Մարդը կրկին ու կրկին սուլեց և նստեց ու սպասեց, հուսալով, որ նա կվերադառնա։ Բայց այդպես էլ կենդանին չհայտնվեց, և նա վերջապես վեր կացավ ու նորից ճանապարհ ընկավ։
==Քառասունիններորդ գլուխ==
Մոնքսը և միստր Բրաունլոն վերջապես հանդիպում են իրար․ նրանց զրույցը և այն տեղեկությունը, որ ընդհատում է այդ զրույցը
Վերջալույսի ստվերներն սկսել էին թանձրանալ, երբ միստր Բրաունլոն ինչ֊որ կառքից իջավ ցած և իր տան դուռը կամացուկ թակեց։ Դուռը բացվելով, մի պնդակազմ մարդ կառքից դուրս եկավ և կանգնեց աստիճանների մի կողմում, ինչպես և մեկ ուրիշը, որը նստել էր կառապանի կողքը, նույնպես իջավ ցած և կանգնեց աստիճանների մյուս կողմում։ Ապա, երբ միստր Բրաունլոն գլխով արեց, նրանք կառքից ցած իջեցրին մի երրորդ մարդու և նրան իրենց միջև առած՝ շտապ ներս մտցրին։ Այդ մարդը Մոնքսն էր։
Նրանք լուռ բարձրացան վեր․ միստր Բրաունլոն, որը գնում էր առջևից, նրանց առաջնորդեց շենքի հետևի մասում գտնվող մի սենյակ։ Մոնքսը, որ աստիճաններով բարձրացել էր բացահայտ չկամությամբ, այժմ կանգ առավ։ Երկու պարոնները հարցական նայեցին ծերունի ջենթլմենին։
― Նա գիտե, թե ինչ է սպասում իրեն, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Եթե նա վարանի և կամ ձեր տված ցուցումներից անգամ մազաչափ շեղվի, նրան քա՛րշ տվեք փողոց, կանչեցե՛ք մի ոստիկանի և իմ անունից ամբաստանեցե՛ք նրան իբրև ոճրագործի։
― Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բաներ ասել իմ հասցեին, ― հարցրեց Մոնքսը։
― Իսկ դու ինչպես՞ս ես համարձակվում ստիպել ինձ այդ բանն անել, երիտասա՛րդ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, սևեռուն նայելով նրա դեմքին։ ― Անշուշտ խելքդ չես կորցրել, որ ցանկանաս դուրս գալ այս տանից։ Դե՛, բա՛ց թողեք նրան, համեցեք, սը՛ր։ Դու ազատ ես, կարող ես գնալ, իսկ մենք ազատ ենք հետևելու քեզ։ Բայց ինձ համար բոլոր սուրբ ու նվիրական բաների անունով նախազգուշացնում եմ, որ փողոց դուրս եկած րոպեից, գողության ու խաբեության համար քեզ ձերբակալել տալով, կհանձնեմ օրենքին։ Ես վճռական եմ և անդրդվելի։ Եթե դու նույնպես որոշել ես վճռական ու անդրդվելի լինել, մեղքը վզիդ։
― Այս շները ո՞ւմ իշխանությամբ առևանգեցին ինձ փողոցում և բերեցին այստեղ, ― հարցրեց Մոնքսը իր մոտ կանգնած մարդկանց, նախ մեկին, ապա մյուսին նայելով։
― Իմ, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Ես եմ լիազորել այդ մարդկանց։ Եթե գանգատվում ես, որ կաշկանդել ենք քո ազատությունը, ճանապարհին դու հնարավորություն ունեիր պաշտպանել քո իրավունքները, բայց դու ավելի խոհեմ համարեցիր լռել։ Նորից եմ կրկնում, դիմի՛ր օրենքի պաշտպանությանը, ես նույնպես կդիմեմ այնտեղ։ Բայց երբ այնքան առաջ գնաս, որ այլևս հնարավոր չլինի ետ դառնալ, մի՛ բողոքիր, որ քեզ հետ վերաբերվեցի անգթությամբ, երբ իրավասությունը ինձնից փոխանցված կլինի ուրիշ մարդկանց, և մի՛ ասա, որ ես քեզ հրեցի այն վիհը, որի մեջ դու ինքնակամ գլորվեցիր։
Ակնհայտ էր, որ Մոնքսը թե՛ շփոթված էր և թե՛ ահաբեկված։ Նա վարանեց։
