Տանկերը սլանում են ոչ մեծ քաղաքների ու գյուղերի մոտով։ Գեբելսյան պրոպագանդայի հետևանքով առանց այդ էլ մահու չափ ահաբեկված տեղաբնակները վերջնականապես տարակուսում են՝ ռուսները գալիս են արևմուտքից։ Նրանք սպիտակ դրոշներ են պարզում, թեև նրանց հանցավոր կառավարությունը, դեռ չի համաձայնել անվերապահ կապիտուլյացիայի, նրանք վախենում են մեզանից։ Օ՜ ինչպես էին նրանց վախեցրել ռուսական վրեժխնդրությամբ։
Մենք մտադիր չենք վրեժ լուծել, մենք եկել ենք պատժելու ֆաշիզմը, այլ ոչ թե հաշվեհարդար կատարելու ծերունիների, կանանց, երեխաների, հետ։ Քաղաքներում ուրիշ բնակիչներ չկան, բոլորին ովքեր կարող էին մի կերպ զենք բռնել, հիտլերականները քշել էին «ֆոլկսշտուրմ». համընդհանուր մորիլիզացիա մոբիլիզացիա էր... Մեկ օրվա ընթացքում մեր տանկերն անցան 120 կիլոմետր, դուրս եկան Լեբեի մոտ։ Անցարանները մեզ էին սպասում. դրանք արդեն գրավել էին բանակային առաջավոր ջոկատները։ Մարտի 11-ին, Պյասնիցե գետի մոտ կոտրելով հակառակորդի դիմադրությունը, 11֊րդ տանկային կորպուսի զորքերի ձախ թևը դուրս եկավ Հելմի ցամաքալեզվակ, իսկ մնացած ուժերը հաջորդ օրը մոտեցան Դանցիգի (Գդանսկի) ծովախորշում գտնվող Պուտցիգ (Պուցկ) նավահանգստին։ 8-րդ մեքենայացված գվարդիական կորպուսի զորքերր 3֊րդ տանկային կորպուսի հետ համատեղ համառ մարտեր էին մղում Նոյշտադտ և Լաուենբուրգ քաղաքների համար։ Դուրս գալով Գդանսկի ծովախորշ, մեր կորպուսի զորքերն անմիջապես սլացան դեպի Գդինյա։ Մարտի 12-ին Ն. Վ. Մորգունովի բրիգադը մարտանցավ Ռեդե գետը, ճեղքեց Գդանսկի ամրաշրջանի պաշտպանական արտաքին բնագիծը և հաջորդ օրվա երեկոյան դեմ մոտեցավ հակառակորդի պաշտպանական գլխավոր բնագծին, որը գտնվում էր Ախենբերգի շրջանում։ Կ. Կ. Ֆեդորովիչի բրիգադը գրավեց Գրոսենդորֆը, թշնամուց մաքրազարդեց ծովածոցի՝ այդ քաղաքից դեպի հարավ ընկած առափնյան։ Ի. Ի. Գուսակովսկու բրիդադը հանկարծակի հարվածով տիրեց Պուտցիգ քաղաքին... Այնքան էլ հեշտ չեղավ Գդինյան գրավելը։ Գդինյայի շրջանր հզոր ամրություն էր. այն կազմված էր պաշտպանական արտաքին շրջա պարսպից և պաշտպանության լավ սարքավորված, խրամատների երեք գծով իրար միացած դոտերի ու դզոտների խիտ ցանցով պատված երեք գոտիներից։ Ամեն ինչ արվել էր ամուր և վաղուց։ Հիշենք, ինչպես 1939 թվականին, Լեհաստանի օկուպացումն իրականացնելիս, գերմանացիները երկար ժամանակ չէին կարողանում տիրել Գդինյային։ Պաշտպանական գոտիների մատույցները պաշտպանում էր հակատանկային և հակահետևակային արգելափակոցների, ականադաշտերի, երկաթբետոնե կարճասյուների, ջրով լցված հակատանկային խրամատների զարգացած ցանցը։ Ամրաշրջանի զենիթային հրանոթները հարմարեցված էին նաև վերերկրյա նպատակակետերի, մասնավորապես տանկերի, վրա կրակ բացելու համար։ Գերմանացիները շատ լավ օգտվեցին այն ամենից, ինչ այստեղ լեհական զինված ուժերն էին կառուցել Գդինյայի շրջանը պաշտպանելու համար։ Գդինյա քաղաքն ու նավահանգիստը շրջապատված են զառիկող ձորակներով, ամբողջովին անտառապատ բլուրներով։ Բլուրների բարձրությունը ծովի մակերևույթից մինչև 200 մետր էր, լանջերի թեքությունը՝ 50 աստիճան։ Գդանսկից դեպի հյուսիս մի ոչ մեծ սարահարթ կա, որը հարավից ու արևելքից շրջապատված է ծովով, իսկ հյուսիսից, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ անանցանելի ճահիճներով։ Այստեղ հակառակորդը կառուցել էր ամրություններ, որոնք տեղանքի բնապայմանների զուգակցությամբ պաշտպանում էին Գդինյայի հյուսիսային մատույցները։ Այդ ամբողջ հզոր համակարգին սատարում էին առափնյա պաշտպանության 12 մարտկոց և ռազմածովային մոտ 12 մարտանավ, որոնք կանգնած էին խարսխակայանում։ Եվ, ըստ երևույթին, նացիստները շատ ջերմեռանդորեն էին աղաչում սուրբ կույսին, որ նա իրենց մի օր ավել ապրելու հնարավորություն պարգևեր. եղանակն ավելի վատացավ, սկսվեցին շուրջօրյա անձրևները։ Կարծես օվկիանոսը փոխադրվել էր երկինք և առանց շտապելու իր ջրերն էր թափում երկիր։ Առաջներում աննշան առվակները վերածվեցին հորդառատ գետերի։ Մինչև ծնկները հասնող թանձր ու կպչուն ցեխի միջով հազիվ են շարժվում թրջվելուց ուռած շինելներով հետևակայինները ու ով ինչպես ուզում է անիծում է վատ եղանակը։ Այնպիսի մառախուղ է, ինչպիսին հավանաբար Լոնդոնում է լինում։ Խարսխակայանում կանգնած նավերը մոլեգնում են՝ անընդհատ գնդակոծում են առափնյա ճանապարհներն ու բնակավայրերը։ Անհնար է նրանց լռեցնել. նրանք գտնվում են այնպիսի հեռավորության վրա, որ անհասանելի են մեր հրետանու, առավել ևս տանկային հրանոթների համար։ Անբարենպաստ եղանակը հնարավորություն չի տալիս այդ անել նաև մեր ավիացիային։ Մարտի 13-ին մեքենայով սլացա Պուտցիգ քաղաքը՝ 44-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Ի. Ի. Գուսակովսկու մոտ։ Այն, ինչ կատարվում էր քաղաքում, անհնար է նկարագրել։ Նավերի 30-40 հրանոթների համազարկերը հնարավորություն չեն տալիս տեղաշարժվելու նույնիսկ փողոցներով։ Ես ու Գուսակովսկին ստիպված նստեցինք նկուղում, չհամարձակվելով քթներս դուրս հանել։ Բրիգադը քաղաքում թողնելը ոչ մի իմաստ չուներ։ Հրամայեցի հետ քաշել այն՝ անմիտ կորուստներից խուսափելու համար։ Հարկ եղավ նույնպիսի հրաման տալ նաև 45-րդ բրիգադին, որը դիրքեր էր գրավել դեպի ոչ մեծ սարահարթը ձգվող պատնեշի հետևում։ 40֊րդ բրիգադին չհաջողվեց հարձակման անցնել Խել նեղ ցամաքալեզվակով, այստեղ հակառակորդը պայթեցրել էր պատնեշը։ Ավարտվեց սրընթաց և մանևրային գործողությունների ժամանակաշրջանը, սկսվեց ուժասպառ անող մարտերի շրջանը՝ թշնամու հզոր պաշտպանության ծվատումը, երբ առաջխաղացման տեմպը մեկ օրում կազմում էր մի քանի հարյուր մետր։ Այստեղ էլ գործը գլուխ չեկավ առանց հետաքրքրաշարժ դեպքի։ Ի. Ի. Գուսակովսկին Պուտցիգում գրավել էր մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, վառելիքի, պարենի պահեստներ։ Ինձ զեկուցեց, որ կա նաև քաղցր գինիների պահեստ, հարցրեց, թե արժե, արդյոք, մի քանի արկղ ուղարկել կորպուսի և բանակի շտաբներ. բրիգադի բժիշկը հաստատում է գինիների լավորակությունը։ Ուղարկեցին։ Մի օր անց սկսվեցին տագնապալի հեռախոսազանգերը՝ շատերը թունավորման նշաններ ունեն։ Վախը, սակայն, շուտ անցավ, պարզվեց, որ դա ոչ թե գինի է, այլ հատուկ հեղուկ, որ գերմանացի քիմիկոսները պատրաստել էին երկար ժամանակ չոր օրապահիկով սնվող իրենց զինվորների համար... Մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկու հրամանով մարտի կեսին մեր կորպուսը վերախմբավորվեց, շարժվեց դեպի հարավ՝ Բիշկովիտեցի շրջան, նրա առջև խնդիր դրվեց 19-րդ բանակի 134-րդ հրաձգային կորպուսի հետ համատեղ ճեղքել թշնամու պաշտպանությունը և տիրել Գդինյային։ Մեզ հետ միասին գործում էր լեհական զորքի տանկային բրիգադը, որը կողք֊կողքի անցել էր Կոլբերգից մինչև Գդինյա ընկած ճանապարհը։ Կենտրոնանալով Բիշկովիտեցի շրջանում, մենք պատրաստվում էինք հարձակման։ Մ. Ե. Կատուկովը զանգահարեց ինձ։ — Ինչպե՞ս է ձեզ մոտ։ — Նորմալ։ — Արմո, հասկացիր թե ինչ եմ հարցնում։ Հակառակորդը քո դիտակետը գնդակոծո՞ւմ է։ Ո՞չ։ Իսկ դեպի դիտակետ տանող ճանապարհնե՞րը։ — Երբեմն, այն էլ պայթյունները բավականին հեռվում են։ — Հըմ... Դե որ այդպես է ես ու Կոնստանտինովը կգանք քեզ մոտ։ Հասկացա՞ր։ Իհարկե, հասկացա։ Կոնստանտինով՝ դա Ռոկոսովսկու կեղծանունն էր։ — Կաշխատեմ սևերես չմնալ,— պատասխանեցի ես։ Իմ դիտակետում, բացի հրամանատարական տանկից ու մի քանի ռադիոավտոմեքենայից, ուրիշ ոչինչ չկար, սակրավորների վաշտը շտապ կանչեցի խրամատներն ու խրամները սարքավորելու համար։ Որոշ Ժամանակ անց զանգահարեց Մ. Ա. Շալինը. — Ամեն ինչ կարգի՞ն է։ Դե տեսեք, մեծ տերն ու Եֆիմովը (այսինքն Կատուկովը) ձեզ մոտ կլինեն ժամը տասնչորսի և տասնհինգի միջոցին։ Կազմակերպեք հանդիպումն ու անվտանգությունը։ Վերջինիս մասին կարելի էր և չնախազգուշացնել։ Սովետական Միության մարշալ Կ. Կ. Ռոկոսովսկին ժողովրդի ընդհանուր սիրելին էր, և մենք բոլորս ջանում էինք նրան պահպանել մոլոր գնդակից, չնախատեսված նենգ պատահականությունից։ Վերջապես, նրանք՝ Ռոկոսովսկին ու Կատուկովը, եկան, ես նրանց տարա նոր փորած խրամները։ Չէինք հասցրել մի քանի քայլ անցնել, երբ ուղիղ մեր առջև պայթեց արկը։ Մեկ րոպե անց երկրորդը՝ մեր հետևում։ «Ճանկառք է»,— անցավ գլխովս։ Մ. Ե. Կատուկովը, թեքվելով իմ կողմը, բարձր շշնջաց. «Ի՞նչ բան է սա, իսկ դու ասում էիր...» Կոնստանտին Կոնստանտինովիչը լսեց, ժպտաց, Կատուկովին ասաց. — Մի սղոցիր, շքերթ չէ, պատերազմ է։ Եվ կրակում է ոչ թե նա, այլ հակառակորդը, նրան հո չես կարող արգելել։ Առայժմ եկեք խրամատ մտնենք, իսկ թմբից մեքենաները հրամայեք մի կողմ տանել։ Երեք֊չորս րոպե լուռ նստեցինք խրամատում, մինչև որ գնդակոծությունը դադարեց։ — Դե,— ասաց Ռոկոսովսկին,— հակիրճ շարադրեք հարձակման վերաբերյալ ձեր նկատառումները։ Շարունակ նայելով քարտեզին, ուշադրությամբ լսում էր։ — Ե՞րբ եք ուզում սկսել։ — Վաղը լուսաբացին, եթե թույլ տաք, ընկեր մարշալ։ — Լավ, սկիզբը 8.00֊ին։ Բայց քաղաքը պետք է ազատագրվի։ — Կաշխատենք։ Սակայն Ռոկոսովսկին մտադիր չէր ավարտել խոսակցությունը։ — Վաղո՞ւց եք կորպուսի հրամանատար։ Իմ փոխարեն բավական մանրամասնորեն պատասխանեց Մ. Ե. Կատուկովը։ Պատմելով Կ. Կ. Ռոկոսովսկու հետ իմ հանդիպման մասին (հետագայում ևս մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ), ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել Կոնստանտին Կոնստանտինովիչի հմայքը, որը նրա նկատմամբ հարուցում էր ոչ միայն նրանց խորին համակրանքը, ովքեր ծառայողական անմիջական շփում ունեին նրա հետ, այլև զինվորական լայն զանգվածների։ Ռոկոսովսկին հիշում և անձամբ ճանաչում էր հարյուրավոր մարդկանց, հոգ էր տանում նրանց մասին, երբեք չէր մոռանում նրանց, ովքեր արժանի էին խրախուսանքի ու պարգևի, կարողանում էր խորամուխ լինել հրամանատարների գորձերի և հոգսերի մեջ, բարյացակամորեն լսել յուրաքանչյուրին։ Մարտի 19-ին սկսվեցին գրոհները Գդանսկի ամրաշրջանի գլխավոր գոտու վրա։ Բլրավետ, անտառապատ տեղանքը շատ էր սահմանափակում տանկերի մանևրները։ Եվ ի լրումն՝ անձրևներ, անձրևներ... Տանկերր ստիպված են գործել ճանապարհների և անտառային արահետների երկարությամբ, նրանք թիրախ են դառնում հակառակորդի հակատանկային միջոցների համար։ Յուրաքանչյոլր մետրը նվաճվում է կռվով։ Ինչքան մոտենում ենք քաղաքին, այնքան կատաղի է դառնում թշնամու դիմադրությունը։ Բայց մարտի 20֊ին, օրվա վերջին կորպուսի զորամասերը, փոխգործելով 19֊րդ բանակի զորամասերի հետ, ներխուժեցին Գրոս Կատց (Վելկի Կացի), իսկ երկու օր անց գրավեցին՝ Կլայն Կատցը (Մալի Կացի), 2֊րդ գերմանական բանակը բաժանելով երկու՝ դանցիգյան և գդինյան, խմբավորման։ Մարտի 23-ին 40֊րդ և 45֊րդ գվարդիական տանկային բրիգադները գրավեցին Սոպոտ քաղաքր, իսկ շուտով 310-րդ հրաձգային դիվիզիայի հետ միասին մարտեր սկսեցին Գդինյայի հարավային ծայրամասի համար։ Առաջինը քաղաք ներխուժեց 40-րդ բրիգադի 1-ին տանկային գումարտակը, որի հրամանատարն էր մայոր Բ. Պ. Իվանովը։ Ապա մոտեցան 44֊րդ բրիգադը և լեհական զորքի 1-ին տանկային բրիգադը, ծանրության կենտրոնը տեղափոխվեց նավահանգստի շրջան։ Վերջապես, 70֊րդ և 19-րդ բանակների հարվածների տակ հակառակորդի ուժերը սպառվեցին, մարտի 28֊ին նա դադարեցրեց դիմադրությունը։ Երբ մենք մտանք Գդինյա, մեզ դիմավորեցին ուրախ ու երջանիկ լեհերը, աղ ու հաց մատուցեցին, գրկեցին ինչպես ազատարարների։ Այստեղ ու այնտեղ դեռ ծխում էին հրդեհները։ Հետ քաշվելով դեպի իրենց նավերը, գերմանացիները, բարեբախտաբար չէին հասցրել ավերել նավահանգստային կառույցները, նավաշինարանները։ Ես Գդինյայում եղա նրա ազատագրումից քսանհինգ տարի անց։ Ինչպես և ելնյայում, այստեղ ինձ ընտրեցին պատվավոր քաղաքացի, և ես հպարտանում եմ դրանով, դրանում տեսնում ժողովրդի երախտագիտությունը ազատարար բանակի նկատմամբ։ Մեզ՝ հյուրերիս, ման էին ածում քաղաքում, հպարտությամբ ցույց տալիս նրա տեսարժան վայրերը։ Գդինյան գեղ-ցիկ քաղաք է։ Ես կարծես առաջին անգամ տեսա նրա անտառապատ բլուրների անկրկնելի գեղեցկությունը, բլուրներ, որոնք արտացոլվում էին ծովախորշի ջրային