Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 147 բայտ, 09:48, 23 Հուլիսի 2013
/* Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի Սիմփսոնին */
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ եի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբանները՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը <ref>Լոնդոնի նշանավոր հրապարակը,ուր տեղի էին ունենում հրապարակային պատիժները։</ref> կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտուցյամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։ Ես նաև գտնում եմ, որ այդ անպետքության հորինողները նույնիսկ իրար հետ համաձայնության չեն եկել, նրանցից ոմանք չեն ցանկանում ճանաչել ինձ իմ Ճանապարհորդությունների հեղինակ, իսկ ոմանք ինձ են վերագրում այնպիսի հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն ինձ հետ։
Ապա ես ուշադրություն եմ հրավիրում ձեր գրաշարի ծայր աստիճան անփութուցյան վրա․ նա ժամանակագրության, իմ ճանապարհորդությունների և վերադարձների և ժամկետների նշանակումների մեջ ահագին շփոթ է մտցրել և ոչ մի տեղ ճշգրիտ չի նշել ոչ տարին, ոչ ամիսը և ոչ ամսաթիվը։ Ես լսել եմ, որ գրքի տպագրությունից հետո բնագիրն իսպառ ոչնչացված է, իսկ ինձ մոտ պատճեն չի մնացել։ Այնուամենայնիվ ուղարկում եմ ձեզ մի քանի ուղղումներ, որ դուք կարող եք մտցնել գրքի մեջ, եթե երբևիցե լույս տեսնի նրա երկրորդ տպագրությունը։ Ես չեմ պնդում այդ ուղղումների վրա, այլ թողնում եմ բանիմաց և անաչառ ընթերցողների վճռին՝ կարգադրելու այնպես, ինչպես նրանք կամենում են։
Ադմին, Վստահելի
1876
edits