հեղինակ՝ Վիլյամ Սարոյան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բնաբան
ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ
Վաղուց էի պատրաստվում մի վիպակ գրել հատուկ քեզ համար։ Ես ուզում էի, որ այն լիներ լավագույնը, որ երբևէ կարողանալու եմ գրել։ Եվ այժմ, վերջապես, թեկուզև մի քիչ հապճեպ, անում եմ այդ փորձը։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա եղածից, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ Հուսով եմ, որ շուտով մի մարդ վիպակը կթարգմանի հայերեն, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։ Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի հաջող ստացվի, քան անգլերենով, և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս կարդալ ինձ որոշ կտորներ, թեև ես եմ գրել այն։ Եթե այդպես լինի, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ, որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզնից բացի ոչ ոք չգիտի գնահատել։ Ու քանի որ դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես ինչպես կարդում ու հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող ոչ կարդալ և ոչ էլ գրել հայերեն, ապա մենք մեր հույսը պետք է դնենք մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ կհավանես։ Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով։
Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ
Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։
Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.
Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,
Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,
Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։
Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.
— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։
Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մերած լինեին։
Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։
Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։
Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։
Գլուխ երկրորդ. ՀՈՄԵՐ
Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։
Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։
— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։
Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.
Իթաքա, Կալիֆոռնիա։
Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.
Բարի գալուստ, օտարական։
Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու...
Գլուխ երրորդ. ՀԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ
Իթաքայում երեկո էր, երբ Հոմերը վերջապես հասավ հեռագրատուն։
Լուսամուտին դրված ժամացույցը յոթ անց երկու րոպե էր ցույց տալիս։ Գրասենյակում Հոմերը տեսավ հեռագրատուն վարիչ միստր Սփանգլերին, որը զբաղված էր հեռագրի բառերը հաշվելով։ Այդ հեռագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ։ Գրասենյակ մտնելիս, Հոմերը լսեց միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը։
— Տասնութ բառ՝ գանձել հասցեատիրոջից,— ասաց Սփանգլերը։ Նա մի պահ լռեց, նայեց պատանուն։— Ինչ է, փող չունե՞ս։
Պատանին անմիջապես չկարողացավ պատասխանել, բայց շուտով ասաց.
— Մի քիչ ունեմ, բայց մայրս տուն հասնելու համար փող կուղարկի։
— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Ո՞ւր էիր, չէիր երևում։
— Կարելի է ասել՝ ոչ մի տեղ,— ասաց տղան և սկսեց հազալ։— Ինչքա՞ն ժամանակում հեռագիրը կհասնի մորս։
— Արևելքում հիմա բավական ուշ է,— ասաց Սփանգլերը,— ուշ գիշերին փող ճարելը երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Բայց հեռագիրը անմիջապես կուղարկեմ։
Առանց տղային նայելու, Սփանգլերը քրքրեց գրպանները, հանեց մի բուռ մանր դրամ և մի թղթադրամ և մի խաշած ձու։
— Վերցրու,— ասաց,— կարող է պետք գալ,— նա տղային մեկնեց թղթադրամը։— Կվերադարձնես, երբ մայրդ փող կուղարկի,— ասաց նա և ցույց տվեց ձուն։— Յոթ օր առաջ մի գինետնից վերցրի ու գրպանս դրեցի։ Երջանկություն է բերում։
Տղան նայեց դրամին։
— Այդ ի՞նչ եք անում,— ասաց նա։
— Դատարկ բան է,— պատասխանեց Սփանգլերը,— վերցրու։
— Շնորհակալություն,— ասաց տղան։ Նա կանգնեց զարմացած և շփոթված,— շնորհակալություն,— կրկնեց նա և գրասենյակից դուրս շտապեց։
Սփանգլերը հեռագիրը տարավ գիշերային հեռագրող Վիլյամ Գրոգանին։
— Վճարովի է, Վիլլի,– ասաց նա,– ինքս կվճարեմ։
Միստր Գրոգանը միացրեց մեքենան և սկսեց տառ առ տառ հաղորդել հեռագիրը։
Տիկին Մարգըրեթ Սթրիքման
1874 Բիթլ փողոց
Յորք Փենսիլվանիա
Սիրելի մայրիկ, խնդրում եմ հեռագրով փոխանցիր երեսուն դոլար։ Ուզում եմ տուն գալ. լավ եմ, ամեն ինչ կարգին է։
Ջոն
Հոմեր Մաքոլին նայեց առաքման սեղանին. չկա՞, արդյոք, առաքման կամ էլ հեռախոսային կանչերի հեռագիր։ Միստր Սփանգլերը հետևում էր նրան, իսկ հետո հարցրեց.
— Քեզ դո՞ւր է գալիս ցրիչի աշխատանքը։
— Այն էլ ինչպե՜ս,— ասաց Հոմերը,— ամեն ինչից շատ եմ սիրում. տարբեր մարդկանց ես տեսնում, տարբեր տեղեր ես գնում։
— Ճիշտ է,— ասաց Սփանգլերը, հետո սևեռուն նայեց տղային։
— Ինչպե՞ս քնեցիր երեկ գիշեր։
— Հրաշալի,— ասաց Հոմերը։— Շատ հոգնած էի, բայց հրաշալի քնեցի։
— Դպրոցում մի քիչ ննջեցի՞ր այսօր։
— Մի քիչ։
— Ո՞ր դասին։
— Հին պատմության։
— Իսկ սպո՞րտը,— ասաց Սփանգլերը,— ուզում եմ ասել, որ այս գործի պատճառով երևի չես կարողանա մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին։
— Մասնակցում եմ,— ասաց Հոմերը,— ամեն օր ֆիզկուլտուրա ունենք։
— Իսկապե՞ս,— ասաց Սփանգլերը,— երբ ես Իթաքայի միջնակարգ դպրոցում էի, մասնակցում էի երկու հարյուր քսան յարգ արգելավազքին։ Մեր հովտի չեմպիոնն էի,— հեռագրատան վարիչը լռեց, հետո շարունակեց։— Դու իսկապե՞ս սիրում ես այս գործը։
— Ես ուզում եմ լինել ամենալավ ցրիչը, որ այս գրասենյակը երբևէ ունեցել է,— պատասխանեց Հոմերը։
— Շատ Լավ,— ասաց Սփանգլերը,— միայն թե քեզ մի տանջիր, այդքան արագ մի գնա, շուտ տեղ հասիր, բայց շատ արագ մի գնա։ Քաղաքավարի եղիր բոլորի հետ, վերելակի մեջ գլխարկդ հանիր և, ամենից կարևորը, աշխատիր ոչ մի հեռագիր չկորցնել։
— Այո, սըր։
— Գիշերվա աշխատանքը ցերեկային աշխատանքից տարբեր է,— շարունակեց Սփանգլերը։— Գիշերով չինական թաղամասը կամ քաղաքի ծայրամասը ոչ բոլորը կհամարձակվեն հեռագիր տանել, բայց դու մի վախեցիր։ Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։ Քանի՞ տարեկան ես։
Հոմերը թուքը կուլ տվեց.
— Տասնվեց,— ասաց նա։
— Հա, գիտեմ երեկ ասացիր,— ասաց Սփանգլերը։— Մենք իրավունք չունենք տասնվեց տարեկանը չլրացած երեխաներին աշխատանքի ընդունել, բայց մտածեցի, որ կարելի է քեզ փորձել։ Քանի՞ տարեկան ես։
— Տասնչորս,— ասաց Հոմերը։
— Ոչինչ, երկու տարուց տասնվեց կդառնաս։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
— Եթե որևէ բան չհասկանաս,— ասաց Սփանգլերը, ինձ մոտ արի։
— Կգամ, սըր,— ասաց Հոմերը։ Նա լռեց, հետո հարցրեց,— իսկ ի՞նչ բան են երգող հեռագրերը։
— Ոչինչ, մենք դրանցից շատ չենք ստանում։ Բավականին լավ ձայն ունես, չէ՞։
— Ես Իթաքայի առաջին երիցական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում երգում էի,— ասաց Հոմերը։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— դա ճիշտ այն ձայնն է, որ մեզ պետք է։ Հիմա, ասենք, միստր Գրոգանը ծննդյան շնորհավորագիր է ստացել, ինչպե՞ս պիտի անես։
Հոմերը մոտեցավ միստր Գրոգանին և երգեց.
Երջանիկ ծննդյան օր,
Բախտավոր ծննդյան օր։
Երջանիկ ծննդյան օր, սիրելի Գրոգան,
Բախտավոր ծննդյան օր։
— Շնորհակալ եմ,— ասաց միստր Գրոգանը։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը Հոմերին,— բայց դու չպետք է «սիրելի Գրոգան» ասես, այլ պետք է ասես «սիրելի միստր Գրոգան»։ Իսկ ի՞նչ պիտի անես շաբաթական տասնհինգ դոլարը։
— Մայրիկիս պիտի տամ,— պատասխանեց Հոմերը։
— Շատ լավ,— ասաց Սփանգլերը,— այսօրվանից դու աշխատում ես, դու այս հիմնարկության անդամ ես. լավ նայիր, ուշադիր լսիր, աչքերդ ու ականջներդ բաց պահիր։
Հեռագրատան վարիչը մի րոպե ցրված հայացքով նայեց, հետո ասաց.
— Ապագայում ի՞նչ ես երազում դառնալ։
— Ապագայո՞ւմ,— հարցրեց Հոմերը։ Նա մի քիչ շփոթված էր, որովհետև ամեն օր, իր ամբողջ կյանքի ընթացքում, շարունակ զբաղված էր ապագայի մասին երազելով, նույնիսկ, եթե ապագա ասելով նա հաջորդ օրն էր հասկանում։— Հաստատ չգիտեմ,— ասաց նա,— բայց ինձ թվում է, որ կուզենայի ապագայում ինչ֊որ բան դառնալ, գուցե կոմպոզիտոր կամ դրա նման մի բան։
— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— հենց այստեղից էլ պիտի սկսես։ Սա ամենահարմար տեղն է։ Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։ Լսո՞ւմ ես հեռագրի ձայնը, գեղեցի՞կ է։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Հանկարծ Սփանգլերը հարցրեց.
— Գիտե՞ս որտեղ է Չաթերթոնի թխվածքների խանութը, Բրոդվեյի վրա. վերցրու այս քառորդ դոլարը և ինձ համար խնձորով և հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բեր։ Երկուսը մեկ քառորդով են տալիս։
— Լավ, սըր,— ասաց Հոմերը և, օդի մեջ բռնելով մետաղադրամը, գրասենյակից դուրս վազեց։
Սփանգլերը նայեց նրա ետևից՝ հետո ընկավ մոռացության գիրկը։ Երբ սթափվեց, դարձավ դեպի հեռագրիչը և ասաց.
— Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։
— Լավ տղա է,— ասաց միստր Գրոգանը։
— Ես էլ եմ կարծում, որ լավն է,— ասաց Սփանգլերը։— Սանթա Կլարա պողոտայի վրա ապրող մի լավ, աղքատ ընտանիքից է։ Հայր չունի, եղբայրը բանակում է։ Մայրը պահեստում ամառները միրգ է փաթեթավորում, քույրը նահանգային քոլեջ է գնում։ Միայն թե երկու տարով փոքր է աշխատանքի համար անհրաժեշտ տարիքից, ուրիշ ոչինչ։
— Իսկ ես երկու տարով անհրաժեշտից մեծ եմ,— ասաց միստր Գրոգանը,— յոլա կգնանք։
Սփանգլերը վեր կացավ։
— Եթե իմ կարիքը զգաս,— ասաց նա,— ես Կորբետի մոտ եմ. կարկանդակները ձեր մեջ բաժանեք,— խոսքը չավարտած, նա զարմացած կանգ առավ, երբ տեսավ Հոմերին, որը վազելով գրասենյակ մտավ՝ փաթեթը ձեռքին։
— Անունդ ի՞նչ է,— Սփանգլերը համարյա բղավեց տղայի վրա։
— Հոմեր Մաքոլի,— ասաց Հոմերը։
Հեռագրատան վարիչը ձեռքը դրեց նոր ցրիչի ուսին։
— Ապրես, Հոմեր Մաքոլի,— ասաց նա,— դու ճիշտ այն տղան ես, որ պետք է այս գրասենյակին գիշերային աշխատանքի համար. դու հավանաբար, ամենաարագ շարժվող էակն ես ամբողջ Սան Հոակին հովտում։ Դու շատ մեծ մարդ կդառնաս մի օր, եթե ապրես։ Այնպես արա, որ ապրես։
Մինչ Հոմերը աշխատում էր հասկանալ այդ մարդու ասածը, նա շրջվեց և դուրս եկավ գրասենյակից։
— Լավ, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— բեր տեսնենք։
Հոմերը կարկանդակները դրեց նրա սեղանին, իսկ միստր Գրոգանը դեռ շարունակում էր խոսել.
— Հոմեր Մաքոլի իմ անունը Վիլյամ Գրոգան է. բայց ինձ Վիլլի են ասում։ Թեև վաթսունյոթ տարեկան եմ։ Շատ հին հեռագրիչ եմ, աշխարհում ձեռքի ապարատով ամենավերջին հեռագրիչներից մեկը։ Ես նաև այս գրասենյակի գիշերային գլխավոր հեռագրիչն եմ։ Ես նաև մի մարդ եմ, որն աշխարհում կատարված հրաշալի գործերից հիշողություններ ունի։ Ես նաև քաղցած եմ։ Արի հարձակվենք խնձորով ու սերուցքով պատրաստված այդ կարկանդակների վրա։ Այսօրվանից ես ու դու բարեկամներ ենք։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Ծեր հեռագրիչը կարկանդակներից մեկը չորս մասի բաժանեց, և նրանք սկսեցին ուտել հնդկական ընկույզով ու սերուցքով պատրաստված կարկանդակը։
— Անհրաժեշտության դեպքում քեզնից կխնդրեմ, որ ինձ համար որևէ հանձնարարություն կատարես,— ասաց միստր Գրոգանը,— երգելիս ինձ ընկերակցես կամ պարզապես նստես ու ինձ հետ զրուցես։ Երբ հարբած լինեմ, քեզնից մեծ նրբանկատություն է պահանջվում, մի բանք որ չի կարելի սպասել տասներկու տարեկանից բարձր մարդկանցից։ Քանի՞ տարեկան ես։
— Տասնչորս,— ասաց Հոմերը,— բայց կարծում եմ, որ բավարար չափով զգայուն եմ։
— Բարի,— ասաց միստր Գրոգանը,— քո խոսքին հավատում եմ։ Հույսս դնում եմ քեզ վրա, վստահ լինելով, որ դու ամեն գիշեր կհսկես, որպեսզի ես իմ պարտականությունները կարողանամ կատարել։ Սառը ջուր շաղ կտաս երեսիս, եթե կարգին չարթնացա, դրան պետք է հաջորդի մի բաժակ տաք սև սուրճը, որ պետք է բերես Կորբետի մոտից։
— Կանեմ, սըր,— ասաց Հոմերը։
— Փողոցում բոլորովին այլ կերպ պետք է վարվես,— շարունակեց միստր Գրոգանը։— Եթե ինձ տեսնես ալկոհոլի գիրկն ընկած, բարև տուր և անցիր, թող ինձ երանությանս մեջ։ Շատ զգայուն մարդ եմ և նախընտրում եմ հոգածության առարկա չլինել
— Սառը ջուր և սուրճ՝ գրասենյակում,— ասաց Հոմերը,— ողջույն՝ փողոցում. հասկացա, սըր։
Միստր Գրոգանը շարունակեց՝ բերանը լիքն էր սերուցքով։
— Կարծում ես, որ այս աշխարհը ավելի լա՞վ է լինելու պատերազմից հետո։
Հոմերը մի պահ մտածեց, ապա ասաց.
— Այո, սըր։
— Հնդկընկույզի սերուցք սիրո՞ւմ ես,— հարցրեց միստր Գրոգանը։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
Հեռագրատուփը ծղրտաց։ Միստր Գրոգանը պատասխանեց կանչին և, նստելով գրամեքենայի առաջ, շարունակեց խոսել.
— Ես նույնպես շատ եմ սիրում։ Սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես՝ երգ։ Կարծեմ դու ասացիր, որ մի ժամանակ երգել ես կիրակնօրյա դպրոցում։ Խնդրում եմ, բարի եղիր կիրակնօրյա մի երգ երգել, մինչև ես Վաշինգտոնից ստացված այս հեռագիրը մեքենագրեմ։
Հոմերը երգեց «Դարերի ապառաժը», մինչ միստր Գրոգանը մեքենագրում էր հեռագիրը, որը միսիս Ռոզա Սանդովալին էր ուղղված, 1129 գ փողոց, Իրաթա, Կալիֆոռնիա։ Հեռագրում ռազմական բաժանմունքը տեղյակ էր պահում միսիս Սանդովալին, որ նրա որդին, Ժուան Դոմինիկո Սանդովալը, սպանվել է ռազմադաշտում։ Միստր Գրոգանը հեռագիրը մեկնեց Հոմերին, հետո մի մեծ կում խմեց աթոռի կողքի դարակում պահած շշից։ Հոմերը վերցրեց հեռագիրը, դրեց ծրարի մեջ, կնքեց, ծրարը դրեց գլխարկի մեջ և գրասենյակից դուրս եկավ։ Երբ ցրիչը մեկնել էր, ծեր հեռագրիչը բարձրաձայն երգեց «Դարերի ապառաժը» երգը։ Չէ՞ որ ինքն էլ մի ժամանակ երիտասարդ էր եղել։
Գլուխ չորրորդ. ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԿՆԱԽԱՆՁԻ ԻՆՁ
Երաժշտությանը գալիս էր Սանթա Կլարա պողոտայի վրա գտնվող Մաքոլիների բնակարանից։ Բեսը և միսիս Մաքոլին նվագում էին «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը։ Նրանք զինվոր Մարկուսի համար էին նվագում, որտեղ էլ որ նա գտնվելիս լիներ այժմ, որովհետև դա նրա ամենասիրելի երգն էր։ Հարևան տնից եկավ Մերի Արենան, կանգնեց Բեսի կողքին և սկսեց երգել։ Նա նույնպես երգեց Մարկուսի համար, որը նրա ամբողջ աշխարհն էր։ Փոքրիկ Յուլիսիսը լսում էր ու նայում։ Ինչ-որ բան, ինչ֊որ տեղ խորհրդավոր էր թվում նրան և, չնայած քունը տանում էր, նա ուզում էր հասկանալ... Ի վերջո հաղթահարեց քունը և հարցրեց.
