Այդ գիշեր այցելեցինք Ազգային գրադարան: Ապարդյուն քքրքրեցինք քարտեզներն ու քարտարանները աշխարհագրական հորդների հուշագրությունները ոչ ոք երբեք Ucbar-ում չէր եղել: Բիոյի ձանրագիտարանի ընդհանուր ցանկն այդ անունը չէր հիշատակում: Հաջորդ օրը Կարլոս Մսատրոնստդին (ում ես պատմել էի դեպքը) Կորիենտես և Տալկաուանո խաչմերուկի գրախանութում նկատեց Anglo American Cyclopaedia-ի սև և ոսկեգույն հատորները: Մտավ և թերթեց XXVI հատորը: Բնականաբար Ucbar-ի մասին ոչինչ չգտավ:
II
Ադրոգե հյուրանոցի խիտ այծտերևուկներում և պատրանքային հայելիներում գուցե և պահպանվում է հարավային գնացքների ճարտարագետ Հերբերթ Աշեի թույլ և մարող հիշատակը: Իր կյանքի ընթացքում այլ անգլիացիների պես նա տառապել էր պատրանքներից և երբ վախճանվեց, այդ պատրանքների հետքերն էլ չմնացին:
Բարձրահասակ էր ու մի քիչ կորացած, սակավադեպ քառակուսի շիկավուն մորուքով: Որքան գիտեմ ամուրի էր և ազնվական: Մի քանի տարին մեկ Անգլիա էր գնում դիտելու (եզրակացնում եմ նրա ցույց տված մի քանի լուսանկարներից) արևային մի ժամացույց և մի քանի կաղնիներ: հայրս նրա հետ հաստատել էր (բայը չափազանցված է) անգլիական այն բարեկամություններից մեկը, որ սկսվում է մտերմությունը բացառելով և շուտով բացառվում է նաև երկխոսությունը: Իրար հետ գրքեր ու հանդեսներ էին փոխանակում և խորասուզվում շախմատային լռակյաց մենամարտերում: Նրան հիշում եմ հյուրանոցի միջանցքներում թվաբանության գիրքը ձեռքին երկնքի անկրկնելի գույները դիտելիս: Մի երեկո զրուցեցինք տասներկուական թվային համակարգի մասին (որտեղ տասներկուսը գրվում է 10): Աշեն ասաց, որ ինքը տասներկուական թվակարգի աղյուսակները վերածում է վաթսունական համակարգի (ուր վաթսունը գրվում է 10) Ավելացրեց, որ այդ աշխատանքն իրեն առաջարկել է մի նորվեգացի Ռիո Գրանդե դո Սուլում եղած ժամանակ: Արդեն ութ տարի էր ինչ ճանաչում էինք նրան, և նա երբեք չէր պատմել, թե եղել է այդ վայրերում:
Զրուցեցինք հովվական կյանքի շուրջ, «կապանգաների» մասին բրազիլական «գաուչո» բառի ստուգաբանության մասին (որ որոշ ծերունի արևելցիներ դեռ արտասանում են «գաուչո») և, թող Աստված ներող լինի, տասներկուականի գործառույթների մասին այլևս ոչ մի խոսք չեղավ: 1937 թվականի սեպտեմբերին (մենք հյուրանոցում չէինք) Հերբերթ Աշեն մահացավ շնչերակի պայթյունից: Մի քանի օր առաջ Բրազիլից ստացել էր կնքված մի կապոց, որի պարունակությունը ընդամենը մի գիրք էր. Աշեն այն մոռացել էր բարում, ուր ես ամիսներ հետո հայտնաբերեցի: Թերթելով զարմանալի ու թեթև մի գլխապտույտ ունեցա, որն իհարկե, չեմ նկարագրելու, քանի որ սա ոչ թե իմ հուզմունքների այլ Ucbar-ի, Tlon-ի և Orbis Tertius-ի պատմությունն է: Իսլամի գիշերներից մեկի Գիշերների Գիշեր կոչվող գիշերվա ընթացքում բացվում են երկնքի դարպասները, ու ջրերը քաղցրանում են անգամ կժերում, եթե այդ դարպասները բացվեին այդ պահին մեկ է ես այդ գիշերվա զգացածս չէի զգա: Գիրքը շարադրված էր անգլերենով և բաղկացած էր 1001 էջից: Դեղին կողեզրի վրա կարդացի հետևյալ բառերը «A First Encyclopaedia of Tlon vol. XI.Hlear to Jangr»: Ոչ թվականն էր նշված, ոչ էլ հրատարակության վայրը: Առաջին էջում և գունավոր թերթերը ծածկող մետաքսյա թերթի վրա նկարված էր կապույտ մի լումա հետևյալ արձանագրությամբ Orbis Tertius: Երկու տարի առաջ անօրինական հրատարակված հանրագիտարանի հատորներից մեկի էջերում ես հայտնաբերել էի մի կեղծ երկրի մակերեսային նկարագրությունը. այժմ բախտը վիճակել էր ավելի ճշգրիտ ու դաժան մի բան: Հիմա իմ ձեռքում էր անհայտ մի մոլորակի ամբողջական պատմության ընդարձակ ու հիմնավոր մի պարբերություն, որն իր մեջ պարունակում էր այդ մոլորակի ճարտարապետությունը խաղաթղթերը, առասպելների սարսափն ու լեզուների շշուկը, կայսրերին ու ծովերը, հանքաքարերը, թռչուններն ու ձկները հանրա հաշիվն ու կրակը աստվածաբանական ու բնազանցական վեճերը: Եվ այդ ամենը առանց նկատելի գաղափարական կամ ծաղրական միտումների տրամաբանորեն հոդավորված:
Նշածս Տասնմեկերորդ հատորում տեղեկություններ կան սրան նախորդող և հաջորդող հատորների մասին Նեստոր Իբարան «N R F»-ի արդեն դասական հոդվածում մերժում է բացակայող հատորների գոյությունը Եզեկիել Մարտինես էստրադան ու Դրիո Լա Ռոշելը գուցե անհերքելիորեն մերժել են այդ վարկածը Սակայն բանն այն է, որ մինչև հիմա ամենահմուտ հետազոտություններն անգամ ապարդյուն անցան: Զուր քրքրեցինք երկու Ամերիկաների և Եվրոպայի գրադարանները: Ալֆոնսո Ռեյեսը դեդեկտիվ որոնումների ձանձրույթից զզված, առաջարկում է, որ բոլորս միասին մեզ վրա վերցնենք այդ հսկայական և բացակայող բազմաթիվ հատորների վերաշարադրման գործը ex ungue leonem: Դրա համար կեսլուրջ-կեսկատակ պնդում է նա բավարար կլիներ ''թլոնիստների'' մի ամբողջ սերունդ: Այդ հանդուգն եզրահանգումը մեզ վերադարձնում է հիմնական խնդրին: Ովքե՞ր հորինեցին Tlon-ը. հոգնակին անխուսափելի է, քանի որ մեն մի հորինողի անհայտության խավարի և համեստության մեջ գործող անվերջանալի մի Լայբնիցի վարկածը միահամուռ կերպով մերժվում է: Ենթադրվում է, որ այդ brave new world-ը հանճարեղ և մութ մի մարդու կողմից ղեկավարվող աստղագետների, կենսաբանների, ճարտարապետների, մետաֆիզիկների, բանաստեղծների, քիմիկոսների, մաթեմատիկոսների, բարոյագետների, նկարիչների երկրաչափների գաղտնի մի համայնքի ստեղծագործությունն է: Շատ են տարբեր մասնագիտություններ տիրապետողները, սակայն նրանց մեջ քիչ են հնարելու կարողություն ունեցողները: Աավելի նվազ այդ հնարամտությունը մի համակարգված ու խստագույն ծրագրի ենթարկել կարողացողները: Այդ ծրագիրն այնքան ընդարձակ է, որ յուրաքանչյուրի մասնակցությունը անսահմանորեն փոքր է: Սկզբում Tlon-ը քաոս էր թվում երևակայության անպատասխանատու խաղերից մեկը, այժմ գիտենք, որ նա ոչ թե քաոս, այլ կոսմոս է, որ գոնե ժամանակավորապես սահմանված են նրան ղեկավարող ներքին օրենքները: Բավական կլինի հիշել, որ Տասնմեկերորդ հատորում նկատված կարգը այնքան կատարյալ ու ճշգրիտ է, որ նրա կարծեցյալ հակասությունները մյուս հատորների գոյության փաստի հիմնաքարերն են: Հանրահայտ հանդեսները ներելի չափազանցությամբ հրապարակել են Tlon-ի կենդանական աշխարհի տվյալներն ու աշխարհագրությունը ես կարծում եմ, որ նրա թափանցիկ վագրերն ու բոսոր աշտարակները գուցե արժանի չեն բոլոր մարդկանց հետևողական ուշադրությանը: Ես համարձակվում եմ մի քանի րոպե խնդրել նրանց տիեզերքի ընկալումը պարզաբանելու համար:
Հյումը նկատել է, որ Բերկլիի փաստարկումներն անժխտելի լինելով հանդերձ միևնույն ժամանակ անհամոզիչ են: Այդ դատողությունը ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է Երկրագնդին, բայց ամբողջովին կեղծ է հնչում Tlon-ի հանդեպ: Այդ մոլորակում բնակվող ազգերը բնույթով իդեալիստ են: Նրանց լեզուն և լեզվի ածանցումները կրոնը տառերն ու մետաֆիզիկան անպայմանական իդեալիզմ են ենթադրում: Աշխարհը նրանց համար ոչ թե տարածության մեջ գտնվող իրերի ամբողջություն է, այլ անկախ արարքների տարաձև մի շարք: Հաջորդական-ժամանակային է և ոչ թե տարածական: Tlon-ի Ursprache լեզուն որից սերում են ժամանակակից լեզուներն ու բարբառները, գոյականներ չունեն, այն ունի անդեմ բայեր, որոնք լրացվում են մակբայական արժեք ունեցող միավանկ վերջածանցներով (կամ նախածանցներով): Օրինակ գոյություն չունի '''լուսին''' բառին համապատասխանող բառ, բայց գոյություն ունի մի բառ, որ իսպաներեն կլիներ '''լուսինանալ''': '''Լուսինը հայտնվեց գետի վրա''' արտահայտությունը կլինի hiör u fang axaxaxas mlö, որ բառ առ բառ թարգմանելիս հաջորդաբար կստացվի ''դեպի վեր'' (upward), ''հետևում տևական անցնել լուսինացավ'' (Քսուլ Սոլարը թարգմանում է Upward behind the onstreammg it mooned):
Մեր ասածը վերաբերում է հարավային կիսագնդի լեզուներին: Հյուսիսային կիսագնդի լեզուների (որոնց նախալեզվի մասին շատ քիչ տեղեկություններ կան Տասնմեկերորդ հատորում) հիմնական բջիջը ոչ թե բայն է, այլ միավանկ ածականը: Գոյականը կազմվում է ածականների կուտակումով: '''Լուսին''' չի ասվում ասվում է '''օդային-պայծառ մութ-կլորի վրա''' կամ '''երկնքի թեթև նարնջագույն''', կամ որևէ այլ կերպ: Ընտրված օրինակում ածականների խումբը վերաբերում է իրական մի օբյեկտի, բայց բնավ պարտադիր չէ: Այդ կիսագնդի գրականության մեջ (ինչպես Մայ Նոնգի աշխարհում) գերակշռում են իդեալական իրերը որոնք ստեղծվում և ոչնչանում են մի վայրկյանում ըստ բանաստեղծական մտահղացման: Հաճախ դրանց որոշում է լոկ միաժամանակայնությունը: Գոյություն ունեն երկու անդամից բաղկացած առարկաներ, որոնցից մեկը տեսողական բնույթ ունի, իսկ մյուսը լսողական արշալույսի գույնն ու թռչնի հեռավոր կանչը: Գոյություն ունեն նաև բազմանդամ առարկաներ արևն ու ջուրը ընդդեմ լողորդի կրծքի որ նշանակում է փակ աչքերում երևացող թեթև ու անորոշ վարդագույն, գետի հոսանքին տրված կամ երազի մեջ գտնվողի զգացողություն: Երկրորդական աստիճանի այդ օբյեկտները որոշ հապավումների միջոցով կարող են կապակցվել գրեթե անսահմանորեն: Գոյություն ունեն մեն մի հսկայական բառից կազմված հայտնի պոեմներ: Այդ բառը հեղինակի ստեղծած բանաստեղծական օբյեկտի մասն է կազմում: Գոյականների իրականությանը չհավատալու հանգամանքն առեղծվածայնորեն անհատնում է դարձնում նրանց քանակը Tlon-ի հյուսիսային կիսագնդի լեզուները պարունակում են հնդեվրոպական լեզուների բոլոր անուններն ու դեռ ավելի շատ:
Չափազանցություն չի լինի պնդել, որ Tlon-ի դասական մշակույթն ընդգրկում է մեն-մի գիտություն` հոգեբանությունը: Մնացածները ենթարկվում են սրան: Արդեն ասել եմ, որ այս մոլորակի բնակիչները տիեզերքն ընկալում են որպես մտավոր գործընթացների այնպիսի մի շարք, որ ընթանում է ոչ թե տարածության այլ ժամանակային հաջորդականության մեջ: Սպինոզան իր անհատնում աստվածությանը վերագրում է տարածության և մտածողության հատկանիշներ: Tlon-ում ոչ ոք չէր հասկանա առաջինի (որ միայն որոշ հանգամանքների է բնորոշ) և երկրորդի որ կոսմոսի կատարյալ հոմանիշն է հարադրությունը: Այլ կերպ ասած Tlon-ում անընդունելի է տարածականի հարատևումը ժամանակի մեջ: Հորիզոնում տարածվող ծխի հետո այրված դաշտի և ապա այրուցք պատճառող կիսամար ծխախոտի ընկալումը համարվում է գաղափարների զուգորդության օրինակ:
Այս բացարձակ մոնիզմը կամ իդեալիզմը արժեզրկում է գիտությունը: Մի դեպքի բացատրությունը (կամ սահմանումը) նշանակում է այն կապել այլ դեպքերի հետ Tlon-ում այդ կապը սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը: Յուրաքանչյուր մտային վիճակ անտրոհելի է. այդ վիճակն անվանել id est դասակարգել նշանակում կեղծել: Այստեղից պետք է եզրակացնել, որ Tlon-ում գոյություն չունեն գիտություններ ոչ էլ անգամ՝ դատողություններ: Սակայն պարադոքսալ ճշմարտությունն այն է, որ գոյություն ունեն գրեթե անհամար քանակով: Գիտությունների հետ կատարվում է այն, ինչ հյուսիսային կիսագնդում կատարվում է գոյականների հետ: Այն հանգամանքը, որ ամեն մի փիլիսոփայություն ի սկզբանե դիալեկտիկական մի խաղ է մի Philosophie des Als ob նպաստել է նրանց քանակի բազմապատկմանը: Գերակշռում են անհավատալի բայց հաճելի կամ արտառոց ճարտարությամբ կառուցված համակարգեր: Tlon-ի մետաֆիզիկները ճշմարտությունը չեն որոնում ոչ էլ հավանականությունը զարմանքն են որոնում: Նրանք կարծում են, որ մետաֆիզիկան ֆանտաստիկ գրականության ճյուղերից է: Գիտեն որ ամեն մի համակարգ այլ բան չէ քան տիեզերքի մասին բոլոր տեսակետների կախվածությունը դրանցից որևէ մեկից: Նույնիսկ «բոլոր տեսակետները» բառակապակցությունը անընդունելի է, քանի որ ենթադրում է ներկա և անցյալ վայրկյանների անհնարին միակցում: Նմանապես մերժելի է «անցյալ վայրկյանները» հոգնակին քանի որ ենթադրելի է դառնում մի այլ անհնարին գործողություն.. Tlon-ի փիլիսոփայական դպրոցներից մեկը մերժում է ժամանակը ելնելով այն բանից որ ներկան անորոշ է որ ապագան իրական է միայն որպես ներկայի հույս, որ անցյալն իրական է միայն որպես ներկայի հուշ: Մի այլ դպրոց պնդում է, որ արդեն ողջ ժամանակն անցել է և որ մեր կյանքը թերևս անդառնալի մի ընթացքի անկասկած կեղծ ու հաշմանդամ հիշողությունը կամ մայրամուտային արտացոլանքն է:
