Ավելացվել է 106 009 բայտ,
16:48, 18 Հունիսի 2014
== Գլուխ երրորդ ==
<center><big><b>1</b></big></center>
Ամբողջ ձմեռ ազնվականական աշխարհազորն էր հավաքվում։ Կալվածատերերին դժվար էր դուրս բերել գյուղական խորքերից։ Մեծն վոյեվոդա Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը սպառնական հրամանագրեր էր ուղարկում, վախեցնում շնորհազրկությամբ ու սնանկացմամբ։ Կալվածատերերը չէին շտապում իջնել տաքուկ վառարաններից. «Ի՜նչ է փչել խելքներին՝ գրավել Ղրիմը։ Աստծուն փառք, խանի հետ մշտական հաշտություն ունենք, չափավոր տուրքը տալիս ենք, զուր տեղն ազնվականներին նեղություն պատճառելու կարիքը չկա։ Գոլիցինների ուզածն ուրիշի հաշվին փառք ու պատիվ ստանալն է...»։ Տկարություն կամ չունևորություն վկայակոչելով, խուսափում էին ներկայանալ։ Ոմանք գժություններ էին անում ձանձրույթից ու անգործությունից ձմեռ օրով մարդու գլուխն ինչ ասես կմտնի։ Սեղանապետներ Բորիս Դոլգոռուկին և Յուրի Շչերբատին՝ անզոր խուսափել արշավանքից, ռազմիկներին uև զգեստներ հագցրեցին, իրենք էլ սևաթույր ձիերով, ոտից գլուխ սև հագած, ասես գերեզմաններից էին ելել, զորակայան եկան, մահու չափ վախեցնրլով բոլորին։ «Փորձանք է գալու,— խոսում էին գնդերում,— կենդանի չենք դառնա արշավանքից...»։ Զայրացած Վասիլի Վասիլևիչը գրեց Մոսկվա, Ֆյոդոր Լեոնտևիչ Շակլովիտիին, որին թողել էր Սոֆյայի մոտ. «Բարի եղիր, ինձ չլսողների դեմ հրաման արձակել տուր, որ այս դավաճանության համար աղքատացնեն, ցմահ ճգնավորության աքսորեն, նրանց գյուղերը չքավորներին բաժանեն, այնպիսի խստություն սահմանեն, որ բոլորը դողան վախից...»։ Հրամանագիրը պատրաստեցին, բայց Վասիլի Վասիլևիչը բարեսրտությունից ներեց կարգազանցներին, որոնք արցունքն աչքերին թողություն խնդրեցին։ Չէին հսացրել այդ գործը վերջացնել, զորքի մեջ լուր տարածվեց՝ իբր թե գիշերով իշխան Գոլիցինի խրճիթի հաշտը դագաղ են գցել։ Մարդիկ զարզանդում էին, նման սարսափելի բաների մասին փսփսալով։ Ասում էին, թե այդ օրը Վասիլի Վասիլևիչը սաստիկ հարբել էր, դեսուդեն ընկել խավար հաշտում, թրատելով դատարկ տարածությունը։ Գեշ նախանշաններ էին։ Զորքի ետևից հասած գումակները տափաստանային բլուրների վրա ոռնացող սպիտակ գայլեր էին տեսել։ Ձիերը սատկում էին անհայտ պատճառներով։ Մարտյան մի քամառատ գիշեր գնդի այծը մարդկային ձայնով կանչել էր՝ «Փորձանք է գալո՜ւ»,— շատերն էին լսել։ Ուզեցան բրերով սատկացնել այծին, սա դուրս պրծավ ու տափաստան փախավ։
Ձները հալվեցին, հարավից անուշ հով փչեց, կանաչեցին գետափնյա ու լճափնյա ուռուտները։ Վասիլի Վասիլևիչը ամպի պես մռայլված էր շրջում։ Մոսկվայից անուրախ լուրեր էին գալիս, իբր Կրեմլում ձայնը բարձրացնել է սկսել Միխաիլ Ալեգուկովիչ Չերկասսկին՝ Պյոտր ցարի մերձավոր բոյարինը, և իբր բոյարներն ականջ են դնում նրան, Ղրիմի արշավանքը ծաղրելով. «Ղրիմի խանը Վասիլի Վասիլևիչին սպասելուց ձանձրացել է, Ցարեգրադում, ամբողջ Եվրոպայում այդ արշավանքից ձեռ են քաշել։ Գոլիցինները թանկ են նստում ցարական գանձարանի վրա...»։ Նույնիսկ պատրիարք Յոակիմը՝ Վասիլի Վսաիլևիչի նախկին հովանավորը, Բարաշի եկեղեցուց, առանց պատճառի, դուրս է գցել Գոլիցինի նվիրած շուրջառներն ու կաֆտանները և արգելել դրանցով ժամերգություն անցկացնել։ Վասիլի Վասիլևիչը Շակլովիտիին տագնապալի նամակներ էր գրում, որ աչալուրջ հետևի Չերկասսկուն, նաև այնպես անի, որ պատրիարքն ավելի քիչ լինի վերևներում՝ Սոֆյայի մոտ... «Ինչ մնում է բոյարներին, ապա հնուց եկող շահամոլությունն է նրանց տիրել, մեծ գործի համար իրենցից մի գռոշ պոկելը կափսոսեն...»։ Տխուր լուրեր էին գալիս արտասահմանից։ Ֆրանսիական թագավորը, որից մեծն դեսպաններ Յակով Դոլգոռուկին և Յակով Մըյշեցկին երեք միլիոն լիվր էին պարտք խնդրել, փող չէր տվել ու չէր կամեցել նույնիսկ տեսնել դեսպաններին։ Գրում էին հոլանդական դեսպան Ուշակովի մասին, որ «նա ու նրա մարդիկ ամբողջովին թաղվել են գողության մեջ, շատ տեղերում խնջույքներ են սարքել, խմել ու շատ անվայել խոսքեր ասել, որից պատվազուրկ են եղել արքայական մեծությունները...»։
Մայիսի վերջին հարյուր հազարանոց զորքով Գոլիցինը վերջապես դեպի հարավ շարժվեց և Սամարա գետի մոտ միացավ ուկրաինական հետման Սամոյլովիչին։ Դանդաղ առաջանում էր զորքը, անհամար գումակներ քարշ տալով պոչից։ Վերջացան քաղաքներն ու պահախմբերն՝ իրենց տնակներով, մտան Վայրի դաշտի տափաստանները։ Ամայի հարթավայրում տապն էր կանգնած, և մարդիկ կրծքահաս խոտերի միջով էին առաջանում։ Կրակվող երկնքում գիշանգղներ էին պտտվում։ Հեռավոր հորիզոնի պռնկին օդապատրանքներ էին ալիքվում։ Վերջալույսները կարճատև էին՝ դեղնավուն, կանաչավուն։ Սայլերի ճռճռոցով, ձիերի խրխինջով լցվեց տափաստանը։ Չոր թրիքի խարույկների ծուխը մշտնջենական թախիծ բուրեց։ Գիշերն արագ էր վրա հասնում։ Սարսռազդու աստղեր էին շողշողում։ Տափաստանն ամայի էր՝ ոչ ճամփա կար, ոչ արահետ։ Առաջապահ գնդերը շատ հեռու էին գնում, կենդանի ոչ մի շունչ չտեսնելով։ Ըստ երևույթին, թաթարները ռուսական զորքը խաբեությամբ քաշում էին անջուր ավազուտները։ Ավելի ու ավելի հաճախ էին դեմ առնում ձորակների ցամաքած հուների։ Միայն փորձառու կազակները գիտեին, թե որտեղից կարելի է ջուր գտնել այստեղ։
Հուլիսի կեսն էր, իսկ Ղրիմը մշուշի մեջ դեռ աչքներին էր երևում ընդամենը։ Գնդերը սփռվել էին տափաստանով մեկ՝ եզրից եզր։ Սպիտակ լույսից, ճպուռների չոր ճռռոցից գլուխ էր պտտվում։ Սատկած ձիերի կողերի վրա ալարկոտ թռչուններ էին խմբվում։ Շատ սայլեր թողեցին տափաստանում։ Շատ մուժիկներ մնացին իրենց սայլերի մոտ՝ ծարավից մեռնելով։ Ոմանք դեպի հյուսիս էին շարժվում, Դնեպրի կողմերը։ Գնդերը տրտնջում էին...
Վոյեվոդաները, գնդապետները, հազարապետները ճաշի էին հավաքվում Գոլիցինի քաթանե վրանի մոտ, տագնապած նայելով կախ ընկած դրոշներին։ Բայց ոչ ոք սիրտ չէր անում գնալ ու ասել. «Պետք է ետ դառնալ, քանի դեռ ուշ չէ։ Ինչքան առաջանանք, այնքան ավելի վատ, Պերեկոպից դենը մեռյալ ավազուտներ են»։
Վասիլի Վասիլևիչն այդ ժամերին հանգստանում էր վրանում, զգեստը, կոշիկները հանած, գորգերի վրա պառկած, Պլուտարքոս էր կարդում լատիներեն։ Գրքերի էջերից ելնող մեծ ուրվականները նրա մռայլված հոգու կայտառությունն էին ամրապնդում։ Ալեքսանդրը, Պոմպեոսը, Սցիպիոնը, Լուկուլլոսը, Հուլիոս Կեսարը, ծղրիդների հոգնեցուցիչ ճռճռոցի ներքո, հռոմեական արծիվներն էին թափահարում։ Ի փա՜ռք, ի փա՜ռք։ Նաև ուժ էր առնում՝ Սոֆյայի նամակները կարդալով. «Իմ աչքի լույս, եղբայր Վասենկա։ Բարի ողջույն քեզ, պատվելիս, երկար կյանք ունենաս։ Աստված քեզ օգնական՝ հաղթես թշնամյաց։ Էլ հավատ չունեմ, թե ետ ես դառնալու, իմ աչքի լույս... Այնժամ կհավատամ, երբ գրկիս մեջ տեսնեմ իմ հոգու հատորին... Ինչի համար ես, գրում, որ աղոթեմ, իմ աչքի լույս, կարծես իրավ մեղավոր եմ աստծու առաջ ու անարժան։ Բայց և այնպես, մեղավոր եմ թեև, հանդգնում եմ հույս ունենալ նրա բարեգթությանը։ Աստված է վկա, միշտ եմ աղերսում, որ ուրախության մեջ տեսնեմ իմ հույս ու հավատին։ Սրանով իմ ողջույնները քեզ, հավերժ ու անհամար...»։
Երբ տապը մեղմվում էր, Վասիլի Վասիլևիչը, սաղավարտն ու այծենակաճը հագնելով, ելնում էր վրանից։ Նրան տեսնելով, գնդապետները, հազարապետները, յասավուլները ձիերն էին հեծնում։ Կանչում էին փողերը, ձիգ երգում եղջրափողերը։ Զորքը հիմա առաջանում էր գիշերով, մինչև միջօրեի տապը։
Այդպես էր և այսօր։ Բլրի կատարից Վասիլի Վասիլևիչը հայացքը պտտեց խարույկների անհամար ծխերի, զորքերի մութ կետերի, մշուշի մեջ կորչող գումակների եզրագծերի վրայով։ Մշուշն առանձնահատուկ էր այսօր, փոշու ալիքը հորիզոնն էր պատել չորս կողմից։ Ծանր էր շնչելը՝ քամի չկար։ Վերջալույսը արնագույն խավարով էր պատել երկնքի կեսը։ Թռչունների երամներ էին սլանում, ասես փրկվելով... Մայր մտնող արևը փքվել էր՝ մշուշված, սարսափելի... Աստղերը դեռ չցոլացած, շղարշով պատվեցին։ Շառագունելով, ցոլցլում էր ծխակոլոլ հրացոլքը։ Խեղդող քամի բարձրացավ։ Ավելի հստակ երևացին բոցի պար եկող լեզուները, որոնք օղակել էին զորքը բոլոր կողմերից,..
Բլրի մոտ ձիավորների մի խումբ կանգ առավ։ Ծանր-ծանր ոստյուններով մեկը ձին մոտ քշեց վրանին։ Իջավ, ուղղելով երկարուկ գլխարկը։ Վասիլի Վասիլևիչը ճանաչեց հետման Սամոյլովիչի ճարպոտ դեմքն ու ալեխառն բեխերը։
— Աղետ է պատահել, իշխան,— ասաց ցածրաձայն,— թաթարները հրդեհել են տափաստանը...
Հետմանի կախ ընկած բեխերի տակ քմծիծաղ չկար, ստվերված էին աչքերը...
— Չորս կողմը վառվում է,— ասաց նա՝ մտրակով ցույց տալով։
Վասիլի Վասիլևիչը երկար նայում էր հրացոլքին։
— Ինչ արած, հետևակը ձիերին կնստեցնենք, կրակի միջով կանցնենք...
— Իսկ մոխիրների վրայո՞վ ինչպես գնանք։ Ոչ կեր կա, ոչ ջուր։ Կկոտորվենք, իշխան։
— Ես նահանջե՞մ։
— Գիտցածդ արա... Կազակները վառված տափաստանով չեն գնա։
— Մտրակելով կքշեք կրակի միջով... (Վասիլի Վասիլևիչը զայրույթի պահին անզուսպ էր։ Արագ-արագ պտույտ տվեց բլրակի վրա, չոր հողի մեջ խրելով երկաթյա կրունկները։) Վաղուց եմ տեսնում, որ կազակների սրտով չէ մեզ հետ գալը... Նայում ու ծիծաղդ է գալիս՝ ննջում են թամբերին նստած։ Ղրիմի խանին գուցե ավելի ժրաջան էին ծառայում։ Դու էլ ես հոգով ծուռ, հետման... Զգուշացիր... Մոսկվայում քեզպեսներին չէ, որ մազերից բռնած քարշ են տվել կառափնարան... Տերտերի տղա, երբվանի՞ց է մոմ ու ձուկ չես ծախում։
Գիրուկ Սամոյլովիչը ցուլի պես թնչացնում էր, վիրավորանքը լսելով։ Բայց խելացի էր և խորամանկ՝ լուռ մնաց։ Ֆսֆսացնելով, ձին հեծավ, իջավ բլրակից ու չքացավ սայլերի ետևում։ Վասիլի Վասիլևիչը ձայն տվեց փողհարին։ Խոպոտ հնչեցին փողերը ծխապատ տափաստանում։ Հեծելազորը, հետևակ զորքը, գումակները շարժվեցին կրակի միջով։
Արշալույսին պարզ դարձավ, որ առաջ գնալ չի կարելի՝ սև ու մեռյալ տափաստանն էր առջևում։ Սոսկ գալարվող սյուներ էին պտտվում այնտեղ։ Հարավից փչող քամին սաստկանում էր, մոխրի ամպեր բերելով։ Երևաց, թե ինչպես հեռվում առաջինը ետ շրջվեցին կազակական հեծելապարեկները։ Կեսօրին գումակում հավաքվեցին վոյեվոդաները, գնդապետներն ու ատամանները։ Խոժոռված տեղ հասավ հետմանը, ճտքի մեջ խրեց մականը, վառեց ծխամորճը։ Վսաիլի Վասիլևիչը, մատնիքավոր ձեռքերը զրահին դրած, հպարտությունը մեղմած, արցունքն աչքերին, ասաց.
— Ո՞վ դեմ կգնա նախախնամությանը։ Ասված է՝ զսպիր հպարտությունդ, մարդ, քանզի մահկանացու ես։ Տերը մեծ դժբախտություն է մեզ ուղարկել... Հարյուրավոր վերստերի վրա ոչ կեր կա, ոչ ջուր։ Մահից չեմ վախենում, բայց խայտառակությունից՝ այո։ Վոյեվոդաներ, մտածեք ու ասեք՝ ի՞նչ անենք։
Վոյեվոդաները, գնդապետներն ու ատամանները մտածեցին ու պատասխանեցին.
— Ետ գնանք դեպի Դնեպր, անմիջապես։
Այսպես անփառունակ ավարտվեց ղրիմյան արշավանքը։ Զորքերը հապշտապ ետ շարժվեցին, կորցնելով մարդկանց, լքելով գումակները, և կանգ առան միայն Պոլտավայի մատույցներում։
<center><big><b>2</b></big></center>
Գնդապետներ Սոլոնինան, Լիզոգուբը, Զաբելան, Գամալեյը, յասավուլ Իվան Մազեպան ու գլխավոր գրագիր Կոչուբեյը, գաղտնի մտնելով Վասիլի Վսաիլևիչի վրանը, ասացին.
— Տափաստանը կրակ են տվել կազակները, նրանց հետմանն է ուղարկել։ Սա էլ քեզ մատնագիր հետմանի վրա, կարդա ու Մոսկվա ուղարկիր, չուշացնես, որովհետև էլ ուժ չունենք դիմանալ նրա կամայականություններին՝ ինքը հարստացել, ազնվականությանն աղքատացրել է, կազակական ավագանին նրա մոտ գլխարկով կանգնել չի կարող։ Բոլորի վրա գոռում է։ Ռուսներին խաբում է, լեհերի հետ կապեր ունի ու նրանց էլ է խաբում, ուզում է Ուկրաինան իր մշտական տիրույթը դարձնել ու մեր ազատությունը խլել։ Մոսկվայից թող հրաման ուղարկեն, որ ուրիշ հետման ընտրենք, իսկ Սամոյլովիչին գցենք...
— Իսկ հետմանն ինչո՞ւ չի ուզում, որ ջարդեմ թաթարներին,— հարցրեց Վասիլի Վասիլևիչը։
— Նրա համար չի ուզում,— պատասխանեց յասավուլ Իվան Մազեպան,— որ քանի դեռ թաթարներն ուժեղ են, դուք թույլ եք, թաթարներին որ ջարդեք, շուտով Ուկրաինան էլ մոսկովյան վոտչինա կդարձնեք... Մենակ թե փուչ բաներ են դրանք... Ռուսներիդ համար մենք փոքր եղբայր ենք, մի հավատի տեր, ու միշտ էլ ուրախ ենք մոսկովյան ցարի ձեռքի տակ ապրել...
— Լավ է ասված,— աչքները ցած հառած, հաստատեցին թխակապույտ գլուխներով, քաքուլավոր գնդապետները։— Մենակ թե Մոսկվան մեր ազնվականական ազատությունը հաստատի։
Վասիլի Վասիլևիչը հիշեց մոխրի սև ամպերը, տափաստանում թողած անհամար գերեզմանները, ձիերի կողերը բոլոր ճանապարհների վրա։ Այտերը կրակ բռնած, հիշեց իր երազները Ալեքսանդր Մեծի արշավանքների մասին։ Հիշեց կրեմլյան պալատի նեղ միջանցքները, ուր բոյարները, թշնամիները գլուխ պիտի խոնարհեն իրեն, մատներով բեխերը ծածկած, որ քողարկեն քմծիծաղը...
— Այսպես՝ հետմա՞նն է տափաստանը կրակ տվել։
— Այդպես,— հաստատեցին գնդապետները։
— Լավ։ Թող ձեր ասածը լինի։
Նույն օրը, երկձի, Մոսկվա սլացավ Վասիլի Տըյրտովը՝ հետմանի վրա մատնագիրը գլխարկի մեջ կարած։ Երբ մոտեցան Պոլտավային ու զորակայան խփեցին, մեծն արքաներից պատասխան հրովարտակ եկավ. «Եթե որ Սամոյլովիչը ավագանու և մալոռուսական ամբողջ զորքի ուզածով չէ, մեծն արքաների դրոշը և մականը և ամենայն զինվորական կլեյնոդներ առնել նրանից, իրեն ուղարկել մալոռուսական քաղաքները հուսալի պահախմբով։ Իսկ նրա տեղը հետման կարգել նրան, ում ավագանին և մալոռուսական ամբողջ զորքը կկամենա...»։
Նույն գիշերը ստրելեցները հետմանի զորակայանի շուրջ կանգնած գումակը տեղահան արեցին և առավոտյան հետմանին բռնեցին երթային եկեղեցում, մի հասարակ սայլի մեջ գցեցին ու բերեցին Գոլիցինի մոտ։ Այնտեղ նրան հարցաքննեցին։ Հետմանի գլուխը թաց շորով էր կապված, աչքերր բորբոքված էին։ Սարսափահար կրկնում էր.
— Ախր սուտ են ասում նրանք, Վասիլի Վասիլևիչ։ Աստված վկա, սուտ են ասում... Խորամանկ Մազեպայի՝ իմ թշնամու խարդախություններն են...— Տեսնելով ներս մտած Մազեպային, Գամալեյին ու Սոլոնինային, նա շառագունեց, ցնցվեց.— Ուրեմն, սրա՞նց ես լսում... Շները սպասում են, թե երբ են Ուկրաինան լեհերին ծախելու։
Գամալեյը և Սոլոնինան, թրերը հանած, նետվեցին նրա վրա։ Բայց ստրելեց հարյուրապետները հետմանին խլեցին նրանց ձեռքից։ Գիշերը նրան դեպի հյուսիս տարան շղթայակապ։ Հարկ էր շտապ նոր հետման ընտրել, կազակական գնդերը գամակում գորիլկայի տակառներ բացեցին, սրախողխող արեցին հետմանի ծառաներին, ցցի հանեցին բոլորին ատելի գադյաչցի գնդապետին։ Զորակայանով մեկ բղավոցներ ու երգեր, կրակոցներ էին թնդում։ Իրարանցում ծայր առավ նաև մոսկովյան գնդերի մեջ։
Առանց հրավերի Վասիլի Վասիլևիչի վրանը եկավ Մազեպան։ Մոխրագույն սվիտկա էր հագել, ոչխարենու հասարակ փափախ դրել, միայն ոսկյա շղթայով թանկարժեք թուր ուներ գոտկից կախ։ Իվան Ստեպտնովիչը հարուստ մարդ էր, ազնվական հայտնի տոհմից, երկար ժամանակ Ավստրիայում ու Լեհաստանում էր ապրել։ Այստեղ, արշավի ընթացքում, մորուք էր թողել՝ կացապի պես, մոսկովյան ձևով էր կտրել մազերը։ Արժանապատիվ գլուխ տալով, որպես հավասարը հավասարին, նստեց։ Երկար, բարակ մատները կզակին խաղացնելով, ուռած, խելացի աչքերը հառեց Վասիլի Վասիլևիչի վրա։
— Գուցե պան իշխանը կամենում է լատիներե՞ն խոսել... (Վասիլի Վասիլևիչը սառնությամբ գլխով արեց։ Մազեպան, առանց ձայնն իջեցնելու, լատիներեն խոսեց։) Քեզ համար դժվար է մալոռուսական գործերից գլուխ հանել։ Մալոռուսները խորամանկ են, ծածկամիտ։ Վաղը հարկ է նոր հետման հռչակէլ, և լուրեր կան, թե Բորկովսկուն են ուզում հռչակել։ Այդ դեպքում ավելի լավ էր չգցել Սամոյլովիչին։ Մոսկվայի համար Բորկովսկուց ավելի վտանգավոր թշնամի չկա... Բարեկամի պես եմ ասում։
— Ինքդ գիտես, մենք ձեր մալոռուսական գործերի մեջ խառնվել չենք ուզում,— պատասխանեց Վասիլի Վասիլևիչը,— մեզ համար ցանկացած հետման լավ է, միայն թե բարեկամ լինի...
— Հաճելի է խելացի խոսք լսելը։ Թաքցնելու բան չունենք՝ Մոսկվայի ձեռքի տակ մենք մեզ զգում ենք ինչպես Աբրահամի ծոցում... (Վասիլի Վասիլևիչը, թռուցիկ քմծիծաղով, աչքերը ցած հառեց։) Մեր պապական հողերը չեք խլում, մեր սովորույթների հանդեպ բարյացակամ եք... Մեղքներս ինչ թաքցնենք՝ մեր մեջ կան Լեհաստանի կողմը ձգտողներ... Բայց նրանք, հանուն շահի, Ուկրաինան քայքայողներն են... Մի՞թե չգիտենք, որ եթե Լեհաստանին ենթարկվենք, պաները մեզ կքշեն մեր հողերից, ամենուրեք կոստյոլներ կկառուցեն, բոլորիս ճորտ ու ծառա կդարձնեն։ Ոչ, իշխան, մենք հավատարիմ ծառաներ ենք մեծն արքաներին... (Վասիլի Վասիլևիչը լռում էր, աչքերը չբարձրացնելով։) Ինչ ասեմ, աստված ինձ չի զրկել բարեշնորհությունից... Անցյալ տարի Պոլտավայի մոտերքում մի գաղտնի տեղ, տակառիկ եմ թաղել սև օրվա համար՝ տասը հազար ոսկով։ Մենք՝ մալոռուսներս, հասարակ մարդիկ ենք, մեծ գործի համար պատրաստ ենք կյանքներս էլ տալ... Վախենալու ի՞նչ ունենք։ Մականը ձեռքը կառնի դավաճանը կամ տխմարը՝ դա է սարսափելի...
― Ուրեմն, ինչ, Իվան Ստեպանիչ, աստված մեզ հետ, ու բարին կատարվի, վաղը հետման հռչակեք։— Վասիլի Վասիլևիչը վեր կացավ ու գլուխ տվեց հյուրին։ Հապաղեց, ապա ուսերը բռնելով, երեք անգամ համբուրեց նրան։
Հաջորդ օրը, երթային քաթանե վրան-եկեղեցու մոտ, պատմուճանով ծածկված սեղանին դրված էին մականը, դրոշը և հետմանական կլեյնոդները։ Երկու հազար կազակ կանգնած էին շուրջանակի։ Պարսկական զրահով, այծենակաճով, մորեգույն փետուրներով սաղավարտը գլխին իշխան Գոլիցինը ելավ եկեղեցուց, ետևից՝ ամբողջ կազակական ավագանին։ Վասիլի Վասիլևիչը կանգնեց նստարանին, մետաքսե թաշկինակը ձեռքում, մյուսը դրած թրի երախակալին, ու ասաց մոտ եկած կազակներին.
— Նորին արքայական մեծությունները հին սովորության համաձայն թույլ են տալիս մալոռուսական մեծագույն զորքին՝ հետման ընտրել։ Ասացեք, ով է ձեր սրտով, այդպես էլ կլինի... Մազեպան, թե մեկ ուրիշը՝ կամքը ձերն է...
Գնդապետ Սոլոնինան բղավեց. «Մազեպայի՜ն ենք ուզում»։ Ձայնակցողներ եղան, և ամբողջ դաշտն աղմկեց. «Թող Մազեպան հետմա՜ն դառնա»...
Նույն օրը չորս կազակ իշխան Գոլիցինի վրանը բերեցին հողի մեջ սևացած մի տակառիկ՝ ոսկով լիքը։
<center><big><b>3</b></big></center>
Երկու տարի առաջ Յաուզայի վրա, Պրեոբրաժենսկի պալատից քիչ ներքև կառուցված ամրոցն այս աշնանը վերակառուցվեց գեներալներ Ֆրանց Լեֆորտի և Սիմոն Զոմմերի գծագրերով․ պատերը լայնացվեցին ու ամրացվեցին ցցագերաններով, դրսից խոր փոսեր փորվեցին, անկյուններում ամուր աշտարակներ բարձրացան՝ հրակնատներով։ Ուռենու ճյուղերից հյուսված ճեղաններն ու ավազով լի պարկերը ծածկում էին բրոնզե թնդանոթների, հրասանդների և հրանոթների շարքերը։ Ամրոցի կենտրոնում հինգ հարյուր մարդու ճաշատուն կառուցեցին։ Գլխավոր աշտարակի վրա, դարպասից վեր, զանգեր կախեցին՝ ծեծաններով։
Կատակը՝ կատակ, ամրոցը ռազմախաղի էր, բայց հարկ եղած դեպքում այդտեղ կարելի էր նաև պաշտպանվել։ Ընդարձակ, հնձած մարգագետնում վաղ առավոտից մինչև մութն ընկնելը Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի երկու գումարտակների վարժություններն էին ընթանում՝ Սիմոն Զոմմերը ոչ կոկորդն էր խնայում, ոչ բռունցքները։ Ասես լարովի զինվորները, մուշկետներն առաջ պարզած, շարաքայլ էին պարապում։ «Զգա՜ստ, հա՛լտ»՝ զինվորները, աջ ոտքը խփելով, կանգնում էին քարացած... «Աջ ոտն առա՜ջ։ Ֆորվե՛րտս։ Ճիշտ չէր։ Լումպե՛ն։ Սռիկանե՜ր։ Լսեեե՜լ...»։ Գեներալը, ձին նստած, շառագունում էր հնդուհավի պես։ Նույնիսկ Պյոտրը, որ հիմա ենթասպա էր, ձգվում էր, աչքերը վախեցած վեր բարձրացնելով, երբ անցնում էր նրա մոտով։
Արվարձանից երկու օտարերկրացի էլ վերցրեցին, Ֆրանց Տիմմերմանին, որը մաթեմատիկա գիտեր ու աստրոլյաբիայի հետ վարվելու ձևը, և ծերուկ Կարտեն Բրանդտին, որը ծովագնացության մեջ էր քաջահմուտ։ Տիմմերմանը սկսեց Պյոտրին մաթեմատիկա և ռազմական շինարարություն սովորեցնել։ Կարտեն Բրանդտը ձեռնարկեց նավեր կառուցել, ըստ Իզմայլովո գյուղի նկուղներից մեկում գտնված միակայմ զարմանալի նավակի, որը քամուն հակառակ էր շարժվում թեք առագաստով։
Մոսկվայից ավելի ու ավելի հաճախ էին գալիս բոյարները, սեփական աչքերով տեսնելու, թե այդ ինչ խաղեր են խաղում Յաուզզյի վրա։ Ո՞ւր է գնում այդքան դրամը և այդքան զենքը Զինասրահից... Կամուրջը չէին անցնում, մնում էին գետակի մյուս ափին, առջևում բոյարն էր կանգնում՝ ձին հեծած, թանկարժեք մուշտակով, բմբլե բարձի պես փքված, մորուքն ավելի նման, թշերն ուռած, ետևում՝ ազնվականները, հնարավորին չափ թանկարժեք, երեքական, չորսական կաֆտաններ հագած։ Անշարժ կանգնում էին մի ժամ ու ավելի։ Գետակի հակադիր ափին ավազ ու ջախ բարձած սայլեր էին շարժվում, զինվորները գերաններ էին կրում, բարձրադիր եռոտանու վրա, ճախարակներով վեր էր ելնում ծանր թակն, ու՝ դը՜մփ, խփում ցցագերանի գլխին, հողն էր շուռ գալիս բահերով, շրջում էին օտարերկրացիները՝ գծագրերը, կարկինները ձեռքներին, կացիններն էին թխկթխկում, վնգում սղոցները, տասնապետներն էին վազվզում սաժենաչափերով։ Եվ ահա,— տե՜ր աստված, բարեշնո՜րհ սրբեր,— ոչ թե մի բարձր տեղ, ոսկեզօծ աթոռակին նստած այդ խաղին է հետևում, ո՜չ, ցարը՝ գործած գդակով, գերմանական շալվարով ու կեղտոտ շապկով, տախտակների վրայով սայլակ է հրում վազեվազ...
Բոյարինը հանում էր քառասուն սամույրե գլխարկը, ազնվականներն էին հանում գւխարկները, խոր գլուխ տալիս մյուս ափից։ Ու նայում էին ձեռքները տարածած... Հայրերն ու պապերը անսասան պարսպի պես կանգնում էին ցարի շուրջը, պահպանելով, որ փոշու հատիկ կամ ճանճ չնստի նրա օծյալ ու վսեմ գլխին։ Համարյա կենդանի աստծու պես ժողովրդին ի տես էին հանում նրան հազվագյուտ օրերի, պահպանելով բյուզանդական հնամենի մեծաշուքությունը... Իսկ սա՞ ինչ բան է։ Ինչե՞ր է անում նա։ Ճորտերի հետ ճորտ դարձած, անբան խեղկատակի պես, վազվզում է տախտակների վրայով անամոթը՝ բերանին ծխափողը, լի գարշելի թույնով, որ ծխախոտ է կոչվում... Հիմքե՜րն է խարխլում... Սա արդեն խաղ չէ, չարաճճիություն չէ... Տեսեք, թե գետից այն կողմ սեպերն ինչպես են բացել ճորտերը...
Ոմն բոյար, սիրտ անելով, մորուքը թափ տալով, դողդոջ ձայնով կկանչեր.
― Տեր թագավոր, գլուխս կտրիր ճիշտ խոսքի համար, ծեր մարդ եմ, լռել չեմ կարող՝ ամոթ է նայելը, խայտառակ, չտեսնված...
Ձողի պես երկարուկ Պյոտրը կբարձրանար ճյուղահյուս հողապատնեշի վրա, աչքերը կկոցած.
— Ա՜, դու ես... Լսի... Գոլիցինն ի՞նչ է գրում՝ Ղրիմը գրավե՞ց, թե դեռ չէ։
Ու կսկսեին հռհռալ, ծիծաղել նզովյալ օտարերկրացիները՝ պատնեշից այն կողմ, նրանց հետ նաև յուրայինները, ովքեր ոչ թե ծպտուն պիտի հանեին, այլ ծնկի պիտի գային, ցարերին այդքան մոտ կանգնած մարդուն տեսնելուն պես։ Մեկ-մեկ պատահում էր նաև, որ համառում էր բոյարինը՝ մեկ է, գլուխը պիտի թռցնեին, և շարունակում էր հորդորել ու ամաչեցնել. «Քո հորը ծնկներիս վրա եմ պահել, օրեր ու գիշերներ եմ անցկացրել թագավորի դագաղի մոտ, մեր տոհմը Ռյուրիկից է գալիս, մենք էլ ենք մեծ-մեծ սեղանների նստել։ Մեր պատվի մասին մտածիր, վերջ տուր խաղերիդ, ուշքի եկ, բաղնիք գնա, աստծո տաճարը մտիր...»։
— Ալեքսաշկա,— կկանչեր Պյոտրը,— պատրույգն ինձ տուր։— Եվ նշան բռնելով, տասներկու ֆունտանոց հրանոթից սիսեռով լի արկ կարձակեր բոյարինի վրա։ Փորը բռնած, կքրքջար գեներալ Զոմմերը, Լեֆորտը կծիծաղեր, բարեհոգությամբ կժպտար լռակյաց Տիմմերմանը, եփած խնձորի նման ամբողջովին կնճռապատ, կցնցվեր կարճլիկ, հաղթանդամ Կարտեն Բրանդտը։ Եվ բոլոր օտարերկրացիներն ու ռուսները կխմբվեին պատնեշների վրա՝ տեսնելու, թե ինչպես ընկավ մորթե փափախը, մեռելի գույն ստացած բոյարինն ինչպես ընկավ մոտ կանգնած ազնվականների գիրկը, ինչպես ետ գնացին ու քացի-քացի արեցին ձիերը։ Մի ամբողջ օր կծիծաղեին ու կպատմեին։
Ամրոցը կոչեցին գահանիստ քաղաք Պրեշբուրգ։
<center><big><b>4</b></big></center>
Ալեքսաշկա Մենշիկովը, այն գիշեր Պյոտրի ննջարան ընկնելուց հետո, այդպես էլ մնացել էր։ Ճարպիկն էր սատանան, ժրաջան, կռահում էր մտքերը՝ միայն գանգուրները ետ կգցեր, կշրջվեր, վազ կտար, ու գործը կաներ։ Հայտնի չէ, թե երբ էր քնում, ձեռքը կտաներ քիթ-մռութի վրայով ու կարծես հենց նոր լվացված լիներ՝ զվարթ, աչքերը ջինջ, ծիծաղկոտ։ Հասակով համարյա Պյոտրի չափ էր, բայց ուսերն ավելի յայն էին, գոտկատեղը բարակ։ Որտեղ Պյոտրն էր, այնտեղ էլ՝ նա։ Թմբուկ զարկել, մուշկետ կրակել, ճյուղեր թրատել՝ մեկ էր նրա համար։ Որ սկսեր զվարճացնել՝ կմեռցներ ծիծաղից, արջն ինչպես մտավ փչակը, մեղր հանելու, բայց մեղուները վրա տվեցին, կամ տերտերն ինչպես է վախեցնում վաճառականի կնկանը, որ կանչի ցերեկվա ժամերգության, կամ ինչպես կռվեցին երկու կակազ... Պյոտրը լաց էր լինում ծիծաղից, համարյա սիրահարված նայելով Ալեքսաշկային։ Սկզբից բոլորը կարծում էին, թե ցարի ծաղրածուն է դառնալու։ Սակայն նա ավելին էր աչքադրել, շարունակ կկատակեր, կծիծաղեցներ, բայց երբ հավաքվեին գեներալները, ինժեներները, մտածելու ու գծագրերին նայելով, թե ինչպես պիտի անեն այս կամ այն բանը, Պյոտրն անհամբերությունից եղունգները կկրծոտեր, Ալեքսաշկան մեկնումեկի ուսի վրայից շուտասելուկով վրա կտար, որ հանկարծ չքշեն.
— Այ էսպես պիտի անել՝ դրանից հեշտ գո՞րծ։
— Օ-օ-օ-օ՜,— կասեին գեներալները։
Պյոտրի աչքերը կշողային.
— Ճի՛շտ է։
Շտապ ինչ-որ բան պետք լիներ գտնել, Ալեքսաշկան փողը կվերցներ ու ձին հեծած կսլանար Մոսկվա՝ ցանկապատերի, բանջարանոցների միջով, ու կարծես գետնի տակից, հարկ եղածը կգտներ։ Հետո հաշիվ ներկայացնելով Նիկիտա Զոտովին (որը Ռազմախաղի ատյանի կառավարիչն էր), ծանրումեծ հոգոց կհաներ, քիթը քաշելով, աչքերը ճպճպացնելով. «Ինչ-ինչ, բայց էստեղ մի գռոշ խաբելու բան չկա...»։
— Ալեքսաշկա, Ալեքսաշկա,— գլուխը կտարուբերեր Զոտովը,— տեսնվա՞ծ բան է, որ եղևնու ձողանի հատին երեք ալտին տան։ Ամենաբարձր գինը մեկ ալտինն է... Ա՛հ, Ալեքսաշկա։
— Որ շտապ չեղավ, մի ալտին է, բայց սրանք թանկ են, որովհետև շտապ էր։ Ձողանները շուտ բերեցի, դա է թանկը՝ Պյոտր Ալեքսեևիչին սպասեցնել չտվեցինք...
— Օհ, քեզ մի օր կախելու են գողության համար։
— Տեր աստված, ի՜նչ եք ասում, իզուր տեղն ինչի՞ եք վիրավորում, Նիկիտա Մոիսեևիչ...— քիթ մռութը շրջելով, կապույտ աչքերից արցունք քամելով, Ալեքսաշկան կսկսեր խղճաբեր խոսքեր ասել։
Զոտովը մեկ-մեկ նրա վրա թափ կտար գրիչը.
— Դե լավ, գնա... Այս անգամ հավատացի, տե-ես, հա՜...
Ալեքսաշկային սպասյակ կարգեցին։ Լեֆորտը գովեց նրան Պյոտրի առաջ․ «Տղան հեռուն կգնա, շան պես հավատարիմ է, սատանայի պես խելացի»։ Ալեքսաշկան մշտապես Լեֆորտի մոտ էր գնում՝ արվարձան, և ոչ մի անգամ առանց նվերի ետ չդարձավ։ Նվեր շատ-շատ էր սիրում՝ ինչ էլ տային։ Լեֆորտի կաֆտաններն ու գլխարկներն էր կրում։ Ռուսներից առաջինը նա կեղծամ պատվիրեց արվարձանում՝ հսկայական, կրակի պես դեղին։ Տոն օրերին կեղծամով էր լինում։ Քթատակն ու այտերը սափրում էր, դիմափոշի ցանում երեսին։ Սպասավորներից ոմանք արդեն Ալեքսանդր Դանիլիչ էին ասում նրան։
Մի անգամ նա Պյոտրի մոտ բերեց լրջադեմ մի պատանու, որը մաքուր շապիկ էր հագել, նոր տրեխներ, կտավե շալվար.
— Մին խեռց[^1], (հիմա Ալեքսաշկան հաճախ էր այդպես կոչում Պյոտրին), հրամայիր, որ թմբուկ զարկելու շնորհքը ցույց տա... Ալյոշա, թմբուկը վերցրու․..
[^1]: (Այսինքն mein Hepz) գերմ.— իմ սիրտ (ծան. Ա. Ն. Տոլստոյի)։ Հարմար գտանք անփոփոխ թողնել Մենշիկովի աղավաղած արտասանությունը՝ կոլորիտը պահպանելու նպատակով (Ա. Հ.)
Ալյոշկա Բրովկինն, առանց շտապելու, գլխարկը ցած դրեց, սեղանի վրայից առավ թմբուկը, տրտում հայացքով առաստաղին նայեց ու զարկեց կարկտի պես՝ հավաք ու վերկաց խփեց, երթային քայլերգ, «վազքով, խոցիր, թրատիր, ուռա» և պարեղանակի ռիթմ զարկեց՝ այ քեզ բա՜ն։ Արձանի պես կանգնած էր, միայն ձեռնաթաթերն ու փայտիկներն էին շարժվում, նույնիսկ չէին երևում։
Պյոտրը նետվեց դեպի նա, բռնեց ականջներից, զարմացած նայեց աչքերին, մի քանի անգամ համբուրեց.
— Առաջին վա՛շտը՝ թմբկահար...
Այդպիսրվ, գումարտակում ևս Ալեքսաշկան իր օգնական ձեռքն ունեցավ։ Երբ օրերը կարճացան, գետինը բարակ սառցաշերտերով պատվեց, ցածրիկ ամպերից մանր ձնափոշի թափվեց, արվարձանում սկսվեցին պարահանդեսներն ու գարեջուր խմելու երեկույթները՝ երաժշտությամբ։ Ալեքսաշկայի միջոցով օտարերկրացիները հրավիրատոմսեր էին ուղարկում Պյոտր ցարին, գեղեցիկ թղթի վրա սյունակների և խաղողի որթերի շրջանակների մեջ նկարված էր լինում ցմփոր ու տկլոր մի մարդ՝ տակառին նստած, վերևից տկլոր մանկիկը նետ էր արձակում, ներքևում՝ ծերուկը կողքն էր դնում գերանդին։ Մեջտեղում՝ ոսկեգույն թանաքով գրված.
«Սրտագին ողջույնով կանչում ենք ձեզ մի գավաթ գարեջրի և պարերի», իսկ միայն գերմաներեն գլխատառերը կարդալիս, ստացվում էր «հեռռ Պիտեր»։
Մութն ընկնելուն պես Ալեքսաշկան շքամուտքին էր մոտեցնում միաձի կառքը (Պյոտրը չէր սիրում ձի նստել, շատ էր երկարահասակ։) Երկուսով շարժվում էին Կուկույ։ Ճանապարհին Ալեքսաշկան ասում էր.
— Առավոտը մտա աուստերիա, մին խեռց, որ գարեջուր պատվիրեմ ձեր հրամանով, Աննա Իվանովնային տեսա... Խոսք տվեց այսօր անպայման լինել...
Պյոտրը, քիթը քաշելով, լռում էր։ Ահավոր մի ուժ էր նրան ձգում այդ երեկույթներին։ Թիթեղապատ անիվները դղրդում էին սառած անվակոսների մեյ, խավարի մեջ ճանապարհը չէր երևում, ամբարտակի վրա մերկացած ճյուղերն էին խշշում ահեղաձայն։ Եվ ահա՝ կանչող կրակները։ Ալեքսաշկան, ուշադիր նայելով, ասում էր. «Ձախ, ավելի ձախ, մին խեռց, թեքիր նրբանցք, էստեղով չենք անցնի...»։ Տաք լույս էր հորդում հոլանդական ցածրիկ պատուհաններից։ Շշագույն ապակիների ետևում հսկայական կեղծամներ էին երևում։ Կանանց հոլանի ուսերը։ Երաժշտություն։ Զույգեր էին պտտվում։ Եռամոմ ու հայելակող աշտանակները ծիծաղելի ստվերներ էին գցում պատերի վրա։
Պյոտրը ուղղակի ներս չէր մտնում, ամեն անգամ մի տեսակ առանձնահատուկ չռելով աչքերը՝ երկարահասակ, գունատ, փոքր բերանը սեղմած, հանկարծ հայտնվում էր շեմին... Դողացող ռունգերով ներշնչում էր կանացի անուշ օծանելիքի, ծխսաորճի ծխախոտի և գարեջրի դուրեկան բույրերը։
— Պիտե՜ր,— բարձրաձայն բղավում էր տանտերը։ Հյուրերը վեր էին թռչում, սրտաբաց մոտենալով, ձեռքները պարզած, կանայք խոնարհվում էին տարօրինակ պատանու՝ բարբարոսների ցարի առաջ, ջանադիր կնիքսենով ցույց տալով փարթամ, չոր սեղմիրաններով վեր պրկած ստինքները։ Բոլորը գիտեին, որ առաջին կոնտրդանսին Պիտերը հրավիրելու է Անխեն Մոնսին։ Ամեն անգամ աղջիկը բռնկվում էր բերկրալի անսպասելիությունից։ Օրըստօրե գեղեցկանամ էր Անխենը։ Նրա իսկական հասուն ժամանակն էր։ Պյոտրը բավական գիտեր գերմաներեն ու հոլանդերեն, և Անխենն ուշադիր լսում էր նրա ընդհատ, մշտապես հապշտապ պատմությունները և խելամտորեն ընդմիջում նրան։
Երբ վիթխարի խթանները զնգացնելով, որևէ կտրիճ-հրացանակիր հրավիրում էր Անխենին, Պյոտրը խոժոռվում էր ամպի պես, կռանում աթոռակի վրա, աչքի տակով հետևելով, թե ինչպես են ծածանվում անհոգաբար պարող աղջկա փեշերը, շրջվում է խարտյաշ գլուխը, հրացանակրի կողմը թեքվում պարանոցը՝ ծայրին ոսկյա սիրտ կախած թավշյա ժապավենով եզերված։
Պյոտրի սիրտը ցավ էր բռնում՝ այնքան ցանկալի, անմատչելի գայթակղիչ էր աղջիկը։
Ալեքսաշկան պարում էր հարգարժան տիկնանց հետ, ովքեր տարիքի բերումով պարապ նստած էին լինում պատերի տակ. գեղեցկատես պատանին քրտինքի մեջ կորում էր։ Ժամը տասի մոտ երիտասարդները հեռանում էին, անհետանում էր նաև Անխենը։ Անվանի հյուրերը նստում էին ընթրիքի՝ արյունեփ երշիկ էին ուտում, խոզի լցոնած գլուխներ ու զարմանալի համով, կշտություն բերող գետնախնձոր, որին կարտոֆիլ էին ասում... Պյոտրը շատ էր ուտում, գարեջուր խմում՝ թոթափելով սիրո ընդարմացումը, բողկ էր կրծում, ծխում։ Լուսադեմին Ալեքսաշկան նրան նստեցնում էր կառքը։ Կրկին սողում էր սառնաշունչ քամին անծայրածիր դաշտերում։
— Մի ջրաղաց ունենայի արվարձանում կամ էլ կաշվի արհեստանոց՝ Տիմմերմանի պես... Լավ կլիներ...— ասում էր Պյոտրը, բռնելով կառքի երկաթյա կողը։
— Բան գտաք նախանձելու... Պինդ բոնեք, առու է։
— Հիմար... Տեսա՜ր, ոնց են ապրում։ Մեզնից լավ...
— Ու էդ ժամանակ կպսակվեիք...
— Ձենդ կտրի, ատամներդ կփշրեմ...
— Համբերի տեսնենք... էլի մոլորվեցինք...
— Վաղը մայրիկին պատասխան տուր... Լողանալու գնա, խոստովանության գնա, հաղորդվիր՝ պղծվել ես... Վաղը Մոսկվա է պետք գնալ՝ դրանից ավելի վատ բան չկա ինձ համար... Ուսնոցը հագիր, օրվա կեսը ժամերգություն, մյուս կեսը գահին նստիր եղբորդ հետ, Սոնկայից ցածր... Վանեչկա եղբորս քիթ ու բերանից էլ գեշ հոտ է գալիս։ Բոյարական էդ քնկոտ մռութները, հո չէի՜ հասցնի սապոգով... Սուս մնա, դիմացիր... Ցա՜ր ես։ Նրանք ինձ կմորթեն, գիտեմ...
— Իզուր տեղն եք էդպես մտածում, խմածությունից է...
— Սոնկան՝ օձի պես նենգ... Միլոսլավսկիները՝ անկշտում մորեխ... Նրանց թրերն ու նիզակները չեմ մոռանա... Ուզում էին ինձ շքամուտքից ցած գցել, մեկ էլ ժողովուրդն էր բարձր գոռում... Հիշո՞ւմ ես։
— Հիշում եմ։
— Վասկա Գոլիցինը մի անգամ զորքը տափաստանում կործանեց, հրաման են տվել երկրորդ անգամ գնալ Ղրիմի վրա... Սոնկան ու Միլոսլավսկիներն անհամբեր սպասում են, թե նա երբ է զորքի հետ վերադառնալու... Հարյուր հազար մարդ ունեն... Իմ վրա քսի կտան, զանգերը կխփեն...
— Պրեշբուրգում կպաշտպանվենք...