— Մարկուսն ո՞ւր է։
Միսիս Մաքոլին նայեց տղային։
— Դու պետք է հասկանաս...— սկսեց նա, ապա լռեց։
Յուլիսիսը փորձեց հասկանալ, բայց չգիտեր, թե ինչը պետք է հասկանար։
— Ի՞նչը հասկանամ,— հարցրեց նա։
— Մարկուսը,— ասաց միսիս Մաքոլին,— Իթաքայից հեռու է գնացել։
— Ինչո՞ւ,— հարցրեց Յուլիսիսը։
— Մարկուսը բանակում է,— ասաց միսիս Մաքոլին։
— Ե՞րբ է տուն գալու,— հարցրեց փոքրիկ տղան։
— Երբ պատերազմն ավարտվի,— ասաց միսիս Մաքոլին։
— Վա՞ղը։
— Չէ, վաղը չէ։
— Ե՞րբ։
— Չգիտենք, սպասում ենք։
— Իսկ որտե՞ղ է հայրիկը,— ասաց Յուլիսիսը,— եթե սպասենք, նա՞ էլ Մարկուսի պես տուն կդառնա։
— Ոչ,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա չի դառնա տուն այդպես։ Նա չի քայլի, փողոցի սանդուղքով չի բարձրանա, չի մտնի տուն։
Այսքանը շատ էր փոքրիկ տղայի համար, և որովհետև միայն մի բառ կար, որով հույս ուներ հասնել ճշմարտության կամ էլ հանգստություն ձեռք բերել, նա արտասանեց այդ բառը.
— Ինչո՞ւ։
Միսիս Մաքոլին դարձավ Բեսին և Մերիին.
— Նույնիսկ մեծերի համար հեշտ չէ մահը հասկանալը,— ասաց նա,— ուր մնաց թե երեխան հասկանա, բայց ամեն մի կյանք մի օր պիտի ավարտվի։
Նա նայեց Յուլիսիսին։
— Այդ օրը քո հոր համար եկավ երկու տարի առաջ։
Նա նորից նայեց Բեսին և Մերիին։
— Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։
Երեխան այդ մասին մի պահ խորհեց, հետո հիշեց առավոտյան տեսածը.
— Խլուրդներն ի՞նչ են,— հարցրեց նա։
Մայրը պատրաստ էր նման հարցի։ Նա գիտեր, որ տղան աչքեր ունի, ավելին՝ տեսողություն, սեր և ծարավի է ամեն ինչ իմանալու։
— Գետնի տակի խլուրդները,— պատասխանեց մայրը,— երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։
Փոքրիկ տղան ընդունեց այս նորությունը։
— Այդ դեպքում որտե՞ղ է Հոմերը,— ասաց նա։
— Քո Հոմեր եղբայրը աշխատում է,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա երեկ գործ ճարեց դասերից հետո աշխատելու համար։ Նա տուն կգա կեսգիշերին, երբ դու արդեն քնքած կլինես։
Տղան դա չկարողացավ հասկանալ։ Ի՞նչ է աշխատանքը։ Ինչո՞ւ է եղբայրը աշխատում։ Ի՞նչ հաճույք է մարդ ստանում աշխատելուց։
— Հոմերն ինչո՞ւ է աշխատում,— հարցրեց նա։
Աղջիկները համբերությամբ սպասում էին, իսկ միսիս Մաքոլին պատասխանում էր.
— Քո Հոմեր եղբայրը աշխատում է, որովհետև քո Մարկուս եղբայրը բանակում է։ Որովհետև մենք պետք է փող ունենանք, որ կարողանանք մթերք և հագուստ գնել, տան վարձ վճարել և օգնել ուրիշներին, ովքեր մեզնից ավելի կարիքավոր են։
— Ո՞ւմ,— հարցրեց Յուլիսիսը։
— Որևէ մեկին,— ասաց միսիս Մաքոլին,— աղքատին, օրինակ։
— Ո՞վ է աղքատը,— հարցրեց տղան։
— Բոլորը,— պատասխանեց միսիս Մաքոլին՝ ինքն իրեն ժպտալով։
Յուլիսիսը ուզում էր արթուն մնալ, բայց էլ չկարողացավ։
— Հիշեցեք,— ասաց մայրը բոլորին,— ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։
Միսիս Մաքոլին դարձավ տղայի քրոջը՝ Բեսին։
— Նրան անկողին դիր։
Բեսը և Մերին տղային ննջարան տարան։ Երբ նրանք գնացել էին, մայրը ոտնաձայն լսեց և շրջվեց, նրան թվաց, թե այնտեղ, դռան մոտ, տեսավ Մաթյու Մաքոլիին, որ կարծես մեռած չլիներ։
— Քնել էի,— ասաց ամուսինը,— քունս շատ էր տանում, Քեթի, ներիր ինձ, խնդրում եմ։
Ամուսինը ծիծաղեց ճիշտ Յուլիսիսի նման։ Իսկ հետո վերադարձավ Բեսը և ասաց.
— Հենց ուզում էին անկողին դնել՝ ծիծաղեց։
Գլուխ հինգերորդ. ԴՈԻ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԳՆԱ, ԵՍ՝ ԻՄ
Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։
Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։
— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։
Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։
— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։
— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։
— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։
— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։
— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։
— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է...
Կինն ընդհատեց նրան.
— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։
— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։
Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.
— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։
— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։
— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։
— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։
Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։
— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։
— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։
Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։
— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։
Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.
— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երր տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։
Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։
Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.
— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։
Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։
— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։
Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։ Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ոխ խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։
Գլուխ վեցերորդ. ԵՐԳ ՄԻՍՏՐ ԳՐՈԳԱՆԻ ՀԱՄԱՐ
Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։
— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։
— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։
Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։
— Միստր Գբոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։
Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.
— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։
Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։
— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։
Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։
— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։
— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։
— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։
Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։
— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։
— Այո, սըր,— ասաց Հոմերը։
— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։
Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։
— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։
Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։
— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։
Հոմերն անմիջապես սկսեց երգել։
Գլուխ յոթերորդ. ԵԹԵ ՄԻ ԼՈՒՐ ԳԱ
Միսիս Մաքոլին նստել էր Սանթա Կլարա փողոցում գտնվող իրենց տան հյուրասենյակի հին, ճոճվող բազկաթոռին և սպասում էր որդուն։ Տղան տուն հասավ կեսգիշերից մի քիշ ուշ։ Նա մռայլ էր, հոգնած, քնատ միաժամանակ հուզված էր ու անհանգիստ։ Մորը թվաց, որ եթե տղան խոսեր, նրա ձայնը պիտի հնչեր խուլ, ինչպես իր ամուսնու՝ այս տղայի հոր ձայնը։ Տղան երկար մնաց մութ սենյակում և հետո, փոխանակ սկսելու ամենակարևոր բաներից, ասաց.
— Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես չեմ ուզում, որ դու ամեն գիշեր այսպես սպասես ինձ,— նա լռեց, հետո նորից ասաց,— ամեն ինչ լավ է։
— Գիտեմ,— պատասխանեց մայրը,— նստիր։
Նա ուզեց նստել հին, մաշված աթոռին, բայց ուղղակի դրա վրա ընկավ։ Մայրը ծիծաղեց.
— Տեսնում եմ, հոգնած ես, բայց կարծես հուզված էլ ես։ Ի՞նչ կա։
Տղան մի պահ սպասեց, հետո սկսեց խոսել արագ, բայց և հանգիստ։
— Ես հեռագիր տարա մի տիկնոջ, որ ապրում է Գ փողոցում,— ասաց նա։— Մեքսիկացի մի տիկին էր,— նա հանկարծ լռեց և վեր կացավ։
— Չգիտեմ, ինչպես քեզ ասեմ,— շարունակեց նա,— հեռագիրը ռազմական բաժանմունքից էր... Նրա տղան սպանվել է, բայց նա չէր հավատում։ Նա պարզապես չէր ուզում հավատալ։ Ես դեռ ոչ մեկին չէի տեսել այդպես սիրտը կոտրված։ Նա ինձ կակտուսի կոնֆետ հյուրասիրեց, պինդ գրկեց և ասաց, որ ես իր որդին եմ։ Ես լուռ էի, քանի որ նա դրանով իրեն բախտավոր էր զգում։ Ես նույնիսկ կոնֆետի մասին չէի մտածում։— Տղան նորից լռեց։— Նա շարունակում էր ինձ այնպես նայել, կարծես իսկապես նրա որդին լինեի։ Ես ինձ շատ վատ զգացի և որոշ ժամանակ ինձ էլ էր թվում, թե նրա որդին եմ։ Երբ նորից գրասենյակ վերադարձա, ծեր հեռագրիչը՝ միստր Գրոգանը, հարբած էր, ճիշտ այնպես, ինչպես ինձ նախազգուշացրել էր, որ կարող է լինել։ Վարվեցի այնպես, ինչպես պատվիրել էր։ Երեսին ջուր շաղ տվեցի և սև սուրճ բերեցի, որ խմի և չքնի։ Եթե նա այդ աշխատանքը չկատարի, նրան գործից կվտարեն, իսկ նա այդ չի ուզում։ Նրան ուշքի բերեցի, և նա իր գործը կատարեց։ Այնուհետև պատմեց իր մասին, որից հետո մենք երգեցինք։ Գուցե հիմարություն է, բայց այդ բոլորն ինձ տխրեցնում է։
Նա լռեց և սկսեց քայլել սենյակում։ Բայց դռան առաջ կանգ առավ, հայացքը փախցրեց մորից և շարունակեց պատմել։
— Հանկարծ ինձ տխրություն համակեց,— ասաց նա,— երբեք այդպիսի բան ինձ հետ չի պատահել։ Նույնիսկ, երբ հայրիկը մահացավ, ես նման զգացում չունեցա, որովհետև մենք բոլորս քեզ ապավինեցինք, և դու թույլ չտվեցիր, որ մենք որևէ փոփոխություն զգանք։ Եվ ոչինչ չփոխվեց։ Ամեն ինչ շատ լավ էր։ Բայց այժմ, չգիտեմ ինչից է... ամեն ինչ փոխված է։ Ամեն ինչ,— ավելացրեց նա պատանեկան ամբողջ վճռականությամբ։
Սա շրջվեց բաց դռնից և նայեց մորը։
— Երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել է։ Ես ինձ մենակ եմ զգում և չգիտեմ ինչու։— Նա մոտեցավ մորը և ասաց,— մայրի՜կ։
Մայրը չպատասխանեց, սպասելով, որ նա շարունակի։
— Չգիտեմ աշխարհում ինչ է կատարվում,— շարունակեց տղան,— կամ ինչո՞ւ է կատարվում, բայց ինչ էլ որ պատահի, թույլ մի տուր, որ որևէ բան քեզ այդպես վիրավորի։ Ամեն ինչ փոխված է, բայց թույլ մի տուր, որ մեզ համար այդքան շատ փոխվի։
Կինը ժպտաց և սպասեց, թե որդին էլ ուրիշ ինչ կասի։
Եվ որովհետև տղան շարունակում էր լռել, ինքը սկսեց խոսել.
— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։— Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։— Նա լռեց, հետո շարունակեց համարյա զվարթ։— Ընթրիքին ի՞նչ կերար։
— Խնձորով ու սերուցքով կարկանդակ։ Գրասենյակի պետը վճարեց. իմ հանդիպած ամենանշանավոր մարդն է նա,— ասաց Հոմերը։
— Վաղը Բեսի հետ նախաճաշ կուղարկեմ,— ասաց միսիս Մաքոլին։
— Նախաճաշ չեմ ուզում,— ասաց Հոմերը,— մենք սիրում ենք դուրս գնալ, մի բան գնել և նստել միասին ուտել։ Դու մի անհանգստացիր։ Դուրս գնալն ու մի բան ուտելը ավելի հետաքրքիր է ինձ համար, իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է, ու դրանից դպրոցը մի տեսակ անմիտ է դառնում։
— Անշուշտ,— ասաց միսիս Մաքոլին,— դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար են միայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն։ Բնական է, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայց վախենալու բան չկա։ Աշխարհը լեցուն է վախեցած փոքրիկ երեխաներով։ Վախենալով, նրանք իրար են վախեցնում։ Դու փորձիր հասկանալ,— շարունակեց նա,— փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Այս հյուրասենյակում ես ամեն գիշեր քեզ կսպասեմ։ Բայց պարտադիր չէ, որ գաս և ինձ հետ խոսես, եթե ցանկություն չունես։ Ես կհասկանամ։ Ես գիտեմ, որ պահեր կլինեն, երբ քո սիրտը անկարող կլինի քո լեզվին բառեր ներշնչել։
Նա լռեց և նայեց որդուն։
— Դու հոգնած ես, գիտեմ, գնա քնիր։
— Շատ լավ, մայրիկ,— ասաց որդին և գնաց իր սենյակը։
Գլուխ ութերորդ. ՆԵՐԿԱ ԵՂԻՐ ՄԵՐ ՍԵՂԱՆԻՆ, ՈՎ ՏԵՐ
Առավոտյան ժամը յոթին, հենց որ զարթուցիչը զնգաց, Հոմեր Մաքոլին վեր թռավ։ Նա լռեցրեց ժամացույցի գանգը։ Ապա անկողնուց դուրս եկավ և հանելով Նյու Յորքից բերած մարմնամարզության գիրքը, սկսեց օրվա հրահանգները կարդալ։ Նրա Յուլիսիս եղբայրը Հոմերի հետ արթանում էր զարթուցիչի առաջին իսկ զնգոցից. Հոմերը ոչ մի դեպքում չէր թողնում, որ զանգը մինչև վերջ հնչի։ Նյու Յորքից բերած մարմնամարզության ձեռնարկը տպագրված մի գրքույկ էր և առաձգական մի փոկ։ Հոմերը բացեց յոթերորդ դասը, իսկ Յուլիսիսը մտել էր նրա թևի տակ, որպեսզի ավելի մոտիկից տեսնի հեքիաթային այդ առարկան։ Սովորական մարզանքից հետո, ներառյալ խոր շնչառությունը, Հոմերը կռնակի վրա պառկեց՝ ոտքերը ուղղահայաց դիրքով բարձրացրած։
— Դա ի՞նչ է,— ասաց Յուլիսիսը։
— Մարզանք։
— Ինչի՞ համար։
— Մկանների։
— Ուզում ես աշխարհի ամենաուժեղ մա՞րդը դառնալ,— ասաց Յուլիսիսը։
— Չէ,— ասաց Հոմերը։
— Ապա ի՞նչ ես ուզում դառնալ։
— Դու գնա նորից քնիր,— ասաց Հոմերը։
Յուլիսիսը հնազանդ վերադարձավ իր անկողինը, բայց նստեց ու նայեց։ Վերջապես Հոմերը սկսեց հագնվել։
— Ո՞ւր ես գնում,— հարցրեց կրտսեր եղբայրը։
— Դպրոց,— ասաց ավագ եղբայրը։
— Գնում ես որևէ բա՞ն սովորելու։
— Գնում եմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքի։
— Ո՞ւր պիտի վազեցնես դրանց։
— Ես դրանց ոչ մի տեղ չեմ վազեցնելու։ Դրանք փայտյա արգելքներ են, իրարից տասը կամ տասնհինգ յարդ հեռավորությամբ, որոնց վրայից պետք է ցատկել վազելու ընթացքում։
— Ինչո՞ւ։
— Մի խոսքով,— ասաց Հոմերը համարյա անհամբերությամբ,— դա արշավ է։ Երկու հարյուր քսան յարդ վազք։ Այս քաղաքում ծնված ամեն մարդ վազում է երկու հարյուր քսան յարդը, ցածր արգելքներով։ Դա Իթաքայի ամենամեծ մրցությունն է։ Հեռագրատան վարիչը տասնամյակում սովորելու ժամանակ մասնակցել է երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։ Նա մեր հովտի չեմպիոնն է եղել։
— Ի՞նչ բան է չեմպիոնը,— հարցրեց Յուլիսիսը։
— Ամենալավը։
— Դու գնամ ես ամենալա՞վը դառնալու։
— Ուզում եմ փորձել,— ասաց Հոմերը,— դե, հիմա գնա և քնիր։
Յուլիսիսը սահեց անկողնու մեջ, բայց հարցրեց.
— Վաղը,— ապա ուղղեց իրեն,— երեկ ես տեսա գնացքը։
Հոմերը հասկացավ, թե եղբայրն ինչ էր ուզում ասել։ Նա ժպտաց, հիշելով մի ժամանակվա իր հափշտակությունը։
— Ինչպե՞ս էր,– ասաց նա։
Յուլիսիսը հիշեց.
— Մի սև մարդ կար, ինձ ողջունեց,— ասաց նա։
— Դու նրա ողջույնին պատասխանեցի՞ր,— ասաց Հոմերը։
— Առաջինը ես բարևեցի,— ասաց Յուլիսիսը,— իսկ հետո առաջինը նա բարևեց։ Հետո ես, հետո նա։ Նա երգում էր. «Այլևս մի լար, մի լար, լեդի...»։
— Ճի՞շտ։
— Նա ասաց. «Տուն եմ գնում»,— շարունակեց Յուլիսիսը և նայեց եղբորը։— Մենք ե՞րբ ենք տուն գնալու։
— Մենք հիմա տանն ենք,— ասաց Հոմերը։
— Հապա ինչո՞ւ նա այստեղ չեկավ։
— Ամեն մարդ իր տունն ունի։ Ոմանք արևելքում են ապրում, ոմանք՝ արևմուտքում, ոմանք՝ հյուսիսում, ոմանք՝ հարավում։ Մեր տունը արևմուտքում է։
— Իսկ արևմուտքը ամենալա՞վն է։
— Չգիտեմ,— ասաց Հոմերը,— ես ուրիշ տեղերում չեմ եղել։
— Իսկ պիտի գնա՞ս։
— Մի օր։
— Որտե՞ղ։
— Նյու Յորք։
— Որտե՞ղ է Նյու Յորքը։
— Արևելքում։ Նյու Յորքից հետո կգնամ Լոնդոն, Լոնդոնից հետո՝ Փարիզ, Փարիզից հետո՝ Բեռլին, ապա՝ Վիեննա, Հռոմ, Մոսկվա, Ստոկհոլմ։ Մի օր ես կլինեմ աշխարհի այդ բոլոր մեծ քաղաքներում։
— Հետո կվերադառնա՞ս։
— Անպայման։
— Ուրախ կզգա՞ս։
— Անպայման։
— Ինչո՞ւ։
— Ուրախ կլինեմ,— ասաց Հոմերը,— որովհետև պիտի տեսնեմ մայրիկին, Մարկուսին և Բեսին։— Ապա նայեց եղբորը։— Ուրախ պիտի լինեմ քեզ, հարևան Մերի Արենային և նրա հորը՝ միստր Արենային տեսնելուս համար։ Պիտի ուրախանամ, որովհետև տուն վերադարձած պիտի լինեմ, և միասին նստած պիտի խոսենք ու մի քիչ երաժշտության լսենք, երգենք և միասին ընթրենք։
Փոքրիկ եղբայրը պաղատագին խնդրեց.