― Դու պետք է արագ որոշես, ― պաղարյունությամբ և անհողդողդ ասաց միստր Բրաունլոն։ ― Եթե ցանկանում ես, որ իմ ամբաստանությունն անեմ հրապարակավ և քեզ ենթարկեմ այնպիսի պատժի, որի տարողությունը չնայած, սարսափով կարող եմ նախատեսել, բայց կասեցնել չեմ կարող, նորից եմ կրկնում, դու գիտես, թե ինչ պետք է անես։ Իսկ եթե այդ բանը չես ցանկանում և կոչ ես անում իմ ներողամտությանը և այն մարդկանց գթությանը, որոնց խորապես անիրավել ես, ապա առանց առարկելու նստի՛ր այդ աթոռին։ Արդեն երկու օր է, որ այդ աթոռը քեզ է սպասում։
Մոնքսը ինչ֊որ անհասկանալի բառեր քրթմնջաց, բայց դեռ տատանվում էր։
― Դու պետք է արագ մտածես, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Մի բառ իմ կողմից, և առիթը հավիտյան կորած կլինի քեզ համար։
Մոնքսը տակավին վարանում էր։
― Ես տրամադրություն չունեմ բանակցություն վարելու, ― ասաց միստր Բրաունլոն, ― և մանավանդ, քանի որ ուրիշների իրավունքներն եմ պաշտպանում, իրավասություն էլ չունեմ։
― Իսկ, ― ասաց Մոնքսը դողդոջուն ձայնով, ― իսկ միջին ճանապարհ չկա՞։
― Բոլորովին։
Մոնքսը անհանգստությամբ ծերունի ջենթլմենին նայեց, բայց նրա դեմքի արտահայտության մեջ տեսնելով միայն դաժան վճռականություն, սենյակ մտավ և ուսերը թոթվելով նստեց աթոռին։
― Դուռը դրսից կողպեցեք, ― ասաց միստր Բրաունլոն սպասավորներին, ― ներս կգաք միայն այն ժամանակ, երբ զանգը հնչեցնեմ։
Այդ մարդիկ կատարեցին պատվերը, և նրանք երկուսով մնացին մենակ։
― Ինչ գեղեցիկ վերաբերմունք է, սը՛ր, ― ասաց Մոնքսը, վերարկուն և գլխարկը վար նետելով, ― իմ հոր ամենավաղեմի բարեկամի կողմից։
― Քո հոր ամենավաղեմի լինելուս պատճառով է, երիտասա՛րդ, որ այսպես եմ վերաբերվում քեզ հետ, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Որովհետև նրա հետ կապված էին վաղեմի և երջանիկ տարիների հույսեր ու ցանկություններ, որովհետև նրա արյանն ու ցեղին պատկանող այն չքնաղ էակը ծաղիկ հասակում միացավ իր արարչին և ինձ այստեղ թողեց մենակ ու վշտահար, որովհետև, տակավին փոքրիկ մի տղա՝ նա ինձ հետ ծնրադրեց իր միակ քրոջ մահվան սնարի առաջ այն առավոտյան, երբ նրա քույրը, ― բայց աստված այլ կերպ կամեցավ, ― իմ դեռատի կինն էր դառնալու, որովհետև իմ խոցված սիրտը այդ օրվանից փարվեց նրան հետագա իր բոլոր փորձությունների ու մեղքերի մեջ մինչև մահը, որովհետև վաղեմի հուշեր համակեցին ինձ ու հին կապեր վերազարթնեցին իմ մեջ, և նույնիսկ քո ներկայությունը իր հետ բերում է ասես նրանցից մի մասնիկ, ահա այս բոլոր նվիրական զգացումների պատճառով է, որ այժմ տրամադրված եմ քեզ հետ մեղմությամբ վարվել, այո՛, Էդվարդ Լիֆորդ, նույնիսկ այժմ, և քեզ համար ամաչում եմ, որ անարժանաբար այդ անունն ես կրում։
― Անունը ի՞նչ կապ ունի դրա հետ, ― հարցրեց Մոնքսը, զարմանքով դիտելով ծերունի ջենթլմենի հուզումը։ ― Անունը ինձ համար ոչ մի նշանակություն չունի։
