== Գլուխ տասներորդ. Ֆլիբուստյերներ: Ճակատագրական առավոտը ==
== Գլուխ տասներորդ։ Ֆլիբուստյերներ։ Ճակատագրական առավոտը ==
=== I ===
Ճանապարհին մեզ հետ կատարվածը զարմանալիների շարքից էր։ Բայց հարկ է ամեն ինչ հերթով պատմել։ Ստեպան Տրոֆիմովիչի հետ մեր փողոց դուրս գալուց մեկ ժամ առաջ քաղաքով անցել և շատերի հետաքրքրությունն էր հարուցել մարդկանց մի խումբ՝ Շպիգուլինյան ֆաբրիկայի բանվորներից՝ յոթանասուն հոգի, թերևս քիչ ավելի։ Նրանք անցել էին հանդիսավորապես, համարյա լուռ, նախապես կազմված շարքերով։ Հետո պնդում էին, որ այդ յոթանասունը եղել են ամբողջ ֆաբրիկայից ընտրվածները, իսկ Շպիգուլինը շուրջ իննը հարյուր աշխատող ուներ, որպեսզի գնան նահանգապետի մոտ և, տիրոջ բացակայության պայմաններում, նրանից դատաստան գտնեն կառավարչի նկատմամբ, որը, փակելով գործարանը և արձակելով բանվորներին, լկտիաբար խաբել էր բոլորին վերջնահաշվի մեջ՝ փաստ, որ հիմա ոչ մի կասկածի ենթակա չէր։ Ոմանք մինչև հիմա մեզանում ժխտում են ընտրության ձևը՝ պնդելով, որ յոթանասուն հոգին չափից ավելի շատ է ներկայացուցիչների համար և որ այդ ամբոխը պարզապես բաղկացած էր առավել նեղվածներից, ու եկել էին խնդրելու սոսկ իրենց համար, այնպես որ ֆաբրիկայի ընդհանուր «խռովություն», ինչ հետո այնքան թմբկահարեցին, ամենևին էլ չի եղել։ Մյուսները ոգևորված հավատացնում են, թե այդ յոթանասուն հոգին պարզապես խռովարար չեն եղել, այլ վճռականապես քաղաքականներ, այն է՝ լինելով ամենամոլեգինները, եղածից բացի, գրգռվել էին նաև հենց գաղտնի գցած թռուցիկներից։ Մի խոսքով, մեկնումեկի ազդեցությունը կամ հրահրումն առկա էր, թե՝ ոչ, մինչև հիմա ստույգ հայտնի չէ։ Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ բանվորները գաղտնի թռուցիկներ ամենևին չէին կարդացել, իսկ եթե կարդային Էլ, ապա ոչ մի բառ չէին հասկանալու, միակ պատճառով, որ դրանք գրողները, ոճի համակ մերկացածությամբ հանդերձ, գրում են ծայրաստիճան անհստակ։ Բայց քանի որ ֆաբրիկայի աշխատողներն իսկապես ծանր վիճակի մեջ էին, իսկ ոստիկանությունը, ում դիմել էին նրանք, չէր ուզել հասկանալ նրանց դրությունը, ուստի ի՞նչ կար ավելի բնական նրանց մտադրությունից՝ խմբով գնալ «հենց գեներալի» մոտ, եթե կարելի է, ապա նույնիսկ թուղթ պահած գլխամասում, ծանրումեծ շարվել նրա առմուտքի առաջ ու հենց երևար, բոլորը ծնկի գային ու աղաղակեին կարծես հենց նախախնամությանը։ Իմ կարծիքով, այստեղ ոչ խռովություն էր պետք, ոչ նույնիսկ պատվիրակներ, քանզի դա հին, պատմական եղանակ է։ Ռուս ժողովուրդն ի սկզբանե սիրել է խոսակցությունը «հենց գեներալի» հետ, ճիշտն ասած, միմիայն հաճույքից, անգամ անկախ նրանից, թե ինչով կվերջանար սույն խոսակցությունը։
Ուստիև, կատարելապես համոզված եմ, որ թեև Պյոտր Ստեպանովիչը, Լիպուտինը, գուցե թե էլի ինչ-որ մեկը, նույնիսկ ասենք նաև Ֆեդկան, նախապես ելումուտ էին արել ֆաբրիկայի աշխատողների մեջ (քանի որ տվյալ հանգամանքը հաստատող բավական կայուն ցուցմունքներ իսկապես գոյություն ունեն), խոսել նրանց հետ, բայց հավանորեն երկու-երեք, լավ՝ հինգ հոգու հետ, ոչ ավելի, լոկ փորձելու համար, և որ այդ խոսակցությունից ոչինչ չէր ստացվել։ Իսկ ինչ վերաբերում է խռովությանը, ապա եթե նրանց քարոզչությունից որևէ բան էլ հասկացել էին ֆաբրիկայի աշխատողները, ապա հավանաբար տեղնուտեղը դադարել էին լսել, որպես հիմար ու ամենևին հարմար չեկող գործ։ Ուրիշ բան Ֆեդկան՝ սրա բախտը կարծես ավելի էր բերել, քան Պյոտր Ստեպանովիչինը։ Քաղաքային հրդեհին հետևած երեք օրվա ընթացքում, ինչպես անկասկած պարզվել էր հիմա, Ֆեդկայի հետ իրոք մասնակցել էին ֆաբրիկայի երկու աշխատող, ու հետագայում, մեկ ամիս անց, գավառում բռնվել էին ևս երեքը նախկին աշխատողներից, դարձյալ հրկիզման ու կողոպուտի համար։ Բայց եթե Ֆեդկան հասցրել էլ էր նրանց ներքաշել ուղղակի, անմիջական գործունեության մեջ, բայց նորից ու նորից սոսկ այդ հինգին, քանզի ուրիշների մասին նման ոչինչ չէր լսվել։
Ինչ էլ եղած լիներ, բանվորներն ի վերջո ամբողջ ամբոխով հասել էին նահանգապետի տան դիմացի փոքր հրապարակ, շարվել հանդիսավոր և լուռ։ Ապա բերանները բաց պլշել էին առմուտքին ու սկսել սպասել։ Ինձ ասել են, որ իբր նրանք, կանգնելուն պես հանել են գլխարկները, այսինքն, գուցեև կես ժամ առաջ նահանգի տիրոջ հայտնվելուց, որը կարծես դիտավորյալ, այդ պահին տանը չէր եղել։ Տեղնուտեղը հայտնվել էր ոստիկանությունը, սկզբում առանձին տեղերում, իսկ հետո՝ հնարավոր չափերով, հարկավ, սկսել էր սպառնագին, հրամայելով ցրվել։ Սակայն բանվորները կանգնել էին աննահանջ՝ ցանկապատին հասած ոչխարի հոտի պես, ու պատասխանել հակիրճ, թե եկել են «հենց գեներալի» մոտ։ Դրսևորվել էր ամուր վճռականություն։ Անբնական բղավոցները դադարել էին, շուտով դրանց փոխարինել էին մտազբաղություն, խորհրդավոր տնօրինումներ՝ շշնջաձայն և խստադեմ հոգսառատություն՝ պետերի հոնքերը խոժոռող։ Ոստիկանապետը գերադասել էր սպասել հենց Ֆոն Լեմբկեի գալստյանը։ Ցնդաբանություն է, թե նա եռաձիով եկել էր սրարշավ ու հենց կառքի վրայից սկսել կռիվ տալ։ Իրոք, նա մեզ մոտ սուրում և սիրում էր սլանալ դեղին ետքով իր կառքով, ու նայած, թե ինչքան էին ավելի ու ավելի փրփրում «այլասերության հասցված կողաձիերը», Գոստինի ռյադի բոլոր վաճառականներին ցնծություն պատճառելով, նա ելնում, հասակով մեկ կանգնում էր կառքի մեջ՝ բռնելով հատկապես ամրացված փոկը կառքի կողքից և աջ ձեռքը պարզած հեռուները, ինչպես մի մոնումենտ, այդպես զննում էր քաղաքը։ Սակայն այս դեպքում նա կռիվ չէր արել, թեև չէր էլ կարող յոլա գնալ առանց թունդ խոսքերի՝ կառքից ցած թռչելով, բայց արել էր դա, միմիայն հանրահայտությունը չկորցնելու համար։ Էլ ավելի ցնդաբանություն է, թե սվինակիր զինվորներ էին բերվել և որ հեռագրով իմաց էր տրվել ինչ-որ տեղ՝ հրետանի և կազակներ ուղարկելու մասին, հեքիաթներ են, որոնց հիմա չեն հավատում հորինողներն իրենք։ Փուչ բան է նաև, որ ջրով լի հրշեջ տակառներ էին բերվել, որոնցից ջուր էին լցրել ժողովրդի վրա։ Պարզապես Իլյա Իլյիչը տաքացած բղավել էր, որ ոչ մեկն իր ձեռքից չոր-չոր չի պրծնի, հավանաբար, դրանից էլ ջրով լի տակառներ էին սարքել, որոնք այդպես էլ անցել էին մայրաքաղաքային թերթերի թղթակցությունների մեջ։ Հարկ է ենթադրել, որ ամենահավաստի տարբերակն է. ամբոխը սկզբից շրջապատել էին ձեռքի տակ եղած ոստիկաններով, իսկ Լեմբկեի մոտ ուղարկել էին հանձնակատար՝ առաջին զորամասի պրիստավին, որն էլ սուրացել էր ոստիկանապետի կառքով Սկվորեշնիկի տանող ճանապարհով՝ զիտնալով, որ կես ժամ առաջ այնտեղ է գնացել Ֆոն Լեմբկեն իր կառքով...
Բայց խոստովանում եմ, որ ինձ համար, այնուամենայնիվ, անլուծելի հարց է մնում, այդ ինչպե՞ս խնդրատուների փուչ, այսինքն՝ սովորական, ճիշտ է, յոթանասուն հոգուց բաղկացած ամբոխը հենց առաջին անգամից, առաջին քայլից վերածեցին հիմքերը խարխլել սպառնացող խռովության։ Ինքը՝ Լեմբկեն ինչո՞ւ վրա պրծավ այդ գաղափարին, երբ հանձնակատարից հետո, քսան րոպե անց հայտնվեց։ Ես այսպես կենթադրեի (բայց նորից որպես անձնական կարծիք), որ կառավարչի հետ բարեկամացած Իլյա Իլյիչի համար նույնիսկ շահեկան էր Ֆոն Լեմբկեին ներկայացնել ամբոխն այդ լույսի ներքո, և որպեսզի չհասցվի գործն իսկական հետաքննության, իսկ դա գլխի էր գցել հենց ինքը՝ Լեմբկեն։ Վերջին երկու օրվա ընթացքում նրա հետ ունեցել էր երկու խորհրդավոր ու արտակարգ խոսակցություն, ի դեպ, շատ խառնիխուռն, բայց որոնցից Իլյա Իլյիչը, այնուամենայնիվ, հասկացել էր, որ ղեկավարությունն ամուր կառչել է թռուցիկների և ինչ-որ մեկի կողմից շպիգուլինյան բանվորներին սոցիալական խռովության հանելու հրահրման մտքին, և այն աստիճան ամուր է կառչել, որ թերևս ինքն էլ կափսոսեր, եթե հրահրումը դատարկ բան դուրս գար։ «Մի կերպ աչքի ընկնել են ուզում Պետերբուրգում,― մտածել էր մեր խորամանկ Իլյա Իլյիչը՝ ելնելով Ֆոն Լեմբկեի մոտից,― է՜, ինչ, մեզ էլ է ձեռնտու»։
Սակայն ես համոզված եմ, որ խեղճ Անդրեյ Անտոնովիչը խռովություն չէր կամենա, նույնիսկ՝ իր աչքի ընկնելու համար։ Նա ծայրաստիճան ճշտակատար աստիճանավոր էր՝ անարատ մնացած մինչև իր ամուսնությունը։ Եվ ի՞նքն էր արդյոք մեղավոր, որ պետական անմեղ վառելափայտի և նույնքան անմեղ Մինխենի փոխարեն քառասնամյա իշխանուհին բարձրացրեց-հասցրեց նրան իր կողքը։ Ես համարյա հաստատապես գիտեմ, որ հենց այդ ճակատագրական առավոտից են ծայր առել այն վիճակի առաջին ակնհայտ հետքերը, որն էլ, ասում են, խեղճ Անդրեյ Անտոնովիչին հասցրել է Շվեյցարիայի այն հատուկ հայտնի հաստատությունը, ուր իբր նա հիմա պատրաստվում էր գնալ նոր ուժերով։ Բայց եթե միայն ընդունել, որ հենց այդ առավոտից էին ի հայտ եկել ինչ-որ բանի ակնհայտ փաստերը, ապա իմ կարծիքով, հնարավոր է ընդունել, որ նախորդ օրն էլ կարող էին նույնպիսի փաստերի դրսևորումներ լինել, թեկուզև ոչ այդքան ակնհայտ։ Ինձ հայտնի է ըստ ամենամտերմիկ լուրերի (է, ենթադրենք, թե ինքը՝ Յուլիա Միխայլովնան է հետագայում ինձ հայտնել այդ պատմության մի փոքր մասը, և արդեն ոչ ցնծագին, այլ համարյա զղջալով, քանզի կինը երբեք լիովին չի զղջում), ինձ հայտնի է, որ Անդրեյ Անտոնովիչը նախորդ օրը եկել է իր կնոջ մոտ, արդեն կեսգիշերն անց, ժամը երեքին, արթնացրել նրան և պահանջել լսել «իր վերջնագիրը»։ Պահանջն այնքան հաստատակամ է եղել, որ կինը ստիպված ելել է անկողնուց՝ զայրույթով համակված և խոպոպաթղթերը մազերին, ու նստելով թախտին, թեև կծու-հեգնական արհամարհանքով, այնուամենայնիվ լսել մինչև վերջ։
Այստեղ միայն առաջին անգամ հասկացել է նա, թե ինչ խորությամբ է նրան բռնել Անդրեյ Անտոնովիչը և ներքնապես սարսափել։ Պետք է, որ վերջապես խելքի գա և փափկի, բայց նա կոծկել էր իր սարսափը և համառել նախկինից ավելի։ Նա (ինչպես յուրաքանչյուր կին, կարծում եմ) Անդրեյ Անտոնովիչի հետ ուներ արդեն ոչ մեկ անգամ ստուգված և ոչ մեկ անգամ ամուսնուն մոլեգնության հասցրած իր եղանակը։ Յուլիա Միխայլովնայի եղանակն արհամարհական լռությունն էր՝ մեկ ժամով, երկու ժամով, մեկ օրուգիշեր, համարյա թե երեք օրուգիշեր։ Լռություն՝ ինչ ուզում է լիներ, ամուսինն ինչ էլ ասեր, ինչ էլ աներ, նույնիսկ եթե բարձրանար լուսամուտին՝ երրորդ հարկից ցած նետվելու, անտանելի մի եղանակ զգայուն մարդու համար։ Պատժո՞ւմ էր, արդյոք, Յուլիա Միխայլովնան իր ամուսնուն՝ վերջին օրերի նրա վրիպումների համար, որպես քաղաքապետ՝ կնոջ կառավարչական ընդունակություններին նախանձելու համար, զայրացա՞ծ էր, արդյոք, երիտասարդության և մեր ամբողջ հասարակության հետ իր վարքի քննադատությունից, կինը բարկացե՞լ էր, արդյոք, ամուսնու՝ Պյոտր Ստեպանովիչի հանդեպ բութ ու անիմաստ խանդից, առանց հասկանալու կնոջ նուրբ և հեռատես քաղաքական նպատակները՝ ինչ էլ եղած լիներ, բայց Յուլիա Միխայլովնան վճռել էր հիմա էլ չմեղմվել, անգամ անտեսելով գիշերվա ժամը երեքը և Անդրեյ Անտոնովիչի՝ իր դեռևս չտեսած հուզմունքը։ Իրեն կորցրած, ետուառաջ և բոլոր կողմերը չափչփելով կնոջ զարդասենյակի գորգերի վրա՝ ամուսինն ամեն, ամեն ինչ ասել էր կնոջը, ճիշտ է, առանց որևիցե կապի, բայց փոխարենը՝ կուտակված ամեն ինչ, քանզի ամեն ինչ «անցել էր սահմանը»։ Սկսել էր նրանից, որ բոլորը ծիծաղում են իր վրա և «քթից բռնած ման ածում»։ «Թքած արտահայտության վրա,― ճչացել էր նա իսկույն՝ որսալով կնոջ ժպիտը,― թող «քթից բռնած» լինի, բայց չէ որ դա ճիշտ է...»։ «Ոչ, տիկին, պահն եկել է, գիտցեք, որ հիմա ոչ ծիծաղի ժամանակ է, ոչ կանացի սեթևեթանքներով հնարների։ Մենք կոտրատվող տիկնոջ զարդասենյակում չենք, այլ մի տեսակ երկու վերացական էակ՝ օդապարիկի վրա, որոնք հանդիպել են ճշմարտությունն ասելու»։ (Իհարկե, նա շփոթվում էր և, ի դեպ, իր ճշմարիտ մտքերի համար ճիշտ ձևեր չէր գտնում)։ «Տիկին, այդ դո՛ւք, դո՛ւք եք ինձ հանել իմ նախկին վիճակից, ես այս տեղն ընդունել եմ միայն ձեզ համար, ձեր պատվասիրության համար... Դուք ժպտո՞ւմ եք կծու ծաղրանքով։ Մի ցնծացեք, մի շտապեք։ Գիտցեք, տիկին, գիտցեք, որ ես կկարողանայի, ուժս կպատեր գլուխ հանել այս տեղից, և ոչ միայն այս տեղից, այլ տասն այսպիսի տեղից, որովհետև ընդունակություններ ունեմ։ Սակայն ձեզ հետ, տիկին, ձեր ներկայությամբ չի կարելի գլուխ հանել, քանզի ձեր կողքին ես ընդունակություններ չունեմ։ Երկու կենտրոն գոյություն ունենալ չեն կարող, իսկ դուք սարքել եք երկուսը՝ մեկն ինձ մոտ, մյուսը ձեր զարդասենյակում։ Իշխանության երկու կենտրոն, տիկին, բայց ես դա թույլ չեմ տա, թույլ չեմ տա՜։ Ծառայության, ինչպես և ամուսնության մեջ մի կենտրոն է լինում, երկուսն անհնարին է... Ինչո՞վ եք վարձահատույց եղել ինձ,― բղավել էր հետո։― Մեր ամուսնությունը եղել է սոսկ այն, որ դուք ամբողջ ժամանակ, ժամ առ ժամ ապացուցել եք ինձ, որ ես ոչնչություն եմ, հիմար և անգամ ստոր, իսկ ես ամբողջ ժամանակ, ամեն ժամ ստորացված, հարկադրված եմ եղել ապացուցել ձեզ, որ ես ոչնչություն չեմ, ամենևին էլ հիմար չեմ ու զարմացնում եմ բոլորին իմ ազնվաբարոյությամբ, դե, ստորացուցիչ չէ՞ սա երկու կողմից էլ»։ Այստեղ սկսել էր արագ ու հաճախակի երկու ոտքով դոփդոփել հատակին, այնպես որ Յուլիա Միխայլովնան ստիպված էր եղել ելնել տեղից խստադեմ արժանապատվությամբ։ Շուտով հանդարտվել էր, բայց փոխարենն անցել զգայականության ու սկսել էր հեկեկալ (այո՛, հեկեկալ)՝ խփելով կրծքին, հինգ րոպե լրիվ, ավելի ու ավելի ելնելով ափերից՝ խոցված Յուլիա Միխայլովնայի խորունկ լռությունից։ Ի վերջո, կատարելապես վրիպել էր, հասել նրան, որ խանդում է կնոջը Պյոտր Ստեպանովիչին։ Կռահելով, որ չափից ավելի է հիմարացել, կատաղել էր մոլեգնության աստիճան և բղավել, որ «թույլ չի տա ժխտել Աստծուն», որ ցրիվ կտա նրա «անհավատ ու անպատկառ սալոնը», որ քաղաքապետը նույնիսկ պարտավոր է հավատալ Աստծուն, «նշանակում է, նաև նրա կինը», որ չի հանդուրժելու երիտասարդներին, որ «ձեզ, տիկին, ձեզ հարկ էր սեփական արժանապատվությունից ելնելով, հոգալ ամուսնու մասին և պաշտպան կանգնել նրա խելքին, նույնիսկ եթե վատ ընդունակություններ ունենար (իսկ ես ամենևին էլ վատ ընդունակություններ չունեմ), այնինչ, հենց դուք եք պատճառը, որ այստեղ բոլորն ինձ արհամարհում են, դուք էլ հենց տրամադրել եք բոլորին...»