― Գրողը տանի, ի՜նչ խափշիկ ես դու։ Հաջորդ անգամ, Պլուտոն, երբ ես այս կողմերը գամ, այնպիսի մի պարկամուկ կընծայեմ քեզ, որ երկու տարեկան հավի քնքուշ միս ունենա։ Ա՛յ թե ինչ եմ խոստանում քեզ։
Այս ասելով Զեբ Ստումպը արագ բարձրացավ քարե սանդուղքով երկու-երեք աստիճանը միանգամից ցատկելով։ Նա արագ բարձրացավ ազոտեա, որտեղ դեռատի տանտիրուհին նորից ուրախ ողջունեց նրան։
Ծերունի որսորդն իսկույն նկատեց, թե որքան էր հուզված աղջիկը, երբ իրեն տարավ ազոտեայի հեռավոր անկյունը, և հասկացավ, որ ինքն այստեղ է հրավիրվել ոչ միայն գեղեցիկ տեսարանով զմայլվելու համար։