Ի վերջո, ես միշտ որպես նավազ եմ նավարկում նաև այն պատճառով, որ իմ աշխատանքի դիմաց փող են վճարում։ Իսկ ինչ վերաբերում է ուղևորներին, ապա երբեք չեմ լսել, որ նրանց թեկուզև կես պեննի վճարած լինեն։ Ընդհակառակը, ուղևորները դեռ իրենք են պարտավոր վճարել։ Իսկ վճարելու անհրաժեշտության և վճարվելու հնարավորության միջև վիթխարի տարբերություն կա։
Բայց թե ինչ՞՝ ինչո՞ւ՝ ե՛ս, որ սովորաբար առևտրական նավերով ծով էի ելնում որպես սովորական մի նավազ, ինչո՞ւ հանկարծ վճռեցի աշխատանքի վարձվել կետորսանավի վրա, դժվարանում եմ բացատրել։ Ամենայն հավանականությամբ այդպսիսն էր ճակատագիրս։
Իմ այս վճիռը կայացնելիս, ճիշտն ասած, խոշոր դեր ունեցան վեհասքանչ և խորհրդավոր ծովահրեշներիը՝ կետուսաները, որոնք միշտ էլ բորբոքել են իմ հետաքրքրասիրությունը։ Բացի այդ, ինձ հրապուրում էին թե՛ հեռավոր ծովերը, թե՛ վայրի ափերը և թե՛ արևադարձային երկրները։ եվ ես պատրաստ էի ուրախությամբ ենթարկվել կետորսության փորձություններին, որոնց դեռևս անծանոթ էի։ Իմ երևակայության մեջ արդեն ուրվագծվում էին վիթխարի կետուսների անվերջանալի թափորները, և նրանց մեջ մեկը՝ ամեհի ու չարագուշակ, որ անսպասելի հայտնվում է ծովի խորխորատներից և փայլատակում արևի ճառագայթների տակ ինչպես ճերմակ մի սառցալեռ։