Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

7 bytes removed, 19:01, 21 Հուլիսի 2013
/* Գլուխ առաջին */
Իմ հայրը Նոտտինգհեմփշայրում ուներ մի փոքրիկ կալվածք․ ես նրա հինգ զավակներից երրորդն էի։ Տասնչորս տարեկան հասակիս նա ինձ ուղարկեց Քեմբրիջի Էմանուել կոլեջը, ուր ես մնացի երեք տարի, ջանասիրությամբ անձնատուր լինելով իմ ուսմանը։ Սակայն իմ ապրուստի ծախքը (թեև իմ ստացած միջոցները շատ սուղ էին) հորս աննշան կարողության սահմաններից վեր էր, ուստի ինձ աշակերտ տվին միստր Ջեմս Բետսին, Լոնդոնի այդ ականավոր վիրաբույժին, որի մոտ ես ապրեցի չորս տարի։ Հորս ժամանակ առ ժամանակ ուղարկած փոքրիկ գումարները ես ծախսում էի նավարկության և մաթեմատիկայի այլ ճյուղերի ուսումնասիրության վրա, որ անհրաժեշտ է նրան, ով մտադիր է ճանապարհորդություն կատարելու, քանի որ ես միշտ հավատում էի, որ վաղ թե ուշ այդ բախտին կարժանանամ։ Հրաժեշտ տալով միստր Բետսին, ես եկա հորս մոտ, ուր նրանից, Ջոն հորեղբորիցս և մի քանի ազգականներիցս ստացա քառասուն ֆունտ ստեռլինգ և տարեկան երեսուն ֆունտ ստեռլինգի խոստում՝ հոգալու համար իմ ապրուստիս ծախքը Լեյդենում։ Այդտեղ ես երկու տարի և յոթ ամիս ուսումնասիրեցի բժշկությունը, համոզված լինելով, որ այդ կարող է պետք գալ հեռավոր ճանապարհորդությունների ժամանակ։
Շուտով, Լեյդենից վերադառնալուց հետո, իմ բարի ուսուցիչ միստր Բետսի հանձնարարականով, իբրև վիրաբույժ ծառայության մտա «Ծիծեռնակ» նավը, որի կապիտանն էր Աբրահամ Պեննելը․ նրա հետ ես ապրեցի երեք ու կես տարի, մի երկու անգամ ճանապարհորդելով դեպի Լեվանտ և այլ երկրներ։ Վերադառնալով Անգլիա, որոշեցի հաստատվել Լոնդոնում, որ և քաջալերեց իմ ուսուցիչ միստր Բետսը՝ հանձնարարելով ինձ մի քանի հիվանդ։ Օլդ֊Ջյուրիում մի փոքրիկ տան մեջ բնակարան վարձեցի և, ունկնդրելով հարազատների բարի խորհուրդներին՝ ամուրի չմնալ, ես ամուսնացա միսիս Մերի Բըրտոնի հետ հետ, որը Նյուգետ փողոցի գուլպավաճառ միստր Էդմոնդ Բըրտոնի երկրորդ աղջիկն էր և որի համար չորս հարյուր ֆունտ ստեռլինգ օժիտ ստացա։
Սակայն երկու տարի անց իմ բարի ուսուցիչ միստր Բետսը վախճանվեց, և քիչ բարեկամներ ունենալով, գործերս վատ գնացին, որովհետև խիղճս թույլ չէր տալիս օրինակ առնեմ իմ արհեստակիցներից շատերի վատ արարքներից։ Ուստի խորհրդակցելով իմ կնոջ և մի քանի ծանոթների հետ՝ որոշեցի կրկին ծովային ուղևորությունների դիմել։ Ես հաջորդաբար երկու նավերի վիրաբույժ դառա ու վեց տարվա ընթացքում մի քանի ճանապարհորդություն կատարեցի դեպի Արևելյան ու Արևմտյան Հնդկաստան, որով մի փոքր բարելավեցի իմ վիճակը։ Ազատ ժամերս նվիրում էի անցյալ ու ժամանակակից լավագույն հեղինակների ընթերցանությանը, միշտ ունենալով գրքերի պաշար․ իսկ ծովի ափերին ես դիտում էի ժողովուրդների բարքերն ու սովորությունները և շատ հեշտությամբ սովորում նրանց լեզուն, և այդ՝ շնորհիվ իմ հիշողության։
Ադմին, Վստահելի
1876
edits