։ Նա բղավում էր, թե կոչնչացնի կանանց հարցը, թե այդ գարշահոտությունը քամուն կտա, որ դաստիարակչուհիների համար հանգանակության այդ անհեթեթ տոնախմբությունը (սատանան տանի դրանց) վաղն ևեթ կարգելի ու ցրիվ կտա, որ առաջին հանդիպած դաստիարակչուհուն վաղն առավոտյան իսկ դուրս կշպրտի նահանգից «կազակի-ի՜ ուղեկցությա՜մբ, այո»։ «Դիտավորյա՛լ, դիտավորյալ»,― ճղճղում էր նա։ «Գիտե՞ք արդյոք, գիտե՞ք արդյոք,― գոռում էր նա,― որ ֆաբրիկայում մարդկանց հրահրում են ձեր սրիկաները, և որ դա ինձ հայտնի է։ Գիտեք արդյոք, որ դիտավորյալ են ցրում թռուցիկները, դի-տա-վոր-յա՜ալ։ Գիտեք արդյոք, որ ինձ հայտնի են չորս սրիկաների անուններ և որ ես խելագարվում եմ, վերջնականապես եմ խելագարվում, վերջնականապե՜ս...»։ Բայց այստեղ Յուլիա Միխայլովնան հանկարծ ընդհատել էր լռությունը և խստադեմ հայտարարել, թե ինքը վաղուց գիտե հանցավոր մտադրությունների մասին և որ այդ ամենը հիմարություն է, որ ամուսինը չափից ավելի լրջությամբ է ընդունել, իսկ ինչ վերաբերում է չարություն անողներին, ապա ինքը ոչ միայն այդ չորսին գիտե, այլ նաև բոլորին (կինը ստել էր), բայց որ դրանից ամենևին մտադիր չէ խելագարվել, այլ ընդհակառակը, էլ ավելի է հավատացած իր խելքին և հույս ունի ամեն ինչ հանգեցնել ներդաշնակ ավարտի, քաջալերել երիտասարդությանը, խելքի բերել նրանց, հանկւսրծւսկի ու անսպասելի ապացուցել նրանց, որ իրենց մտադրությունները հայտնի են, և հետո ցույց տալ նրանց նոր նպատակներ՝ խելամիտ և առավել լուսավոր գործունեության համար։ Օ՜, ինչ կատարվեց այդ րոպեին Անդրեյ Անտոնովիչի հետ։ Իմանալով, որ Պյոտր Ստեպանովիչը նորից խաբել է իրեն և այդչափ կոպտաբար ծիծաղել վրան, որ կնոջը շատ ավելին է հայտնել ու ավելի վաղ, քան իրեն և որ, ի վերջո, գուցեև հենց ինքը՝ Պյոտր Ստեպանովիչն է հանցավոր բոլոր մտադրությունների գլխավոր պարագլուխը, նա մոլեգնեց։ «Գիտցիր դու, անխելք, սակայն թունալի կին,― բացականչեց նա՝ միանգամից փշրելով բոլոր շղթաները,― գիտցիր, որ ես հիմա ևեթ կձերբակալեմ քո անարժան սիրեկանին, կալանդներ կդնեմ ոտքերին ու կքշեմ զնդան, կամ... կամ էլ հիմա քո աչքի առաջ ինձ կգցեմ պատուհանից»։ Այդ ճառի վրա չարությունից կանաչած Յուլիա Միխայլովնան անմիջապես սկսել էր քրքջալ՝ երկարատև, զրնգուն, ելևէջումներով ու երանգներով, ճիշտ և ճիշտ ինչպես ֆրանսիական թատրոնում, երբ հարյուր հազարով հրավիրված և պչրուհիներ խաղացող փարիզյան դերասանուհին ծիծաղում է ամուսնու երեսին, որը համարձակվել էր խանդել իրեն։ Ֆոն Լեմբկեն նետվում էր դեպի լուսամուտը, բայց հանկարծ կանգ առավ մեխվածի պես, ձեռքերը ծալեց կրծքին և դիակի պես գունատված՝ չարագույժ հայացքով նայեց խնդացող կնոջը։ «Գիտես, գիտե՞ս արդյոք, Յուլիա...― խոսեց նա շնչակտուր, աղերսող ձայնով,― գիտես, որ կարող եմ ես էլ մի բան անե՞լ»։ Սակայն վերջին խոսքերին հետևած քրքիջի նոր, ավելի ուժեղ պոռթկման հետ, նա սեղմեց ատամները, տնքաց ու հանկարծ նետվեց, ոչ դեպի լուսամուտը, այլ իր կնոջ վրա՝ բռունցքը վեր պարգած։ Նա չիջեցրեց բռունցքը, ոչ, երիցս ոչ, բայց փոխարենը ոչնչացավ տեղնուտեղը։ Չզգալով ոտքերը՝ վազեց աշխատասենյակ, ինչպես կար, հագնված, բերանքսիվայր ընկավ բացած անկողնու վրա, ջղաձգված, գլխով մարմնով փաթաթվեց սավանով ու այդպես պառկած մնաց երկու ժամ՝ առանց քուն, առանց մտորում, բութ ու անշարժ հուսալքությամբ, սրտին՝ մի մեծ քար։ Մեկ-մեկ ցնցվում էր ամբողջ մարմնով տենդային տանջալի դողով։ Սիտքն էին գալիս ինչ-ինչ անկապակցված բաներ, ոչնչի չբռնող, մեկ մտածում էր, օրինակ, պատի հին ժամացույցի մասին, որ ուներ տասնհինգ տարի առաջ Պետերբուրգում և որի րոպեացույց սլաքն ընկած էր, մեկ հիշում էր ուրախ-զվարթ աստիճանավոր Միլբուային և թե ինչպես երկուսով Ալեքսանդրովսկի զբոսայգում ճնճղուկ բռնեցին, բռնելուց հետո էլ, զբոսայգով մեկ քրքջալով, անդրադարձան, որ իրենցից մեկն արդեն կոլեգիական ասեսոր է։ Ես կարծում եմ, նա քուն մտավ առավոտյան ժամը յոթի կողմ, չնկատելով դա, քնեց հաճույքով, սքանչելի երազներով։ Արթնանալով ժամը տասին, նա հանկարծ վայրենահայաց վեր թռավ անկողնուց, մեկեն հիշեց ամեն ինչ ու ձեռքի ափով ամուր խփեց ճակատին, չնախաճաշեց, չընդունեց ոչ ոստիկանապետին, ոչ աստիճանավորներին, ոչ Բլյումին, որը եկել էր հիշեցնելու, թե այսինչ ժողովի անդամները սպասում են իր նախագահելուն այդ առավոտ, ոչինչ չէր լսում ու չէր ուզում հասկանալ, այլ գժի պես վազեց դեպի Յուլիա Միխայլովնայի սենյակները։ Այնտեղ Սոֆյա Անտրոպովնան՝ վաղուց արդեն Յուլիա Միխայլովնայի մոտ ապրող ազնվատոհմ պառավը, բացատրեց նրան, որ կինը դեռևս ժամը տասին, մեծ խմբով, երեք կառքերով բարեհաճել է գնալ Սկորեշնիկի՝ Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի մոտ՝ նայելու համար տեղը գալիք, արդեն երկրորդ տոնախմբության համար և որ երեք օր առաջ այդպես պայմանավորված էր անձամբ Վարվառա Պետրովնայի հետ։ Լուրից ապշահար՝ Անդրեյ Անտոնովիչը ետ էր եկել աշխատասենյակ և փութով հրամայել ձիերը լծել կառքին։ Նույնիսկ հազիվ էր կարողացել սպասել։ Հոգին տենչում էր Յուլիա Միխայլովնային՝ միայն թե նայեր նրան, մի հինգ րոպե մոտը մնար, գուցեև նա կնայի իրեն, կնկատի, կժպտա նախկինի պես, կների՝ օ-օ՜-օ՜։ «Ի՞նչ եղան է, էս ձիերը»։ Մեքենայաբար բացեց սեղանին դրված հաստ գիրքը (երբեմն նա այդպես գուշակում էր գրքով՝ պատահած էջը բացելով և աջ կողմի վերին երեք տողը կարդալով)։ Դուրս եկավ. «Tout est pour le mieux dans le meilleur des mondes possibles». Voltaire, «Candide»<ref>«Ամեն ինչ դեպի լավագույնն է գնում հնարավոր աշխարհներից այս լավագույնում»։ Վոլտեր, «Կանդիդ» (ֆրանս.)։</ref>։ Նա թքեց ու վազեց կառք նստելու. «Սկվորեշնիկի՜»։ Կառապանը պատմում էր, որ պարոնն ամբողջ ճանապարհը շտապեցնում էր, բայց հենց մոտենում էին կալվածատանը, հանկարծ հրամայել էր շրջվել ու նորից գնալ քաղաք. «Շուտ արա, խնդրեմ, շուտ»։ Չհասած քաղաքի հողապատնեշին, «ինձ հրամայեցին նորից կանգնել, կառքից իջան ու ճամփեն կտրելով, դաշտ իջան։ Կարծեցի, թե մի պետք կունենան, բայց նրանք կանգնեցին ու սկսեցին ծաղիկներին նայել ու երկար կանգնած էին, լրիվ զարմանալի էր, ես արդեն լրիվ կասկածեցի»։ Այսպես էր պատմել կառապանը։ Հիշում եմ այն առավոտվա եղանակը՝ ցուրտ ու պարզ, բայց քամոտ սեպտեմբերյան օր էր, ճանապարհից ելած Անդրեյ Անտոնովիչի առաջ սփռվել էր վաղուց արդեն հնձած ցորենի մերկացած արտի բնապատկերը, վնգացող քամին տարուբերում էր մեռնող դեղին ծաղիկների խղճուկ մնացուկները... Ուզո՞ւմ էր նա, արդյոք, իրեն ու իր ճակատագիրը համեմատել այդ ազազուն, աշնան ու ցրտի բերան ընկած ծաղիկների հետ։ Չեմ կարծում։ Նույնիսկ մտածում եմ հաստատ, որ՝ ոչ և որ նա ամենևին ոչինչ չէր հիշում ծաղիկների մասին, չնայած կառապանի և այդ պահին ոստիկանապետի կառքով տեղ հասած առաջին տեղամասի պրիստավի պատմածների, որը հետագայում հաստատում էր, թե իսկապես, ղեկավարությանը տեսել է դեղին ծաղիկների փունջը ձեռքին։ Այդ պրիստավը զմայլված-վարչական անձնավորություն էր, Վասիլիյ Իվանովիչ Ֆլիբուստյերովը, վերջերս էր հյուրընկալվել մեր քաղաքում, բայց արդեն աչքի էր ընկել ու հռչակվել իր անչափելի եռանդով, կատարողական կողմի բոլոր հնարների իր մի տեսակ հախուռնությամբ և բնածին անսթափ վիճակով։ Ցած թռչելով կառքից և ամենևին չզարմացած ղեկավարի զբաղումից՝ խելացնոր, սակայն համոզված տեսքով նա կրակահերթի պես զեկուցել էր, որ «քաղաքում անհանգիստ է»։
― Հը՞, ի՞նչ,― նրան էր դարձել Անդրեյ Անտոնովիչը՝ խիստ դեմքով, սակայն առանց նվազագույն զարմանքի կամ որևէ հիշողության կառքի ու կառապանի մասին, կարծես թե իր աշխատասենյակում։
― Առաջին տեղամասի պրիստավ Ֆլիբուստյերով, ձերդ գերազանցություն։ Քաղաքում խռովություն է։
― Ֆլիբուստյերնե՞րը<ref>Ծովահեններ (ֆրանս.)։</ref>,― մտազբաղ վերարտադրել էր Անդրեյ Անտոնովիչը։
― Ճիշտ այդպես, ձերդ գերազանցություն։ Խռովություն են անում շպիգուլյանները։
― Շպիգուլյաննե՜րը...
