=== II ===
Ես չեմ էլ հաստատում, թե նա ամենևին չի տուժել ոչ մի կերպ։ Սոսկ լիովին համոզվել եմ հիմա, որ նա կարող էր իր արաբացիների մասին շարունակել, որքան կամենար, միայն հարկավոր բացատրությունները տալով։ Բայց այն ժամանակ նա ինքնաժխտվեց և առանձնահատուկ շտապողականությամբ սկսեց մեկընդմիշտ հավատացնել իրեն, որ իր կարիերան խորտակված է ամբողջ կյանքում՝ «հանգամանքների հողմով»։ Իսկ եթե ամբողջ ճշմարտությունն ասենք, ապա կարիերայի փոփոխման պատճառը Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի՝ գեներալ-լեյտենանտի կնոջ ու երևելի հարուստի դեռևս նախկինում արված և կրկնված շատ նրբանկատ առաջարկությունն էր՝ ստանձնել նրա միակ որդու դաստիարակումը և մտավոր ամբողջ զարգացումը, որպես բարձրագույն մանկավարժ և բարեկամ, էլ չասած արդեն փայլուն վարձատրության մասին։ Այդ առաջարկությունն առաջին անգամ նրան արվել էր դեռևս Բեռլինում, հենց նույն այն ժամանակ, երբ առաջին անգամ ամուրիացել էր։ Նրա առաջին կինը թեթևամիտ մի աղջիկ էր մեր նահանգից, ում հետ ամուսնացել էր իր ամենավաղ և ամենախոհեմ երիտասարդության շրջանում ու այդ, ի դեպ, գրավիչ կնոջ հետ կրել ահագին վիշտ, կնոջը պահելու միջոցների սակավության, դրան ավելացրած այլ, մասամբ արդեն նրբաբնույթ պատճառներով։ Կինը վախճանվել էր Փարիզում՝ վերջին երեք տարում նրանից բաժանված ու նրան թողնելով հնգամյա որդուն՝ «անդրանիկ, բերկրալի ու դեռևս չմթագնված սիրո պտուղը», ինչպես մի անգամ իմ ներկայությամբ, թռավ տրտմած Ստեպան Տրոֆիմովիչի բերանից։ Փոքրիկին հենց սկզբից տեղափոխեցին Ռուսաստան, ուր նա ամբողջ ժամանակ դաստիարակվում էր հեռավոր ինչ-ինչ ազգականուհիների ձեռքի տակ, երկրի խորքում, ինչ-որ տեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը մերժեց Վարվառա Պետրովնայի՝ այն ժամանակվա առաջարկը և նույնիսկ տարին չլրացած, նորից շտապ ամուսնացավ՝ բեռլինաբնակ չխոսկան մի գերմանուհու հետ և գլխավորը՝ առանց որևէ հատուկ անհրաժեշտության։ Սակայն, բացի դրանից, դաստիարակի տեղից հրաժարվելու այլ պատճառներ էլ կային․ նրան գայթակղեց անմոռաց մի պրոֆեսորի՝ այն ժամանակ թնդացող փառքն ու նա, իր հերթին, թռավ ամբիոն, որին պատրաստվում էր՝ արծվի իր թևերը ևս փորձելու համար։ Եվ ահա հիմա, խանձված թևերով, բնականաբար, հիշեց առաջարկը, որ նախկինում էլ էր տատանում նրա որոշումը։ Իսկ երկրորդ կնոջ հանկարծակի մահը, որը մի տարի էլ չապրեց նրա հետ, ամեն ինչ վերջնականորեն դասավորեց։ Ուղղակի ասեմ, ամեն ինչ լուծվեց նրա հանդեպ Վարվառա Պետրովնայի բոցավառ կարեկցանքով և թանկագին, այսպես ասած, դասական բարեկամությամբ, եթե կարելի է այդպես արտահայտվել բարեկամության մասին։ Նա նետվեց այդ բարեկամության գիրկը, և բանն ամրացավ ավելի քան քսան տարով։ Ես օգտագործեցի «նետվեց գիրկը» արտահայտությունը, բայց Աստված չանի, մեկնումեկը մտածի ավելորդ ու պարապ որևիցե բան. այդ գիրկը պիտի հասկանալ լոկ ամենաբարձր բարոյական իմաստով։ Ամենամեղմ ու նրբագույն կապ էր միացնում երկու այդչափ հիանալի էակներին առհավետ։ Դաստիարակի տեղն ընդունվել էր նաև այն պատճառով, որ Ստեպան Տրոֆիմովիչի առաջին կնոջից հետո մնացած շատ փոքր կալվածքը Սկվորնեշնիկիի՝ մեր նահանգում Ստավրո-գինների մերձքաղաքային հոյակապ կալվածքի ճիշտ կողքին էր։ Դրանով միշտ էլ հնարավոր էր, աշխատասենյակի անդորրի մեջ և արդեն չշեղվելով համալսարանական հսկայական պարապմունքներով, իրեն նվիրաբերել գիտական գործին և հայրենական բանասիրությունը հարստացնել խորագույն ուսումնասիրություններով։ Ուսումնասիրություններ չհայտնվեցին, փոխարենը հնարավոր դարձավ մնացած ամբողջ կյանքը, ավելի քան քսան տարի, մնալ կանգնած, այսպես ասած, «մարմնավորված կշտամբանքի պես» հայրենիքի դեմ, ժողովրդական բանաստեղծի արտահայտությամբ.
<poem>
::::Հանց կշտամբանք մարմնավորված,
::::․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
::::Դու, իդեալիստ-ագատական,
::::Կանգնած էիր դեմ հայրենյաց։
</poem>
Սակայն անձը, ում մասին ասել է ժողովրդական բանաստեղծը, գուցեև իրավունք ուներ ամբողջ կյանքում կեցվածք ընդունել այդ իմաստով, եթե կամենար, թեև ձանձրալի բան է դա։ Իսկ մեր Ստեպան Տրոֆիմովիչը, ճշմարիտն ասած, նման անձանց համեմատությամբ սոսկ նմանեցնող էր, ու կանգնելուց էլ հաճախ հոգնում էր ու պառկում կողքի։ Բայց թեև պառկում էր կողքի, կշտամբանքի մարմնավորումը պահպանվում էր նաև պառկած դիրքում, ճշմարտացի պիտի լինել, առավել ևս, որ նահանգում դա էլ էր բավական։ Տեսնեիք հապա նրան մեզ մոտ, ակումբում, երբ նստում էր թուղթ խաղալու։ Նրա ամբողջ տեսքն ասում էր. «Խաղաթղթե՜ր։ Ես նստում եմ ձեզ հետ՝ երալա՜շ խաղալու։ Մի՞թե համատեղելի է դա։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Ո՞վ փշրեց իմ գործունեությունը և դարձրեց դա երալաշ։ Է՜, կործանվես դու, Ոուսաստան»,― ու վեհատեսք շպրտում էր փոսիկի հաղթաթուղթը։
Իսկ ճշմարիտն ասած, անչափ սիրում էր թուղթ խաղալ, ինչի համար էլ, վերջին ժամանակներս, հաճախակի և տհաճ բախումներ էր ունենում Վարվառա Պետրովնայի հետ, առավել ևս, որ մշտապես տանուլ էր տալիս։ Բայց այդ մասին՝ հետո։ Նշեմ սոսկ, որ նա նույնիսկ խղճամիտ մարդ էր (այսինքն՝ երբեմն), ուստիև հաճախ էր տրտմում։ Վարվառա Պետրովնայի հետ ամբողջ քսանամյա բարեկամության ընթացքում տարեկան երեքական կամ չորսական անգամ պարբերաբար ընկնում էր, ինչպես մեր մեջ էինք ասում, «քաղաքացիական վշտի», ասել է թե՝ պարզապես սևամաղձության մեջ, սակայն այս բառը դուր էր գալիս մեծարգո Վարվառա Պետրովնային։ Հետագայում, քաղաքացիական վշտից զատ, նա սկսեց ընկնել նաև շամպայնի մեջ, բայց նրբազգաց Վարվառա Պետրովնան ամբողջ կյանքում պահպանում էր նրան բոլոր տափակ հակումներից։ Ասենք, նա կարիքն էլ ուներ դայակի, որովհետև երբեմն իրեն շատ տարօրինակ էր պահում, ամենավերին վշտի կեսին հանկարծ կսկսեր ծիծաղել ամենահասարակ գեղջկական ձևով։ Լինում էին րոպեներ, երբ անգամ ինքն իր մասին սկսում էր արտահայտվել հումորիստական իմաստով։ Սակայն Վարվառա Պետրովնան ոչնչից այնպես չէր վախենում, ինչպես հումորիստական իմաստից։ Դա մի կին-դասական էր, կին-մեկենասուհի, որ գործում էր սոսկ միայն վերին նկատառումներով։ Հիմնավոր էր այդ բարձրադիրք տիկնոջ քսանամյա ազդեցությունն իր խեղճ բարեկամի վրա։ Նրա մասին հարկ է առանձին խոսել, ինչև ես կանեմ։
=== III ===