— Մի անգամ արդեն ինձ թույն տվել են... Դաշունավոր մեկին էին ուղարկել։— Պյոտրը վեր թռավ, չորս կողմը նայելով։ Խավար էր, ոչ մի կրակ չէր երևում։ Ալեքսաշկան բռնեց նրա գոտուց, նստեցրեց։— Անիծվածնե՜ր, անիծվածնե՜ր։
— Փը՜ռռռ... Ես էլ ասում եմ՝ էս ամբարտակն ուր է։— Ալեքսաշկան շրմփացրեց երասաններով։ Շվվացին ուռենու ճյուղերը։ Ձին լավն էր, ելավ զառիվերը։ Պրեոբրաժենսկոյեի կրակները երևացին։— Մին խեռց, հիմի ստրելեցներին զանգ զարկելով ոտի հանել չի լինի, էն ժամանակներն անցել են, ում կուզես հարցրու, Ալյոշկա Բրովկինին հարցրու, նա լինում է արվարձաններում... Նրանք ձեր քրոջից էլ շատ մի գոհ չեն...
— Բոլորիդ գրողի ծոցը կուղարկեմ, կփախչեմ Հոլանդիա, ավելի լավ է, ժամագործ դառնամ...
Ալեքսաշկան սուլեց։
— Ու ականջներդ կտեսնես Աննա Իվանովնայի փոխարեն...
Պյոտրը կռացավ ծնկների վրա։ Հանկարծ հազաց ու ծիծաղեց։
Զվարթ քրքջաց Ալեքսաշկան, շրմփացրեց ձիու գավակին.
— Էս է, մայրիկը ձեզ կպսակի... Ով չգիտի, որ պսակված մարդն իր գլխի տերն է... Քիչ է մնացել, համբերեք... Էհ, մի բան է վատ, որ նա գերմանացի է, լյութերական... Թե չէ ավելի հեշտ ու լավ ինչ կար... Հը՞...
Պյոտրը մոտ նստեց նրան, ցրտից դողացող շրթունքներով, մթության մեջ ջանաց Ալեքսաշկայի աչքերը տեսնեի..
— Իսկ ինչի՞ չի կարելի։
— Այ թե բան ուզեցիր։ Աննա Իվանովնան՝ թագուհի՞։ Էն ժամանակ զանգերը հաստատ կզարկեն...
<center><big><b>5</b></big></center>
Անխենի գայթակղիչ փեշերը միայն կիրակի օրերն էին փռփռում՝ շաբաթը մի անգամ էին խմում և ուրախանում։ Երկուշաբթի կուկույցիները դնում էին գործած գդակները, հագնում մգդակած ժիլետներն ու աշխատում էին մեղվի պես։ Մեծ հարգանք ունեին աշխատանքի նկատմամբ՝ վաճառական լիներ, թե հասարակ արհեստավոր։ «Նա իր հացն ազնվորեն է վաստակում»,— ասում էին, մատները հարգանքով վեր տնկելով։
Երկուշաբթի, լույսը դեռ չբացված, Ալեքսաշկան արթնացրեց Պյոտրին ու զեկուցեց, որ արդեն եկել են Կարտեն Բրանդտը, վարպետներն ու ենթավարպետները։ Պրեոբրաժենսկոյեի սրահներից մեկը նավաշինական արհեստանոց էին սարքել։ Կարտեն Բրանդտը ամստերդամյան գծագրերով նավերի մոդելներ էր պատրաստում։ Գերմանացի վարպետներն ու աշկերտ ենթավարպետները, որոնց հրամանով առանձնացրել էին մերձավոր պալատականներից ու ռազմախաղի առավել աչքաբաց զինվորներից, ռանդում էին, չարխում հավաքում ու ձյութում էին թիանավերի և առագաստանավերի ոչ մեծ մոդելներ, սարքերը տեղադրում, առագաստ կարում, զարդարանք տաշում։ Հենց այդտեղ էլ ռուսները թվաբանություն և երկրաչափություն էին սովորում։
Թխկթխկոց, շուկայավայել հնչող բարձր ձայներ, երգ, Պյոտրի հնչեղ քրքջոցը տարածվում էին քնեած պալատում։ Պառավները վախից քարացել էին։ Թագուհի Նատալյա Կիրիլովնան, լռություն փնտրելով, տեղափոխվեց հեռավոր ծայրը, կողաշենք, և այնտեղ՝ խնկի ծխով պարուրված, ճրագների ցոլցլումի ներքո շարունակ մտածում, աղոթում էր Պյոտրի համար։
Հավատարիմ կանանցից իմանում էր այն ամենն, ինչ կատարվում էր Կրեմլում. «Հինգշաբթի օրը Սոնկան նորից ձուկ խժռեց, չի վախենում մեղքից... Աստրախանից սաժենանոց թառափներ էին բերել իրեն։ Ու գոնե մի փոքրն էլ քեզ ուղարկեր, տիրուհի... Ագահացել է, ծառաներին սոված է պահում...»։ Պատմում էին, որ Վասիլի Վասիլևիչի կարոտից, Սոֆյան մոտն է տարել մի ուսումնական վանականի՝ Սիլվեստր Մեդվեդևին, ու սա ոնց որ և՛ գալանտ է, և՛ աստղաբախշ՝ մետաքս փարաջայով է ման գալիս, ալմաստե խաչով, մատներին մատանիներ կան, մորուքը կարճացնում է, ասում են՝ սեփ-սև է մորուքը, լավ էլ հոտ է գալիս վրայից։ Ինչ ժամի ասես, մտնում է Սոնկայի մոտ, ու երկուսով զբաղվում են հմայություններով։ Սիլվեստրը ելնում է լուսամատի վրա, խողովակով նայում է աստղերին, նշաններ է գծում և մատը քթին դրած, կարդում է դրանցով, իսկ Սոնկան կրծքով ընկնում է վրան ու մի գլուխ հարցնում. «Հը՞, ի՞նչ կա, հը՞, ի՞նչ կա»... Երեկ տեսել են, որ տոպրակի մեջ մարդու անմիս-անկաշի ոտնաթաթ է բերել, ոսկորներ ու արմտիք, երեք մոմ է վառել, կախարդական խոսքեր ասել ու մոմի վրա վառել ինչ-որ մեկի մազերը... Սոնկան ցնցվելիս է եղել, աչքերը չռած, մեռելի պես կապտած նստած...
Նատալյա Կիրիլովնան, մատները կոտրատելով, թեքվեց պատմողի կողմն ու շշնջաձայն հարցրեց.
— Բայց ո՞ւմ մազերն է վառել։ Հո թուխ չե՞ն եղել։
— Թուխ են եղել, մայր թագուհի, թուխ, աստված վկա...
— Գանգո՞ւր։
— Հա, գանգուր... Ու բոլորս մտածում ենք, չլինի՞ մեր տեր Պյոտր Ալեքսեևիչի մազերն է վառել...
Սիլվեստր Մեդվեդևի մասին պատմում էին, որ հացապաշտ հերձվածողություն է սովորեցնում նա, ինչը գալիս է հանգուցյալ Սիմեոն Պոլոցկուց և ճիզվիտներից։ Գրել է «Մանանա» գիրքը, ուր ճառում և փիլիսոփայում է, իբր ոչ թե «եղիցի» և այլն բառերն ասելիս, այլ միայն «ճաշակեսցուք» խոսքի հետ է Հաղորդությունը գոյափոխվում։ Մոսկվայում հիմա մենակ հացի շուրջ են խոսում ու վիճում՝ հարուստ, թե աղքատ, պալատներում, թե շուկաներում, ո՞ր խոսքի հետ է գոյափոխվում։ Գլուխները կորցրել են, չգիտեն, ինչպես աղոթեն, որ ժամանակին նպաստեն գոյափոխմանը։ Եվ շատերը դրանից աղանդավոր են դառնում...
Մոսկվայում թափառում է շիկահեր տերտեր Ֆիլկան ու երբ շուրջը մարդիկ են հավաքվում, խոսում է մոլեգնած. «Ինձ աստված է ուղարկել ձեզ ճշմարիտ հավատք սովորեցնելու, Պողոս ու Պետրոս առաքյալներն իմ ազգականներն են... Որպեսզի դուք երկու մատով խաչակնքեք, ոչ թե երեք, երեք մատի մեջ Կիկա-դևն է նստած, հայհոյանշան է սույնը, դրա մեջ է ամբողջ գեհենը՝ հայհոյանշանով եք խաչակնքում...»։ Շատերը տեղնուտեղը հավատում են նրան և մոլորության մեջ ընկնում։ Ոչ մի խորամանկությամբ նրան բռնել չի լինում։
Ղրիմի արշավանքի տուրքերից բոլորն աղքատացել էին։ Ասում էին՝ երկրորդ արշավանքի համար յոթ տակ կաշի են մաշկելու։ Արվարձաններն ու պոսադներն ամայանում էին։ Ժողովուրդը հազարներով փախչում էր աղանդավորների մոտ՝ Ուրալյան լեռներից դենը, Պոմորյե, Պովոլժյե ու Դոն։ Եվ նրանք՝ աղանդավորները, նեռին էին սպասում, ու կային մարդիկ, որ տեսել էին նեռին։ Գոնե հոգիները փրկելու համար աղանդավոր քարոզիչները շրջում էին գյուղերն ու խուտորները և ժողովրդին համոզում կենդանի-կենդանի ինքնակիզվել խրձանոցներում ու բաղնիքներում։ Բղավում էին, թե ցարն էլ, պատրիարքն էլ, ամբողջ հոգևորականությունն էլ նեռի ուղարկածներն են։ Փակվում էին մենաստաններում և կռվում բանտարգել անելու եկած ցարական զորքի դեմ։ Պալեոստրովսկի մենաստանում աղանդավորները երկու հարյուր ստրելեց էին սպանել, իսկ երբ ուժասպառ էին եղել, եկեղեցում փակվել ու ինքնակիզվել էին։ Խվալինսկու մատույցներում, սարերում, երեսուն աղանդավոր խրձանոցում պաշտպանվել էին ցաքաններով, ապա նույնպես ինքնակիզվել։ Նիժնիի տակ, անտառներում, նույնպես մարդիկ էին վառվում փայտաշեն խրճիթներում։ Դոնում, Մեդվեդիցա գետի վրա, փախստական կուզման, ինքն իրեն պապ հռչակած, արեգակն է խաչակնքում ու ասում. «Մեր տեր աստվածը երկնքում է, երկրիս երեսին աստված չի մնացել, երկրի վրա նեռն է հիմա՝ ցարը, պատրիարքն ու բոյարները՝ նրա ծառաները...»։ Կազակները խմբվում են նրա շուրջն ու հավատում... Ամբողջ Դոնը ցնցումների մեջ է։
Նման խոսակցություններից Նատալյա Կիրիլովնան մահու չափ սարսափում էր։ Պետենկան զվարճանում է, խաղեր խաղում, անտեղյակ, թե ինչ խավար է կուտակվում իր խեղճ գլխին։ Ժողովուրդը մոռացել է հնազանդություն ու վախ... Ողջ-ողջ կրակն են նետվում, սարսափելի չէ՞ արդյոք այդպիսի ժողովուրդը։
Զարզանդում էր Նատալյա Կիրիլովնան, հիշելով Ստենկա Ռազինի խռովությունը... Կարծես երեկ էր... Այն ժամանակ էլ էին նեռին սպասում, Ստենկայի ատամանները երկու մատով էին խաչակնքում։ Շվարած նայում էր Նատալյա Կիրիլովնան գունավոր լապտերների կրակներին, տնքոցով ծնկի գալիս ու երկար-երկար ճակատը խփում մաշված ու պստիկ գորգին...
Մտածում էր՝ «Պետրուշային պսակել է պետք՝ երկարել, տեղ չի գտնում, խմում է, միշտ գերմանուհիների հետ, միշտ անառակների հետ... Կպսակվի, կխաղաղվի... Նրա հետ, ջահել թագուհու հետ կգնայի մենաստանները, աստծուց երջանկություն կխնդրեի, Սոնկայի հմայություններից դարման կխնդրեի, ժողովրդի կատաղությունից՝ ուժ...»։
Պսակել, պսակել էր պետք Պետրուշային։ Առաջ, որ մերձավոր բոյարները մեկ-մեկ կգային, գոնե մի ժամ նրանց հետ կնստեր հոր գահին, խունացած Խաչաձև պալատում։ Իսկ հիմա ինչ ասես՝ «Ժամանակ չունեմ...»։ Խաչաձև պալատում երկու հարյուր դույլանոց աման են դրել՝ նավակներ են քշում, փուքսերով փչում առագաստներին, փոքր թնդանոթներից իսկական վառոդով կրակում։ Գահը վառել են, պատուհանը ջարդել։
Թագուհին գանգատվում էր կրտսեր եղբորը՝ Լև Կիրիլովիչին։ Սա էլ վհատված հոգոց էր հանում. «Ինչ ասեմ, քույրիկս, պսակիր, ավելի վատ չի լինի... Օկոլնիչի Լոպուխինի, Լարիոնի աղջիկը՝ Եվդոկիան, մարդու տալու է, իսկը հասած ժամանակն է, տասնվեց տարեկան... Լոպուխինները ճղճղան մարդիկ են, մեծ տոհմ են, քայքայված... Շան պես կլինեն ձեռքիդ տակ...»։
Սահնակի առաջին իսկ ճամփով Նատալյա Կիրիլովնան Նովոդևիչյե մենաստան մեկնեց՝ իբր ուխտագնացության։ Հավատարիմ մի կնոջ միջոցով Լոպուխիններին հասկացնել տվեցին։ Սրանց բազմամարդ տոհմը, մի քառասուն մարդ, շտապեցին մենաստան, մի եկեղեցի տեղ բռնեցին, բոլորը չքավոր, չարացած, կարճլիկ, աչքերով բոլորն ուտում էին թագուհուն։ Ծածկած սահնակով, մեծ հոգածությամբ բերել էին վախից կիսամեռ Եվդոկիային։ Նատալյա Կիրիլովնան թույլ տվեց, որ ձեռքը համբուրի։ Զննեց։ Տարավ զգեցարան ու այնտեղ, աղջկա հետ մենակ մնալով, գաղտնի տնտղեց ոտից գլուխ։ Աղջիկը դուրը եկավ։ Այդ անգամ ոչինչ չխոսվեց։ Նատալյա Կիրիլովնան ետ գնաց, Լոպուխինների աչքերը կրակվում էին...