— Մի գնա,— ասաց նա,— Հոմեր, մի գնա։
— Հիմա չեմ գնում,— պատասխանեց մեծ եղրայրը,— ես հիմա դպրոց եմ գնում։
— Երբե՛ք մի գնա,— խնդրեց Յուլիսիսը,— հայրիկը գնաց և ետ չեկավ, Մարկուսը գնաց։ Հոմեր, դո՛ւ գոնե մի գնա։
— Շատ երկար ժամանակ կա մինչև իմ գնալը,— ասաց Հոմերը,— դու քնիր։
— Շատ լավ,— ասաց Յուլիսիսը,— ուրեմն գնում ես քսաներկուսը վազելու։
— Երկու հարյուր քսանը,— ասաց Հոմերը,— երկու հարյուր քսան յարդ ցածր արգելքներով վազքը։
Երբ Հոմերը նախաճաշի եկավ, նրա Բես քույրն ու մայրիկը սպասում էին նրան։ Ընտանիքի անդամները մի պահ խոնարհեցին գլուխները, հետո սկսեցին ուտել։
— Դու ինչ աղոթք ասացիր,— հարցրեց Բեսն իր եղբորը։
— Իմ մշտական աղոթքը,— ասաց Հոմերը և կրկնեց աղոթքը, բառերն արտասանելով ճիշտ այնպես, ինչպես սովորել էր ասել, երբ հազիվ սկսել էր խոսել.
«Ներկա եղիր մեր սեղանին, ով տեր.
Այստեղ և ամենուր պաշտելի եղիր,
Օրհնիր ամենքիս և տար մեզ քո տուն,
Որ խնջույքի նստենք քեզ հետ դրախտում։
Ամեն»։
— Է, դա հին է,— ասաց Բեսը,— և բացի այդ, դու նույնիսկ քո ասած բառերը չես հասկանում։
— Շատ լավ էլ հասկանում եմ,— ասաց Հոմերը,— ես մի քիչ արագ ասացի, որովհետև շատ քաղցած եմ. բայց գիտեմ, թե ինչ է նշանակում։ Բոլոր դեպքերում, ոգին է կարևորը։ Դո՞ւ ինչ աղոթեցիր։
— Նախ դու բացատրիր, թե ինչ են նշանակում քո խոսքերը,— ասաց Բեսը։
— Ինչպես թե, ինչ են նշանակում,— ասաց Հոմերը,— նշանակում են ճիշտ այն, ինչ որ նշանակում են։
— Իսկ ինչ են նշանակում,— պնդեց Բեսը։
— «Ներկա եղիր մեր սեղանին, ով տեր»,— բացատրեց Հոմերը,— դա նշանակում է մեր սեղանին ներկա եղիր, ով տեր։ «Տեր» պետք է որ շատ բան նշանակի, բայց ինչ որ նշանակում է, լավ է. «Այստեղ և ամենուր պաշտելի եղիր», նշանակում է, թող լավ բաները սիրելի լինեն այստեղ և ամեն տեղ։ «Օրհնիր ամենքիս», նշանակում է մեզ, այսինքն՝ ամեն մարդու։ «Օրհնիր»... «Օրհնիր». օրհնիր գուցե նշանակում է ներիր, կամ գուցե սիրիր, կամ հսկիր և կամ դրա նման մի բան։ Վստահ չգիտեմ, հավանաբար դրա նման մի բան է։ «Եվ տար մեզ քո տուն, որ խնջույքի նստենք քեզ հետ դրախտում». նշանակում է այն, ինչ նշանակում է, այսինքն՝ շնորհ արա, որ քեզ հետ դրախտը վայելենք։
— Ով է «Քեզը»,— հարցրեց Բեսը։
Հոմերը նայեց մորը.
— Մի՞թե աղոթքը չի ասում, որ եթե մարդիկ բարի լինեն, ամեն անգամ ճաշի նստելիս իրենց կզգան դրախտում։ «Քեզը» լավ բաներն են, չէ՞։
— Անշուշտ,— հաստատեց միսիս Մաքոլին։
— Բայց մի՞թե «Քեզը» մի մարդ է։
— Անշուշտ,— պատասխանեց Հոմերը,— բայց ես էլ մի մարդ եմ։ Մայրիկը, դու և բոլոր մյուսները մարդիկ են։ Ենթադրենք, որ այս աշխարհը դրախտ է, և ամեն ոք, ում հետ էլ մենք նստենք ճաշի, մարդ է, Բես,— ասաց Հոմերը անհամբերությամբ,— դա սեղանի աղոթքն է, և դու էլ լավ գիտես, թե ինչ է նշանակում։ Դու պարզապես ուզում ես ինձ շփոթեցնել։ Մի մտահոգվիր, դու կարող ես։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ կարող է ինձ շփոթեցնել, բայց դա ինձ համար կարևորություն չունի, որովհետև հավատում եմ։ Ամեն մարդ հավատում է, այնպես չէ՞, մայրիկ։
— Անշուշտ, հավատում է,— ասաց միսիս Մաքոլին,— եթե դու չհավատաս, չես ապրի և ոչ մի տեղ չես կարողանա խնջույքի նստել, մի կողմ թողած դրախտը՝ նույնիսկ, եթե քո սեղանը լցված լինի ամենահրաշալի կերակուրներով։ Հավատքն է ամեն ինչ հրաշալի դարձնողը։
— Հասկացա՞ր,— Հոմերը դարձավ Բեսին և վեճը վերջնականապես ավարտված համարեց։— Ես այսօր երկու հարյուր քսան յարդ արգելավազքին պիտի մասնակցեմ,— ասաց նա։
— Ճի՞շտ,— հարցրեց միսիս Մաքոլին,— ինչո՞ւ։
— Մայրիկ, դա շատ կարևոր մրցություն է,— ասաց Հոմերը։— Միստր Սփանգլերը դրան մասնակցել է Իթաքայի տասնամյա դպրոցում սովորելու ժամանակ։ Պետք է միաժամանակ և՛ վազել, և՛ ցատկել։ Միստր Սփանգլերը խաշաձ ձու է ման տալիս հետը, ասում է երջանկություն է բերում։
— Հետը խաշած ձու ման տալը սնոտիապաշտություն է,— ասաց Բեսը։
— Հետո ինչ,— ասաց Հոմերը,— թող լինի։ Նա ինձ ուղարկեց Չաթերթոնից խնձորի և հնդկընկույզի սերուցքով կարկանդակ գնելու. երկուսը մի քառորդով առա։ Թարմը մեկ քառորդ արժե, այնպես որ, եթե դու միայն մեկ քառորդ ունես, միայն մեկը կարող ես գնել։ Նախորդ օրվանը երկուսը մի քառորդ արժեն, այնպես որ նույն փողով կարող ես երկուսը գնել։ Յուրաքանչյուրի կեսը ինձ, կեսը միստր Գրոգանի համար։ Բայց նա հազիվ մեկ կամ երկու կտոր է կարողանում ուտել։ Եվ ես ստիպված եմ լինում շատ ուտել։ Միստր Գրոգանը ավելի շատ սիրում է խմել, քան ուտել։
Հարևանի աղջիկը՝ Մերի Արենան, ետևի դռնից խոհանոց մտավ և սեղանին դրեց մի փոքրիկ սկահակ։ Հոմերը վեր կացավ։
— Մերի,— ասաց նա,— նստիր և նախաճաշիր մեզ հետ։
— Հենց նոր հայրիկի հետ նախաճաշեցի և նրան աշխատանքի ուղարկեցի։ Շատ շնորհակալ եմ։ Մի քիչ չորացած դեղձի կոմպոտ եմ բերել, որ հայրիկի համար էի պատրաստել, միսիս Մաքոլի։
— Շնորհակալ եմ, Մերի, ինչպես է հայրիկը,— ասաց միսիս Մաքոլին։
— Հայրիկը լավ է,— ասաց Մերին,— միայն թե անընդհատ ինձ ձեռ է առնում։ Ամեն սեղան նստելիս ասում է՝ «Նամակներ չկա՞ն, Մարկուսից նամակ չկա՞»։
— Շուտով նոր նամակ կստանանք,— ասաց Բեսը և սեղանից վեր կացավ։— Մերի, գնանք, ժամանակն է։
— Գնանք, Բես,— ասաց Մերին և հետո միսիս Մաքոլիին դաոնալով, ավելացրեց,— ձեզ ճիշտն ասեմ, միսիս Մաքոլի, քոլեջ գնալը արդեն ձանձրալի է դարձել։ Տասնամյակի պես մի բան է։ Ես արդեն բավական մեծ եմ, ամբողջ կյանքս դպրո՞ց պիտի գնամ։ Ժամանակները փոխվել են։ Անկեղծ եմ ասում, կուզենայի դուրս գալ և մի տեղ աշխատանք գտնել։
— Ես նույնպես,— ասաց Բեսը։
— Հիմարություն է,— ասաց միսիս Մաքոլին,— դուք դեռ երեխա եք, ընդամենը տասնյոթ տարեկան։ Քո հայրը լավ աշխատանք ունի, Մերի, ինչպես նաև քո եղբայրը, Բես։
— Բայց թվում է, թե ճիշտ չէ, միսիս Մաքոլի,— խոսեց Մերին,— թվում է, որ ճիշտ չէ դպրոց գնալը, երբ Մարկուսը բանակում է, և աշխարհում իրար աչք են հանում։ Երբեմն այնպես եմ ուզում տղամարդ լինել, Մարկուսի հետ բանակ գնայի։ Գրազ եմ գալիս, որ երկուսով շատ ուրախ ժամանակ կանցկացնեինք։
— Մի մտահոգվիր, Մերի,— ասաց միսիս Մաքոլին,— այս բոլորը կանցնի։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես միշտ եղել է։
— Հույս ունեմ,— ասաց Մերին և իր ընկերուհու՝ Բես Մաքոլիի հետ գնաց դպրոց։
Հոմերը նայեց աղջիկների ետևից։ Մի քիչ հետո նա հարցրեց.
— Իսկ ի՞նչ կասես այդ մասին, մայրիկ։
— Դե, դա շատ բնական է,— ասաց միսիս Մաքոլին,— աղջիկներ են, ուզում են դուրս պրծնել և թռչել։
— Թռչելու մասին չեմ ակնարկում,— ասաց Հոմերը,— խոսքը Մերիի մասին է։
— Մերին ազնիվ, երեխայի պես անբիծ աղջիկ է,— ասաց միսիս Մաքոլին։— Նա ամենալավ աղջիկն է, որ ես երբևէ տեսել եմ. ուրախ եմ, որ Մարկուսը նրան է սիրում։ Մարկուսը նրանից լավին չէր կարող գտնել։
— Մայրիկ,— անհամբերությամբ խոսեց Հոմերը,— ես դա գիտեմ. խոսքս այդ մասին չէ, մի՞թե դու ինձ չես հասկանում։— Նա լռեց, ապա հանկարծ փոխեց նյութը, մտածելով, որ կարիք չկա խոսելու իր զգացածի մասին, որ պատերազմը այդքան վիշտ է պատճառում այնպիսի մարդկանց, որոնք նույնիսկ ռազմադաշտից հեռու են գտնվում։— Լավ, կտեսնվենք գիշերը,— ասաց նա,— ցտեսություն։
Միսիս Մաքոլին նայեց նրա ետևից, մտածելով, թե որդին ինչ էր ուզում իրեն ասել։ Հանկարծ աչքի ծայրով տեսավ մի փոքրիկ էակի։ Յուլիսիսն էր իր գիշերազգեստով։ Նա նայեց մորը համարյա այնպես, ինչպես փոքր կենդանին կնայեր իր նմանին, որպես միակ աղբյուրը իր երջանկության ու հանգստի։ Նրա դեմքի արտահայտությունը ծայրաստիճան լուրջ էր, անհավատալիորեն գրավիչ։
— Ինչու է նա ասում «Այլևս մի լար, լեդի...»,— հարցրեց Յուլիսիսը։
— Ո՞վ,— ասաց միսիս Մաքոլին։
— Գնացքի վրայի սև մարդը։
— Դա երգ է, Յուլիսիս,— ասաց միսիս Մաքոլին և բռնեց նրա ձեռքը,— իսկ հիմա շորերդ հագիր։
— Այդ սև մարդը նորից գնացքի մեջ կլինի՞,— հարցրեց փոքրիկ տղան։
Միսիս Մաքոլին մի պահ մտածեց, հետո ասաց.
— Այո։
Գլուխ իններորդ. ԱՅՍ ԿՈՂՄԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐ ՃԱԳԱՐՆԵՐ ԼԻՆԵՆ
Դպրոցի ճանապարհին, Սան Բենիդո փողոցում Հոմեր Մաքոլին անցավ մի ցանկապատի կողքով, որը շրջապատել էր մոլախոտերով լցված մի տարածություն։ Ցանկապատը հին էր, խարխլված և ծիծաղելիորեն փոքր, անպետք տարածություն պահպանելուց բացի, ուրիշ բանի չէր ծառայում, իսկ այդ տարածությունը պաշտպանության ոչ մի կարիք չէր զգում։ Ցերեկային դպրոցի աշակերտն ու գիշերային ցրիչը հեծանիվը միանգամից կանգնեցրեց, կարծես ուզում էր չափազանց հետաքրքիր մի բան գտնել, որը կարող էր կորչել, եթե չշտապեր։ Ցանկապատը մոտ մեկ ոտնաչափ բարձր էր արգելավազքի համար ընդունված չափսից։ Աշխարհում եթե որևէ բան անցողիկ է և անհետանալու դատապարտված, ապա այդ ցանկապատն էլ, թեև անհետանում էր, բայց այնպիսի արագությամբ, որ կարող էր մի դար էլ հարատևել։
Հոմերը զննեց ցանկապատը, դրա ետևի տարածությունը, առջևի ազատ մասը, հետո չափեց բարձրությունը, որը բավական բարձր էր։ Ցատկելու փորձ արեց. տասը յարդ հեռացավ, ապա արագ ետ դարձավ և վազեց դեպի ցանկապատը։ Երբ բավական մոտ էր, մի գեղեցիկ ոստյուն կատարեց, ոտքով հարվածեց ցանկապատին, մի մասը գետին գլորեց և ընկավ մոլախոտերի մեջ։ Բայց անմիջապես վեր կացավ և ետ գնաց՝ մի անգամ էլ փորձելու։ Այս անգամ ցանկապատի փայտը շատ հեշտությամբ ջարդվեց, այնպիսի ձայն հանելով, որը ամենևին տեղին չէր և, հետևաբար, ծիծաղելի էր։ Հոմերը յոթ փորձ կատարեց, որոնցից ոչ մեկը հաջող չէր։ Նա կանգ առավ, երբ ամբողջ ցանկապատն արդեն գետին էր փլվել։
Ձեռնափայտով մի ծերունի դուրս եկավ փողոցի դիմացի տնից և սկսեց դիտել Հոմերին։ Ճիշտ այն ժամանակ, երբ Հոմերը վեր էր կենում վերջին անգամ և շորերն էր թափ տալիս, ծերունին խոսեց։
— Ի՞նչ ես անում,— հարցրեց նա։
— Արգելք եմ հաղթահարում,— ասաց Հոմերը։
— Որևէ տեղդ ցավե՞ց։
— Ոչ,— ասաց Հոմերը,— ցանկապատը մի քիչ բարձր է, մի քիչ էլ խոտերը սահուն են։
Ծերունին մի րոպե նայեց մոլախոտերին, ապա ասաց.
— Սրանց կաթնախոտեր են. ճագարների համար հրաշալի կեր են։ Ճագարները սիրում են դրանք։ Մի ժամանակ, մոտ տասնմեկ տարի առաջ, մի մեծ խումբ ճագար ունեի, բայց ինչ֊որ մեկը գիշերվա կեսին բացեց ճագարանոցի դուռը, և բոլորը փախան։
— Ինչո՞ւ բացեց դուռը,— հարցրեց Հոմերը։
— Չգիտեմ,— ասաց ծերունին,— այդպես էլ չիմացա, թե ով արեց. երեսուներեք գլուխ ճագար կորցրի, որոնք իմ տեսածների մեջ ամենագեղեցիկներն էին, փայլուն աչքերով, կատվի դեմքերով, բելգիական և երկու-երեք այլ տեսակներ։ Այլևս չգտա դրանք։
— Դու ճագար սիրո՞ւմ ես,— հարցրեց Հոմերը։
— Ազնիվ, փոքրիկ կենդանիներ են,— ասաց ծերունին,— ընտանի ճագարները շատ քնքուշ են։
Ծերունին շուրջը նայեց՝ ամայի տարածություն մոլախոտով ծածկված։
— Երեսուներեք ճագար տասնմեկ տարի ազատության մեջ են,— ասաց նա։— Նկատի ունենալով նրանց արագ աճը, դժվար է ասել, թե որքան են բազմացել։ Ո՞վ գիտե, գուցե վայրենացել են։ Չէի զարմանա, եթե ամբողջ քաղաքը հիմա ճագարներով լցված լիներ։
— Ես անձամբ ոչ մի հատ չեմ տեսել,— ասաց Հոմերը։
— Գուցե չես տեսել, բայց դրանք այս կողմերում են,— ասաց ծերունին։— Ամբողջ քաղաքը, հավանաբար, դրանցով է լցված։ Մի քանի տարի ևս, և դրանք լուրջ խնդիր կդառնան։
Ցավով, բայց Հոմերը նստեց հեծ անիվը։
— Լավ,— ասաց նա,— ես հիմա պետք է գնամ. նորից կերևամ...
