― Ընդունիր համար յոթ բարաքը․․․
==5==
Ռուսական Г տառի նման կանգնած փայտե հարմարանքից կախված երկաթե սալիկի վրա երեք անգամ զրնգաց հերթապահ ավագի երկաթե գավազանիկը։ Այդ աշխատանքի ազդանշանն է։ Բարաքներից դուրս են գալիս ճամբարի բնակիչները տաք հագնված, գոլորշի արտաշնչելով, բրիգադ առ բրիգադ կանգնում են մեծ ճանապարհի վրա, դեռ փակ դարպասների դեմ, կանգնում են հնգյակներով, բրիգադիրների և վերակարգիչի հսկողության տակ։
Մոտենում է վերակարգիչ Սիդորովը Աշոտ դայուն․
― Քո աշխատանքի հերոսը հրաժարվեց աշխատանքի դուրս գալուց։
Աշոտ դային ժպտում է․ ես գիտեմ, թե ինչ է նշանակում այդ ժպիտը, ― ես այդպես էլ գիտեի․․․
Բացվում են դարպասները․ դրսում կանգնած են ճամբարի պետը, կոմենդանտը, գլխավոր բժիշկը՝ սև ակնոցներով ու սպիտակ բժշկական համազգեստը ծածկած մուշտակով, նրանից քիչ հեռու պահակախումբն է․ նրանք ուղեկցում են աշխատանքային բրիգադներին։ Հինգ առ հինգ դուրս են գալիս բրիգադները և գնում զանազան ուղղութայբ, դեպի իրենց աշխատանքային կետերը։ Վերջում դուրս ենք գալիս մենք՝ «գործարար բակի» արհեստավորական՝ ատաղձագործների, կոշկակարների, աղյուսագործների, տակառագործների բրիգադները։ Դերձակներին միանում են մի քանի դերձակուհիներ, որոնց մեջ աչքի է ընկնում մոլդավուհի Սև Լյալայն, սև, վառվող աչքերով, սև, գռուզ մազերը տաք, ականջավոր գլխարկի մեջ սեղմած Սև Լյալայն, ատամներն սպիտակ և միշտ ժպտուն Լյալյան, որի մասին ասում են, որ նա բացել է գողերի մի խմբակի չարագործությունները։ Նա դեռ կրում է իր տնային տաք վերարկուն, որը կարծես ծածկված է սև ձկնկիթի փայլուն շերտով։
Ւնչ վերաբերում է բրուտանոցին, ապա մենք երեք հոգի ենք՝ Աշոտ դային, վարպետը, աբասթումանցի կառապան Մամոն և ես։ Ես ցեխ եմ պատրաստում, վարպետը՝ ամաններ, իսկ Մամոն օգնում է և՛ վարպետին, և՛ ինձ։ Վաղուց Աշոտ դային մտածում է Մամոյին հիմնավորապես նստեցնել «անիվի» վրա, իսկ ինձ համար բերել մի օգնական։ Այդ մարդը Սանասարը պիտի լիներ, Տայշետից եկած «աշխատանքի հերոսը», Սանասարը, որի համար բրուտանոցն այն է, ինչ օդաչուի համար կառք քշելը երևի։
― Մարդն է՞լ ցեխի հետ գործ բռնի․․․
Խա՛րթ֊խո՛ւրթ, խա՛րթ֊խո՛ւրթ, ― «գործարար բակի» ջոկատը քայլում է ձյունոտ դաշտերով։ Մենք անցնում ենք հրշեջային աշտարակի մոտով։ Աշտարակի վրա կանգնած է հրշեջ պահակը։
― Քեռի՜, է՜յ, քեռի, մի լավ նայի, ամնիստիան չի՞ երևում, ― լսվում է հանդուգն Սև Լյալյայի ձայնը, և բոլորը զվարթ ծիծաղում են։
― Իսկ ինչո՞ւ են այդ աղջկան դատապարտել, ― հարցնում եմ ես Աշոտ դայուն, ― չէ՞ որ նա հայտնաբերել է գողերին։
― Նա սիրելիս է եղել գողերի ատամանին, ― պատմում է Աշոտ դային, ― ուզեցել է ընտանիք կազմել և նրան փրկել վերահաս կորստից․ այս նպատակով էլ նա ներկայանում է օրգաններին, խոստանում է հանձնել հանցագործներին, պայմանով, որ ատամանին ազատեն։ Խոստանում են, բոլորին ձերբակալում և դատում, իրեն էլ հետը։
― Մեղադրանքը՞, ― հարցնում եմ ես։
― Գողերին գողության, իսկ Լյալյային նրանց հետ կապ ունենալու և երկար ժամանակ թաքցնելու, չհայտնելու համար։
Ամբողջ պատմությունը։
Ահա և «գործարար բակը», որը ոչ մի նմանություն չունի ոչ մի բակի հետ։ Մոտ վեց հեկտարանոց բաց տարածություն է դա, որի վրա տեղավորված են արհեստանոցներ, պահեստներ, գրասենյակներ, աղյուսի չորանոցներ։ Արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերում կանգնած են հսկիչ աշտարակներ։ Աշտարակների վրա պահակները ձանձրանում են, ― փախուստի ոչ մի դեպք։ Մի անգամ միայն տագնապ եղավ մեծ և անասելի․ այդ գարնանն էր։
Երբ «գործարար բակի» ողջ ամձնակազմը երեկոյան հնգյակներով կանգնեց ճամբար վերադառնալու համար, ստուգման ժամանակ պարզվեց, որ չկա Վենիամին Զակինը, որի պաշտոնը խոհանոցում գետնախնձոր մաքրելն էր։ Իսկույն ականջից ականջ հայտնի եղավ, որ շատերը կասկածում էին, թե նա այն չէ, ինչ ցույց էր տալիս իրեն, որ անաշխատունակ, քամուց օրորվող, շատակեր, քնկոտ Զակինի դիմակի տակ «գործարար բակի» խոհանոցում կոճղի վրա նստած գետնախնձոր