Ես նվաղած՝ անշարժ ընկա լաստի վրա և ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեմ։
==Գլուխ երեսուներորդ==
Երբ նրանք բարձրացան լաստի վրա, թագավորը նետվեց ինձ վրա և ցնցելով ուսերս ասաց․
― Փորձում էիր ծլկել, հա՞, լակո՛տ։ Ձանձրացա՞ր մեր ընկերակցությունի, հը՞։
Ես ասացի․
― Ոչ, ձերդ մեծություն, մենք չենք․․․ Խնդրում եմ, թողե՛ք ինձ, ձերդ մեծություն։
― Ուրեմն՝ ասա՛, շո՛ւտ, ի՞նչ էր միտքդ, թե չէ հիմա աղիքներդ կթափեմ։
― Ազնիվ խոսք, ես կպատմեմ ամեն ինչ այնպես, ինչպես պատահել է, ձերդ մեծություն։ Այն մարդը, որ բռնել էր ձեռքս, ինձ հետ շատ սիրալիր էր վարվում։ Շարունակ ասում էր, որ ինքը ունեցել է մոտավորապես ինձ հասակակից տղա։ Նա մեռել է անցյալ տարի, և այժմ ինքը ցավում է, երբ տեսնում է ինձ նման տղայի այսքան վտանգավոր դրության մեջ։ Երբ մարդիկ ոսկին գտնելիս հանկարծակիի եկան ու խուժեցին դեպի դագաղը, նա բաց թողեց ինձ ու շշնջաց․ «Դե՛, փախի՛ր, թե չէ քեզ անպայման կկախեն»։ Ես էլ դուրս թռա ու փախա։ Ի՞նչ միտք ուներ իմ այնտեղ մնալը։ Ես ոչինչ չէի կարող անել, և չէի ուզում կախվել այն ժամանակ, երբ կարող էի փախչել։ Ոչ մի տեղ կանգ չառա, մինչև գտա մի մակույկ, և երբ տեղ հասա, Ջիմին խնդրեցի, որ շտապի, թե չէ ինձ կբռնեն ու կկախեն։ Ասացի, որ վախենում եմ, թե դուք և դուքսը այժմ կենդանի չեք։ Ես դրա համար անչափ տխուր էի, նույնպես և Ջիմը։ Այժմ, երբ տեսա գալիս եք, շատ ուրախացա։ Հարցրեք Ջիմին, ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ։
Ջիմն իմ ասածը հաստատեց, բայց թագավորը նրան հրամայեց լռել ու ասաց․
― Օ՜, այո՜, ինչպե՞ս չէ, ― և նորից սկսեց ցնցել ինձ։ Ասաց, որ, իր կարծիքով, պետք է ինձ խեղդել գետում։ Բայց դուքսը ասաց․
― Հանգիստ թողեք տղային, ծե՛ր հիմար։ Եթե դուք լինեիք նրա տեղը, այլ կե՞րպ կվարվեիք։ Երբ դուրս պրծաք, նրա մասին հարցրի՞ք։ Գոնե ես այդպիսի բան չեմ հիշում։
Թագավորը բաց թողեց ինձ, հայհոյեց այդ քաղաքը և այնտեղի ամեն մի բնակչի։ Բայց դուքսը ասաց․
― Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ հայհոյեք։ Դուք այն մարդն եք, որն ամենից շատ է արժանի դրան։ Հենց սկզբից ոչ մի խելացի բան չարեցիք։ Լավը միայն այն էր, որ երևակայական կապույտ սլաքի մասին խոսելիս ձեզ հանգիստ, սառը պահեցիք։ Դա հոյակապ էր, սքանչելի և դրա շնորհիվ մենք ազատվեցինք։ Եթե դա չլիներ, մեզ կբանտարկեին մինչև անգլիացիների կապոցներն ստացվելը, որից հետո մեզ կուղարկեին ուղիղ տուն։ Այդ մասին կասկած լինել չէր կարող։ Բայց ձեր հնարամտությունը նրանց տարավ գերեզմանատուն, իսկ ոսկին ավելի մեծ լավություն արեց։ Որովհետև, եթե այդ գրգռված հիմարները մեզ բաց չթողնեին ու չխուժեին ոսկու վրա, մենք այս գիշեր քնած կլինեինք փողկապներով, որոնք ավելի դիմացկուն են, քան մեզ է պետք։
Նրանք մի պահ լռեցին․ մտածում էին։ Թագավորը մի տեսակ մտացրիվ ասաց․
― Հը՜մ, իսկ մենք կարծում էինք, թե նեգրերն են գողացել։
Այդ խոսքից վախեցած կուչ եկա։
― Այո, ― ասաց դուքսը դանդաղ, հեգնաբար, ― կարծում էինք։
Մոտ կես րոպե լռելուց հետո թագավորը կմկմալով ասաց․
― Համենայն դեպս, ես այդպես էի կարծում։
Նույն եղանակով դուքսն ասաց․
― Ընդհակառակը, ե՛ս էի այդպես կարծում։
Թագավորը մի տեսակ թթվեցրեց դեմքն ու ասաց․
― Էհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել։
Դուքսը բավական կտրուկ պատասխանեց․
― Եթե բանն այդտեղ է հասել, ապա գուցե թույլ կտաք հարցնել, թե դուք ի՞նչ էիք ուզում ասել։
― Բա՛հ, ― բացականչեց թագավորը, չափազանց հեգնական եղանակով, ― չգիտեմ․․․ գուցե դուք քնած եք եղել և չեք իմացել, թե ինչ եք անում։
