— Այո։
==Գլուխ իններորդ. ԱՅՍ ԿՈՂՄԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐ ՃԱԳԱՐՆԵՐ ԼԻՆԵՆ==
Դպրոցի ճանապարհին, Սան Բենիդո փողոցում Հոմեր Մաքոլին անցավ մի ցանկապատի կողքով, որը շրջապատել էր մոլախոտերով լցված մի տարածություն։ Ցանկապատը հին էր, խարխլված և ծիծաղելիորեն փոքր, անպետք տարածություն պահպանելուց բացի, ուրիշ բանի չէր ծառայում, իսկ այդ տարածությունը պաշտպանության ոչ մի կարիք չէր զգում։ Ցերեկային դպրոցի աշակերտն ու գիշերային ցրիչը հեծանիվը միանգամից կանգնեցրեց, կարծես ուզում էր չափազանց հետաքրքիր մի բան գտնել, որը կարող էր կորչել, եթե չշտապեր։ Ցանկապատը մոտ մեկ ոտնաչափ բարձր էր արգելավազքի համար ընդունված չափսից։ Աշխարհում եթե որևէ բան անցողիկ է և անհետանալու դատապարտված, ապա այդ ցանկապատն էլ, թեև անհետանում էր, բայց այնպիսի արագությամբ, որ կարող էր մի դար էլ հարատևել։
Հոմերը զննեց ցանկապատը, դրա ետևի տարածությունը, առջևի ազատ մասը, հետո չափեց բարձրությունը, որը բավական բարձր էր։ Ցատկելու փորձ արեց. տասը յարդ հեռացավ, ապա արագ ետ դարձավ և վազեց դեպի ցանկապատը։ Երբ բավական մոտ էր, մի գեղեցիկ ոստյուն կատարեց, ոտքով հարվածեց ցանկապատին, մի մասը գետին գլորեց և ընկավ մոլախոտերի մեջ։ Բայց անմիջապես վեր կացավ և ետ գնաց՝ մի անգամ էլ փորձելու։ Այս անգամ ցանկապատի փայտը շատ հեշտությամբ ջարդվեց, այնպիսի ձայն հանելով, որը ամենևին տեղին չէր և, հետևաբար, ծիծաղելի էր։ Հոմերը յոթ փորձ կատարեց, որոնցից ոչ մեկը հաջող չէր։ Նա կանգ առավ, երբ ամբողջ ցանկապատն արդեն գետին էր փլվել։
Ձեռնափայտով մի ծերունի դուրս եկավ փողոցի դիմացի տնից և սկսեց դիտել Հոմերին։ Ճիշտ այն ժամանակ, երբ Հոմերը վեր էր կենում վերջին անգամ և շորերն էր թափ տալիս, ծերունին խոսեց։
— Ի՞նչ ես անում,— հարցրեց նա։
— Արգելք եմ հաղթահարում,— ասաց Հոմերը։
— Որևէ տեղդ ցավե՞ց։
— Ոչ,— ասաց Հոմերը,— ցանկապատը մի քիչ բարձր է, մի քիչ էլ խոտերը սահուն են։
Ծերունին մի րոպե նայեց մոլախոտերին, ապա ասաց.
— Սրանց կաթնախոտեր են. ճագարների համար հրաշալի կեր են։ Ճագարները սիրում են դրանք։ Մի ժամանակ, մոտ տասնմեկ տարի առաջ, մի մեծ խումբ ճագար ունեի, բայց ինչ֊որ մեկը գիշերվա կեսին բացեց ճագարանոցի դուռը, և բոլորը փախան։
— Ինչո՞ւ բացեց դուռը,— հարցրեց Հոմերը։
— Չգիտեմ,— ասաց ծերունին,— այդպես էլ չիմացա, թե ով արեց. երեսուներեք գլուխ ճագար կորցրի, որոնք իմ տեսածների մեջ ամենագեղեցիկներն էին, փայլուն աչքերով, կատվի դեմքերով, բելգիական և երկու-երեք այլ տեսակներ։ Այլևս չգտա դրանք։
— Դու ճագար սիրո՞ւմ ես,— հարցրեց Հոմերը։
— Ազնիվ, փոքրիկ կենդանիներ են,— ասաց ծերունին,— ընտանի ճագարները շատ քնքուշ են։
Ծերունին շուրջը նայեց՝ ամայի տարածություն մոլախոտով ծածկված։
— Երեսուներեք ճագար տասնմեկ տարի ազատության մեջ են,— ասաց նա։— Նկատի ունենալով նրանց արագ աճը, դժվար է ասել, թե որքան են բազմացել։ Ո՞վ գիտե, գուցե վայրենացել են։ Չէի զարմանա, եթե ամբողջ քաղաքը հիմա ճագարներով լցված լիներ։
— Ես անձամբ ոչ մի հատ չեմ տեսել,— ասաց Հոմերը։
— Գուցե չես տեսել, բայց դրանք այս կողմերում են,— ասաց ծերունին։— Ամբողջ քաղաքը, հավանաբար, դրանցով է լցված։ Մի քանի տարի ևս, և դրանք լուրջ խնդիր կդառնան։
Ցավով, բայց Հոմերը նստեց հեծ անիվը։
— Լավ,— ասաց նա,— ես հիմա պետք է գնամ. նորից կերևամ...
— Խնդրեմ, ուրախ կլինեմ,— ասաց ծերունին։— Իմ անունը Չարլզ է, բայց ինձ պարզապես Չարլի անվանիր։ Երբ ցանկանաս, անցիր ինձ մոտ։
— Շնորհակալ եմ, սըր,— ասաց Հոմերը, ապա, վերադարձավ իրեն հուզող թեմային,— այսօր կեսօրից հետո դպրոցում մասնակցելու եմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքին,— ասաց նա ծերունուն։
— Ես երբեք դպրոց չեմ գնացել,— ասաց ծերունին,— բայց իսպանա-ամերիկյան պատերազմում կռվել եմ։
— Ի՜նչ եք ասում,— ասաց Հոմերը,— դե, ցտեսություն։
— 0՜, այո,— ասաց ծերունին, բայց արդեն նա ինքն իր հետ էր խոսում,— իսպանա֊ամերիկյան պատերազմի կեսը,— շարունակեց նա,— նապաստակի նման փախչելով անցկացրի։
Հոմերը հեծանիվ նստած անհայտացավ անկյունում։ Ծերունին քայլեց դեպի կիսաքանդ տունը՝ ծխելով ծխամորճը և շուրջը նայելով։ Նա ձեռնափայտը խրեց խոտերի մեջ։
— Այս կողմերում պետք է որ ճագարներ լինեն,— ասաց նա,— հիմա էլ, երևի, այն չեն, ինչ֊որ առաջ։