— Խնդրեմ, ուրախ կլինեմ,— ասաց ծերունին։— Իմ անունը Չարլզ է, բայց ինձ պարզապես Չարլի անվանիր։ Երբ ցանկանաս, անցիր ինձ մոտ։
— Շնորհակալ եմ, սըր,— ասաց Հոմերը, ապա, վերադարձավ իրեն հուզող թեմային,— այսօր կեսօրից հետո դպրոցում մասնակցելու եմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքին,— ասաց նա ծերունուն։
— Ես երբեք դպրոց չեմ գնացել,— ասաց ծերունին,— բայց իսպանա-ամերիկյան պատերազմում կռվել եմ։
— Ի՜նչ եք ասում,— ասաց Հոմերը,— դե, ցտեսություն։
— 0՜, այո,— ասաց ծերունին, բայց արդեն նա ինքն իր հետ էր խոսում,— իսպանա֊ամերիկյան պատերազմի կեսը,— շարունակեց նա,— նապաստակի նման փախչելով անցկացրի։
Հոմերը հեծանիվ նստած անհայտացավ անկյունում։ Ծերունին քայլեց դեպի կիսաքանդ տունը՝ ծխելով ծխամորճը և շուրջը նայելով։ Նա ձեռնափայտը խրեց խոտերի մեջ։
— Այս կողմերում պետք է որ ճագարներ լինեն,— ասաց նա,— հիմա էլ, երևի, այն չեն, ինչ֊որ առաջ։
Գլուխ տասներորդ. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի վազքուղիներում դրված էին երկու հարյուր քսան յարդ մրցավազքի արգելքները։ Չորս տղաները մարզվում էին։ Բոլորն էլ, ուժերը ճիշտ բաշխելով և թռիչքներ կատարելով ըստ կանոնների, լավ վազեցին։ Մարզիչ Բայֆիլդը խրոնոմետրը ձեռքին մոտեցավ հաղթողին։
— Այս անգամ ավելի լավ էր, Էքլի— ասաց նա մի տղայի, որը, անշուշտ, անշնորհք տղաներից չէր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ արտակարգ չէր։ Նա ուներ ինքնավստահ շարժուձևերը այն մարդու, որի ընտանիքը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի զգացել ապրուստի, հագուստի և բնակարանի նեղություն, այլև, ընդհակառակը, առիթը ներկայանալու դեպքում, իրեն նման ուրիշ բախտավոր ընտանիքների հյուրասիրել է։
— Դեռևս շատ բան ունես սովորելու,— ասաց մարզիչը տղային,— բայց կարծում եմ, որ կկարողանաս այսօր շահել մրցույթը։
— Կաշխատեմ, սըր,— ասաց տղան։
— Գիտեմ,— ասաց մարզիչը,— այսօր որևէ մրցակից չես ունենա, բայց երկու շաբաթ հետո Հովտի մրցությանը ախոյաններ շատ կլինեն։ Այժմ գնա ցնցուղ ընդունիր և հանգստացիր։
— Այո, սըր,— պատասխանեց տղան։ Նա հեռացավ, հետո հանկարծ կանգնեց։— Ներեցեք, սըր,— ասաց նա,— ինչքան ժամանակում վազեցի։
— Վատ չէր,— ասաց մարզիչը,— բայց այնքան էլ լավ չէր. ժամանակի մասին չեմ մտահոգվում։ Դու միայն վազիր ինչպես սովորեցրել եմ և կարծում եմ, որ առաջինը կլինես։
Մյուս երեք վազողները մի կողմ կանգնած ունկնդրում էին խոսակցությունը։
— Նա տիկնիկի պես է,— ասաց տղաներից մեկը մյուսներին,— բայց միշտ առաջինն է վազքն ավարտում։ Ինչո՞ւ ես ետ մնում, Սամ։
— Ի՞նչ, ինչո՞ւ եմ ետ մնում,— ասաց Սամը,— իսկ քեզ ի՞նչ է պատահել, դո՞ւ ինչու չես հաղթում նրան։
— Ես երկրորդը տեղ հասա։
— Երկրորդը կամ երրորդը. ի՞նչ տարբերություն,— ասաց մյուս տղան։
— Հյուբերդ Էքլի Երրորդը հաղթում է մեղ,— ասաց Սամը,— պետք է ամաչենք։
— Ճիշտ է, բայց ելք չունենք,— ասաց երկրորդ տղան,— ինչ անենք, նա պարզապես մեզնից լավ է վազում և վերջ։
Մարզիչը դարձավ այս երեքին և բոլորովին տարբեր տոնով ասաց.
— Իսկ դուք, տղաներ, ձեզ թափ տվեք, դուք այնքան էլ լավ չեք վազում, որ իրավունք ունենաք կանգնելու և ձեզանով հպարտանալու։ Գրավեցեք ձեր դիրքերը և մի անգամ էլ փորձեք։
Տղաները լռությամբ գնացին դեպի իրենց դիրքերը։ Մարզիչը նրանց մի անգամ էլ վազել տվեց։ Դրանից հետո մարզիչը որոշեց մրցությունից առաջ նրանց մի քանի անգամ ևս վազեցնել։ Ըստ երևույթին, նա ուզում էր, որ Հյուբերդ Էքլի Երրորդը մրցությունը շահի։
Հին պատմության դասասենյակն արագորեն լցվում էր։ Ուսուցչուհին՝ պառավ օրիորդ Հիքսը, սպասում էր վերջին զանգին և կարգ ու կանոնի հաստատմանը, դա նշան էր, որ նա մեկ անգամ ևս փորձում է դաստիարակել Իթաքայի տղաներին ու աղջիկներին, որոնք միջնակարգում էին, սակայն շուտով, գոնե տեսականորեն, պետք է կյանք մտնեին։ Հոմեր Մաքոլինք, պաշտամունքի հասնող մի զգացումով նայում էր Հելեն Էլիոթ անունով մի աղջկա, որը դռնից դեպի գրասեղանն էր գալիս։ Անկասկած, այս աղջիկը աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն էր։ Միևնույն ժամանակ նա մեծամիտ էր, սակայն Հոմերը չէր հավատում, որ այդ մեծամտությունը բնական կամ էլ արմատացած լիներ նրա մեջ։ Թեև Հոմերը պաշտում էր նրան, սակայն աղջկա մեծամտությունը իր դպրոցական կյանքի ամենադառն վիշտն էր։ Աղջկա ետևից եկավ Հյուբերդ Էքլի Երրորդը։ Երբ Հյուբերդը հասավ Հելենին, երկուսը մի պահ շշնջացին, խորապես հուզելով Հոմերին։ Վերջին զանգը հնչեց, և ուսուցիչն ասաց.
— Բավական է, լռություն, խնդրում եմ։ Ո՞վ է բւսցակա։
— Ես,— ասաց մի տղա։ Նրա անունը Ջո Տերանովա էր։ Նա դասարանի խեղկատակն էր։
Ջոյի չորս կամ հինգ հավատարիմները, նրա ծաղրածուական տաղանդի երկրպագուները, արձագանքեցին և գնահատեցին նրա սրամիտ պատասխանը։ Բայց Հելեն Էլիոթն ու Հյուբերդ Էքլին շրջվեցին և խստությամբ նայեցին դասարանի այս կատակաբանների խմբին, աղքատ հյուղակներում ապրողների ժառանգներին։ Այս հայացքը Հոմերին այնքան վշտացրեց, որ երբ բոլորը դադարել էին ծիծաղելուց, նա պայթեց արհեստական «Հա, հա, հա» քրթիջով ուղղակի Հյուբերդի երեսին, որին արհամարհում էր, և Հելենի, որին պաշտում էր։ Ապա արագ դառնալով Ջոյին, ասաց.
— Իսկ դու, Ջո, լռիր, երբ միսս Հիքսն է խոսում։
— Վերջ տուր հիմարություններիդ, Ջոզեֆ,— ասաց միսս Հիքսը և դարձավ Հոմերին,— դու էլ, երիտասարդ։
Նա մի րոպե լռեց և դասարանին նայեց։
— Այժմ,— ասաց նա,— ասորեստանցիների մասին շարունակեք կարդալ մեր երեկվա թողած տեղից. խնդրում եմ կենտրոնացեք, լարեք ուշադրություններդ։ Նախ մենք կկարդանք մեր հին պատմության դասագրքից մի հատված, բարձրաձայն կքննարկենք մեր կարդացածը։
Կատակասերը չկարողացավ դիմանալ սրամտելու այս առիթին։
— Ոչ, միսս Հիքս,— առաջարկեց նա,— եկեք բարձրաձայն չքննարկենք, եկեք մտքում քննարկենք, որ ես կարողանամ քնել։
Նրան շողոքորթողները նորից ծիծաղից պայթեցին, իսկ մեծամիտները արհամարհանքով շրջվեցին։ Միսս Հիքսը կատակաբանին անմիջապես չպատասխանեց, որովհետև նախ՝ դժվար էր տղայի սրամտությունը չգնահատել, իսկ հետո՝ չէր կարելի նրա հետ վերաբերվել այնպես, որ զվարթ մթնոլորտը վերանա։ Բայց անպայմանորեն անհրաժեշտ էր նրան կարգի հրավիրել։ Ի վերջո,խոսեց։
— Ջոզեֆ, դու պետք է բարի լինես,— ասաց նա,— մանավանդ այն դեպքերում, երբ դու իրավացի ես, իսկ ես՝ սխալ։
— Ճիշտ է, միսս Հիքս, ներողություն,— ասաց կատակաբան տղան,— պարզապես չեմ կարողանում ինձ զսպել։ Ասում եք բարձրաձայն քննարկենք, ուրիշ ինչ տեսակ քննարկում կարող է լինելի, դե, օ քեյ, ներողություն եմ խնդրում։
Հետո, մի տեսակ ինքնավստահությամբ ու իր արժեքի գիտակցությամբ, գլուխը դարձրեց դեպի ուսուցչուհին և ասաց հովանավորողի տոնով.
— Շարունակեցեք, միսս Հիքս։
— Շնորհակալություն,— ասաց ուսուցչուհին։— Դե, բոլորդ արթուն պահեք ձեզ:
— Լրիվ արթուն,— ասաց Ջոն,— մի դրանց նայեք, բոլորը համարյա քնած են։
Թեև ծեր ուսուցչուհուն դուր էին գալիս Ջոյի սրամտությունները, բայց, այնուամենայնիվ, զգուշացրեց նրան.
— Եթե մի անգամ էլ ինձ ընդհատես, Ջոզեֆ, ես ստիպված կլինեմ քեզ ուղարկելու դիրեկտորի մոտ։
— Ես աշխատում եմ գոնե մի քիչ գիտելիք ձեռք բերել,— ասաց կատակաբանը,— սրանց նայեցեք, համարյա քնած են, չէ՞։— Ապա, մի հայացք նետելով դասընկերներին, ավելացրեց,— նրանց թողնես միայն բեյսբոլ խաղան։
— Ջո, լռիր,— ասաց Հոմերը ընկերոջը,— հերիք է անընդհատ քեզ ցույց տաս։ Բոլորն էլ գիտեն, որ սրամիտ ես։
— Բավական է,— ասաց միսս Հիքսը,— երկուսդ էլ լռեք։ Բացեք 117-րդ Էջը, երկրորդ պարբերությունը։— Բոլորը բացեցին այդ էջը և գտան տեղը։— Հին աշխարհի պատմությունը,— շարունակեց ուսուցչուհին,— ձեզ կարող է ձանձրալի ու ավելորդ գիտություն թվալ. մեր ժամանակներում, երբ հասարակության պատմության մեջ այսքան իրադարձություններ են տեղի ունենում, վաղուց ավարտված մի ուրիշ աշխարհի պատմությունը սովորելն ու հասկանալը կարող է անօգտակար թվալ։ Բայց դա սխալ տպավորություն է։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ուրիշ ժամանակների, ուրիշ մշակույթների, ուրիշ ժողովուրդների և ուրիշ աշխարհների մասին։ Ո՞վ է ցանկանամ գրատախտակի մոտ գալ և կարդալ։
Երկու աղջիկ և Հյուբերդ Էքլի Երրորդը ձեռքերը բարձրացրին։
Կատակաբան Ջոն շրջվեց դեպի Հոմերը և ասաց.
— Մի էդ տղային նայիր, խնդրում եմ։
Կարդալու ցանկություն հայտնած երկու աղջիկներից ուսուցչուհին Հելեն Էլիոթին ընտրեց՝ գեղեցկուհուն և մեծամիտին։ Հոմերը հիացած նայում էր, թե ինչպես է նա մոտենում գրատախտակին։ Աղջիկը կանգնեց, մի պահ շատ ավելի գեղեցկացավ, ապա աշխարհի ամենամաքուր և ամենագրավիչ ձայնով սկսեց կարդալ։ Հոմերը ամբողջ ժամանակ հիանում էր նրա մարմնի և ձայնի անհավատալի հրաշքով։
— Ասորեստանցիները,— կարդաց Հելեն Էլիոթը,— երկար քթով, մազերով և մորուքով այդ մարդիկ, հյուսիսում շենացրին Նինվեն և դարձրին զորավոր տերություն։ Մի քանի պատերազմներից հետո՝ հիթիթների, եգիպտացիների և այլ ցեղերի դեմ, նրանք նվաճեցին Բաբելոնը Թիկլատ Պալասար Առաջինի ժամանակ, հազար հարյուր տարի մեր թվարկությունից առաջ։ Դրանից հետո, շատ հարյուրամյակներ իշխանությունը երերում էր քարից կառուցված Նինվեի և աղյուսից կառուցված Բաբելոնի միջև։ Ոչ մի ընդհանրություն չկա Սիրիա և Ասիրիա բառերի միջև, որովհետև ասորիները կռվում էին սիրիացիների դեմ, մինչև որ Թիկլատ Պալասար Երրորդը նվաճեց դրանց և աքսորեց Իսրայելի տասը ցեղերը։
Հելենը կանգ առավ շունչ քաշելու համար, որ կարողանա կարդալ հաջորդ պարբերությունը, բայց նախքան կարդալ սկսելը, Հոմեր Մաքոլին ասաց.
— Իսկ ինչ կասեք Հյուբերդ Էքլի Երրորդի մասին։ Նա ո՞ւմ նվաճեց կամ ի՞նչ երևելի գործ կատարեց։
Բարեկիրթ տղան անմիջապես ոտքի կանգնեց և քաղաքավարի խստությամբ ասաց.
— Միսս Հիքս, չեմ կարող թույլ տալ, որ դիտավորյալ կերպով հասցված այդպիսի վիրավորանքը անպատիժ մնա. ստիպված եմ ձեզ խնդրել, որ հրամայեք միստր Մաքոլիին գնալ դիրեկտորի կաբինետը... կամ...— ասաց նա շատ վճռաբար,— այդ գործը ինքս կվերցնեմ եմ ձեռքը։
Հոմերը նստարանից վեր թռավ.
— Ավելի լավ է, լռիր,— ասաց նա,— մի՞թե քո անունը Հյուբերդ Էքլի Երրորդ չէ։ Լավ, ինչո՞վ ես դու երևելի, կամ ինչ է երբևէ արել Հյուբերդ Էքլի Առաջինը։— Նա մի պահ լռեց, ապա դարձավ միսս Հիքսին, հետո Հելեն Էլիոթին,— կարծեմ, խելացի հարց է,— ասաց նա։ Այնուհետև նորից դիմեց Հյուբերդ Էքլիին և կրկնեց իր հարցը.— ի՞նչ երևելի գործ եք կատարել։
— Գիտե՞ս ինչ,— պատասխանեք Հյուբերդը,— առնվազն ոչ մի Էքլի բռի չի եղել,— նա սպասեց, փնտրելով մի ավելի հարմար, խարանող բառ, հետո ասաց,— ճամարտակ։— Այսպիսի բառ Իթաքայում ոչ ոք լսած չկար։
— Ճամարտա՞կ,— ասաց Հոմերը։ Նա շրջվեց դեպի ուսացչուհին։— Այդ ի՞նչ է նշանակում, միսս Հիքս,— հարցրեց նա։ Եվ որովհետև ուսուցչուհին հապաղեց, Հոմերը դարձավ Հյուբերդ Էքլիին և շարունակեց,— լսիր, Էքլի համար երեք, ինձ այնպիսի անուններով մի կոչիր, որ երբևէ լսած չկամ։
— Ճամարտակ,— ասաց Հյուբերդը,— նշանակում է սնապարծ, անպետք, ավելորդություն,— նա սկսեց փնտրել ուրիշ, ավելի վիրավորական բառ։
— Ձայնդ կտրի՛ր,— սպառնաց Հոմերը։
Նա դարձավ դեպի Հելեն Էլիոթը և ժպտաց Մաքոլիների նշանավոր ժպիտով։— Ճամարտակ,— կրկնեց նա։— Դա ի՞նչ տեսակ հայհոյանք է,— և նստեց։
Հելեն Էլիոթը սպասեց ուսուցչուհու նշանին՝ ընթերցումը շարունակելու համար։ Բայց միսս Հիքսը լուռ էր։ Հոմերը վերջապես հասկացավ։ Նա վեր կացավ և ասաց Հյուբերդ Էքլի Երրորդին։
— Լավ, ներողություն եմ խնդրում։
— Շնորհակալություն,— պատասխանեց բարեկիրթ տղան և նստեց։
Հին պատմության դասատուն մի պահ նայեց դասարանին և ասաց.
— Հոմեր Մաքոլին և Հյուբերդ Էքլին դասերից հետո կմնան սենյակում։
— Բայց, միսս Հիքս,— ասաք Հոմերը,— իսկ դպրոցական վազքի մրցումնե՞րը։
— Դպրոցական վազքի մրցումները ինձ չեն հետաքրքրում,— պատասխանեց ուսուցչուհին,— ձեր բարոյական դաստիարակությունը նույնքան կարևոր է, որքան և ֆիզիկականը։ Գուցեև ավելի կարևոր։
— Միսս Հիքս,— ասաց Հյուբերդ Էքլին,— Իթաքայի տասնամյակը ինձ վրա հույս է դրել, որ ես կհաղթեմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքում, իսկ երկու շաբաթ հետո՝ լավ արդյունք ցույց կտամ Հովտի մրցումներում։ Մարզիչ Բայֆիլդը կպնդի, որ ես մասնակցեմ մրցությանը։
— Ես չգիտեմ, թե ինչ կպնդի մարզիչ Բայֆիլդը,— ասաց Հոմերը,— բայց հեսօրից հետո կատարելու եմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքը, անպայմա՛ն։ Հյուբերդ Էքլին նայեց Հոմերին.
— Ես չգիտեի, որ դու մասնակցելու ես մրցմանը։
— Դե իմացիր,— ասաց Հոմերը. նա դարձավ ուսուցչուհուն,— միսս Հիքս, եթե դուք այսօր մեզ թույլ տաք գնալ, խոստանում եմ այլևս ոչ մի անգամ անկարգություն չանել, անհնազանդ չլինել և որևէ նման բան չկատարել։ Նույնը խոստանում է նաև Հյուբերդը, այդպես չէ՞, Հյուբերդ։
— Այո, խոստանում եմ, միսս Հիքս,— ասաց Հյուբերդը։
— Երկուսդ էլ դասերից հետո կմնաք,— ասաց հին պատմության ուսուցչուհին։— Հելեն, խնդրում եմ, շարունակեք կարդալ։
«Դաշնակից բանակները,— կարդաց Հելենը,— խալդերը հարավից, մեդացիներն ու պարսիկները հյուսիսից, պաշարեցին Ասորեստանի կայսրությունը, և Նինվեն խոնարհվեց նրանց հզորության առաջ։ Նաբուգոդոնոսոր Երկրորդը կառավարեց Բաբելոնյան երկրորդ կայսրությունը։ Հետո եկավ մեծ Կյուրոսը՝ Պարսկաստանի թագավորը իր հորդաներով։ Նրա հաղթանակը, սակայն, երկար չտևեց, որովհետև նրա հաջորդներին հետագայում պարտության մատնեց Ալեքսանդր Մեծը»։
Հոմերը, ձանձրացած, նախորդ գիշերվա աշխատանքից հոգնած և գերված աղջկա քաղցր ձայնից, աղջիկ, որը, ինչպես ինքն էր կարծում, ստեղծված էր միայն իր համար, գլուխը դրեց ծալած թևերին և սուզվեց նիրհի մեջ։ Բայց շարունակում էր լսել աղջկա ընթերցումը։
«— Այս խառնարանից,— կարդաց աղջիկը,— աշխարհը թանկարժեք ժառանգություն ստացավ։ Հին կտակարանի Մովսեսի պատգամները իրենց սկզբունքների մի մասի համար պարտական են Համուրաբիի օրենքներին, որոնց շնորհիվ նա կոչվում է օրենսդիր։ Նրանց թվաբանական սիստեմից, որտեղ օգտագործում էր տասներկուսի աղյուսակը և մեզ ծանոթ տասնորդականը, մենք ժառանգեցինք ժամ կազմող վաթսուն րոպեն և շրջանակի 360 աստիճանները։ Արաբիան մեզ տվեց մեր թվանշանները, որոնք մինչև այժմ էլ կոչվում են արաբական, ի տարբերություն հռոմեական թվանշանների։ Ասորեստանցիները գտան արևի ժամացույցը։ Ժամանակակից դեղագործական խորհրդանիշներն ու Զոդիակի նշանները բաբելոնցիներից են գալիս։ Համեմատաբար վերջերս Փոքր Ասիայում կատարված պեղումները ցույց են տալիս, որ այնտեղ եղել է մի հրաշալի կայսրություն»։
— Մի հրաշալի կայսրությո՜ւն,— երազում էր Հոմերը,— որտե՞ղ։ Իթաքայո՞ւմ, Կալիֆոռնիայի Իթաքայո՞ւմ։ Եվ այդ բոլորը անհետացա՞վ, դժոխքի բաժի՞ն դարձավ։ Առանց մեծ մարդկանց, առանց մեծ գյուտերի, առանց արևի ժամացույցի, առանց թվերի ու առանց ուրախության ու առանց որևէ բանի։ Որտե՞ղ էր այդ մեծ կայսրությունը։
Նա որոշեց գլուխը բարձրացնել ու փնտրել այն։ Սակայն միայն Հելեն Էլիոթի դեմքը տեսավ, որը գուցե բոլոր կայսրություններից ավելի հրաշալի էր. նա լսեց աղջկա հրաշալի ձայնը, որը գուցե մարդկության ամենազարմանալի և ամենամեծ նվաճումներից մեկն էր։
«— Հիթիթները,— շարունակեց աղջիկը,— ծովերով իջան ցած, դեպի Եգիպտոս։ Նրանք իրենց արյունը խառնեցին հրեաների արյանը և հրեաներին տվեցին հիթիթիական քիթը»։
Հելենը դանդաղեցրեց ընթերցումը և դարձավ հին պատմության դասատուին։
— Գլխի վերջն է, միսս Հիքս,— ասաց նա։
— Շատ լավ,— Հելեն,— ասաց միսս Հիքսը,— շնորհակալություն հիանալի ընթերցանության համար։ Կարող եք նստել։
Գլուխ տասնմեկերորդ. ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ
Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։
— Դե,— ասաց նա,— մենք ի՞նչ սովորեցինք։
— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։
Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։
— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։
— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։
Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.
— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։
— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։
— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։
— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։
Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.
— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։
Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։
— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։
Ոչ ոք չխոսեց։
— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։
Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։
— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։
— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։
— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։
— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։
— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։
— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։
— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։
Ջոն դարձավ Հենրիին։
— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։
— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։
— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։
— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։
— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։
Հենրին փորձեց հասկանալ։
— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։
— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։
— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։
— Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։
— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։
— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։
— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։
— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։
Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։
Գլուխ տասներկուերորդ. ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆ ՅԱՐԴ ԱՐԳԵԼԱՎԱԶՔԸ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն կանգնած էր Իթաքայի միջնակարգ դպրոցի դիրեկտորի առաջ։ Դիրեկտորի ազգանունը Իք էր, մի հանգամանք որի մասին միստր Ռոբերտ Ռիբլեյը տեղական օրաթերթում ծաղրանկար էր տպել «Հավատա՞լ, թե ոչ» վերնագրով։ Միստր Իքի անունը Օսկար էր, իսկ դա ուշադրության արժանի չէ։
— Միսս Հիքսը,— ասաց Իթաքայի միջնակարգ դպրոցի դիրեկտորը,— ամենահին և ամենալավ դասատուն է, որ երբևէ ունեցել է այս դպրոցը։ Նա իմ ուսուցչուհին էր, երբ ես հաճախում էի Իթաքայի միջնակարգ դպրոցը, նմանապես ձեր ուսուցչուհին էր, միստր Բայֆիլդ։ Ցավում եմ, որ չեմ կարող նրա գլխի վրայով թռչել և ներել երկու տղաների, որոնք անկարգություն են արել։
— Հյուբերդ Էքլի Երրորդը անկարգ տղա չէ,— ասաց դասատուն։— Հոմեր Մաքոլին, այո, անկարգ է, իսկ Հյուբերդ Էքլին՝ ոչ։ Նա օրինակելի փոքրիկ ջենտլմեն է։
— Այո,— ասաց դիրեկտորը,— Հյուբերդ Էքլին հարուստ ընտանիքից է։ Բայց եթե միսս Հիքսը նրան ասել է դասերից հետո մնալ, ուրեմն պետք է մնա։ Կասկած չկա, որ նա մի փոքրիկ, օրինակելի ջենտլմեն է։ Ես նրա Հորը հիշում եմ։ Օրինակելի էր։ Բայց միսս Հիքսը հին պատմության դասատու է, և նա երբեք չի պատժի որևէ մեկին, եթե նա պատժվելու արժանի չլինի։ Հյուբերդ Էքլին թող մեկ ուրիշ անգամ վազի։
Դիրեկտորը հարցը փակված համարեց։ Ֆիզկուլտուրայի դասատուն գրասենյակից դուրս եկավ, բայց նա ֆիզկուլտուրայի հրապարակ չգնաց, այլ մտավ հին պատմության դասասենյակը։ Այստեղ նա գտավ Հոմերին, Հյուբերդին և միսս Հիքսին։ Նա խոնարհվեց ծեր ուսուցչուհու առաջ և ժպտաց.
— Միսս Հիքս,— ասաց նա,— այս խնդրի կապակցությամբ ես խոսել եմ միստր Իքի հետ։— Նա հասկացնել տվեց, որ ինքը իրավունք էր ստացել գալու և Հյուբերդ Էքլի Երրորդին տանելու։ Սակայն այս խոսքի վրա անմիջապես Հոմեր Մաքոքին տեղից վեր թռավ, կարծես խոսքը իր ազատվելու մասին էր։
— Ես քեզ համար չեմ եկել,— ասաց դասատուն տհաճությամբ։ Նա շրջվեց դեպի մյուս տղան ու ասաց,— միստր Էքլի։
— Ի՞նչ եք ուզում ասել,— ասաց հին պատմության դասատուն։
— Միստր Էքլին,— ասաց ֆիզկուլտուրայի դասատուն,— պետք է անմիջապես հագնի իր սպորտային շորերը և գնա երկու հարյուր քսան յարդ ցածր արգելքներով վազելու։ Մենք նրան սպասում ենք։
— Այ թե ինչ,— ասաց Հոմերը։ Նա վառվում էր արդար զայրույթից։
— Լավ,— ասաց նա,— իսկ ես, միստր Մաքոլի՞ն։— Դասատուն առանց պատասխանելու դասարանից դուրս վազեց։ Նրա ետևից, մի տեսակ հուզված և ամաչելով, դուրս գնաց Հյուբերդ Էքլի Երրորդը։
— Տեսա՞ք, միսս Հիքս,— բղավեց Հոմեր Մաքոլին,— կողմնապահությո՞ւն է, թե ոչ։
Հին պատմության դասատուն այնպես էր հուզվել, որ հազիվ կարողացավ խոսել։
— Միստր Բայֆիլդը,— շշնջաց նա,— ընդունակ է ֆիզկուլտուրա դասավանդելու միայն իր նման ավանակներին։— Նա լռեց, զգալով իր նկատողության անհարմարությունը,— ներեցեք,— ասաց նա, բայց այդ մարդը ոչ միայն տգետ է, այլ նաև ստախոս։
Հրաշալի էր միսս Հիքսի բնական և անզուսպ բարկությունը։ Հոմերը զգաց, որ նա աշխարհի լավագույն ուսուցչուհին է։
— Ես նրան երբեք չեմ հավանել,— ասաց Հոմերը,— լավ է, որ դուք ևս չեք համակրում։
— Երեսունհինգ տարի է, որ Իթաքայի միջնակարգ դպրոցում հին պատմություն եմ ավանդում,— ասաց միսս Հիքսը,— դաստիարակել եմ Իթաքայի հարյուրավոր տղաների ու աղջիկների։ Դաս եմ տվել քո եղբորը՝ Մարկուսին, քրոջդ՝ Բեսին, և եթե տանը փոքր եղբայրներ ու քույրեր ունես, մի օր նրանց էլ դաս կտամ։
— Միայն մի եղբայր, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— նրա անունը Յուլիսիս է։ Ինչպե՞ս էր սովորում Մարկուսը դպրոցում։
— Մարկուսը և Բեսը,— ասաց միսս Հիքսը,— երկուսն էլ լավն էին՝ ազնիվ և քաղաքավարի։ Այո,— ավելացրեց նա,— բարեկիրթ էին,— և նա հատկապես շեշտեց այդ բառը։— Հին ժողովուրդների քաղաքակիրթ կենցաղի ժառանգությունը նրանց դարձրել էր քաղաքակիրթ հենց ծնված օրից։ Մարկուսն էլ քեզ նման երբեմն ավելորդ խոսում էր, բայց երբեք չէր ստում։ Մարդկության այս ստոր արարածները, աշխարհի այս Բայֆիլդները, որոնք միշտ էլ հիմար են եղել, կարծում են, որ պառավ կին եմ և ոչինչ չեմ հասկանում։ Նա այստեղ եկավ և բացարձակապես ստեց, ինչպես ստել է բազմաթիվ անգամներ, երբ դեռ երեխա էր և նստում էր այս դասարանում։ Նա ոչինչ չի սովորել, բացի անամոթ կերպով նրանց քծնելուց, ովքեր իր կարծիքով, իրենից բարձր են։
— Ի՜նչ եք ասում,— ասաց Հոմերը հին պատմության ուսուցչուհուն՝ մղելով շարունակելու իր քննադատությունը։
— Ես ճանաչում եմ այնպիսի լավ մարդկանց, որոնց, նրա նմանները շահագործում են,— ասաց նա։— Այս մարդիկ կյանքում առաջ են գնում ստելով, խաբելով և ճնշելով նրանց, ովքեր ստոր արարքներից բարձր են կանգնած։ Երկու հարյուր քսան յարդ վազք՝ ցածր արգելքներով։ Իսկապե՜ս ցածր։
Հին աշխարհի պատմության դասատուն սարսափելի վիրավորված էր։ Նա խոր շնչեց և թաշկինակով սրբեց աչքերը։
— Բան չկա, մի հուզվեք, միսս Հիքս,— ասաց Հոմերը։— Ես կմնամ։ Դուք կարող եք ինձ պատժել ավելորդ խոսելուս համար։ Երևի չկարողացա ինձ զսպել, բայց այսուհետև կաշխատեմ ինձ լավ պահել։ Երբեք չէի մտածի, որ ուսուցիչները բոլոր մարդկանց նման են, նույնիսկ ավելի լավը։ Ոչինչ, միսս Հիքս, դուք կարող եք ինձ պատժել։
— Ես քեզ պատժելա համար չէի պահում, Հոմեր Մաքոլի,— ասաց հին պատմության ուսուցչուհին,— ես միշտ դասերից հետո պահել եմ նրանց, ովքեր ինձ համար թանկ են... Պահել եմ՝ նրանց ավելի մոտ լինելու համար։ Դեռ որ սխալվել եմ Հյուբերդ Էքլիի նկատմամբ։ Միստր Բայֆիլդն էր, որ նրան անհնազանդության մղեց։ Ձեր երկուսին էլ քիչ հետո դաշտ էի ուղարկելու։ Դուք պատժվելու համար չէիք պահվել, այլ՝ դաստիարակվելու։ Ես հետևում եմ աշակերտների հոգու աճին և ուրախանում եմ այդ աճի յուրաքանչյուր նոր փաստով։ Դու ներողություն խնդրեցիր Հյուբերդ Էքլիից, և թեև քո այդ վարմունքը նրան ամաչեցրեց, որովհետև զգաց, որ արժանի չէ դրան, նա խելացիորեն ընդունեց քո ներողությունը։ Ես ձեզ դասերից հետո պահեցի, որովհետև ուզեցի խոսել ձեր երկուսի հետ։ Ձեզնից մեկը լավ ու հարուստ ընտանիքից է, իսկ մյուսը լավ ու աղքատ ընտանիքից։ Կյանքին հարմարվելը գուցե նրա համար ավելի դժվար լինի, քան քեզ համար։ Դա շատ կարևոր է։ Ուզեցի խոսել ձեր երկուսի հետ։
— Ինձ թվում է, որ սիրում եմ Հյուբերդին,— ասաց Հոմերը,— միայն թե, նա ինչո՞ւ է կարծում, որ ինքն ավելի լավն է, քան մյուս տղաները։
— Այո, գիտեմ,— ասաց հին պատմության ուսուցչուհին,— ես քեզ հասկանում եմ, բայց այս աշխարհում, ի վերջո, յուրաքանչյուր մարդ ուրիշներից և լավ է, և վատ։ Ջո Տերանովան ավելի խելացի աշակերտ է, քան Հյուբերդը, բայց Հյուբերդն էլ իր հերթին, նույնքան պարկեշտ է։ Դեմոկրատական երկրռւմ բոլոր մարդիկ հավասար պետք է լինեն։ Դրանից հետո այդ արդեն իրենք գիտեն լավը կլինեն թե վատը, ազնիվ թե անազնիվ։ Ես աշխատում եմ, որ իմ տղաներն ու աղջիկները իրենց դրսևորեն լավ գործերով և առաքինի մեծանան։ Թե արտաքինից ինչպե՞ս են երևում իմ աշակերտները, ինձ համար նշանակություն չունի։ Ես չեմ խաբվում ոչ բարեկիրթ և ոչ էլ վատ ձևերից։ Ինձ հետաքրքրում է, թե իսկապես ինչ կա այդ ձևերի տակ։ Ինձ համար կարևորը այն չէ, որ իմ աշակերտը հարուստ է, թե աղքատ, կաթոլիկ է, բողոքական, թե հրեա, սպիտակ է, սև թե դեղին, սրամիտ՝ թե բթամիտ, հանճարեղ՝ թե պարզամիտ։ Կարևորն այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, ովքեր իրենից ցածր են գտնվում, և նրանց՝ ովքեր իրենից բարձր են։ Եթե իմ աշակերտները մարդ լինեն, այդքանը բավական է։ Ես չեմ ուզում, որ նրանք նման լինեն իրար։ Ես ուզում եմ, որ իմ աշակերտներից յուրաքանչյուրն իր դեմքն ունենա։ Չեմ ուզում, որ դու, Հոմեր, լինես ուրիշի նման՝ ինձ հաճոյանալու կամ իմ աշխատանքը հեշտացնելու համար։ Ձանձրալի է այն դասարանը, որտեղ բոլորը փոքրիկ օրիորդներ ու ջենտլմեններ են միայն։ Ուզում եմ, որ իմ երեխաները մարդ լինեն, յուրաքանչյուր՝ տարբեր, յուրաքանչյուրը՝ յուրահատակ, յուրաքանչյուրը՝ հաճելի և հետաքրքրական տարբերակը բոլոր մյուսների։ Ուզում էի, որ Հյուբերդ Էքլին այս բոլորը քեզ հետ լսեր, քեզ հետ հասկանար, որովհետև, եթե այժմ դու չես սիրում նրան, և ինքը չի սիրում քեզ, դրանում անբնական բան չկա։ Ուզում էի իմանար, որ ձեզնից յուրաքանչյուրը իսկական մարդ կլինի այն ժամանակ, երբ հակառակ ձեր փոխադարձ չսիրելուն կարողանաք իրար հարգել։ Ահա թե ինչ է նշանակում դաստիարակված լինել, ահա թե ինչ է սովորեցնում մեզ հին աշխարհի պատմությունը։
Դասատուն մի վայրկյան դադար առավ և նայեց տղային, որը իրեն անհասկանալի ինչ֊որ պատճառով քիչ էր մնում լաց լինի։
— Ուրախ եմ, որ հենց քեզ հետ խոսեցի,— ասաց ուսուցչուհին,— և ոչ թե ուրիշ որևէ աշակերտի։ Երբ թողնես դպրոցը, ինձ մոռանալուց շատ հետո էլ, աշխարհում ես կհետևեմ քեզ և բնավ չեմ զարմանա այն լավ գործերի համար, որ, վստահ եմ, պիտի կատարես։
Հին պատմության ուսուցչուհին նորից խոր շնչեց և թաշկինակը տարավ աչքերին։
— Իսկ հիմա վազիր մարզահրապարակ,— ասաց նա,— մրցիր Հյուբերդ Էքլիի հետ երկու հարյուր քսան յարդ արգելավազքում։ Եթե ժամանակ չլինի շորերդ փոխելու փույթ չէ, վազիր, նույնիսկ եթե բոլորը ծիծաղեն քեզ վրա։ Աշխարհում, նախքան ոտքի կանգնելդ, դեռ հաճախ կլսես այդ ծիծաղը։ Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք պիտի փորձեն շփոթեցնել քեզ և շեղել ճանապարհիցդ, բայց, ես վստահ եմ, ուշադրություն չես դարձնի այդ ծիծաղին։
Ուսուցչուհին հոգոց հանեց և ասաց հոգնած.
— Վազիր դաշտ, Հոմեր Մաքոլի։ Ես կգամ քեզ դիտելու։— Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցում ապրող Մաքոլիների ընտանիքի երկրորդ որդին շրջվեց և դուրս եկավ սենյակից։
Մարզահրապարակում Հյուբերդ Էքլին և երեք տղաները, որոնք այդ օրը նրա հետ արդեն վազել էին, իրենց տեղերն էին գրավում, երկու հարյուր քսան յարդ արգելավազքի համար։ Հոմերը հասավ հինգերորդ վազքուղուն ճիշտ այն ժամանակ, երբ դատավորը, ատրճանակը ձեռքին, վազքի մեկնարկն էր տալիս։ Հոմերը մյուսների հետ վազեց։ Նա իրեն շատ լավ էր զգում, բայց խիստ զայրացած էր ու հավատում էր, որ աշխարհում ոչ մի բան իրեն չէր կարող խանգարել՝ շահելու համար այս մրցությունը. ոչ անհարմար կոշիկները, ոչ վազքի համար անհարմար շորերը, ոչ փորձ չունենալը, ոչ մի բան։ Նա պարզապես պիտի հաղթեր, և վերջ։
Նրա կողքի վազքուղու վրա գտնվող Հյուբերդ Էքլին շրջվեց Հոմերի կողմը և ասաց.
— Դու այդ վիճակով չես կարող վազել։
— Ինչո՞ւ,— ասաց Հոմերը,— կտեսնես։
Տրիբունայում նստած միստր Բայֆիլդը դարձավ կողքի մարդուն և հարցրեց.
