և սատանան գիտե, թե էլ ինչ, ընդհուպ մինչև Մոսկվա հասնելը։ Միայն Մոսկվայում խելքս գլուխս եկավ, կարծես իրականում որևէ այլ բան կարո՞ղ էի այնտեղ գտնել։ Օ՜, բարեկամներս,― երբեմն բացականչում էր ոգեշնչված պահին,― դուք պատկերացնել չեք կարող, թե ինչ թախիծ և չարություն է պարուրում մեր հոգին, երբ ձեր վաղուց արդեն և սրբությամբ հարգված մեծ գաղափարն ընկնում է անհմուտ ձեռքերի մեջ, որոնք դա քարշ են տալիս իրենց պես տխմարների մոտ՝ փողոց, ու դուք հանկարծ հանդիպում եք արդեն հնոտիքի շուկայում, անճանաչելի, ցեխերի մեջ, դրված անհեթեթ, կողքանց, անհամաչափ, աններդաշնակ, որպես խաղալիք անխելք երեխաների համար։ Ո՜չ։ Մեր ժամանակ այդպես չէր ու մենք դրան չէինք ձգտում։ Ես չեմ ճանաչում ոչինչ... Մեր ժամանակը կգա նորից և նորից կայուն ճանապարհի կուղղի հիմիկվա սասանվող ամեն ինչը։ Այլապես, ի՞նչ է լինելու․․․»։
=== VII ===
Բայց շատ չզբոսնեց նա, չորս ամիս չդիմացավ և ետ սլացավ Սկվորեշնիկի։ Նրա վերջին նամակները կազմված էին բացակայող ընկերոջ հանդեպ ամենազգայուն սիրո զեղումներից սոսկ և տառացիորեն թրջված բաժանումի արցունքներով։ Բնավորություններ կան, որոնք չափից ավելի են ընտելանում տանը, ճիշտ ինչպես սենյակային շնիկներ։ Բարեկամների հանդիպումը ցնծագին էր։ Երկու օր անց ամեն ինչ ընթացավ հնի պես և նույնիսկ հնից ավելի ձանձրալի։ «Բարեկամս,― որպես մեծագույն գաղտնիք ասում էր Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երկու շաբաթ անց,― բարեկամս, ես ինձ համար բացահայտել եմ մի սարսափելի․․․ նորություն, je suis un սովորական ձրիակյաց, et rien de plus! Mais r-r-rien de plus!»
=== VIII ===
Հետո մեզ մոտ անդորր տիրեց ու ձգվեց այդպես համարյա այս բոլոր ինը տարիների ընթացքում։ Պարբերաբար շարունակվող հիստերիկ բռնկումներն ու հեկեկոցներն իմ ուսին՝ ամենևին չէին խանգարում մեր բարօրությանը։ Զարմանում եմ, թե ինչպես չգիրացավ Ստեպան Տրոֆիմովիչն այդ ընթացքում։ Միայն քիթն էր թեթևակի կարմրել ու ավելացել բարեհոգությունը։ Կամաց-կամաց նրա շուրջ կայունացավ մտերիմների մի խմբակ, ի դեպ, մշտապես ոչ մեծ։ Վարվառա Պետրովնան թեև քիչ էր առնչվում խմբակին, բայց բոլորս նրան մեր հովանավորն էինք համարում։ Պետերբուրգյան դասից հետո նա վերջնականապես հաստատվեց մեր քաղաքում։ Ձմռանն ապրում էր իր քաղաքային տանը, իսկ ամռանը՝ քաղաքամերձ իր կալվածքում։ Երբեք նա այդքան նշանակություն և ազդեցություն չէր ունեցել նահանգային մեր հասարակության մեջ, ինչպես վերջին յոթը տարում, այսինքն՝ մինչև մեր ներկայիս նահանգապետի նշանակումը։ Մեր նախկին նահանգապետը՝ անմոռանալի և մեղմաբարո Իվան Օսիպովիչը, մերձավոր ազգական էր գալիս նրան ու ժամանակին բարերարությունն էր վայելել։ Նրա կինը սարսռում էր Վարվառա Պետրովնային չգոհացնելու մտքից սոսկ, իսկ նահանգային հասարակության երկրպագությունն այն աստիճանի հասավ, որ նույնիսկ մեղսալի ինչ-որ բան էր հիշեցնում։ Նշանակում է՝ լավ էր նաև Ստեպան Տրոֆիմովիչի համար։ Նա ակումբի անդամ էր, տանուլ էր տալիս վեհապանծ տեսքով և պատվի արժանացավ, թեև շատերը նրան էին նայում որպես «գիտնականի»։ Հետագայում, երբ Վարվառա Պետրովնան նրան թույլ տվեց ապրել ուրիշ տան մեջ, մեզ ավելի ազատ զգացինք։ Հավաքվում էինք նրա մոտ շաբաթական երկու անգամ, ուրախ էր անցնում, հատկապես, երբ նա շամպայն չէր խնայում։ Գինին վերցվում էր նույն Անդրեևի խանութից։ Ըստ հաշիվների վճարում էր Վարվառա Պետրովնան՝ կես տարին մեկ, և վճարման օրը համարյա միշտ մելամաղձաշատ էր լինում։
