հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ |
Կարևոր չէ, թե ինչի համար էին կախելու Պատյալին։ Ինչ հանցագործություն էլ խղճին ծանրացած լիներ, նա չկարողացավ զսպել ժպիտը, երբ մահապատժի նախօրյակին բանտախուց մտավ վերակացուն՝ ձեռքին գինով լի շիշը ու հորթի մսի մի պատկառելի կտոր։
― Ինձ համա՞ր է։
― Հա, հա,― գայթակղիչ ասաց վերակացուն,― վերջին անգամ մի լավ կեր։ Հիմա կգնամ վարունգի սալաթի հետևից։ Բոլորը միանգամից չկարողացա բերել։ Հաց էլ կվերցնեմ ու շուտ կգամ։
Պատյալը հարմար տեղավորվեց սեղանի մոտ և, քթի տակ ծիծաղելով, անցավ հորթի միսը ոչնչացնելու գործին։ Ինչպես համոզվեցինք նա ցինիկ էր։ Սակայն, մյուս կողմից, նկատենք՝ այնպիսի մարդ էր, որ ձգտում է կյանքից կորզել ամենը, ինչ կարող էր ստանալ հաշված ժամերին, որ արդարադատությունը թողել էր նրան։
Միայն մի միտք փչացնում էր ախորժակը․ մարդիկ այսօր առավոտյան հայտնել էին նրան, որ իր ներման դիմոմը մերժված է, իսկ դատավճռի իրականացումը հետաձգվում է ընդամենը քսանչորս ժամով, որպեսզի դատապարտյալը կարողանա ինչպես հարկն է նախապատրաստվել մահապատժի հաջող կենսագործմանը և կարգի բերեր բոլոր գործերը, մարդիկ, որ կախելու էին նրան ու նայելու էին իր մահվանը, այդ բոլոր մադրիկ, և՛ վաղը, և՛ մյուս օրը, և՛ դեռ ավելի երկար ու երկար պիտի ապրեն, ու երեկոյան կարծես ոչինչ չի պատահել, վերադառնալու են տուն, իսկ ինքը՝ Պատյալը հրաժեշտ տված կլիներ այս կյանքին։
Այսպիսի բաների մասին մտածելով, մելամաղձորեն խժռում էր հորթի տապակածը, իսկ երբ բերեցին սալաէն ու հացը, հառաչեց ու ծխելու ցանկություն հայտնեց։
Դատապարտյալի համար լավագույն մակնիշի ծխախոտ ու կավե ծխամորճ էին գնել։ Վերակացուն անձամբ վառեց լուցկին և հարևանցիորեն հիշեցրեց աստծո անսահման բարեգթության մասին։ Եթե երկրում ամեն ինչ կորցրել ես, ապա չի նշանակում, թե նույնը կարելի է ասել երկնքի մասին․․․
Դատապարտյալը մի բաժին ապուխտ և նորից մեկ շիշ գինի խնդրեց։
― Այսօր դու ստանալու ես՝ ինչ ուզես,― ասաց վերակացուն,― ձեր դիրքի հասած մարդկանց համար մենք ոչինչ չենք խնայում։
― Որ էդպես է՝ մի բաժին արյունի երշիկ ու երկու բաժին էլ զելց [1] բերեք։ Բացի այդ, ես չէի հրաժարվի մի լիտր սև գարեջրից։
― Ամեն ինչ կստանաս, հիմա կապսպրեմ,― սիրալիր ասաց վերակացուն։― Ինչո՞ւ չուրախացնենք քեզ։ Կյանքը չափազանց կարճ է, հարկավոր է վերցնել, ինչ հնարավոր է վերցնել,― փիլիսոփայեց նա։
Երբ վերակացուն կատարեց պատվերը, Պատյալը հայտարարեց, թե ինքը լիովին բավարարված է։
Սակայն դեպքերն ուրիշ բան ապացուցեցին։
― Սատանան տանի,― ասաց նա սրբելով ափսեն,― չգիտես ինչու սիրտս նորից տապակած ուզեց և այն պանրից, որ գորգանզոլա է կոչվում, յուղով սարդիններ ու էլի ուրիշ դելիկատեսներ։
― Խնդրեմ։ Ինչ ուզում եք։ Ազնիվ խոսք, հոգիս ուրախությամբ է լցվում՝ նայելով ձեր ախորժակին։ Հուսով եմ, որ դու մինչև առավոտ չես կախվի։ Տեսնում եմ՝ կարգին մարդ ես։ Բացի այդ, քեզ, Պատյալ, ի՞նչ օգուտ այն բանից, որ վերցնես ու ավելի շուտ կախվես, քան նախատեսել են իշխանությունները։ Եվ այդ մասին մտածել անգամ չարժե։ Ավելի լավ կլինի՝ մի գավաթ կամ գուցե երկո՞ւ գավաթ գարեջուր խմես։ Հիմա գարեջուրը լավն է և շատ հաճելի է գորգոնզոլայի հետ։ Այդ դեպքում երկու գավաթ կբերեմ, իսկ սարդիններն ու տապակածը, թանկագինս, ճիշտ կլինի գինով ուտես։
Շուտով այդ համեղ ուտեստների հոտերը տարածվեցին բանտախցում։ Շրջապատված այդպիսի ուտելիքներով, Պատյալը մերթ վրա էր պրծնում պանրին, մերթ՝ սարդիններին, վրայից գարեջուր ու գինի խմում։ Ուտում ու խմում էր՝ ինչ ընկնում էր ձեռքի տակ։
