հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոյեվսկի |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Ոհ, այդ հեքիաթաբաննե՜րը։
Փոխանակ վորևե ոգտակար, հաճելի, անուշ բան գրելու, հողն են շուռ տալիս և տակեհան անում․․․ Ինձ մնար, կարգելեյի նրանց գրել։ Դե, ինչի՞ նման ե այդ․ կարդում ես․․․ ակամա միտք ես անում և ամեն տեսակ ափեղ֊ցփեղ բաներ են անցնում գլխովդ․ հավատացնում եմ՝ կարգելեյի նրանց գրել, հենց ուղղակի կարգելեյի։
Իշխ. Վ. Ֆ. Ոդոյևսկի
Ապրիլ 8.
Իմ անգին Վարվառա Ալեքսեևնա։
Յերեկ յես բախտավոր եյի, չափազանց բախտավոր, անչափ բախտավոր։ Դուք գեթ մի անգամ, համառ աղջիկ, լսեցիք ինձ։ Յերեկոյան ժամը ութին զարթնում եմ (դուք գիտեք, ջանիկս, վոր յես ծառայությունից հետո սիրում եմ մի յերկու ժամ քնել), մոմը հանում, թդթերը պատրաստում, գրչիս ծայրը սրում, հանկարծ, պատահմունքով, բարձրացնում եմ աչքերս ու, հավատացեք, սիրտս վեր ու վեր թռավ։ Դուք ուրեմն այնուամենայնիվ հասկացել եք, թե իմ ուզածն ինչ ե, սիրտս ինչ եր ուզում։ Տեսնում եմ, ձեր պատուհանի վարագույրի անկյունը ծալած և հինածաղկի ծաղկամանին ամրացրած, ճիշտ այնպես, ինչպես յես այն ժամանակ ակնարկել եյի։ Միևնույն ժամանակ ինձ թվաց, վոր ձեր դեմքն ել յերևաց պատուհանի մոտ, վոր դուք ել ձեր սենյակից նայում եյիք ինձ, վոր դուք ել մտածում եյիք իմ մասին։ Յեվ վորքան ցավեցի, իմ աղավնյակ, վոր ձեր սիրուն դեմքը չկարողացա լավ տեսնել։ Կար ժամանակ, վոր մենք ել պարզ եյինք տեսնում, ջանիկս։ Ե՜հ, ծերությունն ել մի բան չե, բալիկս։ Ահա հիմա ել աչքերիս շարունակ մի տեսակ մութ ե կապում․ յերեկոյան վոր մի քիչ աշխատում եմ, վորևե բան եմ գրում, տեսնում եմ՝ առավոտյան աչքերս կարմրել են և ջրակալել, այնպես վոր մինչև անգամ ամաչում եմ ուրիշների առջև։ Բայց և այնպես, յերևակայությանս մեջ ցոլաց ձեր ժպիտը, իմ հրեշտակ, ձեր բարի, սիրալիր ժպիտն ու սրտիս մեջ ճիշտ այնպիսի զգացողություն կար, ինչպիսին այն ժամանակ, յերբ յես համբուրեցի ձեզ, Վարինկա,― հիշո՞ւմ եք արդյոք, իմ հրեշտակ։ Գիտե՞ք, իմ աղավնյակ, ինձ նույնիսկ թվաց, թե դուք մատ թափ տվիք ինձ վրա։ Այդպե՞ս է, թե վոչ, չարաճճի։ Այս բոլորն անպատճառ մանրամասնորեն նկարագրեք ձեր նամակի մեջ։
Իսկ ձեր վարագույրի մասին իմ հնարածն ինչպե՞ս եք հավանում, Վարինկա։ Շատ լավ ե, չե՞։ Աշխատանքի յեմ նստած, թե պառկում եմ քնելու կամ քնից զարթնում՝ գիտեմ արդեն, վոր դուք ել մտածում եք իմ մասին, հիշում եք ինձ և ինքներդ ել առողջ եք և ուրախ։ Վարագույրը վոր իջեցնում եք նշանակում ե՝ բարի գիշեր։ Մակար Ալեքսեևիչ, ժամանակ ե քնելու։ Իսկ վոր բարձրացնում եք, նշանակում ե՝ բարի լույս, Մակար Ալեքսեևիչ, լավ քնեցիք կամ՝ ինչպես ե ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Իսկ ինչ վերաբերում ե ինձ, Մակար Ալեքսեևիչ, յես, փառք ստեղծողին, առողջ եմ և լավ։ Տեսնո՞ւմ եք, հոգյակս, թե ինչ ճարպիկ, խորամանկ ե հնարված, նամակ ել պետք չե։ Խորամանկ բան ե, այնպես չե՞։ Իսկ հնարողը յես եմ, ե՜, յես։ Հը՜, վոնց եմ յես այսպիսի բաներում, Վարվառա Ալեքսեևնա։
