Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 124 408 բայտ, 12:25, 15 Դեկտեմբերի 2014
Երկար ժամանակ լուռ նստած նայում էի Պեգգոտիին և մտածում՝ եթե նա հանկարծ դեն ձգի ինձ, ինչպես անում են հեքիաթներում, արդյոք ես չէ՞ի կարողանա նորից գտնել մեր տունը այն կոճակների օգնությամբ, որ նա անշուշտ թափած կլիներ ճանապարհին։
 
 
==Գ․ Գլուխ==
 
Փոփոխություն
 
 
Կառապանի ձին աշխարհիս ամենածույլ ձիերից մեկն էր․ գոնե ըստ իս։ Գլուխը քարշ գցած՝ նա հազիվ էր ոտքերը շարժում, կարծես թե հաճույք էր զգում այն մարդկանց համբերությունը փորձելուց, որոնք սպասում էին իր տարած ծրարներին։ Եվ ինձ թվում էր, թե նա իրոք երբեմն ծիծաղում է այդ հաճույքից․ բայց կառապանն ասում էր, թե միայն հազում է։
 
Կառապանն էլ իր ձիու նման սովոր էր գլուխը կախ գցել և շնչելիս՝ ձեռքերը ծնկներին դրած ու վայր թեքված՝ մրափել։ Ասում եմ քշելիս, բայց հավաստի եմ, որ ձին առանց քշվելու էլ կառքը Յարմաութ կհասցներ, որովհետև իր բանը լավ գիտեր, իսկ գալով խոսակցության, կառապանը սուլելուց զատ ուրիշ ձայն հանելու ընդունակ չէր։
 
Պեգգոտին ծնկների վրա մի զամբյուղ էր բռնել, որի միջի պաշարը, եթե Լոնդոն էլ գնալու լինեինք, մեզ կբավեր։ Մենք մեկ ուտում էինք, մեկ քնում։ Պեգգոտին քնելիս կզակը զամբյուղի ունկին էր դեմ տալիս, և եթե ինքս չլսեի, երբեք չէի հավատա, թե մի թույլ կինարմատ կարող է նրա նման սաստիկ խռմփոց հանել։
 
Ճանապարհին այնքա՜ն շատ պտույտներ արինք, այնքա՜ն տեղեր մտանք ելանք, որ ես հոգնեցի, և միայն երբ Յարմաութին մոտեցանք, ուրախություն զգացի։ Ծովափի ցած տարածությունը դիտելիս Յարմաութը ջրով տոգորված սև սպունգի նման մի խոնավ բան երևաց ինձ․ և ես մտածեցի, որ եթե երկիրը, աշխարհագրության դասաքրքիս ասելով, իրոք կլոր է, ուրեմն ինչպե՞ս կարող էր նրա մի մասն այդ աստիճան տափակ լինել։ Բայց երևի թե Յարմաութը բևեռներից մեկի վրա է, բացատրեցի ես, որ այդքան տափակ դիրք ունի։
 
Երբ ավելի մոտեցանք, տեսա որ ամբողջ տափարակի եզերքը ուղիղ գծով ձգված է երկնքի տակ, և ակնարկեցի Պեգգոտիին, որ եթե այդ տափարակի վրա տեղ֊տեղ բլրակներ պատահեին, եթե ցամաքը ծովից ավելի որոշակի զատված լիներ և քաղաքը ջրաթաթախ հացի նմամ թրջված չլիներ, տեսարանն ավելի սիրուն կլիներ։ Բայց Պեգգոտին սովորականից ավելի հաստատակամությամբ պատասխանեց, թե պետք է ամեն բան այնպես ընդունել, ինչպես որ կա, և թե իրեն գալով՝ նա Յարմաութի տառեխ անունն անգամ, որ տալիս են այդ քաղաքի բնակիչներին, պարծանք է համարում իր համար։
 
Երբ փողոց մտանք (որ շատ տարօրինակ թվաց ինձ) և ձկան, կուպրի, կանեփի, խծուծի ու ձյութի հոտը քթիս դիպավ, և ես տեսա դեսուդեն վազող նավաստիներ, ձկնորսներ և սալահատակի վրա դղրդող անթիվ սայլեր, այն ժամանակ զգացի, որ զուր եմ մեղադրել այդ գործունյա քաղաքը։ Այդ որ հայտնեցի Պեգգոտիին, նա հիացավ և ասաց, թե ամենքն էլ (երևի թե ի ծնե տառեխ կոչվելու շնորհ ունեցողները) գիտեն, որ Յարմաութը աշխարհիս ամենասիրուն քաղաքն է։
 
― Այս էլ քեզ, Էմը, ― գոչեց Պեգգոտին, ― այնպես է մեծացել, որ չես էլ ճանաչի։
 
Հեմն իրավ սպասում էր մեզ իջևանի դռան առջև, ինձ տեսնելուն պես նա հին բարեկամի նման առողջությունս հարցրեց։ Առաջին վայրկյանին իմ մտքից անգամ չանցավ, որ ես նույնքան եմ ճանաչում նրան, որքան և նա՝ ինձ, որովհետև իմ ծնվելու գիշերվանից նա ոտք չէր դրել մեր տունը։ Սակայն մեր բարեկամությունը շատ առաջ գնաց, երբ որ նա ինձ շալակելով՝ դեպի իրենց տունը տարավ։ Նա մի ահագին պատանի էր վեց ոտնաչափ բարձրությամբ, հաղթանդամ ու թիկնավետ․ բայց մանկական ժպտուն դեմքով և շիկագույն մազերով, որոնք ոչխարի բրդի նման գռուզ էին։ Հագին ուներ կոշտ քաթանից կարված բաճկոն և այնպիսի կարծր վարտիք, որ ինքն իրեն գետնի վրա կկանգներ, եթե մեջը սրունքներ անգամ չլինեին։ Իսկ այն բանը, ինչ որ ուներ գլխի վրա, ավելի հեշտ էր մի հին տան կպրոտ տանիք անվանել, քան գլխարկ։
 
Հեմը կրում էր ինձ իր մեջքի վրա, իսկ թևի տակ բռնել էր մեր արկղը։ Պեգգոտին տանում էր մյուս արկղը։ Մեր անցած փողոցները լիքն էին տաշեղի, բեկորների և ավազի կույտերով, անցանք գազի գործարանների, ճոպան մանելու, նավ շինելու, նավ կազմելու, նավ կպրելու, նավ խծծելու, նավ ծեփելու, նավ քանդելու սարայների, դարբնոցների և սրանց նման անթիվ շենքերի առջևից և վերջապես երբ հասանք այն միահարթ տխուր տափարակին, որ ես տեսել էի հեռվից, Հեմն ասաց․
 
― Այս էլ ձեզ մեր տունը, մաստր Դեվի։
 
Պշնելով նայեցի ամայի տարածության չորս կողմը, դեպի ծովը, դեպի գետը, բայց որևէ տան հետք անգամ չգտա։ Այնտեղ կար մի սև բարկաս կամ մի ուրիշ հնացած նավի նման շենք՝ բարձր և անշուք, ձագարի պես վրան տնկված մի երկաթե խողովակով, որ շատ հանդարտ ծխում էր․ դրանից զատ ես ուրիշ ոչինչ չէի տեսնում, որ մարդկային բնակության տեսք ունենար։
 
― Ա՞յդ է ձեր տունը, այդ նավի նման բա՞նը, ― հարցրի ես։
 
― Հենց այդ է, մաստր Դեվի, ― պատասխանեց Հեմը։
 
Ալադինի հրաշակերտ պալատում անգամ բնակվելը այնքան ինձ չէր հրապուրի, որքան այդ շենքում ապրելու միտքը։ Նավի մոտ մի սիրուն դռնակ էր բացվում։ Նա ուներ մի վերնահարկ և փոքրիկ֊փոքրիկ լուսամուտներ, սակայն ամենից հիանալին այն էր, որ նա հարյուր անգամ ջրերի վրա երթևեկած հին նավ էր, մի իսկական նավ, որ ցամաքի վրա բնակարան լինելու չէր կոչված։ Այդ էր ինձ հիացնողը։ Եթե նա հենց սկզբից բնակության համար շինված լիներ, ես նրան փոքրիկ կամ անհարմար և կամ մենավոր կգտնեի․ բայց քանի որ այդ նպատակով չէր շինված, ուրեմն կատարյալ բնակարան էր։
 
Ներսից նա վերին աստիճանի մաքուր էր, ամեն բան կարգին։ Մեջը կար մի սեղան, մի հոլանդական ժամացույց, մի պահարան և պահարանի վրա՝ մի ափսե, որի վրա նկարված էր հովանոց բռնած մի տիկին, հետն էլ զինվորի նման մի երեխա, որ շրջանակ էր գլորում։ Որպեսզի ափսեն չընկնի, նրա առջև մի սուրբ գիրք էր դրված, բայց եթե ափսեն հանկարծ ընկներ, գրքի շուրջը շարված բոլոր բամակները, պնակներն ու թեյամանը ջարդուփշուր կլինեին։ Պատերից կախված էին, շրջանակի մեջ և ապակու տակ, պատկերներ սրբազան պատմությունից։ Մինչև այսօր էլ այդպիսի պատկերներ փերեզակների ձեռքին տեսնելիս՝ ես իսկույն մտաբերում եմ Պեգգոտիի եղբոր տան ներքին ամբողջ տեսարանը։ Նկարների մեջ երևում էին կարմիր հագած Աբրահամը, որ գնում էր կապույտ հագած Իսահակին զոհելու, և գեղնազգեստ Դանիելը, որ նստած էր կանաչագույն առյուծների գբում։ Վառարանի քիվի վերևը երևում էր Սենդրլենդում շինված Սառա ջեն նավի պատկերը՝ իսկական փայտե կայմով, ― նկարչության ու հյուսնութայն մի սքանչելի ձեռնակերտ, որի նման տենչալի բան, իմ կարծիքով, չէր գտնվի աշխարհում։ Առաստաղի գերաններից քարշ էին արված մի քանի հատ երկաթե կեռեր, որոնց գործածությունը դեռ չէի հասկանում, և մի քանի գզրոզներ, արկղիկներ ու գործիքներ, որոնք կարող էին և աթռի տեղ գործածվել։
 
Շեմքից անցնելիս մի ակնարկ բավական էր, որ այդ բոլորը տեսնեի (չմոռանաք, որ սրատես մանուկ էի)։ Այնուհետև Պեգգոտին մի դռնակ բաց արեց՝ ննջարանը ցույց տվեց։ Դրա նման սիրուն ու կատարյալ ննջարան դեռ օրումս չէի տեսել ― մի փոքրիկ լուսամուտով նավի քթում, մի փոքրիկ հայելիով, որ խեցիների շրջանակ ուներ, մի փոքրիկ մահճակալով, որ ճիշտ իմ հասակի չափ էր, և ծովային բույսերի փնջիկով, որ դրված էր սեղանի վրա կապտագույն սափորի մեջ։ Պատերը ձյունի պես սպիտակ էին և վերմակը այնպես փայլուն, որ գրեթե աչք էր շլացնում։ Այդ հրաշալի տնակում մի բան առանձնապես ուշքս գրավեց․ դա ձկան հոտն էր, ― այն աստիճան թափանցիկ հոտ, որ երբ քիթս սրբելու համար թաշկինակս հանեցի, դա էլ այնպիսի հոտ արձակեց, որ հենց իմանաս մեջը խեցգետին փաթաթված լիներ։ Այս գյուտի մասին ես հայտնեցի Պեգգոտիին, և նա բացատրեց, որ իր եղբայրը ձուկ, խեցգետին, աստակոս և խաչափաս վաճառող է․ հետո կաթսաների ու տակառների սենյակում ես ինքս տեսա մի փոքրիկ ավազանի մեջ այդ կենդանիների մի ահագին դեզ, ուր նրանք զարմանալի կերպով իրար խառնված, շարունակ աշխատում էին մի բան բռնել և ինչ էլ բռնեին, այլևս բաց չէին թողնում։
 
Շատ քաղաքավարի կերպով ընդունեց մեզ սպիտակ գոգնոցով մի պառավ կին, որ արդեն սկսել էր մեզ ռեվեռանս անել, թեև ես Հեմի շալակին նստած՝ դեռ կես մղոն հեռու էի տանից։ Մեզ ողջունեց և մի շատ սիրուն փոքր աղջիկ (գոնե ինձ այդպես երևաց), որ վզին կապույտ ուլունքների մանյակ ուներ․ բայց նա մերժելով մերժեց իմ համբյուրը և իսկույն փախավ։ Համեղ ճաշը երբ վերջացրինք, ― պատրաստել էին խաշած ձուկ, կարագի մեջ տապակած գետնախնձոր և, հատուկ ինձ համար, կոտլետներ, ներս մտավ մի երկայնահեր տղամարդ, որ շատ բարի դեմք ուներ։ Տեսնելով որ նա Պեգգոտիին «սիրունիկս» անվանեց և մի ամուր համբյուր տվեց նրա թշին, իսկույն իմացա, (քանի որ Պեգգոտիի սովորական համեստությունն ինձ հայտնի էր), որ եկվորը նրա եղբայրը կլինի, ինչպես և իրոք ստուգվեց, երբ մեզ իրար հետ ծանոթացրին և ասացին, թե նա միստր Պեգգոտին է, տանտերը։
 
― Ուրախ եմ, սըր, որ տեսնում եմ ձեզ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Մենք անտաշ կոպիտ մարդիկ ենք, բայց ձեզ ծառայելու միշտ պատրաստ։
 
Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ անկասկած երջանիկ կլինեմ այս հիանալի տնակում։
 
― Ինչպե՞ս է ձեր մայրիկը, սըր, ― հարցրեց մր․ Պեգգոտին։ ― Արդյոք լիովին առո՞ղջ թողիք նրան։
 
Պաատասխանեցի, թե այո, բոլորովին առողջ, զվարթ և ավելացրի, թե մայրիկս շատ֊շատ ողջունում է նրան, մր․ Պեգգոտիին, թեև ասածս մի հնարովի բան էր։
 
― Շա՜տ շնորհակալ եմ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Դե ուրեմն, եթե կամենաք մի երկու շաբաթ մեզ մոտ մնալ սրա հետ (իր քրոջն ակնարկելով) և Հեմի ու փոքրիկ Էմլիի հետ միասին, ես անչափ ուրախ կլինեմ։
 
Այսպիսի հյուրասիրություն ցույց տալուց հետո մր․ Պեգգոտին գնաց երեսը կաթսայի եռման ջրով լվանալու, ասելով թե՝ «սառ ջուրը երբեք կեղտը ամբողջովին չի մաքրում»։ Նա իսկույն ետ եկավ, ավելի վայելուչ կերպարանք ստացած, բայց այն աստիճան կարմրած, որ չէի կարող չնկատել, թե նրա երեսը մի բանով նման է խեցգետնի, աստակոսի և խաչափառի, ― նման նրանով, որ նա տաք ջուր չմտած շատ սև էր, իսկ դուրս գալուց հետո՝ շատ կարմիր։
 
Թեյից հետո, երբ դռները փակեցին և բոլորս միասին հավաքվեցինք (գիշերներն արդեն միգապատ ու ցուրտ էին), մեր օթևանը այնպես հաճելի երևաց ինձ, որ ասել անգամ չեմ կարող։ Լսել հողմի մռնչալը ծովի վրա, գիտենալ, որ մառախուղը փռված է դրսում՝ ամայի շրջակայքում, նայել կրակին և մտածել, որ չորս կողմը ուրիշ տուն չկա, և այն մեկն էլ, ուր նստած ես, մի նավ է, ― արդարև մի դյութիչ բան էր։ Փոքրիկ Էմլին էլ չէր քաշվում և եկել նստել էր իմ կողքին ամենացածրիկ և վերջին սնդուկի վրա, վառարանի անկյունում, ուր միայն երկուսիս նստելու չափ տեղ կար։ Գոգնոցով պառավը բան էր հյուսում կրակի հանդեպ։ Կարով զբաղված Պեգգոտին այն աստիճան տանն էր զգում ինքն իրեն, իր սուրբ Պողոսի և մոմի կտորի հետ, որ կարծես դրանք իրենց կյանքում մի ուրիշ հարկ տեսած անգամ չլինեին։ Հենը, որ արդեն տվել էր ինձ կոնչինայի առաջին դասը, աշխատում էր մտաբերել բախտ գուշակելու մի եղանակ, և թղթերը շուռ տալիս՝ իր ձկնոտ բթամատով հետք էր դրոշմում նրանց վրա։ Մր․ Պեգգոտին լիվլե էր ծխում։ Զգում էի, որ մտերմական խոսակցության րոպեն հասել է։
 
― Մր․ Պեգգոտի, ― ասացի ես։
 
― Ի՞նչ կհրամայեք, սըր։
 
― Դուք նրա՞ համար եք Հեմ անվանել ձեր որդուն, որ Նոյի պես տապանի մեջ եք բնակվում։
 
Մր․ Պեգգոտին կարծես թե շատ խորիմաստ գտավ այդ գաղափարը, և ասաց․
 
― Ո՛չ, սըր։ Ես նրան երբեք որևէ անուն չեմ տվել։
 
― Հապա ո՞վ է դրել այդ անունը, ― հարցրի ես։
 
― Իհարկե հայրը, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
― Կարծում էի, թե հայրը դուք եք։
 
― Ջոն եղբայրս էր նրա հայրը, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
― Արդեն մեռե՞լ է, հարցրի ես մի կարճատև լռությունից հետո։
 
― Խեղդվել է, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
Շատ զարմացա, որ մր․ Պեգգոտին Հեմի հայրը չէ, և կամենալով տան մյուս անդամների աջակցության աստիճանն էլ ճիշտ իմանալ, ուղղակի դիմեցի մր․ Պեգգոտիին․
 
― Իսկ փորքիկ Էմլի՞ն, ― հարցրի ես, աչքս աղջկա կողմը դարձնելով։ ― Սա ձե՛ր աղջիկն է, չէ՞, մր․ Պեգգոտի։
 
― Ո՛չ, սըր։ Իմ աներձագ Տոմի աղջիկն է։
 
Մի երկրորդ պատկառելի լռությունից հետո ակամա հարցրի․
 
― Նա է՞լ է մեռել, մր․ Պեգգոտի։
 
― Խեղդվել է, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
Զգում էի, թե որքան դժվար է նույն նյութը շոշափել, բայց դեռ ամեն բան չէի իմացել, այնինչ ուզում էի իմանալ։ Ուստի հարցրի։
 
― Իսկ դուք ինքներդ որդի չունե՞ք, մր․ Պեգգոտի։
 
― Ո՛չ, մաստեր, ― պատասխանեց նա թեթև ժպտալով։ ― Ես ամուրի եմ։
 
― Ամուրի՞, գոչեցի ես զարմացած։ ― Ուրեմն սա ո՞վ է, մր․ Պեգգոտի։ ― Եվ այս ասելիս մատնացույց արի բան հյուսող գոգնոցավոր պառավին։
 
― Դա միստրիս Գըմիջն է, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
Սակայն այդ վայրկյանին Պեգգոտին, իմ դայակ Պեգգոտին, այնպես ազդու նշան արեց՝ էլ ուրիշ բան չհարցնելու, որ ես ստիպվեցի մինչև մեր քնելու ժամը մունջ նստել և մեր լռիկ շրջանը դիտել։ Այնուհետև Պեգգոտին, իմ փոքրիկ ննջարանում բացատրեց ինձ, թե Հեմը և Էմլին որբեր են․ մեկը տանտիրոջս եղբորորդին է, մյուսը՝ աներձագի աղջիկը․ նա երկուսին էլ որդեգրել է ամենափոքր հասակից, իսկ մրս․ Գըմիջը նրա ընկերոջ այրին է, մի ընկերոջ, որ թշվառության մեջ էր ընկել ու մեռել։ ― «Եղբայրս էլ մի չքավոր մարդ է», ― ասաց Պեգգոտին, ― «բայց ոսկու նման ազնիվ է և երկաթի պես հավատարիմ», ― սրանք Պեգգոտիի բուն խոսքերն են։ Սակայն նրա ասելով, մի բան միայն կարող էր շատ զայրացնել եղբորը և հիշոցներ ասել տալ․ այդ նրա վեհանձնության մասին ակնարկելն էր․ այդ մասին խոսք բացվելիս՝ նա աջ բռունցքով սաստիկ խփում էր սեղանին (այդպիսի հարվածից արդեն մի սեղան կոտրվել է) և սոսկալի երդում անում, որ եթե նորից բան ասեն, նա ինքն իրեն կխողխոհի և կամ կփախչի։ Ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ այդ սարսափելի խողխողել բառը, բայց բոլորն էլ վկայեցին, թե անպատճառ մի հանդիսավոր անեծք կլինի։
 
Սիրտս հաստատ վկայում էր, որ տանտերը բարի մարդ է, և մի անուշ թմրության մեջ լսում էի, թե ինչպես կանայք նավի մյուս խուցը հեռացան, որ իմի նման փոքրիկ էր, և ինչպես մր․ Պեգգոտին և Հեմը երկու հեմըկ<ref>Hammock ― ճոճի նման անկողին</ref> կախ տվին առաստաղի կեռերից, որոնց մասին հիշված է վերևում։ Եվ մինչ նիրհս սաստկանում էր, ծովի կողմից մոլեգնաբար մռնչող քամին, ալիքները վրդովելով, մի տեսակ ահ էր ձգում սրտիս մեջ, թե կես գիշերին անդնդասույզ կլինենք․ բայց միևնույն ժամանակ զգում էի, որ վերջ ի վերջո նավի մեջ եմ, և մր․ Պեգգոտին այստեղ է և մեզ կօգնի, ինչ վտանգ էլ պատահեր։
 
Սակայն գիշերը հանգիստ անցավ։ Եվ հենց որ արևի լույսը հայելուս խեցապատ շրջանակի վրա փայլեց, ես վեր կացա ու դուրս վազեցի Էմլիի հետ քարեր հավաքելու ծովափին։
 
― Դու, կարծեմ, լավ նավաստի ես, ― ասացի ես Էմլիին։
 
Չեմ կարող պնդել, թե կարծիքս իրոք այդ էր, սակայն քաղաքավարությունը պահանջում էր մի բան ասել, և այդ րոպեին մեր մոտով անցնող առագաստը այնպես ցոլաց Էմլիի պայծառ աչքերի մեջ, որ ես իսկույն ներշնչվեցի այդ իսկ միտքը հայտնելու։
 
― Ո՛չ, ― պատասխանեց Էմլին, գլուխը շարժելով։ ― Ես ծովից վախենում եմ։
 
― Վախենո՜ւմ, ― գոչեցի ես մի պարծենկոտ արիությամբ և համարձակ մտիկ տվի հսկայազոր օվկիանոսին։ ― Իսկ ես ամենևին չեմ վախենում։
 
― Ա՜հ, ծովը սաստիկ անգութ է, ― ասաց Էմլին։ ― Ես տեսել եմ՝ որքան անգութ էր մերոնցից մի քանիսի հետ։ Տեսել եմ, ինչպես նա մեր տան չափ մի մեծ նավ ջարդուփշուր արեց։
 
― Չլինի թե հենց այն նավը․․․
 
― Որի վրա հա՞յրս խեղդվեց, ― ասաց Էմլին։ ― Ո՛չ։ Այն չէ․ ես երբեք այն նավը չեմ տեսել։
 
― Հայրիկի՞դ էլ չես տեսել, ― հարցրի ես։
 
Փոքրիկ Էմլին գլուխը թոթվեց և ասաց․
 
― Չեմ հիշում, որ տեսած լինեմ։
 
Ինչպիսի՜ զուգադիպություն։ Սկսեցի պատմել, թե ես էլ իմ հորը երբեք չեմ տեսել, թե մայրիկս ու ես երջանիկ ենք միասին և հուսով ենք, որ միշտ էլ այդպես երջանիկ կապրենք․ թե հորս գերեզմանը մեր տան մոտի հանգստարանումն է, մի ծառի տակ, որի շուրջը ես շատ անգամ ման եմ գալիս լուսադեմին, թռչնիկների ծլվլոցը լսելով։ Սակայն Էմլիի ու իմ որբության միջև, ինչպես որ իմացա, մի տեսակ տարբերություն կար։ ― Նրա մայրը հորից առաջ էր մեռել, և թե հոր գերեզմանը որտե՞ղ էր, ոչ ոք չգիտեր․ միայն այս բանը հայտնի էր, որ ծովի խորքումն է։
 
― Հետո, ― ասաց Էմլին, խեցիներ ու կոպիճներ որոնելով, ― քո հայրը մի պարոն էր, մայրդ էլ տիկին է, իսկ իմ հայրը ձկնորս էր, մայրս էլ ձկնորս, ապերս էլ ձկնորս է։
 
― Ապե՞րդ, մր․ Պեգգոտի՞ն, ― հարցրի ես։
 
― Ա՛յ նա, որ այնտեղ է, ― պատասխանեց Էմլին, նավի կողմը նայելով։
 
― Այո, իմ խոսքն էլ նրա մասին է։ Նա կարծեմ շատ բարի մարդ է, չէ՞։
 
― Բարի՞, ― ասաց Էմլին։ ― Եթե ես մի ազնվական տիկին լինեի, նրան մի երկնագույն կապա կընծայեի ադամանդե կոճակներով, մի զույգ նանկինի վարտիք, մի կարմիր թավշե բաճկոնակ, մի լայնեզր ծուռ գլխարկ, մի մեծ ոսկե ժամացույց, մի արծաթե ծխաքաշ և ոսկով լիքը մի սնդուկ։
 
Ես հաստատեցի, որ մր․ Պեգգոտին անտարակույս արժանի է այդ գանձերին։ Միայն թե, ճշմարիտն ասեմ, փոքր֊ինչ դժվարանում էի պատկերացնել նրան այնպես շքեղ պճնված, ինչպես որ կցանկանար տեսնել նրան իր աների թոռնիկը․ վստահ չէի մանավանդ, որ լայնեզր ծուռ գլխարկը նրան որևէ կերպ հարմար գար։
 
Վերոհիշյալ իրերը թվելիս Էմլին դիտում էր կապույտ երկինքը, ասես թե մի փառավոր տեսիլ նշմարելով վերևում։ Մենք շարունակեցինք խեցիներ ու կոպիճներ որոնել։
 
― Դու կուզենայի՞ր տիկին լինել, ― հարցրի ես։
 
Էմլին վրաս նայեց և «այո» ասաց ծիծաղելով։
 
― Այո՛, շատ կուզենայի։ Այն ժամանակ բոլորս պարոններ և տիկիններ կլինեինք․ ես էլ, ապերն էլ։ Հեմն էլ, մրս․ Գըմիջն էլ։ Այն ժամանակ չէինք վախենա փոթորկից։ Եվ եթե խեղճ ձկնորսներին որևէ փորձանք պատահեր, նրանք վստահ կլինեին, որ մենք փողով կօգնենք նրանց։
 
Այս բոլորը շատ գոհացուցիչ, ուրեմն և շատ բնական թվացին ինձ։ Ես գովեցի Էմլիի նկարագրած պատկերը, և նա սիրտ առնելով ինձ կամացուկ հարցրեց․
 
― Ուրեմն դու ծովից չե՞ս վախենում։
 
Ծովն այնքան հանդարտ էր, որ կարող էի համարձակ վրան նայել, բայց հավատացած եմ, որ եթե մի թեթև ալիք դեպի իմ կողմը թավալվեր, ես լեղապատառ կփախչեի, Էմլիի ջրահեղձ ազգականներին հիշելով։ Բայց և այնպես պատասխանեցի «ոչ» ― և հարեցի․ «կարծեմ դու էլ չես վախենում, թեև ասացիր, թե վախենում ես», ― որովհետև նա գնում էր իսկ և իսկ այն փայտաշեն խարխուլ թմբի եզրով, որի վրա ցատկել էինք, և ես իրոք վախենում էի, թե նա կընկնի։
 
― Է՛հ, այստեղ վախենալու բան չկա, ― ասաց Էմլին։ ― Բայց ծովի գոռալու ժամանակ ես սարսափով վեր եմ ցատկում քնած տեղից և դողալով մտածում եմ ապոր ու Հեմի մասին, ինձ թվում է, թե նրանք կանչում են ― օգնեցեք մեզ, օգնեցե՜ք։ Ահա դրա համար ես կցանկանայի տիկին լինել։ Իսկ այժմ այստեղ ամենևին ահ չեմ զգում։ Այ, տե՛ս։
 
Նա առաջ վազեց մի անհարթ գերանի վրայով, որ բավական բարձր տեղից ձգվում էր դեպի անդունդը՝ առանց որևէ բազիրքի։ Այս դեպքը այն աստիճան ազդեց վրաս, որ եթե ես նկարիչ լինեի, այսօր անգամ ճշտությամբ կնկարեի նրան և ցույց կտայի, թե ինչպես էր Էմլին դեպի մահ սլանում՝ ծովին ուղղած հայացքով, որ երբեք չպիտի մոռանամ։
 
Թեթև, համարձակ, ճկուն, ժիր աղջիկը, վազելով ետ եկավ, և ես ծիծաղեցի երլկյուղիս ու ճիչիս վրա, որ զուր էի արձակել, զուր, որովհետև մոտերքում ոչ ոք չկար, որ օգներ։ Սակայն տարիներ անցնելուց հետո, արդեն այրական հասակում, ես շատ անգամ հարցրել եմ ինձ, թե երեխայի այդ հանկարծական հանդգնության և նրա խիզախ հայացքի մեջ արդյոք չկա՞ր (ինչեր չկան, որ մեզ անհայտ են) մի տեսակ որդիական կարեկցություն դեպի հայրը, մի բուռն փափագ միանալու նրա հետ ալիքներում, նույն այդ օրը վերջ դնելով իր կյանքին։ Եղել է մի ժամանակ, երբ մտածել եմ․ եթե նրան սպասող կյանքը հանկարծ բացվեր աչքիս առջև և այնպես բացվեր, որ ես կարենայի մանուկ խելքովս լավ ըմբռնել այդ կյանքը, և եթե դրան պահպանելը իմ բազկի մեկ շարժումից կախված լիներ, ― արդյոք բազուկս կմեկնեի՞ փրկելու նրան անկումից։ Եղել է ժամանակ ― չեմ ասի, թե երկար, ― երբ ես հարցրել եմ ինքս ինձ․ եթե այն առավոտ փոքրիկ Էմլին աչքիս առջև անհետանար ծովի մեջ, ավելի լավ չէ՞ր լինի, ― և պատասխան տվել․ այո՛, ավելի լավ կլիներ։
 
Այս մասին գրել գուցե դեռ վաղ է։ Թերևս շտպելու հարկ չկա։ Բայց թող գրածս գրված մնա։
 
Երկար ժամանակ ման եկանք, զանազան իրեր հավաքելով, և մի քանի հատ ծովաստղ ջուրը նետեցինք։ Ես դեռ այնքան ծանոթ չէի այդ կենդանիների հետ, որ գիտենայի՝ արդյոք նրանք գո՞հ են մեր արարքից, թե՞ դժգոհ։ Վերջ ի վերջո ճանապարհ ընկանք դեպի տուն։ Երբ հասանք խեցգետինների ավազանին՝ ես ու Էմլին մի անմեղ համբյուր տվինք մեկմեկու և երկուսս էլ զբոսանքից կարմրած՝ առույգ֊առույգ ներս մտանք նախաճաշիկ անելու։
 
― Կարծես երկու սայրակ լինեն, ― ասաց մր․ Պեգգոտին․ և ես այդ խոսքը փաղաքշանքի տեղ ընդունեցի։
 
Ավելորդ է ասել, որ ես արդեն սիրահարված էի Էմլիի վրա։ Եվ հարկավ իմ սերը դեպի այդ մանուկն ավելի գողտրիկ էր, ավելի քնքուշ, ավելի մաքուր ու անձնվեր, քան պատանեկան հասակի սերը, որքան էլ սա վսեմ լինի և ազնիվ։ Այդ կապտաչյա երեխան մի տեսակ եթերական շողերով էր շրջապատված մտքիս մեջ և հրեշտակ էր թվում ինձ։ Եվ եթե նա մի լուսապայծառ առավոտ թևեր ստանար և աչքիս առջև երկինք սլանար, այդ երևույթը ես շատ բնական կգտնեի։
 
Ամբողջ ժամերով ձեռք֊ձեռքի տված զբոսնում էինք Յարմաութի միակերպ տափարակի վրա։ Օրերը զվարթ անցնում էին, ասես թե նույնիսկ ժամանակը դեռ մանուկ լիներ և մեր խաղերին մասնակցեր։ Ես ասացի Էմլիին, որ պաշտում եմ նրան և պատրաստ եմ թրով մեռցնել ինձ, եթե նա էլ ինձ չսիրի։ Նա պատասխանեց, թե ինքն էլ ինձ է սիրում է, և ես վստահ եմ, որ ասածը ճշմարիտ էր։
 
Գալով մեր վիճակի անհավասարության, մեր հասակի մանկության և կամ որևէ ուրիշ արգելքի, ― Էմլին ու ես անփույթ էինք այդ մասին, որովհետև մեզ համար ապագան գոյություն չուներ․ մենք ապրում էինք ներկայով։ Մրս․ Գըմիջը և Պեգգոտին հիացած էին մեր վրա, և մի երեկո, մինչ Էմլին ու ես իրար գուրգուրելով նստած էինք սնդուկի վրա, նրանցից մեկը շշնջաց․ «Աստաված իմ, որքան սիրուն է այդ զույգը»։ Մր․ Պեգգոտին ժպտաց, իսկ Հեմն ամբողջ երեկո քիթ֊բերանը ծռմռելով անցկացրեց։ Երևի թե մենք նրանց համար մի սիրուն խաղալիք էինք և կամ Կոլիսիոնի մանրանկար պատկերի նման զվարճալի մի բան։
 
Շուտով նկատեցի, որ մրս․ Գըմիջը այնքան գոհ չէ, որքան պետք էր սպասել մր․ Պեգգոտիի հոգատարությանը նայելով։ Նա շարունակ տրտում էր և երբեմն ավելի էր փնթփնթում, քան կուզենար մեր փոքրիկ ընկերությունը։ Ես նրան շատ էի ափսոսում, բայց երբեմն էլ մտածում էի, թե նույնիսկ մրս․ Գըմիջի համար ավելի լավ կլինի, եթե նա մի ջոկ սենյակ ունենա և այնտեղ նստի, մինչև որ սիրտը զվարճանա։
 
Երբեմն մր․ Պեգգոտին Զվարթ ընկերոջ պանդոկն էր գնում։ Այդ ես իմացա մեր գալու երրորդ կամ չորրորդ իրիկունը, երբ մրս․ Գըմիջը, ժամը ութից փոքր֊ինչ անց, մտիկ տվեց հոլանդական ժամացույցին և ասաց․ «Ես գիտեմ, նա այնտեղ է․ վաղուց գիտեի, որ այնտեղ կերթա»։
 
Ամբողջ օրը մրս․ Գըմիջը դժգոհ էր, իսկ երեկոյան դեմ, երբ կրակը ծուխ էր տալիս, մինչև անգամ արտասվեց։ ― Օ՜հ, ես մի խեղճ, անտուն անտեր արարած եմ, ― ասաց նա այդ անախորժ պատահարի պատճառով։ ― Ամեն ինչ ինձ հակառակ է։
 
― Է՜հ, շուտով կանցնի, ― ասաց Պեգգոտին։ ― Չէ՞ որ ծուխը մեզ էլ այնքան անախորժ է, որքան և ձեզ։
 
― Բայց ես ավելի եմ զգում, ― ասաց մրս․ Գըմիջը։
 
Շատ ցուրտ օր էր, քամին թափանցող։ Մրս․ Գըմիջի վառարանի մոտ բռնած անկյունը իմ կարծիքով ամենատաքն էր, և ամենից հանգիստ աթոռը անշուշտ նրանն էր․ բայց նա դարձյալ դժգոհ էր։ Անդադար գանգատվում էր, թե ցուրտ է, թե ցուրտը մրջյունի պես նրա մեջքը ծակոտում է։ Ի վերջո նա լաց եղավ և կրկնեց, թե ինքը մի թշվառ, անօգնական էակ է, և ամեն բան իր ցանկության հակառակ է կատարվում։
 
― Իրավ շատ ցուրտ է, ― ասաց Պեգգոտին։ ― Բոլորս էլ զգում ենք։
 
― Բայց ես ամենից ավելի եմ զգում, ― ասաց մրս․ Գըմիջը։
 
Միևնույնը կրկնվեց և ճաշին, երբ ես, իբրև մի պատվավոր հյուր, ավելի առաջ մեծարվեցի, քան թե մրս․Գըմիջը։ Ձկներն էլ կոշտ ու մանրիկ թվացին նրան, գետնախնձորն էլ փոքր֊ինչ այրված։ Բոլորս համամիտ էինք, որ այդ մի անախորժ պատահմունք է․ բայց մրս․ Գըմիջն ասաց, թե նա մեզանից ավելի է զգում այդ բանը, և սկսեց նորից արտասվել, վերոհիշյալ տրտունջը ավելի սաստիկ կրկնելով։
 
Հետևաբար, երբ մր․ Պեգգոտին ժամը մոտ իննին տուն եկավ, անկյունում նստած վշտահար մրս․ Գըմիջը ամենաթշվառ և ողորմելի դրության մեջ էր։ Պեգգոտին զվարթ սրտով կարում էր։ Հեմն իր ահագին կոշիկներն էր կարկատում․ իսկ ես փոքրիկ Էմլիի հետ նստած, բան էի կարդում ամենքի համար։ Մրս․ Գըմիջն ամբողջ երեկո հառաչանքից բացի, մի ուրիշ ձայն չէր հանել և աչքերը չէր բարձրացրել։
 
― Դե, ինչպե՞ս եք, իմ սիրելիք, ― ասաց մր․ Պեգգոտին, իր աթոռի վրա նստելով։ ― Ինչպե՞ս է գնում ձեր գործը։
 
Բոլորս էլ մի֊մի ողջույն տվինք նրան, բացի մրս․ Գըմիջից, որ միայն գուլպայի վրա գլուխը շարժեց։
 
― Ի՞նչ ես քիթդ կախ արել, ― ասաց մր․ Պեգգոտին, ձեռքերն իրար խփելով։ ― Սիրտ առ, նանի։ (Մր․ Պեգգոտին ուզում էր ասել՝ պառավ աղջիկ)։
 
Մրս․ Գըմիջը, ըստ երևույթին, սիրտ առնելու տրամադիր չէր։ Նա գրպանից հանեց մետաքսե սև թաշկինակը և աչքերը սրբեց․ բայց փոխանակ նորից գրպանը դնելու, պահեց ձեռքում, էլի մի անգամ աչքերը սրբեց և շարունակեց ձեռքում պահել թաշկինակը, որպեսզի մյուս անգամ էլ գործածելու պատրաստ լինի։
 
― Ի՞նչ է պատահել, ա՜յ նանի, ― ասաց վերստին մր․ Պեգգոտին։
 
― Ոչինչ, ― պատասխանեց մրս․ Գըմիջը։ ― Դու Զվարթ ընկերի՞ց ես գալիս, Դանիել։
 
― Այո՛, այս երեկո էլ մի քիչ նստեցի Զվարթ ընկերում, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
― Շատ ցավում եմ, որ ես եմ քեզ այնտեղ քշում, ― ասաց մրս․ Գըմիջը։
 
― Ինձ քշե՞լ։ Ինչո՞ւ քշել, ― պատասխանեց մր․ Պեգգոտին ծիծաղելով։ ― Ես հո սիրով եմ այնտեղ գնում։
 
― Շատ սիրով, ― ասաց մրս․ Գըմիջը գլուխը շարժելով։ ― Այո՛, այո՛, շատ սիրով։ Ցավում եմ, որ այնտեղ գնալուդ պատճառը ես եմ։
 
― Դո՞ւ։ Այդպիսի բան իմ մտքով անգամ չի անցել, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Խնդրեմ, դու էլ այդպիսի բաներ չմատածես։
 
― Այո՛, այո՛, ― գոչեց մրս․ Գըմիջը։ ― Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ես մի թշվառ, անտեր, անտիրական արարած եմ, և գիտեմ, որ ոչ միայն ինձ բոլորն հակառակ են, այլև ես մի բեռ եմ դարձել բոլորի համար։ Այո՛, այո՛, ես ուրիշնեից ավելի եմ զգում․․․ ա՛յդ է իմ ցավը։
 
Ականջ դնելով այդ բոլորին, ես ակամա մտածեցի, թե բացի մրս․ Գըմիջից՝ տան մյուս անդամներն էլ կարող են վարակվել, այդ ցավով։ Սակայն մր․ Պեգգոտին այդպիսի բան չմտածեց, այլ միայն խնդրեց մրս․ Գըմիջին, որ սիրտ առնի ու զվարթանա։
 
― Ինքս էլ չգիտեմ, ի՞նչ եմ ուզում, ― ասաց մրս․ Գըմիջը։ ― Գիտեմ միայն, թե ես ինչ եմ։ Իմ վշտերն ինձ դառնացրել են։ Ես զգում եմ վշտերս, և ահա դրանք են դառնացնում ինձ։ Երանի թե չզգայի, բայց որ զգո՜ւմ եմ։ Երանի թե մի անզգա սիրտ ունենայի, բայց որ չունե՜մ։ Ես մի բեռ եմ այս տան համար։ Չեմ էլ զարմանում, որ այսպես եմ։ Ես գիշեր֊ցերեկ տանջում եմ թե՛ ձեր քրոջը և թե՛ մաստեր Դեվիին։
 
Իմ գութն էլ այժմ շարժվեց, և ես գոչեցի ամենամեծ տագնապով․
 
― Ո՛չ, մրս․ Գըմիջ, դուք ամենևին էլ չեք տանջել ինձ։
 
― Ես գիտեմ, որ արածս լավ չի․ ինձ պետք էր հենց սկզբից անկելանոց գնալ։ Լավ էր գնայի մեռնեի։ Ես մի անօգնական թշվառ էակ եմ։ Ամեն բան ինձ հակառակ է, ես էլ բոլորին զզվեցրել եմ․ ուրեմն թողեք գնամ, կորչեմ այստեղից։ Լավ է, Դանիել, մեր գյուղի անկեկանոցը գնամ, այնտեղ մեռնեմ, որ դուք էլ ինձնից ազատվեք։
 
Մրս․ Գըմիջն այդ ասելով հեռացավ և քնելու գնաց։ Նրա գնալուց հետո մր․ Պեգգոտին, որ թեև լուռ էր, բայց սրտով շատ կարեկցում էր պառավին, մեկ֊մեկ նայեց բոլորիս, մինչ նրա դեմքն այդ զգացմունքից հուզված էր, և քչփչաց․
 
― Իր ծերուկն է միտքն ընկել։
 
Ես չհասկացա, թե որ ծերուկն է մրս․ Գըմիջի միտքը գրավել, բայց իմ պառկելու ժամանակ Պեգգոտին հայտնեց ինձ, թե ծերուկը հանգուցյալ մր․ Գըմիջն է․ թե մրս․ Գըմիջի տխրելուն պես եղբայրը սովոր է այդ բացատրությունը առաջ բերել, իբր մի հաստատ ճշմարտություն, որ միշտ հուզել է նրա սիրտը։ Փոքր֊ինչ հետո ես լսեցի, թե ինչպես մր․ Պեգգոտին իր ճոճից, ուր արդեն պառկել էր, մի քանի անգամ կրկնեց Հեմին․ «Խեղճ կին, ծերուկն է միտքն ընկել»։ Այնուհետև հենց որ մր․ Գըմիջի վրա նորից մի թախիծ էր գալիս, ― ինչը որ մի քանի անգամ կրկնվեց մեր այնտեղ լինելու միջոցին, ― մր․ Պեգգոտին միևնույն պատճառով էր արդարացնում պառավի վիշտը, միշտ էլ ջերմ կարեկցությամբ։
 
Այսպես անցավ երկու շաբաթ, առանց ուրիշ փոփոխության, բացի ծովի հորդելուց ու նվազելուց, որոնց համեմատ փոխվում էին մր․ Պեգգոտիի գնալ֊գալու ժամերը, ինչպես և Հեմի զբաղմունքները։ Պարապ ժամերին Հեմը մեզ հետ զբոսնելու էր գնում, և զանազան նավեր ու նավակներ ցույց տալիս․ մի երկու անգամ էլ մեզ մակույկով ծովի վրա պտտեցրեց։ Չգիտեմ ինչն է պատճառը, որ մարդուս մեջ մի քանի թեթև տպավորություններ մի տեղի հետ ավելի սերտ են շաղկապվում, քան մյուսի․ սակայն շատերը կվկայեն, որ իրենք էլ այդ նկատել են՝ մանավանդ իրենց մանկության հիշատակների շրջանում։ Երբեք չի պատահել, որ ես Յարմաութի անունը կարդալով կամ լսելով՝ նույն րոպեին չմտաբերեի մի կիրակի առավոտ, երբ նստած էինք ծովափին։ Եկեղեցու զանգը հնչում էր․ փոքրիկ Էմիլին հենված էր ուսիս․ Հեմն անհոգաբար քարեր էր նետում ծովի մեջ, իսկ արեգակը ջրի երեսի թանձր մեգը քշելով, ցոլացնում էր հեռավոր նավերը և նրանց ստվերները։
 
Վերջապես մեկնելու օրը հասավ։ Ես արիություն ունեցա մնաս բարով ասելու մր․ Պեգգոտիին և մրս․ Գըմիջին․ բայց փոքրիկ Էմլիից բաժանվելու մասին մտածելիս սիրտս գրեթե խորտակվում էր։ Մենք թև֊թևի տված մինչ իջևվանը գնացինք, ուր կառքը կանգնելու էր, և ճանապարհին խոստացա նամակ գրել նրան։ (Այս խոստումը հետո կատարեցի, գրելով նրան մի այնպիսի նամակ, որի տառերը վարձու բնակարաններ ծանուցող հայտարարությունների տառերից էլ խոշոր էին)։ Շատ մորմոքիչ էր մեր հրաժեշտի վայրկյանը, և սրտիս մեջ երբեք այդպիսի դատարկություն չէի զգացել, ինչպես այն օրը։
 
Ամբողջ բացակայությանս միջոցին ես ապերախտ էի գտնվել դեպի մեր տունը․ շատ սակավ էի հիշել նրան և կամ բնավ չէի հիշել։ Սակայն հենց որ մեկնեցինք, մանկական խիղճս կշտամբելով ցույց տվեց ինձ դեպի տուն տանող ճանապարհը, և որքան վիշտս սաստկանում էր, այնքան ավելի զգում էի, որ իմ բույնը այնտեղ է, որ իմ սփոփանքը և ընկերը մայրս է։
 
Եվ քանի առաջ էինք գնում, այդ զգացումս աճում էր, և որքան մեզ հանդիպող ծանոթ իրերը շատանում էին, այնքան էլ մեր տունը տեսնելու, մայրիկիս գիրկն ընկնելու ջերմ փափագս սաստկանում էր։ Բայց Պեգգոտին իմ ոգևորության մասնակից լինելու փոխարեն՝ աշխատում էր զսպել ինձ (թեև շատ քնքշաբար), և անհանգիստ ու շփոթված էր երևում։
 
Բայց և այնպես, մեր տունը, մեր Բլենդրոտըն Րուկրին վերջ ի վերջո երևան եկավ մեր ձիու ուզած րոպեին։ Ինչպե՜ս լավ եմ հիշում նրան և այն աշնան պարզ երեկոն, անձրևաբեր գորշ ամպերով ծածկված երկնքով։
 
Դուռը բացվեց, և, ես, ուրախության հուզմունքից ծիծաղելով ու լալով սպասում էի մորս։ Սակայն դուրս ելնողը մայրս չէր, այլ մի անծանոթ աղախին։
 
―Այս ինչ է, Պեգգոտի, ― ասացի ես ողորմելի ձայնով։ ― Մի՞թե մայրիկը դեռ չի եկել։
 
― Եկել է, եկել, մաստր Դեվի, ― ասաց Պեգգոտին, ― բայց փոքր֊ինչ սպասիր, ես քեզ․․․ լսիր, ես քեզ ինչ կասեմ։
 
Պեգգոտին կառքից իջնելիս իր գրգռվածության և բնական դանդաղկոտության շնորհիվ զգեստն այնպես պատռեց, որ ես ամոթից ու շվարումից ոչ մի բան չասացի նրան այդ մասին։ Երբ վերջապես գետնի վրա ոտք դրեց, նա շտապով ձեռքս բռնեց և, զարմանալի բան, իսկույն ինձ խոհանոց տարավ և դուռը փակեց։
 
― Պեգգոտի, ― ասացի ես զարհուրած։ ― Այս ի՞նչ է նշանակում։
 
― Ոչինչ, ոչինչ, որդի ջան, ― պատասխանեց նա, աշխատելով զվարթ ձևանալ։
 
― Ես զգում եմ, որ մի բան է պատահել։ Ասա՛, ո՞ւր է մայրիկը։
 
― Մայրի՞կը, Դեվի ջան, ― կրկնեց Պեգգոտին։
 
― Այո՛, մայրիկը։ Ինչո՞ւ նա չի երևում դռնակի մոտ և ինչո՞ւ ենք մենք այստեղ մտել։ Ա՜խ, Պեգգոտի։
 
Աչքերս արտասուքով լցվել էին, և ես ընկնելու վրա էի։
 
― Աստված իմ, գթա այս մանկանը, ― գոչեց Պեգգոտին, ինձ բռնելով։
 
― Ի՞նչ եղավ քեզ, սիրելիս։ Ասա՛, խոսի՛ր, որդի ջան։
 
― Հո նա էլ չի՞ մեռել, Պեգգոտի։
 
― Ո՛չ, ― աղաղակեց Պեգգոտին բարձր ձայնով․ հետո նստեց և սկսեց հևալ, ասելով թե ես նրան հարված տվի։
 
Ես բոլոր ուժովս համբուրեցի նրան հարվածիս ազդեցությունը ջնջելու և կամ մի նորը տալու համար, որ ավելի ազդու լիներ, և կանգնեցի նրա առջև, տագնապալից ու զննող հայացք նետելով երեսին։
 
― Գիտե՞ս ինչ կա, սիրելիս, վաղուց պիտի պատմեի քեզ, ― ասաց Պեգգոտին, ― բայց․․․ չէի կարողանում մտքերս լավ կերոնտացնել (ուզում էր ասել՝ կենտրոնացնել)։
 
― Դե պատմիր, ― գոռացի ես է՛լ ավելի սարսափած։
 
― Մաստր Դեվի, գիտե՞ս ինչ կա ― ասաց Պեգգոտին, շտապ֊շտապ բանալով գլխարկի կապը և շնչասպառ խոսելով։ ― Գիտե՞ս ինչ կա։ Հապա իմացիր։ Գիտե՞ս, որ այժմ դու հայրիկ ունես։
 
Ես դողացի, քար կտրեցի։ Կարծես թե մի գերեզմանի կամ մեռելի գարշ հոտ փչեց երեսիս։
 
― Մի նոր հայրիկ, ― ասաց Պեգգոտին։
 
― Մի նո՞ր, ― կրկնեցի ես։
 
Պեգգոտին թեթև հազաց, հենց իմանաս մի կարծր բան կանգնած լինե կոկորդում, և ձեռքը մեկնելով ասաց․
 
― Եկ տես նրան։
 
― Ես չեմ ուզում տեսնել նրան։
 
― Մայրիկի՞դ էլ չես ուզում տեսնել, ― ասաց Պեգգոտին։
 
Այլևս չէր կարելի ընդդիմանալ, և մենք մտանք դահլիճը, ուր նա ինձ թողեց։ Վառարանի մի կողմում մայրս էր նստած, մյուս կողմում՝ մր․ Մեորդստոնը։ Մայրիկս կարը դեն ձգեց և շտապելով, բայց կարծես թե այլայլված, վեր կացավ։
 
― Կլարա, չմոռանաս, սիրելիս, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Զգույշ պահիր քեզ, միշտ զգույշ։ Բարև Դեվի, ինչպե՞ս ես։
 
Ես ձեռք տվի նրան։ Մի վայրկյան վարանելուց հետո մոտեցա մորս և համբուրեցի․ նա էլ ինձ համբուրեց, գգվելով ուսս թոթվեց և նորից նստեց կարելու։ Ես չէի վստահում ոչ նրան նայել, ոչ մյուսին, բայց լավ զգում էի, որ այն մյուսը երկուսիս էլ դիտում է, այս դրության մեջ ես մոտեցա պատուհանին և երկար ժամանակ մտիկ էի տալիս ցրտից ճլորած թփիկներին։
 
Հենց որ փախչելու հնար գտա, վերի հարկը բարձրացա։ Իմ առաջվա սիրուն ննջարանս փոխված էր․ այժմ պիտի հեռավոր մի սենյակի մեջ քնեի։ Դանդաղելով վայր իջա գոնե մի բան գտնելու, որ նախկին ձևը պահպանած լիներ․ ամեն բան փոխված էր․ և այսպես որոր֊մոլոր պտույտ էի գալիս բակի մեջ, բայց ստիպված եղա շուտով հեռանալ, որովհետև մի ժամանակ դատարկ շնարանում այժմ մի ահագին գամփռ էր պառկած․ նրա նման սևադունչ ու սևամազ, որ ինձ տեսնելուն պես դուրս թռավ և քիչ էր մնում կծեր ինձ։
 
 
==Դ․ գլուխ==
 
Աչքից ընկել եմ
 
 
Եթե այն սենյակը, ուր տեղափոխված էր իմ անկողինը, վկայելու ընդունակ մի բանական էակ լիներ, այսօր ես նրան կհրավիրեի (կուզենայի իմանալ, թե ո՞վ է այժմ նրա մեջ քնում) հաստատելու, թե սիրտս որքան ընկճված էր, երբ ես նրա մեջ մտա։ Վերև գնալիս լսում էի, որ շունը իմ հետևից հաչում էր․ սենյակն օտարոտի և տխուր էր երևում ինձ, անշուշտ ինչպես և ես նրան։ Ես նստեցի և ձեռքերս ծալելով սկսեցի մտածել։
 
Մտածում էի շատ տարօրինակ բաների մասին․ սենյակիս տեսքի մասին, առաստաղի ճեղքերի մասին, պատերին կպցրած թղթի մասին, լուսամուտի ապակու փոսիկների մասին, որոնք դրսի իրերը վետ֊վետ ու երերուն էին ցույց տալիս, լվացարանի սեղանի մասին, որի երեք ոտքերը կարծես թե ցավագար լինեին և ինքն էլ էր դժգոհ, ինչպես որ մրս․ Գըմիջն էր իր «ծերուկին» հիշելիս։ Ես շարունակ լալիս էի, թեև ցուրտ ու լքում զգալուց բացի՝ չգիտեի լացիս բուն պատճառն ինչ է։ Այս հուսահատ դրության մեջ վերջապես միտքս ընկավ, որ ես չարաչար սիրահարված եմ Էմլիի վրա, թե ինձ նրանից հափշտակել են և այստեղ բերել, ուր ինձ ոչ ոք կարոտ չէ և իմ նկատմամբ նրա չափ հոգատար չէ։ Այս դառն զգացումնրից ընկճված, ես կծկվեցի վերմակիս տակ և լալով քուն մտա։
 
Ես արթնացա, լսելով մի ձայն, թե, ― «ահա այստեղ է», զգացի, որ մեկը քրտնած գլուխս բաց է անում։ Մայրիկս և Պեգգոտին եկել էին ինձ տեսնելու, և ձայն հանողը նրանցից մեկն էր։
 
― Դեվի, ― ասաց մայրիկս, ― ի՞նչ ունես։
 
Զարմացա, որ նա կարող է այդպիսի բան հարցնել, և պատասխանեցի՝ ոչինչ։ Այնուհետև շուռ եկա, շրթունքիս դողը թաքցնելու, որպեսզի նա սրտիս վիճակը չիմանա։
 
― Դեվի, ― ասաց մայրիկս։ ― Դեվի, որդյակ իմ։
 
Ինչ էլ մայրիկս ասեր, այնքան ինձ չէր հուզի, որքան հուզեցին այդ «որդյակ իմ» խոսքերը։ Ես արտասուքս վերմակի տակ թաքցի և մի ձեռքով ետ հրեցի մայրիկիս, որ ուզում էր բարձրացնել ինձ։
 
― Այս քո գործն է, Պեգգոտի, ա՜յ դու անգութ արարած, ― գոչեց մայրիկս։ ― Ես այս «առաջուց գիտեի»։ Ինչպե՞ս է խիղճդ տանում հարազատ որդուս իմ դեմ գրգռել և կամ թե մի ուրիշի դեմ, որին ես սիրում եմ։ Այս ի՞նչ է նշանակում, Պեգգոտի։
 
Խեղճ Պեգգոտին աչքերն ու ձեռքերը դեպի վեր ուղղեց և իմ ճաշի աղոթքի եղանակով պատասխան տվեց․
 
― Թող աստված ձեզ թողություն շնորհի, մրս․ Կոպպերֆիլդ, և այնպես անի, որ դուք երբեք այդ խոսքերի համար չզղջաք։
 
― Քիչ է մնում, որ խելագարության հասցնես ինձ, ― գոչեց մայրիկս։ ― Այն էլ ե՞րբ։ Մի այնպիսի ժամանակ, երբ ամենաչար թշնամիս անգամ չէր ուզի իմ երջանկությունը վրդովել։ Ա՜յ դու, փիս Դեվի, ա՜յ դու բարբարոս Պեգգոտի։ Օ՜հ, աստված իմ, ― աղաղակում էր վրդովված ու գրգռված մայրս՝ մեկ ինձ, մեկ Պեգգոտիին դիմելով։ ― Այս ի՞նչ անպիտան աշխարհ է, որ փոքր֊ինչ քաղցրություն վայելես թե չէ, իսկույն էլ դառնության ես հանդիպում։
 
Այդ վայրկյանին ես մի ձեռքի հպում զգացի, որը ոչ մայրիկինս էր, ոչ էլ Պեգգոտիի, և իսկույն կուչ եկա։ Այդ մր․ Մեորդստոնի ձեռքն էր, որ ծանրանում էր թևիս վրա։
 
― Այս ի՞նչ է, Կլարա, սիրելիս, ― ասաց նա։ ― Արդեն մոռացար, որ պետք է սիրտդ ամուր պահես։
 
― Շատ ցավում եմ, Էդուարդ, ― ասաց մայրս։ ― Ուզում էի հանգիստ լինել, բայց ահա բարկացա։
 
― Իրավ եմ ասում, ― նկատեց մյուսը։ ― Ես չեմ ուզում այդպիսի բան լսել քեզնից, այն էլ ճիշտ այս միջոցին։
 
― Բայց մի՞թե անգթություն չի նեղացնել ինձ, հենց այժմ, ― պատասխանեց մայրիկս՝ շրթունքը կծելով։ ― Չէ՞ որ դա․․․ շատ․․․ շատ կոպիտ վարմունք է։
 
Մարդը դեպի ինքը քաշեց նրան, ականջին մի բան շշնջաց և երեսը համբուրեց։ Երբ ես մորս գլուխը մր․ Մեորդստոնի ուսին հենած ու ձեռքերը նրա վզին փարված տեսա, իսկույն ևեթ հասկացա, որ այդ մարդը միշտ կարող է այնպես թեքել մորս ճկուն բնավորությունը, ինչպես որ ինքը կամենա։
 
― Ներքև իջիր, սիրելիս, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Ես էլ կգամ Դավթի հետ։ Իսկ դու, աղջիկ֊պարոն, ― շարունակեց նա, Պեգգոտիի վրա մի խոժոռ հայացք գցելով, մինչ ժպտում էր մորս ճանապարհ ձգելիս, ― դու տիըուհուդ անունը գիտե՞ս։
 
― Այսքան տարի նա տիրուհիս է․ մի՞թե կարելի է, որ անունը չիմանամ, ― պատասխանեց Պեգգոտին։
 
― Ճշմարիտ է, ― ասաց մր․ Մեորդոստոնը։ ― Բայց սանդուղքով բարձրանալիս ես լսեցի, որ դու նրան այնպիսի անուն ես տալիս, որ նրանը չէ։ Նա իմ անունն է ընդունել․ այդ հո գիտե՞ս։ Ուրեմն խնդրեմ՝ չմոռանաս։
 
Պեգգոտին անհանգիստ աչքով նայեց ինձ և առանց պատասխան տալու հեռացավ, երևի թե զգում էր, որ իր գնալը ցանկալի է պարոնին, իսկ մնալը՝ ավելորդ։ Երբ ես և մր․ Մեորդստոնը մենակ մնացինք, նա դուռը փակեց, նստեց աթոռի վրա և իր առջև կանգնեցնելով ինձ, շեշտակի աչքերիս մեջ նայեց։ Զգում էի, որ իմ աչքերն էլ բևեռված են նրա աչքերին։ Այսպես նրա հետ դեմ առ դեմ գտնվելը հիշելով, կարծես այսօր էլ լսում եմ, թե ինչպես իմ սրտիկը թնդում էր։
 
― Դավի՛թ, ― ասաց նա, շրթունքը սեղմելով։ ― Եթե ես մի ըմբոստ ձի կամ թե շուն ունենամ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կանեմ։
 
― Չգիտեմ։
 
― Ես նրան կծեծեմ։
 
Ես պատասխանել էի նրան նվաղած ձայնով, իսկ այժմ շունչս գրեթե կտրվեց։
 
― Ես նրան այնպես կհնազանդեցնեմ, որ ցավից ոսկորները կճռճռան։ Ես ասել եմ․ ահա մի ստամբակ տղա, որին այնքան պիտի սանձեմ, որ երակների արյունը քամվի։ Այդպես էլ կանեմ․․․ Այս ի՞նչ է երեսիդ վրա։
 
― Կեղտ, ― ասացի ես։
 
Ես գիտեի, նա էլ գիտեր, որ արտասուքիս հետքն է այդ․ սակայն եթե նա քսան անգամ էլ իր հարցը կրկներ, ամեն անգամ քսան֊քսան հարված տալով ինձ, դարձյալ ես կուզենայի շունչս փչել, քան թե ուրիշ պատասխան տալ։
 
― Դու հասակիցդ ավելի խելոք տղա ես, ― ասաց նա իրեն հատուկ ծանր ժպիտով, ― և տեսնում եմ, որ մեր միտքը լավ ես հասկացել։ Գնա իսկույն երեսդ լվա, ա՜յ պարոն, և եկ միասին վար իջնենք։
 
Նա ցույց տվեց լվացվելու սեղանը և գլխով նշան արեց, որ իր հրամանն անմիջապես կատարեմ։ Չէի կասկածում, որ նա առանց խղճալու իսկույն գետնով կտա ինձ, եթե ես նրան դիմադրեմ։
 
― Կլարա, հոգիս, ― ասաց նա, երբ իր պատվերը կատարեցի և նա իմ թևից բռնելով մորս սենյակը տարավ ինձ, ― այսուհետև քեզ վշտացնող չի լինի։ Մենք կշտապենք մեր ստահակի բարքն ուղղել։
 
Աստված վկա է, որ գուցե ընդմիշտ ուղղվեի ես և ավելի լավ մարդ դառնայի, եթե այդ րոպեին մի քաղցր խոսք ասվեր ինձ․ իմ մանկական տգիտությանը զիջեր և սիրալիր բացատրությամբ հասկացներ, որ ես մեր տանն եմ, մեր հարկի տակ, արդեն դրանով նա իմ սիրտը կգրավեր, և ես կեղծավոր հնազանդության տեղ՝ հոժարակամ հնազանդություն ցույց կտայի նրան և ատելության փոխարեն՝ հարգանք կզգայի դեպի նա։ Ինձ թվում էր, թե մայրիկս տրտմեց այնպես շվավրած տեսնելով ինձ իր սենյակում, և թե ավելի տրտում աչքով նայեց ինձ, երբ ես համրաքայլ մոտենում էի աթոռին, և գուցե ուզեց, որ ժիր֊ժիր վազեմ, ― բայց և այնպես այն րոպեին նա ոչ մի բան չարտասանեց, իսկ հետո արդեն ուշ էր։
 
Մենք երեքս միասին ճաշեցինք։ Կարծես թե մր․ Մեորդստոնը, շատ սիրով էր մայրիկիս հետ, սակայն, ամաչելով պիտի ասեմ, այդ հանգամանքը չհաշտեցրեց ինձ նրա հետ․ մայրիկս էլ նրա հետ սիրով էր։ Նրանց խոսակցությունից իմացա, որ մր․ Մեորդստոնի ավագ քույրը մեզ մոտ պիտի գա բնակվելու և նույն երեկո էլ սպասվում է։ Լավ չեմ հիշում՝ ա՞յդ միջոցին էր արդյոք, թե՞ հետո, լսեցի որ թեև մր․ Մեորդստոնը մի հաստատ զբաղմունք չունի, սակայն մի որոշ եկամուտ է ստանում մի լոնդոնցի գինեվաճառի տնից, որի հետ իր գերդաստանը դեռ պապից սկսած կապ է ունեցել, և որ քույրն էլ մի այդպիսի հասույթ է ստանում միևնույն տնից․ ինչևիցե, հարևանցի եմ հիշատակում այս բանը։
 
Ճաշից հետ, մինչ մենք վառարանի առջև նստած էինք, և ես մտածում էի, թե ի՞նչ կերպ Պեգգոտիի մոտ փախչեմ, առանց նոր տանտիրոջ բարկությունը շարժելու, մի կառք մոտեցավ պարտեզի դռանը։ Մր․ Մեորդստոնը գնաց դիմավորելու եկվորին․ մայրիկս էլ գնաց նրա հետևից։ Մինչ ես երկյուղով հետևում էի մայրիկիս, նա հանկած դահլիճի դռան հետևը, մթության մեջ շուռ եկավ, առաջվա պես գրկեց ինձ և տաք֊տաք համբուրեց, շշնջալով, որ ես սիրեմ և հնազանդ լինեմ իմ նոր հորը։ Այս բոլորը նա շտապ֊շտապ և թաքուն արեց, կարծես թե արածը մի հանցանք լիներ, բայց և մեծ ջերմությամբ, և ձեռքս բռնած՝ տարավ ինձ մինչև պարտեզի այն տեղը, ուր կանգնած էր իր մարդը։ Այստեղ նա թողեց ինձ և նրա թևը մտավ։
 
Եկողը միս Մեորդստոնն էր, մի անժպիտ սևահեր տիկին, ձայնով ու երեսով եղբոր նման, ահագին քթի վերևը իրար կցված թավ հոնքերով, որոնցով կարծես մտադիր էր փոխարինել ծնոտի մորուքը, որ իբրև կին չէր կարող կրել բնական տեղում։ Նա բերում էր իր հետ երկու հատ բիրտ ու կոպիտ սև սնդուկ, որոնց խուփերի վրա պղնձե մեխերով նշանակված էին նրա անվան սկզբնատառերը։ Կառապանի վարձը նա հանեց մի կարծր ու կոշտ պողպատե քսակից, իսկ քսակը պահել էր թևից շղթայով կախված զնդանի նման մի խոր պայուսակում, որի բերանը փակվելիս շաչեց։ Ես դեռ կյանքում չէի տեսել մի այնպիսի մետաղե կին, ինչպես որ Էրմիս Մեորդստոնը։
 
Նրան ամեն տեսակ մեծարանքով դահլիճ տարան և միայն այնտեղ նա հանդիսաբար ողջունեց մորս, իբրև մի նոր և մերձավոր ազգականի։ Հետո իմ վրա նայեց և հարցրեց․
 
― Սա ձե՞ր որդին է, հարս։
 
Մայրս դրական պատասխան տվեց։
 
― Առհասարակ ես տղա չեմ սիրում, ― ասաց միս Մեորդստոնը։ ― Ինչպե՞ս ես դու, ա՜յ տղա։
 
Այդ քաջալերական ողջյունին ես պատասխանեցի, թե շատ լավ եմ և հույս ունեմ, թե նա էլ լավ է, բայց այս բոլորը այնպես չոր֊չոր ասացի, որ միս Մեորդստոնը իսկույն վճռեց իմ մասին․
 
― Անշնո՜րհք է։
 
Այս վճիռը շատ հաստատ ձայնով տալուց հետո, նա խնդրեց ցույց տալ իր սենյակը, որ այն օրից ի վեր ինձ համար մի ահ ու սարսափի տեղ դարձավ։ Ոչ մի աչք չտեսավ երբեք, որ երկու սև սնդուկները չփակված կամ բաց թողնվեին այդ սենյակում։ Միայն մի երկու անգամ, միս Մեորդստոնի բացակայության ժամանակ, դռան արանքով ներս նայելիս, ես նկատեցի բազմաթիվ պողպատե շղթաներ և զանազան կեռ երկաթներ, որոնք նրա հայելու շուրջն ահեղ շարքով կախված էին․ դրանք միս Մեորդստոնի արդուզարդի իրերն էին։
 
Ինչքան կարողացա այն ժամանակ հասկանալ՝ նա եկել էր ընդմիշտ մեզ մոտ մնալու և մտադիր չէր հեռանալ։ Հետևյալ առավոտյան նա սկսեց «օգնել» մորս, մինչև երեկո ամեն բան տեղից շարժեց, առաջվա կարգն ու սարքը տակնուվրա անելով։ Առաջին նշանավոր բանը, որ ես նկատեցի միս Մեորդստոնի վրա, նրա հարատև կասկածն էր, թե առավոտները տան որևէ անկյունում մի մարդ թաքցրած կլինեն։ Այս պատիր կարծիքով նա օրվա ո՛ր ժամին ասես իջնում էր ածխի ամբարը և կամ մութ շտեմարանը և ոչ մի դռնակ չէր բաց անում, որ իսկույն նորից չփակեր՝ այն համոզումով, թե ահա բռնեց թաքնված մարդուն։
 
Թեև միս Մեորդստոնը ոչ մի բանով թռչունի նման չէր, բայց արշալույսը բացվեր թե չէ՝ արտույտի պես զարթնում էր։ Եվ մինչ ամենքը քնած էին, նա արդեն պտույտ էր գալիս (մինչև այսօր էլ հավաստի եմ թաքնված մարդուն գտնելու համար)։ Պեգգոտին մինչև անգամ պնդում էր, թե միս Մեորդստոնը քնելիս մեկ աչքը բաց է պահում․ սակայան ես համաձայն չէի նրա հետ, որովհետև այդ կարծիքը լսելուց հետո՝ ինքս իմ վրա մի քանի անգամ փորձել էի ու գտել, որ այդպես քնել անհնարին է։
 
Միս Մեորդստոնը գալու երկրորդ օրը աքլորի կանչելուց առաջ վեր կացավ և զանգը տվեց։ Երբ մայրիկս նախաճաշի ժամին վար իջնելով թեյ պատրաստելու վրա էր, միս Մեորդստոնը քթի ծայրով նրա թուշը շոշափեց, որ համբյուրի նշան էր, և ասաց․
 
― Գիտե՞ս, Կլարա, սիրելիս, ես նրա համար եմ այստեղ եկել, որ ձեր հոգսերի բեռը որքան կարելի է թեթևացնեմ։ Դուք դեռ այնքան գեղեցիկ եք և մանուկ (այս խոսքերից մայրս ժպտաց ու կարմրեց, բայց կարծես վշտացավ), որ լավ կլիներ ազատել ձեզ ձեր պարտականությունների այն մասից, որ ես ինքս կարող եմ կատարել։ Ուստի սիրելիս, եթե կամենաք ձեր բանալիները ինձ հանձնել, ապագայում ես ամեն բան կհոգամ։
 
Այդ օրվանից սկսած միս Մեորդստոնը ցերեկով բանալիներն իր բանտանման պայուսակի մեջ էր պահում, իսկ գիշերով բարձի տակ, և այնուհետև նրանք ոչ մորս ձեռքն էին ընկնում, ոչ էլ իմ։
 
Մայրս, սակայան, զանց չարավ բողոքելու՝ իր հեղինակությունը նվազեցնելու դեմ։ Մի երեկո, մինչ Մեորդստոնը մի քանի տնտեսական մտքեր էր հայտնում եղբորը, նրա հավանությունը գտնելով, մայրս հանկարծ լաց եղավ և ասաց, թե նրանք կարող են իր կարծիքն էլ հարցնել։
 
― Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը խստությամբ։ ― Կլարա, զարմանում եմ վրադ։
 
― Այո, Էդուարդ, հեշտ է ասել՝ զարմանում եմ, ― գոչեց մայրիկս, ― և ամրության մասին խոսել, բայց դու ինքդ չէիր ուզի, որ ես ամուր ու պինդ լինեի։
 
Պիտի ասեմ, որ ամրությունը այն երևելի հատկությունն էր, որով պարծենում էին թե՛ մր․ և թե՛ միս Մեորդստոնը։ Չգիտեմ, թե այն ժամանակ ես ինչպես կհայտնեի իմ միտքը, եթե պետք լիներ այդ ամրությունը բնորոշել․ բայց պարզ զգում էի, որ դա մի բռնակալություն է, միայն թե ուրիշ անունով, մի դաժան, կամակոր և ամբարտավան նկարագիր, որ երկուսին էլ հատուկ էր։ Նրանց դավանությունը, իմ այսօրվա կարծիքով, հետևյալն էր․ մր․ Մեորդստոնը ամուր մարդն էր և ոչ ոք նրա շուրջը իրավունք չուներ նրա չափ ամուր լինելու, որովհետև նրա ամրության առջև ամեն մարդ պարտավոր էր մեջք ծռել ու խոնարհվել։ Միս Մեորդստոնը բացառություն էր։ Նրան թույլ էր տրված ամուր լինել, բայց միայն հանուն ազգակցական, այն էլ միայն ենթակա և ստորադրյալ պաշտոնի մեջ։ Մայրս երկրորդ բացառությունն էր։ Նա կարող էր, մինչև անգամ պարտավոր էր ամուր լինել, բայց միայն պայմանով, որ նրանց ամրությանը հնազանդվի և հավատա՝ թե մի ուրիշ ամրություն չկա աշխարհիս երեսին։
 
― Շատ ծանր է ինձ, ― ասաց մայրս, ― որ իմ տանն անգամ․․․
 
― Ի՜մ տանը, ― կրկնեց մր․ Մեորդստոնը։ ― Կլարա։
 
― Մեր տանը, ուզում եմ ասել, ― թոթովեց մայրս հայտնապես զարհուրած։ ― Հուսամ, որ դու կհասկանաս ասելիքս, Էդուարդ․․․ Շատ դառն է ինձ, որ հենց քո տանը ես չեմ կարող մի բառ ասել մեր տնային գործերի մասին։ Մեր ամուսնանալուց առաջ ես ինքս էի կառավարում ամեն բան, և կարծեմ շատ լավ։ Ուրիշներն էլ այդ կհաստատեն, ― ասաց մայրիկս հեկեկալով։ ― Հարցրու Պեգգոտիին, արդյոք լավ չէ՞ր իմ տնտեսությունը, երբ ոչ ոք չէր խառնվում գործերիս։
 
― Էդուարդ, ― ասաց միս Մեորդոստոնը, ― վերջ դնենք այս բոլորին։ Ես վաղը հեռանում եմ։
 
― Լսիր, Ջեն Մեորդստոն, ― ասաց նրա եղբայրը։ ― Խոսքերիդ նայելով կարելի է կարծել, որ դու դեռ քիչ ես ճանաչում ինձ։
 
― Ես այն կասեմ միայն, ― շարունակեց խեղճ մայրիկս, էլ ավելի նեղն ընկնելով և ավելի սաստիկ արտասվելով, ― միայն կասեմ, որ ոչ մեկի հեռանալը չեմ ուզում։ Ես շատ անբախտ ու թշվառ կլինեմ, եթե ով էլ լինի՝ հեռանա։ Իմ խնդրածը մեծ բան չէ։ Ես պահանջող չեմ։ Ես կուզենայի միայն, որ ինձ հետ էլ երբեմն խորհրուրդ տեսնեն։ Ով էլ ինձ օգնելու լինի, ես նրան շատ շնորհակալ կլինեմ, միայն թե երբեմն֊երբեմն գեթ ձևի համար, իմ կարծիքն էլ հարցնեին։ Ինձ թվում էր, Էդուարդ, թե իմ անփորձ ու ջահել լինելս փոքր֊ինչ առաջ սիրելի էր քեզ․ գոնե ինքդ էիր այդպես ասում․ իսկ այժմ կարծեմ հենց դրա համար ես ատում ինձ։ Որքա՜ն խիստ ես։
 
― Էդուարդ, ասաց կրկին միս Մեորդստոնը, ― վերջ դնենք այս բոլորին։ Ես վաղը հեռանում եմ։
 
― Ջեն Մեորդստոն, ― դարձայլ որոտաց մր․ Մեորդստոնը։ ― Կլռե՞ս, թե՞ ոչ։ Ինչպե՞ս ես համարձակվում․․․
 
Միս Մեորդստոնը բանտից հանեց թաշկինակն ու աչքերի առջև բռնեց։
 
― Կլարա, ― շարունակեց մր․ Մեորդստոնը մորս դիմելով, ― դու ինձ զարմացնում ես, ապշեցնում ես։ Այո՛, սիրելի էր ինձ ամուսնանալ մի անփորձ ու միամիտ էակի հետ և կրթել նրա բնավորությունը և տալ նրան այնքան ամրություն, պնդություն և հաստատություն, ինչքան որ պետք է։ Սակայն, երբ Ջեն Մեորդստոնը զիջում է մեզ մոտ գալ այս գործում ինձ օգնելու համար, և մի աղախնու դեր կատարել, և երբ նա մի անարգիչ հատուցման է հանդիպում․․․
 
― Օ՜հ, աստծո սիրուն, Էդուարդ, ― գոչեց մայրիկս, ― մի ասի, թե ես ապերախտ եմ։ Ես ապերախտ չեմ։ Ոչ մի ժամանակ և ոչ ոք իմ մասին այդպիսի բան չի ասել․ ես շատ թերություններ ունեմ, բայց ապերախտ չեմ։ Ո՛չ, ո՛չ, սիրելիս։
 
― Եվ երբ Ջեն Մեորդստոնը իր բարության փոխարեն մի անարգիչ հատուցման է հանդիպում, ― առաջ տարավ մր․ Մեորդստոնը մորս լռելուն սպասելուց հետո, ― այն ժամանակ իմ սերը սառչում է և ուրիշ զգացման տեղի տալիս։
 
― Օ՜հ, մի ասա այդպիսի բան, սիրելիս, ― գոչեց մայրս աղերսանքով։ ― Մի՛ ասի, Էդուարդ․ ես չեմ դիմանա այդ մեղադրանքին։ Ինչ թերություն էլ ունենամ, դարձյալ բարեսիրտ եմ։ Ես այդ չէի ասի, եթե վստահ չլինեի, որ այդպես եմ։ Կուզես, հարցրու Պեգգոտիին։ Հաստատ գիտեմ, նա էլ կասի, որ ես բարի եմ։
 
― Թուլություն ասված բանը, Կլարա, մազի չափ արժեք չունի իմ աչքում, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը։ ― Զուր են խոսքերդ։
 
― Աղաչում եմ, եկ հաշտվենք և իրար հետ սիրով լինենք, ― ասաց մայրս, ― ես չեմ կարող սառնության և տհաճության դիմանալ։ Սիրտս այնքան տխուր է։ Գիտեմ, ես շատ պակասություններ ունեմ, և դու, Էդուարդ, լավ ես անում, որ կամենում ես ուղղել ինձ քո ամրությամբ։ Ջեն, ինչ֊որ կամենաք՝ արեք, ես ոչ մի բանում չեմ դիմադրի, միայն թե շատ կհուսահատվեմ, եթե որոշեք թողնել մեզ․․․
 
Վշտի սաստկությունից մայրիկս չկարողացավ ասելիքը վերջացնել։
 
― Ջեն Մեորդստոն, ― ասաց մր․ Մեորդստոնը, քրոջը դիմելով, ― կոպիտ խոսքեր բանեցնելը սովորական չէ մեր միջև։ Ես մեղավոր չեմ, որ այս երեկո մի տարօրինակ դեպք պատահեց։ Ինձ գրգռեցին։ Դու էլ մեղավոր չես․ քեզ էլ գրգռեցին։ Ուրեմն մոռանանք այդ բոլորը։ Բայց որովհետև, ― շարունակեց նա իր վեհանձն խոսքերից հետո, ― այս տեսարանը մի երեխայի համար չէ, ուրեմն Դավիթ, դու գնա քնիր։
 
Աչքերումս հավաքված արտասուքից ես հազիվ կարողացա դուռը գտնել, այնպես էի հուզվել մորս վշտից։ Մթութայն մեջ խարխափելով իմ սենյակը բարձրացա, սիրտ չունեի անգամ Պեգգոտիին բարի գիշեր ասելու և կամ թե մոմ խնդրելու։ Մի ժամից հետո նա ինքը եկավ իմ ննջարանը և զարթեցնելով ինձ ասաց, թե մայրիկս տխուր֊տխուր գնացել է քնելու, իսկ մր․ և միս Մեորդստոնները դեռ նստած են դահլիճում։
 
Հետևյալ առավոտյան ես սովորականից առաջ վար իջա։ Դահլիճի մոտով անցնելիս մորս ձայնը լսեցի և կանգ առա դռան առջև։ Նա հեզամիտ հլությամբ ներում էր խնդրում միս Մեորդստոնից, վեհանձն տիկինը վերջ ի վերջո ներեց նրան, և նրանք լիովին հաշտվեցին։ Այն օրից ի վեր ոչ մի անգամ չտեսա, որ մայրիկս մի բանի մասին կարծիք հայտներ՝ առաջուց միս Մեորդոստոնի միտքը չիմացած, չտեսա, որ ամեն անգամ, երբ միս Մեորդստոնը բարկության րոպեներին (չնայելով իր պնդության՝ այդ կետում նա թույլ էր) ձեռքը պայուսակի կողմն էր մեկնում, իբր թե բանալիները հանելու և մորս վերադարձնելու համար, ― մայրս սարսափ չզգար, այդ շարժումից։
 
Մեորդստոնների արյունին հատուկ սև գույնը մթնեցնում էր մինչև անգամ նրանց կրոնական զգացմունքը, որ դաժան ու մոլեգին էր։ Վերջերս, այդ կետի մասին մտածելիս, ես կարծել եմ, թե այդ հատկությունը առաջ էր գալիս մր․ Մեորդստոնի ամրությունից, որ թույլ չէր տալիս նրան ետ կանգնել պատիժներից ամենածանրը գործ դնելուց, ուր էլ միայն առիթ գտներ մեկին կամ մյուսին պատժելու։ Ինչևիցե, լավ եմ հիշում այդ երեկո զարհուրելի դեմքերը, որոնք սովորաբար ուղեկցում էին մեզ դեպի մեր եկեղեցին և դրա փոխված պատկերը։ Ահա գալիս է սարսափելի կիրակին, և ես առաջինն եմ մեր հին նստարանը ոտք դնում, իբրև մի մահապարտ, որին տարել են վերջին աղոթքը լսելու։ Ահա միս Մեորդստոնն իր՝ նաշի ծածկույթի նման թավշկա սև զգեստով․ նա գալիս է անմիջապես իմ հետևից, նրան հետևում է իմ մայրը և ապա մորս ամուսինը։ Պեգգոտին այլևս մեզ հետ չի։ Լսում եմ միս Մեորդստոնի մրմունջը և այն ահեղ խոսքերը, որ նա շեշտում է ամբարտավան հաճությամբ և շեշտելիս գոռոզ֊գոռոզ շուրջն է նայում, ասես կամենալով հասկացնել, թե մուս բոլոր աղոթողները միայն անբարիշտ մեղավորներ են։ Ահա մայրիկս, որին մեկ֊մեկ նայում եմ․ նրա շրթունքները համարյա թե անշարժ են, և նա նստած է իր ամուսնու և տալի միջև, որոնց աղոթքը որոտման պես երկու կողմից դռնչում է նրա աջ ու ձախ ականջի մեջ։ Հանկարծական ահով բռնված ես մտածում եմ․ մի՞թե աստված դրանց աղոթքը կընդունի․ բայց որովհետև այդ միջոցին գլուխս փոքր֊ինչ շարժում եմ, միս Մեորդստոնն իր սաղմոսով խփում է կողքիս, և ես սաստիկ ցավ եմ զգում։
 
Ահա դուրս ենք գալիս եկեղեցուց, և ես տեսնում եմ, որ հարևան կանայք մորս ու ինձ դիտում են և իրար հետ փսփսում։ Մերոնք իրար ձեռք տված առաջ են անցնում, իսկ ես ծանրաքայլ հետևում եմ նրանց, նկատելով դրացիների հայացքը, և հարցնում ինքս ինձ․ ― Մի՞թե մորս քայլերն առաջվա պես թեթև չեն․ մի՞թե նրա թարմ գեղեցկությունը թառամել է։ Արդյոք ոչ ոք այդ դրացիներից չի՞ հիշի, թե ինչպես մի ժամանակ նա և ես միասին էինք տուն գնում։ Եվ այսպիսի հարցերով գլուխս մաշում էի մինչև այն տխուր ու ցավագին օրվա վերջը։
 
Մի օր ինձ վարժարան տալու մասին խոսք եղավ։ Այս միտքը նախ և առաջ մր․ և միս Մեորդստոնները հայտնեցին, մայրս էլ, իհարկե, նրանց համամիտ գտնվեց։ Սակայն խնդիրը դեռ վճռված չէր, և ես առժամանակ մեր տանն էի դաս առնում։
 
Կարո՞ղ եմ ադրյոք այդ դասերը մոռանալ։ Դաս տվողն ըստ անվան մայրիկս էր, բայց իրոք ես մր․ Մեորդստոնի ու նրա քրոջ վերահսկողության ներքո էի, որոնք միշտ ներկա էին դասերին, առիթ փնտրելով վարժելու մորս այն նզոված ամրության մեջ, որ մեզ երկուսիս պատուհասն էր։ Ես հավաստի եմ, որ հատկապես այդ նպատակով ինձ տանը թողին։ Ես բավական ուշիմ ու ուսումնսեր տղա էի, երբ ապրում էի միայն մորս հետ։ Հազիվ եմ մտաբերում, թե ինչպես եմ այբուբենը սովորել նրա ծնկների վրա։ Դեռ այսօր էլ առաջին դասագրքիս սև֊սև տառերը տեսնելիս հիշում եմ, թե որքան նրանց ձևերը, տարօրինակ, նորանշան էին երևում ինձ, սակայն ոչ մի զզվելի կամ դառն հիշատակ չեն թողել նրանք սրտիս մեջ։ Ընդհակառակն՝ ինձ թվում է, թե մի ծաղկաշատ շավղով էի գնում մինչև նույնիսկ կոկորդիլոսների հայտնի գիրքը, և այդ բոլոր ճանապարհը մայրիկս ինձ հեշտացնում էր իր հեզիկ ձայնով ու քաջալերիչ հորդորով։ Բայց Մեորդստոնների առջև կատարվող հանդիսավոր, խիստ դասերը հիշելիս՝ զգում եմ, որ դրանք իմ հոգեկան հանգստությունը վրդովող դառն֊դառն հարվածներ էին և ամենօրյա չարչարանք ու տառապանք։ Իմ գլուխը պտույտ էր գալիս այդ դասերից և հավատացած եմ, որ մայրիկս ինձնից պակաս չէր տանջվում նրանց պատճառով։ Օ՜հ, որքան հոգնեցուցիչ, տաղտկալի, տաժանելի և անիմաստ էին այդ անվերջ դասերը։
 
Կփորձեմ ցույց տալ, թե ինչպե՞ս էին լինում դրանք, և կհիշեմ մի առավոտ։
 
Նախաճաշից հետո ես իջնում եմ մեր երկրորդ դահլիճը, իմ գրքերը, տետրակն ու քարետախտակը հետս բերելով։ Մայրիկս արդեն սպսաում է ինձ սեղանի առջև, բայց ոչ ոք այնքան, որքան մր․ Մեորդստոնը, որ պատուհանի առջև բազկաթոռում նստած, իբր թե գիրք է կարդում, կամ թե միս Մեորդստոնը, որ մորս կողքին նստած է, երկաթե ուլունք անցկացնելով թելի վրա։ Այդ երկուսին տեսնելն արդեն մի բթացուցիչ ազդեցություն է անում իմ վրա, և ես սկսում եմ զգալ, որ անվերջ ջանքով սերտած բառերս մեկ֊մեկ փախչում են իմ գլխից և չգիտեմ ո՞ւր գնում։ Այսօր անգամ ես չեմ կարող ըմբռնել, թե ո՞ւր էին գնում։
 
Տալիս եմ մորս իմ ձեռքն ընկած առաջին գիրքը․ գուցե դա քերականություն է, գուցե պատմություն, գուցե աշխարհրագրություն։ Գիրքը մորս հանձնելիս մի վերջին հուսահատ հայացք եմ նետում գրքի բաց երեսի վրա և սկսում շտապով ասել օրվա դասս, որ դեռ թարմ է մտքիս մեջ․ բայց ահա սայթաքում եմ մի բառի վրա։ Մր․ Մեորդստոնն աչքերը բարձրացնում է։ Ես սայթաքում եմ մի ուրիշ բառի վրա։ Միս Մեորդստոնն է աչքերը բարձրացնում։ Ես կարմրում, այլայլվում եմ, փախցնում եմ հինգ֊վեց բառ և կանգ առնում շփոթված։ Մայրիկս հարկավ թույլ կտար ինձ նայել գրքին, եթե միայն համարձակվեր, բայց նա չի համարձակվում, և միայն ասում է հանդարտ․
 
― Ա՜խ, Դեվի, Դեվի։
 
― Այժմ, Կլարա, մի քիչ պետք է ամրությամբ վարվել այդ տղայի հետ, ― ասում է մր․ Մեորդստոնը։ ― Ինչացո՞ւ է այդ «Ա՜խ, Դեվի, Դեվի»֊ն․ դա երեխայություն է։ Երկուսից մեկը․ նա կամ գիտի իր դասը և կամ չգիտի։
 
― Նա չգիտի իր դասը, ― վճռում է միս Մեորդստոնը զարհուրելի եղանակով։
 
― Ինձ էլ թվում է, թե չգիտի, ― ասում է մայրս։
 
― Ուրեմն երկար խոսելն էլ ավելորդ է, Կլարա, ― վրա է բերում միս Մեորդստոնը։ Ետ տվեք նրան գիրքը։ Թող գնա դասը լավ սերտի։
 
― Ես էլ հենց այդ էի ուզում, սիրելի Ջեն, ― պատասխանում է մայրիկս։ ― Դե, գնա, Դեվի, էլի մի անգամ դասդ կրկնիր և այդքան ապուշ մի՛ լինիր։
 
Հնազանդվում եմ նրա հրամանի առաջին կետին, բայց երկրորդ կետն էլ կատարելը իմ ուժերից վեր է, քանի որ ես շատ ապուշ եմ։ Դասը նորից ասելիս ես սայթաքում եմ հենց սկզբում և ճիշտ այնտեղ, ուր առաջ ազատ սահել էի, և կանգ առնում մտածելու, բայց ոչ թե դասի մասին, այլ թե՝ քանի արշին շղարշ է գնվել միս Մեորդստոնի գլխանոցի համար, կամ թե ի՞նչ կարժենա մր․ Մեորդստոնի խալաթը, և կամ մի ուրիշ այս տեսակ ծիծաղելի բան, որի հետ ամենևին գործ չունեի և չէի կարող ունենալ։ Մր․ Մեորդստոնը մի անհամբեր շարժում է անում, որին վաղուց սպասում էի։ Նույն անում է և միս Մեորդստոնը։ Մայրիկս մի հլու հայացք է ձգում նրանց վրա, գոցում է գիրքս և մի կողմ դնում, իբրև մի ապառիկ, որ ես պետք է վճարեի մյուս դասերս ավարտելուց հետո։
 
Շատ չանցած այդ ապառիկները դիզվում են և ցած գլորված ձյունե գնդակի նման արագ աճում։ Եվ որքան գնդակն աճում է, այնքան էլ ապուշությունս ավելանում։ Դրությունս արդեն տագնապալի է․ ես զգում եմ, որ խրվել եմ անիմաստ բաների անդունդի մեջ, որից փրկվելու հնար չկա, և անձնատուր լինում ճակատագրիս։ Իրավ, անհույս են այդ հայացքները, որ մայրս և ես փոխանակում ենք շփոթվելով։ Սակայն մեր թշվառ դասերի ամենամեծ էֆեկտը տեղ է գտնում այն րոպեին, երբ մայրիկս (կարծելով թե ոչ ոք իրեն չի դիտում) շրթունքի մեղմ շարժումով փորձում է մի կերպ օգնել ինձ։ Իսկույն միս Մեորդստոնը, որ դարանամիտ լրտեսի պես սպասում էր միայն այդ րոպեին, սպառնական բամբ ձայնով ասում է․
 
― Կլա՛րա։
 
Մայրիկս ցնցվում է, շառագունում և թեթև ժպտում։ Մր․ Մեորդստոնը բազզկաթոռից վեր է կենում, դասաքիրքը գլխիս շպրտում և ուսերիցս բռնելով սենյակից դուրս վռնդում ինձ։
 
Դասերս հաջող էլ որ վերջանան, դարձայլ ինձ մի սոսկալի տանջանք է սպասում․ դա մր․ Մեորդստոնի հատուկ ինձ համար շարադրած թվաբանական ահեղ խնդիրն է, որ նա այսպես է առաջարկում ինձ․ «Ես գնում եմ պանրավաճառի խանութ և առնում հինգ հազար գլուխ Գլոչեստրի պանիր՝ ամեն մեկը չորս ու կես պենսով․ ուրեմն․․․»։ Միս Մեորդստոնը ներքուստ հրճվում է։ Ես մինչև ճաշը այդ պանիրների վրա քրտնում եմ առանց վճիռը գտնելու․ քարետախտակը սրբելուց մատներիս կաշին սևացել է․ վերջապես մի կտոր հաց են տալիս ինձ, որպեսզի պանիրներից վրեժ առնեմ, և ես մինչև երեկո պատժված եմ մնում։
 
Որքան կարող եմ այդ հեռավոր ժամանակը մտաբերել, թշվառ դասերիս ընթացքը գրեթե միշտ այդպես էր լինում։ Գործերս շատ լավ առաջ կգնային, եթե Մեորդստոնները ներկա չլինեին․ նրանք նույն թովչական ազդեցությունն էին անում իմ վրա, ինչ֊որ օձը թռչնիկի վրա։ Եթե դասս լավ գիտենայի, ես ուրիշ ոչինչ չէի վաստակում, բայց միայն ճաշին լինելու թույլատվություն․ միս Մեորդստոնը չէր տանում, որ ես պարապ եմ մնում, և եթե ես անզգուշություն ունենայի նրան անգործ երևալու, նա իսկույն եղբոր ուշադրությունն էր հրավիրում վրաս, ասելով․ «Սիրելի Կլարա, աշխատանքի պես լավ բան չկա․ մի զբաղմունք տվեք ձեր որդուն», ― և դարձայլ ինձ գործի էին դնում։ Ինձ հասակակից տղաների հետ խաղալու հնար ես համարյա չունեի․ Մեորդստոնների մռայլ փիլիսոփայությամբ, բոլոր մանուկները իժեր էին (չնայելով որ մի ժամանակ մի Մանուկ էր նստած Աշակերտած Խմբի մեջ), որոնք կարող էին վարակել իրար։
 
Մոտ վեց ամիս շարունակվող այդ վարմունքի հետևանքն այն եղավ, որ ես մի անշնորհք տխուր ու զայրացկոտ տղա դարձա։ Դրա պատճառը մասամբ սիրտս ճնշող այն հանգամանքն էր, որ աշխատում էին օրստօրե հեռացնել ինձ իմ մորից։ Հավաստի եմ, որ ես վերջապես մի կոպիտ, բիրտ անասուն կդառնայի, եթե մի բան արգելք չլիներ։
 
Այդ բանը հետևյալն էր։ Հայրս թողել էր գրքերի մի փոքրիկ հավաքածու վերի հարկի սենյակում, որ կից էր իմ ննջարանին և ուր ոչ ոք ոտք չէր դնում, ինձնից բացի։ Այդ օրհնած փոքրիկ սենյակից կարգով գալիս էին ենկերություն անելու ինձ Րոդրիկ Րենդոմը, Պերեգրին Պիկը, Հումֆրի Կլինկերը, Տոմ Ջոնսը, Ուեկֆիլդի երեցը, Դոն Քիշոտը, Ժիլ Բլան և Ռոբինզոն Կրուզոն։ Այս փառավոր խումբը արթուն էր պահում երևակայությունս և ապագայի հույսեր վառում սրտիս մեջ։ Դրանք և Արաբական Գիշերները, կախարդական հեքիաթների հետ միասին ոչ մի վնաս չէին տալիս ինձ, որովհետև եթե նրանց մեջ մի վնասակար բան էլ լիներ, դա չէր դիպչում ինձ․ ես այդ բանը չէի հասկանում։ Զարմանում եմ այժմ, թե որտեղի՞ց այդքան գրքեր կարդալու ժամանակ էի գտնում տաժանելի պարապմունքներիս միջոցին։ Իմ կրած վշտերիս մեջ դրանք մի֊մի սփոփամք էին ինձ համար։ Վեպերի բոլոր լավ անձերը նույնանում էին մտքիս մեջ ինձ սիրելի մարդկանց հետ, իսկ չարերը մր․ և միս Մեորդստոնների հետ։ Ամբողջ ութ օր ես ինքս ինձ Տոմ Ջոնս էի երևակայում (մի մանկական, անմեղ Տոմ Ջոնս). մի ամիս էլ շարունակ՝ Րոդրիկ Րենդոմ։ Շատ հափշտակված էի մանավանդ՝ չեմ հիշում որ ճամբորդության արկածների հատորով, որ գտել էի գրադարանում․ սակայն միտքս է, որ ես կոշկի մի կաղապարով սպառազինված՝ ամբողջ օրեր պտույտ էի գալիս մեր տան շուրջը, կարծելով թե վայրենիներ պիտի հարձակվեն նրա վրա․ ես ինքս ինձ երևակայում էի մի անգլիական նավատորմի քաջ նավապետ, որ վճռել է իր կյանքը թանկ ծախել, թշնամիների դեմ կռվելով։ Փույթ չէ, որ լատիներեն դասագրքով հարված էին տալիս նավապետի գլխին․ դրանից հետո նա մի մազի չափ չէր կորցնում իր պատիվը․ մնում էր միշտ նավապետ և հերոս՝ ամեն քերականներին և ամեն մեռած ու կենդանի լեզուներին հակառակ։
 
Այդ էր միակ ու մշտական սփոփանքս։ Դրա մասին մտածելիս ես միշտ պատկերացնում եմ աչքիս առջև մի գեղեցիկ ամառային երեկո, գեղջուկ մանուկները հանգստարանի բակում խաղում են, իսկ ես գիրք եմ կարդում անկողնուս վրա։ Շրջակայքի յուրաքանչյուր մարագը, եկեղեցու ամեն մի քարը և հանգստարանի յուրաքանչյուր անկյունը գրքերիս հետ մի կապ ուներ իմ մտքի մեջ և ներկայացնում էր այդ գրքերում հիշված մի որևէ անվանի տեղ։ Ահա Տոմ Պայպսը մագլցելով եկեղեցու աշտարակի վրա է բարձրանում․ ահա Ստրապը, պայուսակը շալակին, մեր ուռենու ցանկապատի մոտ հանգստանում է, և ես հաստատ համոզված եմ, որ կոմմոդոս (նավերի հրամանատար) Տրունիոնը մեր գյուղական պանդոկումն է խորհուրդ տեսնում Պիկլի հետ։
 
Այժմ ընթերցողին լավ հայտնի է, ինչպես և ինձ, թե ինչ էի ես մանկությանս այն շրջանում, որ նկարագրում եմ այս րոպեիս։
 
Մի առավոտ ես գրքերս առած մեր դահլիճը մտնելիս, տեսա, որ մայրս շատ վարանած է, միս Մեորդստոնը՝ հաստատ տրամադրված, իսկ մր․ Մեորդստոնը զբաղված էր ճկուն գավազանի ծայրին մի ինչ֊որ բան կապելով։ Երբ ներս մտա, նա գավազանը երկու անգամ շաչեցնելով, օդում ճոճեց։
 
― Այո՛, Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը։
 
― Չեմ կասկածում, սիրելի Ջեն, որ ձեր ասածը ճշմարիտ է, ― վրա բերեց մայրս թոթովելով։ ― Բայց․․․ մի՞թե այդ ծեծն օգտակար էր Էդուարդի համար։
 
― Իսկ դու, Կլարա, կարծում ես թե վնասակա՞ր էր, ― հարցրեց խստությամբ մր․ Մեորդստոնը։
 
― Այդ է խնդիրը, ― կնքեց միս Մեորդստոնը վճռաբար։
 
Իսկ մայրս հեզությամբ պատասխանեց․
 
― Հարկավ այդպես է, սիրելի Ջեն։
 
Եվ ոչ մի ուրիշ խոսք չասաց։
 
Գուշակեցի, որ այդ խոսակցության առարկան ես եմ և նայեցի մր․ Մեորդստոնի աչքերին, որոնք շեշտակի ուղղված էին իմ վրա։
 
― Դե, Դավիթ, ― ասաց նա և նրա աչքերը չարաչար պսպղացին, ― այսօր պիտի զգույշ լինես։
 
Նա կրկին փորձեց և շաչեցրեց իր գավազանը, այս անելուց հետո գոհ սրտով մի կողմ դրեց և իր գիրքը վերցրեց։
 
Դա մի լավ միջոց էր հենց սկզբից արթնացնելու իմ միտքը։ Զգում էի, որ դասիս բառերը ոչ թե հատ֊հատ և կամ տող֊տող, այլ ամբողջ էջերով են փախուստ տալիս իմ գլխից․ ես փորձում էի բռնել նրանց, բայց նրանք, եթե կարելի է այսպես ասել, կարծես թե չմուշկներ հագած սլանում էին, և այնպես արագ, որ քամին էլ հետևներից չէր հասնի։
 
Սկիզբը վատ էր, շարունակությունը՝ ավելի վատ։ Այդ օրը ես ներս էի մտել հաստատ հույսով, որ գովասանք կստանամ, որովհետև լավ էի սերտել դասերս․ սակայն հաշիվներս բոլորովին սխալ դուրս եկան։ Անվճար պարտքերիս գումարը գիրք գրքի հետևից ստվարանում էր, և միս Մեորդստոնը անքթիթ աչքերով դիտում էր շարքունակ մեզ։ Եվ երբ վերջապես հինգ հազար պանիրներին հասանք, (որոնք այս անգամ, ինչպես հիշում եմ, պատիժով էր փոխարինվել), մայրիկս թունդ լաց եղավ։
 
― Կլարա, ― ասաց միս Մեորդստոնը ազդարար ձայնով։
 
― Ես փոքր֊ինչ տկար եմ, սիրելի Ջեն, ― ասաց մայրս։
 
Մր․ Մեորդստոնը հանդիսավոր ակնարկ արեց քրոջը, ապա գավազանը վերցնելով վեր կացավ աթոռից և ասաց․
 
― Իրավ որ, Ջեն, դժվար է Կլարայից պահանջել, որ նա հաստատությամբ դիմանա այն տանջանքին ու ցավին, որ այսօր հասցրեց նրան Դավիթը։ Դրա համար պետք կլիներ ստոիկյան պնդություն ունենալ։ Կլարան անշուշտ շատ է ուղղվել և ամրացել․ բայց դեռ չի կարելի շատ բան պահանջել նրանից։ Դավիթ, եկ միասին վերև գնանք։
 
Մինչ նա ինձ դեպի դուռն էր քաշում, մայրիկս մեր վրա սլացավ։ Միս Մեորդստոնը բռնեց նրան և գոչեց․
 
― Կլարա, խելքդ թռցրե՞լ ես։
 
Մայրս փակեց ականջներն ու դառնապես լաց եղավ։
 
Մր․ Մեորդստոնը ծանր ու հանդարտ քայլերով վերև բարձրացավ ինձ հետ միասին։ Հավաստի եմ, որ գործադիր իշխանության այդ հանդիսավոր վերելքը մի հրճվանք էր պատճառում նրան։ Երբ վերև հասանք, նա հանկարծ գլուխս բռնեց և իր թևի տակ սեղմեց։
 
― Մր․ Մեորդստոն, սըր, ― գոչեցի ես։ ― Թողեք ինձ, աղաչում եմ, մի ծեծեք ինձ։ Ես դասերս լավ եմ սերտում, բայց չեմ կարող պատասխանել ձեր և միս Մերդստոնի առջև։ Չեմ կարող։
 
― Չե՞ս կարող, իրա՞վ, Դավիթ։ Ահա իսկույն կտեսնենք։
 
Կարծես թե նա մամլիչով էր ճնշում գլուխս, բայց ես ուժգին ցնցում անելով նրա ճանկերից դուրս պրծա և պաղատեցի, որ չլլկի ինձ։ Սակայն մի վայրկյան միայն տևեց այդ․ հետևյալ վայրկյանին մր․ Մեորդստոնը սաստիկ կերպով զարկեց ինձ․ ես էլ իսկույն նրա ձեռքը բռնեցի, որով ուզում էր բերանս փակել, և ամբողջ ուժով կծեցի։ Դեռ այսօր էլ, երբ հիշում եմ այդ դեպքը, ատամներս կրճտում են։
 
Այնուհետև մր․ Մեորդստոնը իր հարվածներն այնպես արագացրեց, որ կարծես ուզում էր սպանել ինձ։ Չնայած մեր հանած աղմուկին, ես լսում էի սանդուղքի կողմից ոտքի ձայներ և կանացի ճիչ․ դա մորս ու Պեգգոտիի աղիողորմ լացն ու կոծն էր։ Վերջապես մր․ Մեորդստոնը հեռացավ և դուրս գնալիս դուռը փակեց․ ես հատակի վրա մնացի, իսպառ ջարդված, բորբոքված և իմ թշվառ դրությունից զայրացած ու կատաղած։
 
Հիշում եմ, թե ինչ անբնական լռություն էր տիրում ամբողջ տանը, երբ ես փոքր֊ինչ ուշքի եկա։ Հենց որ բարկությունս սկսեց իջնել և ցավիս մորմոքը մեղմանալ, ես մտածեցի, թե ինձնից ավելի մեղապարտ էակ աշխարհիս երեսին չկա։
 
Որոշ ժամանակ հատակի վրա ընկած ականջ էի դնում, բայց ոչ մի շշուկ չէր հասնում ինձ։ Հազիվ սողալով, պատկերս տեսա հայելու մեջ․ ուռած, կարմրած, այլանդակված, ահռելի էր երես։ Ես ինքս ինձնից սարսափեցի։ Սպիներով ծածկված անդամներս այն աստիճան կսկծում ու ցավում էին, որ ամենաթեթև շարժումից անգամ սկսում էի լալ, սակայն այս բոլորը ոչինչ էր հանցավոր լինելուս դառնության առջև։ Կարող եմ ասել, որ եթե ես իրոք մի ահագին ոճիր էլ գործած լինեի, հանցավորությանս զգացումն ավելի սաստիկ չէր լինի։
 
Արդեն սկսել էր մթնել, և ես պատուհանը փակեցի (երկար ժամանակ պառկած էի գլուխս շեմքին դեմ տված, մեկ լալով, մեկ նիրհելով և մեկ ականջ դնելով)․ այդ միջոցին դռան բանալին ճռնչաց և միս Մեորդստոնը ներս մտավ, մի բաժակ կաթ, փոքր֊ինչ միս և մի կտոր հաց բերելով։ Առանց մի բառ ասելու, այդ բոլորը սեղանի վրա դրեց, օրինակելի համառությամբ վրաս նայեց և դուրս գնաց․ գնալիս դուռը նորից փակեց։
 
Արդեն վաղուց գիշեր էր, իսկ ես պատուհանի առջև մենակ նստած էի, մտածելով ― մի՞թե այլևս ոչ ոք չի գա։ Ամենայն հույս կորցնելուց հետո, շորերս հանեցի և անկողին մտա, և անկողնում հարցնում էի ինձ ահ ու դողով, թե ի՞նչ կլինի իմ վիճակը։ Արդյոք իրա՞վ ես քրեական հանցավոր եմ։ Արդյոք չե՞ն բանտարկի ինձ։ Կամ թե արդյոք կախելու վտանգ չի՞ սպառնում ինձ։
 
Երբեք չեմ մոռանա, թե ինչպե՞ս հետևյալ առավոտյան զվարթ սրտով զարթնեցի և հետո հանկարծ նոր աղետը հիշելով, վհատ տագնապ զգացի։ Դեռ անկողնուց չէի ելել, երբ միս Մեորդստոնը ներս մտավ կարճ խոսքերով ինձ հայտնելու, թե կարող եմ կես ժամ զբոսնել պարտեզում․ ոչ ավելի, և նույն րոպեին դուրս գնաց, դուռը բաց թողնելով, որպեսզի ես օգուտ քաղեմ այդ շնորհից։
 
Այդպես էլ արեցի և ամեն առավոտ անում էի բանտարկությանս միջոցին, որ ճիշտ հինգ օր տևեց։ Եթե կարենայի մենակ տեսնել մայրիկիս, ես չոքելով կմոտենայի նրան և լալով ներողություն կխնդրեի․ սակայն այդ միջոցին միս Մեորդստոնից բացի, ես ուրիշ մարդ չէի տեսնում։ Ինձ թույլ էր տրված դահլիճ իջնել միայն իրիկվա աղոթքի ժամին, երբ տան բոլոր անդամները միասին էին հավաքվում․ այդ ժամին միս Մերոդստոնը վերև գալով ինձ դահլիճ էր իջեցնում և դռան մոտ կանգնեցնում, հենց իմանաս ես մի ավազակ լինեի, հետո հանդիսավոր կերպով հետ տանում իմ բանտը՝ առաջ քան աղոթողներից գեթ մեկը տեղից շարժվեր։ Այդ միջոցներին նկատում էի, որ մայրս շատ հեռու էր կանգնում և այնպիսի դիրքով, որ ես չէի կարողանում նրա երեսը տեսնել․ իսկ մր․ Մեորդստոնի ձեռքը մի մեծ կտավե թաշկինակով փաթաթված էր։
 
Անկարելի էր բացատրել, թե ինչպես երկար տևեցին այդ հինգ օրերը։ Դրանք իմ հիշողության մեջ ամբողջ տարիների տեղ են գրավում։ Ես ականջ էի դնում ամեն բանի, ինչ֊որ կատարվում էր մեր տանը․ զանգակների հնչյուններին, դռների շռնդոցին, խոսակցության շշուկին, սանդուղքից հասնող քայլերի ձայնին, ականջ էի դնում դրսից լսվող քրքջին, ուրախ սուլոցին կամ երգին, և դրանց զվարթ թնդյունից ավելի սրտամաշ էր դառնում տրամադրությունը իմ արգելարանում․ հետևում էի ժամերի անորոշ ընթացքին, մանավանդ գիշերները, երբ հանկարծ քնից սթափվելով կարծում էի, թե արդեն առավոտ է, այնինչ մերոնք դեռ չէին պառկել, և իմ առջև դեռ մի երկար ու տագնապալի երազներով լի գիշեր կար։ Բայց ահա լուսնաում էր, կեսօր էր գալիս, երեկո․ տղաները վազվզում էին հանգաստարանի մարգի վրա, իսկ ես պատուհանիս հետևից թաքուն դիտում էի նրանց, վախենալով, որ նրանք բանտում նստելս չիմանան։ Տարօրինակ էր թվում ինձ, որ ես այլևս իմ սեփական ձայնը չեմ լսում։ Միայն ճաշի ու ընթրիքի հետ գալիս էր ուրախության պես մի թռուցիկ բան, բայց դրանց հետ էլ իսկույն անցնում։ Մի երեկո մի զովարար անձրև եկավ և հետզհետե ստվերով պատեց եկեղեցին, իմ սիրտը և սրտիս ամեն տագնապներն ու խայթերը։ Այդ բոլորը դեռ այն աստիճան վառ ու թարմ է մտքիս մեջ, որ կարծես, ոչ թե հինգ օր, այլ մի ամբողջ տարիներ տևած լիներ։
 
Կալանավորությանս վերջին գիշերը ես արթնացա, հանկարծ անունս լսելով, որ մեկը շշնջում էր։ Վար ցատկեցի անկողնուց և մթության մեջ, բազկատարած ասացի․
 
― Այդ դո՞ւ ես, սիրելի Պեգգոտի։
 
― Ես եմ, ես, հոգյակ Դեվի, ― պատասխանեց նա։ ― Բայց տես, մկնիկի պես զգույշ եղիր, թե չէ կատուն կլսի։
 
Իմացա, ով է այդ կատուն․ միս Մեորդստոնի սենյակը իմին կից էր։
 
― Ինչպե՞ս է մայրիկս, Պեգգոտի․ շա՞տ է բարկացած իմ վրա։
 
Պեգգոտին լաց էր լինում դռան ծակի մյուս կողմում, ինչպես և ես այս կողմում։ Վերջապես նա պատասխանեց․
 
― Չէ՛, չէ՛, այնքան էլ չէ։
 
― Ի՞նչ են ուզում անել ինձ հետ, Պեգգոտի ջան։ Չգիտե՞ս։
 
― Ուսումնարան․․․ Լոնդոնի մոտերը, ― պատասխանեց Պեգգոտին։
 
Ես ստիպեցի նրան, որ իր խոսքերը կրկնի, որովհետև շտապելուց մոռացել էի բերանիս տեղ ականջս դնել դռան ծակին, ուստի և նրա պատասխանը փոխանակ լսելիքիս հասնելու, միայն կոկորդս էր խտղել։
 
― Ե՞րբ, Պեգգոտի։
 
― Վաղը։
 
― Դրա՞ համար էր, որ այսօր միս Մեորդստոնը բոլոր շորերս պահարանից հանեց։
 
― Այո, ― ասաց Պեգգոտին։ ― Կապոց։
 
― Իսկ մայրիկիս չե՞մ տեսնի։
 
― Այո՛, ― ասաց Պեգգոտին։ ― Առավոտյան։
 
Հետո նա բերանը ավելի պինդ հպեց փականքի ծակին և շտապ֊շտապ արտասանեց մի քանի խոսք այնպիսի հուզմունքով ու եռանդով, ինչպես երբեք աշխրհումս որևէ բառ չէր հաղորդվել փականքի ծակով, և նրա ամեն մի բառն ընդհատվում էր փղձուկից։
 
― Սիրելի Դեվի, հոգյակ իմ․․․ Եթե վերջին օրերս․․․ ես քեզ այնպես չեմ գգվել, ինչպես որ միշտ գգվել եմ․․․ չկարծես թե իմ սերը դեպի քեզ պակասել է․․․ Օ՜հ, աչքիս լույս, ես առաջվանից ավելի եմ սիրում քեզ․․․ բայց ես քո օգտի համար էի այնպես վարվում․․․ մեկ էլ ուրիշի․․․ Դեվի, ոսկի տղաս․․․ լսո՞ւմ ես ինձ։ Կարողանո՞ւմ ես լսել։
 
― Այո՛, այո՛․․․ Պեգգոտի, ― ասացի ես հեկեկալով։
 
― Գառնուկ իմ, ― շարունակեց Պեգգոտին ամենաջերմ կարեկցությամբ, ― ահա թե խնդիրս ինչ է․ երբեք չմոռանաս ինձ․․․ ես էլ քեզ չեմ մոռանա երբեք․․․ միշտ էլ մայրիկիդ լավ կնայեմ, Դեվի․․․ ինչպես որ քեզ եմ նայել։ Ես ոչ մի ժամանակ չեմ բաժանվի նրանից։ Կգա մի օր․․․ երբ նա գուցե սրտանց կուզենա․․․ իր խեղճ գլուխը․․․ հիմար, համառ Պեգգոտիի գրկի վրա դնել․․․ Եվ նամակներ կգրեմ քեզ, հոգյակ իմ․․․ չնայելով որ անուս եմ․․․ և ․․․ և․․․
 
Եվ Պեգգոտին սկսեց փականքի ծակը համբուրել, որովհետև ինձ համբուրել չէր կարող։
 
― Շնորհակալ եմ քեզնից, իմ սիրելի Պեգգոտի, ― ասացի ես։ ― Օ՜հ, շատ շնորհակալ եմ, շա՜տ, շա՜տ։ Բայց մի խնդիր ունեմ, կկատարե՞ս։ Խոսք կտա՞ս գրել մր․ Պեգգոտիին, և փոքրիկ Էմլիին, և միստրիս Գըմիջին, և Հեմին, որ ես այնպես վատ տղա չեմ, ինչպես որ գուցե նրանք կարծում են։ Գրիր նրանց, որ ես ամենքին ուղարկում եմ իմ սերը, մանավանդ փոքրիկ Էմլիին։ Խոսք կտա՞ս, անգին Պեգգոտի։
 
Բարեսիրտ կինը խոսք տվեց, և մենք երկուսս ջերմ գորովով համբուրեցինք փականքի ծակը, և ես այդ ծակը մինջև անգամ շփեցի, կարծե թե նա Պեգգոտիի ազնիվ երեսը լիներ և հետո բաժանվեցինք։ Այդ գիշերվանից սկսած մի այնպիսի զգացում դեպի Պեգգոտին արմատ բռնեց սրտիս մեջ, որ դժվար է պարզ բացատրել։ Նա մայրիկիս չփոխարինեց, ոչ ոք էլ աշխարհիս երեսին այդ չէր անի․ սակայն սրտիս մեջ դատարկ անկյունը լցրեց, և ես մի այնպիսի հակում զգացի դեպի նա, որի նմանը դեռ ոչ մի էակի համար չէի զգացել։ Դա մի ծիծաղելի կիրք էր, այո՛․ բայց եթե հանկարծ Պեգգոտին մեռներ, ես չգիտեմ ի՞նչ կանեի և ի՞նչ դեր կկատարեի այդ դիպվածում, որ ինձ համար մի իսկական ողբերգություն կլիներ։
 
Առավոտյան միս Մեորդստոնն առաջվա պես եկավ ինձ մոտ և ասաց, թե ես դպրոց պիտի ուղարկվեմ, ― մի վճիռ, որ ինձ համար իր կարծածի չափ նոր բան չէր։ Հայտնեց նմանապես, որ ես իսկույն շորերս հագնեմ և վայր իջնեմ նախաճաշիկ ընդունելու։ Այնտեղ տեսա մայրիկիս, որի դեմքը բոլորովին սփրթնել էր և աչքերն արտասուքից կարմրել էին․ ես նրա գիրկն ընկաա և վշտագին սրտիս խորքից ներողություն խնդրեցի։
 
― Օ՜հ, Դեվի, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս դու սիրտ արիր վշտացնելու այն մարդուն, որին ես սիրում եմ։ Աշխատիր ուղղվել, սիրելիս․ աղոթք արա, որ ուղղվես։ Ես ներում եմ քեզ, Դեվի, բայց շատ ցավում եմ, որ դու այդպիսի վատ կրքեր ունես։
 
Նրան համոզել էին, որ ես չարասիրտ տղա եմ, և նա ավելի այս բանից էր վշտացած, քան իմ մեկնելուց։ Այս հանգամանքը մի անտանելի ցավ ազդեց ինձ։ Ես փորձեցի վերջին նախաճաշիս համն առնել, բայց արտասուքի շիթերը հացի վրա ընկան և թեյիս մեջ կաթեցին։ Նկատեցի, որ մայրիկիս աչքերը մեկ իմ վրա, մեկ արթուն միս Մեորդստոնի վրա է ուղղում, հետո ներքև և կամ մի կողմ մտիկ անում։
 
― Դուրս տարեք մաստր Կոպպերֆիլդի անդուկը, ― ասաց միս Մեորդստոնը, երբ կառքի դղրդյուն լսվեց դռան մոտ։
 
Ես կարծում էի, թե Պեգգոտին կգա, բայց եկողը նա չէր, ոչ էլ մր․ Մեորդստոնը։ Իմ նախածանոթ կառապանն էր կանգնած դռան առջև։
 
― Կլարա, ― ասաց միս Մեորդստոնն ազդու ձայնով։
 
― Իսկույն, սիրելի Ջեն, ― պատասխանեց մայրիկս։ ― Բարով գնաս, Դեվի։ Գնալը քեզ օգուտ է։ Բարի ճանապարհ, որդյակ իմ։ Արձակուրդին տուն կգաս, և ես վստահ եմ, որ լավ տղա դարձած կտեսնեմ քեզ։
 
― Կլարա՜, ― կրկնեց միս Մեորդստոնը։
 
― Իսկույն, իսկույն, սիրելի Ջեն, ― կրկնեց մայրիկս, որ բռնել էր ինձ իր գրկում։ ― Ամբողջ սրտով ներում եմ քեզ, հոգյակ իմ։ Աստծու օրհնությունը քեզ ընկեր։
 
― Կլարա՜, ― երրորդեց միս Մեորդստոնը։
 
Միս Մեորդստոնը բարի եղավ մինչև կառքն առաջնորդելու ինձ և ասելու․
 
― Ես հուսով եմ, որ դու կուղղվես, եթե ոչ՝ բանդ վատ կվերջանա։
 
Այնուհետև ես կառք նստեցի և ծույլ ձին ճանապարհ ընկավ։
 
Ադմին, Վստահելի
1876
edits