Այստեղ Նոա Քլեյփոլը դարձյալ ուշադիր շուրջը նայեց և, գտնելով որ ոչ ոք չի նկատել իրեն, սաստիկ արագությամբ սուրաց դեպի Հրեայի տունը։
==Քառասունյոթերորդ գլուխ==
Աղետաբեր հետևանքներ
Համարյա երկու ժամ էր մնում, որ լուսանա։ Այդ այն պահն էր աշնան եղանակի, որ կարելի է իսկապես խուլ գիշեր անվանել, երբ փողոցները լինում են լուռ ու ամայի, երբ ասես անգամ ձայները ննջում են, և անառակությունն ու անբարոյականությունը երեր քայլերով վերադառնում են տուն՝ հանգստանալու։ Ահա այս խոր լռության պահին էր, որ Ֆեգինը, արթուն նստած էր հնամենի որջում, սպասում էր։ Նրա դեմքը այնքան այլանդակված էր ու գունատ, և աչքերը այնքան արնակալած էին, որ նա ավելի շուտ նմանվում էր խոնավ շիրիմից նոր դուրս եկած զարհուրելի մի ուրվականի, քան մարդկային արարածի։
Նա կծկված էր սառը բուխարիկի առաջ, փաթաթված հին ու գզգզված մի ծածկոցի մեջ․ դեմքը դարձած էր դեպի կողքի սեղանի վրա սպառվող մոմը։ Աջ ձեռքը դրել էր շրթներին և մտասույզ՝ իր կեղտոտ, երկայն եղունգներն էր կրծում, ցուցադրելով անատամ լինդերը, որոնց վրա երևացող հատուկենտ սրածայր ատամները շան կամ առնետի ժանիքներ էին հիշեցնում։
Հատակին գցված մի ներքնակի վրա խոր քնած էր Նոա Քլեյփոլը։ Ծերունին մերթ ընդ մերթ մի ակնթարթ նայում էր նրան, ապա աչքերը նորից հառում էր մոմին, որի երկայն, վառված ու թեքված պատրույգը և սեղանի վրա մեծ, թանձր կաթիլներով թափվող ու կուտակվող տաք ճարպը ակնհայտորեն ցույց էին տալիս, որ նա բոլորովին այլ մտքերով է տարված։
Եվ հիրավի այդպես էր։ Իր հոյակապ ծրագրի տապալումից առաջ եկած նվաստացումը, խոր ատելությունը դեպի այն աղջիկը, որ հանդգնել էր կապվել օտար մարդկանց հետ, իրեն չմատնելու մասին նրա արած խոստման հանդեպ իր ունեցած բացարձակ անվստահությունը, Սայքսից իր վրեժը լուծել չկարողանալու պատճառով առաջացած դառն հուսախաբությունը, իր մերկացման սարսափը, կործանման ու մահվան և այդ բոլորի հետևանքով բռնկած վայրագ ու ահռելի կատաղությունը, ահա այն կրքոտ մտքերը, որ ամեհի հորձանքով հաջորդելով իրար, կրծում էին Ֆեգինի սիրտը։
Նա նստել էր բոլորովին անշարժ, գուցե նույնիսկ չիմանալով, թե որքան երկար է նստել, երբ նրա սուր ականջին հասավ փողոցից եկող ինչ֊որ ոտնաձայն։
― Վե֊րջապե՜ս, ― քրթմնջաց նա, սրբեով տոչորված, այրվող շրթները։ ― Վերջապե՛ս։
Մինչև նա այսպես խոսում էր, դռան զանգը կամաց հնչեց։ Ֆեգինը աստիճաններով բարձրացավ վերևի հարկ, դուռը բաց արեց և իսկույն վերադարձավ ինչ֊որ մարդու հետ, որի դեմքը մինչև կզակը փաթաթված էր, և որի թևի տակ կապոց կար։ Երբ մարդը նստելով՝ վերարկուն հանեց, երևան եկավ Սայքսի վիթխարի կերպարանքը։
― Դե՛, ― ասաց նա կապոցը դնելով սեղանին, ― խնամքով պահիր այդ, քիչ չեմ չարչարվել դրա համար։ Կարծում էի, թե երեք ժամ առաջ կլինեմ այստեղ։
Ֆեգինը կապոցը դրեց պահարանը, դուռը կողպեց և նորից նստեց իր տեղը՝ առանց մի բառ արտասանելու։ Բայց այս գործողության ընթացքում նա աչքերը ոչ մի րոպե չհեռացրեց ավազակից, և այժմ, երբ նրանք դարձյալ իրար դիմաց նստեցին, նա անքթիթ նայեց նրան։ Նրա շրթները այնպես սաստիկ էին դողդողում, և ներքին փոթորկի հետևանքով դեմքը այնքան էր այլափոխված, որ ավազակը ակամայից աթոռը ետ քաշեց ու սարսափով դիտեց նրան։
― Ի՞նչ է պատահել, ― գոռաց Սայքսը։ ― Ինչո՞ւ ես մարդկանց այդ ձևով նայում։
Ֆեգինը աջ ձեռքը բարձրացրեց և դողացող ցուցամատը թափահարեց օդի մեջ, բայց հուզումը այնքան մեծ էր, որ մի րոպե նույնիսկ խոսելու ընդունակությունը կորցրեց։
― Գրո՛ղը տանի, ― ասաց Սայքսը, ահաբեկ ծոցի գրպանը շոշափելով։ ― Նա գժվել է։ Ես պետք է իմ գլխի ճարը տեսնեմ։
― Ո՛չ, ո՛չ, ― առարկեց Ֆեգինը, վերջապես խոսելով, ― դու չես, մեղավորը դու չես, Բի՛լլ։ Ես քեզ, ես քեզ ոչնչով չեմ մեղադրում։
― Օ՜հ, չես մեղադրում, այդպե՞ս է, ― ասաց Սայքսը, խստորեն նայելով նրան և նրա աչքի առաջ ատրճանակը փոխադրելով ավելի հարմար մի գրպան։ ― Դա բարեբախտություն է մեզնից մեկի համար։ Թե ո՛ր մեկի համար, այդ կարևոր չէ։
― Բայց ես պետք է քեզ մի այնպիսի բան ասեմ, Բիլլ, ― սկսեց Ֆեգինը, աթոռը ավազակին մոտեցնելով, ― մի այնպիսի բան, որ դու քեզ ավելի վատ ես զգալու, քան թե ես։
― Է՞հ, ― վրա բերեց Սայքսը կասկածամտությամբ։ ― Դե ասա՛, շո՛ւտ ասա, այլապես Նենսը կմտածի, թե ես կորած եմ։
― Կորա՜ծ, ― գոչեց Ֆեգինը։ ― Նրա գլխում արդեն այդ հարցը վճռված է։
Սայքսը մեծապես շփոթված, Հրեայի դեմքին նայեց, բայց հանելուկի պատասխանը այնտեղ չգտնելով, իր վիթխարի թաթով բռնեց նրա վերարկուի օձիքից և ամուր ցնեց նրան։
― Խոսի՛ր, իմացա՞ր, ― ասաց նա, ― թե չէ հիմա կխեղդեմ քեզ։ Բերանդ բա՛ց արա և պարզ բառերով հայտնիր ասելիքդ։ Շո՛ւտ արա, անիծյալ քոսոտ շուն, շո՛ւտ արա։
― Ենթադրենք, թե այս տղան, որ պառկած է հատակին․․․ ― սկսեց Ֆեգինը։
Սայքսը այնպես շուռ եկավ Նոայի քնած կողմը, ասես նախապես չէր նկատել նրան։
― Հետո՞, ― ասաց նա, ընդունելով իր նախկին դիրքը։