հարթության երկնագույն հայելու մեջ։ Այն Ժամանակ՝ 1945-ին, գեղեցկությամբ հիանալու տրամադրություն չունեինք։ Արդեն մարտի 27-ին ռազմակայանի ցուցումով 1-ին գվարդիական տանկային բանակը Արևելապոմերանյան օպերացիայի ավարտվելու կապակցությամբ ուղղվեց դեպի Օդեր՝ արևմուտք։ Կարճ ժամանակամիջոցում նա հսկայական զորաշարժ կատարեց։ Օդերի ստորին հոսանքից՝ Կյուստրինի շրջանից, 90 աստիճան անկյան տակ թեքվելով, հասավ Բալթիկայի ափերը՝ Դանցիգի ծովախորշ, այնուհետև 90 աստիճան անկյան տակ ևս մեկ շրջադարձ կատարելով, այս անգամ արդեն դեպի արևելք, ներխուժեց Գդինյա, իսկ հիմա կրկին թեքվեց դեպի արևմուտք։ Դեպի արևմուտք, նորի՛ց դեպի արևմուտք։ Մնաս բարով, Լեհաստան։ Քո ազատագրմանը մենք տվեցինք այն ամենը, ինչ կարողացանք։ Եվ նույնիսկ ավելին՝ մեր ընկերների, քո եղբայրների կյանքը։ Քո հողում մենք բավական շատ թանկագին գերեզմաններ թողեցինք, որպեսզի դու ազատ լինես, որպեսզի դու բարգավաճես, որպեսզի երջանիկ լինի քո ժողովուրդը Մինչ 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը պայքար էին մղում Դանցիգի ու Գդինյայի համար, 1-ին Բելոռուսականի զորքերն ընկճեցին թշնամու դիմադրությունը Կյուստրինում և գրավեցին այդ ամրոցը։ Հունգարիայի և Հյուսիսային Հարավսլավիայի տարածքներում 2-րդ ու 3֊րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը հաջողությամբ հետ մղեցին գերմանացիների հակահարձակումը Գրոն գետի մոտ՝ Դրավայի և Բալատոն լճի միջև ընկած շրջանում։ Արևելյան Պրուսիայում 3֊րդ Բելոռուսական ռազմաճակատի զորքերը ծանր պայքարից հետո ոչնչացրին հակառակորդի հայլսբերգյան խմբավորումը։ Ապրի էի սկզբին շրջապատված խմբավորումները ամենուրեք, չնչին բացառությամբ, ոչնչացվեցին, և ռազմաճակատների զորքերը, ամփոփելով ձմեռային-գարնանային հարձակողական կամպանիայի արդյունքները, պատրաստվեցին նոր վճռական գործողությունների։ Իսկ արդյունքները տպավորիչ էին։ Կարմիր բանակը, ջարդուփշուր անելով գերմանաֆաշիստական ռազմական մեքենան, ներխուժեց Գերմանիայի տարածքը, ազատագրելով Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան, Չեխոսլովակիայի մի մասը։ Հունգարիայի և Ավստրալիայի ազատագրումը ժամանակի հարց էր։ Արևմուտքում՝ Ռուրի ավազանում, անգլոամերիկյան զորքերը հեշտությամբ ավարտեցին թվով մոտ 325 հազար գերմանացիների խմբավորման շրջապատումը և ձեռնամուխ եղան դրա ոչնչացմանը։ Ապրիլի արդեն առաջին կեսին 317 հազար զինվոր ու սպա առանց որևէ դիմադրության դադարեցրին պայքարը և անձնատուր եղան դաշնակից զորքերին։ Գերմանացի հրամանատար, ֆելդմարշալ Մոդելն ինքնասպան եղավ։ Արևմտյան ճակատի կենտրոնական հատվածում վերմախտի զորքերի պաշտպանությունը փաստորեն քայքայվեց։ Դաշնակից զորքերը սրընթաց շարժվում էին դեպի Էլբա... Մեր 1֊ին գվարդիական տանկային բանակը շտապում էր դեպի Օդեր գետը՝ կենտրոնանալու այն շրջաններում, որտեղից ի թիվս սովետական այլ զորքերի առաջիկայում պիտի հարձակվեր ֆաշիստական որջի՝ Բեռլինի, վրա։
== Գլուխ ութերորդ։ Հաղթանակ ==