Վերջին թարմացում 9 Օգոստոսի 2015, 15:44
Հորդուբալ

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Չնայած այս պատմությունը իր բոլոր մանրամասնու-
նություններում արտացոլում է իրական եղելություն,
սակայն ամբողջությամբ առած մտածածին է։ Հեղինակը
չի կամեցել կոնկրետ մարդկանց ու անցքեր պատկերել։


Առաջին մաս

I

Ահա այն ուղևորը, պատուհանից երկրորդը, ճմռթված կոստյումով, դե ո՞վ կասի, թե նա Ամերիկայից է գալիս։ Իսկապես էլ, երբեք չէի հավատա։ Ամերիկացիները մարդատարով չեն ուղևորվում, այլ միայն ճեպընթացով, այն էլ մի գլուխ փնթփնթում են։ Իբրև Ամերիկայում գնացքները մերոնց թայը չեն, վագոնները ավելի երկար են, այնտեղ ճեփ֊ճերմակ ուեյթն[1] սառույցով ջուր է ման ածում ու այսկրիմ։[2] Լսե՞լ եք։ «Ալլո, բոյ, ― մռնչում է այդպիսի ամերիկացին։ ― Գարեջուր բեր այստեղ, մի մեծ աման գարեջուր, բոլորին մեկական գավաթ, թեկուզ հինգ դոլար լինի՝ կվճարեմ, դեմ»։[3] Է՛հ, եղբայրներ, անտեղի ինչ խոսես, իսկական ապրուստը Ամերիկայում է որ կա։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը հոգնած, քրտնած ննջում է բերանը բաց, իսկ գլուխը ճոճվում է, ասես անկենդան լինի։ Աստվա՜ծ իմ, անցել է տասնմեկ, տասներեք, տասնչորս, տասնհինգ օր։ Տասնհինգ օր ու գիշեր նստել ճամպրուկին, քնել հատակին կամ նստարանին, ջուր կտրել մինչև շապիկը, փայտանալ, ցնդել մեքենաների աղմուկից, արդեն տասնհինգերորդ օրն է։ Է՛հ, գոնե ճար լիներ ոտքերը պարզելու, մի խուրձ խոտ դներ գլխի տակ ու քնե՜ր, քնե՜ր, քնե՜ր։

Պատուհանի մոտ նստած հաստ հրեուհին զզվանքով քաշվում է անկյուն։ «Մեկ էլ տեսար քնեց ու պարկի պես ընկավ վրաս․ ով գիտի, թե ինչ է պատահել սրան․ ամբողջովին ճմրթված է, ոնց որ թավալ տված լինի գետնին։ Մի տեսակ տարօրինակ ուղեկից է, հեռու չքաշվե՞մ։ Ա՛խ, տեր աստված, ե՞րբ տեղ կհասնենք»։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը թեքվում է առաջ և, ցնցվելով, արթնանում։

― Այ թե շոգ է, հը՞, ― զգուշությամբ փորձում է խոսակցություն սկսել խանութպանի նման ծերուկը։ ― Հեռո՞ւ եք գնում։

― Կրիվոյ, ― դժվարությամբ արտասանում է «տարօրինակ» ուղեկիցը։

― Այդպես, այդպես, Կրիվոյ, ― գլխով է անում խանութպանը, ընկած֊ելած մի մարդ։ ― Իսկ հեռվի՞ց։ Հեռո՞ւ տեղից եք գալիս։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը չի պատասխանում, խոշոր, կեղտոտ ձեռքով սրբելով քրտնած ճակատը․ երևում է, թուլությունից գլուխը պտտվում է։ Խանութպանը ֆսֆսացնում է նեղացած ու շուռ գալիս դեպի պատուհանը։ Իսկ հարևվանը վախենում է նույնիսկ աչքերը վեր բարձրացնել, հայացքը հառել է թքոտած հատակին ու սպասում է՝ հո նորից իրեն չեն դիմելու։ Այն ժամանակ ինքը կբացատրի՝ այո, հեռվից է գալիս։ Ասեմ ձեզ, հենց բուն Ամերիկայից։ ― Ահա թե ի՜նչ, բուն Ամերիկայից։ Եվ այդքան հեռու տեղից հյո՞ւր եք գալիս։ ― Ոչ, ես տուն եմ գնում։ Կրիվոյ։ Այնտեղ ես կին ունեմ ու աղջիկ։ Անունը Հաֆյա է, Հաֆյա։ Երբ մեկնում էի, երեք տարեկան էր։ ― Այդպես, ուրեմն, Ամերիկայից։ Եվ երկա՞ր եք ապրել այնտեղ։ ― Ութ տարի։ Այո, արդեն ութ տարին լրացավ։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մի տեղ ջոբ[4] ունեի։ Աշխատում էի իբրև մայներ։[5] Ջոնսթոնում։ Այնտեղ ինձ հետ մի հայրենակից էր աշխատում, անունը Միխալ Հոբոկ։ Տալամաշցի Միխալ Բոբոկը։ Գերանը նրան տակով արեց, հինգ տարի եղավ արդեն։ Այդ օրվանից մարդ էլ չկար, հետը խոսեի, ասեմ ձեզ․ դե, ամերիկացիների հետ ինչ խոսես․․․ Բոբոկն ուրիշ, Բոբոկը սովորել էր նրանց լեզուն․ բայց գիտեք, երբ մարդ կին ունի, խելք ու միտքը հենց էն է, թե ոնց ամեն բան տեղը տեղին պատմի նրան։ Իսկ մի՞թե օտար լեզվով կարող ես պատմել։ Իսկ նրա անունը Պոլանա է։ ― Հապա ո՞նց էիք աշխատում, թե որ նրանց լեզուն չգիտեք։ ― Բա՜ն ասաց՝ ո՛նց։ Ձեն էին տալիս ինձ՝ ա՛լլո, էհե՜յ։ Հորդուբալ։ Ու ցույց էին տալիս իմ ջոբը․ Օրը յոթ դոլար էի գցում, էն աստված, սևեն։[6]Մենակ թե Ամերիկայում ամեն ինչ թանկ է, պարոններ։ Ապրուստի համար օրական երկու դոլարն էլ չի հերիքում։ Իսկ գիշերելու համար՝ շաբաթը հինգ դոլար։

Այստեղ խոսքի մեջ է մտնում դիմացի ուղևորը։ ― Սակայն, Հարդուբալ, դուք կարող էիք կարգին փող կուտակել։ ― Դե իհարկե, կուտակել կարելի էր։ Միայն թե ես ուղարկում էի տուն, կնոջս։ Ասացի՞, որ նրա անունը Պոլանա է։ Ամեն ամիս հիսուն, վաթսուն դոլար, պարոնայք, պատահում էր նույնիսկ իննսուն։ Բայց այդ միայն այն ժամանակ, երբ Բոբոկը դեռ ողջ էր․ գրագիտություն ուներ նա։ Աչքաբաց տղա էր այդ Բոբոկը, միայն թե արդեն հինգ տարի եղավ, ինչ գերանը տակով արեց նրան։ Այդ օրվանից ես էլ չէի կարողանում փողը տուն ուղարկել ու գնում էի բենկ։ Կհավատա՞ք, երեք հազարից ավելի հավաքվեց, իսկ հետո ինձ թալանեցին, փողերս կորան։ ― Ի՜նչ եք ասում, Հորդուբալ։ Իես, սեր,[7] երեք հազար ու մի բան էլ ավելի։ ― Եվ դուք նրան դատի չտվի՞ք։ ― Է՛հ, մի խոսեք։ Որտե՞ղ տաս։ Նա թփթփացրեց ուսիս՝ օքեյ հա օքեյ, միայն թե պետք է էդվանս վճարես։ Ֆորմենը ասաց նրան՝ յու ար էսվայն,[8] ու ինձ ետ բերեց։ Այ թե ինչպիսի բաներ են պատահում Ամերիկայում, ասեմ ձեզ։ Ախր դա ահագին գումար է, ամբողջ մի կարողություն։ Երկնային տեր, ինչպիսի՜ դժբախտություն։ Երեք հազար դոլար, մեր փողով ինչքա՞ն կանի։

Յուրայ Հորդուբալը լիովին բավարարված է․ հենց որ սկսեցի պատմել, բոլորդ աչքներդ տնկեցիք ինձ վրա։ Ամբողջ թրեյնից[9] կթափվեն մտիկ տալու այն մարդուն, որի երեք հազար դոլարը գողացել են Ամերիկայում։ Իես, սեր։ Այո, այդ ես եմ․․․ Յուրայ Հորդուբալը բարձրացնում է աչքերն ու դիտում հարևաններին․ հաստլիկ հրեուհին սեղմվում է անկյունին, խանութպանը նեղացած նայում է պատուհանից դուրս ու անձայն ինչ֊որ բան ծամում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրը նայում է Հորդուբալին հանդիմանական հայացքով։

Յուրայ Հորդուբալը նորից է փակվում ինքն իր մեջ։ Դե լավ, չեմ խցկվի․ հինգ տարի ոչ ոքի հետ չեմ խոսել, ու ոչինչ։ ― Հորդուբալ, ուրեմն ինչպես, դուք Ամերիակայից վերադառնում եք առանց մի գրոշի՞։ ― Չէ, ինչ եք ասում, իմ ջոբը լավ էր, միայն թե էլ փողերս բենկ չէի դնում, յու բեթ։[10] Սնդուկի մեջ էի պահում, պարոն, բանալին էլ շապիկիս տակ, և ուրիշ ոչինչ։ Տուն եմ տանում յոթ հարյուր դոլար։ Vell,[11] սեր, էլի կապրեի այնտեղ, միայն թե մնացի առանց էմփլոյմենթի։[12] Եվ այն էլ ութ տարի հետո։ Լոկաուտ էր, սեր։ Ածուխը շատ շատ էր, թե ինչ։ Մեր փիթից[13] վեց հարյուր մարդ լիվ[14] ստացան, պարոն։ Ամեն տեղից մի գլուխ ազատում էին։ Ոչ մի տեղ աշխատանք չկար։ Դրա համար էլ ես վերադառնում եմ։ Տուն, հասկանո՞ւմ եք։ Ինձ մոտ, Կրիվոյ։ Ես այնտեղ կին ունեմ ու մի հողակտոր։ Այն ժամանակ Հաֆյան երեք տարեկան էր։ Յոթ հարյուր դոլար եմ տանում թևիս տակ, նորից կսկսեմ տնտեսությամբ զբաղվել․․․ Կամ կվարձվեմ ֆեքթորիում,[15] կամ կգնամ անտառ կտրելու։ ― Հորդուբալ, իսկ ձեր կնոջն ու աղջկան չէի՞ք կարոտում։ ― Կարոտում էի, աստված վկա։ Բայց դե գիտեք, փող էի ճամփում նրանց ու մտածում՝ այ սա կովի համար է, սա՝ մի կտոր հողի, սա՝ Պոլանային՝ որևէ բանի համար, ինքն ավելի լավ կիմանա։ Ամեն մի դոլարը հաշվված էր, իսկ երբ փողը պահ էի տալիս բենկ, մտածում էի՝ ահա և ամբողջ մի նախիր կով։ Իես, սեր, հենց այդ փողերն էլ գողացան։ ― Իսկ ձեր կինը գրո՞ւմ էր ձեզ։ ― Չէ, չէր գրում։ Նա անգրագետ է։ ― Իսկ դո՞ւք նրան։ ― No, sir. Can't wrife, sir,[16] Այն օրից, ինչ Միխալ Բոբոկը մեռավ, ես ոչ մի բան չեմ ուղարկել կնոջս։ Միայն փող եմ ետ գցել։ ― Բայց գոնե հեռագիր տվե՞լ եք նրան, որ գալիս եք։ ― Դե, ի՜նչ եք ասում, ափսոս չի դրա վրա փող ծախսել։ Հետո, փոստատարին տեսներ, կվախենար, իսկ ինձանից չի վախենա։ Հա՛֊հա՛։ Ինչ ասել կուզի։ ― Իսկ գուցե մտածի, որ դուք մեռել եք, Հորդուբալ․ ախր այդքան տարի լուր չի ստացել ձեզանից։ ― Մեռե՞լ եմ։ Ինձ պես մուժիկը մեռնի՞։

Յուրայ Հորդուբալը տնտղում է իր հանգուցավոր ձեռքերը։

Իր նման մուժի՜կը։ Բա՜ն ասին․․․ Պոլանան խելոք է, Պոլանան գիտի, որ ես կվերադառնամ։ ― Աստված բոլորիս տերն է։ Իսկ ինչ, եթե Պոլանան ողջ չի։ ― Shut up, sir:[17] Երբ ես գնացի, նա քսաներեք տարեկան էր, և ամուր էր, սեր, ոնց որ պարան։ Դուք Պոլանային չգիտեք։ Այդպիսի փողերով, ուզում եմ ասել՝ այն դոլարներով, որ ես ուղարկում էի նրան, ու Պոլանան չապրի՜․․․ No, thank you.[18] Ջղայնացած խանութպանը պատուհանի մոտ կապույտ թաշկինակով քրտինքն է սրբում։ Գուցե նորից ասի՝ համա՜ թե շոգ է։

Ի՜նչ եք ասում, սեր։ Դուք սա շո՞գ եք համարում։ Այ, թե որ լոուերդեքում[19] լինեիք։ Կամ անտրացիտի հանքահորում։ Այնտեղ նիգգերներին են ուղարկում, բայց ես դիմացա, իես, սեր։ Յոթ դոլարով։ Ա՛լլո, Հորդուբալ։ Ա՛լլո, you niggers:[20] Այո, պարոն, մարդ կարող է շատ բանի դիմանալ։ Ձին՝ չէ։ Ձիերին չէր կարելի իջեցնել այնտեղ ներքև՝ վագոնիկները քաշելու։ Շատ շոգ էր, պարոն։ Կամ լոուերդեքը նավում․․․ Մարդը շատ բանի կդիմանա, միայն թե համաձայնության գաս։ Քեզնից պահանջում են, իսկ թե ինչ՝ գլուխ չես հանի․ դե, նրանք էլ բղավում են, չարանում, ձեռքերը տարածում․․․ Իսկ փորձեք Համբուրգում իմանալ, թե ոնց գնաս Կրիվոյ։ Նրանք կարող են ինձ վրա բղավել, իսկ ես՝ ոչ։ Ամերիկա ես ուզում գնալ՝ բանը հեշտից էլ հեշտ է․ մեկը ձեզ կնստեցնի շոգենավ, մյուսը կդիմավորի, իսկ ահա ետ գալ, պարոն, ետ գալ ոչ ոք չի օգնի։ No, sir. Տուն հասնելը դժվար է, պարոն։

Եվ Յուրայ Հորդուբալը գլուխն է օրորում։ Եվ ահա նա ինքն էլ է օրորվում, ճոճվում է մի կողմից մյուսը, ծանր, անկենդան։ Յուրայը նիրհում է։ Հաստլիկ հրեուհին պատուհանի մոտ դժգոհությամբ շուրթերն է սեղմում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրն ու խանութպանը արտահայտիչ հայացքներ են փոխանակում։ Այո, այո․ այ թե ժողովուրդ է լույս ընկել։ Տավար։


II

Այդ ո՞վ է քայլում այնտեղ, հովտի մյուս կողմով։ Տես, տես, կարճ ճաքավոր կոշիկներո՜վ։ Մեխանի՞կ է արդյոք։ Ձեռքին սև ճամպրուկ ունի․ անծանոթը բարձրանում է բլրակն ի վեր․ այդքան հեռու չլիներ, կարելի էր ձեռքերը դնել բերանին ու ձայն տալ՝ փա՜ռք տեր մեր Հիսուս Քրիստոսին, անցորդ, ժամը քանի՞սն է։ ― Երկուսն անց է, հովիվ։ Այդքան հեռու չլինեիր, ես էլ կհարցնեի՝ ո՞ւմ կովերն ես պահում։ ― Իսկ դու կբացատրեիր՝ ահա սրանք, Կնտակը, Չալոն, Աստղիկը, Շեկոն ու այդ հորթը Պոլանա Հորդուբալովայինն են։ ― Այդպես, այդպես, տղա, լավ կովեր են, մարդու քեֆը գալիս է, միայն թե մի թողնի իջնեն Սև առվի կողմը, այնտեղ խոտը թթվահամ է ու ջուրը դառը։ Այդպես, ուրեմն, նա միայն երկու կով ուներ։ Իսկ ինչ է, տղա, միգուցե նա եզնե՞ր էլ ունի։ ― Տեր իմ աստված, էն էլ ինչպիսի՜ եզներ։ Պոդոլյան, եղջույրները ոնց որ պարզած ձեռքեր։ Երկու եզ, պարոն։ ― Դե, իսկ ոչխարնե՞ր։ ― Ոչխարներ էլ, խոզեր էլ, պարոն․ դրանք արածում են հրեն վերևը, Գեշ Պոլոնինում։ Պոլանան խելոք է ու հարուստ։ ― Իսկ ամուսին ունի՞։ Ի՞նչ ես ձեռքդ թափ տալիս, մի՞թե նա գլխավոր չունի։ Է՜հ, տղա, յուրաիններին չե՞ս ճանաչում՝ ձեռքը տարել է աչքերին ու կանգնել մնացել, ոնց որ քոթուկ։

Յուրայի սիրտը խփում էր արագ֊արագ․ նա կանգ է առնում շունչը ետ բերելու․ «օ՛ֆ֊օ՛ֆ․․․ օ՛ֆ֊օ՛ֆ»։ Դա նրա ուժերից վեր է ու այնպես անակնկալ․ Հորդուբալը շնչասպառ է լինում, ինչպես ջուրն ընկած մարդը․ հանկարծ նա հայտնվում է իր տանը։ Տա՜նը։ Մի երկու քայլ էլ չէր արել քարքարոտ հեղեղատով, որ հիշողությունները վրա տվին․ այո, այո, այս հեղեղատը հնուց ի վեր այստեղ է, ինչպես և հովիվների կրակներից խանձված այդ փշաթփերը․ առաջվա պես քարքարոտ փլվածքում ծաղկում է խռնդատը, արահետը կորչում է ուրցի ու չոր խոտերի մեջ․․․ ահա և մամռապատ քարը, օձասխտորը, գիհու ծառը, ահա անտառի եզրը, կովի չորացած կեղտը, հովվական լքված քողտիկը․ չկա այլևս Ամերիկան և չկան ութ տարիները․ ամեն, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել էր․ ուղտափշի տերևներին նստած փայլուն բզեզը, լպրծուն խոտերը, հեռավոր զանգերի ղողանջը, Կրիվոյի վերևի թամբարդը, բոշխի մուգ֊դարչնագույն մացառուտներից և տան ճանապարհը․․․ Ճանապարհ, որով անաղմուկ քայլում է երբեք Ամերիկայում չեղած լեռնցին, ճանապարհ, որից կովերի ու անտառի հոտ է գալիս, որը տաքացել է արևից, ինչպես հացի փուռ․ ճանապարհ, որ ձգվում է ներքև, դեպի հովիտը, անասունների ոտքերի տակ, ճահճուտը՝ չլմփում, և կածանը գնում կորչում է անտառի թավուտում․ չէ, սեր, սա ձեզ համար Ջոնսթոնի խարամաբետոնե մայթը չի, որ ճռճռում է ներբանիդ տակ։ Ոչ ռեյլինգներ[21] կան, ոչ դեպի մայնե[22] քայլող անբոխներ՝ չորս կողմ ոչ մի շունչ, ոչ մի հոգի, միայն ներքև ձգվող արահետ, առվակ ու բոժոժները ծլնգացնող հոտեր․․․ Տուն տանող ճանապարհ, վերադարձ, գառների վզերին կապած զանգակներ և առվակի ափին կապույտ ծաղիկներ․․․

