=== IV ===
Մի անգամ, դեռևս գյուղացիների ազատագրման առաջին լուրերի հետ, երբ համայն Ռուսիան հանկարծ ցնծաց ու պատրաստվում էր ամբողջովին վերածնվել, ճանապարհի վրա Վարվառա Պետրովնային այցելեց պետերբուրգյան մի բարոն, ամենավերին կապեր ունեցող և գործին շատ մոտ կանգնած մեկը։ Վարվառա Պետրովնան չափից ավելի էր գնահատում այդպիսի այցելությունները, որովհետև ամուսնու մահից հետո բարձրաշխարհիկ հասարակության մեջ նրա կապերը գնալով ավելի ու ավելի էին թուլանում, իսկ վերջում բոլորովին կտրվեցին։ Բարոնը նրա մոտ նստեց մի ժամ ու թեյ խմեց։ Ուրիշ ոչ ոք չկար, բայց Ստեպան Տրոֆիմովիչին Վարվառա Պետրովնան հրավիրել էր ու ներկայացրել։ Բարոնը նրա մասին ինչ-որ բան լսել էր, կամ ձևացնում էր, թե լսել է, սակայն թեյելիս քիչ էր դիմում նրան։ Ստեպան Տրոֆիմովիչը, հարկավ, չէր կարող սևերես մնալ, ու նրա շարժուձևն էլ էր խիստ նրբավար։ Թեև կարծեմ, բարձր ծագում չուներ, բայց ստացվել էր այնպես, որ շատ փոքր հասակից դաստիարակվել էր երևելի մի տան մեջ, Մոսկվայում, ուրեմնև՝ հարկը պատշաճին։ Ֆրանսերեն էր խոսում փարիզեցու նման։ Այդպիսով, բարոնն առաջին հայացքից պիտի հասկանար, թե ինչ մարդկանցով է շրջապատում իրեն Վարվառա Պետրովնան, թեկուզև նահանգային իր առանձնացածության մեջ։ Այնինչ, այդպես չեղավ։ Երբ բարոնը դրականապես հաստատեց մեծ ռեֆորմի մասին այն ժամանակ նոր-նոր տարածվող առաջին լուրերի կատարյալ հավաստիությունը, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ չդիմացավ և _ուռա_ բղավեց, նույնիսկ ձեռքով էլ ցնծություն արտահայտող ինչ-որ շարժում արեց։ Բղավեց նա ոչ բարձր, և անգամ նրբահունչ, գուցեև նույնիսկ ցնծությունն էր կանխամտածված, իսկ շարժումը՝ դիտավորյալ սերտած հայելու առաջ՝ թեյելուց կես ժամ առաջ։ Բայց, ըստ երևույթին, մի բան այնպես չէր եղել, այնպես որ բարոնն իրեն թույլ տվեց հազիվ-հազ ժպտալ, թեև տեղնուտեղը արտասավոր նրբավարությամբ մի նախադասություն ագուցեց համայն ռուսաց սրտերի համընդհանուր և պատշաճին խանդաղատանքի մասին՝ մեծ իրադարձության առիթով։ Հետո շուտով մեկնեց և մեկնելիս չմոռացավ Ստեպան Տրոֆիմովիչին էլ պարզել երկու մատը։ Ետ գալով հյուրասենյակ՝ Վարվառա Պետրովնան լուռ մնաց երկու-երեք րոպե իբր ինչ-որ բան փնտրելով սեղանի վրա։ Բայց հանկարծ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին և գույնը գցած, բոցկլտացող աչքերով, շշնջաց ատամների արանքից.
― Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա։
Հաջորդ օրը նա հանդիպեց իր բարեկամին, ասես ոչինչ չէր եղել, կատարվածի մասին նա երբեք չէր հիշում։ Սակայն տասներեք տարի անց, ողբերգական մի պահի, վերհիշեց ու կշտամբեց նրան, ու ճիշտ նույնպես գույնը գցեց, ինչպես տասներեք տարի առաջ, երբ առաջին անգամ էր կշտամբել։ Կյանքում միայն երկու անգամ էր նա ասել. «Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա»։ Բարոնի հետ կապված դեպքն արդեն երկրորդն էր, բայց առաջին դեպքը նույնպես շատ բնութագրական է, իր հերթին, և կարծեմ, այնքան շատ բան էր նշանակում Ստեպան Տրոֆիմովիչի ճակատագրում, որ վճռեցի դա էլ հիշատակել։
Դա եղել էր հիսունհինգ թվականին, գարնանը, մայիս ամսին, հենց այն բանից հետո, երբ Սկվորեշնիկիում ստացվել էր գեներալ-լեյտենանտ Ստավրոգինի վախճանվելու լուրը՝ թեթևամիտ ծերուկ էր, վախճանվել էր ստամոքսի խանգարումից, Ղրիմ գնալու ճանապարհին, ուր շտապում էր հասնել գործող բանակ՝ նշանակման վայրը։ Վարվառա Պետրովնան այրի մնաց ու կատարյալ սուգ պահեց։ Ճիշտ է, նա չէր կարող շատ վշտանալ, քանզի վերջին չորս տարին միանգամայն բաժան էր ապրում ամուսնուց՝ բնավորությունների անհամատեղելիության պատճառով, և ապրուստադրամ ուղարկում նրան։ (Գեներալ-լեյտենանտն ընդամենը հարյուր հիսուն շունչ և իր ռոճիկն ուներ, բացի դրանից, մեծազարմություն ու կապեր, իսկ ամբողջ հարստությունը և Սկվորեշնիկին պատկանում էին Վարվառա Պետրովնային՝ շատ հարուստ կապալառուի միակ դստերը)։ Այդուհանդերձ, նա ցնցված էր բոթի անսպասելիությամբ և կատարյալ միայնության անցավ։ Իհարկե, Ստեպան Տրոֆիմովիչը նրա մոտ էր լինում անբաժան։
Լիուլի փթթում էր մայիսը, զարմանալի երեկոներ էին լինում։ Ծաղկել էր թխկենին։ Երկու բարեկամներն ամեն երեկո հանդիպում էին այգում, մինչև գիշեր նստում տաղավարում՝ միմյանց առաջ զեղելով զգացմունքներ և մտքեր։ Բանաստեղծական պահեր էին լինում։ Վարվառա Պետրովնան իր ճակատագրի փոփոխության տպավորության տակ խոսում էր սովորականից ավելի։ Նա կարծես փարվել էր իր բարեկամի սրտին, և այդպես շարունակվեց մի քանի երեկո։ Տարօրինակ մի միտք ցոլաց հանկարծ Ստեպան Տրոֆիմովիչի ուղեղում. «Անսփոփ այրին նկատի չունի՞ արդյոք իրեն և սգո տարվա վերջում, արդյոք առաջարկություն չի՞ սպասում իր կողմից»։ Ցինիկ միտք է, բայց չէ որ կառուցվածքի վսեմությունը նույնիսկ երբեմն նպաստում է հակվածությանը ցինիկ մտքերին, բայց արդեն սոսկ զարգացման բազմակողմանիությունից։ Նա սկսեց խորամուխ լինել և գտավ, որ նման է դրան։ Մտքերի մեջ ընկավ․ «Ճիշտ է, վիթխարի ունեցվածք է, բայց...»։ Իրոք, Վարվառա Պետրովնան ամենևին նման չէր գեղեցկուհու, բարձրահասակ, դեղնամաշկ, ոսկրոտ կին էր, չափից ավելի երկարուկ դեմքով՝ ձիական ինչ-որ բան հիշեցնող։ Ավելի ու ավելի էր տատանվում Ստեպան Տրոֆիմովիչը, տանջվում երկմտություններից, նույնիսկ մի երկու անգամ փղձկաց անվճռականությունից (լալիս էր նա բավական հաճախ)։ Իսկ երեկոները, այսինքն՝ տաղավարում, նրա դեմքը մի տեսակ ակամա սկսեց արտահայտել կամակոր ու ծաղրական ինչ-որ բան՝ սեթևեթ ու միաժամանակ գոռոզամիտ։ Դա մի տեսակ ոչ-դիտավորյալ, ակամա է արվում, և նույնիսկ որքան ավելի վեհանձն է մարդը, այնքան ավելի է նկատելի։ Աստված գիտե, թե ինչ կարելի է մտածել այստեղ, բայց ավելի հավանական է, որ Վարվառա Պետրովնայի սրտում նման բան չէր էլ արթնացել, ինչը կարող էր լիովին արդարացնել Ստեպան Տրոֆիմովիչի կասկածները։ Ու չէր էլ փոխի նա իր Ստավրոգինա ազգանունը թեկուզև այդչափ փառավոր ազգանունով։ Գուցեև ընդամենը սոսկ կանացի խաղ կար նրա կողմից, կանացի չգիտակցված պահանջմունքի դրսևորում, այնքան բնական առանձին արտակարգ կնոջական պարագաներին։ Թեև չեմ հաստատում, կնոջ սրտի խորքն անքննելի է նույնիսկ մինչև օրս։ Բայց՝ շարունակեմ։
Պետք է մտածել, որ իր համար նա շուտով կռահել էր բարեկամի դեմքի տարօրինակ արտահայտությունը։ Նա դյուրազգաց էր և դիտողունակ, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը՝ երբեմն չափից ավելի միամիտ։ Սակայն երեկոներն ընթանում էին առաջվա պես, և զրույցները նույնչափ բանաստեղծական էին ու հետաքրքիր։ Եվ ահա, մի անգամ, երբ վրա հասավ գիշերը, ամենաաշխույժ և բանաստեղծական զրույցից հետո, նրանք բարեկամաբար հրաժեշտ տվեցին՝ ջերմորեն միմյանց ձեռք սեղմելով կողաշենքի առմուտքի մոտ, ուր բնակվում էր Ստեպան Տրոֆիմովիչը։ Ամեն ամառ նա տեղափոխվում էր այդ փոքր կողաշենքը՝ կանգնած համարյա այգու մեջ՝ Սկվորեշնիկիի տիրունական տանը կպած։ Նա նոր էր մտել իր սենյակը, հոգսառատ մտորումներով, սիգար էր վերցրել ու չէր հասցրել վառել, հոգնած ու անշարժ կանգնել բաց պատուհանի առաջ՝ նայելով պարզկա լուսնի շուրջ սահող փետրանման, ճերմակ ամպերին, երբ հանկարծ թեթևակի մի շրշյուն ստիպեց նրան ցնցվել ու շրջվել։ Նրա դիմաց նորից կանգնած էր Վարվառա Պետրովնան, ում թողել էր ընդամենը չորս րոպե առաջ։ Նրա դեղին դեմքը համարյա կապտած էր, շրթունքները՝ սեղմված ու ծայրերը թրթռում էին։ Ամբողջ տասը վայրկյան լուռ նայում էր նրա աչքերին հաստատուն, անողոք հայացքով և հանկարծ շուտասելուկով շշնջաց.
― Այս մի բանը ես երբեք չեմ մոռանա։
Երբ արդեն տասը տարի անց, Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր հայտնում այդ տրտում պատմությունը շշնջաձայն, նախապես փակելով դռները, երդվեց ինձ, որ այնպես քարացավ տեղում այն ժամանակ, որ չլսեց ու չտեսավ, թե ինչպես անհետացավ Վարվառա Պետրովնան։ Քանի որ նա երբեք կատարվածի մասին հետագայում ոչ մի անգամ չակնարկեց Ստեպան Տրոֆիմովիչին և ամեն ինչ ընթացավ, ասես ոչինչ էլ չէր եղել, ապա ինքն ամբողջ կյանքում հակված էր մտածել, որ այդ ամենը սոսկ տեսլապատրանք էր՝ հիվանդությունից առաջ, առավել ևս, որ հենց այդ գիշեր հիվանդացավ ամբողջ երկու շաբաթով, ինչը, ի դեպ, դադարեցրեց նաև տեսակցությունները տաղավարում։
Սակայն, չնայած տեսլապատրանքի մասին իր անուրջին, ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում նա կարծես սպասում էր շարունակությանը և, այսպես ասած, դիպվածի հանգուցալուծմանը։ Նա չէր հավատում, որ այդպես էլ վերջացավ։ Եվ եթե այդպես է, ապա երբեմն ինքն էլ տարօրինակ պիտի նայեր իր բարեկամին։
=== V ===