: ― Գու՛դ բայ, ― բղավեց աշխուժացած ծերուկ Ադամսը, երբ մեքենան շարժվեց։ ― Գու՛դ բայ միստեր օֆիսեր։
: Ի պատասխան մենք լսեցինք միայն անորոշ մռնչյուն։
==Երորրդ մաս — Դեպի խաղաղ օվկիանոս==
===Գլուխ տասնիններորդ — Մարկ Տվենի ծննդավայրում===
: Ճանապարհորդության սկզբից մենք անցանք Նյու֊Յորք, Պենսիլվանիա, Օհայո, Միչիգան, Ինդիանա և Իլլինոյս նահանգներով։ Հիշողության մեջ մնացին անթիվ և անհամար քաղաքների անուններ, ուր մենք նախաճաշում, ճաշում, գնում էինք կինո կամ գիշերում․ Պոուկիպսի, Հուդզոն, Օլբանի, Տրոյա, Օբերն, Վատերլոո, Էյվոն, Ֆրիդոնիա, Էրի, Սանդուսսկի, Տոլիդո, Պիորյա, Սպրինգֆիլդ։
: Բոլոր այդ և այստեղ չթվարկած հարյուր այլ քաղաքներում, գլխավոր հրապարակում դրված են Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական կռիվներին վերաբերող փոքրիկ հուշարձաններ։ Դրանք շատ հլու֊հնազանդ հուշարձաններ են, ցածրահասակ և բնավ ոչ֊ռազմատենչ։ Որևէ տեղ, հին Եվրոպայում բրոնզե կամ քարե ռազմիկն անպայման սուր է թափահարում կամ սլանում է կատաղի ձի հեծած և, համենայն դեպս, բացականչում մի որևէ այսպիսի բան։ «Հառաջ, հրաշք դյուցազուններ»։ Բայց ամերիկյան քաղաքների հուշարձանները բոլորովին զուրկ են ոգեշնչումից։ Զինվորիկը կանգնած է, ալարկոտ հենված հրացանին․ մեջքի պարկը կոճկված է բոլոր կանոններով, գլուխը հակվում է ձեռքերին, և ահա ուր որ է նեգրերի ազատագրության քաջամարտիկը կննջի՝ աշնանային լռությամբ օրորված։
: Այդ հուշարձանները բերվում էին Գերմանիայից։ Նրանք բոլորովին միանման են և մեկը մյուսից տարբերվում են ոչ ավելի, քան ֆորդի ստանդարտ մոդելը այն ֆորդից, որն ունի մոխրաման, ուստի և կես դոլար թանկ արժե։ Կան բոլորովին էժան զինվորիկներ, այնքան փոքրիկ, որ կարելի է պահել սենյակում, կան ավելի թանկերը, մեր նկարագրածի նման։ Կա, եթե կարելի է այսպես արտահայտվել, մոդել֊լյուքս զինվորիկ, որի ոտքերի մոտ հրետագունդ է դրված։ Մի խոսքով՝ ամեն գնի գերմանական ապրանք եղել է, այնպես որ յուրաքանչյուր քաղաք իր համար հուշարձան էր ընտրել ըստ իր գրպանի։ Համեմատաբար միայն վերջերս են ամերիկացիները այդ իմաստով ազատագրվել օտարերկրյա կախվածությունից և սկսել են վերջապես իրենց ձեռքով և իրենց նյութերով պատրաստել չուգունե և քարե զինվորիկներ։
: Բացի այդ, ամերիկյան յուրաքանչյուր քաղաք, որի բնակիչները զուրկ չեն հայրենասիրության օրինական զգացմունքից, ունի նաև Հարավի և Հյուսիսի այդ նույն պատերազմից մնացած թնդանոթ և մի փոքրիկ կիտուկ հրետագունդ։ Թնդանոթը և հրետագունդերը սովորաբար դասավորվում են զինվորիկից ոչ հեռու և բոլորը միասին կազմում քաղաքի ռազմա֊պատմական հատվածը։ Նրա ժամանակակից մասն արդեն հայտնի է մեզ և բաղկացած է ավտոմոբիլային հարստություններից, դեղատներից, ռեստորաններից, հինգ և տասը ցենտանոց իրերի խանութներից և գաղութային ապրանքների կրպակներից, որոնք պատկանում են «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Այդ ընկերության կարմիր և ոսկեզօծ տառերով ցուցանակները կան ամեն մի քաղաքում։ Ընկերության կրպակները կառուցված են միատեսակ, և գնորդը երկրի որ անկյունում էլ գտնվելիս լինի, մշտապես գիտի, որ «Ատլանտիկ և Պասիֆիկ» խանութում պղպեղը դրված է ձախ վաճառասեղանի վրա, վանիլը՝ այսինչ դարակի, իսկ կոկոսները՝ այնինչ։ Այդ վեհասքանչ միատիպությունը նույնիսկ անմահության որոշ գծեր է օժտում «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Պատկերացնում ես, որ մեր մոլորակի կործանման դեպքում վերջինը կմարեն այդ «Ատլանտիկ և խաղաղօվկիանոսյան ընկերության» կրակները․ Այդպես նախանձախնդրությամբ և նվիրվածությամբ է ծառայում սպառողին, տրամադրելով նրան գաղութային ապրանքների լայն ու միշտ թարմ ասորտիմենտը, սկսած բանանից մինչև սիգարեթներն ու սիգարները, որոնք պատրաստվում են ինչպես հայրենական, այնպես էլ ներմուծվող ծխախոտից։
: Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր միօրինակ վատ եղանակը։ Ուղևորության առաջին օըը միայն շողում էր պաղ սառեցրած արևը։ Բուֆալոյում արդեն անձրև էր գալիս։ Կլիվլենդում այն սաստկացավ, Դետրոյթում ուղղակի պատիժ դարձավ մեր գլխին, իսկ Չիկագոյում տեղի տվեց կատաղի սառը քամուն, որը գլխարկներ էր պոկում և գրեթե հանգցնում էլեկտրական ռեկլամները։
: Չիկագո դեռ չհասած, անձրևի և մառախուղի մեջ տեսանք Հերի մետաղաձուլական գործարանի մռայլ ուրվականը։ Մետալուրգիան և վատ եղանակը երկուսով այնպիսի մի անսամբլ էին ստեղծել, որ մարդու մարմնով սառսուր էր անցնում։ Եվ միայն հետևյալ օրը, Չիկագոյից դուրս պրծնելուց հետո, տեսանք կապուտակ երկինքը, որի վրայով քամին արագ և առանց այլևայլության ամպերն էր քշում։
: Ճանապարհը փոխվեց, ո՛չ ճանապարհը, այլ այն ամենը, ինչ շրջապատում էր այն։ Անցանք, վերջապես, արդյունաբերական Արևելքը և հայտնվեցինք Միջին Արևմուտքում։
: Երեք ստույգ նախանշաններ կան, որոնցով ամերիկացիներն անսխալ որոշում են, որ իրոք սկսվել է իսկական Արևմուտքը։ Ռեստորանների և դեղատների ցուցափեղկերից անհետանում են «խատ դոգ», որ նշանակում է «տաք շուն», ռեկլամող հայտարարությունները։
: «Տաք շունը» այնքան էլ հեռու չի կանգնած սովորական շնից․ դա տաք նրբերշիկ է։ Բովանդակ աշխարհում միշտ էլ սրամտում են նրբերշիկների և շան մսի վերաբերյալ, բայց միայն Ամերիկայի Արևելքումն է, որ այդ կատակը գործածության մեջ է մտել, և շունը դարձել է նրբերշիկի պաշտոնական անունը։
: «Խատ դոգի» փոխարեն ռեստորաններն ու դեղատներն իրենց ցուցափեղկերում ցուցադրում են պլակատներ, որոնք ռեկլամում են զուտ արևմտյան ուտելիքներ ― «բար֊բի֊քյու՝» խոզի տապակած մսով սանդվիչներ։
: Այնուհետև, սովորական «Օլ ռայթի» և «Օ քեյի» փոխարեն արևմուտքի բնակիչների խոսակցության մեջ լսվում է ոչ պակաս լավատեսական, բայց բուն տեղական «յու բետը», որ նշանակում է «գրազ եմ գալիս», բայց գործածվում է կյանքի բոլոր դեպքերում։ Օրինակ, եթե դուք սոսկ ձևականության համար հարցնում եք, արդյոք համե՞ղ կլինի ձեր պատվիրած համար 3 ճաշի ստեյկը, աղջիկը սիրալիր ժպիտով պատասխանում է․
: ― Յու բետ։ Գրազ եմ գալիս։
: Վերջին, ամենակարևոր նախանշանը հին, անգամ ոչ հին, այլ հինավուրց ավտոմոբիլներն են։ Ինը հարյուր տասը թվականի բարականիվ մեքենաներով ամբողջ ընտանիքով գնում են Արևմուտքի հարգարժան բնակիչները։ Հին ու բարձրադիր Ֆորդի խցիկներով անշտապ շարժվում են ֆերմերները՝ կողքերը սպիտակ թելով վերնակարած կապույտ օվերոլներով։ Ֆերմերների հաստապինդ թաթերը ամուր բռնել են ղեկը։ Հազիվհազ ինչ֊որ տեղ է քարշ գալիս նեգրերի ընտանիքը։ Առջևում նստած է երիտասարդ նեգրը, կողքին՝ կինը։ Հետևի նստատեղում ննջում է ալեհեր զոքանչը, իսկ փոքրիկ նեգրուկները անասելի հետաքրքրությամբ դիտում են մեր նյույորքյան դեղին համարը։ Ընտանիքը, ըստ երևույթին, հեռու տեղ է գնում, որովհետև մեքենային կապված են դույլ և փայտե սանդուղք։ Բարձրականջ ու լողլող ջորիները ճանապարհով քարշ են տալիս գյուղական ֆուրգոններ ու հարթակներ։ Սայլապանները նույնպես օվերոլներով են և վարում են կանգնած։ Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ չտեսանք իր սայլակի մեջ նստած ջորեպանի։ Դա մի տեսակ ոճ է՝ կանգնել սայլի վրա։ Գնալով շատանում են հինավուրց ֆորդերը։ Նրանց ուրվագծերը հնաձև են, փոքր֊ինչ ծիծաղելի և միաժամանակ սրտառուչ։ Ինչ֊որ պատկառելի բան է զգացվում նրանցում։ Նեղ են, հին, բայց միաժամանակ մի տեսակ դիմացկուն։ Նրանք վստահություն ու հարգանք են հարուցում։
: Նրանցից ամեն մեկը քսան֊քսանհինգ տարեկան կլինի, մինչդեռ նրանք գնում են ու գնում, կրում են, աշխատում են, այդ ազնիվ ու էժանագին սև կառեթները։
: Ծերունին հազիվ շնչում է, նրանում ամեն ինչ ցնցվում է, բրեզենտե ծածկից ծվեններ են մնացել, իսկ պահեստի անիվից՝ միայն ժանգոտած անվագոտին, բայց նա շարժվում է, կատարում իր գործը, հաճելի և փոքր֊ինչ կոմիկական այդ ավտոմոբիլային վետերանը։
: Մենք Արևմուտքում ենք։ Հեռանում էինք ձմեռից և մոտենում ամռանը։ Եվ մենք շահում էինք ոչ միայն տարվա եղանակի մեջ, այլև պարզապես ― ատլանտիկ գոտուց անցանք կենտրոնական գոտին և դրանում շահեցինք մի ավելորդ ժամ։ Հիմա Նյու֊Յորքում առավոտյան ժամը տասն է, մեզ մոտ՝ միայն ինը։ Սան֊Ֆրանցիսկոյի ճանապարհին մենք երկու անգամ էլ ժամացույցի սլաքը ետ կտանենք։ Արևմտյան գոտուց կընկնենք լեռնային, իսկ հետո խաղաղօվկիանոսային գոտին։
: Երեք ճանապարհների խաչմերուկում, փայտաշեն փոքրիկ սրճարանի դիմաց, որը որպես նորություն ազդարարել է, թե այստեղ գարեջուրը մատուցվում է ո՛չ թե շշերով, այլ պահածոյի բանկաներով, ցցված է մի սյուն, որին ամրացված էին քաղաքների անուններով լայն սլաքներ։ Ուղղությունից և տարածությունից բացի, այդ սլաքները ցույց էին տալիս, որ Արևմուտքում ևս ամերիկացիներն անում են այն, ինչ անում են Արևելքում․ իրենց քաղաքների համար ընտրում են գեղեցիկ, վեհ և նշանավոր անուններ։ Հաճելի էր իմանալ այդ փոքրիկ քաղաքում, որ իրենից մինչև Էդինա 42 մղոն է, մինչև Մեմֆիս՝ 66, մինչև Մեքսիկո՝ 44, իսկ մինչև Փարիզ ընդամենը 17 մղոն։ Բայց մենք ընտրեցինք ո՛չ թե Փարիզը և ոչ էլ Մեմֆիսը։ Մեզ հարկավոր էր Հաննիբալ քաղաքը։ Սլաքը ցույց էր տալիս, որ պետք է գնալ աջ, և որ մինչև Հաննիբալ մնում է երեսունինը մղոն։
: ― Միստերնե՛ր, ― ասաց Ադամսը, ― հիշեցրեք ինձ, որպեսզի ձեզ երեկոյան պատմեմ պահածոյի բանկաներով գարեջրի մասին։ Դա շա՜տ֊շատ հետաքրքիր գործ է։
: Ուղիղ երեսունինը մղոնից հետո երևաց Հաննիբալը։ «Միսսուրի նահանգի պատմության ընկերության» կողմից քաղաքամուտքի առջևում տեղադրած չուգունե տախտակը ծանուցում էր, որ մեծ հումորիստ Մարկ Տվենն այստեղ է անցկացրել իր մանկությունը, որ քաղաքում կա Մարկ Տվենի տնակը, Միսիսիպի գետի տեսարանով զբոսայգի, հուշարձաններ, քարայրներ և այլն։
: Մինչ մենք գիշերօթևան էինք որոնում և միստեր Ադամսը մեր ընտրած տան մեջ տեղեկանում էր, թե ինչպես են գնում գործերը քաղաքում, ինչպես է անդրադարձել այստեղ ճգնաժամը և ինչ է մտածում մեր տանտիրուհին՝ մաքրասեր ու տարեց ամերիկուհին Ռուզվելտի մասին, արդեն մթնեց։ Ստիպված էինք մինչև առավոտ հետաձգել «Միսսուրի նահանգի պատմության ընկերության» հանձնարարած տեսարժան վայրերի դիտումը։ Մինչև պառավ տանտիրուհին հանգամանորեն կպատմեր, թե գործերը Հաննիբալում ոչինչ, վատ չեն գնում և Մարկ Տվենի մասունքները դիտելու եկած տուրիստները բավականին մեծ եկամուտ են տալիս քաղաքին, որ ճգնաժամն իր ժամանակին բավականին ուժեղ էր, բայց և այնպես անհամեմատ բարեհաջող անցավ, քան Արևելքում, և որ պրեզիդենտ Ռուզվելտը շատ լավ մարդ է և հոգ է տանում չքավոր մարդկանց մասին, ավելի մթնեց։ Այդ երեկո մենք հասցրինք լինել գլխավոր փողոցի վրա տեղավորված Մարկ Տվենի թանգարանում։
: Դա ժամանակավոր թանգարան էր, որ կառուցված էր Մարկ Տվենի ծննդյան հարյուրամյակի տոնակատարության առթիվ։ Տեղավորված էր հոբելյանից քիչ առաջ սնանկացած «Հաննիբալ Տրաստ Կոմպանի» բանկի շենքում։ Ուստի լուսանկարները և զանազան մասունքներն այստեղ միախառնվել էին գրասենյակային միջնորմների և բանկային պահեստարանների պողպատյա նիգերի հետ։ Հսկա (ավա՜ղ, հավիտյանս դատարկ) անկիզելի դրամարկղի վերևում կախված էր գետային շոգենավի մի ղեկանիվ։ Ճիշտ այդպիսի մի անիվ է պտտացրել Մարկ Տվենը, երբ պատանեկության օրերին որպես նավաստի նավարկել էր Միսիսիպիով։ Մեզանից բացի, կար նաև մի այցելու։ Նրա տխուր դրմքից դատելով, անտարակույս, ժամանակին «Հաննիբալ Տրեստ Կոմպանի» բանկի ավանդատու է եղել, և եկել է այստեղ միայն նրա համար, որպեսզի մի անգամ էլ նայի վեհապանծ ու բոլորովին դատարկ դրամարկղին, ուր մի ժամանակ դրված էին իր համեստ խնայողությունները։
: Պատերից կախված էին լուսանկարներ։ Հատուկ սենյակում դրված էր հատկապես հոբելյանի առթիվ բերված մահճակալը, որի վրա մեռել էր գրողը, ամենուրեք թափված էին ձեռագրեր, նրա գրքերի առաջին հրատարակությունները, կոշիկներ, շարֆեր և ժանեկավոր սև հովհարներն այն աղջկա, որին նկատի ունենալով, Տվենը գրել էր իր Բեկկի Տաչերը։ Մի խոսքով, թանգարանը սարքավորված էր մի կերպ և առանձնապես հետաքրքրություն չէր հարուցում։
: Թանգարանում կար նաև այն հուշարձանի գիպսե մոդելը, որի կառուցման համար ազգային հանգանակություն է արդեն հայտարարված։ Այստեղ մեծ գրողը շրջապատված է իր հերոսներով։ Այստեղ֊այնտեղ դրված են հիսուն, եթե ոչ ավելի ֆիգուրներ։ Հուշարձանը կնստի միլիոն դոլար և համեմատաբար էժան լինելով հանդերձ, դատելով մոդելից, ամենաայլանդակ հուշարձաններից մեկն է լինելու աշխարհում։
: Մենք ճաշեցինք, ավելի շուտ ընթրեցինք թանգարանի դեմի ռեստորանում։ Միստեր Ադամսը, որը երբեք ոչինչ չէր խմում, հանկարծ գարեջուր պահանջեց։ Ջահել վեյտերը բերեց երկու պահածոյի բանկա, մեզանում նման բանկաներով կանաչ սիսեռ են ծախում։
: ― Սա վիթխարի գործ է, ― ասաց միստեր Ադամսը, նայելով, թե ինչպես վեյտերը բացում է գարեջրի բանկաները, ― և մինչև օրս, միստերներ, այս բանը ոչ ոքի չի հաջողվել։ Խանգարում էր թիթեղի հոտը։ Գարեջուրն անպայման պահանջում է կաղնե տակառ և ապակե անոթներ։ Բայց դուք, միստերներ, պետք է հասկանաք, որ գարեջրի տեղափոխումը շշերով թանկ է նստում և անհարմար է։ Շշերն անչափ մեծ տեղ են գրավում։ Դա ավելորդ ծախս է նստում փոխադրելիս։ Վերջերս գտել են այնպիսի լաք, որի հոտը ճիշտ համապատասխանում է, այսպես ասած, գարեջրատակառի հոտին։ Ի միջի այլոց, այդ լաքը որոնում էին մի էլեկտրական արտադրության կարիքների համար, բայց բնավ ոչ գարեջրի։ Այժմ պահածոյի բանկաների ներսը պատում են այդ լաքով և գարեջուրը ոչ մի կողմնակի համ չի ունենում։ Սա վիթխարի գործ է, միստերներ։
: Նա նույնիսկ խմեց երկու գավաթ գարեջուր, որ ընդհանրապես չէր սիրում։ Խմեց տեխնիկայի հանդեպ ունեցած հարգանքից։ Գարեջուրն իրոք լավն էր։
: Առավոտյան դուրս գալով տուրիստհաուզից, տեսանք փոքրիկ, հին և բնավ ոչ հարուստ մի քաղաք։ Նա գեղեցիկ փռված էր դեպի Միսիսիպի իջնող բլրակների վրա։ Վերելքներն ու վայրեջքները ճիշտ այնպես էին ինչպես բարձրադիր ափին կանգնած մերձվոլգյան մի քաղաքում․ փողոցների անունները չիմացանք, բայց թվում էր, որ կոչվում են վոլգյան փողոցների պես․ Օբվալնայա կամ Օսիպնայա։
: Ահա թե ինչպիսին է Հաննիբալ քաղաքը, Թոմ Սոյերի և Հեկլբերի Ֆիննի քաղաքը։
: Զարմանալի բան։ Քաղաքը նշանավոր է ոչ թե ավտոմոբիլների արտադրությամբ, ինչպես Դետրոյթը, ոչ սպանդանոցներով և բանդիտներով, ինչպես Չիկագոն։ Այն նշանավոր են դարձրել «Թոմ Սոյերի արկածների» համաշխարհային գրականության մեջ երբևէ եղած ամենասիրելի, ուրախ արկածների գրական հերոսները։
: Ինչպես ամենուրեք, այստեղ էլ փողոցներում գրեթե մարդ չկար։ Բայց նրանք, ովքեր հանդիպում էին իսկական տվենյան տիպեր էին․ վախլուկ և բարեսիրտ նեգրեր, պատվարժան դատավոր, որ վաղ առավոտվանից ատամներով կառչել է էժանագին սիգարեթից, և թավշյա շալվարակալներով պահվող, թավշյա դիմացկուն շալվարներ հագած տղաներ։ Տղաներն իրար գլխի հավաքված ինչ֊որ բան էին խաղում։ Դատելով նրանից, թե ինչպես էին նայում շուրջը, հավանորեն փողով էին խաղում։
: Փողոցն, ուր մանկությունն անցկացրել էր Մարկ Տվենը, այն ժամանակի բոկոտն Սեմ Կլեմենսը, պահպանվել է գրեթե լրիվ անձեռնմխելի վիճակում։ Գրողի տան մուտքի վերևում կախված է սպիտակ կլոր լապտեր վրան՝ «Մարկ Տվենի տունը» մակագրությամբ։ Ի դեպ, ամերիկացիներն ասում են ոչ թե Տվեն, այլ Տվայն, ոչ թե Թոմ Սոյեր, այլ Թամ Սոյօ՛ր։ Եվ նույնիսկ ամենալուրջ, ամենագործարար ամերիկացին, երբ լսում է այդ համաշխարհային նշանավոր տղայի մասին, սկսում է ժպտալ․ նրա աչքերը բարիանում են։
: Տնակում ապրում են երկու չքավոր, գրեթե մուրացիկ պառավներ, Կլեմենսների ընտանիքի հեռավոր ազգականներ։ Նրանք այնքան ծեր են ու վտիտ, որ օրորվում են խոտացողունների պես։ Այս տնակում վտանգավոր է շունչ քաշել՝ պառավներին կարելի է դուրս թռցնել պատուհանից։
: Առաջին հարկի երկու սենյակում նեղվացք է և փոշի։ Ո՛չ, միստեր Կլեմենս ավագը՝ Մարկ Տվենի հայրիկը, թեպետև տեղական, հաննիբալյան թերթի խմբագիրն է եղել, բայց ծայրահեղորեն համեստ է ապրել։ Դրված են զսպանակները դուրս պրծած բազկաթոռներ և տարուբերվող սեղանիկներ լուսանկարներով։
: ― Այս բազկաթոռի վրա, ― ասաց պառավներից մեկը, ― նստել է մորաքույր Պոլլին, իսկ այս պատուհանից դուրս է ցատկել Պիտեր կատուն, այն բանից հետո, երբ Թոմ Սոյերը նրան լուծողական է տվել։ Իսկ այս սեղանի շուրջը նստել է ողջ ընտանիքը, երբ բոլորը կարծում էին, թե Թոմը խեղդվել է, մինչդեռ նա այդ պահին կանգնած է եղել ահա այստեղ և ականջ է դրել։
: Պառավը խոսում էր այնպես, ասես այն ամենը, ինչ Տվենը պատմել է «Թոմ Սոյերի» մեջ, իրականում ճիշտ այդպես է տեղի ունեցել։ Վերջացրեց նրանով, որ առաջարկեց լուսանկարներ գնել։ Պառավները իրենց գոյությունը պահպանում են միայն դրանով։ Մեզանից յուրաքանչյուրը վերցրեց կես դոլարանոց մի լուսանկար։
: ― Մեզ մոտ այնպես հազվադեպ են գալիս, ― հառաչանքով ասաց պառավը։
: Ելքին ամենից մոտիկ սենյակում, պատից մի հուշատախտակ էր կախված գրողի պատկերով, որի տակ փորագրված էր Մարկ Տվենի անշահախնդիր երկրպագուի՝ տեղական բանկերի գախափարապես կայուն մակագրությունը․
: «Մարկ Տվենի կյանքն ուսուցանում է, որ աղքատությունն ավելի շատ կենաց խթան է, քան ետ պահող հանգամանք»։
: Սակայն աղքատ, մոռացված պառավների տեսքը պերճախոս կերպով հերքում էր այդ փիլիսոփայական կուռ կոնցեպցիան։
: Տան կողքին կանգնած էր սովորական փոքրիկ ցանկապատ։ Բայց ճարպիկ «Միսսուրի նահանգի պատմության ընկերությունը» արդեն կարողացել էր վրան թուջե տախտակ փակցնել, որի վրա գրված էր, թե սա այն ցանկապատի փոխանորդն է, որը Թոմ Սոյերն իր բարեկամներին թույլ տվեց ներկել, փոխարենը տալով խնձորը, ապակե կապույտ գնդիկ և այլ հիանալի իրեր։
: «Միսսուրի նահանգի պատմության ընկերությունը» ընդհանրապես գործում է զուտ ամերիկավարի։ Ամեն ինչ ճշգրիտ է և որոշակի։ Գրվում է ոչ թե «Ահա այն տունը, որտեղ ապրել է «Թոմ Սոյերում» նախատիպ ծառայող Բեկկի Տաչերը»։ Ոչ, դա գուցե և ճիշտ լիներ, բայց շատ անորոշ է ամերիկյան տուրիստի համար։ Նրան պետք է ստույգ ասել․ սա այն աղջիկն է, թե ոչ։ Նրան էլ պատասխանում են․ «Այո՛, այո՛, մի անհանգստացեք, հենց նա է, որ կա։ Դուք զուր ժամանակ և գազոլին չեք ծախսել այստեղ գալու համար։ Սա հենց նա է, որ կա»։
: Եվ ահա ծեր Կլեմանսի բնակարանի դիմացը կանգնած տնակի մոտ ևս մի թուջե տախտակ է կախված․ «Այստեղ եղել է Թոմ Սոյերի առաջին սիրո՝ Բեկկի Տաչերի տունը»։
: Պառավները մեզ մի քանի լուսանկար ծախեցին։ Նրանցից մեկում պատկերված էր Բեկկի Տաչերն ինքը ծերության օրերին։ Նա ամաուսնացած է եղել, կարծյոք, փաստաբանի հետ։ Մահվանից քիչ առաջ Մարկ Տվենը եկել է Հաննիբալ և նկարվել նրա հետ։ Այդ երկու ծերերի մեծ լուսանկարը կախված է թանգարանում սրտառուչ մի գրությամբ․ «Թոմ Սոյերը և Բեկկի Տաչերը»։
: Մյուսի վրա լուսանկարված է մի հնդիկ, որին Տվենը դուրս է բերել «Հնդիկ Ջո» անվան տակ։ Այս նկարը հանված է 1921 թվականին։ Հնդիկն այդ ժամանակ եղել հարյուր տարեկան։ Համենայն դեպս, այդպես է պնդում Հաննիբալ քաղաքը։
: Վերջում մենք գնացինք դեպի Կարդիֆյան բլրակը, որտեղ կանգնեցված է աշխարհի հազվագյուտ հուշարձաններից մեկը․ տվենյան գրական հերոսների հուշարձանը։ Թուջե Թոմ Սոյերն ու Հեկ Ֆիննը ինչ֊որ տեղ են գնոմ իրենց ուրախ գործերով։ Հուշարձանից ոչ հեռու խաղում էին բավականին մեծահասակ տղաներ։ Նրանք ոչնչով չէին տարբերվում իրենց թուջե նախատիպերից։ Ուրախ աղմուկ էր կանգնած հուշարձանի ստորոտում։
: Բավականին վաղ էր դեռ, երբ թողեցինք Հաննիբալը։ Ճանապարհին սրընթաց թռչում էին քնկոտ, շրջիկ գործակատարները։ Ցերեկը նրանք աշխատում են, երեկոյան քուններն առնում, իսկ գիշերը տեղից տեղ փսխադրվում։ Գիշերը ճանապարհն ամայի է։ Եվ առևտրի այդ դևերը հնարավորություն ունեն լրիվ թափով սլանալու։
: Մենք անցնում էինք եգիպտացորենի և ցորենի հնձած դաշտերի միջով, ֆերմերների կարմիր շտեմարանների և բակերի կողքով, որտեղ մետաղյա հողմաշարժիչները ջուր են քաշում ջրհորներից և կեսօրին հասանք Կանզաս քաղաքը։ Կոպիտ ասած, Կանզասը գտնվում է Ամերիկայի կենտրոնում։ Այստեղից մոտավորապես նույն հեռավորությունն է մինչև Նյու֊Յորք, և մինչև Սան֊Ֆրանցիսկո և մինչև Նյու֊Օռլեան, և մինչև Կանադայի սահմանը։
: Եվ այսպես, մենք Միացյալ Նահանգների կենտրոնում ենք, տափաստանների կենտրոնում, Միսսուրի գետափին գտնվող Կանզաս քաղաքում։ Ի՞նչը կարող է ավելի ամերիկյան լինել, քան այսպիսի տեղը։ Այդուհանդերձ այն ռեստորանի տերը, ուր մի րոպեով մտանք մի գավաթ սուրճով տաքանալու, դուրս եկավ Բեսարաբիայի մի հրեա՝ Բենդերի քաղաքից։ Մասոնական միկրոսկոպիկ աստղը շողշողում էր նրա պիջակի մերակին։ Բենդերի, Միսսուրի, Բեսարաբիա, մասոնականություն, գլուխ պտտեցնող շատ բան կար այստեղ։
: Նա գրպանից հանեց դարչնագույն, փոքրիկ լուսանկարներ և ցույց տվեց մեզ։ Դրանք Բենդերիում մնացած իր ազգականներն էին․ երկու գավառական երիտասարդներ, որոնց գանգրահեր քնքուշ գլուխները դրված էին բարձրադիր օձիքի մեջ։ Ռեստորանի տերը միաժամանակ ցույց տվեց և իր մասոնական լուսանկարը։ Մեր ազատ քարտաշի ազգանունը Մորգեն էր, և նա Ամերիկա էր եկել երեսուն տարի սրանից առաջ։
: ― Մորգեն, ― կրկնեց նա, ― դուք հավանորեն լսած կլինեք և՝ գուտ Մորգեն։ Այդ հենց ես եմ որ կամ։ Համարյա թե Մորգան։
: ― Բա ու՞ր են ձեր հիսուն հազար դոլարները, միստեր Մորգան, ― ուրախ֊ուրախ հարցրեց Ադամսը։
: ― Ի՞նչու հիսուն հազար դոլար, ― զարմացավ տերը։
: ― Նո, նո, պարոն, այդպես մի ասեք՝ «ի՞նչ»։ Ձեր։ Ձեր հիսուն հազար դոլարը։ Չէ՞ որ դուք Ամերիկա եք եկել փող վաստակելու։ Ու՞ր են այդ փողերը։
: ― Բանկում, ― մռայլ հումորով պատասխանեց միստեր Մորգենը։ ― Մինչև վերջին կոպեկն այնտեղ է դրված, միայն՝ ոչ իմ անունով։
: Նրա տարիներից և պայքարից հալումաշ եղած կերպարանքում, նրա հուսահատ հումորի մեջ ինչ֊որ ծանոոթ բան երևաց։ Հետո արդեն Տեխաս նահանգի Ամարիլլոյի ճամփով սլանալիս հիշեցինք, թե ումն էր նմանվում մեր բենդերացի մասոնը։
: Հազար ինը հարյուր երեսուներեք թվականին մենք Աթենքում էինք։ Մանրամասն պատմել, թե ինչպես էինք վազում Ակրոպոլը և այլ հնությունները տեսնելու, երկար պատմություն է։ Բայց մի դեպքի մասին պետք է ասեմ։
: Դպրոցական հիշողություններով տարված, մենք որոշեցինք Աթենքից գնալ Մարաթոն։ Մեզ բացատրեցին, թե ինչպես անել այդ։ Պետք էր գնալ հրապարակ, այնտեղից մարաթոնյան ավտոբուսներ են մեկնում, գնել տոմս և մեկնել․ ահա և բոլորը։ Մենք ուրախ֊զվարթ ճամփա ընկանք և հրապարակի մոտերքը ինչ֊որ տեղ մոլորվեցինք։ Վարսավիրը, որից հարցրինք ճամփան, թողեց հաճախորդին սափրելը և դուրս եկավ փողոց, որպեսզի բացատրի, թե ինչպես լավ կլինի գնալ։ Հաճախորդն էլ դուրս եկավ շենքից և շփոթվելով այն բանից, որ դեմքը օճառի մեջ էր, մասնակցեց մեզ համար մարշրուտ մշակելուն։ Քիչ֊քիչ մի փոքրիկ բազմություն հավաքվեց, որի կենտրոնում մենք ամոթխած կուչ ու ձիգ էինք լինում՝ մեր հարուցած աժիոտաժից ինքներս էլ շփոթված։ Ի վերջո հավաստիության համար մեզ ուղեկից տվին հինգ տարեկան մի տղա։
: Հունարեն տղային ասում են «միկրո»։ Միկրոն մեզ տարավ մերթ ընդ մերթ մատով անելով և իր հաստ, ալժիրյան շրթունքները բայրացակամորեն բաց անելով։
: Հրապարակում մենք տեսանք հին ավտոբուսներ, որոնց հետևի մասում պարաններով կապված էին մաշված ճամպրուկներ։ Դրանք մարաթոնյան ավտոբուսներն էին։ Իսկույն մեզ համար պարզ դարձավ մեր ձեռնարկած գործի անհեթեթությունն ու տաղտկալիությունը։ Մեկմեկու ոչ մի խոսք չասելով, որոշեցինք հրաժարվել մեկնելուց։ Միկրոյին անհանգստության համար տվեցինք հինգ դրախմ, իսկ մենք գնացինք ավտոբուսային կայանի դիմացը գտնվող սրճարանը հանգստանալու և հունական հիանալի սուրճ խմելու։
: Չորս սիրունատես և աղքատ հագնված երիտասարդ անբաններ, մարմարյա սեղանին փռած թաղիքե գորգի վրա թուղթ էին խաղում։ Վաճառասեղանի հետևում գտնվում էր տերը, ընկած մի մարդ։ Նա ժիլետով էր, բայց առանց օձիքի։ Սափրված, բայց չսանրված։ Մի խոսքով, դա մի մարդ էր, որն արդեն ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում․ ինչպես ասում են՝ իր սայլն էր քաշում։ Հաճախորդ կա՝ լավ, չկա՝ վնաս չունի։ Միևնույն է, կյանքում առանձնապես ոչինչ տեղի չի ունենա։ Նա անտարբեր պատվեր ընդունեց մեզանից և գնաց վաճառասեղանի հետևը սուրճ եփելու։
: Եվ իսկույն պատից կախված տեսանք սրճարանատիրոջ երիտասարդության օրերի լուսանկարչական դիմանկարը։ Լիեռանդ, կլոր գլուխ, հաղթական հայացք, մինչև երկինք հասնող բեղեր, մարմարյա օձիք, մշտնջենական բանտիկ, ջահելության կորով և փայլ։ Ա՜հ, որքան տարիներ էին պետք, որքան ձախորդություն էր պահանջվում կյանքում, որպեսզի նման մեծաբեղ աթենացուն հասցներ այն ողորմելի վիճակին, որի մեջ գտանք նրան։ Ուղղակի սարսափելի էր համեմատել դիմանկարը տիրոջ հետ։ Ոչ մի բացատրության հարկ չկար։ Ձախողակ հույնի բովանդակ կյանքը մեր առջևումն էր։
: Ահա թե ինչ հիշեցրեց մեզ միստեր Մորգենը՝ Բեսարաբիայի հրեան և Կանզաս֊սիթիի մասոնը։
===Գլուխ քսաներորդ — Ծովային հետևակի զինվորը===
: Օկլախոմայի օրաթերթում մենք անցողակի տեսանք հիվանդանոցային սպիտակ մահճակալին կիսապառկած աղջկա լուսանկար և մակագրություն՝ «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։ Խորանալ այն բանում, թե ինչու է աղջիկը ժպտում տառապանքի անկողնում՝ ժամանակ չկար, և թերթը մի կողմ դրվեց։ Սակայն միստեր Ադամսը սուրճ խմելու պահին հաջողեցրեց կարդալ լուսանկարի տակ եղած փոքրիկ թղթակցությունը։ Նրա դեմքը կնճռոտվեց, և նա դժգոհությամբ աչքերը հառեց ռեստորանում դրված գազի բուխարիկին։ Օկլախոմայից դուրս գալուց առաջ մենք շտապ հագենում էինք ձվով և խոզի ապուխտով։
: Միջին Արևմուտքի շատ տեղերում կան բնական գազի ելքեր, որտեղից գազը հատուկ խողովակաշարքերով հասցնում են քաղաքները, և այդ համեմատաբար էժան արժե։ Միստեր Ադամսը նայում էր կրակի վարդա֊երկնագույն շիթերին, որ բոցկլտում էր շարժական նիկելի բուխարիկի մեջ, և բարկացած ֆսֆսացնում։
: ― Միստերներ, ― ասաց նա, ― ես ինքս մեծ լավատես եմ, բայց երբեմն հուսահատվում եմ ամերիկյան լավատեսությունից։ ― Եվ նա զզվանքով կրկնեց․ ― «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։
: Մեզ հարկավոր էր շտապել, և միստեր Ադամսին հուզող թեմայի շուրջը խոսակցությունը չսկսվեց։ Իսկ ճանապարհին նա, ըստ երևույթին, մոռացավ աղջկա մասին, տարվելով մեր առջև բացվող զարմանալի տեսարանով։ Մենք անցնում էինք նավթային ճերմակափայլ ալյումինե անտառի միջով։
: Դեռ երեկ, լոկ անհրապույր ու փոշոտ փնջիկներով պատած տափաստանով դեպի Օկլախոմա սլանալիս մենք տեսանք նավթի առաջին աշտարակները։ Մեծ դաշտերում խիտ տնկված էին վանդակավոր երկաթե կայմեր։ Փոքր֊ինչ ճռճռալով օրորվում էին փայտե հաստ լծակները։ Մարդ չկար։ Այստեղ, տափաստանային անդորրի խոր լռության մեջ նավթ էին ծծում։ Մենք երկար ժամանակ գնում էինք, աշտարակների անտառը խտանում էր, լծակները շարունակ օրորվում էին, երբեմն միայն երևում էր մի որևէ բանվորի կերպարանք, հագին օվերոլ՝ դիմացկուն բաց կապույտ պարուսինից կարած արտահագուստ։ Նա անշտապ անցնում էր մի աշտարակից մյուսը։
: Աշտարակների անտառը պայծառ էր, որովհետև դրանք բոլորը ներկված էին ալյումինի ներկով։ Դա տոնածառային արծաթի գույն ունի։ Դա տեխնիկական Ամերիկային անասելի գրավիչ տեսք է տալիս։ Ալյումինի ներկով են պատում նավթի բաքերը, բենզինի և կաթի ավտոմոբիլային ցիստեռները, երկաթուղային կամուրջները, քաղաքի լապտերասյուները և նույնիսկ ճանապարհամերձ փայտե սյուները։
: Օկլախոմայում ևս դրված էին աշտարակներ, և համաչափ տարուբերվում էին լծակները։ Նավթ էր հայտնաբերվել բուն քաղաքում։ Նավթի աշտարակները գնալով ավելի էին մոտենում Օկլախոմային և, վերջապես, կոտրելով թույլ դիմադրությունը, ներխուժել էին քաղաքի փողոցները։ Քաղաքը կողոպուտի է մատնաված։ Տների բակերում, մայթերի սալարկների վրա, դպրոցական շենքերի դիմաց, բանկերի և հյուրանոցների դեմհանդիման՝ ամենուրեք նավթ էին ծծում։ Քաշում են բոլորը, ով հավատում է աստծուն։ Նավթի բաքերը կանգնած էին տասհարկանի մեծ շենքերի կողքին։ Խոզապուխտով ձվածեղից նավթի հոտ է գալիս։ Ազատ մնացած ամայի տեղում երեխաները խաղում են երկաթե կտորտանքներով և ժանգոտ պտուտակաբանալիներով։ Տները քանդում, գրողի ծոցն են ուղարկում, և նրանց տեղ երևան են գալիս վերնակներ, լծակներ։ Եվ այնտեղ, ուր երեկ ինչ֊որ մեկի տատիկը, կլոր սեղանի մոտ նստած, բրդե շալ էր գործում, այսօր ճռճռում է լծակը, և զամշե գործահարմար ժիլետ հագած նոտ տերը բերկրանքով հաշվում է հանած գալոնները։
: Ամենուրեք մենք տեսանք վանդակավոր կայմեր և լսեցինք լավատեսական ճռճռոց։
: Նավթի աշտարակներից բացի, Օկլախոման մեզ զարմացրեց թաղման գրասենյակների վիթխարի քանակով։ Գիշերօթևան որոնելու նպատակով մենք, ըստ սովորության, գնացինք «Ռեզիդենշել֊պարտ»՝ սենյակ վարձելու համար։ Առանց նայելու մոտեցանք մի տնակի, որի վրա ցուցանակ էր փայլփլում, և սարսափով տեսանք, որ դա թաղման բյուրո է։ Եվ էլի մի երեք անգամ կուրորեն նետվեցինք դեպի սիրալիրությամբ լուսավորված շենքերը և ամեն անգան ետ֊ետ էինք թռչում։ Դրանք բոլորն էլ թաղման բյուրոներ էին։ Ոչ մի տուրիստական ցուցանակ չկար, ոչ ոք եկվորներին վարձով սենյակ չէր տալիս մի գիշերվա համար։ Այստեղ առաջարկում էին միայն հավիտենական հանգիստ, հավիտենական անշարժություն։ Ըստ երևույթին, Օկլախոմայի բնակիչներն այնքան պինդ էին կշտացել նավթ քաշելուց և ծծելուց, որ այլևս կարիք չէին զգում այնպիսի մի մանր օժանդակության, ինչպիսին վարձով սենյակ տալն է։
: Ստիպված էինք համաձայնել, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ և իջևանենք հյուրանոցում։ Երկրոորդ կարգի հյուրանոցը, որի վրա կենտրոնացրինք մեր բծախնդիր ընտրությունը, շատ փքունորեն կոչվում էր «Կադիլակ», բայց կառուցված էր, անտարակույս, դեռ մինչև նավթային բարգավաճումը, որովհետև այն ծորակից, որից տաք ջուր պետք է հոսեր, սառը ջուր էր գալիս, իսկ սառը ջրի ծորակից ընդհանրապես ոչինչ չէր հոսում։ Միստեր Ադամսն անկեղծորեն վշտացած էր։ Քաղաքի բոլոր նորություններին իրազեկ, զրուցասեր տանտիրուհու փոխարեն նա տեսավ գրեթե հիսուն տարեկան միջանցքապահ սպասավորի, որը բոլոր հարցերին պատասխանում էր լիակատար անտարբերությամբ․ «իես, սըր» կամ «նո, սըր», ընդ որում նա ծխում էր այնպիսի գարշահոտ սիգար, որ նրա գնալուց հետո միստեր Ադամսը երկար ժամանակ հազում և քիթը մաքրում էր, ինչպես ջրում խեղդվող, որին ափ են հանել մեռնելու վերջին րոպեին։ Մի ժամ անց, միստեր Ադամսը մոտեցավ մեր համարի դռանը և հուսով թակեց։ Քանի որ ոչ մի հնարավորություն չկար բացել արդեն կպած կոպերը, ուստի մենք ոչինչ չպատասխանեցինք։ Միստեր Ադամսը նորից նրբավարի դուռը թակեց։ Պատասխան չկար։
: ― Պարոնայք, ― ասաց նա մի ձայնով, որից մարդու սիրտը կարող էր կտոր֊կտոր լինել, ― քնած չե՞ք։
: Բայց խենթորեն քնել էինք ուզում։ Չպատասխանեցինք։ Միստեր Ադամսը էլի մի րոպե կանգնեց դռան մոտ։ Շատ էր ուզում խոսել։ Եվ վշտացած, ոտքերը քարշ տալով, գնաց իր համարը։ Նզովյալ օկլախոմցիները փչացրին նրա երեկոն։
: Առավոտյան միստեր Ադամսը լի էր կորովով, և ուրախ էր, ինչպես միշտ։ Բետոնե ճանապարհը երկար ալիքներով բարձրանում էր վեր և երևում մի քանի մղոն հեռավորության վրա։ Ճանապարհի եզրին աջ ձեռքի բութ մատը վեր ցցած կանգնել էր ծովային հետևակի երիտասարդ մի զինվոր՝ կոճակներն արձակած սև շինելով։ Ճիշտ այդպիսի մի զինվոր էլ կողքին էր կանգնած։ Նա էլ էր վեր ցցել աջ ձեռքի բութ մատը։ Մեր առջևից գնացող մեքենան առանց կանգնելու սլացավ երիտասարդ մարդկանց կողքով։ Ըստ երևույթին լեցուն էր։ Մենք կանգ առանք։
: Ձեռքի վեր պարզած բութ մատն Ամերիկայում նշանակում է մեքենա նստեցնելու֊տանելու խնդրանք։ Ճանապարհ դուրս եկող մարդը համոզված է, որ անպայման որևէ մեկն իրեն կվերցնի։ Եթե ոչ առաջին մեքենան, ապա հինգերորդը, յոթերորդը, տասներորդը, բայց անպայման կվերցնեն։ Այդ կերպ կարելի է մեծ ճանապարհորդուցյուն կատարել․ մեկի հետ հարյուր մղոն գնալ, մյուսի հետ՝ ևս հարյուր, երրորդի հետ՝ ամբողջ հինգ հարյուր։
: Երկուսին չկարողացանք վերցնել, մենք չորս հոգի էինք մեքենայում։ Երիտասարդները Ամարիլլո քաղաքի փոստատանը տեսակցուցյուն նշանակեցին մեկմեկու, և նրանցից մեկը, կռանալով, մտավ մեքենան։ Նա իր ճամպրուկը խնամքով դրեց ոտքերի տակ, սիգարեթ հանեց և ծխելու թույլտվություն խնդրց։ Միստեր Ադամսն անհապաղ գլուխը շուռ տվեց ետ, որքան հնարավոր էր, և սկսեց հարցեր տեղալ մեր ուղեկցի գլխին։ Օ՜, միստեր Ադամսը չլսված ռևանշ վերցրեց Օկլախոմայի համար։ Ծովային հետևակի զինվորից տիկ էր հանում մեր աչքի առջև։
: Դա համարյա թե ջահել տղա էր, գեղեցիկ, չափից մի փոքր ավելի ինքնավստահ, նույնիսկ փոքր֊ինչ հանդուգն դեմքով։ Բայց միևնույն ժամանակ շատ համակրելի մի մանչուկ էր։ Պատասխանում էր շատ սիրով։
: Նրա ընկերոջ մասին անհանգստանալու հարկ չկար․ Նա մի որևէ մեքենայով կհասնի իրեն։ Այդպես շատ է եղել արդեն։ Չէ՞ որ նրանք մեծ «տրիպ» ― ճամբորդություն են կատարում։ Նրանց ծառայության գծով փոխադրում են Նյու֊Յորքից Սան֊Ֆրանցիսկո։ Ինքներն են խնդրել փոխադրել։ Բայց նրանց ասել են, որ իրենց ուժերով պետք է տեղ հասնեն։ Նրանք մի ամսով արձակուրդ են վերցրել և ահա երեք շաբաթ է գնում են՝ մի մեքենայից մյուսը նստելով։ Չիկագոյում մտադիր էին մնալ երեք ժամ, բայց մնացին տասը օր։
: ―Լա՜վ աղջիկներ պատահեցին։
: Դեյմոնում ևս երկար մնացին։ Նրանց իր մեքենան վերցրեց արտաքուստ բավականին հպարտ մի ջահել տիկին։ Հետո նրանք հանեցին մի շիշ վիսկի և խմեցին։ Տիկինն էլ խմեց իրենց հետ, և նրա ողջ հպարտությունը չքացավ։ Հետո տիկինը հյուրասիրեց նրանց գարեջրով, հետո այցելեցին նրա քրոջը, որի ամուսինը մեկնել էր ուրիշ տեղ։ Չորս օր զվարճացան, մինչև ամուսինը եկավ։ Այդ ժամանակ ստիպված ճղեցին։
: Համազգեստային անգերբ գլխարկը կտրիճաբար դրված էր զինվորի գեղեցիկ գլխին։ Համազգեստի մեծ ու տափակ կոճակները պսպղում էին ինչպես հարկն է։ Մերակների վրա շողշողում էին ինչ֊որ ռմբիկներ և ատրճանակներ։ Զինվորը բնավ գլուխ չէր գովում։ Ամերիկացիները հազվադեպ են պարծենկոտ լինում։ Նրան խնդրեցին պատմել իր մասին, և ահա նա պատմում է։
: Հետևում լսվեց սիրալիր մի մռնչոց և մեզանից առաջ անցավ աղոտ կայծկլտացող մի սև «բյուիկ»։ Կառի տիրոջ կողքին նստել էր մեր ուղեկցի ընկերը։ Նրանք ուրախ, անիմաստ հնչյուններ փոխանակեցին իրար հետ։ Խոսակցությունը շարունակվում էր։
: Զինվորը պատմեց, որ եղել է Ֆրանսիայում։ Այնտեղ ևս մի հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել իր հետ։ Երբ նավը ժամանեց Հավր, յոթ հոգու թողեցին գնալ Փարիզ զբոսնելու։ Դե՜, դիտեցին քաղաքը, հետո ընկան Գրենդ֊բուլվար և որոշեցին ճաշել։ Մտան մի փոքրիկ ռեստորան և շատ համեստ սկսեցին, պատվիրեցին գեմ ենդ էգգ։ Հետո բացվեցին, խմեցին շամպայն և այլն․ վճարելու փող, իհարկե, չկար։ Ծովային հետևակի զինվորներին որտեղի՞ց է փող, որ շամպայնի համար վճարեն։ Գարսոնը կանչեց ավագ մատուցողին, բայց նրանք մատուցողին ասացին․
: ― Գիտե՞ք ինչ, մեր ճաշի արժեքը դուրս գրեք պատերազմի այն պարտքերից, որ Ֆրանսիան մինչև օրս չի վճարել Ամերիկային։
: Մի խոսքով, մեծ սկանդալ եղավ։ Այդ մասին գրեցին թերթերում։ Բայց պետերից նրանց ոչինչ չհասավ, միայն մի նկատողություն։
: Ինչ կարծիքի է պատերազմի մասի՞ն։
: Պատերազմի՞ մասին։ Ինքներդ հո լավ գիտեք։ Այ, վերջերս մենք կռվում էինք Նիկարագուայում, մի՞թե ես չգիտեմ, որ մենք կռվում էինք ոչ թե հօգուտ պետության, այլ հօգուտ «Յունայթեդ ֆրուտ» բանանի ընկերության։ Նավատորմում այդ պատերազմը հենց այդպես էլ կոչվում է՝ բանանի պատերազմ։ Բայց եթե ինձ ասում են, որ պետք է գնալ կռվելու, ես էլ գնում եմ։ Ես զինվոր եմ և պետք է ենթարկվեմ կարգապահության։
: Նա ստանում է ամսական քսանհինգ դոլար։ Սան֊Ֆրանցիսկոյում հույս ունի, որ ավելի շուտ կհասնի կարիերայի, քան Նյու֊Յորքում, ուստի և փոխադրվում է։ Նյու֊Յորքում ունի կին և երեխա։ Կնոջը ամսական տալիս է տասը դոլար։ Բացի այդ, կինը ծառայում է։ Իհարկե, հարկ չկար իրեն ամուսնանալու։ Չէ՞ որ ընդամենը քսանմեկ տարեկան է։ Բայց որ այդպես է ստացվել՝ ոչինչ անել չես կարող։
: Ամարիլլոյում զինվորը մեզ թողեց։ Նա գոհունակությամբ ձեռքը հովարին կպցրեց, վերջին անգամ մեզ առաքեց իր հաղթական ժպիտը և գնաց փոստատուն։ Նա այնպես թարմացնող երիտասարդություն ուներ, որ անգամ նրա դատարկապորտությունը զզվելի չէր թվում։
: Մենք գիշերեցինք Ամարիլլո֊կեմպի ֆաներե խցիկներում։ Մարեցինք պլիտաները և գազի վառարանները։ Կեմպը գտնվում էր ճանապարհաեզրին։ Քամու աղմուկով սլանում էին ավտոմոբիլները։ Սուրում էին դիվոտած շրջիկ գործակատարները, ծանրորեն շառաչում էին հսկա բեռնատարերը։ Նրանց ֆառերի լույսը շարունակ անցնում էր պատի վրայով։
: Ամարիլլոն նոր և մաքուր քաղաք է։ Աճել է ցորենով, և թվում է, թե տասնհինգ տարեկան էլ չկա։ Բայց դա իսկական ամերիկյան քաղաք է․ այստեղ կա քաղաքային պարագաների լրիվ կոմպլեկտ՝ ալյումինով պատած լապտերասյուներ, մանուշակագույն ողորկ, աղյուսաշեն բնակելի տներ, տասհարկանի հսկա հյուրանոց, դեղատներ։ Ինչպես ասվում է՝ այն ամենը, ինչ հաճելի է հոգուդ համար։ Ավելի ճիշտ՝ մարմնի համար։ Հոգու համար այստեղ ոչինչ չկա։
: Երբ մտանք դեղատուն, այնտեղ շատ աղջիկներ կային նստած։ Նրանք նախաճաշում էին աշխատանքի գնալուց առաջ։ Եթե առավոտյան ժամը ութին կամ ութևկեսին դեղատնում նախաճաշում է փետրած հոնքերով, կարմրեցրած դեմքով, այնպես կարմրեցրած, ինչպես անում են Ամերիկայում, այսինքն՝ ուժեղ և գռեհկորեն, խարտոցած եղունգներով, մի խոսքով, այնպես զուգված֊զարդարված, ասես շքահանդես պետք է գնա, իմացած եղեք, որ նա հիմա գնում է աշխատանքի։ Այդպիսի աղջիկը հագնված է լինում՝ նայած ճաշակին և միջոցներին, բայց միշտ խնամքով և վայելուչ։ Առանց դրան նա ծառայել չի կարող, աշխատանք չի ստանա։ Իսկ այդ աղջիկները հիանալի աշխատողներ են։ Նրանցից ամեն մեկը գիտե սղագրություն, կարող է աշխատել հաշվեմեքենայի վրա, կարող է թղթակցել և տպել գրամեքենայի վրա։ Առանց այդ գիտելիքների չի կարելի ստանալ ոչ մի աշխատանք։ Ասենք հիմա այդ գիտելիքներով էլ դժվա՛ր է ստանալ։
: Այդ աղջիկների մեծամասնությունն ապրում է ծնողների հետ, նրանց աշխատավարձը օգնում է ծնողներին վճարել մաս֊մաս մուծելու պայմանով գնած տնակի կամ նույն պայմանով գնած սառնարանի համար։ Իսկ աղջկա ապագան հանգելու է այն բանին, որ մարդու է գնալու։ Այդ դեպքում նա ինքը ապառիկ կգտնի տնակ, իսկ ամուսինը տասը տարի առանց ձեռքերը ծալելու կաշխատի, որպեսզի վճարի այն երեք, հինգ կամ յոթ հազար դոլարը, որով տուն են գնել։ Եվ տասը տարի շարունակ երջանիկ մարդ ու կինը դողալու են վախից, որ իրենց կվռնդեն աշխատանքից, ու այդ դեպքում տան դիմաց վճարելու փող չի լինի։ Եվ տունը կվերցնեն։ Ա՜հ, ինչ սարսափելի կյանք են վարում միլիոնավոր ամերիկացիներ իրենց պստլիկ էլեկտրական երջանկության համար մղվող պայքարում։
: Աղջիկները հագած ունեին եղջերուի կամ բևեռաղվեսի մորթուց կարած կարճ ժակետներ։ Նրանք ժպտում էին, չնաշխարհիկ մատիկներով տապակած հացի մի կտոր կտրելով։ Ամերիկյան խելացնոր երջանկությունից խելքահան եղած, լավ, աշխատասեր աղջիկներ։
: Դեղատնային վաճառասեղաններից մեկի վրա մենք տեսանք մի քանի գերմանական գծագրատուփ։
: ― Միստեր Ադամս, մի՞թե Ամերիկան չունի իր սեփական գծագրատուփերը։
: ― Իհարկե ոչ, ոգևորված պատասխանեց Ադամսը։ Մենք գծագրատուփեր պատրաստել չենք կարող։ Այո, այո, պարոնայք, մի՛ ծիծաղեք։ Ոչ թե չենք ուզում, այլ չենք կարող։ Այո՛, այո՛, միստերներ։ Ամերիկան իր բովանդակ, վիթխարի տեխնիկայով չի կարող կազմակերպել գծագրատուփերի արտադրությունը։ Հենց այն Ամերիկան, որը տարեկան շինում է միլիոնավոր ավտոմոբիլներ։ Իսկ գիտե՞ք ինչումն է բանը։ Եթե գծագրատուփեր անհրաժեշտ լինեին ամբողջ բնակչությանը, մենք կկազմակերպեինք մասսայական արտադրություն, կթողարկեինք գրոշի արժեք ունեցող տասնյակ միլիոնավոր հիասքանչ գծագրատուփեր։ Բայց Միացյալ Նահանգների բնակչությունը, պարոնայք, տասնյակ միլիոնավոր գծագրատուփերի կարիք չի զգում։ Նրան հարկավոր են միայն տասնյակ հազարներ։ Նշանակում է մասսայական արտադրություն կազմակերպել չի կարելի և ստիպված են գծագրատուփերը պատրաստել ձեռքի աշխատանքով։ Իսկ այն ամենը, ինչ Ամերիկայում մեքենայով չի ստացվում, այլ մարդու ձեռքով, անասելի թանկ է նստում։ Եվ մեր գծագրատուփերը տասնապատիկ թանկ կնստեն , քան գերմանականը։ Միստեր Իլֆ և միստեր Պետրով, գրեցեք ձեր հուշատետրերում, որ մեծն Ամերիկան երբեմն անզոր է լինում հին, ողորմելի Եվրոպայի առջև։ Այդ շա՛տ, շա՛տ, շա՛տ կարևոր է իմանալ։
===Գլուխ քսանմեկերորդ — Ռոբերտսն ու նրա կինը===
: Տեխասի հյուսիսային մասի ոչ լայն ելուստը բաժանում է Օկլախոմա և Նյու֊Մեքսիկո նահանգները։ Ամարիլլոն գտնվում է Տեխասում, և այդ քաղաքից Սանտա֊Ֆե գնալու ճանապարհին մի գլուխ հանդիպում էին տեղացի գեղատեսիլ բնակիչները։
: Երկու կովբոյ քշում էին տափաստանային շների պես փրչոտ, մանրիկ կովերի նախիրը։ Թաղիքե հսկա շլյապաները պահպանում էին կովբոյներին անապատի բարկ արևից։ Կանացի ձևավոր կրունկներով երկարաճիտ կոշիկների վրա աչքի էին ընկնում մեծ խթանները։ Կովբոյները հայ֊հույ էին անում, ամբողջ թափով սլանալիս շրջում ձիերի ուղղությունը։ Այդ ամենը մի քիչ շքեղ և հանդիսավոր էր երևում, քան պետք էր կովի նախիրը համեստորեն կառավարելու համար։ Բայց ի՞նչ արած։ Սա Տեխասն է, Տեքսասը, ինչպես ասում են ամերիկացիները։ Ա՜յ թե որտեղ են իմանում կով արածացնել։ Մենք՝ քաղաքաբնակներս չենք, որ խորհուրդներ պետք է տանք նրանց։
: Հինավուրց ապակեպատ ֆորդով նույնպես կովբոյներ էին գնում։ Այդ հաղթանդամ տղաների համար նեղվածք էր փոքրիկ մեքենայում, և նրանք նստել էին բոլորովին անշարժ, երբեմն քիփ կպչելով միմյանց՝ իրենց աներևակայելի շլյապաների կոշտ եզրերով։ Նրանցից առաջ անցնելիս, ապակու միջով տեսանք կոպտավուն պրոֆիլներ և առնական այտմորուքներ։ Հինգ կովբոյ, հինգ շլյապա և հինգ զույգ այտմորուք՝ դա բավական մեծ ծանրաբեռնվածություն է հազար ինը հարյուր տասնյոթ թվականի բարակոտն ֆորդի համար։ Բայց «հին Հենրին» ճռնչոցով, հալից ընկնելով, կամաց կամավ առաջ էր շարժվում։
: Մեծ կողերով բեռնատարները ձիեր և ջորիներ էին տանում ինչ֊որ տեղ։ Զարմանալի՜ երկիր է, այնուամենայնիվ։ Այստեղ ձիերին անգամ ավտոմոբիլով են տանում։ Կարելի՞ է արդյոք ավելի մեծ նվաստացում հնարել այդ կենդանու համար։ Բարձրադիր թափքերի վերևում տխուր ցցվել էին ջորիների երկար ականջները և երբեմն երևում էր ձիու ազնիվ մռութը, որի աչքերի մեջ ճանապարհային անպատմելի մի թախիծ էր արտացոլվել։
: Հազիվ էինք հեռացել Ամարիլլոյից, երբ տեսանք ձեռքի բութ մատը տնկած նոր հիչ֊հայկերի։ Ամերիկայում «հիչ հայկեր» են անվանում այն մարդկանց, որոնք խնդրում են իրենց նստեցնել ու տանել։ Մեր երեկվա ծովային հետևակի զինվորն էլ այդ անունն էր կրում։ Մենք կանգ առանք։ Հիչ֊հայկերը ձեռքն իջեցրեց։ Նա հագել էր օվերոլ, որի տակից դուրս էին պրծել երկու շապիկների արձակաց օձիքները։ Օվերոլի վրայից հագել էր նաև բաց գույնի վելվետե մաքուր բաճկոնակ։ Նա ասաց, որ գնում է Արիզոն նահանգի Ֆենիքս քաղաքը։ Մենք ամենևին այն կողմը չէինք գնում, բայց մինչև Սանտա֊Ֆե հիչ֊հայկերը մեզ ընկերակից էր, և մենք նրան հրավիրեցինք նստել մեքենա։
: Միստեր Ադամսը ժամանակ չկորցրեց և անմիջապես սկսեց հարցուփորձը։
: Մեր ուղեկցի անունը Ռոբերտս էր։ Նա սև գլխարկը դրեց ծնկին և սիրով սկսեց պատմել իր մասին։ Ամերիկացիների մի լավ գիծ ևս՝ մարդամոտ են ու շփվող։
: Ռոբերտսի ընկերներից մեկը գրել էր, որ նրա համար մրգեր փաթաթողի աշխատանք է գտել Ֆենիկսում՝ շաբաթական տասնյոթ դոլարով։ Պետք է գնալ յոթ հարյուր մղոն, այդքան երկար ճանապարհի համար փող, իհարկե, չունի։ Ամբողջ գիշերը չի քնել․ գնում էր ապրանքատար վագոնով և շատ ցուրտ էր։ Վագոնում մի քանի շրջմոլիկ կային։ Ռոբերտսի համար ամոթ էր անտոմս երթևեկելը , և նա ամեն մի կայարանում իջնում էր օգնելու կոնդուկտորներին՝ բագաժ բեռնելու։ Իսկ շրջմոլիկները քնում էին , չնայած ցրտին, և ոչ մի խղճի խայթ չէին զգում։
: Ռոբերտսը գալիս էր Օկլախոմայից։ Այնտեղ հիվանդանոցում պառկած է նրա կինը։
: Նա գրպանից հանեց թերթի մի կտրվածք, և մենք տեսանք հիվանդանոցային սպիտակ մահճակալի վրա կիսապառկած ջահել կնոջ լուսանկարը և վերնագիրը՝ «Նա ժպտում է նույնիսկ տառապանքի անկողնում»։
: Միստեր Ադամսը հուզված ձեռքերը թափահարեց։
: ― Սը՜ր, բացականչեց նա, ― թերթում ես կարդացել եմ ձեր կնոջ մասին։
: Մի քանի ժամ շարունակ Ռոբերտսը պատմում էր մեզ իր կյանքի պատմությունը։
: Նա խոսում էր անշտապ, առանց հուզվելու, չձգտելով խճահարություն ու կարեկցանք շահել։ Նրան խնդրում են պատմել իր մասին՝ նա էլ պատմում է։
: Նա ծնվել է Տեխասում։ Հայրն ու խորթ հայրը հյուսն են։ Ավարտել է «Գայ֊սքուլ»՝ միջնակարգ դպրոց, բայց հետագա կրթության համար միջոցներ չի ունեցել։ Աշխատել է փոքրիկ գյուղական պահածոյի ֆաբրիկայում և դարձել վարպետ։ Այդպիսի փոքրիկ ֆաբրիկայում աշխատանք լինում է տարվա մեջ միայն երեք ամիս։ Վարձում են սեզոնայինների, որոնք շարունակ ընտանիքներով հանդերձ շարժվում են երկրով մեկ։ Սկզբում աշխատում են հարավում, հետո հետզհետե բարձրանում հյուսիս, ուր բերքահավաքը ուշ է սկսվում։ Դրանք իսկական քոչվորներ են։ Ոչինչ չի նշանակում, որ նրանք սպիտակներ են և ապրում են Ամերիկայում։ Նրանք նստակյաց մարդիկ էին, որոնց ժամանակակից տեխնիկան հարկադրել է անցնել քոչվորական ապրելակերպի։ Տղամարդկանց վճարում են ժամը քսան ցենտ, կանանց՝ տասնյոթ ցենտ։ Ապրանք բաց են թողնում նրանց ֆաբրիկայի խանութից, իսկ հետո գումարը դուրս գալիս ռոճիկից։ Ֆերմերների հետ նույնպես հատուկ հարաբերություններ են հաստատվել։ Այսպիսի ֆաբրիկայի տերը ֆերմերներին պարտք է տալիս սերմացու և նախօրոք, արմատի վրա, գնում բանջարեղենի բերքը։ Նույնիսկ ոչ թե արմատի վրա, այլ ավելի վաղ։ Բերքը գնվում է, երբ դեռ ոչինչ չի տնկված։ Ֆերմերներին դա ձեռնտու չէ, բայց տերը համաձայնություն կնքելու համար գարունն է ընտրում, երբ ֆերմերների դրությունն առանձնապես ծանր է լինում։ Մի խոսքով, այդ փոքրիկ ֆաբրիկայի տերը փող վաստակել գիտե՜։
: Փող վաստակելու ունակության մասին Ռոբերտսը արտահայտվեց ոչ թե վրդովմունքով, այլ խրախուսանքով։
: Բայց իր տերը, այնուամենայնիվ, հեշտ չի ապրում։ Նրան տանջում են տեղական բանկերը։ Ապագան անհայտ է։ Բանկերը, հավանորեն, կուտեն նրան։ Բանը դրանով է վերջանում Ամերիկայում։
: Եվ այսպես, նա վարպետ էր այդ փոքրիկ ֆաբրիկատիրոջ մոտ և ամուսնացել էր նրա աղջկա հետ։ Դա շատ երջանիկ ամուսնություն էր։ Երիտասարդ ամուսիններն ամեն ինչ անում էին միասին․ գնում էին կինո, ծանոթների մոտ, նույնիսկ միշտ միասին էին պարում։ Կինը ուսուցչուհի էր, շատ խելոք ու լավ աղջիկ։ Նա երեխա ունենալ չէր ուզում․ վախենում էր, որ նրանք կխլեն իր ամուսնուն։ Գործերն էլ լավ էին գնում։ Չորս տարվա համատեղ կյանքի ընթացքում հավաքել էին երկու հազար դոլար։ Ունեին տասնութ գլուխ ցեղական կով և սեփական ավտոմոբիլ։ Ամեն ինչ այնքան լավ էր գնում, որ դրանից ավելին չէին ցանկանում։ Եվ ահա երեսունչորս թվականի փետրվարին դժբախտություն պատահեց։ Կինն ընկավ սանդուխքից և ողնաշարը լուրջ վնասվածք ստացավ։ Սկսվեցին վիրահատումներ, բուժում, և մեկուկես տարվա ընթացքում բոլոր ունեցած֊չունեցածը տվին բժիշկներին։ Վերջ ի վերջո, դա ավելի շուտ նմանվում էր բանդիտների հարձակման, քան մարդասիրական բժշկական օգնության։ Բժիշկները վերցրեցին ամեն ինչ․ և կանխիկ դրամը, և բոլոր տասնութ կովերի և ավտոմոբիլի վաճառքից գոյացած դրամը։ Ոչ մի ցենտ չմնաց։ Սռաջին հիվանդանոցը վերցնում էր շաբաթական քսանհինգ դոլար, Օկլախոմայինը այժմ վերցնում է հիսունական դոլար։ Կնոջ համար մետաղե կորսետ պետք է շինել տալ՝ դա կարժենա ևս հարյուր քսան դոլար։
: Բժիշկների մասին խոսելիս Ռոբերտսը բնավ չէր գանգատվում նրանցից։ Ոչ, նա շատ հանգիստ արտահայտվեց․
: ― Ի՞նչ արած, իմ բախտը չբանեց։
: Եթե ռոբերտսների նման մարդկանց հետ որևէ դժբախտություն է պատահում, ապա նրանցից հազվագյուտներն են սկսում որոնել իրենց հասած դժբախտության արմատները։ Դա հատուկ չկ միջին ամերիկացու բնավորությանը։ Երբ նրա գործերը լավ են գնում, չի ասում, թե որևէ մեկը բարեբարություն է արել։ Նա ինքն է փող վաստակել՝ իր ձեռքով։ Բայց եթե գործերը վատ են գնում, ոչ ոքի չի մեղադրում։ Նա ասում է, ինչպես Ռոբերտսն ասաց մեզ՝ «իմ բախտը չբանեց»» կամ «իմ այս գործից բան դուրս չեկավ։ Նշանակում է, ես չեմ կարող այդ գործն անել»։ Բժիշկները կողոպտել են Ռոբերտսին, բայց փոխանակ մտածելու՝ իրավացաի է դա, թե անիրավացի, նա հանգստացնում է իրեն այն մտքով, որ իր բախտը չբանեց, և այն հույսով, որ մի տարուց հետո բախտը նորից կբանի։ Երբեմն նույնիսկ ինքնասպանի երկտողն իր մեջ լոկ մի պրիմիտիվ միտք է պարունակում․ «Կյանքում իմ բախտը չբանեց»։
: Ռոբերտսը չէր տրտնջում։ Մինչդեռ մի տարվա ընթացքում նա ամեն ինչ կորցրել էր։ Կինը ընդմիշտ անդամալույծ էր դարձել, տնտեսությունը և փողը խլել էին բժշկական աշխատողները։ Ինքն էլ կանգնել է ճանապարհին և խնդրում է նստելու ուրիշի մեքենան։ Միակ բանը, որ մնացել է՝ դա աջ ձեռքի վեր տնկած բութ մատն է։
: Ֆենիքսում նա ստանալու է շաբաթական տասնութ դոլար, բայց ապրելու է վեց֊յոթ դոլարով։ Մնացածը ծախսելու է կնոջ բուժման վրա։ Խեղճ կինը, այնուամենայնիվ, ուզում է աշխատել։ Նա մտադիր է տանը դասավանդել լատիներեն։ Բայց ո՞վ կուզենա Օկլախոմայում լատիներենի տնային դասեր վերցնել։ Քիչ հավանականություն կա։
: Մռայլ ժպտալով, Ռոբերտսը նորից ցույց տվեց մեզ թերթի կտրվածքը։ Լուսանկարի տակ կար լավատեսական մի մակագրություն․
: «Նա գիտե, որ խեղված է ամբողջ կյանքում, բայց ժպիտով է նայում ապագային։ Չէ՞ որ ինձ հետ է իմ Ռոբերտսը, ― ասաց խեղճ կինը մեր աշխատակցի հետ զրուցելիս։
: Միստեր Ադամսը հանկարծակի բռնեց Ռոբերտսի ձեռքը և թափահարեց։ ― Գուդ բոյ, ― քրթմնաջաց նա և շուռ եկավ։ Լավ տղա։
: Ռոբերտսը պահեց թերթի կտրվացքը և լռեց։ Տեսքից նա քսանութ տարեկան էր։ Մի հանդարտ երիտասարդ, գեղեցիկ առնական դեմքով և սև աչքերով։ Փոքր֊ինչ սապատովոր քիթը մի քիչ հնդկացու տեսք էր տալիս նրան։ Ռոբերտսը իսկույն բացատրեց, որ, իրոք, իր մեջ մի քառորդ հնդկական արյուն կա։
: Գրողը տանի այդ տեխասցիներին։ Նրանք կարողանում են կովեր արածացնել և տանել ճակատագրի հարվածները։ Բայց միգուցե հնդկացու արյան խարնուրդն է մեր ուղեկցին դարձրել այդպես ստոիկորեն հանգիստ։ Ֆրանսիացին կամ իտալացին նրա փոխարեն գուցե և ընկներ կրոնական խելացնորության մեջ, և միգուցե նզովեր աստծուն, բայց ամերիկացին հանգիստ էր։ Նրան խնդրեցին պատմել իր մասին, նա էլ պատմեց։
: Եվ այսպես մենք մի քանի ժամ խոսեցինք նրա հետ։ Հարյուրավոր հարցեր տվինք և նրա մասին իմացանք այն ամենը, ինչ միայն կարելի էր իմանալ։ Սպասում էինք, որ բնականաբար, ինքն էլ կուզենա որևէ բան իմանալ մեր մասին։ Այդ բանն առավել ևս սպասելի էր, քանի որ մենք միմյանց հետ խոսում էինք ռուսերեն, մի լեզվով, որ հազիվ թե լսած լիներ իր Տեխասում։ Միգուցե երբեք չլսած խոսակցության հնչյունները նրա մեջ հետաքրքրություն կառաջացնեն իր զրուցակիցների նկատմամբ։ Սակայն նա ոչ մի բան չհարցրեց, չհետաքրքրվեց իմանալու, թե ովքեր ենք, ուր ենք գնում, ինչ լեզվով ենք խոսում։
: Նման անհետաքրքրասիրությունից զարմացած, մենք նրան հարցրինք՝ գիտե՞ արդյոք Սովետական Միության մասին, լսե՞լ է արդյոք որևէ բան։
: ― Այո՛, ― ասաց Ռոբերտսը, ― ես լսել եմ ռուսների մասին, բայց նրանց վերաբերյալ ոչինչ չգիտեմ։ Բայց իմ կինը թերթեր կարդում է, հավանորեն նա կիմանա։
: Այստեղ մենք հասկացանք, որ նա մեզ հարձուփորձ չէր անում բնավ ոչ այն պատճառով, որ ավելորդ նրբանկատուցյուն էր դրսևորում։ Ընդհակառակն, ամերիկացիները նույնիսկ փոքր֊ինչ կոպիտ են։ Ո՛չ, պարզապես նրան այդ չէր հետաքրքրում, ինչպես, ամենայն հավանականությամբ, չէին հետաքրքրում ոչ մերձակա Մեքսիկան, ոչ իր Նյու֊Յորքը։
: Մենք նախաճաշելու կանգ առանք Սանտա֊Ռոզայից ոչ հեռու, երկաթուղային արևախանձ մի կայարանի ավանում։ Այն հաստատության տերը, որտեղ մենք կերանք պանիրով սանդվիչ՝ պահածո ապուխտի հետ միասին, ոսկրոտ, մեծ քթով մեկսիկացի էր։ Սանդվիչներ պատրաստում էին ինքն ու իր կինը, որը ոչ մի բառ չգիտեր անգլերեն, և որդին, հեծյալի ծուռ ոտքերով և կովբոյի պղնձազարդ գոտիով նիհար տղան։ Մեքսիկական ընտանիքը սանդվիչներ էր պատրաստում այնպիսի վիճաբանություններով և աղմուկով, ասես ժառանգություն էին բաժանում։ Ամերիկյան բանիմաց, հանգիստ «սերվիսը» չքացավ, ասես երբեք էլ չէր եղել։ Ի դեպ, սանդվիչի համար էլ երկուտակ թանկ վերցրին սովորական արժեքից։ Ավանի գլխավոր փողոցի վրա էր գտնվում հնդկական իրերի խանութը․ ցուցափեղկում դրված էին տնայնագործական վերմակներ, նախշազարդ կճուճներ և գլանաձև մեծ քթերով հնդկական աստվածներ։ Երկաթուղային բոլոր այդ հարստությունը լուսավորված էր նոյեմբերյան տաք արևով։ Սակայն տաքությունը իսկական չէր և ոչ էլ ամառային, այլ մի տեսակ թուլացրած, ասես կոնսերվացված լիներ։
: Ավանից, ուր քիչ առաջ մենք ման էինք գալիս օտարերկրացու հպարտ տեսքով, մի քանի մղոն հեռավորության վրա մեզ հետ տեղի ունեցավ առաջին ավտոմոբիլային պատահարը։ Քիչ մնաց ընկնեինք առուն։
: Չէնք պատմի, թե ինչպես պատահեց։ Այսպես թե այնպես այնքան էլ նրբագեղ բան չէր դա։ Չենք ասի նաև, թե ով էր դրա մեղավորը։ Բայց կարող ենք երաշխավորել, որ դա ոչ միսիս Ադամսն էր, ոչ նրա ամուսինը։ Մի բան միայն կարելի է ավելացնել մեր օգտին։ Երբ մեքենան սողում էր դեպի առուն, ոչ ոք մեզանից երկինք չկարկառեց իր ձեռքը, հրաժեշտ չտվեց իր մերձավորներին և ծանոթներին։ Բոլորն իրենց պահում էին ինչպես կարգն էր։ Լարված լռել էինք, հետևելով, թե ուր է ընկնելու մեքենան։
: Սակայն ավտոմոբիլը շուռ չեկավ։ Ուժեղ թեքվելով, հենց ուղիղ եզրին կանգ առավ։ Մենք զգուշությամբ դուրս սողացինք, դժվարությամբ հավասարակշռություն պահպանելով (հոգեկան նույնպես)։
: Դեռ մի խոսք չփոխանակած մեզ հետ պատահածի մասին, մեր կողքով անցնող հենց առաջին մեքենան (բեռնատար) կանգ առավ, և նրա միջից, ձեռքին բռնած մի հիանալի նոր պարան, մի մարդ դուրս եկավ։
: Ոչ մի խոսք չասելով, պարանի մի ծայրը կապեց բեռնատարից, մյուս ծայրը՝ մեր մեքենայից և մի րոպեում դուրս քաշեց ճանապարհի վրա։ Այդ պահին մեր կողքով անցնող բոլոր ավտոմոբիլիստները կանգ էին առնում և հարցնում՝ օգնություն պետք չէ՞ արդյոք։ Փրկարարներն ընդհանրապես մեր գլխին հավաքվեցին ուրուրների պես։ Ամեն վայրկյան լսվում էր արգելակների ճռնչոց, և մի նոր անցորդ էր իր ծառայությունն առաջարկում։ Դա մի հիանալի տեսարան էր։ Ավտոմոբիլները սողալով, առանց խոսքը մեկ անելու մոտենում էին մեզ, ինչպես այդ անում են մրջյունները, երբ իրենց եղբայրակցին տեսնում են դժբատության մեջ։ Ազնիվ խոսք, նույնիսկ լավ էր, որ մեզ հետ փոքրիկ էքսիդենտ պատահեց, այլ կերպ մենք չէինք իմանա ամերիկյան այդ զարմանալի գծի մասին։ Պարզելուց հետո միայն, որ այլևս օգնելու կարիք չկա, ավտոմոբիլիստները շարունակում էին ճանապարհը։
: Մեր փրկիչը մեզ բարի ճանապարհ ցանկացավ և մեկնեց։ Հրաժեշտի պահին նայեց միսիս Ադամսի կողմը և փնթփնթաց, որ ավտոմոբիլն, այնուամենայնիվ, պետք է վարի տղամարդ, և ոչ թե կին։ Միսիս Ադամսը իրեն պահում էր իսկական լեդիի պես։ Նրա մտքովն անգամ չանցավ ասելու, թե մեքենան ինքը չէր վարում։
: Մեզ ճանապարհի վրա քաշող ամերիկացին չուզեց նույնիսկ լսել մեր շնորհակալությունը։ Ճանապարհին օգնելն Ամերիկայում ինչ֊որ մի առանձնահատուկ արիություն չի համարվում։ Եթե մեր փրկիչն ինքն ընկած լիներ դժբախտության մեջ, նրան նույնպես սուսուփուս ու արագ կօգնեին, ինչպես ինքն օգնեց մեզ։ Օգնության համար փող առաջալկելու մասին նույնիսկ խոսել չի կարելի։ Դրա համար կարող են սոսկալի հայհոյել։
: Երկու օր անց ինքներս հանդես եկանք փրկչի դերում։
: Լեռնային ճանապարհով Սանտա֊Ֆե էինք վերադառնում Տաոս քաղաքի մոտ գտնվող հնդկական գյուղից։ Թաց ձյուն էր գալիս։ Ճանապարհը սառցակալել էր և մեր մեքենան երբեմն ակամայից բավականին վտանգավոր շրջադարձեր էր կատարում, մոտեցնելով մեզ զառիթափի հենց եզրին։ Մենք դանդաղ էինք գնում, և ձանձրույթը պատել էր մեր սիրտն ու հոգին։
: Շրջադարձերից մեկում անակնկալ կերպով տեսանք շուռ եկած մի բեռնատար մեքենա, որ ճանապարհի լայնքով ընկել էր կողի վրա։ Նրա մոտ, իրեն բոլորովին կորցրած, թրև էր գալիս մի երիտասարդ մեքսիկացի։ Որ նա մեքսիկացի էր, մենք տեսանք դեռ հեռվից։ Հագին ուներ վարդագույն վերնաշապիկ, երկնագույն փողկապ, մոխրագույն ժիլետ, մորեգույն կոշիկներ, կանաչ գուլպա և մուգմանուշակագույն շլյապա։ Նրանից երկու քայլ դենը, բլրալանջին, արյան լճի մեջ մեջքի վրա պառկել էր մեկ ուրիշ մեքսիկացի՝ մեղմ կանաչավուն թավշե շալվարով։ Թվում էր, թե նա մեռած է։
: Աղետն, ըստ երևույթին, հենց նոր էր տեղի ունեցել, և անվնաս մնացած տղան այնքան էր խելքը կորցրել, որ չէր կարողանում կարգին բացատրել, թե ինչպես է պատահել։ Նա ման էր գալիս բեռնատարի շուրջը և ինչ֊որ անիմաստ փնթփնթում․․․ Նա խելագարի էր նման։
: Պառկածը բացեց աչքերը և տնքաց։ Այդ զարհուրելի տնքոցը զգաստացրեց գույնզգույն մեքսիկացուն, և նա դիմեց մեզ, խնդրելով տանել վիրավորին նրա տունը, որ Վիլլարդե գյուղում էր։ Մենք առաջարկեցինք տանել մոտակա հյուրանոցը, բայց մեքսիկացին պնդեց, որ տանենք գյուղ։ Դրա համար պետք էր շեղվել ճանապարհից և երեսուն մղոն գնալ մի կողմի վրա։ Բոլորս միասին դժվարությամբ մեքենա նստեցրինք վիրավորին։
: Այդ պահին մեքենայով հետևից մոտեցավ մի ինչ֊որ ամերիկացի։ Նա հարցրեց՝ արդյոք օգնության կարիք չե՞նք զգում։ Մենք շնորհակալություն հայտնեցինք և ասացինք, որ հիմա կտանենք վիրավորին։ Գույնզգույն մեքսիկացին մնաց իր խեղված բեռնատարի մոտ։
: Դժվարին ճանապարհ էր, և երեք ժամ տևեց, մինչև որ հասանք Վիլլարդե։ Անմիջապես ամբողջ գյուղն ընդառաջ վազեց մեր մեքենային։ Աստված գիտի ինչով էին զբաղվում տեղի բնակիչները։ Չնայած լի օրվան, նրանք բոլորն էլ կաշվե և կապկի մորթուց կարած նոր կուրտկաներով էին։ Վիրավոր մեքսիկացուն հանձնեցինք իր ազգականներին։ Մի րոպեով նա սթափվեց և պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նրան տուն տարան։ Այդ պահին հետևից դարուփոսերի մեջ ընկնելով մոտեցավ այն մեքենան, որի մեջ նստած ամերիկացին իր ծառայությունն էր առաջարկում։ Պարզվեց, որ նա շարունակ գալիս է եղել մեր հետևից։
: ― Գիտե՞ք ինչ, ― ասաց նա, ― դուք շատ անզգույշ եք։ Չէ՞ որ մեքսիկացին կարող էր մեռնել ձեր մեքենայի մեջ։ Չէ՞ որ չգիտեք, թե որքան ծանր էր տուժել նա։ Գուցե նա արդեն մեռնելու վրա՞ էր։ Պատկերացնու՞մ եք, թե ձեզ ինչ կարող էր պատահել։ Դուք գալիս եք մեքսիկական մի գյուղ, որտեղ ձեզ ոչ ոք չի ճանաչում, և բերում եք նրա բնակիչներից մեկի դիակը։ Մեքսիկացիներն առաջին հերթին կմտածեին, որ դուք եք ջնջխել նրան։ Ի՞նչ կերպ կապացուցեիք, որ նա ջարդվել է իր մեքենայով։ Մեքսիկացիները շատ տաքարյուն մարդիկ են, և ձեր վիճակը բավական վատ կլիներ։ Եվ ահա ես մտածեցի, լավ չէ՞ արդյոք գնամ նրանց հետևից և հարկ եղած դեպքում դառնամ ձեր վկան։
: Այդ արարքը լավ պատկերացում է տալիս ամերիկացիների բնավորության մասին։
: Երբ մենք բաժանվեցինք ամեն մեկս իր կողմի վրա, ամերիկացին տվեց մեզ իր այցետոմսը։ Հանկարծ ու այս գործով անհրաժեշտ լինեն իր ցուցմունքները։ Այդ դեպքում հասցեն պետք կգա։ Այցետոմսից իմացանք, որ մեր վկան «գրեմեն֊սքուլի» ― տարրական դպրոցի դիրեկտորն է։ Այդ ծառայությունը ցույց տալու համար նա ահագին շեղվել էր իր ճանապարհից։
: Ամերիկյան ժողովրդի բնավորության մեջ շատ հրաշալի և գրավիչ գծեր կան։
: Նրանք հիանալի աշխատողներ են, ոսկե ձեռքեր։ Մեր ինժեներներն ասում են, որ ամերիկացիների հետ աշխատելիս իրենք իսկական բավականություն են ստանում։ Ամերիկացիները ճշտապահ են, բայց հեռու են բծախնդրությունից։ Սիրում են կարգ ու կանոն։ Գիտեն պահել իրենց խոսքը և հավատում են ուրիշի խոսքին։ Նրանք միշտ պատրաստ են օգնության գալու։ Լավ ընկերներ են և մեղմաբարո մարդիկ։
: Բայց ահա մի հիանալի գիծ՝ հետաքրքրասիրությունը գրեթե բացակայում է ամերիկացիների մոտ։ Այդ հատկապես վերաբերում է երիտասարդությանը։ Մենք ավտոմոբիլով տասնվեց հազար կիլոմետր արեցինք ամերիկյան ճամփաներով և տեսանք բազում մարդկանց։ Գրեթե ամեն օր մենք ավտոմոբիլի մեջ ենք վերցնում հիչ֊հայկերների։ Նրանք բոլորն էլ շատ զրուցասեր մարդիկ էին, և նրանցից ոչ մեկը հետաքրքրասեր չէր և չէր հարցնում, թե ովքեր ենք մենք։
: Ճանապարհին մեզ հանդիպեց փայտե մի կամար։
: «Բարի գալուստ Նյու֊Մեքսիկո»
: Հենց այդտեղ էլ, կամարի մոտ մեզանից քսանչորսական ցենտ կլպեցին մի գալոն բենզինի համար։ Նյու֊Մեքսիկոյում բենզինն ավելի թանկ արժե, քան Տեխասում։ Հյուրընկալ ողջյունը փոքր֊ինչ թունավորված էր առևտրական նեխահոտով։ Տարբեր նահանգնոերում բենզինը տարբեր գին ունի՝ գալոնի համար տասնչորսից մինչև երեսուն ցենտ։ Ամենից թանկ արժե, իհարկե, անապատներում, ուր ստիպված են հեռվից բերել։ Եվ հաճախ նահանգների սահմաններում կարելի է տեսնել այսպիսի պլակատ․
: «Բենզինի պաշար վերցրեք այստեղ։ Արիզոնի նահանգում չորս ցենտով թանկ արժե»։
: Դե, իհարկե, չես դիմանա։ Պաշար կվերցնես։
: Ճանապարհամերձ կավը կարմիր գույնի էր, անապատը՝ դեղին, երկինքը՝ կապուտակ։ Երբեմն հանդիպում էին ցածրահասակ մայրիներ։ Երկու հարյուր մղոն մենք անցանք բավական տրորված խճուղիով։ Բայց կողքին արդեն կառուցվում է Լոս֊Անժելոս ― Նյու֊Յորք հոյակապ խճուղին։
: Մենք կանգ առանք հին ջրհորի մոտ, որի վերևում հսկա մի ծանուցում էր կախված․
: «Ձեր պապը այստեղ ջուր է խմել, երբ Կալիֆոռնիա էր գնում ոսկու հետևից»։
: Մեկ ուրիշ ծանուցման մեջ այդ ջրհորը հորջորջվում էր՝ առաջինը Ամերիկայում։ Պատմական ջրհորի կողքին, կրպակում նստել էր տերը և գունավոր բացիկներ էր վաճառում հենց նույն ջրհորի տեսարանով։ Գետնի մեջ խրած սյունի մոտ երկու շղթայակապ ջահել արջեր էին ման գալիս։ Տերը ասաց, որ շատ կատաղի են։ Բայց արջերը, ինչպես երևում է, անգլերեն չգիտեին, որովհետև ամենաթունդ ստորաքարշությամբ կանգնում էին ետին թաթերի վրա և անցորդներից հյուրասիրություն խնդրում։ Կրպակի հետևում երևում էր հինավուրց մի բերդ՝ մայնռիդյան փայտե ցցապատով։ Ընդհանրապես գանգամաշկ քերթելու և մանկական նման ուրախությունների հոտ էր գալիս։ Պակասում էր միայն ցցապատի մեջ խրված և թափից դեռ դողդողացող հնդկական նետը։
: Մեզ հետ միասին ջրհորի մոտ կանգ էր առել մի հին, մաշված մեքենա։ Նրա մեջ, բարձերի ու բամբակե վերմակների արանքում նստել էր մի շատ սովորական մայրիկ՝ ծնկներին ճեփ֊ճերմակ մազերով, լալկան մի մանչուկ։ Ոտնատեղի վրա, հատուկ ցանկապատի մեջ, հաստ ու սիրուն պոչը ցցած կանգնել էր մի հեզ բակապան շուն։ Կնոջ ամուսինը իջել էր մեքենայից և պատմական ջրհորի տիրոջ հետ զրուցելով, ոտքերն էր մարզում։
: Մայրիկը, տղայի քիթը սրբելով, արագ֊արագ պատմեց մեզ իր ընտանեկան գործերի մասին։ Ընտանիքը Կանզաս֊սիթիից գնում է Կալիֆոռնիա։ Ամուսինն այնտեղ աշխատանք է ստացել։ Ամբողջ ունեցած֊չունեցածն այստեղ՝ ավտոմոբիլի մեջ է։
: Շունն անհանգիստ պտույտներ էր գործում իր ցանկապատում։ Կողքին, ոտնատեղի վրա ամրացված էր բենզինով լի լրացուցիչ բակ, և նրա հոտը խեղդում էր շանը։ Նա աղերսալի նայում էր տիրուհուն։ Ըստ երևույթին նա շատ էր ուզում շուտ հասնել Կալիֆոռնիա։
: Երեկոյան մենք մտանք Սանտա֊Ֆե, Ամերիկայի Միացյալ Նահանգների հնագույն քաղաքներից մեկը։
===Գլուխ քսաներկուերորդ — Սանտա֊ֆե===
: Ճիշտն ասած, մինչև օրս հայտնի չէ, թե մենք ինչով էինք ղեկավարվում՝ մեզ համար նոր այդ քաղաքում հյուրանոց ընտրելիս։ Սովորաբար մենք առանց շտապելու անցնում էինք փողոցներով, լռելյայն բաց թողնում մի քանի հյուրանոց, ասես ինչ֊որ վատ բան գիտեինք նրանց մասին, և նույն լռությամբ, առանց նախնական համաձայնության, կանգ էինք առնում հետևյալ հյուրանոցի մոտ, ասես ինչ֊որ լավ բան գիտեինք նրա մասին։ Հայտնի չէ, թե ինչն էր մեծ դեր խաղում՝ գրողի մեր հոտառությու՞նը, թե հին ճանապարհորդ միստեր Ադամսի փորձառությունը, բայց հյուրանոցը միշտ էլ գոհացնում էր մեր պահանջները։ Մեր կողմից մերժված հյուրանոցները, հավանաբար, նույնպես վատ չէին դուրս գա։ Չորս դոլարանոց համար երկու հոգու համար, լավ առաձիք մահճակալներ՝ մի քանի վերմակներով և դոլարի պես տաքուկ բարձերով, սպիտակ մոզաիկ հատակով լողասենյակ և շարունակ թշշացող կենտրոնական ջեռուցում։
: Բայց մեզ ստույգ հայտնի էր, որ համեստ ճանապարհորդները բնակություն չպետք է հաստատեն «Մեյֆլաուեր» անունը կրող հյուրանոցներում։ «Մեյֆլաուեր» էր կոչվում այն նավը, որով Անգլիայից Ամերիկա են եկել առաջին վերաբնակիչները, և այդ անունը սովորաբար տալիս են քաղաքի ամենաթանկ հյուրանոցին։
: Սանտա֊Ֆեում մենք իջևանեցինք «Մոնտեզումա» հյուրանոցում։
: Երբ մտանք «Մոնտեզումա»֊ի հոլլը, թերթերը ձեռքներին, ճոճաթոռի մեջ փռված մի քանի ամերիկացիներ ագահորեն մեզ նայեցին։ Նրանց աչքերում անջնջելի ցանկություն էր վառվում որևէ մեկի հետ շատախոսելու, դատարկաբանելու։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց միշտ զբաղված, գերգործարար Ամերիկայում այդպիսի մարդիկ կան։ Դրանք մեծ մասամբ տարիքավոր միստերներ են՝ դոկտորային վայելուչ գույնի, վայելուչ կոստյումներով։ Բավականաչափ դոլարնե՞ր են վաստակել արդյոք, թե՞ կորցրել են այն վաստակելու հույսը, համենայն դեպս նրանք շատ ժամանակ ունեն և հյուրանոցային ճոճաթոռների մեջ օրորվելով, ագահորեն հետամտում են զոհի։ Աստված ոչ անի անզգույշ հարցով դիմես այդպիսի մի միստերի։ Նա զրուցակցին մի քանի ժամ շարունակ բաց չի թողնի ձեռքից։ Ամերիկյան լավատեսի ճղճղան ձայնով կպատմի այն ամենը՝ ինչ գիտի։ Եվ յուրաքանչյուր նախադասության մեջ կլինի՝ «շուռ», որ նշանակում է «իհարկե» կամ «շուռլի», որը նույնպես նշանակում է «իհարկե»։ Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ անպայման կլինի «նայս» բառը ― «հիանալի է»։
: Մենք արագ ու աննկատելի անցանք ճոճաթոռների մեջ նստած մարդկանց կողքով, լվացվեցինք և դուրս եկանք փողոց, ընթրելու մի տեղ գտնելու համար։
: Այդ տեսակի գործողությունների մեջ մեզանում շատ ավելի սիստեմատիկություն էր նկատվում, քան հյուրանոց որոնելիս։ Նահանգներում ապրելու մեկուկես ամսվա ընթացքում մեզ այնքան էր ձանձրացրել ամերիկյան խոհանոցը, որ պատրաստ էինք ստամոքսներս ընդունել ամեն մի կերակուր՝ իտալական, չինական, հրեական, միայն ոչ «բրեկֆեստ նամբր թու» կամ «դիներ նամբր ուան», միայն թե ոչ այդ համարակալված, ստանդարտացված և կենտրոնացված սնունդը։ Եթե կարելի է ուտելու բնագավառում ընդհանրապես խոսել վատ ճաշակի մասին, ապա ամերիկյան խոհանոցն անպայման հանդիսանում է վատ, անհեթեթ և էքսցենտրիկ ճաշակի արտահայտություն, որը կյանքի է կոչել այնպիսի վիժվածքներ, ինչպիսիք են քաղցրաղի վարունգը, ֆաներայի պնդուցյան տապակած խոզապուխտը կամ սպիտակությամբ կուրացնող և բոլորովին անհամ (ո՛չ, բամբակի համ ունեցող) հացը։
: Ուստի և քնքշությամբ նայեցինք «Օրիջինել Մեքսիկալ ռեստորան» ― «Իսկական մեքսիկական ռեստորան» լուսացայտ ցուցանակին։ Ցուցանակը երանություն էր խոստանում, և մենք արագ ներս մտանք։
: Ռեստորանի պատերին կախված էին մեքսիկական կոպիտ ու գեղեցիկ գորգեր, մատուցողները հագել էին մետաքսյա նարնջագույն վերնաշապիկներ և հարբեցողի լյարդի գույնի դիվային փողկապներ։ Այդ, ինչպես ասում են, գույների խաղից հմայված, մենք անհոգ ճռվողում էինք, մեզ համար ճաշեր ընտրելով։ Պատվիրեցինք սուպ, որի անունը հիմա արդեն մոռացել եմ և «էնչալադա» կոչվող մի ինչ֊որ բան։
: Սուպի անունը մոռացվեց, որովհետև նրա հենց առաջին գդալը գլխից դուրս քշեց ամեն ինչ, բացի կրակմարիչը ճանկելու և բերանի խարույկը հանգցնելու ցանկությունից։ Ինչ վերաբերվում է «էնչալադային», պարզվեց, որ դրանք երկարավուն ախորժելի բլիթներ են՝ լցված կարմիր տաքդեղով, բարակ կտրտած թնդանոթային վառոդով և նիտրոգլիցերինով։ Բացարձակապես անհնար է նստել այդ ճաշն ուտելու, առանց գլխին հրշեջի սաղավարտ ունենալու։ Մենք դուրս վազեցինք «Օրիջինել Մեքսիկալ ռեստորանից» սոված, չարացած, ծարավից մեռնելով։ Հինգ րոպե անց, մենք արդեն նստել էինք դեղատնում, ամենաիսկական «դրագստորում» և ուտում էինք (օ՜, նվաստացում) կենտրոնացված, ստանդարտացված և համարակալված ուտելիքը (որն ընդամենը կես ժամ առաջ նզովում էինք), նախապես խմելով տասական շիշ «ջին֊ջեր֊էյլ»։
: Այդ զարհուրելի արկածներից հետո ոտքներս հազիվ քարշ տալով, գնացինք զբոսնելու Սանտա֊Ֆեով։ Ամերիկյան աղյուսը և փայտը անհետացել էին։ Այստեղ կանգնած էին ծանր որմահեցերով, իսպանական կավաշեն տներ՝ կտուրների տակից ցցված էին առաստաղի գերանների քառակուսի կամ կլոր ծայրերը։ Փողոցներում բարձր կրունկները թխկթխկացնելով ման էին գալիս կովբոյները։ Կինոյի շքամուտքին մոտեցավ մի ավտոմոբիլ, նրանից դուրս եկավ մի հնդկացի՝ կնոջ հետ։ Հնդկացու ճակատին լայն, ալ֊կարմիր կտոր կար։ Հնդկուհու ոտքերին երևում էին հաստավուն սպիտակ փաթաթաններ։ Հնդկացիները կողպեցին մեքենան և գնացին կինոնկար դիտելու։ Կոշիկ մաքրելու խանութի բարձր հարթակի վրա նստել էին չորս ամերիկացի տղա՝ լիզված սանրվածքով։ Նրանք տասներեք֊տասնչորս տարեկոն էին և չափից դուրս անկախ տեսք ունեին։
: Միստեր Ադամսը երկար նայեց տղաներին և վերջապես նրանց «պարոնայք» կոչելով, հարցրեց, թե ինչ են մտադիր անելու այսօր երեկոյան։
: ― Մենք կոշիկ ենք մաքրում, ― ասաց տղաներից մեկը, ― որովհետև գնալու ենք պարելու։
: Երիտասարդ պարոններից ուրիշ ոչինչ չհաջողվեց դուրս քաշել և մենք գնացինք մեր հյուրանոցը, որտեղ թշշացող ջեռուցումը տաքացրել էր մեր սենյակների օդը մինչև քսանհինգ աստիճան։
: Ջերմության բնագավառում ամերիկացիները հակված են ծայրահեղությունների։ Աշխատում են չափազանց տաք շենքերում և խմում չափազանց սառը խմիչքներ։ Այն, ինչ տաք ձևով չի մատուցվում, մատուցվում է սառցավիճակում։ Միջինը չկա։
: Համարի տաքությունը և դեռ ոչ լրիվ մարած էնչալադայի բոցը հանգեցրին այն բանին, որ առավոտյան վեր կացանք չորացած, լավ կոփված, հետագա արկածներին պատրաստ։
: Սանտա֊Ֆեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ՝ Նյու֊Մեքսիկո նահանգի մայրաքաղաքն է։ Ամենաերիտասարդ նահանգի մայրաքաղաքը ամերիկյան ամենահին քաղաքնեերից մեկն է։ Սակայն, բացի մի քանի իսկապես հինավուրց շենքերից, քաղաքի մնացած բոլոր տները մաքուր են, նոր կառուցված՝ իսպանական հին միսիաների ոճով։ Ամբողջ քաղաքը մի տեսակ արհեստական է, ասես շինված է ամերիկյան տուրիստների համար։
: Նահանգապետի հին պալատի երկարավուն շենքում այժմ տեղավորված է Նյու֊Մեքսիկոյի թանգարանը, որի նմուշները բավական լավ պատկերացում են տալիս հնդկական, իսպանական և մեքսիկական նյութական մշակույթի մասին։ Ամերիկացիները հնություններ քիչ ունեն, նրանք տարված են դրանցով, խնամքով պահպանում են և հնություններով հետաքրքրվող տուրիստների վրա չեն նայում որպես եկամտաբեր աղբյուրի։ Օ՜, ձեզ անվերջ ցույց կտան, կբացատրեն, կապահովեն տպագիր, հիանալի հրատարակած նյութերով։ Այդ ամենն անվճար։ Թանգարանի մուտքի համար էլ փող չեն վերցնում։
: Քաղաքից դուրս խստաշունչ կարմիր բլուրների միջև կանգնած է Ռոկֆելյերյան մարդաբանության ինստիտուտի հիանալի շենքը։ Ինստիտուտը պահվում է Ռոկֆելլերի որդիներից մեկի միջոցներով։ Բայց ի՞նչ կլիներ, եթե Ռոկֆելլերի որդին մարդաբանությամբ չտարվեր։ Այդ հարցին, թերևս չէր պատասխանի և ինքը՝ ինստիտուտի փոխ֊դիրեկտոր միստեր Չեմպենը, որը մեզ ծանոթացրեց ինստիտուտի աշխատանքների հետ։
: Ցույց տալով հիանալի կազմակերպված պահեստարանները, որտեղ մետաղե բարակ դարակների վրա խնամքով շարված էին հնդկական նախշազարդ ամանեղենի հարուստ հավաքածուները, մառանները, ուր դրված էին հնդկական գորգեր և գործվածքներ, որոնց պահպանելու համար հատուկ ջերմություն է պահանջվում, լաբորատորիաներ, ուր երիտասարդ գիտնականները մտաղբաղ նստած են արտաքուստ սովորական քարերի առջև․ ցույց տալով այդ ամենը, միստեր Չեմպենը, հոյակապ, եռանդուն և վտիտ, ամերիկյան դեմքով ասաց․
: ― Հնդիկներին վիճակված է վերանալ։ Մենք հիանալի ուսումնասիրում ենք նրանց, բայց քիչ բան ենք անում, որպեսզի նրանք պահպանվեն որպես ազգություն։
: Մենք մայր տաճար ընկանք ցերեկվա ժամը մեկի մոտերքը, բայց քահանան այնքան սիրալիր էր, որ մի քիչ հետաձգեց իր ճաշը։ Նա բացեց տաճարը, արագ և ճարպկորեն ծնրադրեց և ոտքի ելնելով, առաջնորդեց տեսնելու իսպանական հրաշալի քանդակներով պատը։ Մենք կանգնել էինք փոշոտ, փոքրիկ մառանում, որտեղ խառնիճաղանջ վիճակում, ինչպես պատահի, դարակների վրա, հատակին, պահեստներում, դրված էին հիսուսների, աստվածածինների և սրբերի փայտե քանդակապատկերներ։ Դրանք շինված էին պրիմիտիվ եղանակով և անօրինակ։ Այդ գունազարդ և ոեսկեզօծ փոքրիկ արձաններն ապշեցնում էին իրենց կաթոլիկական հոյակապությամբ։
: Իմանալով, որ եկել ենք Սովետական Միությունից, քահանան ավելի սիրալիր դարձավ։
: ― Ես էլ եմ կոմունիստ, ― ասաց նա, ― բայց, հարկավ, ոչ այնպիսին, ինչպիսին դուք եք։ Քրիստոսն ավելի քան մարդ էր։ Ուստի նա այնպես չի վարվում, ինչպես վարվում են մարդիկ։ Եվ մենք չենք կարող այդ մասին դատել։
: Հազար հինգ հարյուր քառասունմեկ թվականին կառուցած սուրբ Միգուլեի հինավուրց եկեղեցու ավագ քահանան դուրս եկավ ֆրանսիացի՝ ֆրանցիսկյան կրոնավորներից։ Նրա մոտ գործերն առևտրական հիմքերի վրա էին դրված․ առաջին հերթին նա մեզանից վերցրեց յոթանասունհինգական ցենտ՝ դիտելու համար։ Եկեղեցու բուն շենքը շատ հին է, բայց բոլոր քանդակները նոր են, գերմանական գործարանային արտադրանք․ սակայն նրանք դուր են գալիս անհագ ավագ քահանային , և նա փութեռանդորեն հրավիրում էր մեզ հիանալ դրանցով, որից կարելի էր եզրակացնել, որ հարգարժան ֆրանցիսկացին արվեստից ոչինչ չէր հասկանում։
: Նա ևս հարցրեց, որտեղից ենք եկել, բայց չխոսեց իր համոզմունքների մասին։ Ասաց միայն, որ իրենց Ֆրանցիսկյան միաբանությունն այժմ Ռուսաստանում ոչ մի աշխատանք չի տանում, և առաջարկեց գնել սուրբ Միգուելի եկեղեցու տեսարաններով գունավոր բացիկներ։
: Վերադառնալով հյուրանոց, մենք սկսեցինք ջոկել մեր հավաքած հանձնարարական նամակների փաթեթները, և ազատվել նրանցից, որոնք չէինք օգտագործել և արդեն չէինք օգտագործելու։ Նյու֊Յորքի ծանոթ գրողից ստացած մի կապոց նամակներից մեկը, որ հասցեագրված էր ամերիկյան հայտնի պոետ Ուիտեր Բիներին, այսօր մեզ պետք էր․ տասներկու նամակ հասցեագրված էին այն վայրերի վրա, որ մենք դեռ նոր էինք գնալու, իսկ երեքը արդեն պետք չէին մեզ։
: Քանի որ հանձնարարական նամակները չեն կնքվում, ուստի նախքան ոչնչացնելը, մի թեթև աչքի անցկացրինք դրանք։ Շատ սրտագին նամակներ էին, ուր մենք ներկայացվում էինք միայն բարեմասնություններով, բայց չգիտես ինչու, բոլոր երեք նամակներում էլ մեզ ներկայացնում էին որպես Մարկ Տվենի մոլի երկրպագուներ։ Երկար ժամանակ չէինք կարողանում գլխի ընկնել, թե ինչն էր ստիպել բարի գրողին ընդգծելու մեր կենսագրության այդ մանրամասնությունը։ Վերջապես մենք հիշեցինք, որ մի անգամ պատմել ենք նրան, թե ինչպես եղել ենք Կոնեկտիկուտ նահանգի Հարտվորդ քաղաքում, ուր Մարկ Տվենն ապրելիս է եղել արդեն նշանավոր դարձաց և ունևոր տարիներին։ Մենք նկարագրել էինք նրան Տվենի հրաշալի, անդորր առանձնատունը, որը գտնվում էր «Թոմաս քեռու տնակի» հեղինակ Բիչեր֊Ստոուի տան կողքին, պատմել էինք, որ այդ տան մեջ այժմ գրադարան է տեղավորված և այդ գրադարանի պատերին մենք տեսանք «Արքայազունն ու աղքատը» գրքի մանկուց ծանոթ նկարների իսկական օրինակները։
: Մենք, աստված գիտե, թե ինչ հիանալի էինք խոսում անգլերեն և գուցե հենց այդ պատճառով խոսակցությունն ուղեկցվում էր ձեռքի եռանդուն շարժումներով, որը նյույորքցի գրողի մոտ կարող էր ստեղծել այն տպավորությունը, թե մենք Մարկ Տվենի մոլեռանդ երկրպագուներն ենք։
: Հանձնարարական նամակը հետներս վերցնելով, գնացինք Ուիտեր Բիների մոտ։ Սանտա֊Ֆեի փողոցներում երբեմն կարելի էր տեսնել պուեբլո ցեղի հնդկացիների, որոնք եկել են իրենց գյուղից գորգ կամ գավաթ ծախելու։ Հնդկացիները գալիս են թանգարան, որտեղ գնում են նրանց ամանները և անասելի ճշտությամբ ռազմական պարեր պատկերող նուրբ ջրաներկ նկարները։ Կոստյումները, զարդերը և զենքերը վերարտադրված են գիտական բարեխղճությամբ, և այդ ջրաներկերը կարող են իբրև ուսումնական պիտույք ծառայել հնդկացիների մշակույթն ուսումնասիրելիս։
: Միստեր Ուիտեր Բիները ապրում է մի տան մեջ, որը հիմքից մինչև առաստաղը լեփ֊լեցուն է հնդկական գորգերով, ամանեղենով և արծաթյա զարդերով։ Դա մի իսկական թանգարան է։
: Երբ ամերիկյան բանաստեղծը կարդաց հանձնարարական նամակը, նրա դեմքը պայծառացավ ուրախ ժպիտով։
: ― Բարեկամս գրում է, ― ասաց նա, ― որ դուք Մարկ Տվենի խենթ երկրպագուներն եք։
: Մենք իրար երես նայեցինք։
: ― Այդ հիանալի է, ― շարունակեց բանաստեղծը։ ― Ես անձամբ մտերիմ էի Տվենի հետ և հիմա կարող եմ ձեզ մեծ հաճույք պատճառել։ Տվենը մի ժամանակ նվիրել է ինձ իր լուսանկարը՝ չափածո ձոնով։ Մարկ տվենի ոտանավորները շատ հազվագյուտ բան են, և ձեզ՝ նրա մոլի երկրպագուների համար, հետաքրքիր կլինի կարդալ նրա բանաստեղծությունները։
: Եվ նա քարշ տվեց մեզ սանդուխքի աստիճաններով, որի բալոր պատերից կախված էին ամերիկյան և ոչ ամերիկյան գրողների լուսանկարներ։ Մենք բարեղճորեն դիտեցինք Տվենի դիմանկարը և լսեցինք բանաստեղծական ձոնը։
: Մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք միստեր Բիների մոտ և նրանից ստույգ իմացանք, թե վաղը հատկապես ուր պետք է գնալ, հնդկացիներին տեսնելու համար։
: Միստեր Բիները ասաց, որ երեք՝ հնդկական, իսպանական և մեքսիկական հին քաղաքակրթությունների կենտրոնում տեղավորված Սանտա֊Ֆեում ապրում են շատ գրողներ, նկարիչներ, բանաստեղծներ։ Նրանք այստեղ են փախչում ժամանակակից Ամերիկայից։ Բայց Ամերիկան ընկնում է նրանց հետևից։ Բանաստեղծների և նկարիչների հետքերով Սանտա֊Ֆե նետվեցին միլիոնատերերը։ Նրանք իրենց համար կառուցեցին շքեղ ամառանոցներ և նույնպես շնչում են հին քաղաքակրթության բուրմունքը, նախապես հագենալով միանգամայն ժամանակակից դոլարներով։
: Այստեղ է ապրում նաև հայտնի արդյունաբերող Մակ֊Կորմիկը, որը շատ ձեռնարկություններ ուներ հին Ռուսաստանում։ Վերջերս նա որպես տուրիստ մեկնել էր Սովետական Միություն, մնացել տասնմեկ օր և վերադառնալուց հետո Սանտա֊Ֆեում դասախոսություններ էր կարդում իր ուղևորության մասին, որոնց մեջ ավելի շատ տեղեկուցյուններ էր տրվում «Ինտուրիստի» մասին, որովհետև այդ կարճ ժամանակամիջոցում ուրիշ ոչ մի բանի հետ չէր կարողացել ծանոթանալ։
: Այստեղ արդեն այնքան միլիոնատերեր են հավաքվել, ասաց Ուիտեր Բիները, որ ժամանակն է որևէ ուրիշ տեղ գնալու։ Ասենք, նրանք այնտեղ էլ կգան։ Նրանցից փրկություն չկա։
===Գլուխ քսաներեքերորդ — Հանդիպում հնդկացիների հետ։===
: Միստեր Ուիտեր Բիները մեզ խորհուրդ տվեց գնալ Տաոս քաղաքը, որից երկու մղոն հեռավորության վրա գտնվում է պուեբլո ցեղի հնդկացիների մեծ գյուղը։
: Մենք թողեցինք Սանտա֊Ֆեն և «Մոնտեզումա» հյուրանոցն իր թշշացող ջեռուցումով։ Առավոտյան կողմ այն զրոյից բարձր երեսուն աստիճան էր թշշացրել, և մենք ագահորեն թարմ օդ էինք շնչում՝ լեռնային ճանապարհով սլանալիս։
: Մենք գնում էինք այստեղ դեռևս փոքր, կանաչ գետակի՝ Ռիո֊գրանդեի երկայնքով, և մի քանի տասնյակ մղոն անցնելուց հետո հայտնվեցինք հնդկական Սան֊Իլդեֆոնսո գյուղում։ Իսպանական այդ ճոխ անվան հետևում ոչ կաթոլիկական մայր եկեղեցի կար, ոչ հոգևոր հոգևորականներ, ոչ կաստիլյան զտարյուն երիտասարդներ։ Փոքրիկ հրապարակը շրջապատված էր կավածեփ տներով։ Նրանցից ամեն մեկի մոտ գետնի վրա երևում էր գմբեթաձև կառուցվածք։ Դրանք վառարաններ էին, օջախներ։ Հրապարակի մեջտեղում կանգնած էր մի հսկա կնիկ։ Ձաղ կրծքին իջած երկու մեծ ծամերը հյուսված էին բրդյա կարմիր ու կանաչ թելերով։ Մսեղ ականջների վրա երևում էին ականջօղերի անցքերը։
: Երբ նրան հարցրինք հնդկացի Ագապիտո Պինայի մասին, որի հետ ծանոթանալու խորհուրդ էր տվել միստեր Բիները, պարզվեց, որ այդ կնիկը հենց Ագապիտո Պինան է որ կա և որ նա ամենևին կնիկ չէ, այլ չաղ հնդկացի՝ կնկա կերպարանքով։
: Ագապիտո Պինան ուրախ և կատակասեր մարդ դուրս եկավ։ Նա հրավիրեց մեզ իր տնակը, որը մաքուր ծեփված էր սպիտակ կավով և նմանում էր ուկրաինական խրճիթի։
: Ձմեռային մռայլ օր էր։ Հանկարծակի ձյուն տեղաց ու շուտով ամեն ինչ ճերմակեց, և գմբեթաձև զարմանալի վառարանները, և մի քանի մերկ ծառերը, որոնք նմանվում էին քարացած ծխի, և գյուղական խղճուկ հրապարակը։ Ագապիտյան տնակի փոքրիկ օջախում բոցկլտում էր ցից դրած մի կտոր վառելափայտ։ Չորացած պառավ մի հնդկուհի, պպզած նստել էր կրակի առջև։ Դա Ագապիտո Պինայի մայրն էր։ Ութսուներեք տարեկան էր, բայց կիսով չափ էր սպիտակած։ Ինքը՝ Ագապիտոն վաթսուն տարեկան էր, նրա գլխին ոչ մի սպիտակ մազ չկար։ Պառավը վերցրեց մեր առաջարկած սիգարեթը և հաճույքով ծխեց։ Ագապիտոն նույնպես վերցրեց սիգարեթը, բայց թաքցրեց գրպանում, ըստ երևույթին իր սիրելի մոր համար։
: Անակնկալ կերպով Ագապիտոն սկսեց հնդկական մի երգ երգել, ոտքերը տակտով դոփդոփելով։ Սենյակը փոքրիկ էր, և Ագապիտոն պարում էր բոլորովին մեր կողքին։ Նա նայում էր մեր աչքերին և մի երգը վերջացնելով, անմիջապես մյուսն էր սկսում։ Կավե ելուստի վրա դրված էին ռազմական պարեր կատարող հնդկացիների լուսանկարներ։ Շորթելու հոտ էր գալիս, ինչպես Նեապոլում կամ Պոմպեյում։
: Սակայն երգն ու պարը վերջացնելուց հետո, Ագապիտո Պինան չսկսեց փող մուրալ, բնավ փորձ չարեց լուսանկարներ փաթաթել մեր վզին։ Պարզվեց, որ պարզապես ցանկանում էր հաճույք պատճառել իր հյուրերին։ Մենք ուրախությամբ համոզվեցինք, որ սա, այնուամենայնիվ, Նեապոլ չէ, այլ հնդկական բնակատեղի, և որ մեր կարմրամորթ եղբայրները տուրիստներին չեն վերաբերվում առևտրական այն կրքոտությամբ, որպիսին այդ գործի մեջ դնում են դալկադեմ մարդիկ։
: Սենյակի մաքուր պատերից կախված էին եգիպտացորենի գույնզգույն կողրերի կապուկներ։ Անկյունում դրված էին մեր տանտիրոջ գեղեցիկ ասեղնագործ տոնական մաշիկները։
: Գյուղում զբաղվում էին հողագործությամբ։ Յուրաքանչյուր ոք ստանում է մի ակր հող։ Հարուստներ չկան, չկան և աղքատներ։ Ավելի ճիշտ՝ բոլորն էլ աղքատ են։ Եվրոպայի և օվկիանոսների գոյության մասին Ագապիտոն չգիտե։ Ճիշտ է, մի ծանոթ հնդկացի վերջերս պատմել էր նրան, որ աշխարհում գոյություն ունի Նյու֊Յորք քաղաքը։
: Ագապիտոն դուրս եկավ հրապարակ մեզ ուղեկցելու, և ձյան հաստ փաթիլներն ընկնում էին նրա սև, ուղիղ մազերի վրա։
: Ճանապարհն անցնում էր տափակ, կտրված գագաթներ ունեցող կարմիր պեմզայի լեռների միջով։ Նրանց գույնը զարմանալի կերպով նման էր Ագապիտո Պինայի մաշկի գույնին, մեղմ֊կարմիր, հին, մթագնած կարմիր գույն։ Հնդկական մաշկի կարմրությունը բոլորովին առանձնահատուկ կարմրություն է։ Դա իրենց ծակոտեն ժայռերի գույնն է, աշնանային բնության գույնը։ Նրանց բնությունն էլ կարմրամորթ է։
: Խոնավ օր էր, լալագին, միաժամանակ աշնանային և ձմեռային։ Սկզբում ձյուն էր գալիս, հետո անձրև մաղեց, օրվա վերջում մառախաուղ պատեց։ Ֆառերը լուսավորում էին աղոտ, ավտոմոբիլներ գրեթե չէին հանդիպում։ Մենք մենակ էինք հնդկական ահեղ բնության մեջ։ Խոր ներքևում անընդմեջ և ցածրաձայն աղմկում էր Ռիո֊գրանդեն։
: Տաոս հասնելով, մենք կանգ առանք կեպտեն Օ"Խեյի գորշ և երկնագույն կեմպում։ Հաղթանդամ կեպտենը վերցրեց բանալիները և մեզ տարավ խցիկները ցույց տալու։
: Նա իսկապես որ կապիտան էր, ծառայում էր ամերիկյան բանակում։ Թողել էր զինվորական ծառայությունը․ ձանձրացել է։ Այստեղ, Տաոսը դուր է գալիս նրան։ Գործերը լավ են գնում, տարվա ութ ամիսը կեմպը լիքն է լինում։ Կեպտենն ու իր կինը չեն տխրում։ Ամեմ օր կեմպում նոր մարդիկ են իջևանում, տեսնում ես աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդկանց, երեկոները կարելի է շաղակրատել, հետաքրքիր զրուցակից գտնել։
: ― Ավելի լավ է կեմպի տեր լինել, քան բանակի կապիտան, ասաց միստեր Օ"Խեյը, դուռը բացելով, ― իսկ մեծ ճանապարհի մոտ կյանքն ավելի հետաքրքիր է, քան մեծ քաղաքում։
: Կեպտենն իր հիմնարկությունը օրինակելի էր պահում։ Մաքուր սենյակների պատերը նախշած էին հնդկական կարմրակապույտ զարդաքանդակներով, ցածրիկ, փափուկ անկողիններ էին դրված, հաստլիկ բուրժույ֊վառարանի մոտ դարսված էին խնամքով պատրաստված տաշեղները և դրված էր ածխով մի դույլ։ Դույլից դուրս էր ցցված բուխարիկի ունելին, որպեսզի անցորդը ածուխը ձեռքերով չվերցնի և չկեղտոտվի։ Պստլիկ խոհանոցում դրված էր գազի պլիտա, երկու օջախով։
: Յուրաքանչյուր խցիկի կողքին կար փոքրիկ գարաժ՝ մեկ մեքենայի համար։ Ինչպես գրեթե միշտ, Ամերիկայում գարաժը չեն փակում։ Օ"Խեյի կեպտենի գարաժները նույնիսկ դրսի դուռ չունեին։ Տեսականորեն ընդունվում է, որ ձեր մեքենան կարող են գողանալ, բայց իրականում այդպիսի բան շատ հազվադեպ է պատահում։ Ո՞վ պիտի գիշերով հևիհև դուրս բերի փակ մոտորով մեքենան, համարը փոխի, ոստիկաններից թաքնվի։ Բարդ է և անշահավետ։ Դա կարգին գողի զբաղմունք չէ։ Հաշիվ չկա։ Ա՜յ, եթե փող դրված լիներ։
: Միստեր Ադամսը բազմիցս ծավալվում էր այդ թեմայի շուրջ։
: ― Մեզ մոտ, փոքրիկ քաղաքներում, ― ասում էր նա, ― մարդիկ դուրս են գալիս տներից, դռները չփակելով։ Պարոնայք, ձեզ կարող է թվալ, թե ընկել եք գլխովին ազնիվ մարդկանց երկիր։ Մինչդեռ իրականում մենք նույնպիսի գողեր ենք, ինչպես ամենքը․ ինչպես ֆրանսիացիկ կամ հույներն ու իտալացիք։ Ամբողջ բանը նրանումն է, որ մենք սկսում ենք գողանալ ավելի բարձր մակարդակով։ Մենք շատ ավելի հարուստ ենք, քան Եվրոպան, և մեզանում հազիվ թե մեկը պիջակ, կոշիկ, կամ հաց գողանա։ Ես չեմ խոսում սոված մարդկամց մասին, պարոնա՛յք։ Սովածը կարող է վերցնել։ Այդ պատահում է։ Ես խոսում եմ գողերի մասին։ Նրանց ձեռնտու չէ զբաղվել մաշված պիջակներով։ Բարդ է։ Նույնը և ավտոմոբիլների նկատմամբ։ Բայց հարյուր դոլարանոց թղթադրամը մի դնեք որտեղ պատահի։ Ես պետք է վշտացնեմ ձեզ, պարոնա՛յք։ Թղթադրամը անմիջապես կգողանան։ Գրեցեք այդ ձեր ծոցատետրերում։ Սկսած հարյուր դոլարից, ոչ, նույնիսկ հիսուն դոլարից ամերիկացիները սիրում են գողանալ այնպես, ինչպես մնացած բովանդակ մարդկությունը։ Բայց այստեղ հասնում են այնպիսի գումարների, որպիսիք աղքատ Եվրոպան երազում անգամ չի տեսել։
: Մենք նորից նստեցինք մեքենան և գնացինք հնդկացիների մոտ։ Վերահաս մթնշաղի մեջ մեր մկնագույն կառը գրեթե միաձուլվում էր մոխրագույն խղճուկ բնապատկերի հետ։ Երկու մղոն անց, մենք հայտնվեցինք պուեբլո հնդկացիների գյուղամուտքի մոտ։ Պուեբլո ցեղը հնդիկ ցեղերից միակն է, որ ապրում է հենց այն տեղում, ուր ապրելիս է եղել նախքան Ամերիկայում սպիտակ մարդկանց հայտնվելը։ Մնացած բոլոր ցեղերը քշված են իրենց տերիտորիաներից և մի քանի անգամ դարձյալ քշվել են՝ գնալով ավելի ու ավելի վատթար վայրեր։ Պուեբլոները պահպանել են իրենց հինավուրց հողը միայն այն պատճառով, որ այնտեղ չեն գտել մի այնպիսիս բան, որ հարուցեր սպիտակ մարդու հետաքրքրությունը․ այստեղ ոչ նավթ կա, ոչ ոսկի, ոչ ածուխ, ոչ էլ հարմար արոտավայրեր։
: Փայտե տախտակի վրա արած մակագրությունը ծանուցում էր, որ գյուղը դիտելու համար թույլտվություն պետք է ստանալ ցեղի նահանգապետից։ Նահանգապետի փոքրիկ խրճիթը գտնվում է հենց այստեղ, մոտերքը։ Օդը թնդացնելով զվարթ «գուդ իվնինգով», որ նշանակում է «բարի երեկո» և գլխարկները սիրալիր բարձրացնելով, մենք մտանք նահանգապետի մոտ և զարմացած կանգ առանք։ Օջախի առջև, ուր վառ բոցկլտում էր երկու կտոր փայտ, պպզած էր մի ծեր հնդիկ։
: Կրակի ցոլքը սահում էր նրա դեմքի մաշված կարմիր մորթու վրայով։ Այդպես, փակ աչքերով նստած, նա նմանվում էր կենդանաբանական այգում նիրհող բազեի, որը երբեմն միայն բացում է կոպերը, որպեսզի ատելությամբ և ձանձրույթով նայի իր վանդակը շրջապատած մարդկանց կամ կտցով պոկի լատինական մակագրությամբ տախտակը, որը վկայում է այն մասին, որ ինքը, իրոք, բազե է՝ լեռան կատարների տիրակալը։
: Մեր առջև նստել էր մեկը նրանցից, ով մի ժամանակ ծխել է խաղաղուցյան ծխամորճը կամ «կանգնել պատերազմի արահետին», արյունռուշտ և ազնիվ հնդկացի։ Ինչ կա որ, ոչ կապիտան Մայն Ռիդը, ոչ Գաստոն Էմարը չեն խաբել մեզ։ Մանկության օրերին հենց այդպես էլ պատկերացնում էինք հնդկացիներին։
: Նա չպատասխանեց մեր «իվնինգներին»։ Դեմքն առաջվա պես կրակին էր դարձված։ Ի պատասխան մեր խոսքի, որ ուզում ենք գյուղը դիտել, նա անտարբեր և հազիվ նկատելի կերպով գլխով արեց, ոչ մի խոսք չասելով։ Մեզ մոտեցավ երիտասարդ մի հնդկացի և ասաց, որ նահանգապետը շատ ծեր է և թույլ, որ նա մեռնում է։
: Երբ դուրս եկանք առաջնորդի տնից, մեր մեքենայի շուրջը երեխաներ էին վխտում։ Նրանք հնդկացի երեխաներ էին, սևաչյա, ուղիղ ու սև մազերով, սապատավոր փոքրիկ քթերով և պղնձադրամի գույն ունեցող մաշկով։ Նրանք հեռվից նայում էին մեզ, նրանց հայացքներում վախ չկար։ Նրանք իրենց պահում էին կորյունների պես։ Կորյուններից մեկը, ի դեպ, վերջացրեց նրանով, որ մոտեցավ և գոռոզաբար պահանջեց, որ հինգ ցենտ տանք իրեն։ Երբ մերժեցինք, նա չսկսեց մուրալ, այլ արհամարանքով շուռ եկավ։
: Մեր շուրջը կանգնած էին զարմանալի տներ։ Գյուղում ապրում է մոտ հազար մարդ, և բոլորն էլ տեղավորված են երեք տան մեջ։ Դրանք մի քանի հարկանի կավաշեն, վիթխարի շենքեր են, որ կազմված են մեկ֊մեկու կպցրած առանձին սենյակներից։ Տները բարձրանում են դարատափերով, և յուրաքանչյուր հարկ ունի իր տափակ կտուրը։ հարկերն իրար մեջ հաղորդակցվում են փայտե դնովի սանդուխքներով, սովորական, վռազ շինած, դռնապանա֊ներկարարային տիպի սանդուխքներով։ Առաջներում, երբ պուեբլոները անկախ էին, ամբողջ ցեղը ապրում էր մի վիթխարի կավաշեն տնում։ Երբ ներսից սանդուխքները հավաքում էին, տունը վերածվում էր բերդի, որն արտաքուստ ցուցադրել է միայն լերկ պատերը։ Այդպես են ապրում և հիմա, թեև հանգամանքները բոլորովին փոխվել են։
: Հրապարակում ծխի և գոմաղբի հոտ էր գալիս։ Կայտառ, շիկավուն խոչկորները ոտի տակ էին ընկնում։ Տան կտուրներին մի քանի հնդկացիներ էին կանգնած։ Նրանք ոտից գլուխ փաթաթված էին վերմակով և սուսուփուս նայում էին մեզ։ Հեզաբարո հնդկական շները բոցմանի ճարպկությամբ վեր ու վար էին վազում դնովի սանդուխքներով։ Արագ մթնում էր։
: Մեզ մոտեցավ տիրական դեմքով ալեհեր մի հնդիկ։ Դա գյուղական պոլիսմենն էր։ Նա ևս ոտքից գլուխ փաթաթված էր սպիտակակապույտ բայկայե վերմակով։ Չնայած իր բարձր կոչմանը, նրա պարտականությունները բավական խաղաղ ու թեթև էին։ Նա մեզ ասաց, որ իր գործն առավոտները երեխաներին դպրոց քշելն է։ Նա մեզ հրավիրեց վաղն առավոտյան այդ դպրոցն անցնել իր ուղեկցությամբ․ նա կգա գյուղը ցույց տալու։ Այսօր արդեն ուշ է, և մարդիկ պառկում են քնելու։ Այդ խոսակցությունը մենք վարում էինք տների արանքով հոսող գետակի ափին կանգնած։ Գետակի վրա գցած լայն գերանը ծառայում էր իբրև կամուրջ։ Այստեղ ոչինչ չէր հիշեցնում հազար ինը հարյուր երեսունհինգ թվականի մասին, և մթության մեջ հազիվ նշմարվող մեր ավտոմոբիլը թվում էր հենց նոր ժամանած ուելսյան օրերի մի մեքենա։
: Մենք վերադարձանք Տաոս։
: Հինգ րոպեի ընթացքում մենք անցանք մի քանի հարյուր տարիներ, որոնք հնդկական գյուղը բաժանում են Տաոսից։ Քաղաքում շողշողում էին խանութները, ճամփեզրին կանգնած էին ավտոմոբիլներ, կրպակում բովում էին իսկական ամերիկյան պապ֊կորն, դեղատնում մատուցում էին նարնջի հյութ, ամեն ինչ ընթանում էր իր կարգով, ասես ոչ մի հնդկացի աշխարհիս երեսին չի եղել։
: Մենք դուրս եկանք քառակուսի հրապարակը, որին իբրև զարդ էր ծառայում «Դոն Ֆերնանդո» անունով անտիկվարառեստորանային հաստատությունը։ Երկաթուղուց հեռու ընկած և ընդամենը երկու հազար բնակիչ ունեցող այդ քաղաքի համար ռեստորանը շատ լավն էր։ Այստեղ մատուցում էին լուռումունջ , ջահել հնդկուհիներ, որոնց հետևում էր վիլենցի հրեայի տխուր դեմքով մի մարդուկ։ Հենց նա էլ պատվեր ընդունեց մեզանից։ Նա հենց ինքը դոն Ֆերնանդոն էր։ Մեր կանխորոշումը հաստատվեց միայն կիսով չափ։ Ֆերնանդոն իրոք հրեա էր, բայց ոչ վիլենցի, այլ շվեյցարացի։ Այդպես նա ինքն ասաց։ Ինչ վերաբերում է հանգամանքներին, որոնց դրդմամբ ձեռք է բերել դոն կոչումը, այդ մասին նա լռեց, բայց պետք է ենթադրել, որ եթե առևտրական շահերը պահանջեին, ապա նա առանց որևէ վարանումի իրեն գրանդ կկոչեր։
: Նա մեզ պատմեց, որ Տավոսի երկու հազար բնակիչներից մոտ երկու հարյուրն արվեստի մարդիկ են։ Նրանք նկարում են, ոտանավորներ գրում, սիմֆոնիաներ ստեղծում, ինչ֊որ բան քանդակում։ Նրանց այստեղ հրապուրում է իրադրությունը․ վայրի բնությունը, հնդկական, մեքսիկական և պիոներ֊ամերիկյան մշակույթների միմյանց շղթայվելը, ինչպես նաև կյանքի էժանությունը։
: Մեզանից ոչ հեռու նստել էր սև կոստյումով մի փոքրիկ տիկին և հաճախակի նայում էր մեր կողմը։ Նայում էր մեզ և հուզվում։
: Երբ մենք ռեստորանի անտիկվարային բաժանմունքում դիտում էինք հնդկական զամշե տիկնիկներին և կարմիր ու կանաչ քթերով վառ նախշած աստվածներին, կրկին մեզ մոտեցավ դոն Ֆերնանդոն։ Նա ասաց, թե մեզ հետ խոսել է ուզում միսիս Ֆեշինան, մի ռուս տիկին, որը վաղուց արդեն ապրում է Տաոսում։ Շատ հետաքրքիր էր տեսնել հդկական տերիտորիայում ապրող մի ռուս կնոջ։ Քիչ անց, ջղաձգորեն ժպտալով մեզ մոտեցավ ռեստորանում նստած տիկինը։
: ― Դուք ինձ ներեցեք, ― ասաց նա ռուսերեն, ― բայց երբ լսեցի ձեր խոսակցությունը, չկարողացա դիմանալ։ Դուք ռուսներ եք, այո՞։
: Մենք հաստատեցինք այդ։
: ― Վաղու՞ց եք Ամերիկայում, ― շարունակեց միսիս Ֆեշինան։
: ― Երկու ամիս է։
: ― Որտեղի՞ց եք եկել։
: ― Մոսկվայից։
: ― Ուղիղ Մոսկվայի՞ց։
: Նա ապշել էր։
: ― Գիտե՞ք, սա ուղղակի հրաշք է։ Այսքան տարի է ապրում եմ այստեղ, այս ամերիկացիների մեջ և հանկարծ՝ ռուսներ։
: Մենք տեսանք, որ նա շատ է ուզում խոսել, որ սա, իրոք, նրա համար իրադարձություն է, և հրավիրեցինք նրան մեր կեմպը։ Մի քանի րոպե անց, նա եկավ իր հին մեքենայով, որն ինքն էր վարում։ Երկար նստեց մեզ մոտ, խոսեց և չէր կշտանում խոսելուց։
: Քսաներեք թվականին նա մեկնել է Կազանից։ Ամուսինը՝ նկարիչ Ֆեշինը, ժամանակին բավական հայտնի է եղել մեզ մոտ։ Նա բարեկամացել է Վոլգայի շրջակայքն եկած «ԱՐԱ»֊ի ամերիկացիների հետ, և նրանք սարքել են Ամերիկա հրավիրելու գործը։ Նա որոշել է ընդմիշտ մնալ այստեղ, չվերադառնալ Սովետական Միություն։ Դրան գլխավորապես նպաստել է գործի հաջողությունը։ Նկարները վաճառվում էին, մեծ փող էր վաստակում։ Ֆեշինը, իբրև իսկական ռուս, չի կարողացել ապրել ամերիկյան մեծ քաղաքում և ահա եկել է այստեղ՝ Տաոս։ Տուն են կառուցել, հիանալի տուն։ Կառուցել են երեք ամառ շարունակ և վրաները նստել է քսան հազար դոլար։ Կառուցել են, կառուցել, և երբ տունը պատրաստ է եղել՝ բաժանվել են։ Պարզվել է, որ ամբողջ կյանքում զուր են ապրել միասին, որ իրար բնավ չեն համապատասխանում։ Ֆեշինը մեկնել է Տաոսից, նա հիմա Մեքսիկո֊սթրիթում է։ Աղջիկը սովորում է Հոլլիվուդի բալետային դպրոցում։ Միսիս Ֆեշինան մենակ է մնացել Տաոսում։ Փող չունի, չի հերիքում նույնիսկ ձմեռը իր հոյակապ շենքը տաքացնելուն։ Ուստի ձմեռվա համար ամսական երեք դոլարով վարձել է մի տնակ Ռիո Չիկիտո գյուղում, որտեղ միայն մեքսիկացիներ են ապրում, նույնիսկ անգլերեն լեզուն չիմացող, բայց շատ լավ մարդիկ։ Ռիո֊Չիկիտոյում էլեկտրականություն չկա։ Փող պետք է վաստակել։ Նա որոշել է գրել կինոյի համար, բայց դեռ ոչինչ չի վաստակել։ Ափսոս է տունը ծախել։ Այն նստել է քսան հազար, իսկ հիմա, ճգնաժամի օրերին, կարող են տալ հինգ հազար։
: Մեր հյուրը խոսում էր ագահորեն, ուզում էր լավ կշտանալ խոսելուց, ձեռքը շարունակ դնում էր ջղային դեմքին և կրկնում․
: ― Ինչ տարօրինակ է ռուսերեն խոսել Տաոսում, եկվոր մարդկանց հետ։ Ասացեք, ես ռուսերենում սխալներ չե՞մ անում։
: Նա շատ լավ էր խոսում, բայց երբեմն կմկմում էր՝ հարկավոր բառը հիշելիս։
: Մենք նրան ասացինք․
: ― Լսեցեք, ինչու՞ եք նստել այստեղ։ Խնդրեցեք ետ ուղարկել ձեզ Սովետական Միություն։
: ― Կգնայի։ Բայց ու՞ր գնամ։ Այնտեղ բոլորը նոր մարդիկ են, ոչ ոքի չեմ ճանաչում։ Նոր կյանք սկսելն ուշ է ինձ համար։
: Խավարի մեջ նա սալացավ իր հին ծանրաքաշով։
: Տարօրինակ ճակատագիր։ Որտե՞ղ է ապրում ռուս կինը։ Ռիո֊Չիկիտոյում, Նյու֊Մեքսիկո նահանգ Յունայթեդ֊Սթեյտ օֆ Ամերիկայում, հնդկացիների, մեքսիկացիների, ամերիկացիների շրջապատում։
: Առավոտյան մենք անմիջապես գնացինք Պուեբլո գյուղի դպրոցը՝ մեր պոլիսմենին գտնելու։ Պուեբլոյում մառախուղ էր կանգնած։ Նրա միջից աղոտ նշմարվում էին մոխրագույն ծառերը, հեռավոր և մոտակա լեռները։ Մելամաղձոտ հնդկացիներն իրենց վերմակներով առաջվա պես կանգնել էին կտուրներին և նմանվում էին հարեմի գերի կանանց։ Շները վազվզում էին իրենց տների առջևով, մեզ չդիպչելով, հապշտապ բարձրանում էին սանդուղքներով և անհետանում դռների մեջ։
: Դպրոցը մեծ էր և լավ հիմքերի վրա դրված, ինչպես ընդհանրապես նահանգի բոլոր դպրոցներում։ Մենք տեսանք հիանալի մեծ դասարաններ, պարկետած հատակներ, հաղճապակյա փայլուն կոնքեր, նիկելե ծորակներ։
: Պոլիսմենը չկարողացավ մեզ հետ գալ։ Պարտականությունները պահում էին նրան դպրոցում։ Հենց հիմա նա մի կոնֆլիկտ էր քննում։ Մի հնդկացի տղա խփել էր բոլորովին փոքրիկ հնդկացու գլխին։ Պոլիսմենը դանդաղ հանդիմանում էր ծեծկռտոցի հանցավորին։ Շուրջը, լռելյայն և փքված, ինչպես առաջնորդները մեծ խորհրդի պահին, կանգնել էին տղաները։ Մանկական սովորական աղմուկ չկար։ Բոլորը հանդիսավոր կերպով լսում էին պոլիսմենին, երբեմն գեղեցիկ արծվաքթերը ֆսֆսոցով վեր քաշելով կամ ուղիղ, աղոտ փայլող սև մազերը հարդարելով։ Բայց հենց նոր պոլիսմենը ծերունաբար տուֆլիները քստքստացնելով գնաց, երեխաները սկսեցին ցատկոտել և վազվզել, ինչպես աշխարհի բոլոր փոքրիկ չարաճճիները։
: Դպրոցի դիրեկտորը, մասնագիտությամբ պատմաբան, լքել էր կուլտուրական Արևելքը և եկել այստեղ՝ հնդկացիներին մոտիկից ճանաչելու համար։
: ― Շատ տաղանդավոր երեխաներ են, տաղանդավոր ժողովուրդ, հատկապես հակված, իհարկե, արվեստին, ― ասաց դիրեկտորը։ ― Տաղանդավոր ժողովուրդ և հանելուկային։ Շատ տարիներ է, ինչ ապրում եմ նրանց մեջ, բայց մինչև օրս այդ ժողովուրդն անհասկանալի է մնացել ինձ համար։ Հնդկացիները ստիպված են իրենց երեխաներին ուղարկում դպրոց։ Չլիներ այդ, նրանք ոչ մի երեխա չէին ուղարկի։ Չէ՞ որ բոլոր դասատուները սպիտակներ են, և ուսուցումը գնում է անգլերեն։ Երեխաները մեծավ մասամբ շատ լավ են սովորում։ Բայց ահա որևէ տարում, երեխաների մի մասը, որոնց տասը, տասնմեկ տարին է լրացել, հանկարծակի դադարում են դպրոց հաճախելուց։ Մի ամբողջ տարի չի գալիս։ Այդ տարում ինչ֊որ տեղ (թե որտեղ, մենք երբեք չկարողացանք իմանալ) անցնում են իրենց ուսուցումը։ Եվ երբ այդպիսի տղան կրկին հայտնվում է դպրոցում, ապա նա արդեն իսկական հնդկացի է և իր կուլտուրայով երբեք սպիտակ չի լինի։ Երբ երեխաները ավարտում են իմ դպրոցը, ծերունիներն ասում են նրանց․ «Ընտրեցե՛ք»։ Եթե ուզում եք սպիտակ մարդ լինել, գնացեք նրանց մոտ և երբեք մի վերադարձեք մեզ մոտ։ Իսկ եթե ուզում եք հնդկացի մնալ, ապա մոռացեք այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են»։ Եվ գրեթե միշտ, երեխաները մնում են տանը։ Դպրոցն ավարտելուց հետո մեկ֊մեկ անցնում են դպրոց և խնդրում կարդալ ամերիկյան հին թերթեր, իսկ հետո բոլորովին դադարում են այցելել։ Դրանք հնդկացիներ են, իսկական հնդկացիներ՝ առանց էլեկտրականության, ավտոմոբիլների և այլ հիմարությունների։ Նրանք ապրում են սպիտակների շրջապատում՝ նրանց հանդեպ լուռ ատելությամբ լեցուն։ Նրանք մինչև օրս չեն ճանաչում նրանց իբրև երկրի տերեր։ Եվ դա զարմանալի չէ, եթե հիշելու լինենեք, որ հնդկացիների պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ մի ցեղը ստրկացնի մեկ ուրիշ ցեղի։ Հնդկացի ցեղը ստրկացնել չի կարելի, նրան կարելի է մորթել մինչև վերջին մարդը (այդպիսի դեպքեր եղել են), և այդ դեպքում միայն կարելի է ցեղը ստրկացված համարել։
: Գյուղում մեզ առաջնորդում էր տասնհինգամյա մի հնդկուհի։ Հանկարծ նա ասաց․
: ― Դուք գիտեք, որ Չիկագոյում ապրում է մի հնդկացի կին։ Նա իմ քույրն է։
: Շատ հազվագյուտ դեպք։ Նրա քույրը ամուսնացել է սպիտակ մարդու, մի նկարիչի հետ։ Երևի դա տաոսյան ֆանտազյորներից մեկն է, որ եկել է այստեղ՝ հին քաղաքակրթության հոտը շնչելու։
: Գյուղի մեջտեղը կանգնած էր իսպանական հին եկեղեցին։ Պուեբլոները կաթոլիկներ են, բայց շատ տարօրինակ կաթոլիկներ։ Ծննդյան և զատկի օրերին նրանք դուրս են բերում տիրամոր արձանը և նրա շուրջը կատարում ռազմական պարեր։ Հետո մտնում են ինչ֊որ աղոթարանի փոսի մեջ և այնտեղ աղոթում, բայց դժվար թե կաթոլիկական ծեսերով։
: Եվ նայելով լռակյաց ու հռոմեական վեհություն ունեցող կարմրամորթներին, կրկնում ենք, հիշելով դպրոցի դիրեկտորի խոսքերը․
: «Այո՛, այո՛, նրանք և՛ կաթոլիկներ են և՛ անգլերեն են խոսում, և՛ ավտոմոբիլ և նման բաներ են տեսել, բայց և այնպես նրանք հնդկացիներ են, իսկական հնդկացիներ, նախ և առաջ՝ հնդկացիներ և ուրիշ ոչինչ»։
: Սառցակալած ճանապարհի պատահարից վախեցած, որի մասին արդեն պատմել ենք, մենք Սանտա֊Ֆեում նախ և առաջ գնեցինք շղթաներ, ոսկեգույն հրաշալի շղթաներ և ճամփա ընկանք Ալբուկերկի ուղղությամբ։
===Գլուխ քսանչորսերորդ — Դժբախտությունների օր===
: Սանտա֊Ֆեից դեպի Ալբուկերկ մեկնեցինք թաթերի վրա, եթե կարելի է այդ արտահայտությունը գործադրել ավտոմոբիլի վերաբերյալ։
: Մեկնեկուց առաջ Ադամս ամուսինները զբաղվեցին իրենց սիրած գործով, ձեռք֊ձեռքի տված գնացին «ինֆորմացիա վերցնելու»։ Այցելեցին «Ա․Ա․Ա․» (ավտոմոբիլային ակումբ), մի քանի գազոլին կայաններ, տուրիստական բյուրո և քարտեզներով ծանրաբեռնաված վերադարձան։ Միստեր Ադամսի դեմքը հուսահատություն էր արտահայտում։ Միսիս Ադամսը, ընդհակառակն, լի էր վճռականությամբ։ Մեքենայի մեջ սպասելով, մենք դեռ հեռվից լսեցինք նրանց հուզված ձայները։
: ― Պարոնա՛յք, ասաց միստեր Ադամսը հանդիսավոր կերպով։ ― Մենք վերցրինք ինֆորմացիա։ Մինչև Ալբուկերկ հարյուր մղոն է։ Առջևում անձրև է գալիս։ Եվ կա մի տեղ, որտեղ մեկ մղոն երկարությամբ ճանապարհը հազար ֆուտով իջնում է։ Ո՛չ, պարոնայք, ինձ ոչինչ մի՛ ասեք։ Սարսափելի է դա։
: ― Բայց դրանից ի՞նչ է հետևում, ― հանգիստ հարցրեց միսիս Ադամսը։
: ― Բեկկի, Բեկկի։ Մի՛ ասի այդպես․ «Դրանից ի՞նչ է հետևում»։ Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։
: ― Դե լավ, միշտ դու ես իրավացի։ Բայց և այնպես ուզում եմ իմանալ, ինչի՜ ես դու ձգտում։
: Ո՛չ, ոչ Բեկկի, այդպես չի կարելի ասել։ Պետք է խոհեմ լինել, օ՜, նո՛։ Ես նախազգուշացնում եմ ձեզ, պարոնա՛յք, մեզ վտանգ է սպառնում։
: ― Բայց և այնպես ի՞նչ ես ուզում, ― հարցրեց միսիս Ադամսը ձայնը չբարձրացնեկով։ ― Ուզում ես, որ ե՞տ վերադառնանք։
: ― Օ՜, Բեկկի։ Մի խոսիր այդպես․ «Ետ վերադառնա՜նք»․ ինչպես ես կարողանում այդպիսի խոսքեր ասել։
: ― Այդ դեպքում, գնա՛նք։
: ― Ո՛չ, ո՛չ, Բեկկի։ Լուրջ։ Մի մղոնի վրա հազար ֆուտ վայրէջք։ Այդպես չի կարելի ասել՝ «գնանք»։ Այո՛, այո՛, Բեկկի՛, դու հո փոքրիկ աղջիկ չես։
: ― Լավ։ Այդ դեպքում մնում ենք Սանտա֊Ֆեու՞մ։
: ― Միշտ այդպես ես, ― հառաչեց միստեր Ադամսը, ― ինձ համար ցավալի է լսել քո խոսքերը։ Ինչպես կարող ես ասել․ «Մնում ենք Սանտա֊Ֆեքւմ»։ Ո՛չ, ո՛չ, այդպես մի ասա։ Պարոնա՛յք։ Սարսափելի է դա։
: Միսիս Ադամսը սուսուփուս մոտորը գործի գցեց, և մենք ճամփա ընկանք։ Բայց նախքան քաղաքից դուրս գալը, միսիս Ադամսը մի քանի անգամ էլ «ինֆորմացիա վերցրեց»։ Դա մեր քաջարի դրայվերի վարորդի միակ թուլությունն էր։ Միսիս Ադամսը մոտենում էր կոլոնկային և ազդանշան տալիս։ Բուդկայից դուրս էր վազում զոլավոր գլխարկով կայտառ մի պատանի։ Միսիս Ադամսը հարցնում էր մոտակա քաղաքի ճամփան։
: ― Երրորդ փողոցը՝ ձախ, մե՛մ, ― պատասխանում էր պատանին, ձեռքերը խծուծով սրբելով։ ― Եվ ապա ուղիղ, մե՛մ։
: ― Միշտ ուղի՞ղ, ― հարցնում էր միսիս Ադամսը։
: ― Իես, մե՛մ։
: Եվ սկզբում այս փողոցով անցնել երեք բլո՞կ։
: ― Իես, մեմ։
: ― Իսկ հետո՝ ա՞ջ։
: ― Իես, մեմ։
: ― Իսկ ձախ պետք չէ՞։
: ― Նո, մեմ։
: Միսիս Ադամսը առժամանակ լռում էր, ուշադիր դուրս նայելով պատուհանից։
: ― Ուրեմն երկրորդ փողոցին հասնելիս՝ դեպի ա՞ջ։
: ― Նո՛, մեմ։ Երրորդ փողոցին։
: ― Այդպես, ուրեմն, երրորդ փողոցը։
: ― Իես, մեմ։
: Պատանին փախչելու փորձ էր անում։
: ― Իսկ ճանապարհը լա՞վն է, ― հարցնում էր միսիս Ադամսը, ձեռքը դնելով արագության բռնակին։
: ― Իես, մեմ։
: ― Թենկ յու, վե՛րի, վե՛րի մաչ, ― բղավում էր միստեր Ադամսը։
: ― Վե՛րի, վե՛րի, ― ավելացնում էր ամուսինը։
: ― Վե՛րի մաչ, ― ձայնակցում էինք մենք։
: Մեքենան շարժվում էր տեղից, որպեսզի անմիջապես կանգներ հետևյալ կոլոնկայի մոտ։
: ― Պետք է ստուգել, ― մտահոգ ասում էր միսիս Ադամսը։
: ― Ստուգելը երբեք չի խանգարում, ― հաստատում էր միստեր Ադամսը, ձեռքերը շփելով։
: Ու նորից սկսվում էր՝ «իես, մեմ» և «նո, մեմ»։
: Ընդհանուր հաշվով մինչև ցերեկվա ժամը հինգը ինֆորմացիա էինք վերցնում և Սանտա֊Ֆեից դուս եկանք աղջամուղջին, որն ավելի սաստկացրեց միստեր Ադամսի երկյուղը։ Մինչև Ալբուկերկ նա լուռ էր։ Անշուշտ նրա անհանգիստ հոգին ճնշված էր ծանր կանխագուշակումից։
: Բոլորովին մթնեց։ Մեր գունատ ֆառերը, որոնք մեծ փութեռանդությամբ պատրաստվել էին Ֆորդի գաճաճ գործարանում, դժվարությամբ էին ճեղքում ջրով հագեցած մառախուղը։
: Միստեր Ադամսը միայն մի անգամ խախտեց իր ողբերգական լռությունը։
: ― Բե՛կկի, ― բացականչեց նա։ ― Սանտա֊Ֆեում մենք մոռացանք գնալ փոստը գլխարկի հետևից, որը, հավանորեն, արդեն ուղարկած կլինեին Կանզասից։ Այո՛, այո՛, պարոնա՛յք, այդ գլխարկը ինձ խելագարության կհասցնի։
: ― Ոչի՜նչ, մենք բացիկ կուղարկենք Ալբուկերկից, որպեսզի գլխարկն ուղարկեն Սան֊Ֆրանցիսկո, ― պատասխանեց միսիս Ադամսը։
: Մինչև Ալբուկերկ, ուղևորությունը միանգամայն բարեհաջող անցավ։ Չկարողացանք նույնիսկ որոշել, թե որ տեղումն էր հազար ֆուտանոց վայրէջքը, թեև մի քանի ժամ շարունակ ջղայնորեն նայում էինք խավարի մեջ։
: Բայց հենց քաղաքում, գիշերվա կեմպ փնտրելիս, ճանապարհից դուրս եկանք և խրվեցինք մի մեծ ջրափոց։ Առաջին անգամ ուղևորության ընթացքում, բետոնե ճանապարհից և «սերվիսից» քնքշացած, դուրս ելանք ուղիղ ցեխի մեջ և ախուվախ անելով սկսեցինք հրել մինչև բուֆերը խրված մեր սիրելի կառը։ Մեքենան չէր շարժվում։
: ― Այո՛, այո՛, պարոնա՛յք, ― բացականչում էր միստեր Ադամսը հաստ ու կարճ ձեռքերը կոտրատելով, ― դուք պարզապես չեք հասկանում, չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհորդությունը։ Չէ՜, լուրջ, պարոնա՛յք, ինձ ոչինչ մի՛ ասեք, դուք այդ չեք հասկանում։
: Վերջի վերջո հայտնվեց ժիլետով, գլխարկը քթին քաշած մի ջենտլմեն։ Նա մոտեցավ միսիս Ադամսին, անվանեց նրան «մեմ», ապա նստեց նրա տեղը և այնպիսի գազ տվեց, որ մեր կառը կորավ գարշահոտ ծխի մեջ։ Կատաղի դժժոց լսվեց, միստեր Ադամսը ահաբեկված ետ֊ետ գնաց, և մեքենան, տոննաներով ջրիկ ցեխ շաղ տալով, դուրս եկավ ճանապարհ։
: Դա առաջին օղակն էր այն դժբախտությունների շղթայում, որը եկավ մեր գլխին հետևյալ օրը։
: Ալբուկերկից մեկնեցինք սարսափելի մի առավոտ։ Գեղեցիկ, կավածեփ տնակները՝ առաստաղների գերանների դուրս ցցված ծայրերով, «կոկա֊կոլայի» պլակատները, վանքերը, դեղատները, իսպանական հինավուրց միսիաները, գազոլին կայանները, որոնք նմանվում էին Արևելքում եղածներին, այդ ամենը ողողված էր գորշ անձրևաջրով։ Այստեղ տնակների մուտքերի մոտ կախված էր եզան լծասարք (ի հիշատակ պիոներ ոսկեխույզների)։ Մեքսիկական տների կտուրներին չորանում էին, ավելի ճիշտ թրջվում էին, կարմիր տաքդեղի կապուկներ։ Թրջվում էին շրջակա հնդկական գյուղերի և իսպանական միսիաների էքսկուրսիաների (ամենամոտ միսիան հարյուր ութսուն մղոնի վրա էր) հայտարարությունները։
: Այդ առավոտ անցնելու էինք ժայռոտ լեռներով։
: Հանկարծ սարսափելի մթնդածության մեջ հայտնվեց կանաչավուն երկնքի մի հրաշալի լուսաշերտ։ Ճանապարհը գնում էր դեպի վեր։ Ոչ մի լեռ չէինք տեսնում։ Երևում էին միայն բլրակներ և հողի ճեղքվածքներ։ Անձրևը դադարեց, և արևը դուրս եկավ։ Մենք սկսեցինք հիանալ բնությամբ և չարաճճիություններ էինք անում, ինչպես վտանգի մասին չկասկածող երեք նշանավոր խոզուկները։
: Հետզհետե վեր բարձրանալով, ավտոմոբիլը դուրս եկավ վերջապես մի հսկայական բարձրավանդակ։ Հալվող ձյունը և սառույցը խափանել էին ճանապարհը։ Լույս էր ու ցուրտ, ինչպես գարնանը։ Մենք գտնվում էինք տասներկու հազար ֆուտ բարձրության վրա։
: ― Տեսե՜ք, տեսե՜ք, ― բղավում էր միսիս Ադամսը, ― ի՜նչ ապառաժներ են հորիզոնում։ Ի՜նչ գեղեցկություն։ Ստվերը, ստվե՛րը, ժայռի կանաչ ստվե՛րը։
: ― Պարոնա՛յք, սա վեհասքանչ է, ― կտրատում էր իրեն միստեր Ադամսը հուզված, տեղում պտույտներ գործելով։ ― Այո՛, այո՛, պարոնայք, այս տեսարանը ազնվացնում է հոգին, բարձրա․․․
: Հանկարծ նա լռեց և վիզը երկարացնելով, աչքերը հառեց ճանապարհին։
: Մեքենան սկսեց այս ու այն կողմ ընկնել և սահել թաց սառցի շիլայի վրայով։ Այն օրվանից, հետևի անիվները կողքի թեքվեցին։ Միսիս Ադամսը սեղմեց արգելակը, և մեքենան կանգնեց ճանապարհի լայնքով։
: Ահ, ինչպես չէինք ուզում դուրս գալ տաք մեքենայից և քաղաքային նուրբ կոշիկներով ոտքներս սուզել սառցե շաքարաջրի մեջ։ Որոշվեց շղթաներ հագցնել։ Թեև միստեր Ադամսն անմիջական մասնակցություն չէր ունենալու շղթաները հագցնելուն, բայց իր պարտքը համարեց դուրս գալ մեքենայից և բոլորիս հետ միասին ոտքերը թրջել։
: ― Ես քեզանից միայն մի բան եմ խնդրում, ― ասաց նրան աշխատանքները ղեկավարող միսիս Ադամսը, ― մի՛ խանգարիր։
: ― Նո՜, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր վշտացած ամուսինը, ― ես պարտավոր եմ աշխատել բոլորի հետ հավասար։
: Ժայռոտ լեռներն այդպես էլ մնացին մեր հիշողության մեջ․ նոյեմբերի քսանյոթի գարնանային լուսավոր և ցուրտ օր, կանաչավուն և թափանցիկ երկնքում սլանում են փոքր ու խիտ ամպեր, բարձրավանդակի եզրերին ցանկապատի պես հավասար դուրս են ցցվել գորշ և կապույտ ժայռեր։ Հետևում, ցածրում, Տեխասն է, Չիկագոն, Նյու֊Յորքը, Ատլանտիկ օվկիանոսը, Եվրոպան։ Առջևը, ներքևում՝ Կալիֆոռնիան, Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիան, Սիբիրը, Մոսկվան։ Մենք մինչև կոճերս կանգնել ենք սառցե խյուսի մեջ և անշնորհք կերպով շղթա ենք հագցնում պինդ, ջրով մաքուր լվացված անվադողին։
: Մի ժամ անց շղթաները հագցաված էին, և միսիս Ադամսը միացրեց մոտորը։ Լեռնանցքի ամենաբարձր կետում երևաց կիսախարխուլ գերանակապ մի խրճիթ՝ «Սրճարան֊բար» ցուցանակով։ Այնտեղ առևտուր էր անում բրիջ, սապոգներ և կարճ թևքերով բարակ կոֆտա հագած մի աղջիկ։ Թեև շուրջը բազում մղոնների վրա ոչ մի բնակելի շենք չկար, աղջկա արտաքինը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր կարելի գյուղական անվանել։ Դա տիպիկ նյույորքյան, չիկագոյան կամ ամարելյան սրճարանի աղջիկ էր․ խիտ գանգրացում, կարմիր քսած այտեր, փետրած հոնքեր, լաքած եղունգներ և աշխատելու անթերի պրոֆեսիոնալ հմտություն։
: Մենք մեկական բաժակ ջին խմեցինք, տաքացանք և ճամփա ընկանք, մոռանալով մեր բոլոր դառնությունները։
: Բայց հենց որ սկսեցինք հիանալ բնությամբ, մի սարսափելի դղրդյուն լսվեց, և միսիս Ադամսը մեքենան կանգնեցնելով, նախ նայեց մեզ ապա՝ միստեր Ադամսին։
: ― Օ՜, Բեկկի, ― քրթմնջաց Ադամսը, ― տեսնու՞մ ես, տեսնու՞մ ես, ասում էի․․․
: ― Ի՞նչ էիր ասում։
: ― Չէ՛, լուրջ, Բեկկի, ոչ մի բան մի հարցնի։ Այդ սարսափելի է։
: Սակայն առանձնապես ոչ մի սարսափելի բան չէր պատահել։ Պարզապես պոկվել էր պինդ չհագցրած շղթան և կոտրել ձախ թևի հենարանը։
: Մենք հանեցինք շղթան և զգուշությամբ առաջ շարժվեցինք։ Արևը քանի գնում ավելի ուժեղ էր տաքացնում։ Սառույցն իսպառ չքացավ, և մենք կինեմատոգրաֆիական խոզուկների պես վերստին աշխուժացանք։ Մենք հիանում էինք բարձրավանդակի խստաշունչ գեղեցյությամբ, և պայծառ օրով։
: ― Մեր վիճակը լավ է, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, ― իսկ ինչպիսին է եղել պիոներների բանը, որոնք այս ճանապարհով անցել են շաբաթներով, ամիսներով առանց ուտելիքի, առանց ջրի։ Այո՛, այո՛, պարոնայք։ Առանց ջրի, կանանցով ու փոքրրիկ երեխաներով։
: Միստեր Ադամսը հանկարծ լռեց։ Մենք այնպես էլ չիմացանք, թե ինչով վերջացավ պիոներների բանը։ Վիզը երկարացնրլով, նա սարսափով նայեց առաջ։
: Ճանապարհը փակված էր տախտակով։ Նրա վրա կախված էր մի պլակատ․
: «Ճանապարհը նորոգվում է։ Դետուր՝ տասնմեկ մղոն»։ Դետուր նշանակում է շրջանցում։ Ճիշտն ասած հենց այստեղ է, որ վրա հասավ այն հազվադեպ դեպքը, երբ Ամերիկայում կարող են հարկավոր լինել շղթաներ։ Բայց շղթաներից մեկն արդեն չկար։ Հենց այդ շրջանցումի մեջտեղը, որ բաղկացած էր թրջված վարդագույն կավից, շեղ կանգնել էր «Մոխրագույն արագընթաց» ընկերության կապտագույն երկհարկանի ռեյսային ավտոբուսը, որը գնում էր Լոս֊Անժելոս։ Եթե խրվել մնացել է այդ հզոր մեքենան, ապա ի՞նչ կլինի մեզ հետ։ Ավտոբուսը կանգնել էր փոքր֊ինչ թեքված, ինչպես խութերի հանդիպած նավ։ Նրան օգնության էր գալիս վառ դեղին թրթուրավոր մի տրակտոր՝ ճանապարհային գութանը։
: Մեր առջևից արդեն մի քանի ժամ էր, որ գնում էր տարօրինակ մի արարած, որին միայն խաթեր համար կարելի էր ավտոմոբիլ անվանել․ ավտոմոնիլ չէր, այլ ավտո֊վիգվամ վառարանի ժանգոտած ծխնելույզով և քամուց փողփողվող պատառոտված բամբակե վերմակներով, որոնք երևակայական խցիկի պատերն էին կազմում։ Ներսում երևում էին մետաղյա մի բաք և մեծ, կեղտոտ երեխաներ։
: Ի զարմանս մեր, ավտո֊վիգվամը համարձակ մտավ խոր ու փափուկ ցեխի մեջ։ Մենք հետևեցինք նրան։ «Մոխրագույն արագավազի» պատուհաններից դուրս էին նայում ձանձրացող ուղևորները։ Հավանաբար այս տասնմեկ մղոնները վատթարագույն էին Ամերիկայում և պետք էր ունենալ առանձնահատուկ ավտոմոբիլային բախտ դրանք հաղթահարելու համար։ Համենայն դեպս, Ամերիկայում ամբողջ ուղևորության ընթացքում մենք այլևս ոչ մի անգամ ճանապարհի նման վատ հատված չտեսանք։
: Մենք մի քանի անգամ խրվեցինք ջրիկ ցեխի հսկայական փոսերի մեջ և ուսերով հրեցինք ավտոմոբիլը։ Կոշիկ, շալվար, վերարկուի քղանցք, ուսեր ու երես ծածկվել էին վարդագույն կավով։ Դուրս գալով ամուր ճանապարհի վրա, ավտո֊վիգվամը կանգ առավ։ Նրանից դուրս եկավ բազմանդամ մի ընտանիք և սկսեց տաշեղ հավաքել կրակ վառելու համար։ Ընտանիքն, ըստ երևույթին, որոշել էր ճաշել։ Մենք նրանց կողքով սլացանք որոշ նախանձով։ Մեր կրած բոլոր տառապանքներից հետո ուտել էինք ուզում։
: Արևն այրում էր բավական ուժեղ, մենք արագ չորացանք և հոգեպես կայտառացանք։
: ― Տեսե՛ք, տեսե՛ք, ― բացականչեց միսիս Ադամսը, ձեռքերը թափահարելով, ― ի՜նչ ժայռեր են։
: ― Բեկկի, ղեկը բաց մի թողնի և նայիր միայն ճանապարհին, ― ասաց միստեր Ադամսը, ― հետո մենք քեզ կնկարագրենք բոլոր տեսարանները։
: ― Չէ՜, հապա նայեցե՛ք, ― բղավեց Բեկկին, ― ժայռը նման է ամրոցի։
: ― Իսկ ահա սա՝ աշտարակի։
: ― Պարոնայք, շուտ նայեցեք։ Ո՛չ, ո՛չ, սա ուղղակի զարմանալի է։ Ժայռը նման է կտրած պանրի հսկայական կտորի։
: ― Ո՛չ, ավելի շուտ կարկանդակի։
: ― Մսի լցվածքով։
: ― Երկար, երկար երշիկի․․․ գիտեք, միստերներ, կա այդպիսի միլանյան երշիկ, շատ համեղ։
: Գնալով ավելի շատ էինք ուտել ուզում։ Անցնելով, ինչպես միստեր Ադամսը նկատեց, տաք սւպով ափսեի նմանվող գեղատեսիլ ժայռի կողքով, մենք հասկացանք, որ մեռնում ենք սովից։
: Սակայն մի նոր պատահար շեղեց մեր մտքերը։ Ադամսը անզգուշաբար բացեց դռնակը և հանդիպակաց օդի մրրիկը քիչ մնաց նրան վայր գցեր մեքենայից։
: Երբ անցնում էինք Գալոպ քաղաքի գլխավոր փողոցով՝ ռեստորան փնտրելով, լսվեց մի ճայթուն, որի հետ համեմատած ճաքաց շղթայի մեզ ծանոթ ձայնը ծղրիդի մելոդիկ ճռճռոց էր թվում։ Մեր կառը ցնցվեց ու կանգնեց։ Առաջին վայրկյանին հասկացանք, որ կենդանի ենք և ուրախացանք։ Երկրորդ վայրկյանին, որ էքսիդենտի զոհ ենք դարձել․ մեր մոխրագույն կեղտոտ կառի կողի մեջ է խրվել մի հին կանաչ կիսաբեռնատար մեքենա։
: Մի ակնթարթում մեր ավտոմոբիլների շուրջը խցան գոյացավ։ Մենք տխուր նայում էինք ճխլտված թևին ու թեթևակի ծռված աստիճանին։ Պատահարի հանցավորը դուրս եկավ իր կիսաբեռնատարից՝ ներողություն փնթփնթալով։
: ― Սը՛ր, ― ասաց միստեր Ադամսը հպարտ կեցվածքով, ― դուք խրվել եք մեր կառի մեջ։
: Նա պատրաստ էր մարտի։
: Բայց մարտ տեղի չունեցավ։ Մեր հակառակորդն իր հանցանքը ժխտելու մտադրություն էլ չուներ և շեշտը դնում էր գլխավորապես «անիծյալ արգելակների» վրա։ Նա այնպես էր շփոթվել պատահարից, իսկ մեզ պատճառած վնասներն այնքան չնչին էին, որ մենք որոշեցինք դատարան քարշ չտալ նրան, և բաժանվեցինք որպես բարեկամներ։
: Գալոպ քաղաքը շատ բան տվեց մեզ Ամերիկան հասկանալու համար։ Ճիշտն ասած, այդ քաղաքը բոլորովին չէր տարբերվում մյուս փոքրիկ քաղաքներից և գրողի անելիքը խիստ թեթևանում է, քանի որ քաղաքի արտաքինը կարելի է չնկարագրել։ Մի քանի տարով բացակայած որևէ հին գալոպցի դժվար թե ճանաչեր իր հայրենի քաղաքը, քանի որ չկա ոչ մի նշան, որով կարողանար ճանաչել։ «Ո՞ր քաղաքն է» կհարցներ նա գլուխը ավտոմոբիլից դուրս հանելով։ Եվ իմանալուց հետո միայն, որ ինքը, իրոք, Գալոպումն է գտնվում և ոչ թե Սպրինգֆիլդում կամ Ժնևում, կսկեր համբուրել հայրենի հողը (ասֆալտը)։ Հենց այդ օրիգինալության բացակայությամբ է նշանավոր Գալոպ քաղաքը։ Եթե ամերիկացիները երբևէ թռչեն լուսնի վրա, այնտեղ անպայման ճիշտ այնպիսի քաղաք կկառուցեն, , ինչպիսին Գալոպն է։ Չէ որ Նյու֊Մեքսիկոյի լուսնկա անապատում կանգնած է բենզինային այդ օազիսը իր Մեյն֊սթրիթով, «Մանհետեն֊սրճարանով», որտեղ կարելի է խմել պոմիդորի հյութ, ուտել խնձորով կարկանդակ և ավտոմատի մեջ հինգ ցենտ գցելով, լսել գրամաֆոն կամ մեխանիկական ջութակ, իր հանրախանութով, որտեղ կարելի է գնել ժանգագույն թավշյա շալվարներ, գուլպաներ, փողկապներ և կովբոյական վերնաշապիկ, իր ֆորդի ավտոմոբիլների խանութով, կինեմատոգրաֆիկ, որտեղ կարելի է տեսնել հարուստների կամ բանդիտների կյանքից վերցրած նկար, և դեղատնով, որտեղ լեհ պորուչիկների պես ձգված ու պճնագեղ աղջիկներն աշխատանքի գնալուց առաջ ուտում են գեմ ենդ էգգ։ Լավ քաղաք է Գալոպը։ Նրան չեն հետաքրքրում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի իրադարձությունները։ Մինչև իսկ ամերիկյան գործերով էլ Գալոպն այնքան մտահոգված չէ։ Նա հպարտ է նրանով, որ իր վեց հազար բնակիչներով ոււնի տաք և սառը ջուր, լողարաններ, դուշ, սառնարաններ և արտաքնոցներում տուալետի թուղթ․ ունի նույն կոմֆորտը, ինչ ունեն Կանզաս֊սիթին կամ Չիկագոն։
: Թեև ժամը երեքը դեռ չկար, բայց միստեր Ադամսը համոզեց մեզ ճանապարհը չշարունակել։
: ― Սա ճակատագրական օր է, պարոնա՛յք, ― ասում էր նա, ― սա դժբախտությունների օր է։ Այո՛, այո, հիմարություն կլիներ չհասկանալ այդ։ Պարոնայք, մենք կխաբենք ճակատագրին։ Վաղը նա անզոր կլինի խանգարելու մեր հետագա ուղևորությունը։
: Եվ նա գնաց ֆորդյան խանութը, իմանալու, թե ինչ կարժենա վնասվածքի նորոգումը։ Նա խնդրեց անկյունում, մեքենայի մեջ սպասել իրեն։ Անցավ քսան րոպե, որի ընթացքում մենք զրուցում էինք միսիս Ադամսի հետ օրվա դժբախտությունների մասին։
: ― Դե, այսօր արդեն վախենալու ոչինչ չունենք, ― ասաց միսիս Ադամսը։ ― Բոլոր դժբախտությունները հետևում են։
: Անցավ ևս տասը րոպե, իսկ միստեր Ադամսը չկար ու չկար։
: ― Ես գիտեմ, ― բացականչեց միսիս Ադամսը, ― նրան ոչ մի տեղ մենակ թողնել չի կարելի։ Ես հավատացած եմ, որ հիմա նա նստել է դիլերի հետ և խոսում է Ազգերի լիգայի մասին, բոլորովին մոռանալով, որ իրեն սպասող կա։
: Եվս տասը րոպե անց, դեպի մեզ վազեց հանձնակատար մի տղա և հաղորդեց, որ միստեր Ադամսը խնդրում է անցնել խանութ, իր մոտ։ Միսիս Ադամսը գունատվեց։
: ― Նրա հետ որևէ բա՞ն է պատահել, ― արագորեն հարցրեց նա։
: ― Նո, մեմ, ― պատասխանեց տղան, մի կողմ նայելով։
: Մենք գլխապատառ նետվեցինք խանութ։
: Տարօրինակ տեսարան բացվեց մեր աչքերի առջև։ Կարծում ենք, որ ոչ միայն մենք, այլև Գալոպի ոչ մի բնակիչ, քաղաքի ողջ գոյության ընթացքում նման բան չէր տեսել։ Ասես «Կապրոնի» ծանր ռմբակոծիչը հենց նոր այստեղ է նետոլ ռումբերի ողջ պաշարը, որ նախանշված էր նեգուս Հայլե Սելասիեի համար։ Խանութի հայելու մեծ ապակին ընկած էր մայթի վրա՝ ջարդուփշուր եղած։ Պատուհանի դատարկ շրջանակի մեջ, երկու նոր ֆորդերի ֆոնի վրա կանգնել էր միստեր Ադամսը՝ ակնոցի աղեղիկը ձեռքին բռնած։ Աջ ձեռքի մատը կտրված էր, բայց նա դրա վրա ուշադրություն չդարձնելով Ազգերի լիգայի վերաբերյալ տակավին ինչ֊որ բան էր հասկացնում խանութի շփոթված տիրոջը։
: ― Նո՛, նո՛, սը՛ր, ― ասում էր նա, ― դուք չգիտեք, թե ինչ բան է Լիգ Օֆ Նեյշենսը։
: ― Այս ի՞նչ ես արել, ― բացականչեց միսիս Ադամսը, ծանր շնչելով։
: ― Նո՛, նո՛, Բեկկի։ Չէ՛, լուրջ, ես ոչինչ չեմ արել։ Անցել եմ ցուցափեղկի միջով։ Խոսում էի այս պարոնի հետ և չնկատեցի, որ գնում եմ ոչ թե դռան, այլ պատուհանի միջով։ Ի՞նչ կարող էի անել, պարոնայք, եթե այս պատուհանը այնքան մեծ է, որ նման է դռան։ Եվ բացի այդ հասնում է գետին։
: Միսիս Ադամսը սկսեց շոշափել իր սիրելի ամուսնուն։ Դա պարզապես անհավատալի էր․ միստեր Ադամսը բացարձակապես անվնաս էր մնացել, միայն ակնոցն էր փշրվել։
: ― Եվ դու ցավ չզգացի՞ր, ― հարցնում էր միսիս Ադամսը։ ― Չէ՞ որ սա, այնուամենայնիվ, հայելու հաստ ապակի էր։
: ― Նո՛, Բեկկի, ես այնպես զարմացած էի, որ ոչինչ չէի զգում։
: Միստեր Ադամսը շշմած դիլերին վարձատրեց կորուստի համար և ուրախ֊ուրախ ասաց․
: ― Դուք չպետք է կարծեք, պարոնայք, որ ես այստեղ իզուր ժամանակ եմ կորցրել։ Հիմա նորոգելու հարկ չկա։ Օ՜, նո։ Սա դեռ վերջին էքսիդենտը չէ։ Մեր կողուկուշտը դեռ ջարդելու են։ Երբ վերադառնանք Նյու֊Յորք, նոր միանգամից կնորոգենք մեքենան։ Չշտապե՛նք պարոնայք։ Դուք միշտ կհաջողացնեք ծախսել ձեր դոլարները։
: Մենք այմպես էինք վախենում, թե այդ օրվա դժբախտությունները դեռևս վերջացած չեն, որ փողոցով քայլում էինք ոտքներս զգուշորեն քարշ տալով և ամեն րոպե հալածված եղջերուների պես ետ նայելով։ Մահճակալի մեջ պառկելուց հետո միայն մի փոքր հանգստացանք և հասկացանք, որ դժբախտությունների օրն անցավ։
===Գլուխ քսանհինգերորդ — Անապատ===
: Ամերիկան պատրաստվում էր ծննդյան տոներին։ Փոքրիկ քաղաքներում, խանութների արջև արդեն շողշողում էին փողոցային լապտերների վրա հագցված ստվարաթղթի տոնածառերի գույնզգույն էլեկտրական լամպերը։ Ավանդական Սանտա Կլաուսը, սպիտակ, մեծ մորուքով ծննդյան պապիկը, ոսկեզօծ մարտակառք նստած՝ շրջում էր փողոցներով։ Էլեկտրական օդափոխիչները մարտակառքի ներսից արհեստական ձյուն էին շաղ տալիս։ Ռադիոհրեշտակների երգչախմբերը կատարում էին անգլիական հին երգեր։ Սանտա Կլաուսը ձեռքին բռնած ուներ հանրախանութի պլակատ․ «Ծննդյան նվերները՝ ապառիկ»։ Թերթերը գրում էին, թե նախատոնական առևտուրը շատ ավելի լավ է գնում, քան անցյալ տարի։
: Որքան առաջ էինք շարժվում Կալիֆոռնիայի ուղղությամբ, որքան արդեն ավելի էր տաքանում, իսկ երկինքը դառնում պարզկա ու կապուտակ, այնքան առատ էր լինում արհեստական ձյունը, ստվարաթղթից տոնածառերը, ալեհեր մորուքները, այնքան լայնանում էր ծննդյան նվերների գնման ապառիկը։
: Մենք անցանք Արիզոնիզոնի սահմանը։ Անապատի ծակող և ուժեղ լույսը փռվել էր Ֆլագստաֆ տանող հրաշալի ճանապարհի վրա։ Ռեկլամային ձանձրացնող պլակատները գրեթե անհետացան, և միայն մեկ֊մեկ կակտուսի կամ դեղնած դաշտագլորի հետևից գլուխը դուրս էր հանում փայտի վրա փակցված «Կոկա֊կոլա» անպատկառ պլակատը։ Գազոլին կայանները գնալով ավելի սակավ էին հանդիպում։ Փոխարենը տեղի բնակիչների շլյապաները գնալով ավելի էին լայնանում։ Մենք երբեք չէինք տեսել և հավանորեն չենք տեսնի այդպիսի մեծ շլյապաներ, ինչպես Արիզոնում, անապատների և կենյոնների երկրում։
: Հազիվ թե աշխարհում գտնվի ավելի վեհատեսիլ և ավելի գեղեցիկ բան, քան ամերիկյան անապատը։ Մի ամբողջ շաբաթ մենք սլանում էինք նրանով՝ հիանալուց չհոգնելով։ Մեր բախտը բանեց։ Անապատի ձմեռը, դա նույն պայծառ ու մաքուր ամառն է, միայն առանց ճնշող շոգի և փոշու։
: Մեր այցելած երկրամասը բոլորովին խուլ և վայրի էր, բայց մենք մեզ կտրված չէինք զգում աշխարհից։ Ճանապարհն ու ավտոմոբիլը մոտեցրել են անապատը, պոկել նրա վրայից գաղտնիքի քողը, պակաս հրապուրիչ չդարձնելով այն։ Ընդհակառակն, բնության ստեղծած գեղեցկությունը լրացվել է մարդու հմուտ ձեռքերով ստեղծած գեղեցկությամբ։ Հիանալով անապատի մաքուր գույներով, իր բարդ, հուժկու ճարտարապետությամբ, մենք երբեք չէինք դադարում հիանալուց հարթ ու լայնահուն խճուղիով, արծաթափայլ կամրջակներով, խնամքով շարած ջրատար խողովակներով, հողաթմբերով և փորվածքներով։ Նույնիսկ գազոլինկայանները, որոնք ձանձրացրել էին Արևելքում և միջին Արևմուտքում, այստեղ, անապատում, մարդկային հզորության հպարտ հուշարձանների տեսք ունեին։ Ավտոմոբիլը ևս անապատում կրկնակի գեղեցիկ էր երևում, քան քաղաքում․ նրա շրջահոսուն, ողորկ մակերեսը անդրադարձնում էր արևը, իսկ երկնագույն և շեշտակի ստվերը տիրաբար փռվում էր կուսական ավազների վրա։
: Անապատի ճանապարհները, հավանորեն, ամերիկյան տեխնիկայի ամենահիանալի նվաճումներից մեկն են։ Նրանք նույնքան լավն են, ինչպես բնակելի վայրերի ճանապարհները, նույն հստակ ու պարզ դեղնասև աղյուսակները հիշեցնում են շրջադարձերի, նեղ կամուրջների և կեռմանների մասին։ Նույն սպիտակ ու սև եզրաշերտերով սպիտակ նշանները ցույց են տալիս ճանապարհների համարները, իսկ քաղաքների անուններով փայտե սլաքները՝ մինչև այդ քաղաքները ընկած հեռավորությունը։ Անապատում կան նաև ճանապարհային հատուկ կառուցումներ, որոնք բավական հաճախ են հանդիպում և կոչվում են «քատտլ հարդ»։ Անասնապահների հսկայական հողամասերը բաժանված են իրարից փշալարերով, որպեսզի անասունը մի հողամասից մյուսը չանցնի, որպեսզի դատավեճեր չլինեն և գեղատեսիլ կովբոյները ստիպված չլինեն գործի դնել իրենց ատրճանակները։ Բայց ինչպե՞ս անել, որ անասունը խճուղու վրայով հողամասից հողամաս չանցնի։ Խճուղին հո չե՞ս կարող ցանկապատել փշալարով։ Եվ ահա մի ոմն անանուն գյուտարար գլխի է ընկել։ Փշալարը հասնում է մինչև խճուղին։ Այստեղ ճանապարհի վրա առուն ծածկող մետաղե վանդակ է դրված։ Ավտոմոբիլներին բնավ չեն խանգարում դրանք, իսկ կովերը վախենում են, որ ոտքերը ճաղերի արանքից ներս կընկնեն, ուստի և ձեռնպահ են մնում ուրիշի հողամասում անցանկանալի էքսկուրսիաներ կատարելուց։ Ամերիկայնորեն պարզ ու հստակ։
: Ամերիկայում ճանապարհային սովորական տարակուսանքները չեն ճնշում ուղևորին․ «Որտե՞ղ ենք հիմա»։ Կգտնե՞նք արդյոք գիշերօթևան։ Չի՞ խաբում արդյոք արագաչափը։ Հո չափից դուրս չենք խորացել Արևմուտք, ժամանակը չէ՞ արդյոք, որ ժամացույցի սլաքը ետ տանենք»։ Ո՛չ։ Ճանապարհորդին չի հուզում գիշերօթևանի հարցը։ Նա ընտելացել է այն բանին, որ ճանապարհին իրենց սպասում են կեմպերը, այսինքն՝ մի քանի փոքրիկ տներից բաղկացած ճամբարները (յուրաքանչյուր տնակում՝ սենյակ, դուշ և գազի խոհանոց, իսկ տան կողքին՝ գարաժ): Ամեն օր ճանապարհին կարելի է հանդիպել փոքրիկ սյան վրա փաքցրած պլակատի․ «Կես մղոն անց՝ արագաչափի ստուգում»։ Եվ իրոք, կես մղոն անց, ցցված է մի նոր սյունիկ։ Եվ այդ սյունիկից մինչև մյուսը կլինի հինգ մղոն և դուք կարող եք ստուգել ձեր արագաչափի տարածությունը գրանցող գործիքի ճշտությունը։ Ձեզ կհանդիպի նաև բոլորովին արդեն հոգատար մի պլակատ․ «Ժամացույցի սլաքը ետ տանելու ժամանակն է»։ Իսկ «Որտե՞ղ ենք հիմա» հարցին կա ճշգրիտ, նույնիսկ փոքր֊ինչ հանդիսավոր պատասխան․
: «Թողնում ենք Նյու֊Մեքսիկոն։ Մտնում ենք Արիզոն։
: Հնչում է այնպես, ասես թողնում ենք երկիրը և համբառնում երկինք։
: Մենք ուրախ սլանում ենք անապատով, բոլորովին մոռանալով երեկվա սարսափները։ Արդեն անհավանական է թվում, որ աշխարհում գոյություն ունեն ցեխ, ձյուն և ցուրտ։ Գալոպում քունը լավ առած և ճանապարհին հիմնավորապես նախաճաշած միստեր Ադամսը իրեն հիանալի է զգում։ Նա լեցուն էր մտքերով և տառապում էր խոսելու ցանկությունից։ Մենք մի տասնյակ թեմա շոշափոցինք, լսեցինք միստեր Ադամսի մտքերը ֆաշիստական հեղաշրջումից հետո Գերմանիայի դրության մասին, Ամերիկայում դպրոցական գործի վիճակի և նոր ընտրությունների ժամանակ Ռուզվելտի շանսերի մասին։
: Բայց այդ ամենը միստեր Ադամսին քիչ էր թվում։ Նա անհամբեր մտիկ էր անում ճանապարհին՝ մատը վեր ցցած մարդ տեսնելու հույսով։ Մեքենային ընդառաչ էր թռչում ճանապարհային կարմիր ավազը։ Անապատում մարդ չկար։ Բայց այստեղ միստեր Ադամսին օգնության եկավ բնությունը, որին և տվեց իր հորդացող զգացմունքների ողջ պաշարը։
: Մենք անցնում էինք «painted desert»․ «ներկված անապատը»։
: Մինչև հորիզոն, փոթորկուն օվկիանոսի պես, որի ալիքները հանկարծակի քարացել էին, ձգվում էին ավազի հարթ բլրակներ։ Նրանք իրար վրա են ելնում, գոյացնում կատարներ և կլոր հաստ ծալքեր։ Բնությունը նրանց հրաշալի և վառ ներկել էր կապույտ, վարդագույն, կարմրադարչնագույն և հարդագույն։ Երանգները կուրացուցիչ մաքուր էին։
: «Անապատ բառը հաճախ գործածում են որպես միապաղաղության խորհրդանիշ։ Ամերիկյան անապատն արտասովոր բազմազան է։ Յուրաքանչյուր երկու֊երեք ժամից, անապատի արտաքինը փոխվում էր։ Սկսվեցին բլրակներ և ժայռեր, որոնք ունեին բուրգերի, աշտարակի, պառկած փղերի, անդրջրհեղեղյան մեծ մողեսների կերպարանքներ։
: Բայց առջևում ավելի նշանակալից բան էր սպասում մեզ։
: Մենք մտանք փշալարով շրջափակված քարացած անտառի արգելավայրը։ Սկզբում առանձնապես ոչինչ չնկատեցինք, բայց ավելի ուշադիր նայելով, տեսանք, որ ավազի և խճաքարի մեջ ցցված են կոճղեր և ընկած են ծառի բներ։ Ավելի մոտ գնալով, տեսանք, որ խիճն էլ քարացած անտառի փշրանքներ է ներկայացնում։
: Այստեղ, սրանից մի քանի տասնյակ միլիոն տարիներ առաջ անտառ է եղել։ Ոչ վաղուց այդ անտառը գտել են, գետնատապալ քարացած ծառաբների վիճակում։ Դա մի ափշեցուցիչ տեսարան է, անապատի մեջտեղը, մեծագույն լռության մեջ ընկած են ծառի բները, որոնք պահպանել են ամենասովորական կարմրադարչնագույն ծառաբների արտաքինը։ Միլիոնավոր տարիների պրոցեսս է ընթացել ծառի մասնիկները աղի, կրի, երկաթի մասնիկներով փոխարինելու։ Ծառերը ձեռք են բերել մարմարի կարծրութկուն։
: Արգելանտառում կառուցված է մի փոքրիկ թանգարան, որտեղ մշակում են քարացած ծառի քոթուկները։ Դրանք սղոցում են, ողորկում։ Կտրվածքի մակերեսը պահպանելով ծառի բոլոր գծերը, սկսում է փայլատակել կարմիր, կապույտ և դեղին երակներով։ Չկա այնպիսի մարմար և մալախիտ, որոնք իրենց գեղեցկությամբ կարողանան մրցել ողորկ, քարացած ծառի հետ։
: Թանգարանում մեզ ասացին, որ այդ ծառերը 150 միլիոն տարեկան են։ Թանգարանն ինքը, հավանորեն, հազիվ մի տարեկան լիներ։ Դա մի փոքրիկ, բայց ըստ ամենայնի ժամանակակից շենք է՝ պատուհանների և դռների մետաղյա շրջանակներով, ջրմուղով, տաք ու պաղ ջրով։ Այդպիսի շենքից դուրս գալուց հետո սպասում ես, որ այստեղ կգտնես մետրոպոկիտեն, օդանավակայան և հանրախանութ, և գտնում ես անմիջապես, առանց անապատային, առնվազն մի քանի հարյուր մղոնները կտրել անցնելու։
: Քարացած անտառի արգելանոցը խնամքով պահպանվում է, այնտեղից չի կարելի վերցնել և ոչ մի ավազահատիկ։ Բայց հազիվ էինք հեռացել արգելանտառի սահմաններից, երբ տեսանք տապալված քարացած ծառերից մի կերպ ցանկապատած գազոլին կայանը։ Հենց այստեղ էլ ծառակտորների աշխույժ առևտուր էր գնում՝ կտորը տասնհինգ ցենտ և ավելի գնով։ Ինչ֊որ մի միայնակ տնայնագործ, իր մոտորով (որ դռռում էր ողջ անապատով մեկ) տենդորեն հուշանվերներ էր պատրաստում՝ սղոցելով, տաշելով և ողորկելով։ Արժե՞ր արդյոք այդքան միլիոնավոր տարիներ պառկած մնալ, որպեսզի դառնար տգեղ մի կրցքազարդ՝ «բարի հիշատակ» մակագրությամբ։
: Մենք ծառի մի քանի կտոր դրեցինք ավտոմոբիլի մեջ և կենդանի պատկերացնելով , թե ինչպես մոտ ժամանակներում նրանք ճամպրուկների մեջ դրած անցնելու են օվկիանոսի վրայով, առաջ շարժվեցինք։
: Գործարանից ոչ հեռու, ճամփեզրին, բութ մատը վեր ցցած, կանգնել էր ճամպրուկով մի մարդ։
: Մենք արդեն ասել ենք, որ ամերիկացիները շատ շփվող են, բարյացակամ են և միշտ պատրաստ են ծառայելու։ Երբ ձեզ օգնություն են ցույց տալիս, դե ասենք, առվից քաշում֊հանում են ավտոմոբիլը, ապա դա արվում է հասարակ ձևով, համեստորեն, արագ, առանց շնորհակալություն, նույնիսկ բանավոր շնորհակալություն ակնկալելու։ Օգնեց, մի կատակ բաց թողեց և շարունակեց ճանապարհը։
: Վեր ցցած բութ մատը, ինչպես հայտնի է, նշանակում է մեքենա նստեցնելու խնդրանք։ Այդ ազդանշանը դարձել է ամերիկյան ավտոմոբիլիզմի նույն անբաժանելի մասը, ինչպես ճանապարհային նշանները, որոնք ցույց են տալիս շրջադարձեր, արագության սահման կամ երկաթուղագծի հատում։
: Հոգիներ և սյուժեներ որսացող գրողի համար այդ սովորությունը մեծ հարմարություններ է ընձեռում։ Հերոսներն ինքներն են խցկվում մեքենայի մեջ և անմիջապես, սիրով շարադրում իրենց կյանքի պատմությունը։
: Մենք կանգ առանք։ Ճամպրուկով մարդը գնալու էր Սան֊Դիեգո, Կալիֆոռնիա։ Մինչև Ֆլադստաֆ մեզ ճամփընկեր էր։ Մեր նոր ուղեկիցը նստեց մեքենա, բագաժը դրեց ծնկներին և հարց ստանալով՝ թե ով է, որտեղից է գնում, սկսեց պատմել։
: Նս ծնվել է Մասաչուզետս նահանգում։ Ամբողջ կյանքում աշխատել է այնտեղ՝ իբրև փականագործ։ Հինգ տարի առաջ տեղափոխվել է ուրիշ քաղաք, կորցրել է աշխատանքը և դրանով վերջացել է նրա հին կյանքը։ Սկսվել է նորը, որին ոչ մի կերպ չի կարողանում ընտելանալ։ Շարունակ շրջագայում է որևէ աշխատանք գտնելու նպատակով։ Բազմիցս կտրել անցել է օվկիանոսից օվկիանոս, բայց աշխատանք չի գտել։ Երբեմն նստեցնում են ավտոմոբիլ, սակայն ավելի հաճախ շրջում է շրջմոլիկների հետ ապրանքատար վագոնով։ Այդպես ավելի արագ է։ Բայց ինքը շրջմոլիկ չէ։ Նա մի քանի անգամ համառորեն կրկնեց այդ։ Ըստ երևույթին, նրան մի քանի անգամ շրջմոլիկի տեղ են ընդունել։
: Նրան նպաստ չեն տալիս, որովհետև մշտական բնակության վայր չունի։
: ― Հաճախ ես հանդիպում եմ ինձ պես մարդկանց, ― ասաց նա, ― և նրանց մեջ լինում են նույնիսկ բարձրագույն կրթության տեր մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ։ Մի այդպիսի բժշկի հետ ես շատ մտերմացա, և մենք թափառում էինք միասին։ Հետո որոշեցինք գիրք գրել։ Ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա, թե մենք ինչպես ենք ապրում։ Սկսեցինք ամեն օր գրի առնել այն ամենը, ինչ տեսնում էինք։ Շատ բան գրված էր արդեն։ Լսել էի, որ գիրքը հրատարակելու դեպքում լավ վճարում են դրա համար։ Մի անգամ ընկանք Նեբրասկա նահանգը։ Այստեղ, վագոնում բռնեցին, գտան ձեռագիրը, պատառոտեցին, իսկ մեզ ծեծեցին և դուրս շպրտեցին։ Ահա թե ինչպես եմ ապրում։
: Նա չէր տրտնջում։ Նա պարզապես պատմում էր։ Նույն պարզասիրությամբ, որով ծովային հետևակի երիտասարդ զինվորն էր պատմում, թե ինչպես էին ընկերոջ հետ Չիկագոյում ծանոթացել ինչ֊որ աղջիկների հետ և անսպասելի կերպով մի շաբաթ մնացել այնտեղ։ Ծովայինը չէր պարծենում, գործազուրկը կարեկցանք չէր փնտրում։
: Մարդը դուրս է ընկել հասարակությունից։ Բնական է, որ գտնում է, թե հասարակարգը պետք է փոխել։ Բայց ի՞նչ պետք է անել։
: ― Հարուստներից պետք է վերցնել նրանց հարստությունը։
: Մենք սկսեցինք ավելի ուշադիր լսել նրան։ Նա մեծ ու կեղտոտ բռունցքով զայրացած խփեց նստատեղի մեջքին և կրկնեց․
: ― Վերցնել փողերը։ Այո, այո։ Վերցնել փողերը և նրանց թողնել միայն հինգական միլիոն դոլար։