― Ենթադրենք, թե այս տղան, ― շարունակեց Ֆեգինը, ― մատներ բոլորին, նախ փնտրելով այդ նպատակի համար համապատասխան մարդկանց, ապա փողոցում նրանց հետ ժամադրվելով՝ նկարագրեր մեր արտաքինը, տեղեկացներ նրանց այն բոլոր նշանների մասին, որոնցով կարելի էր ճանաչել մեզ, բացահայտեր մի ծրագիր, որը առավել կամ նվազ չափով բոլորիս է շահագրգռում․ եթե նա այս բոլորը աներ, և աներ ոչ թե բանտարկության կամ դատի հանձնվելու կամ սովամահության ենթարկվելու սպառնալիքի տակ, այլ հենց այնպես, իր քմահաճույքի համար, գաղտագողի դուրս գալով գիշերները հանդիպելու այն մարդկանց, որոնք ամենից շատ են լարված մեր դեմ, և մատներ մեր գաղտնիքները։ Լաո՞ւմ ես։ Եթե նա այդ բոլորը աներ, դու ինչպե՞ս կվերաբերվեիր նրան։
― Ինչպես կվերաբերվեի՜, ― պատասխանեց Սայքսը, ահռելի մի հայհոյանք բաց թողնելով, ― ինչպես կվերաբերվեի՜։ Եթե նա մինչև իմ գալը ողջ մնացած լիներ, ես նրա գանգը կփշրեի իմ երկարավիզ կոշիկների երկաթյա կրնկի տակ և կվերածեի այնքան մասնիկների, որքան մազ կար նրա գլխի վրա։
― Իսկ ի՞նչ կանեիր, եթե նա արած լիներ այդ ամենը, ― աղաղակեց Ֆեգինը բարձրաձայն։ ― Ես, որ այնքան բաների տեղյակ եմ և ինձ հետ կարող էի շատերին կախաղան բարձրացնել։
― Չգիտեմ, ― պատասխանեց Սայքսը, ատամները կրճտացնելով և զայրույթից գույնը գցելով։ ― Այնպիսի բան կանեի, որ բանտում ինձ կշղթայեին, և եթե քեզ հետ միասին դատապարտվեի, ես հենց այդ կապանքներով կհարձակվեի քեզ վրա և ժողովրդի առաջ քո ուղեղը ցրիվ կտայի։ Այնպիսի ուժ կզգայի ես իմ մեջ, ― քրթմնջաց ավազակը իր մկանուտ բազուկը ձգելով, ― որ քո գլուխը կճզմեի այնպես, ասես մի ծանր բեռնակառք անցած լիներ վրայով։
― Իսկապե՞ս։
― Այո, իսկապե՛ս, ― ասաց ավազակը, ― փորձի՛ր և կտեսնես։
― Իսկ եթե այդ բանը արած լինեին Չարլին կամ Ստահակը, կամ Բեթը, կամ․․․
― Ով ուզում է լինի, ― անհամբերությամբ պատասխանեց Սայքսը։ ― Ովքեր էլ լինեին դրանք, բոլորն էլ նույն բաժինը կստանային։
Ֆեգինը սևեռուն նայեց ավազակին և, նշանացի հասկացնելով նրան լռել, կռացավ հատակին քնած տղայի վրա և ուժգին ցնցեց նրան, որ արթնանա։ Սայքսը նստած տեղից առաջ թեքվեց և ձեռքերը ծնկներին դրած լուռ նայեց, ասես մտածելով, թե այս նախապատրաստությունն ու հարձուփորձը ինչո՞վ էր վերջանալու։
― Բո՛լթեր, Բո՛լթեր։ Խե՜ղճ տղա, ― ասաց Ֆեգինը, գործը այսպիսի ընթացք ստանալու մասին սադայելական կանխաճաշակումով այրվող աչքերը հառելով ավազակի վրա և խոսելով դանդաղ ու ծանրակշիռ։ ― Նա հոգնած է, հոգնած նրան դարանելով, այդքան երկար ժամանակ նրան դարանելով, Բի՛լլ։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Սայքսը ընկրկելով։
Ֆեգինը ոչ մի պատասխան չտվեց, նա նորից կռացավ քնած տղայի վրա և նրա թևերից քաշելով՝ նստեցրեց։ Նոան աչքերը շփեց և խոր հորանջելով, քնաթաթախ շուրջը նայեց։
― Մի անգամ էլ պատմիր այդ, մի անգամ ևս պատմիր, որպեսզի նա լսի, ― ասաց Հրեան, Սայքսին մատնանշելով։
― Ինչի՞ մասին պատմեմ, ― հարցրեց քնաթաթախ Նոան, սրտնեղությամբ ուսերը թոթվելով։
― Պատմիր․․․ Նենսիի մասին, ― ասաց Ֆեգինը, պինդ բռնելով Սայքսի դաստակից, ասես չթողնելու համար, որ նա տանից դուրս գար մինչև բոլորը չիմանար։ ― Դու հետապնդեցի՞ր նրան։
― Այո։
― Մինչև Լոնդոնի կամո՞ւրջը։
― Այո։
― Այդտեղ նա հանդիպեց երկու հոգո՞ւ։
― Այդպես է։
― Մի ջենթլմենի ու մի լեդիի, որոնց մոտ նա արդեն ուրիշ անգամ գնացել էր իր սեփական ցանկությամբ։ Այդ մարդիկ նրանից պահանջեցին իր բոլոր ընկերներին մատնել, բայց առաջին հերթին Մոնքսին, որը նա արեց․ ապա պահանջեցին նկարագրել Մոնքսի արտաքին տեսքը, այդ էլ նա արեց․ և հայտնել այն տունը, որտեղ մենք հանդիպել ենք և հաճախում ենք, այդ էլ նա արեց․ և ասել, որ ժամին ենք հավաքվում այնտեղ, այդ էլ նա արեց։ Նա այդ բոլորը հայտնեց։ Նա այդ ամենը արեց, առանց սպառնալիքի, առանց տրտունջի։ Նա այդ ամենն արեց, սյնպես չէ՞, այնպես չէ՞, ― աղաղակեց Ֆեգինը՝ զայրույթից խելակորույս։
― Այդպես է, ― պատասխանեց Նոան, գլուխը քորելով։ ― Ճիշտ այդպես պատահեց։
― Իսկ անցյալ կիրակի օրվա մասին ի՞նչ ասացին։
― Անցյալ կիրակի օրվա մասի՞ն, ― պատասխանեց Նոան մտածելով։ ― Դե՛, այդ մասին ես քեզ արդեն ասել եմ։
― Նորի՛ց պատմիր, նորից ասա, ― գոչեց Ֆեգինը, ավելի ամուր բռնելով Սայքսի թևից և մյուս ձեռքը օդում ճոճելով, մինչդեռ բերանը փրփրում էր։
― Նրանք հարցրին, ― ասաց Նոան, որ աստիճանաբար ավելի սթափվելով, ասես աղոտ պատկերացում ունեցավ Սայքսի ով լինելու մասին, ― նրանք հարցրին, թե նա անցյալ կիրակի ինչո՞ւ չէր եկել, ինչպես խոստացել էր։ Աղջիկն ասաց, թե չի կարողացել։
― Ինչո՞ւ, ինչո՞ւ։ Պատմիր նրան։
― Որովհետև Բիլլը, այն մարդը, որի մասին նախօրոք ասել էր, նրան բռնությամբ պահել էր տանը։
― Է՞լ ինչ ասաց նրա մասին, ― աղաղակեց Ֆեգինը։ Է՞լ ինչ ասաց այն մարդու մասին, որին ուրիշ առիթով էլ անդրադարձել էր։ Պատմի՛ր, բոլո՛րը պատմիր նրան։
― Օ՜հ, ― նա ասաց, որ իր համար այնքան էլ հեշտ չէր տանից դուրս գալ մինչև Բիլլը չիմանար ուր է գնում, ― ասաց Նոան, ― և, հետևաբար, երբ առաջին անգամ գնացել էր լեդիին տեսնելու, նա, հա՛, հա՛, հա՛, ճիշտն ասած ծիծաղից թուլացա, երբ լսեցի այդ խոսքերը, իսկապես որ թուլացա, քնաբեր դեղով թմրեցրել էր նրան։
― Կրա՛կ տեղա ձեր գլխին, ― գոռաց Սայքսը, վայրագ մի շարժումով դուրս պրծնելով Հրեայի ձեռքից։ ― Թողե՛ք ինձ։
Ծերուկին դեն շպրտելով, նա դուրս խուժեց սենյակից և կատաղի մոլուցքով աստիճաններից վեր թռավ։
― Բի՜լլ, Բի՜լլ, ― աղաղակեց Ֆեգինը խուճապահար հետևելով նրան։ ― Մի խոսք, միայն մի՛ խոսք։
Այդ բառերը չէին ասվի, եթե ավազակը կարողացած լիներ դուռը իսկույն բաց անել։ Նա անօգուտ կերպով հայհոյում էր և մեծ ճիգ գործադրում բաց անելու, երբ Հրեան հևալով բարձրացավ վերև։
― Բա՛ց արա դուռը, ― ասաց Սայքսը։ ― Վտանգավոր է խոսել ինձ հետ։ Դուռը բա՛ց արա, ասում եմ։
― Լսի՛ր ինձ, Սայքս, ― ասաց Ֆեգինը ձեռքը կողպեքին դնելով։ ― Դու չե՞ս․․․
― Հետո՞, ― պատասխանեց մյուսը։
― Դու նրա հետ․․․ չափազանց վայրագ․․․ չես վերաբերվի, Բի՛լլ։
Գիշերվա խավարը գունատվում էր, և լույսը բավարար էր, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մյուսի երեսը տեսներ։ Նրսնք մի ակնթարթային ակնարկ փոխանակեցին միմյանց հետ, երկուսի աչքերից էլ կրակ էր ցայտում, որը շատ պարզ երևում էր։
― Ուզում եմ ասել, ― շարունակեց Ֆեգինը, ցույց տալով, որ այժմ ամեն տեսակ ձևականություն անօգուտ էր, ― շատ ծայրահեղությունների չդիմես, վտանգավոր է։ Խորամանկ եղիր, Բի՛լլ, շատ խիզախ լինել հարկավոր չէ։
Սայքսը ոչինչ չպատասխանեց, նա կոպտորեն դեն հրեց Ֆեգինին, որը դուռը արդեն բանալիով բացել էր, և սլացավ դուրս։
Առանց գեթ մեկ անգամ կանգնելու, առանց մի րոպե իսկ կշռադատելու, առանց գլուխը մի անգամ աջ ու ձախ շրջելու, առանց աչքերը վերև բարձրացնելու կամ գետնին խոնարհելու, այլ անողոք վճռականությամբ ուղիղ իր առաջ նայելով, ատամները այնպես ամուր սեղմած, որ ասես պրկված ծնոտը մաշկից դուրս էր պրծնելու, ավազակը շարունակեց իր գահավեժ ընթացքը։ Նա ոչ մի բառ չարտասանեց, և նրա ջղերի լարումը անգամ նվազագույն չափով չթուլացավ մինչև հասավ իր տան առջև։ Այնտեղ նա դուռը բանալիով կամաց բաց արեց, թեթև քայլերով բարձրացավ վերև և մտնելով իր առանձնասենյակը՝ դուռը կրկնակի կողպեքով լավ ամրացրեց։ Ապա դռան հետև մի մեծ ծանր սեղան դնելով, մահճակալն առագաստավորող վարագույրը մի կողմ քաշեց։
Աղջիկը կիսահանված պառկել էր անկողնու վրա։ Ավազակի վերադարձը արթնացրել էր նրան, քանի որ նա գլուխը շտապ բարձրացրեց և վախեցած նստած դիրք ընդունեց։
― Վե՛ր կաց, ― ասաց մարդը։
― Այդ դու ես, Բիլլ, ― նրա ապահով վերադարձով ուրախացած՝ ասաց աղջիկը։
― Այո՛, ես եմ, ― չոր պատասխանեց ավազակը։ ― Վեր կաց։
Սենյակում մի մոմ էր վառվում․ նա իսկույն մոմակալից պոկեց այն և շպրտեց օջախի մեջ։ Տեսնելով այգաբացի աղոտ լույսը, աղջիկը վեր կացավ, որ լուսամուտի վարագույրը բաց անի։
― Թո՛ղ, ― ասաց Սայքսը, ձեռքով փակելով նրա ճանապարհը։ ― Իմ անելիքի համար այսքան լույսն էր բավական է։
― Բի՛լլ, ― խուլ, ահաբեկված ձայնով ասաց աղջիկը։ ― Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում։
Զայրույթից ավազակի շնչառությունը ծանրացել էր, և կուրծքը ասես ալեկոծվում էր։ Նա նստած տեղից մի քանի րոպե դիտեց նրան, ապա վեր կացավ, նրա գլխից ու կոկորդից պինդ բռնելով քարշ տվեց սենյակի մեջտեղը և, մեկ անգամ նայելով դեպի դուռը, իր ծանր թաթը դրեց նրա բերանի վրա։
― Բի՜լլ, Բի՜լլ, ― հևաց աղջիկը, մահվան սարսափից մաքառելով նրա հետ, ― ես չեմ ճչա, ես ծպտուն չեմ հանի, նույնիսկ մի շշուկ․․․ նույնիսկ մի շշուկ․․․ լսիր ինձ․․․ խոսիր ինձ հետ․․․ ասա ինչ եմ արել։
― Դու գիտես, թե ինչ ես արել, սատանի ծնունդ, ― ասաց ավազակը շունչը պահելով։ ― Քեզ դարանել են այս գիշեր և քո արտասանած յուրաքանչյուր բառը լսել։
― Ուրեմն, աստծո սիրուն, խնայի՛ր իմ կյանքը, ինչպես ես քոնը խնայեցի, ― թախանձեց աղջիկը, փարվելով նրան։ ― Բի՛լլ, սիրելի՜ Բիլլ, դու սիրտ չես անի ինձ սպանելու։ Օ՜հ, մտածիր այն ամենի մասին, որից հրաժարվեցի հենց այս գիշեր ի սեր քեզ։ Դու անպայման կխորհես այդ մասին և կփրկվես այս ոճրագործության մեղքից։ Ես քեզ չեմ թողնի, որ անես այդ, դու չես կարող ինձ դեն շպրտել։ Բի՜լլ, ԲԻ՜լլ, ի սեր ամենակարող աստծո, հանուն քո սիրո և իմ սիրո, նախքան իմ արյունը թափելը խորհիր այդ մասին։ Ես քեզ չեմ դավաճանել, իմ պիղծ հոգու վրա երդվում եմ, որ ես քեզ չեմ դավաճանել։
Տղամարդը կատաղությամբ մաքառում էր ձեռքերն ազատելու համար․ բայց աղջիկը ամուր բռնել էր նրա թևերից, և, հակառակ իր բոլոր ճիգերին, ավազակը չէր կարողանում աղջկա փաթաթված բազուկներից իր ձեռքերն ազատել։
― Բի՜լլ, աղաղակեց աղջիկը՝ աշխատելով գլուխը հանգչեցնել նրա կրծքին, ― ջենթլմենը և այդ սիրելի լեդին այս գիշեր խոսեցին որևէ հեռավոր երկրում ինձ ապաստան ապահովելու մասին, որտեղ կարող էի իմ կյանքի մնացած օրերը ապրել խաղաղ ու անդորր։ Թույլ տուր, որ դարձյալ տեսնեմ նրանց և ծնկաչոք ու պաղատագին նույն շնորհն ու բարերարությունը հայցեմ նաև քեզ համար։ Թող երկուսս էլ հեռանանք այս սարսափելի վայրից և իրարից բաժան վարենք ավելի մաքուր կյանք։ Թող մոռանանք պիղծ անցյալը, էլ երբեք չտեսնենք իրար և մեր օրերը անց կացնենք աղոթելով ու մեր մեղքերի համար թողություն խնդրելով։ Երբեք ուշ չէ ապաշխարության համար։ Այդպես ասացին նրանք, այդ ջենթլմենը և լեդին, և այժմ ես զգում եմ, որ այդպես է, բայց մեզ ժամանակ է հարկավոր, մի քիչ, մի քիչ ժամանակ է հարկավոր։
Վերջապես ավազակը մի թևը ազատելով, ատրճանակը հանեց։ Բայց նույնիսկ իր ահավոր զայրույթի սաստկության մեջ գլխում փայլատակեց այն միտքը, որ եթե կրակեր, իրեն անմիջապես կձերբակալեին, հետևաբար, ուժերը կենտրոնացնելով՝ երկու անգամ հարվածեց այն դեմքին, որ դեպի իրեն էր շրջված ու գրեթե հպած էր իր դեմքին։
Աղջիկը երերաց ու ընկավ գետնին։ Ճակատին բացված խոր վերքից ժայթքող արյունը ողողել էր դեմքը, և աչքերը համարյա ծածկված էին արյունով, բայց նա, մեծ դժվարությամբ ծունկի գալով, կրծքից դուրս քաշեց մի սպիտակ թաշկինակ, ― Ռոզ Մեյլիի սեփական թաշկինակը, և որքան կարող էր վեր, դեպի երկինք բարձրացնելով, իր վերջին շնչում գթություն հայցեց արարչից։
Նրա կերպարանքը զարհուրելի էր։ Մարդասպանը ընկրկելով պատին դեմ տվեց աղջկան և, ձեռքերով աչքերը վարագուրելով, վերցրեց մի ծանր մահակ ու նրան տապալեց գետնին։
==Քառասունութերորդ գլուխ==
Սայքսի փախուստը
Բոլոր զարհուրելի ոճիրներից, որ կատարվեցին խավարի ծածկույթի տակ Լոնդոնի լայնածավալ սահմաններում՝ այն պահից ի վեր, երբ գիշերն իջավ, ամենազարհուրելին այդ սպանությունն էր։ Ցայգալույսի քաղցրաբույր օդը եղծանող բոլոր ստոր արարքներից ամենաստորն ու ամենից դաժանը այդ ոճիրն էր։
Արևը, պայծառ արևը, որ իր հետ մարդու համար բերում է ոչ միայն լույս, այլև նոր կյանք, հույս և թարմություն, ամբողջ շքեղությամբ բարձրացավ հորիզոնից, և փայլեց բազմաբնակ քաղաքի վրա։ Նրա ճառագայթները հավասարապես թափանցեցին լուսամուտների գունագեղ, թանկարժեք ապակիներից և թղթապատ հասարակ պատուհաններից ներս, և՛ տաճարների գմբեթների միջով, և՛ խարխուլ պատերի ճեղքվածքներով։ Արևը լուսավորեց նաև այն սենյակը, ուր սպանված կինն էր գտնվում։ Այո՛, արևը լուսավորեց այդ սենյակը։ Սայքսը աշխատեց խափանել նրա լույսը, բայց նա համառորեն ներս հոսեց։ Եթե պատկերը քստմնելի էր առավոտյան գորշ մթնշաղին, ինչպիսի՜ն էր ապա այժմ, այդ պայծառ լույսի տակ։
Սայքսը չէր շարժվել․ նա վախենում էր անգամ խլրտալու։ Նա լսել էր ինչ֊որ հեծյուն, նկատել էր ձեռքի շարժում, և սարսափախառն զայրույթով նա հարվածել էր ու նորից հարվածել։ Մի րոպե ինչ֊որ ծածկոց էր գցել վրան, բայց ավելի վատ էր պատկերացրել աչքերը և երևակայել, որ դրանք դեպի իրեն են ուղղված, քան տեսնել, թե ինչպես սևեռուն նայում են վերև, ասես դիտելով արտացոլումը այն թանձրացած արյան լճի, որ արևի շողերի տակ սարսռում ու պարում էր առաստաղի վրա։ Նա ծածկույթը նորից դեն էր շպրտել։ Եվ ահա այնտեղ էր մարմինը, լոկ միս ու արյուն, ուրիշ ոչինչ, բայց ինչպիսի՜ միս և ինչքա՜ն արյուն։
Նա լուցկին վառեց, կրակը բորբոքեց և մահակը շպրտեց կրակի մեջ։ Մահակի ծայրին մազեր կային, որոնք բռնկեցին և կծկվելով մոխիր դարձան։ Օդի հոսանքը այդ մոխիրը պտտեցնելով՝ ծխնելույզից վերև բարձրացրեց։ Հակառակ իր այդքան խիզախությանը, անգամ այդ վախեցրեց նրան, բայց նա վերցրեց մահակը և պահեց ձեռքում մինչև երկուսի բաժանվեց, ապա դրեց ածուխների դեզի վրա, որպեսզի վառվի ու մոխրանա։ Նա լվացվեց ու զգեստները մաքրեց։ Դրանց վրա կային արյան բծեր, որ չէին անհետանում։ Նա կտրեց այդ մասերը և վառեց։ Ինչպե՜ս էին այդ բծերը ցրվել սենյակով մեկ։ Անգամ շան ոտները արյունոտ էին։
Ամբողջ այս ժամանակ, նա ոչ մի անգամ մեջքը չէր դարձրել դիակին, ոչ իսկ մեկ անգամ։ Այս նախապատրաստությունները վերջացնելուց հետո, նա ետ֊ետ գնալով շարժվեց դեպի դուռը, իր հետ քարշ տալով նաև շանը, որպեսզի կենդանու ոտքերը դարձյալ չներկվեն արյան հետքերով և գործված ոճիրի մասին նոր ապացույցներ փողոց դուրս չբերեն։ Նա դուռը կամացուկ ծածկեց, կողպեց, բանալին վերցրեց և տանից հեռացավ։
Նա անցավ հանդիպակաց մայթը և վստահ լինելու համար, թե դրսից ոչինչ չի նկատվում, նայեց պատուհանին։ Վարագույրը դեռևս ծածկված էր, այն վարագույրը, որ աղջիկը ցանկացել էր մի կողմ քաշել, ներս ընդունելու համար բացվող օրվա լույսը, որ երբեք չտեսավ։ Դիակը համարյա պատուհանի տակ էր գտնվում։ Ինքը լավ գիտեր այդ։ Տե՜ր աստված, արևը ինչպես էր ողողում սենյակի հենց այդ մասը։
Նրա հայացքը միայն մի ակնթարթ տևեց։ Թեթևություն էր այդ սենյակից ազատվելը։ Նա սուլեց շանը և շտապ հեռացավ այնտեղից։
