Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 620 բայտ, 16:19, 23 Հուլիսի 2013
/* Գլուխ երկրորդ */
Այդ գործը վերջացնելուց հետո ես դուրս եկա փողոց՝ մաքուր օդ ծծելու։ Կայսրն արդեն իջել էր աշտարակից և ձիու վրա մոտենում էր ինձ․ այդ խիզախությունը քիչ մնաց նրան թանկ նստեր։ Թեև ձին շատ մարզված էր, սակայն մի այդպիսի անսովոր երևույթի առաջ, որ նման էր շարժվող լեռան, ձին ետին ոտների վրա ծառս եղավ։ Իսկ կայսրը, որը սքանչելի ձի նստող էր, թամբից չընկավ, մինչև որ նրա ուղեկիցները հասան, բռնեցին սանձը և օգնեցին իրենց տիրոջը ցած իջնել։ Երբ նա ձիուց իջավ, զարմանքով նայեց ինձ ոտից մինչև գլուխ, շղթայից բավականին հեռու կանգնած։ Նա հրամայեց իր խոհարարներին ու մառանապետներին, որոնք արդեն պատրաստ կանգնած էին, որ ինձ կերակուր և խմիչք տան․ և նրանք կերակուրն ու խմիչքը հատուկ սայլերի վրա առաջ մղեցին դեպի ինձ այն հեռավորության, որ ձեռքս հասնի։ Ես վերցրի այդ սայլերն ու անմիջապես պարպեցի․ նրանից քսանը լիքն էին մսեղենով, իսկ տասը՝ խմելիքներով, առաջինները ես կուլ էի տալիս երկու թե երեք պատառով, իսկ խմելիքներից առնում էի տասը աման, լցնում էի մեկի մեջ ու միանգամից կոնծում, և այդպես մինչև վերջ։ Բազկաթոռների վրա, որոշ հեռավորության, նստել էին թագուհին, երիտասարդ արքայազուններն ու դշխուհիները պալատական տիկինների հետ միասին․ կայսեր ձիուն պատահած արկածից հետո նրանք վեր կացան ու շրջպատեցին նորին մեծությանը, որին ես հիմա ուզում եմ նկարագրել։ Հասակով նա իմ եղունգի չափ բարձր էր<ref>Իմ եղունգի չափ բարձր էր բոլոր պալատականներից․ ― Ըստ Սվիֆտի նախնական մտադրության՝ լիլիպուտների կայսրը պիտի հիշեցներ անգլիական թագավոր Գեորգ i֊ին, սակայն նմանությունը տարածվում է միայն նրա բնավորության մի քանի գծերի վրա, այսինքն՝ չափավորության, պարզության և մանավանդ խոշոր ժլատության․ արտաքինով այդ երկու թագավորներն ամենևին նման չեն միմյանց։ Կարճահասակ և անճարակ Գեորգը զուրկ էր որևէ վեհությունից։ Նմանության բացակայությունը մասամբ բացատրվում է Սվիֆտի զգուշությամբ և մասամբ էլ, թերևս, սկզբնական ուրվագիծը քաղաքական երգիծանք դարձնելու փաստով։</ref> իր բոլոր պալատականներից, և դա միանգամայն բավական էր, տեսնողին պատկառանքի երկյուղ ներշնչելու համար։ Նրա արծվաքիթ և ձիթագույն ավստրիական շրթունքներով դեմքը խիստ էր և առնական, կեցվածը՝ քաջարի, մարմնի մասերը՝ համաչափ, շարժումները՝ վայելուչ, իսկ վերաբերմունքը՝ վեհ։ Նրա երիտասարդության առաջին տարիներն անցել էին արդեն․ նա քսանութ և երեք քառորդ տարեկան էր և մոտ յոթ տարի է, ինչ թագավորում էր՝ շատ երջանիկ և մեծ մասամբ հաղթական։ Նրան ավելի լավ տեսնելու համար ես պառկեցի կողքիս, այնպես որ իմ դեմքն նրա դեմքի դիմացն էր, թեև նա կանգնած էր երեք յարդ հեռավորության վրա։ Բացի այդ, ես հետագայում շատ անգամ նրան դրել եմ ձեռքիս վրա, այնպես որ իմ նկարագրության մեջ չի կարող սխալ լինել։ Նրա հագուստը շատ հասարակ էր ու անպաճույճ, տարազը՝ կիսաասիական֊կիսաեվրոպական, իսկ գլխին ուներ մի թեթև, ոսկեձույլ և ակնազարդ սաղավարտ, կատարին՝ մի փետուր։ Նա ձեռքին ուներ մերկ թուր՝ պաշտպանելու համար իրեն, եթե, բան է, ես կտրատեմ իմ շղթաները։ Այդ թուրը մոտ երեք մատնաչափ երկարություն ուներ, իսկ նրա ոսկեպատ կոթն ու պատյանը զարդարված էին ադամանդներով։ Նրա ձայնը զիլ էր, բայց հստակ ու հնչեղ, այնպես որ կանգնած տեղս ես կարողանում էի նրան պարզ լսել։ Տիկիններն ու պալատականներն այնպես էին պճնվել, որ այն տեղը, ուր նրանք կանգնած էին, կարծես թե մի ոսկե և արծաթե նկարներով նախշած շրջազգեստ էին փռել։ Նորին կայսերական մեծությունը հաճախ դիմում էր ինձ հարցերով և ես նրան պատասխանում էի, սակայն մեզանից ոչ ոք մի խոսք չէր հասկանում։ Այդտեղ կային մի քանի քահանաներ և իրավաբաններ (ինչպես ես եզրակացրի նրանց հագուստներից) և նրանց հրամայված էր ներկայանալ ինձ։ Ես խոսեցի նրանց հետ այն բոլոր լեզուներով, որոնց ես քիչ ու շատ ծանոթ էի, ինչպես, օրինակ՝ վերին և ստորին հոլանդերեն, լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն․ բայց այդ ամենն էլ իզուր։ Երկու ժամից հետո արքունիքը գնաց և ինձ թողին խիստ հսկողության տակ, զսպելու համար ամբոխի անպատկառ, գուցե թե և չարամիտ վերաբերմունքը, ամբոխի, որ անհամբեր շրջապատում էր ինձ, ջանալով որքան հնարավոր է մոտենալ, իսկ մի քանի հոգի էլ, երբ ես նստել էի իմ օթևանի դռան մոտ, դեպի ինձ լկտի կերպով նետեր արձակեցին, որոնցից մեկը քիչ մնաց հասներ իմ աչքը։ Գնդապետը դրանցից վեց հոգու ձերբակալեց և, իբրև պատիժ, որոշեց կապոտել ու տալ իմ ձեռքը, որ և հլու հնազանդ կատարեցին զինվորները, իրենց նիզակների բութ ծայրերով նրանց հրելով դեպի ինձ։ Ես բոլորին առա իմ ձեռքի վրա, հինգին դրի բաճկոնիս գրպանը, իսկ ինչ վերաբերում է վեղերորդին, այնպես ձևացրի, իբրև թե ուզում եմ ես ողջ֊ողջ ուտել։ Խեղճ մարդը գոռաց ահաբեկ, իսկ գնդապետն ու սպաները սաստիկ վրդովվեցին, մանավանդ երբ տեսան գրչահատս հանելիս։ Բայց ես շուտով նրանց հանգստացրի․ գուրգուրանքով նայելով նրան, ես անմիջապես արձակեցի կապկպող թոկերն ու զգուշությամբ նրան դրի գետնի վրա, և նա իսկույն փախավ։ Նույնն արի և մյուսների հետ՝ մեկ֊մեկ հանելով իմ գրպանից։ Եվ ես նկատեցի, որ զինվորներն ու ժողովուրդը շատ գոհ մնացին իմ այդ գթասիրտ վերաբերմունքից, որ հետո արքունիքում ինձ շատ պետք եկավ։
Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․ <ref>Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։</ref> դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։
Միևնույն ժամանակ կայսրը հաճախ խորհրդի առաջ հարց էր դնում, թե ի՞նչ ընթացք պիտի բռնեն իմ հանդեպ։ Հետագայում մի մոտիկ բարեկամ, որ մի բարձր դիրքի անձնավորություն էր և ամենից իրազեկը պետական գաղտնիքներին, հավատացրեց ինձ, որ արքունիքն իմ հանդեպ մեծ դժվարությունների մեջ էր գտնվել։ Նրանք վախենում էին, որ կփախչեմ, իսկ մյուս կողմից գտնում էին, որ ինձ կերակրելը շատ թանկ կնստի և կարող է սովի պատճառ դառնալ։ Ոմանք ուզում էին սովամահ անել ինձ, կամ, հակառակ դեպքում, իմ ձեռներին ու երեսին թունավորված նետեր արձակել, որոնք կարող էին ինձ իսկույն ևեթ այն աշխարհն ուղարկել․ սակայն մյուսներն էլ մտածում էին, որ մի այսպիսի ահագին դիակի նեխումից կարող է ժանտախտ առաջանալ մայրաքաղաքում և տարածվել ամբողջ թագավորության մեջ։ Այդ խորհրդակցությունների կեսին բարձրագույն խորհրդարանի դռանը մոտեցան մի քանի զինվորականներ, նրանցից երկուսը ներս ընդունվելով զեկուցեցին իմ վարմունքի մասին՝ հանդեպ վերոհիշյալ վեց ոճրագործների, և դա մի այնպիսի նպաստավոր տպավորություն թողեց նորին մեծության և ամբողջ ժողովի վրա, որ անմիջապես կայսերական հրովարտակով պարտավորեցրին մայրաքաղաքից ինը հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող բոլոր գյուղերին, ամեն առավոտ բերելու վեց եզ, քառասուն ոչխար և այլ ուտելիք ինձ կերակրելու համար, հացի, գինու և այլ խմիչքի համապատասխան քանակության հետ միասին, սահմանված սակով և ի հաշիվ նորին մեծության սեփական գանձարանից հատկացրած միջոցների։ Պետք է նկատել, որ այդ միապետն ապրում է գլխավորապես իր սեփական կալվածքների արդյունքով, երբեմն միայն, ամենաանհրաժեշտ դեպքերում, դիմելով իր հպատակների աջակցությանը, որոնք սակայն պարտավոր են իրենց սեփական ծախքով պաշտպանել նրան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինձ ծառայություն մատուցելու համար նշանակեցին վեց հարյուր մարդ, որոնք ունեին օրապահիկ և իմ դռան երկու կողքին պատշաճ վրաններ։ Նաև հրամայված էր, որ երեք հարյուր դերձակ ինձ համար իրենց տարազով մի ձեռք հագուստ կարեն և նորին մեծության ամենախոշոր գիտնականներից վեց հոգի սովորեցնեն ինձ իրենց լեզուն, և վերջապես հրամայված էր, որ կայսեր ազնվականության ու թիկնապահ զորքի ձիերը մարզանքներ պիտի կատարեն իմ ներկայությամբ, որպեսզի ձիերը վարժվեն ինձ։ Այդ բոլոր հրամանները կանոնավոր կերպով ի կատար էին ածվում, և ես երեք շաբաթում մեծ առաջադիմություն արի լիլիպուտային լեզվի ուսումնասիրության մեջ։ Այդ ժամանակամիջոցում կայսրը հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ և բարեհաճում ներկա գտնվել իմ դասերին։ Մենք արդեն սկսում էինք խոսել միմյանց հետ, և առաջին խոսքը, որ ես սովորեցի արտահայտելու համար իմ ցանկությունը, դա այն էր, որ նա բարեհաճի ինձ տալ իմ ազատությունը, և դա ես կրկնում էի ամեն օր ծնկաչոք։ Նրա պատասխանը, որքան ես կարողացա ըմբռնել, այն էր, թե դա ժամանակի խնդիր է, և չի կարելի շնորհել ինձ ազատություն առանց պետական խորհրդի, որ ես պետք է լումուս կելմին պեսսո դեսմար լոն էմպոզո, այսինքն՝ երդվեմ, որ նրա ու նրա թագավորության հետ խաղաղություն պիտի պահպանեմ։ Համենայն դեպս ինձ հետ կվարվեն ազնիվ և նա խորհուրդ էր տալիս, որ ես իմ համբերությամբ և խոհեմ վարմունքով աշխատեմ ստեղծել նրա և նրա հպատակների մեջ իմ մասին լավ կարծիք։ Նա ցանկանում էր, որ ես վիրավորական չհամարեմ, եթե նա հրամայի իր հատուկ պաշտոնյաներին խուզարկելու ինձ, որովհետև, հավանաբար, մոտս կարող է լինել զենք, որ շատ վտանգավոր պետք է լինի, եթե նա համապատասխանում է մի այսպիսի վիթխարի մարդու զանգվածին։ Ես ասացի, որ նորին մեծությունն անհոգ մնա, որովհետև ես պատրաաստ եմ մերկանալ և շուռ տալ նրա առաջ իմ գրպանները։ Այդ ամենը ես հաղորդեցի մասամբ խոսքերով, մասամբ նշաններով․ նա պատասխանեց, թե ըստ թագավորական օրենքների ինձ պիտի խուզարկեն նրա պաշտոնյաներից երկուսը․ գիտե, որ դա չի կարելի անել առանց իմ համաձայնության ու աջակցության, որ նա այնքան բարձր կարծիքի է իմ վեհանձնության և արդարամտության մասին, որ վստահում է իր պաշտոնյաներին իմ ձեռքը տալու․ իսկ ինչ որ նրանք վերցնեն ինձնից, նորից կվերադարձնեն ինձ, երբ ես հեռանամ այս երկրից, կամ թե չէ փոխարժեքը կվճարեն, ինչ գին էլ որ ես նշանակելու լինեմ։ Ես վերցրի երկու պաշտոնյաներին և նախ դրի վերարկուիս գրպանի մեջ, ապա մյուս գրպանների մեջ, բացի իմ ժամացույցի երկու գրպանից ու մի այլ գաղտնի գրպանից, որ ես չէի ուզի, որ նրանք խուզարկեն, որովհետև մեջն ունեի մի քանի անհրաժեշտ բաներ, որ ուրիշ ոչ ոքի համար պետքական չէին։ Փոքրիկ գրպաններիցս մեկում կար մի արծաթե ժամացույց, իսկ մյուսում՝ քսակի մեջ մի քանի ոսկի։ Այդ պարոններն ունենալով թանաք, գրիչ և թուղթ՝ կազմեցին իրենց տեսած իրերի մանրամասն ցուցակը։ Եվ երբ այդ ամենը նրանք վերջացրին, խնդրեցին, որ իրենց ցած իջեցնեմ, որպեսզի կարողանան ներկայանալ կայսրին։ Այդ ցուցակը ես հետագայում թարգանեցի անգլերենի, որ բառ առ բառ հետևյալն է․
Ադմին, Վստահելի
1876
edits