― Կարտոֆիլ սիրո՞ւմ եք, ― ասաց սպասավորը խորամանկ ժպիտով և գլուխը մի կողմ թեքեց։ ― Պատանի ջենտլմենները արդեն զզված են կարտոֆիլից։
Ամենաբամբ ձայն հանելով, հրամայեցի նրան գնալ բերել հորթի կոտլետ, կարտոֆիլ, ամեն մի բան, ինչ֊որ պետք է, և հարցնել գրասենյակում, արդյոք նամակներ չկա՞ն Տրոտուդ Կոպպերֆիլդ իսքուայրի<ref>Esguire Esquire ― ազատականների պատվանուն է, նշանակում է՝ զինակից։</ref> անունով։ Լավ գիտեի, որ նամակներ չկան և չեն կարող լինել, բայց չէ՞ որ նամակների սպասելը հասակավոր մարդ լինելու նշան է։
Սպասավորն իսկույն պատասխան բերեց, թե նամակներ չկան (ես, իհարկե, շատ զարմացա), և սկսեց սեղանը ծածկել։ Այս անելիս հարցրեց ինձ, թե սովորաբար ինչ գինի եմ գործածում, և լսելով «կես շիշ խերես», հարմար դատեց, կարծում եմ, զանազան շշերում մնացած հեղուկներից հավաքել այդ քանակը։ Այսպես եմ կարծում, որովհետև լրագիր կարդալիս տեսա, որ մի ցած միջնորմի մյուս կողմում, որ նրա առանձին խցիկն էր, նա զանազան շշերից բովանդակությունը մեկի մեջ էր լցնում, ինչպես որ անում են դեղագործները դեղատոմսի համեմատ։ Գինին մի անպիտան քացխած բան էր, թեև սպասավորը երդում էր անում, թե տարաշխարհի առաջնակարգ գինի է։ Նրա վկայությամբ քաջալերված, ես բոլորը պարպեցի առանց մի բան ասելու։
Մր․ Պեգգոտին լրագրի մի անկյունը ցույց տվեց, և ես հետևյալը կարդացի «Port Middlebay Times»֊ում։
«Երեկ հյուրանոցի շքեզ դահլիճում տեղի ունեցավ մեր մեծանուն քաղաքակից և Միտլբեյ Հարբըրի ավագ դատավոր գերարգո Ուիլկինս Միկաբրի, EsguireEsquire<ref>Ըսքուայր ― ասպետների զինակից, պարոն, տեր։</ref> պատվին տրված հանդիսավոր հացկերույթը։ Դահլիճը հյուրերով լի էր։ Հաշված է, որ միայն մի սեղանի շուրջը ավելի քան քառասունութ պարոն ու տիկին էին նստած, բացի այն բազմությունից, որ սանդուղքի վրա ու նրբանցքի մեջ էր խռնվում։ Միդլբեյի հասարակության ամենից ընտիր, ամենից ազնիվ ու նուրբ մասը հավաքվել էր իր հարգանքը մատուցելու մեծահանճար ու ժողովրդական ջենտլմենին։ Կոչունքի գահերեցը դոկտոր Մելն էր (Պորտ Միդլբեյի միջնակարգ դպրոցի տեսուչ), և գերարգո հյուրը նրա աջ կողմն էր բազմած։ Սփռոցը հավաքելուց ու մեր ազգային Non Nobis֊ն երգելուց հետո (հարկ է ասել, որ այս օրհներգը հիանալի կերպով երգվեց, և քաղցր է մանավանդ հիշատակել, որ կրտսեր Ուիլկինս Միկաբրի Esguire Esquire զանգակի պես հնչող ձայնը բոլորին հիացրեց) կարգը հայրենասիրական բաժակներին հասավ, որոնք և ամենաջերմ հրճվանքով ընդունեցին։ Դոկտոր Մելը մի ոգեշունչ ճառ խոսեց՝ «Հարևշատության պանծալի հյուրի, որ քաղաքիս թագն ու զարդն է։ Թող նա իր բազմարդյունք գործերով մեր միջև այնքան փառավորվի, որ այլևս կարիք չզգա հեռանալու այս շրջանից»։ Այս կենացի հարուցած ոգևորությունն ու ցնծությունը նկարագրել անհնարին է։ Կեցցեների որոտմունքը օվկիանոսի ալիքների նման մեկ բարձրանում, մեկ իջնում էր։ Վերջապես ամեն բան լռեց, և ինքը՝ Ուիլկինս Միկաբրը, EsguireEsquire, ոտքի ելավ անձամբ շնորհակալություն հայտնելու։ Ցավում ենք, որ մեր թերթի տակավին թերի միջոցները չեն ներում ամբողջապես տեղադրել մեր կորովաբան քաղաքակցի հոյակապ պերճաբանության ողորկ ու սահուն ոճերը։ Հերիք է ասել, որ նրա ճառը հռետորական արվեստի մի գլուխ գործոց էր։ Քաջարի սրտերն անգամ արտասուքով լցվեցին, երբ ատենախոսն, իր ասպարեզի սկզբնակետը հիշելով, ունկնդիր բազմության երիտասարդ անդամներին հորդոր կարդաց՝ խորշելով֊խորշել դրամական պարտքեր անելուց, որոնք, եթե չվճարվեն, ծովածածուկ խութերի նման մահ կսպառնան անզգույշներին։ Հետո կենացներ առաջարկեցին ի պատիվ դոկտոր Մելի, մրս․ Միկաբրի (որ մի շնորհալի պատասխան տվեց ավագ դռան մոտից, ուր նորափթիթ գեղեցկուհիները մի հարդագողի ծիր էին կազմել աթոռների վրա՝ ականատես լինելու և փայլ տալու այդ շքեղ տեսարանին)․ Մրս․ Ռիջըր Բեգսի (նախկին միս Միկաբր), Մրս․ Մելի, Ուիլկինս Միկաբրի, EsguireEsquire, կրտսեր (որ ամենքի ծիծաղը շարժեց իր սրամիտ նկատողությամբ, թե ճառ ասելու ձիրք չունենալով, պատրաստ է իսկույն իր շնորհակալությունն երգով հայտնել). մր․ Միկաբրի ընտանյոց (որ ավելորդ է ասել՝ քաջածանոթ է մեր երկրում), և այլն, և այլն։ Հանդեսի վերջը, ասես թե դյութական թովչությամբ, բոլոր սեղաններն անհետացան, և պարող զույգերի համար արձակ ասպարեզ բացվեց։ Մինչև արևի առաջին ճառագայթները Տերփսիքորի<ref>Պարի մուսա</ref> երկրպագուները խայտացին ու կայթեցին և նրանց մեջ ամենից ավելի աչքի ընկան Ուիլկինս Միկաբրը, EsguireEsquire, կրտսերը, և դոկտոր Մելի չորրորդ դուստր՝ չքնաղագեղ միս Հելենան»։
Մինչ ես առանձին ուրախությամբ դոկտոր Մելի անունն էի հիշում, այն թշվառ մր․ Մելի, որ երբեմն իմ վերակացուն էր և արտաքսված էր մր․ Կրիկլի դպրոցից, մր․ Պեգգոտին ինձ լրագրի մի ուրիշ մասը ցույց տվեց, ուր կարդացի։
«Հռչակավոր մատենագիր՝
Դավիթ Կոպպերֆիլդին, EsguireEsquire.
Սիրելի պարոն․