Վերջին թարմացում 9 Հոկտեմբերի 2013, 00:50
Սեւ մարդը

հեղինակ՝ Գուրգեն Մահարի
աղբյուր՝ «Սեւ մարդը»


1


Գործարանի բանվորական ակումբի բեմից ես նայում եմ ընդարձակ դահլիճում նստած հանդիսատեսներին և փնտրում իմ հերոսին։ Գրականության և կյանքի կապի մասին խիստ շահեկան զեկուցումը (ինչպես նշված է աֆիշայում՝ «Զեկ․ ֆիլոլոգիական գիտությունների թեկ․ Հմ․ Մրմրյան») մոտենում է իր վախճանին։ «Պետք է»֊ներին փոխարինեցին «անհրաժեշտ է, որ»֊երը և համոզեցուցիչ ու կատեգորիկ «միայն այսպիսով մենք»֊ը շարժեց ունկնդիրներին նախապատրաստելու համար ակումբային մասշտաբով բուռն ծափահարություններին։

Ծափահարությունները վերջացան։ Հետո հանդես պիտի գանք մենք, բանաստեղծներս, պիտի արտասանենք մի֊մի բանաստեղծություն։ Ես արդեն գիտեմ, թե ով ինչ է արտասանելու։ Ինչ վերաբերում է ինձ, ես արտասանելու եմ մի բանաստեղծություն, որն ահա երկու տարի է, ինչ բարեհաջող կերպով քարշ եմ տալիս կոլտնտեսությունից կոլտնտեսություն, գործարանից գործարան, ակումբից ակումբ․․․ դա մի կարթ է, որով ես ուզում եմ որսալ իմ հերոսին, բայց բոլոր գրական երեկոներից ու հանդիպումներից հետո ես տուն եմ գնում դատարկ ձեռներով ու թափուր հոգով։

Ասել, որ ես հոգ չեմ տանում գրականության և կյանքի կապի մասին, ճիշտ չէր լինի։ Ես, նման երեկոների ընդմիջումներին, ինչպես թերթերն են գրում, ինձ մոտեցող ընկերների հետ զրուցում եմ, սիրալիր կերպով «պատասխանում եմ նրանց հարցերին», ինքս եմ հարցեր տալիս և «ուշադրությամբ լսում նրանց պատասխանները», բայց այդ դիալոգները ոչ մի կերպ գրականության չեն վերածվում, որովհետև չկա ամենագլխավորը․ չկա հերոսը։ Մտել է ինչ֊որ տեղ, հետևում է իմ զուր ջանքերին, ծիծաղում է ինձ վրա, հնարավոր է անգամ, որ նա անցնում է կողքովս, անգամ խոսում է ինձ հետ, ու ես չեմ նկատում նրան, չե՛մ ճանաչում, չե՜մ բռնում․․․

― Տասը րոպե ընդմիջում, ― հայտարարում է նախագահը, ու մենք դուրս ենք գալիս ծխելու և գրականության ու կյանքի միջև սերտ կապեր ստեղծելու։ Ինչպես միշտ, մեզ շրջապատում են հանդիսականները, և մենք սիրալիր կերպով պստասխանում ենք նրանց հարցերին, ինքներս ենք հարցեր տալիս և մեծ ուշադրությամբ լսում նրանց պատասխանները։

Մեկը քաշեց իմ թևից։ Ես ետ եմ նայում։

Իմ դեմ կանգնած է միջին տարիքի մի մարդ․ կոկիկ հագնված է նա, ժպտում է երեք ոսկե ատամներով, թուխ֊թխորակ, իսկ ճակատով մեկ սպիտակավուն սպին․․․ Սպսսի՛ր։

― Սանո՞․․․

― Հա, ես եմ, Սանասարն եմ, անուշ ջան, ախպեր ջան․․․

― Որտեղից՝ որտեղ․․․

― Էնտեղից էստեղ, Գրիշ ջան, ասենք հիմի քեզ Գրիշա ասել չի կարելի․․․

― Ուրեմն քեզ էլ Սանո ասելն անհարմար է, ճի՞շտ է․․․

Ցեխի վարիչ եմ, երեք անգամ պարգևատրված, ― կարճ կապեց նա, լրջացավ, նայեց իմ աչքերին, բայց չկարողացավ պահել լրջությունը և ժպտաց ինձ քաջ ծանոթ ժպիտով։ Ըստ երևույթին նա միանգամից շատ բան հիշեց այն օրերից և այնտեղից․․․

― Աշոտ դայի՞ն, ― հարցրեց նա։

― Կպատմեմ։ Դու անպայման անցիր ինձ մոտ՝ հյուրանոց։

― Ո՛չ մի հյուրանոց։ Այստեղից գնում ենք ուղիղ մեր տուն։

Էլեկտրական լույսերը երեք անգամ հանգան ու վառվեցին։ Մենք բեմ բարձրացանք։ Նախագահին խոնարհաբար խնդրեցի ազատել ինձ արտասանելու պարտականությունից։

― Ոչինչ չեմ հիշում․․․


2


․․․Կիա գետից ոչ հեռու, դեպի հյուսիս արևելք, ոչ խիտ անտառներով շրջապատված ընդարձակ մի բացատի վրա փռվել է աշխատանքային ուղղիչ ճամբարը, շրջափակված տախտակե սրածայր ցանկապատով և փշալարերով։ Երեկո է, մեկը սիբիրյան այն երեկոներից, երբ երկինքը կարծես այնքան մոտ է երկրին, որ թվում է թե նա՝ երկինքը, հաստատված է ծխնելույզներից վեր բարձրացող, անշարժ թվացող ծխե վիթխարի սյուների վրա։ Աստղերը մոտ են թվում, այնքան մոտ, որ թվում է հսկիչ աշտարակի վրա կանգնած գիշերային պահակը կարող է վառել իր ծխամորճը, եթե մի քիչ նեղություն քաշի, բարձրանա ոտքի թաթերի վրա, վիզը բարձրացնի վեր և ծխամորճը պարզի դեպի աստղերը․․․