Յուրայ Հորդուբալը քայլում է լայն֊լայն քայլերով ― ի՜նչ է նրա համար ճամպրուկը, ի՜նչ է ութ տարին․ չէ որ սա տան ճանապարհն է, ոտքերն իրենք են քեզ թռցնում։ Այսպես աղջամուղջին արոտներից նախիրն է վերադառնում․ լիքը կուրծերով կովերը զանգակներն են զնգացնում՝ բի՜մ֊բա՛մ, բի՜մ֊բա՛մ, ծլնգում են հորթերի բոժոժները․․․ Իսկ ինչ, եթե նստի այստեղ ու սպասի մութն ընկնելուն։ Մտնի գյուղ զանգերի ղողանջի տակ, երբ կանայք դուրս են գալիս արտասանդուղք, իսկ տղամարդիկ կանգնած են լինում ցանկապատների մոտ․ մտիկ արեք, մտիկ, այդ ո՞վ է գալիս մեր կողմը։ Իսկ ես, ոնց որ նախիրը արոտատեղից, ուղիղ քշում եմ դեպի բաց դարբասը, բարի երեկո, Պոլանա։ Ահա և ես, այն էլ ոչ ծակ գրպանով։

Կամ ոչ, ավելի լավ է սպասեմ գիշերվան, մինչև տավարը անցնի, բոլորը քուն մտնեն, ու նոր պատուհանը թակեմ․ Պոլանա, Պոլանա։ ― Օ՜, Հիսուս Քրիստոս, ո՞վ է այնտեղ։ ― Ես եմ, Պոլանա։ Ուղիղ քեզ մոտ եմ եկել։ ― Օ, փառք աստծու։ ― Իսկ որտե՞ղ է Հաֆյան։ ― Հաֆյան քնած է։ Արթնացնե՞մ։ ― Չէ, չէ, թող քնի։ ― Դե, փա՜ռք, աստծու։

Հարդուբալը քայլում է ավելի արագ։ Էն աստված, մարդ թեթև է քայլում, եթե մտքերը շտապում֊աճապարում են։ Այո, որքան էլ վազես, ետևից չես հասնի։ Մտքերը քեզնից առաջ են անցնում, մտքումդ դու արդեն արոսենու մոտ ես, որ կանգնած է գյուղի եզրին․ քը՛շ, քը՛շ սագեր․․․ Ահա և դու տանն ես։ Մարդ ուզում է կոկորդով մեկ բղավել՝ էհե՜յ, մարդիկ, ինչքան կաք֊չկաք, տեսեք ո՜վ է գալիս, ի՜նչ ամերիկացի, պա՛հ֊պա՛հ֊պա՛հ, զարմացեք, boys[23] ― ա՛լլո։ Իսկ հիմա լուռ՝ ահա նա, քո տունը։ Պոլոնան բակում վուշ է ծեծում։ Մոտենաս ետևից ու աչքերը փակես։ ― Յուրայ։ ― Ինչպե՞ս իմացար, Պոլանա։ ― Փառք աստծու, Յուրայ, ես ու չճանաչեմ քո ձեռքերը․․․

Հարդուբալը վազում է հովտի միջով, չզգալով ձեռքի ճամպրուկը, որի մեջ ամփոփված է ողջ Ամերիկան․ կապույտ շապիկներ, մանչեստրե կոստյում և թեդդի―բեր[24] Հաֆյայի համար․ Պոլանա, ահա քեզ համար էլ զգեստի կտոր, Ամերիկայում են այսպիսի շոր հագնում․ ահա հոտավետ օճառ ու շղթայով handbag։[25] Իսկ սա flashlight[26] է, Հաֆյա, սեղմում ես կոճակը՝ և լույս է տալիս․ իսկ այստեղ թերթերից հանած նկարներ են, քեզ համար եմ կտրել պահել։ Գիտե՞ս ինչքան շատ էին, աղջիկս, ութ տարի հավաքում էի, բայց ստիպված էի թողնել, սյութքեյսում[27] չտեղավորվեց։ Սպասիր, այստեղ ինձ մոտ էլի ինչ֊որ բան կա։

Փառք աստծու, ահա և առուն։ Ոչ մի երկաթե կամուրջ, միայն ջրի մեջ շարված քարեր․ պետք է ձեռքերդ թափահարելով մեկից մյուսի վրա ցատկես։ Է՝, եղբայր, իսկ ահա այստեղ, լաստենու մացառուտում, մենք դեռևս երեխա ժամանակ ոտից֊գլուխ ջուր կտրած, վարտիքներս քշտած, խեցգետին էինք որսում․ իսկ տեսնես մնո՞ւմ է այն խաչը, որ տնկած էր ճամփի ոլորանում։ Փառք աստծու, ահա նա, թեքվել է կողքի, բայց դեռ կանգնած է այնտեղ, փոշուց տաք ու փափուկ գյուղական ճամփի եզրին, որից անասունի, խոտի ու հաճարի հոտ է գալիս։ Հիմա կերևա Միհալչուկովի պարտեզի ցանկապատը․ ահա, իսկույն էլ հայտնվեց․ ծածկվել է ընկուզենիներով ու յասամանով, էլի այնպես երեսի վրա թողած, ինչպես որ կար։ Փառք քեզ, աստված, ահա և ես գյուղում եմ։ Բարի գալուստ, Յուրայ Հորդուբալ։ Եվ Յուրայ Հորդուբալը կանգ է առնում․ սատանան գիտե, թե ինչու հանկարծ ճամպրուկն այդպես ծանրացավ։ Պետք էր քրտինքը սրբել։ Է՛խ, աստված իմ, ինչո՞ւ առվում չլվացվեցի․ հարկավոր է հանել ածելին ու հայելին և ջրի մոտ սափրվել։ Թե չէ իսկապես գնչու եմ դարձել, թափառաշրջիկ, ավազակ։ Ետ չդառնա՞մ ու լվացվեմ, քանի դեռ Պոլանայի աչքին չեմ երևացել։ Չէ, կարիք չկա, Հորդուբալ, արդեն տեսել են քեզ։ Միհալչուկովի ցանկապատի ետևի կռատուկով ծածկված խրավանդից զարմացած մի մանչուկ աչքերը չռել է քեզ վրա։ Ձայն տուր նրան, Հորդուբալ, հարցրու․ «Ո՞ւմ տղան ես, հո Միհալչուկովինը չե՞ս»։ Եվ մանչուկը փախչում֊ծլկում է, չլմփացնելով բոբիկ տոտիկներով։

Իսկ ի՞նչ կլինի, եթե գյուղը շրջանցի և տուն հասնի ետևի կողմից, մտածում է Հորդուբալը։ Այդպես կարելի է, բայց մեկ էլ տեսար հարձակվեցին վրաս․ «Է՛յ դու, այդպես ո՞ւր ես խցկվում։ Քեղիդ շուռ տուր, թե չէ մի լավ կդաղեմ մտրակով»։ Ճար չկա, ստիպված է անցնել գյուղի միջով․ օ՛հ, տեր աստված, գոնե ճամպրուկն այսպես ձեռքը ցած չքաշեր։

Խորդենիով պատուհանի ետևում կնոջ դեմք, դեղնաչք արևածաղիկներ․ մի պառավ ինչ֊որ բան է թափում բակում, երեխաները կանգ են առնում ու աչքերը տնկում նրա վրա․ է՛յ, էհե՜յ, մի օտար մարդ է գալիս։ Կիրիլ պապիկը շրթունքներն է ծամում և նույնիսկ աչքը չի բարձրացնում վերև․ սրտի մի հարված ևս, ― և աստված հետներս ― Յուրայը, գլուխը կռացնելով, ներս է մտնում իր տան դռնից։

Իր տա՞ն։ Ախր դու սխալվեցիր, խելառ։ Մի՞թե սա Հորդուբալի փայտե խրճիթն է, փայտե գոմն ու գերանակապ ամբարը։ Ախր սա ամբողջ մի կալվածատուն է․ քարաշեն տունը ծածկված է կղմինդրով, բակում ջրհորն է՝ երկաթյա պոմպով, երկաթե գութանն ու փոցխը, ― կալվածք և ուրիշ ոչինչ․ շուտ, Հորդուբալ, շուտ հեռացիր այստեղից քո փոքրիկ սև ճամպրուկով, քանի դեռ տան տերը դուրս չի եկել ու ասել․ «Դե, ի՞նչ ես հոտվտում այստեղ»։ ― «Բարի օր, տան տեր, արդյոք Պալանա Հորդուբալովան այստեղ չի՞ ապրում․․․ Ներողություն եմ խնդրում, ինչպես երևում է, ես մի փոքր սխալվել եմ»։

Արտասանդուղք է դուրս գալիս Պոլանան ու կանգ առնում՝ տեղում քար կտրած։ Ձեռքերը ջղաձգորեն սեղմելով կրծքին, նա շնչում է ծանր ու ընդհատ, առանց վախեցած աչքերը ամուսնուց հեռացնելու։


III

Եվ հիմա, Յուրայ Հորդուբալը չգիտի ինչ ասի․ քանի՜֊քանի անգամ էր պատկերացրել այս հանդիպումը, և ինչո՞ւ սա ոչ մեկին նման չի։ Ետևից թաքուն մոտենալով Պոլանայի աչքերը չփակեց, գիշերով չթակեց պատուհանը, չեկավ օրհնանքի խոսքերով երեկոյան ժամին, երբ հոտը զանգերն է հնչեցնում․ ո՛չ, ահա ինքը՝ ներս ընկավ կոշտամազ ու անլվա։ Եվ ինչո՞ւ զարմանալ, որ կինը վախեցավ։ Եվ Հորդուբալի ձայնն էլ մի տեսակ օտարոտի է, խռպոտ․․․ Տե՛ր, խրատի՛ր, հասկացրու, թե ինչ կարելի է ասել այսպիսի անմարդկային ձայնով։

Պոլանան ետ է քաշվում, անչափ ետ, թույլ տալով, որ նա ներս անցնի, ― ախ, Պոլանա, ես այնպես էլ ներս կմտնեի, ― և արտաբերում է համարյա անլսելի ու մի տեսակ ոչ իր ձայնով․

― Ներս գնա, ես Հաֆյային կկանչեմ։

Ա՛խ, Հաֆյայի՞ն։ Բայց ես նախ կուզենայի գրկել քո ուսերը, Պոլանա, ու ասել․ «Դե, անուշս, ինքս էլ ուրախ չեմ, որ քեզ վախեցրի։ Փառք աստծու, ահա և ես տանն եմ։ Մի տես, ո՞նց ես դու այստեղ ամեն բան կարգի բերել։ Նոր մահճակալ, բարձերի սար, սեղանն էլ նոր ու ամուր․ պատին սրբապատկերներ։ Ամերիկայում էլ դրանց նմանը չես գտնի։ Հատակը տախտակից, պատուհաններին էլ ծաղիկներ։ Կեցցես, Պոլանա, դու լավ տանտիրուհի ես։

Յուրայ Հորդուբալը կամացուկ նստում է իր ճամպրուկին։ Խելոք կին է Պոլանան, իր գործը գիտե։ Ամեն ինչից երևում է, որ մի դյուժինից ոչ պակաս կովեր ունի, գուցե և ավելի։ Փառք աստծու, ես իզուր չեմ աշխատել։ Օ՛հ, անուշս, համա թե շոգ է հանքահորում։ Թե իմանաս՝ ի՜նչ դժոխք է այնտեղ։

Պոլանան չի վերադառնում։ Եվ Յուրայ Հորդուբալն իրեն անհարմար է զգում, ասես երկար ժամանակով նրան մենակ են թողել օտար խրճիթում։ Կսպասեմ բակում, որոշում է նա, համ էլ կլվացվեմ։ Է՛խ, մարդ շապիկը հաներ, սառը ջրի հոսանքը բաց թողներ ուսերին, գլխին, մազերը թրջեր, ջուր շաղ տար չորս կողմ, բավականությունից քրքջար։ Չէ, չէ ― չի կարելի։ Ժամանակը չի դեռ, ժամանակը չի։ Առայժմ կարելի է միայն պոմպով մի քիչ ջուր հանել։ Առաջ այստեղ մի հորափայտվածք կար և կռունկ դույլի հետ․ կռանում էիր ցած, իսկ ներքևում մո՜ւթ֊մութ էր ու խոնավության հոտ էր փչում, իսկ հիմա ճիշտ ոնց որ Ամերիկայում․ այնտեղ ֆերմերները ճիշտ այսպիսի պոմպեր ունեն։ Չվերցնի՞ դույլն ու գնա գոմ, անասուններին ջուր տա, որպեսզի կովերը փնչացնեն, որպեսզի նրանց թաց ռունգերը փայլեն․․․ Յուրայը յուղոտված թաշկինակը թրջում է ու սրբում դեմքը, ճակատը, ձեռքերն ու ծոծրակը։ Ա֊ա՜խ, ինչ հաճելի է սառեցնում։ Հորդուբալը քամում է թաշկինակն ու աչք ածում, թե որտեղ փռի չորանալու։ Բայց ոչ, մենք դեռ տանը չենք, և նա թաց թաշկինակը խցկում է գրպանը։

― Նա քո հայրն է, Հաֆյա, ― լսում է Հորդուբալը, և Պոլանան տասնմեկամյա աղջնակին հրում է նրա կողմը։ Երեխան վախեցած կապույտ աչքեր ունի։

― Այ թե դու ինչպիսին ես, Հաֆյա, ― շփոթված մրթմրթում է Հորդուբալը (իսկապես որ, այսպիսի մեծ երեխային ու թեդդի֊բե՜ր) և ուզում է շոյել նրա գլուխը։ Միայն մի մատով, Հաֆյա։

Բայց աղջնակը խույս է տալիս ու սեղմվում է մորը, առանց աչքը անծանոթից կտրելու։

― Դե բարևիր, Հաֆյա, ― խստությամբ ասում է Պոլանան ու շմփացնում աղջկա մեջքին։

― Թող նրան, Պոլանա։ Ինչ վատ բան կա այստեղ, որ երեխան քաշվում է։

― Բարի օր, ― շշնջում է Հաֆյան ու շուռ գալիս։

Հանկարծ Յուրայն իրեն վատ է զգում, արցունքները պատում են աչքերը, երեխայի կերպարանքը թրթռում է աչքին ու ճապաղվում։ «Դե, դե, այս ինչ բան է․ է՜, ոչինչ կանցնի։ Բոլորը նրանից է, որ այսքան տարի չէի լսել այդ խոսքը՝ «բարի օր»։

― Հայֆա, մոտ արի, ― իրար է անցնում Հորդուբալը, ― նայիր՝ քեզ համար ինչ եմ բերել։

― Գնա, հիմար, ― առաջ է հրում աղջկան Պոլանան։

Հորդուբալը կռանում է ճամպրուկի վրա։ Սուրբ աստվածածին, ինչպե՜ս է ամեն ինչ ճմրթվել։ Ո՞ւր է կորել էլեկտրական լապտերը։ Այ թե Հաֆյան կզարմանա։

― Նայիր, Հաֆյա, սեղմում ես այս կոճակը, և սա լույս է տալիս։ Այս ինչ բան է, չի ուզում վառվել։ ― Հորդուբալը սեղմում է կոճակը, լապտերը ձեռքերի մեջ շուռումուռ է տալիս ու մռայլվում։

― Ի՞նչ պատահեց սրան։ Ա֊ա՜, երևի մարտկոցը չորացել է։ Նավի վրա այնպիսի դժոխք էր որ։ Գիտես, ներքևի տախտակամածում․․․ Հաֆյա, սա լույս էր տալիս։ Պայծառ լույս էր տալիս, ոնց որ արև։ Սպասիր, ես քեզ նկարներ տամ, կնայես։

Հորդուբալը հանում է լրագրերի ու ամսագրերի թերթերը, որոնց մեջ հագուստ է փաթաթված։

― Հաֆյա, մոտ արի։ Տես, ահա սա Ամերիկան է։

Աղջնակը շփոթված տատանվում է ու նայում մորը։ Պոլանան չոր֊չոր ու խստությամբ գլխով է անում․ «Գնա»։ Հաֆյան քաշվելով, տհաճությամբ մոտենում է այդ օտար, լողլող մարդուն։ Ո՜ւխ, հիմա ոնց նետի պես դուրս կթռչեր դռնից ու կվազեր, առանց ետ նայելու կվազեր Մարիյկայի ու Ժոֆկայի մոտ, աղջիկների մոտ, որոնք այնտեղ, կալերի ետևում, փոքրիկ, ծիծաղելի շան լակոտին բարուրում են վերմակի մեջ․․․

― Մտիկ, Հաֆյա, ինչպիսի՜ կանայք են։ Իսկ այստեղ, նայիր, կռվում են, հը՞։ Սա ֆուտբոլ է, մի տեսակ խաղ է Ամերիկայում, հասկանում ես։ Իսկ ահա այս բարձր տները․․․

Հաֆյան արդեն ուսով դիպչում է նրան ու վեհերոտությամբ շշնջում․

― Իսկ էնտեղ ի՞նչ է։

Ուրախ խանդաղատանքը համակում է Հորդուբալին՝ դե ահա, երեխան արդեն ընտելանում է։

― Այդ․․․ այդ Felix the Cat:[28]

― Ախր էդ փիսիկ է, ― բողոքում է Հաֆյան։

― Հա՛֊հա՛, իհարկե, փիսիկ է։ Դու խելոք աղջիկ ես, Հաֆյա։ Սա մի տեսակ․․․ ամերիկյան կատու է, օլ֊ռայթ։ [29]

― Իսկ նա ի՞նչ է անում։

― Նա․․․ նա լիզում է tin,[30] հասկանում ես էդվերտիսմենտ[31] է, այ թե ինչ։

― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։

― Սա․․․ սա ամերիկերեն է, Հաֆյա, դու չես հասկանա։ Իսկ հիմա նայիր՝ շոգենավեր, ― թեման շտապով փոխում է Հորդուբալը, ― ես եկա մի այսպիսի նավով։

― Իսկ էս ի՞նչ է։

― Դրանք ծխնելույզներ են, հասկանում ես։ Նավի ներսում շոգեմեքենա կա, իսկ ետևից այսպիսի․․․ այսպիսի պտուտակ․․․

― Իսկ էստեղ ի՞նչ է գրած։

― Այդ դու կկարդաս ժամանակին, մի ուրիշ անգամ։ Դու հո կարդալ գիտես, ― ճողոպրում է Հորդուբալը։ ― Իսկ ահա այստեղ նայիր՝ երկու կար[32] իրար են զարկվել․․․

Պոլանան կանգնել է շեմին, ձեռքերը կրծքին խաչած, ու չոր, սևեռուն հայացքով նայում է դեպի բակ։ Նրա ետևը, խրճիթում, երկու գլուխ թեքվել են իրար։ Տղամարդկային ձայնը կմկմոցով պատմում է Ամերիկայի մասին, աշխատելով ինչ֊որ բան հասկացնել։

― Այ թե Ամերիկայում ոնց են անում, Հայֆա։ Իսկ ահա սա էլ մի անգամ ես ինքս իմ աչքով տեսա․․․ ― Հետո Հորդուբալի լեզուն բոլորովին շաղվում է, և նա մռմռում է, ― Հաֆյա, մի տես մայրիկդ ո՞ւր է։

Ասես գերությունից ազատվելով, Հաֆյան դուրս է թռչում արտասանդուղք։

― Սպասի՛ր, ― կանգնեցնում է նրան Պոլանան, ― հարցրու, միգուցե նա ուտել է ուզում․․․ կամ խմել։

― Հարկավոր չի, աղավնյակս, հարկավոր չի, ― հրաժարվում է Հորդուբալն ու շտապում դեպի շեմը։ ― Շնորհակալ եմ, որ հոգացիր, սրտանց շնորհակալ եմ, հարկ չկա շտապելու․ դու, անշուշտ, ուրիշ գործեր էլ կունենաս․․․

― Գործը միշտ էլ անպակաս է, ― անորոշ կերպով արձագանքում է Պոլանան։

― Դե, այ տեսնում ես, Պոլանա, այ տեսնում ես։ Ես քեզ չեմ անհանգստացնի, զբաղեցնելով իմ գործերով, ես հետո․․․ ես ինչ․․․

Պոլանան աչքերը բարձրացնում է նրա վրա, ասես ուզում է ասել, ուզում է ամեն ինչ միանգամից ասել, բայց շրթունքներն սկսում են դողալ, և նա լուռ գնում է իր գործերին․ չէ՞ որ դրանք միշտ էլ անպակաս են։

Կանգնած դռների մեջ, Հորդուբալը նայում է նրա ետևից․ չգնա՞ նրա ետևից սարայ։ Չէ, առայժմ չէ․ սարայում մութ է, լավ չի լինի այդ․․․

Ութ տարի, եղբայրներ, ո՜ւթ տարի։ Խելամիտ կին է Պոլանան, ջահել աղջկա պես չի փաթաթվում վզիդ։ Վատ չի լինի նրան հարձուփորձել այս ու այն բանի, դաշտի, անասունների մասին։ Դե, աստված իր հետ, նրա գործերն անպկաս են։ Պոլանան առաջ էլ այդպես էր՝ աշխատող, ծանրաբարո, խելամիտ։

Հորդուբալը մտախոհ դիտում է բակը։ Բակը մաքուր է, ծածկված աղպատով ու հարսնմատով, ոչ մի տեղ աղբահյութի հետք անգամ չի նկատվում։ Չգնա՞ տնտեսությանն աչք ածի։ Չէ, պետք չի, առայժմ պետք չի։ Պոլանան ինքը կասի․ Յուրայ, գնա տես՝ ո՞նց եմ տնտեսությունը վարել։ Ամեն ինչ աղյուսից է ու երկաթից, բոլորը նոր, այսքան ու այսքան է նստել։ Եվ ես կասեմ՝ լավ է, Պոլանա։ Ես էլ եմ որոշ բաներ բերել տնտեսություն։ Պոլանա, դու տնտեսությունից լավ ես գլուխ հանել։ Ու բարեկազմ ես դու, Պոլանա, բարեկազմ ես, ոնց որ նորապսակ աղջիկ։ Աստված իմ, ի՜նչ ուղիղ է մեջքը։ Պոլանան միշտ էլ այդպես է քայլել, դեռևս աղջիկ ժամանակ գլուխը բարձր էր պահում։ Հորդուբալը հառաչեց ու ծոծրակը քորեց։ Ինչ արած, թող քո ուզածի պես լինի, Պոլանա։ Ութ տարի շարունակ ինքդ ես եղել քո տիրուհին, մի անգամից կոտրել չես կարող։ Ինքդ կխոստովանես՝ լավ է, որ հիմա տանը տղամարդ կա։

Հորդուբալը մտախոհ դիտում է իր բակը։ Ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նոր ձևով։ Պոլանան տնտեսության մեջ հաջողակ է։ Իսկ ահա այդ աղբը, աղավնյակներս, այդ աղբը ինձ դուր չի գալիս։ Դրանից ախոռի հոտ է փչում և ոչ թե գոմի։ Ահա պատից կախված է երկու անուր, իսկ բակում ձիու թրիք կա։ Պոլանան ձայն էլ չհանեց, որ ձիեր է պահում։ Լսիր, Պոլանա, ձին կնկա բան չի։ Ախոռում տղամարդ է հարկավոր, ահա թե ինչ։

Հորդուբալը մտահոգությամբ ճակատն է կնճռոտում՝ նա սմբակի հարվածներ է լսում տախտակե միջնապատին։ Ձին դոփում է, ինչպես երևում է՝ ծարավ է։ ― Բրեզենտե դույլով ջուր տանեմ նրան։ Չէ, չէ, Պոլանան ինքը կխնդրի․ «Յուրայ, գնանք, աչք ածիր մեր տնտեսությունը»։ Ջոնսթոնում էլ ձիեր կային, այնտեղ ներքևում, բովանցքերում։ Մոտենում էի դունչները շոյելու, ― այնտեղ կովեր չկային, Պոլանա, այ թե ինչ։ Իսկ որքան լավ է, երբ բռնում ես կովի եղջյուրից ու գլուխը ցնցում, օհի֊ հո՜, պառավս։ Իսկ ձին․․․ Դե, փառք աստծու, հիմա տանդ տղամարդ ունես։

Եվ հանկարծ հին, վաղուց ծանոթ մի հոտ է առնում։ Հորդուբալը հոտոտում է երկար ու բավականությամբ։ Փա՜յտ։ Փայտերի խեժոտ բուրմունքը, արևի տակ մնացած սոճու խղանների հոտը։ Ցախանոցը հրապուրում է Յուրային։ Ծղանները լավն են, մեծ֊մեծ, հաստակեղև։ Ահա և կոճղը՝ մեջը խրված կացնով, փայտե իշուկն ու սղոցը։ Հին սղոցը։ Հին սղոցը, որ հղկվել է նրա ափերի մեջ։ Հորդուբալը շնչում է խորը ― բարի գալո՜ւստ ― հանում է պիջակն ու խղանը դնում իշուկին։

Քրտնած ու երջանիկ, նա ձմռան փայտ է սղոցում։


IV

Յուրայն ուղղում է մեջքը ու քրտինքը սրբում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Այ, սա է աշխատանքը։ Այն չի, ինչ պիթում։ Հոտն էլ է ուրիշ։ Պոլանայի փայտերը լավ փայտեր են, խեժոտ․ մեջները ոչ ծուռ կոճղեր կան, ոչ չորուկներ։

Բադերը կռնչում են, սագերն աղմուկով դես ու դեն նետվում․ մոտերքում լսվում է սայլի դղրդյուն, և սայլը սրընթաց թեքվում է տան կողմը։ Պոլանան դուրս է թռչում սարայից ու վազում դարբասը բանալու։ Ա՛խ, Պոլանա, դու վազում ես աղջկա նման։

Դե այդ ո՞վ է, ո՞վ է գալիս մեզ մոտ։ Շրխկում է մտրակը, տաք, ոսկեգույն փոշին գալարվում է օդում, և զույգ ձի լծած սայլը ներս է ընկնում բակ․ սայլը թխկթխկում է, իսկ նրա վրա հունգարական ձևով կանգնած է մի երիտասարդ․ նա սանձերը բարձրացնում է վեր, բարձրաձայն բղավում՝ «թփը՜ռռռ» և ցած թռչելով թփթփացնում է ձիերի խոնավ պարանոցներին։

Մոտենում է Պոլանան, գունատ ու վճռական։

― Յուրայ, սա Շտեպանն է։ Շտեպան Մանյան։

Ձգափոկերի վրա կռացած մարդը կտրուկ ուղղվում է, դեմքով դառնում է Յուրային։ «Այ քեզ սևամո՜րթ, ― մտքում զարմանում է Հորդուբալը։ ― Աստված իմ, իսկը ագռավ է»։

― Ինձ մոտ բատրակ է, ― ամուր ու որոշակի ավելացնում է Պոլանան։

Երիտասարդն ինչ֊որ փնթփնթում է, կռանալով լծասարքին և, ձգափոկերն արձակելով, մի ձեռքով պահում է երկու ձիերին, իսկ մյուսը առանց այլևայլության մեկնում է Հորդուբալին։

― Բարի եկար, պան։

Պանը ձեռքն շտապով քսում է տաբատին ու պարզում Շտեպանին․ Հորդուբալը գլուխը կորցրել է, միաժամանակ հաճելի է նրան․ նա շփոթվում է, քրթմնջում ինչ֊որ ու նորից, ամերիկյան ձևով, թափ տալիս Շտեպանի ձեռքը։

Շտեպանը պստիկ֊մստլիկ, բայց բարեկազմ ջահել է։ Հասակով հազիվ Յուրայի ուսերից լինի, բայց հանդուգն ու գրգռիչ կերպով նայում է ուղիղ նրա աչքերի մեջ։

― Հիանալի ձիեր են, ― մռթմռթում է Հորդուբալն ու ձեռքը տանում՝ նրանց մռութները շոյելու։ Սակայն ձիերը խրտնում են ու ծառս լինում։

― Զգույշ պան, ― ասում է Մանյան, և նրա աչքերում ծաղր է նկատվում, ― սրանք հունգարական ձիեր են։

Ախ դու, սևամռութ, կարծում ես ես ձիերից գլուխ չե՞մ հանում։ Ճշմարիտ է, չեմ հանում, բայց ձիերը տիրոջը կվարժվեն։

Ձիերը ցնցում են գլուխները, ուր որ է տեղներից կպոկվեն։ Հորդուբալ, ձեռքերդ դիր գրպաններդ ու տեղիցդ մի շարժվիր, թող այդ սևամորթը չկարծի թե վախենում ես։

― Այ, էս երեք տարեկան ձին հեծելազորային հովատակից է, ― պատմում է Մանյան։ Նա բռնում է ձիու պոչից։ ― Ց֊ց֊ց․․․ Է֊է։ Վա՛յ , սատանա։ Հա՜յդե։ ― Ձին թափահարում է գլուխը, իսկ Շտեպանը ծիծաղում է միայն։

Պոլանան մոտենում է, մի կտոր հաց պարզում ձիուն։ Շտեպանը, աչքերը փայլեցնելով նրա կողմը, բռնած ձիու լկամից, սեպերն է բացում․․․

― Է֊է, հանգիստ։

Շտեպանը ներքին լարումից սեղմում է ատամները, ձին ասես քարացած կանգնում է տեղում և, պարանոցը գեղեցիկ ծռելով, տիրուհու ափից շրթունքներով վերցնում է հացը։

― Դե֊ե՜, ― բղավում է Մանյան և, ամուր բռնած ձիերի լկամներից, տանում է նրանց ախոռ։

Պոլանան նայում է նրանց ետևից։

― Հովատակին չորս հազար են տալիս, ― աշխուժորեն հայտնում է նա, ― իսկ ես չեմ ծախի։ Շտեպանն ասում է, որ ութ հազար էլ արժի։ Իսկ զամբիկը աշնանը կզուգավորվի․․․ ― Այ քեզ բա՜ն, ինչո՞ւ հանկարծ շփոթվեց և ասես լեզուն կծեց։ ― Հարկավոր է նրանց կեր տալ, ասում է նա անվստահորեն և պատրաստվում է հեռանալ։

― Այդպես, այդպես, կեր տալ, ― համաձայնում է Յուրայը։ ― Լավ ձի է, Պոլանա․ իսկ ինչ, լծած ժամանակ է՞լ այդպես լավ է։

― Լծա՞ծ։ Ախր այդպիսի ձիուն լծելը մեղք է, ― գրգռվում է Պոլանան։ ― Դա քեզ համար հո գյուղական լծկան ձի չի։

― Երևի այդպես է, ― զսպում է իրեն Հորդուբալը։ ― Այդ ճիշտ է, մեղք է այդպիսի կտրիճ ձին։ Լավ ձիեր են, աղավնյակս, նայում ես՝ հոգիդ փառավորվում է։

Մանյան արդեն դուրս է գալիս ախոռից՝ ձեռքերին երկու բրեզենտե դույլեր։

― Պան, նրա համար ութ հազար կվերցնենք, ― վստահորեն ասում է նա։ ― Իսկ աշնանը հարկավոր է զամբիկին զուգավորել։ Ես նրա համար էնպիսի մի հովատակ եմ ճարել, իսկը քաջք։

― Բրո՞ւտը, թե Հեյդուսը, ― կես֊ճամփից շուռ է գալիս Պոլանան։

― Հեյդուսը։ Բրուտը ծանր կգա։ ― Մանյան սև բեղիկների տակ բացում է սեպերը։ ― Պան, չգիտեմ դուք ոնց, բայց ես ծանրաշարժ ձիուն գին չեմ տա։ Ուժը տեղն է, իսկ ցեղը՝ հեչ։ Ցեղ չունի, պան։

― Հըմ, ճիշտ է, ― անվստահորեն արձագանքում է Հորդուբալը, ― ցեղը հայտնի բան է․․․ Դե, իսկ կովե՞րը, Շտեպան։

― Կովե՞րը, ― զարմանում է Շտեպանը։ ― Դուք կովերի՞ մասին եք հարցնում։ Այո, տիրուհին երկու կով ունի, ասում է՝ կաթ է հարկավոր։ Իսկ մի՞թե դուք դեռ ախոռում չեք եղել, պան։

― Ո֊ոչ։ Գիտես, ես քիչ առաջ եմ եկել, ― պատասխանում է Հորդուբալն ու մոլորվում․ ախր ահա ամբողջ մի բլուր փայլտ է կտրել, չես կարող թաքցնել։ Բայց և այնպես Հորդուբալը գոհ է, որ Շտեպանի հետ հեշտությամբ «դու»֊ի անցավ։ Տիրոջ և բատրակի միջև այդպես էլ պետք է լինի։

― Հա, ― շարունակում է Հորդուբալը, ― ես հենց պատրաստվում էի այնտեղ գնալ։

Շտեպանը, դույլերը լցելով, տիրոջն առաջնորդում է ախոռ։

― Մեզ մոտ, այնտեղ․․․ տիրուհու մոտ, երեքշաբաթական քուռակն է ու ծանրացած մատակը։ Երկու ամիս առաջ է բեղմնավորվել։ Էս կողմ արի, պան։ Իսկ այդ մալած ձին համարիր ծախած։ Երկուսուկես հազար։ Լավ ձի է, բայց ես երեք տարեկանին եմ լծում՝ հարկավոր է վարժեցնել։ Իրասածի է։ ― Մանյան նորից է սեպերը բացում։ ― Այդ մալած ձին բանակի համար է։ Մեր ձիերը միշտ էլ բանակի համար են վերցրել։

― Այդպես, այդպես, ― համաձայնում է Յուրայը, ― այստեղ քեզ մոտ մաքուր է, Շտեպան։ Դե, իսկ ինքդ բանակում ծառայած կա՞ս։

― Հեծելազորում, պան, ― քմծիծաղում է Մանյան ու ջրում եռամյա ձիուն։ ― Մտիկ միայն․․․ ի՜նչ գլուխ է։ Հապա զավակը։ Է՛խ, ցը֊ցը֊ցը։ Զգույշ, պան։ ― Եվ Շտեպանը բռունցքով թփթփացնում է ձիու պարանոցին։ ― Ա՜խ, ավազակ․․․ Այ սա ձի՜ է։

Ախոռի սուր հոտից Հորդուբալն իրեն վատ է զգում։ Ուրիշ բան է գոմը՝ կաթի, արոտի, գոմաղբի հարազատ բույրը։

― Իսկ ո՞ւր է քուռակը, ― հարցնում է նա։

Քուռակը, դեռևս բոլորովին բրդոտ, ծծում է մորը։ Նա ամբողջովին կազմված է ոտքերից։ Զամբիկը թեքում է գլուխն ու խելացի աչքերը շլում Հորդուբալի վրա։ Դե, իսկ դո՞ւ ինչ ես անում այստեղ։ Հուզված Յուրայը շոյում է նրա տաք, թավշյա կռնակը։

― Լավ մատակ է, ― ասում է Շտեպանը, ― միայն ծանրաշարժ է։ Տիրուհին ուզում է ծախի։ Միայն թե գիտեք, պան, մուժիկը ձի չի առնում, իսկ բանակի համար վերցնում են տաքարյուն ձիեր, ուղղակի կրակ։ Հանգիստները նրանց պետք չեն։ Այնտեղ բոլորը նման են իրար։ Չգիտեմ, թե դուք ոնց եք նայում այդ բանին, պան․․․

― Դե, դրանից Պոլանան է լավ հասկանում, ― անվստահորեն մռմռում է Հորդուբալը։ ― Իսկ այ եզների բանը ոնց է։ Պոլանան եզներ ո՞նի։

― Դե, ախր եզներն ինչի՞ համար են, պան, ― քմծիծաղում է Մանյան։ ― Դաշտում մատակն ու մալածը հերիք են։ Իսկ միսը հիմի գին չունի։ Խոզի միսը էլի մի կերպ գնում է։ Տեսե՞լ եք, տիրուհին ինչ վարազ ունի։ Դրան ավելացրու վեց խոզերն ու տասնչորս խոճկորները։ Խոճկորներն ուղղակի խլխլում են, դրանց համար հեռու տեղերից են մեզ մոտ գալիս, պան։ Ու մեր խոզերն էլ ոնց որ փղեր լինեն՝ մորթները սև, կճղակները սև․․․

