Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 431 բայտ, 13:37, 27 Հուլիսի 2013
/* Գլուխ երրորդ */
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից<ref>Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։</ref> մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Բացի այդ, գոյություն ունի և մի այլ մարզանք, որ բացառիկ դեպքերում ցույց են տալիս միայն կայսեր, կայսրուհուն և ավագ մինիստրին։ Կայսրը սեղանի վրա է դնում երեք հատ մետաքսե բարակ թել՝ վեցական մատնաչափ երկարությամբ։ Մեկը ծիրանի գույն ունի, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը ճերմակ։ <ref>Ծիրանագույն,կանաչ և ճերմակ․ ― վարտքակապի, Բաղնիսի և սուրբ Անդրեասի շքանշանների գույներն են։ Ուոլպոլը պարգևատրված էր Վարտքակապի շքանշանով 1726 թվին, այնպես որ այս հատվածը Սվիֆտը մտցրել էր գրքի մեջ նրա լույս տեսնելուց մի փոքր առաջ։</ref> Այդ թելերից մրցանակ է ստանում նա, ում կայսրն ուզում է մեծարել իր շնորհի հատուկ նշանով։ Ծիսակատարությունը տեղի է ունենում նորին մեծության մեծ շքասենյակում, ուր թեկնածուները փորձում են իրենց հմտությունը, որ միանգամայն տարբեր է նախորդներից և նման չէ այն ամենին, ինչ ես տեսել եմ հին կամ նոր աշխարհի մի այլ երկրում։ Կայսրը հորիզոնական ուղղությամբ ձեռին մի գավազան է բռնում, և այդ միջոցին թեկնածուները մեկը կյուսի հետևից մոտենում են, թռչում նրա վրայից կամ նրա տակը ետ ու առաջ սողում, նայած թե գավազանը բարձր է պահած, թե ցածր։ Երբեմն կայսրը գավազանի մի ծայրիցն է բռնում, իսկ ավագ մինիստրը՝ մյուս։ Երբեմն էլ գավազանը բռնում է միայն մինիստրը։ Ով իր դերն ավելի ճարպիկ է կատարում և ամենից շատ աչքի ընկնում իր թռիչքներով ու սողալով, նա վարձատրվում է ծիրանագույն թելով․ կանաչ թելն ստանում է հաջորդը, իսկ ճերմակ թելը՝ երրորդը, ու նրանք այդ թելերը երկուտակ փաթաթում են իրենց մեջքին։ Կայսերական պալատում դուք շատ քիչ մարդ կտեսնեք, որ չկրի այդ գոտիներից որևէ մեկը։
Զինվորական և թագավորական ախոռների ձիերը, որ ամեն օր բերում էին ինձ մոտ, այլևս չէին խրտնում և առանց վախի մոտենում էին իմ ոտներին։ Ձիավորները թռչում էին իմ ձեռքի վրայով, երբ ես ձեռքս դնում էի գետնին, իսկ կայսերական որսորդներից մեկը, մի մեծ նժույգի վրա, թռավ իմ ոտի և կոշիկի վրայով․ դա իսկապես որ մի զարմանալի ոստյուն էր։ Մի օր ես բախտ ունեցա զվարճացնելու կայսրին մի շատ անսովոր կերպով։ Ես խնդրեցի նրան կարգադրելու, որ ինձ բերեն մի քանի ձող՝ երկու ոտնաչափ երկարությամբ, իսկ հաստությամբ՝ մի սովորայան գավազանի չափ։ Նորին մեծությունը հրամայեց իր անտառապետին՝ համապատասխան կարգադրություններ անելու։ Հետևյալ օրը առավոտյան, եկան յոթ անտառապահ, նույնքան սայլերով, ամեն մի սայլին ութ ձի լծած։ Ես վերցրի այդ ձողերից ինը հատ և ամուր խրեցի գետնի մեջ քառակուսաձև, որի ամեն մի կողմը երկու և կես ոտնաչափ էր։ Ես վերցրի ուրիշ չորս ձող և գետնից երկու ոտնաչափ բարձր՝ հորիզոնական ուղղությամբ կապեցի անկյունների ձողերին․ հետո ես իմ թաշկինակը կապեցի ինը ձողերի, որոնք ամուր կանգնած էին և ամեն կողմից քաշեցի այնքան, որ նա ձգվեց ինչպես թմբուկի կաշի․ իսկ չորս զուգահեռ ձողերը չորս կողմից՝ ինչպես ճաղեր, հինգ մատնաչափ բարձրանում էին թաշկինակից դեպի վեր։ Երբ իմ աշխատանքը վերջացրի, ես խնդրեցի կայսրին, որ բերել տա քսանչորս լավագույն ձիավորներից բաղկացած մի ջոկատ՝ մարզանքներ կատարելու համար այդ հարթության վրա։ Նորին մեծությունը հավանություն տվեց իմ առաջարկին, և ես վերցրի զինված ձիավորներին ու մեկ֊մեկ վեր բարձրացրի՝ մարզանքներ կատարելու համար։ Հենց որ նրանք իրենց կարգի բերին, բաժանվեցին երկու բանակի և ձևացրին իբրև թե բախվում են իրար․ միմյանց վրա բութ նետեր արձակեցին, մերկ թրեր քաշեցին, մերթ նահանջելով, մերթ հետապնդելով միմյանց, մերթ գրոհի ու փախուստի դիմելով․ մի խոսքով ցուցադրեցին մի այնպիսի զինվորական կարգապահություն, որից ավելի լավը ես երբեք չէի տեսել։ Հորիզոնական ձողերը թույլ չէին տալիս, որ ձիավորներն ու իրենց նժույգները հարթավայրից ընկնեն ցած։ Կայսրն այնքան հիացավ, որ նա ստիպեց ինձ կրկնելու այդ զվարճությունը մի քանի օր իրար հետևից, և մի անգամ էլ բարեհաճեց բարձրանալ վերև և հրամաններ արձակել․ և մեծ դժվարությունից հետո միայն կայսրուհին համոզեց թույլ տալ իրեն, որ ես պահեմ նրան իր գահավորակի մեջ երկու յարդ հեռավորության վրա, որտեղից նա կարողացավ դիտել ամբողջ տեսարանը։ Իմ բախտից այդ զվարճությունների ժամանակ ոչ մի աղետալի դեպք չպատահեց, միայն մի անգամ մի տաքարյուն ձի, որը պատկանում էր հրամանատարներից մեկին, սմբակով ծակեց թաշկինակն ու սայթաքելով ցած գլորեց հեծնողին ու ինքն էլ ընկավ․ բայց ես երկուսին էլ անմիջապես օգնության հասա ու մի ձեռով ծածկելով ծակը, մյուսով ամբողջ ջոկատն իջեցրի ցած՝ այնպես, ինչպես նրանց բարձրացրել էի։ Վայր ընկած ձիու ձախ ոտքը դուրս էր ընկել, իսկ հեծնողը չէր տուժել։ Ես կարկատեցի իմ թաշկինակն այնպես, ինչպես կարող էի, սակայն այլևս չէի կարող հույս ունենալ նրա ամրությանն, մանավանդ այդպիսի վտանգավոր ձեռնարկների համար։
Ադմին, Վստահելի
1876
edits