― Քեզ համար իհարկե, ոչ մի նշանակություն չունի, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― բայց դա նրա անունն էր, և նույնիսկ այսքան տարիներ հետո այդ անվան կրկնությունը նույն սարսուռն ու հուզումն է պատճառում իմ խամրած սրտին, ինչպես անցյալում։ Շատ ուրախ եմ, որ դու փոխել ես այդ, անչափ ուրախ եմ։
― Այդ բոլորը հիանալի է, ― ասաց Մոնքաը (պահպանենք նրա կեղծ անունը), երկար լռությունից հետո, որի ընթացքում նա ջղաձգորեն պտտվել էր աթոռի մեջ, մինչ միստր Բրաունլոն նստել էր ձեռքով դեմքը ծածկած։ ― Եվ սակայն ասացե՛ք, ի՞նչ եք ուզում ինձնից։
― Դու մի եղբայր ունես, ― ասաց միստր Բրաունլոն սթափվելով, ― մի եղբայր, որի անունը քո ականջին շշնջալը, երբ փողոցում գալիս էի քո ետևից, բավական եղավ, որ դու զարմացած ու վրդովված ինձ հետ գաս մինչև այստեղ։
― Ես ոչ մի եղբայր չունեմ, ― պատասխանեց Մոնքսը։ ― Դուք գիտեք, որ ես իմ ծնողների միակ երեխան էի։ Ի՞նչու եք իմ հետ եղբայրների մասին խոսում։ Դուք այդ ինձնից լավ գիտեք։
― Լսիր այն, ինչ֊որ ես գիտեմ և ինչ֊որ դու կարող ես չիմանալ, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Շուտով ավելի լարված հետաքրքրությամբ կլսես ինձ։ Ես գիտեմ, որ դու եղել ես քո տարաբախտ հոր շատ պատանի հասակում կնքած ամուսնության միակ և հրեշային ծնունդը։
― Ձեր վիրավորական խոսքերի հանդեպ անտարբեր եմ մնաում, ― ընդհատեց Մոնքսը կծու հեգնանքով։ ― Դուք ծանոթ եք իրողությանը, և այդ բավական է ինձ համար։
― Բայց ես նմանապես գիտեմ, ― շարունակեց ծերունի ջենթլմենը, ― այդ անհաջող միությունից բխած դժբախտության, հոգեմաշության և երկարատև տառապանքի մասին։ Ես գիտեմ, թե այդ ողորմելի զույգից յուրաքանչյուրը ինչպես քաշ տվեց իր կյանքը մի մթնոլորտում, որ երկուսի համար էլ թունավորված էր։ Ես գիտեմ, թե ինչպես շրջապատի մարդկանց վերաբերմունքը փոխվեց նրանց հանդեպ, և թե ինչպես սառը ձևականությունները տեղի տվեցին բացահայտ նախատինքների, ինչպես անտարբերությանը հաջորդեց հակակրությունը, հակակրությանը՝ ատելությունը, ատելությանը՝ զզվանքը, մինչև որ, վերջապես, չկարողանալով տոկալ հասարակության անողոք հարվածներին, նրանք պոկեցին իրենց կյանքը միավորող ծանր շղթաները, և յուրաքանչյուրը, իր սրտում կրելով այդ հոգեմաշ տվայտանքը, որը միայն մահով կվերջանար, մեկուսացավ ամեն մեկը հեռավոր մի վայրում, աշխատելով իր ամոթն ու տառապանքը թաքցնել կեղծ երջանկության դիմակի տակ՝ նոր շրջապատում։ Քո մորը հաջողվեց այդ անել, նա շուտով մոռացավ անցյալը։ Բայց դա երկար տարիներ մնաց քո հոր սրտում և մեծ ավերներ գործեց այնտեղ։
― Դե՛, նրանք բաժանվեցին, ― ասաց Մոնքսը, ― էլ ի՞նչ։
― Այդ բաժանումից բավական ժամանակ հետո, ― շարունակեց միստր Բրաունլոն, ― երբ քո մայրը անձնատուր եղավ եվրոպական ունայնություններին և բոլորովին մոռացավ իր երիտասարդ ամուսնուն, որը իրենից ուղիղ տասը տարով փոքր էր, նա, այսինքն՝ խորտակված հեռանկարներով այդ ամուսինը, որոշ ժամանակ մեկուսացած կյանք վարելուց հետո գտավ նոր ընկերներ։ Գոնե այս պարագան ծանոթ է քեզ։
― Ո՛չ, բոլորովի՛ն, ― պնդեց Մոնքսը, աչքերը մյուս կողմ շրջելով ու ոտքը գետնին խփելով այն մարդու նման, որը վճռել է ամեն ինչ ուրանալ։ ― Բոլորովի՛ն։