Հորդուբալը մտածկոտ օրորում է գլուխը։

― Դե, իսկ խոճկորների համար կաթը ո՞րտեղից եք ճարում։

― Պարզ է, մուժիկներից, ― ծիծաղում է Մանյան։ ― «Է՛յ, չե՞ս ուզում մեր վարազը քո կեղտոտ խոզի վրա քաշել։ Ամբողջ շրջանում էդպիսի վստահելի վարազ չես ճարի։ Իսկ դրա դիմաց քանի՞ դույլ կաթ ու քանի՞ պարկ կարտոֆիլ կտաս։ Ճիշտ եմ ասում, պան, էդպիսի բանի համար չարժի մեջք ծռել։ Քաղաքն էստեղից հեռու է, առևտուրը՝ վատ։ Հիմար ժողովուրդ է․ պան։ Ամեն ինչ մշակում են իրենց համար միայն, դե, ուրեմն, քանի որ ծախել չեն իմանում, թող տան մեզ։

Հորդուբալը անորոշությամբ գլխով է անում։ Ճշմարիտ է, ճշմարիտ, մեզ մոտ միշտ էլ առևտուրը վատ է եղել, սագերն ու հավերը՝ էլի մի կերպ։ Իսկ Պոլանայի մոտ ամեն ինչ տեղը֊տեղին է։ Այո, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, տանտիրուհիս գործերից լավ է գլուխ հանում։

― Ապրանքը պիտի ծախել հեռու տեղերում, ― դատում է Շտեպանը, ― ու էնպիսի ապրանք, որ օգուտ բերի։ Դե, մի կճուճ յուղով ո՞վ շուկա կգնա։ Իսկույն քթիցդ կիմանան, որ ունեցած֊չունեցածդ էդ է․ դե, ուրեմն, գինը իջեցրու կամ չքվիր գրողի ծոցը։

― Իսկ դու ինքդ որտեղի՞ց ես, ― զարմանում է Հորդուբալը։

― Տափաստանից։ Լսած կա՞ք՝ Ռիբարիի ճահճուտը․ էստեղի ամբողջ շրջանը կտեղավորվի նրա մեջ, ոնց որ դանակը գրպանում։ Իսկ խոտը, պան, հասնում է դոշիդ։ ― Մանյան ձեռքն է թափահարում։ ― Է՛հ, էստեղ զզվելի հողեր են։ Վարում ես՝ մի գլուխ քարեր է, որ շուռ ես տալիս։ Իսկ մեզ մոտ՝ ջրհոր ես փորում, դուրս է գալիս իսկական սևահող։

Հորդուբալը կնճռոտվում է։ «Ի՜նչ գիտես դու, թաթա՛ր։ Ես, ես եմ այստեղ վարել ու քարերը շուռ տվել։ Դրա փոխարեն, ինչպիսի՜ անտառներ կան։ Ի՜նչ ազատություն, աստված իմ։ Ինչպիսի՜ արոտավայրեր»։

Սրտնեղած Յուրայը դուրս է գալիս ախոռից։ Ասում ես՝ զզվելի հողե՞ր։ Հապա ինչո՞ւ ես խցկվել մեզ մոտ։ Եվ մի՞թե անասունների համար այստեղ վատ է։ Դե, փառք աստծու, ահա և նրանք, արդեն ցրվում են դեպի տները։ Հովտում ու ցանկապատից դենը զանգակներն են զնգում՝ մեղմ, հավասարաչափ, ինչպես կովերի քայլերը։ Հորթերի վզին կապած բոժոժները ղողանջում են ասես հապշտապ։ Դե֊դե, դուք էլ կով կդառնաք, դուք էլ կքայլեք ծանրումեծ, ինչպես ամբողջ նախիրը։ Զանգակների զնգոցը ավելի ու ավելի է մոտենում, և Յուրայը պատրաստ է գլխարկը հանել, ասես հանդիսավոր թափոր է անցնում։ Հայր մեր, որ երկինս ես․․․ Զնգոցը լողում է գետի պես, բաժանվում խոշոր վտակների, տարածվում ողջ գյուղով մեկ։ Կովերն իրար ետևից անջատվում են նախրից և ― տա՜ն֊գո՛, ծը՜նգ֊ծը՜նգ ― ամեն մեկը դիմում է դեպի իր գամը։ Կաթի ու փոշու համաձույլ բուրմունք, և ահա զանգակները զնգում են դռների մեջ, ու երկու կովեր, գլուխները հանդարտ օրորելով, ուղղվում են դեպի Հորդուբալովների գոմը։ Յուրայը խորը հառաչում է․ դե, փառք քեզ աստված, ահա և ես տանն եմ։

Նախրի զանգահարությունը տարածվում է գյուղով մեկ ու լռում․ չղջիկը զիգզագաձև թռչում է անասունների ետևից՝ ճանճեր է որսում։ Բարի երեկո, տանտեր։ Կովը երկար ու ձիգ բառաչում է գոմում։ ― Գալիս եմ, գալիս։ Ձեռքերը մթության մեջ առաջ պարզած, Յուրայը մտնում է գոմ, շոշափում է կովի եղջյուրները, թավամազ, պինդ ճակատը, թաց շրթունքներն ու ռունգերը, պարանոցի կնճռոտ կաշին։ Ապա, մթության մեջ ափլփելով, գտնում է կովկիթն ու երեք ոտնանի աթոռակը, նստում կովի կուրծի մոտ ու սկսում իրար ետևից սեղմել պտուկները։ Կաթը բարակ շիթերով, ֆշշոցով ցայտում է կովկիթի մեջ, և Յուրայն սկսում է կամացուկ, կիսաձայն երգել։


V

Յուրայ Հորդուբալը նստում է սեղանի գլխին, ծալում ձեռքերն ու աղոթում։ Այդպես է պետք, քանի որ այժմ տան տերը նա է։ Պոլանան նստել է, շրթունքները սեղմած ու ձեռքերը ծալած։ Հաֆյան աչքերը չռել ու չգիտի ինչ անի։ Շտեպանը մռայլ աչքերը գցել է հատակին։ Միգուցե Շտեպանն ուրիշ հավատի է, բայց սեղան նստելիս անհրաժեշտ է աղոթել։ Ա՛յ թե քեֆները տեղը չի, հա՜․․․

Բոլորն ուտում են լուռ, շտապ֊շտապ․ միայն Հաֆյան է հազիվհազ փորփրում իր ափսեն։

― Կեր, Հաֆյա, ― խստությամբ հրամայում է Պոլանան, սակայն ինքը համարյա ոչ մի բանի ձեռք չի տալիս։ Միայն Շտեպանն է, ափսեի վրա թեքված, բարձրաձայն չփչփացնում։

Ընթրիքից հետո Մանյան շտապում է գնալ։

― Մի քիչ սպասիր, Շտեպան, ― պահում է նրան Հորդուբալը․ ― ինչ էի ուզում ասել․․․ Հա՛։ Իսկ բերքը ո՞նց է այս տարի։

― Խոտհարքը լավ էր, ― խուսափողաբար պատասխանում է Մանյան։

― Իսկ հաճա՞րը։

Պոլանան արագ մի հայացք է նետում Շտեպանի վրա։

― Հաճարը․․․ ― ծամծմում է Շտեպանը, ― ախր տիրուհին սարի արտը ծախել է։ Իզուր աշխատանք էր, պան, միայն քար ու քոլեր։

Հորդուբալի սիրտը խփում է արագ֊արագ։

― Միայն քար ու քոլեր, ― մռմռում է նա։ ― Ճիշտ է, միայն քար ու քոլեր։ Բայց ախր արտը ամենագլխավորն է, Պոլանա։

Շտեպանը ինքնավստահորեն ատամներն է բացում։

― Պան, նրանից ոչ մի գրոշի օգուտ չկար։ Գետափի մարգագետինները շատ ավելի լավն են։ Այնտեղ եգիպտացորենը մարդաբոյ է։

― Գետափի՞ն, ― զարմանում է Հորդուբալը։ ― Պոլանա, դու հովտում հո՞ղ ես գնել։

Պոլանան կուլ է տալիս ինչ֊որ բառեր, որոնք պատրաստվում էին պոկվել լեզվի ծայրից։

― Կալվածատիրոջ մարգագետինները, պան, ― բացատրում է Մանյան, ― հողն այնտեղ ամուր է, խորը, կուզես ուղղակի ճակնդեղ ցանիր։ Միայն թե ճակնդեղը գին չունի։ Ամեն ինչի համար էլ վատ են վճարում, պան։ Շատ ավելի շահավետ է ձի պահել։ Եկամտաբեր գործ է։ Մի ձի խնամես՝ ավելի շատ փող կստանաս, քան մի տարվա մուժիկային աշխատանքով։ Լավ կլիներ հովտում մի կտոր հող էլ առնել ու ախոռ շինել այնտեղ։ ― Շտեպանի աչքերը փայլում են։ ― Իսկ հովտում ձին իրեն ազատ է զգում, պան։ Ձին հո այծ չի։

― Կալվածատերը մարգագետինները կզիջի, ― մտմտում է Պոլանան ու բարձրաձայն հաշվում, թե դրանք ինչ կնստեն։ Սակայն Հորդուբալը չի լսում, Հորդուբալը մտածում է հաճարի ու կարտոֆիլի արտերի մասին, որ Պոլանան վաճառել է։ Ճիշտ է, այնտեղ քարեր շատ կային, բայց ախր հնուց ի վեր ղրանք եղել են ու եղել։ Մեր գործն էլ այդ է, ախպերս։ Մեկնելուց երկու տարի առաջ ես այնտեղ, սարալանջին, մի հողակտոր վարեցի։ Է՛խ, և ի՜նչ ես հասկանում դու գյուղացու աշխատանքից։

Հաֆյան մոտենում է Շտեպանին ու արմունկով հենվում նրա ուսին։

― Քեռի Շտեպան, ― շշնջում է նա։

― Դե, ինչ ես ուզում, ― ծիծաղում է Մանյան։

Աղջնակը տատամսում է։

― Բան էլ չէ, հենց էնպես։

Շտեպանը նստեցնում է նրան իր ծնկներին ու ճոճում։

― Դե, ինչ էիր ասում, Հաֆյա։

― Քեռի Շտեպան, ― շշնջում է Հաֆյան նրա ականջին, ― ես այսօր մի շան ձագ տեսա։ Էնպես սիրունիկն էր։

― Չէ՜ մի, ― շինծու կերպով զարմանում է Մանյան։ ― Իսկ ես մի նապաստակ տեսա՝ իր երեք ձագերի հետ։

― Օ՛յ, ― պոռթկում է Հաֆյան։ ― Իսկ որտե՞ղ։

― Առվույտի արտում։

― Իսկ աշնանը կորսա՞ս նրանց։

Շտեպանը խեթ նայում է Հորդուբալին։

― Տեսնենք։

«Լավ մարդ է, ― թեթևությամբ հառաչում է Հորդուբալը։ ― Հաֆյան սիրում է նրան։ Այ, ինձ այդպես չմոտեցավ։ Դե, բան չկա, երեխան կսովորի։ Իսկ Ամերիկայից բերած նկարների մասին նույնիսկ չհիշեց էլ։ Պետք է Շտեպանին մի բան նվիրել»։ Եվ Հորդուբալը աչքերով փնտրում է իր ճամպրուկը։

― Հրեն քո իրերը, դարսված են նստարանին, ― ցույց է տալիս Պոլանան։ «Նա միշտ էլ հոգատար է եղել», ― մտածում է Յուրայը և ծանրումեծ մոտենում նստարանին։

― Այ սա քեզ, Հաֆյա։ Նկարներ։ Սա էլ թեդդի֊բեր։

― Էդ ի՞նչ է, քեռի, ― հետաքրքրվում է Հաֆյան։

― Արջ է, ― բացատրում է Մանյան։ ― Դու հեչ կենդանի արջ տեսե՞լ ես։ Նրանք ապրում են վերևի սարերում։

― Իսկ դու տեսե՞լ ես, ― կպչում է Հաֆյան։

― Տեսել եմ։ Արջուկները մռթմռթում են, այ ասպես՝ մը՜ռռռ․․․

― Սա քեզ, Պոլանա, ― անվճռականորեն առաջարկում է Հորդուբալը։ ― Բոլորը դատարկ բաներ են, ես չգիտեի, որ․․․ Յուրայը շուռ է գալիս ու խառնշտում իրերը։ Ինչ մի բան ընտրել Մանյայի համար։ ― Իսկ ահա սա էլ քեզ, Շտեպան, ― շփոթված տատամսում է նա, ― երևի պետք գա։ Ամերիկյան դանակ ու ամերիկյան ծխամորճ։

― Ա՜խ դու, ― խուլ կերպով դուրս է պրծնում Պոլանայի կրծքից, աչքերը լցվում են արցունքներով, և նա դուրս է թռչում։

― Ի՞նչ եղավ քեզ, Պոլանա։


― Խոնարհաբար շնորհակալ եմ, պան, ― գլուխ է տալիս Մանյան և, ժպիտի մեջ ցուցադրելով բոլոր ատամները, ձեռք է տալիս Յուրային։ ― Օհո՜, ― համա թե ուժեղ ձեռք ունես․․․ Ուժներս չփորձե՞նք։

Փառք աստծու, ― ինքն իրեն հառաչում է Հորդուբալը, ― ահա և վերջացավ։

― Քեռի, դանակը ցույց տաս, ― կպչում է Հաֆյան։

― Տես, ― պարծենում է Շտեֆանը, ― համա՜ թե դանակ է։ Ամերիկայից։ Ուզում ես, ես քեզ համար ամերիկյան տիկնիկ պատրաստեմ։

― Հա՛, քեռի, ― ծվում է Հաֆյան։ ― Իսկ չե՞ս խաբում։

Յուրայը ժպտում է երանելի, լայն ժպիտով։


VI

Սակայն այդ էլ դեռ բոլորը չէ։ Յուրայը գիտի, թե ուրիշ ինչ է հարկավոր անել։ Քանի որ մարդ Ամերիկայից վերադարձել է, պետք է երևա պանդոկում, բարևի հարևաններին, մի֊մի գավաթ օղի հրամցնի նրանց։ Թող բոլորը տեսնեն, որ Հորդուբալը դատարկ գրապնով չի ետ եկել։ Է՛յ, պանդոկապետ, բոլորին մի֊մի գավաթ, դե շուտ։ Ինչ է, չե՞ս ճանաչում Հորդուբալին, Ամերիկայից եկած մայներին։ Թող լուրը ամբողջ գյուղով մեկ տարածվի․ «Գիտե՞ք ով է վերադարձել։ Գնանք տեսնենք Հորդուբալին․․․ «Կնիկ, արմյակս ու գլխարկս մի տաս»։

― Պոլանա, ես շուտով կվերադառնամ։ Գնա քնիր ու ինձ չսպասես, ― ասում է Յուրայը և խաղաղված, մութ գյուղի միջով կտրիճավարի քայլում է դեպի պանդոկ։ Ի՜նչ անուշ հոտ է գալիս այստեղից՝ փայտի ու նախրի, խոտի ու դարմանի հոտ․․․ Իսկ հիմա սագերի հոտ եկավ, հիմա էլ եղինջի ու իգաբոռի։

Ծերունի պանդոկապետ Սալով Բերկովիչն արդեն չկա․ վաճառասեղանի ետևից վեր է կենում ինչ֊որ շիկակարմիր հրեա։

― Ի՞նչ եք կամենում, պարոն, ― անվստահորեն հարցնում է նա։

Անկյունում մենակ նստած է մշտական մի հաճախորդ։ Այդ ո՞վ կարող է լինել։ Ոնց որ թե Պյոսան լինի․ դե, իհարկե, Անդրեյ Պյոսան է՝ «Հուսար» մականունով։ Նա աչքերը տնկել է Յուրայի վրա, ասես ուզում է բղավել՝ էդ դո՞ւ ես, Յուրայ։ ― Հա՜, ես եմ, Անդրեյ Հուսար, հո տեսնում ես, որ ես եմ։

Չէ, Պյոսան չբղավեց, ուշադիր նայում է։

― Պանդոկատեր, ծերուկ Բերկովիչը դեռ ո՞ղջ է, ― հարցնում է Հորդուբալը, որպեսզի ցույց տա, թե այստեղացի է։

Պեպենոտ պանդոկապետը մի գավաթ օղի է դնում սեղանին։

― Վեց տարի եղավ, ինչ նրան թաղել ենք։

Վեց տարի՞։ Օ՛հ, Պյոսա, քիչ ժամանակ չի։ Վեց տարի հետո մարդուց ի՞նչ է մնում։ Իսկ ո՞ւթ տարի հետո։ Պանդոկատեր, ութ տարի եղավ, որ ես օղի չեմ խմել։ Էն աստված, մեկ֊մեկ ուզում էի խմել՝ օտարության մեջ դարդս օղուն տալ, միայն թե Ամերիկայում օղին արգելված է։ Դրա փոխարեն ավելի շատ դոլարներ էի ճամփում Պոլանային․ տեսնում ես՝ ձի է առել ու հողակտորը ծախել։ Իբրև թե՝ քար ու քոլ է միայն։ Իսկ դու, իհարկե, քո հողը չես ծախել, Անդրեյ։ Ախր դու Ամերիկայում չես եղել։

Պանդոկապետը կանգնել է վաճառասեղանի մոտ ու դիտում է Յուրային։ «Խոսե՞լ հյուրի հետ, թե ոչ, ― մտմտում է նա։ ― Չէ, երևում է հյուրը խոսքասեր չի, նայում է մի տեսակ տարօրինակ ձևով, ավելի լավ է նրան հանգիստ թողնել։ Ո՞վ կարող է լինել։ Մաթեյ Պահուրկոյի տղան ինչ֊որ օտարության մեջ է․ միգուցե հենց Մաթեյի տղան է։ Թե՞ Հորդուբալն է, Պոլանայի մարդը, որ Ամերիկայում է»։

Յուրայը աչքերն է կկոցում։ Պանդոկապետը շուռ է գալիս և սկսում բաժակները դասավորել վաճառասեղանի վրա։

Պյոսա, ի՞նչ ես աչքերդ թաքցնում։ Ձե՞ն տամ քեզ, ինչ է։ Այսպիսի բաներ, Անդրեյ Պյոսա։ Ութ տարվա ընթացքում մարդը խոսելը մոռացել է, լեզուն բերանում չի դառնում։ Բայց ախր նույնիսկ ձին ու կովը սիրում են, որ իրենց հետ խոսեն։ Ճշմարիտ է, Պոլանան միշտ էլ սակավախոս է եղել, իսկ ութ տարիների բաժանությունը մարդուն մարդամոտ չի դարձնի, մենակությունը ասել֊խոսել չի սովորեցնում։ Ես ինքս էլ չգիտեմ՝ ոնց սկսեմ․ նա չի հարցնում՝ ես սուս եմ կենում, նա սուս է կենում՝ ես հարցնել չեմ ուզում։ Է՛հ, ինչ եմ ասում։ Շտեպանը լավ աշխատող է, դե նա էլ խոսում է տիրուհու փոխարեն։ Իսկ տիրուհին ինչ, ծախել է արտը, հող է գնել տափաստանում, ահա և բոլորը․․․

