Զբոսայգու այդ հավաքույթներում Մարտինը մի քանի անգամ լսեց Հերբերթ Սփենսերի անունը, մի օր էլ այնտեղ երևաց նրա աշակերտն ու հետևորդը, մի ողորմելի թափառաշրջիկ՝ հագին պատառոտված բաճկոնակ, որն ամբողջովին կոճկված էր ծածկելու համար տիրոջ անշապիկ լինելը։ Անվերջ գլանակների ծխի և ծամվող ծխախոտի թքի հեղեղի մեջ սկսվեց ընդհանուր ճակատամարտը, որի ընթացքում թափառաշրջիկը ճարպկորեն ետ էր մղում բոլոր հարվածները, նույնիսկ այն դեպքում, երբ մի բանվոր սոցիալիստ հեգնորեն գռռաց. «Չկա աստված, բացի Անիմանալիից, Հերբերթ Սփենսերը՝ նրա մարգարեն է»։ Մարտինը չհասկացավ, թե ինչի մասին են վիճաբանում, բայց հետաքրքրվեց Հերբերթ Սփենսերով և գրադարան մտնելով՝ ուզեց «Հիմնական սկզբունքները», որովհետև թափառաշրջիկը տաք վիճաբանության ընթացքում հաճախ հիշատակում էր այդ երկասիրությունը։ Դա էր մեծ գյուտի սկիզբը։ Մարտինը մի անգամ արդեն փորձել էր կարդալ Սփենսերին, բայց որովհետև ընտրել էր «Հոգեբանության հիմունքները», անհաջողության մատնվեց, ինչպես այդ պատահել էր և տիկին Բալավատսկայայի հետ։ Նա ոչինչ չհասկացավ այդ գրքից և առանց կարդալու վերադարձրեց։ Իսկ այդ գիշեր, հանրահաշվից և ֆիզիկայից հետո և սոնետի հետ երկար պայքարից հետո, նա մտավ անկողին և բացեց «Հիմնական սկզբունքները»։ Արդեն առավոտ էր, բայց նա շարունակում էր կարդալ. քունը չէր տանում։ Այդ օրը նա մինչև անգամ չգրեց. պառկած կարդում էր մինչև այն ժամանակ, երբ կողերն սկսեցին ցավել․ նա իջավ անկողնուց, պառկեց մերկ հատակին և շարունակեց կարդալ՝ գիրքը բռնած գլխի վերևը կամ արմունկին հենված։ Այդ գիշեր նա քնեց և առավոտյան նստեց գրելու, բայց հրապուրանքն այնքան մեծ էր, որ շուտով դարձյալ սկսեց կարդալ՝ մոռանալով աշխարհում ամեն բան, մինչև անգամ այն, որ այս երեկո իրեն սպասում է Ռութը։ Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ Բերնարդ Հիգգինբոթամը դուռը բաց անելով հարցրեց. գուցե նա կարծում է, թե իրենք ճաշարա՞ն են պահում։
Մարտին Իդենը միշտ էլ աչքի էր ընկնում իր հարցասիրությամբ։ Նա ուզում էր ամեն բան գիտենալ և մասամբ դրա համար էլ տարվեց համաշխարհային թափառաշրջիկի՝ նավաստու մասնագիտությամբ։ Բայց հիմա, Սփենսեր կարդալով, նա հասկացավ, որ ոչինչ չգիտի, որ երբեք ոչ մի բան չի գիտենա, ինչքան էլ որ դեգերի ծովերի վրա։ Նա միայն հարևանցի նայել է իրերին, դիտելով առանձին երևույթներ, կուտակելով առանձին փաստեր, երբեմն կատարելով փոքրիկ, մասնակի ընդհանրացումներ, այդ բոլորը՝ առանց փորձելու կապ հաստատել նրանց միջև, առանց սիստեմի վերածելու աշխարհը, որը նա