Ակումբի հնագույն անդամը Լիպուտինն էր՝ նահանգային աստիճանավոր, արդեն ոչ երիտասարդ, մեծ ազատական էր և քաղաքում աթեիստի համբավ ունեցող մի մարդ։ Ամուսնացած էր երկրորդ անգամ, ջահել ու սիրունիկ մի կնոջ հետ, օժիտ էր վերցրել նրանից և, բացի դրանից, ուներ նաև երեք հասունացած դուստր։ Ամբողջ ընտանիքը պահում էր Աստծո առաջ սարսափի և փակի տակ, չափից ավելի ժլատ էր և ծառայությամբ տնակ էր գնել և դրամագլուխ կուտակել։ Անհանգիստ մարդ էր, ըստ որում, փոքր աստիճան ուներ, քաղաքում նրան քիչ էին հարգում, իսկ բարձր հասարակության մեջ չէին ընդունում։ Միաժամանակ, հայտնի և քանիցս պատժված բամբասող էր, ցավագին պատժված մի անգամ սպայի, մյուս անգամ ընտանիքի հարգարժան հոր՝ կալվածատիրոջ կողմից։ Բայց մենք սիրում էինք նրա սուր միտքը, հետաքրքրասիրությունը, նրա առանձնահատուկ չարամիտ զվարթությունը։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրան, բայց նա միշտ հարմարվել կարողանում էր։
Վարվառա Պետրովնան չէր սիրում նաև Շատովին, որը միայն վերջին տարում էր խմբակի անդամ դարձել։ Նախկինում ուսանող էր եղել Շատովը և համալսարանից վտարվել էր ուսանողական մի պատմությունից հետո։ Փոքր տարիքում եղել էր Ստեպան Տրոֆիմովիչի աշակերտը, իսկ ծնվել էր որպես Վարվառա Պետրովնայի ճորտ, նրա հանգուցյալ սենեկապետ Պավել Ֆյոդորովիչից ու տիկնոջ բարերարությանն արժանացել։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրա հպարտությունը և երախտամոռությունը և ոչ մի կերպ չէր կարողանում ներել, որ համալսարանից վտարվելուն պես չէր եկել իր մոտ անմիջապես, հակառակը՝ նույնիսկ ոչինչ չէր պատասխանել այն ժամանակ հատկապես ուղարկված նամակին և գերադասել էր վարձվել քաղաքակիրթ մի վաճառականի մոտ՝ սովորեցնելու նրա երեխաներին։ Այդ վաճառականի ընտանիքի հետ էլ գնացել էր արտասահման, ավելի շուտ որպես հերացու, քան դաստիարակ։ Բայց այն ժամանակ նա շատ էր ուզում ընկնել արտասահման։ Երեխաները, ըստ որում, դաստիարակչուհի էլ ունեին՝ ռուս աղջիկ էր, ճարտար, հենց մեկնելուց առաջ տուն մուտք գործած և վարձված ավելի շատ էժանության համար։ Երկու ամիս անց վաճառականը վռնդեց նրան «ազատ մտքերի համար»։ Նրա ետևից գնաց նաև Շատովը և շուտով պսակվեց հետը ժնևում։ Երեք շաբաթվա չափ ապրեցին երկուսով, հետո բաժանվեցին, որպես ազատ ու ոչնչով չկապված մարդիկ, հարկավ, նաև չքավորությունից։ Հետո երկար թափառեց Եվրոպայում, ապրում էր Աստված գիտե՝ ինչով, ասում են՝ փողոցներում կոշիկ է մաքրել և բեռնակրություն արել ինչ-որ նավահանգստում։ Ի վերջո, շուրջ մեկ տարի առաջ վերադարձել էր մեզ մոտ՝ հարազատ բույնը և բնակվել պառավ մորաքրոջ մոտ, ում էլ թաղել էր մեկ ամիս անց։ Շատ հազվադեպ ու հեռու հարաբերություններ ուներ իր քրոջ՝ Դաշայի հետ, որը նույնպես Վարվառա Պետրովնայի սանուհին էր, ապրում էր նրա մոտ որպես սիրելի հովանավորյալ, ամենաազնիվ հիմքերով։ Մեր միջավայրում մշտապես մռայլ էր և անխոս, բայց հազվադեպ, երբ դիպչում էին համոզմունքներին, հիվանդագին բորբոքվում էր, և շատ անզուսպ էր լեզուն։ «Շատովին պետք է սկզբից կապկպել, հետո նոր նրա հետ որևէ բան քննարկել»,― երբեմն կատակում էր Ստեպան Տրոֆիմովիչը, բայց սիրում էր նրան։ Արտասահմանում Շատովն արմատապես փոխել էր իր սոցիալիստական նախկին համոզմունքներից մի քանիսը և նետվել հակադիր ծայրահեղության գիրկը։ Նա մեկն էր այն ռուսական իդեալական արարածներից, որոնց հանկարծ խոցում է մի որևէ ուժեղ գաղափար և տեղնուտեղն ասես ճզմում նրանց իրենով, երբեմն նույնիսկ առհավետ։ Նրանք երբեք ի զորու չեն հաղթահարել դա, այլ հավատում են մոլեգնորեն, և ահա, նրանց կյանքն անցնում է հետո իրենց վրա