Սայքսը Այլինգտոնի միջով մագլցեց Հայգեյթում գտնվող բլուրը, որի վրա կանգնած էր Վիթինգտոնի հրեշտակին նվիրված հուշարձանը, ապա չիմանալով ուր գնալ, աննպատակ իջավ Հայգեթ Հիլլից ցած։ Բայց հազիվ էր սկսեկ իջնել, երբ նորից թեքվեց դեպի աջ և, դաշտամիջյան արահետով պտույտ գործելով Կայենի անտառի շուրջը, դուրս եկավ Հեմփստեդ Հիթ։ Ճեղքելով Վեյլ ավ Հելթի մոտ գտնվող հովիտը, նա մագլցեց հանդիպակաց թումբը և, անցնելով այն պողոտայով, որ միացնում է Հեմփսթեդ և Հայգեյթ գյուղերը, ցախածաղկի թփուտների միջով մտավ Նորթ Էնդի դաշտերը, որտեղ և նա պառկեց մի մացառուտի տակ ու քնեց։
Շուտով նա դարձյալ վեր կացավ և ուղղվեց ոչ թե գյուղի խորքը, այլ ետ, դեպի Լոնդոն՝ բազմամարդ ճանապարհներով, բայց իսկույն նորից ետ դարձավ և քայլեց թփուտների մյուս մասով, որով արդեն անցել էր, ապա թափառեց դաշտերի մեջ և հանգստանալու համար պառկեց մի առվի եզրին․ ապա նորից վեր թռչելով, որոնեց մի ուրիշ տեղ և նորից կատարելով միևնույն շրջանը, վերստին աննպատակ դեսուդեն թափառեց։
Մի քիչ միս ու խմիչք ճարելու համար ո՞ւր կարող էր գնալ, որ թե՛ մոտ լիներ և թե՛ սակավ մարդաշատ։ Մտաբերեց Հենդոնը։ Դա վատ տեղ չէր և իր նպատակի համար ամենից հարմարն էր։ Հենց այնտեղ էլ նա ուղղեց իր քայլերը, մերթ վազելով և մերթ տարօրինակ մի կամակորությամբ խխունջի պես դանդաղելով, կամ բոլորովին կանգ առնելով և ձեռնափայտը անփութորեն խաղացնելով մացառուտների մեջ։ Բայց երբ հասավ այնտեղ, այնպես թվաց, որ հանդիպած բոլոր մարդիկ, անգամ դռների առջև խաղացող երեխաները, կասկածանքով էին նայում իրեն։ Նա ետ դարձավ նորից, չհամարձակվելով ուտելու կամ խմելու մի որևէ բան գնել, չնայած երկար ժամանակ ոչինչ չէր կերել, և մի անգամ էլ աննպատակ դեգերեց բացատում, չիմանալով ուր գնալ։
Նա շատ թափառեց, շատ մղոններ կտրեց, բայց նորից վերադարձավ նախկին վայրը։ Առավոտը և կեսօրը անցել էին, և օրը արդեն տարաժամել էր, սակայն նա դեռ թափառում էր այնտեղ, մերթ վեր ու վար քայլելով, մերթ պտույտներ գործելով շրջակայքում, բայց շարունակ մնալով նույն վայրում։ Վերջապես, նա որոշեց հեռանալ այդտեցից և ուղղվեց դեպի Հեթֆիլդ։
Գիշերվա ժամը ինն էր, երբ մարդը՝ բոլորովին ուժասպառ և շունը՝ անսովոր վարժությունից կաղ դարձած, եկեղեցու մոտ գտնվող բլրից իջնելով՝ հոգնաբեկ մտան ամայի գյուղը և հազիվ քաշ գալով ուղղվեցին մի փոքրիկ գինետուն, որի աղոտ լույսը առաջնորդել էր նրանց այնտեղ։ Ներսում, բուխարիկի առաջ նստած խմում էին մի քանի գյուղացի աշխատավորներ։ Նրանք անծանոթի համար տեղ բացեցին, բայց նա տեղ գրավեց սենյակի ամենահեռավոր անկյունում և կերավ ու խմեց մենակ, կամ ավելի շուտ իր շան հետ, որին նա ժամանակ առ ժամանակ գցում էր ուտելիքի փոքր կտորներ։
Այդտեղ հավաքված մարդիկ զրուցում էին հարևան դաշտերի ագարակապանների մասին, և երբ այդ նյութերն սպառվեցին, խոսակցության նյութ դարձավ տարիքը ինչ֊որ ծերունու, որին թաղել էին նախորդ կիրակի։ Ներկաներից երիտասարդները համարելով նրան շատ ծեր, իսկ ծերերը համարելով նրան դեռ բավականին երիտասարդ։ «Ինձնից ավելի հասակավոր չի կարող լինել, ― ասաց մի սպիտակահեր պապիկ, ― և խեղճը կարող էր շատ հանգիստ ապրել գոնե տասը֊տասնհինգ տարի ևս, եթե իրեն լավ հոգ տարած լիներ»։
Այս խոսակցության մեջ ուշադրություն գրավող կամ վրդովմունք առաջացնող ոչինչ չկար։ Ավազակը պանդոկապետին իր պարտքը վճարելուց հետո, լուռ ու աննկատ նստեց իր անկյունում և համարյա քնել էր, երբ ինչ֊որ անծանոթ եկվոր աղմկելով ներս մտավ, և նա կիսով չափ սթափվեց։
Սա մի կատակախոս մարդ էր, կես փերեզակ, կես շրջիկ դեղավաճառ, որ ոտով թրևում էր գյուղից գյուղ և վաճառում էր հեսաններ, ածելի սրելու հատուկ կաշվե գոտիներ, զմելիներ, օճառ, ձիասարքի յուղ, դեղորայք շների և ձիերի համար, էժանագին անուշահոտություններ, գեղեցկացուցիչ դեղեր և նման այլևայլ բաներ, որ լցրած ուներ ուսից կախ տված մի արկղում։ Գյուղացիներն սկսեցին նրա հետ կոպիտ կատակներ անել, որոնք շարունակվեցին մինչև նա վերջացրեց ընթրիքը և բաց արեց իր գանձերի արկղը։
― Իսկ ի՞նչ ապրանք է այդ։ Ուտելու համով բա՞ն, Հարրի, ― անմտորեն ժպտալով հարցրեց գյուղացիներից մեկը, ակնարկելով արկղի անկյունում գտնվող ինչ֊որ տափակ քառակուսի բաները։
― Սա, ― ասաց այդ մարդը ակնարկված քառակուսիներից մեկը վերցնելով, ― սա անփոխարինելի և անգնահատելի մի բաղադրություն է։ Սա մի ակնթարթում մաքրում է ժանգի, կեղտի, բորբոսի, ջրակաթիլի, անձրևակաթիլի, ցեխի, տիղմի և բոլոր տեսակի կտորներից, ինչպես սնդուսից, կտավից, կերպասից, շղարշից, մահուդից, գորգից, բրդից, բեհեղից և ամեն տեսակի բրդյա կտորներից։ Գինու, մրգի, գարեջրի, ջրի, ներկի, կուպրի և ամեն տեսակի բծեր մի ակնթարթում անհետանում են այս անփոխարինելի ու անգնահատելի բաղադրությամբ։ Եթե մի լեդի արատավորում է իր պատիվը, բավական է միայն մի կտոր կուլ տա սրանից և նա իսկույն կբուժվի, որովհետև սա թույն է։ Եթե մի ջենթլմեն ցանկանում է ապացուցել իր պատիվը, բավական է մի փոքրիկ քառակուսի կուլ տա, և արդեն ոչ մի կասկածի տեղ չի մնա, որովհետև սա նույնքան արդյունավետ է, որքան ատրճանակի փամփուշտը, և շատ ավելի դառնահամ, հետևաբար, ավելի պատվաբեր է սրանով վերջ տալ կյանքին, քան մյուս ձևով։ Հատը մի պեննի, բոլոր այս առավելություններով հանդերձ, հատը միայն մի պեննի։
Հավաքվածներից երկուսը անմիջապես մի քանի հատ գնեցին, իսկ մնացածներից շատերը բացահայտ կերպով տատանվում էին։ Վաճառողը, այդ բանը նկատելով, կրկնապատկեց իր պերճախոսությունը։
― Սա սպառվում է հենց արտադրված պահին, ― ասաց նա։ Տասնչորս ջրաղաց, վեց շոգեքարշ մեքենա և մի գալվանական մարտկոց անընդհատ դրա համար են աշխատում, բայց դարձյալ չեն հասցնում։ Եվ չնայած մարդիկ այնքան են աշխատում, որ մեռնում են, և նրանց այրիները իսկույն ապահովվում են յուրաքանչյուր երեխայի համար տարին քսան ֆունտ թոշակով, հիսուն ֆունտ էլ պարգև են ստանում երկվորյակների համար, բայց ժողովրդի պահանջը դարձյալ չի բավարարում։ Հատը մի պեննի։ Կես պեննիով էլ կարելի է, և չորս ֆարթինգը նույնպես ընդունելի է։ Հատը մի պեննի։ Սա հեռացնում է գինու, պտղի, գարեջրի, ջրի, յուղաներկի, կուպրի, ցեխի, արյան բծեր։ Հապա տեսե՛ք այստեղ գտնվող ջենթլմեններից մեկի գլխարկի վրա մի բիծ կա, որը ես կհեռացնեմ նախքան նա կկարողանա ինձ համար մի փայնթ գարեջրի պատվեր տալ։
― Վահ, ― գոռաց Սայքսը տեղից ընդոստ վեր ցատկելով, ― հարկավոր չէ, ե՛տ տուր։
― Ես այդ բիծը բոլորովին կանհետացնեմ, սը՛ր, ― պատասխանեց մարդը խմբին աչքով անելով, ― ես այդ կանհետացնեմ ավելի շուտ քան թե դու սենյակի այդ անկյունից այստեղ կհասնես։ Հապա, ջենթլմեններ, լա՛վ նայեցեք այս ջենթլմենի գլխարկի վրա գտնվող սև բծին։ Շիլլինգը ավելի մեծ չէ, բայց ավելի հաստ է, քան կես կրոնանոց արծաթե դրամը։ Լինի դա գինու, պտղի, գարեջրի, ջրի, կուպրի, ցեխի կամ արյան բիծ․․․
Վաճառորդը չհասցրեց ավելին ասել, քանի որ Սայքսը ահռելի մի հայհոյանքով սեղանը շուռ տվեց և, գլխարկը խլելով նրա ձեռքից, դուրս թռավ գինետնից։
Բավական տեղ գնալուց հետո սակայն, տեսնելով, որ չէր հետապնդվում, և մտածելով, որ հավանաբար իրեն համարել էին ինչ֊որ խոժոռադեմ, հարբած մարդ, որճրագործը նորից ետ դարձավ և փողոցում կանգ առնող ինչ֊որ կառքի պայծառ լույսերից խուսափելու համար անցնում էր մյուս մայթը, երբ նկատեց Լոնդոնից եկած փոստակառքը, որը կանգնած էր փոքրիկ նամակատան շենքի առաջ։ Չնայած համարյա վստահ էր, թե հետևանքն ինչ էր լինելու, այնուամենայնիվ մոտեցավ ու ականջ դրեց։
Փոստակառքին ուղեկցող պահակը կանգնել էր դռան առջև և նամակների պայուսակին էր սպասում։ Այդ միջոցին նրան մոտեցավ անտառապահի հագուստով մի մարդ․ պահակը նրան հանձնեց մի զամբյուղ, որ դրված էր մայթի վրա։
― Այդ ձերոնց համար է, ― ասաց նա։ ― Դե՛, վերջ ի վերջո մի քիչ արագ շարժվեք։ Գրո՛ղը տանի այդ նամակների պայուսակը։ Նախանցյալ գիշեր նորից պատրաստ չէր, այդպես չի լինի, գիտեք։
― Քաղաքում որևէ նորություն կա՞ր, Բեն, ― հարցրեց անտառապահը։
― Ինչքան գիտեմ, ոչ մի նորություն, ― պատասխանեց մարդը, ձեռնոցները հագնելով։ ― Եգիպտացորենի գինը մի քիչ բարձրացած է, բացի այդ, խոսում էին նաև Սփիթելֆիլդի թաղամասում կատարված ինչ֊որ սպանության մասին, բայց ես շատ հավատ չեմ ընծայում այդ զրույցին։
― Ոչ, այդ ճիշտ է, ― ասաց կառքում նստած մի ջենթլմեն, որը պատուհանից դուրս էր նայում։ ― Եվ ինչ սարսափելի ոճիր էր։
― Իսկապե՞ս, սըր, ― որպես հարգանքի նշան՝ գլխարկը հանելով հարցրեց պահակը։ ― Սպանվողը տղամա՞րդ էր, թե կին, սը՛ր։
― Կին, ― պատասխանեց ջենթլմենը, ― ենթադրվում էր, թե․․․
― Ուրեմն, Բեն, ― գոչեց կառապանը անհամբեր։
― Գրողը տանի այդ նամակների պայուսակը, ― ասաց պահակը, ― քնե՞լ եք, ինչ է։
― Գալիս եմ, ― ձայնեց գրասենյակի պաշտոնյան՝ դուրս վազելով։
― Գալիս ես, հա՞, ― քրթմնջաց պահակը։ ― Գալիս է նաև այն դեռատի, մեծահարուստ կինը, որ սիրահարվելու է ինձ վրա, բայց չգիտեմ, թե երբ։ Դե՛, բռնի սրա ծայրից։ Պըր֊ծա՜նք։
Եղջերափողը մի քանի զվարթ ձայներ հնչեցրեց, և կառքը շարժվեց։
Սայքսը կանգնած մնաց փողոցում։ Թվում էր, թե այդ լսածները բոլորովին չվրդովեցին նրան․ նա միայն մտահոգվում էր այն մասին, թե ուր պետք է գնար։ Վերջապես, նորից ետ դարձավ և բռնեց այն պողոտան, որ առաջնորդում է Հեթֆիլդից դեպի Ս․ Էլբանզ։