Ասեմ ձեզ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, վոր այս, գիշեր, հակառակ սպասածիս, քնած եյի փառավորապես, որով և շատ գոհ եմ, թեև նոր բնակարանում, նոր տեղափոխված ժամանակ, մարդ կարգին չի կարողանում քնել։ Ասես՝ ամեն ինչ տեղն ե, բայց մի բան պակաս ե։ Այս առավոտ վերկացա կայտառ, ուրախ տրամադրության մեջ։ Այս ի՜նչ լավ առավոտ ե այսոր, ջանիկս։ Մեզնում բաց են արել պատուհանը․ արևը շողշողում ե, ծտերը ծլվլում են, ոդը գարուն ե բուրում և ամբողջ բնությունը կենդանանում ե․ դե, բոլոր մնացածն ել նույնպես համապատասխան եր, ամեն ինչ կարգին, ինչպես վայել ե գարնանը։ Այսոր յես մինչև անգամ բավական հաճելի յերազեցի և յերազներս միշտ ձեր մասին եյին, Վարինկա։ Համեմատում եյի յես ձեզ յերկնքի թռչնակի հետ, վոր ստեղծված ե մարդկանց հաճույքի և բնությունը զարդարելու համար։ Միաժամանակ յես մտածեցի, Վարինկա, վոր մենք ել, հոգսերի և հուզումների մեջ ապրող մարդիկս, պետք ե նույնպես նախանձենք յերկնային թռչունների անհոգ ու անմեղ բախտավորությանը,― դե մնացածն ել բոլորն այսպիսի և սրա նման բաներ, այսինքն՝ յես միշտ այսպիսի հեռավոր համեմատություններ եյի անում։ Յես մի գրքույկ ունեմ, Վարինկա, նրա մեջ ել նույնն ե, բոլոր այսպիսի բաները խիստ մանրամասն կևրպով նկարագրված են։ Ասելս այն ե, վոր չե՞ վոր յերազները զանազան տեսակ են լինում, ջանիկս։ Ա՜յ, հիմա գարուն ե, ուստի մտքերն ել բոլորն այնպիսի հաճելի, սուր, ճարպիկ և յերազները քնքույշ են լինում, բոլորը վարդագույն։ Հենց այդ բանի համար ել գրեցի այս բոլորը․ ասենք այս բոլորը յես գրքից եմ քաղել։ Այնտեղ հեղինակը նույնպիսի ցանկություն ե դրսևորում վոտանավորների մեջ և գրում ե―
Ինչո՞ւ յես թռչուն չեմ, գիշակեր թռչուն։
Յեվ այլն։ Այնտեղ ուրիշ զանազան մտքեր ել կան, բայց աստված նրանց հետ։ Ա՜յ, դուք ինձ այն ասեք, այս առավոտ այդ ո՞ւր եյիք գնում, Վարվառա Ալեքսեևնա։ Յես ծառայության գնալու դեռ չեյի ել պատրաստվել, իսկ դուք արգեն՝ ի՛սկ վոր գարնանային թռչնակի պես դուրս թռաք սենյակից և անցաք բակով այնքան ուրախ։ Յես ինչպե՜ս ուրախ եյի ձեզ տեսնելով։ Ա՜խ, Վարինկա, Վարինկա, մի տխրեք, արցունքը դարդին դարման չե․ այդ եu գիտեմ, ջանիկս, այդ յես փորձովս գիտեմ։ Իսկ այժմ դուք այնպե՜ս հանգստացել եք, մի քիչ ել ապաքինվել եք հիվանդությունից։ Հա, ի՞նչ ե անում ձեր Ֆեդորան։ Ախ, ի՜նչ բարի կին ե նա։ Դուք, Վարինկա, գրեցեք ինձ՝ ինչպե՞ս եք ապրում այժմ նրա հետ և գո՞հ եք արդյոք ամեն բանից։ Ֆեդորան մի քիչ քրթմնջող ե, բայց դուք ուշ մի՛ք դարձնի դրան, Վարինկա։ Աստված նրա հետ։ Նա այնքա՜ն բարի յե։
Յես արդեն գրել եմ ձեզ այստեղի Թերեզայի մասին,― նույնպես թե՛ բարի, թե՛ հավատարիմ կին ե։ Իսկ ինչքա՜ն յես անհանգստանում եյի մեր նամակների մասին։ Ինչպե՞ս պետք ե նրանք տեղ հասնեյին։ Բայց ահա մեր բախտից տերն ուղարկեց մեզ Թերեզային։ Բարի, համեստ, սուս ու փուս կին ե։ Բայց մեր տիրուհին պարզապես անխիղճ ե։ Ինչ բանի ասես չի դնում, կարծես փալաս լինի։
Հապա մի տեսնեք՝ ի՛նչ վորջի մեջ եմ ընկել յես, Վարվառա Ալեքսեևնա։ Բնակարան եմ ասում, ե՜։ Առաջ, խո գիտեք, ինչպես փակ եյի ապրում,― հանգիստ, խաղաղ, ճանճը վոր թռչեր, ձայնը կլսվեր։ Իսկ այստեղ աղմուկ, ճիչ, աղաղակ։ Դուք դեռ չգիտեք ել, թե այս բոլորն ինչպես ե սարքված այստեղ։ Յերևակայեցեք, որինակ, մի յերկար միջանցք, բոլորովին մութ և անմաքուր։ Աջ կողմը խուլ պատ ե, իսկ ձախ կողմը՝ դռներ ու դռներ, բոլորը մի շարքի վրա ձգված, ինչպես հյուրանոցում։ Ամեն մի դուռ մի սենյակ յե, և ամեն մի սենյակում յերկու-յերեք հոգի յեն ապրում։ Կարգապահություն ասած բանը մի հարցնեք ― Նոյան տապան։ Ասենք՝ կարծես լավ մարդիկ են, բոլորն ել այնպես կրթված, գիտնական։ Կա մի աստիճանավոր (նա ինչ վոր մի տեղ գրական մասումն ե) կարդացած մարդ ե․ խոսում ե հա՛մ Հոմերոսի, հա՛մ Բրամբեուսի, համ ել զանազան հեղինակների մասին․― խելոք մարդ ե։ Յերկու սպա յեն կենում և շարունակ թուղթ են խաղում։ Մի միչման ե կենում, մի անգլիացի ուսուցիչ ե կենում։— Կացեք, յես ձեզ կզվարճացնեմ, ջանիկս․ ապագա նամակիս մեջ կնկարագրեմ նրանց զավեշտական կերպով, այսինքն, ինչ են նրանք ըստինքյան, ամենայն մանրամասնությամբ։ Մեր տիրուհին շատ փոքրիկ և անմաքուր պառավ ե, ամբողջ որը ման ե գալիս չուստերով ու խալաթով, և ամբողջ օրը բղավում ե Թերեզայի վրա։ Յես ապրում եմ խոզանոցում, կամ ավելի ճիշտ կլինի՝ ասեմ ահա, թե ինչպես․ այստեղ խոհանոցի կողքին մի սենյակ կա (իսկ մեզ մոտ, պետք ե ձեզ նկատեմ, խոհանոցը մաքուր ե, լուսավոր, շատ լավը), փոքր սենյակ, մի տեսակ համեստ անկյուն... այսինքն՝ կամ ավելի լավ ասեմ, խոհանոցը մեծ ե, յերեք պատուհանով. ինձ համար պատի յերկայնքով միջնորմ կա, այնպես վոր դուրս ե գալիս դարձյալ մի հավելյալ սենյակ, ընդարձակ, հարմար. պատուհան ել կա և ամեն բան,- մի խոսքով՝ բոլոր հարմարությունները։ Ահա այս ե իմ անկյունը։ Մի՛ մտածեք, ջանիկս, թե այստեղ վորևե ուրիշ բան և խորհրդավոր իմաստ լիներ, թե ահա, իբր թե, խոհանոց ե, այսինքն՝ յես գուցե և հենց այս սենյակում միջնորմի հետևն եմ կենում, բայց այդ վնաս չունի. յես ինձ համար ամենքից առանձին եմ ապրում, կամաց-կամաց և ականջս դինջ։ Դրել եմ ինձ համար մահճակալ, սեղան, կամոդ, մի զույգ աթոռ, սրբի պատկեր եմ կախել։ Ճիշտ ե՝ կան սրանից ել լավ բնակարաններ, գուցե ավելի լավերն ել կան, բայց հարմարությունն ե գլխավորը. չե՞ որ յես այս բոլորը հարմարության համար եմ արել, և դուք մի կարծեք, թե ուրիշ վորևե բանի համար։ Ձեր պատուհանը դիմացս ե, բակով բաժանված. բակն ել նեղլիկ ե, ձեզ անցնելիս տեսնում եմ և ուրախանում իմ խեղճ ու կրակ մենակությանս մեջ, համ ել եժան ե։ Մեզանում, այստեղ, ամենահետին սենյակը՝ ճաշով արժե 35 ռուբլի ասիգնացիայով։ Գրպանիս չի գալիս։ Իսկ իմ բնակարանն արժե յոթ ռուբլի ասիգնացիայով, ճաշն ել հինգ ռուբլի, բոլորը՝ 24 ու կես, իսկ առաջ ուղիղ 30 եյի վճարում և այդ պատճառով շատ բանից զրկում եյի ինձ. թեյ խմում եյի վոչ միշտ, իսկ հիմի ահա թե՛ թեյի, թե՛ շաքարի փող եմ շահում։ Գիտեք, հարազատս, թեյ չխմելը մի տեսակ ամոթ ե. այստեղ բոլորն ել ունևոր մարդիկ են, այնպես վոր՝ ամոթ ե։ Ուրիշների աչքին յերևալու համար ե վոր խմում եմ, Վարինկա, յերևալու, տոնը պահպանելու համար, իսկ ինձ վոր մնա՝ մեկ ե ինձ համար, յես պահանջկոտ չեմ։ Հաշիվ արեք՝ գրպանի փող - շատից քչից հո պետք ե — ասենք՝ հենց կոշիկների համար, վերարկուի համար, տակը շա՞տ բան կմնա։ Ահա և իմ ամբողջ ռոճիկը։ Յես չեմ ել տրտնջում և գոհ եմ։ Բավական ե։ Ահա արդեն միքանի տարի բավական ե. պարգևներ ել լինում են։- Դե, մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Յես ձեզ համար գնեցի մի զույգ ծաղկաման, մեկի մեջ՝ հինածաղիկ, մյուսի մեջ՝ խորդենի։ Թանգ չեր։ Իսկ դուք, գուցե, հափրուկ ել եք սիրում։ Հափրուկ ել կա, դուք գրեցեք, բայց գիտե՞ք, վորքան կարելի յե ամեն ինչ մանրամասն գրեցեք։ Ասենք՝ դուք ուրիշ բան չկարծեք և չկասկածեք, ջանիկս, իմ մասին, վոր յես այսպիսի սենյակ եմ վարձել։ Վոչ, այս հարմարությունն ե ստիպել և մենակ հարմարությունն ե հրապուրել ինձ։ Չե՞ վոր յես, ջանիկս, փող եմ հավաքում, հետ եմ գցում, յես փող ունեմ։ Դուք մի նայեք, վոր յես այսպես սուսուփուս մարդ եմ, վոր կարծես թե ճանճը թևով վոր խփի ինձ, վեր կգցի։ Վոչ, ջանիկս, յես ինձ գիտեմ պահել և բոլորովին այնպիսի բնավորություն ունեմ, վորպիսին վայել ե հաստատակամ և անխռով հոգու տեր մարդուն։ Մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Նամակս համարյա թե յերկու թերթ բռնեց, այնինչ վաղուց ժամանակ ե ծառայության գնալու։ Համբուրում եմ ձեր մատիկները, ջանիկս և մնում եմ՝
Ձեր ամենախոնարհ ծառա և ամենահավատարիմ բարեկամ
- Մակար Դեվուշկին։
Հ. Գ. Մի բան եմ խնդրում, պատասխանեցեք ինձ, իմ հրեշտակիկս, վորքան կարելի յե մանրամասն։ Ընդսմին ուղարկում եմ ձեզ, Վարինկա, մի ֆունտ կոնֆետ. անուշ արեք և, ի սեր աստծու, իմ մասին մի հոգաք և ինձնից չնեղանաք։ Այսպես ուրեմն մնաք բարով, ջանիկս։
Ապրիլ 8.
Վողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։
Գիտեք, վոր վերջապես յես ստիպված կլինեմ բոլորովին կռվելու ձեզ հետ։ Յերդվում եմ ձեզ, բարի Մակար Ալեքսեևիչ, վոր ինձ համար մինչև անգամ ծանր ե ընդունել ձեր նվերները։ Յես գիտեմ, թե նրանց համար ինչպիսի ծախսեր եք անում, ինչպիսի ամենաանհրաժեշտ բաներից եք զրկում ձեզ։ Քանի անգամ եմ ասել ձեզ, վոր ինձ վոչինչ հարկավոր չե, բոլորովին վոչինչ, վոր յես չեմ կարող փոխարենը հատուցանել ձեզ այն բարերարությունների համար, վոր դուք մինչև այժմ արել եք ինձ։ Յեվ ինչի՞ս են պետք այդ ծաղկամանները։ Ասենք՝ հինածաղիկները ելի վոչինչ, բայց խորդենին ինչի՞ համար ե։ Բավական ե, վոր անզգուշաբար մի խոսք ասեմ, ինչպես, որինակ, այդ խորդեն ու մասին, մեկ ել տեսնեմ՝ իսկույն կգնեք. չե՞ վոր թանգ ե։ Ի՜նչ հրաշալի ծաղիկներ ունի։ Ալ խաչիկներով։ Այդ վորտե՞ղ եք ճարել այսպիսի լավիկ խորդենի։ Պատուհանի մեջտեղն եմ դրել, ամենաանկատելի տեղում, հատակի վրա ել նստարան կդնեմ, իսկ նստարանի վրա՝ դարձյալ ծաղիկներ կդնեմ. միայն թողեք, վոր ինքս հարստանամ։ Ֆեդորան ուրախությունից չի իմանում՝ ինչ անի. մեզ մոտ այժմ կարծես դրախտ ե բացվել սենյակում,- մաքուր, լուսավոր։ Հա, իսկ կանֆետնե՞րն ինչի համար են։ Յեվ հավատացեք, ձեր նամակից յես իսկույն գլխի ընկա, վոր ձեզ մոտ ինչ֊վոր բան ե պատահել — ե՛լ դրախտ, ե՛լ գարուն, ե՛լ բուրմունքներ, ե՛լ ծլվլան ծտեր։ Այս ի՞նչ ե, ասում եմ, չլինի՞ վոտանավորներ ել կլան։ Հավատացեք, միայն վոտանավորներն են պակասում ձեր նամակի մեջ, Մակար Ալեքսեևիչ։ Զգացումներն ել են քնքուշ, յերազներն ել վարդագույն, ամեն բան կա այստեղ։ Վարագույրի մասին իսկի չեմ ել մտածել. յերևի դեմ ե ընկել մի բանի, յերբ վոր տեղափոխում եյի ծաղկամանները։ Ահա թե ինչպես ե յեղել բանը։
Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ։ Ինչ ել ասելու լինեք, ինչպես ել հաշվելու լինեք ձեր յեկամուտները, վորպեսզի ինձ խաբեք, վորպեսզի ցույց տաք, թե բոլորը միայն ձեզ վրա յեք ծախսում, ինձնից կարող ծածկել և թագցնել։ Պարզ ե, վոր դուք անհրաժեշտ բաներից ձեզ զրկում եք ինձ համար։ Ի՞նչ եք մտածել, որինակ, վոր այդպիսի բնակարան եք վարձել։ Չե՞ վոր այդտեղ ձեզ անհանգստացնում են, խանգարում են, նեղվածք ե, անհարմար։ Դուք առանձնությունն եք սիրում, իսկ այդտեղ ինչ ասեք՝ վոր չկա ձեր շուրջը։ Այնինչ դատելով ձեր ռճիկից, դուք կարող եյիք ավելի լավ ապրել։ Ֆեդորան ասում ե, վոր առաջ դուք անհամեմատ ավելի լավ եյիք ապրում, քան թե այժմ։ Մի՞թե դուք ձեր ամբողջ կյանքն անց եք կացրել մենակության մեջ, զրկանքների մեջ, առանց ուրախության, առանց բարեկամական սիրալիր խոսքի, ոտար մարդկանց մոտ անկյուններ վարձելով։ Ախ, բարի բարեկամ, վորքա՜ն մեղքս եք գալիս։ Խնայեցեք գեթ ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Ասում եք, թե ձեր աչքերը փչանում են, ուրեմն մի գրեք մոմի լույսի տակ. ի՞նչ կարիք կա գրելու։ Ձեր ջանասիրությունը ծառայության մեջ առանց այն ել, անշուշտ, հայտնի յե ձեր մեծավորներին։