: Մենք հարցրինք՝ շա՞տ չէ արդյոք հինգական միլիոն դոլարը։
: Բայց նա իր խոսքին հաստատ էր։
: ― Ո՛չ, այնուամենայնիվ, նրանց հինգական միլիոն պետք է թողնել։ Պակաս չի կարելի։
: ― Ո՞վ է վերցնելու այդ հարստությունը։
: ― Կվերցնեն։ Ռուզվելտը կվերցնի։ Թող միայն երկրորդ անգամ պրեզիդենտ ընտրեն։ Նա այդ կանի։
: ― Իսկ եթե կոնգրեսը թույլ չտա՞։
: ― Է՛հ, կոնգրեսը թույլ կտա։ Չէ՞ որ արդարացի բան է այդ։ Ինչպե՞ս կարելի է չհամաձայնել։ Պարզ խնդիր է։
: Նա այնպես էր տարված իր պրիմիտիվ գաղափարով, այնպես էր ուզում, որ հանկարծ ինքն իրեն վերանար անարդարությունը, որ բոլորը լավ զգան, որ նույնիսկ չէր ուզում մտածել, թե ինչպես կարող է տեղի ունենալ այդ ամենը։ Դա մի իսկական երեխա էր, որն ուզում է ամեն ինչ շոկոլադից լինի պատրաստված։ Նրան թվում է, թե բավական է խնդրել բարի Սանտա Կլաուսին, և ամեն ինչ կախարդորեն կփոխվի։ Սանտա Կլաուսը կսլանա իր ստվարաթղթե, արծաթազօծ եղջերուներով, ձմեռվա թունդ բուք ու բորան կանի, և ամեն ինչ կփոխվի։ Կոնգրեսը կհամաձայնի, Ռուզվելտը քաղաքավարի կերպով կվերցնի միլիարդները, իսկ հարուստները հեզ ժպիտով կտան։
: Միլիոնավոր ամերիկացիներ այդպիսի մանկական գաղափարների ազդեցության տակ են գտնվում։
: Ինչպե՞ս հուր֊հավիտյան ազատվել ճգնաժամից։
: Օ՜, դա բոլորովին էլ դժվար բան չէ։ Պետությունը վաթսունի հասած յուրաքանչյուր ծերունու տալու է ամսական երկու հարյուրական դոլար, պայմանով, որ այդ դրամը անպայման ծախսի։ Այդ դեպքում բնակչության գնողականությունը կաճի անասելի չափերով, և ճգնաժամը անմիջապես կվերջանա։ Ծերուկներն էլ միաժամանակ կսկսեն հիանալի լավ ապրել։ Ամեն ինչ պարզ է ու հասարակ։ Թե ինչպես է այդ արվելու՝ այնքան էլ կարևոր չէ։ Ծերունիներն այն աստիճան են ուզում ամսական երկու հարյուրական դոլար ստանան, իսկ երիտասարդներն այնպես են ուզում ճգնաժամը վերանա և իրենք վերջապես աշխատանք ստանան, որ հաճույքով հավատում են այդ ամենին։ Տաունսենդը՝ այդ հրաշագործ միջոցի գյուտարարը, ամենակարճ ժամանակամիջոցում միլիոնավոր ջերմ համախոհներ է նվաճել։
: Բովանդակ երկրում ստեղծվել են տաունսենդյան ակումբներ և կոմիտեներ։ Եվ քանի որ պրեզիդենտի ընտրությունները մոտենում են, ապա տաունսենդյան գաղափարը հարստացել է նոր ուղղումով։ Այժմ առաջարկում են երկու հարյուրական դոլար տալ՝ յուրաքանչյուր հիսունհինգի հասած մարդու։
: Հասարակ թվերի հիպնոսը ներգործում է անասելի ուժով։ Եվ իսկապես ո՛ր երեխան չի երազել, թե ինչ լավ կլիներ, եթե ամեն մի մեծահասակ մեկական կոպեկ տար իրեն։ Մեծերի համար դա ոչինչ չարժե, բայց երեխան ահագին փող կունենար։
: Այստեղ չի խոսվում ոչ առաջավոր ամերիկյան բանվորների, ոչ էլ արմատական մտավորականության մասին։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, միջին ամերիկացուն՝ գլխավոր գնորդին և գլխավոր ընտրողին։ Դա մի հասարակ, չափազանց դեմոկրատիկ մարդ է։ Նա գիտե աշխատել և շատ է աշխատում։ Նա սիրում է իր կնոջն ու երեխաներին, լսում է ռադիո, հաճախ կինո է գնում և շատ քիչ կարդում։ Բացի այդ, փողը շատ է հարգում։ Փողի նկատմամբ նա ժլատի կիրք է տածում, նա հարգում է փողը, ինչպես ընտանիքում հարգում են քեռուն՝ հայտնի պրոֆեսորին։ Եվ նա ուզում է, որ աշխարհում ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի, ինչպես իր տանը։
: Երբ նրան վաճառում են սենյակի սառնարան կամ էլ էլեկտրական պլիտա, կամ փոշեծծիչ, ապա վաճառողը վերացական դատողություններ չի անում նրա հետ։ Նա ճիշտ և բանիմացորեն բացատրում է, թե ժամում որքան ցենտ կնստի էլեկտրական էներգիան, որքան կանխավճար է տալու և որքան է տնտեսելու այդ ամենից։ Գնորդն ուզում է իմանալ թվերը, օգուտը՝ դոլարներով արտահայտված։
: Հենց նույն կերպ նրան վաճառում են քաղաքական գաղափարախոսությունը։ Ոչ մի վերացական բան, ոչ մի փիլիսոփայություն։ Նա տալիս է իր քվեն, իսկ նրան խոստանում են ամսական երկու հարյուր դոլար կամ հավասարեցնել հարստությունը։ Դրանք թվեր են։ Այդ հասկանալի է։ Դրան նա կընդառաջի։ Իհարկե, նա շատ կզարմանա, եթե նկատի, որ գաղափարներն այնքան էլ բարեխճորեն չեն աշխատում, ինչպես սառնարանը կամ փոշեծծիչը։ Բայց առայժմ դեռ հավատում է դրանց։
: Ֆլագստաֆում մենք հրաժեշտ տվինք մեր ուղեկցին։
: Երբ նա իջավ մեքենայից, տեսանք, թե ինչ աստիճանի աղքատության է հասել այդ մարդը։ Նրա ողորմելի վերարկուն փետրահան էր եղել, կանաչավուն այտերը վաղուց չէին սափրված, իսկ ականջներում կուտակվել էր Պենսիլվանիայի, Կանզասի, Օկլախոմայի փոշին։ Հրաժեշտի պահին նրա դեմքին լավատեսական ժպիտ խաղաց։
: ― Շուտով ամեն բան լավ կգնա, ― ասաց նա։ ― Իսկ նրանց՝ հինգական միլիոն դոլար, և ոչ մի ցենտ ավելի։
: Երբ Ֆլագստաֆից դեպի Գրենդ֊կենյոն ուղղություն բռնած մեկնում էինք, միստեր Ադամսն ասաց․
: ― Հը, ի՞նչ եք կարծում, ինչու այդ թշվառ մարդն, այնուամենայնիվ, ուզում է հինգական միլիոն թողնել միլիոնատերերին։ Չգիտե՞ք։ Դե լավ, ես կասեմ։ Հոգու խորքում նա դեռևս հույս ունի երևի, որ ինքն էլ կդառնա միլիոնատեր։ Ամերիկյան դաստիրակությու՜ն, ահավոր բան է դա, պարոնա՛յք։
===Գլուխ քսանվեցերորդ — Գրենդ֊Կենյոն===
: Ամեն օր, իրիկվա կողմ մեր ծերուկը, որին մենք արդեն շատ էինք սիրում, հոգնում էր։
: Անցած երեք հարյուր մղոնը, տպավորությունները, անվերջ խոսակցությունները, վերջապես պատկառելի հասակն իրենց գործը տեսնում էին․ միստեր Ադամսը խիստ հոգնում էր, և նրա գործողությունների մեջ ինչ֊որ օղակ դուրս էր ընկնում։
: Եթե իրիկվա կողմ միսիս Ադամսը խնդրում էր ամուսնուն, ճանապարհին որևէ մեկից ստուգել, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք գնում, ծերուկը սկսում էր անհանգիստ ֆռռալ իր տեղում։ Նրա շարժումներից կարելի էր դատել, որ չէր իմանում՝ ինչպես գործի անցնել։ Պարզապես մոռացել էր։ Հարկ էր, որ նա իջեցներ ապակին, գլուխը դուրս հաներ և «պարդն մի սըր» ասելով, որ նշանակում է՝ «ներեցեք ինձ», տեղեկանար ճանապարհի մասին։ Այդ ամենը նա ճշտապահորեն անում էր։ Եվ բացականչում էր՝ «պարդոն մի» ու փորձում էր գլուխը դուրս հանել։ Բայց ամենակարևորը՝ ապակին իջեցնելը, մոռանում էր։ Նրա մոտ այդ օղակը դուրս էր ընկնում։ Եվ ամեն անգամ ի վիճակի չլինելով հասկանալու, թե ինչու գլուխը դուրս չի գալիս, փորձում էր արմունկով ջարդել ապակին։ Ամերիկյան արտադրանքի ամրությունն էր միայն, որ միստեր Ադամսի ճակատն ու ձեռքերը փրկում էր կտրտվելուց։ Մենք սկսեցինք ընդհամրապես զգուշանալ իրիկվա կողմ նման հանձնարարություններ նրան անելուց։
: Մենք արագ թափով շարժվում էինք անապատի ճանապարհով, որ նույն օրն ևեթ հասնենք Գրենդ֊կենյոն՝ Մեծ֊կենյոն՝ երկրագնդի աշխարհագարական մեծագույն հրաշալիքներից մեկը։
: Մենք հոգնել էինք, ուստի և մոռացանք հսկել միսիս Ադամսին։ Նա իսկույն նկատեց այդ և հիսուն մղոն արագությունից անցավ վաթսունի։ Հետո ծածուկ նայեց մեզ և հինգ մղոն ևս ավելացրեց։ Այժմ մենք գնում էինք ժամում հարյուր կիլոմետրից ավելի արագությամբ։ Դա տիպիկ կանացի գիծ է։ Կինը միշտ էլ ձգտում է գնալ ավելի արագ, քան այդ պահանջում են հանգամանքները։ Օդը ոռնում էր՝ ծվեն֊ծվեն պատառոտվելով մեր մեքենայի արագությունից։
: Դարձյալ մենք գնում էինք գույնզգույն անապատով։ Կապտավուն, մաքուր բլրակները փռվել էին ամբողջ հորիզոնով մեկ։ Մայրամուտը նույնպես ջինջ էր, անմեղունակ, ասես դրան նկարել էր գավառական մի օրիորդ շատ վաղուց, նախքան նրա գլխում տղամարդի մասին առաջին ահավոր մտքերը ծագելը։ Անապատի գույներն այնպես թարմ ու թափանցիկ էին, որ վերարտադրել դրանք կարելի էր միայն ալբոմային ջրաներկով։ Քամու մի քանի խոպոպիկներ, որոնք մեր մեքենան էին ընկել բացված պատուհանից, թռչկոտում էին իրար վրա, ինչպես ձեղնահարկի կատուներ։ Միմյանց գզվռտելով նրանք դիպչում էին մեզ, պոկում գլխարկները, և հովհարում միստեր Ադամսի սափրված գլուխը։ Ինչպես հայտնի է, միստեր Ադամսը մինչև այժմ էլ ամբողջ ճանապարհին մեր կատարած փոստային բարդ գործառնությունների հետևանքով գլխարկ չուներ։ Սակայն երեկոն բավականին զով էր, և միստեր Ադամսի գլխի մաշկը կապտել էր, իր գույնով ոչնչով հիմա չտարբերվելով ներկված անապատից։
: Կատարյալ մթության մեջ, բնության գեղեցկությունները տեսնելուց փոքր ինչ ընկճված և սսկված, մենք հասանք Գրենդ֊կենյոն և կանգ առանք նրա կեմպի տնակներից մեկում։ Տունը շինված էր վիթխարի գերաններից։ Նա պատկերացում էր տալու ամերիկացիների նախնադարյան պիոներական կյանքի մասին։ Բայց ներսը կահավորված էր միանգամայն ժամանակակից ձևով, և մահճակալները, ինչպես միշտ հիանալի էին (ամերիկայում գնորդին ոչ թե մահճակալ են վաճառում, այլ լավ քուն): Եվ այսպես, դրանք սենյակներ էին հիանալի քնով, կենտրոնական ջեռուցումով, տաք ու պաղ ջրով և ստվարաթղթե մեծ լուսամփոփներ ունեցող նյույորքյան շարժական շտեպսելային լամպերով։ Լամպի ոտքերը շատ երկար են․ դրանք մարդաբոյ են և դրված են լինում ոչ թե սեղանին, այլ հատակին։
: Ընթրիքից հետո հսկայական գերաններով կառուցված հյուրանոցի թատերական փոքր դահլիճում տուրիստներին ցույց տվեցին ռեկլամային կարճ մի կինոնկար, որտեղ պատկերված էր, թե ինչպես են մարդկանց կենյոնի հատակն իջեցնում փորձված ուղեկցողների ղեկավարությամբ։ Նկարից հետո տրվեց համերգ։
: Բեմ դուրս եկավ մի հաստլիկ տղա՝ բանջոյով։ Նա անկախորեն նստեց բեմի վրա և սկսեց ծնգծնգացնել իր գործիքի լարերը, ուժգնորեն տակտ խփելով կովբոյական կոշիկներ հագած ոտքերով։ Նա հասարակությանը նայում էր մեծամտորեն, և իսկույն երևում էր, որ ինքը մարդ է համարում միայն կովբոյներին, իսկ մնացածներին՝ պարզապես փշրանք։ Նրա հետևից հայտնվեց շատ բարձրահասակ, նիհար և մեծ քթանի մի կովբոյ՝ կիթառով։ Նա նայեց հասարակությանը և ասաց․
: ― Լսեցեք, մենք այստեղ երգելու էինք երեքով, բայց մյուսները, ըստ երևույթին, չեն գալու, այնպես որ ես մենակ եմ երգելու․․․ Բայց, միգուցե երգել պետք չէ։ Ես ընդհանրապես ասած, երգել չգիտեմ։
: Նա գեղեցիկ ու ծաղրալի դեմք ուներ։ Փոքրիկ ու սև աչքերում ասես գրված էր․
: «Էհ, ինչ հարկ կա հիմարություններ անել։ Գնանք, ավելի լավ է, խմենք որևէ տեղ։ Դա շատ ավելի հետաքրքիր է։ Չ՞եք ուզում։ Այդ դեպքում ես, այնուամենայնիվ, կերգեմ։ Ձեր բանը վատ կլինի»։
: Հաստլիկ տղան առաջվա պես թնդացնում էր իր բանջոն։ Կիթառը հնչում էր ցածրաձայն, և կովբոյը երգում էր, ավելի շուտ արտասանում իր երգերը, երբեմն անցնելով տիրոլյան ֆալցետի։ Հասարակ ու ծիծաղելի երգեր էին։ Ահա թե ինչ էր պատմում նրանցից մեկը․
: «Երբ ես փոքր տղա էի և լողանում էի գետում, ափին դրած հագուստներս գողացան։ Տկլոր տուն գնալ անհարմար էր, և մթանը սպասելով, զբաղվեցի նրանով, որ հին խնձորենու բնին փորագրեցի իմ անվան սկզբնատառերը։ Այդ օրից անցան շատ տարիներ, ես ընտրեցի մի գեղեցիկ աղջիկ և ամուսնացա նրա հետ։ Պատկերացրեք, թե ինչ պատահեց, երբ նրա հետ առաջին անգամ մտանք ննջարան։ Իմ սիրունիկ կինը բերանից հանում է արհեստական ծնոտները և դնում ջրով լի բաժակի մեջ։ Հետո գլխից հանում է կեղծամը և բացում իր ճաղատ գլուխը։ Լիֆի միջից հանում է բամբակի մեծ կտորներ։ Իմ գեղեցկուհին աչքերիս առաջ դառնում է բանջարանոցի խրտվիլակ։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Այդ խրտվիլակը հանում է վրայից շրջազգեստը և սառնասիրտ ետ է պտուտակում իր փայտե ոտը։ Եվ հանկարծ ես այդ ոտի վրա տեսնում եմ իմ անվան սկզբնատառերը։ Թող գրո՛ղը ինձ տանի, եթե դրանք հենց այն սկբնատառերը չէին, որոնք ես մի ժամանակ փորագրել էի հին խնձորենու բնի վրա, երբ մանկությանս օրերին գողացել էին իմ հագուստները»։
: Բոլորը քրքջում էին, մենք էլ։ Դա շատ հնացած բան էր, միամիտ ու ծիծաղելի։ Կովբոյը առաջվա պես երգիծանքով ժպտում էր։ Առաջվա պես նրա աչքերում փայլատակում էր հրավեր՝ գնալ որևէ տեղ, անկյունի հետևում մի քանի բաժակ վիսկի կոնծելու։ Բայց ինչ վերաբերում է երգել չիմանալուն, կովբոյը ստում էր։ Երգում էր լավ և երկար ժամանակ ծիծաղեցնում էր բոլորին։
: Նրանից հետո դուրս եկավ մի նեգր։ Այստեղ կոնֆերանսիե չկար, և ոչ ոք չէր հայտարարում արտիստների անունները։ Ասենք, սրանք արտիստներ էլ չէին։ Բոլոր ելույթ ունեցողները Գրենդ֊կենյոնի ծառայողներ էին և համերգ էին տալիս համատեղության կարգով։
: Նեգրը չափազանց երիտասարդ էր և երկարոտն։ Թվում էր, թե նրա ոտքերը սկսվում են թևատակերից։ Նա պարում և չեչոտկա էր դոփում անկեղծ հրճվանքով․ նրա ձեռքերը մի տեսակ զարմանահրաշ ձևով պտտվում էին մարմնի շուրջը։ Նա հագած ուներ տաբատակալով անդրավարտիկ և բանվորական վերնաշապիկ։ Պարը վերջացնելուց հետո նա ուրախ֊զվարթ վերցրեց անկյունում դրված ավելը և ատամները ցույց տալով գնաց։
: Առավոտյան մենք նրան տեսանք գերանակապ այն տնակի մոտ, որտեղ գիշերել էինք։ Նա ծառուղին էր ավլում։ Եվ ավլում էր գրեթե նույն հաճույքով, ինչպես պարում էր։ Թվում էր նույնիսկ, որ նա շարունակում է պարել, իսկ ավելը միայն, պարի այսպես ասած ձևավորումն էր։ Նա բացեց իր մոխրագույն սև շրթունքները և մեզ բարի լույս ցանկացավ։
: Մենք վազ տվինք կենյոնը դիտելու։
: Պատկերացրեց ձեզ ահա թե ինչ։ Վերցվում է մի ահագին լեռնաշղթա, կտրվում է արմատից, շուռ է տրվում գագաթներն ի վար և սեղմվում հարթ, անտառապատ գետնին։ Հետո հանվում է։ Մնում է լեռնաշղթայի ասես կաղապարը։ Լեռները՝ շուռ տված։ Հենց դա էլ Գրենդ֊կենյոնն է՝ Մեծ կենյոնը, հողի հսկայական բացվածքներ։
: Լեռներին պետք է նայել վարից վեր։ Կենյոնին՝ վերից վար։ Գրենդ֊կենյոնի տեսարանը հավասարը չունի աշխարհում։ Ասենք, նա գետնի էլ նման չէ, բնապատկերը շուռ է տալիս, եթե կարելի է այսպես արտահայտվել, եվրոպական պատկերացումները երկրագնդի մասին։ Այդպես կարող են պատկերանալ տղային Լուսինը կամ Մարսը՝ ֆանտաստիկ վեպ կարդալիս։ Մենք երկար կանգնել էինք այդ հոյակապ խորխորատի եզրին։ Չորս շատախոսներս ոչ մի բառ չարտասանեցինք։ Խոր ներքևում դանդաղ, ձկան պես, լողում էր մի թռչուն։ Ավելի խորը, գրեթե ստվերով համակված, հոսում էր Կոլորադո գետը։
: Գրենդ֊կենյոնը ազգային հոյակապ պարկ է, որ գրավում է հարյուրավոր քառակուսի մղոններ։ Ինչպես ամերիկյան բոլոր ազգային պարկերը (արգելանոցները), հիանալի կազմակերպված է։ Հյուրանոցներն ու ճանապարհները, տպագիր և լուսանակարչական հրատարակությունների, քարտեզների, ուրվագծերի, տեղեկատուների մատակարարումը և, վերջապես, բանավոր բացատրությունները, այդ ամենը այստեղ շատ բարձր մակարդակի վրա են։ Այստեղ ամերիկացիները հանգստանալու են գալիս ընտանիքներով։ Եվ այս հանգիստը թանկ չէ․ խցիկներն այդ ճամբարում թանկ չեն, քան որևէ ուրիշ քաղաքում, իսկ ուտելիքը նույնքան արժե, որքան ամենուրեք։ Պարկն այցելելու համար վերցնում են ընդամենը մեկ դոլար, որից հետո ավտոմոբիլի քամու ապակու վրա փակցնում են գունավոր պիտակ, և կարող ես պարկում ապրել ու շրջագայել թեկուզ մի ամիս, մի տարի։
: Հարկ էր, իհարկե, իջնել կենյոնի հատակը և կես տարու չափ ապրել կենտրոնական ջեռուցում ունեցող գերանակապ տնակում, բնության քաոսի և իդեալական սերվիսի պայմաններում, բայց ժամանակ չկար։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, ավտոմոբիլով շրջեցինք կենյոնը։
: Հանկարծ մենք տեսանք տարօրինակ մի հուղարկավորություն։ Պարկի հիանալի ճանապարհով դանդաղ շարժվում էր դագաղով ավտոմոբիլ։ Այն գնում էր հետիոտնի արագությամբ։ Դագաղի հետևից մարդիկ՝ սովորական կոստյումի վրա սպիտակ կաշվե գոգնոցներ կապած։ Մեկը ցիլինդրով էր և այցեզգեստով։ Հուղարկավորներից մի քանիսի ուսերին փայտեր կային դրված։ Թափորի հետևից անաղմուկ գնում էին երեք տասնյակ դատարկ ավտոմոբիլներ։
: Թաղում էին պարկում ծառայած մի ծեր կովբոյի։ Ծեր կովբոյը եղել է մասոն, և բոլոր սպիտակ գոգնոցավորները նույնպես մասոններ էին։ Փայտերը դրոշակի կոթեր էին։ Թափորը գնում էր մեր մարշրուտով, և մենք միացանք հուղարկավորության պոչին։ Անտառից դուրս եկավ մի եղնիկ և վախվխելով նայեց ավտոմոբիլների նախրին։ Պարկում որս անելն, իհարկե, արգելված էր, և եղնիկը չէր վախենում կրակոցից։ Բայց նա ուզում էր կտրել անցնել ճանապարհը։ Մի քանի անգամ փորձեց այդ անել ու ետ էր ընկնում մասոններից բուրող բենզինի հոտից շշմած։ Վերջ ի վերջո եղնիկը սիրտ արեց, հենց մեր մեքենայի առջևից գեղեցիկ ցատկեց անցավ ճանապարհը՝ բոլոր չորս ոտքերը գետնից կտրելով, մեկ֊երկու անգամ աղոտ երևաց ծառերի արանքում և կորավ անտառում։
: ― Միստերնե՛ր, ― ասաց Ադամսը, ― այլևս հապաղել չի կարելի։ Պետք է թափել ռադիատորի ջուրը և լցնել չսառչող խառնուրդ։ Գիշերներն արդեն ցրտել են, և ջուրը կարող է սառչել։ Մեր ռադիատորը գրողի ծոցը կգնա։ Այստեղ, պարկում մենք մեքենան կանգնեցրինք տաք գարաժում, բայց չեմ երաշխավորում, միստերներ, որ վաղն էլ մեզ այսպիսի գարաժ պատահի։
: Գրենդ֊կենյոնի տաք գարաժում մենք տեսանք ինչ֊որ մեկի ավտոմոբիլը էքսիդենտից հետո։ Մեծ «բյուկի» կափարիչի մեջ ծառի հաստ ճյուղեր էին խրվել։ Մոտորը սեղմվել էր առջևի նստատեղին։ Մեքենայի ներսում ճյուղիկներ և կանաչ տերևներ էին թափված․ այս «բյուկի» վարորդը քնել էր ղեկի մոտ նստած։ Ամերիկայում պատահում է այդ։ Հարթ ճանապարհ, մեքենայի քուն բերող օրորում, ցերեկվա հոգնություն, և մարդն իր համար աննկատելի քնում է հիսուն մղոն արագության վրա։ Արթնացումը գրեթե միշտ ահավոր է լինում։ Մեր տեսած «բյուկը» այնպիսի ուժով էր խրվել ծառի մեջ, որ աղետի վայրում չէր լինում ջոկել՝ որտեղ է սկսվում «Ջենելալ Մոտորսի» ստեղծագործությունը և որտեղ է վերջանում բնության ստեղծագործությունը։ Որքան էլ տարօրինակ լինի քնած դրայվերը ոչ միայն կենդանի էր մնացել, այլև, ընդհանրապես, ոչ մի վնասվածք չէր ստացել։ Գարաժի տղան մեծալրջորեն արտահայտեց իր կարծիքը, թե մեքենայի տերն այսուհետև լինելու է ավելի ապահով տեղերում, քան շարժվող մեքենայում, օրինակ մահճակալի մեջ։ Մենք բոլորս նայեցինք միսիս Ադամսին։ Թեև նա երբեք չէր քնել ընթացքի պահին, բոլորիս դեմքերին գրված էր․ «այ, տեսում եք» ― ասես մենք մի քանի անգամ արդեն բռնել ենք մեր դրայվերուհուն ղեկի մոտ խռմփալիս։ Այդ բանը մենք արեցինք, համենայն դեպս։
: Քանի գնում, այնքան ավելի տպավորիչ և նորանոր դեկորացիաներ էին բացվում կենյոնի յուրաքանչյուր շրջադարձում։ Վաղորդյան երկնագույն և վարդագույն մշուշը ցրվեց։ Մենք կանգ առանք ճաղաշարի առջև և նայում էինք անդունդին։ Հիմա այն ծիրանագույն էր։ Մեր ներքևում՝ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր փոքր֊ինչ լուսավորված գետը։ Մենք որքան ուժ ունեինք բղավում էինք՝ արձագանք առաջացնելով։ Եվ մեր մոսկովյան ձայները երկար ժամանակ թռչկոտում էին ժայռերի վրայով, ետ վերադառնալով և տարածության մեջ հնչելով։
: Վերջապես մենք անցանք ելքի տնակը։ Այնտեղ վերահսկիչ չկար։ Այսօր ամերիկյան մեծ տոն էր՝ «Շնորհակալության օր»՝ «Թենքս գեվինդեյ», և շատ ծառայողներ չէին աշխատում։ Սակայն վերահսկիչը իր տնակի ապակու վրա թողել էր մի երկտող․ «Ցտեսություն։ Կրկին այցելեք մեզ»։
: ― Պարոնայք, ― խրատական տոնով ասաց միստեր Ադամսը, ― գրեցեք այս մասին ձեր հուշատետրերում։
: Եվ նա սկսեց երկար ու բարակ հետաքրքիր բաներ պատմել ամերիկյան սերվիսի մասին։ Պատմեց այնքան, մինչև որ մենք քառասուն մղոն հեռացանք կենյոնի վերահսկիչ տնակից։ Այդ պահին նա աչքերին մոտեցրեց ձախ ձեռքը և քարացավ։
: ― Բեկկի, ― ասաց նա առանց ոգևորության, ― բարձի տակից հանե՞լ ես իմ ժամացույցը։
: ― Ոչ, ― ասաց Բեկկին, շիկացած մի հայացք գցելով ամուսնու վրա։
: ― Նո՛, նո՛, ― հառաչեց միստեր Ադամսը, ― մի նայիր ինձ այդպես, խնդրում եմ։ Այդպես չի կարելի անել։ Նայիր միայն ճանապարհին։
: ― Դու ժամացույցդ թողել ես կեմպում, ― ասաց միսիս Ադամսը, աչքը ճանապարհից չհեռացնելով։
: ― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, ― տաքացավ Ադամսը, ― ոչ թե կեմպում, այլ մոռացել եմ բարձի տակ։
: Մենք կանգ առանք։ Պարզվեց, որ ժամացույցն արժե քսանհինգ դոլար, բայց այդ չէր գլխավորը։ Դժբախտությունն այն էր, որ ժամացույցը միսիս Ադամսն էր նվիրել ամուսնուն։
: Սկսեցին հաշվել, թե ո՞րն է ձեռնտու․ ժամացույցի պատճառով ութսուն մղոն անե՞լ, թե մոռանալ ժամացույցը և շարժվել առաջ։ Դուրս էր գալիս, որ վերադառնալը ձեռնտու է, առավել ևս, որ թողած իրը թանկ էր իբրև հիշատակ, մի բան, որ չի կարելի ասել տնտեսած բենզինի վերաբերյալ։
: Բայց և այնպես մենք ետ չգնացինք։ Առիթ ընձեռվեց մոտակա գազոլինկայանից հեռախոսով զանգահարել կեմպ։ Կեմպը պատասխանեց, որ մեր սենյակը հավաքող աշխատակիցը հիմա գնացել է, բայց ոչ մի կասկած չկա, որ նա ժամացույցն անմիջապես կհանձնի վարչությանը, եթե այն, իրոք, բարձի տակ է եղել։
: ― Ուե՜լ, ― ասաց միսիս Ադամսը, ― այդ դեպքում մենք չենք վերադառնա։ Իսկ ժամացույցը կարող եք ուղարկել մեզ Սան֊Ֆրանցիսկո ցպահանջ։
: Կեմպի մարդն էլ ասաց, որ այդ ամենը «ուել է»՝ լավ է, և միաժամանակ խնդրեց ուղարկել տնակի բանալին, որը միստեր Ադամսը մեկնելիս չէր վերադարձրել։ Միսիս Ադամսը մի սարսափելի հայացք նետեց ամուսնու վրա և ասաց, որ մենք անմիջապես փոստով կուղարկենք բանալին։
: Բոլոր այդ հանգամանքների պատճառով մենք երկու ժամ գնում էինք լուռումունջ։
===Գլուխ քսանյոթերորդ — Կարմիր վերնաշապիկով մարդը===
: Գրենդ֊կենյոնից սկսվում էր նոր, տուրիստների կողմից չտրորված մի ճանապարհ։ Ազգային պարկի բարձրադիր և խիտ անտառները հետզհետե նոսրանում էին և, ի վերջո, բոլորովին անհետացան։ Նրանց փոխարինեցին դեղին ժայռերը, որոնք վերջանում էին նոր անապատը տանող վայրէջքով։ Ճանապարհը գահավիժում էր շեշտակի թեքուղիներով։ Այն պատկանում էր ամերիկյան ավտոմոբիլային ճանապարհների ամենանշանավոր տեսակին․ «scenic road» ― որ նշանակում է՝ գեղատեսիլ ճանապարհ։ Կառուցողները ոչ միայն շինել են դիմացկուն, լայն, հարմար և անձրևի դեպքում անվտամգ ճանապարհ, այլև հասել են այն բանին, որ նրա յուրաքանչյուր շրջադարձը ստիպեր ուղևորին հիանալ նորանոր տեսարաններով, միևնույն բնանկարների տասնյակ տարբեր ռակուրսներով։
: ― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, գլուխն ամեն րոպե մեքենայից դուրս հանելով, ― դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Դա սպասրկելու վարպետության ամենաբարձր աստիճանն է։ Ձեզ հարկ չկա մագլցել ժայռերի վրա՝ հարմար դիտակետ գտնելու։ Դուք ամեն բան կարող եք տեսնել մեքենայի մեջ նստած։ Այդ իսկ պատճառով գնեցեք ավտոմոբիլ, գնեցեք գազոլին, գնեցեք յուղ։
: Մենք ընտելացել էինք անապատներին, սիրել նրանց և բավական մեծ բարձրունքից մեր առջև բացվող նոր անապատը դիմավորեցինք ինչպես մեր հին բարեկամին։ Այստեղ սկսվում էր հնդկական Նավագո կամ, ինչպես ասում են, Նավայո քոչվորական ցեղի ռեզերվացիան (արգելավայրը)։ Դա հնդկական ամենամեծ ցեղերից մեկն է, ընդգրկում է վաթսուն հազար մարդ։ Դեռ հինգ տարի առաջ այս վայրը միանգամայն անմատչելի էր և միայն վերջերս, նոր ճանապարհը բացվելուց հետո, սկսեցին քիչ֊քիչ մուտք գործել տուրիստները։
: Նավագոները ատում և արհամարում էին «սպիտակադեմ եղբայրներին», որոնք մի քանի հարյուրամյակներ ոչնչացրել են նրանց, քշել ավելի ու ավելի վատ տեղեր և վերջի ի վերջո բերել հասցրել այս անբերի անապատը։ Այդ ատելությունը նկատվում է յուրաքանչյուր հնդկացաու հայացքում։ Հնդկացին իր նորածին երեխային կկապի փոքրիկ տախտակի վրա և կդնի վիգվամի կեղտոտ հողե հատակին, բայց սպիտակ մարդուց չի վերցնի նրա կուլտուրան։
: Հնդկացիները գրեթե բոլորովին չեն խառնվում սպիտակների հետ։ Հնդկացիների այդ բազմադարյան համառ դիմադրությունը, հավանորեն, ամենանշանակալից երևույթներից մեկն է մարդկության պատմության մեջ։
: Հնդկացիներին ոչնչացնող կառավարություններն այժմ փորձում են պահպանել նրանց փոքրիկ սերունդը։ Վաշինգտոնի հնդկական դեպարտամենտի գլխին դրված է մի լիբերալ ջենտլմեն։ Կազմակերպված են, այսպես կոչված, հնդկական ռեզերվավիաներ, որտեղ սպիտակներին թույլատրվում է առևտուր անել հնդիկների հետ միայն պետուցյան վերահսկողության տակ։ Հնդկացիներին նախապես քշելով արգավանդ հողերից, այժմ նրանց հատկացրել են մի քանի կտոր խղճուկ անապատ, և այդ համարվում է մեծ բարերարություն։ Բացված են հնդկացիների արվեստի թանգարաններ։ Հնդկացիներից գրոշի արժեքվ գնում են նկարներ, գորգեր, նախշազարդ կավե ամաններ և արծաթյա ապարանջաններ։ Հնդիկ երեխաների համար կառուցել են մի քանի գերազանց սարքավորված դպրոցներ։ Ամերիկացիները նույնիսկ մի քիչ հպարտանում են իրենց հնդկացիներով։ Այդպես հպարտանում է կենդանաբանական այգու դիրեկտորը ծեր առյուծի հազվագյուտ մի նմուշով։ Հպարտ գազանը շատ ծեր է և արդեն վտանգավոր չէ, ճանկերը բթաղել են, ատամները թափվել։ Բայց նրա մորթը հիանալի է։
: Կազմակերպելով ռեզերվացիաներ, դպրոցներ և թանգարաններ, մոռանում են, որ ժողովրդի զարգացման հիմքում ընկած է մայրենի լեզուն։ Հնդկացիների դպրոցում դասավանդում են միայն սպիտակները և միայն անգլերեն։ Իսկ հնդակիցների գիր ու գրականություն բնավ գոյություն չունի։
: Ճիշտ է, հնդկացիների յուրաքանչյուր ցեղը խոսում է իր հատուկ լեզվով, բայց դա խոչընդոտ չէ։ Ցանկություն լիներ միայն։ Եվ բազում ամերիկյան գիտնականներ, հնդկացիների մշակույթի գիտակներ, կարճ ժամանակամիջոցում կստեղծեյին գրականություն, թեկուզ մի քանի կարևորագույն ցեղերի համար։
: Կեսօրին մենք հասանք Կամերոն ավանը։ Այստեղ մի քանի տնակներ կային, փոստատուն, առևտրական կետ, որտեղ հնդկացիներին ապրանք են վաճառում, փոքրիկ, բայց հիանալի սարքավորված հյուրանոց֊ռեստորան, կեմպ և երկու կավաշեն հնդկական վիգվամներ։
: Մենք մտանք նրանցից մեկը։ Ընտանիքի հայրը տանը չէր։ Հատակին նստել էր գնչուհու նման գեղեցիկ մի հնդկուհի (սովորաբար հնդկացի տղամարդիկ ավելի գեղեցիք են կանանցից): Նրան շրջապատել էին մի ամբողջ խումբ երեխաներ։ Ամենափոքրը՝ ծծկերը, կապված էր գետնին դրված տախտակին։ Ամենամեծը յոթ տարեկան էր։ Երեխաները կեղտոտ էին, բայց մոր նման՝ շատ գեղեցիկ։
: ― Բե՛կկի, Բե՛կկի, ― հուզված բացականչեց միստեր Ադամսը։ ― Շուտ ներս եկ։ Այստեղ փոքրիկ երեխաներ կան։
: Ադամսները շատ էին կարոտել իրենց բեբիին և երբեք ոչ մի երեխա բաց չէին թողնում, որ չգրկեին, չփաղաքշեին, կոնֆետ չնվիրեին։ Երեխաները շատ բարեհաճ վերաբերմունք էին ցույց տալիս միստեր Ադամսին, սիրում, գնում էին նրա գիրկը, ինչ֊որ բաներ էին թոթովում գառնուկների և ձիուկների մասին, ուշադրությունից շոյված մայրերը շնորհակալ հայացքով նայում էին միստեր Ադամսին և հրաժեշտի պահին այնպես քնքուշ «գուդ բայ» էին հղում, որ կարծես նա ոչ թե դիպվածորեն հանդիպած ճանապարհորդ էր, այլ մի բարի պապիկ, որ եկել էր Կանզասից իր շատ սիրած թոռնիկներին այցելելու։ Մի խոսքով, Ադամս ամուսինները մեծ բավականություն էին ստանում այդ հանդիպումներից։
: ― Ու՞ր են, ու՞ր են երեխաները, ― բացականչեց միսիս Ադամսը, շտապ պայուսակից շոկոլադ հանելով և կռանալով՝ վիվգվամի ցածրիկ դռնից ներս մտնելու համար։
: ― Դե, պատանի ջենտլմեններ, ― զվարթորեն ասաց միստեր Ադամսը, ― ձեզանից ո՞վ կուզենա առաջինը շոկոլադ ստանալ։
: Պստլիկները վախեցած լաց եղան։ Գեղեցկուհի մայրը շփոթված փորձում էր նրանց հանգստացնել։ Միայն ավագը՝ յոթ տարեկանը, որը ըստ երևույթին, նույնպես շատ էր ուզում լաց լինել, հաղթահարեց իրեն, սեղմեց կեղտոտ բռունցքները և նայեց մեզ այնպիսի ցասումով, որ մենք իսկույն հեռացանք։
: ― Ահ, ահա, պարոնայք, ― շփոթված ասաց միստեր Ադամսը, ― հնդկացիներն իրենց երեխաների մեջ փոքր տարիքից ատելություն են դաստիարակում սպիտակների հանդեպ։ Օ՜, ոչ։ Այո, այո, այո։ Նավագո֊հնդկացիները խելացի մարդիկ են։ Եվ, իսկապես, Ինչի՞ համար պետք է սիրեին սպիտակներին։
: Երբ դուրս էինք գալիս, վիգվամին մոտեցավ հնօրյա ժանգոտած մի ավտոմոբիլ (այդպիսի հնագույն մի օրինակ չէինք տեսել նույնիսկ Տեխասում), և նրա միջից դուրս եկավ ընտանիքի հայրը։
: ― How do you do, sir, ― ասաց միստեր Ադամսը խոսակցություն սկսելով։
: Հնդկացին չպատասխանեց։ Նա ցույց տվեց իր շրթունքները և ձեռքով բացասական շարժում արեց։ Նա չէր ուզում խոսել սպիտակ մարդկանց հետ։ Մի խուրձ չոր աղրախոտ թևատակին իր վիգվամը մտնելով, նա նույնիսկ չնայեց մեր կողմը։ Մենք նրան հետաքրքրում էինք ոչ ավելի, քան անապատի փոշին։ Նրա վսեմ քայլվածքին և դեմքի անթափանցելիությանը կարող էր նախանձել անգլիական հին դիվանագետը։
: Ինչ պարզորոշությամբ մենք պատկերացրինք այդ րոպեին բոլոր այն հնդկական դեպարտամենտների, դպրոցների, թանգարանների, ռեզերվացիաների կեղծավորությունը, անցյալի մեղքերն անշնորհք կերպով քավող հին մեղավորի բոլոր այդ եռանդագին բարեգործությունը։
: Երբ մեկնում էինք Կամերոնից, մեզ նախազգուշացրին, որ հիմա երկար ժամանակ բնակավայրի չենք հանդիպելու։
: Հիանալի ճանապարհը հնարավորություն էր տալիս շատ մեծ արագություն զարգացնելու։ Հինգ ժամ սլանում էինք անապատով, ոչ մի շնչավորի չհանդիպելով։ Մի անգամ միայն հայտնվեց մի սպիտակ ձի։ Նա վստահորեն ինչ֊որ տեղ էր գնում, մեն֊մենակ, առանց ուղեկցորդի։ Մեկ էլ քիչ հեռվում տասը մղոնաչափ դետուր կար։ Այստեղ մի քանի խճուղային բանվորներ ճանապարհին մեքենաներով ավարտում էին վերջին ուղեմասը։
: Ճանապարհի երկու կողմերին փռված էր գունազարդ անապատը։ Մենք սլանում էինք արևի հետևից, որը դանդաղորեն իջնում էր Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիայում, ինչ֊որ տեղ, որը ամերիկյան տեսակետով համարվում է արևմուտքի երկիր։ Մենք կտրում անցնում էինք նավագոյի տերիտորիան։ Բայց որտե՞ղ էին այդ վաթսուն հազար աղքատ ու հպարտ մարդիկ, այդ չգիտեինք։ Նրանք ինչ֊որ տեղ շրջակայքումն էին իրենց նախիրներով, խարույկներով և վիվգվամներով։ Օրվա ընթացքում մի քանի անգամ հորիզոնում ուրվագծվում էր մի հեծյալի կերպարանք, քուլա֊քուլա փոշի էր բարձրանում և արագ անհետանում։
: Եթե առաջ էլ էր անապատը բազմազան թվում, ապա այժմ այն փոխվում էր համարյա ամեն րոպե։ Սկզբում մեզ ընդառաջ էին գալիս հարթ՝ ասես վրաները կակաո ցանած բլրակներ, որոնք իրենց ձևով հիշեցնում էին վիգվամների (ահա թե հնդկացիները որտեղից են ընդօրինակել իրենց ճառտարապետությունը)։ Հետո սկսվեց հարթ ու կլոր, տեսքով փափուկ՝ ինչպես բարձը և նույնիսկ բարձի պես եզրերի մոտ կնճռոտ, գորշ բարձունքների կուտակումը։ Հետո մենք հայտնվեցինք մի ոչ մեծ կենյոնի հատակին։ Այստեղ սկսվեց այնպիսի մի ճարտարապետություն, այնպիսի դամբարաններ, և ամրոցներ, որ մենք բոլորովին դադարեցինք խոսել և, գլուխներս պատուհանից դուրս հանելով, հետևվում էինք մեր կողքով սլացող հազարամյակների քարե տեսիլքին։ Արևը մայր մտավ, անապատը վարդագունեց։ Այս ամենը վերջացավ ժայռի վրա, հարթ տեռասներով շրջապատված մի ամբողջ տաճարով։ Ճանապարհը թեքվեց դեպի այդ տաճարը։ Նրա տակով հոսում էր Լիթլ Կոլորադո գետը։ Նրա վրայով գցված էր նոր, կախովի մի կամուրջ։ Այստեղ վերջանում էր նավագոյի ռեզերվացիան։ Անմիջապես մթնեց և ցրտեց։ Բենզինը վերջացավ։ Ուտել էինք ուզում։ Բայց միստեր Ադամսը դեռ չէր հասցրել արտահայտել իր միտքը՝ որ հիմա ամեն բան կորած է, որ ստիպված ենք գիշերել անապատում, երբ կամուրջի հենց մյուս կողմում կրակ առկայծեց, և մենք մոտեցանք մի տնակի։ Տնակի մոտ նկատելով գազոլինկայան, թեթևացած շունչ քաշեցինք։ Այդ երկու կառուցումներից բացի, որոնք ուղղակի կանգնած էին անապատում և նույնիսկ չէին ցանկապատված, ուրիշ ոչինչ չկար։ Տնակն իրենից ներկայացնում էր այն, ինչ ռուսերեն և իսպաներեն ասում են «ռանչո», իսկ անգլերեն «ռենչ»։ Եվ ահա այստեղ, անապատում, որտեղ հարյուրավոր մետր շրջագծով ոչ մի հաստատուն բնակավայր չկա, մենք գտանք հիանալի անկողիններ, Էլեկտրական լուսավորություն, ջեռուցում, տաք ու պաղ ջուր, գտանք նույն կահավորումը՝ ինչ կարելի է գտնել Նյու֊Յորքի, Չիկագոյի կամ Գալոպի ուզածդ տանը։ Ճաշարանում մեր առջև բաժակներով դրեցին պոմիդորի հյութ և տվեցին «T» տառի ձևն ունեցող ոսկորով «ստեյկ» նույնպես գեղեցիկ և անհամ, ինչպես Չիկագույում, Նյու֊Յորքում կամ Գալոպում և այդ ամենի համար մեզանից վերցրին այնքան, որքան արժե Գալոպում, Չիկագույում կամ Նյու֊Յորքում, թեև, օգտվելով ճանապարհորդի անելանելի դրությունից, կարող էին վերցնել որքան կամենային։
: Ամերիկյան standart of Life֊ի (կյանքի մակարդակի) այդ երևույթը ոչ պակաս վեհաշուք էր, քան գունազարդ անապատը։ Եթե հարցնելու լինեք, թե ինչը կարելի է համարել Միացյալ Նահանգների գլխավոր առանձնահատկությունը, մենք կարող ենք պատասխանել՝ այս անապատի տնակը։ Այս տնակի մեջ է պարփակված ամերիկյան բավանդակ կյանքը․ Լիակատար կոմֆորտ անապատում՝ հնդկացիների աղքատ քողտիկների կողքին։ Ճիշտ այնպես, ինչպես Չիկագույում, որտեղ Միչիգան֊ավենյուի կողքին տեղավորված է աղբակույտ, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Նյու֊Ջերսի, ամենուրեք դուք կտեսնեք կոմֆորտ և չքավորություն, աղքատություն և հարստություն, որոնք անբաժան քույրերի պես ձեռք֊ձեռքի տված կանգնած եմ մեծ երկրի բոլոր կամուրջների մոտ։
: Արտասանդուխքի ճաղաշարի վրա ընկած էր պիոներական լուծ, կողքերին դրված էին քարացած ծառի մի քանի քոթուկներ։ Արտասանդուխքի վրա մեզ դիմավորեց մի ալեհեր կովբոյ՝ տնակի և գազոլին կայանի տերը։ Նա Տեխասից անապատ է եկել քսան տարի սրանից առաջ։ Այն օրերին Միացյալ Նահանգների յուրաքանչյուր քաղաքացի կարող էր անապատում ձրի ստանալ վեց հարյուր ակր հողամաս և զբաղվել անասնապահությամբ։ Միայն պետք էր այդ հողին ներդնել երկու հարյուր դոլար։ Կովբոյն այն ժամանակ դեռ երիտասարդ էր։ Նա ձեռք բերեց անասուն, տուն շինեց, ամուսնացավ։ Սրանից դեռ հինգ տարի առաջ տնակից մինչև մոտակա ճանապարհը երկու հարյուր մղոն էր, միայն ձիով կարելի էր գնալ։ Բայց ահա վերջերս ճանապարհ անցկացրին, սկսեցին երևալ տուրիստներ, կովբոյը կառուցեց գազոլինկայան, իսկ իր տնակը վերածեց հյուրանոցի։ Նրա գերանակապ հոլլում վառվում է մեծ բուխարիկ, պատերից կախված են եղջերուի գլուխներ, հնդկական գորգեր և ընձառյուծի մորթի, դրված են մի քանի ճոճաթոռներ և ստվարաթղթե լուսամփոփով շարժական լամպեր (ճիշտ այդպիսիք դրված էին նյույորքյան հյուրանոցի մեր համարում)։ Կա դաշնամուր և ռադիո, որն անընդհատ նվագում կամ նորություններ է հաղորդում։ Կինն ու աղջիկը կերակուր են պատրաստում և մատուցում։ Կովբոյն ինքը, տիպիկ ամերիկյան ամուսինն ու հայրը, բարեհոգի, փոքր֊ինչ մտաբաղ, ժպտալով օգնում է նրանց տնտեսության գործերում, փայտ է դնում բուխարիկի մեջ և գազոլին է վաճառում։ Բայց արդեն երևում են ապագա մեծ հյուրանողի տարրերը։ Արդեն կա սեղան ՝ ծրարների և թղթի հատուկ բաժանմունքով։ Առայժմ այնտեղ դրված են սովորական ծրարներ, բայց շուտով, հավանորեն, նրանց վրա կհայտնվեն հյուրանոցի ճակատը, ինչպես և հնդիկի պրոֆիլ պատկերող փոքրիկ զարդաքանդակներ և գեղեցիկ սարքած անուններ՝ «Հյուրանոց անապատ» կամ «Հյուորանոց Նավագո֊բրիջ», արդեն վաճառքի են դրվել հնդկական գորգեր և մանր զարդաքանդակներ։ Գորգերի մեջ կան երկուսը, որոնց տերը չի ուզում վաճառել, թեև մի անգամ արդեն նրան տվել են երկու հարյուր հիսունական դոլար ամեն մեկի համար։
: ― Նո՝, սըր, ― ասաց միստեր Ադամսը, անհամբեր մի ոտքից մյուսին հենվելով, ― դուք պետք է մեզ պատմեք, թե ինչով են նշանավոր այդ գորգերը։
: Ծեր կովբոյը հիանալի զրուցակից դուրս եկավ։
: ― Ուե՛լլ, ― ասաց նա դանդաղորեն, ― դրանք կրոնական, հնդկական գորգեր են կամ, ինչպես հնդկացիներն են ասում, զգեստներ։ Նրանք ինձ են հասել վաղուց, մի հնդիկից։ Գիտեք ինչ, ջենտլմեններ, նավագոները մի հավատալիք ունեն, եթե որևէ մեկը հիվանդանա, նրան պետք է փաթափել այդ զգեստների մեջ։ Ուստի նրանք միշտ գալիս են ինձ մոտ ու տանում, ես, իհարկե, երբեք չեմ մերժում։ Այն ժամանակ, երբ հիվանդը պառկած է լինում գորգերով փաթաթված, ցեղը պարում է մի հատուկ պար, նվիրված նրա առողջացամանը։ Երբեմն պարում են մի քանի օր շարունակ։ Ես շատ եմ սիրում ու հարգում նավագոներին։ Շատ տհաճ բան կլիներ ինձ համար այդ գորգերի վաճառքը և մարդկանց բուժման այդ միջոցից զրկելը։
: Տերը վեր կացավ, կովբոյական սապոգների բարձր կրունկները կտկտացնելով մոտեցավ բուխարիկին և մի մեծ փայտ դրեց։ Ապա վերադարձավ և շարունակեց։
: ― Նավագոներն, իրոք որ, հիանալի ժողովուրդ են։ Նրանք չափազանց ազնիվ են։ Նրանց մոտ հանցագործություն բնավ չի լինում։ Ինձ թվում է, որ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ ասել է հանցագործություն։ Քսան տարվա ընթացքում ես սովորեցի այնպես հարգել նրանց, ինչպես երբեք չէի հարգել ոչ մի սպիտակ մարդու։ Ես շատ եմ խղճում նրանց։ Շատ երեխաներ են մահանում նրանց մոտ։ Չէ՞ որ նրանք ոչ մի օգնություն չեն ցանկանում ստանալ սպիտակներից։ Սպիտակների ազդեցուցյանը չեն ենթարկվում, սպիտակներին չեն թողնում իրենց վիգվամները։ Ես նավագոների հետ լավ հարաբերություն ունեմ ու թեպետ քսան րարի է ապրում եմ նրանց հետ՝ օտար մարդ եմ նրանց համար։ Մինչդեռ հիանալի ժողովուրդ են, այնքան ազնիվ, որ դժվար է պատկերացնել։
: Ծեր կովբոյը մեզ պատմեց նավագո ցեղի մի հնդկացու մասին, որը հանկարծ որոշել է առևտրով զբաղվել։
: ― Մի հնդկացու ձեռքը, ինչ֊որ կերպ, չտեսնված կապիտալ է ընկնում՝ երկու հարյուր դոլար։ Անասուն էր վաճառել, թե իր հողամասում մի քիչ նավթ էր գտել, մի խոսքով, փող ուներ։ Եվ նա որոշեց առևտուր անել։ Անապատից մեկնեց մոտակա քաղաքը, երկու հարյուր դոլարով գնեց զանազան ապրանքներ և բերեց իր հայրենի քոչավայրը։ Պատկերացրեք ձեզ առևտրով զբաղվող հնդկացու։ Չէ՞ որ դա առաջին դեպքն էր նավագո ցեղի պատմության մեջ։ Առևտուրը բավական աշխույժ էր ընթանում։ Բայց ահա ես նկատեցի, որ իմ բարեկամ հնդկացին սկսել է առևտուր անել բավական տարօրինակ եղանակով։ Ինձ այնքան զարմացրեց այդ, որ սկզբում նույնիսկ կարծեցի, թե խելագարվել է։ Նա, գիտեք ինչ, իր ապրանքը վաճառում էր ճիշտ այն գնով, որն ինքն էր վճարել ապրանքի դիմաց։ Այդ ժամանակ ես սկսեցի բան հասկացնել իմ բարեկամին, որ այդպես առևտուր անել չի կարելի, որ նա կսնանկանա, որ ապրանքը պետք է առած գնից թանկ վաճառել։
: ― Այսինքն ինչպե՞ս, ― հարցրեց ինձ հնդկացին։
: ― Շատ հասարակ, ― պատասխանեցի ես, ― ասենք թե դու իրը գնել ես մեկ դոլարով, բայց պետք է վաճառել մեկ դոլար քսան ցենտով։
: ― Ինչպես վաճառեմ մեկ դոլար քսան ցենտով, երբ այն միայն մեկ դոլար արժե, ― հարցնում է ինձ այդ առևվտրականը։
: ― Առևտուրը այդ է հենց, ― ասում եմ ես, ― գնել էժան, բայց ծախել թանկ։
: Բայց այստեղ իմ հնդիկը սարսափելի զայրացավ։
: ― Դա խաբեություն է, ― ասաց նա, ― գնել մեկ դոլարով, բայց վաճառել մեկ դոլար քսան ցենտով։ Դու ինձ խորհուրդ ես տալիս խաբել մարդկանց։
: Այդ ժամանակ ես նրան ասում եմ․
: ― Դա բնավ խաբեություն չէ։ Դու պարզապես պետք է վաստակես։ Հասկանու՞մ ես, վաստակես։
: Բայց իմ բարեկամ հնդկացու հետ ինչ֊որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Հանկարծ նա դադարեց հասկանալ ամենասովորական բաները։
: ― Ինչպե՞ թե վաստակել, ― հարցրեց նա։
: ― Դե, արդարացնել իր ծախսերը։
: ― Ես ոչ մի ծախք չեմ արել։
: ― Բայց և այնպես գնացել ես քաղաք, գնել ես, բերել, աշխատել։
: ― Ի՞նչ աշխատանք է դա, ― ասաց ինձ հնդիկը։ ― Գնել, բերել։ Դա աշխատանք չէ։ Ոչ, դու ինձ ուրիշ բան ես խորհուրդ տալիս։
: Նրան համոզելու հնար չկար։ Որքան էլ ջանացի՝ բան դուրս չեկավ։ Նա համառ էր եզան պես, շարունակ նույն բանն էր կրկնում․ «Դու ինձ անազնիվ բան ես խորհուրդ տալիս»։ Ես նրան ասում եմ՝ «Սա առևտուր է», իսկ նա ինձ ասում է՝ «Նշանակում է, առևտուրը անազնիվ գործ է»։ Եվ, պատկերացրեք, նա շարունակեց առևտուր անել այնպես, ինչպես սկսել էր և շուտով բոլորովին թողեց այդ զբաղմունքը։ Ու նավագո ցեղի հնդկական կապիտալով միակ առևտրական ձեռնարկությունը փակվեց։
: ․․․ Մենք այդ հնդկացու մասին հիշեցինք մեկ ամիս անց, երբ նստել էինք Ամերիկայի Միացյալ նահանգների սենատում և լսում Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերի հարցաքննությունը, որ կատարում էր սենատային հանձնաժողովը։ Գրքի վերջում մենք դեռ կանդրադառնանք այդ էպիզոդին։
: Հանձնաժողովը զբաղվում էր Ամերիկայի Միացյալ նահանգները համաշխարհային պատերազմի մեջ ներգրավելու գործում Մորգանի խաղացած դերի հարցով։
: ― Ասացեք, ― հարցրեց սենատոր Նայը, ― չէ՞ որ դուք գիտեիք, որ Եվրոպա դրամ արտահանելով օժանդակում եք պատերազմին։
: ― Այո՛, գիտեի։
: ― Հապա ինչու՞ էիք այդ անում։
: ― Ինչպե՞ս թե ինչու, ― զարմացավ հսկա ծերուկը, աթոռից վեր կենալով։ ― Չէ՞ որ դա բիզնես է։ Առևտուր։ Նրանք դրամ էին գնում, ես վաճառում էի։
: ․․․ Կինը մեր տիրոջը կանչեց ճաշարան, օգնելու՝ սեղան գցելու։ Շուտով մեզ էլ կանչեցին։
: Երբ ճաշում էինք, սենյակ մտավ մի բարձրահասակ մարդ՝ սապոգներով ու մահուդե ալ֊կարմիր վերնաշապիկով, ատրճանակի փամփուշտների ժապավենով գոտևորված։ Նա ուներ խիստ ալեխառն, շիկավուն մազեր, եղջերաշրջանակով ակնոց և շլացուցիչ ժպիտ։ Նրան ուղեկցում էր մի կին։ Նրանք բարևեցին տանտերերին և նստեցին հարևան սեղանի մոտ։ Կարմիր վերնաշապկով մարդը լսեց, որ մենք իրար հետ խոսում էինք ինչ֊որ մի օտար լեզվով և բարձրաձայն ասաց հետը եկած կնոջը․
: ― Է՜, կնիկ, սրանք երևի ֆրանսիացիներ են։ Վերջապես դու առիթ ունես ֆրանսերեն խոսելու։
: ― Ես ֆրանսերեն չգիտեմ, ― պատասխանեց կինը։
: ― Ինչպե՞ս չգիտես․ այ քեզ բան։ Տասնհինգ տարի է, ինչ ամուսնացել ենք և այդ ամբողջ ժամանակամիջոցում ամեն օր կրկնել ես, թե ծնվել ես Փարիզից երկու ժամ հեռավորության վրա։
: ― Ես հենց ծնվել եմ Փարիզից երկու ժամ հեռավորության վրա։
: ― Դե, ուրեմն, մարդկանց հետ խոսիր ֆրանսերեն։
: ― Դե ասում եմ, որ ֆրանսերեն չգիտեմ։ Ծնվել եմ Լոնդոնում, իսկ Լոնդոնը իրոք որ Փարիզից երկու ժամվա հեռավորության վրա է, եթե ինքնաթիռով թռչելու լինես։
: Կարմիր վերնաշապիկով մարդը աղմուկով քրքջաց։ Ըստ երևույթին այդ ընտանեկան կատակը կրկնվում էր ամեն անգամ, երբ ամուսինները հանդիպում էին օտարերկրացիների։
: Հողն արդեն պատրաստ էր միստեր Ադամսի հանդես գալու համար, և նա չհապաղեց։
: ― Ես տեսնում եմ, սըր, որ դուք ուրախ մարդ եք, ― ասաց միստեր Ադամսը, մի քաղաքավարի քայլ անելով։
: ― Շուռլի, ― բացականչեց կարմիր վերնաշապիկով մարդը։
: Երկուսի աչքերում էլ խոսելու այնպիսի անհագուրդ, խելացնոր ցանկություն էր առկայծում, որ մեզ համար պարզ դարձավ․ այսօր նրանք պետք է հանդիպեն անապատում, չէին կարող չհանդիպել։ Այդպես անբնական արագությամբ միայն սերն է բռնկվում առաջին հայացքից։
: ― How do you do, sir, ― ասաց միստեր Ադամսը՝ էլի մի քանի քայլ առաջ գնալով։
: ― How do you do, sir, ― ասաց կարմիր վերնաշապիկով մարդը և նույնպես մի քայլ արեց։ ― Դուք Նյու֊Յորքի՞ց եք, ― հարցրեց նա։
: ― Շու՜ռլի, ― ծվծվաց միստեր Ադամսը։ ― Իսկ դուք որտե՞ղ եք ապրում։
: ― Շու՜ռլի, ― մռնչաց անցանոթը։
: Մի վայրկյան անց, նրանք ահավոր ուժով արդեն թփթփացնում էին իրար մեջքի, ընդ որում, ցածլիկ Ադամսը թփթփացնում էր իր նոր բարեկամի համարյա գոտկատեղին, իսկ բարձրահասակ բարեկամը թփթփացնում էր միստեր Ադամսի համարյա թե ծոծրակին։
: Միստեր Ադամսը արտասովոր հոտառություն ուներ նոր ծանոթությունների։ Պարզվեց, որ կարմիր վերնաշապիկով մարդը այն ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է, որոնց մենք երբևէ հանդիպել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
: ― Սա միակ սպիտակ մարդն է, ― ասաց նրա մասին մեր տանտեր կովբոյը, ― որին հնդկացիները համարում են իրենց մարդը։ Նա ապրում է հնդկացիների հետ և երբեմն հյուր է գալիս ինձ։
: Արտասովոր էր այդ մարդու կենսագրությունը։
: Կոլեջն ավարտելուց հետո դարձել է միսիոներ, ամուսնացել և մեկնել իր նոր ծառայության վայրը՝ անապատ, նավագո ցեղի հնդիկների մոտ, որպեսզի քրիստոնյա դարձնի նրանց։ Սակայն նոր միսիոները շուտով հասկացել է, որ հնդկացիները քրիստոնեություն չեն ուզում։ Նրա բոլոր փորձերը ջարդուփշուր էին լինում հնդկացիների համառ դիմադրությանը դիպչելով, որոնք ոչ միայն չէին ուզում նոր հավատն ընդունել, այլև, ընդհանրապես, չէին ցանկանում որևէ գործ ունենալ սպիտակ մարդկանց հետ։ Շատ դժվար էր նրա բանը, բայց նա հավանեց հնդկացիներին։ Մի տարի անց, նա գնաց իր պետերի մոտ և հայտնեց, որ հրաժարվում է հնդկացիներին քրիստոնյա դարձնելուց։
: ― Ես իմ քրիստոնեական պարտքը տեսնում եմ մարդկանց օգնելու մեջ, ― ասաց նա, ― անկախ այն բանից, թե ինչ կրոն են դավանում։ Ես ամեն բան լավ մտածել եմ։ Թե ուզում եք՝ կմնամ անապատում՝ հնդկացիների հետ ապրելու, բայց նախազգուշացնում եմ՝ նվազագույն փորձ անգամ չեմ անելու նրանց քրիստոնյա դարձնելու համար։ Այլապես ես երբեք հնդկացիների համար մոտ մարդ չեմ դառնա։ Ես պարզապես կօգնեմ նրանց՝ ինչով կարող եմ, բժիշկներ կհրավիրեմ նրանց համար, կբացատրեմ, թե ինչպես պետք է խնամել երեխաներին, կենցաղային խորհուրդներ կտամ։ Մինչև օրս չի եղել մի դեպք, որ նավագոները ընդունեն սպիտակ մարդուն։ Բայց եթե այդ ինձ հաջողվի, այդ դեպքում կարող եմ մտածել և նրանց քրիստոնյա դարձնելու մասին։
: Այդ խոսքերը չափից դուրս արմատական թվացին եկեղեցական վորչությանը։
: ― Դուք պետք է գործեք ինչպես բոլոր միսիոներները։
: Նա հրաժարվեց։
: Այդ ժամանակ նրան հեռացրին ծառայությունից։ Եվ խենթուկը մնաց իր վնասակար մտքերի հետ, իր կնոջ հետ և առանց մի կոպեկ փողի։
: Նա նորից մեկնեց անապատ։ Այս անգամ այնտեղից երբեք չվերադառնալու հաստատ վճռականությամբ։ Այդ սրանից տասնութ տարի առաջ էր։ Նա բնակություն հաստատեց նավագո ցեղի քոչավայրում և սկսեց ապրել հնդկացիների նման։ Փող չուներ։ Ինչպես հնդկացիները, նա էլ էր զբաղվում որսով և անասնապահությամբ։ Տարիներն անցնում էին։ Հնդկացիները ընտելացան այդ տարօրինակ, ուրախ ու քաջարի ակնոցավոր մարդուն։ Հետզհետե սկսեցին նրան վստահել, նա դառնում էր իրենց մարդը։ Երբեմն նա քաղաք էր գնում, բաժանորդագրություն կազմզկերպում հնդկացի երեխաների համար, համոզում հնդիկներին բուժվել բժիշկների մոտ և նորածիններին չկապել տախտակին։ Նա կատարելապես տիրապետեց նավագո լեզվին և շատ սիրեց հնդկացիներին։ Ոչ մի կերպ չէր պատրաստվում սկսելու քրիստոնեության պրոպագանդը։ «Դեռ կհացնեմ», ― մտածում էր նա, իսկ որոշ ժամանակ անց, բոլորովին թողեց քրիստոնեության մասին մտածելը։ Հետադարձ հայացք նետելով, նա հասկացավ, որ անցել է իր կյանքի մեծ և , ամենայն հավանականությամբ, լավագույն մասը, և որ լավ է անցել այն։ Նա երջանիկ էր։
: ― Ես ուզում էի հնդկացիներին դարձնել քրիստոնյա, ― ասաց մեզ կարմիր վերնաշապիկով, ատրճանակի փամփուշտների ժապավենով գոտևորված մարդը, ― բայց ամենևին չստացվեց այնպես, ինչպես սպասում էի․ նրանք ինձ դարձրին հնդկացի։ Այո՛։ Հիմա ես իսկապես հնդակացի եմ։ Ուզու՞մ եք քերթեմ ձեր գանգամաշկը։
: Ու բարձրաձայն քրքջալով, ձևացրեց, թե ուզում է քերթել միստեր Ադամսի գանգամաշկը։
: Հետո նստեց և դեռ շարունակելով ժպտալ, մտախոհ ավելացրեց․
: ― Ես ավելի ազնիվ ու մաքուր մարդիկ չգիտեմ, քան հնդկացիներն են։ Նրանք ինձ սովորեցրին սիրել արևը, լուսինը, անապատը, սովորեցրին հասկանալ բնությունը։ Ես չեմ պատկերացնում, թե հիմա կկարողանամ ապրել հնդկացիներից հեռու։
: ― Սը՛ր, ― ասաց հանկարծ միստեր Ադամսը, ― դուք լավ մարդ եք։
: Նա հանեց թաշկինակը և սրբեց աչքերը, առանց ակնոցը հանելու։
: Հետևյալ օրը մենք վեր կացանք ժամը վեցին։ Լուսանում էր, բայց արևը դեռ չեր ծագել։ Ցուրտ էր, ինչպես այդ պահին լինում է Մոսկվայում։ Մենք դողում էինք բարակ վերարկուներով։ Ավազը եղյամով էր պատվել։ Անապատը թվում էր մռայլ ու ոչ այնպես գեղեցիկ, ինչպես երեկ։ Մենք վազեցինք դեպի կամուրջը՝ մի անգամ ևս նայելու Լիթլ Կոլորադո գետին։ Մեր վերևում դարձյալ դարավանդներով շրջապատված տաճարաձև ժայռն էր։ Այս անգամ նա էլ այնքան կախարդական չթվաց, ինչպես երեկ էր։ Երբ մենք ոտքի վրա տաքանալով տուն էինք վազում՝ արևը ծագեց։ Անապատն իսկույն պայծառացավ ու գեղեցկացավ։ Կես ժամ անց, մենք արդեն հանեցինք վերարկուները, ևս կես ժամ, և արդեն պարզապես շոգ էր։
: Հեռավոր ճամփա ընկնելուց առաջ (մինչև «Բոուլդեր֊դամ» անցնելու էինք երեք հարյուր մղոն), կանգ առանք գազոլինկայանի մոտ։ Այնտեղ տեսանք կարմիր վերնաշապիկով միսիոներին։ Նա փոխարինում էր տնտեսությամբ զբաղված կովբոյին։ Ադամսն ու նա նորից սկսեցին իրար մեջքի թփթփացնել։
: ― Այ էմ բոլշևիկ, ― բացականչեց նախկին միսիոները հրաժեշտի պահին, ցույց տալով իր կարմիր վերնաշապիկը և լիաթոք քրքջալով։ ― Գուդ բայ։
: ― Գուդ բայ, սըր, ― ի պատասխան գոչեց միստեր Ադամսը։
: Ճանապարհը լեռն ի վեր էր բարձրանում։ Նայելով ետ՝ նավագո անապատին, մենք դեռ երկար ժամանակ տեսնում էինք փոքրիկ տնակը և կամուրջը, և գազոլինկայանը, որի կողքին նշմարվում էր հնդկացի միսիոների կարմիր վերնաշապիկը։
: Վերջին անգամ մենք նայեցինք նավագո անապատին․ զարմանալով, թե ինչպես Միացյալ Նահանգների և կենտրոնում, Նյու֊Յորքի և Լոս֊Անջելոսի, Չիկագոյի և Նյու֊Օռլեանի արանքում չորս կողմից էլեկտրակայաններով, նավթի աշտարակներով, երկաթուղիներով, միլիոնավոր ավտոմոբիլներով, հազարավոր բանկերով, բորսաներով և եկեղեցիներով, խլացուցիչ ձայներ հանող ջազբանդներով, կինոֆիլմերով և գանգստերական գնդացիրներով շրջապատված, մարդիկ կարողացել են կատարյալ անձեռնմխելիության վիճակում պահպանել իրենց ապրելակերպը։
===Գլուխ քսանութերորդ — Պատանի բապտիստը===
: Դեղին ժայռերի միջով վերելքը տևեց մեկուկես ժամ։ Վաղուց արդեն տեսողությունից թաքնվել էին կովբոյի փոքրիկ տնակը, գազոլինկայանը և Լիթլ Կոլորադո գետակի կամուրջը, իսկ ներքևում դեռ փռված էր նավագո հնդկացիների անապատը, այն զտարյուն, հարյուրտոկոսանի ամերիկացիների վերջին անբերրի ապաստարանը, որոնց ողջ դժբախտությունն այն էր, որ նրանց մաշկը կարմիր է, և որ նրանք ընդունակ են ոչ թե առևտրի, այլ նկարչության և ռազմաշունչ, բայց անվտանգ պարերի։
: Եվս երկու֊երեք շրջադարձ, և անապատը չքացավ։ Հանկարծակի մենք ընկանք կուրորտային հրաշալի Տիրոլ, Շվեյցարիա, Կովկաս։ Դա միջմոլորակային ճանապարհորդների վերադարձն էր Մարսից Եեկիր, նրա գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Կանաբի կուսական անտառը։ Ճանապարհին փափուկ ձյուն էր նստել, իսկ կողքերին բարձրանում էին համաչափ մեծ սոճիներ։ Շողշողում էր դեկտեմբերյան արևը։
: Ամերիկայում լինում են նման կերպարանափոխություններ։
: Հրաշալի տեսիլքը շուտով վերջացավ։ Ճանապարհը գնաց ներքև, և մենք մտանք Յուտա նահանգը, որի մասին ծանուցում էր փոքրիկ պլակատը։ Այստեղ դարձյալ անապատ էր, բայց ավելի տաք։ Անցանք փոքրիկ ավանով։ Տնակների շուրջը ծառեր էին աճում և մի քանի գազոլինկայաններ կային։ Անցան երկու սպիտակ կանայք։ Նրանցից մեկը սայլակի մեջ տանում էր երեխայի, քաղաքակիրթ երեխայի, որի ծնողները գիտեն, թե ինչ բան է ռադիոն, մեխանիկական բիլիարդը և վիտամինները։ Սա արդեն տախտակին գամած հնդկացի երեխա չէր։
: Դուք գիտե՞ք, պարոնայք, որ Յուտա նահանգում ապրում են մորմոններ, ― հարցրեց միստեր Ադամսը։
: Մենք նորից սկսեցինք ափասոսալ, որ չայցելեցինք աղի լճի քաղաքը և այդպես էլ կմեկնենք Ամերիկայից, առանց մորմոններին տեսնելու։
: ― Չէ՛, լուրջ, պարոնայք, այդպես չի կարելի դատել, ― ասաց միստեր Ադամսը, ― Աղի լճի քաղաքից մենք ոչ մի կերպ չէինք կարող հասնել Կալիֆոռնիա, քանի որ տարվա այս ժամանակ, լեռնանցքները, հավանորեն, արդեն սառցակալել են։ Օ՜, նօ։ Խնդրում եմ հիշեք ժայռոտ լեռները։
: ― Հիչ֊հայկեր, ― հանկարծ գոչեց միսիս Ադամսը։
: Մենք տեսանք մի մարդ, որը, ճամպրուկը ոտքերի մոտ դրած, կանգնել էր ճամփեզրին։
: ― Վերցնե՞նք, ― հարցրեց միստեր Ադամսը։
: ― Մենք միքանի րոպե ուշադիր տնտնղեցինք հիչ֊հայկերին, գնահատելով նրան։ Նա հագել էր բրեզենտե վառ դեղին փոշեթիկնոց։ Տեսքից հիչ֊հայկերը քսան տարեկան կլիներ։
: ― Արժե՞ արդյոք։ Խիստ տխուր և լավատեսական փոշեթիկնոց ունի։
: ― Հանկարծ ու մորմոն լինի, ― ասաց միստեր Ադամսը։
: Դա լուծեց հարցը։
: ― Վերցնենք։
: Ցավոք, պարզվեց, որ հիչ֊հայկերը մորմոն չէ, այլ սովորական խիստ հավատացյալ բապտիստ։
: Լավ տղա էր։ Նա հանեց իր փոշեթիկնոցը և հանդես եկավ մոխրագույն պիջակով և վելվետե բանվորական ժանգագույն շալվարով։ Նա ուներ թուխ, պզուկավոր դեմք՝ փոքրիկ ու սև այտամորուսներով։ Նրա պատմությունն ամերիկյան երիտասարդի սովորական պատմություն էր։ Նեբրասկիի չքավոր ֆերմերի զավակ։ Իհարկե, ավարտել է գայ֊սքուլ։ Իհարկե, մեկնել է Արիզոն՝ աշխատանք գտնելու և կոլեջ մտնելու համար փող կուտակելու։ Իհարկե, աշխատանք չի գտել։ Այժմ համաձայն է զբաղվել ինչով ասես։
: Նա լավ ձեռքեր ունի։ Աշխատել կարող է։ Ուզում է բախտը փորձել Կալիֆոռնիայում։ Եթե այնտեղ էլ բան դուրս չեկավ, ստիպված վերադառնալու է հոր մոտ՝ ֆերմայում տաղկտկալի ձմեռ անցկացնելու։ Ի՞նչ արած։ Վայրի կատուներ և տափաստանային գայլեր կորսա։ Իսկ ամառը՝ տեսնենք։ Ավելի ճիշտ, տեսնելու բան չկա։ Գործերը վատ են գնում։ Կոլեջն անհասանելի է։ Իսկ գործերը շտկելու՝ ոչ մի հույս։ Պարզվեց, որ մեր հիչ֊հայկերը, ինչպես իր տարիքի բոլոր երիտասարդները, բոլորովին զուրկ են հետաքրքրասիրության զգացումից և ամբողջ ճանապարհին ոչ մի բանի մասին մեզ չհարցրեց։ Բայց դրա փոխարեն սիրով խոսում էր իր մասին և պատասխանում մեր հարցերին։
: Երբ նրան հարցրին, թե ի՞նչ գիտե Մոսկվայի մասին, պատասխանեց․
: ― Այնտեղ հնգամյա պլան էին շինում։
: ― Իսկ ի՞նչ բան է այդ հնգամյա պլանը։
: ― Այդ այն է, երբ բոլորն աշխատում են և դրա դիմաց օրական երեք անգամ նրանց ուտեցնում են։
: ― Դե լավ, սըր, ― ասաց միստեր Ադամսը, ― ենթադրենք թե այդպես է։ Էլ ի՞նչ եք լսել։
: ― Լսել եմ, որ հնգամյա պլանը հաջող է անցել և հիմա այնտեղ երկրորդ հնգամյա պլանն են շինում։
: ― Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից երկրորդ հնգամյա պլանը։
: ― Չգիտեմ, ― պատասխանեց երիտասարդը։ ― Լսել եմ, որ այնտեղ բոլորն աշխատանք ունեն և օգնում են միմյանց։ Բայց միևնույն է, շուտով պատերազմ է լինելու և պատերազմից անմիջապես հետո՝ Քրիստոսի երկրորդ հայտնությունը։ Ռուսներին ևս կործանում է սպասում, քանի որ նրանք անաստվածներ են։ Առանց հավատի առ աստված, ոչ ոք չի փրկվի դժոխքի տառապանքներից։ Այդպես է ասում ավետարանը։
: ― Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ շուտով երկրորդ հայտնությունն է լինելու։
: ― Այդ ասում է մեր պաստորը։
: ― Եվ շուտո՞վ։
: ― Շատ շուտով, ― միանգամայն լուրջ պատասխանեց երիտասարդ բապտիստը, ― երկու֊երեք տարուց։