— Ո՞վ էր եզրային գծից առանց համազգեստի մեկնարկ վերցնողը։— Եվ անմիջապես հիշեց, թե ով էր։
Նա ուզեց կանգնեցնել վազքը, որպեսզի հեռացնի հինգերորդ վազողին, բայց շատ ուշ էր։ Ատրճանակը կրակված էր, և մրցողները սլանում էին։ Հոմերը և Հյուբերդը աոաջին արգելքը հաղթահարեցին մյուսներից շուտ. երկուսն էլ հաջողությամբ թռչելով։ Երկրորդ արգելքի մոտ Հոմերը մի քիչ անցավ Հյուբերդից և առջևում մնաց երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ ու ութերորդ արգելքները հաղթահարելիս։ Բայց Հյուրերդ Էքլին նրան կպած գալիս էր։ Տղաները վազելիս բառեր էին փոխանակում։ Աոաջին արգելքին Հյուբերդը բղավեց.
— Որտե՞ղ ես սովորել այդպես վազել։
— Ոչ մի տեղ,— ասաց Հոմերը,— հիմա եմ սովորում։
Երկրորդ արգելքին Հյուբերդը ասաց.
— Ինչո՞ւ ես շտապում, լավ չէ այդքան արագ վազելը։
— Ես մրցությունը շահելու եմ,— ասաց Հոմերը։
Երրորդ արգելքին Էքլին հարցրեց.
— Ո՞վ ասաց։
Իսկ չորրորդ արգելքին Հոմերը պատասխանեց։
— Ես եմ ասում։
Հինգերորդ արգելքին Հյուբերդը ասաց.
— Դանդաղեցրու, սա երկար վազք է, կհոգնես։— Հետո հանկարծ բղավեց,— էհե՜յ, ուշադրություն, Բայֆիլդը գալիս է։
Հոմերը իններորդ արգելքին հասավ ճիշտ այն ժամանակ, երբ Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն հակառակ կողմից վրա հասավ։ Այնուամենայնիվ, Հոմերը թռավ։ Նա թռավ ուղիղ ֆիզկուլտուրայի դասատուի բաց թևերի մեջ, և նրանք երկուսով գետին ընկան։ Հյուբերդ Էքլին կանգ առավ և դարձավ մյուսներին։
— Կանգնեք,— բղավեց նա,— թող վեր կենա։ Նա հրաշալի էր վազում, բայց խանգարեցին։
Հոմերն արագ վեր կացավ և շարունակեց վազել։ Նույն վայրկյանին սկսեցին վազել նաև մյուսները։
Դաշտում բոլոր գտնվողները, նույնիսկ Հելեն Էլիոթը, զարմացել էին կատարվածից։ Հին աշխարհի պատմության դասատու միսս Հիքսը կանգնած էր վերջնագծի մոտ։ Նա թափահարում էր ձեռքը և անխտիր քաջալերում բոլորին, տղաներից յուրաքանչյուրին.
— Շտապիր, Հոմեր,— ասում էր նա,— շուտ արա, Հյուբերդ, վազեցեք, Սա՛մ, Ջո՛րջ, Հե՛նրի։
Նախավերջին արգելքի մոտ Հյուբերդ Էքլին հասավ Հոմեր Մաքոլիին։
— Ցավում եմ,— ասաց նա,— ստիպված եմ անցնել։
— Անցիր,— պատասխանեց Հոմերը,— եթե կարող ես։
Հյուբերդ Էքլին Հոմերից մի քիչ առաջ անցավ, իսկ վազքը ավարտվում էր։ Հոմերը վայր գցեց վերջին արգելքը և գրեթե հասավ առջևից վազողին։ Վերջնագծում նրանք այնքան մոտ էին իրար, որ ոչ ոք չէր կարող ասել, թե ով շահեց մրցությունը՝ Հյուբերդ Էքլի՞ն, թե Հոմեր Մաքոլին։ Սամը, Ջորջը և Հենրին հասան նրանցից անմիջապես հետո, և միսս Հիքսը, հին աշխարհի պատմության դասատուն, բոլորին գրկեց։
— Հրաշալի էր, բոլորդ էլ շատ լավ վազեցիք,— ասաց նա։
— Դուք ինձ ներեցեք, միսս Հիքս,— ասաց Հյուբերդ Էքլին,— ես պետք է Հոմերի հետ դասարանում մնայի։
— Հիմա դա կարևոր չէ,— ասաց միսս Հիքսը,— լավ է, որ սպասեցիր մինչև Հոմերը բարձրանա, երբ նրան խանգարեցին։
Բարկացած, դառնացած և մի քիչ էլ ամաչելով իր ընկնելու համար, Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն վազելով գալիս էր դեպի տղաների խումբը, որին միսս Հիքսը հավաքել էր իր շուրջը։
— Մաքոլի,— բղավեց նա տասնհինգ յարդ հեռվից,— քո արածի համար այս կիսամյակում զրկվում ես դպրոցի սպորտային միջոցառումներին մասնակցելու իրավունքից։
Մարզիչը հասավ խմբին, կանգ առավ և սպառնալից հայացքով նայեց Հոմեր Մաքոլիին։ Հին պատմության դասատուն դարձավ նրան.
— Միստր Բայֆիլդ,— ասաց նա,— ինչո՞ւ եք պատժում Հոմեր Մաքոլիին։
— Ներեցեք, միսս Հիքս,— ասաց դասատուն,— ես իմ որոշումները ընդունում եմ առանց հին պատմության ամբիոնի օժանդակության։— Նա դարձավ Հոմերին և ասաց.— հասկացա՞ր։
— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը։
— Այժմ գնա իմ առանձնասենյակը և առանց թույլտվության դուրս չգաս այնտեղից,— հրամայեց Բայֆիլդը։
— Ձեր առանձնասենյա՞կ,— հարցրեց Հոմերը,— բայց ես գործ ունեմ,— նա հանկարծ հիշեց, որ ժամը չորսին աշխատանքի պետք է գնա։— Ժամը քանի՞սն է,— հարցրեց նա։
Հյուբերդ Էքլին նայեց ձեռքի ժամացույցին։
— Չորսից քառորդ պակաս,— ասաց նա։
— Գնա իմ առանձնասենյակ,— բղավեց նա։
— Բայց դուք չեք հասկանում, միստր Բայֆիլդ,— ասաց Հոմերը,— ես գնալու տեղ ունեմ, ես կուշանամ։
Ջո Տերանովան մոտեցավ խմբին։
— Իսկ ինչո՞ւ նա պետք է մնա դասերից հետո,— ասաց Ջոն,— նա ոչ մի վատ բան չի արել։
Դասատուն արդեն շատ էր բարկացել.
— Դու քո ստահակի կեղտոտ ռեխը փակիր, մակարոնի ճուտ,— բղավեց նա Ջոյի վրա։
Ապա մի կողմ հրեց տղային, որը երերալով ետ֊ետ գնաց ու գետին չընկած՝ բղավեց.
— Ի՜նչ, մա֊կա֊րոն...
Հոմերը հարձակվեց միստր Բայֆիլդի վրա, կարծես ֆուտբոլի դաշտում լիներ, միաժամանակ ասելով.
— Չհամարձակվեք ընկերոջս անուններ կպցնել։
Մինչ Հոմերը և Բայֆիլդը նորից գետնի վրա էին, Ջո Տերանովան վեր կացավ և կատաղությամբ այնպես նետվեց Բայֆիլդի վրա, որ վերջինս գետին թավալվեց։ Շնչակտուր և հուզված՝ վազելով եկավ դպրոցի դիրեկտոր միստր Իքը։
— Պարոններ,— ասաց նա,— տղաներ, տղաներ։— Նա Ջո Տերանովային քաշեց մարզիչի վրայից, որն այդպես էլ մնաց գետնին պառկած։
— Միստր Բայֆիլդ,— խստությամբ նրան դիմեց դպրոցի դիրեկտորը,— ի՞նչ է նշանակում այս ամենը։
Բայֆիլդը առանց բառ արտասանելու մատնացույց արեց միսս Հիքսին։
Միսս Հիքսը կանգնած էր Բայֆիլդի գլխավերևը։
— Ձեզ բազմիցս ասել եմ, միստր Բայֆիլդ, որ մարդկանց հետ այդպես չվարվեք,— ասաց միսս Հիքսը,— նրանց այդ դուր չի գալիս։— Նա դարձավ դպրոցի դիրեկտորին.— միստր Բայֆիլդը պարտավոր է Ջո Տերանովայից ներողություն խնդրել։
— Մի՞թե, իսկապե՞ս, միստր Բայֆիլդ,— հարցրեց միստր Իքը։
— Ջոյի ծնողները Իտալիայից են եկել,— ասաց միսս Հիքսը,— բայց դա չի նշանակում, որ նրանց պետք է մակարոն անվանել։
Ջո Տերանովան ասաց.
— Ինձ պետք չէ նրա ներողությունը։ Եթե նա ինձ անուններ կպցնի, ես նրա մռութին կհասցնեմ։ Եթե ծեծի, եղբայրներիս կկանչեմ։
— Ջոզեֆ,— ասաց միսս Հիքսը,— դու պետք է թույլ տաս, որ միստր Բայֆիլդը ներողություն խնդրի, նա քեզնից կամ քո ծնողներից չէ, որ ներողություն է խնդրելու։ Նա ներողություն է խնդրելու մեր երկրից։ Դու պետք է թույլ տաս, որ նա վերստին փորձի ամերիկացի դառնալ։
— Ճիշտ է,— հաստատեց դպրոցի դիրեկտորը,— սա Ամերիկան է, և միակ օտարականը նա է, ով մոռանում է, որ սա Ամերիկան է։— Նա դարձավ մարզչին, որ դեռ նստած էր գետնին։— Միստր Բայֆիլդ։
Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ոտքի ելավ։
— Ներողություն եմ խնդրում,— ասաց նա, խոսքը առանց որևէ մեկին ուղղելու, և շտապեց հեռանալ։
Ջո Տերանովան և Հոմեր Մաքոլին միասին գնացին։ Ջոն հանգիստ քայլում էր, իսկ Հոմերը կաղում էր։ Նա վնասել էր իր ձախ ոտքը, երբ Բայֆիլդը փորձել էր կանգնեցնել նրան։
Միսս Հիքսն ու միստր Իքը դարձան երեսուն թե քառասուն տղաներին ու աղջիկներին, որոնք հավաքվել էին իրենց շուրջը։ Սրանք տարբեր դիմագծեր ունեին և տարբեր ազգությունների էին պատկանում։
— Այժմ տուն գնացեք,— ասաց միսս Հիքսը, բայց քանի որ երեխաները դեռ մի քիչ հուզված էին, նա շարունակեց,— աշխուժացե՛ք, քթներդ մի կախեք, այս բոլորը դատարկ բաներ են։
— Այո,— ավելացրեց դպրոցի դիրեկտորը,— աշխուժացե՛ք, պատերազմը հավիտյան չի շարունակվելու։
Երեխաները խմբերի բաժանվեցին և հեոացան։
Գլուխ տասներեքերորդ. ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ
Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մուրդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։
Միստր Քովինգտոնը, խանութի տերն ու հիմնադիրը, անմիջապես սկսեց Մեծ Քրիսին ցույց տալ մի նոր թակարդ, որը վերջերս հնարել էր մի ֆրիանդեցի։ Թակարդը մեծ էր և բարդ կաոուցվածքի։ Այն սարքված էր պողպատից, կիտրոնի փայտից, պարաններից և զսպանակներից։ Այդ թակարդը գազանին բռնում է, գրտնից բարձրացնում և այդպես պահում՝ մինչև որսորդի գալը։
— Վերջին գյուտերից է,— ասաց միստր Քովինգտոնը,— Սաֆըրթի անունով մի ֆրիանդեցի է հնարել։ Նա դիմել է մենաշնորհի իրավունք ստանալու համար և առայժմ երկու օրինակ է միայն սարքել։ Մեկը որպես նմուշ ուղարկել է գյուտարարության գրասենյակ, իսկ այս մեկը ուղարկել է ինձ՝ վաճառելու։ Թակարդը չորքոտանի որսալու համար է։ Միստր Սաֆըրթին այն կոչամ է «գազանին բարձրացնող, չորս կողմից բռնող և պահող Սաֆըրթիի թակարդ»։ Նա քսան դոլար է պահանջում դրա համար։ Թակարդը դեռևս չի փորձարկվել, բայց ինչպես ինքներդ տեսնում եք, ամուր է և ամենայն հավանականությամբ առանց որևէ դժվարության կարող է գետնից բարձրացնել, չորս կողմից բռնել և պահել մի մեծ արջ։
Մեծ Քրիսը սպորտային իրերի վաճառատան տիրոջը լսում էր երեխայի հափշտակությամբ, իսկ նրա ետևում կանգնած Յուլիսիս Մաքոլին էր լսում նրան նույն հափշտակությամբ։ Նա գլուխը մտցրել էր երկու մարդկանց արանքը՝ թակարդն ավելի լավ տեսնելու համար։ Միստր Քովինգտոնը մտածում էր, թե Յուլիսիսը Մեծ Քրիսի որդին է, իսկ Մեծ Քրիսը կարծում էր, թե Յուլիսիսը Քովինգտոնի որդին է։ Այնպես որ՝ երկուսն էլ չէին նկատում փոքրիկ տղայի ներկայությունը։ Ինչ վերաբերում էր Յուլիսիսին, ապա նա միայն այն գիտեր, որ իր տեղը հենց այնտեղ է, ուր տեսնելու որևէ հետաքրքրական բան կա։
— Այս թակարդի առավելությունն այն է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ չի վիրավորում կենդանուն, մորթը անվնաս է թողնում։ Միստր Սաֆըրթին երաշխավորում է տասնմեկ տարվա անխափան աշխատանք։ Այդ վերաբերում է նաև թակարդի առանձին մասերին՝ փայտյա հենակների, թոկերի դիմացկունությանը, պողպատին, զսպանակներին և մյուս մասերին։ Միստր Սաֆըրթին թեև որսորդ չէ, բայց վստահ է, որ դա աշխարհի ամենագործունակ և նվազագույն անգութ թակարդն է։ Յոթանասունի մոտ մարդ է նա, խաղաղ ապրում է Ֆրիանդում, գրքեր է կարդում և ամեն տեսակ բաներ հնարում։ Ընդհանուր առմամբ նա հնարել է երեսունյոթ տարբեր տեսակի գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են։— Միստր Քովինգտոնը թակարդի մասին իր ասելիքն ավարտեց։— Դե,— ասաց նա,—կարծում եմ, որ թակարդը լարված է։
Ավելի լավ տեսնելու համար Յուլիսիսը այնքան մոտեցավ, որ թակարդը մեղմ, բայց և արագ նրան իր մեջ առավ, բարձրացրեց, շուռ տվեց և պահեց ոտքերը դետնից բարձր, հորիզոնական դիրքով։ Տղան ոչ մի ձայն չհանեց, թեև մի քիշ այլայլվեց։ Մեծ Քրիսը, սակայն, այդ բանը սրտին մոտ ընդունեց։
— Զգույշ,— բղավեց նա Քովինգտոնին,— նայեցեք, որ ձեր որդին չվնասվի։
— Իմ որդի՞ն,— զարմացավ Քովինգտոնը կարծում էի, որ նա ձեր որդին է։ Կյանքումս չեմ տեսել այդ տղային։ Նա ձեզ հետ ներս մտավ։
— Ճի՞շտ,— ասաց Մեծ Քրիսը,— չնկատեցի։ Ինչ֊որ է, շտապեք։ Նրան թակարդից դուրս հանեք, դուրս բերեք, խնդրում եմ։
— Այս րոպեին, սըր,– ասաց Քովինգտոնը,— ապա տեսնեմ։
Մեծ Քրիսը մտահոգ էր և շփոթված։
— Անունդ ի՞նչ է, մանչուկ,— հարցրեց նա։
— Յուլիսիս,— թակարդի միջից պատասխանեց ադան։
— Իմ անունը Մեծ Քրիս է,— ասաց բլուրներից իջած մարդը։— Մի քիչ համբերիր, Յուլիսիս, մի վախեցիր, այս մարդը քեզ հիմա դուրս կհանի այդտեղից։ Մեծ Քրիսը դարձավ միստր Քովինգտոնին։— Դե, շտապեք,— ասաց նա,— տղային դուրս հանեք։ Նրան դուրս բերեք, խնդրում եմ։
Միստր Քովինգտոնը պակաս շփոթված չէր, քան Մեծ Քրիսը։
— Լավ չեմ հիշում, թե միստր Սաֆըրթին ինչպես բացատրեց թակարդի այդ մասի կառուցվածքը,— ասաց նա,— միստր Սաֆըրթին չփորձարկեց իր թակարդը, հասկանո՞ւմ եք, որովհետև... մի խոսքով, ոչ մի գազան չունեինք այն փորձարկելու համար։ Միստր Սաֆըրթին միայն բացատրություններ տվեց։ Կարծեմ, այս մասը հարկավոր է դուրս քաշել... Ոչ, կարծես թե այդ մասը շարժական չէ։
Միստր Քովինգտոնն ու Մեծ Քրիսը գործի անցան։ Մեծ Քրիսը բռնել էր Յուլիսիսին, որպեսզի նա երեսի վրա գետին չընկնի, եթե թակարդը հանկարծակի բացվի, իսկ մյուսը թակարդի տարբեր մասերն էր քաշքշում, հույս ունենալով, թե որևէ մաս կշարժվի։
— Շտապի՛ր, շո՛ւտ,— ասաց Մեծ Քրիսը,— հո չի կարելի ամբողջ օրը երեխային օդում գլխիվայր պահել։ Չի ցավում այնպես չէ՞, Յուլիսիս։
— Ոչ, սըր,— ասաց Յուլիսիսը։
— Ոչինչ, դու միայն պինդ կաց,— ասաց Մեծ Քրիսը,— քեզ այդտեղից կհանենք։— Նա նայեց տղային և հետո ասաց,— ինչո՞ւ այդքան մոտ գնացիր։
— Ուզում էի լավ տեսնել,— ասաց Յուլիսիսը։
— Այո, շատ հետաքրքրական գործիք է,— ասաց Մեծ Քրիսը։— Շուտով այս մարդը քեզ դուրս կհանի, իսկ ես չեմ թողնի, որ գետին ընկնես։ Քանի՞ տարեկան ես։
— Չորս,— ասաց Յուլիսիսը։
— Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞,— Մեծ Քրիսը շրջվեց միստր Քովինգտոնին,— ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։
— Ուոլտըր Քովինգտոն,— ասաց միստր Քովինգտոնը,— խանութի տերն եմ։
— Հիանալի է,— ասաց Մեծ Քրիսը,— ուրեմն, Ուոլտըր, տղային թակարդից դուրս հանիր։ Քաշիր այդ փայտյա մասը։ Տղային ես պահում եմ։ Մի վախենա, Յուլիսիս։ Հորդ անունն ի՞նչ է։
— Մաթյու,— ասաց Յուլիսիսը։
— Նա շատ բախտավոր մարդ է, որ քեզ նման տղա ունի,— ասաց Մեծ Քրիսը,— աչքաբաց մի տղա։ Ամբողջ աշխարհը կտայի քեզ նման տղա ունենալու համար, Յուլիսիս, բայց դժբախտաբար ինձ հարմար կնոջ չհանդիպեցի։ Օկլահոմայում, երեսուն տարի առաջ, մի աղջկա հանդիպեցի, բայց նա ուրիշ մարդու հետ գնաց։ Գտա՞ր, Ոոլտըր։
— Դեռ ոչ,— ասաց միստր Քովինգտոնը,— բայց կգտնեմ։ Կարծեմ, այս պետք է լինի... Ոչ... Միստր Սաֆըրթին բացատրեց, թե ինչպես պետք է գազանին դուրս հանել թակարդից, բայց, ըստ երևույթին, չեմ կարողանամ ճիշտ տեղը զանել։ Գուցե ամեն ինչ փոխվում է, երբ գազանի փոխարեն փոքր երեխա է թակարդն ընկնում։
Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։
— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։
— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։
— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։
— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։
— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։
— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։
— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։
Տիկինն ասաց.
— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։
— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։
— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։
Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։
— Գուցե ավելի լավ է զանգահարեմ միստր Սաֆըրթիին,— ասաց նա,— տղային չեմ կարողանում դուրս հանել։
— Այստե՞ղ պիտի մնամ,— հարցրեց Յուլիսիսը։
— Ոչ, չես մնա, մանչուկ,— ասաց Մեծ Քրիսը,— ոչ, այդտեղ չես մնա։ Մենք քեզ դուրս կհանենք։
Մի տղա, թևի տակ տասնյակ երեկոյան լրագրեր, մտավ վաճառատուն։ Նա խցկվեց ժողովրդի մեջ, շարժվեց դեպի բեմը, նայեց Յուլիսիսին, նայեց ժողովրդին, նորից նայեց Յուլիսիսին և հետո ասաց.
— Հելլո, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։
— Հելլո, Օգի,— ասաց Յուլիսիսը,— բռնվել եմ։
— Ինչի համար,— ասաց Օգին։
— Բռնեցին,— ասաց Յուլիսիսը։
Լրագրավաճառ տղան փորձեց օգնել Մեծ Քրիսին, բայց շատ խանգարում էր։ Նա սարսափահար շուրջը նայեց և րոպեական շփոթությանից հետո փողոց նետվեց և վազեց հեռագրատուն։ Հոմերը այդտեղ չէր, նորից փողոց դուրս եկավ, այս ու այն կողմ ընկավ՝ մարդկանց բախվելով և միաժամանակ գոռալով օրվա նորությունները։
Մի կին, որին բախվել էր, կիսաձայն ասաց.
— Գիժ է, գժվել է թերթ ծախելու մոլուցքից։
Օգին մի ամբողջ թաղամաս վազեց, դուրս եկավ փողոցի մեջտեղը, որպեսզի կարողանա նայել չորս կողմը ու գտնել Հոմերին։ Եվ ուղղակի հրաշք էր, որ անկյունում երևաց Հոմերը՝ հեծանիվի վրա։ Օդին վազեց Հոմերին ընդառաջ, ամբողջ ուժով բղավելով.
— Հոմեր, դու պետք է անմիջապես գաս։ Հոմեր, դու պետք է...
Հոմերը հեծանիվից իջավ։
— Ի՞նչ է պատահել, Օգի,— ասաց նա։
— Հոմեր գիտե՞ս ինչ է պատահել,— բղավեց 0գին, թեև Հոմերը կանգնած էր իր կողքին,— դու պետք է ինձ հետ գաս, Հոմեր,— նա բռնեց Հոմերի թևը։
— Բայց ի՞նչ է պատահել,— ասաց Հոմերը։
— Քովինգտոնի մոտ, այնտեղ,— ասաց Օգին,— շտապիր... դու պետք է ինձ հետ գաս։
— Ինչ է,— ասաց Հոմերը,— ուզում ես ինչ֊որ ձկնորսական կա՞րթ ցույց տալ ինձ կամ ցուցափեղկում դրված հրացան։ Բայց ես այլևս չեմ կարոդ առաջվա պես աննպատակ թափառել Օգի։ Ես հիմա աշխատում եմ, պարտավոր եմ աշխատանքի գնալ։
Հոմերը նորից հեծանիվ նստեց և սկսեց քշել, բայց Օգին բռնեց հեծանիվի նստոցից և վազեց՝ հեծանիվը հրելով դեպի Քովինգտոնի խանութի կողմը։
— Հոմեր,— բղավեց նա,— դու պարտավոր ես ինձ հետ գալ։ Նա բռնված է։ Նա չի կարողանում դուրս գալ։
— Ինչի՞ մասին ես խոսում,— ասաց Հոմերը։
Նրանք հասան Քովինգտոնի խանութը։ Վաճառատան առաջ մի փոքրիկ բազմություն էր հավաքված, և Հոմերը սկսեց մի քիչ վախենալ։ Օգին ցույց տվեց մարդկանց։ Երկու տղաները մխրճվեցին ժողովրդի մեջ, մտան խանութ, հասան թակարդին։ Այնտեղ, թակարդի մեջ էր Հոմերի եղբայրը՝ Յուլիսիսը, իսկ թակարդի շուրջը կանգնած էին Մեծ Քրիսը, միստր Քովինգտոնը և մի քանի օտար մարդիկ՝ կանայք ու երեխաներ։
— Յուլիսիս,— բղավեց Հոմերը։
— Հելլո, Հոմեր,— ասաց Յուլիսիսը։
Հոմերը դարձավ բազմությանը։
— Ի՞նչ գործ ունի եղբայրս այս վանդակի մեջ,— հարցրեց նա։
— Նա բռնվեց,— ասաց միստր Քովինգտոնը։
— Իսկ այս մարդիկ ինչ են անում,— հարցրեց Հոմերը։— Գնացեք, տուն, գնացեք,— ասաց նա մարդկանց,— մի՞թե չի կարող փոքրիկ երեխան թակարդի մեջ ընկնել, առանց ամբողջ աշխարհը իր շուրջը հավաքելու։
— Ճիշտ է,— ասաց միստր Քովինգտոնը։— Ովքեր հաճախորդ չեն, թող հեռանան այստեղից։— Միստր Քովինգտոնը մի հայացք գցեց ներկաների վրա։— Միստր Ուալլաս,— ասաց նա,— դուք կարող եք մնալ։ Դուք նույնպես ինձ մոտ եք գնումներ կատարում, միստր Սիքերտ, Ջորջ, դուք նույնպես միստր Սպինդալ, Շորթի։
— Ես էլ եմ այստեղ առևտուր անում,— ասաց մի մարդ,— մի շաբաթ էլ չկա, որ այս խանութից կարթեր դնեցի։
— Ճիշտ է,— ասաց միստր Քովինգտոնը,— ձկան կարթեր։ Մյուսները, խնդրում եմ, թող հեռանան։
Միայն երկու հոգի մի քիչ հեռացան։
— Մի վախեցիր, Յուլիսիս,— ասաց Հոմերը։— Հիմա ինչ որ պետքն է կանեմ։ Լավ էր, որ Օգին գտավ ինձ։ Օգի, վազիր հեռագրատուն և ասա միստր Սփանգլերին, որ Յուլիսիս եղբայրս թակարդի մեջ է ընկել Քովինգտոնի մոտ, և ես փորձում եմ նրան դուրս բերել։ Արդեն ուշացել եմ։ Բայց ասա նրան, որ այդտեղ կլինեմ անմիջապես, հենց որ Յուլիսիսին թակարդից դուրս հանեմ։ Դե, շտապիր։
Օգին դուրս վազեց։ Նա բախվեց մի ոստիկանի, որը վաճառատուն էր մտնում, և նրան համարյա գետին գցեց։
— Այս ի՞նչ իրարանցում է,— հարցրեց ոստիկանը։
— Մի փոքր երեխա է թակարդի մեջ ընկել,— ասաց միստր Քովինգտոնը։— Չենք կարողանում դուրս հանել։
— Հիմա կտեսնենք,— ասաց ոստիկանը։
Նա նայեց Յուլիսիսին, ապա դարձավ ժողովրդին։
— Դե լավ, — ասաց նա, — բոլորդ հեռացեք։ Այսպիսի բաներ ամեն օր պատահում են։ Ի՞նչ է, գործ չունե՞ք, ինչ եք աչքներդ չոել թակարդի մեջ ընկած մի երեխայի։— Ոստիկանը ժողովրդին վաճառատնից դուրս հանեց և փակեց գլխավոր դուռը։ Նա շրջվեց դեպի միստր Քովինգտոնը և Մեծ Քրիսը։— Այժմ տղային դուրս հանեք ու շտապ տուն ուղարկեք,— ասաց նա։
— Ճիշտ է,— ասաց միստր Քովինգտոնը,— և ինչքան արագ, այնքան լավ։ Թե չէ խանութս փակեցիք, իսկ դեռ ժամը չորսն անց կես է։
— Ինչպե՞ս է աշխատում այս գործիքը,— ասաց Հոմերը։
— Սա նոր տեսակի թակարդ է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ վերջերս հնարել է ֆրիանդեցի միստր Վիլֆրեդ Սաֆըրթին։ Նա քսան դոլար է պահանջում սրա համար և դիմել է մենաշնորհի իրավունք ստանալու
— Կամ ինքներդ եղբորս դուրս հանեք,— ասաց Հոմերը,— կամ էլ գտեք մեկին, որ կարողանա հանել։ Կանչեք միստր Սաֆըրթիին։
— Փորձեցի զանգահարել միստր Սաֆըրթիին, բայց հեռախոսը փչացել է,— ասաց միստր Քովինգտոնը։
— Փչացե՞լ,— բղավեց Հոմերը։ Այդ պատմությանը նրան շատ էր զայրացրել։— Իմ ի՞նչ գործն է, որ հեռախոսը փչացել է,— ասաց նա։— Շուտ այդ մարդուն այստեղ բերեք և եղբորս թակարդից ազատեք։
— Այո, լավ կլինի, այդպես էլ անենք,— ասաց ոստիկանը միստր Քովինգտոնին։
— Պարոն ոստիկան,— ասաց միստր Քովինգտոնը,— ես աշխատում եմ օրինավոր առևտուր անել։ Ես օրենքին հլու քաղաքացի եմ և վճարում եմ իմ բոլոր հարկերը, որից և, կարող եմ ասել, դուք ստանում եք ձեր աշխատավարձը։ Ես արդեն փորձեցի հեռախոսով գտնել միստր Սաֆըրթիին։ Հեռախոսը, ըստ երևույթին, փչացել է։ Ես չեմ կարող օրը ցերեկով թողնել խանութը և գնալ նրան փնտրելու։
Հոմերն ուղիղ նայեց միստր Քովինգտոնի աչքերին և մատը թափ տվեց նրա քթի տակ։
— Գնացեք գտեք այս տանջանքի մեքենան հնարողին,— ասաց նա,— և եղբորս դուրս հանեք այդտեղից։ Հասկացա՞ք։
— Դա տանջանքի մեքենա չէ,— ասաց միստր Քովինգտոնը,— վաճառքում եղած լավագույն թակարդն է։ Այն ողջ է պահում գազանին, առանց վնասելու նրա մորթը և մարմինը։ Ոչ ճզմում է, ոչ էլ քերծվածք, կտրվածք պատճառում։ Այս գործիքը գազանին տեղից հանում է և օդում պահելով՝ անվնաս դարձնում։ Բացի այդ, միստր Սաֆըրթին գուցեև տանը չէ։
— Ի՞նչ,— ասաց Հոմերը,— այդ ինչե՞ր ես ասում։
Ոստիկանը որոշեց ուսումնասիրել թակարդը։
— Գուցե,— ասաց նա,— ավելի լավ է պողպատը սղոցել և այդ ձևով դուրս հանել տղային։
— Պողպատը սղոցե՞լ,— զարմացավ միստր Քովինգտոնը,— ինչպե՞ս։
— Յուլիսիս,— հարցրեց Հոմերը,— որևէ բան ուզո՞ւմ ես։ Լա՞վ ես։ Քեզ ի՞նչ բերեմ։
Մեծ Քրիսը, թակարդի վրա աշխատելուց քրտնած, նախ մի եղբորը նայեց, ապա մյուս եղբորը՝ խորապես հուզվելով թակարդի մեջ եղողի հանգստությունից ու մեծ եղբոր նվիրվածությունից։
— Յուլիսիս,— հարցրեց Հոմերը,— որևէ բան ուզո՞ւմ ես։
— Հայրիկին,— ասաց Յուլիսիսը։
— Իսկ հայրիկից բացի ուրիշ բան չե՞ս ուզում,— հարցրեց Հոմերը։
— Մարկուսին,— ասաց տղան։
— Մարկուսը բանակում է,— ասաց Հոմերը։— Պաղպաղակ կամ դրա նման մի բան ուզո՞ւմ ես։
— Ոչ,— ասաց Յուլիսիսը,— միայն Մարկուսին։
— Մարկուսը բանակում է,— ասաց Հոմերը։ Նա դարձավ Քովինգտոնին։— Եղբորս դուրս հանեք այս թակարդից, շտապեք,— բղավեց նա։
— Մի րոպե սպասիր,— ասաց Մեծ Քրիսը։— Հապա, տղա, եղբորդ պահիր, որ չընկնի։— Մեծ Քրիսը սկսեց տենդորեն զբաղվել թակարդով։
— Դուք կոտրում եք թակարդը,— բղավեց միստր Քովինգտոնը,— ոչնչացնում, իսկ դա իր տեսակի մեջ միակն է ամբողջ աշխարհում։ Չհամարձակվեք կոտրել այն։ Ես կգտնեմ միստր Սաֆըրթիին։ Դուք մի մեծ գյուտ եք ջարդում։ Գուցե նա այլևս չկարողանա դրա նման մի ուրիշը սարքել։ Երեխան իրեն շատ լավ է զգում։ Նա անվնաս է։ Ես կգնամ և միստր Սաֆըրթիին կգտնեմ։ Դա շատ֊շատ մեկ կամ երկու ժամ կտևի։
— Մեկ կամ երկու ժամ,— բղավեց Հոմերը։ Նա աշխարհի ամենասարսափելի հայացքով նայեց միստր Քովինգտոնին և ապա ամբողջ վաճառատանը։— Ամբողջ այս խանութը ջարդուփշուր կանեմ,— ասաց նա ու դարձավ Մեծ Քրիսին։— Շարունակեք, միստր,— ասաց նա,— ջարդեցեք թակարդը, ջարդեցեք։
Մեծ Քրիսը իր մատների, թևերի, ուսերի և թիկունքի բոլոր մկաններով ընկավ թակարդի վրա, և թակարդը կամաց֊կամար սկսեց տեղի տալ նրա ուժի աոաջ։
Յուլիսիսը շուո եկած դիտում էր այդ մարդուն։ Ի վերջո, Մեծ Քրիսը կոտրեց թակարդը։
Յուլիսիսը փրկվեց։
Բռնելով եղբորը, որպեսզի չընկնի դեմքի վրա, Հոմերը նրան ոտքի կանգնեցրեց։ Վաճառատան դիմացի ամբոխը «ուռռա» գոռաց, բայց ոչ այնքան միասնական, որովհետև կազմակերպված չէր և առաջնորդ չուներ։ Յուլիսիսը փորձեց քայլել։ Եվ քանի որ ամեն ինչ կարգին էր թվում, Հոմերը գրկեց եղբորը։ Յուլիսիսը նայեց Մեծ Քրիսին։ Այդ հսկա մարդը գրեթե ուժասպառ էր եղել։
— Իսկ ո՞վ պետք է վճարի թակարդի համար,— ասաց միստր Քովինգտոնը,— գործիքը ջարդված է։ Մեկնումեկը պետք է վճարի դրա համար։ Առանց որևէ խոսքի, Մեծ Քրիսը գրպանից փող հանեց, հաշվեց քսան դոլար և նետեց սեղանի վրա։ Նա բռնեց Յուլիսիսի գլուխը և շոյեց նրա մազերը, ինչպես հայրն էր երբեմն անում։ Հետո խանութից դուրս եկավ։
Հոմերը հարցրեց եղբորը։
— Ինչպե՞ս ես,— ասաց նա,— ինչպե՞ս ընկար այդ սարսափելի բանի մեջ։— Հոմերը նայեց ջարդոտված թակարդին և ոտքով խթեց դրան։
— Զգույշ,— ասաց ոստիկանը,— դա ինչ֊որ նոր գյուտ է։ Մեկ էլ տեսար մի բան մոգոնեց։
Միստր Քովինգտոնը փողոց դուրս եկավ և դիմեց ժողովրդին։
— Վաճառատունը նորից բաց է գնորդների առաջ,— հայտարարեց նա,— Քովինգտոնի խանութը բացվում է ամեն առավոտ ժամը ութին և փակվում է ամեն երեկո ժամը յոթին։ Շաբաթ օրերը բաց է մինչև ժամը տասը, իսկ կիրակի օրերը փակ է։ Սպորտային ամեն ինչ ունենք։ Ձկնորսական ուռկաններ, վառոդ և մարմնամարզական գործիքներ։ Տիկնայք և պարոնայք, խանութը բաց է։ Ներս համեցեք։
Ժողովուրդը դանդաղ հեռացավ։
Խանութից դուրս գալով, Հոմերը դարձավ ոստիկանին։
— Ո՞վ էր եղբորս թակարդի միջից հանող մարդը,— հարցրեց նա։
— Առաջին անգամ եմ տեսնում այդ մարդուն,— պատասխանեց ոստիկանը։
— Մեծ Քրիսն է,— ասաց Յուլիսիսը Հոմերին։
— Դա նրա անո՞ւնն է, Մեծ Քրիս,— հարցրեց Հոմերը։
— Այո,— ասաց Յուլիսիսը,— նրա անունը Մեծ Քրիս է։
Այդ ժամանակ վազելով խանութ մտավ Օգին։ Նա նայեց Յուլիսիսին։
— Դո՞ւրս եկար, Յուլիսիս,— ասաց նա զարմացած,— ինչպե՞ս դուրս եկար, Յուլիսիսը։
— Մեծ Քրիսը օգնեց,— ասաց Յուլիսիսը։
— Հոմեր, ինչպե՞ս դուրս եկավ,— հարցրեց Օգին,— ի՞նչ պատահեց։ Ի՞նչ եղավ թակարդը։ Որտե՞ղ է մորուքով մեծ մարդը։ Ի՞նչ եղավ իմ բացակայության ժամանակ։
— Ամեն ինչ կարգին է, Օգի,— ասաց Հոմերը,— դու իմ խնդիրքը հայտնեցի՞ր միստր Սփանգլերին։
— Հա, ասացի,— ասադ Օգին,— իսկ ինչպե՞ս պատահեց, Հոմեր։ Թակարդն աշխատո՞ւմ է։ Գազան կբռնի՞։
— Դատարկ բան է,— ասաց Հոմերը,— թակարդ չէ, թյուրիմացություն է։ Ի՞նչ օգուտ դրանից, երբ բռնված որսը չես կարող դուրս հանել։ Միստր Քովինգտոն,— դիմեց նա վաճառատան տիրոջը,— դուք շատ անխիղճ մարդ եք։ Դուք միստր Քրիսից քսան դոլար վերցրիք այսպիսի անպետքության համար։
— Քսան դոլարը սակագինն է,— ասաց միստր Քովինգտոնը։
— Սակագի՞նը,— ասաց Հոմերը,— ինչե՞ր եք ասում։ Արի, Օգի, արի այստեղից դուրս գանք։
Երեք տղաները թողեցին վաճառատունը և գնացին հեռագրատուն։ Միստր Սփանգլերը հենվել էր սեղանին և փողոցն էր դիտում։ Միստր Գրոգանը հեռագիր էր ուղարկում։ Երկու հարյուր քսան յարդ արգելավազքի ժամանակ ֆիզկուլտուրայի դասատու միստր Բայֆիլդի հետ ունեցած միջադեպի պատճառով Հոմերն այժմ ավելի շատ էր կաղում։ Նա կանգ առավ, որ խոսի հեռագրատան վարիչի հետ։
— Միստր Սփանգլեր, սա իմ Յուլիսիս եղբայրն է,— ասաց նա։— Մենք հենց նոր նրան հանեցինք մի ինչ֊որ թակարդից՝ Քովինգտոնի խանութում։ Մեծ Քրիսը նրան հանեց։ Նա ստիպված եղավ ջարդել թակարդը և վճարել քսան դոլար... Ուղիղ քսան դոլար։ Սա Օգին է։ Նա հայտնե՞ց, թե ինչու ուշացա։
— Ամեն ինչ կարգին է,— ասաց Սփանգլերը։— Մի քանի հեռագրեր են կուտակվել, պետք է տեղ հասցնես, բայց ոչինչ։ Ուրեմն սա քո եղբա՞յրն է, Յուլիսի՞սը։ Յուլիսիսը կանգնել էր հեռագրիչի ետևը ու դիտում էր նրա աշխատանքը։ Հեռագրիչի առջև, սեղանի մյուս կողմը կանգնել էր Օգին և լսում էր հեռագրամեքենայի աղմուկը։
— Մի քանի զանգեր էլ եղան,— ասաց Սփանգլերը։— Մոտիկ տեղերը ես գնացի։ Մյուս երկուսի հասցեները պահարանի դարակում են։ Առաջ այդ կանչերին գնա։ Հետո հեռագրերը բաժանիր։
— Լավ, սըր,— ասաց Հոմերը,— հենց հիմա։ Դուք ինձ ներեցեք, միստր Սփանգլեր։ Կարո՞ղ եք նայել Յուլիսիսին մինչև իմ վերադառնալը։ Քիչ հետո, երբ աշխատանքը խաղաղի, ես նրան հեծանիվով տուն կտանեմ։
— Ես կնայեմ եղբորդ,— ասաց Սփանգլերը։— Դու գնա։
— Շնորհակալ եմ սըր,— ասաց Հոմերը,— Յուլիսիսը ձեզ նեղություն չի տա։ Նա պարզապես հետաքրքրությամբ կդիտի, ուրիշ ոչինչ։
Հոմերը կաղալով շտապ հեռացավ հեռագրատնից։
Գլուխ տասնչորսերորդ. ԴԻԱՆԱ
Մինչ Օգին լսում էր հեռագրական ապարատի տկտկոցը, Յուլիսիսը ավելի մոտեցավ միստր Գրոգանին։
— Ինչի՞ համար է սա,— հարցրեց Օգին՝ միստր Սփանգլերին ցույց տալով ապարատը։
— Միստր Գրոգանը հեռագիր է ուղարկում,— ասաց Սփանգլերը։
— Ո՞ւր է ուղարկում,— հարցրեց Օգին։
— Նյու Յորք,— պատասխանեց Սփանգլերը։
— Այստեղից Նյու Յորք,— զարմացավ Օգին,— իսկ ինչպե՞ս է այդքան երկար ճանապարհ գնում։
— Հեռագրալարերով,— ասաց Սփանգլերը։
— Սյուների վրայի հեռագրալարերո՞վ,— հարցրեց Օգին։— Այստեղից մինչև Նյու Յորք հեռագրալարե՞ր կան։ Իթաքիայից մինչև Նյու Յո՞րք։
— Այո,— պատասխանեց Սփանգլերը։
— Իսկ ո՞վ է այդ հեռագիրը ուղարկում,— հարցրեց Օգին։
— Տարբեր մարդիկ,— պատասխանեց Սփանգլերը։
Լրագրավաճառը մի պահ մտածեց, հետո ասաց.