Դուքսը այստեղ կատաղեց․
― Բավական է հիմարություններ դուրս տաք։ Ի՞նչ է, ինձ ապուշի տե՞ղ եք դրել։ Չգիտե՞ք, որ ինձ հայտնի է, թե ով էր դրամը թաքցրել դագաղի մեջ։
― Այո, սըր, գիտեմ, որ գիտեք, որովհետև ինքներդ եք արել։
― Սո՛ւտ է, ― դուքսը հարձակվեց թագավորի վրա։
Թագավորը գոռաց․
― Ձեռքերդ հեռո՛ւ, թողե՛ք իմ կոկորդը։ Խոսքս ետ եմ վերցնում։
Դուքսն ասաց․
― Լավ, ամենից առաջ պետք է խոստովանեք, որ դո՛ւք եք այդ դրամը դագաղի մեջ թաքցրել, նպատակ ունենալով այս մեկ֊երկու օրը բաժանվել ինձանից, վերադառնալ, փորել, հանել այնտեղից և մենակ յուրացնել։
― Մի րոպե սպասեք, դուքս, միայն մի հարց։ Ինձ ազնվորեն պատասխանեցեք, թե դրամը դուք չե՞ք դրել այնտեղ։ Ես էլ կհավատամ ձեզ և ետ կվերցնեմ իմ բոլոր ասածները։
― Ծե՛ր սրիկա, ես չեմ դրել և դուք գիտեք, որ չեմ դրել։ Բավական չէ՞։
― Լավ, հավատում եմ ձեզ։ Բայց մի հարցի էլ պատասխանեցեք, միայն թե չզայրանաք։ Ձեր մտքո՞ւմ ել չեք մտածել ճանկել դրամը և թաքցնել։
Դուքսը մի պահ լռեց, ապա պատասխանեց․
― Լավ, ի՞նչ նշանակություն ունի, թե մտածել եմ, համենայն դեպս, չեմ թաքցրել։ Բայց դուք ոչ միայն մտածել եք, այլև ի կատար եք ածել։
― Թող երբեք հանգիստ մահվան չարժանանամ, դուքս, եթե ես եմ արել, ազնիվ խոսք։ Չեմ ասում, թե չէի ուզում անել, քանի որ մտքովս անցել է, բայց դուք կամ մեկ ուրիշը այդ գործում ինձ կանխել եք։
― Սո՛ւտ է։ Դո՛ւք եք արել և պետք է խոստովանեք, որ արել եք, թե չէ․․․
Թագավորն սկսեց շնչահեղձ լինել։ Ապա հառաչելով ասաց․
― Բավակա՛ն է․․․ Խոստովանում եմ։
Ես շատ ուրախացա, երբ լսեցի այդ։ Այժմ ինձ շատ ավելի թեթևացած էի զգում, քան առաջ։ Դուքսը հեռացրեց իր ձեռքերը նրա կոկորդից և ասաց․
― Եթե մեկ էլ ուրանաք այդ բանը, ձեզ գետում կխեղդեմ։ Ձեր այդ արարքից հետո այդտեղ նստելն ու երեխայի նման հեկեկալն էլ բավական է։ Դա ձեզ շատ է հարմար։ Իսկ և իսկ ջայլամ․ ուզում է ամեն ինչ կուլ տալ։ Իսկ ես միշտ վստահել եմ, իբրև հարազատ հորս։ Պետք է ամաչեիք, երբ այնտեղ կանգնած լսում էիք, թե ինչպես են հանցանքը բարդում խեղճ նեգրերի վրա։ Դուք ոչ մի արդարացնող խոսք չասացիք։ Ինքս իմ աչքում ծիծաղելի եմ դառնում, երբ մտածում եմ, որ ես այնքան մեղմ գտնվեցի, որ հավատացի այդ հիմարությանը։ Անիծվե՛ք դուք։ Այժմ հասկանում եմ, թե ինչու այն երեկո դուք ուզում էիք դրամի պակասը լրացնել․ ուզում էիք ինձանից կորզել այն դրամը, որ ձեռք էի բերել «ընձուղտից» և բոլորը մեկից հափշտակել։
Թագավորը երկչոտությամբ և դեռ քիթը վեր քաշելով ասաց․
― Դուքս, չէ՞ որ պակասը լրացնելու մասին դուք առաջարկեցիք, ոչ թե ես։
― Պապանձվե՛ք, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ― ասաց դուքսը, ― այժմ տեսնում եք, թե ինչ շահեցիք դրանից․ նրանք իրենց ամբողջ դրամը ետ ստացան, ինչպես և մեր ամբողջ ունեցածը, բացի մեկ֊երկու շեկելից։<ref>մետաղադրամ, որը, եթե ոսկի է, արժե հինգ դոլար, եթե արծաթ է՝ 60 ցենտ։</ref> Գնացե՛ք քնելու․ այլևս չեմ ուզում, որ պակասը լրացնելուց խոսեք։
Թագավորը սողոսկեց հյուղակը և մխիթարվելու համար վերցրեց խմիչքի շիշը։ Դուքսն էլ շուտով իր շիշը վերցրեց և մոտ կես ժամ հետո նրանք նորից մտերմացան այնպես, ինչպես դա հատուկ է գողերին։ Եվ որքան շատ խմեցին, այնքան ավելի սիրալիր դարձան իրար նկատմամբ և իրար գրկած խռմփացրին։ Նրանք երկուսն էլ լիովին հարբել էին, բայց, ինչպես նկատեցի, թագավորն այնքան չէր հարբել, որ մոռանար հիշեցնել, թե ինքն է թաքցրել դրամը։ Այդ բանը հանգստացնում էր ինձ, և ես գոհ էի։ Իհարկե, երբ նրանք խռմփացնում էին, Ջիմն ու ես երկար խոսեցինք, և ես ամեն ինչ պատմեցի նրան։