գահավիժած և կիսով լրիվ ճզմած քարի տակ, մի տեսակ վերջին ջղաձգումներով։ Շատովն արտաքնապես լիովին համապատասխանում էր իր համոզմունքներին. անճոռնի էր, բաց խարտիշահեր, փրչոտ, կարճահասակ, ուսերը լայն, շրթունքները հաստ, շատ թավ, ճեփճերմակ հոնքերով, ճակատը՝ կնճռոտած, հայացքը՝ անբարեհամբույր, համառորեն ցած հառած, մի տեսակ ինչ-որ բանից ամաչող։ Մազերը մշտապես գզգզված էին, ոչ մի կերպ չէին ուզում հարթվել, մնում էին ցից-ցից։ Քսանյոթ կամ քսանութ տարեկան էր։ «Ես այլևս չեմ զարմանում, որ կինը փախել է նրանից»,- մի անգամ արտահայտվեց Վարվառա Պետրովնան՝ ակնապիշ նրան նայելուց հետո։ Ջանում էր մաքուր հագնվել, չնայած իր չափից ավելի չքավորությանը։ Նա նորից չդիմեց Վարվառա Պետրովնային՝ օգնություն ստանալու, այլ ապրում էր Աստծո տվածով, վարձու գործ էր անում նաև վաճառականների մոտ։ Մեկ նստած էր կրպակում, հետո քիչ էր մնացել գնար նավով, որպես գործակատարի օգնական, բայց հիվանդացավ մեկնումից անմիջապես առաջ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ չքավորություն էր ի վիճակի նա կրել՝ նույնիսկ ամենևին չմտածելով դրա մասին։ Վարվառա Պետրովնան նրա հիվանդությունից հետո հարյուր ռուբլի ուղարկեց նրան՝ գաղտնի և անանուն։ Սակայն նա իմացավ գաղտնիքը, մտածեց, փողն ընդունեց ու եկավ Վարվառա Պետրովնայի մոտ՝ շնորհակալություն հայտնելու։ Վերջինս ջերմությամբ՝ ընդունեց նրան, բայց Շատովն այստեղ էլ ամոթալի կերպով չարդարացրեց նրա սպասումները, նստեց ընդամենը հինգ րոպե, լուռ՝ բութ հայացքը հառած ցած և հիմարավարի ժպտալով ու հանկարծ, մինչև վերջ չլսելով և զրույցի ամենահետաքրքիր տեղում վեր կացավ, խոնարհվեց մի տեսակ կողքանց, ծռաթաթ, անչափ ամաչելով, ի դեպ, կերջում էլ կպավ ու շուռ տվեց նրա թանկարժեք հավաքովի աշխատանքային սեղանը, կոտրեց և դուրս գնաց՝ խայտառակությունից կիսամեռ։ Լիպուտինը հետո շատ էր կշտամբում նրան, որ այն ժամանակ արհամարհանքով չի մերժել այդ հարյուր ռուբլին, որպես իր նախկին բռնակալ կալվածատիրուհուց եկած, և ոչ միայն ընդունել է, այլև քարշ եկել շնորհակալություն հայտնելու։ Ապրում էր նա մեկուսի, թաղաքի ծայրին, և չէր սիրում, երբ նույնիսկ մեզնից մեկնումեկն էր գնում նրա մոտ։ Ստեպան Տրոֆիմովիչի երեկույթներին հայտնվում էր մշտապես և թերթեր ու գրքեր վերցնում նրանից՝ կարդալու։
Երեկույթներին երևում էր ևս մի երիտասարդ, ոմն Վիրգինսկի, տեղական աստիճանավորներից էր, և որոշ նմանություն ուներ Շատովին, թեև, ըստ երևույթին, նաև լիակատար հակադրությունն էր բոլոր առումներով, սակայն սա նույնպես «ընտանիքավոր» էր։ Խեղճուկրակ, չափազանց սուսուփուս երիտասարդ էր, ի դեպ, արդեն երեսնամյա, նշանակալի կրթությամբ, սակայն ավելի շատ ինքնուս։ Նա չքավոր էր, ամուսնացած, ծառայում ու պահում էր կնոջ հորաքրոջը և քրոջը։ Նրա կինը, նաև բոլոր տիկնայք, ամենավերջին համոզմունքների տեր էին, բայց ամեն ինչ արտահայտվում էր փոքր-ինչ կոպտավուն, այն է՝ առկա էր «փողոց ընկած գաղափարը», ինչպես արտահայտվել էր Ստեպան Տրոֆիմովիչը մեկ այլ առիթով։ Նրանք ամեն ինչ քաղում էին գրքույկներից և մայրաքաղաքային առաջադեմ մեր անկյուններից հասած առաջին իսկ լուրից պատրաստ էին պատուհանից դուրս շպրտել ինչ ասես, միայն թե խորհուրդ տային դուրս նետել։ Madame Վիրգինսկայան մեր քաղաքում զբաղվում էր մանկաբարձական գործունեությամբ, աղջիկ ժամանակ երկար ապրել էր Պետերբուրգում։ Ինքը՝ Վիրգինսկին, հազվագյուտ մաքուր սրտի տեր մարդ էր, և ես քիչ եմ հանդիպել հոգեկան առավել ազնիվ կրակ։ «Ես երբեք, երբեք չեմ թողնի այդ լուսավոր հույսերը»,― կասեր նա ինձ՝ շողշողացնելով աչքերը։ «Լուսավոր հույսերի» մասին նա խոսում էր միշտ կամացուկ, քաղցրածոր, կիսաշշունջով, կարծես գաղտնաբար։ Նա բավական բարձրահասակ էր, բայց խիստ բարակ և նեղուս, անսովոր ցանցառ, շիկավուն երանգի մազերով։ Ստեպան Տրոֆիմովիչի գոռոզամիտ բոլոր ծաղրանքներն իր որոշ կարծիքների վերաբերյալ ընդունում էր հեզաբար, իսկ երբեմն էլ առարկում նրան շատ լրջորեն և շատ հարցերում պատին դեմ անելով։ Ստեպան Տրոֆիմովիչը քաղցրաբար էր վերաբերվում նրան, ընդհանրապես բոլորիս հանդեպ՝ հայրաբար։
― Դուք բոլորդ էլ «մինչև վերջ նստածներից» չեք,― կատակով ասում էր նա Վիրգինսկուն,― բոլոր ձեզ նմանները, թեև ձեր պարագային, Վիրգինսկի, ես չեմ նկատել այն սահ-մա-նա-փա-կու-թյունը, ինչ Պետերբուրգում shez ces séminaristes, բայց և այնպես, դուք էլ եք «մինչև վերջ չնստածներից»։ Շատովը շատ կկամենար նստել-վերջացնել, բայց նա ևս չնստածներից է։
― Իսկ ե՞ս,― հարցնում էր Լիպուտինը։
― Իսկ դուք պարզապես ոսկյա միջինն եք, որն ամենուրեք հարմարվում է... յուրովի։
Լիպուտինը նեղանում էր։
Վերգինսկու մասին պատմում էին, ցավոք, շատ հավաստի, որ նրա կինը, օրինական ամուսնությամբ մի տարի էլ չապրելով, հանկարծ հայտարարել էր, թե թողնում է նրան և գերադասում Լեբյադկինին։ Այդ Լեբյադկինը՝ ոմն եկվոր, հետագայում խիստ կասկածելի անձնավորություն դուրս եկավ և ամենևին նույնիսկ պաշտոնաթող շտաբս-կապիտան չէր, ինչպես ինքն իրեն էր հորջորջում։ Նա կարողանում էր սոսկ ոլորել բեղերը, խմել և ամենաանհարմար դատարկաբանություններ դուրս տալ, ինչ միայն կարելի է պատկերացնել։ Այդ մարդն ամենաաննրբանկատ եղանակով իսկույն տեղափոխվեց նրանց մոտ, ուրախացած ուրիշի հացով, ուտում ու քնում էր նրանց մոտ, ի վերջո, սկսեց բարձրամտորեն քամահրել տանտիրոջը։ Հավատացնում էին, որ Վիրգինսկին, իմանալով, որ կինը պատրաստվում է թողնել իրեն, ասել է. «Բարեկամս, մինչև հիմա ես միայն սիրում էի քեզ, հիմա հարգում եմ»։ Բայց հազիվ թե իրականում այսպիսի հին հռոմեական ասույթ արտասանված լիներ, ընդհակառակն, ասում էին, որ արտասվել է, հեծկլտալով։ Մի անգամ, լքվելուց երկու շաբաթ անց, նրանք, «ընտանյոք հանդերձ», քաղաքից դուրս էին եկել անտառակ, թեյախմության, ծանոթների հետ։ Վիրգինսկին մի տեսակ տենդագին-ուրախ տրամադրության մեջ էր եղել, մասնակցել պարերին։ Բայց հանկարծ, առանց որևէ նախնական վիճաբանության, երկու ձեռքով բռնել էր կանկան մենապարող աժդահա Լեբյադկինի մազերից, կռացրել ու սկսել էր քարշ տալ նրան՝ գոռոցներով, բղավոցներով ու արցունքներով։ Աժդահան այնպես էր վախեցել, որ չէր էլ պաշտպանվել և իրեն քաշքշելու ամբողջ ընթացքում չէր ընդհատել լռությունը, սակայն դրանից հետո նեղացել էր ազնիվ մարդու համակ բորբոքումով։ Վիրգինսկին ամբողջ գիշեր ծնկաչոք աղաչել էր կնոջը՝ ներում խնդրելով, բայց չէր կորզել ներումը, որովհետև, այնուամենայնիվ, չէր համաձայնել գնալ և ներողություն խնդրել Լեբյադկինից։ Բացի դրանից, մեղադրվել էր խղճուկ համոզմունքներ ունենալու և հիմարության մեջ, վերջինն այն պատճառով, որ կնոջ հետ բացատրվելիս, ծունկ չոքած էր եղել։ Շտաբս-կապիտանը շուտով ծլկեց և մեր քաղաքում հայտնվեց սոսկ ամենավերջին ժամանակներս՝ իր քրոջ հետ ու նոր նպատակներով, բայց այդ մասին՝ հետո։ Տարօրինակ չէ, որ խեղճ «ընտանիքավորը» հոգին էր թեթևացնում մեզ մոտ ու զգում մեր հասարակության կարիքը։ Ի դեպ, տնային գործերից նա երբեք չի խոսել մեզ մոտ։ Միայն մի անգամ, Ստեպան Տրոֆիմովիչի մոտից ինձ հետ վերադառնալիս, հեռվից խոսք բացեց իր վիճակի մասին, բայցև իսկույն, ձեռքս բռնելով, կրակոտ բացականչեց.
― Դա ոչինչ, մասնավոր դեպք է միայն, որ նվազագույնս, նվազագույնս չի խանգարի ընդհանուր գործին։
Մեր խմբակում հայտնվում էին նաև պատահական մարդիկ։ Գալիս էր ջհուդիկ Լյամշինը, գալիս էր կապիտան Կարտուզովը։ Որոշ ժամանակ գալիս-գնում էր հետաքրքրասեր մի ծերուկ, բայց մեռավ։ Լիպուտինը բերել էր աքսորական քսյոնձ Սլոնյցևսկուն, որոշ ժամանակ նրան ընդունում էինք ըստ սկզբունքի, բայց հետո դադարեցինք ընդունել։
=== IX ===
Մի Ժամանակ քաղաքում մեր մասին խոսում էին, թե մեր խմբակն ազատամտության, այլասերվածության և անաստվածության բույն է, և միշտ էլ մնաց այդ կարծիքը։ Այնինչ, ամենաանմեղ, սիրունիկ, միանգամայն ռուսական զվարթ լիբերալ շաղակրատություն էր ընթանում մեզ մոտ։ «Բարձրագույն լիբերալիզմ» և «վերին լիբերալ», այսինքն՝ լիբերալ առանց որևէ նպատակի, հնարավոր է սոսկ միայն Ոուսաստանում։ Ատեպան Տրոֆիմովիչին, ինչպես ամեն մի սրամիտ մարդու, ունկնդիր էր պետք, և բացի դրանից, անհրաժեշտ էր գիտակցումն առ այն, որ ինքը գաղափարների քարոզչության վերին պարտքն է կատարում։ Իսկ վերջիվերջո, հարկ էր, չէ՞, մեկնումեկի հետ շամպայն խմել և հայտնի տեսակի գինու գավաթի շուրջ զվարթ մտքեր փոխանակել Ռուսաստանի և «ռուսական ոգու» մասին, Աստծո մասին ընդհանրապես և «ռուսական Աստծո» մասին առանձնապես, հարյուրերորդ անգամ կրկնել բոլորին հայտնի և բոլորի սերտած ռուսական խայտառակ անեկդոտները։ Չէինք խորշում նաև քաղաքային բամբասանքներից, ըստ որում երբեմն-երբեմն հասնում էինք խիստ, բարձր բարոյական վճիռների։ Ընկնում էինք նաև համամարդկային խնդիրների գիրկը, խիստ դատողություններ անում Եվրոպայի և մարդկության ապագա ճակատագրի մասին, ուսուցողաբար կանխագուշակում, որ Ֆրանսիան կեսարա-կանությունից հետո միանգամից գահավիժելու է երկրորդական պետության մակարդակը, և կատարելապես վստահ էինք, որ դա սարսափելի արագ և դյուրությամբ կարող է լինել։ Հռոմի պապին վաղուց ի վեր էինք կանխագուշակել սովորական միտրոպոլիտի դեր միացյալ Իտալիայում և կատարելապես համոզված էինք, որ հազարամյա այդ հարցն ամբողջությամբ մարդասիրության, արդյունաբերության և երկաթուղիների մեր դարում լոկ փուչ գործ է։ Բայց չէ որ «վերին ռուսական լիբերալիզմն» այլ կերպ չի վերաբերում գործին։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն խոսում էր արվեստի մասին ու բավականաչափ լավ, բայց փոքր-ինչ վերացական։ Մեկ-մեկ հիշում էր իր երիտասարդության ընկերների մասին՝ մեր զարգացման պատմության մեջ շարունակ նշված անձանց մասին, հիշում էր խանդաղատանքով և պատկառանքով, սակայն կարծես թեթևակի նախանձով։ Եթե շատ էր ձանձրալի դառնում, ջհուդիկ Լյամշինը (փոստատան փոքրամարմին աստիճանավոր)՝ դաշնամուրի վարպետ, նստում էր նվազելու, իսկ դադարներին խոզի, ամպրոպի, ծննդաբերության և մանկան առաջին ճիչի և այլն, և այլն ձայներ նմանակում։ Հենց դրա համար էլ հրավիրվում էր։ Իսկ եթե շատ էինք խմում,― իսկ այդպես լինում էր, թեև ոչ հաճախ,― ոգևորության մեջ էինք ընկնում և մի անգամ բոլորով, Լյամշինի նվագակցությամբ «Մարսելյոզ» երգեցինք, միայն չգիտեմ՝ լավ ստացվեց, թե՝ ոչ։ Փետրվարի տասնիննի մեծ օրը դիմավորեցինք ցնծագին ու դեռ նախապես սկսեցինք դրա պատվին կենաց բաժակներ դատարկել։ Դեռևս շատ վաղուց էր դա, այն ժամանակ դեռ չկային ոչ Շատովը, ոչ Վիրգինսկին, և Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս ապրում էր Վարվառա Պետրովնայի հետ նույն տանը։ Մեծ օրից որոշ ժամանակ առաջ Ստեպան Տրոֆիմովիչը սովորություն էր դարձրել քթի տակ մրմնջալ մի վաղեմի լիբերալ կալվածատիրոջ հորինած հայտնի, թեև փոքր-ինչ անբնական բանաստեղծություն.
<poem>
::::Կացիններն առած՝ մուժիկներն են գալիս,
::::Ինչ-որ մի բան պիտի լինի սարսափելի։
</poem>
Կարծեմ, այսպիսի մի բան էր, բառ առ բառ չեմ հիշում։ Վարվառա Պետրովնան մի անգամ ականջ դրեց ու բղավեց նրան. «Ցնդաբանություն է, ցնդաբանություն», և դուրս գնաց կատաղած։ Լիպուտինը, որ ներկա էր կատարվածին, թունալի նկատեց Ստեպան Տրոֆիմովիչին.
― Եվ ափսոս, եթե պարոնայք կալվածատերերին իրենց նախկին ճորտերը որոշ տհաճություն չպատճառեն ուրախությունից։
Եվ ցուցամատն իր վզի շուրջ պտտեց։
― Cher ami,― բարեհոգաբար արձագանքեց Ստեպան Տրոֆիմովիչը,― հավատացեք, որ դա (կրկնեց շարժումը վզի շուրջ) ամենևին օգուտ չի բերի ոչ մեր կալվածատերերին, ոչ մեզ բոլորիս ընդհանրապես։ Մենք առանց գլուխների էլ ոչինչ չենք կարողանա կարգավորել, չնայած որ մեր գլուխներն ամենից շատ են խանգարում մեզ հասկանալ։
Նշեմ, որ մեզնից շատերը ենթադրում էին, որ մանիֆեստի օրն արտասովոր ինչ-որ բան կլինի, այնպես, ինչպես կանխագուշակում էր Լիպուտինը, և բոլորն էլ ժողովրդի և պետության այսպես կոչված գիտակներ էին։ Կարծեմ, Ստեպան Տրոֆիմովիչն այդ մտքին էր նույնպես, այն աստիճան անգամ, որ մեծ օրվա համարյա նախաշեմին հանկարծ սկսեց խնդրել Վարվառա Պետրովնային՝ գնալ արտասահման, մի խոսքով, սկսեց անհանգստանալ։ Սակայն անցավ մեծ օրը, անցավ ևս որոշ ժամանակ, և բարձրամիտ ժպիտը վերստին հայտնվեց Ստեպան Տրոֆիմովիչի շրթունքներին։ Մեր առաջ մի քանի հոյակապ մտքեր արտահայտեց ռուս մարդու բնավորության մասին՝ ընդհանրապես և ռուս մուժիկի բնավորության մասին՝ մասնավորապես։
― Մենք, որպես փութկոտ մարդիկ, չափազանց շտապեցինք մեր մուժիկների հարցով,― եզրափակեց նա իր հոյակապ մտքերի շարքը,― մենք նրանց մոդայի մեջ մտցրինք, և գրականության մի ամբողջ բաժին, տարվետարի, զբաղվեց նրանցով, ինչպես նորահայտ մի գանձով։ Մենք դափնեպսակներ ենք դրել ոջլոտ գլուխներին։ Ռուսական գյուղը, ամբողջ հազար տարվա ընթացքում, մեզ է տվել սոսկ մի հատիկ կոմարինսկայա։ Ռուս հիանալի բանաստեղծը, ըստ որում, ոչ զուրկ սրամտությունից, առաջին անգամ բեմում տեսնելով մեծն Ռաշելին, բացականչել է զմայլված. «Չեմ փոխի Ռաշելին՝ մուժիկով»։ Ես պատրաստ եմ ավելին ասել, ես բոլոր ռուս մուժիկներին կտամ մեն-միակ Ռաշելի փոխարեն։ Ժամանակն է ավելի սթափ նայել ու չխառնել մեր հարազատ անտաշ կուպրը bouquet de l’impératrice-ի հետ։
Լիպուտինն իսկույն համաձայնեց, բայց նշեց, որ կեղծելն ու մուժիկներին գովելն այն ժամանակ այնուամենայնիվ անհրաժեշտ էր ուղղության համար, նույնիսկ բարձրաշխարհիկ հասարակության տիկնայք առատ արցունք էին թափում՝ կարդալով «Խեղճուկրակ Անտոնը», իսկ նրանցից ոմանք էլ նույնիսկ Փարիզից էին գրում Ռուսաստան, իրենց կառավարիչներին, որ հետայդու գյուղացիների հետ վարվեն հնարավորին չափ մարդասիրաբար։
Պատահեց այնպես, որ Անտոն Պետրովի մասին լուրերից անմիջապես հետո, կարծես դիտմամբ, մեր նահանգում նույնպես, այն էլ Սկվորեշնիկիից ընդամենը տասնհինգ վերստ հեռու, դարձյալ ինչ-որ թյուրիմացություն էր կատարվել, այնպես որ տաքացած վիճակում խումբ ուղարկեցին։ Այս անգամ Ստեպան Տրոֆիմովիչն այնպես հուզվեց, որ նույնիսկ մեզ էլ վախեցրեց։ Նա բղավում էր ակումբում, որ ավելի շատ զորք է պետք, որ պետք է հեռագրով կանչեն ուրիշ գավառից, վազում էր նահանգապետի մոտ և համոզում նրան, որ ինքը կապ չունի, խնդրում, որ իրեն որևէ կերպ չխառնեն գործին՝ հինը հիշելով, առաջարկում էր իր դիմումի մասին անհապաղ գրել Պետերբուրգ, ում հարկն է։ Լավ է, որ այդ ամենը շուտով անցավ և ոչինչ էլ չեղավ, միայն թե ես զարմացա այն ժամանակ Ստեպան Տրոֆիմովիչի վրա։
Երեք տարի անց, ինչպես հայտնի է, խոսել սկսեցին ազգության մասին և ծնունդ առավ «հասարակական կարծիքը»։ Ստեպան Տրոֆիմովիչը շատ էր ծիծաղում։
― Բարեկամներս,― սովորեցնում էր նա մեզ,― մեր ազգությունը, եթե իրականում «ծնունդ է առել», ինչպես հիմա հավատացնում են նրանք թերթերում, ապա դեռևս նստած է դպրոցում, մի որևէ գերմանական պետերշուլեում, գերմանական գիրքն առած և սերտում է իր հավերժական գերմանական դասը, իսկ գերմանացի ուսուցիչը, երբ պետք լինի, նրան ծնկի է իջեցնում։ Գերմանացի ուսուցչի համար խոսք չունեմ, բայց ամենահավանականն այն է, որ ոչինչ չի պատահել և ոչինչ էլ ծնունդ չի առել, այլ ամեն ինչ գնում է, ինչպես նախկինում, այսինքն՝ Աստծո հովանու ներքո։ Իմ կարծիքով, բավական էլ է Ռուսաստանի համար, pour notre sainte Russie։ Ընդ որում, բոլոր այդ համասլավոնականություններն ու ազգությունները՝ այդ ամենը չափազանց հին է՝ նոր լինելու համար։ Ազգությունը, եթե ուզում եք, մեզանում երբեք էլ ուրիշ բան չի ներկայացրել իրենից, քան ակումբային աղայական հնարանք, ավելացրած դեռ՝ մոսկովյան հնարանք։ Հարկավ, ես չեմ խոսում Իգորի ժամանակների մասին։ Եվ վերջապես, ամեն ինչ գալիս է պարապ-սարապությունից։ Մեզանում ամեն ինչ է պարապ-սարապությունից, թե՛ բարին, թե՛ լավը։ Ամեն ինչ՝ մեր աղայական, սիրելի, ուսյալ, քմահաճ պարապ-սարապությունից։ Երեսուն հազար տարի դա եմ պնդում։ Մենք սեփական աշխատանքով ապրել չենք կարողանում։ Եվ այն, որ հիմա իրար են անցել մեզանում «ծնունդ առած» ինչ-որ հասարակական կարծիքով, հանկարծակի, ոչ դես, ոչ դեն, երկնքի՞ց ընկավ։ Մի՞թե չեն հասկանում, որ կարծիք ձեռք բերելու համար ամենից առաջ աշխատանք է պետք, սեփական աշխատանք, սեփական նախաձեռնություն գործի մեջ, սեփական պրակտիկա։ Ձրի ոչինչ չի տրվում երբեք։ Կաշխատենք՝ մեր կարծիքն էլ կունենանք։ Իսկ քանի որ մենք երբեք չենք աշխատի, ապա մեր փոխարեն կարծիք կունենան նրանք, ովքեր մեր տեղն աշխատել են մինչև հիմա, այսինքն՝ նույն այդ Եվրոպան, նույն այդ գերմանացիները՝ մեր երկուհարյուրամյա ուսուցիչները։ Բացի դրանից, Ռուսաստանը չափից ավելի մեծ թյուրիմացություն է, որպեսզի կարողանանք մենակ ինքներս լուծել դա՝ առանց գերմանացիների և առանց աշխատանքի։ Ահա, արդեն քսան տարի ահազանգ եմ խփում և աշխատանքի կոչում։ Ես կյանքս եմ տվել այդ կոչումին, և խելագարս՝ հավատացել եմ։ Հիմա արդեն չեմ հավատում, բայց կոչնազանգը խփում և մինչև վերջ խփելու եմ, մինչև գերեզման, պարանը քաշելու եմ այնքան ժամանակ, մինչև իմ հոգեհանգստի զանգերը չզարկեն։
Ավաղ, մենք միայն հավանություն էինք տալիս։ Մենք ծափահարեցինք մեր ուսուցիչներին, այն էլ ինչպիսի՜ կրակով։ Իսկ ի՞նչ է, պարոնայք, հիմա արդյոք, երբեմն էլ չորսբոլորը, չի՞ հնչում նմանօրինակ «սիրելի», «խելացի», «լիբերալ» հին ռուսական բարբաջանք։
Աստծուն մեր ուսուցիչը հավատում էր։ «Չեմ հասկանում, թե այստեղ բոլորն ինչո՞ւ են ինձ անաստված ներկայացնում,― ասում էր նա մեկ-մեկ,― ես Աստծուն հավատում եմ, mais distinguons, ես հավատում եմ որպես մի էակի, որն ինքս իմ մեջ եմ գիտակցում։ Ես հո չեմ կարող հավատալ, ինչպես իմ Նաստասյան (աղախինը), կամ ինչպես որևէ մի «համենայն դեպս» հավատացյալ կալվածատեր, կամ ինչպես մեր սիրելի Շատովը, թեև չէ, Շատովը հաշիվ չէ, Շատովը հավատում է զոռով, որպես մոսկովյան սլավոնապաշտ։ Ինչ գալիս է քրիստոնեությանը, ապա իմ ամբողջ անկեղծ հարգանքով հանդերձ, ես քրիստոնյա չեմ։ Ես ավելի շուտ հնօրյա հեթանոս եմ, ինչպես մեծն Գյոթեն կամ ինչպես մի հին հույն։ Եվ արդեն միայն մի բան, որ քրիստոնեությունը չհասկացավ կնոջը, ինչ այնքան հոյակապ է զարգացրել Ժորժ Զանդն իր հանճարեղ վեպերից մեկում։ Ինչ վերաբերում է երկրպագություններին, պասերին և մնացյալին, ապա չեմ հասկանում, թե ո՞վ ինչ գործ ունի ինձ հետ։ Ինչքան էլ այստեղ իրար անցնեն մեր մատնիչները, բայց ճիզվիտ դառնալ չեմ ցանկանում։ Քառասունյոթ թվականին Բելինսկին, գտնվելով արտասահմանում, Գոգոլին է ուղարկել իր հայտնի նամակը, որով տաք-տաք կշտամբել է նրան, որ հավատում է «ինչ-որ մի Աստծու»։ Entre nous soit dit, ավելի երգիծական ոչինչ չեմ կարողանում պատկերացնել, երբ Գոգոլը (այն ժամանակվա Գոգոլը) կարդացել է այդ արտահայտությունը և... ամբողջ նամակը։ Սակայն, մի կողմ դնելով ծիծաղելին, և քանի որ այնուամենայնիվ, գործի էությանը համաձայն եմ, ապա կասեմ ու մատնացույց կանեմ՝ ի՜նչ մարդիկ են եղել։ Կարողացել են, չէ՞, սիրել իրենց ժողովրդին, կարողացել են, չէ՞, նրա համար ամեն ինչ զոհաբերել ու կարողացել են միաժամանակ չմեկտեղվել նրա հետ, երբ պետք է, չխրախուսել նրան հայտնի ըմբռնումների համար։ Հո չէր կարող Բելինսկին իրականում փրկություն որոնել պասուց ձեթի կամ սիսեռով բողկի մեջ․․․»։
Բայց այստեղ հանդես եկավ Շատովը։
― Բայց այդ մարդիկ երբեք չեն սիրել ժողովրդին, չեն տառապել նրա համար և ոչինչ չեն զոհաբերել նրան, ինչպես էլ դա պատկերացնեն իրենք, սեփական բավականության համար,― մռայլված փնթփնթաց նա՝ հայացքը ցած հառած և անհամբեր շրջվելով աթոռի վրա։
― Այդ նրա՞նք չեն սիրել ժողովրդին,― աղաղակեց Ստեպան Տրոֆիմովիչը։― Օ՜, ինչպես են սիրել Ռուսաստանը։
― Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ժողովրդին,― աղաղակեց նաև Շատովը՝ շողացնելով աչքերը։― Չի կարելի սիրել այն, ինչ չգիտես, իսկ նրանք ռուս ժողովրդից ոչինչ չեն հասկացել։ Բոլոր նրանք, դուք էլ նրանց հետ միասին, ռուս ժողովրդին նայել եք մատների արանքով, իսկ Բելինսկին՝ հատկապես, և հենց Գոգոլին ուղղված նամակից է դա երևում։ Բելինսկին ճիշտ և ճիշտ Կռըյլովի հետաքրքրասերն է, չի նկատել փղին կունստ-կամերայում, այլ իր ամբողջ ուշադրությունն ուղղել է ֆրանսիական սոցիալական բզեզիկներին, դրանցով էլ վերջացրել։ Իսկ չէ որ նա նաև, թերևս, մեզնից բոլորից ավելի խելացի էր։ Բավական չէ, աչքաթող եք արել ժողովրդին, դուք նողկալի արհամարհանքով եք վերաբերվել նրան, գոնե սոսկ նրանով, որ ժողովուրդ ասելով, երևակայել եք միմիայն ֆրանսիական ժողովուրդը, այն էլ լոկ փարիզցիներին, ու ամաչել, որ ռուս ժողովուրդն այդպիսին չէ։ Եվ սա մերկ ճշմարտություն է։ Իսկ ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի։ Հաստատ իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր դադարում են հասկանալ իրենց ժողովրդին և կորցնում են իրենց կապերը նրա հետ, իսկույն ևեթ, նույն չափով կորցնում են նաև հայրենական հավատքը, դառնում են կամ անաստված, կամ անտարբեր։ Ճիշտ եմ ասում։ Սա փաստ է, որը կարդարանա։ Ահա ինչու թե դուք բոլորդ, թե մենք բոլորս հիմա կամ նողկալի անստվածներ ենք, կամ անտարբեր, այլասերված անպետքություն, և ուրիշ ոչինչ։ Եվ դուք նույնպես, Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ ամենևին չեմ բացառում, նույնիսկ մեր հասցեին էլ ասացի, իմացեք դա։
Սովորաբար, այսպիսի մենախոսություն արտասանելուց հետո (իսկ դա հաճախ էր պատահում), Շատովն առնում էր իր գլխարկն ու նետվում դռան կողմը կատարելապես համոզված, որ հիմա արդեն ամեն ինչ վերջացած է, և որ ինքը կատարելապես ու առհավետ խզել է իր բարեկամական հարաբերությունները Ստեպան Տրոֆիմովիչի հետ։ Վերջինս միշտ կարողանում էր ժամանակին կանգնեցնել նրան։
― Իսկ չհաշտվե՞նք, արդյոք, Շատով, բոլոր այդ անուշ բառերից հետո,― ասում էր նա՝ ձեռքը բարեկամաբար նրան պարզելով բազկաթոռից։
Անճոռնի, թեև ամոթխած Շատովը քնքշություններ չէր սիրում։ Արտաքուստ կոպիտ մարդ էր, բայց ներքուստ կարծես թե շատ էր նրբանկատ։ Թեև հաճախ էր չափը կորցնում, բայց դրանից առաջինն ինքն էր տառապում։ Ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի կոչական բառերի, քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով և արջի պես տեղում դոփդոփելով՝ նա հանկարծ անսպասելի քմծիծաղելով դեն էր նետում գլխարկն ու նստում նախկին աթոռին՝ համառորեն ցած նայելով։ Անշուշտ, գինի էին բերում, և Ստեպան Տրոֆիմովիչը մի որևէ հարմար կենաց էր ասում, ասենք, թեկուզ անցյալի գործիչներից որևէ մեկի հիշատակին։