Կրկին աղաչում եմ ձեզ, այդքան փող մի ծախսեք ինձ վրա։ Գիտեմ, վոր սիրում եք ինձ, բայց ինքներդ հարուստ չեք ախր... Այսոր յես ել ուրախ վեր կացա։ Այնպես լավ եյի զգում ինձ. Ֆեդորան վաղուց արդեն աշխատում եր և ինձ համար ել աշխատանք գտավ։ Այնպէ՜ս ուրախացա. գնացի միայն մետաքս գնելու և գործի կպա։ Ամբողջ առավոտը հոգիս այնքան թեթև եր, յես այնպես ուրախ եյի։ Իսկ այժմ նորից սև մտքեր են պաշարում ինձ, յես տխուր եմ. շարունակ սիրտս նվում ե։
Ախ, ի՞նչ պիտի պատահի ինձ, ի՞նչ պիտի լինի վիճակս։ Ծանրն այն ե, վոր յես այսպիսի անհայտության մեջ եմ, վոր յես ապագա չունեմ, վոր յես նախագուշակել ել չեմ կարող, թե ինչ կպատահի ինձ։ Յետ նայելն անգամ սարսափելի յե։ Այնտեղ ամեն ինչ այնքան ցավագին ե, վոր սիրտս կտոր-կտոր ե լինում լոկ հիշողությունից։ Հավիտյանս պիտի գանգատվեմ այն չար մարդկանցից, վորոնք կործանեցին ինձ։
Մթնում ե։ Ժամանակ ե գործի կպչելու։ Շատ բաների մասին կուզեյի գրել ձեզ, բայց ժամանակ չկա, գործս ժամանակին պիտի հասցնեմ։ Պետք ե շտապեմ։ Իհարկե, նամակները լավ բան են, մարդ այնքան ել չի տխրում։ Իսկ ինչո՞ւ դուք ինքներդ յերբեք չեք գալիս մեզ մոտ։ Ինչո՞ւ, ե՜, Մակար Ալեքսեևիչ, չե՞ վոր այժմ մոտիկ եք ապրում, յերբեմն ել ազատ ժամանակ եք ունենում։ Մտեք, խնդրեմ։ Տեսա ձեր Թերեզային։ Այնպես հիվանդ ե նա կարծես։ Մեղքս յեկավ, 20 կոպեկ տվի նրան։ Հա, քիչ մնաց մոռանայի, անպատճառ գրեցեք ամեն բան, վորքան կարելի յե մանրամասն, թե ինչ եք անում, ինչ չեք անում, ինչպես եք ապրում։ Ի՞նչ մարդիկ են ձեր շուրջը, և հա՞շտ եք ապրում նրանց հետ։ Յես շատ եմ ուզում այս բոլորն իմանալ։ Տեսեք, անպատճառ գրեցեք։ Այսոր յես արդեն դիտմամբ վարագույրի անկյունը կծալեմ։ Վաղ պառկեցեք. յես մինչև կես գիշեր ճրագ եյի տեսնում ձեզ մոտ։ Դե, մնաք բարով։ Այսորվա որը մթնացնում եմ թախծալի, ձանձրալի, տխուր։ Յերևի որն ե այդպես։ Մնաք բարով։
Ձեր
- Վարվառա Դոբրոսելովա։
Ապրիլ 8.
Վողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։
Այո՛, ջանիկս, այո, հարազաաս, իմ խեղճ ու կրակ բախտիցս յերևի այսպիսի որ պիտի լուսանար ինձ համար։ Այո, ծաղրի առարկա դարձրեք ինձ, ծերուկիս, Վարվառա Ալեքսեևնա։ Ասենք՝ ինքս եմ մեղավոր, գլխովին մեղավոր։ Ինչո՞ւ եյի ծեր հասակումս գլխիս մի փունջ մազով սիրաբանությունների մեջ մտնում... Ձեզ այս ել ասեմ, ջանիկս, մարդս յերբեմն զարմանալի արարած ե. շատ զարմանալի։ Ո՜ւյ տեր իմ ասաված, ինչե՜ր չի ասում, ինչե՜ր չի դուրս տալիս յերբեմն։ Յեվ ի՞նչ ե դուրս գալիս, ի՞նչ ե հետևում սրանից։ Բոլորովին ել վոչինչ չի հետևում, այլ դուրս ե գալիս այնպիսի մի անպետք բան, վոր տերը փրկի ու ազատի։ Տես, ջանիկս, չեմ բարկանում, այլ միայն ջիգրս շատ ե գալիս, վոր մտաբերում եմ այդ ամենը, ջիգրս ե գալիս, վոր յես գրել եմ ձեզ այդպես պատկերավոր և հիմար կերպով։ Ու այսոր ել պաշտոնիս գնացի այնքան ուրախ ու կայտառ, սրտումս կարծես վարդ եր բացվել։ Յեռանդով առաջ քաշեցի թղթերս, բայց հետո ի՞նչ դուրս յեկավ սրանից։ Հետո միայն, վոր նայեցի շուրջս, ամեն ինչ դարձավ առաջվանը — տխուր ու մութ։ Միևնույն թանաքի բծերը, միևնույն սեղաններն ու թղթերը, յես ինքս ել միևնույնը, բոլորովին այնպես, ինչպես վոր կայի,- ուրեմն ել ինչո՞ւ եյի հեծել Պեգասին ու քշում։ Յեվ վորտեղի՞ց եր այս բոլորը։ Վոր արևը ցոլաց, վոր յերկինքը լազուր ե կապել, սրանի՞ց ե արդյոք։ Ու այդ ի՞նչ բուրմունքներ են, յերբ մեր բակում պատուհանների տակ ինչ ասես չի պատահում։ Ուրեմն պետք ե կարծել, վոր այս բոլորն ինձ հիմարությունից ե թվացել։ Չէ՞ վոր պատահում ե, վոր մարդ յերբեմն մոլորվում ե իր սեփական զգացումների մեջ և հիմարություններ ե դուրս տալիս։ Այս ուրիշ բանից չի պատահում, յեթե վոչ սրտի ավելորդ հիմար ջերմությունից։ Տուն չեկա, այլ քարշ յեկա. առանց վորևե պատճառի գլուխս ցավում եր (մեջքս եյի սառեցրել, թե ինչ)։ Հիմարաբար ուրախացել եյի, վոր գարունը բացվել եր, և թեթև շինելով եյի գնացել։ Յեվ իմ զգացմունքերի նկատմամբ դուք սխալվել եք, բալիկս։ Նրանց զեղումը բոլորովին ուրիշ կողմն եք ընդունել։ Հայրական զգացումն ե ինձ վոգևորել, միմիայն հայրական մաքուր զգացումը, Վարվառա Ալեքսեևնա, վորովհետև յես ձեր հարազատ հոր տեղն եմ բռնում ձեր դառն վորբության պատճառով, այս հոգուս խորքիցն եմ ասում, մաքուր սրտով, իբրև հարազատ։ Ինչ ել վոր լինի, յես ձեզ հեռավոր ազգական եմ, բայց և այնպես ազգական եմ և այժմ՝ ամենամոտիկ ազգականն ու հովանավորը, վորովհետև այնտեղ, ուր դուք ունեյիք ամենից ավելի իրավունք հովանավորություն ու պաշտպանություն գտնելու դավաճանություն ու վիրավորանք գտաք։ Իսկ վոտանավորների մասին կասեմ ձեզ, ջանիկս, վոր ծերությանս հասակում վայել չե ինձ վոտանավորներ գրելով զբաղվել։ Վոտանավորները դատարկ բաներ են։ Վոտանավորների համար դպրոցներում ել հիմա յերեխաներին գանահահում են... ա՜յ թե ինչ, բալիկս։
Այդ ի՞նչ եք գրում ինձ, Վարվառա Ալեքսեևնա, հարմարությունների, հանգստության և զանազան բաների մասին։ Ջանիկս, յես քրթմնջող չեմ և վոչ ել պահանջկոտ. յերբեք սրանից լավ չեմ ապրել, ուրեմն ել ինչո՞ւ ծեր հասակումս քմահաճություն անեմ։ Փորս կուշտ ե, հագուստ ել ունեմ, վոտնաման ել. մեզ չի ել սազի մեծ-մեծ բաների հետևից ընկնել։- Կոմսի ցեղից չե՜մ։- Ծնողս ազնվական դասից չեր և իր ամբողջ ընտանիքով ինձնից աղքատ եր յեկամուտով։ Յես քնքշասուն չեմ։ Ասենք, ճիշտը վոր ասեմ, իմ հին բնակարանում ամեն ինչ անհամեմատ լավ եր, ազատ ու արձակ, ջանիկս։ Իհարկե, այժմյան բնակարանս ել լավն ե, նույնիսկ վորոշ կողմերով ավելի ուրախ ե, յեթե կուզեք, զանազանակերպ. բան չունեմ ասելու դրա դեմ, բայց դարձյալ ափսոսում եմ հինը։ Մենք, ծերունիներս, այսինքն հասակավոր մարդիկս, կապվում ենք հին առարկաների հետ, վորպես մի տեսակ հարազատ բաների հետ։ Բնակարանը, գիտեք, փոքր եր մի տեսակ, պատերը,— դե ինչ ասեմ,- պատերը պատեր եյին, ելի, ինչպես բոլոր պատերը. բայց բանը պատերը չեն, այլ այն, վոր հին բնակարանիս հետ կապված բոլոր բաների մասին հիշողությունը կարոտ ե հարուցանում իմ մեջ... Տարորինակ բան. ծանր ե, հիշողությունները կարծես թե հաճելի յեն։ Նույն իսկ վատը, ինչից յերբեմն ջիգրս գալիս եր, այդ ել հիշողություններիս մեջ մի տեսակ մաքրվում ե վատությունից և յերեակայությանս առջև կանգնում գրավիչ տեսքով։ Խաղաղ եյինք ապրում մենք, Վարինկա, յես ու իմ հանգուցյալ պառավ տանտիրուհին։ Ահա և իմ այդ պառավին տխուր զգացումով եմ հիշում այժմ։ Լավ կին եր և թանգ չեր առնում բնակարանիս համար։ Ճոթեղենի կտորներից զանազան վերմակներ եր գործում շարունակ արշինանոց ճաղերով. միայն դրանով ել պարապում եր։ Ճրագներս մեկ եր, մի սեղանի վրա ել աշխատում եյինք։ Մի թոռնիկ ուներ, անունը Մաշա. նրան դեռ մանուկ ժամանակից եմ հիշում, այժմ տասներեք տարեկան աղջիկ կլինի։ Այնքան չարաճճի յեր, թռվռուն, շարունակ ծիծաղեցնում եր մեզ, այսպես ահա ապրում եյինք յերեքով։ Յերբեմն, ձմեռային յերկար գիշերներին, նստում եյինք կլոր սեղանի շուրջը, թեյեյինք խմում, հետո գործի կպչում։ Իսկ պառավը՝ վորպեսզի Մաշան չձանձրանա և չարություններ չանի չարաճճին, սկսում եր հեքիաթներ պատմել։ Ու ինչպիսի՜ հեքիաթներ։ Վոչ միայն յերեխայի, բանիմաց և խելոք մարդու խելքն ել կգնար։ Ինչ եմ ասում, յես ինքս ել յերբեմն չիբուխս կպցնում և այնպիսի հետաքրքրությամբ եյի լսում, վոր գործս մոռանում եյի։ Իսկ յերեխան, մեր չարաճճին, մտածմունքի մեջ եր ընկնում, վարդագույն թուշը դնում եր ձեռքին, սիրունիկ բերանը բաց անում, ու հեքիաթը մի քիչ վոր սարսափելի յեր լինում, պինդ կպչում եր պառավին։ Իսկ մենք հիանում եյինք նրան նայելով, ու չեյինք նկատում, թե ինչպես մոմը հատնում եր, չեյինք լսում, թե ինչպես դուրսը յերբեմն քամին վոռնում եր, ձյունաբեր փոթորիկը շառաչում։- Լավ եյինք ապրում Վարինկա. և ահա համարյա քսան տարի մենք ապրեցինք այսպես միասին։- Բայց ի՛նչ եմ այսքան շատախոսում։ Ձեզ գուցե այսպիսի նյութը դուր չի գալիս. ասենք՝ ինձ համար ել այս հիշողությունն այնքան ել թեթև չե։ Մանավանդ այժմ մթնել ե։ Թերեզան ինչ-վոր բան ե շինում, գլուխս ցավում ե, մեջքս ել ցավում ե մի քիչ, մտքերս ել տարորինակ են, կարծես նրանք ել են ցավում, տխուր եմ այսոր, Վարինկա, տխուր։- Այդ ի՞նչ եք գրում, բալիկս։ Ինչպե՞ս թե գամ ձեզ մոտ, սիրելիս, ի՞նչ կասեն մարդիկ։ Չե՞ վոր պետք ե բակովն անցնեմ, մերոնք կնկատեն, կսկսեն հարցուփորձ անել,- ասե-կոսեներ, բամբասանքներ, բանին ուրիշ իմաստ կտան։ Վոչ, իմ հրեշտակիկ, ավելի լավ ե՝ յես ձեզ վաղը յերեկոյան ժամերգությանը կտեսնեմ. այդ ավելի խոհեմ կլինի և յերկուսիս համար ել անվնաս։ Ներեցեք ինձ, ջանիկս, վոր ձեզ այսպիսի նամակ եմ գրել. գրածս վոր կարդացի, տեսա՝ անկապ բաներ եմ գրել։ Յես, Վարինկա, ծեր մարդ եմ, շատ ել ուսումնական չեմ, ջահել ժամանակս կարգին ուսում չեմ առել, իսկ այժմ գլուխս բան չի մտնի, յեթե նոր սկսեմ սովորել։ Խոստովանում եմ, ջանիկս, վարպետ չեմ նկարագրելու և առանց ցուցումների ու ծաղրի ել գիտեմ, վոր յեթե ուզենամ վորևե բարդ բան գրել, հիմարություններ դուրս կտամ։- Այսոր տեսա ձեզ պատուհանի մոտ, տեսա՝ թե ինչպես վարագույրն իջեցրիք։ Մնաք բարով, մնաք բարով, տերը պահի, պահպանի ձեզ։ Մնաք բարով, Վարվառա Ալեքսեևնա։
Ձեր անկաշառ բարեկամ՝ Մակար Դեվուշկին։
Հ. Գ. Յես, բալիկս, այժմ վոչ վոքի մասին պարսավ չեմ գրում։ Ծերացել եմ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, վորպեսզի զուր տեղը ուրիշներին ծաղրեմ, և ինձ վրա ել կծիծաղեն ըստ առածի — ով ուրիշի համար հոր կփորի, ինքն ել... մեջը կընկնի։