Մեկ ուրիշը կարծում է թե տիեզերքի պատմությունը և նրանում մեր կյանքն ու մեր կյանքի ամենաչնչին մանրամասնությունը ինչ-որ սատանայի հետ դաշնակցած Երկրորդական մի աստվածության գրառումն է: Մեկ ուրիշը տիեզերքն համեմատելի է գաղտնագրերի հետ, ուր ոչ բոլոր խորհրդանիշներն են արժեքավոր և որ ճշմարիտ է միայն այն, ինչ կատարվում է երեք հարյուր գիշերը մեկ մեկ հւրիշը մինչ այստեղ քնած ենք արթուն: Tlon-ի տեսություններից և ոչ մեկն այնքան խառնաշփոթություն չառաջացրեց որքան մատերիալիզմը: Որոշ մտածողների ձևակերպումները ավելի շուտ կրքոտ էին, քան հստակ և կարծես կռահում էին պարադոքսը: Այդ անըմբռնելի տեսության հասկացությունը դյուրացնելու համար տասնմեկերորդ դարի աղանդապետներից մեկը հնարեց պղնձե ինը դրամների սոփեստությունը, որի խայտառակ համբավը Tlon-ում համարժեք է էլիական ապորիաներին: Այդ «ճշմարտանման դատողությունը» ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք նշում են դրամների և դրանք գտնելու տեղերի քանակը. ահա ամենատարածվածը՝
'''Երեքշաբթի օրը X-ը անցնում է ամայի մի ճանապարհով և կորցնում պղնձե ինը դրամներ: Հինդշաբթի օրը Y-ը ճանապարհին գտնում է չորեքշաբթի օրվա անձրևից մի քիչ ժանգոտած չորս դրամներ: Ուրբաթ օրը Z-ը ճանապարհին գտնում է երեք հատը: Ուրբաթ առավոտյան X-ը իր տան միջանցքում գտնում է երկու հատ:''' Աղանդապետը այս պատմությունից ուզում էր եզրակացնել եղելությունը՝ '''id est''' գտնված ինը դրամների շարունակությունը: '''Անհեթեթ է''' (պնդում էր) '''մտածել, որ չորս պղնձադրամները գոյություն չեն ունեցել երեքշաբթի և հինգշաբթի օրվա միջև և որ երեքշաբթի օրվա և ուրբաթ երեկոյի միջև գտնվող ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել երեքը և երեքշաբթի օրվա և ուրբաթ օրվա արշալույսի միջև երկուսը: Տրամաբանական է մտածել, որ նրանք գոյություն են ունեցել, գուցե և գաղտնի, մարդկանց համար անհասկանալի ձևով, երեք ժամանակահատվածների բոլոր պահերին:'''
Tlon-ի լեզուն դժվարությամբ բանաձևեց այդ պարադոքսը շատերը չհասկացան: Չափավորության կողմնակիցներն սկզբում բավարարվեցին պատմության ճշմարտությունը մերժելով: Նրանք պնդեցին, որ դա խոսքային ձեռնածություն է և երկու նորաբանությունների հանդուգն գործածության վրա հիմնված ամեն մի տրամաբանության համար անընդունելի և օտար «գտնել» ու «կորցնել» բայերով կազմված բառային մի կեղծիք որը հենց սկզբից ենթադրում է ինն աոաջին և վերջին դրամների նույնությունը: Հիշեցին, որ յուրաքանչյուր գոյական (մարդ դրամ հինգշաբթի չորեքշաբթի անձրև) ունի միայն փոխաբերական արժեք: Ցույց տվեցին չորեքշաբթի '''օրվա անձրևից մի քիչ ժանգոտած''' արտահայտության նենգությունը, որ ենթադրում էր փորձարկման ենթարկված հանգամանքը հինգշաբթի և երեքշաբթի օրերի միջև գտնված ժամանակահատվածում չորս պղնձադրամների գոյությունը: Բացատրեցին որ մի բան է '''նույնությունը''', մի այլ բան '''հավասարությունը''' և բանաձևեցին reduetio ad absurdum, այսինքն հիպոթետիկ այնպիսի մի հնարավորություն, երբ ինը մարդ ինը հաջորդական գիշերներում ուժեղ ցավ են զգում: — Անհեթեթ չէ՞ր լինի, — հարցրին, — ենթադրել, որ այդ ցավը նույնն է: Ասացին, որ աղանդապետին դրդում է միայն աստվածային հատկությունը հասարակ պղնձադրամներին վերագրելու պիղծ նպատակը և որ նա երբեմն ժխտում է բազմազանությունը, իսկ մեկ-մեկ էլ հաստատում այն: Ասացին, որ եթե հավասարությունը պարունակում է նույնությունը ապա պետք է ընդունենք, որ ինը պղնձադրամները մեկ հատ են: