հեղինակ՝ Ռաֆայէլ Իշխանեան |
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ազգային պետականության վերականգման այս շրջանում, երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: Վերջինիս իրավունքների վերականգնումն ու վավերացումն, ինչ խոսք, ժամանակի խնդիր է, որը պետք է իր լուծումը գտնի պետական ու գիտական մակարդակներով: Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հատկապես դպրոցականները եւ ուսանողությունը, մամուլի և ամենատարբեր գրականության միջոցներով արդեն իսկ լայնորեն հաղորդակցվում են դասական ուղղագրությանը, ուստի հրատարակչությունը անհրաժեշտ համարեց հրապարակ հանել պրոֆ. Ռ. Իշխանյանի կազմած "Դասական ուղղագրության կանոններ" ուսուցարան-գրքույկը՝ նպատակ ունենալով նպաստել դասական ուղղագրությամբ տպագրված և տպագրվող գրականության առավել դյուրին ընկալմանը:
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու: Ստորեւ բերուած են դասական ուղղագրութեան այն հիմնական կանոնները, որոնք տաբեր են Հայաստանում եւ ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այժմ գործող ուղղագրութիւնից: Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի. 1) պէտք է յիշել բառասկզբում յ գրուող, բայց հ արտասանուող բառերը (յատուկ, յաջող, յանցանք եւ այլն), 2) պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը (կէտ, կէս, սէր եւ այլն), 3) պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը (կարօտ, աղօթք, մօտ եւ այլն): Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները: Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում: Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ. մի շարք բառերի գրութեան որեւէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից: Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հետշի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է: Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922 թ.: Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ սովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրոթիւնը: Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան: Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաեւ նրա կանոններում որոշ բարելաւումներ կատարել:
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Մեծատառ | Փոքրատառ |
---|---|
Ա | ա |
Բ | բ |
Գ | գ |
Դ | դ |
Ե | ե |
Զ | զ |
Է | է |
Ը | ը |
Թ | թ |
Ժ | ժ |
Ի | ի |
Լ | լ |
Խ | խ |
Ծ | ծ |
Կ | կ |
Հ | հ |
Ձ | ձ |
Ղ | ղ |
Ճ | ճ |
Մ | մ |
Յ | յ |
Ն | ն |
Շ | շ |
Ո | ո |
Չ | չ |
Պ | պ |
Ջ | ջ |
Ռ | ռ |
Ս | ս |
Վ | վ |
Տ | տ |
Ր | ր |
Ց | ց |
Ւ | ւ |
Փ | փ |
Ք | ք |
Օ | օ |
Ֆ | ֆ |
ւ-ի եւ վ-ի գրութիւնը
Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, և-ը ե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի: Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց եւ փ տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի ւ տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝
անձրեւ, աւան, աւարտ, աւել, աւետել, բարեւ, բաւական, բաւարար, բեւեռ, գաւաթ, գաւիթ, գրաւել, Երեւան, եւ, խաւար, կարեւոր, հեւալ, ձեւ, նաեւ, սարկաւագ, Սեւան, տերեւ, եւ այլն։
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝
անձրև, բարև, բևեռ, Երևան, և, նաև, Սևան։
Յիշենք, որ ի տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է ւ՝ դարձեալ վ-ի արժէքով. օրինակ՝ կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ ւ տառը վ-ի արժէք ունի:
Բաղաձայնից առաջ ի եւ ւ տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝
ալիւր, արիւն, բարութիւն, բիւր, թերութիւն, իւղ, իւրացնել, իւրաքանչիւր, ծուլութիւն, կորիւն, կրթութիւն, հիւլէ, հիւսել, հիւր, հնչիւն, ճիւղ, սիւն, քաղցրութիւն, եւ այլն։
Հայերէնում է, օ տառերից յետոյ երբեք ւ չի գրւում:
Պէտք է յիշել նաեւ, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ ու: Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թե մի տառ է, այլ՝ երկու (ֆրանսերէնում էլ այդ հնչիւնը երկու տառից է բաղկացած՝ ou): Այս պատճառով բառերի մէջ եւ վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով եւ ոչ թէ ւ-ով: Օրինակ, կով, գովք բառերը եթէ գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝ ծով, կով, հով, սով, բովանդակութիւն, գովք, ժողովուրդ, սովորութիւն, գրքով, աչքով եւ այլն: Պէտք է յիշել նաեւ, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի վ, այդ վ-ն պահպանում ենք, ինչպէս, օրինակ, պատմավէպ բարդ բառի մէջ երկրորդ բառը վէպ-ն է, ուրեմն վ-ն պահպանում ենք, գահավէժ-ում երկրորդ բառը վէժ-ն է (վիժել), ուրեմն վ-ն պահպանւում է, հրավառ-ի մեջ երկրորդ բառն է վառ, ուրեմն վ-ն պահպանում ենք, կարեվէր-ի մէջ երկրորդ բառն է վէր-ը (վէրք), ուստի վ-ն մնում է, անվաւեր բառի մէջ ան ածանցից յետոյ վաւեր բառն է, սկզբի վ-ն պահպանում ենք, անվերջ բառի մէջ ան-ից յետոյ վերջ բառն է, վ-ն մնում է եւ այլն:
Ու-ն վ-ի արժեքով
Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ յ կիսաձայնից յետոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու, ինչպէս՝
Դուին,Զուարթ,թուաբանութիւն,լեզուաբան,կալուածք,հազուադէպ,հալուել,հաշուապահ,հարուած,ձուաձեւ,նուազ,նուազել,Նուարդ,նուէր,նուոց,շուայտ,շուար,պատուական,ջարդուածք,ստուեր,սրուել եւ այլն։
Տողադարձի ժամանակ առաջարկւում է ու-ի փոխարէն ւ գրել, ինչպէս թուական — թը–ւական, Դուին — Դը–ւին, բայց սա պարտադիր կանոն չէ:
Ածանցաւոր ու բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է ւ-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, ւ-ն մնում է: Օրինակ, գրում ենք գրաւել, քանի որ սկզբում գրաւ բառն է, ւ-ն մնում է: Կամ՝ հարաւային, նոյնպէս գրում ենք ւ-ով, քանի որ հարաւ բառն է առկայ, նոյնը և՝ ծարաւած, կաւահող, դաւադիր եւ այլն: