Վերջին թարմացում 8 Օգոստոսի 2015, 14:42
Հորդուբալ

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Չնայած այս պատմությունը իր բոլոր մանրամասնու-
նություններում արտացոլում է իրական եղելություն,
սակայն ամբողջությամբ առած մտածածին է։ Հեղինակը
չի կամեցել կոնկրետ մարդկանց ու անցքեր պատկերել։


Առաջին մաս

I

Ահա այն ուղևորը, պատուհանից երկրորդը, ճմռթված կոստյումով, դե ո՞վ կասի, թե նա Ամերիկայից է գալիս։ Իսկապես էլ, երբեք չէի հավատա։ Ամերիկացիները մարդատարով չեն ուղևորվում, այլ միայն ճեպընթացով, այն էլ մի գլուխ փնթփնթում են։ Իբրև Ամերիկայում գնացքները մերոնց թայը չեն, վագոնները ավելի երկար են, այնտեղ ճեփ֊ճերմակ ուեյթն[1] սառույցով ջուր է ման ածում ու այսկրիմ։[2] Լսե՞լ եք։ «Ալլո, բոյ, ― մռնչում է այդպիսի ամերիկացին։ ― Գարեջուր բեր այստեղ, մի մեծ աման գարեջուր, բոլորին մեկական գավաթ, թեկուզ հինգ դոլար լինի՝ կվճարեմ, դեմ»։[3] Է՛հ, եղբայրներ, անտեղի ինչ խոսես, իսկական ապրուստը Ամերիկայում է որ կա։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը հոգնած, քրտնած ննջում է բերանը բաց, իսկ գլուխը ճոճվում է, ասես անկենդան լինի։ Աստվա՜ծ իմ, անցել է տասնմեկ, տասներեք, տասնչորս, տասնհինգ օր։ Տասնհինգ օր ու գիշեր նստել ճամպրուկին, քնել հատակին կամ նստարանին, ջուր կտրել մինչև շապիկը, փայտանալ, ցնդել մեքենաների աղմուկից, արդեն տասնհինգերորդ օրն է։ Է՛հ, գոնե ճար լիներ ոտքերը պարզելու, մի խուրձ խոտ դներ գլխի տակ ու քնե՜ր, քնե՜ր, քնե՜ր։

Պատուհանի մոտ նստած հաստ հրեուհին զզվանքով քաշվում է անկյուն։ «Մեկ էլ տեսար քնեց ու պարկի պես ընկավ վրաս․ ով գիտի, թե ինչ է պատահել սրան․ ամբողջովին ճմրթված է, ոնց որ թավալ տված լինի գետնին։ Մի տեսակ տարօրինակ ուղեկից է, հեռու չքաշվե՞մ։ Ա՛խ, տեր աստված, ե՞րբ տեղ կհասնենք»։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը թեքվում է առաջ և, ցնցվելով, արթնանում։

― Այ թե շոգ է, հը՞, ― զգուշությամբ փորձում է խոսակցություն սկսել խանութպանի նման ծերուկը։ ― Հեռո՞ւ եք գնում։

― Կրիվոյ, ― դժվարությամբ արտասանում է «տարօրինակ» ուղեկիցը։

― Այդպես, այդպես, Կրիվոյ, ― գլխով է անում խանութպանը, ընկած֊ելած մի մարդ։ ― Իսկ հեռվի՞ց։ Հեռո՞ւ տեղից եք գալիս։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը չի պատասխանում, խոշոր, կեղտոտ ձեռքով սրբելով քրտնած ճակատը․ երևում է, թուլությունից գլուխը պտտվում է։ Խանութպանը ֆսֆսացնում է նեղացած ու շուռ գալիս դեպի պատուհանը։ Իսկ հարևվանը վախենում է նույնիսկ աչքերը վեր բարձրացնել, հայացքը հառել է թքոտած հատակին ու սպասում է՝ հո նորից իրեն չեն դիմելու։ Այն ժամանակ ինքը կբացատրի՝ այո, հեռվից է գալիս։ Ասեմ ձեզ, հենց բուն Ամերիկայից։ ― Ահա թե ի՜նչ, բուն Ամերիկայից։ Եվ այդքան հեռու տեղից հյո՞ւր եք գալիս։ ― Ոչ, ես տուն եմ գնում։ Կրիվոյ։ Այնտեղ ես կին ունեմ ու աղջիկ։ Անունը Հաֆյա է, Հաֆյա։ Երբ մեկնում էի, երեք տարեկան էր։ ― Այդպես, ուրեմն, Ամերիկայից։ Եվ երկա՞ր եք ապրել այնտեղ։ ― Ութ տարի։ Այո, արդեն ութ տարին լրացավ։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մի տեղ ջոբ[4] ունեի։ Աշխատում էի իբրև մայներ։[5] Ջոնսթոնում։ Այնտեղ ինձ հետ մի հայրենակից էր աշխատում, անունը Միխալ Հոբոկ։ Տալամաշցի Միխալ Բոբոկը։ Գերանը նրան տակով արեց, հինգ տարի եղավ արդեն։ Այդ օրվանից մարդ էլ չկար, հետը խոսեի, ասեմ ձեզ․ դե, ամերիկացիների հետ ինչ խոսես․․․ Բոբոկն ուրիշ, Բոբոկը սովորել էր նրանց լեզուն․ բայց գիտեք, երբ մարդ կին ունի, խելք ու միտքը հենց էն է, թե ոնց ամեն բան տեղը տեղին պատմի նրան։ Իսկ մի՞թե օտար լեզվով կարող ես պատմել։ Իսկ նրա անունը Պոլանա է։ ― Հապա ո՞նց էիք աշխատում, թե որ նրանց լեզուն չգիտեք։ ― Բա՜ն ասաց՝ ո՛նց։ Ձեն էին տալիս ինձ՝ ա՛լլո, էհե՜յ։ Հորդուբալ։ Ու ցույց էին տալիս իմ ջոբը․ Օրը յոթ դոլար էի գցում, էն աստված, սևեն։[6]Մենակ թե Ամերիկայում ամեն ինչ թանկ է, պարոններ։ Ապրուստի համար օրական երկու դոլարն էլ չի հերիքում։ Իսկ գիշերելու համար՝ շաբաթը հինգ դոլար։

Այստեղ խոսքի մեջ է մտնում դիմացի ուղևորը։ ― Սակայն, Հարդուբալ, դուք կարող էիք կարգին փող կուտակել։ ― Դե իհարկե, կուտակել կարելի էր։ Միայն թե ես ուղարկում էի տուն, կնոջս։ Ասացի՞, որ նրա անունը Պոլանա է։ Ամեն ամիս հիսուն, վաթսուն դոլար, պարոնայք, պատահում էր նույնիսկ իննսուն։ Բայց այդ միայն այն ժամանակ, երբ Բոբոկը դեռ ողջ էր․ գրագիտություն ուներ նա։ Աչքաբաց տղա էր այդ Բոբոկը, միայն թե արդեն հինգ տարի եղավ, ինչ գերանը տակով արեց նրան։ Այդ օրվանից ես էլ չէի կարողանում փողը տուն ուղարկել ու գնում էի բենկ։ Կհավատա՞ք, երեք հազարից ավելի հավաքվեց, իսկ հետո ինձ թալանեցին, փողերս կորան։ ― Ի՜նչ եք ասում, Հորդուբալ։ Իես, սեր,[7] երեք հազար ու մի բան էլ ավելի։ ― Եվ դուք նրան դատի չտվի՞ք։ ― Է՛հ, մի խոսեք։ Որտե՞ղ տաս։ Նա թփթփացրեց ուսիս՝ օքեյ հա օքեյ, միայն թե պետք է էդվանս վճարես։ Ֆորմենը ասաց նրան՝ յու ար էսվայն,[8] ու ինձ ետ բերեց։ Այ թե ինչպիսի բաներ են պատահում Ամերիկայում, ասեմ ձեզ։ Ախր դա ահագին գումար է, ամբողջ մի կարողություն։ Երկնային տեր, ինչպիսի՜ դժբախտություն։ Երեք հազար դոլար, մեր փողով ինչքա՞ն կանի։

Յուրայ Հորդուբալը լիովին բավարարված է․ հենց որ սկսեցի պատմել, բոլորդ աչքներդ տնկեցիք ինձ վրա։ Ամբողջ թրեյնից[9] կթափվեն մտիկ տալու այն մարդուն, որի երեք հազար դոլարը գողացել են Ամերիկայում։ Իես, սեր։ Այո, այդ ես եմ․․․ Յուրայ Հորդուբալը բարձրացնում է աչքերն ու դիտում հարևաններին․ հաստլիկ հրեուհին սեղմվում է անկյունին, խանութպանը նեղացած նայում է պատուհանից դուրս ու անձայն ինչ֊որ բան ծամում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրը նայում է Հորդուբալին հանդիմանական հայացքով։

Յուրայ Հորդուբալը նորից է փակվում ինքն իր մեջ։ Դե լավ, չեմ խցկվի․ հինգ տարի ոչ ոքի հետ չեմ խոսել, ու ոչինչ։ ― Հորդուբալ, ուրեմն ինչպես, դուք Ամերիակայից վերադառնում եք առանց մի գրոշի՞։ ― Չէ, ինչ եք ասում, իմ ջոբը լավ էր, միայն թե էլ փողերս բենկ չէի դնում, յու բեթ։[10] Սնդուկի մեջ էի պահում, պարոն, բանալին էլ շապիկիս տակ, և ուրիշ ոչինչ։ Տուն եմ տանում յոթ հարյուր դոլար։ Vell,[11] սեր, էլի կապրեի այնտեղ, միայն թե մնացի առանց էմփլոյմենթի։[12] Եվ այն էլ ութ տարի հետո։ Լոկաուտ էր, սեր։ Ածուխը շատ շատ էր, թե ինչ։ Մեր փիթից[13] վեց հարյուր մարդ լիվ[14] ստացան, պարոն։ Ամեն տեղից մի գլուխ ազատում էին։ Ոչ մի տեղ աշխատանք չկար։ Դրա համար էլ ես վերադառնում եմ։ Տուն, հասկանո՞ւմ եք։ Ինձ մոտ, Կրիվոյ։ Ես այնտեղ կին ունեմ ու մի հողակտոր։ Այն ժամանակ Հաֆյան երեք տարեկան էր։ Յոթ հարյուր դոլար եմ տանում թևիս տակ, նորից կսկսեմ տնտեսությամբ զբաղվել․․․ Կամ կվարձվեմ ֆեքթորիում,[15] կամ կգնամ անտառ կտրելու։ ― Հորդուբալ, իսկ ձեր կնոջն ու աղջկան չէի՞ք կարոտում։ ― Կարոտում էի, աստված վկա։ Բայց դե գիտեք, փող էի ճամփում նրանց ու մտածում՝ այ սա կովի համար է, սա՝ մի կտոր հողի, սա՝ Պոլանային՝ որևէ բանի համար, ինքն ավելի լավ կիմանա։ Ամեն մի դոլարը հաշվված էր, իսկ երբ փողը պահ էի տալիս բենկ, մտածում էի՝ ահա և ամբողջ մի նախիր կով։ Իես, սեր, հենց այդ փողերն էլ գողացան։ ― Իսկ ձեր կինը գրո՞ւմ էր ձեզ։ ― Չէ, չէր գրում։ Նա անգրագետ է։ ― Իսկ դո՞ւք նրան։ ― No, sir. Can't wrife, sir,[16] Այն օրից, ինչ Միխալ Բոբոկը մեռավ, ես ոչ մի բան չեմ ուղարկել կնոջս։ Միայն փող եմ ետ գցել։ ― Բայց գոնե հեռագիր տվե՞լ եք նրան, որ գալիս եք։ ― Դե, ի՜նչ եք ասում, ափսոս չի դրա վրա փող ծախսել։ Հետո, փոստատարին տեսներ, կվախենար, իսկ ինձանից չի վախենա։ Հա՛֊հա՛։ Ինչ ասել կուզի։ ― Իսկ գուցե մտածի, որ դուք մեռել եք, Հորդուբալ․ ախր այդքան տարի լուր չի ստացել ձեզանից։ ― Մեռե՞լ եմ։ Ինձ պես մուժիկը մեռնի՞։

Յուրայ Հորդուբալը տնտղում է իր հանգուցավոր ձեռքերը։

Իր նման մուժի՜կը։ Բա՜ն ասին․․․ Պոլանան խելոք է, Պոլանան գիտի, որ ես կվերադառնամ։ ― Աստված բոլորիս տերն է։ Իսկ ինչ, եթե Պոլանան ողջ չի։ ― Shut up, sir:[17] Երբ ես գնացի, նա քսաներեք տարեկան էր, և ամուր էր, սեր, ոնց որ պարան։ Դուք Պոլանային չգիտեք։ Այդպիսի փողերով, ուզում եմ ասել՝ այն դոլարներով, որ ես ուղարկում էի նրան, ու Պոլանան չապրի՜․․․ No, thank you.[18] Ջղայնացած խանութպանը պատուհանի մոտ կապույտ թաշկինակով քրտինքն է սրբում։ Գուցե նորից ասի՝ համա՜ թե շոգ է։

Ի՜նչ եք ասում, սեր։ Դուք սա շո՞գ եք համարում։ Այ, թե որ լոուերդեքում[19] լինեիք։ Կամ անտրացիտի հանքահորում։ Այնտեղ նիգգերներին են ուղարկում, բայց ես դիմացա, իես, սեր։ Յոթ դոլարով։ Ա՛լլո, Հորդուբալ։ Ա՛լլո, you niggers:[20] Այո, պարոն, մարդ կարող է շատ բանի դիմանալ։ Ձին՝ չէ։ Ձիերին չէր կարելի իջեցնել այնտեղ ներքև՝ վագոնիկները քաշելու։ Շատ շոգ էր, պարոն։ Կամ լոուերդեքը նավում․․․ Մարդը շատ բանի կդիմանա, միայն թե համաձայնության գաս։ Քեզնից պահանջում են, իսկ թե ինչ՝ գլուխ չես հանի․ դե, նրանք էլ բղավում են, չարանում, ձեռքերը տարածում․․․ Իսկ փորձեք Համբուրգում իմանալ, թե ոնց գնաս Կրիվոյ։ Նրանք կարող են ինձ վրա բղավել, իսկ ես՝ ոչ։ Ամերիկա ես ուզում գնալ՝ բանը հեշտից էլ հեշտ է․ մեկը ձեզ կնստեցնի շոգենավ, մյուսը կդիմավորի, իսկ ահա ետ գալ, պարոն, ետ գալ ոչ ոք չի օգնի։ No, sir. Տուն հասնելը դժվար է, պարոն։

Եվ Յուրայ Հորդուբալը գլուխն է օրորում։ Եվ ահա նա ինքն էլ է օրորվում, ճոճվում է մի կողմից մյուսը, ծանր, անկենդան։ Յուրայը նիրհում է։ Հաստլիկ հրեուհին պատուհանի մոտ դժգոհությամբ շուրթերն է սեղմում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրն ու խանութպանը արտահայտիչ հայացքներ են փոխանակում։ Այո, այո․ այ թե ժողովուրդ է լույս ընկել։ Տավար։


II

Այդ ո՞վ է քայլում այնտեղ, հովտի մյուս կողմով։ Տես, տես, կարճ ճաքավոր կոշիկներո՜վ։ Մեխանի՞կ է արդյոք։ Ձեռքին սև ճամպրուկ ունի․ անծանոթը բարձրանում է բլրակն ի վեր․ այդքան հեռու չլիներ, կարելի էր ձեռքերը դնել բերանին ու ձայն տալ՝ փա՜ռք տեր մեր Հիսուս Քրիստոսին, անցորդ, ժամը քանի՞սն է։ ― Երկուսն անց է, հովիվ։ Այդքան հեռու չլինեիր, ես էլ կհարցնեի՝ ո՞ւմ կովերն ես պահում։ ― Իսկ դու կբացատրեիր՝ ահա սրանք, Կնտակը, Չալոն, Աստղիկը, Շեկոն ու այդ հորթը Պոլանա Հորդուբալովայինն են։ ― Այդպես, այդպես, տղա, լավ կովեր են, մարդու քեֆը գալիս է, միայն թե մի թողնի իջնեն Սև առվի կողմը, այնտեղ խոտը թթվահամ է ու ջուրը դառը։ Այդպես, ուրեմն, նա միայն երկու կով ուներ։ Իսկ ինչ է, տղա, միգուցե նա եզնե՞ր էլ ունի։ ― Տեր իմ աստված, էն էլ ինչպիսի՜ եզներ։ Պոդոլյան, եղջույրները ոնց որ պարզած ձեռքեր։ Երկու եզ, պարոն։ ― Դե, իսկ ոչխարնե՞ր։ ― Ոչխարներ էլ, խոզեր էլ, պարոն․ դրանք արածում են հրեն վերևը, Գեշ Պոլոնինում։ Պոլանան խելոք է ու հարուստ։ ― Իսկ ամուսին ունի՞։ Ի՞նչ ես ձեռքդ թափ տալիս, մի՞թե նա գլխավոր չունի։ Է՜հ, տղա, յուրաիններին չե՞ս ճանաչում՝ ձեռքը տարել է աչքերին ու կանգնել մնացել, ոնց որ քոթուկ։

Յուրայի սիրտը խփում էր արագ֊արագ․ նա կանգ է առնում շունչը ետ բերելու․ «օ՛ֆ֊օ՛ֆ․․․ օ՛ֆ֊օ՛ֆ»։ Դա նրա ուժերից վեր է ու այնպես անակնկալ․ Հորդուբալը շնչասպառ է լինում, ինչպես ջուրն ընկած մարդը․ հանկարծ նա հայտնվում է իր տանը։ Տա՜նը։ Մի երկու քայլ էլ չէր արել քարքարոտ հեղեղատով, որ հիշողությունները վրա տվին․ այո, այո, այս հեղեղատը հնուց ի վեր այստեղ է, ինչպես և հովիվների կրակներից խանձված այդ փշաթփերը․ առաջվա պես քարքարոտ փլվածքում ծաղկում է խռնդատը, արահետը կորչում է ուրցի ու չոր խոտերի մեջ․․․ ահա և մամռապատ քարը, օձասխտորը, գիհու ծառը, ահա անտառի եզրը, կովի չորացած կեղտը, հովվական լքված քողտիկը․ չկա այլևս Ամերիկան և չկան ութ տարիները․ ամեն, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել էր․ ուղտափշի տերևներին նստած փայլուն բզեզը, լպրծուն խոտերը, հեռավոր զանգերի ղողանջը, Կրիվոյի վերևի թամբարդը, բոշխի մուգ֊դարչնագույն մացառուտներից և տան ճանապարհը․․․ Ճանապարհ, որով անաղմուկ քայլում է երբեք Ամերիկայում չեղած լեռնցին, ճանապարհ, որից կովերի ու անտառի հոտ է գալիս, որը տաքացել է արևից, ինչպես հացի փուռ․ ճանապարհ, որ ձգվում է ներքև, դեպի հովիտը, անասունների ոտքերի տակ, ճահճուտը՝ չլմփում, և կածանը գնում կորչում է անտառի թավուտում․ չէ, սեր, սա ձեզ համար Ջոնսթոնի խարամաբետոնե մայթը չի, որ ճռճռում է ներբանիդ տակ։ Ոչ ռեյլինգներ[21] կան, ոչ դեպի մայնե[22] քայլող անբոխներ՝ չորս կողմ ոչ մի շունչ, ոչ մի հոգի, միայն ներքև ձգվող արահետ, առվակ ու բոժոժները ծլնգացնող հոտեր․․․ Տուն տանող ճանապարհ, վերադարձ, գառների վզերին կապած զանգակներ և առվակի ափին կապույտ ծաղիկներ․․․

Յուրայ Հորդուբալը քայլում է լայն֊լայն քայլերով ― ի՜նչ է նրա համար ճամպրուկը, ի՜նչ է ութ տարին․ չէ որ սա տան ճանապարհն է, ոտքերն իրենք են քեզ թռցնում։ Այսպես աղջամուղջին արոտներից նախիրն է վերադառնում․ լիքը կուրծերով կովերը զանգակներն են զնգացնում՝ բի՜մ֊բա՛մ, բի՜մ֊բա՛մ, ծլնգում են հորթերի բոժոժները․․․ Իսկ ինչ, եթե նստի այստեղ ու սպասի մութն ընկնելուն։ Մտնի գյուղ զանգերի ղողանջի տակ, երբ կանայք դուրս են գալիս արտասանդուղք, իսկ տղամարդիկ կանգնած են լինում ցանկապատների մոտ․ մտիկ արեք, մտիկ, այդ ո՞վ է գալիս մեր կողմը։ Իսկ ես, ոնց որ նախիրը արոտատեղից, ուղիղ քշում եմ դեպի բաց դարբասը, բարի երեկո, Պոլանա։ Ահա և ես, այն էլ ոչ ծակ գրպանով։

Կամ ոչ, ավելի լավ է սպասեմ գիշերվան, մինչև տավարը անցնի, բոլորը քուն մտնեն, ու նոր պատուհանը թակեմ․ Պոլանա, Պոլանա։ ― Օ՜, Հիսուս Քրիստոս, ո՞վ է այնտեղ։ ― Ես եմ, Պոլանա։ Ուղիղ քեզ մոտ եմ եկել։ ― Օ, փառք աստծու։ ― Իսկ որտե՞ղ է Հաֆյան։ ― Հաֆյան քնած է։ Արթնացնե՞մ։ ― Չէ, չէ, թող քնի։ ― Դե, փա՜ռք, աստծու։

Հարդուբալը քայլում է ավելի արագ։ Էն աստված, մարդ թեթև է քայլում, եթե մտքերը շտապում֊աճապարում են։ Այո, որքան էլ վազես, ետևից չես հասնի։ Մտքերը քեզնից առաջ են անցնում, մտքումդ դու արդեն արոսենու մոտ ես, որ կանգնած է գյուղի եզրին․ քը՛շ, քը՛շ սագեր․․․ Ահա և դու տանն ես։ Մարդ ուզում է կոկորդով մեկ բղավել՝ էհե՜յ, մարդիկ, ինչքան կաք֊չկաք, տեսեք ո՜վ է գալիս, ի՜նչ ամերիկացի, պա՛հ֊պա՛հ֊պա՛հ, զարմացեք, boys[23] ― ա՛լլո։ Իսկ հիմա լուռ՝ ահա նա, քո տունը։ Պոլոնան բակում վուշ է ծեծում։ Մոտենաս ետևից ու աչքերը փակես։ ― Յուրայ։ ― Ինչպե՞ս իմացար, Պոլանա։ ― Փառք աստծու, Յուրայ, ես ու չճանաչեմ քո ձեռքերը․․․

Հարդուբալը վազում է հովտի միջով, չզգալով ձեռքի ճամպրուկը, որի մեջ ամփոփված է ողջ Ամերիկան․ կապույտ շապիկներ, մանչեստրե կոստյում և թեդդի―բեր[24] Հաֆյայի համար․ Պոլանա, ահա քեզ համար էլ զգեստի կտոր, Ամերիկայում են այսպիսի շոր հագնում․ ահա հոտավետ օճառ ու շղթայով handbag։[25] Իսկ սա flashlight[26] է, Հաֆյա, սեղմում ես կոճակը՝ և լույս է տալիս․ իսկ այստեղ թերթերից հանած նկարներ են, քեզ համար եմ կտրել պահել։ Գիտե՞ս ինչքան շատ էին, աղջիկս, ութ տարի հավաքում էի, բայց ստիպված էի թողնել, սյութքեյսում[27] չտեղավորվեց։ Սպասիր, այստեղ ինձ մոտ էլի ինչ֊որ բան կա։

Փառք աստծու, ահա և առուն։ Ոչ մի երկաթե կամուրջ, միայն ջրի մեջ շարված քարեր․ պետք է ձեռքերդ թափահարելով մեկից մյուսի վրա ցատկես։ Է՝, եղբայր, իսկ ահա այստեղ, լաստենու մացառուտում, մենք դեռևս երեխա ժամանակ ոտից֊գլուխ ջուր կտրած, վարտիքներս քշտած, խեցգետին էինք որսում․ իսկ տեսնես մնո՞ւմ է այն խաչը, որ տնկած էր ճամփի ոլորանում։ Փառք աստծու, ահա նա, թեքվել է կողքի, բայց դեռ կանգնած է այնտեղ, փոշուց տաք ու փափուկ գյուղական ճամփի եզրին, որից անասունի, խոտի ու հաճարի հոտ է գալիս։ Հիմա կերևա Միհալչուկովի պարտեզի ցանկապատը․ ահա, իսկույն էլ հայտնվեց․ ծածկվել է ընկուզենիներով ու յասամանով, էլի այնպես երեսի վրա թողած, ինչպես որ կար։ Փառք քեզ, աստված, ահա և ես գյուղում եմ։ Բարի գալուստ, Յուրայ Հորդուբալ։ Եվ Յուրայ Հորդուբալը կանգ է առնում․ սատանան գիտե, թե ինչու հանկարծ ճամպրուկն այդպես ծանրացավ։ Պետք էր քրտինքը սրբել։ Է՛խ, աստված իմ, ինչո՞ւ առվում չլվացվեցի․ հարկավոր է հանել ածելին ու հայելին և ջրի մոտ սափրվել։ Թե չէ իսկապես գնչու եմ դարձել, թափառաշրջիկ, ավազակ։ Ետ չդառնա՞մ ու լվացվեմ, քանի դեռ Պոլանայի աչքին չեմ երևացել։ Չէ, կարիք չկա, Հորդուբալ, արդեն տեսել են քեզ։ Միհալչուկովի ցանկապատի ետևի կռատուկով ծածկված խրավանդից զարմացած մի մանչուկ աչքերը չռել է քեզ վրա։ Ձայն տուր նրան, Հորդուբալ, հարցրու․ «Ո՞ւմ տղան ես, հո Միհալչուկովինը չե՞ս»։ Եվ մանչուկը փախչում֊ծլկում է, չլմփացնելով բոբիկ տոտիկներով։

Իսկ ի՞նչ կլինի, եթե գյուղը շրջանցի և տուն հասնի ետևի կողմից, մտածում է Հորդուբալը։ Այդպես կարելի է, բայց մեկ էլ տեսար հարձակվեցին վրաս․ «Է՛յ դու, այդպես ո՞ւր ես խցկվում։ Քեղիդ շուռ տուր, թե չէ մի լավ կդաղեմ մտրակով»։ Ճար չկա, ստիպված է անցնել գյուղի միջով․ օ՛հ, տեր աստված, գոնե ճամպրուկն այսպես ձեռքը ցած չքաշեր։