Աշխատանքային ուղղիչ ճամբարի համար յոթ բարաքի բնակիչները ընթրիքից հետո հանգստանում են։ Նրանցից շատերը զբաղված են հաստ բամբակե կամ բրդե գուլպաները նորոգելով, ոմանք կարդում են նոր ստացած նամակները և նրանց դեմքերի արտահայտությունից դժվար չէ գուշակել նամակի բովանդակությունը։ Երկհարկանի տախտակամածների վրա նստած են նրանք, պառկած կամ կիսապառկած․ միայն գլխի կողմից իրարից բաժանված փոքրիկ, տախտակե արկղիկներով, որոնց վրա վառվում են դեղորայքի փոքրիկ շշիկներից հարմարեցված ճրագները։ Ուզբեկ Նուրանբայը, վառարանի մոտ նստած մի կոճղի վրա, վառ է պահում վառարանի կրակը։ Ամեն անգամ, երբ նա վառարանի կրակին է հանձնում մի քանի կտոր փայտ, ձախ ձեռքի չորս մատներով ստուգում է իր ցանցառ բեղերի ու մորուքի գոյությունը և գոհ, որ նրանք տեղում են՝ նորից անշարժանում է կոճղի վրա, չինական արձանի նման, հայացքը վառվող կրակի բոցերին։

Ես ուզում եմ փակել աչքերս և անձնատուր լինել Մորֆեոսին, բայց այդ ժամանակ զգում եմ, որ մեկը քաշում է ոտքս։ Նստում եմ։ Ներքևում կանգնել է իմ վարպետը, բրուտ Աշոտ դային։

― Բարձրացիր, ― ասում եմ ես, ― քնելու ժամանակն է։

Հիսունից անց է, Աշոտ դային, խիտ մազերն ալեխառն են, սև հոնքերի տակից նայում են մի քիչ թախծոտ, մի քիչ ժպտուն աչքերը․ նա բռնում է սյունը և թեթև բարձրանում ու նստում է իր անկողնու վրա, վալենկաներով պաշտպանված ոտքերը կախելով ներքև։

― Տո՛ւր մախորկադ։

Իսկ Աշոտ դանյին ծխում է տարվա ընթացքում միայն մի քանի անգամ, այն էլ, երբ մի արտակարգ դեպք է պատահում նրա հետ, կամ ընդհանրապես, կյանքում։ Ես հիշեցի, որ վերջին անգամ նա ծխեց երեք ամիս առաջ, երբ բացեց թրծարանը և տեսավ, որ կավե ամանների մեծ մասը ճաքճքել էր։

― Ուժեղ կրակից է․․․ Շատ եմ թեժացրել քուրան, ― ասաց նա և մի ծխախոտ ոլորեց։

Հիմա էլ նա ծխում է արցունքոտված աչքերով՝ հազում է ծխին անվարժ մարդու հազով, իսկ ես սպասում եմ, թե ինչ պիտի ասի նա։

― Տայշետից էտապ եկավ, ― ասում է նա։

― Լսեցի, ― ասում եմ, ― նորություն չէ, պառկիր, հանգստացիր։

Նա գլուխը բացասաբար շարժում է։

― Լողանում են։ Քիչ հետո գնամ տեսնեմ։ Կոմենդանտն ասաց՝ մի հայ կա մեջները։

Էտապում մի հայ կա ― ահա թե ինչու այս անգամ ծխեց Աշոտ դային։

Կիսատ ծխած ծխախոտը նա շպրտեց վար, հետո ասես անդրադառնալով՝ վար իջավ, ծխախոտի մնացորդը վերցրեց հատակից, նետեց վառարանի անցքից ներս և՝

― Ես գնացի։

Ու գնաց թեթև քայլերով։

Գնաց Աշոտ դային, իսկ իմ քունը փախավ։ Որպեսզի միտքս մի բանով զբաղեցնեմ, ես սկսեցի մտքումս զանազան բառեր արտասանել հակառակ կողմից․ ― կաչաղակ֊կաչաղակ, թութակ֊կաթութ, լուցկի֊իկցուլ, Արարատ֊տարարա, բայց շուտով ձանձրացա դրանից էլ և երևակայությամբ սկսեցի վար իջնել Երևանի Աբովյան փողոցով, բաց չթողնելով ոչ մի մանրամասնություն, ապա մտքով թռա Թիֆլիս քաղաք և Երևանյան հրապարակով սկսեցի բարձրանալ Ռուսթավելու պողոտան ի վեր։ Թիֆլիսի օպերային չհասած եկավ Աշոր դային։

― Ի՞նչ պտուղ էր, ― հարցնում եմ ես։

― Պտուղ չէր, ծաղիկ էր, ― լինում է պատասխանը։ Հոգեբան լինելու կարիք չկա զգալու համար, որ նա դժգոհ է, ավելին, դառնացած։

Նա բարձրանում է և սկսում է հանվել։

― Ինչո՞ւ լույսը չես վառել, ― հարցնում է նա։

― Ի՞նչ ես անում լույսը։

― Առանց լույսի․․․ ― նա չրխկացրեց լուցկին, վառեց պատրույգը և վերջացրեց, ― տխուր է։ Իսկ հիմա․․․ Տո՛ւր մախորկադ։

Այս արդեն արտակարգ երևույթ էր։ Մի երեկո՝ երկու ծխախո՞տ։