=== V ===
Վարվառա Պետրովնան անձամբ հորինեց նույնիսկ նրա կոստյումը, որով նա անցկացրեց ամբողջ կյանքը։ Նրբագեղ ու բնութագրական կոստյում էր. երկարափեշ սև սերթուկ, համարյա մինչև վերջ կոճկված, սակայն պճնամոլավարի նստած վրան, տափակ, լայնեզր շլյապա (ամռանը՝ ծղոտե), փողկապը ճերմակ էր, բատիստե, խոշոր հանգույցներով ու կախ ծայրերով, ձեռնափայտը՝ արծաթյա գլխիկով, դրա հետ մեկտեղ՝ մազերը հասած ուսերին։ Նա մուգ խարտիշահեր էր, և մազերը միայն վերջին ժամանակներս էին սկսել թեթևակի ճերմակել։ Բեղ ու մորուքը սափրում էր։ Ասում են, որ երիտասարդ տարիներին նա արտակարգ գեղեցկադեմ է եղել։ Բայց, իմ կարծիքով, ծերության օրերին էլ արտակարգ տպավորիչ էր։ Ու ի՞նչ ծերություն՝ հիսուներեք տարեկանում։ Բայց քաղաքացիական ինչ-ինչ սեթևեթանքից դրդված, ոչ միայն երիտասարդ չէր երևցնում իրեն, այլ կարծես պարծենում էր տարիների պատկառելիությամբ, ու իր կոստյումով, բարձրահասակ ու չորչորուկ, ուսերին իջնող մազերով նմանվում էր ասես պատրիարքի, կամ, ավելի ճիշտ, բանաստեղծ Կուկոլնիկի՝ երեսնական թվականների մի հրատարակման մեջ վիմատիպ դիմանկարին, առանձնապես, երբ ամռանը նստում էր այգում, նստարանին, ծաղկած եղրևանու թփի տակ՝ երկու ձեռքով կռթնած ձեռնափայտին, բաց գիրքը կողքին և բանաստեղծական մտորումներով արևամուտին հետևելիս։ Գրքերի կապակցությամբ նշեմ, որ վերջում նա սկսեց մի տեսակ հեռանալ ընթերցումից։ Ի դեպ, դա եղավ ամենավերջում։ Վարվառա Պետրովնան բազմաթիվ թերթեր ու ամսագրեր էր ստանում, որոնք նա կարդում էր մշտապես։ Ռուս գրականության հաջողություններով նույնպես միշտ հետաքրքրվում էր՝ թեև ամենևին չկորցնելով իր արժանապատվությունը։ Մի ժամանակ այն է, հափշտակվեց մեր ներքին ու արտաքին գործերի արդիական բարձրագույն քաղաքականության ուսումնասիրմամբ, սակայն շուտով թափ տվեց ձեռքը, թողեց ձեռնարկումը։ Այսպես էլ էր լինում, իր հետ այգի էր վերցնում Տոկևիլի գիրքը, իսկ գրպանում թաքցրած ուներ Պոլ դը Կոկ։ Բայց, իմիջիայլոց, դա դատարկ բան էր։
Փակագծերում նշեմ նաև Կուկոլնիկի դիմանկարի մասին․ այդ նկարն առաջին անգամ Վարվառա Պետրովնայի ձեռքն էր ընկել, երբ նա, դեռևս աղջնակ, Մոսկվայում, ազնվազարմ օրիորդաց վարժարանում էր։ Նա անմիջապես սիրահարվեց դիմանկարին, պանսիոնների բոլոր աղջնակների սովորությունների համաձայն, ովքեր սիրահարվում են, ում պատահի, նաև իրենց ուսուցիչներին՝ գերազանցապես վայելչագրության և նկարչության։ Սակայն հետաքրքրական են այստեղ ոչ աղջնակի հատկությունները, այլ որ նույնիսկ հիսուն տարեկան Վարվառա Պետրովնան պահպանել էր այդ նկարը, ի թիվս իր ամենանվիրական գանձերի, այնպես որ գուցեև այդ պատճառով էր Ստեպան Տրոֆիմովիչի համար հորինել պատկերվածին փոքր-ինչ նման կոստյում։ Բայց, իհարկե, սա էլ է դատարկ բան։ Առաջին տարիներին, կամ ավելի ճիշտ՝ Վարվառա Պետրովնայի մոտ մնալու առաջին կեսին, Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս մտմտում էր ինչ-որ ստեղծագործություն և ամեն օր լրջորեն պատրաստվում էր գրել։ Սակայն երկրորդ կեսին պետք է որ եղածն էլ մոռացած լիներ։ Ավելի ու ավելի հաճախ էր ասում մեզ. «Կարծես թե պատրաստ եմ աշխատանքի, նյութերը հավաքված են, բայց ահա, աշխատանք չի ստացվում։ Ոչինչ չի լինում անել», ու վհատված կախում էր գլուխը։ Անկասկած, հենց դա էլ ավելի վեհություն պիտի հաղորդեր նրան մեր աչքում, որպես գիտության տառապյալ, սակայն ինքը մի ուրիշ բան էր կամենում։ «Մոռացել են ինձ, ես ոչ ոքի պետք չեմ»,― քանիցս թռել է նրա բերանից։ Այս սաստկացած մելամաղձությունն առանձնապես տիրեց նրան հիսնական թվականների ամենավերջում։ Վարվառա Պետրովնան հասկացավ վերջապես, որ բանը լրջացած է։ Նա չէր էլ կարող համակերպվել այն մտքին, որ իր բարեկամը մոռացված է ու պետք չէ։ Նրան զբաղեցնելու, դրա հետ մեկտեղ փառքը թարմացնելու համար Վարվառա Պետրովնան նրան տարավ Մոսկվա, ուր գրական և գիտական մի քանի ծանոթություններ ուներ, բայց պարզվեց, որ Մոսկվան էլ է անբավարար։
Առանձնահատուկ ժամանակներ էին. մի նոր բան էր երևան եկել, ինչ ամենևին նման չէր նախկին անդորրին, չափից ավելի տարօրինակ, բայցև ամենուրեք, անգամ Սկվորեշնիկիում զգացվող ինչ-որ բան։ Զանազան լուրեր էին պտտվում։ Փաստեր ընդհանրապես հայտնի էին ավելի կամ պակաս չափով, բայց ակնհայտ էր, որ փաստերից բացի, երևան եկան դրանց ուղեկցող ինչ-ինչ գաղափարներ, գլխավորը՝ շատ մեծ քանակությամբ։ Եվ հենց դա էլ շփոթեցնում էր. ոչ մի կերպ հնարավոր չէր հարմարվել ու ստուգապես գիտենալ, թե հատկապես ի՞նչ են նշանակում այդ գաղափարները։ Վարվառա Պետրովնան, իր կանացի բնավորության բերումով, անպայման ցանկանում էր դրանց մեջ գաղտնիք ենթադրել։ Նա ձեռնարկեց անձամբ կարդալ թերթերն ու ամսագրերը, արտասահմանյան արգելված հրապարակումները և նույնիսկ այն ժամանակ նոր-նոր ի հայտ եկած թռուցիկները (այդ ամենը նրան հասցնում էին), բայց դրանից միայն գլուխն էր պտտվում։ Անցավ նամակներ գրելուն, նրան քիչ էին պատասխանում՝ գնալով ավելի ու ավելի անհասկանալի։ Ստեպան Տրոֆիմովիչը հանդիսավորապես հրավիրվեց՝ նրան բացատրելու «բոլոր այդ գաղափարները» մեկընդմիշտ, սակայն նրա բացատրություններից Վարվառա Պետրովնան հաստատ դժգոհ մնաց։ Համընդհանուր շարժման մասին Ստեպան Տրոֆիմովիչը խիստ բարձրամիտ հայացք ուներ, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ ինքը մոռացված է և ոչ մեկին պետք չէ։ Վերջապես, նրան էլ հիշեցին, սկզբում արտասահմանյան հրապարակումներում, որպես աքսորված տառապյալի, հետո էլ անմիջապես Պետերբուրգում, որպես նախկին աստղի՝ հայտնի համաստեղության մեջ, նույնիսկ, չգիտես ինչու, համեմատելով Ռադիշչևի հետ։ Հետո ինչ-որ մեկը տպագրեց, թե նա արդեն մահացել է և մահախոսական խոստացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն հարություն առավ և խիստ պատկառելի կեցվածք ընդունեց։ Ժամանակակիցների մասին նրա հայացքի համակ բարձրամտությունը մեկեն չքվեց, և նրա ներսում երազանք բռնկվեց, հարել շարժմանը և ցույց տալ իր ուժերը։ Վարվառա Պետրովնան անմիջապես վերստին ու ամեն ինչում հավատաց նրան և խիստ իրարանցման մեջ ընկավ։ Վճռվեց Պետերբուրգ գնալ, առանց նվազագույն իսկ հետաձգման, ամեն ինչ իմանալ իրականում, անձամբ խորամուխ լինել և, եթե հնարավոր է, նոր գործունեության մեջ մտնել գլխովին և անմնացորդ։ Իմիջիայլոց, Վարվառա Պետրովնան հայտարարեց, որ պատրաստ է հիմնել իր ամսագիրը և հետայսու դրան նվիրել իր ամբողջ կյանքը։ Տեսնելով, որ բանը նույնիսկ դրան է հասել, Ստեպան Տրոֆիմովիչն ավելի բարձրամիտ դարձավ, իսկ ճանապարհին սկսեց Վարվառա Պետրովնային վերաբերվել համարյա թե հովանավորաբար, ինչև վերջինս իսկույն պահեց սրտում։ Ի դեպ, մեկ ուրիշ, հույժ կարևոր պատճառ էլ ուներ նա մեկնելու, այն է՝ բարձրագույն կապերը վերականգնելը։ Հարկ էր ըստ հնարավորին հիշեցնել իր մասին հասարակությանը, ծայրահեղ դեպքում՝ փորձել։ Իսկ ուղևորության հրապարակային առիթը տեսակցությունն էր միակ որդու հետ, որն այն ժամանակ գիտելիքների դասընթաց էր անցել լիցեյում։