Ինչ-որ բան ասես միտքն էր եկել՝ «շպիգուլյաններ» բառը լսելիս։ Նույնիսկ ցնցվել ու մատը ճակատին էր դրել՝ «շպիգուլյաննե՜րը»։ Լուռ, սակայն դեռևս մտազբաղ, անշտապ մոտեցել էր կառքին, նստել ու հրամայել քշել քաղաք։ Պրիստավը՝ ետևից։
Ես պատկերացնում եմ, որ ճանապարհին նրան աղոտ պատկերվել էին շատ հետաքրքիր բազում բաներ, բազում թեմաներով, բայց հազիվ թե նա որևէ հաստատուն գաղափար կամ որոշակի մտադրություն ունենար՝ մտնելով նահանգապետական տան դիմացի հրապարակը։ Բայց հենց տեսել էր «խռովարարների» շարված ու հաստատուն կանգնած ամբոխը, ոստիկանների շղթան, ուժազուրկ (իսկ գուցեև դիտավորյալ ուժազուրկ) ոստիկանապետին և իրեն ուղղված ընդհանուր սպասումը, ամբողջ արյունը սիրտն էր խուժել։ Գունատ՝ իջել էր կառքից։
― Գլխաբաց,― ասել էր նա հազիվ լսելի ու հևասպառ։― Ծնկի՜,― բղավել էր նա անսպասելի, անսպասելի հենց իր համար, ու հենց այդ անսպասելիության մեջ էր ամփոփված թերևս գործի հետագա ամբողջ հանգուցալուծումը։ Ինչպես բարեկենդանին, սարերում է լինում, կարելի՞ է, արդյոք, որ վերևից ցած թռչող սահնակները կանգնեն սարի մեջտեղում։ Ի վնաս իրեն, Անդրեյ Անտոնովիչն ամբողջ կյանքում աչքի էր ընկել բնավորության պարզությամբ և երբեք չէր բղավել ոչ մեկի վրա ու ոտքերը չէր դոփել, իսկ այդպիսիների բանը վտանգավոր է, եթե մի անգամ այնպես լինի, որ նրանց սահնակը հանկարծ մի պատճառով պոկվի սարի կատարից։ Ամեն ինչ պտույտ տվեց նրա առաջ։
― Ֆլիբուստյերնե՜ր,― ճչաց նա առավել ծղրտան ու անհեթեթ, և նրա ձայնը խզվեց։ Նա ելավ, դեռևս չիմանալով, թե ինչ է անելու, սակայն համակ իր էությամբ գիտնալով և զգալով, որ հիմա անպայմանորեն ինչ-որ բան անելու է։
― «Տե՜ր Աստված»,― լսվեց ամբոխի միջից։ Մի ջահել սկսեց խաչակնքվել։ Երեք, թե չորս հոգի իսկապես ուզում էին ծնկի իջնել, բայց մյուսներն ամբողջ զանգվածով շարժվեցին մի երեք քայլ առաջ ու հանկարծ բոլորը միանգամից աղմկեցին. «Ձերդ գերազանցություն... վարձել են քառասունով... կառավարիչը... մի բան ասել չես կարենա» և այլն, և այլն։ Ոչինչ հասկանալ չէր լինի։
Ավաղ։ Անդրեյ Անտոնովիչը չէր կարող քննել, ծաղիկները դեռ ձեռքին էին։ Խռովությունը նրա համար ակնհայտ էր, ինչպես վերջերս սայլակառքերը Ստեպան Տրոֆիմովիչին։ Իսկ աչքերն իր վրա չռած «խռովարարների» ամբոխի մեջ նրա դիմաց դեսուդեն էր ընկել նրանց «հրահրած» Պյոտր Ստեպանովիչը, երեկվա օրվանից իրեն ոչ մի ակնթարթ հանգիստ չթողած Պյոտր Ստեպանովիչը, իր ատած Ստեպան Տրոֆիմովիչը...
― Ճիպոտնե՜ր,― բղավեց նա էլ ավելի անսպասելի։ Մեռելային լռություն տիրեց։
Ահա թե ինչպես էր եղել դա ամենասկզբից՝ դատելով շատ ստույգ տեղեկություններից ու իմ կռահումներից։ Սակայն հետո տեղեկությունները դառնում են ոչ այնքան ստույգ, նույնչափ էլ՝ իմ կռահումները։ Իմիջիայլոց, որոշ փաստեր կան։
Նախ և առաջ, ճիպոտները հայտնվել են շատ շտապ, ակներևաբար, նախապես պատրաստել էր հնարամիտ ոստիկանապետը։ Ի դեպ, պատիժ էին կրել ընդամենը երկու հոգի, չեմ կարծում, թե նույնիսկ երեքը՝ պնդում եմ դա։ Կատարյալ հորինվածք է, թե պատժվել էին բոլորը կամ ծայրահեղ դեպքում՝ մարդկանց կեսը։ Ցնդաբանություն է նաև, թե իբր կողքով անցնող ինչ-որ մի չքավոր, սակայն ազնվատոհմ տիկին բռնվել է ու չգիտես ինչու, անհապաղ ճիպոտահարվել։ Այնինչ, ինքս եմ կարդացել այդ տիկնոջ մասին որոշ ժամանակ անց, պետերբուրգյան թերթերից մեկում։ Մեզ մոտ շատերն էին խոսում գերեզմանոցային անկուտնանկ մի կնոջ՝ Ավդոտյա Պետրովնա Տարապըյգինայի մասին, թե իբր հյուր գնացած տեղից իր անկելանոցը վերադառնալիս ու հրապարակով անցնելիս, բնական հետաքրքրասիրությամբ խցկվել է հանդիսականների մեջ ու, տեսնելով կատարվածը, բացականչել է. «Էս ի՜նչ խայտառակ բան է» ու թքել։ Իբր դրա համար նրան էլ են բռնել և նույնպես «խոսք հասկացրել»։ Այդ դեպքի մասին ոչ միայն տպագրեցին, այլ նույնիսկ մեր քաղաքում տաք-տաք հանգանակություն սկսեցին նրա օգտին։ Քսան կոպեկ ինքս եմ տվել։ Եվ ի՞նչ։ Հիմա պարզվում է, որ ոչ մի անկուտնանկ Տարապըյգինա ամենևին էլ չի եղել մեզ մոտ։ Ինքս եմ գնացել գերեզմանոց, նրանց անկելանոցը՝ տեղեկանալու, այնտեղ որևէ Տարապըյգինայի մասին չեն էլ լսել։ Ավելին, շատ նեղացան, երբ պատմեցի տարածված լուրը։ Ճիշտն ասած, ես հիշատակում եմ գոյություն չունեցող այդ Ավդոտյա Պետրովնային այն բանի համար, որովհետև Ստեպան Տրոֆիմովիչի հետ քիչ էր մնացել կատարվեր նույնը, ինչև նրա հետ (այն դեպքում, եթե կինը գոյություն ունենար իսկապես)։ Կարող է նույնիսկ պատահել, որ հենց Ստեպան Տրոֆիմովիչից էլ ծայր առավ այդ ամբողջ անհեթեթ լուրը։ Տարապըյգինայի մասին, այսինքն, ուղղակի բամբասանքի հետագա տարածման մեջ բռնեցին ու նրան դարձրին ինչ-որ Տարապըյգինա։ Գլխավորը, որ չեմ հասկանում, թե ինչ եղանակով նա խույս տվեց ինձնից, հենց երկուսով հասանք հրապարակ։ Մի շատ վատ բան կանխազգալով՝ ուզում էի նրան տանել հրապարակի եզերքով ուղիղ դեպի նահանգապետական տան առմուտքը, բայց ինքս էլ հետաքրքրվեցի ե միայն մի րոպեով կանգ առա՝ առաջին պատահածին հարցուփորձ անելու, մեկ էլ տեսնեմ՝ Ստեպան Տրոֆիմովիչն արդեն կողքս չէ։ Բնազդաբար անմիջապես նետվեցի փնտրելու նրան ամենավտանգավոր տեղում, չգիտեմ ինչու, կանխազգում էի, որ նրա սահնակն էլ է պոկվել սարի կատարից։ Եվ իսկապես, նրան գտա արդեն իրադրության բուն կենտրոնում։ Հիշում եմ, բռնեցի նրա ձեռքը, բայց նա մեղմորեն և հպարտությամբ ինձ նայեց անասելի հեղինակությամբ.
― Cher,― խոսեց նա մի ձայնով, որի մեջ կտրված լարի պես մի բան զնգաց։― Եթե արդեն բոլորն այստեղ են՝ հրապարակում, մեր ներկայությամբ այդպես աննրբանկատ տնօրինում են, ապա ինչ սպասենք թեկուզ սրանից... եթե պատահի, որ ինքնուրույնաբար գործի։
Եվ նա, զայրույթից դողալով և մարտակոչի անսահման ցանկությամբ, իր սպառնացող, մերկացնող մատը տնկեց երկու քայլ այն կողմ կանգնած և աչքերը մեզ հառած Ֆլիբուստյերովի վրա։
― ''Սրանից'',― բղավեց վերջինս, աչքերը մթնած։― Ո՞ր սրանից։ Իսկ դո՞ւ ով ես,― մոտեցավ նա՝ բռունցքը սեղմած։― Ո՞վ ես,― ոռնաց նա կատաղած, հիվանդագին և գլխապատառ (նշեմ, որ նա դեմքով շատ լավ էլ ճանաչում էր Ստեպան Տրոֆիմովիչին)։ Մի ակնթարթ էլ, ու հարկավ, նա կբռներ ծերունու շլինքից, բայց, բարեբախտաբար, գոռոցի վրա Լեմբկեն դարձրեց գլուխը։ Տարակուսանքով, բայց անքթիթ նայեց նա Ստեպան Տրոֆիմովիչին, ասես ինչ-որ բան հասկանալով, ու հանկարծ անհամբեր թափ տվեց ձեռքը։ Ֆլիբուստյերովն ընկրկեց։ Ես դուրս բերեցի Ստեպան Տրոֆիմովիչին ամբոխի միջից։ Իմիջիայլոց, գուցեև ինքն էլ էր ուզում ետ գնալ։
― Տուն, տուն,― պնդեցի ես,― եթե մեզ չծեծեցին, ապա, իհարկե, Լեմբկեի շնորհիվ։
― Գիտեք ինչ, բարեկամս, ես մեղավոր եմ, որ ձեզ վտանգում եմ։ Դուք ունեք ապագա և որոշ իմաստով՝ կարիերա, իսկ ես՝ mon heure sonne<ref>Հասել է իմ ժամը (ֆրանս.)։</ref>։
Նա հաստատուն ոտք դրեց նահանգապետական տան առմուտք։ Բարապանն ինձ ճանաչում էր։ Հայտնեցի, որ երկուսս էլ Յուլիա Միխայլովնայի մոտ ենք գնում։ Ընդունելության սրահում նստեցինք և սպասում էինք։ Ես չէի ուզում թողնել բարեկամիս, բայց ավելորդ էի համարում էլի ինչ-որ բան ասել նրան։ Նա ուներ մի մարդու տեսք, որն ասես իրեն դատապարտել է հաստատ մահվան՝ հանուն հայրենյաց։ Նստած էինք ոչ կողք-կողքի, այլ տարբեր անկյուններում, ես՝ ավելի մոտ ելքի դռանը, նա` դիմացս, հեռվում՝ մտազբաղ հակած գլուխը և երկու ձեռքով թեթևակի հենված ձեռնափայտին։ Իր լայնեզր շլյապան բռնել էր ձախ ձեռքով։ Այդպես նստեցինք մի տասը րոպե։
=== II ===
Լեմբկեն հանկարծ ներս մտավ արագ քայլերով, ոստիկանապետի ուղեկցությամբ, ցրված մեզ նայեց և, ուշադրություն չդարձնելով, գնում էր դեպի աջ, աշխատասենյակը, բայց Ստեպան Տրոֆիմովիչը կանգնեց դիմացը և փակեց ճանապարհը։ Ստեպան Տրոֆիմովիչի բարձրահասակ, մյուսներին ամենևին ոչ նման կազմվածքը տպավորություն գործեց։ Լեմբկեն կանգ առավ։
― Ո՞վ է սա,― տարակուսած մրթմրթաց նա՝ կարծես թե ոստիկանապետին ուղղված հարցով, ի դեպ, գլուխը թեկուզ թեթևակի չդարձնելով նրա կողմն ու շարունակելով զննել Ստեպան Տրոֆիմովիչին։
― Պաշտոնաթող կոլեգիական ասեսոր Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկին եմ, ձերդ գերազանցություն,― պատասխանեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ գլուխ տալով վեհատեսք։
Նորին գերազանցությունը շարունակում էր զննելը, ի դեպ, բավական բութ հայացքով։
― Ինչի՞ մասին է,― և նա, ղեկավարական հակիրճությամբ, խորշաբար ու արհամարհանքով, ականջը դարձրեց Ստեպան Տրոֆիմովիչին՝ ի վերջո, ընդունելով նրան գրավոր ինչ-որ խնդիրքով սովորական այցելուի տեղ։
― Այսօր ենթարկվել եմ տնային խուզարկության մի պաշտոնյայի կողմից, որը գործում էր ձերդ գերազանցության անունից, ուստի կցանկանայի...
― Անո՞ւնը, անո՞ւնը,― անհամբերությամբ հարցրեց Լեմբկեն՝ ասես հանկարծ ինչ-որ բան կռահելով։ Ստեպան Տրոֆիմովիչն առավել վեհապանծությամբ կրկնեց անունը։
― Ա-ա-ա՜։ Դա... դա այն բույնն է։ Ողորմած պարոն, դուք ձեզ բացահայտել եք այդ կողմով... Դուք պրոֆեսո՞ր եք։ Պրոֆեսո՞ր։
― ժամանակին պատիվ եմ ունեցել մի քանի դասախոսություն կարդալ պատանեկությանը -յան համալսարանում։
― Պա-տա-նե-կու-թյա-նը,― մի տեսակ ցնցվեց Լեմբկեն, թեև, գրազ եմ գալիս, դեռևս քիչ էր հասկանում՝ ինչի մասին է խոսքը և գուցե նույնիսկ, ում հետ է խոսում։― Ես դա թույլ չեմ տա, ողորմած պարոն,― հանկարծ ահավոր բարկացավ նա։― Ես չեմ ընդունում պատանեկությանը։ Այդ ամենը թռուցիկներ են։ Դա հարձակում է հասարակության վրա, ողորմած պարոն, ծովային հարձակում, ֆլիբուստյերություն... Ի՞նչ եք բարեհաճում խնդրել։
― Ընդհակառակը, ձեր կինն է ինձ խնդրել կարդալ վաղվա տոնախմբությանը։ Իսկ ես չեմ խնդրում, այլ եկել եմ իմ իրավունքները գտնելու...
― Տոնախմբությա՞նը։ Տոնախմբություն չի լինելու։ Ես թույլ չեմ տա ձեր տոնախմբությունը։ Դասախոսություննե՞ր, դասախոսություննե՞ր,― բղավում էր նա կատաղած։
― Ես շատ կցանկանայի, որ ինձ հետ ավելի քաղաքավարի խոսեք, ձերդ գերազանցություն, ոտքերը չդոփդոփեիք և չբղավեիք ինձ վրա, ինչպես երեխայի վրա։
― Գուցե դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում,― շառագունեց Լեմբկեն։
― Կատարելապես, ձերդ գերազանցություն։
― Ես ինձնով պատնեշում եմ հասարակությանը, իսկ դուք ավերում եք։ Ավերո՜ւմ... Դուք... Ի դեպ, հիշեցի ձեր մասին, դո՞ւք եք դաստիարակ եղել գեներալի այրի Ստավրոգինայի տանը։
― Այո, եղել եմ... դաստիարակ... գեներալի այրի Ստավրոգինայի տանը։
― Եվ քսան տարի շարունակ ստեղծել բույնն այն ամենի, ինչ հիմա կուտակվել է... բոլոր պտուղները... Կարծեմ, նոր ձեզ տեսա հրապարակում։ Սակայն վախեցեք, ողորմած պարոն, վախեցեք, ձեր մտքերի ուղղությունը հայտնի է։ Վստահ եղեք, թե ինչ նկատի ունեմ։ Ողորմած պարոն, ես ձեր դասախոսությունները թույլ տալ չեմ կարող, չեմ կարող։ Այդ խնդիրքներով դիմեք ոչ ինձ։
Նա նորից ուզում էր անցնել-գնալ։
― Կրկնում եմ, որ դուք բարեհաճում եք սխալվել, ձերդ գերազանցություն, այդ ձեր կինն է ինձ խնդրել կարդալ ու ոչ թե դասախոսություն, այլ որևէ գրական բան վաղվա հանդեսին։ Բայց հիմա ինքս եմ դրանից հրաժարվում։ Իմ խոնարհ խնդիրքն է բացատրել ինձ, եթե հնարավոր է. ի՞նչ եղանակով, ինչպե՞ս և ինչի՞ համար եմ ենթարկվել այսօրվա խուզարկությանը։ Ինձնից վերցրեցին որոշ գրքեր, թղթեր, անձնական, ինձ համար թանկ նամակներ և տարան սայլակով...
― Ո՞վ է խուզարկել,― սրսփաց և վերջնականապես ուշքի եկավ Լեմբկեն ու հանկարծ ամբողջովին կարմրատակեց։ Նա արագ շրջվեց ոստիկանապետի կողմը։ Այդ իսկ պահին դռան մեջ հայտնվեց Բլյումի կորաքամակ, երկարուկ, անճոռնի կերպարանքը։
― Ահա, հենց այս աստիճանավորը,― նրան ցույց տվեց Ստեպան Տրոֆիմովիչը։ Բլյումն առաջ եկավ մեղավոր, բայց ամենևին էլ ոչ պարտվողական տեսքով։
― Vous ne faites que des betises<ref>Դուք միայն հիմարություններ եք անում (ֆրանս.)։</ref>,―զայրույթով ու չարությամբ նետեց նրան Լեմբկեն ու մեկեն ասես ամբողջովին կերպարանափոխվեց և տեղնուտեղն ուշքը գլուխը եկավ։― Ներեցեք...― մրմնջաց նա, անչափ շփոթված և շառագունելով ինչքան հնարավոր է,― այդ ամենը... այդ ամենը, հավանորեն, սոսկ թյուրիմացություն է եղել, վրիպում... ընդամենը սոսկ թյուրիմացություն։
― Ձերդ գերազանցություն,― նշեց Ստեպան Տրոֆիմովիչը,― երիտասարդ տարիքում ես վկա եմ եղել մի բնորոշ դեպքի։ Թատրոնում, միջանցքում մի մարդ արագ մոտեցավ մեկ ուրիշի և շրխկան ապտակ հասցրեց բոլորի ներկայությամբ։ Իսկույն նկատելով, որ տուժողն ամենևին էլ նա չէ, ում պիտի հասցվեր ապտակը, այլ սոսկ մի քիչ նման է նրան, չարացած և շտապելով, որպես մեկը, ում համար ափսոս է կորցնել իր ոսկի ժամանակը, ասաց ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես նոր ասաց ձերդ գերազանցությունը. «Ես սխալվեցի... ներեցեք, սա թյուրիմացություն էր, սոսկ թյուրիմացություն»։ Եվ երբ վիրավորված մարդը շարունակեց վրդովվել ու բղավեց, մյուսը խիստ բարկացած ասաց նրան. «Ասում եմ, չէ՞, որ թյուրիմացություն էր, էլ ի՜նչ եք բղավում»։
― Դա... իհարկե, դա շատ ծիծաղելի էր...― ծուռ ժպտաց Լեմբկեն,― բայց... բայց մի՞թե չեք տեսնում, որ ինքս էլ եմ դժբախտ։
Նա համարյա ճչաց և... և կարծես թե ցանկացավ դեմքը ծածկել ձեռքերով։
Այդ անսպասելի հիվանդագին բղավոցը, համարյա թե հեկեկոցը, անտանելի էր։ Հավանորեն, երեկվանից հետո դա առաջին լեցուն, ամբողջ կատարվածի վառ գիտակցման պահն էր, ապա իսկույն ևեթ վրա հասած կատարյալ, նսեմացնող ու դավաճանող հուսալքության առաջին րոպեն՝ ևս մի ակնթարթ, ու՝ գուցեև հեկեկար սրահով մեկ։ Ստեպան Տրոֆիմովիչը սկզբում սարսափած նայեց նրան, հետո հանկարծ թեքեց գլուխն ու խորապես սրտահույզ ձայնով ասաց.
― Ձերդ գերազանցություն, այլևս մի անհանգստացեք իմ կռվախնդիր հարցով և հրամայեք միայն ինձ վերադարձնել գրքերս ու նամակներս...
Նրան ընդհատեցին։ Այդ իսկ վայրկյանին աղմուկով ետ եկավ Յուլիա Միխայլովնան՝ իրեն ուղեկցող խմբով։ Բայց այստեղ ուզում եմ նկարագրել հնարավորին չափ մանրակրկիտ։
=== III ===
Նախ և առաջ, բոլորը միանգամից, երեք կառքերից, խմբով մտան ընդունարան։ Յուլիա Միխայլովնայի սենյակները տանող մուտքն առանձին էր, ուղղակի առմուտքից, դեպի ձախ, բայց այս անգամ բոլորն անցան սրահի միջով և, ես գտնում եմ, հատկապես այն պատճառով, որ այդտեղ էր գտնվում Ստեպան Տրոֆիմովիչը և որ նրա հետ կատարվածը, ինչպես նաև շպիգուլյանների մասին ամեն ինչ արդեն հայտնված էր Յուլիա Միխայլովնային՝ քաղաք մտնելիս։ Հասցրել էր տեղեկացնել ինչ-որ զանցառության համար տանը թողնված և ուղևորությանը չմասնակցած Լյամշինը, որն այդպիսով բոլորից շուտ էր իմացել կատարվածը։ Չարախինդ ուրախությամբ նետվել էր նա կազակական վարձովի կառքով, Սկվորեշնիկի տանող ճանապարհով, վերադարձող հեծյալ խմբին ընդառաջ, ուրախառիթ լուրերով։ Ես կարծում եմ, Յուլիա Սիխայլովնան, չնայած իր համակ վճռականությանը, այդուհանդերձ, մի քիչ շփոթվել էր՝ լսելով այդ զարմանալի նորությունները։ Ի դեպ, հավանորեն, ընդամենը մի ակնթարթ։ Հարցի քաղաքական կողմը, օրինակ, չէր կարող նրան մտահոգել. Պյոտր Ստեպանովիչն արդեն մի չորս անգամ նրան համոզել էր, որ շպիգուլինյան բոլոր աղմկարարներին պիտի ճիպոտահարել, իսկ Պյոտր Ստեպանովիչը, որոշ ժամանակից ի վեր, իսկապես արտակարգ հեղինակություն էր դարձել նրա համար։ «Բայց և այնպես... սրա համար նա ինձ պատասխան կտա»,― հավանորեն մտածել էր ինքն իրեն, ըստ որում ''նա''֊ն, հարկավ, վերաբերում էր ամուսնուն։ Հպանցիկ նշեմ, որ Պյոտր Ստեպանովիչն այս անգամ, ասես դիտավորյալ, չէր մասնակցում ընդհանուր ուղևորությանը, և առավոտից ոչ ոք նրան չէր տեսել ոչ մի տեղ։ Հիշատակեմ նաև, որ Վարվառա Պետրովնան, իր տանն ընդունելով հյուրերին, նրանց հետ քաղաք էր վերադարձել (Յուլիա Միխայլովնայի հետ նույն կառքով) վաղվա տոնախմբության կապակցությամբ կոմիտեի վերջին նիստին անպայման մասնակցելու նպատակով։ Անշուշտ, նրան նույնպես պիտի հետաքրքրեին Ստեպան Տրոֆիմովիչի մասին Լյամշինի հայտնած լուրերը, գուցեև նույնիսկ հուզեին։
Անդրեյ Անտոնովիչի հանդեպ հատուցումը սկսվեց անհապաղ։ Ավաղ, նա զգաց դա իր սքանչելի տիկնոջ վրա գցած առաջին հայացքից։ Բացեիբաց, զմայլիչ ժպիտով, արագ-արագ նա մոտեցավ Ստեպան Տրոֆիմովիչին, նրան ուղղեց սքանչելի ձեռնոցով ձեռքը և ամենաշոյիչ ողջույններ տեղաց վրան, կարծես ամբողջ այդ առավոտ իր միակ հոգսն էր շուտափույթ տեղ հասնել և գուրգուրել Ստեպան Տրոֆիմովիչին՝ վերջապես իր տանը տեսնելու համար։ Ոչ մի ակնարկում առավոտյան խուզարկության մասին, իբր դեռևս ոչինչ չգիտեր նա։ Ամուսնուն ուղղված և ոչ մի բառ, ոչ մի հայացք նրա կողմը՝ կարծես սրահում չլիներ նա։ Դա քիչ էր, իսկույն ևեթ Ստեպան Տրոֆիմովիչին տիրաբար բռնագրավեց ու տարավ հյուրասենյակ, կարծես վերջինս որևէ բացատրություն չուներ Լեմբկեի հետ, իսկ եթե լիներ էլ, չարժեր շարունակել։ Նորից կրկնեմ, ինձ թվում է, որ չնայած իր համակ բարձրագույն տոնայնությանը, Յուլիա Միխայլովնան այս դեպքում վերստին մեծ վրիպում թույլ տվեց։ Այստեղ նրան առանձնապես օգնեց Կարմազինովը (որն ուղևորությանն էր մասնակցել Յուլիա Միխայլովնայի հատուկ խնդրանքով և այդպիսով, թեկուզ անուղղակիորեն, վերջապես այցելել Վարվառա Պետրովնային, ինչից վերջինս, իր փոքրոգությամբ, միանգամայն զմայլված էր)։ Դեռ դռան միջից (նա ներս մտավ բոլորից ուշ) նա բղավեց՝ տեսնելով Ստեպան Տրոֆիմովիչին, նրան մոտենալով գրկաբաց, ընդհատելով նույնիսկ Յուլիա Սիխայլովնային։
― Ինչքա՜ն ժամանակ է՝ չենք տեսնվել։ Վերջապե՜ս... Excellent ami!<ref>Իմ անչափ բարի բարեկամ (ֆրանս.)։</ref>։
Նա սկսեց համբուրվել ու, հասկանալի է, դեմ արեց այտը։ Իրեն կորցրած Ստեպան Տրոֆիմովիչը հարկադրված էր համբուրել նրան։
― Cher,― ասում էր նա ինձ արդեն երեկոյան՝ վերհիշելով այդ օրվա եղածն ամբողջությամբ,― այդ պահին ես մտածեցի, ո՞վ է մեզնից ավելի ստորը։ Նա՞, որ գրկախառնվեց ինձ հետ, տեղնուտեղը նվաստացնելու համար, թե՝ ե՞ս, որ արհամարհում եմ նրան ու իր այտը, բայց և իսկույն համբուրեցի, թեև կարող էի երես դարձնել... թյո՛ւհ։
― Դե, պատմեք հապա, պատմեք,― լմլմացնում ու սվսվացնում էր Կարմազինովը, ասես կարելի էր հենց վերցնել ու իրեն պատմել ամբողջ կյանքը՝ քսանուհինգ տարի ի վեր։ Սակայն այդ հիմար թեթևամտությունն առկա էր «բարձրաշխարհիկ» տոնի մեջ։
― Հիշեք, որ վերջին անգամ ձեզ հետ հանդիպել ենք Մոսկվայում՝ Գրանովսկու պատվին տրված ճաշկերույթին և որ այն ժամանակից անցել է քսանչորս տարի...― սկսեց շատ հիմնավոր (ասել է, թե շատ ոչ ըստ բարձրաշխարհիկ տոնի) Ստեպան Տրոֆիմովիչը։
― Le sher homme<ref>Շատ թանկագին (ֆրանս.)։</ref>,― ճղճղան ու ընտանեվարի ընդհատեց Կարմազինովը՝ չափից ավելի բարեկամաբար սեղմելով նրա ուսը ձեռքով,― դե, շուտ արեք, մեզ տարեք ձեզ մոտ, Յուլիա Միխայլովնա, այնտեղ նա կնստի ու ամեն ինչ կպատմի։
― Այնինչ, ես այդ դյուրագրգիռ կնկա հետ երբեք էլ մտերիմ չեմ եղել,― զայրույթից ցնցվելով, այդ նույն երեկոյան, շարունակում էր ինձ բողոքել Ստեպան Տրոֆիմովիչը։― Մենք դեռևս համարյա պատանի էինք և այն ժամանակ արդեն ես սկսեցի նրան ատել... նույնքան էլ նա ինձ, իհարկե...
Յուլիա Միխայլովնայի սրահն արագ լցվեց։ Վարվառա Պետրովնան հատկապես բորբոքված վիճակում էր, թեև ջանում էր անտարբեր երևալ, բայց ես որսացի ատելությամբ լի նրա երկու-երեք հայացքներն՝ ուղղված Կարմազինովին և զայրացածները՝ Ստեպան Տրոֆիմովիչին՝ զայրագին նախապես, զայրագին խանդից, սիրուց, եթե Ստեպան Տրոֆիմովիչն այս անգամ որևէ կերպ սխալվեր և բոլորի ներկայությամբ Կարմազինովին թույլ տար տապալել իրեն, ինձ թվում է, տեղնուտեղը վեր կթռչեր ու կծեծեր նրան։ Մոռացա ասել, որ այստեղ էր նաև Լիզան, և ոչ մի անգամ ես նրան ավելի բերկրալի, անհոգաբար ուրախ ու երջանիկ չէի տեսել։ Հարկավ, Մավրիկիյ Նիկոլաևիչն էլ կար։ Ապա, ջահել տիկնանց և կիսասանձարձակ երիտասարդների բազմության մեջ, որոնք կազմում էին Յուլիա Միխայլովնայի սովորական շքախումբը և որոնց շրջապատում այդ ապերասանությունն ընդունվում էր ուրախության, իսկ գրոշանոց ցինիզմը՝ խելքի տեղ, ես նկատեցի երկու-երեք նոր դեմք, մի եկվոր՝ շատ իրար անցած լեհ էր, ինչ-որ գերմանացի բժիշկ՝ հաղթանդամ, րոպեն մեկ սեփական սրախոսություններից հաճույքով քրքջացող ծերուկ և վերջապես, ինչ-որ շատ ջահել իշխանիկ էր Պետերբուրգից՝ ավտոմատի պես, պետական այրի կեցվածքով և ահավոր երկարուկ օձիքներով։ Բայց երևում էր, որ Յուլիա Միխայլովնան շատ է գնահատում այդ հյուրին և անհանգստանում էր իր սալոնի համար...
