– Այստեղ վատ չէ,– փորձեց խոսք բացել Շվեյկը։– նարերը ռանդայած փայտից են։
Լրջադեմ պարոնը չպատասխանեց, վեր կացավ և սկսեց արագ-արագ գնալ ու գալ նարի ու դռան միջև եդած եղած նեղլիկ տարածության մեջ, ասես շտապելով ինչ֊որ բան փրկել։
Այդ միջոցին Շվեյկը հետաքրքրությամբ դիտում էր պատերին խզբզված մակագրությունները։ Մակագրություններից մեկի մեջ մի կալանավոր մահու և կենաց կռիվ էր հայտարարում ոստիկանությանը։ «Դա ձեզ վրա էժան չի նստի»,– ասված էր տեքստում։ Մի այլ կալանավոր գրել էր․ «Գրողի ծոցը գնաք, աքլորնե՛ր»։ Երրորդը պարզապես փաստ էր արձանագրել․ «Ես այստեղ նստեցի 1913 թվի հունիսի 5֊ին, ինձ հետ լավ էին վարվում։ Խանութպան Յոզեֆ Մարեչեկ, Վրշովից քաղաքի բնակիչ»։ Կար և իր խորիմաստությամբ ցնցող մի այսպիսի մակագրություն, «Ողորմյա զիս, տեր»։
– Երևում է, այդ պարոնը ձեզ շատ է ատում, որ այդպես ծիծաղում է ձեզ վրա,– ասաց Շվեյկը, երբ կալանակիցը ամեն հույս կորցրած, նորից նստեց նրա կողքին։– Բանտապահը, երբ զայրանա, ընդունակ է շատ բանի, իսկ երբ ավելի զայրանա՝ ամեն բանի։ Հանգիստ նստեցեք ձեզ համար, եթե այլևս կախվել չեք ուզում, և սպասեցեք դեպքերի հետագա զարգացմանը։ Եթե դուք աստիճանավոր, ամուսնացած մարդ եք և երեխաներ ունեք, ապա այս ամենն իսկապես սոսկալի է։ Դուք, եթե չեմ սխալվում, հավատացած եք, որ ձեզ պաշտոնից կվռնդեն, այնպես չէ՞։
– Դժվար է ասել,– հառաչեց աստիճանավորը։– Բանն այն է, որ ես ինքս էլ չեմ հիշում, թե ինչ եմ արել։ Միայն այն գիտեմ, որ ինձ ինչ-որ տեղից դուրս շպրտեցին, իսկ ես ուզում էի նորից ներս մտնել այնտեղ սիգարս վառելու։ Իսկ ամեն ինչ այնպես լա վ լավ էր սկսվել… Գիտե՞ք ինչ, մեր բաժնի պետը իր անվանակոչությանն տոնն էր կատարում և մեզ բոլորիս հրավիրեց գինետուն, հետո մենք մտանք երկրորդ գինետունը, երրորդը, չորորդը, հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, ութերորդը, իններորդը․․․
– Արդյոք չե՞ք կամենում, որ ես ձեզ օգնեմ թվել,– պատրաստակամություն հայտնեց Շվեյկը։– Ես այդ բաներից գլուխ հանում եմ։ Մի անգամ ես մի գիշերվա մեջ քսանութ տեղ եմ եղել, բայց, գլուխս գովել չլինի, ոչ մի տեղ երեք գավաթից ավելի գարեջուր չեմ խմել։
– Մի խոսքով,– շարունակեց իր անվանակոչության տոնը այնպես շուքով կատարած պետի տարաբախտ ստորադրյալը,– երբ մի դյուժինի չափ զանազան գինետներ էինք մտել ու դուրս եկել, հանկարձ տեսանք, որ մեր պետը անհետացել է, թեև մենք առաջուց նրան կապել էինք թոկով ու շան պես քարշ էինք տալիս մեր հետևից։ Այնժամ գնացինք նրան որոնելու և, ի վերջո, իրար կորցրինք։ Վերջապես ես հայտնվեցի Վինոգրադիի գիշերային սրճարաններից մեկում, մի շատ կարգին հաստատությունում, որտեղ լիկյորը ուղղակի շշով էի խմում։ Թե ինչ եմ արել հետո, չեմ հիշում․․․ Գիտեմ միայն, որ արդեն այստեղ, կոմիսարիատում, երբ ինձ այստեղ բերին, երկու ոստիկաններ զեկուցեցին, թե իբթ իբր հարբել եմ, ինձ վատ պահել, ծեծել մի տիկնոջ, գրչահատով կտրատել ուրիշի պատկանող գլխարկը, որը վերցրած եմ եղել կախարանից, ցրել եմ կանանց երգչախումբը, ավագ մատուցողին հրապարակայնորեն մեղադրել եմ, թե քսան կրոն է գողացել, ջարդել եմ իմ զբաղեցրած սեղանի մարմարե սալը և դիտմամբ թքել հարևան սեղանի մոտ նստած պարոնի սուրճի մեջ։ Համենայն դեպս չեմ հիշում, որ ուրիշ բան էլ արած լինեմ։ Հավատացե՛ք, ես կարգին, ինտելիգենտ մարդ եմ և ընտանիքիցս բացի ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Ի՞նչ կասեք այս մասին։ Ես հո սկանդալիստի մեկը չեմ։
– Շա՞տ չարչարվեցիք այդ մարմարե սալը ջարդելիս, թե՞ մի խփելով ջարդուփշուր արիք,– պատասխանելու փոխարեն հետաքրքրվեց Շվեյկը։