Հորդուբալը խմում է օղին ու գլուխն օրորում։ Վառում է, գրողի տարածը։ Սակայն մարդ ամեն բանի էլ վարժվում է։ Շտեպանը ոնց որ թե լավ ջահել լինի, ձիերից գլուխ է հանում ու Հաֆյային էլ սիրում է։ Դե, իսկ Պոլանան կվարժվի, և ամեն ինչ իր կարգով կգնա։ Է՛հ, Պյոսա։ Իսկ ոնց է, մեկ֊մեկ քո կնկա էծե՞րն էլ են բռնում․․․ Դու նրան մի լավ տուր ես տալիս, և վերջ։ Իսկ Պոլանան ոնց որ ազնվական լինի։ Անդրեյ, այ թե բանն ինչ է։ Խելոք է, աշխատող, մաքուր՝ փառք քեզ, աստված։ Ճիշտ որ, տարօրինակ է։ Փոխարենը, եղբայր, նրա քայլվածքը տեսնես։ Գյուղում ուրիշ ոչ մի կին այդպիսի քայլվածք չունի։ Մեր բանը համերաշխ չի գնում, բարեկամս։ Է՛խ, քամու պես ներս ընկնեի տուն, խտտեի նրան այնպես, որ շունչս կտրվեր։ Այ թե ոնց էր պետք։ Անդրեյ։ Իսկ ինձ մոտ, հասկանում ես, չստացվեց։ Նա սաստիկ վախեցավ, քաշվեց, ասես ես այն աշխարհից էի եկել։ Հաֆյան էլ կարծես վախեցավ։ Դու էլ, Անդրեյ։ Բայց ինչ արած, եկել եմ։ Սառույցը մեկից չկոտրվեց․ բան չկա, կամաց֊կամաց կհալվի։ Կենացդ, Անդրեյ։

Հուսար անունով Անդրեյ Պյոսան վեր է կենում տեղից ու գնում դեպի դուռը, ասես Հորդուբալին չի էլ տեսել։ Դռան մեջ նա շուռ է գալիս ու խռպոտ ձայնով նետում․

― Բարի գալուստ, Յուրայ։

Խելառ ես դու, Հուսար։ Եվ ինչու չես ուզում նստել իմ սեղանի մոտ։ Չկարծես, թե ես վերադարձել եմ դափ֊դատարկ։ Ինձ մոտ դեռ մի հարյուր դոլար կգտնվի, դրանց մասին Պոլանային բան չեմ ասել։ Բայց էլի Պյոսան լավ ճանաչեց ինձ։ Այդպես էլ ամեն ինչ կամաց֊կամաց կարգի կընկնի։

Հորդուբալն ուրախացավ։

― Է՛յ, պանդոկատեր, մի գավաթ էլ լցրու։

Դուռը թափով բացվում է կրկնկի վրա, և, ոնց որ գարնան հեղեղ, պանդոկ է ներխուժում ինչ֊որ գեղեցիկ երիտասարդ։ Դե ախր սա Վասիլ Հերիչն է։ Վասի՜լ։ Սրտակի՛ց ընկեր։ Յուրային տեսավ թե չէ՝ իսկույն սեղանի մոտ։ Վասի՜լ։ Յուրա՜յ։ Ընկերական համբույրը ծակծկող է, թութունի հոտ է գալիս, բայց ի՜նչ ուրախություն։

― Բարև, Վասիլ։

― Բարև, Յուրայ, ― մտահոգ արտասանում է Վասիլը։ ― Էս ո՞նց եկար։

― Հիմարի գլուխ, հո չէի մեռնելու այնտեղ, ― ծիծաղում է Հորդուբալը։

― Դե հիմի գյուղում ապրուստը մի բանի նման չի, ― խուսափողաբար ծամծմում է Հերիչը։ ― Ողջ֊առողջ ես՝ ուրեմն փառք տուր աստծուն։

Տարօրինակ ես դու, Վասիլ։ Նստել ես նստարանի ծայրին ու շտապում ես բաժակդ դատարկել։

― Ի՞նչ կա֊չկա։

― Դե, հրեն անցած շաբաթ, զատկից հետո, ծերուկ Կեկերչուկը մեռավ, աստված հոգին լուսավորի։ Իսկ անցյալ կիրակի ջահել Հորոլենկոն պսակվեց Միհալչուկովի աղջկա հետ։ Ամառը տավարը դաբաղով հիվանդացավ․․․ Հա, Յուրայ, ինձ տանուտեր են ընտրել։ Երևի, ինադու։ Էնպես որ հիմի ես իշխանավոր եմ։

Խոսակցությունն ընդհատվում է։ Վասիլը չգիտի՝ ուրիշ ինչի մասին պատմի, վեր է կենում տեղից ու ձեռքը խոթում Յուրայի ափի մեջ։

― Աստված քեզ հետ, Յուրայ։ Ես պիտի գնամ։

Յուրայը քմծիծաղում է ու ծանրացած մատներով շուռումուռ տալիս բաժակը։ Առաջվա Վասիլը չի։ Ա՛խ, երկնային տեր, Վասիլը ո՜նց էր խմում․ պատուհանները զնգում էին։ Բայց էլի ներս եկավ ու իսկույն համբուրեց, այ դա ընկե՜ր է։ «Աստված քեզ հետ, Յյուրայ»։ Ինչ է, ճակատիս գրա՞ծ է, թե բախտս ոնց չբերեց տանը։ Դե, չբերեց՝ չբերեց, հետո կբերի, ամեն ինչ կարգի կընկնի։ Մեկ էլ տեսար կամաց֊կամաց տանը յուրային դարձա։ Փող ունեմ, Վասիլ։ Հող էլ կարող եմ առնել, կով էլ՝ որքան քեֆս տա, թեկուզ ամբողջ մի դյուժին։ Կքշեմ արոտ, ուղիղ Եզան Կուզը․․․ Իսկ իրիկունը տասներկու զանգերը կզնգան, և Պոլանան աղջկա պես կթռչի դարբասը բանալու․․․

Պանդոկում խաղաղ է, պանդոկապետը ննջում է վաճառասեղանի ետևում։ Դե ինչ, մենակությունը մարդուն օգտակար է։ Գլուխը պտտվում է, դառնում, դրանից էլ մտքերն ավելի լավ են տեղավորվում այնտեղ, սիրելիս։ Տուն գնալու ժամն է։ Արի շարժվեմ կամացուկ, դանդաղ, տոտիկ֊տոտիկ, ոնց որ նախիրն է դաշտից վերադառնում։ Իսկ ինչ, եթե սլանամ դեպի տուն, ոնց որ հրեղեն ձիեր լծած սայլով, քամու պես ներս ընկնեմ բակ, այնպես, որ չորս կողմ կայծեր շաղ գան, շտկվեմ, սանձերը հպարտորեն վեր բարձրացնելով ու ցած թռչեմ՝ ահա՜ ես, Պոլանա։ Հիմա որ էլ քեզ բաց չեմ թողնի։ Կբարձրացնեմ վեր, ձեռքերիս վրա ներս կտանեմ, կգրկեմ՝ շունչս կկտրվի։ Ի՜նչ փափուկ ես դու, Պոլանա։ Ութ տարի, ո՜ւթ տարի մտածել եմ կնոջս մասին ու հիմա այ գնում եմ նրա մոտ․․․

Հորդուբալը սեղմում է ատամները, մաշկի տակ ելունդներ են գլորվում։ «Էհե՜յ, հրեղեն նժույգներ, էհե՜յ։ Թող Պոլանան լսի մեզ, թող ցնցվի վախից և ուրախությունից, թող իմանա՝ ամուսինը վերադարձել է»։


VII

Հորդուբալը հարբած տուն է վերադառնում։ Իսկ չորս կողմ լուսնկա գիշեր է։ Հարբել է, որովհետև օղուց ետ է վարժվել, ետ է վարժվել մտքերից, որովհետև գնում է կնոջ մոտ։ Ի՞նչ ես մթնդում, լուսնյակ։ Մի՞թե ես կամացուկ չեմ գնում, մի՞թե քայլերս այնպես թեթև չեմ փոխում, որ խոտերի վրայից ցողն անգամ ցած չընկնի։ Օհո՜, շները գյուղում ոնց են իրար անցել՝ իբրև թե գալիս է Յուրայ Հորդուբալը, ութ տարվա բացակայությունից հետո վերադարձել է, տեսնում ես ձեռքերը ոնց է տարածել, ուզում է որքան կարելի է շուտով գրկել կնոջը։ Ահա և դու իմ ձեռքերի մեջ ես, Պոլանա, բայց դա քիչ է, ես ուզում եմ զգալ քեզ ծնկներով, շրթունքներով, սեղմել մատներով․․․ Պոլանա՜, Պոլանա՜․․․ Ի՞նչ ես մռայլվում, լուսնյակ։ Այո, ես հարբած եմ, որովհետև խմել եմ սրտապնդվելու համար, որովհետև ուզում եմ ներս ընկնել տուն, կկոցել աչքերս, ձեռքերս թափահարել՝ ահա և ես, Պոլանա․ ես ամեն տեղ եմ, որտեղ քո ձեռքերն են, քո ոտքերը, քո շրթունքները․․․ Ի՜նչ խոշոր ես դու, լավը, ինչ լավ է քեզ գրկելը․․․

Գնում է Հորդուբալը լուսնյակ գիշերով և ամբողջ մարմնով դողում է։ Ձայն չեմ տա, ոչ մի խոսք չեմ ասի, չեմ խռովի նրա հանգիստը։ Ներս կմտնեմ սուսիկ֊փուսիկ։ Ահա այն լուսավոր ստվերը՝ դո՛ւ ես․․․ Անունս մի տուր, այդ ես եմ։ Այնպես զգույշ կգրկեմ քեզ, որ ոչ մի բան տեղից չի շարժվի․ չեմ խախտի լուսնի հանգիստը, չեմ ասի ոչ մի խոսք, չեմ շնչի․․․ Ա՛խ, Պոլանա, այնպիսի լռություն կիջնի, որ լսելի կդառնա, թե ինչպես են ցած ընկնում աստղերը։

Չէ, չէ, լուսնյակը մեզ չի լույս տալիս, մեզ վրա չի մռայլվում։ Նա լույս է տալիս սև անտառին, իսկ մեզ մոտ, տանը, մութ է, մեզ մոտ, տանը, միայն մթությունն է շնչում։ Ձեռքով կփնտրես ու կգտնես կնոջդ։ Չես տեսնի՝ քնած է, թե ոչ, բայց այստեղ ամեն ինչ լի է նրանով։ Նա կամացուկ կծիծաղի ու կշարժվի տեղից, որպեսզի դու էլ կարողանաս պառկել։ Բայց մի՞թե քեզ նման լողլողին տեղ հերիք կանի, ստիպված պիտի խցկվես նրա ծոցը։ Իսկ նա ինչ֊որ բան է փսփսում ականջիդ, թե ինչ՝ ինքդ էլ չես հասկանում, ախր խոսքերը սառն են, իսկ խուլ շշուկը՝ տաք․ և խավարն ավելի է թանձրանում, այնպես թանձր է նա ու խիտ, որ կարելի է ձեռքը դիպցնել նրան, և դա արդեն ոչ թե խավարն է, այլ կինդ, նրա մազերն ու ուսերը, նրա ընդհատ շնչառությունը քո դեմքի վրա։ «Ա՛խ, Պոլանա, ― շշնջում է Հորդուբալը, ― Պո֊լա֊նա»։

Նա կամացուկ բաց է անում դռնակն ու ցնցվում։ Արտասանդուղքին, լուսնի լույսի տակ, նստած է Պոլանան ու սպասում է։

― Պոլանա, ― մռմռում է Հորդուբալը, և սիրտը մարում է, ― ինչո՞ւ չես քնել։

Պոլանան ցրտից դողում է։

― Սպասում էի քեզ։ Ուզում էի հարցնել․ մենք ամառը երկու ձիերի համար յոթ հազար ստացանք, էնպես որ․․․ դու ի՞նչ ես մտածում․․․

― Ա՛խ, ահա թե ի՜նչ, ― անվճռականորեն արձագանքում է Հորդուբալը։ ― Դե լավ, այդ մասին վաղը կխոսենք։

― Չէ, հիմի, ― համառում է Պոլանան, ― դրա համար էլ սպասում էի քեզ։ Ես էլ չեմ ուզում հոգալ կովերի մասին․․․ ու դաշտում աշխատել․․․ չեմ ուզում։

― Դե, մի էլ աշխատիր, ― ասում է Հորդուբալը, աչքերը հառելով նրա ձեռքերին, որոնք սպիտակին են տալիս լուսնի լույսով։ ― Հիմա ես այստեղ եմ։ Ես կաշխատեմ։

― Իսկ Շտեպա՞նը։

Յուրայը լուռ հառաչում է։ Ինչ հարկ կա հիմա այդ մասին խոսել։

― Դե, ― փնթփնթում է նա, ― երկուսիս համար աշխատանք չի բավականացնի։

― Հապա ձիե՞րը, ― արագ առարկում է Պոլանան։ ― Մեկնումեկը պետք է հոգ տանի նրանց։ Չէ՞ որ դու չես կարող․․․

― Ճիշտ է, ― համաձայնում է Հորդուբալը, ― դե լավ, հետո կտեսնենք։

― Ես հիմի եմ ուզում իմանալ, ― պնդում է Պոլանան բռունցքները սեղմելով։

Մի տես, ի՜նչ անհամբերն է։

― Ինչպես ուզում ես, Պոլանա, ինչպես ուզում ես, ― լսում է Հորդուբալն իր ձայնը։ ― Աղավնյակս, թող Շտեպանը մնա։ Ես փողով եմ եկել, ամեն ինչ կանեմ քեզ համար։

― Շտեպանը կարողանում է ձիերին խնամել, ― ասում է Պոլանան, ― էդպիսի աշխատող շուտով չես գտնի։ Հինգ տարի է, ինչ նա ծառայում է ինձ մոտ։ ― Պոլանան վեր է կենում տեղից, լուսնի լույսի տակ գունատ ու տարօրինակ։ ― Բարի գիշեր, Յուրայ։ Կամաց գնա, Հաֆյան քնած է։

― Իսկ դո՞ւ։ Դու ո՞ւր ես գնում, ― հարցնում է ապշած Հորդուբալը։

― Չարդախ, քնելու։ Դու տան տերն ես, պիտի քնես խրճիթում։ ― Նրա դեմքին վայրկենաբար ինչ֊որ համառ, չար արտահայտություն է երևում։ ― Շտեպանը քնել է ախոռում։

Հորդուբալը շեմքին անշարժ նստած, նայում է լուսնկա գիշերին։ Այդպես, այդպես։ Գլուխը բոլորովին չի աշխատում, ոնց որ փայտից լինի։ Ինչ֊որ բան նստել է ուղեղում, հանգիստ չի տալիս։ «Դու տան տերն ես, պիտի քնես խրճիթում»։ Այդպես, այդպես։

Ինչ֊որ հեռվում կլանչում է մի շնիկ, կովը գոմում զնգացնում է շղթան։ «Պիտի քնես խրճիթում»։ Է՛խ դու, դդո՜ւմ գլուխ։ Ինչքան կուզես թափ տուր, մեկ է՝ տրաքվում է։ Կնշանակի՝ ուրեմն, տան տերը դու ես։ Ամեն ինչ քոնն է՝ այս ճերմակ պատերը, բակը, չորս կողմ եղած տնտեսությունը, ամբողջ խրճիթը, ա՛յ թե ինչ աղա ես դու, կարող ես մեն֊մենակ փռվել անկողնում։ Տերը դու ես։ Բայց ինչո՞ւ չի կարողանում ոչ մի կերպ տեղից վեր կենալ, ինչո՞ւ է գլուխն այսպես ծանրացել։ Երևում է, անպետք օղի էր, երևում է, գրողի տարած պանդոկապանը փայտի սպիրտ էր խառել․․․ Բայց ես տուն էի գալիս համարյա պարելով․․․ Այդպես, ուրեմն, խրճիթում։ Պոլանան ուզում է տան տիրոջը պատիվ տալ, որ նա քնի հյուրի նման․․․ Անսահման մի հոգնածություն է պաշարում Հորդուբալին։ Օհո՜։ Պոլանան ուզում է, որ նա հանգստանա, ուժ հավաքի, երկար ճամփից հետո մի քիչ զրկանք վայելի։ Ասենք, ճիշտ որ հոգնել է, ուժ չունի տեղից վեր կենալու, ոտքերը ոնց որ դոնդող լինեն․․․ Իսկ լուսինն արդեն մտավ տանիքի ետևը։

― «Ժա֊մը տասնը֊մեկն է հը֊րես, տեր աստ֊ված պահպանիր դու մեզ», ― երգեցիկ ձայնով ծոր է տալիս գիշերապահը։ Ամերիակյում այդպես չեն կանչում։ Տարօրինակ ես դու, Ամերիկա։ Միայն թե գիշերապահը չտեսնի ինձ՝ լավ չի, ― հանկարծ վախենում է Հորդուբալը և գողի նման նաշշուկ ներս է սողոսկում խրճիթ։ Պիջակը հանելով, նա լսում է հանգիստ մի շնչառություն։ Փառք աստծու, Պոլանան այստեղ է, նա կատակ արեց։ Իսկ ես էլ, հիմարս, տնկվել եմ բակում։ Յուրայը գաղտագողի, կամացո՜ւկ֊կամացուկ մոտենում է անկողնուն, ձեռքերը պարզում առաջ։ Փափուկ մազեր, բարակ, թույլ թաթիկներ՝ Հաֆյան։ Երեխան ինչ֊որ քրթմնջաց քնի մեջ ու դեմքով սեղմվեց բարձին։ Այո, Հաֆյան է։ Յուրայը կամացուկ նստում է անկողնու ծայրին, ուղղում է աղջկա վերմակը։ Ա՛խ, աստվա՜ծ իմ, այստեղ ո՞նց պառկես, ախր կարթնացնես երեխային։ Երևի, Պոլանան ուզում է, որ աղջիկը վարժվի հորը։ Այդպես, այդպես։ Հայրն ու աղջիկը խրճիթում, իսկ նա՝ չարդախում։

Հանկարծ Յուրայի գլխում մի նոր միտք է ծագում ու նրան հանգիստ չի տալիս։ «Գնում եմ չարդախ», ― ասաց Պոլանան։ Իսկ եթե նա այդ դիտմամբ ասա՞ց։ Այսինքն, հիմար, կարող ես գալ ինձ մոտ։ Հո գիտես որտեղ եմ՝ գնացի չարդախ քնելու։ Չարդախում Հաֆյան չկա։ Հորդուբալը կանգնել է մթության մեջ, ոնց որ արձան, իսկ սիրտը խփում է, խփում։ Պոլանան հպարտ է, նա չի ասի՝ վերցրու ինձ։ Հարկավոր է նրան նվաճել, ինչպես աղջկան, հարկավոր է փնտրել խավարում, իսկ նա անձայն կծիծաղի․ «Ա՜խ, Յուրայ, դու հիմար ես, ութ տարի քեզ էի սպասում․․․»։

Յուրայը կամացուկ, գողեգող բարձրանում է չարդախ։ Այ թե մութն է։ Պոլանա, որտե՞ղ ես դու, լսում եմ, թե սիրտդ ոնց է զարկում։

― Պոլա՛նա, Պոլա՛նա, ― շշնջում է Հորդուբալը և ձեռքերով որոնում խավարի մեջ։

― Գնա՛, գնա՛, ― աղիողորմ, համարյա տնքոցի պես լսվում է մթության միջից։ ― Ես քեզ չեմ ուզում, աղաչում եմ, Յուրայ, աղաչում եմ քեզ, աղաչում եմ․․․

― Ես ոչինչ, Պոլանա, ― սաստիկ վախենում է Հորդուբալը, ― ես միայն․․․ ուզում էի հարցնել․․․ Քեզ համար այստեղ հարմա՞ր է։

― Աղաչում եմ քեզ, գնա։ Գնա՛, ― խավարի մեջ կնոջ ձայնը սարսափից դողում է։

― Ես ուզում էի ասել․․․ ― կակազում է Հորդուբալը, ― ամեն ինչ քո ուզածով կլինի, աղավնյակս։ Հովտի մարգագետինն էլ կարող ես առնել․․․

― Հեռացի՛ր, հեռացի՛ր, ― իրեն կորցրած, բղավում է Պոլանան, և Յուրայը գլխիվայր գլորվում է ցած, ասես անդունդի մեջ։ Ոչ, անդունդը չի ընկել, այլ նստել է ներքևի աստիճանին․․․ բայց և այնպես, ընկել է անդունդ։ Այսպես նվաստանալ, աստվա՜ծ իմ, այսպես ահավոր կերպով նվաստանալ։ Այդ ո՞վ է տնքում այստեղ, հը՞։ Այդ դո՛ւ ես, դո՛ւ։ Ե՞ս։ Ոչ, այդ ես չեմ, ես հազիվհազ շնչում եմ։ Ես մեղավոր չեմ, որ բարձրաձայն տնքացի․․․ Եվ էլի՛, էլի՛․․․ Դե, էլ մի ամաչիր, ազատություն տուր քեզ, դու տանն ես, տան տե՜ր։

Հորդուբալը նստել է աստիճանին ու բութ հայացքով նայում է առջևը։ «Դու խրճիթում պիտի քնես, ― ասաց նա, ― դու տան տերն ես»։ Ահա թե ինչ։ Պոլանա, ութ տարի դու քո գլխի տերն էիր ու հիմա բարկանում ես, որ ուրիշ տեր ունես։ Է՛խ, աղավնյակս, տեսնեիր, թե այդ ինչ տեր է նստել աստիճանին ու նվնվում է, ոնց որ ծծկեր երեխա։ Հարկավոր է գոգնոցով քիթը սրբել։ Այ քեզ տե՜ր․․․ Հորդուբալն անսպասելիորեն զգում է, որ շրթունքներին ժպիտ կա։ Այո, այո, նա ծիծաղում է՝ տե՜ր։ Ի՞նչ տեր։ Ծառա՛։ Տիրուհիս, ծառան եկել է կովերի մոտ, իսկ դու, Պոլանա, դու կլինես տիրուհի։ Կապրես խանումի պես, կովեր կունենաս ու ձիեր, Շտեպան և Յուրայ։ Պոլանա, կովերդ այնպես պահեմ, ոնց որ պատկե՜րք։ Ոչխարներդ էլ։ Ամեն ինչ քոնը կլինի, ամենքի գլխին կառավարիչ կլինես։

Ահա և սիրտը հանդարտվեց, կուրծքն էլ այլևս չի խռխռում։ Հորդուբալն օդը ներս է քաշում, լցնում է թոքերը, ինչպես դարբնի փուքսը։ Դե ինչ, տիրուհի, խրճիթը ծառայի տեղը չի։ Ծառան կգնա քնելու գոմում՝ ահա թե որն է նրա տեղը։ Այնտեղ մարդ ավելի լավ է քնում, այնտեղ նա մենակ չի, կողքին կենդանի շունչ է լսվում։ Երբ մենակ ես, բարձրաձայն խոսելը վախենալու է, իսկ կովի հետ կարելի է խոսել, նա գլուխը շուռ կտա քեզ ու ականջ կդնի։ Կովանոցում մարդ ավելի լավ է քնում։

Յուրայը կամաց֊կամաց քարշ է գալիս դեպի գոմ։ Ահա և անասունների տաք հոտը․ շղթայիկը զնգում է ցանկապատի ետևում։

― Այդ ես եմ, կովեր, այդ ես եմ։ Փառք աստծու, այնքան խոտ կա, որ մարդ կարող է քունն առնել։

Ժա֊մը տասներ֊կուսն է հը֊րես,
Տեր աստված, պահ֊պանիր դու մեզ։

Չէ, Ամերիկայում այսպիսի բան չկար։

Կնանիք, չվառեք մարխը անտեղի։
Գիշերը դրանից փորձանք կպատահի․․․

«Տուո՜ւ, տուո՜ւ֊տուո՜ւ», ― լսվում է հեռվից, ասես կովի բառաչ։ Գիշերապահն է եղջերափողը հնչեցնում։


VIII

Շտեպանը լծում է սայլը։

― Բարի լույս, պան։ Ուզո՞ւմ եք մարգագետինը տեսնել։

Յուրայը մռայլվում է։ Ես աղայի վերակացո՞ւ եմ, ինչ է, որ սայլակով գնամ հողերը նայելու։ Ասենք, ինչու չգնա։ Տանը անելիք չունի․ խոտհարք էլ չկա։ Միգուցե աչք ածի Պոլանայի տիրություններին։

Շտեպանը քաթանե լայն վարտիք է հագել ու կապույտ գոգնոց։ Իսկույն երևում է՝ տափաստանի ծնունդ է։ Եվ թխադեմ է գնչուի պես։ Ձիերին հայ֊հույ է անում, և սայլակը դղրդոցով ու զնգոցով թռչում է առաջ։ Յուրայը կառչում է սայլակին, իսկ Շտեպանը կանգնել է՝ գլխարկը թեքած ծոծրակին ու սանձերը բարձր պահած։ Նա մտրակը թափահարում է ձիերի մեջքի վերևում։ Դե, դե, կամաց, հարկ չկա շտապելու։

― Լսիր, ― դժգոհությամբ մռթմռթում է Յուրայը, ― ինչո՞ւ ես սանձերը այդպես ուժով ձգում։ Մի տես ձիերը ոնց են մռութները թափ տալիս։ Ախր դա նրանց ցավ է պատճառում։

Շտեպանը շուռ է գալիս քմծիծաղով։

― Պան, էդպես է հարկավոր։ Որպեսզի գլուխները բարձր պահեն։

― Ինչո՞ւ, ― առարկում է Հորդուբալը։ ― Թող ինչպես սովոր են, այնպես էլ պահեն։

― Դրա համար լավ գին են տալիս, պան, ― բացատրում է Շտեպանը։ ― Ամեն գնորդ առաջ ու առաջ նայում է, թե ձին գլուխը ոնց է պահում։ Հապա նայեք, պարոն, նայեք, թե ինչ շախով են վազում՝ միայն ետևի ոտքերով, իսկ առջևինները էնպես շարժում են միայն։ Ն֊նո՜։

― Դե, այդպես մի քշիր նրանց, ― խնդրում է Հորդուբալը։

― Թող սովորեն վազել, ― անտարբերությամբ առարկում է Շտեպանը։ ― Հանգիստ ձիուց ի՞նչ օգուտ, պան։

«Տեսնես Պոլանային ո՞նց է տանում, ― մտածում է Հորդուբալը։ ― Երևի ամբողջ գյուղը շուռ է գալիս՝ հրեն սայլի մեջ նստած գալիս է Հորդուբալի կինը։ Դե, ուղղակի կալվածատիրուհի։ Հպարտ, ձեռքերը ծալած կրծքին։ Իսկ ինչո՞ւ չպետք է հպարտ լինի։ Փառք աստծու, Պոլանան նման չի ուրիշ կանանց։ Ամրակազմ է, սոճու նման շեփ֊շիտակ։ Այնպիսի տուն է շինել, ոնց որ կալվածատիրոջ դաստակերտ, մի զույգ ձիու դիմաց վերցրել է յոթ հազար, ուրեմն կարելի է գլուխը բարձր պահել։ Այդ բանը միշտ էլ օգտակար է, եղբայրներ»։

― Հրեն տափաստանը, ― մտրակով ցույց է տալիս Շտեպանը։ ― Մինչև այն ակացիաները ամբողջ հողը պատկանում է տիրուհուն։

Հորդուբալն իջնում է սայլակից ամբողջովին ջարդված։ Համա թե թափ տվեց, սատանան։ Ուրեմն, սա՞ է տափաստանը։ Ճշմարիտ է, խոտը հասնում է մինչև գոտկատեղը, բայց խիստ չոր է ու կոշտ։ Դե չէ, հեքիաթներ մի պատմի, այստեղ ի՞նչ ճակնդեղ ցանես։

Մանյան քորում է ծոծրակը։

― Էն կտորն էլ որ առնենք, պան, կարելի է թեկուզ երեք տասնյակ ձի պահել։

― Չէ, առարկում է Հորդուբալը։ ― Ախր խոտը բոլորովին չոր֊չոր է, մեջը ճարպի կտոր չկա։

― Իսկ ճարպն ինչի համար է, ― քմծիծաղում է Շտեպանը։ ― Ձին պիտի լղար լինի, պան, չոր֊չոփ։ Հո նրան մորթելու համար չեն գիրացնում։

Հորդուբալը չի պատասխանում։ Նա մոտենում է ձիերին, շոյում նրանց մռութները։

― Դե, դե, պստլիկ, ապրես, մի վախենա․․․ Ի՞նչ ես ականջներդ պտտում։ Այ թե խելոքն ես դու։ Դե, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես գետինը սմբակով դոփում։

Շտեպանը արձակում է ձիերին, շտկվում տեղում ու խստությամբ նկատում․

― Ձիերի հետ չի կարելի խոսել, պան։ Կփչանան։

Հորդուբալը արագ շուռ է գալիս։ Այդպիսի հանդգնություն, այն էլ տիրոջ նկատմամբ։ Չէ, նա երևի հենց այնպես։ Չի ուզում, որ ձիերն իրեն վարժվեն։ Դե, գրողի տարած, ես քո գործերին չեմ էլ խառնվի։ Դե֊դե, մի չարանա։

Շտեպանը ձիերին բաց է թողնում՝ արածեն ու վերցնում է գերանդին՝ խոտ հնձելու։ Է՛խ, հիմար, պիտի մի գերանդի էլ վերցնեիր հետդ, ― հառաչում է Յուրայը և սկսում դիտել Ծուռփեշի վերևի արտերը։ Այ թե իսկական հողերը որտեղ են։ Ճիշտ է, քար շատ կա, բայց փոխարենը կարտոֆիլ է աճում, վարսակ, հաճար։ Ահա այստեղ հաճարը դեռևս հնձած չի, իսկ այնտեղ արդեն խրձեր են կապում։

― Շտեպան, իսկ մեր վերևի արտը ո՞վ է գնել։

― Պյոսա անունով մեկը։

― Հըմ, Պյոսան։ Անդրեյ Պյոսան ― Հուսարը։ Ահա թե ինչու այն ժամանակ պանդոկում չմոտեցավ իրեն։ Ամաչում է, որ հողը խաբխբելով առել է կնիկարմատից։ Յուրայը նայում է վերև։ Տարօրինակ է։ Ասես Հորդուբալի արտը սարերից իջել ու փռվել է այստեղ, տափաստանում․․․

― Իսկ Ռիբարին որտե՞ղ է, ― հետաքրքրվում է Հորդուբալը։ ― Այնտեղ, ներքևո՞ւմ։

― Հրեն, այնտեղ է, ― ասում է Շտեպանը։ ― Այն կողմը։ Այստեղից մի երեք ժամվա ճամփա է։

― Երեք ժամվա՜։ Նշանակում է՝ մոտ չի։

Հորդուբալը պարապությունից մի ծղոտ է պոկում ու ծամում։ Խոտը մի տեսակ թթված է, ճռճռան։ Չէ, մեզ մոտ, սարերում, խոտը բոլորովին այլ համ ունի ու թունդ ուրցի հոտ է արձակում։ Յուրայը քայլում է տափաստանով ավելի ու ավելի հեռու։ Այ քեզ տափարակ, ոչինչ չի երևում, միայն երկինքը, այն էլ ինչ֊որ փոշոտ է, ոչ այնպես, ինչպես սարերում։ Ահա և եգիպտացորենի արտը։ Իսկապես էլ, եգիպտացորենը բարձր է , մարդահասակ, իսկական թփուտ։ Իսկ օգուտն ինչ։ Միգուցե լավ լիներ խոզեր բաց թողնել այստեղ։ Արտը ուրիշ բան է, ոնց որ մուշտակ։

Ակացի՞ա։ Յուրայն ակացիա չի սիրում։ Այնտեղ, վերևում, վայրի սալորենի է աճում ու մասրենի, արոս ու գիհի, և ոչ մի անպետք ակացիա։

Մանյան իր գոգնոցով ու երկարաճիտ կոշիկներով արդեն աչքից կորավ։ Ինչպե՞ս թե ձիերի հետ չխոսել։ Ձին խելոք կենդանի է, կովից ոչ վատ։ Խոսքերից նա ավելի հնազանդ է դառնում։

Տափաստանը փռվել է Յուրայի դեմ, թախիծով պարուրելով նրան։ Ասես ծով լինի՝ որ կողմ նայում ես, ամենուրեք նույն բանն է։ Յուրայը գլուխը վեր բարձրացրեց՝ սարերին նայելու։ Էխ դուք, սարեր, սարեր, հարթավայրը ձեզ էլ է փոքրացնում, աննկատելի դարձնում։ Հապա բարձրացիր սարը, այն ժամանակ կհասկանաս, թե դա ինչ է։ Եվ Յուրայը, չդիմանալով, ուղղվում է դեպի տուն ոտքով, ձեռքը թափ տալով Շտեպանի ու նրա սայլակի վրա։ «Ճամփին աչք կածեմ ցորենի արտերին», ― մտածում է նա։

Հորդուբալը քայլում է ամբողջ մի ժամ, իսկ սարերը դեռևս հեռու են։ Այ թե շոգ է այստեղ ու հով էլ չի խաղում․ այս էլ ձեր տափաստա՜նը։ Շտեպանը ինձ ո՞ւր է բերել։ Մի գլուխ շտապեցնում էր ձիերին, և ահա հասել ենք աշխարհի ծայրը։ Պոլանայի ձիերը կրակոտ ձիեր են։ «Հանգիստ ձիուց ի՞նչ օգուտ, պան»։

Ուղիղ երկու ժամ է, ինչ Հորդուբալը քայլում է։ Փառք աստծու, վերջապես ահա և գյուղը։ Գնչուական աղքատ մի թափառախումբ վրան է զարկել բանգի ու գժախոտի մացառուտում։ Ահա և ճամփեզրի դարբնոցը։ Գլխում ծագած անակնկալ մտքից Հորդուբալը կանգ է առնում։ Սպասիր, Պոլանա, ես քեզ կուրախացնեմ։ Նա շուռ է գալիս դարբնոցի կողմը։

― Է՛յ, վարպետ, ինձ համար մի կեռ պատրաստեք։

― Ի՞նչ կեռ։

― Դռան սովորական կեռ, որ փակեն։ Ես կսպասեմ։

Դարբինը Հորդուբալին չի ճանաչում՝ դարբնոցում մութ է, քուրան էլ աչք է կուրացնում։ Կեռ ես ուզում, խնդրեմ։ Դարբինը դղրդյունով ծեծում է երկաթը։

― Իսկ ինչ կասեք, դարբին, Հորդուբալովայի ձիերը լա՞վն են։

― Ձիե՜ր եմ ասել․ ոչ թե ձիեր են, այլ սատանաներ։ Միայն թե, քեռի, դրանք աղաների համար են, ոչ թե գյուղական աշխատողի։ Իսկ դրանց պայտելը իսկական փորձանք է։ Երկու ջահել հազիվ են պահում էդ տեսակ սատանային։

Հորդուբալը նայում է շիկացած երկաթի կտորին։ Այո, Պոլանա, քո տնտեսության համար մի բան կբերեմ։

― Եվ այդպիսի ձին թանկ արժի, հը՞, դարբին։

― Թող կայծակը զարկի ինձ, ― թքում է դարբինը։ ― Լսել եմ, որ նրա համար ութ հազար են ուզում։ Էդքան փողը մի ձիու համար։ Իսկ ի՞նչ օգուտ նրանից։ Էդպիսի սատանի ծնունդը հենց որ սկսեց կաղալ՝ վերջ։ Ինչ եմ ասել գյուղական մալած ձիուն։ Մեջքը ոնց որ սեղան, դոշը՝ ժամի երգեհոնը քեզ օրինակ։ Ինչ ասել կուզի։ Էդ հնում էր, որ ձիեր կային։ Իսկ հիմի տրակտորն է։ Ասում են, կալվածատերն իր մարգագետինը ծախում է․ իբրև թե՝ խոտն ինչին է, ու ձիերն էլ բանի պետք չեն, հիմի ամեն տեղ էլ մեքենաներն են աշխատում։

Հորդուբալը գլխով է անում։ Ճիշտ է, մեքենաները, ոնց որ Ամերիկայում։ Հարկավոր է հետևել, որ Պոլանան հիմարություն չանի։ Մեկ էլ տեսար՝ մեքենաներ հայտնվեցին, այն ժամանակ ձիերն ի՞նչ անել։ Բանն էլ հենց այդ է։ Չէ, չէ, Պոլանա, ես իմ դոլարները չեմ տա մարգագետին առնելու։ Արտը և կովը ուրիշ բան, իսկ մեքենայով փոր չի կշտանա։ Ինչպե՞ս։ Կարծում ես, թե արտից ու կովերից եկամուտ չկա՞։ Հետո ինչ․ գուցե և չկա, բայց հո հացն ու կաթը քո սեփականն են։ Այդպիսի բաներ։

Վերցնելով դեռևս չսառած երկաթի կտորը, Հորդուբալն շտապում է տուն։ Կարծես Պոլանան ճաշ է պատրաստում։ Յուրայը սանդուղքով գողեգող բարձրանում է չարդախ ու կեռը ներսից ամրացնում դռանը։ Ահա, հիմա էլ ծխնին․․․

Պոլանան սանդուղքով բարձրանում է վերև ու, հոնքերը կիտելով, նայում, թե Հորդուբալն ինչ է պատրաստում։ Չէ, չի հարցնում, միայն նայում է սևեռուն հայացքով։

― Պատրաստ է, Պոլանա, ― փնթփնթում է Հորդուբալը, ― այստեղ կեռ ամրացրի, որ կարողանաս ներսից փակել։


IX

Հիմար բա՞ն է ստացվում, Յո՛ւրա, Յուրա՜յ։ Շրջում ես բակում, աչք ածում չորս կողմ ու չես իմանում՝ ինչի ձեռք զարկես։ Կաղա՞մբ տնկես։ Դա տղամարդու գործ չի։ Հավերին կո՞ւտ տաս։ Խոզերի՞ն կերակրես։ Դա էլ կնկա գործ է։ Փայտն արդեն սղոցել, կոտորել ես, ցանկապատը նորոգել, տախտակներից էլի մանր֊մունր բաներ շինել, իսկ հիմա պարապ֊սարապ թրևում ես, ոնց որ ծերուկ Կիրիլը, որ հրեն այնտեղ, Միհալ Հերպակի բակում, մորուքն է տմբտմբացնում։ Իսկ հարևան կնանիք բամբասում են՝ լավ տնատեր է, ձեռքերը գրպանները դրած հորանջում է մինչև ականջները։ Կամա՛ց, ծնոտդ ցած չընկնի։

Մանյան ներքևում է, մարգագետնում։ Հետո՞ ինչ։ «Ձիերի հետ չի՜ կարելի խոսել» ― և վերջ։ Մնա այստեղ մեն֊մենակ ցցված, ինչիս է քո տափաստանը։ Դրան տես, այս բատրակին, աստված գիտի՝ որտեղից է լույս ընկել ու դեռ սովորեցնում է․ «Լավ կլիներ, պան, էս անեիք, էն անեիք»։ Ինձ սովորեցնելը քո գործը չի։ Փայտից ինչ որ կարելի է պատրաստել, այդ կանեմ․․․ Առաջ անտառ էի հատում, իսկ հիմա ասում են փայտի պահանջ էլ չկա։ Ծառերը կանգնած փտում են, իսկ սղոցարանները չեն աշխատում։

Աստված իմ, մնում է միայն կով պահել։ Ոչ թե երկու հատ, ― մարդիկ ձեռ կառնեն, ― այլ մի դյուժին։ Քշել նրանց Եզան Կուզ, հետն էլ կացին առնել՝ արջերից պաշտպանվելու համար։ Եվ ոչ ոք չի ասի՝ մի խոսիր կովերի հետ։ Անասունի վրա պետք է բղավել։

Բայց Պոլանան լսել անգամ չի ուզում, իբրև թե՝ մսավաճառը մի կովին ութ հարյուր է տալիս, այն էլ ասես շնորհ է անում։ Դե, ինչ մսավաճառ, մսավաճա՜ռ։ Կով կարելի է պահել նաև իր համար։ Բայց եթե չես ուզում, լավ։ Իսկ հովտի մարգագետնի վրա փող չեմ ծախսի։

Կամ լծիր կովերին ու քշիր արտ՝ խուրձ կրելու։ Քայլում ես, քայլում, ձեռքդ դրած լծին՝ է՛յ, է՜յ, իրար եկեք։ Շտապելու հարկ չկա՝ քայլում ես կովերի քելքով, Հորդուբալը Ամերիակյում էլ չսովորեց ուրիշ կերպ քայլել։ Հենց որ խրձերը բարձում ես սայլին, ճաղերից բռնած՝ անիվները պահում, զգում ես, ոնց որ ամբողջ սայլը ձեռքիդ մեջ լինի։ Այն ժամանակ, փառք աստծու, հասկանալի է դառնում, թե ձեռքերն ինչի համար են տրված մարդուն։ Այ դա տղամարդու գործ է, Պոլանա։ Ա՛խ, տեր աստված, դու ողորմա, ի՜նչ պարապություն է, ձեռքերը կորչում են անտեղի։ Եվ ի՜նչ ձեռքեր՝ կտրիճի, ամուր, ամերիկյան․․․

Քեզ համար ինչ, Պոլանա․ քեզ մոտ ամեն ինչ եռում է, միշտ էլ գործ կա, այստեղ հավ ու ճիվ, այնտեղ խոզեր, դեռ հարկավոր է մառան էլ դիպնել։ Իսկ տղամարդու համար ցանկապատի մոտ ցցվելն ամոթ է։ Գոնե ասեիր՝ Յուրայ, այս արա, այն արա։ Իսկ դու թռչում ես նետի պես, մարդ չի հասցնում հետդ մի խոսք փոխանակել։ Ես կարող էի քեզ Ամերիկայի մասին պատմել։ Այնտեղ, Պոլանա, երիտասարդը կարող է և՛ աման լվալ, և՛ ավել անել, և՛ հատակը քերել, ու այդ ամենը ամոթ չի համարվում։ Ամերիկայում կանայք լավ են ապրում։ Դու ահա մռայլվում ես, հենց որ ես ձեռք եմ զարկում մի բանի, իբրև թե՝ չի կարելի, մարդիկ կծիծաղեն։ Դե, ինչ կա որ, թող հիմարները ծիծաղեն։ Ախոռ եմ գնում ձիերին կեր տալու, ջրելու՝ Շտեպանն է նեղանում։ Տեսա՜ր մի՝ ձիերի հետ չի կարելի խոսել։ Նա ամեն ինչ գիտի։ Ման է գալիս չարացած, քիչ է մնում աչքերով ինձ ուտի։ Տանտիրուհու հետ մի խոսք չի փոխանակում, պատասխանում է տհաճությամբ, միայն աչքերն է տնկում վրան։ Չարանում է, երեսը չարությունից դեղնում, ինքն իրեն ուտում է․․․ Պոլանան էլ է նրանից վախենում, ասում է․ «Հաֆյա, գնա Շտեպանին ասա, որ այս բանն անի ու այն բանը, հարցրու Շտեպանին այս ու այս»։ Հաֆյան չի քաշվում։ Ձայն է տալիս՝ քեռի՛, իսկ նա աղջկան օրորում է ծնկին։ «Հաֆյա, այ քուռակն էսպես է վազում, իսկ զամբիկը քայլում է էսպես»։ Ու երգում է։ Իսկ հենց մեկնումեկին տեսավ թե չէ, իսկույն ոնց որ բերանը ջուր առնի, ու ծլկում է ախոռ։

Հորդուբալը ծոծրակն է քորում։ Սատանան գիտե, թե Հաֆյան ինչու է ինձանից վախենում։ Իրեն֊իրեն խաղում է, իսկ հենց որ ես մոտենում եմ, աչքերը չռում է ու աշխատում է ծլկել։ Դե, փախիր, փախիր։ Է՛հ, Հաֆյա, ես քեզ համար խաղալիքներ կպատրաստեի միայն սեղմվեիր ուսիս ու նայեիր, թե ինչ է ստացվում։ Իսկ ինչա՜ն բաներ կպատմեի քեզ Ամերիկայի մասին, աղջիկս․ այնտեղ նեգրեր կան ու անթիվ֊անհամար մեքենաներ․․․ Դե, աստված քեզ հետ, Հաֆյա, գնա քո Շտեպանի մոտ։ Պոլանա, ձեռք մի տուր նրան, ծեծելով ոչ ոքի չես կարող բան սովորեցնել։ Այ, եթե դու նստեիր կողքիս, ու մենք իրար հետ զրուցեինք, Հաֆյան էլ կգար ականջ դնելու, արմունկով կհենվեր ծնկիս։ Այնպիսի բաներ կպատմեի, որ երեխայի բերանը բաց կմնար։ Դե, միգուցե ձմեռը վառարանի մոտ․․․

Ներքև, գյուղամիջում վախեցած սագերը կղկղում են, լսվում է սայլի դղրդյուն՝ այդ Մանյան է վերադառնում։ Յուրայը ձեռքը թափ է տալիս ու գնում ամբարի ետևը։ Չեմ ցցվի այստեղ, նրա հետ քիթ֊քթի։ Բերածը մի խտիտ խոտ է, իսկ աղմուկը ողջ գյուղն է բռնել։ Ամբարի ետևում լավ է, խաղաղ, այնտեղ մարդ ոնց որ դրախտում լինի։ Է՜հ, պարտեզը երեսի վրա են թողել։ Առաջ այստեղ տանձենիներ ու սալորենիներ էին աճում, իսկ հիմա՝ ոչինչ։ Մարդ չկա, որ ծերացած ծառերը կտրատի ու աշնանը ջահել տնկիներ տնկի։ Ոչինչ չի մնացել, միայն անբար ծառեր։ Աստված հետներդ։ Հովասուն պարտեզ էր, իսկ հիմա եղինջ է աճում ու մեկ էլ խոզերն են հողը փորփրում։ Տե՜ր աստված։

Դե, այնպես չկարծես, Պոլանա, ես Ամերիկայում շատ բաներ եմ տեսել։ Նայում էի ու միտք անում՝ այ, վատ չէր լինի այս բանը մեզ մոտ էլ առաջ բերել։ Նրանց մոտ լավ բաներ կան, հարմար, օգտավետ, ամեն տեսակ հարմարանքներ։ Իսկ ո՜նց են բանջարեղեն աճեցնում։ Կամ ճագարներ։ Ավելի լավ է ճագարներ, չէ որ մեզ մոտ բանջարեղենից ահագին փրչեր եմ հավաքվում։ Ամեն ինչ լավ կլիներ, ես ամեն բան կարգի կգցեի միայն թե դու ուզենայիր, Պոլանա, միայն թե աչքի տակով նայեիր՝ տեսնենք Յուրայն այդ ինչ է անում։

Այդ ի՞նչ է, Յուրայ։ ― Վանդակ ճագարների համար։ ― Այ թե Հաֆյան կուրախանա՜։ ― Եվ մուշտակ կկարես նրա համար։ Կամ, ասենք, աղավնատուն։ Իսկ մեղու չե՞ս ուզում, Պոլանա։ Ես փեթակներ կպատրաստեի, իսկական, ոչ թե փորած կոճղ, այլ ետևը ապակեպատ փեթակներ, որպեսզի պարսը երևա։ Մեզ մոտ, Ջոնսթոնում, մի մայներ կար, ազգությամբ լեհ, ճանճի մեծ սիրահար էր․ գիտես, նա նույնիսկ մի տեսակ ցանց ուներ, որ հագնում էր գլխին․․․ Մարդ ամեն ինչ էլ կարող է սովորել։ Միայն թե դու ուզենաս, Պոլանա, միայն թե նայես։ Գոնե հարցնես․ «Այս բանը Ամերիկայում ո՞նց են անում»։ Չէ, չես հարցնում։ Իսկ երբ չեն հարցնում, ասելը դժվար է։ Ամոթ է մի բան ասել միայն սեփական բավականության համար․ դա ոնց որ խաղ լինի։ Իսկ երբ ուրիշի համար է՝ թքում ես ափերիդ մեջ, և գործն առաջ է գնում։ Այ թե ոնց է լինում, Պոլանա։

Փառք աստծու, ահա կովերը զանգերի զնգոցով տուն են դառնում, արդեն իրիկուն է։ Հիմա մեր կովերը կգան, հարկավոր է կապել նրանց, ջրել, թիմարել։ Հաֆյան ձայն կտա․ «Շտեպան, հայրիկ, իրիկնահացի»։ Շտեպանը խպշտում է աղմուկով, Պոլանան լռում է, Հաֆյան փսփսում քեռի Շտեպանի հետ։ Ի՞նչ կարող ես անել։ Բարի գիշեր բոլորիդ։

Հաֆյան խրճիթում է, Պոլանան՝ չարդախում, Շտեպանը ախոռում։

Պետք է մի անգամ էլ շրջել բակում ու գնալ գոմ՝ քնելու։ Ձեռքերը դնել գլխատակին, և կարելի է բարձրաձայն խոսել։ Խոսել ինքն իր հետ այն մասին, թե ուրիշ ինչ կարելի է հորինել և թե ամեն բան ինչպես կարող էր լինել։ Իսկ կովերն ամեն բան էլ հասկանում են՝ դարձնում են գլուխները ու նայում․․․


X

Հաֆյա, մայրիկին ասա, որ ես կվերադառնամ երեկոյան։

Մի կտոր հաց ճարպի հետ, և հայդա դեպի սարերը։ Հորդուբալի սիրտը թեթև է ու փոքր֊ինչ տխուր, ինչպես մորից թաքուն ծլկած երեխայի սիրտը։ Նա նայում է գյուղին վերևից։ Ինչ֊որ բան փոխվե՞լ է այնտեղ։ Բայց ի՞նչ։ Ի՞նչ։ Առաջ Հորդուբալի արտն այստեղ էր։ Ասում են քարեր կային և իսկապես էլ կային։ Բայց տես, որ Պյոսան հաճարը հնձել է․ այստեղ նաև կարտոֆիլ ունի ու բարակ մի շերտ էլ վուշ։ Նայիր, Պյոսայի հին հանդը ոնց է մերվել Հորդուբալի հանդին։ Իսկ ավելի վերևից, ուր արոսենիներն են, ամբողջ գյուղը երևում է, ոնց որ ափիդ մեջ։ Աստծու իմաստության վրա ինչպես չզարմանաս․ Կրիվոյը գյուղ է կոչվում, և ճիշտ որ, կուչ է եկել, ոնց որ նստած կով։ Կտուրը կտուրի ետևում, բոլորն իրար նման, ասես ոչխարի հոտ։ Իսկ ահա այն սպիտակ կալվածատունը Պոլանայինն է։ «Ոնց որ այստեղ օտար լինի, ― մտածում է Յուրայը։ ― Տանիքը նոր է, կարմիր, հենց այն է՝ ուզում ես հարցնել՝ ո՞վ է բնակվում այնտեղ։ Երևի, տափաստանից եկած մեկը․ այնտեղ նրանք ծառեր չունեն, սովոր են տանիքները կղմինդրով ծածկել․․․»։

Հովիտ։ Այստեղից երևում է հովիտը։ Կապույտ, հարթ, ինչպես ծովը․ մի խոսքով, հովիտ և ուրիշ ոչինչ։ Հենց նրա համար են մարդիկ արագ֊արագ գնում, որովհետև ճամփան տխուր է։ Քայլում ես, և շարունակ ոնց որ նույն տեղում լինես։ Չէ, ես առանց գործի հովիտ չէի գնա։ Իսկ այստե՜ղ։ Մի՞թե կարելի է համեմատել․ հոգուդ մեջ տոն է․ գնում ես ուր աչքդ կկտրի, իսկ շուրջը միշտ ծանոթ նշաններ են։ Ահա հիմա ճանապարհը կոլորվի, կանցնի առվի միջով, հետո մինչև այն եղևնին արոտատեղով կբարձրանա վերև, իսկ այնտեղից՝ ուրիշ անտառ։ Կեսօրին կհասնես անտառ՝ համատարած հաճարի, բներն սպիտակ֊գորշավուն, ոնց որ վրաները թուխպ նստած լինի։ Ամենուրեք կրակների պես ծաղկում են ալպյան մանուշակները։ Իսկ ահա այնտեղ, նայիր, ի՜նչ հիանալի սունկ է։ Դուրս է պրծել չոր տերևների տակից՝ ճերմակ, հաստատուն ոտքով։ Սո՛ւնկ, գիտե՞ս ինչ, մնա տեղումդ ողջ ու անվանս։ Ես նույնիսկ խոլորձ ու զանգակածաղիկ չեմ պոկի, միայն մորու մի փոքրիկ փունջ կկապեմ Հաֆյայի համար այնտեղ, անտառի փեշին, որտեղ նա ամենից քաղցր է։

Հանկարծ Հորդուբալը կանգ է առնում շունչը պահած․ քարա՜յծ։ Սարալանջի մյուս կողմում կանգնած է մի քարայծ՝ լուսավոր, փոքր֊ինչ դեղնավուն, ինչպես անցած տարվա խազալը․ կանգնել է ձարխոտերի մեջ ու ականջ է դնում։ Ո՞վ կա այնտեղ՝ մա՞րդ է, թե կոճղ։ Ես կոճղ եմ, քոթուկ, ես պարզապես ծառակոշտ եմ։ Միայն մի փախիր։ Մի՞թե դու էլ ես ինձանից վախենում, անտառի գազան։ Չէ, չի վախենում։ Տերև տերևի ետևից պոկոտում է ու նայում այծի նման։ Հետո մկկում է՝ մը֊կը֊կը՜, և, կճղակները դոփդոփելով, սլանում է հեռու։

Հանկարծ Յուրայն իրեն բախտավոր է զգում, սարնիվեր քայլերը թեթևանում են, ոչ մի բանի մասին չի ուզում մտածել։ Գնում է ու գնում իր համար, լա՜վ է։

― Իսկ ես քարայծ տեսա, ― երեկոյան կասի նա Հաֆյային։

― Որտե՞ղ։

― Էլ որտե՞ղ պիտի, սարերում։ Տափաստանում քարայծ չի լինում, Հաֆյա։

Ահա և․․․ ոչ ոք չգիտի, թե ինչ է այդ․ քայքայված հին ծառաբները, ― ի՜նչ գերաններ են, կուզես զանգակատուն շինիր, ― ծածկված են խռնդատով, գորտնուկով, վայրի շուշաններով, ղանձլամերով, ձարխոտով ու վայրի խորդենիով։ Իսկապես, տարօրինակ վայր է, ասես կախարդված․ այստեղ անտառը նայում է հյուսիս՝ մամռապատ, սև մի անտառ։ Հողը նույնպես սև է ու ճահճոտ։ Ասում են, այստեղ չար ոգիներ են թափառում։ Աճում են մի տեսակ սպիտակավուն, անգույն, դոնդողանման սունկեր։ Եվ մշտապես կիսախավար է ու վայրի։ Ոչ սկյուռներ են երևում, ոչ միջատներ, չորս կողմ սև անտառ է միայն։ Երեխաները վախենում են այստեղ գալ, ասենք, գյուղացիներն էլ ոտք դնելիս երեսները խաչակնքում են։ Ահա և անտառի ծայրը․ հավամրգին ծնկներիդ է հասնում, իսկ ծառալոռ՝ որքան ուզես։ Մոշի ծակծկող թփիկները կառչում են ոտքերիդ։ Է՛հ, անտառը մարդուն հեշտությամբ բաց չի թողնում, հարկավոր է ճեղքել֊անցնել մացառուտի միջով, ինչպես վարազ։ Մեկ էլ՝ հո՛պլյա, ասես քեզ դուրս մղեցին անտառից, ասես անտառն ինքը քեզ դուրս հրեց, ― և դու բացատում ես։ Փառք աստծու, վերջապես դուրս պրծար։

