Վախմիստր Ֆլանդերկան հաճախ էր վհատվում այդ «գրականությունից», որ գալիս էր յուրաքանչյուր փոստով։ Հենց որ տեսնում էր «անվճար պաշտոնական» շտեմպելը կրող ծանոթ մի ծրար, սիրտն սկսում էր թրթռալ։ Գիշերը երկար խոհրդածելուց հետո սա հանգում էր այն եզրակացության, որ մինչև պատերազմի վերջը չի ապրի, որ Երկրամասային ժանդարմական վարչությունը նրան կզրկի բանականության վերջին փշուրներից և նա բախտ չի ունենա ուրախանալու ավստրիական զենքի հաղթանակով, քանզի մինչ այդ նրա գլխից պակասած կլինեն շատ պտուտակներ։
Իսկ ժանդարմական շրջանային վարչությունը օր օրի վրա նրան ռմբակոծում էր հարցապնդումներով, թե ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տրված №<math>\frac{72 \ 345}{721\ a/f}></math>d անկետային, ինչպես է կատարվում №<math>\frac{88 \ 992}{822 \ gfeh}</math>z հրահանգը, ինչպիսի գործնական արդյունքներ է ունեցել №<math>\frac{123 \ 456}{1292\ b/r}</math>v հրամանը, և այլն։
Նրան ամենից շատ գլխացավանք էր պատճառում այն հրահանգը, թե ինչպես պետք է տեղական բնակչության միջից վարձու մատնիչներ ու լրտուներ հավաքագրել։ Վերջապես գալով այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ մեկին հավաքագրել այն վայրից, ուր սկիզբ է առնում Բլատան, որովհետև այնտեղ բոլորը պնդաճակատներ են, նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։