― Ես այդ չէի ուզում ասել, ― պատասխանեց Ռոզը արտասվելով, ― ես միայն կցանկանայի, որ այստեղից մեկնած լինեիր, որպեսզի դարձյալ հետամուտ լինեիր ավելի վեհ ու ազնիվ իդեալների, որպեսզի դարձյալ ձգտեիր վսեմ նպատակների։
― Չկա որևէ ուրիշ նպատակ, որ ավելի աժանի արժանի լիներ ինձ, որ ավելի արժանի լիներ ամենաազնիվ մարդուն, քան ձգտումը տիրանալու այնպիսի մի սրտի, ինչպիսին քոնն է, ― ասաց երիտասարդը՝ բռնելով նրա ձեռքը։ ― Ռո՜զ, իմ սիրելի՜, թանկագի՜ն Ռոզ։ Տարիներ, տարիներ շարունակ ես քեզ սիրել եմ, ծրագրելով նախ ձեռք բերել համբավ ու ապա հպարտորեն գալ քեզ մոտ և ասել, որ այդ բոլորը ես արել եմ միայն քեզ համար։ Արթուն վիճակում երազելով այն երջանիկ պահը, երբ քեզ հիշեցնելով իմ կողմից ամխոս արված պատանեկան բազմաթիվ հիշատակների մասին, խնդրելու էի քո ձեռքը որպես մեր երկուսի միջև կնքված մի ինչ֊որ վաղեմի մունջ, համաձայնության իրագործում։ Այդ ժամանակը դեռևս չի հասել, բայց այժմ, ոչ մի համբավ չվաստակած, և չգործադրած ոչ մի պատանեկան երազ, ես քեզ առաջարկում եմ իմ սիրտը, որ վաղուց քեզ է տրված, և իմ ամբողջ բախտը կախված է այն խոսքերից, որոնցով դու կընդունես իմ առաջարկը։
― Դու ինձ միշտ էլ վերաբերվել ես ազնվությամբ ու վեհանձնությամբ, ― ասաց Ռոզը, զսպելով այն զգացմունքները, որ փոթորկում էին նրա հոգին։ ― Քանի որ հավատ ունես, թե ես անգիտակից կամ ապերախտ չեմ, ապա լսիր իմ պատասխանը։