Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

6 bytes removed, 00:05, 21 Հուլիսի 2013
Թերևս հարցասեր ընթերցողին հաճելի լիներ ստանալու որոշ տեղեկություններ իմ զբաղմունքների և ապրելակերպի մասին այդ երկրում, ուր ես մնացի ինն ամիս ու տասներեք օր։ Ունենալով հակում դեպի մեքենագիտությունը և մասամբ անհրաժեշտությունից ստիպված՝ ինձ համար, պալատական պուրակի ամենամեծ ծառերից, շինեցի բավականին հարմար աթոռ ու սեղան։ Երկու հարյուր դերձակուհի զբաղված էր ինձ համար պատրաստելու շապիկ, սավան ու սփռոց ամենաամուր ու կոշտ քաթանից, որ հնարավոր էր գտնել․ այն էլ ստիպված էին նրանք մի քանի ծալ իրար վրա մկդակել, որովհետև նրանց ամենահաստ քաթանը մեր շղարշից բավական նուրբ է։ Այդ քաթանի կտորներն ընդհանրապես երեք ոտնաչափ երկարություն ունեն և երեք մատնաչափ լայնություն։ Կար անող կանայք չափս վերցրին այն ժամանակ, երբ ես պառկել էի անկողնում․ մեկը կանգնեց վզիս մոտ, մյուսը՝ ծնկիս ու մեջտեղը ձգեցին մի թոկ, ամեն մեկը մի ծայրից բռնած, իսկ երրորդը չափում էր մի քանոնով, որ մեկ մատնաչափ երկարություն ուներ։ Ապա նրանք չափեցին բութ մատս և դրանով բավականացան, թվաբանական հաշիվների օգնությամբ իմանալով, որ դաստակի շրջագիծը երկու անգամ ավելի է, բութ մատի շրջագծից, պարանոցի շրջագիծը երկու անգամ ավելի է դաստակի շրջագծից, իսկ մեջքի շրջագիծը երկու անգամ ավելի է պարանոցի շրջագծից․ նրանց առաջ գետնին փռած իմ հին շապիկի նմուշով նրանք ինձ համար հեշտույամբ պատրաստեցին նոր սպիտակեղեն։ Ճիշտ նույն կերպով էլ երեք հարյուր դերձակ զբաղված էին հագուստս կարելով․ միայն չափս հանելու համար նրանք այլ հնարքի դիմեցին։ Ես չոոքեցի, իսկ նրանք գետնից մինչև իմ վիզը մի սանդուխք դրին․ այդ սանդուխքով նրանցից մեկը վեր բարձրացավ ու իմ օձիքից մինչև հատակը մի կապարալար ձգեց, որն ուղղակի հավասար էր իմ վերարկուի երկարության, իսկ իրանս ու թևերս ես չափեցի։ Երբ պատրաստ էր հագուստս, որ կարեցին իմ տանը (որովհետև իրենց ամենամեծ տան մեջ չէր կարող տեղավորվել), նման էր Անգլիայում տիկիններրի ձեռքով կարկատաններից շինած վերմակի, միայն այն տաբերությամբ, որ մի գույնի էր։
Կերակուր եփելու համար ես ունեի երեք հարյուր խոհարար, որոնք իրենց ընտանիքների հետ միասին ապրում էին տանս կից՝ հարմար խրճիթների մեջ ու ինձ համար ամեն անգամ պատրաստում էին երկու տեսակ ուտելիք։ Ես մի ձեռով վերցնում էի քսան հատ սպասավոր ու դնում սեղանի վրա, իսկ ավելի քան հարյուր հոգի սպասավորում էին ներքև, գետնի վրա։ Ոմանք բերում էին պնակներով կերակուր, ոմանք գլորում էին տակառներով գինի և այլ խմիչքներ․․․ խմիչքներ… Վերի սպասավորները հնարամտությամբ, որոշ ճախարակի օգնությամբ, վեր էին բարձրացնում ուզածս բաները ճիշտ այնպես, ինչպես մենք Եվրոպայում ջրհորից դույլ ենք բարձրացնում։ Նրանց կերակուրների ամեն մի պնակը կուլ էի տալիս մի անգամից, իսկ խմիչքների ամեն մի տակառը մի կում ջուր էր ինձ համար։ Նրանց ոչխարի միսը նվազ համեղ էր մեր ոչխարի մսից, այնինչ կովի միսը սքնչելի էր։ Մի անգամ բերին մի մեծ կտոր սուկի, այնպես որ ես ստիպված էի երեք կտոր անել, սակայն այդ շատ հազիվ էր պատահում։ Իմ սպասավորները զարմացել էին, տեսնելով, որ ես միսն ուտում եմ ոսկորով, ինչպես մեր երկրում արտույտի ոտը։ Սագերն ու հնդուհավերն ուտում էի սովորաբար մի պատառով, և պետք է խոստովանել, որ նրանք մերիններից ավելի համեղ են։ Իսկ ինչ վերաբերում է մանր թռչուններին, քսան֊երեսուն հատը միանգամից առնում էի դանակիս ծայրին ու այնպես ուտում։
Մի օր նորին կայսերական մեծությունը տեղեկանալով իմ ապրելակերպի մասին, հայտնեց, որ ինքը, օգոստափառ ամուսինը, ազնվարյուն իշխանների ու իշխանուհիների հետ միասին, կուզենային բախտ ունենալ (ինչպես նա բարեհաճեց ասել) ճաշելու ինձ հետ։ Երբ եկան, ես նրանց դրի սեղանիս, թագավորական գահերի վրա, իմ դիմաց, իրենց շքախմբի հետ միասին։ Ներկա էր նաև լորդ գանձապահը՝ Ֆլիմնապը՝ սպիտակ գավազանը ձեռքին։ Ես նկատեցի, թե ինչպես նա հաճախ նայում է ինձ անբարյացակամ հայացքով, որ ես չտեսնելու դրի, և ուտում էի սովորականից ավելի՝ ի փառս իմ հայրենյաց և ի զարմանս ամբողջ արքունիքի։ Ես հիմք ունեմ որոշակի կարծելու, որ այս այցելությունն առիթ տվեց Ֆլիմնապին նորին մեծության առաջ վարկաբեկելու ինձ։ Այդ մինիստրը միշտ եղել է իմ ծպտյալ թշնամին, թեև արտաքուստ, հակառակ իր դաժան բնավորության, շատ սիրալիր էր։ Նա կայսրին զեկուցեց իր գանձարանի վատ վիճակի մասին․ որ նա ստիպված է մեծ պարտքեր անել․ որ գանձարանային տոմսերն ինը տոկոս զեղջից պակաս չեն կարող շրջանառել, որ ես նորին մեծությանն արդեն նստել եմ մոտ մեկ ու կես միլիոն սպրուգ (իրենց ոսկու ամենամեծ դրամն է, մեծությամբ փայլուն հատիկի չափ) և որ, վերջապես, կայսրը խոհեմություն կաներ, եթե առաջին հարմար պատեհին արտաքսեր ինձ։