― Քո վերաբերմունքը, ինչպես նաև քո արարքները ինձ հավաստիացնում են, որ դու երբեք չես մոռացել այդ կամ գեթ մի րոպե չես դադարել այդ մասին դառնությամբ մտածելուց, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Իմ խոսքը վերաբերում է տասնհինգ տարի առաջվան, երբ դու հազիվ տասնմեկ տարեկանի էիր, իսկ քո հայրը միայն երեսունմեկ, որովհետև քո հայրը, նորից եմ կրկնում, սոսկ պատանի էր, երբ նրա հայրը հարկադրեց, որ նա ամուսնանա։ Մի՞թե պետք է անդրադառնամ դեպքերի, որ ստվերում են քո ծնողի հիշատակը, թե՛ կխնայես նրան և ինձ կհայտնես ճշմարտությունը։
― Ես ոչինչ չունեմ հայտնելու, ― առարկեց Մոնքսը։ ― Շարունակեցե՛ք խոսել, եթե ցանկալի է ձեզ։
― Այս նոր բարեկամներից մեկը, ― ասաց միստր Բրաունլոն, մի ծովային սպա էր, ծառայությունը ավարտած, որի կինը մահացել էր մոտավորապես վեց ամիս առաջ, թողնելով երկու երեխա, եղել էին նաև ուրիշ երեխաներ, բայց բարեբախտաբար, ամբողջ ընտանիքից միայն երկուսն էին ողջ մնացել։ Այդ երկուսն էլ աղջիկ էին, մեկը տասնինը տարեկան չքնաղ մի էակ, իսկ մյուսը հազիվ երկու֊երեք տարեկան մի մանկիկ։
― Իսկ այս բոլորը ինձ հետ ի՞նչ կապ ունի, ― հարցրեց Մոնքսը։
― Նրանք բնակություն հաստատեցին, ― շարունակեց միստր Բրաունլոն, ասես ընդհատումը չնկատելով, ― այնտեղ, որտեղ քո հայրը երկրից երկիր թափառելով գնացել և հաստատվել էր։ Ծանոթություն, մտերմություն, բարեկամություն, մեկը մյուսի հետևից, արագորեն հաջորդեցին իրար։ Քո հայրը օժտված էր այնպիսի շնորհքներով, որ բնությունը քչերին է պարգևում։ Նա ուներ իր քրոջ հոգին ու անհատականությունը։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մոտիկից ճանաչելով քո հորը, ծերունի սպան սիրեց նրան։ Երանի թե բանը այդտեղ էլ վերջացած լիներ։ Բայց սպայի աղջիկը նույնպես սիրեց նրան։
Ծերունի ջենթլմենը կանգ առավ․ Մոնքսը աչքերը գետնին հառած՝ շրթներն էր կծում։ Այս տեսնելով ջենթլմենը իսկույն շարունակեց․
― Տարվա վերջում նա լրջորեն կապված էր սպայի աղջկա հետ։ Նա դարձել էր այդ անմեղ աղջկա առաջին անկեղծ և բոցավառ սիրո առարկան։
― Ես տեսնում եմ՝ ձեր պատմությունը երկար է, ― աթոռում անհանգիստ շարժումներ կատարելով նկատեց Մոնքսը։
― Դա վշտի, փորձության և տառապանքի ճշմարիտ մի պատմություն է, երիտասա՛րդ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― և նման պատմությունները սովորաբար երկար են լինում։ Եթե դա լիներ մի պատմություն, որ խոսեր անխաթար ուրախության ու երջանկության մասին, շատ կարճ կլիներ։ Վերջապես քո հոր հարուստ ազգականներից մեկը, որի հեղինակությունն ու շահերը պաշտպանելու համար նա զոհվել էր, ինչպես հաճախ շատերի հետ է պատահում, ― այդ անսովոր երևույթ չէ, ― մահացավ, և հատուցելու համար այն վնասները, որի պատճառը ինքն էր եղել, նա քո հորը թողեց բոլոր դժբախտությունների համար իր ամենաբույժ դեղը՝ Դրամը։ Անհրաժեշտություն ծագեց, որ քո հայրը անմիջապես մեկներ Հռոմ, ուր այս մարդը շտապ գնացել էր բուժվելու, և այնտեղ էլ մահացել էր գործերը թողնելով չափազանց խառնակ վիճակում։ Քո հայրը գնաց և այնտեղ վարակվեց մահացու հիվանդությամբ։ Հենց որ լուրը հասավ Փարիզ, մայրդ քեզ վերցնելով հետևեց նրան։ Հայրդ մահացավ ձեր այնտեղ հասնելուց մի օր հետո, չթողնելով ոչ մի կտակ, ո՛չ մի կտակ, հետևաբար, ամբողջ հարստությունը հասնում էր քեզ և քո մորը։
Պատմության այս մասում Մոնքսը շունչը պահեց և լարված ուշադրությամբ ականջ դրեց, թեև աչքերը զրուցակցին չէին նայում։ Երբ միստր Բրաունլոն կանգ առավ, նա իր դիրքը փոխեց սրտում հանկարծ թեթևություն զգացող մարդու տեսքով և սրբեց այրվող երեսն ու ձեռքերը։
― Նախքան արտասահման գնալը, Լոնդոնից անցնելիս, ― ասաց միստր Բրաունլոն դանդաղորեն և աչքերը սևեռելով մյուսի դեմքին, ― նա եկավ ինր մոտ։
― Ես երբեք չեմ լսել այդ մասին, ― ընդհատեց Մոնքսը, աշխատելով իր ձայնի մեջ դնել կասկածանք, որը ավելի շուտ անախորժ զարմանք արտահայտեց։
― Նա եկավ ինձ մոտ և մի շարք այլ իրերի հետ մեկտեղ ինձ հանձնեց նաև մի նկար, իր սեփական ձեռքով գրված մի դիմանկար, պատկերը այն թշվառ աղջկա, որին չէր ուզում թողնել այնտեղ, բայց չէր էլ կարող տանել իր հետ, շտապ մեկնելու պատճառով։ Մտահոգությունից ու խղճահարությունից այնպես էր հյուծվել, որ համարյա նրա ստվերն էր մնացել։ Տագնապած ու մտացիր խոսեց իր կողմից գործված ինչ֊որ անպատվության ու ավերի մասին և մտերմաբար ինձ հայտնեց ժառանգությունը որևէ գնով դրամի վերածելու և, հարստության մի մասը իր կնոջը և քեզ հատկացնելուց հետո, քաղաքից փախչելու, բայց նա նույնիսկ ինձ՝ իր վաղեմի ու անկեղծ ընկերոջը, որի խոր սերը նրա հանդեպ արմատավորված էր այն հոգում, ուր ննջում էր մեր երկուսին շատ սիրելի մի էակ, նույնիսկ ինձ, նա ավելին չխոստովանեց։ Նա միայն խոստացավ գրել ու նամակով հայտնել բոլորը և դրանից հետո մի անգամ էլ տեսնվել ինձ հետ, վերջին անգամ աշխարհում։ Ափսո՜ս, այդ եղավ վերջին անգամը։ Որևէ նամակ չստացա նրանից և այդպես էլ նրան երբեք չտեսա։
― Ես գնացի, ― ասաց միստր Բրաունլոն, կարճ դադարից հետո, ― երբ ամեն ինչ վերջացել էր, ես գնացի այնտեղ, որտեղ ծնունդ էր առել նրա մեղապարտ սերը, ― չեմ վարանում օգտագործել այդ բառը, քանի որ մարդկային լավ կամ վատ վերաբերմունքը այժմ միևնույն են նրա համար, ― սրտումս որոշելով, որ եթե իմ ենթադրությունները ճիշտ դուրս գային, հովանավորեի ու սփոփեի կյանքում սայթաքած այդ խեղճ աղջկան։ Ընտանիքը այդտեղից հեռացել էր մի շաբաթ առաջ։ Նրանք վճարել էին իրենց պարտքերը, մաքրել առկախ հաշիվները և մեկնել գիշերով։ Ինչո՛ւ և որտեղ՝ ոչ ոք չէր կարող ասել։
Մոնքսը սկսեց նույնիսկ ավելի ազատ շնչել և հաղթական ժպիտով նայեց շուրջը։
― Երբ քո եղբայրը, ― ասաց միստր Բրաունլոն, իր աթոռը ավելի մոտ բերելով մյուսի աթոռին, ― երբ քո եղբայրը, այդ տկար, թշվառ, լքված երեխան, պատահականությունից ավելի զորավոր մեկի ձեռքով հայտնեց իմ ճամփին, և ես նրան փրկեցի մոլորություններով ու անպատվություններով լի մի կյանքից․․․
― Ինչպե՜ս, ― գոչեց Մոնքսը։
