== Շվեյկը կայազորի բանտում ==
Պատերազմ գնալու ցանկություն չունեցողների վերջին ապաստանը կայազորի բանտն էր։ Ես ինքս ճանաչում էի մի արտահաստիքային դասատուի, որը, որպես մաթեմատիկոս, պետք է ծառայել ծառայեր հրետանում, բայց չցանկանալով թնդանոթից արկեր թռցնել, մի պոդպորուչիկից «թռցրել» էր նրա ժամացույցը միայն ու միայն կայազորի բանտն ընկնելու համար։ Նա այդ բանն արել էր միանգամայն գիտակցաբար։ Պատերազմը նրան չէր գրավում ու չէր հրապուրում։ Նա հիմարություն էր համարում կրակել թշնամու վրա և ռազմաճակատի մյուս կողմում շրապնելով ու նռնակներով սպանել իր նման դժբախտների՝ մաթեմատիկայի արտահաստիքային դասատուների։
«Ես չեմ ուզում, որ ինձ ատեն բռնության համար»,– ասել էր նա ինքն իրեն և հանգիստ խղճով գողացել ժամացույցը։ Սկզբում քննել էին նրա հոգեկան վիճակը, և միայն այն ժամանակ, երբ նա ասել էր, թե ժամացույցը գողացել է հարստանալու նպատակով, ուղարկել էին կայազորի բանտը։