Changes

Ընկ. Բ. Փանջունի ի Վասպուրական

Ավելացվել է 153 543 բայտ, 07:22, 21 Հուլիսի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ընկ. Բ. Փանջունի ի Վասպուրական |հեղինակ = [[Երվանդ Օտյան]] |թարգմանիչ = |աղբյուր...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ընկ. Բ. Փանջունի ի Վասպուրական
|հեղինակ = [[Երվանդ Օտյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Ընկ. Բ. Փանջունի»]]
}}

==ԵՐԿՈՒ ԽՈՍՔ==
:    Ընկեր Փանջունիի անունը այնքա՜ն ժողովրդական է այսօր մեր մեջ որքան թերևս Պողոս Փաշա Նուպարի անունը։ Ծապլվարի հերոսը՝ տակավին իր առույգ կենդանության մեջ՝ արդեն իսկ անմահության լուսապսակովը զարդարված է։ Իր համբավը անսահման է և իր հեղինակությունը անվիճելի։ Իր նամակները հեղափոխության ընծայացուներու '''Հավատամք'''ը կը կազմեն և գրեթե օրենքի ուժ ունին։ Այդ նամակներուն առաջին մասը, որոնք Փանջունիի ծապլվարյան առաքելությունը կը պատմեն, արդեն մասնավոր հատորով լույս տեսած են։
:    Այս նոր հատորը կը պարունակե իր մյուս նամակներուն հավաքածոն, որոնց մեջ մեր հերոսը մանրամասնորեն կը տեղեկագրե իր Վասպուրականի մեջ ունեցած գործունեությունը որ նվազ հուզումնալից ու հատկանշական չէ քան Ծապլվարինը։
:    Այս նամակներուն կցված են նաև իր դասախոսություններու շարքը որ մյուսներուն հետ երևցած է «'''Բյուզանդիոն'''ի» մեջ։
:    Իր դասախոսություններեն ետքը, ընկեր Փանջունի հանկարծ հեռացավ հրապարակեն, կարծես կամավորապես ուզելով մոռցնել իր անունը։
:    Արդյոք հրաժարեցա՞վ հեղափոխական գործունեութենե, արդյոք իր գաղափարներն ու համոզումները չարափոխե՞ց կամ ուրացա՞վ։ Դասալի՞ք մըն է Փանջունի։ Բնա՜վ երբեք։
:    Իրենին նման նկարագիրները ո՛չ տարիներեն, ո՛չ դեպքերեն, ո՛չ հուսախաբություններեն կ'ազդվին։
:    Ապահովաբար օր մը կրկին պիտի լսենք իր անունը։ Երբ ժամը հնչե՝ ան իր շարքերուն գլուխը պիտի գտնվի։
:    Ծապլվարի հերոսը իր վերջին թառը չէ ըսած տակավին։
:    Փետր. 1914
:        ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
:    օ օ օ
:    «ԲՅՈԻԶԱՆՂԻՈՆԻ» բարեկամ ընթերցողներան շատեր ատեն-ատեն տեղեկություններ կը հարցնեին ինե ընկեր Բ. Փանջունիի մասին՝ որուն Ծապլվարի մեջ կատարած առաքելությունը, իր նամակներեն քաղելով, հրատարակած էի այս թերթին սյունակներուն մեջ։ Վերջին նամակը, գուցե չէ մոռցված, Մաշկերտեն գրված էր, ուր մտադիր էր հաստատվիլ մեր գործիչը, հոն շարունակելու համար իր շինարար ու փրկագործ պաշտոնը։ Այսպես ուրեմն, հարկ էր իր հետքը փնտռել այնտեղ գոհացում տալու համար մեր հետաքրքիր բարեկամներուն։
:    Պոլսեբնակ Մաշկերտցի մը — և ինչո՞ւ անունը ծածկեմ — նույն ինքն Պ. Դ. Խաչկոնց, իմ խնդրանքիս վրա ազնվորեն հանձն առավ իր ծննդավայրեն տեղեկություններ ուզելու ընկեր Բ. Փանջունիի մասին և իրա՛վ ալ, քանի մը շաբաթ ետքը, ինձ հաղորդեց թե մեր համակրելի հերոսը հազիվ ամիս մը Մաշկերտ մնացած՝ և հետո շտապով մեկնած է Վան, իր ընդունած մեկ ստիպողական հրահանգին համեմատ։
:    Թե ընկեր Փանջունի ինչ գործունեություն ունեցած է Վանի մեջ, գուցե այդ կետը մասամբ լուսաբանե հետևյալ նամակը որ իր գրչեն ելած է և զոր հաջողեցա ձեռք ձգել ճիշդ այն աղբյուրեն ուրկե քաղած էի նախապես ծապլվարյան նամակները։
==Ա.==
:        '''ՎԱՆ, 20 մայիս, 1909'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ձեր որոշ և հրամայողական հրահանգներուն համեմատ, Մաշկերտեն անմիջապես մեկնեցա Վան ուր կը գտնվիմ մեկ քանի շաբաթե ի վեր։
:    Ժողովրդի պաշտպանության համար հարուստներեն զենքի դրամ հավաքելու ծրագիրը որ ինձ կը հաղորդեք, մի շատ գեղեցիկ գյուտ է երբ ի նկատ առնենք ներկա ժողովրդային հոգեբանության '''մոմենտ'''ը։ Բայց ափսո՜ս որ մարտ 31-ի ռեաքցիան զսպված կ'երևի և վստահությունը կրկին կը ծնի պուրժուազիական վատ հոգիներու մեջ։ Իցի՜վ թե մարտի վերջերը հոս գտնված ըլլայի, երթ կոտորածի ուրվականը սարսափի մատնած էր Վասպուրականի հայությունը։ Այս կեղտոտ արարածները մինչև որ մահը չհոտոտեն՝ իրենց քսակները չեն բանար։
:    Համենայն դեպս, հոս հասնելուս պես դիմեցի քաղաքի ջոջ աղաներուն, ըսի թե կուսակցությունս որոշած է զիրենք պաշտպանել հավանական կոտորածի մը դեմ և թե ասոր համար զենքի պահանջք կար և թե հարկ էր փող տալ այդ պահանջքին բավարարություն տալու համար։
:    Այս կեղտոտ արարածները չհամարձակեցան բացե ի բաց մերժել մեր պահանջմունքը, բայց դիմեցին մի ճիզվիթական ստոր միջոցի։
:    — Մենք հոժարակամ կը վճարենք զենքի համար պետք եղած դրամը,— պատասխանեցին,— բայց նախ՝ հարկ է որ բոլոր կուսակցությունները միանան և համերաշխ գործեն։
:    — Ի՞նչ կուսակցություններ,–- հարցուցի զարմացած։
:    — Արմենական18, Հնչակյան19 ևլն. պատասխանեցին անամոթաբար, միայն այդ պայմանով կու տանք, եթե ոչ տասը փարա չենք վճարեր։
:    Բայց մենք ձեր աղտոտ էություններու պաշտպանությանը համար է որ զենքի դրամ կը պահանջենք,— գոչեցի։
:    — Նախ իրարու հետ համաձայնեցե՛ք,— պնդեցին։
:    Հենց այդ րոպեին խորհեցա րևոլվերը դուրս շպրտել գրպանես ու '''տա՛նկ''', '''տա՛նկ''', '''տա՛նկ''' տալ անոնց ճակատին ու գետին փռել զիրենք որպեսզի համոզվին իրենց կյանքը զենքով պաշտպանելու հարկավորության մասին, բայց ինքզինքս զսպեցի։
:    Տեսնելով որ ուրիշ ճար չկա. ինձ մոտ հրավիրեցի մյուս կուսակցություններու ներկայացուցիչները և անկեղծորեն ու առանց հետին մտքերու, առաջարկեցի ժողովրդի պաշտպանության համար հարուստներեն զենքի դրամ հավաքելու համար համաձայնիլ։ Նոքա համամտություն հայտնեցին։ Ես այն ատեն իրենց ներկայացուցի հետևյալ անկեղծ ու օրինավոր պայմանները, իբրև հիմք՝ կայացած համաձայնության.
:    Ա. Հանգանակության համար դիմում միասին պիտի ընենք։
:    Բ. Դրամը պիտի պահվի միմիայն մեր կուսակցության քով։
:    Գ. Հարկավոր զենքերը պիտի գնվին մեր միջոցով։
:    Դ. Հավաքված դրամով պիտի զինվին մեր մարտական խումբերը։
:    է. Դրամներու գործածության հաշիվներու քոնթրոլը կը կատարվի և կըվավերացվի մեր կոմիտեի ձեռքով։
:    Վերջապես գործին ամբողջ բեռն ու ծանրությունը մեր կուսակցությունը իր վրա կ'առնե անձնվիրությամբ։ Իսկ իրենց կը տրվի բացարձակ ազատություն մարտական անջատ խումբեր կազմելու՝ իրենց նյութական միջոցներով։
:    Կը կարծեի որ ներկայացուցիչները խանդավառությամբ պիտի ընդունեին այս անկեղծ, անվերապահ և անշահախնդիր պայմանները, բայց, ընդհակառակը, նոքա ինձ մոտ եկած էին հետին մտքերով, նոքա կ'ուզեին ժողովրդի փրկության գործը վիժեցնել և ասոր համար առաջարկեցին անընդունելի, ապսյուրդ և նվաստացուցիչ պայմաններ, որպես.
:    «Հավաքված դրամները հավասարապես բաժնվին կուսակցությանց միջև իրենց թիվին համեմւստությամթ։
:    Ծախսված դրամներու մասին փոխադարձ քոնթրոլ ըլլա։
:    Ինքնապաշտպանության համար ձեոք առնվելիք միջոցները որոշումին համաձայն խորհրդակցության»։
:    Եվ ուրիշ այդ կարգի հիմարական պահանջմունքներ, որոնք անպայման պետք էր մերժել։
:    Այսպես ուրեմն համաձայնության համար մեր անկեղծ ջանքերը ջուրը ինկան հիմար հետին միտքերու պատճառով և մեր ջոջ սպաները մերժեցին փող տալ իրենց կյանքի պահպանությանը համար։
:    Այն ատեն խորհեցա մի այլ միջոց որը կրնար ցնցող տպավորություն հառաջ բերել բովանդակ Վասպուրականի մեջ և եփ հանել դավաճան պուրժուաներու ցամքած արյունը։
:    Մի երեկո դիմեցի 96-ի ջարդերու կազմակերպիչ թուրք խուժանավար Համուտ Աղենց Հասանին և առաջարկեցի որ, եթե կարելի էր մի փոքր, այսպես ասած՝ մի աննշան ջարդ կազմակերպեր, սարսափ տալու համար հայ ջոջերուն։ Դա պիտի լիներ մի պարզ առողջապահական արյունառություն որ իբրև անհերքելի համոզիչ փաստ պիտի ծառայեր զենքի համար դրամ տալու հարկավորության մասին։
:    Համուտ Հասան սկզբունքով չհակառակեցավ այդ խորհուրդին՝ միայն թե դիտել տվավ թե ժամանակը հարմար չէր, թե դա կարելի էր իրագործել մարտ 31-ի օրերուն20 և թե այժմ, ազատարար բանակի հաղթական մուտքեն և Ապտյուլ Համիտի գահընկեցութենեն ետքը, ինք չէր ուզեր մի այդպիսի պատասխանատվություն բերել իր վրա։
:    Այդ հայեցակետը ուներ իր փաստացի կողմերը. ուստի չկրցա շատ պնդել։
:    — Հարմար ատենին ես միշտ պատրաստ եմ գործելու,— եզրակացուց Համուտ Հասան, իրմե բաժնված միջոցիս։
:    Այսպես ուրեմն, զենքերու անունով փող հավաքելու ծրագիրը առ այժմ իրականություն չգտավ։
:    Բայց չպետք է հուսահատիլ, այլ սպասել հոգեբանական րոպեին։
:    Ի բաց առյալ այս ձախող պարագան, Վանի մեջ ներկա իրականությունը մխիթարական է. պայքարող գիտակից ուժեր կան որոնք կարելի է ի դեպ ժամու գործածել։
:    Այս մասին պետք եղածը արդեն կը խորհիմ։
:    Չպետք է որ տղերքը անգործության մեջ թմրեցնեն իրենց պայքարի եռանդը, դա կը լինի աղետավոր մահացում, ինքնագիտակցության փճացում։
:    Առ այժմ նյութական կացությունս բավարարություն կու տա ինձ։
==Բ.==
:        '''ՎԱՆ, 2 հուլիս, 1909'''
:    Սիրելի ընկերնե՛ր,
:    Ձեր հրահանգները ստացա. ինչպես կ'ըսեք՝ մի որոշ հոսանք ստեղծված է մեզ դեմ՝ և հարկ է կռվիլ, որպեսզի նա չստանա ընդհանուր հանգամանք։ Նույնիսկ հոս, Վանի մեջ, ռեաքցիան մեզ դեմ կը ցցվի և կը փորձե պղտորել մտքերը։ Իհարկե ես մեր ձեոքի տակ եղած ամեն միջոցներով պայքար կը մղեմ այդ աղետավոր հոսանքի դեմ։
:    Ի՞նչ է, մասնավորաբար, այդ կեղտոտ պուրժուաներու գանգատը մեզի դեմ.— թե մենք ո՛չ մի օգտակարություն ցույց չենք տվեր Սահմանադրության վերահաստատութենեն ի վեր և թե մեր բոլոր ջանքը եղեր է դրամ պահանջել և ազգային եկամուտներու տիրանալ։
:    Նոքա կարող չեն ըմբռնել այն փրկարար շարժումը որ առաջ բերինք ստեղծելով ներքին պայքարը և կազմելով ժողովրդային երկու որոշ և ընդդիմամարտ բանակներ, իրենց հատուկ հայեցակետներովը, ձգտումներովը,ծրագիրներովը և պահանջներովը և որոնց բախումէն պիտի ծնի հայկական նոր իրականությունը։
:    Այս միտքերը լավ տեղավորելու համար Վանի հայ խավարամիտ գլուխներու մեջ՝ մի հրապարակային ժողով գումարեցի այս օրերս, որ մի կատարյալ հաղթություն եղավ մեզի համար։ ժողովը բանալով նախապես հայտարարեցի թե մենք իբրև ազատ երկրի ազատ քաղաքացիներ և ազատ խոսքի ու ազատ կարծիքի ուխտված պաշտպաններ, բացարձակ ազատություն կուտանք ներկաներուն որ իրենց դիտողություններն ազատորեն ներկայացնեն և եթե ընդդիմախոսներ կան, հաճին խոսք ուզել և բեմ բարձրանալ։ Այս հայտարարությունը, որուն չէին սպասեր մեր հետադիմական պարոնները, բուռն ծափերով ողջունվեցավ։
:    Հետո պարզեցի մեր աշխարհահայացքը, ըսի թե հիմա ա՛լ ժամանակը եկած է որ հեղափոխությունը իր ուժն ու զորությունը դարձնե իր ներքին թշնամիներուն դեմ, հայ բռնավորներու դեմ, հայ համիտներու դեմ, որոնք են ժողովրդի արյունը քամող, ժողովուրդն իրենց ոտքերուն տակ ջախջախող, ժողովուրդը իբրև ստրուկ ծառայեցնող հայ հողատերը, հայ գործարանատերը, հայ կալվածատերը, հայ դրամատերը, հայ վաճառականը, հայ արհեստավորը, հայ, պաշտոնյան, հայ եկեղեցականը, հայ ապականված մտավորականությունը, հայ անգիտակից ուսուցչությունը, հայ ստրկամիտ մասսան։ Ահա հայ հեղափոխությունը պետք է այժմ անոնց դեմ դարձնե իր զենքերը, պետք է անողոք ու կատաղի պայքար մղե այդ ներքին թշնամիներուն դեմ, մինչև որ վերջնականապես ժողովուրդի գարշապարներուն տակ ջախջախվին այդ վատերու և դավաճաններու անարգ գանկերը։ Ամբողջ ժողովասրահը բուռն ծափահարություններով ընդունեց այս խոսքերը։
:    Հետո խոսքս վերջացուցի ըսելով որ մենք իբրև գիտակից գաղափարականներ, կը հարգենք ու կը պաշտենք խոսքի ու կարծիքի ազատությունը, և եթե ժողովասրահին մեջ ընդդիմախոսներ կան կրնան ազատորեն իրենց կարծիքը հայտնել և մենք հետո կրնանք փաստացի կերպով պատասխանել իրենց։
:    Մի անծանոթ պարոն խոսք ուզեց և մի հիմար սոփեստություն մեջտեղ նետեց և ըսավ որ մենք փոխանակ զիրար բզկտելու պետք է որ մեր ուժերը, եթե ունեինք, միացնեինք քուրտ հարստահարիչներու դեմ, որոնք կը շարունակեն կողոպտել հայ գյուղացին և սկսավ մի շարք դեպքեր հիշել նոր-նոր սպանված գյուղացիներու, բռնաբարված հայուհիներու և թալանված գյուղերու, որոնք վերջերս տեղի ունեցած էին Վասպուրականի մեջ։
:    Դա հայտնի '''փրովոքացիա''' էր թե՛ մեր ժողովը խանգարելու և թե՛ մեր հարևան քուրտ եղբայրներու միջև գոյացած համերաշխական կապերը թուլացնելու համար։ Այդ հիմար պարոնը աոաջ տանելով իր '''անտակտ''' խոսքերը և '''փրովոքացիա'''ն գոչեց.
:    — Փոխանակ իրարու մեջ կռվելու՝ գացե՛ք ձեր ուժն ու զորությունը անոնց ցույց տվեք։
:    Անմիջապես բեմ բարձրացա և այդ ստոր աժան փրովոկատորին պատասխանեցի՝ ըսելով որ իր խոսքերը պարզ դավաճանություններ և կեղտոտ մատնություններ էին և թե ինք պարզ գաղտնի ոստիկանի դեր կը կատարեր մատնանիշ ընելով դեպքեր որոնք մեզ զբաղեցնող հարցերու հետ ոևէ առնչություն չունեին և թե իրեն արարքը պատվաբեր քաղաքացիի գործ չէր։
:    Մեր ընկերները սկսան գոչել. «Դո՜ւրս վատերը, դո՜ւրս մատնիչ դավաճանները», և ահա բռունցքի հարվածները սկսան բարձրանալ ու իջնել ժողովրդի հայհոյիչի գլխին։
:    — Տղե՛րք, խփեցե՛ք՝ բայց մի սպանեք,— խրատեցի, զանոնք հանդարտեցնելու համար։
:    Երբ '''փրովոկատոր'''ը խայտառակաբար դուրս հանվեցավ ժողովասրահեն և ժողովրդին արդար զայրույթը խաղաղեցավ, կրկին բեմ բարձրացա և հայտարարեցի որ եթե ընդդիմախոսներ կային՝ ազատորեն ու անկաշկանդ իրենց կարծիքը կրնային հայտնել, որովհետև մենք չենք ուզեր ե ր բ ե ք արգիլել կարծիքի ու գաղափարներու ազատ փոխանակությունը։ Ոչ ոք ձայն բարձրացուց, և ներկաները մեկնեցան տպավորիչ ազդեցության տակ։
:    Ես ներկա հայ իրականության հանդեպ պիտի շարունակեմ այս ուղղությամբ լուսաբանել ժողովուրդը, ինքնագիտակցությունը արթնցնել անոր մեջ և մղել զայն դեպի հեղափոխական մաքուր պայքարը, թեկուզ հարկ ըլլա դիմել ծայրահեղ միջոցներու։
:    Բայց որպեսզի պայքարը տա արդյունավոր բավարարություն, անհրաժեշտ է որ ձեր կողմեն ալ նույն ուղղությամբ գործեք թե՛ մեր օրկան– ներու միջոցով հրապարակային պրոփականտայով և թե մեր ընկերներու ուղղված մասնավոր հրահանգներով։
:    Չպետք է թույլ տալ որ հայ չեզոք կամ ո՛չ հեղափոխական տարրը, օգուտ քաղելով ազատութենեն, փորձե գլուխ բարձրացնել, պետք է խփել և ուժով խփել նորա գլխին, երբ դեռ ժամանակը չէ անցած։ Վաղը կը լինի գուցե շատ ուշ։
:    Վասպուրականի հայությունը, այսինքն մեր շարքերուն մեջ գտնվող տղերքը, որոնք կը կազմեն գիտակից երիտասարդությունը, ունի պայքարող ոգի և հարկ է իր այս տրամադրութենեն օգտվիլ՝ ներկայացնելով անոր գործունեության ասպարեզ կամ, լավ ևս է ըսել, կովանոց։
:    Հոս ունինք արդեն Ազատ սիրո հետևորդներ և Նոր սերնդական երիտասարդություն, որոնք իրենց աշխարհահայացքներով կարող են առաջնորդ ըլլալ նույն իսկ պոլսահայ ինկած մտավորականության։ Իրենց մասին կը խոսիմ ավելի մանրամասնորեն հետագա նամակներով։
:    Ցը...։
==Գ.==
:        '''ՎԱՆ, 2 օգոստոս, 1909'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ձեր վերջին գրությամբ կը պատվիրեք որ աշխատինք ամեն գնով բարձրացնելու մեր '''պրեսթիժ'''ը որ մի կրիտիկական մոմենտ անցնելու վրա է։
:    Դա շա՜տ հեշտ է ասել և պատվիրել, բայց ի՞նչ միջոցով կարելի է բարձրացնել այդ '''պրեսթիժ'''ը, ահա՛ բուն հարցը։
:    Ես այդ մասին ունիմ իմ որոշ հայեցակետը, որը անշուշտ համաձայն կու գա ձեր հայեցակետին։
:    Ներկա հայ իրականության մեջ մեր '''պրեսթիժ'''ը կը պահպանվի ու կը բարձրանա պայքարով ու մի՛ միայն պայքարով։ Մեր կազմակերպությունը ծնվեր է պայքարի հրամայողական պահանջքեն և ապրեր ու զորացեր է պայքարով։ Դա պատմական փաստ և իրողություն է և կարելի չէ ժխտել։ Մեր պրեսթիժը թեքվեցավ այն օրեն՝ ուր խաղաղ գործունեության աղետալի փորձը ընել ուզեցինք։ Կատուն որ չի ճանկեր ու կը փորձե ետևի ոտքերուն վրա կենալ ու ձեոք լիզել, այլ ևս կը դադրի կատու ըլլալե. նա ա՜լ կորցրած է իր '''պրեսթիժ'''ը մուկերու քով։ Պետք է միշտ ճանկել, այդ է մեր պատմական, և կամ այսպես ասած՝ մեր '''ֆիզիոլոգիկական''' դերը հայ իրականության մեջ։
:    Ձեր հրահանգի համեմատ, ներփակ կը ղրկեմ Վանեն թվագրված մի հեռագիր որ բուռն թառերով համակրություն կը հայտնե մեզի ու միևնույն ատեն կը դատապարտե վատերը, դավաճանները, հետադիմականները, շերիաթճիները, վերջապես բոլոր անոնք որ մեզի հետ չեն։ Հեռագիրը ստորագրված է չորս անուններով ի դիմաց 600-ի մոտ գիտակից երիտասարդներու։ Եթե հարմար դատեք՝ կրնաք հեռագրին բառերը մի քիչ փոփոխելով հրատարակել իբրև Կտուցեն, Լիմեն, Ալիվրեն կամ Արճեշեն ուղղված, ի հարկե «ի դիմաց»–ներու թիվը զեղչելով։ Գալով հեռագրի տակ դրվելիք անուններուն, դյուրության համար ձեզի ըսեմ որ այստեղացի հայերու սովորական անուններն են Վարդան, Մակար, Մարկոս, Դավիթ, Աբգար ևլն.։
:    Բայց նորեն կը կրկնեմ, դա մի անբավական palliatif21 է մեր պրեսթիժի բարձրացման համար. պետք է բռնի համակրանք ստեղծել, սարսափ ձգելով միտքերու մեջ։
:    Ժողովուրդը պետք Է մի րոպե դադրի մեզմով զբաղելե. պետք է միշտ լարված դրության մեջ ըլլա, թեկուզ այդ դրությունը մեզ դեմ լինի, հարկ է զայն տրորել, խոնջեցնել, ոգեսպառ ընել մինչև որ տեղի տա և ստիպվի դառնալ մեզ համակիր։ Օրըստօրեական կռիվ, միշտ նո՛ր հուզում, միշտ նո՛ր պայքար, ահա՛ միակ դարմանը մի լավ բան հաջողցնելու համար այս դժբախտ ազգի մեջ։
:    Ես այսպես կ'ըմբռնեմ մեր '''միսիան'''. այդ եղեր է ու պիտի ըլլա իմ ուղղությունը և՛ Ծապլվարի, և՛ Վանի մեջ։
:    Վանեն ուղղված իմ առաջին նամակիս մեջ պատմեցի այն համերաշխ գործունեության փրովոքացիան որ այստեղի մենծ աղայական դասակարգը ուզեց մեջտեղ հանել մութ նպատակներով։ Ըսի թե ինչպե՛ս մեր թռնած անկեղծ ու խոհական ընթացքով այդ փրովոքացիան չկրցավ հաջողիլ։
:    Այժմ նորանոր փորձեր կ'ըլլան, մութ ուժերու կողմե, այդ համերաշխությւսն էնթրիկը դարձյալ խաղալու համար, բայց մեր տղերքը արդեն լուսաբանված են և երկյուղ չկա թե թակարդը իյնան։
:    Կռիվի դաշտը ստեղծելու համար արդեն իսկ միջոցներ ձեռք առած եմ և կը հուսամ որ մոտ ժամանակ են մեր վրա խոսեցնելու առիթ պիտի տանք։
:    Վանի մտավորական գիտակից երիտասարդությունը որ կը ներկայացնե Նոր սերնդական և Ազատ-սերյան խմբակցությունները, արդեն իսկ տաք վերաբերում ցույց կուտան դեպի մեզ։
:    Մի քանի անգամ առիթ ունեցա իմ մոտ հրավիրելու այդ պայքարող ուժերը, զանոնք դնելու համար գործնական հողի վրա։ Իրենց բացատրեցի թե անհրաժեշտ է մի ցնցող իրականությամբ իրենց գոյությունը հաստատել, թե առանց պայքարի կարելի չէր գաղափարի հաղթություն, թե ժամը հասած էր ասպարեզ իջնելու։ Ամենքն ալ համոզվեցան իմ պարզած տեսություններուս և պատրաստակամություն հայտնեցին մի բան ընելու։
:    — Բայց ի՞նչ կարելի է ընել,— հարցուց իրենց վարիչ ուժեր են մեկը։
:    — Ընել մի ոևէ բան,— խրատեցի,— որ տա ցնցող տպավորություն, օրինակ՝ մի գայթակղական արարք, մի scandale, վերջապես մի գործ, որ հուզում առաջ բերե ժողովրդի զանազան տարրերու մեջ։
:    Տղերք ըմբռնեցին թե ի՛նչ ըսել կ'ուզեի և խոստացան այդ ոգիով շարժիլ։
:    Իհարկե անոնք պիտի գործեն մեր հրամանով ու մեր ուղղությամբ, բայց իրենց անհատական պատասխանատվության տակ։ Մենք կը մնանք միշտ հեռու այդ տեսակ գործերե, մանավանդ երբ ատոնք անհաճո արդյունք աոաջ բերեն, նույնիսկ ի հարկին կրնանք դատապարտել գործված արարքը, գործողներու սոսկական հանգամանքը ցույց տալ և ապացուցանել թե մեր հակառակորդներու թելադրանքով կատարված է ամեն բան։ Փաստացի իրողություններ միշտ մեր ձեռքին տակ պատրաստ կան, այդ մասին միամիտ եղեք։
:    Այս առավոտ լուր բերին թե տղերքը արդեն պատրաստեր են մի շատ խելացի ծրագիր, այն է՝ գալ շաբաթ խմբովին երթալ եկեղեցի և հո՛ն կատարել մի քաղաքական ամուսնություն։ Ազատ սիրո ակումբի նախագահը կը կատարե քաղաքապետի դեր, ես անհատական հանգամանքով պիտի գնամ իբրև վկա հարսին, փեսան ևս կ'ունենա իր վկան։ Ամուսնությունը բռնի արձանագրել պիտի տանք եկեղեցու արձանագրության տոմարին մեջ։ հետո մի քանի ժամ ետքը, հարսի պահանջմունքին վրա, այդ քաղաքական ամուսնությունը պիտի լուծենք և հարսը պիտի ամուսնացնենք մի ուրիշ տղամարդու հետ, նույն ձևակերպություններով։
:    Կ'երևակայե՞ք ցնցող տպավորությունը որ աոաջ պիտի գա ամբողջ քաղաքին մեջ։ Նախ՝ քաղաքական ամուսնություն եկեղեցու մեջ, հետո արձանագրություն, հետո ամուսնալուծություն կամ divorce22 և վերջապես կրկնամուսնություն։
:    Տեսնենք ի՜նչ պիտի ընեն մեր կեղտոտ պուրժուաները և շերիաթճիները23՝ Վանի երիտասարդության այս '''էմանսիբացիայի''' ցույցերուն հանդեպ։
Ապահով՝ պիտի դիմեն իրենց աղտոտ զենքերուն, բայց զգո՜ւյշ, մենք ալ թևերնիս ծալլած չենք նստիր...։
==Դ.==
:        '''ՎԱՆ, 4 սեպտեմբեր, 1909'''
:    Սիրելի ընկերներ,
:    Երևի մի ձախող շրջան կը բոլորենք։ Նոր սերնդական ցույցը որու մասին նախորդ նամակովս խոսեցա, չտվավ բավարար արդյունք։
:    Մի քանի օր առաջ, երեքշաբթի, կեսօրեն ետքը, խմբովին գնացինք եկեղեցի, կատարելու համար անդրանիկ քաղաքական հայ ամուսնությունը, որուն պիտի հաջորդեր, մի քանի ժամ հետո, ամուսնաթողություն և կրկնամուսնություն։ հարս և փեսա, իրենց քաղաքացիի տարազով, կը գնային առջևեն, հետո կուգային վկաները և ընկեր բարեկամները։
:    Եղելությունը պահված էր խիստ ծածուկ, որպեսզի մեր հակառակորդները չկարողանային իրենց մութ դավերը սարքել մեզի դեմ, այնպես որ փողոցը գրեթե ո՛չ ոք ուշադրություն դարձուց մեզ։ Բայց երբ հասանք եկեղեցիի աոաջ, տեսանք որ դուռը ամուր գոցված է։ Դիմեցինք ժամկոչին, մի տգետ, հետադիմական արարած։
:    — Ինչո՞ւ եկեղեցիին դուռը փակած եք,— հարցուցի։
:    — Որովհետև ժամերգության ատեն չէ։
:    — Բայց մենք կը պահանջենք մտնել եկեղեցի։
:    — Ի՞նչ պիտի ընեք։
:    — Ամուսնություն պիտի կատարենք։
:    — Այսօր, երեքշաբթի, կարելի չէ ամուսնություն կատարել։
:    — Մենք կը կատարենք քաղաքական ամուսնություն, պարո՛ն,—պատասխանեցի։
:    Ժամկոչը ապուշ-ապուշ երեսս նայեցավ և ըսավ.
:    — Չեմ հասկնար թե ի՞նչ ըսել կ՚ուզեք։
:    — Պետք չկա որ հասկնաս, միայն թե եկեղեցիի դռները բա՛ց շուտով:
:    — Չեմ կարող։
:    Դա խավարամիտ կղերականության non possimus-ն24 էր որ կը ցցվեր հեղափոխական հոսանքի դիմաց։
:    Այսպես այդ դավաճան ու բռնավոր ժամկոչը, իբրև ազգային իշխանության ներկայացուցիչ իր հափշտակած դիրքեն օգտվելով, կ՛ուզեր ապօրեն կերպով փակել եկեղեցիին դռները ժողովրդի առջև, ա՛յն ժողովրդի որ օրինավոր տերն է եկեղեցիին։ Իհարկե մեզ համար հեշտ էր այդ կեղեքիչ բռնավորի գանկը փշրել ժողովրդի գարշապարներուն տակ, բայց մենք ուզեցինք օրենքի ուժով կռվիլ ապօրինության դեմ։
:    — Ուրեմն քո վերջին խոսքդ ա՞յս է, դուռը չպիտի՛ բանաս,— պնդեցինք։
:    — Ես չեմ խառնվիր, տերտերը գտեք, ան գիտե,—պատասխանեց ապօրինության հիդրան և հեռացավ մեր քովեն, այսպես վատաբար՝ մեզ մատնելով անել կացության։
:    — Տղե՛րք,— գոչեցի,— ժողովրդի դեմ սարքված այս անարգ դավաճանության դեմ՝ մենք պայքարինք օրենքի ուժով։ Եվ քանի որ եկեղեցիի դռները ապօրեն կերպով կը փակեն ժողովրդի առջև, թո՛ղ ժողովուրդը պատուհաններ են ներս մտնե օրինավորապես։
:    Ընկերներեն մին անմիջապես սանդուխ մը ճարեց և ահա մեր կտրիճները մագլցեցան վեր. սակայն պատուհանը չէր բացվեր և հարկ եղավ ապակիները կոտրել, նախապես հայտարարելե վերջ թե այդ ջախջախման պատասխանատուներն էին իշխանության գլուխ գտնվող մենծ-աղայականությունն ու կղերականությունը։
:    Բայց այս միջոցին հասած էին արդեն տերտերն ու լուսարարը, ժամկոչին մատնությամբ։
:    — Բա՛ց սա ժամուն դռները;— հրամայեց քահանան լուսարարին, տեսնելով գիտակից ուժերու կորովի ընթացքը։
:    Եվ ահա՛ քիչ հետո ժողովուրդը տեր դարձավ իր իրավունքին ու հարսնևորները գացին շարվեցան խորանին դիմաց։ Նոր սերնդական այս ցույցը սակայն արդեն զարթուցեր էր ընդհանուր հետաքրքրություն և հետզհետե կը հասնեին նորանոր մարդիկ։ Հանկարծ մի աղաղակ բարձրացավ։ Հարսի հայրն էր որ իր երկու զավակներով ու բարեկամներով ներս կը խուժեր և կուգար բռնի մեր ձեռքեն խլելու իր աղջիկը։ Մեր տղերքը պատրաստվեցան կռիվի։ Տեսա որ խնդիրը պիտի առներ տարբեր հանգամանք և գուցե մութ ուժերը հաղթող դուրս պիտի գային, ինչ որ շատ վատ տպավորություն պիտի գործեր։
:    — Պարոննե՛ր,— գոչեցի,— մենք լռենք և թո՛ղ օրենքը խոսի։
:    Հետո, քաղաքավարի կերպով մոտեցա հարսին հորը.
:    — Պարո՜ն,— ասացի,— խնդրեմ ինձ հայտնեցեք թե դուք և ձեզ ընկերացողները ունի՞ք մասնավոր հրավիրագիր։
:    — Ի՞նչ հրավիրագիր,— հարցուց այդ տխմար պուրժուան։
:    — Այս ամուսնության ներկա գտնվելու համար։
:    Իր տված ժխտական պատասխանին վրա՝ ավելցուցի.
:    — Ուրեմն հաճեցե՛ք դուրս ելլել, որովհետև ըստ օրինի, հատուկ հրավեր ստացողները կրնանք միայն ներս ընդունիլ։
:    Բայց, ափսո՜ս, դոքա ո՜ւր, օրենքի հարգանքը ո՜ւր։ Այդ կեղտոտ արարածը իմ այդ անհերքելի առարկությանս պատասխանեց մի շարք փողոցային խոսքերով ու գնաց թոնի աղջկան թևեն բռնեց և իր ընկերներու աջակցությամբ դուրս հանեց եկեղեցիեն, առանց բավարարություն տալու մեր օրինավոր պահանջմունքին։
:    Դա արդեն բռնավոր մենծ աղայականության սովորական հոգեբանությունն է։
:    Կ'ըմբռնեք անշուշտ որ առանց հարսի մի քիչ դժվար պիտի ըլլար քաղաքական ամուսնություն կատարել;
:    Մի նոր սերնդական առաջարկեց անձնվիրաբար որ հարսի դերը ինք կատարե, գաղափարի հաղթանակին համար։
:    — Ո՜չ,— պատասխանեցի,— մենք չպետք է շեղինք օրենքեն և օրինավորութենեն, թո՛ղ նոքա ապօրինություն ապօրինության վրա դիզեն մինչև որ անոնց տակը ի վերջո շնչասպառ ըլլան։
:    Եվ այսպես, ժողովը ցրվեցավ անորոշ արդյունքով։
:    Ինչպես կը տեսնեք ես հիմա որոշած եմ պայքարը մղել օրենքի անունով։ Դա մի նոր տակտիկա է որ կուտա իր արդյունավորությունը մոտիկ ապագայի մեջ.
:    «Մենք օրէնքն ենք և մեզնե դուրս ամեն ինչ ապօրեն է»,— ահա այն '''ֆոռմյուլը''' որ կը ներարկեմ մեր գիտակից շարքերու միտքերուն մեջ։
:    Լավ է որ դուք ալ ձեր աշխարհահայացքը այս շավղի մեջ ուղղեք։ Հանուն օրենքի երբ գործենք, կը մնանք անխոցելի։ Օրենք, օրինավորություն, օրինական, այդ բառերը պետք է լավ գոց ընել տանք մեր շարքերուն։
==Ե.==
:        '''ՎԱՆ, 4 հոկտեմբեր, 1909'''
:    Սիրելի ընկերներ,
:    Երկու շաբաթե ի վեր Վան հասած է ընկեր Սարսափունի, որի հետ այժմ համախորհուրդ կ'աշխատինք ազգային վերածնության գործին։
:    Արդեն իսկ երեք օր աոաջ, եկեղեցիին մեջ, կատարեցինք մեր առաջին դասախոսությունները։ Ընկեր Սարսափունիի դասախոսության նյութն էր «Պոլիսը Գավառին դեմ»։ Նա փաստացի կերպով ցույց տվավ թե Պոլիսի հայերը մի մութ դավաճանություն կը սարքեն գավառացի հայերը իրենց երկրեն դուրս հանելու և Արաբիո անապատներուն մեջ տեղափոխել տալու համար, թե նոքա այս նպատակով բանակցություններ կը կատարեն արդեն Ապտյուլ-Համիտի և Արաբ Իզզեթի և Սեիտ Իտրիսի հետ, թե նախկին պատրիարք Օրմանյան և Գաբրիել Նորատունկյան այս նպատակով դիմում ըրած են ձարին և թե Պոլսո կաշառակեր հայ մամուլը այդ աղտոտ պայքարի համար փող է ստացել
:    Գերմանիո Վիլհելմ կայսրեն և Մարոքի Ապտյուլ-Ազիզ Սուլթանեն։ Նա անհերքելի փաստերով բոլոր այդ դավաճանությունը լույս արևու պես ցույց տվավ իր դասախոսության մեջ և առաջարկեց ներկաներուն որ անմիջապես զինվին և ինքզինքնին պաշտպանէն պոլսահայե– րուն դեմ։
:    — Քնելու ժամանակ չէ, գավառացինե՜ր,— գոչեց ընկեր Սարսափունի,— պետք է ոտքի կանգնել և այդ վատերուն անարգ գլուխները ջախջախել, չպետք է թույլ տալ որ այդ դավաճան պոլսահայերը ձեր օճախները քանդեն, ձեր վզերն ու ոտքերը շղթա անցընեն և՝ իբրև ստրուկ՝ ձեզ տանին ծախեն արաբ պետեվիներու... Անկցի՛ Պոլիսը, կեցցե՛ Գավառը։
:    Այս դասախոսությունը շատ ցնցող տպավորություն գործեց և մի փրկարար հակահոսանք ստեղծեց պոլսահայերու դեմ։
:    Հետո, ես բարձրացա բեմ և սկսա իմ դասախոսության, որի նյութն էր «Մարտ 31-ի Շերիաթճիական շարժումը և հայ մենծ-աղայականության դերը»։ Այս դասախոսությամբ ես պարզեցի սա ճշմարտությունը թե՝ Պոլսո հետադիմական շարժումը կատարված է հայ պուրժուաներու ձեռքով, թե մեր թուրք կամ քուրտ եղբայրները ոչ մի մասնակցություն չեն ունեցած նորա մեջ, թե հայ դավաճան հարուստներն են որ դրամական օգնություն ըրած են Շեյխ Վահտեթիի, որպեսզի նա կարող ըլլա «Վոլքան» թերթը հրատարակել, թե մարտ 31-ին Այա Սոֆիայի հրապարակը հավաքված փաթթոցավորներեն շատերը ծպտված հայեր էին, և թե վերջապես Թուրքիո ազգաբնակությանց մեջ միակ հետադիմական և համիտական տարրը հայերե կը բաղկանա, որոնց գլուխը հարկ է ջախջախել։
:    — Գավառացինե՛ր,— վերջացուցի խոսքս,— քանի՝ մի պոլսեցի հայ գոյություն ունենա աշխարհի երեսը, գավառացի հայը չի կրնար հանգիստ ապրիլ, պետք է կռվել, պետք է պայքարել, պետք է ջախջախել... Բուռն ծափահարությունները ցույց տվին թե Վասպուրականի հայությունը կ'արթըննար իր խոր քունեն և գիտակցաբար կը ճանչնար իր վատ թշնամիները։
:    Դասախոսությունները ավարտելե ետք՝ ընկեր Սարսափունի առաջարկեց որ պայքարը գործնական հողի վրա դնելու համար գիտակից երիտասարդներն մի խումբ կազմվի «Գավառացի մարտախումբ» անունի տակ՝ կռվելու համար պոլսահայերու դեմ։
:    Ներկաներուն մեծ մասը իսկույն արձանագվեցավ և միթինկը ցրվեցավ կատարյալ կարգապահությամբ։
:    Հարկ է ըսել որ Վանի մեջ առաջին հաջողությունն էր որ ձեռք բերինք այս դասախոսություններով։ Բայց ընկեր Սարսափունի և ես խորհեցանք որ կիսկատար գործ մը պիտի ըլլար միմիայն գավառացին պոլսեցիին դեմ հանել, հարկ էր նաև մի ուրիշ փրկարար բաժանում, այն է՝ գիտակից կռվող ուժերը կանգնեցնել տեղացի մութ ուժերուն դեմ։
:    Ասոր համար դասախոսություններու մի նոր շարք հարկ էր սարքել և հիմա այդ բանին կ'աշխատինք։ Հուսալի է որ վերջապես կռիվը կը պայթի մոտ ատենեն վանեցի հայ հետադիմականներու և ազատականներու միջև։
:    Մեր պայքարը պիտի մղենք հավասարապես ընկերական, հասարակական, քաղաքական, տնտեսական, ընտանեկան, կուլտուրական, կրթական և աշխատավորական հողի վրա։
:    Վանի մեջ հայ հետադիմական տարրը որ մի քանի ամիս աոաջ, երբ նոր հասած էի, գրեթե գոյություն չուներ, այժմ սկսած է կազմակերպվիլ։ Դա մի մխիթարական երևույթ է և կարելի է ըսել որ մենք ալ մեր բաժինը ունեցանք այս գործի մեջ։ Հետադիմական տարրը, այսպես ասած՝ իր գոյությունը չէր գիտեր, նա ինքզինքը կը համարեր հայ և միանգամայն ազատասեր սահմանադրական, մենք, առաջին անգամ, ցույց տվինք իր սխալմունքը և զինքը դրինք ուղիդ ճամբու մեջ։
:    Ինչպես ընկեր Սարսափունի շատ ճիշդ կերպով դիտել տվավ ինձ, մարտ 31-ի դեպքերը սա անգնահատելի օգուտը ունեցան որ ծնունդ տվին հայ հետադիմական և շերիաթճիական որոշ տիպին։ Մինչև այդ թվականը, հայտնի է որ այդ որոշ տիպը գոյություն չուներ։ Առաջին անգամ մեր Պոլսո ընկերները ստեղծեցին հետադիմական, հակասահմանադրական հայը, այդ անհրաժեշտ թշնամին որու դեմ պիտի կռվեինք։
:    Դժբախտաբար, որչափ որ իր գոյությունը բռնի ընդունիլ տվինք իրեն, դարձյալ հետադիմական տարրը կը ջանա ինքզինք ուրանալու, նա չունի քաղաքացիական առաքինություն իր հետադիմականի դիրքը պահպանելու։ Ասոր համար, հարկ է պայքարիլ անընդհատ, մինչև որ այդ տարրը ստիպվի ինքզինք հայտնել որոշապես։
:    Առջի օր, ընկեր Սարսափունիի հետ, գնացինք այցելել մի հայտնի ջոջ աղայի, Վարդան Սոսիկյանի։ Դա մեզ հայտնեց ազատական գաղափարներ և նույնիսկ ըսավ թե ինք թունդ սահմանադրական է և պատրաստ է նույնիսկ իր կյանքն ու հարստությունը զոհել նոր րեժիմի պահպանության համար։
:    — Ապտյուլ-Համիտը չե՞ք ուզեր կրկին գահին վրա տեսնել,— հարցուց ընկեր Սարսափունի։
:    — Աստվա՜ծ չընե,— գոչեց Վարդան աղա ձեռքերը երկինք բարձրացնելով։
:    Եվ այդ մարդը՝ երևի՝ անկեղծ էր իր արտահայտությանը մեջ։
:    Պետք է գիտենալ որ Վարդան Սոսիկյան մի բացաոություն չէ. այդ տեսակ anomalie–ներ25 շատ կան Վանի մեջ։ Մարդիկ որոնք մեր գիտակից շարքերեն չեն, բայց և այնպես ազատական ու սահմանադրասեր կը դավանին ինքզինքնին։ Այդ տարօրինակ anomalie–ն շատ կը դժվարացնե մեր պայքարի գործը։
:    — Հարկ է վերջ տալ այս կացության,— վճռեց ընկեր Սարսափունի մեր այցելութենե վերադարձին, պետք է միանգամ ընդմիշտ հետադիմականը ըլլա հետադիմական և մենք՝ ազատական, ուրիշ կերպ կարելի չէ մի լավ բան ընել։
:    — Բայց ինչպե՞ս կարելի է այդ,— հարցուցի իրեն։
:    — Դա շատ պարզ է և այդ պիտի ըլլա իմ հառաջիկա դասախոսությանս նյութը։
:    Եվ սա խորունկ մտածումն հայտնեց.
:    «Գիտակից ազատական ուժերու կազմակերպութենեն ավելի ու անկե առաջ՝ հարկ անհրաժեշտ է կազմել և զորացնել հետադիմական տարրը»։
:    Ընկեր Սարսափունի մի դիալեկտիկական ցնցող ուժ է։ Ափսո՜ս որ երկար չի մնար մեզ մոտ։
==Զ.==
:        '''ՎԱՆ, 18 հոկտեմբեր, 1909'''
:    Սիրելի ընկերնե՛ր,
:    Ինքնին մի անկարևոր դեպք, որը չունի հասարակական-դասակարգային հանգամանք, բավական հուզումի տեղի տվավ և դարձավ սկզբունքային հարց, շնորհիվ մեր ընկեր Սարսափունիի, որ լավ գիտե օգտվիլ ներկայացած ամեն առիթներե՝ մեր կուսակցության որոշ աշխարհահայացքները պարզելու և ժողովուրդը մղելու համար դեպի ինքնագիտակցություն։ Դեպքը պատմեմ մի երկու բառով։
:    Վանի մեջ կա մի մանկապարտեզ ուր կը հաճախեն մեր ընկերներու մի քանիսին զավակները։ Ասոնցմե մին, մի յոթը տարեկան մանչ՝ Կայծակ անուն՝ կը մերժե նստիլ իրեն տարեկից մի ուրիշ մանչու քով, առարկելով թե՝ գժտվել է նորա հետ մի ոևէ հարցի հետևանքով, և թե ինքը կը փափաքի իրեն գաղափարակից մի այլ տղու քով նստիլ։
:    — Ձեր ամենուն տեղը որոշված է և ձեր քմահաճույքին համեմատ կարելի չէ տեղերնիդ փոխել,— կը վճռե մանկապարտիզպանուհին, առանց ականջ կախելու Կայծակի արդարացի պատճառաբանություններուն։
:    Եվ կը ստիպե տղան որ երթա իր նախկին տեղը նստի։ Կայծակ կ'ընդդիմանա։ Այն ատեն մանկապարտիզպանուհին կը փորձե մանչուն թևեն քաշելով՝ տանիլ իր նստարանը։ Կայծակ իր վրա ի գործ դրված այդ բռնի ուժեն ա՛լ ավելի, ըմբոստացած՝ կը հաջողի գրասեղանին վրա դրված մելանի ամանը առնել և զայն նետել դահիճ վարժուհիի քթին բերնին։
:    Եվ ահա՛ ինքնապաշտպանության այս պարզ արարքին համար՝ Կայծակ տնտեսին միջոցով իր տունը կը ղրկվի և միևնույն ատեն լուր կը տրվի ծնողքին որ այլևս իրենց զավակը դպրոց չտանին։
:    Նույն իրիկունն իսկ իրողությունը մեզ պատմեց տղուն հայրը որ մեր գործոն շարքերեն մի լավ ընկեր է։
:    Ընկեր Սարսափունի որ ուշադրությամբ կը հետևեր պատմության՝ ըսավ.
:    — Չպետք է այդ պայքարի մեջեն Կայծակ պարտված դուրս գա... դա կը լինի մի նախատինք անկախ մտածումի և ինքնավար կամքի դեմ։ Պետք է ուժ տալ ըմբոստացումի ոգիին, որուն վրա հիմնված է բո՛ւն հեղափոխությունը։
:    Եվ նա պարզեց իր տեսությունը թե՝ մանուկներու մեջ ըմբոստ ոգիի զորացումը միակ միջոցն է ապագայի համար կռվող ուժեր պատրաստելու։
:    — Իցի՜վ թե նորա ընթացքը ունենար իր հետնորդները մանկապարտեզի մեջ,— եզրակացուց ընկեր Սարսափունի։
:    Եվ որոշեցինք հետևյալ օր միասին երթալ մանկապարտեզ, մեր հետ առնելով նաև տղուն հայրը։
:    Մանկապարտիզպանուհին քաղաքավարի կերպով ընդունեց մեզ և առաջնորդեց մանուկներուն քով, որոնք թղթի կտորներով խաղալիքներ շինելու զբաղած էին։
:    Ընկեր Սարսափունի անմիջապես բարձրացավ վարժուհիի սահմանված բեմը և մի տպավորիչ դասախոսություն ըրավ երախաներուն։ Նա ըսավ թե ըմբոստացումի ոգին մի զորավոր '''ֆակտոր''' է մարդկային հեղափոխության մեջ և երբ այդ ոգին կը հայտնվի բո՛ւն իսկ մանկության հասակին՝ ցույց կու տա թե նա արտաքին ազդեցության արդյունք չէ՛, այլ մի բնազդական դրդում։ Նա վեր առավ ըմբոստացումի և ընդվզումի երևույթները, որ դարերու ընթացքին եղել են միա՛կ ուժը դեպի ազատագրում, դեպի պայքար, դեպի կռիվ և հիշեց փոքրիկն Կայծակի անունը՝ իբրև մի սփոփեցուցիչ երևույթ հայ իրականության մեջ։
:    Երախայքը խորին ուշադրությամբ մտիկ ըրին այս դասախոսությունը և ի նշան համակրության երգեցին՝
:            Ծափիկ-ծափիկ, ծիրանի
:            Կարմիր խնձոր կը նմանի
:    երգը։ Հետո, ես և ընկեր Սարսափունի հրամայողական պահանջք դրինք վարժուհիին վրա, ներում խնդրելու Կայծակեն և զայն կրկին հրավիրելով մանկապարտեզ, բավարարություն տալու իր արդար բողոքներուն։
:    Վարժուհին բացարձակ մերժեց։
:    — Գնա՛նք ուրեմն, բայց գիտցեք որ տարբեր հողի վրա կրկին կը տեսնվինք միասին,— պատասխանեց ընկեր Սարսափունի։
:    Վերադառնալով մեր բնակարանը, անմիջապես պատրաստեցինք մի manifeste, ուղղված առհասարակ բոլոր դպրոցականներուն, որով կը հրավիրեինք զիրենք գալ կիրակի օր եկեղեցի, ուր պիտի կայանար հսկայական միթինկ բողոքելու համար անձնիշխանության, ազատ կամքի և ինքնագիտակից ըմբոստացումի զոհ փոքրիկն Կայծակի դպրոցեն արտաքսվելուն դեմ։ Մի երկրորդ կոչ ուղղեցինք նաև մեր գիտակից շարքերուն՝ անպայման ներկա գտնվելու համար այդ միթինկին, որը կը կայանար մի միայն գաղափարային անկախ հողի վերա։
:    Այստեղ պատահեց մի շատ անհաճո պարագա։ Կոչը բաժնելու համար հանձնեցինք մեր ընկերներեն պ. Սեդրակի և ահա իմացանք որ նա տարեր է հրավերը մեր բոլոր ընկերներուն, ի բաց առյալ պ. Վարդանը որ Այգեստանի կողմը կը բնակի։ Նա եկավ մեզ մոտ բողոքելու համար այդ զանցառության դեմ։ Անմիջապես ձեռնարկեցինք քննության և ստուգեցինք թե իրողությունը ճիշտ էր և թե ընկեր Սեդրակ չէր ուզած կոչը տանիլ ընկեր Վարդանի, որովհետև մի քանի օր առաջ անոր հետ ունեցած էր մի անհատական վեճ։
:    Դա ակնհայտնի և աններելի թերացում էր '''տիսիպլինա'''յի։ Ընկեր Սարսափունի սաստիկ զայրացած՝ իսկույն գումարեց ընկերային ատյան, որպեսզի տան հանցավորին արժանավոր պատիժը։
:    Նա երկար բացատրեց թե՝ որքա՜ն հրամայողական պահանջք է, մեր կուսակցության համար, անպայման հարգանք դեպի '''տիսիպլինա'''ն որ կը կազմե հեղափոխական կազմակերպություններու հիմնակսն ուժը և թե ի՜նչ ծանր ոճիր է մի ընկերի համար անհատական հանգամանք ունեցող մի խնդրի առթիվ, ոտնակոխ ընել '''տիսիպլինան'''։
:    — Անհատականությունը պետք է սրթվի ու ջնջվի հավաքական որոշումի դիմաց, եզրակացուց ընկեր Սարսափունի, առանց անոր կարելի չէ
:    ո՛չ հեղափոխության,
:        ո՛չ կռիվ,
:            ո՛չ պայքար,
:                ո՛չ ազատագրում։
:    Հետևաբար նա առաջարկեց ամենախիստ պատիժ՝ ըմբոստ ընկերի դեմ։
:    Ընկերական ատյանը կը գումարե նոր նիստ և կու տա իր արդար պատիժը մոտ օրեն։
:    Ես կրկին կը դառնամ այս խնդրի շուրջ որ ունի լուրջ կարևորություն մեզի համար։ '''Տիսիպլինան''' մահու և կենաց հարց է մի կուսակցության համար և չպետք է տկար գտնվիլ անսաստողներու հանդեպ։
:    Կը տեղեկացնեմ ձեզ նաև մեծ միթինկի մասին։
:    Մենք համոզված ենք որ չպետք է խեղդել ըմբոստացումի ոգին մատաղ սերունդի մեջ։ Դա կը լինի բացարձակ ոճրագործություն։
==Է.==
:        '''ՎԱՆ, 6 նոյեմբեր, 1910'''
:    Սիրելի ընկերներ,
:    Մեր գործունեությունը Վանի մեջ սկսած է տալ վճռական որոշ արդյունք։
:    Մեր ընկերոջ զավկին՝ փոքրիկ Կայծակի՝ մանկապարտեզեն արտաքսումը և այս առթիվ մեր բողոքի բուռն պայքարը, որուն մանրամասնությունները ավելորդ է գրել, վերջապես աոաջ բերին վարժուհիի հրաժարականը և մանկապարտեզի փակումը։ Դա Վասպուրականի մեջ մեր առաջին շոշափելի հաղթանակն էր մտավորական-կուլտուրական հողի վրա և շատ նպաստեց մեր վտանգված '''պրեսթիժ'''ի բարձրացումին։ Մյուս դպրոցներու ուսուցիչները, որոնք մինչև այսօր ցուրտ վերաբերում ունեին դեպի մեզ, այժմ սկսած են մեզ մոտենալ, զգալով մեր զորությունը։
:    Մենք, կրթական հողի վրա, պայքարն առաջ կը տանինք նույն բուռն եռանդով և, եթե հարկ ըլլա, կը ջանանք փակել բոլոր դպրոցները, մեր հայեցակետի համեմատ առաջ վարելու համար կուլտուրական գործը, ուրկե կախված է մեր ամբողջ ապագա սերունդի պատրաստությունը։
:    Մեր մյուս հաղթանակը կատարվեցավ տնտեսական հողի վրա, իբրև անդրանիկ քայլ դեպի գործավորական ազատագրում։ Ահա՛ իրողությունը։
:    Մի քանի շաբաթ առաջ ես և ընկեր Սարսափունի գնացինք այցելել Մակար Մրկոյանի ջուլհակի գործարանը, որու մեջ կ'աշխատին 18-ի չափ հայ բանվորուհիներ։ Ընկեր Սարսափունի հետաքրքրվեցավ այդ բանվորուհիներու կացությամբը և զանազան հարցումներ ըրավ ընկերվարական հողի վրա։
:    Նոքա օրական 12 ժամ աշխատության փոխարեն կը ստանային միմիայն 2 ղրշ.։ Այս հայտնությունը պարզապես ընդվզեցուցիչ էր։
:    — Չպետք է թողուլ այս բանվորուհիները անխիղճ գործարանատիրոջ ձեոքին տակ, որպեսզի այսպես շահագործե զանոնք,— վճռեց ընկեր Սարսափունի.— գործունեության պատրաստ հող կա այստեղ, պետք է օգուտ քաղել։
:    Եվ անմիջապես այդ բանվորներու գլխավորները հրավիրեցինք մեր մոտ։
:    Հոն ընկեր Սարսափունի մի ընդհանուր տեսություն ըրավ սալարիայի (օրավարձ) մասին, հիշեց քափիթալիզմի ճնշող լուծը պրոլետարիայի վրա և բանվորական մասսաներու իրավունքները։ Նա ըսավ թե նմանօրինակ աշխատություններու համար, օրական ութ ժամի փոխարեն, բանվորուհիներ Ամերիկայի մեջ կը ստանան մեկ տոլար, Անգղիայի մեջ 4 շիլին, իսկ Ֆրանսայի մեջ 5 ֆր., այսինքն՝ իրենց օրավարձքի տասնապատիկեն ավելի։
:    Վերջապես եզրակացուց թե աշխատանքի նվազում և օրականի հավելում պահանջելու համար անհրաժեշտ էր ընդհանուր գործադուլ։
:    Հետո ես խոսեցա նույն իմաստով և շեշտեցի անմիջական գործադուլի պետքը։
:    Բանվորուհիները համոզվեցան երբ մանավանդ վստահեցուցինք զիրենք թե մենք ամեն կերպով պիտի օժանդակեինք իրենց և թույլ չպիտի տայինք որ նոքա ջախջախվեին ամբարտավան և անխիղճ '''քափիթալիզմ'''ի լուծին տակ։ Եվ մեկնեցան մեր քովեն՝ խոստանալով երթալ իրենց ընկերուհիներն ալ համոզել։
:    — Եթե գտնվին՝ որոնք մերժեն ձեզի միանալ՝ սպառնացե՛ք նրանց մեր անունով,— արտոնեց ընկեր Սարսափունի։
:    Հետևյալ օր ջուլհակի գործարանը ոչ մի բանվորուհի ներկայացավ աշխատության ժամուն։
:    Գործարանատեր Մակար Մրկոյան, որ իմացած էր մեր այցելությունը և բանվորուհիներու հետ մեր խորհրդակցությունը, աճապարեց մեր մոտ։ Նա մատնված էր անտանելի նեղ դրության այդ գործադուլի պատճառով։ Ամբողջ մի քանի ամիսներե ի վեր նա՝ երևի մի մեծ ապսպրանքի պատրաստությամբ կը զբաղեր։ Քաղաքի թուրք երևելիներեն միույն զավակի ամուսնության առթիվ հարսանեկան իրեղեններ պատրաստելու վրա էր։
:    — Հիսուն-վաթսուն ոսկիի գործ է,— բացատրեց մեզ, և ես պայմանավորված եմ ո՛չ մի կանխավճար չառնել ամբողջ գործը չհանձնած։ Արդ, ապսպրանքը պետք է հանձնվի հարսնիքեն գոնե մի քանի օր աոաջ, այսինքն առ առավելն տասը օրեն, եթե ո՛չ ես կը զրկվիմ իմ առնելիքես, քանի որ այդպես պայման դրած ենք, և ես ամիսներն ի վեր այդ ապսպրանքը պատրաստելու համար ստիպվեր եմ վաշխով դրամ վերցնել,— որովհետև դրամ չունիմ։ Կաղաչեմ հրաման տվեք բանվորուհիներուն որ իրենց աշխատությունը շարունակեն։
:    — Մենք ձեր նյութական նեղություններով կարիք չունինք զբաղվելու,— պատասխանեցի,— մենք կ՛ուզենք պաշտպանել ընկճված բանվոր դասակարգի իրավունքները և '''քափիթալիզմ'''ի բռնակալության դեմ՝ բարձրացնել միջազգային գործավորական դասակարգի դաշնակցությունը։
:    Կեղտոտ գործարանատերը տեսավ որ հեշտ չէր մեզ խաբել, ուստի ուզեց համաձայնության մը գալ։
:    — Ի՞նչ է ձեր պահանջումը,— հարցուց։
:    — Նախ՝ պետք է ընդունիլ Երեք ութերը,— մեջ մտավ ընկեր Սարսափունի։
:    — Երեք ութե՞րը,— ըսավ Մակար աչքերը բացած։
:    Հարկ եղավ այդ կեղեքիչ բորենիին բացատրություն տալ։
:    — Ութ ժամ աշխատանք, ութ ժամ հանգիստ, ութ ժամ քուն, ահա գործավորի առաջին իրավունքը։
:    — Լա՜վ թող գան և ութ ժամ միայն աշխատին, սա գործը հասցնենք։
:    — Հետո,— շարունակեց ընկեր Սարսափունի, — օրականի հավելում։
:    — Ո՞րչափ։
:    — Առնվազն հինգ ղրուշ։
:    — Բայց անկարելի է այդքան օրական վճարել Վանի մեջ։
:    — Ուրեմն գործադուլը կը շարունակվի անպայման։
:    — Կ'աղաչեմ, զիս պիտի կործանեք, պիտի փճացնեք,— կը բղավեր բանվորուհիներու արյունը ծծող այդ անհագ տզրուկը։
:    — Հարցը քո վերա չէ՝ այլ բանվոր դասակարգի շահերուն վերա,— շեշտեց ընկեր Սարսափունի։
:    Բավական վարանումներե ետքը Մակար Մրկոյան հավանեցավ հինգ ղրուշ օրական տալ։ Նորա միտքը շատ պարզ էր, կ'ուզեր ապսպրանքները անպատճառ օրին ավարտել ու ասոր համար կը հավաներ մեր պայմաններուն, բայց հայտնի էր, որ գործը լմննալե վերջը իր խոստումը չպիտի հարգեր։
:    Մենք իսկույն գուշակեցինք իր հետին միտքը։
:    — Հինգ ղրուշ օրական կը հաշվվի ներկա գործի սկսելեն, և ըստ այնմ կը վճարվի բանվորուհիներուն,— պնդեց ընկեր Սարսափունի։
:    — Բայց այն ատեն ես այդ գործեն ո՛չ թե դրամ չեմ շահիր, այլ բոլորովին կը կործանիմ։
:    — Դա տարբեր հարց է,— վճռեց մեր ընկերը։
:    Վերջապես կարելի չեղավ այդ կեղծ աղվեսը համոզել։
:    — Հինգ ղրուշ օրական կու տամ վաղվընե սկսյալ,— պնդեց։
:    — Ուրեմն գործադուլը կը շարունակվի։
:    Եվ նա հեռացավ հուսահատ տրամադրության տակ։
:    Այսօր գործադուլի յոթներորդ օրն է։ Տեսնենք ինչպե՞ս կը վերջանա ընկերական այս մեծ ցույցը, որը ամբողջ քաղաքին մեջ օրվան խնդիր դարձած է։
==Ը.==
:        '''ՎԱՆ, 30 նոյեմբեր, 1910'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ջուլհակի աշխատանոցի բանվորուհիներու գործադուլը, որու մասին խոսեցա նախորդ նամակիս մեջ, մի շատ տարօրինակ արդյունք տվավ, որը սակայն մխիթարական է մեզի համար և նպաստավոր մեր '''պրեսթիժ'''ի բարձրացումին։
:    Գործարանատեր Մակար Մրկոյան երբ տեսավ որ մենք հաստատ կեցած ենք մեր հայեցակետին վրա և շահագործվող բանվորուհիներու պաշտպանությունը ձեոք առած, առանց իր խաբեբայական զիջումներուն և աղաչանքներուն ականջ կախելու՝ փորձեց ուրիշ բանվորուհիներ գտնել գործը շարունակելու համար։ Այն ատեն հարկ Եղավ պայքարը աոաջ տանիլ տարբեր միջոցներով։
:    Մեր գործոն շարքերը հրահանգ ստացան ամեն գնով արգիլել ջուլհակուրուհի աշխատություններու վերսկսումը և երթալով գործատան մոտերը, թույլ չտվին ո՛չ մի բանվորուհիի որ ներս մտնե։ Մեր այս ուղղակի և գրեթե բռնի ուժով միջամտությունը պրոլետարիայի պաշտպանության համար, առաջ բերավ խանդավառ ոգևորություն մեր ընկերներու մեջ, մինչդեռ հարստահարիչ պուրժուազիան սարսափահար կը նկատեր իր դարավոր բռնակալության դեմ ցցվող այս նոր ուժը։
:    Իսկ գործադուլ ընող բանվորուհիներու դրությունը շատ ողորմելի էր։ Նոքա չունեին ո՛չ նյութական կարողություն և ո՛չ ալ բարոյական կորով՝ դիմադրելու համար առժամյա զրկանքներու և պատրաստակամություն կը հայտնեին երթալ գործի սկսելու, նախկին օրականով, ինչ որ պիտի ըլլար մեր '''պրեսթիժ'''ի համար աղետավոր հարված։
:    Գործադուլի տասներորդ օրը երբ նոքա եկան մեզ մոտ և հայտարարեցին թե՝ իրենք որոշած են հետևյալ օրը գործի սկսելու ընկեր Սարսափունի՝ բուռն բարկությամբ՝ իրենց վատությունը երեսնուն զարկավ։
:    — Բայց անոթի կը մեռնինք այսպես,— կ'ըսեին բանվորուհիները։
:    — Թեկուզ անոթի մեռնիք՝ պետք է դիմադրել,— վճռեց ընկեր Սարսափունի.— մինչև որ այսօր անոթի չմեռնիք՝ չեք կրնար վաղը լավ կշտանալ։ Մենք կ'ուզենք ձեզ ստրուկ բանվորի շղթաներեն փրկել և գործարանատերի վիճակին բարձրացնել և դուք կը համարձակիք դժգոհություն հայտնելու, դա գիտակից բանվորուհիի անարժան արարք է։
:    — Բայց գոնե մեզի դրամական նպաստ մը ըրեք գործադուլի միջոցին,— առարկեց բանվորուհիներու գլխավորը։
:    — Մենք գաղափարային հողի վրա կը գործենք,— դիտել տվի ես,— և մեր օգնությունն ու պաշտպանությունը բարոյական, մտավորական, կուլտուրական, ֆիզիքական է, բայց բնա՛վ երբեք դրամական։
:    Նոքա մեկնեցան լարված դրության մեջ։ Հետո իմացանք որ երկու օր ետքը կը դիմեն աշխատանոց գործի սկսելու տրամադրությամբ և ահա՛ փակ կը գտնեն ջուլհակի գործատան դուռը։ Մի՞թե իր կողմե Մակար Մրկոյան lock out26 հռչակած էր բանվորուհիներու դեմ։ Ո՛չ բնավ։ Այլ պատահեր էր մի ուրիշ խիստ հատկանշական դեպք;
:    Այն թուրք բեկը որ իր զավակի ամուսնության առթիվ ապսպրանքներ էր ըրեր գործարանատիրոջ, տեսնելով թե որոշված պայմանաժամին սա գործերը կարող չէ եղած հանձնել, բողոքեր և հայտարարեր է որ այլևս բնավ չ'ընդունիր ոևէ ապսպրանք և թե կը մերժե ոևէ փող վճարել։
:    Բեկի այս արդարացի որոշումը հասեր է այն վաշխառուի ականջին որ փոխ տված էր Մակարի, հույս դնելով անոր պատրաստած գործին վրա և նա անմիջապես կառավարության միջոցով արգելքի տակ առեր է, իր պահանջքին փոխարեն՝ ջուլհակի աշխատանոցը և հոն գտնվող գործիքները։
:    Այսպես ուրեմն՝ անխիղճ քափիթալիսթը ինքն իր կարգին զոհ է դարձեր մի ուրիշ ա՛լ ավելի անխիղճ քափիթալիսթի ձեռք։
:    Մակարի կացությունը այնչա՜փ վատթարացավ, որ նա այժմ ստիպված է երեք ղրուշ օրականով աշխատիլ մի ուրիշի ջուլհականոցը, իբրև պարզ գործավոր։
:    Ընկերային ու դասակարգային ապագա մեծ կատակլիսմայի27 մի մանրանկարը կարելի է համարել այս երևույթը։
:    Գալով գործադուլ ընող բանվորուհիներուն՝ ափսո՜ս որ նոքա չկրցան բավարարություն ստանալ։ Իրենցմե մի քանիսը հազիվ կարողացան ուրիշ գործարաններու մեջ գործ գտնել օրական մեկ ղրուշով՝ ինչ որ տեղական ապրուստի պայմաններու հետ բաղդատմամբ բավականաչափ միջոց է ապրելու։ Մի քանիսը հեռացան քաղաքեն՝ մոտակա գյուղերու մեջ աշխատանք գտնելու հույսով։ Իսկ մեկ քանին դեռ պարապ կը պտըտին։
:    Այս վերջինները մեզի շատ նեղություն կը պատճառեն։ Գրեթե ամեն օր կու գան մեզ մոտ և իրենց թշվառության պատճառը մեզ կը համարեն.
:    Ի զո՜ւր ես և ընկեր Սարսափունի կը ջանանք Կարլ Մարքսեն, Բակունինեն, Կրապոտկինեն, Հեգելեն, Լասալեն, Բեբելեն փաստացի օրինակներ բերել ապացուցանելու համար թե՝ իրենց թշվառության և անգործության պատճառը պետք է փնտռել ընկերային արդի կազմին մեջ, քափիթալիզմի բռնակալության և տիրող փոքրամասն տարրերու դարավոր կեղեքումին մեջ և թե ներկա դրությունը ջնջելու միակ միջոցն է բոլոր աշխարհի գործավորներու ընդհանուր միությունը բոլոր աշխարհի գործարանատերերուն դեմ։
:    — Հիմակվան մեր վիճակին ճար մը մտածեցե՛ք,— կը կրկնեն այդ կիները ամեն անգամ որ իրենց կը բացատրենք ընկերվարական սկզբունքները, որոնցմե կախված է իրենց փրկությունը։
:    Տեսնելով որ միջոց չկա իրենց ձեռքեն ազատելու, ընկեր Սարսափունի, մի քանի օր աոաջ, երթ կրկին եկան մեր մոտ, հետևյալ վճռական պատասխանը տվավ.
:    — Մենք բացարձակապես ոչինչ կրնանք ընել ձեզ համար, միայն կ'աշխատինք ձեզ մտցնել Միջազգային գործավորական ընկերակցության Գալիֆոռնիո մասնաճյուղին մեջ, ուր մեր ընկերները կը գտնվին՝ իբրև պատվո անդամակցուհի։
:    — Բայց ի՞նչ օգուտ պիտի քաղենք այդ անդամակցութենեն,— հարցուցին բանվորուհիները մի քիչ սիրտ առած։
:    — Հավանորեն, երբ ձեր գործադուլը և ներկա վիճակը պարզենք իրենց,— առաջ տարավ ընկեր Սարսափունի,— Միջազգային գործավորական ընկերակցության Գալիֆոռնիո մասնաճյուղի բյուրոն իր եղբայրական համակրանքը հայտնող մի գրություն կ'ուղղե ձեզ, որ միանգամայն մի մտրակող դատապարտություն կ'ըլլա բոլոր աշխարհի քափիթալիսթներու համար։
:    Նոքա չպատասխանեցին և մեկնեցան դժգոհ տպավորության տակ։
:    Այսպես ուրեմն ջուլհակարանի գործադուլը մեզի համար եղավ մի ահագին հաղթություն գաղափարային հողի վրա։
:    Դա նախաքայլն է տակավին։
==Թ.==
:        '''ՎԱՆ, 20 դեկտեմբեր, 1910'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ափսո՜ս որ հակառակ մեր անձնազոհության, մեր պրոպականդային, մեր հեղափոխական անկեղծ գործունեության՝ տակավին այս ապերախտ ժողովուրդը; չ'ուզեր ճանչնալ իր ճշմարիտ բարեկամները, և մի տեսակ թշնամական վերաբերմունք ցույց կու տա մեզի հանդեպ։
:    Պոլսո մեջ սկսած հակահեղափոխական հոսանքը հոս ալ սկսած է իր ազդեցությունը ունենալ։
:    Մարդիկ՝ որ իբրև փրկիչներ, իբրև գերմարդկային էակներ մեզ կը պաշտեին, որ մեր ամեն խոսքերն ու գործքերը անվերապահ հիացումով կ'ընդունեին, այժմ սկսած են ինքզինքնուն ներել քննադատություններ անելու, մեզի հետ վիճելու, մեզի դեմ ելլելու։
:    — Մի լավ ջարդ նրանց կը զգաստացնի,— կ'ըսեր անցած օր ընկեր Սարսափունի դառնությամբ։
:    Դա, բնական է, մի քիչ չափազանցություն է և վայրկենական տպավորության արդյունք, բայց հարկ է ընդունիլ որ նա իրավո՛ւնք էլ ուներ այդպես ասելու։
:    Քաղաքային ամուսնական, ազատ կենակցության համար մեր բոլոր ջանքերն ու դասախոսությունները, դպրոցական հարցի ու գործադուլի համար մեր բոլոր գործունեությունը փոխանակ բավարար արդյունք տալու, մեզ դեմ գրգռեցին ամբողջ Վանի հայությունը, և այժմ մեզ կ'ամբաստանեն իբրև խառնակիչ, խռովարար, իբրև տնտեսական և բարոյական քայքայում հառաջ բերող մի աղետաբեր տարր, մինչդեռ մեր նպատակն է վերականգնել կործանված հայրենիքը; տալով անոր արդի պահանջքներու համաձայն՝ կազմակերպություն։
:    Մակար Մրկոյանի պարագան որ գործարանատերի վիճակեն վերածվեցավ պարզ բանվորի՝ ցնցող տպավորություն գործեց ամբողջ մյուս ջուլհակի հայ գործարանատերերու վրա, որոնք այժմ կ'ուզեն իրենց բանվորուհիներով օրականը նվազեցնել՝ որպեսզի անոնց աչքը վախցնեն և գործադուլի սպառնալիքներէն ազատին։
:    Մի բանվորուհի որ դիպվածով մեզի հետ խոսակցած էր, հետևյալ օրն իսկ իր գործարանեն վռնտվեցավ այդ '''ոճիրի''' համար։
:    Թվականես մի շաբաթ առաջ ընկեր Սարսափունի դպրոցի սրահին մեջ մի դասախոսություն տվավ «Պրոլետարիատ մասսաներու կոլեկտիվիստական էվոլյուցիա»–ի մասին։ Սրահը լիքն էր մի միայն մեր ընկերներով, բացի անոնցմե, ո՛չ մի վանեցի համարձակած էր ներկա գտնվիլ այս շինարար դասախոսության, իր վրա չհրավիրելու համար հետադիմական տարրերու թշնամությունը։
:    Իհարկե նոր սերունդին մեջ ունինք մեզ համակիր զանգվածներ, մասնավորաբար մանկապարտեզի և նախակրթարանի աշակերտներու մեջ, բայց անոնք ալ այս միջոցին ավելի ձյունագնդակ խաղալով զբաղված են քան թե մեր ընկերվարական թեորիաներով։
:    Եվ ցավալի է որ նույնիսկ դպրոցականներու մեջ մի հակահոսանք սկսած է մեզի դեմ, ուղղակի ծնողքներու ազդեցության տակ։ Անոնք փոխանակ իրենց զավակները ըմբոստացումի մղելու, կը ջանան հնազանդության մեջ պահել, մեռցնելով անոնց քով հեղափոխական ոգին։ Արդեն տարբեր բան կարելի չէ սպասել այդ ստրկամիտ արարածներեն։ Շատ ճիշդ կը խոսի ընկեր Սարսափունի երբ հաճախ կը գրե.
:    — Տաճկահայի քով հեղափոխական տեմպերամենտը (խառնվածք) կը պակսի։
:    Ահա այդ տեմպերամենտը ստեղծելու համար պետք է շարունակական պայքար մղել։ Եվ ասոր համար հարկ անհրաժեշտ է ձեոք առնել հայ իգական սեռը, որ իբրև ճնշված և ստրուկ դասակարգ ավելի տրամադիր է ըմբոստացումի։
:    Ներկա իրականության հանդեպ, իմ և ընկեր Սարսափունիի գործունեության ուղղությունը պիտի ըլլա դեպի այդ ճանապարհով։ Այսինքն՝ զարթեցնել Վասպուրականի հայ կինը իր դարավոր քունեն, մի ցնցող ոգեվորություն հառաջ բերել իր մեջը, զինք իջեցնել կռվի ասպարեզը, անողոք պայքար մղելու տղամարդ (արական) դասակարգին դեմ և իր բռնաբարված իրավունքները ձեոք բերելու համար, թեկուզ արյունի գնով։
:    «Կնոջական էմանսիբացիա».— ահա՛ մեր նշանաբանը վաղվա պայքարին համար։
:    Արդեն իսկ ընկեր Սարսափունի հետևյալ կոչը խմբագրեց, զոր՝ խմորատիպ՝ բաժնեցինք մեր ընկերներու ձեռքով, ամբողջ քաղաքի և շրջակա գյուղերու մեջ.
:    «Վասպուրականի հայուհինե՛ր,
:    Արթնցե՛ք ձեր դարավոր քունեն, վեր կացե՛ք և փշրեցե՛ք ստրկության շղթաներդ որոնց ծանրության տակ կորաքամակ ու շնչասպառ կը լինիք։
:    Վերցուցե՛ք ձեր աչքերը, և դիտեցե՛ք Ամերիկայի Միացյալ Նահանգներու, Անգլիայի ու Ֆրանսիայի ձեր քույրերը։ Տեսե՛ք թե նոքա ինչպես ոտքի են կանգնած և հրամայողական պահանջ կը դնեն իրենց իրավունքները ստանալու համար։ նոքա միայն խոսքով չեն բավականանար, այլ կը դիմեն նաև գործքի, կը դիմեն և բուռն միջոցներու։ Ինչո՞վ դուք պետք է ետ մնաք իրենցմե. միթե դուք ալ գերմանիացի, սպանիացի կամ ավստրիացի կիներուն նման՝ կ'ուզեք ստրկության շղթաները իբրև զա՞րդ գործածել ձեր վիզերուն ու բազուկներուն։ Հայ հեղափոխականը որ դղրդեց ամբողջ Թուրքիան, Ռուսիան ու Պարսկաստանք, հայ հեղափոխուհին,
:    որ անոր կողքին կանգնած հրացանը ուսին՝ կռվեցավ իր պարսիկ և ռուս քույրերու ազատագրությանը համար, միթե այժմ, թևերը ծալլած, թույլ պիտի տա՞ որ իր ամուսիններեն ու եղբայրներեն, հայրերեն ու պապերեն կեղեքվի ու ճնշվի։ Դա կը լինի անջնջելի ամոթ և նախատինք հայ կնոջ համար»։
:    Ու այսպես շարունակելով, ի վերջո, ընկեր Սարսափունի կը ներկայացներ հետևյալ պրոգրամը իբրև Վասպուրականի հայ կնոջ նվազագույն պահանջքները.
:    Ա. Այրերու և կիներու իրավունքի ու պարտքի բացարձակ հավասարություն։
:    Բ. Հայ կինը ընտրելի բոլոր ազգային պաշտոններու համար։
:    Գ. Զավակներու վրա հավասար իրավունք։
:    Դ. Կնոջ բացարձակ իրավունք ամուսնական հարկեն դուրս հարաբերություններ մշակելու, իր սրտի հակումներու համեմատ, պատշաճության սահմանին մեջ։
:    Ե. Ամուսնական ստրուկ պայմանադրությանց ջնջում։
:    Զ. Վասպուրականի հայ կինը հասարակական գործերու մասնակից՝ իբրև կին-դաստիարակ, կին-փաստաթան, կին-թժիշկ, կին-թաղական, կին– հոգաբարձու, կին-խնամակալ, կին-հրապարակագիր, կին-պաշտոնյա և կին– ոստիկան։
:    Է. Եկեղեցական ասպարեզը նմանապես բաց կիներու համար, որով կարելի ըլլա ունենալ կին-վարդապետ, կին-վանահայր, կին-եպիսկոպոս և կին-առաջնորդ։
:    Ընկեր Սարսափունի կ'ուզե ծրագրի մեջ անպայման մտցնել նաև կին– զինվորի պահանջքը, բայց ես խոհեմություն համարեցի առայժմ լուռ անցնիլ այդ մասին։ Չպետք է խրտչեցնել մեր հետադիմականները։
:    Այս կոչին կը հաջորդե մի հսկա միթաինկ եկեղեցու մեջ, ծրագիրը դնելու համար գործնական հողի վրա։
==Ժ.==
:        '''ՎԱՆ, 11 հունվար, 1910'''
:    Սիրելի ընկերներ,
:    Միթինկը Վասպուրականի հայ կիներու '''էմանսիբացիա'''յի (ազատագրության) մասին, զոր իմ նախորդ նամակով ծանուցած էի, կայացավ բայց անորոշ արդյունաբերությամբ։
:    Ծնունդի Խթման գիշերը28, երբ եկեղեցին լիքն էր կիներու և տղամարդոց բազմությամբ, որոնք ջերմեռանդ ուշադրությամբ կը հետևեին երգեցողության՝ հանկարծ՝ խորանի կողքին՝ վեր կանգնեցավ ընկեր Սարսափունի և մի հիանալի թափով գոչեց.
:    — Վասպուրականի հայուհինե՛ր, ազատության ժամը հնչեց ձեզի համար, թոթափեցե՛ք ձեր շղթաները և թո՛ղ...
:    Հազիվ թե այս ցնցող խոսքերը արտասանած էր մեր ընկերը՝ մի աննկարագրելի իրարանցում տեղի ունեցավ եկեղեցիին մեջ։
:    Հետադիմական, '''շերիաթճի''' տարրը հանկարծ գլուխ բարձրացուց, «դո՛ւրս, դո՛ւրս» պոռչտուքներ արձակելով, մինչ դասին ու խորանին վրա գտնվող կղերականությունը, հավատարիմ իր անարգ դերին, կը փորձեր հարձակիլ կնոջական '''էմանսիբացիա'''յի առաքյալին վրա և լռեցնել նորա ճշմարտախոսության շեփորը։
:    Ներկա կիներն անգամ, առանց որոշ գիտակցությունը ունենալու իրենց իրական շահերու մասին, նախատինքներ ու հանդիմանություններ կ'ուղղեին մեր արիասիրտ ընկերոջ։
:    — Տղե՛րք, հասե'ք,— գոչեցի, տեսնելով որ բռնի ուժը կ'ուզեր խեղդել ճշմարտության ու ազատության ձալնը։
:    Բայց մեր անձնվեր շարքեր են ո՛չ ոք երևան կու գար։ Հետո իմացա որ մեր գործոն ընկերներեն շատ եր մի հակակղերական ցույց ընելու համար որոշեր են նույն գիշեր չգալ եկեղեցի։
:    Մի ընկերուհի միայն, որ կիներու մեջ կեցած էր, ձայն բարձրացուց և գոչեց.— Թողե՛ք որ խոսի, ան մեր դատը պիտի պաշտպանե։
:    Բայց կիներու մոլեռանդ ամբոխը նորա ձայնը խեղդեց։
:    — Մենք հոս դատ տեսնելու չեկանք, աղոթք ընելու եկանք,— կ'ոռնային այդ ջատուկները, հարձակելով մեր անպաշտպան ընկերուհու վրա։
:    — Կիներու '''էմանսիբացիան''' մի հարց է, որ ծագում առած .է նախապատմական .շրջաններեն ի վեր, երբ կինը '''կլան'''ների հասարակական ստացվածքը կը համարվեր, և երբ զավակը չէր ճանաչեր իր հայրը, և սերնդական հաջորդություններու ճյուղագրությունը հիմնված էր մորենական արենակցության վրա...— կը շարունակեր դիտել տալ ընկեր Սարսափունի, պնդորեն կառչած՝ խորանին վրա դրված գրակալին, որմե զինքը ազատ ել կ'ուզեին ավագերեցն ու լուսարարը։
:    — Մենք հոս աղոթք ընելու եկանք, ճառ մտիկ ընելու, չեկանք, թող երթա ուրիշ տեղ իր ճառը խոսի, հոս եկեղեցի է՝ լսարան չէ, վա՛ր առեք խորանին վրայեն, դո՛ւրս նետեցեք,— կը պոռար մոլեռանդ ու կույր ամբոխը, հետզհետե գրգռված։
:    Մեր արիասիրտ ընկերը, առանց պաղարյունությունը կորսնցնելու, թողլով գրակալը, որ բավական հաստատուն չէր, պլյված էր խորանին մարմարյա ոտքին ու իր դասախոսությունը կը շարունակեր, հակառակ եկեղեցու մեջ տիրող խառնակության.
:    — Միակնությունը տղամարդուն կողմե հնարված մի պայմանադրական օրենք է որը գոյություն չունի բնության մեջ...— կը շարունակեր՝ ուշ չդնելով ավագերեցի ու լուսարարի ճնշումներուն որոնց միացած էին նաև տիրացուներ և վարդապետը։
:    — Օրինակ՝ Պիրմանիան,— դիտել կու տար ընկեր Սարսափունի փաստացի ապացույցներու դիմելով,— Պիրմանիան ուր ամուսնությունը ո՛չ թե բազմակին՝ այլ բազմայր է, այսինքն՝ կինը իրավունք ունի բազմաթիվ ամուսիններ ունենալու։
:    Եվ այսպես նա կը ջանար, հակառակ մոլեռանդ ամբոխին, Վասպուրականի հայ կնոջ '''էմանսիբացիա'''ն պատրաստել, բայց ահա՛ զինքը ամեն կողմե պաշարեցին ու բիրտ ուժի միջոցով» վար առին խորանեն։
:    Ես մտածեցի միջամտել, մի լավ դաս տալ այդ հետադիմական կույր պարոններուն, բայց ափսո՜ս որ մեր ընկերները, ինչպես ըսի, '''պոյքոթ''' ըրած էին եկեղեցու դեմ և իմ միջամտությունը ո՜չ մի օգուտ չէր կրնԱւր ունենալ և գուցե ավելի գրգռեր խավարամիտ ամբոխին կատաղությունը։
:    Այժմ բազմությունը մեր ընկեր Սարսափունին տարած էր քովի պահարանը, Ա կը լսեի հարվածներու և հայհուչներու ձայնը, և մի աղիողորմ աղաղակ որ դուրս կու գար դասախոսին կոկորդեն։
:    Եվ ես, մի անկյունի խորը նստած՝ կը խորհեի տոքթոր Շթոքմանի վրա, Իպսենի այդ հերոսին, որ ինքն ալ ուզելով զոհվիլ ժողովրդի օգտին՝ փոխանակ վարձատրության՝ նախատինք ու հալածանք կ'ընդունի անորմե։ Կը խորհեի Արիստոտելի վրա, որ իր ճշմարտախոսության և ազատախոսության համար, ոստրեվճռով աքսորի կը դատապարտվեր29 տգետ ամբոխին կողմե։ Կը խորհեի և իմ մասին, որ այնքան հալածանքներու ենթարկվեցա Ծապլվարի մեջ, ուզելով վերակենդանացնել այդ տեղի մեռած բնակչությունը։ Երբ այս մըտածումներես սթափեցա, աղմուկը հանդարտած էր և երգեցողությունը վերսկսած եկեղեցու մեջ։ Այն ատեն խորհեցա որ պետք էր օգնության հասնիլ մեր տարաբախտ ընկերոջ և թույլ չտալ որ նա վատերու ձեռք այդպես ծեծի ու նախատինքի ենթարկվի։
:    Իսկույն դուրս ելա եկեղեցի են և փողոցի անկյունը տեսա ընկեր Սարսափունին, որ, գետին փռված, շնչասպառ կը հևար, հեծկլտանքներ արձակելով։
:    — Այսօր մի գաղափարային փառավոր հաղթանակ տարիր, որու համար ապագան երախտապարտ պիտի մնա քեզ,— ըսի մեր սիրելի ընկերոջ ճակատը համբուրելով։ Նա համեստությամբ պատասխանեց.
:    — Դա ոչինչ, խնդրեմ մի քիչ ջուր։
:    Հետո, զինք մեծ դժվարությամբ և մի անձնվեր ընկերոջ օժանդակությամբ փոխադրեցի տուն, և անմիջապես հանգստացուցի անկողնի մեջ։
:    Պետք է ասել որ թշվառականները չէին խնայած իրենց հարվածները, և մեր ընկերոջ ոսկորները սարսափելի կերպով կը ցավեին։
:    Ամբողջ գիշերը նա անքուն անցուց, մատնված սաստիկ տենդի և ատեն-ատեն զառանցեց։ Նա, նույնիսկ իր զառանցանքի մեջ, կը շարունակեր ընդհատված դասախոսությունը, կը պարզեր Ֆիճիի, Սումադրայի, Նոր Զելանտայի, Նումեայի և Խաղաղական օվկիանոսի, ուրիշ այլևայլ կղզիներու ընկերական վիճակը, բարքերը, սովորությունները, նիստուկացը, իր հայեցակետները հիմնելով միմիայն փաստացի իրողություններուն վրա։
:    Այսօր հինգերորդ օրն է որ նա անկողինը գամված կը մնա, բայց, բարեբախտաբար ցավերը անցած են բոլորովին, և շուտով վեր կանգնի անկողնուց։
:    Ինչպես կը տեսնեք, մեր գործունեությունը մտած է պայքարի բեղմնավոր շրջանին մեջ։
==ԺԱ.==
:        '''ՎԱՆ, 25 հունվար, 1911'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ափսո՜ս որ ձմեռն ու ձյունը գոցած են բոլոր ճամբաները, եթե ոչ, ձեր հրահանգի համեմատ, շուտով կը մեկնեի Կարին ու անկե Կ. Պոլիս, ուր իմ ներկայությունը անհրաժեշտ կը դատեք։ Հուսամ որ մի քանի շաբաթեն կարող կը լինիմ ճանապարհ ընկնելու։
:    Ընկեր Սարսափունի ևս տրամադիր է գնալ դեպի Պարսկաստան։ Նա հոգեկան շատ ընկճված դիրքի մեջ է վերջին անախորժ դեպքեն ի վեր։ Թեև ծեծի հետևանքներեն բոլորովին ապաքինած՝ բայց կորուսեր է իր նախկին անձնավստահությունն ու եռանդը; Երբ Վասպուրականի հայ կնոջ '''էմանսիբացիա'''յի խոսք ըլլա՝ նա, բնազդաբար և ակամա՝ ձեռքը կը տանի քամակին։ Պետք է ասել որ եկեղեցու միջադեպը ունեցավ խիստ վատ հետևանքներ։ Կղերահետադիմական-մութ-շերիաթճի ուժերը շահագործեցին այդ ցույցը իբրև մի հակակրոնական քայլ, մինչդեռ մենք բացարձակապես կը հարգենք ամեն համոզում, և եթե ուզեցինք մեր դասախոսությունը Խթումի գիշերը՝ ժամերգության պահուն եկեղեցու մեջ ընել, երբեք նպատակ չունեինք հավատացյալներու աղոթքը խանգարելու։ Այդ խանգարումը աոաջ եկավ հակառակ մեր կամքին ու անկե անկախ պատճառներով, որովհետև դասախոսութուն և ժամերգություն միևնույն ատեն պատահեցան գիշեր ժամանակ մը, Խթումի օրով։ Այս ճշմարտությունը սակայն շատ դժվար էր, ըստ Ավրամյան գեղեցիկ բացատրության առանց «պուրղուով ծակելու» մտցնել մեր խավարամիտներու գլխուն մեջ։ Եվ ահա՛ ամբողջ քաղաքը սկսավ մեզ դեմ դառնալ, մոռնալով մեր բոլոր անձնվիրություններն ու զոհողությունները։
:    Մյուս կողմե մեր տղերքն ալ մեզ մատնեցին նեղ ու վատ դրության։ Անոնք իմանալով ինչ որ անցած էր եկեղեցու մեջ իրենց բացակայությունը, սաստիկ զայրացած եկան մեր մոտ և պահանջեցին որ, մեր '''պրեսթիժ'''ի պահպանումի համար, ընկեր Սարսափունի իր դասախոսությունը անպատճառ կրկին կատարե նույն պայմաններուն մեջ։ Այսինքն՝ մեր տղերքը պարզապես կը պահանջեին որ գիշեր ժամանակ կրկին Ծննդի Խթման արարողություն կատարվեր, կրկին նույն հասարակությունը գար եկեղեցի և կրկին ընկեր Սարսափունի իր դասախոսությունը շարունակեր ընդհատված կետեն։
:    Այս արդարացի և '''լեգալ''' պահանջմունքը ցույց կու տա մեր ընկերներու հեղափոխական զարգացման և ինքնագիտակցության որոշ աստիճանը։ Ընկեր Սարսափունի հակառակ որ անկողնի մեջ չէր կարող շարժիլ, երբ լսեց մեր շարքերու այդ օրինական հողի վրա ըրած պահանջմունքը՝ հիացումով վեր ցատկեց պառկած տեղեն։
:    Բայց այս հրամայողական պահանջքը որքան լեգալ ու անտեղիտալի՝ նույնքան ալ բացարձակորեն անգործադրելի էր։
:    Մեր տղերքը իհարկե գիտեին ու կը զգային իրենց առաջարկության անկարելիությունը, բայց անոնք այդ ըսելով կ'ուզեին ցույց տալ թե երթ խնդիրը մի ընկերոջ վիրավորյալ արժանապատվության վրա է, մինչև ո՜ւր կրնա հասնիլ իրենց գաղափարային երևակայական հանդգնությունը։
:    Համենայն դեպս հարկ էր մի բան սարքել բռնի ուժի այդ վայրագ ու գազանային արարքի դեմ, վերահաստատելիս համար մեր արդեն վտանգված պրեսթիժը։ Մի ցնցող գործունեությամբ պետք էր ժողովրդի լարված դրությունը մի տարբեր հողի վրա դարձնել և ջնջել տիրող վատ տպավորությունը։
:    Այս մասին երկար խորհրդակցեցանք ընկեր Սարսափունիի հետ։ Եթե լռիկ մնջիկ մեկնեինք Վանեն, ես դեպի Պոլիս և նա դեպի Պարսկաստան, այդ՝ կը լիճեր դասալքություն, փախուստ, պապանձում և մահացու հարվածը կու տար մեր ազդեցության և միաժամանակ բարոյապես կը մահացներ մեր գործոն շարքերու եռանդը։
:    — Նրանց գլխին պետք է բանալ մի փորձանք որու մեջեն սատանան ալ չկարենա դուրս շպրտիլ,— կ'ըսեր ընկեր Սարսափունի հաճախ, մեր խորհրդակցության միջոցին։
:    Արդարև մեզի համար միակ դարմանն էր այդ փորձանքը ստեղծել, պատվով դուրս գալու համար մեր կրիտիքական. կացութենեն։
:    Մեր ընկերներ են Գիժ Մակար, որ մի հնարամիտ ու հանդուգն տղա է, մի երեկո, երբ ինքն ալ ներկա էր խորհրդակցության, հանկարծ մի առաջարկ բերավ սեղանի վրա։
:    — Վանեն վեց ժամ հեռավորությամբ,— ըսավ,— Բճիճ գյուղի մոտերը, մի վանք կա, Սուրբ Վարդանա վանք անունով, ուր ամեն տարի, Վարդանանց տոնին, եկեղեցական հանդես կը կատարվի ու Վանեն և շրջակա գյուղերեն բազմաթիվ ուխտավորներ կ'երթան։ Վանքին մեջ միայն վանահայր մը, երկու վարդապետ և մեկ քանի մշակներ կան։ Մի՞թե կարելի չէ Վարդանանց հանդեսի օրը երթալ այդ վանքը գրավել իբրև մի հակացույց Խթման գիշերի դավադրության։
:    — Դա արդար և մի լուրջ հարց է,— վճռեց ընկեր Սարսափունի,— և համենայն դեպս ցնցող տպավորություն կրնա գործել մեր ընկերներու վրա և ժողովրդի մեջ հառաջ բերել մի ոևէ շարժում։
:    — Գրավել վանքը, վարդապետները դուրս վանել, մատակարարությունը հանձնել մեր ընկերներ են կազմված խնամակալության մը, ուղղակի մեր կուսակցության կոնտոլի տակ, եկեղեցին վերածել լսարանի, վանական խուցերը փոխել աշխատանքի տան, անպետ անոթները վաճառել, վաճառել և՛ գրչագիր մատյանները, և անոնց տեղ հաստատել ժողովրդական գրադարան, բանալ մի ընթերցարան, վարժարան, ժողովրդական ակումբ, մի միջկուսակցական խմբատեղի, հողերու մշակությունը հանձնել մի գյուղատնտեսագետ ընկերոջ, և վերջապես փոխանակ Վարդանանցի՝ տոնել այնտեղ Խանասորի արշավանքին տարեդարձը30, այդ ամենքը մեկ քանի օրվան խնդիր է։
:    Այսպես խոսեցավ մեր ընկեր Գիժ Մակար։
:    Միայն թե կար մի կարևոր հարց։ Եթե մեր արշավանքը կատարեինք Վարդանանց տոնի օրը, երթ շրջակա ժողովուրդը լեցված կ'ըլլար վանքի մեջ, մեր հարձակումը կրնար հանդիպիլ լուրջ ընդդիմության, և այն ատեն վեր ջինն չար քան զառաջինն կարող էր ըլլալ։ Ուստի հարկ էր վանքի գրավման ձեռնարկել՝ երբ տակավին ժողովուրդը չէր եկած հոն։
:    — Բայց մենք պետք է վանքին տիրենք հանուն ժողովրդին,— դիտել տվավ ընկեր Սարսափունի։
:    — Իհարկե այդպես պետք է անենք,— ըսավ Գիժ Մակար,— մենք պիտի գործենք Վասպուրականի հայության անունով։
:    — Ուրեմն ահա՛ թե ի՜նչպես պիտի ըլլա իրողությունը,— եզրակացուց ընկեր Սարսափունի։—Գիտակից ժողովուրդը հուզված՝ կղերա-ռեաքցիական-շերիաթճիական մութ ուժերու սարքած համիտաբարո դավերեն, որոնք երևան եկան Խթման գիշերը Վանի եկեղեցիին մեջ, և ուզելով տիրանալ իր անբռնաբարելի իրավունքին՝ կը գրավե Ա. Վարդանա վանքը, զայն ազատելու համար հոն որջացած գիշատիչ հայ կղերներու ձեռքեն, և իր հոժար կամքով զայն կը հանձնե ժողովրդի զավակներուն, ժողովրդի կոնտ֊րոլին տակ, որպեսզի ժողովրդի շահերուն ծառայե։
:    Այս fomule–ը ընդունվեցավ ամենուս կողմե և Սուրբ Վարդանա վանքին գրավումը վճռվեցավ ընկերային ժողովով։
:    Մանրամասնությունները կ'իմանաք հաջորդ նամակով։ Մեր շարքերուն մեջ ոգևորությունը շատ մեծ է, թեև ամեն ինչ գաղտնի պահված է։
==ԺԲ.==
:        '''ՎԱՆ, 19 փետրվար, 1911'''
:    Սիրելի ընկերներ,
:    Ս. Վարդանա վանքին գրավումը շատ ավելի հեշտ պայմաններու տակ կատարվեցավ, քան ինչ որ մենք կ'ենթադրեինք։ Պետք է խոստովանիլ որ Գիժ Մակարի ռազմական տակտիկան այս մասին ունեցավ որոշ ու վճռական դեր։
:    Երկուշաբթի, փետրվար 14, վաղ առավոտուց մեր տղերքը Այգեստանեն մի քառորդ ժամու հեռավորությամբ պատրաստել էին ձիանքը։ Ես, ընկեր Սարսափունի, Գիժ Մակար, Կայծակ խումբեն՝ ընկեր Շանթ, Փայլակ խումբեն՝ ընկեր Որոտունի, Պայթուցիկ խումբը համարյա թե ամբողջովին, վերջապես 14 հեծյալ կտրիճ երիտասարդներ ընկանք ճանապարհ, հրացաններով, րեվոլվերներով ու դաշույններով զինված, դեպի Բճիճ գյուղը։ Խումբը ուներ մարտական ահաբեկիչ երևույթ և ճանապարհին գեղացիները մեզ կը նայեին հետաքրքիր ու զարմացած աչքերով։ Երթ հասանք ամայի դաշտերը, տղերքը ոգևորված, սկսան հրացան պարպել օդին՝ լեղապատառ փախցնելով ճնճղուկները, մինչդեռ ընկեր Սարսափունի և Գիժ Մակար կ'երգեին մարտական երգեր իրենց թավ ու ցնցող ձայնովը: Տեսարանը սրտապնդող ու տպավորիչ էր։
:    Կեսօրվա մոտ հասանք Բճիճ գյուղը, ուրկե կես ժամ հեռու կը գտնվի Ս. Վարդանա վանքը։ Տղերքը սոված էին և ընկեր Սարսափունի հայտարարեց թե «քաղցած փորով կարելի չէր լավ կռվել»։ Հետո, հարձակումը սկսելե առաջ, հարկ էր իմանալ վանքի դրությունը, ուխտավորներ եկա՞ծ էին թե ո՛չ, քանի՞ մարդ կար վանքին մեջ, զինվա՞ծ էին թե ո՛չ, ի՞նչ, էին վանահոր տրամադրությունները ո՞ր կողմեն կարելի էր հարձակիլ ավելի հաջող պայմաններով, վերջապես մի շարք կռիվի '''տեխնիք'''ական մասին պատկանող հարցեր զորս հարկ էր լուսաբանել։ Գիժ Մակար հանձն առավ մի ընկերոջ հետ երթալ և պետք եղած քննությունները կատարել։ Մենք մնացինք Բճիճ գյուղը, ուր մեզ հյուրընկալեցին գեղացիք, անմիջապես մի ոչխար խորովելով մեզի ի պատիվ։
:    Մեր փոքրիկ բանակը տեղավորվեցավ բացօթյա, թեև ցուրտը բավական սաստիկ էր՝ բայց մեր տղերքը, իբրև ճշմարիտ կռվողներ, վարժված էին պատերազմական դրության խստություններուն. հետո՝ միասին ունեինք առատ գինի, որ կը չեզոքացներ ցուրտի ազդեցությունը։ Գեղացիք, մեր շուրջը հավաքված, հետաքրքիր էին իմանալ մեր արշավախմբի նպատակը, բայց մենք այդ մասին ո՛չ մի բան չէինք հայտներ։
:    — Հետո կ'իմանաք,— կը պատասխաներ ընկեր Սարսափունի,— երբ նոքա իրենց հարցումները կը կրկնեին։
:    Ճաշը անցավ շատ զվարթ. մեր ընկերները հիանալի պաղարյունություն ցույց կու տային և ո՛չ մի հուզում չէր մատներ իրենց ներքին հոգեկան վիճակը։ Տակավին կերակուրի, վրա էինք, երբ երկու ժամեն վերադարձան Գիժ Մակար և ընկերը։ Տեղեկությունները շատ նպաստավոր էին Վանքին մեջ, բացի վանահայրեն, կային միայն երկու ծեր վարդապետներ, որոնց մին արդեն հիվանդ՝ անկողինը պառկած էր. վարդապետներեն զատ, վանքը ուներ երկու մշակ, մի փոքր տղա և մի պառավ կին, որ կը ծառայեր վարդապետներուն։ Իսկ զենք՝ բացի մի հին անգործածելի հրացանե, չկար։
:    Այս տեղեկությունները ա՛լ ավելի ոգևորեցին ու սրտապնդեցին մեր տղերքը, որոնք սկսան երգել ու խմել։ Բացի ոչխարի խորովածեն՝ գեղացիները բերած էին պուլկուր փիլավ, մածուն, պանիր, մեղր և չոր պտուղներ։ Ճաշը շարունակվեցավ դեռ երկար, տղերքը սկսան պարիլ մի ինչ որ մարտական պար, իրենց մերկ դաշույններն օդին մեջ ճոճելով։ Մենք հրացաններու վրա հենած կը դիտեինք ու '''քեյֆ''' կ'անեինք։ Հանկարծ վեր կանգնեցավ ընկեր Սարսափունի.
:    — Բատուայի հեշտությունները չպետք է որ Աննիբալն հետ կեցնեն իր պարտականութենեն,— գոչեց.— տղե՛րք, գնանք պատերազմի ասպարեզը։
:    Այդ մարտագոռ կոչը հառաջ բերավ ցնցող տպավորություն։ Տղերքը վեր թռան, պատրաստեցին ձիանքը և արշավախումբը ընկավ ճանապարհ։
:    Երթ հեռուեն երևցան վանքի պատերը, ընկեր Սարսափունի հարցուց.
:    — Տղե՛րք, հրացանները լի՞քն են։
:    — Այո՛,— ձայն բարձրացավ կտրիճներու խումբեն։
:    Հետո տիրեց մի խոր լռություն. րոպեն վերին աստիճան տպավորիչ էր։ Գիժ Մակար և ընկեր Շանթ իրենց ձիերը քշեցին աոաջ, հրացանները բարձրացուցին և գոչեցին.
:    — Ո՛վ որ հայու արյուն կը կրե՝ թո՛ղ հետևի մեզի։
:    — Կեցցե՛ հեղափոխությունը,— պատասխանեցին տղերքը իրենց ձիերը մտրակելով։
:    Մի րոպե վերջ հասած էինք Ս. Վարդանա վանքի դրան առջև, ուր կեցած էին մի ծերունի վարդապետ, պառավ աղախինը և մի տասնամյա մանուկ, որը հետո իմացանք թե պառավի թոռն էր։ Երկու մշակներն ու վանահայրը չկային մեջտեղ. այդ բացակայությունը իսկույն գրավեց ընկեր Սարսափունիի ուշադրությունը, որ գոչեց.
:    — Տղե՛րք, զգո՜ւյշ, չըլլա որ մի թակարդ սարքած լինեն մեր դեմ, այդ վատ կղերականները կարող են ոտքի տակ առնել պատերազմական ամեն պայման և դավաճանել մարդերու իրավունքի բնական օրենքներու դեմ։
:    Բայց արդեն իսկ Գիժ. Մակար, Շանթ, Որոտունի և մի քանի տղերք վար ցատկած էին իրենց ձիերեն և շղթայի տակ առած ծերունի վարդապետը, պառավ աղախինը և մանուկը։
:    — Ո՞ւր է վանահայրը,— հարց բարձրացուց ընկեր Սարսափունի, խոսքը ուղղելով վարդապետին, որ սարսափած կը դիտեր իր շուրջ տեղի ունեցած անցքերը։
:    — Վերը, Կիրակոս հայր սուրբի քովն է։
:    Կիրակոս անդամալույծ հիվանդ վարդապետն էր, որու մասին լուր բերած էր Գիժ Մակար։
:    — Իսկ մշակնե՞րը, ո՛ւր են...
:    — Ախոռին մեջ անասուններուն խոտ կու տան։
:    — Վանքին մեջ ուրիշ մարդ չի՜ գտնվիր։
:    — Ո՛չ ոք։
:    — Եթե մեզ խաբես, գիտցած եղիր որ մեր ձեռքեն երբեք չես կարող պրծիլ։
:    — Աստված վկա է որ ճշմարիտ կը խոսիմ,— պատասխանեց դողահար վարդապետը։
:    — Տղե՛րք, ներս արշավեցե՛ք,— հրաման տվավ ընկեր Սարսափունի։
:    Կես ժամ ետքը ամբողջ վանքը ինկած էր մեր տիրապետության ներքև։ Հաղթությունը կատարյալ էր և տղերց խանդավառությունը չափ չուներ։
:    Անմիջապես հրատարակեցինք պատերազմական վիճակ և ամենախիստ հարցաքննության ենթարկեցինք գերիները, հասկնալու համար թե ի՛նչ կը գտնվի վանքին մեջ, թե ո՛ւր պահված են թանկագին իրեղենները, թե վանքը քանի՞ արտ և անասուն ունի, թե որքա՞ն պատրաստ դրամ կը գտնվի ևլն.;
:    Գիշերը շուտով վրա հասավ և մենք ամեն զգուշություն ձեռք առնելե ետքը գնացինք հանգչելու, մեր օրվա տուժանքեն հոգնած։
:    Հետևյալ առտու կանուխ ընկեր Սարսափունի, հավաքեց բոլոր տղերքը և այսպես խոսեցավ անոնց.
:    — Գրավելով, հանուն Վասպուրականի հայ աշխատավոր ժողովրդին, Բճիճի Ս. Վարդանա վանքը, մենք կատարեցինք մի ակտ՝ որը ունի երկու որոշ նշանակություն, նախ՝ թե վանքերը պետք է լինին ուղղակի ժողովրդի ստացվածք և ո՛չ թե կղերի '''էքսկլուզի'''ական սեփականություն և երկրորդ՝ թե նոքա պետք է մատակարարվին ուղղակի այդ ժողովրդի '''կոնտրոլ'''ի տակ։ Արդ, մեր ակտը կը մնա անպտուղ, եթե մենք իսկույն չձեռնարկենք վանքի ժողովրդապետական կազմակերպությանը. ուստի, սիրելի ընկերներ, չպետք է որ դուք զենքերը վար դնեք. մինչև որ այդ ամենը ի գլուխ չելլե մեր կուսակցության հսկողության տակ։
:    Բուռն ծափահարություններ ընդունեցին այս կարճ հայտարարությունը։
:    Նույն օրն իսկ վանքի վերակազմության կենսական գործը սկսավ։
:    Թե ի՛նչ է այդ գործը և թե ի՛նչ հրաշալի մետամորֆոս կրեց Ս. Վարդանա վանքը մեր իշխանության տակ, դա ձեզ կը բացատրե իմ հաջորդ թղթակցությունը։ Ձեր նամակները ուղղեցեք իմ նոր հասցեին. «Վան նահանգի Բճիճ գյուղի Ս. Վարդան վանքի աշխարհական վանահայր ընկեր Բ. Փանջունի»։
:    Արշավախմբի բարոյական ու ֆիզիքական վիճակը հիանալի դրության մեջ է և այս գրավումը մի փրկարար '''էֆեկտ''' աոաջ բերավ առ հասարակ բոլոր շարքերու վրա։
==ԺԳ.==
:        '''ՎԱՆ, 6 փետրվար, 1911'''
:        '''(Բճիճ գեղ՝ Քրափոտքինի վանք)'''
:    Սիրելի ընկերներ,
:    Սրտապնդիչ լուրեր ունիմ այս անգամ ձեզ հաղորդելիք։ Հազիվ մի շաբաթ եղավ որ Վասպուրականի հայ ժողովրդի անունով գրավեցինք Ս. Վարդանա վանքը և արդեն իսկ կերպարանափոխությունը կատարյալ է։ Համարյա՛ թե ոչինչ չէ մնացած հին ապականված դրութենեն։ Նախ՝ իբրև բարեկարգության մի էական պահանջք, ջնջեցի վանքի նախնական անիմաստ անունը՝ Սուրբ Վարդան՝ որ մեր ներկա իրականության հետ ո՛չ մեկ կապ ունի, և անվանեցի զայն Քրափոտքինի վանք, իբր մի հարգանքի տուրք դեպի հեղափոխական գաղափարի մեծ ներկայացուցիչը։ Հետո ձեռք զարկի տնտեսական մատակարարության հիմնական փոփոխության, հաստատելով ամենախիստ '''կոնտրոլ'''։ Ըստ նոր կանոնագրության՝ վանքը կ'ունենա մի պատասխանատու ներկայացուցիչ Վասպուրականի հայ ժողովրդի կողմե, հետո մի այլ ընդհանուր ներկայացուցիչ կուսակցության կողմե՝ որ կը կատարե '''կոնտրոլ'''ի պաշտոն առաջնու վրա, հետո կ'ունենա մի պատասխանատու գանձապետ, մի համարակալ, մի գյուղատնտես և մի լիազոր քննիչ Վանա մեր ենթակոմիտեի կողմե։ Գանձապետի վրա '''կոնստոլ''' կը լինի ամեն շաբաթ, հետո ամեն ամիս համարակալը կը ներկայացնե իր հաշիվները Վասպուրականի հայ ժողովրդի պատասխանատու ներկայացուցիչին, որ այդ հաշիվները կ'ենթարկե կուսակցությանս ներկայացուցիչին՝ որ գյուղատնտեսի հետ կը կատարե խիստ '''կոնտրոլ''' և հետո կը հաղորդե ենթակոմիտեի լիազոր քննիչին, որ հաշիվներու ճշդությունը հարակից վավերաթուղթերով ստուգելե ետքը կը վավերացնե զանոնք։ Կը տեսնեք, որ այս դրությամբ ո՛չ իսկ մի ճանճ կրնա փախչիլ աչքե։
:    Նոր կանոնագրությունը պատրաստելե ետքը, մեր տղերքը հրավիրեցինք ընկերական ժողովի, որպեսզի քվեարկությամբ կատարվի վերոհիշյալ պաշտոններու համար պատշաճ անձերու ընտրությունը։ Քվեարկության համար վճռվեցավ կատարյալ ազատություն, առանց ոևէ ճնշումի։
:    Քվեարկության արդյունքեն դուրս եկավ, որ ինձ կը հանձնվեր Վասպուրականի հայ ժողովրդի պատասխանատու ներկայացուցչի պաշտոնը, զիս ընտրեցին նաև գյուղատնտես և Վանա մեր ենթակոմիտեի լիազոր քննիչ։ Իսկ կուսակցության ընդհանուր ներկայացուցչի, գանձապետի և համարակալի պաշտոնները հանձնվեցան ընկեր Սարսափունիի։ Բայց որովհետև նա երկու օր առաջ մեկնեցավ դեպի Պարսկաստան, ինչպես որոշված էր՝ այդ պաշտոններն ալ ես կը կատարեմ։
:    Պաշտոնաբաշխութենե ետքը՝ առաջին հարցը որ ստիպողական լուծում կը պահանջեր, ընկեր Սարսափունիի ճանապարհածախսի խնդիրն էր։ Պետք էր դրամը հայթայթել վանքի գանձարանեն, քանի որ ուրիշ միջոց չկար։ Բայց մենք, ըստ նոր '''կոնտրոլ'''ային կանոնագրության՝ չէինք կարող բացառիկ և չնախատեսված ծախքեր ընել, առանց ընկերական ժողովի որոշման. դա կը լիներ դատապարտելի '''անտակտ''' գործ։ Ուստի հրավիրվեցավ ընկերական ժողով, հարցը դրվեցավ սեղանի վրա, և միաձայնությամբ վճռվեցավ ճանապարհածախսի դրամը վեր առնել վանքի կասսայեն։
:    Բայց ահա՛ մի նոր դժվարություն երևան ելավ։
:    Գանձապետը հայտարարեց որ վանքի կասսային մեջ փող չկար։
:    Մի կարճ վիճաբանութենե ետքը, ժողովը միաձայնությամբ որոշեց լիազոր իշխանություն տալ Վանքի մատակարարության՝ որպեսզի իր տրամադրության տակ եղած ոևէ միջոցով ճարե ճանապարհածախսի համար անհրաժեշտ եղող գումարը։
:    Ժողովեն հետո ես և ընկեր Սարսափունի ունեցանք առանձին խորհրդակցություն այդ մասին։ Վանքն ուներ երկու գոմեշ, երկու կով, մեկ ձի, մեկ ավանակ և քսան ոչխար: Համաձայնեցանք վաճառելու այդ անասունները և գոյացած գումարով բավարարություն տալու ընկերական ժողովի որոշումին։
:    Ընկեր Շանթ, Գիժ Մակար և երկու տղերք հանձն առին անասունները փոխադրել Վան, և փոխադարձ '''կոնտրոլ'''ի և հսկողության տակ վաճառել զանոնք։
:    Վանահայրը, որ թեև պաշտոնե հրաժարեցուցված և մեկուսացված է, և տակավին վանքը կը գտնվի, ուզեց ընդդիմանալ այս վաճառումին, բայց մենք ցույց տվինք իրեն ժողովի օրինավոր որոշումը և արձանագրությունը։
:    Մեր տղերքը մեկնեցան անասուններով միասին և երկու օր ետքը վերադարձան՝ բերելով ընկեր Սարսափունիի համար պետք եղած ճանապարհածախսի դրամը։ Նոքա վաճառումը կատարած էին շատ նպաստավոր պայմաններով։
:    Բայց ահա՛ այդ գործունեությունը մի վլվլոց հառաջ բերավ Վանի հետադիմական շարքերու մեջ։ Երևի մեր բարեպտուղ նախկին վանահայրն ալ՝ հարդի տակե
:    նպաստած է այդ վլվլոցի տարածման։ Այդ շերիաթճիական հոսանքներու պարագլուխները կը դիմեն առաջնորդին և մի շարք ստոր ամբաստանություններ կ'ընեն մեր մասին, ըսելով թե մենք կամայական և ապօրեն կերպով կը վաճառենք վանքի ինչքերը, թե մենք վանքը գրաված ենք մեր շահուն համար, թե ժողովուրդը հակառակ է այդ գրավման, թե մենք իրավունք չունինք վանքի անունը փոփոխելու ևլն, ևլն.։ Երբ այդ շշնկոցներու լուրն հասավ մեր ականջին, բարեբախտաբար ընկեր Սարսափունի ընկած էր ճանապարհ, եթե ոչ՝ կարող էր նա դառնալ Վան և տեղն ու տեղը մի լավ դաս տալ այդ ստոր արարածներուն։
:    Բայց եթե նա մեկնած էր, ես կը մնայի հոն և չէի կրնար անտարբեր և լուռ մնալ այդ հետին մտքերով եղած զրպարտություններուն հանդեպ։
:    Անմիջապես մի ընդարձակ պաշտոնական գրություն ուղղեցի առաջնորդին, որու մեջ փաստացի կերպով ցույց տվի թե անասուններու վաճառումի հարցը ուղղակի հետևանքն էր ընկերական ժողովի տված օրինավոր որոշման, որ արձանագրված է ատենագրության մեջ և վավերացված ատենապետ և ատենադպրի ստորագրություններով, թե վանքային մատակարարությունը չէր կարող չհարգել ժողովի տված որոշումը, թե անասուններու վաճառումը կատարված էր կոնտրոլի դրությամբ և արդյունքը մանրամասն արձանագրված մեր արխիվներու մեջ, ենթարկված կոնտրոլի և վավերացված, թե այդ վաճառման գործողության ամբողջ մանրամասնություններն ու հաշիվները կոնտրոլային խիստ քննություններե անցնելե և Վասպուրականի հայ ժողովրդի ներկայացուցիչին, կուսակցության ընդհանուր ներկայացուցչին, պատասխանատու գանձապետին, համարակարն, գյուղատնտեսին և Վանա ենթակոմիտեի լիազոր քննիչին կողմե վավերացվելե և ստորագրվելե ետքը՝ ղրկված է հարավային բյուրոյին, որպեսզի պահվի այդ տեղի արխիվներուն մեջ։ Հետևաբար, առաջնորդը եթե կը կամենա ճշմարտությունը իմանալ, փոխանակ ստոր զրպարտություններու կարևորություն տալու, կարող է ուղղակի դիմել հարավային բյուրոյին և խնդրել պետք եղած բացատրությունները։
:    Իմ այս փաստացի գրությունը հառաջ բերավ ապահովիչ տպավորություն մեր ընկերներու մեջ։
:    Այժմ ձեոք առինք վանքի իրեղեններու հարցը։ Սկզբունքով մենք արդեն որոշեր ենք թանկագին առարկաները, հին գրչագիր աղոթամատյանները, արծաթեղեն անոթ, սկիհ, խաչ, աշտանակ, կանթեղ ևն., ինչպես նաև շուրջառ, եմիփորոն, խույր, վարագույր, գորգ ևն. որոնք մի ինչ որ նյութական արժեք կը ներկայացնեն, փոխադրել մի ապահով տեղ, օրինակ մեր Վանա Կեդրոնատեղին։
:    Կոնտրոլի դրությունը ապահով եմ որ կու տա հրաշալի արդյունք կարճ ժամանակի մեջ։ Արդեն սկսած ենք քաղել անոր պտուղները։
==ԺԴ.==
:        '''ՎԱՆ, 3 մարտ, 1911'''
:        '''(Բճիճ գեղ՝ Քրափոտքինի վանք)'''
:    Սիրելի ընկերներ,
:    Եվ եթե կան տակավին կամավոր կույրեր, անզիղջ թերահավատներ, թո՛ղ գան տեսնեն, '''տոկումենտ'''ներու փաստացի ապացույցներով, թե ի՛նչ կարող է անել մի կազմակերպություն, եթե ձեռք զարնե վանքերու բարեկարգության՝ փոխադարձ կոնտրոլի խիստ հիմունքի դրությամբ։
:    Հազիվ մի ամիս է որ տիրել ենք Վանա Քրափոտքինի վանքին, և արդեն նա կերպարանափոխ եղեր է։
:    Ի հարկե այդ ամենը առանց դժվարության չեղավ ու մենք ստիպվեցանք կատաղի պայքար մղել անընդհատ մութ ուժերու զրպարտություններուն դեմ, բայց, ի վերջո, ճշմարտությունը երևցավ և մենք տարինք հաղթանակը։
:    Բայց, մեր սկզբունքին համեմատ, խոսինք շոշափելի իրողություններու վրա և ո՛չ թե երևակայական պոռոտաբանություններ ընենք։
:    Վանքի դվարներուն31 վաճառումեն ետքը, որու մասին արդեն մանրամասն գրեցի, հարկ եղավ վանքը մաքրագործել հոն որջացած ցեցերեն։ Գա հեշտ գործ չէր, բայց մեր տղերքը հաջողեցան։
:    Վանքի Օրենսդիր ժողովը, որուն նախագահ-ատենապետ-քարտուղար-անդամն եմ ես, մի կարճ խորհրդակցութենե վերջ, վճռեց դուրս արտաքսել երեք վարդապետները, երկու մշակները, պառավ կինը և իր թոռը, որք երկար տարիներե ի վեր հոն հաստատված, անհաշիվ ու '''անկոնտրոլ''', վանքը կը շահագործեին։ Վճիռը, ըստ ներքին Կանոնագրի, հաղորդվեցավ գործադիր մարմինին որուն պետն է Գիժ Մակար, որ իսկույն տղերքը գլուխը հավաքած գործադրեց Օրենսդիր ժողովի որոշումը, և այդ պորտաբույծ անձերը տարավ վեց ժամ հեռու գտնվող Փգրիճ գյուղի Ս. Սահակ վանքը, և ընդունել տվավ զանոնք տեղվույն վանահորը։
:    Այժմ այդ կեղտոտ արարածները Վանա առաջնորդին և Պոլսո թերթերուն գրեր են որ իբր թե մենք զիրենք բռնի և ապօրեն կերպով դուրս հաներ ենք վանքեն, ինչ որ մի ստոր զրպարտություն է և պետք է ձեր կողմեն բացարձակ կերպով հերքվի։ Արտաքսումի որոշումը կայացավ օրինավոր ժողովի վճռով և գործադրվեցավ օրինավոր պայմաններու տակ։ Ժողովի ատենագրությունն ու վճիռը արձանագրված են տոմարներու մեջ և վավերացված նախագահի, ատենապետի և քարտուղարի կողմե. նույն իսկ պատճենը հաղորդած ենք Հյուսիս-Արևմտյան բյուրոյին, որպեսզի խնամով պահվի '''արխիվ'''ներուն մեջ։ Ինչպես կը տեսնեք, ո՛չ մի կամայական արարք, ո՛չ մի '''կոնտրոլ'''ային թերություն կա կատարված գործողության մեջ։ Նոքա որ բռնի ուժի և ապօրինության խոսք կ'ընեն, թո՛ղ փաստացի ապացույց մեջտեղ բերեն։ Մենք պատրաստ ենք տրամադրելու մեր արձանագրությունները։
:    Մաքրագործումի այդ առաջին քայլեն ետքը, սկսանք լուրջ գործունեության։
:    Վանքի մեջ կայացավ ընդհանուր ժողով և սա երկու հարցերը դրինք սեղանի վրա։
:    Ա. Ի՞նչ պետք էր անել վանքի մեջ գտնված արժեքավոր նյութեղենները, զանոնք լավագույն կերպով պահպանելու կամ գործածելու համար։
:    Բ. Ի՞նչ պետք էր անել մշակական գործիքները, խոփ, արոր, մանգաղ, բահ, բրիչ ևն. որոնք մշակներու արտաքսումովը կը դառնային անպետքացու առարկաներ։
:    Առաջին հարցի մասին ժողովը վճռեց վաճառել բոլոր աղոթամատյանները, եկեղեցական անոթները, վարդապետական զգեստները, խաչ, գավազան, սկիհ ևն., և գոյացած գումարը հատկացնել Վսապուրականի կուլտուրական գործին, ֆոնտ կարոտ ընկերներու համար, ֆոնտ պրոփականտի համար, ֆոնտ աժանագին տետրակներու հրատարակման համար, ֆոնտ ընթերցարան-թեյարաններու հիմնարկության համար, ֆոնտ հրապարակախոսական ակումբներու հաստատության համար ևն ևն.։
:    Երկրորդ հարցի մասին՝ երկար վիճաբանություններե ետքը՝ ժողովը հասավ նույն եզրակացության, այսինքն թե մշակական գործիքները հարկ էր վաճառել, քանի որ նոքա ո՛չ մի օգտակարություն ունեին այլևս։
:    Ես առաջարկեցի որ այդ վաճառումները կատարվին '''կոնտրոլ'''ային խիստ հսկողության տակ, և մեր ընկերները միաձայն հավանություն տվին։
:    Անմիջապես ձեռնարկեցինք գործի։ Պատրաստեցինք մանրամասն ցուցակ վանքի բոլոր իրեղեններուն, մի առ մի նշանակելով առարկաներու տեսակը, լայնությունն ու երկայնությունը, իր արդի վիճակը, քանակությունը, կշիռքը ևն.։ Ցուցակը ենթարկվեցավ խիստ '''կոնտրոլ'''ի և վավերացվեցավ ժողովի կողմե, և մի-մի օրինակ ղրկվեցավ Հարավային և Հյուսիսային բյուրոներուն, իսկ նյութեղենները ղրկվեցան Կարին, մեր հսկողության և '''կոնտրոլ'''ի տակ վաճառվելու համար։ Ցուցակի օրինակը, եթե հարկ ըլլա, կը ղրկվհ նաև ձեզ։ Կարելի է ասել՝ վանքապատկան իրեղեններու մասին՝ երբեք այսպիսի կոնտրոլային խիստ դրությամբ վաճառում չէր կատարված։ Դա մեր ներմուծած '''սիստեմ'''ն է, որ արդեն աչքի փուշ եղած է մյուս վանքերու '''անկոնտրոլ''' վանահայրերուն։
:    Այսպես ուրեմն, ներկա֊յիս՝ Վանա Քրափոթքինի վանքը, բոլոր թրքահայ վանքերուն մեջ, կը ներկայացնե մի եզական տիպար երևույթ։ Նա չունի այլևս հնադարյան վանքերու փտած ապականությունը, հոն գոյություն չունին պորտաբույծ, ծույլ վանականներ ու մշակներ, ժողովրդի ու գյուղացու կռնակեն կշտացող անօգուտ բերաններ։ Չկան և եկեղեցական զարդարուն զգեստներ, աղոթամատյան, ջահ ու կանթեղ, քշոց ու վարագույր, դվար ու գրաստ, խոփ և արոր, բայց ի փոխարեն կան՝ զինվորական կարգապահություն, ամենախիստ '''կոնտրոլ''', վարչական, մատակարարական գործադիր մարմիններ, իշխանության և աշխատության բաժանում ու անպայման հսկողություն։
:    Չմոռնամ ասելու որ այդ վաճառումներեն մենք օգտվեցանք միմիայն օրինավորության սահմանի մեջ, վեր առնելով գոյացած գումարեն, ինչ որ անհրաժեշտ հարկավոր էր իմ և ընկերներուս օրըստօրեական պետքերուն և մի պահեստի ֆոնտ, անակնկալ պատահմունքներու համար, մնացած գումարը կը գործածվի իր նպատակին։
:    Աոաջ տանելով վանքի բարեկարգության գործը, հարց բարձրացավ մեր ընկերներու մեջ թե ի՞նչ պետք էր անել վանքի կից պարտեզին մեջ գտնված մի հարյուրի չափ ծաոերը, անպտուղ և պտղատու, կաղնի, տոսախ, ընկուզենի, թթենի, խնձորենի, սալորենի ևն.։
:    Մեր ընկերներեն մի մասը կ'առաջարկեր այդ ծաոերը պահել ինչպես որ են, իսկ մեծամասնությունը կ'ուզեր զանոնք կտրել ու փայտը վաճառել և պարտեզը վերածել մի մարզարանի ուր տղերքը կարենային մարմնամարզական վարժություններ ընել։
:    Հարցը բավական կարևոր ու միանգամայն կնճռոտ էր և կարելի չէր թեթևորեն որոշում տալ, մանավանդ դա կը լիներ կամայական մի բան և բոլորովին հակառակ մեր նոր հաստատած կանոններուն և կարգապահության. ուստի որոշեցի հրավիրել ընդհ. ժողով, խնդիրը ենթարկել լուրջ վիճաբանության և հասուն խորհրդակցութենե ետքը դիմել ձայներու մեծամասնություն։
:    Մինչև որ այդ առկախ հարցերը վերջնական կերպով չկարգադրվին, կարելի չէ հիմնական գործերու ձեռնարկել, իսկ ես պետք է աճապարեմ, քանի որ ապրիլի վերջերը կա գամ Պոլիս՝ ձեր հրահանգներուն համեմատ։
:    Առ այժմ ցը՜։
:    (ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՏՈԻՆԻ Ի ՎԱՍՊՈԻՐԱԿԱՆ»–Ի)
Վստահելի
1396
edits