― Այո՛, ― շարունակեց միստր Բրաունլոն, ― ես քեզ ասացի, որ շուտով ավելի մեծ ուշադրությամբ կլսես ինձ։ Ասում եմ, երբ ես փրկեցի նրան այդ գարշելի միջավայրից, ― տեսնում եմ քո խորամանկ աշխատակիցը խուսափել է հիշել իմ անունը, թեև նրա համար այդ պետք է միևնույնը լիներ, քանի որ նա չէր էլ իմանում, թե դու ինձ կճանաչես, ― և նա իմ տանը պառկել էր հիվանդ վիճակում, նրա ապշեցուցիչ նմանությունը այս նկարին, որի մասին ասացի, մեծապես զարմացրեց ինձ։ Նույնիսկ երբ առաջին անգամ նրան տեսա այդքան կեղտի ու թշվառության մեջ, նրա դեմքը ինձ հիշեցրեց մի շատ վաղեմի բարեկամի։ Կարիք չկա ասելու, որ նրան դարանելով փախցրին, նախքան ես իմացա նրա պատմությունը։
― Ինչո՞ւ կարիք չկա ասելու, ― շփոթված հարցրեց Մոնքսը։
― Որովհետև այդ բոլորը դու լավ գիտես։
― Ե՞ս։
― Ուրանալը անօգուտ է, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Հիմա ես կապացուցեմ, որ ավելին գիտեմ։
― Դուք․․․ դուք․․․ իմ դեմ ոչինչ չեք կարող ապացուցել, ― կակազեց Մոնքսը։ ― Փորձեցեք այդպիսի բան անել և․․․
― Մենք այդ կտեսնենք, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը որոնող հայացքով։ ― Ես տղային կորցրի և նրան գտնելու իմ բոլոր ջանքերը ապարդյուն անցան։ Քո մայրը մեռած էր, հետևաբար գիտեի, որ քեզնից բացի ոչ ոք չէր կարող լուծել առեղծվածը։ Իսկ որոշ տեղեկությունների համաձայն դու գտնվում էիր Վեստ Ինդիայում՝ քո սեփական կալվածքներում, ուր, ինչպես լավ գիտես, մեկուսացար մորդ մահից հետո, քո կեղտոտ արարքների հետևանքներից խուսափելու համար։ Ես հանձն առա այդտեղ ուղևորվել։ Դու այնտեղից գնացել էիր ամիսներ առաջ․ ենթադրվում էր, որ Լոնդոնում ես, բայց ոչ ոք չէր կարող ասել, թե որ մասում։ Ես վերադարձա։ Քո գործակալները ոչ մի հետք չունեին քո բնակության տեղի մասին։ Ըստ նրանց տեղեկության՝ դու գալիս ու գնում էիր այնքան խորհրդավոր կերպով, ինչպես միշտ, մերթ հայտնվելով ամեն օր և մերթ ամիսներով անհետանալով, հավանորեն հաճախելով այն գռեհիկ որջերը և միախառնվելով այն վատահամբավ մարդկանց, որոնք ընկերներդ են հանդիսացել քո վայրագ ու անզուսպ պատանեկությունից ի վեր։ Ես նրանց ձանձրացրի նոր դիմումներով։ Գիշեր ու ցերեկ փողոցներում թափառեցի, բայց ինձ ոչ մի կերպ չհաջողվեց գտնել քեզ, մինչև երկու ժամ առաջ։
― Եվ այժմ որ գտել եք, ― համարձակորեն վեր կենալով ասաց Մոնքսը, ― հետո ի՞նչ։ Ինչ֊որ մարդ, մեռնելուց առաջ, անփութորեն գծել է անարվեստ մի նկար, և ինչ֊որ սատանի ճուտ, ըստ ձեր երևայական կարծիքի, նման է այդ նկարին։ Խաբեբայությունը և ավազակությունը մեծադղորդ բառեր են, բայց այսպիսի օդային փաստարկումներով չեն կարող արդարացվել։ Եղբա՜յր։ Դուք նույնիսկ չգիտեք, որ այդ դժբախտ զույգից մի երեխա ծնվեց, դուք նույնիսկ այդ չգիտեք։
― Չգիտեի, ― պատասխանեց միստր Բրաունլոն նույնպես վեր կենալով, ― բայց վերջին տասնհինգ օրվա ընթացքում բոլորն իմացել եմ։ Դու ունես մի եղբայր և դու ճանաչում ես նրան։ Կար մի կտակ, որ քո մայրը ոչնչացրեց, մեռնելուց առաջ քեզ տեղյակ պահելով այդ գաղտնիքին և նրանից քեզ հասանելիք օգուտի մասին։ Կտակը ակնարկում էր ինչ֊որ երեխայի, որը հավանաբար արդյունք էր լինելու այս տխուր միության։ Այդ երեխան ծնվեց, և մի օր պատահական կերպով հանդիպելով նրան, հոր հետ նրա ունեցած նմանությունը առաջին անգամ կասկածմեր զարթնեցրեց քո մեջ։ Դու շտապ գնացիր նրա ծնված վայրը։ Գոյություն ունեին ապացույցներ, երկար տարիներից ի վեր թաքնված ապացույցներ՝ նրա ծագման ու ծնողների մասին։ Այդ ապացույցները ոչնչացրիր, և ահա ճշգրիտ կրկնությունը այն բառերի, որ դու ասացիր քո մեղսակից Հրեային․ «Տղայի ինքնությունը հաստատող միակ փաստերը գետի հատակումն են գտնվում, իսկ պառավ վհուկը, որ վերցրեց դրանք մորից, փտում է իր դագաղում»։ Անարժա՛ն զավակ, ստո՛ր, ստախո՛ս․ դու որ գիշերով, մթին սենյակներում խորհրդակցում ես գողերի ու մարդասպանների հետ, դու, որ քո դավադրություններով ու խորամանկություններով ահավոր մահ ես բերել մեկի գլխին, որ քեզ նման միլիոններ արժեր, դու, որ հենց օրորոցից միայն դառնություն ու կսկիծ պատճառեցիր քո հորը, և անառակության ու անբարոյականության բոլոր կեղտոտ կրքերը այնպես հասունացան մեջդ, որ վերջապես ելք գտնելով մի գարշելի հիվանդությամբ, քո դեմքը դարձրին քո հոգու հայելին, դու, Էդվարդ Լի՛ֆորդ, տակավին համարձակվո՞ւմ ես ժխտելու այս բոլորը։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― այս կուտակված ամբաստանություններից հաղթահարված՝ գոչեց սրիկան։
― Յուրաքանչյուր բառ, ― շարունակեց ծերունի ջենթլմենը, ― յուրաքանչյուր խոսք, որ փոխանակված է քո և այդ գարշելի սրիկայի միջև, հայտնի է ինձ։ Ստվերները պատերի վրա լսել են ձեր շշուկները և հասցրել դրանք իմ ականջին․ այդ հալածված երեխայի տեսքից ընդվզել է անգամ ինքը անառակությունը։ Մի ոճիր է գործվել, որին դու բերել ես քո եթե ոչ գործուն, ապա բարոյական մասնակցությունը։
― Ո՛չ, ո՛չ, ― ընդհատեց Մոնքսը, ― ես․․․ ես․․․ ոչինչ չգիտեմ այդ մասին։ Ես գնում էի դեպքի էությունը իմանալու, երբ ինձ բռնեցիք։ Ես պատճառը չգիտեի։ Կարծում էի՝ դա սովորական վեճի արդյունք էր։
― Պատճառը քո գաղտնիքների մասնակի մերկացումն էր, պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Այժմ դու հայտնելո՞ւ ես բոլորը։
― Այո՛, կհայտնեմ։
― Եթե մենք փաստերն ու իրողությունները գրի առնենք, խոստանո՞ւմ ես ստորագրել այդ բոլորը և հաստատել վկաների առաջ։
― Այդ ես խոստանում եմ։
― Խոստանո՞ւմ ես հանգիստ մնալ այստեղ մինչև այդ փաստաթուղթը պատրաստվի, և գալ ինձ հետ այնպիսի վայր, որ ես հարմար կհամարեմ այն վավերացնելու համար։
― Եթե պնդում եք, այդ ևս կանեմ, ― պատասխանեց Մոնքսը։
― Դու պետք է ավելին անես, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Դու պետք է հատուցես այդ անմեղ ու անիրավված երեխային, որովհետև նա իրոք այդպիսին է, թեև պտուղն է հանցապարտ և չափազանց դժբախտ մի սիրո։ Կտակի պայմանները անշուշտ չես մոռացել։ Իրագործիր դրանք այնքանով, որքանով վերաբերում են քո եղբորը, ապա գնա ուր կամենաս։ Այս աշխարհում կարող եք էլ երբեք չհանդիպել իրար։
