Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

1 byte removed, 03:41, 5 Օգոստոսի 2013
/* Գլուխ առաջին */
Նա ինձ այնքա՜ն շատ սիրալիր խոսքեր ասած, և ես այնքա՜ն էի ճանաչում նրան, իբրև մի ազնիվ մարդու, որ անկարող էի մերժել նրա առաջարկը․ և վերջապես աշխարհ տեսնելու ցանկությունը, չնայած իմ ունեցած դժբախտություններին, առաջվա պես իմ մեջ շատ ուժգին էր։ Միակ դժվարությունը մնում էր իմ կնոջը համոզել․ սակայն վերջ ի վերջո ես ստացա նրա համաձայնությունը, երբ նկարագրեցի այն օգուտները, որ պիտի ունենան մեր երեխաներն այդ ճանապարհորդությունից։
Մենք մեկնեցինք 1706 թվի օգոստոսի 5֊ին ու 1707 թվի ապրիլի 11֊ին հասանք Սան֊Ջորջի<ref>>Սան֊Ջորջ․ ― Այժմյան Մադրասը։</ref> ամրոցը։ Մենք այդտեղ մնացինք երեք շաբաթ՝ կազդուրելու համար մեր նավաստիներին, որոնցից շատերը հիվանդ էին։ Այդտեղից մենք գնացինք Տոնքին, որտեղ կապիտանը որոշեց մի առժամանակ մնալ, որովհետև ապրանքի շատ մասը, որ նա մտադիր էր գնել, դեռ պատրաստ չէր և հույս չուներ, որ մի քանի ամսից կանուխ կարող էր վերջացնել գործը։ Ուստի ծախքերը մասամբ թեթևացնելու հուսով նա մի սլուպ գնեց, զանազան ապրանքներ բարձեց վրան, որոնցով տոնքինցիները միշտ առևտուր են անում հարևան կղզիների հետ, ու նավի մեջ տեղավորելով տասնչորս մարդ, որոնցից երեքը տեղացիներ էին, ինձ նշանակեց սլուպի գլխավորը և իրավունք տվեց ապրանքը վաճառելու, մինչև որ նա կավարտի իր գործերը Տոնքինում։ Երեք օր չանցած՝ մի մեծ փոթորիկ բարձրացավ, որ մեզ հինգ օր շարունակ քշեց հյուսիս֊արևելք, և ապա դեպի արևելք․ դրանից հետո եղանակը լավացավ, սակայն արևմուտքից միշտ փչում էր բավականին ուժեղ քամի։ Տասներորդ օրը մեզ սկսեցին հետապնդել երկու ծովահեն, որոնք շուտով հասան մեզ, որովհետև իմ սլուպն այնքան ծանրաբեռնված էր, որ չէր կարողանում արագ սուրալ, իսկ մենք ի վիճալի չէինք պաշտպանվելու։
Մենք համարյա թե միաժամանակ շրջապատվեցինք երկու ծովահենների կողմից, որոնք արագ բարձրացան մեր նավը իրենց մարդկանց հետ միասին, և տեսնելով, որ մենք ամենքս էլ գետնատարած չոքել ենք նրանց առաջ (որովհետև ես այդպես էի հրամայել), բավարարվեցին նրանով, որ թոկերով ամուր կապոտեցին ու հսկողներ դնելով մեզ վրա, սկսեցին խուզարկել սլուպը։
Ադմին, Վստահելի
1876
edits