: ― Չէ՛, լուրջ , պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մի՞թե կարծում եք, որ Ֆորդը Ամերիկայում նշանավոր է նրանով, որ ստեղծել է էժանագին ավտոմոբիլ։ Օ՜, նո։ Հիմարություն կլիներ այդպես կարծել։ Պարզապես բովանդակ երկրով վազում են նրա ավտոմոբիլները՝ իր ազգանունը ռադիատորի վրա նշած։ Ձեր երկրում նշանավոր է բոլորովին ուրիշ մի Ֆորդ։ Ձեզանում նշանավոր է Ֆորդ֊մեխանիկը, մեզանում՝ Ֆորդ֊հաջողակ վաճառականը։
: Ո՛չ, թերևս, հարգելի միստեր Տոմսոնը իրավացի է, որ հրաժարվում է ամերիկյան համբավից։ Համբավը Ամերիկայում ապրանք է։ Եվ ինչպես ամեն մի ապրանք Ամերիկայում, եկամուտ է բերում ոչ նրան, որ արտադրում է, այլ նրան ով համբավ է վաճառում։
==Չորրորդ մաս — «Ոսկի նահանգը»==
===Գլուխ երեսուներորդ — Միսիս Ադամսի ռեկորդը===
: Կալիֆոռնիայի սահմանի վրա մեզ կանգնեցրին փոքրիկ կակտուսներով շրջապատված տեսչակայանի մոտ և ավտոմոբիլը խուզարկեցին։
: Կալիֆոռնիա չի կարելի տանել ոչ միրգ, ոչ ծաղիկ։ Կալիֆոռնիացիները վախենում են, որ իրենց նահանգը կարող են բույսերի հիվանդություններ առաջացնող բացիլներ բերել։
: Տեսուչը մեր մեքենայի քամու ապակու վրա փակցրեց անբնական կապույտ հեռուներ և կանաչ արմավենիներ պատկերող մի պիտակ, և մենք հայտնվեցինք Կալիֆոռնիայում՝ «Ոսկի նահանգում»։
: Սակայն տեսչական տնակն անցնելուց հետո ոչ մի արմավենի չգտանք։ Շարունակվում էր անապատը, նույնպես վեհատեսիլ և գեղեցիկ, ինչպես Արիզոնում, Նևադայում և Նյու֊Մեքսիկոյում։ Միայն թե արևն ավելի էր վառում, և երևան եկան շատ կակտուսներ։ Ճանապարհի երկու կողմերում, ավազների մեջ, ցցված էր կակտուսների մի ամբողջ անտառ։ Կակտուսները խոշոր էին, խնձորենու մեծության։ Նրանց ճյուղերը, որոնք հաստ էին ինչպես և բները, թվում էր խոշտանգված էին կտտանքներից, ասես մինչև արմունկները կտրատած, չռված ձեռքեր լինեին։
: Այսպես անցավ կես օր։ Նախաճաշեցինք բանաններով և ընկույզներով, ինչպես կապիկները։ Ճանապարհը մի բարձրավանդակից մյուսն էր անցնում անշեղորեն բարձրանալով։ Կակտուսները չքացան նույնպիսի հանկարծակիությամբ, ինչպես հայտնվել էին։ Հորիզոնի վրա երևաց վանդակապատ մի աշտարակ։ Հետո՝ երկրորդը, ապա՝ երրորդը։ Նրանք նմանվում էին մարսեցի ռազմիկների մարտական մեքենաներին։ Մենք կտրեցինք անցանք բարձր լարվածության գիծը, որը կառուցվել է Բոուլդեր֊դամ կայանից Կալիֆոռնիա հոսանք հաղորդելու համար։ Էլեկտրականությունը համաչափ քայլում էր անապատի ավազների և բլուրների միջով։
: ― Պարոնայք, ― հարցրեց միստեր Ադամսը, ― ձեր ականջներում զնգոց զգու՞մ եք, խոստովանեցեք։
: Մենք անսացինք։ Ականջներն իրոք որ զնգում էին։ Միստեր Ադամսը շատ ուրախացավ։
: ― Այդ նոսրացրած օդն է, ― ասաց նա։ ― Թող դա ձեզ չզարմացնի, պարոնայք, օ՜, նո։ Մենք աննկատելի հասել ենք բավականին մեծ բարձրունքի։ Բայց կարծում եմ, որ սա մեր վերջին լեռնանցումն է։ Միստեր Ադամսը ինչպես միշտ իրավացի դուրս եկավ։
: Շուտով մենք սկսեցինք գեղեցիկ ու ոլորապտույտ ճանապարհով իջնել ներքև՝ մի նոր անապատ, որը բնավ նման չէր այն անապատներին, որոնց մենք արդեն ընտելացել էինք մի շաբաթվա ընթացքում։ Գոլորշիացումների թեթև մշուշով պատած անապատը բացվում էր հետզհետե՝ ճանապարհի յուրաքանչյուր նոր ոլորքի հետ միասին։ Մենք զգուշորեն անընդհատ ներքև էինք իջնում։ Մեծ ընդմիջումից հետո կյանքը նորից սկսվեց․ վարած արտեր, ոռոգիչ ջրանցքներ, կանաչ աշնանացան, երկար, մինչև մառախլապատ հորիզոնը գնացող խաղողի այգիներ և Բեկերսֆիլդ քաղաքի նավթի աշտարակները։ Դեկտեմբեր ամիսն էր։ Երևացին արմավենիներ, ծառեր, շրջազգեստով աղջիկներ և շալվաով աղջիկներ։ Բրդե նուրբ կտորից երկար ու լայն շալվար հագած և վիզը թեթև շալ գցած աղջիկները նշան էին այն բանի, որ Հոլլիվուդը մոտ է։ Նման շալվարներով ման գալը կինեմատոգրաֆիական ոճ է։ Ազատ է ու հարմար։
: Կալիֆոռնիայի այս մասը ոռոգված անապատ է։ Թեկուզ մեկ շաբաթով Կալիֆոռնիային զրկես ոռոգումից, այն կվերածվի ինչ որ եղել է, անապատի։ Եթե ծաղիկներին մեկ օր չջրեն, կկորչեն։
: ― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― բղավեց միստեր Ադամսը։ ― Կալիֆոռնիան հիանալի նահանգ է։ Այստեղ սկզբունքորեն անձրև չի լինում։ Այո՛, այո՛, այո՛ ― հենց սկզբունքորեն։ Դուք ուղղակի կվիրավորեք կալիֆոռնիացուն, եթե ասեք նրան, թե այստեղ անձրև հնարավոր է։ Եթե ձեր գալու օրերին անձրև, այնուամենայնիվ գալիս է, կալիֆոռնիացին սաստիկ բարկանում է, ուսերը թոթվում է և ասում՝ «Սա ինչ֊որ անհասկանալի բան է։ Քսան տարի է ապրում եմ այստեղ, այստեղ իմ կինը մեռել է, մյուսն էլ հիվանդացել, այստեղ են մեծացել և գայ֊սքուլն ավարտել իմ երեխաները, իսկ անձրև առաջին անգամն եմ տեսնում»։ Չէ, լուրջ, պարոնայք, դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է Կալիֆոռնիան։ Հավատացնում եմ ձեզ՝ այստեղ անձրև, այնուամենայնիվ, լինում է։
: Բեկերսֆիլդի նաֆթի աշտարակները, ի տարբերություն Օկլախոմայի մետաղե աշտարակների, շինված են փայտից։ Այստեղի նավթի հանքավայրերն ավելի հին են։ Ու դարձյալ աշտարակների կողքին մենք տեսանք խղճուկ քողտիկներ։ Այդպես է ամերիկյան կյանքի օրենքը․ որքան վայրը հարուստ է, որքան այնտեղ շատ միլիոններ են քաշում կամ փորում հանում հողից, այնքան խղճուկ ու անհրապույր են այդ միլիոնները հանող կամ քաշող մարդկանց խրճիթները։
: Ի դեպ, նավթ են քաշում ոչ միայն խոշոր ընկերությունները։ Քաշում են, այսպես ասած, անհատական կարգով և տեղի բնակիչները, տնակների և ֆորդիկների տերերը։ Նրանք ընկերության նավթաբեր հողերի կողքին ճեղքեր են բացում ուղիղ իրենց այգում, գարաժում կամ հյուրասենյակում և կամաց֊կամաց, օրական մի քանի գալոն քաշում են իրենց համար։ Ամերիկացիները հանույթի նման եղանակը, չգիտես ինչու, անվանում են «վայրի կատու»։
: Բեկերսֆիլդը մեր տեսած հարյուրավոր Գալլոպներից տարբերվում է միայն արմավենիներով։ Բայց այդ բավական էական տարբերություն է․ արմավենիներով Գալլոպն անհամեմատ դուրեկան է, առանց արմավենիների Գալլոպից։
: Առևտուրն ու ռեկլամն այստեղ կրում են ավելի աշխույժ բնույթ, քան անապատում։ Անվերջ ու միօրինակ «Խմիր կոկա֊կոլա»֊ներից հետո այստեղ նյույորքյան ճարպկություն է զգացվում սպառողի նկատմամբ հոգատար լինելու մեջ։ Փոքրիկ գազոլինկայանի տերը Բեկերսֆիլդից մեկնելու ժամանակ իր հաստատության վերևում կախ էր տվել ավտոմոբիլային յուղի դատարկ տուփերից սարքած կոմիկական մի մարդուկ։ Մարդուկն օրորվում եր քամուց, շառաչում ու հառաչում, ինչպես միայնակ, ամենքից մոռացված մի տեսիլք։ Եվ նրա տնքոցների մեջ որոշակի լսվում էր՝ «Գնեցեք միայն պենսիլվանյան յուղ։ Այս յուղը քվակերների նահանգից է։ Քվակերները լավ մարդիկ են, նրանց յուղը վատը լինել չի կարող»։
: Իսկ մի քիչ ավելի դենը, ավտոմոբիլների նորոգման կայանի (Սերվիսստեյշեն) վերևում մի խիզախ պլակատ էր կախված, միստեր Ադամսը առաջինը ինքը նկատելով, ծափ զարկեց ու բարձրաձայն բղավեց․
: ― Բե՛կկի, կանգ առ այստեղ։ Այո՛, այո՛, պարոնայք, ― ասաց նա, ― դուք պետք է խորամուխ լինեք այս պլակատի մեջ, եթե ուզում եք հասկանալ ամերիկյան ոգին։
: Պլակատի վրա գրված էր․
: «Ավտոմոբիլային սերվիս։ Այստեղ ձեզ միշտ կդիմավորեն բարեկամական ծիծաղով»։
: Մենք անմիջապես պատկերացրինք այսպիսի մի կենցաղային պատկեր․ ջարդուփշուր եղած մեքենայով այլանդակված մի ուղևորի, որպիսին մենք տեսանք Գրենդ֊կենյոնի գարաժում, դիմավորում են քրքջալով։
: ― Չէ՛, չէ՛, միստերներ, լուրջ, ծիծաղը ամերիկյան կյանքի ոճն է։
: Այդ ճիշտ է։ Ամերիկյան ծիծաղը, ընդհանրապես, լավ, բարձրաձայն և կենսուրախ ծիծաղը, այնուամենայնիվ, երբեմն ջղայնացնում է։
: Ենթադրենք, թե հանդիպում են երկու ամերիկացիներ։
: 1֊ին ամերիկացի (ժպտալով): ― How do you do!
: 2-րդ ամերիկացի (ցույց տալով ատամների մի մասը): ― How do you do։
: 1֊ին ամերիկացի։ ― Ինչպե՞ս եք ապրում։ (Ծիծաղում է)։
: 2֊֊րդ ամերիկացի։ ― Շատ լավ։ Շնորհակալություն (ցույց է տալիս բոլոր երեսուներկու ատամները, որոնց մեջ երևում են երեք ոսկե ատամներ)։ ― Իսկ դուք ինչպե՞ս եք ապրում։
: 1֊ին ամերիկացի։ ― Վերի նայս ― հիանաալի (բարձրաձայն ծիծաղում է): ― Ինչպե՞ս են գնում ձեր գործերը։
: 2֊րդ։ ― Նայս (հռհռում է), իսկ ձե՞րը։
: 1֊ին․ ― Հոյակապ (հռհռում է կատաղի): Դե՛, ցտեսություն, բարևեցեք ձեր կնոջը։
: 2֊րդ։ ― Շնորհակալություն։ Հա՛֊հա՛֊հա՛։ Դուք էլ բարևեցեք (ժայթքեցնելով ծիծաղի մի ջրվեժ, ամբողջ ուժով թփթփացնում է առաջինի ուսը)։ ― Գուդ բայ։
: (Նստում են իրենց ավտոմոբիլները և մեծ արագությամբ սլանում տարբեր կողմեր):
: Նման խոսակցության մեջ հնարավոր է ևս մի վարիանտ, որը ընդհանուր առմամբ գրեթե չի փոխում գործի էությունը։
: 1֊ին ամերիկացի ― (ժպտալով)։ Ինչպե՞ս է գնում ձեր բիզնեսը։
: 2֊րդ ամերիկացի․ ― (ծիծաղում է)։ Շատ վատ։ Վերի բեդ։ Իսկ ձե՞րը։
: 1֊ին․ ― (հռհռում է): Զզվելի։ Երեկ դուրս թռա ծառայությունից։
: 2֊րդ․ ―(ծիծաղից պայթելով)։ Ինչպե՞ս է ապրում ձեր կինը։
: 1֊ին։ ― Նա բավական վտանգավոր հիվանդացել է (փորձում է լուրջ տեսք ընդունել, բայց աշխույժ, կենսուրախ ծիծաղը դուրս է պոռտքում): Երել եկել էր․․․ հա֊հա֊հա․․․ երեկ․․․ ա՛հ, չեմ կարող․․․ երեկ բժիշկ էր եկել։
: 2֊րդ․ ― Ռիալի՞ն։ Իսկապե՞ս։ Ախ, ափսոս։ Ես ձեզ կարեկցում եմ, բարեկամս (զվարթ ծիծաղով թփթփացնում է առաջինի ուսը):
: Ամերիկացիները ծիծաղում և անընդհատ ատամները ցույց են տալիս ոչ թե որևէ ծիծաղելի բան պատահելու առթիվ, այլ որովհետև ծիծաղելը նրանց ոճն է։
: Ամերիկան մի երկիր է, որ սիրում է պրիմիտիվ պարզորոշություն իրենց բոլոր գործերում և գաղափարներում։
: Ավելի լավ է հարուստ լինել, քան աղքատ։ Եվ մարդը, փոխանակ ժամանակ կորցնելու չքավորություն ծնող պատճառների և այդ պատճառները ոչնչացնելու մասին խորհելու վրա, ջանում է բոլոր հնարավոր միջոցներով միլիոն ձեռք բերել։
: Միլիարդն ավելի լավ է, քան միլիոնը։ Եվ մարդը փոխանակ ամեն գործ մի կողմ դնելու և իր երազած միլիոնը վայելելու, նստում է գրասենյակում, քրտնամխած, անպիջակ և միլիարդ է շինում։
: Սպորտով զբաղվելն վելի օգտակար է առողջության համար, քան գրքեր կարդալը։ Եվ մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում է սպորտին։
: Մարդուն երբեմն անհրաժեշտ է զվարճանալ, որպեսզի հանգստանա գործերից, և նա գնում է կինո կամ բուռլեսկ, ուր նրան չեն ստիպում մտածել կյանքի որևէ հարցի մասին, քանի որ դա կխանգարի հանգստանալուն։
: Ավելի լավ է ծիծաղել, քան լաց լինել։ Եվ մարդը ծիծաղում է։ Հավանորեն ժամանակին նա հարկադրել է իրեն ծիծաղել, ինչպես հարկադրել է քնել բաց օդանցքի պայմաններում, առավոտները զբաղվել մարմնամարզությամբ, մաքրել ատամները։ Իսկ հետո՝ ոչինչ, ընտելացել է։ Եվ հիմա ծիծաղը նրա կոկորդից դուրս է պրծնում ինքնաբերաբար, անկախ իր ցանկությունից։ Եթե դուք տեսնում եք ծիծաղող ամերիկացու, այդ չի նշանակում, թե նրա ծիծաղը գալիս է։ Նա ծիծաղում է լոկ այն պատճառով, որ ամերիկացին պետք է ծիծաղի։ Իսկ նվնվալ ու թախծել կարող են, ասենք, մեքսիկացիները, սլավոնները, հրեաները և նեգրերը։
: Մենք դուրս եկանք Լոս֊Անժելոս ― Սան֊Ֆրանցիսկո քարաշերտ հիանալի ճանապարհն ու վերստին ընկանք ավտոմոբիլային մրրիկի մեջ, որից հենց այն է, սկսել էինք ետ սովորել անապատում։ Սպիտակ շերտերով բաժանված ճանապարհը սև էր՝ կպրագույն և յուղի պես փայլում էր։ Կողքից ապակիները փայլեցնելով և սուլոցով արագ անցնում էին ավտոմոբիլներ։ Հեռվից նրանք շատ բարձր էին երևում, որովհետև ճանապարհը անդրադարձնում էր նրանց անիվները։ Սլանում էին «բուիկներ», «ֆորդեր», «կրայսլերներ», «պիկկարդներ», կատուների պես մռնչում և փնչացնում էին, անթիվ ու անհամար մեքենաներ։ Ամերիկյան ճանապարհով հոսում է հավերժական շարժումը։
: Կալիֆոռնիան հռչակված է ավտոմոբիլային աղետներով։ Ճանապարհի երկարությամբ, գնալով ավելի հաճախակի սկսեցին հանդիպել մեծ պլակատներ, որոնք հորդորում էին շոֆերներին զգույշ գնալ։ Նրանք հիանալի նկարված էին՝ լակոնիկ ու ահաբեկող։ Մի հսկա պոլիսմեն ձախ ձեռքով գրկած մի աղջկա դիակ, աջով ուղիղ մեզ էր ցույց տալիս։ Տակը գրված էր՝ «Վերջ տվեք այս ապանություններին»։ Մյուս պլակատի վրա պատկերված էր խռիվ մազերով, խելագարված մի մարդ՝ մանկան դիակը գրկած։ Եվ մակագրությունը՝ «Ի՞նչ արեցի ես»։
: ― Ո՛չ, Բեկկի, ես չեմ ուզում, որ մեզ դիմավորեն բարեկամական ծիծաղով, ― ասում էր միստեր Ադամսը։ ― Պարոնայք, դուք ուզու՞մ եք, որ մեր ջարդված մեքենան դիմավորեն բարեկամական ծիծաղով։ Բեկկի, դու մեքենան պահելու ես քառասուն մղոնի վրա։
: Միսիս Ադամսը փորձեց առարկել, բայց պլակատներն այնպիսի ուժեղ տպավորություն էին գործել մեզ վրա, որ մենք միացանք միստեր Ադամսին, և արկածախնդրորեն տրամադրված մեր դրայվերը հնազանդվեց։
: ― Բեկկի, ― բացականչում էր միստեր Ադամսը, ― մի՞թե ուզում ես իմ ծանր դիակը դժվարությամբ գրկած ամբողջ Կալիֆոռնիայով մեկ բղավել՝ «Ի՞նչ արեցի ես»։
: Ապա միստեր Ադամսը խորասուզվեց քարտեզի մեջ, և կենտրոնացված փնթփնթալով, սկսեց նրա վրա ծուռ ու շիտակ ինչ֊որ գծեր քաշել։
: ― Պարոնա՛յք, ― ասաց նա վերջապես։ ― Մենք պետք է այցելենք Սեկվոյա պարկ։ Մոտ է այստեղից։ Դելանո քաղաքի մոտ պետք է թեքվել աջ։ Մի փոքր շրջան ենք գործելու՝ վաթսուն մղոն, ոչ ավելի։ Կմտնենք հինգ րոպեով և նորից ճամփա կընկնենք, և ուղիղ՝ մինչև Սան֊Ֆրանցիսկո։ Ոչ, պարոնայք, ինձ ոչինչ մի ասեք։ Պարզապես հիմարություն կլինի Սեկվոյա պարկ չմտնելը։ Չէ, լուրջ, մենք պետք է իսկական ճանապարհորդներ լինենք։
: Այժմ մենք շատ երախտապարտ ենք միստեր Ադամսին, մեզ Սեկվոյա պարկ քարշ տալու համար, բայց այն պահին անչափ հոգնած էինք անապատի ճանապարհորդությամբ, անչափ լեցուն էինք տպավորություններով և շատ ուժեղ ձգտում էինք հասնել Սան֊Ֆրանցիսկո, որպեսզի միանգամից համաձայնվեինք այդ քայլն անելու։
: Տեղի ունեցավ թռուցիկ խորհուրդ, որտեղ միշտ այնքան զգույշ միստեր Ադամսը պահում էր իրեն Սուվորովի պես։
: Որոշում ընդունվեց՝ հինգ րոպեով այցելել Սեկվոյա պարկ։
: Մինչև հասանք Դելանո, անցավ երկու ժամ։ Աջում երևացին լեռներ։ Թեքվեցինք այդ կողմը։ Դա Սիերա֊Նևադան էր, Կոլորադո սարահարթի և Կալիֆոռնյան հովտի միջև ընկած հինգ հարյուր մղոն ձգվող լեռնաշղթան։
: Նորից մեր առջևումն էին լեռնային խստաշունչ տեսարաններ, նորից միսիս Ադամսը հիացմունքով բարձրացնում էր երկու ձեռքը և գլուխը պատուհանից դուրս հանելով, գոչում՝ «նայեցեք, նայեցեք» և մենք աղերսում էինք նրան ձեռքերը նորից դնել ղեկանիվի վրա և աչքերը հառել ճանապարհին, երդումնավոր խոստում տալով, որ ճաշելիս գեղարվեստորեն կնկարագրենք բոլոր գեղեցկությունները։ Բայց մինչև ճաշ դեռ շատ ժամանակ կար։
: Սկսվեց վերելքը՝ մանր ժայռերի, գետակների և արևի տակ փայլատակող փշատերև խիտ անտառի միջև ընկած գեղատեսիլ ճանապարհով։ Ինչ ուրախալի էր յուրաքանչյուր շրջադարձի հետ բարձրանալ վեր ու վեր, դեպի կապուտակ երկինքը, այնտեղ, ուր մեզ համար անհասանելի բարձրունքի վրա երևում էր ձյունապատ գագաթը։ Ներքևում, գրեթե ուղղաբերձ, կանաչ լանջերին նշմարվում էին մեկ ժամ առաջ մեր անցած ճանապարհի նեղ շերտերը, իսկ գետակներն արդեն բոլորովին չէին երևում։ Շուտով արևն էլ մնաց ներքևում։
: ― Բա ու՞ր է սեկվոյան, ― կարոտով հարցնում էինք մենք։
: ― Չէ, մի ասեք «ուր է սեկվոյան», ― բավական շվարած պատասխանում էր միստեր Ադամսը, ― սեկվոյան շուտով կլինի։
: ― Բայց արդեն ճաշի ժամանակ է, ― նկատեց միսիս Ադամսը, ժամացույցին նայելով և միաժամանակ մի նոր գլխապտույտ շրջադարձ կատարելով։
: ― Չէ, լուրջ, Բեկկի, չի կարելի այդպես դատել՝ «արդեն ճաշի ժամանակ է»։ Չէ, ճիշտ, ինձ համար ցավալի է լսել, երբ դու այդպես ես դատում։
: ― Մենք կարծում էինք, թե կայցելենք հինգ րոպեով, բայց արդեն չորս ժամ է անցել։
: Բայց ահա երևաց ազգային պարկի մուտքի տնակը, և մենք թեթևացած շունչ քաշելով, մեկական դոլար տվեցինք։ Սակայն մեկ ժամվա ճանապարհ էլ անցանք, մինչև որ տեսանք առաջին սեկվոյան։
: ― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― գոչեց միսիս Ադամսը, ավտոմոբիլը կանգնեցնելով։
: Սկզբում ոչինչ չկարողացանք նշմարել։ Ճանապարհին հավասար բարձրությամբ կանգնել էր փշատերև կատարների մի ամբողջ անտառ, որոնց բները աճում էին մեր ոտնատակի լանջերից։ Բայց մի կատար, մյուսների հետ խառնված ինչ֊որ բանով տարբերվում էր նրանցից։ Ուշադիր նայելով, մենք նկատեցինք, որ նրա փշատերևն ավելի մուգ է և փոքր ինչ ուրիշ ձև ունի։ Զգուշությամբ նայեցինք ներքև։ Այն ժամանակ, երբ մյուս ծառերի բները վերջանում էին շատ մոտիկ, ծուռ ներաճելով լանջի մեջ, այս բունը, աշտարակի պես հաստ, իջնում էր ուղիղ անդունդը, և հնարավոր չէր հետևել, թե որտեղ է սկսվում։
: ― Հը, ի՞նչ կասեք, պարոններ, ― ցնծում էր միստեր Ադամսը։ ― Կարծեմ դուք հարցնում էիք, թե ուր են սեկվոյաները։
: ― Նայեցե՛ք, նայեցե՛ք, ― նորից բղավեց միսիս Ադամսը։
: Այս անգամ ստիպված էինք նայել ոչ թե ներքև, այլ վերև։ Մեր կողքին գետնից բարձրանում էր մեկ ուրիշ հսկա ծառի բուն։ Զարմանալի չէ, որ մենք իսկույն չնկատեցինք։ Այն անչափ մեծ էր, անչափ աննորմալ, նրան շրջապատող եղևնիների և սոճիների սովորական բների մեջ, որպեսզի փոքրի և մեծի միջև բնական տարբերության վրա դաստիարակված աչքը կարողանար անմիջապես նշմարել այդ ֆենոմենը։
: Մենք դանդաղ շարժվեցինք առաջ՝ ծառից ծառ։ Պարզվեց, որ նախկին երկուսը, որոնց առջև ապշած կանգնեցինք, ամենափոքրիկ նմուշներն էին։ Այժմ մենք անցնում էինք հինավուրց, մռայլ անտառով, ֆանտաստիկ անտառով, որտեղ «մարդ» բառը դադարում է հպարտ հնչելուց, և հպարտ է մնում միայն մի բառ՝ «ծառ»։ Գիտնականների խաղաղ արտահայտությամբ «փշատերևների ընտանիքին» պատկանող սեկվոյաները աճում են սովորական եղևնիների և սոճիների հարևանության մեջ և մարդուն ապշեցնում են այնպես, ասես նա հավերի և խոճկորների մեջ կենդանի պտերոդակտիլ կամ մամոնտ է տեսել։
: Ամենամեծ ծառը չորս հազար տարեկան է և կոչվում է «Գեներալ Շերման»։ Ամերիկացիները չափից դուրս գործնական մարդիկ են։ «Շերմանի» մոտ կախված է աղյուսակ, որտեղ մեծագույն ճշգրտությամբ հաղորդվում է, որ միայն այս ծառից կարելի է կառուցել քառասուն տուն, ամեն մի տնում հինգական սենյակ, և եթե այս ծառը դնեն «Յունիոն պասիֆիկ» գնացքի կողքին, ապա նա գնացքից երկար կլինի։ Բայց նայելով ծառին, այդ ամբողջ թափանցիկ ու մթին անտառին, չէինք ուզում մտածել հինգ սենյականոց բնակարանների և «Յունիոն պասիֆիկ» գնացքի մասին։ Ուզում էինք երազանքով արտասանել Պաստերնակի խոսքերը՝ «Անտառում քուլա֊քուլա բարձրանում էր մայր տաճարի խավարը», և ջանալ որքան կարելի է հանգիստ պատկերացնել, որ այս «փշատերևի ընտանիքը» խաղաղ աճել է, երբ աշխարհում ոչ միայն Կոլումբոսը չի եղել, այլև Կեսարն ու Ալեքսանդր Մակեդոնացին և նույնիսկ եգիպտական թագավոր Թութանխամոնը։
: Հինգ րոպեի փոխարեն մենք անտառում մնացինք երկու ժամ, մինչև որ աղջամուղջն ավելի թանձրացավ։ Ճաշի մասին մտածել անգամ չէր կարելի, մինչև հովիտ չվերադառնայինք։ Բայց այդ պահին Ադամս ամուսիններն իրար երես նայեցին, և նրանց դեմքերի վրա երկու միանգամայն իրար նման չարագուշակ ժպիտներ երևացին։ Մեզ համար պարզ դարձավ, թե ինչ մտադրվեցին անել մեր սիրելի բարեկամները։ Զուր էինք աղերսում նրանց սթափվել, մտածել բեբիի մասին։ Ամուսիններն անհողդողդ էին։ Ձեռք֊ձեռքի տված՝ նրանք գնացին «ինֆորմացիա վերցնելու»։ Բարեբախտաբար շատ շուտ վերադարձան, քանի որ «ինֆորմացիա վերցնելու» տեղ բացարձակապես չկար, գուցե միայն «Գեներալ Շերմանի՞ց»։ Անտառը վաղուց արդեն ամայացել էր։ Խիստ ցրտեց։
: ― Շատ գեղեցիկ։ Վերադառնանք հին ճանապարհով։
: ― Ստիպված ենք գնալ, ― հառաչանքով ասաց միսիս Ադամսը, մոտորը գործի գցելով։
: ― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― լավ կլիներ իմանայինք, չկա՞ արդյոք հովիտ տանող մեկ ուրիշ ճանապարհ։
: ― Էլ ինչերի՞ս է պետք ուրիշ ճանապարհը։ Որով եկել ենք։ Դա հենց հիանալի ճանապարհ է։
: ― Պարոնայք, ավելորդ ինֆորմացիան երբեք չի խանգարի։
: Եվ այդ պահին, ի սարսափ մեզ, տեսանք պահակի կերպարանքը։ Անելիք չուներ, տրամադրությունը հիանալի էր և ուրախ֊զվարթ ինչ֊որ բան էր սուլում։ Ադամս ամուսինները հոգեառի նման հարձակվեցին նրա վրա։
: ― How do you do, ― ասաց միսիս Ադամսը։
: ― How do you do, ― պատասխանեց պահակը։
: Ու սկսվեց հարձուփորձը։ Հիսուն անգամից ոչ պակաս պահակն ասաց՝ «իես մեմ» և նույնքան անգամ՝ «նո, մեմ»։
: ― Պարոնա՛յք, ― բացականչեց միստեր Ադամսը, մեքենա նստելով։ ― Մի ուրիշ ճանապարհ էլ կա «Գեներալ Գրանդի» կողքով։ Շատ մոտ է, տասնհինգ մղոն։
: ― Բայց արդեն մութն է։ Միևնույն է ոչինչ չենք տեսնի։
: ― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։ Օ՜, նո, մի ասեք այդպես՝ «ոչինչ չենք տեսնի»։ Այդպես խոսելու հարկ չկա։
: Վերջապես ճամփա ընկնելուց առաջ միսիս Ադամսը որոշեց մեկ անգամ էլ հավաստիանալ ստացած ինֆորմացիայի ճշտության մեջ և նորից կանչեց պահակին։
: ― Ուրեմն գնանք ուղի՞ղ, ― հարցրեց նա։
: ― Իես, մեմ։
: ― Մինչ որ հասնենք «Գեներալ Գրանդի՞ն»։
: ― Իես, մեմ։
: ― Իսկ հետո ա՞ջ։
: ― Նո՜, մեմ։ Ձախ։
: ― Ուրեմն ձա՞խ։
: ― Իես, մեմ։
: ― Եվ ոչ ա՞ջ։
: ― Նո, մեմ։
: ― Մինչև երրորդ խաչմերու՞կը։
: ― Նո, մեմ։ Մինչև երկրորդ խաչմերուկը։
: ― Թենք յու վե՛րի մաչ, ― բացականչեց միստեր Ադամսը։
: Ու սկսվեց գիշերային մեծ արշավ Սիերա֊Նևադայի գագաթներից մինչև Կալիֆոռնյան հովիտը։ Մոտ երկու ժամ գնում էինք կատարյալ խավարի մեջ։ Ինչ էր աճում մեր շուրջը, չտեսանք և հավանորեն էլ երբեք չենք տեսնի։ Հավանական է, որ այնտեղ կար և գեներալ Գրանդ, և գեներալ Լի և էլի մի տասնյակ հարավային և հյուսիսային գեներալներ։ Շրջադարձներին մեր ֆառերի լույսը սահում էր կավճի հարթ լեռների վրայով։ Ձախում սև խորխորատ էր, ներքևում, շատ հեռու հազիվ կայծկլտում էին մի քանի կրակներ։ Հանկարծ մեր մեքենան ուժեղ ցնցվեց, հետևի անիվներն սկսեցին ետ֊ետ գնալ։ Մենք իսկույն մտաբերեցինք դժբախտությունների օրը, ժայռոտ լեռները, Գալոպը՝ և նվաղեցինք։ Ղեկավարությունը կորցրած ավտոմոբիլը ծուռ կանգնեց ճանապարհի լայնքով, տասը մետրի չափ ետ֊ետ սահեց և վերջապես կանգ առավ անդունդի եզրից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։
: ― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ճգնելով դուրս գալ մեքենայից և արմունկով ապակուն խփելով, ― հանգիստ, հանգիստ։ Այո՛, այո՛, այո՛։ Սարսափելի է։ Ամեն ինչ կորավ։
: Ճանապարհ դուրս գալով, մենք տեսանք, որ կանգնած ենք սառցի վրա։
: Շղթաներից մեկը կարգին վիճակումն էր։ Մենք դա հագցրինք և սկսեցինք մեքենան զգույշ հրել։ Միսիս Ադամսը ճարպկորեն դրսևորեց իր ուժերը, ավտոն վարպետորեն շրջադարձ կատարեց և զգույշ շարունակեց ճանապարհը։ Մեզ մոտ տրադիդիա էր դարձել ճանապարհային ծանր ապրումների ժամանակ պահպանել հպարտ լռություն։ Լուռ էինք և հիմա։ Միայն միստեր Ադամսը տաք֊տաք շշնջում էր․
: ― Բե՛կկի, Բե՛կկի, ժամում հինգ մղոնից ոչ ավելի։ Չէ՛, լուրջ։ Դու պետք է հասկանաս, թե ինչ բան է Սիերա֊Նևադայի բարձրունքից ընկնելը։
: Անդունդի վրա կախված եղևնիների կատարների արանքներից երևաց շատ մեծ կարմիր լուսինը։
: Սառցակալած ճանապարհով վայրէջքը երկար տևեց։ Մենք կորցրել էինք ամեն տեսակի պատկերացումը ժամանակի մասին, իսկ մեր ստամոքսները՝ ուտելիքի մասին։ Վերջապես սառցաշերտն ավարտվեց, բայց ավելացավ նոր դժբախտություն։ Բակում բենզինի մակարդակը ցույց տվող գործիքի կարմիր սլաքն իջավ գրեթե մինչև վերջին սահմանը և հազիվ էր նշմարվում։
: ― Մեր գազոլինը գրողի ծոցը գնաց, ― խանդավառությամբ և սարսափով գոչեց միստեր Ադամսը։
: Մենք մի որոշ ժամանակ էլ առաջ շարժվեցինք։ Անսալով մոտորի աշխատանքին և խորհրդածելով, թե որտեղ ենք գիշերելու, եթե բենզինը սպառվի և մեքենան կանգ առնի։
: Եվ այդ պահին կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր Ամերիկայում, ավտոմոբիլային հրաշքների երկրում։ Երևաց գազոլինկայան, փոքրիկ կայան, ընդամենը մի կոլոնկայով։ Բայց որչա՜փ ուրախացանք։ Նորից սկսվում էր սերվիսը։ Սկսվում էր կյանքը։ Քնաթաթախ մի մարդ, փնթփնթալով «իես, մեմ», և «նո, մեմ», բակը լիքը բենզին լցրեց։ Քսան մղոն անցնելուց հետո նկատեցինք, որ նա մոռացել է պտուտակել խցանը։ Մինչև Ֆրեզնո քաղաքը գնում էինք առանց խցանի, վախենալով պատուհանից դուրս նետել ծխախոտի քնթուկները, քանի որ գտանք, թե բաց բենզինը կարող է բռնկվել, մեր մեքենան գրողի ծոցը կգնա, և նրա հետ էլ, բնականաբար, մենք։
: Երկար ժամանակ մենք գնում էինք երկու կողմից արմավենիներ տնկած ճանապարհով։
: Ֆրեզնո քաղաքը, որը, ինչպես բացատրեց միստեր Ադամսը, նշանավոր էր այնտեղ ապրող հույների մեծ թվով, քնել էր։ Փողոցներում ոչ ոք չկար։ Միայն վիթխարահասակ մի պոլիսմեն դանդաղ ման էր գալիս խանութների առջև և յուրաքանչյուրի մոտ կանգ էր առնում, տեսնելու համար կոտրված չէ՞ արդյոք կողպեքը։ Ամերիկյան հույները կարող էին հանգիստ քնել։
: Երբ մոտեցանք հյուրանոցին, գիշերվա ժամը տասներկուսն էր։ Արագաչափը ցույց էր տալիս, որ այդ օրը մենք անցել էինք երեք հարյուր յոթանասունհինգ մղոն։ Միսիս Ադամսը ղեկի մոտ նստել էր տասնվեց ժամ շարունակ։ Ուզում էինք բղավել «Ուռա՜», բայց ձայն չկար։
===Գլուխ երեսունմեկերորդ — Սան֊Ֆրանցիսկո===
: Սան֊Ֆրանցիսկոյից դեռ հիսուն կիլոմետր հեռավորության վրա ճանապարհորդները դառնում են երկու մրցակցող կազմակերպությունների՝ Սան֊Մաթեո կամուրջի տերերի և լաստանավի տերերի պայքարի վկաներ։ Բանն այն է, որ, եթե Սան֊Ֆրանցիսկո գնալ ուզենան Օկլենդի կողմից, այնտեղ կարելի ընկնել միայն ծովախորշի վրայով։ Սկզբում ճանապարհի երկարությամբ հանդիպում են համեստ, փոքր պլակատներ։ Ոմանք ռեկլամում են կամուրջը, մյուսները՝ լաստանավը։ Ճանապարհորդը դեռ ոչինչ չի հասկանում։ Իսկ պլակատները գնալով լայնանում ու մեծանում են, գնալով ավելի համոզիչ են հնչում կամուրջի տերերի և լաստանավի տերերի ձայները։
: «Սան֊Ֆրանցիսկո գնալու ամենակարճ և ամենաէժան ճանապարհը՝ Սան֊Մաթեո կամուրջի վրայով է», ― որոտում են կամուրջի տերերը։
: «Ամենաարագ և հաճելի ճանապարհորդությունը Սան֊Ֆրանցիսկո՝ լաստանավով է։ Առաջնակարգ ռեստորան։ Ոսկե դարպասների վրա բացվող հմայիչ տեսարան», ― կտրատում են իրենց լաստանավի տերերը։
: Այնտեղ, ուր ճանապարհները ճյուղավորվում են, պլակատները հասնում են ապուշային չափսերի։ Նրանք ծածկում են երկինքն ու արևը։ Այստեղ ճանապարհորդը վերջնականապես ընտրելու է իր ուղղությունը։
: Մենք ընտրեցինք լաստանավը։ Անշուշտ, Սան֊Մաթեո կամուրջի տերերին հակաճառելու զգացումից դրդված։ Մենք տեսանք, թե ինչպես մի քանի մեքենաներ վճռականորեն ուղղվեցին կամուրջի կողմը, հավանորեն լաստանավի տերերի հանդեպ նողկանքի զգացումից դրդված։
: Անցնելով Օկլենդը, որի բենզինա֊ասֆալտային տեսքն ավելորդ անգամ հաստատեց, որ գտնվում ենք Ամերիկայում, մենք կանգ առանք լաստանավերի կայանի մոտ։ Այնտեղ արդեն ավտոմոբիլների մի փոքրիկ հերթ կար։ Երկար չսպասեցինք, տասը րոպե։ Զանգը հնչեց և նավակայանին մոտեցավ լայնաքիթ լաստանավը՝ կողքին դրված երկու բարակ և բարձր խողովակներով։ Նավաստիները դրեցին ափ իջնելու կամրջակը, և լաստանավից շարքով դուրս եկան մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։ Ոչ մի հետիոտն ուղևոր չտեսանք։ Մեքենաներն անցան մեր մոտորացված հերթի կողքով և ուղղվեցին Օկլենդ։ Անմիջապես նորից հնչեց զանգը, և մեր հերթը շարքով շարժվեց զբաղեցնելու դեռ տաք, բենզինի և յուղի հոտ բուրող տեղերը։ Բեռնաթափման և բեռնման ողջ գործողությունը տևեց երկու րոպեից ոչ ավելի։ Ավտոմոբիլները տեղավորվեցին ներքևի տախտակամածի վրա, մեքենայական բաժանմունքի երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում երկուական շարք։ Եվ լաստանավը հեռացավ ափից։
: ― Ես կարծում եմ, մեքենան կարելի է չփակել, ― նկատեց միսիս Ադամսը, նայելով ուղևորներին, որոնք թեթևամտորեն, իրենց կառերի դռները բաց թողնելով, շտապում էին վերին տախտակամածը։
: ― Բայց ես մոտորի բանալին, համենայն դեպս, կվերցնեմ ինձ հետ, ― ասաց միստեր Ադամսը։ ― Դու պետք է հիշես, Բեկկի, որ զգուշությունը ճանապարհորդի ամենալավ բարեկամն է։
: Բարձրացանք վերև։ Մեքենայական բաժանմունքի գլխին մի ծածկված շենք կար, փայտե բազմոցներով, երկու մեխանիկական բիլիարդով, ռետինե ծամոն դուրս նետող ավտոմատով և փոքրիկ ռեստորանով։ Ցռուկի և նավախելի վրա տեղավորված էին զբոսանքի տախտակամածերը, իսկ կողքերից, ավտոմոբիլների վերևում, դուրս էին ցցված կամրջակներ, ծայրերին երկու փրկանավակներ։ Նավախելի վրա ճարճատում էր աստղազարդ դրոշը։
: Այստեղ հնօրյա շոգենավային աշխարհն էր, ջրիմուռի և մեքենայական տաք յուղի հոտով, շրթունքների վրա աղի համով, բազիրքների կլպված էմալով, սուլոցներով և գոլորշով, նովորոսսիսկյան թարմ քամիով և սևաստոպոլյան ճայերով, որոնք ճախրում էին նավախելի հետևում։ Ծովախորշն այնքան լայն էր, որ սկզբում չկարողացանք հորիզոնի վրա նշմարել մյուս ափը։ Այդ տեղում ծովախորշի լայնությունը հինգ մղոնից ավելի է։ Թվում էր, թե բաց ծով ենք դուրս գալիս։
: ― Ես կարծում եմ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― որ դուք չեք պատրաստվում հիանալու Ոսկե դարպասներով։
: Մենք ասացինք, որ իսկապես պատրաստվում ենք։
: ― Եվ իզուր, պարոնայք։ Ոսկե դարպասները շատ նման են ձեր մոսկովյան Մյասնիցկայա դարպասներին այն իմաստով, որ բնավ գոյություն չունեն։ Պարզապես կա մի ելք՝ ծովախորշից օվկիանոս, որը, ի դեպ, լաստանավից չի էլ երևում։
: ― Բայց լաստանավը ամբողջ ճանապարհին գովազդում էր Ոսկե դարպասների տեսարանը։
: ― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք չափազանց շատ բան եք պահանջում Սան֊Ֆրանցիսկոյի լաստանավերի բաժնետիրական ընկերությունից։ Չէ՛, ճիշտ, դուք իրավունք եք ստանում անցնել ծովախորշով, ձեր մեքենայի համար ստանում եք ապաստարան, կարող եք ավտոմատից ռետինե ծամոն ստանալ։ Եվ դեռ ուզում եք տեսնել Ոսկե դարպասնե՞րը։ Պետք է, պարոնայք, խղճալ լաստանավի տերերին։ Եթե այժմ արդեն նրանք հազիվ են իրենց գոյությունը պահպանում Սան֊Մաթեո կամուրջի մրցակցության հետևանքով, ապա ինչ կլինի նրանց վիճակը երկու տարուց, երբ կավարտվի ահա այս բանը, որի դեմ պայքարելու համար միայն միլիոն դոլար են ծախսել։
: Եվ միստեր Ադամսը ձեռքով ցույց տվեց մի կառույց, որը հեռվից ներկայանում էր ծովախորշի վրայով ձգված լարերի ձևով։
: Ահա, ուրեմն, համաշխարհային տեխնիկայի հրաշքը՝ նշանավոր կախովի կամուրջը։ Որքան լաստանավը մոտենում էր, այնքան հոյակապ էր թվում կամուրջը։ Աջում, գրեթե հորիզոնի վրա, երևում էին ծովախորշի վրա կառուցվող երկրորդ կամուրջի ուրվագծերը։
: «Իմպայր Սթեյթ Բիլդինգ», Նիագարա, գործարան, Գրենդ֊կենյոն, Բոուլդեր֊դամ, սեկվոյաներ և հիմա Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները․ սրանք բոլորն էլ միևնույն կարգի երևույթներ են։ Ամերիկյան բնությունը և ամերիկյան տեխնիկան ոչ միայն լրացնում են միմյանց, որպեսզի, միավորվելով, ապշեցնեն մարդկային երևակայությունը, ընկճեն նրան, այլև շատ արտահայտիչ և ճշգրիտ պատկերացում են տալիս երկրի չափերի, թափի ու հարստության վերաբերյալ․ մի երկրի, որտեղ ինչ գնով էլ ուզում է լինի, ամեն ինչ պետք է լինի աշխարհում ամենաբարձրը, ամենալայնը, ամենաթանկարժեքը։ Եթե փայլուն ճանապարհներ են, ապա մեկուկես միլիոն կիլոմետր, թե ավտոմոբիլներ են, ապա քսանհինգ միլիոն հատ։ Թե տուն է, ապա հարյուր երկու հարկանի։ Թե կախովի կամուրջ է, ապա մեկուկես կիլոմետր երկարությամբ գլխավոր կամրջամասով։
: Այժմ միսիս Ադամսը կարող էր հանգիստ բղավել․ «Նայեցե՛ք, նայեցե՛ք»։ Նրան ոչ ոք չէր ընդհատում։ Եվ նա լայնորեն օգտվում էր իր իրավունքից։ Լաստանավն անցնում էր ջրից բարձրացող վանդակապահ սյան կողքով։ Նա լայն էր ու բարձրադիր, ինչպես «Գեներալ Շերմանը»։ Նրա բարձրունքից մեր լաստանավը, հավանորեն, այնքան փոքր էր թվում, ինչպես մարդը՝ Գրենդ կենյոնի հատակում։ Սյունը մինչև կեսը ներկված էր արծաթագույն ալյումինե ներկով։ Մյուս կեսը պատած էր կարմրադեղինով։
: Այստեղից արդեն, ինչպես մի փոքրիկ Նյու֊Յորք, շատ լավ էր երևում ջրից բարձրացող Սան֊Ֆրանցիսկոն։ Բայց այն թվում էր ավելի հաճելի, քան Նյու֊Յորքը։ Ուրախ, սպիտակ քաղաքը ամֆիթատրոնի պես իջնում էր դեպի ծովախորշը։
: ― Ահա թե ինչ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, ― դուք չգիտեք, թե իրենից ինչ է ներկայացնում այս ծովախորշը։ Լուրջ։ Նրա մեջ կարող են տեղավորվել աշխարհի բոլոր տերությունների ռազմանավերը։ Այո, այո, այո։ Լավ կլիներ այստեղ հավաքեին այդ բոլոր նավատորմերը և խորտակեին։
: Ուրախ շաղակրատելով, մենք անվերջ հիանում էինք մերթ կամուրջով, մերթ քաղաքով։
: ― Որտեղի՞ց եք, հայրենակիցներ, հանկարծ լսվեց մի որոշակի վոլգյան բաս։
: Մենք ետ նայեցինք։ Մեր առջև կանգնած էր լաստանավի մի բանվոր, մահուդե համազգեստով, որի տակից երևում էր բոլոր ծովայինների մոտ միատեսակ զոլավոր շապիկը։ Նրա կապույտ ֆուրաժկայի սև ժապավենի վրա գրված էր լաստանավի անունը «Գոլդեն Գեյթ» (Ոսկե դարպասներ)։ Նա լայն կարմիր դեմք ուներ, ալեհեր քունքեր և կապուտավուն աչքեր։
: ― Մի՞թե Ռուսաստանից եք։
: ― Մոսկվայից։
: ― Ա՜խ, աստված իմ, ― բացականչեց «Գոլդեն Գեյթ» լաստանավի տախտակամածային նավաստին։ ― Մի՞թե Մոսկվայից։ Մտքներովդ թող ոչինչ չանցնի, ես ձեզ թշնամի չեմ։ Հը, ո՞նց է Ռուսաստանում։ Ի՞նչ կա Մոսկվայում։ Իսկ Սիբիրում չե՞ք եղել։
: Եվ իր ոչ մի հարցի պատասխանին չսպասելով, շտապ֊շտապ սկսեց պատմել իր մասին։ Երևի, նա վաղուց էր տանջվում խոսելու ցանկությունից և հիմա խոսում էր շնչասպառ լինելով և մոտեցող ափին նայելով։
: ― Բլագովեշչենսկու՞մ էլ չեք եղել։ Ափսո՜ս, իմ հայրենի քաղաքն է։ Թե ինչ փչեց խելքիս։ Ճղեցի տասնինը թվին, Կոլչակի ժամանակ։ Ոչ թե փախա, այլ հենց էնպես․․․ Ասենք, ավելի ճիշտ՝ փախա․․․ Թյու՜, որ հիշում եմ։ Երեք եղբայրներս էլ Ամուրի վրա են լողում։ Բոլորն էլ ինձ նման, նույնիսկ ավելի լայնածավալ։ Երեքն էլ նավապետներ են, շոգենավեր են վարում։ Ախր, գիտեք, ես էլ նավապետ էի։ Մեր ընտանիքում բոլորն էլ նավապետ են։ Նավապետների ընտանիք։ Եվ ահա այժմ․․․ Է՛հ, գրողը տանի․․․ Հասարակ նավաստի։ Եվ որտե՞ղ։ Լաստանավի վրա։ Էլի շնորհակալ եմ, որ վերցրին։
: ― Այդ ինչ եք արել, չէ՞ որ հիմա նավապետ կլինեիք։
: Լսվեց սուլոց։ Լաստանավը արագ մոտենում էր ափին։
: ― Բայց դրա փոխարեն կա՛մֆորտ։ ― Նա արտասանեց անգլիական առոգանությամբ՝ կա՛մֆորտ։ ― Կա՛մֆորտ ունեմ։
: Մենք այնպես էլ չհասկացանք՝ լու՞րջ էր ասում, թե հեգնում էր լաստանավային «կամֆորտը»։
: ― Դե, բարով մնաք, ― բղավեց նա։ ― Ես վազեմ։ Ծառայություն է։
: Մենք շտապեցինք ներքև և ժամանակին վրա հասանք, որովհետև լաստանավից իջեցնում էին կամրջակը և բոլոր ավտոմոբիլները, բացի մերինից, արդեն անհամբեր փնչացնում էին։
: ― Տուր մոտորի բանալին, ― բղավեց ամուսնուն միսիս Ադամսը։
: Արագությունից, որով միստեր Ադամսը սկսեց փորփրել գրպանները, մենք հասկացանք, որ հիմա աղետ է տեղի ունենալու։ Ժիլետկայում բանալի չգտնելով, նա արագ անցավ պիջակին։
: ― Հը, ի՞նչ ես անում, ― շտապեցնում էր միսիս Ադամսը։
: Առաջին մեքենաներն արդեն ափ էին իջնում։
: ―Հիմա՛, Բեկկի, հիմա՛․․․
: Հետևում լսվեց տագնապալից ազդանշան։
: ― Դու բանալին կորցրել ես, ― ասաց միսիս Ադամսը։
: ― Ախ, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը, փորփրելով գրպանները և աչքերին մոտեցնելով ինչ֊որ դեղնած թղթի կտորներ։ ― Մի՛ ասիր այդպես՝ «դու բանալին կորցրել ես»։
: Իսկ շուրջը խուլ աղմուկ էր կանգնած ավտոմոբիլային ազդանշաններից։ Դռռում էին մեքենաները՝ մեր հետևում և ափին իրենց հերթին սպասող ավտոմոբիլները։ Դեպի մեզ վազեցին նավաստիների մի խումբ։
: ― Արա՛գ, արա՛գ․ ― բղավում էին նրանք։
: Բղավոցներից խլացած միստեր Ադամսը պլանաչափ որոնումների փոխարեն սկսեց բոլորովին անհասկանալի շարժումներ անել․ սրբեց ակնոցը և նայեց ավտոմոբիլի տակ, հետո նայեց հատակին, հերթով բարձրացրեց ոտքերը, ապա փորձ արեց վազել վերևի տախտակամածը։
: Բայց սպասել այլևս պարզապես հնարավոր չէր։ Կտրիչ նավաստիները, որոնց մեջ մենք նկատեցինք մեր ամուրյան նավապետին, մեզ հապճեպ նստեցրին մեքենայի մեջ և «Վիրա»֊ին շատ ծանոթ բղավոցով, սկսեցին մեքենան հրել դեպի նավակայան։
: ― Ս՛յմ վերի, վերի սորի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը երկու կողմի վրա գլուխ տալով պրեզիդենտի պես։ ― Այմ թերիբլի սորի։ Ես չափազանց ցավում եմ։
: Լաստանավի անընդհատ զանգերի, ավտոմոբիլային դռռոցների և շոֆերների վիրավորական ծիծաղի տակ նավաստիները գլորելով դուրս բերեցին մեզ սալարկված նավակայանը և, հետույքները խախացնելով, ետ վազեցին լաստանավ։ Իսկ միստեր Ադամսը երես առ երես մնաց իր զայրացած կնոջ հետ։
: ― Այմ թերիբլի սորի, ― շարունակում էր փնթփնթալ միստեր Ադամսը գլուխը խոնարհելով։
: ― Դե, ― բացականչեց միսիս Ադամսը։ ― Երկա՞ր պետք է կանգնած մնանք այստեղ, նավակայանում։
: Ա՛խ, Բեկկի, մի՛ խոսիր այդպես, ― ասաց միստեր Ադամսը ուշքի գալով, չէ՛, լուրջ, ինձ համար ցավալի է, երբ այդպես են խոսում։
: ― Դե լավ, ես միայն ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ենք անելու այստեղ, նավակայանում։ Ի՞նչ ես արել բանալին։
: Մենք սկսեցինք փոխառփոխ հիշել, թե ինչպես միստեր Ադամսը վերցրեց բանալին և ինչպես վերցնելիս ասաց, թե զգուշությունը ճանապարհորդի ամենալավ բարեկամն է։
: ― Դե, հիշիր, հիշիր, որտե՞ղ ես դրել։
: ― Ա՛խ, Բեկկի։ Ինչպե՞ս կարող եմ ես ասել, թե որտեղ եմ դրել։ Դու դատում ես փոքրիկ աղջկա պես։ Չէ, ճիշտ, դու այդպես չպետք է դատես։
: Կա՛ց, ― վճռաբար ասաց միսիս Ադամսը և երկու մատը ամուսնու ժիլետի գրպանը խրելով, անմիջապես այնտեղից դուրս քաշեց բանալին։ ― Սա ի՞նչ բան է։
: Միստեր Ադամսը լուռ էր։
: ― Չէ՛, լուրջ, Բեկկի, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ― մի՛ ասի այդպես՝ «ինչ բան է սա»։ Դա բանալի է, Բեկկի։ Չէ՞ որ ինքդ հիանալի տեսնում ես։
: Մի րոպե անց, մենք արդեն սլանում էինք Սան֊Ֆրանցիսկոյի փողոցներով։
: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ քաղաքն է։ Հավանորեն այն պատճառով, որ բնավ չի հիշեցնում Ամերիկան։ Նրա փողոցների մեծամասնությունը բարձրանում է լեռից լեռ։ Ավտոմոբիլով երթևեկությունը Սան֊Ֆրանցիսկոյում նման է «ամերիկյան լեռներ» ատրակցիոնի և բազում ուժեղ ապրումներ է պատճառում ուղևորին։ Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնում կա մի կտոր, որը հիշեցնում է աշխարհի ամենահարթ քաղաքը՝ Լենինգրադը՝ իր հրապարակներով ու լայնահուն պողոտաներով։ Սան֊Ֆրանցիսկոյի մնացած մասերը, դա ծովափնյա Նեապոլի և Շանհայի հիանալի խարնուրդ է։ Նեապոլի հետ ունեցած նմանությունը մենք անձամբ կարող ենք հաստատել։ Շանհայի նմանությունը գտնում են չինացիները, որոնցից շատ կան Սան֊Ֆրանցիսկոյում։
: Քաղաքի նվաճումների շարքը կարելի է դասել այն, որ նրա գլխավոր փողոցը կոչվում է ոչ Մեյն֊սթրիթ, ոչ Սթեյթ֊սթրիթ և ոչ էլ Բրոդվեյ, այլ պարզապես Մարկետ֊սթրիթ ֊ շուկայի փողոց։ Մենք զուր որոնեցինք «Ապ֊թաուն» և «Դաուն֊թաուն»։ Ո՛չ։ Սան֊Ֆրանցիսկոյում չկար Վերին քաղաք և Ներքին քաղաք։ Կամ, ավելի ճիշտ, չափից դուրս շատ կար նրանցից․ մի քանի հարյուր վերին և ներքին մասեր։ Հավանորեն Ֆրիսկոյի բնակիչը, ինչպես մտերմաբար անվանում են նրան ամբողջ աշխարհի նավաստիները, մեզանից կնեղանա, կասի, որ Սան֊Ֆրանցիսկոն վատ չէ Նյու֊Յորքից և Գալոպից և որ ինքը՝ Ֆրիսկոյի բնակիչը, հիանալի գիտե, որտեղ է իր ապ֊թաունը և որտեղ դաուն֊թաունը, որտեղ են բիզնես անում, և որտեղ է իր ընտանիքով հանգստանում այդ բիզնեսից հետո, որ զուր ենք ուզում զրպարտանք բարդել Սան֊Ֆրանցիսկոյի վրա և պոկել նրան մյուս ամերիկյան քաղաքների հարազատ ընտանիքից։ Մեր օտարերկրյա տեսակետով, Սան֊Ֆրանցիսկոն ավելի շատ եվրոպական քաղաքի է նման, քան ամերիկյան։ Այստեղ, ինչպես և ամենուրեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անասելի հարստությունը և անասելի աղքատությունը կանգնածեն կողք֊կողքի, ուս֊ուսի տված, այնպես որ հարուստի անթերի սմոկինգը քսվում է գործազուրկ բեռնակրի կեղտոտ բլուզին։ Բայց այստեղ հարստությունը գոնե այնքան էլ ճնշող միակերպ և տաղտկալի չէ, իսկ աղքատությունը գոնե գեղատեսիլ է։
: Սան֊Ֆրանցիսկոն այն քաղաքներից է, որոնք հենց առաջին րոպեից սկսում են դուր գալ, և յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի են դուր գալիս։
: Հեռագրային բարձր բլուրից հիանալի տեսարան է բացվում քաղաքի և ծովածոցի վրա։ Այստեղ կառուցված է լայն հրապարակ, որն ունի վազաներով զարդարված սպիտակ քարե ճաղաշար։
: Սպիտակ լաստանավերը բոլոր ուղղություններով հատում են արևի տակ փայլփլող ծովախորշը։ Նավահանգիստներում կանգնած են օվկիանոսային մեծ շոգենավեր։ Նրանք ծխում են, պատրաստվելով մեկնել Յոքոհամա, Հոնոլուլու և Շանհայ։ Զինվորական ավանի օդանավակայանից բարձրանում է մի ինքնաթիռ և թևերը փայլեցնելով, անհետանում պայծառ երկնքում։ Ծովածոցի մեջտեղը, մի հին զրահապատի նմանվող Ալկատրաս կղզու վրա կարելի է տեսնել առանձնահատուկ ուշագրավ հանցագործների ֆեդերալ բանտի շենքը։ Այնտեղ նստած է Ալ֊Կապոնեն, երկիրն ահաբեկած բանդիտական կազմակերպության ականավոր պարագլուխը։ Սովորական բանդիտներին Ամերիկայում նստեցնում են Էլեկտրական աթոռին։ Ալ֊Կապոնեն դատապարտված է տասնմեկ տարվա բանտարգելության ոչ թե մաքսանենգության ու կողոպուտի համար, այլ կողոպուտով ու մաքսանենգությամբ ձեռք բերած կապիտալներից եկամտահարկ չվճարելու համար։ Բանտում Ալ֊Կապոնեն գրոտում է հակասովետական հոդվածներ, որոնց հաճույքով տպում են Հերստի թերթերը։ Նշանավոր բանդիտն ու մարդասպանը (կառապան Իվանովի նման, միայն շատ ավելի վտանգավոր) մտահոգված է երկրի վիճակով և բանտում նստած նախագծեր է հորինում փրկելու հայրենիքը կոմունիստական գաղափարների տարածումից։ Եվ ամերիկացիները, հումորի մեծ սիրահարները, այդ իրադրության մեջ ոչ մի ծիծաղելի բան չեն գտնում։
: Հեռագրային բլրի վրա կառուցված է մի բարձր աշտարակ, որի բարձրունքից, ինչպես ասացինք, բացվում է քաղաքի մի ավելի ընդարձակ տեսարան։ Սայկայն մեզ վերև չթողեցին։ Պարզվեց, որ առավոտյան աշտարակից ցած է նետվել և ջարդուփշուր եղել մի գործազուրկ երիտասարդ, և այդ օրը որոշել են փակել աշտարակի մուտքը։
: Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցը օվկիանոսից բաժանցված է երկու թերակզիներով, որոնք դուրս են ցցված ծովածոցի հյուսիսային և հարավային կողմերից և վերջանում են դեպի օվկիանոսը ելք կազմող բարձր հրվանդաններով։
: Հենց այդ ելքն էլ Ոսկե դարպասներն են։ Հյուսիսային թերակզին ժայռոտ է և պատած վայրի անտառներով։ Սան֊Ֆրանցիսկոն ընկած է հարավային թերակզու վրա, երեսով դեպի ծովածոցը։
: Մենք մոտեցանք Ոսկե դարպասներին։ Դեպի օվկիանոս տանող ելքի մոտ բարձր տեղում հիանալի զբոսայգի է գցված և կառուցված է գեղեցիկ արվեստների թանգարան՝ եվրոպական նշանավոր քանդակագործության պատճենների մեծ քանակով։ Այստեղ վերջանում է «Լինկոլն֊հայ֊վեյը»՝ Նյու֊Յորկ ― Սան֊Ֆրանցիսկո պողոտան։ Ամերիկյան տեխնիկները զարմանալի համեստ մարդիկ են։ Ատլանտիկ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ միացնող իրենց բետոնային գլուխգործոցի ավարտը նրանք նշել են երեք ֆուտ բարձրության հուշասյունով․ նրա վրա պատկերված են «Լ» տառ, Լինկոլնի բրոնզե փոքրիկ խորաքանդակը և փորագրված է մակագրություն․ «Լինկոլնի ճանապարհի արևմտյան վերջավորությունը»։ Ճանապարհը կառուցողների անուններն անհայտ են մնացել։ Ինչ կա որ։ Մարդիկ, որոնք մեկուկես տարուց հետո անցնելու են Սան֊Ֆրանցիսկոյի կամուրջներով, չեն իմանա, թե ովքեր են նախագծել և կառուցել այդ կամուրջները։
: Կամուրջը կառուցողների սիրալիրության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք դիտելու աշխատանքները։ Նստեցինք նավակայանում մեզ սպասող ռազմանավակը և մեկնեցինք ծովածոցի մեջտեղում տեղավորված Իերբա֊ Բուենա կղզին։ Այն գտնվում է զինվորական գերատեսչության տնօրինության տակ և այնտեղ այցելելու համար պետք էր ստանալ հատուկ անցագրեր։ Սան֊Ֆրանցիսկո֊ Օկլենդ յոթ կիլոմետր երկարությամբ կամուրջը բաղկացած է տարբեր սիստեմի մի քանի կամրջամասերից։ Առանձնապես հետաքրքիր է նրա արևմտյան՝ կախովի մասը 3,2 կիլոմետր երկարությամբ։ Այն միացնում է Սան֊Ֆրանցիսկոն և Իերբա֊Բուենո կղզին և բաղկացած է կենտրոնական կամրջակով կապված կախովի կամրջամասերից։ Կղզու վրա, կամրջի արևմտյան մասը հանդիպում է կղզին Օկլանդի հետ միացնող արևելյան մասին։ Այս մասը բաղկացած է չորսից ավելի մետր ձգվող բարձակային կամրջամասից և ցանցավոր ֆերմաներով պատած մի քանի կամրջամասերից։
: Կղզու գլխավոր աշխատանքը, որ գրեթե ավարտված էր, դա ժայռերի մեջ բացած լայնագույն և մեծագույն թունելն էր։ Հենց նա էր միացնում երկու տեղամասերը։ Թունելն ու կամուրջը երկհարկանի են լինելու։ Վերևի հարկում վեց շարքով շարժվելու են ավտոմոբիլները։ Չեն մոռացված և հետիոտները․ նրանց համար կառուցվելու է երկու մայթ։ Ներքևի հարկում երկու շարքով գնալու են բեռնատար մեքենաներ, իսկ նրանց արանքում՝ էլեկտրական երկաթուղի։ Այս կամրջի համեմատությամբ եվրոպական և ամերիկյան մեծագույն կամուրջները պարզապես փոքր կթվան։
: Այժմ ավարտում են պողպատյա ճոպանի հյուսումը, որից կախվելու է կամուրջը։ Նրա հաստությունը տրամագծով մոտ մեկ մետր է։ Այդ նա էր մեզ ծովախորշի վրա կախված բարակ լար թվում, երբ մոտենում էինք Սան֊Ֆրանցիսկոյին։ Ճոպանը, որին օդում հյուսում էին շարժական հաստոցները, հիշեցնում էր Գուլիվերին, որի յուրաքանչյուր մազը լիլիպուտներն ամրացրել էին սեպիկներին։ Ծովախորշի վրա կախված ճոպանը հանդերձված է նախապահպանական լարացանցով, որի վրայով քայլում են բանվորները։ Մենք խիզախեցինք մի փոքրիկ ճանապարհորդություն կատարել ճոպանի երկարությամբ։ Այնտեղ քեզ զգում ես ոնց որ երկնաքերծերի կտուրին, այն տարբերությամբ միայն, որ ոտքերիդ տակ ոչինչ չկա, բացի բարակ լարացանցից, որի միջով երևում են ծովախորշի ալիքները։ Ուժեղ քամի էր փչում։
: Թեև ճանապարհորդությունը միանգամայն անվտանգ էր, այնուամենայնիվ մենք հուսահատ գրկել էինք ճոպանը։
: ― Ինչ հաստ է, ― ասում էր միսիս Ադամսը, աշխատելով ներքև չնայել։
: ― Հիանալի ճոպան է, ― հաստատեց միստեր Ադամսը՝ պողպատյա հենարանը ձեռքից բաց չթողնելով։
: ― Ճոպանը հյուսված է տասնյոթուկես հազար պողպատե բարակ լարերից, ― բացատրեց մեզ ուղեկիցը։
: Մենք հիացանք այդ թվից և ավելի մեծ ուժով կառչեցինք ճոպանից։
: ― Պարոնայք, ― ասաց մեզ միստեր Ադամսը, նայելով երկնքին ու գրեթե ճոպանից կախվելով, ― ինձ երբեք չի վիճակվել տեսնել այսպիսի ճոպան։ Սա շատ լավ ճոպան է։ Քանի լարից է հյուսված, ասու՞մ եք։
: ― Տասնյոթուկես հազար։
: ― Չէ, լուրջ, պարոնայք, այդպիսի ճոպան աշխարհում երբեք չի եղել։
: Եվ միստեր Ադամսը քնքշորեն շոյեց պողպատե ճոպանը։
: ― Իսկ հիմա կբարձրանանք ավելի վեր, ― առաջարկեց ուղեկցողը, ― մինչև սյան գագաթը։
: Բայց մեզ դժվար էր պոկել ճոպանից։
: ― Այ֊այ֊այ, ինչ ճոպան է, ― բացականչում էր միստեր Ադամսը։ ― Ոչ, ոչ, պարոնայք, դուք միայն նայեցեք, ինչ հաստն է։ Որքան լարերի՞ց։
: ― Տասնյոթուկես հազար։
: ― Ուղղակի չես ուզում հեռանալ մոտից, ― նկատեց միստեր Ադամսը։
: ― Մենք չենք էլ հեռանա։ Չէ՞ որ բարձրանալու ենք ճոպանի երկարությամբ, ― միամտաբար ասաց ուղեկցողը։
: ― Ոչ, ոչ, պարոնայք, այստեղի ճոպանը հատկապես լավն է։ Օ, նո։ Նո, պարոնայք, սա հրաշալի ճոպան է։ Դուք միայն ուշադիր նայեցեք, ինչ անթերի, նուրբ և միաժամանակ դիմացկուն աշխատանք է։
: Միստեր Ադամսը անզգուշաբար նայեց ներքև և աչքերը կկոցեց։
: ― Հիանալի, հիանալի ճոպան է, ― փնթփնթում էր նա, ― գրեցեք ձեր հուշատետրերում։
: ― Չէի՞ք ցանկանա տեսնել կամրջի արևելյան մասի բարձակային կամրջամասը, ― առաջարկեց ուղեկցողը։
: ― Ո՛չ, ո՛չ, սըր։ Ի՞նչ եք ասում։ Օ՜, նո։ Չէ, լուրջ, հիանալի ճոպան է սա։ Ինձ սաստիկ դուր է գալիս։ Այո՛, այո՛, այո՛, հիանալի, գերազանց ճոպան է։ Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ քանակի լարերից է բաղկացած։
: ― Տասնյոթուկես հազար, ― տխուր ասաց ուղեկցողը։
: Նա հասկացավ, որ էլ ո՛չ մի տեղ չենք գնա, և առաջարկեց իջնել։ Վերադարձի ճանապարհին ամբողջ ժամանակ ճոպանը ձեռքներիցս բաց չէինք թողնում և հիանում էինք նրա չտեսնված հատկություններով։
: Միայն Իերբա֊Բուեն կղզու հաստատուն ժայռոտ գետնին ոտք դնելուց հետո հասկացանք, թե ինչ հերոսներ են մարդիկ, որոնք օվկիանոսի վրա, ուրախ սուլելով ճոպան էին հյուսել։
===Գլուխ երեսուներկուերորդ — Ամերիկյան ֆուտբոլ===
: Սան֊Ֆրանցիսկոյում ապրելու հինգերորդ օրը մենք նկատեցինք, որ քաղաքը սկսում է կլանել մեզ, ինչպես մի ժամանակ, վաղուց ի վեր, հազար քաղաք, տասնյակ անապատ և քսան նահանգ սրանից առաջ քիչ մնաց մեզ կլաներ Նյու֊Յորքը։ Մեր հուշատետրերը լցվել էին գործարար տեսակցությունների, գործարար նախաճաշերի և գործարար «կոկտեյլ պարտիի» նմուշների խիտ գրանցումներով։ Մենք վարում էինք գործարար ամերիկացիների կյանք, ընդ որում, ոչ մի գործ չունենալով։ Մեր օրերը լեցուն էին տեսակցությունից ուշանալու երկյուղով։ Նզովելով քարշ էինք գալիս սենյակում, որոնելով կորսված ճարմանդները։ Չիչիկովի պես այցելեցինք քաղաքագլխին ― քաղաքի մեր, իտալացի Ռոսսիին՝ սև հոնքերով ալեհեր ու ճաղատ ջենտլմենին։ Նա մեզ ցույց տվեց հենց երեկ հոնոլուլուից ուղարկված նամակը։ Այդ նամակը բերել էր «Չայնակլիպերը»՝ Սիկորսկու թռչող նավակը։ Ուղիղ հինգ րոպե մենք քաղաքագլխի մոտ գովաբանում էինք Սան֊Ֆրանցիսկո քաղաքը։ Իսկ նա մեզ հյուրասիրեց հրաշալի սիգարներով։ Մեր բախտից Սան֊Ֆրանցիսկոն, իրոք որ, հիանալի քաղաք էր, և մենք ստիպված չեղանք ստել միստեր Ռոսսիին։ Սիթի֊հաուզից դուրս եկանք հաճելի ժպիտը դեմքներիս և տագնապը սրտներիս։ Ժամանակն էր դուրս պրծնելու գործարար տեսակցությունների օղակից և սկսելու իսկական գործարար կյանք, այսինքն՝ աննպատակ թափառել քաղաքում։
: Մենք առաջին անգամ շրջանցեցինք Ոսկե դարպասների մոտի հրվանդանը և դուրս եկանք ծովափ։ Ծովափի երկարությամբ ձգվում էր լողափը, որն աղմուկով օղողում էին Խաղաղ օվկիանոսի ալիքները։ Դեկտեմբերյան արևոտ, բայց քամի օր էր։ Լողասեզոնն արդեն վերջացել էր, և ծովափին նայոց զվարճատեղիները դատարկ էին։ Տաք կիրակի օրերին Սան֊Ֆրանցիսկոն այստեղ է գալիս հանգստանալու և զվարճանալու։ Այստեղ կարելի է ուժերը փորձել, զբոսնել իրար բախվող էլեկտրական ավտոմոբիլներով, տասը ցենտով ստանալ ապագա կնոջ դիմանկարը՝ նրա բնավորության նկարագրով, խաղալ մեխանիկական բիլիարդ և, ընդհանրապես, լիուլի ստանալ ամերիկյան զվարճալիքների ամբողջ օրաբաժինը։ Բայց ի՜նչ գեղեցիկ վայր է սա։ Ծովափն իր մասշտաբով չէր զիջում օվկիանոսին․ երկուսն էր վերջ չունեին։
: «Տեպսի» ռեստորանում, որի մասնագիտությունը պաքսիմատով տապակած հավն է, ի նշան որի շենքի կտուրը զարդարված է աքաղաղի գլխով, իսկ դահլիճը՝ հավերի նկարներով, մենք տեսանք, թե ինչպես է զվարճանում Սան֊Ֆրանցիսկոյի ոչ հարուստ բնակիչը։ Հիսուն ցենտով նա մի բաժին հավ է վերցնում և, ուտելուց հետո, պարում մինչև հալից ընկնելը։ Եթե ձանձրանում է պարելուց, իր «հեռլի» հետ միասին, չափսոսալով տոնական շալվարը սլլում է փայտե ողորկ փողրակով, որ դահլիճում հատկապես դրված է զվարճացող հավակերների համար։
: Միգուցե օվկիանոսի կլիմայի կամ ամբողջ աշխարհից այստեղ խռնվող նավաստիների ազդեցության շնորհիվ է, բայց Սան֊Ֆրանցիսկոյի ռեստորանային գործում նկատվում է Ամերիկային ոչ հատուկ մտքի խաղ։ Կենտրոնում, Մարկետ֊սթրիթի մոտերքը գտնվող Բերնշտեյնի ռեստորանում, մատուցում են միայն ձկնեղեն, ռեստորանն ինքը կառուցված է նավի տեսքով, ուտելիքը տանում բերում են նավապետի ու նավաստու կոստյումներ հագած մարդիկ։ Ամենուրեք կախված են փրկօղակներ՝ «Բերնշտեյն» մակագրությամբ․ իհարկե, դա մի այնքան էլ մեծ գեղարվեստական ֆանտազիա չէ, բայց դեղատնային համար երեք նախաճաշից հետո, մարդ որոշ բավականություն է ստանում, մանավանդ որ ավելի թանկ չարժե, քան դեղատուն այցելելը։ Նավահանգստից ոչ հեռու կա արդեն բոլորովին հիանալի , սնունդհամի մի հաստատություն․ դա իտալական «Լուկկա» ռեստորանն է։ Նրա տերը մոգի, կախարդի և բարեգործի տպավորություն է գործում։ Ճաշի համար կախարդն այնքան էլ քիչ չի վերցնում՝ մեկ դոլար, բայց դրա փոխարեն մարդը նույն վճարով այստեղ իրավունք ունի նորից ու նորից պահանջել իր հավանած ճաշը։ Սակայն գլխավոր սյուրպրիզն առջևումն է։ Ճաշից հետո, երբ այցելուն հագնում է վերարկուն, նրան տալիս են ժապավենով խնամքով կապված կարկանդակների փաթեթ։
: ― Բայց ես կարկանդակ չեմ պատվիրել, ― ասում է այցելուն գունատվելով։
: ― Սա ձրի է, ― պատասխանում է մատուցողը, նայելով նրան նեապոլիտայան այրող աչքերով։ ― Որպես նվեր։
: Բայց բանը դրանով էլ չի վերջանում։ Այցելուին հանձնում են ինչ֊որ տոմս։ Պարզվում է, որ այդ տոմսով նա իրավունք ունի վաղը առավոտյան անցնել «Լուկկի» հրուշակարանը և ձրի ստանալ մի բաժակ սուրճ բուլկիով։ Այդ րոպեին այցելուի ցնցված ուղեղը ոչ մի կերպ չի կարող գիտակցել, որ կարկանդակների և բուլկիով սուրճի արժեքը մտել է ազնվորեն վճարած իր մի դոլարի մեջ և որ «Լուկկայի» ամբողջ առևտրական հանճարեղ հաշիվը կառուցված է այն բանի վրա, որ այցելուներից շատերը վաղը չեն գա սուրճի և բուլկու հետևից, քանզի դրա համար ժամանակ չեն ունենա։ Բայց այստեղ, ինչպես ասում են, արժեքավորը հնարանքն է։
: Ազատվելով այցելություններից, մեզ զգում էինք առույգ, և կենսուրախ, ինչպես ուսանողները քննությունից հետո։ Այն հանգամանքը, որ մենք Փարիզում ու Մոսկվայում տեսել էինք իսկական Ռոդենին, դա մեզ փրկեց նրա ստեղծագործությունների պատճենները թանգարանում դիտելու անհրաժեշտությունից, և մենք թափառում էինք քաղաքում անծրագիր և աննպատակ։ Եվ քանի որ մեր ուղևորությունն անցնում էր հույժ խոլացի կերպով ու ենթարկված էր միստեր Ադամսի խիստ պլանին, ապա մենք այդ ազատ թափառումների ժամերը դիտում էինք որպես արժանի հանգիստ։
: Հասկանալի չէ, թե ինչպես և ինչու մենք ընկանք «Տրոպիկալ Սվիմինգ Պուլ», այսինքն՝ ձմեռային ավազան։ Մենք վերարկուներս չհանած կանգնեցինք բավական հին, փայտե հսկա շենքում, որտեղ օդը ծանր էր, ջերմոցային, ինչ֊որ բամբուկե ձողեր էին ցցված և վարագույրներ կախված, հաճույքով նայեցինք բանիմացորեն պինգ֊պոնգ խաղացող լողակոստյումներով երիտասարդ զույգին և մի հաստլիկի, որը թպրտում էր ջրով լի մեծ արկղի մեջ, նշմարեցինք մի քանի մեխանիկական բիլիարդներ և ռետինե ծամոնի ավտոմատներ, ու վազեցինք առաջ, Ճապոնական այգին։
: Այդ այգին քաղաքին նվիրել է ճապոնական կայսրուհին։ Այնտեղ ամեն ինչ փոքր է․ բամբուկե կոր կամրջակներ, գաճաճ ծառեր և թղթե շարժական դռներով ճապոնական տնակ։ Տնակում ապրում է մի ճապոնացի, և եթե այցելուները ցանկանան, նրանց համար իսկական ճապոնական թեյ է պատրաստում։ Մենք նստել էինք բամբուկե տաղավարում և խմում էինք կանաչ, հոտավետ եռաջուր, որն անաղմուկ մատուցում էր քաղաքավարի տերը։ Երբ արդեն մեզ բոլորովին զգացինք Նիպպոնի երանելի կղզիներում, մեր ուղեկիցները պատմեցին, որ այդ ճապոնացին նորերս կործանել է իր կնոջը։ Այնքան է տանջել, որ կինը նավթ է լցրել իր վրա ու վառվել։
: Ճապոնական այգուց մեկնեցինք չինական թաղամասը։ Այն գեղատեսիլ էր և կեղտոտ։ Ամեն ինչ այստեղ չինական էր․ բնակիչները, թղթե լապտերները և հիերոգլիֆներով երկար պաստառները։ Բայց խանութներում նստած էին միայն ճապոնացիներ և վաճառում էին կիմոնո խալաթներ, փայտե տուֆլիներ, գունազարդ լուսանկարներ և «Made in Japan» դրոշմով չինական մանր զարդարանքներ։
: Մեր ազատ օրը վերջացավ ֆուտբոլային մատչ այցելելով։ Խաղում էին երկու համալսարանական թիմեր՝ «Սանտա֊Կլարա» և «Խրիստիան֊Տեքսասը»։
: Բայց նախքան անցնելը այդ իրադարձության նկարագրության, որը ինչ֊որ չափով մեզ օգնեց հասկանալու, թե ինչ է Ամերիկան, անհրաժեշտ է մի քանի խոսք ասել ամերիկյան ֆուտբոլի մասին ընդհանրապես։
: Ֆուտբոլն Ամերիկայում նշանակում է՝ ամենամեծ ստադիոն, մարդկանց և ավտոմոբիլների ամենամեծ կուտակում, ամենաբարձրաձայն ճիչ, որը կարող է դուրս թռչել երկու ձեռք, մի գլուխ և թեք դրած գլխարկ ունեցող էակի շրթունքներից, նշանակում է՝ ամենամեծ դրամարկղ, հատկապես ֆուտբոլային մամուլ և հատուկ ֆուտբոլային գրականություն (պատմվածքներ, վիպակներ և վեպեր ֆուտբոլային կյանքից): Ֆուտբոլային մեծ մրցությունը Ամերիկայում անհամեմատ ավելի նշանակալից իրադարձություն է, քան Տոսկանինիի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի համերգը, քան Ֆլորիդայի մրրիկը, Եվրոպայում տեղի ունեցող պատերազմը և նույնիսկ նշանավոր միլիոնատիրոջ աղջկա առևանգումը։ Եթե որևէ բանդիտ ուզենա հռչակվել, նա իր սենսացիոն հանցագործությունը չպետք է կատարի բանակի և նավատորմի միջև տեղի ունեցող ֆաուտբոլային մրցության օրը, այլ դրա համար պետք է ավելի հարմար ու հանգիստ ժամանակ գտնի։ Մուսոլինին, օրինակ, շատ հարմար մոմենտ ընտրեց Հաբեշստանի վրա հարձակվելու համար։ Այդ օրը Ամերիկայում ֆուտբոլային խաղ չկար, և դուչեն լավ պաբլիսիթի ստացավ թերթերի առաջին էջում։ Թե չէ ստիպված կլիներ քոչել երկրորդ կամ նույնիսկ երրորդ էջը։
: Սան֊Ֆրանցիսկոյում մեր տեսած մատչը չէր կարելի դասել մեծ խաղերի շարքը։ Սակայն դա էլ այնքան փոքր խաղ չէր, և մենք խորհուրդ չէինք տա Ջիլիին կամ Յաշա Խեյֆիցին այդ օրը համերգ տալ Սան֊Ֆրանցիսկոյում։
: Ստադիոնի տրիբունաները լեփ֊լեցուն էին կենտրոնում, իսկ ծայրերը համարյա թե դատարկ էին։ Բայց ընդհանուր առմամբ ստադիոնում երեսուն հազար մարդ կար։ Սկզբում խաղն անհասկանալի, հետևաբար և անհետաքրքիր էր թվում։
: Ամերիկյան ֆուտբոլը ոչ մի ընդհանուր բան չունի եվրոպականի հետ։ Այդ խաղերն այնքան նման չեն իրար, որ երբ Նյու֊Յորքում, կինոխրոնիկայի թատրոնում անսպասելի ցույց տվեցին եվրոպական երկու թիմերի ֆուտբոլային մատչից մի կտոր, ծիծաղի մոլուցք բռնեց հանդիսականներին։
: Եվ այդպես, մի որոշ ժամանակ մենք չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում դաշտում։ Մի քիչ սուզակների նմանվող կաշվե սաղավարտներով մարդիկ, մեկը կարմիր հագած, մյուսը՝ սպիտակ, կանգնում էին դեմ հանդիման, գլուխներն ու մեջքերը կռացրած, և մի քանի վայրկյան անշարժ մնում էին կանգնած։ Հետո հնչեց սուլիչը, և մարդիկ կատաղի կերպով պոկվեցին տեղերից։ Կարմիրներն ու սպիտակները խառնվեցին իրար, ինչպես մեզ թվաց՝ մեկ֊մեկու ոտք բռնելով։ Նման իրարանցում լինում է հավաբնում, երբ այնտեղ է սողոսկում ժանտաքիսը։ Զգացվում էր նույնիսկ թևերի թափահարումը։ Հետո բոլորն ընկնում էին իրար վրա, կազմելով շարժվող մարմինների մեծ կույտ։ Հասարակությունը վեր էր կենում տեղից և բարձրաձայն բղավում էր։ Դատավորը սուլում էր։ Ֆուտբոլիստները կանգնում էին իրենց տեղերում, և ամեն բան նորից էր սկսվում։
: Առաջին րոպեներին նույնիսկ չէինք տեսնում գնդակը, այսինքն՝ նշմարում էինք մեկ֊երկու վայրկյանով, իսկ հետո նորից կորցնում էինք տեսողությունից։ Հետզհետե սովորեցինք հետևել գնդակին և գնահատել դրությունը։ Մինչև առաջին ընդմիջումը արդեն ինչ֊որ բան հասկանում էինք ամերիկյան ֆուտբոլից, իսկ երկրորդ ընդմիջումին արդեն մեծ գիտակներ էինք, կրկնում էինք լավագույն խաղացողների ազգանունները և գոռում բոլոր հանդիսատեսների հետ միասին։
: Ընդհանուր գծերով ահա թե ինչ է ներկայացնում իրենից ամերիկյան ֆուտբոլը․ կա երկու թիմ, կողմերն ունեն դարպաս, բայց առանց վերևի ձողափայտի։ Խոտավետ դաշտը տողված է լայնությամբ կտրող սպիտակ գծերով, և այդ գծերից յուրաքանչյուրը վերցվում է մարտով։ Մենք մանրամասն չենք նկարագրի խաղի կանոնները։ Շատ բարդ են դրանք։ Կարևորն այն է, թե ինչպես են խաղում, ինչ են անում գնդակի հետ։ Գնդակը կաշվից է, ոչ կլոր, այլ երկարավուն։ Այդ նրա համար է, ըստ երևույթին, որպեսզի հնարավոր լինի ամուր և հարմար պահել փորին սեղմած։ Երբ թիմերը շարվում էին մեկմեկու դեմ կռացած, հետևում կանգնում են երեք խաղացողներ։ Կենտրոնական խաղացողը գնդակը չռած ոտների արանքով ետ է նետում նրանցից մեկին։ Հակառակորդը միանգամից չի տեսնում, թե ում հասավ գնդակը և դրանում է սկսողների առավելությունը։ Գնդակ ստացողը կամ գնդակը ոտքով խփում է շատ առաջ այն հաշվով, որ իր խաղացողը կբռնի այն, կամ, ըստ հնարավորության, աննկատելիորեն գնդակը ձեռքից ձեռք հանձնում է խաղընկերոջը։ Եվ այս, և այն դեպքում գնդակ ստացողը դա սեղմում է փորին կամ կողքին և վազում առաջ։ Նրան իրավունք ունեն հրելու, ոտքից բռնելու, ոտ գցելու։ Երբեմն (այդ շատ հազվադեպ է լինում և ծափահարություն է առաջացնում ամբողջ ստադիոնում) խաղացողին հաջողվում է խույս տալ բոլոր հարձակվողներից և գնդակն անցկացնել հակառակորդի ճամբարի վերջին գիծը։ Սակայն շատ հաճախ նրան բռնում և տապալում էն գետին։ Եթե այս դեպքում էլ նա գնդակը ձեքից բաց չի թողնում, հետևյալ տուրը կամ, եթե կամենում եք, ֆուտբոլի պարոքսիզմը սկսվում է այն տեղից, որտեղ ընկավ գնդակով մարդը։ Երբեմն գնդակ ստացողը, եթե լավ վազող է, ահագին պտույտ է գործում, որպեսզի շրջանցի թշնամիներին։ Բայց թշնամիներն իսկույն իմանում են, ում մոտ է գնդակը, և սլանում են առաջ՝ ճանապարհը կտրելու։ Նա գնդակը հանձնում է ուրիշին, սա՝ երրորդին, բայց ճեղքել անցնելը դժվար է, գրեթե անհնար, և գնդակով մարդուն գետին են տապալում գոլից ավելի հեռու, քան այն րոպեին, երբ սկսվեց տուրը, և այդպիսով կորսվում է մի քանի ֆուտ։ Տուրերի արանքում գնդակը տիրապետած թիմը խորհրդակցում է հետագա տակտիկայի վերաբերյալ։ Ըստ տրադիցիայի, թիմը փոքր֊ինչ մի կողմ է քաշվում, շրջան է կազմում այնպես, որ երևան միայն կռացած մեջքերը ու չռած ոտքերը, իսկ գլուխները, գրեթե իրար կպչելով, ստեղծում են կենտրոն, և փսփսում են։ Եվ ահա մտածված է ահավոր պլան, խաղացողները շարվում են, և սկսվում է նոր հրապուրիչ ծեծկռտոց։
: «Սանտա֊Կլարա» և «Խրիստիան֊Տեքսաս» թիմերը գրեթե հավասար ուժեր են։ Տեխասի քրիստոնյա ջահելները փոքր֊ինչ ավելի ուժեղ էին։ Գրեթե բոլոր գոտեմարտերի ժամանակ նրանց տակտիկան հանգում էր այն բանին, որ գնդակ ստացած խաղացողը գլխով առաջ էր նետվում սանտա֊կլաուսցիների բուն խորքը և ջանում էր շահել գոնե մի դյույմ տարածություն։ Նրան իսկույն տապալում էին։ Սկսվում էր նոր գոտեմարտ և նորից շահում էին մի դյույմ։ Դա հիշեցնում էր համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի գրոհը, երբ երեքօրյա հրետանային նախապատրաստությունից հետո զորամասերին հաջողվում էր հարյուր մետր առաջ շարժվել։ Տեխասցիները դանդաղ ու անշեղ առաջ էին շարժվում դեպի սանտա֊կլաուսցիների դարպասները։ Լարվածությունը գնալով ուժեղանում էր, գնալով ավելի բարձր էին գոռում գլխարկները թեք դրած երիտասարդ մարդիկ։ Այժմ մեր ամբողջ ուշադրությունը բևեռված էր հասարակության վրա։
: Ստադիոնի տրիբունաներում դեմ֊դիմաց նստած էին համալսարանների՝ իրենց թիմերին «ցավող» ուսանողները։ Մեր կողմում նստել էին մի քանի հազար կարմիր գլխարկավոր սանտա֊կլաուսցիներ՝ իրենց նվագախմբով։ Մեր դիմացը տրիբունայի ամբողջ կենտրոնը գրավել էին Տեխասից հատկապես եկած քրիստոնեական երիտասարդությունը՝ սպիտակ գլխարկներով և դարձյալ սեփական նվագախմբով։
: Երբ մինչև «Սանտա֊Կլարայի» վերջին գիծը մնացել էր քսան ֆուտ, տեխասցիները բարձրացան իրենց տեղերից, հանեցին սպիտակ գլխարկները և դրանք ռիթմիկ թափահարելով հակառակորդի դարպասի կողմը, սկսեցին բղավել նվագախմբի դիրիժյորի տակտի տակ։
: ― Հոու՜, հոու՜, հոու՜։
: Ճշգրիտ թարգմանությամբ սա նշանակում է «գնա՛», բայց ավելի շուտ պետք է հասկանալ «Առա՛ջ, առա՛ջ, առա՛ջ»։
: Նվագախումբը նույնպես վեր ցատկեց և, շեփորները մինչև երկինք բարձրացնելով, «հոու֊հոուի»֊ի տակտով աններդաշնակ ձայներ էր արձակում։
: Սանտա֊կլարականները իրենց կարմիր գլխարկներով գլխահակ լուռ էին։ Ընդմիջումի մոտ հաղթող դուրս եկավ «Խրիստիան֊Տեքսաս» թիմը։ Նոր անարգանք ընկավ «Սանտա֊Կլարայի» խեղճ ուսանողների գլխին։ Ըստ տրադիցիայի, ընդմիջմանը սովորաբար նվագում է հաղթողների նվագախաումբը։ Եվ ահա այն պահին, երբ խաղացողները խոտ թքելով և քթածակերն ու ականջները մտած խոտը քչփորելով, իրենց կարգի էին բերում, որպեսզի պատրաստվեն հետևյալ թայմին, ճարճատեցին թմբուկները, կաղկանձեցին ծնծղաները, և հանդիսավոր երթով դաշտ դուրս եկավ «Խրիստիան֊Տեքսասի» սպիտակ նվագախումբը։ Առջևից գնում էր ավագ թմբկահարը, պարաքայլեր անելով և բարակ մի լախտ վարպետորեն խաղացնելով։ Նվագախումբը կատարում էր համալսարանի քայլերգը։ Ընդ որում, «Սանտա֊Կլարայի» անգործ նստած նվագախումբը այնպիսի տառապանքներ էր կրում, ինչպիսին, հավանաբար, կրել է Վագները, լսելով «Տրավիատայի» ատելի հնչյունները։ Իսկ հակառակորդի ստոր նվագախումբը նվագում էր ու նվագում։ Այժմ երաժիշտները կատարում էին մոդայիկ ֆոքստրոտներ և երգեր, դաշտում իրար հետևից քայլելով, մոտենալով, բաժանվելով և զանազան ֆիգուրներ անելով։ Դիրիժյորը գալարվում էր ամբողջ մարմնով, ոտքերը դոփելով և մարմնով այնպիսի անպատկառ շարժումներ էր անում դիտմամբ, որ ջղայնացնի և ոչնչացնի պարտված թշնամիներին։
: Սկսվեց հետևյալ թայմը։
: Ստադիոնի պատերի հետևում երևում էին Սան֊Ֆրանցիսկոյի վերև և ներքև ձգվող տները, խիտ ու թարմ կանաչին էին տալիս այգիների ծառերը, խոտավետ հրապարակը փայլփլում էր արևի տակ, իսկ օվկինոսից փչող ջրիմուռների, ոստրեների, պատանեկության և երջանկության թեթև բուրմունքը միախառնվում էր վիսկիի դեղատնային քաղցր֊մեղցր հոտի հետ։ Հասարակությունը խանդավառությունը թաքցնելու համար և ի հիշատակ «ցամաք օրենքի», գրպանից հանում էր տափակ շշերը և հենց տրիբունաների վրա վիսկի էր կուլ տալիս՝ ոըղղակի շշի բերանից։
: Ու նորից հետաքրքիր ծեծկռտոց սկսվեց։ Այս անգամ Սանտա֊Կլարան լավ սկսեց։ Պայքարի գիծը գնալով ավելի ու ավելի էր մոտենում քրիստոնեական երիտասարդության դարպասին։ Այդ պահին ոտքի ելան կարմիր գլխարկները։ Եվ սանտա֊կլարացի տղաներն սկսեցին հրահրել իրենց ֆուտբոլիստներին։
: ― Հոու՜, հոու՜, հոու՜, ― բղավում էին նրանք պատանեկան զրնգուն ձայներով։
: «Սանտա֊Կլարայի» նվագախումբը նստարանին ցատկելով, այնպիսի մի երաժշտական շփոթ սարքեց, որ հենց միայն դրանից անիծյալ և լպիրշ քրիստոնեական երիտասարդները հոդս պիտի ցնդեին։ Դատավորի յուրաքանչյուր սուլոցի հետ խաղագիծը մոտենում էր տեխասցիների դարպասին։ Սանտա֊կլարականները տառացիորեն ճակատավ ճամփա էին բացում և նվաճում կանաչ դաշտի դյույմերն ու ֆուտերը։ Բղավոցներից բորբորքված, նրանք խիստ կռանում էին և, հարու տվող այծերի նման, գլխով նետվում դեպի թշնամական փորերից կազմված պատը։
: ― Սանտա֊Կլարա՜, ― մեր վերևում ճղում էին իրենց ինչ֊որ երիտասարդներ։ ― Սանտա֊Կլարա, հոու՜, հոու՜։
: Նրանց աչքերը չռվել էին։ Բերանները լայն բացվել էին։ Մոռացության տված ռետինե ծամոնները կպել էին ատամներին։ Մոտենում էր հատուցման ժամը։
: Եվ հանկարծ սարսափելի բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի բան, որից երկու թշնամի տրիբունաները ոտքի ելան և միասնաբար սրտակեղեք ճիչ արձակեցին, որի մեջ ամեն ինչ կար․ և՛ հաղթանակ, և՛ հպարտություն, և՛ սարսափ։ Մի խոսքով, դա մի համապարփակ ճիչ էր, ամենաբարձր ճիչը, որին միայն ընդունակ են երեսուն հազար մարդիկ։
: «Խրիստիան֊Տեքսասի» լավագույն ֆուտբոլիստը անակնկալ հափռեց գնդակը և սլացավ դեպի «Սանտա֊Կլարայի» դարպասը։ Նա կտրելու էր ամբողջ դաշտը։ Նրան ընդառաջ էին վազում, հետապնդում էին հետևից, փորձում էին կողքից բռնել ոտքը։ «Սանտա֊Կլարայի» ավելի կատաղի պաշտպանները նետվում էին նրա ոտքերի տակ։ Բայց փոքրիկ ֆուտբոլիստը, գնդակը փորին սեղմած, վազում էր հա՛ վազում։ Դա մի տեսակ հրաշք էր։ Նախ՝ վազում էր դաշտի եզրով, ապա՝ շեշտակի թեքվեց դեպի կենտրոն։ Նա ցատկեց ոտքերի տակ նետված սանտա֊կլարացու վրայով և ճարպկորեն խույս տվեց իրեն ձգված տասնյակ ձեռքեից։ Դժվար է նկարագրել հասարակության հուզմունքը։ Վերջապես խաղացողը վազելով անցավ վերջին գիծը և կանգ առավ։ Դա վերջն էր։ «Խրիստիան֊Տեքսասը» տարավ։ Մեր տրիբունան խայտառակվեց։ Դիմացինը՝ բուռն ցնծության մեջ էր։
===Գլուխ երեսուներեքերորդ — Ռուսական բլուր===
: Մենք ֆուտբոլից վերադարձանք հիանալի տրամադրությամբ և սկսեցինք փոխառփոխ պատմել Ադամսներին մեր ֆուտբոլային տպավորությունները։ Ադամսները ֆուտբոլ չէին եկել մեզ հետ, որոշելով այդ ժամանակն օգտագործել փոստ գնալու համար։
: ― Ինձ հետ մի խոսեք ֆուտբոլի մասին, ― ասաց մեզ միստեր Ադամսը։ Դա զարհուրելի բարբարոս խաղ է։ Չէ՛, լուրջ, ցավալի է լսել, երբ դուք խոսում եք ֆուտբոլի մասին։ Փոխանակ սովորելու, երիտասարդ մարդիկ զբաղվում են սատանան գիտե, թե ինչով։ Չէ՛, լուրջ, չխոսենք այդ հիմարությունների մասին։
: Միստեր Ադամսի տրամադրությունը ինչ֊որ բանից փչացած էր։ Նրա արջև դրված էր թվերով և ինչ֊որ խճճագրերով խզբզված մի մեծ թուղթ և փոքրիկ ծանրոց։
: ― Այսպես, ուրեմն, Բեկկի, ― ասաց նա, ― գլխարկը դեռ Սան֊Ֆրանցիսկո չի հասել։ Բայց չէ՞ որ մենք Սանտա֊Ֆե կարգադրություն ենք արել , որպեսզի գլխարկը հատկապես Սան֊Ֆրանցիսկո ուղարկեն։
: ― Դու հաստա՞տ հիշում ես, որ Սան֊Ֆրանցիսկո, ― հարցրեց միսիս Ադամսը։ ― Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ վերջին անգամ խնդրել էիր գլխարկն ուղարկել Լոս֊Անժելոս։
: ― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, այդպես մի՛ ասա։ Ինձ մոտ ամեն ինչ գրված է։
: Միստեր Ադամսը հանեց ակնոցը և, թուղթը աչքերին մոտեցնելով, սկսեց վերլուծել իր գրառումները։
: ― Այո՛, այո, այո՛, ― քրթմնջում էր նա, ― ահա՛։ Ըստ վերջին տեղեկությունների, գլխարկը Դետրոթից ուղարկվել է Չիկագո։ Հետո Սան֊Լուի։ Բայց քանի որ մենք Սան֊Լուի չգնացինք, ես գրավոր կարգադրություն արեցի գլխարկն ուղարկել Կանզաս։ Երբ Կանզասում էինք, գլխարկը դեռ չէր հասել այնտեղ։
: ― Լա՛վ, ― ասաց միսիս Ադամսը, այդ ես հիշում եմ։ Սանտա֊Ֆեում մոռացանք փոստ գնալ, և նրանց նամակ գրեցիր Լաս֊Վեգասից։ Հիշու՞մ ես, դրա հետ մեկտեղ բանալին ուղարկեցիր Գրենդ֊Կենյոն։ Հասցեները հո չե՞ս շփոթել։
: ― Ա՛խ, Բեկկի, ինչպես կարող ես այդպես մտածել, ― հառաչեց միստեր Ադամսը։
: ― Այդ դեպքում սա ի՞նչ ծանրոց է, ― բացականչեց Բեկկին։ ― Այնքան փոքր է, որ նրա մեջ գլխարկ չի կարող լինել։
: Ադամս ամուսինները հենց նոր էին եկել փոստից և չէին հասցրել ծանրոցը բացել։ Արկղիկը բացում էին երկար և խնամքով, տաք֊տաք քննարկելով, թե ինչ կարող է պարունակվել նրա մեջ։
: ― Հանկարծ ու իմ ժամացույցը լինի Գրենդ֊Կենյոնից, ― նկատեց միստեր Ադամսը։
: ― Ինչպե՞ս կարող է ժամացույցը գալ Գրենդ֊Կենյոնից, եթե արկղիկն ուղարկվել է Սանտա֊Ֆեից։
: Ծանրոցը վերջապես բացեցին։ Մեջը դրված էր վրան «82» թիվ խփած պղնձե թիթեղիկով բանալին։
: Հենց այդպես էլ կա, ― բացականչեց միսիս Ադամսը։
: ― Ի՞նչը «հենց այդպես էլ կա», Բեկկի, ― շողոքորթությամբ հարցրեց միստեր Ադամսը։
: ― Հենց այդպես էլ կա։ Սա Գրենդ֊կենյոնի համարի բանալին է, որ սխալմամբ ուղարկել ես Սանտա֊Ֆեի փոստը։ Իսկ գլխարկ ուղարկելու կարգադրությունն, անշուշտ, ուղարկել ես Գրենդ֊կենյոն, կեմպ։ Ես կարծում եմ, իմ նվիրած ժամացույցը վերադաարձնելու խնդրանքը նույնպես Գրենդ֊կենյոնի փոխարեն ընկել է Սանտա֊Ֆե։
: ― Նո՜, Բեկկի, մի խոսիր այդպես չմտածված, ― քրթմնջաց միստեր Ադամսը։ ― Ինչու, անպայման ե՞ս եմ մեղավոր ամեն բանում։ Չէ՛, լուրջ, Բեկկի, ես քեզ արդարացիության կոչ եմ անում։ Մանավանդ որ այդ ամենը հեշտ կարելի է ուղղել։ Մենք կգրենք․․․ Այո․․․ ու՞ր կգրենք։
: ― Նախ և առաջ պետք է ուղարկել բանալին և այս անիծված շալը, որ բերել ես Ֆրեզնոյից։
: ― Բայց, Բեկկի, չէ՞ որ Ֆրեզնույում հեռադիտակ են թողել, իսկ դա, կարծում եմ, շալից թանկ է։
: ― Լա՛վ։ նշանակում է, բանալին՝ Գրենդ֊կենյոն, շալը՝ Ֆրեզնո, իսկ Սանտա֊Ֆե՝ ժամացույցի վերաբերյալ․․․ Այսինքն ոչ, ժամացույցի վերաբերյալ՝ Գրենդ֊կենյոն, իսկ Սանտա֊Ֆե, նախ և առաջ, պետք է ուղարկել ներողություն։ Այնուհետև․․․
: ― Իսկ գլխա՞րկը, Բեկկի, ― սիրալիր հարցրեց միստեր Ադամսը։
: ― Սպասիր։ Հա՛, գլխարկը։ Գլխարկի հետ կվարվենք այսպես։
: Այդ պահին լսվեց դռան թխկոց, և սենյակ մտավ հաղթանդամ մի մարդ, լայն ու կլոր ուսերով և մեծ կլոր դեմքով, որի վրա դրված էր կոճակավոր փոքրիկ կեպի։ Այդ մարդը, ըստ երևույթին, զգալով իր մարմնի ծավալը, ջանում էր բոլորովին փոքր քայլեր անել և, ընդ որում, որքան հնարավոր է կամաց դնել ոտքերը։ Այնուամենայնիվ, պարկետը ճռճռաց նրա ոտքերի տակ, ասես դաշնամուր քարշ տվեցին սենյակ։ Անծանոթը կանգ առավ, բարակ ծորուն ձայնով և հիանալի ռուսերենով ասաց․
: ― Բարև ձեզ։ Ձեզ մոտ եմ եկել մոլոկանների համայնքից։ Համեցեք մեզ մոտ։ Այդ արդեն մեզանում կարգ է, հենց որ Ռուսաստանից մարդ է գալիս․․․ Խնդրում եմ շնորհ արեք մեր մոլոկանների թեյախմությանը։ Հետս ավտոմոբիլ եմ բերել, այնպես որ, մի անհանգստացեք։
: Մենք շատ էինք լսել Սան֊Ֆրանցիսկոյում ապրող հայրենիքից կտրված, բայց հնդկացիների պես իրենց լեզուն, բարքերն ու սովորությունները պահպանած ռուս մոլոկանների մասին։
: Հինգ րոպե անց, միստեր Ադամսը և մոլոկանների համայնքի պատվիրակը արդեն բարեկամներ էին։ Միստեր Ադամսը ցույց տվեց նյութի լավ իմացություն և ոչ մի անգամ մոլոկաններին չշփոթեց դուխոբորների կամ շաբաթականների հետ։
: Ճանապարհին, Ռուսական բլուր գնալիս, որտեղ ապրում են Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները, մեզ ուղեկցողը պատմում էր իրենց վերաբնակեցման պատմությունը։
: Մի ժամանակ, շատ վաղուց, մոլոկաններն ապրելիս են եղել Վոլգայի շրջակայքում։ Ցարական կառավարությունը նեղում էր, նրանց մոտ տերտերներ և միսիոներներ ուղարկում։ Մոլոկանները անձնատուր չէին լինում։ Այդ ժամանակ նրանց գաղթեցրին Կովկաս, Կարսի շրջանում ինչ֊որ տեղ։ Նրանք այնտեղ, նոր տեղում էլ սկսեցին անել այն, ինչ արել էին դարեր շարունակ՝ հացահատիկ ցանել։ Բայց գնալով դժվարանում էր ապրելը, հետապնդումներն ավելի կատաղի էին դառնում, և մոլոկանները որոշեցին թողնել հայրենի երկիրը, որը խորդ մայր էր դարձել իրենց համար։ Ու՞ր գնալ։ Մարդիկ գնում են Ամերիկա։ Իրենք էլ հինգ հարյուր ընտանիքով գնացին Ամերիկա։ Այդ հազար ինը հարյուր երկու թվականին էր։ Ինչպե՞ս ընկան Սան֊Ֆրանցիսկո։ Մի կերպ։ Մարդիկ գնում էին Սան֊Ֆրանցիսկո։ Իրենք էլ գնացին Սան֊Ֆրանցիսկո։ Մեր հսկա ուղեկիցը տեսքից քառասուն տարեկան կլիներ։ Նշանակում է, նա Ամերիկա է ընկել, երբ եղել է վեցամյա երեխա։ Բայց սա մի այնպիսի ռուս մարդ էր, որ անգամ չէիր հավատա, թե նա իբր անգլերեն խոսել գիտե։ Ամերիկայում մոլոկանները ուզում էին առաջվա պես զբաղվել երկրագործությամբ, բայց հող գնելու փող չկար։ Եվ նրանք գնացին նավահանգիստ աշխատելու։ Այդ օրվանից Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները բեռնակիրներ են։ Քաղաքում մոլոկանները բնակություն հաստատեցին մի բլրի վրա, հետզհետե տներ կառուցեցին, մի փոքրիկ աղոթարան շինեցին, որին հանդիսավոր կերպով անվանում են «Մոլոկան֊չերչ», ռուսական դպրոց կառուցեցին, և բլուրը սկսեց կոչվել «Ռուսական բլուր»։ Հոկտեմբերյան հեղափոխությունը մոլոկանները դիմավորեցին ոչ մոլոկոնավարի, այլ պրոլետավարի։ Նախ և առաջ՝ նրանց մեջ խոսեց բեռնակիրը, նոր հետո մոլոկանը։ Իրենց կյանքում առաջին անգամ նրանք զգացին, որ հայրենիք ունեն, որ այն դադարել է իրենց խորթ մայր լինելուց։ Կոլեկտիվացման օրերին հարգարժան մոլոկան ծերունիներից մեկը նամակ էր ստացել Սովետական Միության իր մի ազգականից, որով իրենից խորհուրդ էին հարցնում՝ կոլխոզ մտնե՞լ, թե՞ չմտնել։ Նրանք գրում էին, որ Սովետական Միությունում ապրող մեկ ուրիշ մոլոկան ծերուկ հակառակ խորհուրդ է տալիս՝ կոլխոզ չմտնել։ Եվ ծեր մարդը, ոչ այնքան հին մոլոկան քարոզիչը, որքան հին սան֊ֆրանցիսկյան բեռնակիրը, պատասխանել էր նրանց՝ մտնել։ Այդ ծերունին հպարտությամբ ասում էր մեզ, որ հիմա հաճախ շնորհակալական նամակներ է ստանում իր ազգականներից։ Երբ Սան֊Ֆրանցիսկո էր եկել Տրոյանովսկին, իսկ հետո՝ Շմիդտը, մոլոկանները ծաղիկներով էին դիմավորել նրանց։
: Մենք երկար գնում էինք քաղաքով՝ բլուրից բլուր բարձրանալով։ Կարծեմ, անցանք չինական թաղամասը։
: ― Ահա՛ և Ռուսական բլուրը, ասաց մեր զորեղ դրայվերը, լծակը երկրորդ արագության վրա փոխադրելով։
: Մեքենան բզզաց և սկսեց դժվարությամբ վեր բարձրանալ գետաքարի սալարկով։
: Չէ, այստեղ ոչինչ չէր հիշեցնում Սան֊Ֆրանցիսկոն։ Այս փողոցը ավելի շուտ նմանվում էր հին Տուլայի կամ Կալուգայի ծայրամասին։ Մենք կանգ առանք արտասանդուխքով մի փոքրիկ տնակի առջև և ներս մտանք։ Առաջին սենյակում, ուր պատերից կախված էին հնօրյա լուսանկարներ և ամսագրերից պոկած նկարներ, լիքը ժողովուրդ կար։ Այստեղ կային մորուքավոր, ակնոցավոր տարեց մարդիկ։ Կային և ավելի ջահելներ՝ պիջակներով, որոնց տակից երևում էին ռուսական վերնաշապիկներ։ Ճիշտ այդպիսի զգեստ էին հագնում ռուս բանվորները մինչև հեղափոխությունը տոն օրերին։ Բայց ամենից ուժեղ տպավորություն գործեցին կանայք։ Ուզում էինք նույնիսկ ձեռքերով աչքներս շփել, հավաստիանալու համար, որ նման կանայք կարող են լինել հազար ինը հարյուր երեսուն վեց թվականին, և այդ ոչ թե հին Ռուսաստանի խուլ անկյուններից մեկում, այլ բենզինա֊էլեկտրական Սան֊Ֆրանցիսկոյում, աշխարհի մյուս ծայրում։ Նրանց մեջ մենք տեսանք սպիտակադեմ և կարմրադեմ ռուս գեղջկուհիներ՝ տոնական փոթավոր կոֆտաներով և լայն շրջազգեստներով, որոնց ձեևը մի ժամանակ բերվել է Ռուսաստանից և այնպես էլ քարացած, առանց որևէ փոփոխության մնացել Սան֊Ֆրանցիսկոյում, տեսանք մարգարեի աչքերով հաղթանդամ պառավներ։ Պառավները չթե գլխաշորով էին։ Այդ դեռ ոչինչ։ Բայց որտեղի՞ց էին ճարել այդ իսկական սիսեռահատիկներով ցինդելյան չիթը։ Կանայք խոսում են մեղմորեն և կլորբերան, երգում օյահունչ ձայներով և, ինչպես ընդունված է, ձեռք էին տալիս բաց ափով։ Նրանցից շատերը անգլերեն խոսել բոլորովին չգիտեին, թեև գրեթե ամբողջ կյանքը ապրել էին Սան֊Ֆրանցիսկոյում։ Ժողովը հիշեցնում էր հին գյուղական հարսանիք․ երբ բոլորն արդեն հավաքվել են, բայց ուրախությունը դեռ չի սկսվել։
: Տղամարդիկ ամենքն էլ բարձրահասակ էին ու թիկնեղ, ինչպես այն առաջինը, որ եկել էր մեր հետևից։ Ունեին հսկայական ձեռքեր՝ բեռնակրի ձեռքեր։
: Մեզ հրավիրեցին ներքև, բավական ընդարձակ նկուղային հարկաբաժինը։ Այնտեղ դրված էր նեղ ու երկար մի սեղան՝ վրան լիքը կարկանդակներ, թթու վարունգ, քաղցր հաց, խնձորներ։ Պատից կախված էին Ստալինի, Կալինինի և Վորոշիլովի լուսանկարները։ Բոլորը սեղան նստեցին և սկսեցին զրույցը։ Մեզ հարցուփորձ էին անում կոլտնտեսությունների, գործարանների, Մոսկվայի մասին։ Մատուցեցին բաժակներով թեյ, և հանկարծ մոլոկաններից ամենահսկան, պողպատե ակնոցով և ալեհեր մորուքով բավական տարեց մի մարդ, խոր շնչեց և սկսեց երգել արտասովոր բարձր ձայնով, սկզբում նույնիսկ թվաց, թե չերգեց, այլ բղավեց։
: Извела меня кручина,
: Подколодная змея,
: Догорай, моя лучина,
: Догорю с тобой и я.
: Նրան ձայնակցեցին բոլոր տղամարդիկ ու կանայք։ Երգում էին այնպես, ինչպես երգն սկսողը՝ ամբողջ ձայնով։ Այդ երգեցողության մեջ ոչ մի նրբերանգ չկար։ Երգում էին միայն ֆորտիսսիմո, միմիայն ֆորտիսսիմո, որքան ուժ ունեին, ջանալով խլացնել մեկմեկու։ Տարօրինակ, սկզբում փոքր֊ինչ անախորժ, երգը գնալով ավելի ներդաշնակ էր դառնում։ Ականջն արագորեն ընտելանում էր դրան։ Չնայած բարձրաձայն՝ այնտեղ ինչ֊որ թախիծ կար։ Առանձնապես լավ էին կանանց բարձր նոտաները մոլեգնաբար հնչեցնող ձայները։ Այդպիսի սուր և տխուր ձայներ սփռվում էին ինչ֊որ տեղ դաշտերի վրա, մթնշաղին, խոտհնձից հետո, անդուլ կերպով ղողանջում էին, դանդաղ մարելով և վերջապես միախառնվելով ծղրիդների ճռռոցի հետ։ Մարդիկ երգել են այդ երգը Վոլգայի վրա, հետո Կարսի մոտերքը՝ քրդերի և հայերի շրջապատում։ Հիմա երգում են Կալիֆոռնիա նահանգի Սան֊Ֆրանցիսկոյում։ Եթե քշես նրանց Ավստրալիա, Պատագոնիա, Ֆիջիի կղզիները, նրանք այնտեղ էլ կերգեն այդ երգը։
: Երգ ― ահա այն, ինչ մնացել է նրանց Ռուսաստանից։
: Հետո ակնոցավոր մարդը աչքով արեց մեզ և երգեց․
: Вышли мы все из народа,
: Дети семьи трудовой,
: Братский союз и свобода ―
: Вот наш девиз боевой.
: Միստեր Ադամսը, որն արդեն մի քանի անգամ սրբել էր աչքերը և ավելի էր հուզվել, քան նախկին միսիոների հետ քաջարի նավաստու հնդկացիների մասին խոսելիս, չդիմացավ և սկսեց երգել մոլոկանների հետ։
: Բայց այստեղ մեզ սյուրպրիզ էր սպասում։ «Սև օրերը ահա անցան, մոտ է ժամը հատուցման» խոսքերի մեջ մոլոկաններն իրենց գաղափարական ուղղումն են մտցրել։ Նրանք երգեցին այսպես․ «Սև օրերը ահա անցան, Քրիստոսն ուղի ցույց տվեց մեզ»։ Միստեր Ադամսը, հին անաստվածն ու մատերիալիստը, խոսքերին ուշադրություն չդարձնելով, շարունակում էր առույգ երգել՝ բերանը լայն բացելով։
: Երբ երգը ավարտվեց, մենք հարցրինք, թե ինչ է նշանակում տեքստի այդ փոփոխությունը։
: Երգն սկսողը նշանակալից աչքով արեց մեզ և ասաց․
: ― Մենք երգարան ունենք։ Երգարանով ենք երգում։ Միայն թե սա բապտիստական երգ է։ Մենք այն հատկապես ձեզ համար երգեցինք։
: Նա ցույց տվեց խիստ քրքրված մի գրքույկ։ Նախաբանում ասված էր․
: «Երգերը լինում են հանդիսավոր, թաղծալի և միջին»։
: «Քրիստոսն ուղի մեզ ցույց տվեց»֊ը հավանորեն միջինն էր։
: Մեզ հաճույք պատճառելու համար մոլոկանները մեծ ոգևորությամբ երգեցին «Ինչպես մայրս հարազատ ճամփու դրեց ինձ» երգը։ Երգեցին ամբողջությամբ, տող առ տող, հետո, էլի երկար ժամանակ երգում էին ռուսական երգեր։
: Հետո նորից զրուցեցինք։ Խոսում էինք զանազան հարցերի շուրջը։ Մեզ հարցուփորձ էին անում, թե չի կարելի արդյոք կազմակերպել մոլոկանների վերադարձը հայրենիք։
: Մեր կողքին երկու ծերունի վիճում էին։
: ― Արևի տակ ողջ ստրկությունը առաջ է եկել տերտերներից, ― ասաց ծերունիներից մեկը։
: Մյուս ծերուկը համաձայնեց դրան, բայց համաձայնեց վեճի տոնով։
: ― Մենք երկու հարյուր տարի տերտերներին չենք վճարել, ― բացականչեց առաջինը։
: Երկրորդը դրան էլ համաձայնեց, բայց դարձյալ վեճի տոնով։
: Մենք այդ երկուհարյուրամյա գժտուցյանը չխառնվեցինք։
: Ժամանակն էր գնալու։ Մենք հրաժեշտ տվինք մեր սրտաբաց տանտերերին։ Վերջում, արդեն կանգնած, մոլոկանները կրկնեցին «Ինչպես մայրս հարազատ ճանփու դրեց ինձ», և մենք փողոց դուրս եկանք։
: Ռուսական բլրից լավ երևում էր լուսացայտ քաղաքը։ Այն տարածվում էր հեռուները, բոլոր կողմերի վրա։ Ներքևում եռում էին ամերիկյան, իտալական, չինական և պարզապես ծովային կրքերը․ կառուցվում էին հիանալի կամուրջներ, կղզու ֆեդերալ բանտում նստել էր Ալ֊Կապոնեն, իսկ այստեղ, մի ինչ֊որ կամավոր բանտում, նստած էին մարդիկ իրենց ռուսական երգերով ու ռուսական թեյով, նստել էին իրենց կարոտով՝ հաղթանդամ, գրեթե հսկա մարդիկ, որոնք կորցրել էին հայրենիքը, բայց ամեն րոպե հիշում էին․․․
===Գլուխ երեսունչորսերորդ — Նավապետ իքսը===
: Ափսոսում էինք, որ պետք է թողնենք Սան֊Ֆրանցիսկոն։ Բայց Ադամսներն անդրդվելի էին․ ամբողջ ճանապարհորդությունը պիտի տևեր երկու ամիս և ոչ մի օր ավելի։
: ― Այո՛, այո՛, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսն ուրախությունից փայլելով, մենք վաթսուն օրից ավելի չպետք է տանջենք մեր բեբիին։ Այսօր մենք նամակ ենք ստացել։ Անցյալ շաբաթ բեբիին տարել են կենդանաբանական այգի և ցույց են տվել ակվարիում։ Երբ բեբին միանգամից այդքան ձուկ է տեսել, բացականչել է՝ «No more fich!» ― «Էլ ձուկ պետք չէ»։ Մեր բեբին տխրում է։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, մենք պետք է գնանք որքան կարելի է շուտ։
: Խոր ափսոսանքով մենք վերջին անգամ անցանք Սան֊Ֆրանցիսկոյի գեղատեսիլ սապատավոր փողոցներով։ Ահա այս փոքրիկ պուրակում կարող էինք նստել նստարանին և չնստեցինք, այս աղմկոտ փողոցում կարող էինք զբոսնել, բայց ոչ մի անգամ չենք եղել այստեղ, ահա այս չինական ռեստորանում կարող էինք հրաշալի նախաճաշել, բայց, չգիտես ինչու, չնախաճաշեցինք։ Բա անառականոցնե՜րը, անառականոցնե՜րը։ Ախր մենք մոռացել էինք ամենագլխավորը․ հին Ֆրիսկոյի նշանավոր անառականոցները, որտեղ նավապոտներն իրար գլուխ են ջարդում ռոմի հաստ շշերով, որտեղ մալայացիները պարում են սպիտակ աղջիկների հետ, որտեղ ափիոնից ապուշ են կտրում խաղաղաբարո չինացիները։ Ա՜խ, մոռացել էինք, մոռացել։ Եվ արդեն ոչինչ անել չէինք կարող, պետք էր մեկնել։
: Մենք քանի գնում հեռանում էինք Սան֊Ֆրանցիսկոյից, սլանալով օվկիանոսի երկարությամբ գցված ճանապարհով։ Դեռ երեկ մենք Կալիֆոռնիայի համալսարանում էինք։ Տեսանք սլավոնական գրականության պրոֆեսոր միստեր Կաունին, և նա Լև Տոլստոյի թաթարերեն լեզվով պատմվացքների գիրքը ձեռքին բռնած, իր ուսանողներին պատմում էր ՍՍՌՄ ազգային քաղաքականության, ժողովուրդների կուլտուրական զարգացման մասին։ Փոքրահասակ, ալեհեր նրբագեղ պրոֆեսորն իր դասախոսությունը համեմում էր սրամտություններով, մի քանի տասնյակ երիտասարդներ ուշադիր լսում էին կյանքի նոր ու զարմանալի ապրելաձև ունեցող հեռավոր երկրի մասին։ Երեկոն անցկացրինք պրոֆեսորի տանը, Բյորկլիի մոտ, Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցի ափին։ Միստեր Կաունը իր լավագույն ուսանողներից տասնհինգ հոգու հրավիրել էր իր տունը։ Բոցկլտում էր բուխարիկը, երիտասարդ տղաներն ու աղջիկները նստել էին հատակին, շատախոսում էին, չինական ընկույզ էին չրթացնում։ Աղջիկներից մեկը վեր կացավ, գնաց ինչ֊որ տեղ և տասը րոպեից վերադարձավ թաց ու հերարձակ մազերով, ինչպես ջրահարս։ Նա լողացել էր ծովախորշում։ Խոհանոցում, փայտե մեծ արկղի մեջ քնել էին վեց նորածին շան լակոտներ։ Պրոֆեսորը հաճախ գնում էր այնտեղ և հիացմունքիցհալվելով, ձեռքերը ծալած, նայում էր շնիկներին։ Հետո մենք դուրս եկանք ծովախորշի ափը և լուսնի շողերով լուսավորված, թափառում էինք ավազոտ լողափով։ Երիտասարդները նստեցին շրջան կազմած և խմբով երգեցին մի քանի ուսանողական երգեր։ Նախ կատարվեց «արջերի» մարտական երգը, որն ուղղված էր ստանֆորդյան ուսանողների՝ ֆուտբոլի դաշտի Կալիֆոռնիայի համալսարանի այդ ոխերիմ թշնամիների դեմ։ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներն իրենց «արջեր» էին անվանում։ Մի կուշտ երգելուց հետո (երգում էին բավական ներդաշնակ, բայց նվազ ձայնով, մի մոլոկան կարող էր նրանց խլացնել իր ձայնով) նրանք պատմեցին մեզ, որ Կալիֆոռնիայի համալսարանում սովորում է վաթսունչորսամյա մի ուսանող։ Դրա շարժառիթը ո՛չ միայն արտակարգ սերն է գիտելիքների հանդեպ։ Կա ևս մի հանգամանք։ Վաղուց, շատ վաղուց, երբ ավելի քան ծեր ուսանողը եղել է պատանի, նա ժառանգություն է ստացել իր հորեղբորից։ Համաձայն կտակի, ժառանգը այդ ահագին կապիտալի տոկոսներից օգտվելու էր այնքան ժամանակ, մինչև որ ավարտեր համալսարանը։ Դրանից հետո ժառանգությունը գործադրվելու էր բարեգործական նպատակներով։ Այսպիսով, բիզնեսմեն֊հորեղբայրը ցանկացել էր մի հարվածով երկու նապաստակ սպանել․ կրթության տալ ազգականին և աստծու առաջ քավել արագ հարստանալու հետ անխուսափելիորեն կապված մեղքերը։ Բայց ազգականը պակաս բիզնեսմեն դուրս չեկավ, քան հորեղբայրը։ Նա գրվեց համալսարանում և այդ օրվանից ուսանող է համարվում և ստանում կապիտալի տոկոսները։ Արդեն վաթսուն տարի է, շարունակվում է այդ ստորությունը, և հանգուցյալ բիզնեսմեն֊հորեղբայրը ոչ մի կերպ չի կարողանում դժոխքից քոչել դրախտ։ Մի խոսքով, զվարճալի դեպք՝ կալիֆոռնյան համալսարանի պատմության մեջ։
: Այդ ամենը երեկ էր, իսկ այսօր, օվկիանոսային քամիով հովհարված՝ սլանում ենք «Ոսկե նահանգով, դեպի Լոս֊Անժելոս ուղղություն վերցրած։ Մոնտերեյ քաղաքով անցնելիս մի փայտաշեն տնակի առջև տեսանք հուշատախտակ․ «Այստեղ ապրել է Ռոբերտ Լյուսի Ստիվենսոնը՝ 1879 թվականի երկրորդ կեսին»։ Մենք գնում էինք ոչ միայն հարմար ու գեղեցիկ, այլև մի տեսակ պճնագեղ ճանապարհով։ Շուրջն ամեն ինչ պճնազարդ էր երևում․ և՛ պայծառ տնակները, և՛ արմավենիները, որոնց տերևներն այնպես էին փայլում, ասես հենց նոր ներկել էին էմալե կանաչ ներկով, և՛ երկինքը, որի տեսքը պարզորոշ ցույց էր տալիս, թե անհուսալի բան է այստեղ ամպ տեսնելը։ Միայն օվկիանոսն էր որոտում և մոլեգնում, ինչպես անբարեկիրթ ազգականը՝ օրինավոր ընտանիքում, անվանակոչության տոնին։
: ― Պարոնա՛յք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք անցնում եք Միացյալ Նահանգների այն սակավաթիվ վայրերից մեկով, որտեղ ռանտիեներ են ապրում։ Ամերիկան Ֆրանսիա չէ, որտեղ ամեն քաղաքում ռանտիեի հանդիպեք։ Ամերիկացիները գրեթե ոչ մի ժամանակ կանգ չեն առնում նախապես նշված գումարի վրա, նրանք շարունակում են ձեռք բերել ու ձեռք բերել։ Բայց գտնվում են տխմարներ, որոնք հանկարծ որոշում են անձնատուր լինել հանգստի։ Ավելի հաճախ դրանք լինում են ոչ շատ հարուստ մարդիկ, որովհետև հարուստ մարդը իր համար Կալիֆոռնիա կարող է ստեղծել նույնիսկ Նյու֊Յորքի իր տանը։ Կալիֆոռնիան հրապուրում է կյանքի էժանությամբ և կլիմայով։ Նայեցե՛ք, նայեցե՛ք։ Այն տնակներում, որոնց միջով հիմա անցնում ենք, ապրում են փոքրիկ ռանտիեներ։ Բայց Կալիֆոռնիայում միայն ռանտիեներ չեն ապրում։ Երբեմն հանդիպում են մարդկային առանձնահատուկ ցեղի ներկայացուցիչներ՝ ամերիկյան լիբերալներ։ Պարոնա՛յք, մեր արմատական մտավորականներն ազնիվ ու լավ մարդիկ են։ Այո՛, այո՛, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկան, միայն ստանդարտ է, դոլարի հետևից ընկնել է միայն, միայն բրիջ կամ պոկեր խաղ։ Նո՛, նո՛, պարոնայք։ Հիշեցեք այն երիտասարդ միստերին, որի մոտ վերջերս մի երեկո անցկացրինք։
: «Երիտասարդ միստերը»՝ Ադամսի հին ծանոթը, սերվել էր արիստոկրատ ընտանիքից։ Նրա ծնողները շատ հարուստ են եղել։ Նա ստացել է հիանալի դաստիարակություն, և նրան սպասում էր հոգսերից ու մտքերից ազատ, թեթև ու նրբին կյանք՝ երեք ավտոմոբիլով, գոլֆով, գեղեցիկ ու քնքուշ կնոջով, ընդհանրապես այն ամենով, ինչ միայն կարող է տալ հարստությունը և պիոներական ընտանիքից սերած լինելը, ընտանիք, որի նախնիները « Մեյֆլաուեր» են իջել մի քանի դար առաջ։ Բայց այս ամենից «երիտասարդ միստերը» հրաժարվել է։
: Մենք նրա մոտ եկանք ուշ երեկոյան (դա մի մեծ արդյունաբերական քաղաքում էր)։ Նա ապրում էր վարձու բնակարանում, որը բաղկացած էր մի ընդարձակ սենյակից՝ գազի բուխարիկով, գրամեքենայով, հեռախոսով և գրեթե առանց կահույքի։ Տանտերն ու իր կինը, վերջինս գերմանական կոմկուսակցության անդամ, ամերիկացիներին ոչ հատուկ գունատություն ունեին։ Դա գունատություն էր այն մարդկանց, որոնց աշխատանքային օրը կարգավորված չէ և շատ հաճախ տևում է կեսգիշերից էլ ուշ, մարդիկ, որոնք ոչ ժամանակ ունեն, ոչ փող՝ սպորտով զբաղվելու, մարդիկ, որոնք սնվում են ինչպես պատահեց և որտեղ պատահեց և ամբողջովին նվիրված են ընտրած գործին։
: Համոզվելով կապիտալիստական կարգերի անիրավացիության մեջ, երիտասարդ մարդը չսահմանափակվեց հաճելի, հոգին բարձրացնող գրքեր կարդալով, բոլոր հետևություններն արեց, գնաց մինչև վերջ, լքեց հարուստ հորը և մտավ կոմունիստական կուսակցության մեջ։ Հիմա նա կուսակցական աշխատող է։
: Մեզանից հետո, կես ժամ անց, եկավ ևս մի հյուր՝ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարը։ Կահույքը չհերիքեց, և տանտերը նստեց հատակին։ Մեր առջև ամերիկյան կոմունիզմի երկու տիպիկ ներկայացուցիչներն էին՝ բանվոր կոմունիստ և մտավորական կոմունիստ։
: Քարտուղարը ջահել էր, այտոսկրոտ, նման մոսկովյան կոմերիտականի։ Թվում էր, թե լիակատար նմանության համար պակասում էր միայն կեպին՝ քիվի պես կախված երկար հովարով։ Նա նավաշինարանի բանվոր էր և հիմա նավահանգստային բեռնակիրների մեծ գործադուլ էր անցկացնում։
: ― Մենք արդեն մի քանի զոհեր ենք տվել, բայց պայքարելու ենք մինչև վերջ, ― ասաց նա։ ― Երեկ գիշեր ոստիկանությունը փորձեց շտրեյխբրեխեներ բերել շոգենավերը։ Նրանք սկսեցին նեղել մեր ուղեկալորդներին և գործի դրին ատրճանակներ։ Ոստիկաններն ընդհարման վայրը լուսավորեցին լուսարձակով։ Բանվորներից շատերին ձերբակալություն էր սպառնում։ Այդ ժամանակ մերոնցից մեկը ճեղքելով մոտեցավ լուսարձակին և մի քար նետեց ապակու վրա։ Լուսարձակը հանգավ, մթության մեջ բանվորներին հաջողվեց պահել իրենց դիրքերը և մոտ չթողնել շտրեյխբրեխերներին։ Այս գործադուլը դժվար է անցկացնել, որովհետև մեզանում արհեստակցական շարժման միասնություն չկա․ բեռնակիրները գործադուլ են անում, իսկ ծովայիններն աշխատում են։ Իհարկե, տերերն օգտվում են դրանից և բեռներն ուղարկում են ատլանտիկյան նավահանգիստները։ Այդ բանը թանկ է նստում նրանց, բայց հիմա նրանց համար խնդիրը փողը չէ։ Նրանք մեզ կոտրել են ուզում։ Մենք, այնուամենայնիվ, շատ ենք աշխատում արհեստակցական շարժման միասնության վրա և հաջողության հույս ունենք։
: Նա հանկարծ մտասուզվեց և ասաց․
: ― Թե կարողանայինք գետ որևէ մի ավտոմոբիլ ճարել, թեկուզ ամենահինը։ Ես մի ահագին շրջան ունեմ։ Երբ անհրաժեշտ է լինում կուսակցական գործերով որևէ տեղ գնալ, դուրս եմ գալիս ճանապարհ և բարձրացնում բութ մատս։ Բութ մատը միակ միջոցն է, որ հնարավորություն է ստեղծում դեսուդեն գնալու համար։
: Նա խոսեց այն երեսուն դոլարի մասին, որն անհրաժեշտ է պայքար սկսելու սոխի պլանտացիաներում մեքսիկացիներին և ֆիլիպինցիներին միջնադարյան շահագործման ենթարկելու դեմ։ Բայց այդ երեսուն դոլարը չկար։ Դեռ պետք էր ճարել։
: Կուսակցական աշխատողներից մի քանիսը ապրում են շաբաթական երկու դոլարով։ Սա ծիծաղելի թիվ է միլիոնատերերի երկրի համար։ Բայց ինչ կա որ, իրենց խղճուկ փշրանքներով նրանք արիաբար պայքարի են ելել մորգանների դեմ․․․ Եվ հաջողություն ունեն։ Մորգաններն իրենց միլիարդներով և հզոր մամուլով վախենում և ատում են նրանց։
: Միսիս Ադամսը մեր տանտիրոջ կնոջ հետ վաղուց գնացել էր ինչ֊որ տեղ և հենց նոր վերադարձան՝ հացով ու երշիկով։ Մինչ մենք կվերջացնեինք մեր խոսակցությունը, նրանք բուտերբրոդներ էին պատրաստում երերուն սեղանի վրա։ Մի տեսարան, որի մասին մեզանում գիտեն միայն հազար ինը հարյուր հինգ թվականի նախօրյակին ռուս հեղափոխականների կենցաղը պատկերող թանգարանային նկարներից։
: ― ․․․ Այո՛, միստեր Իլֆ և միստեր Պետրով, ես տեսնում եմ, որ հիշեցիք այդ լավ մարդկանց, ― շարունակեց Ադամսը։ ― Ամերիկացիները գիտեն հրապուրվել գաղափարներով։ Բայց քանի որ նրանք ընդհանրապես գործարար մարդիկ են և գիտեն աշխատել, ապա հեղափոխական շարժման մեջ էլ նրանք զբաղվում են գործով և ոչ թե շաղակրատանքով։ Դուք տեսաք այդ քարտուղարին։ Շատ գործարար երիտասարդ է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, պարոնայք, կանգ առնել Կարմելում, դուք այնտեղ կտեսնեք ավելի հետաքրքիր մարդկանց։ Կարմելում ապրում է Լինկոլն Ստեֆենսը։ Պարոնայք, դա Ամերիկայի լավագույն մարդկանցից մեկն է։
: Ճանապարհը մերթ մոտենում էր օվկիանոսին, մերթ վերստին հեռանում նրանից։ Երբեմն անցնում էինք բարձրադիր արմավենիների երկար ծառուղիներով, երբեմն բարձրանում կանաչ այգիներով և կուրորտային տնակներով շրջապատված բլրակները։ Փոքրիկ ու խաղաղ Կարմել քաղաքում նախաճաշեցինք ռեստորանում, որի պատերից կախված էին նշանավոր կինոդերասանների լուսանկարներ՝ իրենց ինքնագրերով։ Այստեղ արդեն Հոլլիվուդի հոտ էր փչում, թեև մինչ այն դեռ երկու հարյուր մղոն կար։
: Կարմելի կանաչապատ փողոցներն իջնում են մինչև օվկիանոսի ափը։ այստեղ նույնպես, ինչպես Սանտա֊Ֆեում և Տաոսում, շատ նկարիչներ և գրողներ են ապրում։
: Ամերիկյան գրող Ջոն Ռիդի բարեկամ Ալբերտ Ռիս Վիլյամսը, որը հեղափոխության օրերին նրա հետ ճամփորդել է Ռուսաստանում, ջահել դեմքով և բարեսրտորեն կկոցած աչքերով մեծ, ալեհեր այդ մարդը մեզ դիմավորեց փոքրիկ, խարխուլ տան բակում, որ վարձել էր ամսեամիս վճարելու պայմանով։ Նրա տնակն ամերիկյան մյուս տնակներին նմանվում էր միայն նրանով, որ այստեղ էլ բուխարիկ կար։ Մնացած ամեն ինչը արդեն նման չէր։ Անսպասելիորեն գորգածածկ թախտ կար դրված, շատ գրքեր կային, սեղանի վրա թափթփված էին բրոշյուրներ և թերթեր։ Իսկույն աչքի էր ընկնում՝ այս տան մեջ կարդում են։ Իր աշխատասենյակում Վիլյամսը բաց արեց մի մեծ եղեգնյա զամբյուղ և ճամպրուկ։ Դրանք պռնկե֊պռունկ լցված էին ձեռագրերով և լրագրերի կտրվածքներով։
: ― Ահա, ― ասաց Վիլյամսը, ― սրանք Սովետական Միության վերաբերյալ գրքի նյութերն են։ Այդ գիրքը ևս արդեն ավարտում եմ։ Ես էլի մի քանի զամբյուղ և ճամպրուկ նյութեր ունեմ։ Ես ուզում եմ, որ իմ գիրքը լինի բոլորովին լիակատար և ամերիկյան ընթերցողին ամբողջական և ճշգրիտ պատկերացում տա Սովետական Միությունում կյանքի դրվածքի մասին։
: Վիլյամսը մի քանի անգամ եղել է մեզ մոտ և այցելություններից մեկի ժամանակ մի ամբողջ ամիս ապրել է գյուղում։
: Վիլյամսի և նրա կնոջ՝ սցենարների հեղինակ Լյուսիտա Սկվայրի հետ, գնացինք Լինկոլն Ստեֆենսոնի մոտ։ Լյուսիտա Սկվայրը հագած ուներ ասեղնագործ քաթանե մորդովյան զգեստ։
: ― Այս զգեստը ես կրում եմ ի հիշատակ Ռուսաստանի, ― ասաց նա։
: Մենք քայլում էինք օվկիանոսի ափով, չհոգնելով հիանալուց։
: ― Սև ծովն ավելի լավն է, ― նկատեց Լյուսիտա Սկվայրը։
: Մենք գովեցինք Կարմելը, նրա տնակները, ծառերը, խաղաղությունը։
: ― Մոսկվան ինձ ավելի է դուր գալիս, ― չոր֊չոր նկատեց Լյուսիտա Սկվայրը։
: ― Դուք նրան մի՛ լսեք, ― ասաց Վիլյամսը, ― նա դիվահար է։ Շարունակ մտածում է Մոսկվայի մասին։ Աշխարհում նրան ոչինչ դուր չի գալիս, բացի Մոսկվայից։ Այնտեղ լինելուց հետո նա ատում է այն ամենը, ինչ ամերիկյան է։ Դուք հո լսեցի՞ք։ Նա ասաց, որ Սև ծովն ավելի գեղեցիկ է, քան Խաղաղ օվկիանոսը։ Նա անգամ ընդունակ է ասելու, որ Սև ծովն ավելի մեծ է, քան Խաղաղ օվկիանոսը, միայն նրա համար, որ Սև ծովը սովետական է։
: ― Այո, ― համառորեն ասաց Լյուսիտան, ― ես ասել եմ և կասեմ։ Ուզում եմ Մոսկվա գնալ։ Մենք ոչ մի րոպե այստեղ չպետք է նստենք։
: Այդպես խոսելով, մենք մոտեցանք Լինկոլն Ստեֆենսի տանը, որը խիտ բուսականության հետևից գրեթե չէր երևում։
: Ստեֆենսը նշանավոր ամերիկյան գրող է։ Նրա երկուհատորանոց ինքնակենսագրությունը դասական ստեղծագործություն է դարձել Ամերիկայում։
: Սրտի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան անկողնից ելնելու։ Մենք մտանք մի սենյակ, որտեղ գլխով դեպի պատուհանը դրված էր երկաթյա սպիտակ մի մահճակալ։ Նրա մեջ, բարձերին հենված՝ կիսապառկել էր ոսկե ակնոցավոր մի ծերունի։ Կրծ քից փոքր֊ինչ ցած, վերմակի վրա դրված էր ցածրիկ, փոքրիկ մի նստարան՝ վրան պորտատիվ գրամեքենա։ Ստեֆենսը ինչ֊որ հոդված էր վերջացնում։
: Ստեֆենսի հիվանդությունն անբուժելի էր։ Բայց նա, ինչպես և բոլոր դատապարտված մարդիկ, ու նույնիսկ նրանք էլ, որոնք հասկանում են իրենց դրությունը, երազում են ապագայի մասին, խոսում նրա մասին, պլաններ կառուցում։ Ճիշտն ասած՝ իր համար նա միայն մի պլան ուներ․ մեկնել Մոսկվա, որպեսզի մեռնելուց առաջ տեսնի սոցիալիզմի երկիրը և այնտեղ մեռնի։
: ― Ես այլևս չեմ կարող այստեղ մնալ, ― կամացուկ ասաց նա, գլուխը դեպի պատուհանը դարձնելով, ասես Կալիֆոռնիայի թեթև և ազատ բնությունը խեղդում էր նրան, ― ես այլևս չեմ կարող լսել այս ապուշային լավատես ծիծաղը։
: Այդ ասաց մի մարդ, որն իր ամբողջ կյանքում հավատացել էր ամերիկյան դեմոկրատիային, պաշտպանել էր այն գրողի, լրագրողի և հռետորի իր տաղանդով։ Ամբողջ կյանքում նա գտնում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակական կառուցվածքը իդեալական է և ի վիճակի է մարդկանց ապահովելու ազատություն և երջանկություն։ Եվ ինչպիսի հարվածներ էլ ստանալիս լիներ այդ ճանապարհին, նա միշտ հավատարիմ էր մնացել նրան։ Նա ասում էր․ «Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ադմինիստրացիայում ազնիվ մարդիկ քիչ կան։ Մեր կարգը լավն է, մեզ միայն ազնիվ մադիկ են պետք»։
: Իսկ հիմա նա ասաց մեզ․
: ― Ես ուզում էի որդուս համար մի գիրք գրել, որի մեջ որոշել էի պատմել ամբողջ ճշմարտությունն իմ մասին։ Եվ հենց առաջին էջում ես ստիպված էի․․․
: Անակնկալ մենք լսեցինք կարճատև խուլ հեկեկանք։ Լինկոլն Ստեֆենսը լալիս էր։ Ձեռքերով նա փակել էր իր նուրբ ու նյարդային դեմքը՝ գիտնականի դեմքը։
: Կինը բարձրացրեց նրա գլուխը և թաշկինակ տվեց։ Բայց նա, արդեն չամաչելով իր արցունքների համար, շարունակեց․
: ― Ստիպված էի որդուս բացատրել, թե որքա՜ն դժվար է իրեն ազնիվ մարդ համարել, երբ իրականում կաշառակեր ես։ Այո՛, այդ չիմանալով, ես գնվել էի բուրժուական հասարակության կողմից։ Չէի հասկանում, որ այն փառքն ու հարգանքը, որով ես պարգևատրված էի, հանդիսանում են միայն կաշառք, այն բանի համար, որ ես պաշտպանում էի անարդարացի կյանքի կառուցվացքը։
: Մեկ տարի առաջ Լինկոլն Ստեֆենսը մտել էր կոմունիստական պարտիայի շարքերը։
: Մենք երկար քննարկում էինք, թե ինչպես Ստեֆենսին փոխադրել Սովետական Միություն։ Գնացքով գնալ չէր կարելի, հիվանդ սիրտը թույլ չէր տա։ Գուցե շոգենավո՞վ։ Կալիֆոռնիայից Պանամայի ջրանցքով՝ Նյու֊Յորք, իսկ այնտեղից՝ Միջերկրական ծովով Սև ծովի ափը։ Մինչ մենք կառուցում էինք այս պլանները, Ստեֆենսը խոսակցությունից ուժասպառ, պառկել էր իր անկողնում՝ ձեռքերը դրած գրամեքենայի վրա։ Խաղաղված, ծալովի օձիքով սպիտակ վերնաշապիկով, վտիտ, փոքրիկ մորուքով և բարակ վզով, նա նմանվում էր մեռնող Դոն֊Կիխոտին։
: Արդեն մութն էր, երբ վերադառնում էինք Վիլյամսի տունը։ Մեր հետևից, Բեկիին թևանցուկ արած, գալիս էր միստեր Ադամսը և հառաչելով քրթմնջում էր․
: ― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկայում քիչ կան հիանալի մարդիկ։
: Երեկոն անցկացրինք կարմելյան մի ճարտարապետի մոտ, ուր երեկույթի էր հավաքվել տեղական ինտելիգենցիան։
: Գերանակապ առաստաղով բավական մեծ իսպանական դահլիճում շատ մարդիկ կային։ Տիկնիկի նման, փոքրիկ, մաքուր սափրված, բայց արտիստի մազերով տանտերը քաղաքավարի հյուրասիրում էր հավաքվածներին զովացուցիչ խմիչքներով և մրգահյութերով։ Նրա դուստրը վճռական տեսքով մոտեցավ դաշնամուրին և ուժգնորեն նվագեց մի քանի պիես։ Բոլորը լսում էին ծայրահեղ ուշադրությամբ։ Այդ հիշեցնում էր «Ռեվիզորի» համր տեսարանը։ Հյուրերը կանգնել էին այն դիրքով, որով նրանց հանկարծակիի էր բերել երաժշտությունը․ ոմանք բերանին մոտեցրած բաժակով, ոմանք խոսակցության պահին թեքված իրանով, ոմանք էլ ափսեն ձեռքին, որի վրա դրված էր նուրբ թխվածք։ Միայն մի ցածրահասակ մարդ, որի ուսերի լայնությունը հավասար էր իր հասակին՝ բավականաչափ նրբավարություն ի հայտ չէր բերում։ Նա բարձրաձայն ինչ֊որ բան էր պատմում։ Մսեղ, տափակ ականջները մատնում էին, որ նա բռնցքամարտիկ է։ Միստեր Ադամսը քարշ տվեց մեզ նրա մոտ։ Նրան մեզ ներկայացրին որպես բռնցքամարտի նախկին համաշխարհային չեմպիոն միստեր Շարկիի, հարուստ մի մարդու (երեք միլիոն դոլար), որը հեռացել է գործերից և Կարմելում հանգստանում է իր շատ համակրած արմատական մտավորականության շրջանում։
: Միստեր Շարկին ուրախ չռեց իր դալկավուն աչքերը և իսկույն շոշափելու տվեց մեզ իր մկանունքները։ Բոլոր հյուրերն արդեն շոշափել էին միստեր Շարկիի մկանները, իսկ նա դեռ չէր հանգստանում, շարունակ ծալում էր իր կարճ և ուժեղ ձեռքերը։
: ― Պետք է խմել, ― հանկարծ ասաց միստեր Շարկին։
: Այս ասելով, նա իր տունը տարավ ճարտարապետի հյուրերից տասնհինգ հոգու, նեռարյալ նրա երաժշտական աղջկան և մեզ՝ Վիլյամսների և Ադամսների հետ։
: Աշխարհի չեմպիոնը վարձել էր հիանալի մի տնակ, որի հենց պատուհանների տակ Խաղաղ օվկիանոսը լուսնի շողերով լուսավորված իր ալիքներն էր գլորում։ Շարկին բացեց պահարանը, այնտեղից լույս աշխարհ հանվեցին ռոմեր, ջիներ, զանազան տեսակի վիսկիներ և նույնիսկ հունական մաստիքա, այսինքն՝ բոլոր այն թունդ խմիչքները, որ պատրաստում է համաշխարհային սպիրտա֊օղիային արթյունաբերությունը։
: Դժոխային խառնուրդներ սարքելով և հյուրերին բաժակներ բաժանելով, միստեր Շարկին ավելի լայն բացեց իր գունատ աչքերը և սկսեց կատաղիորեն ստել։
: Առաջին հերթին նա հայտարարեց, որ համոզված է Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի անմեղության մեջ, և կարող էր վկա լինել այդ գործով, եթե չվախենար իր կապերը դրսևորել բուտլեգերների, այսինքն՝ «ցամաք օրենքի» ժամանակ սպիրտ վաճառողների հետ։
: Հետո նա պատմեց, թե ինչպես մի անգամ, եռակայմ առագաստանավի հրամանատար լինելով, նավարկել է դեպի Հարավային բևեռ, ինչպես առագաստանավը սառցակալել է, և նավի անձնակազմը ցանկացել է սպանել իրեն, բայց ինքը մեն֊մենակ ճնշել է անձնակազմի ապստամբուցյունը և նավը բարեհաջող դուրս բերել տաք լայնություններ։
: Դա անչափ գունեղ, անչափ ծովահենային պատմվածք էր, որպեսզի այդ առթիվ մեկ անգամ էլ չխմվեր։
: Ապա միստեր Շարկին հաղորդեց, թե պաշտում է արմատական մտավորականությանը և որ Ամերիկայում հնարավորին չափ պետք է շուտ հեղափոխություն կատարել։ Հետո մեզ բոլորիս առաջնորդեց ննջարան և ցույց տվեց երեք մահճակալների մեջ քնած երեք աղջիկներին։ Տեղնուտեղը նա պատմեց հույժ ռոմանտիկ մի պատմություն, թե ինչպես իր կինը փախել է իր սեփական դռնապանի հետ, ինչպես է ընկել նրանց հետևից, հասել և ատրճանակը ձեռքին ստիպել է դավաճան դռնապանին ամուսնանալ իր գայթակղեցրած կնոջ հետ։ Իր աղջիկներին նա սովորեցնում է առավոտները մարմնամարզական քայլք կատարել, գտնելով, որ դա ճիշտ դաստիարակություն է։
: Մի խոսքով, միստեր Շարկին իր հյուրերին ոչ մի րոպե ձանձրանալու միջոց չէր տալիս։
: Նա հյուրերին առաջնորդեց մարմնամարզական դահլիճ, հանեց վերնաշապիկը և մինչև գոտկատեղը մերկ, սկսեց ձգվել մարզաձողի վրա։
: Վերջում նա հագավ բռնցքամարտիկի ձեռնոցներ և ցանկացողներին կոչ արեց ընկերական մրցության։
: Միստեր Ադամսի աչքերում վառվեց այն հուրը, որն արդեն տեսել էինք էլեկտրական աթոռին նստելիս, և երբ նա մոլոկանների հետ երգում էր հոգևոր շարականներ։ Այս մարդը ամեն բան պետք է փորձեր։
: Նրա ձեռքերին ամրացրին կաշվե ձեռնոցներ, և նա տղայական ճիչով նետվեց համաշխարհային չեմպիոնի վրա։ Պաշտոնաթող չեմպիոնը սկսեց ցատկոտել միստեր Ադամսի շուրջը, շինծու սարսափով իրեն պաշտպանելով։ Երկու հաստլիկները թռչկոտում էին և ծիծաղից հիստերիկ ճիչեր արձակում։ Վերջ ի վերջո միստեր Ադամսը ընկավ նստարանի վրա և սկսեց տրորել թեթևակի վնասված ուսը։ Հետո հյուրերը մեկական բաժակ էլ խմեցին և ցրվեցին տները։
: Առավոտյան հրաժեշտ տալով Լինկոլն Ստեֆենսին, մեկնեցինք Հոլլիվուդ։
: Կես տարի անց, մենք նամակ ստացանք մեր բարեկամ միստեր Ադամսից։ Ծրարը լիքն էր լրագրերի կտրվածքներով։ Շատ նորություններ իմացանք Կարմելի մասին։ Ռիս Վիլյամսն ավարտել էր իր գիրքը Սովետական Միության մասին, բայց հիմա նոր սահմանադրության նախագծի հրապարակման կապակցությամբ նորից նստել է գրելու և գրքի մեջ անհրաժեշտ լրացումներ մտցնելու։
: Պարզվեց, որ չափազանց բարի, երեխայի պես միամիտ միստեր Շարկին, առագաստանավի նավապետ և բուտլեգեր, «համաշխարհային չեմպիոն» Շարկին եղել է ոստիկանական գործակալ, կապված է եղել ֆաշիստական «Ամերիկյան լեգիոնի» հետ, և բացի այդ՝ հին պրովոկատոր, որ մի ժամանակ մատնել է «Աշխարհի ինդուստրիալ բանվորների» ականավոր լիդեր Բիլ Հեյվուդին, և բնավ էլ միստեր Շարկի չի եղել։ Նա եղել է նաև կեպտեն Բաքսի, նույն ինքը՝ Բերգեր, նույն ինքը՝ Ֆորստեր։ Պատերազմի օրերին երբ Չիկագոյում մատնել է Բիլ Հեյվուդին, եղել է Չիկագոյի նշանավոր ռակետիրը և կրել է «Նավապետ Իքս» մականունը։
: Իսկ արդեն մեկ ամիս անց, մենք կարդացինք թերթերում, որ Կալիֆոռնիա նահանգի Կարմել քաղաքում յոթանասուն տարեկան հասակում վախճանվել է գրող Լինկոլն Ստեֆենսը։
: Նրան այնպես էլ չվիճակվեց մեռնել սոցիալիզմի երկրում։
: Նա մեռավ սրտի կաթվածից, գրամեքենայով աշխատելիս։ Մեքենայից դուրս ցցված թղթի թերթի վրա տպված էր մի թերավարտ հոդված իսպանական դեպքերի մասին։ Այդ հոդվածի վերջին տողերն էին․
: «Մենք՝ ամերիկացիներս, չպետք է մոռանանք, որ մեզ վիճակվելու է ճիշտ այդպիսի մարտ մղելու ֆաշիստների դեմ»։
===Գլուխ երեսունհինգերորդ — Չորս ստանդարտ===
: Դժվար է ասելը, բայց Հոլլիվուդը, որի հռչակը հարյուրավոր անգամներ տարածվել է աշխարհով մեկ, որի մասին քսան տարվա ընթացքում ավելի շատ գիրք ու հոդված է գրվել, քան երկու հարյուր տարում Շեքսպիրի մասին, մեծ Հոլլիվուդը, որի երկնակամարին աստղերը ծագում և մայր են մտնում միլիոնավոր անգամ ավելի արագ, քան այդ մասին պատմում են աստղագետները, Հոլլիվուդը, որի մասին երազում են հարյուր հազարավոր աղջիկներ բովանդակ երկրի բոլոր կողմերում, այդ Հոլլիվուդը տաղտկալի է, անասելի տաղտկալի։ Եվ եթե ամերիկյան փոքրիկ քաղաքում հորանջը տևում է մի քանի վայրկյան, ապա այստեղ նա տևում է մի ամբողջ րոպե։ Իսկ երբեմն էլ բնավ ուժ չի լինում բերանը փակելու։ Այնպես էլ նստում ես՝ թախծից աչքերդ կկոցած և երախդ բաց ինչպես որսված առյուծ։
: Հոլլիվուդը ճիշտ պլանավորված, շատ լավ ասֆալտած և հիանալի լուսավորված մի քաղաք է, որտեղ ապրում է երեք հարյուր հազար մարդ։ Բոլոր այդ երեք հարյուր հազարը կամ զբաղված են կինոարդյունաբերության մեջ, կամ սպասարկում են այնտեղ աշխատողներին։ Ամբողջ քաղաքը զբաղված է մի գործով՝ նկարներ է պտտեցնում կամ, ինչպես Հոլլիվուդում են ասում, նկարներ է «կրակում»։ Նկարահանող ապարատի ճարճատյունը շատ նման է գնդացրի ճարճատյունին, այդտեղից էլ առաջացել է «կրակել» տերմինը։ Այդ ամբողջ հարգարժան հասարակությունը տարեկան կրակում է մոտ ութ հարյուր նկար։ Վիթխարի թիվ է, ինչպես բոլոր թվերն Ամերիկայում։
: Մեր առաջին զբոսանքը Հոլլիվուդի փողոցներով տանջալից էր։ Անցորդների մեծամասնությունը մեզ ծանոթ էր թվում։ Ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանվել այն մտքից, որ ինչ֊որ տեղ արդեն տեսել ենք այդ մարդկանց, ծանոթ ենք նրանց հետ և ինչ֊որ բան գիտենք նրանց մասին։ Իսկ որտե՞ղ ենք տեսել և ի՞նչ գիտենք, թեկուզ սպանեիք էլ, ոչ մի կերպ չէինք հիշի։
: ― Նայեցե՛ք, նայեցե՛ք, բղավում էինք մենք մեկմեկու, ― ահա այս մոդայական նեղ ժապավենով, բաց գույնի գլխարկավորին մենք անպայման տեսած կլինենք։ Այս անպատկառ աչքերն անհնար է մոռանալ։ Որտե՞ղ ենք հանդիպել։
: Բայց անպատկառ աչքերով մարդուց հետո գալիս էին էլի հարյուրավոր մարդիկ․ կային կոմպոզիտորի նմանվող, բայց «Գլան» կինոնկարից, մոդայիկ «Չիկտա֊չիկ» երգը սուլող ծերունիներ, և ծերունիներ, որոնք նման էին բանկիրների, բայց հագնված էին որպես բանկի մանր ավանդատուներ, և սովորական կաշվե բաճկոնով, բայց գանգստերների նմանվող երիտասարդներ։ Միայն աղջիկները բոլորը մի դեմք ունեին, և այդ դեմքը տանջալից ու տհաճորեն ծանոթ էր մեզ, ինչպես ծանոթ էին գանգստերի դիմագծերով երիտասարդ մարդկանց և պատկառելի, ոչ այն է բանկիր, ոչ այն է կոմպոզիտոր ծերուկների ու աստված գիտե թե ում կերպարանքները։ Ի վերջո, անտանելի դարձավ այդ։ Եվ այժմ միայն գլխի ընկանք, որ բոլոր այդ մարդկանց տեսել ենք կինոնկարներում, որ դրանք բոլորն էլ դերասաններ կամ ստատիստներ, երկրորդ և երրորդ պլանի մարդիկ են։ Նրանք այնքան հայտնի չեն, որպեսզի ճիշտ հիշես նրանց դեմքերն ու ազգանունները, բայց միաժամանակ ուղեղիդ մեջ ինչ֊որ աղոտ հիշողություն է մնում այդ մարդկանցից։
: Որտե՞ղ ենք տեսել մեքսիկական այտմորուսով այս գեղեցիկ տղամարդուն։ Կամ խաղացել է «Սիրիր միայն ինձ» անունով նկարում, կամ պարային «Կհանդիպենք ուղիղ կեսգիշերին» կինոպիեսում։
: Հոլլիվուդի դեղատները ճոխ են։ Նիկելով և ապակիով զարդարված, սպիտակ ուսադիրներով բաճկոններ հագած կիրթ անձնակազմ ունեցող այդ հիմնարկությունները աշխատանքի մեջ հասել են այնպիսի կատարելության, որ մեծ մասամբ հիշեցնում են էլեկտրական կայանների մեքենայական սրահներ։ Այդ տպավորությանը նպաստում են ծորակների ֆշշոցը «մոլտեդ միլկ» հարող փոքրիկ մոտորիկների թեթև գվվոցը և սանդվիչների մետաղահամը։
: Քաղաքի վրա շողում է ծննդյան տոների ուժեղ արևը։ Թանձր, սև ստվերներ էին ընկել ասֆալտե գետնին։ Հոլլիվուդյան կլիմայում ինչ֊որ անախորժ բան կա։ Արևի մեջ արևային ոչինչ չկա, այն նման է տաք լուսնի, թեև շատ ուժեղ է տաքացնում։ Օդում շարունակ ինչ֊որ հիվանդագին չորություն է զգացվում, և բենզինի հոտով հագեցաց քաղաքի մթնոլորտը անտանելի է։
: Մենք անցանք փողոցային լապտերների տակով, նրանց վրա տնկված էին ստվարաթղթե արհեստական տոնածառներ, որոնք ունեին էլեկտրական մոմեր։ Այդ դեկորացիան ծննդյան տոների առթիվ սարքել էին առևտրականները։ Ամերիկայում ծննդյան տոները առևտրի մեծ ու պայծառ տոն է, որը ոչ մի կապ չունի կրոնի հետ։ Դա չծախվող ապրանքների հսկայական վաճառք է, և որքան էլ աստծուն չսիրեք, ոչ մի կերպ չեք կարող նրան մեղադրել այս մութ գործերին մասնակից լինելու մեջ։
: Բայց նախքան աստծու, առևտրի և հոլլիվուդյան կյանքի մասին պատմելը, պետք է խոսել ամերիկյան կինոյի մասին։ Սա կարևոր և հետաքրքիր նյութ է։
: Մեզ՝ մոսկովյան հանդիսատեսներիս, ամերիկյան կինեմատոգրաֆիան փոքր֊ինչ երես է տվել։ Այն ինչ հասնում է Մոսկվա և գիշերային սեանսներին ցույց է տրվում փոքր թվով կինոմասնագետների, գրեթե միշտ էլ Հոլլիվուդի լավագույն արտադրանքից է լինում։
: Մոսկվան տեսել է Լուի Մալստոնի, Կինգ Վիգորի, Ռուբեն Մամուլյանի և Ջոն Ֆորդի նկարները, կինեմատոգրաֆիական Մոսկվան տեսել է լավագույն ռեժիսյորների լավագույն նկարները։ Մոսկովյան հանդիսատեսները հիանում էին Դիսնեյի խոզուկներով, պինգվիններով և մկնիկներով, հիանում էին Չապլինի գլուխգործոցներով։ Այդ ռեժիսյորները, բացառուցյամբ Չապլինի, որը մի նկարը բաց է թողնում մի քանի տարվա ընթացքում, տարեկան նկարահանում են հինգ, ութ, տասը նկար։ Իսկ ինչպես հայտնի է արդեն, ամերիկացիները տարեկան ութ հարյուր նկար են «կրակում»։ Մենք, իհարկե, ենթադրում ենք, մնացած յոթ հարյուր իննսուն նկարներն էլ աստված գիտե ինչ գանձեր են։ Բայց չէ՞ որ մենք միայն լավերն էինք տեսել, իսկ վատերի մասին միայն լսել էինք։ Ուստի և շատ ծանր է ամերիկյան կինեմատոգրաֆիայից ստացած տպավորությունը, երն նրա հետ ծանոթանում ես իր հայրենիքում։
: Նյու֊Յորքում գրեթե ամեն երեկո գնում էինք կինո։ Կալիֆոռնիա ուղևորվելիս, ճանապարհին, մեծ ու փոքր քաղաքներում կանգ առնելիս, կինո էինք գնում ոչ թե երբեմն, այլ պարզապես՝ ամեն երեկո։ Ամերիկյան կինոներում մի սեանսի ընթացքում ցույց են տալիս երկու մեծ նկար, մի փոքրիկ կոմեդիա, մեկ մուլտիպլիկացիոն և զանազան կինոֆիրմաների նկարահանած մի քանի խրոնիկալ ժուռնալ։ Այդպիսով, միայն մեծ նկարներ տեսել ենք հարյուրից ավելի։
: Կինոռեպորտյորը Ամերիկայում տալիս է ամենավերջին նորությունները․ Դիսնեյի մուլտիպլիկացիաները հոյակապ են, նրանց մեջ պատահում են իսկական գլուխգործոցներ, ամերիկյան կինոտեխնիկան գովասանքի կարիք չի զգում․ բոլորին հայտնի է, որ այն շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բայց, այսպես կոչված, «գեղարվեստական» նկարներն ուղղակի վախեցնում են։
: Այդ բոլոր նկարները ցածր են մարդկային արժանապատվության մակարդակից։ Մեզ թվում է, որ նման նկարներ նայելը նվաստացուցիչ զբաղմունք է։ Նրանք հաշվի են առնված թռչնային ուղեղի, խոշոր եղջերավոր մարդկության ծանրամտության, ուղտային անպահանջկոտության վրա։ Ուղտը կարող է մի շաբաթ առանց ջրի յոլա գնալ, ամերիկյան հանդիսատեսների որոշ տեսակը կարող է քսան տարի շարունակ նայել անիմաստ նկարներ։ Ամեն երեկո մենք կինեմատոգրաֆի շենքն էինք մտնում ինչ֊որ հույսով, իսկ դուրս էինք գալիս այնպիսի զգացումով, ասես կերել ենք ձանձրալի, բոլոր մանրամասնություններով հայտնի համար երկու նախաճաշը։ Ասենք, հանդիսականներին, ամենասովորական ամերիկացիներին՝ գարաժների աշխատողներին, գործակատարներին, առևտրական ձեռնարկատերերին, դուր էին գալիս այդ նկարները։ Սկզբում մենք զարմանում էինք դրա վրա, հետո վշտանում, հետո սկսեցինք պարզել, թե ինչպես է պատահել, որ նման նկարները հաջողություն ունեն։
: Այն ութ կամ տասը նկարները, որոնք, այնուամենայնիվ, լավ են, մենք այդպես էլ չտեսանք երեք ամիս կինեմատոգրաֆներում լինելով։ Այդ տեսակետից հայտնի աղբակույտը քջջող աքաղաղը մեզանից երջանիկ էր։ Լավ նկարներ Հոլլիվուդում մեզ ցույց տվին իրենք, ռեժիսյորները՝ ընտրելով տարիների ընթացքում նկարահանած հարյուրավոր ֆիլմերից մի քանիսը։
: Կա նկարների չորս գլխավոր ստանդարտ․ երաժշտական կոմեդիա, պատմական դրամա, բանդիտական կյանքից վերցրած ֆիլմ և ֆիլմ օպերային նշանավոր երգչի մասնակցությամբ։ Այդ ստանդարտներից յուրաքանչյուրն ունի միայն մի սյուժե, որն անվերջ ու հոգնեցուցիչ կերպով ձևափոխվում է։ Ամերիկյան հանդիսատեսները տարեցտարի փաստորեն նայում են միևնույն բանը։ Նրանք այնպես են ընտելացել դրան, որ եթե հրամցնեն նոր սյուժեով նկար, թերևս լաց լինեն այն երեխայի պես, որից խլել են բոլորովին քրքրված, միջից կես արած, բայց սիրած խաղալիքը։
: Երաժշտական կոմեդիայի սյուժեն այս է․ աղքատ ու գեղեցիկ աղջիկը դառնում է վարյետեի աստղ։ Ընդ որում նա սիրահարվում է վարյետեի դիրեկտորին (գեղեցիկ երիտասարդ)։ Այնուհանդերձ այնքան էլ հասարակ սյուժե չէ։ Բանն այն է, որ դիրեկտորը գտնվում է մեկ ուրիշ պարուհու, նույնպես գեղեցիկ ու երկարոտն, բայց զզվելի բնավորությամբ պարուհու բռան մեջ։ Այնպես որ, նշմարվում է շատ հայտնի մի դրամա, կոլիզիա։ Կան և տարբերակներ։ Աղքատ աղջկա փոխարեն աստղ է դառնում մի աղքատ երիտասարդ, մի յուրատեսակ անճոռնի ճուտիկ։ Նա հանդես է գալիս ընկերների հետ, բոլորը մեկտեղ կազմում են ջազ֊բանդ։ Լինում է և այնպես, որ աստղ են դառնում և՛ ջահել աղջիկը, և՛ ջահել տղան։ Հասկանալի է, որ նրանք սիրում են միմյանց։ Սակայն սերը նկարի միայն մեկ հինգերորդական մասն է կազմում, մնացած չորս հինգերորդը նվիրված են ռևյուին։ Մեկուկես ժամվա ընթացքում անվերջ առկայծում են մերկ ոտքեր, և հնչում է նման դեպքում՝ պարտադիր երգի ուրախ եղանակը։ Եթե ֆիլմի վրա շատ փող է ծախսված, ապա հանդիսատեսին ցույց են տալիս աշխարհի լավագույն ոտքերը։ Եթե ֆիլմն էժանագին է, ապա ուրեմն, ոտքերն էլ վատն են, ոչ այնքան երկար ու գեղեցիկ։ Սա սյուժեին չի վերաբերում։ Երկու դեպքում էլ սյուժեն չի զարմացնում մտահղացման բարդությամբ։ Սյուժեն հարմարեցվում է չեչոտկային։ Հասարակությունը սիրում է չեչոտկայով պիեսներ։ Նրանք դրամարկղային հաջողություն ունեն։
: Պատմական դրամաների իրադարձությունները շատ տարբեր են լինում, նայած թե ով է հանդիսանում գլխավոր գործող անձը։ Սրանք բաժանվում են երկու կարգի․ հին՝ հունա֊հռոմեական և ավելի ժամանակակից՝ մուշկետյորական։ Եթե նկարում գլխավորող է Հուլիոս Կեսարը կամ, ասենք, Նումա Պոմպիլիոսը, ապա լույս աշխարհ են հանվում հունա֊հռոմեական ֆիբրոլիտե զենք ու զրահը և երիտասարդ մարդիկ, որոնց մենք տեսանք Հոլլիվուդի փողոցներում, կատաղիորեն «կոտորում» են իրար փայտե տապարներով և սրերով։ Եթե գլխավոր գործող անձը Եկատերինա երկրորդն է, Մարիա Անտուանետը կամ որևէ թագավորական տոհմի երկարահասակ անգլուհի, ապա դա կլինի մուշկետյորական կարգի, այսինքն՝ գլխարկների թափահարում՝ ջայլամի փետուրները հատակին դիպցնելով, բազմիցս անառիթ մենամարտեր, հետապնդումներ և հալածանքներ հաստագավակ արշավաձիերով, ինչպես նաև երիտասարդ ու աղքատ ազնվականի վսեմ, պլատոնիկ ու տաղտկալի սերը կայսրուհու կամ թագուհու հետ, որն ուղեկցվում է խստորեն չափավորված համբյուրներով (Հոլլիվուդի ցենզուրան արտոնում է միայն որոշ մետրաժի համբյուրներ)։ Պիեսի սյուժեն այնպիսին է, ինչպիսին աստված է տվել։ Եթե աստված ոչինչ չի տվել, խաղում են նաև առանց սյուժեի։ Սյուժեն կարևոր չէ։ Կարևորը մենամարտերն են, մահապատիժները, խնջույքներն ու ճակատամարտերը։
: Բանդիտական կյանքից վերցված ֆիլմերում հերոսները սկզբից մինչև վերջ կրակում են ավտոմատ ատրճանակներից, ձեռքի և մինչև իսկ հաստոցավոր գնդացրերից։ Հաճախ սարքվում են հետապնդումներ ավտոմոբիլներով (ընդ որում, մեքենաներն անպայման դուրս են ընկնում ոլորաններից, որը և իրենից ներկայացնում է նկարի գեղարվեստական հիմնական մանրամասնը)։ Այդպիսի ֆիլմերը պահանջում են դերասանական մեծ խումբ։ Տասնյակ դերասաններ դուրս են ընկնում գործող անձանց ցուցակից պիեսի հենց սկզբից։ Նրանց սպանում են մյուս գործող անձինք։
: Ասում են, թե այդ ֆիլմերը շատ նման են կյանքին, սոսկ այն առանձնահատկությամբ, որ բանկերի վրա հարձակում կատարող և միլիոնատերերի երեխաներ փախցնող իսկական գանգստերները երազել անգամ չեն կարող այն եկամուտների մասին, որ բերում են իրենց իսկ կյանքից վերցրած ֆիլմերը։
: Վերջապես, օպերային երգչի մասնակցությամբ ֆիլմը։ Այստեղ արդեն ինքներդ էլ հասկանում եք, առանձնապես քաշվելու բան չկա։ Ո՞վ է պահանջելու, որ օպերային երգիչը խաղա այնպես, ինչպես Կոկլեն֊ավագը։ Նա խաղալ չգիտե և անգամ չի էլ ուզում։ Նա ուզում է երգել, և նրա այդ օրինական ցանկությունը պետք է բավարարել, մանավանդ որ հանդիսատեսներն էլ են ցանկանում, որ նշանավոր երգիչը, որքան հնարավոր է, շատ երգի։ Այսպիսով, սյուժեն այստեղ էլ նշանակություն չունի։ Սովորաբար այսպիսի մի պատմություն է տեղի ունենում։ Չքավոր մի երիտասարդ (ցանկալի էր, իհարկե, որ նա լիներ գեղեցիկ, բայց այստեղ արդեն ստիպված են հաշվի նստել երգչի արտաքին տվյալների հետ․ փոր, աչքերի տակ այտուցներ, կարճ ոտքեր) սովորում է երգել, բայց հաջողություն չունի։ Թե ինչու հաջողություն չունի հասկանալի չէ, որովհետև ուսուցման հենց սկզբին նա նույնքան վարպետորեն է երգում, որքան և իր փառքի գագաթին։ Բայց ահա երևան է գալիս ջահել ու գեղեցիկ մեկենասուհի, որն առաջ է մղում երգչին։ Նա անմիջապես ընկնում է «Մետրոպոլիտեն օպերա» և հանկարծ նրա գլխին է թափվում վիթխարի, աներևակայելի, ապշեցուցիչ, հրեշավոր և գերբնական հաջողությունը, այնպիսի հաջողություն, որ Շալյապինն անգամ իր լավագույն տարիներին երազում չէր տեսել։ Կա միայն մի տարբերակ․ հաջողության է հասնում ոչ թե երգիչը, այլ երգչուհին, և այդ դեպքում դրամայի շեքսպիրյան օրենքների համաձայն, մեկենասի դերը խաղում է ոչ թե կին, այլ հարուստ ու գրավիչ մի տղամարդ։ Հասարակությունը երկու տարբերակներն էլ ընկալում է միատեսակ խնդությամբ։ Բայց գլխավորը հանրամատչելի մեներգներն են, որոնք կատարվում են գործողության ընթացքում։ Շատ լավ է, եթե դրանք լինեն «Պայացներ»֊ից , «Բոհեմա»֊ից կամ «Ռիգոլետտո»֊ից։ Հասարակությանը դուր է գալիս այդ։
: Բոլոր չորս ստանդարտներում էլ պահպանվում է ոճի միասնությունը։
: Հոլլիվուդի դերասանուհին ինչ էլ որ խաղալիս լինի՝ խաչակրի սիրուհի, հուգենոտի հարսնացու կամ ամերիկյան ժամանակակից աղջիկ, միշտ էլ մազերը հարդարում է ամենամոդայիկ ձևով։ Հորիզոնական մշտագանգուր սանրվածք է լինում և միջնադարյան գլխի և հուգենոտյան գլխի վրա։ Այս հարցում Հոլլիվուդը փոխադարձ զիջման չի գնում։ Պատմության հարցում ուզածդ զիջումը կանեն․ տապարը տապար պետք է լինի, արկեբուզը արկեբուզ, խնդրե՛մ։ Բայց գանգուրները պետք է այնպես հարդարված լինեն, ինչպես ընդունված էր հազար ինը հարյուր երեսունհինգ թվականին։ Հասարակությանը դուր է գալիս այդ։ Միջին դարեր շատ կան և չարժե դրա համար սանրվածքը փոխել։ Բան է, թե ինը հարյուր երեսունյոթ թվականին սանրվածքը փոխվի, այդ դեպքում մազերը կսանրվեն երեսունյոթ թվականի մոդայով։
: Պատմական բոլոր դրամաները իրենցից ներկայացնում են միևնույն ամերիկյան պաղ սերը՝ տարբեր ֆոների վրա։ Երբեմն տերունական դագաղը նվաճելու ֆոնի, երբեմն Ներոնի՝ Հռոմը այրելու ֆոնի, երբեմն սկանդինավյան ստվարաթղթի ամրոցների ֆոնի վրա։
: Գլխավոր ստանդարտներից բացի, կան մի քանի երկրորդական նկարներ, օրինակ, վունդերկինդներով նկար։ Այստեղ արդեն գործը կախված է դիպվածից։ Պետք է գտնել տաղանդավոր երեխա։ Հիմա հենց այդպիսի շնորհալի մի երեխա գտնված է, դա փոքրիկ աղջիկ Շիռլի Տեմպլն է։ Մանկական մի սյուժե կա՝ երեխան երջանկացնում է մեծահասակներին։ Եվ հնգամյա կամ վեցամյա աղջկան ստիպում են տարեկան մի քանի ֆիլմերում նկարահանվել, որպեսզի երջանկացնի իր ծնողներին, որոնք իրենց աղջկա շնորհիվ վաստակում են այնպես, ասես անսպասելիորեն նավթի շատրվան խփած լինի։
: Բացի այդ, հանդիպում են բանվոր դասակարգի կյանքից վերցրած նկարներ։ Սա արդեն միանգամայն ստոր ֆաշիստական թխվածք է։ Հարավի փոքրիկ մի քաղաքում, որտեղ հովվերգորեն աղմկում են ծառերը և խաղաղ լուսավորում են լապտերները, մենք տեսանք «Ռիֆ֊ռաֆ» անունով մի նկար։ Այստեղ պատկերված է մի բանվոր, որը դեմ է գնացել իր տիրոջը և տիրոջ պրոֆմիությանը։ Հանդուգն բանվորը դարձել է թափառաշրջիկ։ Նա հասել է բոլորովին ցածր աստիճանի։ Հետո այդ թեթևսոլիկ և անառակ որդին վերադառնում է տիրոջ մոտ։ Զղջացել է և գրկաբաց ընդունվել տիրոջ կողմից։
: Կուլտուրական ամերիկացին չի գտնում, որ իր հայրենական կինեմատոգրաֆիան իրավունք ունի արվեստ կոչվելու։ Դեռ ավելին․ նա ձեզ կասի, որ ամերիկյան կինեմատոգրաֆիան դա բարոյական համաճարակ է, ոչ պակաս վտանգավոր, քան քութեշն ու ժանտախտը։ Ամերիկյան կուլտուրայի բոլոր գերազանց նվաճումները՝ դպրոցները, համալսարանները, գրականությունը, թատրոնը՝ այդ ամենն ընկճել, խլացրել է կինեմատոգրաֆիան։ Կարելի է բարեհամբյուր և խելոք տղա լինել, հիանալի սովորել դպրոցում, հրաշալի անցնել համալսարանական գիտությունների դասընթացը և մի քանի տարի կանոնավոր կինեմատոգրաֆ հաճախելուց հետո դառնալ ապուշ։
: Այդ ամենը մենք զգացինք դեռ Հոլլիվուդի ճանապարհին։
: Երբ առաջին զբոսանքից վերադառնում էինք հյուրանոց (հանգամանքների տարօրինակ բերումով իջևանել էինք Հոլլիվուդ քաղաքի «Հոլլիվուդ» հյուրանոցում, դրանից ավելի հոլլիվուդային բան դժվար էր մտածել), կանգ առանք կենդաբանական խանութի ցուցափեղկի առջև։ Այստեղ մանր կտրտված լրագրաթղթի փռվածքի վրա խայտում էին այլանդակ, բարի շան լակոտներ։ Սրանք նետվում էին դեպի ապակին, հաչում, գրկախառնվում և ընդհանրապես անձնատուր էին եղել շնային փոքրիկ ուրախություններին։ Մյուս ցուցափեղկում, վանդակի մեջ, նստել էր մի պստլիկ կապիկ՝ առավել պստլիկ նորածին կապիկը գրկին։ Եթե մայրն իր չափով մի քիչ մեծ էր կատվից, ապա երեխան բոլորովին միկրոսկոպիկ էր, վարդագույն, մերկ, կարեկցանք հարուցող։ Մայրը քնքշորեն լիզում էր երեխային, կերակրում, շոյում գլուխը ու աչք չէր կտրում նրանից։ Հանդիսատեսների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Դա մայրության մարմնացումն էր։
: Եվ, այնուամենայնիվ, կյանքում մենք երբեք չէինք տեսել մայրական սիրո ավելի թունալից ծաղրանկար։ Այդ ամենը նման էր այն բանին, որ անում են մարդիկ, բայց միևնույն ժամանակ, չգիտես ինչու, այնպես անախորժ էր, որ ցուցափեղկի առջև հավաքված փոքրիկ բազմությունը ոչ մի բառ չարտասանեց։ Բոլորի դեմքերին տարօրինակ, շփոթված ժպիտ կար։
: Մենք դժվարությամբ պոկվեցինք կապկային ցուցափեղկից։
: Հետո խոստովանեցինք միմյանց, որ նայելով կապկին ու նրա ձագին, մտածեցինք ամերիկյան կինեմատոգրաֆիայի մասին։
: Այն նույնքան նման է իսկական արվեստին, ինչպես կապկի՝ երեխաների նկատմամբ տածած սերը նման է մարդկային սիրուն։ Շատ նման է և միևնույն ժամանակ անտանելի նողկալի է։
: Գլուխ երեունվեցերորդ
: Խալտուրայի աստվածը
: Մեր սենյակի պատուհանները նայում էին Հոլլիվուդ բուլվարին։ Խաչմերուկի մի անկյունում դեղատուն էր, մյուսում՝ բանկ։ Բանկի հետևում երևում էր մի նոր շենք։ Նրա ամբողջ ճակատը զբաղված էր էլեկտրական տառերով․ «Մաքս Ֆակտոր»։
: Շատ տարիներ առաջ Մաքս Ֆակտորը՝ ճղճղված շալվարով այդ երիտասարդը, Ռուսաստանի հարավից գալիս է Ամերիկա։ Առանց երկար֊բարակ մտածելու, Մաքսը ձեռնամուխ է լինում թատերական գրիմ և պարֆյումերիա պատրաստելու գործին։ Շուտով բոլոր քառասունութ միավորված նահանգները նկատում են, որ միստեր Ֆակտորի արտադրանքը սկսում է նվաճել շուկան։ Բոլոր կողմերից փող է հոսում Մաքսի գրպանը։ Այժմ Մաքսն անասելի հարուստ է և սիրում է հաճախորդներին պատմել իր կյանքի կախարդական պատմությունը։ Իսկ եթե հաճախորդը ծագումով պատահմամբ Ելիսավետգրադից, Նիկոլաևից կամ Խերսոնից է, ապա նա կարող է վստահ լինել, որ բախտավոր տերը կստիպի նրան իբրև հիշատակ ընդունել մի մեծ բանկա երեսի կրեմ կամ արհեստական թերթերունքների հավաքածու, որոնք լավագույն գնահատականներ են ստացել Մառլեն Դիտրիխից կամ Մարիոն Դևիսից։ Ֆակտորը վերջերս ինչ֊որ հոբելյան էր տոնում, ոչ այն է գրիմավորման ճակատում իր արդյունավետ գործունեության քսանհինգամյակը, ոչ այն է՝ ամերիկյան ափ բարեհաջող իջնելու հերթական տարեդարձը։ Հրավիրատոմսերը իրենցից ներկայացնում էին վելենյան թղթի բիրստոլյան հոյակապ ստվարաթղթի, բարձրորակ ցելոֆանի և պողպատյա զսպանակների բարդ ու հարուստ մի կառուցվածք։ Դրանք հաստ ալբոմներ էին, որոնց վերամբարձ տեքստը ծանուցում էր հասցեատիրոջը, որ նրան պատիվ ունեն հրավիրելու և որ ինքը պատիվ ունի հրավիրված լինելու։ Բայց վերջին րոպեին հյուրասեր Ֆակտորը, ըստ երևույթին, տարակուսել է, թե արդյոք կհասկանա՞ն իրեն։ Ուստի շապկի վրա մեծ֊մեծ տառերով տպված է՝ «Հրավեր»։
: Մեր պատուհանների տակ տասնութ ժամ շարունակ ոռնում էին ջահել լրագրավաճառները։ Հատկապես աչքի էր ընկնում մեկը՝ իր զիլ և լիահնչուն ձայնով։ Այդպիսի ձայնով աշխարհի երեսին չես կորչի։ Անտարակույս, այն պատկանում էր ապագա միլիոնատիրոջ։ Մենք մի անգամ նույնիսկ գլուխներս դուրս հանեցինք պատուհանից, որպեսզի տեսնենք այդ երիտասարդ տաղանդը։ Տաղանդը կանգնել էր գլխաբաց։ Հագած ուներ «Մշտնջենական» պարուսինե շալվար և հոլլիվուդյան կաշվե բաճկոն։ Լրագիր վաճառելով, նա այնպիսի վայնասուն էր բարձրացնում, որ մարդ ուզում էր մեռնել՝ որ չլսեր այդ ահավոր ձայները։ Գոնե շուտ վաստակեր իր միլիոնն ու հանդարտվեր։ Բայց մի քանի օր անց, հարգելի տղան և բոլոր նրա ընկերներն ավելի ուժեղ ճղճղացին։ Ինչ֊որ բավական հայտնի մի կինոդերասանուհու մեռած էին գտել ավտոմոբիլում, և նրա առեղծվածային մահը սենսացիա էր չորս թե հինգ օր շարունակ։ Հերստի «Էկզամիները» հենց միայն դրանով էր զբաղված։
: Սակայն հանդուգն լրագրավաճառներից ավելի սարսափելի դուրս եկավ հեզաբարո մի կին, որ կանգնել էր մեր պատուհանների դիմաց։ Նա հագել էր Փրկության բանակի համազգեստ, սև կապոր՝ որի լայն ժապավենները կապված էին կզակի տակ, և սատինե սև բալախոն։ Վաղ առավոտից նա անկյունում կանգնեցնում էր փայտե եռոտանին, որից երկաթե շղթայով կախված էր ցանցապատ դույլը, և սկսում էր հնչեցնել զանգակը։ Նա տոնածառի փող էր հավաքում չքավորների համար։ Նվիրատվությունները պետք էր գցել հենց այդ տնական դույլի մեջ։ Բայց անսիրտ, իրենց կինոխալտուրայով զբաղված հոլլիվուդցիներն ուշադրություն չէին դարձնում կապորով կնոջը և փող չէին տալիս։ Նա չէր կպչում անցորդներից, չէր հրավիրում իրենց լուման մուծել, չէր երգում հոգևոր երգեր։ Նա գործում էր ավելի համոզիչ միջոցներով, դանդաղ, հանգիստ, անընդհատ ու անվերջ հնչեցնելով զանգակը։ Մի փոքրիկ ընդմիջում էր տալիս, որպեսզի գնա ճաշելու։ Ճաշում էր զարմանալիորեն արագ, իսկ սնունդը, ըստ երևույթին, երբեք չէր մարսում, որովհետև այլևս պոստից չէր հեռանում։ Երբեմն ցանկություն էր առաջանում դուրս վազել հյուրանոցից և այդ զարհուրելի անձնավորությանը տալ մեր բոլոր խնայողուցյունները, միայն թե դադարեր մեզ կատաղության հասցնող այդ զանգահարությունը։ Բայց մի միտք կասեցնում էր մեզ, որ նվիրատվությունների հանգանակության հաջողություններից ուրախացած կինը, կսկսի ավելի վաղ գալ մեր անկյունը, և ավելի ուշ գնալ։
: Մեր տեսած բոլոր ռեկլամային հանգերից, վզին փաթաթելու, հիշեցնելու ու համոզելու բոլոր միջոցներից առավել համոզեցուցիչն ու հաստատը մեզ թվաց զանգակը։ Եվ իսկապես, ի՞նչ հարկ կա խնդրել, ապացուցել, հորդորել։ Այդ ամենը պետք չէ։ Պետք է զանգակ հնչեցնել։ Զանգահարել մեկ օր, մեկ շաբաթ, մի տարի, զանգահարել այնքան, մինչև որ հալյուցինացիայի հասցված, տանջված և ուժասպառ եղած բնակիչը տա իր տասը ցենտը։
: Մի քանի օր անց, թեթևություն զգացինք։ Սկսեցինք դիտել կինոստուդիաները։ Այն, ինչ մեզանում կինոֆաբրիկա է կոչվում, Ամերիկայում ստուդիա անունն է կրում։ Կանուխ գնում էինք հյուրանոցից և ուշ վերադառնում։ Զանգակի ձայնը գրեթե չէինք լսում։ Բայց փոխարենը հանդես եկավ նոր հանելուկ։ Ամեն անգամ, երբ վերադառնում էինք հյուրանոց և գրասենյակից վերցնում համարի բանալին, հյուրանոցի ծառայողը հանձնում էր նաև եկած նամակները և թերթիկներ, որոնց վրա գրի էին առնվում, թե ով է մեզ զանգահարել։ Եվ ամեն անգամ ծանոթների ու բարեկամների անունների մեջ հանդիպում էր այսպիսի երկտող․ «Միստեր Իլֆին և միստեր Պետրովին զանգահարել է քեպտեն Տրեֆիլևը և խնդրել է նշանակել օր և ժամ հանդիպման համար»։ Մի խոսքով, քեպտենը բավական մեծ ակտիվություն էր դրսևորում։ Մենք բոլորովին կորցրել էինք գլուխներս կռահումներ անելով, թե ո՞վ է այդ կեպտեվ Տրեֆիլևը և ի՞նչ է ուզում մեզանից։ Ինքներս սկսեցինք հետաքրքրվել նրանով, հարձուփորձ էինք անում կինեմատոգրաֆիստներին նրա մասին, բայց ոչ ոք խելքը գլխին բան չէր ասում։ Վերջին երկտողում ասված էր, որ անխոնջ քեպտենը նորից զանգահարեց, որ նա ցավում է, որ ոչ մի կերպ չի կարողանում մեզ գտնել և հույս ունի, որ ինքներս ազատ ժամանակ կզանգահարենք նրան։ Հետհասցեից երևում էր, որ Տրեֆիլևը ապրում է մեզ հետ միևնույն հյուրանոցում։ Այստեղ մենք զգացինք, որ եռանդուն կապիտանի հետ հանդիպումն անխուսափելի է։
: Մի քանի օր մենք դիտում էինք ստուդիաները։ Իհարկե, գործի տեխնիկական կողմի մանրամասնությունների մեջ չէինք մտնում, բայց տեխնիկան այստեղ ակներև է, ինքն է ստիպում իրեն նայել։ Այնպես, ինչպես մեր տեսած ամերիկյան բոլոր ձեռնարկություններում (բացի Ֆորդի կոնվեյերներից, որտեղ թագավորում է տենդը), հոլլիվուդյան ստուդիաներում աշխատում են ոչ այնքան հապշտապ, բայց վստահ և ճարպկորեն։ Չկա աժիոտաժ, չկան բիզ֊բիզ կանգնած մազեր, ստեղծագործական տառապանքներ, քրտնալից ներշնչում։ Չկա վայնասուն և հիստերիկա։ Ամերիկյան յուրաքանչյուր աշխատանք մի քիչ կրկեսային ատրակցիոն է հիշեցնում․ վստահ շարժումներ, ամեն ինչ հաշված, կարճ բացականչություն կամ հրաման, և համարը կատարված է։
: Հոլլիվուդում միջին նկարը «կրակում են» երեք շաբաթվա ընթացքում։ Եթե երեք շաբաթից ավելի է նկարահանվում, դա արդեն սնանկացում է, վնաս։ Լինում են բացառություններ, բայց բացառություններն էլ ամերիկյան բնույթ են կրում։ Հայտնի դրամատուրգ Մարկ Կանելին հիմա նկարահանում է իր հռչակված «Կանաչ արոտավայրեր» պիեսը։ Դա հմայիչ ստեղծագործություն է այն մասին, թե ինչպես է խեղճ նեգրը պատկերացնում տեր աստծո դրախտը։ Միստեր Կանելին հատուկ պայմաններ ունի։ Նա պիեսի հեղինակն է, որի հիման վրա գրել է սցենարը և ինքն էլ բեմադրում է։ Իբրև բացառություն նրան հատուկ արտոնություն են տվել․ նա իր ֆիլմը նկարահանելու է մեկուկես ամսվա ընթացքում։ Նրա նկարը պատկանում է «Ա» կարգին։ Երեք շաբաթում «կրակվող» նկարները դասվում են «Բ» կարգին։
: Նկարահանվելու սկզբին ամեն բան հավաքված է մինչև վերջին պարանը։ Սցենարը կարգին վիճակումն է, դերասանները ստուգված են, պավիլիոնները պատրաստ։ Եվ նկարի «կրակոցն» ընթանում է սրընթաց ու անկանգ։
: Մարկ Կանելին իր «Կանաչ արոտավայրը» բեմադրում է «Ուորներ եղբայրների» ստուդիայում։ Հիմա ճիշտ չենք հիշում, թե քանի նկար են արտադրում «Ուորներ եղբայրները» ութսուն, հարյուր կամ հարյուր քսան։ Համենայն դեպս, նրանք բազում նկարներ են տալիս։ Դա խալտուրայի մեծ, օրինակելի դրվածքով ֆաբրիկա է։ «Կանաչ արոտավայրը» ձեռներեց եղբայրների համար մասնավոր դեպք է։ Գրական լավ սցենարով հազվադեպ են նկար բեմադրում։ Այստեղ ասում են, վերջերս ութ օրում ինչ֊որ մի նկար թխեցին, այն բնավ վատը չէր «Բ» կարգի մյուս նկարներից․ հաճելի, մաքուր և սիրտ խառնեցնող նկար։
: Ստուդիայի տերիտորիայում մի ամբողջ քաղաք է կառուցված։
: Սա ամենատարօրինակ քաղաքն է աշխարհում։ Գարաժով, հինգցենտանոց ապրանքների խանութով, ամերիկյան փոքրիկ քաղաքին բնորոշ փողոցից դուրս եկանք վենետիկյան հրապարակ։ Դոժերի պալատից հետո անմիջապես երևում էր ռուսական պանդոկը, որի ցուցանակին նկարված էր ինքնաեռ ու փափախ։ Բոլոր դեկորները շատ նման են օրիգինալներին։ Նույնիսկ մի քանի քայլ հեռավորությունից դժվար է հավատալ, թե տաճարների այդ մոնումենտալ մուտքերը, այդ ածխահանքերը, օվկիանոսային նավահանգիստը, բանկիրի գրասենյակը, պարագվայական գյուղը, մարդատար կես վագոնով երկաթուղային կայարանը շինված են չոր ու թեթև տախտակներից, ներկած թղթից և գիպսից։
: Տարօրինակ խաբուսիկ քաղաքը, որով մենք անցնում էինք, փոփոխվում էր յուրաքանչյուր քայլափոխին։ Դարեր, ժողովուրդներ, մշակույթներ―ամեն ինչ այստեղ խճճված էր, արտասովոր ու հրապուրիչ հեշտությամբ։
: Մենք մտանք մի վիթխարի կիսախավար պավիլիոն։ Այդ պահին այնտեղ չէին աշխատում, բայց դեռ վերջերս այստեղ տեղի էր ունեցել արվեստի մեծ խրախճանք։ Այդ մասին կարելի էր դատել բազմաթնդանոթային հսկայական ֆրեգատով, որը գրավում էր ամբողջ պավիլիոնը։ Շուրջը դեռ թափված էին հրազենի կույտեր․ կարճ սուսեր, նավաճանկման կեռիկներ, սպայական սուսեր, տապարներ և ծովահենային այլ ռեկվիզիտ։ Այստեղ լուրջ կռվելիս են եղել։ Ֆրեգատը շինված էր շատ բարեխղճորեն, և եթե դա լիներ ամբողջական նավ, և ոչ միայն նրա կեսը, ապա, հավանորեն, կարելի կլիներ հենց հիմա նրանով դուրս գալ օվկիանոս և բռնագրավել վաճառականների նավերն ի փառս մեծ ծովահենների՝ «Ուորներ եղբայրների»։
: Հաջորդ պավիլիոնում մենք տեսանք յուպիտերների լույս և ոսկեզօծ դեկորացիա «մուշկետյորական ստանդարտից»։ Նշանավոր կինոդերասան Ֆրեդրիկ Մարչը կանգնել էր կամզոլով, գուլպաներով և ճարմանդավոր մաշիկներով։ Նրա փայլատ, արտասովոր գեղեցիկ դեմքը շողշողում էր դեկորացիաների ստվերում։
: Այժմ պավիլիոնում հետևյալ աշխատանքն էր կատարվում․ լույսն էին փորձում Ֆրեդերիկ Մարչի համար։ Բայց քանի որ աշխատում են մեծ դերասանին չհոգնեցնել, ապա լույսը փորձում էին ստատիստի վրա։ Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, Մարչը դուրս կգա նկարահանվելու։
: Մեկ ուրիշ պավիլիոնում էլ տեսանք դերասանուհի Բետտի Դևիսին, որին մեր հանդիսատեսները գիտեն «Մարվեն Բլեյկի հանցագործությունը» նկարից։ Նա նստել էր բազկաթոռին և կամացուկ, բայց զայրացած ասում էր, որ արդեն տասն օր է, ինչ ժամանակ չի գտնում մազերը լվանալու։ Հնարավորություն չկա։ Պետք է նկար «կրակել»։
: Սպասելով նկարահանմանը, դերասանուհին զզվանքով, ավելի ճիշտ՝ լիակատար անտարբերությամբ նայում էր «սետ»֊ին, որտեղ յուպիտերների լույսի տակ ապարատի առջև փայլում էր տանջալիորեն ծանոթ դեմքով մի մարդ։ Որտե՞ղ ենք տեսել այդ երկրորդական դերասանին։ «Երեխաների առևանգումը» նկարու՞մ, (գնդացիրներ և հետապնդումներ), թե՞ «Վալտասարի սերը» նկարում (կատապուլտեր, հունական կրակ և «մենե, թեքել, փարես»)։
: Վալտասարի դիրքից, որը հիմա նկարահանվում էր ցիլինդրով և ֆրակով («Բրոդվեյի մանկիկը» տիպի նկար), իսկույն երևում էր, որ աշխատանքը նրա մեջ ոչ մի ոգևորություն չի առաջացնում։ Ձանձրալի է և զզվելի։
: Դա չափազանց բնորոշ է յուրաքանչյուր փոքրիշատե մտածող հոլլիվուդցու համար։ Նրանք արհամարում են իրենց աշխատանքը, հիանալի հասկանալով, որ խաղում են ամեն տեսակ անհեթեթություն ու անպետքություն։ Մի կինեմատոգրաֆիստ, ցույց տալով մեզ ստուդիան, որտեղ ինքը ծառայում էր, տառացիորեն ծաղր ու ծանակի էր ենթարկում բոլոր նկարահանումները։ Խելացի մարդիկ Հոլլիվուդում, իսկ դրանց թիվը բոլորովին էլ քիչ չէ, ուղղակի ողբում էին, որ արվեստը ոտնահարվում է այստեղ ամեն օր և ամեն ժամ։ Բայց նրանք գնալու տեղ ու հնար չունեն։ Իրենց աշխատանքը նզովում են նաև սցենարիստները, ռեժիսյորները, դերասանները, նույնիսկ տեխնիկները։ Միայն Հոլլիվուդի տերերն են մնում հոգեկան լավ տրամադրության մեջ։ Կարևորը նրանց համար արվեստը չէ, կարևորը դրամարկղն է։
: Ամենամեծ պավիլիոնում նկարահանում էին մի տեսարան՝ պարահանդես շոգենավում։ Հրապարակի վրա խռնվել էին մի քանի հարյուր ստատիստներ, նկարահանման վայրը հիանալի լուսավորվախ էր։ Հոլլիվուդի ստուդիաները մեծ քանակությամբ լույս ունեն և չեն խնայում։ Նկարահանման ընդմիջում եղավ, լույսը պակասեցրին, և ստատիստները պարից հետո, հևակով, նետվեցին պավիլիոնի կիսալուսավոր անկյունները հանգստանալու և զրուցելու։ Ծովայինի համազգեստով, շքանշաններով և ծովակալի շքեղ ուսադիրներով աղջիկներն անմիջապես սկսեցին բարձրաձայն բլբլացնել ինչ֊որ կանացի բաների մասին։ Ծովային սպիտակ համազգեստով երիտասարդները, կինեմատոգրաֆիական լեյտենանտի բութ աչքերով ճեմում էին պավիլիոնում՝ լոք տալով հատակին ընկած էլեկտրական կաբելների վրայով։
: Օ՜, այդ հոյակապ կինոլեյտենանտները։ Եթե երախտագետ մարդկության մտքովն հանկարծ անցներ հուշարձան կանգնեցնել Խալտուրայի աստծուն, ապա կինեմատոգրաֆիական լեյտենանտից ավելի լավագույն մոդել չէր ճարվի։ Երբ նկարի սկզբում հայտնվում է սպիտակ կիտելով և ծովայինի գլխարկը թեք դրած հերոսը, կարելի է անմիջապես հանգիստ խղճով փախչել դահլիճից։ Ո՛չ մի խելքը գլխին, մտածված և հետաքրքիր բան արդեն տեղի չի ունենա։ Սա հենց ինքը՝ խալտուրայի աստվածն է― ուրախ և դատարկագլուխ։
: Մինչ մենք դիտում էինք դեկորներն ու ստատիստներին, հետևում հանկարծ լսվեց ռուսական ձայն, լավ, հյութեղ, ազնվական մի ձայն։
: ― Հը՛, Կոլյա, գնա՞նք այսօր որևէ տեղ։
: Շտաբս֊կապիտանի տեմբրով մեկ ուրիշ ձայն պատասխանեց․
: ― Բայց ի՞նչ զահրումարով ենք գնալու, Կոստենկա։
: Մենք արագ ետ նայեցինք։
: Մեր հետևում կանգնած էին երկու ֆրակավոր ջենտլմեններ։ Դարչնագույն գրիմը ծածկել էր նրանց բավական հալումաշ եղած դեմքերը։ Բարձրադիր օձիքներն ստիպում էին նրանց գլուխները հպարտորեն բարձր պահել, բայց աչքերի մեջ վհատություն կար։ Ա՛հ, Կոլյան բոլորովին էլ ջահել չէր, ասենք Կոստյան էլ իր խորշումներով ծերի տեսք ուներ։ Նրանք, ըստ երևույթին, վլադիվոստոկյան այդ վտարանդիները, ծերացել էին այստեղ՝ Հոլլիվուդում։ Բնավ ուրախալի չէ անանուն, շոգենավային ջենտլմեն խաղալ երիտասարդ ապուշների կյանքից վերցրած պարային պատկերում։ Հիմա լույսը կմարեն, ֆրակներն ու բարձրադիր օձիքները պետք է հանձնել տեղի ցեյխհաուզը, այսինքն՝ պահեստը։ Ամբողջ կյանքում նրանք գործ էին ունեցել ցեյխհաուզների հետ և, երևի, այդպես էլ կլինի մինչև մահ։
: Տրվեց ազդանշան, վառվեց շլացուցիչ լույսը։ Աղջիկները, լեյտենանտները, ֆրակավոր ջենտլմենները շտապեցին հրապարակ։ Մենք դուրս եկանք ստուդիայից և կես ժամ անց, արդեն դանդաղ գնում էինք ավտոմոբիլային հոսանքով, հասնելու Սանտա֊Մոնիկա քաղաքը՝ օվկիանոսի օդ շնչելու։ Կինեմատոգրաֆիայի մեծ մայրաքաղաքը բուրում էր բենզինով և տապակած ապուխտով։ Ֆլանելե, բաց գույնի շալվարներով դեռատի աղջիկները գործարար կերպով անցնում էին մայթերով։ Ամբողջ աշխարհից աղջիկներ են հավաքվում Հոլլիվուդ։ Այստեղ ամենաթարմ ապրանքն է պետք։ Դեռ չծագած աստղերի բազմություններ, անախորժ ու չար աչքերով գեղեցիկ աղջիկները լցնում էին քաղաքը։ Նրանք ուզում են հռչակվել և դրա համար պատրաստ են ամեն ինչի։ Միգուցե աշխարհում ոչ մի տեղ այդ քանակությամբ վճռական և անհամակրելի գեղեցկուհիներ չկան։
: Երկսեռ կինոաստղերը (Ամերիկայում տղամարդկանց էլ են տալիս «աստղի» աստիճան) ապրում են դեպի օվկիանոս տանող փողոցներում։ Այստեղ մենք տեսանք մի մարդ, որի պրոֆեսիան, ամենայն հավանականությամբ, անկրկնելի է։ Միայն նա է ներկայացնում փող վաստակելու այդ զարմանալի միջոցը։ Այդ մարդը նստել էր շերտավոր մեծ հովանոցի տակ։ Կողքին դրված էր պլակատ։
: «Կինոաստղերի տների մասին տեղեկանալ այստեղ։ Առավոտվա ժամը 9֊ից մինչև երեկոյան ժամը 5 անց 30 րոպե»։ Դա կինոաստղերի տները տուրիստներին ցույց տվող գիդն է։ Նա ցույց չի տալու ոչ այդ տների ներքին կահավորանքը և ոչ էկ Գլորիա Սվենսոնին՝ առավոտը թեյ խմելիս (ներս չեն թողնի), այլ հենց այնպես փողոցից։ Ահա, խնդրեմ, այն շենքը, որտեղ ապրում է Հարոլդ Լլոյդը և ահա այն առանձնատունը, որտեղ բնակվում է Գրետա Գարբոն։
: Թեև աշխատանքային օրը եռուզեռի մեջ էր, բայց ոչ ոք աշխատանքի չէր հրավիրում գիդին, և նրա դեմքին անսքող զզվանք էր գրված իր անհեթեթ պրոֆեսիայի և ամերիկյան կինեմատոգրաֆիայի նկատմամբ։
: Փոքր֊ինչ հեռու մենք տեսանք մի երիտասարդ, որը կանգնել էր սալարկված փողոցի մեջտեղում։ Կրծքին կախված էր պլակատ։
: «Ես սոված եմ։ Աշխատանք տվեք»։
: Այդ մարդուն նույնպես ոչ ոք չէր մոտենում։
: Օվկիանոսը լայնարձակ էր, մեղմ քամի էր փչում ափին, և ափակոծության դանդաղ աղմուկը հիշեցնում էր, որ աշխարհում կա իսկական կյանք՝ իսկական զգացմունքներով, որոնց պարտադիր չէ տեղավորել չեչոտկաներով, համբյուրներով և կրակոցներով առլեցուն, ճիշտ սահմանված քանակով մետրերի մեջ։
: Երբ ոտք դրինք մեր հյուրանոցի նախասրահը, բազմոցից մեզ ընդառաջ շարժվեց մի զորեղ կերպարանք։ Ձեռնափայտին հենվոլով, նա մոտեցավ մեզ և բարձր ու թանձր ձայնով արտասանեց․
: ― Թույլ տվեք ներկայանալ։ Կապիտան Տրեֆիլև, նախկին սպիտակգվարդիական։
: Կապիտանն ուներ մեծ, ժպտուն դեմք։ Նա սիրալիր նայեց մեզ իր վարազի աչքերով և իսկույն հայտարարեց, որ վաղուց արդեն չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, թեև մենք, ճիշտն ասած, ոչինչ չէինք լսել կապիտանի մասին նաև այն ժամանակ, երբ նա զբաղվելիս է եղել դրանով։
: Կապիտանը բռնեց մեր ձեռքերից, նստեցրեց գահավորակին և անմիջապես, ոչ մի րոպե չկորցնելով, սկսեց խոսել։ Առաջին հերթին ասաց, որ հենց իրեն էր հանձնարարված Սիբիր բերել Դենիկինի հայտնի հրամանը՝ Կոլչակին ենթարկվելու մասին։ Քանի որ մենք ուրիշ ազգանուն էինք հիշում, մենք առանձնապես զարմանք չարտահայտեցինք, չնայած նույնիսկ այն բանին, որ կապիտանը շատ պատկերավոր էր պատմում, թե ինչպես նա հրամանը ման է ածել ամբողջ աշխարհի շուրջը։
: ― Հասկանու՞մ եք, սլանում էի ճեպնթացով։ Գնացքից՝ շոգենավ։ Շոգենավից՝ գնացք։ Գնացքից դարձյալ շոգենավ։ Շոգենավից դարձյալ գնացք։ Եվրոպայի, Ատլանտիկայի, Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի, Ճապոնիայի, Հեռավոր Արևելքի վրայով․․․ Գալիս եմ թրջված, ոնց որ մուկ, իսկ Կոլչակն արդեն չկա։ Գնդակահարել, հաշվից դուրս են գցել։ Վռազ ետ դարձա։ Գնացքից՝ շոգենավ, շոգենավից՝ գնացք, գնացքից՝ դարձյալ շոգենավ։ Թրա՛խկ։ Դեռ Ամերիկայում իմանում եմ, Դենիկինն էլ արդեն չկա․ հրամանատարությունը արդեն հանձնել է Վրանգելին։ Սա ի՞նչ սատանայական բան է։ Դարձյալ գնացքից շոգենավ, շոգենավից՝ գնացք։ Հասնում եմ Փարիզ―Վրանգելն էլ արդեն չկա։ Է՜, մտածում եմ, գնացեք բոլորդ էլ ուր ուզում եք, իսկ ես շուռ եկա և ուղիղ դեպի Ամերիկա։ Հիմա ես ճանապարհորդ եմ և դասախոս։
: Կապիտանը հանեց հաստ ծխախոտատուփը և սկսեց հյուրասիրել մեզ ռուսական մուշտուկով գլանակներ։
: ― Ինքս եմ լցնում, ― ասաց նա, ― պարկուճները դուրս եմ գրում Բուլղարիայից։ Էս ամերիկյան զիբիլը բերանս չեմ վերցնի։ ― Եվ անմիջապես առանց որևէ անցման՝ հաղորդեց․ ― տեսնու՞մ եք դեմքիս մաշկը։ Հիանալի մաշկ է, հը՞։ Զարմանալի հարթ ու վարդագույն։ Ոնց որ կաթ ծծող խոչկորինը։ Ես ձեզ բացեմ գաղտնիքը։ Տասնվեց թվականին ռազմաճակատում Կովելի տակ ռումբի պայթյունից պլոկվեց դեմքիս ամբողջ մաշկը։ Ստիպված եղա հենց իմ հետույքի մաշկը հանել ու դնել երեսիս։ Հը՞։ Ինչպես է ձեզ դուր գալիս։ Լավ է, չէ՞։ Բժշկության հրաշք։ Հիանալի մաշկ։ Հը՞։ Կանանց, իհարկե, այս մասին չեմ պատմում, բայց ձեզ, որպես գրողների պատմեցի։ Միայն թե շատ եմ խնդրում, ոչ ոքի ո՛չ մի խոսք։
: Ապա նա ստիպեց հերթով բռնել իր ձեռնափայտը։
: ― Լավն է, չէ՞։ Հը՞, ― բորբոքված բղավում էր նա։ ― Քսաներկու ֆունտ զուտ երկաթ է։ Հիվանդ էի, սպորտով զբաղվել չեմ կարող, այնպես որ ձեռնափայտ եմ կրում, որպեսզի մկաններս չթուլանան։
: Հրաժեշտի պահին նա հաղորդեց, թե վերջերս, Հարավային Ամերիկա մեկնելուց առաջ, հարկ եղավ միանգամից պլոմբելու յոթ ատամ։
: ― Բացարձակապես ժամանակ չկար։ Մեկնելուցս առաջ այնքան էի վազվզել, որ ատամնաբույժի մոտ, բազկաթոռին քնեցի։ Ուղիղ մեկ ժամ հետո արթնանում եմ, և ինչ եք կարծում, յոթ ատամս էլ պլոմբել են։ Իսկ ես նույնիսկ չեմ էլ իմացել։ Բժշկության հրաշք։ Հը՞։
: Երբ սանդուղքով բարձրանում էինք համար, կապիտանը մեր հետևից բարձրաձայն բղավեց։
: ― Միայն թե շատ եմ խնդրում, կանանց՝ ոչ մի խոսք։
: Ընդ որում, նա ցույց էր տալիս իր վարդագույն այտերը և ողջույնով թափահարում քսաներկու ֆունտանոց ձեռնափայտը։
===Գլուխ երեսունյոթերորդ — Հոլլիվուդի ճորտերը===
: Մենք Ամերիկյան մի կինեմատոգրաֆիստի հետ նստել էինք հոլլիվուդի փոքրիկ սրճարանում, որը դրանցից շատերի պես կահավորված էր մի տեսակ Բաղդադի ոճով։
: Դեկտեմբերյան տապ երեկո էր, սրճարանի մուտքի դռները լայն բաց էին։ Չոր քամին ծեծում էր փողոցային արմավենիների տերևները։
: ― Դուք ուզում եք իմանալ, ― ասում էր կինեմատոգրաֆիստը, ― թե ինչու մենք մեր ապշեցուցիչ տեխնիկայով, մեր հիանալի դերասաններով, ռեժիսյորներով, որոնց մեջ կան աշխարհի լավագույն գեղարվեստագետներ, ինչու մենք երբեմն, բայց շատ հազվադեպ հիանալի ֆիլմեր արտադրողներս, գիշեր֊ցերեկ պատրաստում ենք մեր վրդովեցուցիչ, ապուշային նկարները, որոնցից հանդիսատեսը կամաց֊կամաց բթանում է։ Ուզու՞մ եք իմանալ։ Խնդրեմ, ես ձեզ կպատմեմ։
: Կինեմատոգրաֆիստը մի ըմպանակ «շերրի» պատվիրեց․
: ― Պետք է հիշել, թե ամերիկյան հին կինեմատոգրաֆիական դրամայում ով էր բացասական ֆիգուրա։ Դա գրեթե միշտ բանկիրն էր։ Այն ժամանակվա կինոպիեսներում նա ստոր մարդ էր։ Այժմ դիտեցեք Հոլլիվուդում վերջին տարիներին արտադրած հազարավոր ֆիլմեր, և դուք կտեսնեք, որ բանկիրը որպես բացասական գործող անձ, անհետացել է։ Նա նույնիսկ դարձել է դրական տիպ։ Հիմա նա աղքատներին կամ սիրահարներին օգնող բարի, համակրելի գործարար մարդ է։ Այդ տեղի ունեցավ, որովհետև այժմ բանկիրներն ու կապիտալիստներն են դարձել Հոլլիվուդի տերերը։ Նրանք, ինքներդ եք հասկանում, արդեն թույլ չեն տա, որ ֆիլմերում իրենց պատկերեն իբրև սրիկաների։ Ավելին կասեմ։ Ամերիկայն կինեմատոգրաֆիան, գուցե միակ արդյունաբերությունն է, ուր կապիտալիստները մուտք գործեցին ո՛չ միայն ի սեր վաստակի։ Այդ պատահմամբ չէ, որ մենք ապուշային ֆիլմեր ենք արտադրում։ Մեզ հրամայում են այդպես անել։ Եվ արվում է դիտավորությոմբ։ Հոլլիվուդը պլանաչափորեն բթացնում է ամերիկացիների գլուխը, շշմեցնում նրանց իր ֆիլմերով։ Հոլլիվուդյան ֆիլմը ոչ մի լուրջ կենսական հարց չի շոշափում։ Ես այդ երաշխավորում եմ ձեղ։ Մեր տերերը թույլ չեն տա այդ անել։ Այդ բազմամյա աշխատանքն արդեն տվել է իր ահավոր պտուղները։ Ամերիկյան հանդիսատեսին բոլորովին ետ են սովորեցրել մտածելուց։ Այժմ շարքային կինոհաճախողը կանգնած է անասելի ցածր մակարդակի վրա։ Նրա համար շատ դժվար է նայել որևէ ավելի բովանդակալից նկար, քան պարա֊չեչոտկային ֆիլմ կամ կեղծ պատմական պիես։ Նա չի նայի խելացի նկար, այլ կվերցնի իր աղջկան ու կանցնի հարևան կինոն։ Այդ իսկ պատճառով, եվրոպական ֆիլմերը, որոնք, այնուամենայնիվ, շատ բովանդակալից են, քան ամերիկյանները, քիչ հաջողություն ունեն։ Ես ձեզ ահավոր բաներ եմ պատմում, բայց այդպես է իրերի իսկակակն վիճակը։ Բազում տարիների աշխատանք է պետք, որպեսզի նորից ճաշակ վերադարձվի ամերիկյան հանդիսատեսին։ Բայց ո՞վ է այդ աշխատանքն անելու։ Հոլլիվուդի տերե՞րը։
: Մեր զրուցակիցը շատ անկեղծ էր խոսում։ Ինչպես երևում է, այդ թեման շարունակ տանջելիս է եղել նրան։
: ․․․Չե որ մեզանում ոչ մի անկախ մարդ չկա, բացի Չապլինից։ Մենք ծառայում ենք մեր տերերի մոտ և անում այն ամենը, ինչ հրամայում են։ Դուք կհարցնեք, ինչպե՞ս է որ, այնուամենայնիվ, երևան են գալիս այն մի քանի լավ նկարները, որ արտադրում է Հոլլիվուդը։ Դրանք երևան են գալիս հակառակ տիրոջ կամքի։ Այդ պատահական հաջողություն է, տիրոջ զիջողությունը ծառայի հանդեպ, որին գնահատում են, որպեսզի նա հիմարաբար չլքի աշխատանքը։ Երբեմն ստիպված են լինում լավ ֆիլմը թաքցնել տերերից, որպեսզի նրանք չհասցնեն փչացնել։ Դուք ճանաչու՞մ եք Լուի Մայլստոնին։ Երբ նա բեմադրում էր «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպը, վախենալով տերերից, որոնք սովորություն ունեն գնալ նկարահանումների վայրը և խորհուրդներ տալ, նա լուր տարածեց, որ իր նկարահանումների ժամանակ շարունակ պայթյուններ են տեղի ունենում և որ դա շատ վտանգավոր է կյանքի համար։ Տերերը վախեցան և հանգիստ թողին խորամանկ Մայլստոնին։ Բայց և այնպես նրան չհաջողվեց մինչև վերջ թաքցնել։ Մի անգամ նրան կանչեց հուզված տերը և հարցրեց․
: ― Լսեցե՛ք, Լուի, ասում են, որ ձեր ֆիլմը դժբախտ վերջավորություն ունի, ճի՞շտ է։
: ― Այո, ճիշտ է, ― խոստովանեց Մայլստոնը։
: ― Այդ անհնարին է, ― աղաղակեց տերը։ ― Ամերիկյան հասարակությունը չի նայի այդպիսի ֆիլմ։ Պետք է ուրիշ վերջավորություն տալ։
: ― Բայց չէ՞ որ ֆիլմը նկարահանվում է Ռեմարկի նշանավոր գործով, իսկ այնտեղ վերջավորությունը հենց այդպիսին է, ― պատասխանեց Մայլստոնը։
: ― Այդ բանը ես չգիտեմ, ― անհամբեր ասաց տերը, ― ես այդ Ռեմարկին չեմ կարդացել և դա ինձ չի վերաբերում։ Այն էլ բավական է, որ մենք ահագին փող ենք տվել բեմադրության իրավունքի համար։ Բայց ես կրկնում եմ․ ամերիկյան հասարակությունը չի նայի այդպիսի մի նկար, որն ունի տխուր վերջավորություն։
: ― Լա՛վ, ― ասաց Մայլստոնը, ― ես ուրիշ վերջավորություն կտամ։
: ― Այդ հիանալի է, ― ուրախացավ տերը։ Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվելու։
: ― Շատ պարզ։ Ռեմարկի մոտ պատերազմը շահում են ֆրանսիացիները, ինչպես և եղել է իրականում։ Բայց քանի որ դուք անպայման ուզում եք վերջավորությունը փոխել, ես կանեմ այնպես, որ գերմանադիները շահեն պատերազմը։
: Այդ սրամիտ պատասխանով միայն Մայլստոնը փրկեց իր նկարը։ Նա մեծ հաջողություն ունեցավ։ Բայց շատ հազվադեպ է այդպես լինում։ Սովորաբար նույնիսկ հայտնի, նույնիսկ ականավոր ռեժիսյորը ստիպված է անել այն, ինչ հրամայում են։ Այ հիմա, սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, բովանդակ աշխարհում հայտնի մի կինորեժիսյոր ստացավ իր հավանած սցենարը։ Նա արդեն մի քանի տարի էր, բեմադրելու համար որոնում էր որևէ նշանակալից բան։ Պատկերացնում եք նրա ուրախությունը և հաճույքը, երբ վերջապես ստացավ իր ուզածը։ Բայց այդ ֆիլմում նկարահանվելու էր Մառլեն Դիտրիխը՝ Հոլլիվուդի աստղը։ Դիտրիխը կարդաց սցենարը, և որոշեց, որ մյուս դերասանների դերերը չափազանց մեծ են և հաջողակ, որ նրանք կխանգարեն իրեն աչքի ընկնել նկարում։ Եվ ահա անզուգական Մառլենը պահանջեց, որ այդ դերերը կրճատվեն։ Պիեսն անդարձ փչացավ։ Ռեժիսյորը հրաժարվեց այդ կերպ այլանդակված սցենարը բեմադրելուց։ Ինչպես տեսնում եք, ռեժիսյորը, որի մասին ձեզ պատմում եմ, այնքան մեծ է ու նշանավոր, որ համարձակվում է հրաժարվել իր համար անհաճո աշխատանքից։ Այդպիսի մարդիկ Հոլլիվուդում մատների վրա են հաշվվում։ Եվ այսպես, աստղը հաղթեց, որովհետև մեր տերերի համար գլխավորն աստղն է։ Ամերիկյան հասարակությունը կինո է գնում աստղի համար, և ոչ թե ռեժիսյորի։ Եթե աֆիշայի վրա տպված է Մառլեն Դիտրիխ, Գրետա Գարբոյի կամ Ֆրեդերիկ Մարչի անունը, հասարակությունը, միևնույն է, իր միլիոնները կմուծի դրամարկղը, ինչպիսի դատարկ բան էլ որ խաղալիս լինեն այդ հիանալի դերասանները։ Ամեն բան վերջացավ շատ հասարակ ձևով․ կանչեցին ուրիշ ռեժիսյորի, որ ոչ մի բանից չէր համարձակվում հրաժարվել, այլապես կկորցներ աշխատանքը, և հանձնարարեցին բեմադրել խեղաթյուրված սցենարը։ Նա նզովեց իր ողորմելի գոյավիճակը և սկսեց «կրակել» նկարը։
: Գուցե կարծում եք, թե մեզ ղեկավարում են ինչ֊որ լուսավորված կապիտալիստնե՞ր։ Ցավոք սրտի, դրանք ամենասովորական, դոլար շինող, բութ արարածներ են։ «Մետրո Հոլդվին Մայերի» մասին դուք, իհարկե, գիտեք։ Նրանց ստուդիան տարեկան բազում նկարներ է բաց թողնում։ Բայց ահա թե ինչ կարող եմ պատմել ձեզ այդ ֆիրմայի տիրոջ՝ ծերուկ Հոլդվինի մասին։
: Մի անգամ նա գալիս է ծանոթների մոտ և ուրախ֊ուրախ հաղորդում․
: ― Գիտե՞ք, իմ կինն այնպիսի գեղեցիկ ձեռքեր ունի, որ արդեն կիսանդրի են քանդակում։
: Պատմում են նույնպես, որ Հոլլիվուդի դերասանուհիներից մեկը, որը նրանից շաբաթական տասը հազար դոլար է ստանում (աստղերը ստանում են միանգամայն ապշեցուցիչ մեծ հոնորար, բայց այստեղ ոչ մի բարեգործություն չկա․ շաբաթական տասը հազար դոլար ստացող աստղը հենց նույն շաբաթվա մեջ առնվազն նույնքան հազար եկամուտ է բերում իր տիրոջը), իր մոտ նախաճաշի է հրավիրում իր ամրոցը, որն արդեն հաջողեցրել էր գնել Ֆրանսիայում։ Նախաճաշից առաջ ծեր Հոլդվինին ցույց են տալիս շենքը։ Ծերուկը բարեխղճորեն շոշափում է մետաքսյա պաստառները, զննում մահճակալները, ստուգում ներքնակների առաձգականությունը, ուշադիր նայում է մարտական աշտարակները։ Բայց առանձնապես նրան հետաքրքրում է արևի հնօրյա ժամացույցը։ Երբ նրան բացատրում են կառուցվածքը, նա հիանում է և բացականչում, ― Ա՛յ լավ բան։ Տեսնես հիմա է՛լ ինչ են հնարելու։
: Դուք տեսնում եք, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնքան տգետ մարդկանց հետ, որոնք արևի ժամացույցը ընդունում են որպես վերջին գյուտ։ Սա է նրանց գիտելիքների մակարդակը, կուլտուրայի մակարդակը։ Եվ այդ մարդիկ ոչ միայն փող են տալիս նկար արտադրելու։ Ո՛չ, նրանք միջամտում են ամեն բանում, ուղղումներ են մտցնում, փոխում սյուժեները, նրանք ցուցում են տալիս մեզ, թե ինչպես նկարահանել։ Է՜հ, այնքան մռայլ բաներ պատմեցի ձեզ, որ, թերևս, բավական է։ Գիտե՞ք ինչ։ Նատենք մեքենա, գնանք զբոսնելու, կթարմանանք։
: Մենք մեկնեցինք քաղաքից դուրս և ընկանք պահեստային ջրամբարի մոտերքը, որը Լոս֊Անժելոսն ապահովում է ջրմուղ կայանի փչացման դեպքում։
: Սևակնած գիշեր էր։ Լռության ու խավարի մեջ մենք, իրոք, հանգստացանք, խելքներս գլուխներս եկավ հոլլիվուդյան սարսափելի պատմություններից հետո։
: Վերադառնալով «Հոլլիվուդ֊օթել», քնեցինք չուգունե քնով՝ տեսիլներից, հանգստից ու անդորրից, մի խոսքով, զուրկ այն ամենից, ինչով այնպես հրաշալի է քունը։
===Գլուխ երեսունութերորդ — Աղոթեցեք, կշռվեցեք և վճարեցեք
: Ծննդյան տոներին նախապատրաստվելը գնալով ավելի ու ավելի լայն չափեր էր ընդունում։ Մորթվել էին միլիոնավոր հնդուհավեր, փետրահանվել և դրվել խանութների ցուցափեղկերը՝ հմայելով հոլլիվուդցիներին մաշկատակի դեղնավուն ճարպով և կրծքերին դրոշմած սանիտարական տեսչության յասամանագույն կնիքներով։
: Մենք արդեն ասել ենք, որ ամերիկյան ծննդյան տոները ոչ մի առնչություն չունեն կրոնի հետ։ Այս օրը տոնվում է բնավ ոչ տեր֊աստծու ծնունդը։ Դա տոն է ի պատիվ ավանդական ծննդյան հնդուհավի։ Այդ օրը տեր֊աստված ամոթխաց ժպիտով հետին պլան է քաշվում։
: Հնդուհավի երկրպագության հետ կապված է մեկ ուրիշ տարօրինակ ծիսակատարություն ― միմյանց նվերներ տալը։ Հմտորեն վարած բազմամյա առևտրական ռեկլամը այնպես է արել, որ նվերներ տալը բնակչության համար դարձել է յուրատեսակ պարտավորություն, որից առևտուրը չլսված շահույթներ է քամում։ Տարվա ընթացքում խանութներում հավաքված չծախվող ապրանքը մի քանի օրում վաճառվում է բարձր գներով։ Խանութները լեփ֊լեցուն են։ Խենթացած գնորդները թռցնում են աչքը տեսածը։ Ամերիկացին նվեր է տալիս ոչ միայն իր կնոջը, երեխաներին կամ բարեկամներին։ Նվերներ են տրվում և պետերին։ Կինոստուդիայի դերասանը նվեր է տալիս իր ռեժիսյորին, կինօպերատորին, հնչյունային օպերատորին, գրիմյորին։ Գրասենյակի աղջիկը նվեր է տալիս իր տիրոջը, գրողը՝ հրատարակչին, լրագրողը խմբագրին։ Նվերների մեծամասնությունը միանգամայն անսքող կաշառքի բնույթ ունի։
: Նվերներ են տրվում և վայրընթաց գծով ― ավագներից՝ կրտսերներին։ Բայց սա նվազ մի առվակ է սիրո և հարգանքի այն հուժկու շատրվանների հետ համեմատած, որ խփում է ներքևից վերև։
: Դերասանը երկու շիշ լավ շամպայն է նվիրում գրիմյորին այն հաշվով, որ վերջինս ամբողջ տարին շարունակ առանձնապես լավ գրիմավորի իրեն, ռեժիսյորին նվեր է տրվում օգտավետ բարեկամություն պահպանելու համար, օպերատորներին՝ որպեսզի հիշեն, որ այս դերասանին պետք է լավ նկարահանել, ձայնագրել։
: Նվերների ընտրությունը շատ նուրբ գործ է։ Պետք է իմանալ՝ ում և ինչ նվիրել, որպեսզի շնորհակալության փոխարեն նրա վիրավորանքը չհարուցի։ Նվերային տենդը շատ հոգս է պատճառում ամերիկացիներին, թանկ է նստում, բայց փոխարենը առևվտրականներին պարգևում է դրախտային րոպեներ և շաբաթներ։
: Միմյանց նվիրում են սիգարներ, գինիներ, օծանելիք, շարֆեր, կոֆտաներ, մանր֊մունր զարդարանքներ։ Խանութի տղաները վազվզում են քաղաքավ մեկ, հատուկ տոնական թղթերով փաթաթված նվերները տեղ հասցնելու։ Բեռնատար մեքենաները ևս միայն նվերներ են տանում դեսուդեն։ Նվագախմբի ուղեկցությամբ, գեներալի գեղեցիկ համազգեստով պտույտի է ելել բամաբակե մորուքով կարմրաքիթ Սանտա֊Կլաուսը՝ նաֆթալինի բքով պարուրված։ Նվերների աստծու հետևից տղաներ են վազում։ Մեծահասակները հազում են ծննդյան պապիկին տեսնելիս և լարված մտաբերում, թե էլ ում պետք է նվեր տանել։ Աստված ոչ անի որևէ մեկը մոռացվի․ ամբողջ տարվա ընթացքում հարաբերությունները փչացած կլինեն։
: Ճիշտն ասած, նախածննդյան եռուն օրերին հենց այս դեպքերում են միայն հիշում աստծու անունը։
: Ամերիկայում շատ կրոններ կան և շատ աստվածներ․ բողոքական, կաթոլիկական, բապտիստական, մեթոդիստական, կոնգրեգացիոն, պրեսվիտերիական, անգլիկանական։ Միլիոնավոր մարդիկ ուզում են ինչ֊որ մի բանի հավատալ, և եկեղեցական տասնյակ հզոր կազմակերպություններ առաջարկում են իրենց ծառայությունը։
: Եվրոպական հին կրոնները, եթե կարելի է այսպես ասել, տառապում են որոշ վերացականությամբ։ Թող իրենց համար ապաստանեն այդ հին ու զառամած մայր ցամաքում։ Ամերիկայում՝ երկնաքերծերի, էլեկտրական լվացքի մեքենաների և դարուս այլ նվաճումների կողքին նրանք մի տեսակ խունանում են։ Որևէ ավելի ժամանակակից, ավելի է էֆեկտավոր և, վերջապես, պետք է ազնիվ ու անկեղծ խոսել, որևէ ավելի գարծնական բան է պետք, քան երկնային հավիտենական երանելիությունը՝ երկրի վրա առաքինի կյանք վարելու համար։
: Այս տեսակետից առավել ամերիկանացված է հանդիսանում իրեն «Քրիստոնեական գիտություն» անվանող աղանդը։ Նա միլիոնավոր համախոհներ ունի և իր էությամբ վիթխարի բուժարանի նման մի բան է, միայն առանց բժիշկների և դեղորայքի մասնակցության։ «Քրիստոնեական գիտությունը» մեծ է ու հարուստ։ Գեղեցիկ բանկային սյունազարդ նախասրահներով հիանալի տաճարները նրան են պատկանում բազում մեծ ու փոքր քաղաքներում։
: «Քրիստոնեական գիտությունը» չի առաջարկում անասելի երկար սպասել երկնի հատուցմանը։ Նա իր բիզնեսն անում է երկրի վրա։ Այս կրոնը գործնական է ու հարմար․ նա ասում է․
: ― Դու հիվա՞նդ ես, իջվա՞ծք ունես։ Հավատա աստծուն, և իջվածքդ կանցնի։
: Քրիստոնեությունը որպես գիտություն, որպես անմիջական օգուտ բերող մի բան։ Սա հասկանալի է միջին ամերիկացուն, հասնում է նրա տարիների կարևոր և հապշտապ աշխատանքից բթացած գիտակցությանը։ Կրոնը նույնքան օգտակար է, որքան էլեկտրականությունը։ Սա պիտանի է։ Սրան կարելի է հավատալ։
: ― Դե լավ, իսկ եթե իջվածքը, այնուամենայնիվ, չանցնի՞։
: ― Այդ նշանակում է, որ դուք բավարար չափով չեք նվիրաբերվել աստծուն։ Հավատացեք նրան, և նա կոգնի ձեզ ամեն բանում։
: Կօգնի ամեն բանում։ Նյու֊Յորքում մենք մի առիթով մտանք քաղաքի կենտրոնում գտնվող «Քրիստոնեական գիտության» եկեղեցիներից մեկը։ Մարդկանց մի փոքր խումբ նստել էր նստարաններին և լսում էր դերձակի մոտ պատվիրած, լավ կարած կոստյումով տարեց ջենտելմենին (Ամերիկայում պատվերով կարած կոստյումը բարեկեցության նշան է համարվում):
: Այդ էքսկուրսիայում մեզ ուղեկցող միստեր Ադամսը ականջները սրեց և, գլուխը կախելով, ուշադիր լսում էր։ Նա ձեռքով մեզ նշան արավ մոտենալու։ Այն, ինչ մենք լսեցինք, շատ նման էր Նյու֊Յորքի գիշերօթևանի տեսարանին, ուր մենք ընկանք Ամերիկա ժամանելու հենց առաջին երեկոն։ Միայն թե այնտեղ հորդորում էին աղքատներին, իսկ այստեղ՝ հարուստներին։ Բայց հորդորում էին բոլորովին միատեսակ, կենդանի վկաների և անհերքելի փաստերի օգնությամբ։
: ― Եղբայրնե՛ր, ― ասում էր տարեց ջենտլմենը, ― քսան տարի սրանից առաջ ես աղքատ էի և դժբախտ։ Ապրում էի Սան֊Ֆրանցիսկոյում։ Աշխատանք չունեի, կինս մեռնում էր, երեխաներս սոված էին։ Ես ոչ մի տեղից օգնություն չէի սպասում, բացի աստծուց։ Եվ մի առավոտ աստծու ձայնն ինձ ասաց․ «Գնա՛ Նյու֊Յորք և ծառայության մտիր ապահովագրական ընկերությունում։ Ես ամեն ինչ թողեցի և մի կերպ հասա Նյու֊Յորք։ Սոված ու ջլատված ման էի գալիս փողոցներում և սպասում, թե տերը երբ կոգնի ինձ։ Վերջապես տեսա ապահովագրական ընկերության ցուցանակը և հասկացա, որ աստված ինձ հենց այստեղ է ուղարկել։ Մտա այդ հսկայական և փայլուն շենքը։ Իմ սարսափելի կոստյումով ինձ չէին ուզում թողնել դիրեկտորի մոտ։ Բայց ես, այնուամենայնիվ, անցա նրա մոտ և ասացի․
: ― Ես ուզում եմ աշխատանք ստանալ։
: ― Դուք ծանո՞թ եք ապահովագրության գործին, ― հարցրեց նա ինձանից։
: ― Ո՛չ, ― պատասխանեցի ես ինքնավստահ։
: ― Հապա ինչու՞ եք ուզում աշխատել հատկապես ապահովագրական ընկերությունում։
: Ես նայեցի նրան և ասացի․
: ― Որովհետև տեր աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ։
: Դիրեկտորը ոչինչ չպատասխանեց, կանչեց քարտուղարին և հրամայեց ընդունել ինձ որպես լիֆտյոր։
: Հասնելով մինչև այդ տեղը, պատմողը կանգ առավ։
: ― Հետո ի՞նչ պատահեց ձեզ հետ, ― անհամբեր հասցրեց ունկնդիրներից մեկը։
: ― Դուք ուզում եք իմանալ, թե հիմա ո՛վ եմ ես։ Հիմա ես այդ ապահովագրական ընկերության փոխ֊պրեզիդենտն եմ։ Եվ այդ արեց աստված։
: Մենք դուրս եկանք եկեղեցուց փոքր ինչ շշմած։
: ― Ո՛չ, պարոնայք, ― տաքանում էր միստեր Ադամսը, ― դուք լսեցի՞ք։ Եթե մի գործիմաց մարդ հաշվեմեքենայի չխչխկոցի և հեռախոսի զանգերի տակ կարող է մեկ ուրիշ գործիմաց մարդու միանգամայն լուրջ ասել, թե աստված է իրեն ուղարկել այստեղ ծառայություն ստանալու և աստծու այդ հանձնարարականը, իրոք, ուշադրության է առնվում, ապա ինքներդ էլ տեսնում եք, որ նա շատ հարմար ու գործիմաց աստված է։ Գրասենյակների և բիզնեսի իսկական ամերիկյան աստված, և ոչ թե անօգուտ փիլիսոփայության հակումով որևէ եվրոպական շաղակրատ։ Նույնիսկ կաթոլիկությունը Ամերիկայում հատուկ գծեր է ձեռք է բերել։ Պատեր Կոգլինը կառուցել է սեփական ռադիոկայան և իր աստծուն ռեկլամում է ոչ պակաս մոլեգնությամբ, քան ռեկլամվում է «կոկա֊կոլան»։ Լուրջ եմ ասում, պարոնայք, եվրոպական կրոնները չեն սազում ամերիկացիներին։ Նրանք կառուցված են ոչ բավարար գործնական հիմքի վրա։ Բացի այդ, նրանք չափազանց խելոք են միջին ամերիկացու համար։ Նրանց որևէ ավելի հասարակ բան է պետք։ Նրան պետք է ասել, թե ո՛ր աստծուն հավատա։ Ինքը դժվար թե գլուխ հանի այդ բանից։ Ընդ որում, նա գլուխ հանելու ժամանակ չունի՝ զբաղված մարդ է։ Կրկնու՛մ եմ, պարոնայք, նրան պարզունակ կրոն է պետք։ Ասացեք նրան ստույգ, թե ինչ օգուտ է տալու այդ կրոնը, ինչ կնստի նրա վրա և ինչով է այդ կրոնը մյուսներից լավ։ Բայց, խնդրում եմ, ասացեք ստույգ։ Ամերիկացիները տանել չեն կարողանում անորոշություն։
: Մի անգամ, երբ նստել էինք Հոլլիվուդ բուլվարում տեղավորված «Հոլլիվուդ օթելում» և աշխատում էինք, սենյակ վազեցին Ադամսները։ Մենք երբեք այդ վիճակում չէինք տեսել նրանց։ Միստեր Ադամսի վերարկուն կախված էր միայն մեկ ուսից։ Նա անհասկանալի ճիչեր էր արձակում, և նրա դեմքը ամեն րոպե գնալով ավելի էր կարմրատակում։ Միսիս Ադամսը, հեզ ու խոնարհ միսիս Ադամսը, որը սառցապատ լեռնանցքներում անգամ չէր կորցնում հոգու արիությունը և տոկունությունը, վազվզում էր սենյակում և ժամանակ առ ժամանակ բացականչում․
: ― Ինչու՛ ատրճանակ չունեի մոտս։ Ես նրան կսպանեի շան պես։
: ― Ո՛չ, Բեկկի, ― բղավում էր Ադամսը։ ― Այդ ե՛ս կսպանեի նրան, շան պես։
: Մենք վախեցանք։
: ― Ի՞նչ է պատահել։ Այդ ու՞մ՝ շան պես։ Ինչի՞ համար։
: Բայց անցավ տասը րոպե, մինչև որ Ադամսները հանդարտվեցին և կարողացան պատմել, թե ինչն է իրենց այդպես զայրացրել։
: Պարզվեց, որ վաղ առավոտյան, չուզենալով մեզ արթնացնել, նրանք մեկնել են Լոս֊Անժելոս, լսելու Ամերիկայում հայտնի, նոր կրոն ստեղծող Էմմի Մակֆերսոնի քարոզը։
: Վիճաբանելուց հետո՝ թե ով է պատմելու, ինչպես միշտ, հաղթանակեց միստեր Ադամսը։
: ― Պարոնայք, սա ուղղակի անհավանական է, ― բղավում էր նա ուժեղ ձայնով։ ― Դուք շատ բան կորցրիք, որ մեզ հետ չէիք։ Գրեցեք ձեր հուշատետրերում, որ ամեն ինչ կորցրիք, պարոնա՛յք։ Եվ այսպես, Բեկկիի հետ գնացինք Էմմի Մակֆերսոնի տաճարը։ Չնայած մինչև քարոզն սկսվելը մի ամբողջ ժամ կար, եկեղեցին լեփ֊լեցուն էր։ Հազարից ավելի մարդ էր նստած այնտեղ։ Ու բոլորն էլ լավ, հասարակ մարդիկ։ Տնօրեններն, ըստ երևույթին, ինչ֊որ կարևոր անձնավորությունների տեղ ընդունեցին մեզ և նստեցրին առաջին կարգում։ Շատ լավ էր, պարոնայք։ Նստել ու սպասում ենք։ Այո՛, այո՛, այո՛, առայժմ իհարկե, խոսքի բռնվեցինք հարևանների հետ։ Հիանալի մարդիկ էին։ Մեկը ֆերմեր էր՝ Այովայից, մյուսն էլ էր հատկապես եկել այստեղ։ Նա Նևադայում փոքրիկ ռենչ ունի։ Լավ, ազնիվ մարդիկ են, որոնք ուզում են որևէ բանի հավատալ, կարոտ են հոգևոր սննդի։ Նրանց հարկավոր է որևէ բան տալ, դա շատ անհրաժեշտ է, պարոնայք։ Վերջապես հնչում է երաժշտությունը, թնդում է տուշ, ոնց որ կրկես լինի, և հայտնվում է Էմմի Մակֆերսոնը, գանգրացրած մազերով, ամբողջովին խոպոպիկներով, մորեգույն մանիկյուրով, սպիտակ խիտոնով, քսված, ներկված։ Ոչ այնքան ջահել, բայց դեռ սիրունիկ։ Բոլորը հիացած են։ Հարկա՛վ։ Մտածեցեք հապա, պարոնայք։ Տխուր տերտերի փոխարեն դուրս է գալիս ժամանակակից սիրունիկ մի կին։ Եվ գիտե՞ք նա ինչ եր ասում։ Դա սարսափելի բան էր։
: ― Եթե ես ատրճանակ ունենայի, ― վրա բերեց միսիս Ադամսը, ― ես նրան․․․
: ― Նո՛, նո՛, Բեկկի, այդքան արյունառուշտ չպետք է լինել։ Չէ, լուրջ, մի ընդհատիր ինձ։ Եվ այսպես, պարոնայք, ես չեմ պատմի, թե ինչ էր շաղակրատում նա։ Եվրոպայում դա ծիծաղ կառաջացներ նույնիսկ ամենախավարամիտ մարդկանց մոտ։ Բայց մենք Ամերիկայում ենք, միստերներ։ Այստեղ պետք է ասել շատ հասարակ բաներ միայն։ Ազնի՛վ խոսք, լավ մարդիկ էին եկեղեցում հավաքվածները, նրանք հիացած էին։ Հոգեկան այն սնունդը, որ առաջարկվում էր նրանց Էմմի Մակֆերսոնը, չէր սազի նույնիսկ դեղձանիկին, եթե դեղձանիկը կրոնի կարիք ունենար։ Խղճուկ սրամտություններով համեմված կոպիտ շառլատանության և թափանցիկ զգեստներով ջահել աղջիկների երգչախմբի ձևով բավական մեծ բաժին զգայականություն։ Բայց ամենագլխավորը, միստերներ, դեռ առջևում էր։ Պարզվեց, որ Էմմի Մակֆերսոնը կարիք ունի հարյուր հազար դոլարի՝ տաճարը նորոգելու համար։ Հարյուր հազար դոլար, միստերներ, դա մեծ փող է նույնիսկ հարուստ Ամերիկայում։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ ամերիկացիներն այնքան էլ չեն սիրում բաժանվել իրենց դոլարներից։ Ինքներդ էլ եք հասկանում, որ եթե Մակֆերսոնը հավաքվածներին պարզապես խնդրեր փող նվիրաբերել տաճարը նորոգելու համար, ապա շատ քիչ փող կհավաքեր։ Բայց նա հանճարեղ բան է մոգոնել։ Լռեց կամարները թնդացնող նվագախումբը, և հրեշտակի պես խուճուճված քույր Մակֆերսոնը նորից դիմեց բազմությանը։ Նրա ճառը, հիրավի, ոգեշնչված էր։ Միստերներ, դուք ամեն ինչ կորցրել եք, որովհետև չեք լսել այդ զարմանալի ճառը։ «Եղբայրներ, ― ասաց նա, ― փող է պետք։ Իհարկե, ոչ ինձ, այլ աստծուն։ Դուք կարող եք աստծուն մեկ պեննի տալ ձեր մարմնի քաշի յուրաքանչյուր ֆունտից, այն մարմնի, որ նա շնորհել է ձեզ անասելի ողորմածությամբ։ Միայն մեկ պեննի։ Չնչին բան։ Միայն մեկ պեննի է խնդրում ձեզանից աստված։ Մի՞թե դուք մերժելու եք նրան»։
: Հենց այդ պահին շարքերով անցան սպասավորները՝ թռուցիկներ բաժաելով, որոնց վրա տպված էր․
: «Աղոթեցե՛ք, կշռվեցե՛ք, վճարեցե՛ք․․․
: Միայն մեկ պեննի՝ կենդանի քաշի մեկ ֆունտին․
: Կշռվեցեք ինքներդ։ Կշռե՛ք հարազատներիդ,
: Կշռեք ծանոթներիդ»։
: Գիտեք ինչ, միստերներ, չէ՞ որ սա հանճարեղ է մտածված։ Ամերիկյան բնավորության հատկությունների նուրբ իմացումով։ Ամերիկացիները սիրում են թվեր։ Նրանց ամենից հեշտ է համոզել թվերով։ Թե չէ փող տվող չեն։ Բայց մի պեննի՝ քաշի յուրաքանչյուր ֆունտին, դրանում մի ինչ֊որ անհունորեն համոզիչ և գործարար բան կա։ Բացի այդ, հետաքրքիր զբաղմունք է դա։ Ֆերմերը կվերադառնա իր Այովան և մի ամբողջ շաբաթ կկշռի իր հարևաններին ու ազգականներին։ Ա՛յ թե ծիծաղ կլինի, հա՜․․․
: Այո՛, այո՛, միստերներ, սպասավորները կրկին անցան շարքերով, այս անգամ մեծ մատուցարաններով։ Մի քանի րոպեում մատուցարանները լիքը լցվեցին։ Միջին ամերիկացին հարյուր ութսուն ֆունտ քաշ ունի։ Նևադայից եկած իմ գեր հարևանը երկու դոլար տվեց։ Իսկ նա որոշակի հարուստ մարդ էր։ Նրան համոզեցին ապուշային թվաբանության օգնությամբ։ Միստերներ, ես ձեզ միանգամայն լուրջ եմ ասում։ Բոլոր այդ շառլատանային աղանդների կրոնը գտնվում է բազմապատկման աղյուսակից դեպի ամենագռեհիկ մյուզիկ֊հոլլը տանող ճանապարհի կեսին։ Մի քիչ թիվ, մի քիչ հին անեկդոտ, մի քիչ պոռնոգրաֆիա և անչափ շատ լկտիություն։ Գրեցեք ձեր հուշատետրում, միստերներ։
===Գլուխ երեսունիններորդ — Աստծո երկիրը===
: Էմմի Մակֆերսոնը լցրել էր միստեր Ադամսի համբերության բաժակը։
: ― Չե՛, լուրջ, պարոնայք, ― ասում, էր նա մեր համարում անցուդարձ անելով, ― մենք Բեկիի հետ որոշել ենք մեկնել։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես ձեզ հիանալի հասկանում եմ։ Դուք գրող եք, հարկ է, որ լավ ծանոթանաք ամերիկյան կինեմատոգրաֆիային։ Այո՛, այո՛, դա ձեզ միանգամայն անհրաժեշտ է։ Բայց ես ու Բեկկին այստեղ անելիք չունենք։ Թողեք մենք գնանք Մեքսիկա։
: Այս խոսքերով միստեր Ադամսը մահճակալին փռեց մեծ, ծալատեղերն արդեն ճղված քարտեզը և փորով ընկավ վրան։
: ― Մենք կգնանք Մեքսիկա․ կհանգստանանք ծովափին։ Բեկիի հետ արդեն գնացել ենք «Չեմբեր օֆ Կոմերս» և ինֆորմացիա վերցրել։ Բացի այդ, մենք հիմա կգնանք «Ա․ Ա․ Ա․» և այնտեղ էլ կվերցնենք ինֆորմացիա։ Այնպես չէ՞ Բեկկի։ Հենց սահմանի մոտերքը մի հիանալի տեղ կա, մեքսիկական Էնսենադո գյուղը։ Հրաշալի լողափ, լավ ճանապարհ։ Հետո կհանդիպենք Սան֊Դիեգոյում։ Այնտեղից սկսվում է մեր վերադարձի ճանապարհը դեպի Նյու֊Յորք։ Ի՞նչ եք կարծում, պարոնայք։
: Չնայած այն բանին, որ ուղևորությունը մեծ բավականություն էր պատճառում Ադամս ամուսիններին, նրանք սկսեցին երկյուղել, որ մենք ժամկետին չենք վերադառնա Նյու֊Յորք։ Միևնույն ժամանակ առանց իրենց բեբիի սկսեցին թաղծել և ամբողջ օրերով փոքրիկ երեխաներ էին որսում, գրկում էին սեղմում կրծքներին, խեղդում համբյուրներով։ Հոլլիվուդում նշված ժամկետից ավելի մնալը վախեցնում էր նրանց։
: ― Եթե մենք Սան֊Դիեգոյից դուրս գանք դեկտեմբերի 26֊ին, ժամանակին կհասցնենք տուն վերադառնալ, ― ասում էր միստեր Ադամսը, քարտեզի վրա կարմիր մատիտով նկարելով մեր վերադարձի ճամփան։ ― Մեքսիկական սահմանի երկարությամբ կգնանք Էլ֊Պասո, հետո Սան֊Անտոնիոյի վրայով կընկնենք Նյու֊Օռլեան, իսկ հետո, կտրելով գրեթե բոլոր սև նահանգները, կհասնենք Վաշինգտոն։
: Որքան էլ որ ափսոսում էինք մեր ուղեկիցներից բաժանվել, ստիպված էինք այդ անել, որովհետև Հոլլիվուդի հետ ծանոթանալը դեռ մի քանի օր էլ էր պահանջում։ Իսկ տանջել միստեր Ադամսին, ստիպելով քարշ գալ մեզ հետ ստուդիաները, շատ տմարդի բան կլիներ։ Մենք պայմանավորվեցինք դեկտեմբերի քսանհինգին հանդիպել Սան֊Դիեգոյում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, հենց մեքսիկական սահմանի մոտ գտնվող քաղաքում։ Եթե այդ օրը մենք չգնանք, ամուսինները ճամփա կընկնեն առանց մեզ, և մենք ստիպված կլինենք գնացքով հասնել նրանց։
: Մենք այնպես էինք ընտելացել Ադամսներին, որ մեր լվացված, թարմությամբ փայլող մեքենայի մոտ կանգնած, անվերջ հրաժեշտ էինք տալիս և ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանվել։ Ի դեպ, վերջին րոպեին Ադամսները նորից ծլկեցին «Չեմբեր օֆ Կոմերս» (առևտրական պալատ) լրացուցիչ ինֆորմացիա վերցնելու և այնքան երկար ժամանակ դուրս չէին գալիս այնտեղից, որ նրանց չսպասելով, գնացինք մեր գործերով։
: Հոլլիվուդում ծանոթացանք բազում մարդկանց հետ, իմացանք շատ հետաքրքիր բաներ։ Բայց մեր խղճի վրա մի մեղք է ընկած։ Մենք եղանք Հոլլիվուդում և չտեսնվեցինք Չապլինի հետ, թեև այդ հնարավոր էր անել, և մենք շատ էինք ցանկանում։
: Այդ վիրավորական պատահարը տեղի ունեցավ այն պատճառով, որ Չապլինի հետ կայանալիք տեսակցությունը հանձն առավ գլուխ բերել մի մարդ, որն ընդհանրապես չէր կարող այդ անել, եթե անգամ մեկ տարի էլ աշխատեր։ Ցավոք մենք շատ օրեր կորցրինք, նախքան այդ մասին իմանալը։ Երբ մենք գործի անցանք ուրիշ ծայրից, Չապլինը ավարտելով «Նոր ժամանակներ»֊ի երաժշտությունը, մեկնել էր հանգստանալու։ Հետո վրա հասավ առևտրի պայծառ տոնը՝ «մերրի կրիստմասը» ― «ուրախ ծնունդը»։ Հետո արդեն մեկնելու էինք։ Այդպես էլ մեր հանդիպումը Չապլինի հետ տապալվեց։
: Մայլստոնի, Մամուլյանի և առաջին տասնյակի մյուս ռեժիսյորների հետ մեր ունեցած զրույցները համոզեցին, որ այդ հիանալի վարպետները հալումաշ են լինում այն չնչին պիեսներից, որոնք ստիպված են բեմադրել։ Ինչպես արվեստի բոլոր մեծ մարդիկ, նրանք ցանկանում էին բեմադրել նշանակալից բաներ։ Բայց հոլլիվուդյան սիստեմը թույլ չէր տալիս այդ անել։
: Մենք տեսանք մի քանի ռուսների, որոնք ապրում էին Հոլլիվուդում։ Նրանք շատ են աշխատում, երբեմն հաջողության են հասնում, երբեմն՝ ոչ, բայց և՛ նրանք, և՛ մյուսներն իրենց մեղավոր են զգում, որ նստած են այստեղ, և ոչ թե Մոսկվայում։ Նրանք չեն խոսում այդ մասին, բայց այդ ամեն ինչից երևում է։
: Երբ գեղարվեստական թատրոնը եղել է Ամերիկայում, երիտասարդ մի դերասան մնացել է Հոլլիվուդում նկարահանվելու։ Մնացել է երեք ամսով, բայց արդեն տասը տարուց ավելի է նստած է այստեղ։ Նա դասվում է հաջողություն ունեցողների թվին։ Նրա գործերը լեռնիվեր են գնում։
: Ինչու՞մն է այդ արտահայտվում։ Նա Ստանում է շաբաթական հինգ հարյուր դոլար։ Իր ֆիրմայի հետ յոթ տարվա պայմանագիր է կնքել։ Չկարծեք, թե մեծ երջանկություն է այդ յոթնամյա պայմանագիրը։ Նման պայմանագրի էությունն այն է, որ պայմանագիր ստորագրող դերասանը, իրոք, պարտավոր է յոթ տարի ծառայել միայն այն ստուդիայում, որի հետ կապվել է։ Իսկ ստուդիան ինքը իրավունք ունի յուրաքանչյուր կես տարին մեկ վերանայել այդ պայմանագիրը և հրաժարվել դերասանի ծառայություններից։ Այնպես որ, այն յոթնամյա է ծառայողի համար, իսկ տիրոջ համար՝ միայն կեսամյա։
: Պետք է շատ աշխատել։ Առավոտ կանուխ գնում է նկարահանվելու, տուն է վերադառնում ուշ երեկոյան։ Նկարահանվում է մի նկարում, ստանում է մի շաբաթ հանգիստ և սկսում է նկարահանվել մեկ ուրիշ նկարում։ Շունչ քաշելու ժամանակ չկա։ Միայն հասցրու գրիմը փոխել։ Քանի որ օտարերկրացի է և անգլերեն այնքան էլ մաքուր չի խոսում, ապա խաղում է միայն օտարերկրացիների՝ մեքսիկացիների, իսպանացիների, իտալացիների դերեր։ Հազիվ հասցնում է իսպանական այտամորուսները փոխել իտալականի։ Եվ քանի որ բարկացկոտ դեմք ունի և սև աչքեր, ապա գերազանցապես խաղում է սրիկաների, բանդիտների և գյադաների դերեր։
: ― Դա փաստ է, ― բղավում էր նա։ ― Մի նկարից մյուսն այնքան փոքրիկ ընդմիջում է լինում, որ ես չեմ հասցնում ծանոթանալ դերի հետ։ Ազնի՛վ խոսք։
: Ցույց տալով մեզ իր տնակը (ամերիկյան լավ տնակ՝ էլեկտրական սարքերով, հատակին սարքավորված գազի ջեռուցումով և արծաթազօծ տոնածառով), ավտոմոբիլը (ամերիկյան լավ տուրինգ֊կառ, վառիչներով ու ռադիոյով) և կնոջ (ռուս լավ կին՝ մոխրագույն աչքերով), դերասանն անցավ, ըստ երևույթին, իրեն շատ հուզող հարցին․
: ― Հը՛, իսկ ի՞նչ կա, ինչ կա Միությունում։
: Մանրամասն պատասխան ստանալով այն մասին, թե ինչպես է Միությունում, նա ավելի մեծ հետաքրքրությամբ հարցրեց․
: ― Իակ ի՞նչ կա Մոսկվայում։
: Դրա մասին ևս մանրամասն պատասխան ստանալուց հետո դերասանը բղավեց․
: ― Իսկ գեղարվեստականից ի՞նչ լուր։ Ի՞նչ են անում մեր թատրոնում։
: Այդ էլ պատմեցինք։
: ― Միշկա Յանշինը հանրապետության վաստակավոր արտիստ է, ― ուրախ թառանչ քաշեց նա։ ― Ախր Միշկան դեռ տղա է։ Ախր ես և նա միասին համր դերեր էինք խաղում։ Իսկ Խմելյո՞վը։ Մի՞թե Ֆյոդոր ցար է խաղում ։ Հրաշալի է ուղղակի։ Ախր Խմելյովն ինձ հետ․․․ Մենք ախր պարզապես երեխաներ էինք քսաներկու թվականին։ Այդ փաստ է, որ երեխաներ էինք։ Իսկ Իլինսկու մասին ես ամեն ինչ գիտեմ։ Նշանավոր դերասան է դարձել, իսկ մենք մեկտեղ սովորում էինք ստուդիայում։ Այդ փաստ է, որ սովորում էինք՝ Իգորի հետ։
: Նա ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ այն մտքին, որ Յանշիններն ու Խմելյովներն արդեն աճել են, դարձել մեծ դերասաններ։ Չէր կարողանում ընտելանալ, որովհետև Հոլլիվուդով էր չափում։ Չէ՞ որ իր հետ այս տասներեք տարվա ընթացքում, ճիշտն ասաց, ոչինչ տեղի չէր ունեցել։ Էհ, շատ փող ստանալ է սկսել, սեփական ավտոմոբիլ է ձեռք բերել, բայց հայտնի դերասան չի դարձել։ Միայն վերջերս, տառացիորեն մեկ ամիս առաջ, սկսեցին գոնե ազգանունը հիշատակել գործող անձանց ցուցակում։ Առաջներում այդ էլ չկար։ Հենց այնպես անանուն կինեմատոգրաֆիական հանճար՝ մեքսիկական այտամորուքներով և փայլատակող աչքերով։ Մինչդեռ շատ տաղանդավոր դերասան է։
: Ուշ գիշերին ուղեկցելով մեզ Հոլլիվուդի խաղաղված փողոցներով, նա հանկարծ կատաղեց և սկսեց ամեն ինչ նզովել։
: ― Հոլլիվուդ ասածդ գյուղ է, ― բղավում էր նա կրքոտ ձայնով։ Դա փաստ է։ Վայրի գյուղ։ Այստեղ շնչելու օդ չկա։
: Եվ դեռ երկար, ամբողջ Կալիֆոռնիայով մեկ լսվում էր ռուսական թավ ձայնը։
: ― Գյու՛ղ է։ Հավատացնում եմ ձեզ, գյու՛ղ է։ Սա փաստ է։
: Գիշերային այդ աղաղակը վերջինն էր, որ մենք լսեցինք Հոլլիվուդում։ Առավոտյան գնացքով Սանտա֊Ֆեի երկաթուղով մեկնեցինք Սան֊Դիեգո։
: Դրա համար մենք նախ՝ մեկնեցինք Լոս֊Անժելոս, որը հեռու է Հոլլիվուդից․․․ Ասենք, ոչ մի չափով էլ հեռու չէ Հոլլիվուդից, այլ ձուլված է նրա հետ, ինչպես Հոլլիվուդն ինքը աննկատելիորեն ձուլվում է Բեվերն֊Հիլլի հետ, Բեվերն֊Հիլլը ձուլվում է Սանտա֊Մոնիկայի հետ, իսկ Սանտա֊Մոնիկան՝ էլի մի ուրիշ վայրի հետ։
: Լոս֊Անժելոս թարգմանաբար նշանակում է հրեշտակներ։ Այո, սա նավթի մեջ թաթախված հրեշտակների քաղաք է։ Այստեղ ևս, ինչպես Օկլախոմա֊սիթիում, նավթ է գտնվել բուն քաղաքում, և ամբողջական փողոցներ զբաղված են մետաղե աշտարակներով․ քամում, քաշում և փող են վաստակում։
: Լոս֊Անժելոսը ծանրանիստ քաղաք է, մեծ շենքերով, կեղտոտ ու բանուկ փողոցներով, երկաթե հրշեջ սանդուխքներով, որոնք ցցված են տան ճակատներին։ Սա Կալիֆոռնիական Չիկագոն է․ աղյուս, հետնախորշեր, ամենաիսկական աղքատություն և ամենազայրացուցիչ հարստություն։
: Մեկնելուց քիչ առաջ մարդկանց մի մեծ հերթ տեսանք ռեստորանի մուտքի առջև։ Մշտական ցուցանակի վրա հագցված պաստառը ծանուցում էր, որ այստեղ փրկության բանակը ծննդյան ձրի ճաշ է տալու գործազուրկներին։ Ռեստորանի դռները փակ էին, մինչև ճաշ դեռ բավական ժամանակ կար։ Հերթը ցուցադրում էր ամերիկյան ամեն տեսակի ու ամեն տիպի գործազուրկների․ վաղուց չսափրած այտերով ու կզակով շրջմոլիկներից սկսած մինչև հեզ ծառայողը, որը դեռ չի հրաժարվել փողկապից և չի կորցրել երբևէ հասարակության մեջ վերստին մտնելու հույսը։ Այստեղ կանգանած էին պատանիներ․ նրանք աճել ու մեծացել էին այն ժամանակ, երբ աշխատանքը չքացել էր, նրանք երբեք չէին աշխատել, ոչինչ անել չեն կարող, և տեղ չկա, որտեղ սովորեն աշխատել։ Եռանդով լի, ընդունակ այդ երիտասարդները ոչ ոքի պետք չեն։ Այստեղ կանգնած էին իրենց ամբողջ կյանքում աշխատած ծերունիներ, որոնք այլևս երբեք չեն աշխատելու, ընտանիքի հայրեր, ազնիվ աշխատավորներ, որոնք իրենց բանվորական կյանքի ընթացքում քիչ տերերի չեն հարստացրել․ սրանք ևս ոչ ոքի պետք չեն։
: Էպտոն Սինկլերը․ որի հետ մի քանի օր առաջ հանդիպեցինք Պասադենում՝ կալիֆոռնիական փոքրիկ և գեղեցիկ քաղաքում, մեզ ասաց․
: ― Կապիտալիզմն իբրև մարդկանց շահ ու վաստակ բերող հասարակարգ, իբրև գոյության հնարավորություն տվող հասարակարգ, վաղուց մեռել է։ Բայց, դժբախտաբար, մարդիկ այդ դեռ չեն հասկացել։ Նրանք կարծում են, թե սա ժամանակավոր դժվարություն է, ինչպես լինում էր առաջներում։ Նրանք չեն հասկանում, որ կապիտալիզմը երբեք այլևս աշխատանք չի տա տասներեք միլիոն ամերիկյան գործազուրկներին։ Չէ՞ որ երեսուն թվականից սկսած ճգնաժամը նկատելիորեն թուլացել է, գործերն անհամեմատ լավ են գնում, իսկ գործազրկությունը չի պակասում։ Մարդկանց փոխարինել են նոր մեքենաները և արտադրության ռացիոնալիզացիան։ Աշխարհի ամենահարուստ երկիրը, «աստծո երլիրը», ինչպես այն անվանում են ամերիկացիները, մեծ երկիրը ի վիճալի չէ իր մարդկանց ապահովելու ո՛չ աշխատանքով, ո՛չ հացով, ո՛չ կացարանով։
: Եվ այդ մեծ, կրքոտ մարդը, որն իր ողջ կյանքում դեսուդեն է ընկել ճշմարտություն գտնելու համար, եղել է և՛ լիբերալ, և՛ սոցիալիստ, և՛ սեփական սոցիալական տեսության հիմնադիր, որի դրոշի տակ Կալիֆոռնիայի նահանգապետ է քվեարկվել դեմոկրատական պարտիայի կողմից և նույնիսկ ինը հարյուր հազար ձայն հավաքել, հոգնած կախեց գլուխը։ Մենք նստել էինք նրա տանը, խավարչտին, հնաձև, փոշեպատ և մի տեսակ անմարդաբնակ տանը, որը նույնպես հոգնած էր ու ծերացած։ Կալիֆոռնիայում մեկուսացած նահանգ ստեղծելու փորձից, որտեղ գործազրկություն չէր լինելու, ոչինչ դուրս չեկավ։ Սինկլերի Կալիֆոռնիայի նահանգապետության թեկնածությունը չանցավ։ Ասենք, ոչինչ էլ դուրս չէր գա, եթե անգամ նահանգապետ դառնար։
: ― Սրանով վե՛րջ, ― ասաց Սինկլերը հրաժեշտ տալիս։ ― Ես վերադառնում եմ գրական աշխատանքի։
: Սինկլերը գեղեցիկ արծաթափայլ գլուխ ուներ։ Հագել էր ֆլանելե կոստյում և նեղլիկ փոկերից հյուսած ամառային մաշիկներ։ Ձեռքին բռնած ուներ ոստառատ և ծռմռված ձեռնափայտ։ Այդպես էլ մնաց մեր հիշողության մեջ․ ժպտացող ու հոգնած մի ծեր մարդ, կանգնած կալիֆոռնյան մայրամուտով շառագունված իր համեստ ու հին տան դռների մեջ։
: Տոնական Լոս֊Անժելոսի փողոցներն արտասովոր խաղաղ էին։
: Կայարանը ամայի էր։ Կրպակում վաճառում էին լրագիր, բացիկներ, սառնաշաքարի հինգ ցենտանոց փաթեթեր։ Այդ կլոր և մեջտեղը ծակ սառնաշաքարները նման էին կոշտուկասպեղանու։ Նրանց համը հաստատում էր տեսողական տպավորությունը։
: Երկաթուղային ինչ֊որ մի աստիճանավոր խռմփացնում էր իր միջնորմի հետևում՝ լաքած հովարով համազգեստի գլխարկը քթին քաշած։ Մտանք պուլմանյան վագոնը և նստեցինք թավշյա, պտտվող և մեջքերին ժանեկագործ անձեռոցիկներ գցած բազկաթոռներին։ Ուղեկցող նեգրը կամացուկ ներս բերեց մեր ճամպրուկները, կամացուկ տեղավորեց բագաժանոցի վրա և անխոս հեռացավ։
: Քաղաքից դուրս գալուն պես երևացին նարնջենիների պուրակները։ Նրանց վառ պտուղները ծիկրակում էին արջի պես փռչոտ բուսականության միջից։ Տասնյակ հազար ծառեր կանգնել էին ուղիղ շարքով։ Ծառերի արանքներում հողը մաքրված էր իդեալական կերպով և յուրաքանչյուրի տակ նավթի փոքրիկ վառարան էր դրված։ Տասը հազար ծառ՝ տասը հազար վառարան։ Գիշերները բավական զով էին լինում, և նարինջները տաք օդի կարիք էին զգում։ Այսպես թե այնպես ձմեռ էր։ Վառարաններն ավելի մեծ տպավորություն էին թողնում, քան նարնջի պլանտացիաները։ Մենք նորից տեսանք ամերիկյան անթերի և հոյակապ կազմակերպվածությունը։
: Նարնջի պուրակները հանկարծակի փոխարինվեցին նավթի պուրակներով։ Սրանք նույնիսկ պուրակներ չէին, այլ նավթային աշտարակների խիտ մացառուտներ։ Նրանք կանգնած էին օվկիանոսի լողափին, նրանցից ոմանք գնում էին բուն օվկիանոսի մեջ։
: Հետո ամեն ինչ խառնվեց։ Նարնջի և նավթի պլանտացիաները հաջորդում էին միմյանց, և պատուհանից միաժամանակ ներս էին պրծնում նարնջի բուրմունքը և թերամշակ նավթի ծանր հոտը։
: Վերջապես տեսադաշտից անհետացան մարդկային ձեռքի բոլոր ստեղծագործությունները, և մեր առջև բացվեց լայնածավալ, հպարտ ու հանդարտ օվկիանոսը։ Տեղատվության ժամն էր, և օվկիանոսը բավական հեռացել էր ափերից։ Ծովային խոնավ հատակը անդրադարձնում էր մայրամուտի արևը։ Երկու արևներն էլ (իսկականն ու անդրադարձածը) սրնթաց վազում էին գնացքի հետևից։ Արևն արագորեն իջնում էր հորիզոն, գնալով ավելի էր կարմրում, տափակում ճխլտվում ու կորցնում իր ձևը։ Այժմ դա մի թոշնած, ամեն տեսակ հանդիսավորությունը կորցրած լուսատու էր։ Իսկ օվկիանոսը շարունակում էր ընթանալ գնացքի կողքով՝ կապտականաչ ու մեղմ ալիքներ թավալելով, առանց իրար անցնելու և իր վրա ուշադրություն հրավիրելու։
: Ուղևորները խշխշացնում էին լրագրերը, քնում էին բազկաթոռների մեջ ընկղմված, գնում ծխելու սենյակը, որտեղ միաժամանակ կարելի էր խմել մի գավաթ որևէ «բակարդի» կամ «մանհետեն», զրուցել հարևանի հետ, բացականչել իր մշտնջենական «շուռլին» կամ, պարզպես, ննջել թավշյա բազմոցների վրա։
: Մթնել էր արդեն, երբ հասանք Սան֊Դիեգո։ Կայարանում ուրախ ճիչերով մեզ դիմավորեցին Ադամս ամուսինները։ Մեքսիկական տպավորությունները հանգիստ չէին տալիս Ադամսներին, և նրանք շտապում էին մեզ հաղորդակից դարձնել իրենց տպավորություններին։
: ― Պարոնայք, բացականչեց Ադամսը, երբ հազիվ ոտք էինք դրել կառամատույցի վրա։ ― Գիտե՞ք ով էր առաջին մարդը, որին մենք տեսանք մեքսիկական հողի վրա։ Ամենաառաջինը, որ հանդիպեց մեր ճանապարհին։ Այո, այո, պարոնայք, դա թերեկյան մի կոզակ էր։ Ամենաիսկական թերեքյան կոզակ։ Հիանալի խոսում է ռուսերեն, իսկ իսպաներեն՝ ոչ մի բառ։
: Ադամսները մեզ տարան «Կալիֆոռնիա Օտտո Կորտ» (ավտոմոբիլային իջևան, նույն ինքը՝ կեմպ), որտեղ արդեն ապրում էին երեկվանից և, տիրոջ հետ մտերմանալով, իմացել էին Սան֊Դիեգոյի բոլոր նորությունները․ ինչպես է այս տարվա նարնջի բերքը, ինչպես են նավթային գործերը, ավելացե՞լ է արդյոք տուրիստների հոսանքը Կալիֆոռնիա և էլի ուրիշ օգտակար տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր խոհուն ճանապարհորդի։
: Կեմպի տերը մեզ դիմավորեց որպես իր սիրելի ազգականներին։ Պետք էր ենթադրել, որ ամուսինները մեզ ներկայացրել էին ամենաբարենպաստ ձևով։ Ուրախալի և երկար զեղումներից հետո իրերը թողեցինք մեզ հատկացված սենյակում և գնացինք ճաշելու։
: Սան֊Դիեգոն և մոտակայքում տեղավորված Սան֊Պեդրո քաղաքը հանդիսանում են Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմի բազաներ։ Փողոցներում անցուդարձ էին անում նավաստիներ։ Հանդիսավոր, լողլող և լռակյաց այդ մարդիկ թևանցուկ տանում էին իրենց աղջիկներին։ Ուրախ, զվարթ պուճուր աղջիկները, շաղակրատելով ու քրքջալով, կառչել էին իրենց կավալերներից։
: Ավտոմոբիլի մեջ նստած, պտույտ էինք գործում մեր ընտրած ռեստորանի շուրջը և ոչ մի կերպ չէինք կարողանում տեղ գտնել մեքենան կանգնեցնելու համար։ Փողոցի բոլոր եզրերը զբաղված էին, ամենուրեք ավտոմոբիլներ էին կանգնած։ «Պարկինգ» գտնելու համար քանի գնում հեռանում էինք մեր ռեստորանից՝ փողոցից փողոց անցնելով։ Բայց քաղաքն այնքան լիքն էր ավտոմոբիլներով, որ տեղ չէր գտնվում նույնիսկ մեկ ավտոմոբիլի, մի փոքրի՜կ, ազնվավարո՜ մկնագույն մեքենայի համար։ Սատանան գիտի, թե ինչ բան է սա։
: Մենք հասանք Սան֊Դիեգոյի ծայրը, որտեղ չէր հասնում անգամ քաղաքի աղմուկը։ Խավարի մեջ լսվում էր միայն օվկիանոսի խշշոցը։ Վերջապես մեքենան կանգնեցրինք և գնացինք ռեստորան։ Կես ժամ պետք էր գնալ ոտքով, մինչև կհասնեինք ռեստորան։ Ահա թե, երբեմն, ինչպիսի արտասովոր դեպքեր են լինում մի երկրում, որտեղ քսանհինգ միլիոն ավտոմոբիլ կա։
: Ռեստորանում, պատառաքաղով ծննդյան գունատ հնդուհավի մսի մի մեծ կտոր բռնած, միստեր Ադամսը հանդիսավոր բացականչեց․
: ― Այժմ, պարոնայք, մենք ընկել ենք Յունայթեդ Սթեյթսի բուն ծայրը։ Դենը շարժվելու տեղ չկա։ Այսուհետև ինչ էլ որ անելու լինենք, ուր էլ որ գնալու լինենք՝ տուն ենք գնում, Նյու֊Յորք։ Ու՛տենք, պարոնայք, այս հնդուհավը, մեր կենա՜ցը։ Մենք արդեն անցել ենք վեց հազար մղոն։ Ուռա՜։
==Հինգերորդ մաս — Վերադարձ դեպի Ատլանտիկա
===Գլուխ քառասուներորդ — Իսպանական հին ճանապարհով===
: Դեկտեմբերյան շռայլ արևը իր լույսն էր սփռում ուրախ Սան֊Դիեգո քաղաքի վրա, նրա իսպանական ոճով կառուցված, երկաթյա պատշգամբներով և պատուհաններին կռած վանդակներով վառ դեղին առանձնատների վրա, տնամերձ, խուզված մարգագետինների և մուտքի առջևի դեղնականաչ սաղարթախիտ դեկորատիվ ծառերի վրա։
: Ջինջ առավոտվա ճաճանչների մեջ, խարսխակայանում կանգնել էր ռազմական նավատորմը։ Ականակիրները տեղավորվել էին կողք֊կողքի, չորսական նավ միասին, խիտ, ինչպես փամփուշտները ատրճանակի պահունակի մեջ։ Հին հածանավերի և զրահակիրների բաց մոխրագույն գծերը ձգվում էին մինչև հորիզոն։ Ձմեռվա տաք նինջը կաշկանդել էր ծովախորշը և ռազմանավերի բարձրադիր, բարակ կայմերը անշարժ ցցվել էին կապտադալուկ երկնքում։ Դրեդնոուտներ և նորագույն նավեր այստեղ չկային։ Միգուցե նրանք այժմ կանգնած են Սան֊Պեդրոյում կամ գուցե օվկիանոս են դուրս եկել մարտական ուսուցման։
: Մենք դուրս եկանք հրվանդանը, որը գնում էր ծովի խորքը։ Սա արդեն ռազմական նավահանգստի տերիտորիան էր։ Խավոտ, կանաչ համազգեստով պահակը դուրս եկավ իր ապակեպատ տնակից և քաղաքավարի նայեց մեզ։ Տեսնելով ֆոտոապարատը նա ասաց․
: ― Խնդրում եմ այդ ապարատով ոչինչ չնկարահանել։ Արգելված է։
: Հրվանդանը ամայի էր։ Ոչ մի մարդ չհանդիպեց։ Նույնիսկ ճապոնական ամենաանորակ հետախույզն էլ կարող էր առանց խոչնդոտի իրեն անհրաժեշտ քանակությամբ նկարահանումներ կատարել՝ ներքևում հստակորեն ուրվագծված ռազմական կառուցումներից։ Պետք է ենթադրել, որ այդ նկարահանումները, իհարկե, վաղուց արդեն կատարված են, և ամերիկացիների ծովային բազաները այնպես լավ են հայտնի ճապոնացիներին, ինչպես իրենց սեփական Նագասակին։ Երբ վերադառնում էինք, պահակը նույնիսկ դուրս չեկավ տնակից։ Նա միայն աչքով արեց մեզ, ինչպես հին ծանոթների, և բաց թողեց առանց զննում կատարելու։
: Հենց Սան֊Դիեգոյում կա ավիացիոն մեծ գործարան։ Այն հետաքրքիր է երկու պատճառով։ Նախ՝ կառուցված է երեք ամսվա ընթացքում։ Երկրորդ՝ նրա շուրջը վխտում են կողմնակի մարդիկ, ասես դա ինչ֊որ հանրածանոթ սրճարան լինի։ Գործարանին կարելի է ընդհուպ մոտենալ, ոչ թույլտվություն է պետք, ոչ անցագիր։ Կարելի է չտարակուսել, որ այդ անհոգությունը մի իսկական հաճույք է պատճառում ճապոնացիներին։
: Օվկիանոս տանող ճանապարհին մենք տեսանք հոյակապորեն գցված փողոցներ՝ ասֆալտած լայնահուն սալարկներով, մայթերով, ալյումինաներկով պատած լապտերներով։ Մենք տեսանք մի ամբողջ քաղաք, կոյուղով և ջրմուղով, գազով և էլեկտրականությամբ, մի խոսքով քաղաք բոլոր հարմարություններով։ Բայց առանց տների։ Դեռ ոչ մի տնակ չկար այդ քաղաքում, ուր փողոցներին անգամ անուններ են տվել։
: Այս վիճակում են Ամերիկայում հողամասեր վաճառվում տներ կառուցելու համար։ Որևէ մեծ ընկերություն գնում է հողամասը, որտեղ իր նկատառումներով լինելու է նոր ավան կամ քաղաք, հասցնում է հենց նոր նկարագրած վիճակին, իսկ հետո շահույթով վաճառում։ Տների կառուցումով զբաղվող մեկ ուրիշ ընկերություն երկու ամսվա ընթացքում կկառուցի ձեզ համար իսպանական հիանալի տուն, զոլավոր արևակալներով․ առաջին հարկում՝ լոգարան, երկրորդ հարկում՝ լոգարան, պատշգամբ, տան առջևում փոքրիկ մարգագետնով լճակ, իսկ հետևում շատրվան․ ամեն ինչ կանի, միայն տվեք նրան ձեր տասը հազար դոլարը, եթե ունեք։ Կարելի է նաև ոչ թե կանխիկ, այլ ժամկետներով։ Բայց ամերիկյան մեծն աստված թող այնպես չանի, որ կորցնեք աշխատանքը և դադարեցնեք վճարումները։
: ― Միստերներ, ― հանդիսավոր ասում էր ծերուկ Ադամսը, ― դուք պետք է հիշեք, որ ձեր տեսած այս ամբողջ բուսականությունը՝ արմավենիները, սոճիները, նարնջի և լիմոնի ծառերը, յուրաքանչյուր խոտը տնկված են մարդու ձեռքերով։ Կալիֆոռնիան ամենևին դրախտ չէր։ Սա անապատ էր։ Ջուրը, ճանապարհներն ու էլեկտրականությունն են ստեղծել Կալիֆոռնիան։ Կալիֆոռնիային մի շաբաթով զրկեք արհեստական ոռոգումից, և տարիներով հնարավոր չի լինի ուղղել այդ չարիքը։ Այն նորից կվերածվի անապատի։ Մենք Կալիֆոռնիան անվանում ենք «Ոսկի նահանգ», բայց ճիշտ կլիներ անվանել մարդկային հիանալի աշխատանքի նահանգ։ Այս դրախտում պետք է աննընդհատ աշխատել, այլապես կվերածվի դժողքի։ Հիշեցեք, պարոնայք։ Ջուր, ճանապարհներ և էլեկտրականություն։
: Օվկիանոսի հենց ափին կանգնած էր մի շատ գեղեցիկ առանձնատուն, որի դռների վրա կալիֆոռնիական արևից էլ պայծառ շողշողում էր պղնձյա ցուցանակը․
: «Թեոսոֆների միջազգային ընկերության գլխավոր գրասենյակ»։
: ― Նո՛, նո՛, պարոնայք, ― բղավում էր միստեր Ադամսը։ ― Սա թող չզարմացնի ձեզ։ Պետք է ապրել այնտեղ, որտեղ կա ջուր, ճանապարհներ և էլեկտրականություն։ Ինչպես տեսնում եք, թեոսոֆները ամենևին հիմար չեն։
: Բազմամղոն հիանալի լողափի դիմաց երկար շարքով կանգնած էին բնակելի խցիկներ։ Նույնիսկ հիմա, ձմերը նրանցից մի քանիսում բնակվում էին։ Նրանց առմուտքերին տաքանում էին մի տեսակ ինքնուրույն դնչիկներով աղջիկներ․ սրտառուչ վայրենինուհիներ, որոնք դեպի բնությունն էին փախել խստաբարո և հարուստ ծնողներից, մեծ քաղաքների դղրդյունից և խելացնորությունից։
: Իսպանական միսիսայի հին շենքի մոտից թեքվեցինք արևելք, դեպի տուն։
: Այստեղ, բլրակի վրա աղյուսե բարձր խաչ է կանգնած, ի պատիվ Ժյունիպերտ Սերա անունով իսպանական վանականի։ Մի ժամանակ նա գրավել է այս հողը՝ « ի փառս աստծու և իսպանական թագավորի»։ Բլրակից երևում են ամբողջ քաղաքը և ծովախորշը։
: Մենք դուրս եկանք «Օլդ Սպենիշ տրեյլ» իսպանական հին կածանը։ Բետոնը, ասֆալտը և մանրախիճը խիստ կերպարանափոխել էին հին ճանապարհը։ Կոնվիստադորները թերևս չճանաչեն հիմա այս հին վայրերը։ Այնտեղ, ուր սուլում էր հնդկացու փետրավորած նետը, այժմ կանգնած է «գազոլին ստեյշենը»․ կոմպրեսորն արագ շնչելով, օդ է մղում ավտոմոբիլային կամերայի մեջ։ Եվ այնտեղ, ուր իսպանացիները, իրենց կաշվե և պողպատե սպառազինության ծանրության տակ շնչակտուր լինելով, քարշ էին գալիս հազիվ նկատելի կածանով, այժմ անցնում է ամերիկյան սովորական «հայ֊վեյը»՝ բարձր կարգի, երբեմն նույնիսկ թեքուղիներ ունեցող ճանապարհը։
: Թեև այժմ մենք շարժվում էինք դեպի արևելք, բայց արևը օրեցօր գնալով փոքրանում էր։ Մենք դարձյալ տեսանք կապտին տվող և հորիզոնում շառագունող հեռավոր լեռները, դարձյալ մթնշաղն իջավ, վրա հասավ գիշերը, փայլատակեցին ֆառերը։ Արդեն ուշ էր, երբ հասանք Էլ֊Սենտրո։
: Էլ֊Սենտրո անշուք քաղաքն ընկած է «Իմպերիել֊վալլի»֊ում, «Կայսերական հովտում»։ Ամբողջ հովտի տարածության չափը երեսուն անգամ երեսուն մղոն է։ Այստեղ լիմոնի բերք են հավաքում տարեկան երեք անգամ, նարնջի՝ երկու անգամ։ Դեկտեմբերին և հունվարին աճեցնում են բանջարեղեն, որոնք այդ ժամանակ Միացյալ նահանգներում ոչ մի տեղ չեն բուսնում։ Արդեն սկսվել էր սալաթի բերքահավաքը, հետո կսկսվի սեխինը։ Եվ այդ դրախտային հովտում, որտեղ հասունանում են մեծ ու գունատ գրեյպֆրուտներ, ամբողջովին լիմոնների և նարինջների արբեցուցիչ բուրմունքով հագեցված այդ հովտում, դաժանորեն, ինչպես գուցե աշխարհում ոչ մի տեղ, շահագործում են մեքսիկացիներին և ֆիլիպինցիներին։ Եվ այդ հովիտը առավել, քան սալաթը և նարինջները, հայտնի է իր գազանային դատաստաններով, որ տեսնում են գործադուլավորների, բազմազավակ, մուրացիկ և միշտ սոված թշվառականների՝ սեզոնային մեքսիկացիների հետ։ Այստեղից մինչև Մեքսիկա ընդամենը տասներկու մղոն է։
: «Լաս֊Պալմաս» կեմպը, որտեղ մենք իջևանեցինք, իրենից ներկայացնում էր կեմպի թե հյուրանոցի նման մի բան։ Այստեղ արդեն կար հոլլ՝ տակառների մեջ դեկորատիվ բույսերով, ճոճաթոռներով և փափուկ գահավորակներով, դրանով այն նմանվում էր հյուրանոցի և առիթ էր տալիս ուղևորի սիրտը հպարտությամբ լցնելու (հիշու՞մ եք՝ «Թող ձեր սիրտը հպարտուցյամբ լցվի, երբ արտասանելու լինեք ձեր իջևանած հյուրանոցի անունը»): Մյուս կողմից, սենյակի վարձագինը մեծ չէր և որոշակի հասկացնել էր տալիս, որ «Լաս֊Պալմասը», այնուամենայնիվ, կեմպ է։ Մի խոսքով, դա հարմար ապաստան էր։ Տերը երեսուն տարի առաջ երրորդ կարգի նավասենյակով Ամերիկա եկած ավստրիական գերմանացի էր։ Այժմ, բացի կեմպից, նրան է պատկանում նաև «Կալիֆոռնիա֊օթել» չորսհարկանի շենքը՝ սրճարանով և ընդհանուր ճաշասեղանով։ Ուստի նրա դեմքից չի իջնում ամերիկյան լավատես ժպիտը, որը մոտեցնում է նրան միստեր Մաքս Ֆակտորին և այլ բախտավորներին։
: Էլ֊Սենտրոն՝ իր կոտրտված մայթերով և աղյուսաշեն կամարաշարքերով, շահագործման և մեծ բիզնեսի մռայլ քաղաք Էլ֊Սենտրոն դեռ գտնվում էր Կալիֆոռնիայում։ Բենսոնը, ուր մենք հասանք հաջորդ երեկոյան, արդեն Արիզոնում էր։
: Բենսոն գնալիս մենք անցնում էինք կակտուսների հսկայական դաշտերով։ Դրանք «ջայենտ֊կակտուսներ» էին ― հսկա կակտուսներ։ Աճում էին խմբերով և միայնակ ու նման էին հազար անգամ խոշորացված և դիք կանգնեցրած վարունգների։ Նրանք պատած էին փորակներով, ինչպես կորնթոսյան սյուները, և մազերով, ինչպես կապկի թաթերը։ Նրանք ունեն կարճ ու հաստ ձեռիկներ։ Այդ ելուստները անասելի արտահայտիչ են դարձնում այդ հսկա կակտուսները։ Կակտուսներից մի քանիսը աղոթում են՝ , ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, մյուսները գրկախառնվում են, երրորդները երեխա են օրորում։ Իսկ մի քանիսը կանգնած են հպարտ անդորրությամբ՝ վերից նայելով անցորդներին։
: Կակտուսներն ապրում են, ինչպես մի ժամանակ ապրել են հնդկացի ցեղերը։ Այնտեղ ուր մի ցեղ է ապրում, մյուսը տեղ չունի։ Նրանք չեն խառնվում։
: Կակտուսների անապատը փոխարինվեց ավազե անապատով, ստվերներից շերտավորված կամ անհարթ ավազաթմբեր ունեցող իսկական Սահարայով, բայց ամերիկյան Սահարայով․ նրան հատում էր օազիսներով մի փայլուն ճանապարհ, օազիսներում ուղտերի փոխարեն հանգստանում էին ավտոմոբիլներ, ուր չկային արմավենիներ, իսկ աղբյուրների փոխարեն բենզինի առվակներ էին հոսում։
: Բենսոնում ութ հարյուր հիսուն բնակիչ կա։ Ի՞նչ բան ունեն նրանք այդտեղ, անապատում։ Ինչու՞ են հավաքվել երկրագնդի այս կետում։
: Պարզվում է, որ այստեղ է գտնվում Ամերիկայի իսկական տիրակալներից մեկի՝ Դյուպոնի վառոդի գործարանը։ Դյուպոնի, որը հիանալի կերպով կինոժապավեններ, սանրեր և պայթուցիկ նյութեր է արտադրում։
: Ինչ կարելի է այստեղ անել․ մի քանի գազոլինկայաններ, երկու֊երեք դեղատուն, մթերային խանութ ունեցող ամերիկյան սովորական փոքրիկ քաղաքում, որտեղ ամեն ինչ ծախվում է պատրաստի վիճակում ― հացը՝ կտրտած, սուպը՝ եփած, սուպի պաքսիմատները՝ թափանցիկ թղթի մեջ փաթաթած։ Ի՞նչ կարող են մարդիկ անել այստեղ, եթե ոչ խելագարվել։
: Խանութում, որտեղ գնում էինք կտրտած հացը, եփած սուպը և մի տեսակ, արդեն կերված պանիրը (համենայն դեպս այդպիսի տեսք ուներ), մեզ ասացին, որ թե գործերը կարգավորվել են, քաղաքում գործազրկություն չկա, որ վառոդի գործարանը սկսել է աշխատել լրիվ թափով։
: Երբ միստեր Ադամսը խանութպանի պիջակի օձիքից բռնած, սկսեց հարձուփորձ անել, թե մարդիկ ի՞նչ են անում Բենսոում, տերը պատասխանեց․
: ― Հայտնի բան է, թե ինչ են անում։ Ծխում են «Չեստեր֊ֆիլդ», խմում են «կոկա֊կոլա», նստում են դեղատանը։ Փող է երևացել։ Ինչ֊որ մեկին վառոդ է պետք։
: Ինչ֊որ մեկին վառոդ է պետք, մյուսին՝ պղինձ, ռազմական արդյունաբերությունն սկսել է ավելի լավ աշխատել։
: Հետևյալ առավոտ մենք ընկանք լեռների մեջ ծվարած Բիսբի փոքրիկ քաղաքը։ Այդտեղ Արիզոնի պղնձի հանքերն են։ Տնակները տեղավորված են թեք լանջերին, ուր բարձրանում են փայտե երկար սանդուխքներով։ Քաղաքի հրապարակում կարմիր, թերամշակ պղնձից ձուլված բանվորի հուշարձան, անհայտ մի բանվորի, որ մեծ փող է դիզել հանքատիրոջ համար։ Դեղատան սեղանների վրա փայլփլում են կարմիր, բարակ պղնձից դրոշմված շաքարամաններ։ Քաղաքից մի քիչ հեռու երևում է հսկայական, ասես բնության ստեղծած մի խառնարան։ Իրականում մարդիկ են փորել այն։ Դա պղնձի շահագործման հին հանքավայրն է։
: Այնուհետև մենք ընկանք կակտուսների անապատը, այնպիսի կակտուսների, ինչպիսիք մինչ այդ չէինք տեսել։ Ասեղնավոր մի մեծ գունդ վեր է նետում ծաղկափթիթ մի ճյուղ։ Երբ անցանք այդ անապատը, ընկանք մի ուրիշը, որտեղ աճում էին միայն հեռագրասյուներ և ուրիշ ոչինչ։ Անցավ ևս մի օր, և հեռագրասյուների անապատից ընկանք մի այլ անապատ, որը պատած էր Ուայտ֊սիթի քաղաքի վերաբերող հայտարարություններով, ռեկլամներով և ամեն տեսակ գրավոր, նկարած և տպագիր ճիչերով։
: Յուրաքանչյուր երկու մղոնի վրա, իսկ հետո ավելի հաճախ, պլակատները մոլեգնորեն հրավիրում էին անցորդներին Ուայտ֊սիթի։ Ընդ որում պլակատները այնպիսի ուրախություններ էին խոստանում, որ եթե նույնիսկ Ուայտ֊սիթի կեղծանվան տակ թաքնված լինեին Նիցցան կամ Սոչին, ապա, թվում է, դա էլ չէր կարող արդարացնել այն խելացնոր խանդավառությունը, որով կազմված էին քաղաքն այցելելու խնդրանքները, պահանջները և աղերսները։
: Նման խստապահանջությունից շփոթված, մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր մարշրուտից։ Արիզոնից արագ անցանք Նյու֊Մեքսիկո նահանգը, որքան մոտենում էինք Ուայտ֊սիթիին, այնքան ավելի ճչան էին դառնում ռեկլամները։ Վերջապես պարզվեց, որ Ուայտ֊սիթին հիմնել է նշանավոր կովբոյ Ջիմ Ուայտը, որը հայտնագործել է այժմ ավելի նշանավոր Կալսբադյան քարայրները։
: Քսան տարի սրանից առաջ իր անվան քաղաքը դեռ չհիմնած Ջիմ Ուայտը նկատում է, որ գետնի ինչ֊որ ճեղքվածքից թանձր ծուխ է բարձրանում։ Հետաքրքրվելով, մոտենում է և տեսնում է, որ դա ծուխ չէ, այլ գետնի տակ ինչ֊որ տեղից թռչող չղջիկների անասելի մեծ երամ։ Կովբոյը համարձակ իջնում է ճեղքվածքը և գետնի տակ հայտնաբերում ստալակտիտի վիթխարի քարանձավներ։ Շուտով այդ քարանձավները հայտարարվում են ազգային սեփականություն և միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի հարմարություններ ստեղծվեն զննելու համար։ Քարանձավները մտան Միացյալ Նահանգների պարկի ցուցակների մեջ։ Ինչ վերաբերում է Ջիմ Ուայտին, ապա նա չի բավարարվում հայտնագործողի և աշխարհագետի փառքով, այլ հենց քարայրի մոտերքը հիմնում է մի քանի տնակներից բաղկացած կեմպ՝ Ուայտ֊սիթի վսեմ անունով, իսկ շրջակայքի հարյուրավոր մղոններով տարածությունը լցնում է ծանուցումներով և ասույթներով, որոնք վերաբերում էին իր քաղաքին։
: Կարլսբադյան ստալակտիդի քարանձավների սարքավորումը շատ լավ պատկերացում է տալիս Ամերիկայի մասին, ամերիկյան աշխատանքի ոճի մասին։
: Շուրջը հարյուրավոր մղոններով անապատ էր, իսկական իժային անապատ։ Եվ ահա, երբ մենք մտահոգված այն բանով, որ հավանաբար ստիպված ենք լինելու չորեքթաթ սողալ գետնի տակով, մոտեցանք քարայրներին և զարմանահրաշ մի պատկեր տեսանք․ երկու լիֆտ, գեղեցիկ խցիկներով, երկու հիասքանչ լիֆտ՝ գետնի տակ։ Վերևում կային խանութ, ուր վաճառվում էին հնդկական հուշանվերներ, հիանալի ինֆորմացիոն բյուրո և զուգարաններ, որոնք պատիվ կբերեին առաջնակարգ հյուրանոցին։ Դա էլեկտրական, բարձրախոս, ուլտրաժամանակակից անապատի մի կտոր էր։
: Քարանձավների դիտումը խլում է մի ամբողջ օր, բայց մենք ուշացանք և մասնակցեցինք միայն էքսկուրսիայի երկրորդ կեսին։ Լիֆտով քարայրի հատակը իջնելով, մենք ընկանք ստորերկրյա մի ճաշարան։ Նախաճաշը առանձնապես ոչնչով չէր տարբերվում, բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ մթերքները հեռվից են բերում։ Այնուամենայնիվ, դա նախաճաշ էր՝ հաստ գավաթների մեջ լցրած տաք սուրճով, թափանցիկ թղթի մեջ փաթաթված անհամ հացով, սանդվիչներով, կալիֆոռնիական համի, այսինքն՝ ոչ այնքան քաղցր նարինջներով․ իսկական ամերիկյան նախաճաշ՝ երկրի մակերեսից յոթ հարյուր ֆուտ ցած տեղավորված վայրում։
: Հետո բոլորին հավաքեցին, երկար շղթա կազմեցին, առջևով գնում էր ազգային պարկերի ծառայողների կիսազինվորական համազգեստով ղեկավարը։ Երթը եզրափակում էր ևս մի ծառայող, նա հետևում էր, որ ոչ ոք ետ չմնա։
: Մեր շարժվելուն զուգընթաց, երբ մի դահլիճից մյուսն էինք անցնում, առջևում վառվում էր էլելտրականությունը, իսկ հետևում՝ հանգչում։ Լույսն ամենուրեք քողարկված էր, նրա աղբյուրները թաքնված և այնպես էին դասավորված, որպեսզի ամենանպաստավոր կերպով լուսավորեն դահլիճները։
: Մեր առջև բացվում էին հոյակապ դեկորացիաներ․ գոթական կամարներ, որմնախորշերի մեջ թաքնված փոքրիկ տաճարներ, գմբեթներից կախված բազմատոննանոց ժանեկավոր ստալակտիտներ։ Դահլիճները ավելի ընդաձակ էին, քան աշխարհի ամենամեծ թատրոնները։ Ստալագմիտները գոյացրել էին ճապոնական մինիատյուր, գանգրավուն պարտեզներ կամ խոյանում էին ինչպես փայլուն կրային մոնումենտներ։ Ստալակտիտները կախվել էին քարի հսկայական, ծալքավոր պատմուճանների պես։ Կանգնած էին կավճե բուդդաներ, թատերական բեմադրությունների մակետներ, երևում էին քարացած միրաժներ և հյուսիսափայլեր․ այստեղ կար այն ամենը, ինչ կարող է պատկերացնել մարդկային երևակայությունը, ներառյալ գանգստերական գնդացրի նմանվող փոքրիկ ստալագմիտը։
: Էքսկուրսանտները գնում էին շղթայի պես ձգված, նմանվելով Մաքս Ռեյնհարտդի բեմադրության վանականների թափորին։
: Նախքան քարանձավից դուրս գալը, հյուրերին նստեցրին դահլիճներից մեկում գոյացած ստալագմիտե բազիրքի վրա, և կանաչ համազգեստով մեր ղեկավարը թվերով համեմված դասախոսություն կարդաց երեք րոպե տևողությամբ։ Մի քիչ թվեր՝ ի հաստատություն հենց նոր տեսած բնության հրաշալիքների․ այդ միշտ դուր է գալիս ամերիկացիներին։ Դասախոսը հաղորդեց, թե քանի տարեկան են ստալակտիտները, ինչ ծավալի է նրանցից ամենամեծը և որքան է նստել լիֆտի տեղադրումը (հարյուր յոթանասունհինգ հազար դոլար)։ Դրանից հետո նա հրապարակեց էքսկուսիայի տերիտորիալ կազմը։ Այսօր էքսկուրսիային մասնակցել են ընդամենը յոթանասուներկու հոգի։ Նրանցից չորսը՝ Մոնտանա նահանգից, երկուսը՝ Հյուսիսային Դակոտայից, տասնչորսը՝ Նյու֊Մեքսիկոյից, ինը՝ Կալիֆոռնիայից և այլն։ Այստեղ ներկայացված էին գրեթե բոլոր ամերիկյան նահանգները։ Մենք այդ նկատեցինք դեռ քարանձավի մուտքի մոտ։ Այնտեղ կանգնած էին ավտոմոբիլներ՝ կապույտ, կանաչ, դեղին, սրճագույն համարներով, դրանով իսկ դրսևորելով տարբեր նահանգների պատկանելիությունը։ Դասախոսն իր ճառն ավարտեց, հաղորդելով, որ էքսկուրսանտների թվում կան Մոսկվայից եկած երկու ռուս ճանապարհորդ։ Քանի որ մեր քառյակից առավել պատկառելի երևացին Ադամս ամուսինները, ապա հավաքվածներն իրենց հայացքներն հառեցին նրանց։
: Ապա մյուս ծառայողը, այն որ վերջափակում էր երթը, անցավ հարևան դահլիճը, հանգցրեց լույսը և խավարի մեջ մի տխուր երգ երգեց, որպեսզի ցուցադրի մեզ քարանձավի ակուստիկան։ Ծառայողը երգում էր չորս հարյուր ֆուտ հեռավորությունից, իսկ մենք լսում էինք նույնիսկ նրա շնչառությունը։
: Մենք հոգնած թափվեցինք մեր հավատարիմ ավտոմոբիլի նստատեղին և վերստին առաջ սլացանք։ Մենք գնում էինք Էլ֊Պասո, Մեքսիկային սահմանամերձ քաղաքը։ Մոտորի մեղմ աղմուկը և մանրախճի համաչափ խշխշոցը՝ անվադողերի տակ, քուն էր բերում։ Մենք քնաթաթախ օրորում էինք գլուխներս, և նույնիսկ միստեր Ադամսն էլ խորասուզվել էր քնի մեջ։ Արթնացանք հանկարծակի վրա հասած լռությունից։ Մեքենան կանգնել էր։ Միստեր Ադամսը հարցական նայում էր մեզ։ Պարզվեց, որ մի հիչ֊հայկեր խնդրում է նստեցնել։ Մենք վերցրինք նրան և իսկույն զղջացինք։ Նա խոսում էր հարբածի պես։ Բայց չնայած դրան, դուրս եկավ, որ միանգամայն զգաստ է։ Խոսելու այդպիսի տարօրինակ թերություն ուներ։ Նա արագ և սիրով շարադրեց կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքները, որոնք նույնքան մաշված էին, ինչպես իր հին մոխրագույն պիջակը և երկար ժամանակ չգործածվելուց փչացած, աղվամազով պատած սև շալվարը։
: ― Հանգամանքները դեպի պատերազմ են տանում, ― հայտարարեց նա՝ անընդհատ կմկմալով և ամբողջ վանկեր կուլ տալով, ― երիտասարդությունը կռվել է ուզում։ Ախր նրանց ինչ֊որ զբաղմունք է պետք։ Նրանց որևէ աշխատանք է պետք, աշխատանք և փառք։ Աշխատանք չկա, մեքենաները դա խլել են մարդկանցից։ Վատ չէր լինի ոչնչացնել գոնե այդ անիծյալ մեքենաների մի մասը։
: Գործերը կարգավորելու համար լավ կլիներ, որ մարդկանց մի մասին պատերազմում սպանեին, իսկ մեքենաների մի մասը ոչնչացնեին։ Այդ դեպքում ամեն ինչ կգնա հալած յուղի պես։ Մենք բազմիցս լսել էինք արդեն այդ մասին։
: Երբ անցնում էինք ջարդված ապակիներով մեքսիկական քողտիկների և պարանին կախված փետրաներքնակների կողքով, մեր աղքատ ուղեկիցը արհամարական հայացք նետեց քողտիկներից մեկի առջև հավաքված մեքսիկացիների խմբին։ Նրանք հագել էին վրանի պարուսինից կարած ոչխարենու օձիքով հնամաշ կիսամուշտակներ։
: ― Մեքսիկացիները, ― ասաց մեր ուղեկիցը հարբածի նման խոսելով, ― սիրում են ապրել կեղտի մեջ։ Թեկուզ ինչպիսի աշխատավարձ էլ տաս, միևնույն է, կեղտոտ կլինեն։ Այդպիսի մարդիկ են դրանք։ Տուր նրանց շաբաթական թեկուզ հինգ դոլար, թեկուզ օրական հինգ դոլար, ոչինչ չի օգնի։
: Նման հայացքներով ապրելը հեշտ ու հանգիստ էր մեր հիչ֊հայկերի համար։ Ամեն ինչ շատ հասարակ ձևով էր լուծվում։ Մարդկանց մի մասին պետք է սպանել, մեքենաների մի մասը ոչնչացնել։ Իսկ եթե կան չքավոր մարդիկ, ապա դրանք առանձնահատուկ ժողովուրդ են, դրանք, այդ բոլոր մեքսիկացիները, նեգրերը, լեհերը սիրում են ապրել աղքատության մեջ։
: ― Վճարիր օրական նույնիսկ վեց դոլար, ― կրկնեց նա հարբածի համառությամբ, ― միևնույն է, կապրեն ինչպես մուրացկան։ Նրանք սիրում են այդ։
===Գլուխ քառասունմեկերորդ — Մեկ օր Մեքսիկայում===
: Էլ֊Պասոն՝ Տեխասի ամենահարավային քաղաքը, ընկալվում է որպես ինչ֊որ մի տրյուկ։ Անհավատալի մեծության անապատից հետո, անվերջանալի և անմարդ ճանապարհներից հետո, միայն մեր մոտորի աղմուկից խզվող լռությունից հետո՝ մի մեծ քաղաք, միանգամից հարյուր հազար մարդ, մի քանի հարյուր էլեկտրական ցուցանակներ, տղամարդիկ, հագնված ճիշտ այնպես, ինչպես հագնվում են Նյու֊Յորքում կամ Չիկագոյում, և աղջիկներ, այնպես զուգված֊զարդարված, ասես կողքներին ոչ մի անապատ էլ չկա, այլ ամբողջ մայրցամաքը լցված է կինեմատոգրաֆներով, մանիկյուրի հաստատություններով, խորտկարաններով և պարի դպրոցներով։
: Բայց չէ՞ որ մենք հենց նոր անցանք այդ անապատով։ Մենք շարժվում էինք ժամը հիսուն մղոն արագությամբ և, այնուամենայնիվ, անհրաժեշտ եղավ մի քանի օր, որպեսզի կտրեինք անցնեինք անապատը, այնքան մեծ էր այն։ Մենք անձնատուր եղանք նրա հմայքին, և երբեմն քթներիս տակ մեզ ու մեզ քրթմնջում էինք՝ «անապատը ունկնդրում է աստծուն»։ Բայց Էլ֊Պասոյում անապատի վեհության մասին նույնիսկ չէինք էլ մտածում։ Այստեղ գործերով էին զբաղված։ Կրճտում էին ավտոմատիկ դրամարկղները և հաշվեմեքենաները, թարթում էին ռեկլամային կրակները, և ռադիոն ծանրորեն ղունղունում էր պոչը խանձած աղավնու պես։
: Առաջին ռեստորանում «բեբի֊բիֆ» կոչվող մսի հաստ կտորներ ուտելուց հետո ոտքով գնացինք Մեքսիկա, որը գտնվում էր հենց մոտերքում, Էլ֊Պասոյի ծայրամասում։ Պետք էր անցնել միայն ձմռան առթիվ կիսով չորացած Ռիո֊Գրանդե գետի կամուրջով, իսկ այնտեղ արդեն Մեքսիկան էր՝ Խուարեց քաղաքը։
: Մեքսիկա գնալը ահավոր բան էր։ Եվ ահա թե ինչու։ Միացյալ Նահանգներում ապրելու մեր անձնագրերի վիզան մեկ տարով էր, դա տվել էր մեզ Մոսկվայի ամերիկյան փոխդեսպան միստեր Էլիս Ա․ Ջոնսոնը։ Բայց յուրաքանչյուր վիզա ավտոմատ կերպով վերջանում է, հենց որ դուք թողնում եք այդ երկիրը։ Ի՞նչ կանենք, եթե Մեքսիկայից Միաացյալ Նահանգներ վերադառնալուց հետո մեզ ասեն, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն իր հյուրնկալության պարտքը համարում է ավարտված և այլևս չի պնդում, որ մենք իր հյուրը լինենք։ Սարսափը պատում էր մեզ, երբ մտածում էինք, որ մեր վերջին օրերը ստիված անցկացնելու ենք Չի֊Խուա֊խուա օկրուգում գտնվող Խուարեց քաղաքում։ Իսկ մյուս կողմից, շատ էինք ուզում լինել Մեքսիկայում։ Հոգեկան նման հուզումներով հասանք Էլ֊Պասոն Խուարեցին միացնող կամրջին և մտանք սահմանապահ կայանի շենքը։
: Մեքսիկայի մոտիկությունն իրեն զգացնել էր տալիս ոչ այն է կարբոլաթթվի, ոչ այն է ֆորմալինի ծանր էվակոհոտով, որով հագեցած էր սահմանապահների փոքրիկ շենքում եղած ամեն ինչ։ Իմիգրացիոն աստիճանավորը, սիգարը բերանի մի անկյունից մյուսը տանելով, երկսր ժամանակ հետաքրքրությամբ աչքի էր անց կացնում մեր անձնագրերը։ Պետք էր ենթադրել, որ սովետական քաղաքացիներ շատ հազվադեպ են հայտնվում Էլ֊Պասոյի սահմանապահ կայանում։
: Աստիճանավորը հակառակ մեր սպասածի բարյացակամ մարդ դուրս եկավ։ Նույն անսպասելիությամբ, նման աստիճանավորը կարող է բծախնդիր մարդ դուրս գալ։ Նրանցից երբեք գլուխ չես հանի։ Այդ պրոֆեսիան, ըստ երևույթին, կառուցված է հույզերի, տրամադրությունների ու նման անորսալի երանգների վրա։ Մեր աստիճանավորը բռնկվեց մեծադղորդ ճառով որից հետևում էր, որ երկու ռուս ջենտլմենները կարող են միանգամայն անվախ գնալ Մեքսիկա։ Նրանց վիզաները կպահպանեն իրենց ուժը։ Երկու ռուս ջենտլմեններին բոլորովին հարկ չկա անհանգստանալու։ Դրանից հետո նա մեզ հետ դուրս եկավ կամուրջն ու վերահսկիչի տնակում նստած մարդուն ասաց․
: ― Սրանք երկու ռուս ջենտլմեններ են։ Գնում են Մեքսիկա։ Բաց թողեք նրանց։
: Զգույշ միստեր Ադամսը հարցրեց․ արդյոք այստեղ կլինի՞ մեր աղմկասեր հովանավորը, երբ մենք վերադառնալիս լինենք Միացյալ Նահանգներ։
: ― Այո՛, այո՛, ― պատասխանեց աստիճանավորը, ― ես այստեղ կլինեմ ամբողջ օրը։ Ռուս ջենտլմենները թող ոչ մի բանի համար չանհանգստանան։ Ես այստեղ կլինեմ և նրանց բաց կթողնեմ գնալու Միացյալ Նահանգները։
: Մենք երկուական ցենտ ինչ֊որ տուրք վճարեցինք և մի րոպե անց, ոտք դրեցինք մեքսիկակն հողի վրա։
: Կամրջի մեքսիկական կողմում ևս սահմանապահ կայան կար, բայց այնտեղ ոչ ոքի և ոչինչ չհարցրին։ Տնակի մոտ, ճիշտ է, կանգնել էր զաֆրանադեմ մի տղամարդ կեղտոտ վզով, ոսկե եզրակավոր մուգ խակի գույնի շլացուցիչ համազգեստով։ Բայց մեքսիկական սահմանապահի դեմքին լիակատար արհամարանք կար իր վրա դրած պարտականությունների նկատմամբ։ Դեմքին գծագրված էր հետևյալը․ «Այո, դառը ճակատագիրը հարկադրել է ինձ կրել այս գեղեցիկ համազգեստը, բայց ես իմ գեղեցիկ ձեռքերը չեմ կեղտոտի, ստուգելով ինչ֊որ կեղտոտ թղթեր։ Ոչ, այդ բանը չսպասեք ազնվազարմ Խուան֊Ֆերդինանդ֊ խրիստոֆոր Կոլումբոսից»։
: Մենք, որ ձեռք չէինք բերել մեքսիկական վիզաներ՝ Մոսկվայի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, շատ գոհ էինք, որ հանդիպեցինք այդչափ ազնիվ հիդալգոյի, և արագ֊արագ քայլեցինք Խուարեցի գլխավոր փողոցով։
: Ժամանակի ընթացքում ընտելանալով Միացյալ Նահանգներում տիրապետող բենզինի հոտին, մենք շատ շփոթվեցինք խուարեցյան հոտերով։ Այստեղ տապակած ուտելիքի, խանձված յուղի, սխտորի, կարմիր պղպեղի ուժեղ և ծանր խառնահոտ էր գալիս։
: Փողոցները լեփ֊լեցուն էին մարդկանցով։ Դանդաղ շարժվում էին պարապ֊սարապ, անշտապ քայլող անցորդները։ Անցնում էին երիտասարդ մարդիկ կիթառներով։ Չնայած նարնջագույն կոշիկների փայլին և նոր գլխարկներին, բոլորն էլ կեղտոտ տեսք ունեին։ Անդամալույծները բարձրաձայն ողորմություն էին աղերսում։ Սքանչելի սևաչյա և փսլնքոտ երեխաները վազում էին օտարերկրացիների հետևից, պեննիներ խնդրելով։ Հարյուրավոր պստլիկ տղաներ վազվզում էին խոզանակներով և կոշիկ մաքրելու արկղներով։ Այդ արդեն, ըստ երևույթին, կանոն է, որքան ավելի աղքատ է հարավային քաղաքը, այնքան մեծ նշանակություն է տրվում հայելու պես մաքրած կոշիկներին։ Անցավ զինվորների մի ջոկատ, հաստամռութ, լավ սրբած, ճռճռացող մարտական փոկերով, վրդովեցուցիչ կերպով բարեբախտ ռազմիկների մի ջոկատ։
: Խուարեցի փողոցներում հայտնվելուն պես, մեզ մոտեցավ վտիտ դեմքին այտամորուքներ ունեցող մի տխուր երիտասարդ։ Հագին ուներ կանաչ շալվար և օձիքն արձակած վերնաշապիկ։ Նա առաջարկեց գնել իրենից սիգարեթներ, այսօրվա ցլամարտի տոմսեր, մաքսանենգային ծխախոտ և հազար ու մի ուրիշ բաներ։ Նա առաջարկում էր այն ամենը, ինչ միայն վաճառողը կարող է առաջարկել գնորդին։ Տեսնելով, որ մենք պատրաստ ենք զիջել, նա ավելի իրար անցավ և քարշ տվեց մեզ կրկեսի շենքը, որտեղ կայանալու էր ցլամարտ։
: Կրկեսի դրսի պատերին փակցված էին մեծ հայտարարություններ ամերիկայն վիսկիի մասին։ Կրկես մտնել չհաջողվոց։ Այնտեղ տեղի էր ունենում բանվորա֊գյուղացիական միության միտինգը, ուղղված պրեզիդենտ Կայեսի դեմ, որը փորձում էր նորից բռնագրավել իշխանությունը։
: Կրկեսի շուրջն ընկած ամբողջ հրապարակը լեփ֊լեցուն էր մերակներին կարմրա֊կանաչ ժապավեններ (դա միության խորհրդանշանն էր) ամրացված մարդկանցով։ Կրկեսի ներսում նվագախումբ էր նվագում, խռպոտ ձայնով խոսում էին հռետորներ, իսկ մուտքի մոտ կանգնել էր մեր այսօրվա տեսած զինվորական ջոկատը։ Կրկեսից եկող ձայները, չսալարկած հրապարակի վրա կանգնած, ձայներին ունկնդիր բազմությունը, տաք, ծակող փոշին ու հարդ բերող քամին, զինվորների խրոխտ և բութ դեմքերը, այդ ամենը ստեղծում էին տագնապալի վառոդային տրամադրություն։
: Մենք անցանք շուկան, որտեղ տապակում, եփում ու թխում էին ուտելիքներ, որոնց միայն տեսքը անհագ ծարավ էր առաջացնում։ Կրպակների առջև նստել էին մարդիկ։ Ափսեների միջից ուտելիքը ուղղակի ձեռքով էին վերցնում։
: Հետո եղանք եկեղեցում։ Մուտքի առաջ խռնվել էին մարգարեի կեղտոտ ու ոգեշնչված դեմքերով լպիրշ մուրացկաններ։ Եկեղեցում վեհաշուք ժամասացություն էր գնում, սևազգեստ կանայք սգում էին իրենց դառը, դժբախտ, անհաստատ մեքսիկական կյանքը։ Եկեղեցին նեղ էր ու երկար։ Վառված մի քանի մոմեր հազիվ էին ցրում խավարը։ Կանայք նստել էին բարձրամեջք նստարաններին։ Գվվում էր փոքրիկ երգեհոնը։
: «Ցամաք» օրենքի պայմաններում Խուարեցը տառապյալ ամերիկացիների համար իբրև ոգեկից օազիս էր ծառայում։ Նույնիսկ այժմ, քաղաքում մի քանի ռեստորաններ կան բացառապես օտարերկրացիների համար։ Դրանք բոլորը տեղավորված են Ռիո֊Գրանդե գետի կամուրջի հենց մոտերքում։ Ցլամարտը նշանակված էր ժամը երեքին, բայց սկսվեց քառասուն րոպե ուշացումով։ Այդ ժամանակամիջոցում մենք կարողացանք բազմիցս դիտել և կրկեսի հրապարակը, և հավաքված փոքրաթիվ հասարակությանը։ Հանդիսատեսների մեջ, դատելով մեր շուրջը մերթ ընդ մերթ լսվող խլացուցիչ «Շուռլի» ― ներով, մի քանի ամերիկացիներ կային։
: Կրկեսի հրապարակը շրջապատված էր անկտուր, շատ գեղեցիկ և կոպիտ կառուցված ամֆիթատրոնով։ Շենքը, ըստ բնույթի, ժողովրդական էր, հասարակ, բոլորովին զուրկ զարդարանքից։ Հանդիսականներին, որոնք վախենում էին ցեմենտահատակի վրա մրսելուց, վարձով տալիս էին հարդով լցված, տափակ, զոլավոր մինդարներ։ Տղաներից բաղկացած նվագախումբը բարձրաձայն և կեղծ տոնով փոխհարում էր իսպանականացրած քայլերգեր։ Նվագախմբի տղաները զուգված էին մուգ պիջակներով, կանաչ փողկապներով, մեծահովար գլխարկներով և սպիտակալամպաս մոխրագույն շալվարներով։ Կլոր հրապարակում սփռված էր մաքուր ավազ։
: Վերջապես փայտե դարպասների հետևում շարժում սկսվեց, երևացին մարդիկ՝ ութ֊տասը հոգի։ Առջևից գնում էին տորեադորի հագուստով երկու աղջիկներ։ Այսօր առանձնահատուկ մարտ էր լինելու։ Ծրագրում նշված չորս ցուլերից երկուսին սպանելու էին։ Մեքսիկա֊սիթիից գաստրոլների եկած քույրերը՝ Մարիան, որի մականունն էր՝ «La Gordobes tita» և Թերեզան՝ «La Gitanita»։ Նվագախումբը թնդում էր որքան ուժ ուներ։ Աղջիկների հետևից գալիս էին մաշված, ոսկեկար զգեստներով տղամարդիկ։ Նրանք բանիմաց տեսք ունեին և հասարակության ողջույններին պատասխանում էին գլխի թեթև շարժումով։ Ցլամարտիկ աղջիկները հուզված էին և խոնարհ գլուխ էին տալիս։ Երթը եզրափակում էր լծասարքով ձիերի մի զույգ։ Ձիերը նախատեսված էին սպանված ցուլերին տանելու համար։
: Շարքերի միջով ման էին գալիս վաճառողներ՝ դույլերով այս ու այնտեղ տանելով մրգաջրով շշեր և վիսկիի պստլիկ սրվակներ։
: Մի փոքրիկ, լղար, սև ցուլ դուրս վազեց հրապարակ։ Խաղը սկսվեց։
: Հենց մեր նստարանների տակ, փայտե հատուկ ցանկապատի մեջ սուսերը բռնած կանգնել էր մի վտիտ մեքսիկացի և քաթանի փալասով սուսերն էր սրբում։ Այդ սուսերը վճռական հարվածից առաջ հանձնում էին տորեադորին։
: Գիտակներ և ցլասպանության սիրահարներ չլինելով, մենք այստեղ ձեռնպահ ենք մնում հատուկ տերմիններ գործածելուց, մանավանդ որ նրանք մեզ հայտնի չեն։
: Առաջին ցուլին սպանում էին երկար ու վատ։
: Տեսարանը հենց սկզբից դարձավ տանջալից, որովհետև անմիջապես դրսևորվեց ցուլի հրապարակից հեռանալու ցանկությունը։ Նա որոշակի հասկանում էր, որ այստեղ ուզում են իրեն վնաս պատճառել։ Չէր ուզում մարտնչել, ուզում էր գնալ գոմ, արոտավայր, պոկոտելու մեքսիկական կոշտ խոտը և ոչ թե նետվել մարդկանց վրա։
: Զուր էին նրան ջղայնացնում՝ վզին գույնզգույն ժապավեններով կեռեր խրելով։ Երկար պետք էր չարչարել ցուլին, որպեսզի նրան կատաղեցնեին։ Բայց նույնիսկ երբ կատաղում էր, այդ միջոցին էլ անմիջապես հանդարտվում էր, հենց որ նրան հանգիստ էին թողնում։
: Այս ամբողջ տեսարանում ամենից ծանրն այն էր, որ ցուլը մեռնել չէր ուզում և վախենում էր իր հակառակորդներից։ Բայց և այնպես նրան խիստ զայրացրին, և նա հարձակվեց տորեադոր աղջկա վրա։ Աղջիկը չէր կարողանում խույս տալ և ցուլը մի քանի անգամ իր ուժեղ կողով հրեց նրան։ Աղջիկը ցավից ծամածռություններ էր անում, բայց շարունակում էր կարմիր թիկնոցը թափահարել ցլի աչքերի առջև։ Ցուլը նրան պոզերով հրեց, տապալեց ավազի վրա և վրայով անցավ։ Ցուլի ուշադրությունը շեղեցին փորձված հանգիստ տղամարդիկ։ Այդ միջոցին աղջիկը ոտքի ելավ և, վնասված տեղերը տրորելով , գնաց դեպի ցանկապատը, որտեղ գտնվում էր սուսերապահը։ Այժմ մենք նրան տեսնում ենք մոտիկից, մի մետր հեռավորությունից։ Նա ծանր
:շնչում էր։ Նրա տորեադորական թավշյա ժիլետի կարը քանդվել էր։ Այտոսկրի վրա չանգռվածք կար։ Նա մեքսիկացու ձեռքից վերցրեց սուսերը, փոքր֊ինչ հեռացավ արգելապատից և դեմքը պատշգամբին դարձնելով, որտեղ նստած էին քաղաքի պետերը, հանեց գլխարկը։ Պատշգամբից թաշկինակ թափահարեցին, և աղջիկը, մանկան պես խորը շունչ քաշելով, գնաց դեպի ցուլը։
: Վրա հասավ վճռական պահը։ «La Gitanita»֊ն նշան բռնեց և սուսերը խրեց ցուլի վիզը, հենց պոզերի հետևը։ Լավ նրան բռնած և բավական խոր մտած սուսերը սպանում է ցուլին։ Ասում են, դա մեծ էֆեկտ է։ Մի հարված, և ցուլն ընկնում է հաղթողի ոտքերի տակ։ Բայց աղջիկը չկարողացավ սպանել ցուլին։ Նա ծակում էր թույլ և անշնորք։ Ցուլը փախավ, տանելով վզի վրա օրորվող սուսերը։ Աղջիկը ստիպված էր մի քանի պահ նվաստացուցիչ ապրումներ ունենալ, երբ բանդերիլյոնները ընկել էին ցուլի հետևից՝ սուսերը վզից հանելու համար։ Այդպես կրկրնվեց մի քանի անգամ։ Ցուլը հոգնեց, աղջիկը նույնպես։ Վարդագույն փրփուր երևաց ցլի դնչին։ Նա դանդաղ շրջում էր հրապարակում։ Մի քանի անգամ մոտեցավ փակ դարպասներին։ Մենք հանկարծ լսեցինք գյուղական խաղաղ բառաչ, հեռավոր ու օտար այն ամենից, ինչ արվում էր կրկեսի հրապարակոմ։ Որտեղի՞ց կարող էր այստեղ կով հայտնվել։ Ախ, հա՜, ցուլ։ Նա մի քանի անգամ էլ ոտները քարշ տվեց և կամաց, կամաց ծնկի եկավ։ Այդ պահին հրապարակում հայտնվեց քաղաքացիական կոստյումով հաղթանդամ մի մարդ և փոքրիկ դաշյունով ցլին մորթեց։
: Աղջիկը լաց եղավ վրդովմունքից, ամոթից և ցավից։ Հասարակությունը դժգոհ էր։ Միայն հետո, երբ երկրորդ քույրը՝ «La Gordobestita»֊ն, սպանում էր հաջորջ ցուլին, առաջինին հնարավորություն տվեցին վերականգնել իր պատիվը, և նա բավական ճարպկորեն մի քանի անգամ ցլին բաց թողեց իր ազդրից մեկ սանտիմետր հեռավորության վրա, խաբելով նրան կարմիր թիկնոցով։ Լսվեցին ծափահարություններ, աղջիկը վերստին ծաղկեց, և հասարակությանը մի քանի բալետային ողջյուններ տվեց։
: Վտիտ մեքսիկացին փալասով բանիմացորեն սրբում էր իրեն վերադարձված արյունոտ սուսերը։ Ձիերը, քարշ տալով, տարան մեռած անասունին, և հրապարակ բաց թողին երրորդ, առաջինի պես փոքր և սև ցուլին։ Այս ցուլն էր գիտեր, որ գլխին խաղ են խաղալու։ Սրա վիճակը ևս ցավալի էր․ «La Gordobestita»֊ն նույնպես մորթում էր տանջալիորեն երկար ու անշնորք և, ի վերջո, այս ցլին էլ մորթեցին դաշյունով։ Սարսափելի է կյանքից մահին անցնելու պահը։ Ցուլը հանկարծակի ընկնում է, նրա կոպիտ մարմնի ներսում ինչ֊որ բան է տեղի ունենեում, գալիս է օրհասը։ Նայելն ամոթալի է և սարսափելի, ասես ինքդ մասնակցել էս անկյունից կատարվող սանության։
: Միգուցե կատղի ցուլերի և նշանավոր ցլամարտիկի մենամարտն ունի սպորտային տեսք, միգուցե։ Բայց այն, ինչ մենք տեսանք Մեքսիկայի գավառական քաղաքում, զզվանք էր առաջացնում։
: Սակայն վատթարագույնը առջևումն էր։ Ծաղրածուի դիմակներով և կոստյումներով երեք ցլամարտիկ, որոնց կրցքերը, կողերը և հետույքները հարվածներից պաշտպանված էին բարձերով, կես ժամ ծաղր ու ծանակի ենթարկեցին չորրորդ ցուլին։ Սկզբում դա սովորական կրկեսային մնջախաղ էր, որը սովորաբար վերջանում է նրանով, որ ծաղրածուները հրապարակից փախչում են իրար մեջքի հեծած, իսկ հետո նորից հայտնվում են՝ հասարակությանը գլուխ տալու, դիմակները հանելու և իրենց իսկական, չշպարված, խելացի դեմքերը ցույց տալու համար։
: Բայց այստեղ մնջախաղը վերջացավ նրանով, որ ցլին մորթեցին։ Այնքան անակնկալ ու սարսափելի էր այդ, որ մենք վեր կացանք։ Մուտքին դեռ չհասած, տեսանք, որ ցլին քարշ տալով տանում են։ Նրա ազնվացեղ, սև դունչը ծանր ու տանջալից քարշ էին տալիս ավազի վրայով, իսկ կուրացած աչքերը ուշադիր և խիստ նայում էին բառաչող և խրխջացող հանդիսատեսներին։ Հասարակությունը գլխարկներ էր գցում տորեադորներին, և վերջիններս ճարպկորեն ետ էին նետում։ Մենք դանդաղ անցնում էինք Խուարեց քաղաքի վատ լուսավորված փողոցներով։ Հնչում էին կիթառները։ Երիտասարդ մարդիկ միհարկանի խրճիթների ծեփաթափ պատերին հենված՝ լարերին էին տալիս։ «Լոբբի N 2» ռեստորանից լսվում էր մեքսիկական կրքոտ երգ։ Մռայլ էր մեր հոգին։
: Անցնելով Խուանա֊Ֆերդինանդ֊Խրիստոփոր֊Կոլումբոսի մոտով, որն առաջվա պես ոչ մի ուշադրություն չդարձրեց մեզ, և վերջին հայացքը նետելով Մեքսիկայի վրա, անցանք կամուրջը։ Ի զարմանս և նույնիսկ ի սարսափ մեզ, այն աստիճանավորը, որ պետք է մեզ ետ թողներ, չկար։ Նրա փոխարեն կանգնել էր ուրիշը, այնպիսի բարկացկոտ դեմքով, որ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել։ Բայց հազիվ էինք մեր անձնագրերը ներկայացրել, երբ բարկացկոտ աստիճանավորը բղավեց․
: ― Սրանք այն երկու ռուս ջենտլմեննե՞րն են, որոնք այսօր առավոտյան գնացել են Մեքսիկա։ Այո՛, այո՛, ինձ արդեն ասել են սրանց մասին։ Ամեն ինչ հաղորդել են։ Երկու ռուս ջենտլմեներն ազատ կարող են անցնել Միացյալ Նահանգները։ Նրանք թող չանհանգստանան։
: Եվ նա դիմեց վերահսկիչ տնակում նստած աստիճանավորին․
: ― Սրանք այն երկու ռուս ջենտլմեններն են, որոնք Մեքսիկայից պետք է անցնեն Յունայթեդ Սթեյթս։ Բաց թողեք նրանց։
: Երբ անցանք սահմանապահ կայանը, միստեր Ադամսն ասաց․
: ― Ո՛չ, պարոնայք, սա կազմակերպված երկիր է։ Առավոտյան մեր աստիճանավորը գնացել է, բայց չի մոռացել հաղորդել իր փոխանորդին, որ երեկոյան Մեքսիկայից գալու են երկու ռուս։ Այնուամենայնիվ, սա սերվիս է, այնպես չէ՞։ Եվ գիտե՞ք, պարոնայք, էլի ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ես ուզում եմ ասել, որ սա մի երկիր է, որտեղ դուք հանգիստ կարող եք ջուր խմել ծորակից, որովհետև տիֆով չեք հիվանդանա․ ջուրը միշտ իդեալական կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա կասկածանքով զննել հյուրանոցի անկողնու սպիտակեղենը, այն միշտ էլ մաքուր կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա մտածելու, թե ավտոմոբիլով ինչպես անցնես մի քաղաքից մյուսը։ Ճանապարհը միշտ լավը կլինի։ Սա մի երկիր է, որտեղ ամենաէժանագին ռեստորանում անգամ ձեզ չեն թունավորի։ Ուտելիքը կարող է անհամ լինել, բայց միշտ բարձրորակ։ Սա բարձր կենսամակարդակ ունեցող երկիր է։ Եվ այդ բանը առանձնապես պարզ է դառնում, պարոնայք, երբ ընկնում ես, ինչպես այսօր ընկանք, մեկ ուրիշ ամերիկյան երկիր։ Նո՛, նո՛, պարոնայք, ես չեմ ուզում ասել, թե Միացյալ Նահանգները միանգամայն հիանալի երկիր է, բայց այն ունի իր արժանիքները, և այս մասին միշտ պետք է հիշել։
: Նախքան Էլ֊Պասո ընկնելը, մենք բավական երկար ժամանակ Միացյալ Նահանգներում էինք և կարգին շրջեցինք երկրով մեկ։ Մենք այնպես էինք ընտելացել լավ ճանապարհներին, լավ սպասարկման, մաքրության և հարմարավետուցյան, որ դադարել էինք այդ ամենը նկատելուց։ Բայց բավական էր միայն մեկ օր լինել Մեքսիկայում, որ վերստին, ըստ արժանվույն, գնահատեինք Միացյալ Նահանգների նյութական բոլոր նվաճումները։
: Երկրին լավ ծանոթանալու համար երբեմն օգտակար է լինում մեկ օրով լքել այն։
===Գլուխ քառասուներկուերորդ — Նոր տարին Սան֊Անտոնիոյում===
: Նոր տարվա նախորյակն էր, երբ մեր մոխրագույն կառը մտավ Սան֊Անտոնիո՝ Տեխաս քաղաքի ամենամեծ քաղաքը։
: ― Ես գիտեմ այս քաղաքը, ― ասաց միստեր Ադամսը, ― անցյալ տարի եկել եմ այստեղ։ Հավատացնում եմ ձեզ, պարոնայք, սա հիանալի քաղաք է։
: Քաղաքն արտակարգ աշխուժության մեջ էր։ Անապատից հետո նրա կենտրոնը իր տասնյակ քսանհարկանի տներով իսկական Նյու֊Յորքի տեսք ուներ։ Լուսացայտում էին խանութների ցուցափեղկերն ու ռեկլամների գազալուսային բարակ խողովակները։ Անցնելով ամերիկյան փոքրիկ քաղաքներով, մենք բոլորովին ետ էինք սովորել բազմությանը և հիմա, գյուղական բնակիչների պես, զարմացած նայում էինք անցորդներով լեփ֊լեցուն մայթերին։ Սովորական փափուկ շլյապաների և այս վայրերում ընդունված կարճ այտամորուսների մեջ հանդիպում էին լայնեզր շլյապաներ և արդեն միանգամայն ազդեցիկ այտամորուսներ, որը վկայում է Մեքսիկայի և կովբոյական ռանչոների մոտիկության մասին։
: Մոտ երկու ամիս է արդեն, ինչ մենք շրջում էինք ավտոմոբիլով։ Շատ էինք ուզում հանգստանալ և զվարճանալ։ Աշխույժ բազմությունը, կրնկի վրա բաց մրգի խանութները, սուրճի ու ծխախոտի հոտը, այդ ամբողջ օտար, անհանգիստ աշխարհը մեր սրտերը լցնում էին լիրիկական թախիծով և դրա հետ մեկտեղ հրաշքի թաքուն հույսով։ Հանկարծ ու մեզ հետ որևէ սքանչելի բան տեղի ունենա, մի բան, որը չի պատահում սովորական ճանապարհորդների հետ օտար քաղաքում, ուր ոչ մի ծանոթ մարդ չունես։ Նոր տարվա այս նախօրյակին, մենք մեզ առանձնապես հեռու էինք զգում հայրենի երկրից, Մոսկվայից, բարեկամներից ու մերձավորներից։ Ճիշտն ասած, ցանկություն ունեինք կոնծելու մի լավ գավաթ օղի, վրայից ուտել սելյոդկա ու սև հաց, ուզում էինք զվարճանալ, անիմաստ ուրախ բաժակաճառեր ասել։
: ― Այո՛, այո՛, պարոնայք, Մոսկվայում հիմա երևի ձյուն է, ― ասաց միստեր Ադամսը՝ նայելով մեր վշտացած դեմքերին։
: Պարոնայք հառաչեցին։
: ― Չէ՛, լուրջ, այսօր մենք ինչ գնով էլ ուզում է լինի, պետք է լավ տոնենք Նոր տարին։ Ո՛չ, ոչ՛, պարոնայք, ես պլան ունեմ։ Այժմ ընդամենը երեկոյան ժամը ութն է։ Ես առաջարկում եմ ուղիղ գնալ «Ռոբերտ Ի․ Լի» հյուրանոցը։ Ես այդ հյուրանոցի հասցեն տվել եմ թղթակիցներին։ Այնտեղ մենք կսափրվենք, կարգի կբերենք մեզ, ավտոմոբիլը կթողնենք գարաժում և դուրս կգանք փողոց։ Սան֊Անտոնիոյում ես մի հիանալի ռեստորան գիտեմ։ Հյուրանոցից հեռու չէ։ Այնտեղ հավաքվում են բանաստեղծներ և նկարիչներ։ Սան֊Անտոնիոն հիշեցնում է Սանտա֊ֆեն և Կարմելը, այն իմաստով, որ արվեստի մարդիկ հավանել և ընտրել են այն։ Այո՛, այո՛, պարոնայք։ Օ՜, նո։ Այնտեղ լավ են կերակրում։ Եվ այսօրվա օրը մենք այնքան էլ խնայող չենք լինի։ Ծանոթություն կհաստատենք բանաստեղծների և նկարիչների հետ և քեֆ կանենք։ Պարոնա՛յք, ի՞նչ կասեք իմ այս ծրագրի վերաբերյալ։
: Եվ միստեր Ադամսը իսկական քեֆ անողի խիզախությամբ ափով շրմփացրեց սափրած գլխին։
: Մենք խանդավառությամբ սկսեցինք իրագործել այդ հիանալի միտքը։ Մի ժամ չէր անցել, երբ մենք առույգ, լվացված, այտերիս պուդրայի հետքեր և սրտներս հույսով լի, ելանք փողոց և խառնվեցինք բազմությանը։
: ― Նախ ուղարկենք շնորհավորական հեռագրեր, ― ասաց միստեր Ադամսը։
: «Վեստերն Յունիոն» հեռագրական բյուրոն իրենից ներկայացնում էր կաղնե լայն վաճառասեղանով երկու մասի բաժանված մի մեծ խանութ։ Սեղանի հետևում նստել էր մի երիտասարդ՝ մատիտը ականջի հետևը խրած։ Բյուրոյի մուտքի առջև սպասում էին երկու հեծանվորդ տղաներ՝ կաշվե սռնապաններով, ֆուրաժկաներով և ուսադիրներ և փայլուն կոճակներ ունեցող բաճկոններով։ Նրանց պարտականությունն էր հեռագրերը հասցնել հասցեատերերին։ Լայն ղեկերով և հաստ դողերով հեծանիվները հենել էին լապտերասյուներին։ Տղաները շատ էին հպարտանում իրենց համազգեստով և մեծամտում էին, բայց այնուամենայնիվ, մնում էին երեխաներ և ազատ ժամանակը անց էին կացնում թեթևամիտ կերպով։ Հեծանվի ղեկի դատարկ փողակի մեջ նրանք դնում էին մի տեսակ հրթիռ, վառում և, փախչելով դեպի դուռը, հետևում, թե ինչպես անցորդները հավասարվելով հեծանվին և հենց ականջի տակ կրակոց լսելով, մի կողմ էին նետվում։ Եթե կրակոցը առանձնապես ուժեղ էր լինում, իսկ անցորդը առանձնապես ջղաձգորեն էր վեր թռչում, տղաները ներս էին ընկնում բյուրո և ծիծաղից խեղդվելով, նայում էին փողոց, իսկ մատիտը ականջի հետևը դրած երիտասարդը կշտամբանքով սպառնում էր նրանց՝ մատը թափ տալով։ Ապա հեռագրատան տղաները կռվի էին բռնվում սռնապաններ, ուսադիրներ և հեծանիվ չունեցող սովորական տղաների խմբերի հետ։ Թշնամի կողմերը կրակում էին իրար վրա հռթիրներով, որոնք խլացուցիչ ձայներ էին հանում։
: Եեիտասարդն ընդունեց հեռագիրը, ականջի հետևից դուրս քաշեց իր մատիտը և բառերն արագ հաշվելով , ասաց․
: ― Երկու դոլար, ութսուն ցենտ։
: Մենք փող հանեցինք։
: ― Այս հեռագիրը, ― ասաց երիտասարդը, ― Մոսկվա կհասնի հենց այսօր։ Բայց միգուցե դուք կուզենաք, որ հեռագիրը հասնի վաղն առավոտյան։ Չէ՞ որ սա շնորհավորական հեռագիր է, և ես կարծում եմ, ձեր հասցեատերը գոհ կլինի վաղը առավոտյան ստանալով։
: Մենք համաձայնեցինք այդ նկատառումների հետ։
: ― Այդ դեպքում գինը ուրիշ կլինի։
: Երիտասարդը վերցրեց մի թերթ թուղթ, հաշվումներ կատարեց և ասաց․
: ― Ընդամենը երկու դոլար տասը ցենտ։
: Յոթանասուն ցենտի տնտեսում։ Երիտասարդը սկսեց դուր գալ մեզ։
: ― Բայց միգուցե, սըր, կուզենայիք այլ միջոցով ուղարկել հեռագիրը։ Մենք ունենք արտոնյալ տարիֆ հեռագրված նամակների համար։ Նման հեռագիրը այնքան էլ ուշ չի ստացվի և կարժենա մեկուկես դոլար, ընդ որում, դուք իրավունք ունեք ավելացնել ևս ութ բառ։
: Մենք մոտ մի ժամ եղանք «Վեստեր Յունիոն» բյուրոյում։ Երիտասարդը մի քանի թերթ թուղթ լցրեց թվերով, քրքրեց տեղեկագիրը և վերջ ի վերջո մեզ համար տնտեսեց ևս տասը ցենտ։
: Նա իրեն պահում էր որպես տնտեսող, բարի քեռի, որը թեթևամիտ ազգականներին կյանքի դաս է տալիս։ Նա ավելի շատ էր մտահոգված մեր քսակով, քան ինքներս։ Այդ ծառայողը նոր տարվա նախօրյակին, երբ տունն առանձնապես է քաշում քեզ, ոչ միայն իդեալական համբերատար էր թվում հաճախորդների նկատմամբ։ Նա չափազանց հավատարիմ բարեկամ էր թվում, որի վրա պարտականություն էր դրված ոչ միայն սպասարկել, այլև խնամակալել, փրկել մեզ կյանքի սխալներից։
: ― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց մեզ միստեր Ադամսը, ― դուք արդեն բավական ճամբորդել եք Ամերիկայում և պետք է հասկանաք, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Սրանից տասը տարի առաջ ես շուրջերկրյա ճանապարհորդություն էի կատարում և տոմսերի համար դիմեցի տուրիստական մի բյուրոյի։ Շատ բարդ մարշրուտ էր։ Չափից դուրս թանկ էր նստում։ Այդ բյուրոյում մի ամբողջ օր հետս նստեցին, ու վերջ ի վերջո, և ինչ֊որ երկաթուղային խճճված կոմբինացիաների օգնությամբ, հարյուր դոլար տնտեսեցին։ Մի ամբո՜ղջ հարյուր դոլար։ Պարոնայք, հարյուր դոլարը Մե՜ծ փող է։ Այո՛, այո՛, այո՛։ Օ՜, նո, խնդրեմ չմոռանաք, որ բյուրոն որոշ տոկոս է ստանում գործարքից և որ, էժանացնելով իմ տոմսը, նրանք պակասեցնում են իրենց վաստակը։ Ահա թե ինչ։ Հենց դրանումն է ամերիկյան սերվիսի սկզբունքը։ Բյուրոն իմ գործում ավելի պակաս վաստակեց, քան կարող էր վաստակել, բայց փոխարենը հետևյալ անգամ ես անպայման կդիմեմ նրանց, և նրանք դարձյալ քիչ ու միչ կվաստակեն։ Հականու՞ում եք, պարոնայք։ Պակաս, բայց հաճախակի։ Դա բառացիորեն նույնն է, ինչ֊որ այստեղ՝ «Վեստերն Յունիոն» հեռագրական ընկերությունում։ Չէ՛, ճիշտ, պարոնայք, դուք պարզապես չեք հասկանում, չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։
: Բայց միստեր Ադամսը սխալվում էր։ Մենք վաղուց արդեն հասկացել էինք, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Եվ եթե մենք հիանում էինք մատիտը ականջի հետևը դրած երիտասարդի աշխատանքով, ապա ո՛չ նրա համար, որ դա մեզ բացառություն էր թվում, այլ նրա համար, որ հաստատում էր կանոնը։
: Ճանապարհորդության ընթացքում մենք ամեն օր այս կամ այն ձևով օգտվում էինք սերվիսով և սովորեցինք շատ բարձր գնահատել այն, թեև երբեմն այդ սերվիսը արտահայտվում էր հազիվ նշմարելի մանրուքների մեջ։
: Մի անգամ Նյու֊Օռլեանում հայտնվեցինք մրգի նավահանգստում։ Նավահանգստային կախարդական գիշեր էր, տոգորված շոգենավերի ոռնացող շչակներով և իրար բախվող վագոնների կրճտոցով։ Մենք մոտեցանք մրգի խանութին՝ տանձ գնելու։ Տանձերի վրա գին կար՝ հատը հինգ ցենտ․ խնդրեցինք չորս տանձ։ Այդ ժամանակ մրգավաճառը, տանձերը պարկի մեջ դնելով, ասաց․
: ― Չորս տանձի համար վճարելու եք քսան ցենտ, բայց ես վեց տանձը վաճառում եմ քսանհինգ ցենտով։ Եվ եթե դուք ինձ տաք ևս հինգ ցենտ, ապա կստանաք ոչ թե մեկ, այլ երկու տանձ։
: ― Բայց այդ արտոնյալ գնի մասին ոչ մի տեղ չի գրված։
: ― Այո, բայց ես հո այդ մասին գիտեմ, ― ասաց մրգավաճառը։
: «Նա պարզապես ազնիվ մարդ է», ― կասեք դուք։ Այո, ճիշտ է։ Բայց սերվիսը ենթադրում է ազնվություն։ Եվ կարող եք համոզված լինել, որ վեցերորդ տանձը պարկի մեջ դնելով, մրգավաճառի մտքովը չէր անցնում, որ ինքը ազնիվ գործ է կատարում։ Նա «սերվիս էր անում» սպասարկում էր գնորդին։
: Մի ուրիշ անգամ Չարլստոնում (Հարավային Կարոլինա) նստեցինք տրամվայի դատարկ վագոնը, որն այդ տիպի հնացած տրանսպորտին հատուկ դղրդոցով անցնում էր գլխավոր փողոցով։ Համատեղության կարգով տոմսավաճառի պարտականությունը կատարող վագոնավարը տոմս տվեց մեզ։
: ― Տոմսն արժե տասը ցենտ, ― ասաց նա, ― բայց միանգամայն չորս տոմս գնելու դեպքում՝ զեղջ կա։ Յոթական ցենտ։ Հասկանու՞մ եք։ Յոթական։ Ընդամենը քսանութ ցենտ։ Տասներկու ցենտի տնտեսում։ Հասկանու՞մ եք։ Ընդամենը յոթ ցենտ տոմսը։
: Ամբողջ ճանապարհին նա շուռ էր գալիս դեպի մեզ ու ցույց տալիս յոթ մատները ինչպես խուլերին են ցույց տալիս ու բղավում․
: ― Յոթ ցե՛նտ։ Հասկանու՞մ եք։ Տոմսը յոթ ցենտ։
: Նրան մեծ բավականություն էր պատճառում զեղջով տալը, մեզ սերվիս անելը։
: Մենք ընտելացել էինք, որ լվացքատներում ոչ միայն լվանում, այլև կարկատում են սպիտակեղենը, իսկ եթե կեղտոտ վերնաշապկի վրա մոռացվել են ճարմանդները, դրանք կդնեն լվացված սպիտակեղենի հետ, հատուկ ծրարի մեջ, որի վրա տպված է լվացքատան ռեկլամը։ Մենք դադարել էինք նկատել, որ ռեստորաններում, սրճարաններում և դեղատներում ջրով լի բաժակների մեջ սիրալիրորեն սառցակտոր է գցվում, որ գազոլինկայաններում ձրի ինֆորմացիա և ճամփորդական քարտեզներ են տրվում, իսկ թանգարաններում ձրի կատալոգներ և ծանուցատետրեր։ Սերվիսը հենց նրանով է լավ, որ դառնում է օդի պես անհրաժեշտ և աննկատելի։
: Նյու֊Յորքի «Մեյզի» հանրախանութում գործակատարների մեջքին կախված էին պլակատներ, ուղղված գնորդներին․
: «Մենք այստեղ ենք նրա համար, որպեսզի դուք մեզ անհանգստացնեք»։
: Խանութային սերվիսին է վերաբերում նաև ամերիկյան դասական ասացվածքը․
: «Գնորդը միշտ իրավացի է»։
: Ապահովագրական ընկերություններն այն հազվագյուտ դեպքերում, երբ սեփական շահերը համընկնում են ապահովագրված անձանց շահերին, սերվիսի հրաշքներ են ցուցաբերում։ Նրանք էժանացրած վճարով բուժում են իրնց մոտ կյանքն ապահովագրած մարդուն, որովհետև ձեռնտու չէ, որ նա մեռնի։ Մարդն իր հերթին խենթորեն ապրել է ուզում և առողջանալուց հետո փառաբանում է ապահովագրական սերվիսը։
: Ամերիկայում գոյություն ունի հետաքրքիր առևտրական հաստատություն՝ «Մեյլ֊օրդեր֊հաուզ»։ Իսկապես ասած, նման հիմնարկություններ հայտնի են և Եվրոպայում, բայց սովորաբար հաջողություն չեն ունենեում և սնանկանում են։ Դա առևտուր է փոստով։ Այստեղ ամեն ինչ կառուցված է սերվիսի վրա։ Եթե սերվիսը վատ լինի, ապա չի օգնի ոչ ապրանքի որակը, ոչ հիմնարկի պետի շքեղ կաբինետը։ «Մեյլ֊օրդեր֊ հաուզը» սպասարկում է գլխավորապես ֆերմերներին։ Գնացուցակով այդ հաստատությունում կարելի է պատվիրել ամեն ինչ, ասեղից սկսած մինչև տան ամբողջ կահավորանքը։ Այդ գործի հաջողությունը կառուցված է այն բանի վրա, որ ուզածդ պատվերը կատարվում է քսանչորս ժամվա ընթացքում և ոչ մի վարկյանով ավելի, անկախ այն բանից, թե ինչ է պատվիրված՝ հարյուր գլանակ, թե դաշնամուր, և անկախ այն բանից, թե ուր պետք է հասցնել ապրանքը՝ Հինգերորդ ավենյու, թե Դակոտա նահանգի մի փոքրիկ տնակ։ Եթե իրը դուր չեկավ, կարող է ետ ուղարկվել «Մեյլ֊օրդեր֊հաուզ», իսկ վստահված դրամն անմիջապես կվերադարձվի, չհաշված լոկ մի քանի ցենտ փոստային ծախսերը։
: Եթե ամերիկացին գտնի, որ տվյալ աշխատողը կամ պետական աստիճանավորը իրեն լավ սպասարկեց, նույն օրն ևեթ նամակ կգրի բաժնետիրական ընկերություն կամ մինիստրություն․ այդ նամակում ասված կլինի․ «Այսինչ ժամանակ և այսինչ տեղում ինձ հիանալի սպասարկեց միստեր այսինչը։ Թույլ տվեք շնորհավորել ձեզ այդպիսի հիանալի ծառայող ունենալու համար»։ Եվ նման նամակները զուր չէին անցնում։ Լավ աշխատողը կամ աստիճանավորը պաշտոնի բարձրացում է ստանում։ Ամերիկացիները հիանալի հասկանում են, որ լավ սերվիսի համար կարևոր է ոչ միայն «բողոքի գիրքը»։ Այդ նրան չի խանգարում վատ սպասարկման դեպքում ևս նամակներ գրել։
: Երբեմն ամեն ինչ տալու և փոխարենը որևէ բան ստանալու ցանկությունից դրդված սերվիսը դառնում է կոմիկական, իսկ երբեմն էլ՝ գռեհիկ։
: Կա արդեն պատրաստի հեռագրերի մի ամբողջ գիրք, կյանքի բոլոր դեպքերի համար, մեծ ու համոզիչ, փքուն ոճով կազմած հեռագրերի գիրք։ Նման հեռագրեր ուղարկելն արժե ընդամենը քսանհինգ ցենտ։ Բանն այն է, որ հեռագրալարով ուղարկվում է ոչ թե հեռագրի տեքստը, այլ միայն համարը, որի տակ նշված է գրքում, և ուղարկողի ստորագրությունը։ Դա բավական ծիծաղելի բան է և հիշեցնում է դեղատան համար չորս նախաճաշը։ Ամեն ինչ մատուցված է պատրաստի վիճակում, և մարդը բոլորովին ազատվում է մտածելու, և դրան ավելացրած՝ փող ծախսելու տհաճ անհրաժեշտությունից։
: Կան անվանակոչության օրվա, նոր բնակարան ձեռք բերելու, Նոր տարվա, ծննդյան շնորհավորանքներ։ Հեռագրերի բովանդակությունն ու ոճը հարմարեցված են բացարձակապես ամեն կարգի պահանջի և ճաշակի․ շնորհավորական հեռագրեր՝ երիտասարդ այրերի համար, հարգարժան ազգականների, հին կլիենտների, սիրեկանների, երեխաների, գրողների և պառավների համար։ Կան և չափածո հեռագրեր։
: «Սիրակուզայից Տեխաս Սմիտին ձեր առևտրական տանը ծննդյան ջերմ շնորհավորանքներ, տիկնոջը հաղորդեցեք ողջույն ձեզ երջանիկ բիզնեսի ցանկություն»։
: Եղած֊չեղածը քեֆերում ծախսած երիտասարդների համար գոյություն ունեն առանձնապես մեծ ու հույժ գեղարվեստականորեն կազմած սրտառուչ հեռագրեր՝ ուղղված ծնողներին, ժամկետից շուտ փող ուղարկելու խնդրանքով և մերժելու դեպքում ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու սպառնալիքով։
: Եվ այդ ամբողջ բավականությունը՝ քսանհինգ ցենտով։
: Երկիրը հարգում և գնահատում է սերվիսը։ Եվ սերվիսը ոչ միայն վաճառելու և որևէ օգուտ ստանալու հմտություն է։ Մի անգամ էլ պետք է ասել․ սերվիսը մտել է ժողովրդի արյան մեջ և կազմում է ժողովրդի բնավորության չափազանց էական մասը։ Ըստ էության, աշխատանքի ոճ է դա։
: Սերվիսը հարգելու զգացմունքների, ինչպես և ժողովրդի բոլոր զգացմունքների վրա հիանալի խաղում են քահանաները և բանկիրները։ Ընդունված է ասել, որ քահանաները ժողովրդին սերվիս են տալիս։ Ճիշտ է ժամասացությունը հենց այդպես էլ կոչվում է՝ «սերվիս», բայց եկեղեցին սիրում է գործադրել նաև այդ բառի փոխաբերական իմաստը։ Մարդկանց ուղեղների մեջ մտցնում են այն միտքը, թե եկեղեցին ծառայաում է ժողովրդին։
: «Սերվիսը» Ուոլ֊սթրիթի ավազակի սիրած արտահայտությունն է։ Մարդկանց, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ քաղաքներ ու երկրներ կողոպտող այդ մարդը անպայման կասի, որ ինքը փոքր մարդ է, ճիշտ նույնպիսի երիտասարդ ու դեմոկրատ, ինչպես բոլոր լավ մարդիկ, և որ ինքը ծառայում է ոչ թե դրամին, այլ հասարակությանը։ Նա մարդկանց սերվիս է անում։
: ― Եվ այսպես, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ մենք թողեցինք «Վեստերն֊Յունիոնը», ― հիմա մենք քեֆ ենք անելու։ Խնդրում եմ հետևել ինձ։ Կարծեմ այստեղ մոտիկ է։ Հառաջ։ Հոու է հեդ։
: ― Հոու՜, հոու՜, հոու՜, ― բացականչեց միսիս Ադամսը։
: Որովհետև արդեն ժամը տասին մոտ էր, և բոլորս էլ ուտել էինք ուզում, շտապ առաջ շարժվեցինք։
: ― Դա հրաշալի ռեստորան է, ― ասաում է միստեր Ադամսը։ ― Ես կարծում եմ, պարոնայք, կվերցնենք մեքսիկական մեծ բիֆշտեկս և մի զույգ շիշ կալիֆոռնիական լավ գինի։ Թե քեֆ է, թող քեֆ լինի․ վերցնենք ֆրանսիական կամ հռենոսյան գինի։ Ի դեպ, պարոնայք, ուշադրություն դարձրե՞լ եք, որ ամերիկացիները գինի քիչ են խմում և նախապատվությունը տալիս են վիսկիին։ Օ՜, ոչ, լուրջ, պարոնայք, մի՞թե չգիտեք։ Այդ շատ, շատ հետաքրքիր է և օգտակար է, որ գիտենաք։ Սա բարդ հարց է։ Խորհուրդ եմ տալիս, միստերներ, գրի առնել ձեր հուշատետրերում։ Հասկանում եք, մի շիշ լավ գինին ենթադրում է լավ զրույց։ Մարդիկ նստում են սեղանի շուրջ ու խոսում, և այստեղ մեկը լրացնում է մյուսին․ առանց լավ զրույցի, գինին հաճույք չի պատճառում։ Իսկ ամերիկացիները չեն սիրում և չեն կարող զրուցել։ Դուք նկատե՞լ եք։ Նրանց սեղան նստելը երկար չի տևում։ Խոսելու բան չունեն։ Նրանք պարում կամ բրիջ են խաղում։ Եվ նախապատվությունը տալիս են վիսկիին։ Խմեցիր երեք գավաթ, ձեռաց կհարբես։ Այնպես որ խոսելու հարկ չկա։ Այո՛, այո՛, այո, պարոնայք․ ամերիկացիները գինի չեն խմում։
: Մենք երկար գնում էինք երկու կողմերում կոտեջներ ունեցող մի ինչ֊որ լայն փողոցով։ «Բիզնես֊սենտերը» մնաց շատ հետևում։ Մենք ընկանք «ռեզիդենշել֊պարտ»։ Այստեղ ոչ ռեստորաններ կային, ոչ խանութներ, ոչ էլ նույնիսկ դեղատներ։ Անձրև տեղաց։ Լուսակիրների տակ կախված էին պլակատներ «Անցած տարում, Սան֊Անտոնիոյում քառասուն մահացու դեպք է տեղի ունեցել ավտոմոբիլային աղետների հետևանքով։ Զգույշ վարեք»։
: ― Գուցե վերադառնանք, ― ասաց միսիս Ադամսը։
: Ա՛հ, Բեկկի, ― բացականչեց ծերուկը, ― ինչպե՞ս կարող ես այդպես ասել՝ «վերադառնա՜նք»։ Մինչև ռեստորան քիչ է մնացել։ Ես լավ հիշում եմ այդ տեղը։
: Կես ժամ էլ քայլեցինք անձրևի տակ, րոպե առ րոպե մռայլվելով։ Անցանք ավտոմոբիլային գերեզմանոցը, հետո ամայի տարածությունը, որտեղ գործածված մեքենաներ են վաճառում։ Մեր դիմացից դեպի կենտրոն էին սլանում մի քանի մեքենաներ՝ լիքը լցված ջահել մարդկանցով, որոնք գոռգոռում էին և հրթիռներ վառում։ Խաչմերուկի մոտ կառուցել էին էլեկտրական լամպերով հրավառ ճոճեր։ Զվարճացող մի զույգ տխուր ճոճվում էր մետաղյա նավակով։ Այստեղ միայն նկատեցինք, որ անձրևը կատակ չի անում։
: Էլեկտրական լույսի տակ երևում էին անձրևի խիտ շիթերը։
: ― Դե լավ, ― ասաց միսիս Ադամսը իրեն հատուկ խելամտությամբ, ― եթե չես հիշում, թե որտեղ է գտնվում քո ռեստորանը, կարող ենք հարցնել պոլիսմենին։
: ― Ո՛չ, ո՛չ, Բեկկի, ― քրթմնջաց միստեր Ադամսը, ― այդպես մի ասա։ Լու՛րջ։ Ռեստորանն այստեղ է՝ մոտերքում։
: ― Բայց և այնպես որտե՞ղ է, ո՞ր փողոցի վրա։
: ― Չէ՛, լուրջ, Բեկկի, դու այստեղ չպետք է խոսես։
: ― Հիմա ես կհարցնեմ պոլիսմենին, ― վճռականորեն ասաց միսիս Ադամսը։ Ինչպե՞ս է կոչվում քո ռեստորանը։
: ― Դե, Բեկկի, խնդրում եմ չհուզվես։ Չէ՛, ճիշտ, պարոնայք, հարկ չկա անհանգստացնելու պոլիսմենին։
: ― Ես քեզ հարցնում եմ՝ ինչպե՞ս է կոչվում ռեստորանը։
: ― Բեկկի, մի՛ ասա այդպես, ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― ինձ համար ցավալի է լսել, երբ այդպես ես խոսում։
: ― Դու մոռացել ես, թե ինչպես է կոչվում ռեստորանը, ― ասաց միսիս Ադամսը։
: ― Օ՜, Բեկկի։ Այդ բանը ինչպե՞ս անցավ քո մտքով, ― հառաչեց միստր Ադամսը՝ թաց գլուխը բռնելով։
: Այդպես խոսելով, մենք անցանք ողջ քաղաքը և առջևում տեսանք մութ, հավանորեն խոնավ անապատը։
: Ետ դարձանք և սայթաքելով վազեցինք դեպի քաղաքի կենտրոնը։
: ― Գոնե տաքսի ճարվեր, ― ասաց միսիս Ադամսը։
: Բայց տաքսի չէր հանդիպում։ Հավանորեն բոլորն զբաղեցրել էին Նոր տարին դիմավորողները։ Մենք վազում էինք անձրևի տակ, սոված, չարացած և հոգնած։ Որքան մոտենում էինք կենտրոնին, այնքան շատ մեքենաներ էին անցնում գոռգոռացող երիտասարդներով։ Քաղաքի կենտրոնը լեփ֊լեցուն էր։ Մեր նյարդեը բոլորովին քայքայվել էին, և մենք հաճախ ցնցվում էինք չորս կողմից լսվող կրակոցներից։ Վառոդի հոտ էր գալիս, ինչպես փողոցային մարտերի ժամանակ։ Ամենուրեք ծախվում էին գնդացրի ձայն հանող ճայթուկներ։
: ― Պարոնա՛յք, ― բղավեղ հանկարծ միստեր Ադամսը։ ― Եկեք զվարճանանք։
: Նա կայծակի արագությամբ ճայթուկ գնեց և սկսեց ուրախ դեմքով ֆռռացնել։ Ոռնացող մի պատանի շրխկոցով հասցրեց միստեր Ադամսի ճաղատին, իսկ միստեր Ադամսը ճայթուկով շրխկացրեց նրա ուսին։
: Մենք մտանք հենց առաջին դեղատունը և պատվիրեցինք սանդվիչներ։
: Մինչև նրանք կպատրաստվեին, մենք տխուր֊տրտում պոմիդորի հյութով լի բաժակներ չխկացրինք և երջանկություն ցանկացանք միմյանց։ Հենց այդ պահին խփեց ժամը տասներկուսը։
: Այդպես դիմավորեցինք Նոր տարին Տեխաս նահանգի Սան֊Անտոնիո քաղաքում։
===Գլուխ քառասուներեքերորդ — Մենք մտնում ենք հարավային նահանգները։===
: Նոր տարին բուռն կերպով դիմավորելուց հետո առավոտյան «Ռոբերտ Ի․ Լի» հյուրանոցում արթնացանք մի ջերմ ցանկությամբ՝ մեկնել։ Մեկնել որքան կարելի է շուտ, այս րոպեիս, այս վարկյանիս։ Զուր էր միստեր Ադամսը մեզ համոզում, թե Սան֊Անտոնիոն հիանալի քաղաք է, որ աններելի հիմարություն կլինի քաղաքը չդիտել («Չէ՛, լուրջ, պարոնայք»), որ մենք ոչինչ չենք հասկանում և չենք ուզւում հասկանալ․ մենք թախիծով կրկնում էինք միևնույն բանը․
: ― Այո՛։ Մենք ոչինչ չենք հասկանում, չենք ուզում հասկանալ և, հավանորեն, երբեք էլ չենք հասկանա։ Մենք սիրով ընդունում ենք այդ ամենը։ Սան֊Անտոնիոն սքանչելի քաղաք է, բայց մենք ուզում ենք մեկնել։ Բացի այդ, մի մոռացեք, միստեր Ադամս, որ ձեզ սպասում է բեբին։
: Բեբիի անունը տալուն պես Ադամս ամուսինները ևս աճապարեցին, և արդեն կես ժամ անց, սլանում էինք հենց այն լայն ու երկար փողոցով, ուր երեկ տեղատարափ անձրևի տակ անանուն ռեստորանն էինք փնտրում։
: Սան֊Անտոնիոն թողնելուց առաջ մենք շրջեցինք Բրեկենրիջ֊պուրակում։ Այդ պահանջեց միստեր Ադամսը։
: ― Դուք չպետք է կարծեք, պարոնայք, ― հայտարարեց նա, ― թե Սան֊Անտոնիոն վատ քաղաք է։ Սա լավ, բարեկարգ քաղաք է, և դուք պետք է տեսնեք Բրեկենրիջը։
: Հիանալի մեծ պարկը ամայի էր։ Մի քանի մերկ ծառեր կային։ Մնացածները, ինչպես ամռանը, խշշում էին իրենց կանաչ ու խիտ սաղարթով, քարակոփ ոռոգիչ ջրանցքները բոլոր ուղղություններով հատում էին պարկը։ Ջուրը մեղմ ծփանքով մի ջրանցքից լցվում էր մի քանի սանտիմետր ցած գտնվող մյուս ջրանցքը։ Մենք դիտեցինք ուղտին և ծովառյուծին, հիացանք գրեթե բոլորովին կանաչ մարգագետնում ֆուտբոլ խաղացող տղաներով, զբոսախնջույքների համար կառուցված սեղաններով ու աթոռներով և առնվազն տասը գազոլինկայաններում հուսալի ինֆորմացիա ստանալով, Տեխասի հարավով շարժվեցինք առաջ՝ մոտենալով Լուիզիանայի սահմաններին։
: Ամեն անգամ մի որևէ քաղաքից դուրս էինք գալիս այնպես, որ իրիկնամուտին ընկնենք մի ուրիշ քաղաք, օրվա ընթացքում արագ անցնելով տասնյակ փոքր ու մեծ Մեյն֊սիթիներ, Ադամս ամուսինները առջևում, մենք՝ հետևում և մեր արանքում հերթական հիչ֊հայկերը՝ ճամպրուկը ծնկներին դրած։ Բայց երբեք այսպես չէինք շտապել։ Թվում էր, թե մեր մեքենայի անթերի մոտորը սնվում է ոչ միայն գազոլինով, այլև մեր մեջ եռացող անհամբերությամբ․ շուտ՝ դեպի Նյու֊Յորք, շուտ՝ շոգենավ, շուտ դեպի Եվրոպա։ Ավտոմոբիլային ուղևորության երկորդ ամիսը մոտենում էր իր վախճանին։ Սա շատ կարճ ժամանակաշրջան է այսպիսի մեծ և հետաքրքիր երկրի համար։ Բայց մենք պռնկեպռունկ լցված էինք Ամերիկայով։
: Մոտենում էր նեգրական հարավը։ Լուիզիանայից մեզ բաժանող վերջին մղոնները անցնում էին անտառների միջով։ Արևը դուրս նայեց։ Տաք ու բերկրալի էր, ինչպես գարնանը Ուկրաինայում։ Հաճախակի սկսեցին հանդիպել փոքրիկ քաղաքներ, ավաններ, գազոլինկայաններ և դաշտերում բաշերը քամուն տված ազատ վազվզող ձիեր։
: Վերջապես անցանք «Լուիզիանա նահանգ» մակագրությամբ սյունը և սլացանք հավաքված բամբակի շիկավուն դաշտերի երկարությամբ։
: Արևելքի և արևմուտքի մոնումենտալ եկեղեցիները փոխարինվեցին հիմքերի փոխարեն սյուների վրա կառուցված փայտաշեն, սպիտակեցրած եկեղեցիներով, իսպանական և հնդկական անունները փոխարինվեցին ֆրանսիականով, իսկ գազոլին կայաններում, որտեղ միսիս Ադամսը ինֆորմացիա էր վերցնում, նրան պատասխանում էին ոչ թե «իես, մեմ», այլ «իես, մամ»։
: Լաֆայետ քաղաքով անցնելիս մենք տեսանք փողոցի լայնությամբ ձգված մի մեծ պլակատ՝ անախորժ, ինքնագոհ մարդու դիմանկարով և թավ տառերով գրված մակագրությամբ․ «Ինձ ընտրեցեք շերիֆ։ Ես ժողովրդի բարեկամն եմ»։
: Լուիզիանա նահանգի, ժողովրդի ոստիկանական բարեկամի այդ վայնասունը հիշեցնում էր Լուիզիանայում վերջերս սպանված, սենատոր Հյու֊Լոնգի վարվելակերպը։ Հյու֊Լոնգը նույնպես իրեն համարում էր «ժողովրդի բարեկամ», բովանդակ ժողովրդի, բացառությամբ նեգրերի, մեքսիկացիների, մտավորականների ու բանվորների, և պահանջում էր հարստությունների բաժանում, բոլոր հարստությունների, բացառությամբ այն հինգ միլիոնի, որը Հյու֊Լոնգի կարծիքով անհրաժեշտ էր թողնել յուրաքանչյուր միլիոնատիրոջ։
: Այստեղ, հարավում, տեսանք այն, ինչ ոչ մի անգամ չէինք տեսել Ամերիկայում՝ խճուղու երկարությամբ թրև եկող հետիոտների։ Նրանց մեջ ոչ մի սպիտակ չկար։
: Անցավ մի պառավ, կորացած նեգրուհի՝ դեղին հաստ գուլպաներով, ծռմռված կեղտոտ տուֆլիներով, գոգնոցով և հնատարազ ժապավենավոր շլյապայով։
: Մենք առաջարկեցինք միստեր Ադամսին պառավին վերցնել։
: ― Ոչ, ոչ, ոչ, ― բացականչեց Ադամսը։ ― Ի՞նչ եք ասում։ Չէ, լուրջ։ Դուք չեք հասկանում, թե ինչ բան է Հարավային նահանգը։ Վերցնել նեգրուհու։ Այո, այո, պարոնայք։ Նա պարզապես չի հավատա, որ սպիտակներն ուզում են նրան վերցնել։ Կկարծի, թե ծաղրում են իրեն։
: Խճուղու վրա, ավտոմոբիլների արանքում, անսպասելի հայտնվեց մի մոխրագույն ձի, որը ծածկ ունեցող երկանիվ կաբրիոլետ էր քարշ տալիս (այդպիսի նմուշներ մենք տեսել էինք ֆորդի թանգարանում)։ Կաբրիոլետի մեջ նստել էին կալվածատիրուհին ու իր դուստրը։
: Հնօրյա կառքը թեքվեց դեպի գյուղամիջյան ճանապարհը, պատկերացրեք, մեջտեղում խոտի դեղնած շերտ ունեցող գյուղամիջյան ճանապարհը։ Խճուղիով անցնող բոլոր մեքենաներից մարդիկ գլուխները դուրս հանեցին և նայում էին կաբրիոլետին, որը ծանրումեծ հեռանում էր, տարուբերվելով իր սարդի ոստիկների պես բարակ ու երկար զսպանների վրա։ Երեսուն տարի սրանից առաջ ֆերմերները նույն հետաքրքրությամբ նայում էին անճոռնի թափքով ծխացող ու դողացող ավտոմոբիլին, որի մեջ նստած էին մազը դուրս, գայլի մուշտակներ հագած և պահպանիչ հսկա ակնոցներ ունեցող ուղևորներ։
: Մոտեցանք մի մեծ գետի։ Աղջամուղջի մեջ այն փայլում էր մետաղի պես։
: ― Միսիսիպին, ― բացականչեց միստեր Ադամսը։
: ― Սա Միսիսիպին չէ, ― հանգիստ ասաց Բեկկին։
: ― Սա Միսիսիպին է։
: ― Սա Միսիսիպին չէ։
: ― Բեկկի, այդպես մի ասա։ Ծանր է ինձ համար լսել, երբ դու ասում ես, որ սա Միսիսիպին չէ։
: Միստեր Ադամսը հառաչեց։ Անցանք կամուրջը և հայտնվեցինք Մորգան֊սիթի քաղաքում։ Նախքան գիշերօթևան փնտրելու գնալը, կանգ առանք «Կապույտ սագ» ռեստորանի առջև՝ ճաշելու համար։
: ― Սըր, ― հարցրեց միստեր Ադամսը տիրոջը, աչքով անելով, ― ինչպե՞ս է կոչվում այս գետը։ Ես ինքս գիտեմ, բայց կնոջս է հետաքրքրում։
: ― Սա Աչաֆալայան է, ― պատասխանեց տերը։
: ― Ինչպե՞ս, ինչպե՞ս։
: ― Աչաֆալայա։
: ― Թե՛նք յու, վերի, վերի, ― քրթմնջաց միստեր Ադամսը՝ ետ֊ետ գնալով, ― վերի, վերի, վերի․․․
: Ճանապարհորդության ամբողջ ժամանակամիջոցում սա առաջին դեպքն էր, երբ միստեր Ադամսը փաստական սխալ թույլ տվեց։
: Ամբողջ ճաշվա ընթացքում միստեր Ադամսը շուռումուռ էր գալիս աթոռի վրա և թախծում էր։ Վերջապես նա հանեց քարտեզն ու ուղեցույցը, միառժամանակ տնտղեց և, վերջապես, առանց կնոջը նայելու, երկչոտ ձայնով ասաց․
: ― Կարող եմ ձեզ, պարոնայք, հետաքրքիր մանրամասնություն հաղորդել։ Այս նզովված Աչաֆալայան ամենախոր գետն է աշխարհում։ Գրեցեք ձեր հուշատետրերում։
: Տաղտկալի երեկոն տաղտկալի Մորգան֊սիթիում գեթ մի բանով լցնելու համար մենք արեցինք այն, ինչ միշտ անում էինք նման դեպքերում՝ գնացինք կինեմատոգրաֆ։ Սովորաբար, էկրանին նայելով, միստեր Ադամսը ոչ այնքան բարկանում էր, որքան հեգնում Հոլլիվուդի հերթական արտադրության սյուժեն ու գործող անձանց։ Բայց այստեղ նա հանկարծ մի տեսարան սարքեց։ Սկսվելուց դեռ տասը րոպե առաջ մենք նկատեցինք, որ միստեր Ադամսը իրեն լավ չի զգում։ Նա ցատկոտում էր նստած տեղում, հառաչում և բավական բարձր արտասանում․
: Գրո՛ղը, գրո՛ղը տանի։
: Հանկարծ նա իր «գրողը տանի»֊ն բղավեց ամբողջ դահլիճով մեկ, վեր ցատկեց տեղից և անիծելով, փնթփնթալով ու թքոտելով, դուրս վազեց փողոց։ Միսիս Ադամսը վազեղ հետևից։ Մենք մնացինք նկարը մինչև վերջ նայելու, զգալով, որ այդ պահին փողոցում ընտանեկան մեծ ճակատամարտ է տեղի ունենում։
: Երբ սեանսը վերջացավ, մենք ամուսիններից ոչ մեկին չգտանք կինոյի մուտքի մոտ։ Մենք նրանց դժվարությամբ գտանք քաղաքի տարբեր ծայրերում։ Բարեբախտաբար, այդ ծայրերը այնքան էլ մեծ հեռավորության վրա չէին գտնվում միմյանցից։
: Միստեր Ադամսը գլխաբաց (գլխարկը դեռ շարունակում էր քաղաքից քաղաք չվել), վերարկուի օձիքը բարձրացրած, լայնաթափ քայլում էր մութ խճուղիով՝ մեքսիկական ծովախորշի ուղղությամբ և շարունակում էր քրթմնջալ՝ «գրողը տանի»։
: ― Չէ, լուրջ, պարոնայք, ― ասաց նա աղիողորմ ձայնով, ― ես այլևս տանել չեմ կարող այդ։ Այո, այո, այո։ Վերջ ի վերջո այդ կինոն ինձ կգժվացնի։ Նյու֊Յորքում ես երբեք կինո չէի գնում։ Եվ ինձ համար շատ, շատ ծանր է, և դա անսովոր լինելուցս է։ Չէ, ճիշտ։ Ուզում էի գնդացիրով կրակել էկրանին։
: Ամուսինները արագ համակերպվեցին, և երեկոն տուրիստ֊հաուզում վերջացավ գազաբուխարիկի շուրջը մտերմական զրույցով։
: Մինչև Նյու֊Օռլեան մնում էր մոտ հարյուր մղոն։ Արևոտ առավոտյան մենք ճամփա ընկանք։ Մեղմ, միանգամայն ամառային եղանակ էր։ Մենք գնում էինք խաղաղ, փոքրիկ գետակի երկարությամբ ձգված բետոնե նոր, բայց փոքր֊ինչ նեղ ճանապարհով։ Մյուս կողմում փռվել էին բամբակի շիկավուն դաշտերը, որոնց վրա տեղ֊տեղ դեռ երևում էին դեսուդեն ցրված սպիտակ բամբակի քուլաներ և շաքարեղեգնի դաշտեր, որտեղ նեգրերը «մաչետեներով», հատուկ մեծ դանակներով, կտրատում էին եղեգնի չոր ցողունները մեծ խրձերով։
: Սապատավոր, նեղ, կախովի կամրջակները հաճախակի հատում էին գետակը։
: Մի քանի ժամվա ընթացքում դեմ֊դիմաց հանդիպում էին բատրակ նեգրերի միատեսակ և խղճուկ տախտակից կառուցված խրճիթները։ Ծայրահեղ աղքատությունից առաջացած միատեսակությունը, աղքատության ինչ֊որ ստանդարտ էր դա։ Կիսափուլ ցանկապատներով շրջապատված ամայի բակերում ոչ միայն կովեր, խոզեր կամ հավեր, այլև ծղոտի մի կտոր չէր երևում։ Դա չքավորության ամենավերջին աստիճանն էր, որի առջև հնդկացիների պատկերավոր աղքատությունը կարող էր բարօրության, նույնիսկ ճոխության գագաթնակետ թվալ։ Դա ամերիկայի հարավումն էր՝ երկրագնդի ամենաարգավանդ վայրերից մեկում։
: Մեր առջևում դարձյալ երևաց մեծ, հարթ և բոլորովին դատարկ մի գետ, որը հիշեցնում էր Վոլգան, բայց թերևս նրա պես լայնահուն չէր։
: ― Սա Միսիսիպին է, ― հաղթական տոնով ասաց Բեկկին։
: Միստեր Ադամսը ծանր շունչ քաշեց։ Նա շատ բան կտար, որպեսզի այդ գետն ուրիշ անուն ունենար։ Բայց կասկած չկար։ Արդեն երևաց կամուրջը․ արծաթափայլ նոր կամուրջ՝ ավտոմոբիլային ճանապարհներով և գնացքների համար նախատեսված կենտրոնական մասով։ Ամերիկյան բնությունը և ամերիկյան տեխնիկան դարձյալ մրցում էին իրենց զորությամբ։ Աշխարհի ամենաերկար գետը հատվում էր աշխարհի ամենամեծ, սյունավոր կամուրջներով։ Այն բացվել էր հինգ օր առաջ միայն, կառուցվել էր երեք տարվա ընթացքում և արժեր տասնհինգ միլիոն դոլար։
: Կամուրջից դենը սկիզբ առավ լայնահուն ավտոպողոտա, երևացին կոտեջներ։ Մենք մտանք Նյու֊Օռլեան։
: Նյու֊Օռլեանը կարելի էր անվանել ամերիկյան Վենետիկ (նա էլ Վենետիկի նման ջրի վրա է կանգնած), եթե նրա բազմաթիվ ջրանցքները թաքնված չլինեին գետնի տակ։
: Քաղաքը լայնորեն տարածվում էր Միսիսիպի և Պոնչերտրեյն լճի մեջ ընկած ցածրադիր պարանոցի վրա։ Միսիսիպիի մեքսիկական ծովախորշը թափվելու տեղից մինչև քաղաք իննսուն մղոն է։ Ծովախորշի մոտ ոչ մի տեղ չէին գտել, որտեղ հնարավոր լիներ քաղաքը կառուցել։ Բայց կառուցված տեղումն էլ հողն իրենից ջրի բերած տղմոտ կավ է ներկայացնում։ Քաղաքը միշտ էլ տառապել է հեղեղումներից ու տենդից։ Քաղաքին հարստություն բերող ջուրը միաժամանակ դժբախտացրել է նրան։ Իր ամբոջ կյանքի ընթացքում քաղաքը պայքարել է ինքն իր հետ, պայքարել է այն հողի հետ, որի վրա կառուցվել է, և ջրի հետ, որը չորս կողմից շրջապատում է նրան։ Պայքարում է և հիմա։ Բայց գլխավորն արդեն արված է։ Պոնչերտեյնը քաղաքից բաժանված է բետոնե առափնյա պատվարով, որը աստիճաններով իջնում է դեպի լիճը։ Քաղաքի մատույցները երկար մղոններով ծածկված են ամբարտակների սիստեմով, որոնց վրայով անցնում են անթերի ավտոպողոտաներ։ Բնության դեմ մարդու մղած բազմամյա պայքարում հաղթող է դուրս եկել մարդը։
: Քաղաքը պլանավորված է արտասովոր պարզ ու հասարակ։ Գետին զուգընթաց գնացող փողոցները կրկնում են այն ոլորքը, որ գետն անում է այդ տեղում, և ունեն կիսալուսնի ձև։ Նրանց հատում են միանգամայն ուղիղ և շատ երկար փողոցները։ Նրանցից մեկի տակ, որ գտնվում է մոտավորապես քաղաքի կենտրոնում, թաքնված է ամենամեծ ջրանցքը։ Ի պատիվ այդ անտեսանելի ջրանցքի, փողոցն անվանված է Կանալ֊սթրիթ։ Սա գլխավոր փողոցն է։ Այն քաղաքը բաժանում է երկու մասի ― ֆրանսիական, հին Փարիզի պես փնթի, նեղ փողոցներով, փայտյա բարակ սյունավոր կամարասրահներով, կրպակներով, ֆրանսիական առաջնակարգ խոհանոց ունեցող անբարետես ռեստորաններով, նավահանգստային պանդոկներով, բանջարեղենով և մրգեղենով բռնված փողոցային վաճառասեղաններով, որոնց գեղեցկությունն աչքի է ընկնում կեղտի և ուղիղ փողոցի մեջտեղը շաղ տված լվացքաջրի հարևանության շնորհիվ, և նոր, ամերիկյան մասը, որը ոչինչ չի ավելացնում ընթերցողներին արդեն ծանոթ ամերիկյան քաղաքների նկարագրին։
: Մի ժամանակ Լուիզիանան պատկանելիս է եղել Ֆրանսիային, Նյու֊Օռլեանը հիմնել են ֆրանսիացիները։ Դժվար է ասել, թե Նյու֊Օռլեանում որքան է պահպանվել ֆրանսիական ոգին, բայց Կանալ֊սթրիթի վրա են դուրս գալիս Դոֆինի, Թուլուզայի, Ռոյալի փողոցները և կա նույնիսկ Ելիսեյան Դաշտեր, իսկ հին քաղաքում, Առնո ռեստորանում, այնպիսի սուրճ են մատուցում, որպիսին, հավանորեն, չես գտնի բովանդակ Ամերիկայում։
: Քաղաքը գետի մակերևույթից մի մետրից ավելի ցածր է գտնվում։ Այնտեղ չկա ոչ մի չոր տեղ, ուր հնարավոր լիներ մեռելներին թաղել։ Որտեղ էլ որ փորձում են գետինը փորել, անպայման ջուր է դուրս գալիս։ Ուստի մարդկանց միշտ թաղել են հին եգիպտացիների եղանակով՝ գետնի երեսին, սարկոֆագների մեջ։
: Մենք եղանք ֆրանսիական քաղաքում գտնվող գերեզմանոցում և միառժամանակ շրջեցինք մեռյալների այդ տխուր և սպիտակ քաղաքում։ Քառանկյուն դամբարանները շարված են աղյուսով և սպիտակեցրած են։ Դագաղը ներս են մտցնում առջևի բացվածքից, որը հետո շարվում է աղյուսով։ Մի դամբարանի վրա կառուցվում է երկրորդը, երբեմն երրորդը։ Գերեզմանոցն իր աղյուսա֊երկհարկանի տաղտուկով հիշեցնում է ամերիկյան փոքրիկ քաղաքի։ Ունի նույնիսկ իր Մեյն֊սթրիթը։
: Գերեզմանոցից գնացինք լուսանկարչական խանութ ապարատը նորոգել տալու։ Այն պահին, երբ միստեր Ադամսը տանտիրուհու հետ զրուցում էր քաղաքի հետագա զարգացման հեռանկարների(հեռանկարները վատ էին) և առևտրի մասին (առևտուրն էլ էր վատ գնում), խանութ մտավ շատ գեղեցիկ մի երիտասարդ, սև աչքերով և ֆրանսիական կոր քթով։
: ― Կարելի՞ տեսնել տիրոջը, ― հարցրեց նա։
: ― Հիմա այստեղ չէ, ― պատասխանեց վտիտ, շիկահեր, ակնոցավոր տիրուհին, ― բայց եթե որևէ բան հարկավոր է ձեզ, կարող եք ինձ ասել։
: ― Բայց ես կուզենայի խոսել տիրոջ հետ, ― քրթմնջաց երիտասարդը, աղերսագին նայելով մեզ։
: ― Ուրեմն կարևոր գործ է, ― հարցրեց տիրուհին։
: ― Այո․․․ այսինքն՝ այնքան էլ կարևոր չէ, բայց ես կարծում էի։ Ասենք դուք էլ, իհարկե․․․ Կարող եմ ձեզ ասել։
: Նա մոտեցավ տիրուհուն և շատ կամաց արտասանեց․
: ― Ուզում եմ ընդամենը հինգ ցենտով ձեր խանութի ցուցափեղկը լվանալ։
: Տիրուհին ասաց, որ, ցավոք, իրեն այդպիսի աշխատանք պետք չէ։ Երիտասարդը ներողություն խնդրեց և, մի քանի անգամ սայթաքելով, դուրս վազեց խանութից։
: Մենք առժամանակ լուռ էինք։ Հետո միստեր Ադամսը նետվեց փողոց։ Տասը րոպեից նա վերադարձավ։
: ― Ոչ, ոչ, պաարոնայք, ― ասաց նա, կլոր գլուխն օրորելով, ― ինձ ոչինչ մի ասեք։ Սարսափելի բան է սա։ Դուք չեք կարող հասկանալ, թե աղքատության ինչ աստիճանի է հասել այդ տղան։ Չէ, լուրջ։ Դժվարությամբ հասա նրան, այնպես արագ էր վազում փողոցով։ Խոսեցի հետը։ Նա գործազուրկ նկարիչ է։ Վաղուց արդեն պատվերներ չունի և հույս էլ չկա, թե կունենա։ Տղան այլևս հույս չի դնում իր զբաղմունքի վրա, ուստի համաձայն է ամեն տեսակ աշխատանքի։ Բայց դա էլ անհուսալի բան է։ Այո, այո, պարոնայք, այդ հաճելի տղան արդեն մի քանի տարի սոված է մնում։ Եվ ոչ մի կերպ չէր ուզում մի դոլար վերցնել։ Նույնիսկ բարկացավ ինձ վրա։
: ― Ինչպես։ Եվ դուք այնպես էլ չկարողացա՞ք տալ․․․
: ― Չէ, լուրջ, պարոնայք, մի ասեք այդպես՝ «չկարողացաք տալ»։ Պարզապես հիմարություն է այդպես մտածել։ Չէ, ճիշտ։ Չխոսենք այդ մասին։
: Մենք վաղուց արդեն դուրս էինք եկել խանութից, անցել ամբողջ Կանալ֊սթրիթը և մոտենում էինք Միսիսիպիին, իսկ միստեր Ադամսը դեռ շարունակում էր կռնչալով, ախ ու վախ քաշելով քրթմնջալ․
: ― Չէ, լուրջ, պարոնայք, չխոսենք այդ մասին։
: Նյու֊Օռլեանը գեղեցիկ քաղաք է։ Շատ դուր եկավ մեզ, բայց Սան֊Անտոնիոյում Նոր տարվա երեկոյան մեր ավտոմոբիլային խմբին համակած անտարբերության և ձանձրույթի զգացումը, երկար ժամանակով սկսած համատարափ անձրևի նման, իսկի անցնելու միտք չուներ։ Մենք քաշել էինք ճանապարհորդուցյան սերուցքը։ Մարդը հարմարեցված չէ մշտապես բավականություն ստանալու։ Այդ իսկ պատճառով Նյու֊Օռլեանի բովանդակ գեղեցկությունը ընկալում ենք խելքով։ Հոգին լուռ էր։
: Միսիսիպիի մոտ մեծ հրապարակը բավական դատարկ էր։ Փայտաշեն նավահանգստից մյուս ափն էին լողում ճիշտ այնպիսի լաստանավերով ավտոմոբիլներ, ինչպես Սան֊Ֆրանցիսկոյում։ Պարապետի վրա, ոտքերը գետի վրա կախած, ծղոտե գլխարկը քթին քաշած, տխուր նստել էր մի նեգր։ Կողքին կանգնել էր ուսերին սև վերարկու գցած խելագար մի ծերուկ և դիրիժորություն էր անում հեռացող ու մոտեցող լաստանավերին։ Ընդ որում նա հրամաններ էր արձակում։ Մեզ մոտեցավ մի թնդանոթաձիք֊լուսանկարիչ և, ալարելով, ասես մեզ երել էր տեսել, մյուս օրն էլ, ռուսերեն հարցրեց՝ չե՞նք ցանկանում արդյոք նկարվել։ Թնդանոթաձիգը քսան տարի սրանից առաջ էր եկել Կովնոյից՝ միլիոնատեր դառնալու հույսով։ Եվ այնպիսի կասկածամտություն էր զգացվում կովնացի լուսանկարչի դեմքին և ամբողջ կերպարանքում, որ էլ հարցուփորձ չարինք, թե գործերն ինչպես են գնում և ինչպիսիք են հետագա հեռանկարները։
: Փայտաշեն նավահանգստի հետևից հանկարծակի դուրս ցցվեց շատ բարձր ու երկար, սպիտակ մի կառուցվածք, միանգամից դժվար էր ճանաչել, որ դա շոգենավ է։ Նա գետն ի վար անցավ մեր կողքով։ Ցռուկին բոլորովին մոտ բարձրանում էին տախտակամածի շարքով իրար կողքի դրված երկու բարձր խողովակներ, որոնք պարուրազարդված էին և նմանվում էին ինչ֊որ մոնումենտալ ցանկապատի չուգունե սյուների։ Շոգենավը շարժման մեջ էր դրվում նավախելի հետևում տեղավորված մի վիթխարի անիվով։
: ― Վերջին մոհիկաններից մեկը, ― ասաց միստեր Ադամսը։ ― Այժմ այդպիսի շոգենավերով երթևեկում են միայն հանգստանալու և զվարճանալու համար, այն էլ շատ հազվադեպ։ Ոչ, ոչ, վերջացավ, Միսիսիպին վերջացավ։
: Մենք նայում էինք գետին, որով մի ժամանակ անցել են ապրանքներով և ավտոմոբիլներով լի բեռնանավեր։ Այդ նրա վրա էր Բիչեր֊Ստոուն իր ընթերցողներին ծանոթացրել ծերուկ Թոմասի հետ։ Նրա վրայով էր շարժվել նեգր Ջիմին հետապնդումներից թաքցնող Հեկելբերի Ֆիննի լաստը։ Այժմ այդ գետը հանդարտվել էր։ Գետային տրանսպորտը խիստ դանդաղկոտ դուրս եկավ Միացյալ Նահանգների համար։ Գնացքներն ու ավտոմոբիլները նվաճեցին գետի բոլոր բեռները։ Արագություն ― ահա այս նշանաբանի տակ էր զարգանում Միացյալ Նահանգների վերջին տարիների էկոնոմիկան։ Արագություն, ինչ գնով էլ ուզում է լինի։
: Ստրուկներ էլ չկան Միացյալ Նահանգներում։ Ըստ օրենքի նեգրերն այնտեղ լիիրավ և ազատ մարդիկ են։ Բայց հապա թող փորձի նեգրը կինեմատոգրաֆ, տրամվայ կամ եկեղեցի մտնել, որտեղ սպիտակներ են նստած։
: Երեկոյան շրջելով Նյու֊Օռլեանի փողոցներում, մենք տեսանք «Պալաս» կինոթատրոնը, որի վրա հրե տառերով բոցկլտում էր․
: «Հիանալի հարավային թատրոն։ Միայն գունավոր մարդկանց համար»։
===Գլուխ քառասունչորսերորդ — Նեգրերը===
: Որքան առաջ էինք շարժվում Հարավային նահանգներով, այնքան հաճախ էինք հանդիպում նեգրերի համար ստեղծած ամեն տեսակի սահմանափակումների։ Մերթ դրանք առանձին ղուգարաններ էին «գունավորների համար», մերթ հատուկ նստարան՝ ավտոբուսի կանգառում կամ առանձին բաժանմունք՝ տրամվայում։ Այստեղ նույնիսկ հատուկ եկեղեցիներ կային, օրինակ, սպիտակ բապտիստների և սև բապտիստների համար։ Երբ բապտիստական աստվածը մի քանի տարուց հետո հայտնվի երկրի երեսին, որպեսզի ոչնչացնի միմյանց օգնող սովետական աթեիստներին, նա կհիանա Ամերիկայի հարավում եղած իր հիմնարկություններով։
: Նյու֊Օռլեանից մեկնելիս մենք տեսանք ճահիճների չորացման վրա աշխատող մի խումբ նեգրերի։ Աշխատանքը կատարվում էր ամենապրիմիտիվ եղանակաով։ Նեգրերը ոչինչ չունեին բահերից բացի։
: ― Պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը։ ― Սա ձեզ համար առանձնապես հետաքրքրիր պետք է լինի։ Հասարակ բահեր մեծագույն մեխանիզացիայի երկրում։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք։ Հիմարություն կլիներ կարծել, թե Միացյալ Նահանգներում ճահիճներ չորացնելու մեքենաներ չկան։ Բայց այս մարդկանց աշխատանքը գրեթե զուր է կորչում։ Սրանք փոքր նպաստ ստացող գործազուրկներ են։ Այդ նպաստի համար նրանց որևէ աշխատանք պետք է տալ, որևէ կերպ պետք է զբաղեցնել։ Այ դրա համար էլ նրանց բահեր են տվել ― թող փորեն։ Աշխատանքի արտադրողականությունը այստեղ հավասար է զրոյի։
: Մեր հետագա մարշրուտը անցնում էր Մեքսիկական ծովախորշի ափով, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգների միջով։ Այդ նահանգները մենք անցանք մեկ օրում և կանգ առանք Ֆլորիդայում։ Ապա Ֆլորիդայից՝ Ատլանտիկ օվկիանոսի ափը՝ Ջորջիա, հետո Հարավային Կարոլինայի, Հյուսիսային Կարոլինայի և Վիրջինիայի միջով՝ Վաշինգտոն։
: Ուղևորության առաջին մասը՝ Մեքսիկական ծովախորշի երկարությամբ, անցանք մեծ արագությամբ։ Ամերիկյան տեխնիկան նոր հարված հասցրեց մեր երևակայությանը։ Մարդկանց դժվար է զարմացնել Ֆորդի գործարանից, Բոուլդեր֊դամից, Սան֊Ֆրանցիսկոյի կամուրջներից և Նյու֊Օռլեանի կամուրջից հետո։ Բայց Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է։ Պայքար ջրի դեմ ― ահա թե ինչով է զբաղվել այստեղ տեխնիկան։ Ամբողջ տասնյակ մղոնների վրա, մեկմեկու փոխարինելով, ձգվում էին կամուրջներ և ամբարտակներ։ Երբեմն թվում էր, թե մեր ավտոմոբիլը մոտորային նավակ է, որովհետև շուրջը, որքան աչքը կտրում էր, միայն ջուր էր, իսկ նրա վրայով, ինչ֊որ հրաշքով մի լայն բետոնե ավտոպողոտա էր գնում։ Հետո հայտնվում էր կամուրջ, ապա՝ դարձյալ ամբարտակ ու նորից կամուրջ։ Որքան ջանքեր, որքան դրամ էր անհրաժեշտ եղել այս ամենը կառուցելու համար։ Ամենից զարմանալին այն էր, որ այստեղից քսան մղոն հեռավորության վրա անցնում էր հիասքանչ զուգահեռ ճանապարհ, և ոչ մի կենսական անհրաժեշտություն չկար կառուցելու մեր անցած ճանապարհը, որը համաշխարհային տեղնիկական նվաճում էր համարվում և հարյուրավոր դոլարներ արժեր։ Պարզվում է, որ «բարգավաճման» օրերին այս ճանապարհը կառուցել են տուրիստներին այս կողմերը գրավելու համար։ Մեքսիկական ծովախորշի բուն ափով մի քանի հարյուր մղոն տարածությամբ, կառուցված էր առափնյա պատվար։ Ցավոք, մենք չէինք գրել ստույգ թիվը, բայց որոշակի հիշում ենք՝ մի քանի հարյուր մղոն։ Դժվար է հավատալ սրան, բայց մենք ամբողջ օրը գնում էինք ծովի երկարությամբ, որը մեզանից բաժանված էր հաստատուն և գեղեցիկ առափնյա պատվարով։
: Գիշերեցինք Ֆլորիդայի Պենսակոլա կուրորտային և նավահանգստային փոքրիկ քաղաքում։ Ամբողջ գիշեր անձրև էր գալիս։ Մեր մեքենան կանգնած էր բաց երկնքի տակ, և առավոտյան ոչ մի կերպ չէինք կարողանում գործի գցել մոտորը։ Միստեր Ադամսը պտույտ էր գալիս մեքենայի շուրջը և, ձեռքերն իրար զարկելով, ասում էր․
: ― Մեր մարտկոցը գրողի ծոցն է գնացել, մեր մարտկոցը գրողի ծոցն է գնացել։
: Անձրևը շատ էր շփոթեցրել միստեր Ադամսին, և նա կրկնապատկել էր իր ավտոմոբիլային զգուշությունը։
: Բարեբախտաբար, մարտկոցի մտքովն անգամ չէր անցել գրողի ծոցը գնալ։ Լարերը պարզապես փսքր֊ինչ խոնավացել էին, և չորանալուն պես մոտորն սկսեց աշխատել։
: ― Պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը՝ նայելով պղտոր երկնքին։ ― Խնդրում եմ, որքան հնարավոր է զգույշ լինել։ Լավ է փոքր֊ինչ ուշ մեկնենք։ Հանկարծ ու անձրևը նորից սկսվի։
: ― Հանկարծ ու չսկսվի, ― ասաց միսիս Ադամսը։ ― Ամբողջ կյանքներումս հո չե՞նք նստելու այս Պենսակոլայում։
: ― Ախ, Բեկկի, դու չգիտես ինչ բան է Ֆլորիդան։ Այստեղ շատ փոփոխական և վտանգավոր կլիմա է։ Այստեղ ամեն բան կարող է պատահել։
: ― Բայց ինչ կարող է պատահել։
: ― Չէ, լուրջ, Բեկկի, դու դատում էս փոքրիկ աղջկա պես։ Այստեղ ամեն բան կարող է պատահել։
: ― Ծայրահեղ դեպքում, եթե անձրև եկավ, կգնանք անձրևով։
: Բոլորս էլ այնքան ուզում էինք շուտ դուրս գալ, որ ականջ չդրինք միստեր Ադամսին և, հանգիստ մի պահ ընտրելով, ճամփա ընկանք ծովախորշի երկարությամբ՝ նոր ամբարտակներ և նոր կամուրջներ անցնելով։
: Պենսակոլայից դուրս գալուց մի ժամ անց, ընկանք արևադարձային ամպրոպի մեջ (ավելի ճիշտ, դա ոչ թե արևադարձային, այլ մերձարևադարձային ամպրոպ էր, բայց այն ժամանակ մեզ դա այնքան սարսափելի թվաց, որ մենք արևադարձային համարեցինք)։ Կար այն ամենը, ինչ կարող էր լինել ըստ Ժյուլ Վեռնի․ որոտ, կայծակ և երկնքից գահավիժող Նիագարա։ Այժմ ամենուրեք համատարած ջուր էր։ Մենք գրեթե կուրորեն էինք առաջ շարժվում։ Երբեմն ջրի շղարշն այնքան էր թանձրանում, որ թվում էր, թե անցնում ենք մեքսիկական ծովախորշի հատակով։ Շանթի յուրաքանչյուր հարվածիծ հետո միստեր Ադամսը վեր֊վեր էր թռչում և քրթմնջում․
: ― Այո՛, այո՛, պարոնայք։ Հանգի՛ստ․․․ Հանգի՛ստ։
: Անտարակույս նա վախենում էր, որ կայծակը կխփի ավտոմոբիլին։
: Մենք փորձեցինք կանգ առնել և սպասել ամպրոպի անցնելուն, այդպես էլ արեցինք, բայց վախենում էինք ջուր լցվեր մոտորը, և մարտկոցը, իրոք, «գրողի ծոցը գնար»։ Մենք սարսռելով վերհիշում էինք լրագրային թղթակցությունները ֆլորիդայի մրրիկների և արմատահան եղած հսկա ծառերի ու խորտակված գնացքների լուսանկարները։
: Մի խոսքով, ինչպես Ժյուլ Վեռնի մոտ, մեզ մոտ էլ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։
: Գիշերեցինք Տալագասսի քաղաքում և առավոտյան արդեն Ջորջիայում էինք։ Հունվարյան գրեթե տոթ օր էր, և մենք շատ շուտ մոռացանք երեկվա վախը։
: Ջորջիան անտառապատ դուրս եկավ։ Չգիտես ինչու, հարավային նեգրական նահանգները մեզ միշտ պատկերանում էին համատարած բամբակադաշտերի և ծխախոտի պլանտացիաների տեսքով։ Իսկ այստեղ հանկարծակի պարզվեց, որ, դաշտերից ու պլանտացիաներից բացի, կան նաև հարավային խիտ անտառներ։ Մենք անցնում էինք ծառուղիներով, որոնց վրա այծի մորուքների պես կախված էին «պիկոնի» մալանչանման պոչերը, ծառ, որ մենք երբեք չէինք տեսել։
: Նեգրերը գնալով ավելի հաճախակի էին հանդիպում, երբեմն մի քանի ժամ անընդհատ սպիտակների չէինք տեսնում, բայց քաղաքներում թագավորում էր սպիտակ մարդը, և եթե «ռեզիդենշել֊պարտ»֊ի հիասքանչ, բաղեղապատ առանձնատան մոտերքում հայտնվում էր մի որևէ նեգր, ապա անպայման լինում էր խոզանակով, դույլով կամ փաթեթով, որը ցույց էր տալիս, որ նա այստեղ կարող է միայն սպասավոր լինել։
: Ամերիկյան բարձր ստանդարտը դեռ այնքան չի նվաճել հարավային նահանգները։ Այն, իհարկե, շատ հեռուներն է թափանցել․ հարավային Մեյն֊սթրիթները, դեղատները, ճաշի և նախաճաշի ժամանակ արվող կարագի քառակուսիները, մեխանիկական բիլիարդները, ռետինի ծամոնները, գազոլինկայանները, ճանապարհները, «թի֊բոուն սթեյկները», կինոաստղերի սանրվածքով աղջիկները և ռեկլամային պլակատները ոչնչով չէին տարբերվում Արևելյան, Արևմըյան և Հյուսիսային նահանգների կարագի քառակուսիներից, աղջիկներից, ճանապարհներից ու պլակատներից։ Բայց հարավային նահանգներն ունեն ինչ֊որ իրենցը, սեփականը, առանձնահատուկը, ինչ֊որ զարմանալիորեն հաճելի ու ջերմ բան։ Բնությու՞նը։ Գուցե մասամբ և բնությունը։ Այստեղ չկան արտաքին փայլփլուն արմավենիներ ու մագնոլիաներ, լավ սրբած արև, ինչպես Կալիֆոռնիայում է։ Բայց չկա նաև անապատի չորությունը, որը, այնուամենայնիվ, զգացվում է այնտեղ։ Հարավային նահանգները գյուղական բնապատկերների, անտառների և տխուր երգերի երկիր է։ Բայց, իհարկե, բանը միայն բնության մեջ չէ։
: Հարավային նահանգների ոգին մարդիկ են։ Եվ ոչ սպիտակ, այլ սևամորթ մարդիկ։
: Մենք կանգ առանք Հարավային Կարոլինայում, Չարլստոնում։ Քաղաքը դիտելով և ինչպես միշտ՝ Մեյն֊սթրիթով երեկոյան տուն վերադառնալով, մութ նրբանցքում տեսանք տասներկու տարեկան մի նեգր աղջկա։ Աղջիկը մեզ չտեսավ։ Նրա ձեռքին զամբյուղ կար։ Սկզբում աղջկա քայլվածքը տարօրինակ թվաց։ Բայց ավելի ուշադիր նայելուց հետո տեսանք, որ աղջիկը պարում է։ Դա տաղանդավոր իմպրովիզացիա էր, հստակ, ռիթմիկ, գրեթե ավարտուն մի պար, որին կուզենայինք անվանել «Հարավային նահանգի աղջիկը»։ Նեգրուհին, պարելով, հետզհետե հեռանում էր մութ նրբանցքում, սահում, շրջադարձեր, փոքրիկ ցատկեր կատարում և նազանքով հավասարակշռություն պահպանում թեթև ու դատարկ զամբյուղով։ Քաղաքն ամբողջ օրը առևտուր անելուց հետո քնել էր, շուրջը կատարյալ լռություն էր տիրում, բայց մեզ թվում էր, թե լսում ենք բանջոյի հնչույններ, այնքան ռիթմիկ և երաժշտական էր պարը։
: Նեգրերը տաղանդավոր են։ Ինչ կա որ, սպիտակները սիրով ծափահարում են նրանց, շարունակելով ստորին ռասա համարել։ Նեգրերին ողորմածաբար արտոնում են լինել արտիստներ։ Ըստ երևույթին, երբ սևը բեմի վրա է, իսկ սպիտակը՝ օթյակում, վերջինս կարող է սևին նայել բարձրից, և նրա աղայական ինքնասիրությունը չի տուժի։
: Նեգրերը տպավորվող են։ Սպիտակները հեգնոտ են վերաբերվում այդ բանին և գտնում են, որ նեգրերը հիմար են։ Եվ իրոք։ Լավ առևտուր անելու համար ոչ մի տպավորություն էլ պետք չէ։
: Խոսելով հիմա սպիտակ մարդկանց մասին, մենք նկատի ունենք Հարավի ջենտլմեններին, և ոչ միայն նրանց, այլև Հյուսիսի այն ջենտլմեններին, որոնք նույնպես վարակված են ստրկատիրական հոգեբանությամբ։ Մենք ուզում ենք ասել նաև, որ Հարավի բոլոր մարդիկ չեն, որ նեգրերին ստորին էակներ են համարում, բայց, ցավոք, այդպիսիք մեծամասնություն չեն կազմում։
: Նեգրերը ուժեղ երևակայության տեր մարդիկ են։ Նրանք, օրինակ, սիրում են կրել նշանավոր մարդկանց անուններ, և երբեմն որևէ դռնապան լիֆտյոր կամ բատրակ՝ Ջին Սմիտ իր անունը արտասանում է այսպես․ Ջիմ ― Ջորջ ― Վաշինգտոն ― Աբրահամ ― Լինկոլն ― Գրանտ ― Նաբուգոդոնասոր ― Սմիտ։
: ― Դե, իհարկե, ― ասում է Հարավի ջենտլմենը, որի երևակայության մեջ գիշեր֊ցերեկ մի հրաշալի տեսիլք կա միայն՝ միլիոն դոլար, ― դա հո կատարյալ ապուշ է։
: Բոլոր կինոնկարներում և ոդևիլներում նեգրերին դուրս են բերում որպես հիմար, բայց բարեհոգի ծառաներ ներկայացնող կոմիկական գործող անձինք։
: Նեգրերը սիրում եմ բնությունը, ինչպես հատուկ է արտիստական բնավորություններին, նրանք հայեցող են։ Հարավի ջենտլմենները սրան էլ են իրենց բացատրությունը տալիս։ Նեգրերը, իբր, ծույլ են և սիստեմատիկ աշխատանքի ընդունակ չեն։ Այս կապակցությամբ անպայման պատմվում է որևէ դեպք, երբ նեգրը հինգ դոլար վաստակելով, հետևյալ օրն արդեն աշխատանքի չի գնում, այլ թևանցուկ անելով իր սևամորթ «հերլին», գնում է նրա հետ անտառ կամ գետափ զբոսանքի։ Եվ արվում է խորիմաստ հետևություն, որոշ չափով սև մարդու շահագործման տեսական հիմնավորում։
: ― Նրան որքան էլ վճարելու լինես, միևնույն է, խոզի պես է ապրելու։ Ուստի, որքան կարելի է, քիչ պետք է վճարել։
: Վերջապես, նեգրերը էքսպանսիվ են։ Օ՜, այստեղ արդեն Հարավի ջենտլմենը լուրջ անհանգստացած է։ Նա արդեն հանում է ատրճանակը, թոկը և սապոնի կտորը։ Նա արդեն խարույկ է սարքում։ Հանկարծ նա դառնում է անասելի ազնիվ և կասկածամիտ։ Նեգրերը, գիտեք ինչ, սեռական ոճրագործներ են։ Նրանց պարզապես կախել է պետք։
: Նեգրերը հետաքրքրասեր են։ Այս կապակցությամբ Հարավի ջենտլմենը հազար ու մի բացատրություն կտա։ Պարզ բան է, դրանք ուղղակի լպիրշ ու անպատկառ մարդիկ են։ Խցկվում են իրենց չվերաբերող գործերի մեջ։ Ամեն տեղ խոթում են իրենց սև քիթը։
: Այսուհանդերձ, Հարավի ջենտլմենը գտնում է, որ նեգրերն իրեն շատ են սիրում։ Կալվածատերերի կյանքից վերցրած կինոդրամաներում անպայման մասնակցում է որևէ ծեր, ալեհեր նեգր, որը պաշտում է տիրոջը և պատրաստ է կյանքը զոհելու նրա համար։
: Ա՛խ, եթե հարավի ջենտլմենը՝ Լինչի դատարանի բարեհոգի հանդիսատեսը կամ մասնակիցը հանկարծ ու իմանար, որ հարյուրտոկոսանոց կատարյալ մարդ լինելու համար նրան հենց պակասում են իր ծաղրած նեգրական գծերը։ Ի՞նչ կասեր։
: Նեգրերից գրեթե խլված է զարգանալու և աճելու հնարավորությունը։ Քաղաքներում նրանց առջև բաց են միայն դռնապանների և լիֆտյորների կարիերաները, իսկ հայրենիքում՝ Հարավային նահանգներում, նրանք ընտանի կենդանիների աստիճանի իջեցված իրավազուրկ բատրակներ են, այստեղ նրանք ստրրուկներ են։
: Բայց և այնպես, եթե Ամերիկայից խլեն նեգրերին, այն թեպետև մի փոքր կսպիտակի, բայց հաստատ կերպով քսան անգամ ավելի տաղտկալի կդառնա։
: Ճանապարհին հարմար դիպվածի սպասող մարդկանց վերցնելու մեր կանոնին հաստատ, Վաշինգտոնից ոչ հեռու, Հյուսիսային Կարոլինայում, ետ ընկած գազոլինկայանում վերցրինք տասնութամյա մի տղայի՝ «ՍՍՍ» ճամբարից։ Այդ ճամբարները Ռուզվելտի օրոք կառուցվել էին երիտասարդ գործազուրկների համար, և սկզբում վեց ամսով․ Ռուզվելտը հույս ուներ վեց ամսվա ընթացքում վերջ տալ գործազրկությանը, իսկ հետո, երբ պարզվեց, որ գործազրկությանը վերջ տալն այնքան էլ հեշտ բան չէ, ճամբարները թողեցին անորոշ ժամանակով։ Տղան ութսուն մղոն ճանապարհ էր կտրելու՝ ճամբարից մինչև հայրենի Էլիզաբետթաուն քաղաքը։ Բավական սառն անձրև էր գալիս։ Երիտասարդ տղան, որի հագին խակի գույնի ամառային վերնաշապիկ էր, գլխին՝ լայնեզր ֆետրե ծակ֊ծակ գլխարկ, իսպառ կուչ էր եկել։
: Մեր վերջին հիչ֊հայկերը փոքր֊ինչ տաքացավ փակ մեքենայի մեջ և սկսեց պատասխանել մեր հարցերին։ Նա ոչ մի նոր բան չավելացրեց ամերիկյան երիտասարդի՝ զրուցասեր, ինքնավստահ և անհետաքրքրասեր մարդու արդեն մեր ունեցած պատկերացումին։
: Սովորական էր նրա պատմությունը։ Հայրը ֆերմեր է։ Ծերուկի գործերը լավ չեն գնում։ Տղան ավարտել է միջնակարգ դպրոց։ Կոլեջ ընդունվելու համար փողը չի հերիքել։ Գնացել է աշխատանք փնտրելու։ Չի գտել։ Ստիպված ցուցակագրվել է «ՍՍՍ»։ Այնտեղ նա ուրիշ տղաների հետ միասին անտառներ է մաքրում, հակահրդեհային առուներ է փորում։ Վատ չեն կերակրում, հագցնում են և ամսական երեսուն դոլար տալիս (հինգը՝ առձեռն, իսկ քսանհինգը՝ ծնողներին)։ Ճիշտն ասած, դա նպաստ է։ Հետագայում ինչ է լինելու, հայտնի չէ։ Մի բան միայն գիտի, որ ինքը ջահել է, առողջ, մորթը սպիտակ է, խաղում է բեյսբոլ։ Նշանակում է, ամեն բան կարգին կլինի ― «օլ ռայթ» և որևէ կերպ կկարգավորվի։ Նրա գիտակցության մեջ մշուշ չկա։ Ընդհակառակն՝ կատարյալ պարզություն։ Մեր տված հարցերի մեծ մասին չկարողացավ պատասխանել։ Նման դեպքերում հմայիչ անկեղծությամբ ասում էր՝ «Էդ մեկը չգիտեմ»։ Բայց երբ հարցը հասկանալի էր լինում, անմիջապես առանց երկար ու բարակ մտածելու պատասխանում էր պատրաստի այն ֆորմուլայով, որը, ըստ երևույթին, հաստատ ընդունված էր ֆերմեր հայրիկի ընտանիքում և Ելիզաբետթաուն քաղաքում։
: ― Բայց և այնպես դուք ուզու՞մ եք կոլեջ ընդունվել։
: ― Ւհա՛րկե։ Թեև ես գիտեմ տղաների, որոնք դիպլոմները գրպաններում թափառում են երկրում ու աշխատանք փնտրում, բայց և այնպես կոլեջից հետո հեշտ կլինի կարիերա անել։
: ― Ի՞նչ գիտություններ են ձեզ հետաքրքրում կոլեջում։
: ― Ինչպե՞ս թե ինչ։ Այն, ինչ անցնում են այնտեղ։
: Մենք անցնում էինք նեգրական գյուղի մոտով։ Սա ևս նեգրական աղքատության նույն ստանդարտ էր։ Այստեղ նեգրական լավ տուն գտնելն այնքան տարօրինակ էր, որքան վատ ճանապարհ տեսնելը։
: ― Նեգրերի տները իսկույն կարելի է տարբերել սպիտակ մարդկանց տներից, ― ասաց մեր ուղեկիցը ժպտալով։
: ― Մի՞թե բոլոր նեգրերն այսպես վատ են ապրում։
: ― Իհարկե, բոլորը։
: ― Բայց ահա դուք մեծացել եք Հարավում։ Ասացեք, գիտե՞ք արդյոք թեկուզ մի հարուստ նեգրի։
: Պատանին առժամանակ մտածմունքի մեջ ընկավ։
: ― Չէ, ոչ ոքի չգիտեմ, ― պատասխանեց նա վերջապես։
: ― Իսկ ինչու՞ է այդպես։ Մի՞թե ներգրերը վատ աշխատողներ են։
: ― Ո՛չ, նրանք աշխատել իմանում են։
: ― Գուցե անազնիվ մարդիկ են։
: ― Ինչու՞ անազնիվ։ Ես լավ եմ ճանաչում նեգրերին։ Նեգրերը լավ մարդիկ են, նրանց մեջ լավ ֆուտբոլիստներ կան։
: ― Բա ինչպե՞ս պատահեց, որ բոլոր նեգրերը չքավոր են։
: ― Էդ մեկը ես չգիտեմ։
: ― Ձեր հայրը ծանոթ նեգրեր ունի՞։
: ― Ծանոթ նեգրեր մենք շատ ունենք։
: ― Եվ դուք լա՞վ եք վերաբերվում նրանց հետ։
: ― Իհարկե։
: ― Իսկ այդ նեգրերին կնեստեցնեի՞ք սեղանի շուրջը՝ ձեր ընտանիքում։
: Պատանին ծիծաղեց։
: ― Ո՛չ, դա անհնարին է։
: ― Ինչու՞։
: ― Հենց այնպես։ Նեգրը և սպիտակը չեն կարող նստել նույն սեղանի շուրջը։
: ― Բայց ինչու՞։
: ― Դուք, երևում է, Նյու֊Յորքից եք, ― ասաց երիտասարդը։
: Հարավցիների պատկերացումով Նյու֊Յորքը ազատամտության և ռադիկալիզմի վերջին սահմանն է։
: ― Այժմ ասացեք ահա թե ինչ։ Մենք անցանք նեգրական մի քանի նահանգներով և երբեմն տեսնում էինք բավական սիրունիկ նեգրուհիներ։ Կարո՞ղ եք սիրել նեգրուհու։
: ― Թերևս, այո, ― պատասխանեց երիտասարդը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― էդ մեկը կարող է պատահել։ Իսկապես գունավորների մեջ հանդիպում են լավիկները, մանավանդ մուլատուհիներ։
: ― Իսկ եթե սիրեիք, կամուսնանայի՞ք։
: ― Ինչեր եք ասում։ Ոչ մի կերպ այդ հնարավոր չէ։
: ― Ինչու՞։
: ― Անհնարին բան է։
: ― Իսկ եթե շատ ուժեղ սիրեք։ Կամ թե չէ սպիտակ աղջիկը սիրի նեգրին և ամուսնանա նրա հե՞տ։
: Պատանին ձեռքը թափահարեց։
: ― Չէ, իսկույն երևում է, որ Նյու֊Յորքից եք։
: ― Եվ ի՞նչ։ Այդպիսի նեգրին, երևի, կկախեն։
: ― Կարծում եմ, որ նման բան չի լինի։
: Այս խոսակցությունը տրված է ամենայն ճշտությամբ։
: Ոչ միայն այստեղ, այլև հենց Նյու֊Յորքում, որի մասին, հիրավի, տղան սարսափով էր խոսում, գրեթե անհնարին է նեգրին տեսնել ռեստորանում, կինեմատոգրաֆում կամ եկեղեցում։ Գուցե միմիայն որպես մատուցող կամ դռնապան։ Նյու֊Յորքի «Կառնեգի հոլլ» մեծ դահլիճում նեգր երգչուհի Մարիան Անդերսոնի համերգին մենք տեսանք հարյուրի չափ ինտելիգենտ նեգրեր, որոնք բոլորովին մեկուսացած, խմբով նստել էին վերնասրահում։
: Իհարկե, ամերիկյան օրենքներով, և մանավանդ Նյու֊Յորքում, նեգրը իրավունք ունի նստելու սպիտակների մեջ իր ուզած տեղը, գնալ «սպիտակ» կինեմատոգրաֆ կամ «սպիտակ» ռեստորան, բայց ինքը երբեք այդ բանը չի անի։ Նա շատ լավ գիտե, թե ինչով են վերջանալու նման փորձերը։ Հասկանալի է, որ նրան չեն ծեծի, ինչպես Հարավում, բայց որ նրա մերձավոր հարևանները շատ դեպքերում անմիջապես դեմոնստրատիվ կհեռանան ― սա անկասկած է։
: Ըստ օրենքի, նեգրերը Միացյալ Նահանգների ազատ քաղաքացիներն են, բայց Հարավում, զանազան պատրվակներով, նրանց զրկում են ձայնի իրավունքից, իսկ բուն Վաշինգտոնում, և ոչ միայն Վաշինգտոնում, այլև հենց այն շենքում, որտեղ գրել են այդ օրենքները, տեղի է ունեցել այսպիսի մի դեպք։
: Չիկագո քաղաքից կոնգրեսում ընտրվել է Դեպրիստ ազգանաունով մի նեգր։ Ներկայացուցչական պալատի նիստերին, վշտացնելով սպիտակ կոնգրեսմեններին, նա նստում է նրանց կողքին։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Այդ սևամորթը, իր սև քարտուղարով հանդերձ, սովորություն էր դարձրել ճաշելու գնալ կոնգրեսի ճաշարանը։ Նրան վռնդել չէր կարելի, իսկ խաղաղ ցույցերի վրա նեգրը ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Վերջ ի վերջո այդ դրությունից դուրս գալու հիանալի ելք գտան՝ ճաշարանը փակեցին։ Կոնգրեսի ճաշարանը բոլորովին փակեցին, որպեսզի նեգրը չկարողանա ճաշել սպիտակ մարդկանց հետ մեկտեղ։
: ― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ «ՍՍՍ» ճամբարի երիտասարդին իջեցնելուց հետո առաջ շարժվեցինք, ― ես ձեզ հիանալի պատմություն պատմեմ Տրինիդատ կղզու իմ բարեկամների մասին։ Այնտեղ ես մի ծանոթ ամերիկյան ընտանիք ունեի։ Որոշել էին տեղափոխվել Նյու֊Յորք։ Ես էլ մեկ տարով հենց մեկնելու էի Նյու֊Յորքից և որոշեցի այդ ժամանակամիջողում վարձով տալ նրանց իմ բնակարանը։ Ես նրանց հանձնարարեցի տանտիրոջը և մեկնեցի։ Մեկ տարուց հետո, երբ վերադարձա, տանտերը քիչ էր մնում բռունցքներով հարձակվեր վրաս։ «Սա խայտառակություն է, ― բղավում էր նա, ― ես երբեք չէի կարծում, որ դուք այդպես ստոր կերպով կխաբեք ինձ»։ Ես շատ վախեցա և սկսեցի մտածել՝ հո մի վատ բան չե՞մ արել։ «Չեմ հասկանում, ո՞րն է իմ մեղքը», ― հարցրի ես տանտիրոջը։ «Դուք իմ տանը բնակեցրել եք նեգրերի», ― հառաչեց տանտերը։ «Թույլ տվեք, ― ասում եմ, ― ես ձեր տանը բնակեցրել եմ Տրինիդատ կղզու իմ բարեկամներին։ Նրանք սպիտակ մարդիկ են, ինչպես ես և դուք։ Տասներեք տարի ապրել են կղզում և հիմա վերադարձել են Ամերիկա։ «Իսկ ինչու՞ ինձ այն ժամանակ չասացիք, որ ձեր բարեկամները ապրել են Տրինիդադ կղզում։ Ես ոչ մի դեպքում նրանց ներս չէի թողնի»։ «Ինչ է պատահել», ― հարցրի ես։ «Պատահել է այն, որ իմ բոլոր կենվորները մի գլուխ խոսում են ձեր բարեկամների մասին, իբր նրանց մեջ նեգրական արյուն կա։ Նրանք մի տատիկ ունեն, որը չափից դուրս խուճուճ մազեր ունի։ Դա հաստատված է։ Կենվորներից մեկն արդեն մեկնել է։ Մյուսներն ասում են, որ եթե ես չվտարեմ այդ նեգրերին, նրանք կխախտեն պայմանագիրը և կմեկնեն»։ Չէ, լուրջ, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե նեգրերը լավ են ապրում Նյու֊Յորքում։ Ա՛յ, մեր տանը լիֆտյոր նեգր կա, դա ուրիշ բան է։
: Հյուսիսային Կարոլինայում ցրտեց, իսկ Վիրջինիայում ավելի ցուրտ էր։ Վերջին ամբողջ ճամբորդության օրվա ընթացքում բարակ անձրևը ողողում էր մեր կառի տանիքը։ Մինչև Վաշինգտոն, հաշված մղոններ էին մնացել, և միստեր Ադամսը վախենում էր, թե ջուրը կսառչի։ Երևացին պլակատներ, որոնք ռեկլամում էին վաշինգտոնյան հյուրանոցները։
: ― Կաց, կաց, ― բղավեց հանկարծ միստեր Ադամսը։
: Մեքենան կանգ առավ։
: ― Պարոնայք, ― հանդիսավոր կերպով ասաց նա։ ― Ուզու՞մ եք իմանալ ինչ բան է Ամերիկան։
: ― Ուզում ենք, ― պատասխանեցինք մենք։
: ― Այդ դեպքում նայեցեք։
: Եվ միստեր Ադամսը մատնացույց արեց մի պլակատ, որի կողքից քիչ էր մնացել անցնեինք։
: Մենք տեսանք մի մեծ նկար՝ չափից դուրս սրտառուչ բովանդակությամբ։ Նկարված էր Գրետա Գարբոյի տիպի մի չնաշխարհիկ ջահել մայր, չնաշխարհիկ մի աղջիկ (Շիրլի Տեմպլի տիպի) գրկին։ Հետևում կանգնել էր մի հրաշալի պահապան հրեշտակ՝ Հոլլիվուդի կինոլեյտենանտի դեմքով և մեծ թևերով։
: ― Ո՛չ, ո՛չ, ― բղավում էր միստեր Ադամսը, ― մակագրությանը նայեցեք, մակագրությանը։ Գիտե՞ս ինչ է ասում պահապան հրեշտակը այդ բարի մորը։ Նա խորհուրդ է տալիս փողերը դնել բանկ՝ երեխայի անունով։ Հրեշտակն այնքան բարի է, որ անգամ բացատրում է, թե ո՞ր բանկը պետք է դնել փողը։ Չէ, լուրջ, պարոնայք, դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է Ամերիկան։
: Երբ մտնում էինք Վաշինգտոն, մեր կառի արագաչափը ցույց տվեց ուղիղ տասը հազար մղոն։
: Մենք վերջին անգամ բղավեցինք՝ «ուռա՜»։
===Գլուխ քառասունհինգերորդ — Ամերիկյան դեմոկրատիան===
: Մի ամերիկուհի ուներ տասնյոթ տարեկան աղջիկ և չափահաս տղա։ Մի անգամ աղջիկը տուն չեկավ։ Ամբողջ գիշեր չկար։ Չհայտնվեց և հետևյալ օրը։ Աղջիկն անհետացել էր։ Ոստիկանությունը որոնում էր նրան ու չգտավ։ Մայրն իր աղջկան մեռած էր համարում։ Անցավ մի տարի։ Եվ ահա մի առիթով նրա տղայի մտերիմը հաղորդեց մի ահավոր լուր։ Նա մեռած համարվող այդ աղջկան տեսել էր գաղտնի հասարակաց տանը։ (Պաշտոնապես համարվում է, որ Ամերիկայում պոռնկություն չկա։ Իրականում՝ բազմաթիվ հասարակաց տներ կան)։ Եղբայրն անմիջապես հաճախորդի անվան տակ գնաց անառականոց։ Այնտեղ նա, իրոք, տեսավ իր քրոջը։ Դժվարությամբ ճանաչեց, այնպես սարսափելի փոխվել էր դեռատի աղջիկը։ Ավելի սարսափելի էր այն ամենը, ինչ նա պատմեց եղբորը։ Նրան հափշտակել և վաճառել էին։
: ― Ես կորած եմ, ― ասաց աղջիկը, ― և մի՛ փորձիր փրկել։ Ինձ հափշտակող մարդիկ այնքան ուժեղ են, որ նրանց դեմ ոչ ոք պայքարել չի կարող։ Նրանք չեն քաշվի քեզ կամ ինձ սպանելուց։
: Այնուամենայնիվ, պայքարն սկսվեց։ Մայրը դիմեց ոստիկանությանը, դրանից ոչինչ դուրս չեկավ։ Բանդիտների թիկունքում կանգնած էին ինչ֊որ անհայտ, բայց անասելի ուժեղ մարդիկ։ Մայրը դիմեց դատարան։ Բանդիտների փաստաբանն ապացուցեց, որ աղջիկը հին պոռնիկ է, և որ հասարակությանը հենց նա է վտանգ սպառնում, և ոչ թե նրան հափշտակող շայկան։ Նահանգի գերագույն դատարանը ևս գործը վճռեց հօգուտ բանդիտների։ Մորը չօգնեց նաև Վաշինգտոն գնալը։ Վաշինգտոնը պարզապես իրավազոր չէ նահանգի դատարանի նկատմամբ։ Ահա և բոլորը։ Աղջիկը մնաց հասարակաց տանը։
