Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 15 701 բայտ, 08:52, 26 Փետրվարի 2015
/* ԻԳ․ գլուխ */
― Էմլիի համար, ― ասաց նա, բոլորը միասին ծոցը դնելով։ ― Խոստացել եմ նրան, մաստր Դեվի։
 
 
==ԻԴ․ գլուխ==
 
Մի վերջին հետադարձ հայացք
 
 
Ահա պատմությունս վերջանում է։ Սակայն այս թերթերը դեչ չփակված՝ ուզում եմ մի անգամ ևս․․․ վերջին անգամ․․․ ետ նայել։
 
Ագնեսն ու ես անցնում ենք կյանքի ճանապարհով։ Շուրջս տեսնում եմ մեր երեխաներին, բարեկամներին․ լսում եմ և բազմաթիվ ձայներ, որոնք դեպի ինձ անտարբեր չեն։
 
Ովքե՞ր են, սակայն, ամենից որոշ աչքիս առջև պատկերանում այդ բազմությունից։ Հարցնելուս պես՝ ահա բոլորն էլ շուռ են գալիս դեպի ինձ։
 
Ահա նախ տատս՝ ավելի զորավոր ակնոցով, մի ութսունամյա, եթե ոչ ավելի, պառավ կին, որ սակայն դեռ առույգ է և պատրաստ հինգ֊վեց մղոն ճանապարհ կտրել նույնիսկ ձմռան ցուրտ օրին։
 
Նրանից անբաժան, միշտ անբաժան է հին դայակս՝ նմանապես ակնոցավոր Պեգգոտին։ Գիշերները կար կարելիս քիթը գրեթե լապտերին է կպցնում, և երբեք գործի չի նստում, մինչև որ կողքին չդնի մի մոմի կտոր, մի մետրաչափ ու ձեռագործի մի տուփ՝ ս․ Պողոս եկեղեցու պատկերով։
 
Պեգգոտիի բազուկներն ու թշերը, որոնք մանկությանս օրերում այնպես կարմիր ու կլոր էին, որ զարմանում էի, թե ինչո՞ւ թռչունները՝ փոխանակ խնձոր կտցելու՝ այդ թշերն ու բազուկները չեն կտցում, ― այժմ խորշոմած են․ և նրա աչքերը, որոնք երբեմն իմ դեմքի բոլոր գծերը նսեմացնում էին, արդեն նվազել են (թեև դարձյալ ոչ անփայլ), սակայն դերբուկ ցուցամատը, որ մի ժամանակ հնդընկույզի կեղևի նման էր, այժմ էլ նույնն է, և երբ տեսնում եմ, որ վերջին որդիս, իր երերուն քայլերով տատիկից դեպի դայակը տմբտմբալիս՝ այդ մատն է շտապում բռնել, ― միտքս են ընկնում մեր Բլենդրոտընի փոքրիկ սենյակն ու այն օրերը, երբ ինքս էլ դեռ նոր էի սկսել քայլեսրս փոխել։ Տատիս հին հուսախաբությունը վերջ ի վերջո փարատված է․ նա վերջապես կնքամայր է աշխարհումս իրոք ապրող մի Բեթսի Տրոտուդի, և Դորան (մեր երկրորդ դստրիկը) սովոր է ասել, թե տատիկը շատ է նրան երես տալիս։
 
Պեգգոտիի գրպանում մի բան կա։ Դա ուրիշ բան չէ, դա կոկորդիլոսնեի հայտնի գիրքն է, որ այժմ մի ողբալի ձև է ստացել՝ տեղ֊տեղ պատռած ու ասեղով կարկատած, բայց Պեգգոտին չի դադարում ցույց տալ գիրքը մանուկներին, իբրև անցյալ ժամանակի մի նվիրական մնացորդ։ Զվարճալի է տեսնել, թե ինչպես իմ իսկ մանկական դեմքը, կոկորդիլոսների պատմությունից հիացած, պշնելով վրաս է նայում, և այդ դեմքի հետ հիշել նաև մր․ Բրուքսին՝ նախկին շեֆիլդցի ծանոթիս։
 
Զավակներիս խմբի մեջ, ամառվա արձակուրդին մի ծերունի է ման գալիս, որ մի ահագին ֆռռան է թողնում և անասելի հրճվանքով դրա թռիչքը դիտում։ Նա բերկրությամբ ինձ ողջունում է և խորհրդավոր կերպով աչքն ու ունքը շարժելով, կամացուկ շշնջում է ականջիս․
 
― Տրոտուդ, քեզ անշուշտ ցանկալի է իմանալ, որ ես հիշատակարանս կվերջացնեմ, երբ այլևս ուրիշ անելիք չունենամ, և որ այս աշխարհում քո տատի պես նշանավոր տիկին չկա, սիրելի սըր։
 
Ո՞վ է այն լեդին, որ կորակոր առաջ է գնում՝ ձեռնափայտի վրա հենված։ Երեսի վրա հպարտության ու գեղեցկության հին հետքեր են նշմարվում, և ինքը դեռ մաքառում է իր գոռոզ, գրգռոտ ու մոլորված ոգու թուլության դեմ։ Նա պարտեզումն է, հետն էլ սպի կրող շրթունքով մի թխադեմ, խորշոմած ու նիհար կին է ման գալիս։ Լսենք, թե նրանք ի՞նչ են խոսում։
 
― Ռոզա, մոռացել եմ այդ ջենտլմենի անունը։
 
Ռոզան հակվելով ասում է նրան․ «մր․ Կոպպերֆիլդը»։
 
― Ուրախ եմ, սըր, տեսնել ձեզ։ Շատ ցավում եմ, որ սգավոր եք։ Հուսամ ժամանակը ձեզ կսփոփի։
 
Նեղսիրտ ընկերուհին հանդիմանում է պառավին, ասելով թե ես սգավոր չեմ․ հրավիրում է նրան զառանցանքից ուշքի գալ և երեսիս լավ մտիկ անել։
 
― Տեսաք որդուս, այնպես չէ՞, սըր, ― ասում է պառավ լեդին։ ― Արդյոք հետը հաշտվեցի՞ք։
 
Ապա անքթիթ վրաս նայելով, ձեռքը դնում է ճակատին, հառաչում է և հանկարծ սոսկալի ձայնով ճչում․
 
― Ռոզա, շուտ մոտեցիր, նա մեռել է։
 
Եվ Ռոզան առջևը չոքած մերթ գգվում է նրան, մերթ կշտամբում, մերթ կատաղի վայրենությամբ գոռում֊գոչում․ «Ես ավելի էի սիրում նրան, քան թե դու», և մերթ նրան իր կրծքի վրա փայփայում, ասես թե լեդին մի հիվանդ երեխա լիներ։ Այդպես էի թողել նրան, այդպես էլ նրանց միշտ տեսնում եմ․ նրանց կյանքը տարեցտարի այդպես է անցնում։
 
Այդ ի՞նչ նավ է գալիս Հնդկաստանից, և ո՞վ է այդ անգլիացի տիկինը՝ ամուսնացած մի կախականջ Շոտլանդացի Կրեսոսի հետ։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ Ջուլիա Միլսը։
 
Այո՛, դժվարահաճ ու զարդարուն Ջուլիա Միլսն է, մի խափշիկ նրան նամակներ ու տոմսեր է մատուցում ոսկեձույլ ափսեի վրա, մյուս կողմից էլ սպիտակ հագած ու վզին կարմիր շղարշ փաթաթաց մի պղնձագույն մուլատ նաժիշտ նախաճաշ է բերում նրա համար։ Սակայն Ջուլիան այլևս հիշատակարան չի գրում, մահագուշակ մեղեդիներ չի երգում, ոչ․ նա շարունակ վիճում է ծեր Կրեսոսի հետ, որ իր խամրած երեսի մորթով նման է դեղին արջի։ Ջուլիան մինչև կոկորդը ոսկու մեջ է թաղված, միայն ոսկու մասին է խոսում։ Սահարայի անապատում նա ավելի էր դուր գալիս ինձ։
 
Բայց գուցե Սահարայի անապատը հենց այդ է։ Ջուլիայի ապարանքը հոյակապ լինի, որքան էլ նրա շրջանը՝ շքեղ, որքան էլ սեղանը՝ փարթամ, ― ես նրա շուրջը նորածիլ, թարմ բողբոջներ չեմ տեսնում․ բան չեմ տեսնում, որ ժամանակով ծաղիկ բերեր ու պտուղ տար։ Տեսնում եմ, թե ինչ է Ջուլիա Միլսի «ընկերությունը»։ Նրա մշտական հյուրը մր․ Ջոն Միլդընն է, որ իրեն պաշտոն տվող բարերարի ձեռքը ծաղրում է և դոկտորին «մի զվարճալի հնություն» անվանում։ Սակայն, Ջուլիա, եթե «ընկերություն» ասածդ այդպիսի փուչ պարոններից ու տիկիններից է բաղկացած և եթե դրանք ուրիշ ոչինչ չեն կարող ծնել, բայց միայն անտարբերություն դեպի ամեն բան, որով մարդկության առաջադեմ ընթացքը արագացնում կամ խափանվում է, ― այն ժամանակ բոլորս էլ իրոք այդ Սահարայի անապատում կարող ենք կորչել, և լավ կանենք, եթե ժամ առաջ դրա սահմանից դուրս փախչելու հնար գտնենք։
 
Ահա և դոկտոր Ստրոնգը․ մեր պատվական բարեկամը, միշտ զբաղված է իր բառարանով (արդեն հասել է Դ տառին) և երջանիկ իր տան֊տեղով ու կնոջով։ Ահա և Հին Զինվորը․ դա արդեն մեղմացել է և էլ չունի այն ազդեցիկ միջոցները, որ մի ժամանակ բանեցնում էր։
 
Վերջապես ահա և իմ անգին Տրեդլսը, որ Տեմպլում անդուլ զբաղված է իր առանձին գրասենյակի մեջ։ Գլխի մազերը (գոնե դրանց մնացորդը) ավելի ըմբոստ են դարձել միշտ փաստաբանի կեղծամի հետ շփվելուց։ Սեղանի վրա թղթի ահագին դեզեր են բարդված, և ես, շուրջս նայելով, ասում եմ․
 
― Եթե գրագիրդ այժմ Սոֆին լիներ, շատ անելիք կունենար։
 
― Անշուշտ, սիրելի Կոպպերֆիլդ։ Բայց երանի այն օրերին, երբ Հոլբորնի դատարանումն էինք։
 
― Երբ Սոֆին գուշակում էր, թե մի օր դատավոր կդառնաս, թեև այն ժամանակ քաղաքում այդ մասին դեռ խոսող չկար։
 
― Համենայն դեպս, ― ասաց Տրեդլսը, ― եթե մի օր դատավոր դառնամ․․․
 
― Լավ գիտես, որ կդառնաս։
 
― Եթե մի օր դատավոր դառնամ, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, այն ժամանակ քեզ Սոֆիի մեծ գաղտնիքը կհայտնեմ։
 
Թև֊թևի տված դուրս ենք գալիս ընկերոջս հետ։ Այսօր նրա մոտ հանդիսավոր հացկերույթ կա․ Սոֆիի ծննդյան տարեդարձն է։ Ես էլ հրավիրված եմ։ Ճանապարհին Տրեդլսը իր երջանիկ կյանքի մասին է խոսում։
 
― Ինչ որ սիրտս ամենից շատ էր փափագում, Կոպպերֆիլդ, ահա բոլորն էլ ձեռք բերի։ Արժանապատիվ Հորասը այժմ տարեկան չորս հարյուր հիսուն ստեռլինգ է ստանում։ Իմ որդիքը պատվական դաստիարակություն են ստանում․ նրանք դպրոցում հայտնի են իբրև ամենից ընկերասեր ու փութաջան աշակերտներ։ Կնոջս երեք քույրերը լավ֊լավ մարդու գնացին․ մյուս երեքը մեզ մոտ են․ մնացած երեքն էլ, մրս․ Կրուլրի մեռնելուց հետո, հայր Հորասի տունն են կառավարում։ Բոլորն էլ երջանիկ են։
 
― Բացի, գուցե․․․ ― ասացի ես։
 
― ․․․ Գեղեցկուհուց, ― լրացրեց ընկերս։ ― Այո՛, դժբախտաբար մի անպիտան էակի հետ է ամուսնացել․ բայց այդ թշվառը այնքան սիրուն էր, այնքան թովիչ, որ խելքից հանեց աղջկան։ Ինչևիցե, այժմ Գեղեցկուհին մեր տանն է ապրում, անպիտանից արդեն ազատ է։ Գուցե կարողանանք սփոփել նրան։
 
Տրեդլսն այժմ այն իսկ տանն է բնակվում, որ մի ժամանակ Սոֆին ու նա զբոսնելիս իրենց համար ընտրել էին և միջի սենյակները բաժանել։ Դա մի ընդարձակ շինություն է, բայց Տրեդլսը ննջարանումն է աշխատում, իր թղթերն էլ կոշիկների հետ այնտեղ պահում։ Սոֆին ու նա վերնահարկի հետին անկյունն են քաշվել, մինչ ամենալավ ու զարդարուն սենյակները Գեղեցկուհուն ու քույրերին են պատկանում։ Ամբողջ տանը մի հատ ազատ սենյակ չկա, որովհետև «աղջիկները» միշտ այնտեղ են մի որևէ պատճառով։ Ներս մտանք թե չէ՝ նրանք խմբովին դեպի դուռը վազեցին ու սկսեցին իրենց անվերջ համբյուրներով Տրեդլսին խեղդել։ Խեղճ գեղեցկուհին կարծեմ ընդմիշտ այդ տանը պիտի մնա իր դստրիկի հետ։ Սոֆիի ծննդյան տարեդարձին սեղանի շուրջը նստած են երեք արամբի քույրերն ու նրանց ամուսինները, և սրանցից մեկի եղբայրը, մյուսի եղբորորդին ու երրորդի քույրը, որ կարծեմ այդ եղբորորդու հետ նշանված է։ Առաջվա պես պարզ ու բարի Տրեդլսը ահագին սեղանի ծայրին է բազմած նահապետի նման, իսկ Սոֆին մյուս ծայրից նրան է նայում զվարթերես։ Նրանց միջև մի երկար ու զվարթ տարածություն է ձգված, որին այժմ փայլ տվողը հարկավ բրիտանական մետաղը չէ։
 
Եվ մինչ ես այս երկը կնքում եմ, անվերջ շարունակելու փափագս զսպելով, ահա այդ բոլոր դեմքերն իմ առջև անհետանում են։ Սակայն երկնային լույսի նման մի դեմք, որի շնորհիվ է, որ տեսնում եմ ամեն մի ուրիշ առարկա, ջոկ կանգնած է ամենից վեր։ Եվ դա մնում է։
 
Շուռ եմ գալիս և տեսնում նրան իմ կողքին իր սրտառուչ գեղեցկությամբ։ Լապտերս արդեն մարելու վրա է․ կես֊գիշերն անցել է, ես շարունակ գրում էի․ սակայն անգին էակը, առանց որի ես ոչինչ կլինեի, դեռ սեղանիս մոտ հսկում է։
 
Օ՜հ, Ագնես, հոգուս հատոր, թող երեսդ իմ առջև այդպես փայլի նաև վերջին րոպեիս, երբ աշխարհի երևույթներն իմ երևակայության ստվերների պես աչքերիցս կանհետանան։ Թող այն խորհրդավոր րոպեին էլ իմ առջև տեսնեմ քեզ՝ ձեռքդ դեպի երկինք մեկնած։
Ադմին, Վստահելի
1876
edits