― Կհանդիպենք թենիսահարթակում, ― ասաց նա ու թերթը ձեռքին վերադարձավ սրճարան։ Նայում էի նրա ետևից, նա ինձ դուր էր գալիս, և, երևում է, նրա կյանքն էլ հեշտ չէր Ֆրենսիսի հետ։
==Գլուխ երկրորդ==
Ձմռանը Ռոբերտ Կոնը իր վեպը տարավ Ամերիկա և մի խոշոր հրատարակիչ հանձն առավ այն հրատարակել։ Սույն ճանապարհորդության պատճառով, կարծեմ, Ռոբերտի և Ֆրենսիսի միջև գժտություն տեղի ունեցավ և, հավանաբար, հենց այդ ժամանակ էլ Ֆրենսիսը կորցրեց նրան, որովհետև Նյու֊Յորքում կանայք շատ ուշադիր էին եղել Կոնի նկատմամբ, և նա վերադարձել էր բոլորովին փոխված։ Նա առաջվանից ավելի էր հիանում Ամերիկայով, սակայն կորցրել էր իր պարզությունն ու անկեղծությունը և այլևս առաջվա նման հաճելի չէր։ Հրատարակիչներն այնքան էին գովել նրա վեպը, որ ինքն էլ էր հավատացել։ Բացի այդ, մի քանի կանայք այնպիսի ուշադրության էին արժանացրել նրան, որ դա նոր հորիզոններ էր բացել նրա առջև։ Չորս տարի շարունակ նրա տեսադաշտը սահմանափակված էր եղել միայն իր կնոջով։ Մոտ երեք տարի Ֆրենսիսից բացի ոչ մեկին չէր տեսել։ Համոզված եմ, որ նա կյանքում դեռ ոչ մի անգամ սիրահարված չէր եղել։
Նա ամուսնացավ համալսարանում անցկացրած ծանր տարիներից անմիջապես հետո, իր ընկճված շրջանում, իսկ Ֆրենսիսը նրան ձեռքը գցեց այն ժամանակ, երբ նրան հետապնդում էր այն միտքը, որ ինքը ոչինչ է եղել իր առաջին կնոջ համար։ Հիմա նա դեռևս սիրահարված չէր, սակայն հասկացել էր, որ ինքը կանանց համար հետաքրքիր տղամարդ էր, և որ եթե կինը հոգ է տանում նրան և ուզում է նրա հետ ապրել, դա բնավ էլ հրաշք չէ։ Այս մտքից նա այնպես փոխվեց, որ նրա ընկերակցությունն այլևս առաջվա նման հաճելի չէր ինձ համար։ Բացի այդ, Նյու֊Յորքի իր ծանոթների հետ խոշոր գումարներով բրիջ խաղալով և իր հնարավորություններից բարձր խաղագումարներ դնելով, նա կարողացել էր մի քանի հարյուր դոլար շահել։ Դա առիթ էր տվել նրան երևակայելու, թե ինքը առաջնակարգ խաղացող է և հաճախ ասում էր, որ անհրաժեշտության դեպքում կարող է շատ լավ գլուխը պահել և բրիջ խաղալով։
Բայց սա դեռ բոլորը չէ։ Նա շատ էր կարդացել Ու․ Հադսոն։ Թվում է, դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, սակայն Կոնը կարդացել էր ու նորից կարդացել «Ծիրանեգույն երկիրը»։ «Ծիրանեգույն երկիրը» շատ վտանգավոր է, եթե կարդում ես մեծ հասակում։ Այն պատմում է անթերի մի անգլիացի ջենթլմենի շքեղ սիրային արկածների մասին խիստ ռոմանտիկական մի երկրում, որի բնությունը շատ լավ է նկարագրված։ Երեսունչորս տարեկան տղամարդու համար այս գիրքը որպես կյանքի ուղեցույց ունենալը նույնքան վտանգավոր է, որքան եթե այդ նույն տարիքում ֆրանսիական վանքի դպրոցից միանգամից հայտնվես Ուոլ֊Սթրիթում՝ զինված Ալջերի գործնական խորհուրդներ տվող զանազան գրքիկներով։ Համոզված եմ, որ Կոնը «Ծիրանեգույն երկրի» յուրաքանչյուր բառ հասկանում էր տառացիորեն, ճիշտ ինչպես, եթե դա լիներ ֆինանսական տեղեկատու։ Ճիշտ է, նա որոշ վերապահումներ թույլ տալիս էր, սակայն ընդհանուր առմամբ գիրքը լուրջ էր ընդունել։ Այդքանը բավական էր նրան գործի գցելու համար։ Ես չէի էլ պատկերացնում, թե նա ինչ աստիճան էր լարվել, մինչև որ մի օր եկավ իմ աշխատանքի վայրը։
― Հելլո, Ռոբերտ, ― ասացի ես, ― եկել եք ինձ զվարճացնե՞ք։
― Հարավային Ամերիկա կուզե՞ք գնալ, Ջեյք, ― հարցրեց նա։
― Ոչ։
― Ինչո՞ւ ոչ։
― Չգիտեմ։ Երբեք ցանկություն չեմ ունեցել։ Շատ թանկ է։ Հարավամերիկացիներ ինչքան ասես կարելի է տեսնել և Փարիզում։
― Դրանք իսկական հարավամերիկացիներ չեն։
― Ինձ համար նրանք նույնիսկ չափից ավելի իսկական են։
Ես պետք է հասցնեի համաձայնեցված գնացքին տալ ամբողջ շաբաթվա թղթակցությունը, մինչդեռ գրել էի միայն կեսը։
― Ոչ մի նոր բամբասանք չե՞ք լսել, ― հարցրի ես։
― Ոչ։
― Ձեր բարձրաստիճան բարեկամներից ոչ մեկը ապահարզան չի՞ տալիս։
― Ոչ։ Լսեք, Ջեյք, եթե ես ինձ վրա վերցնեմ մեր երկուսի ծախսը, ինձ հետ Հարավային Ամերիկա կգա՞ք։
― Ինձ ինչո՞ւ եք տանում։
― Դուք խոսում եք իսպաներեն։ Եվ երկուսով ավելի ուրախ կլինի։
― Ոչ, ― ասացի, ― ինձ դուր է գալիս այս քաղաքը, իսկ ամռանը Իսպանիա եմ գնում։
― Ամբողջ կյանքում երազել եմ այդպիսի ճանապարհորդություն կատարել, ― ասաց Կոնը ու նստեց։ ― Մինչև նորից տրամադրվեմ, պատրաստվեմ, արդեն ծեր կլինեմ։
― Հիմար բաներ եք ասում, ― ասացի ես։ ― Դուք ուր ուզեք կարող եք գնալ, չէ որ շատ փող ունեք։
― Գիտեմ, բայց չեմ կարողանում տրամադրվել ու գնալ։
― Վշտանալու բան չկա, ― ասացի ես, ― բոլոր երկրները նման են կենդանի նկարների։
Բայց ես խղճում էի նրան։ Իսկապես շատ վշտացած էր։
― Չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կյանքը գնում է, ու ես չեմ կարողանում ապրել լիքը կյանքով։
― Ոչ ոք երբեք լիքը կյանքով չի ապրում, ցլամարտիկներից բացի։
― Ցլամարտիկներն ինձ չեն հետաքրքրում։ Դա նորմալ կյանք չէ։ Ես ուզում եմ գնալ Հարավային Ամերիկայի խորքերը։ Մենք կարող էինք հիանալի ճանապարհորդություն կատարել։
― Իսկ Բրիտանական Արևելյան Աֆրիկայում որս անելու ցանկություն չունե՞ք։
― Ոչ, այնտեղ գնալու ցանկություն չունեմ։
― Այնտեղ ես ձեզ հետ կգնայի։
― Ոչ, դա ինձ չի հետաքրքրում։
― Որովհետև այդ մասին ոչինչ չեք կարդացել։ Գնացեք սիրային պատմություններ կարդացեք սև, գեղեցիկ արքայադուստրերի մասին։
― Ես ուզում եմ գնալ Հարավային Ամերիկա։
Նրան հատուկ էր այդ հրեական համառությունը։
― Եկեք ցած իջնենք ու մի բան խմենք։
― Իսկ դուք չե՞ք աշխատելու։
― Ոչ, ― ասացի։
Իջանք ցած, առաջին հարկի սրճարանը։ Վաղուց արդեն հասկացել էի, որ դա «անպատեհ» այցելություններից ազատվելու լավագույն միջոցն էր։ Մի բաժակ խմեցինք թե չէ, կարող ես ասել․ «Ինչ արած, ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր կան ուղարկելու», և վերջ։ Թերթում աշխատելու դեպքում, իսկ այդ աշխատանքի էթիկան պահանջում է, որ աշխատելիս ոչ ոք քեզ չտեսնի, չափազանց կարևոր է ազատվելու այդպիսի անբռնազբոսիկ միջոցներ գտնել։ Այդպես, ուրեմն, իջանք բար և սոդայաջրով վիսկի խմեցինք։ Կոնը նայեց պատի մոտ դրված շշերով արկղերին։
― Շատ լավ տեղ է, ― ասաց նա։
― Այո, խմելու շատ բան կա, ― համաձայնեցի ես։
― Լսեք, Ջեյք։ ― Նա գլուխը կախ գցեց վաճառասեղանի վրա։ ― Մի՞թե երբեք այնպիսի զգացում չեք ունենում, որ ձեր կյանքն անցնում է ու դուք այդ կյանքից չեք օգտվում։ Մտածո՞ւմ եք հասկանո՞ւմ եք, որ ձեր կյանքի կեսն արդեն ապրել եք։
― Այո, երբեմն մտածում եմ։
― Գիտե՞ք, որ ընդամենը մի երեսունհինգ տարի հետո մենք արդեն չենք լինի։
― Վերջ տվեք, Ռոբերտ, ― ասացի ես։ ― Չարժե խոսել։
― Ես լուրջ եմ ասում։
― Բանն այն է, որ դա ինձ բնավ չի մտահոգում, ― ասացի ես։
― Բայց պետք է մտահոգի։
― Ժամանակին մտահոգվելու շատ բան եմ ունեցել։ Բավական է։
― Եվ, այնուամենայնիվ, ես ուզում եմ Հարավային Ամերիկա մեկնել։
― Լսեք, Ռոբերտ, ուրիշ երկիր գնալը ոչինչ չի փոխում։ Ես այդ բոլորը փորձել եմ։ Տեղից տեղ գնալով չեք կարող ինքներդ ձեզնից փախչել։ Դրանից փրկություն չկա։
― Բայց դուք երբեք չեք եղել Հարավային Ամերիկայում։
― Ինչ եք գլուխներդ գցել այդ Հարավային Ամերիկան։ Եթե ձեր այս տրամադրությամբ գնաք, ոչինչ չի փոխվի։ Փարիզը շատ լավ քաղաք է։ Ինչո՞ւ չեք ուզում լիքը կյանքով ապրել Փարիզում։
― Ձանձրացել եմ Փարիզից, ձանձրացել եմ Լատինական թաղամասից։
― Մի գնացեք այնտեղ։ Ապրեք, ինչպես ուզում եք, ման եկեք որտեղ ուզում եք, ինչպես պատահի ու տեսեք, թե ինչ է լինում։
― Ինձ հետ երբեք ոչինչ չի լինում։ Մի անգամ ամբողջ գիշեր թափառեցի փողոցներում ու ոչինչ չեղավ, միայն հեծանիվով մի ոստիկան կանգնեցրեց ինձ ու պահանջեց փաստաթղթերս ցույց տալ։
― Բայց մի՞թե գեղեցիկ չէր քաղաքը գիշերով։
― Փարիզն ինձ առանձնապես չի հուզում։
― Ահա, խնդրեմ։ Ես խղճում էի Կոնին, բայց ոչնչով չէի կարող օգնել, որովհետև անմիջապես բախվում էի նրա երկու սևեռուն գաղափարներին՝ միակ փրկությունը Հարավային Ամերիկան է, և նա չի սիրում Փարիզը։ Առաջին միտքը նա կարդացել էր ինչ֊որ գրքում, թերևս՝ երկրորդը նույնպես։
― Լավ, ― ասացի, ― ստիպված եմ վերև բարձրանալ՝ հեռագրեր պետք է ուղարկեմ։
― Դուք անպայմա՞ն պետք է գնաք։
― Այո, պետք է հեռագրեր ուղարկեմ։
― Ոչի՞նչ, եթե ձեզ հետ գամ ու մի քիչ նստեմ խմբագրությունում։
― Խնդրեմ, եկեք։
Նա նստեց առաջին սենյակում, թերթեր էր կարդում և «Խմբագիր ու հրատարակիչ» ամսագրերը, իսկ ես երկու ժամ անընդհատ աշխատում էի։ Հետո դասավորեցի տպագրածս օրինակները, ստորագրեցի, այդ ամենը դրեցի մեծ դեղին ծրարների մեջ և կանչեցի թղթատարին, որ տանի Սեն֊Լազար կայարան։ Մտա մյուս սենյակ, այնտեղ մի մեծ բազկաթոռի մեջ նստած քնել էր Ռոբերտ Կոնը։ Նա քնել էր գլուխը ձեռքերին դրած։ Չէի ուզում արթնացնել, սակայն ստիպված էի փակել խմբագրությունը, որ գնամ։ Ձեռքս դրեցի ուսին։ Նա գլուխը թափահարեց։
― Ես դա չեմ կարող անել, ― ասաց նա ու գլուխն ավելի խոր թաղեց իրար խաչած ձեռքերի մեջ։ ― Չեմ կարող։ Ոչ մի դեպքում չեմ անի։
― Ռոբերտ, ― ասացի ես ու թափ տվեցի նրա ուսը։
Նա գլուխը բարձրացրեց, ժպտաց ու աչքերը ճպճպացրեց։
― Ես հիմա ինչ֊որ բա՞ն ասացի։
― Այո։ Բայց չէր հասկացվում։
― Տեր իմ, ինչ վատ երազ էր։
― Հավանաբար, իմ գրամեքենան ձեզ քնեցրեց։
― Թերևս։ Անցյալ գիշեր բոլորովին չէի քնել։
― Ի՞նչ էր պատահել։
― Խոսում էինք։
Ես դա հեշտությամբ կարող էի պատկերացնել։ Ընդհանրապես մի վատ սովորություն ունեմ՝ պատկերացնել ընկերներիս ննջարանում։ Գնացինք Նապոլիտեն» սրճարան ապերիտիվ խմելու և նայելու երեկոյան զբոսանքը Բուլվարում։