Խորդենիով պատուհանի ետևում կնոջ դեմք, դեղնաչք արևածաղիկներ․ մի պառավ ինչ֊որ բան է թափում բակում, երեխաները կանգ են առնում ու աչքերը տնկում նրա վրա․ է՛յ, էհե՜յ, մի օտար մարդ է գալիս։ Կիրիլ պապիկը շրթունքներն է ծամում և նույնիսկ աչքը չի բարձրացնում վերև․ սրտի մի հարված ևս, ― և աստված հետներս ― Յուրայը, գլուխը կռացնելով, ներս է մտնում իր տան դռնից։

Իր տա՞ն։ Ախր դու սխալվեցիր, խելառ։ Մի՞թե սա Հորդուբալի փայտե խրճիթն է, փայտե գոմն ու գերանակապ ամբարը։ Ախր սա ամբողջ մի կալվածատուն է․ քարաշեն տունը ծածկված է կղմինդրով, բակում ջրհորն է՝ երկաթյա պոմպով, երկաթե գութանն ու փոցխը, ― կալվածք և ուրիշ ոչինչ․ շուտ, Հորդուբալ, շուտ հեռացիր այստեղից քո փոքրիկ սև ճամպրուկով, քանի դեռ տան տերը դուրս չի եկել ու ասել․ «Դե, ի՞նչ ես հոտվտում այստեղ»։ ― «Բարի օր, տան տեր, արդյոք Պալանա Հորդուբալովան այստեղ չի՞ ապրում․․․ Ներողություն եմ խնդրում, ինչպես երևում է, ես մի փոքր սխալվել եմ»։

Արտասանդուղք է դուրս գալիս Պոլանան ու կանգ առնում՝ տեղում քար կտրած։ Ձեռքերը ջղաձգորեն սեղմելով կրծքին, նա շնչում է ծանր ու ընդհատ, առանց վախեցած աչքերը ամուսնուց հեռացնելու։


III

Եվ հիմա, Յուրայ Հորդուբալը չգիտի ինչ ասի․ քանի՜֊քանի անգամ էր պատկերացրել այս հանդիպումը, և ինչո՞ւ սա ոչ մեկին նման չի։ Ետևից թաքուն մոտենալով Պոլանայի աչքերը չփակեց, գիշերով չթակեց պատուհանը, չեկավ օրհնանքի խոսքերով երեկոյան ժամին, երբ հոտը զանգերն է հնչեցնում․ ո՛չ, ահա ինքը՝ ներս ընկավ կոշտամազ ու անլվա։ Եվ ինչո՞ւ զարմանալ, որ կինը վախեցավ։ Եվ Հորդուբալի ձայնն էլ մի տեսակ օտարոտի է, խռպոտ․․․ Տե՛ր, խրատի՛ր, հասկացրու, թե ինչ կարելի է ասել այսպիսի անմարդկային ձայնով։

Պոլանան ետ է քաշվում, անչափ ետ, թույլ տալով, որ նա ներս անցնի, ― ախ, Պոլանա, ես այնպես էլ ներս կմտնեի, ― և արտաբերում է համարյա անլսելի ու մի տեսակ ոչ իր ձայնով․

― Ներս գնա, ես Հաֆյային կկանչեմ։

Ա՛խ, Հաֆյայի՞ն։ Բայց ես նախ կուզենայի գրկել քո ուսերը, Պոլանա, ու ասել․ «Դե, անուշս, ինքս էլ ուրախ չեմ, որ քեզ վախեցրի։ Փառք աստծու, ահա և ես տանն եմ։ Մի տես, ո՞նց ես դու այստեղ ամեն բան կարգի բերել։ Նոր մահճակալ, բարձերի սար, սեղանն էլ նոր ու ամուր․ պատին սրբապատկերներ։ Ամերիկայում էլ դրանց նմանը չես գտնի։ Հատակը տախտակից, պատուհաններին էլ ծաղիկներ։ Կեցցես, Պոլանա, դու լավ տանտիրուհի ես։

Յուրայ Հորդուբալը կամացուկ նստում է իր ճամպրուկին։ Խելոք կին է Պոլանան, իր գործը գիտե։ Ամեն ինչից երևում է, որ մի դյուժինից ոչ պակաս կովեր ունի, գուցե և ավելի։ Փառք աստծու, ես իզուր չեմ աշխատել։ Օ՛հ, անուշս, համա թե շոգ է հանքահորում։ Թե իմանաս՝ ի՜նչ դժոխք է այնտեղ։

Պոլանան չի վերադառնում։ Եվ Յուրայ Հորդուբալն իրեն անհարմար է զգում, ասես երկար ժամանակով նրան մենակ են թողել օտար խրճիթում։ Կսպասեմ բակում, որոշում է նա, համ էլ կլվացվեմ։ Է՛խ, մարդ շապիկը հաներ, սառը ջրի հոսանքը բաց թողներ ուսերին, գլխին, մազերը թրջեր, ջուր շաղ տար չորս կողմ, բավականությունից քրքջար։ Չէ, չէ ― չի կարելի։ Ժամանակը չի դեռ, ժամանակը չի։ Առայժմ կարելի է միայն պոմպով մի քիչ ջուր հանել։ Առաջ այստեղ մի հորափայտվածք կար և կռունկ դույլի հետ․ կռանում էիր ցած, իսկ ներքևում մո՜ւթ֊մութ էր ու խոնավության հոտ էր փչում, իսկ հիմա ճիշտ ոնց որ Ամերիկայում․ այնտեղ ֆերմերները ճիշտ այսպիսի պոմպեր ունեն։ Չվերցնի՞ դույլն ու գնա գոմ, անասուններին ջուր տա, որպեսզի կովերը փնչացնեն, որպեսզի նրանց թաց ռունգերը փայլեն․․․ Յուրայը յուղոտված թաշկինակը թրջում է ու սրբում դեմքը, ճակատը, ձեռքերն ու ծոծրակը։ Ա֊ա՜խ, ինչ հաճելի է սառեցնում։ Հորդուբալը քամում է թաշկինակն ու աչք ածում, թե որտեղ փռի չորանալու։ Բայց ոչ, մենք դեռ տանը չենք, և նա թաց թաշկինակը խցկում է գրպանը։

― Նա քո հայրն է, Հաֆյա, ― լսում է Հորդուբալը, և Պոլանան տասնմեկամյա աղջնակին հրում է նրա կողմը։ Երեխան վախեցած կապույտ աչքեր ունի։

― Այ թե դու ինչպիսին ես, Հաֆյա, ― շփոթված մրթմրթում է Հորդուբալը (իսկապես որ, այսպիսի մեծ երեխային ու թեդդի֊բե՜ր) և ուզում է շոյել նրա գլուխը։ Միայն մի մատով, Հաֆյա։

Բայց աղջնակը խույս է տալիս ու սեղմվում է մորը, առանց աչքը անծանոթից կտրելու։

― Դե բարևիր, Հաֆյա, ― խստությամբ ասում է Պոլանան ու շմփացնում աղջկա մեջքին։

― Թող նրան, Պոլանա։ Ինչ վատ բան կա այստեղ, որ երեխան քաշվում է։

― Բարի օր, ― շշնջում է Հաֆյան ու շուռ գալիս։

Հանկարծ Յուրայն իրեն վատ է զգում, արցունքները պատում են աչքերը, երեխայի կերպարանքը թրթռում է աչքին ու ճապաղվում։ «Դե, դե, այս ինչ բան է․ է՜, ոչինչ կանցնի։ Բոլորը նրանից է, որ այսքան տարի չէի լսել այդ խոսքը՝ «բարի օր»։

― Հայֆա, մոտ արի, ― իրար է անցնում Հորդուբալը, ― նայիր՝ քեզ համար ինչ եմ բերել։

― Գնա, հիմար, ― առաջ է հրում աղջկան Պոլանան։

Հորդուբալը կռանում է ճամպրուկի վրա։ Սուրբ աստվածածին, ինչպե՜ս է ամեն ինչ ճմրթվել։ Ո՞ւր է կորել էլեկտրական լապտերը։ Այ թե Հաֆյան կզարմանա։

― Նայիր, Հաֆյա, սեղմում ես այս կոճակը, և սա լույս է տալիս։ Այս ինչ բան է, չի ուզում վառվել։ ― Հորդուբալը սեղմում է կոճակը, լապտերը ձեռքերի մեջ շուռումուռ է տալիս ու մռայլվում։

― Ի՞նչ պատահեց սրան։ Ա֊ա՜, երևի մարտկոցը չորացել է։ Նավի վրա այնպիսի դժոխք էր որ։ Գիտես, ներքևի տախտակամածում․․․ Հաֆյա, սա լույս էր տալիս։ Պայծառ լույս էր տալիս, ոնց որ արև։ Սպասիր, ես քեզ նկարներ տամ, կնայես։

Հորդուբալը հանում է լրագրերի ու ամսագրերի թերթերը, որոնց մեջ հագուստ է փաթաթված։

― Հաֆյա, մոտ արի։ Տես, ահա սա Ամերիկան է։

Աղջնակը շփոթված տատանվում է ու նայում մորը։ Պոլանան չոր֊չոր ու խստությամբ գլխով է անում․ «Գնա»։ Հաֆյան քաշվելով, տհաճությամբ մոտենում է այդ օտար, լողլող մարդուն։ Ո՜ւխ, հիմա ոնց նետի պես դուրս կթռչեր դռնից ու կվազեր, առանց ետ նայելու կվազեր Մարիյկայի ու Ժոֆկայի մոտ, աղջիկների մոտ, որոնք այնտեղ, կալերի ետևում, փոքրիկ, ծիծաղելի շան լակոտին բարուրում են վերմակի մեջ․․․

