― Դուքս, չէ՞ որ պակասը լրացնելու մասին դուք առաջարկեցիք, ոչ թե ես։
― Պապանձվե՛ք, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ― ասաց դուքսը, ― այժմ տեսնում եք, թե ինչ շահեցիք դրանից․ նրանք իրենց ամբողջ դրամը ետ ստացան, ինչպես և մեր ամբողջ ունեցածը, բացի մեկ֊երկու շեկելից։<ref>մետաղադրամՄետաղադրամ, որը, եթե ոսկի է, արժե հինգ դոլար, եթե արծաթ է՝ 60 ցենտ։</ref> Գնացե՛ք քնելու․ այլևս չեմ ուզում, որ պակասը լրացնելուց խոսեք։
Թագավորը սողոսկեց հյուղակը և մխիթարվելու համար վերցրեց խմիչքի շիշը։ Դուքսն էլ շուտով իր շիշը վերցրեց և մոտ կես ժամ հետո նրանք նորից մտերմացան այնպես, ինչպես դա հատուկ է գողերին։ Եվ որքան շատ խմեցին, այնքան ավելի սիրալիր դարձան իրար նկատմամբ և իրար գրկած խռմփացրին։ Նրանք երկուսն էլ լիովին հարբել էին, բայց, ինչպես նկատեցի, թագավորն այնքան չէր հարբել, որ մոռանար հիշեցնել, թե ինքն է թաքցրել դրամը։ Այդ բանը հանգստացնում էր ինձ, և ես գոհ էի։ Իհարկե, երբ նրանք խռմփացնում էին, Ջիմն ու ես երկար խոսեցինք, և ես ամեն ինչ պատմեցի նրան։