Լայնարձակ ես դու բացատ, այս ու այնտեղ վեր են խոյանում եղևնիները՝ խոշոր, ամուր, ոնց որ աստծու տաճարներ։

Ուզում ես գլխարկդ հանել ու ողջունել բարձրաձայն․ «Բարև ձեզ»։ Խոտը հարթ է, սլկուն, կարճ, քայլում ես նրա վրայով, ասես գորգի վրայով։ Երկար բացատը ձգվում է անտառների միջով։ Վերևում տարածվում է արձակ երկինքը, ասես մի կանաչ֊կտրիճ մեկնվել է՝ կուրծքը բաց, պառկել ու նայում է աստծու վերնատնակների պատուհաններից․․․ Օ՛հ, մարդ ի՜նչ թեթև է շնչում։

Հանկարծ Յուրայ Հորդուբալը բոլորովին փոքրացավ, մրջյունի պես վազում է լայնարձակ բացատով։ Մրջյունիկ, այդ ո՞ւր, այդ ո՞ւր։ ― Այնտեղ, դեպի սարը, ուղիղ դեպի գագաթը՝ մյուս սև մրջյունների հետ արածելու։ Այ թե ուր եմ շտապում։ Լայնարձակ ես դու, բացատ, արձակ֊լայնարձակ։

Լայնարձակ է, օ՜, աստվա՜ծ իմ․․․ Այն կարմիր կետերի համար կասես եզների նախիր է։ Մեր տեր աստված իրեն լավ է զգում՝ նայում է վերևից ու միտք անում․ հրեն այն սև կետը Հորդուբալն է, իսկ ահա այն սպիտակը՝ Պոլանան։ Տեսնենք, նրանք կմիանա՞ն, թե հարկ կլինի մատով հրել, մոտեցնել իրար։

Իսկ այդ միջոցին, տես, սարալանջով ինչ֊որ սև բան է թռչում ուղիղ դեպի Հորդուբալը։ Գլուխկոնծի տալով սլանում է զառիվայրով ներքև, ուղղակի նրա ոտքերի տակ։ Ախր ո՞վ ես դու։ Ա՛խ, դու, սև շնիկ։ Ի՞նչ ես հաչում ու քեզ քրքրում։ Դե, արի, արի, մի՞թե ես գողի նման եմ։ Այստեղ արի։ Ապրես դու, շնիկ։ Գնում եմ Հովվի սարը տեսնեմ։ Հրեն արդեն նախիրն էլ երևաց։

― Հե՜յ, ― ձայն է տալիս Հորդուբալը նախրապանին։

Խոշորաչք եզները հանգիստ նայում են Հորդուբալին ու շարունակում արածել, թափահարելով պոչները։ Նախրապանը կանգնել է անշարժ, ինչպես թուփ, և լուռ նայում է եկվորին։

― Հե՜յ, ― բղավում է Յուրայը։ ― Այդ դո՞ւ ես, Միշա։ Դե, փառք աստծու։

Միշան նայում է, ու ոչ մի խոսք։

― Չե՞ս ճանաչում։ Ես Հորդուբալն եմ։

― Ա֊ա՜, Հորդուբալը, ― ասում է Միշան առանց զարմանքի։ Ինչի՞ վրա զարմանա։

― Ամերիկայից եմ վերադարձել․․․

― Ի՞նչ։

― Ամերիկայից։

― Հա, Ամերիկայից։

― Ո՞ւմ եզներն ես պահում, Միշա։

― Ի՞նչ։

― Ասում եմ՝ ո՞ւմ եզներն են։

― Հա, ում եզները։ Կրիվոյի։

― Այդպես, այդպես, Կրիվոյի։ Լավ անասուններ են։ Իսկ դու ինչպե՞ս ես, Միշա, առո՞ղջ ես։ Եկել եմ քեզ տեսնեմ։

― Ի՞նչ։

― Դե, տեսնեմ քեզ։

Միշան՝ ոչ մի խոսք, միայն աչքերն է ճպճպացնում։ Այստեղ, բաց երկնքի տակ, խոսելը կմոռանաս։ Հորդուբալը հենվելով արմունկին, պառկում է խոտերի վրա, և մի ծղոտ դնելով բերանը, սկսում է ծամել։ Այստեղ ուրիշ աշխարհ է, այստեղ խոսել չի կարելի ու չի էլ հարկավոր։ Ապրիլից մինչև սեպտեմբեր Միշան արածացնում է նախիրը, շաբաթներով ոչ մի կենդանի շունչ չտեսնելով։

― Միշա, դու երբևէ եղե՞լ ես այնտեղ ներքևը, տափաստանում։

― Ի՞նչ։

― Ասում եմ, տափաստանում եղե՞լ ես։

― Հա, տափաստանում։ Չէ, չեմ եղել։

― Իսկ վերև՞ը։ Հոռիում եղե՞լ ես։

― Եղել եմ։

― Իսկ այն սարի ետև՞ը։

― Չէ։ Չեմ եղել։

― Այ տեսնում ես, իսկ ես Ամերիկայում եմ եղել։ Բայց ի՞նչ օգուտ։ Նույնիսկ սեփական կնոջս չեմ հասկանում։

― Էնտեղ, ― ասում է Միշան, ― էնտեղ էսպիսի արոտներ չկան։

― Լսիր, ի՞նչ է եղել այնտեղ, որտեղ անտառ են հատել, ― հարցնում է Յուրայը, ինչպես դեռևս երեխայությանն էր հետաքրքրվում։

― Ի՞նչ։

― Ասում եմ, անտառ են հատել։

― Հա, հատել։

Միշան մտախոհ ծխամորճն է փստփստացնում։

― Ինչ իմանաս։ Ասում են, ավազակները ամրոց են շինել։ Դե, ինչեր ասես, որ դուրս չեն տալիս․․․

― Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ չար ոգի է շրջում։

― Էդ էլ են ասում․․․ ― անորոշությամբ արձագանքում է Միշան։

Հորդուբալը շուռ է գալիս մեջքի վրա։ «Երանությո՜ւն, ― մտածում է նա իր մեջ։ ― Թե ինչ կա այնտեղ, ներքևում, չես էլ իմանում։ Մարդիկ դես ու դեն են ընկնում, խանգարում իրար, ահա ուր որ է աքլորների նման կկպչեն մեկմեկու․ ատամերդ սեղմում ես՝ միայն թե չզբաղվես»։

― Միշա, դու կին ունե՞ս։

― Ի՞նչ։

― Կին ունե՞ս։

― Չէ։

Հարթավայրում այսպիսի ամպեր չես տեսնի։ Այնտեղ երկինքը դատարկ է։ Իսկ այստեղ դրանք ոնց որ կովերն արոտում։ Մարդը պառկել է մեջքի վրա ու ամպերն է արածացնում։ Նրանք լողում են, նա էլ նրանց հետ է լողում, նույնիսկ տարօրինակ է՝ ինչ թեթև է ինքը, ամպերի հետ վերև է բարձրանում։ Տեսնես, այդ ամպերն ո՞ւր են գնում, որտե՞ղ են պահվում երեկոյան։ Հալվում են։ Բայց մի՞թե որևէ բան կարոզ է հենց այնպես չքանալ։

Հորդուբալը հենվում է արմունկին։

― Միշա, ուզում եմ քեզնից մի բան հացնել։ Դու որևէ կախարդական խոտ չգիտե՞ս։

― Ի՞նչ։

― Որևէ կախարդական խոտ։ Դե, որպեսզի աղջիկը սիրահարվի քեզ։

― Ը֊ը, ― մռթմռթում է Միշան, ― ինչիս է։

― Դե, քեզ համար չէ, այլ, ասենք, հարկավոր է ուրիշին։

― Ինչի՞ համար է այդ, ― բարկանում է Միշան։ ― Ավելորդ է։

― Բայց և այնպես, այդպիսի խոտ գիտե՞ս։

― Չգիտեմ, ― թքում է Միշան։ ― Ես գնչուհի եմ, ինչ է։

― Բայց ախր դու կարողանում ես բուժել։

Միշան՝ ոչ մի խոսք, միայն աչքերն է թարթում։

― Իսկ մի՞թե դու գիտես, թե ինչ մահով ես մեռնելու, ― հանկարծ ասում է նա։

Հորդուբալը նստում է, սիրտը խփում է արագ֊արագ։

― Քեռի Միշա, կարծում ես շուտո՞վ։

Միշան մտախոհ աչքերն է ճպճպացնում։

― Ինչ իմանաս՝ մարդը երկա՞ր կապրի։

― Միշա, իսկ դու քանի՞ տարեկան ես։

― Չեմ իմանում, ինչիս է պետք։

― Ճիշտ է, ինչի է պետք, ― հառաչում է Հորդուբալը։

Օրինակ, ինչո՞ւ իմանալ, թե ինչ է մտածում Պոլանան։ Այնտեղ ներքևում մարդ դրանից տանջվում է, իսկ այստեղ՝ ինչ կուզես մտածիր, աղավնյակս։ Եթե բախտավոր լիներ, չէր մտածի։ Պարզապես զարմանալի է, թե այդ ամենը որքան հեռու է այստեղից, այնքան հեռու, որ ուղղակի սիրտդ նվաղում է։ Երբ մարդ մենակ է մնում, ասես մեծ բարձրությունից նայում է իրեն ու տեսնում, թե ոնց է իրար անցնում, բարկանում, հուզվում․․․ Իսկ ինքն ընդամենը փոքրիկ, վախեցած մի մրջյունիկ է, որը չգիտի ուր կորչի։

Մեծ հանգստություն է իջնում Յուրայի վրա։ Այնքան մեծ, որ սիրտը մղկտում է։ Նայեք հապա՝ ի՜նչ մուժիկ է, բայց երջանկության բեռից տնքում է, հառաչում։ Է՛խ, ինչպե՜ս չի ուզում վեր կենալ ու իջնել գյուղ։ Դե, ինչ ասել է՝ չի ուզում, պարզապես ուժ չունի։ Մարդ ուզում է կամացո՜ւկ֊կամացուկ պառկել այստեղ, որպեսզի հոգում ամեն ինչ խաղաղվի ու նստի։ Պառկել օրեր, պառկել շաբաթներ ու սպասել, մինչև որ ներսում ամեն ինչ հանգստանա։ Թող երկնային գմբեթը պտույտ գա, թող եզը գլուխն իջեցնի քեզ վրա ու փնչացնի ուղիղ երեսիդ, թող արջամուկը զննի քեզ՝ մա՞րդ ես դու, թե քար։ Իհարկե, քար ես, և փոքրիկ գազանը ցատկում է վրադ, բարձրանում ետևի թաթիկներին ու ականջ դնում․․․ Հորդուբալը պառկել է ձեռքերը տարածած․ հիմա ոչ Հորդուբալ կա, ոչ Պոլանա, միայն երկինքն է, երկիրը, քամին ու կովերի զանգակների զնգոցը։ Ամպերը հալվում են, ինչպես մարդու շունչը ապակու վրա, նրանցից հետք անգամ չի մնում․․․ Երևի եզը մտածում է՝ ինչքա՜ն հոգսեր ունի Հորդուբալը, իսկ ինքն ընդամենը զանգակը զնգացնելով արածում է։

Ինչո՞ւ իմանալ։ Նայիր։ Ախր աստված էլ է նայում։ Նա կովի մեծ֊մեծ, հանգիստ աչքեր ունի։ Քամին խշշում է, ու թվում է, թե ինքը ժամանակն է խշշում։ Էլ որտեղի՞ց է լույս ընկնում նա․․․ Ի՞նչ կարիք կա իմանալ։

Շուտով իրիկուն կլինի։ Յուրայը վերադառնում է տուն, կտրում է մարգագետինը, մտնում անտառ ― քայլում է թեթև, լայն֊լայն։ Հոգին խաղաղվել է, ոչ մի բան չի խռովում նրան։ Լավ, Պոլանա, ես էլ չեմ տնկվի աչքիդ առաջ, երկուսիս համար նեղվածք է։ Գործ֊մործ կճարվի որևէ մեկի մոտ, իսկ եթե ոչ, կբարձրանամ այստեղ վերև, կնստեմ մինչև իրիկուն։ Մարդ ինչքա՞ն պիտի ապրի։ Ասա, խնդրեմ, երկու մրջյուն ինչո՞ւ պիտի խանգարեն իրար, ախր տեղը հերիքում է, նույնիսկ չգիտես, թե այդքան տեղը որտեղից։ Իսկ ես հեռվից էլ կարող եմ նայել իմ տան վրա։ Փառք աստծու, սարերի գագաթներին թիվ ու համար չկա։ Կարելի է բարձրանալ վեր, վեր, ուղղակի աստծու մորուքի տակ, և այնտեղից նայել ներքև։ Բարձրանալ այնտեղ, ուր շրջում են միայն ամպերը․․․ ու հալվում գոլորշու նման։

Արդեն լսվում է նախրի զանգերի ձայնը, իսկ Հորդուբալը շարունակում է նստած մնալ ուրցապատ մարգին․ ձեռքին հատապտուղների փնջիկը, նա նայում է ներքև նոր, կարմիր տանիքին։ Բակը երևում է ասես ափիդ մեջ։ Մարդ Հաֆյային այստեղ բերի ու ցույց տա՝ նայիր, Հաֆյա, մի՞թե դա խաղալիք չէ։

Մի փոքրիկ, լուսավոր կերպարանք դուրս է գալիս բակ ու կանգ առնում։ Իսկ ահա ախոռից հայտնվում է մի ուրիշ մութ կերպարանք, մոտենում է առաջինին ու կանգ առնում կողքին։ Նրանք ասես խաղալիքներ լինեն, չեն շարժվում։ Մրջյունը որ մրջյուն է, էլի բեղիկները կշարժեր, կվազվզեր ետ ու առաջ, իսկ մարդիկ ծիծաղելի են․ կանգնել են կողք֊կողքի, և ուրիշ ոչինչ։ «Ինչ իմանաս», ― մտածում է Հորդուբալը։ Բայց տարօրինակ է, ինչո՞ւ են նրանք այդքան երկար ժամանակ քարացած մնացել։ Մինչև իսկ մարդու սարսափ է պատում՝ կանգնել ու չեն շարժվում տեղներից։

Յուրայ, ո՞ւր է այն խաղաղությունը, որ բերում էիր սարերից։ Ո՞ւր է այն բեռը, որ ճնշում է քեզ։ Շատ բան վերցրիր այնտեղից, և դրանում շատ վիշտ ու տխրություն կա։ Հիմա ձեռքերդ տարածել ու կրում ես քո խաչը։ Իսկ ներքևում այն երկուսը կանգնել֊մնացել են։ Ա՛խ, տե՜ր աստված, գոնե տեղներից շարժվեին։ Ահա վերջապես լուսավոր կերպարանքը պոկվեց տեղից ու անհետացավ։ Իսկ սևը շարունակում է կանգնած մնալ, չի շարժվում․․․ Դե ահա, փառք աստծու, նա էլ կորավ։

Հորդուբալը վերադառնում է տուն հատապտղի փնջիկով։ Միայն մի փունջ հատապտուղ բերեց, այն էլ մոռացավ բակում։ Եվ նորից չորսն էլ նստել են սեղանի շուրջ։ Հորդուբալն ուզում է ասել՝ Հաֆյա, ես մի քարայծ տեսա, բայց չի կարողանում այդ հասարակ բառերն արտասանել․ դրանք դեմ են առնում կոկորդին, ասես մեծ֊մեծ պատառներ։

Պոլանան չի ուտում․ նա գունատ է, ոնց որ ոսկորից պատրաստված։ Շտեպանը խոժոռ կռացել է ափսեի վրա, մատներով ճմլում էհացի կտորը ու մեկ էլ, դանակը շպրտելով, դուրս է պրծնում սենյակից, ասես կոկորդին բան էր դեմ առել։

― Ի՞նչ եղավ քեռի Շտեպանին, ― հառաչում է Հաֆյան։

Պոլանան ոչ մի բառ։ Նա լուռ հավաքում է սեղանը․ ամբողջովին կապտել է, ոչ մի կերպ չի կարողանում դողը զսպել։

Իսկ Հորդուբալը գնում է կովերի մոտ։ Բաժիկը գլուխը դարձնում է նրան, շղթան զնգացնում։ Ի՞նչ կա, տեր։ Ինչո՞ւ ես այդպես ծանր շնչում։ Է՛հ, Բաժիկ, ինչ կարիք կա իմանաս։ Այս ամենը ծանր է, ծանր, ավելի վատ է, քան շղթան։ Այնտեղ, սարերում, ես ու դու կզնգացնեինք մեր զանգակները, ― սարերում տեղ որքան ուզես, աստծուն էլ հերիք կանի։ Իսկ մարդկանց մոտ նեղվածք է։ Երկու֊երեք հոգի իրար են գալիս, և այնպիսի նեղվածություն է։ Ինչ է, մի՞թե չես լսում, թե ոնց են զնգում մեր շղթաները։







  1. waiter ― մատուցող (անգլ․)։
  2. ice-cream ― պաղպաղակ (անգլ․)։
  3. damn ― սատանան տանի (անգլ․)
  4. job ― աշխատանք (անգլ․)։
  5. miner ― հանքափոր (անգլ․)
  6. յոթ (անգլ․)։
  7. jes, sir ― այո, սեր (անգլ․)։
  8. Yoy are a svine ― դուք խոզ եք (աղավաղվ․ անգլ․)։
  9. train ― գնացք (անգլ․)։
  10. you bet ― հանգիստ եղեք (անգլ․)։
  11. vell ― լավ (անգլ․)։
  12. employment ― աշխատանք (անգլ․)։
  13. pit հանքահոր (անգլ․)։
  14. leave ― արձակում (անգլ․)։
  15. factory ― ֆաբրիկա (անգլ․)։
  16. Ոչ, սեր։ Ես գրել չգիտեմ, սեր (անգլ․)։
  17. Լռեցեք, սեր (անգլ․)։
  18. Չէ, շնորհակալ եմ (անգլ․)։
  19. lowerdek ― ներքևի տախտակամած (անգլ․)։
  20. էյ, դուք, նեգրե՛ր (անգլ․)։
  21. railing ― այստեղ՝ ճաղեր, որոնք պահպանում են մայթը փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղերում (անգլ․)։
  22. mine ― հանքափոր (անգլ․)։
  23. տղերք (անգլ․)։
  24. Teddi-bear ― խաղալիք֊արջ (անգլ․)։
  25. պայուսակ (անգլ․)։
  26. գրպանի լապտեր (անգլ․)։
  27. Suitcase ― ճամպրուկ (անգլ․)։
  28. Ֆելիքս կատուն (անգլ)։
  29. all right ― ճիշտ է(անգլ)։
  30. tin ― թիթեղյա տուփ (անգլ․)։
  31. advertisment ― ռեկլամ (անգլ․)։
  32. car ― ավտոմոբիլ (անգլ․)։