հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի |
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Երբ նա փոքրիկ տղա էր
I
Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը: Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»: Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել: Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք: – Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք: Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել: Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը: Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ: Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»: Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:
II
Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչոր բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ: Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչոր մեկի բարակ ձայնը: – Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ... – Ի՜նչ... – Ինձ համար մի գառնուկ նկարիր... Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ: Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի: Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու սովից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի. – Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ: Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց. – Խնդրում եմ... գառնուկ նկարիր... Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ գրպանիցս հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց. – Միևնույն է, մի գառնուկ նկարիր... Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց. – Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր... Եվ ես նկարեցի: Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց. – Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր... Եվ ես նկարեցի: Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց: – Չէ՞ որ դու էլ ես տեսնում, – ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի... Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց: – Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձ այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի: Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային. – Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես: Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ. – Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք: – Ինչո՞ւ ես հարցնում... – Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է... – Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս: – Այնքան էլ փոքր չէ...– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է… Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:
III
Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց. – Սա ի՞նչ բան է: – Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է: Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց. – Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել: – Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես: – Այ թե հետաքրքի՜ր է… Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց. – Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից: «Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի. – Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել... Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց. – Դու սրանով հեռվից գալ չէիր կարող... Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից: Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ: – Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը: Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց. – Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի: – Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ: Փոքրիկ իշխանը մռայլվեց: