Վերջին թարմացում 29 Հունիսի 2015, 00:33

Գլուխ LX (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)

Գլուխ LX

Բայց այնուամենայնիվ, ո՞վ էր պառկած խարույկի մոտ։ Դա բիզոնների որսորդը չէր։ Բայց չէ՞ որ այդ նրա հագուստն էր նրա թիկնոցն ու գլխարկը, նրա խթանավոր երկարաճիտ կոշիկները։

Եվ, համենայն դեպս, խարույկի մոտ պառկածը Կառլոսը չէր։ Ոչ. այդ նա էր, որ կիսամերկ թռավ ծառից ու սևաթույր ձիուն հեծած առաջ սլացավ։ Հանելուկ։ Մենք նրանից բաժանվեցինք երկու ժամ առաջ, երբ նա մոտենում էր պուրակի եզրին։ Իսկ ինչո՞վ էր զբաղված նա այդքան ժամանակ։ Ահա հենց դրանում է ամբողջ գաղտնիքը։

Հասնելով պուրակին, Կւսռլոսը մտավ նրա խորքը՝ բացատը։ Այնտեղ նա կանգնեցրեց ձիուն ու իջավ։ Կարեկցորեն նայելով Բիզոնին, նա զգուշորեն նրան դրեց փափուկ խոտի վրա, բայց շան վերքերը այնպես էլ չկապված մնացին։ Այժմ նրա տերը դրա համար ժամանակ չուներ: Նա պետք է զբաղվեր այլ գործերով։

Կառլոսը թուլացրեց սանձիկն ու ձիուն բաց թողեց արածելու, իսկ ինքն սկսեց իրագործել այն մտահղացումը, որը նրա գլխում ծագել էր այստեղ գալու ճանապարհին։

Ամենից առաջ պետք է խարույկ վառել. այսպիսի ցուրտ գիշերվա դեպքում այն միանգամայն տեղին էր։ Անտառում չորացած ճյուղեր ու փոքրիկ շյուղիկներ ճարվեցին։ Կառլոսը քարշ տվեց դրանք, դասավորեց բացատի մեջտեղում, և ահա խարույկն արդեն վառվում է՝ իր լույսը սփռելով շրջապատի վրա։ Կրակի կարմիր ցոլքերի տակ վիթխարի կակտուսները քարից քանդակած սյուներ էին թվում. այժմ դրանց վրա էր հառված Կառլոսի հայացքը։

Նա մոտեցավ այդ կակտուսներին ու սկսեց դանակով կտրել դրանցից ամենախոշորը։ Շուտով հսկան գետին տապալվեց։ Կառլոսը նրա բունն ու մեծ ճյուղերը տարբեր երկարության մասերի կտրատեց ու դրանք քարշ տվեց խարույկի մոտ։ Մի՞թե նա ուզում է դրանք կրակի մեջ գցել։ Չէ՞ որ այդ կանաչ ու հյութալի կույտը ոչ թե կսաստկացնի, այլ միայն կհանգցնի բոցը։

Բայց Կառլոսն ամենևին էլ այդպիսի մտադրություն չուներ: Ընդհակառակը նա այդ կտորտանքը դասավորեց խարույկից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, դասավորեց խորամանկորեն ու մտածված ձևով. մեծությամբ ու ուրվագծով մարդկային մարմնի նման ինչ-որ բան ստացվեց: Երկու գլանաձև կտորներ օգտագործվեցին որպես կողեր, երկու այլ կտորներ՝ որպես ձեռքեր, որոնք ճիշտ քնած մարդու ձեռքերի նման կախ էին ընկել. կանաչ աշտանակի կորացած ճյուղը փոխարինում էր դեպի վեր բարձրացրած ուսին։ Եվ երբ Կառլոսն այդ ամենը ծածկեց իր լայն թիկնոցով, ստացվեց ճիշտ և ճիշտ կողքի վրա պառկած, հանգստացող կամ քնած մարդ հիշեցնող ինչ-որ բան։

Սակայն ստեղծագործությունը (քանի որ դա, իհարկե, արվեստի ստեղծագործություն էր) դեռ ավարտված չէ. պակասում են գլուխն ու ոտքերի՝ ծնկից ներքև ընկած մասերը։ Բայց շուտով դրանք էլ հայտնվեցին իրենց տեղերում։ Կառլոսը խոտից գունդ սարքեց և դրեց ուսերի վրա։ Շարֆի ու գլխարկի օգնությամբ այդ գունդը նմանվեց նրան, ինչին պետք է փոխարիներ՝ մարդկային գլխին: Խոր հագցրած գլխարկը գրեթե ծածկում էր այն. կարելի էր մտածել, որ քնած անձնավորությունը դա այնպես է հագել, որ դեմքը պաշտպանի խոնավությունից կամ մոծակներից։

Մնում էր միայն ավարտել ոտքերը, բայց դրա վրա հարկ եղավ շատ չարչարվել։ Չէ՞ որ որսորդները սովորաբար քնում են ոտքերը դեպի կրակի կողմը պարզած. նշանակում է դրանք պետք է լավ երևան և այնպիսի տեսք ունենան, որպեսզի ոչ ոք չկռահի կեղծիքը։

Այդ բոլոր մանրամասնությունները Կառլոսը շուտ էր մտածել։ Դրա համար էլ առանց րոպե կորցնելու շարունակում էր այդ աշխատանքը: Նա հանեց իր կաշվե երկարաճիտ կոշիկներն ու ոչ մեծ անկյան տակ հարմարեցրեց կակտուսից պատրաստված ազդրերի մոտ այնպես, որ լայն թիկնոցի եզրը մի փոքր ծածկեց դրանք։ Վիթխարի խթանները նա թողեց կոշիկների վրա, դրանք փայլում էին խարույկի պայծառ լույսի տակ և հեռվից տեսանելի էին։

Եվս մի քանի մանրուք և խրտվիլակը պատրաստ է։

Այն պատրաստող վարպետը հեռացավ դեպի բացատի ծայրը և, շրջանցելով, բոլոր կողմերից դիտեց խրտվիլակը: Նա գոհ մնաց։ Իսկապես ոչ ոք չէր կասկածի, որ դա քնած ճամփորդ է, որն այնքան է հոգնել, որ պառկել է առանց նույնիսկ խթանները հանելու։

Կառլոսը վերադարձավ խարույկի մոտ ու կամացուկ սուլոցով մոտ կանչեց ձիուն: Նրան մոտեցրեց կրակին ու սանձը կապեց թամբաղեղից։ Հիանալի վարժեցրած ձին անմիջապես դադարեց խոտը պոկոտել: Նա գիտեր, որ այժմ պետք է տեղում հանգիստ կանգնի այնքան ժամանակ, մինչև որ իրեն ազատություն կընձեռի տիրոջ ձեռքը կամ ծանոթ ազդանշանը, որին նա վարժված էր ենթարկվել։ Հետո Կառլոսն արձակեց սանձի օղին կապված լասսոն։ Պարանի ազատ ծայրը նա ձգեց, հասցրեց խարույկի մոտ պառկած խրտվիլակին ու թաքցրեց թիկնոցի եզրի տակ այնպես, որ կարծես քնած մարդն այն բռնել է իր ձեռքում։

Եվ բիզոնների որսորդը նորից պտտվեց բացատի չորս կողմը, դիտելով նրա կենտրոնում սարքված խրտվիլակը, և, ըստ երևույթին, նորից գոհ մնաց։ Այնուհետև նա թփերի միջից քարշ տալով չոր ցախի նոր խուրձ բերեց ու գցեց կրակի մեջ։

Բայց ահա նա հայացքը դեպի վեր ուղղեց՝ կարծես ուսումնասիրելով բացատի չորս կողմում աճած ծառերը։ Նրա հայացքը կանգ առավ վիթխարի կաղնու վրա։ Կաղնին բարձրացել էր հենց փոքրիկ բացատի մոտ և նրա երկար հորիզոնական ճյուղերը տարածվել էին բացատի վրա։ Փարթամ մշտադալար պսակ ունեցող, լիանայով բոլորապատված և երկար ու խիտ մամուռով ծածկված այդ ծառը կանգնել էր՝ կարծես մի վիթխարի ստվերաշատ վրան. այն ամենաբարձրն էր ու ամենասաղարթախիտը։ Դա իսկապես պուրակի նահապետն էր։

– Հենց այն, ինչ պետք է,– ծառին նայելով, ինքն իրեն խոսեց Կառլոսը։– Երեսուն քայլի վրա է, շատ հարմար հեռավորություն է։ Իհարկե, նրանք փոքրիկ բացատով չեն մոտենա, դրանից կարելի է չվախենալ։ Դե, նույնիսկ եթե մոտենան էլ... բայց ոչ, նրանք ափով, ուռենիների տակով կգան։ Այո, հավանաբար... Դե, հիմա Բիզոնով զբաղվենք։

Կառլոսը նայեց շանը, որը դեռ պառկած էր այնտեղ, որտեղ նա նրան թողել էր։

– Խեղճ անասուն,– տխուր ասաց նա։– Լավ բաժին հասավ քեզ... Նրանց ստոր դանակների սպիներն ամբողջ կյանքում կմնան քո վրա։ Ինչ արած, գուցե կապրես մինչև վրիժառության ժամը։ Շատ հնարավոր է։ Իսկ որտե՞ղ թաքցնեմ քեզ։

Մի պահ մտածելուց հետո, նա շարունակեց.

– Գրողը տանի։ Ես ժամանակ եմ կորցնում։ Արդեն համարյա կես ժամ անցել է։ Եթե նրանք եկել են իմ ետևից, ապա արդեն մոտ են: Նրանց այդ երկարականջ գազանն, իհարկե, ընդունակ է հետևել ու գտնել ինձ. կարծում եմ, նա չի սխալվի: Բայց ո՞ւր թաքցնել Բիզոնին։ Եթե ես նրան ծառից կապեմ, այդպես նա հանգիստ կպառկի, խեղճ անասուն։ Իսկ մեկ էլ տեսար նրանք փոքրիկ բացատով եկան։ Բայց հազիվ թե։ Ես նրանց փոխարեն այդպես չէի վարվի: Ընդունենք, որ նրանք, այնուամենայնիվ, այդ կողմով կգան։ Այդ դեպքում կտեսնեն շանն ու ինչ-որ բան կկասկածեն։ Մեկ էլ տեսար խելքներին կփչի վեր նայել և այդ ժամանակ... Ո՛չ, ո՛չ, այդպես լավ չէ։ Պետք է մի ուրիշ բան մտածել։

Նա մոտեցավ կաղնուն ու սկսեց ուշադիր զննել նրա ներքևի ճյուղերը։ Ըստ երևույթին, նա գտավ այն, ինչ փնտրում էր։ Այժմ նա գիտեր, թե ինչ պետք է անել։ – Ահա սա լավ է,– քթի տակ խոսեց նա:– Շանը կդնեմ ճյուղերի վրա։ Դրանք մի փոքր էլ կհյուսեմ ու մամուռով կծածկեմ։

Կախվելով ճյուղերից, նա թռավ ծառին։

Մի քանի լիանա պոկեց ու դրանցով ճյուղիկների երկճղի ցողուններն իրար միացրեց այնպես, որ հարթակի նման ինչ-որ բան ստացվեց։ Հետո մի քանի գիրկ մամուռ հավաքեց ու այն փռեց լիանաներից գործված հարթակի վրա։

Երբ ամեն ինչ պատրաստ էր, Կառլոսը թռավ ծառից, բարձրացրեց Բիզոնին ու զգուշորեն դրեց մամուռի վրա. շունն անշարժ պառկեց այնտեղ։

Այժմ ժամանակն է մտածել սեփական անձը տեղավորելու մասին։ Դա դժվար չէր, միայն պետք էր նստել ամուր ու հարմար, որքան հնարավոր է խոր թաքնվել տերևների մեջ ու պատրաստ պահել հրացանը։

Եվ Կառլոսը սկսեց տեղավորվել: Նստեց մի հաստ ու մեծ ճյուղի վրա, ոտքերը հենեց մեկ ուրիշ ճյուղի. երրորդ ճյուղին հենվեց արմունկներով։ Հրացանի փողը տեղավորված էր երկու ճյուղերի բաժանման կետում, որսորդի ձեռքերն ամուր սեղմել էին նրա կոթը։

Կառլոսը խնամքով զննեց հրացանը։ Պարզ է, այն լիքն էր։ Բայց գուցե գիշերային ցողից խոնավացել է հրանցքը: Նա ետ պտուտակելով հանեց խանձոցի կափարիչը, բութ մատի եղունգով դուրս թափեց վառոդն ու իր վառոդամանից նրա տեղը լցրեց նորը։ Հետո հավասարեցրեց այն այնպես, որ վառոդի մի մասն ընկնի ակոսի մեջ ու հասնի լիցին։ Այնուհետև նա զբաղվեց կայծքարով, ստուգեց, թե արդյոք պինդ է այն ու զննեց նրա եզրերը։ Ըստ երևույթին ամեն ինչ կարգին էր, և Կառլոսը հրացանը նորից տեղավորեց երկու հատվող ճյուղերի արանքում։

Բիզոնների որսորդը նրանցից չէր, ովքեր հույսը դնում են պատահականության վրա, նրա արհեստի մարդիկ հավատում են հեռատեսության իմաստությանը։ Իսկ զարմանալու հարկ կա՞ արդյոք, որ նա հիմա առանձնապես զգույշ է: Նույնիսկ ամենաչնչին մանրուքները արհամարհելն անգամ կարող էր ճակատագրական դառնալ։ Հրացանի չբացվելը կարող էր կյանքի գնով հատուցվել։ Զարմանալի չէր, որ նա խնամքով զննեց կայծքարն ու ստուգեց, թե արդյոք չո՞ր է վառոդը։ Դիրքը նա ճիշտ էր ընտրել։ Այստեղից նրա աչքի առաջ թացվում էր ամբողջ բացատը։ Այնտեղ եթե նույնիսկ կատու հայտնվեր, ապա անհնար կլիներ նրան չնկատել:

Գրեթե մեկ ժամ Կառլոսը նստեց լուռ տագնապի մեջ, նայելով թվերով շրջապատված կանաչ բացատին։

Եվ վերջապես նա հատուցում ստացավ համբերատար սպասումի համար: Նա տեսավ թփերի արանքից նայող դեղնամաշկ դեմքը և քիչ էր մնացել տեղնուտեղը կրակեր նրա վրա: Նա նույնիսկ նշան բռնեց, բայց այդ պահին դեմքը նորից անհետացավ։

Նա մի փոքր էլ սպասեց. և ահա խարույկի պայծառ բոցը լուսավորեց ծնկերի վրա բարձրացած Մանուելի դեմքը: Այդ պահին Կառլոսի մատը սեղմեց շնիկը և հրացանից դուրս թռած դիպուկ գնդակը ծակեց նենգ թշնամու գանգը: