հեղինակ՝ Ռաֆայէլ Իշխանեան |
1991
ԳՄԴ 81.2Հ-9 Ի 684
Խմբագիր՝ Հ. Մեսրոպյան
Իշխանյան Ռ. Ա. Դասական ուղղագրության կանոններ: (Դպր. միջին և բարձր տարիքի համար) Ռաֆայել Իշխանյան: Եր.: Արևիկ 1991, 32 էջ:
Ձեռնարկում բերված են հայ դասական ուղղագրության հիմնական կանոնները: Յուրաքանչյուր բառապատկեր լուսաբանվում է մի քանի տեսանկյունից, պարզաբանվում օրինակներով: Ձեռնարկի նպատակն է օգնել դպրոցական ընթերցողին ճիշտ կարդալ ու գրել դասական ուղղագրությամբ:
Ի 4602000000 / 707 (01) - 91
ISBN 5-8077-0503-3 © Ռաֆայել Իշխանյան, 1991
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ազգային պետականության վերականգման այս շրջանում, երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: Վերջինիս իրավունքների վերականգնումն ու վավերացումն, ինչ խոսք, ժամանակի խնդիր է, որը պետք է իր լուծումը գտնի պետական ու գիտական մակարդակներով: Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հատկապես դպրոցականները եւ ուսանողությունը, մամուլի և ամենատարբեր գրականության միջոցներով արդեն իսկ լայնորեն հաղորդակցվում են դասական ուղղագրությանը, ուստի հրատարակչությունը անհրաժեշտ համարեց հրապարակ հանել պրոֆ. Ռ. Իշխանյանի կազմած "Դասական ուղղագրության կանոններ" ուսուցարան-գրքույկը՝ նպատակ ունենալով նպաստել դասական ուղղագրությամբ տպագրված և տպագրվող գրականության առավել դյուրին ընկալմանը:
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու: Ստորեւ բերուած են դասական ուղղագրութեան այն հիմնական կանոնները, որոնք տաբեր են Հայաստանում եւ ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այժմ գործող ուղղագրութիւնից: Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի. 1) պէտք է յիշել բառասկզբում յ գրուող, բայց հ արտասանուող բառերը (յատուկ, յաջող, յանցանք եւ այլն), 2) պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը (կէտ, կէս, սէր եւ այլն), 3) պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը (կարօտ, աղօթք, մօտ եւ այլն): Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները: Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում: Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ. մի շարք բառերի գրութեան որեւէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից: Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հետշի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է: Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922 թ.: Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ սովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրոթիւնը: Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան: Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաեւ նրա կանոններում որոշ բարելաւումներ կատարել:
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Մեծատառ | Փոքրատառ |
---|---|
Ա | ա |
Բ | բ |
Գ | գ |
Դ | դ |
Ե | ե |
Զ | զ |
Է | է |
Ը | ը |
Թ | թ |
Ժ | ժ |
Ի | ի |
Լ | լ |
Խ | խ |
Ծ | ծ |
Կ | կ |
Հ | հ |
Ձ | ձ |
Ղ | ղ |
Ճ | ճ |
Մ | մ |
Յ | յ |
Ն | ն |
Շ | շ |
Ո | ո |
Չ | չ |
Պ | պ |
Ջ | ջ |
Ռ | ռ |
Ս | ս |
Վ | վ |
Տ | տ |
Ր | ր |
Ց | ց |
Ւ | ւ |
Փ | փ |
Ք | ք |
Օ | օ |
Ֆ | ֆ |
ւ-ի եւ վ-ի գրութիւնը
Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, և-ը ե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի: Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց եւ փ տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի ւ տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝
անձրեւ, աւան, աւարտ, աւել, աւետել, բարեւ, բաւական, բաւարար, բեւեռ, գաւաթ, գաւիթ, գրաւել, Երեւան, եւ, խաւար, կարեւոր, հեւալ, ձեւ, նաեւ, սարկաւագ, Սեւան, տերեւ,