: ― Հիանալի է սըր, ― բացականչեց միստեր Ադամսը։ ― Ենթադրենք, որ դա այդպես է։ Դուք հենց նոր ասացիք, թե ռուսներն օգնում են միմյանց և որ նրանց մոտ բոլորն էլ աշխատում են։ Նշանակում է նրանք լա՞վ մարդիկ են։
: ― Այո, ― պատասխանեց բապտիստը փոքր֊ինչ մտածելուց հետո։
: ― Գեղեցիկ, սըր։ Նրանք մեկմեկու չեն շահագործում և սիրում են միմյանց։ Ձեր տեսակետով աստծու թագավորություն են կազմակերպել երկրի վրա։ Բայց նրանք աստծուն չեն հավատում։ Ինչպե՞ս վարվենք։ Դե, դե, սըր։ Պատասխանեցեք իմ հարցին։
: ― Քանի որ նրանք չեն հավատում աստծուն, դրախտ չեն ընկնի, ― հաստատ ձայնով ասաց բապտիստը, ― նրանք կկործանվեն։
: ― Բայց չէ՞ որ նրանք լավ մարդիկ են։ Ինքներդ ասացիք։
: ― Միևնույն է։ Այո՛, նրանք լավ գործ են անում։ Այդ բանը մեզ պաստորն էլ է ասել, որովհետև, հասկանու՞մ եք, պաստորը արդարացի մարդ է։ Բայց ավետարանում ասված է, որ լավ գործը դեռ քիչ է։ Հավատ է պետք։ Այնպես որ նրանք կանխորոշված են կործանման։
: ― Չէ, լուրջ, սըր, ― պնդում էր միստեր Ադամսը, ― դուք խելացի երիտասարդ եք և գայ֊սքուլ եք ավարտել։ Մի՞թե Քրիստոսը երկրորդ անգամ երկիր գալով, պատժելու է հարյուր յոթանասուն միլիոն հիանալի ռուս երիտասարդների, որոնք հասել են այն բանին, որ իրենց մոտ չունեն սովյալներ ու գործազուրկներ, որ բոլորն էլ կուշտ են ու երջանիկ։ Այո, այո, այո, սըր։ Դուք միայն խորհեք․ հարյուր յոթանասուն միլիոն մարդ, աշխատող մարդիկ, լավ, ազնիվ։ Մի՞թե աստված այդչափ դաժան է լինելու և նրանց դրախտ չի թողնելու։
: Մեր հիչ֊հայկերը ծանր մտածմունքների մեջ ընկավ։ Նա որոշակի խղճում էր ռուս լավ տղաներին։ Նա երկար տատանվում էր, նախքան պատասխանելը։
: Բայց հարյուր յոթանասուն միլիոն սովետական աթեիստների բապտիստական փոքրիկ աստծու հետ հանդիպման այդ ապշեցուցիչ, սարսափեցնող և ստրառուչ պատկերն անգամ չկարողացավ վերահամոզել մեր ուղեկցին։
: ― Գիտե՞ք ինչ, ― ասաց նա կմկմալով, ― այդպես աստված է ավետարանում։ Իսկ այն պետք է կամ ամբողջությամբ ընդունել, կամ․․․
: ― Դե՛, դե՛, սըր, կամ․․․ ― բացականչեց միստեր Ադամսը կատարյալ հիացմունքով։
: ― Առանց աստծու հավատի ոչ ոք չի փրկվի, ― փնթփնթաց մեր ուղեկիցը։
: ― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― գոչեց միսիս Ադամսը։
: Մենք մուտք էինք գործում Զայոն֊կենյոն (Սիոնի կենյոնը), և խոսակցությունը պատանի բապտիստի հետ դադարեց։
: Վերահսկիչ տնակում ոչ ոք չկար։ Մենք կանգնեցրինք մեքենան և մի քանի ազդանշան տվեցինք, բայց ոչ ոք չեկավ։
: ― Ուշադրություն դարձրեք, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մեզանից չեն ուզում դոլար վերցնել։ Այո, այո, այո, Զայոն֊կենյոնը մենք ձրի ենք տեսնելու։
: Մի որոշ ժամանակ մենք գնում էինք խիտ կարմիր ժայռերի միջով, որոնցից տարբեր կողմերի վրա ցցված էին սոճիներ և ինչ֊որ արմատներ։ Կիրճը լայնանում էր։ Ժայռերից մի քանիսը կտրված էին երկարավուն ուղիղ ճեղքվածքներով, մի քանիսը՝ գծագրված, թվաբանական տետըի պես։
: Մենք արեցինք մի քանի շրջադարձ։ Կիրճը գնալով ավելի էր լայնանում։ Դեռ երեկ մեզ թվում էր, որ աշխարհում չի կարող ավելի վեհատեսիլ բան լինել, քան Գրենդ֊կենյոնը։ Բայց ընդամենը մի օր անցավ, և մենք տեսանք, եթե ոչ այնքան վիթխարի, ապա անհամեմատ ավելի բարդ և ֆանտաստիկ մի բան։ Գրենդ֊կենյոնին մենք նայում էինք վերևից։ Զայոն֊կենյոնը անցանք հատակով կամ պատերի ելուստներով, որոնցով ճանապարհ էր անցկացված։ Գրենդ֊կենյոնը պատկերանում է լեռների կաղապարի ձևով՝ շուռ տված լեռներ։ Այստեղ մենք տեսանք կենյոնի պատերը, որոնք մեզ պատկերանում էին իբրև լեռներ՝ այս բառի սովորական հասկացությամբ։ Այնտեղի բնապատկերը մեզ թվում էր օտար մոլորակի սառը բնապատկեր։ Այստեղ չկար և չէր կարող լինել որևէ համեմատություն։ Մենք ընկել էինք մանկական երազների և տեսիլքների կախարդական թագավորություն։ Մեր առաջ, ճանապարհի վրա ստվեր էր ընկած, իսկ վերևից կախված հաստ ժայռերը լուսավորված էին արևով։ Մենք անցանք պղնձակարմիր փորվածքով և հայտնվեցինք մի նոր, մեծ կիրճում։ Շատ բարձրում, երկնքի ֆոնի վրա երևում էին կարմիր աշտարակներ, կարուսելներ, բուրգեր, կենդանիների մռութները։ Ճանապարհի տակը և վերևում ծուռ֊ծուռ աճում էին սոճիներ։ Ներքև էին իջնում գետակների չորացած հուներ։ Հեռվում արևով լուսավորված ժայռի վրա փայլեց սառած գետակը, ինչպես խնամքով կպցրած թիթեղի շերտ։
: Մենք մտանք թունելը։ Միառժամանակ շարժվում էինք կատարյալ մթության մեջ։ Հետո առջևում լույս երևաց։ Թունելի պատի մեջ փորված էր լայն կամար, որը նայում էր քարե բազիրքով սարավանդին։ Մենք դուրս եկանք մեքենայից։ Դուռը թրխկաց թնդանոթի պես։ Ամենուրեք ժայռեր էին։ Երկնքի մի փոքրիկ կտոր էր երևում։ Ներքևում մարմանդ ճահճաջուր էր կանգնած։ Նման հանդիսավոր իրադրության մեջ մարդը կամ լռում է, կամ սկսում է սարսափելի հիմարություններ անել։ Մենք էլ ոչ այս, ոչ այն, սկսեցինք սուր ճիչեր արձակել, որպեսզի իմանանք այստեղ արձագանք կա՞։ Պարզվեց, որ արձագանք կա։
: Մեկուկես կիլոմետր ձգվող թունելում, որը փորել էին հատկապես կենյոնը դիտելու համար և որը նստել էր մեկ միլիոնից ավելի դոլար, շինարարները կառուցել էին նաև մի քանի պատուհան։ Եվ յուրաքանչյուր պատուհանից մի նոր տեսարան էր բացվում։ Ներքևը՝ շատ հեռվում պեծին էին տալիս ճանապարհի ասֆալտած կեռմանները, որոնցով անաղմուկ սլանում էին փոքրիկ ավտոմոբիլները։ Գրեթե բոլոր ժայռերը և նրանց ցայտուն ստվերներն անպայման հիշեցնում էին որևէ բան կամ ինչ֊որ մեկին․ կատվի գլուխ, ճանկեր, շոգեքարշի ստվեր։ Այդ ամենի պսակը ժայռի մեջ բնության փորագրած հնդկացու վիթխարի կերպարանքն էր․ հանգիստ ու խնդադեմ մի հնդկացի, գլխին ինչ֊որ տուփ, որը, այնուամենայնիվ, փետուր էր հիշեցնում։
: Մենք դուրս ելանք թունելից և հինգ րոպե անց, արդեն իջնում էինք ճանապարհի այն կեռմաններով, որ հենց նոր տեսանք պատուհանից։ Խճուղու վրա թափված էին դեղին տերևներ։ Հանդիպեցին սառցի բարակ շերտով պատած մի քանի ջրափոսեր։ Դիմացի պատի ստվերը դիպել էր հնդկացու ոտքերին։ Կատարյալ լռություն էր տիրում։ Մենք գնում էինք ամենափոքր արագությամբ, մոտորն անջատած։ Իջնում էինք ներքև կամաց ու հանդիսավոր, ինչպես ճախրող թռչուն։
: Հայտնվեց մի ծառ՝ դեղնավուն ճուտիկանման տերևներով, ապա մյուսը՝ կանաչ տերևներով։ Ընկանք ամռան մեջ։
: Ակսօր, մի օրվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում մեր առջևով անցան տարվա բոլոր եղանակները։
: Զայոն֊կենյոնից մեկնելուց առաջ մտանք ժայռերի արանքում ընկած հռչակավոր նեղ կիրճը, որին հնդկացիներն աստվածացնում էին և որը կոչվում էր «Սինոուավա տաճար»։ Կիրճի մեջտեղում հսկայական ցոկոլի վրա նստած էր հաստափոր, այլանդակ աստվածը։ Մենք երկար նայեցինք նրան, մինչև որ հասկացանք, թե այն կերտել եմ ոչ թե մարդիկ, այլ բնությունը։ Մոնումենտի շուրջը, քարեր շուռ տալով, աղմկում էր արագահոս մի գետակ։
: Մենք արդեն չէինք զարմանում, որ բնությունը կանխագուշակել է հնդկական ճարտարապետությունը, հնդկական նկարները և նույնիսկ իրեն՝ հնդկացուն։ Նավագո անապատից հետո ծագած նման հետևությունները Զեյոն֊կենյոնից հետո անչափ խղճուկ ու անվճռական էին թվում։ Այստեղ պարզ էր դառնում, որ բովանդակ արվեստը՝ և եգիպտականը, և հունականը, և չինականը, և գոթականը, և կայսրության ոճը, և նույնիսկ մերկապարանոց ֆորմալիզմը, այդ ամենը եղել են արդեն մի ժամանակ, միլիոնավոր տարիներ սրանից առաջ հանճարեղորեն հնարված են եղել բնության կողմից։
: ― Ուրախանանք, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ մենք Լաս֊Վեգասի ճամփան իմանալուց հետո արագացրինք մեքենայի ընթացքը։ ― Խնդրում եմ հիշեք, որ այս ամբողջ գեղեցկության համար մենք ոչ մի ցենտ չծախսեցինք։
: Հազիվ էր ասել այս խոսքերը, երբ ճանապարհի վրա երևաց մի տնակ, որից սիրալիր ժպտալով դուրս էր նայում համազգեստային գլխարկով մի մարդ։ Նա կանգնեցրեց մեզ, վերցրեց երկու դոլար և լեզվով կլոր, կանաչ մի թուղթ թրջելով, կպցրեց մեր մեքենայի ապակուն։
: ― Գուդ բայ, սըր, ― ասաց միստեր Ադամսը տխրադեմ և իսկույն ավելացրեց։ ― Չէ՛, լուրջ, միստերներ, երկու դոլար այս ամբողջ գեղեցկության համար։ Օ՜, նո։ Ես կարծում եմ, որ մենք էժան պրծանք։
: Մեր ուղեկից բապտիստը խնդրեց իջեցնել իրեն մոտակա քաղաքում։ Նա երկար թափահարում էր մեր ձեռքերը և կրկնում, որ մենք լավ մարդիկ ենք։ Նա իր ֆաներե ճամպրուկը գցեց շալակը, դեղին փոշեթիկնոցը դրեց թևատակին․ և հեռացավ։ Բայց մի քանի քայլ անելուց հետո շուռ եկավ ու հարցրեց․
: ― Իսկ եթե Ռուսաստան ընկնեի, ես է՞լ աշխատանք կստանայի։
: ― Իհարկե, ― պատասխանեցինք մենք, ― ինչպես Ռուսաստանի բոլոր մարդիկ։
: ― Այդպե՜ս․․․ ― ասաց պատանի բապտիստը։ ― Ուրեմն միայն թե աշխատանք լինի։ Այդպե՜ս․․․
: Նա ուզում էր էլի ինչ֊որ բան ասել, բայց երևի փոշմանեց և արագ֊արագ, առանց ետ նայելու, գնաց փողոցով։
===Գլուխ քսանիններորդ — Ամբարտակի կատարին===
: Թեև մենք բազում անգամներ հանդիսավոր կերպով ազնիվ խոսք էինք տվել միստեր Ադամսին մթնշաղը վրա հասնելուն պես կանգ առնել, այնուամենայնիվ, մեր փորձվաց մեքենան Լաս֊Վեգաս քաղաքին էր մոտենում կատարյալ մթության մեջ։ Լուսինը դեռ դուրս չէր եկել։ Առջևում ինչ֊որ տեղ դանդաղ պտտվում էր սպիտակ փարոսը։ Միառժամանակ անց, այն անցավ ձախ, ապա մնաց հետևում։ Նրան փոխարինելու եկավ մեկ ուրիշ փարոսիկ։ Այստեղ մեր ուղին համընկնում էր Լոս֊Անժելոս տանող մարդատար գծի օդային տրասսայի հետ։ Երբեմն խավարի միջից դուրս էր պրծնում երերվող մի լույս։ Այն արագ աճում էր, և ապա առջևում՝ բարձրում հայտնվում էին ավտոմոբիլային երկու աչքեր։ Մի րոպե նրանք վազում էին մեզ ընդառաջ, հետո նորից չքանում և արդեն շատ մոտ, վերստին դուրս պրծնում։ Ճանապարհը գնում էր ալիքներով՝ բլրակից բլրակ։ Անապատի մեծ լռությունը խախտվում էր միայն միստեր Ադամսի ծանր հառաչանքներով և փնթփնթոցներով։
: ― Բեկկի, Բեկկի։ Ոչ այդպես արագ։ Ժամում քառասուն մղոն, դա անչափ շատ է։
: ― Ինձ հանգիստ թող, ― զուսպ պատասխանում էր միսիս Ադամսը, ― այլապես կիջնեմ, և ճամփան կարող եք շարունակել ինքներդ։
: ― Դե, Բեկկի, Բեկկի։ It's impossible, ― տնքում էր ամուսինը։
: ― I don't want to speak with you! ― բացականչեց կինը։
: Եվ ամուսինները մի կարճատև լեզվակռիվ սարքեցին անգլերենով։ Օդային փարոսները լուսավորում էին նրանց զայրացած դեմքերն ու ակնոցների ապակիները։
: Վերջապես առջևում երևացին Լաս֊Վեգասի կրակները։
: Դեկտեմբերյան ցուրտ երեկոյին, թեյասեղանի մոտ նստած մոսկվացին ինչեր ասես չի երևակայի, երբ խոսք բացվի Լաս֊Վեգաս քաղաքի պայծառ, թրթռուն կրակների մասին։ Կենդանի կպատկերանան նրան մեքսիկացիների այրող հայացքները, զաֆրանագույն այտերի վրա ոլորած մազափնջիկները, ինչպես Կարմենի մոտ է, տորեադորների թավշյա վարտիքներ, նավախաներ, կիթառներ, ցլամարտի նիզակներ և վագրային կրքեր։
: Թեև վաղուց համոզվել էինք, որ ամերիկյան քաղաքները ճանապարհորդին ոչ մի անսպասելիություն չեն բերում, բայց և այնպես մենք ինչ֊որ աղոտ հույսեր ունեինք։ Չափից դուրս հրապուրիչ էին շողշողում օտար քաղաքի կրակները տաք ու սև անապատում։ Ո՞վ գիտե։ Հանկարծ ու կեմպում արթնանալով և փողոց դուրս գալով, տեսնենք կտավե ծածկերի տակ՝ հարավային սրճարաններ, գեղատեսիլ շուկաներ, որտեղ բանջարեղենի լեռների վրա բարձրանում է ուխտի հանդուգն մռութը, լսենք ամբոխի խոսակցություն և իշուկների զռոց։ Բայց Միացյալ Նահանգները միացյալ ուժերով նոր հարված հասցրին մեր երևակայությանը։ Կեմպում արթնանալով և փողոց դուրս գալով, մենք տեսանք Գալոպ քաղաքը իր գազոլինկայանների, դեղատների, ամայի մայթերի ավտոմոբիլներով լեցուն սալարկների ամբողջ փայլով։ Մեզ թվաց նույնիսկ, որ հիմա, ինչպես Գալոպում, դուրս կպրծնի կիսաբեռնատարը և կխփի մեր կողին, իսկ դրանից հետո միստեր Ադամսը հեզաժպիտ դեմքով կանցնի ավտոմոբիլային խանութի ցուցափեղկի միջով։ Տաղտկալի էր նայել այդ միօրինակ հարստությանը։ Անապատն անցնելիս մենք եղանք մի քանի տասնյակ քաղաքներում, և եթե հաշվելու չլինենք Սանտա֊Ֆեն ու, միգուցե, Ալբուկերկը, դրանք բոլորն էլ Գալոպներ էին։ Դժվար թե հնարավոր լինի աշխարհում գտնել դրանից ավելի պարադոքսալ դրություն․ միօրինակ քաղաքներ՝ բազմապիսի անապատում։
: Լաս֊Վեգասը վերջնականապես մեզ բուժեց։ Այդ օրվանից սկսած մենք արդեն բնավ հույս չունեինք նոր քաղաքում հանդիպելու որևէ անսպասելիության։ Դա օգուտ բերեց, որովհետև հետագա ուղևորության միջոցին մեզ, այնուամենայնիվ, հիանալի անակնկալներ էին հետամտում։ Որքան քիչ էինք սպասում դրանց, այնքան հաճելի էր լինում մեզ համար։
: Լաս֊Վեգասում մնացինք ճիշտ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր դեղատնում «բրեկֆաստ նաբր թրի» ուտելու և, շուռ գալու այն պուրակի մոտով, որտեղ աճում էին էլեկտրական լուսավորության սյուները, քաղաքից դուրս նետվելու համար։ Այնքան հապճեպ արեցինք այս ամենը, որ խախտեցինք Լաս֊Վեգաս քաղաքում սահմանված փողոցային երթևեկության կանոնները․ ընդառաջ գնացինք ավտոմոբիլների հոսանքին, այն դեպքում, երբ պուրակի մոտ թույլ էր տրվում շարժվել միայն մի կողմով։ Անմիջապես մեզ մոտեցավ ոստիկանական ավտոմոբիլը։ Նրա մեջ նստած պոլիսմենը հրամայեց մեզ կանգ առնել։
: ― Այմ վե՜րի, վե՜րի սորի, ― ասաց միսիս Ադամսը բարակ ձայնով, ― ես շատ, շատ ներողություն եմ խնդրում։
: ― Վե՛րի, վե՛րի, միստեր օֆիսեր, ― ձայնակցեց միստեր Ադամսը։
: Այս անգամ էլ մեզ սարսափելի «տիկետ» չտվեցին։ Պոլիսմենը ուրախ էր, որ նյույորքյան գավառացիները իրեն «օֆիսերի» աստիճանի բարձրացրին, և սահմանափակվեց միայն Լաս֊Վեգաս քաղաքի փողոցային երթևեկության կանոնների վերաբերյալ փոքրիկ մի ճառ ասելով, որպիսին միստեր Ադամսն ունկնդրեց բացականչություններով ուղեկցվող խոր ուշադրությամբ։
: ― Շուռլի, միստեր օֆիսեր։ Իես միստեր օֆիսեր։ Օֆ կորս, միստեր օֆիսեր։
: Վերջում պոլիսմենը մեզ ցույց տվեց Բոուլդեր֊սիթիի ճամփան։
: Երեք բլոկ անցնելուց հետո նկատեցինք, որ ոստիկանական ավտոմոբիլը նորից գալիս է մեր հետևից։ Մի՞թե «միստեր օֆիսերը» փոշմանեց և, այնուամենայնիվ, որոշեց մեզ «տիկետ» հանձնել։ Միսիս Ադամսը առաջ սլացավ, բայց ոստիկանական «պիկարդը» արագ հասավ մեզ, և «միստեր օֆիսերը», գլուխը պատուհանից դուրս հանելով ասաց․
: ― Լեդի, ես եկա ձեր հետևից, որովհետև վախենում էի, թե ճանապարհը կշփոթեք։ Այդպես էլ եղավ։ Դուք երկու բլոգ ավելի եք անցել։
: ― Թենք յու վերի, վերի մաչ, ― բղավեց միստեր Ադամսը, թեթև շունչ քաշելով։
: ― Վերի, վերի, ― ձայնակցեց միսիս Ադամսը։
: ― Վերի մաչ, ― անդրադարձրինք մենք, ինչպես արձագանքը Սիոնի Կենյոնում։
: Մինչև Բոուլդեր֊սիթի ընդամենը երեսուն մղոն էր, և ինչ֊որ մի հիսուն րոպեից հետո արդեն մոտեցանք կառավարական տնակին, ճիշտ այնպիսին, ինչպիսիք լինում են ամերիկյան ազգային պարկերի մուտքերի առջև։ Այստեղ տնակը դրված էր Բոուլդեր֊սիթիի մուտքի առջև, մի քաղաք, որը առաջացել է Կոլորադո գետի վրա կառուցած աշխարհի մեծագույն Բոուլդեր֊դամ ամբարտակի շինարարության օրերին։ Բուդկայում մեզ տոմսեր տվեցին, որոնց վրա տպված էին կանոններ՝ շինարարությունն այցելողների համար, և մենք մտանք քաղաք։
: Որքան էլ տարօրինակ լինի, բայց Բոուլդեր֊դամի մասին մենք քիչ էինք լսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թերթերն այդ շինարարության մասին գրեթե չէին տպում և միայն ամբարտակի կառուցման ավարտի օրերին, երբ նրա հանդիսավոր բացմանը եկել էր Ռուզվելտը, կինոխրոնիկան մի քանի կադր նվիրեց Բոուլդեր֊դամին։ Մենք տեսանք այդ խրոնիկան և հիշողության մեջ պահեցինք պրեզիդենտի ճառը։ Նա խոսում էր կառավարության աշխատանքի նշանակության մասին, գովաբանում ինչ֊որ նահանգապետների և սենատորների, որոնք ինչ֊որ առնչություն են ունեցել կառուցման հետ, և ոչ մի խոսք չհիշատակեց այն մարդկանց մասին, որոնք նախագծել և կառուցել էին այդ ամբարտակը՝ բնության դեմ մարդու տարած հաղթանակի այդ մեծ հուշարձանը։
: Բոուլդեր֊դամ այցելելը բացի տեխնիկայի հրաշք սեփական աչքերով տեսնելու հնարավորությունից, մեզ համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում։ Մենք պատրաստվում էինք հանդիպում ունենալու ինժեներ Տոմսոնի հետ, ամերիկյան այն սակավաթիվ ինժեներներից մեկի, որը սովետական կառավարությունից ստացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
: Բոուլդեր֊սիթիի ճերմակ տնակներն այնպիսի շլացուցիչ էին անդրադարձնում անապատի մշտնջենական արևը, որ ցավելով կարելի էր նայել նրանց։ Թեև քաղաքը ժամանակավոր է կառուցած, հիմա արդեն կիսով չափ դատարկ է, իսկ կայանի մոնտաժային աշխատանքն ավարտելուց հետո բոլորովին կամայանա և, հավանորեն, կքանդվի, այնուամենայնիվ, դա մեզ ավելի հաճելի թվաց, քան իր ասֆալտա֊բենզինային եղբայրները (Գալոպի տիպ), որոնք պատրաստվում են հավիտյան գոյություն ունենալ։ Քաղաքում շատ կան գազոններ, ծաղկանոցներ, բասկետբոլի և թենիսի հրապարակներ։
: Միստեր Տոմսոնին հանդիպեցինք հյուրանոցում և անմիջապես գնացինք շինարարություն։
: Տոմսոնը, «Ջեներալ֊Էլեկտրիկ»֊ի գլխավոր մոնտաժային ինժեները՝ վտիտ, սև, քառասուն տարեկան, ածխագույն երկար թերթերունքներով և վառվռուն աչքերով մարդը, չնայած հանգստի օրվան (մենք գնացել էինք կիրակի օրը), աշխատանքային շալվարով էր և կայծակ֊օղակ ունեցող զամշե կուրտկայով։ Մեզ ասացին, որ աշխարհի լավագույն, կամ գուցե և ամենալավագույն շեֆ֊մոնտյորը որոշ չափով աշխարհի չեմպիոն է՝ վիթխարի էլեկտրական մեքենաներ մոնտաժելու գործում։ Չեմպիոնն ուներ արևակեզ, թարմ քերծվածքներով պատած ձեռքեր։ Տոմսոնը մեծացել է Շոտլանդիայում։ Նրա անթերի անգլիական խոսակցության մեջ նկատելի աչքի է ընկնում շոտլանդական որոտալից «ռ»֊ն։ Պատերազմի ժամանակ եղել է անգլիական օդաչու։ Նրա դեմքի վրա թաքնված է տխրության հազիվ նկատելի արտահայտություն, որը հաճախ լինում է իրենց կյանքի մի քանի տարիները պատերազմին նվիրած մարդկանց մոտ։ Նա ծխամորճ է ծխում, իսկ երբեմն, ճակատային հին սովորության համաձայն, դեղին թղթից ծխախոտ փաթաթում։
: Պրոֆեսիան գրեթե խլել է նրանից հայրենիքը․ մեզ գոնե այդպես թվաց։ Նա անգլիացի է, աշխատում է ամերիկյան ընկերությունում և շրջագայում է աշխարհով մեկ։ Հավանորեն չկա ոչ մի աշխարհամաս, որտեղ միստեր Տոմսոնը մի քանի մեքենա մոնտաժած չլինի։ ՍՍՌՄ֊ում Տոմսոնն ապրել է յոթ տարի, աշխատել Ստալինգրադում և Դնեպրոստրոյում, ստացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան․ հիմա այստեղ է, անապատում, ահավոր արևի տակ մոնտաժում է Բոուլդեր֊դամ հիդրոկայանի մեքենաները։ Այստեղ նա կաշխատի ևս մեկ տարի։ Իսկ հետո ի՞նչ է անելու։ Չգիտե։ Միգուցե գնա Հարավային Ամերիկա կամ, կարող է պատահել, «Ջեներալ֊Էլեկտրիկ»֊ը կուղարկի նրան ուրիշ որևէ տեղ՝ Հնդկաստան, Ավստրալիա կամ Չինաստան։
: ― Շատ կուզենայի գնալ ՍՍՌՄ, ― ասաց Տոմսոնը, ― տեսնելու ինչպես է հիմա այնտեղ։ Չէ՞ որ իմ սրտից մի կտոր եմ թողել ձեզ մոտ։ Գիտեք ի՞նչ, ես ու կինս երեխաներ չունենք, և ես իմ երեխաներն եմ համարում իմ ձեռքով մոնտաժած մեքենաները։ Ռուսաստանում ես մի քանի երեխա ունեմ, շատ սիրած երեխաներ։ Կուզենայի նրանց տեսնել։
: Նա սկսեց վերհիշել մարդկանց, որոնց հետ աշխատել է։
: ― Երբեք չեմ մոռանա այն րոպեն, երբ ավարտվեց Դնեպրոգէսի մոնտաժը, և ես հոսանահատիչը հանձնեցի Վինտերին, որպեսզի նա իր ձեռքով միացնի առաջին հոսանքը։ Ես նրան ասացի՝ «Միստեր Վինտեր, սուպը պատրաստ է»։ Վինտերի աչքերին արտասուք կար։ Մենք համբուրվեցինք ռուսական սովորությամբ։ Ձեզ մոտ լավ ինժեներներ շատ կան, բայց Վինտերը միանգամայն բացառիկ դեմք է․ նրա պես մարդիկ քիչ կան աշխարհում։ Մատների վրա կարելի է հաշվել նման մարդկանց։ Ի՞նչ է անում հիմա, որտե՞ղ է։
: Մենք ասացինք, որ Վինտերը ղեկավարում է Գլավհիդրոէներգոստրոյը։
: ― Շա՛տ ափսոս, ― ասաց Տոմսոնը։ ― Չէ, ճիշտ, այդպիսի մարդը չպետք է աշխատի գրասենյակում։
: Մենք բացատրեցինք, որ Գլավհիդրոէներգոստրոյը գրասենյակ չէ, այլ շատ ավելի նշանակալից մի բան է։
: ― Ես այդ հասկանում եմ, ― պատասխանեց Տոմսոնը, ― բայց միևնույն է, դա միստեր Վինտերի գործը չէ։ Նա զորավար է։ Մարտի դաշտում պետք է լինի։ Նա պետք է լինի որևէ շինարարության պետ։ Ես գիտեմ, դուք շարունակում եք շատ կառուցել։ Հիմա արդեն անցած բան է, և ամեն ինչի մասին կարելի է անկեղծ խոսել։ Մեր ինժեներների մեծամասնությունը չէր հավատում, որ առաջին հնգամյակից որևէ բան դուրս կգա, նրանց անհավանական էր թվում, որ ձեր անվարժ բանվորները և ջահել ինժեներները կկարողանան երբևէ տիրապետել արտադրական բարդ պրոցեսների, մանավանդ էլեկտրատեխնիկայի։ Ի՞նչ կա որ։ Այդ ձեզ հաջողվեց։ Այժմ դա մի փաստ է, որ ոչ ոք չի ժխտի։
: Տոմսոնը խնդրեց միսիս Ադամսին թողնել իրեն ղեկի մոտ, քանի որ ճանապարհի մի բավական վտանգավոր հատված էինք անցնելու, և հմտորեն մեքենան վարեց կենյոնի հատակը տանող գլխապտույտ վայրէջքով։
: Ճանապարհին մեր առջև մի քանի անգամ բացվեց ամբարտակի տեսարանը։
: Պատկերացրեք ձեզ լեռնային արագահոս Կոլորադո գետը, որը հոսում է քարե վիթխարի միջանցքի հունով։ Միջանցքի պատերն իրենցից ներկայացնում են կարմրասև գույնի շատ բարձր, գրեթե ուղղաբերձ ժայռեր։ Ժայռերի բարձրությունն է վեց հարյուր հիսուն ֆուտ։ Եվ ահա կենյոնի բնության ստղծած երկու պատերի արանքում մարդու ձեռքերը երկաթբետոնից ստեղծել են երրորդ՝ գետի հոսանքը փակող պատ։ Այդ պատը գնում է կիսաշրջանով և նման է քարացած ջրվեժի։
: Ներքևից Բոուլդեր֊դամով հիանալուց հետո բարձրացանք վերև, որպեսզի անցնենք ամբարտակի մակերեսով։ Տոմսոնը խնդրեց մեզ անցնել միայն աջ կողմով։ Մենք հսկայական բարձրությունից տեսանք կենյոնի չորացած հատակը՝ մեծ շինարարության թողած հետքերով՝ փայտե կաղապարների կտորտանքներով և շինարարական աղբով։ Խորխորատի հատակն էր դանդաղորեն իջնում պողպատե ճոպանից կախված երկաթուղային վագոնը։
: Մենք անցանք մինչև ամբարտակի ծայրը և վերադարձանք։
: ― Այժմ կարելի է անցնել ձախ կողմը, ― ասաց միստեր Տոմսոնը։
: Դա լավ պատրաստված էֆեկտ էր։
: Ամբարտակի մյուս կողմում փռված էր մեծ, վճիտ, զովասուն լիճը։
: Ամբարտակի կենտրոնը հասնելուց հետո միստեր Տոմսոնը հանկարծակի կանգ առավ, ոտքերը լայն չռեց սպիտակ գծի երկու կողմերի վրա։
: ― Այժմ, ― ասաց նա, ես մի ոտքով կանգնած եմ Արիզոնում, մյուսով՝ Նևադայում։
: Չորս նահանգների՝ Արիզոնի, Նևադայի, Յուտայի և Կալիֆոռնիայի սահմաններում տեղավորված Բոուլդեր֊դամը անապատին տալու է ոչ միայն էլեկտրականություն, այլև ջուր։ Այստեղ, էլեկտրակայանից բացի, լինելու է նաև Համաամերիկյան ջրանցքի ոռոգման սիստեմի կենտրոնը։
: ― Ասացե՛ք, ― հարցրինք մենք Տոմսոնին, ո՞վ է Բոուլդեր֊դամի նախագծի հեղինակը։
: Ի զարմանս մեզ, նա չպատասխանեց այս հարցին։ Նա կարող էր միայն հաղորդել, այն բաժնետիրական ընկերությունների անունները, որոնք կառավարության պատվերով կատարում էին այս աշխատանքը։
: ― Հավանորեն, ― ասաց Տոմսոնը ժպտալով, ― եթե որհևէ կառուցողի հարցնելու լինեն, թե ո՞վ է այստեղ մոնտաժում տուրբինները, նա չի կարողանա տալ իմ անունը։ Նա պարզապես կասի, որ մոնտաժի գործը վարում է «Ջեներալ Էլեկտրիկ Կոմպանիան»։ Մեզ մոտ, Ամերիկայում, ինժեներները համբավ չեն վայելում։ Մեզանում հայտնի են միայն ֆիրմաները։
: ― Թույլ տվեք, միստեր Տոմսոն, բայց մեծ անարդարություն է դա։ Մենք գիտենք ով է կառուցել Պետրոսի տաճարը Հռոմում, թեև այն կառուցվել է սրանից մի քանի դար առաջ։ Բոուլդեր֊դամը, մի կառույց, ուր ձեռք֊ձեռքի են տվել սքանչելի տեխնիկան և կառուցողական զարմանալի արվեստը, իրավունք են տալիս նրանց հեղինակներին համբավ վայելելու։
: ― Ոչ, ― ասաց միստեր Տոմսոնը, ― ես դրանում անարդարություն չեմ տեսնում։ Անձամբ ես, օրինակ, համբավ չեմ որոնում։ Ես միանգամայն բավարարված եմ, որ իմ ազգանունը գիտեն աշխարհի երկու հարյուր մասնագետներ։ Բացի այդ, ժամանակակից տեխնիկայի վիճակն այնպիսին է, որ, իրոք, միշտ չէ, որ հնարավոր է որոշել այս կամ այն տեխնիկական ստեղծագործական հեղինակին։ Էդիսոնի դարաշրջանը վերջացել է։ Առանձնապես մեծ գյուտարարների ժամանակն անցել է։ Այժմ կա տեխնիկական ընդհանուր առաջադիմություն։ Ո՞վ է կառուցում Բոուլդեր֊դամը։ Վեց հայտնի ֆիրմաներ։ Եվ վերջ։
: ― Բայց ահա ՍՍՌՄ֊ում կան ինժեներներ ու բանվորներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։ Թերթերը գրում են նրանց մասին, ամսագրերը տպագրում են նրանց դիմանկարները։
: ― Դուք պարզապես տարված եք շինարարությամբ։ Ձեզանում այն չափից դուրս մեծ դեր է խաղում։ Իսկ հետո կմոռանաք նրա մասին և կդադարեք ինժեներներին ու բանվորներին փառաբանելուց։
: Մենք դեռ երկար խոսում էինք փառքի՝ ավելի ճիշտ, փառքի իրավունքի մասին։ Մեզ թվում է, որ մենք միմյանց ոչ մի բանում չհամոզեցինք։ Տոմսոնի դիրքավորումը մեզ համար պարզ էր․ կապիտալիզմը մերժել է նրա փառքը, ավելի ճիշտ՝ յուրացրել է նրա փառքը, և այդ հպարտ մարդը լսել անգամ չի ցանկանում այդ մասին։ Նա իր տերերին գիտելիքներ է տալիս և դրա փոխարեն ռոճիկ է ստանում։ Նրան թվում է, որ իրենք քվիտ են։
: Կանգնած մեր դարի հրաշալի կառուցումներից մեկի գագաթին, որի մասին ստույգ հայտնի է միայն այն, որ անհայտ է, թե ով է կառուցել, մենք խոսում էինք Միացյալ Նահանգներում համբավի մասին։
: Համբավն այս երկրում սկսվում է պաբլիսիթիի հետ միասին։ Իսկ մարդուն պաբլիսիթի են անում այն ժամանակ միայն, երբ ձեռնտու է որևէ մեկին։
: Ո՞վ է Ամերիկայում օգտվում հիրավի մեծ, համաժողովրդական համբավով։ Մարդիկ, որոնք փո՞ղ են շինում, թե՞ մարդիկ, որոնց օգնությամբ մեկ ուրիշն է փող շինում։
: Այս կանոնից բացառություն չկա։ Փող։ Համաժողովրդական համբավ ունի բռնցքամարտի կամ ֆուտբոլի չեմպիոնը, որովհետև նրանց մասնակցությամբ մատչը միլիոն դոլարներ է հավաքում։ Համբավ ունի կինոաստղը, որովհետև նրա համբավը պետք է ձեռնարկատիրոջը։ Նա կարող է իր ուզած րոպեին զրկել նրան համաժողովրդական այդ համբավից։ Համբավ ունեն բանդիտները, որովհետև դա ձեռնտու է թերթերին և նրա համար, որ բանդիտների անունների հետ կապված են մեծ քանակությամբ զրոներով թվեր։
: Իսկ ու՞մն է հարկավոր համբավ ստեղծել Տոմսոնի կամ Ջոնսոնի , Վիլսոնի կամ Ադամսի համար, եթե այդ մարդիկ ընդամենը կառուցում են միայն ինչ֊որ մեքենաներ, էլեկտրակայաններ, կամուրջներ և ոռոգման սիստեմներ։ Իրենց տերերին անգամ ձեռնտու չէ նրանց համար համբավ ստեղծելը։ Ականավոր մարդուն ստիպված կլինեն մեծ ռոճիկ տալ։
: ― Չէ՛, լուրջ , պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մի՞թե կարծում եք, որ Ֆորդը Ամերիկայում նշանավոր է նրանով, որ ստեղծել է էժանագին ավտոմոբիլ։ Օ՜, նո։ Հիմարություն կլիներ այդպես կարծել։ Պարզապես բովանդակ երկրով վազում են նրա ավտոմոբիլները՝ իր ազգանունը ռադիատորի վրա նշած։ Ձեր երկրում նշանավոր է բոլորովին ուրիշ մի Ֆորդ։ Ձեզանում նշանավոր է Ֆորդ֊մեխանիկը, մեզանում՝ Ֆորդ֊հաջողակ վաճառականը։
: Ո՛չ, թերևս, հարգելի միստեր Տոմսոնը իրավացի է, որ հրաժարվում է ամերիկյան համբավից։ Համբավը Ամերիկայում ապրանք է։ Եվ ինչպես ամեն մի ապրանք Ամերիկայում, եկամուտ է բերում ոչ նրան, որ արտադրում է, այլ նրան ով համբավ է վաճառում։