Նա քայլեց համառորեն, մինչև քաղաքից հեռանալով թաղվեց ամայի պողոտայի մթության մեջ, բայց այստեղ նրան համակեց այնպիսի ահ ու սարսափ, որ ցնցվեց նրա ողջ էությունը։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր առարկա, շոշափելի թե ստվերի երևույթով, շարժվող թե անշարժ, բոլորը ընդունում էին որևէ ահավոր էակի տեսք, բայց այս երկյուղը ոչինչ էր համեմատած նրան հալածող այն մտքի հետ, որ առավոտվա զարհուրելի կերպարանքը կրնկակոխ հետևում էր իրեն ամենուրեք։ Նա խավարի մեջ կարող էր նշմարել դրա ստվերը, կարող էր ճշգրիտ կերպով վերականգնել դրա ուրվագիծը իր բոլոր մանրամսնություններով և տեսնել, թե որքան անթեք ու հանդիսավոր էր նրա սիգաճեմ քայլվածքը։ Սաղարթների միջից նա կարող էր լսել նրա հանդերձների խշշյունը, և քամու ամեն մի ալիքը իր հետ բերում էր նրա վերջին հեծեծանքը։ Երբ կանգ էր առնում, այս կերպարանքը նույնպես կանգ էր առնում։ Երբ վազում էր, այն հետևում էր նրան ոչ թե վազելով, ― այդ թեթևացում կլիներ, ― այլ շարժվելով մեքենական կյանքով օժտված մի դիակի նման, որին մի մելամաղձոտ, միապաղաղ քամի դանդաղորեն քշում է առաջ, քամի, որ որ ո՛չ սաստկանում է, ո՛չ մեղմանում։
Երբեմն հուսահատ վճռականությամբ շուռ էր գալիս իրենից վանելու համար այս ուրվականը, չնայած դրան նայելը մահու չափ զարհուրելի էր նրա համար, բայց մարմինը փշաքաղվում և արյունը սառում էր երակների մեջ, քանի որ իր հետ միասին շուռ էր գալիս նաև այդ ուրվականը՝ կանգնելով նրա հետևում։ Այդ առավոտ դա իր առջևում էր եղել, իսկ այժմ շարունակ իր հետևում էր։ Նա մեջքը դեմ արեց ինչ֊որ թմբի, բայց զգաց, որ իր վերևում է․ պարզ տեսավ նրան ցուրտ գիշերվա երկնակամարի հենքին։ Նա իրեն գցեց գետին, մեջքի վրա պառկեց հենց պողոտայի եկյանքով, բայց ահա գլխավերևում կանգնած էր ուրվականը լուռ, ուղղաձիգ ու անշարժ՝ կենդանի մի տապանաքար, արյունով գրված դամբանագրով։
Թող ոչ ոք չխոսի ոճրագործների՝ արդարությունից խուսափելու մասին և չակնարկի, թե նախախնամությունը քնած է։ Այդ տանջալից երկյուղի մեկ երկար րոպեում մի քանի տասնյակ ահավոր մահեր կային։
Ճանապարհին, դաշտի մեջ, որտեղով անցնում էր, տեսավ ինչ֊որ սայլատուն, ուր կարելի էր գիշերել։ Դռան առջև գտնվող երկնասլաց բարդիների պատճառով սայլատունը չափազանց մութ էր, իսկ քամին ողբաձայն հեծեծում էր սաղարթների մեջ։ Բայց ի վերջո չէր կարող մինչև առավոտ քայլել, և այդտեղ էլ պառկեց հենց պատին շատ մոտիկ, ենթարկվելով նորանոր տանջանքների։
Որովհետև այժմ նույն համառությամբ նրան սկսեց հալածել մի ուրիշ տեսիլք, որը ավելի ահավոր էր, քան այն մեկը, որից նա խույս էր տվել։
Այդ լայն բացված, անփայլ, սառը, ապակենման աչքերը, աչքեր, որ ավելի նախընտրելի էր տեսնել, քան մտածել դրանց մասին, հայտնվեցին խավարում որպես լուսավոր կետեր, որոնք, սակայն, ոչինչ լուսավորել չէին կարող։ Երկուսն էին դրանք, բայց ամենուրեք էին։ Երբ մարդասպանը փակում էր աչքերը, աշխատելով իրենից վանել այդ տեսիլքը, իր առաջ ներկայանում էր սենյակը բոլոր մտերիմ և ծանոթ իրերով, որոնցից շատերը արդարև մոռացած կլիներ, եթե փորձեր մի առ մի թվել հիշողությամբ, ամեն ինչ իր սովորական տեղում։ Դիակը նույնպես իր տեղում էր, և աչքերը մնում էին ճիշտ այնպես, ինչպես ինքը վերջին անգամ տեսել էր սենյակից գաղտագողի դուրս սողոսկելիս։ Նա վեր թռավ տեղից և սարսափահար վազեց դեպի դաշտերը։ Կերպարանքը նրան հետևում էր։ Նա նորից սայլատուն մտավ և մի անգամ էլ կուչ եկավ հատակին, բայց աչքերը հայտնվեցին նույնիսկ իր պառկելուց էլ առաջ։
Ահ ու սարսափից դողալով և ողջ մարմինը ծածկված սառը քրտինքի կաթիլներով, նա կծկվել֊նստել էր այնտեղ, երբ հանկարծ, գիշերվա քամու հետ միասին նրա ականջին բախվեցին խուլ ճիչեր և խառնաշփոթ ու զարհուրած աղաղակներ։ Որևէ մարդկային ձայն այդ ամայի վայրում, ինչ փույթ, թե դա ինչ֊որ սարսափելի բան էր ազդարարում, սփոփանք էր ոճրագործի համար։ Իր անձին սպառնացող վտանգի առջև նա վերագտավ ուժն ու կորովը և, տեղից վեր թռչելով, վազեց դուրս, դեպի դաշտերը։
Երկնակամարի անհունը ասես բռնկել էր։ Հրեղեն լեզուների հետ մեկտեղ վեր էին բարձրանում կայծերի անհամար խրձեր և մեկը մյուսի հետևից գալարվելով լուսավորում էին մղոններ, մղոններ հեռու, թանձր ծուխը քշելով այն ուղղությամբ, ուր նա էր գտնվում։ Ժխորը ավելի սաստկացավ, և նրա ականջին հասան «հրդեհ» աղաղակող ձայներ, վերևից վայր ընկնող ծանր իրերի դղրդյունի հետ միախառնված ահազանգի չարագուշակ հնչյուններ, և կրակի ճարճատյուն, որ առաջանում էր, երբ բոցերը, վիթխարի վիշապի նման պլլվելով որևէ մարմնի շուրջ, ասես նոր թափ ստացած սլանում էին վերև։ Դիտելիս՝ աղմուկը ավելի ու ավելի սաստկացավ։ Բազմություն կար այնտեղ, տղամարդիկ, կանայք, լույս, շարժում։ Կարծես այդ մի նոր կյանք էր նրա համար։ Նա սկսեց խելահեղորեն վազել, ճեղքելով դաշտերը, իր ծանր կրնկի տակ ճմլելով թփուտներն ու մորենիները, կատաղի մոլուցքով սլանալով դարպասների ու ցանկապատների վրայից ինչպես իր շունը, որը բարձրագոչ հաչելով՝ արշավասույր գնում էր առջևից։
Նա հասավ հրդեհի վայրը։ Կիսամերկ կերպարանքներ խուճապով դես֊դեն էին վազվզում։ Դրանցից մի մասը աշխատում էր վախեցած ձիերին ախոռներից դուրս քշել, մի ուրիշ մասը՝ գոմերից ու բակերից հանում էր ոչխարն ու մյուս անասունները։ Ուրիշները, կայծերի և փուլ եկող շիկակարմիր գերանների տարափի տակ, բեռնավորված դուրս էին վազում վառվող տներից։ Բացվածքների միջով, ուր մի ժամ առաջ դռներ ու լաուսամուտներ կային, դուրս էին հոսում ասես, հրեղեն գետեր։ Պատերը երերալով տապալվում ու ընկնում էին բոցերի գազազած երախների մեջ։ Հալված կապարն ու երկաթը, սպիտակության աստիճան շիկացած, հեղեղում էին գետինը։ Կանաց ու երեխաների աղեխարշ ճիչերին խառնվում էին տղամարդկանց աղմկալի կանչերը։ Ջրհան մեքենաների շաչյունը և թեժ կրակի վրա թափվող ջրի թշշյունը սաստկացնում էին ահավոր ժխորը։ Նա նույնպես չխնայեց իրեն, այնքան գոռաց, այնքան աղաղակեց, որ ձայնը խռպոտեց, և, խույս տալով իրեն հետապնդող հուշերից և իր իսկ անձից, նետվեց այնտեղ, ուր ամենից շատ խճողում ու իրարանցում կար։
Այդ գիշեր նա ամբղջ ժամանակ մի րոպե անգամ կանգ չառավ։ Մերթ աշխատեց ջրորդանների վրա, մերթ ծխի ու բոցի միջով դեսուդեն վազեց, շարունակ ընտրելով այն վայրերը ուր աղմուկն ու բազմությունը ամենից շատ էին։ Նա վեր ու վար արավ ելարաններով, բարձրացավ շենքերի կտուրները, կանգնեց տախտակամածների վրա, որ սարսռում ու երեում էին նրա ահագին ծանրության տակ, անցավ ընկնող կղմինդրների ու քարերի տարափի տակով, վերջապես, այդ զարհուրելի հրդեհի բոլոր մասերում գտնվեց նա, բայց, ասես կախարդված լիներ, ոչ մի վտանգ չսպառնած նրա կյանքին, որևէ այրվածք կամ քերծվացք չստացավ։ Նա նույնիսկ հոգնություն չզգաց և որևէ այլ բանի մասին չմտածեց, մինչև որ նորից լուսացավ, և նա տեսավ, որ միայն ծուխ ու սևացած ավերակներ էին մնացել շուրջը։
Այս կատաղի խառնաշփոթությունը վերջանալուց հետո, գործած սարսափելի ոճրի գիտակցությունը տասնապատկված թափով համակեց նրան, և տեսնելով, որ մարդիկ խմբերով նստած զրուցում էին, գաղտագողի հեռացավ այդտեղից։ Նա անցավ հրշեջ մեքենաներից մեկի մոտով, ուր նստել էին մի քանի տղամարդ։ Նրանք հրավիրեցին մասնակցելու իրենց նախաճաշին։ Մի քիչ հաց ու միս ուտելուց հետո, երբ գարեջուրն էր խմում, լսեց, թե ինչպես Լոնդոնից եկած հրշեջները խոսում էին մի ոճրագործության մասին։ «Ասում են, նա Բիրմինգհեմ է գնացել, ― ասաց նրանցից մեկը, ― բայց անպայման կձերբակալեն նրան, որովհետև գործակալները արդեն իրար են անցել, իսկ մինչև վաղը երեկո լինելու է նաև հրապարակային ազդարարություն մունետիկով, հետևաբար, ամբողջ քաղաքի բնակչությունը հետապնդելու է նրան»։
Նա շտապ հեռացավ այդտեղից և այնքան քայլեց, որ ոտները թուլացան, և նա համարյա ընկավ գետին, ապա պառկելով առվակի մեջ, քնեց երկար, բայց ընդհատվող ու անհանգիստ քնով։
Զարթնելուց հետո, երկմտելով ուր գնալու մասին և մի գիշեր էլ մենակ անցկացնելու հեռանկարից սարսափած, նա անվճռականորեն դես֊դեն թափառեց։
Եվ նա հանկարծ որոշեց Լոնդոն վերադառնալ։
«Ամեն պարագայում գոնե այնտեղ մարդիկ կան, որոնց հետ կարելի է զրուցել, ― մտածեց նա, միաժամանակ հարմար թաքստոց է։ Քանի որ լուր է տարածվել, որ քաղաքից դուրս եմ գտնվում, նրանց մտքով չի էլ անցնի, որ ես այնտեղ եմ։ Մի՞թե չեմ կարող մի շաբաթ կամ ավել թաքնվել քաղաքում և Ֆեգինից ճանապարհածախս պոկելով, գնալ արտասահման՝ Ֆրանսիա։ Գրողը տանի, կարո՛ղ եմ։ Ուրեմն կգնամ և այդպես կանեմ»։
Այս եզրակացությանը հանգելուց հետո նա բռնեց համեմատաբար ամենից ամայի պողոտան և ուղղվեց դեպի Լոնդոն, մտադրվելով թաքնվել մայրաքաղաքից փոքր֊ինչ հեռու, ապա մթնշաղին ոլորապտույտ ճամփաներով գնալ որոշված թաղամասը։
Բայց շո՞ւնը։ Ինչպե՞ս վարվեր շան հետ։ Եթե իր մասին շրջում էին զրույցներ և իր արտաքին երևույթը նկարագրող տեղեկություններ, ապա նրանք չէին մոռանա, որ շունը նույնպես չկար, և որ նա, շատ հավանաբար, իր հետ էր։ Փողոցներով անցնելիս շունը կարող էր կասկածի տեղիք տալ և պատճառ դառնալ իր ձերբակալման։ Նա որոշեց խեղդել շանը։ Հետևաբար, մի ծանր քար վերցնելով և կապելով թաշկինակի ծայրին, նա շարունակեց իր ճանապարհը, որոնելով մի որևէ լճակ, որտեղ կարող էր գործադրել իր մտադրությունը։
Մինչդեռ տեղի էին ունենում այս նախապատրաստական աշխատանքները, կենդանին նայեց իր տիրոջ դեմքին և, ասես բնազդաբար զգալով այդ բոլորի իմաստը, կամ գուցե ավազակի սովորականից ավելի խիստ հայացքից ինչ֊որ բան կռահելով, կծկվեց և սկսեց շատ դանդաղ քայլել։ Իսկ երբ տերը կանգ առավ մի լճակի ափին և ետ դառնալով ձայն տվեց, նա բոլորովին քարացավ տեղում։
― Ե՛կ այստեղ, ― գոռաց Սայքսը։
Կենդանին եկավ ուղղակի մեքենաբար, բայց երբ Սայքսը թաշկինակը նրա վզին կապելու համար կռացավ, նա չարագուշակ կաղկանձեց և ետ֊ետ գնաց։
― Ե՛կ այստեղ, ― գոչեց ավազակը։
Շունը պոչը շարժեց, բայց մնաց նույն տեղում։ Սայքսը թաշկինակի ծայրին օղակ շինեց, որպեսզի շան վզից իսկույն անցկացնի, և նորից կանչեց նրան։
Շունը մի քանի քայլ առաջացավ, ետ գնաց, նորից առաջացավ, ապա իր ամբողջ ուժով սկսեց մոլեգնորեն վազել։
Մարդը կրկին ու կրկին սուլեց և նստեց ու սպասեց, հուսալով, որ նա կվերադառնա։ Բայց այդպես էլ կենդանին չհայտնվեց, և նա վերջապես վեր կացավ ու նորից ճանապարհ ընկավ։