրավիրում գիդին, և նրա դեմքին անսքող զզվանք էր գրված իր անհեթեթ պրոֆեսիայի և ամերիկյան կինեմատոգրաֆիայի նկատմամբ։
Փոքր֊ինչ հեռու մենք տեսանք մի երիտասարդ, որը կանգնել էր սալարկված փողոցի մեջտեղում։ Կրծքին կախված էր պլակատ։
«Ես սոված եմ։ Աշխատանք տվեք»։
Այդ մարդուն նույնպես ոչ ոք չէր մոտենում։
Օվկիանոսը լայնարձակ էր, մեղմ քամի էր փչում ափին, և ափակոծության դանդաղ աղմուկը հիշեցնում էր, որ աշխարհում կա իսկական կյանք՝ իսկական զգացմունքներով, որոնց պարտադիր չէ տեղավորել չեչոտկաներով, համբյուրներով և կրակոցներով առլեցուն, ճիշտ սահմանված քանակով մետրերի մեջ։
Երբ ոտք դրինք մեր հյուրանոցի նախասրահը, բազմոցից մեզ ընդառաջ շարժվեց մի զորեղ կերպարանք։ Ձեռնափայտին հենվոլով, նա մոտեցավ մեզ և բարձր ու թանձր ձայնով արտասանեց․
― Թույլ տվեք ներկայանալ։ Կապիտան Տրեֆիլև, նախկին սպիտակգվարդիական։
Կապիտանն ուներ մեծ, ժպտուն դեմք։ Նա սիրալիր նայեց մեզ իր վարազի աչքերով և իսկույն հայտարարեց, որ վաղուց արդեն չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, թեև մենք, ճիշտն ասած, ոչինչ չէինք լսել կապիտանի մասին նաև այն ժամանակ, երբ նա զբաղվելիս է եղել դրանով։
Կապիտանը բռնեց մեր ձեռքերից, նստեցրեց գահավորակին և անմիջապես, ոչ մի րոպե չկորցնելով, սկսեց խոսել։ Առաջին հերթին ասաց, որ հենց իրեն էր հանձնարարված Սիբիր բերել Դենիկինի հայտնի հրամանը՝ Կոլչակին ենթարկվելու մասին։ Քանի որ մենք ուրիշ ազգանուն էինք հիշում, մենք առանձնապես զարմանք չարտահայտեցինք, չնայած նույնիսկ այն բանին, որ կապիտանը շատ պատկերավոր էր պատմում, թե ինչպես նա հրամանը ման է ածել ամբողջ աշխարհի շուրջը։
― Հասկանու՞մ եք, սլանում էի ճեպնթացով։ Գնացքից՝ շոգենավ։ Շոգենավից՝ գնացք։ Գնացքից դարձյալ շոգենավ։ Շոգենավից դարձյալ գնացք։ Եվրոպայի, Ատլանտիկայի, Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի, Ճապոնիայի, Հեռավոր Արևելքի վրայով․․․ Գալիս եմ թրջված, ոնց որ մուկ, իսկ Կոլչակն արդեն չկա։ Գնդակահարել, հաշվից դուրս են գցել։ Վռազ ետ դարձա։ Գնացքից՝ շոգենավ, շոգենավից՝ գնացք, գնացքից՝ դարձյալ շոգենավ։ Թրա՛խկ։ Դեռ Ամերիկայում իմանում եմ, Դենիկինն էլ արդեն չկա․ հրամանատարությունը արդեն հանձնել է Վրանգելին։ Սա ի՞նչ սատանայական բան է։ Դարձյալ գնացքից շոգենավ, շոգենավից՝ գնացք։ Հասնում եմ Փարիզ―Վրանգելն էլ արդեն չկա։ Է՜, մտածում եմ, գնացեք բոլորդ էլ ուր ուզում եք, իսկ ես շուռ եկա և ուղիղ դեպի Ամերիկա։ Հիմա ես ճանապարհորդ եմ և դասախոս։
Կապիտանը հանեց հաստ ծխախոտատուփը և սկսեց հյուրասիրել մեզ ռուսական մուշտուկով գլանակներ։
― Ինքս եմ լցնում, ― ասաց նա, ― պարկուճները դուրս եմ գրում Բուլղարիայից։ Էս ամերիկյան զիբիլը բերանս չեմ վերցնի։ ― Եվ անմիջապես առանց որևէ անցման՝ հաղորդեց․ ― տեսնու՞մ եք դեմքիս մաշկը։ Հիանալի մաշկ է, հը՞։ Զարմանալի հարթ ու վարդագույն։ Ոնց որ կաթ ծծող խոչկորինը։ Ես ձեզ բացեմ գաղտնիքը։ Տասնվեց թվականին ռազմաճակատում Կովելի տակ ռումբի պայթյունից պլոկվեց դեմքիս ամբողջ մաշկը։ Ստիպված եղա հենց իմ հետույքի մաշկը հանել ու դնել երեսիս։ Հը՞։ Ինչպես է ձեզ դուր գալիս։ Լավ է, չէ՞։ Բժշկության հրաշք։ Հիանալի մաշկ։ Հը՞։ Կանանց, իհարկե, այս մասին չեմ պատմում, բայց ձեզ, որպես գրողների պատմեցի։ Միայն թե շատ եմ խնդրում, ոչ ոքի ո՛չ մի խոսք։
Ապա նա ստիպեց հերթով բռնել իր ձեռնափայտը։
― Լավն է, չէ՞։ Հը՞, ― բորբոքված բղավում էր նա։ ― Քսաներկու ֆունտ զուտ երկաթ է։ Հիվանդ էի, սպորտով զբաղվել չեմ կարող, այնպես որ ձեռնափայտ եմ կրում, որպեսզի մկաններս չթուլանան։
Հրաժեշտի պահին նա հաղորդեց, թե վերջերս, Հարավային Ամերիկա մեկնելուց առաջ, հարկ եղավ միանգամից պլոմբելու յոթ ատամ։
― Բացարձակապես ժամանակ չկար։ Մեկնելուցս առաջ այնքան էի վազվզել, որ ատամնաբույժի մոտ, բազկաթոռին քնեցի։ Ուղիղ մեկ ժամ հետո արթնանում եմ, և ինչ եք կարծում, յոթ ատամս էլ պլոմբել են։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ իմացել։ Բժշկության հրաշք։ Հը՞։
Երբ սանդուղքով բարձրանում էինք համար, կապիտանը մեր հետևից բարձրաձայն բղավեց։
― Միայն թե շատ եմ խնդրում, կանանց՝ ոչ մի խոսք։
Ընդ որում, նա ցույց էր տալիս իր վարդագույն այտերը և ողջույնով թափահարում քսաներկու ֆունտանոց ձեռնափայտը։
Գլուխ երեսունյոթերորդ — Հոլլիվուդի ճորտերը
Մենք Ամերիկյան մի կինեմատոգրաֆիստի հետ նստել էինք հոլլիվուդի փոքրիկ սրճարանում, որը դրանցից շատերի պես կահավորված էր մի տեսակ Բաղդադի ոճով։
Դեկտեմբերյան տապ երեկո էր, սրճարանի մուտքի դռները լայն բաց էին։ Չոր քամին ծեծում էր փողոցային արմավենիների տերևները։
― Դուք ուզում եք իմանալ, ― ասում էր կինեմատոգրաֆիստը, ― թե ինչու մենք մեր ապշեցուցիչ տեխնիկայով, մեր հիանալի դերասաններով, ռեժիսյորներով, որոնց մեջ կան աշխարհի լավագույն գեղարվեստագետներ, ինչու մենք երբեմն, բայց շատ հազվադեպ հիանալի ֆիլմեր արտադրողներս, գիշեր֊ցերեկ պատրաստում ենք մեր վրդովեցուցիչ, ապուշային նկարները, որոնցից հանդիսատեսը կամաց֊կամաց բթանում է։ Ուզու՞մ եք իմանալ։ Խնդրեմ, ես ձեզ կպատմեմ։
Կինեմատոգրաֆիստը մի ըմպանակ «շերրի» պատվիրեց․
― Պետք է հիշել, թե ամերիկյան հին կինեմատոգրաֆիական դրամայում ով էր բացասական ֆիգուրա։ Դա գրեթե միշտ բանկիրն էր։ Այն ժամանակվա կինոպիեսներում նա ստոր մարդ էր։ Այժմ դիտեցեք Հոլլիվուդում վերջին տարիներին արտադրած հազարավոր ֆիլմեր, և դուք կտեսնեք, որ բանկիրը որպես բացասական գործող անձ, անհետացել է։ Նա նույնիսկ դարձել է դրական տիպ։ Հիմա նա աղքատներին կամ սիրահարներին օգնող բարի, համակրելի գործարար մարդ է։ Այդ տեղի ունեցավ, որովհետև այժմ բանկիրներն ու կապիտալիստներն են դարձել Հոլլիվուդի տերերը։ Նրանք, ինքներդ եք հասկանում, արդեն թույլ չեն տա, որ ֆիլմերում իրենց պատկերեն իբրև սրիկաների։ Ավելին կասեմ։ Ամերիկայն կինեմատոգրաֆիան, գուցե միակ արդյունաբերությունն է, ուր կապիտալիստները մուտք գործեցին ո՛չ միայն ի սեր վաստակի։ Այդ պատահմամբ չէ, որ մենք ապուշային ֆիլմեր ենք արտադրում։ Մեզ հրամայում են այդպես անել։ Եվ արվում է դիտավորությոմբ։ Հոլլիվուդը պլանաչափորեն բթացնում է ամերիկացիների գլուխը, շշմեցնում նրանց իր ֆիլմերով։ Հոլլիվուդյան ֆիլմը ոչ մի լուրջ կենսական հարց չի շոշափում։ Ես այդ երաշխավորում եմ ձեղ։ Մեր տերերը թույլ չեն տա այդ անել։ Այդ բազմամյա աշխատանքն արդեն տվել է իր ահավոր պտուղները։ Ամերիկյան հանդիսատեսին բոլորովին ետ են սովորեցրել մտածելուց։ Այժմ շարքային կինոհաճախողը կանգնած է անասելի ցածր մակարդակի վրա։ Նրա համար շատ դժվար է նայել որևէ ավելի բովանդակալից նկար, քան պարա֊չեչոտկային ֆիլմ կամ կեղծ պատմական պիես։ Նա չի նայի խելացի նկար, այլ կվերցնի իր աղջկան ու կանցնի հարևան կինոն։ Այդ իսկ պատճառով, եվրոպական ֆիլմերը, որոնք, այնուամենայնիվ, շատ բովանդակալից են, քան ամերիկյանները, քիչ հաջողություն ունեն։ Ես ձեզ ահավոր բաներ եմ պատմում, բայց այդպես է իրերի իսկակակն վիճակը։ Բազում տարիների աշխատանք է պետք, որպեսզի նորից ճաշակ վերադարձվի ամերիկյան հանդիսատեսին։ Բայց ո՞վ է այդ աշխատանքն անելու։ Հոլլիվուդի տերե՞րը։
Մեր զրուցակիցը շատ անկեղծ էր խոսում։ Ինչպես երևում է, այդ թեման շարունակ տանջելիս է եղել նրան։
․․․Չե որ մեզանում ոչ մի անկախ մարդ չկա, բացի Չապլինից։ Մենք ծառայում ենք մեր տերերի մոտ և անում այն ամենը, ինչ հրամայում են։ Դուք կհարցնեք, ինչպե՞ս է որ, այնուամենայնիվ, երևան են գալիս այն մի քանի լավ նկարները, որ արտադրում է Հոլլիվուդը։ Դրանք երևան են գալիս հակառակ տիրոջ կամքի։ Այդ պատահական հաջողություն է, տիրոջ զիջողությունը ծառայի հանդեպ, որին գնահատում են, որպեսզի նա հիմարաբար չլքի աշխատանքը։ Երբեմն ստիպված են լինում լավ ֆիլմը թաքցնել տերերից, որպեսզի նրանք չհասցնեն փչացնել։ Դուք ճանաչու՞մ եք Լուի Մայլստոնին։ Երբ նա բեմադրում էր «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպը, վախենալով տերերից, որոնք սովորություն ունեն գնալ նկարահանումների վայրը և խորհուրդներ տալ, նա լուր տարածեց, որ իր նկարահանումների ժամանակ շարունակ պայթյուններ են տեղի ունենում և որ դա շատ վտանգավոր է կյանքի համար։ Տերերը վախեցան և հանգիստ թողին խորամանկ Մայլստոնին։ Բայց և այնպես նրան չհաջողվեց մինչև վերջ թաքցնել։ Մի անգամ նրան կանչեց հուզված տերը և հարցրեց․
― Լսեցե՛ք, Լուի, ասում են, որ ձեր ֆիլմը դժբախտ վերջավորություն ունի, ճի՞շտ է։
― Այո, ճիշտ է, ― խոստովանեց Մայլստոնը։
― Այդ անհնարին է, ― աղաղակեց տերը։ ― Ամերիկյան հասարակությունը չի նայի այդպիսի ֆիլմ։ Պետք է ուրիշ վերջավորություն տալ։
― Բայց չէ՞ որ ֆիլմը նկարահանվում է Ռեմարկի նշանավոր գործով, իսկ այնտեղ վերջավորությունը հենց այդպիսին է, ― պատասխանեց Մայլստոնը։
― Այդ բանը ես չգիտեմ, ― անհամբեր ասաց տերը, ― ես այդ Ռեմարկին չեմ կարդացել և դա ինձ չի վերաբերում։ Այն էլ բավական է, որ մենք ահագին փող ենք տվել բեմադրության իրավունքի համար։ Բայց ես կրկնում եմ․ ամերիկյան հասարակությունը չի նայի այդպիսի մի նկար, որն ունի տխուր վերջավորություն։
― Լա՛վ, ― ասաց Մայլստոնը, ― ես ուրիշ վերջավորություն կտամ։
― Այդ հիանալի է, ― ուրախացավ տերը։ Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվելու։
― Շատ պարզ։ Ռեմարկի մոտ պատերազմը շահում են ֆրանսիացիները, ինչպես և եղել է իրականում։ Բայց քանի որ դուք անպայման ուզում եք վերջավորությունը փոխել, ես կանեմ այնպես, որ գերմանադիները շահեն պատերազմը։
Այդ սրամիտ պատասխանով միայն Մայլստոնը փրկեց իր նկարը։ Նա մեծ հաջողություն ունեցավ։ Բայց շատ հազվադեպ է այդպես լինում։ Սովորաբար նույնիսկ հայտնի, նույնիսկ ականավոր ռեժիսյորը ստիպված է անել այն, ինչ հրամայում են։ Այ հիմա, սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, բովանդակ աշխարհում հայտնի մի կինորեժիսյոր ստացավ իր հավանած սցենարը։ Նա արդեն մի քանի տարի էր, բեմադրելու համար որոնում էր որևէ նշանակալից բան։ Պատկերացնում եք նրա ուրախությունը և հաճույքը, երբ վերջապես ստացավ իր ուզածը։ Բայց այդ ֆիլմում նկարահանվելու էր Մառլեն Դիտրիխը՝ Հոլլիվուդի աստղը։ Դիտրիխը կարդաց սցենարը, և որոշեց, որ մյուս դերասանների դերերը չափազանց մեծ են և հաջողակ, որ նրանք կխանգարեն իրեն աչքի ընկնել նկարում։ Եվ ահա անզուգական Մառլենը պահանջեց, որ այդ դերերը կրճատվեն։ Պիեսն անդարձ փչացավ։ Ռեժիսյորը հրաժարվեց այդ կերպ այլանդակված սցենարը բեմադրելուց։ Ինչպես տեսնում եք, ռեժիսյորը, որի մասին ձեզ պատմում եմ, այնքան մեծ է ու նշանավոր, որ համարձակվում է հրաժարվել իր համար անհաճո աշխատանքից։ Այդպիսի մարդիկ Հոլլիվուդում մատների վրա են հաշվվում։ Եվ այսպես, աստղը հաղթեց, որովհետև մեր տերերի համար գլխավորն աստղն է։ Ամերիկյան հասարակությունը կինո է գնում աստղի համար, և ոչ թե ռեժիսյորի։ Եթե աֆիշայի վրա տպված է Մառլեն Դիտրիխ, Գրետա Գարբոյի կամ Ֆրեդերիկ Մարչի անունը, հասարակությունը, միևնույն է, իր միլիոնները կմուծի դրամարկղը, ինչպիսի դատարկ բան էլ որ խաղալիս լինեն այդ հիանալի դերասանները։ Ամեն բան վերջացավ շատ հասարակ ձևով․ կանչեցին ուրիշ ռեժիսյորի, որ ոչ մի բանից չէր համարձակվում հրաժարվել, այլապես կկորցներ աշխատանքը, և հանձնարարեցին բեմադրել խեղաթյուրված սցենարը։ Նա նզովեց իր ողորմելի գոյավիճակը և սկսեց «կրակել» նկարը։
Գուցե կարծում եք, թե մեզ ղեկավարում են ինչ֊որ լուսավորված կապիտալիստնե՞ր։ Ցավոք սրտի, դրանք ամենասովորական, դոլար շինող, բութ արարածներ են։ «Մետրո Հոլդվին Մայերի» մասին դուք, իհարկե, գիտեք։ Նրանց ստուդիան տարեկան բազում նկարներ է բաց թողնում։ Բայց ահա թե ինչ կարող եմ պատմել ձեզ այդ ֆիրմայի տիրոջ՝ ծերուկ Հոլդվինի մասին։
Մի անգամ նա գալիս է ծանոթների մոտ և ուրախ֊ուրախ հաղորդում․
― Գիտե՞ք, իմ կինն այնպիսի գեղեցիկ ձեռքեր ունի, որ արդեն կիսանդրի են քանդակում։
Պատմում են նույնպես, որ Հոլլիվուդի դերասանուհիներից մեկը, որը նրանից շաբաթական տասը հազար դոլար է ստանում (աստղերը ստանում են միանգամայն ապշեցուցիչ մեծ հոնորար, բայց այստեղ ոչ մի բարեգործություն չկա․ շաբաթական տասը հազար դոլար ստացող աստղը հենց նույն շաբաթվա մեջ առնվազն նույնքան հազար եկամուտ է բերում իր տիրոջը), իր մոտ նախաճաշի է հրավիրում իր ամրոցը, որն արդեն հաջողեցրել էր գնել Ֆրանսիայում։ Նախաճաշից առաջ ծեր Հոլդվինին ցույց են տալիս շենքը։ Ծերուկը բարեխղճորեն շոշափում է մետաքսյա պաստառները, զննում մահճակալները, ստուգում ներքնակների առաձգականությունը, ուշադիր նայում է մարտական աշտարակները։ Բայց առանձնապես նրան հետաքրքրում է արևի հնօրյա ժամացույցը։ Երբ նրան բացատրում են կառուցվածքը, նա հիանում է և բացականչում, ― Ա՛յ լավ բան։ Տեսնես հիմա է՛լ ինչ են հնարելու։
Դուք տեսնում եք, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնքան տգետ մարդկանց հետ, որոնք արևի ժամացույցը ընդունում են որպես վերջին գյուտ։ Սա է նրանց գիտելիքների մակարդակը, կուլտուրայի մակարդակը։ Եվ այդ մարդիկ ոչ միայն փող են տալիս նկար արտադրելու։ Ո՛չ, նրանք միջամտում են ամեն բանում, ուղղումներ են մտցնում, փոխում սյուժեները, նրանք ցուցում են տալիս մեզ, թե ինչպես նկարահանել։ Է՜հ, այնքան մռայլ բաներ պատմեցի ձեզ, որ, թերևս, բավական է։ Գիտե՞ք ինչ։ Նատենք մեքենա, գնանք զբոսնելու, կթարմանանք։
Մենք մեկնեցինք քաղաքից դուրս և ընկանք պահեստային ջրամբարի մոտերքը, որը Լոս֊Անժելոսն ապահովում է ջրմուղ կայանի փչացման դեպքում։
Սևակնած գիշեր էր։ Լռության ու խավարի մեջ մենք, իրոք, հանգստացանք, խելքներս գլուխներս եկավ հոլլիվուդյան սարսափելի պատմություններից հետո։
Վերադառնալով «Հոլլիվուդ֊օթել», քնեցինք չուգունե քնով՝ տեսիլներից, հանգստից ու անդորրից, մի խոսքով, զուրկ այն ամենից, ինչով այնպես հրաշալի է քունը։
===Գլուխ երեսունութերորդ — Աղոթեցեք, կշռվեցեք և վճարեցեք
Ծննդյան տոներին նախապատրաստվելը գնալով ավելի ու ավելի լայն չափեր էր ընդունում։ Մորթվել էին միլիոնավոր հնդուհավեր, փետրահանվել և դրվել խանութների ցուցափեղկերը՝ հմայելով հոլլիվուդցիներին մաշկատակի դեղնավուն ճարպով և կրծքերին դրոշմած սանիտարական տեսչության յասամանագույն կնիքներով։
Մենք արդեն ասել ենք, որ ամերիկյան ծննդյան տոները ոչ մի առնչություն չունեն կրոնի հետ։ Այս օրը տոնվում է բնավ ոչ տեր֊աստծու ծնունդը։ Դա տոն է ի պատիվ ավանդական ծննդյան հնդուհավի։ Այդ օրը տեր֊աստված ամոթխաց ժպիտով հետին պլան է քաշվում։
Հնդուհավի երկրպագության հետ կապված է մեկ ուրիշ տարօրինակ ծիսակատարություն ― միմյանց նվերներ տալը։ Հմտորեն վարած բազմամյա առևտրական ռեկլամը այնպես է արել, որ նվերներ տալը բնակչության համար դարձել է յուրատեսակ պարտավորություն, որից առևտուրը չլսված շահույթներ է քամում։ Տարվա ընթացքում խանութներում հավաքված չծախվող ապրանքը մի քանի օրում վաճառվում է բարձր գներով։ Խանութները լեփ֊լեցուն են։ Խենթացած գնորդները թռցնում են աչքը տեսածը։ Ամերիկացին նվեր է տալիս ոչ միայն իր կնոջը, երեխաներին կամ բարեկամներին։ Նվերներ են տրվում և պետերին։ Կինոստուդիայի դերասանը նվեր է տալիս իր ռեժիսյորին, կինօպերատորին, հնչյունային օպերատորին, գրիմյորին։ Գրասենյակի աղջիկը նվեր է տալիս իր տիրոջը, գրողը՝ հրատարակչին, լրագրողը խմբագրին։ Նվերների մեծամասնությունը միանգամայն անսքող կաշառքի բնույթ ունի։
Նվերներ են տրվում և վայրընթաց գծով ― ավագներից՝ կրտսերներին։ Բայց սա նվազ մի առվակ է սիրո և հարգանքի այն հուժկու շատրվանների հետ համեմատած, որ խփում է ներքևից վերև։
Դերասանը երկու շիշ լավ շամպայն է նվիրում գրիմյորին այն հաշվով, որ վերջինս ամբողջ տարին շարունակ առանձնապես լավ գրիմավորի իրեն, ռեժիսյորին նվեր է տրվում օգտավետ բարեկամություն պահպանելու համար, օպերատորներին՝ որպեսզի հիշեն, որ այս դերասանին պետք է լավ նկարահանել, ձայնագրել։
Նվերների ընտրությունը շատ նուրբ գործ է։ Պետք է իմանալ՝ ում և ինչ նվիրել, որպեսզի շնորհակալության փոխարեն նրա վիրավորանքը չհարուցի։ Նվերային տենդը շատ հոգս է պատճառում ամերիկացիներին, թանկ է նստում, բայց փոխարենը առևվտրականներին պարգևում է դրախտային րոպեներ և շաբաթներ։
Միմյանց նվիրում են սիգարներ, գինիներ, օծանելիք, շարֆեր, կոֆտաներ, մանր֊մունր զարդարանքներ։ Խանութի տղաները վազվզում են քաղաքավ մեկ, հատուկ տոնական թղթերով փաթաթված նվերները տեղ հասցնելու։ Բեռնատար մեքենաները ևս միայն նվերներ են տանում դեսուդեն։ Նվագախմբի ուղեկցությամբ, գեներալի գեղեցիկ համազգեստով պտույտի է ելել բամաբակե մորուքով կարմրաքիթ Սանտա֊Կլաուսը՝ նաֆթալինի բքով պարուրված։ Նվերների աստծու հետևից տղաներ են վազում։ Մեծահասակները հազում են ծննդյան պապիկին տեսնելիս և լարված մտաբերում, թե էլ ում պետք է նվեր տանել։ Աստված ոչ անի որևէ մեկը մոռացվի․ ամբողջ տարվա ընթացքում հարաբերությունները փչացած կլինեն։
Ճիշտն ասած, նախածննդյան եռուն օրերին հենց այս դեպքերում են միայն հիշում աստծու անունը։
Ամերիկայում շատ կրոններ կան և շատ աստվածներ․ բողոքական, կաթոլիկական, բապտիստական, մեթոդիստական, կոնգրեգացիոն, պրեսվիտերիական, անգլիկանական։ Միլիոնավոր մարդիկ ուզում են ինչ֊որ մի բանի հավատալ, և եկեղեցական տասնյակ հզոր կազմակերպություններ առաջարկում են իրենց ծառայությունը։
Եվրոպական հին կրոնները, եթե կարելի է այսպես ասել, տառապում են որոշ վերացականությամբ։ Թող իրենց համար ապաստանեն այդ հին ու զառամած մայր ցամաքում։ Ամերիկայում՝ երկնաքերծերի, էլեկտրական լվացքի մեքենաների և դարուս այլ նվաճումների կողքին նրանք մի տեսակ խունանում են։ Որևէ ավելի ժամանակակից, ավելի է էֆեկտավոր և, վերջապես, պետք է ազնիվ ու անկեղծ խոսել, որևէ ավելի գարծնական բան է պետք, քան երկնային հավիտենական երանելիությունը՝ երկրի վրա առաքինի կյանք վարելու համար։
Այս տեսակետից առավել ամերիկանացված է հանդիսանում իրեն «Քրիստոնեական գիտություն» անվանող աղանդը։ Նա միլիոնավոր համախոհներ ունի և իր էությամբ վիթխարի բուժարանի նման մի բան է, միայն առանց բժիշկների և դեղորայքի մասնակցության։ «Քրիստոնեական գիտությունը» մեծ է ու հարուստ։ Գեղեցիկ բանկային սյունազարդ նախասրահներով հիանալի տաճարները նրան են պատկանում բազում մեծ ու փոքր քաղաքներում։
«Քրիստոնեական գիտությունը» չի առաջարկում անասելի երկար սպասել երկնի հատուցմանը։ Նա իր բիզնեսն անում է երկրի վրա։ Այս կրոնը գործնական է ու հարմար․ նա ասում է․
― Դու հիվա՞նդ ես, իջվա՞ծք ունես։ Հավատա աստծուն, և իջվածքդ կանցնի։
Քրիստոնեությունը որպես գիտություն, որպես անմիջական օգուտ բերող մի բան։ Սա հասկանալի է միջին ամերիկացուն, հասնում է նրա տարիների կարևոր և հապշտապ աշխատանքից բթացած գիտակցությանը։ Կրոնը նույնքան օգտակար է, որքան էլեկտրականությունը։ Սա պիտանի է։ Սրան կարելի է հավատալ։
― Դե լավ, իսկ եթե իջվածքը, այնուամենայնիվ, չանցնի՞։
― Այդ նշանակում է, որ դուք բավարար չափով չեք նվիրաբերվել աստծուն։ Հավատացեք նրան, և նա կոգնի ձեզ ամեն բանում։
Կօգնի ամեն բանում։ Նյու֊Յորքում մենք մի առիթով մտանք քաղաքի կենտրոնում գտնվող «Քրիստոնեական գիտության» եկեղեցիներից մեկը։ Մարդկանց մի փոքր խումբ նստել էր նստարաններին և լսում էր դերձակի մոտ պատվիրած, լավ կարած կոստյումով տարեց ջենտելմենին (Ամերիկայում պատվերով կարած կոստյումը բարեկեցության նշան է համարվում):
Այդ էքսկուրսիայում մեզ ուղեկցող միստեր Ադամսը ականջները սրեց և, գլուխը կախելով, ուշադիր լսում էր։ Նա ձեռքով մեզ նշան արավ մոտենալու։ Այն, ինչ մենք լսեցինք, շատ նման էր Նյու֊Յորքի գիշերօթևանի տեսարանին, ուր մենք ընկանք Ամերիկա ժամանելու հենց առաջին երեկոն։ Միայն թե այնտեղ հորդորում էին աղքատներին, իսկ այստեղ՝ հարուստներին։ Բայց հորդորում էին բոլորովին միատեսակ, կենդանի վկաների և անհերքելի փաստերի օգնությամբ։
― Եղբայրնե՛ր, ― ասում էր տարեց ջենտլմենը, ― քսան տարի սրանից առաջ ես աղքատ էի և դժբախտ։ Ապրում էի Սան֊Ֆրանցիսկոյում։ Աշխատանք չունեի, կինս մեռնում էր, երեխաներս սոված էին։ Ես ոչ մի տեղից օգնություն չէի սպասում, բացի աստծուց։ Եվ մի առավոտ աստծու ձայնն ինձ ասաց․ «Գնա՛ Նյու֊Յորք և ծառայության մտիր ապահովագրական ընկերությունում։ Ես ամեն ինչ թողեցի և մի կերպ հասա Նյու֊Յորք։ Սոված ու ջլատված ման էի գալիս փողոցներում և սպասում, թե տերը երբ կոգնի ինձ։ Վերջապես տեսա ապահովագրական ընկերության ցուցանակը և հասկացա, որ աստված ինձ հենց այստեղ է ուղարկել։ Մտա այդ հսկայական և փայլուն շենքը։ Իմ սարսափելի կոստյումով ինձ չէին ուզում թողնել դիրեկտորի մոտ։ Բայց ես, այնուամենայնիվ, անցա նրա մոտ և ասացի․
― Ես ուզում եմ աշխատանք ստանալ։
― Դուք ծանո՞թ եք ապահովագրության գործին, ― հարցրեց նա ինձանից։
― Ո՛չ, ― պատասխանեցի ես ինքնավստահ։
― Հապա ինչու՞ եք ուզում աշխատել հատկապես ապահովագրական ընկերությունում։
Ես նայեցի նրան և ասացի․
― Որովհետև տեր աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ։
Դիրեկտորը ոչինչ չպատասխանեց, կանչեց քարտուղարին և հրամայեց ընդունել ինձ որպես լիֆտյոր։
Հասնելով մինչև այդ տեղը, պատմողը կանգ առավ։
― Հետո ի՞նչ պատահեց ձեզ հետ, ― անհամբեր հասցրեց ունկնդիրներից մեկը։
― Դուք ուզում եք իմանալ, թե հիմա ո՛վ եմ ես։ Հիմա ես այդ ապահովագրական ընկերության փոխ֊պրեզիդենտն եմ։ Եվ այդ արեց աստված։
Մենք դուրս եկանք եկեղեցուց փոքր ինչ շշմած։
― Ո՛չ, պարոնայք, ― տաքանում էր միստեր Ադամսը, ― դուք լսեցի՞ք։ Եթե մի գործիմաց մարդ հաշվեմեքենայի չխչխկոցի և հեռախոսի զանգերի տակ կարող է մեկ ուրիշ գործիմաց մարդու միանգամայն լուրջ ասել, թե աստված է իրեն ուղարկել այստեղ ծառայություն ստանալու և աստծու այդ հանձնարարականը, իրոք, ուշադրության է առնվում, ապա ինքներդ էլ տեսնում եք, որ նա շատ հարմար ու գործիմաց աստված է։ Գրասենյակների և բիզնեսի իսկական ամերիկյան աստված, և ոչ թե անօգուտ փիլիսոփայության հակումով որևէ եվրոպական շաղակրատ։ Նույնիսկ կաթոլիկությունը Ամերիկայում հատուկ գծեր է ձեռք է բերել։ Պատեր Կոգլինը կառուցել է սեփական ռադիոկայան և իր աստծուն ռեկլամում է ոչ պակաս մոլեգնությամբ, քան ռեկլամվում է «կոկա֊կոլան»։ Լուրջ եմ ասում, պարոնայք, եվրոպական կրոնները չեն սազում ամերիկացիներին։ Նրանք կառուցված են ոչ բավարար գործնական հիմքի վրա։ Բացի այդ, նրանք չափազանց խելոք են միջին ամերիկացու համար։ Նրանց որևէ ավելի հասարակ բան է պետք։ Նրան պետք է ասել, թե ո՛ր աստծուն հավատա։ Ինքը դժվար թե գլուխ հանի այդ բանից։ Ընդ որում, նա գլուխ հանելու ժամանակ չունի՝ զբաղված մարդ է։ Կրկնու՛մ եմ, պարոնայք, նրան պարզունակ կրոն է պետք։ Ասացեք նրան ստույգ, թե ինչ օգուտ է տալու այդ կրոնը, ինչ կնստի նրա վրա և ինչով է այդ կրոնը մյուսներից լավ։ Բայց, խնդրում եմ, ասացեք ստույգ։ Ամերիկացիները տանել չեն կարողանում անորոշություն։
Մի անգամ, երբ նստել էինք Հոլլիվուդ բուլվարում տեղավորված «Հոլլիվուդ օթելում» և աշխատում էինք, սենյակ վազեցին Ադամսները։ Մենք երբեք այդ վիճակում չէինք տեսել նրանց։ Միստեր Ադամսի վերարկուն կախված էր միայն մեկ ուսից։ Նա անհասկանալի ճիչեր էր արձակում, և նրա դեմքը ամեն րոպե գնալով ավելի էր կարմրատակում։ Միսիս Ադամսը, հեզ ու խոնարհ միսիս Ադամսը, որը սառցապատ լեռնանցքներում անգամ չէր կորցնում հոգու արիությունը և տոկունությունը, վազվզում էր սենյակում և ժամանակ առ ժամանակ բացականչում․
― Ինչու՛ ատրճանակ չունեի մոտս։ Ես նրան կսպանեի շան պես։
― Ո՛չ, Բեկկի, ― բղավում էր Ադամսը։ ― Այդ ե՛ս կսպանեի նրան, շան պես։
Մենք վախեցանք։
― Ի՞նչ է պատահել։ Այդ ու՞մ՝ շան պես։ Ինչի՞ համար։
Բայց անցավ տասը րոպե, մինչև որ Ադամսները հանդարտվեցին և կարողացան պատմել, թե ինչն է իրենց այդպես զայրացրել։
Պարզվեց, որ վաղ առավոտյան, չուզենալով մեզ արթնացնել, նրանք մեկնել են Լոս֊Անժելոս, լսելու Ամերիկայում հայտնի, նոր կրոն ստեղծող Էմմի Մակֆերսոնի քարոզը։
Վիճաբանելուց հետո՝ թե ով է պատմելու, ինչպես միշտ, հաղթանակեց միստեր Ադամսը։
― Պարոնայք, սա ուղղակի անհավանական է, ― բղավում էր նա ուժեղ ձայնով։ ― Դուք շատ բան կորցրիք, որ մեզ հետ չէիք։ Գրեցեք ձեր հուշատետրերում, որ ամեն ինչ կորցրիք, պարոնա՛յք։ Եվ այսպես, Բեկկիի հետ գնացինք Էմմի Մակֆերսոնի տաճարը։ Չնայած մինչև քարոզն սկսվելը մի ամբողջ ժամ կար, եկեղեցին լեփ֊լեցուն էր։ Հազարից ավելի մարդ էր նստած այնտեղ։ Ու բոլորն էլ լավ, հասարակ մարդիկ։ Տնօրեններն, ըստ երևույթին, ինչ֊որ կարևոր անձնավորությունների տեղ ընդունեցին մեզ և նստեցրին առաջին կարգում։ Շատ լավ էր, պարոնայք։ Նստել ու սպասում ենք։ Այո՛, այո՛, այո՛, առայժմ իհարկե, խոսքի բռնվեցինք հարևանների հետ։ Հիանալի մարդիկ էին։ Մեկը ֆերմեր էր՝ Այովայից, մյուսն էլ էր հատկապես եկել այստեղ։ Նա Նևադայում փոքրիկ ռենչ ունի։ Լավ, ազնիվ մարդիկ են, որոնք ուզում են որևէ բանի հավատալ, կարոտ են հոգևոր սննդի։ Նրանց հարկավոր է որևէ բան տալ, դա շատ անհրաժեշտ է, պարոնայք։ Վերջապես հնչում է երաժշտությունը, թնդում է տուշ, ոնց որ կրկես լինի, և հայտնվում է Էմմի Մակֆերսոնը, գանգրացրած մազերով, ամբողջովին խոպոպիկներով, մորեգույն մանիկյուրով, սպիտակ խիտոնով, քսված, ներկված։ Ոչ այնքան ջահել, բայց դեռ սիրունիկ։ Բոլորը հիացած են։ Հարկա՛վ։ Մտածեցեք հապա, պարոնայք։ Տխուր տերտերի փոխարեն դուրս է գալիս ժամանակակից սիրունիկ մի կին։ Եվ գիտե՞ք նա ինչ եր ասում։ Դա սարսափելի բան էր։
― Եթե ես ատրճանակ ունենայի, ― վրա բերեց միսիս Ադամսը, ― ես նրան․․․
― Նո՛, նո՛, Բեկկի, այդքան արյունառուշտ չպետք է լինել։ Չէ, լուրջ, մի ընդհատիր ինձ։ Եվ այսպես, պարոնայք, ես չեմ պատմի, թե ինչ էր շաղակրատում նա։ Եվրոպայում դա ծիծաղ կառաջացներ նույնիսկ ամենախավարամիտ մարդկանց մոտ։ Բայց մենք Ամերիկայում ենք, միստերներ։ Այստեղ պետք է ասել շատ հասարակ բաներ միայն։ Ազնի՛վ խոսք, լավ մարդիկ էին եկեղեցում հավաքվածները, նրանք հիացած էին։ Հոգեկան այն սնունդը, որ առաջարկվում էր նրանց Էմմի Մակֆերսոնը, չէր սազի նույնիսկ դեղձանիկին, եթե դեղձանիկը կրոնի կարիք ունենար։ Խղճուկ սրամտություններով համեմված կոպիտ շառլատանության և թափանցիկ զգեստներով ջահել աղջիկների երգչախմբի ձևով բավական մեծ բաժին զգայականություն։ Բայց ամենագլխավորը, միստերներ, դեռ առջևում էր։ Պարզվեց, որ Էմմի Մակֆերսոնը կարիք ունի հարյուր հազար դոլարի՝ տաճարը նորոգելու համար։ Հարյուր հազար դոլար, միստերներ, դա մեծ փող է նույնիսկ հարուստ Ամերիկայում։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ ամերիկացիներն այնքան էլ չեն սիրում բաժանվել իրենց դոլարներից։ Ինքներդ էլ եք հասկանում, որ եթե Մակֆերսոնը հավաքվածներին պարզապես խնդրեր փող նվիրաբերել տաճարը նորոգելու համար, ապա շատ քիչ փող կհավաքեր։ Բայց նա հանճարեղ բան է մոգոնել։ Լռեց կամարները թնդացնող նվագախումբը, և հրեշտակի պես խուճուճված քույր Մակֆերսոնը նորից դիմեց բազմությանը։ Նրա ճառը, հիրավի, ոգեշնչված էր։ Միստերներ, դուք ամեն ինչ կորցրել եք, որովհետև չեք լսել այդ զարմանալի ճառը։ «Եղբայրներ, ― ասաց նա, ― փող է պետք։ Իհարկե, ոչ ինձ, այլ աստծուն։ Դուք կարող եք աստծուն մեկ պեննի տալ ձեր մարմնի քաշի յուրաքանչյուր ֆունտից, այն մարմնի, որ նա շնորհել է ձեզ անասելի ողորմածությամբ։ Միայն մեկ պեննի։ Չնչին բան։ Միայն մեկ պեննի է խնդրում ձեզանից աստված։ Մի՞թե դուք մերժելու եք նրան»։
Հենց այդ պահին շարքերով անցան սպասավորները՝ թռուցիկներ բաժաելով, որոնց վրա տպված էր․
«Աղոթեցե՛ք, կշռվեցե՛ք, վճարեցե՛ք․․․
Միայն մեկ պեննի՝ կենդանի քաշի մեկ ֆունտին․
Կշռվեցեք ինքներդ։ Կշռե՛ք հարազատներիդ,
Կշռեք ծանոթներիդ»։
Գիտեք ինչ, միստերներ, չէ՞ որ սա հանճարեղ է մտածված։ Ամերիկյան բնավորության հատկությունների նուրբ իմացումով։ Ամերիկացիները սիրում են թվեր։ Նրանց ամենից հեշտ է համոզել թվերով։ Թե չէ փող տվող չեն։ Բայց մի պեննի՝ քաշի յուրաքանչյուր ֆունտին, դրանում մի ինչ֊որ անհունորեն համոզիչ և գործարար բան կա։ Բացի այդ, հետաքրքիր զբաղմունք է դա։ Ֆերմերը կվերադառնա իր Այովան և մի ամբողջ շաբաթ կկշռի իր հարևաններին ու ազգականներին։ Ա՛յ թե ծիծաղ կլինի, հա՜․․․
Այո՛, այո՛, միստերներ, սպասավորները կրկին անցան շարքերով, այս անգամ մեծ մատուցարաններով։ Մի քանի րոպեում մատուցարանները լիքը լցվեցին։ Միջին ամերիկացին հարյուր ութսուն ֆունտ քաշ ունի։ Նևադայից եկած իմ գեր հարևանը երկու դոլար տվեց։ Իսկ նա որոշակի հարուստ մարդ էր։ Նրան համոզեցին ապուշային թվաբանության օգնությամբ։ Միստերներ, ես ձեզ միանգամայն լուրջ եմ ասում։ Բոլոր այդ շառլատանային աղանդների կրոնը գտնվում է բազմապատկման աղյուսակից դեպի ամենագռեհիկ մյուզիկ֊հոլլը տանող ճանապարհի կեսին։ Մի քիչ թիվ, մի քիչ հին անեկդոտ, մի քիչ պոռնոգրաֆիա և անչափ շատ լկտիություն։ Գրեցեք ձեր հուշատետրում, միստերներ։
Գլուխ երեսունիններորդ — Աստծո երկիրը
Էմմի Մակֆերսոնը լցրել էր միստեր Ադամսի համբերության բաժակը։
― Չե՛, լուրջ, պարոնայք, ― ասում, էր նա մեր համարում անցուդարձ անելով, ― մենք Բեկիի հետ որոշել ենք մեկնել։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես ձեզ հիանալի հասկանում եմ։ Դուք գրող եք, հարկ է, որ լավ ծանոթանաք ամերիկյան կինեմատոգրաֆիային։ Այո՛, այո՛, դա ձեզ միանգամայն անհրաժեշտ է։ Բայց ես ու Բեկկին այստեղ անելիք չունենք։ Թողեք մենք գնանք Մեքսիկա։
Այս խոսքերով միստեր Ադամսը մահճակալին փռեց մեծ, ծալատեղերն արդեն ճղված քարտեզը և փորով ընկավ վրան։
― Մենք կգնանք Մեքսիկա․ կհանգստանանք ծովափին։ Բեկիի հետ արդեն գնացել ենք «Չեմբեր օֆ Կոմերս» և ինֆորմացիա վերցրել։ Բացի այդ, մենք հիմա կգնանք «Ա․ Ա․ Ա․» և այնտեղ էլ կվերցնենք ինֆորմացիա։ Այնպես չէ՞ Բեկկի։ Հենց սահմանի մոտերքը մի հիանալի տեղ կա, մեքսիկական Էնսենադո գյուղը։ Հրաշալի լողափ, լավ ճանապարհ։ Հետո կհանդիպենք Սան֊Դիեգոյում։ Այնտեղից սկսվում է մեր վերադարձի ճանապարհը դեպի Նյու֊Յորք։ Ի՞նչ եք կարծում, պարոնայք։
Չնայած այն բանին, որ ուղևորությունը մեծ բավականություն էր պատճառում Ադամս ամուսիններին, նրանք սկսեցին երկյուղել, որ մենք ժամկետին չենք վերադառնա Նյու֊Յորք։ Միևնույն ժամանակ առանց իրենց բեբիի սկսեցին թաղծել և ամբողջ օրերով փոքրիկ երեխաներ էին որսում, գրկում էին սեղմում կրծքներին, խեղդում համբյուրներով։ Հոլլիվուդում նշված ժամկետից ավելի մնալը վախեցնում էր նրանց։
― Եթե մենք Սան֊Դիեգոյից դուրս գանք դեկտեմբերի 26֊ին, ժամանակին կհասցնենք տուն վերադառնալ, ― ասում էր միստեր Ադամսը, քարտեզի վրա կարմիր մատիտով նկարելով մեր վերադարձի ճամփան։ ― Մեքսիկական սահմանի երկարությամբ կգնանք Էլ֊Պասո, հետո Սան֊Անտոնիոյի վրայով կընկնենք Նյու֊Օռլեան, իսկ հետո, կտրելով գրեթե բոլոր սև նահանգները, կհասնենք Վաշինգտոն։
Որքան էլ որ ափսոսում էինք մեր ուղեկիցներից բաժանվել, ստիպված էինք այդ անել, որովհետև Հոլլիվուդի հետ ծանոթանալը դեռ մի քանի օր էլ էր պահանջում։ Իսկ տանջել միստեր Ադամսին, ստիպելով քարշ գալ մեզ հետ ստուդիաները, շատ տմարդի բան կլիներ։ Մենք պայմանավորվեցինք դեկտեմբերի քսանհինգին հանդիպել Սան֊Դիեգոյում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, հենց մեքսիկական սահմանի մոտ գտնվող քաղաքում։ Եթե այդ օրը մենք չգնանք, ամուսինները ճամփա կընկնեն առանց մեզ, և մենք ստիպված կլինենք գնացքով հասնել նրանց։
Մենք այնպես էինք ընտելացել Ադամսներին, որ մեր լվացված, թարմությամբ փայլող մեքենայի մոտ կանգնած, անվերջ հրաժեշտ էինք տալիս և ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանվել։ Ի դեպ, վերջին րոպեին Ադամսները նորից ծլկեցին «Չեմբեր օֆ Կոմերս» (առևտրական պալատ) լրացուցիչ ինֆորմացիա վերցնելու և այնքան երկար ժամանակ դուրս չէին գալիս այնտեղից, որ նրանց չսպասելով, գնացինք մեր գործերով։
Հոլլիվուդում ծանոթացանք բազում մարդկանց հետ, իմացանք շատ հետաքրքիր բաներ։ Բայց մեր խղճի վրա մի մեղք է ընկած։ Մենք եղանք Հոլլիվուդում և չտեսնվեցինք Չապլինի հետ, թեև այդ հնարավոր էր անել, և մենք շատ էինք ցանկանում։
Այդ վիրավորական պատահարը տեղի ունեցավ այն պատճառով, որ Չապլինի հետ կայանալիք տեսակցությունը հանձն առավ գլուխ բերել մի մարդ, որն ընդհանրապես չէր կարող այդ անել, եթե անգամ մեկ տարի էլ աշխատեր։ Ցավոք մենք շատ օրեր կորցրինք, նախքան այդ մասին իմանալը։ Երբ մենք գործի անցանք ուրիշ ծայրից, Չապլինը ավարտելով «Նոր ժամանակներ»֊ի երաժշտությունը, մեկնել էր հանգստանալու։ Հետո վրա հասավ առևտրի պայծառ տոնը՝ «մերրի կրիստմասը» ― «ուրախ ծնունդը»։ Հետո արդեն մեկնելու էինք։ Այդպես էլ մեր հանդիպումը Չապլինի հետ տապալվեց։
Մայլստոնի, Մամուլյանի և առաջին տասնյակի մյուս ռեժիսյորների հետ մեր ունեցած զրույցները համոզեցին, որ այդ հիանալի վարպետները հալումաշ են լինում այն չնչին պիեսներից, որոնք ստիպված են բեմադրել։ Ինչպես արվեստի բոլոր մեծ մարդիկ, նրանք ցանկանում էին բեմադրել նշանակալից բաներ։ Բայց հոլլիվուդյան սիստեմը թույլ չէր տալիս այդ անել։
Մենք տեսանք մի քանի ռուսների, որոնք ապրում էին Հոլլիվուդում։ Նրանք շատ են աշխատում, երբեմն հաջողության են հասնում, երբեմն՝ ոչ, բայց և՛ նրանք, և՛ մյուսներն իրենց մեղավոր են զգում, որ նստած են այստեղ, և ոչ թե Մոսկվայում։ Նրանք չեն խոսում այդ մասին, բայց այդ ամեն ինչից երևում է։
Երբ գեղարվեստական թատրոնը եղել է Ամերիկայում, երիտասարդ մի դերասան մնացել է Հոլլիվուդում նկարահանվելու։ Մնացել է երեք ամսով, բայց արդեն տասը տարուց ավելի է նստած է այստեղ։ Նա դասվում է հաջողություն ունեցողների թվին։ Նրա գործերը լեռնիվեր են գնում։
Ինչու՞մն է այդ արտահայտվում։ Նա Ստանում է շաբաթական հինգ հարյուր դոլար։ Իր ֆիրմայի հետ յոթ տարվա պայմանագիր է կնքել։ Չկարծեք, թե մեծ երջանկություն է այդ յոթնամյա պայմանագիրը։ Նման պայմանագրի էությունն այն է, որ պայմանագիր ստորագրող դերասանը, իրոք, պարտավոր է յոթ տարի ծառայել միայն այն ստուդիայում, որի հետ կապվել է։ Իսկ ստուդիան ինքը իրավունք ունի յուրաքանչյուր կես տարին մեկ վերանայել այդ պայմանագիրը և հրաժարվել դերասանի ծառայություններից։ Այնպես որ, այն յոթնամյա է ծառայողի համար, իսկ տիրոջ համար՝ միայն կեսամյա։
Պետք է շատ աշխատել։ Առավոտ կանուխ գնում է նկարահանվելու, տուն է վերադառնում ուշ երեկոյան։ Նկարահանվում է մի նկարում, ստանում է մի շաբաթ հանգիստ և սկսում է նկարահանվել մեկ ուրիշ նկարում։ Շունչ քաշելու ժամանակ չկա։ Միայն հասցրու գրիմը փոխել։ Քանի որ օտարերկրացի է և անգլերեն այնքան էլ մաքուր չի խոսում, ապա խաղում է միայն օտարերկրացիների՝ մեքսիկացիների, իսպանացիների, իտալացիների դերեր։ Հազիվ հասցնում է իսպանական այտամորուսները փոխել իտալականի։ Եվ քանի որ բարկացկոտ դեմք ունի և սև աչքեր, ապա գերազանցապես խաղում է սրիկաների, բանդիտների և գյադաների դերեր։
― Դա փաստ է, ― բղավում էր նա։ ― Մի նկարից մյուսն այնքան փոքրիկ ընդմիջում է լինում, որ ես չեմ հասցնում ծանոթանալ դերի հետ։ Ազնի՛վ խոսք։
Ցույց տալով մեզ իր տնակը (ամերիկյան լավ տնակ՝ էլեկտրական սարքերով, հատակին սարքավորված գազի ջեռուցումով և արծաթազօծ տոնածառով), ավտոմոբիլը (ամերիկյան լավ տուրինգ֊կառ, վառիչներով ու ռադիոյով) և կնոջ (ռուս լավ կին՝ մոխրագույն աչքերով), դերասանն անցավ, ըստ երևույթին, իրեն շատ հուզող հարցին․
― Հը՛, իսկ ի՞նչ կա, ինչ կա Միությունում։
Մանրամասն պատասխան ստանալով այն մասին, թե ինչպես է Միությունում, նա ավելի մեծ հետաքրքրությամբ հարցրեց․
― Իակ ի՞նչ կա Մոսկվայում։
Դրա մասին ևս մանրամասն պատասխան ստանալուց հետո դերասանը բղավեց․
― Իսկ գեղարվեստականից ի՞նչ լուր։ Ի՞նչ են անում մեր թատրոնում։
Այդ էլ պատմեցինք։
― Միշկա Յանշինը հանրապետության վաստակավոր արտիստ է, ― ուրախ թառանչ քաշեց նա։ ― Ախր Միշկան դեռ տղա է։ Ախր ես և նա միասին համր դերեր էինք խաղում։ Իսկ Խմելյո՞վը։ Մի՞թե Ֆյոդոր ցար է խաղում ։ Հրաշալի է ուղղակի։ Ախր Խմելյովն ինձ հետ․․․ Մենք ախր պարզապես երեխաներ էինք քսաներկու թվականին։ Այդ փաստ է, որ երեխաներ էինք։ Իսկ Իլինսկու մասին ես ամեն ինչ գիտեմ։ Նշանավոր դերասան է դարձել, իսկ մենք մեկտեղ սովորում էինք ստուդիայում։ Այդ փաստ է, որ սովորում էինք՝ Իգորի հետ։
Նա ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ այն մտքին, որ Յանշիններն ու Խմելյովներն արդեն աճել են, դարձել մեծ դերասաններ։ Չէր կարողանում ընտելանալ, որովհետև Հոլլիվուդով էր չափում։ Չէ՞ որ իր հետ այս տասներեք տարվա ընթացքում, ճիշտն ասաց, ոչինչ տեղի չէր ունեցել։ Էհ, շատ փող ստանալ է սկսել, սեփական ավտոմոբիլ է ձեռք բերել, բայց հայտնի դերասան չի դարձել։ Միայն վերջերս, տառացիորեն մեկ ամիս առաջ, սկսեցին գոնե ազգանունը հիշատակել գործող անձանց ցուցակում։ Առաջներում այդ էլ չկար։ Հենց այնպես անանուն կինեմատոգրաֆիական հանճար՝ մեքսիկական այտամորուքներով և փայլատակող աչքերով։ Մինչդեռ շատ տաղանդավոր դերասան է։
Ուշ գիշերին ուղեկցելով մեզ Հոլլիվուդի խաղաղված փողոցներով, նա հանկարծ կատաղեց և սկսեց ամեն ինչ նզովել։
― Հոլլիվուդ ասածդ գյուղ է, ― բղավում էր նա կրքոտ ձայնով։ Դա փաստ է։ Վայրի գյուղ։ Այստեղ շնչելու օդ չկա։
Եվ դեռ երկար, ամբողջ Կալիֆոռնիայով մեկ լսվում էր ռուսական թավ ձայնը։
― Գյու՛ղ է։ Հավատացնում եմ ձեզ, գյու՛ղ է։ Սա փաստ է։
Գիշերային այդ աղաղակը վերջինն էր, որ մենք լսեցինք Հոլլիվուդում։ Առավոտյան գնացքով Սանտա֊Ֆեի երկաթուղով մեկնեցինք Սան֊Դիեգո։
Դրա համար մենք նախ՝ մեկնեցինք Լոս֊Անժելոս, որը հեռու է Հոլլիվուդից․․․ Ասենք, ոչ մի չափով էլ հեռու չէ Հոլլիվուդից, այլ ձուլված է նրա հետ, ինչպես Հոլլիվուդն ինքը աննկատելիորեն ձուլվում է Բեվերն֊Հիլլի հետ, Բեվերն֊Հիլլը ձուլվում է Սանտա֊Մոնիկայի հետ, իսկ Սանտա֊Մոնիկան՝ էլի մի ուրիշ վայրի հետ։
Լոս֊Անժելոս թարգմանաբար նշանակում է հրեշտակներ։ Այո, սա նավթի մեջ թաթախված հրեշտակների քաղաք է։ Այստեղ ևս, ինչպես Օկլախոմա֊սիթիում, նավթ է գտնվել բուն քաղաքում, և ամբողջական փողոցներ զբաղված են մետաղե աշտարակներով․ քամում, քաշում և փող են վաստակում։
Լոս֊Անժելոսը ծանրանիստ քաղաք է, մեծ շենքերով, կեղտոտ ու բանուկ փողոցներով, երկաթե հրշեջ սանդուխքներով, որոնք ցցված են տան ճակատներին։ Սա Կալիֆոռնիական Չիկագոն է․ աղյուս, հետնախորշեր, ամենաիսկական աղքատություն և ամենազայրացուցիչ հարստություն։
Մեկնելուց քիչ առաջ մարդկանց մի մեծ հերթ տեսանք ռեստորանի մուտքի առջև։ Մշտական ցուցանակի վրա հագցված պաստառը ծանուցում էր, որ այստեղ փրկության բանակը ծննդյան ձրի ճաշ է տալու գործազուրկներին։ Ռեստորանի դռները փակ էին, մինչև ճաշ դեռ բավական ժամանակ կար։ Հերթը ցուցադրում էր ամերիկյան ամեն տեսակի ու ամեն տիպի գործազուրկների․ վաղուց չսափրած այտերով ու կզակով շրջմոլիկներից սկսած մինչև հեզ ծառայողը, որը դեռ չի հրաժարվել փողկապից և չի կորցրել երբևէ հասարակության մեջ վերստին մտնելու հույսը։ Այստեղ կանգանած էին պատանիներ․ նրանք աճել ու մեծացել էին այն ժամանակ, երբ աշխատանքը չքացել էր, նրանք երբեք չէին աշխատել, ոչինչ անել չեն կարող, և տեղ չկա, որտեղ սովորեն աշխատել։ Եռանդով լի, ընդունակ այդ երիտասարդները ոչ ոքի պետք չեն։ Այստեղ կանգնած էին իրենց ամբողջ կյանքում աշխատած ծերունիներ, որոնք այլևս երբեք չեն աշխատելու, ընտանիքի հայրեր, ազնիվ աշխատավորներ, որոնք իրենց բանվորական կյանքի ընթացքում քիչ տերերի չեն հարստացրել․ սրանք ևս ոչ ոքի պետք չեն։
Էպտոն Սինկլերը․ որի հետ մի քանի օր առաջ հանդիպեցինք Պասադենում՝ կալիֆոռնիական փոքրիկ և գեղեցիկ քաղաքում, մեզ ասաց․
― Կապիտալիզմն իբրև մարդկանց շահ ու վաստակ բերող հասարակարգ, իբրև գոյության հնարավորություն տվող հասարակարգ, վաղուց մեռել է։ Բայց, դժբախտաբար, մարդիկ այդ դեռ չեն հասկացել։ Նրանք կարծում են, թե սա ժամանակավոր դժվարություն է, ինչպես լինում էր առաջներում։ Նրանք չեն հասկանում, որ կապիտալիզմը երբեք այլևս աշխատանք չի տա տասներեք միլիոն ամերիկյան գործազուրկներին։ Չէ՞ որ երեսուն թվականից սկսած ճգնաժամը նկատելիորեն թուլացել է, գործերն անհամեմատ լավ են գնում, իսկ գործազրկությունը չի պակասում։ Մարդկանց փոխարինել են նոր մեքենաները և արտադրության ռացիոնալիզացիան։ Աշխարհի ամենահարուստ երկիրը, «աստծո երլիրը», ինչպես այն անվանում են ամերիկացիները, մեծ երկիրը ի վիճալի չէ իր մարդկանց ապահովելու ո՛չ աշխատանքով, ո՛չ հացով, ո՛չ կացարանով։
Եվ այդ մեծ, կրքոտ մարդը, որն իր ողջ կյանքում դեսուդեն է ընկել ճշմարտություն գտնելու համար, եղել է և՛ լիբերալ, և՛ սոցիալիստ, և՛ սեփական սոցիալական տեսության հիմնադիր, որի դրոշի տակ Կալիֆոռնիայի նահանգապետ է քվեարկվել դեմոկրատական պարտիայի կողմից և նույնիսկ ինը հարյուր հազար ձայն հավաքել, հոգնած կախեց գլուխը։ Մենք նստել էինք նրա տանը, խավարչտին, հնաձև, փոշեպատ և մի տեսակ անմարդաբնակ տանը, որը նույնպես հոգնած էր ու ծերացած։ Կալիֆոռնիայում մեկուսացած նահանգ ստեղծելու փորձից, որտեղ գործազրկություն չէր լինելու, ոչինչ դուրս չեկավ։ Սինկլերի Կալիֆոռնիայի նահանգապետության թեկնածությունը չանցավ։ Ասենք, ոչինչ էլ դուրս չէր գա, եթե անգամ նահանգապետ դառնար։
― Սրանով վե՛րջ, ― ասաց Սինկլերը հրաժեշտ տալիս։ ― Ես վերադառնում եմ գրական աշխատանքի։
Սինկլերը գեղեցիկ արծաթափայլ գլուխ ուներ։ Հագել էր ֆլանելե կոստյում և նեղլիկ փոկերից հյուսած ամառային մաշիկներ։ Ձեռքին բռնած ուներ ոստառատ և ծռմռված ձեռնափայտ։ Այդպես էլ մնաց մեր հիշողության մեջ․ ժպտացող ու հոգնած մի ծեր մարդ, կանգնած կալիֆոռնյան մայրամուտով շառագունված իր համեստ ու հին տան դռների մեջ։
Տոնական Լոս֊Անժելոսի փողոցներն արտասովոր խաղաղ էին։
Կայարանը ամայի էր։ Կրպակում վաճառում էին լրագիր, բացիկներ, սառնաշաքարի հինգ ցենտանոց փաթեթեր։ Այդ կլոր և մեջտեղը ծակ սառնաշաքարները նման էին կոշտուկասպեղանու։ Նրանց համը հաստատում էր տեսողական տպավորությունը։
Երկաթուղային ինչ֊որ մի աստիճանավոր խռմփացնում էր իր միջնորմի հետևում՝ լաքած հովարով համազգեստի գլխարկը քթին քաշած։ Մտանք պուլմանյան վագոնը և նստեցինք թավշյա, պտտվող և մեջքերին ժանեկագործ անձեռոցիկներ գցած բազկաթոռներին։ Ուղեկցող նեգրը կամացուկ ներս բերեց մեր ճամպրուկները, կամացուկ տեղավորեց բագաժանոցի վրա և անխոս հեռացավ։
Քաղաքից դուրս գալուն պես երևացին նարնջենիների պուրակները։ Նրանց վառ պտուղները ծիկրակում էին արջի պես փռչոտ բուսականության միջից։ Տասնյակ հազար ծառեր կանգնել էին ուղիղ շարքով։ Ծառերի արանքներում հողը մաքրված էր իդեալական կերպով և յուրաքանչյուրի տակ նավթի փոքրիկ վառարան էր դրված։ Տասը հազար ծառ՝ տասը հազար վառարան։ Գիշերները բավական զով էին լինում, և նարինջները տաք օդի կարիք էին զգում։ Այսպես թե այնպես ձմեռ էր։ Վառարաններն ավելի մեծ տպավորություն էին թողնում, քան նարնջի պլանտացիաները։ Մենք նորից տեսանք ամերիկյան անթերի և հոյակապ կազմակերպվածությունը։
Նարնջի պուրակները հանկարծակի փոխարինվեցին նավթի պուրակներով։ Սրանք նույնիսկ պուրակներ չէին, այլ նավթային աշտարակների խիտ մացառուտներ։ Նրանք կանգնած էին օվկիանոսի լողափին, նրանցից ոմանք գնում էին բուն օվկիանոսի մեջ։
Հետո ամեն ինչ խառնվեց։ Նարնջի և նավթի պլանտացիաները հաջորդում էին միմյանց, և պատուհանից միաժամանակ ներս էին պրծնում նարնջի բուրմունքը և թերամշակ նավթի ծանր հոտը։
Վերջապես տեսադաշտից անհետացան մարդկային ձեռքի բոլոր ստեղծագործությունները, և մեր առջև բացվեց լայնածավալ, հպարտ ու հանդարտ օվկիանոսը։ Տեղատվության ժամն էր, և օվկիանոսը բավական հեռացել էր ափերից։ Ծովային խոնավ հատակը անդրադարձնում էր մայրամուտի արևը։ Երկու արևներն էլ (իսկականն ու անդրադարձածը) սրնթաց վազում էին գնացքի հետևից։ Արևն արագորեն իջնում էր հորիզոն, գնալով ավելի էր կարմրում, տափակում ճխլտվում ու կորցնում իր ձևը։ Այժմ դա մի թոշնած, ամեն տեսակ հանդիսավորությունը կորցրած լուսատու էր։ Իսկ օվկիանոսը շարունակում էր ընթանալ գնացքի կողքով՝ կապտականաչ ու մեղմ ալիքներ թավալելով, առանց իրար անցնելու և իր վրա ուշադրություն հրավիրելու։
Ուղևորները խշխշացնում էին լրագրերը, քնում էին բազկաթոռների մեջ ընկղմված, գնում ծխելու սենյակը, որտեղ միաժամանակ կարելի էր խմել մի գավաթ որևէ «բակարդի» կամ «մանհետեն», զրուցել հարևանի հետ, բացականչել իր մշտնջենական «շուռլին» կամ, պարզպես, ննջել թավշյա բազմոցների վրա։
Մթնել էր արդեն, երբ հասանք Սան֊Դիեգո։ Կայարանում ուրախ ճիչերով մեզ դիմավորեցին Ադամս ամուսինները։ Մեքսիկական տպավորությունները հանգիստ չէին տալիս Ադամսներին, և նրանք շտապում էին մեզ հաղորդակից դարձնել իրենց տպավորություններին։
― Պարոնայք, բացականչեց Ադամսը, երբ հազիվ ոտք էինք դրել կառամատույցի վրա։ ― Գիտե՞ք ով էր առաջին մարդը, որին մենք տեսանք մեքսիկական հողի վրա։ Ամենաառաջինը, որ հանդիպեց մեր ճանապարհին։ Այո, այո, պարոնայք, դա թերեկյան մի կոզակ էր։ Ամենաիսկական թերեքյան կոզակ։ Հիանալի խոսում է ռուսերեն, իսկ իսպաներեն՝ ոչ մի բառ։
Ադամսները մեզ տարան «Կալիֆոռնիա Օտտո Կորտ» (ավտոմոբիլային իջևան, նույն ինքը՝ կեմպ), որտեղ արդեն ապրում էին երեկվանից և, տիրոջ հետ մտերմանալով, իմացել էին Սան֊Դիեգոյի բոլոր նորությունները․ ինչպես է այս տարվա նարնջի բերքը, ինչպես են նավթային գործերը, ավելացե՞լ է արդյոք տուրիստների հոսանքը Կալիֆոռնիա և էլի ուրիշ օգտակար տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր խոհուն ճանապարհորդի։
Կեմպի տերը մեզ դիմավորեց որպես իր սիրելի ազգականներին։ Պետք էր ենթադրել, որ ամուսինները մեզ ներկայացրել էին ամենաբարենպաստ ձևով։ Ուրախալի և երկար զեղումներից հետո իրերը թողեցինք մեզ հատկացված սենյակում և գնացինք ճաշելու։
Սան֊Դիեգոն և մոտակայքում տեղավորված Սան֊Պեդրո քաղաքը հանդիսանում են Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմի բազաներ։ Փողոցներում անցուդարձ էին անում նավաստիներ։ Հանդիսավոր, լողլող և լռակյաց այդ մարդիկ թևանցուկ տանում էին իրենց աղջիկներին։ Ուրախ, զվարթ պուճուր աղջիկները, շաղակրատելով ու քրքջալով, կառչել էին իրենց կավալերներից։
Ավտոմոբիլի մեջ նստած, պտույտ էինք գործում մեր ընտրած ռեստորանի շուրջը և ոչ մի կերպ չէինք կարողանում տեղ գտնել մեքենան կանգնեցնելու համար։ Փողոցի բոլոր եզրերը զբաղված էին, ամենուրեք ավտոմոբիլներ էին կանգնած։ «Պարկինգ» գտնելու համար քանի գնում հեռանում էինք մեր ռեստորանից՝ փողոցից փողոց անցնելով։ Բայց քաղաքն այնքան լիքն էր ավտոմոբիլներով, որ տեղ չէր գտնվում նույնիսկ մեկ ավտոմոբիլի, մի փոքրի՜կ, ազնվավարո՜ մկնագույն մեքենայի համար։ Սատանան գիտի, թե ինչ բան է սա։
Մենք հասանք Սան֊Դիեգոյի ծայրը, որտեղ չէր հասնում անգամ քաղաքի աղմուկը։ Խավարի մեջ լսվում էր միայն օվկիանոսի խշշոցը։ Վերջապես մեքենան կանգնեցրինք և գնացինք ռեստորան։ Կես ժամ պետք էր գնալ ոտքով, մինչև կհասնեինք ռեստորան։ Ահա թե, երբեմն, ինչպիսի արտասովոր դեպքեր են լինում մի երկրում, որտեղ քսանհինգ միլիոն ավտոմոբիլ կա։
Ռեստորանում, պատառաքաղով ծննդյան գունատ հնդուհավի մսի մի մեծ կտոր բռնած, միստեր Ադամսը հանդիսավոր բացականչեց․
― Այժմ, պարոնայք, մենք ընկել ենք Յունայթեդ Սթեյթսի բուն ծայրը։ Դենը շարժվելու տեղ չկա։ Այսուհետև ինչ էլ որ անելու լինենք, ուր էլ որ գնալու լինենք՝ տուն ենք գնում, Նյու֊Յորք։ Ու՛տենք, պարոնայք, այս հնդուհավը, մեր կենա՜ցը։ Մենք արդեն անցել ենք վեց հազար մղոն։ Ուռա՜։
Հինգերորդ մաս — Վերադարձ դեպի Ատլանտիկա
Գլուխ քառասուներորդ — Իսպանական հին ճանապարհով
Դեկտեմբերյան շռայլ արևը իր լույսն էր սփռում ուրախ Սան֊Դիեգո քաղաքի վրա, նրա իսպանական ոճով կառուցված, երկաթյա պատշգամբներով և պատուհաններին կռած վանդակներով վառ դեղին առանձնատների վրա, տնամերձ, խուզված մարգագետինների և մուտքի առջևի դեղնականաչ սաղարթախիտ դեկորատիվ ծառերի վրա։
Ջինջ առավոտվա ճաճանչների մեջ, խարսխակայանում կանգնել էր ռազմական նավատորմը։ Ականակիրները տեղավորվել էին կողք֊կողքի, չորսական նավ միասին, խիտ, ինչպես փամփուշտները ատրճանակի պահունակի մեջ։ Հին հածանավերի և զրահակիրների բաց մոխրագույն գծերը ձգվում էին մինչև հորիզոն։ Ձմեռվա տաք նինջը կաշկանդել էր ծովախորշը և ռազմանավերի բարձրադիր, բարակ կայմերը անշարժ ցցվել էին կապտադալուկ երկնքում։ Դրեդնոուտներ և նորագույն նավեր այստեղ չկային։ Միգուցե նրանք այժմ կանգնած են Սան֊Պեդրոյում կամ գուցե օվկիանոս են դուրս եկել մարտական ուսուցման։
Մենք դուրս եկանք հրվանդանը, որը գնում էր ծովի խորքը։ Սա արդեն ռազմական նավահանգստի տերիտորիան էր։ Խավոտ, կանաչ համազգեստով պահակը դուրս եկավ իր ապակեպատ տնակից և քաղաքավարի նայեց մեզ։ Տեսնելով ֆոտոապարատը նա ասաց․
― Խնդրում եմ այդ ապարատով ոչինչ չնկարահանել։ Արգելված է։
Հրվանդանը ամայի էր։ Ոչ մի մարդ չհանդիպեց։ Նույնիսկ ճապոնական ամենաանորակ հետախույզն էլ կարող էր առանց խոչնդոտի իրեն անհրաժեշտ քանակությամբ նկարահանումներ կատարել՝ ներքևում հստակորեն ուրվագծված ռազմական կառուցումներից։ Պետք է ենթադրել, որ այդ նկարահանումները, իհարկե, վաղուց արդեն կատարված են, և ամերիկացիների ծովային բազաները այնպես լավ են հայտնի ճապոնացիներին, ինչպես իրենց սեփական Նագասակին։ Երբ վերադառնում էինք, պահակը նույնիսկ դուրս չեկավ տնակից։ Նա միայն աչքով արեց մեզ, ինչպես հին ծանոթների, և բաց թողեց առանց զննում կատարելու։
Հենց Սան֊Դիեգոյում կա ավիացիոն մեծ գործարան։ Այն հետաքրքիր է երկու պատճառով։ Նախ՝ կառուցված է երեք ամսվա ընթացքում։ Երկրորդ՝ նրա շուրջը վխտում են կողմնակի մարդիկ, ասես դա ինչ֊որ հանրածանոթ սրճարան լինի։ Գործարանին կարելի է ընդհուպ մոտենալ, ոչ թույլտվություն է պետք, ոչ անցագիր։ Կարելի է չտարակուսել, որ այդ անհոգությունը մի իսկական հաճույք է պատճառում ճապոնացիներին։
Օվկիանոս տանող ճանապարհին մենք տեսանք հոյակապորեն գցված փողոցներ՝ ասֆալտած լայնահուն սալարկներով, մայթերով, ալյումինաներկով պատած լապտերներով։ Մենք տեսանք մի ամբողջ քաղաք, կոյուղով և ջրմուղով, գազով և էլեկտրականությամբ, մի խոսքով քաղաք բոլոր հարմարություններով։ Բայց առանց տների։ Դեռ ոչ մի տնակ չկար այդ քաղաքում, ուր փողոցներին անգամ անուններ են տվել։
Այս վիճակում են Ամերիկայում հողամասեր վաճառվում տներ կառուցելու համար։ Որևէ մեծ ընկերություն գնում է հողամասը, որտեղ իր նկատառումներով լինելու է նոր ավան կամ քաղաք, հասցնում է հենց նոր նկարագրած վիճակին, իսկ հետո շահույթով վաճառում։ Տների կառուցումով զբաղվող մեկ ուրիշ ընկերություն երկու ամսվա ընթացքում կկառուցի ձեզ համար իսպանական հիանալի տուն, զոլավոր արևակալներով․ առաջին հարկում՝ լոգարան, երկրորդ հարկում՝ լոգարան, պատշգամբ, տան առջևում փոքրիկ մարգագետնով լճակ, իսկ հետևում շատրվան․ ամեն ինչ կանի, միայն տվեք նրան ձեր տասը հազար դոլարը, եթե ունեք։ Կարելի է նաև ոչ թե կանխիկ, այլ ժամկետներով։ Բայց ամերիկյան մեծն աստված թող այնպես չանի, որ կորցնեք աշխատանքը և դադարեցնեք վճարումները։
― Միստերներ, ― հանդիսավոր ասում էր ծերուկ Ադամսը, ― դուք պետք է հիշեք, որ ձեր տեսած այս ամբողջ բուսականությունը՝ արմավենիները, սոճիները, նարնջի և լիմոնի ծառերը, յուրաքանչյուր խոտը տնկված են մարդու ձեռքերով։ Կալիֆոռնիան ամենևին դրախտ չէր։ Սա անապատ էր։ Ջուրը, ճանապարհներն ու էլեկտրականությունն են ստեղծել Կալիֆոռնիան։ Կալիֆոռնիային մի շաբաթով զրկեք արհեստական ոռոգումից, և տարիներով հնարավոր չի լինի ուղղել այդ չարիքը։ Այն նորից կվերածվի անապատի։ Մենք Կալիֆոռնիան անվանում ենք «Ոսկի նահանգ», բայց ճիշտ կլիներ անվանել մարդկային հիանալի աշխատանքի նահանգ։ Այս դրախտում պետք է աննընդհատ աշխատել, այլապես կվերածվի դժողքի։ Հիշեցեք, պարոնայք։ Ջուր, ճանապարհներ և էլեկտրականություն։
Օվկիանոսի հենց ափին կանգնած էր մի շատ գեղեցիկ առանձնատուն, որի դռների վրա կալիֆոռնիական արևից էլ պայծառ շողշողում էր պղնձյա ցուցանակը․
«Թեոսոֆների միջազգային ընկերության գլխավոր գրասենյակ»։
― Նո՛, նո՛, պարոնայք, ― բղավում էր միստեր Ադամսը։ ― Սա թող չզարմացնի ձեզ։ Պետք է ապրել այնտեղ, որտեղ կա ջուր, ճանապարհներ և էլեկտրականություն։ Ինչպես տեսնում եք, թեոսոֆները ամենևին հիմար չեն։
Բազմամղոն հիանալի լողափի դիմաց երկար շարքով կանգնած էին բնակելի խցիկներ։ Նույնիսկ հիմա, ձմերը նրանցից մի քանիսում բնակվում էին։ Նրանց առմուտքերին տաքանում էին մի տեսակ ինքնուրույն դնչիկներով աղջիկներ․ սրտառուչ վայրենինուհիներ, որոնք դեպի բնությունն էին փախել խստաբարո և հարուստ ծնողներից, մեծ քաղաքների դղրդյունից և խելացնորությունից։
Իսպանական միսիսայի հին շենքի մոտից թեքվեցինք արևելք, դեպի տուն։
Այստեղ, բլրակի վրա աղյուսե բարձր խաչ է կանգնած, ի պատիվ Ժյունիպերտ Սերա անունով իսպանական վանականի։ Մի ժամանակ նա գրավել է այս հողը՝ « ի փառս աստծու և իսպանական թագավորի»։ Բլրակից երևում են ամբողջ քաղաքը և ծովախորշը։
Մենք դուրս եկանք «Օլդ Սպենիշ տրեյլ» իսպանական հին կածանը։ Բետոնը, ասֆալտը և մանրախիճը խիստ կերպարանափոխել էին հին ճանապարհը։ Կոնվիստադորները թերևս չճանաչեն հիմա այս հին վայրերը։ Այնտեղ, ուր սուլում էր հնդկացու փետրավորած նետը, այժմ կանգնած է «գազոլին ստեյշենը»․ կոմպրեսորն արագ շնչելով, օդ է մղում ավտոմոբիլային կամերայի մեջ։ Եվ այնտեղ, ուր իսպանացիները, իրենց կաշվե և պողպատե սպառազինության ծանրության տակ շնչակտուր լինելով, քարշ էին գալիս հազիվ նկատելի կածանով, այժմ անցնում է ամերիկյան սովորական «հայ֊վեյը»՝ բարձր կարգի, երբեմն նույնիսկ թեքուղիներ ունեցող ճանապարհը։
Թեև այժմ մենք շարժվում էինք դեպի արևելք, բայց արևը օրեցօր գնալով փոքրանում էր։ Մենք դարձյալ տեսանք կապտին տվող և հորիզոնում շառագունող հեռավոր լեռները, դարձյալ մթնշաղն իջավ, վրա հասավ գիշերը, փայլատակեցին ֆառերը։ Արդեն ուշ էր, երբ հասանք Էլ֊Սենտրո։
Էլ֊Սենտրո անշուք քաղաքն ընկած է «Իմպերիել֊վալլի»֊ում, «Կայսերական հովտում»։ Ամբողջ հովտի տարածության չափը երեսուն անգամ երեսուն մղոն է։ Այստեղ լիմոնի բերք են հավաքում տարեկան երեք անգամ, նարնջի՝ երկու անգամ։ Դեկտեմբերին և հունվարին աճեցնում են բանջարեղեն, որոնք այդ ժամանակ Միացյալ նահանգներում ոչ մի տեղ չեն բուսնում։ Արդեն սկսվել էր սալաթի բերքահավաքը, հետո կսկսվի սեխինը։ Եվ այդ դրախտային հովտում, որտեղ հասունանում են մեծ ու գունատ գրեյպֆրուտներ, ամբողջովին լիմոնների և նարինջների արբեցուցիչ բուրմունքով հագեցված այդ հովտում, դաժանորեն, ինչպես գուցե աշխարհում ոչ մի տեղ, շահագործում են մեքսիկացիներին և ֆիլիպինցիներին։ Եվ այդ հովիտը առավել, քան սալաթը և նարինջները, հայտնի է իր գազանային դատաստաններով, որ տեսնում են գործադուլավորների, բազմազավակ, մուրացիկ և միշտ սոված թշվառականների՝ սեզոնային մեքսիկացիների հետ։ Այստեղից մինչև Մեքսիկա ընդամենը տասներկու մղոն է։
«Լաս֊Պալմաս» կեմպը, որտեղ մենք իջևանեցինք, իրենից ներկայացնում էր կեմպի թե հյուրանոցի նման մի բան։ Այստեղ արդեն կար հոլլ՝ տակառների մեջ դեկորատիվ բույսերով, ճոճաթոռներով և փափուկ գահավորակներով, դրանով այն նմանվում էր հյուրանոցի և առիթ էր տալիս ուղևորի սիրտը հպարտությամբ լցնելու (հիշու՞մ եք՝ «Թող ձեր սիրտը հպարտուցյամբ լցվի, երբ արտասանելու լինեք ձեր իջևանած հյուրանոցի անունը»): Մյուս կողմից, սենյակի վարձագինը մեծ չէր և որոշակի հասկացնել էր տալիս, որ «Լաս֊Պալմասը», այնուամենայնիվ, կեմպ է։ Մի խոսքով, դա հարմար ապաստան էր։ Տերը երեսուն տարի առաջ երրորդ կարգի նավասենյակով Ամերիկա եկած ավստրիական գերմանացի էր։ Այժմ, բացի կեմպից, նրան է պատկանում նաև «Կալիֆոռնիա֊օթել» չորսհարկանի շենքը՝ սրճարանով և ընդհանուր ճաշասեղանով։ Ուստի նրա դեմքից չի իջնում ամերիկյան լավատես ժպիտը, որը մոտեցնում է նրան միստեր Մաքս Ֆակտորին և այլ բախտավորներին։
Էլ֊Սենտրոն՝ իր կոտրտված մայթերով և աղյուսաշեն կամարաշարքերով, շահագործման և մեծ բիզնեսի մռայլ քաղաք Էլ֊Սենտրոն դեռ գտնվում էր Կալիֆոռնիայում։ Բենսոնը, ուր մենք հասանք հաջորդ երեկոյան, արդեն Արիզոնում էր։
Բենսոն գնալիս մենք անցնում էինք կակտուսների հսկայական դաշտերով։ Դրանք «ջայենտ֊կակտուսներ» էին ― հսկա կակտուսներ։ Աճում էին խմբերով և միայնակ ու նման էին հազար անգամ խոշորացված և դիք կանգնեցրած վարունգների։ Նրանք պատած էին փորակներով, ինչպես կորնթոսյան սյուները, և մազերով, ինչպես կապկի թաթերը։ Նրանք ունեն կարճ ու հաստ ձեռիկներ։ Այդ ելուստները անասելի արտահայտիչ են դարձնում այդ հսկա կակտուսները։ Կակտուսներից մի քանիսը աղոթում են՝ , ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, մյուսները գրկախառնվում են, երրորդները երեխա են օրորում։ Իսկ մի քանիսը կանգնած են հպարտ անդորրությամբ՝ վերից նայելով անցորդներին։
Կակտուսներն ապրում են, ինչպես մի ժամանակ ապրել են հնդկացի ցեղերը։ Այնտեղ ուր մի ցեղ է ապրում, մյուսը տեղ չունի։ Նրանք չեն խառնվում։
Կակտուսների անապատը փոխարինվեց ավազե անապատով, ստվերներից շերտավորված կամ անհարթ ավազաթմբեր ունեցող իսկական Սահարայով, բայց ամերիկյան Սահարայով․ նրան հատում էր օազիսներով մի փայլուն ճանապարհ, օազիսներում ուղտերի փոխարեն հանգստանում էին ավտոմոբիլներ, ուր չկային արմավենիներ, իսկ աղբյուրների փոխարեն բենզինի առվակներ էին հոսում։
Բենսոնում ութ հարյուր հիսուն բնակիչ կա։ Ի՞նչ բան ունեն նրանք այդտեղ, անապատում։ Ինչու՞ են հավաքվել երկրագնդի այս կետում։
Պարզվում է, որ այստեղ է գտնվում Ամերիկայի իսկական տիրակալներից մեկի՝ Դյուպոնի վառոդի գործարանը։ Դյուպոնի, որը հիանալի կերպով կինոժապավեններ, սանրեր և պայթուցիկ նյութեր է արտադրում։
Ինչ կարելի է այստեղ անել․ մի քանի գազոլինկայաններ, երկու֊երեք դեղատուն, մթերային խանութ ունեցող ամերիկյան սովորական փոքրիկ քաղաքում, որտեղ ամեն ինչ ծախվում է պատրաստի վիճակում ― հացը՝ կտրտած, սուպը՝ եփած, սուպի պաքսիմատները՝ թափանցիկ թղթի մեջ փաթաթած։ Ի՞նչ կարող են մարդիկ անել այստեղ, եթե ոչ խելագարվել։
Խանութում, որտեղ գնում էինք կտրտած հացը, եփած սուպը և մի տեսակ, արդեն կերված պանիրը (համենայն դեպս այդպիսի տեսք ուներ), մեզ ասացին, որ թե գործերը կարգավորվել են, քաղաքում գործազրկություն չկա, որ վառոդի գործարանը սկսել է աշխատել լրիվ թափով։
Երբ միստեր Ադամսը խանութպանի պիջակի օձիքից բռնած, սկսեց հարձուփորձ անել, թե մարդիկ ի՞նչ են անում Բենսոում, տերը պատասխանեց․
― Հայտնի բան է, թե ինչ են անում։ Ծխում են «Չեստեր֊ֆիլդ», խմում են «կոկա֊կոլա», նստում են դեղատանը։ Փող է երևացել։ Ինչ֊որ մեկին վառոդ է պետք։
Ինչ֊որ մեկին վառոդ է պետք, մյուսին՝ պղինձ, ռազմական արդյունաբերությունն սկսել է ավելի լավ աշխատել։
Հետևյալ առավոտ մենք ընկանք լեռների մեջ ծվարած Բիսբի փոքրիկ քաղաքը։ Այդտեղ Արիզոնի պղնձի հանքերն են։ Տնակները տեղավորված են թեք լանջերին, ուր բարձրանում են փայտե երկար սանդուխքներով։ Քաղաքի հրապարակում կարմիր, թերամշակ պղնձից ձուլված բանվորի հուշարձան, անհայտ մի բանվորի, որ մեծ փող է դիզել հանքատիրոջ համար։ Դեղատան սեղանների վրա փայլփլում են կարմիր, բարակ պղնձից դրոշմված շաքարամաններ։ Քաղաքից մի քիչ հեռու երևում է հսկայական, ասես բնության ստեղծած մի խառնարան։ Իրականում մարդիկ են փորել այն։ Դա պղնձի շահագործման հին հանքավայրն է։
Այնուհետև մենք ընկանք կակտուսների անապատը, այնպիսի կակտուսների, ինչպիսիք մինչ այդ չէինք տեսել։ Ասեղնավոր մի մեծ գունդ վեր է նետում ծաղկափթիթ մի ճյուղ։ Երբ անցանք այդ անապատը, ընկանք մի ուրիշը, որտեղ աճում էին միայն հեռագրասյուներ և ուրիշ ոչինչ։ Անցավ ևս մի օր, և հեռագրասյուների անապատից ընկանք մի այլ անապատ, որը պատած էր Ուայտ֊սիթի քաղաքի վերաբերող հայտարարություններով, ռեկլամներով և ամեն տեսակ գրավոր, նկարած և տպագիր ճիչերով։
Յուրաքանչյուր երկու մղոնի վրա, իսկ հետո ավելի հաճախ, պլակատները մոլեգնորեն հրավիրում էին անցորդներին Ուայտ֊սիթի։ Ընդ որում պլակատները այնպիսի ուրախություններ էին խոստանում, որ եթե նույնիսկ Ուայտ֊սիթի կեղծանվան տակ թաքնված լինեին Նիցցան կամ Սոչին, ապա, թվում է, դա էլ չէր կարող արդարացնել այն խելացնոր խանդավառությունը, որով կազմված էին քաղաքն այցելելու խնդրանքները, պահանջները և աղերսները։
Նման խստապահանջությունից շփոթված, մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր մարշրուտից։ Արիզոնից արագ անցանք Նյու֊Մեքսիկո նահանգը, որքան մոտենում էինք Ուայտ֊սիթիին, այնքան ավելի ճչան էին դառնում ռեկլամները։ Վերջապես պարզվեց, որ Ուայտ֊սիթին հիմնել է նշանավոր կովբոյ Ջիմ Ուայտը, որը հայտնագործել է այժմ ավելի նշանավոր Կալսբադյան քարայրները։
Քսան տարի սրանից առաջ իր անվան քաղաքը դեռ չհիմնած Ջիմ Ուայտը նկատում է, որ գետնի ինչ֊որ ճեղքվածքից թանձր ծուխ է բարձրանում։ Հետաքրքրվելով, մոտենում է և տեսնում է, որ դա ծուխ չէ, այլ գետնի տակ ինչ֊որ տեղից թռչող չղջիկների անասելի մեծ երամ։ Կովբոյը համարձակ իջնում է ճեղքվածքը և գետնի տակ հայտնաբերում ստալակտիտի վիթխարի քարանձավներ։ Շուտով այդ քարանձավները հայտարարվում են ազգային սեփականություն և միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի հարմարություններ ստեղծվեն զննելու համար։ Քարանձավները մտան Միացյալ Նահանգների պարկի ցուցակների մեջ։ Ինչ վերաբերում է Ջիմ Ուայտին, ապա նա չի բավարարվում հայտնագործողի և աշխարհագետի փառքով, այլ հենց քարայրի մոտերքը հիմնում է մի քանի տնակներից բաղկացած կեմպ՝ Ուայտ֊սիթի վսեմ անունով, իսկ շրջակայքի հարյուրավոր մղոններով տարածությունը լցնում է ծանուցումներով և ասույթներով, որոնք վերաբերում էին իր քաղաքին։
Կարլսբադյան ստալակտիդի քարանձավների սարքավորումը շատ լավ պատկերացում է տալիս Ամերիկայի մասին, ամերիկյան աշխատանքի ոճի մասին։
Շուրջը հարյուրավոր մղոններով անապատ էր, իսկական իժային անապատ։ Եվ ահա, երբ մենք մտահոգված այն բանով, որ հավանաբար ստիպված ենք լինելու չորեքթաթ սողալ գետնի տակով, մոտեցանք քարայրներին և զարմանահրաշ մի պատկեր տեսանք․ երկու լիֆտ, գեղեցիկ խցիկներով, երկու հիասքանչ լիֆտ՝ գետնի տակ։ Վերևում կային խանութ, ուր վաճառվում էին հնդկական հուշանվերներ, հիանալի ինֆորմացիոն բյուրո և զուգարաններ, որոնք պատիվ կբերեին առաջնակարգ հյուրանոցին։ Դա էլեկտրական, բարձրախոս, ուլտրաժամանակակից անապատի մի կտոր էր։
Քարանձավների դիտումը խլում է մի ամբողջ օր, բայց մենք ուշացանք և մասնակցեցինք միայն էքսկուրսիայի երկրորդ կեսին։ Լիֆտով քարայրի հատակը իջնելով, մենք ընկանք ստորերկրյա մի ճաշարան։ Նախաճաշը առանձնապես ոչնչով չէր տարբերվում, բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ մթերքները հեռվից են բերում։ Այնուամենայնիվ, դա նախաճաշ էր՝ հաստ գավաթների մեջ լցրած տաք սուրճով, թափանցիկ թղթի մեջ փաթաթված անհամ հացով, սանդվիչներով, կալիֆոռնիական համի, այսինքն՝ ոչ այնքան քաղցր նարինջներով․ իսկական ամերիկյան նախաճաշ՝ երկրի մակերեսից յոթ հարյուր ֆուտ ցած տեղավորված վայրում։
Հետո բոլորին հավաքեցին, երկար շղթա կազմեցին, առջևով գնում էր ազգային պարկերի ծառայողների կիսազինվորական համազգեստով ղեկավարը։ Երթը եզրափակում էր ևս մի ծառայող, նա հետևում էր, որ ոչ ոք ետ չմնա։
Մեր շարժվելուն զուգընթաց, երբ մի դահլիճից մյուսն էինք անցնում, առջևում վառվում էր էլելտրականությունը, իսկ հետևում՝ հանգչում։ Լույսն ամենուրեք քողարկված էր, նրա աղբյուրները թաքնված և այնպես էին դասավորված, որպեսզի ամենանպաստավոր կերպով լուսավորեն դահլիճները։
Մեր առջև բացվում էին հոյակապ դեկորացիաներ․ գոթական կամարներ, որմնախորշերի մեջ թաքնված փոքրիկ տաճարներ, գմբեթներից կախված բազմատոննանոց ժանեկավոր ստալակտիտներ։ Դահլիճները ավելի ընդաձակ էին, քան աշխարհի ամենամեծ թատրոնները։ Ստալագմիտները գոյացրել էին ճապոնական մինիատյուր, գանգրավուն պարտեզներ կամ խոյանում էին ինչպես փայլուն կրային մոնումենտներ։ Ստալակտիտները կախվել էին քարի հսկայական, ծալքավոր պատմուճանների պես։ Կանգնած էին կավճե բուդդաներ, թատերական բեմադրությունների մակետներ, երևում էին քարացած միրաժներ և հյուսիսափայլեր․ այստեղ կար այն ամենը, ինչ կարող է պատկերացնել մարդկային երևակայությունը, ներառյալ գանգստերական գնդացրի նմանվող փոքրիկ ստալագմիտը։
Էքսկուրսանտները գնում էին շղթայի պես ձգված, նմանվելով Մաքս Ռեյնհարտդի բեմադրության վանականների թափորին։
Նախքան քարանձավից դուրս գալը, հյուրերին նստեցրին դահլիճներից մեկում գոյացած ստալագմիտե բազիրքի վրա, և կանաչ համազգեստով մեր ղեկավարը թվերով համեմված դասախոսություն կարդաց երեք րոպե տևողությամբ։ Մի քիչ թվեր՝ ի հաստատություն հենց նոր տեսած բնության հրաշալիքների․ այդ միշտ դուր է գալիս ամերիկացիներին։ Դասախոսը հաղորդեց, թե քանի տարեկան են ստալակտիտները, ինչ ծավալի է նրանցից ամենամեծը և որքան է նստել լիֆտի տեղադրումը (հարյուր յոթանասունհինգ հազար դոլար)։ Դրանից հետո նա հրապարակեց էքսկուսիայի տերիտորիալ կազմը։ Այսօր էքսկուրսիային մասնակցել են ընդամենը յոթանասուներկու հոգի։ Նրանցից չորսը՝ Մոնտանա նահանգից, երկուսը՝ Հյուսիսային Դակոտայից, տասնչորսը՝ Նյու֊Մեքսիկոյից, ինը՝ Կալիֆոռնիայից և այլն։ Այստեղ ներկայացված էին գրեթե բոլոր ամերիկյան նահանգները։ Մենք այդ նկատեցինք դեռ քարանձավի մուտքի մոտ։ Այնտեղ կանգնած էին ավտոմոբիլներ՝ կապույտ, կանաչ, դեղին, սրճագույն համարներով, դրանով իսկ դրսևորելով տարբեր նահանգների պատկանելիությունը։ Դասախոսն իր ճառն ավարտեց, հաղորդելով, որ էքսկուրսանտների թվում կան Մոսկվայից եկած երկու ռուս ճանապարհորդ։ Քանի որ մեր քառյակից առավել պատկառելի երևացին Ադամս ամուսինները, ապա հավաքվածներն իրենց հայացքներն հառեցին նրանց։
Ապա մյուս ծառայողը, այն որ վերջափակում էր երթը, անցավ հարևան դահլիճը, հանգցրեց լույսը և խավարի մեջ մի տխուր երգ երգեց, որպեսզի ցուցադրի մեզ քարանձավի ակուստիկան։ Ծառայողը երգում էր չորս հարյուր ֆուտ հեռավորությունից, իսկ մենք լսում էինք նույնիսկ նրա շնչառությունը։
Մենք հոգնած թափվեցինք մեր հավատարիմ ավտոմոբիլի նստատեղին և վերստին առաջ սլացանք։ Մենք գնում էինք Էլ֊Պասո, Մեքսիկային սահմանամերձ քաղաքը։ Մոտորի մեղմ աղմուկը և մանրախճի համաչափ խշխշոցը՝ անվադողերի տակ, քուն էր բերում։ Մենք քնաթաթախ օրորում էինք գլուխներս, և նույնիսկ միստեր Ադամսն էլ խորասուզվել էր քնի մեջ։ Արթնացանք հանկարծակի վրա հասած լռությունից։ Մեքենան կանգնել էր։ Միստեր Ադամսը հարցական նայում էր մեզ։ Պարզվեց, որ մի հիչ֊հայկեր խնդրում է նստեցնել։ Մենք վերցրինք նրան և իսկույն զղջացինք։ Նա խոսում էր հարբածի պես։ Բայց չնայած դրան, դուրս եկավ, որ միանգամայն զգաստ է։ Խոսելու այդպիսի տարօրինակ թերություն ուներ։ Նա արագ և սիրով շարադրեց կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքները, որոնք նույնքան մաշված էին, ինչպես իր հին մոխրագույն պիջակը և երկար ժամանակ չգործածվելուց փչացած, աղվամազով պատած սև շալվարը։
― Հանգամանքները դեպի պատերազմ են տանում, ― հայտարարեց նա՝ անընդհատ կմկմալով և ամբողջ վանկեր կուլ տալով, ― երիտասարդությունը կռվել է ուզում։ Ախր նրանց ինչ֊որ զբաղմունք է պետք։ Նրանց որևէ աշխատանք է պետք, աշխատանք և փառք։ Աշխատանք չկա, մեքենաները դա խլել են մարդկանցից։ Վատ չէր լինի ոչնչացնել գոնե այդ անիծյալ մեքենաների մի մասը։
Գործերը կարգավորելու համար լավ կլիներ, որ մարդկանց մի մասին պատերազմում սպանեին, իսկ մեքենաների մի մասը ոչնչացնեին։ Այդ դեպքում ամեն ինչ կգնա հալած յուղի պես։ Մենք բազմիցս լսել էինք արդեն այդ մասին։
Երբ անցնում էինք ջարդված ապակիներով մեքսիկական քողտիկների և պարանին կախված փետրաներքնակների կողքով, մեր աղքատ ուղեկիցը արհամարական հայացք նետեց քողտիկներից մեկի առջև հավաքված մեքսիկացիների խմբին։ Նրանք հագել էին վրանի պարուսինից կարած ոչխարենու օձիքով հնամաշ կիսամուշտակներ։
― Մեքսիկացիները, ― ասաց մեր ուղեկիցը հարբածի նման խոսելով, ― սիրում են ապրել կեղտի մեջ։ Թեկուզ ինչպիսի աշխատավարձ էլ տաս, միևնույն է, կեղտոտ կլինեն։ Այդպիսի մարդիկ են դրանք։ Տուր նրանց շաբաթական թեկուզ հինգ դոլար, թեկուզ օրական հինգ դոլար, ոչինչ չի օգնի։
Նման հայացքներով ապրելը հեշտ ու հանգիստ էր մեր հիչ֊հայկերի համար։ Ամեն ինչ շատ հասարակ ձևով էր լուծվում։ Մարդկանց մի մասին պետք է սպանել, մեքենաների մի մասը ոչնչացնել։ Իսկ եթե կան չքավոր մարդիկ, ապա դրանք առանձնահատուկ ժողովուրդ են, դրանք, այդ բոլոր մեքսիկացիները, նեգրերը, լեհերը սիրում են ապրել աղքատության մեջ։
― Վճարիր օրական նույնիսկ վեց դոլար, ― կրկնեց նա հարբածի համառությամբ, ― միևնույն է, կապրեն ինչպես մուրացկան։ Նրանք սիրում են այդ։
Գլուխ քառասունմեկերորդ — Մեկ օր Մեքսիկայում
Էլ֊Պասոն՝ Տեխասի ամենահարավային քաղաքը, ընկալվում է որպես ինչ֊որ մի տրյուկ։ Անհավատալի մեծության անապատից հետո, անվերջանալի և անմարդ ճանապարհներից հետո, միայն մեր մոտորի աղմուկից խզվող լռությունից հետո՝ մի մեծ քաղաք, միանգամից հարյուր հազար մարդ, մի քանի հարյուր էլեկտրական ցուցանակներ, տղամարդիկ, հագնված ճիշտ այնպես, ինչպես հագնվում են Նյու֊Յորքում կամ Չիկագոյում, և աղջիկներ, այնպես զուգված֊զարդարված, ասես կողքներին ոչ մի անապատ էլ չկա, այլ ամբողջ մայրցամաքը լցված է կինեմատոգրաֆներով, մանիկյուրի հաստատություններով, խորտկարաններով և պարի դպրոցներով։
Բայց չէ՞ որ մենք հենց նոր անցանք այդ անապատով։ Մենք շարժվում էինք ժամը հիսուն մղոն արագությամբ և, այնուամենայնիվ, անհրաժեշտ եղավ մի քանի օր, որպեսզի կտրեինք անցնեինք անապատը, այնքան մեծ էր այն։ Մենք անձնատուր եղանք նրա հմայքին, և երբեմն քթներիս տակ մեզ ու մեզ քրթմնջում էինք՝ «անապատը ունկնդրում է աստծուն»։ Բայց Էլ֊Պասոյում անապատի վեհության մասին նույնիսկ չէինք էլ մտածում։ Այստեղ գործերով էին զբաղված։ Կրճտում էին ավտոմատիկ դրամարկղները և հաշվեմեքենաները, թարթում էին ռեկլամային կրակները, և ռադիոն ծանրորեն ղունղունում էր պոչը խանձած աղավնու պես։
Առաջին ռեստորանում «բեբի֊բիֆ» կոչվող մսի հաստ կտորներ ուտելուց հետո ոտքով գնացինք Մեքսիկա, որը գտնվում էր հենց մոտերքում, Էլ֊Պասոյի ծայրամասում։ Պետք էր անցնել միայն ձմռան առթիվ կիսով չորացած Ռիո֊Գրանդե գետի կամուրջով, իսկ այնտեղ արդեն Մեքսիկան էր՝ Խուարեց քաղաքը։
Մեքսիկա գնալը ահավոր բան էր։ Եվ ահա թե ինչու։ Միացյալ Նահանգներում ապրելու մեր անձնագրերի վիզան մեկ տարով էր, դա տվել էր մեզ Մոսկվայի ամերիկյան փոխդեսպան միստեր Էլիս Ա․ Ջոնսոնը։ Բայց յուրաքանչյուր վիզա ավտոմատ կերպով վերջանում է, հենց որ դուք թողնում եք այդ երկիրը։ Ի՞նչ կանենք, եթե Մեքսիկայից Միաացյալ Նահանգներ վերադառնալուց հետո մեզ ասեն, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն իր հյուրնկալության պարտքը համարում է ավարտված և այլևս չի պնդում, որ մենք իր հյուրը լինենք։ Սարսափը պատում էր մեզ, երբ մտածում էինք, որ մեր վերջին օրերը ստիված անցկացնելու ենք Չի֊Խուա֊խուա օկրուգում գտնվող Խուարեց քաղաքում։ Իսկ մյուս կողմից, շատ էինք ուզում լինել Մեքսիկայում։ Հոգեկան նման հուզումներով հասանք Էլ֊Պասոն Խուարեցին միացնող կամրջին և մտանք սահմանապահ կայանի շենքը։
Մեքսիկայի մոտիկությունն իրեն զգացնել էր տալիս ոչ այն է կարբոլաթթվի, ոչ այն է ֆորմալինի ծանր էվակոհոտով, որով հագեցած էր սահմանապահների փոքրիկ շենքում եղած ամեն ինչ։ Իմիգրացիոն աստիճանավորը, սիգարը բերանի մի անկյունից մյուսը տանելով, երկսր ժամանակ հետաքրքրությամբ աչքի էր անց կացնում մեր անձնագրերը։ Պետք էր ենթադրել, որ սովետական քաղաքացիներ շատ հազվադեպ են հայտնվում Էլ֊Պասոյի սահմանապահ կայանում։
Աստիճանավորը հակառակ մեր սպասածի բարյացակամ մարդ դուրս եկավ։ Նույն անսպասելիությամբ, նման աստիճանավորը կարող է բծախնդիր մարդ դուրս գալ։ Նրանցից երբեք գլուխ չես հանի։ Այդ պրոֆեսիան, ըստ երևույթին, կառուցված է հույզերի, տրամադրությունների ու նման անորսալի երանգների վրա։ Մեր աստիճանավորը բռնկվեց մեծադղորդ ճառով որից հետևում էր, որ երկու ռուս ջենտլմենները կարող են միանգամայն անվախ գնալ Մեքսիկա։ Նրանց վիզաները կպահպանեն իրենց ուժը։ Երկու ռուս ջենտլմեններին բոլորովին հարկ չկա անհանգստանալու։ Դրանից հետո նա մեզ հետ դուրս եկավ կամուրջն ու վերահսկիչի տնակում նստած մարդուն ասաց․
― Սրանք երկու ռուս ջենտլմեններ են։ Գնում են Մեքսիկա։ Բաց թողեք նրանց։
Զգույշ միստեր Ադամսը հարցրեց․ արդյոք այստեղ կլինի՞ մեր աղմկասեր հովանավորը, երբ մենք վերադառնալիս լինենք Միացյալ Նահանգներ։
― Այո՛, այո՛, ― պատասխանեց աստիճանավորը, ― ես այստեղ կլինեմ ամբողջ օրը։ Ռուս ջենտլմենները թող ոչ մի բանի համար չանհանգստանան։ Ես այստեղ կլինեմ և նրանց բաց կթողնեմ գնալու Միացյալ Նահանգները։
Մենք երկուական ցենտ ինչ֊որ տուրք վճարեցինք և մի րոպե անց, ոտք դրեցինք մեքսիկակն հողի վրա։
Կամրջի մեքսիկական կողմում ևս սահմանապահ կայան կար, բայց այնտեղ ոչ ոքի և ոչինչ չհարցրին։ Տնակի մոտ, ճիշտ է, կանգնել էր զաֆրանադեմ մի տղամարդ կեղտոտ վզով, ոսկե եզրակավոր մուգ խակի գույնի շլացուցիչ համազգեստով։ Բայց մեքսիկական սահմանապահի դեմքին լիակատար արհամարանք կար իր վրա դրած պարտականությունների նկատմամբ։ Դեմքին գծագրված էր հետևյալը․ «Այո, դառը ճակատագիրը հարկադրել է ինձ կրել այս գեղեցիկ համազգեստը, բայց ես իմ գեղեցիկ ձեռքերը չեմ կեղտոտի, ստուգելով ինչ֊որ կեղտոտ թղթեր։ Ոչ, այդ բանը չսպասեք ազնվազարմ Խուան֊Ֆերդինանդ֊ խրիստոֆոր Կոլումբոսից»։
Մենք, որ ձեռք չէինք բերել մեքսիկական վիզաներ՝ Մոսկվայի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, շատ գոհ էինք, որ հանդիպեցինք այդչափ ազնիվ հիդալգոյի, և արագ֊արագ քայլեցինք Խուարեցի գլխավոր փողոցով։
Ժամանակի ընթացքում ընտելանալով Միացյալ Նահանգներում տիրապետող բենզինի հոտին, մենք շատ շփոթվեցինք խուարեցյան հոտերով։ Այստեղ տապակած ուտելիքի, խանձված յուղի, սխտորի, կարմիր պղպեղի ուժեղ և ծանր խառնահոտ էր գալիս։
Փողոցները լեփ֊լեցուն էին մարդկանցով։ Դանդաղ շարժվում էին պարապ֊սարապ, անշտապ քայլող անցորդները։ Անցնում էին երիտասարդ մարդիկ կիթառներով։ Չնայած նարնջագույն կոշիկների փայլին և նոր գլխարկներին, բոլորն էլ կեղտոտ տեսք ունեին։ Անդամալույծները բարձրաձայն ողորմություն էին աղերսում։ Սքանչելի սևաչյա և փսլնքոտ երեխաները վազում էին օտարերկրացիների հետևից, պեննիներ խնդրելով։ Հարյուրավոր պստլիկ տղաներ վազվզում էին խոզանակներով և կոշիկ մաքրելու արկղներով։ Այդ արդեն, ըստ երևույթին, կանոն է, որքան ավելի աղքատ է հարավային քաղաքը, այնքան մեծ նշանակություն է տրվում հայելու պես մաքրած կոշիկներին։ Անցավ զինվորների մի ջոկատ, հաստամռութ, լավ սրբած, ճռճռացող մարտական փոկերով, վրդովեցուցիչ կերպով բարեբախտ ռազմիկների մի ջոկատ։
Խուարեցի փողոցներում հայտնվելուն պես, մեզ մոտեցավ վտիտ դեմքին այտամորուքներ ունեցող մի տխուր երիտասարդ։ Հագին ուներ կանաչ շալվար և օձիքն արձակած վերնաշապիկ։ Նա առաջարկեց գնել իրենից սիգարեթներ, այսօրվա ցլամարտի տոմսեր, մաքսանենգային ծխախոտ և հազար ու մի ուրիշ բաներ։ Նա առաջարկում էր այն ամենը, ինչ միայն վաճառողը կարող է առաջարկել գնորդին։ Տեսնելով, որ մենք պատրաստ ենք զիջել, նա ավելի իրար անցավ և քարշ տվեց մեզ կրկեսի շենքը, որտեղ կայանալու էր ցլամարտ։
Կրկեսի դրսի պատերին փակցված էին մեծ հայտարարություններ ամերիկայն վիսկիի մասին։ Կրկես մտնել չհաջողվոց։ Այնտեղ տեղի էր ունենում բանվորա֊գյուղացիական միության միտինգը, ուղղված պրեզիդենտ Կայեսի դեմ, որը փորձում էր նորից բռնագրավել իշխանությունը։
Կրկեսի շուրջն ընկած ամբողջ հրապարակը լեփ֊լեցուն էր մերակներին կարմրա֊կանաչ ժապավեններ (դա միության խորհրդանշանն էր) ամրացված մարդկանցով։ Կրկեսի ներսում նվագախումբ էր նվագում, խռպոտ ձայնով խոսում էին հռետորներ, իսկ մուտքի մոտ կանգնել էր մեր այսօրվա տեսած զինվորական ջոկատը։ Կրկեսից եկող ձայները, չսալարկած հրապարակի վրա կանգնած, ձայներին ունկնդիր բազմությունը, տաք, ծակող փոշին ու հարդ բերող քամին, զինվորների խրոխտ և բութ դեմքերը, այդ ամենը ստեղծում էին տագնապալի վառոդային տրամադրություն։
Մենք անցանք շուկան, որտեղ տապակում, եփում ու թխում էին ուտելիքներ, որոնց միայն տեսքը անհագ ծարավ էր առաջացնում։ Կրպակների առջև նստել էին մարդիկ։ Ափսեների միջից ուտելիքը ուղղակի ձեռքով էին վերցնում։
Հետո եղանք եկեղեցում։ Մուտքի առաջ խռնվել էին մարգարեի կեղտոտ ու ոգեշնչված դեմքերով լպիրշ մուրացկաններ։ Եկեղեցում վեհաշուք ժամասացություն էր գնում, սևազգեստ կանայք սգում էին իրենց դառը, դժբախտ, անհաստատ մեքսիկական կյանքը։ Եկեղեցին նեղ էր ու երկար։ Վառված մի քանի մոմեր հազիվ էին ցրում խավարը։ Կանայք նստել էին բարձրամեջք նստարաններին։ Գվվում էր փոքրիկ երգեհոնը։
«Ցամաք» օրենքի պայմաններում Խուարեցը տառապյալ ամերիկացիների համար իբրև ոգեկից օազիս էր ծառայում։ Նույնիսկ այժմ, քաղաքում մի քանի ռեստորաններ կան բացառապես օտարերկրացիների համար։ Դրանք բոլորը տեղավորված են Ռիո֊Գրանդե գետի կամուրջի հենց մոտերքում։ Ցլամարտը նշանակված էր ժամը երեքին, բայց սկսվեց քառասուն րոպե ուշացումով։ Այդ ժամանակամիջոցում մենք կարողացանք բազմիցս դիտել և կրկեսի հրապարակը, և հավաքված փոքրաթիվ հասարակությանը։ Հանդիսատեսների մեջ, դատելով մեր շուրջը մերթ ընդ մերթ լսվող խլացուցիչ «Շուռլի» ― ներով, մի քանի ամերիկացիներ կային։
Կրկեսի հրապարակը շրջապատված էր անկտուր, շատ գեղեցիկ և կոպիտ կառուցված ամֆիթատրոնով։ Շենքը, ըստ բնույթի, ժողովրդական էր, հասարակ, բոլորովին զուրկ զարդարանքից։ Հանդիսականներին, որոնք վախենում էին ցեմենտահատակի վրա մրսելուց, վարձով տալիս էին հարդով լցված, տափակ, զոլավոր մինդարներ։ Տղաներից բաղկացած նվագախումբը բարձրաձայն և կեղծ տոնով փոխհարում էր իսպանականացրած քայլերգեր։ Նվագախմբի տղաները զուգված էին մուգ պիջակներով, կանաչ փողկապներով, մեծահովար գլխարկներով և սպիտակալամպաս մոխրագույն շալվարներով։ Կլոր հրապարակում սփռված էր մաքուր ավազ։
Վերջապես փայտե դարպասների հետևում շարժում սկսվեց, երևացին մարդիկ՝ ութ֊տասը հոգի։ Առջևից գնում էին տորեադորի հագուստով երկու աղջիկներ։ Այսօր առանձնահատուկ մարտ էր լինելու։ Ծրագրում նշված չորս ցուլերից երկուսին սպանելու էին։ Մեքսիկա֊սիթիից գաստրոլների եկած քույրերը՝ Մարիան, որի մականունն էր՝ «La Gordobes tita» և Թերեզան՝ «La Gitanita»։ Նվագախումբը թնդում էր որքան ուժ ուներ։ Աղջիկների հետևից գալիս էին մաշված, ոսկեկար զգեստներով տղամարդիկ։ Նրանք բանիմաց տեսք ունեին և հասարակության ողջույններին պատասխանում էին գլխի թեթև շարժումով։ Ցլամարտիկ աղջիկները հուզված էին և խոնարհ գլուխ էին տալիս։ Երթը եզրափակում էր լծասարքով ձիերի մի զույգ։ Ձիերը նախատեսված էին սպանված ցուլերին տանելու համար։
Շարքերի միջով ման էին գալիս վաճառողներ՝ դույլերով այս ու այնտեղ տանելով մրգաջրով շշեր և վիսկիի պստլիկ սրվակներ։
Մի փոքրիկ, լղար, սև ցուլ դուրս վազեց հրապարակ։ Խաղը սկսվեց։
Հենց մեր նստարանների տակ, փայտե հատուկ ցանկապատի մեջ սուսերը բռնած կանգնել էր մի վտիտ մեքսիկացի և քաթանի փալասով սուսերն էր սրբում։ Այդ սուսերը վճռական հարվածից առաջ հանձնում էին տորեադորին։
Գիտակներ և ցլասպանության սիրահարներ չլինելով, մենք այստեղ ձեռնպահ ենք մնում հատուկ տերմիններ գործածելուց, մանավանդ որ նրանք մեզ հայտնի չեն։
Առաջին ցուլին սպանում էին երկար ու վատ։
Տեսարանը հենց սկզբից դարձավ տանջալից, որովհետև անմիջապես դրսևորվեց ցուլի հրապարակից հեռանալու ցանկությունը։ Նա որոշակի հասկանում էր, որ այստեղ ուզում են իրեն վնաս պատճառել։ Չէր ուզում մարտնչել, ուզում էր գնալ գոմ, արոտավայր, պոկոտելու մեքսիկական կոշտ խոտը և ոչ թե նետվել մարդկանց վրա։
Զուր էին նրան ջղայնացնում՝ վզին գույնզգույն ժապավեններով կեռեր խրելով։ Երկար պետք էր չարչարել ցուլին, որպեսզի նրան կատաղեցնեին։ Բայց նույնիսկ երբ կատաղում էր, այդ միջոցին էլ անմիջապես հանդարտվում էր, հենց որ նրան հանգիստ էին թողնում։
Այս ամբողջ տեսարանում ամենից ծանրն այն էր, որ ցուլը մեռնել չէր ուզում և վախենում էր իր հակառակորդներից։ Բայց և այնպես նրան խիստ զայրացրին, և նա հարձակվեց տորեադոր աղջկա վրա։ Աղջիկը չէր կարողանում խույս տալ և ցուլը մի քանի անգամ իր ուժեղ կողով հրեց նրան։ Աղջիկը ցավից ծամածռություններ էր անում, բայց շարունակում էր կարմիր թիկնոցը թափահարել ցլի աչքերի առջև։ Ցուլը նրան պոզերով հրեց, տապալեց ավազի վրա և վրայով անցավ։ Ցուլի ուշադրությունը շեղեցին փորձված հանգիստ տղամարդիկ։ Այդ միջոցին աղջիկը ոտքի ելավ և, վնասված տեղերը տրորելով , գնաց դեպի ցանկապատը, որտեղ գտնվում էր սուսերապահը։ Այժմ մենք նրան տեսնում ենք մոտիկից, մի մետր հեռավորությունից։ Նա ծանր
- շնչում էր։ Նրա տորեադորական թավշյա ժիլետի կարը քանդվել էր։ Այտոսկրի վրա չանգռվածք կար։ Նա մեքսիկացու ձեռքից վերցրեց սուսերը, փոքր֊ինչ հեռացավ արգելապատից և դեմքը պատշգամբին դարձնելով, որտեղ նստած էին քաղաքի պետերը, հանեց գլխարկը։ Պատշգամբից թաշկինակ թափահարեցին, և աղջիկը, մանկան պես խորը շունչ քաշելով, գնաց դեպի ցուլը։
Վրա հասավ վճռական պահը։ «La Gitanita»֊ն նշան բռնեց և սուսերը խրեց ցուլի վիզը, հենց պոզերի հետևը։ Լավ նրան բռնած և բավական խոր մտած սուսերը սպանում է ցուլին։ Ասում են, դա մեծ էֆեկտ է։ Մի հարված, և ցուլն ընկնում է հաղթողի ոտքերի տակ։ Բայց աղջիկը չկարողացավ սպանել ցուլին։ Նա ծակում էր թույլ և անշնորք։ Ցուլը փախավ, տանելով վզի վրա օրորվող սուսերը։ Աղջիկը ստիպված էր մի քանի պահ նվաստացուցիչ ապրումներ ունենալ, երբ բանդերիլյոնները ընկել էին ցուլի հետևից՝ սուսերը վզից հանելու համար։ Այդպես կրկրնվեց մի քանի անգամ։ Ցուլը հոգնեց, աղջիկը նույնպես։ Վարդագույն փրփուր երևաց ցլի դնչին։ Նա դանդաղ շրջում էր հրապարակում։ Մի քանի անգամ մոտեցավ փակ դարպասներին։ Մենք հանկարծ լսեցինք գյուղական խաղաղ բառաչ, հեռավոր ու օտար այն ամենից, ինչ արվում էր կրկեսի հրապարակոմ։ Որտեղի՞ց կարող էր այստեղ կով հայտնվել։ Ախ, հա՜, ցուլ։ Նա մի քանի անգամ էլ ոտները քարշ տվեց և կամաց, կամաց ծնկի եկավ։ Այդ պահին հրապարակում հայտնվեց քաղաքացիական կոստյումով հաղթանդամ մի մարդ և փոքրիկ դաշյունով ցլին մորթեց։
Աղջիկը լաց եղավ վրդովմունքից, ամոթից և ցավից։ Հասարակությունը դժգոհ էր։ Միայն հետո, երբ երկրորդ քույրը՝ «La Gordobestita»֊ն, սպանում էր հաջորջ ցուլին, առաջինին հնարավորություն տվեցին վերականգնել իր պատիվը, և նա բավական ճարպկորեն մի քանի անգամ ցլին բաց թողեց իր ազդրից մեկ սանտիմետր հեռավորության վրա, խաբելով նրան կարմիր թիկնոցով։ Լսվեցին ծափահարություններ, աղջիկը վերստին ծաղկեց, և հասարակությանը մի քանի բալետային ողջյուններ տվեց։
Վտիտ մեքսիկացին փալասով բանիմացորեն սրբում էր իրեն վերադարձված արյունոտ սուսերը։ Ձիերը, քարշ տալով, տարան մեռած անասունին, և հրապարակ բաց թողին երրորդ, առաջինի պես փոքր և սև ցուլին։ Այս ցուլն էր գիտեր, որ գլխին խաղ են խաղալու։ Սրա վիճակը ևս ցավալի էր․ «La Gordobestita»֊ն նույնպես մորթում էր տանջալիորեն երկար ու անշնորք և, ի վերջո, այս ցլին էլ մորթեցին դաշյունով։ Սարսափելի է կյանքից մահին անցնելու պահը։ Ցուլը հանկարծակի ընկնում է, նրա կոպիտ մարմնի ներսում ինչ֊որ բան է տեղի ունենեում, գալիս է օրհասը։ Նայելն ամոթալի է և սարսափելի, ասես ինքդ մասնակցել էս անկյունից կատարվող սանության։
Միգուցե կատղի ցուլերի և նշանավոր ցլամարտիկի մենամարտն ունի սպորտային տեսք, միգուցե։ Բայց այն, ինչ մենք տեսանք Մեքսիկայի գավառական քաղաքում, զզվանք էր առաջացնում։
Սակայն վատթարագույնը առջևումն էր։ Ծաղրածուի դիմակներով և կոստյումներով երեք ցլամարտիկ, որոնց կրցքերը, կողերը և հետույքները հարվածներից պաշտպանված էին բարձերով, կես ժամ ծաղր ու ծանակի ենթարկեցին չորրորդ ցուլին։ Սկզբում դա սովորական կրկեսային մնջախաղ էր, որը սովորաբար վերջանում է նրանով, որ ծաղրածուները հրապարակից փախչում են իրար մեջքի հեծած, իսկ հետո նորից հայտնվում են՝ հասարակությանը գլուխ տալու, դիմակները հանելու և իրենց իսկական, չշպարված, խելացի դեմքերը ցույց տալու համար։
Բայց այստեղ մնջախաղը վերջացավ նրանով, որ ցլին մորթեցին։ Այնքան անակնկալ ու սարսափելի էր այդ, որ մենք վեր կացանք։ Մուտքին դեռ չհասած, տեսանք, որ ցլին քարշ տալով տանում են։ Նրա ազնվացեղ, սև դունչը ծանր ու տանջալից քարշ էին տալիս ավազի վրայով, իսկ կուրացած աչքերը ուշադիր և խիստ նայում էին բառաչող և խրխջացող հանդիսատեսներին։ Հասարակությունը գլխարկներ էր գցում տորեադորներին, և վերջիններս ճարպկորեն ետ էին նետում։ Մենք դանդաղ անցնում էինք Խուարեց քաղաքի վատ լուսավորված փողոցներով։ Հնչում էին կիթառները։ Երիտասարդ մարդիկ միհարկանի խրճիթների ծեփաթափ պատերին հենված՝ լարերին էին տալիս։ «Լոբբի N 2» ռեստորանից լսվում էր մեքսիկական կրքոտ երգ։ Մռայլ էր մեր հոգին։
Անցնելով Խուանա֊Ֆերդինանդ֊Խրիստոփոր֊Կոլումբոսի մոտով, որն առաջվա պես ոչ մի ուշադրություն չդարձրեց մեզ, և վերջին հայացքը նետելով Մեքսիկայի վրա, անցանք կամուրջը։ Ի զարմանս և նույնիսկ ի սարսափ մեզ, այն աստիճանավորը, որ պետք է մեզ ետ թողներ, չկար։ Նրա փոխարեն կանգնել էր ուրիշը, այնպիսի բարկացկոտ դեմքով, որ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել։ Բայց հազիվ էինք մեր անձնագրերը ներկայացրել, երբ բարկացկոտ աստիճանավորը բղավեց․
― Սրանք այն երկու ռուս ջենտլմեննե՞րն են, որոնք այսօր առավոտյան գնացել են Մեքսիկա։ Այո՛, այո՛, ինձ արդեն ասել են սրանց մասին։ Ամեն ինչ հաղորդել են։ Երկու ռուս ջենտլմեներն ազատ կարող են անցնել Միացյալ Նահանգները։ Նրանք թող չանհանգստանան։
Եվ նա դիմեց վերահսկիչ տնակում նստած աստիճանավորին․
― Սրանք այն երկու ռուս ջենտլմեններն են, որոնք Մեքսիկայից պետք է անցնեն Յունայթեդ Սթեյթս։ Բաց թողեք նրանց։
Երբ անցանք սահմանապահ կայանը, միստեր Ադամսն ասաց․
― Ո՛չ, պարոնայք, սա կազմակերպված երկիր է։ Առավոտյան մեր աստիճանավորը գնացել է, բայց չի մոռացել հաղորդել իր փոխանորդին, որ երեկոյան Մեքսիկայից գալու են երկու ռուս։ Այնուամենայնիվ, սա սերվիս է, այնպես չէ՞։ Եվ գիտե՞ք, պարոնայք, էլի ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ես ուզում եմ ասել, որ սա մի երկիր է, որտեղ դուք հանգիստ կարող եք ջուր խմել ծորակից, որովհետև տիֆով չեք հիվանդանա․ ջուրը միշտ իդեալական կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա կասկածանքով զննել հյուրանոցի անկողնու սպիտակեղենը, այն միշտ էլ մաքուր կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա մտածելու, թե ավտոմոբիլով ինչպես անցնես մի քաղաքից մյուսը։ Ճանապարհը միշտ լավը կլինի։ Սա մի երկիր է, որտեղ ամենաէժանագին ռեստորանում անգամ ձեզ չեն թունավորի։ Ուտելիքը կարող է անհամ լինել, բայց միշտ բարձրորակ։ Սա բարձր կենսամակարդակ ունեցող երկիր է։ Եվ այդ բանը առանձնապես պարզ է դառնում, պարոնայք, երբ ընկնում ես, ինչպես այսօր ընկանք, մեկ ուրիշ ամերիկյան երկիր։ Նո՛, նո՛, պարոնայք, ես չեմ ուզում ասել, թե Միացյալ Նահանգները միանգամայն հիանալի երկիր է, բայց այն ունի իր արժանիքները, և այս մասին միշտ պետք է հիշել։
Նախքան Էլ֊Պասո ընկնելը, մենք բավական երկար ժամանակ Միացյալ Նահանգներում էինք և կարգին շրջեցինք երկրով մեկ։ Մենք այնպես էինք ընտելացել լավ ճանապարհներին, լավ սպասարկման, մաքրության և հարմարավետուցյան, որ դադարել էինք այդ ամենը նկատելուց։ Բայց բավական էր միայն մեկ օր լինել Մեքսիկայում, որ վերստին, ըստ արժանվույն, գնահատեինք Միացյալ Նահանգների նյութական բոլոր նվաճումները։
Երկրին լավ ծանոթանալու համար երբեմն օգտակար է լինում մեկ օրով լքել այն։
Գլուխ քառասուներկուերորդ — Նոր տարին Սան֊Անտոնիոյում
Նոր տարվա նախորյակն էր, երբ մեր մոխրագույն կառը մտավ Սան֊Անտոնիո՝ Տեխաս քաղաքի ամենամեծ քաղաքը։
― Ես գիտեմ այս քաղաքը, ― ասաց միստեր Ադամսը, ― անցյալ տարի եկել եմ այստեղ։ Հավատացնում եմ ձեզ, պարոնայք, սա հիանալի քաղաք է։
Քաղաքն արտակարգ աշխուժության մեջ էր։ Անապատից հետո նրա կենտրոնը իր տասնյակ քսանհարկանի տներով իսկական Նյու֊Յորքի տեսք ուներ։ Լուսացայտում էին խանութների ցուցափեղկերն ու ռեկլամների գազալուսային բարակ խողովակները։ Անցնելով ամերիկյան փոքրիկ քաղաքներով, մենք բոլորովին ետ էինք սովորել բազմությանը և հիմա, գյուղական բնակիչների պես, զարմացած նայում էինք անցորդներով լեփ֊լեցուն մայթերին։ Սովորական փափուկ շլյապաների և այս վայրերում ընդունված կարճ այտամորուսների մեջ հանդիպում էին լայնեզր շլյապաներ և արդեն միանգամայն ազդեցիկ այտամորուսներ, որը վկայում է Մեքսիկայի և կովբոյական ռանչոների մոտիկության մասին։
Մոտ երկու ամիս է արդեն, ինչ մենք շրջում էինք ավտոմոբիլով։ Շատ էինք ուզում հանգստանալ և զվարճանալ։ Աշխույժ բազմությունը, կրնկի վրա բաց մրգի խանութները, սուրճի ու ծխախոտի հոտը, այդ ամբողջ օտար, անհանգիստ աշխարհը մեր սրտերը լցնում էին լիրիկական թախիծով և դրա հետ մեկտեղ հրաշքի թաքուն հույսով։ Հանկարծ ու մեզ հետ որևէ սքանչելի բան տեղի ունենա, մի բան, որը չի պատահում սովորական ճանապարհորդների հետ օտար քաղաքում, ուր ոչ մի ծանոթ մարդ չունես։ Նոր տարվա այս նախօրյակին, մենք մեզ առանձնապես հեռու էինք զգում հայրենի երկրից, Մոսկվայից, բարեկամներից ու մերձավորներից։ Ճիշտն ասած, ցանկություն ունեինք կոնծելու մի լավ գավաթ օղի, վրայից ուտել սելյոդկա ու սև հաց, ուզում էինք զվարճանալ, անիմաստ ուրախ բաժակաճառեր ասել։
― Այո՛, այո՛, պարոնայք, Մոսկվայում հիմա երևի ձյուն է, ― ասաց միստեր Ադամսը՝ նայելով մեր վշտացած դեմքերին։
Պարոնայք հառաչեցին։
― Չէ՛, լուրջ, այսօր մենք ինչ գնով էլ ուզում է լինի, պետք է լավ տոնենք Նոր տարին։ Ո՛չ, ոչ՛, պարոնայք, ես պլան ունեմ։ Այժմ ընդամենը երեկոյան ժամը ութն է։ Ես առաջարկում եմ ուղիղ գնալ «Ռոբերտ Ի․ Լի» հյուրանոցը։ Ես այդ հյուրանոցի հասցեն տվել եմ թղթակիցներին։ Այնտեղ մենք կսափրվենք, կարգի կբերենք մեզ, ավտոմոբիլը կթողնենք գարաժում և դուրս կգանք փողոց։ Սան֊Անտոնիոյում ես մի հիանալի ռեստորան գիտեմ։ Հյուրանոցից հեռու չէ։ Այնտեղ հավաքվում են բանաստեղծներ և նկարիչներ։ Սան֊Անտոնիոն հիշեցնում է Սանտա֊ֆեն և Կարմելը, այն իմաստով, որ արվեստի մարդիկ հավանել և ընտրել են այն։ Այո՛, այո՛, պարոնայք։ Օ՜, նո։ Այնտեղ լավ են կերակրում։ Եվ այսօրվա օրը մենք այնքան էլ խնայող չենք լինի։ Ծանոթություն կհաստատենք բանաստեղծների և նկարիչների հետ և քեֆ կանենք։ Պարոնա՛յք, ի՞նչ կասեք իմ այս ծրագրի վերաբերյալ։
Եվ միստեր Ադամսը իսկական քեֆ անողի խիզախությամբ ափով շրմփացրեց սափրած գլխին։
Մենք խանդավառությամբ սկսեցինք իրագործել այդ հիանալի միտքը։ Մի ժամ չէր անցել, երբ մենք առույգ, լվացված, այտերիս պուդրայի հետքեր և սրտներս հույսով լի, ելանք փողոց և խառնվեցինք բազմությանը։
― Նախ ուղարկենք շնորհավորական հեռագրեր, ― ասաց միստեր Ադամսը։
«Վեստերն Յունիոն» հեռագրական բյուրոն իրենից ներկայացնում էր կաղնե լայն վաճառասեղանով երկու մասի բաժանված մի մեծ խանութ։ Սեղանի հետևում նստել էր մի երիտասարդ՝ մատիտը ականջի հետևը խրած։ Բյուրոյի մուտքի առջև սպասում էին երկու հեծանվորդ տղաներ՝ կաշվե սռնապաններով, ֆուրաժկաներով և ուսադիրներ և փայլուն կոճակներ ունեցող բաճկոններով։ Նրանց պարտականությունն էր հեռագրերը հասցնել հասցեատերերին։ Լայն ղեկերով և հաստ դողերով հեծանիվները հենել էին լապտերասյուներին։ Տղաները շատ էին հպարտանում իրենց համազգեստով և մեծամտում էին, բայց այնուամենայնիվ, մնում էին երեխաներ և ազատ ժամանակը անց էին կացնում թեթևամիտ կերպով։ Հեծանվի ղեկի դատարկ փողակի մեջ նրանք դնում էին մի տեսակ հրթիռ, վառում և, փախչելով դեպի դուռը, հետևում, թե ինչպես անցորդները հավասարվելով հեծանվին և հենց ականջի տակ կրակոց լսելով, մի կողմ էին նետվում։ Եթե կրակոցը առանձնապես ուժեղ էր լինում, իսկ անցորդը առանձնապես ջղաձգորեն էր վեր թռչում, տղաները ներս էին ընկնում բյուրո և ծիծաղից խեղդվելով, նայում էին փողոց, իսկ մատիտը ականջի հետևը դրած երիտասարդը կշտամբանքով սպառնում էր նրանց՝ մատը թափ տալով։ Ապա հեռագրատան տղաները կռվի էին բռնվում սռնապաններ, ուսադիրներ և հեծանիվ չունեցող սովորական տղաների խմբերի հետ։ Թշնամի կողմերը կրակում էին իրար վրա հռթիրներով, որոնք խլացուցիչ ձայներ էին հանում։
Եեիտասարդն ընդունեց հեռագիրը, ականջի հետևից դուրս քաշեց իր մատիտը և բառերն արագ հաշվելով , ասաց․
― Երկու դոլար, ութսուն ցենտ։
Մենք փող հանեցինք։
― Այս հեռագիրը, ― ասաց երիտասարդը, ― Մոսկվա կհասնի հենց այսօր։ Բայց միգուցե դուք կուզենաք, որ հեռագիրը հասնի վաղն առավոտյան։ Չէ՞ որ սա շնորհավորական հեռագիր է, և ես կարծում եմ, ձեր հասցեատերը գոհ կլինի վաղը առավոտյան ստանալով։
Մենք համաձայնեցինք այդ նկատառումների հետ։
― Այդ դեպքում գինը ուրիշ կլինի։
Երիտասարդը վերցրեց մի թերթ թուղթ, հաշվումներ կատարեց և ասաց․
― Ընդամենը երկու դոլար տասը ցենտ։
Յոթանասուն ցենտի տնտեսում։ Երիտասարդը սկսեց դուր գալ մեզ։
― Բայց միգուցե, սըր, կուզենայիք այլ միջոցով ուղարկել հեռագիրը։ Մենք ունենք արտոնյալ տարիֆ հեռագրված նամակների համար։ Նման հեռագիրը այնքան էլ ուշ չի ստացվի և կարժենա մեկուկես դոլար, ընդ որում, դուք իրավունք ունեք ավելացնել ևս ութ բառ։
Մենք մոտ մի ժամ եղանք «Վեստեր Յունիոն» բյուրոյում։ Երիտասարդը մի քանի թերթ թուղթ լցրեց թվերով, քրքրեց տեղեկագիրը և վերջ ի վերջո մեզ համար տնտեսեց ևս տասը ցենտ։
Նա իրեն պահում էր որպես տնտեսող, բարի քեռի, որը թեթևամիտ ազգականներին կյանքի դաս է տալիս։ Նա ավելի շատ էր մտահոգված մեր քսակով, քան ինքներս։ Այդ ծառայողը նոր տարվա նախօրյակին, երբ տունն առանձնապես է քաշում քեզ, ոչ միայն իդեալական համբերատար էր թվում հաճախորդների նկատմամբ։ Նա չափազանց հավատարիմ բարեկամ էր թվում, որի վրա պարտականություն էր դրված ոչ միայն սպասարկել, այլև խնամակալել, փրկել մեզ կյանքի սխալներից։
― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց մեզ միստեր Ադամսը, ― դուք արդեն բավական ճամբորդել եք Ամերիկայում և պետք է հասկանաք, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Սրանից տասը տարի առաջ ես շուրջերկրյա ճանապարհորդություն էի կատարում և տոմսերի համար դիմեցի տուրիստական մի բյուրոյի։ Շատ բարդ մարշրուտ էր։ Չափից դուրս թանկ էր նստում։ Այդ բյուրոյում մի ամբողջ օր հետս նստեցին, ու վերջ ի վերջո, և ինչ֊որ երկաթուղային խճճված կոմբինացիաների օգնությամբ, հարյուր դոլար տնտեսեցին։ Մի ամբո՜ղջ հարյուր դոլար։ Պարոնայք, հարյուր դոլարը Մե՜ծ փող է։ Այո՛, այո՛, այո՛։ Օ՜, նո, խնդրեմ չմոռանաք, որ բյուրոն որոշ տոկոս է ստանում գործարքից և որ, էժանացնելով իմ տոմսը, նրանք պակասեցնում են իրենց վաստակը։ Ահա թե ինչ։ Հենց դրանումն է ամերիկյան սերվիսի սկզբունքը։ Բյուրոն իմ գործում ավելի պակաս վաստակեց, քան կարող էր վաստակել, բայց փոխարենը հետևյալ անգամ ես անպայման կդիմեմ նրանց, և նրանք դարձյալ քիչ ու միչ կվաստակեն։ Հականու՞ում եք, պարոնայք։ Պակաս, բայց հաճախակի։ Դա բառացիորեն նույնն է, ինչ֊որ այստեղ՝ «Վեստերն Յունիոն» հեռագրական ընկերությունում։ Չէ՛, ճիշտ, պարոնայք, դուք պարզապես չեք հասկանում, չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։
Բայց միստեր Ադամսը սխալվում էր։ Մենք վաղուց արդեն հասկացել էինք, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Եվ եթե մենք հիանում էինք մատիտը ականջի հետևը դրած երիտասարդի աշխատանքով, ապա ո՛չ նրա համար, որ դա մեզ բացառություն էր թվում, այլ նրա համար, որ հաստատում էր կանոնը։
Ճանապարհորդության ընթացքում մենք ամեն օր այս կամ այն ձևով օգտվում էինք սերվիսով և սովորեցինք շատ բարձր գնահատել այն, թեև երբեմն այդ սերվիսը արտահայտվում էր հազիվ նշմարելի մանրուքների մեջ։
Մի անգամ Նյու֊Օռլեանում հայտնվեցինք մրգի նավահանգստում։ Նավահանգստային կախարդական գիշեր էր, տոգորված շոգենավերի ոռնացող շչակներով և իրար բախվող վագոնների կրճտոցով։ Մենք մոտեցանք մրգի խանութին՝ տանձ գնելու։ Տանձերի վրա գին կար՝ հատը հինգ ցենտ․ խնդրեցինք չորս տանձ։ Այդ ժամանակ մրգավաճառը, տանձերը պարկի մեջ դնելով, ասաց․
― Չորս տանձի համար վճարելու եք քսան ցենտ, բայց ես վեց տանձը վաճառում եմ քսանհինգ ցենտով։ Եվ եթե դուք ինձ տաք ևս հինգ ցենտ, ապա կստանաք ոչ թե մեկ, այլ երկու տանձ։
― Բայց այդ արտոնյալ գնի մասին ոչ մի տեղ չի գրված։
― Այո, բայց ես հո այդ մասին գիտեմ, ― ասաց մրգավաճառը։
«Նա պարզապես ազնիվ մարդ է», ― կասեք դուք։ Այո, ճիշտ է։ Բայց սերվիսը ենթադրում է ազնվություն։ Եվ կարող եք համոզված լինել, որ վեցերորդ տանձը պարկի մեջ դնելով, մրգավաճառի մտքովը չէր անցնում, որ ինքը ազնիվ գործ է կատարում։ Նա «սերվիս էր անում» սպասարկում էր գնորդին։
Մի ուրիշ անգամ Չարլստոնում (Հարավային Կարոլինա) նստեցինք տրամվայի դատարկ վագոնը, որն այդ տիպի հնացած տրանսպորտին հատուկ դղրդոցով անցնում էր գլխավոր փողոցով։ Համատեղության կարգով տոմսավաճառի պարտականությունը կատարող վագոնավարը տոմս տվեց մեզ։
― Տոմսն արժե տասը ցենտ, ― ասաց նա, ― բայց միանգամայն չորս տոմս գնելու դեպքում՝ զեղջ կա։ Յոթական ցենտ։ Հասկանու՞մ եք։ Յոթական։ Ընդամենը քսանութ ցենտ։ Տասներկու ցենտի տնտեսում։ Հասկանու՞մ եք։ Ընդամենը յոթ ցենտ տոմսը։
Ամբողջ ճանապարհին նա շուռ էր գալիս դեպի մեզ ու ցույց տալիս յոթ մատները ինչպես խուլերին են ցույց տալիս ու բղավում․
― Յոթ ցե՛նտ։ Հասկանու՞մ եք։ Տոմսը յոթ ցենտ։
Նրան մեծ բավականություն էր պատճառում զեղջով տալը, մեզ սերվիս անելը։
Մենք ընտելացել էինք, որ լվացքատներում ոչ միայն լվանում, այլև կարկատում են սպիտակեղենը, իսկ եթե կեղտոտ վերնաշապկի վրա մոռացվել են ճարմանդները, դրանք կդնեն լվացված սպիտակեղենի հետ, հատուկ ծրարի մեջ, որի վրա տպված է լվացքատան ռեկլամը։ Մենք դադարել էինք նկատել, որ ռեստորաններում, սրճարաններում և դեղատներում ջրով լի բաժակների մեջ սիրալիրորեն սառցակտոր է գցվում, որ գազոլինկայաններում ձրի ինֆորմացիա և ճամփորդական քարտեզներ են տրվում, իսկ թանգարաններում ձրի կատալոգներ և ծանուցատետրեր։ Սերվիսը հենց նրանով է լավ, որ դառնում է օդի պես անհրաժեշտ և աննկատելի։
Նյու֊Յորքի «Մեյզի» հանրախանութում գործակատարների մեջքին կախված էին պլակատներ, ուղղված գնորդներին․
«Մենք այստեղ ենք նրա համար, որպեսզի դուք մեզ անհանգստացնեք»։
Խանութային սերվիսին է վերաբերում նաև ամերիկյան դասական ասացվածքը․
«Գնորդը միշտ իրավացի է»։
Ապահովագրական ընկերություններն այն հազվագյուտ դեպքերում, երբ սեփական շահերը համընկնում են ապահովագրված անձանց շահերին, սերվիսի հրաշքներ են ցուցաբերում։ Նրանք էժանացրած վճարով բուժում են իրնց մոտ կյանքն ապահովագրած մարդուն, որովհետև ձեռնտու չէ, որ նա մեռնի։ Մարդն իր հերթին խենթորեն ապրել է ուզում և առողջանալուց հետո փառաբանում է ապահովագրական սերվիսը։
Ամերիկայում գոյություն ունի հետաքրքիր առևտրական հաստատություն՝ «Մեյլ֊օրդեր֊հաուզ»։ Իսկապես ասած, նման հիմնարկություններ հայտնի են և Եվրոպայում, բայց սովորաբար հաջողություն չեն ունենեում և սնանկանում են։ Դա առևտուր է փոստով։ Այստեղ ամեն ինչ կառուցված է սերվիսի վրա։ Եթե սերվիսը վատ լինի, ապա չի օգնի ոչ ապրանքի որակը, ոչ հիմնարկի պետի շքեղ կաբինետը։ «Մեյլ֊օրդեր֊ հաուզը» սպասարկում է գլխավորապես ֆերմերներին։ Գնացուցակով այդ հաստատությունում կարելի է պատվիրել ամեն ինչ, ասեղից սկսած մինչև տան ամբողջ կահավորանքը։ Այդ գործի հաջողությունը կառուցված է այն բանի վրա, որ ուզածդ պատվերը կատարվում է քսանչորս ժամվա ընթացքում և ոչ մի վարկյանով ավելի, անկախ այն բանից, թե ինչ է պատվիրված՝ հարյուր գլանակ, թե դաշնամուր, և անկախ այն բանից, թե ուր պետք է հասցնել ապրանքը՝ Հինգերորդ ավենյու, թե Դակոտա նահանգի մի փոքրիկ տնակ։ Եթե իրը դուր չեկավ, կարող է ետ ուղարկվել «Մեյլ֊օրդեր֊հաուզ», իսկ վստահված դրամն անմիջապես կվերադարձվի, չհաշված լոկ մի քանի ցենտ փոստային ծախսերը։
Եթե ամերիկացին գտնի, որ տվյալ աշխատողը կամ պետական աստիճանավորը իրեն լավ սպասարկեց, նույն օրն ևեթ նամակ կգրի բաժնետիրական ընկերություն կամ մինիստրություն․ այդ նամակում ասված կլինի․ «Այսինչ ժամանակ և այսինչ տեղում ինձ հիանալի սպասարկեց միստեր այսինչը։ Թույլ տվեք շնորհավորել ձեզ այդպիսի հիանալի ծառայող ունենալու համար»։ Եվ նման նամակները զուր չէին անցնում։ Լավ աշխատողը կամ աստիճանավորը պաշտոնի բարձրացում է ստանում։ Ամերիկացիները հիանալի հասկանում են, որ լավ սերվիսի համար կարևոր է ոչ միայն «բողոքի գիրքը»։ Այդ նրան չի խանգարում վատ սպասարկման դեպքում ևս նամակներ գրել։
Երբեմն ամեն ինչ տալու և փոխարենը որևէ բան ստանալու ցանկությունից դրդված սերվիսը դառնում է կոմիկական, իսկ երբեմն էլ՝ գռեհիկ։
Կա արդեն պատրաստի հեռագրերի մի ամբողջ գիրք, կյանքի բոլոր դեպքերի համար, մեծ ու համոզիչ, փքուն ոճով կազմած հեռագրերի գիրք։ Նման հեռագրեր ուղարկելն արժե ընդամենը քսանհինգ ցենտ։ Բանն այն է, որ հեռագրալարով ուղարկվում է ոչ թե հեռագրի տեքստը, այլ միայն համարը, որի տակ նշված է գրքում, և ուղարկողի ստորագրությունը։ Դա բավական ծիծաղելի բան է և հիշեցնում է դեղատան համար չորս նախաճաշը։ Ամեն ինչ մատուցված է պատրաստի վիճակում, և մարդը բոլորովին ազատվում է մտածելու, և դրան ավելացրած՝ փող ծախսելու տհաճ անհրաժեշտությունից։
Կան անվանակոչության օրվա, նոր բնակարան ձեռք բերելու, Նոր տարվա, ծննդյան շնորհավորանքներ։ Հեռագրերի բովանդակությունն ու ոճը հարմարեցված են բացարձակապես ամեն կարգի պահանջի և ճաշակի․ շնորհավորական հեռագրեր՝ երիտասարդ այրերի համար, հարգարժան ազգականների, հին կլիենտների, սիրեկանների, երեխաների, գրողների և պառավների համար։ Կան և չափածո հեռագրեր։
«Սիրակուզայից Տեխաս Սմիտին ձեր առևտրական տանը ծննդյան ջերմ շնորհավորանքներ, տիկնոջը հաղորդեցեք ողջույն ձեզ երջանիկ բիզնեսի ցանկություն»։
Եղած֊չեղածը քեֆերում ծախսած երիտասարդների համար գոյություն ունեն առանձնապես մեծ ու հույժ գեղարվեստականորեն կազմած սրտառուչ հեռագրեր՝ ուղղված ծնողներին, ժամկետից շուտ փող ուղարկելու խնդրանքով և մերժելու դեպքում ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու սպառնալիքով։
Եվ այդ ամբողջ բավականությունը՝ քսանհինգ ցենտով։
Երկիրը հարգում և գնահատում է սերվիսը։ Եվ սերվիսը ոչ միայն վաճառելու և որևէ օգուտ ստանալու հմտություն է։ Մի անգամ էլ պետք է ասել․ սերվիսը մտել է ժողովրդի արյան մեջ և կազմում է ժողովրդի բնավորության չափազանց էական մասը։ Ըստ էության, աշխատանքի ոճ է դա։
Սերվիսը հարգելու զգացմունքների, ինչպես և ժողովրդի բոլոր զգացմունքների վրա հիանալի խաղում են քահանաները և բանկիրները։ Ընդունված է ասել, որ քահանաները ժողովրդին սերվիս են տալիս։ Ճիշտ է ժամասացությունը հենց այդպես էլ կոչվում է՝ «սերվիս», բայց եկեղեցին սիրում է գործադրել նաև այդ բառի փոխաբերական իմաստը։ Մարդկանց ուղեղների մեջ մտցնում են այն միտքը, թե եկեղեցին ծառայաում է ժողովրդին։
«Սերվիսը» Ուոլ֊սթրիթի ավազակի սիրած արտահայտությունն է։ Մարդկանց, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ քաղաքներ ու երկրներ կողոպտող այդ մարդը անպայման կասի, որ ինքը փոքր մարդ է, ճիշտ նույնպիսի երիտասարդ ու դեմոկրատ, ինչպես բոլոր լավ մարդիկ, և որ ինքը ծառայում է ոչ թե դրամին, այլ հասարակությանը։ Նա մարդկանց սերվիս է անում։
― Եվ այսպես, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ մենք թողեցինք «Վեստերն֊Յունիոնը», ― հիմա մենք քեֆ ենք անելու։ Խնդրում եմ հետևել ինձ։ Կարծեմ այստեղ մոտիկ է։ Հառաջ։ Հոու է հեդ։
― Հոու՜, հոու՜, հոու՜, ― բացականչեց միսիս Ադամսը։
Որովհետև արդեն ժամը տասին մոտ էր, և բոլորս էլ ուտել էինք ուզում, շտապ առաջ շարժվեցինք։
― Դա հրաշալի ռեստորան է, ― ասաում է միստեր Ադամսը։ ― Ես կարծում եմ, պարոնայք, կվերցնենք մեքսիկական մեծ բիֆշտեկս և մի զույգ շիշ կալիֆոռնիական լավ գինի։ Թե քեֆ է, թող քեֆ լինի․ վերցնենք ֆրանսիական կամ հռենոսյան գինի։ Ի դեպ, պարոնայք, ուշադրություն դարձրե՞լ եք, որ ամերիկացիները գինի քիչ են խմում և նախապատվությունը տալիս են վիսկիին։ Օ՜, ոչ, լուրջ, պարոնայք, մի՞թե չգիտեք։ Այդ շատ, շատ հետաքրքիր է և օգտակար է, որ գիտենաք։ Սա բարդ հարց է։ Խորհուրդ եմ տալիս, միստերներ, գրի առնել ձեր հուշատետրերում։ Հասկանում եք, մի շիշ լավ գինին ենթադրում է լավ զրույց։ Մարդիկ նստում են սեղանի շուրջ ու խոսում, և այստեղ մեկը լրացնում է մյուսին․ առանց լավ զրույցի, գինին հաճույք չի պատճառում։ Իսկ ամերիկացիները չեն սիրում և չեն կարող զրուցել։ Դուք նկատե՞լ եք։ Նրանց սեղան նստելը երկար չի տևում։ Խոսելու բան չունեն։ Նրանք պարում կամ բրիջ են խաղում։ Եվ նախապատվությունը տալիս են վիսկիին։ Խմեցիր երեք գավաթ, ձեռաց կհարբես։ Այնպես որ խոսելու հարկ չկա։ Այո՛, այո՛, այո, պարոնայք․ ամերիկացիները գինի չեն խմում։
Մենք երկար գնում էինք երկու կողմերում կոտեջներ ունեցող մի ինչ֊որ լայն փողոցով։ «Բիզնես֊սենտերը» մնաց շատ հետևում։ Մենք ընկանք «ռեզիդենշել֊պարտ»։ Այստեղ ոչ ռեստորաններ կային, ոչ խանութներ, ոչ էլ նույնիսկ դեղատներ։ Անձրև տեղաց։ Լուսակիրների տակ կախված էին պլակատներ «Անցած տարում, Սան֊Անտոնիոյում քառասուն մահացու դեպք է տեղի ունեցել ավտոմոբիլային աղետների հետևանքով։ Զգույշ վարեք»։
― Գուցե վերադառնանք, ― ասաց միսիս Ադամսը։
Ա՛հ, Բեկկի, ― բացականչեց ծերուկը, ― ինչպե՞ս կարող ես այդպես ասել՝ «վերադառնա՜նք»։ Մինչև ռեստորան քիչ է մնացել։ Ես լավ հիշում եմ այդ տեղը։
Կես ժամ էլ քայլեցինք անձրևի տակ, րոպե առ րոպե մռայլվելով։ Անցանք ավտոմոբիլային գերեզմանոցը, հետո ամայի տարածությունը, որտեղ գործածված մեքենաներ են վաճառում։ Մեր դիմացից դեպի կենտրոն էին սլանում մի քանի մեքենաներ՝ լիքը լցված ջահել մարդկանցով, որոնք գոռգոռում էին և հրթիռներ վառում։ Խաչմերուկի մոտ կառուցել էին էլեկտրական լամպերով հրավառ ճոճեր։ Զվարճացող մի զույգ տխուր ճոճվում էր մետաղյա նավակով։ Այստեղ միայն նկատեցինք, որ անձրևը կատակ չի անում։
Էլեկտրական լույսի տակ երևում էին անձրևի խիտ շիթերը։
― Դե լավ, ― ասաց միսիս Ադամսը իրեն հատուկ խելամտությամբ, ― եթե չես հիշում, թե որտեղ է գտնվում քո ռեստորանը, կարող ենք հարցնել պոլիսմենին։
― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ― այդպես մի ասա։ Լու՛րջ։ Ռեստորանն այստեղ է՝ մոտերքում։
― Բայց և այնպես որտե՞ղ է, ո՞ր փողոցի վրա։
― Չէ՛, լուրջ, Բեկկի, դու այստեղ չպետք է խոսես։
― Հիմա ես կհարցնեմ պոլիսմենին, ― վճռականորեն ասաց միսիս Ադամսը։ Ինչպե՞ս է կոչվում քո ռեստորանը։
― Դե, Բեկկի, խնդրում եմ չհուզվես։ Չէ՛, ճիշտ, պարոնայք, հարկ չկա անհանգստացնելու պոլիսմենին։
― Ես քեզ հարցնում եմ՝ ինչպե՞ս է կոչվում ռեստորանը։
― Բեկկի, մի՛ ասա այդպես, ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― ինձ համար ցավալի է լսել, երբ այդպես ես խոսում։
― Դու մոռացել ես, թե ինչպես է կոչվում ռեստորանը, ― ասաց միսիս Ադամսը։
― Օ՜, Բեկկի։ Այդ բանը ինչպե՞ս անցավ քո մտքով, ― հառաչեց միստր Ադամսը՝ թաց գլուխը բռնելով։
Այդպես խոսելով, մենք անցանք ողջ քաղաքը և առջևում տեսանք մութ, հավանորեն խոնավ անապատը։
Ետ դարձանք և սայթաքելով վազեցինք դեպի քաղաքի կենտրոնը։
― Գոնե տաքսի ճարվեր, ― ասաց միսիս Ադամսը։
Բայց տաքսի չէր հանդիպում։ Հավանորեն բոլորն զբաղեցրել էին Նոր տարին դիմավորողները։ Մենք վազում էինք անձրևի տակ, սոված, չարացած և հոգնած։ Որքան մոտենում էինք կենտրոնին, այնքան շատ մեքենաներ էին անցնում գոռգոռացող երիտասարդներով։ Քաղաքի կենտրոնը լեփ֊լեցուն էր։ Մեր նյարդեը բոլորովին քայքայվել էին, և մենք հաճախ ցնցվում էինք չորս կողմից լսվող կրակոցներից։ Վառոդի հոտ էր գալիս, ինչպես փողոցային մարտերի ժամանակ։ Ամենուրեք ծախվում էին գնդացրի ձայն հանող ճայթուկներ։
― Պարոնա՛յք, ― բղավեղ հանկարծ միստեր Ադամսը։ ― Եկեք զվարճանանք։
Նա կայծակի արագությամբ ճայթուկ գնեց և սկսեց ուրախ դեմքով ֆռռացնել։ Ոռնացող մի պատանի շրխկոցով հասցրեց միստեր Ադամսի ճաղատին, իսկ միստեր Ադամսը ճայթուկով շրխկացրեց նրա ուսին։
Մենք մտանք հենց առաջին դեղատունը և պատվիրեցինք սանդվիչներ։
Մինչև նրանք կպատրաստվեին, մենք տխուր֊տրտում պոմիդորի հյութով լի բաժակներ չխկացրինք և երջանկություն ցանկացանք միմյանց։ Հենց այդ պահին խփեց ժամը տասներկուսը։
Այդպես դիմավորեցինք Նոր տարին Տեխաս նահանգի Սան֊Անտոնիո քաղաքում։
Գլուխ քառասուներեքերորդ — Մենք մտնում ենք հարավային նահանգները։
Նոր տարին բուռն կերպով դիմավորելուց հետո առավոտյան «Ռոբերտ Ի․ Լի» հյուրանոցում արթնացանք մի ջերմ ցանկությամբ՝ մեկնել։ Մեկնել որքան կարելի է շուտ, այս րոպեիս, այս վարկյանիս։ Զուր էր միստեր Ադամսը մեզ համոզում, թե Սան֊Անտոնիոն հիանալի քաղաք է, որ աններելի հիմարություն կլինի քաղաքը չդիտել («Չէ՛, լուրջ, պարոնայք»), որ մենք ոչինչ չենք հասկանում և չենք ուզւում հասկանալ․ մենք թախիծով կրկնում էինք միևնույն բանը․
― Այո՛։ Մենք ոչինչ չենք հասկանում, չենք ուզում հասկանալ և, հավանորեն, երբեք էլ չենք հասկանա։ Մենք սիրով ընդունում ենք այդ ամենը։ Սան֊Անտոնիոն սքանչելի քաղաք է, բայց մենք ուզում ենք մեկնել։ Բացի այդ, մի մոռացեք, միստեր Ադամս, որ ձեզ սպասում է բեբին։
Բեբիի անունը տալուն պես Ադամս ամուսինները ևս աճապարեցին, և արդեն կես ժամ անց, սլանում էինք հենց այն լայն ու երկար փողոցով, ուր երեկ տեղատարափ անձրևի տակ անանուն ռեստորանն էինք փնտրում։
Սան֊Անտոնիոն թողնելուց առաջ մենք շրջեցինք Բրեկենրիջ֊պուրակում։ Այդ պահանջեց միստեր Ադամսը։
― Դուք չպետք է կարծեք, պարոնայք, ― հայտարարեց նա, ― թե Սան֊Անտոնիոն վատ քաղաք է։ Սա լավ, բարեկարգ քաղաք է, և դուք պետք է տեսնեք Բրեկենրիջը։
Հիանալի մեծ պարկը ամայի էր։ Մի քանի մերկ ծառեր կային։ Մնացածները, ինչպես ամռանը, խշշում էին իրենց կանաչ ու խիտ սաղարթով, քարակոփ ոռոգիչ ջրանցքները բոլոր ուղղություններով հատում էին պարկը։ Ջուրը մեղմ ծփանքով մի ջրանցքից լցվում էր մի քանի սանտիմետր ցած գտնվող մյուս ջրանցքը։ Մենք դիտեցինք ուղտին և ծովառյուծին, հիացանք գրեթե բոլորովին կանաչ մարգագետնում ֆուտբոլ խաղացող տղաներով, զբոսախնջույքների համար կառուցված սեղաններով ու աթոռներով և առնվազն տասը գազոլինկայաններում հուսալի ինֆորմացիա ստանալով, Տեխասի հարավով շարժվեցինք առաջ՝ մոտենալով Լուիզիանայի սահմաններին։
Ամեն անգամ մի որևէ քաղաքից դուրս էինք գալիս այնպես, որ իրիկնամուտին ընկնենք մի ուրիշ քաղաք, օրվա ընթացքում արագ անցնելով տասնյակ փոքր ու մեծ Մեյն֊սիթիներ, Ադամս ամուսինները առջևում, մենք՝ հետևում և մեր արանքում հերթական հիչ֊հայկերը՝ ճամպրուկը ծնկներին դրած։ Բայց երբեք այսպես չէինք շտապել։ Թվում էր, թե մեր մեքենայի անթերի մոտորը սնվում է ոչ միայն գազոլինով, այլև մեր մեջ եռացող անհամբերությամբ․ շուտ՝ դեպի Նյու֊Յորք, շուտ՝ շոգենավ, շուտ դեպի Եվրոպա։ Ավտոմոբիլային ուղևորության երկորդ ամիսը մոտենում էր իր վախճանին։ Սա շատ կարճ ժամանակաշրջան է այսպիսի մեծ և հետաքրքիր երկրի համար։ Բայց մենք պռնկեպռունկ լցված էինք Ամերիկայով։
Մոտենում էր նեգրական հարավը։ Լուիզիանայից մեզ բաժանող վերջին մղոնները անցնում էին անտառների միջով։ Արևը դուրս նայեց։ Տաք ու բերկրալի էր, ինչպես գարնանը Ուկրաինայում։ Հաճախակի սկսեցին հանդիպել փոքրիկ քաղաքներ, ավաններ, գազոլինկայաններ և դաշտերում բաշերը քամուն տված ազատ վազվզող ձիեր։
Վերջապես անցանք «Լուիզիանա նահանգ» մակագրությամբ սյունը և սլացանք հավաքված բամբակի շիկավուն դաշտերի երկարությամբ։
Արևելքի և արևմուտքի մոնումենտալ եկեղեցիները փոխարինվեցին հիմքերի փոխարեն սյուների վրա կառուցված փայտաշեն, սպիտակեցրած եկեղեցիներով, իսպանական և հնդկական անունները փոխարինվեցին ֆրանսիականով, իսկ գազոլին կայաններում, որտեղ միսիս Ադամսը ինֆորմացիա էր վերցնում, նրան պատասխանում էին ոչ թե «իես, մեմ», այլ «իես, մամ»։
Լաֆայետ քաղաքով անցնելիս մենք տեսանք փողոցի լայնությամբ ձգված մի մեծ պլակատ՝ անախորժ, ինքնագոհ մարդու դիմանկարով և թավ տառերով գրված մակագրությամբ․ «Ինձ ընտրեցեք շերիֆ։ Ես ժողովրդի բարեկամն եմ»։
Լուիզիանա նահանգի, ժողովրդի ոստիկանական բարեկամի այդ վայնասունը հիշեցնում էր Լուիզիանայում վերջերս սպանված, սենատոր Հյու֊Լոնգի վարվելակերպը։ Հյու֊Լոնգը նույնպես իրեն համարում էր «ժողովրդի բարեկամ», բովանդակ ժողովրդի, բացառությամբ նեգրերի, մեքսիկացիների, մտավորականների ու բանվորների, և պահանջում էր հարստությունների բաժանում, բոլոր հարստությունների, բացառությամբ այն հինգ միլիոնի, որը Հյու֊Լոնգի կարծիքով անհրաժեշտ էր թողնել յուրաքանչյուր միլիոնատիրոջ։
Այստեղ, հարավում, տեսանք այն, ինչ ոչ մի անգամ չէինք տեսել Ամերիկայում՝ խճուղու երկարությամբ թրև եկող հետիոտների։ Նրանց մեջ ոչ մի սպիտակ չկար։
Անցավ մի պառավ, կորացած նեգրուհի՝ դեղին հաստ գուլպաներով, ծռմռված կեղտոտ տուֆլիներով, գոգնոցով և հնատարազ ժապավենավոր շլյապայով։
Մենք առաջարկեցինք միստեր Ադամսին պառավին վերցնել։
― Ոչ, ոչ, ոչ, ― բացականչեց Ադամսը։ ― Ի՞նչ եք ասում։ Չէ, լուրջ։ Դուք չեք հասկանում, թե ինչ բան է Հարավային նահանգը։ Վերցնել նեգրուհու։ Այո, այո, պարոնայք։ Նա պարզապես չի հավատա, որ սպիտակներն ուզում են նրան վերցնել։ Կկարծի, թե ծաղրում են իրեն։
Խճուղու վրա, ավտոմոբիլների արանքում, անսպասելի հայտնվեց մի մոխրագույն ձի, որը ծածկ ունեցող երկանիվ կաբրիոլետ էր քարշ տալիս (այդպիսի նմուշներ մենք տեսել էինք ֆորդի թանգարանում)։ Կաբրիոլետի մեջ նստել էին կալվածատիրուհին ու իր դուստրը։
Հնօրյա կառքը թեքվեց դեպի գյուղամիջյան ճանապարհը, պատկերացրեք, մեջտեղում խոտի դեղնած շերտ ունեցող գյուղամիջյան ճանապարհը։ Խճուղիով անցնող բոլոր մեքենաներից մարդիկ գլուխները դուրս հանեցին և նայում էին կաբրիոլետին, որը ծանրումեծ հեռանում էր, տարուբերվելով իր սարդի ոստիկների պես բարակ ու երկար զսպանների վրա։ Երեսուն տարի սրանից առաջ ֆերմերները նույն հետաքրքրությամբ նայում էին անճոռնի թափքով ծխացող ու դողացող ավտոմոբիլին, որի մեջ նստած էին մազը դուրս, գայլի մուշտակներ հագած և պահպանիչ հսկա ակնոցներ ունեցող ուղևորներ։
Մոտեցանք մի մեծ գետի։ Աղջամուղջի մեջ այն փայլում էր մետաղի պես։
― Միսիսիպին, ― բացականչեց միստեր Ադամսը։
― Սա Միսիսիպին չէ, ― հանգիստ ասաց Բեկկին։
― Սա Միսիսիպին է։
― Սա Միսիսիպին չէ։
― Բեկկի, այդպես մի ասա։ Ծանր է ինձ համար լսել, երբ դու ասում ես, որ սա Միսիսիպին չէ։
Միստեր Ադամսը հառաչեց։ Անցանք կամուրջը և հայտնվեցինք Մորգան֊սիթի քաղաքում։ Նախքան գիշերօթևան փնտրելու գնալը, կանգ առանք «Կապույտ սագ» ռեստորանի առջև՝ ճաշելու համար։
― Սըր, ― հարցրեց միստեր Ադամսը տիրոջը, աչքով անելով, ― ինչպե՞ս է կոչվում այս գետը։ Ես ինքս գիտեմ, բայց կնոջս է հետաքրքրում։
― Սա Աչաֆալայան է, ― պատասխանեց տերը։
― Ինչպե՞ս, ինչպե՞ս։
― Աչաֆալայա։
― Թե՛նք յու, վերի, վերի, ― քրթմնջաց միստեր Ադամսը՝ ետ֊ետ գնալով, ― վերի, վերի, վերի․․․
Ճանապարհորդության ամբողջ ժամանակամիջոցում սա առաջին դեպքն էր, երբ միստեր Ադամսը փաստական սխալ թույլ տվեց։
Ամբողջ ճաշվա ընթացքում միստեր Ադամսը շուռումուռ էր գալիս աթոռի վրա և թախծում էր։ Վերջապես նա հանեց քարտեզն ու ուղեցույցը, միառժամանակ տնտղեց և, վերջապես, առանց կնոջը նայելու, երկչոտ ձայնով ասաց․
― Կարող եմ ձեզ, պարոնայք, հետաքրքիր մանրամասնություն հաղորդել։ Այս նզովված Աչաֆալայան ամենախոր գետն է աշխարհում։ Գրեցեք ձեր հուշատետրերում։
Տաղտկալի երեկոն տաղտկալի Մորգան֊սիթիում գեթ մի բանով լցնելու համար մենք արեցինք այն, ինչ միշտ անում էինք նման դեպքերում՝ գնացինք կինեմատոգրաֆ։ Սովորաբար, էկրանին նայելով, միստեր Ադամսը ոչ այնքան բարկանում էր, որքան հեգնում Հոլլիվուդի հերթական արտադրության սյուժեն ու գործող անձանց։ Բայց այստեղ նա հանկարծ մի տեսարան սարքեց։ Սկսվելուց դեռ տասը րոպե առաջ մենք նկատեցինք, որ միստեր Ադամսը իրեն լավ չի զգում։ Նա ցատկոտում էր նստած տեղում, հառաչում և բավական բարձր արտասանում․
Գրո՛ղը, գրո՛ղը տանի։
Հանկարծ նա իր «գրողը տանի»֊ն բղավեց ամբողջ դահլիճով մեկ, վեր ցատկեց տեղից և անիծելով, փնթփնթալով ու թքոտելով, դուրս վազեց փողոց։ Միսիս Ադամսը վազեղ հետևից։ Մենք մնացինք նկարը մինչև վերջ նայելու, զգալով, որ այդ պահին փողոցում ընտանեկան մեծ ճակատամարտ է տեղի ունենում։
Երբ սեանսը վերջացավ, մենք ամուսիններից ոչ մեկին չգտանք կինոյի մուտքի մոտ։ Մենք նրանց դժվարությամբ գտանք քաղաքի տարբեր ծայրերում։ Բարեբախտաբար, այդ ծայրերը այնքան էլ մեծ հեռավորության վրա չէին գտնվում միմյանցից։
Միստեր Ադամսը գլխաբաց (գլխարկը դեռ շարունակում էր քաղաքից քաղաք չվել), վերարկուի օձիքը բարձրացրած, լայնաթափ քայլում էր մութ խճուղիով՝ մեքսիկական ծովախորշի ուղղությամբ և շարունակում էր քրթմնջալ՝ «գրողը տանի»։
― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց նա աղիողորմ ձայնով, ― ես այլևս տանել չեմ կարող այդ։ Այո, այո, այո։ Վերջ ի վերջո այդ կինոն ինձ կգժվացնի։ Նյու֊Յորքում ես երբեք կինո չէի գնում։ Եվ ինձ համար շատ, շատ ծանր է, և դա անսովոր լինելուցս է։ Չէ, ճիշտ։ Ուզում էի գնդացիրով կրակել էկրանին։
Ամուսինները արագ համակերպվեցին, և երեկոն տուրիստ֊հաուզում վերջացավ գազաբուխարիկի շուրջը մտերմական զրույցով։
Մինչև Նյու֊Օռլեան մնում էր մոտ հարյուր մղոն։ Արևոտ առավոտյան մենք ճամփա ընկանք։ Մեղմ, միանգամայն ամառային եղանակ էր։ Մենք գնում էինք խաղաղ, փոքրիկ գետակի երկարությամբ ձգված բետոնե նոր, բայց փոքր֊ինչ նեղ ճանապարհով։ Մյուս կողմում փռվել էին բամբակի շիկավուն դաշտերը, որոնց վրա տեղ֊տեղ դեռ երևում էին դեսուդեն ցրված սպիտակ բամբակի քուլաներ և շաքարեղեգնի դաշտեր, որտեղ նեգրերը «մաչետեներով», հատուկ մեծ դանակներով, կտրատում էին եղեգնի չոր ցողունները մեծ խրձերով։
Սապատավոր, նեղ, կախովի կամրջակները հաճախակի հատում էին գետակը։
Մի քանի ժամվա ընթացքում դեմ֊դիմաց հանդիպում էին բատրակ նեգրերի միատեսակ և խղճուկ տախտակից կառուցված խրճիթները։ Ծայրահեղ աղքատությունից առաջացած միատեսակությունը, աղքատության ինչ֊որ ստանդարտ էր դա։ Կիսափուլ ցանկապատներով շրջապատված ամայի բակերում ոչ միայն կովեր, խոզեր կամ հավեր, այլև ծղոտի մի կտոր չէր երևում։ Դա չքավորության ամենավերջին աստիճանն էր, որի առջև հնդկացիների պատկերավոր աղքատությունը կարող էր բարօրության, նույնիսկ ճոխության գագաթնակետ թվալ։ Դա ամերիկայի հարավումն էր՝ երկրագնդի ամենաարգավանդ վայրերից մեկում։
Մեր առջևում դարձյալ երևաց մեծ, հարթ և բոլորովին դատարկ մի գետ, որը հիշեցնում էր Վոլգան, բայց թերևս նրա պես լայնահուն չէր։
― Սա Միսիսիպին է, ― հաղթական տոնով ասաց Բեկկին։
Միստեր Ադամսը ծանր շունչ քաշեց։ Նա շատ բան կտար, որպեսզի այդ գետն ուրիշ անուն ունենար։ Բայց կասկած չկար։ Արդեն երևաց կամուրջը․ արծաթափայլ նոր կամուրջ՝ ավտոմոբիլային ճանապարհներով և գնացքների համար նախատեսված կենտրոնական մասով։ Ամերիկյան բնությունը և ամերիկյան տեխնիկան դարձյալ մրցում էին իրենց զորությամբ։ Աշխարհի ամենաերկար գետը հատվում էր աշխարհի ամենամեծ, սյունավոր կամուրջներով։ Այն բացվել էր հինգ օր առաջ միայն, կառուցվել էր երեք տարվա ընթացքում և արժեր տասնհինգ միլիոն դոլար։
Կամուրջից դենը սկիզբ առավ լայնահուն ավտոպողոտա, երևացին կոտեջներ։ Մենք մտանք Նյու֊Օռլեան։
Նյու֊Օռլեանը կարելի էր անվանել ամերիկյան Վենետիկ (նա էլ Վենետիկի նման ջրի վրա է կանգնած), եթե նրա բազմաթիվ ջրանցքները թաքնված չլինեին գետնի տակ։
Քաղաքը լայնորեն տարածվում էր Միսիսիպի և Պոնչերտրեյն լճի մեջ ընկած ցածրադիր պարանոցի վրա։ Միսիսիպիի մեքսիկական ծովախորշը թափվելու տեղից մինչև քաղաք իննսուն մղոն է։ Ծովախորշի մոտ ոչ մի տեղ չէին գտել, որտեղ հնարավոր լիներ քաղաքը կառուցել։ Բայց կառուցված տեղումն էլ հողն իրենից ջրի բերած տղմոտ կավ է ներկայացնում։ Քաղաքը միշտ էլ տառապել է հեղեղումներից ու տենդից։ Քաղաքին հարստություն բերող ջուրը միաժամանակ դժբախտացրել է նրան։ Իր ամբոջ կյանքի ընթացքում քաղաքը պայքարել է ինքն իր հետ, պայքարել է այն հողի հետ, որի վրա կառուցվել է, և ջրի հետ, որը չորս կողմից շրջապատում է նրան։ Պայքարում է և հիմա։ Բայց գլխավորն արդեն արված է։ Պոնչերտեյնը քաղաքից բաժանված է բետոնե առափնյա պատվարով, որը աստիճաններով իջնում է դեպի լիճը։ Քաղաքի մատույցները երկար մղոններով ծածկված են ամբարտակների սիստեմով, որոնց վրայով անցնում են անթերի ավտոպողոտաներ։ Բնության դեմ մարդու մղած բազմամյա պայքարում հաղթող է դուրս եկել մարդը։
Քաղաքը պլանավորված է արտասովոր պարզ ու հասարակ։ Գետին զուգընթաց գնացող փողոցները կրկնում են այն ոլորքը, որ գետն անում է այդ տեղում, և ունեն կիսալուսնի ձև։ Նրանց հատում են միանգամայն ուղիղ և շատ երկար փողոցները։ Նրանցից մեկի տակ, որ գտնվում է մոտավորապես քաղաքի կենտրոնում, թաքնված է ամենամեծ ջրանցքը։ Ի պատիվ այդ անտեսանելի ջրանցքի, փողոցն անվանված է Կանալ֊սթրիթ։ Սա գլխավոր փողոցն է։ Այն քաղաքը բաժանում է երկու մասի ― ֆրանսիական, հին Փարիզի պես փնթի, նեղ փողոցներով, փայտյա բարակ սյունավոր կամարասրահներով, կրպակներով, ֆրանսիական առաջնակարգ խոհանոց ունեցող անբարետես ռեստորաններով, նավահանգստային պանդոկներով, բանջարեղենով և մրգեղենով բռնված փողոցային վաճառասեղաններով, որոնց գեղեցկությունն աչքի է ընկնում կեղտի և ուղիղ փողոցի մեջտեղը շաղ տված լվացքաջրի հարևանության շնորհիվ, և նոր, ամերիկյան մասը, որը ոչինչ չի ավելացնում ընթերցողներին արդեն ծանոթ ամերիկյան քաղաքների նկարագրին։
Մի ժամանակ Լուիզիանան պատկանելիս է եղել Ֆրանսիային, Նյու֊Օռլեանը հիմնել են ֆրանսիացիները։ Դժվար է ասել, թե Նյու֊Օռլեանում որքան է պահպանվել ֆրանսիական ոգին, բայց Կանալ֊սթրիթի վրա են դուրս գալիս Դոֆինի, Թուլուզայի, Ռոյալի փողոցները և կա նույնիսկ Ելիսեյան Դաշտեր, իսկ հին քաղաքում, Առնո ռեստորանում, այնպիսի սուրճ են մատուցում, որպիսին, հավանորեն, չես գտնի բովանդակ Ամերիկայում։
Քաղաքը գետի մակերևույթից մի մետրից ավելի ցածր է գտնվում։ Այնտեղ չկա ոչ մի չոր տեղ, ուր հնարավոր լիներ մեռելներին թաղել։ Որտեղ էլ որ փորձում են գետինը փորել, անպայման ջուր է դուրս գալիս։ Ուստի մարդկանց միշտ թաղել են հին եգիպտացիների եղանակով՝ գետնի երեսին, սարկոֆագների մեջ։
Մենք եղանք ֆրանսիական քաղաքում գտնվող գերեզմանոցում և միառժամանակ շրջեցինք մեռյալների այդ տխուր և սպիտակ քաղաքում։ Քառանկյուն դամբարանները շարված են աղյուսով և սպիտակեցրած են։ Դագաղը ներս են մտցնում առջևի բացվածքից, որը հետո շարվում է աղյուսով։ Մի դամբարանի վրա կառուցվում է երկրորդը, երբեմն երրորդը։ Գերեզմանոցն իր աղյուսա֊երկհարկանի տաղտուկով հիշեցնում է ամերիկյան փոքրիկ քաղաքի։ Ունի նույնիսկ իր Մեյն֊սթրիթը։
Գերեզմանոցից գնացինք լուսանկարչական խանութ ապարատը նորոգել տալու։ Այն պահին, երբ միստեր Ադամսը տանտիրուհու հետ զրուցում էր քաղաքի հետագա զարգացման հեռանկարների(հեռանկարները վատ էին) և առևտրի մասին (առևտուրն էլ էր վատ գնում), խանութ մտավ շատ գեղեցիկ մի երիտասարդ, սև աչքերով և ֆրանսիական կոր քթով։
― Կարելի՞ տեսնել տիրոջը, ― հարցրեց նա։
― Հիմա այստեղ չէ, ― պատասխանեց վտիտ, շիկահեր, ակնոցավոր տիրուհին, ― բայց եթե որևէ բան հարկավոր է ձեզ, կարող եք ինձ ասել։
― Բայց ես կուզենայի խոսել տիրոջ հետ, ― քրթմնջաց երիտասարդը, աղերսագին նայելով մեզ։
― Ուրեմն կարևոր գործ է, ― հարցրեց տիրուհին։
― Այո․․․ այսինքն՝ այնքան էլ կարևոր չէ, բայց ես կարծում էի։ Ասենք դուք էլ, իհարկե․․․ Կարող եմ ձեզ ասել։
Նա մոտեցավ տիրուհուն և շատ կամաց արտասանեց․
― Ուզում եմ ընդամենը հինգ ցենտով ձեր խանութի ցուցափեղկը լվանալ։
Տիրուհին ասաց, որ, ցավոք, իրեն այդպիսի աշխատանք պետք չէ։ Երիտասարդը ներողություն խնդրեց և, մի քանի անգամ սայթաքելով, դուրս վազեց խանութից։
Մենք առժամանակ լուռ էինք։ Հետո միստեր Ադամսը նետվեց փողոց։ Տասը րոպեից նա վերադարձավ։
― Ոչ, ոչ, պաարոնայք, ― ասաց նա, կլոր գլուխն օրորելով, ― ինձ ոչինչ մի ասեք։ Սարսափելի բան է սա։ Դուք չեք կարող հասկանալ, թե աղքատության ինչ աստիճանի է հասել այդ տղան։ Չէ, լուրջ։ Դժվարությամբ հասա նրան, այնպես արագ էր վազում փողոցով։ Խոսեցի հետը։ Նա գործազուրկ նկարիչ է։ Վաղուց արդեն պատվերներ չունի և հույս էլ չկա, թե կունենա։ Տղան այլևս հույս չի դնում իր զբաղմունքի վրա, ուստի համաձայն է ամեն տեսակ աշխատանքի։ Բայց դա էլ անհուսալի բան է։ Այո, այո, պարոնայք, այդ հաճելի տղան արդեն մի քանի տարի սոված է մնում։ Եվ ոչ մի կերպ չէր ուզում մի դոլար վերցնել։ Նույնիսկ բարկացավ ինձ վրա։
― Ինչպես։ Եվ դուք այնպես էլ չկարողացա՞ք տալ․․․
― Չէ, լուրջ, պարոնայք, մի ասեք այդպես՝ «չկարողացաք տալ»։ Պարզապես հիմարություն է այդպես մտածել։ Չէ, ճիշտ։ Չխոսենք այդ մասին։
Մենք վաղուց արդեն դուրս էինք եկել խանութից, անցել ամբողջ Կանալ֊սթրիթը և մոտենում էինք Միսիսիպիին, իսկ միստեր Ադամսը դեռ շարունակում էր կռնչալով, ախ ու վախ քաշելով քրթմնջալ․
― Չէ, լուրջ, պարոնայք, չխոսենք այդ մասին։
Նյու֊Օռլեանը գեղեցիկ քաղաք է։ Շատ դուր եկավ մեզ, բայց Սան֊Անտոնիոյում Նոր տարվա երեկոյան մեր ավտոմոբիլային խմբին համակած անտարբերության և ձանձրույթի զգացումը, երկար ժամանակով սկսած համատարափ անձրևի նման, իսկի անցնելու միտք չուներ։ Մենք քաշել էինք ճանապարհորդուցյան սերուցքը։ Մարդը հարմարեցված չէ մշտապես բավականություն ստանալու։ Այդ իսկ պատճառով Նյու֊Օռլեանի բովանդակ գեղեցկությունը ընկալում ենք խելքով։ Հոգին լուռ էր։
Միսիսիպիի մոտ մեծ հրապարակը բավական դատարկ էր։ Փայտաշեն նավահանգստից մյուս ափն էին լողում ճիշտ այնպիսի լաստանավերով ավտոմոբիլներ, ինչպես Սան֊Ֆրանցիսկոյում։ Պարապետի վրա, ոտքերը գետի վրա կախած, ծղոտե գլխարկը քթին քաշած, տխուր նստել էր մի նեգր։ Կողքին կանգնել էր ուսերին սև վերարկու գցած խելագար մի ծերուկ և դիրիժորություն էր անում հեռացող ու մոտեցող լաստանավերին։ Ընդ որում նա հրամաններ էր արձակում։ Մեզ մոտեցավ մի թնդանոթաձիք֊լուսանկարիչ և, ալարելով, ասես մեզ երել էր տեսել, մյուս օրն էլ, ռուսերեն հարցրեց՝ չե՞նք ցանկանում արդյոք նկարվել։ Թնդանոթաձիգը քսան տարի սրանից առաջ էր եկել Կովնոյից՝ միլիոնատեր դառնալու հույսով։ Եվ այնպիսի կասկածամտություն էր զգացվում կովնացի լուսանկարչի դեմքին և ամբողջ կերպարանքում, որ էլ հարցուփորձ չարինք, թե գործերն ինչպես են գնում և ինչպիսիք են հետագա հեռանկարները։
Փայտաշեն նավահանգստի հետևից հանկարծակի դուրս ցցվեց շատ բարձր ու երկար, սպիտակ մի կառուցվածք, միանգամից դժվար էր ճանաչել, որ դա շոգենավ է։ Նա գետն ի վար անցավ մեր կողքով։ Ցռուկին բոլորովին մոտ բարձրանում էին տախտակամածի շարքով իրար կողքի դրված երկու բարձր խողովակներ, որոնք պարուրազարդված էին և նմանվում էին ինչ֊որ մոնումենտալ ցանկապատի չուգունե սյուների։ Շոգենավը շարժման մեջ էր դրվում նավախելի հետևում տեղավորված մի վիթխարի անիվով։
― Վերջին մոհիկաններից մեկը, ― ասաց միստեր Ադամսը։ ― Այժմ այդպիսի շոգենավերով երթևեկում են միայն հանգստանալու և զվարճանալու համար, այն էլ շատ հազվադեպ։ Ոչ, ոչ, վերջացավ, Միսիսիպին վերջացավ։
Մենք նայում էինք գետին, որով մի ժամանակ անցել են ապրանքներով և ավտոմոբիլներով լի բեռնանավեր։ Այդ նրա վրա էր Բիչեր֊Ստոուն իր ընթերցողներին ծանոթացրել ծերուկ Թոմասի հետ։ Նրա վրայով էր շարժվել նեգր Ջիմին հետապնդումներից թաքցնող Հեկելբերի Ֆիննի լաստը։ Այժմ այդ գետը հանդարտվել էր։ Գետային տրանսպորտը խիստ դանդաղկոտ դուրս եկավ Միացյալ Նահանգների համար։ Գնացքներն ու ավտոմոբիլները նվաճեցին գետի բոլոր բեռները։ Արագություն ― ահա այս նշանաբանի տակ էր զարգանում Միացյալ Նահանգների վերջին տարիների էկոնոմիկան։ Արագություն, ինչ գնով էլ ուզում է լինի։
Ստրուկներ էլ չկան Միացյալ Նահանգներում։ Ըստ օրենքի նեգրերն այնտեղ լիիրավ և ազատ մարդիկ են։ Բայց հապա թող փորձի նեգրը կինեմատոգրաֆ, տրամվայ կամ եկեղեցի մտնել, որտեղ սպիտակներ են նստած։
Երեկոյան շրջելով Նյու֊Օռլեանի փողոցներում, մենք տեսանք «Պալաս» կինոթատրոնը, որի վրա հրե տառերով բոցկլտում էր․
«Հիանալի հարավային թատրոն։ Միայն գունավոր մարդկանց համար»։
Գլուխ քառասունչորսերորդ — Նեգրերը
Որքան առաջ էինք շարժվում Հարավային նահանգներով, այնքան հաճախ էինք հանդիպում նեգրերի համար ստեղծած ամեն տեսակի սահմանափակումների։ Մերթ դրանք առանձին ղուգարաններ էին «գունավորների համար», մերթ հատուկ նստարան՝ ավտոբուսի կանգառում կամ առանձին բաժանմունք՝ տրամվայում։ Այստեղ նույնիսկ հատուկ եկեղեցիներ կային, օրինակ, սպիտակ բապտիստների և սև բապտիստների համար։ Երբ բապտիստական աստվածը մի քանի տարուց հետո հայտնվի երկրի երեսին, որպեսզի ոչնչացնի միմյանց օգնող սովետական աթեիստներին, նա կհիանա Ամերիկայի հարավում եղած իր հիմնարկություններով։
Նյու֊Օռլեանից մեկնելիս մենք տեսանք ճահիճների չորացման վրա աշխատող մի խումբ նեգրերի։ Աշխատանքը կատարվում էր ամենապրիմիտիվ եղանակաով։ Նեգրերը ոչինչ չունեին բահերից բացի։
― Պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը։ ― Սա ձեզ համար առանձնապես հետաքրքրիր պետք է լինի։ Հասարակ բահեր մեծագույն մեխանիզացիայի երկրում։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք։ Հիմարություն կլիներ կարծել, թե Միացյալ Նահանգներում ճահիճներ չորացնելու մեքենաներ չկան։ Բայց այս մարդկանց աշխատանքը գրեթե զուր է կորչում։ Սրանք փոքր նպաստ ստացող գործազուրկներ են։ Այդ նպաստի համար նրանց որևէ աշխատանք պետք է տալ, որևէ կերպ պետք է զբաղեցնել։ Այ դրա համար էլ նրանց բահեր են տվել ― թող փորեն։ Աշխատանքի արտադրողականությունը այստեղ հավասար է զրոյի։
Մեր հետագա մարշրուտը անցնում էր Մեքսիկական ծովախորշի ափով, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգների միջով։ Այդ նահանգները մենք անցանք մեկ օրում և կանգ առանք Ֆլորիդայում։ Ապա Ֆլորիդայից՝ Ատլանտիկ օվկիանոսի ափը՝ Ջորջիա, հետո Հարավային Կարոլինայի, Հյուսիսային Կարոլինայի և Վիրջինիայի միջով՝ Վաշինգտոն։
Ուղևորության առաջին մասը՝ Մեքսիկական ծովախորշի երկարությամբ, անցանք մեծ արագությամբ։ Ամերիկյան տեխնիկան նոր հարված հասցրեց մեր երևակայությանը։ Մարդկանց դժվար է զարմացնել Ֆորդի գործարանից, Բոուլդեր֊դամից, Սան֊Ֆրանցիսկոյի կամուրջներից և Նյու֊Օռլեանի կամուրջից հետո։ Բայց Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է։ Պայքար ջրի դեմ ― ահա թե ինչով է զբաղվել այստեղ տեխնիկան։ Ամբողջ տասնյակ մղոնների վրա, մեկմեկու փոխարինելով, ձգվում էին կամուրջներ և ամբարտակներ։ Երբեմն թվում էր, թե մեր ավտոմոբիլը մոտորային նավակ է, որովհետև շուրջը, որքան աչքը կտրում էր, միայն ջուր էր, իսկ նրա վրայով, ինչ֊որ հրաշքով մի լայն բետոնե ավտոպողոտա էր գնում։ Հետո հայտնվում էր կամուրջ, ապա՝ դարձյալ ամբարտակ ու նորից կամուրջ։ Որքան ջանքեր, որքան դրամ էր անհրաժեշտ եղել այս ամենը կառուցելու համար։ Ամենից զարմանալին այն էր, որ այստեղից քսան մղոն հեռավորության վրա անցնում էր հիասքանչ զուգահեռ ճանապարհ, և ոչ մի կենսական անհրաժեշտություն չկար կառուցելու մեր անցած ճանապարհը, որը համաշխարհային տեղնիկական նվաճում էր համարվում և հարյուրավոր դոլարներ արժեր։ Պարզվում է, որ «բարգավաճման» օրերին այս ճանապարհը կառուցել են տուրիստներին այս կողմերը գրավելու համար։ Մեքսիկական ծովախորշի բուն ափով մի քանի հարյուր մղոն տարածությամբ, կառուցված էր առափնյա պատվար։ Ցավոք, մենք չէինք գրել ստույգ թիվը, բայց որոշակի հիշում ենք՝ մի քանի հարյուր մղոն։ Դժվար է հավատալ սրան, բայց մենք ամբողջ օրը գնում էինք ծովի երկարությամբ, որը մեզանից բաժանված էր հաստատուն և գեղեցիկ առափնյա պատվարով։
Գիշերեցինք Ֆլորիդայի Պենսակոլա կուրորտային և նավահանգստային փոքրիկ քաղաքում։ Ամբողջ գիշեր անձրև էր գալիս։ Մեր մեքենան կանգնած էր բաց երկնքի տակ, և առավոտյան ոչ մի կերպ չէինք կարողանում գործի գցել մոտորը։ Միստեր Ադամսը պտույտ էր գալիս մեքենայի շուրջը և, ձեռքերն իրար զարկելով, ասում էր․
― Մեր մարտկոցը գրողի ծոցն է գնացել, մեր մարտկոցը գրողի ծոցն է գնացել։
Անձրևը շատ էր շփոթեցրել միստեր Ադամսին, և նա կրկնապատկել էր իր ավտոմոբիլային զգուշությունը։
Բարեբախտաբար, մարտկոցի մտքովն անգամ չէր անցել գրողի ծոցը գնալ։ Լարերը պարզապես փսքր֊ինչ խոնավացել էին, և չորանալուն պես մոտորն սկսեց աշխատել։
― Պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը՝ նայելով պղտոր երկնքին։ ― Խնդրում եմ, որքան հնարավոր է զգույշ լինել։ Լավ է փոքր֊ինչ ուշ մեկնենք։ Հանկարծ ու անձրևը նորից սկսվի։
― Հանկարծ ու չսկսվի, ― ասաց միսիս Ադամսը։ ― Ամբողջ կյանքներումս հո չե՞նք նստելու այս Պենսակոլայում։
― Ախ, Բեկկի, դու չգիտես ինչ բան է Ֆլորիդան։ Այստեղ շատ փոփոխական և վտանգավոր կլիմա է։ Այստեղ ամեն բան կարող է պատահել։
― Բայց ինչ կարող է պատահել։
― Չէ, լուրջ, Բեկկի, դու դատում էս փոքրիկ աղջկա պես։ Այստեղ ամեն բան կարող է պատահել։
― Ծայրահեղ դեպքում, եթե անձրև եկավ, կգնանք անձրևով։
Բոլորս էլ այնքան ուզում էինք շուտ դուրս գալ, որ ականջ չդրինք միստեր Ադամսին և, հանգիստ մի պահ ընտրելով, ճամփա ընկանք ծովախորշի երկարությամբ՝ նոր ամբարտակներ և նոր կամուրջներ անցնելով։
Պենսակոլայից դուրս գալուց մի ժամ անց, ընկանք արևադարձային ամպրոպի մեջ (ավելի ճիշտ, դա ոչ թե արևադարձային, այլ մերձարևադարձային ամպրոպ էր, բայց այն ժամանակ մեզ դա այնքան սարսափելի թվաց, որ մենք արևադարձային համարեցինք)։ Կար այն ամենը, ինչ կարող էր լինել ըստ Ժյուլ Վեռնի․ որոտ, կայծակ և երկնքից գահավիժող Նիագարա։ Այժմ ամենուրեք համատարած ջուր էր։ Մենք գրեթե կուրորեն էինք առաջ շարժվում։ Երբեմն ջրի շղարշն այնքան էր թանձրանում, որ թվում էր, թե անցնում ենք մեքսիկական ծովախորշի հատակով։ Շանթի յուրաքանչյուր հարվածիծ հետո միստեր Ադամսը վեր֊վեր էր թռչում և քրթմնջում․
― Այո՛, այո՛, պարոնայք։ Հանգի՛ստ․․․ Հանգի՛ստ։
Անտարակույս նա վախենում էր, որ կայծակը կխփի ավտոմոբիլին։
Մենք փորձեցինք կանգ առնել և սպասել ամպրոպի անցնելուն, այդպես էլ արեցինք, բայց վախենում էինք ջուր լցվեր մոտորը, և մարտկոցը, իրոք, «գրողի ծոցը գնար»։ Մենք սարսռելով վերհիշում էինք լրագրային թղթակցությունները ֆլորիդայի մրրիկների և արմատահան եղած հսկա ծառերի ու խորտակված գնացքների լուսանկարները։
Մի խոսքով, ինչպես Ժյուլ Վեռնի մոտ, մեզ մոտ էլ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։
Գիշերեցինք Տալագասսի քաղաքում և առավոտյան արդեն Ջորջիայում էինք։ Հունվարյան գրեթե տոթ օր էր, և մենք շատ շուտ մոռացանք երեկվա վախը։
Ջորջիան անտառապատ դուրս եկավ։ Չգիտես ինչու, հարավային նեգրական նահանգները մեզ միշտ պատկերանում էին համատարած բամբակադաշտերի և ծխախոտի պլանտացիաների տեսքով։ Իսկ այստեղ հանկարծակի պարզվեց, որ, դաշտերից ու պլանտացիաներից բացի, կան նաև հարավային խիտ անտառներ։ Մենք անցնում էինք ծառուղիներով, որոնց վրա այծի մորուքների պես կախված էին «պիկոնի» մալանչանման պոչերը, ծառ, որ մենք երբեք չէինք տեսել։
Նեգրերը գնալով ավելի հաճախակի էին հանդիպում, երբեմն մի քանի ժամ անընդհատ սպիտակների չէինք տեսնում, բայց քաղաքներում թագավորում էր սպիտակ մարդը, և եթե «ռեզիդենշել֊պարտ»֊ի հիասքանչ, բաղեղապատ առանձնատան մոտերքում հայտնվում էր մի որևէ նեգր, ապա անպայման լինում էր խոզանակով, դույլով կամ փաթեթով, որը ցույց էր տալիս, որ նա այստեղ կարող է միայն սպասավոր լինել։
Ամերիկյան բարձր ստանդարտը դեռ այնքան չի նվաճել հարավային նահանգները։ Այն, իհարկե, շատ հեռուներն է թափանցել․ հարավային Մեյն֊սթրիթները, դեղատները, ճաշի և նախաճաշի ժամանակ արվող կարագի քառակուսիները, մեխանիկական բիլիարդները, ռետինի ծամոնները, գազոլինկայանները, ճանապարհները, «թի֊բոուն սթեյկները», կինոաստղերի սանրվածքով աղջիկները և ռեկլամային պլակատները ոչնչով չէին տարբերվում Արևելյան, Արևմըյան և Հյուսիսային նահանգների կարագի քառակուսիներից, աղջիկներից, ճանապարհներից ու պլակատներից։ Բայց հարավային նահանգներն ունեն ինչ֊որ իրենցը, սեփականը, առանձնահատուկը, ինչ֊որ զարմանալիորեն հաճելի ու ջերմ բան։ Բնությու՞նը։ Գուցե մասամբ և բնությունը։ Այստեղ չկան արտաքին փայլփլուն արմավենիներ ու մագնոլիաներ, լավ սրբած արև, ինչպես Կալիֆոռնիայում է։ Բայց չկա նաև անապատի չորությունը, որը, այնուամենայնիվ, զգացվում է այնտեղ։ Հարավային նահանգները գյուղական բնապատկերների, անտառների և տխուր երգերի երկիր է։ Բայց, իհարկե, բանը միայն բնության մեջ չէ։
Հարավային նահանգների ոգին մարդիկ են։ Եվ ոչ սպիտակ, այլ սևամորթ մարդիկ։
Մենք կանգ առանք Հարավային Կարոլինայում, Չարլստոնում։ Քաղաքը դիտելով և ինչպես միշտ՝ Մեյն֊սթրիթով երեկոյան տուն վերադառնալով, մութ նրբանցքում տեսանք տասներկու տարեկան մի նեգր աղջկա։ Աղջիկը մեզ չտեսավ։ Նրա ձեռքին զամբյուղ կար։ Սկզբում աղջկա քայլվածքը տարօրինակ թվաց։ Բայց ավելի ուշադիր նայելուց հետո տեսանք, որ աղջիկը պարում է։ Դա տաղանդավոր իմպրովիզացիա էր, հստակ, ռիթմիկ, գրեթե ավարտուն մի պար, որին կուզենայինք անվանել «Հարավային նահանգի աղջիկը»։ Նեգրուհին, պարելով, հետզհետե հեռանում էր մութ նրբանցքում, սահում, շրջադարձեր, փոքրիկ ցատկեր կատարում և նազանքով հավասարակշռություն պահպանում թեթև ու դատարկ զամբյուղով։ Քաղաքն ամբողջ օրը առևտուր անելուց հետո քնել էր, շուրջը կատարյալ լռություն էր տիրում, բայց մեզ թվում էր, թե լսում ենք բանջոյի հնչույններ, այնքան ռիթմիկ և երաժշտական էր պարը։
Նեգրերը տաղանդավոր են։ Ինչ կա որ, սպիտակները սիրով ծափահարում են նրանց, շարունակելով ստորին ռասա համարել։ Նեգրերին ողորմածաբար արտոնում են լինել արտիստներ։ Ըստ երևույթին, երբ սևը բեմի վրա է, իսկ սպիտակը՝ օթյակում, վերջինս կարող է սևին նայել բարձրից, և նրա աղայական ինքնասիրությունը չի տուժի։
Նեգրերը տպավորվող են։ Սպիտակները հեգնոտ են վերաբերվում այդ բանին և գտնում են, որ նեգրերը հիմար են։ Եվ իրոք։ Լավ առևտուր անելու համար ոչ մի տպավորություն էլ պետք չէ։
Խոսելով հիմա սպիտակ մարդկանց մասին, մենք նկատի ունենք Հարավի ջենտլմեններին, և ոչ միայն նրանց, այլև Հյուսիսի այն ջենտլմեններին, որոնք նույնպես վարակված են ստրկատիրական հոգեբանությամբ։ Մենք ուզում ենք ասել նաև, որ Հարավի բոլոր մարդիկ չեն, որ նեգրերին ստորին էակներ են համարում, բայց, ցավոք, այդպիսիք մեծամասնություն չեն կազմում։
Նեգրերը ուժեղ երևակայության տեր մարդիկ են։ Նրանք, օրինակ, սիրում են կրել նշանավոր մարդկանց անուններ, և երբեմն որևէ դռնապան լիֆտյոր կամ բատրակ՝ Ջին Սմիտ իր անունը արտասանում է այսպես․ Ջիմ ― Ջորջ ― Վաշինգտոն ― Աբրահամ ― Լինկոլն ― Գրանտ ― Նաբուգոդոնասոր ― Սմիտ։
― Դե, իհարկե, ― ասում է Հարավի ջենտլմենը, որի երևակայության մեջ գիշեր֊ցերեկ մի հրաշալի տեսիլք կա միայն՝ միլիոն դոլար, ― դա հո կատարյալ ապուշ է։
Բոլոր կինոնկարներում և ոդևիլներում նեգրերին դուրս են բերում որպես հիմար, բայց բարեհոգի ծառաներ ներկայացնող կոմիկական գործող անձինք։
Նեգրերը սիրում եմ բնությունը, ինչպես հատուկ է արտիստական բնավորություններին, նրանք հայեցող են։ Հարավի ջենտլմենները սրան էլ են իրենց բացատրությունը տալիս։ Նեգրերը, իբր, ծույլ են և սիստեմատիկ աշխատանքի ընդունակ չեն։ Այս կապակցությամբ անպայման պատմվում է որևէ դեպք, երբ նեգրը հինգ դոլար վաստակելով, հետևյալ օրն արդեն աշխատանքի չի գնում, այլ թևանցուկ անելով իր սևամորթ «հերլին», գնում է նրա հետ անտառ կամ գետափ զբոսանքի։ Եվ արվում է խորիմաստ հետևություն, որոշ չափով սև մարդու շահագործման տեսական հիմնավորում։
― Նրան որքան էլ վճարելու լինես, միևնույն է, խոզի պես է ապրելու։ Ուստի, որքան կարելի է, քիչ պետք է վճարել։
Վերջապես, նեգրերը էքսպանսիվ են։ Օ՜, այստեղ արդեն Հարավի ջենտլմենը լուրջ անհանգստացած է։ Նա արդեն հանում է ատրճանակը, թոկը և սապոնի կտորը։ Նա արդեն խարույկ է սարքում։ Հանկարծ նա դառնում է անասելի ազնիվ և կասկածամիտ։ Նեգրերը, գիտեք ինչ, սեռական ոճրագործներ են։ Նրանց պարզապես կախել է պետք։
Նեգրերը հետաքրքրասեր են։ Այս կապակցությամբ Հարավի ջենտլմենը հազար ու մի բացատրություն կտա։ Պարզ բան է, դրանք ուղղակի լպիրշ ու անպատկառ մարդիկ են։ Խցկվում են իրենց չվերաբերող գործերի մեջ։ Ամեն տեղ խոթում են իրենց սև քիթը։
Այսուհանդերձ, Հարավի ջենտլմենը գտնում է, որ նեգրերն իրեն շատ են սիրում։ Կալվածատերերի կյանքից վերցրած կինոդրամաներում անպայման մասնակցում է որևէ ծեր, ալեհեր նեգր, որը պաշտում է տիրոջը և պատրաստ է կյանքը զոհելու նրա համար։
Ա՛խ, եթե հարավի ջենտլմենը՝ Լինչի դատարանի բարեհոգի հանդիսատեսը կամ մասնակիցը հանկարծ ու իմանար, որ հարյուրտոկոսանոց կատարյալ մարդ լինելու համար նրան հենց պակասում են իր ծաղրած նեգրական գծերը։ Ի՞նչ կասեր։
Նեգրերից գրեթե խլված է զարգանալու և աճելու հնարավորությունը։ Քաղաքներում նրանց առջև բաց են միայն դռնապանների և լիֆտյորների կարիերաները, իսկ հայրենիքում՝ Հարավային նահանգներում, նրանք ընտանի կենդանիների աստիճանի իջեցված իրավազուրկ բատրակներ են, այստեղ նրանք ստրրուկներ են։
Բայց և այնպես, եթե Ամերիկայից խլեն նեգրերին, այն թեպետև մի փոքր կսպիտակի, բայց հաստատ կերպով քսան անգամ ավելի տաղտկալի կդառնա։
Ճանապարհին հարմար դիպվածի սպասող մարդկանց վերցնելու մեր կանոնին հաստատ, Վաշինգտոնից ոչ հեռու, Հյուսիսային Կարոլինայում, ետ ընկած գազոլինկայանում վերցրինք տասնութամյա մի տղայի՝ «ՍՍՍ» ճամբարից։ Այդ ճամբարները Ռուզվելտի օրոք կառուցվել էին երիտասարդ գործազուրկների համար, և սկզբում վեց ամսով․ Ռուզվելտը հույս ուներ վեց ամսվա ընթացքում վերջ տալ գործազրկությանը, իսկ հետո, երբ պարզվեց, որ գործազրկությանը վերջ տալն այնքան էլ հեշտ բան չէ, ճամբարները թողեցին անորոշ ժամանակով։ Տղան ութսուն մղոն ճանապարհ էր կտրելու՝ ճամբարից մինչև հայրենի Էլիզաբետթաուն քաղաքը։ Բավական սառն անձրև էր գալիս։ Երիտասարդ տղան, որի հագին խակի գույնի ամառային վերնաշապիկ էր, գլխին՝ լայնեզր ֆետրե ծակ֊ծակ գլխարկ, իսպառ կուչ էր եկել։
Մեր վերջին հիչ֊հայկերը փոքր֊ինչ տաքացավ փակ մեքենայի մեջ և սկսեց պատասխանել մեր հարցերին։ Նա ոչ մի նոր բան չավելացրեց ամերիկյան երիտասարդի՝ զրուցասեր, ինքնավստահ և անհետաքրքրասեր մարդու արդեն մեր ունեցած պատկերացումին։
Սովորական էր նրա պատմությունը։ Հայրը ֆերմեր է։ Ծերուկի գործերը լավ չեն գնում։ Տղան ավարտել է միջնակարգ դպրոց։ Կոլեջ ընդունվելու համար փողը չի հերիքել։ Գնացել է աշխատանք փնտրելու։ Չի գտել։ Ստիպված ցուցակագրվել է «ՍՍՍ»։ Այնտեղ նա ուրիշ տղաների հետ միասին անտառներ է մաքրում, հակահրդեհային առուներ է փորում։ Վատ չեն կերակրում, հագցնում են և ամսական երեսուն դոլար տալիս (հինգը՝ առձեռն, իսկ քսանհինգը՝ ծնողներին)։ Ճիշտն ասած, դա նպաստ է։ Հետագայում ինչ է լինելու, հայտնի չէ։ Մի բան միայն գիտի, որ ինքը ջահել է, առողջ, մորթը սպիտակ է, խաղում է բեյսբոլ։ Նշանակում է, ամեն բան կարգին կլինի ― «օլ ռայթ» և որևէ կերպ կկարգավորվի։ Նրա գիտակցության մեջ մշուշ չկա։ Ընդհակառակն՝ կատարյալ պարզություն։ Մեր տված հարցերի մեծ մասին չկարողացավ պատասխանել։ Նման դեպքերում հմայիչ անկեղծությամբ ասում էր՝ «Էդ մեկը չգիտեմ»։ Բայց երբ հարցը հասկանալի էր լինում, անմիջապես առանց երկար ու բարակ մտածելու պատասխանում էր պատրաստի այն ֆորմուլայով, որը, ըստ երևույթին, հաստատ ընդունված էր ֆերմեր հայրիկի ընտանիքում և Ելիզաբետթաուն քաղաքում։
― Բայց և այնպես դուք ուզու՞մ եք կոլեջ ընդունվել։
― Ւհա՛րկե։ Թեև ես գիտեմ տղաների, որոնք դիպլոմները գրպաններում թափառում են երկրում ու աշխատանք փնտրում, բայց և այնպես կոլեջից հետո հեշտ կլինի կարիերա անել։
― Ի՞նչ գիտություններ են ձեզ հետաքրքրում կոլեջում։
― Ինչպե՞ս թե ինչ։ Այն, ինչ անցնում են այնտեղ։
Մենք անցնում էինք նեգրական գյուղի մոտով։ Սա ևս նեգրական աղքատության նույն ստանդարտ էր։ Այստեղ նեգրական լավ տուն գտնելն այնքան տարօրինակ էր, որքան վատ ճանապարհ տեսնելը։
― Նեգրերի տները իսկույն կարելի է տարբերել սպիտակ մարդկանց տներից, ― ասաց մեր ուղեկիցը ժպտալով։
― Մի՞թե բոլոր նեգրերն այսպես վատ են ապրում։
― Իհարկե, բոլորը։
― Բայց ահա դուք մեծացել եք Հարավում։ Ասացեք, գիտե՞ք արդյոք թեկուզ մի հարուստ նեգրի։
Պատանին առժամանակ մտածմունքի մեջ ընկավ։
― Չէ, ոչ ոքի չգիտեմ, ― պատասխանեց նա վերջապես։
― Իսկ ինչու՞ է այդպես։ Մի՞թե ներգրերը վատ աշխատողներ են։
― Ո՛չ, նրանք աշխատել իմանում են։
― Գուցե անազնիվ մարդիկ են։
― Ինչու՞ անազնիվ։ Ես լավ եմ ճանաչում նեգրերին։ Նեգրերը լավ մարդիկ են, նրանց մեջ լավ ֆուտբոլիստներ կան։
― Բա ինչպե՞ս պատահեց, որ բոլոր նեգրերը չքավոր են։
― Էդ մեկը ես չգիտեմ։
― Ձեր հայրը ծանոթ նեգրեր ունի՞։
― Ծանոթ նեգրեր մենք շատ ունենք։
― Եվ դուք լա՞վ եք վերաբերվում նրանց հետ։
― Իհարկե։
― Իսկ այդ նեգրերին կնեստեցնեի՞ք սեղանի շուրջը՝ ձեր ընտանիքում։
Պատանին ծիծաղեց։
― Ո՛չ, դա անհնարին է։
― Ինչու՞։
― Հենց այնպես։ Նեգրը և սպիտակը չեն կարող նստել նույն սեղանի շուրջը։
― Բայց ինչու՞։
― Դուք, երևում է, Նյու֊Յորքից եք, ― ասաց երիտասարդը։
Հարավցիների պատկերացումով Նյու֊Յորքը ազատամտության և ռադիկալիզմի վերջին սահմանն է։
― Այժմ ասացեք ահա թե ինչ։ Մենք անցանք նեգրական մի քանի նահանգներով և երբեմն տեսնում էինք բավական սիրունիկ նեգրուհիներ։ Կարո՞ղ եք սիրել նեգրուհու։
― Թերևս, այո, ― պատասխանեց երիտասարդը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― էդ մեկը կարող է պատահել։ Իսկապես գունավորների մեջ հանդիպում են լավիկները, մանավանդ մուլատուհիներ։
― Իսկ եթե սիրեիք, կամուսնանայի՞ք։
― Ինչեր եք ասում։ Ոչ մի կերպ այդ հնարավոր չէ։
― Ինչու՞։
― Անհնարին բան է։
― Իսկ եթե շատ ուժեղ սիրեք։ Կամ թե չէ սպիտակ աղջիկը սիրի նեգրին և ամուսնանա նրա հե՞տ։
Պատանին ձեռքը թափահարեց։
― Չէ, իսկույն երևում է, որ Նյու֊Յորքից եք։
― Եվ ի՞նչ։ Այդպիսի նեգրին, երևի, կկախեն։
― Կարծում եմ, որ նման բան չի լինի։
Այս խոսակցությունը տրված է ամենայն ճշտությամբ։
Ոչ միայն այստեղ, այլև հենց Նյու֊Յորքում, որի մասին, հիրավի, տղան սարսափով էր խոսում, գրեթե անհնարին է նեգրին տեսնել ռեստորանում, կինեմատոգրաֆում կամ եկեղեցում։ Գուցե միմիայն որպես մատուցող կամ դռնապան։ Նյու֊Յորքի «Կառնեգի հոլլ» մեծ դահլիճում նեգր երգչուհի Մարիան Անդերսոնի համերգին մենք տեսանք հարյուրի չափ ինտելիգենտ նեգրեր, որոնք բոլորովին մեկուսացած, խմբով նստել էին վերնասրահում։
Իհարկե, ամերիկյան օրենքներով, և մանավանդ Նյու֊Յորքում, նեգրը իրավունք ունի նստելու սպիտակների մեջ իր ուզած տեղը, գնալ «սպիտակ» կինեմատոգրաֆ կամ «սպիտակ» ռեստորան, բայց ինքը երբեք այդ բանը չի անի։ Նա շատ լավ գիտե, թե ինչով են վերջանալու նման փորձերը։ Հասկանալի է, որ նրան չեն ծեծի, ինչպես Հարավում, բայց որ նրա մերձավոր հարևանները շատ դեպքերում անմիջապես դեմոնստրատիվ կհեռանան ― սա անկասկած է։
Ըստ օրենքի, նեգրերը Միացյալ Նահանգների ազատ քաղաքացիներն են, բայց Հարավում, զանազան պատրվակներով, նրանց զրկում են ձայնի իրավունքից, իսկ բուն Վաշինգտոնում, և ոչ միայն Վաշինգտոնում, այլև հենց այն շենքում, որտեղ գրել են այդ օրենքները, տեղի է ունեցել այսպիսի մի դեպք։
Չիկագո քաղաքից կոնգրեսում ընտրվել է Դեպրիստ ազգանաունով մի նեգր։ Ներկայացուցչական պալատի նիստերին, վշտացնելով սպիտակ կոնգրեսմեններին, նա նստում է նրանց կողքին։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Այդ սևամորթը, իր սև քարտուղարով հանդերձ, սովորություն էր դարձրել ճաշելու գնալ կոնգրեսի ճաշարանը։ Նրան վռնդել չէր կարելի, իսկ խաղաղ ցույցերի վրա նեգրը ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Վերջ ի վերջո այդ դրությունից դուրս գալու հիանալի ելք գտան՝ ճաշարանը փակեցին։ Կոնգրեսի ճաշարանը բոլորովին փակեցին, որպեսզի նեգրը չկարողանա ճաշել սպիտակ մարդկանց հետ մեկտեղ։
― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ «ՍՍՍ» ճամբարի երիտասարդին իջեցնելուց հետո առաջ շարժվեցինք, ― ես ձեզ հիանալի պատմություն պատմեմ Տրինիդատ կղզու իմ բարեկամների մասին։ Այնտեղ ես մի ծանոթ ամերիկյան ընտանիք ունեի։ Որոշել էին տեղափոխվել Նյու֊Յորք։ Ես էլ մեկ տարով հենց մեկնելու էի Նյու֊Յորքից և որոշեցի այդ ժամանակամիջողում վարձով տալ նրանց իմ բնակարանը։ Ես նրանց հանձնարարեցի տանտիրոջը և մեկնեցի։ Մեկ տարուց հետո, երբ վերադարձա, տանտերը քիչ էր մնում բռունցքներով հարձակվեր վրաս։ «Սա խայտառակություն է, ― բղավում էր նա, ― ես երբեք չէի կարծում, որ դուք այդպես ստոր կերպով կխաբեք ինձ»։ Ես շատ վախեցա և սկսեցի մտածել՝ հո մի վատ բան չե՞մ արել։ «Չեմ հասկանում, ո՞րն է իմ մեղքը», ― հարցրի ես տանտիրոջը։ «Դուք իմ տանը բնակեցրել եք նեգրերի», ― հառաչեց տանտերը։ «Թույլ տվեք, ― ասում եմ, ― ես ձեր տանը բնակեցրել եմ Տրինիդատ կղզու իմ բարեկամներին։ Նրանք սպիտակ մարդիկ են, ինչպես ես և դուք։ Տասներեք տարի ապրել են կղզում և հիմա վերադարձել են Ամերիկա։ «Իսկ ինչու՞ ինձ այն ժամանակ չասացիք, որ ձեր բարեկամները ապրել են Տրինիդադ կղզում։ Ես ոչ մի դեպքում նրանց ներս չէի թողնի»։ «Ինչ է պատահել», ― հարցրի ես։ «Պատահել է այն, որ իմ բոլոր կենվորները մի գլուխ խոսում են ձեր բարեկամների մասին, իբր նրանց մեջ նեգրական արյուն կա։ Նրանք մի տատիկ ունեն, որը չափից դուրս խուճուճ մազեր ունի։ Դա հաստատված է։ Կենվորներից մեկն արդեն մեկնել է։ Մյուսներն ասում են, որ եթե ես չվտարեմ այդ նեգրերին, նրանք կխախտեն պայմանագիրը և կմեկնեն»։ Չէ, լուրջ, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե նեգրերը լավ են ապրում Նյու֊Յորքում։ Ա՛յ, մեր տանը լիֆտյոր նեգր կա, դա ուրիշ բան է։
Հյուսիսային Կարոլինայում ցրտեց, իսկ Վիրջինիայում ավելի ցուրտ էր։ Վերջին ամբողջ ճամբորդության օրվա ընթացքում բարակ անձրևը ողողում էր մեր կառի տանիքը։ Մինչև Վաշինգտոն, հաշված մղոններ էին մնացել, և միստեր Ադամսը վախենում էր, թե ջուրը կսառչի։ Երևացին պլակատներ, որոնք ռեկլամում էին վաշինգտոնյան հյուրանոցները։
― Կաց, կաց, ― բղավեց հանկարծ միստեր Ադամսը։
Մեքենան կանգ առավ։
― Պարոնայք, ― հանդիսավոր կերպով ասաց նա։ ― Ուզու՞մ եք իմանալ ինչ բան է Ամերիկան։
― Ուզում ենք, ― պատասխանեցինք մենք։
― Այդ դեպքում նայեցեք։
Եվ միստեր Ադամսը մատնացույց արեց մի պլակատ, որի կողքից քիչ էր մնացել անցնեինք։
Մենք տեսանք մի մեծ նկար՝ չափից դուրս սրտառուչ բովանդակությամբ։ Նկարված էր Գրետա Գարբոյի տիպի մի չնաշխարհիկ ջահել մայր, չնաշխարհիկ մի աղջիկ (Շիրլի Տեմպլի տիպի) գրկին։ Հետևում կանգնել էր մի հրաշալի պահապան հրեշտակ՝ Հոլլիվուդի կինոլեյտենանտի դեմքով և մեծ թևերով։
― Ո՛չ, ո՛չ, ― բղավում էր միստեր Ադամսը, ― մակագրությանը նայեցեք, մակագրությանը։ Գիտե՞ս ինչ է ասում պահապան հրեշտակը այդ բարի մորը։ Նա խորհուրդ է տալիս փողերը դնել բանկ՝ երեխայի անունով։ Հրեշտակն այնքան բարի է, որ անգամ բացատրում է, թե ո՞ր բանկը պետք է դնել փողը։ Չէ, լուրջ, պարոնայք, դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է Ամերիկան։
Երբ մտնում էինք Վաշինգտոն, մեր կառի արագաչափը ցույց տվեց ուղիղ տասը հազար մղոն։
Մենք վերջին անգամ բղավեցինք՝ «ուռա՜»։
Գլուխ քառասունհինգերորդ — Ամերիկյան դեմոկրատիան
Մի ամերիկուհի ուներ տասնյոթ տարեկան աղջիկ և չափահաս տղա։ Մի անգամ աղջիկը տուն չեկավ։ Ամբողջ գիշեր չկար։ Չհայտնվեց և հետևյալ օրը։ Աղջիկն անհետացել էր։ Ոստիկանությունը որոնում էր նրան ու չգտավ։ Մայրն իր աղջկան մեռած էր համարում։ Անցավ մի տարի։ Եվ ահա մի առիթով նրա տղայի մտերիմը հաղորդեց մի ահավոր լուր։ Նա մեռած համարվող այդ աղջկան տեսել էր գաղտնի հասարակաց տանը։ (Պաշտոնապես համարվում է, որ Ամերիկայում պոռնկություն չկա։ Իրականում՝ բազմաթիվ հասարակաց տներ կան)։ Եղբայրն անմիջապես հաճախորդի անվան տակ գնաց անառականոց։ Այնտեղ նա, իրոք, տեսավ իր քրոջը։ Դժվարությամբ ճանաչեց, այնպես սարսափելի փոխվել էր դեռատի աղջիկը։ Ավելի սարսափելի էր այն ամենը, ինչ նա պատմեց եղբորը։ Նրան հափշտակել և վաճառել էին։
― Ես կորած եմ, ― ասաց աղջիկը, ― և մի՛ փորձիր փրկել։ Ինձ հափշտակող մարդիկ այնքան ուժեղ են, որ նրանց դեմ ոչ ոք պայքարել չի կարող։ Նրանք չեն քաշվի քեզ կամ ինձ սպանելուց։
Այնուամենայնիվ, պայքարն սկսվեց։ Մայրը դիմեց ոստիկանությանը, դրանից ոչինչ դուրս չեկավ։ Բանդիտների թիկունքում կանգնած էին ինչ֊որ անհայտ, բայց անասելի ուժեղ մարդիկ։ Մայրը դիմեց դատարան։ Բանդիտների փաստաբանն ապացուցեց, որ աղջիկը հին պոռնիկ է, և որ հասարակությանը հենց նա է վտանգ սպառնում, և ոչ թե նրան հափշտակող շայկան։ Նահանգի գերագույն դատարանը ևս գործը վճռեց հօգուտ բանդիտների։ Մորը չօգնեց նաև Վաշինգտոն գնալը։ Վաշինգտոնը պարզապես իրավազոր չէ նահանգի դատարանի նկատմամբ։ Ահա և բոլորը։ Աղջիկը մնաց հասարակաց տանը։
Այս բանը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ հռչակված է խոսքի ազատություն։ Աղջկա մորը ազատություն էր տրված ոչ միայն խոսելու, այլև բղավելու։ Նա բղավում էր, բայց ոչ ոք նրան չլսեց։
Այս տեղի է ունեցել մի երկրում, ուր հռչակված է մամուլի ազատություն։ Բայց ոչ մի թերթ չգրեց այդ գործի մասին։ Որտե՞ղ էին այն ճարպիկ, արագավազ, անխոնջ ռեպորտյորները, որոնց խորաթափանց հայացքից չի վրիպում ոչ մի կողոպուտ, ոչ մի հարուստ հարսանիք, ոչ մի, նույնիսկ չորրորդ կարգի կինոաստղի յուրաքանչյուր քայլը։
Այս տեղի է ունեցել մի երկրում, որտեղ հռչակված է անձի անձեռնմխելիություն, բայց խղճուկ անձնավորությունը նստել էր հասարակաց տանը, և ոչ մի ուժ չէր կարող դուրս բերել նրան այնտեղից։ Թվում է, եթե Աբրահամ Լինկոլնն էլ դագաղից դուրս գար, նա էլ ոչինչ չէր կարող անել։ Դժվար թե օգնեին նրան նույնիսկ գեներալ Գրանտի թնդանոթները։
Չգիտես ինչու, ամեն անգամ, երբ սկսում ես հիշողությանդ մեջ վերարտադրել այն տարրերը, որոնցից բաղկացած է ամերիկյան կյանքը, վերհիշում ես հենց բանդիտներին, և եթե ոչ բանդիտներին, ապա ռակետիրներին, եթե ոչ ռակետիրներին, ապա բանկիրներին, որ, վերջին հաշվով, միևնույն բանն են։ Մտաբերում ես մարդկային այն ամբողջ աղբը, որ կեղտոտել է ազատասեր և աշխատող երկիրը։
Ի՞նչը կարող է ավելի բերկրալի լինել, քան ազատ ընտրությունները դեմոկրատական երկրում, որի քաղաքացիները սահմանադրությամբ ապահովված են «ազատության և երջանկության ձգտելու» ամեն տեսակ իրավունքներով։ Զուգված ընտրողները գնում են քվեատուփի մոտ և քնքշորեն բյուլետեններ են նետում իրենց սիրած թեկնածուների ազգանուններով։
Մինչդեռ իրականում տեղի է ունենում այն, ինչի մասին մեզ պատմում էր Չիկագոյի բժիշկը․ գալիս է ռակետիր֊պոլիտեշենը և շանտաժով կամ սպառնալիքով ստիպում է լավ մարդուն քվեարկել որևէ ժուլիկի օգտին։
Եվ այսպես, անտարակույս, ազատության և երջանկության ձգտելու իրավունք կա, բայց այդ իրավունքի կենսագործման հնարավորությունը չափազանց կասկածելի է։ Այդ իրավունքը շատ վտանգավոր հարևանության մսջ է գտնվում Ուոլ֊ սթրիթի փողային նկուղների հետ։
Բայց ամերիկացիները դեմոկրատիայի արտաքին ձևերը պահպանում են արտակարգ բծախնդրությամբ։ Եվ դա, պետք է ճիշտն ասել, տպավորություն է գործում։
Հեների Ֆորդը իր դիրքով գրեթե անհասանելի դեմք է ամերիկյան հասարակության մեջ։ Եվ ահա մեկ անգամ նա մտնում է իր գործարանի շենքերից մեկը, որտեղ մի քանի ինժեներներ կային, սեղմում է նրանց ձեռքը և սկսում խոսել գործի մասին, որի համար եկել է։ Խոսակցության պահին ծերունի Հենրին անհանգիստ տեսք ուներ։ Ինչ֊որ մի միտք տանջում էր նրան։ Մի քանի անգամ խոսքը կիսատ էր թողնում, որոշակի փորձելով ինչ֊որ բան հիշել։ Վերջապես նա ներողություն է խնդրում զրուցակիցներից, ընդհատում խոսակցությունը և մոտենում սենյակի հեռավոր անկյունում նստած երիտասարդ ինժեներներին։
― Շատ եմ ցավում, միստեր Սմիտ, ― ասում է միստեր Ֆորդը, ― Բայց, կարծեմ, ես մոռացա ձեզ բարև տալ։
Ավելորդ ձեռքսեղմումը ծանր բեռան պես չի նստի Ֆորդի ավտոմոբիլային գործարանների հաշվեկշռի վրա, իսկ տպավորությունը՝ հսկայական է։ Ֆորդն այդ երիտասարդ ինժեներներին երբեք հյուր չի հրավիրի իր տունը, բայց աշխատանքի մեջ նրանք հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Ֆորդն իր հին բանվորներից շատերին ճանաչում է և անուններն է տալիս․ «Հելլո, Մայկ» կամ «Հելլո, Ջոն»։ Իսկ Մայկը, Ջոնը նույնպես նրան դիմում են՝ «Հելլո, Հենրի»։ Այստեղ նրանք ասես թե հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Բայց ավտոմոբիլները վաճառելու է արդեն միայն ծերուկ Հենրին։ Իսկ ծերուկ Մայկը կամ Ջոնը, բանեցվելուց հետո փողոց են նետվելու, ինչպես նետվում է ավտոյի մաշված սռնակը։
Եվ այսպես, տասը հազար մղոն անելուց հետո մենք հայտնվվեցինք Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։
Վաշինգտոնն իր կառավարական ցածրիկ շենքերով, պարտեզներով, հուշարձաններով և լայնահուն փողոցներով մի քիչ նման է Վիեննային, մի քիչ՝ Բեռլինին, մի քիչ՝ Վարշավային, քիչումիչ՝ բոլոր մայրաքաղաքներին։ Եվ միայն ավտոմոբիլներն են հիշեցնում, որ այս քաղաքը գտնվում է Ամերիկայում։ Այստեղ յուրաքանչյուր երկու մարդուն մի ավտոմոբիլ է ընկնում, իսկ հինգ հարյուր հազարանոց բնակչության համար ոչ մի մշտական թատրոն չկա։ Մաունտ֊Վերնոնում գտնվող Ջորջ Վաշինգտոնի տունը դիտելուց հետո և կոնգրեսի նիստին լինելուց և անհայտ զինվորի շիրիմին այցելելուց հետո մենք հայտնաբերեցինք, որ այլևս տեսնելու բան չկա։ Մնում էր միայն տեսնել պրեզիդենտին։ Ամերիկայում դա այնքան էլ դժվար բան չէ։
Շաբաթական երկու անգամ, առավոտյան ժամը 10֊ն անց երեսուն րոպեին Միացյալ Նահանգների պրեզիդենտը ընդունում է ժուռնալիստներին։ Մենք ընկանք այդպիսի մի ընդունելության։ Այն տեղի էր ունենում Սպիտակ տանը։ Մտանք ընդունարան, որտեղ սեկվոյի փայտից շինած մի հսկայական կլոր սեղան էր դրված։ Դա նվեր էր տրված նախկին պրեզիդենտներից մեկին։ Հանդերձարան չկար, և ներս մտնող ժուռնալիստները իրենց վերարկուները դնում էին այդ սեղանին, իսկ երբ սեղանի վրա տեղ չմնաց, սկսեցին դարսել ուղղակի հատակին։ Հետզհետե հավաքվեց մոտ հարյուր մարդ․ նրանք ծխում էին, բարձրաձայն խոսում և անհամբեր նայում սպիտակ, փոքրիկ դռանը, որի հետևում, ինչպես երևում է, թաքնված էր Միացյալ Նահանգների պրեզիդենտը։
Մեզ խորհուրդ տվեցին կանգնել դռան մոտ, որպեսզի, երբ պրեզիդենտի մոտ թողնելու լինեն, մենք առջևում լինենք, այլապես կարող էր այնպես լինել, որ ժուռնալիստների մեջքերի հետևից նրան չտեսնեինք։ Տրամվայի փորձված կռվարարների ճարպկությամբ առաջ խցկվեցինք։ Մեր առջևում միայն երեք ջենտլմեններ կային։ Դրանք ալեհեր և միանգամայն պատկառելի պարոններ էին։
Ընդունելության ժամն էր արդեն, բայց ժուռնալիստներին դեռ ներս չէին թողնում։ Այդ ժամանակ ալեհեր ջենտլմենները, նախ կամացուկ, իսկ հետո ավելի բարձր, սկսեցին բախել դուռը։ Նրանք բախում էին Միացյալ Նահանգների պրեզւդենտի դուռը, ինչպես ռեժիսյորի օգնականն է բախում արտիստի զարդասենյակի դուռը, հիշեցնելով բեմ դուրս գալու մասին։ Բախում էին ծիծաղելով, բայց և այնպես բախում էին։
Վերջապես դուռը բացվեց, և ժուռնալիստները, մեկմեկու հրելով, սլացան առաջ։ Մենք էլ վազեցինք բոլորի հետ միասին։ Հեծելախումբը սլացավ միջանցքով, ապա անցավ դատարկ, մեծ սենյակը։ Այդտեղ մենք հեշտությամբ առաջ անցանք ծանր շնչող, ալեհեր ջենտլմեններից և առաջինը մտանք հետևյալ սենյակը։
Մեր առջև, կլոր առանձնասենյակի խորքում, որի պատերին կախված էին միսիսիպյան շոգենավեր պատկերող հինավուրց վիմատիպ նկարներ, իսկ փոքրիկ որմնախորշերում դրված էիմ ռազմանավերի մոդելներ, միջին չափի գրասեղանի հետեևում, ծխացող սիգարը ձեռքին և գեղեցիկ քթին չեխովյան պենսնե, նստել էր Ֆրանկլին Ռուզվետը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտը։ Նրա հետևում փայլատակում էին ազգային երկու դրոշների աստղերն ու զոլերը։
Սկսվեցին հարցեր։ Թղթակիցները հարցնում էին, պրեզիդենտը պատաս;անում էր։
Այդ ամբողջ արարողությունը, իհարկե, փոքր֊ինչ պայմանական է։ Բոլորին հայտնի է, որ պրեզիդենտը առանձնապես ոչ մի գաղտնիք բաց չի անելու ժուրնալիստներին։ Մի քանի հարցերի պրեզիդենտը պատասխանում էր լուրջ և բավական հանգամանորեն, մի քանիսին պատասխանում էր կատակով (դա այնքան էլ հեշտ բան չէ՝ շաբաթական երկու անգամ պատասխանել հարյուրավոր համառ ժուրնալիստների հարցերին), մի քանիսին պատասխանում էր, թե այդ մասին կխոսի հետևյալ աբգամ։
Ռուզվելտի գեղեցիկ, մեծ դեմքը հոգնած էր երևում։ Հենց երեկ գերագույն դատարանը փոխել էր «ԱԱԱ»֊ն ― ֆերմերների ցանքսերը կարգավորող ռուզվելտյան միջոցառումը, որը նրա ծրագրի առանցքն էր հանդիսանում։
Հարցերն ու պատասխանները կես ժամ խլեցին։ Երբ տիրեց դադար, պրեզիդենտը հարցական նայեց հավաքվածներին։ Դա հասկացվեց որպես ընդհանուր նահանջի ազդանշան։ Լսվեց աններդաշնակ՝ «գուդ բայ, միստեր պրեզիդենտ», և բոլորը դուրս եկան։ Իսկ միստեր պրեզիդենտը մնաց մենակ իր կլոր առանձնասենյակում՝ ռազմանավերի և աստղազարդ դրոշների շրջապատում։
Միլիոնավոր մարդիկ՝ ահել ու ջահել, որոնք կազմում են ամերիկյան մեծ ժողովուրդը, ազնիվ, աղմկարար, տաղանդավոր, աշխատասեր և մի փոքր չափից դուրս փող հարգող մարդիկ, ըստ սահմանադրության կարող են ամեն ինչ անել ― նրանք են երկրի տերը։ Կարելի է նույնիսկ հենց Մորգանին, հենց Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերին հարցաքննության կանչել սենատորական հանձնաժողով և սպառնալից հարցնել․
― Միստեր Մորգան, դուք արդյոք, անձնական հարստության եսապաշտական շահերով չե՞ք ներքաշել Միացյալ Նահանգները համաշխարհային պատերազմի մեջ։
Ժողովուրդը հարցնել կարող է։ Բայց թե ինչպես է պատասխանում միստեր Մորգանը՝ այդ մենք ինքներս լսեցինք։
Այս անգամ էլ ամեն ինչ դեմոկրատավարի էր։
Մուտքն ազատ է այն դահլիճը, ուր նիստեր էր ունենում սենատային հանձնաժողովը։ Դարձյալ դուք ազատ եք ցանկացածի պես վարվելու ձեր վերարկուի հետ՝ դնել հատակին, խցկել ձեր նստած աթոռի տակ։
Փոքրիկ դահլիճի մի ծայրում աթոռներ էին դրված, մյուսում՝ սեղան, որի շուրջը տեղի էր ունենեում հարցաքննությունը։ Սեղանի վրա ոչ կանաչ մահուդ էր փռված, ոչ կարմիր, դա մի երկար, ողորկուն սեղան էր։ Ամեն ինչ շատ հասարակ էր։ Միլիարդատիրոջ աթոռի կողքին, հատակին ընկած էր նրա հաստ, արդեն ոչ նոր պորտֆելը։ Մորգանը շրջապատված էր իր իրավունքներով և խորհրդատուներով։ Նրանք շատվոր էին, մի քանի տասնյակ մարդիկ ― ալեհեր և կարմրադեմ, հաստ ու ճաղատ կամ երիտասարդ՝ խորաթափանց աչքերով, և դրանք զինված էին փաստերով, տեղեկանքներով, փասթաթղթերով, մեծածավալ գրքերով և թղթապանակներով։ Մորգանյան կտրիճների այդ ամբողջ բանդան իրեն միանգամայն ազատ էր զգում։
Նախագահում էր վտիտ, ներշնչված, գրեթր ռուսական դեմքով սենատոր Նայը (նրան շատ կսազեր շեղօձիք վերնաշապիկը): Հարցաքննությունը վարում էր կլորադեմ և կենսուրախ սենատոր Կլարկը։ Իսկույն երևում էր, որ նրան դուր է գալիս Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերին հարցաքննելը։
«Կրտսերը» յոթանասում տարեկան էր։ Դա մի վիթխարի, գեր ծերուկ էր՝ երկարափեշ մուգ պիջակով։ Մորգանի կաթվածահար եղած ծոծրակի վրա ճուտիկի ալեհեր աղվամազ էր երևում։ Մորգանը հանգիստ էր։ Նա գիտեր, որ իր հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Կհարցնեն, նա կնայի իր իրավաբաններին, սրանք իրենց հերթին կատաղի կսկսեն քրքրել գրքերը ու կհուշեն պատասխանը։
Դա մի զարմանալի տեսարան էր։ Մի քանի տասնյակ խորհրդատուներ ինչ֊որ բան էին փսփսում Մորգանի ականջին, թղթեր էին խցկում, հուշում և օգնում էին։ Այդ Մորգանը չէր խոսում, խոսում էին նրա միլիարդները։ Իսկ երբ Ամերիկայում փողն է խոսում, նա միշտ խոսում է հեղինակավոր կերպով։ Չէ՞ որ Ամերիկայում սիրած ասացվածք է․ «Նա միլիոն դոլարի տեսք ունի»։
Իրոք որ միլիոն դոլարը շատ լավ տեսք ունի։
Իսկ Մորգանը իր երկար ու մուգ պիջակով, ծեր ու հաստլիկ ագռավի նման, մի քանի միլիարդի տեսք ուներ։
Այն անձնավորությանը, որին կանչում են սենատի հանձնաժողովին, հասնում է օրապահիկ, պետական նորմալ օրապահիկ՝ ապրուստի համար։ Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերն օրապահիկը վերցրեց։ Նա օգտվեց բոլոր այն իրավունքներով, որ տվել է նրան դեմոկրատիկ սահմանադրությունը։
Մորգանն ստացավ այն ամենը, ինչ հասնում էր նրան սահմանադրությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավելի։ Իսկ ի՞նչ ստացավ ժողովուրդը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների տերիտորիայում հարյուր քսան միլիոն մարդ է ապրում։
Դրանցից տասներեք միլիոնը արդեն շատ տարիներ է, ինչ աշխատանք չունի։ Ընտամիքների հետ միասին դա կազմում է բովանդակ երկրի քառորդ մասը։ Իսկ տնտեսագետները գտնում են, որ Միացյալ Նահանգների տերիտորիայում այսօր իսկ կարելի է կերակրել միլիարդ մարդ։
Գլուխ քառասունվեցերորդ — Անհանգիստ կյանք
Ճանապարհորդությունը մոտեցավ իր վախճանին։ Երկու ամսվա ընթացքում մենք քսանհինգ նահանգում և մի քանի հարյուր քաղաքում շնչեցինք անապատի և տափաստանի չոր օդը, անցանք Ապառաժ լեռների վրայով, տեսանք հնդկացիներին, զրուցեցինք երիտասարդ գործազուրկների, ծեր կապիտալիստների, արմատական մտավորականների, հեղափոխական բանվորների, պոետների, գրողների, ինժեներների հետ։ Դիտեցինք գործարաններն ու զբոսայգիները, հիացանք ճանապարհներով ու կամուրջներով, բարձրացանք Սիեռա֊Նևադա և իջանք Կառլսբադի անձավները։ Մենք անցանք տասը հազար մղոն։
Ամբողջ ճամփորդության ընթացքում մեր մտքում Սովետական Միությունն էր։
Սովետական հողից մեզ բաժանող հսկայական տարածության վրա մենք այն պատկերացնում էինք առանձնահատուկ հստակությամբ։ Պետք է տեսնել կապիտալիստական աշխարհը, որպեսզի նորովին գնահատվի սոցիալիզմի աշխարհը։ Մեր կյանքի սոցիալիստական կառուցվածքի բովանդակ արժանիքը, որի հետ ամեն օր շփվելուց մարդ դադարում է նկատելուց, հեռավորության դեպքում առանձնապես նշանակալից է թվում։ Մենք հասկացանք Մաքսիմ Գորկու տրամադրությունը, որը երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո Միություն գալով, անդուլ կերպով, օրը օրին կրկնում էր միևնույն բանը․ «Հիանալի գործ եք անում դուք, ընկերներ, մե՜ծ գործ»։
Մենք շարունակ խոսում էինք Սովետական Միության մասին, զուգահեռներ էինք անց կացնում, համեմատություններ անում։ Մենք նկատել էինք, որ սովետական մարդիկ, որոնց հաճախ էինք հանդիպում Ամերիկայում, համակված էին նույն զգացմունքներով։ Չէր լինում մի խոսակցություն, որը վերջ ի վերջո չհանգեր Միությունը հիշելուն․ «Իսկ մեզ մոտ այսպես է», «իսկ մեզ մոտ այնպես է», «լավ կլիներ այս բանը մեզ մոտ մտցնել», «այս բանը մեզանում ավելի լավ են անում», «այս մեկը մենք դեռ չենք կարողանում անել», «այս բանը մենք արդեն յուրացրել ենք»։ Սովետական մարդիկ արտասահմանում պարզապես ուղևորներ, գործուղված ինժեներներ կամ դիվանագետներ չեն։ Դրանք բոլորն էլ սիրահարված, իրենց սիրո առարկայից կտրված և յուրաքանչյուր րոպե նրան հիշող մարդիկ են։ Դա մի հատուկ հայրենասիրություն է, որ հասկանալի չի կարող լինել, ասենք, ամերիկացուն։ Ամերիկացին, ամենայն հավանականությամբ, լավ հայրենասեր է։ Եվ եթե նրան հարցնելու լինես անկեղծորեն կասի, որ սիրում է իր երկիրը, ընդ որում կպարզվի, որ նա չի սիրում Մորգանին, չգիտե և չի ուզում գիտենալ այն մարդկանց ազգանունները, որոնք նախագծել են Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները, չի հետաքրքրվում, թե ինչու Ամերիկայում տարեցտարի ուժեղանում է երաշտը, ով և ինչու է կառուցել Բոուլդեր֊դամը, ինչու Հարավային նահանգներում լինչի են ենթարկում նեգրերին, և թե ինչու ինքը պետք է սառեցրած միս ուտի։ Նա կասի, որ սիրում է իր երկիրը։ Բայց նա միանգամայն անտարբեր է գյուղատնտեսության հարցերի նկատմամբ, քանի որ ինքը գյուղացի չէ, արդյունաբերության հարցերի, քանի որ ինքը արդյունաբերող չէ, ֆինանսական հարցերի, քանի որ ֆինանսիստ չէ, արվեստի հարցերի, քանի որ արտիստ չէ և ռազմական հարցերի, քանի որ զինվորական չէ։ Նա աշխատավոր մարդ է, շաբաթական ստանում է իր երեուն դոլարը և թքել է Վաշինգտոնի ու նրա օրենքների վրա, Չիկագոյի և իր բանդիտների, Նյու֊Յորքի՝ իր Ուոլ֊սթրիթով հանդերձ։ Իր երկրից նա միայն մի բան է խնդրում․ հանգիստ թողնել իրեն և չխանգարել ռադիո լսելուն և կինո գնալուն։ Ա՛յ, երբ նա գործազուրկ կլինի, այդ դեպքում ուրիշ բան։ Այդ դեպքում նա կսկսի մտածել այդ ամենի մասին։ Ո՛չ, նա չի հասկանա, թե ինչ բան է սովետական մարդու հայրենասիրությունը, որը սիրում է ոչ թե իր իրավաբանական հայրենիքը, որը միայն քաղաքացիության իրավունք է տալիս, այլ շոշափելի հայրենիքը, ուր իրեն են պատկանում հողը, գործարանները, խանութները, բանկերը, դրեդնոուտները, սավառնակները, թատրոններն ու գրքերը, որտեղ ինքն է այդ ամենի քաղաքագետն ու տնորենը։
Միջին ամերիկացին տանել չի կարող վերացական խոսակցություններ և չի շոշափում իրենից հեռու թեմաներ։ Նրան հետաքրքրում է միայն այն, ինչ անմիջականորեն կապված է իր տան հետ, ավտոմոբիլի կամ մերձավոր հարևանների հետ։ Երկրի կյանքով նա հետաքրքրվում է չորս տարին մի անգամ՝ նոր պրեզիդենտի ընտրության օրերին։
Մենք չենք պնդում, թե հոգեկան կյանքի այդ բացակայությունը ամերիկյան ժողովրդի օրգանական հատկությունն է։ Չէ՞ որ մի ժամանակ հյուսիսային բանակները գնացել են նեգրերին ազատագրելու ստրկությունից։ Մարդկանց այդպիսին է դարձրել կապիտալիզմը, որը ամեն կերպ պահպանում է նրանց մեջ հոգեկան այդ թմրածությունը։ Ահավոր են ամերիկյան կապիտալիզմի ոճրագործությունները, որը զարմանալի ճարպկությամբ ժողովրդին դեմ է արել գռեհկագույն կինոն, ռադիոն և շաբաթական ժուռնալների լափը, թողնելով իր համար Տոլստոյին, Վան֊Գոգին ու Էնշտեյնին, բայց որոնց նկատմամբ խորապես անտարբեր է։
Աշխարհում, ըստ էության, մարդկային միտքը միայն մի ազնիվ ձգտում ունի ― հաղթահարել հոգեկան և նյութական աղքատությունը, երջանիկ դարձնել մարդկանց։ Եվ Ամերիկայում այն մարդիկ, որոնք իրենց առջև նպատակ են դրել հասնել այդ բանին՝ առաջավոր բանվորները, արմատական մտավորականները, լավագույն դեպքում համարվում են վտանգավոր խենթուկներ, իսկ վատագույն դեպքում՝ հասարակության թշնամիներ։ Ստացվել է այնպես, որ մարդկության երջանկության համար անուղղակի պայքարողներն անգամ՝ գիտնականները, գյուտարարները, կառուցողները Ամերիկայում ժողովրդականություն չեն վայելում։ Նրանք իրենց աշխատանքով, գյուտերով և հիանալի կառուցումներով մնում են ստվերում, ամբողջ փառքը բաժին է ընկնում բռնցքամարտիկներին, բանդիտներին և կինոաստղերին։ Իսկ ժողովրդի մեջ, որը տեսնում է, որ մեքենաների թվի զուգընթաց կյանքը չի լավանում, այլ ավելի է վատանում՝ նույնիսկ ատելություն գոյություն ունի տեխնիկական առաջադիմության նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են ջարդուփշուր անել մեքենաները, այն խեղդվող մարդու նման, որը ջրից դուրս գալու հուսահատ ցանկությունից բռնում է իրեն փրկողի կոկորդից և քարշ է տալիս հատակը։
Արդեն ասվել է, որ ամերիկացին, չնայած իր գործարար ակտիվությանը, պասսիվ անձնավորություն է։ Որևէ Հերստի կամ հոլլիվուդյան գործամոլի հաջողվում է լավ, ազնիվ, աշխատասեր միջին ամերիկացիներին իջեցնել վայրենու հոգեկան մակարդակին։ Սակայն այդ ամենազոր մարդիկ անգամ ի վիճակի չեն ժողովրդից դուրս քաշել կյանքի բարելավման վերաբերյալ միտքը։ Այդ միտքը շատ ժողովրդականություն է վայելում Ամերիկայում։ Եվ, ահա, մեծ ու փոքր Հերստերը համոզում են իրենց ընթերցողներին, թե ամերիկացիները հատուկ բնավորության մարդիկ են, որ «հեղափոխությունը, դա միայն արտասահմանում հնարավոր կառավարման ձև է»։ Իսկ ընտրողի վզին փաթաթում են քաղաքական գաղափարներ, որոնց մակարդակը չի բարձրանում հոլլիվուդյան միջին նկարի մակարդակից։ Եվ նման գաղափարները հսկայական հաջողություն ունեն։
Քաղաքական այդ բոլոր գաղափարները, որոնք բարեբարություն են լինելու ամերիկյան ժողովրդին, անպայման մատուցվում են երրորդ դասարանի աշակերտին վայել թվաբանական թեթև խնդրի ձևով։ Գաղափարը հասկանալու համար ընտրողը վերցնելու է միայն մի թերթ թուղթ, մատիտ, մի փոքրիկ հաշվարկում կկատարի՝ և ամեն ինչ պատրաստ է։ Ճիշտն ասած, դրանք ոչ թե գաղափարներ են, այլ միայն ռեկլամի համար պիտանի տրյուկներ։ Եվ դրանց մասին արժեր հիշատակել, եթե նրանցով հափշտակված չլինեին տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ։
Ինչպե՞ս փրկել Ամերիկան և բարելավել կյանքը։
Հյու֊Լոնգը խորհուրդ է տալիս բաժանել հարստությունը։ Հրապարակ են գալիս մի թերթ թուղթն ու մատիտը։ Ընտրողը, փնչացնելով, գումարում է, բազմապատկում, հանում և բաժանում։ Դա խիստ հետաքրքիր զբաղմունք է։ Ա՛հ, կեցցե այդ Հյու֊Լոնգը։ Յուրաքանչյուրը մեծ գումար կստանա։ Մարդիկ այնպես են տարված այդ տարրական թվաբանությաբ, որ բնավ չեն մտածում, թե ինչպես վերցնել այդ միլիոնները։
Ինչպե՞ս բարելավել կյանքը։ Ինչպե՞ս փրկել Ամերիկան։
Հանդես է գալիս Սոկրատի կամ Կոնֆուցիոսի տիպի մտքի նոր գիգանտ՝ բժիշկ միստեր Տաունսենդը։ Միտքը, որ ծագել է բժշկականության հարգարժան գործչի բազմախոհ գլխում, եվրոպական որևէ փոքրիկ երկրում կարող էր ծնվել միայն հոգեբուժական հիվանդանոցում՝ մեղմաբարո, քաղաքավարի և միանգամայն անհուսալի հիվանդների սենյակում։ Բայց Ամերիկայում այն ունի ապշեցուցիչ հաջողություն։ Այստեղ նույնիսկ հարկ չկա գործ ունենալ հանումների և բազմապատկումների հետ։ Սա բոլորովին հասարակ բան է։ Միացյալ Նահանգներում վաթսուն տարեկան դառած յուրաքանչյուր ծերունի և յուրաքանչյուր պառավ կստանան ամսական երկուհարյուրական դոլար՝, պարտավորվելով ծախսել այդ դոլարները։ Այդ դեպքում մեխանիկորեն կավելանա առևտուրը և մեխանիկորեն կվերանա գործազրկությունը։ Ամեն ինչ տեղի կունենա մեխանիկորեն։
Մենք տեսանք տաունսենդյան կոմիտեի ժողովի հնչյունային կինոխրոնիկան․ ժողովը վարում էր հենց ինքը՝ մտածողը։ Սկսվեց նրանով, որ միստեր Տաունսենդը, պեպենոտ դեմքով, ակնոցով և հնատարազ սերթուկով վտիտ ծերուկը, մի փոքրիկ հաղորդում արեց իր պլանի մասին։
― Լեդինե՜ր և ջենտլմեննե՜ր, ― սկսեց նա հազալուց հետո, ― ես չեմ քնել բազում գիշերներ, մինչև որ մտածել ու գտել եմ իմ պլանը։
Եթե Մարկ Տվենը կարողանար տեսնել այդ պեպենոտ ծերուկին՝ մեթոդիկ, ճշտապահ և, հավանորեն, աստվածավախ մարդուն, կարելի է չտարակուսել, որ այդ ծերուկը քույր Մակֆերսոնի եկեղեցական մյուզիկ֊հոլլից տուն գալով, կշռվում է, կշռում է իր ընտանիքին, որպեսզի հաշվի, թե կենդանի քաշից քանի՞ պեննի է վճարելու աստծուն՝ հարգարժան քրոջ միջոցով։
Միստեր Տաունսենդից հետո ելույթներ ունեցան դահլիճը լցրած ծերունիներն ու պառավները։ Նրանք գնում էին բեմ և հարցեր էին տալիս , որոնց պատասխանում էր մտածողը։
― Ուրեմն, դուրս է գալիս, որ ես ստանալու եմ երկու հարյուր դոլա՞ր, ― հարցնում էր ծերուկը։
― Այո՛, եթե իմ պլանը անցնի, ― վստահ պատասխանում էր մտածողը։
― Ամեն ամի՞ս։
― Ամեն ամիս։
― Դե, շնորհակալություն, ― ասում էր ծերուկը։
Եվ տեղն ազատում էր հաջորդ պառավի համար։
― Ասացե՛ք, միստեր Տաունսենդ, ― հարցնում է պառավը հուզվելով, ― մենք երկուսով էլ ծեր ենք՝ ես էլ, ամուսինս էլ։ Մի՞թե երկուսս էլ ստանալու ենք երկուհարյուրական դոլար։
― Այո՛, երկուսդ էլ, ― փքված պատասխանում է մտածողը։
― Նշանակում է, ընդամենը չորս հարյուր դոլա՞ր։
― Միանգամայն ճիշտ է, չորս հարյուր դոլար։
― Ես, բացի այդ, տասնյոթ դոլար թոշակ եմ ստանում։ Այդ կխլե՞ն ինձանից։
― Ոչ, դուք կստանաք նաև թոշակը։
Պառավը խոնարհ գլուխ է տալիս ու հեռանում։
Երբ մեկնում էինք Ամերիկայից, Տաունսենդի երկրպագուների թիվը աճում էր սպառնալից արագությամբ, և արդեն ոչ մի քաղաքական գործիչ չէր համարձակվում ընտրությունների նախօրյակին դեմ դուրս գալ հանճարեղ բժշկին։
Բայց ամերիկյան կապիտալիստները հասկանում են, որ կինոնկարները, ռադիոհաղորդումները, շաբաթաթերթերում տպված պատմվածքները, հեղափոխության մասին պլակատները, «որպիսին Ամերիկայում չի կարող լինել», եկեղեցիները և թվաբանական պլանները բավարար լինել չեն կարող։ Եվ արդեն աճում են «ամերիկյան լեգեոնները» և «ազատության լիգաները», հետզհետե աճեցնում են ֆաշիստական կադրեր, որպեսզի հարկ եղած րոպեին վերածվեն ամենաիսկական գրոհայինների, որոնց հրաման կտրվի ուժի միջոցով խեղդել հեղափոխական շարժումը։
Ամերիկան հարուստ է։ Եվ ոչ միայն հարուստ։ Նա հարուստ է ֆենոմենալ կերպով։ Նա ունի ամեն ինչ․ նավթ, հաց, ածուխ, ոսկի, բամբակ, այն ամենը, ինչ կարող է գտնվել երկրի ընդերքում և աճել երկրի երեսին։ Նա ունի մարդիկ, հիանալի աշխատող մարդիկ, ընդունակ, ճշտապահ, պատրաստակամ, ազնիվ ու պահանջկոտ մարդիկ։ Ամերիկան դեպի հարստացում է գնացել արագ քայլերով։ Երկիրն հիշեցնում է մի մարդու, որը սրընթաց կարիերա է անում սկզբում որպես փերեզակ, շալվարակալների առևտուր է անում Իստ֊Սայդում, հետո բացում է պատրաստի հագուստների խանութ և տեղափոխվում է Բրուկլին։ Հետո բաց է անում հանրախանութ, սկսում է խաղալ բորսայում և տեղափոխվում է Բրոնքս։ Եվ, վերջապես, գնում է երկաթուղի, հարյուր շոգենավ, երկու կինոֆաբրիկա, կառուցում է երկնաքերծ, բացում է բանկ, մտնում է գոլֆակումբ և տեղափոխվում է Պարկ֊ավենյու։ Նա միլիարդատեր է։ Ամբողջ կյանքում ձգտում էր այդ նպատակին։ Նա ծախում էր ինչ ձեռքն ընկնում էր, և ինչպես հնարավոր էր։ Նա քայքայում էր մարդկանց, չարաշահում, առավոտից մինչև իրիկուն նստում բորսայում, օրական աշխատում տասնվեց ժամ․ նա փող էր շինում։ Արթնանում էր փողի մասին մտորելով։ Նույն մտորումներով էլ պառկում էր քնելու։ Եվ ահա նա հրեշավոր չափի հարուստ է։ Այժմ նա կարող է հանգստանալ։ Օվկիանոսի ափին ունի վիլլաներ, ունի զբոսանավեր և ամրոցներ։ Բայց նա հիվանդանում է անբուժելի հիվանդությամբ։ Նա կործանվում է, և ոչ մի միլիարդ նրան փրկել չի կարող։ Ամերիկյան կյանքի խթանը եղել է և մնում է փողը։ Ժամանակակից ամերիկյան տեխնիկան աճել ու զարգացել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի արագ փող շինել։ Այն ամենը ինչ փող է բերում, զարգանում է, իսկ ինչ փող չի բերում՝ այլասերվում ու հյուծվում։ Գազային, էլեկտրական, շինարարական և ավտոմոբիլային ընկերությունները փողի հետևից ընկած ստեղծել են կյանքի բարձր մակարդակ։ Ամերիկան բարձրացել է բարեկեցության ամենավերին աստիճանը, թողնելով Եվրոպային հետևում։ Եվ այստեղ պարզվում է, որ նա լուրջ ու ծանր հիվանդ է։ Եվ երկիրը հասել է լիակատար անհեթեթության։ Հիմա, այսօր, նա ի վիճակի է կերակրելու միլիարդ մարդու, մինչդեռ չի կարողանում կերակրել իր հարյուր քսան միլիոնին։ Նա ամեն ինչ ունի մարդկանց համար հանգիստ կյանք ստեղծելու, բայց ստացվել է այնպես, որ ամբողջ բնակչությունը գտնվում է անհանգիստ վիճակում, գործազուրկը վախենում է, որ այլևս երբեք աշխատանք չի գտնի, աշխատողը վախենում է կորցնել աշխատանքը, ֆերմերը վախենում է անբերրիությունից, որովհետև գները կբարձրանան , և նա ստիպված կլինի հաց գնել թանկ գնով, նույն ինքը վախենում է առատ բերքից, որովհետև գները կընկնեն, և ստիպված կլինի հացը վաճառել գրոշներով, հարուստները վախենում են, որ բանդիտները կգողանան իրենց երեխաներին, բանդիտները վախենում են, որ իրենց կնստեցնեն էլեկտրական աթոռին, նեգրերը վախենում են լինչի դատաստանից, քաղաքական գործիչները վախենում են ընտրություններից, միջին կարողության տեր մարդը վախենում է հիվանդանալուց, որովհետև բժիշկները կխլեն իր ամբողջ կարողությունը, վաճառականը վախենում է, որ կգան ռակետիրները և գնդացրով կկրակեն դեպի վաճառասեղանը։
Սովետական Միության կյանքի հիմքում ընկած է կոմունիստական գաղափարը։ Մենք ունենք ճիշտ նպատակ, դեպի որը գնում է երկիրը։ Ահա թե ինչու մենք՝ Ամերիկայի հետ համեմատած, դեռևս միջին կարողության մարդիկս այսօր արդեն շատ ավելի հանգիստ ու երջանիկ ենք, քան Մորգանի ու Ֆորդի երկիրը, քսանհինգ միլիոն ավտոմոբիլների, մեկուկես միլիոն կիլոմետր իդեալական ճանապարհների երկիրը, տաք ու պաղ ջրերի, լոգարանների և սերվիսի երկիրը։ Ամեն բան վճռող տեխնիկայի վերաբերյալ լոզունգը մեզանում տրվեց այն բանից հետո, երբ հաղթանակեց այդ գաղափարը։ Ահա թե ինչու տեխնիկան մեզ չի թվում շշից դուրս պրծած մի չար ոգի, որին ոչ մի կերպ հնարավոր չէ նորից խցկել շշի մեջ։ Ընդհակառակն, մենք ուզում ենք հասնել տեխնիկական Ամերիկային և անցնել նրանից։
Ամերիկան չգիտի, թե վաղը ինչ կպատահի իր հետ։ Մենք գիտենք և կարող ենք որոշակի ճշտությամբ ասել, թե ինչ կլինի մեզ մոտ հիսուն տարի հետո։
Բայց և այնպես, մենք շատ բան կարող ենք սովորել Ամերիկայից։ Մենք այդ անում ենք, բայց Ամերիկայից վերցրած դասերը մասնակի բնույթ են կրում և չափից դուրս մասնագիտական են։
Մենք առաջին հերթին պետք է ուսումնասիրենք Ամերիկան, ուսումնասիրենք ոչ միայն նրա ավտոմոբիլները, տուրբոգեներատորները (այդ մենք անում ենք), այլև ամերիկյան բանվորների, ինժեներների, գործարար մարդկանց աշխատանքի բուն եղանակները, մանավանդ գործարար մարդկանց, որովհետև եթե մեր ստախանովականները տալիս անցնում են ամերիկյան բանվորների նորմաներին, իսկ ինժեներները հաճախ չեն զիջում ամերիկյան ինժեներներին (այդ մասին մենք լսել ենք հենց իրենցից՝ ամերիկացիներից), ապա մեր գործարար մարդիկ կամ տնտեսվարները զգալի չափով դեռ ետ են մնում ամերիկյան գործարար մարդկանցից՝ ճշգրտության և ճշտապահության մեջ։
Այժմ մենք չենք խոսելու մեր տնտեսվարների արժանիքների մասին, նրանց գաղափարականության, աշխատունակության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կոմունիստական կուսակցության արժանիքներն են։ Չենք խոսելու նաև ամերիկյան գործարար մարդկանց թերությունների, նրանց գաղափարազրկության, անհագության, անսկզբունքայնության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կապիտալիզմի թերություններն են։ Մեզ համար հիմա անհամեմատ կարևորը նրանց արժանիքների և մեր թերությունների ուսումնասիրությունն է, որովհետև հարկ է, որ մենք նրանցից սովորենք։ Նրանցից պետք է սովորեն ոչ միայն ինժեներները, այլև տնտեսվարները, մեր գործարար մարդիկ։
Ամերիկյան գործարար մարդը ժամանակ ունի գործարար խոսակցության համար։ Ամերիկացին պիջակը հանած նստում է իր գրասենյակում և աշխատում է։ Աշխատում է սուսուփուս, աննկատ, անաղմուկ։ Ոչ մի տեղից չի ուշանում, ոչ մի տեղ չի շտապում։ Մի հեռախոս ունի։ Ոչ ոք նրան չի սպասում ընդունարանում, որովհետև «ապոյտմենտը» (տեսակցությունը) սովորաբար նշանակվում է բացարձակ ճշտությամբ և խոսակցության վրա ոչ մի ավելորդ րոպե չի ծախսվում։ Նա զբաղված է միայն գործով, բացառապես գործով։ Երբ է նիստեր գումարում ― հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ՝ շատ հազվադեպ։
Եթե ամերիկացին խոսակցության մեջ, թեկուզ հարևանցիորեն, ասաց՝ «ես այդ կանեմ», նրան կրկին հիշեցնելու ո՛չ մի հարկ չկա։ Ամեն ինչ կարվի։ Ասած խոսքը պահելու, պինդ, ճշտորեն, թեկուզ տրաքվելու, բայց խոսքդ անպայման կատարելու կարողություն ― ահա այն գլխավորը, ինչ պետք է սովորել ամերիկյան գործարար մարդկանցից։
Մենք գրել ենք ամերիկյան դեմոկրատիայի մասին, որն իրականում ոչ մի ազատություն չի տալիս մարդուն և միայն քողարկում է մարդու շահագործումը մարդու կողմից։ Բայց ամերիկյան կյանքում կա մի երևույթ, որ մեզ պետք է հետաքրքրի ոչ պակաս, քան որևէ մեքենայի նոր մոդելը։ Այդ երևույթը դեմոկրատիզմն է մարդկային հարաբերությունների մեջ։ Թեև այս դեմոկրատիզմն էլ կոծկում է սոցիալական անհավասարությունը և զուտ արտաքին ձև է հանդիսանում, բայց մեզ համար, մարդկանց միջև սոցիալական հավասարություն ձեռք բերած մարդկանց համար, դեմոկրատիզմի այդպիսի արտաքին ձևերը միայն կօգնեն ընդգծելու մեր սոցիալիստական սիստեմի արդարացիությունը։ Նման դեմոկրատիզմի արտաքին ձևերը հայակապ են։ Նրանք շատ են օգնում աշխատանքի մեջ, հարված են հասցնում բյուրոկրատիզմին և բարձրացնում մարդու արժանապատվությունը։
Սովետական Միություն և Միացյալ Նահանգներ ― այս թեման անընդգրկելի է։ Մեր նոթերը ճամբորդական դիտողությունների արդյունք են միայն։ Մենք պարզապես ցանկանում էինք սովետական հասարակության մեջ ուժեղացնել հետաքրքրությունը Ամերիկայի նկատմամբ, այդ մեծ երկիրն ուսումնասիրելու նկատմամբ։
Մենք Վաշինգտոնից մեկնեցինք Նյու֊Յորք։ Եվս մի քանի ժամ, և կավարտվի մեր ուղևորությունը ամերիկյան հողում։ Այս վերջին ժամերին մենք մտածում ենք Ամերիկայի մասին։ Թվում է, թե մենք մեր գրքում պատմեցինք այն ամենը, ինչ մտածում ենք։
Ամերիկացիները շատ են զայրանում եվրոպացիների վրա, որոնք գալիս են Ամերիկա, վայելում են նրա հյուրընկալությունը, իսկ հետո հայհոյում նրան։ Ամերիկացիները մեզ հաճախ էին ջղայնացած ասում այդ մասին։ Բայց մեզ համար անհասկանալի է հարցի նման դրվածքը՝ հայհոյել կամ գովաբանել։ Ամերիկան նոր պիեսի պրեմիերա չէ և մենք էլ թատերական քննադատներ չենք։ Մենք թղթին ենք հանձնել մեր տպավորությունները և մեր մտքերը այդ երկրի մասին։
Ի՞նչ կարելի է ասել Ամերիկայի մասին, որը միաժամանակ սարսափեցնում է, հիացնում, կարեկցանք է առաջացնում և ընդօրինակելու արժանի փաստեր տալիս՝ հարուստ, աղքատ, տաղանդավոր և ապաշնորհ երկրի մասին։
Մենք կարող ենք ասել ազնվորեն, ձեռքներս խղճի վրա դնելով․ այդ երկիրը հետաքրքիր է դիտել, բայց այնտեղ ապրելու ցանկություն չունենք։
Գլուխ քառասունյոթերորդ — Մնաս բարո՜վ, Ամերիկա
Նյու֊Յորքում զով էր, քամի էր փչում, արևը շողում էր։
Զարմանալի գեղեցիկ է Նյու֊Յորքը։ Բայց ինչու՞ ես թաղծել սկսում այդ մեծ քաղաքում։ Տներն այնքան բարձր են, որ արևի լույսն ընկնում է միայն վերին հարկերի վրա։ Եվ ամբողջ օրը քեզ չի թողնում այն տպավորությունը, որ արևը մայր է մտնում։ Հենց առավոտվանից մայրամուտ է։ Երևի հենց դրանից էլ այդպես թաղծալի է Նյու֊Յորքում։
Մենք կրկին վերադարձանք այն քաղաքը, ուր ապրում են երկու միլիոն ավտոմոբիլներ և յոթ միլիոն մարդ, որոնք սպասարկում են դրանց։ Օ՛, դա հիանալի տեսարան է, երբ ավտոմոբիլները զբոսանքի են դուրս գալիս Սենտրալ֊պարկ։ Անհնար է կտրվել այն մտքից, որ Նյու֊Յորքի մեջտեղում տեղավորված այդ հսկայական պարկը կառուցված է նրա համար, որպեսզի ավտոմոբիլները կարողանան այնտեղ թարմ օդ շնչել։ Պարկում կան միայն ավտոմոբիլային ճանապարհներ, հետիոտներին շատ քիչ տեղ են թողել։ Նյու֊Յորքը գերի է վերցված ավտոմոբիլների կողմից, և ավտոմոբիլները քաղաքում իրենց պահում են իսկական օկուպանտների պես․ սպանում ու հաշմում են բնիկ բնակիչներին, խիստ են վարվում նրանց հետ, թույլ չեն տալիս ծպտուն հանել։ Մարդիկ հրաժարվում են շատ բաներից, միայն թե իրենց ճնշողներին խմեցնեն բենզին, հագեցնեն յուղի ու ջրի նրանց հավիտենական ծարավը։
Բացի ավտոմոբիլներից, Նյու֊Յորքում կա նաև մեկ ուրիշ ահավոր տիրակալ։ Դա դղրդյունն է։ Այտեղ հսկայական քանակությամբ դղրդյուն է արտադրվում։ Գետնի տակ ոռնում է սովբեյը, գլխավերևում որոտում է վերերկրյա երկաթուղին, հարյուր հազարավոր մոտորներ միաժամանակ դռռում են փողոցներում, իսկ գիշերվա կողմը, երբ աղմուկը փոքր֊ինչ մեղմանում է, պարզորոշ լսվում են ոստիկանական, հրշեջ և գանգստերային ավտոմոբիլների տագնապալից և երկարականչ շչակները։ Ոռնոցը մոտենում է, անցնում է կողքով և կորչում հեռուներում՝ ինչ֊որ տեղ։ Մեկին գնդակահարեցին խանդից, մեկին՝ ատելությունից, մեկին պարզապես նրա համար, որ կողոպուտը չէին կարողացել բաժանել։ Կամ միգուցե որևէ մեկը կախվեց, թունավորվեց, կրակեց սրտին՝ չկարողանալով տանել գլխացավի և ավտոմոբիլային դղրդյունի այդ քաղաքի կյանքը։
«Բրոմո֊զելցերը»՝ գլխացավի դեմ գործածվող խմիչքը, վաճառվում է ամենուրեք, նարնջահյութի, սուրճի և լիմոնադի հետ հավասար։ Շուտով «Բրոմո֊զելցերը» կմտցվի ճաշացանկի մեջ։ Ճաշն այսպիսին է լինելու․ առաջինը՝ «բրոմո֊զելցեր», երկրորդը՝ «չիլի» ― մեքսիկական սուպ, երրորդը՝ «սոլ» ձուկ, իսկ անուշեղեն՝ դարձյալ «բրոմո֊զելցեր»։ Եվ եթե միայն Նյու֊Յորքում շատ ավելի հեռախոսներ կան , քան բովանդակ Անգլիայում, ապա, անտարակույս, հենց նույն Նյու֊Յորքում, օրվա ընթացքում շատ ավելի գլխացավի դեղորայք են գործածում, քան Անգլիան՝ կես տարում։ Նյու֊Յորքի ավելի խաղաղ շրջաններում, բնակարաններն ավելի թանկ արժեն, նրա համար, որ այստեղ աղմուկ քիչ կա։ Նյու֊Յորքում լռություն են վաճառում, և այդ ապրանքը թանկ արժե։ Դա անգլիական կոստյումի պես մի բան է։ Թանկ արժե, բայց լավն է։
Նյու֊Յորքում հնարավոր չէ բաժանվել տագնապի զգացումից։ Ամենաբանուկ փողոցով հանկարծ անցնում է ալ կարմիր գույնով ներկված բանկային զրահապատը։ Զրահապատի գնդացիրներն ուղղված են ուղիղ բաց գույնի շլյապաներով երիտասարդների բազմության վրա, որոնք զբոսնում են՝ սիգարներն ատամների մեջ սեղմած։ Նյու֊Յորքում փողն այդպես են փոխադրում։ Տանել կարելի է միայն զրահապատով, այլապես բաց գույնի շլյապաներով հենց այդ երիտասարդները կխլխլեն։ Ինչ֊որ շատ կասկածելի և սպառնալից քմծիծաղ են տալիս նրանք՝ ձեռքերն իրենց նեղլիկ վերարկուների գրպանները դրած։
Մի քանի օր մենք հրաժեշտ էինք տալիս Նյու֊Յորքի մեր բարեկամներին, փողոցներին և երկնաքերծերին։
Մեկնելու օրը գնացինք Սենտրալ֊պարկ֊վեստ և բարձրացանք միստեր Ադամսի բնակարանը։ Դուռը բացեց նեգրուհի, ցույց տալով աֆրիկյան այնպիսի շողշողուն ատամներ, որ նախասրահը լուսավորվեց։
Ճաշասենյակում տեսանք միստեր Ադամսին, որը կրծքին էր սեղմել փոքրիկ բեբիին։ Կողքին կանգնել էր միսիս Ադամսը և ասում էր․
― Դու արդեն հինգ րոպե գրկել ես բեբիին։ Հիմա իմն է հերթը։
― Նո՛, նո՛, Բեկկի, ― պատասխանում էր միստեր Ադամսը, ― այդպես մի ասա։ Ինձ համար ցավալի է լսել, երբ այդպես ես ասում։
Սեղանին և հատակին թափթփված էին բաց արած ծանրոցներ։ Պարանների և փաթաթաթղթերի արանքում ընկած էին բազմազան իրեր․ հին պլեդ, հեռադիտակ, օձիք, մի քանի բանալի՝ հյուրանոցային թիթեղիկներով և էլի ամեն տեսակ բաներ։
― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը՝ մեր ձեռքերը ջերմորեն սեղմելով, ― իմ իրերը հոսելով կամաց֊կամաց գալիս են ինձ մոտ։ Մնում է ուղարկել հյուրանոցների բանալիները, և ամեն ինչ կարգին կլինի։ Միայն գլխարկը չկա։
― Այնուամենայնիվ լավ կլիներ, որ գլխարկը ստանայինք Վաշինգտոնում, ― խրատական տոնով ասաց միսիս Ադամսը, աղջկան ամուսնու ձեռքից ճարպկորեն խլելով։
― Նո՛, նո՛, Բեկկի, ― հառաչեց Ադամսը, ― դու այդպես չպետք է վարվես։ Չէ՞ որ մենք Վաշինգտոնի փոստատանը կարգադերցինք գլխարկն այստեղ ուղարկել։ Բա՛ց թող բեբիին, արդեն չափից դուրս երկար ես գրկումդ պահում։ Դա երեխային վնաս է։ Թույլ տուր, որ վազվզի սենյակում։
Բայց հազիվ էր Բեկկին աղջկան իջեցրել հատակին, երբ միստեր Ադամսը «չէ՛, չէ, լուրջ եմ ասում» բղավելով, ճանկեց բեբիին և սեղմեց կրծքին։
Զանգը հնչեց և սենյակ մտավ փոստատարը՝ ծանրոցով։
― Այս անգամ գլխա՜րկն է, ― բացականչեց Ադամսը։
Այո՛, գլխարկն էր։ Միստեր Ադամսը հանդիսավոր կերպով արկղից հանեց իր հին, սիրելի շլյապան և անմիջապես դրեց գլխին։
― Գնա՜նք, ― բղավեց նա հնչեղ ձայնով։ ― Դուք այսօր մեկնում եք, պարոնայք, այնինչ դեռ մինչև օրս չեք բարձրացել «Իմպայր Սթեյթ Բիլդինգ»֊ի կատարը։ Հիմարություն կլինի, եթե այդ չանենք։ Այո՛, այո՛, պարոնայք, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է Ամերիկան, պետք է բարձրանաք «Իմպայր»։
Երբ բեբին տեսավ, որ իր ծնողներին դարձյալ տանում են անծանոթ ջենտլմենները, որոնք մի անգամ արդեն հափշտակել էին նրանց երկու ամսով, սկսեց բարձրաձայն լաց լինել։ Նա դոփում էր տոտիկներով և արտասվալից բացականչում էր «No more trips», ― «պետք չէ այլևս ճամբորդել»։
Ծնողներրը երդվում էին բեբիին, որ գնում են միայն հինգ րոպեով, բայց նա լալով պնդում էր, թե «այն ժամանակ էլ ասացին, որ գնում են միայն հինգ րոպեով, և երկար ժամանակ չէին վերադառնում»։
Լիֆտով իջնելիս մենք դեռ լսում էինք երեխայի լացը։ Պապա էնդ մաման շփոթված տեսք ունեին, բայց անջնջելի հետաքրքրությունը ճառագայթում էր նրանց աչքերում։
― Տասնվեցերորդ անգամ բարձրանալ «Իմպայր», ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― դա շա՛տ շա՛տ հետաքրքիր է, պարոնայք։
Վերջին անգամ ավտոբուսի իմպերիալում նստած, անցանք հինգերորդ ավենյուով։ Ցուցափեղկերից մեզ էին նայում վարդագույն ականջներով մանեկենները։ Ավտոմոբիլների արանքով անցնում էին կրկեսի երեք փղեր, հրավիրելով նյույորկցիներին այցելել երեկոյան ներկայացումը։
Կյանքն իր կարգով առաջ էր ընթանում։
Մենք բարձրացանք «Իմպայր Սթեյթ Բիլդինգի» տանիքը։
Քանի՜֊քանի անգամ նրա մոտով անցնելով, չէինք կարողանում զսպել մեր քրթմնջոցներն ու հառաչանքները․ «Ահ, գրողը տանի։ Պա՛հ, պա՛հ, ի՜նչ լավն է» կամ սրա նման մի բան։ Եվ այնտեղ բարձրացանք Ամերիկայից մեկնելուց երկու ժամ առաջ։
Առաջին լիֆտը մեկից բարձրացրեց մեզ ութսունվեցերորդ հարկը։
Վերելքը տևում էր ընդամենը մեկ րոպե։ Հասկանալի է, որ այստեղ ոչ հարկեր էին երևում, ոչ հարթակներ։ Մենք սլանում էինք պողպատե խողովակով, և միայն ականջները, որոնք ասես ջրով էին լցված, և ինչ֊որ տարօրինակ սարսուռ՝ փորի մոտերքում զգացնել էին տալիս, որ մենք բարձրանում ենք արտասովոր արագությամբ։ Լիֆտը չէր կճրտում և չէր չխկչխկում։ Այն շարժվում էր սրընթաց, սահուն և անաղմուկ։ Միայն պստլիկ լամպիկներն էին բռնկվում դռների մոտ, հաշվելով տասնյակ հարկեր։ ՈՒթսունվեցերորդ հարկի հարթակը դուրս եկանք փոքր֊ինչ թուլացած ոտքերով։
Երկրորդ լիֆտը ուղևորներին բարձրացրեց շենքի կտուրը, և վերնասրահի մեծ ապակիների միջով տեսանք Նյու֊Յորքը։ Երեկ ձյուն էր եկել։ Փողոցներում ձյունն արդեն հալվել էր, բայց երկնաքերծերի տափակ կտուրների վրա դեռ մաքուր, քնքուշ, սպիտակ քառակուսիներով ձյուն կար։ Լեռնային օդը թույլ չեր տալիս, որ ձյունը հալչեր երկնաքերծերի կատարներին։
Ներքևում փռված էր ծովապատնեշների կատարներով փետրավորված աներևակայելի քաղաքը։ Ձմեռվա գորշ օդը թեթևակի ոսկեզօծվել էր արևից։ Նեղլիկ սև փողոցներով սուրում էին պստլիկ ավտոմոբիլները և վերերկրյա երկաթուղիների գնացքները։ Քաղաքի աղմուկը այստեղ թույլ էր հասնում, նույնիսկ չէին լսվում ոստիկանական շչակների ոռնոցները։ Շուրջ բոլորը, նյույորքյան փողոցների միջօրեի աղջամուղջից հպարտորեն բարձրանում էին անթիվ ու անհամար ապակիներով շողացող երկնաքերծերը։ Նրանք կանգնած էին ինչպես քաղաքի պահապաններ՝ փայլատակող պողպատով սպառազինված։ «Կյունարդ Ուայտ Սթար» ծովապատնեշի մոտ երևում էր շոգենավ՝ երեք ծխնելույզով։ Ծխնելույզները դեղին էին, սև օղակներով։ Դա «Մաջեստիկ» շոգենավն էր, հիսունվեց հազար տոննա պողպատ, փայտ, գորգեր և հայելիներ ― անգլիական մի շոգենավ, որով մենք այսօր մեկնելու էինք։ Բայց որքան փոքրիկ և անօգնական էր թվում այն «Իմպայրի» կտուրից։
Երկու ժամ անց մենք արդեն շոգենավումն էինք։ «Մաջեստիկն» իր վերջին ռեյսն էր կատարում։ Դրանից հետո այդ դեռ բոլորովին ջահել շոգենավը գնալու էր ջարդվելու։ «Նորմանդիա» և «Կուին Մերի» վիթխարի ատլանտիկ շոգենավերի երևան գալուց հետո պարզվեց, որ «Մաջեստիկը» շատ համեստ ու դանդաղագնաց է, թեև սքանչելի մի ժամանակամիջողում՝ վեց օրում կտրում անցնում էր օվկիանոսը։
Վիթխարի «Մաջեստիկը» արդեն հեռացել էր ծովապատնեշից, երբ մենք մի վերջին անգամ լսեցինք․
― Գուդ բա՜յ, պարոնայք։ Այո՛, այո՛, այո՛։ Օ՜, նո։ Չէ, լուրջ։ Հուսով եմ, որ դուք հասկացաք, թե ինչ բան է Ամերիկան։
Եվ ուղեկցողների գլխավերևում կատաղիորեն դեսուդեն էին նետվում Միստեր Ադամսի հին ու հավատարիմ գլխարկը և նրա կնոջ թաշկինակը, քաջարի այն վարորդի, որը երկու անգամ մեզ տարավ բովանդակ մայր ցամաքով, երբեք չհոգնող, համբերատար, ճանապարհի իդեալական ուղեկցուհու թաշկինակը։
Երբ «Մաջեստիկը» անցնում էր Ուոլ֊Սթրիթի կողքով, արդեն մթնում էր, և երկնաքերծերում լույսեր վառվեցին։ Պատուհաններում փայլատակեց էլեկտրականության ոսկին, գուցե և իսկական ոսկին։ Ամերիկայի այդ վերջին ոսկե տեսիլքը ուղեկցեց մեզ մինչև բաց օվկիանոս դուրս գալը։
«Մաջեստիկը» թափ առավ, փայլատակեց փարոսի հրաժեշտի կրակը և, մի քանի ժամ անց, ոչ մի հետք չմնաց Ամերիկայից։
Հունվարյան սառը քամին հալածում էր օվկիանոսի խոշոր ալիքը։