Վիշտ ու վհատության մեջ մի ուրախություն եղավ. Վասիլի Վասիլևիչի հորեղբոր տղան՝ իշխան Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը, ղրիմյան զորքի մոտից, Պոլտավայի մատույցներից եկավ կառավարչուհու ծննդյան տարեդարձի օրը և ցերեկվա ժամերգությանը Ուսպենսկի տաճարում սաստիկ հարբած կանգնեց Սոֆյայի աչքի առաջ, իսկ հետո սեղանի շուրջ վարկաբեկեց Վասիլի Վասիլևիչին. «Մեզ խայտառակ արեց-թողեց Եվրոպայի առաջ, նա զորք չպիտի կառավարի, այլ՝ մի տեղ նստի ու իր երջանիկ մտքերը գրի առնի», մերձավոր բոյարներին հայհոյում ու կշտամբում էր, որ «փորով եք մտածում, ճարպակալել մնացել եք, Ռուսաստանին հիմա մերկ ձեռքերով ով ասես կհաղթի»... Եվ այդ օրից հաճախակի էր լինում Պրեոբրաժենսկոյեում։
Նայելով Պրեշբուրգի կառուցվածքին, պրեոբրաժենցիների և սեմյոնովցիների զորավարժություններին, Բորիս Աւեքսեևիչը մյուս բոյարների պես գլուխը չճոճեց քմծիծաղ տալով, այլ հետաքրքրվեց, գովեց։ Նավաշինական արհեստանոցը զննելուց հետո ասաց Պյոտրին.
— Ակցիումում հռոմեացիները ծովահենների նավերը գրավեցին, սակայն չգիտեին ինչ անել՝ պղնձյա քթերը կտրեցին, դրեցին ռոստրաների, այն է՝ սյուների գլխին։ Միայն երբ սովորեցին իրենք նավեր պատրաստել ու սարքավորել, նվաճեցին ծովերը, հետո ամբողջ աշխարհը։
Նա երկար խոսեց Կարտեն Բրանդտի հետ, փորձելով նրա գիտելիքները և խորհուրդ տվեց ռազմախաղի նավաշինարան կառուցել Պերեյասլավսկոյե լճի վրա, Մոսկվայից հարյուր քսան վերստ հեռու։ Արհեստանոց ուղարկեց մի սայլ լատիներեն գրքեր, գծագրեր, պղնձատիպ թերթեր, նկարներ, որ պատկերում էին հոլանդական քաղաքներ, նավաշինարաններ, նավեր ու ծովամարտ։ Գրքերը թարգմանելու համար Պյոտրին նվիրեց ուսյալ թխամորթ գաճաճ Աբրահամին, Թոմոսա ու Սեկա ընկերների հետ՝ նույնպես գաճաճներ էին, մեկը տասներկու, մյուսը տասներեք ու քառորդ վերշոկ հասակով, արտառոց, կարճլիկ կաֆտաններ հագած, սիրամարգի փետուրով չալմաները գլխներին։
Բորիս Ալեքսեևիչը հարուստ էր և ուժեղ, առանձնահատուկ սուր խելք ուներ, ուսյալությամբ չէր զիջում հորեղբորորդուն, բայց բնավորությամբ անզուսպ էր՝ խմելիս, և ամենից շատ զվարճանք էր սիրում, ուրախ միջավայր։ Նատալյա Կիրիլովնան սկզբում վախենում էր նրանից՝ Սոֆյայի ուղարկած մարդը չէ՞ արդյոք։ Հանուն ինչի՞ այդ երևելի մեծատոհմիկը ուժեղներից թույլերի կողմը պիտի անցներ։ Բայց օրը օրի վրա Պրեոբրաժենսկոյեի բակում դղրդում էր քառաձի լայնատարած կառքը, զարզանդելի երկու հաբեշ՝ ետնամասին կանգնած։ Բորիս Ալեքսեևիչը առաջին հերթին թագուհու ձեռքն էր համբուրում՝ կարմրաթուշ, խոշորաքիթ, աչքերի տակ ուռած տոպրակները դողացնելով, բեխերը վեր ոլորած, խուզած ու մազաթափ մորուքից մշկաբույր տարածելով։ Նրա ատամներին նայելիս մարդու ծիծաղ էր գալիս՝ այնքան ճերմակ էին ու զվարթ...
— Ինչպե՞ս եք բարեհաճել ննջել, թագուհի։ Նորից Միեղջյուր չե՞ք տեսել երազում։ Ես էլ շարունակ ձեզ մոտ եմ գալիս... Ձանձրացրել եմ, ներող եղիր...
— Բավական է, պատվելիս, միշտ ուրախ ենք տեսնել... Մոսկվայում ի՞նչ կա, ի՞նչ չկա։
— Տխուր է, թագուհի, ինչքան տխուր է Կրեմլում... Ամբողջ պալատը սարդոստայնով է պատել...
— Ի՞նչ ես ասում։ Վերջ տուր...
— Բոլոր պալատներում բոյարները, թախտերին նստած, ննջում են... Ձանձրու-ո՜ւյթ... Գործերը վա-ա՜տ են, ոչ ոք չի-ի՜ հարգում... Կառավարչուհին երեք օր է դուրս չի եկել, փակվել է... Գնացի, որ Իվան ցարի ձեռքը համբուրեմ, նորին արքայական մեծությունը պառկած էր աղվեսի մուշտակով, վալենկաներով, մի տեսակ թախծոտած։ «Ի՞նչ է, Բորիս, տխո՞ւր է մեզ մոտ,— ասաց ինձ։— Քամին սուլում է ծխնելույզների մեջ, վախենալի է։ Ի՞նչ է լինելու, հը՞...»։
Նատալյա Կիրիլովնան վերջապես կռահեց, որ շարունակ կատակում է։ Շամփրեց հայացքով, ծիծաղեց...
— Մենակ ձեզ մոտ եմ մի քիչ առույգանում, թագուհի... Լավ տղա ես ծնել, բոլորից խելոքն է դուրս գալու, ժամանակ տուր... Սուր աչք ունի...
Նրա գնալուց հետո Նատալյա Կիրիլովնայի աչքերը երկար ժամանակ փայլում էին։ Հուզախռով գնում-գալիս էր ննջարանում, միտք անում։ Այդպես անվերջանալի անձրևի միջից հանկարծ ամպերի տակից բարձրիկ կապույտն է երևում, արևը շողում։ Ուրեմն, գահը երերուն է Սոնկայի տակ, եթե այդպիսի արծիվները հեռանում են...
Պյոտրը սիրեց Բորիս Ալեքսեևիչին. հանդիպելիս շրթունքներն էր համբուրում, խորհուրդներ հարցնում, դրամ խնդրում, և իշխանը ոչինչ չէր մերժում։ Պյոտրին իր գեներալների, վարպետների, սպասյակների ու գաճաճների հետ հաճախ էր տանում Կուկույ՝ խնջույքի և զվարճանքի, արտակարգ ուրախություններ հորինելով։ Քանիցս գինովցած վեր էր ցատկում, մի հոնքը կախ, մյուսը վեր թռցրած, ատամները փայլեցնելով, քիթը կարմրած... Ու Վիրգիլիոս էր կարդում լատիներեն.
«Փառաբանենք աստվածներին, որոնք գավերն են գինով լեցնում, սրտերն՝ ուրախությամբ, հոգին՝ անուշ սնունդով...»։
Պյոտրը հմայված նրան էր նայում։ Դրսում քամին էր վայում, հազարավերստ հարթավայրերից, անտառների ու ճահիճների խորքերից արձակված՝ անծխնելույզ խրճիթի ծղոտը պոկելով, հարբած մուժիկին ձնաթմբի մեջ գլորելով կամ ծռված զանգակատան սառած զանգը զնգացնելով... Իսկ այստեղ՝ գզգզված կեղծամներ, կարմրատակած դեմքեր, երկար ծխամորճներից ծուխն էր հորդում, ճարճատում էին մոմերը։ Աղմուկ-աղաղակ։ Ուրախություն...
— Գինովցած սինկղիտոսը անխախտ թող լինի։— Պյոտրը հրամայեց Նիկիտա Զոտովին հրամանագիր գրել. «Այսօրվանից բոլոր հարբեցողներն ու խենթերը թող հավաքվեն կիրակի օրերը, խմբովի փառաբանելու հունական աստվածներին»։ Լեֆորտն առաջարկեց իր տանը հավաքվել։ Այդպես էլ ծայր առավ... Զոտովին, որ ամենաթունդ խմողն էր, արքեհովվի կոչում շնորհվեց, շղթայով տափաշիշը վզից կախեցին։ Ալեքսաշկային՝ մերկ ու խայտառակ, նստեցնում էին գարեջրի տակառի վրա, ու նա այնպիսի երգեր էր երգում, որ բոլորը կոտորվում էին ծիծաղից։
Այդ հավաքույթների լուրը Մոսկվա հասավ։ Բոյարները վախեցած փսփսացին. «Կուկույում անիծված գերմանացիները ցարին վերջնականապես հարբեցող են դարձրել, սրբապղծություն ու սատանայություններ են անում»։ Պրեոբրաժենսկոյե եկավ իշխան Պրիիմկով-Ռոստովսկին՝ ջերմեռանդ մի ծերուկ, խոր գլուխ տվեց Պյոտրին ու մի ժամվա չափ խոսում էր՝ ճոխ ու ճոռոմ, հին սլավոներեն, թե ինչպես հարկ է պահպանել բյուզանդական բարեկերպությունն ու բարեպաշտությունը, որով միայն կանգուն է Ռուսաստանը։ Պյոտրը լուռ լսում էր (ճաշասրահում Ալեքսաշկայի հետ շախմատ էր խաղում մթնշաղին)։ Հետո դեն հրեց խաղատախտակն ու գնաց-եկավ, եղունգը կրծելով։ Իշխանը շարունակում էր խոսել, ծանր մուշտակի թևքերը վեր պարզելով՝ սրամորուս, չորչորուկ... Մարդ չէր, այլ ձանձրացուցիչ մի ուրու, ատամնացավ, վհատություն։ Պյոտրը հակվեց Ալեքսաշկայի ականջին, սա փռթկացրեց կատվի պես, ատամները բացած հեռացավ։ Շուտով սահակառքը մատուցեցին, և Պյոտրը հրամայեց իշխանին սահնակ նստել՝ նրան տարավ Լեֆորտի մոտ։
Սեղանի շուրջ, բարձր աթոռին նստած էր Նիկիտա Զոտովը՝ թղթյա թագով, ձեռքին ծխափող ու սագի ձու բռնած։ Առանց ծիծաղելու, Պյոտրը գլուխ խոնարհեց նրան ու խնդրեց օրհնել, և արքեհովիվը ծխափողով ու ձվով խմելու օրհնանք տվեց նրան։ Այդժամ բոլորը (քսան հոգի կլինեին) ռնգային ձայներով երմոսներ երգեցին։ Իշխան Պրիիմկով-Ռոստովսկին, ցարի առաջ անկրթություն ցուցաբերելուց վախեցած, գաղտնի խաչակնքեց մուշտակի տակից, գողունի թքեց երեք անգամ։ Իսկ երբ տակառի վրա ելավ մերկանդամ մի մարդ՝ գավաթը ձեռքին, և համայն Մեծ ու Փոքր և այլն ցարն ու մեծն իշխանը ահեղաձայն բարբառեց, թե «Սույնը աստվածն է մեր՝ Բաքոսը, ում երկրպագենք», մեռել դարձավ իշխան Պրիիմկով-Ռոստովսկին, երերաց նստած տեղում։ Ուշքը կորցրած ծերուկին տարան, սահնակ նստեցրին։
Այդ օրվանից Պյոտրը կարգադրեց Զոտովին կոչել համախմողության պապ, Բաքոս աստծու արքեքուրմ, իսկ Լեֆորտի տան հավաքույթները՝ խելառագույն և ամենագինովության ժողովներ։
Ալդ լուրերը նաև Սոֆյային հասան։ Զայրույթի պահին Պյոտրի հետ խոսելու ուղարկեց մերձավոր բոյար Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկուն։ Պրեոբրաժենսկոյեից վերջինս մտախոհ ետ եկավ։
Զեկույց տվեց կառավարչուհուն.
— Խելառություն ու զվարճություն շատ կա այնտեղ, բայց գործ էլ կա շատ... Պրեոբրաժենսկում քնած չեն...
Ատելություն ու տարտամ վախ պարուրեց Սոֆյայի սիրտը։ Ահավասի՛կ, չհասցրեցին ետ նայել՝ գայլաճուտը մեծացավ...
<center><big><b>6</b></big></center>
Պոլտավայից անսպասելիորեն ժամանեց Վասիլի Վասիլևիչը։ Լույսը դեռ նոր էր բացվում, իսկ պալատական նախասենյակում ու միջանցքներում ասեղ գցելու տեղ չկար։ Փեթակի պես բզզում էր պալատը։ Սոֆյան չէր քնել գիշերը։ Ոսկեկար, մարգարտացանցով պատված զգեստը մի փթից ավելի կլիներ, սուտակով, զմրուխտ ու ալմաստով ծածկված ուսնոցը, մանյակը, ոսկե շղթան ճնշում էին ուսերը։ Նստել էր պատուհանի մոտ, շրթունքները սեղմած, որ չդողան։ Վերկան՝ հավատարիմ աղախիններից մեկը, փչում էր սառած ապակուն.
— Տիրուհիս, հոգիս, գալիս է։
Բռնեց արքայադստեր արմունկից, ու Սոֆյան դուրս նայեց, գիշերը նստած ձյան վրայով, Նիկոլսկիյե դարպասից, լայն վարգով գալիս էր մոխրագույն, խալավոր ձիերի վեցնյակը, գլխներին՝ փետրափնջեր, թավշյա շլնոցներին՝ զարդարուն ու գետնահաս ծոփքեր, ձիերի առջևից սպիտակ կաֆտաններով ճեպագնացներն էին վազում, բղավելով. «Ծնկի՜, ծնկի՜»։ Ցածրիկ, դիպակապատ ծածկասահնակների դռների կողքով սլանում էին երկաթազրահ, կարճ այծենակաճներով սպաներ։ Կանգ առան Գլխադռան մուտքի մոտ։ Ազնվականները, նեղվածքից միմյանց կողերը հրմշտելով, դուրս պրծան օգնելու իշխանին, որ իջնի...
Կառավարչուհու աչքերը ճակատը թռան։ Վերկան նորից բռնեց նրան՝ «Ինչքա՜ն է կարոտել խեղճը»։ Սոֆյան խռպոտաձայն ասաց.
— Վերկա, Մոնոմախի զլխարկը տուր։
Վասիլի Վասիլևիչին նա տեսավ միայն Նստատաշ պալատում գահին ելնելիս։ Բազմաճյուղ ջահերի մեջ մոմեր էին վառվում։ Բոյարները նստարաններին էին նստած։ Իշխանը կանգնած էր, ճոխ հագնված, բայց ամբողջովին ասես ցեցակեր՝ բեխ մորուսը երկարել էր, աչքերը փոս էին ընկել, դեմքը դեղնավուն էր, նոսր մազերը սղալված էին գլխին...
Սոֆյան հազիվ զսպեց արցունքը։ Բռնակից պոկեց գիրուկ, դաստակը թևքով ամուր օղակված տաք ձեռքը։ Ծնկի գալով, իշխանը համբուրեց, փշփշոտ շրթունքները հպելով ձեռքին։ Սոֆյան ուրիշ բան էր սպասում և ցնցվեց, ասես փորձանք կանխազգալով...
— Ուրախ ենք քեզ տեսնել, իշխան Վասիլի Վասիլևիչ։ Ուզում ենք ողջությունդ իմանալ...— Թեթևակի հազաց, որ ձայնը խռպոտ չհնչի։— Ողորմա՞ծ է արդյոք աստված մեր գործերի հանդեպ, որ քեզ ենք վստահել...
Ձկնատամով զարդարված հորական գահին նա նստած էր ոսկեզգեստ, գեր ու շպարված։ Չորս զինակիր, ըստ օրինաց՝ խոնարհ ու անմիտ, ճերմակազգեստ, սամույրե գդակներով չորս պատանյակ, կանգնած էին ետևում, արծաթյա փոքրիկ տապարներ բռնած։ Երկու կողմից բոյարները, ինչպես սրբերը դրախտում, եզերում էին գահի՝ եռաստիճան, ալ կարմիր մահուդով ծածկված պատվանդանը։ Ամեն ինչ կատարվում էր վեհաշուք, բյուզանդական կայսրների հնօրյա կարգով։ Վասիլի Վասիլևիչը լսում էր, մի ծունկը ծալած, գլուխը կախ, ձեռքերը տարածած...
Սոֆյան վերջացրեց։ Վասիլի Վասիլևիչը վեր կացավ ու շնորհակալություն հայտնեց բարեողորմ խոսքերի համար։ Դումայական երկու ծանրումեծ պրիստավ ծալովի աթոռ մատուցեցին նրան։ Բանը հասավ գլխավորին՝ ինչի համար եկել էր։ Վասիլի Վասիլևիչը քննող ու անվստահ հայացքը գցեց ծանոթ դեմքերի շարքերին՝ սրբապատկերների պես սմքած, պղնձի պես կարմիր, չարացած, ծուլությունից ուռած դեմքեր, խոժոռ ճակատներ — ձգվել ու սպասում էին, թե ինչ է ասելու իշխան Գոլիցինը, ձեռքը մեկնելով իրենց քսակներին... Վասիլի Վասիլևիչը խոսքը հեռուներից սկսեց... «Ես՝ մեծն արքաներիդ, ցարերիդ, մեծն իշխաններիդ ու այլոց ստրուկն ու ծառան, գլուխ եմ խոնարհում մեծն արքաներիդ առաջ, որ դուք, մեծն տիրակալներ, ինձ՝ ձեր ծառա Վասիլիին ու մյուսներին ձեր մեծ ողորմածությունն առաջվա պես հետայսու նույնպես շնորհեք և հրաման տաք ամենասուրբ անարատ աստվածամայր, բարեգութ տիրուհի և հանապազ կույս Մարիամի սրբապատկերը Դոնի մենաստանից ձեր թագավորական անպարտելի ու հաղթական զորքի մոտ ուղարկեն, որպեսզի անարատ աստվածամայրն ինքն առաջնորդ լինի գնդերին, ու բոլոր փորձանքներից հեռու պահի և փառապանծ հաղթություններ ու անօրինակ նվաճումներ բերի ձեր թշնամյաց վրա...»։
Երկար խոսեց։ Հեղձուկից, բոյարների քրտնահոտից մշուշ էր կանգնած հալհլող մոմերի ցոլցլումների մեջ։ Դոնի աստվածամոր մասին ասելիքն ավարտեց։ Հանուն կարգի մտածելուց հետո բոյարները վճռեցին՝ ուղարկե՛լ։ Թեթևացած շունչ քաշեցին։ Այդժամ Վասիլի Վասիլևիչը հաստատաձայն խոսեց գլխավորի մասին, զորքին երեք ամիս ռոճիկ չեն տվել։ Օտարերկրյա սպաները, օրինակի համար գնդապետ Պատրիկ Գորդոնը, նեղանում են, շպրտում են պղնձյա դրամը, խնդրում արծաթյա դրամով վճարել, ծայրահեղ դեպքում թեկուզ սամույրի մորթիով... Մարդկանց շոր ու կոշիկը մաշվել է, վալենկա չկա, ամբողջ զորքը տրեխներով է, այն էլ՝ ոչ բոլորը... Այնինչ, փետրվարի սկզբից արշավի են ելնելու... Նորից խայտառակ չլինենք։
— Ինչքա՞ն դրամ ես խնդրում մեզնից,— հարցրեց Սոֆյան։
— Հինգ հարյուր հազար՝ արծաթով ու ոսկով։
Բոյարները տնքացին։ Մի քանիսի ձեռնափայտերն ու գավազանները ցած ընկան։ Աղմուկ բարձրացավ։ Վեր ցատկելով, թևքերը կողերին էին խփում՝ «Վա՜յ մեզ...»։ Վասիլի Վասիլևիչը նայում էր Սոֆյային, ու վերջինս վառվող հայացքով էր պատասխանում։ Վասիլի Վասիլևիչն ավելի համարձակ խոսեց.
— Վարշավայից երկու վանական ճիզվիտներ եկան մոտս՝ բանակատեղ։ Պահպանագիր ունեին ֆրանսիական թագավորից, որ հավատամ իրենց։ Մեծ գործ են առաջարկում։ Ձեզ (տեղից բարձրանալով, խոնարհվեց Սոֆյային), լուսապայծառ արքաներիդ, այդ գործից քիչ օգուտ չի գա... Այսպես են ասում՝ ծովերի վրա հիմա շատ ավազակներ կան, ֆրանսիական նավերի համար աշխարհով շրջելը վտանգավոր է, շատ ապրանք է կորչում զուր տեղը։ Իսկ ռուսական հողի վրայով արևելք տանող ճանապարհը ուղիղ է և դյուրին՝ թէ դեպի Պարսկաստան, թե Հնդկաստան, թե Չինաստան։ Միևնույն է, արտահանելու ապրանք-բան չունեք, ձեր մոսկովյան վաճառականները փողազուրկ են։ Իսկ ֆրանսիական վաճառականները՝ հարուստ։ Ու փոխանակ առանց օգուտ քաղելու պահպանեք սահմանները, թողեք մեր վաճառականները Սիբիր մտնեն ու ավելի հեռուները՝ ուր կամենան։ Նրանք ճանապարհներ էլ կգցեն ճահճուտներում, վերստացույց սյուներ էլ կտնկեն, իջևանատներ ու յամաներ էլ կսարքեն։ Սիբիրում մորթեղենը կգնեն, ոսկով կվճարեն, եթե հանքեր գտան, հանքային գործին էլ ընթացք կտան։
Ծեր իշխան Պրիիմակով-Ռոստովսկին, չկարողանալով դիմանալ, ընդհատեց Վասիլի Վասիլևիչին.
— Մեր կուկույցի հերետիկոսներից չենք իմանում ուր փախչենք, իսկ դու մեր վզին օտարների ես փաթաթում... Վե՜րջ ուղղափառությանը։
— Հազիվհազ անգլիացիներին քշեցինք հանգուցյալ թագավորի օրոք,— բղավեց դումայական ազնվական Բոբորիկինը,— հիմա էլ ֆրանսիացիների լծի տա՞կ մտնենք... Չլինելու բան է։
Մեկ ուրիշը՝ Զինովևը, մոլեգնած ասաց.
— Մենք պիտի հաստատ մնանք, որ այդ օտարերկրացիների հնուց եկող փուքսը վերջնական թողնենք... Ու ոչ թե հանքարաններն ու առևտուրն իրենց տանք... Որ հնազանդության բերենք դրանց... Մենք՝ Երրորդ Հռո՜մն ենք...
— Ճշմարիտ է, ճշմարի՜տ,— աղմկեցին բոյարները։
Վասիլի Վասիլևիչը շուրջը նայեց, աչքերը զայրույթից պայծառացան, ռունգերը թրթռացին...
— Ձեզնից պակաս չեմ ցավում պետության համար... (Նա ձայնը բարձրացրեց։) Կուրծքս... (Մատանիներով զարկեց զրահին։) Կուրծքս ճանկռոտեցի եղունգներով, երբ իմացա, թե ինչպես ֆրանսիական մինիստրները անպատիվ են արել մեր մեծն դեսպաններ Դոլգոռուկիին և Մըյշեցկուն... Դատարկաձեռն գնացել են դրամ փնտրելու՝ դրանով իսկ պատվազուրկ եղել... (Շատ բոյարներ ծանր-ծանր թնչացրեցին։) Իսկ եթե գնային՝ ֆրանսիական թագավորի համար շահեկանորեն, երեք միլիոն լիվրը վաղուց դրված կլիներ Մեծ պալատի ատյանում։ Ճիզվիտներն Ավետարանի վրա երդվում էին, որ եթե մեծն արքաները համաձայնություն տան իրենց ծրագրին, իսկ Դուման վճիռ կայացնի, իրենք գլխով են պատասխանատու երեք միլիոն լիվրի համար, որը մինչև գարուն կստանանք։
— Է ինչ, բոյարներ, մտածեք այս մասին,— ասաց Սոֆյան,— մեծ գործ է։
Հեշտ է ասելը՝ մտածել նման գործի մասին... Իսկապես, ժամանակներ էին եղել, մեծ խառնակությունից հետո, երբ օտարերկրացիները ուրուրների պես հարձակվել էին Ռուսաստանի վրա, զավթել հանքարաններն ու առևտուրը, ամեն ինչի գինը գցել։ Կալվածատերերը ստիպված էին համարյա ձրի տալ վուշը, կանեփը, ցորենը։ Եվ հենց այդ օտարերկրացիները սովորեցրին ռուս մարդուն իսպանական թավիշ, հոլանդական քաթան, ֆրանսիական մետաքս հագնել, կառքերով շրջել, իտալական աթոռների վրա նստել։ Հանգուցյալ Ալեքսեյ Միխայլովիչի օրոք օտարերկրյա լուծը թոթափեցին՝ ապրանքն ինքներս կտանենք ծովով։ Հոլանդիայից վարպետ բերեցին՝ Կարտեն Բրանդտին, մեծ չարչարանքների գնով «Օրյոլ» նավը կառուցեցին — գործը դրանով էլ ավարտվեց, ծովագնացության ընդունակ մարդիկ չգտնվեցին։ Նաև՝ փողն էր քիչ։ Նաև՝ հոգսը շատ։ Վոլգայի վրա, Նիժնի Նովգորոդի մոտ կանգնած «Օրյոլը» փտեց։ Ու կրկին վրա են տալիս օտարերկրացիները, ջանալով ձեռքերը խոր խրել ռուսական գրպանի մեջ... Ի՜՞նչ կա մտածելու Խանի դեմ պատերազմելու համար հինգ հարյուր հազարը մեջտեղ դիր՝ Գոլիցինն առանց փող գնացողը չի... Տես է՜, ինչ ճարպկորեն գրավեց երեք միլիոնով։ Քրտինք է տալիս վրադ, երբ մտածում ես...
Զինովևը, մորուքը բռնած, ասաց.
— Մի որևէ տուրք դնեինք պոսադների ու արվարձանների վրա... է, թեկուզ աղի վրա...
Իշխան Վոլկոնսկին՝ սրամիտ մի ծերունի, պատասխան տվեց.
— Տրեխի հարկ դեռ չկա...
— Ճշմարի՜տ է, ճշմարի՜տ,— աղմկեցին բոյարները,— մուժիկները տարեկան տասներկուական զույգ տրեխ են մաշում, զույգի վրա մի պղինձ կոպեկ տուրք դնենք, դրանով կջարդենք խանին...
Բոյարները թեթևացան։ Գործը վճռեցին։ Ոմանք քրտինքն էին սրբում, ոմանք մատները շարժում, փնչացնելով։ Ոմանք էլ թեթևացումից փուքս, էին թողնում մուշտակների մեջ։ Վասիլի Վասիլևիչի խորամանկությունը չանցավ։ Նա անձնատուր չեղավ՝ կարգը խախտելով, վեր թռավ, ձեռնափայտը հատակին խփեց։
— Խելագարնե՜ր։ Մուրացկաննե՜ր, ցեխն են գցում գանձը։ Քաղցածնե՜ր, դեն են հրում հաց պարզած ձեռքը։ Այս ի՞նչ է, աստված մթագնե՞լ է ձեր ուղեղները։ Բոլոր քրիստոնեական երկրներում, իսկ այնպիսիք կան, որ մեր մի գավառի չափ էլ չեն լինի, փթթում է առևտուրը, ժողովուրդները հարստանում են, բոլորն իրենց շահն են փնտրում... Մենակ մենք ենք խոր քուն մտել... Ժողովուրդը ցաքուցրիվ փախչում է հուսալքված, ինչպես ժանտախտի ժամանակ... Անտառներում ավազակներն են վխտում... Դրանք էլ են հեռանում ուր աչքները կկտրի... Շուտով անապատ պիտի կոչեն ռուսաց հողը։ Համեցի՜ր, շվեդացի, անգլիացի ու թուրք՝ տիրի՛ր...
Ծայրահեղ զայրույթից արցունք ցայտեց Վասիլի Վասիլևիչի կապույտ աչքերից։ Սոֆյան, եղունգները խրած բռնակների մեջ, առաջ հակվեց գահի վրա՝ նրա այտերն էլ էին ցնցվում։
— Ֆրանսիացիներին ներս թողնելու կարիք չկա,— թավաձայն ասաց բոյարին իշխան Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին։ Սոֆյան նրա վրա հառեց հայացքը։ Բոյարները սսկվեցին։ Փորը ցնցելով, որ կարողանա իջնել նստարանի եզրից, իշխանը ոտքի ելավ՝ կարճոտն էր, լայնաթիկունք, փոքր սղալած մազերով, ուսերի մեջ թաղված գլխով։ Սառնություն էին սփռում նրա շեղ ու մուգ աչքերը։ Մորուքը վերջերս էր սափրել, բեխերը վեր էին ոլորած, կեռ քիթը կախված էր հաստ շրթունքների վրա։— Մեզ ֆրանսիացի վաճառականներ պետք չեն՝ վերջին շապիկը հագներիցս կհանեն... Այսպես.. Վերջերս Պրեոբրաժենսկոյե էի գնացել, թագավորի մոտ... Ռազմախաղ են անում, չարություններ... Ճիշտ է... Բայց ռազմախաղն էլ է խելացի լինում... Գերմանացիները, հոլանդացիները, վարպետները, նավաշինարարները, սպաները՝ գործը գիտեն... Երկու գունդ՝ Սեմյոնովսկին ու Պրեոբրաժենսկին, մեր ստրելեցների պես չեն։ Մեզ օտարերկրացի վաճառականներ պետք չեն, առանց նրանց էլ յոլա գնալ չենք կարող... Մենք պիտի մեզ մոտ երկաթի մշակություն հիմնենք, քաթանի, կաշվի, ապակու... Ջրաղացները հարմարեցնենք սղոցարանների, ինչպես Կուկույում։ Նավատորմ պիտի ունենանք՝ ահա թե ինչ է պետք... Իսկ թե այսօր տրեխի վրա հա՜րկ ենք դնելու... Ինչ ուզում եք, արեք, ինձ համար միևնույն է...
Ասես բարկանալով, ցնցեց գիրուկ դեմքը, ոլորած բեխերը, ետ գնաց, տեղը նստեց... Այդ օրը բոյարական Դուման վերջնական ոչինչ չվճռեց...
<center><big><b>7</b></big></center>
Ցրտաշունչ մի երեկո շատ հյուրեր էին հավաքվել աուստերիայում։ Պակասամիտ ծառան շարունակ կեչու փայտ էր գցում բուխարին։ «Օ՜, ինչ շոգ է այստեղ, Մոնս»՝ հյուրերը հատիկ ու թուղթ էին խաղում, ծիծաղում, երգում։ Յոհանն Մոնսը գարեջրի երրորդ տակառը բացեց։ Հանել էր բամբակյա ժիլետն ու մնացել մեկտակ ֆուֆայկայով։ Վիզը կապտակարմիր էր դարձել։ «Էյ, Յոհանն, դուրս գայիր մի քիչ կանգնեիր սառնամանիքին, արյունդ շատ է»։ Մոնսը ժպտում էր ցրված, ինքն էլ չիմանալով, թե ինչ է կատարվում իր հետ։ Ձայների ժխորը կարծես հեռուներից էր գալիս, աչքերն արցունքով էին լցվում։ Ուզեցավ տասը գավաթ գարեջուր բարձրացնել չկարողացավ, թափեց։ Մարմնով մեկ թուլություն սողոսկեց։ Նա հրեց դուռը, ելավ ու հենվեց ծածկը պահող սյանը, սառնամանիք էր։ Բարձր-բարձր կանգնած էր սառած լուսինը, եզերված ծիածանագույն երեք վիթխարի օղակներով։ Օդը լի էր գունափոխվող սառցե աստղիկներով... Ձյուն էր գետնի վրա, թփուտների ու տանիքների վրա։ Օտար հող, օտար երկինք, մահ է սփռված ամեն ինչի վրա։ Շնչառությունն արագացավ... Աներևակայելի արագությամբ ինչ-որ բան էր մոտենում նրան... Ահ, մի անգամ էլ տեսներ հարազատ Թյուրինգիան, ուր լճից վեր, լեռների մեջ փոքրիկ ու հարմարավետ քաղաքն է տարածված... Արցունք հոսեց այտերով։ Ծակող մի ցավ բռնեց սիրտը։ Շոշափեց դուռը, դժվարությամբ բացեց, և մոմերի լույսը, հյուրերի թրթռացող դեմքերը մոխրագույն թվացին նրան։ Կուրծքն ալեկոծվեց, ճիչ արձակեց, և նա ընկավ...
Այսպես մահացավ Յոհանն Մոնսը։ Բոլոր գերմանացիներին տևական ժամանակ վիշտ ու զարմանք պատճառեց նրա մահը։ Մնացին այրին՝ Մաթիլդան, չորս երեխա և երեք գործատուն՝ աուստերիան, ջրաղացն ու ոսկերչական կրպակը։ Ավագ դստերը՝ Մոդեստային, այդ աշնանը, փառք աստծո, հաջողվեց ամուսնացնել արժանավոր մի մարդու՝ պորուչիկ Ֆյոդոր Բալոկի հետ։ Որբ մնացին Աննան և երկու փոքրիկները՝ Ֆիլիմոնը և Վիլլիմը։ Ինչպես հաճախ է լինում, տան գլխավորի մահից հետո պարզվեց, որ գործերն այնքան էլ լավ վիճակում չեն, պարտամուրհակներ երևան եկան։ Ստիպված էին պարտքերի դիմաց տալ ջրաղացն ու ոսկերչական կրպակը։ Այդ ծանր օրերին Լեֆորտը շատ օգնեց՝ դրամով ու հոգածությամբ։ Տունն ու աուստերիան մնացին այրուն, ուր Մաթիլդան և Անխենը հիմա օրուգիշեր դառն արցունք էին թափում։
<center><big><b>8</b></big></center>
— Մայրիկ, կանչե՞լ էիք։
— Նստիր, Պետենկա, հրեշտակս...
Պյոտրը ցցվեց աթոռակի վրա, սրտնեղված զննելով մոր ննջարանը։ Դեմ դիմաց նստած Նատալյա Կիրիլովնան փաղաքուշ ժպտաց։ Օ՜հ, ինչ կեղտոտ է, հագուստը պատառոտված։ Մատը՝ լաթով փաթաթված։ Մազերը՝ խռիվ։ Կոպերի տակ՝ ստվերներ, աչքերն անհանգիստ են...
— Պետրաշա, հրեշտակս, մի բարկանա, ինձ լսիր...
— Լսում եմ, մայրիկ...
— Քեզ պսակել եմ ուզում...
Պյոտրն ընդոստ վեր թռավ, ձեռքերը թափահարելով, ննջարանում ծուռումուռ գնալ-գալով՝ սրբերի լուսավորված պատկերներից մինչև դուռն ու ետ։ Նստեց։ Գլուխը ցնցեց... Խոշոր ոտնաթաթերի քթերն իրար էին արած։
— Ո՞ւմ հետ։
— Արդեն տնտղել ու հավանել եմ, մի սիրունիկը կա՝ ճերմակ աղավնի...
Նատալյա Կիրիլովնան կռացավ որդու վրա, մազերը շոյելով ուզեց աչքերի մեջ նայել։ Պյոտրի ականջները կաս-կարմիր էին դարձել։ Դուրս պրծավ մոր ձեռքի տակից, նորից վեր թռավ.
— Ես ժամանակ չունեմ, մայրիկ... ճիշտ եմ ասում, գործ կա... Լավ, թե պետք է, պսակեք... Իմ միտքն ուրիշ բանի է...
Ուսով դիպչելով կողափայտիս, կորամեջք ու նիհար, դուրս ելավ ու վազեց խելագարի պես միջանցքներով, հեռվում մի դուռ շրխկացրեց։