― Cher monsieur Karmazinoff<ref>Թանկագին պարոն Կարմազինով (ֆրանս.)։</ref>,— սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը, պատկերավայել նստած բազմոցին, ու հանկարծ սվսվացնելով Կարմազինովից ոչ պակաս,― cher monsieur Karmazonoff, մեր անցած ժամանակների և հայտնի համոզմունքների տեր մարդու համար թեկուզ քսանհինգամյա ժամկետը պետք է որ միօրինակ երևա...
Գերմանացին բարձրաձայն ու ընդոստ քրքջաց, ճիշտ կարծես խրխնջաց, ակներևաբար ենթադրելով, թե Ստեպան Տրոֆիմովիչն անասելի ծիծաղաշարժ մի բան է ասել։ Վերջինս ընդգծված զարմանքով նրան նայեց, ի դեպ, ոչ մի տպավորություն չգործելով նրա վրա։ Նայեց նաև իշխանը՝ գերմանացուն դառնալով իր օձիքներով հանդերձ ու դնելով քթակնոցը, թեև առանց նվազագույն հետաքրքրության։
― Պետք է որ միօրինակ երևա,― դիտավորյալ կրկնեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ հնարավորին չափ երկար ու աննրբանկատ ձգելով ամեն մի բառը։― Այդպիսին է եղել և իմ կյանքն այս ամբողջ քառորդ դարի ընթացքում, et comme on trouve partout plus de moines que de raison<ref>Ու քանի որ ամենուրեք վանական ես հանդիպում ավելի, քան ողջամտություն (ֆրանս.)։</ref>, ու քանի որ լիովին համաձայն եմ դրան, ապա ստացվում է, որ այս ամբողջ քառորդ դարի ընթացքում ես...
― C’est charmant, les moines<ref>Դա սքանչելի է, վանականների մասին (ֆրանս.)։</ref>,― շշնջաց Յուլիա Միխայլովնան՝ դառնալով կողքը նստած Վարվառա Պետրովնային։
Վարվառա Պետրովնան պատասխանեց հպարտ հայացքով։ Սակայն Կարմազինովը չդիմացավ ֆրանսիական դարձվածքի հաջողությանը և արագ ու ճղճղան ընդհատեց Ստեպան Տրոֆիմովիչին։
― Ինչ վերաբերում է ինձ, ապա այդ հաշվով ես հանգիստ եմ ու ահա յոթերորդ տարին նստած եմ Կառլսռուէում։ Եվ երբ անցյալ տարի քաղաքային խորհուրդը վճռեց նոր ջրատար խողովակ անցկացնել, ապա ես սրտով զգացի, որ կառլսռուական այդ ջրատարի հարցն ինձ համար ավելի սիրելի ու թանկ է իմ սիրելի հայրենիքի բոլոր հարցերից... այստեղի այսպես կոչված բարեփոխումների ամբողջ ընթացքում։
― Ստիպված եմ կարեկցել, թեև դեմ սրտիս,― հոգոց հանեց Ստեպան Տրոֆիմովիչը, բազմանշանակ թեքելով գլուխը։
Յուլիա Միխայլովնան ցնծում էր. խոսակցությունը դառնում էր թե խորունկ, թե նպատակաուղղված։
― Խողովակն անմաքրությունները հեռացնելու համա՞ր է,― բարձրաձայն տեղեկացավ բժիշկը։
― Ջրատար, բժիշկ, ջրատար, ես նույնիսկ այն ժամանակ օգնեցի նրանց՝ նախագիծ գրել։
Բժիշկը որոտնաձայն քրքջաց։ Նրան հետևեցին շատերը, արդեն այս անգամ բժշկի երեսին, որը դա չնկատեց ու անչափ ուրախ էր, որ բոլորը ծիծաղում են։
― Թույլ տվեք չհամաձայնել ձեզ, Կարմազինով,― շտապեց ընդմիջել Յուլիա Սիխայլովնան։― Կառլսռուէն՝ իր հերթին, բայց դուք սիրում եք մոլորեցնել, և այս անգամ մենք ձեզ չենք հավատա։ Ռուս մարդկանցից, գրողներից ո՞ր մեկն է ներկայացրել այդչափ ժամանակակից կերպարներ, կռահել այդքան ամենաարդիական հարցեր, մատնացույց արել հենց այն գլխավոր արդի կետերը, որոնցից գոյանում է ժամանկակից գործչի տիպարը։ Դուք, միայն դուք, և ուրիշ ոչ ոք։ Որից հետո հավատացնում եք հայրենիքի հանդեպ ձեր անտարբերության և Կառլսռուէի ջրատար խողովակով ձեր ահավոր հետաքրքրության մեջ։ Հա՜-հա՜։
― Այո, ես, իհարկե,― սկսեց սվսվացնել Կարմազինովը,― ի դեմս Պոգոժևի, ներկայացրել եմ սլավոնապաշտների բոլոր թերությունները, իսկ ի դեմս Նիկիդիմովի՝ արևմտապաշտների բոլոր թերությունները...
― Չէ մի չէ՜՝ բոլոր,― կամացուկ մրմնջաց Լյամշինը։
― Բայց ես դա անում եմ անցողակի, միայն թե մի կերպ սպանեմ ձանձրալի ժամանակը և... բավարարեմ հայրենակիցների այդ ամեն տեսակի մտատանջող պահանջմունքները։
― Ստեպան Տրոֆիմովիչ, հավանաբար ձեզ հայտնի է,― ցնծագին շարունակեց Յուլիա Միխայլովնան,― որ վաղը մենք կվայելենք, սքանչելի տողեր ունկնդրելով... Սեմյոն Եգորովիչի բելետրիստական նրբագեղագույն վերջին ոգեշնչումներից մեկը, որը կոչվում է «Merci»։ Այդ գործում նա հայտարարում է, որ այլևս չի գրելու, հանուն և ոչնչի աշխարհում, եթե նույնիսկ երկնքից հրեշտակ իջնի կամ ավելի լավ է ասել, ամբողջ աշխարհիկ հասարակությունը եթե խնդրի փոխել որոշումը։ Սի խոսքով, ցած է դնում գրիչն ամբողջ կյանքում, և այդ վայելչագեղ «Merci»-ն ուղղված է հասարակությանը՝ ի նշան երախտագիտության այն կայուն հիացմունքի, որով քանի-քանի տարի ուղեկցվել է նրա մշտական ծառայությունը ռուսական ազնիվ մտքին։
Յուլիա Սիխայլովնան երանության կատարին էր։
― Այո, ես հրաժեշտ եմ տալիս, կասեմ իմ «Merci»-ն և կմեկնեմ, ու այնտեղ, Կառլսռուէում... կփակեմ իմ աչքերը,― կամաց-կամաց սկսեց թթվել Կարմազինովը։
Ինչպես մեր մեծ գրողներից շատերը (իսկ մենք մեծ գրող շատ ունենք), նա չէր դիմանում գովասանքներին և անմիջապես սկսում էր թուլանալ, չնայած իր սրամտությանը։ Բայց ես կարծում եմ, որ դա ներելի է։ Ասում են, մեր Շեքսպիրներից մեկն այդպես էլ թռցրել է բերանից մասնավոր խոսակցության ժամանակ, թե իբր «մեզ՝ մեծ մարդկանցս, ուրիշ կերպ չի էլ կարելի» և այլն, ու դեռ չի էլ նկատել դա։
― Այնտեղ, Կառլսռուէում ես կփակեմ աչքերն իմ։ Մեզ՝ մեծ մարդկանցս, մնում է, մեր գործն անելուց հետո, շուտով փակել աչքերը՝ պարգևներ չփնտրելով։ Այդպես կանեմ ես նույնպես։
― Հասցեն տվեք, և ես Կառլսռուէ կգամ՝ ձեր գերեզմանին,― անզուսպ քրքջաց գերմանացին։
― Հիմա մեռյալներին երկաթուղով էլ են տեղափոխում,― անսպասելի խոսեց աննշմար երիտասարդներից մեկը։
Լյամշինն ուղղակի ծղրտաց հիացմունքից։ Յուլիա Միխայլովնան խոժոռվեց։ Ներս մտավ Նիկոլայ Ստավրոգինը։
― Իսկ ինձ ասացին, թե ձեզ տարել են տեղամա՞ս,― բարձրաձայն ասաց նա՝ բոլորից առաջ դիմելով Ստեպան Տրոֆիմովիչին։
― Ոչ, դա ընդամենը ''տեղամասնավոր'' դեպք էր,― բառախաղ արեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Բայց հուսով եմ, որ դա նվազագույնս չի ազդի իմ խնդիրքի վրա,― նորից միջամտեց Յուլիա Միխայլովնան,― հուսով եմ, որ չնայած այդ դժբախտ տհաճությանը, որի մասին մինչև հիմա պատկերացում անգամ չունեմ, մեր լավագույն սպասումները հուսախաբ չեք անի և մեզ չեք գրկի գրական առավոտին ձեզ ունկնդրելու հաճույքից։
― Ես չգիտեմ, ես... հիմա...
― Իրոք, ես այնքան անբախտ եմ, Վարվառա Պետրովնա... և պատկերացրեք, հենց այն ժամանակ, երբ այնպես փափագում էի շուտով ու անձամբ ճանաչել ռուսական երևելի և անկախ ուղեղներից մեկին, և ահա հանկարծ Ստեպան Տրոֆիմովիչը մեզնից հեռանալու մտադրություն է հայտնում։
― Գովասանքն այնքան բարձրաձայն է ասված, որ ես, անշուշտ, պիտի չլսեի,― հատորոշ ասաց Ստեպան Տրոֆիմովիչը,― բայց չեմ հավատում, թե իմ նվաստ անձնավորությունն այդչափ անհրաժեշտ է վաղվա ձեր տոնախմբությանը։ Ի դեպ, ես...
― Դուք նրան շփացնում եք,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը՝ արագ-արագ սենյակ խուժելով։― Ես նոր էի միայն նրան բուռս հավաքել, ու հանկարծ, մի առավոտվա ընթացքում՝ խուզարկություն, ձերբակալություն, ոստիկանը բռնում է նրա շլինքից, հիմա էլ նրան գուրգուրում են տիկնայք՝ քաղաքագլխի սալոնում։ Հիմա նրա յուրաքանչյուր մանր ոսկորը նվվում է հիացմունքից, այսպիսի բենեֆիս նա երազել անգամ չէր կարող։ Հենց դա է որ կա, հիմա կսկսի մատնել սոցիալիստներին։
― Չի՜ կարող պատահել, Պյոտր Ստեպանովիչ։ Սոցիալիզմը չափազանց մեծ միտք է, որպեսզի Ստեպան Տրոֆիմովիչը չգիտակցի դա,― եռանդագին պաշտպան կանգնեց Յուլիա Սիխայլովնան։
― Միտքը մեծ է, սակայն միշտ չէ, որ հետևորդներն են հսկաներ, et brisons-la, mon cher<ref>Եվ դրանով վերջացնենք, սիրելիս (ֆրանս.)։</ref>,― եզրակացրեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ դիմելով որդուն և վայելչագեղ ելնելով տեղից։
Բայց այստեղ ամենաանսպասելի մի հանգամանք եղավ։ Ֆոն Լեմբկեն արդեն որոշ ժամանակ սալոնում էր, բայց կարծես ոչ մեկից չնկատված, թեև բոլորը տեսել էին՝ ինչպես է ներս եկել։ Նախկին մտադրությանը հակված՝ Յուլիա Սիխայլովնան շարունակում էր քամահրել նրան։ Ամուսինը տեղավորվել էր դռան մոտ և մռայլ ու խստադեմ ունկնդրում էր խոսակցությունը։ Ակնարկումներ լսելով առավոտյան դեպքերի մասին, նա սկսեց մի տեսակ անհանգիստ շուռումուռ գալ, հայացքը հառեց իշխանին, ըստ երևույթին, զարմացած նրա առատորեն օսլայած, առաջ տնկված օձիքներից, հետո ասես հանկարծ ցնցվեց՝ լսելով ձայնն ու տեսնելով ներս խուժած Պյոտր Ստեպանովիչին, և հենց նոր էր հասցրել սոցիալիստների մասին իր իմաստնությունը հայտնել Ստեպան Տրոֆիմովիչը, հանկարծ մոտեցավ նրան՝ ճանապարհին բոթելով Լյամշինին, որն իսկույն ևեթ ետ ցատկեց շինծու շարժումով ու տարակուսանքով՝ ուսը շփելով ու ներկայացնելով, թե իրեն շատ ցավոտ են բոթել։
― Բավական է,― ասաց Ֆոն Լեմբկեն՝ փութով բռնելով վախեցած Ստեպան Տրոֆիմովիչի ձեռքն ու ամուր սեղմելով։― Բավական է, մեր ժամանակի ֆլիբուստյերները պարզված են։ Այլևս ոչ մի խոսք։ Միջոցները ձեռնարկված են...
Նա խոսեց բարձրաձայն՝ սենյակով մեկ, եզրափակեց եռանդաշատ։ Թողած տպավորությունը հիվանդագին էր։ Բոլորն անբարեհաջող մի բան զգացին։ Ես տեսա, թե ինչպես գունատվեց Յուլիա Միխայլովնան։ Էֆեկտն ավարտվեց հիմար մի դիպվածով։ Հայտարարելով, թե միջոցները ձեռնարկված են, Լեմբկեն շրջվեց ու արագ քայլեց սենյակից դուրս, սակայն երկու քայլ գցելով՝ գայթեց գորգի վրա, առաջ մղվեց ու քիչ էր մնացել, ընկներ։ Մի պահ կանգ առավ, նայեց գայթած տեղին և բարձրաձայն ասելով՝ «Փոխել», դուրս ելավ դռնից։ Յուլիա Միխայլովնան վազեց նրա ետևից։ Նրա հեռանալուց հետո ժխոր բարձրացավ, որի մեջ դժվար Էր որևէ բան զանազանել։ Ասում էին, թե «վրդովված է», ոմանք էլ, թե՝ «հեռացված»։ Մյուսները մատով ցույց էին տալիս ճակատի մոտ։ Անկյունում նստած Լյամշինը երկու մատները չռեց ճակատից վեր։ Ակնարկում էին ինչ-ինչ տնային իրադարձություններ, բոլորն էլ, հարկավ, շշուկով։ Ոչ ոք ձեռքը չտարավ գլխարկին, բոլորն էլ սպասում էին։ Ես չգիտեմ՝ ինչ հասցրեց անել Յուլիա Միխայլովնան, բայց մի հինգ րոպե անց ետ եկավ՝ ամբողջ ուժով ջանալով հանգիստ երևալ։ Պատասխանում էր խուսափողաբար, թե Անդրեյ Անտոնովիչը թեթևակի հուզված է, բայց որ դա ոչինչ, որ դեռ մանկուց այդպես էր, որ ինքը «շատ ավելի լավ գիտե» և որ վաղվա տոնախմբությունը, անշուշտ, կուրախացնի նրան։ Ապա՝ շոյիչ, բայց միայն բարեկրթության համար, մի քանի խոսք ևս Ստեպան Տրոֆիմովիչին, և բարձրաձայն հրավեր կոմիտեի անդամներին՝ հենց հիմա բացել նիստը։ Այստեղ միայն կոմիտեին չմասնակցողները սկսեցին պատրաստվել տուն գնալ, սակայն այդ ճակատագրական օրվա հիվանդագին արկածները դեռևս չէին վերջացել...
Դեռևս այն պահին հենց, երբ ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ես նկատեցի, որ Լիզան արագ ու անքթիթ նրան նայեց և երկար ժամանակ աչքերը չէր կտրում նրանից, այնքան երկար, որ ի վերջո, դա ուշադրություն հարուցեց։ Տեսա, որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ետևից կռացավ նրա ականջին և կարծես ինչ-որ բան էր ուզում շշնջալ, բայց երևում է, մտադրությունը փոխեց ու արագ ուղղվեց՝ շուրջը նայելով մեղավորի պես։ Հետաքրքրություն արթնացրեց և Նիկոլայ Վսեվոլոդովիչը. նրա դեմքը սովորականից ավելի սփրթնած էր, իսկ հայացքը՝ անսովոր ցրված։ Մտնելիս իր հարցը նետելով Ստեպան Տրոֆիմովիչին, նա կարծես տեղնուտեղը մոռացավ նրա մասին և, իրոք, կարծում եմ, մոռացավ նաև մոտենալ տանտիրուհուն։ Լիզային չնայեց և ոչ մի անգամ, ոչ որովհետև չէր ուզում, այլ որովհետև, պնդում եմ սա, նրան նույնպես ամենևին չէր նկատում։ Ու հանկարծ, որոշ լռությունից հետո, որ հետևեց Յուլիա Միխայլովնայի՝ առանց ժամանակ կորցնելու վերջին նիստը սկսելու հրավերին, հանկարծակի հնչեց Լիզայի զրնգուն, դիտավորյալ բարձր ձայնը։ Նա կանչեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ինչ-որ մի կապիտան, որն իրեն ձեր ազգականն է կոչում, ձեր կնոջ եղբայրը՝ Լեբյադկին ազգանունով, շարունակ անվայել նամակներ է գրում ինձ՝ դրանցով բողոքելով ձեզնից, առաջարկելով ինձ ինչ-ինչ գաղտնիքներ բացել ձեր մասին։ Եթե նա իսկապես ձեր ազգականն է, ապա արգելեք նրան նեղացնել ինձ ու ազատեք անախորժություններից։
Ահավոր մարտահրավեր լսվեց այդ բառերի մեջ. բոլորը հասկացան դա։ Մեղադրանքն ակնհայտ էր, թեև գուցե իր իսկ համար հանկարծակի։ Նման էր, երբ մարդը, աչքերը փակելով, ցած է նետվում տանիքից։
Սակայն Նիկոլայ Ատավրոգինի պատասխանն առավել ապշեցուցիչ էր։
Նախ և առաջ, արդեն տարօրինակ էր այն, որ նա ամենևին չզարմացավ ու Լիզային լսեց ամենահանգիստ ուշադրությամբ։ Ո՛չ շփոթմունք, ո՛չ զայրույթ չարտահայտվեց նրա դեմքին։ Պարզ, հաստատակամ, նույնիսկ կատարյալ պատրաստակամ տեսքով նա պատասխանեց ճակատագրական հարցին.
― Այո, ես դժբախտությունն ունեմ այդ մարդու ազգականը լինել։ Ես նրա քրոջ, ծնյալ Լեբյադկինայի ամուսինն եմ, շուտով արդեն հինգերորդ տարին։ Վստահ եղեք, որ նրան կփոխանցեմ ձեր պահանջներն ամենամոտ ժամանակներս և պատասխանում եմ, որ այլևս նա ձեզ չի անհանգստացնի։
Երբեք չեմ մոռանա Վարվառա Պետրովնայի դեմքին գծագրված սարսափը։ Խելացնոր տեսքով նա ելավ աթոռից՝ առաջ պարզած աջ ձեռքը, ասես պաշտպանվելու համար։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նայեց նրան, Լիզային, հանդիսականներին ու հանկարծ ժպտաց անսահման գոռոզամտությամբ և անշտապ դուրս եկավ սենյակից։ Բոլորը տեսան, թե Լիզան ինչպես վեր թռավ բազմոցից, հենց Նիկոլայ Վսեվոլոդովիչը շրջվեց՝ դուրս գնալու, ե ակնհայտորեն նրան հետևելու շարժում արեց, բայց ուշքի եկավ ու չվազեց, այլ կամաց դուրս եկավ՝ նույնպես ոչ մեկին ոչինչ չասելով և ոչ մեկին չնայելով, հասկանալի է, նրա ետևից պոկված Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։
Այդ երեկո քաղաքում աղմուկի և խոսքուզրույցի մասին չեմ հիշատակում։ Վարվառա Պետրովնան փակվեց իր քաղաքային տանը, իսկ Նիկոլայ Ստավրոգինը, ասում էին, ուղղակի գնացել էր Սկվորեշնիկի՝ չտեսնվելով մոր հետ։ Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երեկոյան ուղարկեց «cette chere amie»-ի մոտ՝ նրան ներկայանալու թույլտվություն աղերսելու, բայց ինձ չընդունեցին։ Նա ահավոր ցնցված էր, լաց էր լինում։ «Այդպիսի՜ ամուսնություն։ Այդպիսի ամուսնությո՜ւն։ Այդպիսի սոսկալի բան ընտանիքո՜ւմ»,― կրկնում էր նա րոպեն մեկ։ Սակայն հիշում էր նաև Կարմազինովի մասին և սաստիկ հայհոյում նրան։ Եռանդով նախապատրաստվում էր նաև վաղվա ընթերցմանը և, ո՜վ գեղարվեստական խառնվածք՝ նախապատրաստվում էր հայելու առաջ ու վերհիշում ամբողջ կյանքում ունեցած սուր-սուր բոլոր խոսքերն ու մանր-մունր բառախաղերը՝ առանձին գրառված տետրակի մեջ՝ որ ներդնի վաղվա ելույթում։
― Բարեկամս, ես սա վերին նպատակի համար եմ անում,― ասում էր ինձ՝ ակնհայտորեն արդարանալով։― Cher ami, ես շարժվել եմ իմ քսանհինգամյա տեղից ու հանկարծ շարժվել, թե ուր՝ չգիտեմ, բայց շարժվել եմ...
-----
<references />