: Այս բանը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ հռչակված է խոսքի ազատություն։ Աղջկա մորը ազատություն էր տրված ոչ միայն խոսելու, այլև բղավելու։ Նա բղավում էր, բայց ոչ ոք նրան չլսեց։
: Այս տեղի է ունեցել մի երկրում, ուր հռչակված է մամուլի ազատություն։ Բայց ոչ մի թերթ չգրեց այդ գործի մասին։ Որտե՞ղ էին այն ճարպիկ, արագավազ, անխոնջ ռեպորտյորները, որոնց խորաթափանց հայացքից չի վրիպում ոչ մի կողոպուտ, ոչ մի հարուստ հարսանիք, ոչ մի, նույնիսկ չորրորդ կարգի կինոաստղի յուրաքանչյուր քայլը։
: Այս տեղի է ունեցել մի երկրում, որտեղ հռչակված է անձի անձեռնմխելիություն, բայց խղճուկ անձնավորությունը նստել էր հասարակաց տանը, և ոչ մի ուժ չէր կարող դուրս բերել նրան այնտեղից։ Թվում է, եթե Աբրահամ Լինկոլնն էլ դագաղից դուրս գար, նա էլ ոչինչ չէր կարող անել։ Դժվար թե օգնեին նրան նույնիսկ գեներալ Գրանտի թնդանոթները։
: Չգիտես ինչու, ամեն անգամ, երբ սկսում ես հիշողությանդ մեջ վերարտադրել այն տարրերը, որոնցից բաղկացած է ամերիկյան կյանքը, վերհիշում ես հենց բանդիտներին, և եթե ոչ բանդիտներին, ապա ռակետիրներին, եթե ոչ ռակետիրներին, ապա բանկիրներին, որ, վերջին հաշվով, միևնույն բանն են։ Մտաբերում ես մարդկային այն ամբողջ աղբը, որ կեղտոտել է ազատասեր և աշխատող երկիրը։
: Ի՞նչը կարող է ավելի բերկրալի լինել, քան ազատ ընտրությունները դեմոկրատական երկրում, որի քաղաքացիները սահմանադրությամբ ապահովված են «ազատության և երջանկության ձգտելու» ամեն տեսակ իրավունքներով։ Զուգված ընտրողները գնում են քվեատուփի մոտ և քնքշորեն բյուլետեններ են նետում իրենց սիրած թեկնածուների ազգանուններով։
: Մինչդեռ իրականում տեղի է ունենում այն, ինչի մասին մեզ պատմում էր Չիկագոյի բժիշկը․ գալիս է ռակետիր֊պոլիտեշենը և շանտաժով կամ սպառնալիքով ստիպում է լավ մարդուն քվեարկել որևէ ժուլիկի օգտին։
: Եվ այսպես, անտարակույս, ազատության և երջանկության ձգտելու իրավունք կա, բայց այդ իրավունքի կենսագործման հնարավորությունը չափազանց կասկածելի է։ Այդ իրավունքը շատ վտանգավոր հարևանության մսջ է գտնվում Ուոլ֊ սթրիթի փողային նկուղների հետ։
: Բայց ամերիկացիները դեմոկրատիայի արտաքին ձևերը պահպանում են արտակարգ բծախնդրությամբ։ Եվ դա, պետք է ճիշտն ասել, տպավորություն է գործում։
: Հեների Ֆորդը իր դիրքով գրեթե անհասանելի դեմք է ամերիկյան հասարակության մեջ։ Եվ ահա մեկ անգամ նա մտնում է իր գործարանի շենքերից մեկը, որտեղ մի քանի ինժեներներ կային, սեղմում է նրանց ձեռքը և սկսում խոսել գործի մասին, որի համար եկել է։ Խոսակցության պահին ծերունի Հենրին անհանգիստ տեսք ուներ։ Ինչ֊որ մի միտք տանջում էր նրան։ Մի քանի անգամ խոսքը կիսատ էր թողնում, որոշակի փորձելով ինչ֊որ բան հիշել։ Վերջապես նա ներողություն է խնդրում զրուցակիցներից, ընդհատում խոսակցությունը և մոտենում սենյակի հեռավոր անկյունում նստած երիտասարդ ինժեներներին։
: ― Շատ եմ ցավում, միստեր Սմիտ, ― ասում է միստեր Ֆորդը, ― Բայց, կարծեմ, ես մոռացա ձեզ բարև տալ։
: Ավելորդ ձեռքսեղմումը ծանր բեռան պես չի նստի Ֆորդի ավտոմոբիլային գործարանների հաշվեկշռի վրա, իսկ տպավորությունը՝ հսկայական է։ Ֆորդն այդ երիտասարդ ինժեներներին երբեք հյուր չի հրավիրի իր տունը, բայց աշխատանքի մեջ նրանք հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Ֆորդն իր հին բանվորներից շատերին ճանաչում է և անուններն է տալիս․ «Հելլո, Մայկ» կամ «Հելլո, Ջոն»։ Իսկ Մայկը, Ջոնը նույնպես նրան դիմում են՝ «Հելլո, Հենրի»։ Այստեղ նրանք ասես թե հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Բայց ավտոմոբիլները վաճառելու է արդեն միայն ծերուկ Հենրին։ Իսկ ծերուկ Մայկը կամ Ջոնը, բանեցվելուց հետո փողոց են նետվելու, ինչպես նետվում է ավտոյի մաշված սռնակը։
: Եվ այսպես, տասը հազար մղոն անելուց հետո մենք հայտնվվեցինք Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։
: Վաշինգտոնն իր կառավարական ցածրիկ շենքերով, պարտեզներով, հուշարձաններով և լայնահուն փողոցներով մի քիչ նման է Վիեննային, մի քիչ՝ Բեռլինին, մի քիչ՝ Վարշավային, քիչումիչ՝ բոլոր մայրաքաղաքներին։ Եվ միայն ավտոմոբիլներն են հիշեցնում, որ այս քաղաքը գտնվում է Ամերիկայում։ Այստեղ յուրաքանչյուր երկու մարդուն մի ավտոմոբիլ է ընկնում, իսկ հինգ հարյուր հազարանոց բնակչության համար ոչ մի մշտական թատրոն չկա։ Մաունտ֊Վերնոնում գտնվող Ջորջ Վաշինգտոնի տունը դիտելուց հետո և կոնգրեսի նիստին լինելուց և անհայտ զինվորի շիրիմին այցելելուց հետո մենք հայտնաբերեցինք, որ այլևս տեսնելու բան չկա։ Մնում էր միայն տեսնել պրեզիդենտին։ Ամերիկայում դա այնքան էլ դժվար բան չէ։
: Շաբաթական երկու անգամ, առավոտյան ժամը 10֊ն անց երեսուն րոպեին Միացյալ Նահանգների պրեզիդենտը ընդունում է ժուռնալիստներին։ Մենք ընկանք այդպիսի մի ընդունելության։ Այն տեղի էր ունենում Սպիտակ տանը։ Մտանք ընդունարան, որտեղ սեկվոյի փայտից շինած մի հսկայական կլոր սեղան էր դրված։ Դա նվեր էր տրված նախկին պրեզիդենտներից մեկին։ Հանդերձարան չկար, և ներս մտնող ժուռնալիստները իրենց վերարկուները դնում էին այդ սեղանին, իսկ երբ սեղանի վրա տեղ չմնաց, սկսեցին դարսել ուղղակի հատակին։ Հետզհետե հավաքվեց մոտ հարյուր մարդ․ նրանք ծխում էին, բարձրաձայն խոսում և անհամբեր նայում սպիտակ, փոքրիկ դռանը, որի հետևում, ինչպես երևում է, թաքնված էր Միացյալ Նահանգների պրեզիդենտը։
: Մեզ խորհուրդ տվեցին կանգնել դռան մոտ, որպեսզի, երբ պրեզիդենտի մոտ թողնելու լինեն, մենք առջևում լինենք, այլապես կարող էր այնպես լինել, որ ժուռնալիստների մեջքերի հետևից նրան չտեսնեինք։ Տրամվայի փորձված կռվարարների ճարպկությամբ առաջ խցկվեցինք։ Մեր առջևում միայն երեք ջենտլմեններ կային։ Դրանք ալեհեր և միանգամայն պատկառելի պարոններ էին։
: Ընդունելության ժամն էր արդեն, բայց ժուռնալիստներին դեռ ներս չէին թողնում։ Այդ ժամանակ ալեհեր ջենտլմենները, նախ կամացուկ, իսկ հետո ավելի բարձր, սկսեցին բախել դուռը։ Նրանք բախում էին Միացյալ Նահանգների պրեզւդենտի դուռը, ինչպես ռեժիսյորի օգնականն է բախում արտիստի զարդասենյակի դուռը, հիշեցնելով բեմ դուրս գալու մասին։ Բախում էին ծիծաղելով, բայց և այնպես բախում էին։
: Վերջապես դուռը բացվեց, և ժուռնալիստները, մեկմեկու հրելով, սլացան առաջ։ Մենք էլ վազեցինք բոլորի հետ միասին։ Հեծելախումբը սլացավ միջանցքով, ապա անցավ դատարկ, մեծ սենյակը։ Այդտեղ մենք հեշտությամբ առաջ անցանք ծանր շնչող, ալեհեր ջենտլմեններից և առաջինը մտանք հետևյալ սենյակը։
: Մեր առջև, կլոր առանձնասենյակի խորքում, որի պատերին կախված էին միսիսիպյան շոգենավեր պատկերող հինավուրց վիմատիպ նկարներ, իսկ փոքրիկ որմնախորշերում դրված էիմ ռազմանավերի մոդելներ, միջին չափի գրասեղանի հետեևում, ծխացող սիգարը ձեռքին և գեղեցիկ քթին չեխովյան պենսնե, նստել էր Ֆրանկլին Ռուզվետը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտը։ Նրա հետևում փայլատակում էին ազգային երկու դրոշների աստղերն ու զոլերը։
: Սկսվեցին հարցեր։ Թղթակիցները հարցնում էին, պրեզիդենտը պատաս;անում էր։
: Այդ ամբողջ արարողությունը, իհարկե, փոքր֊ինչ պայմանական է։ Բոլորին հայտնի է, որ պրեզիդենտը առանձնապես ոչ մի գաղտնիք բաց չի անելու ժուրնալիստներին։ Մի քանի հարցերի պրեզիդենտը պատասխանում էր լուրջ և բավական հանգամանորեն, մի քանիսին պատասխանում էր կատակով (դա այնքան էլ հեշտ բան չէ՝ շաբաթական երկու անգամ պատասխանել հարյուրավոր համառ ժուրնալիստների հարցերին), մի քանիսին պատասխանում էր, թե այդ մասին կխոսի հետևյալ աբգամ։
: Ռուզվելտի գեղեցիկ, մեծ դեմքը հոգնած էր երևում։ Հենց երեկ գերագույն դատարանը փոխել էր «ԱԱԱ»֊ն ― ֆերմերների ցանքսերը կարգավորող ռուզվելտյան միջոցառումը, որը նրա ծրագրի առանցքն էր հանդիսանում։
: Հարցերն ու պատասխանները կես ժամ խլեցին։ Երբ տիրեց դադար, պրեզիդենտը հարցական նայեց հավաքվածներին։ Դա հասկացվեց որպես ընդհանուր նահանջի ազդանշան։ Լսվեց աններդաշնակ՝ «գուդ բայ, միստեր պրեզիդենտ», և բոլորը դուրս եկան։ Իսկ միստեր պրեզիդենտը մնաց մենակ իր կլոր առանձնասենյակում՝ ռազմանավերի և աստղազարդ դրոշների շրջապատում։
: Միլիոնավոր մարդիկ՝ ահել ու ջահել, որոնք կազմում են ամերիկյան մեծ ժողովուրդը, ազնիվ, աղմկարար, տաղանդավոր, աշխատասեր և մի փոքր չափից դուրս փող հարգող մարդիկ, ըստ սահմանադրության կարող են ամեն ինչ անել ― նրանք են երկրի տերը։ Կարելի է նույնիսկ հենց Մորգանին, հենց Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերին հարցաքննության կանչել սենատորական հանձնաժողով և սպառնալից հարցնել․
: ― Միստեր Մորգան, դուք արդյոք, անձնական հարստության եսապաշտական շահերով չե՞ք ներքաշել Միացյալ Նահանգները համաշխարհային պատերազմի մեջ։
: Ժողովուրդը հարցնել կարող է։ Բայց թե ինչպես է պատասխանում միստեր Մորգանը՝ այդ մենք ինքներս լսեցինք։
: Այս անգամ էլ ամեն ինչ դեմոկրատավարի էր։
: Մուտքն ազատ է այն դահլիճը, ուր նիստեր էր ունենում սենատային հանձնաժողովը։ Դարձյալ դուք ազատ եք ցանկացածի պես վարվելու ձեր վերարկուի հետ՝ դնել հատակին, խցկել ձեր նստած աթոռի տակ։
: Փոքրիկ դահլիճի մի ծայրում աթոռներ էին դրված, մյուսում՝ սեղան, որի շուրջը տեղի էր ունենեում հարցաքննությունը։ Սեղանի վրա ոչ կանաչ մահուդ էր փռված, ոչ կարմիր, դա մի երկար, ողորկուն սեղան էր։ Ամեն ինչ շատ հասարակ էր։ Միլիարդատիրոջ աթոռի կողքին, հատակին ընկած էր նրա հաստ, արդեն ոչ նոր պորտֆելը։ Մորգանը շրջապատված էր իր իրավունքներով և խորհրդատուներով։ Նրանք շատվոր էին, մի քանի տասնյակ մարդիկ ― ալեհեր և կարմրադեմ, հաստ ու ճաղատ կամ երիտասարդ՝ խորաթափանց աչքերով, և դրանք զինված էին փաստերով, տեղեկանքներով, փասթաթղթերով, մեծածավալ գրքերով և թղթապանակներով։ Մորգանյան կտրիճների այդ ամբողջ բանդան իրեն միանգամայն ազատ էր զգում։
: Նախագահում էր վտիտ, ներշնչված, գրեթր ռուսական դեմքով սենատոր Նայը (նրան շատ կսազեր շեղօձիք վերնաշապիկը): Հարցաքննությունը վարում էր կլորադեմ և կենսուրախ սենատոր Կլարկը։ Իսկույն երևում էր, որ նրան դուր է գալիս Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերին հարցաքննելը։
: «Կրտսերը» յոթանասում տարեկան էր։ Դա մի վիթխարի, գեր ծերուկ էր՝ երկարափեշ մուգ պիջակով։ Մորգանի կաթվածահար եղած ծոծրակի վրա ճուտիկի ալեհեր աղվամազ էր երևում։ Մորգանը հանգիստ էր։ Նա գիտեր, որ իր հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Կհարցնեն, նա կնայի իր իրավաբաններին, սրանք իրենց հերթին կատաղի կսկսեն քրքրել գրքերը ու կհուշեն պատասխանը։
: Դա մի զարմանալի տեսարան էր։ Մի քանի տասնյակ խորհրդատուներ ինչ֊որ բան էին փսփսում Մորգանի ականջին, թղթեր էին խցկում, հուշում և օգնում էին։ Այդ Մորգանը չէր խոսում, խոսում էին նրա միլիարդները։ Իսկ երբ Ամերիկայում փողն է խոսում, նա միշտ խոսում է հեղինակավոր կերպով։ Չէ՞ որ Ամերիկայում սիրած ասացվածք է․ «Նա միլիոն դոլարի տեսք ունի»։
: Իրոք որ միլիոն դոլարը շատ լավ տեսք ունի։
: Իսկ Մորգանը իր երկար ու մուգ պիջակով, ծեր ու հաստլիկ ագռավի նման, մի քանի միլիարդի տեսք ուներ։
: Այն անձնավորությանը, որին կանչում են սենատի հանձնաժողովին, հասնում է օրապահիկ, պետական նորմալ օրապահիկ՝ ապրուստի համար։ Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերն օրապահիկը վերցրեց։ Նա օգտվեց բոլոր այն իրավունքներով, որ տվել է նրան դեմոկրատիկ սահմանադրությունը։
: Մորգանն ստացավ այն ամենը, ինչ հասնում էր նրան սահմանադրությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավելի։ Իսկ ի՞նչ ստացավ ժողովուրդը։
: Ամերիկայի Միացյալ Նահանգների տերիտորիայում հարյուր քսան միլիոն մարդ է ապրում։
: Դրանցից տասներեք միլիոնը արդեն շատ տարիներ է, ինչ աշխատանք չունի։ Ընտամիքների հետ միասին դա կազմում է բովանդակ երկրի քառորդ մասը։ Իսկ տնտեսագետները գտնում են, որ Միացյալ Նահանգների տերիտորիայում այսօր իսկ կարելի է կերակրել միլիարդ մարդ։
===Գլուխ քառասունվեցերորդ — Անհանգիստ կյանք===
: Ճանապարհորդությունը մոտեցավ իր վախճանին։ Երկու ամսվա ընթացքում մենք քսանհինգ նահանգում և մի քանի հարյուր քաղաքում շնչեցինք անապատի և տափաստանի չոր օդը, անցանք Ապառաժ լեռների վրայով, տեսանք հնդկացիներին, զրուցեցինք երիտասարդ գործազուրկների, ծեր կապիտալիստների, արմատական մտավորականների, հեղափոխական բանվորների, պոետների, գրողների, ինժեներների հետ։ Դիտեցինք գործարաններն ու զբոսայգիները, հիացանք ճանապարհներով ու կամուրջներով, բարձրացանք Սիեռա֊Նևադա և իջանք Կառլսբադի անձավները։ Մենք անցանք տասը հազար մղոն։
: Ամբողջ ճամփորդության ընթացքում մեր մտքում Սովետական Միությունն էր։
: Սովետական հողից մեզ բաժանող հսկայական տարածության վրա մենք այն պատկերացնում էինք առանձնահատուկ հստակությամբ։ Պետք է տեսնել կապիտալիստական աշխարհը, որպեսզի նորովին գնահատվի սոցիալիզմի աշխարհը։ Մեր կյանքի սոցիալիստական կառուցվածքի բովանդակ արժանիքը, որի հետ ամեն օր շփվելուց մարդ դադարում է նկատելուց, հեռավորության դեպքում առանձնապես նշանակալից է թվում։ Մենք հասկացանք Մաքսիմ Գորկու տրամադրությունը, որը երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո Միություն գալով, անդուլ կերպով, օրը օրին կրկնում էր միևնույն բանը․ «Հիանալի գործ եք անում դուք, ընկերներ, մե՜ծ գործ»։
: Մենք շարունակ խոսում էինք Սովետական Միության մասին, զուգահեռներ էինք անց կացնում, համեմատություններ անում։ Մենք նկատել էինք, որ սովետական մարդիկ, որոնց հաճախ էինք հանդիպում Ամերիկայում, համակված էին նույն զգացմունքներով։ Չէր լինում մի խոսակցություն, որը վերջ ի վերջո չհանգեր Միությունը հիշելուն․ «Իսկ մեզ մոտ այսպես է», «իսկ մեզ մոտ այնպես է», «լավ կլիներ այս բանը մեզ մոտ մտցնել», «այս բանը մեզանում ավելի լավ են անում», «այս մեկը մենք դեռ չենք կարողանում անել», «այս բանը մենք արդեն յուրացրել ենք»։ Սովետական մարդիկ արտասահմանում պարզապես ուղևորներ, գործուղված ինժեներներ կամ դիվանագետներ չեն։ Դրանք բոլորն էլ սիրահարված, իրենց սիրո առարկայից կտրված և յուրաքանչյուր րոպե նրան հիշող մարդիկ են։ Դա մի հատուկ հայրենասիրություն է, որ հասկանալի չի կարող լինել, ասենք, ամերիկացուն։ Ամերիկացին, ամենայն հավանականությամբ, լավ հայրենասեր է։ Եվ եթե նրան հարցնելու լինես անկեղծորեն կասի, որ սիրում է իր երկիրը, ընդ որում կպարզվի, որ նա չի սիրում Մորգանին, չգիտե և չի ուզում գիտենալ այն մարդկանց ազգանունները, որոնք նախագծել են Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները, չի հետաքրքրվում, թե ինչու Ամերիկայում տարեցտարի ուժեղանում է երաշտը, ով և ինչու է կառուցել Բոուլդեր֊դամը, ինչու Հարավային նահանգներում լինչի են ենթարկում նեգրերին, և թե ինչու ինքը պետք է սառեցրած միս ուտի։ Նա կասի, որ սիրում է իր երկիրը։ Բայց նա միանգամայն անտարբեր է գյուղատնտեսության հարցերի նկատմամբ, քանի որ ինքը գյուղացի չէ, արդյունաբերության հարցերի, քանի որ ինքը արդյունաբերող չէ, ֆինանսական հարցերի, քանի որ ֆինանսիստ չէ, արվեստի հարցերի, քանի որ արտիստ չէ և ռազմական հարցերի, քանի որ զինվորական չէ։ Նա աշխատավոր մարդ է, շաբաթական ստանում է իր երեուն դոլարը և թքել է Վաշինգտոնի ու նրա օրենքների վրա, Չիկագոյի և իր բանդիտների, Նյու֊Յորքի՝ իր Ուոլ֊սթրիթով հանդերձ։ Իր երկրից նա միայն մի բան է խնդրում․ հանգիստ թողնել իրեն և չխանգարել ռադիո լսելուն և կինո գնալուն։ Ա՛յ, երբ նա գործազուրկ կլինի, այդ դեպքում ուրիշ բան։ Այդ դեպքում նա կսկսի մտածել այդ ամենի մասին։ Ո՛չ, նա չի հասկանա, թե ինչ բան է սովետական մարդու հայրենասիրությունը, որը սիրում է ոչ թե իր իրավաբանական հայրենիքը, որը միայն քաղաքացիության իրավունք է տալիս, այլ շոշափելի հայրենիքը, ուր իրեն են պատկանում հողը, գործարանները, խանութները, բանկերը, դրեդնոուտները, սավառնակները, թատրոններն ու գրքերը, որտեղ ինքն է այդ ամենի քաղաքագետն ու տնորենը։
: Միջին ամերիկացին տանել չի կարող վերացական խոսակցություններ և չի շոշափում իրենից հեռու թեմաներ։ Նրան հետաքրքրում է միայն այն, ինչ անմիջականորեն կապված է իր տան հետ, ավտոմոբիլի կամ մերձավոր հարևանների հետ։ Երկրի կյանքով նա հետաքրքրվում է չորս տարին մի անգամ՝ նոր պրեզիդենտի ընտրության օրերին։
: Մենք չենք պնդում, թե հոգեկան կյանքի այդ բացակայությունը ամերիկյան ժողովրդի օրգանական հատկությունն է։ Չէ՞ որ մի ժամանակ հյուսիսային բանակները գնացել են նեգրերին ազատագրելու ստրկությունից։ Մարդկանց այդպիսին է դարձրել կապիտալիզմը, որը ամեն կերպ պահպանում է նրանց մեջ հոգեկան այդ թմրածությունը։ Ահավոր են ամերիկյան կապիտալիզմի ոճրագործությունները, որը զարմանալի ճարպկությամբ ժողովրդին դեմ է արել գռեհկագույն կինոն, ռադիոն և շաբաթական ժուռնալների լափը, թողնելով իր համար Տոլստոյին, Վան֊Գոգին ու Էնշտեյնին, բայց որոնց նկատմամբ խորապես անտարբեր է։
: Աշխարհում, ըստ էության, մարդկային միտքը միայն մի ազնիվ ձգտում ունի ― հաղթահարել հոգեկան և նյութական աղքատությունը, երջանիկ դարձնել մարդկանց։ Եվ Ամերիկայում այն մարդիկ, որոնք իրենց առջև նպատակ են դրել հասնել այդ բանին՝ առաջավոր բանվորները, արմատական մտավորականները, լավագույն դեպքում համարվում են վտանգավոր խենթուկներ, իսկ վատագույն դեպքում՝ հասարակության թշնամիներ։ Ստացվել է այնպես, որ մարդկության երջանկության համար անուղղակի պայքարողներն անգամ՝ գիտնականները, գյուտարարները, կառուցողները Ամերիկայում ժողովրդականություն չեն վայելում։ Նրանք իրենց աշխատանքով, գյուտերով և հիանալի կառուցումներով մնում են ստվերում, ամբողջ փառքը բաժին է ընկնում բռնցքամարտիկներին, բանդիտներին և կինոաստղերին։ Իսկ ժողովրդի մեջ, որը տեսնում է, որ մեքենաների թվի զուգընթաց կյանքը չի լավանում, այլ ավելի է վատանում՝ նույնիսկ ատելություն գոյություն ունի տեխնիկական առաջադիմության նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են ջարդուփշուր անել մեքենաները, այն խեղդվող մարդու նման, որը ջրից դուրս գալու հուսահատ ցանկությունից բռնում է իրեն փրկողի կոկորդից և քարշ է տալիս հատակը։
: Արդեն ասվել է, որ ամերիկացին, չնայած իր գործարար ակտիվությանը, պասսիվ անձնավորություն է։ Որևէ Հերստի կամ հոլլիվուդյան գործամոլի հաջողվում է լավ, ազնիվ, աշխատասեր միջին ամերիկացիներին իջեցնել վայրենու հոգեկան մակարդակին։ Սակայն այդ ամենազոր մարդիկ անգամ ի վիճակի չեն ժողովրդից դուրս քաշել կյանքի բարելավման վերաբերյալ միտքը։ Այդ միտքը շատ ժողովրդականություն է վայելում Ամերիկայում։ Եվ, ահա, մեծ ու փոքր Հերստերը համոզում են իրենց ընթերցողներին, թե ամերիկացիները հատուկ բնավորության մարդիկ են, որ «հեղափոխությունը, դա միայն արտասահմանում հնարավոր կառավարման ձև է»։ Իսկ ընտրողի վզին փաթաթում են քաղաքական գաղափարներ, որոնց մակարդակը չի բարձրանում հոլլիվուդյան միջին նկարի մակարդակից։ Եվ նման գաղափարները հսկայական հաջողություն ունեն։
: Քաղաքական այդ բոլոր գաղափարները, որոնք բարեբարություն են լինելու ամերիկյան ժողովրդին, անպայման մատուցվում են երրորդ դասարանի աշակերտին վայել թվաբանական թեթև խնդրի ձևով։ Գաղափարը հասկանալու համար ընտրողը վերցնելու է միայն մի թերթ թուղթ, մատիտ, մի փոքրիկ հաշվարկում կկատարի՝ և ամեն ինչ պատրաստ է։ Ճիշտն ասած, դրանք ոչ թե գաղափարներ են, այլ միայն ռեկլամի համար պիտանի տրյուկներ։ Եվ դրանց մասին արժեր հիշատակել, եթե նրանցով հափշտակված չլինեին տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ։
: Ինչպե՞ս փրկել Ամերիկան և բարելավել կյանքը։
: Հյու֊Լոնգը խորհուրդ է տալիս բաժանել հարստությունը։ Հրապարակ են գալիս մի թերթ թուղթն ու մատիտը։ Ընտրողը, փնչացնելով, գումարում է, բազմապատկում, հանում և բաժանում։ Դա խիստ հետաքրքիր զբաղմունք է։ Ա՛հ, կեցցե այդ Հյու֊Լոնգը։ Յուրաքանչյուրը մեծ գումար կստանա։ Մարդիկ այնպես են տարված այդ տարրական թվաբանությաբ, որ բնավ չեն մտածում, թե ինչպես վերցնել այդ միլիոնները։
: Ինչպե՞ս բարելավել կյանքը։ Ինչպե՞ս փրկել Ամերիկան։
: Հանդես է գալիս Սոկրատի կամ Կոնֆուցիոսի տիպի մտքի նոր գիգանտ՝ բժիշկ միստեր Տաունսենդը։ Միտքը, որ ծագել է բժշկականության հարգարժան գործչի բազմախոհ գլխում, եվրոպական որևէ փոքրիկ երկրում կարող էր ծնվել միայն հոգեբուժական հիվանդանոցում՝ մեղմաբարո, քաղաքավարի և միանգամայն անհուսալի հիվանդների սենյակում։ Բայց Ամերիկայում այն ունի ապշեցուցիչ հաջողություն։ Այստեղ նույնիսկ հարկ չկա գործ ունենալ հանումների և բազմապատկումների հետ։ Սա բոլորովին հասարակ բան է։ Միացյալ Նահանգներում վաթսուն տարեկան դառած յուրաքանչյուր ծերունի և յուրաքանչյուր պառավ կստանան ամսական երկուհարյուրական դոլար՝, պարտավորվելով ծախսել այդ դոլարները։ Այդ դեպքում մեխանիկորեն կավելանա առևտուրը և մեխանիկորեն կվերանա գործազրկությունը։ Ամեն ինչ տեղի կունենա մեխանիկորեն։
: Մենք տեսանք տաունսենդյան կոմիտեի ժողովի հնչյունային կինոխրոնիկան․ ժողովը վարում էր հենց ինքը՝ մտածողը։ Սկսվեց նրանով, որ միստեր Տաունսենդը, պեպենոտ դեմքով, ակնոցով և հնատարազ սերթուկով վտիտ ծերուկը, մի փոքրիկ հաղորդում արեց իր պլանի մասին։
: ― Լեդինե՜ր և ջենտլմեննե՜ր, ― սկսեց նա հազալուց հետո, ― ես չեմ քնել բազում գիշերներ, մինչև որ մտածել ու գտել եմ իմ պլանը։
: Եթե Մարկ Տվենը կարողանար տեսնել այդ պեպենոտ ծերուկին՝ մեթոդիկ, ճշտապահ և, հավանորեն, աստվածավախ մարդուն, կարելի է չտարակուսել, որ այդ ծերուկը քույր Մակֆերսոնի եկեղեցական մյուզիկ֊հոլլից տուն գալով, կշռվում է, կշռում է իր ընտանիքին, որպեսզի հաշվի, թե կենդանի քաշից քանի՞ պեննի է վճարելու աստծուն՝ հարգարժան քրոջ միջոցով։
: Միստեր Տաունսենդից հետո ելույթներ ունեցան դահլիճը լցրած ծերունիներն ու պառավները։ Նրանք գնում էին բեմ և հարցեր էին տալիս , որոնց պատասխանում էր մտածողը։
: ― Ուրեմն, դուրս է գալիս, որ ես ստանալու եմ երկու հարյուր դոլա՞ր, ― հարցնում էր ծերուկը։
: ― Այո՛, եթե իմ պլանը անցնի, ― վստահ պատասխանում էր մտածողը։
: ― Ամեն ամի՞ս։
: ― Ամեն ամիս։
: ― Դե, շնորհակալություն, ― ասում էր ծերուկը։
: Եվ տեղն ազատում էր հաջորդ պառավի համար։
: ― Ասացե՛ք, միստեր Տաունսենդ, ― հարցնում է պառավը հուզվելով, ― մենք երկուսով էլ ծեր ենք՝ ես էլ, ամուսինս էլ։ Մի՞թե երկուսս էլ ստանալու ենք երկուհարյուրական դոլար։
: ― Այո՛, երկուսդ էլ, ― փքված պատասխանում է մտածողը։
: ― Նշանակում է, ընդամենը չորս հարյուր դոլա՞ր։
: ― Միանգամայն ճիշտ է, չորս հարյուր դոլար։
: ― Ես, բացի այդ, տասնյոթ դոլար թոշակ եմ ստանում։ Այդ կխլե՞ն ինձանից։
: ― Ոչ, դուք կստանաք նաև թոշակը։
: Պառավը խոնարհ գլուխ է տալիս ու հեռանում։
: Երբ մեկնում էինք Ամերիկայից, Տաունսենդի երկրպագուների թիվը աճում էր սպառնալից արագությամբ, և արդեն ոչ մի քաղաքական գործիչ չէր համարձակվում ընտրությունների նախօրյակին դեմ դուրս գալ հանճարեղ բժշկին։
: Բայց ամերիկյան կապիտալիստները հասկանում են, որ կինոնկարները, ռադիոհաղորդումները, շաբաթաթերթերում տպված պատմվածքները, հեղափոխության մասին պլակատները, «որպիսին Ամերիկայում չի կարող լինել», եկեղեցիները և թվաբանական պլանները բավարար լինել չեն կարող։ Եվ արդեն աճում են «ամերիկյան լեգեոնները» և «ազատության լիգաները», հետզհետե աճեցնում են ֆաշիստական կադրեր, որպեսզի հարկ եղած րոպեին վերածվեն ամենաիսկական գրոհայինների, որոնց հրաման կտրվի ուժի միջոցով խեղդել հեղափոխական շարժումը։
: Ամերիկան հարուստ է։ Եվ ոչ միայն հարուստ։ Նա հարուստ է ֆենոմենալ կերպով։ Նա ունի ամեն ինչ․ նավթ, հաց, ածուխ, ոսկի, բամբակ, այն ամենը, ինչ կարող է գտնվել երկրի ընդերքում և աճել երկրի երեսին։ Նա ունի մարդիկ, հիանալի աշխատող մարդիկ, ընդունակ, ճշտապահ, պատրաստակամ, ազնիվ ու պահանջկոտ մարդիկ։ Ամերիկան դեպի հարստացում է գնացել արագ քայլերով։ Երկիրն հիշեցնում է մի մարդու, որը սրընթաց կարիերա է անում սկզբում որպես փերեզակ, շալվարակալների առևտուր է անում Իստ֊Սայդում, հետո բացում է պատրաստի հագուստների խանութ և տեղափոխվում է Բրուկլին։ Հետո բաց է անում հանրախանութ, սկսում է խաղալ բորսայում և տեղափոխվում է Բրոնքս։ Եվ, վերջապես, գնում է երկաթուղի, հարյուր շոգենավ, երկու կինոֆաբրիկա, կառուցում է երկնաքերծ, բացում է բանկ, մտնում է գոլֆակումբ և տեղափոխվում է Պարկ֊ավենյու։ Նա միլիարդատեր է։ Ամբողջ կյանքում ձգտում էր այդ նպատակին։ Նա ծախում էր ինչ ձեռքն ընկնում էր, և ինչպես հնարավոր էր։ Նա քայքայում էր մարդկանց, չարաշահում, առավոտից մինչև իրիկուն նստում բորսայում, օրական աշխատում տասնվեց ժամ․ նա փող էր շինում։ Արթնանում էր փողի մասին մտորելով։ Նույն մտորումներով էլ պառկում էր քնելու։ Եվ ահա նա հրեշավոր չափի հարուստ է։ Այժմ նա կարող է հանգստանալ։ Օվկիանոսի ափին ունի վիլլաներ, ունի զբոսանավեր և ամրոցներ։ Բայց նա հիվանդանում է անբուժելի հիվանդությամբ։ Նա կործանվում է, և ոչ մի միլիարդ նրան փրկել չի կարող։ Ամերիկյան կյանքի խթանը եղել է և մնում է փողը։ Ժամանակակից ամերիկյան տեխնիկան աճել ու զարգացել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի արագ փող շինել։ Այն ամենը ինչ փող է բերում, զարգանում է, իսկ ինչ փող չի բերում՝ այլասերվում ու հյուծվում։ Գազային, էլեկտրական, շինարարական և ավտոմոբիլային ընկերությունները փողի հետևից ընկած ստեղծել են կյանքի բարձր մակարդակ։ Ամերիկան բարձրացել է բարեկեցության ամենավերին աստիճանը, թողնելով Եվրոպային հետևում։ Եվ այստեղ պարզվում է, որ նա լուրջ ու ծանր հիվանդ է։ Եվ երկիրը հասել է լիակատար անհեթեթության։ Հիմա, այսօր, նա ի վիճակի է կերակրելու միլիարդ մարդու, մինչդեռ չի կարողանում կերակրել իր հարյուր քսան միլիոնին։ Նա ամեն ինչ ունի մարդկանց համար հանգիստ կյանք ստեղծելու, բայց ստացվել է այնպես, որ ամբողջ բնակչությունը գտնվում է անհանգիստ վիճակում, գործազուրկը վախենում է, որ այլևս երբեք աշխատանք չի գտնի, աշխատողը վախենում է կորցնել աշխատանքը, ֆերմերը վախենում է անբերրիությունից, որովհետև գները կբարձրանան , և նա ստիպված կլինի հաց գնել թանկ գնով, նույն ինքը վախենում է առատ բերքից, որովհետև գները կընկնեն, և ստիպված կլինի հացը վաճառել գրոշներով, հարուստները վախենում են, որ բանդիտները կգողանան իրենց երեխաներին, բանդիտները վախենում են, որ իրենց կնստեցնեն էլեկտրական աթոռին, նեգրերը վախենում են լինչի դատաստանից, քաղաքական գործիչները վախենում են ընտրություններից, միջին կարողության տեր մարդը վախենում է հիվանդանալուց, որովհետև բժիշկները կխլեն իր ամբողջ կարողությունը, վաճառականը վախենում է, որ կգան ռակետիրները և գնդացրով կկրակեն դեպի վաճառասեղանը։
: Սովետական Միության կյանքի հիմքում ընկած է կոմունիստական գաղափարը։ Մենք ունենք ճիշտ նպատակ, դեպի որը գնում է երկիրը։ Ահա թե ինչու մենք՝ Ամերիկայի հետ համեմատած, դեռևս միջին կարողության մարդիկս այսօր արդեն շատ ավելի հանգիստ ու երջանիկ ենք, քան Մորգանի ու Ֆորդի երկիրը, քսանհինգ միլիոն ավտոմոբիլների, մեկուկես միլիոն կիլոմետր իդեալական ճանապարհների երկիրը, տաք ու պաղ ջրերի, լոգարանների և սերվիսի երկիրը։ Ամեն բան վճռող տեխնիկայի վերաբերյալ լոզունգը մեզանում տրվեց այն բանից հետո, երբ հաղթանակեց այդ գաղափարը։ Ահա թե ինչու տեխնիկան մեզ չի թվում շշից դուրս պրծած մի չար ոգի, որին ոչ մի կերպ հնարավոր չէ նորից խցկել շշի մեջ։ Ընդհակառակն, մենք ուզում ենք հասնել տեխնիկական Ամերիկային և անցնել նրանից։
: Ամերիկան չգիտի, թե վաղը ինչ կպատահի իր հետ։ Մենք գիտենք և կարող ենք որոշակի ճշտությամբ ասել, թե ինչ կլինի մեզ մոտ հիսուն տարի հետո։
: Բայց և այնպես, մենք շատ բան կարող ենք սովորել Ամերիկայից։ Մենք այդ անում ենք, բայց Ամերիկայից վերցրած դասերը մասնակի բնույթ են կրում և չափից դուրս մասնագիտական են։
: Մենք առաջին հերթին պետք է ուսումնասիրենք Ամերիկան, ուսումնասիրենք ոչ միայն նրա ավտոմոբիլները, տուրբոգեներատորները (այդ մենք անում ենք), այլև ամերիկյան բանվորների, ինժեներների, գործարար մարդկանց աշխատանքի բուն եղանակները, մանավանդ գործարար մարդկանց, որովհետև եթե մեր ստախանովականները տալիս անցնում են ամերիկյան բանվորների նորմաներին, իսկ ինժեներները հաճախ չեն զիջում ամերիկյան ինժեներներին (այդ մասին մենք լսել ենք հենց իրենցից՝ ամերիկացիներից), ապա մեր գործարար մարդիկ կամ տնտեսվարները զգալի չափով դեռ ետ են մնում ամերիկյան գործարար մարդկանցից՝ ճշգրտության և ճշտապահության մեջ։
: Այժմ մենք չենք խոսելու մեր տնտեսվարների արժանիքների մասին, նրանց գաղափարականության, աշխատունակության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կոմունիստական կուսակցության արժանիքներն են։ Չենք խոսելու նաև ամերիկյան գործարար մարդկանց թերությունների, նրանց գաղափարազրկության, անհագության, անսկզբունքայնության մասին։ Դրանք նրանց դաստիարակող կապիտալիզմի թերություններն են։ Մեզ համար հիմա անհամեմատ կարևորը նրանց արժանիքների և մեր թերությունների ուսումնասիրությունն է, որովհետև հարկ է, որ մենք նրանցից սովորենք։ Նրանցից պետք է սովորեն ոչ միայն ինժեներները, այլև տնտեսվարները, մեր գործարար մարդիկ։
: Ամերիկյան գործարար մարդը ժամանակ ունի գործարար խոսակցության համար։ Ամերիկացին պիջակը հանած նստում է իր գրասենյակում և աշխատում է։ Աշխատում է սուսուփուս, աննկատ, անաղմուկ։ Ոչ մի տեղից չի ուշանում, ոչ մի տեղ չի շտապում։ Մի հեռախոս ունի։ Ոչ ոք նրան չի սպասում ընդունարանում, որովհետև «ապոյտմենտը» (տեսակցությունը) սովորաբար նշանակվում է բացարձակ ճշտությամբ և խոսակցության վրա ոչ մի ավելորդ րոպե չի ծախսվում։ Նա զբաղված է միայն գործով, բացառապես գործով։ Երբ է նիստեր գումարում ― հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ՝ շատ հազվադեպ։
: Եթե ամերիկացին խոսակցության մեջ, թեկուզ հարևանցիորեն, ասաց՝ «ես այդ կանեմ», նրան կրկին հիշեցնելու ո՛չ մի հարկ չկա։ Ամեն ինչ կարվի։ Ասած խոսքը պահելու, պինդ, ճշտորեն, թեկուզ տրաքվելու, բայց խոսքդ անպայման կատարելու կարողություն ― ահա այն գլխավորը, ինչ պետք է սովորել ամերիկյան գործարար մարդկանցից։
: Մենք գրել ենք ամերիկյան դեմոկրատիայի մասին, որն իրականում ոչ մի ազատություն չի տալիս մարդուն և միայն քողարկում է մարդու շահագործումը մարդու կողմից։ Բայց ամերիկյան կյանքում կա մի երևույթ, որ մեզ պետք է հետաքրքրի ոչ պակաս, քան որևէ մեքենայի նոր մոդելը։ Այդ երևույթը դեմոկրատիզմն է մարդկային հարաբերությունների մեջ։ Թեև այս դեմոկրատիզմն էլ կոծկում է սոցիալական անհավասարությունը և զուտ արտաքին ձև է հանդիսանում, բայց մեզ համար, մարդկանց միջև սոցիալական հավասարություն ձեռք բերած մարդկանց համար, դեմոկրատիզմի այդպիսի արտաքին ձևերը միայն կօգնեն ընդգծելու մեր սոցիալիստական սիստեմի արդարացիությունը։ Նման դեմոկրատիզմի արտաքին ձևերը հայակապ են։ Նրանք շատ են օգնում աշխատանքի մեջ, հարված են հասցնում բյուրոկրատիզմին և բարձրացնում մարդու արժանապատվությունը։
: Սովետական Միություն և Միացյալ Նահանգներ ― այս թեման անընդգրկելի է։ Մեր նոթերը ճամբորդական դիտողությունների արդյունք են միայն։ Մենք պարզապես ցանկանում էինք սովետական հասարակության մեջ ուժեղացնել հետաքրքրությունը Ամերիկայի նկատմամբ, այդ մեծ երկիրն ուսումնասիրելու նկատմամբ։
: Մենք Վաշինգտոնից մեկնեցինք Նյու֊Յորք։ Եվս մի քանի ժամ, և կավարտվի մեր ուղևորությունը ամերիկյան հողում։ Այս վերջին ժամերին մենք մտածում ենք Ամերիկայի մասին։ Թվում է, թե մենք մեր գրքում պատմեցինք այն ամենը, ինչ մտածում ենք։
: Ամերիկացիները շատ են զայրանում եվրոպացիների վրա, որոնք գալիս են Ամերիկա, վայելում են նրա հյուրընկալությունը, իսկ հետո հայհոյում նրան։ Ամերիկացիները մեզ հաճախ էին ջղայնացած ասում այդ մասին։ Բայց մեզ համար անհասկանալի է հարցի նման դրվածքը՝ հայհոյել կամ գովաբանել։ Ամերիկան նոր պիեսի պրեմիերա չէ և մենք էլ թատերական քննադատներ չենք։ Մենք թղթին ենք հանձնել մեր տպավորությունները և մեր մտքերը այդ երկրի մասին։
: Ի՞նչ կարելի է ասել Ամերիկայի մասին, որը միաժամանակ սարսափեցնում է, հիացնում, կարեկցանք է առաջացնում և ընդօրինակելու արժանի փաստեր տալիս՝ հարուստ, աղքատ, տաղանդավոր և ապաշնորհ երկրի մասին։
: Մենք կարող ենք ասել ազնվորեն, ձեռքներս խղճի վրա դնելով․ այդ երկիրը հետաքրքիր է դիտել, բայց այնտեղ ապրելու ցանկություն չունենք։
===Գլուխ քառասունյոթերորդ — Մնաս բարո՜վ, Ամերիկա===
: Նյու֊Յորքում զով էր, քամի էր փչում, արևը շողում էր։
: Զարմանալի գեղեցիկ է Նյու֊Յորքը։ Բայց ինչու՞ ես թաղծել սկսում այդ մեծ քաղաքում։ Տներն այնքան բարձր են, որ արևի լույսն ընկնում է միայն վերին հարկերի վրա։ Եվ ամբողջ օրը քեզ չի թողնում այն տպավորությունը, որ արևը մայր է մտնում։ Հենց առավոտվանից մայրամուտ է։ Երևի հենց դրանից էլ այդպես թաղծալի է Նյու֊Յորքում։
: Մենք կրկին վերադարձանք այն քաղաքը, ուր ապրում են երկու միլիոն ավտոմոբիլներ և յոթ միլիոն մարդ, որոնք սպասարկում են դրանց։ Օ՛, դա հիանալի տեսարան է, երբ ավտոմոբիլները զբոսանքի են դուրս գալիս Սենտրալ֊պարկ։ Անհնար է կտրվել այն մտքից, որ Նյու֊Յորքի մեջտեղում տեղավորված այդ հսկայական պարկը կառուցված է նրա համար, որպեսզի ավտոմոբիլները կարողանան այնտեղ թարմ օդ շնչել։ Պարկում կան միայն ավտոմոբիլային ճանապարհներ, հետիոտներին շատ քիչ տեղ են թողել։ Նյու֊Յորքը գերի է վերցված ավտոմոբիլների կողմից, և ավտոմոբիլները քաղաքում իրենց պահում են իսկական օկուպանտների պես․ սպանում ու հաշմում են բնիկ բնակիչներին, խիստ են վարվում նրանց հետ, թույլ չեն տալիս ծպտուն հանել։ Մարդիկ հրաժարվում են շատ բաներից, միայն թե իրենց ճնշողներին խմեցնեն բենզին, հագեցնեն յուղի ու ջրի նրանց հավիտենական ծարավը։
: Բացի ավտոմոբիլներից, Նյու֊Յորքում կա նաև մեկ ուրիշ ահավոր տիրակալ։ Դա դղրդյունն է։ Այտեղ հսկայական քանակությամբ դղրդյուն է արտադրվում։ Գետնի տակ ոռնում է սովբեյը, գլխավերևում որոտում է վերերկրյա երկաթուղին, հարյուր հազարավոր մոտորներ միաժամանակ դռռում են փողոցներում, իսկ գիշերվա կողմը, երբ աղմուկը փոքր֊ինչ մեղմանում է, պարզորոշ լսվում են ոստիկանական, հրշեջ և գանգստերային ավտոմոբիլների տագնապալից և երկարականչ շչակները։ Ոռնոցը մոտենում է, անցնում է կողքով և կորչում հեռուներում՝ ինչ֊որ տեղ։ Մեկին գնդակահարեցին խանդից, մեկին՝ ատելությունից, մեկին պարզապես նրա համար, որ կողոպուտը չէին կարողացել բաժանել։ Կամ միգուցե որևէ մեկը կախվեց, թունավորվեց, կրակեց սրտին՝ չկարողանալով տանել գլխացավի և ավտոմոբիլային դղրդյունի այդ քաղաքի կյանքը։
: «Բրոմո֊զելցերը»՝ գլխացավի դեմ գործածվող խմիչքը, վաճառվում է ամենուրեք, նարնջահյութի, սուրճի և լիմոնադի հետ հավասար։ Շուտով «Բրոմո֊զելցերը» կմտցվի ճաշացանկի մեջ։ Ճաշն այսպիսին է լինելու․ առաջինը՝ «բրոմո֊զելցեր», երկրորդը՝ «չիլի» ― մեքսիկական սուպ, երրորդը՝ «սոլ» ձուկ, իսկ անուշեղեն՝ դարձյալ «բրոմո֊զելցեր»։ Եվ եթե միայն Նյու֊Յորքում շատ ավելի հեռախոսներ կան , քան բովանդակ Անգլիայում, ապա, անտարակույս, հենց նույն Նյու֊Յորքում, օրվա ընթացքում շատ ավելի գլխացավի դեղորայք են գործածում, քան Անգլիան՝ կես տարում։ Նյու֊Յորքի ավելի խաղաղ շրջաններում, բնակարաններն ավելի թանկ արժեն, նրա համար, որ այստեղ աղմուկ քիչ կա։ Նյու֊Յորքում լռություն են վաճառում, և այդ ապրանքը թանկ արժե։ Դա անգլիական կոստյումի պես մի բան է։ Թանկ արժե, բայց լավն է։
: Նյու֊Յորքում հնարավոր չէ բաժանվել տագնապի զգացումից։ Ամենաբանուկ փողոցով հանկարծ անցնում է ալ կարմիր գույնով ներկված բանկային զրահապատը։ Զրահապատի գնդացիրներն ուղղված են ուղիղ բաց գույնի շլյապաներով երիտասարդների բազմության վրա, որոնք զբոսնում են՝ սիգարներն ատամների մեջ սեղմած։ Նյու֊Յորքում փողն այդպես են փոխադրում։ Տանել կարելի է միայն զրահապատով, այլապես բաց գույնի շլյապաներով հենց այդ երիտասարդները կխլխլեն։ Ինչ֊որ շատ կասկածելի և սպառնալից քմծիծաղ են տալիս նրանք՝ ձեռքերն իրենց նեղլիկ վերարկուների գրպանները դրած։
: Մի քանի օր մենք հրաժեշտ էինք տալիս Նյու֊Յորքի մեր բարեկամներին, փողոցներին և երկնաքերծերին։
: Մեկնելու օրը գնացինք Սենտրալ֊պարկ֊վեստ և բարձրացանք միստեր Ադամսի բնակարանը։ Դուռը բացեց նեգրուհի, ցույց տալով աֆրիկյան այնպիսի շողշողուն ատամներ, որ նախասրահը լուսավորվեց։
: Ճաշասենյակում տեսանք միստեր Ադամսին, որը կրծքին էր սեղմել փոքրիկ բեբիին։ Կողքին կանգնել էր միսիս Ադամսը և ասում էր․
: ― Դու արդեն հինգ րոպե գրկել ես բեբիին։ Հիմա իմն է հերթը։
: ― Նո՛, նո՛, Բեկկի, ― պատասխանում էր միստեր Ադամսը, ― այդպես մի ասա։ Ինձ համար ցավալի է լսել, երբ այդպես ես ասում։
: Սեղանին և հատակին թափթփված էին բաց արած ծանրոցներ։ Պարանների և փաթաթաթղթերի արանքում ընկած էին բազմազան իրեր․ հին պլեդ, հեռադիտակ, օձիք, մի քանի բանալի՝ հյուրանոցային թիթեղիկներով և էլի ամեն տեսակ բաներ։
: ― Ահա՛, ահա՛, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը՝ մեր ձեռքերը ջերմորեն սեղմելով, ― իմ իրերը հոսելով կամաց֊կամաց գալիս են ինձ մոտ։ Մնում է ուղարկել հյուրանոցների բանալիները, և ամեն ինչ կարգին կլինի։ Միայն գլխարկը չկա։
: ― Այնուամենայնիվ լավ կլիներ, որ գլխարկը ստանայինք Վաշինգտոնում, ― խրատական տոնով ասաց միսիս Ադամսը, աղջկան ամուսնու ձեռքից ճարպկորեն խլելով։
: ― Նո՛, նո՛, Բեկկի, ― հառաչեց Ադամսը, ― դու այդպես չպետք է վարվես։ Չէ՞ որ մենք Վաշինգտոնի փոստատանը կարգադերցինք գլխարկն այստեղ ուղարկել։ Բա՛ց թող բեբիին, արդեն չափից դուրս երկար ես գրկումդ պահում։ Դա երեխային վնաս է։ Թույլ տուր, որ վազվզի սենյակում։
: Բայց հազիվ էր Բեկկին աղջկան իջեցրել հատակին, երբ միստեր Ադամսը «չէ՛, չէ, լուրջ եմ ասում» բղավելով, ճանկեց բեբիին և սեղմեց կրծքին։
: Զանգը հնչեց և սենյակ մտավ փոստատարը՝ ծանրոցով։
: ― Այս անգամ գլխա՜րկն է, ― բացականչեց Ադամսը։
: Այո՛, գլխարկն էր։ Միստեր Ադամսը հանդիսավոր կերպով արկղից հանեց իր հին, սիրելի շլյապան և անմիջապես դրեց գլխին։
: ― Գնա՜նք, ― բղավեց նա հնչեղ ձայնով։ ― Դուք այսօր մեկնում եք, պարոնայք, այնինչ դեռ մինչև օրս չեք բարձրացել «Իմպայր Սթեյթ Բիլդինգ»֊ի կատարը։ Հիմարություն կլինի, եթե այդ չանենք։ Այո՛, այո՛, պարոնայք, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է Ամերիկան, պետք է բարձրանաք «Իմպայր»։
: Երբ բեբին տեսավ, որ իր ծնողներին դարձյալ տանում են անծանոթ ջենտլմենները, որոնք մի անգամ արդեն հափշտակել էին նրանց երկու ամսով, սկսեց բարձրաձայն լաց լինել։ Նա դոփում էր տոտիկներով և արտասվալից բացականչում էր «No more trips», ― «պետք չէ այլևս ճամբորդել»։
: Ծնողներրը երդվում էին բեբիին, որ գնում են միայն հինգ րոպեով, բայց նա լալով պնդում էր, թե «այն ժամանակ էլ ասացին, որ գնում են միայն հինգ րոպեով, և երկար ժամանակ չէին վերադառնում»։
: Լիֆտով իջնելիս մենք դեռ լսում էինք երեխայի լացը։ Պապա էնդ մաման շփոթված տեսք ունեին, բայց անջնջելի հետաքրքրությունը ճառագայթում էր նրանց աչքերում։
: ― Տասնվեցերորդ անգամ բարձրանալ «Իմպայր», ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― դա շա՛տ շա՛տ հետաքրքիր է, պարոնայք։
: Վերջին անգամ ավտոբուսի իմպերիալում նստած, անցանք հինգերորդ ավենյուով։ Ցուցափեղկերից մեզ էին նայում վարդագույն ականջներով մանեկենները։ Ավտոմոբիլների արանքով անցնում էին կրկեսի երեք փղեր, հրավիրելով նյույորկցիներին այցելել երեկոյան ներկայացումը։
: Կյանքն իր կարգով առաջ էր ընթանում։
: Մենք բարձրացանք «Իմպայր Սթեյթ Բիլդինգի» տանիքը։
: Քանի՜֊քանի անգամ նրա մոտով անցնելով, չէինք կարողանում զսպել մեր քրթմնջոցներն ու հառաչանքները․ «Ահ, գրողը տանի։ Պա՛հ, պա՛հ, ի՜նչ լավն է» կամ սրա նման մի բան։ Եվ այնտեղ բարձրացանք Ամերիկայից մեկնելուց երկու ժամ առաջ։
: Առաջին լիֆտը մեկից բարձրացրեց մեզ ութսունվեցերորդ հարկը։
: Վերելքը տևում էր ընդամենը մեկ րոպե։ Հասկանալի է, որ այստեղ ոչ հարկեր էին երևում, ոչ հարթակներ։ Մենք սլանում էինք պողպատե խողովակով, և միայն ականջները, որոնք ասես ջրով էին լցված, և ինչ֊որ տարօրինակ սարսուռ՝ փորի մոտերքում զգացնել էին տալիս, որ մենք բարձրանում ենք արտասովոր արագությամբ։ Լիֆտը չէր կճրտում և չէր չխկչխկում։ Այն շարժվում էր սրընթաց, սահուն և անաղմուկ։ Միայն պստլիկ լամպիկներն էին բռնկվում դռների մոտ, հաշվելով տասնյակ հարկեր։ ՈՒթսունվեցերորդ հարկի հարթակը դուրս եկանք փոքր֊ինչ թուլացած ոտքերով։
: Երկրորդ լիֆտը ուղևորներին բարձրացրեց շենքի կտուրը, և վերնասրահի մեծ ապակիների միջով տեսանք Նյու֊Յորքը։ Երեկ ձյուն էր եկել։ Փողոցներում ձյունն արդեն հալվել էր, բայց երկնաքերծերի տափակ կտուրների վրա դեռ մաքուր, քնքուշ, սպիտակ քառակուսիներով ձյուն կար։ Լեռնային օդը թույլ չեր տալիս, որ ձյունը հալչեր երկնաքերծերի կատարներին։
: Ներքևում փռված էր ծովապատնեշների կատարներով փետրավորված աներևակայելի քաղաքը։ Ձմեռվա գորշ օդը թեթևակի ոսկեզօծվել էր արևից։ Նեղլիկ սև փողոցներով սուրում էին պստլիկ ավտոմոբիլները և վերերկրյա երկաթուղիների գնացքները։ Քաղաքի աղմուկը այստեղ թույլ էր հասնում, նույնիսկ չէին լսվում ոստիկանական շչակների ոռնոցները։ Շուրջ բոլորը, նյույորքյան փողոցների միջօրեի աղջամուղջից հպարտորեն բարձրանում էին անթիվ ու անհամար ապակիներով շողացող երկնաքերծերը։ Նրանք կանգնած էին ինչպես քաղաքի պահապաններ՝ փայլատակող պողպատով սպառազինված։ «Կյունարդ Ուայտ Սթար» ծովապատնեշի մոտ երևում էր շոգենավ՝ երեք ծխնելույզով։ Ծխնելույզները դեղին էին, սև օղակներով։ Դա «Մաջեստիկ» շոգենավն էր, հիսունվեց հազար տոննա պողպատ, փայտ, գորգեր և հայելիներ ― անգլիական մի շոգենավ, որով մենք այսօր մեկնելու էինք։ Բայց որքան փոքրիկ և անօգնական էր թվում այն «Իմպայրի» կտուրից։
: Երկու ժամ անց մենք արդեն շոգենավումն էինք։ «Մաջեստիկն» իր վերջին ռեյսն էր կատարում։ Դրանից հետո այդ դեռ բոլորովին ջահել շոգենավը գնալու էր ջարդվելու։ «Նորմանդիա» և «Կուին Մերի» վիթխարի ատլանտիկ շոգենավերի երևան գալուց հետո պարզվեց, որ «Մաջեստիկը» շատ համեստ ու դանդաղագնաց է, թեև սքանչելի մի ժամանակամիջողում՝ վեց օրում կտրում անցնում էր օվկիանոսը։
: Վիթխարի «Մաջեստիկը» արդեն հեռացել էր ծովապատնեշից, երբ մենք մի վերջին անգամ լսեցինք․
: ― Գուդ բա՜յ, պարոնայք։ Այո՛, այո՛, այո՛։ Օ՜, նո։ Չէ, լուրջ։ Հուսով եմ, որ դուք հասկացաք, թե ինչ բան է Ամերիկան։
: Եվ ուղեկցողների գլխավերևում կատաղիորեն դեսուդեն էին նետվում Միստեր Ադամսի հին ու հավատարիմ գլխարկը և նրա կնոջ թաշկինակը, քաջարի այն վարորդի, որը երկու անգամ մեզ տարավ բովանդակ մայր ցամաքով, երբեք չհոգնող, համբերատար, ճանապարհի իդեալական ուղեկցուհու թաշկինակը։
: Երբ «Մաջեստիկը» անցնում էր Ուոլ֊Սթրիթի կողքով, արդեն մթնում էր, և երկնաքերծերում լույսեր վառվեցին։ Պատուհաններում փայլատակեց էլեկտրականության ոսկին, գուցե և իսկական ոսկին։ Ամերիկայի այդ վերջին ոսկե տեսիլքը ուղեկցեց մեզ մինչև բաց օվկիանոս դուրս գալը։
: «Մաջեստիկը» թափ առավ, փայլատակեց փարոսի հրաժեշտի կրակը և, մի քանի ժամ անց, ոչ մի հետք չմնաց Ամերիկայից։
: Հունվարյան սառը քամին հալածում էր օվկիանոսի խոշոր ալիքը։