― Մտիկ, Հաֆյա, ինչպիսի՜ կանայք են։ Իսկ այստեղ, նայիր, կռվում են, հը՞։ Սա ֆուտբոլ է, մի տեսակ խաղ է Ամերիկայում, հասկանում ես։ Իսկ ահա այս բարձր տները․․․

Հաֆյան արդեն ուսով դիպչում է նրան ու վեհերոտությամբ շշնջում․

― Իսկ էնտեղ ի՞նչ է։

Ուրախ խանդաղատանքը համակում է Հորդուբալին՝ դե ահա, երեխան արդեն ընտելանում է։

― Այդ․․․ այդ Felix the Cat:[28]

― Ախր էդ փիսիկ է, ― բողոքում է Հաֆյան։

― Հա՛֊հա՛, իհարկե, փիսիկ է։ Դու խելոք աղջիկ ես, Հաֆյա։ Սա մի տեսակ․․․ ամերիկյան կատու է, օլ֊ռայթ։ [29]

― Իսկ նա ի՞նչ է անում։

― Նա․․․ նա լիզում է tin,[30] հասկանում ես էդվերտիսմենտ[31] է, այ թե ինչ։

― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։

― Սա․․․ սա ամերիկերեն է, Հաֆյա, դու չես հասկանա։ Իսկ հիմա նայիր՝ շոգենավեր, ― թեման շտապով փոխում է Հորդուբալը, ― ես եկա մի այսպիսի նավով։

― Իսկ էս ի՞նչ է։

― Դրանք ծխնելույզներ են, հասկանում ես։ Նավի ներսում շոգեմեքենա կա, իսկ ետևից այսպիսի․․․ այսպիսի պտուտակ․․․

― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։

― Այդ դու կկարդաս ժամանակին, մի ուրիշ անգամ։ Դու հո կարդալ գիտես, ― ճողոպրում է Հորդուբալը։ ― Իսկ ահա այստեղ նայիր՝ երկու կար[32] իրար են զարկվել․․․

Պոլանան կանգնել է շեմին, ձեռքերը կրծքին խաչած, ու չոր, սևեռուն հայացքով նայում է դեպի բակ։ Նրա ետևը, խրճիթում, երկու գլուխ թեքվել են իրար։ Տղամարդկային ձայնը կմկմոցով պատմում է Ամերիկայի մասին, աշխատելով ինչ֊որ բան հասկացնել։

― Այ թե Ամերիկայում ոնց են անում, Հայֆա։ Իսկ ահա սա էլ մի անգամ ես ինքս իմ աչքով տեսա․․․ ― Հետո Հորդուբալի լեզուն բոլորովին շաղվում է, և նա մռմռում է, ― Հաֆյա, մի տես մայրիկդ ո՞ւր է։

Ասես գերությունից ազատվելով, Հաֆյան դուրս է թռչում արտասանդուղք։

― Սպասի՛ր, ― կանգնեցնում է նրան Պոլանան, ― հարցրու, միգուցե նա ուտել է ուզում․․․ կամ խմել։

― Հարկավոր չի, աղավնյակս, հարկավոր չի, ― հրաժարվում է Հորդուբալն ու շտապում դեպի շեմը։ ― Շնորհակալ եմ, որ հոգացիր, սրտանց շնորհակալ եմ, հարկ չկա շտապելու․ դու, անշուշտ, ուրիշ գործեր էլ կունենաս․․․

― Գործը միշտ էլ անպակաս է, ― անորոշ կերպով արձագանքում է Պոլանան։

― Դե, այ տեսնում ես, Պոլանա, այ տեսնում ես։ Ես քեզ չեմ անհանգստացնի, զբաղեցնելով իմ գործերով, ես հետո․․․ ես ինչ․․․

Պոլանան աչքերը բարձրացնում է նրա վրա, ասես ուզում է ասել, ուզում է ամեն ինչ միանգամից ասել, բայց շրթունքներն սկսում են դողալ, և նա լուռ գնում է իր գործերին․ չէ՞ որ դրանք միշտ էլ անպակաս են։

Կանգնած դռների մեջ, Հորդուբալը նայում է նրա ետևից․ չգնա՞ նրա ետևից սարայ։ Չէ, առայժմ չէ․ սարայում մութ է, լավ չի լինի այդ․․․

Ութ տարի, եղբայրներ, ո՜ւթ տարի։ Խելամիտ կին է Պոլանան, ջահել աղջկա պես չի փաթաթվում վզիդ։ Վատ չի լինի նրան հարձուփորձել այս ու այն բանի, դաշտի, անասունների մասին։ Դե, աստված իր հետ, նրա գործերն անպկաս են։ Պոլանան առաջ էլ այդպես էր՝ աշխատող, ծանրաբարո, խելամիտ։

Հորդուբալը մտախոհ դիտում է բակը։ Բակը մաքուր է, ծածկված աղպատով ու հարսնմատով, ոչ մի տեղ աղբահյութի հետք անգամ չի նկատվում։ Չգնա՞ տնտեսությանն աչք ածի։ Չէ, պետք չի, առայժմ պետք չի։ Պոլանան ինքը կասի․ Յուրայ, գնա տես՝ ո՞նց եմ տնտեսությունը վարել։ Ամեն ինչ աղյուսից է ու երկաթից, բոլորը նոր, այսքան ու այսքան է նստել։ Եվ ես կասեմ՝ լավ է, Պոլանա։ Ես էլ եմ որոշ բաներ բերել տնտեսություն։ Պոլանա, դու տնտեսությունից լավ ես գլուխ հանել։ Ու բարեկազմ ես դու, Պոլանա, բարեկազմ ես, ոնց որ նորապսակ աղջիկ։ Աստված իմ, ի՜նչ ուղիղ է մեջքը։ Պոլանան միշտ էլ այդպես է քայլել, դեռևս աղջիկ ժամանակ գլուխը բարձր էր պահում։ Հորդուբալը հառաչեց ու ծոծրակը քորեց։ Ինչ արած, թող քո ուզածի պես լինի, Պոլանա։ Ութ տարի շարունակ ինքդ ես եղել քո տիրուհին, մի անգամից կոտրել չես կարող։ Ինքդ կխոստովանես՝ լավ է, որ հիմա տանը տղամարդ կա։

Հորդուբալը մտախոհ դիտում է իր բակը։ Ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նոր ձևով։ Պոլանան տնտեսության մեջ հաջողակ է։ Իսկ ահա այդ աղբը, աղավնյակներս, այդ աղբը ինձ դուր չի գալիս։ Դրանից ախոռի հոտ է փչում և ոչ թե գոմի։ Ահա պատից կախված է երկու անուր, իսկ բակում ձիու թրիք կա։ Պոլանան ձայն էլ չհանեց, որ ձիեր է պահում։ Լսիր, Պոլանա, ձին կնկա բան չի։ Ախոռում տղամարդ է հարկավոր, ահա թե ինչ։

Հորդուբալը մտահոգությամբ ճակատն է կնճռոտում՝ նա սմբակի հարվածներ է լսում տախտակե միջնապատին։ Ձին դոփում է, ինչպես երևում է՝ ծարավ է։ ― Բրեզենտե դույլով ջուր տանեմ նրան։ Չէ, չէ, Պոլանան ինքը կխնդրի․ «Յուրայ, գնանք, աչք ածիր մեր տնտեսությունը»։ Ջոնսթոնում էլ ձիեր կային, այնտեղ ներքևում, բովանցքերում։ Մոտենում էի դունչները շոյելու, ― այնտեղ կովեր չկային, Պոլանա, այ թե ինչ։ Իսկ որքան լավ է, երբ բռնում ես կովի եղջյուրից ու գլուխը ցնցում, օհի֊ հո՜, պառավս։ Իսկ ձին․․․ Դե, փառք աստծու, հիմա տանդ տղամարդ ունես։

Եվ հանկարծ հին, վաղուց ծանոթ մի հոտ է առնում։ Հորդուբալը հոտոտում է երկար ու բավականությամբ։ Փա՜յտ։ Փայտերի խեժոտ բուրմունքը, արևի տակ մնացած սոճու խղանների հոտը։ Ցախանոցը հրապուրում է Յուրային։ Ծղանները լավն են, մեծ֊մեծ, հաստակեղև։ Ահա և կոճղը՝ մեջը խրված կացնով, փայտե իշուկն ու սղոցը։ Հին սղոցը։ Հին սղոցը, որ հղկվել է նրա ափերի մեջ։ Հորդուբալը շնչում է խորը ― բարի գալո՜ւստ ― հանում է պիջակն ու խղանը դնում իշուկին։

Քրտնած ու երջանիկ, նա ձմռան փայտ է սղոցում։


IV

Յուրայն ուղղում է մեջքը ու քրտինքը սրբում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Այ, սա է աշխատանքը։ Այն չի, ինչ պիթում։ Հոտն էլ է ուրիշ։ Պոլանայի փայտերը լավ փայտեր են, խեժոտ․ մեջները ոչ ծուռ կոճղեր կան, ոչ չորուկներ։

Բադերը կռնչում են, սագերն աղմուկով դես ու դեն նետվում․ մոտերքում լսվում է սայլի դղրդյուն, և սայլը սրընթաց թեքվում է տան կողմը։ Պոլանան դուրս է թռչում սարայից ու վազում դարբասը բանալու։ Ա՛խ, Պոլանա, դու վազում ես աղջկա նման։

Դե այդ ո՞վ է, ո՞վ է գալիս մեզ մոտ։ Շրխկում է մտրակը, տաք, ոսկեգույն փոշին գալարվում է օդում, և զույգ ձի լծած սայլը ներս է ընկնում բակ․ սայլը թխկթխկում է, իսկ նրա վրա հունգարական ձևով կանգնած է մի երիտասարդ․ նա սանձերը բարձրացնում է վեր, բարձրաձայն բղավում՝ «թփը՜ռռռ» և ցած թռչելով թփթփացնում է ձիերի խոնավ պարանոցներին։

Մոտենում է Պոլանան, գունատ ու վճռական։

― Յուրայ, սա Շտեպանն է։ Շտեպան Մանյան։

Ձգափոկերի վրա կռացած մարդը կտրուկ ուղղվում է, դեմքով դառնում է Յուրային։ «Այ քեզ սևամո՜րթ, ― մտքում զարմանում է Հորդուբալը։ ― Աստված իմ, իսկը ագռավ է»։

― Ինձ մոտ բատրակ է, ― ամուր ու որոշակի ավելացնում է Պոլանան։

Երիտասարդն ինչ֊որ փնթփնթում է, կռանալով լծասարքին և, ձգափոկերն արձակելով, մի ձեռքով պահում է երկու ձիերին, իսկ մյուսը առանց այլևայլության մեկնում է Հորդուբալին։

― Բարի եկար, պան։

Պանը ձեռքն շտապով քսում է տաբատին ու պարզում Շտեպանին․ Հորդուբալը գլուխը կորցրել է, միաժամանակ հաճելի է նրան․ նա շփոթվում է, քրթմնջում ինչ֊որ ու նորից, ամերիկյան ձևով, թափ տալիս Շտեպանի ձեռքը։

Շտեպանը պստիկ֊մստլիկ, բայց բարեկազմ ջահել է։ Հասակով հազիվ Յուրայի ուսերից լինի, բայց հանդուգն ու գրգռիչ կերպով նայում է ուղիղ նրա աչքերի մեջ։

― Հիանալի ձիեր են, ― մռթմռթում է Հորդուբալն ու ձեռքը տանում՝ նրանց մռութները շոյելու։ Սակայն ձիերը խրտնում են ու ծառս լինում։

― Զգույշ պան, ― ասում է Մանյան, և նրա աչքերում ծաղր է նկատվում, ― սրանք հունգարական ձիեր են։

Ախ դու, սևամռութ, կարծում ես ես ձիերից գլուխ չե՞մ հանում։ Ճշմարիտ է, չեմ հանում, բայց ձիերը տիրոջը կվարժվեն։

Ձիերը ցնցում են գլուխները, ուր որ է տեղներից կպոկվեն։ Հորդուբալ, ձեռքերդ դիր գրպաններդ ու տեղիցդ մի շարժվիր, թող այդ սևամորթը չկարծի թե վախենում ես։

― Այ, էս երեք տարեկան ձին հեծելազորային հովատակից է, ― պատմում է Մանյան։ Նա բռնում է ձիու պոչից։ ― Ց֊ց֊ց․․․ Է֊է։ Վա՛յ , սատանա։ Հա՜յդե։ ― Ձին թափահարում է գլուխը, իսկ Շտեպանը ծիծաղում է միայն։

Պոլանան մոտենում է, մի կտոր հաց պարզում ձիուն։ Շտեպանը, աչքերը փայլեցնելով նրա կողմը, բռնած ձիու լկամից, սեպերն է բացում․․․

― Է֊է, հանգիստ։

Շտեպանը ներքին լարումից սեղմում է ատամները, ձին ասես քարացած կանգնում է տեղում և, պարանոցը գեղեցիկ ծռելով, տիրուհու ափից շրթունքներով վերցնում է հացը։

― Դե֊ե՜, ― բղավում է Մանյան և, ամուր բռնած ձիերի լկամներից, տանում է նրանց ախոռ։

Պոլանան նայում է նրանց ետևից։

― Հովատակին չորս հազար են տալիս, ― աշխուժորեն հայտնում է նա, ― իսկ ես չեմ ծախի։ Շտեպանն ասում է, որ ութ հազար էլ արժի։ Իսկ զամբիկը աշնանը կզուգավորվի․․․ ― Այ քեզ բա՜ն, ինչո՞ւ հանկարծ շփոթվեց և ասես լեզուն կծեց։ ― Հարկավոր է նրանց կեր տալ, ասում է նա անվստահորեն և պատրաստվում է հեռանալ։

― Այդպես, այդպես, կեր տալ, ― համաձայնում է Յուրայը։ ― Լավ ձի է, Պոլանա․ իսկ ինչ, լծած ժամանակ է՞լ այդպես լավ է։

― Լծա՞ծ։ Ախր այդպիսի ձիուն լծելը մեղք է, ― գրգռվում է Պոլանան։ ― Դա քեզ համար հո գյուղական լծկան ձի չի։

― Երևի այդպես է, ― զսպում է իրեն Հորդուբալը։ ― Այդ ճիշտ է, մեղք է այդպիսի կտրիճ ձին։ Լավ ձիեր են, աղավնյակս, նայում ես՝ հոգիդ փառավորվում է։

Մանյան արդեն դուրս է գալիս ախոռից՝ ձեռքերին երկու բրեզենտե դույլեր։

― Պան, նրա համար ութ հազար կվերցնենք, ― վստահորեն ասում է նա։ ― Իսկ աշնանը հարկավոր է զամբիկին զուգավորել։ Ես նրա համար էնպիսի մի հովատակ եմ ճարել, իսկը քաջք։

― Բրո՞ւտը, թե Հեյդուսը, ― կես֊ճամփից շուռ է գալիս Պոլանան։

― Հեյդուսը։ Բրուտը ծանր կգա։ ― Մանյան սև բեղիկների տակ բացում է սեպերը։ ― Պան, չգիտեմ դուք ոնց, բայց ես ծանրաշարժ ձիուն գին չեմ տա։ Ուժը տեղն է, իսկ ցեղը՝ հեչ։ Ցեղ չունի, պան։

― Հըմ, ճիշտ է, ― անվստահորեն արձագանքում է Հորդուբալը, ― ցեղը հայտնի բան է․․․ Դե, իսկ կովե՞րը, Շտեպան։

― Կովե՞րը, ― զարմանում է Շտեպանը։ ― Դուք կովերի՞ մասին եք հարցնում։ Այո, տիրուհին երկու կով ունի, ասում է՝ կաթ է հարկավոր։ Իսկ մի՞թե դուք դեռ ախոռում չեք եղել, պան։

― Ո֊ոչ։ Գիտես, ես քիչ առաջ եմ եկել, ― պատասխանում է Հորդուբալն ու մոլորվում․ ախր ահա ամբողջ մի բլուր փայլտ է կտրել, չես կարող թաքցնել։ Բայց և այնպես Հորդուբալը գոհ է, որ Շտեպանի հետ հեշտությամբ «դու»֊ի անցավ։ Տիրոջ և բատրակի միջև այդպես էլ պետք է լինի։

― Հա, ― շարունակում է Հորդուբալը, ― ես հենց պատրաստվում էի այնտեղ գնալ։

Շտեպանը, դույլերը լցելով, տիրոջն առաջնորդում է ախոռ։

― Մեզ մոտ, այնտեղ․․․ տիրուհու մոտ, երեքշաբաթական քուռակն է ու ծանրացած մատակը։ Երկու ամիս առաջ է բեղմնավորվել։ Էս կողմ արի, պան։ Իսկ այդ մալած ձին համարիր ծախած։ Երկուսուկես հազար։ Լավ ձի է, բայց ես երեք տարեկանին եմ լծում՝ հարկավոր է վարժեցնել։ Իրասածի է։ ― Մանյան նորից է սեպերը բացում։ ― Այդ մալած ձին բանակի համար է։ Մեր ձիերը միշտ էլ բանակի համար են վերցրել։

― Այդպես, այդպես, ― համաձայնում է Յուրայը, ― այստեղ քեզ մոտ մաքուր է, Շտեպան։ Դե, իսկ ինքդ բանակում ծառայած կա՞ս։

― Հեծելազորում, պան, ― քմծիծաղում է Մանյան ու ջրում եռամյա ձիուն։ ― Մտիկ միայն․․․ ի՜նչ գլուխ է։ Հապա զավակը։ Է՛խ, ցը֊ցը֊ցը։ Զգույշ, պան։ ― Եվ Շտեպանը բռունցքով թփթփացնում է ձիու պարանոցին։ ― Ա՜խ, ավազակ․․․ Այ սա ձի՜ է։

Ախոռի սուր հոտից Հորդուբալն իրեն վատ է զգում։ Ուրիշ բան է գոմը՝ կաթի, արոտի, գոմաղբի հարազատ բույրը։

― Իսկ ո՞ւր է քուռակը, ― հարցնում է նա։

Քուռակը, դեռևս բոլորովին բրդոտ, ծծում է մորը։ Նա ամբողջովին կազմված է ոտքերից։ Զամբիկը թեքում է գլուխն ու խելացի աչքերը շլում Հորդուբալի վրա։ Դե, իսկ դո՞ւ ինչ ես անում այստեղ։ Հուզված Յուրայը շոյում է նրա տաք, թավշյա կռնակը։

― Լավ մատակ է, ― ասում է Շտեպանը, ― միայն ծանրաշարժ է։ Տիրուհին ուզում է ծախի։ Միայն թե գիտեք, պան, մուժիկը ձի չի առնում, իսկ բանակի համար վերցնում են տաքարյուն ձիեր, ուղղակի կրակ։ Հանգիստները նրանց պետք չեն։ Այնտեղ բոլորը նման են իրար։ Չգիտեմ, թե դուք ոնց եք նայում այդ բանին, պան․․․

― Դե, դրանից Պոլանան է լավ հասկանում, ― անվստահորեն մռմռում է Հորդուբալը։ ― Իսկ այ եզների բանը ոնց է։ Պոլանան եզներ ո՞նի։

― Դե, ախր եզներն ինչի՞ համար են, պան, ― քմծիծաղում է Մանյան։ ― Դաշտում մատակն ու մալածը հերիք են։ Իսկ միսը հիմի գին չունի։ Խոզի միսը էլի մի կերպ գնում է։ Տեսե՞լ եք, տիրուհին ինչ վարազ ունի։ Դրան ավելացրու վեց խոզերն ու տասնչորս խոճկորները։ Խոճկորներն ուղղակի խլխլում են, դրանց համար հեռու տեղերից են մեզ մոտ գալիս, պան։ Ու մեր խոզերն էլ ոնց որ փղեր լինեն՝ մորթները սև, կճղակները սև․․․

Հորդուբալը մտածկոտ օրորում է գլուխը։

― Դե, իսկ խոճկորների համար կաթը ո՞րտեղից եք ճարում։

― Պարզ է, մուժիկներից, ― ծիծաղում է Մանյան։ ― «Է՛յ, չե՞ս ուզում մեր վարազը քո կեղտոտ խոզի վրա քաշել։ Ամբողջ շրջանում էդպիսի վստահելի վարազ չես ճարի։ Իսկ դրա դիմաց քանի՞ դույլ կաթ ու քանի՞ պարկ կարտոֆիլ կտաս։ Ճիշտ եմ ասում, պան, էդպիսի բանի համար չարժի մեջք ծռել։ Քաղաքն էստեղից հեռու է, առևտուրը՝ վատ։ Հիմար ժողովուրդ է․ պան։ Ամեն ինչ մշակում են իրենց համար միայն, դե, ուրեմն, քանի որ ծախել չեն իմանում, թող տան մեզ։

Հորդուբալը անորոշությամբ գլխով է անում։ Ճշմարիտ է, ճշմարիտ, մեզ մոտ միշտ էլ առևտուրը վատ է եղել, սագերն ու հավերը՝ էլի մի կերպ։ Իսկ Պոլանայի մոտ ամեն ինչ տեղը֊տեղին է։ Այո, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, տանտիրուհիս գործերից լավ է գլուխ հանում։

― Ապրանքը պիտի ծախել հեռու տեղերում, ― դատում է Շտեպանը, ― ու էնպիսի ապրանք, որ օգուտ բերի։ Դե, մի կճուճ յուղով ո՞վ շուկա կգնա։ Իսկույն քթիցդ կիմանան, որ ունեցած֊չունեցածդ էդ է․ դե, ուրեմն, գինը իջեցրու կամ չքվիր գրողի ծոցը։

― Իսկ դու ինքդ որտեղի՞ց ես, ― զարմանում է Հորդուբալը։

― Տափաստանից։ Լսած կա՞ք՝ Ռիբարիի ճահճուտը․ էստեղի ամբողջ շրջանը կտեղավորվի նրա մեջ, ոնց որ դանակը գրպանում։ Իսկ խոտը, պան, հասնում է դոշիդ։ ― Մանյան ձեռքն է թափահարում։ ― Է՛հ, էստեղ զզվելի հողեր են։ Վարում ես՝ մի գլուխ քարեր է, որ շուռ ես տալիս։ Իսկ մեզ մոտ՝ ջրհոր ես փորում, դուրս է գալիս իսկական սևահող։

Հորդուբալը կնճռոտվում է։ «Ի՜նչ գիտես դու, թաթա՛ր։ Ես, ես եմ այստեղ վարել ու քարերը շուռ տվել։ Դրա փոխարեն, ինչպիսի՜ անտառներ կան։ Ի՜նչ ազատություն, աստված իմ։ Ինչպիսի՜ արոտավայրեր»։

Սրտնեղած Յուրայը դուրս է գալիս ախոռից։ Ասում ես՝ զզվելի հողե՞ր։ Հապա ինչո՞ւ ես խցկվել մեզ մոտ։ Եվ մի՞թե անասունների համար այստեղ վատ է։ Դե, փառք աստծու, ահա և նրանք, արդեն ցրվում են դեպի տները։ Հովտում ու ցանկապատից դենը զանգակներն են զնգում՝ մեղմ, հավասարաչափ, ինչպես կովերի քայլերը։ Հորթերի վզին կապած բոժոժները ղողանջում են ասես հապշտապ։ Դե֊դե, դուք էլ կով կդառնաք, դուք էլ կքայլեք ծանրումեծ, ինչպես ամբողջ նախիրը։ Զանգակների զնգոցը ավելի ու ավելի է մոտենում, և Յուրայը պատրաստ է գլխարկը հանել, ասես հանդիսավոր թափոր է անցնում։ Հայր մեր, որ երկինս ես․․․ Զնգոցը լողում է գետի պես, բաժանվում խոշոր վտակների, տարածվում ողջ գյուղով մեկ։ Կովերն իրար ետևից անջատվում են նախրից և ― տա՜ն֊գո՛, ծը՜նգ֊ծը՜նգ ― ամեն մեկը դիմում է դեպի իր գամը։ Կաթի ու փոշու համաձույլ բուրմունք, և ահա զանգակները զնգում են դռների մեջ, ու երկու կովեր, գլուխները հանդարտ օրորելով, ուղղվում են դեպի Հորդուբալովների գոմը։ Յուրայը խորը հառաչում է․ դե, փառք քեզ աստված, ահա և ես տանն եմ։

Նախրի զանգահարությունը տարածվում է գյուղով մեկ ու լռում․ չղջիկը զիգզագաձև թռչում է անասունների ետևից՝ ճանճեր է որսում։ Բարի երեկո, տանտեր։ Կովը երկար ու ձիգ բառաչում է գոմում։ ― Գալիս եմ, գալիս։ Ձեռքերը մթության մեջ առաջ պարզած, Յուրայը մտնում է գոմ, շոշափում է կովի եղջյուրները, թավամազ, պինդ ճակատը, թաց շրթունքներն ու ռունգերը, պարանոցի կնճռոտ կաշին։ Ապա, մթության մեջ ափլփելով, գտնում է կովկիթն ու երեք ոտնանի աթոռակը, նստում կովի կուրծի մոտ ու սկսում իրար ետևից սեղմել պտուկները։ Կաթը բարակ շիթերով, ֆշշոցով ցայտում է կովկիթի մեջ, և Յուրայն սկսում է կամացուկ, կիսաձայն երգել։


V

Յուրայ Հորդուբալը նստում է սեղանի գլխին, ծալում ձեռքերն ու աղոթում։ Այդպես է պետք, քանի որ այժմ տան տերը նա է։ Պոլանան նստել է, շրթունքները սեղմած ու ձեռքերը ծալած։ Հաֆյան աչքերը չռել ու չգիտի ինչ անի։ Շտեպանը մռայլ աչքերը գցել է հատակին։ Միգուցե Շտեպանն ուրիշ հավատի է, բայց սեղան նստելիս անհրաժեշտ է աղոթել։ Ա՛յ թե քեֆները տեղը չի, հա՜․․․

Բոլորն ուտում են լուռ, շտապ֊շտապ․ միայն Հաֆյան է հազիվհազ փորփրում իր ափսեն։

― Կեր, Հաֆյա, ― խստությամբ հրամայում է Պոլանան, սակայն ինքը համարյա ոչ մի բանի ձեռք չի տալիս։ Միայն Շտեպանն է, ափսեի վրա թեքված, բարձրաձայն չփչփացնում։

Ընթրիքից հետո Մանյան շտապում է գնալ։

― Մի քիչ սպասիր, Շտեպան, ― պահում է նրան Հորդուբալը․ ― ինչ էի ուզում ասել․․․ Հա՛։ Իսկ բերքը ո՞նց է այս տարի։

― Խոտհարքը լավ էր, ― խուսափողաբար պատասխանում է Մանյան։

― Իսկ հաճա՞րը։

Պոլանան արագ մի հայացք է նետում Շտեպանի վրա։

― Հաճարը․․․ ― ծամծմում է Շտեպանը, ― ախր տիրուհին սարի արտը ծախել է։ Իզուր աշխատանք էր, պան, միայն քար ու քոլեր։

Հորդուբալի սիրտը խփում է արագ֊արագ։

― Միայն քար ու քոլեր, ― մռմռում է նա։ ― Ճիշտ է, միայն քար ու քոլեր։ Բայց ախր արտը ամենագլխավորն է, Պոլանա։

Շտեպանը ինքնավստահորեն ատամներն է բացում։

― Պան, նրանից ոչ մի գրոշի օգուտ չկար։ Գետափի մարգագետինները շատ ավելի լավն են։ Այնտեղ եգիպտացորենը մարդաբոյ է։

― Գետափի՞ն, ― զարմանում է Հորդուբալը։ ― Պոլանա, դու հովտում հո՞ղ ես գնել։

Պոլանան կուլ է տալիս ինչ֊որ բառեր, որոնք պատրաստվում էին պոկվել լեզվի ծայրից։

― Կալվածատիրոջ մարգագետինները, պան, ― բացատրում է Մանյան, ― հողն այնտեղ ամուր է, խորը, կուզես ուղղակի ճակնդեղ ցանիր։ Միայն թե ճակնդեղը գին չունի։ Ամեն ինչի համար էլ վատ են վճարում, պան։ Շատ ավելի շահավետ է ձի պահել։ Եկամտաբեր գործ է։ Մի ձի խնամես՝ ավելի շատ փող կստանաս, քան մի տարվա մուժիկային աշխատանքով։ Լավ կլիներ հովտում մի կտոր հող էլ առնել ու ախոռ շինել այնտեղ։ ― Շտեպանի աչքերը փայլում են։ ― Իսկ հովտում ձին իրեն ազատ է զգում, պան։ Ձին հո այծ չի։

― Կալվածատերը մարգագետինները կզիջի, ― մտմտում է Պոլանան ու բարձրաձայն հաշվում, թե դրանք ինչ կնստեն։ Սակայն Հորդուբալը չի լսում, Հորդուբալը մտածում է հաճարի ու կարտոֆիլի արտերի մասին, որ Պոլանան վաճառել է։ Ճիշտ է, այնտեղ քարեր շատ կային, բայց ախր հնուց ի վեր ղրանք եղել են ու եղել։ Մեր գործն էլ այդ է, ախպերս։ Մեկնելուց երկու տարի առաջ ես այնտեղ, սարալանջին, մի հողակտոր վարեցի։ Է՛խ, և ի՜նչ ես հասկանում դու գյուղացու աշխատանքից։

Հաֆյան մոտենում է Շտեպանին ու արմունկով հենվում նրա ուսին։

― Քեռի Շտեպան, ― շշնջում է նա։

― Դե, ինչ ես ուզում, ― ծիծաղում է Մանյան։

Աղջնակը տատամսում է։

― Բան էլ չէ, հենց էնպես։

Շտեպանը նստեցնում է նրան իր ծնկներին ու ճոճում։

― Դե, ինչ էիր ասում, Հաֆյա։

― Քեռի Շտեպան, ― շշնջում է Հաֆյան նրա ականջին, ― ես այսօր մի շան ձագ տեսա։ Էնպես սիրունիկն էր։

― Չէ՜ մի, ― շինծու կերպով զարմանում է Մանյան։ ― Իսկ ես մի նապաստակ տեսա՝ իր երեք ձագերի հետ։

― Օ՛յ, ― պոռթկում է Հաֆյան։ ― Իսկ որտե՞ղ։

― Առվույտի արտում։

― Իսկ աշնանը կորսա՞ս նրանց։

Շտեպանը խեթ նայում է Հորդուբալին։

― Տեսնենք։

«Լավ մարդ է, ― թեթևությամբ հառաչում է Հորդուբալը։ ― Հաֆյան սիրում է նրան։ Այ, ինձ այդպես չմոտեցավ։ Դե, բան չկա, երեխան կսովորի։ Իսկ Ամերիկայից բերած նկարների մասին նույնիսկ չհիշեց էլ։ Պետք է Շտեպանին մի բան նվիրել»։ Եվ Հորդուբալը աչքերով փնտրում է իր ճամպրուկը։

― Հրեն քո իրերը, դարսված են նստարանին, ― ցույց է տալիս Պոլանան։ «Նա միշտ էլ հոգատար է եղել», ― մտածում է Յուրայը և ծանրումեծ մոտենում նստարանին։

― Այ սա քեզ, Հաֆյա։ Նկարներ։ Սա էլ թեդդի֊բեր։

― Էդ ի՞նչ է, քեռի, ― հետաքրքրվում է Հաֆյան։

― Արջ է, ― բացատրում է Մանյան։ ― Դու հեչ կենդանի արջ տեսե՞լ ես։ Նրանք ապրում են վերևի սարերում։

― Իսկ դու տեսե՞լ ես, ― կպչում է Հաֆյան։

― Տեսել եմ։ Արջուկները մռթմռթում են, այ ասպես՝ մը՜ռռռ․․․

― Սա քեզ, Պոլանա, ― անվճռականորեն առաջարկում է Հորդուբալը։ ― Բոլորը դատարկ բաներ են, ես չգիտեի, որ․․․ Յուրայը շուռ է գալիս ու խառնշտում իրերը։ Ինչ մի բան ընտրել Մանյայի համար։ ― Իսկ ահա սա էլ քեզ, Շտեպան, ― շփոթված տատամսում է նա, ― երևի պետք գա։ Ամերիկյան դանակ ու ամերիկյան ծխամորճ։

― Ա՜խ դու, ― խուլ կերպով դուրս է պրծնում Պոլանայի կրծքից, աչքերը լցվում են արցունքներով, և նա դուրս է թռչում։

― Ի՞նչ եղավ քեզ, Պոլանա։


― Խոնարհաբար շնորհակալ եմ, պան, ― գլուխ է տալիս Մանյան և, ժպիտի մեջ ցուցադրելով բոլոր ատամները, ձեռք է տալիս Յուրային։ ― Օհո՜, ― համա թե ուժեղ ձեռք ունես․․․ Ուժներս չփորձե՞նք։

Փառք աստծու, ― ինքն իրեն հառաչում է Հորդուբալը, ― ահա և վերջացավ։

― Քեռի, դանակը ցույց տաս, ― կպչում է Հաֆյան։

― Տես, ― պարծենում է Շտեֆանը, ― համա՜ թե դանակ է։ Ամերիկայից։ Ուզում ես, ես քեզ համար ամերիկյան տիկնիկ պատրաստեմ։

― Հա՛, քեռի, ― ծվում է Հաֆյան։ ― Իսկ չե՞ս խաբում։

Յուրայը ժպտում է երանելի, լայն ժպիտով։







  1. waiter ― մատուցող (անգլ․)։
  2. ice-cream ― պաղպաղակ (անգլ․)։
  3. damn ― սատանան տանի (անգլ․)
  4. job ― աշխատանք (անգլ․)։
  5. miner ― հանքափոր (անգլ․)
  6. յոթ (անգլ․)։
  7. jes, sir ― այո, սեր (անգլ․)։
  8. Yoy are a svine ― դուք խոզ եք (աղավաղվ․ անգլ․)։
  9. train ― գնացք (անգլ․)։
  10. you bet ― հանգիստ եղեք (անգլ․)։
  11. vell ― լավ (անգլ․)։
  12. employment ― աշխատանք (անգլ․)։
  13. pit հանքահոր (անգլ․)։
  14. leave ― արձակում (անգլ․)։
  15. factory ― ֆաբրիկա (անգլ․)։
  16. Ոչ, սեր։ Ես գրել չգիտեմ, սեր (անգլ․)։
  17. Լռեցեք, սեր (անգլ․)։
  18. Չէ, շնորհակալ եմ (անգլ․)։
  19. lowerdek ― ներքևի տախտակամած (անգլ․)։
  20. էյ, դուք, նեգրե՛ր (անգլ․)։
  21. railing ― այստեղ՝ ճաղեր, որոնք պահպանում են մայթը փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղերում (անգլ․)։
  22. mine ― հանքափոր (անգլ․)։
  23. տղերք (անգլ․)։
  24. Teddi-bear ― խաղալիք֊արջ (անգլ․)։
  25. պայուսակ (անգլ․)։
  26. գրպանի լապտեր (անգլ․)։
  27. Suitcase ― ճամպրուկ (անգլ․)։
  28. Ֆելիքս կատուն (անգլ)։
  29. all right ― ճիշտ է(անգլ)։
  30. tin ― թիթեղյա տուփ (անգլ․)։
  31. advertisment ― ռեկլամ (անգլ․)։
  32. car ― ավտոմոբիլ (անգլ․)։