Հանկարծ հիշեց, որ ինքը նույնիսկ ազատության մեջ այդքան կուշտ ու այդքան լավ չէր ընթրել։ Անգամ այն ժամանակ, երբ գնում էր ռեստորան ու նստում վերնահարկում։ Արևը մայր էր մտնում, ծառերի սաղարթը ծփծփում էր դրա ճառագայթների ներքո, իսկ իր՝ Պատյալի դիմաց նստել էր այդ դրախտային անկյան՝ ռեստորանի տերը և անդադար բլբլում էր ու բլբլում, ինչպես հիմա՝ այս վերակացուն․․․
― Ինձ որևէ ծիծաղելի բան պատմիր,― խնդրեց Պատյալը,― և վերակացուն սկսեց պատմել մի անեկդոտ, որը, ինչպես ինքն արտահայտվեց, չափազանց անպարկեշտ բովանդակություն ուներ։
Այնուհետև Պատյալն ասաց, որ մրգեր ու կոնֆետներ է ուզում կամ էլ՝ թեթև թխվածք՝ թունդ սուրճի հետ։
Նրա ցանկությունը կատարվեց։ Երբ վերջացրեց դեսերտը, խուց մտավ քահանան, որպեսզի բանտարկյալի վերջին մխիթարությունը հրամցնի։
Քահանան ուրախ, պարզ շարժուձևով մի տղամարդ էր, ինչպես, ի դեպ, Պատյալին շրջապատող բոլոր մարդիկ, որոնք այդպիսի հոգատարություն էին ցուցաբերել նրա նկատմամբ, բայց դատապարտել էին մահվան և վաղը կախելու էին։ Նրանց դեմքերից կենսախնդություն էր ճառագում․ հաճելի էր այսպիսիների հետ առնչվելը։
― Աստված քեզ կմխիթարի, սիրելիդ իմ,― ասաց բանտի տերտերը՝ թփթփացնելով Պատյալի ուսին։― Վաղը սրանից բաժանվելու ես, այնպես որ տրտմելու կարիք չկա։ Խոստովանիր և աստծո աշխարհին նայիր ուրախ։ Ապավինենք աստծուն, քանզի նա ուրախացնում է յուրաքանչյուր մեղավորի։ Կան մարդիկ, որոնք չեն խոստովանում և ամբողջ գիշեր խցում պատե֊պատ են զարնվում ու հառաչում։ Գիտեմ, դա բնավ հաճելի չէ, և գլուխդ պարզապես տրաքվում է։ Իսկ նա, ով խոստովանում է, գիշերը քնում է բարեպաշտի խաղաղ քնով։ Նրա համար հեշտ է։ Երկնում եմ, աղավնյակս, քեզ համար էլ հեշտ կլինի, եթե հոգիդ մաքրես մեղքերից։
Պատյալն անսպասելիորեն գունատվեց։ Սիրտը խառնեց, փորուփսորը տակն ու վրա եղավ, բայց չէր կարողանում փսխել։ Մարմինը սարսափելիորեն ջղաձգվում էր, նա գալարվում էր, կուչուձիգ գալիս, ճակատին էլ սառը քրտինքի կաթիլներ հայտնվեցին։
Քահանան լրջորեն վախեցավ։
Մոտ վազեցին վերակացուներն ու Պատյալին տարան բանտի հիվանդանոց։ Բանտի բժիշկները տարուբերում էին գլուխները։ Երեկոյան հիվանդն ուժեղ ջերմում էր, իսկ կեսգիշերից հետո բժիշկները նրա առողջական վիճակը հայտարարեցին ծայրահեղ վտանգավոր և միաձայն տվեցին նույն ախտորոշումը՝ սուր թունավորում։
Ծանր հիվանդներին մահապատժի չեն ենթարկում, այդ իսկ պատճառով բանտի բակում կախաղանը չտեղադրեցին։
Դրա փոխարեն լվացին Պատյալի ստամոքսը, իսկ չմարսված սնունդի փորձաքննությունը ցույց տվեց, որ արյունի երշիկը փչացած էր եղել և թույլ պարունակել։
Խանութը, որտեղից գնել էին երշիկը, ենթարկվեց հանձնաժողովի արշավանքին։ Այստեղ հայտնաբերվեց, որ երշիկագործը չի պահպանում սանիտարական կանոնները և երշիկը սառը տեղ չի պահում։ Հանձնաժողովը արձանագրություն կազմեց, և գործը հանձնվեց դատախազին, որը առևտրականին պատասխանատվության կանչեց՝ մթերքը հակասանիտարական պայմաններում պահելու համար։
Պատյալին բուժողների մեջ կար մի ջահել, բարեխիղճ բժիշկ, որ չէր հեռանում հիվանդի անկողնուց և ջանում էր փրկել նրա կյանքը, քանի որ դեպքը ժայրաստիճան ծանր էր, բարդ ու հետաքրքիր։ Գիշեր ու զոր ջահել բժիշկը խնամում էր Պատյալին և, երկու շաբաթ անց, թփթփացնելով նրա մեջքին, ասաց․
― Փրկված ես։
Հաջորդ օրը Պատյալին կախեցին բոլոր կանոններով, քանի որ նա այդպիսի բանի համար արդեն բավականին առողջ էր։
Երշիկագործը, որի մեղքով երկու շաբաթ երկարաձգվել էր Պատյալի երկրային գոյությունը, դատապարտվեց երեք շաբաթվա բանտարկության, իսկ բժիշկը, որ փրկել էր Պատյալին, արժանացավ դատական իշխանությունների գովասանքին։- ↑ Էժանագին տեսակի երշիկ