Ավելացվել է 7073 բայտ,
11:55, 12 Նոյեմբերի 2013 {{Վերնագիր
|վերնագիր = Երկիր։Ցպահանջ…
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Երկիր։ Ցպահանջ…»]], «Ավանգարդ» 01.09.1989
}}
[[Category: Պոեմ]]
<poem>
Ձմեռ է դուրսը ըստ օրացույցի․
ձյուն է, հալոցք է, թե սառնամանիչք,
ճաղերից այս կողմ ջերմաստիճանը անփոփոխ է ―
հարկերում՝ 20,
նկուղում՝ 15։
Նախաճաշից իրիկնահաց,
իրիկնահացից նախաճաշ ընկած միջոցը նույնն է,
ուրբաթի գալը իմացվում է ոլոռի լափից․
ժամանակից դուրս եմ եմ ծերանում,
Քեզ ժամանակի հոսանքն է տանում՝ հայացքդ ափին,
ցավդ տանեմ։
Աղյուսակապ առաստաղի տակ լամպը հագչում է,
երբ փչանում է,
չի թարթում անգամ լարման անկումից,
լույսի տա քնում, լույսով զարթնում եմ
եւ պատին դարձած լուսամփոփիդ
նրանկատ շողքն եմ հիշում․
ցավդ տանեմ։
Համայն Ռուսիայի Ստանիչնի պրիստավ
նվաստ մականունով Ալեքսանդրի հիմնած զնդանում
ցաքուցրիվ կանք մի բուռ ընկերներ՝
Հայաստանի սրտից պոկած փերթ․
նույն խոհանոցից կեր ենք ստանում,
նույն միջանցքներն ենք ոտքի տակ տալիս,
սակայն իրարից այնքան ենք հեռու,
ինչքան ջղաձիգ Հայաստանից։
Մի տարվա ազատ կյանքի դիմաց
մի լրիվ կյանքի գին են ուզում,
ուզում են ընդմիշտ վերացած տեսնել
մահապարտ ոգին Ավարայրի,
ոնց կուզենային տասը տիկ հանել
դնեմ դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երեւանի։
Ինչ սրընթաց տարին բոլորեց,
ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երեւանի։
Ո՞նց ես ապրում Երեւանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ․․․
Հաշտվիր հետը․
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի, ―
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ
ինձանից տարած չլինեն։
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ։
Երեկ նայեցի հայելու խորքը,
տեսա՝ դեպի վերջն եմ գնում
եւ տեսա քեզ ձմեռային գորշ Երեւանում
մենակ ու սիրուն,
օձիքդ՝ բաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես․․․
Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
բաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երեւանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
եւ ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերավորներիս քույր,
հռչակեցի օպերայի հարս։
․․․Երգը վերջացավ,
խցի պատերը տեղը եկան,
հինգ տղամարդ պապանձված են շուրջը սեղանի,
պարզվեց՝ ռադիոն վանդակի մեջ է,
երկաթե դուռը՝ երիցս կողպած,
սիրտ չկա նայելու պատուհանին,
սիրտ չկա գդալը բերան տանելու,
բայց միջանցքում կերի սայլակը առաջ հրեցին,
եւ բանտն սթափվեց ապուշությունից։
Այստեղ թուլանալ չի կարելի․
օրերը հաշվել չի խրախուսվում,
դրսի կյանը մոռանալն է ճիշտ,
աշխարհաթող լինելն է փրկում, ―
սա այբուբեն է անազատ կյանքի,
որ հաշտվածները եղբայրաբար
սովորեցնում են շփոթվածներին,
եւ ով կարեցավ գիշերը տեսած երազը հիշել,
ասում են՝ կապրի։
Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը․
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած։
Եվ ո՞նց մոռանամ․
ես ձեզ ո՞ւմ պահ տամ, սիրելիներս,
երբ Աստված, այպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին․․․
Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում,
գնացածները տեսնես ո՞ւր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք համբառնան,
հրեշտակների այսչափ երամներ ո՞ր երկնքում կան,
բացի նզովյալ Հայաստանից։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրեւ է գալիս․
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները, ―
մենք ու մեր Աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվենք թաղից գարնանը հառնող վազի նման,
խչմարենք իրար ու ապավինեք, ձեր ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը։
Մոսկվա, Բուտիրյան բանտ
</poem>