— Կյանքումս ոչ մի հեռագիր չեմ ստացել։ Ինչպե՞ս են ստանում։
— Որևէ մեկը պետք է ուղարկի, որ ստանաս,— ասաց Սփանգլերը։
— Ոչ մի հատ չեմ ստացել,— ասաց Օգին,— իսկ ո՞վ կուղարկի։
— Բարեկամդ, կամ ուրիշ որևէ մեկը,— ասաց Սփանգլերը։
— Իմ ճանաչած բոլոր մարդիկ այստեղ են ապրում, Իթաքայում,— ասաց Օգին։ Մի կանաչ լույս անցավ գործիքի վրայով։
— Ինչի համար է այդ կանաչ լույսը,— հարցրեց Օգին։
— Ազդարարում է, որ գիծը ազատ է,— ասաց Սփանգլերը։
— Ո՞ր գիծը,— հարցրեց Օգին։
— Սան Ֆրանցիսկոյի գիծը,— ասաց Սփանգլերը։
— Աա՜... Քանի տարեկան պետք է լինել հեռագրի ցրիչ դառնալու համար,— ասաց Օգին։
— Տասնվեց,— ասաց Սփանգլերը։
— Ես ինը տարեկան եմ,— ասաց Օգին,– ինչո՞ւ պետք է այդքան երկար սպասել։ Տասնյոթ տարեկանում կարող ես նավատորմ ընդունվել։
— Դա օրենք է,— ասաց Սփանգլերը։
— Ինչո՞ւ են ստեղծվել բոլոր այդ օրենքները,— հարցրեց Օգին։
Սփանդլերը սկսեց հեռագրերը դասավորել։
— Ինչպէս քեզ ասեմ,— պատասխանեց նա,— օրենքը նրա համար է, որ երեխաները չաշխատեն։
— Ինչո՞ւ,— ասաց Օգին։
— Որ չհոգնեն,— ասաց Սփանգլերը,— որ կարողանան խաղալ։ Այդ օրենքը երեխաներին պաշտպանելու համար է։
— Պաշտպանելու ինչի՞ց,— հարցրեց Օգին։
— Ինչպես ասեմ,— ասաց Սփանգլերը,— պաշտպանելու ծանր աշխատանքից։ Պաշտպանելու տերերից, որոնք երեխաներին շատ են աշխատեցնում և քիչ վճարում։
— Իսկ եթե երեխան չի ուզում, որ իրեն պաշտպանեն,— ասաց Օդին,— իսկ եթե նա ուզում է աշխատել։
— Բոլոր դեպքերում օրենքը նրան կպաշապանի,— ասաց Սփանգլերը։
— Քանի՞ տարեկան պետք է լինես, որ կարողանաս ինքդ քեզ պաշտպանել, կամ էլ անես ուզածդ գործը։
— Տասնվեց տարեկան պետք է լինես հեռագրատան ցրիչ դառնալու համար,— ասաց Սփանգլերը։
— Հոմերն աշխատում է, այնպես չէ՞,— հարցրեց Օգին։— Այդ երբվանի՞ց է Հոմերը տասնվեց տարեկան դարձել։
— Հոմերը բացառություն է,— ասաց Սփանգլերը,— նա տասնչորս տարեկան է, բայց ուժեղ է և խելացի։
— Ի՞նչ եք ուզում ասել խելացի ասելով,— ասաց Օգին,— մի՞թե ցրիչ դաոնալու համար անպայման պետք է խելացի լինել։
— Ոչ,— ասաց Սփանգլերը,— բայց դա օգնում է։ Խելացի լինելը օգնում է, անկախ նրանից, թե ինչ ես անում։
— Լավ,— ասաց Օգին,— իսկ ինչի՞ց կարող եք իմանալ, որ մարդը խելացի է։
Սփանգլերը նայեց լրագրավաճառ տղային և ժպտաց։
— Նրա հետ մի քանի րոպե խոսելով կարելի է հասկանալ,— ասաց նա։
— Ինչո՞ւ եք այդ թղթերը դնում այդտեղ,— հարցրեց Օգին։
— Սրանք երեկ ուղարկված հեռագրերն են,— ասաց Սփանգլերը,— դասավորում ենք ըստ քաղաքների՝ մեր հաշվեմատյանների և արխիվի համար։ Այս հեռագրերը Սան Ֆրանցիսկոյի համար են, ուրեմն՝ դնում եմ այստեղ։ Այստեղի բոլոր հեռագրերը Սան Ֆրանցիսկոյի համար են։
— Այդ աշխատանքը ես էլ կարող եմ անել,— ասաց Օգին,— ես կարող եմ նաև հեծանիվ քշել... միայն թե հեծանիվ չունեմ։ Եթե հեծանիվ ունենամ, միստր Սփանգլեր, կարո՞ղ եմ ես էլ ցրիչ դառնալ, դուք ինձ աշխատանք կտա՞ք։
Տղային նայելու համար Սփանգլերը մի պահ դադարեցրեց աշխատանքը։
— Այո, կտամ, Օգի,— ասաց նա,— բայց ոչ հիմա։ Ինը տարեկանը դեռ մեծ չէ։ Տասներեքում կամ երբ լրանա տասնչորսդ, լա՞վ։
— Գուցե տասներկուսո՞ւմ,— հարցրեց Օգին։
— Գուցե,— ասաց Սփանգլերը,— բայց դու ինչո՞ւ ես ուզում ցրիչ լինել։
— Որ տարբեր բաներ սովորեմ,— ասաց Օգին։— Հեռագրեր կարդամ։— Նա մի պահ լռեց։— Երեք տարի հետո տասներկու տարեկան կդառնամ,— ասաց նա։
— Երեք տարին աննկատելի կանցնի,— ասաց Սփանգլերը։
— Չեմ կարծում,— ասաց Օգին,— արդեն ինչքան ժամանակ է, սպասում եմ։
— Այ, կտեսնես, որ տասներկու տարեկան կդառնաս և չես էլ իմանա, թե ինչպես անցավ,— ասաց Սփանգլերը,— ինչպե՞ս է քո ազգանունը։
— Գոթլիբ,— ասաց Օգին,— Օգյուստ Գոթլիբ։
Հեռագրատան վարիչը և լրագրավաճառ տղան նայեցին իրար, յուրաքանչյուրը զգույշ և լուրջ։
— Օգյուստ Գոթլիբ,— ասաց Սփանգլերը,— քեզ խոստանամ եմ, երբ ժամանակը գա...
Սփանգլերը ընդհատեց զրույցը՝ դիմավորելու համար վազքով գրասենյակ մտնող Դիանա Սթիդ անունով երիտասարդ կնոջը։ Գրասենյակի դիմացը՝ փողոցում, կանգնած էր նրան բերող մեքենան։ Ղեկի մոտ նստած էր արտահագուստով վարորդը։ Յուրահատուկ, մի փոքր անբնական, բայց հմայիչ ձայնով աղջիկը դիմեց Սփանգլերին. — Ահա թե որտեղ ես գու, սիրելի՜ս,— և քնքշալից զայրույթով հարձակվեց Սփանգլերի վրա, գրկեց նրան և հւսմբուրեց այնպես, որը իբրև իրականություն շատ անհավատալի էր, բայց փոքր֊ինչ ավելի լավ էր, քան իրականը։
— Սպասիր,— ասաց Սփանգլերը։ Նա աղջկան ետ պահեց, ձեռքի հեռագրատուփը դրեց սեղանին և շրջվեց նրա կողմը։ Երիտասարդ կինը նորից ուզեց մոտենալ, բայց Սփանգլերը հեռացրեց նրան։
— Սպասիր,— ասաց նա,— ծանոթացիր, սա Օգյուստ Գոթլիբն է։
— Ինչպե՞ս ես, փոքրիկ,— ասաց երիտասարդ կինը։
— Ծանոթացիր, Օգյուստ,— ասաց Սփանգլերը,— սա միսս Սթիդն է։
— Հելլո,— ասաց Օգին։ Եվ չիմանալով, թե ուրիշ ինչ ասի, շարունակեց,— թերթ ուզո՞ւմ եք, տիկին։
— Ի՞նչ, այո, անշուշտ,— ասաց Դիանան,— ի՞նչ արժի։
— Հինգ սենթ,— ասաց Օգին,— տեղական հրատարակություն է։ Ձիարշավի արդյունքները, բորսայի փակումը և ռազմական վերջին նորությունները։
— Իսկապե՞ս,— ասաց Դիանան,— ահա քեզ հինգանոց. շատ շնորհակալ եմ։
Օգին վերցրեց հինգանոցը և միսս Սթիդին մի թերթ տվեց։ Բայց նախքան թերթը տալը, ծալեց այն մեծ ճարպկությամբ և գործնականորեն թերթը զարկեց ծնկին, ծալեց, կիսածալ թերթը նորից զարկեց ծնկին, նորիդ ծալեց, ապա մեկնեց երիտասարդ կնոջը, նման գլխապտույտ առաջացնող համար կատարած աճպարարի։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց նա։— Չորեքշաբթի օրերը «Սաթըրդեյ իվնինգ փոստ» և «Լիբըրթի» եմ վաճառում, ուրբաթ օրերը՝ «Քոլիերս»։ Ամբողջ քաղաքն եմ մատակարարում։
— Վատ չէ,— ասաց Դիանան,— հույս անեմ, որ շատ փող ես աշխատում, մանչուկ։
— Օրական, միջին հաշվով, քառասուն սենթ, թերթերն ու ամսագրերը միասին վերցրած,— պատասխանեց Օգին,— երբ Նահանգային տոնավաճառներին էլ գազով ջուր եմ ծախում։
— Լավ է, միշտ զբաղված ես, ճի՞շտ է,— ասաց Դիանան իր հրաշալի, ուրախ ձայնով։
— Այո,— ասաց Օգին,— և նոր բաներ եմ սովորում։ Ես շատ լավ եմ կարողանում մարդկանց ճանաչել։— Օգիին թվում էր, որ ինքը ճանաչել էր միսս Սթիդին, և գոհ էր դրանից։
— Անշուշտ ճանաչում ես,— ասաց աղջիկը,— վստահ եմ, որ ճանաչում ես։— Նա դարձավ Սփանգլերին,— սպասեցի քո զանգին, սիրելիս,— ասաց նա,— դու ինձ ասացիր, որ ժամը հինգին զանգ կտաս, այդպես, չէ՞։
— Օհ, այո,— ասաց Սփանգլերը։— Մոռացել եմ։ Այստեղ խոսակցության բռնվեցի Օգիի հետ։ Նա ուզում է ցրիչ դառնալ, և հենց նոր նրան խոստացա, որ երբ ժամանակը գա, կընդունենք աշխատանքի։
— Ուրեմն, շնորհակալաթյուն, միստր Սփանգլեր։ Ես ձեզ նորից կհանդիպեմ,— ասաց Օգին։— Մնաս բարով, Յուլիսիս։
— Յուլիսի՞ս,— ասաց Դիանան Սփանգլերին,— ի՜նչ յուրահատուկ անուն։ Յուլիսի՜ս։ Յուլիսիսը Իթաքայում։ Սիրելիս, ես ընդամենը մի րոպե ժամանակ ունեմ։ Ճաշի գալու ես, չէ՞։ Պետք է գաս, հասկացա՞ր։
Սփանգլերը փորձեց պատասխանել, բայց երիտասարդ կինը կանխեց նրան։
— Ոչ,— ասաց նա,— դու խոստացար։ Այո, խոստացար։ Մայրիկն ու հայրիկը մեռնում են քեզ տեսնելու համար։ Ուղիղ ժամը յոթին։
— Մի րոպե սպասիր,— ասաց Սփանգլերը,— մի րոպե սպասիր։
— Սիրելիս,— ասաց Դիանան,— հո չես ուզում ինձ նորից հիասթափեցնել, չես ուզում, ճի՞շտ է։
— Աշխարհում ոչ մի բան քեզ հիասթափեցնել չի կարող,— ասաց Սփանգլերը,— այնպես որ՝ հանգիստ եղիյւ։ Ժամը ուղիղ յոթի՞ն։ Ի՞նչ ես ուզում ասել՝ ուղղակի ասա։ Ինչո՞ւ ես ինձ ընթրիքի հրավիրում։
— Որովհետև քեզ սիրում եմ, սիրելիս,— համբերատարությամբ ասաց երիտասարդ կինը, այնպես, կարծես Սփանգլերը երեխա լիներ,— ես քեզ սիրում եմ, սիրում եմ, լսո՞ւմ ես,— ասաց նա երջանիկ ծիծաղով։
— Դե, հանգստացիր,— ասաց հեռագրատան կառավարիչը։— Հանգստացիր...
—Բայց ես քեզ սիրում եմ, սիրելիս,— ասաց երիտասարդ կինը։
Սփանգլերը հոգոց հանեց։
— Իմ կյանքում ես երկու անգամ եմ ընթրիքի հրավիրվել, և երկուսին էլ ձանձրացել եմ,— ասաց նա։
— Մայրիկն ու հայրիկը քեզ դուր կգան,— ասաց Դիանան, — մենք հատուկ զգեստներ չենք հագնում, միայն երեկոյան զգեստներ։
— Ի՞նչ ես հասկանում երեկոյան զգեստ ասելով,— ասաց Սփանգլերը,— ես ցերեկն էլ, երեկոյան էլ նույն զգեստով եմ։
— Ժամը յոթին,— ասաց Դիանան։ Այդ պահին նա նկատեց Սփանգլերի սեղանի վրաիի եփաձ ձուն։— Ահ, սիրելիս,— ասաց նա,— ի՞նչ է դա։
— Ձու է,— ասաց Սփանգլերը,— սովորական ձու։ Երջանկություն է բերում։
— Ի՜նչ լավ է,— ասաց Դիանան,— բայց սիրելիս, ես պետք է վազեմ։— Նա մոտեցավ հրաժեշտի համբույր տալու, բայց Սփանգլերը նրան մեղմորեն հեռու վանեց, ու աղջիկը գրասենյակից դուրս եկավ։
Միստր Գրոգանը ավարտեց հեռագրի մեքենագրությունը։ Սփանգլերը Յուլիսիսին տարավ ծերուկի մոտ։
— Վիլլի,— ասաց նա,— ես գնում եմ Կորբերտի մոտ մի բաժակ խմելու։ Ծանոթացիր, սա Յուլիսիս Մաքոլին է, Հոմերի փոքր եղբայրը։ Այսօր նա մեծ փորձություն է ձեռք բերել։ Ընկել է ինչ-որ թակարդի մեջ։ Յուլիսիս, սա միստր Վիլլի Գրոգանն է։
— Մենք արդեն հին ծանոթներ ենք,— ասաց միստր Գրոգանը,— նա դիտում էր իմ աշխատանքը։
Յուլիսիսը գլխով արեց։
— Մի բաժակ խմեմ ու անմիջապես ետ գամ,— ասաց Սփանգլերը։