Վերջին թարմացում 4 Օգոստոսի 2014, 00:09

Մոբի Դիկ

00:09, 4 Օգոստոսի 2014 տարբերակ, Մարդ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մոբի Դիկ Կամ Ճերմակ Կետաձուկը

հեղինակ՝ Հերման Մելվիլ
թարգմանիչ՝ վերապատմեց Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոբի Դիկ»

Ծագումնաբանություն

Քաղվածքներ

Գլուխ առաջին․ Ուրվագծերը նշմարվում են

Ինձ անվանեք Իսմայել։ Մի քանի տարի առաջ (կարևոր չէ, թե հատկապես երբ), տեսնելով, որ քսակումս դրամ չկա, իսկ աշխարհում էլ մի այնպիսի բան, որը կարողանար հետաքրքրել ինձ, ես կռահեցի, որ արդեն ժամանակն է վարձու աշխատանքի անցնել նավի վրա և աչքի անցկացնել մեր հողագնդի ջրիկ կեսը։ Դա փորձված միջոց է սփոփվելու և արյան շրջանառությունը կանոնավորելու համար։ Ամեն անգամ, երբ բերանիս անկյուններում նկատում եմ տխուր ծալքեր, ամեն անգամ, երբ իմ հոգում սկսվում է թախծոտ ու անձրևային նոյեմբերը, ամեն անգամ, երբ ինձ հանկարծ բռնում եմ դագաղագործների խանութների մոտ կանգնած կամ թաղման թափորի վերջից քայլելիս, ամեն անգամ, երբ ցանկություն է ծնվում դուրս ելնել փողոց ու անցորդների գլխից խփել ցած դցել գլխարկները, ես հասկանում եմ, որ նավարկության դուրս գալու ժամանակն էԼ եվ որքան շուտ, այնքան լավ։

Ես շատ եմ սիրում նավարկել ծովերով ու օվկիանոսներով։ Բայց ո՛չ երբեք որպես ուղևոր։

Ուղևոր դառնալու համար հարկավոր է քսակ, իսկ քսակը սոսկ խղճուկ լաթ է, եթե մեջը ոչինչ չկա։ Բացի այդ, ուղևորները տառապում են ծովային հիվանդությամբ, անքնությամբ, զբաղվում են բամբասանքով․ մի խոսքով որպես կանոն, շատ քիչ հաճույք են վայելում։ Ո՜չ, ո՜չ, որպես ուղևոր երբե՛ք չեմ դուրս գալիս նավարկության։

Ու թեև փորձառու նավազ եմ, բայց չեմ նավարկում նաև ո՛չ որպես նավապետ, ո՛չ որպես բոցման։ Այդ պարտականությունների հետ կապված ամբողջ պատիվն ու հարգանքը ես թողնում եմ նրանց, ում այդ դուր է գալիս։ Ինձ բավական է լոկ այն, որ կարողանամ հոգալ ինքս ինձ, միաժամանակ բոլորովին չմտածելով առագաստների, ռանգոութի կամ թակելաժի մասին։ Ինչ վերաբերում է նավի խոհարար լինելուն, ապա թեև դա շատ պատվավոր պարտականություն է, սակայն այնքան էլ սրտովս չէ, երբ ինքս եմ կրակի դիմաց թռչուն խորովելու, չնայած, եթե խորովողն ուրիշը լինի և չափավոր աղ ու պղպեղ էլ համեմի, ապա խորոված թռչնի մասին ոչ ոք չի արտահայտվի ավելի մեծ հարգանքով, էլ չեմ ասում՝ խորին ակնածանքով, քան ես։

Չէ՛, երբ ուզում եմ նավարկության մեկնել, ապա վարձվում եմ որպես հասարակ նավազ։ Ճիշտ է, այս դեպքում ինձ կարգին բանեցնում և ստիպում են առագաստահեծանների վրա ցատկոտել ճիշտ այնպես, ինչպես ծղրիդն է ցատկոտում մայիսյան մարգագետնում։ Իսկ դա, հատկապես, սկզբնական շրջանում, այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Արժանապատվությունդ վիրավորվում է։ Առավել ևս, եթե սերում ես հինավուրց, պատվական մի գերդաստանից։ Բայց, ի վերջ, այնքան էլ մեծ դժբախտություն չէ, երբ որևէ քոսոտ նավապետ հանկարծ ինձ հրամայի վերցնել ավելն ու մաքրել տախտակամածը։ Կարծում եք այս դեպքում, ես շա՞տ մեծ բան եմ կորցնում իմ արժանապատվությունից, եթե, անշուշտ, կորուստը չափելու լինենք Նոր Կտակարանի կշեռքով։

Ի վերջո, ես միշտ որպես նավազ եմ նավարկում նաև այն պատճառով, որ իմ աշխատանքի դիմաց փող են վճարում։ Իսկ ինչ վերաբերում է ուղևորներին, ապա երբեք չեմ լսել, որ նրանց թեկուզև կես պեննի վճարած լինեն։ Ընդհակառակը, ուղևորները դեռ իրենք են պարտավոր վճարել։ Իսկ վճարելու անհրաժեշտության և վճարվելու հնարավորության միջև վիթխարի տարբերություն կա։

Բայց թե ինչ՞՝ ե՛ս, որ սովորաբար առևտրական նավերով ծով էի ելնում որպես սովորական մի նավազ, ինչո՞ւ հանկարծ վճռեցի աշխատանքի վարձվել կետորսանավի վրա, դժվարանում եմ բացատրել։ Ամենայն հավանականությամբ այդպսիսն էր ճակատագիրս։

Իմ այս վճիռը կայացնելիս, ճիշտն ասած, խոշոր դեր ունեցան վեհասքանչ և խորհրդավոր ծովահրեշներիը՝ կետուսաները, որոնք միշտ էլ բորբոքել են իմ հետաքրքրասիրությունը։ Բացի այդ, ինձ հրապուրում էին թե՛ հեռավոր ծովերը, թե՛ վայրի ափերը և թե՛ արևադարձային երկրները։ եվ ես պատրաստ էի ուրախությամբ ենթարկվել կետորսության փորձություններին, որոնց դեռևս անծանոթ էի։ Իմ երևակայության մեջ արդեն ուրվագծվում էին վիթխարի կետուսների անվերջանալի թափորները, և նրանց մեջ մեկը՝ ամեհի ու չարագուշակ, որ անսպասելի հայտնվում է ծովի խորխորատներից և փայլատակում արևի ճառագայթների տակ ինչպես ճերմակ մի սառցալեռ։