Changes

Հեքլբերի Ֆիննի արկածները

Ավելացվել է 22 734 բայտ, 17:19, 16 Հունվարի 2016
/* Գլուխ երեսուներկուերորդ */
― Այժմ ես ինձ մի կողմից շատ հանգիստ էի զգում, մյուս կողմից՝ շատ անհանգիստ։ Հանգիստ ու դուրեկան էր լինել Թոմ Սոյեր, և այդպես հանգիստ ու դուրեկան մնաց, մինչև լսեցի գետով իջնող շոգենավի հևոցը։ Ինքս ինձ ասացի․ «Չլինի՞ հանկարծ Թոմ Սոյերը դրանով գա, և հանկարծ մտնի այս սենյակը, և իմ անունը տա, նախքան ես կկարողանամ աչքով անել ու հասկացնել, որ լուռ մնա։
Ինչ որ է, ես չէի կարող այդպիսի բան թույլ տալ․ դա բոլորովին ձեռնտու չէր, պետք է գնայի և ճանապարհին սպասեի նրան։ Ասացի, որ մտադիր եմ գնալ քաղաք և բերել ճամպրուկս։ Ծեր ջենտլմենն ուզում էր ինձ հետ գալ, բայց ես ասացի, որ կարիք չկա, ինքս կարող եմ ձին քշել և չեմ ուզում նեղություն տալ։   ==Գլուխ երեսուներեքերորդ==  Կառքով ուղևորվեցի քաղաք։ Ճանապարհի կեսն անցել էի, երբ տեսա դիմացից եկող մի կառք։ Կասկած չկար, որ սա Թոմ Սոյերն էր։ Ես կանգ առա և սպասեցի, մինչև նա հասավ ինձ։ Ես ձայն տվի․ «Կանգնիր», և կառքը կանգ առավ իմ կողքին։ Թոմ Սոյերի բերանը բացվեց, ինչպես արկղի կափարիչը, և այլևս չփակվեց։ Նա երկու֊երեք անգամ կուլ տվեց թուքը, կարծես կոկորդը չորացած լիներ, և ապա ասաց․ ― Ես երբեք քեզ վնաս չեմ տվել։ Դու այդ գիտես, էլ ինչո՞ւ ես այն աշխարհից վերադարձել։ Ինձանից ի՞նչ ես ուզում։ ― Ես ետ չեմ եկել, ոչ էլ գնացած եմ եղել։ Ձայնս լսելով՝ նա փոքր֊ինչ սրտապնդվեց, բայց դեռ անհանգիստ էր։ ― Գլխիս խաղ չխաղաս, չէ՞ որ ես էլ քո գլխին խաղ չեմ խաղացել։ Երդվիր հնդկացու ազնիվ խոսքով, որ դու ուրվական չես։ ― Հնդկացու ազնիվ խոսք․ ուրվական չեմ։ ― Լավ, ես․․․ լավ, պետք է, որ դրանով հարցը փակված համարենք, բայց մի տեսակ հավատս չի գալիս, ոչ մի կերպ։ Նայիր ինձ․ մի՞թե դու չես սպանվել։ ― Ոչ։ Ես երբեք չեմ սպանվել։ Այդ խաղը ես եմ խաղացել նրանց գլխին։ Մոտ արի և շոշափիր ինձ, եթե չես հավատում։ Թոմը մոտեցավ, շոշափեց ինձ և դա հանգստացրեց նրան։ Այժմ նա այնպես էր ուրախացել նորից ինձ տեսնելու համար, որ չգիտեր, թե ինչ անի։ Ցանկանում էր ամեն ինչ անմիջապես իմանալ, որովհետև դա հոյակապ արկած էր, խորհրդավոր և դիպչում էր նրա սրտին։ Բայց ես ասացի, թե հետո առանձին կպատմեմ։ Նրա կառապանին պատվիրեցի սպասել, իսկ մենք իմ կառքով մի փոքր առանձնացանք։ Ես պատմեցի, թե ինչ վիճակի մեջ եմ ընկել։ Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ անենք, որ լավ լինի։ Նա խնդրեց, որ իրեն մի րոպե հանգիստ թողնեմ և չխանգարեմ։ Երկար֊բարակ մտածեց և շուտով ասաց․ ― Շատ լավ․ գտա միջոցը։ Իմ սնդուկը տար քո կառքով, իբր թե դա քոնն է։ Դանդաղ գնա, այն հաշվով, որ տուն հասնես որոշված ժամին։ Ես մի փոքր թրև կգամ քաղաքում և տուն կհասնեմ քեզանից քառորդ կամ կես ժամ հետո։ Սկզբում այնպես ցույց տուր, թե չես ճանաչում ինձ։ ― Ես ասացի․ ― Շատ լավ, բայց մի րոպե սպասիր։ Մի բան էլ կա, մի բան, որի մասին ինձանից բացի ոչ ոք չգիտե։ Բանն այն է, որ այստեղ մի նեգր կա, որին աշխատում եմ գողանալ և ազատել ստրկությունից։ Անունը Ջիմ է՝ պառավ Ուոթսոնի Ջիմը։ Նա ասաց․ ― Ի՞նչ, չէ՞ որ Ջիմը․․․ Նա մտածմունքի մեջ ընկավ։ Ես ասացի․ ― Գիտեմ, թե ինչ ես ասելու։ Ասելու ես, որ դա կեղտոտ, ստոր գործ է։ Բայց ի՞նչ անենք։ Ես ինքս եմ ստոր։ Մտադիր եմ գողանալ նրան և ուզում եմ, որ լուռ մնաս ու ոչ ոքի չասես։ Համաձա՞յն ես։ Նրա աչքերը պայծառացան․ ― Ես այդ գործում կօգնեմ քեզ։ Այդ լսելիս ես թուլացա․ կարծես ինձ վրա կրակեցին։ Կյանքումս այդքան անսպասելի բան չէի տեսել։ Ճիշտն ասած, Թոմ Սոյերը շատ ընկավ իմ աչքից։ Միայն թե չէի կարող հավատալ նրա խոստումին․ Թոմ Սոյերը նեգր գողացո՜ղ։ ― Էհ, ― ասացի ես․ ― կատակ եմ անում։ ― Իսկի էլ չէ։ ― Լավ, ուրեմն, ― ասացի ես, ― կատակ է թե կատակ չէ, ասեմ, որ եթե լսես որևէ փախած նեգրի մասին, չմոռանաս, որ դու էլ ինձ նման ոչինչ չգիտես։ Այնուհետև վերցրինք սնդուկը, դրինք իմ կառքը, ապա նա գնաց մի կողմ, ես՝ մի ուրիշ կողմ։ Բայց ես, իհարկե, այնքան էի ուրախացել և այնքան տարվել մտքերով, որ մոռացել էի, թե դանդաղ պիտի գնամ։ Տուն հասա շատ շուտ, եթե նկատի ունենանք երկար ճանապարհը։ Ծեր ջենտլմենը դռան առջևն էր և ասաց․ ― Օ՜, զարմանալի է։ Ո՞վ կմտածեր, թե իմ մատակը կարող է այդքան արագ վազել։ Լ ավ կլիներ, որ իմանայինք ժամը քանիսին գնացիր։ Մի մազ էլ չի քրտնել, ոչ մի մազ։ Զարմանալի է։ Եթե վաճառեմ, հարյուր դոլարից պակաս չեմ պահանջի, ազնիվ խոսք։ Իսկ առաջ համաձայն էի տասնհինգի, կարծելով, թե ավելին չարժե։ Ուրիշ ոչինչ չասաց։ Ես ավելի անմեղ, ավելի լավ ծերունու կյանքումս չէի տեսել։ Բայց դա զարմանալի չէր, որովհետև նա ոչ միայն երկրագործ էր, այլև քարոզիչ։ Պլանտացիայի ետևում ուներ փոքրիկ մի եկեղեցի, որն ինքն էր կառուցել իր ծախսով և որը միաժամանակ նաև դպրոց էր։ Նա երբեք ոչինչ չէր պահանջում իր քարոզների համար և չարժեր պահանջել։ Հարավում նրա նման այլ երկրագործ քարոզիչներ շատ կային, որոնք նույն ձևով էին վարվում։ Մոտ կես ժամ հետո Թոմի կառքը կանգնեց ցանկապատի դիմաց։ Մորաքույր Սալլին դեռ հիսուն յարդ հեռավորության վրա տեսավ նրան պատուհանից և ասաց․ ― Ահա, ինչ֊որ մեկը գալիս է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է։ Կարծում եմ, օտարական է, Ջիմմի (դա երեխաներից մեկն էր), գնա, ասա Լիզային մեկ ափսե էլ դնի ճաշի համար։ Բոլորը նետվեցին դեպի դիմացի դուռը, որովհետև, իհարկե, ամեն տարի օտարական չի գալիս, հետևաբար այսպիսի այցելությունները ավելի շատ են հետաքրքրություն առաջացնում, քան դեղին տենդը։ Թոմը բարձրացել էր պատնեշը և իջնում էր ցած։ Կառքն արդեն ճանապարհով ետ էր գնում դեպի քաղաք։ Մենք բոլորս հավաքվել էինք դռան առջև։ Թոմը հագել էր նոր շորեր և ուներ մեզ նման հանդիսականներ։ Իսկ դա նրա համար ամեն ինչ էր։ Նման պարագաներում նրա համար դժվար չէր համապատասխան ոճ գտնել։ Նա այն տղաներից չէր, որ այդ բակով հեզահամբույր շարժվեր ինչպես ոչխարը։ Քայլում էր խոյի պես հանգիստ ու ինգնագոհ։ Երբ մոտեցավ մեզ, այնքա՜ն շնորհալի ու քնքշորեն հանեց գլխարկը, կարծես թե դա մի տուփի կափարիչ լիներ, որի մեջ ննջում էին թիթեռնիկներ, և նա չի ուզում խռովել նրանց հանգիստը։ Նա ասաց․ ― Նա ասաց, եթե չեմ սխալվում, միստր Արչիբալդ Նիկոլս։ ― Ոչ, տղաս, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ցավում եմ, ցավում եմ, որ ձեր կառապանը խաբել է ձեզ։ Նիկոլսի ագարակը մոտ երեսուն մղոն ներքև է։ Ներս եկեք, ներս եկեք։ Թոմն ուսի վրայից ետ նայեց ու ասաց․ ― Արդեն ուշ է, նա այլևս չի երևում։ ― Այո, որդիս, նա գնաց, իսկ դուք ներս եկեք և մեզ հետ ճաշեք։ Հետո մենք կառքը կլծենք ու ձեզ կտանենք Նիկոլսի ագարակը։ ― Օ՜, ես չեմ կարող ձեզ այդքան նեղություն պատճառել։ Ինչպե՞ս կարելի է։ Ոտքով կգնամ։ Երեք մղոնն ինձ համար ի՞նչ է որ․․․ ― Բայց մենք թույլ չենք տա, որ ոտքով գնաս․ դա չի համապատասխանում հարավի հյուրընկալությանը։ Դե՛հ, համեցեք ներս։ ― Օ՜, համեցեք, ― ասաց մորաքույր Սալլին, ― դա մեզ համարյա բոլորովին էլ նեղություն չէ։ Ի՞նչ նեղություն։ Անպայման մնացեք։ Դա փոշոտ, երկար ճանապարհ է, երեք մղոն, և մենք չենք կարող թույլ տալ, որ ոտքով գնաք։ Բացի այդ, երբ ես տեսա ձեզ, արդեն ասացի, որ սեղանի վրա մի աման էլ դնեն։ Ուրեմն, չպետք է մեզ հուսախաբ անեք։ Դե՛, անմիջապես ներս եկեք և ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։ Թոմը, թույլ տալով, որ համոզեն իրեն, սրտանց և կիրթ ձևով շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ։ Երբ ներսում էր, ասաց, որ ինքը Օհայո նահանգի Հիքսվիլից է, և իր անունը Վիլյամ Թոմսոն է։ Եվ նորից գլուխ տվեց։ Նա խոսեց, խոսեց, հազար ու մի բան պատմեց Հեքսվիլի և այնտեղ ապրող բոլոր մարդկանց մասին։ Ինչե՜ր էր հնարում։ Դա ինձ մասամբ ջղայնացնում էր․ մտածում էի, թե նրա պատմությունը ինչո՛վ էր ինձ օգնելու, որ դուրս գամ այդ վիճակից։ Վերջապես, նա վեր կացավ, առանց իր փչոցը դադարեցնելու, ուղղակի համբուրեց մորաքույր Սալլիի շրթունքները, ապա նորից հանգիստ նստեց իր աթոռին ու շարունակեց խոսել։ Մորաքույր Սալլին վեր թռավ, ձեռքով սրբեց շրթունքներն ու ասաց․ ― Հանդո՛ւգն լակոտ։ Թոմ Սոյերը կարծես իրեն վիրավորված զգաց։ ― Զարմանում եմ ձեզ վրա, տիկին։ ― Զարմանո՞ւմ։ Ինչո՞ւ, քո կարծիքով ի՞նչ եմ ես։ Հիմա կվերցնեմ, և․․․ Ասա՛, ի՞նչ փչեց խելքիդ, ինչո՞ւ ինձ համբուրեցիր։ Թոմ Սոյերը ասես ընկճվելով ասաց․ ― Հենց այնպես, տիկին։ Խելքիս ոչ մի բան էլ չփչեց։ Ես․․․ ես․․․ կարծում էի, թե դա ձեզ դուր կգա։ ― Ինչպե՞ս թե, հիմարի գլուխ, ― և նա վերցրեց իլիկը և այնպիսի տեսք ընդունեց, կարծես թե հազիվ կարողանար զսպել իրեն, որ Թոմի գլխին չհասցնի, ― ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ դա ինձ դուր կգա։ ― Չգիտեմ։ Միայն թե․․․ Ինձ ասացին, թե կուզենաք․․․ ― Ասացին, թե ես ուզում եմ․․․ ով որ քեզ այդպիսի բան է ասել, մի խելագար էլ նա է։ Ես երբեք չեմ լսել նման բան։ Այդ ո՞վ ասաց․․․ ― Բոլորն էլ ասում էին, տիկին։ Տիկինը հազիվ էր իրեն զսպում։ Նրա աչքերը փայլատակում էին, մատներն այնպես էին շարժվում, կարծես ուզում էր ծվատել տղային։ Նա ասաց․ ― Ցավում եմ։ Ես այսպիսի բան չէի սպասում։ Ինձ ասացին, որ պետք է համբուրել, բոլորն ասացին․ ասացին՝ համբուրիր․ դա նրան դուր կգա։ Բոլորն ասացին․․․ ամեն մարդ։ Ցավում եմ, տիկին, այլևս չեմ անի, ազնիվ խոսք, չեմ անի։ ― Էլ չես անի, չէ՞։ Լավ, ընդունենք, որ էլ չես անի։ ― Չեմ անի, տիկին։ Ազնիվ խոսք։ Այլևս չեմ համբուրի, մինչև դուք չխնդրեք։ ― Մինչև ես չխնդրե՜մ։ Ես կյանքումս այսպիսի բան չէի տեսել։ Ասածդ երբեք չի լինի, թեկուզ դու ապուշ Մաթուասիլի<ref>Ըստ Աստվածաշնչի՝ երկարակյաց ծերունի։</ref> նման երկար ապրես։ ― Լավ, ― ասաց Թոմ Սոյերը, ― զարմանալի է։ Ոչինչ չեմ հասկանում։ Ասում էին, թե ուզում եք, և ես էլ կարծեցի, թե ուզում եք, բայց․․․ ― նա լռեց ու կամաց նայեց շուրջը․ կարծես թե ուզում էր բարեկամական հայացքի հանդիպել, և կանգ առավ ծեր ջենտլմենի վրա․ ― Դուք չէի՞ք կարծում, թե նա ուզում էր, որ ես իրեն համբուրեի, սըր։ ― Ո՛չ։ Ես․․․ ես․․․ Լավ, ո՛չ, ես այդպիսի բան չեմ մտածել։ Ապա նա նորից նայեց շուրջը և, ինձ գտնելով, ասաց․ ― Թո՛մ, դու չէի՞ր մտածում, թե մորաքույր Սալլին կպարզի թևերը և կասի․ «Սի՛դ Սոյեր»։ ― Աստվա՜ծ իմ, ― գոչեց տիկինը և նրան ընդհատելով վրա պրծավ, ― ա՛խ, դու, անամո՛թ, փոքրի՛կ սրիկա, այդպե՞ս ես ինձ մոլորեցնում։ Նա ուզեց գրկել տղային, բայց Թոմը հեռու պահեց նրան ու ասաց․ ― Ոչ։ Չեմ թույլ տա, մինչև չխնդրեք։ Մորաքույր Սալլին ժամանակ չկորցրեց, խնդրեց, գրկեց և համբույրներ տեղաց։ Ապա մնացածը հանձնեց ծեր ջենտլմենին։ Կարճ դադարից հետո մորաքույր Սալլին ասաց․ ― Աստվա՜ծ իմ, ա՛յ քեզ իսկական անակնկալ։ Մենք քեզ բոլորովին չէինք սպասում, կարծում էինք՝ միայն Թոմը կլինի։ Քույրս երբեք չի գրել, թե մեկ ուրիշն էլ կգա։ ― Պատճառն այն է, որ Թոմից բացի ոչ ոք մտադիր չէր գալ, ― ասաց նա, ― բայց ես այնքան խնդրեցի, որ վերջին րոպեին նա ինձ էլ թույլ տվեց։ Գետով իջնելիս ես և Թոմը մտածում էինք, թե չափազանց անսպասելի բան կլինի, եթե նախ ինքը գա տուն, իսկ ես հետևեմ իրեն ու առանձին ներս մտնեմ որպես օտարական։ Բայց դա սխալ էր, մորաքույր Սալլի։ Սա հարմար տեղ չէ օտարականի համար։ ― Ո՛չ, չարաճճի լակոտների տեղ չէ, Սիդ։ Դեռ պետք է մի ապտակ էլ տված լինեի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ ես այդպես չէի հուզվել։ Ինչ որ է, հաշվի չեմ առնում․ ուրախությամբ կտանեի հազար այդպիսի կատակ, միայն թե ձեզ տեսնեի։ Պատկերացրու այդ արարքը։ Չեմ թաքցնում, ապուշ կտրեցի, երբ ինձ համբուրեցիր։ Մենք ճաշեցինք տան և խոհանոցի միջև ընկած բաց, լայն միջանցքում։ Սեղանի վրա այնքան բան կար, որ կբավականացներ յոթ ընտանիքի։ Ամեն ինչ տաք էր և ոչ նման այն կոշտ մսին, որ ամբողջ գիշերը պահում են խոնավ մառանում և որից առավոտյան դիակի հոտ է փչում։ Նման միս կուտի միայն ծերացած մարդակերը։ Հորեղբայր Սայլասը երկար օրհնեց սեղանը, որն արժանի էր դրան, բայց և այնպես կերակուրը չսառեց։ Մինչդեռ հաճախ նկատել եմ, որ աղոթքի ընթացքում ճաշը սառչում է։ ― Կեսօրից հետո բավական շատ խոսեցինք, և ամբողջ ժամանակ ես ու Թոմն զգուշորեն հետևում էինք նրանց խոսակցությանը, թեև իզուր։ Նրանք ոչինչ չասացին փախած նեգրի մասին, իսկ մենք վախենում էինք այդ մասին նույնիսկ նվազագույն ակնարկ անելուց։ Բայց երեկոյան ընթրիքի ժամանակ փոքրիկ տղաներից մեկն ասաց․ ― Հայրիկ, կարո՞ղ եմ ես Թոմի ու Սիդի հետ ներկայացման գնալ։ ― Ոչ, ― ասաց ծերունին, ― կարծում եմ՝ ներկայացումը տեղի չի ունենա, իսկ եթե լինի էլ, չարժե գնալ․ փախած նեգրը Բարթոնին և ինձ ամեն ինչ պատմեց այդ խայտառակ ներկայացման մասին։ Բարթոնն ասաց, որ ինքն այդ մասին կհայտնի ժողովրդին։ Կարծում եմ, որ այդ հանդուգն խաբեբաներին արդեն քշած կլինեն քաղաքից։ Ահա թե ինչպիսին էր դրությունը։ Բայց ես ոչինչ անել չէի կարող։ Թոմը և ես քնելու էինք նույն սենյակում, նույն մահճակալի վրա։ Հոգնած էինք։ Բարի գիշեր մաղթեցինք և ընթրիքից անմիջապես հետո գնացինք քնելու։ Բարձրացանք պատուհանը, շանթարգելով իջանք փողոց և գնացինք քաղաք, որովհետև հազիվ թե որևէ մեկը թագավորին և դքսին նախազգուշացրած լիներ։ Եթե ես չշտապեի և չզգուշացնեի, նրանց բանը բուրդ կլիներ։ Ճանապարհին Թոմն ինձ պատմեց, թե ինչպես մարդիկ հավատացած են եղել, որ ես սպանված եմ, և ինչպես հայրս այնուհետև անհետացել է ու այլևս չի վերադարձել։ Պատմեց, թե ինչպիսի հուզմունք է առաջացրել Ջիմի փախուստը։ Ես էլ, որքան ժամանակը թույլ կտար, Թոմին պատմեցի ամեն ինչ մեր «Արքայական ընձուղտի» խաբեբաների և լաստով կատարած մեր ճանապարհորդության մասին։ Երբ մտանք քաղաք և հասանք կենտրոնական մասը, արդեն բավական ուշ էր, մոտավորապես ութն անց կես էր։ Հանկարծ ի՜նչ տեսնենք․ գազազած ամբոխը, ձեռքերին ջահեր բռնած, սարսափելի կռնչոցով ու ոռնոցով, թիթեղե տապակներ ծեծելով ու փողեր փչելով, շարժվում է փողոցով։ Մենք մի կողմ ցատկեցինք, որպեսզի նրանք անցնեն։ Մինչ անցնում էին, ես տեսա, թե ինչպես թագավորին ու դքսին նստեցրել են ձողի վրա (կարծում էի, որ դրանք թագավորն ու դուքսը պիտի լինեին, թեև նրանք ամբողջովին պատած էին սև ձյութով ու փետուրներով և բոլորովին նման չէին մարդկային էակների)։ Նրանք նման էին հսկայական փետրափնջերի։ Ես զզվանք զգացի։ Կարեկցում էի այդ խեղճ, ողորմելի սրիկաներին։ Այլևս չէի կարող նրանց դեմ ոխ պահել։ Սարսափելի էր տեսնել, որ մարդկային արարածը կարող է այդ աստիճանի դաժան լինել իր նմանի նկատմամբ։ Տեսանք, որ բանը բանից անցել է և այլևս չենք կարող օգնել։ Հարցրինք մի քանի պարապ թափառողների, թե ինչ է կատարվում։ Նրանք ասացին, որ մարդիկ իբր, ոչինչ չիմանալով, գնացել են ներկայացման՝ լուռ նստած սպասել են մինչև խեղճ թագավորը բեմի վրա կուշտ ցատկոտել է։ Հետո մեկն ազդանշան է տվել, և հանդիսականները վրա են պրծել։ Մենք ձեռնունայն վերադարձանք տուն։ Սրտիս վրա ինչ֊որ բան էր ծանրացել։ Ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, թեև ոչ մի վատ բան չէի արել։ Միշտ էլ այդպես է․ կարևոր չէ՝ իրավացի՞ եք, թե ոչ։ Ձեր մարդկային խիղճը դա հաշվի չի առնում և հալածում է ձեզ։ Եթե ես մի շուն ունենայի, որը մարդկային խղճի չափ աներես լիներ, կթունավորեի։ Խիղճը մարդու ներսում ավելի մեծ տեղ է գրավում, քան որևէ այլ բան, բայց ի՞նչ օգուտ։ Նույն բանն է ասում և Թոմ Սոյերը։
Ադմին, Վստահելի
1876
edits