պատկերացնում էր որպես պատահականությունների քմահաճ շաղկապում։ Գիտելով Դիտելով թռչուններին՝ նա հաճախ խորհրդածում էր նրանց թռիչքի մեխանիզմի մասին, բայց երբեք չէր ընդհանրացնում այդ երևույթը, չէր մտածում առհասարակ թռիչքի մեխանիզմի մասին և զարգացման այն պրոցեսի մասին, որը առաջացրել է թռչող կենդանի էակներին։ Նա մինչև անգամ չէր կասկածում այդպիսի պրոցեսի գոյության մասին։ Թռչունների «լինելիությունը» նրա մտքովն էլ չէր անցնում։ Նրանք «կային», և դրանով էլ հարցը փակվում է. այդպես է եղել, ուրիշ ոչինչ։
Այն, ինչ տեղի է ունեցել թռչունների հետ, կատարվել է մնացյալ ամեն բանի հետ։
Մարտինը զարմանում էր, որ Սփենսերին առհասարակ քիչ են կարդում։
«Հերբերթ Սփենսերը,— ասաց գրադարանի տեղեկատու սեղանի աշխատակիցը,— օ՜, նա շատ խելոք մարդ է»։ Սակայն, ինչպես երևում է, աշխատակիցը այդ խելոք մարդու երկերի մասին շատ քիչ բան գիտեր։ Մի օր, Մորզերի մոտ ճաշելիս, միստր Բեթլերի ներկայությամբ, Մարտինը խոսք բացեց Հերբերթ Սփենսերի մասին։ Միստր Մորզը խստիվ դատապարտեց անգլիացի փիլիսոփայի ագնոստիցիզմը, սակայն միաժամանակ խոստովանեց, որ «Հիմնական սկզբունքները» չի կարդացել, իսկ միստր Բեթլերը հայտարարեց, որ Սփենսերը տաղտուկ է պատճառում իրեն, որ նրա երկերից ոչ մի էջ չի կարողացել կարդալ մինչև վերջ և առանց դրան հիանալի յոլա է գնում։ Մարտինի գլխում տարակույսներ ծագեցին, և եթե նա այդքան ինքնուրույն չլիներ, կենթարկվեր ընդհանուր կարծիքին և կհրաժարվեր Սփենսերի հետ հետագա ծանոթությունից։ Բայց որովհետև աշխարհի մասին Սփենսերի հայացքները նրան անվիճելի ճշմարտություն էին թվում, նրանցից հրաժարվելը Մարտինի համար նույնքան անհնար էր, որքան ծովագնացի համար կողմնացույցն ու քարտեզը ծովը գցելը։ Այդ պատճառով էլ Մարտինը շարունակում էր ուսումնասիրել էվոլյուցիայի տեսությունը ավելի ու ավելի տիրապետելով այդ առարկան և Սփենսերի հայացքների հաստատումը գտնելով հազարավոր այլ գրողների մոտ։ Որքան առաջէր առաջ էր ընթանում նա իր պարապմունքներում, նույնքան ավելի բացվում էին նրա առաջ գիտելիքների չհետազոտված մարզերը, և նա ավելի հաճախ էր ափսոսում, որ օրը միայն քսանչորս ժամ ունի։
Մի անգամ օրվա կարճատևությունը նկատի ունենալով՝ Մարտինը վճռեց թողնել հանրահաշիվն ու երկրաչափությունը, իսկ եռանկյունաչափությունը նա դեռևս չէր էլ ձեռնարկել։ Հետո նա իր օրացուցակից ջնջեց նաև քիմիան՝ թողնելով միայն ֆիզիկան։
— Ժամանակ տվեք ինձ,— ասաց նա բարձրաձայն,— միայն ժամանակ տվեք ինձ։
Ժամանա՜կ, ժամանա՜կ, Ժամանա՜կ․ ժամանա՜կ․ դա նրա մշտական աղերսն էր։