Մինչ Մոնքսը առաջարկի էության և դրանից խուսափելու հավանականությունների մասին խարհրդածելիս, մռայլված վեր ու վար էր անում սենյակում, չհամաձայնելու դեպքում իրեն սպառնացող վտանգներից սարսափած, բայց մյուս կողմից էլ լցված սաստիկ ատելությամբ դեպի նրանք, դուռը հանկարծ բացվեց և մի ջենթլմեն (միստր Լոզբերնը) մեծապես հուզված մտավ ներս։
― Այդ մարդուն կձերբակալեն, ― բացականչեց նա։ ― Այս գիշեր անպայման կձերբակալեն նրան։
― Մարդասպանի՞ն, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Այո՛, այո՛, ― պատասխանեց մյուսը։ ― Նրանց հին հաճախավայրերից մեկում տեսել են նրա շանը, ուստի այնպես է ենթադրվում, որ կենդանու տերը կա՛մ արդեն այնտեղ է, կա՛մ գիշերը վրա հասնելուց հետո անպայման կգա։ Ամեն կողմ լիքն է լրտեսներով և նրանք ցրված են բոլոր ուղղություններով։ Ես խոսել եմ այն մարդկանց հետ, որոնց հանձնարարված է նրան բռնել, ինձ ասացին, որ փախչելն անհնարին է։ Կառավարությունը հարյուր ֆունտի վարձատրություն է խոստացել նրան, ով կձերբակալի մարդասպանին։
― Հրեան էլ, ես կավելացնեմ, ― ասաց միստր Բրաունլոն, ― և անձամբ տեղում կհայտնեմ այդ մասին, եթե ինձ հաջողվի այնտեղ հասնել։ Միստր Մեյլին որտե՞ղ է։
― Հարրի՞ն։ Երբ նա տեսավ, որ դուք ու ձեր այս բարեկամը ապահով կերպով կառք նստեցիք, իսկույն գնաց այնտեղ, ուր և լսեց այս նորությունները, ― պատասխանեց բժիշկը, ― ապա հեծնելով իր ձին, նա շտապեց միանալ հետապնդողների առաջին խմբին, քաղաքից դուրս ինչ֊որ պայմանավորված տեղում։
― Իսկ Ֆեգինի մասին ի՞նչ տեղեկություն ունեք, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Երբ վերջին անգամ լսեցի նրա մասին, դեռևս չէր ձերբակալված։ Բայց նա էլ կձերբակալվի, կամ գուցե արդեն ձերբակալված է։ Նրանք համոզված են։
― Վճռեցի՞ր, ― ցածրաձայն հարցրեց միստր Բրաունլոն Մոնքսին։
― Այո՛, ― պատասխանեց նա։ ― Անշուշտ․․․ անշուշտ․․․ իմ մասին ոչինչ չեք հայտնի։
― Ո՛չ։ Մնա այստեղ մինչև վերադառնամ։ Սա միակ ապահով տեղն է քեզ համար։
Նրանք դուրս եկան սենյակից և դուռը նորից բանալիով փակվեց։
― Ի՞նչ ես արել, ― հարցրեց բժիշկը շշուկով։
Այն բոլորը, որ ցանկանում էի և նույնիսկ ավելին։ Խեղճ աղջկանից քաղած իմ տեղեկությունները, ինչպես և իմ նախկին տեղեկությունները միացնելով, մեր ազնիվ բարեկամի հետաքննության արդյունքներին, ես փախուստի ոչ մի սողանցք չթողեցի նրա համար և մերկացրի նրա ամբողջ սրիկայությունը, որը այդ հայտնաբերումների շնորհիվ ցերեկվա լույսի պես պարզ դարձավ։ Գրեցե՛ք և հանդիպում նշանակեցե՛ք վաղը չէ մյուս օրը, երեկոյան ժամը յոթին։ Մենք այնտեղ կլինենք մի քանի ժամ առաջ, որպեսզի փոքր֊ինչ հանգստանանք, մանավանդ դեռատի լեդին, որը գուցե շատ ավելի կարիք կունենա կորովի, քան թե դուք կամ ես կարող ենք այժմ նախատեսել։ Բայց ինչպես է արյունս վառվում այդ խեղճ, խողխողված աղջկա վրեժը լուծելու տենչով։ Ո՞ր կողմով գնացին։
― Ուղիղ ոստիկանատուն գնացեք և դուք կհասնեք ճիշտ ժամանակին, ― պատասխանեց միստր Լոզբերնը։ ― Ես կմնամ այստեղ։
Երկու ջենթլմենները իսկույ բաժանվեցին՝ երկուսն էլ սաստիկ հուզված ու գրգռված։